Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.48.0-wmf.4 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk ՀՍՀ/ԽԱԼԴԻ 0 138096 398179 373527 2026-11-17T08:26:44Z ~2026-60755-12 14293 398179 wikitext text/x-wiki {{ՀՍՀ | ԱՆՎԱՆՈՒՄ = ԽԱԼԴԻ | ՆԱԽՈՐԴ = ԽԱԼԴԵՐԵՆ | ՀԱՋՈՐԴ = ԽԱԼԻԲՅԱՆ | ՀԱՏՈՐ = 4 | ՏԱՌ = Խ | ՏԱՐԻ = 1978 }} '''ԽԱԼԴԻ''' (Haldi, Aldi), Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածը: Պետության համադիցարանի աստվածությունները (կուռքերը) ենթադասվել են Խ-ից հետո: Իշպուինի արքայի (իշխել է մ. թ. ա. շուրջ 824—810) կազմած հաշտից ցուցակում (արձանագրությունը պահպանվել է Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին) առաջին աստիճանում դասված է Խ., որին նվիրաբերել են առավելագույն թվով զոհեր (17 եզ, 34 ոչխար, 6 ալ): Խ-ին նվիրել են բազմաթիվ տաճարներ, բայց նրա պաշտամունքի գլխավոր տաճարատեղին էր Արդինի (Մուսասիր) քաղաքը: Ասորեստանի Սարգոն Բ թագավորի (մ. թ. ա. 722—705) արձանագրություններում այդ քաղաքը հիշատակվում է որպես Խ-ի «բնակարան», որտեղ դրված էին Խ-ի և նրա կնոջ՝ Արուբանի-Բագմաշտուի, ինչպես նաև Ուրարտուի թագավորների անդրիները: Խ-ի գլխավոր տաճարում են կատարվել գերագույն արքայի օծման և թագադրման սրբազան ծեսերն ու արարողությունները: Խ-ի անունով են սրբագործվել Ուրարտուի արքաների ռազմ, և շինարարական բոլոր գործերը: Իր գերակա և համապարտադիր պաշտամունքով Խ. մարմնավորել է Ուրարտու պետության մեջ համախմբված Հայկական լեռնաշխարհի հիմնականում արյունակից ցեղերի կենտրոնացման գաղափարը: Ավստրիացի արևելագետ Լեհման-Հառայտը, ելնելով Ուրարտուի աստվածապետական բնույթից, կարծում էր, որ նրա մեջ միավորված խալդապաշտ ցեղերը իրենց ճանաչել են Խ-ի անունով՝ իբրև «Խալդի որդիներ» (այնպես, ինչպես նրանց ժամանակակից և դրացի ասորեստանցիները՝ Աշուր աստծո անունով): Իսկ սովետական լեզվաբան և հնագետ, ակադ. Ի. Մեշչանինովի կարծիքով Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի «հայ» անունը Խ-ի անվան «խալ» հիմքի սոսկ հնչյունական տարատեսակն է: Այլ ուսումնասիրողների կարծիքով՝ և իր դիցաբանական հյուսվածքով, ժամանակով և էությամբ նույնանում է հին հայոց Հայկ աստվածությանը: Արին-բերդ (էրեբունի) հնավայրի Խ-ի տաճարի ավերակներում գտնվել է Խ-ի որմնանկարը, ուր նա պատկերված է մորուքավոր ռազմիկի կերպարանքով, կանգնած իր սրբազան արբանյակի՝ ահեղ առյուծի մեջքին: ''Գրկ. Мещанинов И.И., Древневан-ский бог Xald-Xaldin, «Восточные записки», 1927, т. 1 Леман-Гаупт К. Ф., Вступительная лекция по истории и культуре халдов, «Труды Тбилисского гос. ун-та», 1938, т. 6 Меликишвили Г. А., Наири-Урарту, Тб., 1954 Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту), М., 1959: Մ. Կատվալյան'' 2hhyopwi186cgi28aqkxnuk6dwx6ebh Նմուշներ Ա. Դանիելյանի ստեղծագործություններից 0 150178 398173 393340 2026-11-16T18:52:09Z AGA59 14249 398173 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=ՆՄՈՒՇՆԵՐ
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |section = |previous = [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)]] |next =[[Հեղինակի կենսագրությունը]] |notes = Աղբյուր՝ [[...Եվ այսպիսի ճակատագիր|...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2009, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր. (էջ 34-54)։ |author =Արիս Արսենի}} {{TOCright}} == ՆՄՈՒՇՆԵՐ
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ == === ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԻՄ ՏԵՂԸ === Ինձ հարցնում են. կյանքում գտե՞լ ես քո տեղը,
Գտե՞լ ես այն ճամփան, որ այնքան փնտրել ես,
Այն բախտին ես տիրացել, որին երազել ես,
Այն սե՞րն ես վայելել, որի համար
Այնպես տագնապել ու հառաչել ես,
Այն բարձունքի՞ն ես հասել, որի փեշերն ի վեր
Մագլցել ու հետն էլ շառաչել ես...
Ասեմ միանգամից` մոլորված եմ եղել.
Հոգուս մեջ շարունակ կրակ եմ անթեղել,
Ինչ վերից են ասել, այն եմ կատարել.
Ում արդար եմ կարծել, նրան եմ սատարել,
Որ ճակատ ուղարկել, գնացել, կռվել եմ,
Մի տեղ հրդեհ եմ մարել, մի այլ տեղ վառվել եմ,
Շոյանք չեմ տեսել, անվերջ դաղվել եմ...
Տարիներս այսպես եկել, անցել են:
Արդարության տուտը բռնել, բաց չեմ թողել,
Կարծել եմ իմն է հիմա այս աշխարհը,
Թե որ մեղք եմ գործել, այն քավելու համար
Վկա եմ կանչել մեր սուրբ նշխարհը...
Այդպես եմ անցել իմ ճանապարհը:
Ինձնից երես թեքեց անգամ իմ սերը,
Ինչո՞ւ, հարցնում եմ, թոթվում է ուսերը:
Այսօր մղձավանջ է, վաղս` անորոշ,
Շուրջս սառնություն է, իսկ երկինքը՝ գորշ,
Այս կողմ եմ նայում` մռայլված դեմքեր են,
Այն կողմ եմ նայում` կործանիչ զենքեր են...
Չեմ հասկանում որտեղ եմ և ինչ եմ անում,
Բոլորն էլ աչքիս բարակ են մանում...
Ասեք, այս կյանքում ո՞նց գտնեմ իմ տեղը,
Երբ կյանքը ինքն էլ չունի իր տեղը: === ՔԱՅԼԵՐԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ === Արցախական հողի որդիներն ենք քաջազուն,
Արմատները խորն են մեր մայր հողի մեջ խրված,
Երկրում մեր այս հինավուրց խաղաղ ապրել ենք ուզում,
Մեր ապրելու իրավունքը մեզ է տրված:

Քայլիր, եղբայր, քայլենք աննահանջ,
Ճամփան մեր դժվար է ու վտանգված,
Նախնիների պես մեր լինենք խիզախ ու քաջ,
Քայլենք` դրոշը մեր բարձր պարզած:

Ոսոխները մեզ հետ զենքի ուժով են խոսում,
Խորտակել են փորձում մեր կամքն ու ոգին,
Մեր ընկերների արյունն է մարտադաշտում հոսում,
Մեզ վրեժի կանչում` հանուն ազատ կյանքի:

Քայլիր, եղբայր, քայլենք շարքով ամրակուռ,
Միասնության մեջ են կամքն ու ուժը մեր,
Փոքր ենք, քիչ ենք, թեկուզ մի բուռ,
Բայց խիզախ ենք, տոկուն ու անվեհեր:

Արդար է գործը մեր ու կորովն անսահման,
Հանուն մեր սուրբ գործի հաղթանակ ենք տենչում,
Մեր անկոտրում կամքն ու հավատը վառման
Արդար գործի համար մեզ սխրանքի է կոչում:

Քայլիր, եղբայր, քայլենք հանուն մեր սուրբ գործի
Կռվենք ու հալածենք ոսոխին դաժան
Թող դրոշը մեր եռագույն բարձր թևածի
Եվ մեզանից հավերժ լինի անբաժան: {{Աջաթև|''Ապրիլ, 1992 թ.}} 7559yt5vbk7iyx49jpu5ymiadyngdjo 398174 398173 2026-11-16T18:59:04Z AGA59 14249 398174 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=ՆՄՈՒՇՆԵՐ
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |section = |previous = [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)]] |next =[[Հեղինակի կենսագրությունը]] |notes = Աղբյուր՝ [[...Եվ այսպիսի ճակատագիր|...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2009, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր. (էջ 34-54)։ |author =Արիս Արսենի}}
{{TOCright}} == ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԻՄ ՏԵՂԸ == Ինձ հարցնում են. կյանքում գտե՞լ ես քո տեղը,
Գտե՞լ ես այն ճամփան, որ այնքան փնտրել ես,
Այն բախտին ես տիրացել, որին երազել ես,
Այն սե՞րն ես վայելել, որի համար
Այնպես տագնապել ու հառաչել ես,
Այն բարձունքի՞ն ես հասել, որի փեշերն ի վեր
Մագլցել ու հետն էլ շառաչել ես...
Ասեմ միանգամից` մոլորված եմ եղել.
Հոգուս մեջ շարունակ կրակ եմ անթեղել,
Ինչ վերից են ասել, այն եմ կատարել.
Ում արդար եմ կարծել, նրան եմ սատարել,
Որ ճակատ ուղարկել, գնացել, կռվել եմ,
Մի տեղ հրդեհ եմ մարել, մի այլ տեղ վառվել եմ,
Շոյանք չեմ տեսել, անվերջ դաղվել եմ...
Տարիներս այսպես եկել, անցել են:
Արդարության տուտը բռնել, բաց չեմ թողել,
Կարծել եմ իմն է հիմա այս աշխարհը,
Թե որ մեղք եմ գործել, այն քավելու համար
Վկա եմ կանչել մեր սուրբ նշխարհը...
Այդպես եմ անցել իմ ճանապարհը:
Ինձնից երես թեքեց անգամ իմ սերը,
Ինչո՞ւ, հարցնում եմ, թոթվում է ուսերը:
Այսօր մղձավանջ է, վաղս` անորոշ,
Շուրջս սառնություն է, իսկ երկինքը՝ գորշ,
Այս կողմ եմ նայում` մռայլված դեմքեր են,
Այն կողմ եմ նայում` կործանիչ զենքեր են...
Չեմ հասկանում որտեղ եմ և ինչ եմ անում,
Բոլորն էլ աչքիս բարակ են մանում...
Ասեք, այս կյանքում ո՞նց գտնեմ իմ տեղը,
Երբ կյանքը ինքն էլ չունի իր տեղը: == ՔԱՅԼԵՐԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ == Արցախական հողի որդիներն ենք քաջազուն,
Արմատները խորն են մեր մայր հողի մեջ խրված,
Երկրում մեր այս հինավուրց խաղաղ ապրել ենք ուզում,
Մեր ապրելու իրավունքը մեզ է տրված:

Քայլիր, եղբայր, քայլենք աննահանջ,
Ճամփան մեր դժվար է ու վտանգված,
Նախնիների պես մեր լինենք խիզախ ու քաջ,
Քայլենք` դրոշը մեր բարձր պարզած:

Ոսոխները մեզ հետ զենքի ուժով են խոսում,
Խորտակել են փորձում մեր կամքն ու ոգին,
Մեր ընկերների արյունն է մարտադաշտում հոսում,
Մեզ վրեժի կանչում` հանուն ազատ կյանքի:

Քայլիր, եղբայր, քայլենք շարքով ամրակուռ,
Միասնության մեջ են կամքն ու ուժը մեր,
Փոքր ենք, քիչ ենք, թեկուզ մի բուռ,
Բայց խիզախ ենք, տոկուն ու անվեհեր:

Արդար է գործը մեր ու կորովն անսահման,
Հանուն մեր սուրբ գործի հաղթանակ ենք տենչում,
Մեր անկոտրում կամքն ու հավատը վառման
Արդար գործի համար մեզ սխրանքի է կոչում:

Քայլիր, եղբայր, քայլենք հանուն մեր սուրբ գործի
Կռվենք ու հալածենք ոսոխին դաժան
Թող դրոշը մեր եռագույն բարձր թևածի
Եվ մեզանից հավերժ լինի անբաժան: {{Աջաթև|''Ապրիլ, 1992 թ.}}
mua1e79izoc4lec5ht2k7x2j3d65qm3 Կյանքիս հուշերից 0 152204 398168 2026-11-16T15:51:56Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }}»: 398168 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} qnfx7ildqv43r4locmneyx4hqyg86yo 398169 398168 2026-11-16T15:53:03Z Emptyfear 547 398169 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} * [[Մաս առաջին|Կյանքիս հուշերից/Մաս առաջին]] * [[Մաս երկրորդ|Կյանքիս հուշերից/Մաս երկրորդ]] * [[Մաս երրորդ|Կյանքիս հուշերից/Մաս երրորդ]] h5gy972z2m0aw8j7i6pn62f8qqcq22f 398170 398169 2026-11-16T15:53:29Z Emptyfear 547 398170 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} * [[Կյանքիս հուշերից/Մաս առաջին|Մաս առաջին]] * [[Կյանքիս հուշերից/Մաս երկրորդ|Մաս երկրորդ]] * [[Կյանքիս հուշերից/Մաս երրորդ|Մաս երրորդ]] 34bdm4313m5wcdmknz568sqozk3aol4 398172 398170 2026-11-16T16:08:39Z Emptyfear 547 398172 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} * [[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]] * [[Կյանքիս հուշերից/Մաս երկրորդ|Մաս երկրորդ]] * [[Կյանքիս հուշերից/Մաս երրորդ|Մաս երրորդ]] 6ynraeqpybrba7iqizu2v1ac2njam1j 398180 398172 2026-11-17T08:57:19Z Emptyfear 547 398180 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} * [[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]] * [[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]] * [[Կյանքիս հուշերից/Մաս երրորդ|Մաս երրորդ]] o2y1eea0254robvhnub10cbrdhn0kjg 398184 398180 2026-11-17T09:01:14Z Emptyfear 547 398184 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} * [[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]] * [[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]] * [[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]] 9btnotbjmszpyuzt4xc6fo481ytwspx Կյանքիս հուշերից/Առաջին մաս 0 152205 398171 2026-11-16T16:08:03Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տ...»: 398171 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. - Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civi- lisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: ԱՌԱՋԻՆ ՍԵՐ Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ «Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես: Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս-Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. «Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»: Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Դ Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ. Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. «Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»: Թարգմանություն՝ «Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում» *: Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: *** Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: * * * Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: *** Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով. Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: *** 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. «Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա): Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: 11 Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. «Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»: Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. «Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»: Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»: Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: Ո՞րտեղ և ե՞րբ: Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուր դը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: Ի՞նչ եք անում այդ ժուռը։ Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): ԴԵՊԻ ԿԱՐԻՆ Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: 0fj50zwnddol404him5n2ij7ww4c2j9 398175 398171 2026-11-16T21:25:04Z Emptyfear 547 /* ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ */ 398175 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <ref>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</ref> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուր դը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: Ի՞նչ եք անում այդ ժուռը։ Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): ԴԵՊԻ ԿԱՐԻՆ Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: b5kii32i5av8cb4emwjhp6sj2mp5r3f 398176 398175 2026-11-17T07:50:09Z Emptyfear 547 /* ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ */ 398176 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <ref>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</ref> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: Ի՞նչ եք անում այդ ժուռը։ Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): ԴԵՊԻ ԿԱՐԻՆ Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: fmbwk9audspvig6ft83fa0na1r42p7w 398177 398176 2026-11-17T07:50:39Z Emptyfear 547 398177 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <ref>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</ref> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: Ի՞նչ եք անում այդ ժուռը։ Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): ԴԵՊԻ ԿԱՐԻՆ Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: n7yqxah87g52bjw7urf737ooykeqpmj 398178 398177 2026-11-17T07:53:18Z Emptyfear 547 /* ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ */ 398178 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|previous =|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <ref>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</ref> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: rtzw8x92e67mlqhbkse9061pa442fe4 398181 398178 2026-11-17T08:59:15Z Emptyfear 547 398181 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =|author =Հրաչյա Աճառյան|section =|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <ref>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</ref> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: llfgarwx1cq7uqmemoup56ycowsn8ua 398182 398181 2026-11-17T08:59:26Z Emptyfear 547 398182 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <ref>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</ref> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: 4kthj91lrsu9fbkqbk5oe9iut3d5rcw 398183 398182 2026-11-17T08:59:53Z Emptyfear 547 398183 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <ref>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</ref> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: 4ed4ieng6mc797qrzcw7i0qm1k6lj7u 398186 398183 2026-11-17T09:35:49Z Emptyfear 547 398186 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <poem>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</poem> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. Դուք 18 տարեկա՞ն եք: Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: ԿԱՐԻՆՈՒՄ 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: ԴԵՊԻ ՓԱՐԻԶ 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: ՓԱՐԻԶՈՒՄ 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: r6ap1zlf2g4utey9cruxeqemwf9d18d 398187 398186 2026-11-17T09:38:54Z Emptyfear 547 /* ԴԵՊԻ ԿԱՐԻՆ */ 398187 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <poem>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</poem> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. — Դուք 18 տարեկա՞ն եք: — Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. — Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: == ԿԱՐԻՆՈՒՄ == 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: == ԴԵՊԻ ՓԱՐԻԶ == 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: == ՓԱՐԻԶՈՒՄ == 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. Ի՞նչ եք ուզում: Ես եկել եմ դասախոսություններ լսելու: Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: Ո՞վ է խոսողը: Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): Այո, պատասխանեցի: Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Hասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: Բայց դուք youpi եք: Ի՞նչ բան է youpi-ն: Դուք you-you եք: Ի՞նչ բան է you-you. Դուք հրեա եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: Ի՞նչ ազգ եք: Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: Այո': Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: p6qb5ilpbfafufcwwwbcfhse2obfne1 398188 398187 2026-11-17T10:47:41Z Emptyfear 547 /* ՓԱՐԻԶՈՒՄ */ 398188 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <poem>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</poem> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. — Դուք 18 տարեկա՞ն եք: — Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. — Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: == ԿԱՐԻՆՈՒՄ == 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: == ԴԵՊԻ ՓԱՐԻԶ == 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: == ՓԱՐԻԶՈՒՄ == 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: == ՀԱՄԱԼՍԱՐԱՆ == Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. — Ի՞նչ եք ուզում: — Ես եկել եմ դասախոսություններ լսելու: — Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: — Ո՞վ է խոսողը: — Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. — Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): — Այո, պատասխանեցի: — Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: — Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ == Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. — Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: == ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ == Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Հասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: — Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: — Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: — Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. — Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. — Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: — Բայց դուք youpi եք: — Ի՞նչ բան է youpi-ն: — Դուք you-you եք: — Ի՞նչ բան է you-you. — Դուք հրեա՞ եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: — Ի՞նչ ազգ եք: — Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: — Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: — Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. — Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: — Այո՛: — Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: == HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) == Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: Չի կարող ճնշել: Ինչո՞ւ չի կարող ճնշել: Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: Շվեդացի: Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. té վերջացող բառերը իգական են: Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: Ի՞նչ գործ: Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: 0uznpxberhtbia87z08cnwgwl59usmq 398189 398188 2026-11-17T10:53:11Z Emptyfear 547 /* HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) */ 398189 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <poem>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</poem> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. — Դուք 18 տարեկա՞ն եք: — Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. — Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: == ԿԱՐԻՆՈՒՄ == 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: == ԴԵՊԻ ՓԱՐԻԶ == 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: == ՓԱՐԻԶՈՒՄ == 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: == ՀԱՄԱԼՍԱՐԱՆ == Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. — Ի՞նչ եք ուզում: — Ես եկել եմ դասախոսություններ լսելու: — Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: — Ո՞վ է խոսողը: — Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. — Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): — Այո, պատասխանեցի: — Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: — Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ == Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. — Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: == ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ == Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Հասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: — Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: — Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: — Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. — Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. — Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: — Բայց դուք youpi եք: — Ի՞նչ բան է youpi-ն: — Դուք you-you եք: — Ի՞նչ բան է you-you. — Դուք հրեա՞ եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: — Ի՞նչ ազգ եք: — Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: — Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: — Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. — Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: — Այո՛: — Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: == HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) == Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: — Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: — Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. — Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. — Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: — Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. — Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: == ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ == Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. — Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: — Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: — Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: — Չի կարող ճնշել: — Ինչո՞ւ չի կարող ճնշել: — Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: — Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. — Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: == ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ == Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: == ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ == Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: — Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: — Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: — Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: — Շվեդացի: — Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: — Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: — Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: == LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) == Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. — té վերջացող բառերը իգական են: — Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: — Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: == ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ == Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: — Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: — Ի՞նչ գործ: — Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: — Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. — Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ — Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. — Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: == ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ == Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում*: * Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։ ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: 4bw21cty7qe1rkumjuhqvxi6tydftu1 398190 398189 2026-11-17T10:55:52Z Emptyfear 547 /* ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ */ 398190 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մըշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նստարան կարծեմ գժանոց տարին: - Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, ռարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <poem>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</poem> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. — Դուք 18 տարեկա՞ն եք: — Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. — Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: == ԿԱՐԻՆՈՒՄ == 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: == ԴԵՊԻ ՓԱՐԻԶ == 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: == ՓԱՐԻԶՈՒՄ == 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: == ՀԱՄԱԼՍԱՐԱՆ == Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. — Ի՞նչ եք ուզում: — Ես եկել եմ դասախոսություններ լսելու: — Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: — Ո՞վ է խոսողը: — Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. — Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): — Այո, պատասխանեցի: — Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: — Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ == Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. — Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: == ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ == Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Հասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: — Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: — Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: — Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. — Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. — Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: — Բայց դուք youpi եք: — Ի՞նչ բան է youpi-ն: — Դուք you-you եք: — Ի՞նչ բան է you-you. — Դուք հրեա՞ եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: — Ի՞նչ ազգ եք: — Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: — Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: — Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. — Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: — Այո՛: — Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: == HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) == Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: — Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: — Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. — Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. — Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: — Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. — Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: == ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ == Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. — Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: — Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: — Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: — Չի կարող ճնշել: — Ինչո՞ւ չի կարող ճնշել: — Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: — Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. — Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: == ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ == Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: == ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ == Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: — Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: — Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: — Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: — Շվեդացի: — Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: — Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: — Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: == LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) == Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. — té վերջացող բառերը իգական են: — Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: — Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: == ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ == Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: — Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: — Ի՞նչ գործ: — Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: — Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. — Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ — Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. — Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: == ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ == Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում<ref>Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։</ref>: == ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ == ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. — Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. — Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: n2562m68e291qur5v9fuxtnxu3od1p7 398192 398190 2026-11-17T11:21:01Z Emptyfear 547 /* Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ */ 398192 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <poem>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</poem> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. — Դուք 18 տարեկա՞ն եք: — Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. — Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: == ԿԱՐԻՆՈՒՄ == 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: == ԴԵՊԻ ՓԱՐԻԶ == 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: == ՓԱՐԻԶՈՒՄ == 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: == ՀԱՄԱԼՍԱՐԱՆ == Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. — Ի՞նչ եք ուզում: — Ես եկել եմ դասախոսություններ լսելու: — Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: — Ո՞վ է խոսողը: — Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. — Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): — Այո, պատասխանեցի: — Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: — Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ == Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. — Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: == ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ == Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Հասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: — Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: — Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: — Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. — Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. — Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: — Բայց դուք youpi եք: — Ի՞նչ բան է youpi-ն: — Դուք you-you եք: — Ի՞նչ բան է you-you. — Դուք հրեա՞ եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: — Ի՞նչ ազգ եք: — Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: — Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: — Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. — Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: — Այո՛: — Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: == HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) == Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: — Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: — Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. — Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. — Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: — Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. — Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: == ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ == Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. — Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: — Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: — Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: — Չի կարող ճնշել: — Ինչո՞ւ չի կարող ճնշել: — Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: — Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. — Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: == ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ == Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: == ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ == Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: — Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: — Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: — Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: — Շվեդացի: — Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: — Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: — Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: == LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) == Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. — té վերջացող բառերը իգական են: — Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: — Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: == ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ == Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: — Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: — Ի՞նչ գործ: — Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: — Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. — Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ — Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. — Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: == ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ == Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում<ref>Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։</ref>: == ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ == ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. — Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. — Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: r7w1uc83cerhkqq980h54qxc26tflku 398193 398192 2026-11-17T11:21:45Z Emptyfear 547 /* LE COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) */ 398193 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԱՌԱՋԻՆ ՄԱՍ — ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|translator=|year =|notes = }} == ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ == Ռոտոսթո կամ Թեքիրդաղ քաղաքը գտնվում է Մարմարա ծովի եվրոպական ափին, Կոստանդնուպոլսից մեկ օրվա ճանապարհ հեռավորության վրա (տաճկական դանդաղ շոգենավերով): Թե որտեղից են գաղթել տեղացի հայերը և երբ, հայտնի չէ ինձ: Բայց գիտենք, որ 17-րդ դարի սկիզբը Կամախից բազմաթիվ հայեր, Գրիգոր վարդապետ Կամախեցու առաջնորդությամբ, գաղթեցին այստեղ, ինչպես պատմում է ինքը՝ Գրիգոր վարդապետը իր ժամանակագրության մեջ: Սրանով Ռոտոսթոյի հայերի թիվը ավելի շատացավ: Քաղաքի շուրջ 40 000 բնակչության ամենաազդեցիկ տարրը կազմեցին հայերը: Այդ հայտնի է նրանից, որ քաղաքի թուրքերեն անունը՝ Թեքիրդաղ, առաջանում է հայոց Ս. Թագավոր եկեղեցու անունից: Այդ եկեղեցին հայոց գլխավոր եկեղեցին է և նշանավոր ուխտատեղի: Նրա տոնը լինում է ամառը և ամեն կողմից, նույնիսկ Կոստանդնուպոլսից, բազմաթիվ ուխտավորներ գնում են Ռոտոսթո: Այդ օրերին բացվում է մեծ տոնավաճառ և զարկ տալիս նշանավոր առևտրի: Այնքան նշանավոր է այդ տոնը, որ թուրքերը խոսակցության ժամանակ իբրև թվական են ընդունում և ասում են, օրինակ, «Պորճումու Թագավորտա վերիրիմ» («Պարտքս Ս. Թագավորի տոնին կտամ»): Եկեղեցին այդպես է կոչվում, որովհետև նվիրված է «Քրիստոս թագավոր» անվան: Նրա պատկերը դրված է մեծ խորանի վրա: 1910 թվականին Ռոտոսթո գնացի բարբառի քննության համար, տեսա նաև այդ նշանավոր նկարը, որ գեղարվեստական արժանիքից բոլորովին զուրկ էր: Ռոտոսթոյի հայերը աշխատասեր, ճարպիկ, բանիմաց մարդիկ են: Նրանք պարապում են արհեստներով, երկրագործությամբ և հատկապես ձմերուկի մշակությամբ: Նշանավոր է Ռոտոսթոյի ձմերուկը, որ միշտ քաղցր է և վառ կարմիր. արտահանում են մեծ քանակությամբ դեպի Կոստանդնուպոլիս: Նշանավոր են հատկապես հայերը նաև իբր նավավար. նույնիսկ փոթորկոտ օրերին նստում են իրենց փոքրիկ նավերն ու առագաստանավերը և խիզախությամբ նավարկում դեպի Կոստանդնուպոլիս: Հայրս պատմում էր մի այդպիսի խիզախ հայ նավավարի հետևյալ արկածը: — Օդը պարզ էր։ Ռոտոսթոյում մի նավավար, իր նավակը չվանով կապելով ծովի եզերքին, ինքը մտնում է նավակը, այն մաքրելու և նորոգելու համար: Ալիքները կամաց-կամաց նավակը քշում են դեպի ծովի բացը։ Չարամիտ ընկերները կատակի համար քանդում են չվանը և նավակը ավելի է առաջանում դեպի բաց ծովը։ Հանկարծ սկսում է ահեղ փոթորիկ: Խեղճ նավավարը մենակ է նավակի մեջ․ ոչ ոք չունի իրեն օգնական. օգնություն սպասել անհնարին է: Բաց է անում առագաստը, վազում է մեկ դեպի ցռուկը, մեկ թիավարում, մեկ ղեկը բռնում և այսպես մենակ կառավարելով նավակը, թույլ է տալիս, որ փոթորիկը քշի նավակը դեպի առաջ: Մեկ օրվա ճանապարհը մեկ ժամվա մեջ կտրելով, հասնում է Կոստանդնուպոլսի նավահանգիստը, ուր ծովը արդեն խաղաղ էր։ Պետական պաշտոնյաները նավահանգստի մուտքի առաջ կանգնեցնում են նավակը և անցագիր պահանջում: Նավավարը պատմում է դեպքը: Պաշտոնյաները չեն հավատում, որ կարելի լինի այդպիսի փոթորկի ժամանակ մենակ ճամփորդել Ռոտոսթոյից Կոստանդնուպոլիս և այն էլ մի ժամում: Ներկայացնում են նրան նավահանգստի տեսչին, որ իսկույն` հեռագրելով Ռոտոսթո, ստուգում է դեպքի ճշմարտացիությունը։ Նավավարին տանում են ծովային նախարարի մոտ, որ հիացած նրա խիզախության վրա, իր ձեռքով շքանշան է կախում նրա կրծքին և տալիս է առաջին կարգի նավապետի տիտղոս: Կոստանդնուպոլսում կան շատ գաղթական ռոտոսթոցիներ, որոնք պարապում են գլխավորապես կոշկակարությամբ: Նրանք Հայաստանի և Փոքր Ասիայի ներքին գավառների գաղթական հայերից զանազանվում են իրենց խիզախ, աշխատասեր, գործունյա բնավորությամբ: 18-րդ դարի վերջում Ռոտոսթոյում կար մի ընտանիք Հյուպրյուք օղլու անունով։ Սրանց վերջին ժառանգն էր կոշկակար Հարություն անունով անձը, որն իր ամբողջ ընտանիքով գաղթեց Կոստանդնուպոլիս և բնակվեց Սամաթիա թաղը, հայոց եկեղեցու մոտ: Կոշկակար Հարությունն ուներ երեք որդի՝ Խաչատուր, Հակոբ և Եղիա, և երկու դուստր՝ Էֆթիկ և Շահանդուխտ անունով: Սրանցից երկրորդը՝ Հակոբը իմ հայրն է: Հայրս ծնվել է 1850 թվականին, բայց չգիտեմ, թե այդ թվականին դեռ Ռոտոսթոյումն էին, թե գաղթել էին Սամաթիա: Հայտնի է, որ 1866 թվականին տեղի ունեցավ Սամաթիայի մեծ հրդեհը, որին զոհ գնացին Ս. Գևորգ եկեղեցին և նրա շրջակա բոլոր տները, նրանց տան հետ միասին: Այդ ժամանակ հայրս 16 տարեկան էր: Հայրս իր նախնական ուսումն առել է Սամաթիա թաղի տարրական դպրոցում, ուսուցիչ ունենալով Թորոս վարժապետին, որ այն ժամանակ համարվում էր նշանավոր հայկաբան: Հայերենը սովորել էր Չամչյանի Քերականության վրա: Իմ պատանի ժամանակ դեռ չէր մոռացել Չամչյանի Քերականության առաջին տողերը և երբեմն ծաղրով հիշում էր նրանք. «Զի՞նչ է անուն կամ գոյական: — Անուն կամ գոյական կոչի…»: Մի երկու տարի գրել-կարդալ սովորելուց հետո նա թողնում է դպրոցը և աշակերտ է մտնում մի ոսկերչի մոտ: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսի բոլոր ոսկերիչները հայ են և անպատճառ սամաթիացի: Վարպետները օտարազգի աշակերտ, նաև նույնիսկ օտար թաղի հայ աշակերտ չեն ընդունում: Բայց ոսկերչությունը հորս սիրած արհեստը չէր. նրա մկանները պահանջում էին ուժերի լարումը գոհացնող մի արհեստ, ուստի նա թողնում է ոսկերչությունը և մի երկաթագործի մոտ աշակերտ է մտնում: Այս արհեստը արդեն բավարարում է նրան, օրնիբուն դարբնոցի կրակի առաջ, շիկացած երկաթը ծանր կռանով ծեծել իրեն համար մեծ հաճույք էր: Բայց երկաթագործությունը բանուկ արհեստ չէր. օրեր ամբողջ անգործ նստում էին, սպասելով, որ մի հաճախորդ կգա և մի որևէ բան կհանձնարարի: Ձանձրույթից սիրտը ճաքում էր: Իսկ վարպետն ասում էր. «Տղաս, մեր գործը այսպես է. տունը կվառի, մեջի բոլոր շորեղենը և փայտեղենը կոչնչանա, իսկ երկաթեղենը կմնա: Մոխիրներուն տակեն երկաթները կհանեն և նորեն կգործածեն»: Հայրս այս արհեստն էլ թողնում է և անցնում կոշկակարության, որն իր հոր արհեստն էր: Այս արհեստը գործեց մինչև իր մահը: Հայրս ամուսնանում է Ընծա անունով մի աղջկա հետ, որ Նառլը-գաբու թաղից էր, չիթ ծախող Գրիգոր Քեմհաճյանի դուստրը: Մայրն էր Հռիփսիմե: Հայրը ուներ նաև մի որդի Սեթ անունով և երկու աղջիկ՝ Նոյեմզար և Գոհարիկ անունով: Ամբողջ ընտանիքը անգրագետ էր, մայրս էլ նրանց հետ, որ նույնիսկ ա տառը չէր ճանաչում: Բայց մայրս ունեցել է մի մոտիկ քահանա ազգական, Տ. Հակոբ անունով, որին «Տեր աղբար» էր կոչում: Նա ուսյալ մարդ է եղել և երբ մեռել է, Վենետիկում տպված մի փոքր Հայոց պատմության դասագիրք էլ մորս ժառանգություն է ընկել: Հայրս տան-փեսա է գնում Գրիգորի տունը և այդտեղ մի ժամանակ բնակվելուց հետո, որոշում են առանձին տուն ունենալ: Սամաթիա թաղը Նառլը-գաբուից գրեթե կես ժամ հեռու է. երկուսն էլ ծովափնյա հարակից թաղեր են: Իսկ Սամաթիայից կես ժամ դեպի վերև, ծովից հեռու, գտնվում է Սամաթիայի Նոր թաղը, որ ուներ հիսուն տուն հայ բնակիչ և առանձին եկեղեցի Գլխադիր Ս. Հակոբ անունով: Այս փոքրիկ թաղի ծայրին կա Քյուչյուկ համամ (Փոքր բաղնիս) կոչված թաղամասը: Այդ թաղամասում, բաղնիսի ճիշտ դիմացը, կար հայոց մի փողոց, որ կոչվում էր Սեյիդ Օմեր մահալլեսի: Այս փողոցն ուներ հորիզոնական դիրք, մի շարքի վրա 12 տուն և դիմացի շարքի վրա 10 տուն: Առաջին շարքի վեցերորդ տունը, որ եռահարկ մի տուն էր մեծ պատշգամբով և նույն փողոցի լավագույն շենքն էր, ի վաճառ էր հանված: Հայրս գնում է այդ տունը չորս հարյուր ռուբլով (ոսկի փողով) և կնոջ հետ փոխադրվում այնտեղ։ Պետք է ասել, որ այդ փողոցը գրեթե ամբողջ հայաբնակ էր. միայն առաջին տունը թուրքի էր, երկրորդը՝ հույնի, իսկ մնացյալը՝ հայ էր։ Այս առաջին շարքն էր: Իսկ դիմացի շարքում կար միայն մի հույնի տուն: Փոխադրության առաջին օրը, մայրս, դեռ շատ երիտասարդ, պատուհանի առաջ նստած, լսում է հարևան կանանց խոսակցությունը. – Ինչքա՜ն ալ ջահիլ է. մե՜ղք իրեն, մե՜ղք: Մայրս նկատելով, որ խոսքն իր մասին է, հարցնում է հետաքրքրությամբ. – Ի՞նչ կա, ի՞նչ կըսեք կոր: Հարևանները պատասխանում են. – Այդ տունը սատանա կա. ով որ այդ տունը նստեր է, սատանաները խեղդեր են. բոլորն ալ մեռան: Երեկոյին, երբ հայրս գալիս է, տեսնում է, որ մայրս շատ տխուր է: Հարցնում է պատճառը: Մայրս պատմում է հարևանների խոսակցությունը, թե այդ տանը սատանաներ են բնակվում: Հայրս բնավ սատանայի չէր հավատում, նախապաշարյալ չէր. նույնիսկ բավական անհավատ էր: Գիշեր է լինում, անկողին են մտնում և հազիվ քնած, լսվում է հռռ՜… մի աղմուկ: Մայրս գոչում է. – Սատանաները եկա՜ն: – Ես վաղը այդ սատանաները կբռնեմ, — ասում է հայրս: Մյուս օրը հայրս շուկայից գնում է մի քանի մեծ ակնատ (մուկ բռնելու թակարդ), լարում է և շարում ննջարանի մոտ գտնված սրահում: Պառկելուց մի քանի րոպե հետո, չա՜թ, լսվում է ակնատի խփոցը: Հայրս վեր է կենում և կանչում մորս. – Էկո՛ւր, տե՛ս, սատանաներեն մեկը բռնեցի: Մի խոշոր մուկ էր բռնվել, առնետ կոչվելու արժանի: Մինչև կես գիշեր, իրար հետևից մի տասնյակ առնետ են բռնում: Այսպես նաև հաջորդ գիշերները և սատանաներին վերջ է տրվում: Այստեղ պետք է նկարագրեմ մեր տան շենքը, որի նմանը քիչ կար Կոստանդնուպոլսում, և որ Երևանի համար մեծ նորություն է: Հենց որ մտնում ենք փողոցի դռնից, մեր առաջ բացվում է ամբողջ մալթա (Մալթա կղզուց բերված մի տեսակ փափուկ քար, որ շատ սովորական է Կոստանդնուպոլսում) քարով սալահատակված բակը, որ գնում է մինչև շենքի ծայրը: Վերջում գտնվում է երկու մեծ պատուհան, որոնք նայում են պարտեզի վրա և նրանց կողքին էլ երկփեղկ մի դուռ, որ հանում է պարտեզ: Երկու պատուհանի առաջ շինված է Կոստանդնուպոլսի շենքերի անխուսափելի սեդիրը: Այս բառով հասկանում ենք հաստատուն մի թախտ, վրան խոտկուռ բազմոցով և բարձերով: Սեդիրը այնքան երկար է, որ երկու հոգի հակադիր ուղղությամբ կարող են պառկել: Սեդիրի ձախ ծայրին դրված է մեծ սեղանը, որի շուրջը բոլորված տաք օրերին (գարուն, ամառ և աշուն) ճաշում ենք: Փողոցի դռան անմիջապես ձախ կողմից սկսվում է կես մետր բարձրությամբ և համարյա կես մետր լայնքով հողե կրապատ մի բարձրություն, որ գնում է մինչև սեդիրը: Դա կոչվում է սեթ: Սեթի վրա չեն նստում, բայց կարելի է դնել զանազան իրեր: Երբ կանգնում ենք բակի մեջտեղում և նայում ենք դեպի վերև, տեսնում ենք ամբողջ առաստաղը, որ երրորդ հարկի հատակն է: Հատակը որևէ սյունի վրա հաստատված չէ և երևի կանգնած է պատերի վրա: Առաստաղի մեջտեղում, ձախից դեպի աջ, գտնվում է մի հաստ հեծան, որի մեջտեղում կա երկու երկաթյա հաստ օղակ և նրանցից կախված է երկար, հաստ չվան, որ իջնում է մինչև բակի երեսը: Այդ չվանի վրա անց ենք կացնում նստարանի պես մի տախտակ և նրա վրա նստելով մի կամ երկու հոգի, հաճախ ճոճվում ենք երեխաներս: Թե՛ առաստաղը և թե՛ ճոճքը այնպես ամուր են, որ վերևում քսան հոգի պարում ենք կամ ներքևից ճոճվում ենք և սակայն ոչ մի արկած չի պատահել։ Այդքան ամուր էր կառուցված շենքը, թեև առանց սյուների: Փողոցի դռան աջ կողմում շինված է ախոռը, որ գնում է մինչև համարյա շենքի կեսը: Ախոռի մուտքը հենց փողոցի դռան կողքին է. ներսը մութ է, թեև փողոցի վրա ունի մի լայն պատուհան: Այդ ախոռը մի ժամանակ ծառայել է իրոք իբր ախոռ, բայց վերջում հայրս իր համար խանութ դարձրեց: Ախոռից հետո բացվում է մի դուռ, որ տանում է մի մութ անցքով և շենքի աջ պատի առաջով մինչև խոհանոց: Այդ անցքի սկիզբը շինված է արտաքնոցը, իսկ նրա կողքին՝ շարժական լվացարան: Անցքի ծայրին խոհանոցն է, աջ կողմում մի պահարան, կողքին օջախները, մեկը լվացք անելու, և երկուսը կերակուր եփելու համար: Դիմացի պատը մեծ պատուհաններ են, այնպես որ խոհանոցը լավ լուսավոր է: Ձախ պատի վրա բացվում է մի դուռ, որ հանում է պարտեզը` բակի դռան համարյա կողքին: Խոհանոցի ձախ անկյունում շինված է ջրամբարը, ուր անձրևաջուրը հավաքվում է: Կոստանդնուպոլսում ջուրը շատ վատ է՝ տաք և անհամ: Առողջապահական գրքերի մեջ կարդալով, որ անձրևաջուրը ամենից ավելի լավ և առողջարար է խմելու համար, հայրս վարպետ քարտաշ Պետրոսին շինել տվեց այդ ջրամբարը, որի վրա ծախսեց հինգ ոսկի: Կոստանդնուպոլսում անձրևը բավական առատ լինելով, ամբողջ տարին մեզ բավարարում էր այդ ջրամբարը, որից օգտվում էին նաև մեր հարևանները: Ջուրը միշտ սառն էր, և չհոտելու համար հաճախ պղնձե դույլով ջուրը ծեծում էինք: Ախոռից հետո էլի աջ կողմում սկսում է փայտե սանդուղքը, որ հանում է երկրորդ հարկը: Սանդուղքի գլխին մի փոքրիկ անդաստակ (վեստիբուլ) կա և նրա վրա մի պատուհան, որ նայում է խոհանոցի կղմինդրածածկ կտուրին: Սանդուղքի անդաստակից դեպի աջ գտնվում է մի երկար նրբանցք (կորիդոր), որի առաջը սիրուն ճաղեր են և կազմում են մի վերնատուն, ճիշտ եկեղեցու վերնատան նման: Վերնատունը նայում է բակի վրա և նրա ճաղերի վրա շորեր են դարսում: Նրբանցքը տանում է երկրորդ հարկի միակ սենյակը, որ մի կողմից նայում է փողոցի վրա, մյուս կողմից բակի վրա: Ունի չորս պատուհան. աջ կողմի պատուհանը սենյակի ներսումն է և նայում է բակի վրա. պատուհանից մի չվան իջնում է մինչև փողոցի դռան փականքը. երբ դուռը բախում են, փոխանակ ցած իջնելու, որի համար ամբողջ վերնատունը, սանդուղքները և բակը պետք էր անցնել, չվանը քաշում ենք և դուռը բացվում է: Մյուս երկու պատուհանները ուղղակի նայում են փողոցի վրա, և նրանց առաջ գտնվում է լայն սեդիրը: Ձախ կողմումն էլ կա մի պատուհան, որ նույնպես նայում է փողոցի վրա, կողքից, շնորհիվ այն բանի, որ մեր ձախ հարևանի տունը մի քիչ փողոցից ներս շինված լինելով, ստեղծել էր մեզ համար այդ հարմարությունը: Սենյակի ձախ անկյունում գտնվում է դոլաբը (այս անունով հասկանում ենք անշարժ պահարան, ինչ որ շատ սովորական է Կոստանդնուպոլսի տներում և գործածվում է ամեն տեսակ բան դնելու համար): Սենյակի առաստաղը ցածր է, բայց սենյակը մութ չէ չորս պատուհանների շնորհիվ: Նույն վերնատան հետևը դարձյալ գտնվում է մի փոքրիկ անդաստակ, որտեղից սկսվում է երկրորդ սանդուղքը, որ հանում է երրորդ հարկը: Սանդուղքի տակին ձևացած մանսարդը կազմում է մի պահարան, որ կոչվում է աղտոտնոց. այդտեղ ենք դնում լվանալիք կեղտոտ շորերը: Նրա կողքին էլ կա մի շարժական պահարան, ուր մայրս դնում էր բոլոր տեսակի անուշեղենները: Բարձրանալով երկրորդ հարկը, ամբողջ տան լայնությամբ պատուհաններ են, որոնցից առաջին երկուսը նայում են դարձյալ խոհանոցի կղմինդրածածկ կտուրի վրա, իսկ մյուսները՝ պարտեզի վրա։ Բացի առաջին երկու պատուհանից, մնացյալ բոլոր պատուհանների առաջ շինված է լայն ու երկար սեդիր, որի վրա կարող են պառկել մի քանի հոգի: Սեդիրի առաջ բավական լայն սրահն է, իսկ սրահից հետո մեծ հյուրասենյակը, որ միանգամայն ննջարան է: Սրահը ծառայում է նաև հյուրերի ընդունելության համար և այնքան ամուր կառուցվածք ունի, որ տոնախմբության օրերին, երբ քսան հոգի դուրս գային ասիական ուժեղ պարեր պարելու, սրահը չէր ցնցվում։ Ինչպես ասացինք վերև, նրա մեջտեղը իբր հիմք ծառայող հեծանը դիմանում էր այդ բոլոր ծանրության: Մտնում ենք մեծ հյուրասենյակը: Աջ կողմից կա երկու անշարժ պահարան, իսկ ձախ կողմից այդ զույգի մեծությամբ մի ծալքատեղ, որովհետև գիշերները հյուրասենյակը դառնում էր ննջարան ամբողջ մեր ընտանիքի համար: Այն ժամանակ դեռ մահճակալ չկար, ոչ էլ շարժական թախտ: Ծալքատեղից դուրս հանելով անկողինները, փռում էինք ամառը խսիրով, իսկ ձմեռը խալիով պատած հատակի վրա և մեծից մինչև փոքրը, ընտանիքի բոլոր անդամներս կողք-կողքի պառկում էինք: Երբեմն էլ սրահի սեդիրի վրա կարող էինք պառկել և քնել, մանավանդ ամառ ժամանակ: Ծալքատեղից հետո դրված է մի մեծ սնդուկ, որ պարունակում էր մեր հագուստեղենը: Նրա կողքին, երկուսն էլ ձախ կողմում, դրված է մեծ կոմոդը (հեշտադարան) և նրա վերևը մեծ հայելին և զարդարուն աշտանակներ և մի հախճապակյա մեծ ճրագ (լամպ): Հյուրասենյակի ճակատը գտնվում է պատշգամբը, ամբողջապես փողոց կարկառած, երեք կողմից լուսամուտներով: Տակին հենարան չկա, կախված է օդի մեջ, և երբ նստում էի այդ պատշգամբում և գլուխս դուրս երկարում, գլխապտույտ (վերտիժ) էի զգում: Պատշգամբից ցածր, աջ ու ձախ խոշոր պատուհաններ են, իսկ նրանց կողքին աջ ու ձախ կողմնակից պատերի վրա մի-մի նեղ պատուհան: Թե՛ պատշգամբի առաջ և թե՛ նրանից ցածր ամբողջովին սեդիր է, ուր պիտի նստեն հյուրերը: Հյուրասենյակի ձախ կողմը, սրահի վրա բացվում է մի ուրիշ փոքր սենյակ, որն ունի ճակատին ծայրից ծայր խոշոր լուսամուտ, իսկ նրա կողքի լուսամուտը հյուրասենյակի վերջին ձախ լուսամուտն է: Պատուհանների առաջ գտնվում է սովորական սեդիրը: Սենյակի ձախ պատի մեջ փորված է մի պատուհան, որն իմ խղճուկ գրադարանն էր, փայտյա փեղկով փակված: Սենյակի դռան ձախ կողմը գտնվում է մի խոշոր ծալքատեղ: Սրահի վերջում, այսինքն` վերջին հիշված ծալքատեղի հետևը, գտնվում է արտաքնոցը, որ կապված է խողովակով բակի արտաքնոցի հետ: Սրահի ձախ ծայրին, երրորդ հարկը տանող սանդուղքի գլխին շինված է ինչ-որ տարօրինակ բան, որի բացատրությունը ճարտարապետական լեզվով դժվարանում եմ տալ: Դա կարծես մի սեղան է, անշարժ, առանց ոտքերի, որ մի շարք ճաղերի վրա կանգնած է սանդուղքի գլխին և կարծես սանդուղքի կտուրն է: Ես նրա առաջ կանգնած (որովհետև նստելու հարմարություն չկար) աշխատում էի, գրում ու կարդում: Նրա վրա բարձրանալով մտնում էինք չարդախը, որ մի մեծ դուռ ուներ սրահի վրա բացվող: Մի քանի աստիճան սանդուղք ուներ չարդախը, որից հետո բազմաթիվ գերաններով պատած մանսարդն էր ամբողջ տան տարածությամբ: Մութ և անանցանելի մի վայր էր դա, որ սրահի և սենյակների առաստաղն էր միանգամայն: Ոչ մի բանի պետք չէր գալիս այդ մանսարդը, և ոչ ոք էլ այդտեղ չէր բարձրանում: Այդտեղ էր դրված մեզ, բոլոր երեխաներիս անկողին ծառայող օրորոցը: Մանսարդի ծածկը կղմինդրե կտուրն էր, որ հարթ չէր ասիական կտուրների նման, այլ եվրոպական կտուրների պես շեղ, բայց շատ թեք: Մի փոքր երդիկ կար միայն, որով միայն վարպետը բարձրանում էր կտուրի կղմինդրները նորոգելու դեպքում: Մի օր, երբ դեռ մանուկ էի, բարձրացա այդ երդիկը և մոլլայի նման, բարձրաձայն սկսեցի էզան կարդալ: Մայրս, որ պարտեզումն էր, լսեց և վեր թռավ և երդիկից ինձ ցած քաշեց, ասելով. – Ծո, խե՞նթ ես, ի՞նչ ես. հիմա տաճիկները կուգան, քեզի կտաճկըցնեն: Այժմ նկարագրում եմ պարտեզը: Բակի դռնից սկսվում է պարտեզը. հենց սկզբում, խոհանոցի դիմացը գտնվում է մի մեծ թզենի, որ հասնում է տան կտուրի բարձրության: Պարտեզի այդ մասից երկու ոտք բարձրությամբ սկսվում է պարտեզը. նրա ձախ կողմում կա կես մետր բարձրությամբ մի առանձին բաժին (թումբ), որի վրա կա մի ծիրանի ծառ: Ընտիր և հոտավետ ծիրան էր տալիս: Այստեղ պատմում եմ մի դեպք, որ կարևոր է պարտիզպանների համար: Մի տարի հայրս նկատում է, որ ծիրանները փոքր ու խակ վիճակում թափվում են: Թափված ծիրանները զննելով, տեսնում է, որ բոլորի վրա էլ ինչ-որ մի բիծ կամ վերք կա: Բարձրանում է ծառի վրա և երկար ժամանակ ծառի վրա նստած զննում է ծիրանները: Ահա վերջապես ինչ-որ կանաչափայլ մի ճանճ, սովորական ճանճից ավելի փոքր, եկավ-նստավ խակ ծիրանի վրա: Նա ունի փղի կնճիթի նման սրածայր քիթ, որ խրեց ծիրանի մեջ, հյութը ծծեց և թռավ: Քիչ հետո մի ուրիշ նման ճանճ եկավ, նստավ մի ուրիշ ծիրանի վրա, հայրս ուզեց բռնել, բայց նա փախավ: Մի քանի փորձից հետո, հայրըս նկատում է, որ այդ ճանճի սովորությունն է նախ թառած տեղից կես արշին ցած իջնել և հետո ազատ թռնել: Գնում է, վերցնում մի թաս, մեջը ջրով լիքը, և գալիս է մի թառած ճանճի տակ բռնում և ճյուղը ցնցում: Ճանճը իջնում է ցած, ընկնում է ջրի մեջ և բռնըվում: Նա լողալ չգիտե: Այսպես մի քանի ճանճ բռնում է հայրս և մի փոքր տուփի մեջ դնելով գնում է շրջակա պարտեզները: Պետք է ասեմ, որ մեր տան հետևից սկսած կային մի շարք պարտեզներ, որոնք պատկանում էին բուլղար պարտիզպանների: Մտնում է մի պարտեզ, խոսում է բուլղարի հետ և հարցնում, թե ձեր ծիրանները ի՞նչ օրի են: Բուլղարը պատասխանում է. – Ջանմ, այս տարի մենք ծիրան չենք ունենա, ինչ-որ ցավ է եկել, բոլոր ծիրանները խակ խակ թափվում են: Հայրս բացատրում է ամեն ինչ և ցույց տալով տուփի մեջ ճանճերը, սովորեցնում է, թե ի՛նչպես պետք է որսալ դրանք: Բուլղարն ասում է. – Ես այդքան ժամանակ չունիմ, որ ճանճ որսամ. դա անգործ մարդու բան է: Հայրս հույս ուներ, որ պարտիզպանները կլսեն իրեն և բոլորն էլ կաշխատեն այս միջոցով ջնջել ճանճերը: Բայց ոչ ոք չի լսում նրան: Հայրս իրեն մենակ զգալով, որոշում է ուրիշ մի ձև: Վերցնում է բարակ շղարշ (մառլա, տյուլ), որոշ մեծությամբ մկրատում և կապում ծիրանների շուրջը: Այսպիսով ծիրանները փրկվեցին: Ծիրանի ծառի թմբի ծայրին կա ջրհորը, խոր ջրհոր, որի գլխին հաստատված երկաթե ճախարակից չվանով կապված է մետաղյա դույլը. իսկ ջրհորի հետևը մեկուկես մետր բարձրությամբ հաստատված է մի խոշոր տակառ: Շարունակ դույլով ջուր ենք քաշում հորից և լցնում տակառի մեջ: Ծիրանի թմբի դեմը, աջ կողմում, երկու խոշոր ծառ կա, մեկը կեռասենի, մյուսը բալենի: Նրանք այնքան շատ միրգ էին տալիս, որ մենք՝ երեխաներս, լավ ուտել-կշտանալուց հետո, թասի մեջ ճմռում էինք և շորը մեջը թաթախելով պատերը ներկում: Այս երկու ծառերը արդեն շատ ծերացած լինելով, հայրս կտրեց դրանք և պարտեզի այդ մասում մի փայտակերտ խանութ շինեց, ուր իր օգնական աշակերտի հետ աշխատում էր: Ջրհորից հետո ձախ կողմում բարձրանում էր մի թթենի, որ հայրս տնկել էր իմ ծնված օրը (1876 թ. մարտի 8, երկուշաբթի), նրանից մի քիչ այն կողմ, մի դեղձենի և մի հսկա թթենի, որ ծերության պատճառով տապալվեց և ավելի հետո պարտեզի ծայրին դարձյալ մի մեծ թզենի: Պարտեզի աջ կողմը, թզենու դիմաց, կար մի բարձր նռենի, ավելի ներսը մի քանի տանձի ծառեր, իսկ նոր թթենու դիմաց հայրս պատվաստել էր մի ծառ, որ ուներ երեք ճյուղ երեք տարբեր պտուղներով. առաջինը՝ դեղձ, երկրորդը՝ դամբուլ և երրորդը՝ ծիրան: Պարտեզի մնացյալ բոլոր տեղերում ունեինք առատորեն հազար (մառուլ, ֆրանս․ (aitue), կանգառ (ռուս. аритшок), կաղամբ, լոբի, պոմիդոր, ազատքեղ (պետրուշկա), սամիթ, կոտեմ և թերե (այս վերջինը ծանոթ չէ Երևանում, բայց առատորեն գտնվում է Ղարաբաղում, ուր կոչվում է կնձմնձուկ. տեղացիք շատ են սիրում այս բույսը: Կոտեմի պես կծու համով մի բույս է): Կոստանդնուպոլսեցիք ուրիշ տեսակ կանաչիներ չունեն, բացի սոխից, որ նույնպես առատորեն գտնվում էր մեր պարտեզում: Մեր պարտեզի ծայրին երկու մետր խորությամբ մի փոս էր, որով սկսվում էր հաջորդ պարտեզը, որ պատկանում էր Բառբու անունով մի հույնի: Հայրս շատ էր սիրում պարտիզպանությունը, բայց միայն պտղատու ծառեր էր ճանաչում, իսկ ծաղկամշակությունը թողել էր մորս: Ամեն երեկո աշխատանքից վերադարձին և կիրակի օրերը փորում, ջրում, խնամում էր ամբողջ պարտեզը, մենակ, առանց օգնության: Մենք միայն տակառն էինք լցնում ջրհորի ջրով, իսկ նա, ոտները մերկ, ցնցուղով ջրում էր ամբողջ պարտեզը: Մեր քաղած պտուղները, կանաչին և ընդեղենը մենք էինք վայելում և ոչինչ չէինք ծախում: Մի անգամ միայն, դրամական տագնապի օրերին, հայրս մի քանի կիլո ծիրան տարավ ծախեց մի չիչակչու (այսպես են կոչում Կոստանդնուպոլսում վաղահաս ընտիր մրգեր ծախող պտղավաճառին): Սրա համար ստացել էր մոտ հինգ ռուբլի փող, որ Կոստանդնուպոլսում, միջակ ընտանիքի համար բավական մեծ գումար է: Բայց այդ միակ դեպքը հաճախ ցավով հիշում էր հայրս, իբր թե մեր բերանից կտրեց և օտարին ծախեց: Հայրս ունեցել է վեց երեխա. առաջինը եղել է Արմենուհին, որ երկու ամսական մեռել է, երկրորդը եղել է Հերսիլյա քույրս, երրորդը ես, չորրորդը Արշալույս քույրս, հինգերորդը Արմենուհի, վեցերորդը Հայկ: Ինչպես տեսնում ենք, մեր բոլորի անունները ազգային հայկական են, բացի Հերսիլյայից: Սրա ծագումն էլ հետևյալ ձևով էր պատմում հայրս Իմ կնքահայրը՝ Նիկողոս աղան, որ բնակվում էր բուն Սամաթիա թաղում և զբաղված էր մեքենագործությամբ, բավական լուսամիտ և ուսյալ մարդ էր: Մի օր, փողոցով գնալու ժամանակ, տեսնում է մի շքեղ բաց կառք, որի մեջ բազմած է մի շքեղազարդ եվրոպացի կին: Բոլորը մի կողմ են քաշվում կառքին ճանապարհ տալու համար: Կնքահայրս հարցնում է. «Ո՞ վ է այս կինը»: Պատասխանում են, թե մադամ Հերսիլյան է, ինչ-որ եվրոպական դեսպանի կինը: Այդ միջոցին մայրս հղի է եղել և կնքահայրս մտածել է, որ եթե երեխան աղջիկ լինի, անունը պիտի դնի Հերսիլյա: Այդպես էլ լինում է: Զարմանալին այն է, որ Կոստանդնուպոլսում այդ անունը բնավ գործածական չէր, իսկ երբ ընտանյոք փոխադրվեցինք Շուշի, տեսանք, որ այնտեղ շատ սովորական է այդ անունը: Սրա պատճառը պրոֆ. Արսեն Տերտերյանը (շուշեցի) բացատրում է հետևյալ ձևով. – Շուշում լինում է մի քահանա, որ Վենետիկ տպված Նումա Պոմպիլիոս վեպը շատ էր սիրել և հատկապես նրա հերոսուհի Հերսիլյանին և դրանից հետո ինչքան աղջիկ երեխա կնքել է, անունը դրել Հերսիլյա: Եվ մեր Հերսիլյան Շուշում հարս գնաց բազմաթիվ ուրիշ հերսիլյաների հետ: Հրաչյա անունն էլ շատ անսովոր էր Կոստանդնուպոլսում, կնքահորս՝ Նիկողոս աղայի տնից տասը տուն ցածր ապրում էր Հրաչյա աղա Մերկերյանը, որ շուկայում կաշու վաճառական էր. շատ պատվավոր և բարեկեցիկ մարդ էր: Կնքահայրս հավանելով այդ անձին, հավանում է նաև նրա անվան և դնում է իմ վրա: Ես եղել եմ Սամաթիայում երկրորդ Հրաչյան: Կոստանդնուպոլսում այդ անունն էլ սակավաթիվ էր: 1860-ական թվականներից, Սահմանադրության հետ սկսեց հայոց մեջ ազգային շարժումը, որ ազդեց նաև անունների փոփոխության վրա։ Սկսվեցին վերանալ կրոնական՝ Հովհաննես, Իգնատիոս, Աբրահամ և այլ նման անունները և նրանց տեղ եկան ազգային անուններ: Այն ժամանակ ազգային ասելով հասկանում էին մեր իշխանների և թագավորների անունները. Տրդատ, Տիգրան, Միհրան, Վաղարշակ, Բագարատ և այլն. չգիտեին, որ սրանք էլ հայերեն չեն, այլ պարսկերեն: Իսկապես խոսելով հայկական արական անուն շատ քիչ կա, ինչպես են, օրինակ, Հրաչյա, Ցոլակ, Փայլակ և այլն: Իգական անուն էլ չկա, բայց հեշտությամբ սարքեցին բազմաթիվ իգական անուններ, ինչպես՝ Քնարիկ, Հասմիկ, Մանիշակ, Ծաղիկ, Վարդուհի և այլն, և այլն: Այսպիսով իմ անունը եղավ ազգային և հայկական նոր անուն, որ շատ ավելի ուշ թափանցեց նաև Կովկաս: Այժմ Կովկասում հաճախ պատահում ենք Հրաչիկ անվան, իսկ Կոստանդնուպոլսում ստեղծել են նույնիսկ Հրաչուհի իգական անունը: Ինձնից հետո եկող քույրերիս՝ Արշալույս, Արմենուհի և եղբորս՝ Հայկ անունները նույնպես ազգային են: == ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ == Ծնվել եմ, ինչպես ասացի, 1876 թվականի մարտի 8|20-ին: Ես ծննդական չունեմ, որովհետև այդ թվականին դեռ կանոնավոր հաշվառություն չկար: Բայց ծնունդս եղել է շատ նշանավոր մի տարի: Մայրս պատմում էր, որ ես ծնվել եմ այն տարին, երբ սպանեցին սուլթան Ազիզին, գժվեց սուլթան Մուրադը և գահ բարձրացավ սուլթան Համիդը: Այդ բոլորը կատարվել է 1876 թվականին։ Մի տարեկան հասակումս, ինձ պատահեց մի ծանր դժբախտություն: Երկու աչքով կուրացա: Մայրս այդ արկածը պատմում էր հետևյալ ձևով ասաց. – Մի տարեկան էիր. ամառ էր. քեզ գրկած՝ պարտեզում ման էի գալիս: Երկար ժամանակ արևին նայեցիր. աչքերդ սկսեցին կարմրել. տարի պառկեցրի. առավոտը արթնացար, երկու աչքով կուրացել էիր, լաց էիր լինում: Այսպես մի քանի օր անցավ: Հայրդ ուշադրություն չէր դարձնում: Լաց լինելով աղաչեցի նրան, թե տղիդ աչքերը կուրացել են. բժշկի պետք է տանել: Վերջապես հայրդ համաձայնվեց: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում մի ֆրանսիացի ակնաբույժ կար. նրան տարինք: Սկսեց դարմանել: Ամիսներով դարմանեց, ոչ մի օգուտ չեղավ: Աչքերդ փակ մնացին: Վերջապես բժիշկը որոշեց բաց անել: Ասաց. ավելի լավ է ձախ աչքից սկսենք, որպեսզի եթե մի վատ բան լինի, ձախ աչքին լինի: Բաց արեց և ահա մի խոշոր սպիտակ վերք բբիդ վրա: Այդ տեսնելով, բժիշկը ասաց. – Ես այլևս հրաժարվում եմ, տարեք ուրիշ բժշկի: Կոստանդնուպոլսում կար նաև մի հայ բժիշկ Ճելալյան անունով: Նա այն ժամանակ ակնաբույժ էր. տասնյակ տարիներ հետո վեներական հիվանդությունների բժիշկ դարձավ: Տարին նրան: Այդ մարդը կաթոլիկ հայ լինելով, թեթևամիտ մարդ էր: Ասում են, որ ես էլ այդ տարիքիս սիրուն երեխա էի: Բժիշկը ինձ տեսնելով, գըրկում, սիրում, փայփայում է և բարկանալով հարցնում է. — Քիմ դիր բունուն պապասը («Ո՞ վ է սրա հայրը»): (Կաթոլիկ հայերը առհասարակ թուրքերեն են խոսում): Հայրս վախեցած առաջ է գալիս և ասում է. — Բեն իմ («Ես եմ»): Բժիշկը բարկանում է նրա վրա, թե ինչո՞ւ առաջուց չբերիր ինձ մոտ. ուզո՞ւմ ես, որ հիմա մերժեմ բժշկել: Մայրս աղաչում է, որ այդիպիսի բան չանե: Բժիշկը մեղմանում է, սկսում է դարմանել: Նախ բաց է անում աջ աչքս, մաքուր, պայծառ, առանց վերքի: Հետո անցնում է ձախ աչքիս: Սկսում է կտրատել վրայի սպիտակ վերքը. բավական կտրատելուց հետո, թողնում է կեղևը ասելով, թե երեխա է, կշարժվի, աչքը կփչանա: – Երբ մեծանա, նորից կբերեք, մնացյալն էլ կկտրեմ: Այսպես բուժվում է աջ աչքս, իսկ ձախի վրա մնում է մի մեծ սպիտակ բիծ, որ խանգարում էր տեսողությունս: Եթե աջ աչքս փակեի և ձախ աչքս թեքեի, լույս տեսնում էի, մինչև անգամ մատներս կարող էի հաշվել, բայց կարդալ չէի կարող: Այսպես մնացի մինչև տասնվեց տարեկանս, երբ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանի աշակերտ էի։ Չէինք կարող դիմել Ճելալյանին, որ ինչպես ասացի այլևս ակնաբուժությամբ չէր պարապում: Մի օր, Կեդրոնական վարժարանի տեսուչ (դիրեկտոր) Հարություն Մոստիչյանը ասաց ինձ, թե՝ «Ինչո՞ւ աչքդ չես բուժում, վաղը մյուս օր ուսուցիչ ուզում ես լինել. աշակերտների մոտ անհարմար է. քեզ կծաղրեն»: Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում նշանավոր էր դարձել ակնաբույժ Էսմերյանը, որին բժշկության աստված էին համարում: Մոստիչյանը նրա հետ ծանոթ էր. թևիցս բռնեց, կառք նստեցրեց, տարավ Էսմերյանի մոտ, Բերա թաղում: Բժիշկը ուրախ, զվարթ, առույգ 4 քաջառողջ մի մարդ էր: Քննեց աչքս և ասաց, թե բուժել անկարելի է: Բայց կարելի է բիբը լայնացնել, որպեսզի ձախից լույսը ավելանա և ներկել սպիտակ բիծը, որպեսզի տգեղ չերևա: Երկու անգամ միայն գնացի նրա մոտ. մի անգամ բիբը ծակեց (իրոտոմիա) և մի անգամ էլ ներկեց (տատուաժ): Նրա ներկը այնքան լավ էր, որ մինչև այսօր դիմանում է (այսինքն 61 տարի): Այսպես ես իմ ամբողջ կյանքում միականի մնացի: Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են: Ահա այս է իմ աչքի պատմությունը: Հին ժամանակ սովորություն էր, որ մայրերը ավելի հանգիստ տան գործով պարապելու համար, տալիս էին իրենց երեխաներին ինչ-որ մոտիկ հարևան կնոջ մոտ: Առավոտից մինչև երեկո երեխաները մնում էին այդ կնոջ մոտ, որ կոչվում էր «վարպետ տուտու»: Մեծ քրոջս՝ Հերսիլյային և ինձ միասին ուղարկեցին մեր տան ճիշտ դիմացը գտնվող տունը, Հաջի Փրափ (Բրաբիոն) անուն կնոջ մոտ, որ անգրագետ էր, բայց նրա մեծ աղջիկը Արտեմ (այս անունը մեզ մոտ իգական է) կարդալ-գրել գիտեր: Նա սկսեց քրոջս այբուբեն սովորեցնել, բայց քույրս այնքան բթամիտ էր և անուսումնասեր, որ գլուխը պատերին էր խփում և չէր ուզում սովորել: Արտեմի դաս տված միջոցին, ես որ չորս տարով փոքր էի քրոջիցս, արդեն առանց գրքի այբուբենը սովորեցի: Քույրս ոչինչ չսովորեց և մինչև իր մահը ա՛ տառն անգամ չէր ճանաչում: Մի օր մայրս հանկարծ նկատում է, որ Հաջի Փրափի տունը քանդվում է, իսկույն ձայն է տալիս հորս, որ տանը կոշիկ էր կարում: Գործը թողնելը, պատուհանից թռնելը, Հաջի Փրափի տան պատուհանը ջարդելը, ներս մտնելը և թե՛ Հաջի Փրափին, թե քրոջս՝ Հերսիլյային և թե՛ ինձ գրկելով դուրս ցատկելը մեկ է լինում: Հազիվ դուրս է ցատկում, և տունը փուլ է գալիս: Հաջի Փրափը չոքում է հորս առաջ և ոտքերը համբուրելով՝ «Ես քու ազատլամադ եմ» գոչում է: Հաջի Փրափի այդ տան ետևը պարտեզ էր և պարտեզից հետո գտնվում էր նրա ավելի մեծ տունը, որ ընկնում էր հաջորդ փողոցի մեջ, որ հույնի թաղն էր: Արտեմը այդտեղ շարունակեց մեզ դաս տալ: Չգիտեմ, թե ի՛նչ չարություն եմ արել, որ Արտեմը սաստիկ բարկացել է վրաս և աջ ականջս այնպես է քաշել, որ ականջս պատռվել է և սկսել արյուն հոսել: Քույրս սկսում է լաց լինել, ես էլ նրա հետ և թևիցս բռնած բերում է մեր տունը: Մինչև այժմ հիշում եմ այն րոպեն (բայց միայն այդ րոպեն), երբ ես կանգնած եմ մեր տան բակի մեջտեղը և արյունը ականջիցս հոսում է: Մնացյալը չգիտեմ: Մինչև այժմ էլ կպած ականջիս կտորը մնում է: Բնականաբար ինձ հանեցին Հաջի Փրափի տնից և ինձ մենակ ուղարկեցին նոր վարպետ տուտուի մոտ, որ գտնվում էր մեր փողոցի ծայրից մի քիչ այն կողմ: Այլևս այդ օրերը չեմ հիշում: Մեծ Հայրս մի ծանոթ ուներ Սուճյան Գառնիկ անունով, որ Սամաթիա թաղում մի մասնավոր դպրոց էր բաց արել, «Արամյան վարժարան» անունով: Բերակամության պատճառով հայրս ինձ շակերտ տվեց նրա մոտ: Յոթը տարեկան էի այդ միջոցին: Հիշում եմ առաջին օրը, այն րոպեն, երբ պատուհանի տակ, գրասեղանի առաջ նստած էի և մի երեց աշակերտ ինձ սկսեց սովորեցնել տաճկերեն այբուբենը: Նա կարդում էր և կրկնել տալիս՝ էլիֆ, բե, փե, թե և այլն մինչև լամելիֆ, յե, որին ավելացրեց զվարճախոսությամբ՝ «Հավադա բուլութ, սեն օնը ունութ» («օդում ամպեր, դու այն մոռացիր»): Նույն միջոցին տաճկական մի եղեգ գրիչ տաշեց միջից դուրս եկած ծիլը տվեց, որ ուտեմ, որպեսզի տաճկերեն գրելը շուտ սովորեմ: Արամյան դպրոցում երեք լեզու կար․ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Յոթ տարեկան հասակում սկսեցի սովորել այդ երեք լեզուները միաժամանակ: Հայերենի ուսուցիչն էր ծերունի Բաբա Նիշանը, որ բազմած էր իր թիկնաթոռի վրա, ես էլ առաջը չոքած, ընթերցարանս նրա ծնկների վրա դրած կարդում էի: Երկու տարի տևեց իմ ուսումը այդ դպրոցում: Գառնիկ էֆենդին հայտնեց հորս, թե «Ես այլևս որդվույդ սորվեցնելու բան չունիմ, առ որդիդ և տուր Սամաթիայի ազգային վարժարանը»: Արամյան վարժարանը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցուն շատ մոտիկ էր: Նրա դիմացը գտնված ուղղաձիգ փողոցի ծայրին, Բալըքճը Գևորգ փողոցի ձախ կողմը: Մասնավոր տուն էր, որ Սուճյան Գառնիկ էֆենդին վարձել էր: Երկհարկանի մի շենք էր, առաջին հարկը խոհանոց և բակ, երկրորդ հարկը մի սրահ և մի դասարան: Բացի երեք լեզուներից ավանդում են նաև թվաբանություն և աշխարհագրություն. կարծեմ ուրիշ գիտություն չկար: Զարմանալին հետևյալն է: Մեր թաղում (Սամաթիայի նոր թաղ) ունեինք առանձին եկեղեցի՝ Գլխադիր Ս. Հակոբ, որի կողքին կար առանձին ազգային դպրոց: Թեև այդ դպրոցը մեր տնից հեռու չէր, բայց հայրս ինձ աշակերտ տվեց այդ Արամյան դպրոցը, որ կես ժամից ավելի հեռու էր: Եվ ես յոթ տարեկան երեխա, մենակս, մի ձեռքիս գրքերի պայուսակը և մյուս ձեռքիս ուտելեղենի սակառը, ոտով գնում էի այդ դպրոցը, երկու տարի շարունակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, մի օր հյուր գնացի մորաքրոջս տունը, որ զուգադիպորեն գտնվում էր նույն Արամյան վարժարանի դեմը (այս մասին տե՛ս ավելի հետո): Մորաքույրս պատմեց, թե իմ առաջին ուսուցիչ Գառնիկ էֆենդի Սուճյանը իմ մասին խոսում էր այսպես. – Ես մի աշակերտ եմ ունեցել, որ աշխարհում նմանը չկա: – Ի՞նչ մարդն է այդ մարդը, ուսուցի՞չ է: – Բա՜ հ, ուսուցիչն ինչ բան է… – Ուսուցչապե՞ տ է (պրոֆեսո՞ ր է): – Բա՜ հ, ուսուցչապետն ի՛նչ բան է… ավելի բարձր մարդ է: – Փիլիսոփա՜ է… – Բա՜ հ, փիլիսոփան ի՞նչ բան է, ավելի բարձր է. — Է՜, ի՞նչ բան է այդ մարդը: – Աստղաբաշխ է, աստղաբա՜շխ: Այսպես էր վերաբերվել ուսուցիչս իմ մասին: Ուզեցի գտնել իմ ծերունի ուսուցչին, որ արդեն զառամյալ հասակի մեջ էր և կարոտ նյութական օգնության, ինչպես լինում են Կոստանդնուպոլսի բոլոր հայ վարժապետները իրենց ծերության ժամանակ, եթե որդի չունեն: Գտնել այդ երախտավոր ուսուցչիս, համբուրել դողդոջուն ձեռքը և մատակարարել նրան նյութական օգնություն: Բայց հասցեն չունենալով, կարելի չեղավ գտնել նրան։ Մանկական տարիքիս հիշատակների մեջ ուժեղ տպավորություն է գործել մեր փողոցի հրդեհը: Մի գիշեր, լուսադեմի մոտ, հայրս արթնանում է և տեսնում, որ սրահը լուսավորված է: Իսկույն հասկանում է, որ հրդեհ կա: Գլխաբաց և ոտաբոբիկ փողոց է թռնում, տեսնում է, որ մեր փողոցի ծայրին գտնված արաբի խոնախը (ապարանք, մեծ տուն) բոցավառված է: Այդ տունը մեր շարքի տներից մի քանի քայլ նեղ փողոցով բաժանված էր: Ամառ էր և մեր թաղի բոլոր տները փայտաշեն լինելով, սաստիկ չորացած էին: Եթե վառվող մի կայծ թռներ դեպի մեր փողոցի վերջին տունը, անշուշտ նա պիտի բռնկվեր և ամբողջ փողոցը պիտի կորչեր: Ուստի ամեն գնով այդ վերջին տունը պետք էր փրկել: Հայրս մի ժամանակ, երիտասարդ օրերին, ջրհանկիր (թուլումպաճի) էր եղած, հաճույքի համար: Նշանավոր էին Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրները իրենց քաջությամբ, անվախությամբ, վազելու արագությամբ և հրդեհի մեջ նետվելու հանդգնությամբ: Այդ ջրհանկիրների կարգին էր պատկանել նաև հայրս: Ընկնում է դռնե-դուռ, քացիով ջարդում է բոլորի դռները և քնած բնակիչներին անկողնից հանելով, ստիպում ջուր կրել հրդեհի վայրը: Թեև մանուկ էի, բայց ննջարանի պատշգամբից դիտում էի տեսարանը, որ անմոռանալի մնում է աչքիս առաջ։ Մի մարդ երկու ձեռքին ջրով լցված դույլերով գնում էր. կամաց էր քայլում. հայրս մի հարված տվեց նրա մեջքին, թե շուտ քայլիր։ Հարվածից մարդը երեսի վրա տապալվեց երկու դույլերով միասին: Հայրս բարձրացավ մեր փողոցի այդ վերջին տան կտուրը, ծածկեց կտուրը անկողիններով, վերմակներով, դեպի ցած կախված գորգերով, կապերտներով և թաղիքներով, ողողեց դրանք առատ ջրով, որպեսզի այրվող տան բոցերից և կայծերից կրակ չառնե տունը: Ջուրը շարունակ շոգիանում էր, ուստի տևապես պետք էր թրջել: Վերջապես հասավ Ս. Գևորգ եկեղեցու ջրհանկիրների քաջարի խումբը, մի կողմից խողովակով ողողում էին Արաբի տան բոցավառ մասերը, մյուս կողմից փուլ ածում չբռնկված մասերը, և վերջապես հրդեհը հանգավ: Մայրս հույսը կտրած, հավաքեց մեր տան հարստությունը, որ էր տասներկու հատ արծաթե գդալ, փաթաթեց, կրծքին կապեց, մեզ էլ հագվեցրեց և պատրաստ էինք մեկնելու, եթե հրդեհը մեր տանը հասներ: Ներսի կարասիների համար առանձին դժվարություն չկար: Որովհետև մեր տունը ուներ մեծ պարտեզ, ուստի հայրս կարող էր մեջի բոլոր կարասիները փախցնել այնտեղ և հրդեհից ազատել: Հրդեհը հանգցնելուց հետո, հայրս ջրաթաթախ և ցեխոտված տուն եկավ: Բոլոր թաղեցիք գովում էին նրա քաջությունը և ասում. «Եթե Հակոբ աղան չլիներ, մեր բոլորի տները վառված էին»: Մի փոքրիկ հիշատակ ևս իմ մանկության օրերից: Մի գիշեր հայրս ըստ սովորության ձայն է տալիս ինձ, որ վեր կենամ դուրս գալու: Ես վախկոտ երեխա էի (այժմ էլ շատ քաջ չեմ) և գողերից վախենալով ոտքերս ամուր խփում էի հատակին, որպեսզի եթե գողեր կան փախչեն: Առավոտ հայրս վեր է կենում, տեսնում է, որ վերնատան վրայի շորերը չկան. պարտեզի դուռն էլ բաց է. իրոք որ գող էր մտել: Հայրս գնում է պարտեզ, տեսնում է, որ մեր շորերը հավաքված են թթի ծառի տակ, իսկ այդ շորերի վերև գտնվում է մի օտար բաճկոն, որ պետք է լիներ գողի շորը: Հասկանալի է, որ գողը իմ ոտքերի դոփյունը լսելով, կարծել է, թե իջնում ենք ցած և շտապ փախել էր։ Շտապելուց իր շորը թողել էր և հորս շորն էր հագել: Հայրս բարձրանում է թթենու ծառի վրա, որպեսզի հարևան պարտեզներում տեսնի գողին: Նա կարծում էր, թե գողը հենց նոր փախած պիտի լինի: Բայց ոչ մեկին չտեսնելով գողի բաճկոնը վերցրած դուրս է գալիս: Գնում է նախ մեր հաջորդ փողոցի ծայրին գտնված հույն նպարավաճառի (բախկալ) խանութը և շորը ցույց տալով նրան ասում է. — Այս շորը փողոցում ընկած տեսա, եթե ճանաչում ես՝ ումն է, տանեմ տամ: Նպարավաճառը իսկույն ճանաչում է և ասում. — Ներկարար Հասանին է: — Ներկարար Հասանը ո՞րտեղ է: — Վերևի ներկարարների գործատան մեջ աշխատում է: Մի քիչ այն կողմ մի թուրքի սրճարան կար. այդտեղ էլ է գնում, հարցնում և նույն պատասխանն է ստանում: Հատկապես նպարավաճառին և սրճարանապետին դիմելու պատճառն էլ այն էր, որ նրանք հասարակական մարդիկ լինելով՝ կարող էին շուտով ճանաչել, ինչպես որ եղավ: Իսկույն գնում է ոստիկանատուն և ոստիկանապետին պատմում է, թե «Այս գիշեր ներկարար Հասանը մեր տունը մտավ պարտեզի կողմից, շորերը հավաքեց գողանալու համար, վրա հասա, բայց նա փախավ, շտապելուց իր բաճկոնը թողեց, որ ահա՛: Երկու վկա էլ ունեմ. նպարավաճառ հույնը և թուրք սրճարանապետը: Բայց ես դատ չունեմ, հայտնում եմ միայն ի գիտություն»: Ոստիկանապետը զարմացած հարցնում է. «Այդ բոլորը որտեղի՞ց գիտես»: Հայրս բոլորը պատմում է: Ոստիկանապետը զեկուցագիր է կազմում և ուղարկում դատարան: Իսկույն Հասանին բանտարկում են: Հորս էլ կանչում են դատարան, բայց նա ներկայանալով դատարան, ասում է ինքը դատ չունի, միայն հայտնում է իշխանության, պատասխանատվությունից ազատ մնալու համար: Հայրս դիտմամբ հրաժարվում էր դատից, նախ, որպեսզի թուրքերին չգրգռի և երկրորդ՝ խուսափելու համար տաճկական դատարանից, ուր դատերը ամիսներ են տևում: Գողին երեք ամիս բանտարկեցին և հետո բաց թողեցին: Նա թողեց մեր թաղը և գաղթեց ուրիշ թաղ: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ == Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին նախապես հույներին էր պատկանում: Կարծում են, թե Կոստանդնուպոլսի մեծ եկեղեցական ժողովը այդտեղ է տեղի ունեցել: Երբ Ֆաթիհ սուլթան Մուհամմեդը գրավեց Կոստանդնուպոլիսը 1453 թվականին, շատ հույներ թողեցին քաղաքը և հեռացան Հունաստան: Դատարկ մնացած հունական եկեղեցիները սուլթանը հրովարտակով նվիրեց հայերին: Այս կարգին էր պատկանում նաև Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: Մեծ եկեղեցի էր։ Երբ նա այրվեց 1866 թվականին, հույները միջոց չունեին վերաշինելու, և նրա տեղը մնաց ընդարձակ, պարապ տարածություն: Այդ տարածության աջ կողմում մուտքի մոտ շինել էին փայտաշեն ժամանակավոր մի եկեղեցի ժողովրդի կրոնական կարիքները բավարարելու համար: Նրանից մի քիչ ավելի առաջ շինել էին հոյակապ քարաշեն մարմարյա մի դպրոց՝ աղջկանց համար, որ կոչվում էր Նունյան-Վարդուհյան վարժարան: Նույն դպրոցի հանդիպակաց կողմը, այսինքն մեծ տարածության ձախ կողմը շինեցին նույնպիսի մի դպրոց էլ տղաների համար, որ կոչվում էր Ս. Սահակյան վարժարան: Այս երկու դպրոցների միջև գտնված ընդարձակ տարածությունը իմ ժամանակ բաց դաշտ էր և իբր խաղավայր էր ծառայում աշակերտների համար: Այդ երկու հոյակապ դպրոցները պատիվն էին կազմում Սամաթիա թաղի ժողովրդի: Բարձունքի վրա կանգնած, Մարմարա ծովի բացից սպիտակափայլ երևում էին նրանք չքնաղ երևույթով: Նրանք շինող բարերարների երկու մեծ շիրիմները գտնվում էին Ս. Սահակյան դպրոցի կողքին: 1885 թվականին մի գեղեցիկ օր հայրս ձեռքիցս բռնած (ես այն ժամանակ 9 տարեկան էի դեռ), պայուսակը ձեռքիս, տարավ Սամաթիայի դպրոցը: Դպրոցն ուներ երկու հարկ. առաջին հարկը կոչվում էր Ընտելարան, իսկ երկրորդը՝ Ուսումնարան: Ինձ նստեցրին Ընտելարանի փոքր աշակերտների շարքում: Հայրս մի ծանոթ ուներ, որի անունն էր Վռամշապուհ Մանուկյան: Նա սովորում էր տաճկական Իրավաբանական վարժարանում։ Չափազանց աղքատ ընտանիքի զավակ էր: Հայրը փողոցներից ոսկոր և շանփին էր հավաքում և ծախում ոսկորները շաքարի գործարանին, շանփինը կաշեգործարանին: Այդ միջոցով նա պահում էր իր ընտանիքը: Այնքան աղքատ էին, որ ուսանող Վռամշապուհը ճրագ չունենալով, իր դասերը սովորում էր դիմացի հարևանի ճրագի լույսի տակ: (Կոստանդնուպոլսի փողոցները շատ նեղ լինելով այդ հնարավորությունը կար): Չգիտեմ ինչու հայրս ծանոթացել էր այդ ընտանիքի հետ և նրանց նյութապես օժանդակում էր: Ուսանող Վռամշապուհը (որ հետագայում պիտի դառնար Կոստանդնուպոլսի շատ նշանավոր փաստաբաններից մեկը), իբրև հորս երախտապարտ մի անձ, ուզեց բարոյապես օգնել, հետևելով իմ ուսման ընթացքին: Դպրոց մտնելուս երկրորդ օրը Վռամշապուհը եկավ դպրոց և «Այս տղան Ընտելարան նստելու տղա չէ» ասելով՝ տարավ վերևի հարկը: Այժմ նկարագրեմ համառոտ կերպով դպրոցի շենքը: Բակի դռնից ներս մտնելիս երեք-չորս ոտք սանդուղքով մտնում էինք մեծ նախասրահը, որի երկու կողմը, աջ ու ձախ, մի-մի դասարան կա, իսկ հետո բուն սրահն է, ուր աջ և ձախ շարված գրասեղանների վրա նստած են աշակերտները: Մեջտեղը լայն տարածություն է: Ճակատը ամբիոնն է, ուր նստած է դաստիարակը կամ կառավարիչը: Երեք կողմից լայն, լուսավոր պատուհաններ են: Այսպես է նաև Ուսումնարանը, որ երկրորդ հարկումն է: Երկու կողմից լայն սանդուղքներ տանում են երկրորդ հարկը: Ուսումնարանի դռան աջ կողմը մի սենյակ կար, որ հոգաբարձության գրասենյակն էր և ծառայում էր նաև իբր դասարան: Ճիշտ նրա դեմը, ձախ կողմում կար մի ուրիշ սենյակ, որ Սամաթիայի եկեղեցու առաջնորդ Գևորգ վարդապետ Ութուճյանի բնակարանն էր: Հետո առաջնորդ եղավ Վահան վարդապետ Հակոբյանը: Նախասրահը և սրահը լայն են, ընդարձակ և ավելի լուսավոր, քան Ընտելարանը: Մեր ժամանակ վերակացու էր Հարություն Չաքըրյան անուն մեկը, որ Զեյթունի ապստամբներից էր, կառավարության կողմից աքսորված Կոստանդնուպոլիս։ Ձախ ձեռքից վիրավորված էր, բուռը չէր բացվում՝ գնդակը մեջը մնացած լինելու պատճառով: Աջ ձեռքին ուներ երկար կոթով մի մուրճ, որով ծեծում էր մեզ: Ավելի հետո Չաքըրյանին հանեցին և նշանակեցին Իսրայել Հայկազն անունով մեկին, իբր դաստիարակ կամ վերակացու: Ընդարձակ և լուսավոր սենյակը երեք կողմից լայն լուսամուտներով նայում էր բարձունքից Մարմարա ծովի վրա: Հեռուն երևում էին կղզիները: Չորս բարձրադիր պատերի վերևում կարմիր տառերով գրված էին նշանավոր խոսքեր, որոնցից հիշում եմ մի քանիսը: Ճիշտ ճակատին գրված էր. «Ծանիր զքեզ». նրա աջ կողմը՝ «Սկիզբըն իմաստութեան երկիւղ Տեառն». ձախ կողմը գրված էր. «Կյանքըդ և արյունդ Հայրենիքիդ համար, խելքդ և միտքդ գիտության համար»: (Այս վերջին նշանաբանը հետո գաջով ծեփել էին, բայց դեռ կարմիր տառերը կարելի էր կարդալ): Մյուս նշանաբաններն էին. «Լավ է լսել, քան խոսիլ», «Աշխատությունը հաղթող է ամեն բանի»: Ես նստել էի աջ կողմի ամենավերջին գրասեղանին, պատի տակ, և իմ գլխի վրա կարդում էի միշտ «Լավ է լսել, քան խոսիլ»: Չորս տարի սովորեցի այդ դպրոցում (1885—1889 թթ.): Ուսման վարձն էր շաբաթական 1 ղուրուշ (=8 կ.): Հենց առաջին օրը, որ մտա դպրոց, հայրս վճարեց 10 ղուրուշ և ստացավ տասը շաբաթվա կտրոն: (Ամեն մի շաբաթվա համար հատուկ կտրոն էր տպված): Այդ չորս տարվա միջոցին տեսանք զանազան ուսուցիչներ: Պետք է ասել, որ Սամաթիայի հայոց դպրոցը կարող էր պարծենալ Կոստանդնուպոլսում ոչ միայն շենքի մեծությամբ, այլև ուսման բարձրությամբ և ուսուցիչների լավ որակով: Այդ չորս տարվա մեջ իմ տեսած ուսուցիչներս եղան հետևյալները. Պաղտիկ Ճիյերնյան, եղավ հայերենի առաջին ուսուցիչը. խասգյուղցի էր. միշտ կարմիր ֆեսը գլխին, քաղցր ժպիտը երեսին, գլուխը միշտ դեպի աջ և դեպի ձախ հակելով, աշակերտներիս հետ անուշ-անուշ զրուցելով ուսուցանում էր գրաբար հայերենը: Ամեն շաբթու բոլորս էլ մի-մի շարադրություն էինք գրում, որոնց նյութը ինքն էր տալիս: Տետրակները տանում էր տուն և տող ընդ մեջ մանըր, կարմիր տառերով սխալները ուղղում էր: Չգիտեմ, թե ինչքան պարտական եմ իրեն հայերենի ուսման համար: Երբ ես իմ Արմատական բառարանը գրեցի, Է հատորի վերջում դնելով իմ հայերենի բոլոր ուսուցիչների նկարները, առաջին տեղը տվի իրեն: Դա երիտասարդ ժամանակի նկարը չէ, այլ ծերացած շրջանի: Թեոդիկի Տարեցույցներում պատահել եմ իր երիտասարդական ժամանակի բարեդեմ նկարին, բայց Է հատորիս տպագրության ժամանակ չգտա: Լսելով, որ գտնվում է Բուլղարիայում, նամակով դիմեցի իրեն և իր նկարը խնդրեցի: Նկարը ուղարկեց և գրեց ինձ մի սրտառուչ նամակ, ուր հայտնում էր, թե նյութական թշվառ դրության մեջ էր և օգնություն էր խնդրում: Փորձի համար ես ուղարկեցի նրան մի ոսկի Բարեգործական ընկերության միջոցով. քարտուղարը հայտնեց ինձ, որ գումարը հանձնել են իրեն, բայց շուտով նա մեռավ, և ես իրենից ոչ մի պատասխան չստացա: Հիշում եմ, նամակի այն սրտառուչ տողերը, ուր ասում էր. «Չգիտեմ, թե քո մանուկ հասակում կարողացա՞ կարդալ աչքերիդ մեջ այն կրակը, որ հետո մեծացավ և քեզ այդ աստիճանին հասցրեց»: Մելքոն Գյուրջյան, որ Բալու քաղաքի Հավավ գյուղից էր: Բարձր դասարաններում գրաբար էր տալիս, նաև հին հայ մատենագրության պատմություն: Մեր դասագրքերը եղան Գարագաշի Հատընտիրը, Եղիշե վարդապետ Դուրյանի Ընթացք ի Գրոց բարբառ և նրա հայ մատենագրության համառոտ պատմությունը: Ես լավ էի սովորում գրաբար լեզուն, որ շատ էի սիրում: Այն դժվարությունը, որ զգում են և զգում էին ուրիշները, ինձ համար չէին: Մանկական հասակից հիշում եմ մի քանի մանր դեպքեր: — Մի օր Հատընտիրում մի հատված կար, որ ընկերներիցս ոչ մեկը չկարողացավ թարգմանել: Ամբողջ դժվարությունն այն էր, որ Յուդայ բառը բոլորն էլ ուղղական հոլով էին վերցնում և իմաստ չէր ստացվում: Ես մատ բարձրացրի և ասացի մյուսյուին. Յուդայ անունը պետք է վերցնել սեռական, և նրա ուղղականն է Յուդա։ Այս առթիվ ա վերջնատառի կանոնը բացատրեցի: Ուսուցիչս գոհ մնաց և ասաց. «Ապրի տղան»: «Տղան» ասաց և ոչ թե «տղաս», որովհետև ինքը ամուսնացած չէր և որդի չուներ: Մի ուրիշ անգամ Կոստանդնուպոլսի բոլոր ազգային վարժարանների տեսուչ Կարապետ Ութուճյանը մեր դպրոցը այցելության եկավ: Իր պաշտոնն էր այսպիսի այցելություններով դպրոցները քննել: Մտնելով մեր դասարանը, այն ժամանակ, երբ Գյուրջյանը դաս էր տալիս, գրատախտակի վրա գրել տվեց հետևյալ խոսքը. «Աշակերտները տեսնելով Հիսուսին շատ ուրախացան»: Առաջարկեց աշակերտներիս թարգմանել այդ տողը գրաբարի այնքան ձևով, որքան կարելի էր: Ամենքս էլ մեր թղթերի վրա թարգմանեցինք. ամենաշատը իմն էր (լավ չեմ հիշում 8 թե 10 ձևով): Այդ ձևերից մեկն էլ այսպես էր. «Աշակերտքն տեսեալ զՅիսուս ի մեծ ուրախութեան եղեն յոյժ»: Ութուճյանը կարդաց և ասաց, որ սխալ է: Հարցրի, թե ի՞նչ սխալ կա այդտեղ: Պատասխանեց, թե «յուրախութեան» ձևը սխալ է: Ես պատասխանեցի, որ ներգոյական հոլովով է և ճիշտ է: Դիմեցի ուսուցչիս և նրան հարցրի: Ուսուցիչս գտավ, որ ես ճիշտ եմ գրել. կարելի է այդպես էլ գրել: Ես դարձա Ութուճյանին և ասացի. «Եթե չեք գիտեր, ինչո՞ւ մեզ քննելու եկեր եք»: Արմատական բառարանիս Է հատորի նկարում երկրորդ տեղը տվել եմ Գյուրջյանին: Միհրան Աբիկյան, սամաթիացի, նշանավոր տաճկագետ և բազմաթիվ դասագրքերի, ինչպես և թուրքերեն բառարանների հեղինակ: Իր մեթոդը շատ լավ էր և մեզ լավ դաս էր տալիս, լավ սովորեցնում: Իր մասին խոսելու եմ ավելի ուշ: Հակոբ Ոսկան, ֆրանսերենի ուսուցիչ, ծերունի մարդ էր, որ ավարտել էր Վենետիկի Մխիթարյանց վանքի վարժարանը։ Ասում էին, թե շրջանավարտ լինելուց հետո, խոստանալով վարդապետ դառնալ, օծման գիշերը խոստումը դրժել և փախել էր Կոստանդնուպոլիս: Ֆրանսերեն շատ լավ գիտեր և լավ մեթոդ ուներ: Շատ բարի մարդ էր: Աշակերտներիս հավաքում էր իր շուրջը և այնպես պարապում. «Jésus a dit: «Laissez les enfants venir à moi»: Հաճախ լաց էր լինում, որովհետև դժբախտ հայր էր եղել: Նա մի որդի էր ունեցել Երվանդ անունով, որ Կոստանդնուպոլսում քանդակագործություն սովորել-վերջացնելուց հետո, գնացել էր Վենետիկ և այնտեղ էլ մի քանի տարի ուսումը շարունակելուց և ավարտելուց հետո, շոգենավ էր նստել և Կոստանդնուպոլիս վերադարձել: Կոստանդնուպոլսում շոգենավից իջնելու րոպեին ծովն էր ընկել և խեղդվել: Երբ մեզ հետ խոսելիս պատահաբար մեր վրա բարկանալով ասում էր. «Տղաս, տղաս, եթե իմ տղաս լինեիր, քեզ ծովը կնետեի» և իսկույն իր տղի դեպքը հիշելով լաց էր լինում: Բանաստեղծ էր. ոտանավորներ էր գրում, բայց չափազանց կարճ: Հիվանդանոցի հրատարակած օրացույցի սկիզբը ամեն տարի սովորություն էր մի ոտանավոր դնել և այդ ոտանավորը ինքն էր գրում: Իր գրած ամենակարճ, բայց շատ գեղեցիկ ոտանավորներից մեկը հետևյալն է. <poem>«Առ հայ աղջիկն Վարդին զարդն է պարզ տերև, Պարզությունը դու սիրե, Եթե վարդ ես արդարև»:</poem> Հարություն Թյուլյան, եվրոպական ձևով մյուսյու Pascal, սամաթիացի, տարիքոտ մարդ էր, նշանավոր մաթեմատիկոս: Դաս էր տալիս մեզ թվաբանություն: Հակոբ Ոսկանի նման նա էլ դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլխին և մեզ հետ միասին պարապում: Իր պարապելու ձևն այն էր, որ գրքից կարդում էր խնդիրը և իր առաջ դրած տետրակի մեջ մեզ հետ խորհրդակցելով, խնդրի լուծումը գրում էր: Մենք սովորել ենք նրանից ամբողջ թվաբանությունը ընդարձակ՝ շղթայի կանոն, խառնուրդի կանոն, պարզ երից կանոն, բարդ երից կանոն, խոտորնակ համեմատություն, ներքին և արտաքին զեղչ և այլն, որոնք այստեղ մեր դպրոցներում չեն անցնում, այնտեղ տարրական դպրոցում սովորել ենք: Խնդիրները լուծելու ժամանակ դիտմամբ սխալ էր լուծում և պահանջում էր, որ մենք միջամտենք և սխալը ուղղենք: Ես միշտ առաջինն էի լինում, որ բղավում էի՝ «Ո՛չ, մյուսյու», գոհ էր մնում և մյուսներին «էշեկ» տիտղոսով որակում: Զվարճախոս մարդ էր, հմուտ և բարի: Աշակերտներիս շատ էր սիրում և եթե նախատական խոսքեր էր ասում, այդ բոլորը հայրական կատակ էր: Մեզ հետ էր սովորում նաև իր միակ որդին՝ Ներսես Թյուլյանը, որին շատ էի սիրում և ինձ հետ միասին շարունակեց ուսումը նաև միջնակարգ դպրոցում: Pascal-ի կատակաբան խոսքերից մեկն էր. «Էդիրնե կաֆալը» դարձվածը, որ նշանակում է «Ադրիանուպոլսի գլուխ», որ ոչ մի միտք չունի: Իր զվարճախոս րոպեներից մեկում, մի տղա խուխը հավաքեց և թքեց: Մյուսյու Pascal-ը նայեց երեսին և ասաց. «Ծո, այդ ի՞նչ ըրիր. աս տեղը ես թուքնեմ, դուն թուքնես, ան թուքնե, վերջը պալղամե պաթաղ պիտի դառնա, մենք ալ մեջը յուզմյո՞ւշ պիտի ըլլանք»: Մի ուրիշ անգամ իր որդին՝ Ներսեսը աշխարհագրության դասագրքում կարդաց «Օրանժի հանրապետություն» բառերը։ Հայրը հարցրեց. «Ո՞ւր է Օրանժը»: Ներսեսը պատասխանեց. «Պորտուզալն է»: «Էդիրնե կաֆալը», — կպցրեց հայրը իր սովորական տիտղոսը տալով: Բանն այն է, որ որդին Օրանժը հասկացել էր ֆրանսերեն օրանժ, որ է «նարինջ», նարինջը թարգմանել էր թուրքերեն «պորտուգալ» և այդ «պորտուգալ»-ը դարձրել էր Պորտուգալիա պետությունը: Պատմում էին, թե Pascal-ը իր երիտասարդության ժամանակ շինել է մի հոյակապ երկրագունդ, այնքան մեծ, որ քաղաքների հատակագիծն էլ էր նշանակված: Այդ հոյակապ երկրագունդը տեղավորելու համար եռահարկ մի տան երկու առաստաղները քանդել էր և այդ մեծ տարածության մեջ շինել էր այն: Սամաթիայի 1866 թվականի մեծ հրդեհը այդ տունն էլ վառելով երկրագունդը ոչնչացել էր: Պատմում էին նաև, թե եվրոպացիք ճանաչելով մյուսյու Թյուլյանին և հիանալով նրա մաթեմատիկական հմտության վրա, ասել էին. «Այսքան հմուտ մարդը հայ չի կարող լինել» և նրա անունը թարգմանելով դարձրել էին Pascal: Գրիգոր Մարգարյան, խասգյուղացի էր, պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Նշանավոր էր դարձած Կոստանդնուպոլսում: Երկար բեղերով և բարձրահասակ մարդ էր, շատ զվարճախոս: Պատմում էին, թե նա և երգիծաբան Պարոնյանը երբ միասին լինեին մի տեղում, այնտեղ այլևս մարդ չէր մնա. ծիծաղից կտրաքվեին: Իր դասերի ժամանակ կատակը և զվարճախոսությունը մեծ բաժին ունեին: Միշտ հաճույքով էինք լսում իրեն: Մի օր Մինաս Չերազը, մի ուրիշ անծանոթ անձի հետ միասին եկան Գրիգոր Մարգարյանի հայոց պատմության դասին և աշակերտներիս քննել սկսեցին: Երեք աշակերտ մեջտեղ կանչեցին, որոնցից երրորդը և վերջինը ես էի: Հարցրին. «Ո՞վ էր Տիգրան Ե-ն»: Առաջին աշակերտը ասաց. «Տիրան Բ-ի որդին»: Գոհ չմնացին և դիմեցին երկրորդին, նա էլ պատասխանեց. «Արտավազդ Բ-ի որդին»: Նրանից էլ դժգոհ մնալով ինձ դիմեցին: Ես, որ պատմության մեջ շատ լավ էի, իսկույն վրա տվի. «Արտաշես Բ-ի որդին, Արտավազդի և Տիրանի եղբայրը և Վաղարշի հայրը»: Չերազն ասաց. «Հասակը փոքր է, բայց խելքը մեծ է եղեր»: Դավիթ Խաչկոնց, մաշկերտցի, նույնպես պատմաբան էր, անցնում էր մեզ հետ նոր դարի պատմությունը: Շատ էր սիրում հնդկական կրոնը և շարունակ խոսում սքանչանքով: Անունը դրել էինք «Թրիմուրթի», որ հնդկերեն նշանակում էր «երրորդություն»: Ենովք Թեյյան, կոստանդնուպոլսեցի էր, ֆիզիկայի, քիմիայի և անատոմիայի ուսուցիչ: Կարճահասակ, հմուտ և ուշադիր ուսուցիչ էր: Սիմոն Հակոբյան, սամաթիացի, նկարչության ուսուցիչ, որի եղբայրը՝ Անտոնը մեզ հետ աշակերտ էր։ Նկարչությունը շատ առաջ էր գնացած մեր դպրոցում: Ամեն մի աշակերտ իր կարողության չափով զարգացել էր: Ոմանք միայն մատիտով հասարակ նկարներ էին գծում, ուրիշներ տուշով նկարներ էին պատրաստում, մինչև անգամ փոքրիկ լուսանկարները մի քանի անգամ մեծացնում, ոմանք հեռուն դրած արձանը այս կամ այն դիրքով նկարում և վերջապես ոմանք էլ ջրաներկ և յուղաներկ նկարներ էին պատրաստում: Հիշում եմ, որ մի երկու աշակերտ էլ չիթ էին նկարում: Այս վերջին արվեստը շատ հարգի էր Կոստանդնուպոլսում: Չիթը Կոստանդնուպոլսում շատ սովորական կտոր էր և կոչվում էր բասմա: Վաճառականները, ընդհանրապես հայ, թանկ գնով գնում էին չթի նոր նմուշներ և եվրոպական գործարանները ուղարկելով, պատվիրում էին և ստանում նույն նկարով մեծաքանակ չիթ: Ահա այսքան կարևոր էր չթի նկարչությունը դպրոցում: Ես մի դեպք ունեցա Սիմոն Հակոբյանի հետ: Թեև ես նկարչության մեջ վատ չէի, մինչև անգամ` լուսանկար կարող էի մեծացնել տուշով, բայց ընդհանրապես չէի սիրում այդ արվեստը: Դպրոցը ուներ նկարների մի մեծ խումբ, որից մի որևէ մեկը ընտրելով մենք սկսում էինք նկարել։ Ուսուցիչը իհարկե չէր կարող հիշել, թե ով ինչքան է նկարել: Նրան իբր թե խաբելու համար, ես վերցրի մի խոշոր ողկույզի նկարը և շաբաթական միայն մի հատիկ էի նկարում (նկարչության դասը շաբաթական մի ժամ էր), այսպիսով մի քանի ամիս անցավ և դեռ իմ ողկույզը չվերջացավ: Վերջապես ուսուցիչը զգաց իմ խաբեությունը և շառաչուն մի ապտակ հասցրեց երեսիս: Ես գնացի տուն և դեպքը հորս պատմելով, պահանջեցի, որ ինձ այդ դպրոցից հանի: Հայրս էլ բարկացավ, որ ուսուցիչը անմեղ տեղը ինձ ապտակել է, և ուզում էր դպրոց գալ բողոքելու: Սակայն նախքան այդ, ինձնից պահանջեց պատմել դեպքի մանրամասնությունը: Ես իհարկե դեպքը պատմեցի ինձ համար օգտակար զեղչումներով, բայց հայրս հասկացավ և ասաց. «Շատ աղեկ ըրեր է. դասդ չես պատրաստեր, քեզի ծեծեր է»: Միհրան Դյոքմեջյան, Կոստանդնուպոլսի Նառլը գափու թաղից: Այս թաղը գտնվում է Սամաթիայից մեկ-երկու կիլոմետր վերև ծովափին, փոքր թաղ է և ունի սակավաթիվ հայություն, որոնք սակայն ծովափին հսկա բերդից դուրս ունեն մի եկեղեցի՝ Ս. Հովհաննես անունով: Շատ բանաստեղծական դիրք ունի այս փոքր եկեղեցին, ժամվոր քիչ ունի, լռիկ ու մնջիկ, պատերի տակ շարունակ խփում են ծովի ալիքները: Եկեղեցու կողքին կա մի փոքր դպրոց: Այս եկեղեցու և այս դպրոցի, ինչպես և թաղի ամբողջ հայության ազգային և կրոնական գործերի գլուխը կանգնած էր այս Միհրան էֆենդին: Ինքը կարճահասակ մի մարդ էր. առանձին ուսման տեր չէր, բայց ուներ շատ գեղեցիկ ձեռագիր և հրատարակել էր մինչև իսկ գեղագրության և զարդագրերի տետրեր։ Մեր գեղագրության ուսուցիչն էր. շաբաթական երկու ժամ դաս ունեինք. գրատախտակի վրա գրում էր իր շատ գեղեցիկ գրերով երկու տող և մենք էլ մեր գրասեղանների վրա նստած օրինակում էինք նույն տողերը, աշխատելով նույնին նմանվել: Հաճախ գալիս էր իմ կամ մի ուրիշ աշակերտի կողքին նստում, և մեր տետրակները վերցնելով ուղղում: Նստած տեղը խռմփում էր, կարծես թե քնած լիներ։ — Երևանում ծանոթացա մի տիկնոջ Նոյեմի անունով, որ նրա աղջիկն էր և հորը չափազանց նման: Նա պատմեց, որ իրենք Նառլը-գափուից փոխադրվել են Սարը-յար թաղը, ուր մենք էլ էինք բնակվում: Բայց ես նրանց չեմ տեսել այն ժամանակ: Ամուսինը մեր Համալսարանում Արևելքի պատմության դասախոս էր: Ես նկարչության առանձնապես ընդունակ չէի. գեղագրությունս էլ երևելի չէր, բայց սովորել եմ իրանից գրել կոկիկ, պարզ ընթեռնելի, շատ անգամ տառերը անջատ, միայն ու իրար կից գրված: Այս պատճառով էլ կարողացա ամբողջ Արմատական բառարանս արտագրել և ապակետիպով տպել, նաև ուրիշ մի խումբ գրքեր: Թեև նկարս ու գիրս երևելի չէին, բայց շատ ավելի ընդունակ էի քարտեզ գծելու: Մեր աշխարհագրության ուսուցիչը, որ նույն Գրիգոր Մարգարյանն էր, միշտ օրինակել էր տալիս զանազան քարտեզներ: Քարտեզագծությունը այնքան էի սիրում, որ Էջմիածնում եղած ժամանակս ձեռնարկեցի գծել մի հոյակապ քարտեզ Հայաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի: Կարծեմ հարյուր քսան մեծ թերթերից էր բաղկացած: Երբ փռում էի հատակին, Սև ծովը այնքան մեծ էր, որ երեք քայլ «ճամփորդում» էի նրա վրա: Քարտեզը չկարողացա վերջացնել. նախ, որովհետև շատ տարիներ էին հարկավոր, երկրորդ, որովհետև Կոստանդնուպոլսում 1910 թվականին տեսա Քիփերթի որդու կազմած նոր մեծ քարտեզը ամբողջ Տաճկաստանի, ուր ամեն մի գյուղ էլ նշանակված էր: Այդ քարտեզը կար թե՛ գերմաներեն և թե՛ թուրքերեն: Պատերազմի ժամանակ անգլիացիք էլ, ինչպես և ռուսները թարգմանեցին նույնը իրենց լեզվին: Այս պատճառով իմ աշխատանքը այլևս ավելորդ էր, և ես քարտեզս ջնջեցի: Վահան վարդապետ Հակոբյան, Երուսաղեմի միաբաններից, ավանդում էր մեզ կրոն: Մենք կարդացինք Նար-Բեյի Նախնական Քրիստոնեականը և Կրթական Քրիստոնեականը, ապա Մելիքսեդեկ Մուրադյանի կազմած Հայոց եկեղեցական պատմությունը: Այս գիրքը տպված էր Երուսաղեմում, բայց թե՛ Ռուսաստանում և թե՛ Տաճկաստանում արգելված էր: Վահան վարդապետի պատվերով գնացի Երուսաղեմատուն, որ գտնվում է Գում-գափու թաղում, Պատրիարքարանի դեմը: Դուռը զարկի, ներկայացավ մի կրոնավոր: Պետք է ասեմ, որ այս տունը հատկացված էր Երուսաղեմից եկած այն միաբաններին, որոնք կարճ կամ երկար ժամանակով պիտի մնային Կոստանդնուպոլսում: Այդ միաբանից ես խնդրեցի Մելիքսեդեկ Մուրադյանի Եկեղեցական պատմությունը, ներկայացնելով տասը ղուռուշ։ Միաբանը մերժեց, ասելով, թե մենք այդպիսի գիրք չունենք, առհասարակ գիրք չենք ծախում: Ես գնացի դպրոց և վարդապետին հայտնեցի: Նա հաջորդ անգամ հայտնեց, թե գնացել է, խոսել. նրանք ինձ թուրք էին կարծել և լրտես էին համարել: Գիրքը տվեց ինձ: Մի սովորական թաղային վարժարանում Հայոց եկեղեցական պատմություն, ինչպես և հին հայոց Մատենագրության պատմություն ավանդելը ցույց է տալիս, թե ինչքան բարձր էր այն ժամանակ Սամաթիայի մեր դպրոցը: Մնաց երգեցողությունը: Ծնողները շատ էին սիրում, որ իրենց որդիները, ինչպես նաև աղջիկները եկեղեցական երաժշտությունը սովորեն: Եվ իրոք որ տիրացուների խումբը շատ փայլուն էր Սամաթիայի եկեղեցում: Բայց հայրս, որ եկեղեցի գնալ էլ չէր սիրում, չափազանց հակառակ էր տիրացության: Դա համարում էր տխմարություն և տիրացուներին էլ բնածին ապուշներ: Այս պատճառով ինձ բացարձակ արգելել էր մտնել Դպրաց խումբը: Բայց այս չի նշանակում, թե ես երբեք չեմ սովորել երգ: Ընդհակառակը եկեղեցի հաճախելով անգիր սովորել եմ ամբողջ եկեղեցական արարողությունը, որ այնքան կարևոր է գրաբարի ուսման համար: Սովորել եմ նաև աշխարհիկ ազգային երգեր, որոնք տարածված էին այն ժամանակ: Ահա՛ մի նմուշ. <poem>«Առտուն կանուխ թե ելնենք, Քաղցր է վաստակը դաշտին. Զվարթ կըլլանք - ու կերգենք Գեղջուկ երգերը մերին: Թող ճոխն անդին նիրհե խոր Հեշտությանց մեջ նորանոր. Անոր կյանքին չեմ ցանկար, Թե սոխ ուտեմ ամեն օր»:</poem> Նշանավոր է Սամաթիայի դպրոցի սեփական երգը, որ ունի ծանր եղանակ և որի բառերը դժբախտաբար ամբողջությամբ չեմ հիշում: Սկսվում է այսպես. <poem>«Սահակեան տաճար, կենաց հայրենիք, Ահա գիտութեան վառած իր ջահեր, Կ՚իջնէ ի խաւար խորս Հայաստանի, Ուր դարուց ի վեր կը հեծեն հայեր: Հորդորակ Սանունք Սահակեան, Օ՜ն, դուք փայլ ի փայլ Յերկինս հայկական Ելէ՛ք ի շողալ: Լոյս առէք, զլոյս Տուէք ձեր եղբարց, Ներշնչէք զլոյս Յաւէրժ հայկական: Օ՜ն ստւերաշող Փայլս ձեր հողմունք, Ահա լուսաշող Սահակեան սանունք»:</poem> Կային նաև ուրիշ երգեր, որոնցից հիշում եմ մի քանիսը. «Արի՛ք, հայկազունք…» «Մնասցես բարեաւ, սէր իմ, սէր…» «Բա՜մփ, որոտան…» «Երբ որ բացուին դռներն յուսոյ…» «Իմ սիրելի զաւակունքս…» «Թէ հայրենեաց պսակադիր…» «Հայաստան, երկիր դրախտավայր…» Ռուսահայոց երգերից երգում էինք հետևյալները (պահելով ռուսահայ բարբառը). «Մեր Հայրենիք…» «Ծիծեռնակ, ծիծեռնակ» «Մայր Արաքսի ափերով…» «Ո՞րն է աշխարհ Հայաստան…» «Է՞ր հեռանաս դու մայրենի…» «Թէ իմ ալևոր հերքս սևնային…» «Հերիք, որդեակք, այսքան տարուան տառապանք…» «Ազատն Աստուած այն օրից…» «Ցուրտը փչեց, ձմեռ սաստիկ…» Այս երգերը երգում էինք դպրոցում հանգստյան ժամերին, դպրոցական հանդեսներում, տոնական օրերին և երբ զբոսանքի էինք դուրս գալիս քաղաքից դուրս, դեպի Չըրփըճի, Չայրի և Վելի էֆենդի զբոսավայրերը, որոնք քաղաքից մի ժամ հեռավորության վրա էին գտնվում: Երգում էինք նաև տանը, և ոչ ոք չէր արգելում մեզ՝ նրանց հայրենասիրական բովանդակության համար: Հայոց պատմության դասեր էլ կային, ինչպես վերև տեսանք: Այդ էլ չէր արգելվում, տաճկական գրաքննությունը (մեարիֆ) դեռ իր ատամները չէր ցույց տված: Սակայն եկավ մի օր, երբ մեարիֆը երևաց: Հայոց պատմությունը արգելվեց: Կառավարությունից մի պաշտոնյա եկավ և բոլոր աշակերտների դասագրքերը քննելով, նրանց վրա թույլտվության կնիք խփեց: Հայոց պատմության դասագրքերը դուրս մնացին: Այն ժամանակ Չոլաքյան անուն մեկը հետևյալ խորամանկ միջոցը մտածեց: Հրատարակեց մի տեսակ Հայոց պատմություն, որի միայն առաջին մի քանի երեսներն էին խոսում Հայկի և ուրիշ նահապետների մասին շատ համառոտ կամ Աբգար թագավորի մասին և այսպիսի անմեղ բաներ, որոնց հաջորդում էր ընդարձակորեն Կոստանդնուպոլսի պատրիարքների պատմությունը: Այսպիսով գիրքը ազատ արտոնություն էր ստանում վաճառվելու և իբրև դասագիրք գործածվելու: Ուսուցիչը ուզածի չափ ընդարձակում և ավելացնում էր Հայոց պատմությունը, իսկ պատրիարքների պատմությունը՝ բոլորովին դեն գցում: Այսպիսի խորամանկ միջոցներ շատ էին սովորել կոստանդնուպոլսեցիք. արգելված բառերը փոխել էին և նրանց տեղ նոր ցուցանիշ բառեր դրել. օրինակ՝ Հայաստան ասելու տեղ ասում էին Վերին Միջագետք կամ Ծիծեռնակի երկիրը: Մի հեղինակ Նալբանդյանի անունը, որ արգելված էր, դարձրել էր Պայտարյան, իսկ նրա «Ազատության երգը» դարձրել էր «Աշխատության երգ» և երգում էին. <poem>«Աշխատություն — գոչեցի, Թող որոտա իմ գլխին…»:</poem> Մեարիֆի գործունեության այս սկզբնավորությունը 1888 թվականին եղավ: == ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ == Ուսումնարանում, ուր 4 տարի մնացի, շատ բազմաթիվ ընկերներ ունեցա, որովհետև մենք չէինք նստում առանձին դասարաններում, այլ բոլորս միասին՝ մի սրահում: Դասի ժամանակ գնում էինք առանձին դասարաններ: Բնականաբար չեմ կարող հիշել բոլոր ընկերներիս, ուստի բավականանում եմ նրանցից մի մասի անունները տալով: Արմենակ անունով մի աչքաբաց ընկեր ունեի, որ նառլըգափուցի էր, այնտեղ կային երկաթուղու պաշտոնյաներ, որոնք հետ ֆրանսերեն էին խոսում. այս տղան էլ նրանց հետ ապրելով, ֆրանսերեն էր սովորել, ուստի դիմում տալով երկաթուղու վարչության, ընդունվեց իբրև կոնդուկտոր և դուրս եկավ դպրոցից: Երվանդ Հակոբյան, նստում էր կողքիս, շատ ծանրաբարո, անխոս մի տղա էր. պատանի հասակում, դպրոցը չավարտած հեռացավ գնաց: Շատ ուշ, շուրջ 30 տարի հետո, կարդացի նրա կենսագրությունը։ Նա գնացել էր մի անգլիացու ընկերակցությամբ Աֆրիկայի անծանոթ աշխարհները, այցելել էր Խաղաղ օվկիանոսի կղզիները, հավաքել էր թանկագին իրեր՝ փղոսկր, ադամանդ, վագրի մորթի և նման բաներ, որոնք ուղարկել էր Եվրոպա վաճառելու: Բազմաթիվ արկածների էր պատահել: Մի անգամ իր անգլիացի ընկերոջ հետ նավակ բռնելով գնացել էր վայրենիների մի կղզի. մարդակերներ էին դրանք և հենց որ դուրս էին եկել ափ, վայրենի գոռգոռոցներով հարձակվել էին նրանց վրա, որսալու ուտելու համար: Իսկույն 2 ճամփորդները մի հաստ ծառի 2 երեսին հենվելով սկսում են հրացան արձակել: Վայրենիներից շատերը կոտորվում են, մնացյալը փախչում, իսկ իրենք կղզին թողած, նավակով հետ են քաշվում: Երվանդը մեծ հարստություն է դիզում, որ ամբողջությամբ նվիրում է Բարեգործական ընկերության, մի այնպիսի սրտառուչ աղերսագրով, որ կարծես թե դրամ է խնդրում և ոչ թե դրամ նվիրում: Հրանտ Մերկերյան, Սամաթիա թաղից, Հրաչյա Մերկերյանի որդին։ Նրա հետ մենք սովորեցինք մինչև վերջին դասարանը, բայց նա դուրս եկավ կիսավարտ և նվիրեց իրեն գերմաներենի ուսման: Այս ժամանակ գերմանացիք նոր էին թափանցում Կոստանդնուպոլիս, առևտրական նպատակով: Հայ վաճառականները կապ էին հաստատել գերմանական գործարանների հետ և անհրաժեշտ էր ունենալ գերմաներեն թղթակցություն: Սակայն դեռ ոչ ոք գերմաներեն չգիտեր: Հրանտը տվեց իրեն գերմաներենի ուսման և շատ կարճ ժամանակում այնքան լավ գերմաներեն սովորեց, որ գնում էր հայ վաճառականների մոտ և գրում նրանց համար գերմաներեն նամակներ, լավ դրամական վարձատրությամբ: Գեր, հաստափոր, միշտ ուրախ և ժպտուն տղա էր: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, տեսա նրան նույն վիճակում, մշտապես ուրախ, պատմում էր զվարճալի անեկդոտներ: Չամուսնացավ։ Մի քանի տարի հետո թերթերից լսեցի նրա մահը: Ամբողջ իր հարստությունը կտակել էր ազգին: Անտոն Խաչիկ Ասլանյան, շարունակեց իր ուսումը մեզ հետ մինչև վերջին դասարանը: Լավ ֆրանսերեն գիտեր և միշտ կարդում էր Նապոլեոնի կյանքին նվիրված գրքեր. ուրիշ անուն չուներ բերանում, եթե ոչ Նապոլեոն: Մինչև անգամ, երբ դպրոցի բակում «գերառություն» էինք խաղում, նա իր շարքից դուրս էր գալիս ոչ թե ուղիղ գծով իր հակառակորդին հարվածելու, այլ կլոր պտույտ էր գործում նրա հետևից: Երբ հարցնում էինք նրան, թե ինչո՞ւ այդպես պտույտ ես գալիս, նա պատասխանում էր. «Նապոլեոնը այդպես էր անում»: Անտոնը կիսատ թողեց իր ուսումը և գնաց օտար երկրներ: 1930-ական թվականներին ես պատահեցի նրան Երևանում, ուր եկել էր իր ընտանիքով: Իր ամբողջ ընտանիքը խորհրդային քաղաքացի գրվեց և մնաց, իսկ ինքը մերժեց և ուզեց գնալ Կոստանդնուպոլիս: Իր կինը, պատկառելի մի տիկին, եկավ ինձ մոտ և խնդրեց, որ համոզեմ նրան մնալու: Գնացի իր տունը և այսպես խոսեցի իրեն. «Մեր մանկությունից սկսած, տարիներ շարունակ երազում էինք Հայաստան. այժմ թողնելով ուզում ես գնալ Կոստանդնուպոլիս, թուրքերի մոտ, որոնք քո ազգակիցներդ, հազարավոր թվով, կոտորեցին և դու պիտի ապրես նրանց հետ… Չե՞ս ամաչում: Եվ ի՞նչ պիտի ասես քո հայ բարեկամներին, որոնք պիտի հարցնեն, թե ինչո՞ւ եկար»: Անտոնը համոզվեց և մինչև իր մահը մնաց Երևանում։ Այդ տարիներում բժիշկ Լևոն Հովհաննիսյանը կազմում էր «Հայ բժշկության պատմություն»-ը։ Դուրս եկավ, որ Անտոն Ասլանյանը եղել է Կոստանդնուպոլսի Ազգային մեծ հիվանդանոցի վարիչը. ծառայել էր երկար տարիներ և որովհետև ինձնից բավական մեծ էր տարիքով, ծառայել էր բազմաթիվ ազգային հիմնարկությունների մեջ և լավ հմուտ էր ամեն տեսակի ազգային գործերին, ուստի առաջարկեցի գնալ բժշկի մոտ, օգնելու համար նրան: Բժիշկը բարեկամացավ նրա հետ և «Հայ բժշկության պատմության» համար շատ նյութեր քաղեց, ստանալով նույնիսկ բազմաթիվ լուսանկարներ: 80-ամյա զառամյալ հասակում ցնդեց և շուտով մեռավ: Կոպեռնիկ, բնակվում էր եկեղեցու բակի ճիշտ դիմացի տանը: Կատակախոս տղա էր և մեզ միշտ զվարճացնում էր իր կատակներով: Ուսման մեջ շատ առաջադեմ չէր: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ի՞նչ եղավ, բայց մի քանի տարի առաջ կարդացի, որ նա Սամաթիայի եկեղեցու քահանա է ձեռնադրվել: Պողոս Կառնիկյան, բնակվում էր մեր դպրոցի կողքի զառիվայրի վրա: Ինքը գեղեցիկ, սպիտակադեմ տղա էր: Հաճախ կողք-կողքի ենք նստել: Շատ էի սիրում նրան: Մանուկ հասակում, երբ, ըստ սովորության, գիշերները պառկելուց առաջ աղոթում էի, աղոթքիս մեջ նրան էլ էի հիշում, ինչպես ուրիշ երկու ընկերոջ էլ՝ Մյուռոնին և Ներսես Թյուլյանին: Չգիտեմ, թե ավարտելուց հետո ինչ եղավ: Մի եղբայր ուներ Պետրոս անունով, որ մեզնից մի դասարան ցածր էր: Կամավորական շարժման ժամանակ, երբ արտասահմանից բազմաթիվ հայեր դիմում էին Կովկաս, ռուսական բանակին միանալու համար, Նոր-Նախիջևանում (Ռոստովում) տեսա նրան նստած կամավորական շոգեմեքենայի առաջի երկաթների վրա: Հարցրի նրան՝ «Պետրոս, ինչո՞ւ այդտեղ ես նստել, վագոն չես գնում»: Պատասխանեց՝ «Որպեսզի առաջին հարձակվողը ես լինեմ թուրքերի վրա»: Նաշիտ Գասպարյան, սամաթիացի, որի մասին կխոսեմ հետո: Ներսես Թյուլյան, մեր ուսուցիչ մյուսյու Pascal-ի որդին էր: Ընկերներ եղանք մինչև ավարտելը, միասին մտանք Կեդրոնական վարժարանը, միասին ավարտեցինք, հետո ես գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու, նա գնաց Նանսի (Ֆրանսիա) բժշկություն սովորելու: Ավարտեց և նշանավոր բժիշկ դարձավ: 1910 թվականին, երբ գնացի Կոստանդնուպոլիս, այցելության գնացի նրան. բնակվում էր Մաքրի գյուղում: Ամուսնացել էր ռուսահայ մի աղջկա հետ. այս կողմից էլ բախտակից էինք իրար. կինս ծանոթացավ նրա կնոջ հետ, բայց նա տաճկահայերեն էր խոսում, մինչդեռ կինս իր բարբառը պահել էր: Ավելի հետո կտեսնենք դեռ Ներսեսին: Ամենից ավելի հետաքրքիր է հիշել Ներսես անունով իմ մի ընկերոջ: Նա ոչ թե պատանի էր, այլ արդեն հասուն երիտասարդ: Կիպրոս կղզուց էր, ուստի մայրենի լեզուն՝ թուրքերեն: Բայց նա ոչ միայն ընտիր հայերեն գիտեր, այլև կրոնական աստիճան ուներ: Նստում էր ճիշտ իմ կողքին, բնակվում էր մեր թաղում կիպրոսցի մի թրքախոս հայ վաճառականի տանը: Բուն նպատակը լավ գրաբար սովորելն էր։ Այդ ժամանակ ես սկսել էի գրել, ինչպես մի աշակերտ, ոտանավորներ, և այդ Ներսեսն էր, որ կարդալով իմ այդ ոտանավորները, ուղղում և սրբագրում էր. երբեմն էլ ամբողջ տունը ջնջելով, իրենից մի նոր բան գրում: Երկար չմնաց մեր դպրոցում, գնաց Կիլիկիա, ուր վարդապետ ձեռնադրվելով նշանավոր դարձավ «Սսական վարդապետ» ծածկանունով: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ == Շատ անգամ մտածել եմ, թե ի՞նչը պատճառ եղավ, որ ես մտնեի այս մասնագիտության մեջ: Այդ միևնույն է, թե հարց տայինք, թե ինչո՞ւ ոմանք այս և ոմանք այն մասնագիտությունն են ընտրում: Արդյոք հակումը բնատո՞ւր է, թե առաջանում է զանազան պայմաններից: Ես կարծում եմ, թե պայմանները շատ մեծ ազդեցություն ունեն, ինչպես պիտի երևա հաջորդ տողերից: Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը։ — Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞նչպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»: Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին մի քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր էր քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: —«Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է: Հայրս միայն մի գիրք ուներ, որ էր «Մինթեխապաթ-իյուլէշարը Պերկիյուզիտե» («Հատընտիր բանաստեղծությունների հավաքածու»), հայատառ թուրքերեն բանաստեղծությունների մի ժողովածու, որ տպված էր Կոստանդնուպոլսում 1870-ական թվականներին: Այդ գիրքը կազմել էր Միհրան էֆենդի Պիտար Արապաճյանը, որ հորս լավ ծանոթներից մեկն էր: Այս գրքում զետեղված էին Ֆուզուլիից, Ֆըթնատ հանըմից, Լեյլա հանըմից, Սուլթան Սուլեյման Քանունից և այլ բազմաթիվ տաճիկ բանաստեղծներից և բանաստեղծուհիներից ոտանավորներ: Նկատել պետք է, որ տաճկական ոտանավորները ունեն մի քանի ծանոթ տեսակ ձևեր ըստ ձևի կոչվում են «դիվան», «սեյամի», «մուխամմաս» և այլն: Սրանցից ամեն մեկը մի որոշ եղանակ ունի և բոլոր այդ ձևի ոտանավորները երգվում են այդ նույն ձևի եղանակով: Կիրակի օրերը կամ հանգստի ժամերին հայրս վերցնում էր այդ գիրքը և բարձրաձայն երգում էր այդ ոտանավորները: Հայտնի է, որ կիսագրագետները լուռ կամ մտախոհ ընթերցանություն չգիտեն, իսկ այս ձևի տակ արդեն պարզ ընթերցումը հասնում է երգեցողության: Սակայն մայրս ունեցել էր մի հորեղբոր որդի, որ քահանա էր և այն ժամանակի համար ուսյալ մարդ էր համարվում: Նա մեռել էր և նրա գրքերից մեկը ժառանգություն էր ընկել մորս: Դա մի փոքրադիր Հայոց պատմություն էր, տպված Վենետիկ: Հեղինակի անունը և տպագրության թվականը չեմ հիշում, բայց գրքի արտաքինը լավ եմ հիշում: Հայրս չափազանց սիրելով Հայոց պատմությունը, ինձ շարունակ կարդալ էր տալիս ոչ միայն հանգստի, այլև աշխատանքի ժամանակ: Նա իր խանութում, որ մի ժամանակ գտնվում էր մեր պարտեզում, և կամ, երբ սենյակում սեղանի առաջ նստած աշխատում էր, ես էլ դիմացը նստած կարդում էի այդ գիրքը: Երբ գիրքը վերջանում էր, նորից էր կարդալ տալիս: Այսպես շարունակ: Այնպես որ կարող եմ ասել, որ այդ գիրքը մի քանի տասնյակ անգամ կարդացել եմ: Գրքի վերջում դրված էր հայոց բոլոր նահապետների և թագավորների անունների ցանկը՝ Հայկից մինչև Լևոն Զ: Այնքան շատ էի կարդացել, որ մինչև այսօր անգիր գիտեմ այդ ամբողջ ցանկը և մեքենայի նման կարող եմ կրկնել: Այսպիսով ծնվեց իմ մեջ անշիջանելի սեր հայոց պատմության, որ հետո անցավ ընդհանուր պատմության: Կարդացել էի ամեն ազգի պատմություն, որ կարողացել էի ձեռք բերել: Ամեն մի գիրք, որի խորագրում գրված էր լինում «Պատմություն», ձգող հրապույր ուներ միշտ ինձ համար, և մեծ սիրով կարդում էի, նույնիսկ եթե լիներ «Պատմություն թռչնոց»: Հայրս ինձ համար առել էր Larousse-ի ֆրանսերեն բառարանը: Այդ գրքի երկրորդ մասում, ինչպես հայտնի է, գտնում ենք անունների մեծ ցանկ. այնտեղ նշանակված են զանազան երկրների թագավորների անունը, թվականը և կյանքը, բառարանի այբուբենական կարգով: Ես, ողորմելի միամիտ մանուկ, այդ բոլոր անունները ըստ երկրների և ըստ ժամանակագրության կանոնավոր ցանկի վերածելով մի աշխատություն էի կազմել: Եվ ինձ համար ամենամեծ հաճույքն էր կարդալ, օրինակ՝ Ֆրանսիայի թագավորների ժամանակագրական շարքը. այսպես և՝ ուրիշ երկրների: Կարծես, թե այդ երկրները իրենց համար սեփական պատմության գիրք կամ ձեռնարկ չունենային։ Այսպես, ուրեմն, մանուկ հասակիս - ինձ առաջնորդ ունենալով այն Հայոց պատմության հատորիկը, սեր էի ստեղծել իմ մեջ դեպի հայոց և ընդհանուր պատմությունը: Այդ սերն էր, որ պատմությունից թեքվեց դեպի ազգերի լեզուները, ուրիշ խոսքով՝ պատմությունից անցա լեզվաբանության: Լեզվի համար էլ ոչ մի ուղեցույց չունեի: Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար. խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը. սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր: Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր: Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը, իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում: Մեր դպրոցում իբրև օտար լեզու, բացի թուրքերենից, սովորում էինք ֆրանսերեն: Բայց կային դպրոցներ, ուր ֆրանսերենի փոխարեն անգլերեն էին սովորեցնում: Այդպես էր Սամաթիայի Նոր թաղի դպրոցը, ուր աշակերտում էր մեր հարևանի որդին՝ Երվանդը: Կիրակի օրերը գալիս էր նա մեր տունը և դռան շեմքի վրա նստած պարապում էր ինձ հետ անգլերեն: Իրենց դասագիրքն էր անգլիացիների հավիտենական «Ռոյալ ռիդերս» (Royal readers) կոչված գիրքը: Շարունակ կարդում էինք այդ գիրքը և մինչև այսօր էլ հիշում եմ այդ գրքի «Run, mouse, run» («Ռըն, մաուս, ռըն» = «Վազի՛ր, մուկ, վազի՛ր») հանկերգը: Դեռ գերմաներենի և ուրիշ լեզուների չէի անցել։ Գրաբար շատ լավ էի սովորում և զարմանում էի, ինչպես որ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչու ուրիշները այնքան դժվարություն են կրում սովորելու գրաբարը: Մի օր լուր բերին, թե Խրիմյան Հայրիկը մեր դպրոցը պիտի այցելե: Հազիվ 12 տարեկան էի: Ունեի Խրիմյան Հայրիկի «Հայ գույժ» կոչված գիրքը, որ արգելված էր կառավարության կողմից: Առանց ուրիշի թելադրության, ինքնաբերաբար վերցրի այդ գիրքը և մի քանի օրվա մեջ գրաբարի վերածեցի: Մաքուր տետրակի մեջ արտագրելով սպասեցի, որ Խրիմյան Հայրիկը գա, և ես նրան ձոնեմ: Դժբախտաբար Խրիմյան Հայրիկը չեկավ, և տետրակը մնաց ինձ մոտ: Ավելի միամիտ մի ծրագիր: Ինչպես հայտնի է, Հայոց պատմության մեջ սկսած Անուշավանից մինչև Պարույր նահապետների անունները միայն կան, իսկ գործերը հայտնի չեն: Այդպես էր նաև իմ ունեցած Հայոց պատմության մեջ: Ես միամիտս, կարծելով, թե գիրքը պակասավոր է, որոշեցի կազմել մի այնպիսի Հայոց պատմություն, ուր նաև այդ նահապետների գործերն էլ լինեն: Ի՞նչպես կազմել այդ գիրքը: Հին հայ մատենագրության պատմություն անցնում էինք Եղիշե վարդապետ Դուրյանի դասագրքով: Այդտեղից սովորելով հայ պատմիչների անունները, որոշեցի ձեռք բերել բոլորը, թարգմանել աշխարհաբարի և նրանց միացումով մի խոշոր Հայոց պատմություն կազմել… Այս մտածմունքով սկսեցի թարգմանել ինչքան պատմագիր որ կարողացա ձեռք բերել: Առաջին հերթին թարգմանեցի Մովսես Խորենացին, հետո Ղերուբնա Եդեսացին (տպ. Երուսաղեմ), Ասողիկ, Ղևոնդ պատմիչ և ուրիշներ: Կարծեմ 12 պատմիչ թարգմանել եմ: Եվ այդ թղթերի դեզը դարսած առաջս, շարունակ դասավորում էի ըստ ժամանակագրական կարգի: Մի օր, Եկեղեցական պատմության դասի ժամանակ, մեր ուսուցիչ Վահան վարդապետ Հակոբյանը դասարան մտնելով մեզ ավետեց, թե «Կովկասում Խորեն Ստեփանեն Խորենացին աշխարհաբարի է թարգմանել»: Աշակերտները պատասխանեցին. «Հրաչյան շատոնց է թարգմանած»: Վահան վարդապետը զարմացած դարձավ ինձ և հարցրեց. «Իրա՞վ թարգմաներ ես. Խորեն Ստեփանեն հազիվ կրցեր է այդ դժվար գիրքը թարգմանել. դուն ի՞նչպես թարգմանեցիր»: — «Չհասկցած տեղերս մեր հայկաբան Մելքոն Գյուրջյանին հարցուցի և կամաց-կամաց թարգմանեցի: Միայն Խորենացին չէ, 12 պատմագիր թարգմանած եմ»: Այս բոլորը՝ Սամաթիայի դպրոցում. ավելին հետո կտեսնենք: Ընթերցողը, բնականաբար, պիտի ենթադրի, որ ես ճոխ գրադարան ունեի: Ոչ. իմ գրքերի թիվը չափազանց քիչ էր. բացի Հայոց պատմությունից ունեի մի օրինակ Շատոբրիանի «Աթալա, Ռընե և Շակթասները» վեպը, որ կարծեմ Երուսաղեմի տպագրություն էր: Ունեի նաև «Մուշեղ կամ Կալինիկէ» կամ «Պսակ մը յԱնջրդի» վեպը, տպ. Կոստանդնուպոլիս, 1875 թ. (Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որ իմ աշակերտ ժամանակ իմ շեֆությունն էր վերցրել, հորս խնդրանքով առաջարկել էր ինձ ամեն կիրակի գնալ իր մոտ և իմ ուսման ընթացքի մասին հաշիվ տալ: Երբ թվաբանության ուսուցիչը տվեց ինձ բազմապատկության աղյուսակը՝ բերան անելու համար, Վռամշապուհ էֆենդին ասաց, որ եթե շուտով և լավ սովորեմ աղյուսակը, ինձ մի լավ պարգև է տալու: Ես սովորեցի և պարգև ստացա իրենից «Մուշեղ և Կալինիկէ» վեպը), Վիրգիլիոսի «Ենեական»-ը ֆրանսերեն լեզվով և արձակ թարգմանությամբ, պատկերազարդ, շքեղ հրատարակություն, որ իմ ավարտած տարին պարգևաբաշխության ժամանակ նվեր ստացա հոգաբարձությունից: Ահա իմ գրադարանը: Սրանից դուրս ձեռք էի բերել նաև՝ Նաթանյանի «Տեղեկագիր Սեբաստիո» գիրքը և Հ. Ալաճաճյանի «Տողիկք» անունով ոտանավորների տետրակը, ինչպես և Սահակ Խանճյանի «Փունջ ծաղկանց» անունով ոտանավորների ժողովածուն, որ նվեր էի ստացել մեր դաստիարակ Իսրայել Հայկազնից նոր տարվա առթիվ: (Կոստանդնուպոլսի դպրոցներում մի տգեղ սովորություն կար: Նոր տարվա օրը դաստիարակը նստած սեղանի առաջ և առաջը մի խումբ գրքեր շարած սպասում էր աշակերտներին, որպեսզի գնան ձեռքը համբուրեն և մի դրամական նվեր տան: Այս նվերը գրեթե պարտադիր էր, և նվեր չբերող աշակերտը լավ համարում չէր վայելում: Փոխադարձաբար դաստիարակն էլ նվիրում էր աշակերտին մի օրացույց, որ արժեր 8 կոպեկ: Մի տարի ես նվեր տարի 5 ղռուշ (40 կոպեկ) և դաստիարակը ինձ նվիրեց Խանճյանի «Փունջ ծաղկանց»-ը): Այժմ մեր դպրոցներում աշակերտ և ուսանող ճոխ գրադարաններ ունեն, թե՛ մասնավոր (տանը) և թե՛ հանրային (ինչպես դպրոցական և քաղաքային). այդպիսի բան չկար Կոստանդնուպոլսում: Սամաթիայի դպրոցը ժամանակին ունեցել է Սանուց ընկերություն, որ կազմել է ճոխ գրադարան, նույնիսկ հրատարակել է առանձին ամսաթերթ «Բուրաստան Ս․ Սահակյան» անունով, որ տևել է 2 տարի (1851—1852 թթ.): Բայց այդ ընկերությունը մեր ժամանակ այլևս գոյություն չուներ: Նրանից մնում էր մի գրադարան, որ բռնում էր մի դասարանի 3 պատերը ամբողջ: Բայց պահարանները կողպած էին և ոչ մեկին գիրք չէր տրվում: Այդ ժամանակ էր, որ մեր ընկերներն էլ ձեռնարկեցին գրադարան կազմելու. վճարում էինք շաբաթական 2 կոպեկ և հավաքված դրամով գրքեր գնեցինք մեծ մասամբ գրաբար: Ունեինք նաև Էլիզե Ռըկլյուի ֆրանսերեն 5 հատորանոց մեծադիր Աշխարհագրությունը։ Բայց այս գրքերը մենք չէինք կարող վերցնել կարդալու համար: Հայտնի է, որ Րաֆֆու գործերը արգելված էին Կոստանդնուպոլսում: Գաղտնի միջոցներով աշակերտներս ձեռք էինք բերել նրա Ջալալեդդինը, շատ թանկ գնով, հերթը ինձ հասավ կարդալու. տուն տարի և մի օրվա մեջ կարդալ վերջացնելուց հետո, այնպես ազդվեցի, որ ես էլ սկսեցի մի «հեղափոխական» վեպ գրել Ջալալեդդինի ոճով և ռուսահա՜յ լեզվով: Հետ տանելու օրը տեսեք թե ինչ պատահեց: Թուրքական փողոցի գլխին մի խումբ թուրք երեխաներ խաղում էին: Ես Ջալալեդդինի սկզբում դրած Րաֆֆու պատկերը բաց արած ցույց եմ տալիս բոլոր երեխաներին, կարծելով, թե այդ նկարը սարսափ պիտի ազդի բոլորին։ — Երեխայակա՜ն միամտություն։ Ջալալեդդինից դուրս կազմել էի նաև «Տիգրան Բ» վերնագրով մի պիես, որ գրել էի Պետրոս Դուրյանի պիեսների ազդեցությամբ: Որտեղի՞ց էի գտնում ժամանակ այսքան աշխատանք գրելու համար: Մայրս պատմում էր, որ մանկության ժամանակ ես երբեք խաղ չէի սիրում: Հայրս առնում էր խաղալիքներ, բայց ես խաղալիքներն ստանալուս պես սկսում էի աջ ու ձախ սեղմել, տրորել, վերջապես քանդել, փչացնել: Երբ մայրս վրա էր հասնում և հարցնում էր «Ի՞նչ կընես կոր, ծո՛», պատասխանում էի՝ «Կշինեմ կոր»: Քիչ հետո խաղալիքը ջարդուփշուր արած էի լինում: Հայրս տեսնելով, որ ինձ սովորական խաղալիք չի դիմանում, գնում է և առնում մի շատ ամուր խաղալիք սայլ, որ ջարդել անհնարին էր: Ես տեսնելով, որ այդ սայլը ձեռքով կամ ոտքով «շինել» չեմ կարողանում, մեր տան երկրորդ հարկի վերնատնից մի քանի անգամ գցում եմ ցած բակի քարերի վրա, և երբ տեսնում եմ, որ այդ ձևով էլ «չշինվեց», տանում եմ դնում կրակարանի վրա (մանղալ), ուր սայլը շուտով կրակ է առնում և բոցավառվում: Այդ սենյակի առաստաղը շատ ցածր էր և կարող էր տանը հրդեհ ընկնել: Ծուխի հոտը բռնում է, մայրս վեր է վազում և սայլը վերցնելով վտանգը կասեցնում է: — Այլևս ինձ համար խաղալիք չեն առնում: Այնուհետև, ամեն անգամ, որ մի որևէ առարկայի կազմությամբ էի հետաքրքրվում, մայրս ծաղրով ասում էր ինձ՝ «Նորեն շինելո՞ւ ելար»: Այս միջադեպը, որ պատմեցի, ցույց է տալիս, կարծում եմ, իմ բնավորության մի գիծը: — Որքա՜ն գրքեր և հատվածներ եմ ջնջել. Գավառական բառարանս ամփոփում է իր մեջ մինչև այն ժամանակ հրատարակված բոլոր հոդվածները և գավառական բառերի ժողովածուներ, որոնք այլևս ջնջված են: Արմատական բառարանս արմատների քննությանը վերաբերող բոլոր գրքերի և հոդվածների ամփոփումն է, իսկ իրենք ջնջված են: Այսպես կլինի նաև իմ Լիակատար քերականությունը, որ ամփոփումն է 1000 ստվար հոդվածների և 100 ստվար գրքերի, որոնք այլևս արժեքազուրկ պիտի համարվեն: 1889 թվականին, 4 տարի սովորելուց հետո, ավարտեցի Սամաթիայի թաղային վարժարանը: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՍԱՆ == Սամաթիայի դպրոցն ավարտելուց հետո մնում էր կա՛մ արհեստի մտնել, կա՛մ ուսումս շարունակել։ Հայրս վերջինը ընտրեց. ինձ արհեստի չտվեց: Սամաթիա թաղի դպրոցն իր նմանների մեջ ամենաբարձրն էր, և նրանից ավելի բարձր դպրոց չկար: Բացվել էր սակայն մի բարձր տիպի միջնակարգ դպրոց, որի հիմնադիրն եղավ հանգուցյալ Ներսես պատրիարքը: Իմ ձեռքն անցավ այդ դպրոցի ուսման և ընդունելության ծրագիրը: Ձեռքս անցավ նաև Պերպերյան վարժարանի և Մեզպուրյան վարժարանի ծրագիրը: Պերպերյան վարժարանը Սկյուտարում գտնվելով (Բոսֆորի ասիական եզերքում) շատ հեռու էր մեր տնից: Միևնույն ժամանակ նա մեծահարուստ ջոջերի որդոց համար էր: Մեզպուրյան դպրոցը գտնվում էր Գում-գափու թաղում, ուստի բավական մոտ էր մեզ: Նրա ուսման ծրագիրը լեզուների կողմից չափազանց հարուստ էր. այնտեղ ավանդում էին ըստ «հայտագրի» սովորական լեզուներից դուրս բուլղարերեն, ռուսերեն, հին հունարեն, լատիներեն և այլ բազմաթիվ լեզուներ: Լեզուների ուսումը սիրող մատաղ աշակերտիս համար այդ ծրագիրը հոյակապ էր: Երբ կարդացի լեզուների ցանկը հիացա, սքանչացա և ուզեցի մտնել այդ դպրոցը: Բայց հավելվածական մի կետ խառնակեց ամեն ինչ: Այդ լեզուների ուսումը կախված էր աշակերտի կամքից և աշակերտը ամեն մի լեզվի համար առանձին գումար պիտի վճարեր: Հայրս անկարող էր, և դպրոցի ծրագիրը օդը ցնդեց: Բոլորը խաբեություն էր: Մնաց միայն Կեդրոնական վարժարանը, որի ծրագիրը նույնպես բավարար էր: Այնտեղ կային գրականության, պատմության և գիտությունների բոլոր ճյուղերը: Վճռեցի ուրեմն մտնել այդտեղ։ Դպրոցի թոշակը (ուսման վարձը) տարեկան 6 կամ 12 ոսկի էր, միջակ դասակարգի համար 6 ոսկի, հարուստների համար 12 ոսկի: Կային նաև ձրիներ: Հայրս անկարող լինելով ուսման վարձ վճարելու, այդքան մեծ չափով, դիմեց մեր մոտիկ հարևաններից Պետրոս աղային, որ սրճարանապետ էր և միևնույն ժամանակ մեր թաղի մուխթարը (թաղապետը): Առաջարկեց նրան նվիրել մի քանի ոսկի, եթե կարողանար ինձ այդ դպրոցում ընդունել տալ իբրև ձրի աշակերտ: «Բեն այաք օփմեյե ալըշմըշըմ» («Ես ոտք համբուրելու վարժված եմ»), — ասաց Պետրոս աղան և իբրև թաղապետ պատրաստեց մի վկայական, որի մեջ իր կնիքով հաստատում էր, թե կոշկակար Հակոբ աղան (հայրս) անկարող էր վճարել այդքան ուսման վարձ, ուստի և խնդրում էր ազգային իշխանություններից ընդունել ինձ ձրի: Մտից քննությունը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին, նույն Կեդրոնական վարժարանի մեջ, որ գտնվում էր Ղալաթիա թաղի եկեղեցու բակում: Ուրիշ շատ աշակերտների հետ ներկայացանք տեսչին, որ նշանավոր Մինաս Չերազն էր: Սամաթիայի դպրոցի շրջանավարտներից երկուսս (ես և Ներսես Թյուլյանը) միասին ներկայացանք տեսչանոցը, ուր ներկա էին Մինաս Չերազը և հոգաբարձուները: Հայտնեցինք, թե մենք ուզում ենք մտնել Կեդրոնական վարժարանը, բայց ոչ թե առաջին դասարանը, այլ անմիջապես երկրորդ դասարան: Չերազը պատասխանեց. «Մինչև այսօր այդպիսի բան տեղի ունեցած չէ. գոհ եղեք, եթե առաջին դասարան կարողանաք մտնել: — Բայց մենք սամաթիացի ենք, — գոչեցի ես, սամաթիացիական հանրածանոթ հպարտությամբ: Չերազը ծիծաղեց և ասաց. — Գացեք առաջին դասարանի մտից քննությունը տվեք և եթե հաջողիք, անկե հետո կանցնիք երկրորդ դասարան: Հոգաբարձության նախագահ Հարություն Նորատունկյանը (ազգային ջոջերից) սենյակի խորքից ձայն տվեց. — Դուք տեսական թվաբանություն սորվա՞ծ եք»: Հակոբ Պոյաճյան անունով մի ուսուցիչ էր եղել այդ գիտության հիմնադիրը, որ երևի Նորատունկյանի մոտ պարծանքով գովաբանել էր իր նոր ուսմունքը և համոզել նրան, թե դրանից բարձր ուսում չկա: Մենք չէինք անգամ լսած այդ գիտության անունը, բայց ես նույն սամաթիացիական հպարտությամբ պատասխանեցի. — Այդ ի՞նչ բան է որ. շաբաթ մը ժամանակ տվեք և մենք կսորվինք: Մեզ ընդունեցին: Բայց Չերազը կատարեց այդտեղ մի անարդար գործ, որ ինձ շատ վշտացրեց, որ և մինչև այժմ չեմ մոռացել: Ինձ նշանակեց առաջին դասարանի վրա, որպեսզի, եթե հաջող քննություն տայի՝ անցնեի երկրորդ դասարան, իսկ Ներսեսին նշանակեց երկրորդ դասարանում, որպեսզի, եթե հաջող քննություն չտար՝ իջեցներ առաջին դասարան: Այս անարդարության պատճառն այն էր, որ Չերազը լավ բարեկամ էր Ներսեսի հոր հետ: Նշանակված օրը սկսվեց մտից քննությունը Կեդրոնական վարժարանի ամֆիթատրոնի մեծ սրահում: Քննվողների թիվը երևի 100 հոգի կլիներ: Քննվեցինք հայերենից (գրաբար), թուրքերենից և ֆրանսերենից. այդ երեք լեզվով մի-մի շարադրություն գրեցինք: Քննվեցինք նաև ընդհանուր պատմությունից և աշխարհագրությունից: Մի շաբաթ հետո մեզ հայտնեցին քննության արդյունքը: Երկուսս էլ ընդունված էինք, բայց ինձ նստեցրին առաջին դասարանում, իսկ Ներսեսին՝ երկրորդ դասարանում: Սրանից հետո, երբ արդեն ուսումը սկսվել էր, ես ու Ներսեսը սկսեցինք տալ առաջին դասարանի ավարտական քննությունը: Մեզ հետ միացավ նաև Կարապետ Պոյաճյան անունով բավական հասակավոր աշակերտը, որ քյոթահիացի էր, թրքախոս հայ: Առաջին դասարանը դպրոցի ամենամեծ սրահն էր, որ գտնվում էր երկրորդ հարկում: Ինձ նստեցրին աջ կողմի պատի տակ: Զուգադիպորեն ճիշտ կողքիս պատի վրա դրված էր Կովկասի քարտեզը: Առաջին դասարանում ինձ հետ աշակերտ էր Շխյանց անունով մի տղա, կովկասցի, Շուշի քաղաքից: Նա եկավ ինձ մոտ և քարտեզի վրա ցույց տվեց Շուշի և Նուխի քաղաքները, ասելով, թե սրանք Կովկասի նշանավոր հայաբնակ քաղաքներն են, և թե ինքն էլ Շուշուց էր: Ով կարող էր գուշակել, թե այդ նույն Շուշին ինձ համար էլ երկրորդ հայրենի քաղաք պիտի լիներ 14 տարի հետո: Առաջին դասարանում երկու շաբաթ միայն նստելով, չեմ հիշում ընկերներիս անունները, բացի մեկից, Գրիգոր Պեկյան, որ բարձրահասակ, երկար երեսով, աննորմալ (ապուշ) տղա էր: Ամենքս՝ ուսուցիչ և աշակերտ վերաբերվում էինք նրան խղճալով: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի կնոջս հետ և այցելեցինք Հայոց Ազգային հիվանդանոցը, տեսա, որ այդ տղան հիվանդանոցի կառավարիչ էր նշանակված: Ճանաչեց ինձ և ես նրան և շատ սիրալիր կերպով առաջնորդեց այն փառավոր հիմնարկության զանազան սրահները: Քննությունն սկսեց: Որպեսզի լավ հասկանանք մեր ընդունելության պայմանները, ես պետք է այստեղ հիշեմ մեր դպրոցի թվանշանների սիստեմը, որ Կովկասից բոլորովին տարբեր է: Նախ բարձրագույն թվանշանը 10-ն էր (ոչ թե 5). աշակերտն ստանում էր որևէ թվանշան․ վերջում գումարում էին բոլոր առարկաների թվանշանները և եթե հասավ այսինչ գումարին, նա ընդունված էր: Աշակերտը կարող էր, օրինակ, 2 առարկայից ստանալ 0, բայց մի քանի ուրիշ առարկաներից՝ 10, այդ դեպքում 0-ները հալվում էին և 10-երը հաղթում: Այս սիստեմը անշուշտ տարօրինակ պետք է թվա Կովկասում մեր ընդունած սիստեմին վարժված մարդկանց. բայց ճիշտ չէ․ Կովկասի սիստեմը պատրաստում է միջակներ, բայց այն սիստեմը պատրաստում է մասնագետներ: Ես կարող էի գեղագրության, գծագրության, երգեցողության և կրոնի մեջ թույլ լինել, մինչև իսկ 0 ստանալ, բայց լեզուներից 10 ստանալով կընդունվեի: Մեզ մոտ այդ չի կարելի. և եթե բոլորից էլ 3 ստանանք, ներելի է: Այստեղ պետք է առարկեն, թե անպետք առարկաները հավասար աչքով էին դիտվում կարևոր առարկաների հետ: Այդպես չէր. դրա առաջքը առնելու համար առարկաները բաժանել էին 2 կարգի՝ կարևոր և անկարևոր: Կարևոր էին համարվում 3 լեզուները, մաթեմատիկան, իսկ անկարևոր էին համարվում մյուս գիտությունները և նույնիսկ (ի զարմանս բոլորի) կրոնը: Կարևոր առարկաներից ստացված թվանշանը կրկնում էին (10 հաշվում էին 20) և սրանով կարևոր առարկաները առավելություն էին ստանում: Մի կողմից պատրաստվում էինք քննության, և մյուս կողմից՝ քննվում էինք. մեզնից չէին ծածկում մեր քննական թվանշանը: Քննությունները վերջանալու մոտ էին, և մենք տեսանք, որ հազիվ ենք հասնում պահանջված սահմանին: 4 առարկա էր մնացել (հայերենի, ֆրանսերենի և տաճկերենի գեղագրության և գծագրության): Եթե այս առարկաներից 2-ներ ստանայինք, մենք անշուշտ կկտրվեինք: Սոսկալի էր մանավանդ թուրքերենի գեղագրության ուսուցիչը, Ասըմ բեյ, դաժան դեմքով մի սրիկա, որ սուլթան Համիդի կողմից մեր դպրոցի վրա լրտես էր նշանակված: Նա սքանչելի գիր ուներ և քննության ժամանակ 1-ից կամ 2-ից ավելի չէր նշանակում: Այս դեպքում մենք կորած էինք: Մտածեցի մի խորամանկ միջոց: Երկրորդ խմբի աշակերտների մեջ կար մեկը, որ կոչվում էր Արամ Թահթաճյան. այդ տղայի հետ ես շատ լավ էի և լավ ենք մինչև այս րոպեիս: Նրա հայրը՝ Խաչիկ Թահթաճյան գեղագրության և գծագրության ուսուցիչ էր մեր դպրոցում: Արամին խնդրեցինք բարեխոսել մեր մասին և ինքներս էլ ներկայանալով նրան խնդրեցինք, որ գծագրության և 2 գեղագրության (հայերեն և ֆրանսերեն) քննություններից լավ նշանակի, թեև արժանի չէինք: Խանգարում էր միայն թուրքերենի գեղագրությունը, որ իրեն չէր պատկանում: Սրա համար էլ հետևյալ խորամանկությունը մտածեցինք, նախապես նրա հետ համաձայնության գալով: Մի օր մտանք տեսչանոց, ուր ներկա էին տեսուչ Մինաս Չերազը, Խաչիկ Թահթաճյանը, բայց Ասըմ բեյը չկար: Ես բողոքեցի Չերազին, որ օրերն անցնում են, երկրորդ կարգը առաջ է գնում ուսման մեջ, իսկ Ասըմ բեյը չկա, որ մեր քննությունը ընդունի: «Գեղագրությունը ուսում չէ և պատրաստության պետք չունի. մենք ամեն րոպե պատրաստ ենք և բողոքում ենք, որ Ասըմ բեյը չի ընդունում: Խնդրում ենք կարգադրել, որ մեր քննությունը Խաչիկ էֆենդին ընդունի»: Չերազը պատասխանեց. — Ես համաձայն եմ, բայց տեսնենք Խաչիկ էֆենդին կընդունի՞: Տեղից վեր կացավ Խաչիկ էֆենդին և ասաց. — Ի՞նչ կա, տղաքս, ի՞նչ կուզեք, զավակներս, ըսե՛ք: Իբր թե ինքը ոչինչ չգիտե, ներկայացրինք մեր պահանջը, անմիջապես ընդունեց, քաշվեցինք երեքով մի պարապ դասարան, ուր 4 առարկաներից քննեց նա և բոլորից էլ լավ նշանակեց: Խաչիկ էֆենդին շատ բարի մարդ էր. մեռել էր նրա կինը և այրի էր մնացել 4 զավակներով, որոնց չափազանց սիրում էր: Սիրում էր նաև անխտիր ամեն մի աշակերտի և երբ «զավակս» էր ասում, աչքերը լցվում էին: Հիշում եմ քննության ժամանակ իր ասած խոսքերը. «Զավակներս, ոտքերնիդ պագնեմ, ինչքան կրնաք լավ գրեցեք, որպեսզի չբռնվինք»: Խաչիկ էֆենդու լավ թվանշանները մեզ փրկեցին և բոլորս էլ մտանք երկրորդ կարգ: Մուտքի օրվանից ամեն աշակերտ ստանում էր մի համար. առաջին աշակերտը, որ մտել է Կեդրոնական, Գարեգին անունով սեբաստացի մի տղա էր. 1885 թվականին նա կրում էր 1 համարը: Ես ստացա 150 համարը, Ներսեսը ստացավ 151 համարը, իսկ Կարապետ Պոյաճյանը, չգիտեմ ինչու, ստացավ 91 համարը: Համարի դրությունն անհրաժեշտ էր այն պատճառով, որ դպրոցում կային զանազան ազգերի ուսուցիչներ, բացի հայերից — ֆրանսիացի, թուրք, իտալացի, գուցե նաև անգլիացի և գերմանացի (որովհետև այս երկու վերջին լեզուների համար էլ կային ուսուցիչներ, որոնց ես չեմ ճանաչում): Ֆրանսիացի ուսուցիչներ ունենալու պատճառը այն էր, որ մի քանի առարկաներ անցնում էինք ամբողջ դպրոցում ֆրանսերեն լեզվով, ինչպես ֆիզիկա, անատոմիա, բարձրագույն հանրահաշիվ, վերլուծական երկրաչափություն, նույնիսկ կուլտուրայի պատմություն (Histoire de civilisation), որի ուսուցիչը նույնպես ֆրանսիացի էր: Սրանից դուրս վերակացուներից մեկը ֆրանսիացի էր, երկրորդը՝ իտալացի, որ խոսում էր ֆրանսերեն, և երրորդը՝ հայ, որ խոսում էր բոլոր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և թուրքերեն): Թուրք էին տաճկերենի, արաբերենի, թուրքերեն գեղագրության և մարմնամարզի ուսուցիչները։ Օտարազգիները իհարկե չէին կարող մեր տարօրինակ անունները արտասանել, ուստի կանչում էին մեզ դասի մեր համարներով: Բոլոր աշակերտներս կրում էինք առանձին համազգեստ, կարված սև մահուդից, օձիքը բարձր, շալվարի երկու կողմը կարմիր երիզ, նույնպես ամբողջ կուրծքը, թևերը և օձիքը: Օձիքի երկու կողմը ոսկետառ գրված էր «Կեդր. վարժ.»․ բոլոր կոճակները՝ կրծքին և թևերին դեղին փայլուն մետաղից էին, և ամեն մեկի վրա կային «Կ. Վ.» տառերը: Գլխին դնում էինք, բնականաբար, ֆես: Այսպիսով մեր համազգեստը զինվորականից չէր զանազանվում, և հաճախ պետական շենքերի և պահականոցների առաջ կանգնած պահակ զինվորները մեր առաջ բարևի էին կանգնում, մանավանդ գիշերները: Դասի ժամանակ հագած էինք մոխրագույն երկար շապիկ, որի կրծքին խոշոր տառերով գրված էր մեր համարը: Ուսուցիչները այս համարներով էին մեզ ճանաչում և մեր ստացած թվանշանները դնում էին մատյաններում նույն համարի տակ: Բայց սա հնարավորություն էր տալիս մեզ մի խարդախության: Դասերը լավ չիմացող աշակերտները, երբ զգում էին, որ ուսուցիչը նույն օրը դաս պետք է հարցնի, իրենց շորը տալիս էին լավ իմացող մի ընկերոջ, և նա նրա փոխարեն պատասխանում էր և լավ թվանշան ստանում: Խաչիկ էֆենդու արածը ինձ համար մի մեծ բարիք եղավ. կյանքս սրանով մի տարի առաջ անցավ. առանց դրան ես Եվրոպա գնացած չպիտի լինեի և մնալով Կոստանդնուպոլսում կոտորածների շրջանին, անշուշտ բանտի կամ կոտորածի զոհ պիտի դառնայի, ինչպես եղան իմ ընկերներից շատերը: Այս բարիքը ես երբեք չեմ մոռացել և միշտ մտքիս մեջ կենդանի եմ պահում մինչև այսօր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, Բերա թաղում, հանկարծ պատահեցի Խաչիկ էֆենդուն: Նա ինձ չճանաչեց, բայց ես մոտեցա նրան, հարգանոք բարևեցի և հիշեցրի նրան իր արած բարիքը, որ մոռացել էր: Լավ մարդը իր արած բարիքը կմոռանա, գուցե նրա համար, որ շատերին բարիք է արել: Ես ասացի, որ իր արած բարիքով իմ կյանքս է փրկել, ուրիշ խոսքով կյանքս նրան եմ պարտական: «Դուք չափազանցում եք», — ասաց նա համեստությամբ, նվազեցնելու համար իր արած բարիքը: Խաչիկ էֆենդին, անշուշտ, այժմ մեռած է, որովհետև ես էլ կյանքիս վերջալույսն եմ ապրում. Sit tibi terra levis («Հողը վրադ թեթև լինի»): == ԻՄ ԱԶԳԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ == Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին ն-տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը: Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան: Այս անունով՝ ոչ մեկին չեմ պատահել: Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, որ եկեղեցու կղմինդրները գողացել էր, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից՝ թարգմանաբար: Այժմ էլ Կեդրոնականի ընկերներս սկսեցին կատակել Աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ. վերջինը նշանակում է «ակադեմիա» (արևմտահայերը մինչև այժմ էլ այդ բառն են գործածում), և իմ կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ «Հայկական ակադեմիան»: == ԱՌԱՋԻՆ ՍԵՐ == Մեր տնից դպրոց գնալու համար անցնում էի հաջորդ երկար փողոցով, որ թուրքերի թաղերով անցնելով և իջնելով հայաբնակ Ուզունճը օվա փողոցով, հասնում էր Սամաթիայի հայոց եկեղեցին և դպրոցը: Մեր տան հաջորդ փողոցը մի քիչ փոս լինելով, տեղատարափ անձրևների ժամանակ ջրով լցվում էր և անցուդարձը դժվարանում էր. այդ դեպքում մի բարի տնեցի մի տախտակ էր դնում ջրերի վրա, անցուդարձը հեշտացնելու համար: Այդպիսի անձրևային մի օր, Սամաթիայի դպրոցից վերադառնալու ժամանակ, նույն փողոցում հանդիպեցի մի հայ փոքր տղայի, որ տախտակի վրայով առաջ էր անցնում: Դիմացից դուրս եկավ բարձրահասակ մի տղա, որ նպարավաճառի հույն աշակերտն էր: Երկու հոգի չէին կարող անցնել այդ տախտակով: Հույն աշակերտը հրեց հայ երեխային և նրան ջուրը գցեց: Իմ ազգային զգացմունքը շարժվեց, և ես վազելով հույն աշակերտի վրա, ցատկեցի, ապտակեցի և ջուրը գցեցի: Այդ միջոցին աջ կողմից հնչեց մի գողտրիկ ձայն, «Աֆերիմ տղա, պզտիկ բոյովը նայե ընդոր ծեծեց խոս-խոճաման տղան ու ձգեց»: Դարձա և տեսա մի օրիորդ, որ պատուհանի առաջ նստած, փողոցն էր դիտում: Այդ քնքույշ ձայնը խոսեց սրտիս լարերին: Տուն գնացի և ինչ-որ պատրվակ գտնելով դուրս եկա ու նորից անցա այդ փողոցով, անծանոթ օրիորդին նորից տեսնելու համար: Այդպես սկսեց իմ առաջին սերը, 1887 թվականին, երբ ես աշակերտ էի Սամաթիայի դպրոցում, ընդամենը 11 տարեկան: Առավոտ և երեկո, բնականաբար, անցնում էի նույն փողոցով, բայց շատ քիչ էր պատահում, որ ես նրան տեսնեի: Մի օր տատս (Հռիփսիմե Քեմհաճյան) մեր տունն էր եկել. ամեն ուրբաթ նա գալիս էր մեր տունը և գիշերում մեզ մոտ: Նա ջրամբարի ջուր չէր խմում, այլ սիրում էր աղբյուրի անհամ ջուրը: Մի դույլ վերցրի և նրա համար գնացի մոտակա աղբյուրից ջուր բերելու: Ամառնային լուսնակ գիշեր էր, աղբյուրի առաջ քիչ հերթ կար. բայց տեսա նրանց մեջ իմ այն օրիորդին իր մեծ մոր հետ: Կոստանդնուպոլսում իրար հետ պաշտոնական ներկայացման կարիք չկա, և ամենքը ազատ կարող են խոսել իրար հետ։ Ուստի ես էլ դիմեցի ծեր կնոջ և խոսել սկսեցի: Նա հայտնեց, որ այդ աղջիկը իր թոռն է, անունը Օժեն: Մի բարձրահասակ սև նոճի կանգնել էր մեր հետևը և ստվեր էր գցում մեր վրա. նրա գագաթից փայլուն լուսինը իր ցոլքն էր թափում մեր վրա: Ի՞նչ խոսեցի: Չգիտեմ: Բայց հազիվ թե կարողացած լինեի որևէ սրտագին խոսք ասել, որովհետև դա ամոթ էր այն ժամանակ: Նրանք հայտնեցին, որ իրենց տանը 4 հոգի են. Օժենը, նրա մայրը, մորաքույրը և մեծ մայրը. ո՛չ հայր ունի, ո՛չ եղբայր և ո՛չ քույր: Նրանք ապրում են գլխավորապես երեխաներ պահելով իրենց տանը (վարպետ տուտու), ամսական մի փոքր գումար ստանալով: Հարցրի, թե իմ փոքր եղբորս էլ եթե ձեզ մոտ տանք, կպահե՞ք: «Ինչո՞ւ չէ», — պատասխանեցին նրանք: Տուն գնալով մորս հայտնեցի, թե փոքր եղբորս՝ Հայկի համար վարպետ տուտու եմ գտել, որի տունը հաջորդ փողոցի սկիզբն է: Մայրս համաձայնվեց և մյուս օրը փոքրիկ սիրուն եղբորս գրկած, տարի նրանց տունը: Եղբայրս շատ ամաչկոտ էր: Չէր ուզում գնալ, մազերս պոկելով գոռում-գոչում էր՝ «Չեմ ուզեր, չեմ երթար»: Բայց ես այդ բոլորը անուշադրության մատնելով՝ տարի Օժենի տունը: Մայրը և մորաքույրը, ինչպես և Օժենը եկան. և երբ տեսան իմ սիրուն փոքրիկ եղբորս, Օժենը գրկեց նրան, փաթաթվեց և շարունակ համբուրում էր, նրա աչքերից թափվող հորդահոս արցունքը սրբելով: Բայց եղբայրս չէր հանգստանում: Վերջապես Օժենը մի հնարք գտավ. — Մեր պարտեզը մեկ հատ գառնուկ ունինք, եկուր քեզի գառնուկին տանիմ: Եղբայրս գառնուկի անունը լսելով, հանգստացավ, արցունքը կտրվեց, ուրախությամբ վազեց և ես հեռվից տեսա, թե ինչպես փաթաթվեց գառնուկին և այլևս չէր ուզում բաժանվել նրանից։ Ահա այսպես եղավ իմ և Օժենի առաջին ծանոթությունը: Տուն եկա և առաջին տպավորության տակ գրեցի այս իմ առաջին սիրային ոտանավորը. ՕԺԵՆԻՆ <poem>«Սիրուհի մը ունիմ ես, Սիրուհի մը լուսափայլ, Գողտրիկ, քնքուշ, նազելի, Կա՞ անոր պես էակ մ՚ ալ: Աչքեր ունի վառ ի վառ, Ու փայլփլուն՝ աստղի պես. Թարմ ծաղիկ մ՚ է նա կարծես, Կա՞ ծաղիկ մ՚ ալ անոր պես: Անմեղ ինչպես մանիշակ, Անուշահոտ քան մեխակ. (մի տող չեմ հիշում) Կա՞ հրեշտակ մ՚ ալ անոր պես:</poem> Գրված է 1887 թվականին, Կոստանդնուպոլսում: Այնուհետև ամեն օր առավոտյան եղբորս տանում էի նրանց տունը և երեկոյին բերում տուն: Այսպիսով օրական երկու անգամ հանդիպում էինք իրար: Բայց այդ հանդիպումը բոլորովին զուրկ էր բովանդակությունից: Այն ժամանակ բոլորովին այլ էր սերը: Ոչ մի նյութական արտահայտություն, այլ միայն, գուցե, մի բարև և գլխիկոր կանգնել սիրուհու առաջ: Նա թերևս բոլորովին անգետ էր իմ զգացմունքներին, եթե, ինչպես ասում են, իբրև կին կարող չէր կարդալ իմ սիրտը: Մի քանի ամիս հետո հայտնեցին, որ իրենք փոխադրվելու են մի ուրիշ, ավելի ընդարձակ տուն, որ գտնվում էր նույն փողոցի վրա, 10 տուն ավելի հեռու: Նշանակում է տունը իրենց սեփականությունը չէր և վարձվոր էին: Նոր տունն էլ շարունակեց երթևեկել եղբայրս, և ես առավոտ և երեկո տեսնում էի Օժենին: Լինում էր երբեմն, որ նա իբրև մեծացած աղջիկ կանգնում էր դռան առաջ և կամ մոր ու մորաքրոջ հետ նստած էր աթոռի վրա դռան առաջ, օդ առնելու համար: Հանկարծ մի օր էլ այդտեղից էլ դուրս եկան, և ոչ մի կերպ ես չիմացա, թե ո՞ւր փոխադրվեցին: Հայկին տվինք Սամաթիայի Նոր թաղի Ազգային վարժարանը, որովհետև արդեն բավական մեծ էր: Իսկ ես հուսահատ, ոչ մի միջոց չունենալով նրան գտնելու, ուժ էի տալիս իմ սիրային տխուր երգերին: 1891 թվականի ամառը Սամաթիայի երկսեռ դպրոցների պարգևաբաշխության հանդեսն էր, որ տեղի ունեցավ եկեղեցում։ Կոստանդնուպոլսում անսովոր չէ դպրոցական հանդեսները կատարել եկեղեցում, որովհետև դպրոցները փոքր են առհասարակ և եկեղեցին ավելի ընդարձակ է՝ ժողովրդի բոլոր խավերին տեղ տալու համար: Ավելացնեմ նաև այն, որ Կոստանդնուպոլսի հայոց եկեղեցիներն ունեն կանոնավոր նստարաններ, որոնց վրա բազմում է ժողովուրդը, մի կողմը կանայք, մյուս կողմը՝ տղամարդիկ: Իսկ եթե որևէ բարեպաշտ մարդ ուզում է կանգնած աղոթել և երկրպագել, կարող է կանգնել երկու շարք նստարանների միջև գտնված լայն տարածության մեջ: Ես էլ ուրեմն, Կեդրոնական վարժարանի չափահաս աշակերտ, նստած մի նստարանի վրա, դիտում էի հանդեսը: Հանկարծ բեմ դուրս եկավ մի սպիտակազգեստ օրիորդ բոլորովին սպիտակ դեմքով, բայց ամոթից ամբողջովին կարմիր կտրած, և սկսեց կարդալ իր ֆրանսերեն ճառը՝ «Voilà une année scolaire qui s’expire!»: Անմիջապես օրիորդի պատկերը և նրա քնքուշ ձայնը ազդեցին սրտիս: Ուզում էի իմանալ, թե ո՞վ է այդ օրիորդը: Անհամբերությամբ սպասում էի մինչև ճառերը և երգերը կվերջանային և կսկսեին շրջանավարտների մրցանակները բաշխել: Հանկարծ լսում եմ. «օրիորդ Աննիկ Թյուլյան»: Ներկայացավ այն գեղեցիկ ճառախոս աղջիկը և ստացավ իր ավարտական վկայականը մի նվերով միասին: Ուրեմն այդ աղջիկը մեր ուսուցիչ մաթեմատիկոս Հարություն Pascal-ի դուստրն էր և իմ շատ սիրելի դպրոցական ընկերոջ՝ Ներսեսի քույրը։ Տուն գնացի: Իմ հոգեբանական դրությունը անկարելի էր նկարագրել: Ես սիրել եմ Օժենին, բայց նա չկա և երբեք հույս չկա, որ կտեսնեմ: Աննիկի պատկերը նոր ցնցում տվեց սրտիս: Ամառ էր, և ես պառկում էի Սամաթիայի Նոր թաղի մեր տան երկրորդ հարկի սեդիրի վրա, բաց պատուհանի առաջ։ Քուն չունեի: Չէի կարողանում որոշել, թե ո՞վ է իմ սիրո առարկան: Այս տպավորությունների տակ ես գրեցի մի վեպ, իբրև հոգեբանական մի դրության պատկեր: Վեպի հերոսը ես եմ, բայց խոսում եմ երրորդ դեմքով: Նա սիրել է Օժենին, որ այլևս չկա։ Նա կորցրել է նրան: Այժմ պատահել է մի նոր գեղեցիկ օրիորդի, որ իր սրտի պարապությունը լցրել է: Չի իմանում ինքը և չի կարողանում որոշել, թե ո՞ւմ է պատկանում իր սիրտը և այս անորոշ դրության վերջ տալու համար որոշում է անձնասպանությամբ վերջ տալ իր կյանքին: Այն ժամանակվա վեպերը ընդհանրապես այս ձևով էին վերջանում, օրինակ առնելով Գյոթեի «Վերթեր»-ից: Վեպս տվի մեր գրականության ուսուցիչ Եղիա Տեմիրճիպաշյանին. նա կարդաց, հավանեց և տեղ-տեղ էլ փոքրիկ սրբագրություններ մուծեց: Տեմիրճիպաշյանը լինելով մեր գրականության ուսուցիչը, շաբաթական մի անգամ պահանջում էր մեզանից գրել մի շարադրություն: Նյութը ինքն էր տալիս, բայց մեզ բոլորովին ազատ էր թողնում որևէ նյութ: Մի երեկո տխուր և հուսահատ նստած էի մեր երրորդ հարկի սրահի սեդիրի վրա և բաց պատուհանից պարտեզն էի դիտում: Վերջալույս էր: Երկինքը բոցավառ, այնպիսի գեղեցիկ գույներով, որ հատուկ է Կոստանդնուպոլսին, կամաց-կամաց վերջալույսի կրակները հալվեցին, խավարը իջավ և պարտեզների հեռվից սկսեց դայլայլել սոխակը: Դիտելով այդ տեսարանը և ականջ դնելով սոխակի դայլայլին, ես զգացվեցի և գրեցի «Վերջալույս» վերնագրով մի գրվածք: Իբր թե ես առաջ միշտ էլ իմ սիրուհու հետ նստում էի պատուհանի առաջ և միասին դիտում էինք վերջալույսը: Այժմ նա չկա: Եվ ես մենակս դիտում եմ նույն տեսարանը, բայց հուսահատ և սիրակորույս: Գրվածքս տարա դպրոց և շարադրության դասին կարդացի: Տեմիրճիպաշյանը հուզվեց և սկսեց լաց լինել։ Արցունքի կաթիլները հորդահոս իջնում էին այտերի վրայով: Ընկերներիցս Արամ Նիկողոսյանը (սեբաստացի մի տղա, մեր դասարանի երկրորդ լավագույն աշակերտը, աղքատ և աղքատության պատճառով թոքախտավոր) դիմեց Տեմիրճիպաշյանին և հարցրեց. «Եղիա էֆենդի, Հրաչյան լա՞վ է գրել»: Եղիա էֆենդին պատասխանեց. «Այո, շատ լավ է գրել. հիշեցի իմ մանկությունը, որովհետև ես էլ իմ երիտասարդության ժամանակ նույնպիսի սիրով եմ տանջվել»: Արամը խնդրեց, որ նա իր կյանքը պատմի: Եվ Եղիա էֆենդին սկսեց պատմել իր սիրո պատմությունը մինչև դասի վերջը: Ես այդ պատմությունը գրի առա: Այնուհետև ամեն կիրակի ես թափառում էի Աննիկի տան փողոցում, որ գտնվում էր եկեղեցուց քիչ վերև, հույս ունենալով, որ մի որևիցե առիթով նա դուրս կգա, և ես կտեսնեմ իր գեղեցիկ դեմքը: Բայց իզուր: Աննիկի փոխարեն ես տեսա Նաշիտ Գասպարյանին, որ Սամաթիայի դպրոցի իմ դասընկերներից էր և ուսումը կիսատ թողնելով գնաց մի վաճառականի մոտ հաշվապահ դարձավ: Ես ասացի, որ ամեն կիրակի ման էի գալիս այդ փողոցում, և երբ ամեն անգամ էլ Նաշիտին տեսա, նա գլխի ընկավ և թևս մտնելով ասաց. «Պատահմունք չէ, որ ես քեզ ամեն կիրակի այս փողոցում տեսնում եմ. անշուշտ այստեղ դու մի սիրո առարկա ունես։ Եվ որովհետև այս փողոցում միայն Թյուլյանի աղջիկը կա, ուստի կասկածում եմ, որ դու նրան սիրահարվել ես: Մի՛ թաքցնի: Ես էլ եմ սիրահարվել նրան: Բայց երկուսս էլ զուր ենք այստեղ թափառում: Նրա հայրը այնպիսի բռնակալ մարդ է, որ երբեք չի թողնի, որ իր աղջիկը պատուհանից դուրս նայի կամ փողոց դուրս գա»: Նաշիտը թևս մտնելով քաշեց տարավ ինձ շատ հեռու։ Ման գալով քաղաքից դուրս եկանք և հեռավոր դաշտերում ման էինք գալիս: Երկու սիրահարներ փոխանակ միմյանց ախոյան դառնալու, անհուսության մեջ միացած, սիրո ընկերներ դարձանք: Մեր սիրո վիշտը միմյանց պատմելով մխիթարվում էինք: Ես թեև Կեդրոնականի աշակերտ էի և ապագայում ուսուցիչ լինելու երազով տարված, միանգամայն իմանալով, որ ուսուցիչը ապագա չունի, որոշեցի մտնել բժշկական վարժարանը: Կոստանդնուպոլսեցի երգիծաբան Հ. Ալփիարը ուսուցչի մասին հետևյալ քառյակն է գրել, որ բերնե-բերան կրկնում են. <poem>«Ուսուցչի տարածածն է լույս, Սիրածն է կույս, Կերածն է բույս, Դրամագլուխն է հույս…»:</poem> Դիմում տվի բժշկական վարժարանին և մի խումբ ուրիշ հայ ընկերների հետ մտից քննության գնացինք: Զարմանալի է, որ բոլորս էլ հայ էինք. ոչ մի օտարազգի չկար: Մտնողների շարքում կար նաև Սյուքերյան ազգանունով մի տղա, որ Կեդրոնականը կիսատ թողնելով, մտել էր Բժշկական և այդ ժամանակ երրորդ կուրսումն էր: Նա վերցրել էր մի ուրիշ հայ տղայի անձնագիրը և իբրև այն քննություն էր տալիս: Մի կեղծիք, որ հեշտ չէր կարելի բռնել, որովհետև այն ժամանակ անձնագրում նկար չկար: Մանրամասն չեմ հիշում իմ մտից քննության պատմությունը, որ թերևս հետաքրքիր էլ չէ: Բայց լավ եմ հիշում մի քանի առարկայի քննություն: Սրանց մեջ առաջինն է ընդհանուր պատմության քննությունը։ Քննիչ ուսուցիչն էր Մյուհեդդին բեյը: Ես պատմություն շատ լավ գիտեի, ուստի անվախ ներկայացա: Քննիչը առաջարկեց պատմել Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը. ի՞նչ ավելի հեշտ բան ինձ համար: Շատ մանրամասն, թվականներ և ճակատամարտերի վայրեր հիշելով արագությամբ պատմեցի բոլորը մաքուր թուրքերեն լեզվով: Քննիչը շատ հավանեց և նշանակեց գերազանց: Դուրս է գալիս, որ նույն անձը նաև աշխարհագրության ուսուցիչ է, և հարցրեց, թե «Աշխարհագրությո՞ւնն էլ այդպես գիտես, ինչպես պատմությո՞ւնը»: — Մին ղայրի հադդին (առանց համարձակության), — ասացի ես թուրքական քաղաքավարական ձևով, որ նշանակում է «այո»: Այն ժամանակ քննիչը աշխարհագրությունից էլ դրեց գերազանց, բայց միևնույն ժամանակ ուզեց մի հարց էլ տալ և ասաց. «Որո՞նք են Օսմանյան պետության սահմանները»: Ես սկսեցի այն ձևով, որ Բալկանները դուրս գցեմ Օսմանյան պետությունից. բայց նա զարմացավ և ասաց. «Դրանք դո՞ւրս եք գցում Օսմանյան պետությունից»: Ես զգացի վտանգը և անմիջապես լեզուս փոխելով Օսմանյան պետության սահմանները տարի մինչև Վիեննա մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոս, Սուդան, մինչև Հնդկաց օվկիանոսը: Քննիչը շնորհակալ եղավ: Երկրորդ քննությունս եղավ երկրաչափությունը: Քննիչը կանչեց ինձ գրատախտակի առաջ և 2 եռանկյուն գծել տալով, պահանջեց գծերի համեմատական մեծությունը որոշել: Ես այդ կետը չէի սիրում և լավ չգիտեի: Բայց անվախորեն ֆորմուլաները գրեցի և քաջահաղթ զորավարի նման կանգնեցի: Մի քիչ սխալ էր, քննիչը նայեց և կասկածելով դրանց վրա, մի ուրիշ հարց տվեց, ես նույն քաջությամբ պատասխանեցի, թեև կարծես էլի սխալ: Այն ժամանակ քննիչը դարձավ ետև և հրավիրեց թուրը կախած մի զինվորականի և ասաց. «Տեսե՛ք, էֆենդի, ի՞նչ է ասում այս տղան»: Նոր քննիչը կրկնեց հարցումը. ես նախկին քաջությամբ պատասխանս կրկնեցի և նույն ֆորմուլաները բացատրեցի: Զինվորականը դարձավ թե՝ «Իսկ եթե այսպես լիներ, ի՞նչպես կլիներ»: Ես անվախ մի սուտ էլ այդտեղ հնարեցի: Զինվորականը դարձավ ուսուցչին և ասաց. «Ճիշտ է ասում, էլի. էլ ի՞նչ եք ուզում»: Այն ժամանակ քննիչը դարձավ ինձ և հարցրեց, թե «Դուք ո՞ւմ աշակերտն եք»: «Հակոբ էֆենդի Պոյաճյանի», — պատասխանեցի ես, զգալով, որ երկուսն էլ խաբվել են: «Առաջուց ինչո՞ւ չասացիք, որ մենք քեզ չքննեինք», — ասացին նրանք միաբերան: Պոյաճյանը բոլոր բարձր տիպի տաճկական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչն էր և համարվում էր մեծ հեղինակություն: Անշուշտ այս առարկայից էլ գերազանց ստացա: Երրորդ քննությունը եղավ արաբերենը: Քննիչը մի մոլլա էր, սպիտակ փաթթոցը գլխին: Սրա հետ իմ գործը շատ անհաջող գնաց, որովհետև պետք եղած չափով արաբերեն չգիտեի այն ժամանակ: Մեր դպրոցները թեև արաբերեն անցնում էին, բայց միայն բառագիտական մասը. հոլովում և խոնարհում չկար, ուստի չէինք կարող որևէ նախադասություն կազմել կամ հասկանալ, թեև նրա մասերը կարող էինք վերլուծել: Մոլլան գրատախտակի վրա գրեց. «Մեն ճաետե սաետե վե ճելլե»: Իհարկե ես ոչինչ չհասկացա և չկարողացա թարգմանել. նույնիսկ սկզբի մեն բառը չգիտեի և «ես» թարգմանեցի: Մոլլան ասաց, թե դա պարսկերեն է, իսկ արաբերեն «մեն» նշանակում է «ով որ»: Ես երկրաչափության քննության համարձակությունը գործադրելով սկսեցի «վե» շաղկապի մանրամասնությունները հռետորական ոճով դուրս թափել, ժամանակ և վստահություն շահելու համար, առիթ փնտրելով, որ մոլլայի բերնից մի տեղեկություն խլեմ և ավելի զարդարելով իրեն ծախեմ: Բայց չհաջողվեց. մոլլան ինձնից խորամանկ էր. նա պապանձվեց և ինձ էլ իր հետ պապանձեցրեց: Վերջապես տեսնելով, որ ես ոչինչ չգիտեմ, տողը ինքը թարգմանեց. «Ով որ առատաձեռնություն է անում, երջանիկ է լինում և փառավորվում է»: Այսպես վերջացավ իմ արաբերենի քննությունը և ես անշուշտ 2 ստացա: Մնացյալ առարկաների քննությունը չեմ հիշում, մոռացել եմ: Քննության արդյունքը իմանալու համար բոլորս էլ զանազան օրեր գնացինք ներկայացանք, բայց պատասխան չէին տալիս, ամեն անգամ ասում էին «վաղը եկեք»: Շաբաթներ տևեցին այսպես, դասերը արդեն սկսվել էին, բայց մենք պատասխան չունեինք: Վերջապես, գրեթե մի ամիս անցած, մի ծերունի պաշտոնյա ասաց մեզ. «Տղաքս, չե՞ք տեսնում, որ ձեզ պատասխան չենք տալիս. ուզում ենք, որ դուք ձանձրանաք և է՛լ չգաք: Հրամայված է մեզ հայերին չընդունել»: Այս վերջին պատասխանի վրա մենք դիմումներին վերջ տվեցինք: Նույնիսկ Բժշկականի երրորդ կուրսի ուսանող Սյուքերյանը չընդունվեց: Ես արդեն մինչև այդ շարունակում էի Կեդրոնական հաճախել և չորրորդ դասարանը դարձյալ շարունակեցի: Աննիկը ընկավ մոռացության անդունդը։ Բայց Օժենն էլ չկար և նրան գտնել անհնարին էր: Մի կիրակի օր Նառլը-գափու, մորաքրոջս տունն էի գնում: Սամաթիայի կաթոլիկ հայերի եկեղեցու առաջով և ձիաքարշի գծով բարձրանում էի. տեսա ձախ կողմս ամբողջ մի թաղ վառված տներ, որոնք դեռ ծխում էին: Հրդեհ էր եղել: Հանկարծ ականջիս մի ձայն է հնչում. «Մյուսյու Հրաչ, մյուսյու Հրաչ»: Տեսնում եմ վառված տների միջին մի քարաշեն տուն, անվնաս մնացած, բալկոնում կանգնած է Օժենը, որ նկատել է ինձ և ձեռքով կանչում է: Խարույկների վրայից ոստոստելով անցնում եմ դեպի այդ տունը և հետևի կողմից շուռ գալով դուռը բախում եմ: Օժենը արդեն իջել է, դուռը բաց արեց և ինձ վերև համեցեք արեց: Բալկոնում նստեցինք ինքը, մայրը, մորաքույրը և ես: Նեղ էր բալկոնը. նրանք բռնել էին առաջին շարքը, ես էլ նստա Օժենի ճիշտ դիմացը: Բալկոնը նեղ լինելով ծնկներս դիպչում էին նրան և էլեկտրական զգացմունքը ցնցում էր ներսս: Հարցրեց. «Ի՞նչպես է Հայկս»: Պատմեցի, որ նա մեծացել է, դպրոց է գնում: Հետո խնդրեցին, որ անպատճառ մյուս կիրակի բերեմ նրան իրենց մոտ այցելության: Խոստումս կատարեցի և մյուս կիրակի Հայկին բերեցի նրանց տունը: Նույն բալկոնում նորից նստեցինք մենք միասին, գրկեցին, համբուրեցին, ողջագուրեցին Հայկին, և մի ժամի չափ խոսակցելուց հետո մեկնեցինք: Այնուհետև ամեն կիրակի գալիս էի այդ տան դուռը բախում, բայց ոչ ոք չկար: Նրանք այդ տնից էլ դուրս էին եկել և ով գիտե ո՞ւր էին գնացել։ Հր. Աճառյանի ծնողները՝ Հակոբ և Ընծա Աճառյաններ Հր. Աճառյանի եղբայրը՝ Հայկը, և քույրերը՝ Արմինեն և Հեղինեն Կեդրոնականի հինգերորդ տարին վերջացավ 1893 թվականի ամառը: Մենք փոխադրվել էինք Սամաթիայից Սարը-յար, որ Բոսֆորի ծայրին մի չքնաղ գյուղ է: 12 ընկերներ քննության պատրաստվելու համար հավաքվում էին զանազան տեղեր: Մի օր գնացել էինք քաղաքից դուրս Եդի-գուլեի Ազգային հիվանդանոցի պարտեզը և խոտերի վրա պառկած դաս էինք սովորում: Հանկարծ լսում ենք գարմոշկայի ձայն: Պարտեզի դուռը բացվում է և սև ակնոցը քթին, երկու հույն երիտասարդների թևերը մտած, հարբած, գլորվելով ներս է մտնում Օժենը: Այս անպատկառ տեսարանի վրա ես ընկնում եմ գետին և սկսում եմ լաց լինել: Ընկերս, Պետրոս Փարյանը մոտս եկավ և ասաց. «Ի՞նչ է, ի՞նչ եղար»: «Այն իմ սիրեցյալ Օժենն է» (Պետրոսը կարդացել էր իմ գրած ոտանավորները և ծանոթ էր իմ սրտի գաղտնիքին): «Է՛հ, ի՞նչ կա լալու, չե՞ս տեսներ, որ բ.. է: Հանե սրտեդ, մոռցիր»: Չգիտեմ, թե ինչպես տուն եկա և գրեցի հետևյալ երկու քառյակը. <poem>Ինչպես ցողիկն առավոտյան, Խոտին, ծաղկին կիջնե վրան, Եվ քու ալ սերդ մեղրանման, Իջավ սրտիս ծաղկին վրան: Առավոտյան ցողիկին պես, Դու շուտ անցար, թռար գրկես, Ինձ մնաց լոկ հուշք մը անտես, Թոշնած, թոռմած սրտիս վրան: </poem> (1893 թ.) Սա իմ վերջին հրաժեշտն էր մեռնող Օժենին: Աննիկի երազը արդեն գնացել էր: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, այցելեցի նաև ընկերոջս՝ սիրելի Ներսեսի տունը, որ գտնվում էր հեռավոր Մաքրի գյուղ-թաղում: Ի միջի այլոց հարցրի նաև, թե քույրը՝ Աննիկը ի՞նչ եղավ. պատասխանեց. «Մի հարուստ վաճառականի հետ ամուսնացավ և այժմ գտնվում է Ամերիկայում»: Ահա իմ առաջին սիրո պատմությունը: 60 և ավելի տարիներ անցել են այն օրերից, երբ տեղի ունեցան կյանքիս սրտահույզ, բայց ոչինչ և անարժեք դեպքերը: Որքան հրաշալի կերտվածք ունի մարդկային միտքը, որ ուղեղի ծալքերում պահում է այդ դեպքերի հիշատակը: Բայց որքան զարմանալի է նաև այն, որ այդ դեպքերից մնում են միայն մի քանի կարևոր կետեր, իսկ մնացյալը չկա: Կարծես թե վերևից դիտված մի լեռնաշղթա է, որի գագաթները երևում են, իսկ ստորոտը անտեսանելի է: Իմ այդ ամբողջ սիրո պատմությունից հիշում եմ միայն 6 կետ, մնացյալը չկա. 1. Երբ առաջին անգամ նա իրենց փոքրիկ տան պատուհանի առաջ, գլուխը երկու ձեռքերի մեջ առած, ասում է «Աֆերիմ, տղա…»: 2. Աղբյուրի առաջ, լուսնի շողերի և նոճու ստվերի տակ խոսում ենք իրար հետ: 3. Այն րոպեն, երբ նա եղբորս՝ Հայկին տանում է գառնուկի պես: 4. Երկրորդ տան դռան առաջ բարձր հասակով կանգնել է և խոսում է ինձ հետ: 5. Խարույկների մեջ, բալկոնում նստել ենք իրար դիմաց՝ ծունկ-ծնկի: 6. Պարտեզի անպարկեշտ տեսարանը: Որքա՜ն կուզեի, որ այս րոպեիս կենդանանար աչքիս առաջ այդ բոլորից գոնե մեկը, թեկուզ վերջին խայտառակ տեսարանը, երբ ես խոտերի վրա երեսնիվայր ընկած լաց եմ լինում, և նա հարբած երկու երիտասարդների գրկում գլորվում է: Անշուշտ այն անպարկեշտ աղջիկը, որ ինձնից գոնե 2 տարի մեծ կլիներ, այժմ մեռած կլինի, վերջ տալով իր անօգուտ կյանքին: Իմ սիրելի Լիդյան, որ այս տողերը գրում է այժմ, իր ազնիվ սրտում թերևս հուզվեց: Կանցնի մի ժամանակ, նա էլ կմոռանա: Տարիներ հետո, թերևս իմ թոռներից մեկը մեր տան մեջ կամ մի արխիվի խորշերում մի ծերունի մարդ կկարդա այս տողերը և քմծիծաղ տալով կպատռի այս թերթը և կոչնչացնի: «Ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է»: == ԿԵԴՐՈՆԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ == Կեդրոնական վարժարանը գտնվում էր Ղալաթիա թաղամասում: «Ենի ջամի» հռչակավոր մզկիթի հենց դիմացից սկսում է Երկաթյան կամուրջը, որ բուն Կոստանդնուպոլիսը Ոսկեղջյուրի վրայով կապում է Եվրոպական թաղին: Կամուրջը վերջացած տեղում սկսում է Ղալաթիա թաղը: Այս թաղի նկարագիրը Պարոնյանը տալիս է հետևյալ ձևով. «Ղալաթիո սահմանն է— հարավեն քսակահատներ, արևելքեն գինովներ, հյուսիսեն ոճրագործներ և արևմուտքեն երգիչ աղջիկներ»: Կամրջից բաժանվելուց հետո ուղիղ փողոցով բարձրանում ենք դեպի վերև, շուրջ 200 քայլ և հասնում ենք տրամվայի գծին: Այստեղից բացվում է մի փողոց, որ գնում է թե՛ ձախ և թե՛ աջ: Մենք դառնում ենք դեպի աջ և հռչակավոր թուրք կարկանդակավաճառի (պողաչաճի) խանութի առաջով և տրամվայի գծի հետ շարունակում ենք մեր ճանապարհը շուրջ 10 րոպե: Ձախ կողմից բացվում են իրար հետևից երեք անբարոյական փողոցներ, որոնց յուրաքանչյուրի առաջ կանգնած է մի ոստիկան, որ արգելում է փոքրերի և աշակերտների մուտքը դեպի այդ փողոցները: Մեզ արգելված էր նույնիսկ աչքի տակով դիտելու նույն փողոցները: Մեր դպրոցի համազգեստը արդեն դրա համար էր: Այդ երեք փողոցներից հետո հաջորդում է, դարձյալ ձախից, չորրորդ նեղ փողոցը, որից ներս մտնելով հասնում ենք մի մեծ դարբասի: Մտնում ենք այդ դարբասով. մեր դիմաց կանգնած է մի մեծ եկեղեցի, որ կոչվում է Ս. Լուսավորիչ: Ճակատին դրված արձանագրությունից երևում է, որ այդ եկեղեցին հիմնվել է Կոստանդնուպոլսի գրավումից (1453 թ.) ավելի առաջ, Ղրիմից գաղթած հայոց ձեռքով: Նախապես երեք առանձին եկեղեցի է եղել, հետագայում միջին պատերը վերացնելով կազմել են մի լայնատարած եկեղեցի: Կոստանդնուպոլսի բոլոր քառասուն հայ թաղերի և եկեղեցիների մեջ սա ամենամեծն է: Նշանավոր ուխտատեղի է: Ամեն հինգշաբթի ամեն կողմից երիտասարդ օրիորդներ և տղաներ իրենց մայրերի հետ գալիս են այստեղ նշանադրության համար: Ուխտը պատրվակ է: Ընդարձակ բակի աջ ծայրին գտնվում է Կեդրոնական վարժարանը: Եկեղեցու ճիշտ դեմը գտնվում են Ղալաթիայի Ազգային դպրոցը (որ հետո կոչվեց Կեդրոնականի նախակրթարան), Ազգային երեսփոխանական ժողովի սրահը և Ազգային մատենադարանը: Կեդրոնականի մուտքը երկու կողմից՝ աջ և ձախ ունի երկու մարմարյա սյուն և երեք աստիճանից մարմարյա սանդուղք: Մուտքի ձախ կողմից բացվում է մի ուրիշ հասարակ դուռ, որով բոլոր աշակերտներս իջնում էինք գետնահարկը (նկուղ), ուր ամեն աշակերտ իր առանձին համարով մի դարակ ուներ, որի մեջ դրված էր իր դպրոցական շապիկը՝ նույն համարով: Շապիկը հագնելով բարձրանում էինք նկուղի հետևով դեպի վերև: Մեծ մուտքից (շքամուտք) բարձրանալիս ձախ կողմում կար մարմարյա մի շքեղ հիշատակարան ձոնված Ներսես պատրիարքին, որ Կեդրոնականի հիմնադիրն եղավ: Մարմարյա սանդուղքներից ավելի վերև բարձրանալով, աջ կողմում բացվում են երկու սենյակ, որոնք ծառայում էին մեզ իբրև ճաշարան: Ամեն աշակերտ տնից մի քիչ ուտելիք էր բերում, կեսօրին այդտեղ ճաշելու համար: Բայց մեծագույն մասը նույն տեղում գնում էին 2 կոպեկի հաց, 2 կոպեկի պանիր կամ 2 կոպեկի խաղող։ Մի սեբաստացի և մի մշեցի հայ վաճառում էին այս մթերքները: Իբրև աշակերտական հիշատակ, հիշում եմ այստեղ մշեցու բարբառը. նա գործածում էր, իբրև մշեցի, զ-ով հայցական. և մենք աշակերտներս փորձեր էինք անում, թե նա կարո՞ղ է սխալվել զ նախդիրի գործածության մեջ: Օրինակ, ասում էինք «զճրագ ընկավ»: — «Ոչ, — պատասխանում էր մշեցին, — զճրագ ձգեցի կամ զճրագ անցուցի»: Այն աշակերտները, որոնք իրենց շարադրության մեջ շատ վստահ չէին զ նախդիրի գործածության վրա, նույն մշեցուն դիմելով ստուգում էին: Մեծ սանդուղքի գլխին, ուր վերջանում էր նաև նկուղի սանդուղքը, սկսում էր փայտյա սանդուղքը, որ տանում էր մեզ դպրոցի երկրորդ հարկը: Այստեղ ձախ կողմում գտնվում էր Գ դասարանը, նրա կողքին՝ Բ դասարանը, դիմացը՝ տեսչարանը (որ նաև հոգաբարձուական ժողովի սրահն էր), նրա կողքին դեպի աջ Ե դասարանն էր, իսկ աջ ծայրին՝ Ա դասարանը, որ բոլոր դասարաններից մեծագույնն էր: Գ հարկում գտնվում էր մեծ ամֆիթատրոնը, իսկ չորրորդ հարկում՝ քիմիական աշխատանոցը (լաբորատորիա), մարմնամարզիկի բացօթյա սրահը և պետքարանների շարքը: Այս երեք փողոցների վրա նայող բոլոր պատուհանների ցածի մասը սպիտակ ներկով ներկած էր, և այդ պատուհանները բաց անել արգելված էր: Այս առթիվ հիշում եմ մի սրտառուչ դեպք, որ տեղի էր ունեցել 1892 թվականին, և ես կարդացի լրագրում: — Սեբաստացի մի հայ երիտասարդ գնացել էր այդ տներից մեկը և տեսնելով այնտեղ մի հայ աղջիկ, քաշել էր թևից և պահանջել էր, որ դուրս գա: (Փակագծի մեջ ասեմ, որ այդ տներում ոչ մի հայ կամ թուրք աղջիկ գոյություն չունի: Եթե թուրք է իր ազգակիցները կսպանեն, եթե հայ է, որ բնակվում է որևէ թաղում, հարևանները համախոսականներով թաղից դուրս կվռնդեն, և նա թաղից թաղ քարշ գալով պիտի ապրի: Այն տների բնակիչները լինում են հույն, հրեա, լեհուհի, եվրոպացի): Տանտիրուհին դիմադրում է և իր արած ծախսերը մեջ բերելով չի թույլ տալիս: Երիտասարդը ատրճանակը քաշում է և բոլորին սպառնալով աղջկան տանում է Ղալաթիայի Ս. Լուսավորիչ եկեղեցին և քահանայից բռնի պահանջում է պսակել իրենց։ Թերթերը գրեցին այս մասին և թեև ոմանք դատապարտում էին, բայց մեծագույն մասը գովեցին և փառաբանեցին այն ազնիվ և քաջարի երիտասարդին: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Կեդրոնականում ես մնացի 4 տարի՝ Բ դասարանում 1889 — 1890, Գ դասարանում 1890—1891, Դ դասարանում 1891—1892, Ե դասարանում 1892—1893 թվականները: Կեդրոնականը բացվել էր 1886 թվականին, առաջին շրջանավարտները տվեց 1891 թվականին. շրջանավարտներից հիշում եմ № 1 Սեբաստացի Գարեգին անունով երիտասարդին, որ Կեդրոնական մտնող առաջին աշակերտն է եղել: Երկրորդն էր Ղևոնդ Սրվանձտյանց (վանեցի), մյուսներից հիշում եմ նշանավոր բանաստեղծ Արշակ Չոպանյանին, որ դպրոցական տարիներում արդեն թերթերում հրատարակում էր գրական հոդվածներ և բանաստեղծություններ Ֆանթազիո ծածկանունով. վերջին տարին հրատարակեց մի վիպակ՝ «Թուղթի փառք» վերնագրով, հետո մի տետրակ՝ «Թրթռումներ» վերնագրով և ավելի ուշ՝ «Արշալույսի ղողանջներ» անունով մի հատոր բանաստեղծություններ: Այնուհետև նա գնաց Փարիզ, ուր հրատարակում էր «Անահիտ» հանդեսը: Հիշում եմ նաև Վաղարշակ անունով երիտասարդին, որ ավարտելուց հետո Փարիզ գնաց, սովորեց բժշկություն և հիվանդանոցի ներքին բժիշկ դարձավ, մի պաշտոն, որ քչերին է հաջողվում: Սամաթիացի Միհրդատյան անունով մի աշակերտ էլ սովորեց Փարիզում և եղավ նշանավոր ինժեներ: Իսկ ամենից նշանավորը եղավ Երվանդ Մանվելյանը, խասգյուղցի, որ նույնպես Փարիզ գնաց՝ համալսարանում սովորելու: Նրա համար պատմում են հետևյալ հետաքրքիր դեպքը: Փարիզում քիմիայի դասախոս պրոֆեսորը գրատախտակի վրա գրում է մի խումբ ֆորմուլաներ. ուսանողների մեջ է նաև Մանվելյանը, որ հանկարծ տեղից վեր ցատկելով բղավում է. «C'est faux» (սխալ է): Բոլոր ուսանողներն սկսում են սուլել և ոտքերով հատակը ծեծել: Պրոֆեսորը լռեցնում է բոլորին և Երվանդին կանչում է բեմ և հարցնում է՝ «Ի՞նչն է սխալ»: Երվանդը ամբողջ ֆորմուլաները բացատրելով՝ կանգնում է մի կետի վրա և ասում է. «Այստեղ սխալ է»: Պրոֆեսորը երկար դիտում է և ասում. «Ճիշտ եք ասում»: Բոլոր ուսանողները ապշում են: Դասախոսը հարցնում է. «Դուք ո՞վ եք»: — «Je suis arménien», (հայ եմ), — պատասխանում է Երվանդը պարծենկոտությամբ, — ես Կեդրոնական վարժարանի աշակերտ եմ»: Այնուհետև դասախոսը Երվանդին իր խնամակալության տակ է առնում և ուշադիր հետևում է նրան մինչև ավարտելը: Ավարտելուց հետո Մանվելյանը մտնում է Պաստյորյան հիմնարկությունը (Institut Pasteur), որի անունը արդեն պատկառելի է: Պաստյորը ֆրանսիացի մի գիտնական էր, որ հնարեց բժշկության մեջ բուժման առանձին սիստեմ, որ իր անունով կոչվում է պաստյորյան: Այս սիստեմով նա գտավ նախ կատաղությունը բուժելու դարմանը, որ տարածված է ամբողջ աշխարհում: Բայց Պաստյորը կատաղության միկրոբը չկարողացավ գտնել և կտակեց, որ իր աշակերտներից մեկը գտնի: Երվանդ Մանվելյանը գտավ այդ միկրոբը: Նա գտել է նաև ուղեղի կազմության մասին բազմաթիվ կարևոր գաղտնիքներ և դարձավ նշանավոր գիտնական: Մի երկու տարի առաջ մեր Ակադեմիան հրավիրեց նրան Երևան մի քանի գիտական դասախոսություններ կարդալու համար, բայց նա չկարողացավ գալ: 1892 թվականին Կեդրոնականը շրջանավարտ չունեցավ. աշակերտներից շատերը թերավարտ դուրս էին եկել, իսկ մնացյալ մի քանիսին իջեցրին մի տարով ցածր Գ խմբին, որ մեր խումբն էր: Բ դասարանում, ուր մտա ես, խումբը բաղկացած էր շուրջ 30 հոգուց, սկսելով № 34 Հովհաննես Արթինյանից (ադաբազարցի), շարունակելով մինչև № 63 Միքայել Շամտանճյան (կոստանդնուպոլսեցի), հետո ոստումներով հանկարծ N 91 Կարապետ Պոյաճյանը, № 150 ես և N 151 Ներսես Թյուլյան՝ խմբի վերջինը: Հենց նույն դասարանից խումբը սկսեց մաղվել: Գ դասարանում մեզ միացան հաջորդ խմբից 4 հոգի, որոնք են N 19 Գևորգ Մկրտչյանը (սեբաստացի), N 20 Սարգիս Մինասյանը (զենկիլերցի), 22 Պետրոս Փարյանը (բինկյանցի), N 30 Միհրան Իտարեճյանը (կոստանդնուպոլսեցի): Այնպես որ մեր խումբը ավարտեց 12 հոգի: Բ դասարանի մեր կիսավարտ ընկերների մեջ հիշելու արժանի է Արթինյանը, որ գնաց Նանսի (Ֆրանսիա), սովորեց Բժշկական վարժարանում և Նանսիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դարձավ և ավելի ուշ՝ Փարիզի մեծ հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը: Մասնագետ բուսաբան էր և ուսումնասիրեց բույսերի հայերեն անունները՝ ճշտելով նրանց իմաստը: Տպագրել է բացի մի քանի հոդվածներից մի քանի ամբողջական գրքեր այս մասին: Այս բոլորը վերջին անգամ ամփոփելով հրատարակեց Վենետիկում «Տունկերը և անոնց հայերեն անունները» վերնագրով, 1952 թվականին։ Հրատարակիչն է Հ. Սվաճյանը, որ գրել է առաջաբանը նրա կենսագրությամբ, հեղինակի մահից հետո, որ տեղի է ունեցել 1951 թվականին: Դեռ աշակերտ ժամանակից Կոստանդնուպոլսի թերթերում բուսաբանական հոդվածներ էր հրատարակում, հատկապես քննադատելով Քաջունու մեծ բառարանը, որի մասին ինձ էլ ասել է, թե «Մի՛ հետևիր նրան, ոչ մի բառ չառնես նրանից, բոլոր բառերը սխալ են»: Բ Դասարանից կիսավարտ դուրս եկավ նաև Արմենակ Իփեքճյանը, որ դերասանական մեծ ընդունակություն ուներ: Հենց դասարանում որևէ ֆրանսերեն բնագիր կարդալիս այնպիսի ձևեր էր գործադրում, որ կարծես թե բեմի վրա էր: Կոստանդնուպոլսում հայերեն ներկայացում արգելված էր պետության կողմից: Այդ միջոցին Կոստանդնուպոլիս եկավ կովկասահայ դերասանական մի խումբ: Իփեքճյանը գնաց նրանց մոտ և այնպես դուր եկավ նրանց, որ իսկույն մտցրին նրան իրենց խմբի մեջ: Հայրը լսելով այդ, իբրև հին գլխի մարդ, զայրացավ որդու վրա և արգելեց նրան կրել իր ազգանունը՝ Իփեքճյան: Արմենակը ասաց. «Եթե հայրս չի ընդունում ինձ, ազգս ընդունում է ինձ և ես դեն գցելով հորս ազգանունը կստորագրեմ Արմենյան ազգանունով»: Հետագայում նա Կովկասում նշանավոր դարձավ Արմեն Արմենյան անունով և ամուսնացավ մի դերասանուհու հետ, որի ազգանունն էր Դանդուռյան: Արմենակի նուրբ ականջների համար անախորժ լինելով այս ազգանունը, փոխեց և դարձրեց Դուրյան-Արմենյան: Ավելի ուշ կովկասյան խումբը գնում է Կոստանդնուպոլիս ներկայացումներ տալու: Արմենյանի հայրը անձամբ գալիս է իր որդու մոտ և խնդրում նորից ընդունել Իփեքճյան ազգանունը: Արմենյանը մերժում է, ասելով, թե «Ազգը ինձ այս նոր անունով է ճանաչում»: Բ դասարանից թերավարտ դուրս եկավ նույնպես Օննիկ Արիսողոմյանը, որ հետագայում դարձավ նշանավոր գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆ անունով: Ի միջի այլոց գրել է «Միամիտի մը արկածները, երբ ամուրի է» հատորը, բավական անպարկեշտ տեսարանների նկարագրությամբ: Այսպիսի գրքերը ընթերցող շատ են ունենում, և ես հիշում եմ, թե ինչպես կովկասյան թերթերից մեկը հրատարակել էր մի գրախոսական հոդված այդ գրքի մասին, ստորագրված մի բժշկի անունով: Հոդվածը այսպես էր սկսվում. «Մինչև այժմ պոլսահայ գրականությունը հոսհոսական լալկանություն էր: Մենք այժմ մեր ձեռքին ունենք իրապաշտ պատկերների մի շարք» և այլն, և այլն, երկար գովեստներ, բժշկի աչքով դիտելով ամեն ինչ և գտնելով, որ կատարված դեպքերը շատ ճիշտ են նկարագրված: Ամոթ այս տողերը գրող բժշկին: Չիֆթե-Սարաֆը խոստացել էր նաև հրատարակել «Միամիտի մը արկածները, երբ ամուսնացած էր», և «Միամիտի մը արկածները, երբ այրի էր» հատորները, սրանք սակայն լույս չտեսան։ Դասարանում Չիֆթե-Սարաֆը պահում էր իրեն զվարթ, ընկերական, մի քիչ լեզուն բաց և շատ փառավոր տպավորություն էր թողնում ընկերների վրա: Հարուստի տղա էր, կարծեմ, ինձ շատ էր սիրում և հաճախ մենք երկուսս շատ մտերմական խոսակցություններ էինք ունենում: 1915 թվականի մեծ կոտորածից նա ազատվել էր, լսել եմ, թե նա փախել էր Հունաստան. երևի մտավոր խանգարմունք էր ունեցել. մեծ կոտորածի տարին կամ պետք էր մեռնել տաճիկների սրով և կամ պետք էր գժվել: Նրան այս վերջինն էր վիճակվել: Լսել եմ, թե փողոցներում քարերի վրա չոքած, գլուխը պատերին խփելով աղաղակում էր. «Ո՛վ Աստված, ների՛ր իմ մեղքերը»: Նա զղջացել էր, որ այդ հատորը գրել էր, իսկ նրա հաջորդ երկու հատորների ձեռագիրը այրել էր: Բ դասարանում մեր սովորած առարկաները և դասավանդող ուսուցիչները հետևյալներն էին. Հայոց լեզու և գրականության տեսություն. ուսուցիչն էր Միհրան Ասքանազ, որ թեև լավ գրաբար գիտեր, բայց մասնագետ լեզվաբան չէր։ Գրաբարի դասագիրքն էր Թոռնյանի «Հատընտիր»-ը, իսկ գրականության տեսության համար նա կազմել էր երկհատոր սքանչելի դասագիրք: Սրանից մի քանի տարի առաջ մեր համալսարանի դասախոսներից Ռաֆիկ Մելքումյանը սկսել էր կազմել գրականության տեսության դասագիրք ռուսերեն լեզվով: Ինձ դիմեց և խնդրեց ցույց տալ որևէ աղբյուր: Ես մատնանիշ արի Մ. Ասքանազի սույն դասագիրքը: Մեր Հանրային գրադարանում գտավ նրա միայն Բ հատորը և հիացած մնաց այդ գրքի ճոխության վրա: Ասաց. «Հայերը 80-ական թվականներին այսպիսի սքանչելի դասագի՞րք են ունեցել, իսկ ռուսները դեռ չունեն»: Ֆրանսերեն. ուսուցիչն էր Թովմաս Թերզյան, հայտնի բանաստեղծը, որի գրվածքները թեև ամբողջական մի հատոր չէին կազմում, բայց հրատարակված էին զանազան «Հատընտիր»-ների մեջ: Շատ գեղեցիկ էի գտնում դրանք և հատկապես դրանցից մեկը («Իմ կյանքը») անգիր եմ արել և անմոռաց մնում է մտքիս մեջ մինչև այսօր։ — Ամենքս էլ գիտեինք, որ Թովմաս Թերզյանը հայ է, բայց կաթոլիկ: Շատ տարիներ հետո սովորեցի, որ նրա հայրը եղել է իտալացի, իսկ մայրը հույն, ուրեմն իսկի հայ էլ չէր: Նրա հայրը Կոստանդնուպոլսում եղել է Վենետիկի միաբանների վանատան (դպրոցի) դերձակը: Հայրը մեռնելով, որդին որբ է մնացել, և միաբանները վերցնելով նրան իրենց մոտ, պահել, սովորեցրել են և ապա ուղարկել Վենետիկ, ուր ի միջի այլոց աշակերտել է հռչակավոր Ալիշանին, որից հիշողություններ շատ էր պատմում մեզ։ Թովմաս Թերզյանը իսկի չէր սիրում մեզ և իբրև մոլեռանդ կաթոլիկ գովաբանում էր միշտ իրենց կաթոլիկական դպրոցի աշակերտներին: Դասարան մտած րոպեին, դռան կանգնած ասում էր. «Կարծես դդմենյաց անտառ եմ մտնում. այս ի՞նչ աղմուկ է, այս ի՞նչ աշակերտներ եք դուք. մինչդեռ կաթոլիկ դպրոցի աշակերտները բարեկիրթ, բարեկարգ» և այլն, և այլն։ Բնականաբար այնպիսի նախատինք մենք չէինք կարող տանել և միշտ էլ արհամարհում էինք նրան: Թերզյանը սիրում էր մեր դասարանից միայն Արմենակ Իփեքճյանին, որի դերասանական ձիրքը արդեն գուշակել էր: Ֆրանսերեն որևէ հատված, որ ինքը պետք է կարդար, տալիս էր Արմենակին և նա խիստ գեղեցիկ դերասանական ձևերով կարդում էր: Թերզյանը շատ էր սիրում նաև Չոպանյանին, որ դեռ աշակերտ ժամանակից, ինչպես ասացինք, հրատարակում էր թերթերում իր բանաստեղծությունները: Փոխադարձաբար Չոպանյանը մեծ վարպետ էր ճանաչում Թերզյանին և բանաստեղծության մեջ իրեն իբրև գլխավոր ուղեցույց առաջ համարում էր Թերզյանին, անտեսելով իր իսկական ուսուցիչ Տեմիրճիպաշյանին: Թուրքերեն․ ուսուցիչն էր Միհրան Աբիկյանը, որին աշակերտել էի ես Սամաթիայի դպրոցում: Ինքը հեղինակ էր բազմաթիվ դասագրքերի, որոնց մեջ հիշատակելու արժանի են «Ինշա», «Մութավալլ սարֆը օսմանի». այս երկուսը ընդունված էին նաև տաճկական դպրոցներում: Կեդրոնականի դասարանում իբրև դասագիրք գործ էինք ածում իր մի ուրիշ աշխատությունը, որ կոչվում էր «Մեզաքի ադաբիաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան գրականության») և Տելեմակի թուրքերեն թարգմանությունը: Այս վերջին գործը, որ մի թուրք փաշայի աշխատությունն էր, գրված էր շատ խրթին թուրքերենով, որի վրա հիանում էինք այն ժամանակ: Բացի Աբիկյանից մի ուրիշ ուսուցիչ էլ ունեինք թուրքերենի համար, որ կոչվում էր Ռեշադ բեյ, ազգով թուրք, բարի մարդ էր և նոր գաղափարի տեր անձնավորություն: Հակառակ Աբիկյանի, նա սիրում էր պարզ թուրքերենը և աշխատում էր խուսափել արաբերեն և պարսկերեն բառերից, ինչպես և խրթին ու ճոռոմ ոճից. այսպիսով մեր երկու ուսուցիչները առաջնորդում էին մեզ իրար հակառակ ուղղությամբ: Այստեղ պետք է հիշել նաև թուրքերենի գեղագրության դասը, որի ուսուցիչն էր Ասըմ բեյը: Նա սուլթանի կողմից նշանակված էր մեր դպրոցի վրա ծածուկ լրտես. ինքը շատ սրիկա մարդ էր, բառի իսկական իմաստով: Առաջին դասարանում Ասըմ բեյի հետ մի այսպիսի դեպք էր պատահել։ — Աշակերտները, ինչպես միշտ, նրա դասին աղմկում էին. նա ասում է. «Չոճուքլար, ուսլու դուրուն, բու դարսի ամմ դըր» («Տղայք, խելոք կացեք, սա ընդհանուր դաս է»): Աշակերտները սկսում են քահ-քահ ծիծաղել: Ծիծաղում է նաև Ասըմ բեյը լրբորեն և ասում է. «Օ սիզին բիլդիյինիզ ամմ դեյիլ, օ ալեֆընան յազըլըր, բու արաբի դըր, այնընան յազըլըր» («Սա ձեր իմացած «ամը» չէ, նա ալեֆով է գրվում, իսկ սա արաբերեն է. այնով է գրվում»): Սրա վրա աշակերտները սկսում են ծափահարել: Այսպիսի ուսուցչին վարչությունը անշուշտ րոպեապես կարտաքսեր, բայց սուլթանի երկյուղը կար: Պատմություն հին ազգաց, ընդհանուր և օսմանյան. ուսուցիչն էր Գրիգոր Մարգարյանը, որին աշակերտել էի Սամաթիայի դպրոցում (տե՛ս էջ 33). այնտեղ սովորել էինք արդեն օսմանյան պատմություն, որ կրկնեցինք այստեղ էլ՝ իր մի նորատիպ դասագրքով, որ ավելի համառոտ էր, քան Մ. Աշճյանի դասագիրքը, որ գործ էինք ածում Սամաթիայի դպրոցում: Մաթեմատիկա (գրահաշիվ, երկրաչափություն և եռանկյունաչափություն). ուսուցիչն էր Հակոբ Պոյաճյանը, խստաբարո, բայց շատ ուղղամիտ և լավ մասնագետ էր: Ավելորդ խոսք բնավ չուներ իր բերանում. մաթեմատիկայից դուրս ոչինչ չէր ընդունում և հատկապես ատում էր բանաստեղծությունը: Թվանշան դնելու մեջ շատ ժլատ, բայց լավ սովորող աշակերտին լավ էլ գնահատում էր: Երբ տեսնում էր, որ գրատախտակի առաջ կանչված աշակերտը արդեն դժվարանում է պատասխանել, նախ զգուշացնում էր. «Ճամփադ սխալ է, տղաս. այդպես որ երթաս անդունդը պիտի իյնաս». երբ տեսնում էր, որ զգուշացումը չազդեց, «Տո՛ւր ինձ կավիճը» ասելով, կավիճը առնում էր աշակերտի ձեռքից և նոր միայն ասում էր «Սխալ է»: Այդ զգուշությունը նրա համար էր, որ աշակերտը հանկարծ խոսքը հետ չվերցնի: Մի օր ինձ դասի կանչեց. պետք էր ցույց տալ, թե ինչպես պետք է չափել թրապեզի մակերեսը: Ինքը մեզ սովորեցրել էր որոշ մի ձև, իսկ ես մտածել էի մի ուրիշ նոր ձև, այն է՝ անկյունից անկյուն մի գիծ քաշելով կազմել երկու եռանկյուն և այս ձևով չափել: Իմ ձևը շատ ճիշտ էր. հարցրեց. «Տղաս, այդ ձևը ուրկե՞ գիտես»: Պատասխանեցի՝ «Ես գիտեի»: — «Տղաս, մորդ արգանդը եղած ժամանակ գիտեի՞ր»: Մի ուրիշ անգամ ես ընկերներիցս մեկի հետ փոքրիկ վեճ ունեցանք. իրար ձեռքից մի գիրք էինք խլում: Ներս մտավ Պոյաճյանը և իրեն հատուկ ձևով ասաց. «Կերևի թե այդ պարոնները Հայկ Դյուցազն շատ են կարդացած»: Փոքր բանը գիտեր մեծացնել: Մի օր էլ դաս պատմելու ժամանակ ասացի. «Բան կընենք»: — «Տղաս, — ասաց Պոյաճյանը, — Առձեռն բառարանին մեջ 60 000 բառ կա. այդ բոլորը բան են, քու ըսած բանդ այդ 60 000 բաներեն ո՞րն է»: (55 տարի հետո Առձեռն բառարանի բոլոր բառերը մի առ մի հաշվելով գտա, որ բառ կա): Առանձնապես պետք է հիշեմ հաշվապահության առարկան, որի ուսուցիչն էր հռչակավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Մենք Պարոնյանին չէինք ճանաչում և նայում էինք նրան միայն իբրև սոսկական մարդու կամ ուսուցչի վրա: Բարձր հասակով, երկարավիզ, հելլենական քթով մի մարդ էր: Չափազանց լուրջ և ուղղամիտ: Բացի հաշվապահական գիտելիքներից ուրիշ ոչ մի նյութի մասին խոսք չուներ իր բերանում. այնքան էր լուրջ, որ նույնիսկ ծիծաղելի մի երևույթի առաջ նա ժպիտ չուներ: Այնուամենայնիվ շատ բարի մարդ էր. ոչ մի աշակերտի պակաս թվանշան տալ չգիտեր: Երբ աշակերտը բոլորովին տգետ լիներ և դասից ոչինչ չիմանար, իբր թե բարկացած, «Առ քեզի 6 մը» ասելով՝ տեղն էր ուղարկում: 6 թվանշանը համապատասխանում էր մեր այժմվա 3-ին, այսինքն՝ ընդունելի նվազագույն թիվն էր: Թվանշանները գրելիս գրիչը ոչ թե վերևից ներքև էր իջեցնում, ներքևից վերև էր բարձրացնում: Ես հաշվապահության մեջ լավ էի. ինչքան էլ բարդ հոդվածներ լինեին, կարողանում էի մատյանի մեջ անցկացնել իտալական կրկնատոմարի դրությամբ: (Ասում են, թե իտալական կրկնատոմարի հաշվապահական դրությունը հնարել են ջուղայեցի հայ վաճառականները Իտալիայում: Նրանց թիվը բավական մեծ էր Իտալիայում և Վենետիկում կար մի հատուկ փողոց, ուր բնակվում էին ջուղայեցի վաճառականները և որ կոչվում էր Strada di Giulfa — Ջուլֆայի փողոց: Միայն հայտնի չէ դրանք հի՞ն ջուղայեցի են, թե՞ նոր ջուղայեցի. թերևս և երկուսն էլ): Այստեղ պետք է հիշեմ Պարոնյանի մի արարքը, որը հետաքրքիր է: Կիսամյա քննություն ունեինք. Պարոնյանը գրատախտակի վրա գրեց մի քանի հաշվապահական գործողություններ: Պետք էր այդ բոլորը գումարելով և մի հոդված կազմելով Ձեռատետրից Մայր հաշիվ անցկացնել: Սա բավական դժվար գործ է և պահանջում է երկար մտածել: Բոլոր աշակերտները գրասեղանների առաջ կողք-կողքի նստած գրում են և աշխատում խնդիրը լուծել: Պարոնյանը նկատեց, որ հեռուն նստած աշակերտներից մեկը իր կողքի ընկերոջը թելադրում է: Սկսեց խոսել մի երկար ճառ, որից հիշում եմ հետևյալ վերջին բառերը. «Ով որ իր ընկերոջ քովեն կըսե, անոր տունը կքանդե, անոր կործանման պատճառ կըլլա: Է՜հ, ես կերթամ կոր, կեցե՛ք բարով», — ասաց և դասարանից դուրս եկավ մեզ մենակ թողնելով: Այլևս չերևաց Պարոնյանը. գնաց տուն, հիվանդացավ և վեց ամիս պառկելուց հետո մեռավ: Իր հիվանդության ժամանակ ընդհանուր ազգային հանգանակություն տեղի ունեցավ: Իրեն հետ միաժամանակ հիվանդացել էր նշանավոր դերասան Պետրոս Ադամյանը։ Երկու միջնակարգ դպրոց, մին մեր Կեդրոնական վարժարանը և մյուսը՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանը մրցման մեջ էինք մտել։ Օրապահիկից կտրելով, բոլոր աշակերտներս կոպեկներ էինք հավաքում և շաբաթական մի անգամ հավաքված գումարը հանձնում մեր դպրոցի տեսուչ Մոստիչյանին: Նա միշտ գալիս էր մեր դասարանը և հիշեցնելով, թե Պերպերյանի աշակերտները այսքան գումար են հավաքել, մեզ գրգռում էր: Ես իմ հորից ստանում էի օրական 8 կոպեկ, որից 4 կոպեկը կամուրջից անցնելու համար, 2 կոպեկ 1/4 կիլո հացի գին և 2 կոպեկ էլ պանիր կամ խաղող: Ես չէի մասնակցում Ադամյանի հանգանակությանը, ասելով, թե հարուստների զվարճության համար խաղացել է, թող հարուստներն էլ օգնեն: Սակայն Պարոնյանի համար երբեմն կամուրջից խորամանկությամբ փախչելով, երբեմն էլ օրապահիկից զրկելով ինձ, խնայած կոպեկներս տալիս էի հանգանակության: Այժմ պետք է խոսեմ Կեդրոնականի տեսուչների մասին։ Երբ Կեդրոնականը նոր էր բացվել, իբրև տեսուչ հրավիրել էին Մինաս Չերազին, որ հայտնի էր Կոստանդնուպոլսում իբրև գրող, պատմաբան և ազգային գործիչ: Բեռլինի Վեհաժողովի ժամանակ, երբ տաճկահայերը պատգամավորություն ուղարկեցին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, իբրև օգնական ունենալով Խորեն Նար-Պեյին, Մինաս Չերազն էլ մասնակցում էր իբրև քարտուղար, իբրև օգնական ունենալով Ս. Պ. Պ. Փափազյանցը (Ստեփան Պերճ Պողոս Փափազյանց): Երբ ես Կեդրոնական մտա, ինչպես վերևում տեսանք, տեսուչ էր Մինաս Չերազը: Երկու շաբաթ մնացի առաջին դասարանում և այդ կարճ ժամանակում որոշ գաղափար կազմեցի նրա մասին։ Մուտքի քննության ժամանակ իր ցույց տված վարմունքը ցավ էր ազդել ինձ: Ա դասարանի ընկերներս շատ էին հարգում նրան. սովորական և գուցե անարժեք բառախաղեր էր անում. օրինակ՝ N 120 աշակերտին հաճախ ասում էր «Cent vingt, vous travaillez en vain — 120, դուք իզուր եք աշխատում». կամ Ուրախյան ազգանունով աշակերտին ասում էր. «Ուրախյան, ուրախ լեր»: Այս էժանագին սրախոսությունները ընկերներիս մեծ հաճույք էին պատճառում և բոլորը ծիծաղում էին, Չերազն էլ նրանց հետ: Բ դասարանում եղած ժամանակս, հանկարծ լուր տարածվեց, որ Չերազը Կոստանդնուպոլսից փախել է: Այդ դեպքը տեղի էր ունեցել հետևյալ հանգամանքների տակ, ինչպես պատմում էին: Հայկական շարժումները նոր էին սկսել Կոստանդնուպոլսում: Սուլթանը ուզենալով սարսափ ազդել հայերի վրա, որոշել էր կախաղան բարձրացնել Մինաս Չերազին (իբր հայ պատվիրակության ներկայացուցիչ) և բժիշկ Հարություն Թիրյաքյանին (իբրև Հնչակյան կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում): Պալատական իշխանուհիներից մեկը, որ Չերազի ծածուկ սիրուհին էր եղել, գիշերանց ծպտված գալիս է նրա տունը և գաղտնիքը բաց անելով՝ առաջարկում է անմիջապես փախչել արտասահման: Կոստանդնուպոլսից արտասահման փախչելը ամենահեշտ բանն էր: Առանց իրերի կարելի էր երթալ ծովափ, վարձել հասարակ մի մակույկ և գնալ բարձրանալ որևէ եվրոպական մի շոգենավ, որ կանգնած է բաց ծովում: Վերջացավ: Օտար դրոշակի տակ, նույնիսկ սուլթանը, եթե գար պահանջեր, փախստականին չէին հանձնի: Չերազը գնաց Փարիզ, ապա Լոնդոն, ուր սկսեց հրատարակել «L’Arménie» պարբերականը ֆրանսերեն լեզվով, իսկ բժիշկ Հարություն Թիրյաքյանը, որ նույնպես փախել էր, շունչը առավ Պարսկաստան և Թեհրանում թագավորի բժիշկը դարձավ: Չերազի մեկնելուց հետո առասպելներ հորինեցին նրա մասին. իբր թե մի օր Լոնդոնում Գլադստոնը մի ճառ է խոսել և այդ ճառի մեջ պատմական մի սխալ է գործել. ունկնդիրների մեջ եղել է նաև Չերազը, որը մատ բարձրացնելով խնդրել է խոսել: Գլադստոնը թույլ է տվել, և նա վեր կենալով, սխալն ուղղել է: Գլադստոնը շատ է հավանել և Չերազին իրեն քարտուղար է նշանակել: Վերջին մասն անշուշտ սուտ է, որովհետև Չերազը անգլերեն չգիտեր: Չերազի մասին պատմում էին նաև հետևյալը. «Մի անգլիացու հարցրել են՝ «Եթե անգլիացի չլինեիր, ի՞նչ կուզենայիր լինել»: Պատասխանել է. «Եթե անգլիացի չլինեի, անգլիացի կուզեի լինել»: «Ես էլ, — ասել է Չերազը, եթե ինձ հարցնեին, որ եթե հայ չլինեի, ի՞նչ կուզեի լինել, կպատասխանեի՝ «Եթե հայ չլինեի, հայ կուզեի լինել, որովհետև չկա մի ուրիշ ազգ, որ այնքան կարոտ լինի օգնության որքան հայը»: Չերազին հաջորդեց պատմաբան Գրիգոր Մարգարյանը, որ պաշտոնավարեց միայն երեք ամիս: Նրան էլ հաջորդեց մի շվեյցարացի, որի անունը չեմ հիշում: Չգիտեմ, թե ավելի անպետք մարդ կարո՞ղ էր լինել աշխարհի վրա և ի՛նչ հիմար օտարամոլությամբ լցված են մի կարգ հայեր, որ հենց որ մի եվրոպացի են տեսնում, իսկույն ամեն հարգանք ու պատիվ մատուցանում են նրան: Կեդրոնականի խնամակալությունը առանց հարցուփորձի, որտեղից որտեղ գտնելով այդ մարդուն, երեք տարով պայման էր կապել նրա հետ և լծել մեր գլխին: Ես միշտ մտածել եմ, որ բոլոր այն եվրոպացիք, որ իրենց լուսավորյալ երկիրը թողած գալիս են մեր Արևելքի խավար ժողովուրդների մեջ գործելու, ամենաանպետք մարդիկն են, որովհետև եթե մի բանի պետք գային, հենց իրենց երկրում կմնային. այդ շվեյցարացին էլ նրանց կարգին էր։ Եկած օրից ցույց տվեց իր ոչնչությունը, միշտ հարբած, գինով թրջված անճոռնի բեղերը բռունցքով սրբելով մտնում էր մեր դասարանը, և տեսնելով որևէ մեկի ծիծաղը, իսկույն պատժում նրան՝ դասերից հետո մի ժամ մնալու: Դժբախտաբար գտնվեց մեր ընկերներից մեկը՝ Միքայել Աբիսողոմով, Գադը գյուղի հարուստներից, ռուսահպատակ, որ մատնիչի դեր վերցրեց և սիրելի դառնալով այդ շվեյցարացուն, իբրև լրտես մատնանշում էր բոլոր ըմբոստ աշակերտներին: Տեսուչը ձեռքին մի տախտակ ուներ, որի վրա նշանակել էր նրա ցուցմունքներով բոլոր ըմբոստ աշակերտների համարները և հենց որ մի աղմուկ լիներ, շվեյցարացին նայում էր իր ցուցակի մեջ և մի քանիսին ջոկելով պատժում էր, առանց հարցուփորձի: Ասացի, որ մենք շուտ ճանաչեցինք մեր մարդուն և հենց որ դասարան մտներ, բոլորս էլ գլուխներս կախում էինք, իբրև թե ընթերցումով զբաղված, բայց բոլորս էլ քթի տակից մռռում էինք: Նա վազում էր աջ ու ձախ, և ականջը կախած լսում էր, թե ով է մռռացողը: Բայց հենց որ մեկի մոտ գնում էր, այն կողմի մռռացողները լռում էին: Ճարահատյալ ջոկում էր տախտակից մի տասը հոգու և բոլորին պատժում էր: Ես Միքայելի հետ շատ լավ էի, ուստի նա ինձ ցուցակի մեջ չէր մտցրել և երբեք էլ չեմ պատժվել: Ընկերներս նկատելով, որ սա շարունակ հարբած է, մտածեցին, թե նա դպրոցում գինի ունի պահած: Ծածուկ հետևելով նրան, գտան, որ վերի հարկի ամֆիթատրոնի տակ մի տակառ գինի ունի պահած: Դուռը կողպված էր, ուստի ընկերներիցս մեկը բաց է անում ամֆիթատրոնի գլխում գտնված երդիկը, կախվում է ցած և գնում հետևից բաց է անում դռան փականքը: Իր գյուտը հայտարարում է ընկերներին և բոլորը վազում են վերև և տակառը դատարկում: Ես բնականաբար չմասնակցեցի այդ արբեցության: Մի երկու ժամ հետո տեսուչը բաց է անում դուռը և տեսնում է, որ տակառը դատարկվել է: Անշուշտ խմողը մի հոգի չէր, ուստի բոլոր հինգ դասարանները միահամուռ պատժում է: Շվեյցարացու հետ միաժամանակ մի հայ վերակացու էլ պաշտոնի անցավ. ազգանունն էր Անտոնյան, Ակն քաղաքի Ապուչեխ գյուղից, հասակը կարճ, փորը հաստ, երեսը բոլորովին կլոր, ամբողջ դեմքը կարմիր, ձախ ձեռքը գոսացած, տգեղ և անճոռնի մարդ էր: Առաջին րոպեին, որ մտավ դասարան և ուզում էր բեմ բարձրանալ, ոտքը սահեց և տապալվեց գետին: Ընդհանուր ծիծաղ: Բայց նա ոչ մի ձայն չէր հանում: Ուզում էինք լսել նրա ձայնը, բայց անհնարին եղավ: Վերջապես մեր ընկերներից մեկը դիտմամբ գնաց մոտը և սկսեց գանգատվել իր ընկերոջ մասին: Անտոնյանը արտասանեց իր առաջին նախադասությունը. «Բայց այդ ինձ ի՛նչ փույթ»: Հինգ միավանկ բառերից բաղկացած անտեղի մի նախադասություն: Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Երեք ամիս վայելեցինք շվեյցարացի տեսչի հիմարությունը և Խնամակալությունը տեսնելով վերջապես նրա ապիկարությունը, ստիպվեց երեք տարվա գումարը վճարել և դուրս վանել այդ ավելորդ արարածին: Սակայն Անտոնյանը մնաց, որովհետև հակառակ իր անճոռնի արտաքինին գիտեր շատ լեզուներ. բացի հայերենից և թուրքերենից նա ազատ խոսում էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն: Նոր տեսուչ դարձավ Հարություն Մոստիչյանը, կեսարացի, որ ավարտել էր Օքսֆորդի համալսարանը և մասնագիտությամբ իրավաբան էր: Թեև դեմքը մի քիչ անդուրեկան, բայց բնավորությամբ ազնիվ մարդ էր: Գիտեր լավ անգլերեն: Առաջին անգամ երբ մտավ մեր դասարանը, խոսեց իր մասին առաջին բացման ճառը: Համեստությամբ հայտնեց, որ ինքը արժանի չէր այսպիսի մի մեծ վարժարանում, այն էլ Մինաս Չերազի պես մի պատկառելի անձնավորությունից հետո, այդպիսի բարձր պաշտոն վարելու, բայց, ասաց, «ուրախ եմ, որ իմ գալուստը զուգադիպում է այնպիսի մի անարժան մարդու հեռացմանը, ինչպիսին էր իմ նախորդը: Հույս ունեմ, որ կգոհացնեմ ձեզ»: Իրոք որ Մոստիչյանը արժանավոր տեսուչ եղավ մինչև 1893 թվականը, երբ մենք Կեդրոնականը ավարտեցինք: Նա այնուհետև մի քանի տարի էլ պաշտոնավարեց, իսկ Իզմիրլյան պատրիարքի ժամանակ, երբ հայոց հարցը բարձրացավ և անգլիական կառավարության միջամտության առիթ դարձավ, Մոստիչյանը իբրև թարգման միջնորդ եղավ Իզմիրլյանի և անգլիական դեսպան սըր Ֆիլիպ Քըրրի միջև: Երբ հայոց հարցը ձախողվեց և Իզմիրլյանը աքսորվեց Երուսաղեմ, Մոստիչյանը գնաց Անգլիա, ուր մնաց մինչև իր մահը: Անցանք Գ դասարան: Բ դասարանից շատերը մաղվել էին: Այս դասարանում իբրև նոր ուսուցիչ ավելացան երկուսը՝ առաջինը Մելքոն Կյուրճյան, որ Սամաթիայի դպրոցում մեր հայերենի ուսուցիչն էր եղել և երկրորդ, որի ազգանունը լավ չեմ հիշում, անունը կարծեմ Նշան էր, նա մեզ ֆրանսերեն և աշխարհագրություն էր ավանդում: Կյուրճյանը մեզ ավանդում էր հայոց պատմություն, որ, ինչպես գիտենք, արգելված էր Կոստանդնուպոլսում, բայց նա հայ լեզվի անունով անցնում էր հայոց պատմություն. ձեռք էր բերել Պալասանյանի Հայոց պատմությունը և նրանից հատվածներ էր կարդում մեզ մոտ, ավելացնելով իր բացատրությունները, իսկ աշխարհագրության ուսուցիչը դուրս եկավ մի շատ զարմանալի մարդ: Օրինակ, խոսելով Ֆրանսիայի առևտրի մասին, սկսում էր այսպես. «Ֆրանսիան կարտադրե տարեկան 15 815 441 շիշ գինի, 21 686 731 շիշ ձեթ, 106 321 515 հատ տառեխ և այլն, և այլն»: Մենք, աշակերտներս, այս բոլորը լսելով, հիանում էինք այսպիսի հիշողության վրա: Ընկերներիցս մեկը № 42՝ Կարապետ Ուզունյան, չմշկածագցի, որ ինքն էլ աշխարհագրության մասնագետ էր, իմ շատ շատ սիրելի ընկերներից մեկը, մի քիչ թոթով լեզվով, կասկածելով ուսուցչի թվերի վրա, սկսեց գրի առնել: Մի շաբաթ հետո խնդրեց ուսուցչից կրկնել Ֆրանսիայի առևտրի ընթացքը և տեսավ ահավոր տարբերություն: Պարզ էր, որ ուսուցչի տված թվերը բոլորովին սուտ էին: Մի օր հերթը եկավ, որ նույն աշակերտը՝ Ուզունյանը դաս ասի. գնաց գրատախտակի մոտ և սկսեց դուրս թափել իր գիտությունը. «Ֆրանսիան արտադրում է 41 811 415 շիշ գինի, 64 516 315 շիշ ձեթ, 500 560 405 տառեխ» և այլն, և այլն: Այսպիսի ինքնահնար սոսկալի թվեր: Մենք բոլորս սկսեցինք ծիծաղել. ուսուցիչը հասկացավ, որ իր խարդախությունը բռնվեց և այնուհետև նման հիմարություններ չթափեց մեր առաջ: 1891 թվականի ամառը ավարտեցինք երրորդ դասարանը և մտանք չորրորդ դասարանը: Բայց նախքան չորրորդ դասարան մտնելը, ես պիտի պատմեմ երկու դեպք. առաջինը՝ անհատական, երկրորդը՝ ընդհանուր դպրոցի վերաբերյալ: Մեզնից երկու դասարան բարձր գրականագետ Արշակ Չոպանյանը սկսել էր կազմել պոլսահայ ֆոլկլորի մի հավաքածու, շատ սահմանափակ ձևի տակ: Նա հավաքում էր ռամկական բառեր, ոճեր և ասացվածքներ, առածներ և ժողովրդական երգեր: Մի տետրակ լցրել էր արդեն այդպիսի նյութերով: Թույլտվություն խնդրեցի արտագրել իր այդ տետրակը։ Սիրով թույլ տվեց: Տետրակը ընդօրինակեցի և մեծ եռանդով շարունակեցի հավաքման գործը: Հավաքած երգերիս մեջ կար մեկը, որ եթե գրի առնվի, թուղթն էլ ամոթից կկարմրի. հիշում եմ այստեղ միայն առաջին տողը. «Նայեաց սիրով հարս մը գտայ…»: Մի օր Բ դասարանում, առաջին գրասեղանի վրա նստած, ընկերոջս № 35՝ Կարապետ Թուր-Սարգիսյանի հետ (որ հետագայում եղավ Զեյթունի ապստամբապետ Աղասին), միասին կարդում էինք տետրակիս մեջ գրված այդ երգը: Այդ րոպեին դռան վրայի փոքր պատուհանից տեսուչ Մոստիչյանը ներս էր դիտում: Ես, տեսնելով այդ, իսկույն տետրակս գրասեղանի մեջ դրի: Տեսուչը կասկածեց, մտավ ներս և առաջարկեց տետրակս իրեն տալ: Սարսափելի դրության մեջ ընկա: Կարդաց տետրակս և հարցրեց. «Կարելի՞ է վերցնել այս տետրակը»: Համաձայնվեցի, և նա տետրակը վերցրած մեկնեց դասարանից: Երկու օր ամբողջ սոսկումի մեջ էի և ամեն րոպե սպասում էի, թե ահա ինձ կարտաքսեն: Երրորդ օրը երեկոյին, աշակերտների մեկնումից հետո, նա կանչեց ինձ իր մոտ տեսչանոց: Խոսեց ամբողջ մի ժամ, քանի որ իր սիստեմի համաձայն պատիժ էր, որովհետև մի ժամ ուշ պիտի գնայի տուն: Հարցրեց, թե ինչու եմ գրել այդ ոտանավորը: Ես պաշտպանեցի ինձ, ասելով, թե ժողովրդի ստեղծագործությունները հավաքում եմ անխտիր: «Իսկ այն ինչ անենք, որ դուք երկուսով ծիծաղելով կարդում և երգում էիք այդ երգը»: Ես պատասխան չունեի: Նա երկար նկարագրեց և օրինակ բերեց մի նկարիչ, որ ցուցահանդեսին մասնակցելու համար նկարել է մի գեղեցիկ արտաքնոց և այդ նկարը ցուցադրել ուրիշ նկարիչների սքանչելի նկարների հետ: Մի ժամ խոսելուց հետո, տետրակը վերադարձրեց առանց պատժի: Ես չափազանց ուրախացա, որ արտաքսվելուց ազատվեցի: Երկրորդ դեպքը սուլթան Համիդի սալամլըքի հանդեսն էր: Մուհարրեմ ամսի 10-ին, աշուրեի օրը, սուլթանը ամեն տարի գնում էր մզկիթ Մուհամեդի դրոշակը և մորուքի մի թելը համբուրելու: Նա պիտի անցներ հանդիսավոր թափորով մեր դպրոցի առջևից, և մեր ամբողջ դպրոցը պատրաստվեց շքեղ դիմավորության: Մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան էֆենդի Աբիկյանը այդ օրվա համար իբրև ուղերձ գրեց թուրքերեն մի ոտանավոր, որի առաջին տունը հետևյալն է. <poem>«Միհրի ադըլ քերեմինդեն Սենին, էյ շահի ճիհան, Էրմենի միլլեթի դիր Ղարքի ֆիրուզի իհսան»:</poem> Թարգմանություն՝ <poem>«Քո արդարության և ողորմության արեգակից, Քո, ո՜վ աշխարհի թագավոր, Հայոց ազգն է Շնորհաց ճառագայթներ ընկղմում»:</poem><ref>Ծանոթ. — Վերջին տողը, հակառակ այն բանի, որ գրողը Միհրան Աբիկյանն է, շատ սխալ է լեզվի տեսակետից: Սխալը ցույց տալ դժվար է արևելահայ լեզվով, որովհետև ընկղմում բառը թե՛ բայ է, թե՛ գոյական և թե՛ ներգոյական հոլով է: Իսկ եթե գրենք ընկղմել թե՛ անորոշ դերբայ է և թե՛ անցյալ դերբայ, ուստի այդ տողը թարգմանեցի արևմտահայ լեզվով, որի մեջ այսպիսի շփոթություն չկա. ճիշտ պիտի լիներ, եթե հեղինակը գրեր «Ղարկ օլմուշ ֆիրուզի իհսանինդեն» — «շնորհաց ճառագայթներում ընկղմած»:</ref> Այս երգը տպված է նույն հեղինակի «Մեզաքի ադաբիյաթի օսմանի» («Ճաշակ օսմանյան դպրության») գրքում: Այս երգին եղանակ հարմարեցրեց նշանավոր երաժշտագետ Տիգրան Չուխաջյանը, որ ամբողջ Կոստանդնուպոլիսը լցրել էր իր «Լեպլեպիճի Հորհոր» օպերայի աղմուկով: Դպրոցի ամֆիթատրոնում ամբողջ աշակերտներս հավաքվեցինք և Չուխաջյանը մեզ խմբերի վերածելով, սովորեցրեց քառաձայն երգը: Ես սոպրանոների մեջ էի. մինչև այժմ հիշում եմ Չուխաջյանին, որ հայ կաթոլիկ լինելով ր-ի տեղ ղ էր արտասանում և երեք խմբերին դիմելով կոչում էր՝ «Պատղա՜ստ, պատղա՜ստ, պատղա՜ստ»: Ուրեմն լավ ձայն ունեի: Օրերով պատրաստվեցինք և վերջապես հանդեսի օրը դուրս եկանք դպրոցի առաջ, հերթով կանգնեցինք, սպասելով սուլթանի գալուն: Երկու աշակերտ բարձր կանգնած բռնել էին ուղերձի երգը, որ մի մեծ թերթի վրա արտագրված էր գեղեցիկ խոշոր տառերով: Շատ երկար սպասելուց հետո սկսվեց շքերթը: Աննկարագրելի գեղեցիկ շքերթ. մեր առաջով անցան զանազան տեսակի համազգեստներով սուլթանի անձնական բանակի զորագնդերը: Անցան ալբանացի զինվորները իրենց լայն-լայն հագուստներով, անցան ջեզայիրցի արաբ զինվորները իրենց գլխի փաթաթաններով, գեղեցիկ ու հրացայտ աչքերով և այլ այսպես ազգային գնդեր: Սկսվեց թագուհիների շարքը: Սուլթանն ուներ 400 կին, երկու-երկու նստած կառքի մեջ՝ իրենց դիմացը ունենալով սևամորթ մի ներքինի, անցնում էին, ցուցադրելով իրենց գեղեցիկ դեմքը նուրբ շղարշի տակից: Վերջապես կեցցեների աղմուկը հայտարարեց, որ սուլթանը գալիս է: Զուտ տաճիկ ձիավոր զինվորների մի մեծ խմբով շրջապատված անցավ նա կառքով, գլխին կարմիր ֆես դրած, իր խոշոր քթով: Դիմացը նստած էր իր մերձավորներից մեկը: Նշան արեց և մի ձիավոր զինվորական շտապ եկավ խլեց մեր ուղերձը, որ ասպանդակի երկաթին դեմ առնելով ճղվեց: Մենք երգում էինք, բայց հազիվ թե մեր ձայնը լսելի լիներ այդ աղմուկի և գոռգոռոցի մեջ: Շքերթը վերջացավ: Մի քանի օր հետո սուլթանի կողմից մի պաշտոնյա ներկայացավ և մեզ նվեր բերեց ամեն մի աշակերտին մեկ մեջիդիյե (մեկ ռուբլի 60 կոպեկ ոսկի փողով), իսկ ուսուցիչներին մի մի ոսկի կամ ավելին: Ես մեջիդիյեն ստանալով ասացի. «Թուրքի փողը թուրքի պիտի տամ»: Այդ ժամանակ Միհրան Աբիկյանը հրատարակում էր տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն մի բառարան, որի յուրաքանչյուր մամուլը արժեր մի ղրուշ (8 կոպեկ): Գնացի նրա տունը և մեջիդիյեն վճարելով 20 մամուլ գնեցի: Գ դասարան եղած ժամանակս նորից սուլթանը շքերթ ունեցավ, բայց այս անգամ նա մեզ այնքան քիչ փող վճարեց, որ մեր տեսուչը մերժեց ընդունել: Մի աշակերտին ուղարկել էր 12 կոպեկ, իսկ ուսուցիչներին՝ մի մեջիդիյե: == ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1899 թվականին Կոստանդնուպոլիս այցելեց կեղծմաշկ (դիֆտերիտ, թուրքերեն՝ քուղբողան) կոչված վարակիչ հիվանդությունը: Վարակվում էին փոքր երեխաներից սկսած մինչև 20 տարեկան պատանիները: Վարակվողը մահանում էր. ոչ մի դարման չկար: Մինչև անգամ այն հարուստները, որոնք արհեստական կոկորդ շինել տալով, ուզում էին երկարել իրենց հիվանդ զավակների կյանքը, միայն հիվանդության տևողությունն էին երկարում: Վարակվեց մեր ընտանիքից քույրս՝ Արշալույսը, որ ինձնից երկու տարով փոքր էր: Սպիտակ դեմքով, կեռ կամարավոր հոնքերով, միջակից բարձր հասակով գեղեցիկ աղջիկ էր: Սովորում էր Սամաթիայի Նունյան-Վարդուհյան դպրոցը: Աչքիս առաջն է, թե ինչպես նա ուղիղ հասակը ցցած, աջ ձեռքից գրքերի պայուսակը և ձախ ձեռքից ուտելիքի սակառը կախած իջնում է Ուզունճըօվա փողոցով՝ դպրոց գնալու համար: Նրան դարմանող բժիշկը եղավ Գաբրիել էֆենդին, որ բնակվում էր Սամաթիա թաղը: Երկու-երեք օրը մի անգամ գալիս էր տուն, մեր հիվանդին այցելության: Ամեն անգամ այցելելիս ստանում էր մի մեջիդիյե, որ մեզ նման միջակ ընտանիքի համար բավական ծանր էր։ Հիշում եմ վերջին օրը, երբ ես դպրոցից եկա տուն, մեծ քույրս բակի պատուհանից կանչեց. «Հրաչյա գնա բժիշկը կանչե, Արշալույսը կմեռնի կոր»: Շտապ վազեցի բժիշկ Գաբրիելի տունը, կանչեցի այցելության: Բայց ծեր էր, անկարող վազելու. և այսպես ստիպողաբար բերի տուն: Մայրս ասաց. «Ինչո՞ւ կանչեցիր, քույրդ մեռած էր»: Բժիշկը ստուգեց մահը և առանց այցեգինը վերցնելու, թողեց հեռացավ: Սուգն ու լացը սկսեց մեր տունը: Բարեկամներ և հարևաններ հավաքվեցին, բոլորը ողբում էին մատղաշ գեղեցիկ քրոջս մահը: Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»: Թաղման կարգը կատարեցին: Թափորը ճանապարհ ընկավ: Հիշում եմ մորս, որ երրորդ հարկի մեծ սենյակի աջ պատուհանից կախված մազերը պոկելով կողկողագին բղավում էր. «Աղջիկս ո՞ւր կտանիք կոր»: Մեր մեջ սովորություն էր, որ մայրերը հուղարկավորության չեն մասնակցում: Անշուշտ այդ նրա համար է, որ մայրերը վերջին րոպեին մեռելին փոսը դրած ժամանակ կարող են հանկարծ գժվել: Թաղման հաջորդ օրը երկաթյա մի շրջանակ ճարեցի, թարմ ոստերով, կանաչով և ծաղիկներով հյուսեցի և Բալըքլըի գերեզմանատունը տանելով, մի վերելակով գերեզմանի գլխին տնկված մեծ լտուտենի ծառը բարձրացա և մի խոշոր գամ գամելով երկաթե պսակը կախեցի: Հաճախ գնում էի գերեզմանատուն այցելության: Կոստանդնուպոլսում ամեն մի ընտանիք մի հողամաս ունի այդ գերեզմանատան մեջ: Այդ հողամասը կոչվում է «թաղ»: Մեր «թաղը» գերեզմանատան դռնից մի քառասուն քայլ դեպի ներս էր: Տեսնում էի, թե ինչպես կապած ծաղիկներս չորացան, քամին քշեց-տարավ և վերջապես միայն երկաթե շրջանակը մնաց: ⁂ Մեր տան դիմացի տունը վարձելով, մի ընտանիք եկավ բնակվեց Խասգյուղ թաղից: Ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Ընտանիքի հայրն էր Հակոբ Լոքմագյոզյանը. կնոջ անունը չգիտեմ: Մեծ աղջիկը՝ Արաքսին և մեծ որդին՝ Տիգրանը արդեն չափահաս էին. մյուս երկու զավակները՝ Սիման և Աղավնին ինձ նման դեռ պատանի էին: Արաքսին փարթամ լայն ազդրերով մի աղջիկ էր: Իբրև հարևան իրար մոտ մի քանի անգամ գնացել-եկել ենք: Մեր տան ճիշտ դեմի այդ նույն տան կողքին գտնվում էր Հաջի Փրափի տունը, որտեղ ես շատ փոքր ժամանակ «վարպետ տուտու»-ին էի գնացել: Այդ հին տունն էր, որ հանկարծ փուլ էր եկել և հայրս ներս նետվելով թե՛ մեզ և թե՛ Հաջի Փրափին գրկել ազատել էր: Ավերակ տունը անբնակ մնալով հետզհետե ավելի էր քանդվել: Լոքմագյոզ Հակոբը շարունակ գանգատվում էր, թե այդ տան գոյությունը վտանգավոր է, կարող է և մնացյալն էլ փուլ գալ մարդ տակով առնել: Մի գիշեր Լոքմագյոզ Հակոբը մի քանի հարևանների հավաքելով եկավ ավերակը քանդելու: Մենք մեր տան պատուհանի առաջ նստած դիտում էինք: Հավաքվածները աջից ձախից քաշելով ոչինչ չէին կարողանում անել: Հայրս պատուհանից խորհուրդ տվեց մի չվան կապել հիմքի սյունին և քաշել: Չվանը կապեցին, ամբողջը հավաքվեցին, գոռգոռալով քաշեցին, իսկույն տունը փուլ եկավ: Հաջի Փրափը, իր տնից, որ գտնվում էր հաջորդ փողոցում, լսելով աղմուկը վազեց հասավ: Տեսավ տունը քանդված: Բոլորը հավաքվել ծիծաղում են: Գնաց ոստիկան կանչեց: Ոստիկանը հարցրեց. «Ո՞վ է քանդողը, ո՞ւմ վրա եք կասկածում»: Հաջի Փրափը բոլորին մի առ մի արձանագրել տվեց. հայրս դուրս վազեց և Հաջի Փրափին բողոքեց, թե իզուր ես դրանց գրել տալիս: Հաջի Փրափն ասաց. «Հակոբ աղա, դուն մի՛ խառնվիր, ներս գնա, ես քու ազատլամադ եմ. չէ նե քեզի ալ գրել կուտամ»: Հայրս չլսեց և պնդում էր: Այն ժամանակ Հաջի Փրափը ոստիկանին գրել տվեց հորս անունը, Լոքմագյոզ Հակոբին և մեր հարևան մյուսյու Արշակին, որ ուսուցիչ էր և մեր թաղի ամենից ուսյալ անձը: Տաճկական դատարանի ձգձգումները ամենքին հայտնի են. մեր դատն էլ տևեց երկար ժամանակ, հորս զրկեց աշխատանքից և վերջապես դատարանը վճռեց 3 ամիս բանտարկություն: Դիմեցին վերաքննիչ ատյանին: Մեր դատի պաշտպանությունը վերցրեց Վռամշապուհ էֆենդի Մանուկյանը, որի մասին խոսել եմ (էջ 28): Նա արդեն ավարտել էր Տաճկաց իրավաբանական վարժարանը և հայտնի փաստաբան էր դարձել: Այստեղ էլ սկսեց ձգձգումը: Մեր փաստաբանը մի շատ ճարպիկ խաղով գտել էր պաշտպանության մի լավ կողմ: Օրինագրքում գրված է. «Տուն քանդելու, խանութ քանդելու, մզկիթ կամ եկեղեցի քանդելու և այլն, և այլն պատիժն է 3 ամսից 3 տարի»: Մեր փաստաբանը այս հոդվածը հիմք ունենալով դատարանում ասաց. «Դատական բոլոր թղթերի մեջ գրված է, թե Հաջի Փրափը մի ավերակ տուն ունենալով (խարաբ խանե), այդ ավերակ տունը քանդելու համար և այլն, և այլն. իսկ օրենքը պատժում է տուն քանդողին, ոչ թե ավերակ տուն քանդողին. հետևաբար ձեր տված պատիժը սխալ է: Գտե՛ք օրինագրքի մեջ ավերակ տուն քանդելու պատիժը, թեկուզ հինգ տարի, համաձայն եմ»: Բոլորը ծիծաղում են. դատը վճռվում է մեր օգտին: Բայց նախագահը դիմելով Լոքմագյոզյանին, ասում է. «Լոքմագյոզյան, դու փաստաբան չունես. ասա՛ տեսնեմ, տունը քանդվելուց առաջ ի՞նչ վիճակի մեջ էր»: Լոքմագյոզյանը պատասխանում է. «Ի՞նչ պիտի լիներ, էֆենդիմ, մի փոքրիկ տուն երկու պատուհանով, մի փոքրիկ սենյակ և մի փոքրիկ սրահ»: Ամբողջ դատարանը ապշած մնում է. նախագահը պատիժը վերահաստատում է: Փաստաբանը դիմում է Լոքմագյոզյանին, թքում երեսին և ասում. «Ես ձեր բանտարկյալին չեմ ափսոսում, ես իմ գրիչն եմ ափսոսում»: Տաճկաց օրենքով, տարին երկու անգամ՝ սուլթանի ծննդյան և գահակալության օրը կայսերական ներում է շնորհվում: Ամեն բանտարկյալ, որ իր պատժի 2/3-ը վերջացրած է լինում, ազատվում է: Մերոնք էլ մի քիչ կաշառք տալով այնպես արին, որ բանտարկության օրը ձգձգելով ընկնի ճիշտ գահակալության տոնից 2 ամիս առաջ: Այսպիսով պատիժը իջած էր լինում 2 ամսի: Մեր 3 հանցապարտները որոշված օրը գնացին մեծ բանտը, որ գտնվում էր Այա Սոֆիայի հրապարակում, մի մեծ պարտեզի մեջ: Հայրս նորից կաշառք տալով բանտապետին, իրավունք ստացավ բանտում կոշկակարություն անելու: Բանտում դանակ կրել արգելված էր, բայց կաշառքի շնորհիվ հայրս կարողացավ մի երկու հատ էլ կոշկակարական սուր դանակ վերցնել և աշխատել: Այդ ժամանակ հորս խանութը գտնվում էր մեր տան մեջ, գետնահարկի ախոռում: Ուներ մի մեծ հույն աշակերտ (խալֆա), որ բավական ժամանակ հորս միակ օգնականն էր եղել։ Հայրս նրան տարավ իր ծանոթ վաճառականների մոտ և խնդրեց, որ նրան վստահեն թե՛ ապրանք տալու և թե՛ գումարներ վճարելու մեջ: Խալֆա՛ն էլ, ե՛ս էլ շաբաթական մի երկու անգամ գնում էինք բանտ, կաշի տանում հորս, ձևած երեսները բերում տուն, մայրս մեքենայով կարում, խալֆան պատրաստում էր և տանում վաճառում։ Այսպես ամբողջ երկու ամիս: Տանում էինք նաև շարունակ ուտելիք և կերակուր: Այցելության միջոցին մի օր, հուլիս ամսի 15-ին էր (1890 թ.), հայրս գաղտնի խոսեց ինձ հետ և հարցրեց, թե «վարը ի՞նչ է եղեր, հայերը և տաճիկները կռվեր են»: Դա հայոց առաջին հեղափոխական ցույցն էր, որ տեղի ունեցավ վանեցի Հարություն Ճիհանգյուլյանի ղեկավարությամբ, մեր Պատրիարքարանում: Հայերի և տաճիկների կողմից կային 8 մեռյալ և 32 վիրավոր: Ճիհանգյուլյանին ձերբակալել էին և բերել էին բանտ: Համառոտակի պատմեցի դեպքը հորս, որ իր կողմից ավելացրեց, թե «Ճիհանգյուլյանը հոս է. ով ինչ որ կհարցնե իրեն, մեկ պատասխան ունի՝ ոչի՜նչ, և միշտ հայերեն. ուրիշ մեկ խոսք չուզեր կոր ըսել»: Մի ուրիշ օր պարտեզում տեսա մի հայ կրոնավոր, որ գլխաբաց ման էր գալիս: Ինձ տեսնելով կանչեց իր մոտ և հարցրեց, թե ի՞նչ գործ ունեմ այդտեղ: Հայտնեցի, թե հայրս բանտարկված է և իրեն հաճախ այցելության եմ գալիս: Ինքն էլ հայտնեց, որ վանեցի Պողոս վարդապետ Նաթանյանն է ինքը: Այդ անունը ինձ հայտնի էր, ես ունեի նրա մի աշխատությունը՝ «Տեղեկագիր Սեբաստիո», որ Սեբաստիա նահանգի տեղագրությունն էր: Ուրիշ գործեր էլ ուներ, որոնցից մեկը կոչվում էր «Արտոսր Հայաստանի»: Ահա իր այս ազգասիրական գործերի և քարոզների համար կառավարությունը ձերբակալել էր նրան և փոխադրել էր Կոստանդնուպոլիս, բանտի շրջապատից չհեռանալու պայմանով: Երկու ամիսը լրանալուց հետո մեր բանտարկյալները ազատվեցին. այդ օրը անշուշտ մեզ մեծ ուրախություն եղավ: Բայց մենք էլ քայքայվել էինք. հայրս ծախսել էր ինչ որ խնայած գումար ուներ, 6 հատ բաժնետոմս ունեինք երկաթուղու խաղարկության, բոլորն էլ ծախսել էր. բացի սրանից, այն հույն խալֆան, որին հավատարիմ մարդ էինք կարծում, վաճառած բոլոր կոշիկների գումարը կերել էր, ինչպես նաև խանութպաններից հորս անունով պարտք վերցնելով վատնել էր: Այսպես ուրեմն, մեր տնտեսությունը մեծ վնաս տեսավ Լոքմագյոզյանի հիմարության և Հաջի Փրափի ապերախտության պատճառով: ⁂ Կոստանդնուպոլսում մի սովորություն է եղել, որ չափահաս աղջիկները նշանադրությունից հետո, երբ հարսանիքը մոտենում էր, գնային իրենց ամենամոտիկ ազգականների մոտ, մի-մի շաբաթ մնալու համար: Խաչատուր հորեղբայրս, որին կյանքիս մեջ միայն մի անգամ եմ տեսել, իսկ իր տունը երբեք չեմ գնացել, երկու չափահաս աղջիկ ուներ՝ Ազնիվ և Վերժին անունով: Երկուսն էլ նշանվել էին և հարսանիքը որոշված էր: Անդրանիկը (Ազնիվը) եկավ մեզ մոտ: Ես երկուսին էլ դեռ բնավ չէի տեսել և առաջին անգամն էր, որ տեսնում էի: Գեղեցիկ, ծանրախոհ, մանավանդ շատ համեստ ու պարկեշտ մի աղջիկ էր Ազնիվը: Չափազանց սիրեցի նրան, իբրև թե մի անգին գանձ լինեի գտած: Մի շաբաթ հետո նա մեկնեցավ և նրա փոխարեն եկավ Վերժինը, որ նախորդին հակառակ կենսուրախ, թռվռուն, աշխույժ աղջիկ էր: Նրան էլ ընդունեցի շատ մեծ հրճվանքով և մի շաբաթ հրճվալից օրեր անցկացրինք: Ազնիվը ամուսնացավ և դժբախտը երեք ամիս հետո մահացավ. իր ամուսինը ձկնորս էր: Նա բնականից անհեթեթ կազմություն ուներ: Բժիշկները արգելել էին նրան կենակցել իր կնոջ հետ, իսկ նա չէր լսել և սրանով մահ էր պատճառել իր կնոջը: Իսկ Վերժինը ունեցավ բազմաթիվ երեխաներ: Ես մի անգամ ևս տեսա նրան Սարը-յարի ամառանոցում, նույնպիսի թարմ և ուրախ տրամադրության տակ: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի մորաքույրներիս մոտ, իմացա նրանցից, որ նա լավ ապրում է իր ընտանիքով Ենի-գափու թաղում: Ուզեցի տեսնել նրան, բայց չհաջողվեց: Այս րոպեիս նա անշուշտ մեռած պետք է լինի, որովհետև ինձանից մեծ էր, իսկ իր զավակները բոլորը 40-ից անց կլինեն տարիքով: Հերթը եկավ Ռամելային: Ես ունեի երկու հորաքույր: Անդրանիկը կոչվում էր Էֆթիկ, որ մի ոտքը կաղ լինելու պատճառով չկարողացավ ամուսնանալ. ծառայում էր մեծահարուստ մարդկանց տներում: Հրավիրում էին նրան հարսանիքի, հացկերույթի, խնջույքի և նման առիթներով, իբրև սեղանապետ: Փոքր հորաքույրս՝ Շահանդուխտը, ամուսնացել էր մի շատ հարբան մարդու հետ և ունեցել էր երկու աղջիկ՝ Ռամելա և Սաթենիկ: Հարբած ամուսինը մի գիշեր քնած ժամանակ տապալում է նավթի ճրագը, որից անկողինը բռնկվելով ինքն այրվում է: Դրանից մի ժամանակ հետո այրի Շահանդուխտը մեռնում է և երկու աղջիկները որբ են մնում: Կրտսեր Սաթենիկին իր մոտ է վերցնում Էֆթիկը և մերթ մեզ մոտ և երբեմն էլ Խաչատուր և Եղիա հորեղբայրներիս մոտ տանելով մեծացնում նրան: Իսկ Ռամելային որդեգրեց և իր մոտ պահեց իր հորեղբայրը՝ Մկրտիչ աղա Փարմաքսըզյանը, որ շուկայում կաշեղենի խանութ ուներ, բարձրահասակ և փարթամ, բարեկեցիկ և բարի մարդ էր: Բացի Ռամելայից, որդեգրել էր նաև իր հեռավոր մի ազգականի, որ Մարտիկ անունով գեղեցիկ և փառավոր մի երիտասարդ էր: Մկրտիչը ամուսնացած էր Թեոփիստե անունով մի հայ կնոջ հետ և ուներ երկու աղջիկ՝ Ֆրանսուհի և Արմենուհի: Ռամելան արդեն չափահաս դարձած լինելով, ամուսնացրեց Միհրան աղա Տյոքմեճյանի հետ, որ իր եղբոր՝ Կոպեռնիկի հետ ձուլիչ (ձուլարար) էր: Այս երկու եղբայրները ունեին առանձին խանութ, ուր գաղտնի կերպով ձուլում էին ռումբեր՝ հայ հեղափոխական կազմակերպությունների պատվերով: Հարսանիքից քիչ հետո Ռամելան իր ամուսնու հետ եկավ մեր տունը և մնացին մեզ մոտ մի շաբաթ: Ամառ էր: Շոգ օրեր: Ամբողջ ընտանիքով քնում էինք իմ անվան տնկված թթենու ծառի տակ: Մանկությանս ուրախ և երջանիկ հիշատակներն են սրանք: Այս առիթով մենք ծանոթացանք Մկրտիչ աղայի և նրա ընտանիքի հետ և այնքան սիրեցինք իրար, որ հայրս, որ ուրիշի տունը գնալ չէր սիրում, մեզ բոլորիս տարավ Մկրտիչ աղայի տունը, ուր մնացինք մի ամբողջ ամիս: Նրանց տունը գտնվում էր Սամաթիայի երկաթուղու կայարանի անմիջապես դեմը գտնված ցածր փողոցում. մեկհարկանի մի փոքր տուն էր: Որքա՜ն սիրեցի այս ընտանիքը, մանավանդ տիկին Թեոփիստեն, որ չափազանց բարի և քաղցրաբարո մի կին էր և փոքր աղջկան՝ Արմենուհուն, որ 5 տարեկան քնքշիկ ու քաղցրիկ մի երեխա էր: Լավ բարեկամացա նաև մյուսյու Մարտիկի հետ, որի մասին քիչ հետո: Մանկությանս ամենաքաղցր և անմոռանալի հիշատակներից մեկը եղավ այս տունը: Գիշերները ես քնում էի պատուհանի առաջ գտնված բազմոցի վրա, որ նայում էր ուղղակի կայարանին: Գնացքները անդադար գնում-գալիս էին, բայց առանձին հմայք էր ազդել ինձ Արևելյան ճեպընթաց կառախումբը, որ Կոստանդնուպոլսի Սիրքեճի կայարանից կես գիշերին մեկնելով ամենաարագ ընթացքով 3 օրվա մեջ Ադրիանապոլսի, Նիցցայի և Վիեննայի վրայով գնում էր Փարիզ: Որովհետև գնացքը շատ արագ էր գնում, ուստի վտանգից խուսափելու համար միշտ կես գիշերին էր մեկնում և ամբողջ ընթացքին միօրինակ սուլում էր: Ճիշտ կես գիշերին ամեն օր պատուհանից գլուխս դուրս կարկառած սպասում էի, երբ լսում էի հեռվից եկող ահավոր սուլոցը: Ահա վիշապի նման երկու հրավառ աչքերը գնացքի, որ սուլելով անցնում է ահագին դղրդոցով: Այնքան մեծ ազդեցություն է գործել և գործում է գնացքի սույլը ինձ վրա, մանավանդ գիշեր ժամանակ և հեռվից, որ անկարող եմ նկարագրել և նույնիսկ չեմ կարողանում որոշել, թե տպավորությունը ուրախությո՞ւն է, թե տխրություն, որովհետև երկուսի զարմանալի և աննկարագրելի խառնուրդն է կազմում: Ամիսը լրացավ և մենք տուն վերադարձանք: Այնտեղ լսեցինք անակնկալ նորություններ: Լոքմագյոզյան Հակոբի մեծ աղջիկը՝ Արաքսին, որի նկարագրությունը արդեն տվել եմ, իր հարազատ մորեղբորից հղիացել էր և ծնունդը վիժելու համար «հինա» էր խմել, բայց երեխայի հետ ինքն էլ մեռել էր: Մայրս լաց եղավ նրա վրա, շատ դառն լացեց, որովհետև այդտեղ տեսնում էր աստվածային պատիժ: Աղջկա մահից հետո, Լոքմագյոզ Հակոբը ընկերացել էր ինչ-որ անծանոթ մարդկանց հետ և իրենց տան նկուղում դրամ էին կտրում: Մայրս հիշում էր, թե ինչպես այդ անծանոթ մարդիկ շարունակ գնում-գալիս էին այդ տունը: Հիշում էր, թե ինչպես հաճախ տանտիկինը փողոցից առևտուր անելու ժամանակ շարունակ մեջիդիյեներ էր շպրտում նրանց առաջ: Կառավարությունը լսում է և տունը խուզարկում: Գտնում է նկուղի մեջ մեքենաները և պատրաստի կեղծ փողեր. Լոքմագյոզ Հակոբին ձերբակալում են և բանտարկում: Այս բոլորը տեղի էր ունեցել մեր բացակայության ժամանակ: Բանտում Լոքմագյոզ Հակոբը ապօրինի կենակցություն էր ունեցել մի հիվանդ կնոջ հետ, սիֆիլիսով վարակվել և մեռել: Մահվան գույժը բերին տուն: Ամբողջ տունը գոռում-գոչում ընկավ: Մայրս լաց եղավ դառնագին, որովհետև, ինչպես ասացի, Աստուծո պատիժն էր տեսնում այդտեղ: Սրանից հետո ամբողջ ընտանիքը հեռացավ մեր թաղից: Շուտով լսեցինք, որ մեր սիրելի տիկին Թեոփիստեն հիվանդ է: Հիվանդությունը երկար չտևեց և խեղճ կինը մահացավ: Որքան ցավ ազդեց իմ մատաղ սրտի վրա նրա մահը: Ճիշտն ասելով, նա մեզ մոտիկ ազգական չէր, այլ իմ հորաքրոջ ամուսնու եղբոր կինն էր (5 պորտ): Այս հեռավորությունը մոտեցնելու համար ես հնարել էի հորաքեռներ բառը մանկական սրամտություն: Մայրս մի օր ցավելով ասաց ինձ. «Եթե նա չմեռներ, Արմենուհուն կամ քեզ հետ պիտի ամուսնացնեինք և կամ եղբորդ՝ Հայկի հետ»: Կնոջ մահից հետո բնականաբար իր երեխաներին խնամող մի ձեռք գտնելու համար Մկրտիչ աղան ամուսնացավ երկրորդ անգամ և մեր հարաբերությունը այդ ընտանիքի հետ բոլորովին կտրվեց: Այլևս ոչ Արմենուհուն տեսա և ոչ էլ մյուսյու Մարտիկին: Այժմ պատմեմ այն, ինչ որ խոստացա վերևում մյուսյու Մարտիկի մասին: ⁂ Բազմակնությունը, որ ամբողջ մահմեդական աշխարհում ընդունված սովորություն է, ապականում է ընտանիքը, ցեխի է հավասարեցնում կնոջ արժանիքը և պատիվը և տղամարդուն դարձնում է մի բռնակալ: Անշուշտ դա ուժի և հարստության բիրտ տիրապետությունն է: Եթե սուլթանը ուներ 400 կին, պարսից շահը 200 կին, ինչո՞ւ ամեն մի փաշա կամ հարուստ աղա, կամ էֆենդի գոնե մի տասնյակ կին չունենար: Այսպես էր նաև Կոստանդնուպոլսի թուրքերի մոտ: Բայց այդ տասնյակ կանայք ճոխ տների մեջ սնված և ուռճացած, չէին կարող անշուշտ բավարարվել /4 կամ 1/1օ ամուսնով: Այս պատճառով էլ նրանք իրենց բավարարությունը փնտրում էին դրսում: Կոստանդնուպոլսի մեծ շուկայում կային որոշ խանութներ, ուր – վաճառվում էին կանացի հագուստի կտորեղեններ: Այդ խանութներն ունեին հայազգի գեղեցիկ փարթամ երիտասարդ գործակատարներ, որոնք խանութի առաջ ման գալով, իրենց հրապուրիչ պերճախոս լեզվով հրավիրում էին տիկիններին իրենց խանութը լավ ապրանքներ առաջարկելով: Այդպիսի գործակատարներից մեկն էլ մյուսյու Մարտիկն էր, որ գաղտնի կերպով մի օր պատմեց ինձ իրենց շահատակությանց պատկերը հետևյալ կերպով Թուրք խանումը կարմիր հովանոցը բաց արած, ինքը հետևում շղարշով ծածկված, անցնում է խանութների առաջով և աչքի պոչով դիտում է այդ երիտասարդներին: Որին որ հավանեց, նրա հետ մտնում է խանութը: Այժմ սկսվում է ապրանքի հետազոտությունը, որ բաղկացած է միշտ հետևյալ երեք հարցերից. Խանումը պահանջում է ցույց տալ իրեն մի լավ կտոր: Երիտասարդը բերում է որևէ կտոր, որ կարող է լինել որևէ նյութից բացի մետաքսից: Տիկինը քննում է կտորը և ասում. — Բու բամպուկ դըր, էպրյուշյում վեր (սա բամբակ է, մետաքս տուր): (Բայց այս էպրյուշյում բառը այնպիսի կերպով պի տի արտասանի, որ դուրս գա օփյուշում, այսինքն՝ մետաքսի փոխարեն համբույր): Երիտասարդը բերում է մետաքսյա մի կտոր, որ կարող է լի նել ամեն գույն, բացի դեղինից: Բու կըրմըզը դըր, սարըլը վեր (սա կարմիր է, դեղինը տուր)։ (Բայց սարըլը վեր նշանակում է ոչ միայն «դեղինը տուր», այլև «փաթաթվիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի, խանում, սարըլը վերելիմ: Եվ բերում է անպատճառ բաց դեղին գույնով մի կոոր: Տիկինը քննում է և պատասխանում. — Բու աչըք դըր, գոյու վեր (նշանակում է «Սա բաց է, մուգը տուր», բայց և «Սա բաց, դիր»): Երիտասարդը պատասխանում է. — Փեք էյի խանում, աչըփ տա գոյու վերելիմ: Սրանով վերջանում է սակարկությունը: Երկուսով մտնում են խանութի առանձնասենյակը, ի վերջո տիկինը վճարում է մի լավ գումար և մեկնում: Այս գաղտնի պայմանական խոսակցությունը շատ քիչ մարդ գիտեր Կոստանդնուպոլսում: ⁂ 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս գնացի, գնացի նաև տեսնելու պատանեկան հասակիս հիշողությունների այդ վայրը, ուր ապրել և շրջել էր բարեհամբույր տիկին Թեոփիստեն, տեսնել մեծացած Արմենուհին, իմ ենթադրյալ նշանածին, վեցամյա այս քաղցր մանկիկին, որ արդեն քսանամյա հասուն օրիորդ եղած պիտի լիներ: Երկաթուղու վարչությունը Սամաթիայի կայարանը ընդարձակելու համար քանդել էր այդ տունը և ես ցավով տեսա նրա փլատակների վերջին մնացորդները: == Դ ԵՎ Ե ԴԱՍԱՐԱՆ == (1891/2 և 1892/3) Բ և մանավանդ Գ դասարանում մեր ընկերներից շատերը մաղվեցին, և երբ Դ դասարան մտանք, շուրջ 30 ընկերներից մնացել էին միայն 18 աշակերտ՝ № 35 Կարապետ Թուր-Սարգիսյան (Աղասի) հաջընցի, 36 Արամ Նիկողոսյան սեբաստացի, № 37 Համբարձում Թոռնյան սեբաստացի, № 40 Գաբրիել Մշկյան ատափազարցի, № 44 Բառնաբաս Զաքարյան կեյվեցի, № 47 Արամ Թահթաճյան կոստանդնուպոլսեցի, № 50 Արամ Խաչատուրյան (հետո Աղվորիկյան) կոստանդնուպոլսեցի, N 63 Միքայել Շամտանճյան կոստանդնուպոլսեցի, Երվանդ Անդրեասյան կոստանդնուպոլսեցի, № 150 ես, № 151 Ներսես Թյուլյան: Բայց նույն թվականին մեր վերևի դասարանի աշակերտների մեծ մասը անավարտ դուրս գալով մնացել էին 4 հոգի, որոնք նույնպես եկան միացան մեզ հետ Դ դասարանում: Սրանք են՝ № 19 Գևորգ Մկրտչյան սեբաստացի, № 20 Սարգիս Մինասյան ղենկիլերցի, № 22 Պետրոս Փարյան բինկյանցի, № 30 Միհրան Իտարեճյան կոստանդնուպոլսեցի: Այս ընկերներից երեքը՝ Անդրեասյան, Շամտանճյան և Մշկյան Դ դասարանից թողեցին դպրոցը, այնպես որ Ե դասարանում ավարտեցինք 12 հոգի: Անդրեասյանը Մանչեստրում մի հարուստ հորեղբայր ուներ, ուստի մեր դպրոցում լավ անգլերեն սովորեց և գնաց նրա մոտ: Մշկյանը արբունքի հասած լինելով գժվեց և նրան կարծեմ գժանոց տարին: Իսկ Շամտանճյանը արդեն Դ դասարանից գրող դարձավ, հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու: Նշանավոր բանաստեղծ դարձավ: Ինքն էր, որ հրատարակում էր Կոստանդնուպոլսում «Ոստան» ամսագիրը, որ շատ լուրջ բովանդակություն ուներ և կարող էր մրցել Կովկասի «Մուրճ» ամսագրի հետ: Մեծ կոտորածից նա զերծ էր մնացել և փախել էր Ասորիք (Սիրիա), ուր և մահացել է: Դ դասարանը իմ լուրջ խմորման վայրը եղավ: Այս և հաջորդ դասարանում մեր ուսուցչական կազմը բոլորովին փոխվեց, առարկաներն էլ շատացան և բարդացան: Մտցրին այնպիսի առարկաներ, որոնք այժմ մեր համալսարանում էլ չեն ավանդվում, ինչպես բարձրագույն գրահաշիվ (algébre supérieure), վերլուծական երկրաչափություն (géometrie analytique), վերլուծական տարրաբանություն (chimie analytique), դիֆերենցիալ հաշիվ (calcul différenciel), հավանությանց տեսություն (théorie des probabilités): Սրանք ճշգրիտ գիտությունների անուններ են: Հասարակական գիտություններից ունեցանք իրավաբանություն, տնտեսագիտություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, քաղաքակրթության պատմություն, Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն: Ընդհանուր եկեղեցական պատմություն, մանկավարժություն (թեև ուսուցիչը այս անվան տակ անցկացնում էր մանկավարժություն), գեղեցկագիտություն և այլն: Այս առարկաներից մի քանիսը, մանավանդ ճշգրիտ գիտությունները, ավանդվում էին ֆրանսերենով և նրանց ուսուցիչները ֆրանսիացի էին: Այսպես՝ բնագիտության ուսուցիչ էր Blanchon, մաթեմատիկայի տեսակների ուսուցիչն էր Grangé: Քիմիան հայերեն էր, ուսուցիչն էր Իգնատիոս Մուրադյան: Հասարակական գիտություններից էլ քաղաքակրթության պատմությունը ֆրանսերեն էր, ուսուցիչն էր մի շատ հաստափոր ֆրանսիացի, որ ավանդում էր նաև ֆրանսերեն: Մնացյալ առարկաները հայերեն էին: Հիշենք նաև լեզուները, այն է գրաբար և աշխարհաբար, հայերենից դուրս ֆրանսերեն և թուրքերեն, որոնց վրա ավելացան զուտ պարսկերեն և արաբերեն: Պարսկերենի ուսուցիչն եղավ Միհրան Աբիկյանը (որի անունը մի քանի անգամ հիշել ենք): Նա հրատարակել էր պարսկերենի ուսման համար մի համառոտ տետրակ (Հեմյանչեի զեբանի ֆարսի): Բացի դրանից նաև պարսկերենի քերականություն թուրքերեն լեզվով: «Հեմյանչե»-ն այնպիսի գեղեցիկ և դյուրուսույց մեթոդով էր, որ հենց առաջին դասից մենք ըմբռնեցինք պարսկերենի կազմությունը: Այստեղ իհարկե ի նկատի պետք է ունենանք այն հանգամանքը, որ մենք տաճկերենի մեջ պարսկերեն շատ բառեր էինք սովորել: Իմ հանգամանքը բոլորովին այլ էր: Մեր թաղում մի պարսիկ հելվաճի (հրուշակարար) կար, որ գիշերները մի ահագին թիթեղյա աման դրած գլխին, շուրջը մոմերը վառած անցնում էր փողոցներով և զուտ պարսկական ձայնով ու եղանակով երգում էր. <poem>«Հելվա բեյազ, հելվա բեյազ, Նե՞ բեյազ, քեթեն հելվա. Իփե՞ք մի սին, չիչե՞ք մի սին, Նե՞ բեյազ, քեթեն հելվա»: (Ճերմակ հելվա, ճերմակ հելվա, Ի՞նչ ճերմակ թել հելվա. Մետա՞քս ես, թե՞ ծաղիկ ես, Ի՞նչ ճերմակ թել հելվա):</poem> Այնքան էր ինձ դուր եկել այս երգն ու ձայնը, որ ես փոքր հասակից սովորել էի և նրա նման երգում էի: Այս ձայնը օգտագործեցի պարսկերենի դասին, այնպես որ իմ պարսկերենը երգախառն մի ձև ստացավ: Ընկերներս շատ ուրախ էին լսելով իմ դասը: Ուսուցիչն էլ դժգոհ չմնաց և նույնիսկ քաջալերեց: Այսպիսով ես լավ պարսկագետ աշակերտ դարձա: Դժբախտաբար արաբերենը այնպես չեղավ: Մեզ ուսուցիչ կարգեցին մի թուրք մոլլա, որ իր առաջին դասը այսպես սկսեց. «Ինձ արաբերենի ուսուցիչ են կարգել ձեզ: Այնպես մեկ տարով, երկու տարով անկարելի է արաբերեն սովորել»: Եվ այդ ապուշ մոլլան փոխանակ մի տարրական դասագիրք տալու մեզ, ձեռնարկ տվեց մեզ, տաճկերեն լեզվով, արաբերենի բարդ նախադասությունների մասին խոսող մի գիրք: Իհարկե ոչինչ չսովորեցինք: Հայերենի մեր ուսուցիչն էր արժանահիշատակ Անտոն Մատաթիա Գարագաշյանը, որ մենք կարճ բառով կոչում էինք Գարագաշ էֆենդի (այն ժամանակ հայերեն ասելով հասկանում էինք գրաբարը. իսկ աշխարհաբարի քերականություն չէինք սովորում, այլ գրում էինք միայն շարադրություն): Գարագաշը Վիեննայի Մխիթարյան միաբաններից էր. նա ոսկեդարյան հայերենի գյուտի առաջին հեղինակներից էր, ավելի ուշ նա հարելով Բյուխների նյութապաշտ (մատերիալիստական) փիլիսոփայության, թողել էր սքեմը և աշխարհական էր դարձել: Գրաբարը գիտեր այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր: Ամենաանսովոր բառը, երբ հարցնեինք իսկույն սկսում էր թվել, թե այդ բառը գործածված է Եզնիկի այսինչ գլխում կամ Ոսկեբերանի այսինչ հատվածում և այդ վկայությունները իսկույն բերանացի ասում էր: Դժբախտաբար մեր ժամանակ գրաբար գրականություն չկար. պատմական գրքերը արգելված էին պետության կողմից. Ոսկեբերան, Եփրեմ Ասորի, Բարսղի Վեցօրեայք, Եվսեբիոս և նման գրքեր չկային հրապարակի վրա՝ Վենետիկում տպված լինելու պատճառով: Այդ բոլորը մենք միայն հին մատենագրության պատմությունից էինք սովորել, որի ուսուցիչն էր ինքը Գարագաշ էֆենդին: Մեր դասագիրքն էր Եզնիկը, որ գրեթե անգիր էինք արել: Բացի դրանից շարունակ Լաֆոնթենի առակներից գրաբար թարգմանություններ էինք անում: Գարագաշը լինելով մոլեռանդ ոսկեդարյան, թույլ չէր տալիս մեզ կարդալ որևէ հետնադարյան գրաբար գիրք, իսկ Վենետիկի Մխիթարյանների հեղինակած գրքերը ատելով ատում էր: Հյուրմյուզի թարգմանած Տելեմակը կոչում էր «բոզ համոզելու լեզու»: Աշխարհաբարը նրա համար այլանդակություն էր. «Ի՞նչ ըսել է «իշխանության տակ». տակը ի՞նչ է. տակը… ըսեք «ընդ իշխանութեամբ»: Նախդիրներու ջնջումը գռեհկություն է. ադիկա թուրքերեն է»: Այսպիսի ծայրահեղ, ուրիշ դեպքերում անթույլատրելի բառեր էր գործածում Գարագաշը, բայց մենք մեծ պատկառանքով լսում էինք իր խոսքերը: Նա Բյուխների նյութապաշտ փիլիսոփայության հետևելով անաստված էր. «Աստված ի՞նչ է», — ասում էր նա և ծխախոտի տուփ կամ ուրիշ առարկաներ ցույց տալով ասում էր. «Ահա սա Աստված է, ան ալ Աստված է, ամեն բան Աստված է»: Այսինքն նյութը ինքը Աստված է և Աստված ինքը նյութ է: Զառամյալ ծերունի էր, բայց դեռ ուշքը միտքը վրան էր: Անսահման բարի, սովորեցնում էր ոչ թե իբրև ուսուցիչ, այլ իբրև ընկեր: Դասի ժամանակ բոլորիս հավաքում էր իր գլուխը և այնպես պարապում: Չափազանց միամիտ էր: Մի օր, իր ձախ կողմը կանգնած աշակերտներից մեկը Գարագաշի ականջին փսփսաց, թե աջ կողքին կանգնած աշակերտը գող է: Գարագաշը վախենալով նայեց նրան և ժամացույցը աջ գրպանից հանելով դրեց ձախ գրպանը: Մի ուրիշ օր դասարան մտած ժամանակ ձեռքին կարմիր թաշկինակի մեջ դրած ինչ-որ բան էր բերել և իբր թե թաքուն կամացուկ դրեց ամբիոնի տակ և սկսեց պարապել: Աշակերտներից մեկը նայեց և տեսավ, որ բերածը հունապ է: Մի քանի րոպեի մեջ ամբողջ հունապները կերանք վերջացրինք: Երբ դասը վերջացավ և Գարագաշը իր հունապները մոռցած գնում էր, «Գարագաշ էֆենդի, հոս բան էիր դրեր», — կանչեցինք: Գարագաշը հիշեց և վերադարձավ, կռացավ ամբիոնի տակ և պարապ թաշկինակը միայն տեսնելով ասաց. «Հոս բան էի բերեր»: «Ի՞նչ բան», — հարցրինք մենք, իբր թե ոչինչ չիմանալով: Գարագաշը ամաչում էր ասել, բայց վերջում ասաց, թե հունապ էր։ «Օ, ինչո՞ւ մեզի չըսիք, մենք կպահեինք. հոս շատ մուկ կա, մուկերը տարեր են»: Ահա այսչափ միամիտ էր նա: Գարագաշը բնակվում էր Բերայում, մեր դպրոցից մոտ մի ժամ հեռու: Ծերունի մարդ, օգնական ոչ ոք չուներ, և ես նրա թևը մտած տանում էի մինչև իր տունը և այնտեղից հետ դառնալով գնում էի Սամաթիա: Մի օր ճանապարհին հարցրեց, թե քու տունըդ ո՞ւր է: Ես պատասխանեցի, թե Սամաթիա եմ բնակվում: «Ի՞նչ կըսես, դուն հիմա հոսկե մինչև Սամաթիա՞ պիտի երթաս. դուն Վարդան Մամիկոնյանն ես: Հեռավոր պատերազմներու ժամանակ Մամիկոնյանները կղրկեին, և Մամիկոնյաններուն ալ սովորական անունը Վարդան էր»: Այնուհետև իմ անունը Վարդան եղավ և ինձ միշտ կոչում էր Վարդան։ Ավելորդ է ասել, թե գրաբարի ուսման մեջ ամենից ավելի առաջադեմն էի: Եղիա Տեմիրճիպաշյանը, որ Կոստանդնուպոլսի գրական շրջանակներում շատ մեծ անուն ուներ, ավանդում էր մեզ մի քանի առարկա, այն է՝ Արևելքի և Արևմուտքի գրականության պատմություն, փիլիսոփայության պատմություն և պատմության փիլիսոփայություն (որի համար կազմել էր մի համառոտ դասագիրք), մանկավարժություն և գեղեցկագիտություն (էսթետիկա): Ամեն շաբթու պարտադիր կերպով գրում էինք աշխարհաբար մի շարադրություն, որի նյութը ինքն էր տալիս, բայց ազատ էինք նաև մեր ուզածը գրելու: Մեկս կարող էր մի օր մի ոտանավոր գրել ու կարդալ, և նա ուրախ էր լինում: Ես մի անգամ, ինչպես վերևը պատմել եմ, մի սիրային վեպ գրեցի, մի ուրիշ անգամ էլ գրեցի «Վերջալույսը», որի վրա նա լաց եղավ: Արևելքի գրականության պատմությունը սկսեց Չինաստանից, պատմեց մեզ Կոն-Ֆու-ցեի չորս սրբազան գրքերի մասին (Ի-քինգ, Շի-քինգ, Լի-քինգ, Շու-քինգ), որոնցից գեղեցիկ հատվածներ ֆրանսերենից թարգմանելով կարդում էր մեզ: Չինաստանից հետո եկանք Հնդկաստան, անցանք Վեդաները (նույնպես չորս գիրք՝ Ռիգ-վեդա, Յաջուր-վեդա, Սամա-վեդա և Աթարվա-վեդա): Ինքը, իբր շատ սիրահար հնդկական փիլիսոփայության, մանավանդ նիրվանայի վարդապետության, թարգմանած ուներ Ռիգվեդայից պերճ լեզվով երկար կտորներ: Մենք հիանում էինք այդ թարգմանության վրա, թերևս մեր այն ժամանակվա տհաս մտքի պատճառով: Շարունակելով արաբների գրականությունը հույների և լատինների վրայով, ինչպես և եբրայական գրականություն, անցանք Եվրոպայի նոր գրականությունները՝ Իտալիա, Իսպանիա: Ֆրանսիական գրականությունը հանձնված էր ֆրանսերենի ուսուցչին: Իմ մտավոր կազմակերպության վրա ամենամեծ ազդեցությունը գործել է Տեմիրճիպաշյանը. այս մասին խոսելու եմ առանձին: Իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր Հովհաննես Շահնազար կաթոլիկ հայը, որ թույլ հայերեն գիտեր և այն ժամանակ ազատական շարժման գլուխն էր կանգնել Արփիար Արփիարյանի և նրա ընկերների հետ: Նրանք հիմնեցին «Հայրենիք» օրաթերթը, որ մեծ աղմուկ հանեց ազգի մեջ՝ իբր ազատական շարժման առաջնորդ: Դ դասարանում նա ավանդում էր իրավաբանություն: Դասագիրք չկար. ուստի ինքը թելադրում էր առարկան, և մենք գրում էինք: Թույլ հայերեն իմանալու պատճառով, հաճախ սխալներ էր անում և շատ անգամ էլ միևնույն բանը կրկնում: Ամիսներ այսպես գրելուց հետո նա պահանջեց, որ աշակերտներս բոլոր իր թելադրածները մի մաքուր տետրակի մեջ գրած ներկայացնենք իրեն: Պահանջում էր, որ տետրակի թերթերը ճիշտ մեջտեղից երկու ծալեինք, աջ մասը իբր լուսանցք թողնեինք, իսկ ձախի վրա գրեինք նյութը: Աջ լուսանցքը հատկացված էր վերնագրերի: Ես այդպես չարի. լուսանցք չէի թողել, ոչ միայն ամբողջ տողերը, այլև տողամեջերը գրել էի, ճանճի ոտքերի նման մանր տառերով և շատ հաճախ սղումներով: Եթե մի որևէ բառ հայերենի մեջ ավելի կարճ մի հոմանիշ ուներ, այն էի գրում. օրինակ, չէի գրում տարի, այլ ամ, չէի գրում բազմաթիվ, այլ շատ. հոգնակի ներ մասնիկի փոխարեն դնում էի ք, ութիւններու ձևը ինձ մոտ դառնում էր ութեց. ժամանակ բառը միշտ պիտի գրեի ժմնկ. այսպես ամբողջ գրվածքը, իսկ երբ ավելորդ շատախոսություններ և կրկնություններ էին պատահում, ամբողջովին ջնջում էի: Այսպիսով, երբ բոլոր աշակերտները հիսունական երեսանոց տետրակներ ներկայացրին՝ ես՝ խեղճս, չորս թերթից (ութ էջ) չկարած մի տետրակ ներկայացրի: Շահնազարը նայեց և ասաց. «Ա՞յս է մեր վեց ամսվան դասընթացքը»: Եվ բարկանալով դեն շպրտեց: Թերթերը թռան և ընկան գետին: Ես բացատրեցի, թե ժամանակ խնայելու համար սղագրել եմ, համառոտագրել եմ, ավելորդ բառերը հանել եմ և այլն: Այս խոսքերս ավելի բարկացրին նրան, և նա ինձ բոլորովին ատեց: Դաս չէր հարցնում և միշտ 2 էր դնում, թեև ես այդ առարկան սիրում էի և լավ էլ սովորում: Ե դասարանում իրավաբանությունը վերջացել էր և սկսել էինք տնտեսագիտություն: Այս անգամ դասագիրք ունեինք. դա մի ֆրանսերեն ձեռնարկ էր 200—300 երեսանոց: Հայտնի է, որ մենք այդ ժամանակ շատ լավ ֆրանսերեն գիտեինք և ազատ կարդում էինք: Ուրեմն տնտեսագիտությունն էլ լավ սովորում էի գրքի վրայով, բայց միևնույնն է՝ նա միշտ 2 էր դնում: Կրոնի ուսուցիչն էր Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը, նշանավոր հայրենասեր բանաստեղծ հեղինակ: Թեև իր առանձին գրքերը չէինք տեսել, բայց «Հատընտիր»-ների մեջ շատ բան էինք կարդացել նրանից, շատ բան էլ անգիր արել։ «Տեղ կա, ուր մարդու սիրտն ու քնար քար կդառնա, քար կա, որ քար կտրած սրտերն ու խորտակված քնարները կշարժե»: Ո՞վ կարող է մոռանալ այսպիսի հիանալի տողերը: Բայց Սրվանձտյանցը իբրև դասախոս և իբրև ճառախոս նույն բանաստեղծի շնորհքը չուներ: Սուլթանը նրան իբրև հայրենասեր մարդու աքսորել էր Կոստանդնուպոլիս և այնտեղից մեկնելու իրավունք չուներ: Շուտով հիվանդացավ նա և մեռավ: Իրենից քիչ առաջ մեռել էր Նար-Պեյը, որ նույնպես տնային բանտարկության էր դատապարտվել: Երբ Գարեգին եպիսկոպոսը մեռավ, ամենքը վախենում էին մասնակցել նրա հուղարկավորության, իսկ մենք իբրև նրա աշակերտները, առինք տարինք թաղեցինք Բերայի գերեզմանատան մեջ, Նար-Պեյի գերեզմանի ճիշտ կողքին, մի հիանալի վայր, ուր գուցե արժեր թաղվել: Գարեգին եպիսկոպոսի մահից հետո մեզ ուսուցիչ եղավ Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյանցը, որ Գերմանիա սովորած ուսումնական, արտաքուստ հույժ պատկառելի մարդ էր: Ինքը ղարաբաղցի էր: Էջմիածնում կաթողիկոսական ընտրության ժամանակ նա եղել էր առաջին թեկնածու, երկրորդը լինելով Մակարը: Ռուսաց կայսրը կասկածելով Մելքիսեդեկի վրա, որովհետև Գերմանիա էր սովորած, մերժեց նրան և կաթողիկոս ձեռնադրվեց Մակարը: Սրա վրա Մելքիսեդեկը անցավ Տաճկաստան, մի ժամանակ հաստատվեց Իզմիրում, ապա գնաց Երուսաղեմ և հետո եկավ Կոստանդնուպոլիս: Նա մեզ հետ անցնում էր ընդհանուր եկեղեցական պատմություն, նրա հետ նաև հովվական աստվածաբանություն: Աշակերտները միշտ բծախնդիր են լինում. Մելքիսեդեկ եպիսկոպոսին մենք ծաղրում էինք իր արտասանության թերության համար: Օրինակ, թուրքերեն «չեքիճ» (մուրճ) բառը արտասանում էր վանեցու հնչումով՝ «չաքուճ», որ մեր ծիծաղը շարժելով անունը դրել էինք «Չաքուճ»: Մի օր Մելքիսեդեկ եպիսկոպոսի մոտ պետք եղավ հիշել Կոստանդնուպոլսի առման թվականը (1453). ինքը չիմացավ, կարմրեց և ասաց. «Տուն կերթամ, կըստուգեմ և ձեզ կըսեմ», մինչդեռ մենք բոլորս գիտեինք և անկարելի էր մտածել, թե կարող է որևէ մեկը չիմանալ այդ թվականը, որ միջին և նոր պատմության սահմանն է: Ինչպես ասացինք, մեր բոլոր ճշգրիտ գիտությունների դասերը ֆրանսերեն էին, իսկ հասարակական գիտությունները ընդհանրապես հայերեն էին: Եվ որովհետև դասագրքեր չկային, ուստի հայ ուսուցիչները երբեմն խոսում էին և երբեմն թելադրում: Մենք մեր մեջ մի լավ ձև էինք կազմակերպել: Ամեն մի ուսուցչի համար նշանակել էինք մի աշակերտ, որ ուսուցչի խոսածները արագորեն գրի էր առնում, գիշերը տուն տանելով քիմիական թանաքով շարադրում և մաքրագրում էր և մյուս օրը դպրոց բերելով հանձնում էր Ներսես Թյուլյանին: Իսկ Ներսեսը լինելով քիմիական աշխատանոցի գլխավոր աշխատակից, պատրաստել էր 3:1 համեմատությամբ օսլայի և գլիցերինի խառնուրդով մի խմոր, որ երկու առանձին թիթեղյա տափակ ամանների մեջ լցնելով, տպագրում էր ու բաժանում էինք մեր մեջ: Այս բոլորի համար մեր մեջ հավաքում էինք շաբաթական 2 կոպեկ: Ես ոչ թե մեկ, այլ երկու ուսուցչի դասերն էի գրում. մեկը Գարագաշի և մյուսը Տեմիրճիպաշյանի: Առաջինը քիչ բան ուներ խոսելու, բայց հաճախ ստուգաբանություններ էր անում պարսկերենով և հունարենով. ես էլ այդ բաների սիրահարը լինելով՝ մեծագույն զգուշությամբ հավաքում էի և գրի էի առնում: Իսկ Տեմիրճիպաշյանը հայտնի ճառախոս լինելով շատ էր խոսում, և ես այդ բոլորը գրի էի առնում: Մի օր գեղագիտության թելադրության ժամանակ գույների առանձին անունների մեջ գործածեց կապտակապույտ բառը. ես մատ բարձրացրի և ասացի. «Եղիա էֆենդի, բառարանի մեջ կապույտ իմաստով ուրիշ բառ մըն ալ կա՝ բիլ. կարելի չէ՞ գրել բլակապույտ»։ Նա դարձավ աշակերտներին և ասաց՝ «Կապտակապույտը ջնջեցեք և գրեցեք բլակապույտ, քովն էլ փակագծի մեջ գրեցեք Աճառյան»: == ՄԵՐ ՏԱՆ ՀՐԴԵՀԸ == Հորս բանտարկությունից հետո մեր տնտեսական դրությունը վատացավ: Քաղաքական ճգնաժամի պատճառով Կոստանդնուպոլսի տնտեսական դրությունը ընդհանրապես վատացել էր: Այս պատճառով աշխատավորները պարտավոր էին շատացնել իրենց աշխատանքի ժամերը, որպեսզի կարողանային ընտանիք պահել: Հայրս և մայրս էլ աշխատում էին ամբողջ օրը մինչև կես գիշեր. կես գիշերից հետո, մի քանի ժամ քնելով չլուսացած վեր էին կենում նորից աշխատելու: Այսպես մի օր հայրս և մայրս առավոտվա ժամը 4-ին վեր կենալով անցել էին աշխատանքի: Հայրս կաշին էր ձևում և մայրս կոշկակարական մեծ մեքենայով կաշվի երեսներն էր կարում, մեր տան երկրորդ հարկի փոքր սենյակում: Ես քնած էի նույն սենյակի վերը՝ երկրորդ հարկում: Հանկարծ լսում եմ հարվածի ձայներ և արթնանում եմ։ Մութ է: Հարվածները շարունակվում են․ ի՞նչ կա: Շապկանց վերմակիս մեջ փաթաթված իջնում եմ ցածը և ի՞նչ տեսնեմ. սենյակը վառվում է, հատակից բոցեր են բարձրանում. հայրս աջ և ձախ հարվածներ է տեղում բոցերը հանգցնելու համար. մայրս դես-դեն է վազում և ի՞նչ անելը չգիտե: Մտնում եմ ներս, վերմակս փռում եմ հատակի վրա և հրդեհը հանգում է: Հաճախ հրդեհի մասին լսած լինելով գիտեի, թե հրդեհը հանգցնելու լավագույն միջոցը վերմակ ծածկելն է: Հայրս հոգնած, բեղերը, հոնքերը, մազերը խանձված, երեսը մրոտ, ձեռքերը կիսայրյաց, մի գլանակ փաթաթեց, նստեց վերմակի վրա, սկսեց ծխել և երգել իր թուրքերեն դիվաններից մեկը։ Ահա թե ի՞նչ էր պատահել։ Հայրս իր հաստ կոշկակարական կլոր սեղանի առաջ նստած կաշի է ծեծում: Նավթի ապակյա ճրագը դրված է սեղանի վրա: Քանի ծեծում է, ճրագը առաջ է շարժվում: Մայրս պատին դարձած կաշիներն է կարում և չի տեսնում, թե ի՞նչ է կատարվում հետևում: Վերջապես ճրագը ընկնում է ցած, հատակին գտնված երկաթյա գործիքներին է խփվում և կոտրվում: Նավթը թափվում է և հանկարծ բռնկելով, բոցավառվում սենյակի մեջ: Հատակը հարթ չէ. կոշիկներ, կաղապարներ, մուրճեր, կաշի և այլն խառնաշփոթ դիզված են այնտեղ։ Հայրս աշխատում է հանգցնել, բայց հնար չկա։ Առաստաղը ցածր էր և վախենում է, որ առաստաղն էլ կրակ կառնի. ուստի մերթ հատակը և մերթ առաստաղը հարվածելով ուզում է հանգցնել: Մայրս հուսահատվում է և քանիցս անգամ առաջարկում է հորս դուրս փախչել: Բայց հայրս չի հուսահատվում: Գիտի, որ նավթը վերջապես պիտի վառվի և վերջանա։ Բայց անիծյալ ճրագը նոր է լցված և մի օխա նավթը շատ երկար վառվեց: Հրդեհը հանգցնելուց հետո դուռը զարկին և մեր հարևան Թանիկ աղան այցելության եկավ: Նա մեր մոտիկ հարևաններից մեկն էր, հասարակ թիթեղագործ էր: Կնոջ (Նեկտար) և երկու զավակների (Արշակ և Եպրաքսե) հետ աղքատիկ կյանքով ապրում էին: Մեզ հետ շատ լավ հարաբերության մեջ էին: Հաճախ գնալ-գալ ունեինք, և նրա զավակներն էլ իմ մոտիկ ընկերներս էին: Բոլորն էլ անգրագետ, հազիվ իրենց ապրուստն էին հայթայթում: Թանիկ աղան էլ, իբրև աղքատ աշխատավոր, վաղ վեր էր կացել, տեսել էր մեր տան հրդեհը: «Ամբողջ պատուհանները կրակ էին կտրած, — ասաց նա, — հասկցա, որ կրակ կա. բայց, ըսի, ուր որ Հակոբ աղա կա՝ հոն կրակ չկա»: Ավելի լավ կլիներ, որ Թանիկ աղան այդ գովասանքը չմտածեր և օգնության հասներ: Ոստիկանությունը մի օրենք ուներ, որով հինգ ոսկի տուգանքի կդատապարտվեր այն տունը, ուր հրդեհ ծագեր և թեկուզ տնային միջոցներով հանգցվեր: Վախենալով դրանից, մենք աշխատեցինք, որ ոչ ոք չիմանա. պատուհանները բաց արինք, ծուխը դուրս գնաց, կիսայրյաց կաշիները հավաքեցինք և սենյակը ստացավ նախկին տեսքը: Բարեբախտաբար ոստիկանությունը ոչինչ չիմացավ և մեզ համար շատ ծանր այդ տուգանքից ազատվեցինք: Այդ օրվանից հայրս ապակյա ճրագներին վերջ տվեց և թիթեղյա ճրագներ առավ: == ԻՄ ՈՒՍՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԿԵԴՐՈՆԱԿԱՆՈՒՄ == Վերևում խոսել եմ իմ ուսման ընթացքի մասին, երբ դեռ աշակերտ էի Սամաթիայի դպրոցում: Սկզբում պատմության սիրահար, հետո թեքվեցի դեպի լեզուները, ուր հաստատվեցի վերջապես: Լեզվաբանության մասին ես առաջին անգամ գաղափար կազմեցի Մատթեոս Մամուռյանի «Հին ազգաց պատմության» Ա մասի նախաբանից, ուր կես երեսի չափ մի հատվածում խոսվում է հնդեվրոպական նախալեզվի մասին և մի քանի բառերի համեմատական աղյուսակն է տրված զանազան լեզուներով: Հայրս մի ծանոթ ուներ: Նա կահագործ էր, միջակ ուսման տեր, բայց իբրև կոստանդնուպոլսեցի բանվոր շատ ուսումնասեր։ Այդ միջոցին Վիեննայի Մխիթարյան միաբանության կողմից սկսել էր հրապարակվել «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, հայագիտական մի ամսաթերթ, որ մինչև այսօր իր մրցակիցը չունեցավ հայ իրականության մեջ: Նա սկսեց հրատարակվել 1887 թվականին և այդ հասարակ բանվորը այդ թերթին բաժանորդ գրվեց․ ամեն ամիս բերում էր թերթը և տալիս էր ինձ կարդալու: Բացի բանասիրական հոդվածներից, կային նաև լեզվաբանական հոդվածներ: Մինչև այժմ մտքիս մեջ սևեռված մնում են Հայր Սերովբե Տերվիշյանի հոդվածները պարսկական բևեռագրերի մասին, նրանց լուծման պատմությունը գերմանացի մի գիտնականի միջոցով՝ մարդկային մտքի հնարագիտության ամենամեծ արդյունքներից մեկը եղած է: 11 տարեկան հասակումս կարդացի այդ գրվածքը, մինչև անգամ բևեռագիր տառերը սովորելով՝ հայերենի հետ համեմատելու ցնորքն եմ ունեցել: Տերվիշյանի անունը սևեռվեց մտքիս մեջ: Երբ Կեդրոնական մտա, լեզվաբանության սերը ավելի զարգացավ իմ մեջ։ Դ դասարանում, իբրև դասարանական գրադարան ունեինք միայն 3 գիրք՝ Նոր Հայկազյան բառարանի 2 հատորները, Նորայր Բյուզանդացու Ֆրանսահայ բառարանը և Սուրբ Գրքի Վենետիկյան հրատարակությունը՝ Հայր Արսեն Բագրատունու ձեռքով: Այդ գրքերը իմ ամենօրյա ընթերցման առարկաները դարձան: Ծայրից ծայր կարդացել եմ Նոր Հայկազյան բառարանը, մեծ մասամբ նաև Աստվածաշունչը: Մի օր ընկերներիցս մեկը հայտնեց ինձ, թե շուկայում ինչ-որ խանութում ծախվում է Հ. Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզուն» անունով գիրքը: Գնացինք և երկուսս էլ գնեցինք այդ գիրքը 5-ական ղրուշ վճարելով (40 կոպեկ): Աննկարագրելի եղավ իմ ուրախությունը, երբ ձեռք բերի այդ գիրքը: Սկսեցի կարդալ անհագուրդ: Սովորեցի ինչ-որ ավանդված է այնտեղ։ Հնդեվրոպական լեզվաբանության մասին արդեն ամբողջական գաղափար կազմեցի: Ինչպես օտարներն էլ վկայում են՝ Տերվիշյանի այդ գիրքը իր նմանը չունի եվրոպական լեզվաբանական գրականության մեջ. մեկ-երկու հարյուր էջերի մեջ տալ հնդեվրոպական լեզվաբանության ամփոփումը, նրա ծագումը և պատմությունը, հնդեվրոպացիների քաղաքակրթության պատմությունը, նախալեզվի արմատները և նրանցից ծագած հայ և օտար բառերը, քերականությունը — մեծ գործ էր: Այսօր էլ եվրոպացիք նմանօրինակ աշխատություն չունեն. նույնիսկ Meringer-ի գրքույկը չի հասնում նրան: Սովորելով ինչ-որ ավանդում է նա այդ գրքում, ես մինչև անգամ սկսեցի հնդեվրոպական նախալեզվով նախադասություններ հորինել: Այսպիսով, Հ. Ս. Տերվիշյանի այդ գիրքը եղավ իմ առաջին ուսուցիչը լեզվաբանության մեջ: Իրեն ես չեմ տեսել. միայն Կեդրոնականը ավարտելուց հետո, մի օր պատահմամբ գնացել էի դպրոց և տեսա մի սևազգեստ կրոնավոր, որ սանդուղքի վերևից ցած իջավ: Գլխին գցած շղարշից իմացա, որ նա Մխիթարյան միաբաններից է, դեղնած երեսով, հիվանդագին հայացքով, հունական սրբի կերպարանքով մի մարդ էր: Իջավ սանդուղքներից, ես ճանապարհ տվի նրան, զգալով որ մի վեհություն է, և նա անցավ գնաց: Ինձ ասացին, թե Հ․ Ս․ Տերվիշյանն է: Այդ րոպեն այս րոպեիս էլ մտքիս առաջն է, բայց ես երբեք առիթ չեմ ունեցել իրեն տեսնելու, իրեն հետ խոսելու կամ գոնե ձեռքը համբուրելու: Ամենամեծ երախտագիտությամբ պետք է հիշեմ Եղիա Տեմիրճիպաշյանին, որ մեր մի խումբ առարկաների ուսուցիչն էր: Պարապում էր եռանդով և հուզմունքով: Իբրև ջղային հիվանդ հաճախ լաց էր լինում և պատմում էր մեզ իր կյանքի տխուր դեպքերի մասին: Նա մեր մեջ մեծ սեր զարթեցրեց դեպի Արևելքը, մանավանդ դեպի Հնդկաստանը, որ ինքը պաշտում էր: Շատ գրքեր է տվել ինձ կարդալու: Շաբաթական գոնե մի անգամ գնում էի իր բնակարանը և ընթերցման համար մի որևէ կարևոր գիրք գրկելով տուն էի գալիս: Իր շնորհիվ ստացել եմ լեզվաբանության հիմնադիր Bopp-ի քերականության ֆրանսերեն թարգմանությունը Michel Bréal-ի ձեռքով (4 ստվար հատոր): Չեմ կարող նկարագրել այն հրճվանքը, երբ ես ունեցա ձեռքիս տակ այդ գիրքը: Արագությամբ կարդացի, լափեցի ամբողջը առանց մի փոքր ծանոթություն բաց թողնելու: Ես թարգմանեցի մինչև անգամ այն բոլոր հատվածները, ուր հեղինակը խոսում էր հայերենի մասին: Bopp-ը կարդալով ես կարող էի ասել, թե ես լեզվաբանություն սովորել եմ, որովհետև այն ժամանակ Bopp-ից բարձր գիրք չկար: Տեմիրճիպաշյանը, ի միջի այլոց, տվեց նաև սանսկրիտ լեզվով մի հատընտիր ֆրանսերեն թարգմանությամբ, բառարանով և կանոնների բացատրությամբ: Վերջապես հիշում եմ, որ նա նվիրեց ինձ հնդկական սուրբ գրքերից մեկը (Բհագավաթգիթա), ֆրանսերեն թարգմանությամբ միասին, որ նաև Փարիզում ինձ իբր դասագիրք ծառայեց: Շատ տարիներ հետո բանաստեղծ Ավետիք Իսահակյանի առաջարկով այդ գիրքը թարգմանեցի հայերենի, որ և տպվեց Էջմիածնում: Իր նվիրած հատորի շապկի վրա Տեմիրճիպաշյանը իր ձեռքով արձանագրել է հետևյալը. «Մահուանէս յետոյ այս գիրքը կը պատկանի Հրաչեայ Աճառյանին, Եղիա Տէմիրճիպաշեան»։ 1926 թվականին այս գիրքը ես նվիրեցի մեր համալսարանի գրադարանին, ինչպես նվիրել եմ շատ ու շատ գրքեր: Դրանցից շատերը կորել են… Անցյալ տարի (1952 թ.) ուզեցի տեսնել կարոտալի ուսուցչիս ձեռագիրը. գիրքը գտան և բերին. ապուշ կազմարարը ներքին շապիկը կտրելով, ոչնչացրել էր նրա գրածը: Ասացի, որ Տեմիրճիպաշյանը մեր մեջ մեծ սեր է զարթեցրել դեպի Հնդկաստանը և դեպի հին աշխարհը: Իր թարգմանությունները Ռիգվեդայից այնպիսի պերճ հայերենով էին գրված, որ մենք, թերևս մեր պատանեկան ճաշակով, ամենամեծ հիացմամբ էինք կարդում: Քիչ բան ունեմ ասելու Գարագաշի մասին, որովհետև բացի գրաբարից, այսինքն ոսկեղինիկ հայերենից և հին հայ մատենագրությունից մեզ տալու ուրիշ նյութ չուներ: Դժբախտաբար նա բևեռագրության չէր հավատում. չէր հավատում նաև հնդեվրոպական լեզվաբանության, և ավելի շատ էր հավատում Հյունքյարպեյենտյանի ողորմելի լեզվաբանական դրության: Այս ոճով էլ ուսուցանում էր նա մեզ. օրինակ՝ վեց բառից ծագում է վեգ, որովհետև վեց կողմ ունի: Վեգ խաղալու ժամանակ իրար հետ կռվում են, ուստի վեգ նշանակում է նաև «վեճ» և վեն բառն էլ նրանից է ծագում: Ամեն վեճ մի վերջ կունենա և այդ վեճը կվերջանա մի վճիռով, ուստի վճիռ և վճարել նույն բառից են. նաև նույն է վաճառել, որովհետև երբ ապրանքը վաճառես՝ ապրանքը կվճարի (կսպառվի): Այս բոլորը ես լսում էի, բայց առանց արհամարհելու հիշեցնում էի, թե պարսկերենով կամ ուրիշ լեզուների համեմատությամբ ուրիշ ավելի հարմար բացատրություններ էլ կարելի էր տալ այդ բառերին: Ծերունի Գարագաշը նույնպես չէր արհամարհում ինձ և ընդունում էր ասածներս և ասում էր ընկերներիս. «Ադ բաները Վարդանին հարցուցե՛ք»: Դ և Ե դասարաններում ես բավական աշխատություններ կատարեցի: Ձեռքս էր անցել Դուրյանի առաջին տպագրությունը, որ սաստիկ արգելված էր: Կարդացի ամբողջը և նրա տաղերը ընդօրինակեցի: Ութ անգամ արտագրել եմ այդ տաղերը և սրան նրան նվիրել: Ամբողջը բերան եմ արել և այսօր էլ մեծ հաճույքով կարող եմ արտասանել։ Ձեռք անցրի նաև Նալբանդյանի «Երկրագործություն»-ը, որ թե՛ Տաճկաստանում և թե՛ Ռուսաստանում խստիվ արգելված էր: Ամբողջ գիրքը երկու անգամ կարդացել եմ: Շատ հաճելի էր նաև ինձ համար կարդալ Նար-Պեյի «Ստուերք հայկականք»-ը, որ այժմ էլ երբեմն մեր հանրային գրադարանից վերցնելով կարդում եմ մեծ հաճույքով: Ես էլ էի գրականությամբ պարապում. մի առանձին հաստլիկ տետրակ էի կազմել տվել Բայբլ Հաուզի կազմատան մեջ և շարունակ ոտանավորներ և արձակ բանաստեղծություններ գրելով օրինակում էի այնտեղ: Ռիգ-վեդայի օրինակով կազմել էի բանաստեղծությունների մի ժողովածու, որի վերնագիրն էր «Թուրիյ ու Բուրիյ»: Այդ ոտանավորներից առաջինը՝ «Առ Նանե դիցուհին», մի օր շարադրության դասին կարդացի Տեմիրճիպաշյանի մոտ: Դիտմամբ, առանց առաջաբանի սկսեցի՝ «Թուրիյ ու Բուրիյ»-են առ Նանե դիցուհին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ, նաև ուսուցիչս: Ես այն ժամանակ բացատրեցի, թե երևակայում եմ, որ մեր հին հայերը Ռիգ-վեդայի նման մի երգարան են ունեցել, ուր հավաքված են եղել մեր աստվածներին նվիրյալ երգեր: Այդ գիրքը կոչվել է «Թուրիյ ու Բուրիյ» և առաջին երգը նվիրված է եղել Լուսնին, որ է Նանե դիցուհին: Ուսուցիչս բնականաբար հրճվեց և ասաց. «Այդ քու նոր մտքիդ համար կդնեմ 10 թվանշան»: Սկսել էի գրել նաև «Քննադատություն Ս. Գրքի», ուր մի կողմից Ս. Գիրքը կարդալով, մյուս կողմից քննադատելի կետեր գտնելով՝ հավաքում էի մի առանձին տետրակում: Օրինակ՝ Ս. Գրքում գրված է, թե Աստված ստեղծեց լույսը. «և եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Այդպես գնում է մինչև չորրորդ օրը, իսկ արևը և լուսինը ստեղծվել են չորրորդ օրը: Ուրեմն եթե արև և լուսին չկային, ինչպե՞ս առավոտ և երեկո եղան այն երեք օրերը: Ադամի խաբվելուց հետո Աստված ասում է. «Ահա Ադամ եղև իբրև զմի ի մէնջ»: Ուրեմն մի քանի աստվածներ կային: Եվ Աստված շտապում է Ադամին վռնդել դրախտից, որպեսզի Աստուծու տեղը չգրավի…: Շատ տգեղ է Ծննդոց գրքի ԼԸ գլուխը, ուր բոզի սակարկություն է նկարագրված: Այնտեղ է նաև Օնանի պատմությունը և նման շատ անպարկեշտ կետեր, որոնք այսօր նույնիսկ ցենզորը թույլ չպիտի տար տպագրել: Ամեն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդես «Ասպարեզ» անունով, ուր գրում էի ոտանավորներ և ստուգաբանական հոդվածներ. օրինակ՝ թե աղ և հող նույնարմատ են, ինչպես ֆրանսերեն sel և sol կամ պարսկերեն nemek և sermek: Հիշելու արժանի է նաև Կապիկներու աստվածաշունչը… և նման երեխայական բաներ: Ավելի արժեքավոր եղավ հայերենի արմատ բառերի բառարանը: Կարդալով ամբողջ «Հայկազեան»-ը և դուրս գցելով բարդ և ածանց բառերը, հավաքեցի բոլոր արմատ բառերը. 50 երեսանոց երկսյուն մի տետրակ եղավ: Ե դասարանում այս արմատների դեմ համառոտ կերպով նշանակելով նրանց ծագումը, արդեն պատրաստ ունեցա Արմատական բառարանի առաջին ուրվագիծը։ Ձեռնարկեցի նաև Գավառական բառարանին: Արդեն Բ դասարանից սկսել էի հավաքել Կոստանդնուպոլսի բարբառի գավառական բառերը, որ լսում էի մորիցս: Ե դասարանում խնդրեցի իմ գավառացի ընկերներից օրական գոնե 5 գավառական բառ բերել. նրանք հոժարությամբ լսեցին և կատարեցին առաջարկս: Այս ընկերներս են՝ Արամ Նիկողոսյան և Համբարձում Թոսունյան՝ սեբաստացի, Պետրոս Փարյան՝ բինկյանցի և մանավանդ Սարգիս Մինասյան՝ զենկիլերցի, որ ինքն էլ սիրող էր գավառական բառերի: Այնուհետև տպագրված գործերից սկսեցի արտագրել զանազան գավառական բառեր և այսպիսով կազմվեց բավական ստվար մի տետրակ: Անցա թուրքերենի արմատական բառարանին։ Աբիկյանի բառարանից դուրս գցելով պարսկերեն, արաբերեն, ինչպես նաև հունարեն և իտալերեն փոխառությունները, կազմեցի թուրքերենի արմատ բառերի ցուցակը իրենց ածանցներով: Bopp-ի քառահատոր քերականությունը այնպես էր ազդել իմ վրա, որ ես աշակերտական ոգևորությամբ ուզեցի կազմել ուգրո-ֆիննական և ուրալ-ալթայական լեզուների համեմատական քերականությունը: Իմ նյութական սուղ միջոցներով Եվրոպայից բերել տվի հունգարերենի, ֆիններենի և թունգուզերենի քերականություններ ֆրանսերեն լեզվով: Տաճկերեն արդեն գիտեի: Այս չորս լեզուների քերականության վրա համեմատություններ անելով տեսա, որ ինչպես քերականության, նույնպես և բառամթերքի համար ընդհանուր բան չկա: Այսպիսով ես եզրակացրի, թե այդ լեզուները մի ընտանիք չեն կազմում և իմ նպատակից հրաժարվեցի: Շատ ու շատ տարիներ հետո գիտունները գտան, որ այդ լեզուների մեջ կապ չկա: Ե դասարանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր տեսարան: Մի օր մեր ուսուցիչ Գարագաշը մի ընդարձակ գրվածք բերեց և սկսեց կարդալ մեզ մոտ: Այդ գրվածքում նա ուզում էր հաստատել, թե Խորենացին Ե դարի հեղինակ չէ, այլ Թ դարի: Գրվածքը կարդալուց հետո ես մատ բարձրացրի և ասացի. «Գարագաշ էֆենդի, Խորենացին ինչպե՞ս կարող է Թ դարեն ըլլալ, երբ Է դարու հեղինակ Մովսես Կաղանկատվացին զինքը կհիշե»: Գարագաշը այլայլվեց և շփոթված հարցրեց. «Հե՞, քեզի ո՞վ ըսավ, թե Կաղանկատվացին կհիշե զինքը»: «Դուք սորվեցուցիք մեզի մատենագրության պատմության մեջ»: Գարագաշը մի րոպե կանգ առավ, մտածմունքի մեջ ընկավ և ասաց. «Դուն ասոր բան մը ըրե»: Ուզում էր ասել, թե մի հնարքով պատասխանը գրիր: Ես խնդրեցի, որ հաջորդ անգամ Կաղանկատվացին բերե, որպեսզի կարդամ և «բան մը ընեմ»: Հաջորդ դասին չմոռացավ, Փարիզում տպված երկհատոր Կաղանկատվացին մի կարմիր թաշկինակի մեջ փաթաթած բերեց ինձ հանձնեց: Տուն տարի, մի գիշերվա մեջ ամբողջը կարդացի և գտա, որ Կաղանկատվացու անունով ծանոթ պատմությունը մի արխիվ է, ուր զանազան դարերից գրվածքներ են ամփոփված, նույնիսկ գրողների լեզվով, օրինակ՝ «Եւ Վիրոյ կաթողիկոս Աղուանից…» և այլն: Գտա, որ երկու գլխավոր հեղինակներ, մեկը Ե դարից, մյուսը Ժ դարից, խմբագրել են այս գիրքը: Այս ձևի տակ Գարագաշը ազատվում էր: Այս նյութի վրա մի ընդարձակ հոդված գրեցի և հաջորդ դասին վեր կացա Գարագաշի մոտ կարդացի: Գարագաշը շատ գոհ մնաց և իբրև նախկին վարդապետ ձեռքը գլխիս դրած սկսեց օրհնել ինձ: Այդ րոպեին մեր տեսուչ Մոստիչյանը պատուհանից ներս էր նայում. տեսնելով այս արտասովոր տեսարանը, ներս մտավ և հարցրեց, թե ի՞նչ է պատահել: Գարագաշը ամենայն մանրամասնությամբ պատմեց դեպքը և նորից ձեռքը գլխիս դնելով սկսեց օրհնել ինձ, ասելով, թե Վարդանը աղեկ տղա պիտի ըլլա: Մոստիչյանը, որ հետս լավ չէր, դեմքը թթվեցրեց և հեռացավ գնաց: 1 Իմ այդ հոդվածը տպվեց «Բազմավէպ»-ի 1897 թվականի էջ 370—374-ում, մայիս 10 թվականով: Միևնույնը գրեց Մանանդյան գերմաներեն լեզվով 1897 թվականի հուլիսի 28-ին: Առաջինը իմ աշակերտական շարադրությունս է, երկրորդը՝ փիլիսոփայության դոկտորի դիսերտացիա: == ՄԵՐ ԿՌԻՎԸ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ == Երբ Բ դասարանումն էի, բոլոր ճշգրիտ գիտություններին էլ հետևում էի և լավ սովորում: Սիրում էի, օրինակ, մարդակազմությունը (ֆրանսերեն), երկրաչափությունը, գրահաշիվը, եռանկյունաչափությունը (որ մինչև իսկ շատ հետաքրքիր էի գտնում), բուսաբանությունը, քիմիան, մինչև անգամ երկրաչափության մեջ մի նոր տեսություն էի գտել: Այս ընթացքը շարունակվեց նաև Գ դասարանում: Երբ մտանք Դ դասարան և լեզվաբանության վրա սկսեցի ծանրանալ, արդեն զգում էի, որ ճշգրիտ գիտությունները ինձ հետ գործ չունեն: Հետզհետե սառեցի նրանցից: Մանուկ հասակիցս ցանկություն ունեի բժշկություն սովորելու և իմ երազը այն էր, որ բժիշկ լինեմ և թոքախտի դարմանը գտնեմ: Այն ժամանակ Վիլհելմ առաջին կայսրը հյուծախտով տառապում էր: Ես պիտի գնայի նրա մոտ և պիտի ասեի. «Ես կբժշկեմ քո թոքախտը միայն այն պայմանով, որ դու Հայաստանին ազատություն տաս»: Դժբախտաբար Վիլհելմը չսպասեց ինձ և 1888-ին մեռել էր: Աննիկի սիրահարության ժամանակ էլ նորից արծարծվեց իմ մեջ բժիշկ լինելու երազը, բայց անհաջող: Դ դասարանում չորս հոգի՝ ես, Երվանդ Անդրեասյանը, Բառնաբաս Զաքարյանը և Միքայել Շամտանճյանը մի խմբակ կազմեցինք և ըմբոստության դրոշակը պարզեցինք Կեդրոնականի վարչության դեմ: Այս շարժման գլխավոր ղեկավարը և դրդիչը Միքայել Շամտանճյանն էր (№ 63), իմ շատ սիրելի ընկերներից մեկը: Մենք պահանջում էինք, որ Դ և Ե դասարաններում ուսման ծրագիրը երկուսի բաժանվի՝ գրական և գիտական: Մենք չորսս ուզում էինք հետևել գրական ճյուղին և պահանջում էինք, որ ավելացնեն հունարեն և լատիներեն լեզուները, թերևս նաև եբրայերեն: Իսկ գիտական ճյուղի մեջ թող մնան բոլոր ճշգրիտ գիտությունները: Մեր ըմբոստությունը կայանում էր նրանում, որ այդ թունդ գիտությունների դասերը չէինք պատրաստում և միշտ 2 էինք ստանում: Մի օր, վերլուծական երկրաչափության դասին, մեր ուսուցիչը՝ Grange-ն ինձ դասի կանչեց, իսկ ես բացի մի հորիզոնական գիծ քաշելուց և նրա երկու ծայրին x և y դնելուց, ուրիշ ոչինչ չէի իմանում: Ուսուցիչը դարձավ ինձ և ասաց. «Mon Dieu! si vous apprenez les mathématiques moi je serai le Pape» («Եթե դու մաթեմատիկա սովորես, ես Պապ եմ լինելու»): Շատ ավելի ծանր եղավ ֆիզիկայի դասը: Ուսուցիչը՝ Blanchon, իբր թե որևէ դասագիրք չլիներ, ֆրանսերեն լեզվով մեզ ֆիզիկա էր թելադրում, ընկերներս, գլուխները կախած, գրում էին: Իսկ ես, ինչպես միշտ, այդ միջոցին Հայկազյան բառարան էի կարդում։ Թելադրության ժամանակ ինչ-որ գյուտարարի անուն տվեց: Աշակերտները հարցրին, թե ի՞նչ ազգ է. ուսուցիչն ասաց. «C'est un arménien»: Բոլորը սկսեցին ծիծաղել: Վեր թռա տեղիցս և հանդիմանելով ընկերներիս ասացի. «Անիկա մեզի կծաղրե կոր, դուք ալ անամոթ կերպով կխնդաք կոր հա՞»: Եվ դառնալով monsieur Blanchon-ին ասացի «Vous n'êtes pas Blanchon, vous êtes un blanc chien» («Դուք Բլանշոնը չեք, դուք մի սպիտակ շուն եք»): Կատաղեց ուսուցիչը, սոսկալի ձայնով գոռաց վրաս. «Maintenant je te mets à la porte» («Ես հիմա քեզ դուրս կվռնդեմ»): Բայց չվռնդեց, որովհետև զգաց, թե ինչքան ծանր հանցանք է գործել։ Այս աղմուկի վրա Մոստիչյանը ներս մտավ: Ես ամբողջ դեպքը պատմեցի. նա ոչինչ չասաց, գլուխը կախեց և դուրս եկավ: Երբ մյուս դասին Blanchon-ը ինձ դասի կանչեց, ես որ նախապես Շամտանճյանի կարծիքն էի հարցրել, իր ցուցմունքի համաձայն տեղիցս վեր կացա և ապուշի նման այս կողմ այն կողմ նայելով ասացի ուսուցչին. «Vous ne savez pas que je ne prepare pas vos leçons?» («Դուք չե՞ք իմանում, որ ես ձեր դասերը չեմ պատրաստում»): «Ես ձեզ երկու կնշանակեմ», — ասաց նա, իսկ ես պատասխանեցի. «Դուք երկու նշանակելու իրավունք չունիք. եթե ես դասի գայի և դասս վատ պատասխանեի, այն ժամանակ իրավունք ունեիք երկու նշանակելու. իսկ այժմ, որ ես չեմ գալիս ձեր դասին, դուք միայն գիծ պետք է նշանակեք»: Էլի գոռգոռաց ուսուցիչը: Էլի Մոստիչյանը ներս եկավ և ասաց, որ երեկոյին տեսնեմ իրեն: Երեկոյին գնացի իր մոտ. նա մի ժամ խոսեց ինձ, բայց ես ականջ չտվի: Տեսարանը կրկնվեց, և Մոստիչյանը դարձյալ ինձ ասաց. «Երեկ ես քեզ մեկ ժամ խոսելով չհամոզեցի՞»: Ես, որ նախապես Շամտանճյանի հետ խորհրդակցել էի, իր թելադրանքի համաձայն պատասխանեցի. «Այո, դուք համոզեցիք, բայց ես չհամոզվեցի»: Զգալով որ շուտով ինձ դպրոցից կարտաքսեն, որոշեցի դպրոցից հեռանալ: Մեր խմբակից Երվանդ Անդրեասյանը գնաց Մանչեստր աշխատելու իր հորեղբոր մոտ, որ այնտեղ վաճառական էր: Միքայել Շամտանճյանը իր մի հարուստ մորեղբոր օժանդակությամբ գնաց Գերմանիա, գրականություն սովորելու: Ես մնացի մենակ, որովհետև Բառնաբաս Զաքարյանը շատ ողորմելի աշակերտ էր։ Նույն օրերին թերթում կարդացի մի հայտարարություն, որով Ատափազարի հայոց դպրոցի համար պատմության և աշխարհագրության ուսուցիչ էին ուզում: Որոշեցի գնալ այդտեղ: Դիմեցի Կեդրոնականի նախկին աշակերտ և բժշկական վարժարանի ուսանող Սյուքերյանին, որ ատափազարցի էր: Միտքս իրեն հայտնեցի: Նա քաջալերեց ինձ և մի հանձնարարական նամակ տվեց ինձ: Տուն եկա, հորս պատմեցի եղածը և հայտնեցի, որ ուզում եմ իբր ուսուցիչ Ատափազար գնալ: Նա հինգ մեջիդ տվեց ինձ իբր ճանապարհածախս և ազատ թողեց: == ՈՒՍՈՒՑԻՉ ԱՏԱՓԱԶԱՐՈՒՄ == Ատափազարը մի փոքրիկ հայաշատ քաղաք էր, որ գտնվում էր Փոքր Ասիայի արևմտյան ծայրը, շուրջ 40 000 բնակչով, ծովից դեպի ներս: Կոստանդնուպոլսից շոգենավով անցա Սկյուտար, Հայդար փաշայի երկաթուղին: Այստեղ վերցրի տոմս մինչև Նիկոմիդիա (թուրքերեն Իզնիմիտ կամ Իզմիտ) և ընկա ճանապարհ գնացքով։ Լսել էի, որ եթե ուղղակի մինչև Ատափազար տոմս առնեի, անպատճառ պետք էր անցագիր վերցնել, ինչ որ մեծ դժվարությունների հետ էր կապված: Իսկ եթե տոմսը լիներ մինչև Նիկոմիդիա և Նիկոմիդիայից նոր տոմս մինչև Ատափազար՝ անցագիր պետք չէր: Ուստի ես էլ Նիկոմիդիայում գնացքից իջնելով նոր տոմս վերցրի մինչև Ատափազար և նորից գնացք մտա առանց նույնիսկ քաղաքին ծանոթանալու: Շոգեկառքում լսեցի, որ միևնույնն է, գնացքից իջնելիս պիտի հարցնեն, թե ո՞րտեղացի եմ, և եթե ասեի, թե կոստանդնուպոլսեցի եմ, անպատճառ անցագիր պիտի պահանջեին: Ատափազարը երկաթուղու գծի վրա չի գտնվում. կայարանը գտնվում է Համիդիե կոչված վայրում, որ Ատափազարից կես ժամ ցածր է: Իջանք ուրեմն այդ կայարանում: Ես հազիվ 16 տարեկան պատանի, Կոստանդնուպոլսից երբեք դուրս չեկած, ամենևին ճամփորդություն չարած, անցագրի պահանջն էլ լսելով, սաստիկ վախեցած, չգիտեի ի՞նչ անեմ: Կայարանում նստել էր մի պատկառելի աստիճանավոր: Գնացի նրա մոտ, մի խոր «թեմելլահ» արի և ասացի. «Էֆենդիմ, ես Կոստանդնուպոլսից եմ գալիս, բայց անցագիր չունեմ. ասացեք խնդրեմ, անցագիր պե՞տք է, թե՝ չէ»: Պաշտոնյան դիտեց ինձ, ժպտաց և բարի ձայնով ասաց. «Գնա՛, տղա՛ս, գնա՛, անցագիր հարցնողը ես եմ. քեզ անցագիր պետք չէ»: Կառք նստեցի և հասա Ատափազար: Կառքը կանգ առավ քաղաքի ծայրին գտնված մի սրճարանի առաջ: Ճամփորդները գնացին քաղաք: Ես հանձնարարական նամակս ցույց տվի սրճարանում, ասացին որ այդ անձը այստեղ չէ, բայց քիչ հետո կգա: Արդեն երեկո էր, հետզհետե մթնում էր, բայց այդ մարդը չկար ու չկար: Սրճարանում նստած մարդկանց և սրճարանապետին շարունակ հարցնում էի, թե չեկա՞վ այդ մարդը, ո՞ւր է: Միշտ միևնույն պատասխանը՝ չի եկել, բայց անպատճառ կգա։ Կես գիշեր եղավ և ես, ճամփորդական պայուսակը ձեռքիս, դռան առաջ սպասում էի այդ մարդու գալուն: Վերջապես մարդը եկավ: Մոտեցա նրան, շատ հարգանքով բարևեցի, նամակը տվի ձեռքը: Երևի նամակը շատ երկար էր և կամ այդ անձը լավ կարդալ չգիտեր: Շատ երկար տևեց նամակի ընթերցումը: Երբ վերջացավ, մարդը դարձավ ինձ և հարցրեց. «Դուք ի՞նչ բանի համար եկել եք այստեղ»: «Մեջը գրված չէ՞», — հարցրի զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ. սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»: Երևակայեցեք իմ դժբախտ դրությունը. Սյուքերյանը հանձնարարական ասելով ինձ տվել էր առևտրական մի նամակ, միմիայն ութ կոպեկ խնայելու համար: Չարաչար խաբել էր ինձ: Մարդը բարի գիշեր մաղթեց և շտապ հեռացավ: Սրճարանում եղած մարդիկն էլ հեռացան և մնաց միայն մի հոգի և սրճարանապետը: Խանութը փակեցին և այդ երկուսը դիմելով ինձ հարցրին, թե ինչո՞ւ եմ եկել Ատափազար: Ես կարճ խոսքով պատմեցի, թե դպրոցի համար ուսուցիչ եմ եկել և կարծում էի, թե այն նամակը հանձնարարական էր: — Որևէ ծանոթ չունե՞ք այս քաղաքում: — Ոչ մեկին չեմ ճանաչում. առաջին անգամ եմ գալիս այս տեղ: Երկուսն սկսեցին խորհրդակցել իրար հետ, անշուշտ խղճալով ինձ և իմ վիճակի մասին մի դարման որոնելով: Քաղաքում հյուրանոց չկար, որպեսզի գնայի այնտեղ: Այս անելանելի դրության ո՞վ պիտի վերջ տար: Ես, իբրև Կեդրոնականի աշակերտ, կրում էի դպրոցի համազգեստը: Նրանք նկատեցին այդ և ասացին. «Այստեղ Կեդրոնականի աշակերտներ կան․ դուք չե՞ք ճանաչում նրանց»: — Օրինակ, ո՞վ: — Օրինակ, Ազատիկ Չեթեճյանին չե՞ք ճանաչում: Մեծ ուրախությամբ լսեցի Բ դասարանի այդ նախկին աշակերտի անունը: Նա ինձ ընկեր էր եղել, բայց ուսումը կիսատ թողնելով հեռացել էր։ Երկու տարի անցել էր այդ օրից: Ես հայտնեցի, որ նա իմ ընկերն է: Հաճախորդը առավ ինձ իր հետ, և մութ տեղը, այդ խավար փողոցներից անցնելով, հասանք Չեթեճյանի տունը: Դուռը բախեց: Վերի հարկի պատուհանից մի ձայն լսվեց. «Ո՞վ է»: Ես ճանաչեցի Չեթեճյանի ձայնը: Հաճախորդը՝ «Վար իջիր, գործ կա» ասելով, կանչեց նրան ցած: Ազատիկը իջավ, դուռը բաց արեց, ինձ տեսնելով իսկույն ճանաչեց և առավ վեր տարավ: Ամփոփ կերպով պատմեցի դպրոցում ունեցած կռիվներս, արտաքսվելու երկյուղս, լրագրում կարդացած հայտարարությունը Ատափազարի դպրոցի ուսուցչի պաշտոնի մասին, Սյուքերյանի խայտառակ նամակը և սրճարանում մինչև կես գիշեր սպասելս: Այս բոլորը լսելուց հետո Չեթեճյանն ասաց. «Խենթություն ես ըրեր. ես ալ ըրի այդ խենթությունը՝ Բ դասարանեն կիսավարտ դուրս եկա: Գնա, ուսումդ շարունակե և ավարտե: Ամոթ է, որ քեզ պես մեկը առանց ուսման մնա»: Այսպես մի անգամից Չեթեճյանը ճանապարհս կտրեց: Գիշերը նրա սենյակում քնեցի: Առավոտը վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գնալու: Բարձրահասակ մի գեղեցիկ կին, երեսը բամբակի պես սպիտակ, բայց ամոթից շառագունած, հագած ամբողջապես կարմիր հագուստներ, բայց շրջազգեստի փոխարեն լայնածավալ ասիական մի անճոռնի շալվար, առավոտյան սուրճը մատուցեց մեզ: Չեթեճյանի եղբոր կինն էր: Ուղղակի գնացինք դպրոց, ուր ուսուցիչ պիտի լինեի։ Դպրոցը լայնատարած մի սենյակ էր: Աշակերտները, գրասեղանի փոխարեն, հատակին էին նստած, մի-մի մինդարի վրա: Դպրոցի տեսուչը ընդունեց մեզ և երբ լսեց, որ ես իբր ուսուցիչ եկել եմ, սկսեց բարդել իմ վրա ինչքան առարկա որ կուզեք: Բացի պատմությունից և աշխարհագրությունից, որի համար եկել էի, տվեց նաև հայերենի, թուրքերենի և ֆրանսերենի դասեր: Ուզեց գլխիս կապել նաև եկեղեցական երաժշտություն, այսինքն՝ եկեղեցում տիրացություն անել, որից զզվելով զզվում էի: Այս վերջինը մերժեցի: Ազատիկը գնաց, իսկ ես մնալով, մի-երկու ժամ պարապեցի, կեսօրին տուն գնացի: Ազատիկին հայտնեցի, որ դասաբաժանումից դժգոհ եմ և ուզում եմ հեռանալ։ — «Աղեկ կընես, դուն գնա նորեն դպրոցդ շարունակե»: Հաջորդ օրը ման եկանք քաղաքում: Փողոցները նեղ չէին: Անցուդարձ անողների մեջ շարունակ տեսնում էի կարմիր հագած օրիորդներ կամ տիկիններ, որոնք հենց որ ինձ տեսնում էին, իսկույն երեսները պատին էին դարձնում և ուզում էին, որ ես անցնեմ: Այս էր տեղական սովորությունը: Ազատիկը ինձ տարավ քաղաքից դուրս պտույտի: Ատափազարցիների միակ զբոսավայրը Չարխն է: Սաքարիա նշանավոր գետի վրա շինված մի բարձր անիվ է դա, որ ջրի հոսանքով շարունակ պտտվում է և ջուրը գետից բարձրացնելով, թափում է մի նավի մեջ և տանում քաղաք: Երրորդ օրը ես հրաժեշտ տվի Ազատիկին, իջա Համիդիե կայարանը, տոմս վերցրի և նույն օրը հասա Սկյուտար։ Նույն տեղից շոգենավով դիմաց անցա և երեկոյին, մայրամուտից քիչ հետո, հասա տուն: Մերոնք ընթրիքի վրա էին: Իմ վերադառնալու վրա շատ ուրախացան: Անշուշտ երեք օրվա կարոտն էր խոսում: Հայրս ասաց. «Մենք ալ նստեր էինք, կմտածեինք կոր, որ նամակ գրենք. աղեկ ըրիր, որ եկար»: Հաջորդ օրը գնացի դպրոց: Մոստիչյանը կանչեց ինձ իր մոտ: Լսեր էր, որ Ատափազար եմ գնացել, հարցրեց. «Ինչո՞ւ գացիր»: — Որովհետև գիտեի, թե ինձի դպրոցեն պիտի արտաքսեք: — Այդ բանը մտքեդ հանե. մենք չենք կրնար արտաքսել աշակերտ մը, որ իր անձը հայերենի ուսման կուզե նվիրել: Այսպես հաշտվեցինք իրար հետ, և ես ուսումս շարունակեցի նախկին կարգով, իբր թե ոչ մի միջադեպ պատահած չլիներ: == ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ == 1893 թվականի հունիս ամսին սկսեցին մեր ավարտական քննությունները։ Դա մեր պայքարի հաղթանակի օրն էր. մեզ զատեցին գիտությունների քննությունից, որոնց դեմ պայքարել էինք: Դժբախտաբար պայքարողներից երկուսը հեռացել էին, առանց վայելելու իրենց պայքարի դափնին: Մնացել էինք ես և ողորմելի Բառնաբասը: Վերջին ածականս արդարացնելու համար պատմեմ հետևյալը: — Բառնաբասը ինձ հարցրեց. «Ի՞նչպես կզանազանես որ և զոր բառերը»: Ես պատասխանեցի՝ «Որը ուղղական է, զորը հայցական»: «Ի՞նչպես կհասկնաս, որ մեկը ուղղական է, մեկը հայցական»: Քննությունները Կովկասի ձևով եղան. այսինքն կազմված էր հարցերի ցուցակ, և մենք վիճակ էինք քաշում: Քննությունները դռնբաց էին և ամեն ոք կարող էր ներկա լինել և աշակերտներին ուզած հարցումը տալ: Ես բոլոր քննություններս մի առ մի չեմ նկարագրելու, այլ մի քանի կարևորները: Նախ՝ հայոց լեզուն (գրաբար): Ներկա էին, բացի Գարագաշից և Մոստիչյանից, մի խումբ օտար հյուրեր, որոնցից հիշում եմ Վիեննայի միաբան Հայր Գաբրիել Մենևիշյանին, որ նստած էր Գարագաշի անմիջապես կողքին, և Միսաք Գոչունյանին (Քասիմ), որ հայտնի էր իբրև Նարեկի թարգմանիչ: Երբ ես ներկայացա, առաջարկեցին վիճակ քաշել, իսկ ես հրաժարվեցի ասելով. — Հարցուցե՛ք ինչ որ կուզեք, ես պատրաստ եմ պատասխանելու: Բոլորը ուրախացան այս հանդգնությանս վրա: Խոսք առավ Մենևիշյանը և ասաց. — Խորենացվո մասին ի՞նչ կարծիք ունիս: Այն ժամանակ սուր կերպով դրված էր Խորենացու ժամանակի հարցը: Վիեննայի միաբանությունը ընդհանրապես հակառակ էր Խորենացուն, համարելով նրան խաբեբա պատմիչ: Այսպես էր դատում նաև, ինչպես գիտենք, Գարագաշը: Խորենացուն պաշտպանելը համարվում էր պահպանողականություն: Ես կանգնեցի միջին դիրքի վրա, և ասացի, որ, թեև մեր ուսուցիչ Գարագաշը բոլորովին հակառակ է ավանդական պատմության, բայց մի անգամից ամեն ինչ մերժել և Խորենացուն խծբըծանքի ենթարկել վաղաժամ է: — Ի՞նչ կըսե կոր, — հարցրեց Գարագաշը, որի ականջները ծերությունից բավական ծանրացել էին: Մենևիշյանը ծիծաղով և բարձրաձայն հայտնեց Գարագաշին. — Քու աշակերտդ քեզի հակառակ կխոսի: — Թող խոսի, թող խոսի, — ասաց Գարագաշը, — Վարդանը աղեկ տղա է: Խոսք առավ Գոչունյանը, որ իմ կողքին նստած էր: Հանեց գրպանից մի փոքրադիր Նարեկ և մի էջ բաց անելով առաջարկեց ինձ կարդալ և թարգմանել: Տեսնելով գիրքը Նարեկ է, ես հրաժարվեցի կարդալ, ասելով. — Մեր ուսուցիչ Գարագաշ էֆենդին մեզի արգիլած է ոչ-ոսկեդարյան գիրք կարդալ. եթե կթույլատրե՝ կկարդամ: — Ի՞նչ կըսե, — հարցրեց դարձյալ Գարագաշը: Մենևիշյանը նորից հայտնեց իմ ասածը և ասաց, որ իր հրամանին կսպասեմ: Գարագաշը արտոնեց: Ես սկսեցի կարդալ Նարեկը մաքուր առոգանությամբ և զգայուն շեշտով, և երբ ուզում էի թարգմանել, Գոչունյանը առավ Նարեկը ձեռքիցս ասելով. — Այսքան գեղեցիկ առոգանությամբ կարդալը բավական է ցույց տալու համար, որ աղեկ հասկցած ես. թարգմանել պետք չէ: Այսպես վերջացավ իմ հայերենի քննությունը. գուցե Գոչունյանն էլ դժվարանում էր հասկանալ Նարեկը և ուզեց պատվով դուրս գալ: Մենևիշյանը տեղից վեր կացավ, ձեռք տվեց ինձ և առաջարկեց, որ գնամ իրենց վանքը այցելության: Երկրորդը՝ տնտեսագիտության քննությունն էր: Ուսուցիչը՝ Շահնազար, ինչպես գիտենք, միշտ հակառակ էր ինձ հետ և շարունակ երկու էր նշանակում: Վիճակ քաշեցի և ընկավ «L’argent» (դրամը): Կարծես թե դիտմամբ եղավ: Բախտս այնպես բերավ, որ ընկավ այն գլուխը, որ ես շատ լավ գիտեի: Ջրի պես պատմեցի և դուրս եկա: Ինձնից անմիջապես հետո ներս մտավ Գևորգ Մկրտիչյանը, որ մեր խմբի ամենալավ սովորող աշակերտն էր: Սպասեցի մինչև նա դուրս եկավ և հարցրի, թե ինձ ի՞նչ թվանշան դրին: Գևորգը պատմեց, թե մի կռիվ սկսվեց Շահնազարի և քննիչների միջև: Շահնազարն ուզում էր անբավարար թվանշան դնել, ասելով, թե ամբողջ տարին ես երկու եմ ստացել: Մյուսները պահանջել էին, որ լավագույն թվանշան դնեն և վերջապես հաղթել էին: Երրորդը պատմելուց առաջ պետք է նկարագրեմ հետևյալ միջադեպը: Մի օր մի քիչ ուշացել էի և դպրոց էի վազում: Կամուրջի վրա պատահեցի մեր տաճկերենի ուսուցիչ Միրան էֆենդի Աբիկյանին։ Ըստ սովորության պետք էր մինչև գետին խոնարհվել և գետնի երեսից մինչև գլուխ «թեմելլահ» անել: Ես, որովհետև ժամանակ չունեի, միայն գլուխս ծռեցի և ծնոտից գլուխս «թեմելլահ» տվի: Նույն օրը հենց տաճկերենի դաս ունեինք: Կարծեմ Տելեմակ էինք կարդում: Աբիկյանը ինձ դասի կանչեց: Սքանչելի կարդացի և թարգմանեցի: Դասի վերջին, ըստ սովորության, Աբիկյանը նույն հատվածի միջից երեք դժվար բառ հարցրեց. այդ էլ իմացա։ Դարձյալ ըստ սովորության Աբիկյանը երեք քերականական հարց տվեց: Պետք է նկատել, որ տաճկերենի բառագանձը գումարն է երեք լեզվի՝ թուրքերեն, պարսկերեն և արաբերեն: Ամեն տեղ էլ սովորում են միայն պարսկերեն և արաբերեն քերականությունը, իսկ թուրքերեն քերականությունը ոչ ոք չի սովորում, որովհետև ամենքը գործնականապես գիտեն: Աբիկյանը, հակառակ ընդունված կարգի, հարցրեց թուրքերենի քերականությունից: Ես իսկույն հասկացա, որ կամուրջի վրայի կիսատ բարևի վրեժն է ուզում լուծել: Երեք հարցին էլ չպատասխանեցի: Ուսուցիչը երկու դրեց: Հաջորդ դասին նորից ինձ դասի կանչեց: Ես տեղից պատասխանեցի, թե դասս չգիտեմ: «Երկու կդնեմ», — ասաց: «Կուզեք զերո դրեք», — ասացի. և նա զերո դրեց: Այսպես ամբողջ տարին: Կռվում էինք աշակերտ և ուսուցիչ: Ուսուցիչը կարմրած, ուզում էր, որ անպատճառ դասի գամ, իսկ ես մերժում էի և զերո ստանում: Քննության օրը, երբ բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ հրավիրված նստել էին Աբիկյանի երկու կողքերը, ամոթ կլիներ ուսուցչի համար, որ ես վատ դուրս գայի: Նա կակղել էր: Ես էլ, արդեն տաճկերեն և պարսկերեն լավ սովորող աշակերտ, բոլոր հարցումներին լավ պատասխանեցի և բոլորի հրճվանքի առաջ լավագույն թվանշանը ստացա: Չորրորդը հիշեմ՝ Եղիա Տեմիրճիպաշյանի գրականության պատմությունը: Այստեղ էլ բախտս բերավ և դուրս եկավ Դանթե: Ես երբեք Դանթեն կարդացած չէի, ինչպես որ ոչ ոք էլ կարդացած չէր մեր ընկերներից: Այսօր էլ ոչ մի հաճույք չեմ զգում, մանավանդ թե ձանձրանում եմ Դանթեն կարդալով: Բայց ես մեր տետրակից լավ սովորել էի նրա կենսագրությունը և գրքի բովանդակությունը, որովհետև Բեատրիչեի սերը ինձ հիշեցնում էր նաև իմ սերը: Այս բոլորը շատ լավ պատմեցի և ստացա լավագույն թվանշան: Այսպես վերջացան մեր ավարտական քննությունները: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդեսը Ազգային երեսփոխանական ժողովի սրահում, որ գտնվում էր Կեդրոնական վարժարանի կողքին: 12 շրջանավարտ, որոնց մեջ և ես, ստացանք մեր ավարտական վկայականները։ Մոստիչյանը ինձ առանձնապես խորհուրդ տվեց չբավականանալ ավարտական վկայականով և Գարագաշից խնդրել մի առանձին վկայական իմ հայերենի գիտության մասին: Գարագաշը սիրով կատարեց խնդիրքս և տվեց ինձ երկու մեծադիր երես վկայական իր սեփական ձեռագրով գրված և ստորագրված: Այդ վկայականս մոտ 20 տարի առաջ ի պահ տվի Արարատ Ղարիբյանին և կարծում եմ՝ մինչև այժմ պահած կլինի: Բայց ես չբավականանալով այս երկու վկայականներով, որոշեցի դիմել Ուսումնական խորհրդին և քննվելով Քննիչ հանձնաժողովի կողմից՝ ստանալ հայերենի ուսուցչի պաշտոնական վկայական: Քննիչ հանձնաժողովը գումարվեց նույն Ազգային երեսփոխանական ժողովի մի սենյակում: Հանձնաժողովի նախագահն էր նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենը, որ Գարագաշի մերձավոր ընկերն էր: Ինքը թեև վիեննական չէր, բայց պաշտողն էր ոսկեղենիկ հայերենի և այնպես լավ գիտեր այդ լեզուն, ինչպես ոչ ոք Կոստանդնուպոլսում, բացի Գարագաշից: Ինքը և Գարագաշը միասին հրատարակել էին «Ճաշակ ոսկեղէն դպրութեան» ամսագիրը, զուտ մեսրոպյան հայերենով: Հակոբ Գուրգենը իմ քննության ներկա եղել էր Կեդրոնականում և արդեն ինձ ճանաչում էր: Բայց կարծեմ, թե բացի ինձնից ուրիշ ոչ մի թեկնածու չէր ներկայացել հանձնաժողովին և բացի Գուրգենից, ուրիշ ոչ ոք չկար քննիչներից: Գուրգենը մտերմաբար կանչեց ինձ իր մոտ և հայտնեց, թե ուսուցչական վեց աստիճան կա, որոնք են՝ ա) մասնագետ ուսուցիչ, բ) օգնական մասնագետ, գ) ուսուցիչ, դ) օգնական ուսուցիչ, ե) դաստիարակ, զ) օգնական դաստիարակ (վերջին երկու անուններով հասկացվում էին վերակացուները): Գուրգենը հարցրեց ինձ, թե «այս վեցեն ո՞րը կուզես»: «Առաջինը», — պատասխանեցի ես: «Առաջինը ես եմ», — ասաց Գուրգենը հայտնի հպարտությամբ, որին արժանի էր: Սրանից հետո Գուրգենը ասաց. «Այս տարի ես քեզ կուտամ երկրորդ աստիճանի վկայական, իսկ եկող տարի՝ առաջին աստիճանի»: Ես համաձայնվեցի: Գուրգենը առաջարկեց ինձ գրել որևէ բան մեսրոպյան գրական հայերենով: Քաշվեցի սեղանի մի կողմը և առանց որևէ բառարանի կամ օժանդակ միջոցի սկսեցի գրել. <poem>«Ի գրոց Թուրիյ և Բուրիյ առ Նանէ դիցուհին»:</poem> Այդ այն աղոթքն էր, որ ես գրել և կարդացել էի (աշխարհաբար լեզվով) Տեմիրճիպաշյանի առաջ և նույն նյութը, որ բերան գիտեի, գրաբարի վերածեցի և ներկայացրի Գուրգենին: Կարդաց վերնագիրը, բնականաբար ոչինչ չհասկացավ և հարցրեց, թե այս ի՞նչ բան է: Ես բացատրեցի, թե հին հայերը, կռապաշտության ժամանակ, ունեցել են աստվածներին նվիրված աղոթքների մի գիրք, որ կոչվում էր Թուրիյ և Բուրիյ, և որի աղոթքներից մեկը այս է: — Է՜ լավ, — ասաց Գուրգենը, — այդքան խորհրդավոր բաներ մտածելե ետք, այս ի՞նչ է, — ասաց և իմ գրաբարի մեջ ցույց տվեց երկուք բառը (հայտնի է, որ գրաբարում չի ասվում երկուք, որ գործիական հոլով է. ուղղականն է երկու, առանց ք-ի): Ես իսկույն պատասխանեցի. «Լերինքն երկուք մի դու էիր և մի թագաւորն Յունաց». այդպես կգրե Բուզանդը: — Գացիր եկար, այդ մեկ օրինակը գտար, — ասաց Գուրգենը։ Օգնական մասնագետի վկայականը ստացա: Մի քանի տարի պահել էի այդ վկայականը և 1906 թվականին, երբ մտա Նոր-Նախիջևանի դպրոցը, իբրև ուսուցիչ, այդ վկայականն էլ հանձնեցի դպրանոցի տեսուչ Երվանդ Շահազիզին: Լսել եմ, որ երբ թեմականի արխիվը փոխադրվել է Երևան (1920 թ.), այն վկայականն էլ ուղարկել են միասին: == ՍԱՄԱԹԻԱՅԻ ՆՈՐ ԹԱՂԻՑ ՍԱՐԸ ՅԱՐԻ ՆՈՐ ԹԱՂԸ == Մեր փողոցի ծայրին մի բաղնիս կար, որ բանեցնում էր Սեբաստիայի Քարհատ գյուղացի Ասատուր աղան: Նա մի որդի ուներ Կարապետ անունով, որ ինձ գրեթե տարեկից էր և սովորում էր Սամաթիայի դպրոցում, ինձնից 2 դասարան ցածր: Հաճախ միասին էինք գնում դպրոց և միասին վերադառնում: Բաղնիսի բոլոր աշխատավորները սեբաստացի էին, ինչպես Կոստանդնուպոլսի բոլոր բաղնիսներում: Մի օր հայրս գնացել էր այդ բաղնիսը և լողանալուց հետո արտաքին սրահում քնել էր գլուխը մարմարե պատին հենած: Մեկ ժամ այսպես քնելուց հետո, վեր էր կացել և տեսել էր, որ գլուխը սաստիկ պտտվում է: Անշուշտ այդ գլխապտույտը առաջացել էր քրտնած գլուխը սառը քարի վրա երկար պահելուց: Դիմեց բժիշկներին, բայց ոչ մի օգուտ չստացավ: Ամբողջ օրը և հատկապես գիշերները, մանավանդ նեղ փողոցներում, պատեպատ էր ընկնում։ Տեսնողները հարբած էին կարծում և ասում էին, թե Հակոբ աղան ոչ միայն գիշերները, այլև ցերեկներն էլ է խմում: Վերջապես հորս խորհուրդ տվին օդափոխության համար Սարը յար գնալ: Այդ ամառ գացինք Սարը յար ընտանյոք և մի հույնի տան մեջ ամառը անց կացրինք: Հայրս տեսավ, որ օդափոխությունը լավ է ազդում։ Ծովն էլ խիստ շատ էր սիրում, ուստի որոշեց բոլորովին փոխադրվել Սարը յար: Սամաթիայի մեր տունը վարձու տվինք մի հույն ընտանիքի, և մենք ամբողջովին փոխադրվեցինք Սարը յար: Վարձեցինք մի երկհարկանի փոքր տուն, որ ուներ երեք սենյակ, պատկանում էր մի թուրքի և գտնվում էր ծովափին, հետևի կողմից ունենալով պղնձահանքի բարձր բլուրը: Կոստանդնուպոլիսը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև և փռված է ամբողջ Բոսփորի երկարությամբ: Դիմացը ասիական ափն է, որի վրա են գտնվում Քաղկեդոն (այժմ Գադը գյուղ) և Սկյուտար, որոնք հին ժամանակ առանձին քաղաքներ էին, իսկ այժմ համարվում են Կոստանդնուպոլսի թաղերը: Այս ափը եվրոպական մասն է, որ Ոսկեղջյուրով բաժանված է երկու մասի. աջ կողմը բուն Կոստանդնուպոլիսն է, հին Բյուզանդիոնը, ուր այժմ էլ բնակվում է ժողովրդի մեծ մասը. իսկ ձախ կողմը գտնվում են Ղալաթիա և Բերա թաղերը, որոնք առաջ պատկանում էին իտալացիներին: Այնուհետև գալիս են ամբողջ եվրոպական ծովափի երկարությամբ Կոստանդնուպոլսի զանազան թաղերը, որոնք այժմ գյուղ են կոչվում: Բերայից քիչ անց Սուլթանի պալատն է, հետո գալիս են ուրիշ գյուղեր, մինչև Ենիքյոյ, որ Բոսփորի կեսն է: Սրանից հետո գալիս են Սթենիա, որ Բոսփորի ամենանեղ մասն է, Թարափիա, Բյոյուքդերե, Մեզար-բուռնու, Սարը յար, Գավագ և վերջապես՝ Ֆեներ: Բյոյուք դերեյից սկսում են ամառանոցները: Ինքը Բյոյուք դերեն եվրոպական դեսպանների ամառանոցն է: Նշանավոր է ծովադիր ռուսական դեսպանատան ամառանոցը, որ դեպի սարը ահագին տարածությամբ հողեր ունի: Սրա ճիշտ կողքին է Աբրահամ փաշայի ամառանոցը, որ ռուսական դեսպանատնից քիչ ավելի ընդարձակ անբնակ հողեր և անտառներ ունի: Աբրահամ փաշան որդին էր Կարապետ պեյ Երամյանի, որի համար Պարոնյանը իր «Ազգային ջոջեր» -ում իբրև կենսագրական երեք անմոռանալի տողեր է նվիրած. <poem>«Կարապետ պեյ Երամյան: Սև աչքերով, սև հոնքերով մարդ մըն է: Մզկիթ մը շինել տված է»:</poem> Մզկիթը գտնվում էր Բյոյուք դերեյի ծայրին, հայոց եկեղեցու մոտ, և սակայն թուրքերը արհամարհելով այդ մզկիթը, իբրև հայի շինվածք վերածել էին արտաքնոցի: Այս տողերս առասպել չեն: Հաճախ անցնում էի այդ տեղով և տեսնում էի ապականյալ վայրը: Մզկիթը արտաքնոց մնաց չգիտեմ քանի տարի: 1910 թվականին, երբ Կոստանդնուպոլիս էի գնացել, տեսա որ թուրքերը արտաքնոցը սրբավայրի էին վերածել: Հինը մոռացվել էր: Սարը յարը բնակված էր թուրքերով և հույներով: Հայ շատ քիչ կար, այնքան, որ եկեղեցի չունեին, այլ միայն մի փոքր դպրոց, որ ուներ միայն մի ուսուցիչ: Ես ծանոթացա նրա հետ, և նա տվեց ինձ ամենակարևոր մի տեղեկություն: Հայտնեց, թե ինքը Զմյուռնիայի կուսակալության Պուրտուր գյուղից է: Այս գյուղը, ինչպես և նրա հարևան Օդեմիշ գյուղը գաղթած են Ղարաբաղից և պահել են մինչև այժմ իրենց բարբառը: Երկու բառ միայն հիշում եմ իր ասածներից. <poem>Ճընա՜նչըմ չիմ «չեմ ճանաչում»: Փողըմբեր «լումայափոխ, սարաֆ»:</poem> Երկու կամ երեք դար առաջ Սարը յարը ունեցել է բավական ստվար հայություն, որ ինչ-որ աղետալի պատճառով մահմեդականություն է ընդունել: Սարը յարի այժմվա թուրքերի կալվածագրերում կարդում ենք, օրինակ, Կարապետ օղլու Ալի, Գիրքոր օղլու Հասան և այլն: Այս տեղեկությունը 1893 թվականին տվեց ինձ սարըյարցի մի հայ տղա, որ սովորում էր թուրքերի դպրոցում: Այս մասին ավելի ընդարձակ խոսել եմ «Հայկականք» շարքում: Սարը յարը սքանչելի բնական գեղեցկություն ունի: Հատկապես նշանավոր են իր ջրերը, որոնք գտնվում են ծովափից դեպի ներս, մինչև մեկ ժամ հեռավորությամբ: Դրանք հետևյալներն են. Ճըռճըռ–սու, որ գիշեր-ցերեկ վազում է ճկույթի հաստությամբ. շուրջը կանգնած են բազմաթիվ հաճախորդներ և հավաքում են իրենց շիշերի կամ սափորների մեջ այդ ջուրը, որ համարում են միզաքար հիվանդության բուժիչ միջոց: Մինչև անգամ սուլթանի կառքը ամբողջ ժամանակ սպասում է այդտեղ և ջուր է վերցնում: Մի կաթիլ անգամ ջրից չի կորչում: Ճըռճըռի դիմացը, բարձունքում, գտնվում է Հյունքյար-սու, որ երեք խոշոր ծորակներով աղբյուր է. սրա ջուրը քաղցր համ ունի, մինչդեռ նախորդը այնքան պարզ է, որ չես իմանում խմեցիր, թե չէ: Հյունքյար-սուի ջուրը շատ առատ լինելով, տակառներով հավաքում են և ծախում տներում: Հյունքյարից մի քիչ այս կողմ գտնվում է Քեստանե–սու, որ մի աղբյուր է միայն շագանակենիների անտառի մեջ: Այս երեք աղբյուրներից դուրս, Սարը յարի ծայրին գտնվում է Օթուզ–բիր–սու, որ գտնվելով ծովափի ժայռերի մեջ, դժվարամատչելի է: Սարը յարի մեջտեղում, տաճկական մզկիթի դիմաց, գիշեր-ցերեկ անընդհատ հոսում են երեք մշտահոս ծորակներով սառը համեղ ջրեր: Մի աղբյուր էլ Բյոյուք դերեյից դեպի ներս, ընդարձակ անտառի մեջ, ծովափից մի ժամ հեռու է գտնվում: Անտառի սկզբում կա մի հոյակապ ծառ, որի համար ավանդում էին, թե խաչակրաց ժամանակ գոյություն է ունեցել և նրա հովանու տակ ժողով են գումարել Կոստանդնուպոլիսը գրավող խաչակիրները: Ահա այսքան ջրաշատ և գեղեցիկ զբոսավայրերով լիքն է Սարը յարը: Երբ բարձրանում ենք պղնձահանքի ետևում գտնված բլուրը, միանգամից բացվում է մեր առաջ ամբողջ Բոսփորի սքանչելի համայնապատկերը՝ Սև ծովից մինչև Մարմարայի ծայրը: Ամեն ազգի շոգենավեր, իրենց ազգային դրոշակներով, գնում են ու գալիս, հիանալի զանազանություն ստեղծելով դիտողի առաջ։ Մեղմիկ քամին ծովից փչում է շարունակ, այնպես որ դիտողը ժամերով թեկուզ դիտի չի ձանձրանում: Երթևեկությունը Սարը յարից մինչև Կոստանդնուպոլսի կամուրջը շատ կանոնավոր էր։ Տաճկական շոգենավային մի ընկերություն ուներ երեսունի չափ գեղեցիկ և սրընթաց շոգենավեր, որոնք ժամը մեկ մեկնում էին Կոստանդնուպոլսի կամրջից և Սարը յարից: Այդ ճանապարհը տևում էր մեկ և կես ժամ, վճարը 20 կոպեկ (100 փարա): Այնքան հաճելի և օգտակար էր այդ ճամփորդությունը, որ բժիշկները իրենց հիվանդներին առաջարկում էին օրական մեկ անգամ Սարը յար գնալ-գալ շոգենավով, լավ օդ շնչելու և կազդուրվելու համար։ Ես Սարը յար մնացի 1892 թվականից մինչև 1894 թվականը: Երբ Կեդրոնական վարժարանը ավարտեցինք, բոլոր 12 ընկերներով որոշեցինք մի զբոսանք սարքել։ Որոշված օրը 11 ընկերներս Կոստանդնուպոլսի կամրջից շոգենավով մեկնելով, եկան Սարը յար և իջան մեր փոքրիկ տունը: Իսկույն ուտելեղեն վերցնելով կառքեր վարձեցինք և ծովափով գնացինք մինչև Բյոյուք դերե, այդ տեղից դեպի աջ, անտառը թեքվելով գնացինք Պենտեր: Երկու ժամից ավելի ճանապարհ է կառքով, երկու ընդարձակ անտառների միջով: Բոլորիս համար էլ առաջին այցելությունն էր դեպի Պենտեր գնալը: Դժվար է նկարագրել ճանապարհի գեղեցկությունը և ավելի դժվար է նկարագրել Պենտերի հոյակապ տեսարանը: Պենտերը մի չափազանց մեծ արհեստական լիճ է, քառակուսի, մարմարյա քարերով սարքած: Ջուրը ամբողջովին լցված էր այդ մեծակառույց ավազանի մեջ և դուրս էր հոսում: Ճարտարապետ Պալյանն էր շինել այդ Պենտերը, որի միջոցով Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը ջուր են ստանում: Խողովակներով ավազանի տակից ջուրը գնում է մինչև Կոստանդնուպոլիս և այնտեղից բոլոր թաղերի վրա բաժանվում: Մեր գավառացի ընկերները իրենց գեղջկական կյանքում, անշուշտ, վարժված էին այսպիսի զբոսանքների: Թևերը քշտեցին, ընկան ծառերի վրա, կոտրատեցին ճյուղերը և անտառի մեջ մի բացավայրում խարույկ վառեցին: Բոցերը բարձրացան և երկար ժամանակ վառելուց հետո իջան, մատակարարելով մեզ համար ախորժելի կրակ: Ծառի ճյուղերը կտրելով, պատրաստեցին շամփուրներ և խորովածի հոտը երկինք բարձրացավ: Մեր երեք թուրք կառապանների հետ միասին 12 հոգի, կերանք ու խմեցինք մինչև երեկո և երեկոյան դեմ վերադարձանք տուն: Գիշերը բոլոր ընկերներս մեր տունը մնացին: Որովհետև շատ սենյակներ չունեինք, ուստի բարձրացանք չարդախը, ուր մայրս անկողիններ փռեց հատակի վրա և բոլորը (10 հոգի) իրար կողքի քնեցին: Միայն Ներսես Թյուլյանը (Աննկի եղբայրը), իբրև «ազնվական», չուզենալով քնել նրանց հետ, իջավ ցած և ինձ հետ միասին քնեց իմ սենյակում: == ՍԱՐԸ ՅԱՐԻ ԸՆԿԵՐՆԵՐՍ == Փոխադրվելով Սարը յար, բնականաբար, իմ կապը հին ընկերներիս հետ պիտի կտրվեր և նոր ընկերներ պիտի գտնեի: Նոր ընկերներիս մեջ ամենից զարմանալին եղավ Մկրտիչ Հովհաննեսյան անունով մի պատանի, որ բնակվում էր Թարապիա թաղում, հորից ու մորից որբ, ամուր կազմվածքով մի տղա, որ նավաշինարանում բանվոր էր: Որովհետև Թարապիայում հայ չկար, ուստի շարունակ գալիս էր մեր թաղը: Այնքան հմուտ էր իր արհեստի մեջ, որ իր ձեռքով շինել էր մի փոքր շոգենավ, որ ջրի վրա դնելով՝ գնում էր: Իբրև այն ժամանակի մոլեռանդ ազգասերներից մեկը, իր իդեալն էր գնալ Անգլիա, մտնել պետական նավաշինարանը, կատարելագործել իր ուսումը և այնպես սիրելի դառնալ գործարանատիրոջ, որ արժանի լիներ նրա աղջկա հետ ամուսնանալու, հետո նավատորմիղ կառուցելով Հայաստանին օգնության գալ: Անմեղ մանկություն, անմի՜տ երազներ…: Ինձ հետ նա շատ մոտիկ էր: 1894 թվականից հետո ես նրան այլևս չտեսա: Բայց 1897 թվականին, երբ Փարիզումն էի, իրենից մի նամակ ստացա, որտեղ հայտնում էր, թե «երազներիս կեսը կատարվեց. անգլիական նավաշինարանում բանվոր եմ, գործարանատիրոջ աչքի լույսն եմ, մնացյալն էլ հուսով եմ, որ կլինի»: Հրավիրում էր ինձ իր մոտ հյուր 10—15 օրով, իր մոտ մնալու համար: Բայց որովհետև ես այն ժամանակ չափազանց աղքատ դրության մեջ էի, չկարողացա գնալ: Եթե միայն 7 1/2 ֆրանկ ունենայի (շուրջ 3 ռուբլի), ես այն ժամանակ Անգլիան տեսած կլինեի: Մի տարօրինակ ընկեր էլ ունեցել եմ, որի անունը չեմ հիշում: Նա բնիկ սարըյարցի հայ էր և սովորում էր թուրքական դպրոցում: Ոչ մի անգամ հայ աշակերտը թուրքական դպրոցում չի սովորում: Դա մի չտեսնված բացառություն էր: Այդքան արհամարհում են հայերը թուրքական դպրոցները: Այդ տղան նա էր, որ պատմեց ինձ, թե Սարը յարի թուրքերը նախկին հայեր էին, ինչպես տեսանք վերևում: Մի զվարճալի դեպք եմ ուզում պատմել այս տղայի մասին: Լուսնակ մի գիշեր ման էինք գալիս ծովափին: Գնացինք գյուղից դուրս, բարձրացանք քարաժայռերի վրա և մի ժայռի վրա նստեցինք: Հանկարծ այդ տղան դարձավ ինձ և ասաց. — Հուզված եմ. կտոր մը թուղթ և մատիտ տուր, ոտանավոր մը պիտի գրեմ: Տվի: Այս տղան լուսնի լույսով մի քանի տող մրոտելուց հետո սկսեց կարդալ. «Լուսնկային պես երազուն, Մաքուր, ինչպես լեռներու ձյուն, Թող կաթի սերդ իմ սրտիս մեջ…» Այստեղ դադարեց նա կարդալուց և սկսեց մտածել… իսկ ես շարունակեցի՝ «… Որ ծարավի Է գորովի…» Տղան զարմացավ և ասաց. — Այդ որտեղե՞ն գիտես: — Երբ այդ երեք տողերը կան, բնականաբար հաջորդ տողերն ալ այսպես պետք է ըլլան: Տղան լռեց, քարաժայռից ցած իջանք, հանդիպեցինք մեր ընկերներին, որոնց պատմեցի տեսարանը, ասելով. — Այս խեղճ ողորմելին, թուրք դպրոցի աշակերտ, կուզեր խաբել Կեդրոնականի շրջանավարտիս, Չոպանյանի «Թուղթին փառքի» մեկ ոտանավորը իրեն վերագրելով: Դժբախտաբար տողերը մոռցեր էր, և երբ ես լրացուցի, զարմանքով հարցուց, թե որտեղե՞ն գիտես: Չոպանյանը նոր էր հրատարակել իր «Թուղթին փառքը» և մենք, իբրև իր ընկերները, բոլորս կարդացել էինք այդ գիրքը և նրա միջից այդ մի փոքրիկ ոտանավորը սովորել: Զարմանալին այն էր, որ խեղճը հավատաց, թե այն երեք տողից հետո անպատճառ պիտի հաջորդեին մյուս երկու տողերը, որոնք հանգով էլ նույնը չեն: Մի ուրիշ լավ ընկեր էլ ունեցա, Տելեմաք Զանըմյան (ուրիշ անունով՝ Արտաշես): Նրա փոքր եղբայրը՝ Արտավազդ, Կեդրոնականի Գ դասարանի աշակերտ էր, սիրուն դեմքով մի տղա: Նրա մորեղբայրն էր Մկրտիչ էֆենդի Պեիտերյանը, որ շատ նշանավոր փորագրիչ էր և իր նմանը չուներ Կոստանդնուպոլսում: Պետական թղթադրամների նկարը ինքն էր պատրաստում: Մի մատանու քարի վրա Ղուրանի մի ամբողջ տուն էր փորագրել և նվիրել սուլթանին, որի համար պատվանշան էր ստացել: Չափազանց տարօրինակ (արտակենտրոն) անձ էր. մարդու հետ չէր խոսում, ծխելը այնպես էր ատում, որ ծխողների հետ խռովում էր: Չէր ամուսնացած և իր քրոջ ու նրա երկու զավակների հետ ապրում էր իրենց սեփական տան մեջ, ծովափի ծայրին: Այդ տնեցիների հետ ես շատ մոտիկ էի: Շատ էր սիրում Տելեմաքին, որին նկարչության դասեր էր տալիս և հույս ուներ, որ մի օր նշանավոր նկարիչ կդառնա: Մյուս ընկերս էր Հրանտ Խանճյանը, որ Կեդրոնականի Ե դասարանի աշակերտ էր, մի ոտքով կաղ, մասնագետ հաշվապահության և տնտեսական աշխարհագրության: Նրա հայրն էր Սահակ Ա. Խանճյանը, որ հին գրաբարագետ տաղաչափ էր և հրատարակել էր «Փունջ ծաղկանց» անունով բանաստեղծությունների մի հատոր: Սահակ Խանճյանը բնակվում էր Բյոյուք դերեում և բարձունքի վրա ուներ մի բարձրակարկառ սեփական տուն: Հայոց եկեղեցու և դպրոցի հոգին էր. ինքն էր կառավարում ամբողջ դպրոցը, որի միակ ուսուցիչն էր. ինքն էր կառավարում մի քահանայի հետ ամբողջ եկեղեցին, որի թե՛ սարկավագը, թե՛ լուսարարը և թե՛ տիրացուն էր Հրանտի հետ: Հաճախ շոգենավով դպրոց էինք գնում-գալիս: Գրաբարի լավ սեր ուներ: Ստանում էր «Հանդէս ամսօրեայ» և միասին կարդում էինք: Հետագայում, դպրոցը ավարտելուց հետո, նա հաշվապահ դարձավ և հրատարակեց «Թուրքիո տնտեսական աշխարհագրությունը»: == ՊԱՇՏՈՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ == Շրջանավարտ լինելուց հետո, իմ երազն էր Վիեննա գնալ: Հայերենի քննության ժամանակ ներկա էր եղել Վիեննայի Մխիթարյան միաբաններից Հայր Գաբրիել Մենևիշյանը: Իրար հետ լավ ծանոթացանք: Տեսնելով իմ հայերենի սերը, հրավիրեց ինձ իր մոտ, որպեսզի ցույց տար իր աշխատանքները: Գնացի իրենց վանատունը: Հարցրեց, թե ի՞նչ ծրագիր եմ մշակում ապագայի համար: Ես պատասխանեցի, թե իմ երազն է Վիեննա գնալ և վանքում հայերեն սովորել: Ուրախացավ և զարմացավ. հետո հարցրեց. «Հապա կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերության արժեք չեմ տար, — ասացի, — կընդունիմ կաթոլիկ դավանանքը»: Այս խոսքիս վրա է՛լ ավելի ուրախացավ և խոսք տվեց, որ անպատճառ կգրի Վիեննա և կաշխատի, որ իմ դիմումը ընդունեն: Այնուհետև սկսեց ցույց տալ իր աշխատանքները: Բերեց մի մեծահատոր կազմած ձեռագիր և ասաց, թե դա հայերենի ստուգաբանական բառարանն է, որ ինքն է կազմում: Ուրեմն ձեռագիր աշխատություն էր: Սկսեց թերթել այդ մեծադիր հատորը: Սքանչելի թուղթ, բայց բոլորը պարապ: Թերթում էր տասնյակ թերթեր և հազիվ մի անկյունում գտնում էր գրված ածուխ = ռուսերեն уголь: Տարօրինակ տպավորություն թողեց վրաս այդ նշանավոր հայագետի պարապ աշխատությունը: Ինքն էլ տեսավ զարմանքս և ասաց, թե դեռ նոր է սկսել, ապագային լրացնելու հույս ունի: Մենևիշյանին թողնելով իր վանատան մեջ, գնացի «Հայրենիք» թերթի խմբագրատունը: Խմբագրապետն էր Արփիար Այվազյանը, անհամակրելի, դաժան դեմքով, տաճկական լրբենի կերպարանքով մի մարդ, իսկ թերթի արտոնատերն էր Հովհաննես Շահնազարը, որ մեր իրավաբանության և տնտեսագիտության ուսուցիչն էր եղել: Նա էլ հրավիրել էր ինձ խմբագրատուն և հետաքրքրվում էր իմ ապագայի հարցով: Նա էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում անել: Ես հայտնեցի, որ ուզում եմ Վիեննայի վանքը մտնել և հայագիտություն սովորել: Շահնազարը կաթոլիկ էր, ուրախացավ իմ նպատակի վրա և հարցրեց. «Իսկ կրոնական տարբերությո՞ւնը»: «Ես կրոնական տարբերությանը արժեք չեմ տալիս», — պատասխանեցի: Ավելի ուրախացավ, գուցե և հրճվեց և խոստացավ անպատճառ դիմել Վիեննայի վանքը և իմ գործը հաջողցնել: Այս երկու նշանավոր մարդկանց խոստումին վրա վստահ, ես մի-երկու շաբաթ սպասեցի պարապ քարշ գալով և ոչ մի տեղ ուրիշ դիմում չանելով: Երկու շաբաթ հետո նորից այցելեցի խմբագրատուն, Շահնազարին, և ինչպես միշտ՝ պատասխան ստացա, թե դեռ նամակ չեն ստացել: Խոսակցության մեջ Շահնազարը նորից շոշափեց կրոնի հարցը, և որովհետև ինքը մեզ մոտ համարված էր իբրև կրոնական խտրություն չընդունող մի մարդ, միամտությամբ պատասխանեցի. «Կգնամ Վիեննա, կաթոլիկություն կընդունիմ, ուսումս կավարտեմ, կվերադառնամ, էլի՛ կանցնեմ իմ դավանանքին»: Շահնազարից հետո դարձյալ գնացի Մենևիշյանի մոտ, որից նույն պատասխանը ստացա: Նամակ չկար: Նրա հետ էլ նորից խոսք բացվեց կրոնի մասին, և ես միամտորեն ասացի այն, ինչ որ ասել էի Շահնազարին: Կորավ ամեն ինչ… Զգացի, որ մեծ սխալմունք գործեցի, իմ գործը իմ ձեռքով քանդեցի: Մենևիշյանը, կեղծ ժպիտը երեսին, խոստացավ էլի գրել և պատասխանը հաղորդել ինձ: Այնուհետև մի քանի անգամ էլ գնացի թե՛ խմբագրատուն և թե՛ Մենևիշյանի մոտ, բայց պատասխան չստացա: Վերջապես Մենևիշյանը հայտնի կերպով ասաց ինձ. «Այդ պայմանով չեն ընդունիր. կուզեն որ աշակերտը մանկութենեն կաթոլիկ վանքի մեջ մեծցած ըլլա. ուստի քեզ չեն ընդունիր»: Այսպես վերջացավ իմ Վիեննա գնալու երազը: Այժմ պետք էր մի ուրիշ տեղ գործ գտնել: Իմ բոլոր ծանոթները հասարակ մարդիկ էին. չունեի մեկը, որ միջնորդեր որևէ դպրոցում պաշտոն գտնելու համար: Միակ ծանոթ անձերը, որոնց կարող էի դիմել, երկուսն էին, մեկը մեր տեսուչ Մոստիչյանը և մյուսը մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը: Դիմեցի այս երկուսին: Առաջինը հայտնեց, թե առայժմ ոչ մի տեղ չունի և եթե մի տեղ ճարի՝ ինձ կասի: Երկրորդը զանազան գավառների դպրոցների վարչության հետ կապ ուներ և խոստացավ գրել Չոռլու, ինձ այնտեղ թուրքերենի ուսուցիչ ուղարկելու համար, ամսական 2 ոսկի վճարով: Իր գրասենյակը գտնվում էր Մահմուդ փաշա փողոցի վերի ծայրը: Առաջարկեց ինձ այսինչ օրը, այսինչ ժամին գնալ իր մոտ պատասխան ստանալու համար: Գնացի, մարդ չկար. ժամերով սպասեցի, ոչ ոք չեկավ: Քանի-քանի օր այսպես, երեկոները գնում էի այդ գրասենյակը և վերջապես մի օր գտա Աբիկյանին: Գետնամած «թեմելլահ» արի, ինչպես ինքը պահանջում էր և խնդիրքս կրկնեցի: «Վաղը եկեք». այս եղավ իր պատասխանը: Թե քանի անգամ այդպիսի «վաղը եկեք»-ներ լսեցի և քանի անգամ դուռը փակ գտա, չեմ կարող պատմել: Հուսահատությունից չգիտեի ինչ անել: Ամեն մարդ մի գործ գտել է, դպրոցները բացվել են, իսկ ես անգործ թափառում եմ: Չէի կարողանում տոկալ հատկապես հորս նախատինքին. «Այսքան տարի է դպրոց ուղարկեցի, ուսում տվի, ոչ մի բանի պետք չես: Եթե ատաղձագործի մոտ աշակերտ տված լինեի, հիմա վարպետ դարձած կըլլայիր և շաբաթական մեկ մեջիդիե տուն կբերեիր»: Կոստանդնուպոլսում Սմբատ Դավիթյան անունով մեկը մի գործակալություն էր հիմնած անգործ ուսուցիչներին գործ հայթայթելու համար: Բոլոր գավառներից, որ դպրոցը որ կարիք ուներ ուսուցչի՝ դիմում էր նրան և իր պայմանները առաջարկում: Նմանապես Կոստանդնուպոլսում, ո՛ր ուսուցիչը որ պաշտոն էր փնտրում, դիմում էր նրան: Եթե Դավիթյանը մի պաշտոն գտներ դիմող ուսուցչի համար, իր առաջին ամսավճարը պիտի տար նրան, իբրև աշխատանքի վարձատրություն: Մյուս կողմից Դավիթյանը մի գումար էլ դպրոցից պիտի ստանար: Ես էլ դիմեցի Դավիթյանին, ներկայացրի շրջանավարտի վկայականս, Գարագաշի վկայագիրը և Ուսումնական խորհրդի փառավոր վկայագիրը: Այս բոլորը տեսնելով շատ ուրախացավ և հայտնեց, որ Նազիլլի քաղաքում (Զմյուռնիայի մոտ, հռչակավոր քաղաք էր արտադրած թուզի պատճառով) հայոց լեզվի ուսուցչի պաշտոն կա, որ ամսական 5 ոսկի վճարով ընդունեցի: Բայց պետք էր վերջնական բանակցությունները վարել, որի համար մի քանի օր ժամանակ խնդրեց: Իսկույն եկա տուն և հայտնեցի հորս, թե Նազիլլի պիտի գնամ: Հինգ ոսկի ամսականը և քաղցրահամ թուզի հեռանկարը շատ ուրախացրեցին հորս և սպասում էինք վերջին որոշման: Պատահեցի Միհրան Աբիկյանին և գետնամած «թեմելլահ»-ով հայտնեցի, որ մեկնելու եմ Նազիլլի: «Ի՞նչ կարիք կա Նազիլլի երթալու. ես Չոռլուեն պատասխան եմ ստացեր. 4 ժամվան ճամփա է. ես անպատճառ Չոռլու պիտի ղրկեմ քեզ»: Գնացի նաև Մոստիչյանին, հայտնելու թե երկու տեղ գտա, Չոռլու՝ թուրքերենի ուսուցիչ ամսական 2 ոսկի վճարով և Նազիլլի՝ հայերենի ուսուցիչ ամսական 5 ոսկի վճարով: Ուզեցի իմանալ, թե այս երկուսից ո՛րը ավելի հարմար է գտնում: — Ոչ մեկը, — պատասխանեց Մոստիչյանը, — որովհետև մենք ալ ուսուցչի պետք ունինք. Կեդրոնականի նախակրթարանի մեջ հայերենի դասեր կուտաս, ամսական 3 ոսկի վճարով: Մյուս կողմեն Գատը գյուղի դպրոցին մեջ ալ հայերենի դասեր կուտաս ամսական 2 ոսկի վճարով: Գնացի Դավիթյան գործակալությունը՝ պարտաճանաչ մարդու ճշտությամբ և Նազիլլին մերժեցի: Դավիթյանը շատ տխրեց և ուզում էր ինձ տարհամոզել, ոչ թե իմ օգտի, այլ իր 5 ոսկի կորստի համար։ Տուն գնացի, հայրս ավելի ուրախացավ, որ մնում եմ Կոստանդնուպոլսում, և այսպես սկսեցի ուսուցչական պաշտոնս 1893 թվականին և շարունակում եմ 60 տարի մինչև այժմ (1953 թ. մարտի 22): == ՂԱԼԱԹԻԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ == 1893 թվականի աշնանը սկսեցի հայերենի դասեր տալ այդ դպրոցում, որ մի կողմից Ղալաթիա թաղի թաղային դպրոցն էր, մյուս կողմից Կեդրոնական վարժարանի նախակրթարանն էր համարվում: Դպրոցը գտնվում էր Կեդրոնականի շենքի ճիշտ աջ կողմում, Ղալաթիայի եկեղեցու դեմ առ դեմը, Ազգային մատենադարանի, Ազգային երեսփոխանական ժողովի և այլ ազգային նշանավոր հիմնարկների կողքին: Այդ դպրոցում ես մնացի շուրջ մի տարի, 1893 թվականի աշնանից մինչև 1894 թվականի ամառը: Թեև մի տարին փոքր բան չէ, բայց ես ոչ մի հիշատակ չունեմ այդ դպրոցից, բացի այն, որ ես այնտեղ ուսուցիչ եմ եղել։ Նույնիսկ ուսուցիչներին էլ չեմ հիշում, որովհետև մեր տեսուչը Մոստիչյանն էր: Հիշում եմ միայն մի դեպք: Դասարանում պարապում եմ աշակերտների հետ, կեսօրից հետո է: Հանկարծ տեսնում եմ բոլոր աշակերտները, ինչպես նաև հաջորդ դասարանի աշակերտները, տեղից վեր կացած գոռում են «երկրաշա՜րժ» և գլխապատառ դուրս են փախչում: Ես թեև ոչ մի ցնցում չզգացի, բայց ստիպվեցի դուրս գալ: Կողքի դասարանի ուսուցչուհին ուշագնաց ընկել էր գետին. պետք էր օգնել: Մի քանի մեծ աշակերտների հետ միասին գրկեցինք նրան և դուրս հանեցինք: Հիշում եմ միայն, թե ցած իջնելու սանդուղքը, որ բնականաբար ուղղահայաց պիտի լիներ, հորիզոնական էր դարձել: Այսքա՜ն մեծ էր ուրեմն երկրաշարժի ցնցումը: Ուսուցչուհուն դուրս բերինք բակ, եկեղեցու առաջ, ուր հավաքվել էր բազմաթիվ ժողովուրդ, իբրև ապահով ապաստարան: Փողոց դուրս եկա, Սիրքեճիի կայարանը դիմեցի և իսկույն գնացքով մորաքրոջս տունը գնացի: Ամեն տեղ պատմում էին երկրաշարժի աղետների մասին: Մեծ շուկան փուլ էր եկել և հարյուրավոր մարդիկ մահ էին գտել, ծովի մի մասը չորացել էր, և շատ նման աղետներ: Մորաքրոջս տունը ոչ մի վտանգի չէր ենթարկվել։ Զարմանալի էր, որ երկրաշարժը վնասել էր միայն հարուստներին, քարաշեն մեծ տները քանդվել էին ցնցումից, իսկ փայտաշեն խղճուկ խրճիթները կանգուն էին մնացել: Մեխը դուրս էր եկել գերանից և նորից գերանի մեջ մտել: Շտապեցի Սարը յար։ Շոգենավը նավամատույցում կանգնեց թե չէ, հայրս վազեց իմ դեմ՝ բարկացած կերպարանքով և հարցրեց. «Մինչև հիմա ո՞րտեղ ես»: Պատմեցի եղած դեպքերը, նաև այն, թե մորաքրոջս տունը անվնաս է մնացել, իսկ դպրոցը ոչ մի վնաս չի կրել: Երկրաշարժը տեղի էր ունեցել մի երեքշաբթի օր: Ինչի՞ց եմ հիշում: Տեղական «Հայրենիք» օրաթերթը այդ առթիվ մի հոդված էր գրել և մեջ էր բերել մի ժողովրդական առած՝ «Սալը սալլանըր» (այսինքն՝ «Երեքշաբթին կշարժվի»), այդ առածը կատարվել էր: 55 տարի անց Երևան էր եկել պոլսահայ-պարսկահայ-փարիզահայ նշանավոր գրող Լևոն-Մեսրոպը, որ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի եղբայրն էր: Նա եկել էր Երևան կաթողիկոսական ընտրության առթիվ և մի օր էլ ինձ այցելության եկավ: Ծերացած մարդ էր, կռացավ և ձեռքս համբուրեց ասելով. «Ես ձեր աշակերտն եմ»: Ենթադրեցի, թե ասածը բարոյական մտքով է: — Ոչ, ոչ, բարոյական մտքով չէ, ես ուղղակի ձեր աշակերտն եմ եղեր և հայերենի առաջին դասերը ձեզ մոտ եմ առեր: — Ո՞րտեղ և ե՞րբ: — Ղալաթիո Կեդրոնական նախակրթարանը: Ահա միակ հիշատակը, որ մնացել է ինձ այդ դպրոցից: Այնուհետև մենք լավ բարեկամացանք իրար հետ. նա նվիրեց ինձ իր բոլոր գրքերը՝ «Զարե», «Հաշիշին», «Քերբելայի գիշերները», «Մաթոս Ռեիզ», «Արաբ շեյխը և ներգաղթող ձին»: Այս բոլորի մեջ երկրորդը սքանչելի պատմական վեպ է, որ անմահ պիտի պահի հեղինակի անունը: == ԳԱԴԸ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ == Գադը գյուղը հին ժամանակ կոչվում էր Քաղկեդոն, որ առանձին քաղաք էր և նշանավոր դարձավ իր մեջ գումարված չորրորդ տիեզերական կրոնական ժողովի պատճառով: Այսօր նա կազմում է Կոստանդնուպոլսի թաղերից մեկը և գտնվում է Բոսփորի ասիական ափի վրա, Սկյուտարի կողքին: Կոստանդնուպոլսի հայոց ազնվականների թաղն է, ունի մի եկեղեցի, Ս․ Թագավոր անունով, որի կողքին կա մի մեծ դպրոց Արամյան անունով: Դպրոցը երկսեռ է, արական և իգական կողք-կողքի, որոնք մի միջնորմով միայն բաժանված են իրարից: 1883 թվականին յոթ տարեկան հասակում մտել էի Սամաթիայի Արամյան մասնավոր դպրոցը, իսկ այժմ, 1893 թվականին, 17 տարեկան հասակում, ուսուցիչ էի մտնում Գադը գյուղի Արամյան դպրոցը։ Այստեղ էլ մի տարի մնացի մինչև 1894 թվականի ամառը: Ինձ ներկայացնելու կարիք չկար, որովհետև մեր տեսուչ Մոստիչյանը գադըգյուղցի լինելով, ամեն ինչ խոսել էր իմ մասին: Որոշված օրը մտա տեսչանոց, ուր իմ ծանոթներից գտա միայն երկու հոգի՝ Միհրան Ասքանազ, որ մեր գրաբարի ուսուցիչն էր եղել Կեդրոնական Բ դասարանում և № 20 Սարգիս Մինասյանը, որի հետ միասին սովորել էի Կեդրոնականի Դ և Ե դասարաններում: Մյուսները անծանոթ էին: Դրանց մեջ կար մի ոմն Փափուճյան, հայերենի ուսուցիչ ցածր դասարաններում, Գարթալյան՝ բարձրահասակ մի մարդ, թվաբանության ուսուցիչ և նշանավոր լողորդ, բնավորությամբ էլ շատ ազնիվ և բարեբարո մի մարդ, Ռուբեն Որբերյան՝ խարբերդցի, որ նոր էր եկել Կոստանդնուպոլիս և զբաղվում էր գրականությամբ: Չոպանյանը շատ ծաղրեց նրան, բայց անշուշտ ինքն էլ հետո զղջաց իր գրածների համար, որովհետև Որբերյանը դարձավ նշանավոր գրող, այնուհետև գնաց Եթովպիա՝ Ադդիս-Աբեբա քաղաքը, ուր մեծ հարստություն ձեռք բերեց և դարձավ ազգային նշանավոր բարերար։ Ահա սրանք եղան իմ ընկերները: Ամենից ավելի պիտի հիշեմ դպրոցի վերակացուն, որի անունը դժբախտաբար չեմ հիշում: Նա խասգյուղցի էր, բարձրահասակ, լայնաթիկունք, փարթամ մի մարդ, ալեխառն և շիկավուն մորուքով: Իր ամբողջ խոսակցությունը կատակ էր. ամենալուրջ խոսքն անգամ նրա մոտ կատակ էր, բայց առանց երբեք ծիծաղի: Երբ առաջին անգամ ծանոթացանք իրար հետ և ձեռքս սեղմեց նա, ինչ-որ մի բան փսփսաց, որից ոչինչ չհասկացա: Մեծ սերտարանում, ուր բոլոր աշակերտները նստած էին, նա սկսեց խոսել իր մի նշանավոր ճառը. «Սիրելի՛ աշակերտնե՛ր, քանի որ ասացի աշակերտներ, այդ նշանակում է, որ դուք իմ աշակերտներն եք, և հետևաբար ես էլ ձեր ուսուցիչն եմ: Հին հույն փիլիսոփաներն էլ ունեցել են իրենց աշակերտները և այդ աշակերտները ունեցել են իրենց ուսուցիչները: Սակայն դարերը գլորվում գնում են, երբեք չեն կանգ առնում: Ո՞ւր եք գնում, դարե՜ր, ինչո՞ւ եք գլորվում: Եվ սակայն դարերը մեզ չեն լսում և շարունակում են իրենց ընթացքը: Վերադառնալով մեր ներկա հարցին, այսօր դուք պիտի ունենաք մի ժամ ֆրանսերեն, մի ժամ հայերեն և մի ժամ տաճկերեն. անգլերեն չպիտի ունենաք, որովհետև մեր ծրագրում անգլերեն չկա: Հայերենը մայրենի լեզու է: Մենք պիտի սիրենք մեր լեզուն, եթե մենք սիրում ենք մեր մայրերին. իսկ ֆրանսերենը քաղաքակրթության լեզուն է, ով ուզում է քաղաքակրթության երկնասլաց ընթացքը վերամշակել և կյանքի հորիզոնի անընդհատ հոսանքը մտքով կուլ տալ, պետք է խրոխտ հայացքով սանձի իր շարժուձևերը և իր զգացմունքները ամփոփի իր սրտում կամ հոգու ալիքներում: Ուրեմն փըս, փըս, փըս, ինչպես ասացի՝ վըս, վըս, վըս. և որովհետև իհարկե անտարակույս պետք չէր այդպես լիներ, բոլորովին փըս, փըս, փըս…»: Այս վերջին վըս վըս և փըս փըս ձայները առանձնապես ուշադրության արժանի են. նա ոչ մի բառ չէր արտասանում, այլ շրթունքներով արտասանության նման փսփսոցներ էր արտաբերում, հաճախ նույնիսկ հարցնելով աշակերտներին՝ «Այդպես չէ՞, խնդրեմ ասացեք, այդպես չէ՞»: Առաջին անգամ, երբ ես լսեցի նրան, որովհետև չգիտեի, թե ինչ մարդ է, խենթ էի կարծում. բայց, երբ բոլոր աշակերտներին ուղարկեց դասարան և մնացինք մենակ, սկսեց քահ-քահ ծիծաղել և գաղտնիքը բաց արեց: Այսպիսի կատակախոս լեզու լսել եմ նաև 1906—1918 թվականներին Նոր-Նախիջևանի թեմական դպրոցում: Ղզլարցի մի վերակացու, Մելիքյան ազգանունով, իր երկու օգնականներով մեր շրջապատում և երբեմն էլ իր աշակերտների հետ խոսում էին այսպիսի կատակախոս լեզվով, որ կոչվում էր «Ճեմարան»: Զարմանալի է, որ իմ տեսած բոլոր այս անձերն էլ վերակացու էին, որոնք երևի վերակացության դատարկ ասպարեզը այսպիսի զվարճությամբ ուզում էին քաղցրացնել: Ասացի, որ Արամյան դպրոցը երկսեռ էր: Մեծ սերտարանի մեջտեղում, պատի վրա մի դուռ կար շինված, որից անցնելով, մտնում էինք աղջկանց բաժինը: Ես դասեր ունեի թե՛ տղաների բաժնում և թե՛ աղջիկների: Տղաները տանելի էին, բայց աղջիկները… սոսկալի: Լինելով «ազնվական» -ների և «հարուստ» -ների աղջիկներ, բոլորն էլ երես առած, շփացած, անպատկառ աղջիկներ էին: Մանավանդ բարձրագույն դասարանների աղջիկները ինձանից ավելի մեծ էին (ես 17 տարեկան էի): Նրանց անպատկառությունը այն աստիճանի էր հասել, որ իմ դասընկեր, այժմ պաշտոնակից Սարգիս Մինասյանը, մի գեղեցիկ, բարձրահասակ, լայնաթիկունք և սպիտակադեմ երիտասարդ, չդիմանալով նրանց անտանելի վարքին, խնդրեց տեսչից, որ իրեն ազատեն այդ դասերից: Բոլոր ուսուցիչներն էլ օձիք էին թափ տալիս: Ես, տգեղ և ճղճիմ պատանի, մի աչքս ծուռ և վնասված, վախ չէի զգում նրանցից: Ընդհակառակն, ավելի խստացրի իմ վարմունքը, պահանջում էի տված պարտականություններս անթերի կատարել, չսովորողներին պատժում էի, պատի տակ կանգնեցնում և մինչև անգամ… բռնի չոքեցնում հատակի վրա: Իմ այս խստությունը զայրացրել էր աղջիկներին և մի օր էլ վերակացուն խնդրեց ինձանից, որ այլևս աղջկանց մոտ դասի չգնամ: Երկու փոքր, բայց սիրուն հիշատակ ունեմ Գադը գյուղի դըպրոցից: Առաջինը Սարգիս անունով 10 տարեկան համեստ և գեղեցկադեմ մի տղա էր: Մի օր գրաբար կարդալու ժամանակ պատահելով այս նախադասության՝ «Դէպ եղև քահանայի միոջ անցանել ընդ այն ճանապարհ», հարցրեց ինձ. — Ինչո՞ւ այստեղ գրված է միոջ. չէ՞ որ անորոշ դերբայը տրական ենթակա կպահանջե. ուստի պետք էր գրել միում»։ Ես կարմրեցի և չկարողացա ճիշտ պատասխան տալ. — Նա իրավացի էր: Այդ փոքրիկ տղեկը ինձնից ավելի ուշադիր էր գրաբարի հանդեպ: Դասարանից դուրս գալով վազեցի տեսչարան, ուր նախ պատահեցի հայկաբան Փափուճյանին և նրան հարցրի: — Չգիտեմ, — ասաց, և վերջ տվեց: Քիչ հետո եկավ մեր հայտնի ուսուցիչ Ասքանազը: Նրան էլ դիմեցի նույն հարցով, բայց բավարար պատասխան չստացա: Գնացի Կեդրոնական վարժարան և գտա իմ սիրելի վաղեմի ուսուցիչ Մելքոն Կյուրճյանին (Հրանտ): Լսելով հարցս, ասաց. «Նորեն ինձի եկար այդ տեսակ բաներու համար. դուն հիմա ինձմե ավելի գիտես»: Մնացել էր միայն Գարագաշը, որին երկար սպասելով, վերջապես գտա: Այս րոպեիս էլ հիշում եմ, թե ինչպես նա մանրիկ քայլերով իջավ Կեդրոնականի սանդուղքից, ես իսկույն թևը մտա և ասացի. «Ես Վարդանն եմ»: Ուրախացավ, որովհետև վաղուց էր, որ չէր տեսել ինձ: Հարցս կրկնեցի: «Հա, — ասաց, — քանի մը այդպիսի օրինակներ կան. Պողոսի թղթերուն մեջ գըրված է. «Երևեցաւ և ինձ իբրև տղայի միոջ»: Ագաթանգեղոսի հառաջաբանի մեջ ալ գրված է. «Խոտահամբարս մթերեալ էր ի տուարածափակի միոջ» և այսպիսի քանի մը ուրիշ տեղեր ալ. ասոնք բոլորը տրականի փոխարեն է»: Միայն Գարագաշը եղավ, որ իր հոյակապ գիտությամբ բավարարեց ինձ: Այնուհետև կյանքիս մեջ շարունակ հավաքեցի միոջ իբր տրական գործածված օրինակները, որոնցից եզրակացրի, թե նախապես միոջ թե՛ սեռական էր և թե՛ տրական, դրա համար էլ բացառականը լինում է ի միոջէ։ Գարագաշի հետ իմ այդ հանդիպումը կարծես հրաժեշտի ողջույն եղավ. այլևս ես չտեսա այդ բարի ծերունուն: Երկրորդ հիշողությունս Գադը գյուղից մեր ամենասիրելի բանաստեղծ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր, որ սովորում էր Արամյան դպրոցում: Պետրոս Դուրյանը ուներ երկու եղբայր, մեկը Եղիշե Դուրյան, որ կրոնավոր դառնալով մինչև Կոստանդնուպոլսի, ապա Երուսաղեմի պատրիարքական գահը բարձրացավ, այնտեղ էլ վախճանվեց: Երկրորդ եղբայրն էր Ագրիպպաս Դուրյանը, որ փաստաբան էր Կոստանդնուպոլսում և որի դուստրն էր հիշյալ աղջիկը: Բոլոր ուսուցիչներս գիտեինք, որ Պետրոս Դուրյանի եղբոր աղջիկն էր նա և բոլորս էլ այնքան էինք սիրում նրան, որ մեր սերը պաշտամունքի էր հասնում: Նիհար ու ճղճիմ, փոքրիկ ու համեստ, աշխատասեր և պարտաճանաչ մի երեխա էր. անունը չեմ հիշում: Որովհետև շուտով իգական դպրոցում դասեր չունեցա, ուստի նրա տեսությունից էլ զրկվեցի. այլևս չտեսա: 1910 թվականին, երբ Բյոյուք դերեյում Եղիշե պատրիարք Դուրյանի տունը այս ցելության գնացի, մի բարձրահասակ, հոյակապ և փարթամ տիկին ինձ սուրճ բերեց: Պատրիարքը հարցրեց ինձ. «Կճանչնա՞ս զինքը»: «Ոչ», — պատասխանեցի: «Ձեր աշակերտուհին է, եղբորս աղջիկը», — ասաց Դուրյան սրբազանը: Այն մեր պաշտամունքի առարկա դարձած նիհար ու փոքրիկ երեխան էր։ == ԳԱԲՐԻԵԼ ԷՖԵՆԴԻ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ == Դասերը վերջացել էին` դպրոցներում և ամառվան արձակուրդը սկսել էր: Մի օր Մոստիչյանը ինձ կանչեց իր մոտ և ասաց. Ես քեզ պիտի ուղարկեմ Գաբրիել էֆենդի Նորատունկյանի մոտ. քու վրայով արդեն խոսած եմ. ինչքան մանր-մունր աշխատանքներ ունիս, բոլորը հավաքե, տար իրեն ցույց տուր: Հետը խոսե մեծարանոք. պատկառելի անձնավորություն է: Քեզ լավ պահե, ինչ որ կհարցնե, ճիշտ պատասխանե: Մաքուր հագուստներ հագիր (փողկապիս ծայրը օձիքիս մեջ էր մտել. ուղղելով շարունակեց). այսպիսի անկարգ ձևով մի՛ երթար, արտաքինիդ ուշադրություն դարձուր: Գիտե՞ս ինչու համար Արամյան դպրոցը աղջիկներու կողմը դասի երթալուդ վերջ տվին. տափատիդ կոճակները չկոճկած դասարան ես մտեր… Ես զայրացա և գոչեցի. «Զրպարտություն է. աղջիկները շատ անկարգ էին: Սարգիս Մինասյանը չտոկալով հրաժարեցավ, իսկ ես խստությունս ընդհակառակը կրկնապատկեցի, և որովհետև անկարգ աղջիկներ էին, այդպիսի զրպարտություն են հնարեր. սուտ է…»: Կհավատամ որ սուտ է, բայց դուն ուշադիր եղիր: Մեծ մարդոց մոտ երթալու ժամանակ կանոնավոր հագվելու է: Որոշված օրը, որքան որ կարելի էր հարդարվելով, աշխատություններիս կապոցը վերցրած, գնացի Գաբրիել էֆենդի Նորատունկյանի տունը, որ գտնվում էր Գադը գյուղում: Թխադեմ, ակնոցավոր, շատ ծանրախոհ կերպարանքով մի մարդ էր: Պատշաճ ձևով ընդունեց ինձ և առաջարկեց խոսել իմ աշխատանքների մասին: Ես հետս տարել էի մի խումբ տետրակներ. 1. Հայերենի արմատական բառերը (դա 50 երեսանոց մի տետրակ էր, որ պարունակում էր հայերենի բոլոր արմատ բառերը, քաղված Նոր Հայկազյան բառարանից. իմ Արմատական բառարանի առաջին ուրվագիծն էր): 2. Թուրքերենի արմատ բառերը և նրանցից ծագած ածանց բառերը: 3. Պոլսահայ ֆոլկլորի նմուշներ: 4. Գավառական բառերի հավաքածու: 5. Մի վեպ իմ կյանքից: 6. Զանազան բանաստեղծությունների ժողովածու: 7. «Ասպարեզ» անունով իմ ամսագրից երկու-երեք համար: 8. Տիգրան Բ թատրերգություն և ուրիշ զանազան մանր մունըր գործեր, որ չեմ հիշում: Նորատունկյանը ամեն մի տետրակս վերցրեց, քննեց և լրացուցիչ տեղեկություններ հարցրեց, առանձնապես ծանրացավ թուրքերենի արմատ բառերի ցուցակի վրա և հարցրեց. «Դուք տեսա՞ծ եք անգլիացի այսինչ հեղինակի նմանօրինակ աշխատությունը»: Պատասխանս իհարկե «ոչ» էր: Այն ժամանակ իր ճոխ գրադարանից մի գեղեցիկ կազմով մեծադիր անգլերեն գիրք բերեց, ուր տեսա թուրքերենի բոլոր արմատները, իրենց ածանցներով և ցեղակից ձևերի համեմատությամբ: Ժամից ավելի հարցաքննելուց հետո, մյուս շաբթվա մեջ ժամադրություն նշանակեց, և ես մեկնեցի: Այսպես մի քանի շաբաթ իրար վրա գնում էի մոտը և իր պատկառելի գիտությունից փշրանքներ հավաքում: Անշուշտ խոսած կլինենք հնդեվրոպական լեզվաբանության, հայերենի ծագման, հայոց նախահայրենիքի և նման բազմաթիվ հարցերի մասին, որոնց վրա իմ ունեցած քիչ ու միչ տեղեկություններս թափեցի իր առաջ: Մի քանի անգամ այսպիսի տեսակցություններ ունենալուց հետո, գաղտնիքը բաց արավ իմ առաջ: Հայտնեց, թե Կարինի Սանասարյան վարժարանի համար հայերենի ուսուցչի կարիք կա: Ուստի առաջարկեց մի դիմում գրել գրաբար լեզվով, Պետերբուրգ Կարապետ Եզյանցին, և առաջարկել իմ թեկնածությունը: Նստա և դիմումը գրեցի: Կարդաց և նկատողություն արավ, թե այդպիսի մեծ մարդկանց գրելու ժամանակ «ես» առաջին դեմքի դերանունը չպիտի գործածվի. օրինակ՝ պետք չէ ասել «Ես ցանկանում եմ», այլ՝ «Ինձ ցանկալի էր»: Այս նկատողությունից հետո դիմումս ձևափոխեցի և մաքրագրելով հանձնեցի իրեն: Մի քանի անգամ այսպիսի այցելություններ ունենալուց հետո հայտնեց, թե Եզյանից համաձայնություն է ստացել, և ես պետք է պատրաստություն տեսնեմ մեկնելու Կարին՝ Սանասարյան վարժարանի իբր ուսուցիչ հայերեն լեզվի (գրաբար), ամսական 8 ոսկի վճարով, ճանապարհածախս ստանալով 10 ոսկի: Գնացի Մոստիչյանին և հայտնեցի ամեն ինչ: «Ես շատ լավ գիտեմ, — ասաց, — Սանասարյանի համար ուսուցչության թեկնածու էր դրված երկու հոգի. Կեդրոնական վարժարանի կողմից ես քեզ առաջարկեցի, իսկ Պերպերյան վարժարանի կողմից առաջարկվեց մեկ ուրիշը (անունը չտվեց). դրա համար քննիչ նշանակվեց Նորատունկյանը, որ քեզ առանձին և նրան առանձին քըննելով, քեզ նախընտրեց: Այս էր պատճառը, որ ասացի, թե բոլոր աշխատություններդ տար»: Ուրախությանս չափ չկար: Մեծ ռոճիկ, պատվավոր տեղ, ուր մնալով մի տարի, մտադիր էի խնայել բավականաչափ դրամ՝ Փարիզ ուսման գնալու համար: Տուն եկա, հայտնեցի մերոնց. նրանք էլ ուրախացան և պատրաստվեցի մեկնելու: == ԼԱԶԵՐԵՆ ԼԵԶՈՒ == Սարը յարի ծովափնյա մեր տան ներքևում մի մեծ սրահ (թուրքերեն՝ խովուշ) կար, ուր բնակվում էին մի խումբ ձկնորս լազեր: Սրանք տոն (փալամուտ) կոչված ձուկը որսալով կտրատում էին հաստ-հաստ և փոքր տակառների մեջ աղում էին: Կոստանդնուպոլսի արտահանության նյութերից մեկն էր սա: Լազերը կովկասյան ժողովուրդ են, վրացիներին մոտիկ ցեղակից: Ունեն առանձին լեզու՝ լազերենը: Երբ ռուսները գրավեցին Բաթումին, ամբողջ լազ ժողովուրդը գաղթեց դեպի Տաճկաստան: Մի մասն էլ Կոստանդնուպոլիս էր եկել: Երբ ես արմատների բառարանը կազմեցի, որոշեցի ամեն մի արմատի դեմ դնել իր մայր ձևը, եթե կա: Այսպես, պատկեր բառի դեմ պարսկերեն pejker, եպիսկոպոս բառի դեմ հունարեն Episcopos և այլն։ Բայց շատ բառեր մնացին առանց համեմատության: Որովհետև լազերը կովկասյան ժողովուրդ են, մտածեցի թե կարող են ինչ-ինչ համապատասխան բառեր ունենալ հայերենի հետ: Բայց լազերը անպարկեշտ ժողովուրդ են. կարելի չէր նրանց հետ մոտիկություն հաստատել: Գտա մի ծերունի լազ, Մեհմեդ անունով: Բաթումիից գաղթած, ծովափին նստած միրգ էր ծախում: Գնացի նրա մոտ և բարևելով խոսակցել սկսեցի (թուրքերեն լեզվով): Առաջը դրած էր խաղող: Հարցրի, թե սրան լազերեն ի՞նչ եք ասում: Պատասխանեց՝ «ղուրջենի»։ Ես իսկույն մտածեցի, թե դա մեր հաղարջ բառն է (անշուշտ այսպիսի ստուգաբանություն ընդունելի չէ, բայց ես դեռ օրենքներին հմուտ չէի: Այդպիսի համեմատություններ մինչև այժմ էլ անում են ոմանք, և անում էր միշտ Ն. Մառը): Խաղողի մոտ կար մի խակ ողկույզ. հարցրի, թե սրան ի՞նչ եք ասում: — Ժուռի: Այս բառի մասին այլևս կասկած չկար, որ մեր ժուռ բառն է: — Ի՞նչ եք անում այդ ժուռը։ — Քամում ենք և դոլմայի վրա ենք ածում: — Ինչպե՞ս եք կոչում այդ ջուրը: — Քացախուրի: Երեք բառ էի հարցրել, երեքն էլ հայերեն դուրս եկան: Վճռեցի լազերեն սովորել, որպեսզի մնացյալ բառերն էլ հավաքեմ: Վերցրի Առձեռն բառարանը և ամեն երեկո գնում էի նրա մոտ, սրճարանից մի աթոռ վերցնում, երկուսիս համար էլ մի-մի սուրճ պատվիրում և մի քանի ժամ բառեր հարցնելով, տետրակիս մեջ արձանագրում։ Բառարանից հետո, ախորժակս բացվեց և որոշեցի քերականությունն էլ սովորել: Որքան դժվար էր անգրագետ մարդու հետ քերականություն պարապել։ Մի օրինակ եմ տալիս, հարցնում եմ, թե մեռնել ինչպես են ասում: Ես գիտեի, թե անգրագետ մարդիկ բառի գաղափարը չունեն. պետք է խոսել ամբողջ նախադասությամբ: Նա էլ հարցրեց. «Ո՞վ մեռավ»: Մեկին հիշած լինելու համար, ասացի. «Ալին մեռավ»: «Ի՞նչ ես ասում, ես երեկ տեսա Ալուն. ե՞րբ մեռավ»: «Ես սուտ մի բան ասացի»: «Ի՞նչ կարիք կա սուտ խոսելու. սուտ խոսելը վատ բան է»: Այսպես ամբողջ ժամանակ: Էրքերտ անունով մի գերմանացի եկել է Կովկաս և կովկասյան 30 լեզուների բառարանն է կազմել: Այստեղ մեռնել բառի դեմ լազերեն նշանակվում է «խաթիրլի կոչիրեն», որ նշանակում է «հարգելի մարդ էր»: Անշուշտ քննիչը հարցրել է լազին, թե ի՞նչպես են ասում «Ալին մեռավ»: Նա էլ «Ալին խաթիրլի կոչիրեն, բայց ափսոս, որ մեռավ»: Քննիչը տեսնելով, որ մեռնել բառի համար այսքան երկար նախադասություն շատ է, առաջին կեսը պահել է, երկրորդը ջնջել: Քերականությունը բառարանից դժվար էր. հոլով չիմացող մարդուց ի՞նչպես հոլով հարցնել: Ես շարունակ օրեցօր գրած բառերս անգիր էի անում: Պետք էր հարցնել սեռական հոլովը: Լազերեն bere նշանակում է տղա, իսկ kity նշանակում է մատ։ Ես հարցնում էի. «Ի՞նչպես են ասում տղայի մատը»: Նա պատասխանում էր «béreshy kity», սրանով հասկանում էի, որ bere բառի սեռականն է béreshy: Եվ այսպես ամբողջ քերականությունը: Մի երեկո լազին ասացի, թե վաղը ես քեզ հետ լազերեն պիտի խոսեմ: Իրոք որ քերականական կանոններն էլ սովորեցի և մյուս օրը կարճ նախադասություններով սկսեցի խոսել ուսուցչիս հետ: Մարդը զարմացավ և ասաց. «Դու հիմա ինձնից լավ լազերեն գիտես»: Գիրքը` ավելի կատարյալ դարձնելու համար մի քանի երգեր վերցրի, ինչպես նաև դեմ առ դեմ խոսակցություն: Մի երեկո լազը դարձավ ինձ և ասաց. «Թուրք ոստիկանները հետապնդում են քեզ. ի՞նչ գործ ունի, ամեն երեկո նստում լազի հետ խոսակցում է. մի՞թե հեղափոխական գաղափարներ է ներշնչում: — Տե՛ս, — ասաց, — երբ լազերը մեկի հետ բարեկամանան, մշտապես բարեկամ կմնան: Այլևս մոտս չգաս, փախիր եթե կարող ես, քեզ հետապնդում են»: Հեռացա և այլևս չտեսա իմ լազ ուսուցչին: Լազերենի օրինակը լավ ցույց է տալիս, թե պատահականությունը ինչքան մեծ դեր ունի մեր կյանքում: Եթե լազերը մեր տան ներքևում չբնակվեին, ո՞րտեղից գաղափար պիտի կազմեի լազերենի մասին: Եվ եթե Մեհմեդ աղան խաղող չծախեր և խնձոր ծախեր, ո՞րտեղից պետք է իմանայի ղուրջենի, ժուռի և քացախուրի բառերը, որոնք գրգռիչ հանդիսացան այդ լեզուն սովորելու: Կարծում եք, թե էլ ուրիշ շատ բառեր գտա՞ հայերենի նման․ ո՛չ երբեք, այդ առաջին երեք բառերը զարմանալի կերպով առաջինն ու վերջինը եղան: Այնքան հարյուրավոր բառեր հարցրի, հազիվ 10 բառ ճարեցի, որոնցից ամենագեղեցիկը՝ omisura = մսուր: Շարունակենք պատահականության խաղը: Երբ 1894 թվականին Կարին գնացի, Սանասարյան դպրոցի աշակերտներին ամառանոց տարինք Արտաձոր կոչված տեղը, ուր ամբողջ մի ամիս գիշերեցինք վրանների տակ: Այդտեղ էլ պահակը լազ էր և իմ «լազագիտության» վրա ուրախանալով, լավ բարեկամացավ հետս: Գեղեցիկ գիշերներին, լուսնի լույսի տակ մի քանի լազերեն երգեր սովորեցրեց ինձ, որոնք նույնպես իմ ժողովածուի մեջ մտցրի: Երբ Փարիզ գնացի, ամբողջ նյութը ներկայացրի իմ ուսուցիչ Մեյեին: Լազերեն լեզուն գրականություն չուներ, ուսումնասիրված էլ չէր, ուստի Մեյեն հաճույքով քննեց աշխատությունս և, իբրև նշանավոր գիտական նորություն, ներկայացրեց Փարիզի լեզվաբանական ժողովին։ Պատիվ ունեցա ես էլ նույն ժողովին անդամ ընտրվելու և գիրքս ամբողջությամբ հրատարակվեց Ընկերության ժողովածուի մեջ, ինձ էլ իբրև պարգև տալով 50 օրինակ նույն գրքից (արտատպություն): == ԴԵՊԻ ԿԱՐԻՆ == Տաճկաստանում ոչ միայն արտասահման ճամփորդության համար անցագիր է հարկավոր, այլև երկրում քաղաքից քաղաք գնալու համար: Այս օրենքի համաձայն ես էլ իմ համիդիեն (անձնագիր) վերցրի և գնացի Բարձրագույն դուռ՝ անցագիր ստանալու դիմումով: Պաշտոնյաները վերցրին անձնագիրս և երեսիս նայելով ասացին. — Դուք 18 տարեկա՞ն եք: — Այո: Ծիծաղեցին և հեգնական ժպիտով «Դուք 18 տարեկան եք, հա՞», — ասացին: Անձնագիրս կեղծ էր համարվում, որովհետև տարիքս չէր համապատասխանում: Հեռվում, դահլիճի խորքում նստած մի ծերունի մարդ ձայն տվեց. — Հապա ի՞նչ եք կարծում. դուք նրա նորածիլ մորուքին եք նայում. երևի նա ուսուցիչ կամ տերտեր է ուզում լինել և մորուք է թողել. նա 18 տարեկանից ավելի չի կարող լինել: Ծերունու խոսքերը ինձ փրկեցին. պաշտոնյաները, հակառակ սովորականին, թողեցին իրենց ձգձգումները և անմիջապես անցագիրս պատրաստեցին: == ԿԱՐԻՆՈՒՄ == 1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից. Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին: Ցամաքային ճամփորդությունը տևել էր 10 օր: Չեմ նկարագրում այդ ճամփորդությունը, որովհետև մանրամասն տպված է Նոր-Նախիջևանում հրատարակված «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուի մեջ, «Պոլսեն Կարին» խորագրով, որ և արտատպված է առանձին 1909 թվականին: Այս տետրակը նախապես մի նամակ էր, որ գրել էի մորս: Նոր-Նախիջևանում Գրիգոր Չալխուշյանը Զեյթունի աղետյալների օգտին մի ժողովածու հրատարակել ուզենալով, տեսավ իմ տետրակը և այն մտցրեց նրա մեջ: Ամերիկայից ոմն Վրացյան խոսելով այս տետրակի մասին, ասել էր, թե ավելի լավ կլիներ, եթե Աճառյանը այդ տետրակը իր աղբանոցը գցած լիներ: Նույն թվականին, դաշնակցականների դատի առթիվ հարյուրավոր մարդիկ բանտարկված լինելով Ռոստովում, նրանց մեջ էր նաև հայտնի ճարտարապետ Քաջազնունին: Նրա ձեռքն էր ընկել նորատիպ այս տետրակը և շատ լավ գնահատական էր տվել. «Գիրքը այնքան հաճելի է, որ կարդալով չես ձանձրանում», – ասել էր։ «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ էլ կար մի կարճ տեղեկանք, ուր շատ դրական կարծիք էր հայտնված խմբագրության կողմից: Ուրեմն արդյունքը եղավ 2:1 հօգուտ հեղինակի: Կարինում մնացի շուրջ մի տարի, 1894 թվականի հուլիսի 28-ից մինչև 1895-ի ամառը, որից հետո վերադարձա Կոստանդնուպոլիս: Այդ մի տարին ես անցկացրի Կարինում ոչ թե միայն իբրև ուսուցիչ, այլև իբրև աշակերտ: Դպրոցի վարչությունը ինձ հատկացրեց առանձին մի սենյակ գիշերելու համար. ուտելիքս էլ դպրոցի վրա էր, որի համար իմ 8 ոսկի ամսականից կրճատեցին 2 ոսկի: Այսպիսով ես տնային հոգսերից բոլորովին ազատ մնացի: Ամբողջ օրս նվիրված էի աշակերտներիս ուսուցանելու և ինքս էլ սովորելու: Կազմել էի դասացուցակ օրվա յուրաքանչյուր ժամերի համար և այն կպցրել էի սենյակիս պատին և դպրոցի զանգի հետ աշակերտական պարտաճանաչությամբ հետևում էի դասացուցակիս: Ի՞նչ էի սովորում: Իմ սովորած լեզուները եղան հունարեն, լատիներեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, պարսկերեն, նույնիսկ չաղաթայերեն: Անգլերենը և գերմաներենը արդեն բավական սովորած լինելով, պարզապես գրքեր էի կարդում, ընթերցանությամբ ավելի խորանալու համար: Հունարենի համար բերել տվի Ֆրանսիայից մի լավ քերականություն, որ օրը-օրին և մաս առ մաս սովորում էի: Լատիներենի համար ձեռք բերի Նոր Կտակարանը և հայերենի համեմատությամբ շարունակ կարդում էի: Ինչպես և գրավաճառից (շրջիկ) ձեռք բերելով չաղաթայերեն ավետարանը, կարդում էի շարունակ հայերենի համեմատությամբ: Իտալերենի ուսման պատմությունը զվարճալի է: Կեդրոնականի Ե դասարանում իմ սիրելի ընկերներից մեկը, № 47 Արամ Թահթաճյանը, որ նշանավոր գեղագետ Խաչիկ Թահթաճյանի որդին էր, մտադրվել էր գնալ Իտալիա՝ ճարտարապետություն սովորելու համար: Այս պատճառով ձեռք էր բերել ֆրանսերեն լեզվով մի դասագիրք իտալերեն սովորելու համար: Մի օր աշխարհագրության և ֆրանսերենի մեր պոռոտախոս ուսուցիչը (որի անունը չեմ հիշում) այսպիսի բան ասաց. «Ով որ լեզուներով է զբաղվում, ֆրանսերեն գիտե և իտալերեն չի սովորում, նա հիմար է»: Այս խոսքը, չգիտեմ ինչ առթիվ ասված, կարծես ինձ էր ուղղված: Դասամիջոցին Արամից խնդրեցի իր դասագիրքը, որ Otto մեթոդով կազմված լինելով, շատ մատչելի ոճ ուներ: Արամը թողեց իր գիրքը ինձ մոտ, տուն տարի և մեկ-երկու շաբաթվա մեջ այնպես լավ սովորեցի, որ գրքի վերջում դրված առակները և հատվածները ազատ կարդում և հասկանում էի: Այժմ Կարինում բերել տալով իտալերենի մի հաստ հատընտիր, օրվա որոշ ժամերը նվիրում էի այդ գրքի ընթերցանության: Այսպես առաջ տարի իմ իտալերենը: Պարսկերենի համար շնորհակալ եմ Սանասարյանի թուրքերենի ուսուցիչ ակնեցի Նիկողայոս Թորվայանին, որ տաճկերենի հետ նաև լավ պարսկերեն գիտեր: Կեդրոնականում Աբիկյանի մոտ ես բավականին պարսկերեն սովորել էի: Թորվայանը Կարինի շուկայում գնեց ինձ համար Սաադիի «Գոլեստան»-ի պոլսական մի սքանչելի հրատարակություն: Ամեն մի էջի վերևը դրված էր պարսկերեն հատվածը, ներքևում նրա տաճկերեն թարգմանությունը, կողքի լուսանցքներում դժվար բառերի բացատրությունը: Այս հիանալի գիրքը Թորվայանի առաջնորդությամբ ծայրից ծայր կարդացի և մի քանի անգամ կրկնեցի այնպես, որ սկզբի սքանչելի կտորները բերան սովորեցի և մինչև այժմ գիտեմ (այս գիրքը հետս տարել էի Փարիզ. իմ սիրելի դասընկերներից մեկը՝ Feillet, շատ հավանելով այդ գիրքը, խնդրեց և իրեն նվիրեցի: Այլևս նույնպիսի լավ հրատարակություն չգտա): Բացի այս լեզուների ուսումից, իմ ժամանակիս մեծ մասը նվիրեցի Արմատական բառարանիս կազմության: Կեդրոնականում աշակերտ եղած ժամանակս կազմել էի հայերեն արմատների ամբողջական ցուցակը, որ եղել էր 50 էջանոց մի աշխատություն: Զանազան աղբյուրներից գտնելով հայերենի համապատասխան օտար ձևերը, դրանք էլ ավելացրել էի նրանց կողքին: Այժմ կարդալով նոր բառարաններ (որոնց թվում ռուսերենից հայերեն ընդարձակ մի բառարան), նոր համեմատություններ էլ ավելացրի և ամբողջը վերամշակելով այդ մի տարվա ընթացքում կազմեցի 300 էջանոց մի աշխատություն: Սանասարյան վարժարանը ուներ հին ձեռագրերի մի հավաքածու, որոնց մեջ կար նաև 986 թվականին գրված մի ավետարան: Այս ձեռագրին տարեկից ուրիշ երկու ձեռագիր էլ կա, որոնցից ամենահինն է Լազարյան Ճեմարանի ավետարանը՝ գրված 885 թվականին: Ես կյանքումս ոչ մի ձեռագիր տեսած չէի: Գժի նման ընկա Սանասարյանի 40 ձեռագրերի վրա և անմիջապես ձեռնարկեցի կազմել նրանց ցուցակը: Ինձ առաջնորդ ունեցա «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ տպված մի քանի ձեռագրերի նկարագրությունը: Նույն տարվա վերջին ցուցակս պատրաստ էր, որն ուղարկեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և որ սկսեց հրատարակվել: Այժմ անցնենք ուսուցչական գործին: Ես 18 տարեկան պատանի էի. աչքս ծուռ, կազմով տկար, ոչ մի արտաքին հրապույր չունեի: Բնավորությունս էլ շատ հասարակ և ընկերական էր։ Ամենափոքր աշակերտների հետ վարվում էի իբրև ընկերոջ հետ: Բարձր դասարանների աշակերտներից ոմանք նույնիսկ ինձնից տարիքով մեծ էին և ինձ միայն իբրև ընկեր էին ընդունում: Այս աշակերտների մեջ հիշում եմ զմյուռնիացի Եդվարդ անունով մի սիրուն, գուցե ինձանից մի տարով մեծ պատանի, կյուրինցի Տիգրան Քոչունյան անունով տղայի, յոզղաթցի բարձրահասակ, Կյուլպենկյան ազգանունով աշակերտի, որ այժմ Լոնդոնի ամենահարուստ հայն է, հատկապես եվդոկիացի Հովհաննես Շավարշ անունով բանաստեղծ պատանուն։ Այս բոլորի հետ ես իբրև սովորական ընկեր էի: Սանասարյանի երեք տեսուչները (վարժարանը ուներ 3 տեսուչ՝ Աբուլյան, Սոդիկյան և Մադաթյան. առաջինը՝ թիֆլիսեցի, երկրորդը՝ խարբերդցի, երրորդը՝ կարնեցի) նկատեցին, որ իմ վարմունքը աշակերտների հետ ընկերականից այն կողմ չի անցնում, ուրեմն և չեմ կարող նրանց վրա ազդեցություն գործել, ուստի իրենց մեջ որոշում կայացրին Կոստանդնուպոլսից մի նոր, ավելի տարիքոտ հայկաբան ուսուցիչ հրավիրել: Հրավիրեցին նշանավոր հայկաբան Հակոբ Գուրգենին, որի մոտ ես քննություն էի տվել: Քիչ ժամանակ հետո Գուրգեն էֆենդին հասավ Կոստանդնուպոլսից, բարձր դասարանները հանձնեցին նրան, իսկ փոքր դասարանները թողեցին ինձ, հայոց լեզվի վրա ավելացնելով նաև հայոց պատմություն, որ ծածուկ էինք ավանդում, որովհետև արգելված էր պետության կողմից: Ինձ տվեցին նաև շաբաթական երկու օր վերակացության պաշտոն: Խնդրեցի, որ գեղագրության դասերն էլ ինձ տան և այդ ժամերը ես օգտագործեցի աշակերտներիս ուղղագրություն սովորեցնելու համար։ Այդ ժամանակ ես գտել էի մի քանի ուղղագրական անծանոթ օրենքներ, ինչպես ե և է գրելու օրենքը, ր և ղ բաղաձայններից հետո ջ գրելու օրենքը, իսկ ռ և խ բաղաձայններից հետո չ, այսպես և ւ, վ, ու գրելու կանոնները: Գեղագրության դասերին գրատախտակի վրա գրում էի այս օրենքներին վերաբերյալ օրինակները, ամբողջ ժամը արտագրում էին, որից հետո ես կանոնը բացատրում էի: Ծանր հիվանդացա: Աղիքների բորբոքում էի ստացել: Հիվանդանոցի մեջ մի սենյակ հատկացրին, ուր պառկեցի մի ամբողջ ամիս։ Ինձնից թաքցնում էին, բայց հետո իմացա, որ իմ վիճակը անհուսալի է եղել: Ինձ բուժող բժիշկը եղավ Սանասարյան վարժարանի դեղագործ կարնեցի Տիգրան Բրուտյանը: Անմոռանալի է այն ամենաքաղցր վերաբերմունքը, որ ցույց տվեց ինձ տեսուչ Աբուլյանի կինը՝ դեռատի տիկին Նվարդը, տրապիզոնցի: Նա ամեն օր, և օրական քանիցս անգամ գալիս էր ինձ մոտ, թեկուզ քաղցր խոսքերով ինձ մխիթարելու: Լավանալուց հետո ինձ պատմում էին, որ տիկին Նվարդը, սրտով չափազանց բարի, վստահ լինելով, որ ես մեռնելու եմ, մտածում էր վերջին դառն օրերս իր անուշ խոսքերով քաղցրացնել: Բայց ես չմեռա և մինչև անգամ չէի զգում, որ ես այդքան ծանր հիվանդ եմ: Լավանալուց հետո ոչ ոք ինձ չէր զգուշացրել. մի օր լավ ապուխտ կերա: Երկրորդ օրը հիվանդությունս կրկնվեց: Նույն դարմանները և նույն գուրգուրանքը անմոռանալի տիկին Նվարդի կողմից փրկեցին ինձ։ Գուրգեն էֆենդիի հետ, բոլոր աշակերտների և մյուս ուսուցիչների ընկերակցությամբ դեպի դաշտ պտույտի էինք դուրս եկել: Ժամից ավելի հեռացանք և հոգնած մի առվակի մոտ նստեցինք: Գուրգենը թևիցս բռնեց և մի կողմ տանելով թաքուն ասաց ինձ. «Չորս կողմդ նայե, տես մի հատ ծառ կտեսնե՞ս. այս է այն Հայաստանը, որ կերգեինք՝ «Հայաստան, երկիր դրախտավայր», ո՞ւր է Կոստանդնուպոլսի հոյակապ գեղեցկությունը. ամուլ, ամայի դաշտեր: Սո՜ւս, մարդու չըսես»: Կարինում շարունակում էի գավառական բառեր հավաքելու գործը. բոլոր աշակերտներս էլ, զանազան գավառներից եկած լինելով, սիրահոժար հաղորդում էին ինձ իրենց իմացած բառերը. նույնիսկ իրար հետ մրցման մեջ էին մտել: Մի չարաճճի երեխա, ակնցի, ասում էր ինձ բառեր և երբ ես գրում էի, ինքն էլ սկսում էր ծիծաղել: Զգացի, որ նա խաբում է: Առանց ոչինչ ասելու, բառերը պահեցի և երկու շաբաթ հետո մոտս կանչելով՝ այդ բառերը հարցրի: Ոչինչ չիմացավ, բառերը ջնջեցի իր աչքի առաջ և խարդախությունը երևան հանեցի: Բայց դա ինձ խրատ եղավ. այնուհետև ուր որ բառ հավաքեցի, նույն բառերը ուրիշ հայրենակիցներից էլ հարցնելով, ստուգեցի և նոր միայն մտցրի իմ բառարանում: Վերադարձի օրերս եկել էին, պետք էր մեկնեի Կոստանդնուպոլիս, այնտեղից Փարիզ գնալու համար: Չգիտեի ձեռագրերս ինչպես տանել, որովհետև տաճկական ցենզուրը ամեն մի թղթի կտորի վրա կասկածում էր: Ձեռագրաց ցուցակը փոստով ուղարկեցի Վիեննա և հասավ. կարևոր էր բառարանը. փոստով կարող էր կորչել. ի՞նչ անել։ Պետք էր երկու օրինակ ունենալ։ Ինձ մտերիմ աշակերտներիցս մի քանիսը նստեցին, 300 էջ բառարանը պատառոտելով իրենց մեջ բաժանեցին և սկսեցին արտագրել: Կարծեմ մի օրվա մեջ արտագրությունը վերջացավ: Մի օրինակը հետս վերցրի, մյուս օրինակը փոստով Կոստանդնուպոլիս ուղարկեցի: Սրանից հետո ինքս էլ Կոստանդնուպոլիս գնացի: == ԴԵՊԻ ՓԱՐԻԶ == 1895 թվականի ամառն էր, երբ հասա Կոստանդնուպոլիս: Իսկույն սկսեցի պատրաստություն տեսնել Փարիզ մեկնելու համար, ուսանելու նպատակով: Ինձ շրջապատեցին իմ ամենամոտիկ ընկերներից № 20 Սարգիս Մինասյանը, № 22 Պետրոս Փարյանը, № 37 Համբարձում Թոռնյանը (սեբաստացի): Մյուս ընկերներից մի քանիսը արդեն մեկնել էին Ֆրանսիա, մյուսները մտել էին պաշտոնի: Սարգիս Մինասյանը նպատակ ուներ Շվեյցարիա գնալ, մանկավարժություն սովորելու նպատակով: Համբարձում Թոռնյանը մտել էր տաճկաց Հալգալհի Երկրագործական վարժարանը, իսկ Պետրոս Քարյանը (բինկյանցի) անցել էր հեղափոխական գործունեության: Իր արարքները ծածուկ պահելու համար նախ մտել էր տաճկական նավապետական դպրոցը և ստացել էր օգնական նավապետի տիտղոս։ Մտել էր մի շոգենավ այդ պաշտոնով և ճամփորդում էր Կոստանդնուպոլսից Եգիպտոս: Եգիպտոսում պատրաստում էին ռումբեր և նա այդ ռումբերը իր սենյակում թաքցրած, փոխադրում էր Կոստանդնուպոլիս և բաժանում ուր որ պետք էր: Որպեսզի ոստիկանները չձերբակալեին նրան, գնացել լրտես էր գրվել: Նա ցույց տվեց ինձ իր լրտեսական նշանը, որ էր մսի վրա կապած առանձին գոտի: Եթե որևէ ոստիկան կասկածեր նրա վրա և ուզենար ձերբակալել, իսկույն մի կողմ էր քաշում նրան, բաց անում մերկ փորը և գոտին ցույց տալիս, ոստիկանը ժպտալով արձակում էր նրան: Ամենից առաջ պետք էր Կեդրոնականի շրջանավարտի վկայականը թարգմանել և վավերացնել տալ ֆրանսիական հյուպատոսարանում, որպեսզի ազատ իրավունք ունենայինք համալսարան մտնելու: Երկրորդ՝ պետք էր անցագիր պատրաստել, ինչ որ հեշտ գործ չէր: Ես ու Սարգիսը որոշեցինք միասին գնալ Բարձրագույն դուռը, անցագիր ստանալու համար: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայկական ցույցը Բարձրագույն դռան մեջ և նրան հետևող կոտորածը: Ես ու Սարգիսը մտածում ենք գնա՞լ, թե չգնալ: Սարգիսը ասաց, թե եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռը, իսկույն պիտի ձերբակալեն մեզ, թե «Դուք երիտասարդներ, երեկ ցույցը կազմակերպեցիք, և այսօր փախչում եք»: Ես պատասխանեցի. «Ընդհակառակը, եթե մենք այսօր գնանք Բարձրագույն դուռ, նրանք բնավ չպիտի կասկածեն մեր վրա, ասելով, թե սրանք հիմար հո չեն, որ ցույցը կատարել են և այսօր էլ փախչում են: Այլ մեզ պիտի համարեն բոլորովին անմեղ մարդիկ: Միևնույն ժամանակ նրանք, վախեցած հայկական շարժումից, ուրախ պիտի լինեն, որ շատ երիտասարդ մեկնի Կոստանդնուպոլսից: Սարգիսը համաձայնվեց ինձ հետ և երկուսս միասին գնացինք Բարձրագույն դուռ: Սարսափը մեր սրտումն է, կարող էինք անմիջապես ձերբակալվել: Բարձրագույն դռան ներքին բակը, որ առաջ բազմաթիվ դիտողներով լցված էր, այժմ բոլորովին դատարկ էր. ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել: Իսկ թե մեր արածը ինչպիսի հանցագործություն էր՝ ես էլ չգիտեմ: Ազատ և հանդարտ քայլերով առաջացանք բակի խորքը. ոչ ոք չերևաց: Մոտ էինք մտնելու պաշտոնադուռը, երբ մեր ետևից լսեցինք մի գոռգոռոց. «Ո՞ւր եք գնում»: Մենք իբր թե չլսեցինք և առաջ գնացինք: Նորից նույն գոռգոռոցը՝ «Ո՞ւր եք գնում»: Շարունակել ճանապարհը այլևս անկարելի էր. հետ դարձանք և հարցրինք ոստիկանին. «Մե՞զ եք կանչում»: «Այո՛»: Մոտեցանք իրեն և ասացինք, թե գնում ենք անցագիր ստանալու: «Ո՞ւր է ձեր Համիդիեն (անձնագիրը)»: Ցույց տվինք, ստուգեց և առանց նկատողության թույլ տվեց գնալ: Բարձրացանք վերև: Մտանք պաշտոնատունը և ներկայացանք ջոջերին: Նրանցից մեկը հարց տվեց ինձ. «Ո՞ւր եք ուզում գնալ»: «Փարիզ»: «Ի՞նչ անելու»: «Բժշկություն սովորելու» (լեզվաբանությունը թուրք պաշտոնյայի գլխի համար չէր, իսկ բժշկությունը շատ անմեղ էր համարվում): Դարձավ ընկերոջս՝ Սարգսին. «Դո՞ւ ուր ես գնում»: «Ես էլ եմ գնում Փարիզ»: «Ի՞նչ սովորելու»: «Պեդագոժի» (մանկավարժություն): Ընկերս ամենևին բերանը չառավ Շվեյցարիա բառը, որովհետև դա վտանգավոր վայր էր։ Իսկ պեդագոժի բառը ծանոթ էր նույնիսկ թուրք պաշտոնյային: Առանց ձգձգման նույն տեղում մեր անցագրերը տվին մեզ, ավելացնելով, թե այժմ պետք է գնալ ֆրանսիական հյուպատոսարանը՝ վիզե ստանալու համար: Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի: Ընկերս՝ Համբարձում Թոռնյանը երկու տարի հետո ավարտած պիտի լիներ Երկրագործական վարժարանը և լավ ռոճիկով պաշտոնի մտած: Խոստացավ երրորդ տարվա գումարը ինքը ուղարկել: Մյուս ընկերս՝ Փարյանը ասաց. «Երկու տարվա գումարը միասին տանելու կարիք չկա: Մի տարվանը տար, մյուս տարվանը տուր ինձ, ես այստեղ խանութ կբանամ, դրամը կշահեցնեմ և երկրորդ տարին քեզ կուղարկեմ»: Համաձայնվեցի: Մեկնելու օրս էր։ Սարը յարում, մեր տանը հրաժեշտ տալուց հետո, հորս հետ Բոսփորի շոգենավով իջանք Կոստանդնուպոլիս: Ֆրանսիական շոգենավը պատրաստ կանգնած էր: Ես ու հայրս կանգնեցինք ծովեզերքում, անցագիր ներկայացնելու և իրերս քննել տալու համար: Հայրս, որ տաճկական սովորություններին շատ լավ ծանոթ էր, իսկույն փողի քսակը հանեց և մոտենալով քննիչ ոստիկանին, մի ձեռքը քսակին դրած հարցրեց. «Էֆենդի, իրերը քննելու համար ի՞նչքան պիտի վճարեմ»: «Հինգ ղրուշ (40 կոպեկ) բավական է», — ասաց ոստիկանը և իրերիս վրա կավիճով մի խաչ քաշելով, դարձավ հետև և բղավեց. «սագըլմըշ դըր» (արդեն նայված է): Իսկույն մի նավավար կանչեցինք, իրերս, այն է մի անկողին և մի վերմակ, մի պայուսակ մի քանի գրքերով, արմատական բառարանիս 300 էջանոց տետրակը, մի քիչ էլ ճամփի պաշար, և ես հորս ձեռքը թոթվելով նավակով մեկնեցի դեպի շոգենավ: Շոգենավը ճանապարհ ընկավ: Մնաս բարո՜վ, Կոստանդնուպոլիս: Արագորեն առաջանում ենք դեպի Դարդանելի նեղուցը: Շոգենավը հեռվից է գնում, ուստի ծովափը տեսնել հնարավոր չէ: Ահա հասանք Դարդանել, որի երկու ափերին կանգնած են տաճկական ամենաուժեղ թնդանոթները, իբր թե եվրոպական ռազմանավերին դիմադրելու համար: Դարդանելից թեքվում ենք դեպի Հունաստանի հարավային ծայրը՝ Մատապան հրվանդանը։ Կորնթոսի ջրանցքով չենք անցնում, որովհետև ճանապարհը կրճատելու կարիք չունենք: Այստեղից էլ դեպի վերև բարձրանալով քերում ենք Իտալիայի ափերը: Ոչ մի տեղ կանգ չենք առնում։ Գիշեր է: Անցնում ենք մի գեղեցիկ նավահանգստի առաջով: Լուսավառ ճրագներ, կողք-կողքի շարված, գեղեցիկ տեսարան են կազմում: Լիմոնի հայրենիք Մեսինա քաղաքն է: Մյուս օրը արդեն լույս աչքով հասանք Կորսիկա կղզին: Ֆրանսիացի նավաստիները եկան ողջունելու իրենց հայրենիքը: Մի նավաստի գոչեց. «Nous sommes en France! Mais ils sont français au bout de l'epée» (Ֆրանսիայումն ենք. բայց նրանք ֆրանսիացի են սրի ծայրով): Հպարտ նվաճողի մեծամիտ խոսքեր: Հինգ օր տևեց մեր ճամփորդությունը դեպի Մարսել: Վերջին օրը սկսվեց մի սարսափելի փոթորիկ: Մեր դիմացն է Մարսելը, բայց փոթորիկը այնքան ուժեղ է, որ թույլ չի տալիս մեզ մոտենալ նավահանգստին: Շոգենավում ճամփորդ չկար. երևի նավը բեռնատար էր: Կար մի թաթար, որ մի գորգ փռած հատակի վրա անդադար թեյ էր խմում: Ես միայն մի ընկեր ունեի ինձ հետ: Սոփոն անունով մի հայ երիտասարդ էր, որ գնում էր Ֆրանսիա սովորելու: Շոգենավի եզերքին նստած երկուսով խոսում էինք ժամանակի այրող հարցի մասին, որ էր հայկական ինքնավարության խնդիրը: Այս նյութի շուրջը շատ երկար խոսեցինք, խորհրդածեցինք, բնականաբար դատապարտեցինք սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը և այլն: Թաթարը քիչ ու միչ հայերեն իմացել է, հանկարծ նա էլ մեջ մտավ և սկսեց դատապարտել հայոց շարժումը: Մեզ ծաղրելու համար ասաց. «Հայերը հինգ վիլայեթ են ուզում. ի՞նչ մեծ բան. սուլթանը 35 վիլայեթ ունի, ամենայն հանգստությամբ կարող է 5 վիլայեթ տալ հայոց, բայց վախենում է, որ եթե հայերը 5 վիլայեթ ստանան և առանձին թագավորություն կազմեն, չինգանաներն էլ թագավորություն պիտի պահանջեն»: Ամենայն հանդարտությամբ ես պատասխանեցի. «Ի՞նչ անենք, չինգանան մարդ չէ՞. նա էլ ազգ է և իրավունք ունի իբր առանձին ազգ ապրելու, եթե ցանկանա»: Նա շարունակեց իր ծաղրը. «Դուք ի՞նչ ազգ եք որ, կարգին լեզու էլ չունեք, շարունակ թուրքերեն բառեր եք գործածում»: Այդ միջոցին ես Սոփոնի հետ խոսելիս գործածեցի «ջանըմ» բառը: Թաթարը իսկույն մեջ մտավ և ասաց. «Այ, «ջանըմ» ասացիր, թուրքերեն է, ինչո՞ւ հայերեն չես խոսում»: Ես սուտ պաշտպանեցի ինձ՝ ասելով, թե այս բառը քո իմացած բառը չէ, ուրիշ բառ է: Ընկերս զգուշացրեց, որ այլևս օտար բառ չգործածեմ: Թաթարը հայտնեց համարձակ կերպով, թե «Ես ձեր բոլոր ասածները հասկացա, հիմա որ Մարսել դուրս գանք, ես պիտի գնամ տաճիկների հյուպատոսի մոտ և հայտնեմ նրան, որ դուք մուզիր մարդիկ եք, եկել եք Ֆրանսիա»: Ես վախեցա մի րոպե: Ընկերս նկատեց երկյուղս և ասաց. «Ի՞նչ, դու կարծում ես, որ երբևէ Կոստանդնուպոլիս պիտի վերադառնա՞ս. մոռացիր Կոստանդնուպոլիսը. այլևս չենք տեսներ»: Այս խոսքերը ուժ տվին ինձ. իրավացի էր, և ես դարձա թաթարին և այնպիսի խոսքեր ասացի, որ դժվարանում եմ գրի առնել։ «Գնա՛, — ասացի, — գնա՛ ինչ և ուզում ես ասա քո հյուպատոսին. ես էլ մի քիչ կտամ, հյուպատոսիդ երեսին քսիր, մի քիչ էլ քո երեսին քսիր, մնացածն էլ Մոհամմեդիդ մորուքին քսիր»: Անշուշտ թաթարը կատաղությունից պիտի սպաներ ինձ, եթե մենակ չլիներ: Ես ավելացրի. «Տեղիցդ չշարժվես. մենք հիմա երկուսով պիտի գնանք նավապետին և ֆրանսերեն լեզվով պիտի զրպարտենք քեզ, ասելով, թե ֆրանսիացիներին և նրանց պաշտած Հիսուս Քրիստոսին այնպիսի հայհոյանքներ տվեց, որ չենք կարող ասել: Նավապետը պիտի կատաղի և քեզ ծովը պիտի գցի»: Թաթարը սարսափեց և պապանձվեց: Փոթորիկը մի ամբողջ օր տևեց: Նավապետը հույսը կտրելով, ուզում էր Մարսելը թողնել և մի ուրիշ նավահանգիստ մտնել, բայց միտքը փոխեց, սպասեց: Վերջապես փոթորիկը հանդարտվեց և 5-ի փոխարեն 6-րդ օրը Մարսել մտանք: Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևէ տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»: «Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում», — ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ: Հոգեկան ի՜նչ մեծ բավարարություն է ստանում մարդ, երբ տեսնում է, որ եվրոպացի պաշտոնյան հավատում է խոսքիդ և չի կասկածում վրադ: Այս է մեր և նրանց հիմնական տարբերությունը: Գնացք նստեցինք և մյուս օրը հասանք Փարիզ: == ՓԱՐԻԶՈՒՄ == 1895 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ հասա Փարիզ: Կայարանում ինձ դիմավորեցին իմ ամենամոտիկ ընկերներից 3-ը՝ Արամ Թահթաճյանը, Միհրան Իտարեճյանը և Արտաշես (Տելեմակ) Հանըմյանը: Առաջին տպավորությունս եղավ այն հիասթափությունը, որ ես Փարիզումն եմ: «Միթե՞ սա Փարիզն է», — ասացի ընկերներիս: Կարծես թե Բերա թաղն եմ դուրս եկել: Մարդիկ և կանայք հագնված են սովորական, հասարակ ձևով, ճիշտ ինչպես Բերայում: Կառքերը նույն ոճով. տրամվայ էլ չկար Փարիզում: Ընկերներս հայտնեցին, թե ոչի՛նչ, առաջին տպավորությունը այդպես կլինի, հետո կվարժվես և կիմանաս, թե Փարիզ է: Ընկերներս ինձ տարին Vaugirard փողոցը, ուր մի փոքր հյուրանոցում, երկրորդ հարկում մի փոքրիկ նեղլիկ սենյակ վարձեցին, օրական մեկ ֆրանկ (36 կոպեկ) վարձով: Այս փողոցը գտնվում էր Բուլվար Սեն-Միշել մեծ պողոտայի աջ կողմում, Պանթեոնից մի քիչ ցածր և Սեն-Ժերմեն մեծ փողոցից մի քիչ վերև: Ուսանողական թաղի լավ կենտրոններից մեկն էր: Փողոցի մուտքի մոտ ընկերներս աջ թևի վրա մի տուն ցույց տվին, որ եղել էր հայոց Մուրադյան վարժարանը: Նախ պետք էր ճաշի գործը կարգավորել։ Փարիզում ժողովրդի ամենամեծ մասը և հատկապես ուսանողությունը տանը չի ճաշում, այլ ճաշարանում: Ընկերներս ինձ տարին իրենց սովորական ճաշարանը, որ գտնվում էր Բուլվար Սեն-Միշելի վրա, Պանթեոնից մի քիչ վերև։ Նստանք ճաշելու: Ֆրանսիական ճաշը սովորաբար բաղկացած է չորս պնակից (տեսակից). նախ տալիս են մի որևէ սուպ, երկրորդ՝ տալիս են ինչ-որ մսեղեն, երրորդ՝ տալիս են ինչ-որ կանաչեղեն և չորրորդ՝ դեսերտ: Այս բառով հասկանում են կամ երկու գդալիկ քաղցրավենիք (մուրաբա), կամ մի կտոր պանիր, կամ մի խնձոր, կամ մի տանձ և կամ մրգեղեն: Երբ մրգեղեն ասում են՝ պետք չէ հասկանալ մեր ոճով առատ միրգ, այլ մի հատ ընկույզ, երկու-երեք կաղին, չորս-հինգ հատիկ խաղող և ահա այս բոլորը կոչվում է մրգեղեն: Կարող են նաև տալ suisse կոչված հաճելի ուտելիքը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ քաղցրահամ մի քիչ չոր մածուն, մի թերթի մեջ փաթաթած խողովակաձև, որ ուտում են շաքարի փոշիով: Այս է ամբողջ ճաշը: Հացը ձրի է, կեր որքան կարող ես։ Միևնույն ժամանակ իբրև խմիչք տալիս են մի շիշ գինի կամ մի բաժակ գարեջուր և կամ մի շիշ սիտրո (խնձորի ջուր): Այս բոլորի համար վճարում են 1 ֆրանկ 20 սանտիմ, 5 սանտիմ էլ ծառայողին իբրև վարձ, բոլորը 1 ֆրանկ 25 սանտիմ, որ անում է 45 կոպեկ: Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում. նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել. խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է: Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով, րոպեապես վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և bâton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկսեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց: Օրական ճաշում էի երկու անգամ: Ֆրանսիայում ճաշը լինում է ժամը 12-ից մինչև 2. 2-ին բոլոր ճաշարանները փակվում են և այլևս ճաշ չեք գտնի: Երկրորդ ճաշը լինում է երեկոյան ժամը 6—10. 10-ից հետո ճաշարանները փակվում են և այլևս ճաշ կամ ընթրիք չեք գտնի: Օրական երկու ճաշը նստում էր ուրեմն 2 ֆրանկ 50 սանտիմ. թեյ խմելու սովորություն չկար, այլ՝ կաթ կամ սուրճ: == ՀԱՄԱԼՍԱՐԱՆ == Ֆրանսիացիք չեն սիրում գործածել համալսարան (université) բառը, այլ ամեն բարձրագույն դպրոց կոչում են école (դպրոց կամ վարժարան), ինչպես Բժշկական վարժարան, Իրավաբանական վարժարան, Գեղարվեստից վարժարան, Արևելյան կենդանի լեզուների վարժարան և այլն: Որովհետև իմ նպատակն էր սովորել լեզվաբանություն, ուստի ընկերներիս խնդրեցի իմանալ, թե ո՞ւր է լեզվաբանական դպրոցը: Ամեն տեղ հարցրին, բայց ոչ մի տեղ այդպիսի անունով դպրոց չգտան: Օրեր սպասեցի, հուսահատ դրություն. այսքան տարի ես երազել եմ Փարիզ գալ լեզվաբանություն սովորելու, վերջապես եկել եմ Փարիզ և լեզվաբանության դպրոց չկա՞: Վերջապես մի օր Արամ Թահթաճյանը վազեց ինձ մոտ և ավետիս տվեց, թե «Գտա, լեզվաբանության դպրոցը գտա»: Ուրախությամբ դուրս թռա Վոժիրառ փողոցից, մի քիչ վերև մի նեղ փողոց տարավ ինձ, ուր ինչ-որ շենքի պատի վրա կարդացի մի խոշոր հայտարարություն դպրոցի կողմից: Դպրոցը կոչվում էր École des hautes-études (Բարձր ուսմանց վարժարան): Նշանակված էին բազմաթիվ դասախոսների անուններ, որոնց կողքին դրված էր իրենց առարկան: Հրճվանքով կարդում եմ առարկաների և լեզուների անունները. Սանսկրիտ, Զենդերեն, Թուրանական լեզվաբանություն, Սեմական լեզուներ և այլն, և այլն։ «Այս է իմ փնտրած դպրոցը», — ասացի Արամին և փնտրեցինք դպրոցի մուտքը։ Երևանի հին քարվանսարայի մուտքը շատ ավելի շքեղ էր, քան այս բարձր ուսմանց դպրոցի շենքի մուտքը: Խարխլած ու կործանված քարե սանդուղք, որի վրայով պետք է զգուշանաս բարձրանալ, վախենալով, որ քարերի հետ միասին կողքի փոսը չտապալվես: Արամը ինձ թողել հեռացել էր: Բարձրացա մինչև սանդուղքի ծայրը, որ հասնում էր մի տախտակե հասարակ դռան: Դուռը բաց արի և ներս մտա: Ոչ մի մարդ չկար բացի մի ծերուկից, որ սեղանի կողքին նստած մի բան էր գրում: Արևելյան համեստությամբ կանգնեցի երկար, սպասելով որ ծերուկը ինձ կդիմի: Վերջապես, երկար սպասելուց հետո, ծերուկը դարձավ ինձ և հարցրեց. — Ի՞նչ եք ուզում: — Ես եկել եմ դասախոսություններ լսելու: — Ուզո՞ւմ ես լսել, գնա լսի: — Ո՞վ է խոսողը: — Մասպերոն է: Մասպերոյի անունը ցնցեց ինձ. ամենախոշոր եգիպտագետ Մասպերոն էր, որի տասնյակ հատորների մասին լսել էի, բայց չէի կարդացել: Ինքը նաև հայոց պատմության խալդիական շրջանի երևելի մասնագետն էր: Ծերունու ցույց տված կողմով գնացի այն սենյակը, ուր էր Մասպերոն: 30-ի չափ ուսանող հավաքված նստել էին, դասը դեռ չէր սկսած: Ես էլ մտա և նստեցի նրանց կարգին: Մասպերոն հաշվեց բոլորիս և ասաց. «30 ուսանող, որոնք պատրաստվում են եգիպտաբանություն սովորելու. այդքանը շատ է. հույս ունեմ, որ ոմանք կհրաժարվեն»: Եվ սկսեց ամեն մեկիս հարցնել, թե ո՞վ է և ի՞նչ է: Երբ կարգը եկավ ինձ, ես ասացի. «Ես հայ եմ»: «Հա՞յ եք, հայ և եգիպտաբանություն. իրարից շատ հեռու են. չեմ կարծում, որ շարունակեք»: Եվ դառնալով բոլորին ասաց. «Եգիպտաբանությունը այնքան դժվար գիտություն է, որ եթե շարունակեք մինչև ձեր կյանքի վերջը, վերջին օրում հազիվ թե իմանաք»: Այս հուսահատական առաջաբանից հետո, սկսեց գրատախտակի վրա նկարել եգիպտական մեհենագրերը, թռչնագիր, մարդակերպ նկար և այլն, այնպիսի գեղեցիկ մանրանկարչությամբ, որ դիտողի հիացմունքն էր շարժում: Այսպես խոսեց ու նկարեց, վերջապես զանգը հնչեց ու դասը վերջացավ: Ամենքը ցրվեցին: Ես էլ դուրս եկա դասարանից և տեսա մի կապկանման մարդ, այծի մորուքով, այտերը ուռած թաթարի նման, աչքերին ակնոց, վզին սպիտակ կաշնե, որ մոտեցավ ինձ և հարցրեց. — Vous êtes arménien? (Դուք հա՞յ եք): — Այո, պատասխանեցի: — Venez chez moi (Եկեք ինձ մոտ), — ասաց և հեռացավ գնաց: Ես եկա նույն ծերունու մոտ և հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը: — Mais c’est monsieur Meillet (Պարոն Մեյեն է): Ոչ մի անգամ չէի լսած այդ մարդու անունը, որ այնուհետև իմ ամբողջ կյանքի ուղեցույցը պիտի լիներ: Հարցրի ծերուկին նրա հասցեն: Հետո հայտնեցի, թե ես եկել եմ համալսարանում սովորելու և պահանջեցի, որ պետք եղած ձևականությունը կատարի: Հանեց մի թղթի կտոր և պահանջեց, որ այնտեղ գրեմ իմ անուն ազգանունը, ծննդյան թվականը, ազգությունը և ուրիշ ոչինչ: Ես ուսանող էի: Ոչ քննություն, ոչ հարցուփորձ, ոչ շրջանավարտի վկայական. ափսո՜ս այն գումարին, որ վճարեցի ֆրանսիական հյուպատոսարանում իմ շրջանավարտի վկայականս թարգմանելու և վավերացնելու համար: Այդ բոլորը անպետք դուրս եկան: Հետո իմացա, որ փողոցից անցնող որևէ մի մարդ, ինչ սեռի և հասակի էլ պատկանի, կարող է ուսանող գրվել համալսարանում առանց որևէ քննության: Գնացի տրված հասցեով Մեյեի մոտ։ Բնակվում էր Սեն-Միշել փողոցի վրա, 7-րդ հարկում: Մտա իր սենյակը: Իր ամբողջ ընտանիքը բաղկացած էր 3 հոգուց՝ ինքը, ամենատգեղ դեմքով իր քույրը և մի պառավ աղախին։ Տարավ իր սենյակը, հարցրեց, թե ո՞ր քաղաքից եմ և ինչի՞ համար եմ եկել: Շատ կարճ ձևով հայտնեցի, որ կոստանդնուպոլսեցի եմ, ավարտել եմ Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, գիտեմ գրաբար, ֆրանսերեն, թուրքերեն, որոշ չափով պարսկերեն և արաբերեն, եկել եմ լեզվաբանություն սովորելու: Դժգոհություն հայտնեցի իրենց համալսարանական կարգի և ձևի մասին: «Իմ իմացածով, — ասացի, — պետք է լինեին որոշ ժամերում որոշ դասեր և բոլոր ուսանողները, պարտադիր կարգով, պիտի գնային լսելու բոլոր առարկաները: Ձեր ասածը տարրական և միջնակարգ դպրոց եղավ. այստեղ ո՛չ թե վարչությունը նշանակում է ուսանողի սովորելու առարկաները, այլ ուսանողն է, որ ընտրում է իր ուզած առարկան և դիմելով ուսուցչին գրվում է նրան ուսանող։ Ես առաջարկում եմ ձեզ հետևել Սանսկրիտի դասերին Սիլվեն Լևիի մոտ. հայերեն կսովորեք ինձ մոտ այստեղ՝ տանս. զենդերեն կդասախոսեմ համալսարանում և նույնպես կլսեք. հետո դուք կտեսնեք, թե ի՛նչ ուրիշ առարկաներ կարևոր են ձեզ համար: Այսպես սկսվեց իմ կանոնավոր ուսանողությունը, որ պիտի տևեր 3 տարի անընդհատ, մինչև 1898 թվականը: == ՈՒՍՄԱՆՍ ԸՆԹԱՑՔԸ ՓԱՐԻԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ == Այն հիմնարկը, որի մեջ գտնվում էր Բարձր ուսմանց վարժարանը, կոչվում էր Sorbonne, որ հիմնված էր 1600 թվականներին: Ուստի 300 տարվա հնություն ուներ: 2 տարի հետո խարխուլ շենքը քանդեցին և նրա փոխարեն կառուցեցին մի հոյակապ սպիտակափառ շենք: Երրորդ տարին փոխադրվեցինք նոր շենքը: Երբ մտանք մեր լսարանը առաջին անգամ, Մեյեն ասաց. Դուր չի գալիս. 20 տարի սովորել եմ և դասավանդել եմ այն փոքրիկ շենքի մեջ և այնպես վարժվել էի, որ այստեղ զգում եմ ինձ դատարկ միջավայրում: Բարձր ուսմանց վարժարանը ուներ չորս բաժին (sections). ա) Պատմական և բանասիրական. բ) Գրական. գ) Կրոնների պատմության. դ) Բնախոսական հոգեբանության: Բ և դ բաժինները չեմ տեսել, միայն սովորել եմ ա բաժնում, որ ուներ միայն 5 սենյակ: Բարձր ուսմանց վարժարանից դուրս սովորեցի նաև Collège de France-ում և École des langues vivantes orientales-ում (Արևելյան կենդանի լեզուների վարժարանում): Վերջինում սովորում էի արաբերեն Dérenbourg անունով հրեա դասախոսի մոտ: Այժմ անցնենք խոսել իմ ամեն մի դասախոսի մասին: Առաջինը եղավ Մեյեն, որին ամբողջ երեք տարի աշակերտեցի: Շաբաթական մի օր առավոտը գնում էի իր մոտ. նա սովորություն ուներ շուտ վեր կենալու. ժամը 7-ին սկսում էր նվագել դաշնամուրի վրա. լավ դաշնակահար էր. ժամը 8-ին քույրն էր պարապելու համար սկսում նվագել․ 9-ին գնում էի իրեն մոտ ընդհանուր բառով՝ հայերեն: Անցնում էր ինձ հետ հայերենի ձայնական օրենքները: Բայց այս դասը շատ ձևական էր և միշտ խանգարվում էր: Ինձ հետ պարապում էր նաև մի հասուն երիտասարդ, որի անունն էր Մելիք Սարգիս Դավիթ Բեկ(յան): Նա մի ժամանակ Երուսաղեմում սարկավագ էր եղել. արաբկիրցի էր. հետո եկել էր Փարիզ ինձնից երկու տարի առաջ և աշակերտել էր Մեյեյին: Այժմ նա պատրաստում էր իր դիսերտացիան, այն է՝ «Հայերենի մասնիկները»: Փոխանակ մասնիկները բառարանից դուրս բերելու, որոշել էր կարդալ ավետարանը և մասնիկները այդտեղից հավաքել: Գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Մեյեն սիրում և հարգում էր նրան, և հենց որ նա գալիս էր, թողնում էր ինձ և պարապում էր նրա հետ: Ինձ մնում էր միայն ունկնդիր լինել: Դավիթ Բեկը մի աֆերիստ էր իսկական բառով: Նա ինչ-որ հարուստներից որոշ հնարքով փող էր պոկում և դրանով ապրում: Հագված էր շքեղ և դնում էր բարձրադիր գլխարկ (հոտֆորմ), իբրև նշան ազնվականի: Շատ ծանրաբարո, խոսքերը չափած-ձևած, դանդաղ շարժումներով: Իր նպատակն էր մի հարուստ ֆրանսուհի գտնել և ամուսնանալ նրա հետ. դրա համար իրեն հայտարարել էր սուտ ազնվական, իբր թե Սյունյաց Դավիթ Բեկի ցեղից: Իհարկե, ոչ ոք չէր հավատում և մինչև վերջն էլ կարծեմ իր երազը երազ մնաց և այնպես էլ մեռավ: Մեյեի դասերին շատ անկանոն կերպով էր հաճախում: Միշտ ուշ էր գալիս, երբ ես պարապում էի Մեյեի մոտ, միշտ այդ ուշացած րոպեներում: Վերջապես Մեյեն խելքի եկավ, տեսավ որ իր սիրելի ուսանողը աֆերիստ է: «Il fait la noce», — ասում էր Մեյեն, ինչ որ ֆրանսիացվոց ընտանեկան լեզվով նշանակում է. «քեֆ է անում, աղջկանց հետ քարշ է գալիս»: Դիսերտացիան կիսկատար մնաց: Մեյեի հետ տանը ես ունեցա ուրիշ պարապմունք էլ. լազերենի քերականությունը և բառարանը, որ պատրաստել էի Կոստանդնուպոլսում, ցույց թվի նրան, շատ ուրախացավ և առաջարկեց, որ նույնը ֆրանսերենի թարգմանեմ: Մաս առ մաս թարգմանեցի, ինքն էլ հետևում էր լեզվին, ուղղումներ էր կատարում և վերջապես ամբողջ գիրքը, «Étude sur la langue laze» վերնագրով ներկայացրեց Փարիզի Լեզվաբանական ընկերության, որ հրատարակեց իր Տեղեկագրում մաս առ մաս և հետո առանձին գրքով: Ինձ էլ այդ առթիվ նույն ընկերության անդամ ընտրեցին: Դպրոցում Մեյեն տալիս էր զենդերեն, լսում էինք մի քանի հոգի: Թարգմանում էինք Զրադաշտի «Ավեստա»-ն: Ես լավ հետևում էի դասերին, այնպես որ հայերենի պես ազատ կարդում էի և մի օր Մեյեն խոսքը ուղղելով ընկերներիս, ասաց. — Նա ինձանից լավ է կարդում. արևելցի է: Զենդերենում այնքան առաջ գնացի, որ ինքը առաջարկեց ինձ կազմել զենդերենի հոլովների մասին առանձին ուսումնասիրություն: Քաղեցի Ավեստայի բոլոր հոլովական ձևերը, խմբավորեցի, դասավորեցի և ամեն մի խմբի կանոնները սիստեմի վերածեցի: Աշխատությունս պատրաստ էր, և իբրև դիսերտացիա պիտի ներկայացնեի համալսարանին, երբ հրատարակվեց Բարթոլոմեի հոյակապ բառարանը, ուր կար նաև այս աշխատությունս: Ուստի իմ դիսերտացիան ջնջվեց, և ես հրատարակության հույս չունենալով՝ այրեցի: Մեյեն անցնում էր նաև հունարեն լեզվի պատմությունը, որին սիրով հետևում էին ընկերներս: Ես չսիրեցի այդ առարկան և հետևում էի միայն ուսուցչիս հաճույք պատճառելու համար: Ամենակարևորը այն եղավ, որ Մեյեն արդեն պատրաստված, դուրս եկավ համալսարանում ավանդելու պաշտոնապես հայերենի համեմատական քերականությունը։ Ինձ համար լավագույն առարկան եղավ, որին շատ հաճույքով հետևեցի: Մեյեի հետ ունեցած դասերի ժամանակ, իմ ընկերներս էին՝ 1) Robert Gauthiot, ալզասցի մի լուրջ երիտասարդ, որ նաև հայագետ եղավ, հրատարակեց մի շարք գործեր և հետո պատերազմի ժամանակ ռումբի հարվածի զոհ գնաց: 2) Vendryès, բրըտոն, որ եղավ Մեյեի հաջորդը և Եվրոպայի ամենից նշանավոր լեզվաբաններից մեկը: 3) Grégoire, որ բելգիացի էր. նա էլ ունի կարևոր լեզվաբանական գործեր, մինչև անգամ ռուսերենի թարգմանված: 4) Max Niedermann, բարձրահասակ գերմանական շվեյցարացի, շատ լուրջ մի երիտասարդ, որ նշանավոր մասնագետ եղավ լատիներենի: Մի ընկերուհի էլ ունեի, ամենատգեղ մի ազնվական պառավ օրիորդ 50—60 տարեկան, որ կոչվում էր մադմազել դը Չերնիցկիև, որ ինձ իրեն հայրենակից համարելով - շարունակ կողքիցս չէր բաժանվում և իր հոտած շնչով ինձ զզվանք էր պատճառում: Սանսկրիտի ուսուցիչս եղավ Սիլվեն Լևի, որ ազգով հրեա էր, արագախոս: Ես մասնակցեցի իր դասերին մի այնպիսի խմբի հետ, որ արդեն մի տարի սովորել էր։ Սիլվեն Լևին հետաքրքիր ուսուցիչ էր, բայց ավելի սիրում էր հնդկական փիլիսոփայությունը և ոչ թե լեզվաբանությունը, այնպես որ իր դասերը դժբախտաբար ինձ չէին հետաքրքրում: Իր աշակերտների մեջ կար մի հրեա՝ Moos անունով, որ շատ հմուտ էր հնդկերենին, ինքն էլ բժիշկ և հաճույքով խորանում էր հնդկական փիլիսոփայության մեջ: Սիլվեն Լևին առաջարկեց մեզ բոլորիս ամեն չորեքշաբթի գիշեր հավաքվել իր տանը, զանազան նյութերի մասին խոսակցելու համար: Չինարեն էլ էր սովորում և Moos-ի հետ չինական փիլիսոփայության մեջ հնդկական փիլիսոփայության հետքերն էին որոնում: «Երանի՜ քեզ, — ասաց ինձ մի օր Սիլվեն Լևին, — որ այնքան լավ թուրքերեն գիտես: Եթե ես այդքան թուրքերեն իմանայի, ինչե՜ր կանեի»: Թե ի՞նչ պիտի աներ՝ չգիտեմ: Մի գիշեր Սիլվեն Լևին խոսեց հնդիկների ուտելեղենի մասին և ասաց, թե նրանց գլխավոր ուտելիքը փլավն է. և դառնալով ինձ հարցրեց. «Դուք փլավ տեսե՞լ եք»: Պատասխանեցի, թե փլավը մեր սովորական կերակուրն է: «Պատրաստել գիտե՞ք»: «Գիտե՜մ, շատ հեշտ բան է»: Իսկույն տիկնոջը կանչեց, միասին գնացինք խոհանոց, և ես քաշովի պատրաստելով փլավի համար, ձևը սովորեցրի: Ֆրանսիական կառավարությունը երկրորդ տարում Սիլվեն Լևիին ուղարկեց Հնդկաստան: Մեր սանսկրիտի դասերը ընդհատվեցին: Եվ Լևիի փոխարեն ուսուցիչ նշանակվեց Finot, որի հետ պարապեցինք երկրորդ տարին: Սա ավելի օգտակար եղավ, որովհետև սկսեց կուրսի սկզբից: Երրորդ տարին Լևին վերադարձավ, բայց այլևս ես երկար չմնացի նրա մոտ: Շատ էի ուզում սովորել հայկական բևեռագրերը: Այդ միջոցին Փարիզ էր եկել Կարապետ Բասմաճյանը, որ հետագայում բևեռագրության մասնագետի հռչակ հանեց մեր մեջ: Երկուսով միասին դիմեցինք կաթոլիկ վարդապետ Père Scheil-ին, որ Վանից նոր էր վերադարձել և հայ բևեռագրության մասնագետ էր: Père Scheil-ը ասաց, թե առանձին խալդիական բևեռագրություն չի ավանդում, բայց պետք է ավանդի ասորեստանյան բևեռագրությունը, որ խալդերենի հետ նույնն է: Կազմվել էր մի մեծ խումբ, ուր մասնակցեցինք մենք էլ երկուսով և սովորեցինք ասորեստանյան լեզուն: Լսելով, որ նշանավոր Oppert ֆրանսիացի բևեռագետը դասախոսելու է Կոլեժ դը Ֆրանսում, իսկույն գնացինք նրա կուրսերը լսելու: Շաբաթական երկու անգամ Oppert-ը, որ ծերությունից կորացել էր, երկու հոգու թևը մտած բարձրանում էր բեմ և այնտեղից դիմում իր «ունկնդիր»-ներին: «Տիկիններ և պարոններ», — ասում էր նա, — մինչդեռ լսողները երկու հոգի էին, ես և Բասմաճյանը: Այնուհետև դառնալով գրատախտակին, կավիճը ձեռքին ջրի պես սրընթաց շարվում էին բևեռագիր տառերը տող տողի վրա հեծած, տառ տառի վրա հեծած: Մենք քաղում էինք նրանից այն, ինչ որ հնարավոր էր: Մի օր մի նոր աշակերտ ներս մտավ: Oppert-ը նկատեց նրա գալուստը, տախտակի վրա բավական գրելուց հետո, դարձավ նորեկին և հարցրեց ըստ սովորականին. — Pouvez-vous suivre? (Կարողանո՞ւմ եք հետևել): Նորեկը պատասխանեց. — Ես ալյուրի վաճառական եմ: Ընկերոջս հետ պայմանավորվել էինք տեսնել իրար Կոլեժ դը Ֆրանսի դռան առաջ. երկար սպասեցի, չեկավ, այդ միջոցին անձրևն սկսեց, չթրջվելու համար եկա այստեղ: Մեյեն ձայնաբանության մասին դասեր ունենում էր: Այդ միջոցին համալսարանում Passy անունով մի ֆոնետիկոս կար, նշանավոր մասնագետ էր համարվում: Ուզեցի նրան աշակերտել: Մեյեն արգելեց ինձ ասելով, թե նրա ուղղությունը գիտական չէ: Ես փախա և սկսեցի ծածուկ հետևել Passy-ի դասերին: 30-ից ավելի տիկիններ և օրիորդներ էին, մեծագույն մասամբ օտարազգի, որոնք հաճախում էին նրա դասերին, իբր թե ֆրանսերենի հնչյունները լավ սովորելու համար: Նա ուներ մի արհեստական խոշոր կոկորդ, մոտ մի մետր բարձրությամբ, որի վրա կարելի էր տեսնել մարդու կոկորդի բոլոր մանրամասնությունները և հնչյունների կազմության տեղերը: Passy-ն գիտեր, որ ես Մեյեի մոտ սովորում եմ և երբ առաջին անգամ մտա իր լսարանը, ոչ միայն զարմանքով, այլև հաճույքով ընդունեց ինձ և ամեն մի բացատրության ժամանակ իմ կարծիքն էր հարցնում: Օրիորդների գեղեցիկ շարքում գտնվում էր նաև (կարծում եմ) հոլանդացի բարձրահասակ մի օրիորդ Homburger, որ հետագայում շատ նշանավոր լեզվաբան դարձավ և եղավ Աֆրիկյան լեզվաբանության հիմնադիրը: Նշանավոր երևույթ եղավ, երբ մի ֆրանսիացի հասարակ աբբա Rousselot անունով հնարեց կոկորդի ձայները մրոտ թղթի վրա գրի առնելու մի նոր մեքենա: Բոլոր գիտունները արհամարհեցին նրան. Մեյեն հավանեց այդ գյուտը: Ֆրանսիական համալսարանի վարչությունը իբր փորձ տվեց նրան աշխատանոց (լաբորատորիա), ուր նա դնելով իր նորագյուտ գործիքները, փորձնական ձայնաբանության կուրսեր բաց արավ: Առաջին ուսանողը ես եղա, որ ներկայացա իրեն, ուսանելու նպատակով: Երեք ամիս աշխատեցի իր մոտ, սովորեցի արվեստի բոլոր մանրամասնությունները, որից հետո սկսեցի հայերեն ձայների վրա փորձեր կատարել: Փարիզում գտա 6 ուսանող զանազան գավառներից, որոնց, ինչպես և իմ հնչյունները նկարելով հրատարակեցի, աշխատակցությամբ նույն Rousselot աբբայի և Մեյեի։ Փոքր դասախոսներից պետք է հիշեմ Blochet-ին, որ միակ պահլավագետն էր Փարիզում: Համալսարանը սիրում է զանազան լեզուների և գիտությունների համար մի-մի մասնագետ հասցնել և պահել: Այդպիսիներից մեկն էր վերջինս, որ սակայն բացի պահլավերենից ուրիշ ոչինչ չգիտեր, ո՛չ լեզվաբանություն, ո՛չ ձայնաբանություն և ո՛չ էլ նույնիսկ պարսից լեզվի պատմություն։ Դավիթ Բեկը 6 ամիս սովորել էր նրա մոտ և ինձ էլ հորդորեց աշակերտել նրան: Գնացի նրա մոտ և 6 ամիս էլ ես մենակս պարապեցի նրա հետ: Կարդացինք Արտավիրաֆի անգլիական հրատարակությունը: Այստեղ հանդիպեցի պահլավերեն նաիչակ ռամիթունեդ՝ «քվե գցել» բացատրությամբ, որ ես առաջարկեցի սրբագրել վաիչակ և կապել հայերեն վիճակ բառի հետ. պահլավերեն Ն և Վ միևնույն ձևով են գրվում. իսկ վիճակ արկանել սովորական հայերեն ոճ է: Blochet-ն չկարողացավ որևէ բան ասել, ուստի դիմեցի Մեյեին. շատ ուրախ եղավ այդ սրբագրության համար, որով մի հայերեն բառ ևս մեկնվում էր: Իր առաջարկությամբ այս մասին մի հոդված գրեցի տպագրելու համար Տեղեկագրում, բայց այդ միջոցին դուրս եկավ SWAW-ի ամսագրում Մյուլլեր հայագետի մի հոդվածը ճիշտ նույն բովանդակությամբ և իմ հոդվածը չտպվեց: Կոլեջ դը Ֆրանսի լավագույն դասախոսներից մեկն էր Michel Bréal-ը, որ արդեն հայտնի էր Bopp-ի չորս հատորների ֆրանսերեն թարգմանությամբ, և որի վրա ես էլ սովորել էի լեզվաբանությունը Կոստանդնուպոլսում աշակերտ ժամանակս: Պատկառելի ծերունի էր, հանդարտ, ծանրաբարո, խոսում էր դանդաղ, շարունակ իր բառերը կրկնելով, որպեսզի ունկնդիրները լավ մարսեն։ Մեծ ուշադրությամբ հետևում էի իրեն մի բառ չկորցնելու համար: Ավանդում էր մի նոր գիտություն (sémantique), որ շատ հետո առանձին հատորով էլ հրատարակեց: Ես դիմեցի իրեն և խնդրեցի, որ դասախոսությունները տեղնուտեղը թարգմանեմ հայերենի և հրատարակեմ: Արտոնեց: Այսպիսով իր գրքի լույս տեսնելուց շատ առաջ ես հրատարակեցի նույնը Կոստանդնուպոլսի «Բիւրակն» ամսաթերթում «Լեզվի հոգեբանություն» վերնագրով: Մնում է մի քանի խոսք էլ ասել Փարիզի լեզվաբանական ընկերության մասին, որին անդամ էի ընտրվել ես էլ: Ամսական երկու անգամ գիտական ժողով էր կատարվում, ուր ներկա էին լինում Փարիզում գտնված բոլոր լեզվաբանները։ Այսպիսով առիթ ունեցա ծանոթանալու այդ պատկառելի հիմնարկության փարիզաբնակ անդամների հետ: Ընկերության Տեղեկագրում հրատարակել եմ բազմաթիվ հոդվածներ մինչև 1936 թվականի վերջը, որից հետո ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին: Մի վերջին հետաքրքիր դեպք էլ պատմեմ համալսարանի մասին: Համալսարանում ամեն մի լեզվի հատուկ ամբիոն կա: Ամեն մի ուսանող կարող է խնդրել վարչությունից, որ ինքը ցանկանում է սովորել այսինչ առարկան, և համալսարանը պարտավոր է զգում իրեն լրացնել նրա փափագը՝ հայթայթելով պատշաճ դասախոս։ Մի երիտասարդ ֆրանսիացի սպա, որ մասնակցել էր Մադագասկարի կռիվներին և մի քանի տարի մնալով նույն կղզում, բավական սովորել էր մալգաշերեն, դասախոս դառնալու համար դիմում է հետևյալ խարդախ միջոցին: Նախ ներկայանում է համալսարանի վարչության և հայտնում, թե ինքը պատրաստ է դասախոսել մալգաշերեն, եթե ուսանող լինի: Վարչությունը նշանակում է նրան պաշտոնական դասախոս: Սպան գնում է շուկա, գտնում է մի ինչ-որ երիտասարդ և հարցնում, թե ամսական քանի՞ ֆրանկ է ուզում իր մոտ ծառայելու համար: Որոշ համաձայնության են գալիս: Նույն ձևով համաձայնության է գալիս նաև մի ուրիշ երիտասարդի հետ։ Այդ երկուսին պարտադրում է գնալ համալսարան և մալգաշերենի ուսանող գրվել: Այսպիսով սպան պրոֆեսոր է դառնում, ամսական մի մեծ գումար է ստանում, որից մի փոքր բաժին էլ հասնում է երկու սուտ ուսանողներին: == ԴԺԲԱԽՏ ՇՐՋԱՆ == Առաջին տարիս անց կացրի բավական հանգիստ կերպով. գրպանումս դրամ ունեի և ճաշարանում օրական 1 կամ 2 անգամ ճաշում էի: Երբ առաջին տարին վերջացավ, փողս էլ վերջացավ: Պետրոս Փարյանի հետ պայմանավորվել էինք, որ երկրորդ տարում պիտի ուղարկեր ինձնից վերցրած գումարը: Նույն միջոցին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսում բանկի դեպքը, որի դռան առաջ տեղնուտեղը զոհ գնաց Պետրոս Փարյանը: Այսպիսով անկարելի եղավ որևէ գումար ստանալ: Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ մեծ կոտորած, և ինչպես ասում էին, մի շաբաթվա ընթացքում 70 000 հայ փախավ Կոստանդնուպոլսից: Բոլորովին քաղցած մնացած, այնուամենայնիվ պատրաստվեցի մեկնել Կոստանդնուպոլիս: Դիմելով տաճկաց դեսպանատանը, անցագիր ստացա, որի տակը ստորագրելու էր ինքը դեսպան Մյունիր բեյը: Բայց մենք ուսանողներս դեսպանատան մեջ մի լրտես ունեինք, որի միջոցով իմանում էինք զանազան ներքին գաղտնիքներ: Լրտեսը հայտնեց, թե դեսպանը երկու տեսակ ստորագրություն ունի. մեկը ցույց է տալիս, որ այդ մարդը անմեղ է և կարելի է թույլ տալ մտնելու Կոստանդնուպոլիս, իսկ մյուսը նշանակում էր, թե վնասակար անձ է և անմիջապես պետք է ձերբակալել: Իմ անցագրի ստորագրությունը երկրորդ տեսակից էր, ուստի անկարելի էր մեկնել: Սկսվեցին իմ ամենածանր օրերը: Ո՞ւր դիմեի: Ինձ ասացին, թե դպրոցի վարչությունը օտարազգի ուսանողներին կարող է տալ ամսաթոշակ, եթե դիմում տրվի: Բայց ես չուզեցի շնորհակալ լինել ֆրանսիական կառավարության, որ չէի սիրում: Ուստի չդիմեցի և ոչ մի օգնություն չստացա: Լսած լինելով, թե Ամերիկայում բանվորական ուժի կարիք կա և շատ հայեր այնտեղ գործ են գտնում, որոշեցի Ամերիկա գնալ: Այս միտքս հայտնեցի Մեյեին, որ խոստացավ տալ ինձ մի հանձնարարական ամերիկացի մի իրավագետի: Բայց շուտով ես Ամերիկա գնալու մտքից հրաժարվեցի, ասելով, թե այնտեղ աշխատողը այստեղ էլ կարող է աշխատել: Որոշեցի փողոցում լրագիր ծախել. ամեն մի համարում մի սանտիմ շահ կար. բայց տեսա, որ հեշտ չէ հաղթել մրցակիցներիս: Բուլվար Սեն-Միշելի և Բուլվար Սեն-Ժերմենի հատման կետում, Մյուզե Գիմեյի դռան առաջ մի կոշիկ ներկող կար: Ցերեկները ներկի տուփը շղթայելով և կողպելով գնում էր տուն մի երկու ժամով: Ես առաջարկեցի նրան թույլ տալ ինձ, որ այդ երկու ժամը նստեմ այդտեղ և անցորդների կոշիկները ներկեմ, իսկ հավաքած գումարս կիսենք: Նա համաձայնվեց, բայց այդ գործն էլ չհաջողվեց: Թերթերում հայտարարություն էի տվել, թե զանազան լեզուներով դասեր տալու կամ թարգմանություններ անելու պատրաստ եմ: Մի երկու շաբաթ իզուր սպասելուց հետո, հանկարծ մի գրասենյակից հրավեր ստացա: Ներկայացա: Ինձ տվին տաճկերեն լեզվով գրված մի մեծ լահիյա և առաջարկեցին թարգմանել: Փաստաբանական մի գրվածք էր, որի վրա տեղում աշխատեցի 2 ժամի չափ և ֆրանսերենի թարգմանեցի: Պաշտոնյան հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Ես ողորմելիս ամաչելով 5 ֆրանկ խնդրեցի: Իսկույն վճարեց: Երբ ես տուն եկա և ֆրանսիացի ընկերոջս Feillet-ին հայտնեցի 5 ֆրանկի մասին, «Ապուշ», — գոչեց երեսիս, — քանի՞ մարդ կարելի է գտնել Փարիզում, որ դատաստանական լեզու իմանա և թուրքերեն ու ֆրանսերեն միասին գիտենա. ինչո՞ւ 50 ֆրանկ չուզեցիր»: Այնուամենայնիվ 5 ֆրանկը ինձ բավական էր մի շաբաթ: Այդ ժամանակ նոր էր հնարվել կինոն: Բուլվար դե զ’ Իտալիեն փողոցի վրա բացվել էր առաջին կինոն: Ներկայացա կառավարչին և հայտնեցի, թե պատրաստ եմ հայտարարություններ ցրելու: Ընդունեց, և տալով մի կապոց, առաջարկեց ցրել անցորդների մեջ: «Միայն զգույշ եղեք, — ասաց նա, — շտապ գնացող մարդկանց մի՛ տաք, վատ հագնված մարդկանց էլ մի՛ տաք. տվեք այնպիսի անձանց, որոնք կարող են կինո գալ»: Անձրևոտ օր էր: Գիշեր: Անձրևը բարակ շաղում էր, ես բարակ հագնված, կիսաքաղց, երկու ժամ թղթերը ցրեցի և վերադարձա պաշտոնյայի մոտ: Վճարեց մի ֆրանկ, միևնույն ժամանակ իրավունք տալով դիտելու կինոն: Առաջին անգամն էր, որ ցուցադրվում էր կինոն, և ես էլ առաջին անգամն էի տեսնում: Ունեցած-չունեցածս (անկողինս, վերմակս) ծախեցի և սենյակիցս դուրս եկա ու վարձեցի Օդեոնի թատրոնի կողքին 8-րդ հարկում, կտուրի տակ մի խցիկ, հատակը քարից, ոչ մի մահճակալ կամ նման բան, պատուհան էլ չուներ: Մի խումբ լրագրեր փռեցի հատակին, մի երկու գիրք դրի գլխիս տակ իբր բարձ և առանց հանվելու, առանց վերմակի քնում էի քարի վրա: Ճարեցի մի ընկեր, որի անունն էր Հովհաննես, Տրապիզոնի մոտ Չարշամբա ավանից: Այդ տղան պատմեց, թե իր հայրը ավազակապետ է, մի քանի հայ գյուղ ապստամբեցրել է պետության դեմ և ինքը նրանց կառավարիչ դառնալով, ապրում է իբրև հայդուկ: Ուներ մի տղա և մի աղջիկ: Իմանալով, որ իր վախճանը երկար չի կարող տևել, աղջկանը ուղարկել էր Գերմանիա մանկավարժություն սովորելու, իսկ որդուն՝ Հովհաննեսին՝ Փարիզ, իր գլխի ճարը մտածելու: Հովհաննեսը աղքատ տղա էր և ինձ օգնելու միջոց չուներ: Անտեր նստած մտածում ենք: Ինձ ասել էին, թե կարելի է դիմել Փարիզի մի քանի հայ հարուստների և օգնություն խնդրել: Զիջեցի և առաջին անգամ գնացի Մարկոսյան անուն հարստի տունը. ընտանիք չուներ. ինքը եկավ դուռը բացավ: Հարցրեց. «Ո՞վ կուզեք»: «Պարոն Մարկոսյանը»: «Հոս չէ, Անգլիա գնաց, հազիվ մեկ ամիսեն գա»: Այսպես պատասխանեց հենց ինքը Մարկոսյանը, տեսնելով անծանոթ, վատ հագնված պատանուս: «Շնորհակալ եմ, պարոն Մարկոսյան», — ասացի և դուրս եկա: Երկրորդ հարուստը, որին դիմեցինք, Իսկենդեր անունով մի պարսկահայ կաթոլիկ վաճառական էր: Հասկացավ որ ուսանող եմ և սիրով ընդունեց ինձ: Երբ նպատակս հայտնեցի, ասաց որ մի անգամից, մի հարստից գումար ստանալ անկարելի է. պետք է մի ցուցակ կազմեք, ամեն մեկից ամսական մի գումար ստանաք և այդպիսով ապրեք: Խելոք միջոց էր առաջարկածը: Ես խնդրեցի, որ ցուցակի առաջին անձը ինքը լինի: «Ո՜չ, — ասաց, — ես հարուստ մարդ չեմ. ինձմե ավելի հարուստներ շատ կան, իմ տվածս փոքր գումար մը պիտի ըլլա, որուն նայելով ուրիշներն ալ ավելի փոքր գումար պիտի ստորագրեն»: Հասկացա, որ սա էլ ուրիշ ձևով է ուզում խաբել ինձ։ Թողեցի դուրս եկա: Դրությունս շատ ծանր էր, օրական ուտում էի մի փոքր կտոր հաց 5 սանտիմի և երկու փոքր գազար, 5 սանտիմ (լսել էի, թե ամենասննդարար և միևնույն ժամանակ ամենաէժան բանը գազարն է): Այսպիսով օրական ծախսս լինում էր 10 սանտիմ, ամսական 3 ֆրանկ (1 ռուբլի 8 կոպեկ): Ամբողջ ժամանակ քաղցած էի, թեև դասերս շարունակում էի անխափան: Կոստանդնուպոլսում մի տեսակ պտուղ կա, որ կոչվում է ամերիկան ֆստխի. այստեղ նույնը կոչվում է արախիս. այդ պտուղը խորովում են Կոստանդնուպոլսում և արևածաղկի նման ուտում: Փարիզում այդ սովորությունը չկար: Պտուղը կոչվում էր կակահյուետ, որ կարելի էր գտնել խանութներում մեծ քանակությամբ: Մարդիկ չէին ուտում, այլ տալիս էին հավերին հում-հում: Որոշեցի խորովել այդ պտուղը և փողոց դուրս գալ վաճառելու: Դրամագլուխ չունեի. մի ֆրանկ փոխ առի Feillet-ից, կարծեմ 2 ֆրանկ էլ Հովհաննեսը փոխ տվեց, գնացի մի խանութ մի զամբյուղ առի, մի կիլո էլ արախիս (գետնանուշ), նաև թղթի փոքրիկ պատրաստի տոպրակներ, տուն եկա, կրակ վառեցի և արախիսը խորովելով, տոպրակների մեջ լցնելով, զամբյուղի մեջ դարսեցի, դուրս եկա վաճառելու: Հովհաննեսը հետս էր: Կանգնել եմ Բուլվար Սեն-Միշելի վրա, անցորդները երկու կողմից անցնում են. ես պետք է բղավեմ «Կակահյուետ», բայց չեմ կարողանում, ձայնս կոկորդիս մեջ խեղդվում է: — Մի՛ ամչնար, մի՛ վախնար, — քաջալերեց ինձ Հովհաննեսը. օր պիտի գա, որ այս բանը պարծանքով պիտի հիշես: Նշանավոր Կաֆե Սուֆլեի առաջն էինք: Այստեղ նստած էին Չոպանյանը, Միհրդատյանը և մի քանի ուրիշ ուսանող ընկերներ: Նրանք հարուստ էին, որովհետև գիտեին օգտվել հարուստներից: — Հրաչյա, — կանչեց ինձ իր մոտ Չոպանյանը, — դուն այսօր Մարկոսյանին գացեր ես, անիկա քեզի չէ ճանչցեր և դուրս է վռնդեր: Ես խոսեցի իրեն, նորեն գնա և քեզի պիտի օգնե: — Ես օգնության պետք չունիմ: — Եվ զամբյուղը, որ ամաչելուց հետևս թաքցրել էի, բարձրացրի իր երեսին և ավելացրի. — Իմ օգնողս այս է: Եվ կարծես մի նոր ուժ և ներշնչում ստացած, բարձրաձայն կանչեցի. — Կակահյուե՜տ: Միհրդատյանը, որ սամաթիացի էր, մեջքս ծեծելով գործածեց սովորական դարձվածը. — Ախպարըմ սամաթիալը դըր: Այս էր մեր սամաթիացիների պարծանքի խոսքը: Բուլվարի երկու կողմը «Կակահյուե՜տ» կանչելով գնացի մինչև Սեն գետի մյուս երեսը, որ հարուստների թաղն է: Ամեն մի սրճարանի առաջ կանգնում և ցույց էի տալիս այս անծանոթ պտուղը: Ոչ ոք չէր ճանաչում: Իբր օրինակ ցույց տալու համար կոտրում էի մի քանիսը և ուտում: Իրենք էլ էին փորձում: «Խմացնում է», — ասում էի (այսինքն գարեջուր է խմացնում): Պատահում էին նաև մեքսիկացիներ և ուրիշ հարավային ամերիկացիներ, որոնք սիրում էին այդ պտուղը և հաճույքով գնեցին, մի տոպրակին վճարելով 10 սանտիմ: Այդ գիշերը, որ իմ «առևտրական գործունեության» առաջին օրն էր, ես շահեցի 7 ֆրանկ, ինձ համար մի մեծ դրամագլուխ, որ կարծես թե բախտը ինձ քաջալերելու համար նվիրեց ինձ: Մի քանի ժամ ման գալուց հետո ուրախ սրտով վերադարձա տուն, պարտքերս վճարեցի և պատրաստվեցի հաջորդ օրվան: Հաջորդ օրը գնացի Մեյեի մոտ. դասի օրն էր: Պատմեցի եղածը: «Ես միայն կարող եմ հիանալ ձեր վրա», — ասաց նա: Այդ էլ ինձ համար քաջալերություն էր: 7 ֆրանկը առաջին և վերջին անգամ եղավ: Երկրորդ օրը 5 ֆրանկ շահեցի: Հետզհետե իջավ և հասավ վերջապես ողորմելի 20 սանտիմի (7 կոպեկ): Առավոտը ժամը 8-ին գնում էի համալսարան, ուր մնում էի գիշերվա մինչև ժամը 10-ը: Համալսարանում վառում էին և տաք էր, միևնույն ժամանակ ներսում շատ ճոխ գրադարան կար և մեր ուզած գիրքը մեր ձեռքով վերցնելով կարդում էինք: Գիշերվա ժամը 10-ին համալսարանը փակվում էր, ես իսկույն գնում էի խցիկս և զամբյուղս վերցնելով պտույտի էի դուրս գալիս: Ման էի գալիս միայն սրճարանների առաջ, այնտեղ նստած հաճախորդներին առաջարկելով իմ ապրանքը: Այսպես ման էի գալիս փողոցից փողոց մինչև առավոտվա ժամը 4-ը, այն է 6 ժամ շարունակ, 6 ժամ ման գալ և շահել միայն 7 կոպեկ՝ սոսկալի էր: Ցուրտը և անձրևը պատճառ էին իմ թշվառության: Ցրտին ոչ ոք սրճարանի դուրսը չէր նստում և ամեն ոք գնում էր ներս, իսկ ինձ իրավունք չկար ներս մտնելու և առևտուր անելու: Այս թշվառ օրերիս երբեմն հետաքրքիր միջադեպեր էին տեղի ունենում, որոնցից երկուսը կպատմեմ: Մի գիշեր Սենայի մյուս ափումն էի. իմ առաջ դուրս եկան մի քանի ֆրանսիացի բանվորներ. հարցրին. «Ի՞նչ ես ծախում», «Կակահյուետ», — ասացի ես և մի երկու հատիկ տվի ուտելու: Ասացի ուսանող եմ, ցերեկները` սովորում եմ, գիշերները կակահյուետ ծախում: — Բայց դուք youpi եք: — Ի՞նչ բան է youpi-ն: — Դուք you-you եք: — Ի՞նչ բան է you-you. — Դուք հրեա՞ եք: Ուրեմն ժողովրդական ծաղրական լեզվով այդ երկու բառերը նշանակում էին հրեա: — Ո՛չ, ես հայ եմ: Այս խոսքիս վրա նրանք ուրախացան, բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ գոչեցին։ Այն ժամանակ տեղի էր ունեցել Կոստանդնուպոլսի բանկի գրավման դեպքը և ամբողջ աշխարհը տարածվել էր հայոց հեղափոխական անունը: Եվ հետո մեջքս շոյելով ասացին. «Բայց ձեր վարպետները մենք ենք: Ահա Բաստիլը, որ մենք կործանեցինք. առաջին հեղափոխականները մենք ենք»: Այդ միջոցին մենք կանգնած էինք Բաստիլի հրապարակում: Բանվորները մի քանի տոպրակ կակահյուետ գնեցին և հեռացան: Մի ուրիշ գիշեր, Սորբոնի մոտ գտնված մեծ սրճարանի առաջ կանգնած էի: Տեսա մի անգլիացի պարոն, որ գարեջուր էր խմում: Մոտեցա և կակահյուետ առաջարկեցի: Հարցրեց. «Ի՞նչ բան է կակահյուետը»: Ես մի-երկու հատ տվի նրան և առաջարկեցի ուտել, ասելով, թե խմելու ախորժակ կբանա: Հարցրեց թե ո՞վ եք դուք։ Պատասխանեցի, թե ես ուսանող եմ, սովորում եմ ահա, այս Սորբոնում. գիշերները կակահյուետ եմ ծախում օրապահիկս հայթայթելու համար: — Ի՞նչ ազգ եք: — Armenian. Անգլիացին վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց՝ «Bravo!»: Մի տոպրակ վերցրեց և մի ֆրանկ վճարեց: — Ո՛չ, — ասացի ես, — մի տոպրակի գինը 10 սանտիմ է: – Այն ժամանակ տվեք տասը տոպրակ, — ասաց անգլիացին: — Ոչ, — ասացի ես, — դուք մեկ տոպրակ էիք ուզում, ավելին չեմ տա: Այդ այն ժամանակն էր, երբ Գլադստոնի ճառից ոգևորված՝ ամբողջ Անգլիան ոտքի էր կանգնած և պահանջում էր կառավարությունից պատերազմի դուրս գալ տաճիկների դեմ հայերի փրկության համար: Թե մի անհատը ինչքան ազդել կարող է՝ ցույց տալու համար պատմում եմ հետևյալ միջադեպը, որ լսել եմ Կովկասում։ — Անգլիացի Konibir հայագետը եկել էր Տփղիս, Էջմիածին գնալու և հին ձեռագրեր ուսումնասիրելու համար: Մի գրախանութի առաջով անցնելիս տեսնում է ցուցափեղկում Անիի ավերակների նկարներ և մտնում է ներս գնելու համար: Գրավաճառը կապոցը պատրաստում է, Konibir-ը գումարը վճարում է և հասցեն տալով խնդրում է, որ ուղարկեն այսինչ հյուրանոցը: Գրավաճառը անշուշտ լրագրում կարդացած լինելով Konibir-ի մասին հարցնում է. — Դուք այն նշանավոր անգլիացի հայագետ Konibir-ն ե՞ք, որ եկել եք Էջմիածին գնալու համար: — Այո՛: — Հետ վերցրեք այդ փողը: Դուք այդքան նեղություն եք քաշել: Անգլիայից եկել եք այստեղ մեր ազգին ծառայություն մատուցելու համար. ես ձեզնից գումա՞ր պիտի վերցնեմ: Konibir-ի պնդումները անհաջող են անցնում: Սրա վրա, ասում են, թե երբոր առիթ է ունեցել Konibir-ը խոսելու հայոց մասին, ասել է. «Հայոց պես ազնիվ, ուսումնասեր, անշահախնդիր, ազգասեր ժողովուրդ չկա»: == HEMIOPIA (ԿԻՍԱԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ) == Ամիսներով շարունակ անսնունդ մնալով, շատ նիհարել էի, վիզս տանձի կոթ էր դառել: Սկսեց ամեն օր գլուխս ցավել, աչքս վատացավ: Մի օր սանսկրիտի դասին էր, Սիլվեն Լևին ինձ դաս էր հարցնում: Կարդալու ժամանակ տեսա, որ տառերը վերևից ներքև կախվեցին, երկուսի բաժանվեցին և ես չէի կարողանում կարդալ: Ուսուցչիս ասացի, թե աչքս վատ է տեսնում: Գուցե նա մտածեց, որ դասս չգիտեմ և տվեց ուրիշին կարդալու: Այնուհետև ամեն օր նույն երևույթը կրկնվում էր: Նախ գլուխս մի ժամ ցավում էր, ապա աչքս այնպես կես-կես էր տեսնում մինչև մի ժամ կամ ավելի, հետո սկսում էր սիրտս խառնել, որ նույնպես տևում էր մի ժամ: Երբ այսպես մի քանի օր կրկնվեց նույն հիվանդությունը, դիմեցի իմ ընկերներից բժիշկ Հովհաննես Սըքըյանին, որ ինձ առավ տարավ ակնաբույժի մոտ: Այդ ժամանակ Փարիզում երկու հռչակավոր ակնաբույժ կար, մեկը երիտասարդ, և մյուսը ծեր: Մեկի անունն էր Panas, մյուսինը Galisovsky: Առաջինը իտալական ծագում ուներ, երկրորդը լեհական. միայն չգիտեմ, թե դրանցից որն էր երիտասարդը և որն էր ծերունին: Սրանց այցելագինը 250 ֆրանկ էր, իսկ ես իբրև ուսանող ձրի մուտք ունեի: Գնացինք նախ երիտասարդի մոտ: Բոլոր ուսանողները հավաքվեցին գլխիս և մանրամասն դիտեցին աչքս: Երիտասարդ բժիշկը հիացավ ձախ աչքիս կատարված գործողությունների վրա և հարցրեց, թե ո՞վ է կատարել այդ: — Կոստանդնուպոլսում նշանավոր հայ բժիշկ Էսմերյանը: — Հիանալի է. սրանից ավելի ոչինչ չի կարելի անել: Դառնալով աջ աչքիս, քննեց և հուսահատ ձևով ասաց. — Ձեր աչքը անբուժելի է. 10 տարի հետո, դուք բոլորովին կկուրանաք. թողեք ուսումը. թողեք գիրքն ու գրիչը, գնացեք ձեր հայրենիքը և հովվություն արեք: Այս շատ հուսահատական պատասխանի վրա տխրեցի: Բայց Սըքըյան ընկերս ասաց, թե մի ուրիշ նշանավոր ծերունի բժիշկ էլ կա և տարավ նրա մոտ: Այստեղ էլ բժիշկ ուսանողների ամբողջ խումբը թափվեց վրաս և բժշկի ցուցումներով բոլորն էլ սկսեցին աչքերս քննել: Ծերունի բժիշկը նույնպես գովաբանեց ձախ աչքիս կատարված կրկնակ գործողությունները (տատուաժ և իրոտոմի): Անցնելով աջ աչքիս, ասաց. — Դուք, ինչպես երևում է, աղքատ ուսանող եք, շատ վատ եք սնվել և դրանով ձեր աչքերը տկարացել են: Այս հիվանդությունը կոչվում է hémiopia. անվնաս բան է. ժամանակավոր երևույթ է. եթե լավ սնվեք՝ կանցնի: Ես ձեզ դեղ չեմ տալիս, լավ սնվեք, լավ կերեք՝ կանցնի: Ես հայտնեցի, թե եղել եմ նաև մյուս երիտասարդ բժշկի մոտ և նրա հուսահատական խոսքերը պատմեցի: — Մի՞թե, — ասաց ծերունին և նորից գործիքները վերցնելով սկսեց աջ աչքս զննել։ Երկար զննումից հետո ասաց. — Ո՛չ. երևի բժիշկը ժամանակ չի ունեցել լավ քննելու. ոչինչ վտանգավոր բան չկա: Ուրախությամբ դուրս եկա և ինձ ու ինձ ասում եմ. «Ահա երկու հռչակավոր բժիշկ, աշխարհահռչակ անձինք. մեկի ասածը մյուսին չի բռնում»: Բայց իրոք որ մի ժամանակ հետո, երբ միջոցներս լավացան, աչքիս ցավն էլ կրճատվեց: Երբ Էջմիածնում էի և մերոնք բոլորը եկան, ես սկսեցի մեր սովորական ճաշից դուրս, իբր հավելված, զուտ մաքուր մսով ամբողջ 1 ֆունտ խորոված ուտել ամեն օր: Այսպես շարունակեցի ամբողջ մի տարի առանց բացառության: Օրից օր լավացա: Եթե առաջ ամեն օր էր լինում դեպքը, ապա այժմ սկսեց շաբաթը մի անգամ, հետո երկու շաբաթը մի անգամ, հետո ամիսը մի անգամ լինել և վերջապես բոլորովին դադարեց: Տասը տարի անցավ: Թավրիզումն էի. հանկարծ սկսեց աչքիս ցավը: Հաշվեցի որ երիտասարդ բժշկի ասած 10 տարին լրացել է: Հայտնեցի կնոջս՝ Արուսյակին, թե աչքս պիտի կուրանա: Երկուսով լաց եղանք, բայց աչքս չկուրացավ և այդ օրից հետո երկար տարիներ դիմացավ: Թավրիզում մի լավ ընկեր ունեի Կարապետ Պիոնյան անունով, որ Թավրիզի կենտրոնական վարժարանի տեսուչն էր: Ճշգրիտ գիտությունների լավ մասնագետ էր։ Բժշկական գրքերում ման եկանք, բայց չգտանք hémiopia հիվանդությունը: Մի օր էլ Լարուսի բժշկական բառարանում գտանք այդ հիվանդությունը. մանրամասն նկարագրված էր, բայց ոչ թե իբրև աչքի հիվանդություն, այլ գլխացավի մի տեսակ: Վերջին երեսնամյակում ես երբեք գլխացավ չեմ ունեցել. իմ գլխացավը աչքացավի այդ տեսակն է, որն այժմ համարյա դադարել է: == ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ == Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրատարակում էր Փարիզում: Սկզբում գործը լավ էր գնում, հանկարծ վատացավ և մի օր էլ հեռագիրը հաղորդեց, թե Զեյթունը պաշարված է տաճիկների կողմից, և թե զեյթունցիք կարոտ են դրսի օգնության: Այս լուրը շատ հուզեց մեզ. մի խումբ երիտասարդներ պատրաստվեցին մեկնելու Զեյթուն: Ես էլ միացա նրանց հետ և ուզեցի ճանապարհ ընկնել դեպի Զեյթուն: Միամի՜տ պատանիներ: Ո՞ւր պիտի գնայինք: Զեյթունը ծովափին չէ, որ նավից իջնելով` իսկույն մտնեինք այնտեղ: Ծովափից մինչև Զեյթուն, լեռների գլխին, ահագին և դժվարանցանելի ճանապարհ կա: Ինչպե՞ս պիտի անցնեինք այդ ճանապարհը, ո՞վ մեզ պիտի առաջնորդեր, ո՞ւր պիտի գտնեինք դրամական միջոցները. տաճիկները մեզ, օտարերկրականներիս չպիտի՞ նկատեին: Այս բոլորը ոչ ոք չէր հարցնում: Մեկնելուց առաջ ես խոսեցի Մեյեի հետ և ասացի, որ գնալու եմ Զեյթուն կռվելու: Գովեց իմ միտքը, ասաց. — Շատ լավ եք անում. ամեն մի մարդ պարտական է ծառայել իր ազգին և նեղ օրերին նրան օգնության հասնել: Բայց արդյոք լավ չէ՞ր լինի մի քանի օր էլ սպասեիք, դեպքերի ընթացքը տեսնեիք և հետո մեկնեիք: — Անմիջական օգնության կարիք կա, — ասացի ես: — Իսկ եթե կառավարությունը նախքան ձեր հասնելը ճնշի ապստամբությո՞ւնը: — Չի կարող ճնշել: — Ինչո՞ւ չի կարող ճնշել: — Որովհետև ամենից առաջ փող չունի իր բանակը կերակրելու համար: — Կգտնի. կառավարության համար փող գտնելը շատ հեշտ է: Մի երկու օր սպասեցինք և հանկարծ եկավ նոր հեռագիր. «Զեյթունցիք գրավել են գայմագամությունը և մի օրվա ճանապարհ շուրջանակի իրենց իշխանության տակն են առել»: Ուրախացանք և զգացինք, որ զեյթունցիք առ այժմ մեզ պետք չունեն: Այդ միջոցին Հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին: Չգիտեմ ինքը կառավարության պետ և «Հնչակ»-ի խմբագիր Ավետիս Նազարբեկյա՞նցն էր (թավրիզեցի) անձամբ եկավ Փարիզ, թե՞ նրա ներկայացուցիչը: Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում. բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել: Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, մի րոպե որսացի և մեր ուսանողների ավագին դրսում բռնելով հոգեպահուստ 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով որ իմ անունը երբեք չտան: Երբ կարճ դադարից հետո ժողովը շարունակվեց, ավագը վեր կացավ և հայտնեց. «Մեր ուսանող ընկերներեն մեկը, որ ուտելու հաց չունի, 20 ֆրանկ նվիրեց պայմանով, որ իր անունը երբեք չհայտնվի. օրինա՜կ առեք իրմեն»: Բոլորը երեսս էին նայում, որովհետև ինձնից ավելի կարոտ ուսանող չկար։ Անցան ամիսներ: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Պետությունների միջամտությամբ տաճիկ կառավարությունը հաշտվեց Զեյթունի հետ զանազան զիջումներ անելով: Զիջումներից մեկն էլ այն էր, որ Զեյթունի ապստամբապետները (6 հոգի) ազատ մեկնեին Եվրոպա: Իրոք որ կարճ ժամանակ անց նրանք եկան Փարիզ: Գումարվեց մի մեծ ժողով, ուր խոսեց Զեյթունի ապստամբապետ Աղասին: Նա հաջընցի էր, բուն անունն էր Կարապետ Թուր-Սարգիսյան (№ 35), որի հետ ընկերակցել էի Բ դասարանից մինչև վերջ: Շատ աղքատ տղա էր. հայրը սուրճ եփող էր և Ֆինջանջըլար փողոցի ծայրում այնքան փոքրիկ մի խանութ ուներ, որ միայն ինքը կարող էր տեղավորվել. երբ ես գնում էի նրա մոտ, ստիպված էի մայթի վրա կանգնել։ Այնքան աղքատ էր Կարապետը, որ հագնելու շապիկ էլ չուներ, և մի օր ֆիզիկայի ուսուցիչ ֆրանսիացի Բլանշոնը չամաչեց նրա երեսին տալու նրա աղքատությունը և ասաց. — Ամո՜թ քեզ, հագնելու շապիկ էլ չունես: Եվ իրոք, մարմնի վրայից ուղղակի բաճկոնն էր հագած։ Դ դասարանից նա մտավ հեղափոխական գործունեության մեջ: Եվրոպայից հրացան էին փոխադրում դեպի Հայրենիք: Մի օր Կարապետը ինձ ցույց տվեց այդ հրացաններից մեկը. արտաքուստ նա հովանոց էր, բայց շատ ծանր. կարելի էր բաց անել և արևի կամ անձրևի տակ բռնել, բայց նա միևնույն ժամանակ ներսից հրացան էր: Մի ուրիշ անգամ էլ ցույց տվեց մի ձեռնափայտ, որ սակայն կոթից քաշելով դառնում էր սվին կամ սուր: Կեդրոնականը ավարտելուց հետո նա մեկնել էր Կիլիկիա և Զեյթունի ապստամբության գլուխն էր անցել: Երկարորեն պատմեց Զեյթունի դեպքերը, որի վերջին դրվագը հետևյալ սրտառուչ դեպքն էր. Երկար պաշարումից և կռիվներից հետո, Զեյթունը այլևս ոչ հաց ուներ ուտելու և ոչ վառոդ կռվելու. իր մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Պետք էր լուր հասցնել Իզմիրլյան պատրիարքին և իրերի ճիշտ դրությունը հայտնել: Բայց բոլոր ճանապարհները փակ էին, անհնարին էր տաճկական բանակի օղակից անցնել: Մի «անբարոյական կին» հանձն է առնում կատարել այդ գործը: Մտնում է տաճկական բանակը և երգելով, պարելով, զինվորների հետ զվարճանալով բանակը ճեղքում անցնում է, հասնում Մարաշ և այնտեղից հեռագրում Իզմիրլյանին: Պատրիարքը իսկույն դիմում է դեսպաններին և հաշտության գործը հաջողցնում: Ժողովի նախագահն էր Չոպանյանը. նա հարց տվեց Աղասիին. «Ի՞նչ էր այդ կնոջ անունը»: «Մարիամ», — ասաց Աղասին: Չոպանյանը առաջարկեց ժողովին վեր կենալ և ծափահարել նրան: Աղասին գրեց Զեյթունի ընդարձակ պատմությունը, որ Չոպանյանը ֆրանսերենի վերածեց և հրատարակեց Փարիզում: Աղասին գնաց Ամերիկա: Ավելի ուշ լսեցի, որ նա դժգոհ մնալով հեղափոխական գործունեությունից, անցել է առևտրի և ձեռք է բերել թղթի մի գործարան: Առանձին խոսակցության մեջ Աղասին ինձ հայտնեց, թե Զեյթունը իր ամբողջ ապստամբության միջոցին դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացել. հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակ»-ի խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան «ազգասեր» էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին։ Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել: == ՄԵԾ ՑՈՒՅՑ ՓԱՐԻԶՈՒՄ == Հայկական կոտորածները, Կրետեի ապստամբությունը և հունաց պատերազմը մեծ աղմուկ հանեցին Եվրոպայում: Ֆրանսիական երեսփոխանական ժողովը ցնցող ճառեր արտասանեց, ազատական թերթերը շարունակ հոդվածներ էին գրում` տաճիկ կառավարության դեմ: Ուսանողները աղմկալի ելույթներ ունեցան և վերջապես կազմակերպվեց մի մեծ ցույց, որի նմանը ես ոչ տեսել էի և ոչ տեսա: Ամեն տեղ հայտարարություններ էին կպցրած և բոլորին հրավիրում էին մասնակցել ցույցին այսինչ օրը: Ժամադրավայրն էր Պանթեոնի առաջ գտնված հրապարակը: 150 000 հոգի էին ցուցարարները: Ես էլ առաջին շարքումն էի: Ցուցարարների գլխավորը մի լեհացի ուսանող էր, որ գլխաբաց, հովանոցը ձեռքին, աջ ու ձախ հրամաններ արձակելով առաջնորդում էր ամբոխին: Ճիշտ նրա ձախ կողմին ես էի կանգնած: 150 000-անոց ամբոխը Բուլվար Սեն-Միշելից իջավ ցած: Բոլոր պատուհանների և պատշգամբների առաջ ժողովուրդը լցված խանդավառությամբ ողջունում էր։ Երգելով և բարձրաձայն աղաղակներով իջանք մինչև Սեն-Ժերմենի բուլվարը: Այստեղ, բուլվարի հատման կետում, կանգնած էին հեծյալ զինվորներ (մեծ քանակությամբ), որոնք ժպտալով մեզ էին դիտում: Ոչ ոք մեզ ձեռք չտվեց: Առաջ անցանք: Հանկարծ մեր ետևում տեղի է ունեցել հարձակումը: Երբ մեր բանակի կեսը անցած է եղել, հեծելազորքի գունդը աջ կողմից հարձակվել է ամբոխի վրա, ճեղքել և իրարից բաժանել: - Այսպիսով 150 000-ը վերածվել էր 75 000-ի: Նույն ձևը գործադրեցին մի քանի անգամ ևս, որով մեր խմբի քանակը շատ կրճատվեց: Բուլվար Սևաստոպոլի վրա ոստիկանները ձերբակալեցին առաջին շարքից 8 հոգի, որոնց համար թերթերը գրել էին. «parmi lesquels un arménien — որոնց մեջ մի հայ»: Այդ հայը ես էի: Մեզ տարան ոստիկանատուն: Բավական ցուրտ էր. ոստիկանները կրակ էին վառած, մենք էլ նրանց հետ կրակը շրջապատելով տաքանում էինք: Բոլոր ոստիկանները խոսում էին մեզ հետ վաղեմի ընկերների նման. ո՛չ մի դառն ակնարկ ցույցի մասին: Հարցրի, թե մեզ ի՞նչ են անելու: «Ի՞նչ պիտի անենք. պիտի սպասենք մինչև կես գիշեր, որից հետո բաց պիտի թողնենք»: Նախքան ցույցը, պետությունը հայտարարել էր, թե ցուցարարներին խստիվ պիտի պատժի, և եթե նրանց մեջ օտարահպատակ գտնվի՝ երկրից պիտի արտաքսի: Կես գիշեր եղավ. մեզ բարի ճանապարհ մաղթեցին: Հետո իմացա, որ ցուցարարների թիվը շարունակ կրճատվելով հասել է 30-ի. նրանք գնացել են տաճկական դեսպանատուն, երգել, բղավել, ապակիները քարկոծել և թողել հեռացել: == ԺՈՐԵՍԻ ՃԱՌԸ == Ուսանողները մի մեծ սրահ վարձելով, այստեղ մի խոշոր միտինգ էին կազմակերպել: Սկզբից երկար խոսեց մի տիկին, ֆրանսերեն լեզվով, ուր մի սխալ փախցրեց. «Արևելյան կենդանի լեզուների վարժարան» ասելու ժամանակ ֆրանսերենով ասաց. «École des langues orientales vivantes», այսինքն՝ լեզու բառը, որ բոլոր եվրոպական լեզուներում իգական է, նա դրեց արական: Ես մտածեցի, որ այդ կինը սլավ պետք է լինի, որովհետև միայն սլավական լեզուների մեջ լեզու բառը արական է և իրոք հետո իմացա, որ նա ռուս էր: Տիկնոջից հետո բեմ բարձրացավ անվանի ազգային գործիչ Մինաս Չերազը, որ նույնպես խոսեց ֆրանսերեն և սկսեց պատմել այն կոտորածները, որոնց զոհ են գնացել հայերը զանազան քաղաքներում: Սրահը, այն մեծածավալ սրահը ծայրից ծայր լիքն էր ընտիր բազմությամբ: Ուսանողները հատկապես հրավիրել էին բոլոր երեսփոխաններին, գրական գործիչներին, նշանավոր գիտուններին և այլն: Ամենահետևում, ամֆիթատրոնի վրա, նստած էինք մենք՝ ուսանողներս: Ունկնդիրների առաջին շարքերից մեկը հանկարծ տեղից բարձր ձայնով ասաց. «Այդ բոլորը սուտ է»: Չերազը ցնցվեց, կմկմաց. վախեցած ասաց. «Ես այդ բոլոր տեղեկությունները քաղել եմ անգլիական աղբյուրներից»: Ուսանողները աղմկեցին: Հետևս կանգնած էր Արտաշես Նետուրյանը՝ Կեդրոնականի սաներից, ինձնից մի տարի ցածր դասարանից, գեղեցիկ, բարձրահասակ մի տղա էր: Իսկույն թռավ տեղից և իր արագիլի նման երկար սրունքները պարզած, մեր գլուխների վրայից թռնելով, հասավ առաջին շարքը: Ներքևում այս տղայի կողքին նստած ուսանողները հեծել էին մեջքին, և նա պաշտպանվելու համար գլուխը ցած էր կախել: Նետուրյանը հասավ և առաջի կողմից մի ուժեղ քացի տվեց նրա քթին-բերնին: Ֆրանսիական օրենքի համաձայն, դռան մոտ կանգնած ոստիկանին ներս կանչեցին և հայտնեցին, թե այդ տղան մեր ժողովը խանգարում է. ոստիկանները նրան առին տարին։ Երբ Չերազը սկսեց կմկմալ, կարծես իր խոսքերը ուզում էր հետ վերցնել, առյուծի պես թռավ տեղից Ժորեսը և իր որոտալից ձայնով այնպիսի մի ճառ սկսեց, որ ամբողջ հասարակությունը ցնծալի ծափերով ողջունեց նա ասաց. Այդ տեղեկությունները ոչ թե քաղված են միայն անգլիական հեռագրերից, այլ ամբողջ աշխարհին հայտնի են․ տաճիկները միշտ կոտորել են քրիստոնյա ժողովուրդներին, այժմ էլ կոտորում են հայերին: Մենք, բոլոր եվրոպացիներս, միաձայն բողոքե՛նք և պահանջե՛նք մեր կառավարություններից՝ սանձել վերջապես տաճիկների այդ բռնությունները: Որչա՜փ հոյակապ էր Ժորեսի ճառը և որչա՜փ չնչին թվաց մեզ Մինաս Չերազը, որի անվան երկրպագում էինք ժամանակին: Ժողովը վերջացավ և ցրվեցինք: Մի ժամանակ հետո համալսարանում տեսա մի տղայի, որի հետ ծանոթանալով խոսում էի: Հանկարծ նկատեցի, որ քիթը ծուռ էր: — Ի՞նչ է եղել ձեր քիթը, — հարցրի: — Այս ձեր հայերն են արել, — ասաց նա։ — Չերազի ճառի ժամանակ, երբ ես նկատեցի, թե այդ տեղեկությունները ճիշտ չեն, ձեր հայերը հարձակվեցին վրաս և մեկն էլ քացիով կոտրեց քիթս: — Դուք ի՞նչ ազգ եք, — հարցրի: — Շվեդացի: — Ի՞նչ եք ասում, շվեդացիք ազնիվ ժողովուրդ են. ի՞նչ պատճառ ունեիք վեր կենալու և հայոց դեմ խոսելու: — Ես ոչնչից տեղյակ չէի. այդ օրը մի գործով գնացել էի տաճկաց դեսպանատունը. այնտեղ ասացին, որ Չերազը և Ժորեսը պիտի խոսեն հայոց մասին, բայց, ասացին, նրանց տեղեկությունները հայոց կոտորածների մասին՝ ճիշտ չեն։ Ես էլ ժողովի ժամանակ իմ կարծիքը հայտնեցի: — Լավ ես ստացել պատիժդ, ուրիշ անգամ այդպիսի հիմարություն չես անի: == COMITÉ FRANÇAIS (ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ) == Մեր ուսանողների շարքում մի զզվելի թրքախոս հայ կար, որ բժշկություն էր սովորում. էնկյուրեցի, կաթոլիկ հայ էր: Սմսեղուկ մի անձ, բոլորս էլ գիտեինք, որ նա տաճկական հյուպատոսարանի լրտեսներից էր և մեր մեջ տեղի ունեցած անցուդարձը տանում էր այնտեղ: Շողոքորթությամբ մոտեցել էր կաթոլիկ ֆրանսիացի քարոզիչ Հայր Շառմտանին և իբր թե օգնում էր նրան։ Հայր Շառմտանը հայկական հարցի համար աշխատող գործիչներից մեկն էր, որ ապա Հռոմի պապի շնորհակալության արժանացավ և բարձր աստիճան ստացավ: Լրտես-ուսանողը ինձ շատ մոտեցել էր. ես գիտեի, որ նա լրտես է, բայց վախ չունեի և աշխատում էի փոխարեն ինքս նրան լրտեսել: Եվ իրոք երբեմն դեսպանատան գաղտնիքները ստանում էինք նրանից: Մի օր նա ինձ հայտնեց, թե կազմակերպել է մի հայ-ֆրանսիական կոմիտե, որ ժողովներ պիտի ունենա և պիտի աշխատի հայոց հարցի մասին: Ինձ էլ այդ կոմիտեի անդամ էր գրել, իսկ նախագահը պիտի լիներ մեր սիրելի ընկեր Արամ Թահթաճյանը: Կային նաև 3 ֆրանսիացի ընկերներ: Փարիզում ժողովները գումարվում են շատ հեշտ ձևով: Սրճարաններում կան մի-երկու առանձին սենյակներ, իրենց պատշաճություններով: Ժողովականները առանց վարձի մտնում են այդպիսի մի սենյակ և մի-մի սուրճ վերցնելով, ժողով են գումարում: Մինչև 50 հոգի հավաքումները ազատ են, իսկ 50-ից ավելի լինելու դեպքում պետք է հայտնել ոստիկանության, որ ձրիաբար ուղարկում է մի ոստիկան, հարկավոր դեպքում կարգը պահպանելու համար: Մենք էլ այսպես հավաքվեցինք ինչ-որ սրճարանում: Նախագահում էր Արամ Թահթաճյանը: Ժողովականներն էին 3 ֆրանսիացի ուսանողներ, ես ու լրտեսը և մի-երկու հայ ևս: Իրար հետ ծանոթացանք: Ճառել սկսեց Արամը, որ լավ ֆրանսերեն գիտեր և լավ խոսող էր: Նա սկսեց գովաբանել. «Այսօր կազմակերպվեց այստեղ հայ-ֆրանսիական մի կոմիտե, որ մեծ անելիքներ ունի: Հայկական հարցը ծեծվում է ամեն կողմ: Մենք, ֆրանսիական ուսանողներս, չպետք է լուռ մնանք, այլ եռանդուն գործունեությամբ պետք է ցնցենք բոլոր անտարբեր անձանց…»: Երկար խոսեց Արամը, միշտ կրկնելով Ֆրանսիական կոմիտե բառը, բայց դժբախտաբար կոմիտե բառը, որ արական է, միշտ իգական գործածեց: Ժողովից հետո ասացի Արամին. «Դու լավ ֆրանսերեն գիտես և այնքան սիրում ես ֆրանսերենը, որ երբեմն հայերեն էլ չես ուզում խոսել. այդքան արհամարհում ես, ինչո՞ւ կոմիտեն իգական դարձրիր»: Ֆրանսագետ Արամը պատասխանեց. — té վերջացող բառերը իգական են: — Այո՛, իգական են, եթե վերացական գոյական լինեն, իսկ կոմիտեն վերացական չէ: — Թքնեմ այդ լեզվին վրան, — ասաց Արամն ու հեռացավ: Այս մեր կոմիտեի նիստը եղավ առաջինն ու վերջինը, իսկ գործունեությունը… օդ: Արդյոք որքա՜ն այսպիսի սին ու դատարկ ժողովներ տեղի են ունեցել մեր մեջ: == ՓԱՐԻԶՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՄ == Կակահյուետի վաճառքս շատ վատ էր գնում. 6 ժամ թափառելուց հետո հազիվ 20 սանտիմ էի շահում, ցուրտը և անձրևը հետզհետե սաստկանում էին և փողոցներում ման գալ անհնարին էր լինում: Ո՛չ մի ելք չունեի: Մի երեկո համալսարանում աշխատում էի: Ոչ ոք չկար, բացի մի ուսանողից, որ լյուքսեմբուրգցի էր: Այդ ուսանողը դարձավ ինձ և ասաց. Ֆրանսիական կառավարությունը համալսարանում այս ճյուղն է բացել, ահագին ծախս է անում, բայց ո՞ւր են ֆրանսիացիք. այստեղ ես ու դու նստած ենք երկուսս էլ օտարերկրացի. ո՞ւր են ֆրանսիացի ուսանողները: Ժամը 10-ը խփեց. համալսարանը փակվում էր, և մենք դուրս եկանք միասին: Բարձրացանք դեպի Բուլվար Սեն-Միշելի ծանոթ սրճարանը: Լյուքսեմբուրգցին ինձ հրավիրեց գարեջուր խմելու: — Ոչ, — ասացի, — ես գարեջուր խմելու մարդ չեմ. այժմ ես սկսելու եմ մի բոլորովին նոր գործ: — Ի՞նչ գործ: — Երկու րոպե սպասեցեք և կտեսնեք: Սենյակս մոտիկ էր, քարահատակ այն խցիկը, 8-րդ հարկում։ Իսկույն բարձրացա, շորերս փոխեցի, անգլիական կեպին գլխիս դրի, կարճ շալվարս հագա, զամբյուղս վերցրի և «կակահյուե՜տ» գոռալով հասա լյուքսեմբուրգցու մոտ: Զարմացավ և հարցրեց: — Այդ ի՞նչ բան է: Ես հայ եմ և ոչ թե լյուքսեմբուրգցի. Լյուքսեմբուրգի կառավարությունը քեզ թոշակ է տալիս և ուղարկել է այստեղ սովորելու: Ես հայ եմ, մենք պետություն չունենք, որ մեզ օգնի. ես իմ ճակատի քրտինքով մի քանի սանտիմ պիտի շահեմ: Ժամը 10-ից մինչև առավոտվա 4-ը փողոցներում պիտի թափառեմ: Ասացի և հեռացա: Մյուս օրը համալսարանում լյուքսեմբուրգցին տեսավ ինձ (հետո իմացա, որ նա հրեա էր) և ասաց. — Ես ձեր մասին խոսել եմ երկու տեղ և ուսուցչական պաշտոն եմ գտել. իսկույն կգնանք Փսիքարիի մոտ (հասցե տվեց), նա ձեզանից թուրքերեն դասեր պիտի վերցնի: Հետո կգնաք աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ մի ուրիշ տեղ կուղարկի և մի ուրիշ դաս էլ նրանից կստանաք: Ուրախությամբ գնացի Փսիքարիի մոտ: Նա համալսարանում նոր հունարենի դասախոս էր. ծագումով հույն, այժմ ֆրանսիացի, նշանավոր փիլիսոփա Ռընանի աղջկա ամուսինը: Ծանոթացրեց ինձ Ռընանի աղջկա հետ և մի խումբ փոքրիկ երեխաների հետ: Հայտնեց, թե իր մի ընկերոջ հետ պատրաստում է մի հոյակապ գործ. «Հունարենից փոխառյալ բառերը աշխարհիս բոլոր լեզուների մեջ». ապա ավելացրեց. «Եվրոպական լեզուները արդեն բառաքաղել ենք, արդեն մի սնդուկ ձեռագիր ունենք. մինչև անգամ չինարենը հունարենից փոխառյալ բառեր ունի: Հայերենի մասին չեմ խոսում, որովհետև Բռոքելմանը այդ աշխատանքը կատարել է: Ես ուզում եմ թուրքերեն սովորել, միայն այն չափով, որ կարողանամ օգտվել թուրքերեն բառարանից և հավաքել հունարեն բառերը: Ուրախությամբ համաձայնվեցի, ժամը 5 ֆրանկ վճարով: Գնացի աբբա Ռուսլոյի մոտ. նա էլ ուղարկեց մի կաթոլիկ վանք, մի ուրիշ աբբայի մոտ: Գնացի գտա նրան, որ հայտնեց, թե մի ֆրանսիացի զինվորական կցորդ (ատաշե միլիտեր) ուզում է Կոստանդնուպոլիս գնալ պետական պաշտոնով և ցանկանում է թուրքերեն սովորել. նրա տունը գտնվում է Նապոլեոնի գերեզմանի ճիշտ դեմը: Իսկույն գնացի նշանակված տեղը. զինվորական կցորդը մի բարձրահասակ, տարիքոտ մարդ էր, իր կնոջ հետ միասին հարգանքով ընդունեց ինձ և հարցրեց, թե որտեղացի եմ: Երբ լսեց, որ կոստանդնուպոլսեցի եմ, շատ ուրախացավ և այր ու կին սկսեցին տեղեկություններ հարցնել Կոստանդնուպոլսի կյանքի մասին: Կարծում էին, թե Կոստանդնուպոլիսը Չինաստանի նման մի տեղ է. կառք չկա, կանայք պատգարակներով են ման գալիս և այլ տարօրինակ կարծիքներ: Երբ ես պատասխանեցի, թե Կոստանդնուպոլիսը Փարիզից տարբերություն չունի, զարմացան. ցույց տվի շորերս և ասացի, թե այս բոլորը Կոստանդնուպոլսից է: Է՛լ ավելի զարմացան, որովհետև կարծում էին, թե մարդիկ այստեղ ջուբե կամ արխալուղ են հագնում: Կցորդը ասաց ինձ. 40 օր միայն ժամանակ ունեմ, դուք կարո՞ղ եք 40 օրվա մեջ ինձ թուրքերեն սովորեցնել։ — Այո, եթե դուք էլ սովորեք: Անմիջապես սկսեցինք պարապմունքը ժամը 5 ֆրանկ վարձով, երբեմն էլ օրը 2 դաս էի պարապում և ստանում 10 ֆրանկ։ Պետք է խոստովանեմ, որ ուսանողս շատ խելոք էր, շատ շուտ սովորեց. ես պարապում էի նրա հետ առանց գրքի, բոլորովին խոսակցական մեթոդով: 40 օրը չէր լրացել և կարող եմ ասել, թե նա վարժվել էր խոսելու: Վերջին օրը նա հայտնեց, թե կառավարությունը ծրագիրը փոխել է, նա չպիտի գնա Կոստանդնուպոլիս, այլ Չինաստան: Դասերս վերջացան: Փսիքարին ընդհակառակը ընդունակ աշակերտ չէր. ժամերի մեծ մասը քաղցր խոսակցությամբ էին անցկացնում: Հաճախ փոքրիկ երեխաները գալիս էին ինձ մոտ: Հայրը սովորել էր թուրքերեն «չոճուքլար» բառը և այդ գգվական բառով փայփայում էր նրանց: 3 ամիս տևեցին մեր պարապմունքները. չեմ կարծում, որ նա մի մեծ բան սովորած լիներ: Այդ միջոցին մի ուրիշ դաս էլ ճարեցի. մի ֆրանսիացի ուսանող, որ հայագետ Կառիերի մոտ հայերեն էր սովորում, քննության պիտի ներկայանար, ուստի ուզեց պատրաստվել նախ ինձ մոտ։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է հայերեն սովորում. նա բացատրեց հետևյալ ձևով. — Ֆրանսիական օրենքով ամեն մարդ պարտական է 3 տարի զինվորական ծառայություն անել. եթե նա համալսարան ավարտած է, կծառայի միայն 1 տարի. ես էլ մտել եմ համալսարան՝ սովորելու հայերեն, որպեսզի միայն 1 տարի ծառայեմ և ազատվեմ. թե չէ ի՞նչ եմ անում այդ հիմար լեզվի ուսումը: Նոր միայն իմացա, թե այն մի խումբ ֆրանսիացի ուսանողները, որոնք աշակերտում են Կառիերին, ինչո՞ւ համար են սովորում հայերեն: Շուտով ֆրանսիական կառավարությունը նոր օրենք հայտարարեց. «Ամեն մի երիտասարդ պարտադիր կարգով պիտի ծառայի 2 տարի»: Այսպիսով ֆրանսիացի հայագետները դադարեցին հայերեն սովորելուց: Այս միջոցին մեր Կեդրոնականի բարձր դասարանի աշակերտներից մեկը, որ սովորում էր բժշկական վարժարանում, Վաղարշակ Մեսրոպյան, Խասգյուղ թաղից, այնպես լավ քննություն տվեց, որ իսկույն ընդունվեց հիվանդանոցում, իբրև ներքին բժիշկ (interne): Բարձրահասակ, նիհար կազմով և բարեբարո մի երիտասարդ էր, բնակվում էր Rue Malus փողոցում, № 1, հարկ 7, մի փոքր սենյակում: Ամբողջ սենյակը իր կահկարասիով վաճառեց ինձ միայն 20 ֆրանկով: Իմ քարահատակ խցիկից փոխադրվեցի այս սենյակը, ուր ունեցա մի փառավոր լայն մահճակալ. թանձր անկողին, բմբուլի վերմակ և բարձ, մի սեղան, մի աթոռ, մի հայելի, թուջե վառարան և կերակրի ամաններ: Երկու հատ էլ Վենուսի արձան գնեցի մի-մի ֆրանկով և սենյակս զարդարեցի: Պատուհանիս առաջ գտնվում էր մեծ բանտը իր լայնածավալ պարտեզով: Հազիվ սենյակս ստացել էի, երբ ընկերս՝ Կարապետ Բասմաճյանը, որ իբր քարտուղար ծառայում էր Իշխան Գուիդոն Լուսինյանի մոտ, պաշտոնից հրաժարվեց և իշխանը նրա փոխարեն ինձ քարտուղար վերցրեց ամսական 100 ֆրանկ վարձով: == ԻՇԽԱՆ ԳՈՒԻԴՈՆ ԼՈՒՍԻՆՅԱՆ == Վենետիկի միաբանության մեջ Մուրադ-Ռաֆայելյան կտակի առթիվ վեճ ծագելով, միաբաններից մի քանիսը թողնում են վանքն ու հեռանում: Դրանցից մեկն էր Ամբրոսիոս Գալֆայանը, վարդապետ, որ մի քանի գրական գործեր էլ ուներ: Թողնելով կրոնական սքեմը, ապրում էր Փարիզում իբր աշխարհական, դասեր ունենալով նորաբաց Մուրադյան վարժարանում: Նույն ժամանակ Փարիզում մի նշանավոր տիկին կար, Մարի անունով մի ֆրանսուհի, նշանավոր գեղեցկուհի, մեծահարուստ, գրագիտուհի և բոլոր մեծանուն մարդկանց և նշանավոր գրողների բարեկամ: Շատերը սիրահարված էին նրան, և նա էլ համակրանք ուներ դեպի շատերը: Մի խոսքով աշխարհիկ կին էր։ Գալֆայանը ներկայանում է այս տիկնոջ և ասում է. «Տիկին, դուք ամեն ինչ ունեք, օժտված եք ամեն բանով՝ գեղեցկություն, շնորհ, գիտություն, արվեստ, հարստություն, և միայն մի բան պակասում է ձեզ — իշխանական տիտղոս և ազնվականություն. ամուսնացեք ինձ հետ և այդ երկուսն էլ ես կտամ ձեզ»: Այդ շրջանին էր, որ Ամբրոսիոս Գալֆայանը իր եղբայր՝ Խորեն Նար-Պեյ Գալֆայանի հետ իբր թե Կիպրոսում գրված մի հայերեն ձեռագրի հիշատակարանի վրա գտել էին, թե իրենք Լևոն Զ Լուսինյանի տոհմից են: Այդ իմաստով դիմումներ էին արել Նապոլեոնին: Վերջինս, որ սիրում էր նորածին իշխաններ հնարել, սիրով ընդառաջում է Գալֆայանին և առանձին հրովարտակով ճանաչում է նրան «թագավորական իշխան Հայաստանի, Կիպրոսի և Երուսաղեմի»: Նույնը հաստատել էին նաև անգլիական կառավարությունը և ուրիշներ: Տիկին Մարին համաձայնվում է. ամուսինը տիտղոս է ստանում «թագավորական իշխան Գուիտոն Լուսինյան» անունով, իսկ տիկին Մարին էլ «իշխանուհի Մարի դը Լուսինյան»: Իշխանուհու հարստությունը Վիշիի հռչակավոր ջերմուկներն էին կազմում: Դրանց շնորհիվ շինում են ճոխ ապարանք և ապրում են իշխանական փառավորությամբ: Նրանց տունը կից էր Վիկտոր Հյուգոյի տան: Այնպես որ, երբ Վիկտոր Հյուգոյի 80-ամյա հոբելյանը տոնեցին, Հյուգոյի բնակարանը փոքր լինելու պատճառով Լուսինյանները բաց են անում իրենց ապարանքի դռները և հոբելյանը կատարում են իրենց մոտ: Այս բանը առիթ է դառնում, որ ամբողջ Փարիզը խոսում և գովաբանում է իշխան Լուսինյանին՝ իբրև հայոց թագավորական ժառանգի: Իշխանուհի Մարին մի որդի է ունենում, որին կոչում են Լևոն: Զգալով, որ ամուսնու փաստերը հաստատ հիմք չունեն, իշխանուհին դառնացել էր նրանից և իր հարստությունը կտակել էր Լևոն որդուն: Շուտով մեռնում է իշխանուհին և ամուսինը ազատվում է անպարկեշտ կնոջ կենակցությունից: Իշխան Լուսինյանը վերջին ժամանակները բնակվում էր Փարիզից դուրս Neuilly արվարձանում, ուր ուներ առանձին մի փոքր վիլլա: Իսկ Լևոն որդին ապրում էր գավառում, կարծեմ Վիշիի մոտ, ուր գտնվում էին իր կալվածները: Հայրը եկամուտ չուներ և Լևոնն էր, որ նրան ամսական գումար էր ուղարկում: Լուսինյանը ուսումնասեր մարդ էր, նա նպատակ էր դրել կազմել մի մեծ ֆրանս-հայ բառարան: Տարիներ ամբողջ նվիրել էր այս աշխատանքի կազմության համար: Վերջապես սկսել էր գործը տպագրել: Ֆրանսիացի գրաշարը, որ հայերեն չգիտեր, բնականաբար պահանջում էր մաքուր և հստակ հայերեն գիր: Լուսինյանի ձեռագիրը շատ խառնիխուռն էր: Պետք էր մաքրագրել հստակ գրչությամբ և միևնույն ժամանակ տպագրված թերթերը սրբագրել: Սրա համար իբրև քարտուղար վարձել էր Բասմաճյանին, որ մի տարի ծառայելուց հետո պաշտոնից հրաժարվեց և իր փոխարեն ինձ առաջարկեց: Գնացի Լուսինյանի տունը, Neuilly – արվարձանը: Ծերունի մարդ էր, միջակից մի քիչ ավելի բարձր, ալեխառն մորուքով, տկար ձայնով, բարեկիրթ և քաղաքավար: Ընդունեց ինձ և առաջին խոսակցությունը այնպես տարավ, որ հասկացա թե ինձ քննել է ուզում: Լսելով, որ համալսարանում պարապում եմ հայագիտությամբ և լեզվաբանությամբ, գոհ մնաց և ուրախությամբ ընդունեց ինձ իբրև քարտուղար՝ ամսական 100 ֆրանկ վարձով: Այդտեղ վերջացան իմ դառն օրերը, և ես այդ գումարով կարող էի շատ հանգիստ ապրել: Աշխատանքս ծանր չէր. շաբաթական մի քանի անգամ գնում էի իշխանի մոտ, ստանում էի իր ձեռագիրը, մաքրագրում և նորից տանում իրեն: Գիրս չափազանց գեղեցիկ չէ, բայց շատ հստակ և ընթեռնելի է, ինչպես ցույց են տալիս իմ Արմատական բառարանի 6 հատորները և բազմաթիվ ուրիշ ապակետիպ գործեր: Վարժվեցի նաև սրբագրության արհեստին, որ առանձին դժվարություն չէր ներկայացնում<ref>Այստեղ ընդհատվում է Աճառյանի հուշերի առաջին մասը: Փարիզյան և Ստրասբուրգյան շրջանի ուսանողական տարիների վերաբերյալ անավարտ մնացած այս մասը մասամբ լրացվում է Գրիգոր Գարեգինյանի այն հավելումով, որ նա կատարել է հեղինակի բանավոր զրույցների և այդ շրջանում լույս տեսած նրա հոդվածների ու աշխատությունների հիման վրա: Հաջորդ՝ «Հայաստանում» մասով վերսկսվում են հեղինակի անձնական հուշերը, որոնք ընդհատվում են, այս անգամ արդեն վերջնական կերպով, Թավրիզից Հայաստան վերադարձով (1923 թվական): Խմբ.։</ref>: == ԱՃԱՌՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ == ԳՐ. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ Աճառյանը, ֆրանսերենի թարգմանելով իր «Լազերենի քերականություն»-ը, Մեյեի միջնորդությամբ այն ներկայացնում է Փարիզի Լեզվաբանական ընկերության: 1897 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած ընկերության նիստում Մեյեն և Պսիքարին ներկայացնում են Աճառյանին՝ ընկերության անդամ դառնալու համար: 1897 թվականի փետրվարի 13-ին 21-ամյա երիտասարդ Աճառյանը ընտրվում է Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, որի նիստերին 1897 թվականի հունվարի 30-ից մինչև 1898 թվականի ապրիլը միշտ էլ ներկա է լինում՝ կարդալով զանազան գիտական զեկուցումներ: «Etude sur la langue laze» աշխատությունը, որն անցյալ դարի վերջին առաջին լուրջ փորձն էր լազերենի ուսումնասիրության, տպվեց 1897 թվականին MSL-ի X հատորում և այնուհետև առանձին գրքով: Ահա թե ինչ է ասում Մեյեն այս գրքի մասին. «Etude sur la langue laze» աշխատությունը, որ հրատարակվել է պր. Հ. Աճառյանի կողմից «Mémoires de la Société Linguistique de Paris»-ի X հատորում, հրատարակվել է նաև Bouillon-ի մոտ: Այդ ուսումնասիրությունը բաղկացած է մի բառարանից, լազերեն բազմաթիվ բարբառների մի համեմատական քերականությունից և մի քանի տեքստերից: Հեղինակը պարզ և հասկանալի ձևով և հիանալի կարգ ու կանոնով շարադրում է իր անձնական դիտողությունների արդյունքը. կատարյալ լինելու համար նա գրքին կցել է Rosen-ի, Klaproth-ի և Peacock-ի և այլոց աշխատություններից ծանոթ փաստերը. 120 էջանոց այս փոքրիկ գիրքը ներկայանում է ուրեմն որպես մի կատարյալ համառոտ շարադրանք այն բոլորի մասին, որ մենք գիտենք տարբեր կողմերով շատ հետաքրքիր այդ լեզվի մասին»: Առանձնապես հետաքրքրական է մի միջադեպ, որ հաճախ էր պատմում հեղինակը, ցույց տալու համար, որ որոշ քերականական երևույթներ շատ հաճախ ավելի լավ են ընդունվում այլ ազգերի ներկայացուցիչների կողմից: Այսպես, 1897 թվականի մարտի 13-ի նիստում երիտասարդ Աճառյանը զեկուցում է կարդում «Croisement de mots en arménien» թեմայով: Դահլիճում վեճ է բարձրանում վերնագրի կապակցությամբ. ոմանք պնդում են, որ անհրաժեշտ է ասել «croisement des mots en arménien», իսկ մյուսները ընդունում են հեղինակի ասածը: Աճառյանը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր մի հայի համար հասկանալ, մանավանդ արևմտահայերի համար՝ «բառերուն կաղապարումը հայերենի մեջ» և «բառերու կաղապարումը հայերենի մեջ» նախադասությունների տարբերությունը, քան մի ֆրանսիացու: Վերջապես երկար վիճաբանություններից հետո ընդունվում է հեղինակի գրածը՝ «croisement de mots en arménien»՝ «բառերու կաղապարումը հայերենում»: Այս հոդվածը տպվում է MSL 1897, X, էջ 324: Սույն հոդվածը հեղինակը թարգմանել է նաև հայերեն և տպել 1897 թվականին «Բազմավէպ»-ում, էջ 260: 1899 թվականին Փարիզում հրատարակվում է Աճառյանի «Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes» աշխատությունը (աշխատակցությամբ Ռուսլոյի և Մեյեի): Այս աշխատությունը գրելու համար նա գտնում է զանազան գավառներից 5 տարբեր բարբառների ներկայացուցիչներ և ինքն էլ հետը լինում է վեցերորդը: Ապա Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով ուսումնասիրում է հայերեն բարբառների պայթականները և հասնում կարևոր արդյունքների, դրանք համեմատելով ֆրանսերենի և գերմաներենի հետ: Ահա այն անձանց ցուցակը, որոնք ծառայել են նրան. 1) Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառային և գրական արտասանության համար: 2) Ալեքսանդր Նալբանդյան, ասլանբեկցի: 3) Վահան Տեր-Պողոսյան, նուխեցի: 4) Մելիք Նիկողոս Ավշարյան, շուշեցի: 5) Տիգրան Դիմաքսյան, կամենցի (Մուշի մոտ): 6) Գևորգ Մկրտչյան, սեբաստացի: Ահա այս անձանց ձայներն են, որոնք գրանցված են այդ գրքում: Ռուսլոն, որ սույն գրքում մի փոքրիկ հոդված ունի, հետևյալն է ասում Աճառյանի աշխատանքի մասին (էջ 10). «Le travail de M. Adjarian nous offre la première application de la méthode expérimentale à la dialectologie. A ce titre, on me permettra d'insister et d'en faire ressortir l'importance pour la phonétique générale». «Պր. Աճառյանի աշխատանքը մեզ տալիս է էքսպերիմենտալ մեթոդի առաջին կիրառումը բարբառագիտության մեջ: Այս պատճառով ինձ թույլ կտան պնդել և դուրս հանել ընդհանուր ֆոնետիկայի համար ունեցած նրա կարևորությունը»: Վերոհիշյալ աշխատությունը նախ տպագրվել է Ռուսլոյի խմբագրած «Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale» հանդեսի երկրորդ համարում: Մեյեն, խոսելով այդ հանդեսի դրական նշանակության մասին, ասում է. «Երկրորդի մեջ (խոսքը հանդեսի երկրորդ համարի մասին է) զետեղված է պր. Աճառյանի մի հոդվածը հայերենի ֆոնետիկայի մասին, որտեղ կան նաև պր. Ռուսլոյի դիտողությունները: Այս հոդվածը մի խումբ բարբառների ուսումնասիրության առաջին փորձն է էքսպերիմենտալ մեթոդով և հանգում է շատ կարևոր արդյունքների»: Ինչպես պարզ կերպով երևում է, երիտասարդ Աճառյանը Փարիզում սովորելու մոտ չորս տարիների ընթացքում ոչ միայն կլանում է Սորբոնում դասավանդվող լեզվաբանական բոլոր դասախոսությունները, ոչ միայն մեծացնում է իր իմացած մեռած կամ կենդանի լեզուների թիվը, այլև աներևակայելի եռանդով ձեռնամուխ է լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր արժեքավոր գործերով: Ուղղակի հնարավոր չի պատկերացնել, որ այդ կիսաքաղց կյանք վարող վտիտ երիտասարդը, սարսափելի նյութական պայմանների մեջ գտնվելով, ժամանակ է գտնում զբաղվելու գիտական աշխատանքով այն ժամանակ, երբ նա առավոտից մինչև երեկոյան ժամը 10-ը լինում էր Սորբոնում, իսկ 10-ից մինչև առավոտյան ժամը 4-ը դուրս էր գալիս կակահյուետ (գետնապիստակ) վաճառելու (բացի առաջին տարուց): Իսկապես, կարելի է կարծել, որ Աճառյանը գտել էր օրվա մեջ 24 ժամից ավելի աշխատելու գաղտնիքը: 1897 թվականին «Բազմավէպ»-ում տպվում է Աճառյանի առաջին «Հայկականք»-ը, որի վերջինը տպվել է 55 տարի հետո՝ 1952 թվականին, «Հայկականք Թ» վերնագրով: Այդ «Հայկականք»-ում (առաջին) Աճառյանը տալիս է, ի թիվս այլ ստուգաբանությունների, նաև նպաստ բառի մի նոր մեկնությունը, որը ընդունվում է Հյուբշմանի կողմից և պատճառ է դառնում Աճառյանի Ստրասբուրգ գնալուն՝ ուսանելու Հյուբշմանի մոտ: Նույն թվականին ավարտվում է հեղինակի «Անուանք հայկական ամսոց» հոդվածը, որտեղ հեղինակը մանրամասն կերպով քննության է առնում հայկական ամիսները ուրիշ ազգերի ամիսների հետ: Ինչքան հիշում եմ, վերջերս հեղինակը այս գործը աշխատում էր վերանայել և որոշ լրացումներ մտցնելով հրատարակել: 1897 թվականին դարձյալ «Բազմավէպ»-ում լույս է տեսնում նրա «Համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը» հոդվածը, ուր հեղինակը այս պատմությունը համեմատում է Հերոդոտոսի տված տեղեկությանը՝ եգիպտացվոց Հռամպսինիտոս թագավորի մասին: Առանձնապես ուշագրավ է հեղինակի մի հոդվածը, որը նախապես եղել է աշակերտական մի շարադրություն, գրված 1892 թվականին՝ իր ուսուցիչ Ա. Մ. Գարագաշյանի խնդրանոք: Սույն շարադրությունը անփոփոխ տպված է «Բազմավէպ», 1897 թ., էջ 370—374, մայիս 10 թվականով, «Մովսես Կաղանկատուացի (քննություն անոր ժամանակի վրա)» վերնագրով: Այս հոդվածում, 16 տարեկան պատանի Աճառյանը պատանեկան խանդավառությամբ նվիրվելով գիտությանը, ժխտում է մինչ այդ եղած այն տեսակետը, որ Կաղանկատվացին Է դարի հեղինակ է և հաստատում է, որ նա 10-րդ դարի հեղինակ է: Ճիշտ այս եզրակացությանն է հանգում նաև Հ․ Մանանդյանը իր «Beiträge zur albanischen Geschichte, Leipzig», 1897, դոկտորական դիսերտացիայի մեջ: Հրաչյա Աճառյանը, Փարիզում ունենալով հայ ծանոթների մի ստվար բազմություն, շփվում էր նրանց հետ՝ հայ բարբառների վերաբերյալ նախնական տեղեկություններ քաղում: Այդ շրջանում է, որ նա գրում է իր «Քննություն Ասլանբեկի բարբառին» ուսումնասիրությունը, որ տպվում է 1898 թվականին «Բազմավէպ»-ի ԾԶ հատորում: Այդ գործը գրելու համար հեղինակին օգնել է Ալեքսանդր Նալբանդյանը, բնիկ ասլանբեկցի: Այս գործը հանճարեղ բարբառագետի անդրանիկ ուսումնասիրությունն է հայ բարբառների վերաբերյալ, որից հետո նա իր դարագլուխ կազմող «Հայ բարբառագիտություն» աշխատությամբ (տպ. Նոր-Նախիջևան, 1911 թ.) փաստորեն հիմնում է հայ լեզվաբանության մեջ անդրանիկ «հայ բարբառագիտական գիտություն»-ը: 1897 թվականին, սեպտեմբերի 5—12, Փարիզում գումարվում է արևելագետների միջազգային 11-րդ կոնգրեսը: Այդ կոնգրեսի նիստերին մասնակցում էր նաև Աճառյանը, իհարկե, «Արիական երկրների լեզուներն ու հնախոսությունը» բաժնում (տարբեր լեզվախմբերի վերաբերող այդպիսի բաժին էր գործում): Նիստերը տեղի էին ունենում Կոլեժ դը Ֆրանսի և Սորբոնի սրահների մեջ: Նախքան նիստերի մասին խոսելը, անհրաժեշտ է պատմել մի հիշողություն, որ հաճախ էր հիշում պրոֆեսորը իր զրույցներում: Կոնգրեսի անդամ լինելու համար մասնակիցներից պահանջվել է 20 ֆրանկ, ճաշահանդեսների և այլ ծախսերի համար: Ուսանող Աճառյանը, որ իր գոյությունը քարշ էր տալիս գետնապիստակ վաճառելով, հուսահատությամբ նայում է իրեն այդ նորությունը հայտնող Մեյեին և ոչ մի վճիռ չի կարողանում հանել: Որտեղի՞ց կարող էր այդ գումարը ձեռք բերել նա, երբ օրական, անասելի դժվարությամբ, հազիվ էր ձեռք բերում մի քանի սանտիմ դրամ իր գոյությունը պահպանելու համար: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդքան անհրաժեշտ այդ «մեծ» գումարը, երբ իր հասակակից ուսանողների որոշ մասի պես չէր կարողանում շողոքորթել փարիզաբնակ հայ հարուստներին: Որտեղի՞ց կարող էր նա ձեռք բերել այդ դրամը, երբ տանը ոչինչ չուներ վաճառելու բացի իր անկողնուց: Եվ ահա գիտության մեծ ծարավ ունեցող երիտասարդ Աճառյանը, որ կարող էր խնդրել այդ դրամը իր ուսուցիչ Մեյեից, մանավանդ որ այս վերջինը շատ էր սիրում նրան, որոշում է ոչ ոքի օգնությունը չխնդրել և իր միջոցներով լուծում է այդ հարցը։ Նա իր մոտ է կանչում հնավաճառ մի հրեայի, ցույց է տալիս իր ներքնակը, վերմակը և այլ պարագաներ, և պահանջում է 20 ֆրանկ, այսինքն իրեն անհրաժեշտ դրամը: Հրեան սկսում է վատաբանել գնելիքը, բրդի որակը և այլն, սակայն Հրաչյան վերջնականապես պնդում է իր ասածը և վերցնելով 20 ֆրանկը, մուծում է` հարկ եղած տեղը: Այս դեպքից հետո թշվառ ուսանողին վիճակվում է մոտ երեք ամիս պառկել հատակին, մի քանի թերթ դնելով տակը, մինչև որ նույն սենյակում բնակվող իր ընկերը ավարտելով հեռանում է, իր անկողինը զիջելով ընկերոջը՝ Աճառյանին։ Ահա թե ուր են հասնում ուսումնատենչ երիտասարդի զոհողությունները՝ գիտություն ձեռք բերելու բնագավառում: Տեղն է այստեղ ասելու նաև այն, որ այդ դրության մեջ գտնվող` Աճառյանին խաբում է նաև Կ. Եզյանցը: Նա առաջարկում է նրան գրել հոդվածներ կոնգրեսում լսվող զեկուցումների մասին, խոստանալով դրա փոխարեն օգնել նրան դրամով: Սակայն հոդվածները վերցնելուց հետո ոչինչ չի վճարում նրան՝ իր կատարած աշխատանքի համար: Սեպտեմբերի 9-ին իրանական բաժնի մեջ հայերենի մասին զեկուցումներով հանդես եկան Աճառյանը և պրոֆ. Կառիեր, որում Աճառյանի նյութը իր ձայնի քննությունն էր (Կոստանդնուպոլսի ռամիկ և գրական լեզուն), Ռուսլոյի էքսպերիմենտալ մեթոդով։ Նա նիստին ներկայացրեց կոկորդի և բերնի շնչի դերը պայթումների արտասանության ժամանակ: Հյուբշմանը, որ ներկա է եղել այս զեկուցմանը, հավանել է և ասել, որ հայերեն հընչումներն ու տառադարձությունը շատ անորոշ են, ի ս ո բազմաթիվ արտասանություններ կան, իսկ տառադարձությունները կատարված են եղել միշտ կամ մի գերմանացուց, կամ ֆրանսիացուց և կամ մի օտարազգուց, սակայն ամենահարմարը և ճիշտը մեքենայի օգնությանը դիմելն է: Հյուբշմանը խնդրել է Աճառյանից նույն քննությունը կատարել նաև հայերենի մյուս բարբառների վերաբերյալ և առանձին հրատարակել, ինչ որ արվեց հետագայում: Սեպտեմբերի 10-ին, իրանական բաժնում նորից ելույթ է ունենում Աճառյանը և տալիս է նպաստ բառի ծագումը, որն արդեն հրատարակված էր նույն թվականի «Բազմավէպ» -ի ապրիլի պրակի մեջ: Հյուբշմանը ընդունում է այս մեկնությունը, «քանի որ, — ասում է նա, — հակասող օրինակ չկա»։ Այս և վերի զեկուցումները ստիպում են Հյուբշմանին հետաքըրքրվել Աճառյանով, և երբ նա իմանում է, որ մի աղքատ ուսանող է, որ եկել է Փարիզ լեզվաբանություն սովորելու և Մեյեիշակերտն է, շատ է ուրախանում և հրավիրում է նրան իր մոտ, Ստրասբուրգ, իր դասախոսությունները լսելու: Այս հրավերը անչափ ուրախացնում է ուսումնատենչ երիտասարդին, և նա իսկույն դիմում է Մեյեին ու հայտնում Հյուբշմանի հրավերի մասին: Մեյեն հավանություն է տալիս իր աշակերտի նպատակին, առաջարկելով չհրաժարվել Հյուբշմանի պես մի մեծ լեզվաբանի և հայագետի գայթակղեցուցիչ առաջարկից: Այդ ժամանակ Աճառյանը, որ այլևս անելիք չուներ Փարիզում, քանի որ, ինչպես ասվեց վերևում, նրա դիպլոմային աշխատանքը չէր ընդունվել, 1898 թվականի ապրիլին մեկնում է Ստրասբուրգ: Այնտեղ երիտասարդ Աճառյանը - նախ գնում է Հյուբշմանի մոտ: Վերջինս խորհուրդ է տալիս նրան իր դասախոսությունները լսել ոչ թե համալսարանում, որի համար անհրաժեշտ էր որոշ վարձ վճարել, այլ տանը: Մեծ գիտնականի կողմից ցուցաբերված այս հատուկ ուշադրությունը հուզում է երիտասարդին, որը սովորել էր Մեյեի մոտ անտարբերության տնտեսական հարցերում: Գիտնականի տունը, բացի Աճառյանից, հաճախում էր նաև Եզնիկ վարդապետը, որը Էջմիածնի վանքում միաբան էր: Նրանք այնտեղ լսում են հայերեն լեզվի համեմատական քերականություն: Այս դասախոսությունները շատ բան են տալիս երիտասարդ գիտնականին: Այնտեղ էլ Աճառյանը գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնց մասին կխոսվի ստորև: Եզնիկ վարդապետը, ինչպես պատմել է մի անգամ պրոֆեսորը, իրեն գոռոզ էր պահում, չէր մոտենում, մեծամտություն էր անում: Ահա թե մի անգամ ինչ է պատահել Հյուբշմանենց տանը՝ դասի ժամանակ: Չգիտեմ ինչ առիթով, Հյուբշմանը, խոսելով մի բառի մասին, ցանկանում է տալ նրա ծագումը: Վերջում, եթե չեմ սխալվում, եզրակացնում է, որ այդ բառը չի ստուգաբանվում: Այստեղ վեր է կենում Աճառյանը և ասում, որ այդ բառի արմատը միայն տառ է մի։ Հյուբշմանին շատ է զարմացնում այս բացատրությունը, և նա սկսում է բարձրաձայն ծիծաղել. նույնն է անում նաև Եզնիկ վարդապետը, սակայն արհամարհական տոնով: Աճառյանը քար լռություն է պահում և երբ նրանք վերջացնում են ծիծաղելը, սկսում է բացատրել. — Հնչել, շնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել (նաև խնջել) բառերի մեջ արմատներն են հ, շ, բ, գ, կ, պ, փ, մ, խ հնչյունները, քանի որ չ-ի վրա այստեղ ավելացել է ն, որով այս ձևերը համեմատվում են երկնչել, կորնչել, մարտնչել, յարնչել բառերին, որոնց արմատներն են երկ-, կոր-, յարս, ուրեմըն, եթե հնչել-ի վրայից հանենք նչ և ել տառախմբերը, կմնա միայն հ որպես արմատ: Այս բացատրությունից հետո Եզնիկ վարդապետը ամոթահար լռում է, իսկ Հյուբշմանը գլխով հաստատական նշան է անում և ասում. — Շատ ճիշտ եք բացատրում, ես այդ մասին բոլորովին չէի մտածել: Շտապեք այս մասին մի հոդված գրել, իսկ ես այն կըթարգմանեմ տպագրելու նպատակով: Աճառյանը պատասխանում է, որ ինքն արդեն հոդվածը գրել է «Հանդէս ամսօրեայ» -ի համար: Եվ իսկապես 1899 թվականի «Հանդէս ամսօրեայ» -ում, 202—7 և 232—6 էջերում տպվում է նրա «Հայերէնի բնաձայն և կրկնաւոր բառերը (630 բառի քննութիւն)» հոդվածը: Չեմ հիշում, թե այդ հոդվածը Հյուբշմանը թարգմանե՞լ է թե ոչ: Վեց ամիս մնալով Ստրասբուրգում և ավարտելով Հյուբշմանի հայերենի համեմատական քերականության դասընթացը, Աճառյանը՝ զինված մի տասնյակ լեզուներով և աշխատելու բուռն փափագով, մեկնում է Կովկաս: Ինչպես Փարիզում, այնպես էլ Ստրասբուրգում, Աճառյանը չի դադարում զբաղվել իր սիրած հայագիտությամբ: Նա այնտեղ գրում է մի շարք արժեքավոր հոդվածներ, որոնք են՝ 1898 թվականին «Բազմավէպ» -ում (էջ 220—227) լույս է տեսնում նրա «Հայ լեզուի ե, է, ո, օ գրերուն արտասանութիւնը»: Այս հոդվածում հեղինակը մանրամասն քննելով է, է, ո, օ տառերի դիրքը բառերի մեջ, սահմանում է շատ արժեքավոր ուղղագրական կանոններ, որոնք որոշ չափով հեշտացնում են հայերենի դըժվար ուղղագրությունը: Այս հոդվածը թվագրված է 1898 թ. ապրիլ 12, Ստրասբուրգ: Նույն «Բազմավէպ» -ում 1898 թվականին (էջ 317—321) լույս է տեսնում Աճառյանի «Հայ լեզուի ուսուցման եղանակը յԱրևա մուտս (ի Գաղիա և Գերմանիա)»: Այս հոդվածում նա ներկայաց նում է` հայագիտության ավանդման վիճակը Փարիզում և եզրակացնում է, որ այն մխիթարական չէ: Տալիս է նաև Գերմանիա յում տիրող դրությունը, նշում է, որ այդ երկրում հայերենն վանդվում է միայն երեք քաղաքներում՝ Ստրասբուրգում, Թյուբինգենում և Ենայում: Հիշում է Հյուբշմանին որպես հայերեն ավանդող լավագույն դասախոսի: Այս հոդվածը գրված է 1898 թ. մայիսի 22-ին: 1898 թվականին «Բիւրակն» -ում լույս է տեսնում «Հայերէնէ փոխառեալ բառեր և կոչ մը գաւառացի բանահաւաքներուն»: Այստեղ խոսում է փոխառությունների հարցի մասին, նրա ունեցած նշանակության մասին, վերջապես փոխառությունների տեսակների մասին: Ապա խոսում է նաև հայերենից եղած փոխառությունների մասին զանազան լեզուներում: Սույն հոդվածում Աճառյանը կոչ է անում գավառացի բանահավաքներին՝ հավաքել թուրքերենի մեջ մտած բոլոր այն բառերը, որոնք հայկական ծագում ունեն, ինչպես, օրինակ, պար, որ ինքը լսել է Կարինում, կամ շնորհք՝ (Ալլահ սանա շնորհք վերսին «=Աստված քեզ շնորհք տա») ` Կեսարիայում։ Ահա այսպիսի բառերն են, որ կոչ է անում հավաքել (վերջերս նա այդ կարգի բառերի թիվը 200 էր ընդունում): Հիշյալ խնդրի իրագործման համար Աճառյանը խնդրում է «Բիւրակն» -ի թույլտվությունը: Ահա թե ի՛ նչ է գրում «Բիւրակն» -ի խմբագրությունը. «Համակրելի պր. Հ. Աճառյանի, որ Փարիզի Labortoire de phonétique expérimentale-ի մեջ Էդիսընի ձայնագրով König-ի բոցերով (Flamme de König) ու Abbé Rousselot-ի ձայնական գործիքներով քննած է հայ հնչաբանության = ձայնախոսական օրենքը, նորագույն սերնդին ամենեն ձեռնհաս լեզվաբանն է, որ կոչում կընե գավառացի բանահավաքներուն՝ վերև շեշտվածներուն վրա ուշադրություն դարձնելու: «Բիւրակն» պատրաստ է ամեն ձեռնտվություն ընելու, որ իր նպատակն ալ է»: «Բիւրակն»-ում լույս է տեսնում նաև Աճառյանի «Լեզվի հոգեբանություն» վերնագրով հոդվածաշարը, որ, ինչպես հեղինակն է ասում, հանդիսանում է իր եռամսյա ուսանողական տարիներին Միշել Բրեալի կարդացած դասախոսությունների թարգմանությունը, իհարկե, հայերենի վերաբերյալ բազմաթիվ օրենքներ ավելացնելով: Այս գիտությունը, որ անվանվում էր նաև իմաստասիրություն, այդ շրջանում դեռ նոր էր զարգանում և շատ մեծ արժեք էր ստացել, որի համար էլ խորաթափանց Աճառյանը անհրաժեշտ և օգտակար է համարել այն ծանոթացնել հայ գիտական հասարակությանը: h0idjvdp9oht9ejh49bhpct8cv17bz1 Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս 0 152206 398185 2026-11-17T09:05:24Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }} == ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Գնացքը կանգ առավ Ա...»: 398185 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }} == ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Գնացքը կանգ առավ Աղստաֆա կայարանում: Հին հայոց պատմության մեջ այս վայրը կոչվում էր Աղստև (համանուն գետով), որ մեր երկրի աննշան գավառներից մեկն էր: Երբ դեռ շինված չէր Տփղիս—Երևան երկաթուղին, Երևանի, Տփղիսի և Բաքվի հաղորդակցության միակ միջոցը Աղստաֆան էր։ Ճամփորդները ցած իջան գնացքից: Մի քանի հոգով գնացինք վարձեցինք մի թուրք կառապանի ֆուրգոնը, հինգ օրից մինչև Երևան հասնելու պայմանով, վճարը հինգ ռուբլի: Հենց նույն օրը ճանապարհ ընկանք: Անցնում ենք Հին Հայաստանի գեղեցիկ և սիրելի վայրերով: Օդը մեղմ է և լավ. աջից ու ձախից փչում է մեղմ քամին. բարձրանում ենք անվերջ դեպի Արարատյան բարձրավանդակը: Ոչ մի միջադեպ չխանգարեց մեզ: Ամբողջ ժամանակը նստած կամ պառկած ենք ֆուրգոնում, բայց երիտասարդ ուսանողի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ կարգի անհարմարությունները: Կես դարուց ավելի է անցել այդ օրվանից, ուստի ոչինչ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ անցանք Դիլիջանով, ապա քերեցինք Սևանի գեղեցիկ ափերը, վերջապես հասանք Քանաքեռի բարձունքը, որտեղից բացվեց, առաջին անգամ՝ մեր սոչ– քի առաջ, Երևանի համայնապատկերը: Այն ժամանակ Երևանը ներկայի տարածությունը չուներ: Կարելի է ասել, թե արդի Երևանը տասն անգամ մեծացել է նախկինից: Այնուամենայնիվ հին Երևանն էլ իբրև մի ամփոփ քաղաք, որոշ մեծություն էր ներկայացնում: Քանաքեռի բարձունքից իջանք արագությամբ դեպի քաղաքը, և մեր ֆուրգոնը կանգ առավ մի ընդարձակ քարվանսարայի բակում, որ գտնվում էր Էջմիածին տանող ճանապարհի մոտ: Ցած իջանք ֆուրգոնից։ Էջմիածին տանող կառքերը պիտի Ա․ Բնակարան. ի՞նչպես էին շինում հին հայերը իրենց տու-- նը, միահա՞րկ թե երկհարկանի, սենյակների դիրքը, ներքին կար հավորությունը, պատուհաններ, լուսամուտ և երդիկ, լուսիջույց և այլն: Բ. Հագուստ. հայկական տարազի տեսակները, արական L կանացի շորեր, գլխարկ և կոշիկ: Գ. Ուտելիք. սեղան և ամանեղեն, կերակրի տեսակներ, հացի պատրաստություն, խմիչքներ, գինի և գարեջուր: Դ. Ընկերական կյանք. արհեստներ, խանութ և վաճառատուն շուկա, առևտուր և դրամի տեսակներ, դպրոց, ուսուցիչներ և ու-- սում, գրելու արվեստը, չափ և կշիռ, տոներ և տոնախմբություն, բարևելու ձևեր, նամակագրություն, ամուսնական կապեր: Ե. Պետություն. թագավոր, նախարարներ, պաշտոնեություն, օրենք և դատաստան, դատական մարմիններ, պատժական օրինագիրքը, Դատաստանագիրք, իշխանավորների, ազնվականների գյուղացիների փոխադարձ հարաբերությունները և իրավունքները: Զ. Զինվորական իշխանություն. զորք և բանակ, զենքի տեսակներ, ռազմագիտություն, պատերազմ վարելու ձևերը, զինվորական համազգեստ, պատվանշան, բերդ և ամրոց, պահակատուն, սահմանապահ զորք, զինվորական աստիճաններ: Է․ Կրոն. Հին հայոց հեթանոսական կրոնը, 7 բնիկ աստվածներ (Արամազդ, Անահիտ, Նանե, Աստղիկ, Միհր, Վահագն և Տյուր), 8-րդ օտար աստվածություն (Բարշամինա). մեհյան, քըրմական աստիճաններ, զոհաբերություն: Վենետիկի միաբաններից Հ․ Վ․ Հացունին կազմել է մի քանի սքանչելի աշխատություններ, որոնք մենագրություններ են այ կամ այն հարցի վերաբերյալ. ինչպես՝ հին հայոց տարազը, երդումը հին հայոց մեջ, հայոց դրոշակը, կերակուրը և խնջույքները, մանկավարժությունը հին հայոց մեջ և այլն: Սիրական Տիգրանյանը նվիրվեց հայոց եկեղեցական օրենքի ուսումնասիրության գործին, բայց գրաբար չիմանալով, շատ էր դժվարանում: Հրատարակեց մի քանի գործեր, որոնցից մեծագույնն է իր մի ապակետիպ աշխատությունը, որ հրատարակեց մեր պետական համալսարանում 1920-ական թվականներին: Մնացյալ ծանոթներիս մասին շատ երկար կլինի խոսել: Գլուխըս լիքն է հիշողություններով, որոնք թղթի վրա դնել շատ երկար կլիներ: Կտանեմ ինձ մոտ: Բայց այստեղ պետք է խոսեմ երկու չար անձնավորությունների մասին, որոնց հետ դժբախտություն ունեցա ծանոթանալու Էջմիածնում: Առաջինն է Սեթ Հարությունյան – նոր-նախիջևանցի, Կարապետ Կոստանյանի աշակերտներից, հայկաբան, ուսուցիչ գրաբարի՝ Ճեմարանում: Ասում էին, թե լավ գրաբար գիտեր, բայց իր գրաբարագիտությունը միայն հին վարժապետների ձևով էր: Նա ոչ լեզվաբան էր և ոչ էլ բանասեր: Նա գրաբար գիտեր իբրև գրաբարագետ: Աբեղյանը մի օր հայտնեց ինձ, թե իր աշակերտների գրած գրաբար շարադրությունները սրբագրելու համար տալիս էր Սեթին առանձին վճարով. որովհետև, ասում էր նա, ինքը գործնական վարժություն չունի գրաբար սրբագրելու, իսկ Սեթը վարժված էր: Այս վերջին կետը, թե Աբեղյանը մեսրոպյան գրաբարը լավ չէր ընդունում, դժբախտաբար հաստատվեց հետևյալ հետաքրքիր միջադեպով: Մեր համալսարանում վրացի երիտասարդ Իլյա Աբուլաձեն սովորեց ինձ մոտ հայոց լեզվի պատմություն: Ավարտելուց հետո գնաց Թիֆլիս և աշխարհաբար լեզվով մի նամակ գրեց ինձ. նամակը ցույց տվի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանին, հիացավ, թե ինչպես վրացին կարող է այսքան հայերեն իմանալ: Ես ասցի, թե նա գրաբար էլ գիտե: Խնդրեց, որ դիմեմ իրեն և մի հատ էլ գրաբար նամակ խնդրեմ, որ գրի: Ստացա մի բաց նամակ գրաբար լեզվով. կարդաց ռեկտորը և ավելի հիացավ. մեր ընկերներից շատերին ցույց տվեցի նույն նամակը, ամենքն էլ զարմացան և ուրախացան: Ցույց տվի նաև Աբեղյանին, որ նույնպես ուրախացավ. ես ասացի, թե մեջը 2 սխալ կա, և սխալները ցույց տվեցի, նա արդարացրեց դրանք: Սեթ Հարությունյանը գրական գործ չունի: Նա միայն աշխատակից եղավ Մանուկ Աբեղյանին Խորենացու հրատարակության գործում: Բայց Աբեղյանը ինձ հայտնեց 20-ական թվականներին Երևանում, թե Սեթը իրեն ոչ մի օգնություն չի մատուցել, այլ իր ծուլությամբ և անպարտաճանաչությամբ երկարաձգել էր գործի հրատարակությունը։ Այդ պատճառով էլ ես իմ Արմատական բառարանի 7-րդ հատորում (էջ 44) իրավունք եմ համարել Խորենցու հրատարակության առթիվ ասել. «Մ. Աբեղեան, անուանապէս նաև Ս. Յարութիւնեան»: Մի ուրիշ մանր զվարճալի կետ էլ: Մի անգամ մի նամակ էի գրել Երևան, դեղագործ Արշակ Հակոբյանի անունով, որի հետ շատ մտերիմ բարեկամ էի դարձել: Ծրարի վրա գրեցի ռուսերեն Op- BaHb, Apaky AkoīyHIy, aTeKap, բայց չգիտեի, թե a-Texap — մեկնեին երեկոյան դեմ, քաղցած էի և պետք էր մի բան ուտել: Հրապարակում կանգնած մի հայի հարցրի, թե «Որտե՞ղ են հաց ծախում»:—«Հայի՞ հաց ես ուզում, թե՞ թուրքի»,— հարցրեց հայը։— «Հացի էլ հայը թուրքը կա՞,— հարցնում եմ ես:— Հացը հաց է»: Կարծելով, թե հայը ինձ ձեռք է առնում, երես եմ դարձնում նրանից: Բայց ոչ. հայը եկավ հետս, տարավ ինձ հացավար ճառների մոտ և ցույց տվեց, թե սա հայի հաց է (լավաշ), I III թուրքի հաց է (սանգակ): Չգիտեմ՝ ո՛ր տեսակից գնեցի, ցամաք կերա փողոցում, ամաչելու ոչինչ չունեի, սպասեցի կառքերի մեկնելու ժամանակին: Երևանի և Էջմիածնի միջև այն ժամանակ շատ կանոնավոր հաղորդակցություն կար: Բացի ֆայտոններից, կային մի քանի տեսակ հասարակ կառքեր, շատ էժան գնով: Ամենից հասարակն էր օմնիբուս կոչված կառքը, որի մեջ նստում էին մեջք-մեջքի տված ութ կամ տասը հոգի: Ճանապարհը մինչև Էջմիածին տևում էր երկու ժամ, և վճարում էինք 25 կոպեկ: Անմոռանալի պայուսակս վերցրած նստեցի մի օմնիբուս, և վերջապես հասանք Էջմիածին: Ուշ գիշեր էր: Այն ժամանակ կառքերի կայանը վանքի Տրդատա դուռ կոչված հրապարակն էր։ Իջանք ուրեմն այդտեղ, անցանք Տրդատա դռնով, Սինոդի շենքի առաջով և վանքի Ավագ դռնով իջնելով, Վեհարանի առաջով մըտանք Ղազարապատ կոչված շենքը։ նոցը: Այստեղ էր Էջմիածնի ուխտավորներին հատկացված հյուրա Հյուրանոցի կառավարիչն էր Սիոն վարդապետը. դիմեցի նըրան և գիշերելու տեղ խնդրեցի: — թյամբ: — Ո՞վ եք դուք,— հարցրեց հյուրընկալ վարդապետը խստու- Ուսանող եմ, Եվրոպայից եմ գալիս,— պատասխանեցի ես: Այստեղ ուսանողի տեղ չէ. այստեղ միայն ուխտավորներն են գալիս,— ասաց վարդապետը և ինձ մենակ թողնելով, հեռացավ գնաց: — Պատի տակ նստեցի պայուսակիս վրա: Գրպանումս ունեի միայն 10 կոպեկ, որով հաջորդ օրը մորս նամակ էի ուղարկելու։ Վարժված էի, ոչ քնելու մասին էի մտածում և ոչ էլ ուտելու: Մի կտոր ցամաք հացը ինձ բավական էր 24 ժամ: Այդպես նստած անքուն սպասում էի երկար ժամանակ, որովհետև դուրս վռնդող չկար: Հանկարծ տեսնում եմ ինչ-որ եռուզեռ: Մարդիկ բարձրա- նում իջնում են սանդուղքներից, իրեր են տեղափոխում: Մեկ էլ իր սենյակից դուրս է գալիս Սիոն վարդապետը և աջ ու ձախ դիմելով հարցնում է. տը: — Այստեղ մի ուսանող կար, ո՞ւր գնաց: Լսում եմ և ներկայանում եմ իրեն: — Դուք գերմաներեն գիտե՞ք,— հարցնում է վարդապետը։ Գիտեմ,— պատասխանում եմ: — Եկեք ներս, այստեղ մի գերմանացի է եկել, խոսեցեք հե- Մտնում եմ ներս: Հանկարծ տեսնում եմ պրոֆեսոր Ռոռբախին, իր կնոջ հետ: Ես Ստրասբուրգում եղած ժամանակս Հյուբշմանի միջոցով ծանոթացել էի Ռոռբախի հետ. նա Հայաստան պիտի գար, և երկուսս միասին պիտի մեկնեինք, բայց որովհետև ես բավական փող չունեի արագ գնացքով մեկնելու, չկարողացա ընկերանալ նրան: Իբրև վաղեմի ծանոթ, ձեռք տվի Ռոռբախին և սկսեցինք մտերմական խոսակցություն: Վարդապետը զարմացած դիտում էր մեզ: Անշուշտ նա զարմանում էր այն բանի վրա, որ քիչ առաջվա քոսոտ և արհամարհելի ուսանողը այսպիսի նշանավոր մար հետ բարեկամ է: դու Հրավիրեց նստել սեղան, որին մասնակցում էին Ռոռբախը, իր կինը, վարդապետը և ուրիշ ծանոթ անձինք: Միակ թարգմանը, ուստի և ուշադրության կենտրոնը, ես էի: Չեմ հիշում, բայց պետք էր, որ ընթրիքը բավական ճոխ եղած լիներ։ Ընթրիքից հետո հյուրերը ստացան իրենց համար սենյակ, իսկ ինձ էլ Սիոն վարդապետը ուղարկեց աջ կողմի սենյակներից մեկը, ուր նշանակվեց մի շատ կեղտոտ մահճակալ: Պառկեցի և քնեցի: Առավոտը արթնացա մի խայտառակ դրության մեջ: Լու, մլուկ, մլակ, մոծակ, ճանճ. այս հնգյակը խուռն բազմությամբ հարձակվել են վրաս. նրանցից մլակ կոչված միջատը նոր էի տեսնում դեռ, մյուսները հին ծանոթներ էին: Տոթը անտանելի էր: Վեր կացա և դիմեցի ընդհանուր սենյակը, ուր մի քանի հյուրեր էլ կային: Նրանց մեջ տեսա հպարտ դեմքով նստած ակնոցավոր մի երիտասարդ, խորհրդավոր ձայնով: Հարցըրեց ինձ, թե ո՞վ եմ ես և ո՞ր տեղացի եմ. երբ պատասխանեցի, թե կոստանդնուպոլսեցի եմ, ասաց, թե ինքն էլ է կոստանդնուպոլսեցի: — Ո՞ր թաղից,— հարցրի ես: Սուլու-խուլեցի: են. Կոստանդնուպոլսում Սուլու-խուլե թաղը հայտնի է իբրև ամենակեղտոտ և ամենագռեհիկ թաղը: Երբ մեկին պետք է լինում ծաղրել կամ արհամարհել, ասում «Սուլու-խուլեցի է՞ս»: Մինչև անգամ չգիտեի, թե սուլու-խուլեցի հայ էլ կլինի: Այդ թաղի բոլոր բնակիչները համարում էի միայն գնչու: Այդ սուլու-խուլեցին եկել էր Էջմիածին տերտեր դառնալու. անունն էր Արտաշես Գարագաշ: Կարասի միջից բարձրացող հընչյունի նման ձայն ուներ: 22 տարի հետո նորից տեսա այդ մարդուն Թեհրանում, ուր հայոց եկեղեցու տիրացու էր, բայց ոչ քահանա. նաև կրոնի ուսուցիչ էր հայոց դպրոցում և ինքնահավան դիրք ուներ: Իր որդին է Հայկ Գարագաշը, որ կարևոր ազգային դեմք էր Թեհրանում և հրատարակում էր «Բոբոխ» զավեշտաթերթը: Ընդհանուր սենյակում նստած միջոցիս սուլու-խուլեցին հանկարծ նկատեց շորիս վրա մի միջատ և ասաց. — Ոջիլ է: Սարսափեցի. ամեն ինչ տանելի էր, բացի ոջիլից. ես դեռ տեսած չէի ոջիլ և զարմանքով հարցրի. — Ա՞յս է ոջիլը. շորերիս մեջ լիքն է սրանից: Պառկած անկողինս ուրեմն լիքն էր ոջիլով և ինձ այդ օրին էր հասցրել: Ճար չկար։ Ի՞նչ պետք էր անել այս խայտառակ օթևանից դուրս գալու համար: Սիոն վարդապետը այլևս ինձանով չէր հետաքրքրվում և այդ ավելի լավ: Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը ( Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ: Ուտեստի մասին – կարիք չկար մտածելու, որովհետև Էջմիածնի հասարակաց ճաշարանը առավոտ, կեսօր և երեկո բաց էր բոլոր ուխտավորների համար, և ես էլ նրանց հետ ձրիաբար ստանում էի թեյ, ճաշ և ընթրիք: Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն։ Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց. — Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս։ — Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան: քու հոդվածներդ Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես կկարդամ '«Բազմավէպ»-ի և «Հանդես ամսօրեայ»-ի մեջ: Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ: — Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուս սավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ: Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ. «Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվա կանին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»: — Է՜հ,— պատասխանեց Կաթողիկոսը,— դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜: Շա՜տ լավ… Է՜, տաճկերեն գիտե՞ս: — Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, լեզվի ուսուցիչ եղած եմ: — տաճկերեն Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարեցավ, քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես: Ես իմ գոհունակությունը հայտնեցի: Կաթողիկոսը վճարեց առաջին ամսականս՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ: Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը` ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր` բարեհոժար տրամադրությունը փսխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի № 1 սենյակը: Այդ միջոցին իմ դրությունը շատ խայտառակ էր: Շորերս հնացած, գլխարկս ծակ, կոշիկներս պատառոտուն, շապիկս ոջլոտ, ամաչում էի մարդկանց մոտ դուրս գալ։ Պատահեց ինձ ծանոթանալ մշեցի ազնիվ մի մարդու հետ, որի անունն էր Սմբատ Տարոնեցի: Մի եղբայր ևս ուներ, որի անունն էր Արամ: Երկուսն էլ հեղափոխական քարոզիչ էին, ամուսնացած էին և միասին տուն և ընտանիք ունեին: Սմբատը առա- -ջարկեց ինձ օգնել ամեն կերպ. ես հայտնեցի իմ կեղտոտ վիճակը և խնդրեցի, որ տանի Երևան և նոր շորեր առնենք: Անմիջապես օմնիբուս նստեցինք, գնացինք Երևան և գնեցինք մի ձեռք շոր, մի գլխարկ և մի զույգ կոշիկ: Սպիտակեղեն - ունեի: Վերադարձանք Վաղարշապատ և գնացինք գյուղի բաղանիսը: Լողանալուց հետո գլխից մինչև ոտք նորոգվելով և ամբողջ շորերս մինչև կոշիկներս Սմբատին տալով, եկա վանք, ուր նշանակված էր ինձ № 1 սենյակը: Այս սենյակը նախապես ընթերցատուն էր եղել և դրա համար էլ կար այնտեղ մի շատ լայն սեղան, որի շուրջը նստելով ընթերցողները կարդում էին օրվա լրագրերը: Ընթերցատունը փակվել էր, և որովհետև սեղանը փոխադրելու տեղ չկար, թողել էին այնտեղ։ Ինձ համար դա մի շնորհ եղավ: Սեղանը դրի պատուհանի առաջ, պայուսակիս բոլոր քարտերը դարսեցի նրա վրա, ունեցած գրքերս էլ նրանց կողքին և մատենադարանից վերցնելով բազմատեսակ բառարաններ, մինչև անգամ Կամուսի արաբերեն բառարանի 3 խոշոր հատորները, կազմեցի ինձ համար մի նոր աշխատանոց։ Ձեռք առի Կարինում կազմած իմ Արմատական բառարանը, որ ուներ շուրջ 300 էջ: Սկսեցի վերամշակել և ավելացնել այնտեղ ամեն ինչ, որ գտա հայ և եվրոպական գրականության մեջ, հայերեն բառերի ստուգաբանության մասին: Այդ միջոցին Տփղիսի Գյուտ քահանա Աղանյանը Կոստանդնուպոլիս էր գնացել և Տեր Հովհաննես քահանա Մկրյանից մեծ գումարով գնել էր արևմտահայ լրագրության խոշոր հավաքածուն: Հավաքածուն գտնվում էր Էջմիածնի մատենադարանում, չեմ կարող ասել անխնամ դրության մեջ, բայց կարող եմ ասել, թե ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով: Մատենադարանապետի թույլտվությամբ, այդ հարյուրավոր հատորները մաս առ մաս փոխադրելով իմ սենյակը, ամբողջը թերթում էի և կազմեցի բոլոր այդ հատորների մեջ գտնված հայ լեզվաբանական հոդվածների ցուցակը: Կարդացի այդ հոդվածները և ինչ որ կար հայ բառերի ստուգաբանության մասին, ճիշտ թե սխալ, դուրս գրեցի: Կազմել էի մի երկարավուն տետրակ, որի մեջ այբուբենական կարգով հավաքեցի այդ ստուգաբանություն- ները, հետագայում իմ ստուգաբանական բառարանի մեջ ներմու ծելու համար: Իմ մեծագույն ցանկությունն էր եղել Վենետիկի կամ Վիեննայի միաբանության անդամ լինել: Դպրոցում մեսրոպյան հայերենի հետևորդ դառնալով, այլևս մտքից հանել էի Վենետիկը: Փարիզում և Ստրասբուրգում երկու խոշորագույն հայագետների մոտ աշխատելուց հետո, Վիեննան էլ հեռացավ մտքիցս, գոնե մասամբ և դեպքերի բերմամբ ընկա Էջմիածին: Վիեննայում այնուամենայնիվ միշտ եղել են մեծանուն վարդապետներ, ինչպես Թոռնյան, Այտընյան, Տաշյան և այլն, իսկ Էջմիածնում ոչ ոք չկար, որ փոքրիկ չափով գոնե հավասարեր նրանց: Զգում էի, թե ինչ տկար միջավայր եմ ընկել. ոչ ոքից ոչինչ չէի կարող սովորել: Այնուամենայնիվ շրջապատս այնքան լավ էր, որ ինձ ամենեվին չէր խանգարում և թույլ էր տալիս իմ սեփական միջոցներով կարդալու և սովորելու: Նյութականի և տնտեսականի կողմից բոլորովին ապահով էի: Վանքը տալիս էր ինձ ձրիաբար նախաճաշիկ, ճաշ, ընթրիք, բնակարան և վառելիք: Այսքանը բավական էր ինձ, որովհետև ոչ մի ավելորդ պահանջ չունեի: Ամսական 25 ռուբլի ռոճիկն էլ բոլորովին բավարար էր: Ամառ լինելով, դեռ ուսումը չէր սկսվել: Տաքը թեև շատ ուժեղ, բայց ինձ համար անտանելի չէր: Ընդհակառակը, հաճույք էի ըզգում այդ տաք եղանակից: Մինչև սեպտեմբեր մնալով № 1 սենյակում, ամենևին մտքիցս չանցկացնելով ամառանոց գնալու բուրժուական գաղափարը, նվիրվեցի ստուգաբանական բառարանիս վերամշակման գործին: Շատ արագ թերթերը լցվում էին և հետզհետե ընդարձակվում էր գիրքս: Վերջապես եկավ սեպտեմբերը, ուսումնական տարվա սկիզբը: Նշանակված լինելով տաճկերենի ուսուցիչ, գնացի Ճեմարան և ներկայացա Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին։ Բարև ձեզ, պարոն Կոստանյան,— ասացի՝ - գլուխ տալով նրան: — Ինչո՞ւ եկաք այստեղ,— գոռաց նա երեսիս, մեջքը ինձ դարձրած և առանց տեղից շարժվելու.— Տաճկաստանում տեղ չկա՞ր: — Տաճկաստանում կոտորում են: Դուք էլ նրանց հետ կոտորվեիք: Վեհափառը ուղարկել է ինձ և հրամայել է տաճկերենի դասեր տալ — Եթե Վեհափառը հրամայել է,— ասաց հեգնանքով, — գնացեք դաս տվեք: Դուրս եկա կիսաբաց դռնից և այնտեղ տեսա Մարտիրոս Հախնազարյանին, որ Ճեմարանում գլխավոր վերակացուն էր: Բարի մարդ էր նա՝ տարիքը առած, համեստ և պարկեշտ ագուլեցի: Լավ գիտեր իր բարբառը և որովհետև ես էլ ձեռնամուխ էի եղել բարբառների ուսման, բարեկամանալով նրա հետ, սկսեցի կազմել հետագայում Ագուլիսի բարբառի բառարանը, որ ի վերջո մտավ իմ Արմատական բառարանի մեջ և Ագուլիսի բարբառի քննության մեջ: Տարիներ հետո թուրք-հայկական ընդհարումների ժամանակ թուրքերը նահատակեցին այդ ազնիվ մարդուն, և ես ցավելով լսեցի նրա մահը Թավրիզում եղածս ժամանակ: Կարապետ Կոստանյանի այդ անհրապույր ընդունելությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ Մարտիրոս Հախնազարյանը և ասաց. — Դուք տաճկերեն դասերի համա՞ր եք եկել: Այո: Սպասեցեք մի քիչ, ես զանգը կտամ, աշակերտներին կհավաքեմ և դուք դասի, կերթաք: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը հիմնելով Ճեմարանը և տեղ տալով բազմաթիվ տաճկահայ աշակերտների, կարևոր էր համարել ուսման ծրագրի մեջ մտցնել նաև տաճկերենի ուսումը, միմիայն տաճկահայ աշակերտների համար, որպեսզի հետագայում, երբ այդ աշակերտները ավարտեին Ճեմարանը և վերադառնային հայրենիք, տաճկերեն կարդալ-գրել չիմանալու պատճառով զոհ չգնային տաճիկ պաշտոնյաների քմահաճույքին: Գևորգ կաթողիկոսից հետո միշտ էլ շարունակվել էր տաճկերենի ուսումը Ճեմարանում. վերջին ուսուցիչը եղել էր Հովսեփ Ճանիկյանը (հեղինակ «Հնութիւնք Ակնայ» օգտաշատ գրքի), որ ծերության պատճառով հրաժարվելով, տաճկերենի ուսումը թողել էր. ինձ: Ինձնից հետո կարծեմ այլևս ուսուցիչ չճարվեց, և այդ առարկան դուրս մնաց: Աշակերտները հավաքվեցին, ես նրանց 3 խմբի վերածեցի և որոշեցի օրերի և դասերի ժամերը: Այսպես սկսվեց իմ ուսուցչական խղճուկ դրությունը Ճեմարանում: * * * Էջմիածինը այն ժամանակ հայոց ազգային, քաղաքական, կրոնական, կրթական, դպրոցական մեծագույն կենտրոնն էր: Կա- թողիկոսը իր Սինոդով և վանքի հարյուրավոր միաբաններով, եպիսկոպոսներով, վարդապետներով և քահանաներով, Էջմիածնի տպարանը` իր զանազան հրատարակություններով և «Արարատ» ամսագրի խմբագրությամբ, Ճեմարանը իր հարյուրավոր և հազարավոր ուսանողությամբ, շրջանավարտներով և ամեն կողմ ցրված ուսուցիչներով կազմում էին մի մեծ ամբողջություն: Սակայն Էջմիածինը այն ժամանակ մի շատ ցավալի կետ ուներ. այդ տաճկահայ գաղթականների հարցն էր: Երբ տաճիկ կառավարությունը իր տխմար քաղաքականությամբ սկսեց կոտորել հայերին, Հայաստանի արևելյան նահանգների խեղճ ժողովուրդը ուրիշ ելք չուներ, եթե ոչ փախչել Պարս կաստան և Կովկաս: Այս վերջինը ավելի հրապուրիչ էր, որովհետև ուներ ավելի բազմամարդ հայություն, լուսամիտ պետություն, հարուստ հայեր և մանավանդ որ կաթողիկոսն էլ (Խրիմյան Հայրիկը) վանեցի, այսինքն՝ տաճկահայ էր: Երբ փախստականների տասնյակ հազարավոր բազմությու– նը թափվեց Կովկաս և հատկապես Էջմիածնի գավառը, բնականաբար Կաթողիկոսը չէր կարող անտարբեր մնալ հանդեպ նրանց դժբախտ կացության: Էջմիածինը ամեն միջոց գործադրեց ըստ կարելվույն դեղ, ապրուստ և պաշտոն հայթայթելու համար այդ դժբախտներին: Տաճկահայերը իբրև ավելի նախաձեռնող, աշխատասեր, ընդունակ և մանավանդ չարքաշ ժողովուրդ, դիմագրավելով ամեն դժվարություն, իրենց համար աշխատեցին լավ դիրք ստեղծել: Սկսվեց տնտեսական պայքարը բնիկ տեղացիների և նորեկ գաղթականների միջև: Շատ ասպարեզներում այս վերջինները հաղթող հանդիսացան: Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև: Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ: Մինչև անգամ ամուսնական խնամություններ դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը, բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով: Բուն Էջմիածնի վանքն էլ ասպարեզ էր դարձել այդպիսի կռվի, որովհետև Կաթողիկոսն էլ շրջապատել էր իրեն իր վանեցի ազգականներով: Ավելորդ եմ համարում երկար խոսել այս դժբախտ հարցի շուրջը, որ տարիներ տևեց: Ես էլ այդ դժբախտների կարգն էի ընկած: Ոչ միայն հարգանք, սեր և գնահատություն, այլ նույնիսկ քաջալերություն կամ սովորական բարեկամական վերաբերմունք չկար իմ մասին Ճեմարանի ուսուցչական կազմի և վանքի միաբանության մեջ: Բոլորն էլ արհամարհում էին ինձ: Վերևում տեսանք Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանի պարսավելի վերաբերմունքը դեպի ինձ: Կարապետ Կոստանյանը համարվում էր Կովկասում ոչ մի այն իբրև կատարյալ ազգասեր, եկեղեցասեր, այլև նույնիսկ ուսումնական և գերազանց հայագետ անձնավորություն: Իր հանդիսավոր, լուրջ վերաբերմունքը արտաքուստ, խոսակցության մեջ պահած ծանրաբարո դիրքը, իր հրապարակած մի քանի երկրորդական արժեք ունեցող տետրակները ստեղծել էին նրա մասին ALI SM մեծ անունը: Իրականում նա խոժոռ, անհրապույր, դաժան մարդ էր, որի գիտական հմտությունն էլ մեծ հարցականի տակ էր: Իր ծաղրանունը դրել էին «Սուլթան Համիդ», և իրոք իր համիդական գազանաբարո վերաբերմունքը ցույց էր տալիս հանդեպ բոլոր աշակերտների և ուսուցչության, ո՜ւր մնաց՝ թե ինձ: Ոչ մի մանկավարժական ժողովի, ոչ մի ուսուցչական խորհրդակցության, նույնիսկ ոչ մի աշակերտական հավաքույթի չէի հրավիրվում ես: Այդ բոլորը բացատրում էին իբր թե նրանով, որ ես տաճկահպատակ էի և ռուսական կառավարությունը չէր թույլատրում օտասահպատակներին որևէ ուսուցչական պաշտոն, բացի տսճկերենից և ֆրանսերենից: Մի խոսքով ես ապօրինի ուսուցիչ էի: Շատ տարիներ հետո (1952 թ. մայիս) լսեցի, որ մեր Ակադեմիայի ասպիրանտներից մեկը՝ պրպտելով արխիվները, գտել է, որ Կոստանյանը ցարական լրտես է եղել Էջմիածնի վրա: Անհավատալի՞ ճշմարտություն: Այժմ տեսնենք ուրիշ ուսուցիչների վերաբերմունքը դեպի ինձ: Առաջին անձը, որ մոտեցավ ինձ և հարգանքի խոսք ասաց, հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանն էր: Իր անունը ես լսել էի Կարինում, Սանասարյան վարժարանում, ուր կարդացել էի նաև իր մի խումբ մանկավարժական տետրակները: Առաջին անգամ, երբ բարձրացա Ճեմարանի սանդուղքների գլուխը,. տեսա, որ ցածրից բարձրանում է նաև Սեդրակ Մանդինյանը: Ես մի կողմ քաշվեցի հարգանքով և տեղ տվի նրան: Մանդինյանը մոտեցավ ինձ և ձեռք երկարելով, ասաց այս անմոռանալի, փայփայիչ խոսքերը. – Ձեր անունը ձեզնից առաջ եկել էր Էջմիածին: Կարդացի «Արարատ» ամսագրում ձեր հոդվածը վրացերենի ձայնաբանության մասին հայերենից փոխառյալ բառերի մեջ: Այդ ինչքան լավ վրացերեն գիտեք դուք: Ես իբրև տփղիսեցի, լավ վրացերեն գիտեմ, բայց ձեր հիշած բառերից շատ շատերը անծանոթ էին ինձ: Ես պատասխանեցի, թե իմ վրացերենի գիտությունը շատ չափավոր է, և ես այդ բոլոր բառերը քաղել եմ Չուբինովի վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն բառարանից: Մենք բարեկամացանք իրար հետ, և նա հրավիրեց ինձ իր տունը, որ Ճեմարանի դիմացն էր։ Ես մի երեկո գնացի նրա մոտ և ծանոթացա նրա կնոջ և իր գեղեցիկ աղջկա հետ: Ծանոթացա նաև իր քենեկալ Ստեփանոս Կանայանի հետ, որ Ճեմարանում պատմության ուսուցիչ էր. գուցե ծանոթացա նաև ուրիշների հետ էլ, որոնց չեմ հիշում: Մանդինյանի գեղեցիկ աղջիկը հետո ամուսնացավ ակնաբույժ Հայկ Կանայանի հետ և Երևանում 1920-ական թվականներին չարաչար տանջանքներով մեռավ, որովհետև բժիշկները չէին կարողացել որոշել իր հիվանդությունը: Մանդինտեսա Թավրիզում յանի փոքր տղան, որի անունը չեմ հիշում, 1920 թվականին: Նշանավոր ինժեներ էր և «Լուսաչափ» անունով մի գործիք էր հնարել: Հայտնի է, որ կան ճիշտ գործիքներ տաքությունը չափելու (ջերմաչափ), խոնավությունը չափելու (խոնավաչափ), կաթի պարարտության քանակը չափելու ( սերաչափ) և այլն, բայց լույս չափելու գործիք չկա: Ահա այդ գործիքն էր, որ հնարել էր ինժեներ Մանդինյանը: Մտնում ես մի սենյակ. բռնում ես ձեռքիդ այդ գործիքը, և նա ցույց է տալիս սենյակի լույսի և մութի քանակությունը: Գործիքը հնարել էր, բայց պատրաստել չէր կարող. եթե նկարը ուղարկեր եվրոպական որևէ գործարան, գաղտնիքը կգողանային և իրենց անունով կվաճառեին: Պարսկաստանում այդպիսի գործիք շինելու մասին ավելորդ էր մտածել: Ուստի, երբ ես պատրաստվեցի գալ Երևան 1923 թվականին, նա խնդրեց ինձ, որ ես խոսեմ ընկեր Լուկաշինի հետ հայտնեմ, թե Մանդինյանը պատրաստ է նվիրել այդ գործիքը Հայաստանի կառավարության: Ես իմ խոստումը կատարեցի, բայց նրա շարունակության մասին ոչինչ չգիտեմ և չեմ լսած որևէ լուսաչափ գործիքի մասին մի բան: և Երկրորդ ուսուցիչը, որի հետ բարեկամացա և հետագայում լավ մտերմացա, Ստեփանոս Կանայանն էր, Մանդինյանի քենեկալը և Ճեմարանի հայ և ընդհանուր պատմության ուսուցիչը: Չափազանց բարի, կատակախոս, զվարճասեր, միամիտ և ընկերական մարդ էր նա: Պատանի ժամանակ Հայ-Արմեն ծածկանունով ոտանավորներ էր գրել Զմյուռնիայի «Արևելյան մամուլ» ամսագրում: Բայց այնուհետև գրական գործունեություն չէր ցույց տված։ Շատ էր աշխատում, բայց իր աշխատանքը ամուլ մնաց: Կյանքի վերջին շրջանում հրատարակեց մի քանի ազգագրական և աշխարհագրական գործեր, որոնցից գլխավորն է «Ջոջանց տունը»։ Առհասարակ դժվար է կարդալ նրա գործերը, որովհետև շարունակ թափառում է նյութից նյութ և մեկի վրա կենտրոնանալ չգիտե: Ուրիշ ուսուցիչների մասին շատ բան չունեմ ասելու: Մանուկ Աբեղյանը, որի հետ ընկերացել էի Փարիզում, և որ հայագետի մեծ հռչակ էր վայելում Ճեմարանում, ոչ մի մտերմություն ցույց չտվեց ինձ Էջմիածնում: Համառ և ինքնահավան մարդ էր: Իրենից դուրս ոչ մեկին չէր ճանաչում: Սարսափելի ատեցող էր տաճկահայերին և մանավանդ Վենետիկի և Վիեննայի միաբաններին: Տաճկահայերից հավանում էր միայն երկու հոգու. Պարոնյանին, որովհետև ծաղրել էր պոլսեցիներին, և Գարեգին վարդապետ Սրվանձտյանին, որովհետև հայտնաբերել էր Սասունցի Դավթի վեպը: Ոչ մի տաճկահայ հեղինակի չէր սիրում, նույնիսկ Դուրյանին: Բոլորը խոնարհվում էին Աբեղյանի առաջ և համարում էին նրան անգերազանցելի հայագետ: Ինքը քարոզեց մտցնել արևելյան հայերենում անշունչի և շնչավորի տարբերությունը (նրա ոտքը, էնոր ոտքը), ածականի վերացումը, սեռականի ջնջումը և վերջապես ուղղագրության փոփոխությունը, որ 1912 թվականին հայտարարեց, ազգը մերժեց, իսկ 1920 թվականին ընդունվեց Խորհրդային իշխանության կողմից և սակայն 20 տարի հետո, 1940 թվականին նրա կեսից ավելին մերժվեց և այլն: Էջմիածնում եղած ժամանակս ոչ մի օր չհրավիրեց ինձ իր մոտ, այնպես որ չգիտեմ, թե ուր էր ապրում: Երբ Երևանում, Համալսարանում դասախոս եղա, բնականաբար ընկերական հարաբերություններ մշակում էինք, և ես միշտ չափազանց հարգանքով էի վերաբերվում դեպի նա, իսկ նա իմ այնքան բազմաթիվ աշխատանքների մասին ոչ մի գովասանական կամ քաջալերական խոսք չի ասել: Կողմնակի աղբյուրներից լսել եմ միայն, թե նա իմ մասին կառավարության հայտնել է հետևյալը. «Աճառյանի պես մարդ հարյուր տարվա մեջ մի անգամ չի ծնվի. չափազանց աշխատասեր, անշահախնդիր, փող չսիրող մարդ է. քամեցեք որքան կարող եք. պատրաստ է և կարող է կատարել ամեն ինչ, որ պահանջեք»: Գուցե ավելի հետո էլի առիթ կունենամ խոսելու իր մասին։ Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապե- տը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորու թյուն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»: Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է: Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին։ Նա Քյոթահիացի (Կուտիա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գևորգ Դ կաթողիկոսին։ Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: ` Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»: — Դու հայերեն չգիտե՞ս,— ասում է նրան կաթողիկոսը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ: — Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞ յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): Գելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, տր սովորեմ): Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է. — Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին ( դու որևէ եղանակ երգել դիտե՞ս): Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ. նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք Ճեմարանի աշակերտ գրեցեք»: այս Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժըշտական արվեստի մեջ, ավարտում է Ճեմարանը և ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ: Ավարտելուց հետո գերմանացիք ռաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վար դապետ է: — Վարդապետն ի՞նչ բան է,— հարցնում են նրան: Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է: Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու: — Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է: Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է Ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը: Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր Ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը: Մեջընդմեջ երգում էր մի Վառ ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում: Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ: Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը: — Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում. այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին, կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը: Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՛ր ձայների գումարներն են: Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում. նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»: Գևորգ Դ Մե- ծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Աբարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին: Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա․ այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի: Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհըրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խաղերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի: Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց Ճեմարանում հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ: Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա: և Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովըրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ: Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գըրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ 11-14 վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո՞ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»: Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը. իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել․ Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա): Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»: Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»: Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի` Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմի տասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ միանգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր. Ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատըշգամբում նստած էինք երկուսս։ Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ`, բամ, բում. զանգակները զնգում են»: Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան. մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի: Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր: Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր: Առատ մորուք չուներ. քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քընած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն: Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գեր-- մանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարզարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քսղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա». հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը: Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: Գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ըստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում` էր։ Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խընդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը: Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ: Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է: Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է: և Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդըն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց: Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը: 1925—1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել: Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երեվան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում: Հինգերորդ անձնավորությունը, որի հետ ես մտերմացել էի Էջմիածնում, եղավ Գալուստ սարկավագ Տեր-Մկրտչյանը: Նա Ախալցխայի Ծղրուտ գյուղից էր: Սովորում էր Փարիզում հասարակական գիտություններ: Վարակվում է վատանուն ախտով և զգալով իր ցավալի վախճանր, շտապում է Էջմիածին, դիմում է տալիս և ընդունվում միաբանության մեջ: Ստանում է 4 աստիճան (դպիր), բայց ընդհանրապես կոչում էին սարկավագ: Դպրի աստիճանը մեծ բան չէ, բայց ի նկատի ունենալով նրա գործունեությունը, Խրիմյանը հրամայում է տալ նրան իսկական վարդապետ միաբանի բոլոր իրավունքները՝ բնակարան, սնունդ, վառելիք և ռոճիկ: Որովհետև հասարակական գիտությունները արժեք չունեին վանքի պայմաններում, ուստի թողնում է այդ բոլորը և նվիրվում հայկական բանասիրության: Միաբան ծածկանունով նա հրատարակեց բազմաթիվ հոդվածներ և առանձին գրքեր, որոնք իրոք շատ մեծ արժեք ունեն հայ բանասիրության մեջ: Միաբանների բնակարանները երկու շարք են կազմում. հին շենք և նոր շենք: Նոր շենքի բնակարանները 2 մուտք ունեն. մեկը սռջևից, որ տանում է ցածրի հարկը, ընդամենը 2 սենյակ, մյուսը հետևից, որ սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկը և ունի նույնպես 2 լուսավետ սենյակ, մի խոհանոցով: Իմ բնակարանը № 1 ներքևի 2 սենյակն էր, իսկ նրա վերևը բնակվում էր Գալուստ սարկավագը: Իբրև հմուտ բանասերի, ես ծանոթացա նրա հետ և շուտով մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Կաթվածահար էր եղած, կեսից ներքև մարմինը չէր գործում, իսկ կեսից վեր առողջ էր. ազատ խոսում, գրում էր, բայց քայլել չէր կարող: Քնելու համար, երբ պետք էր լինում գնալ մյուս սենյակը, իր ծառան գալիս գրկում էր նրան և մեծ դժվարությամբ տանում գցում մյուս սենյակի անկողնի վրա: Համարյա ամեն օր բարձրանում էի իր մոտ, և ունենում էինք երկար խոսակցություն հայագիտական հարցերի շուրջը: Միակ անձն էր Էջմիածնի միաբանության մեջ, որ իրավունք ուներ ձեռագրեր բերել տալու իր բնակարանը: Ինքը հրատարակեց, ի միջի այլոց, «Վկայք Արևելից» նշանավոր գործը, որ թարգմանված է Ե դարում ասորերենից և գրված է սքանչելի մեսրոպյան հայերենով: Ինչպես ամբողջ Կովկասում, նույնպես և Էջմիածնում մեսրոպյան հայերենի գաղափարը անծանոթ էր, բայց միաբանը իբրև լուսամիտ մարդ, ընդունել էր այդ գաղափարը, և որովհետև զործ- — նականապես ծանոթ չէր, ուստի ինձ տվեց ձեռագիրը, որպեսզի կարդամ և հետևեմ, թե մեսրոպյան հայերենի սխալներ կա՞ն։ Երբ ես Էջմիածնի 4000 ձեռագրերը հետազոտելու ժամանակ գտա Եղնիկը (№ 1111), ինքն էլ շատ ուրախացավ այդ գյուտի մասին, րովհետև նախապես ինձ ասել էր, թե Եզնիկի անունով ինչ-որ ձե-- ռագիր ունենք Մատենադարանում: Իմ գիրքը («Քննութիւն և համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին») տպվեց Վիեննայում և առաջաբանում խոսում եմ այդ գյուտի մասին: Ես ու Միաբանը «միասին աշխատեցինք» այդ գործի վրա, բայց իր մասնակցությունը եղավ միայն այն, որ ձեռագրի և տպագրի տարբերությունների համեմատությունը միասին կատարեցինք: Գրքի մնացյալ բոլոր գլուխները միայն իմ գրչի արդյունքն էին: Շատ մեծ անկակնալ եղավ վանքում, երբ երկու երիտասարդ գիտնականներ՝ Հակոբ Մանանդյան և Սիրական Տիգրանյան հրավիրվեցին Ճեմարանի ուսուցիչ: Մանանդյանը ախալցխացի էր, հայրը անտառապետ էր, բայց վաղաժամ մեռնելով, Մանանդյանը իր եղբոր և քրոջ Հետ որբ են մնում: Այրի մայրը մեծ դժվարությամբ, միայն պետությունից ստացած կենսաթոշակով պահում և մեծացնում է որդիներին: Հակոբ Մանանդյանը, ավարտելով ռուսաց գիմնազիան (հայկական կրթություն չէր ըստացել), Մանթաշյանի թոշակով գնում է Գերմանիա և սովորում է լեզվաբանություն։ Լավ տիրապետում էր 3 եվրոպական լեզուն երի և ռուսերենի: Գրելու մեջ եթե լավ հաջողակ չէր, ընդհակառակը, խոսելու մեջ շատ հաջողակ էր: Բարձրաձայն, լավ մտածված և գեղեցիկ առոգանությամբ հանպատրաստից ճառեր էր խոսում հայերեն և ռուսերեն: Ունենալով վայելուչ արտաքին և բարձր հասակ, շատերին սիրելի դարձավ: Ինքը ասաց ինձ, թե «Լեզվաբանությունը այնքան շուտ-շուտ էր փոխվում, որ ես մտածեցի, թե մինչև Հայաստան գնամ, ճանապարհին արդեն փոխված կլինի.. ուստի հրաժարվեցի լեզվաբանությունից և առանձնացա միայն պատմության մեջ, որին հետևեց նաև բանասիրությունը»: Էջմիտծին եկավ նա վարդապետ դառնալու նպատակով: Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով, ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը: Այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միա-- բանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից։ Նա մնաց Ճեմարանի ուսուցիչ: Ավելի ուշ, երբ ցարա- կան պայմանները ավելի խստացան, նա թողեց ուսուցչությունը, գնաց Ռուսաստան և իրավաբանական ֆակուլտետը ավարտելով՝ դարձավ իրավաբան. մի արվեստ, որ իր ճարտարախոս լեզվին շատ հարմար էր։ Այդ ժամանակ հաստատվեց Բաքվում և իրավաբանների շարքում նշանավոր դարձավ: Խորհրդային իշխանությունը հաստատվելուց հետո եկավ Երևան, եղավ համալսարանի վարիչներից մեկը. Երևանում էլ մնաց մինչև իր մահը: Իր գրական գործերը բավական մեծ թիվ են կազմում, որոնցից կարևորագույնն է «Հայոց պատմություն»-ը, որ կիսատ մնաց: Նշանավոր է նաև իր այն տեսությունը, թե Խորենացին Թ դարի հեղինակ է: Ոչ ոք չընդունեց իր այս կարծիքը և կարծեմ, թե կյանքի վերջում ինքն էլ համոզվել էր, թե սխալ է դատում: Առիթներ կունենանք դեռ խոսելու իր մասին: Սիրական Տիգրանյանը հարուստ ընտանիքի զավակ էր, նույնպես ռուսական կրթություն էր ստացել և ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը: Հրաժարվելով իր հարուստ ծնողների և եղբայրների շրջանից, մտել էր ուսուցչական ասպարեզը և ճիշտ Մանանդյանի նման եկել էր Էջմիածին վարդապետ լինելու, ճիշտ նրա նման տեսնելով վանքի դրությունը, հրաժարվեց իր մտքից: բայց Մենք երեքս՝ Մանանդյան, Տիգրանյան և Աճառյան, ոչ միայն իբրև ազատամիտ երիտասարդներ, այլև իբրև հայագիտության սիրահար անձեր, շատ մտերիմ ընկերներ դարձանք: Մանանդյանը պատմաբան և բանասեր լինելով՝ ինձ ավելի մոտիկ էր: Երբ առաջին անգամ տեսա նրան, ես հայտնեցի իրեն, թե կազմում եմ հին հայոց կուլտուրայի պատմությունը, պրպտելով և ոստիկանի նման հետախուզելով հին հայոց ամբողջ գրականությունը, նյութեր գտնելու համար: Մանանդյանը հայտնեց, թե ինքն էլ է նույն աշխատությունը կազմում և հարցրեց, թե հույն աղբյուրները ուսում - «Ես հույն նասիրե՞լ եմ: Ես պատասխանեցի, թե ոչ։ ասաց. աղբյուրները արդեն ուսումնասիրել եմ և այժմ էլ ուսումնասիրում եմ հայկական աղբյուրները»: Լսելով այս խոսքը և խոնարհվելով իր հունագիտության առաջ ես գնացի սենյակ և իմ ամբողջ աշխատանքը այրեցի: Նա Ցավում եմ իմ այդ անմտության վրա, որովհետև ոչ միայն Մանանդյանը, այլև ուրիշ ոչ ոք չկազմեց այդպիսի աշխատություն: Մինչև այսօր էլ (1952 թ. հունիս) իմ իդեալն է մնացել այդ դեղեցիկ աշխատությունը, որ գրել առաջարկել եմ շատերին, բայց ոչ ոք էլ չի գրել: Ահա իմ համառոտ ծրագիրը այդ մասին. բառի վերջում պետք է գնել b, թե Ֆ: Գնացի Ճեմարան, ուսուցչա– կան սենյակը, ուր միայն 2 հոգի կային, Ստեփան Կանայանը և Սեթ Հարությունյանը: Ես դիմեցի Կանայանին, իբրև իմ մտերիմ` բարեկամին և հարցրի, թե aiTeKap բառի ծայրին Ֆ պիտի դնե՞մ, թե Ֆ: Կանայանը մտածեց ի զարմանս իմ և հայտնեց, թե չգիտեմ․ և նա դիմեց Սեթին նույն հարցով. Սեթը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա այդպես բաների, p-ի մոտ մի միջակետ դրեք իբրև համառոտագրության նշան և բավական է»: Սեթը իմ դեմ մի պամֆլետ գրեց «Նոր դար»-ում, սրա մասին հետո: Ավելի զվարճալի մի տեսարան ևս: Սեթը մի օր իր ծառային հրամայում է գնալ շուկա և գնել 10 ձու: Ծառան վերադառնում է և ձվերը բերում: Սեթը, որ սարսափելի ժլատ մարդ էր, բարկնում է ծառայի վրա, թե ինչո՞ւ այդքան փոքր ձվեր է առել: Նա ուներ ձու առնելու մի օղակ. բոլորը փորձում է, և բոլոր ձվերը օղակից անցնում են. հրամայում է ծառային նորից գնալ շուկա օղակով և փոքր ձվերը հետ տալով, խոշորները վերցնել: Ծառան հրաժարվում է. այն ժամանակ Սեթը ինքը թաշկինակի մեջ 10 ձու և օղակը ձեռքին, անձամբ գնում է շուկա: Այդ միջոցին Էջմիածնի հրապարակում տեռոր էր տեղի ունեցել, Երևանի Գուբեռնատորի վրա․ ատրճանակ էին արձակել, ոստիկանությունը թափվել էր դուրս՝ տեռորիստին բռնելու համար։ Ժողովուրդը փախել էր, ոստիկանները տեսնում են միայն Սեթին թաշկինակի մեջ ձվեր LE ձեռքին օղակ: Բռնում են նրան և ոստիկանատուն տանում: Հարցնում են այնտեղ, թե ի՞նչ գործ ունեիր հրապարակում։ Սեթը կըմկըմալով և ամաչելով՝ օղակի պատմությունն է անում: Իհարկե չեն ․ հավատում, վեց ամիս նստում է բանտում, մինչև կարողանում է ապացուցանել իրողությունը: Ես ոչ մի կապ չեմ ունեցել Սեթի հետ. չգիտեմ ինչո՞ւ, միայն մի անգամ եղել եմ նրա տանը: Պոռպռուն ձայնով մի կին ուներ՝ իգդիրցի և մի աղջիկ, իսկական գաճաճ, որի անունն էր Սեթանուշ: Երբ ես հրատարակում էի իմ Արմատական բառարանը, մի օր ինձ մոտ եկավ մի տարիքոտ կին: Ինքը հայտնեց, որ Սեթ Հարությունյանի կինն է և խնդրեց իր ամուսնուն բաժանորդ գրել։ Զարմացա մնացի. Սեթը գիրք կարդա և այն էլ Աճառյանի՞ գիրքը: Ականջիս չէի հավատում: Ստիպված էի մերժել, որովհետև ռեկտորի հրամանով բաժանորդագրությունը փակված էր: Երկրորդ չար, ավելի շուտ ողորմելի անձնավորությունը Բագրատ Խալաթյանն էր: Նա հրավիրվել էր Ճեմարան իբրև ու- սուցիչ ռուս գրականության: Հայերեն գիտեր, բայց շատ թույլ: Հագնըվում էր շատ զարդարուն ձևով, անուշահոտ դուխիներով օծված, այնպես որ աչք էր ծակում: Մի օր մտա Ճեմարանի ուսուցչանոցը։ Այնտեղ էին Ստեփան Կանայանը և այս Բագրատ Խալաթյանը, որոնք վիճում էին ինչ-որ հարցի առթիվ: Երբ ես ներս մտա, Կանայանը ասաց Բագրատին. «Այ, պարոն Աճառյանը եկավ, նա լավ գիտե, իրեն հարցնենք, և դառնալով, ասաց. «Դուք իրար հետ ծանոթ չե՞ք»: Ես պատասխանեցի. «Ես երեք անգամ ծանոթացել եմ պարոն Խալաթյանի հետ, բայց նա բարևս էլ չի առնում»: «Ոչ,— ասաց Կանայանը,— պարոն Աճառյանը մեր կարևոր մասնագետներից մեկն է, չի կարելի այդպես վարվել նրա հետ»: Խալաթյանը կմկմաց և ինչ-որ ներողություն խնդրեց: — Խալաթյանը Ճեմարանից շուտով հեռացավ և գնաց Գերմանիա: Նա հրատարակեց մի քանի ազգագրական տետրակնելր և հոդվածներ գրեց «Բանասեր»-ի մեջ, հետո վեճ ունեցավ Բասմաջյանի հետ և իրար հետ կռվեցին. Բագրատ Խալաթյանը Բասմաջյանի ղեմ գրեց մի հոդված «Մի ապտակ Բասմաջյանի դեմ» վերնազրով: Բասմաջյանն էլ պատասխանեց «Մեկի դեմ 2 ապտակ Բ. Խալաթյանի դեմ» վերնագրով: Շատ զվարճալի է հետևյալ դեպքը: «Հանդէս Ամսօրեայ» ամսաթերթի մեջ Բ. Խալաթյանը (1906 թ., էջ 333) սկսեց հրատարակել «Եվալդ Լիդեն» վերնագրով մի հոդված, որի սկզբում տալիս է հայագիտության պատմությունը: Այստեղ, էջ 335 բ-ում, հիշում է եվրոպացի հայագետների անունները, թվելով նրանց գործերը։ Սրանց մեջ կարդում ենք. «Օգտավետ ծառայություն մատուցին հայ լեզվի բազմակողմանի ուսումնասիրությանն Christian Bartholomae, Sophus Bugge…, մանավանդ հմուտ հայագետ A. Meillet: Հիշելու է ևս Verfasser, Die _ Semitischen Le- hnworter in Armenishen ZDMG, 1893» և այլն: Կարդալով այդ հոդվածը և տեսնելով նշանավոր մարդկանց շարքում Verfasser անունով մի նոր հայագետի, որի անունը երբեք լսած չէի, զարմացած մնում եմ, թե ո՞վ է այս անծանոթ հռչակավոր հայագետը: Բայց երբ շարունակության մեջ կարդում եմ նրա գրած աշխատության անունը, իսկույն հասկանում եմ, որ հայտնի Հյուբշմանն է: Դեպքը այսպես է եղել: Հյուբշմանը իր քերականության մեջ, հիշելով զանազան հեղինակների անունները և նրանց գործերը, նրանց հետ հիշում է նաև իր այս աշխատությունը. բայց Համես- տությամբ, փոխանակ իր անունը տալու, ինչպես սովորություն է, գրել է Verfasser (հեղինակը): Ողորմելի Խալաթյանը այսքանը չիմանալով և Verfasser գոյականի գլխատառից ենթադրելով, թե մարդու անուն է, ստեղծել է նորահնար մի հայագետ: Խալաթյանի այս ծիծաղելի արարքը հայտնեցի ժամանակին - «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության. բոլորը հրաժարվեցին խմբագիր եղած լինելու պատվից, որպեսզի անարգանքի հարվածից ազատվեն: «Այլ առակ լուարուք»: 1909|10 Խալաթյանը գտնվելով Բեռլինում, համալսարանին դիմում է տալիս և խնդրում, որ իրեն նշանակեն դասախոս օսեթերեն լեզվի: Պրոֆեսորների ժողով է գումարվում քննելու համար հարցը: Այնտեղ է նաև Խալաթյանը: Պրոֆեսորներից մեկը հարց է տալիս, թե օսեթերենի ո՞ր բարբառը, Թագո՞ւր թե Դիգոր պիտի դասախոսե նա: Խալաթյանը, որ մինչև անգամ չի իմացել, թե օսեթերենը 2 բարբառ ունի, շշկլված մնում է և ոչինչ չի կարողանում պատասխանել: Հարցը սրանով փակվում է: (Այս դեպքի պատմությունը պատմեց ինձ բժիշկ Խուրշուդ Մելիք-Փարսադանյանը, որ նույն թվականին ուսանում էր Բեռլինում): Վիեննայի «Ազգային մատենադարան»-ի շարքում Խալաթյանը հրատարակեց «Արաբ `պատմագիրները հայոց մասին» հատորը: Էջմիածնում եղած ժամանակը Բագրատ Խալաթյանը արբերեն ոչ մի բառ չգիտեր: Ինչպե՞ս կարողացավ 2—3 տարվա մեջ սովորել այդ դժվար լեզուն այնքան, որ կարողացավ արաբ հեղինակները կարդալ և նրանցից նյութեր քաղել: Հաստատ հավատացած եմ, որ այստեղ էլ կեղծիք կա: Նա կարդացել է այդ գըրքերի գերմաներեն թարգմանությունը և գերմաներենի իր հրաշալի հմտությամբ (ինչպես ցույց է տալիս Verfasser-ը) քաղել է այդ տեղեկությունները: Բ. Խալաթյանի վախճանը շատ դժբախտ եղավ: Նա վարակվեց վեներախտով, գժվեց և փոխադրվեց հիվանդանոց, ուր և մեռավ: Այսպիսի դժբախտ վախճան ունեցավ Էջմիածնի Ճեմարանի պերճապաճույճ երիտասարդ դասախոսը, որ սնափառ հայտարարությամբ արժանի չէր համարում իր համեստ պաշտոնակցի խոնար բարևն ընդունել: * * Մեկ տարի տևեց Կարապետ Կոստանյանի սուլթանական իշխանությունը: Էջմիածինը նրան հանգստյան թոշակ նշանակեց, նա հեռացավ ասպարեզից և մեզ էլ ազատեց իր բռնակալ ճիրաններից: Տեսուչ նշանակվեց Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, որ բարեկիրթ, ուսյալ և բարեհամբույր մարդ էր: Նա իր կըրթությունն ստացել էր Գերմանիայում, սիրող էր Էջմիածնի և աշխատում էր յուրովսանն բարձրացնել նրա արժանիքը: Գնահատում էր ինձ և ինձ հանձնեց Ճեմարանի գրադարանապետի պաշտոնը։ Միևնույն ժամանակ ինձ նշանակեց իր խմբագրած «Արարատ» ամսաթերթի սրբագրիչ: Այսպիսով իմ դիրքը բարձրացավ, և իմ ոճիկը բարձրացավ ամսական 50 ռուբլու: Այստեղ պետք է հիշեմ իմ կյանքի կարևոր կայաններից մեկը: Հայտնի է, որ օտարահպատակները ուսուցիչ լինելու իրավունք չունեին: Այդ միջոցին Էջմիածին հավաքված տաճկահայ գաղթականների համար կառավարությունից հրաման եկավ, թե ով որ ցանկանա, կարող է ռուսահպատակ գրվել։ Ես էլ, տեսնելով, որ առանց հպատակությունս փոխելու, չպիտի կարողանամ դիրք ստեղծել, որոշեցի մտնել գաղթականների խմբի մեջ և ռուսհըպատակ գրվել: Պետական պաշտոնյան, ինչպես ամենքին, նույնանձնագիր ունե՞ս»: Ես պես և ինձ հարցրեց, թե «տաճկական անձնագիր անձնագիր ունեի, ուստի պաշտոնյան դուրս հանեց ինձ, որովհետև անձնագիր ունեցողները չէին կարող հպատակություն փոխել: Մի ժամանակ հետո որոշեցի մի ուրիշ ձև տալ գործին: Անձնագիրս նորոգման համար ուղարկել էի Երևան։ Նորից հավաքվեց գաղթականների մի խումբ, նորից մտա այդ խմբի մեջ, և երբ ես պատ ես – պաշտոնյան հարցրեց ինձ, թե «անձնագիր ունե՞ս», այլ ձեզ մոտ խանեցի «ոչ». իբր թե անձնագիրս այժմ մոտս չէ, է: Ես լսել էի, որ շատ մեծ պետական հանցանք է երկու անձնագիր ունենալը. հանցավորին պատժում էին մինչև անգամ աքսորով: Ես հանդգնեցի այդ հանցանքը գործելու, բայց դրա համար մի ուրիշ հնարք էլ էի մտածել: Ես նախապես անունս գրում էի Ipasis AzxapyHb, ինչպես պահանջվում էր արևմտյան տառադարձությամբ: Երբ պաշտոնյան իմացավ, որ անձնագիր չունեմ, ընդունեց ինձ և առաջարկեց անունս գրել իր ցուցակում. ես գրեցի Pavis AvapsHb. իմ հնարքս իբր թե այն էր, որ Երևանում ցուցակի մեջ եթե փնտրեին իմ անունը, չպիտի գտնեին այս նոր ձևի տակ: Պաշտոնյան մտցրեց ինձ գաղթականների խմբի մեջ, այնտեղ քահանայի ներկայությամբ բոլորս Ավետարանի վրա երդվեցինք հավատարիմ մնալ ցարին և ռուսահպատակ դարձանք: Շուտով ստացանք մեր նոր անձնագրերը, որից քիչ հետո ես Երևա նից ստացա նաև իմ տաճկական անձնագիրը: Այսպիսով ունեցա 2 անձնագիր, որ ինչպես ասացի, մեծ հանցանք էր: Ինչքա՞ն ժամանակ տանջվել եմ երկու անձնագիր` պահելուս պատճառով։ Հենց որ մի տստիկան էի տեսնում, որ ինձ էր նայում կամ ինձ մոտ էր գալիս, սարսափը պատում էր ինձ: Մի անգամ Թիֆլիս էի գնացել և իջել Վիկտորիա հյուրանոցը, որ հայերի օթևանն էր միշտ: Սենյակումս նստած եմ, հանկարծ բակում մի գոռգոռոց է բարձրանում: Դուրս եմ նայում պատուհանից. տեսնում եմ մի ոստիկան, որ դեպի իմ պատուհանը երկարելով իր ձեռքը՝ բաներ է ասում: Ի՞նչ անելս չգիտեմ: Անշուշտ եկել են ինձ ձերբակալելու: - Բայց վտանգը անցավ, և ինձ ոչ ոք չձերբակալեց։ «Գող, սիրտը դող»: Իսկույն հանեցի թուրքական անձնագիրս, թքեցի նրա վրա և մի լուցկի վառելով, մոխիր դարձրի: Այսպես վերջացավ իմ տաճկահպատակի ստրկական, ամոթալի վիճակը։ ՄԱՌԻ ՀԵՏ 1899 թվականի ամառը կաթողիկոսի թույլտվությամբ` Բյուրականի հայրապետական ամառանոցը գնացի: Միաբանների մի խմբակի հետ մի լուսավոր սենյակում անկողին ստացա: Մի օր բակում նստած, խոսակցության միջոցին, մոտ քառասուն տարեկան սևահեր, թխադեմ մի անձնավորություն մոտեցավ վարդապետներին, բարևեց և ձեռք տվեց: Պետերբուրգի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Մառն էր: Հպարտ ձև չուներ: Խոսում էր ազատ հայերեն: Լսելով իր անունը և Գալուստ Տեր-Մկրտչյանի պատմածներով լավ ծանոթ լինելով իր անձին, ուրախացա, որ տեսա իրեն: Հայտնեց, թե Էջմիածնում Կարապետ վարդապետը խոսել է իմ (Աճառյանի) մասին և հայտնել է, թե պատրաստում եմ մի նշանավոր արմատական բառարան, որի մեջ մեկնել եմ հայերենի բոլոր արմատները: — Ճիշտ չի ասել,— պատասխանեցի ես,— հազիվ կարողացել եմ գուցե կեսը մեկնել։ — Մառը ժպտաց և ասաց. Ես Կարապետ վարդապետին ասացի, որ եթե բոլոր արմատները մեկնել է, ուրեմն անպետք աշխատություն է, որովհետև անկարելի է հայոց բոլոր արմատները մեկնել։ Իսկ վարդապետը ասաց, թե «Աճառյանը ուրիշ մարդ է, նա կս րող է մեկնել»: Իսկ այժմ, որ դուք ասում եք, թե հազիվ կեսն է մեկնված, ուրեմն լավ աշխատություն է: Մենք մտերմացանք իրար հետ և սկսեցինք գիտական ( լեզվաբանական) հարցերի շուրջը խոսել: Այդ միջոցին երևաց Հովհաննես Հովհաննիսյանը, գեղեցկադեմ մի մարդ, բանաստեղծ և ուսուցիչ Ճեմարանում: Ես նրա հետ ծանոթություն չունեի, որովհետև նա էլ պատկանում էր ինձ ոչ բարեկամ խմբակին: Երբեք նրա տանը եղած չէի: Հ. Հովհաննիսյանը և Մառը վաղուցվա ծանոթներ էին. շատ սիրալիր խոսակցություն սկսեցին և Հովհաննիսյանը հրավիրեց Մառին իր տունը ճաշի: Տեսնելով, որ ես էլ Մառի հետ ընկերացել եմ, գուցե պարզ քաղաքավարության համար, ինձ էլ հրավիրեց։ Ես մերժեցի, բայց նա և Մառը ստիպեցին, որ գնամ: և Հովհաննիսյանը ամառանոց էր եկել Բյուրական գյուղը և առանձին բնակարան վարձել: Սեղանը պատրաստ էր: Ես ծանոթցա նրա կնոջ՝ տիկին Զարուհու և երկու քույրերի՝ Աշխենի և Սիրանույշի հետ: Սեղան նստեցինք: Մառը խոսեց իմ մասին և արժանավոր գովասանքներ տվեց: Կինը գանգատվեց ինձանից, թե ինչո՞ւ մինչև այժմ իրենց մոտ չեմ գնացել: Երբ լսեցի, թե Հովհաննիսյանի քրոջ անունը Սիրանույշ էր, որ համառոտելով՝ Սիրուշ էին կոչում, ես իմ վաղեմի սովորության համեմատ իսկույն հայտնեցի, թե Սիրուշ պարսկերեն նշանակում է «հրեշտակ»: Կարծելով, թե սուտ հաճոյախոսություն եմ անում, տիկին Զարուհին, որ հենց առաջին րոպեից սկսած արհամարհանքով էր նայում իմ վրա, բարձրաձայն ծիծաղեց ու ծաղրեց ինձ: Ես դիմեցի Մառին և խնդրեցի, որ հաստատի, թե պարսկերեն, սիրուշ նշանակում է «հրեշտակ». դժբախտաբար Մառը չըգիտեր, և ես անել դրության մեջ մնացի: Այդ ժամանակ ասացի Մառին. «Չե՞ք հիշում զենդերեն «սրաօշա» բառը, որ հրեշտակ է նշանակում, որ ապա դառնում է պարսկերեն «սիրուշ»: «Այո՛, այո՛, — պատասխանեց Մառը,— բոլորովին ճիշտ է, ես այժմ հիշեցի»: Տիկինը խնդրեց, որ ես հաճախ գնամ իրենց մոտ։ Խոստացա, բայց բնավ չգնացի: Պատմում էին, թե երբ կաթողիկոսը առաջին անգամ եկել է Էջմիածին, Ճեմարանի ամբողջ ուսուցչական կազմը իրենց կատեսնելով նանց հետ եկել են աջը համբուրելու: Կաթողիկոսը Հովհաննիսյանին և նրա կնոջ Զարուհուն, որ շատ կարճահասակ մի կին էր, ասում է. «Պարոն Հովհաննիսյան, այդքան սիրային բանաստեղծություններ որ գրել ես, այս կնոջ համա՞ր է… լավ ես արել, չարիքներից փոքրագույնը ընտրել ես»: Կաթողիկոսը շատ էր սիրում տեղի անտեղի կատակաբանություններ անել, փույթ չէ նրանք վիրավորական լինեին մեկի կամ մյուսի հասցեին: Մառը հայտնեց ինձ, որ պիտի գնա Արտաշատ գյուղը պեղում անելու. ուզում է մի օգնական վարձել: Իսկույն ես ասացի. «Ինձ իբր օգնական չե՞ք վերցնի, առանց դրամական վարձատրության»: «Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Մառը,— ձեզանից ավելի լավ օգնական ո՞ւր պիտի գտնեի»: Էջմիածին վերադառնալով, ես ու Մառը կառքով մեկնեցինք Արատաշատ գյուղը, ուր նա մի մեծ սենյակ վարձեց մեր երկուսի համար: Կարծեմ 10 օր մնացինք այնտեղ և հաջորդ օրվանից պեղումները սկսեցինք: Նա ընտրեց մի ավերակ բարձունք, որ երկու մասի բաժանեց: Բարձունքի ձախ կողմը վերցրեց ինքը և բանվորների մի մեծ խմբով սկսեց փորել։ Մի քիչ դեպի աջ, մի քանի բանվորներ էլ տվեց ինձ, փորելու համար բարձունքի աջ կողմը: Այսպես սկսեց մեր աշխատանքը: Մեր դիմացն էր Դվինը, կես ժամ հեռավորությամբ, որ նույնպես ուզում էր պեղել Մառը: Այնքան տարված էր Մառը երևակայությամբ, որ սպասում էր, թե պեղման ժամանակ նա կիջնի Արտաշատի հրապարակը, կգտնի Դավիթ Դունեցու շիրիմը, կկարդա նրա տապանագիրը և կմտցնի իր վկայաբանության մեջ, որ պատրաստում էր տպագրության: Երազները շատ քաջալերիչ են. բայց Մառի երազը չկատարվեց: Ոչ մի հրապարակ մենք չգտանք: Մենք գտանք մի քանի խավ թոնիր, մեկը մյուսի ետևից, ինչ որ նշանակում էր, թե այնքան անգամ բնակություն և ավերած է կատարվել: Վերջապես հասանք հատակը. դրսից ջրի խողովակները մտան ներս, բայց ունեցած գումարը վերջացավ և պեղումը շարունակելը հետաձգելով հաջորդ տարվան, վերջ տվեց իր գործին: Այն կարճ շրջանում, որ ես ապրեցի Մառի հետ, լավ ուսումնասիրեցի նրա անձնավորությունը: Չափազանց բարի, ընկերական և ազնիվ մարդ էր այն ժամանակ: Պատմեց իր կենսագրությունը և իր կյանքից շատ բեկորների մասին խոսեց: Ես կամփոփեմ դըրանցից կարևորը: Նա հայտնեց, որ հայրը իռլանդացի էր. Կովկասում ամուսնացել է մի մինգրել աղջկա հետ, որից ծնվել է ինքը և ըստ ցարական օրենքի կնքվել է ռուս: «Հա՜, հա՜, հա՜»,— ծիծաղում էր Մառը, ասելով, թե ոչ հայրը ռուսերեն գիտեր և ոչ մայրը իռլանդերեն կամ անգլերեն: Ուրեմն ի՞նչ լեզվով էին խոսում իրար հետ: Կովկասում սովորելուց հետո գնում է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտում է Քերովբե Պատկանյանին, դասընկեր ունենալով Ստեփան Մալխասյանին (այս և հաջորդ մի քանի տեղեկությունները լսել եմ Մալխասյանից): Երբ ավարտում են և Պատկանյանը մեռնում է, նրան հաջորդ ընտրելու համար վեճ է ծագում, ոմանք ուզում են ընտրել Մառին, իսկ ուրիշներ, որոնց գլուխն է կանգնել Եզյանը, ուզում են ընտրել Մալխասյանին: Մալխասյանը, ինչպես ինքն է ասել, հրաժարվել է, ասելով, թե ինքը միայն հայերեն գիտե, իսկ Մառը՝ թե՛ հայերեն և թե՛ վրացերեն: Մառը հարցրեց ինձ. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»: «Բայց դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուդուք կան աք սուցչի վիճակը. այստեղ ձեզ ոչ ոք չի գնահատի. խեղճ ու թշվառ. եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ դուք կլինեք նշանավոր գիտնական»: Ես պատասխանեցի, թե ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան: Մենք շատ երկար խոսեցինք Մառի հնարած նոր լեզվաբանության մասին, որ հետագայում ձևափոխվելով կոչվեց «Նոր ուսմունք»: Մառը դեռ հանդուգն քայլեր չէր առած: Նա միայն քարոզում էր, թե վրացերենը ազգակից է սեմականին և հնդեվրոպական, սեմական և կովկասյան երեք խմբերը ծագում են մի խըմբից, որ կոչվում է Նոյան: Բաժանվելու ժամանակ Մառը ասաց ինձ. «Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Դարձյալ մտածեցեք իմ ասածի մասին: Դուք այստեղ կկորչեք. եկեք Պետերբուրգ և նշանավոր մարդ կդառնաք»: Ավելացնեմ մի հետաքրքիր կետ: Երբ Արտաշատ գնացինք, հենց առաջին րոպեից Մառը խնդրեց ինձանից, որ ես իր հետ հայերեն չխոսեմ. «Որովհետև,— ասաց նա,— եթե դուք ինձ հետ հայերեն խոսեք, կկարծեն, թե ես էլ հայ եմ և ինչպես լավ գի- 11-15 տեք, հայերը հայերին չեն սիրում, չեն հարգում, ինձ հետ էլ կվարվեն իբրև հայի»: Ես ռուսերեն բնավ չգիտեի. առաջարկեցի գերմաներեն խոսել իր հետ: Ասաց, որ գերմաներեն լավ չգիտե, ավելի լավ գիտե ֆրանսերեն: Այնուհետև մենք միշտ խոսում էինք ֆրանսերեն, թե ֆրանսերեն էլ ազատ չէր խոսում: Իմ մի քանի ուրիշ հանդիպումների մասին Մառի հետ՝ կխոսենք ավելի ուշ: ՎԵՐԵԼՔ Ի ՄԱՍԻՍ Էջմիածինը իբրև հնություն շատ մեծ անուն ունի եվրոպա-- ցոց մեջ. նա իբրև աշխարհիս ամենամեծ քրիստոնեական եկեղե-- ցիներից մեկը, հատկապես առանձնատիպ իր ճարտարապետությամբ, հարգի է գիտունների աչքին: Նրա մոտ գտնված Հռիփսիմեի եկեղեցին, որ ճարտարապետական մի գոհար է, ավելացնում է նրա փառքը: Էջմիածնին ժամանակակից են նաև Շողակաթը Գայանեն, որոնք նվազ գեղեցիկ են: Բայց Էջմիածնի պատիվը ավելի բարձրացողն է Մասիսը, որ ըստ Սուրբ Գրքի առասպելի, Նոյան տապանի կայանն է համարվում: և Երբ Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղվեցին և այդ տարօրինակ ճարտարապետությամբ շինված, կլորակ և եռահարկ եկեղեցին, ավերակների տակից դուրս բերվեց, է՛լ ավելի բարձրացավ Էջմիածնի հնագիտական արժեքը: Ըստ այսմ հաճախ եվրոպացի ճամբորդները գալիս էին Էջմիածին: Երբ նրանք շատ նշանավոր մարդիկ էին լինում, նրանց թարգման էր լինում Կարապետ վարդապետը, մանավանդ, երբ տիկիններ էլ լինեին: Նա խոսում էր ազատ գերմաներեն, բայց քիչ թե շատ գիտեր նաև խոսել ֆրանսերեն և անգլերեն։ Մի անգամ կաթողիկոսին ներկայացել էին բազմաթիվ հյուրեր և նրանց թարգմանը եղել էր Կարապետ վարդապետը, որի խոսակցությունը, նույնիսկ հայերենում, մի քիչ կակազ էր: Հյուրերի գնալուց հետո կաթողիկոսը իր կծու սրախոսությամբ ասել էր. — Այսօր Կարապետ վարդապետը ութը լեզվով կակազեց: Եթե հյուրերը սովորական մարդիկ էին, թարգմանը բնականաբար ես էի լինում: Բազմաթիվ դեպքերի միջից հիշում եմ հե տևյալ երկուսը: Հյուր էին եկել երկու հոգի. մեկը հաստափոր, բայց հաճելի դեմքով ամերիկացի էր, որ խոսում էր ազատ ֆրանսերեն: Նրա հետ ընկերանում էր մի ավելի երիտասարդ կին, ֆրանսուհի, որ բնականաբար նրա հետ և ինձ հետ խոսում էր ֆրանսերեն: Տիկինը շատ գոհ մնաց, երբ լսեց, որ ես էլ Ֆրանսիայումն եմ սովորել։ Նա համարյա թե թողեց ամերիկացուն և միայն ինձանով զբաղվեց։ Ամերիկացին հետևում էր մեզ և լսում: Այցելեցինք վանքի ներսը, ուր կան զանազան սրբություններ՝ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի գեղարդը (նիզակ, որով խոցել են իր կողը խաչի վրա, իհարկե բոլորովին սուտ), Մատթեոս ավետարանչի մատը և այսպես զանազան սրբություններ, այսինքն՝ ստություններ: Ֆրանսուհին, իբրև կաթոլիկ և հավատացյալ, խաչակնքում էր երեսը և պատկառանքով խոնարհվում և համբուրում էր այդ սրբությունները: Ամերիկացին դարձավ ինձ և ասաց. Ներեցեք, որ ես չեմ խաչակնքում և չեմ համբուրում: Այդ մեր կրոնի սովորությունն է. բայց մի' համարեք, թե ես անարգում կամ արհամարհում եմ: — Ոչ,— պատասխանեցի ես,— մենք գիտենք, որ բողոքական դավանանքը այդպես է և ամենևին չենք վիրավորվում: Վարդապետը, որ այդ սրբությունները ցույց էր տալիս, մի մատյան բերեց և առաջարկեց ինձ, որ ասեմ նրանց, թե այդտեղ մի գումար պետք է արձանագրվել: Շատ ծանր էր ինձ այդպիսի բան ասել, բայց ստիպված էի: Ներողություն խնդրեցի ամերիկացուց և ասացի: Իսկույն 20 ռուբլի վճարեց և ստորագրեց: Գնացինք դեպի Ներսիսյան լիճը: Էջմիածնի փառավոր տեսարաններից մեկն էր, մանավանդ երբ լիքն է: Նրա դիմացը փըռված է ահագին անտառը, որի ետևը բարձրանում է հոյակապ սպիտակափառ Մասիսը: Այստեղ կանգնեց ամերիկացին, նայեց ջրերին, նայեց Մասիսին և ասաց. «Մանուկ էի, երբ Սուրբ Գրքում կարդացի. «Եվ տապանը կանգնեց Արարատ սարի վրա»: Հարցրի ուսուցչին, թե ո՞ւր է այդ Արարատ սարը: Պատասխանեց՝ Հայաստանում: Ես այդ օրը ուխտեցի անպատճառ գնալ տեսնել Արարատը: Այսօր իմ ուխտը կատարեցի»: Ասաց և ձեռք տվեց ինձ: Շարունակեցինք մեր պտույտը, գնացինք մինչև անտառի ծայրը և վերադարձանք: Երբ եկավ բաժանման րոպեն, տիկինը ինձ նվիրեց 5 ռուբլիանոց մի ոսկի: Ես մերժեցի, ասելով, թե ես վանքից նշանակ- ված եմ իբր թարգման և ստանում եմ դրա համար առանձին վարձատրություն (իհարկե սուտ էր). հետևաբար չեմ կարող ընդունել ձեր նվերը: Շատ ստիպեց, բայց ես մերժեցի: Վերջում ասացի, թե «Ձեր ամուսինը…»: «Օ՜հ, ո՛չ, նա իմ ամուսինը չէր, ես նրա աղախինն եմ»: Որքա՜ն մոտիկություն, որ չէի կարողացել տարբերել տիրոջ և աղախնուն: * * * Դիլիջանումն էլ պատահմամբ տեսա 80 տարեկան մի ամերիկացի, որ գնում էր Էջմիածին՝ Արարատը տեսնելու: * * Երկրորդ դեպքը հետևյալն է: Ինձ կանչեցին Վեհարան, իբրև թարգման խոսելու մի եվրոպացու հետ: Գնացի և տեսա Վեհարանում մի շվեյցարացի, որ խոսում էր լավ ֆրանսերեն: Առաջնորդեցի Վեհափառի մոտ: Հայտնեց, թե ուզում է բարձրանալ Մասիս և խնդրեց, որ իրեն մի օգնական տան: Ես մեջ մտա և խնդրեցի շվեյցարացուց, թե «Ինձ չե՞ք ընդունի իբրև օգնական»: Նա չափազանց ուրախացավ և հրճվանքով ընդունեց ինձ: Դուրս եկանք և իսկույն որոշեցինք մեկնել դեպի Մասիս: Շվեյցարացին ուղարկված էր Էջմիածին ուսումնասիրելու համար Մասիս բարձրանալու բոլոր հանգամանքները։ Նա ուղարկված էր մի հանձնախմբի կողմից, որ պիտի պատրաստեր 100 հոգուց բաղկացած մի մեծ արշավախմբի վերելքը դեպի Մասիս: Մենք գնացինք ուղղակի Իգդիր և գիշերեցինք մի հայի հյուրանոցում: Շվեյցարացու հետ բոլորովին մտերիմ էինք դարձել, նա էլ երիտասարդ, ես էլ երիտասարդ: Երբ պառկելու ժամանակը եկավ, ես հարցրի շվեյցարացուն, թե ուզո՞ւմ եք, որ ճրագը հանգցընենք, որովհետև ես ճրագով քնել չեմ սիրում: Շվեյցարացին բարձրահասակ էր, երկարեց ձեռքը, որպեսզի ճրագը հանգցնի, բայց չկարողացավ: Ես մոտեցա ճրագին, մի խոր շնչով փչեցի, ճրագը հանգավ, բայց շիշն էլ ընկավ և փշրվեց, «Quel souffle!» (Ի՞նչ շունչ), կոչեց շվեյցարացին, բայց իսկույն հայը ներս մը– տավ և կոչեց. «Ի՞նչ է, դուք եկել եք իմ սենյակը քանդելո՞ւ»: Հի-- սուն կոպեկ դրի հայի ձեռքը և միջադեպը փակվեց: Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Մասիս. տեսանք Ակոռի գյուղը, որ Մեծ Մասիսի ստորոտումն է և 1840 թվականին փլատակի տակ մնալով, ամբողջովին քանդվեց: Երկու հովիվ, որ այդ միջոցին գտնվում էին Մասիսի բարձունքում, տեսան իրենց ոտի տակ իրենց գյուղի կործանումը, որից միայն իրենք փըրկվեցին: Այդ երկուսից մեկին մի օր տեսա ես Էջմիածնի ճանապարհին: Ակոռիի տների գերանները դեռ մնում էին հողի տակից դուրս երկարած: Տեսանք նաև Ս. Հակոբ Մծբնացու վանքը, որի ջուրը օգտագործում էին արտի մորեխը ջնջելու համար: Այս պատմությունը սուտ չէ: Երբ Արարատյան դաշտում մի որևէ տեղ մորեխ էր իջնում, գնում էին Սուրբ Հակոբի վանքը հանդիսավոր թափորով, աշխարհական և եկեղեցական, երգով և շարականով և հասնելով վանքը, աղբյուրի ջրից վերցնում էին և բերում մորեխ իջած մի արտի վրա ցանում: Սուրբ Հակոբի աղբյուրի մոտ կա մի տեսակ թռչուն, որ սիրում է մորեխ ուտել: Երբ թռչունները տեսնում էին մարդկանց բազմությունը, բնականաբար հետևում էին նրանց և հասնում մինչև արտը: Այդտեղ, տեսնելով մորեխներին, հարձակվում էին նրանց վրա և սկսում կոտորել: Վրա էին հասնում նաև թռչունների մյուս ընկերները և այսպիսով արտը մաքրվում էր: Մենք եկանք ռուս սահմանապահ զորքի կայանը և ուզեցինք ներկայանալ պետին, որ մի ռուս զորավար էր: Բայց նա գնացել էր Երևան: Մեզ ընդունեց իր կինը, որ Մելիք-Աղամալյանների տոհմից, երևանցի բարեվայելուչ մի հայ տիկին էր: Սիրով ընդունեց մեզ և բացօթյա տեղավորված զինվորների շարքին երկու մահճակալ նշանակեց, որպեսզի այնտեղ անցկացնենք գիշերը։ Ուշ ժամանակ, չգիտեմ ինչու, մենք ուզեցինք Մասիսի վրա ինչ-որ պտույտ կատարել: Վերցրինք հետներս մի կոզակ, որ տարավ մեզ իր ծանոթ վայրերով ինչ-որ տեղ Մասիսի վրա: Նստեցինք, դաշտի գիշերային տեսարանը դիտեցինք և ապա հետ դարձանք: Ճանապարհը շատ քարքարոտ էր, դար ու փոս, դժվարանցանելի: Կոզակը, որին լավ ծանոթ էին այս տեղերը, ազատ համարձակ իջնում էր: Շվեյցարացին խնդրեց, որ ասեմ կոզակին, որ կամաց գնա, որովհետև մութ էր, և մենք ոչինչ չէինք տեսնում. cKopo կոչում եմ կոզակին, նա ավելի արագ է իջնում. ես իրար հետևից բղավում եմ cKopo, cKopo, և նա ավելի է արագացնում իր ընթացքը: Շատ հետո իմացա, թե cxopo նշանակում է ոչ թե կամաց, այլ արագ: Գիշերեցինք այդ բացօթյա կայանում. որքա՜ն հաճելի էր այդ գիշերը ինձ համար: Սրբազան Մասիսի վրա, մեր հին Հայրենիքում, ազատ թուրքական ճնշումից… Առավոտը երկուսով սկսեցինք բարձրանալ: Մասիսը շատ չոր է. ամենահասարակ խոտերից դուրս ոչինչ չես գտնում. ջուր «ամենևին չկա: Բարձրանում ենք շարունակ, դիտելով Արարատյան դաշտի բոլոր գյուղերը: Դիմացը կանգնած է Արագածը: Սարի վրա ինչքան բարձրանաս, այնքան տեսարանը գեղեցկանում է և այնքան փառահեղ է դառնում դիմացի սարը: Կեսօրից հետո հոգնած դադրած հասնում ենք ձյան սահմանը: Մենք արդեն անցել ենք Փոքր Մասիսի բարձրությունը, որ այժմ մեզնից ցածր է կանգնած: Այդտեղ գտանք քոչվոր քրդերին ( եզիդի), որոնք ամառանոց էին բարձրացել իրենց ոչխարներով և տավարով: Ջուր խնդրեցինք, բայց մեզ բերին հրաշալի սառնորակ մի թան, որի տված հաճույքը մինչև այժմ չեմ մոռացել։ Ձյան կողքին պառկեցի և քնեցի: Ես հոգնել էի, և ավելորդ վերելքը ինձ չէր հետաքրքրում: Շվեյցարացին մի քրդի ընկերակցությամբ, որ հրացանով էլ զինված էր, բարձրացավ է՛լ ավելի վեր: Ես քնած էի: Մի ժամ հետո, երբ նրանք իջան, արթնացա ես էլ։ Պատմեցին, որ մի արջ են տեսել, որի վրա քուրդը հրացան է արձակել, բայց արջը փախել էր: Այդքանը բավական համարելով, սարից իջանք ցած և հետ դարձանք մինչև Էջմիածին: Բաժանվեցինք իրարից, և շվեյցարացին մեկնեց Երևան, Եվրոպա վերադառնալու համար: Հաջորդ տարին 100 հոգուց բաղկացած արշավախումբը չեկավ, բայց ավելի ուշ, երբ ես Էջմիածնում չէի այլևս, արշավախումբը եկել էր և բարձրացել Մասիսի գագաթը: Այդ խմբին մասնակցել է նաև Մեսրոպ եպիսկոպոսը: Երբ մարդիկ բարձրանում են Մասիսի վրա, տեղի են ունենում զանազան երևույթներ: Ոմանք շնչասպառ են լինում, ոմանք ուշքից գնում են, ոմանց մարմնի ծակոտիներից արյուն է հոսում, ուրիշներ դիմանում են մինչև վերջ: Ցուրտը սաստիկ է, բայց ոչ անտանելի: Վտանգավոր է քամին, որ բկախեղդ է անում մարդուն: Վտանգավոր է հատկապես ոտքի տակի սառույցը, որից սահում և ընկնում են անդունդը: Այս արշավախմբի վերելքի նկարագրությունը մանրամասն գրեց և հրատարակեց Մեսրոպ եպիսկոպոսը «Արարատ» ամսագրի մեջ և ապա առանձին գրքով: Ասացին, որ 100 ճամփորդներից վերջինը, մի գերմանացի ինժեներ, ընկել է անդունդը և մեռել։ Այս եղավ միակ զոհը: Շատ տարիներ հետո լրագրում կարդացի, որ Սիբիրում մի գյուղացի ներկայանում է դատարան և խնդրում է, որ իրեն պատժեն, որովհետև ինքը մարդասպան է: Պատմում է հետևյալը: — Տարիներ առաջ ես պահակ էի Մասիսի վրա։ 100 հոգի բարձրացան վերև։ Ես էլ մասնակցում էի նրանց հետ իբրև պահակներից մեկը: Ես ամենավերջումն էի. տեսա իմ առաջ մի գերմանացի ինժեներ, որի կրծքի վրա շողշողում էր ժամացույցի ոսկի շղթան. սատանան ինձ հրապուրեց, մի հարվածով կրծքից ոսկե շղթան պոկեցի և մի քացի տալով ինժեներին՝ գցեցի անդունդը, ուր և կորավ: Ոչ ոք չիմացավ. կարծեցին, թե ինքն է սայթաքել: Ես մինչև այժմ տարա խղճիս ցավը, բայց էլ չեմ դիմանում: Պատժեցեք ինձ: ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ԳԱԼՈՒՍՏԸ Էջմիածնում լուր տարածվեց, թե պարսից շահը Եվրոպա պետք է գնա Երևանի վրայով. անշուշտ այդ առթիվ պիտի այցելի նաև Էջմիածին: Կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն պատ։ րաստություն սկսեցին տեսնել շահին ընդունելու համար: Ճեմարանի տեսուչ Կարապետ վարդապետը առաջարկեց ինձ շահին նվիրված մի երգ գրել, որ Կոմիտաս վարդապետը պիտի ձայնագրեր, ուսանողներին սովորեցներ, և երգեցիկ խումբը շահի առաջ պիտի երգեր: Կեդրոնական վարժարանում աշակերտ եղած ժամանակս մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը մի տաճկերեն երգ էր գրել, որ երաժշտագետ Տիգրան Չուխաճյանը ձայնագրեց, մեզ սովորեցրեց, և մենք էլ սուլթանի անցքի ժամանակ երգեցինք: Այդ ոտանավորը տպված էր Աբիկյանի «Ճաշակ օսմանյան դպրության» գրքում, որի սկիզբը մենք բերել ենք վերը: Այդ երգը վերածեցի պարսկերենի, տարի Կոմիտաս վարդապետին, հանդարտ կարդացի, շեշտերը և երկար ու կարճ ձայնավորները որոշեց և ապա մի եղանակ հարմարեցրեց: Այդ եղանակը` սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբին։ Երգը գեղեցիկ գրերով արտագրել տվին մի մեծ թերթի վրա, Վաղարշապատում բնակվող մի գեղագիր թուրքի։ Մնացյալ պատրաստությունների մասին չեմ խոսում: Երկար սպասելուց հետո, վերջապես լսեցինք, որ շահը գալիս է Երևան: Կաթողիկոսը իր հետ վերցնելով մի քանի աչքի ընկնող վարդապետներ, ինձ էլ հետը վերցնելով, փոխադրվեցինք Երևանի առաջնորդարանը, որ Հրազդանի ափին, մի խոշոր բարձունքի վրա հոյակապ շենք է: Մեծ դահլիճ և բազմաթիվ սենյակներ ունի: Պատշգամբի տեսարանը Հրազդանի վրայով դեպի Էջմիածին հրաշալի է: Կաթողիկոսը մի շատ երկար գրություն գրեց և տվեց ինձ, որ ֆրանսերենի թարգմանեմ: Ես թարգմանեցի: Իր հրամանով այս թարգմանությունը անգիր արի (ավելորդ աշխատանք), որպեսզի շահին ներկայանալու ժամանակ կաթողիկոսի կողմից արտասանեմ: Ինձ համար գնեցին մի ձեռք նոր հագուստ, որ կոչվում էր սև շոր կամ պոչազգեստ։ Առին նաև կաշյա սպիտակ ձեռնոցներ, որ բնավ չէի գործածած: Այս ձևի տակ տիկնիկի պես պատրաստված, սպասում ենք: Երևանում առած է դարձած «շահի գելդի դելդին եղավ» դարձվածը, որ ասում են, երբ մեկի գալուն սպասում են երկար և չի գալիս: Այսպես եղավ և մերը: Օրեր ու ժամեր սպասեցինք, մինչև որ հայտնեցին, թե շահը եկել է Երևան և իջել է Երևանի նահանգապետ Կոմս Դիզենհաուզենի տունը: Նրա տունը գտնվում էր այժմյան Լենինի հրապարակի ծայրին՝ Կոմունալ բանկի տեղը: Կաթողիկոսը կառքով և թափորով, ես էլ իր կողքին նստած, գնացինք նահանգապետի տունը։ Դռան առաջ բազմաթիվ հյուրընկալներ կային: Ռուսաց կայսեր կողմից ուղարկված էին մի քանի բարձրաստիճան անձինք ընդունելությունը պատրաստելու համար։ Հենց դռան առաջ նրանցից երկուսը խոսում էին իրար հետ և ասացին, թե «Այստեղ մեկը կա, որ ֆրանսերեն լեզվով խոսում է. նա է լինելու կաթողիկոսի թարգմանը»: Ես առաջ անցա և ֆրանսերենով հայտնեցի, թե թարգմանը ես եմ: Ձեռք տվին ինձ և ֆրանսերեն լեզվով հայտնեցին, թե «Դուք պիտի լինեք ամենից առաջ գնացողը, որովհետև դուք կաթողիկոսի բերանն եք: Մնացյալ բոլորը ձեր հետևից պիտի գան: Ձեզանից առաջ ոչ ոք չպիտի անցնի»: Սնափառությամբ առաջ անցա, կաթողիկոսը հետևիցս, վարդապետները և եպիսկոպոսները ավելի հետո, ներս մտանք: Մեզ առաջնորդեցին մի մեծ դահլիճ, ուր կանգնած էր պարսից շահի սադրազամը՝ իր շքախմբով: Կաթողիկոսը և սադրազամը ձեռք տվին միմյանց և նստեցին: Ես կանգնած եմ կաթողիկոսի կողքին, իսկ մնացյալ միաբանները բոլորը կանգնած են մեր հետևը: Կաթողիկոսը կարծել էր, թե սադրազամը նույն ինքն թագավորն է. վախեցավ և շփոթվելուց դարձավ ինձ և ասաց. «Շփոթվեցի, սելիքս մոռացա. ա՛յն թուղթը, որ թարգմանել էի տվել քեզ, բերանացի ասա»: — Վեհափառ Տեր, սա թագավորը չէ, սա սադրազամն է,— ասացինք բոլորս հայերեն լեզվով: Կաթողիկոսը հանգստացավ և սկսեց ծիծաղել: Սադրազամը չիմացավ, թե խոսքը ինչի մասին էր, խոսեց օդից և անձրևից: Քիչ հետո բացվեցին թագավորի ռանձնասենյակի դռները, և ես ու Կաթողիկոսը, ինչպես և մ եր հետևից մի քանի հոգի, մտանք ներս: Մուզաֆֆերրեդդին շահը կանգնած էր ոտքի վրա և խաղում էր աթոռի հետ, ոտքերը ցնցելով։ Արքայական թագը գլխին էր, իր անխուսափելի ցցունքով միասին։ Բեղերը շատ երկար, հորիզոնական ձևով և սրածայր: Մորուք չուներ: Իր աջ կողքին կանգնած էր իր թարգմանը, որ Պետերբուրգի պարսկական դեսպան Միրզա Մոհսին խանն էր: Շահի դեմքը իրոք որ բարի և պատկառելի էր: Ես մինչև այդ տեսել էի մի քանի թագավորներ. նախ աշակերտ ժամանակս տաճկաց սուլթան Համիդին իր 400 կանանցով և հազարավոր զինվորներով։ Նա գազանի դեմք ուներ, տգեղ կերպարանքով և անճոռնի քթով: Ոչ մի համակրանք չէր կարող շարժել իր դեմքը: Երկրորդ՝ տեսել էի Սերբիայի թագավոր Ալեքսանդրին, որ պատանի էր և եկել էր Կոստանդնուպոլիս՝ սուլթանին այցելության: Փողոցներոով ման էր գալիս ազատ, ֆայտոնում նստած, համակրելի, երեխայական դեմքով մեկն էր, որ նայողի վրա ոչ մի ազդեցություն չէր գործում: Երրորդը՝ եղել էր ռուսաց Նիկոլայ կայսրը, որ Փարիզում այցելության եկավ Պանթեոնը: Ես այն ժամանակ գտնվում էի Պանթեոնի կողքին գտնված մի հյուրանոցում: Սենյակս իր բալկոնով դեմ առ դեմ գտնվում էր Պանթեոնին։ Ուստի բոլոր ֆրանսիացի հարևաններս թափվեցին սենյակ և թույլ– տըվություն խնդրեցին բալկոնից դիտելու կայսեր: Բոլորին թողեցի, իսկ ես սեղանիս առաջ նստած աշխատում էի և ամենևին չհետաքրքրվեցի նայելու համար, թե ինչպիսի մարդ է կայսրը: Չորրորդը՝ գերմանացիների Վիլհելմ Բ կայսրն էր, որին տեսա Ստրասբուրգում, ուր ուսանող էի: Ճառ էր խոսում ժողովրդին իր ապարանքի պատշգամբից: Ժողովրդի մեջ կանգնած՝ ես էլ լսեցի իր ճառը, որից միայն այն եմ հիշում, թե գերմաներեն ich spräche և ich stehe «խոսում եմ, կանգնած եմ» բառերը փոխանակ 2-ով հնչելու, հնչում էր ս-ով, ինչպես իր սովորությունն էր («իխ սփրեխե, իխ սթեհե»)։ Չեմ հաշվում Ֆրանսիայի նախագահին, որին հաճախ տեսել եմ փողոցում՝ կառքով անցնելիս՝ Փարիզում: Խոսեց նաև կաթողիկոսը (հայերեն լեզվով) և բարի գալուստ մաղթեց շահին: Ես այդ խոսքերը թարգմանեցի ֆրանսերենի: Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի և հայտնեց շահին: Շահը շնորհակալ եղավ: Կաթողիկոսը երկրորդ անգամ խոսք առնելով՝ ասաց. «Իմ վանքը Ձեր հայրերի սիրելի վանքն է եղել. նրանց նվիրած կանթեղը մինչև այժմ մնում է մեծ խորանի առաջ մըշտավառ: Խնդրում եմ, որ Ձեր ճանապարհորդությունից վերադարձին այցելեք նաև մեր վանքը»: Ես այս խոսքերը թարգմանեցի ֆրանսերեն, Միրզա Մոսին խանը վերածեց պարսկերենի, իսկ շահը ձեռքը դնելով սրտի վրա, ասաց. «Վազիֆեի դիլեմ էսթ, քի… ( սրտիս պարտականությունն է, `որ գամ այցելեմ իմ հայրերի սիրած վանքը)»: Ես չթողեցի, որ Միրզա Մոհսին խանը շահի - պատասխանը թարգմանի ֆրանսերենի և իսկույն հայերենի վերածելով՝ հայտնեցի կաթողիկոսին: եկել Ընդունելությունը վերջացավ: Նույն փառքով, ինչպես էինք, բայց ավելի հանգիստ սրտով, որովհետև անակնկալը անցել էր, վերադարձանք առաջնորդարան: Հազիվ կես ժամ անցել էր, փոխայցելության եկան սադրազամը, Միրզա Մոհսին խանը և ուրիշներ: Մտանք կաթողիկոսի սենյակը, ուր նստած էի նաև ես իբր թարգման: Սադրազամից վախեցող Վեհափառը, իմանալով, որ նա թուրք է, ուղղակի գրկեց և քաշեց նրա թևից և մտերմաբար նստեցրեց կողքին, ասելով. «Սեն թյուրքջե բիլի՞րմիսին»: Սկսեցին ընկերաբար խոսել իրար հետ: Միրզա Մոհսին խանը դիմեց ինձ և հարցրեց, թե «Ինչո՞ւ շահի պատասխանը չթողեցիք, որ թարգմանեմ»: Ես պատասխանեցի, թե «պարսկերեն հասկանում եմ, բայց խոսելու վարժություն չունեմ»: Կաթողիկոսը հայտնեց, թե Ստեփանոս Նախավկայի վանքը, որ պարսից սահմանի վրա է գտնվում, քայքայված վիճակի մեջ է և նորոգման կարոտ է: Ուստի խնդրեց, որ սադրազամը նորոգման արտոնություն տա: Դուրս եկան սքանչելի բալկոնը և դիտեցին Զանգվի հրաշալի տեսարանը: Խոսեցին իրար մեջ և հարցրին, թե ինչո՞ւ են գետը Զանգու կոչում: Սադրազամը հայտնեց, թե այդ բառը նշանակում է «թուխ կամ սև» և այդ անունը տվել են գետին, որովհետև ջուրը պղտոր լինելով՝ թուխ գույն է ստացել: Մեր էլ ընդունելությունը վերջացավ, և բոլորս Էջմիածին վերադարձանք: Շահը իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարի, Եվրոպայից վերադարձին, եկավ Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության։ Այն շքեղ պատրաստությունները, որ տեսել էին, բոլորը կատարվեցին։ Շքեղ հացկերույթ տվին շահին․ կաթողիկոսական ամպհովանիի տակ շահը և կաթողիկոսը թև թևի մտած՝ Տաճարը մտան, նկարները և հնությունները դիտեցին, դուրս գալու ժամանակ ուսանողների երգեցիկ խումբը երգեց Կոմիտասի ձայնագրած եղանակը և այլն: Այս բոլորի մեջ ես ոչ մի մասնակցություն չունեցա: ո՞ւմ Խաչիկ վարդապետը դիմել էր կաթողիկոսին և բողոքել էր, թե ինչո՞ւ Աճառյանը, աշխարհական մարդ, թարգմանի պաշտոն պիտի վարի և ոչ թե ինքը՝ Խաչիկ վարդապետը, որ գիտեր թուրքերեն խոսել: Կաթողիկոսը համաձայնվեց: Ամբողջ ընդունելության ժամանակ թարգմանը եղել էր Խաչիկ վարդապետը, բայց շահը թուրքերեն չգիտեր: Բացի սրանից, Խաչիկ վարդապետը թարգմանի ձևը չգիտեր. երբ շահը հարցնում էր, օրինակ, թե սա նկարն է, Խաչիկ վարդապետը, փոխանակ դառնալու կաթողիկո սին և նրան ասելու, թե «Նորին Մեծությունը հարցնում է, թե սա ո՞ւմ նկարն է» և պատասխան ստանալով, փոխանակ շահին հայտնելու՝ «Նորին Սրբությունը հայտնում է, թե այսինչի նկարն է», ինքը ուղղակի պատասխանում էր շահի հարցման: Միևնույն ժամանակ Խաչիկ վարդապետը կոպիտ էր, սովորություն – ուներ խոտելու ժամանակ խոսակցի թևից քաշել, կրծքին խփել, հրել կամ մշտել: Մի տեսարան դիտելու ժամանակ, ասում են, թե խփում էր շահի թևին և ասում էր «Բախ, բախ, բախ (նայի՛ր)»: Այս բոլորը վատ էր ազդել շահի վրա: Երբ լսեցի, որ թարգմանը Խաչիկ վարդապետն է լինելու, և ես ոչ մի դեր չունեմ, առավոտուց հենց ծառայիս ճանապարհ դր և ասացի, որ ամբողջ օրը չգա մոտս. սենյակիս դռները կողպեցի վարագույրները ամբողջովին գցեցի և քաշված սեղանիս ծայրը, Արմատական բառարանիս վրա աշխատեցի: Հանդեսը վերջացավ և շահը մեկնեց: Լսեցի, որ շահը իր ձեռքով մի պատվանշան է կախել կաթողիկոսի կրծքից և ինքը ձեռքը սեղմելով շնորհավորել։ Կարապետ վարդապետը և ուրիշներ սպասում էին պատվանշանի, բայց ոչինչ չստացան: Ասում են, թե շահը Պարսկաստան հասնելուց հետո հայտնել է, որ իր ամբողջ ճամփորդության մեջ, թեև շատ փառահեղ ընդունելություն են ցույց տվել իրեն ամեն տեղ, բայց միայն երկու հոգի սրտանց են ընդունել իրեն: Մեկը եղել է մի պարսկահպատակ հայ, որ Բաքվում հրավիրել է շահին իր տունը և հենց դռան առաջ Համեցե՛ք ասելու փոխարեն արծաթյա մատուցարանի մեջ դռան բանալիները տալով շահին, ամբողջ տունը նվիրել է նրան: Շահը ընդունել է: Երկրորդը եղել է Հայոց կաթողիկոսը: ՍԻՐՈ ՕՐԵՐ օր Խրիմյան Հայրիկը, նախքան ինձ տեսնելը, անշուշտ իմ մասին գաղափար ուներ, որովհետև կարդացել էր իմ հոդվածները «Բազմավէպ» ի- և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: Չեմ ասում, թե նա լեզվաբանությունից հասկացողություն ուներ, որովհետև մի ինձ մոտ, խոսելով այդ գիտության մասին, ասաց. «Այդ որչա՜փ չոր գիտություն է. ի՞նչպես եք սիրել այդ գիտությունը, չե՞ք ձանձրանում: Չո՜ր, չոփ-չոր»: Բայց իբրև ուսումնասեր մարդ, անշուշտ որոշ գաղափար կազմել էր իմ մասին: Ուստի և առաջին օրվանից ինձ լավ ընդունելություն ցույց տվեց և պատճառ եղավ, որ ես մնայի Էջմիածնում և խորանայի հայագիտության մեջ: Չգիտեմ, եթե նա սկզբից ևեթ ինձ տեղ տված չլիներ, իմ կյանքի ընթացքը ի՞նչ կլիներ: Արդյոք կկառչեի՞ հայագիտության մեջ, այդպես խոր և անխախտ կերպով: Խրիմյանի նպատակն էր ինձ վարդապետ ձեռնադրել: Այդ բանը սկզբից ևեթ չհայտնեց ինձ, բայց մի երկու տարի հետո, արդեն հայտնապես ասաց. «Ես քեզ վարդապետ պիտի ձեռնադրեմ»: Պատասխանեցի, թե մի աչքս կույր է, չեմ կարող վարդապետ լինել»: «Քեզ ո՞վ ասաց, որ այդ ասես ինձ, դա նշանակություն չունի»: Ես պատասխանեցի, թե «Լավ ձայն չունիմ, երգել չգիտեմ»: «Հո դու տիրացու չես լինելու, տիրացուները կերգեն»: Վերջապես ես ասացի, թե ինձ արժանի չեմ գտնում վարդապետական աստիճանին։ Պատասխանեց. «Երանի թե մյուս վարդապետները քո արժանիքի կեսն ունենային»: Խրիմյանը իմ վրա բռնություն չբանեցրեց, այլ գրպանս ընկույզներ էր լցնում, սրանով ինձ կաշառելո՞ւ համար: Միամիտ մարդ: Խրիմյանի բարեհաճութ յունը մեծապես ազդել էր իր եղ- բորորդի Խորեն էֆենդու վրա, որ, կարող ենք ասել, թե Էջմիածնի տերն ու տիրականն էր, կաթողիկոսի գաղտնի խորհրդականը և նրա դրդիչը: Մի օր Խորեն էֆենդին կանչեց ինձ Վեհարան և խնդրեց ինձ, դի ես նրա աղջկան դասեր տամ: «Ի՞նչ դաս տամ,— հարցրի ես»: «Սովորեցրեք նրան, ինչ որ մի աղջիկ պարտական է իմանալ լավ կին դառնալու համար»: «Օրինա՞կ…»: «Լավ հայերեն իմանալ, գրաբար կարդալ, շարադրություն գրել, հայոց պատմություն սովորել և վերջապես ինչ որ դուք կարևոր կհամարեք: Ի փոխարեն ես ձեզ կվճարեմ ամսական ռոճիկ այնքան, ինչքան ստանում եք Ճեմարանից»: Օր որոշեցինք, և նա ինձ տարավ իրենց տունը. ներկայացրեց իր տիկնոջ, որ վանեցի միջակ տարիքով մի խոհեմ կին էր. երկու աղջիկ ուներ: — Ահա իմ մեծ աղջիկը,— ասաց նա,— դուք սրա հետ պիտի պարապեք: Ինձ դուր եկավ այդ ընտանիքը. պարկեշտ ու համեստ, նահապետական ընտանիք էր: Օրը և ժամը որոշեցինք և ես 2 անգամ գնացի դասի: Պարապեցի մեծ աղջկա հետ հայերեն լեզվից: Նախքան հաջորդ դասը Խորեն էֆենդին կանչեց ինձ վեհարան և ասաց. — Վեհսփառը իմացավ, որ դուք դասեր եք տալիս իմ աղջըկան։ Վճռական կերպով արգելեց. նա մեր տան մեծն է և ինչ հըրամայեց, մենք պետք է կատարենք. խնդրում եմ այլևս ձեր դասերը դադարեցնեք: Էլի կմնաք մեր տան բարեկամը, կհաճախեք մեզ մոտ երբ որ ուզեք, բայց ոչ դասի համար: Ես համաձայնվեցի, բայց այլևս երբեք նրա տունը չգնացի: Շատ շուտ հասկանալի եղավ ինձ բանի էությունը. Խրիմյանը ինձ ուզում էր վարդապետ ձեռնադրել, Խորեն էֆենդին՝ փեսա դարձնել: Երկուսը իրար հակառակ էին, հաղթողը պիտի լիներ Խրիմյանը, բայց իրականում ոչ ոք չեղավ: 1920-ական թվականներին, երբ եկա Երևան համալսարանում դասախոսելու և սկսեցի հրատարակել Արմատական բառարանս, բաժանորդ եղավ նաև Ախիկյան անունով նկարիչը, որ վանեցի էր: Նա ամուսնացել էր Խորեն էֆենդու աղջկա հետ: Մի-երկու տարի հետո Ախիկյանը մեռավ. տեսա նրա կնոջ… Նախկին բարեդեմ աղջկա տեղ տեսա մի պառաված, կնճռոտ երեսով, տգեղ կին, որ ավուր հացի կարոտ էր: Նա էլ շուտով մեռավ: * * Կես դար և ավելի առաջ Վաղարշապատի կանայք բավական տզեղ էին: Այդ տգեղությունը վերագրում էին մալարիային, կիզիչ արևին և կեղտոտ ջրին: Եթե նրանց մեջ պատահեին բարեդեմ կանայք, անշուշտ եկվոր էին: Այսպիսիներից մեկն էր իմ ընկեր Մանանդյանի քույրը, որի անունն էր Աստղիկ: Չգիտեմ որտեղ տեսա նրան և երիտասարդական խանդավառությամբ սիրահարվեցի: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Այն ժամանակվա սիրահարությունը բոլորովին նըման չէր արդի սերերի հետ: Սիրահարը դառնում էր ամաչկոտ, լռակյաց, տխուր և ապրում էր միայն ներքին հուզմունքով: Ոչ մի արտաքին նյութական - արտահայտություն չէր ունենում: Այդպես և ես: Իմ սիրո արդյունքը այն եղավ, որ ես ուզեցի ավելի մոտենալ Մանանդյանին, ցույց տալ իմ աշխատասիրությունը և դրանով ինձ նրան սիրելի դարձնել: Դրա համար, երբ ես և Մանանդյանը դիմեցինք Գալուստ Տեր-Մկրտչյանին և խնդրեցինք, որ հայագիտական մի լավ նյութ տա իրեն գրելու համար և Միաբանը առա-- ջարկեց մեզ կազմել «Հայոց նոր վկաները», ես իսկույն սիրով ընկերակցեցի Մանանդյանին և միասին սկսեցինք գործը: Այս աշխատությունը տևեց կարծեմ 2 տարի: Գրեթե ամեն օր գնում էինք ձեռագրատուն, վերցնում էինք ձեռագրերը և դեմ-դեմի նստած աշխատում էինք: Ամեն մեկս մի առանձին գլուխ էր վերցնում իր համար, որին մյուսը չէր մասնակցում: Ես սկսել էի թերթել Էջմիածնի ձեռագրատան բոլոր 4000 ձեռագրերը և կազմել տաղերի հավաքածու: Այդ նպատակին միացրի նաև «Նոր վկաներ»-ի որոնումը և ահագին նյութ հավաքեցի: Այս բոլորը դրի սեղանի վրա:- Երկու տարվա մեր աշխատության արդյունքը հրատարակվեց Էջմիածնում երկու առանձին ձևի տակ: Առաջինը ժողովրդական հրա-- տարակություն (Վաղարշապատ, 1902 թ.), իսկ երկրորդը գիտական հրատարակություն (Վաղարշապատ, 1903 թ.): «Հայոց նոր վկաները» 1155 թվականից մինչև 1843 թվականը նահատակված հայերի պատմությունն է (մեծ մասամբ թուրքերի ձեռքով, մի փոքր մասն էլ պարսիկների): Սրանք տոնելի սրբեր չեն և նրանց կյանքը «Յայսմաւուրք»-ի մեջ չի անցած պաշ-- տոնապես: Օրացույցների մեջ էլ նրանք չեն հիշատակվում: Մասնավոր դեպքերում այս կամ այն «Յայսմաւուրք»-ը տալիս է իբր հավելված իր շրջապատում տեղի ունեցած մի նահատակի պատ- մությունը: Պրպտելով 100-ի չափ ձեռագրեր, հավաքելով նյութը և դասավորելով ժամանակագրական կարգով, հրատարակեցինք այս գիրքը, յուրաքանչյուր նահատակի պատմության վերջում դընելով նաև կարևոր պատմական, ժամանակագրական և ձեռագրական տեղեկություններ: Գիտական հրատարակության մեջ էջի ներքևում նշանակված են բոլոր ձեռագրերի տարբերակները, որոնք չկան ժողովրդական հրատարակության մեջ: Վերևում ասացի, թե ամեն մեկս մի գլուխ էր վերցնում և զրում. որոշելու համար, թե ո՞ր գլուխը ո՞վ է գրել, այսպես պայման կապեցինք. երբ նահատակի պատմության վերջում դրված տեղեկությունը սկսում է «այս» բառով, դա Մանանդյանինն է. երբ սկսում է «սույն» բառով՝ իմն է. իսկ երբ սկսում է «հիշյալ» բառով, իմն է, բայց քրոջս ( Արմենուհու) աշխատակցությամբ: Հաշվելով բոլորը միասին, դուրս է գալիս, որ երկուսս միաժամանակ և միաչափ աշխատելով, իմ աշխատանքի արդյունքը եղել է մոս երկուս ու կես անգամ ավելի, քան Մանանդյանինը: Երբ գրքի տպագրությունը վերջացավ, ես ուզեցի, որ այս արդյունքը նշանակենք առաջաբանի վերջում. Մանանդյանը նեղացավ, և ես զիջեցի: Այժմ այստեղ ուզում եմ դնել մեր աշխատանքի հաշիվը: Բնագրի 734 էջից Մանանդյանին է պատկանում 193 էջ, իսկ իմ ու քրոջս բաժինը կլինի 541 էջ, մոտ երկու և կես անգամ ավելի: Չնայած դրան, Մանանդյանը իր առաջաբանի սկզբում գրում է. «Ձեռնարկելով պր. Հրաչյա Աճառյանի տոկուն ու սիրահոժար աշխատակցությամբ հայոց նոր նահատակների վկայաբանությունների հրատարակման՝ իմ գլխավոր նպատակն է եղել…»: Դուրս է գալիս, որ աշխատությունը գրողը ինքն է, և ես նրա աշխատակիցն եմ: Բայց այս սխալը ոչ թե հեղինակի սխալն է, այլ նրա հայերեն լավ չիմանալու արդյունքը: Իմ սիրահարության պատմությունը թաքուն չէր կարող մնալ։ Ընկերներս մի օր տարին ինձ Երևան, Հրազդանի ափին գտնված մի զբոսավայր: Այնտեղ նրանք լավ խմեցին, ինձ էլ մի բաժակ գարեջուր խմացրին, որից ես հարբելով, դառնագին լաց եղա և գաղտնիքս բաց արի նրանց առաջ։ Լուրերով աղքատ Էջմիածինը չնչին բան էր փնտրում մեծացնելու համար: Այսպես տարածվեց իմ սիրո պատմությունը ամբողջ Վաղարշապատում: Նրանից անտեղյակ չէր կարող լինել Մանանդյանը, որի վերաբերմունքը իմ հանղես ոչ միայն չփոխվեց, այլ ընդհակառակը ավելի լավացավ: Երբ ամառը եկավ և արձակուրդ ունեցողները ամառանոց գնացին, մի օր Մանանդյանը մտավ իմ սենյակը և ասաց. «Դուք որևէ տեղ չե՞ք գնալու»: «Ո՞ւր գնամ,— պատասխանեցի ես,— գնալու տեղ չունեմ»: «Մենք գնալու ենք Դիլիջան,— ասաց նա,— կգաք մեզ մոտ, կապրեք մեզ հետ, և երբ արձակուրդը վերջանա՝ նորից կվերադառնանք Էջմիածին»: — Այս հրավերը չափազանց ուրախացրեց ինձ. բայց ես ի՞նչպես կարող էի մի ամբողջ ամառ պարապ անցկացնել: Մտածեցի և իսկույն մի միջոց գտա: Պետք էր հավաքեի պոլսահայ բարբառի մեջ գործածված բոլոր թուրքերեն բառերը: Ուրիշներ եթե ուզենային կատարել այդ աշխատանքը, անշուշտ պիտի սկսեին կարդալ զանազան բնագրեր և պիտի սկսեին հավաքել թուրքերեն բառերը: Բայց այդ աշխատանքը ինչքան էլ ուշադիր ձևով և երկար ժամանակ կատարեին, անշուշտ դարձյալ պակասավոր պիտի լիներ: Ես մտածեցի մի ուրիշ միջոց, որ հակառակ իր կարճության՝ պիտի տար լավագույն արդյունքը: Վերցրի միայն մի գիրք, այն է՝ Միհրան Աբիկյանի ընդարձակ` օսմաներեն բառարանը՝ տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն լեզուներով: Որոշեցի կարդալ այդ գիրքը ամբողջ և որովհետև՝ իբրև կոստանդնուպոլսեցի, լավ գիտեի մեր բարբառը, ամեն մի թուրքերեն բառի դեմ կարող էի մի գիծ քաշել, եթե նա գործածական էր մեր բարբառում, և այսպիսով կունենայի ամբողջ փոխառյալ բառերի հավաքածուն: Գնացինք 5 հոգով Դիլիջան, վարձեցինք Ղուկաս բիձայի բնակարանը մալականների սահմանում: Մեզ հարևան ունեինք միայն մի մալական, որ ամբողջ օրը երգում էր. «Ու սուսիդա ժինկա միլայ Ա ու մենե նիչևո նիմա»: («Հարևանս ունի մի սիրուն կին, Իսկ ես ոչինչ չունեմ»): Ապրեցինք ամբողջ ամառը այդ բնակարանում: Ոչ մի հետաքըրքրական դեպք չպատահեց մեր մեջ: Ես աշխատում էի իմ թուրքերենի փոխառյալ բառերի վրա և վերջացրի մի ամսում(1900 թ. հուլիս), որ և ապա տպագրվեց «Էմինյան ժողովածու»-ի շարքով (Վաղարշապատ, 1904 թ.): Երբեմն չորս հոգով պտույտի էինք դուրս գալիս. ես, Մանանդյանի մայրը, փոքր որդին՝ Արսենը և օրիորդը: Մեծ եղբայրը ընդ-- հանրապես դուրս չէր գալիս: Փոքր եղբայրը շատ կատակախոս և զվարճասեր երիտասարդ էր: Մեր պտույտներից միայն մեկն եմ հիշում: Գնացել էինք բարձրադիր մի անտառ, որ գտնվում էր բլուրի վրա: Գագաթից ցածր իջնելը դժվարացավ, որովհետև չորացած տերևները սահուն հատակ էին շինել և զառիվայրը լպըրծուն էր դարձել. օրիորդը չէր կարողանում իջնել, ուստի թևն առի և արագ վազելով իջանք ցած: Մի օր ես ու մայրիկը տանը նստած խոսում էինք. մայրիկը հայտնեց, թե մի երիտասարդ խնդրել է օրիորդի ձեռքը, բայց իրենք մերժել են: Այս խոսքի վրա ես այլայլվել եմ և գույնս թռել է: Մայրիկը դարձավ ինձ, թե «Ի՞նչ եղար, ինչո՞ւ գույնդ թռավ»: «Ի՞նչ է եղել, որ իմ գույնը թռնի. ի՞նչ կապ ունեմ ես օրիորդի հետ»: «Ես ամեն բան գիտեմ, հանգիստ եղիր, արժանավորին կտամ, անարժանին չեմ տա»: ՄԵՐՈՆՑ ԳԱԼՈՒՍՏԸ Մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց. հայրս, մայրս, մեծ քույրս, փոքր քույրս, եղբայրս և ես (Արշալույս քույրս մեռել էր արդեն): Մերոնց նամակ էի գրում և առաջարկում, որ փոխադրվեն Էջմիածին: Կառավարությունը արգելել էր հայերի մուտքը և ելքը Տաճկաստանից: Վերջապես ստանում եմ տեղեկություն, թե հայրիս և քույրս մեկնել են Կոստանդնուպոլսից, հասել են Բաթումի և այսինչ օրը պետք է լինեն Երևանում: Գնացի Երևան, գտա հորս, որին 6 տարի ի վեր չէի տեսել: Դեմքը չէր փոխված, միայն մի քիչ ծերացել էր, առանց կորցնելու իր նախկին աշխույժը և եռանդը: Կողքին կանգնած էր մի մանկամարդ, գեղեցիկ, բարձրահասակ աղջիկ․ հարցրի հորս. «Հայրիկ, ասիկա ո՞վ է»: «Քույրդ է, ծո»: Ժողովրդական մի ասացվածք կա. մեծ ուրախություն զգալու դեպքում ասում են «Ոտքս գետնից կտրվեց»: Ճիշտ այդպես եր ղավ և ինձ: Քրոջս ես փոքր տարիքին թողել էի Կոստանդնուպոլսում. այն ժամանակ սևադեմ փոքրիկ մի երեխա էր, իսկ այժմ բարձրահասակ, հրեշտակադեմ մի էակ: Ոտքերս գետնից կտրվեցին, փաթաթվեցի նրան և անվերջ համբույրներով երեսը ծածկեցի: Այլևս աշխարհում ոչինչ չմնաց ինձ համար: Գնացինք «Օրիանտ» հյուրանոցը, ուր գիշերեցինք երեքով և մյուս օրը գնացինք Էջմիածին, № 1 բնակարանս։ 11-16 Հազիվ մտել ենք ներս և իրերը դասավորել, հանկարծ այցեյության են գալիս Ճեմարանի ուսուցիչներից երկուսը՝ Քերովբե Միրաքյանը (նոր-նախիջևանցի) և Գևորգ Ղազարյանը (կարսեցի): Ես խնդրեցի, թե այժմ չեմ կարող ընդունել, որովհետև մերոնք նոր են եկել և հանգստի կարոտ են: «Խնդրում եմ վաղը եկեք»: Նրանք նեղացան և հեռացան: Իսկույն կազմում են մեր մասին մի առասպել, թե այդ աղջիկը Աճառյանի քույրը չէ, այլ սիրուհին. իսկ հորս համար դեռ որոշում չէին տվել. ոմանք ասում էին, թե քրոջս հայրն է: Որքա՜ն չար և անմիտ են մարդիկ: Մյուս օրը նույն երկու հյուրերը եկան սենյակ: Ծանոթացան հորս և քրոջս հետ և զարմացան, երբ քույրս խոսեց նրանց հետ ռուսահայ լեզվով: Քերովբեն հարցրեց. — Օրիորդ, այդ ի՞նչ շուտ սովորել եք մեր լեզուն: Քույրս պատասխանեց զարմանքով. — Մեր լեզուն, ձեր լեզուն ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ: Բացառականը կազմում եք ից–ով, ներգոյականը ում–ով, ներկան էլ ում եմ։ Ճանապարհի 2 օրվա ընթացքում այդքանը չէի՞ կարող սովորել: Այս փոքրիկ միջադեպը ես հաճույքով պատմեցի ցույց տալու համար, թե որքան սխալվում են նրանք, որոնք մեր երկու բարբառները իրարից անջատում են իբրև տարբեր լեզուներ և նրանց միջև մի մեծ անջրպետ են շինում: Արևմտահայերը ամենամեծ ճշտությամբ հասկանում և սովորում են արևելահայ լեզուն, բայց ինչո՞ւ արևելահայերը այդքան դժվարանում են սովորելու մեր բարբառը, նույնիսկ Կոստանդնուպոլսում երկար տարիներ ապրելուց Հետո: Նույն միջոցին Գևորգ Ղազարյանը դիտում է իմ և քրոջս ունքերը և նրանց մեջ որոշ նմանություն գտնելով, գնում ընկերներին պատմում է, թե նա իմ հարազատ քույրն է: Այսպիսով մեր մասին տարածված առասպելը ջնջվում է: Երբ նրանք մեկնեցին, մերոնց հարցրի, թե եղբայրս ի՞նչ եղավ. իսկույն հայրս սկսեց լաց լինել. եղելությունը հասկացա: Եղբայրս մեռել էր: Մահը պատահել է 1900 թվականի ապրիլի 12-ին, հետևյալ հանգամանքներում: Բյոյուք-դերեի եկեղեցու կա ռավարիչ և դպրոցի տեսուչ Սահակ Խանճյանը, որ գրող, բանաստեղծ և ուսուցիչ էր և նույն թաղի բոլոր կրոնական և ազգայինդպրոցական գործերի կառավարիչը, խնդրել է հորիցս, որ թույլ տար իր որդուն եկեղեցում երգել, այսինքն՝ տիրացություն անել։ Հայրս թեև այս գաղափարին սաստիկ հակառակորդ էր, չի կարողանում մերժել նրա խնդիրքը և թույլատրում է: Ավագ շաբթում և Զատկին գիշերային պաշտամունքների ժամանակ հոգնում, անքուն է մնում եղբայրս և հենց տոներից հետո հիվանդանում: Մենենգիտ էր ստացել: Բժիշկները չեն կարողանում դարմանել, և նա մեռնում է: Մեր ընտանիքի ամենափոքր անդամն էր եղբայրս. բոլորովին սպիտակ դեմքով, ուժեղ և հաղթանդամ տղա էր դարձել: 14 տարեկան էր, երբ մեռավ։ Եղբորս հիշատակին ես մի գիրք եմ նվիրել՝ «Մանկական բարբառ», որ տպված է Փարիզի «Բանասէր» հանդեսում 1901 թվականին, պրակ Ա-ում: IL- Այցելուները շատացան: Դրանց մեջ հիշում եմ գերմանացի հայագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինքին: Բեռլինից եկել էր Էջմիածին հայերեն ուսումնասիրելու: Երկու տարի մնաց Էջմիածնում, Ստեփան Կանայանի հետ գրեցին արևելահայ աշխարհաբարի քերականությունը գերմաներեն լեզվով, ընկերանալով Հակոբ Մանանդյանի, Եզնիկ վարդապետ Գյանջեցյանի և Գալուստ դպրի հետ, սկսեցին հրատարակել Zeitschrift für armenishe philologie սումնաթերթը, որ տևեց 2 տարի և որի կառավարիչն էր թիֆլիսեցի Աբգար Հովհաննիսյանը, իսկ ծախսերը հայթայթում էր Մանթաշյանը: Այս ուսումնաթերթում մասնակցեցին հայ և օտար հեղինակներ: Ես էլ մի ընդարձակ հոդված եմ հրատարակել այդտեղ Lautlehre des Van-Dialects (արտատպ. Marbourg, 1901) վերնագրով: Ֆինքը նշանավոր եղավ իր մի ուրիշ աշխատությամբ: Նա ուսումնասիրեց հայ բոշաների լեզուն և հետագայում հրատարակեց Պետերբուրգում - Die Sprache der armenischen Zigeuner վերնագրով: Հետագայում գնաց Գերմանիա, ուր վաղամեռիկ եղավ։ Ահա այս անձն էր, որ եկավ իմ սենյակը այցելության. բայց նա ինձ մոտ երբեք չէր եկել և մի նոր պատճառ էլ չուներ ինձ այցելելու: Ուստի ենթադրում եմ, եկել էր քրոջս տեսնելու: Դրա համար էլ սկսեց խոսել քրոջս հետ և որովհետև քույրս գերմաներեն չգիտեր, ուստի Ֆինքը խոսում էր կիսատ-պռատ հայերենով: Աչքերը ոլորելով այնպիսի ձևեր և նշաններ էր անում, որ խիստ տարօրինակ թվաց։ Կանայք ավելի զգայուն են միշտ: Քույրս վեր կացավ, գնաց մյուս սենյակը և այլևս չվերադարձավ։ Ֆինքը մի քանի անգամ էլ այցելության եկավ «ինձ», բայց քույրս չներկայացավ նրան: Մի օր քրոջս հայտնեցի, որ ես այստեղ սիրահարված եմ մի աղջկա: — Մի՞թե,— ասաց քույրս, — տար ինձ իր տունը, ինչ տեսակ աղջիկ է: տեսնեմ Գնացինք Մանանդյանի տունը: Քույրս իր շենշող բնավորությամբ իսկույն ծանոթացավ նրանց հետ և մտերմական խոսակցություն ունեցավ օրիորդի հետ. կարծես թե հին բարեկամներ լինեին: Երբ տուն եկանք, ասաց. — Դուն մեր Կոստանդնուպոլսի աղջիկները մոռցեր ես. ան ի՞նչ անշնորհք աղջիկ է. ոչ կարդալ գիտե, ոչ գրել գիտե, ոչ ձեռագործ գիտե, ոչ ալ կարուձև գիտե. թափթփածին մեկն է. իրարու վրա 3 հատ շրջազգեստ հագեր էր, ետևեն կարելի էր հաշվել: Ամեն մեկը մյուսեն 3 մատ հեռավորություն ուներ: Այսպիսի գնահատությունը և միևնույն ժամանակ տանս մեջ նոր մտած կենսաթրթիռ շունչը իսպառ մոռացրին իմ զգացմունքը: Վեհարանում ապրում էր նաև ոմն Վահան էֆենդի, որ Խրիմյանի մոտիկ ազգականն էր: Բուրժուա վաճառականի կերպարանքով, կլոր և առողջ դեմքով, հաստափոր մեկն էր։ Այդ անձը սիրահարվել էր քրոջս և մեկի միջոցով դիմել էր հորս և խնդրել քրոջս ձեռքը: Հայրս հարցրել էր. — Ի՞նչ գործ կընե ադ Վահան էֆենդին: Կաթողիկոսի մոտ ծառայում է: Ի՞նչ արհեստ գիտե. դերձա՞ կ է, ատաղձագո՞րծ է, կոշկակա՞ր է, դարբի՞ն է, ի՞նչ է: — Արհեստ չունի, կաթողիկոսի մոտ ծառայում է: Հասկցա, կաթողիկոսին ք… կթափե. է՛, կաթողիկոսը մեռնի նե, որի՞ն ք… պիտի թափե: Ես ադ տեսակ մարդու աղջիկ չունիմ տալու: Հորս իսկույն պաշտոնի կանչեցին Էջմիածնում, դարձրին նըրան մառանապետ, այսինքն՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն, բոլոր միաբանների ուտելեղենը հայթայթող գլխավոր անձը: Իր գլխավորը եղավ Եղիշե վարդապետ Ահարոնյանը, շուշեցի մի գեղեցկադեմ մարդ, որի բնակարանը № 5 էր, մեր շարքում: Ես ու նա իրար հետ շատ մոտիկ էինք, սկսած այն օրից, երբ ես հրատարակեցի Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությունը, նա մեծ հետաքրքրությամբ կարդում էր իրենց բարբառի քննությունը և անում իր դիտողությունները: Մի տարի հետո մայրս և մեծ քույրս դիմում են կառավարու– թյան, մայրս ընկնում է փաշաների ոտքը լաց լինելով հայտնում, թե ինքը մենակ է մնացել, ոչ մի օգնական չունի, աշխատելու կարողություն չունի. «Աղաչում եմ թույլ տվեք գնամ Էջմիածին՝ որդուս և ամուսնուս մոտ»: Երկար աղերսանքները վերջապես ձանձրացնում են փաշաներին և տալիս են անցագիր: Գնում են Տրապիզոն, այնտեղից Բաթումի և հասնում են Երևան: Հայրս գնաց դիմավորեց նրանց (մորս և մեծ քրոջս՝ Հերսիլյային) և գիշերով վերադարձան Էջմիածին մեր բնակարանը: Ներս մտավ թե չէ, մայրս ծոցից հանեց մի քանի թղթի կտորտանք և թափեց սեղանիս վրա: — Ի՞նչ են ասոնք,— հարցրի ես: Միտքդ չէ՞, Պոլսեն էլած օրդ այս թուղթերը ինձ տվիր և ըսիր, որ աղեկ պահեմ մինչև գալդ. հիմա եկա քեզի տվի տարիներ պահելե ետքը: Ես մի քիչ նայեցի թղթերի վրա և առանձնապես հետաքրքրական բան չտեսնելով, մի կողմ դրի: Հայրս ասաց մորս. — Ես քեզի չըսի՞, օր ադոնք բոլոր պարապ բաներ են. ան ատենը տղա էր, աս թուղթերը մեծ բան էին իրեն համար, հիմա Փարիզ գնացեր, սորվեր էկեր է, ադոր էրեսը կնայի՞: Հաջորդ օրը հայրս գնաց գյուղ և վարձեց մեզ համար մի լավ բնակարան: Շուկայից մի քիչ ցածը մի մեծ պարտեզ էր, որի մեջ երկու բնակարան կար. աջ կողմինը մերն էր, իսկ ձախ կողմինը՝ Ճեմարանի ուսուցիչ Գալուստ Թումանյանինը: ՍԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՄՖԼԵՏԸ Մենք արդեն տեսանք այս անձին: Հազիվ մերոնք եկել էին Էջմիածին, «Նոր-դար»-ի մեջ երևաց մի թերթոն: Հեղինակը չէր ստորագրել. խոսում էր իմ մասին, բայց չեմ հիշում անունս տալի՞ս էր, թե ոչ: Բովանդակությունը մոտավորապես հետևյալ բառերով էր. — Էջմիածնի № 1 բնակարանը իր զվարճալի պատմությունը ունի. այնտեղ բնակվում էր Հրաչյա Աճառյանը, վանքի հաշվով և տեսնելով, որ այդ շատ լավ է՝ բերել տվեց Կոստանդնուպոլսից իր հորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկտյ, օր առաջին»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր քրոջը: «Եւ եղև առաւօտ և եղև ե- րեկոյ, օր երկրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր մորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև մյուս քրոջը։ «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր չորրորդ»: Ծննդոց գրքի Ա գլխի օրինակով շինված այս պամֆլետը, որ գրված էր մերոնց ծաղրելու համար, շատ անտեղի էր և անճիշտ: Նախ, որ մերոնք չորս հերթով չէին եկել, այլ երկու հերթով, ուստի այն չորս օրերի պատմությունը կեղծ է: Երկրորդ՝ հենց որ մայրս և մեծ քույրս եկան Էջմիածին, իսկույն թողեցինք № 1 բնակարանը և փոխադրվեցինք գյուղ: Երրորդ, որ ոչ ես և ոչ հայրս ձրի չէինք վայելում վանքի հացը, այլ իբր մեր աշխատանքի վարձատրությունը: Ասացինք, թե պամֆլետը ստորագրված չէր, բայց նրա լեզուն և ոճը մատնանիշ էին անում Սեթ Հարությունյանին, որ թեև գիտական աշխատանք կատարելու անընդունակ էր, բայց զվարճախորության մեջ լավ ընդունակ էր: Այն կարծիքը, թե գրողը Սեթն էր, բոլորը զգում էին, նույնիսկ 51 տարի անց (1952 ապրիլ) մի օր հրավիրվելով Երևանում կաթողիկոսի (Գևորգ Զ) տունը, տեսա այնտեղ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանին, որ անցյալի մասին խոսելով, ամենայն անկեղծությամբ պատմեց, թե այդ պամֆլետի հեղինակը Սեթն էր: Ես զարմացա նրա այդքան սուր հիշողության վրա, մանավանդ, որ պամֆլետը բառացի կրկնեց այնպես, ինչպես վերը գրեցի: Բայց ի՞նչ կարիք ուներ Սեթը այդ պամֆլետը գրելու։ Արդյո՞ք կասկածում էր, որ ես նրա տեղը կգրավեմ. շատ իզուր, որովհետև Սեթը լինելով Կարապետ Կոստանյանի ստրուկը, հազիվ թե մեկը նրան ձեռք տար ՀՈՐՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ Հայրս շատ աշխատասեր մարդ էր. վանքի մառանապետի պաշտոնը ծանր գործ չէր. պարապ ժամանակ շատ ուներ: Զբաղմունքի համար որոշեց վանքի այգին մշակել ( ձրիաբար): № 1 բնակարանի առաջ ընդարձակ բակ էր և այդ բակը գնում էր մինչև շենքի ծայրը: Դիմացը գտնվում էր Տաճարը: Բակը, թեև հողից, բայց շենքի կառուցման ժամանակ այնքան լցվել էր տուֆի փշրտանքներով, որ այլևս հող չէր երևում: Դրա մեջ մշակությունն անկարելի էր: Հայրս - վարդապետներից թույլտվություն խնդրեց այդ խճալից հողը դեն ածելու և փոխարեն սևահող լցնելու: Ամենայն սիրով թույլատրեցին վարդապետները, որովհետև ձրի աշխատանք էր և վանքին օգուտ: Հայրս ամեն օր փորելով այդ խճաշատ հողը, տանում թափում էր հեռու, վանքից դուրս դաշտում և այնտեղից մաքուր սևահող բերելով՝ լցնում նրա տեղը: Այսպիսով կարճ ժամանակում № 1 բնակարանի առաջը, ինչպես և № 2 բնակարանի առաջը մաքրվեց և սևահող լցվեց: Այս սևահողի մեջ հայրս ցանեց զանազան բույսեր, որոնք շուտով աճեցին: Այստեղ տնկեց նա մի տեսակ պամիդոր, որ բարձրանում էր օդի մեջ ս:- ռանց հենարանի: Այդ զարմանալի բույսի սերմը Կոստանդնուպոլսից էր բերել: Ցանեց նաև լոբի և ծաղիկներ: Մի քիչ այն կողմ . 4 բնակարանի առաջ ( որ պատկանում էր մառանապետ Եղիշե վարդապետ Ահարոնյանին) շինեց փայտե թառ, մեկուկես մար- 1 մետր դու հասակի բարձրության, և տնկեց մի տեսակ դդում, որ երկարություն ուներ: Այս տեսակի դդում չկար Երևանում, բայց սովորական է Կոստանդնուպոլսում, որտեղից բերել էր հայրս սերմը: Դդումը բարձրացավ և ի մեծ զարմանս բոլորի, թառի վերևից ձողերի պես կախվեց: Մի օր հորս ասացի. Հայրիկ, այս դդումը այստեղ չկար, դուն նոր բերիր հասցուցիր. պետք է, որ քու անունդ վրան դնես: — Է՜, ի՞նչ դնեմ: «Հակոբ խաբախի= Հակոբի դդում»: Դարձավ մորս և ասաց. — Կլսե՞ս կոր խելոք տղուդ խոսքը. ինձի խաբախ ըրավ: Կարևոր է վարունգի պատմությունը: № 3 № 1 բնակարանի առաջ հայրս ի միջի այլոց տնկել էր նաև վարունգ. պտուղը բավական մեծացել էր և վախ կար, որ բնակարանի «քոռ» Եղիա վարդապետը գողանար: Նա իրավունք էր համարում կողքի կանաչիներից քաղել, բայց աչքը վարունգի վրա էր: Հայրս զգում էր նրա մտադրությունը և միշտ զանազան պատճառներով պահակ էր կանգնում: Գողության հարմար րոպեն անշուշտ կես գիշերն էր և հայրս մինչև այդ ժամանակը հսկում էր: Վերջապես չթողեց, որ գողանա, և երբ վարունգը հասավ, կտրեց և կաթողիկոսին նվեր տարավ: Մինչև անգամ Երևանի ջերմոցներում դեռ վարունգ հասած չէր, իսկ հայրս. 1 բնակարանի առջևի քարքարուտում վարունգ էր հասցրել: Հրճվանքով վարունգը ձեռքին տանում, նվիրում է կաթողիկոսին, ձեռքը համբուրում և վարունգը դնում է սեղանի վրա: Կաթողիկոսը, փոխանակ որևէ շնորհակալության բառ արտա-- սանելու և կամ գովասանական խոսք ասելու, դառնում է հորս հետևյալ խոսքերով. — Դուն կուզե՞ս որ ես քեզի շնորհակալ եմ ըսեմ: Դուն գիտե՞ս ես ո՞վ եմ. ես այս բոլոր վանքի ամենամեծն եմ. եթե ուզեմ, կարող եմ անմիջապես վանքեն դուրս վռնդել քեզ. լսեցի՞ր, հադե գնա: Հայրս զայրացած գալիս է ինձ մոտ. — Էշեկ օղլու էշեկ. մենք ալ քեզի մարդ գիտցանք. էշուն մեծն է եղեր. սա ըսելու խո՞սք է, որ ըսավ ինձի: Եվ պատմեց ամբողջ դեպքը: Խրիմյանը այսպիսի անպատշաճ արարքներ շատ էր անում: Վերևում պատմեցի Հովհաննես Հովհաննիսյանի կնոջ դեպքը: Նըման մի դեպքի անձամբ ներկա եղա մի ուրիշ անգամ: Նոր տարվա առթիվ Ճեմարանի բոլոր ուսուցիչները ներկայացան կաթողիկոսին շնորհավորելու: Ես գտնվում էի ամենավերջում. ամենաառաջը Մանանդյանն էր. Խրիմյանը տեսավ նրան և ասաց. — Պարոն Մանանդյան, այդչափ գիտությունը այդ փոքրիկ, ճնճղուկի չափ գլխի մեջ ի՞նչպես ես տեղավորեր: Գոնե մեծ գլուխ ունենայիր… Բայց մեծ գլուխ ունեցողներն ալ ապուշ կլինին: Ահա Կանայանը, ահագին գլուխ ունի, մեջը պարապ. հա՜, հա՜, հա՜: Եվ սկսեց լայնաբերան ծիծաղել: Մենք բոլորս իրար հետև ծածկվում էինք, որ չտեսնվենք և նոր ծաղրանքի զոհ չգնանք: Իմ առաջ կանգնած էր Աբեղյանը, որ գլուխը և մարմինը թաքցրեց և անխուսափելի ծաղրից ազատվեց: ՊՈՍՈԽՈՎԻ ԴԵՊՔԸ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր Պոսոխով անունով մի ռուս, որ կառավարության կողմից նշանակված լըրտես էր Էջմիածնի վրա: Հայատյաց մարդ էր, բայց գիտեր հայերեն խոսել: Սովորություն ուներ խոսած ժամանակ աչքերը ճըփճըիացնելու: Ճեմարանի ուսուցիչների նամակները ստանալու պաշտոնը հանձնված էր Կարապետ Քոչարյանին, որ գեղեցիկ գիր ու- նենալու պատճառով Ճեմարանի հավիտենական քարտուղարն էր: Բացի գեղեցիկ գիր ունենալուց, ուրիշ ոչ մի լավ հատկություն չուներ։ Կարապետ Կոստանյանի ստրուկն էր և միաժամանակ նրա լրտեսը: Մի օր Քոչարյանը հայտնում է ինձ, որ Պոսոխովը իմ անու նով նամակ է ստացել, բայց մերժել է հանձնել Քոչարյանին և սպասում է, որ ես անձամբ գնամ ստանամ: Ներկայացա Պոսոխովին. ցույց տվեց մի հաստ նամակ, որ ստացել էր Փարիզից: Կասկածում էր նրա վրա: — Ի՞նչ եք կասկածում, որ լինի միջին: Կարելի է որևէ հեղափոխական թերթ կա մեջը: Է՜հ, եթե ինձ թշնամի մի մարդ միջին «Դրոշակ» կամ «Հնչակ» դնելով ուղարկել է ինձ, ես հանցավո՞ր եմ: — Այդ հետո կտեսնենք: Պոսոխովը մկրատով կտրեց ծրարը, դուրս թափվեցին մի նամակ և 30 ռուբլի թղթադրամ: — Օհ,— բացականչեց Պոսոխովը և փողերը գրպանեց,— այս գումարը պատկանում է ինձ, որովհետև նամակի վրա COBIOKe- HeM չէ գրված: Ես նամակը կարդացի: Փարիզում մի գրավաճառի մոտ դրել էի իմ Etude sur la langue laze աշխատությունից մի քանի օրինակ: Գրավաճառը ծախել էր այդ օրինակները և ահա գումարը ուղարկում էր ինձ: Պոսոխովին հայտնեցի, թե «Ֆրանսիայում իրավունք կա նամակի մեջ փող դնելու և ուղարկելու. ոչ ոք իրավունք չունի նամակը բանալու և գումարը վերցնելու: Ահա իր երկրի օրենքով այդ մարդը փողը ուղարկել է ինձ, դուք իրավունք չունեք այդ փողը խլելու: Ես ձեր դեմ կբողոքեմ»: — Բողոքեցեք. բողոքի հասցեն էլ ես տամ: Բողոքի հասցեն վերցրի և եկա տուն № 1 սենյակս: Մի ֆրանսերեն նամակ գրեցի Փարիզ՝ արտաքին գործոց մինիստրության և մի նամակ էլ ներքին գործոց մինիստրության և, բացատրելով դեպքը, խնդրեցի, որ դիմեն Ռուսաստան և պահանջեն գումարս հետ տալ։ Կանչեցի Սիրական Տիգրանյանին, որ իմ մտերիմ ընկերն էր և մանավանդ ցարական գործերի մասնագետ և լավ ռուսագետ և խնդրեցի, որ մի նամակ գրի Ռուսաստանի փոստ-հեռագրատան մինիստրության: Նա հրաժարվեց գրել, ասելով, թե «այդ ավելորդ է, ոչինչ չես կարող ստանալ»: Ես կրկնապատկեցի խընդիրքս և շատ աղաչեցի, բայց նա միշտ մերժում էր: Վերջապես զիջեցրի, և նա հանձն առավ գրել: Նամակը, անշուշտ պատվիրած, փոստ գցեցի. այսպես նաև երկու ֆրանսերեն նամակներս: Մի քանի շաբաթ անցավ. ոչ մի պատասխան չկար։ Շաբաթ երեկո էր. եկեղեցուց դուրս ենք գալիս. անցնում եմ Տրդատա դռնով: Դռան առաջ պատահում եմ Պոսոխովին, որ իսկույն մի կողմ է քաշվում, մեջքը դռան բարավորին դրած, կռանում է, գլխարկը հանած խոնարհվում է իմ առաջ: Զարմանքը պատեց ինձ. Պոսոխովը կաթողիկոսի առաջ էլ չէր խոնարհվում. այս ի՞նչ տարօրինակ տեսարան է: Ես մտածեցի, թե ծաղրում է ինձ, գլուխս կախեցի, թեթև բարևեցի և գնացի տուն, մեր նոր բնակարանը: Մյուս առավոտ, կիրակի օր, լսում եմ որոտընդոստ մի ոտնաձայն: Մի կոզակ մտնում է սենյակս, դնում է իմ առաջ մի խոշոր սպիտակ ծրար, հինգ տեղից կնքամոմով կնքված, տալիս է ինձ 30 ռուբլի թղթադրամ և մի թղթի կտոր, որով Պոսոխովը խնդրում էր ինձ տալ 30 ռուբլու ստացական: Նամակը բաց ենք անում և տեսնում ենք ռուսերեն մի գրություն, որի մեջ ասված էր, թե Փարիզից ներքին գործոց և արտաքին գործոց մինիստրությանց առաջարկով և փոստ-հեռագրատան մինիստրության իմ գրած թղթի հիման վրա, խիստ նկատողության են ենթարկել Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարչին և հրամայել են «Հարքունիս գրաված» 30 ռուբլին վերադարձնել ինձ, «որովհետև ռուսական թղթադրամի փոխադրությունը արտասահման և ներս արգելված չէ»: Ստորագրում էին երեք մինիստր՝ ներքին, արտաքին և փոստ-հեռագրատան: Այս ամբողջ միջադեպը մեծ ազդեցություն թողեց Էջմիածնի վրա: Առաջին անգամն էր, որ մեկը համարձակվել էր բողոքել պետության առաջ և այսպիսի հաջող ելք էր ստացվել: Ստեփան Կանայանը ինձնից 3 տարի առաջ նույն ձևով Գերմանիայից ստացել էր 300 ռուբլի, և Պոսոխովը խլել էր այդ գումարը իր գրպանի համար: Կանայանը չէր կարողացել ոչ մի բողոք ներկայացնել և երբ իմ դեպքը լսեց, ասաց. «Տե՛ս, տե՛ս, տե՛ս, այս անպիտանին․ երկու օր է եկել է այստեղ, և մեզ նոր բաներ է սովորեցնում. ինչպես մենք ժամանակին չմտածեցինք այս բանը»: Այս նամակի ավելի զորավոր արդյունքը կտեսնենք հետագայում: Պոսոխովին արված նկատողությունը երևի այնքան խիստ է եղել, որ նա Քոչարյանին տեսնելով ասել է. «Ինչո՞ւ բողոքեց. չէի՞նք կարող մեր մեջ հաշտությամբ վերջացնել»: Պոսոխովին մի անգամ էլ տեսա Ռոստովում 1915—1916 թվականին. փողոցում անցավ իմ կողքից. աչքերի ճփճփացնելուց ճանաչեցի, բայց չխոսեցինք իրար հետ: Վերջին անգամ Չեկայում իմ քննիչը հարցրեց Պոսոխովի մասին, թե ի՞նչ գիտեմ: Հայտնեցի, որ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր և ցարական կառավարության կողմից լրտես էր նշանակված վանքի վրա: Ասացի նաև, թե 1915—1916 թվականներին պատահել եմ Ռոստովում. ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին: ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ Կոստանդնուպոլսում շատ հանդիսավոր կերպով են տոնում նոր տարին: Այդ օրը պատրաստում են 3 տեսակ քաղցրեղեն, անուշապուր, փելթե և զերտե: Սեղանի վրա պետք է առնվազն 12 տեսակ միրգ լինի. հաց չկա. նախորդ գիշերվանից փողոցում բարձրաձայն կանչելով վաճառում են նոր ալյուրից թխած մի տեսակ խմորեղեն, որ աղավնիի ձև ունի և կամ ուրիշ կլորակ զարդի ձևեր: Ծախողը կոչում է. «Քուշլար վար, քումրուլար վար, ենի բուղդա քեբաբը վար (թռչուններ ունեմ, տատրակներ ունեմ, նոր ցորենով խորոված ունեմ)»: Իրար հետևից փոքրիկ նվագախմբեր անցնելով կանգնում են յուրաքանչյուր տան առաջ և նվագ ածելով մի քանի կոպեկ ստանում: Հատկապես նշանավոր է հույների լաթերնան, որ մի առանձին տեսակի նվագարան է և որ միայն հույներն են գործածում: Հայոց մեջ արժանի է «Շնորհավոր»-ը: Սա մի բարակ կարտոն է, որի վրա փորագրած են (ծակ-ծակ) հետևյալ բառերը. «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ» (հետո թվակա նը)։ Լինում է նաև նկարներով «Շնորհավոր»: Երկու տեսակ նկար կա. Քաջ Վարդանի նկարը և կամ Աստվածամոր նկարը: Այս բոլորը ծակ-ծակ է: Խանութներում ծախում են «Շնորհավոր»-ը՝ հատը 2 կոպեկ, բայց շատ անգամ աշակերտները իրենք են փորագրում իրենց տան համար: «Շնորհավոր»-ը դնում են վերոհիշյալ 3 տեսակի քաղցրեղենի վրա և հետո դարչին ցանելով՝ նկարը փոխանցում են քաղցրեղենի վրա: Առանց «Շնորհավոր»-ի տուն չի լինի։ Այս բոլորը տևում է մի շաբաթ, մինչև Ծննդյան տոնի օրը: Շատ ժամանակ էր, որ ես նոր տարի չէի տեսել. ուստի մայրս և քույրերս պատրաստեցին մեր տանը այս բոլորը, բացի աղավնիներից: Ուսուցիչները այցելեցին մեր տունը։ Նրանց մեջ հատկապես հիշում եմ Մանուկ Աբեղյանին, որի մոտ ես երբեք եղած չէի: Նստան մեր պատրաստած սեղանի շուրջը և դիտում են առանց ուտելու: Վերջապես Աբեղյանը ասաց քրոջս. — Օրիորդ, այս բոլորը շատ լավ, բայց մեզ անծանոթ ուտելիքներ են, ուտելու ձևը չգիտենք: Քույրս իսկույն առանձին պնակների մեջ բաժանեց բոլորին և ինքը օրինակ տալով՝ սկսեց ուտել: Կերան և հավանեցին: ԽՐԻՄՅԱՆԸ ԻՆՁ ՀԵՏ Մի գիշեր Խրիմյան Հայրիկը մի շաթիր ուղարկելով՝ կանչեց ինձ իր մոտ և ասաց. — Պարոն Աճառյան, ներողություն կանես, որ ես կանչեցի քեզ: Գիշեր է, քուն չունիմ, մարդ ալ չկա, որ խոսիմ հետը. աստեղացոց սիրած չեմ. ասոնք ալ ինձ սիրած չեն: Ի՞նչ ընեմ. ստիպված եմ քեզ կանչելու: Ես կխոսիմ դուն լսե: Կարելի է խոսածիս մեջ շատ ավելորդ բաներ կան, բայց կարող է նաև օգտակար բան լինել: Ավելորդը դուրս ձգե, օգտակարը միտքդ պահե: Ծերերը շատախոս կըլլան, ստիպված պիտի լսես: Ժամերով խոսեց, եղավ կես գիշեր: Ես անբարբառ լսում եմ նրան, թմրում եմ, բայց չեմ կարող վեր կենալ: Վերջապես կես գիշերը անց շաթիրին կանչեց, որ լապտերը վառած ինձ առաջնորդեց մինչև տուն: Այս տեսարանը կրկնվում էր անխափան, ամեն գիշեր, որովհետև «իր միակ բարեկամը ես էի»: Եթե ուզենայի, կարող էի թերևս նրա պատմածներից նոթեր առնել: Խոսում էր ամիրաների կյանքից, գրողների կյանքից, իր եվրոպական ճանապարհորդություններից և այլն: Եվ այս բոլորը մի քանի անգամ: Բայց որովհետև ես պատմաբան չեմ, ուստի մոռացության մատնեցի: ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Տպարանում Ամառ էր: Ճեմարանի դասերը վերջացել էին: պատահեցի Բենիկ վարդապետին, որին անձամբ ծանոթ չէի: Երիտասարդ, աշխույժ և գործունյա մարդ էր: Խոսեց ինձ հետ և հայտ- նեց, թե Շուշվա թեմական դպրոցի համար հայերենի ուսուցչի պետք կա: Նախկին ուսուցիչ Գյուլզադյանը (նոր-ջուղայեցի հայտնի հայկաբան, Ֆիրդուսիի թարգմանիչ և հեղինակ «Ոլոր մոլոր Կուրն էր գալիս Կովկաս սարերեն» երգի) ծերության պատճառով հրաժարվել է պաշտոնից: Հոգաբարձությունը կենսաթոշակ է նշանակել նրան և ուզում է նոր ուսուցիչ հրավիրել: Դուք չե՞ք ընդունի այդ պաշտոնը: Մեծ հաճույքով լսեցի այս առաջարկը: Իմ ամենամեծ ցանկությունս էր ապրել Կովկասի զանազան հայաշատ վայրերում և սովորել նրանց բարբառը: Թեև Ղարաբաղի բարբառի քննությունը Էջմիածնում մասնավոր անձերի օգնությամբ կատարել, վերջացրել էի, բայց նորից գնալ և բարբառը ուսումնասիրել տեղում՝ շատ հաճելի էր: Երկրորդ՝ երկու չափահաս քույր ունեի, որոնց ամուսնացնել եղբայրական պարտականությունս էր: Կոստանդնուպոլսում նըրանց ամուսնացնել չէր հաջողվել: Առհասարակ Կոստանդնուպոլսում ամուսնությունը չափազանց դժվար է օժիտի պատճառով: Ամուսնացող աղջիկները իրենց փեսացուին պարտական են վճարել մի մեծ գումար, առանց որի ամուսնություն չկա: Մի երիտասարդ բժիշկ սիրահարվել էր մեծ քրոջս և լսելով, որ ես Էջմիածնումն եմ գտնվում, ասել էր. «Հարյուր ոսկի օժիտ ալ չի կրնար ղրկել»: Եվ իմանալով, որ չեմ կարող, սիրահարությունը մոռացել էր և ամուսնությունը մերժել: Կոստանդնուպոլսի այս անվայել սովորությունը, որ Կովկասի քրդական ղալանի հակառակն է, մեծ դժբախտություն է օրիորդների համար և կործանում՝ ընտանիքների: Սիրո վաճառքը ամենամեծ խայտառակությունն է և կործանիչ բարոյականի: Էջմիածնում չէի կարող ամուսնացնել քույրերիս. գյուղացիները, մեծավ մասամբ անգրագետ և աղքատիկ մարդիկ, չէին համարձակվում քույրերիս ուզել: Իսկ Շուշին իբր հայաշատ մեծ քաղաք, ինձ համար գերադասելի էր: Ահա այս երկու պատճառներով, մեծագույն հաճույքով ընդունեցի Բենիկ վարդապետի առաջարկը և պատրաստվեցի մեկնելու: Ամսական ռոճիկ նշանակեցին ինձ համար 90 ռուբլի, որ այն ժամանակ հոյակապ գումար էր: Նախ ինքս մենակ մեկնեցի Թիֆլիս—Եվլախ և այստեղից կառքով Շուշի: Այդտեղ բնակարան վարձեցի և իսկույն մերոնց հրավիրեցի Շուշի: Զվարճալի մի երևույթ: Հենց այն գիշերը, որ մենք հասանք Շուշի, հենց նույն օրը խնդրուկներ ներկայացան և երկու քույրերիս ձեռքը խնդրեցին: Ա՛յ մարդիկ, դեռ նոր ենք եկել, սպասեցեք մի տեղավորվենք, հետո: Շուշեցի տղամարդիկ շատ են գնահատում օտարտեղացի օրիորդներին և առաջին հերթին նրանց ձեռքն են խնդրում: ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՈՒՄ Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է): Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ և դեպի ձախ։ Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից և ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40 000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում: Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ և հետևդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սև գույն ունեն և սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն` «սև այգի»: Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչև կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի ռաջ: Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է և բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրև ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում և զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը ( տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչև տների ներսը։ Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում` է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը։ Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր և զվարճախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան և մի թեմական դպրանոց, տր իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ու-- սուցչական մարմին ուներ: Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին և ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին և մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում: Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»։ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին: Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած և հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչև Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ – կլիներ։ ․ Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները և մոծակը իսպառ վերջացել է: Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել և զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր։ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ Մենք բոլորս սիրեցինք Շուշին: Համեղ ջուրը, փափուկ կլիման, շրջակա անտառները, զբոսավայրերը, հիանալի տեսարանը, բնակիչների զվարթ, անշահախնդիր բնավորությունը հաճելի դարձրին կյանքը: Էջմիածնում մայրս երկու բանից գոհ էր մնացել: Մեկը այն, որ իր տարիների հոդացավը (քամի) մի անգամից վերջացել էր և երկրորդը այն, որ «մոլլա և մինարե չկար»: — Ուր որ գացի, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն, Բաթումի, մինչև անգամ Երևան, սա մունդար էզանի ձանը ականջես չկտըրվեցավ. մինակ Էջմիածին էկա, ադ ձանը վերջացավ: Բայց մայրս ոչ մի օր Էջմիածնի տաճարը չմտավ: Խռովել էր Աստծո հետ, որովհետև Զատիկ օրով իր որդուն մահացրել էր: Դժգոհ էր միայն հայրս, որովհետև ոչ մի աշխատանք չուներ: Լինելով խիստ աշխատասեր, առանց աշխատանքի ձանձրալի էր իրեն կյանքը։ Պարտեզ չկար, որ մշակեր. ամեն տեղ մշակված էր. ծառ ու ծաղիկ էր բուսնում. խճուտ, քարքարոտ հողեր չկային, որ մաքրեր և սևահող լցներ: Սրճարան էլ չկար, որպեսզի գնար նըստեր և ընկերների հետ շաղփաղփելով օրը սպաներ: Միակ հավաքատեղին Շուշվա թոփխանեն էր, մի փոքր հրապարակ քաղաքի կենտրոնում, ուր անգործ մարդիկ, պատերի տակ նստած, զրուցում էին: Սկսեց անել կոշկակարություն, բայց ես արգելեցի: Այս առթիվ, մինչև անգամ, տնային ընդհարում ունեցանք: Ասում էի. «Ահագին ռոճիկ եմ ստանում, ուսուցիչ մարդ եմ. ամոթ է ինձ, որ մի հայր չկարողանամ պահել և նա կոշկակարություն անել ստիպվի. ի՞նչդ է պակաս»: Հայրս վերջ տվեց արհեստին և զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա, տանը նստած, սուտ կոշկակարություն էր անում օդի մեջ, կոշիկ կարել ձևացնելով: Ասացի, որ խնդրակներ էին եկել երկու քույրերիս համար: Հերթը ընկնում էր նախ մեծ քրոջս: Մի խումբ ընտրելիների մեջ առաջնություն ստացավ Նիկոլայ Խաչունցը: Այս մարդը մետաքսի վաճառական էր. մի քանի տարի մնացել էր Մարսելում և գիտեր ֆրանսերեն խոսել: Շուշուց քիչ հեռու, մի ադրբեջանական գյուղում ուներ մետաքսի գործարան, ուր աշխատում էին 150 հոգի: Ասում էին, թե 200 000 ռուբլի փող ունի: Ինքը տխեղծ մարդ էր, հասակը կարճ, մի աչքը կույր, մի թևը կոտրած և մի ոտը կաղ: Մի քանի ավազակներ գիշերանց հարձակվել էին նրա վրա, ինքը Հր. Ահառյանը Շուշիում 1903 թվականին իբրև քաջ շուշեցի մարդ՝ անձնատուր չէր եղել և սկսել էր կռվել նրանց դեմ: Նրանք զինված լինելով, այսչափ չարիք էին հասցրել նրան և կիսամեռ թողել հեռացել: Քույրս, երբ տեսավ նրան առաջին անգամ, «Բա՞, ասիկա ճուճե է»,— ասաց, ծիծաղեց նրա վրա և արհամարհեց: Մարդիկ մեջ ընկան, հատկապես թեմական դպրանոցի ուսուցիչ Գարեգին Խաժակը, որ ալեքսանդրապոլցի լինելով, խոսում էր արևմտյան բարբառով և այս պատճառով էլ շատ մտերմացած էր հորս հետ, վերջապես համոզեց նրան: Երեք օր տևեց հարսանիքը՝ հին հեքիաթների ոճով. Նիկոլայի ընդարձակ տունը, իր բազմաթիվ սենյակներով, լցված էր հյուրերով: Առաջին օրը հրավիրված էին հարուստները, երկրորդ օրը միջակ դասակարգը և երրորդ օրը աղքատ դասակարգը: Հարսանիքից հետո քույրս տեղափոխվեց նրանց տունը: Հերթը հասավ փոքր քրոջս՝ Արմենուհուն: Նա կտրականապես մերժեց բոլոր առաջարկողներին: Արդեն ուներ մի ընտրելի, որ էր Մելքոն Ղազարոսյան կոչված անձը: Երբ ես Կեդրոնականի աշակերտ էի, Մելքոնն էլ աշակերտ էր՝ ինձնից մի քանի տարի ցածր: Շատ աղքատ էր. ինքը քղեցի էր. բնակարան չունենալով, գիշեր րում էր դպրոցի ծառաների սենյակում: Փող չուներ, որ ճաշեր, ուստի կերակրվում էր աշակերտների ճաշի մնացուկներով. մի քանի պատառ հաց, մի քիչ խաղող և պանրի կտորտանք. ահա այս էր իր ուտեստը: Դպրոցը ավարտելուց հետո ես ոչինչ չիմացա նրա մասին: Երբ Էջմիածին եկա, տեսա նրան այնտեղ: Պատմեց, թե գնացել է Մոնպելիեի երկրագործական բարձրագույն վարժարանը և ավարտել: Այժմ եկել էր Էջմիածին և Կաթողիկոսի հրամանով նշանակվել էր Էջմիածնի և Ճեմարանի հողերի վրա: Հայրս լավ երկրագործ էր. իբրև հայրենակից ծանոթացավ նրա հետ և բարեկամացավ: Մելքոնը հաճախ մեր բնակարանն էր գալիս, և մենք լավ մտերիմներ դարձանք: Գրեթե ամեն օր մեզ մոտ էր: Բայց հայրս չհավանեց նրա գիտության. լավ երկրագործ չէր: Մի անգամ Մելքոնը ընդարձակ մշակություն էր սկսել Ճեմարանի հետևը գտնված հողի վրա: Հայրս հարցնում է. «Պարոն Մելքոն, ի՞նչ կցանես»: «Գետնախնձոր, կարտոֆիլ»: Ադ ցանածդ կարտոֆիլ չէ, ընկույզ է. եթե կուզես, որ կարտոֆիլ լինի, այդքան երեսկունկ չպիտի ցանես. խոր փորե»: «Է՜, Հակոբ աղա, ա՛լ գետնախնձորի մասին չխոսիս ինձի հետ, որովհետև ես գետնախնձորի նշանավոր մասնագետ եմ»: Երբ բերքը հասավ, ստացվեց փոքրիկ խնձորի չափ դառն և 11-17 լեղի մի բան: Մեզ էլ մի քիչ նվեր ուղարկեցին. ուտելու բան չէր: Մելքոնի միամտությունը ամեն օր մեր ծաղրի առարկան էր դարձած: Բայց նա մեր ծաղրն էլ չէր հասկանում և մեզ հետ միասին ծիծաղում էր իր վրա: Աա այս անձն էր քրոջս ընտրելին: Երևի Էջմիածնում հարմար մի առթիվ պայմանավորվել էին իրար հետ. ուստի մերժեց բոլորին և հորս ու մորս հետ երեքով միասին որոշեցին մեկնել Էջմիածին: Ես այս ամուսնության հակառակ էի. իմ այն սքանչելի քրոջս ողորմելի Մելքոնին չէի ուզում տալ և ասացի. «Ես նրան քեզ արժանի չեմ համարում: Դու շատ ավելի լավերին ես արժանի. իբրև հարազատ եղբայրդ, սրտանց ասում եմ քեզ այս. բայց իբրև մարդ իրավունք չեմ համարում արգելք լինել քեզ: Եթե գնալու ես, գնա, բայց իմացի՛ր, որ նրան գնալուց հետո, ես քո եղբայրը չեմ»: Դժբախտ քույրս չլսեց ինձ, դնաց և ամուսնացավ Մելքոն Ղար զարոսյանի հետ Էջմիածնում: Մի փոքրիկ կետ այստեղ: Պոլսի բարբառով Ղազարոս անունը նշանակում է «ապուշ»: Քույրս չուզենալով «ապուշ» լինել, փոխեց ազգանունը և դարձրեց Զարոսյան: — Դիտողություն.— Երևանի լեզուն պարզ է, ուստի հասկանալի էր մերոնց. բայց Ղարաբաղի բարբառը շատ դժվար էր նրանց համար։ Ոչինչ չէին հասկանում. «Կյառնը, ի՞նչ կուզե ըսել»,— ասում էր մայրս: «Գառը չգիտես ի՞նչ է»: «Է, թող գառը ըսե, որ հասկընամ, կյառնը ի՞նչ իմանամ, թե ինչ է»: Իսկ մեծ քույրս, ապրելով ղարաբաղցի այանների շրջանում, վարժվեց նրանց հետ, բայց երկու բարբառի խաչաձևումով կազմել էր մի նոր բարբառ: Օրի-- նակ՝ «Քա, անիկա ի՞նչ է օզըմ»: ԻՄ ԹՈՔԱԽՏԸ Մերոնց բացակայության ժամանակ, որ շուրջ մի ամիս տևեց, ես թոքախտ ստացա Շուշում: Մի օր արթնանում եմ և տեսնում եմ, որ աջ կողքս (սնակուշտ) ցավում է, շունչս կտրվում է, և շնչելու ժամանակ լանջքս ցավում է: Հասկացա, որ թոքախտ եմ ստացել և դիմեցի բժիշկ Քրիստափոր Օհանյանին: Այս հիանալի անձը, որի հիշատակը անմոռանալի կերպով պահած եմ սրտիս մեջ, բնիկ շուշեցի էր: Սովորել էր Շվեյցարիա- յում և լավ ֆրանսերեն էր խոսում: Բայց որովհետև Ռուսաստանում պետական օրենքով, արտասահմանում սովորած բժիշկները իրավունք չունեին իրենց արվեստը գործադրելու, ուստի նա էլ զրկված էր բժշկության իրավունքից: Մտածել էր խորամանկ մի միջոց: Դիմել էր ռուսաց կայսրուհուն, որ համարվում էր ակնաբուժության պաշտպան, և հայտնելով, որ Շուշում ակնաբույժ չկա, խնդրել էր թույլ տալ ակնաբուժությամբ պարապելու: Կայսրուհին շնորհեց այդ իրավունքը, և նա սկսեց պարապել ակնաբուժության հետ նաև ամեն տեսակի բժշկությամբ: Նստեցրեց ինձ աթոռակի վրա մինչև կես մեջքս մերկ դրությամբ: Լսեց կուրծքս, լանջքս, աջ ու ձախ և ասաց. «Այո, ես էլ եմ կարծում, որ դուք արդեն թոքախտ եք ստացել»: — Ոչինչ,— ասացի,— ես թոքախտի բուժումը գիտեմ, պետք է շատ ուտել, լավ սնվել, բաց օդում քնել և այս միջոցով թոքախտը կբուժվի: Ես այս կարծիքը կազմել էի նախ Կոստանդնուպոլսում մի թոքախտավոր աղջկա սիրահարված ժամանակ: Այս առթիվ ես կարդացել էի զանազան բժշկական գրքեր և սովորել էի, թե «թոքախտը բուժելի է»: Երկրորդ, Էջմիածնում ծանոթացել էի Ստեփան Կանայանի եղբայր Հայկ Կանայանի հետ, որ բժշկության ուսանող էր Ռուսաստանում և թոքախտ ստանալու պատճառով թողել էր ուսումը և վանքում դեղագործ էր: Բուժման համար դիմել էր շատակերության միջոցին։ Աջ ու ձախ ձեռքում մի-մի վարունգ բըռնած, առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ուներ), մեկ աջից, մեկ ձախից կրծելով, անընդհատ ուտում էր: Կերակրի խտրություն չգիտեր և այս միջոցով բուժեց իր թոքախտը, մի թոքը չորացավ և մյուս թոքով ապրեց մինչև 75 տարեկան: Բժիշկ Օհանյանը իմ կարծիքը հաստատեց, և ես գնալով տուն, ուր մենակ էի, ձեռնարկեցի շատակերության: Դռան առաջով անցնում էր մի կաթնավաճառ։ Կանչեցի և մի կուլա կաթ գնելով, հումհում ամբողջությամբ րոպեապես դատարկեցի և ամանը հետ տվի, 20 կոպեկ վճարելով: Մարդը զարմացավ, երեսս նայեց և ժպտալով հեռացավ: Չգիտեր, թե ես թոքախտ ունեմ և սրանով թոքախտ եմ բուժում: Քիչ հետո անցավ մի գյուղացի, որ թութ էր ծախում: Մի կողով թութ վերցրի, ներս տարի և առանց լվանալու ( որովհետև արդեն թոքախտ ունեի) ամբողջը կերա: Հևալով պառկեցի և քիչ հետո տեսա, որ սնակուշտս չի ցավում և շունչս չի կտրվում: «Այսպես — կհաղթեմ թոքախտին»,— ասացի ես և քնեցի: Մյուս օրը գնացի նշանավոր բժիշկ ծերունի Աթաբեկյանին, որ երիտասարդ Լևոն Աթաբեկյանի հայրը կամ հորեղբայրը պիտի լինի: բժիշկ Ներս մտնելով իր սենյակը, մի ռուբլի դրի սեղանի վրա, հայտնեցի, թե թոքախտ ունեմ: — Ինչի՞ց ես իմանում,— հարցրեց բժիշկը: Աջ կուշտս ցավում է և շունչս կտրվում է: Թոքախտը կուշտից չի սկսում, այլ կրծքի վերևից և շունչըն էլ չի կտրվում: Մի քիչ քննեց, կուրծքս լսեց և ասաց. — Դու թոքախտ չունես, վեր կաց գնա: Դուրս գնալու միջոցին բժիշկը կանչեց ինձ. — Դու ի՞նչ մարդ ես, ի՞նչ գործ ես անում: Կոշկակար - եմ: Ոչ, դու կոշկակար չես. կարծեմ ուսուցիչ ես. վերցրու մանեթդ և գնա: (Ուսուցիչներից բժիշկները փող չէին վերցնում. բուժումը ձրի էր նրանց համար): — Ես ուսուցիչ չեմ, ես կոշկակար եմ,— ասացի և փողը թողնելով փախա: Այսպես բուժվեց իմ թոքախտը: ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ Երկու տարի մնացի Շուշում իբրև ուսուցիչ հայերենի՝ թեմական դպրանոցում: Չափազանց գոհ եմ իմ դիրքից, տեղից և պաշտոնակիցներից: Դպրոցի տնօրենն էր այն ժամանակ Բենիկ վարդապետը, որ ինձ հրավիրել էր Էջմիածնում: Պատմեմ այս անձի մասին իմ կրած տպավորությունը: Նա ազնիվ մարդ էր. ես նրանից ոչ մի անազնիվ բան չեմ տեսել: Իմ կյանքի նոր ուղղությունը նա գծեց: Եթե Էջմիածնում մնացած լինեի, անշուշտ կյանքս չպիտի ստանար այն ընթացքը, որ Շուշում ստացավ: Էջմիածնում ես մի երկրորդական ուսուցիչ էի, անարժեք և արհամարհված. մինչդեռ Շուշում ես պատվավոր ուսուցիչ էի և այն էլ հայոց լեզվի, որ այն ժամանակ համարվում էր ամենահարգի առարկան: Բոլոր ուսուցիչները ինձ հավասար ընկերներ էին: Բենիկ վարդապետը այնքան վստահություն ուներ իմ վրա, որ ոչ մի անգամ իմ դասին ներկա չի եղել: Ինձ քննելու կամ ստուգելու կարիք չէր զգում: Այսպես նաև մյուս ուսուցիչները: Ժողովուրդը ամեն տեղ ինձ կոչում էր «վարժապետ». մի տիտղոս, որ տալիս են ամենից հարգելի անձերին: Այն զզվելի ատելությունը, որ տեսնում էինք Էջմիածնում տաճկահայերի դեմ, բացարձակապես գոյություն չուներ Շուշում և թերևս հակառակն էլ էր: Տաճկահայերին սիրում էին՝ իբրև ավելի ուսումնասեր և ազգասեր հայերի: Մի միջանկյալ դեպք պատմեմ: Մի օր մի մեծ խմբով ընդհանուր հացկերույթի էինք գնացել Բեխամեբյուրի աղբյուրը: Հացկերույթի ժամանակ իմ կենացն էլ առաջարկեցին: Ես բաժակ վերցրի և շնորհակալություն հայտնեցի այն հարգանքի համար, որ վայելում էի թե' ուսուցչական կազմի, թե՛ դրսի մարդկանց և թե՛ հասարակ ժողովրդի կողմից: Գուցե անմտությամբ ակնարկեցի նաև, թե Երևանում վատ վերաբեր մունք կար դեպի տաճկահայերը, իսկ ես Շուշում ոչ մի նման երևույթ չեմ նկատում: Այս խոսքիս վրա տիրեց ընդհանուր դժգոհություն: Վիրավորվեցին, երբ նկատեցին իմ խոսքի մեջ, թե կարող է այդպիսի բան լինել: Ահա թե ինչքան մեծ տարբերություն կար Երևանի և Շուշու միջև: Բենիկ վարդապետը հայտնի եղավ Կովկասում իբրև նշանավոր ճարտասան քարոզիչ: Ահա թե ինչպես էր ձեռք բերել այս արժանիքը, ինչպես ինձ պատմեցին ուսուցիչ ընկերներս: Բենիկ վարդապետը նախապես շատ անշնորհք քարոզիչ էր: Խոսում էր կմկմալով: Մտածել է հետևյալ միջոցը: Գրել է մի բավական ընդարձակ քարող, ուղղել, սրբագրել, ընդարձակել և մի լավ ձևի վերածելուց հետո, անգիր է արել: Կիրակի օրը գնացել է. եկեղեցի և այդ անգիր արած քարոզը խոսել: Բնականաբար շատ հաջող է անցել: Վերադարձել է տուն և մի երկու ուրիշ նման քարոզներ էլ է շարադրել և ապա անգիր արել: Դրանք էլ զանազան օրեր եկեղեցում խոսելով՝ լավ արդյունք է ձեռք բերել: Այսպես մի խումբ քարոզներ գրելուց և անգիր անելուց հետո ստեղծել է իր համար մի լայն շրջանակ: Ուզած օրը, ուզած տոնի առթիվ բերան արած քարոզներից մեջբերումներ անելով, կարող էր այլևս շարունակ նորանոր պերճախոս քարոզներ արտասանել: Այսպես ահա ձեռք բերավ Բենիկ վարդապետը իր պերճախոս քարոզչի համբավը։ Քարողներից մի քանիսը հետագայում հրատարակեց նա «Քարոզչական թոթովանքներ» խորագրով: Դրսում չգիտեմ, թե ինչ անցուդարձ կար նրա մասին: Կարծեմ հուզումնալի դրություն էր ստեղծված, որի պատճառով նա թողեց տեսչական պաշտոնը և նրա տեղ անցավ Զուրաբյանը: Շատ տարիներ հետո Բենիկ վարդապետը դժբախտաբար շեղվեց իր ճանապարհից և «Ազատ Եկեղեցու» հիմնադիր դարձավ: Իր հետ էին միացել Աշոտ եպիսկոպոս Շխյանը և Մելյան քահանան: Այս երեքը ստացան Երևանի Լուսավորիչ եկեղեցին, որ «Ազատ Եկեղեցու» աթոռանիստը դարձավ: Հրապարակում էին նույն անունով մի պարբերական հանդես: Աղմուկը տարածվեց Կովկասի զանազան կողմերում և ժողովրդական տուր ու դմփոցի պատճառ եղավ. նպատակը Հայոց Եկեղեցու ուժը ջնջելն էր, որ սակայն չհաջողվեց: «Ազատ Եկեղեցին» մի քանի տարի հետո իսպառ խափանվեց: Մյուս պաշտոնակիցներիս մեջ հիշատակության արժանի են Գարեգին Խաժակը, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը, Հարություն Մելիքյանը, Համբարձում Աբովյանը, Արշակ Մեհրաբյանը, պատմաբան Միշան և ուրիշներ: Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը Գանձակի գյուղերից էր, մեզ հայտնի քաղաքական գործիչ և գրող, համալսարանի դասախոս Հայկ Գյուլիքևխյանի հայրը: Հին մարդ էր և այնպես հռչակավոր ուսուցիչ, որ «վարժապետ» բառով միայն նրան էին հասկանում: Թեմականի ցածը դասարաններում հայոց լեզու էր ավանդում: Մեծ ուսում ստացած չէր. ինքնուս էր. բայց գործնական կյանքի մեջ մանկավարժական մեծ փորձառություն էր ստացել: Ամենքս հարգում էինք նրան, և նրա խորհուրդները մեզ համար պատգամ էին: Գարեգին վարժապետը արտասանության մեջ մի զարմանալի ձև ուներ. օրինակ՝ հիվանդ բառը չէր արտասանում հիվանդ ձևով, ինչպես բոլորս արտասանում ենք, այլ հիուանդ։ Երբ մի օր հարցրի նրան, թե ինչու այդպես եք հնչում, պատասխանեց, թե մեր գյուղում բոլորը այդպես են հնչում: Ուրեմն տառի հին հնչումն էր, որ դեռ կենդանի էր մնացել նրանց մոտ: Արշակ Մեհրաբյանը Թիֆլիսի Հավլաբար թաղից էր: Ավարտել էր Ներսիսյան դպրոցը և ցածր դասարաններում հայերենի ուսուցիչ էր: Ազնիվ և գործունյա երիտասարդ էր. իր աշխատանքից բոլորը գոհ էին: Մինչև այժմ նա ուսուցիչ է և գործում է Երևանում (1952 թ.): Գիտե նաև լավ վրացերեն. դժբախտաբար ոչ մի գրական գործ չունի: Համբարձում Աբովյանը մեր նշանավոր հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռն էր: Բարձրահասակ, գիրուկ, ծանրաբարո, խոշոր, կարմիր մորուքով մարդ էր: Դասախոսում էր եկեղեցական պատմություն: Վաղամեռիկ եղավ: Սա էլ մի զարմանալի արտասանություն ուներ. խայտաբՂետ բառը միշտ հնչում էր խայտաբԶետ։ Սկզբում կարծում էի, թե կատակ է անում, երբ ասում էր «խայտաբզետ օրիորդները եկան»: Մի օր հարցրի, թե այդ բառը ինչո՞ւ այդպես եք արտասանում: — Հապա ինչպե՞ս արտասանեմ: - Բառը խայտաբղետ է: Մի՞թե,— ասաց նա.— ես միշտ այդպես եմ լսել: Եվ որովհետև դեպի ինձ հարգանքով էր վերաբերվում, խոստացավ ուղղել իր հնչումը: Շատ ու շատ տարիներ հետո Մանուկ Աբեղյանին հարցրի այս սխալի պատճառը. պատասխանեց, թե ռուսերենից հայերեն հնագույն բառարանում ռուսերեն recTpli բառի դեմ վրիպակով տպված է եղել խայտաբզետ և այդ ձևը un- վորական է դարձել շատերի համար: Հարություն Մելիքյանը Գերմանիա սովորած մասնագետ էր մաթեմատիկայի: Աշխուժության մարմնացում, կանգնած տեղը դողում էր. մաթեմատիկայի դասը դառնում էր դասարանում պերճախոսության մի սքանչելի օրինակ, և որովհետև մաթեմատիկան ասպարեզ չունի, իսկ նա գործունեության չափազանց մեծ եռանդ ուներ, ուստի դրսում մտել էր ազգային գործերի լայն ասպարեզի մեջ: Այդ սքանչելի երիտասարդը դժբախտաբար վաղամեռիկ եղավ՝ գիշեր ժամանակ պատշգամբից ցած ընկնելով: Պատմաբան Միշան (դժբախտաբար ազգանունը մոռացել եմ) սքանչելի բնավորությամբ, չափազանց ընկերական երիտասարդ էր: Նվիրված էր պատմության, որը չափազանց սիրում էր: Ինքս էլ մի քիչ պատմաբան լինելով, իրար հետ դարձել էինք ամենամտերիմ խոսակից ընկերներ: Շուշուց բաժանվելուց հետո նրանից ոչ մի տեղեկություն չունեի: Երևանում 1920-ական թվականներին լսեցի, որ Խարկովումն է և այնտեղ նշանավոր կուսակցական գործիչ է: Առանձին պետք է խոսեմ Գարեգին Խաժակի մասին, որ մեր խմբի մեջ շատ նշանավոր դեր ուներ: Նա պատմաբան էր և սովորել էր իր ուսումը Գերմանիայում: Ալեքսանդրապոլցի էր և իր խոսակցության մեջ հաճախ գործածում էր արևմտահայ գրական լեզուն: Հաճախ խոսում էինք իրար հետ և շատ հաճախ վեճ էինք ունենում որևէ հարցի շուրջը: Նա միշտ հակառակվում էր և պընդում իր ասածի վրա: Մի փոքրիկ դեպք պատմեմ: Մի անգամ մի ընկերական հավաքույթի մեջ խոսք եղավ 14- որիների և ասորեստանցիների մասին: Խաժակը ապլոմբով հայ տարարեց, թե այդ 2 ազգերը միևնույն են: Դա մի մեծ ժողովուրղ էր, որ Միջերկրականից սկսած տիրում էր մինչև Պարսկաստան: Ես ասացի, թե «Խաժակ, սխալ ես ասում, Ասորիք և Ասորեստան տարբեր երկրներ են: Նրանք առանձին ազգեր են, տարբեր լեզուներ ունեն»: — Ոչ,— գոռաց Խաժակը,— սխալ ես ասում: Խաժակը պատմության ուսուցիչ լինելով այսպիսի սխոլ չպիտի գործեր: Հաջորդ օրը ես մի նամակ գրեցի Հյուրշմանին այս առթիվ և խնդրեցի իր գրավոր կարծիքը: Մի քանի օրից ստացա գերմաներեն լեզվով գրած 4 երեսանոց մի նամակ, որ սքանչելի պարզությամբ պատասխանում էր հարցին: Նամակը վերցրի և մի ուրիշ օր մեր հաջորդ հավաքման մեջ, բոլորի ներկայությամբ կարդացի: — Տեսա՞ր, դա ճիշտ իմ, ասածն է ասում, դու ճիշտ հակառակն էիր պնդում,— ասաց նա ինձ: Այսպիսի շրջադարձ. այսպիսի խաբեբա ոստյուն անկարելի էր սպասել: Դիմեցի մյուս ընկերներին և հարցրի, թե այն օրը ով ինչ էր ասում: — Չենք հիշում,— ասացին բոլորը անտարբերությամբ և միջադեպը փակվեց, մեծ վերք գցելով սրտիս մեջ: Հյուբշմանի նամակը այնքան լավն էր, կարծես ինչ-որ հան րագիտարանի միջից պոկված մի թերթ, որ ես ամբողջովին թարգմանելով՝ հրատարակեցի իմ «Պատմութիւն Եղիա քահանայի» աշխատության առաջաբանում: Մոտավորապես նման մի դեպք ունեցա Խաժակի հետ Շնիկ աստղի երևալու ժամանակի մասին։ Շուշու Թոփխանայից մի դիշեր միասին անցնելիս մեր դեմը երևաց բարձրում Շնիկ աստղը. ցույց տվի Խաժակին և խոսեցի նրա ծագման և անկման ժամանակի մասին: Ոչ, հակառակվեց նա ինձ,— սխալ ես ասում: Երբ եկավ փետրվար ամիսը և նորից էինք անցնում Թոփիանայով և Շնիկ աստղը ցույց տալով, իմ ասածը ուզեցի հաստատել, ճիշտ նախորդ ձևով ասաց. — ում: Տեսնո՞ւմ ես, իմ ասածը դուրս եկավ, դու հակառակն էիր Խաժակի մասին լսել եմ նաև հետևյալ միջադեպը. Մի ժողովի ժամանակ վեճ է ունենում ներկաներից մեկի հետ և ասում է նրան. — Դուք կարդացե՞լ եք Մարքսի այսինչ գործը: Իհարկե,— պատասխանում է նա,— կարդացել եմ: — _ Սուտ ես խոսում,— ասում է Խաժակը,— դու չես կարա դացել այդ գիրքը, որովհետև Մարքսը այդպիսի գիրք չէ գրած: Խաժակի մահը աղետալի եղավ: 1915 թվականին տաճիկները մի գիշերվա մեջ 500 ազգային գործիչ աքսորեցին և կոտորեցին: Նա նրանց մեջ էր: Դպրանոցի ուսուցիչներից էր նաև Ավետիս Տեր-Հարություն յանը, որ Ղարաբաղի Թաղոտ գյուղից էր: Էջմիածնում ուսանող ժամանակ օգնել էր ինձ Ղարաբաղի բարբառի քննությունս գրելու ժամանակ: Շուշում շատ ավելի մտերմացանք իրար հետ և միասին կազմեցինք Պետրոս Դուրյանի տաղերի ժողովածուն: Առաջաբանը գրեց նա, կենսագրությունը գրեցի ես. տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի Դուրյանի դըժվար հասկանալի բառերը: Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում: Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրըս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ: Շաբաթ եր րեկո էր: Ավետիսը ստացավ իր 100 օրինակը: Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ գիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա: Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը: Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը: Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը: Այսպիսով ամբողջ գիրքը անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում: Ես էլ չունեմ: Թեմականի ուսուցիչներից հիշենք նաև Փիրջանյան (շուշեցի), Հայկ Հովակիմյան (երևանցի, կոչված Փոքր Հայկ), Հայկ Հովակիմյան ( ագուլեցի, կոչված Մեծ Հայկ), բոլորն էլ լավ ընկերներ, որոնց կյանքի հետագա ընթացքը չգիտեմ: ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ԹԵՄԱԿԱՆՈՒՄ Բենիկ վարդապետը հայտնեց, թե ուսումնական տարին նոր սկսելու ժամանակ, սովորություն կա, որ ուսուցիչներից մեկը հանդիսավոր դասախոսություն կարդա: Առաջարկեց, որ այդ դերը ես վերցնեի, որպեսզի ժողովուրդը ճանաչեր ինձ: Ես Այդ ժամանակ զանազան հոդվածներ էի կարդում հայ զինվորների հասակի չափման մասին: Գրում էին, թե հայ զինվորները հասակի կողմից երկու որոշ կարգի են բաժանվում: Ոմանք միջակ կամ միջակից ցածր հասակ ունեն, ոմանք էլ միջակից բավական բարձր: Այդ թվերը սանտիմետրով չափած՝ հրատարակված էին: այս ազգագրական տեղեկությունը վերցնելով, ենթադրեցի, թե դա արդյունք է այն բանի, որ հայոց մեջ կա 2 ցեղ. մի ցեղը հնդեվրոպացիք են, երկրորդը՝ խալդիները: Արդարև հայ ազգը ձևացած է գլխավորապես այս 2 ցեղերի գումարից: Հնդեվրոպացիների հասակը հայտնի է մեզ. Հյուսիսային Եվրոպայի հնդեվրոպացիք բարձրահասակ են, ինչպես՝ ռուսները, գերմանացիք, անգլիացիք և այլն, իսկ Հարավային Եվրոպայի հնդեվրոպացիք միջհասակ են, ինչպես՝ հույները, իտալացիք, իսպանացիք և այլն: Ուրեմն հայոց մեջ միջահասակ ցեղը ներկայացնում է Հարավային Եվրոպայի հնդեվրոպացի ցեղը: Խալդիները բարձրահասակ էին, ինչպես երևում է ասորեստանյան արձանագրությանց մեջ դրված նկարներից: Այսօր էլ վանեցիք, որ գերազանցապես ներկայացնում են խալդի ցեղը, վիթխարի, բարձրահասակ մարդիկ են: Երբ ես ասացի, թե բարձրահասակ հայերը խալդի են, բոլորի աչքերը սևեռվեցին Խաժակի վրա, որ մեր ուսուցիչների մեջ ամենից բարձրահասակն էր, այնուհետև նրա անունը դրին խալչի: Խաժակը դժգոհ էր այս եզրակացությունից: Մի ուրիշ ելույթ էլ ունեցա Շուշում: Զվարճալի է դրա պատմությունը: էր. Ուշ գիշերին, երբ պառկած էի, մի երիտասարդ բերավ ինձ մի նամակ, որի մեջ Սերմնացանի դուստրը՝ Հռիփսիմեն գրում «Եթե ինձ հարգում եք, այս րոպեիս եկեք թատրոն»: Սերմնացանը Շուշվա ազատականներից մեկն էր. ուներ երկու աղջիկ՝ Հռիփսիմե և Գայանե՝ առաջինը երկրորդից գեղեցիկ, ինչպես Ագաթանգեղոսի մեջ: Ուներ նաև մի որդի, սիրուն պատանի, որ սակայն կուզ էր: Կուզին տարին Եվրոպա և բժշկական միջոցներով կուզը ուղղելով, բերին Շուշի: Սերմնացանը երբեմն գրում էր «Մշակ» թերթի մեջ և խոսում ու քննադատում էր Շուշվա անցուդարձը: Ընտանիքում, բացի հայերենից և ռուսերենից, խոսում էին ազատ ֆրանսերեն. և այդ էր պատճառը, որ ես էլ ընդունված էի այդ ընտանիքի մեջ և հաճախ այցելություններ էի տալիս: Նամակը կարդացի թե չէ, իսկույն վեր կացա և գնացի Խանդամիրյանի թատրոնը, ուր այդ գիշեր ներկայացում կար: Ներկա- le յացումը բարեգործական նպատակով էր: Օրիորդ Հռիփսիմեն, որ լավ սիրող էր, մասնակցում էր խաղին։ Ինչ-որ վեճ է ծագում իր և դերակատար մի երիտասարդի միջև: Հռիփսիմեն վիրավորված, պահանջում է երիտասարդից ներողություն խնդրել. նա չի խընդրում: Հռիփսիմեն զայրացած պատասխանում է նրան. երիտասարդը օրիորդին նեղը գցելու համար՝ հրաժարվում է խաղից: Այդ պատճառով Հռիփսիմեն կանչում է ինձ: Երբ ես ներկայացա իրեն, նա ինձ մի երես գրություն տվեց, որ երիտասարդի դերն էր խնդրեց մի քանի անգամ կարդալ և անգիր անել, որպեսզի հասարակության առաջ դերս կատարեի: Չգիտեի, թե ինչ եմ և ինչ եմ ասում: Շորերս փոխեցին, գլխիս մի գլխարկ դրին, առաջն մի գոգնոց կապեցին և ինձ բեմ հրեցին: Հռիփսիմեն հայտնեց ինձ, թե ես այդ տան խոհարարն եմ, վաղուց ապրում եմ այդ տան մեջ և իբրև ծերունի, վստահելի և ուղղամիտ մարդու, բոլորը ինձ հարգում են: Ուստի ես պետք է խոսեմ համարձակ և հեղինակավոր ձայնով: Բայց թե ում հետ պետք է խոսեի և ինչ պատճառով՝ չգիտեի: Ժամանակ չկար երկար բացատրելու: Մտա ներս հանդիսավորապես և բոլոր ժողովրդի ծափահարության տակ, արտասանեցի դերս, չիմանալով, թե ում հետ եմ խոսում: Դերս վերջացավ և դուրս եկա: Հռիփսիմեն էլ եկավ և հայտնեց ինձ չափազանց մեծ շնորհակալություն, ասելով միանգամայն, թե «դերը շատ լավ տարիք»: Այս «դերակատարությունս» երկրորդն էր կյանքիս մեջ. առաջինը տեղի էր ունեցել Էջմիածնում, ուր կատարեցի անխոս մի հիմարի դերը: Հետագայում շատ առիթներ ունեցա մասնակցելու թատերական խաղերին. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը խաղացել եմ 14 անգամ՝ կատարելով Մանուկ աղայի դերը: Դրա համար էլ ծածկանունս դրել եմ «Մանուկ աղա», այդ ծածկանունով հոդվածներ եմ գրել Երևանում Խոճիկի հրատարակած «Կարմիր մոծակ» զավեշտաթերթի մեջ: ԱՎԵՏԻՍ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ ՀԵՏ Գրադարանումն էի: Կարդում էի Շուշում տպված Առակագիրքը, որ կիսովին բարբառով էր: Ես հավաքում էի Ղարաբաղի բառերը. գրքի ետևի շապիկի վրա կարդացի հեղինակի՝ Ավետիս Բահաթրյանի անտիպ գործերի ցուցակը: Դրանց մեջ կար Ղարաբաղի բարբառի բառարանը։ Չափազանց ուրախացա և դիմելով գրադարանապետ Պողոս Զաքարյանին, հարցրի, թե ո՞վ է այս Ավետիս Բահաթրյանը: Տեղից վեր կացավ, սրահի կենտրոնը սեղանի վրա կռացած մի ծերունի ցույց տվեց և ասաց. — Ահա այդ ծերունին է: Վեր կացա, գնացի ծերունու մոտ, հարգանքով բարևեցի և ասացի. — Այս գրքում կարդացի այժմ, թե դուք Ղարաբաղի բարբառի ընդարձակ բառարան եք կազմել. կարելի՞ է տեսնել ձեր գիրքը։ Կորի գնա՛, լակոտ, եկալ ըս ինձ ձեռք առնելո՞ւ: — Գնացի Պողոս Զաքարյանի մոտ և տեսարանը պատմեցի: Նա գնաց սրահ և ծերունուն մոտենալով, խոսեց իմ մասին: Անշուշտ նա հայտնեց, թե ես իր ասած լակոտներից չեմ, ուսուցիչ եմ թեմականում և հետաքրքրվում եմ Ղարաբաղի բարբառով: Ծերունին կանչեց ինձ և ասաց. — Թե որ իդի է, եր կաց քինինք մեր տոնը քեզ շանց տամ: Ծերունին վեր կացավ, թևը մտա և դանդաղ քայլերով առաջնորդեցի մինչև իր տունը, որ գտնվում էր հայոց թաղի ծայրը, ադրբեջանական թաղի սահմանում, Խանդամիրյանի թատրոնի դեմը, աղբյուրից մի քիչ վերև: Հայոց թաղի առաջին տունն էր: Տանը ապրում էր նա մենակ. ոչ ոք չուներ: Տարավ իր սենյակը և բառարանը առաջս դրեց: Դա մի ընդարձակ գործ էր, կազմած, ձախ կողմի վրա բառերը գրած, բայց դրանց դեմը բացատրություն չկար: Այժմ պատմեմ Բահաթրյանի կյանքը: Բահաթրյանը եղել է տորոն մշակող: Ընդարձակ հողեր է մշակել և բերքը Եվրոպա արտահանելով՝ վաճառել: Հարուստ մարդ էր ուրեմն: Մի տարի Շվեյցարիայից, մի պրոֆեսորի կողմից, ստանում է մի նամակ, որով պրոֆեսորը հայտնում է, թե հնարել է ալիզարին կոչված քիմիական նյութը, որով տորոնը ավելորդ է դառնում: Պրոֆեսորը զգուշացնում է տորոն մշակողներին ընդհանրապես, դադարեցնել մշակությունը, ապա թե ոչ բոլորը պիտի սնանկանան: Այդպիսի նամակ ստացել էին նաև ուրիշները: Ուրիշների նման, Բահաթրյանն էլ չլսեց պրոֆեսորի առաջարկը, խաբեբա համարելով նրան. մշակեց տորոնը, որ անվաճառ մնալով, Բահաթրյանը սնանկացավ: Բահաթրյանը երկու որդի ուներ՝ Առաքել և Բահաթուր: - Առաջինը հայտնի գրող է. երկրորդը տարիներ հետո գնում է Շվեյցարիա, համալսարան մտնելու նպատակով: Համալսարանում պրոֆեսորներից մեկը, լսելով նրա ազգանունը, մոտենում է նրան և ասում. — Դուք շուշեցի եք. տորոն մշակող Ավետիս Բահաթրյանի որդի՞ն եք. ես նրան զգուշացրել էի, որ տորոն չմշակի. նա չլսեց ինձ, մշակեց և սնանկացավ. այդպե՞ս է — Այդպես է: Որովհետև ձեր հոր սնանկացման պատճառը ես եմ եղել, ես վերցնում եմ ձեզ իմ խնամակալության տակ և մինչև ձեր ավարտելը կպահեմ ձեզ: 1923 թվականից հետո, երբ ես Երևան փոխադրվեցի, համալսարանում տեսա սույն Բահաթուր Բահաթրյանին, մաթեմատիկայի դասախոս էր. կարճ հասակով և ուռած մարմնով մի անձ էր: Իրար հետ մտերմացանք: Պատմեցի իր հոր պատմածները և որդին հաստատեց դրանք: Սրտի հիվանդություն ուներ: — Բժիշկների չե՞ք դիմում. ի՞նչ են ասում: Ասում են, թե ծխելուն և խմելուն վերջ պիտի տաս։ Է՜հ, եթե վերջ չտամ, քանի՞ տարի կապրեմ: — Հազիվ 10 տարի: Իսկ եթե վերջ տամ: Այն ժամանակ 12 տարի կապրեք: Ուրեմն 2 տարի տարբերություն. ավելի լավ է ծխեմ ու խմեմ. այդ 2 տարին ինձ պետք չէ: Բայց 10 տարի չանցած Բահաթրյանը մեռավ: Եվ այսպես՝ Ավետիս ապերը (այդպես էին կոչում նրան) բառարանը դրեց առաջս, որի հորինման պատմությունը հետև յալն է. Խաչատուր Աբովյանը չհավանելով մեր գրական լեզվին և համարելով ժողովրդին անհասկանալի գրաբար, մտածեց Քանաքեռի բարբառը գրական լեղու դարձնել: Այս նպատակով գրեց «Վերք Հայաստանի»-ն, որ սակայն իր մահվանից 10 տարի հետո միայն տպվեց, երբ գրական հայերենը արդեն ընդհանուր տա րածված էր: Աբովյանի նման Բահաթրյանն էլ չհավանելով մեր արդի աշ խարհաբարին և տեսնելով, որ նա մեր ժողովրդին անհասկանալի է, մտածում է Ղարաբաղի բարբառի վրա հիմնված մի նոր գրական լեզու ստեղծել: Նա դուրս է հանում բառարանից բոլոր այն գրաբար բառերը, որոնք այժմ ժողովրդի մեջ գործածական չեն, հավաքում է միայն գրաբարի այն բառերը, որոնք ժողովրդին հասկանալի են, ավելացնում է դրանց վրա Ղարաբաղի բարբառին հատուկ գավառական բառերը, մի քիչ գրական ձև տալով նրանց, ավելացնում է նաև ժողովրդի մեջ գործածվող թրքական բառերը, և այսպիսով կազմում է այն բառարանը, որ դրեց իմ առաջ։ Ես ասացի, թե ամեն ինչ անցել է. ձեր ծրագիրը չիրագործվեց. գրական լեզուն այժմ ամեն տեղ սովորում են և խոսում: Ձեր աշխատանքից մնում է միայն Ղարաբաղի բառերի ցանկը: Ուստի ես դուրս կգցեմ սովորական հայերեն բառերը և կպահեմ միայն Ղարաբաղի բարբառի բառերը: Մենք համաձայնության եկանք, և որովհետև ծերունին անընդունակ էր աշխատելու, ես հանձն առի արտագրել Ղարաբաղի բառերը, նրանց դեմ ավելացնելով իրենց նշանակությունը, համաձայն հեղինակի բացատրության: Երկար տևեց աշխատանքը, և ես ամիսներ շարունակ գնալով նրա մոտ, շարունակում էի աշխատանքը, մինչև վերջացրի (կարծեմ 6000 բառ էր): Մեծ վեճ ունեցանք թուրքերեն բառերի համար: Միամիտ Բահաթրյանը պնդում էր, թե այդ թուրքերեն բառերը հայերեն են և հայերենից անցել են թուրքերենին: Օրինակ էր բերում թուրքերեն yoran բառը, որ նշանակում է «վերմակ»: Այս բառի հին ձևն է եղել, ըստ նրա կարծիքի, վերարկան «վրան արկանելի». Ղարաբաղում հայերեն վեր բառը արտասանում են yor, որով վերարկան դարձել է yoraran և կրճատվելով՝ yoran: Անկարելի եղավ համոզել նրան: Երբ գիրքը պատրաստ էր, ուզեցի հրատարակության տալ: Դիմեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և առաջարկեցի տպել գիրքը: Սիրով հանձն առին: Բայց հեղինակը գրեց մի առսջաբան, որի մեջ պնդում էր yoryan-ի վրա: Առանց այդ առաջաբանի չէր թույլ տալիս, որ բառարանը տպվի: «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրությունը բնականաբար չհամաձայնվեց և գիրքը չտպվեց: Այնուհետև ձեռագիրը ուղարկեցի Իզմիրյան մրցանակին (Կոստանդնուպոլիս): Տարիներ հետո լսեցի, որ Բահաթրյանի տանը հանկարծ հըրա դեհ է պատահել կես գիշերին, ամբողջ տունը այրվել է, և Բահաթրյանը շապկանց հազիվ կարողացել է փախչել: Այրվել են նրա բոլոր գործերը, ինչպես նաև 8 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեջ էր Գրիգոր Տաթևացու ինքնաձեռագիր մի աշխատությունը, ինչպես ինքն էր ասում: Ես այդ ութը ձեռագրերի համար դիմել էի Վիեննայի Մխիթարյան միաբանության և առաջարկել էի գնել: Միսբանությունը ընդունեց, բայց գնի կողմից համաձայնության չեկան: Այսպես կորավ Տաթևացու դժբախտ ձեռագիրը, մի քանի ռուբլու պատճառով: Շատ ավելի ուշ, 1934 թվականին, երբ Երուսաղեմից | LT LI - ցանք 30 հայերեն գավառական բարբառների բառարանի ձեռագրերը լուսանկարված, զարմանքով տեսա նրանց մեջ Բահաթրյանի կազմած Ղարաբաղի բարբառի ձեռագիրը: Ձեռագիրս ճանաչեցի. այժմ նա գտնվում է պետական համալսարանի գրադարանում: Հեղինակը ստացել էր Իզմիրլյան մրցանակը: ԻՄ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Երկու քույրերիս ամուսնությունից հետո, հերթը ինձ էր եկել։ Մայրս այդ առթիվ երբեմն ակնարկություններ էր անում, բայց շատ վախկոտ, որովհետև ես բոլորովին անտարբեր էի այդ մասին: Առանց սիրո ամուսնություն չեմ հասկացել: Մայրս էլ վերջ տվեց իր ակնարկներին: Մի օր ինչ-որ դասախոսություն էր տեղի ունենում: Մենք էլ մի քանի ուսուցիչներով գնացել էինք լսելու: Հանդիսականների առաջին շարքերը բռնել էին մի խումբ օրիորդներ: Երկրորդ շարքը նստել էինք ես և մի քանի ուսուցիչներ: Իմ կողքին նստել էր Արշակ Մեհրաբյանը: Դեռ դասախոսությունը չէր սկսվել: Հանկարծ մի օրիորդ, որ ճիշտ իմ առաջն էր նստել, հետև դարձավ, կարծես թե ինձ նայեց և շուռ եկավ: Այդ մի ակնթարթը ազդեց իմ վրա: Դարձա Արշակին և հարցրի, թե ո՞վ է այս աղջիկը: Պատասխանեց. Հավանեցի՞ր. շատ լավ աղջիկ է: Իմ լավագույն աշակերտներից մեկն է: — Հայկական դպրոցներ չլինելու պատճառով Շուշվա աղջիկները խմբակներ էին կազմած և մասնավոր ուսուցիչների մոտ հայերեն և հայ գրականություն էին սովորում: Մեհրաբյանը այդպիսի մի խումբ ուներ և այդ աղջիկը նրա աշակերտուհին էր։ Իմ սերերը միշտ այդպես ակնթարթային են եղել. ես սիրահարվեցի: Եվ այնուհետև առիթներ էի փնտրում նրան տեսնելու Ամառ էր և ամբողջ շուշեցիք, մանավանդ երիտասարդները, երեկոյին գնում էին բուլվար՝ զբոսնելու: Ես էլ ամեն օր գնում էի պտտելու և պատահելու նրան: Կանոնավորապես միշտ իր քրոջ հետ գալիս էր, նստում նստարանի վրա կամ ման գալիս: Երեկոյան ժամը 8-ին գնում էր տուն: Ես բնականաբար ոչ մի քաջություն չունեի ներկայանալու և ծանոթանալու համար և երբ տեսնում էի նրան, գլուխս կախած, սրտատրոփ անցնում էի: Ոչ մի փորձ չարի ծանոթանալու, այլ միայն տեղեկություններ քաղեցի նրա մասին: Բոլոր ստացած տեղեկություններս դրական էին: Իհարկե սիրահարը կարծում է, թե իր սերը գաղտնի է մնում, բայց ոչ: Շուտով լսում են և հայտնում են սիրուհուն: Մի օր, երբ ես աշխատում էի Բահաթրյանի տանը, հանկարծ հարևան բալկոնում տեսա օրիորդին, որ մազերը թափած, ման էր դալիս: Նրա մազերը այնքան առատ և երկար էին, որ մինչև ոտքը հասնելուց հետո, կես արշին երկարությամբ էլ քարշ էին գալիս հատակի վրա: Գլուխը լվացել էր և ուզում էր բացօթյա չորացնել: Ես իսկույն դիմեցի Ավետիս ապոր և իմ սրտի գաղտնիքը հայտնեցի նրան: Ավետիս ապերը, որ շատ բարի մարդ էր, իսկույն հայտնեց, թե կգնա, նրա հորը կխոսի և նրա ձեռքը կխնդրի: Իբրև հարևաններ, իրար հետ շատ մոտիկ էին. նա իսկույն գնաց, խոսեց և մյուս օրը հայտնեց, թե հայրը համաձայն է երևում, բայց ուզում է տեղեկություններ քաղել: Սկսել էր այդ գործին, անշուշտ ստացած տեղեկությունները դրական պիտի լինեին, որովհետև հարգված ուսուցիչ էի և 90 ռուբլի ամսական ռոճիկ ունեի: Խանգարիչ էր միայն այն հանգամանքը, որ ես դրսեցի էի և կարող էի մի օր Շուշուց հեռանալ, իսկ ինքը՝ հայրը ուզում էր, որ փեսան միշտ Շուշում մնա: Վերջապես տեսնում են իրենց նախկին մի բարեկամ հադրութեցի Արշակ քահանա Տեր-Ոսկանյանին, նախկին ճեմարանցի էր: Հայրը կարծիք է հարցնում նրան և ասում է, թե աղջկանս ձեռքն է խնդրում, ինչ կասես: Անմիջապես տուր,— ասում է քահանան,— ոսկի գրիչ ունի. ավելի լավ չես գտնի: Օրիորդի հայրը, որ չափազանց կրոնասեր մարդ էր, լսելով իրենց սիրելի քահանայի այդ խոսքը, համաձայնության է գալիս: Իմ կյանքի պատվանդանի քարերից մեկը այդ քահանան դրեց: Ծանոթացա օրիորդի հոր հետ, որ Բալասան ապեր էր կոչվում, գնացինք բուլվար և նստեցինք նստարանի վրա: Իմ առաջարկը հայտնեցի նրան. հայրը խոստացավ, բայց խնդրեց հետաձգել մի տարի: — Հասկացա,— ասացի ես,— դուք ուզում եք մերժել և խաբում եք ինձ: Այն ժամանակ նա երկարեց ինձ իր արծաթյա կոթով գավազանը և ասաց. — Ահա այս գավազանը, իբրև նշան խոսքիս հաստատության։ Ես մերժեցի գավազանը և խնդրեցի, որ նշանդրեք ունենանք: Համաձայնվեց. օրը նշանակեցինք և որոշեցինք, որ ծնողների հետ նշանը տանեմ: վիր։ Տուն եկա և մորս ասացի. — Մայրիկ, կիրակի օրը նշան պիտի տանինք, պատրաստ- Չափազանց մեծ եղավ մորս ուրախությունը. նա մի քանի անգամ ակնարկներ անելուց հետո արդեն հուսահատվել էր և ամենևին չէր սպասում, որ ես կամուսնանամ: Նշանի համար առինք մի խումբ ակնեղեն առարկաներ, մի ժամացույց իր շղթայով, մի մանյակ կրծքի (հավատք, հույս, սեր), մի ականակուռ մատանի: Գնացինք նրանց տունը. ես էի, հայրս, մայրս, քույրս և փեսաս: Նշանը հանձնեցինք և բավական ժամնակ խոսակցելուց հետո տուն վերադարձանք: Ես օրիորդի հետ առաջին անգամն էր, որ խոսում էի: Ես խնդրեցի Բալասանից, որ թույլ տա ինձ շաբաթական մի անգամ նրանց տունը գնալու: Որոշեց չորեքշաբթի օրերը: Այսպես շարունակեցինք մի ժամանակ, բայց ես օրիորդին պատահում էի եկեղեցում անխափան շաբաթ երեկո և կիրակի առավոտ: Այսքանը քիչ էր ինձ համար: Ես ծանոթացել էի օրիորդի քեռակնոջ՝ Օլինկայի հետ: Շատ բարի կին էր: Խոստացավ շաբաթվա մեջ մի օր էլ հատկացնել իր տան մեջ այցելության: Այսպիսով ես կարող էի տեսակցել նրա հետ շաբաթական 4 անգամ: Ամբողջ այս շրջանին ես գրում էի շարունակ սիրային բանաստեղծություններ և տալիս էի օրիորդին: Բնականաբար նա հաճույքով կարդում էր: Ինչ կա ավելի քաղցր մի օրիորդի համար, քան կարդալ իրեն նվիրված այսպիսի գովասանական բանաստեղծություններ: Բայց ի՞նչ կա մի երիտասարդի համար ավելի քաղցր, քան իր սիրուհուն մատուցանել իր այսպիսի բանաստեղծությունները: Իմ ոտանավորներից երկուսը ձայնագրեց թեմական դպրանոցի երաժշտության ուսուցիչ Հաբեթ Խաչատրյանը և միասին հաճախ այդ երկու երգերը երգում էինք: Իմ գրած բոլոր բանաստեղծությունները մի փոքրիկ ծոցատրերի մեջ մանրատառ գրերով ամփոփել էի: 160 հատ էր: Բաքվի թալանին այդ տետրակն էլ կորավ, և ես նրանցից մի քանիսը միայն հիշում եմ այժմ: Մի տարի անցավ մեր նշանադրությունից և վերջապես որոշվեց հարսանիքը, որ տեղի ունեցավ 1904 թվականի մայիսի 10-ին: Հորը հայտնեցի, թե ես հարսանիք չունեմ. հարսանիքը կլինի քո տանը. կանչիր ինչքան մարդ, որ ուզում ես: Իմ կողմից կգանք 11—18 միայն բացի ինձանից այլ ևս 6 հոգի՝ հայրս, մայրս, քույրս՝ Հերաիլյան, փեսաս՝ Նիկոլայ Խաչունցը, կնքահայրս՝ Հարություն Մելիքյանը և խաչեղբայրս՝ Ավետիս Տեր-Հարությունյանը (վերջին երկուսը ուսուցիչ): Որքան ծախս կլինի: Հայրը պատասխանեց, թե ծախսը կլինի 800 ռուբլի, որի կեսը 400 ռուբլի, ես կանխիկ վճարեցի նրան: Հետաքրքիր է այս 400 ռուբլու հարցը: Ես պատրաստ գումար չունեի: Փեսաս միշտ ասում էր, թե «հարսանիքի ծախսը ես պիտի տամ»: Երբ եկավ հարսանիքի օրը, ես դիմեցի նրան և խնդրեցի, որ պարտքով 400 ռուբլի տա։ Վերցրու այդ թերթը և մի մուրհակ գրիր: Ես թուղթը վերցրի և գրեցի. «Ստացա… փոխարինաբար 400 ռուբլի»: գրել: — Դու մուրհակ գրել չես իմանում, այդ ի՞նչ հիմար բան ես և Պատասխանեցի, թե կյանքումս ես մուրհակ գրած չեմ: Այն ժամանակ նա թելադրեց, և ես գրեցի, ինչ որ նա ասաց: Թելադրածի մեջ կար մի անհայտ բառ, որ ես չէի հասկանում: Հարցրի, թե սա ինչ կնշանակի։ Պատասխանեց, թե այդ նշանակում է, որ եթե մինչև մի տարի 400 ռուբլին չվերադարձնեմ, ուշացած ամեն մի օրվա համար պիտի վճարեմ 10 ռուբլի տուգանք: — Սարսափած ես ասացի. — Այդ ի՞նչ սարսափելի գումար է: Օրենքը այսպես է. չես ուզում մի' վերցնի: Ես համաձայնվեցի բոլորովին այլ հույսով: Ես կազմել էի Սուրբ Մեսրոպի և հայերեն գրերի գյուտի պատմությունը, որ Լազարյան ճեմարանի կողմից մրցանակի էր դրված: Մրցանակի գինն էր 1000 ռուբլի։ Երկու հոգի մասնակցեցինք. ես և գերմանացի հայագետ Մարկվարտը: Մարկվարտի գրածը 50 երես էր, որ հետագայում տպվեց «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ, իսկ իմ աշխատանքը 1500 էջ էր: Մրցանակը բաժանեցին երկուսի: 400 ռուբլի տվին Մարկվարտին և 600 ռուբլի ինձ: Այս գումարից 400 ռուբլի իսկույն վճարեցի փեսայիս և մուրհակը պատառոտեցի, առանց այն սարսափելի տուգանքի: Եվ միշտ ասում էի. «Իմ հարսանիքը Սուրբ Մեսրոպը կատարեց»: Հարսանիքից մի քանի օր հետո մայրս ասաց ինձ. — Է՜հ, էրկու քուրերդ պսակեցինք, դուն ալ պսակվեցար, տեր տիրական ունեցար: Մեր հոս կենալը ավելորդ է. հարս ու կեսուր իրարու հետ աղեկ չեն էրթար: Ան բան մը կըսե, ես կնեղանամ, ես բան մը կըսեմ, ան կնեղանա: Դուն ալ մեջտեղը ինչ ընելդ չիտես: Ադօր աղեկը՝ քանի հիմա իրարու հետ շատ սիրով էլլենք մեր տեղը էրթանք: ենք, Այսպես հայրս և մայրս ուզեցին բաժանվել և գնալ Կոստանդ նուպոլիս. ես շատ դիմադրեցի, որ մնան, բայց նրանք իրենց ասածը արին և մյուս օրը մեկնեցին Բաթումի՝ Կոստանդնուպոլիս գնալու համար: ՄԵՅԵՆ ՇՈՒՇՈՒՄ Փարիզից և Ստրասբուրգից հետո ես միշտ թղթակցություն ունեցա իմ երկու ուսուցիչների՝ Մեյեի և Հյուբշմանի հետ: Եթե նրանց գրած նամակները պահած լինեի, մի ահագին գիտական հատոր կլիներ: Բայց ես նամակ պահելու սովորություն չունենալով, ջնջել եմ այդ բոլորը: Բնականաբար մեր այդ ամբողջ թըղթակցությունը գիտական հարցերի շուրջն էր: Ամեն անգամ, որ մի նոր ստուգաբանություն էի մտածում, դիմում էի նրանց և նրանց կարծիքը հարցնում: Երբ իմ «Թուրքերեն է փոխառեալ բառեր» աշխատությունը հրատարակեցի և Հյուբշմանին մի օրինակ ուղարկեցի, նա շատ գոհ մնաց և պատասխանեց, թե «Ձեր այդ գիրքը իմ «Armenische Grammatik» աշխատության շարունակությունն եմ համարում: Զվարճության համար մի օր Էջմիածնից Հյուբշմանին գերմաներեն մի նամակ գրեցի և գերմաներեն լեզուն ծաղրելու համար, 3 երեսանոց նամակը մի պարբերության մեջ վերջացրի, գերմանական երկարաբան ոճով: Չգիտեմ, թե կատակս հասկացա՞վ թե չէ: Դժբախտաբար Հյուբշմանը կարճատև կյանք ունեցավ, և երբ ես նոր էի գնացել Նոր-Նախիջևան, իր մահվան լուրն առի: Հիշում եմ, թե ինչպես հրճվալից էր խոսում Հյուբշմանը, երբ հիշում էր նորվեգացի հայագետ Bugge-ի առաջարկած - ստուգա բանությունը հայերեն ալիք բառի մասին, իր 2 իմաստներով (ծովի ալիք ու ծերունու մորուք), ճիշտ ինչպես հունարեն oios, նույն իմաստներով. Nur ein paar solche armenische Etymo- logien “ կրկնում էր շարունակ, երբ ես մտածեցի հայերեն աղ մուկ բառը համեմատել հունարեն oiepos բառի հետ «պատե րազմ», երևակայում եմ, թե որքան հրճվանք պիտի զգար նա և տեսներ, թե Bugge-ի oios-ը մի ընկեր էլ ունեցավ: Երբ այս ստուգաբանությունը հայտնեցի Մեյեին, իր նամակով գրում էր ինձ հրճվալից. „ll faut vous applaudir pour cette belle étymologie“, բայց Հյուբշմանը մեռած էր։ , Ես դեռ նշանված չէի և ծնողներս էլ Շուշում էին, երբ Մեյեն հայտնեց, թե ամառը ուզում է Շուշի գալ, մնալու համար մի քանի օր մեզ մոտ: Ուրախությամբ ընդունեցի: Մեյեն իջավ մեր տունը. մայրս ամենաընտիր կերակուրներն էր պատրաստում իմ օտարազգի ուսուցչին դուր գալու համար: Մեյեն ճաշակում էր և մորս հայերեն ասում. — Շատ լավ է: Սրանից և «բարև ձեզ» ողջույնից դուրս ոչ մի հայերեն բան չէր խոսում: Մեյեն կազմել էր իր հայերենի քերականությունը և ուզում էր, որ ձեռագիրը միասին կարդայինք նախքան տպագրելը, որպեսզի եթե պատահական սխալներ սպրդած լինեին, ուղղեինք: Այս աշխատությունը - կատարեցինք: Ամեն օր բարձրանում էինք քերծը: Ի՞նչ հաճույք էր զգում՝ դիտելով ընդհանուր տեսարանը, մանավանդ, երբ տեսնում էր կանաչների մեջ թաղված կարմիր կտուրները: «Mais_c’ est très_joli»,— բացականչում էր շարունակ: Մի օր գնացինք Կեխաղբյուրի անտառը ման գալու: Այն ժամանակ ես կասկածում էի, թե թոքախտ ունեմ. Մեյեն թոքախտավոր ընտանիքի սերունդ էր և ինքն էլ թոքախտ ուներ: Խորհուրդ տվեց ինձ (իբրև մասնագետ), ձեռնափայտը մեջքի վրա հորիզոնաձև դրած՝ երկու թևերի տակ առնել և այդպես ման գալ մի քանի ժամ այդ անտառում, որի բույրը բուժիչ է հատկապես թոքախտի: Մի երեկո, երբ բուլվարում ման էինք գալիս միասին, թաքուն ցույց տվի նրան նստարանի վրա նստած Արուսյակին, որի հետ ես դեռ ծանոթ չէի և ասացի, թե «Այդ օրիորդը իմ ապագա կինը պիտի լինի»: Դիտեց, հավանեց և գոհ մնաց: Մեյեի գալուստը ուրախությամբ դիտվեց ամբողջ Շուշում: Երբ մենք միասին ման էինք գալիս բուլվարում, բոլորը Հետա քըրքրությամբ դիտում էին, և որովհետև Մեյեն միշտ կրում էր ճամփորդական փակ սև ակնոց, ասում էին. «Այս կույր մարդը Աճառյանի պրոֆեսորն է»: Ընկերներս մի ցերեկույթ կազմակերպեցին թեմական դպր նոցում Մեյեի պատվին: Հավաքվեցին մի խումբ երիտասարդներ և օրիորդներ և նրա ներկայությամբ պարելով, ցուցաղրեցին կովկասյան ամենանուրբ և դժվար պարերը, որոնց այնքան հմուտ են շուշեցիք: Մեյեն շատ հավանեց և ասաց. «Հայկական պարերը եվրոպականներից շատ ավելի աշխույժ են և մանավանդ շատ ավելի լիքն են մանր նրբություններով»: Մեյեն սիրահար էր երաժըշտության. Փարիզում ամեն առավոտ մի ժամ դաշնամուր էր ածում. այդ ցերեկույթի միջոցին էլ երկար ժամանակ ածեց դաշնամուրի վրա: Շուշեցիք շատ են սիրում թառ ածել. չկա տուն, որ մի թառ ածող չունենա. նրանց բոլոր նվագած եղանակները սովորություն է պարսկական կոչել, բայց այդ բոլորը հայկական են: Մեյեն լսում էր այդ բոլորը և թեև միօրինակ էր գտնում, բայց՝ շատ նուրբ և երանգավոր: Շուրջ երկու շաբաթ Մեյեն մնաց մեզ մոտ, ապա գնաց Էջմիածին, ձեռագրերի վրա ուսումնասիրություն կատարելու համար: Վերջին անգամն էր, որ տեսա իմ ուսուցչին: ԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԳՐԱՎՈՒՄԸ 1903 թվականին ցարական հրովարտակով հայոց եկեղեցական կալվածները գրավվեցին: Ազգային մարմինները և ամբողջ ժողովուրդը մի մարդու պես դուրս եկան այս հրամանի դեմ: Պահանջեցին հոգևոր իշխանությունից և հատկապես կաթողիկոսից, որ չստորագրեն հրամանին և կալվածները չհանձնեն: Կառավարությունը կարող էր բռնի ուժով գրավել այդ բոլորը՝ իբրև ավազակ: Էջմիածնում ևս կազմակերպվեց դիմադրություն: Մի քանի երիտասարդներ ներկայանում են կաթողիկոսին և առաջարկում են, տր կաթողիկոսը չստորագրի. «Խա՜, ո՞ւր էիք դուք, երբ Հայրիկը երիտասարդ էր, ձի նստած գյուղե-գյուղ ման կուգար և ժողովըրդին հեղափոխություն կքարոզեր: Ես ծերացել եմ, և դուք եկել եք ինձի հեղափոխություն կսորվեցնեք: Գացե՛ք, գացե՛ք, Հայրիկը գիտե իր անելիքը, ձեր խրատին պետք չունի»: Երիտասարդները ուրախացած մեկնում են: Երևանում նույնպես կազմակերպվում է ժողովրդական ցույց առաջնորդարանի առաջ։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկու ընկերով վերցնում են առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և գնալով Էջմիածին, ներկայանում են կաթողիկոսին և հանուն ազգի և ժողովրդի, պահանջում են, որ չստորագրի: Կաթողիկոսը խոստանում է: Թղթեր են գալիս նաև Կոստանդնուպոլսի Պատրիարքարանից և պահանջում են չտալ մեր ազգային գումարները կառավարում թյան, որովհետև նրանք ոչ թե պատկանում են միայն ռուսահայոց, այլև մեծագույն մասամբ հնդկահայոց, պարսկահայոց, տաճկահայոց, ամերիկահայոց և այլն: Հասնում է վճռական օրը: Նահանգապետ կոմս Դիզենհաուզենը ներկայանում է կաթողիկոսին և խնդրում է, որ ստորադրի. կաթողիկոսը մերժում է: Կոմսը մի քանի անգամ կրկնում է իր խնդիրքը, բայց կաթողիկոսը պատասխանում է. — Գնա՜, գնա՜ կըսեմ քեզի, կհասկնա՞ս ինչ կնշանակե գնա. իշտե անոր «փաշոլ» կըսեն: Դիզենհաուզենը մեկնում է: Կանչում են Վաղարշապատի հայդարբիններին, որպեսզի կոտրեն գանձարկղը, որի բանալին կաթողիկոսը չէր հանձնած: Հայ դարբինները հրաժարվում են: Այն ժամանակ կոմսը Երևանից բերել է տալիս ռուս դարբիններ, որոնք տապարներով սկսում են ջարդել գանձարկղը: Գիշեր էր: Կաթողիկոսը վերևի հարկում լսում էր այդ հարվածների ձայնը և չդիմանալով՝ թողնում գնում է Հռիփսիմեի վանքը: Մինչև լույս դարբինները ջարդում են գանձարկղը և վերջապես կոտրում: Բաց են անում և գտնում են, ինչպես ասում են, մի մուրհակ և 5 ռուբլի: Ուրիշներ ասում են, թե մինչև 30 000 ռուբլի եղել է: Այս եղավ ամեն կողմ: Գալիցինը, որ կարծում էր, թե Հայոց Եկեղեցին միլիոններ ունի, ձեռքը գլխին է խփում և ասում է. «Ես հայերին չեմ ճանաչել»: Շուշումն էլ նույնը եղավ: Պաշտոնական անձինք ներկայանում են դպրանոցի տեսուչ Զուրաբյանին և առաջարկում են ստորագրել: Մերոնք նախապես հրամայել էին նրան չստորագրել, բայց վախկոտ Զուրաբյանը, կարծես թե շուշեցի չլիներ, ստորագրում է: Սրու վրա զայրույթը ընդհանուր է դառնում: Ազգային մարմինները տեռոր են նշանակում Զուրաբյանի անձի դեմ: Զուրաբյանը սարսափահար իր տունը կանչեց մեզ՝ ուսուցիչներիս և իր կնոջ ( կարսեցի Կատյայի) հետ լալագին աղաչեց դիմել ուր պետք է և, որպեսղի տեռորը չկատարվի, ներեն իրեն ի սեր իր բազմաթիվ փոքրիկ երեխաների: Դիմեցինք ուր պետք էր. զիջեցին և որոշեցին աքսորել Զու-- րաբյանին. նա վերցրեց իր ամբողջ ընտանիքը և գնաց Նոր-Նախիջևան: Դրսում տեղի ունեցավ ժողովրդական մեծ ցույց. ամբողջ ժողովուրդը մեծ բազմությամբ փողոցները լցվեց, գոռալով գոչելով, թե «Չենք տա մեր կալվածները»: Միջամտեց ոստիկանությունը և պորքը: Հրացաններ որոտացին. մի քանի կողակ սպանվեց, ոմանք քարկոծվեցին և վերջապես ցույցը վերջացավ: Երբ պաշտոնյաները բաց արին գանձարկղը, մեջը դատարկ գտան: Հոգաբարձությունը, նախապես ամբողջ գումարը վերցնելով, բաժանել էր պաշտոնյաներին. մենք էլ, ուսուցիչներս, մի անգամից ամբողջ տարեկան ռոճիկը ստացանք: Նմանապես անութպանները, որոնք եկեղեցական կալվածներից խանութ էին վարձել, ամբողջ տարեկան վարձը մի անգամից վճարել էին եկեղեցական իշխանության և համարարական ստացական ստացել: Այնպես որ, երբ ռուս պաշտոնյաները եկան նրանցից ամսավարձ պահանջելու, փողի փոխարեն պարապ ստացականներ տեսան։ Շուշեցոց այս աստիճան զորեղ դիմադրությունը շարժեց ռուս կառավարության զայրույթը: Նրանք փակեցին Շուշվա թեմական դպրատունը, մինչդեռ Երևանի և Տփղիսի թեմական դպրանոցները բաց մնացին։ Տեղի ունեցան ընդհանուր խուզարկություններ տներում: Ագուլեցոց եկեղեցում գտել էին 2 ռումբ, որի համար երկու քահանա աքսորվեցին (նրանցից մեկն էր Տ. Գարեգին քահանա Հովհաննիսյանը՝ հայր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի, Կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանի): Բանտարկվեցին երկու ուսուցիչ՝ Գաբրիել վարժապետ Գյուլիքևխյանը և Փիրջանյանը: Վտանգ էր սպասվում նաև մյուսներին: Թեմականի բարձր դասարանի աշակերտները՝ որոնց ուսումը կիսավարտ մնաց, գնացին Երևան, Ագուլիս և Նոր-Նախիջևան, շարունակելու և ավարտելու համար իրենց ուսումը։ և Մի շատ զարմանալի դեպք էլ եմ հիշում: Ռուսաց դպրոցների բարձրագույն դասարանների աշակերտները խմբակներ էին կազմել և սովորում էին հայերեն լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն՝ թեմականի ուսուցիչների ղեկավարությամբ: Հայոց պատմության ուսուցիչը ես էի: Շաբաթական երկու անգամ երկու աշակերտ՝ իբրև պատվիրակ, գալիս էին ինձ մոտ և առաջնորդում ինչ-որ մի տուն: Ամեն անգամ տեղը փոխվում էր: Գնում էի և դահլիճում կանոնավոր աթոռների վրա նստած, գտնում էի ունկընդիր աշակերտներին: Այնպես էին կազմակերպած, որ իբր թե այդ օրը տնեցիք տոնախմբություն ունեին: Թառն ու դափը պատրաստ դրված էին, այս բոլորը արված էր զգուշության համար, որպեսզի, եթե ոստիկանությունը ներս մտներ, դասախոսությունը վերածվեր նվագահանդեսի: Ի զարմանս բոլորի և ի պատիվ շուշեցոց, ոչ մի օր այդպիսի բան չեղավ: Ոստիկանությունը անտեղյակ էր և մնաց անտեղյակ, չգտնվեց ոչ մի դավաճան, որ մեր գաղտնիքը մատներ նրանց: Հանդարտությամբ ես պատմում էի հին հայոց պատմության գըլխավոր դեպքերը: Անցա ամբողջ դասընթացը: ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԻՄ ՏԱՆ ՄԵՋ Ինչպես բոլոր ուսուցիչների տներում, նմանապես ինձ մոտ էլ խուզարկություն կատարվեց: Խուզարկության եկավ մի վրացի նաչառնիկ մի կողակով միասին: Պաշտոնյան տեսավ իմ գրադա րանը, բազմաթիվ գրքերից բաղկացած, մեծ մասամբ հայերեն և օտար լեզուներով: Ռուսերեն գիրք չունեի, որովհետև դեռ բնավ ռուսերեն չգիտեի: Ամեն գրքի մեջ ցենզուր էր փնտրում և որով հետև չկար, ուստի արգելված էր համարում և ուզում էր խլել: Ես ունեի զանազան լեզուներով ավետարաններ, որովհետև ես միշտ այն կարծիքին եմ եղել, թե որևէ օտար լեզու սովորելու համար լավագույն ձեռնարկը Ավետարանն է: Ուսուցչի պետք չունես: Դնում ես Ավետարանը առաջդ, հայերեն թարգմանությունը դեմդ ես առնում, և քեզ ամեն ինչ հասկանալի է դառնում: Ավետարանը օգտակար է նաև այն պատճառով, որ միևնույն բանը միշտ կրկընվում է. այդպես է Ավետարանի ոճը, և այդ բանը հեշտացնում է ուսումը: դալ Վրացին վերցրեց մի գիրք, հարցրեց. — Սա ի՞նչ է: Ֆրանսերեն Ավետարան է: Վերցրեց մի ուրիշը. — Սա ի՞նչ է: Անգլերեն Ավետարան է: Մի երրորդը. — Սա պարսկերեն Ավետարան է: Վերջապես վրացին զարմացած ասաց. — Այս ինչքա՞ն լեզու գիտես. վրացերեն էլ գիտե՞ս: Վերցրի վրացերեն Նոր Կտակարանը և սկսեցի ազատ կար Վրացին շատ ուրախացավ: Այնուհետև մեր գործը հեշտացել էր: Գրքերի մի մասը ազատվեց Ավետարան անունով. այն գրքերը, որոնք երկսյուն էին, ա- զատվեցին բառարան - անունով, մյուս մասն էլ՝ քերականություն անունով: Բայց վերջապես խուզարկու պաշտոնյան պարտական էր մի բան տանել. դժբախտաբար վերցրեց իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մեջ ավելի դժբախտությամբ դրել էի Սասունի վիճակախաղի մի քանի տոմս, նաև ուրիշ մի քանի գրքեր, որոնք կոզակը պիտի լցներ պարկի (մեշոկի) մեջ և տաներ քննության: Հավաքված գրքերը բաժանել էին երկու մասի. անմեղ գրքեր և կասկածելի գրքեր. ես անուշադիր որևէ րոպե որսալով, ոտքի փոքրիկ հպումներով անմեղ գրքերի թիվը շատացնում էի հետզհետե: Վերջապես մի մասը մնաց, որոնց համար վրացին նստեց սեղանիս առաջ՝ պրոտոկոլ կազմելու: Երբ պրոտոկոլը գրում էր, ես զգուշությամբ հանեցի Պոսոխովի ղեմ ստացած հրամանագիրս և սեղանի վրա դրի: Վրացին նկատեց այդ թուղթը, կնիքները տեսավ և հարցրեց. «Սա ի՞նչ թուղթ է»: Ես պատասխանեցի, թե սա ոչինչ բան է, Էջմիածնի փոստատան կառավարիչը իմ թղթերս խլել էր, ես նրանց հետ ընես բողոք գրեցի մինիստրներին. Փարիզում կերակցել էի: Նրանք իմ լավ ծանոթներս են. Պոսոխովին պատժեցին. ոչինչ թուղթ է…: Այսպես ասելով, իբր թե ուզում էի թուղթը խլել ձեռքից: Նա չթողեց, ամբողջը կարդաց և սարսափահար գրքերս թողեց, պարկը վերցրեց և գնաց: ԴԵՊԻ ԹԱՎՐԻԶ Թեմականի փակումից հե ոո ես այլևս գործ չունեի Շուշում: Նամակով դիմեցի Թավրիզի հայոց Արամյան դպրոցի տնօրեն Աբեթնագով Ալեքսանյանին, առաջարկելու իմ ծառայությունը: Դրական պատասխան ստանալով՝ պատրաստվեցի մեկնել Թավրիզ: Մեծագույն դժվարությունը այն էր, որ ես գրավոր խոստում էի տված աներոջս երբեք չհեռանալ Շուշուց: Ինչպե՞ս կարելի էր համոզել նրան: Երբ Պարսկաստան գնալու որոշումս հայտնեցի կնոջըս, նա իսկույն և ուրախությամբ համաձայնվեց: Երկրորդ դիմումը արինք Օլինկային, որ ապրելով կնոջս տատի հետ, նրան էլ համոզեց: Տատը, հադրութեցի, վերին աստիճանի բարի և սիրուն այան էր: Բոլորս էլ կոչում էինք նրան ազի. թե Օլինկան և թե՛ ազին համաձայնվեցին․ ազին ուրախացավ, որ գնում ենք Թավրիզ և ասաց, թե Թավրիզում շատ զմրուխտ քար կա, վերադար- ձիդ մի քանի հատ կբերես: Սրանք միջնորդ հանդիսացան և համոզեցին զոքանչիս, որ նույնպես հեշտությամբ համաձայնվեց: Դժվարագույնը աներս էր: Ես մի խորամանկ միջոց գտա համոզելու նրան: Որովհետև չափազանց կրոնասեր մարդ էր, ասացի, թե «աղջկանդ ուզում եմ Էջմիածին տանել, կթողնե՞ս»: — Էջմիածին իհարկե կթողնեմ,— պատասխանեց սուրբ քաղաք է, եթե գնաս, ինձ էլ հետո կկանչե՞ս: Խոստացա և պատրաստվեցի մեկնելու: նա,— Կառքը կանգ առավ առավոտուն աներոջս տան առաջ: Բոլորը հավաքվել էին. մենք երկուսս, այր ու կին, նստեցինք կառք, բեռները դասավորեցինք և բոլորից հրաժեշտ առինք: Կնոջս տատը մոտեցավ ինձ և պատվիրեց. «Քշտիդ նստացրու» (այսինքն թե, կնոջդ միշտ կողքիդ նստացրու): Այս զվարճալի պատկերը հիշում էինք հաճախ։ — Շուշուց մինչև Եվլախ ճանապարհը 104 վերստ է: Մինչև եր րեկո պետք էր հասնել գնացքին: Որովհետև զառիվայր էր, կառքը սրընթաց սլանում է նախ դեպի Թուրքական թաղը, ապա դեպի Խանքենդի հայկական գյուղը, որից հետո որպես ուղիղ ճանապարհ մինչև Եվլախ: Կինս առաջին անգամն էր, որ դուրս էր գալիս Շուշուց: Նորահարս և նորասեր, ամեն ինչ նոր և անծանոթ էր իրեն համար. դիտում էր շուրջը հետաքրքրությամբ: Անցանք Քյաթուկ գյուղի տակով, որ իրենց հայրենի գյուղն էր: Վերջապես հասանք ուշ ժամանակ Եվլախ, և մտանք գնացք, որ նույնպես առաջին անգամն էր տեսնում։ Տեղավորվեցինք երկուսս դեմ առ դեմ պատուհանի առաջ: Սփռոցը փռեցինք և սկսեցինք ընթրել: Արդեն մութ էր. ընթրիքը վերջացնելուց հետո սփռոցը հավաքեցի և պատուհանից թափ տվի: «Թըխկ» մի ձայն լսվեց. հայրիկը նվիրել էր ինձ մի լավ գրչահատ և պատառաքաղ: Երկուսն էլ ընկան իմ անուշադրության հետևանքով: Գանձակի կայարանի մոտերքն էր. աներոջ այս հաճելի նվերի կորուստը այսպիսի անտեղի ձևով, այն էլ ճամփորդության սկզբին, ցավալի եղավ: Հասանք Երևան և կառք վարձելով եկանք Էջմիածին, որից բաժանվել էի միայն 2 տարի առաջ։ Ամեն ինչ նույնն էր. միայն Հայրիկապատի (ուխտավորների հյուրանոցը) շենքը վերջացել էր և հյուրընկալ էր նշանակված իմ վաղեմի ծանոթ և սիրելի բարեկամ Եսայի սարկավագը, այժմ դարձած Զավեն վարդապետ: Ղարաբաղցիք իրար շատ են սիրում: Զավեն վարդապետը ղարաբաղցի էր, ուստի աննկարագրելի հյուրասիրությամբ ընդունեց կնոջս, որ իր հայրենակիցն էր և ինձ, որ կես ղարաբաղցի էի դարձել: Հայրիկապատը բարձր և ընդարձակ շենք է, վանքի պարսպից դուրս, ազատ, բաց օդի մեջ: Երկրորդ հարկի ձախ սենյակը, որ ավելի դահլիճ կարելի էր կոչել, մեզ հանձնեց: Երկու մահճակալ մեզ հատկացրեց, մյուսները անտեր էին: Ուխտի ժամանակ չլինելով հյուրեր չկային, ուստի բոլորովին ազատ վայելեցինք հյուրանոցի կյանքը երկար ժամանակ, մինչև Թավրիզից նոր հրավեր ստանայինք: Երկար մնալու պատճառներից մեկը այն էր, որ ես պետք է ստանայի արտասահմանյան անցագիր: Այս կետը երբ մի քիչ դժվարացավ, ինձ վախ պատճառեց, որովհետև ես ապօրինի կերպով ռուսահպատակ էի դարձել: Վախենում էի, որ իմ հին անձնագրի հետքը կգտնվի։ Դժվարությունը AzxapH և ArapyHb_ազգանունների տարբերության մեջ էր, բայց ի զարմանս իմ, այդ էլ հարթվեց։ Ժամանակ էր անցել և մոռացել էին: Արտասահմանյան անցագիրս ստացա Երկրորդ դժվարությունը խոլերան էր: Այդ ժամանակ Թավրիզը իր շրջակայքով վարակված էր խոլերայով: Ամիսներ շարունակ, ամեն օր, հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Մի օր Թավրիզում 1000 հոգի էր մեռել: Այսպիսի վտանգավոր ժամանակ ինչպե՞ս մեկնել Էջմիածնից: Աբեթնագովը իր նամակների մեջ, որ շարունակ ստանում էի, խոսում էր խոլերայի ընթացքի մասին և չէր թույլ տալիս մեկնել: 1000 թիվը գագաթնակետն եղավ խոլերայի, որից հետո, սաստիկ տաք օրեր հաջորդեցին և խոլերան արագությամբ նվազեց: Այն ժամանակ որոշեցինք մեկնել: Բայց այժմ էլ խոլերան անցել էր Արաքսից այս կողմ և Ջուղայի ու Նախիջևանի շրջանը վարակված էր: Չգիտեմ ինչ հանդգնություն էր իմ կողմից, որ ես նորապսակ կնոջս վերցրած, խոլերայի միջով ճանապարհ ընկա: Այն ժամանակ դեռ Երևան–Ջուլֆա երկաթուղին շինված չէր, ուստի վարձեցինք մի թուրքի կառք։ Երկուսով նստեցինք կառքը. ես ունեի harmonie-flute կոչված նվագարանը, որ Կովկասում բոլորովին անսովոր է: Այդ նվագարանը նման է մի փոքրիկ դաշնամուրի. դնում ես ծնկներիդ վրա, ձախ ձեռքով փչում ես հետևում գտնված փուքսը և աջ ձեռքով ստեղնաշարի վրա նվագում ես: Ձայնը շատ դուրեկան է և երկար, ընդհատումներ չունի: Այդ նվագարանը ես նվագում էի Կոստանդնուպոլսում, փոքր ժամանակս: Էջմիածնում եղած ժամանակս մի հայտարարության մեջ կարդալով, որ Հաչա- նում վաճառում են այդպիսի մի նվագարան, բերել էի տվել: Կինս, որ ձեռարվեստի կողմից մեծ ընդունակություն ուներ, շուտով սովորեց նվագել և այժմ, երբ կառքով գնում էինք, նվագում էր: Թուրք կառապանը շատ հաճույք էր զգում: Ձիերը սկզբում խրտնում էին, բայց շուտով վարժվեցին: Այսպես զվարճությամբ և զվարթությամբ կտրում ենք ամբողջ տարածությունը, ընդարձակ դաշտը Երևանից մինչև Նախիջևան և ապա՝ Ջուլֆա: Երկու կողմերից շարունակ ակունքներ են բխում, ջրեր են կարկաչում, առուներ հոսում: Կինս աղբյուր շատ էր սիրում և հենց որ մի ակունք կամ մի առու էր տեսնում, «ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր» էր կոչում, հաճախ կանգնում էինք և ջրից խմում: Հասանք Խանլուխլար, որ այդ շրջանի կենտրոնական հայ գյուղն էր: Իջանք հայոց դպրոցը գիշերելու: Դպրոցի տեսուչը մի երիտասարդ էր, մռայլ դեմքով, տխուր, բայց բարեսիրտ: Տխրությունը նրանից էր, որ այդ օրը հայերի մեջ խոլերայի երկու դեպք էր պատահել: «Ի՞նչ պետք է անենք,— ասում էր նա,— բժիշկ չունենք, դեղորայք չունենք. հիվանդությունը դեռ նոր է սկսում, բայց անշուշտ պիտի տարածվի. անում եմ ինչ որ հնարավոր է և ինչ որ կարդացել եմ գրքերում: Այդ երկու հիվանդներին ես պետք է խնամեմ»: — Մենք մեր գիտցած խորհուրդները տվինք. այն է հում ջուր չխմել, անլվա ձեռքով չճաշել, իրար սովորաբար ձեռք չտալ, ձեռքերը կարբոլյան ջրով լվանալ և այլն: Դրա օրինակը հենց մենք էինք: Ունեինք երկու շիշ ջուր, մեկը կարբոլկայով ջուր, իսկ մյուս սը եփած ջուր: Հացը, մի խոշոր բոքոն, առել էինք Երևանից, ուստի վարակված չէր: Ճաշի ժամանակ նախ ձեռքերս լվանում էի կարբոլյան ջրով, չորացնում, ապա հացի միջուկը փորում և այդ էինք ուտում, պանիրով կամ որևէ այլ նյութով, որ գնել էինք Էջմիածնում: LL- LLI ML- Խանլուխլարից անցնելուց հետո գիշերեցինք Նախիջևանում, մի հյուրանոցում, ուր ապրում էինք նույն զգուշությամբ: Մի ռավոտ սխալմամբ, փոխանակ մաքուր ջրի շիշը բերանս տանելու, կարբոլյան ջուրը տանում եմ բերանս և մի կում բերանս նում: Իսկույն զգում եմ հոտը և դուրս թափում: - Վախից գնացի մի դեղարան, որի տերը հայ էր. դեպքը պատմեցի. «Քանի որ չեք խմել, վտանգ չկա»,— ասաց դեղագործը և կես գդալ սոդա տալով ինձ, հանգստացրեց: Հասանք Արաքսի ափը: Ահա դիմացս հոսում է այն գետը, որ Հայաստանի նշանաբանն է դարձել, և որ երգում է շարունակ հայ ժողովուրդը ամեն տեղ։ Կանգնած դիտում եմ: Ով գիտե քանի՞ - քանի՞ դարեր հոսել է այսպես Արաքսը և հավիտյան պիտի հոսի: Երեկո էր արդեն, երբ հասանք և այդ բոլորը ես դիտում եմ մթընշաղի մեջ: Գիշերեցինք ինչ-որ հյուրանոցում և առավոտը շուտով եմ գլգան վեր կացա և գետափը դիմեցի: Լույս աչքով դիտում ալիքները, որ իրար զարնվելով, մեղմիկ խոխոջով հոսում են անընդհատ: Դիմացը Պարսկաստանն է: Գետափին կանգնած են հին ու փչացած մի խումբ նավակներ, որոնցով դիմաց պիտի անցնենք: Վախենալու բան է. հենց մի հայ երիտասարդ իր աշխույժ շարժումների մեջ այս ու այն կողմ վազվզելու միջոցին, ընկավ գետը. բայց առանց իրեն կորցնելու, իսկույն մի նավակի ցռուկից բըռնեց և ջրաթաթախ մեջը ցատկեց, իր և բոլորի ծիծաղի տակ: Ես է՞լ եմ ընկնելու քո մեջ, ո՛վ Արաքս, ասում եմ ես, բայց նույնիսկ ես, եթե քո մեջ ընկնեմ, դու ինձ չես խեղդի. քո շատ հեռավոր որդին եմ, որ եկել եմ քեզ մոտ։ Դու կխղճաս ինձ: Ես ու կինս, մեր բեռները վերցրած, վախվխելով, բայց միևնույն ժամանակ ուրիշներից քաջալերվելով, մտանք նավ և առաջ անցանք: Քանի բացվում ենք, գետը այնքան մեծանում է և մոտակա ափը հեռանում: Նավավարը թիավարելով հասավ դիմաց, ափ դուրս եկանք: Պարսկաստանում ենք: Վարձեցինք պարսկական մի կառք և երկուսով գնում ենք: Ճանապարհը հանգիստ է: Կարծեմ երկու օրից պիտի հասցներ մեզ Թավրիզ: Ամբողջ այդ շրջանը վարակված էր խոլերայով, և մենք գնում ենք նույն զգուշավորությամբ: Բարեբախտաբար ոչ մեկի հետ գործ չունենք: Ուտում ենք միայն մեր պաշարը: Հիշում եմ, որ գիշերեցինք ինչ-որ պանդոկում: Մի խումբ մարդիկ քնած են այնտեղ: Մի տեղ էլ մենք ստացանք: Կինս պառկեց և քնեց: Ես կողքին նստած հսկում եմ: Պանդոկապետը քիչ այն կողմ նստել է ճրագի մոտ և հարցնում է, թե ինչու չեմ քնում: Պատասխանեցի, որ ես չեմ քնելու մինչև առավոտ և պահանջեցի, որ ճրագը չհանգցընի: Նավթի փողը պահանջեց, վճարեցի և լույսը վառ մնաց մինչև առավոտ: Առավոտը նորից շարունակեցինք մեր ճանապարհը և երեկոյին հասանք Թավրիզ: Կառքը կանգնեց Աբեթնագով Ալեքսանյանի դռան առաջ. նա մեզ ընդունեց շատ մեծ ուրախությամբ և իր տան հյուրանոցը հատկացրեց մեզ: բա- Աբեթնագով Ալեքսանյանը Էջմիածնի Ճեմարանի հին շրջանավարտներից էր. գիտեր ուրեմն բոլոր հայկական առարկաները և հատկապես հայ լեզուն, իբրև տնօրեն Ղալա թաղի Արամյան դպրոցի մի քանի տարվա փորձառություն ուներ. բարեկիրթ և րեհոգի մարդ էր. թեև միշտ լուրջ և ծանրախոհ կերպարանք ուներ, բայց հաճախ տեսնում էիր երեսին բարեմիտ ժպիտը: Կինը շատ երիտասարդ, նուրբ և գեղեցիկ, ամուսնու նման բարեհոգի մի կին էր։ Տանը բնակվում էր նաև Աբեթնագովի ծերունի մայրը. մանր-մունը մի քանի երեխաներ էլ ունեին: Աբեթնագովը պատմեց ինձ խոլերայի մասին: Սոսկալի կոտորած է եղել թուրքերի մեջ, որոնք զգուշական միջոցների մասին ոչ գաղափար և ոչ հավատ ունենալով, անխնա զոհ էին գնացել համաճարակին: Թավրիզի 5000 շունչ հայերից միայն 2 հոգի էին մեռել, այն էլ իրենց անխոհեմության պատճառով: Այդ երկուսից մեկը հիմարաբար չհավատալով միկրոբների զորության, մի քանի հատ խաղող վերցնելով, հանդիսավորապես, շատերի ներկայությամբ սկսել է ուտել առանց լվանալու: «Տեսնեմ ի՞նչ է անելու ինձ»,— ասում է նա: Մյուս օրը հիվանդանում և մեռնում է: Մի ուրիշ հայ, չհավատալով կարբոլյան ջրի զորության, մի մեծ որդ վերցնում է և գցում կարբոլյան ջրի մեջ. քիչ հետո տեսնում է, որ որդը սատկեց. այն ժամանակ համոզվում է ջրի զորության և ասում. «Եթե այս խոշոր որդին մեկ րոպեում սատկեցրեց, փոքրիկ միկրոբներին իհարկե կկոտորի»: ԹԱՎՐԻԶՈՒՄ Երկու տարի մնացինք Թավրիզում: Շատ ուրախ և շատ հանգիստ կյանք վարեցինք: Պարսկաստանը շատ առատ երկիր է և չափազանց էժան. երկուսով օրական մի ռուբլի անկարելի էր ծախսել, նույնիսկ շատ ճոխ ապրելով: Վտանգի սպառնալիք, ոստիկանական դժվարություններ, պետական խստություն և նման անհանդուրժելի բաներ բնավ գոյություն չունեին. հայկական կյանքը բոլորովին ազատ էր. այն հայկական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում և Ասիայում հալածանքի էին ենթարկված, Պարսկաստանում բոլորովին ազատ էին: Փոստով կարելի էր ստանալ «Դրօշակ» և «Հնչակ» թերթերը և փողոցում ազատ կարդալ: Դպրոցական կյանքը ոչ մի հսկողության չէր ենթարկվում պարս- կական կառավարության կողմից: Նույնիսկ դպրոցը պարսիկ կամ ռավարությունից ամսական 50 թուման նպաստ էր ստանում: Թատրոնը ազատ էր. ամեն շաբթու հասարակական ձրի դասախոսություններ էին տեղի ունենում: Չեմ կարող իհարկե մեր երկու տարվա նկարագիրը հիշել, մանավանդ թե նրանք մեծ կարևորություն ներկայացնող դեպքեր չէին, ուստի կհիշեմ միայն քիչ ու շատ կարևորները: Նախ տանք քաղաքի նկարագիրը: Այն ժամանակ Թավրիզը Պարսկաստանի ամենամեծ և բազմամարդ քաղաքն էր: Նա ուներ 14 կիլոմետր շրջապատ և 300 000 բնակիչ, ինչ որ Թեհրանի կրկինն էր: (Այժմ այս հարաբերությունը փոխված է): Քաղաքի ծայրամասերը բոլորովին գեղջկական են. ընդարձակ պարտեզներ և նրանց մեջ մի տնակ: Երբ պարսից թագավորը այցելել է Թավրիզ և կառքով անցել է այդ ընդարձակ պարտեզների միջից, ասել է. «Ին չի բուզուրգ քենդ էսթ» (այս ինչ մեծ գյուղ է): Հայերը թվով 5000 շունչ են և գրավում են երկու առանձին թաղ՝ Ղալա և Լիլավա: Բուն հին թաղը Ղալան է, որի բնակիչ հայերը իսկական թավրիզեցի են և ունեն իրենց բարբառը. նրանք որոշվում են 6>խ արտասանությամբ, իսկ Լիլավա թաղի հայերը ուշ ժամանակ գաղթել են Ղարադաղից և Մուժամբարից, որ մի հայաբնակ գյուղ է Թավրիզից դեպի հյուսիս: Լիլավացիք էլ խոսում են Ղարադաղի բարբառը, որ Ղարաբաղի բար բառի մի տեսակն է: Ղալա թաղը ունի մի եկեղեցի և մի դպրոց: Նույնը նաև Լիլավա թաղը: Թավրիզի հայերը, կարող եմ ասել, թե ամբողջ հայության մեջ ամենաուսումնասեր, աշխատասեր և բարեկիրթ ժողովուրդ են կազմում: Հակառակ իրենց փոքր թվին, ունեին այն ժամանակ 4 դպրոց, որոնց վրա շուտով ավելացրին 2 թաղերի միջև մի կենտրոնական վարժարան: Չեմ հաշվում հայ բողոքականների դպրոցները: — Բոլոր թավրիզեցի հայերը բաժանված էին երկու կուսակցության դաշնակցական և հնչակյան. չկար մի հայ, որ կուսակցական չլիներ: Լիլավան մեծավ մասամբ դաշնակցական էր, իսկ Ղալան՝ մեծ մասամբ հնչակյան: Այնքան ուժեղ էր պայքարը այս երկուսի միջև, որ իրար հետ նույնիսկ խնամություն չէին անում: Պայքարը պատճառ էր դարձել մրցման և երկու կողմերն էլ շարունակ կազմակերպում էին հասարակական դասախոսություններ՝ գիտական և ազգային հարցերի շուրջը: Այսպես նաև թատերական ներկայացումներ: Ամեն մի կողմը ուներ նույնիսկ իր թերթը: Երբ առաջին անգամ սկսեցի դասավանդել, դպրոցի վարչությունը առաջարկեց ինձ մի դասախոսություն կարդալ: Ես հանձն առի սիրով և նյութ վերցրի, ըստ սովորականին, «Հայ ազգի ծագումը հնդեվրոպական հիմքի վրա»: Դասախոսությունը տեղի պիտի ունենար երեկոյին, Ղալա թաղի դպրոցի դահլիճում, որ նաև թատերասրահ էր: Առավոտը ինձ այցելության եկավ Գևորգ Չիլինգիրյանը, որ հնչակյան խմբի ջոջերից էր. նա կարնեցի էր, ուսուցիչ հայ լեզվի: Ծանոթացանք իրար հետ, և նա, մտերմանալով, հարցրեց դասախոսությանս մանրամասնությունները: Ես, իհարկե, կարող էի ասել, թե երեկոյին կգաք կլսեք, բայց այդպես չարի և նյութը պարզեցի ամբողջությամբ նրա առաջ: Ուշադրությամբ լսեց և հետո հարցրեց, թե այս կարծիքի դեմ հակառակորդներ չկա՞ն և ի՞նչ են ասում: Նա հակառակ կարծիքներ էլ լսեց և գոհ սրտով հեռացավ: Երեկոյին, երբ դասախոսությունս վերջացավ և նախագահը, ըստ սովորության, հարցրեց հանդիսականներին հայտնել իրենց կարծիքը և կամ հարցումներ ուղղել, վեր կացավ Չիլինգիրյանը և զայրացած տոնով և հանդիմանական ձևով ասաց. «Պարոն Աճառյանը պետք է իմանա, որ իր այդ ասածները ընդհանուր ընդունված չեն. շատեր ուրիշ կարծիք ունեն»: Եվ սկսեց մի առ մի թվել առավոտյան պատմածներս, որ զարմանալի ճշտությամբ միտքն էր պահել: Ծիծաղելի տեսարան էր: Ես միայն ժպտացի և ոչինչ չպատասխանեցի: Մի քանի ժամանակ հետո դպրոցը, ըստ օրինի, մի ներկայացում պիտի տար. ընտրեցին «Սխալ հաշիվ» պիեսան, որի գլխավոր և բացասական դերը ես վերցրի: Դերս Ալեքսանդրապոլի բարբառով էր: Երբ խաղը վերջացավ, Չիլինգիրյանը բեմ վազեց և խոսքն ինձ ուղղելով ասաց. «Այս ինչ սքանչելի ճշտությամբ կարողացաք արտասանել Կարինի բարբառը. կարծես իսկական ալեքսանդրապոլսեցի լինեիք»: ♦ Այդ ժամանակները Թավրիզում աչքի ընկնող դիրք ուներ Ատրպետը, հայտնի գրող և բազմաթիվ վեպերի հեղինակ: Նա ուներ սեփական տպարան, որտեղ տպագրում էր իր վեպերը և ուրիշ գործեր։ Չիլինգիրյանը սկսեց տպել «Ընդհանուր պատմության մի դասագիրք». բնականաբար, սկսեց հին աշխարհից, ինձ մոտ ոճով, և հարցրեց, թե «Ի՞նչ խորհուրդ կտամ»: Ես ամենից առաջ հայտնեցի, որ պետք է մտցնել նաև չինաց և հնդկաց պատմության մասին մի գլուխ: Հայտնեց, թե այդ մասին ոչինչ չգիտե: Ես հանձն Հր. Աճառյանը 1904 թվականին առի գրել այդ երկու գլուխները: Դասագրքի մեջ երկու գլուխներն էլ տպվեցին: Հետագայում, որովհետև Չիլինգիրյանը չկարողացավ վճարել Ատրպետին տպարանական ծախսերը, Ատրպետը տպագրությունը չշարունակեց, տպագրված մասերը գրավեց և այրեց: Իմ գրած երկու գլուխները, հնդկաց և չինաց մասին, մնում են ինձ մոտ մինչև այժմ՝ մի օրինակ տպագրված: Չիլինգիրյանին - ես տեսա վերջին անգամ Երևանում 1923 թվականից հետո: Ունեցանք մի տեսակցություն, որից հետո մեռավ: Թավրիզում ծանոթացած անձերիցս մեկն եղավ Նիկոլ Սարգըսյանը, որ տփղիսեցի էր, Լիլավայի դպրոցի տեսուչ, մասնագետ ֆիզիկայի և քիմիայի: Նա մի օր կարդաց մի դասախոսություն, որի միտքը այն էր, թե այն բոլոր հայերը, որ չեն բնակվում Հայաստանում, հայ չեն: - Այս դասախոսությունը, կարդացված ազգասեր թավրիզեցի հայոց առաջ՝ բոլորովին միտք չուներ: Դասախոսությունից հետո ես բարձրացա և հարց տվի. «Ուրեմն տփղիսեցի հայերը հայ չե՞ն, պոլսահայերը հայ չե՞ն, նոր-նախիջևանցի հայերը հայ չե՞ն, թավրիզեցիներն էլ հայ չե՞ն»: Նա հանդըգնեց ասելու, թե ո՛չ: «Ուրեմն ի՞նչ են»,— հարցնում եմ ես: «Պատկանում են այն ազգին, որի երկրում բնակվում են»: Ես հարցը կատակի վերածելով ասացի. «Եփրատը Հայաստանի արևմըտյան սահմանն է․ Եփրատի աջ ափին կան զանազան հայ գյուղեր, որոնք գիշերը քնում են այդտեղ, իսկ ցերեկը անցնում են դիմաց՝ աշխատանքի։ Ուրեմն այդ մարդիկը ցերեկը հայ են, գիշերը թո՞ւրք: Կան նաև, որոնք օրական տասն անգամ կամրջով գնում գալիս են. ուրեմն այդ մարդիկը օրական տասն անգամ հայ կամ թո՞ւրք են դառնում»: — Ես ու Սարգսյանը իրար հետ շատ լավ էինք: Մի անգամ ուզեցինք փորձել աֆիոն ծխել՝ իմանալու համար, թե ի՞նչ համ ունի: Ինչպես հայտնի է, ամբողջ Պարսկաստանը աֆիոն է ծխում և այդ պատճառով մարդիկ թմրած, շշմած ու թույլ են։ Տեղացի մեր ընկերները արգելեցին կատարել այդ փորձը. «որովհետև,— ասացին,— դա այնքան հաճելի բան է, որ երբ մի անգամ փորձեք, է՛լ չեք կարող թողնել»: — Սարգսյանին ես տեսա 1923 թվականից հետո Հայաստանում: Նա Թիֆլիսում ուսուցիչ էր. շուտով մեռավ երիտասարդ հասակում: Ղալայի դպրոցում իմ ավանդած առարկաներն էին հայերեն և 11-19 ֆրանսերեն: Մի օր ուսուցչանոցում ես գանգատվեցի այն մասին, թե ամեն րոպե խոսում են հայոց նոր գրականության մասին, բայց ոչ մի տեղ հայոց նոր գրականության պատմություն չեն անցնում: Բոլորը ձայնակցեցին ինձ և իրավունք տվին և հետո տեսուչ Աբեթնագով Ալեքսանյանը պաշտոնապես պարտադրեց ինձ անցնել հայոց նոր գրականության պատմությունը: Ես իմ վրա վերցրի այդ պարտականությունը և հաջորդ օրվանից սկսեցի դասախոսել այդ առարկան: Առարկան մաս-մաս թելադրում էի աշակերտներին. հետագայում ավելի ընդարձակելով՝ տպագրության հանձնեցի «Պատմություն հայոց նոր գրականության» գրքիս պրակները: Մի ուրիշ անգամ էլ խոսք եղավ ուսուցչանոցում Պարոնյանի մասին: Ես ասացի, որ նա ինձ ուսուցիչ է եղել: «Ի՞նչ առարկայից»,— հարցրին ուսուցիչները: «Հաշվապահությունից. Կոստանդնուպոլսում, բոլոր դպրոցներում, սովորում են հաշվապահություն, որովհետև Կոստանդնուպոլսի Հայ վաճառականները հայերենով են հաշիվ պահում»: «Ուրեմն դուք հաշվապահություն գիտե՞ք»,— հարցրեց Աբեթնագով Ալեքսանյանը,— կարո՞ղ եք ավանդել այդ առարկան»: «Այո»: «Ինչո՞ւ չէիք ասում մինչև հիմա,— գանգատվեց նա.— ամեն տարի մենք դիմում ենք Կովկաս և հաշվապահության ուսուցիչ ենք փնտրում, բայց երբեք չի հաջողվում, որովհետև դասերը քիչ են և բավական չեն ուսուցչի ռոճիկը վճարելու: Եկող տարվանից խնդրում ենք ձեզ, որ դուք դասավանդեք նաև հաշվապահություն, որովհետև մեր հայ վաճառականներն էլ հաշիվները հայերեն են պահում և հայ հաշվապահի պետք ունեն»: Ես ընդունեցի և երկրորդ տարվանից ես դասավանդում էի նաև հաշվապահություն վերջին, ավարտական դասարանում: Այստեղ մի զարմանալի երևույթ նկատեցի: Ավարտական դասարանում մի աշակերտ ունեինք Խալաֆյան ազգանունով. Սալմաստի գյուղերից հարուստ ընտանիքի զավակ էր, վաճառականի որդի: Բարձրահասակ մի տղա էր. այնքան անձըն վեր էր դեպի ինձ, որ իմ ամեն մի առաջարկս ամենայն սիրով, ծառայի նման կատարում էր և ինձ ծառայելը իրեն համար մի հաճույք էր: Ես այդ աշակերտին շատ էի սիրում, բայց դժբախտա բար նա շատ անընդունակ էր և ոչինչ չէր սովորում: Երբ հաշվապահություն սկսեցի ավանդել, նա այնքան լավ սովորեց այդ ա ռարկան, այնքան շուտ յուրացրեց, որ եղավ դասարանի առաջինը։ Այն ժամանակ ես այն գաղափարը կազմեցի, թե ամեն աշակերտ ընդունակ է մի բանի, բայց պետք է իմանալ, թե ինչ բանի: Դպրոցի ուսուցիչները մեծ մասամբ Ճեմարանի իմ տաճկահայ աշակերտներից էին. այսպես՝ Վարդան Բաղեշցյան ( վանեցի), Արմենակ Բարսեղյան (եվդոկիացի), Գալուստ Իսկենդերյան (վանեցի), Հայրապետ Պանիրյան (վանեցի) և այլն: Սենեքերիմ Տեր- Հակոբյանը (գյումյուշխանեցի), թեև նույնպես իմ աշակերտներից էր և միասին բնակակից էինք Թավրիզում, բայց պաշտոնավարում էր Լիլավայի դպրոցում: ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ Ցարական դավաճանության արդյունքներից մեկն էլ թուրքհայկական ընդհարումները եղան, որ մի տարի ամբողջ Կովկասի հայությունը տակնուվրա արին: Ցարը ուզեց նաև հայ-վրացական ընդհարում ստեղծել, բայց վրացիք մերժեցին և այդպիսի մի հիմար շարժում տեղի չունեցավ: Ցարը աշխատեց նաև Թավրիզում ստեղ- -ծել հայ-թուրքական ընդհարում: Այս նպատակով Կովկասից Թավրիզ ուղարկեցին զանազան թուրք գործակալներ, որոնք պիտի գրգռեին ժողովուրդը և նրանց մեջ ընդհարում առաջացնեին: Շահը տեղյակ էր այս մասին և ամեն կողմ խիստ պատվեր ուղարկեց առաջքը առնելու այդպիսի ընդհարման, հայտնի իմանալով, այդ շարժման նպատակը ռուսական բանակով Թավրիզը գրավելն էր, իբր թե ի պաշտպանություն հայերի: Նույնիսկ շահը ասել էր, թե «Իմ երկիրը Ռուսաստան չէ, ես հայերի և պարսիկների մեջ այդպիսի ընդհարում չեմ թույլ տա»: որ Սակայն խմորումը բույն էր դրել թուրք ժողովրդի մեջ Թավրիզում. հայերը գիտեին այդ և ամեն կերպ խուսափում էին: Իսկ եթե հանկարծ, նույնիսկ պարսից պետության կամքին հակառակ մի այդպիսի շարժում տեղի ունենար, ի՞նչ պիտի անեին: Հայերը, ըստ կարելվույն, պատրաստվեցին դիմադրել: Բավական մեծ քանակությամբ ռումբեր պատրաստ պահեցին կռվի օրը գործադրելու համար. ինձ գրել տվին թուրքերեն հայտարարություն այն մասին, թե «Մենք թուրքերի հետ կռիվ չունենք. նրանք մեր եղբայրներն են, իսկ եթե նրանք շեյթանի հորդորով մեր դեմ դուրս կգան, մենք պատրաստ ենք կռվելու: Չոխդան չոխ գիդեր, ազդան ազ (շատից շատ կգնա, քչից քիչ)»: Ռումբի պահեստը մեր տանն էր: Մեր տունը գտնվում էր Ղա- լայի հայոց եկեղեցու կողքի փողոցում, երկու սուն ցածը հայտնի պատմաբան Առաքել Դավրիժեցու տնից, որ բռնում էր նույն փողոցի անկյունը: Մեր տունը ընտրելու պատճառը այն էր, որ տանը բնակվում էինք ես ( ռուսահպատակ), Սենեքերիմ Տեր-Հակոբ-- յանը ( տաճկահպատակ), իսկ տանտերն էլ պարսկահպատակ, ուստի մեր տունը խուզարկելու համար 3 պետություն պետք է միանային: Մի շաբաթ երեկո ընդհարումը պատրաստ էր սկսվելու: Եկե ղեցուց դուրս գնալու միջոցին, վիթխարի հասակով մի թուրք, փողոցի ծայրին կանգնած միզել սկսեց, ցուցադրական կերպով հայ օրիորդների և տիկինների ներկայությամբ: Հայ երիտասարդները արգելեցին նրան, նա կռիվ սկսեց և չէր ուզում հեռանալ: Ուսուցիչ Հայրապետ Պանիրյանը, որ այնտեղ նույն րոպեին ներկա էր, մտածում է՝ «ահա րոպեն եկավ»: Իսկույն վազում է Ղալա բեկի մոտ, որ հայոց թաղի թուրք ոստիկանապետն էր: Նա շատ բարի մարդ էր և հայոց մտերիմ: Լսելով դեպքը, Պանիրյանի հետ միասին շտապեց դեպքի տեղը: Հրամայեց թուրքին հեռանալ այդտեղից: Թուրքը դիմադրեց և կռվել սկսեցին: Ոստիկանապետը տեսնելով, որ վիթխարի թուրքը չի հպատակվում, քանդեց իր մեջքին կապած լայնատարած գոտին, փաթաթեց վիթխարի թուրքի մեջքին, և ուսին գցելով, ինքը, որ ավելի վիթխարի էր քան այն վիթխարի թուրքը, այսպես շալակած առավ տարավ ընդհանուրի ծիծաղի տակ: Այսպես վերջացավ չսկսված ընդհարումը Թավրիզում: Ռում-- բերը և հայտարարությունները անտեր մնացին: ԵՍ ՈՒ ԿԻՆՍ Ինչպես ասացի, դպրոցում ես ավանդում էի հայերեն և ֆրանսերեն: Մյուս առարկաները հետո ավելացան: Ամսական ստանում էի 50 թուման: Կինս ավանդում էր ձեռագործ, ռուսերեն և թվաբանություն. ստանում էր 40 թուման: Երկուսով ստանում էինք ուրեմն 90 թուման, որ անում էր 180 ռուբլի ոսկի փող: Պարսկաստանի փողը, Կովկասի հետ համեմատած, անունով նույն, բայց 5 անգամ պակաս է: Այսպես՝ մեկ շահին Կովկասում 5 կոպեկ է, իսկ Պարսկաստանում 1 կոպեկ. աբասին այստեղ 20 կոպեկ է, այնտեղ՝ 4 կոպեկ. թումանը այստեղ 10 ռուբլի է, այնտեղ՝ 2 ռուբ- լի: Նույնիսկ Թիֆլիսում 10 կոպեկանոցը կոչվում էր բուզալթուն, որ Պարսկաստանում կոչվում էր յուզալթուն և արժեր 2 կոպեկ: Յուզալթուն թուրքական բառ է և նշանակում է «100 ոսկի». երբ մուրացիկը Պարսկաստանում մուրալով ասում է. «Ալլահ աշքընա, բիր յուզալթուն վերին» ( Աստծու սիրուն, մի 100 ոսկի տվեք), մեր ծիծաղն էր շարժում: Պարսկաստանում ոսկի դրամ չկա: Թղթադրամն էլ սովորական չէր, ամբողջ դրամական գործողությունները կատարվում էին արծաթ դրամով և հատկապես 2 ղրանանոցով, որ է 40 կոպեկ: Երբ առաջին անգամ պիտի ստանայի ռոճիկս, հաշվապահը կանչեց ինձ՝ գումարը վճարելու: — Ի՞նչ աման եք բերել,— ասաց նա: Գրպանս կլցնեմ: Գրպանը փոքր է: Ես թաշկինակս պարզեցի: Թաշկինակն էլ փոքր է, մեծ աման բերեք: Ես գնացի տուն և ծաղրի համար վերցրի շաքարի տոպրակը և բերի դպրոց: Հաշվապահը տեսավ և ասաց. — Այդ լավ է: Պարսկաստանում գումարները վճարում էին հետևյալ ձևով: Հաշվապահը իր առաջ ունի տախտակե հարթ մի ափսե. գցում է նրա վրա 5 հատ 2 ղրան, որ անում է մի թուման: Ստացողը ձեռքով քաշում է և գցում տոպրակը: Այսպես շարունակ և մեքենայի նման արագ: Ծաղրի համար բերած տոպրակս լրջորեն լցվեց, և ես գրկած տուն տարի: Դրի պատուհանի առաջ: Կեր որ վերջանա: Պարսկաստանը շատ էժան երկիր էր: Այժմ խոսենք մեր ծառաների մասին, ինչ որ բավական զվարճալի է: Վարձել էինք Վարդան անունով մի ծառա, լիլավացի: Ասում էին, թե սոսկալի գող է. բայց մենք չէինք նկատում: Հաշվի մեջ ճիշտ էր, գնումները արագ էր կատարում, լավ կերակուր եփում: Մի օր տանը չեղած ժամանակ գնացի խոհանոց և տեսա սեղանի վրա կործած մի թաս: Թասը բարձրացրի և տակին տեսա յուղ: Քիչ հետո Վարդանը եկավ և խոհանոց մտնելով, նորից մեկնեց: Ձեռքին ոչինչ չկար: Նորից գնացի խոհանոց, թասը բարձրացրի, յուղը չկար: Դուրս եկա, հետևեցի Վարդանին, մինչ Լիլավա: Խանութից խանութ էր մտնում, բայց ոչինչ չէր առնում: Վերջապես մոտեցա իրեն. Վարդան, այստեղ ի՞նչ ես անում: Շփոթվեց և կարմրեց. նկատեցի, որ ճակատի 2 կողմից քըրտինք է հոսում. գլխարկը բարձրացրի, յուղը այնտեղ էր: Իսկույն արձակեցի: Բռնեցինք մի ուրիշ ծառա, Հակոբ անունով. վանեցի էր և շատախցու նման լայն շալվար էր հագած: — Լավ կերակուր եփել գիտե՞ս,— հարցրինք: Օհո՜, ես ռուսաց կոնսուլի պովորն եմ եղել. այնպես կերակուրներ եփեմ, որ մատներդ հետն ուտեք: — Բադինջանով դոլմա կարո՞ղ ես եփել: Օհո՜, այնպես եփեմ, որ մատներդ հետն ուտեք: Որովհետև այսպիսի սքանչելի խոհարար էի գտել, ուստի իմ ընկեր ուսուցիչներին ճաշի հրավիրեցի հետևյալ օրը: Նստել ենք, սպասում ենք ճաշի. ժամանակը անցնում է, և ճաշը չի գալիս: Շատ երկար սպասելուց հետո Հակոբը ներս մտավ, ձեռքին մի խոշոր տափակ պնակ, որի մեջ ջուրը առատորեն ծփում էր, ջրի մեջ լողում էին 4 հատ բադինջան: Դրեց սեղանի վրա: Վերցրի մեկը, փորձեցի կտրել, բայց այնքան հում էր, որ դանակը չէր զորում: Անկարելի եղավ ուտել: Կանչեցինք Հակոբին և առաջարկեցինք ` վերցնել: — Այս կերակուրը ի՞նչ թերություն ունի,— զարմացած հարցրեց Հակոբը: Պանիր հաց կերանք և Հակոբին ճանապարհ դրինք: Չմոռանամ ասելու, որ Վարդանը եկել էր մեզ մոտ իր իրերը վերցնելու. երբ տեսավ նորակոչ Հակոբին՝ ասաց. — Լավ տեղ ես ընկել, ախմախ մարդիկ են. ոչ փող գիտեն, ոչ հաշիվ: Կեր, խմի, խաբի, գողացիր, սուտ խոսի ինչքան ուզես: Հակոբից հետո վարձեցինք մի երկրորդ Վարդան. սովուղբուլախցի թրքախոս հայ էր: Շատ բարի, ուղղամիտ և կրոնասեր: Ծառայում էր շատ հավատարմությամբ. երբ շուկայից գալիս էր և մի քանի շահի հետ բերում, մենք այդ գումարը իրեն էինք նվիրում. ամեն անգամ ասում էր. Այս փողը հալա՞լ եք անում, սրտա՞նց եք տալիս, հարամ չէ՞, վերցնե՞մ: Եվ չէր վերցնում, մինչև որ համոզում էինք, թե սրտանց ենք նվիրում իրեն: Բայց Վարդանը շատ սնահավատ էր: Մի երեկո տեսնում ենք Վարդանը չկա. երկար սպասելուց հետո գնում եմ նրա տունը և տեսնում եմ նրան այնտեղ: — Վարդան, ինչո՞ւ չես գալիս: Ես վախենում եմ, ձեր տանը սատանա կա: Սատանան որտե՞ղ էր: Խոհանոցում, ճրագի վրա նստած է: Վերցնում եմ հետս, խոստանալով, որ ես աղոթքով կհեռացնեմ սատանային: Գալիս ենք տուն, մտնում ենք խոհանոց, լուցկին վառում եմ և մոտեցնում ճրագին: Երբ պատրույգը բավական բարձրացրած չէ, բոց չի վերցնում, հանգում է: Պատրույգը բարձրացրի, իբր թե սատանային հեռացրի և ճրագը վառվեց: Վարդանը ուրախացավ և հավատաց, թե ես սատանաները վանելու կաս րողություն ունեմ: Մի օր ես ու կինս խոսում ենք: Կինս ասաց. Ա՜յ եղբայր, այդպես չէ: Ես պատասխանեցի. — Ա՜յ քույր, այդպես է: Վարդանը թթվեց, ուզում էր հեռանալ: Ա՜յ Վարդան, ի՞նչ կա, ի՞նչ եղար: Նա քեզ ասաց եղբայր, դու նրան ասացիր քույր. այդպես բան կարելի՞ է: Հազիվ կարողացանք համոզել, որ դա կատակ է, և մնաց: * Կինս հիվանդացավ: Բժշկությունը իմ շատ սիրած գիտությունն է եղել: Կոստանդնուպոլսում փորձել էի բժշկականը մտնել, չընդունեցին: Փարիզում միջոց չունեցա: Շուշում ես կարդացի ամբողջ բժշկական կուրսի գրքերը, փոխ վերցնելով բժիշկ Օհանյանից: Կարդացի Trousseau-ի բժշկական հինգ հատորները՝ Patho- logie génerale, Pathologie interne, Pathologie externe, Thé- rapeutique, Pharmaciologie, Anatomie générale գրքերը: Այս վերջինից անմոռանալի է մնում մտքումս այն կետը, թե մարդու սրբագրությունը և բնության դեմ անկարելի է: Օրինակ էր բերում հրեաների թլպատումը, որ 3500 տարի է գործադրվում է, բայց ոչ մի հրեա թլպատված չի ծնվել: Ես այս օրինակի վրա մի ուրիշ ավելի ընդհանուր օրինակ եմ ավելացրել: Ամբողջ աշխարհում, մարդկության սկզբից մինչև այժմ, ամենավայրենի մարդուց սկսած մինչև ամենամեծ ազնվական կինը երկու ականջը ծակում են, օղ անցկացնելու համար, բայց մինչև այսօր ոչ մի աղջիկ չի ծնվել երկու ականջը ծակած: Այս օրենքը կարելի է փոխադրել նաև լեզվի մեջ: Անհատական կամքը լեզվի մեջ արժեք չունի: Վերջում ձեռք բերեցի նորավարտ բժիշկների համար պատ րաստված մի հիանալի ձեռնարկ, ֆրանսերեն լեզվով, որի մեջ հեղինակը խոսում էր մոտ 300 հիվանդության մասին, տալիս էր այդ հիվանդությունների éthiologie (պատճառագիտություն), dia- gnostique (ախտորոշություն) և thérapeutique (բուժագիտություն), այսինքն՝ հիվանդությունների պատճառը, ճանաչումը և բուժումը: Վերջին հատվածը տալիս էր այն բոլոր դեղատոմսերը, որոնք կարևոր են նորավարտ բժշկի համար: Այս գիրքը շարունակ կարդալով և սովորելով, ընկերական շրջանակի մեջ ձրի բժշկություն էի անում: Այժմ, երբ կինս հիվանդացավ, արտաքին նշաններից ենթադրեցի, որ տիֆ է (որովայնային): Բաց արի գրքի համապատասխան գլուխը՝ ստուգելու համար. նշանները հետևյալներն էին՝ գլխացավ, փորի խանգարմունք ջերմով: Բայց ամենակարևոր նշանը հետևյալն էր. երբ հիվանդի ձախ սնակուշտը սեղմես, լսվում է կ՜ռթ մի աղմուկ. այդ ազմուկը լսվում է առաջին երկու երեք օրերում և հետո անհետանում: Ես փորձեցի և աղմուկը լավ լսեցի: Այլևս կասկած չկար: Թավրիզում այն ժամանակ լավագույն բժիշկն էր համարվում մի տիգրանակերտցի հայ, որ սովորել էր Ամերիկայում: Բարձրահասակ մի մարդ էր, որ հետս լավ ծանոթ էր: Հրավիրեցի նրան, քննեց և ասաց, թե անցողական հիվանդություն է: Ես հարցրի նրան, թե տի՞ֆ է, ասաց ոչ: Ես չհավատացի, բժիշկը շարունակեց իր այցելությունները, և երբ հիվանդությունը հետզհետե սաստկացավ, ստիպվեց խոստովանվել, որ տիֆ է: Հարցրեց ինձ. «Այն աղմուկը իսկապես լսեցի՞ր». հաստատեցի թե «այո»: Կնոջս հիվանդությունը հետզհետե սաստկացավ: Ջերմությունը հասավ բարձր աստիճանի: Բոլոր մերձավորներս վարակվելու երկյուղից փախան: Ես մենակս խնամում էի նրան: Տիգրանակերտցի բժիշկը ինձ ասաց. «Չվախենաս, միկրոբները Պարսկաստանում շատ տկար են, արևը ոչնչացնում է նրանց: Թավրիզում չեմ տեսել մարդ, որ տիֆից մեռնի: Նույնիսկ սիֆիլիսը այնքան թույլ է մեզ մոտ, որ ոչինչ նշանակություն չունի»: Այս խոսքերը, թեև հուսադրական, բայց բուժիչ չէին: Հիվանդությունն այնքան սաստկացավ, որ իմ բժիշկներից մեկը՝ Անդրանիկ Հակոբյանը, գիշերեց ինձ մոտ, վտանգի րոպեին իբր թե օգնության հասնելու համար: Այս Անդրանիկ Հակոբյանը խարբերդցի էր. Էջմիածնի Ճեմարանում սովորական դեղագործ էր. «Բյուրակն» ամսաթերթում «Կայծոռիկ» ծածկանունով հոդվածներ էր գրում: Մի հոդված էլ միասին ենք գրել «Մանիսացիները իբրև գաղթական խարբերդցի» վերնագրով: Անդրանիկը հնչակյան գործիչ էր եղել, ինչպես ինքն էր ասում և անունը ծածուկ էր պահում, իբր թե այնքան մեծ հեղափոխական գործունեություն էր ցույց տվել, որ տաճիկ կառավարությունը ամեն կողմ փնտրում էր նրան և եթե գտներ, կախաղան պիտի բարձրացներ: Այսքան մեծ կարծիք ուներ իր մասին: Այնուհետև Էջմիածնից գնացել է Լոնդոն և այնտեղ 3 ամսվա մեջ բժշկական վկայական է ստացել: Այս անհավատալի հեքիաթը եզական կդառնա երբ ասեմ, թե նա բողոքական քարոզիչ էր: Անդրանիկը իբրև ընկեր շարունակ այցելում էր հիվանդիս: Ես չափազանց հուսահատված էի: Հազիվ եկել ենք Պարսկաստան, հազիվ կարողացել եմ հոր ձեռքից խլելով հեռացնել Շուշուց և ահա նա մահամերձ հիվանդ է: Ի՞նչ պատասխան պետք է տամ հորը: Հուսահատությունից որոշեցի, որ ես էլ վարակվեմ և հետը մեռնեմ: Խմում էի նույն բաժակից և նույն տեղից: Զգուշական միջոցների չէի դիմում, բայց չվարակվեցի: Վերջապես իմ մեջ ամփոփվելով այդ միտքը դեն գցեցի: Եթե ես վարակվեմ, ո՞վ պիտի բուժի մեզ: Ավելի լավ է ես հետևեմ նրան, աշխատեմ, որ բուժվի, իսկ եթե մեռնի, ես էլ կարող եմ մեռնել ուրիշ միջոցով: Մի ամիս հետո հիվանդը լավացավ. բժիշկ Անդրանիկը իրավունք տվեց ուտելու: «Ի՞նչ տամ ուտելու»,— հարցրի ես: «Խաշած կարտոֆիլ կարող եք տալ»,— ասաց նա: Ես կասկածում էի, գիտեի, որ մինչև մի ամիս պետք չէ ուտելիք տալ: Բայց որոշ չափով հավատացի բժշկին, մի շատ փոքրիկ կտոր կարտոֆիլ տվի, երկրորդ օրը կրկնվեց հիվանդությունը: Բժիշկը եկավ և զարմացավ: «Ի՞նչ ես տվել ուտելու»,— հարցրեց ինձ: «Մի փոքրիկ կտոր կարտոֆիլ, ինչպես ասել էիր»: Շվարեց, կմկմաց, բայց անօգուտ: Երեք շաբաթ ևս տառապեց խեղճ կինս և վերջապես լավացավ: Ազգամիջյան ընդհարումներն սկսվել էին Կովկասում: Երկրից ոչ մի նամակ չունեինք: Այս դրությունը անտանելի էր մանավանդ կնոջս համար, որ կարծում էր, թե ամբողջ ընտանիքը զոհված է: Ճարահատյալ մի խարդախ միջոցի դիմեցի: Իմ լավ աշակերտնե- րից մեկին՝ Տիգրան Բաղդասարյանին, որ այժմ Պարսկաստանում հայտնի ատամնաբույժ է, կանչեցի ինձ մոտ և թելադրեցի հետևյալ սուտ նամակը (մոտավորապես). «Հարգելի պարոն Աճառյան. այսօր մեր հիվանդանոցը եկավ ձեր ազգական Սմբատ Ավանյանը իր կնոջ և ամբողջ ընտանիքի հետ: Մեր հիվանդանոցը այժմ բոլոր բաքվեցի վտանգված հայերի ապաստարանն է: Նա հայտնեց, որ ձեր աները՝ Բալասան ապերը իր ամբողջ ընտանիքով ողջ և առողջ է: Նրանց թաղը վտանգի տակ չէ: Այս նամակը գրեցի և մի վստահելի ադրբեջանցու ձեռքով ձեզ ուղարկեցի, որպեսզի դուք և տիկինը անհոգ լինեք: Բարևներով՝ բժիշկ Քրիստափոր Օհանյան»: Այս նամակը գրեց Տիգրանը և ծրարի մեջ դնելով՝ տարավ: Երկու ժամ հետո բերավ տուն, հանձնեց ինձ և կնոջս, ասելով, թե մի ադրբեջանցի բերել է Բաքվից և հանձնել է մի հայ մարտիկի, ձեզ հասցնելու համար: Կինս բացեց նամակը, կարդաց, ճակատի մռայլը փարատվեց և ուրախությունը փայլեց երեսին: ԻՄ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԹԱՎՐԻԶՈՒՄ Բնականաբար Արմատական բառարանս ճոխացնել չէի կարող Թավրիզում, ուր համապատասխան միջոցներ չկային: Ես ձեռնարկեցի կազմել Թավրիզի ձեռագրաց ցուցակը: Այս գծով իմ առաջին աշխատանքը եղել է Կարնո ձեռագրաց ցուցակը, որ կազմել էի Սանասարյան վարժարանում: Այժմ ավելի փորձված է: Ղալայի դպրոցի գրադարանը ուներ 51 ձեռագիր, իսկ առաջնորդարանը ուներ 19 ձեռագիր, որոնց վրա ավելացնելով Լիլավայի և մասնավոր անձանց ձեռագրերը, ստացվեց մի հատոր, որ հրատարա կեցի Վիեննայում 1910 թվականին: Այս ձեռագրերի մեջ առանձին հիշատակության արժանի են երկուսը: Առաջինն էր «Տաղարան Առաքել Բաղիշեցւոյ», գրված ԺԵ դարից հետո, որ պատկանում էր կառապան Հարություն Աստաֆյանին և նրա որդի Գարեգին Աստաֆյանին: Այս երկուսը տրապիզոնցի էին, ուսումնասեր և ազգասեր մարդիկ: Ձեռագիրը սքանչելի էր. պարունակում էր Առաքել Բաղիշեցու բոլոր գործերը՝ գրված սքանչելի գեղեցկությամբ: Հարություն Աստաֆյանը խնդրեց ինձնից այն բժշկական գիրքը, որ հիշել եմ վերևը (էջ 296), և ես նվիրեցի նրան: Ես էլ արտագրեցի շատ մեծ ուշադրությամբ Բաղիշեցու Տաղարանը և պահեցի ինձ մոտ: Հետագայում Աստաֆյանները գնացին Տրապիզոն, անշուշտ իրենց հետ տանելով ձեռագիրը: Եթե այսպես է, Տրապիզոնի մեծ կոտորածին իրենք էլ և այն ձեռագիրն էլ ոչնչացան: Ես հետո արտագրած ձեռագիրս հանձնեցի Հ. Ներսես Ակինյանին, ուրիշ ձեռագրերի հետ և այժմ գտնվում է Վիեննայի Մխիթարյանց վանքում: Երկրորդ ձեռագիրն է Սմբատ Գ թագավորի անասնաբուժությունը, որի մասին կխոսենք հետո: Երկրորդ աշխատանքս եղավ հայ գաղութների պատմությունը, որ մրցանակի էր դրված Լազարյան Ճեմարանի կողմից, երկու հազար ռուբլի վարձատրությամբ: Պայմանաժամն էր 2 տարի։ Ես և իմ բնակակից, նախկին աշակերտ և այժմ ուսուցիչ Սենեքերիմ Տեր-Հակոբյանը միասին ձեռնարկեցինք նույն գործին, բայց յուրաքանչյուրս իրեն համար: Ես սկսեցի հավաքել այն բոլոր տեղեկությունները, որ վերաբերում էին գաղութներին: Կարդացի պատմագիրները, ճամփորդական հուշերը, լրագրական հոդվածներ, ձեռագրական հիշատակարաններ և այլն: Այս բոլորից հավաքելով նյութերը, որոնք շատ բազմաթիվ էին և շատ ցրված, դասավորեցի և ի վերջո մի ամբողջություն կազմեցի: Աշխատում էր նաև Սենեքերիմը: Մենք զգուշանում էինք մեր աշխատության արդյունքը ցույց տալ միմյանց, վախենալով, որ մեկը մյուսից կգողանա: Ես իմ աշխատանքը միշտ փականքի տակ էի պահում: Հետագայում պիտի տեսնենք, որ ես աշխատությունը ներկայացրի և ստացա մրցանակը, իսկ Սենեքերիմը ոչինչ չհրատարակեց: Էջմիածնում արտագրել էի հոյակապ Տաղարանը, որի վրա ավելացան Թավրիզում գտած տաղերս և ամբողջ Գանձարանը, որ արտագրեց կինս: ՄԵԿՆՈՒՄ ԹԱՎՐԻԶԻՑ Մեր Թավրիզ գալու պատճառը Շուշվա թեմականի փակումն էր, որ արդյունք էր ցարական բռնակալության: Սկսվեցին հեղափոխական շարժումները Պետերբուրգում և ամբողջ Ռուսաստանում: Տեղի ունեցավ մի հոյակապ գործադուլ, որ տևեց 6 ամիս: Ցարը ստեղծեց հայ-թուրքական ընդհարումները, որոնք վտանգավոր դարձրին կյանքը Կովկասում մի ամբողջ տարի: Հեղափոխականները ռմբակոծեցին թագավորական պալատը և ցարը զի- ջելով՝ ստիպվեց շնորհել «ընդհանուր ազատություն»: Ցենզուրան անգամ վերացավ: Մենք էլ պատրաստվեցինք մեկնել Թավրիզից: Այն ժամանակ դեռ երկաթուղին պատրաստ չէր: Ուստի պիտի մեկնեինք կառքով: Թավրիզից մինչև Արաքս ոչ մի վտանգ չկար, ուստի վարձեցինք մի կառք և ճանապարհ ընկանք: Հազիվ հասել էինք Առաքել Պատմագրյանի տան առաջ, որ մեր տնից երկու տուն վերև էր գտնվում, հայոց եկեղեցու նրբանցքի անկյունում, այնտեղ, որտեղ ընդհարման դեպքը պիտի սկսեր, մի երիտասարդ ներկայացավ ինձ և ասաց. «Այստեղ, այս տան մեջ մի լավ ձեռագիր կա»: Կառապանից խնդրեցի զիջել մի քանի րոպե: Մտա դերձակ Շիրմազանի տունը, ուր գտնվում էր այդ ձեռագիրը: Ի՜նչ ձեռազիր. ամբողջ Թավրիզն արժեր ինձ համար: 1295—1298 թվականից մի ձեռագիր էր, որ գրել էր տվել հայոց Սմբատ Գ թագավորը: Արքայական մատենադարանի գրքերից էր, անասնաբուժություն՝ «Բժշկական ձիոյ և առհասարակ գրաստնոյ»: Չէի կարող մի քանի րոպեում, երբ կառապանը սպասում էր, արձանագրել ինչ որ կա րևոր էր այդ ձեռագրից: Այնուամենայնիվ ես քաղեցի այնքան նյութ, որ գրավեց «Հանդէս ամսօրեայ»-ի մի տպագրյալ էջը: Կառքը ճանապարհ ընկավ: Ապահով հասանք Արաքս: Անցանք սահմանը: Ներկայացանք մաքսատուն, ուր պետք է մեր իրերը քննեին: Արգելված ոչինչ չունեինք: Քննիչը գրավեց իմ Արմատական բառարանը և հարցրեց, թե սա ի՞նչ է: Ես պատասխանեցի. «OTHMOIorHqecKHCIoBapb»: Գիրքը գրավեց և ասաց, թե պիտի ուղարկի Թիֆլիս՝ Ցենզուրին: Ես ցենզուրից չէի վախենում, բայց ի՞նչ երաշխիք ունեի, թե գիրքը ճանապարհին չէր կորչելու: Այս սարսափիս մեջ ներկայացավ գլխավոր քննիչը և հարցրեց. «Սա ի՞նչ գիրք է»: — ցի ես: — зтимологический словарь армянского языка,-шд- — cTopwqecKe IIyCTAKH,— գոչեց քննիչը և անարգանքով հետ շպրտեց գիրքը դեպի ինձ: Որքան հրճվալից էր ինձ համար այս անարգական գնահատականը: Երկրորդ անգամն էր, որ «Արմատական»-ս փրկվում էր կորստից։ Մենք գնացինք Ջուլֆայում մի ինչ-որ սենյակ, ուր կային նաև մի քանի այլ անձինք. բոլորը հայեր էին և բոլորը տխուր։ Ամենքի սիրտը սարսափով լցված էր և սպասում էին թուրքական հարձակման։ Մենք էլ վտանգի կենտրոնումն էինք: Ո՞վ պիտի փրկեր մեզ: Ներկաներն ասացին, որ պետք է սպասել Սմբուլին: Ո՞վ էր այդ Սմբուլը։ Գյուղի նշանավոր կառավարիչը: Քիչ հետո ներս մտավ։ Նա իմ հին աշակերտներից էր, մշեցի մի երիտաս սարդ, որ սովորում էր Ճեմարանում: Սիրով բարևեցինք իրար. նրա դեմքն էլ մռայլ էր: Տխրությամբ պատմեց, թե սպասում են ընդհարման, իսկ իրենք միջոց չունեն դիմադրելու: Այս բոլորը մեզ համար շատ վատ վիճակ էր ստեղծում: Արդյոք գնա՞լ մոտակա Հին-Ջուղա հայկական գյուղը, թե՞ ճանապարհ - ընկնել: Սմբուլը խորհուրդ տվեց մեկնել և դրա համար խոստացավ տալ 2 ձևավոր քաջ մարտիկ: Մարտիկները զինվեցին ատրճանակներով (հրացան չէր կարելի), առաջ ընկան մեզանից, աջից ու ձախից, ես ու կինս նստեցինք կառք և մեկնեցինք նրանց ետևից: Ձիավոր մարտիկները շարունակ հսկում էին, թե հետևից կամ առաջից թուրքեր չե՞ն գալիս: 40 կիլոմետր այսպես գնացինք, մինչև հասանք Նախիջևանի կայարանը, ուր գնացքը սպասում էր: Ձիավորները իջան ցած և ինձ ու կնոջս տեղավորեցին վագոնում: Ես նախապես Սմբուլին հարցրել էի, թե մարտիկներին ինչքան վճարեմ: «Ամենևին,— ասաց նա,— փողի խոսք չանեք, կվիրավորվեն, նրանք զինվոր են»: Ես ու կինս սեղմեցինք նրանց ձեքը ջերմագին և կրկին ու կըրկին շնորհակալություն հայտնեցինք, իսկ նրանք, ձեռքերը կրծքին դրած, գլուխս տալով, «մեր պարտքն է մեր ուսուցիչներին» ասացին և հեռացան: Գնացքը շարժվեց և հասանք Երևան: ԲԱԹՈՒՄԻՈՒՄ Երբ ծնողներս մեկնեցին Շուշուց Բաթումի գնալու համար, մենք նրանց հետ թղթակցում էինք և այդ թղթակցությունը շարունակեցինք նաև Թավրիզից: Ծնողներս թեև ուզում էին գնալ Կոստանդնուպոլիս, բայց հավանելով Բաթումիում ծովին, ձկան, սրճարաններին, կլիմային և գտնելով Բաթումին իբր մի փոքր թաղ Կոստանդնուպոլսի, որոշել էին մնալ այնտեղ: Մենք էլ գնացինք նրանց տեսության և շատ հավանեցինք Բաթումիին: Արդարև Բաթումիի կլիման, թեև խոնավ և անձրևաշատ, բայց շատ օգտավետ է սրտի համար, մանավանդ ծերունիներին: Հայերի մեծ մա- սը Տաճկաստանից են գաղթած և խոսում են մեր բարբառով: Այդ բազմազգի ժողովուրդը, որ բնակվում էր Բաթումիում, ռուսական կառավարության շնորհիվ, ազգային վեճերից բոլորովին հեռու,- ապրում էր եղբայրական սիրով ու կապով: Իջանք մեր տունը: Հայրս պատմեց, որ Բաթումի հաստատվելու օրից, դուրս էր բերել իր կոշկակարական գործիքները և մի գեղեցիկ կանացի կոշիկ կարելով՝ տարել էր մի վաճառատուն, որի տերն էր արդվինցի Մկրտիչ Սողոյան բարեբարո անձը: Նա դիտում է կոշիկը, հավանում է և ասում. — Սա այստեղի գործ չէ, սա արտասահմանի գործ է, բայց ո՞ւր է ֆաբրիկայի կնիքը: Հայրս պատասխանում է, թե ինքն է կարել: Այստեղի վարպետները այս տեսակ գործ չեն կարող շինել. դուն որտեղացի՞ ես: — Պոլսեցի: Այդ ուրիշ բան է, պոլսեցի վարպետը կարող է: Ստկարկության են մտնում և պայմանավորվում են, որ հայրս ամեն շաբթու այսքան զույգ կոշիկ կարի և հանձնի վաճառատուն, որոշ գումարով: Այսպես ապրում են մերոնք շատ հանգիստ և շատ ուրախ: Հայրս երկու տարվա մեջ խնայում է 50 ոսկի (500 ռուբլի), որ կապած պահում է մայրս, կորստից վախենալով: Հայրս մի զվարճալի բան պատմեց: Սրճարանում նստած ժամանակ ռոտոսթոցի մի հայ լրագրում` կարդում է մի լուր և հորս դառնալով հարցնում է. — Տղուդ անունը ի՞նչ է: Հրաչյա: — Տես ի՞նչ է գրած լրագրի մեջ: Եվ պատմում է, թե Լազարյան ճեմարանում մրցանակի դրված է եղել «Հայոց գրերի պատմությունը»: Առաջին մրցանակը տարել է Հրաչյա Աճառյանը, որ ստացել է 600 ռուբլի, իսկ երկրորդ մրցանակը տարել է գերմանացի Մարկվարտը, որ ստացել է 400 ռուբլի: Հայրս սնափառությամբ ասել է. — Ես ալ կարծեցի, որ նոր բան մը պիտի ըսես: Ատանկ մրցանակներ ան շատ տարած է: Ադ ալ բա՞ն է, որ ըսիր: Նոր բան գիտե՞ս, ան ըսե: Մայրս էլ պատմեց մի ուրիշ զվարճալի բան: Հայրս մի օր տուն է գալիս և ասում է մորս. — Ընծա, ան 50 օսկին ո՞ւր է: Ի՞նչ պիտի ընես: Պետք է, տո՛ւր։ Նորեն առնես ուրիշի՞ն պիտի տանիս տաս: Ես օսկի չունիմ, որին տվեր ես, անոր գնա: Հայրս բարկանում է, դուրս է գալիս և երեք օր խռով է մնում: Հայրս թեև խստասիրտ էր և բարկացկոտ, բայց մորս խըստության առաջ լռում էր: Երեք օրից հետո հայրս ասում է մորս. — Կնիկ, աղեկ ըրիր, որ օսկիները չտվիր. ասոր անոր հար ցուցի, ան մարդը ղոլանդըրըջը (դրամաշորթ) մարդ է եղեր: Որովհետև Բաթումին ամառը շատ տաք էր, որոշեցինք մեկնել ամառանոց: Հայրս ընտրեց Մախինջաուրի գյուղը, որ գնացքով Բաթումիից հեռու է 15 րոպե: Ծովի ափին գտնվում է կայարանը, որից կես ժամ բարձր գտնվում է բուն գյուղը, այգիների և պարտեզների մեջ ցրված։ Վարձեցինք աջարացի մի կնոջ տունը: Երկու սենյակից և մի մեծ միջանցքից կազմված մի բնակարան էր. տարեկան 10 ռուբլի վարձով: Շատ ընդարձակ այգի ուներ. դռան առաջ գտնվում էր սառնորակ մի աղբյուր՝ մշտահոս, քաղցրահամ ջրով: Պարտեզից կարող էինք ձրիաբար ուտել ինչ պտուղ որ կամենայինք. իսկ գնելու համար գինն էր օկա ղուրուշ ( այսինքն՝ 3 ֆուն- 5 կոպեկ): Սարսափելի էժանություն: Կինը շատ հետամնաց կին էր. մոլեռանդ մահմեդական, բայց շատ բարեբարո և միամիտ: Մի օր մեզ ասում է. «Դահա ուռուս բու երլերի ալմադը» (դեռ ռուսը այստեղերը չի վերցրել): Միամիտ կինը կարծում էր, թե ռուսը, թեև Բաթումի քաղաքը գրավել է, բայց Մախինջաուրին դեռ չի գրաված: Մի օր հարցրինք, թե աղջիկդ ի՞նչ պետք է անես: — Երբ մեծանա, թուրք փաշայի հարս պիտի տամ: (Կարծում էր, թե Բաթումիում դեռ թուրք փաշաներ գոյություն ունեն): Մախինջաուրիից քիչ ցածր, կայարանից վերև, գտնվում էր բելգիական հյուպատոսի այգին: Ի՜նչ հոյակապ այգի: Անցորդները ցանկապատից նայում էին և անցնում: Մի օր դռան առաջ տեսանք պարտիզպանին, որ ռուս էր: Ծանոթացանք, և նա մեզ հրավիրեց այգին: Չեմ կարող ասել, այգի՞ էր թե՞ դրախտ: Ամերիկայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Ավստրալիայի չտեսնված չըքնաղ բույսեր և ծաղիկներ այնտեղ կային: Հյուպատոսը ապրում էր քաղաքում և երբեմն միայն այցելում էր իր այգին: Տեսանք Ավստոս լիայի մի բույս, որ ագավե էր կոչվում, բռնել էր մի ամ- բողջ մարգ, մի տերևը մարդու բարձրությամբ: Ծաղիկ չուներ դեռ. պարտիղպանը ասաց, թե նա ծաղկում է 100 տարին մի անգամ և այդ միջոցին մեռնում է: Մեզ թույլ տվեց քաղել ինչքան ծաղիկ որ ուզում ենք. ինքն էլ փունջերով ծաղիկ քաղեց և կնոջս տվեց. կինս չափազանց սիրող էր ծաղկի: Տունը ամբողջ լցրեցինք ծաղիկներով և դեռ կշտանալ չուներ: Թավրիզից հեռանալով ես անգործ էի: Պետք էր պաշտոն գտնել: Ոչ մի ծանոթ չունեի, որ նրան դիմեի: Նորից Էջմիածին գնալ չէի ուզում: Տփղիսի Ներսիսյան դպրոցը դիմել չէի համարձակվում: Հայկաբան Մալխասյանի մոտ ես ի՞նչ արժեք ունեի: Մտատանջ ապրում եմ: Ես թեև ոչ մի ժամանակ անգործ չեմ մնացել, բայց միշտ վախեցել եմ, որ անգործ կմնամ: Մինչև ան գամ այժմ (1952 թ. հունիսի 26), երբ գիշերը քնած եմ և հանկարծ մի տեղս բացվելով մրսում եմ, իսկույն երազ եմ տեսնում, թե ես անգործ եմ, ինձ պաշտոնից դուրս են արել և փողոցում թափառում եմ հաց մուրալով: Ահաբեկ արթնանում եմ, շուրջս դիտում, ճանաչում եմ սենյակը և միտս է գալիս, որ Ակադեմիայի անդամ եմ 3500 ռուբլի թոշակով և ինձ պաշտոնից հանող չկա: Հանգստանում եմ և նորից քնում: Պաշտոն ճարելու համար կարդում էի օրաթերթերը և հայտարարությունները նայում: Մի անգամ էլ կարդում եմ մի հայտարարություն, որով Նոր-Բայազետի հայ երկսեռ դպրոցի համար վագ ուսուցիչ են հրավիրում, ամսական 60 ռուբլի վարձատրու թյամբ։ Քիչ էր, բայց անգործ մնալու երկյուղը ստիպեց ինձ դիմել հոգաբարձության և առաջարկել իմ թեկնածությունը: Սրա համար այդ օրը գիշերեցի մեր տանը՝ Բաթումիում: Ով սարսափ. մլուկների (թախտաբիթի) մի մեծ բանակ հարձակում է գործել վրաս: Երկու շաբաթ քաղցած մնալուց հետո մլուկները լավ որս էին ճարել: Ճրագը վառում եմ և կոտորում եմ մլուկներին՝ հաշվելով հազար հատ: Կարծում եմ, թե վերջացավ և նորից եմ քնում նոր հարձակում. վեր եմ կենում և կոտորում եմ երկրորդ հազարյակը: Այնուհետև երրորդ հազարյակը և դրանից հետո հոգնած և քնաթաթախ պառկեցի և քնեցի. թե ի՞նչ եղան մլուկները՝ չգիտեմ: Մլուկների քանակը սարսափելի էր Բաթումիում, որովհետև տները փայտյա են, կլիման շատ հարմար, իսկ դրանց կոտորելու համար միջոցներ չկային այն ժամանակ: Մախինջաուրին շատ հարուստ էր կարիճներով: Շատ էին բայց փոքրիկ: Ասում էին, թե անվնաս են և նրանց խայթոցը մա- հացու չէ: Ես լսել էի կարիճների դեմ մի հնարք: Տիգրանակերտում, ուր մի ափի մեծությամբ կարիճներ կան և սաստիկ թունավոր, մարդիկ, որ քնում են կտուրներում, կարիճներից ազատ մնալու համար անկողնի շուրջը ձգում են մի պարան: Կարիճը երբ ուզում է շրջանակից ներս մտնել, փորը քսվում է պարանին, չի սիրում և հետ է դառնում: Այսպիսով մարդիկ ազատ են մնում կարիճից: Նույնը արի և ես Մախինջաուրիում և կարիճի խայթոց չստայանք: Նոր-Բայազետի հոգաբարձությունից համաձայնություն ստացա. երևի ինձնից ավելի հարմար մարդ չէին գտել: Կնոջս հետ մեկնեցի Բաթումիից և Դիլիջանի վրայով գնացինք Նոր-Բայազետ: ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏՈՒՄ 8000 բնակչով փոքր քաղաք էր այն ժամանակ Նոր-Բայազե-- տը: Բնակչությունը ամբողջովին հայ էր, բացի 50 տուն քրդերից, որոնք կռիվների ժամանակ բնաջինջ եղան: Պաշտոնեությունը գավառապետից սկսած մինչև վերջին ցրիչը հայ էին: Սևանա լճից կես ժամ հեռավորությամբ գտնվում է քաղաքը և ունի բազմաթիվ հայ (նոև թուրք) գյուղեր, շրջանը տարածված է մինչև Բասարգեչար (հին անունով Վասակակերտ) հայ գյուղը, որ գտնվում է Սևանա լճի ծայրին: Նրանից այն կողմ գտնվում է Մազրա շրջանը, որից այն կողմ էլ Ղարաբաղն է: Նոր-Բայազետի կլիման ամենից առողջարարն է Արևելյան Հայաստանում: Մալարիա չկա. ձմեռը շատ երկար, բայց մեղմ է: Ամառը տաք չէ բնավ և կարող է ծառայել իբրև ամառանոց: Ցրտի Թեև պատճառով միրգ չունի. այն ժամանակ ծառեր էլ չկային: քաղաք, բայց գյուղական կյանք ուներ: Տների կողքին բարձրանում էին աթարի ամրոցները. ամեն տուն ուներ հոտ կամ նախիր, որ առավոտը գնում էր դաշտ արածելու և երեկոյան վերադառնում էր տուն: Ջուրը սքանչելի է. Երևանի այժմվա ջրի (Ղրխբուլախ= Քառասնակունք) մյուս երեսն է: Կյանքը շատ էժան էր. կաթի լիտրը արժեր 5 կոպեկ. 12 ձուն՝ 5 կոպեկ: Ես օրական ուտում և խմում էի մի շիշ կաթ և 12 ձու, որ անում էր ամսական 3 ռուբլի: Միս չկար. տավարը փոխադրում էին Թիֆլիս և թանկ գնով ծախում: Չափազանց էժան, համարյա ձրի էր իշխան ձուկը։ Դժբախտաբար չէր կարելի նույն օրվա մեջ ձուկ և կաթ ուտել. ուստի մի 11-20 օր կաթով էինք անցկացնում, մյուս օրը իշխանով: Ձրի էր նաև մածունը: Աշակերտներիս մայրերը ամեն օր մածուն էին բերում ինձ, և երբ փարչին 20 կոպեկ էի տալիս, զարմանում էին, թե «մածնին էլ փող կլինի՞» և չէին վերցնում: Առաջին անգամ ներկայանալով դպրոց, հոգաբարձության, սիրալիր կերպով ընդունեցին ինձ: Իմանալով, որ կինս ձեռագործ գիտե, նրան էլ ուսուցչուհի վերցրին ամսական 50 ռուբլի վճարով: Այսպիսով մեր երկուսի ռոճիկը լինում էր 110 ռուբլի: Վարձեցինք մի լավ բնակարան, որ գտնվում էր հայոց նորակառույց մեծ եկեղեցու ճիշտ դեմը: Այդ բնակարանը պատկանում էր Բուդումյան անուն անձին, որ քաղաքի ամենից ուսյալ անձն էր. ավարտել էր Օդեսայի համալսարանը և իրավաբան էր: Ուներ մի մայր, որ կոչվում էր ամբողջ ժողովրդի մեջ «ազգային մայրիկ»: Պառավ կին էր և այս անունը ստացել էր շնորհիվ այն բանի, որ երկար տարիներ մասնակցել էր ազգային զանազան հիմնարկների խնամակալության և նրանց օգտին եղած հանգանակությունների: Կինս շատ էր սիրում պառավներին և իրար հետ լավ բարեկամացան: Մեր ամենօրյա խոսակիցը այդ Բուդումյանն էր, որ նաև դպրոցի հոգաբարձուներից մեկն էր: Մեր ամենից ավելի մոտիկ բարեկամը եղավ Խաչատուր Բունիաթյանը, որ պատկանում էր ազատականների խմբին: Շուկայում ուներ մի խանութ, ուր չիթ էր ծախում. թեև կիսավարտ, բայց շատ ուսումնասեր մարդ էր: Ինձ շատ սիրեց և շատ հաճախ գնում էինք իրենց տունը: Կինս ձեռագործ էր սովորեցնում նրա աղջկան (Մարիկա), որ հետո ամուսնացավ Ռուբեն Տոնոյանի հետ, որ այժմ Ակադեմիայի գլխավոր աշխատակիցներից մեկն է ( թարգմանիչ և հրաշալի թարգմանիչ): Կինը՝ Մարիկան, վաղամեռիկ եղավ: Խ. Բունիաթյանը ինձ շատ սիրելու և հարգելու պատճառով, ասում էր, թե եթե զավակս տղա լինի, անունը Հրաչյա պիտի դնեմ, «որպեսզի քեզ նման լեզվագետ լինի»: Ավելի ուշ որդի ունեցավ, անունն էլ Հրաչյա դրավ, բայց նա լեզվագետ չեղավ, այլ քիմիկոս և այժմ մեր Ակադեմիայի նշանավոր անդամներից մեկն է: Խ. Բունիաթյանին ես պատահեցի 20-ական թվականներին Երևանում. ծերացել էր, շատ հաճույքով հիշեցինք անցյալ օրերը, որոնք անդարձ կորան: Մի քանի տարի հետո մեռավ: և մեծ Բուդումյանի տանը ես մի զարմանալի հիվանդություն ունեցա: Ամբողջ իրանս, մինչև գոտկատեղը, ընկույզի մեծությամբ ուռուցքներ դուրս եկան, որ ոչ ցավում էին և ոչ քոր գալիս: Գիշերը անցնում էին, ցերեկով նորից ուռչում: Ուռուցքները փափուկ էին: Ես սկսեցի շատ վատ բաներ կասկածել: Ավելի լավ է բժշկություն ամենևին չիմանալ, քան թե քիչ իմանալ: Չէի մտածում, թե իմ կարծած ախտի ուռուցքը միայն մի հատ կլինի և անպատճառ կարծրև ոչ թե փափուկ: Այս երկու հանգամանքները մոռացության էի տվել: Գնացի բժշկի մոտ. նա էլ քննեց, կասկածեց և ինչ-որ դեղ տվեց: Երբ տուն եկա, կինս ասաց, թե քանի որ գիշերը չի լինում, այլ միայն ցերեկը, ուստի ցրտից է: Ես էլ հաստատեցի այդ, որովհետև կեսից ցածր ֆայկա էի հագած, իսկ կեսից վերև՝ ոչ: Ֆայկան հազա և նույն օրը ամեն ինչ վերջացավ. տարօրինակ հոդացավ։ Նոր-Բայազետում իմ գրական աշխատանքները եղան. 1. Նոր-Բայազետի ձեռագրաց ցուցակը, որ կազմեցի տեղի վրա և պարունակում է 54 ձեռագրի նկարագրությունը. հրատարակ վեց նախ մաս-մաս «Հանդէս ամսօրեայ»-ում և ապա առանձին, Վիեննայում 1924 թվականին: 2. Ուսումնասիրեցի տեղական քրդերի բարբառը և կազմեցի քրդերենից ֆրանսերեն և ֆրանսերենից քրդերեն գրքույկ, որ տըպվեց Փարիզում 1911 թվականին (այժմ այդ քրդերը կոտորված լինելով, սույն գրքույկի արժեքը անկարևոր չէ): 3. Մտածեցի շրջել Նոր-Բայազետի շրջանի բոլոր գյուղերը և բոլորի բարբառից գրի առնել մի-մի նմուշ: Վարձեցի մի ձի և բոլոր գյուղերը ման եկա մինչև Բասարգեչար։ Նմուշները բոլոր տպված են իմ բարբառագիտության մեջ: Կարծում էի, թե նույնը կարող էի շարունակել ամբողջ Հայաստանում, բայց հանգամանքները չթողեցին: Այդ գործը շարունակում են այժմ` Արարատ Ղարիբյանը և իր աշակերտները: Ճամփորդության մեջ ինձ պատահեց հետևյալ դեպքը: Երեկոյան դեմ հասել էի մի գյուղ: Վերջալույս էր: Ճանապարհի վրա տեսա մի տուն, որի պատշգամբում մի խումբ մարդիկ (գյուղի առաջավորներից) նստած խոսում էին։ Հարցրի, թե որևէ մեկը ինձ կընդունի՞ գիշերելու: Բոլորն էլ մերժեցին: Ես անճար մնացած, հարցրի, թե հաջորդ գյուղը մո՞տ է, և մինչև մութն ընկնելը կարո՞ղ եմ հասնել ձիով. «Այո,— ասացին միաբերան,— այն գյուղում գիշերելու տեղ շատ կա»: Ես հասկացա նրանց հետին միտքը, բայց ուշադրություն չդարձրի և ճանապարհ ընկա: Մութը անսպասելի կերպով վրա հասավ. ևս ճանապարհը արդեն չգիտեի, սխալ ուղղություն բռնեցի և ճանալարհից շեղվելով, ընկա բաց տարածության մեջ: Խիտ առ խիտ մացառներ էին, ճանապարհը անանցանելի դարձավ, ես չեմ տեսնում, մութ է, բայց մտածում եմ, թե ձին տեսնում է և կգնա, բայց ձիս դողում էր և չէր գնում: Իջա ցած, ձիու ականջից բռնելով՝ գնում եմ: Բայց ո՞ւր, ինքս էլ չգիտեմ. սկսեցի բարձրաձայն օգնություն կանչել. ոչ ոք չեկավ: Որոշեցի գիշերել այդտեղ. ամառ էր, օդը տաք և մրսելու երկյուղ չկար: Հանկարծ մտածեցի դիտակով դիտել շուրջս. թեև մութ, բայց դիտակը լույսը հավաքեց և հեռուն նշմարեցի իրար նման երեք ծառեր, որոնք տեսել էի քիչ առաջ, գյուղի մոտ: Աչքերս ուղղակի հառած դեպի այդ ծառերը, ձիս քաշելով դիմում եմ նրանց վրա: Հանկարծ ինձ զգում եմ կորցրած ճանապարհիս վրա: Մտնում եմ գյուղը, պատահում եմ մի գյուղացու և ասում եմ, թե կարո՞ղ է ինձ գեշերելու տեղ տալ։ Մարդը քաշվելով ասում է, թե տեղ չունի, բայց նույն միջոցին դիմում է մի ուրիշ անցորդի, բանակցում նրա հետ և ինձ տանում են մի ուրիշ մարդու տունը, դուռը թակում և իրողությունը պատմում: Այդ երրորդ անձը սիրահոժար ընդունում է ինձ, ձին քաշում ախոռը և ինձ տանում առանձին մի սենյակ: Պառկելու համար պատրաստում է ինձ համար թախտի վա մի անկողին: Ես հոգնած ընկնում եմ քնելու. նա հարցնում է ինձ, թե ո՞վ եմ: Պատասխանում եմ, թե քաղաքի դպրոցի ավագ ուսուցիչն եմ. նա չի հեռանում մոտիցս և անխոս ինձ է դիտում: Ես ասում եք նրան. «Հոգնած եմ, թողեք քնեմ, դուք էլ գնացեք քնեցեք»: «Ինչո՞ւ պիտի գնամ քնեմ,— ասում է նա,— հազիվ մի ուսումնական մարդ է ընկել ձեռքս, եկել է տունս քնելու, և թողնեմ գնամ քնե՞մ: Ես անքուն կհսկեմ մինչև առավոտ քո վրա, առվոտը վեր կկենաս, կերթաս»: Շատ զգացվեցի. ի՞նչ համեմատություն այն անզգամ հարուստների և այս խեղճ գյուղացու միջև: Առավոտյան ես թղթի վրա անունս և հասցես գրեցի և տվի գյուղացուն, որ քաղաք գնալիս, ինձ մոտ անցնի: Բայց նա չեկավ: Վիեննայի գրադարանի համար ամեն տեղ հին գրքեր էի ման գալիս. ինչ որ գտա, հավաքեցի. բայց դրանց մեջ հիշելու արժանի է մի զարմանալի Հայոց պատմություն, որ տպված է Գանձակում: Այդ գիրքը, որ ընդամենը մի կամ երկու մամուլից էր բաղկացած, զարմանալի է այն կողմից, որ Անուշավանին հաջորդող 30 նահապետների կյանք էլ էր պատմում, մինչդեռ նրանց մասին ոչինչ հայտնի չէ: Գրքից 8 թերթ պակաս էր: Վիեննայի միաբանները ստանալով այդ գիրքը, այդ թերության պատճառով կարծես թե չէին ուզում ընդունել. բայց այդ գրքից ոչ մի տեղ չեմ պատահել և նույնիսկ Գանձակում հայ տպարան եղած լինելու մասին ոչինչ չգիտենք: Կարծում եմ, թե Վիեննայում էլ մինչև այսօր ոչինչ չգիտեն այդ մասին: Մի տարի մնացի Նոր-Բայազետում: Պաշտոնավարեցինք այր ու կին, մյուս ուսուցիչների հետ համախոհ, ոչ մի տարաձայնություն չծագեց մեր մեջ: Նոր-Բայազետին հրաժեշտ տալուց առաջ մի հիշողություն ունեմ պատմելու: Երբ նոր էի եկել Նոր-Բայազետ և ընդունվել իբր ավագ ուսու ցիչ, Խաչատուր Բունիաթյանը, որի հետ լավ մտերմացել էինք, մի օր ցույց տվեց ինձ այն բոլոր դիմումները, որ ուղարկել էին զանազան ուսուցիչներ պաշտոն խնդրելով: Բոլորն էլ ողորմելի բաներ էին, կիսագրագետ մարդկանց գրվածքներ, որոնց մեջ նույն. իսկ նամակի արտաքին պաշտոնական ձևն էլ չէր պահված: Դրանց մեջ հիշատակության արժանի էր, ինչպես Բունիաթյանն էլ էր շեշտում, 3 կոպեկանոց մի բաց նամակ, որ գրած պիտի լիներ տաճկահայ մի գաղթական։ Նամակն սկսվում էր հետևյալ բառերով. «Մենք ալ փափաքեցանք հայ մանուկներու դաստիարակությամբ պարապիլ…» և վերջանում էր հետյալ բառերով. «… իսկ եթե ուսում կամիք, հոլլանտական համալսարանք»: Այս գրությամբ խեղճը հասկացնում էր, որ ինքը նոր է ուզում ուսուցիչ լինել, երևի ծերունի և անտեր մարդ էր և վաղուց եղել էր Հոլլանդիայում, ուր երբեմն-երբեմն այցելել էր բարձրագույն դպրոցները, առանց որևիցե մասնագիտության հետևելու և սովորելու: Նամակի վերջին տողը Բունիաթյանը և ես բերան էինք արել և շատ հաճախ հիշում էինք խոսակցության մեջ: Այսպիսի ողորմելիների մեջ ես մի բան էի, ուստի և ընտրվեցի: Յուսուֆյան ազգանունով մեկը, որ քաղաքի նշանավորներից էր, երևի իմ հոդվածներից մի երկուսը կարդացած լինելով, ասել էր. «Այս մարդուն կանչեցեք. այսպիսի մարդ ոչ ունեցել եք և ոչ էլ կունենաք»: Թմբուկի ձայնը հեռվից քաղցր է գալիս: Այսպես է եղել միշտ իմ կյանքը: Ապրել եմ տգետների մեջ, ուստի գիտունի համբավ եմ հանել: Թող լինեին իմ շուրջը մի Գարագաշ, մի Թոռնյան, մի Այտընյան, մի Գաթրճյան, մի Բագրատունի, մի Տաշյան, մի Նորայր… ի՞նչ կլինեի ես նրանց մոտ. մի հավի ճուտ: Իմ միակ արժանիքը եղել է իմ աշխատասիրությունը, որ ժառանգել եմ իմ բազմաշխատ հորից ու մորից: Բայց այս կողմից էլ ի՜նչ համեմատություն Նոր Հայկազյան բառարանի երեք անմոռանալի հեղինակների, ձեռագրաց փառավոր ցուցակը կազմող Հ. Տաշյանի, ամբողջ հին հայ գրականության համաբարբառը կազմող Նորայրի և նույնիսկ Երուսաղեմի միաբան խղճուկ ծերունի արաբկիրցի այն վարդապետի հետ, որ Ս. Գրքի համաբարբառն է կազմել: ՄԵԿՆՈՒՄ ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏԻՑ Ամառ էր: Նոր-Նախիջևանից մի նամակ ստացա. գրողն էր Էջմիածնից ինձ ծանոթ և աշխատակից ղարաբաղցի Ավետիս Տեր- Հարությունյանը, որի հետ Շուշումն էլ հրատարակել էինք Պետրոս Դուրյանը: Շուշվա թեմականը փակվելուց հետո, երբ բոլոր ուսուցիչները ցրվեցին, նա էլ գնացել էր Նոր-Նախիջևան և թեմական դպրոև ցում պաշտոն էր գտել: Նա գրում էր, որ դպրոցի համար ֆրանսերենի ուսուցչի կարիք կա. եթե ցանկանում ես, գրիր և քո թեկնածությունը կդնենք: Ես համաձայնվեցի. քիչ ժամանակ անց հեռագիրստացա, թե ձեր թեկնածությունը ընդունվեց, բայց պետք է ներկայացնեք համալսարանի ավարտական վկայական։ Այստեղ սկսում եմ պատմել իմ ավարտական վկայականի պատմությունը: Փարիզում ավարտական տալիս, իմ ուսուցիչը՝ Մեյեն առաջարկել էր ինձ կազմել զենդերենի հոլովումը: Ամբողջ Vendidad-ը կարդալով հավաքեցի բոլոր հոլովված բառերը (գոյական թե ածական), դասավորելու համար ըստ հոլովման և կազմելու ընդհանուր կարգավորյալ ցուցակ: Աշխատությունը վեր ջացրել էի և ներկայացրի վարչության: Այդ միջոցին հրատարակվեց Bartholomae-ի նշանավոր բառարանը, ուր ոչ միայն զեն-- դերենի հոլովական, այլև խոնարհական ձևերը հավաքված են, որովհետև գիրքը ոչ թե բառարան է, այլ համաբարբառ: Այս դեպքում իմ աշխատանքը ջնջվում էր, և ես չէի կարող ստանալ ավարտական վկայական: Պետք էր գրել մի նոր աշխատություն. ես արհամարհեցի վկայականը, թողեցի ամեն ինչ և գնացի Էջմիածին, հետո Շուշի, ապա Թավրիզ և Նոր-Բայազետ և ոչ մի վկայական կարիք չեղավ ներկայացնել: Միայն Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցն էր, որ այդ պահանջը դրավ: Ես խորամանկ միջոցի դիմեցի և հեռագրեցի. «Վկայական ունեմ, բայց կներկայացնեմ նոյեմբերից հետո, երբ կբացվեն համալսարանները»: Այս հեռագիրը տալուց անմիջապես հետո սկսեցի գրել Classificaion_des dialec-- tes arméniens աշխատությունս: Նույնիսկ, երբ գնացքով գնում էինք դեպի Նոր-Նախիջևան, շոգեկառքում, մեծ ցնցումների տակ շարունակում էի գրել աշխատությունս։ Երբ հասա Նոր-Նախիջևան, հենց առաջին հերթին դիմեցի իմ բարեկամ և խաչեղբայր Ավետիսին, որ թեմականի տեսչի (Երվանդ Շահազիզի) քարտուղարն էր: Նա պատմեց իմ ընտրության առթիվ հետևյալը. Նոր-Նախիջևանի թեմական դպրոցը ուսուցիչների ընտրության համար հետևյալ հիանալի ազատական օրենքն ուներ: Նախ թերթում հայտարարություն էին տալիս. առաջարկները ստանալուց հետո բոլորը դնում էին մանկավարժական ժողովին. ամեն մի ուսուցիչ իրավունք ուներ նոր թեկնածուներ առաջարկելու և կամ թեկնածուների մասին կարծիք հայտնելու: Ֆրանսերենի համար գտել էին երկու թեկնածու. մեկը ես, պաշտպան ունենալով ուսուցիչներից Ավետիսը և տեսուչ Շահազիզը. երկրորդ թեկնածուն էր նոր-նախիջևանցի մի կաթոլիկ զեվզեկ մարդ, որի պաշտպաններն էին ուսուցիչներից շատերը, միմիայն հայրենակցական կապերի պատճառով: Նոր-նախիջևանցիք օտար քաղաքացի հայերին չեն սիրում։ Իմ հակառակորդների մեջ ամենից գլխավորը և ամենից ազդեցիկը հայկաբան - Զամինյանն էր, որ շատ գիշերներ թղթախաղով էր անցկացնում վերոհիշյալ կաթոլիկ զեվզեկի հետ: Ավետիսը ասել էր. «Պարոն Զամինյան, մյուսները չգիտեն, դուք էլ չեք ճանաչում պարոն Աճառյանին, որ ֆրանսերենը սովորել է Փարիզում, 9 տարվա ուսուցչական փորձառություն ունի և որի հայագիտական աշխատանքները հենց դուք սիրով կարդում և այստեղ գովաբանում եք»: Զամինյանը շրջադարձ է կատարում, անմիջապես անցնում է իմ կողմը և իր հետ քաշում նաև մյուսներին: Ըստ օրինի քվեատուփերը դրվում են և ամբողջ ուսուցչությունը քվեարկում է: Առավելագույն քվեն ես եմ ստանում: Արդյունքը հաղորդում են հոգաբարձության, որ անմիջապես հաստատում է: Նույնը հետո դնում է կաթողիկոսին, որ նույնպես հաստատում է: Ավետիսը բնակվում էր դպրանոցի ճիշտ դեմը գտնված մի փոքր տան մեջ, որի վարձակալն էր Մարիա Պավլովնա Խոճապարոնյանը, որ այրի մի կին էր: Ուներ երկու աղջիկ և մի տղա: Արհեստով մասաժիշտկա էր և տեղյակ բժշկական գիտության: Միջոցների պակասության պատճառով նախլեբնիկ էր նրա մոտ և մեզ էլ առաջարկեց ապրել այդ տանը մի առանձին սենյակում իբրև նախլեբնիկ: Մենք երկուսս պիտի վճարեինք ամսական 60 ռուբլի, ունենտլով երկու աղախին և տանտիկինը: Իմ ռոճիկը 90 ռուբլի էր. ամեն բան պատրաստ, ավելանում էր ամսական 30 ռուբլի: Համաձայնվեցինք և ապրեցինք այդ տանը: Դպրանոցում ես ավանդում էի ֆրանսերեն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն: Շաբաթական ունեի 24 ժամ դաս: Ուսուցչական կազմը մեծ էր, բայց ոչ մի հակառակություն չկար նրանց մեջ. ավելի ճիշտ խոսելով ամեն մի ուսուցիչ, բացի իր դասերից, ոչնչով չէր հետաքրքրվում, նույնիսկ ազգայինգործերի վերաբերմամբ բոլորովին անտարբեր էին, բացի կովկաս ցիներից: Նոր-նախիջևանցիք, ինչպես ասացի, չէին սիրում օտար քաղաքացի հայերին, որոնց կոչում էին դրսեցի կամ, ավելի վատ բառով՝ տանկալախ, որի բուն իմաստն է «բթամիտ»: Այս հանգամանքը ցույց է տալիս, թե ի՞նչ կապ կար, ավելի ճիշտ ի՞նչ կապ չկար տեղացիների և կովկասցիների միջև: Ես իբրև կոստանդնուպոլսեցի, խոսում էի համարյա նրանց բարբառը, ուստի ինձ համարում էին ղրիմեցի և հետս լավ էին վարվում: Ամենից ավելի մենք կապվեցինք մեր տանտիրուհու հետ, որ մի շատ բարեբարո, բարի, ժրաջան, աշխատասեր կին էր: Կինս և նա քույրեր դարձան: Տիկնոջ զավակները երեքն էլ թոքախտավոր էին. որդին՝ Միքայելը սովորում էր դպրանոցում և իմ աշակերտն էր: Ամեն տարի տիկինը երկու աղջիկներին ձմեռը տանում էր Սուխումի, որովհետև Նոր-Նախիջևանի ձմեռը խիստ էր: Գարնանը վերադառնում էին: Մի տարի հետո մեծ աղջիկը մեռավ: Մյուս երկուսը ողջ են մինչև այժմ. Միքայելը թեմականում սովորեց և գնաց Բաղդադ, ուր զբաղվում էր դերասանությամբ: Աղջիկը՝ Ուլիան, որ այն ժամանակ 11 տարեկան էր, իմ ամենասիրելին էր. շատ սիրուն մի աղջիկ էր, երեսը միշտ ժպիտ, մազերը սև, ունքերը կեռ ու կամար. ապրեց հիվանդկախ, բայց դիմացավ: Նա ամուսնացավ Կարելլի ազգանունով մեկի հետ, որ կովկասցի էր և պարապում էր ակնավաճառությամբ: Գրեթե անգործ էր, իսկ կինը՝ Ուլիան, ուսուցչուհի էր: Ամուսինը մեռավ և Ուլիան նորից ամուսնացավ, բայց մի տարի հետո ամուսինը բաժանվեց: Մայրը՝ Մարիա Պավլովնան նույնպես դժբախտ ապրելով, նույնպես մեռել է և մեռած ժամանակ ասել է իր աղջկան. «Իմ մեռնելուց հետո ինչպե՞ս պիտի ապրես. մեռիր դու էլ ինձ հետ, որպեսզի հանգստանաս»։ Ինչքա՜ն դժբախտ պետք է լինի մեկի դրությունը, որ մայրը գերադասի նրա մահը և ուզենա, որ նա էլ իր հետ գերեզման իջնի: Ուլիան ապրում է մինչև այժմ (1952 հուլիս) աղքատ դրության մեջ, մենակ, ռուսերեն դասեր տալով դպրոցում: 57 տարեկան է: Երբեմն թղթակցում ենք իրար հետ: ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Առսջին գործս էր պատրաստել իմ դիսերտացիան, որ Նոր- Նախիջևանում լրացնելով ուղարկեցի Մեյեին, սեպտեմբեր ամսվա սկզբում: Կաոծում էի, թե աշխատանքիս քննությունը կարճ կտևի, ուստի Մեյեին նախազգուշացրի, որ եթե երկար է տևելու, նախապես ուղարկի հոգաբարձության մի թուղթ, որով հայտնի, թե ես համալսարանը ավարտած եմ: Միևնույն ժամանակ շեշտեցի, թե այստեղ դպրոց բառը չեն հասկանում, ուստի խնդրում էի, որ դըպա րոց բառը չգործածի և մի քանի անգամ կրկնի համալսարան բառը: Իմ կասկածը կատարվեց. Մեյեն հայտնեց, թե քննությունը կտևի մեկ տարի, առանձին հանձնաժողովի ձեռքով: Միևնույն ժամանակ Մեյեն ուղարկեց ինձ իր ամենամանր ձեռագրով 4 մեծ երես վկայագիր՝ հոգաբարձության ներկայացնելու համար: Այդտեղ չափազանց գովասանական բառերով խոսում էր իմ ուսանողական շրջանի մասին, գովում էր ներկա աշխատությունս իբրև իր տեսակի մեջ միակը և ավելացնում էր, թե. «Եթե պարոն Աճառյանը այստեղ լիներ և ֆրանսիական հպատակությունը ընդունած լիներ, անշուշտ համալսարանի դասախոսներից մեկը կլիներ»: Գրությունը տարի Մուշեղ վարդապետ Դանագյոզյանին, որ իբրև առաջնորդական փոխանորդ, վարում էր ազգային բոլոր գործերը և հոգաբարձության նախագահն էր: Բավական ֆրանսերեն գիտեր, բայց ծուլության պատճառով առաջարկեց, որ ես թարգմանես հայերենի: Նույն օրը թարգմանությունը հանձնեցի: Հաջորդ օրը տեսնելով ինձ, ասաց. «Այդ որքան գովասանք էր, ես քո տեղը լինեի, չէի թարգմանի»: Մեյեի գրությունը վերացրեց բոլոր դժվարությունները և ինձ պաշտոնապես հաստատեցին - ուսուցիչ: 1909 թվականին ստացա համալսարանից իմ գիրքը տպված վիճակում: Սկզբում դրված է իմ ավարտական վկայականը 5 հունվար, 1908 թվակիր: Ուրեմն քննությունը տևել է 4 ամիս: Համալսարանի օրենքով ամեն շրջանավարտ պետք է ներկայացն իր դիսերտացիան: Եթե դիսերտացիան սովորական արժեքով մ գիրք է, շրջանավարտը ձեռագիրը հետ կստանա և իր ծախսով տպագրել տալով 50 օրինակ պարտադիր կարգով կնվիրի համա- լսարանին: Իսկ եթե աշխատությունը առանձնապես արժանավոր համարվի՝ համալսարանի ծախսով կտպագրվի և շրջանավարտ հեղինսկին կնվիրվի 50 օրինակ տպագրված գրքից: Իմ գիրքը այս վերջինից եղավ: Նա կազմել է Bibliotheque_de_l’ Ecole_des Hau- tes-études-ի 173-րդ հատորը, այսինքն 300 տարվա մեջ այսքան աշխատություն միայն համարվել է տպագրության արժանի: Տպագրությունից հետո գիրքս հայերենի թարգմանելով ուղարկեցի Թիֆլիսի Ղուկասյան մրցանակաբաշխության: Քննիչ էր նշանակվել իմ «դասընկեր» Եզնիկ վարդապետ Գյանջեցյանը, որի հետ միասին սովորել էի Ստրասբուրգում՝ Հյուբշմանի մոտ: Նա գրել էր շատ թերագնահատող մի զեկուցագիր, որ գրեթե գրքիս ամփոփումն էր ամբողջությամբ, ավելացնելով միայն պարսավանք և թերագնահատություն, այն մտքով, թե գիրքը կազմված է հապճեպով, լիքն է սխալներով, թերի կետեր շատ ունի և արժանի չէ մրցանակի: Գրքիս վերջում ես կազմել էի հայ բարբառների քարտեզը, որ առաջինն էր իր տեսակում և մնում է այդպես մինչև այժմ: Ոչ ոք նման փորձ չի արել, չհաշված խոստումները: Իսկ Եզնիկ վարդապետը ասում էր սրա համար. «Գրքի վերջում դրված քարտեզը չի կարելի քարտեզ համարել»: Նրա այս զեկուցագիրը տպված է Ղուկասյան մրցանակաբաշխության տեղեկագրում: Իմ ընկերներից Ավետիս Տեր-Հարությունյանը «Մշակ»-ում առանձին հոդվածով պատասխանեց Եզնիկ վարդապետին և աշխատեց ցուցադրել գրքիս արժանիքը: Քարտեզի մասին այսպես էր գրում. «… իսկ ինչպես կարելի է կոչել թղթի մի ընդարձակ թերթ, որի մեջ նշանակված են քաղաքներն ու գյուղերը և կամ առանձին գույներով կամ նշաններով նշանակված է բարբառների սահմանը»: Թեև Եզնիկ վարդապետի դատապարտությամբ գիրքս մրցանակից մերժվեց, բայց նա, հենց որ հրատարակվեց, արժանացավ ֆրանսիացի հայագետ Մեյեի և գերմանացի հայագետ Կարստի մեծագույն գովասանքներին: Կարստը ասում էր. «Այս գիրքը պետք է կազմե հայ բարբառագիտության հիմնաքարը»: Իսկ Մեյեն ասում էր. «Աշխարհում միայն մեկ անձ կա, որ կարող էր գրել այսպիսի գիրք. դա Աճառյանն է» (անշուշտ ի նկատի ուներ այն հանգամանքը, որ ես ապրել եմ հայության երեք հատվածներում՝ Տաճկաստան, Պարսկաստան, Կովկաս): Գիրքս տպվեց թե չէ, բարբառագիտությունը առանձին մաս նագիտություն դարձավ և մտավ Էջմիածնի Ճեմարանի բարձրագույն կուրսի դասընթացի մեջ: Երբ բացվեց Հայաստանի համա- այնտեղ լսարանը, նմանապես բարբառագիտությունը դարձավ առանձին դասընթաց և մտավ հետագայում հայկական ակադե միայի ուսման ծրագրում: Այս առարկայի դասավանդումը շարունակվում է մինչև այսօր: Տարիներ շարունակ, սկսած աշակերտական շրջանից, գավառական բառեր հավաքելու մոլությունն ունեի: Կեդրոնական վարժարանում, որտեղ բազմաթիվ գավառացի ընկերներ ունեի, պարտադրել էի բոլորին օրական թեկուզ հինգ գավառական բառ տալ: Այսպես շարունակեցի վերջին երկու դասարաններում (1891 — 1893 թթ.): Հետագայում, ուր էլ գնացի, բառ հավաքեցի և հատկապես տպագրված գրքերից և բառացանկերից քննադատորեն հավաքեցի ինչ որ գտա: Ստացվեց մի խոշոր աշխատություն՝ Հայերեն գավառական բառարան անունով: Ձեռագիրս ընդօրինակելով ուղարկեցի Լազարյան ճեմարանի տնօրեն պրոֆ. Գրիգոր Խալաթյանին: Բայց որովհետև ժամանակը կարճ էր, ձեռագրիս արտագրությունը եղավ վերիվերո, նկարները անհաջող և այլն: Ձեռագրիս արտագրության թվականն էր՝ 1910 թ. մարտի 17: Նույն տարին գնացի Կոստանդնուպոլիս։ Խալաթյանը մեռավ և Լազարյան ճեմարանի նորընտիր տեսուչ, իմ չարաբաստիկ թշնամի Կարապետ Կոստանյանը, առանց ինձ որևէ տեղեկություն տալու, տպագրել է տվել գիրքը Թիֆլիսում 1913 թվականին, և հանկարծ ես տեսնում եմ 300 օրինակ այդ գրքից իբրև նվեր: Ես շշմեցի տեսնելով մի սխալաշատ, անթույլատրելի տպագրություն, որ կատարվել էր իմ վերիվերո արտագրել տված ձեռագրից: Ուզեցի դատի տալ. բայց մեր տեսուչ Երվանդ Շահազիզը արգելեց ինձ ասելով. «Դատի տվիր, դատը շահեցիր. ի՞նչ պիտի լինի, բոլոր օրինակները պիտի ստանաս և պիտի այրե՞ս. ի՞նչ շահեցար դրանով»: Ես այդ մտադրությունից հրաժարվեցի և գոհացա միայն գրքի մասին մի խիստ քննադատական հրատարակելով «Արարատ» ամսագրում: Բուն ձեռագիրը, գրված իմ ձեռքով և նոր հավելումներով, գտնվում է մինչև հիմա ինձ մոտ և կազմում է երկու ստվար հատոր: 1910 ԹՎԱԿԱՆ ՀՈՐՍ ՄԱՀԸ Ասացի, որ ծնողներս բնակվում էին Բաթումիում, 1904 թվա կանից սկսած: Ամեն տարի ամառները ես ու կինս այցելում էինք Բաքու ( ուր հաստատվել էին կնոջս ծնողները վերջնականապես). Շուշի, ուր գնում էինք մենք և կնոջս ծնողները իբրև ամառանոց և Բաթումի, ուր մնում էին իմ ծնողները: Այսպես ամեն ամառ թափառում էինք այս քաղաքներում: 1908 թվականի Սահմանադրությունից հետո ծնողներս Կոստանդնուպոլիս գնացին ընդհանուր ազատությունից օգտվելով, մենք էլ ուզեցինք Կոստանդնուպոլիս գնալ: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, բարեկամս՝ Հակոբ Խաչատրյանը, Ռոստովի «IIpua3oBcKi Kpai» թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում էի Կոստանդնուպոլիս՝ Հայկական հարցի ուսումնասիրության համար: Նոր-Նախիջևանից մեկնելով, եկանք Բաթումի: Ծնողներս արդեն գնացել էին: Պետք էր ներկայանալ տաճկական հյուպատոսարանը՝ իմ ռուսական անցագիրը վիզե անել տալու համար: Ես գիտեի, որ դժվար գործ է այդ: Տաճիկները, գիտենալով, որ բազմաթիվ նախկին տաճկահպատակներ այժմ ռուսահպատակ դարձած ուզում են գնալ Տաճկաստան, ուզում էին ճանաչել այդպիսիներին դարձյալ տաճկահպատակ, ուրիշ խոսքով մերժել նրանց ռուսահպատակությունը: և Այս մտածելով անցագիրս տվի հյուրանոցի ծառային խնդրեցի, որ տանի տաճկական հյուպատոսարան, վիզեի համար: Հյուպատոսը չէր ընդունել և պահանջել էր, որ ես գնամ, անձամբ ներկայանամ: Նպատակը պարզ էր: Բարեբախտաբար իմ անցագրի մեջ ես դիտմամբ գրել էի տվել, թե ես ծնվել եմ Նոր-Բայազետում: Վերցրի հետս կնոջս, առաջարկելով նրան, որ միշտ ռուս սերեն խոսի ինձ և կոնսուլի հետ՝ բարձր ձայնով. խնդրեցի նաև Մալխասյան քահանային, որ հայտնի հայագետ Ստեփան Մալխասյանի եղբայրն էր, և երեքով միասին գնացինք հյուպատոսարան: Ես քահանային խնդրել էի, որ հյուպատոսի մոտ վկայի, թե ես իսկապես նոր-բայազետցի եմ. հայտնեցի նաև, թե անցագրում ս այդպես է գրված. «Ուրեմն,— ասաց քահանան,— եթե երդվեմ էլ, սուտ խոսած չեմ լինի»: Այսպես զինված երեքով, հպարտ և բարձրագլուխ, իբրև ռուսահպատակ, ներկայացանք հյուպատոսարան: Հենց որ մեզ նկատեց հյուպատոսը, շփոթվեց, վախեցավ և վազեց մեր առաջ: Կինս ռուսերեն սկսեց բարձրաձայն բղավել. քահանան էլ մեջ ընկավ. հյուպատոսը դիմեց ինձ և ասաց. «Ես միայն ձեզ էի խնդրել, ինչո՞ւ նեղություն տվիք տիկնոջ և քահանային»: Հրա- վիրեց մեզ ներս և խնդրեց, որ նստենք: Պատվի վրա դրված էր տաճկական զինանշանը: Ես իբր թե բնավ չեմ տեսած, դիտեցի զինանշանը և ռուսերեն հարցրի հյուպատոսին. «Ա՞յս է ձեր զինանշանը. որչափ հետաքրքիր է»: Կոնսուլը հարցրեց ինձ, թե կարո՞ղ եք ցույց տալ Նոր-Բայազետի ձեր ծննդյան վկայականը: Ես զարմացած երեսն եմ նայում և ասում. «Անցագիրը կազմելիս ծննդականս տեսան և գրեցին. դուք ուրեմն համարձակվում եք ռուսական անցագիրը չճանաչելո՞ւ…»: Ասացի և քայլ առ քայլ հետ քաշվեցի: Հյուպատոսը վախեցած ասաց. և «Ես ինչպե՞ս կարող եմ չճանաչել ռուսական անցագիրը. բայց վերջին ժամանակներս, շատ տաճկահայեր, նախկին տաճկահպատակ, այժմ ռուսահպատակ դարձած, ուզում են Հայրենիք վերադառնալ: Դրանց հարցը անշուշտ վերաքննելի է: Այ վերջերս Կոմիտաս վարդապետը, որ նույնպես տաճկահպատակ էր, գնաց Կոստանդնուպոլիս: Վերջերս շատերն են գնում Կոստանդնուպոլիս»: Ես իբր թե Կոմիտաս վարդապետից ոչինչ չգիտեմ, զարմացած հարցրի հյուպատոսին. «Միթե՞ Կոմիտաս վարդապետը տաճկահպատակ է: «Այո,— պատասխանեց նա, քյոթահիացի է»: Ես էլ իբրև ոչնչից անտեղյակ, քարտեզի վրա փնտրում եմ և կնոջս ցույց եմ տալիս Երուսաղեմը՝ իբր Քյոթահիա: Հյուպատոսը մոտեցավ և ուղղեց. «Դա Երուսաղեմն է, Քյոթահիան տեսե՛ք՝ այստեղ է»: Հյուպատոսը լիովին համոզվեց, որ ես ոչ միայն տաճկաստանցի չեմ, այլ նույնիսկ թուրքերեն չգիտեմ, վիզեն դրեց և դուրս եկանք: Բաթումիից մեկնելով շոգենավով եկանք Ռիզե, որ Վիլսոնյան ծրագրով Հայաստանի նավահանգիստը պիտի լիներ: Շոգենավը մի քանի ժամ կանգնեց Ռիզեում: Շատ փոքրիկ քաղաք է Ռիզեն. հենց նավահանգստից սկսում է մի բարձրավանդակ, որով մենք էլ բարձրանալով հասանք նրա գլուխը: Հիանալի համայնապատկեր բացվեց մեր առաջ ծովի վրա: Բարձրավանդակի գլխին մի մենվոր թթենի կար. բարձրացա ծառը, թափ տվի, իջա ցած և կնոջս հետ վայելեցինք քաղցրահամ թութը: Շոգենավը հասցրեց մեզ Տրապիլոն, ուր ցամաք դուրս եկանք: Հետաքրքիր էր մաքսատան տեսարանը: Մի մոլլայի նման պաշտոնյա եկավ մեր պայուսակի մեջ կնոջս սպիտակեղենը քննելու. կինս, որ սաստիկ զզվող էր, բողոքեց ինձ, թե ինչու կեղտոտ ձեռքերով իրերս է շոշափում: — Նե՞ դեյոր (ի՞նչ է ասում),— հարցրեց պաշտոնյան: — զննելու: Ասում է, թե նա իրավունք չունի կեղտոտ ձեռքերով իրերա Մոլլան բարկացավ և ասաց. Եթե չեք հավանում, սկի չեմ նայի: Եվ հեռացավ գնաց: Այսպիսով մեր իրերը առանց քննության առինք դուրս եկանք։ Իջանք մի հյուրանոց (լավագույնը քաղաքում), որ պատկանում էր մի շուշեցի հայ երիտասարդի. նա, հետապնդվելով ցարական իշխանության կողմից իբրև հեղափոխական, փախել էր Տրապիզոն։ Տեսնելով մեզ և իմանալով, որ կինս շուշեցի է, ձեռք ու ոտք ընկավ, ինչ անելը չգիտեր: Շուշեցիք միմյանց շատ են սիրում, մանավանդ պանդխտության մեջ. ուստի նա էլ բաց արեց հյուրանոցի մեծ դահլիճը և ամբողջովին մեզ հատկացրեց: Կինս հանկարծ հիվանդացավ ըստ սովորության. երկու շաբաթ տևեց իր հիվանդությունը և երկու շաբաթ մնացինք նույն սենյակում, առանց ման գալու Տրապիզոնում, ուր ման գալու տեղ էլ չկար: Առաջին օրերը ես ու կինս ճաշում էինք ինչ-որ հայի ճաշարանում, որ գտնվում էր մի պարտեզում, ուր նվագ էլ կար: Ճաշի ժամանակ տալիս են 6 տեսակ ուտելիք, սուպը և քաղցրեղենը միասին հաշված, ավելացրած նաև տաճկական սուրճը, որ բոլորի վերջնակետն էր: Այս բոլորի գինն էր 6 ղուրուշ (48 կոպեկ), աներևակայելի էժանություն: Մի օր հյուրանոցում նստած էինք. հանկարծ ներս մտավ պանդոկապետը և հայտնեց, թե այս րոպեիս շոգենավը նավահանգիստ մտավ և դուրս եկան պրոֆ. Խալաթյանը, Տաշյանը և ուրիշ մեկն էլ: Շտապեցի դուրս, մտա նրանց իջևանը և մեծ ուրախությամբ ծանոթացա պրոֆ. Խալաթյանի հետ, որի հետ վաղուց թղթակցում էինք շարունակ, ականավոր բանասեր Հայր Հակոբոս Տաշյանի հետ, որին միայն գործերից էի ճանաչում և երրորդ՝ Հայր Ներսես Տիրատուրյանի հետ, որ Վենետիկի միաբաններից էր: Այս վերջինը դեռ ծոնոթ չէր գրականության մեջ. ավելի ուշ նա Beguinot անունով մի իտալացու հետ միասին հրատարակեց Contributo alla flora_del! ' Armenia (Վենետիկ, 1912 թ.) բուսաբանական աշխատությունը, որ Հայաստանում աճող բույսերի գիտական դասակարգությունն է: Գրքի մեկենասը դարձավ Իվան Ֆեոդորովիչ Բալիև անունով ռոստովցի հայ հարուստը, որ Ռոստովում սեփական վաճառատուն և բանկ ուներ: Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից մեկն էր, հմուտ ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի և հատկապես ռուսերենի: Եվրոպական լեզուներից յուրաքանչյուրը սովորած էր տեղում (երկրում): Չափազանց սիրող էր արևմտահայ գրականության. ռուսահայ լեզվով գիրք չէր կարդում: Ստանում էր բոլոր արևմտահայ թերթերը, որոնց գումարն էր 100 հատ: 50 օրինակ բաժանորդ էր «Բազմավէպ» ամսագրին: Ուներ ճոխ գրադարան, ուր միայն կարելի էր գտնել արևմտահայ թերթերն ու հանդեսները: Իր մոտ եմ կարդացել «Արևելեան մամուլ»-ի 50 տարիները, որոնք Բալյանի մահից հետո նվիրվեցին Երևանի հանրային գրա դարանին: Բալյանը աշակերտեց նաև ինձ մոտ և սովորում էր տաճկերեն՝ Կոստանդնուպոլիս գնալու նպատակով։ Շատ ընդունակ անձ էր։ Նա մեկենաս եղավ նաև Մկրտիչ Աճեմյանին և կարծեմ նաև Թովմաս Թերզյանին, երկուսն էլ արևմտահայ բանաստեղծ: Ինձ առաջարկեց կազմել հայերենի մեծ բառարան. երբ ես հարցրի, թե գրաբա՞ր, աշխարհաբա՞ր, թե ընդհանուր հայերեն բառարան, պատասխանեց. Ի՞նձ ես հարցնում. գրելը քեզմե, դրամը տալը ինձմե: Ցանկություն ունեցավ նաև հրատարակելու Պատկանյանի գոր ծերի չորրորդ հատորը և այդ գործը հանձնեց ինձ: Ես շատ բան հավաքեցի, որոնց մեջ հիշատակելի են հատկապես Պատկանյանի պոռնկագրական գրվածքները, որոնք ձեռագրի ձևի տակ գտնվում էին զանազան տներում: Երբ ես իր կարծիքը հարցրի այդ կարգի գրվածքների հրատարակության մասին, պատասխանեց. Գրականությունը գրականություն է. այդ կարգի գրվածքներն ալ ավելի բնորոշ են հեղինակին համար: Բայց թե Պատկանյանի չորրորդ հատորը և թե՛ մեծ հայերեն բառարանը գլուխ չեկան դեպքերի բերմամբ։ Տիրատուրյանը գտել էր հայ երկրին հատուկ մի քանի նոր բույսեր, որոնք անծանոթ էին գիտության: Այս բույսերը անվանակոչեց Baliani իր մեկենասի անունով: Տրապիզոնի առաջնորդը (որի անունը չեմ հիշում) մյուս օրը չորսիս հրավիրեց իր մոտ ճաշի։ Երկար ժամանակ ունեցանք զրուցելու։ Ես բնականաբար խոսում էի մեր մայրենի բարբառով, որի գործածությունը միշտ պահել եմ սիրով: Տաշյանը և Տիրատուրյանը բնականաբար խոսում էին նույն լեզվով: Պրոֆ. Խալաթյանը մի տեսակ զայրույթ ցուցադրեց, թե ինչո՞ւ եմ այդ լեզվով խոսում: Պատասխանեցի տաճկական առածով. «Ասլընը ունուտան հարամզադե դիր» ( իր ծագումը ուրացողը հարամզադե է): Առաջնորդը ներողություն խնդրեց, որ ինքը տնային տնտեսություն չունի, ուստի ճաշարանից պետք է բերել տա ճաշերը։ Ճաշացուցակը ներկայացրեց, որպեսզի մենք էլ մեր ուզած ճաշը ընտրենք: Մենք փլավ ընտրեցինք. Խալաթյանն էլ փլավ ուզեց. հարցրի նրան. «Պրոֆեսոր, դո՞ւք ալ փիլավճի եք»: «Այո, այո,— պատասխանեց նա,— ես էլ փիլավճի եմ»: Բոլորը ծիծաղեցին բառախաղիս վրա, որ ինքը չհասկացավ: — Ուզում էի ուսումնասիրել Համշենի բարբառը, որ Տրապիզոնի բարբառից տարբեր է: Երբ իմ միտքը հայտնեցի պանդոկապետին և ասացի, որ ուզում եմ գնալ գյուղերը, նա ասաց, որ այդ կողմի գյուղերը բոլորովին ցրված են․ մի տուն այստեղ է, մի տուն հինգ րոպե հեռու. այնպես որ այդտեղերը շրջագայել անհնարին է: Ավելի լավ կլինի, ասաց նա, գյուղացիներին բերել ձեզ մոտ, կմնան այստեղ և դուք հարցաքննելով, ձեր ուզած ձևով կօգտվեք նրանցից: Այս մասին հայտնեց ազգային մարմիններին, որոնք սիրահոժար նպաստեցին այս գիտական գործին, որովհետև իրենց բարբառի քննությանն էր վերաբերում: Եկան մալացի, ապկիոնցի, կյուշանացի և ճոշարացի գյուղացիներ, որոնց հետ երկու շաբաթ աշխատե լով ուզոծ նյութերս հավաքեցի: Շատ ավելի հետո գնալով Գագրի և բնակվելով Էքսուզյան ընտանիքում, ավելի մոտիկ շփվեցի համշենցոց հետ և կազմեցի Համշենի բարբառի քննությունը, որ մեր Ակադեմիայի կողմից հրատարակվեց 1947 թվականին: Տրապիզոնից մեկնելով մի առ մի այցելեցինք Սև ծովի հարավային եզերքի գլխավոր նավահանգիստները. Կիրասոն, Սամսոն, Օրդու, Ունիյե, Պաֆրա և Ինեպոլու, որ Սև ծովի վերջին նավահանգիստն է: Այստեղից Սև ծովը սկսվում է բոլորվել՝ կազմելու համար Բոսֆորը: Բարձրացանք շոգենավի վերևը և հեռվից դիտում ենք Բոսֆորի մուտքը: Վերջապես հասնում ենք ֆեներ, այսինքն՝ ասիական և եվրոպական ափերի վրա կառուցված երկու հսկա փարոսները: Այդտեղ կանգնում են շոգենավերը քննության համար, որից հետո մտնում ենք Բոսֆորի նեղուցը: Կնոջս ցույց եմ տալիս հիանալի տեսարանը և ասում եմ. «Տե՛ս, աշխարհիս վրա սրանից ավելի գեղեցիկ տեսարան չկա»: Կինս չինչ գեղեցիկ բան չի գտնում և զարմանում է իմ ասածի վրա։ Բայց քանի առաջանում ենք և քանի ասիական և եվրոպական ցամաքները մոտենում են իրար, տեսարանը ավելի գրավիչ է դառնում: Վերջապես կինս բարեհաճում է հիանալ շրջապատով. Սարը-յարի առաջըն ենք հասել. հեռուն, ցամաքի վրա ցույց եմ տալիս մոտով մեր տունը, ուր պիտի իջնենք քիչ հետո: Հասանք Պոյաճը գյուղ, որի առաջ կինս այլևս չդիմացավ և բացականչեց. «Իսկապես շատ գեղեցիկ է»: Հասանք Կոստանդնուպոլսի քարափը. շոգենավը կանդնեց. իջանք ցած: E- Կոստանդնուպոլսի ծովափը բազմաթիվ թաղեր ունի թե՛ սիական և թե' եվրոպական ափերի վրա. այդ թաղերը տեղական լեզվով «գյուղ» են կոչվում: Առանձին փոքր սրընթաց շոգենավեր կան, որոնք Կոստանդնուպոլսի կամուրջից մեկնելով, հանդիպում են բոլոր այդ գյուղերը մինչև Բոսֆորի վերջին ծայրը, ուր մի կողմից գտնվում է Ռումելի Քավաք և մյուս կողմից՝ Անատոլու Քավաք: Մենք էլ մտանք մի շոգենավ և մեկ ու կես ժամ հետո հասանք Սարը-յարի Ենի մահալլե նավամատույցը, որի հենց կողքին գտնվում էր մեր տունը: Դուռը զարկինք. մայրս եկավ բաց արավ. անակընկալ էր մեր գալը. ողջագուրվեցինք և նստանք հանգստանալու համար: Հայրս խանութումն էր, որովհետև աշխատանքի օր էր: Մայրըս բացատրեց հորս խանութի տեղը և ես ու կինս ծածուկ գնացինք խանութի առաջ և ցուցափեղկում դրած կանացի կոշիկները դիտելով իրեն ենք նայում: Նա, ըստ սովորության, բոլորովին անուշադիր դեպի դուրսը, եռանդով իր գործով է զբաղվում: Երբ երկար այդպես կանգնած լույսը խանգարում ենք, զայրացած աչքերը բարձրացնում է, տեսնելու համար, թե ովքե՞ր են սրանք: Տեսնում է մենք ենք: Վեր է կենում, ներս ենք մտնում. հայրս սովորություն չուներ թույլ տալու, որ ձեռքը համբուրենք. բանվորի ձեռք է, կեղտոտ կլինի: Խանութը փակում է, և գնում ենք տուն: Մեր տունը, ինչպես ասացի, նավահանգստի կողքին էր, ծովի ափին: Չորս հարկ ուներ: Մայրս երրորդ հարկը մեզ էր հատկացրել. դեմ առ դեմ երկու սենյակ, որոնցից մեկը դեպի սարն է նայում, մյուսը, իր լայն պատշգամբով, ծովի վրա էր կռացած: Աջից և ձախից մի-մի զբոսարան կար, ուր գիշերն ամբողջ նվագում էր ասիական նվագախումբը, փոխ առ փոխ. երբ աջը վերջացնում էր նվագը, ձախն էր սկսում. իսկ երբ ձախն էր դադարում, սկսում էր աջը: Ծովի տեսարանը հիանալի էր. թե' տեղական ( Բոսֆորի վրա բանող) և թե՛ արտասահմանյան խոշոր շոգենավերը ( ռուսական, ֆրանսիական, անգլիական, իտալական, հունական և այլն) անդադար գնում են ու գալիս Սև ծովից Մարմարա և հակառակը: Ասիական եզերքը շատ մոտ է. թեև ձայնը չի հասնում, բայց զինվորական նվագախումբը լսվում է. սրատես աչքը նույնիսկ քայլող մարդկանց կարող է նկատել: Բարձրանում են կանաչազարդ բլուրս ները, որոնց մեջ բարձրագույնն է Չամլըճայի սարը: Այս սարի վրա 11-21 մի շատ երկար գերեզման կա. գնացինք տեսանք մի օր այդ գերեզմանը, ո 120 քայլ երկարություն ուներ։ Թուրքերը ասում են, թե դա Հազրեթի Էյուբի (Հոբ Երանելու) գերեզմանն է: Իհարկե հիմարն էլ չի հավատա այդպիսի առասպելի. Հոբ Երանելին որտե՞ ղ, կոստանդնուպոլիսը որտեղ. ավելի ծիծաղելի է այն, որ ասում են, թե եթե մեկը միշտ անքուն է մնում, երբ գա և մի քանի անգամ պտտվի այս գերեզմանի շուրջը, անքնությունը կանցնի: Իհարկե մի քանի անգամ ման գալով այդտեղ, կհոգնի և գիշերը լավ կքնի: Գիշերները բոլոր շոգենավերը լուսավորվում են. հատկապես Բոսֆորե փոքր շոգենավերը, որոնք լուսարձակներոս զինված, ջա րունակ ցոլքերը սփռում են չորս կողմ, զգուշացնելու համար նավակները: Ամբողջ Բոսֆորի եզերքը գիշերները ծածկվում են այդ փոքրիկ նավակներով կամ մակույկներով, որոնց մեջ մի-մի զույգ սիրահարներ, հաճախ նվագարանով, շրջագայում են: Կինս պատըշգամբից դիտում էր այս մշտապես սքանչելի տեսարանները առանց հագենալու: Նա չէր քնում և ուզում էր միշտ դիտել. ինձ էլ չէր թույլ տալիս քնելու, ասելով. «Հրաչյա վեր կաց, մի՛ քնիր, տե՛ս, որչափ գեղեցիկ է. վաղը մյուս օր պիտի թողնենք գնանք, էլ այսպիսի տեսարան չենք տեսնի»: Մինչև անգամ փափագ հայտնեց, որ չվերադառնա յինք Կովկաս և ընդմիշտ մնայինք Կոստանդնուպոլսում: Կոստանդնուպոլսում շրջագայելը չափազանց դժվար է: Ես գտա մի ֆրանսերեն ուղեցույց, 300 երեսով մանրատառ մի հատոր, որի առաջնորդությամբ ման եկանք միասին ամբողջ մի ամիս բովանդակ Կոստանդնուպոլիսը: Չմնաց տեղ, ուր չգնայինք: Նույնիսկ այցելեցինք Եդի-գուլեի այն աշտարակը, որի մեջ բանտարկում էին տաճիկ սուլթաններին: Այցելեցինք կղզիները, որոնց համար հատուկ շոգենավեր կան, ավելի սրընթաց քան մյուսները: Սքանչելի է Մեծ կղզին. երբ շոգենավից դուրս ես գալիս, մի թուրք իշապան առաջարկում է ձեզ իր էշը, որ թավշյա թամբով զարդարված է: Հեծանք մի-մի էշ և առաջ ենք գնում շարունակ: Կարծեմ տևեց մի ժամ: Տները հիանալի են այս կղզում. ամեն մի տուն առանձին ճարտարապետություն ունի. նույնիսկ կտեսնես չինական կամ ճապոնական ճարտարապետությամբ շինված տուն: Վերջապես եկանք այնտեղ, որտեղից մեկնել էինք: Չէ՞ որ կղզին կլոր է: Վճարը 5 ղուրուշ էր (40 կոպեկ): Ման եկանք նաև Սարը-յարի բոլոր ջրերը: Սարը-յար թաղը շրջակայքում ունի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից ամեն մեկը մի զբոսավայր է: Այդ աղբյուրները գնալու համար կա ծովափի մոտ մի կայան, որտեղ վարձում են թավշյա թամբով մի էշ և իշավարի ուղեկցությամբ գնում ջրերը: Երբ առաջին անգամ կնոջս առաջարկեցի հեծնել մի էշ, նա քաշվեց, թեև շատ էր ուզում: Ամոթ էր համարում. ինչպե՞ս կարելի է եվրոպական հագուստով մի կին էշ նստի: Քիչ այն կողմից հովանոցը ձեռքին զարդարված մի կին մոտեցավ մի իշապանի: Կինս ասաց. «Եթե այս կինը էշ հեծնի, ես էլ կհեծնեմ»: Եվ որքան ուրախ եղավ, երբ տիկինը էջ հեծավ. մենք էլ հետևեցինք նրան: Մի օր ընտանյոք (4 հոգի) գնացինք Ճըռ-ճըռ սուի (թագավորի խմած ջուրն է), որի մոտիկ մի կանաչազարդ արոտի վրա գորգ փռեցինք և ճաշեցինք: Խոտերի մեջ կինս գտավ վայրի ելակներ, որոնք ավելի բուրումնավետ են, քան ընտանին: Գտավ նաև մի նոր պտուղ, որ չէր տեսած: Դա կոչվում է թրքերեն հոջա եմիշի, որ հայերեն կոչվում է մաթուզ. նման պտուղ ոչ մի տեղ տեսած չեմ. նման է ելակի, բայց գույնը կապտավուն է. քաղցրությունը ավելի պակաս է. կորիզ չունի, կարծես թե հացի մի պատառ ես ուտում: Մի ուրիշ անգամ էլ մենք չորսս, մեզ հետ առնելով նաև հորս ծանոթներից մեկին ( ատաղձագործ Մարտիկ աղա), մի լավ ֆայտոն վարձելով գնացինք Բյոյուք-դերեից մի ժամ հեռավորությամբ (դեպի ներս) Սուլթան սուից ավելի հեռու գտնված Բենդեր կոչված վայրը։ Դա հոյակապ մի շինություն է, հայ ճարտարապետի ձեռակերտ: Ամեն կողմից հավաքվում են ջրերը մի հոյակապ ջրամբարի մեջ, որը մի մեծ լճի տպավորություն է թողնում: Զանազան ուղղաձիգ խողովակներ գնում են մինչև Կոստանդնուպոլիս, շոգենավով մի ժամ ճանապարհ, որ ոտքով 6 ժամից ավելի է: Այդ ջուրը դնում է Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը և ամենքին խմելու ջուր տակարարում: Ամբողջ ճանապարհը անտառ է հսկայական ծառերով: Հենց Բյոյուք-դերեի նավամատույցի մոտ մի հաղթահասակ ծառ կա, որի համար ասում են, թե նրա շվաքի տակ Խաչակիրները ժողով են գումարել: Բենդերի լճի մոտ ընդարձակ անտառում կրակ վառեցինք և պոլսական խորոված անելով՝ ամբողջ օրը անցկացրինք: Նույն կառքով վերադարձանք տուն ուշ ժամանակ: Կառքին վճարեցինք մեկ մեջիդիե (1 ռուբլի 60 կոպեկ): DE- Թեև մեծ մասամբ մեր ժամանակը անցկացրինք մեր տանը, բայց մի շաբաթ էլ գնացինք մնացինք իմ երկու մորաքույրերի և իմ մորեղբոր աղջկա՝ Փերուզի տանը: Նա ամուսնացել էր մյուսյու Հրանտ Բալըգճյանի հետ, որ նավապետ էր: Նրա պատմությունը հետաքըրքիր է: Նա եղել էր տաճկական նավի վրա ծառայող, մի երկ- րորդական պաշտոնյա: Սուլթանը ուզեցել է մինչև Անգլիա մի մեծանուն անձի պատվանշան ուղարկել և այդ տաճկական նավով ճամվու է գցում: Միջերկրականի վրա մի սարսափելի փոթորիկ է պատահում: Նավապետը այդ ժամանակ հիվանդացած է լինում և չի կարողանում նավը վարել: Բոլոր մյուս պաշտոնյաները, փոթորկից սարսափած, չգիտեն ինչ անեն. այս Հրանտը բարձրանում է վերև և սոսկալի փոթորկին դիմադրելով, շոգենավը ապահով հասցնում է Անգլիա: Վերադարձին Օսմանյան կառավարությունը շնորհում է նրան գլխավոր նավապետի տիտղոս: Հրանտի հայրը Գևորգ անունով մի հասարակ ձկնորս է եղել, բայց այնպիսի ազդեցիկ դիրք է ունեցել թաղում, որ իր բնակած այդ փողոցը իր անունով կոչվում էր Պալըգճը Գևորգ սոքաղը (Ձկնորս Գևորգի փողոց): Բարձրահասակ, նիհար, բայց շատ լուրջ և խոհուն մարդ էր մյուսյու Հրանտը: Քիչ էր խոսում. կանանց կարևորություն չտալով, երեկոները, երբ շոգենավից գալիս էր տուն, գրեթե միայն ինձ հետ էր խոսում և միշտ լուրջ նյութերի մասին: Նրա սովորեցրած բաներից մեկն էլ այն եղավ, թե երբ ծովը երկու կողմից ազատ չէ՝ փոթորկաշատ կլինի: Օրինակ, Մարմարա ծովը, որ մի կողմից Բոսֆորով և մյուս կողմից Դարդանելով միանում է ուրիշ ծովերի հետ, մեծ փոթորիկներ չունի: Իսկ Սև ծովը, որ արևելյան կողմից փակ է, ավելի մեծ փոթորիկներ ունի: Ըստ այսմ Կասպից ծովը, ինչպես և մեր փոքրիկ Սևանը, որոնք չորս կողմից փակ են, ահավոր փոթորիկներ ունեն: Հրանտը հետագայում մի աղջիկ ունեցավ, որի անունն էր Ազատուհի և գալիս է իմ քեռու թոռը: Չգիտեմ դեռ կենդանի է, թե չէ: Հրանտը իբրև նավապետ, միշտ կանգնած լինելու պատճառով ոտքի երակների լայնացում ստացավ, ենթարկվեց վիրաբուժական գործողության, որին չդիմանալով մեռավ: Իրենց տունը փողոցի մեջտեղը կանգնած քառահարկ առանձնակ մի տուն էր. երկու կողմից և հետևից շենք չկար։ Վերևի հարկից կարելի էր դիտել մինչև Մարմարայի ծայրը: Զարմանալի զուգադիպությամբ այդ տունը գտնվում էր իմ ուսման օրրանի դեմը: Հրանտի տան դիմացը, մի քիչ դեպի աջ գտնվում էր Արամյան վարժարանը, այն դպրոցը, ուր ես 7 տարեկան հասակում աշակերտեցի: Այժմ նա սովորական բնակարան էր, ինչպես և եղել էր ավելի առաջ: «Արամյան վարժարան» վերտառությունը ծեփով ծածկել էին: Ուզեցի բարձրանալ վերև, տեսնել այն գրասեղանը, որի վրա նստած, առաջին անգամ սովորեցի թուրքերեն այբուբենը, տեսնել այն թիկնաթոռը, որի վրա նստում էր բաբա Նշանը և որի ծնկների առաջ չոքած ես ընթերցարան էի կարդում: Բայց ամաչեցի և տան բնակիչներին չուզեցի խանգարել: Տան աջ կողքին մի ավերակ տուն կար այն ժամանակ, երբ ես աշակերտեցի այդտեղ: Այդ ավերակ տունը մնում էր մինչև այժմ էլ: Որչափ դանդաղ է շարժվում կյանքը Կոստանդնուպոլսում: Անհնարին է նկարագրել Կոստանդնուպոլսի այն բոլոր վայրերը, որոնք արժանի են ուշադրության և որոնք այցելեցինք մի առ մի: Հիշում եմ նրանցից մի քանի կարևորները: Ֆրանսերեն ուղեցույցի միջոցով իմացա, որ Կոստանդնուպոլսում գետնի տակ մի լիճ կա: Գնացինք այդտեղ: Բաբը Ալիի մոտ, պարսից դեսպանատան դիմացը մի մեծ մասնավոր տուն էր: Դուռը բախեցինք, ներկայացավ մի ծառայող և մեզ ներս հրավիրեց: Ներսում մի քանի այցելուներ էլ կային: Ծառայողը մի մեծ ջահ վերցրած ձեռքին, առաջնորդեց մեզ բոլորիս մի երկար սանդուղքով, որ քանի իջնում էր, հետզհետե մթնում էր: Իջանք հատակը. խոր մթությունը պատեց: Մի քանի քայլ այն կողմ տեսանք մի ընդարձակ լիճ, որի վրա մի նավակ էլ կար։ Ով ցանկանար, կարող էր նավարկել և առաջանալ դեպի լճի խորքը, գլխին կանգնած կամարների տակով: Մենք վախեցանք փորձել, որովհետև կարող էր հեռվում թունավոր գազով լցված օդ լինել: Այս լճի գոյությունը շատ քիչ մարդ գիտե, նույնիսկ Կոստանդնուպոլսի հին բնակիչներից: Տեսանք Ենիչերիների թանգարանը։ Ենիչերի էին կոչվում այն զինվորները, որոնք քրիստոնյաների բռնի մահմեդական դարձած որդիներն էին: Դրանք սկզբում կազմում էին օսմանյան ահավոր բանակը և երկյուղ ասած բանը չգիտեին: Օսմանցոց առաջին մեծ հաղթանակները ենիչերիների քաջության արդյունք են: Ավելի ուշ ենիչերիները ըմբոստացան նույնիսկ պետության դեմ և ոչ միայն իրենց չսիրած սուլթաններին Եդի-գուլեի բանտում բանտարկում էին կամ սպանում, այլև հասարակ ժողովրդի սարսափն էին դարձել: Սուլթան Մահմուդը ոչնչացրեց 60 000 ենիչերիների, թնդանոթի բռնելով և ողջ-ողջ այրելով իրենց զորանոցներում: Այժմ այդ ենիչերիների կյանքն ու անցյալը պատկերացնելու համար շինել են մի թանգարան, ուր բազմաթիվ ենիչերիների արձաններ, բնական մեծությամբ և բնական դիրքով ներկայացնում են ամեն ինչ: Կան այնտեղ ենիչերիների գլխավորները իրենց սոսկալի տարազով, թուրերով, լախտերով և այլ սոսկալի զենքերով, կանայք, երեխաներ, խոհարար, տնային կարասիք, կաթսա և այլն: Ամեն ինչ այնպես բնական է, ենիչերիները այնպես ահավոր են, որ այցելուներից շատերը իրական կարծելով վախենում էին մոտենալ: Տեսանք Այա-Սոֆիան, որ նախապես հունական եկեղեցի էր, իսկ Կոստանդնուպոլիսը գրավող սուլթան Մեհեմեդ Ֆաթիհը, չդի մանալով նրա գեղեցկության, ոչ միայն չկործանեց, այլև փոքրիկ փոփոխությամբ մզկիթի վերածեց: Մուտքը ազատ է։ Մտանք ներս: Թեև Այա-Սոֆիայի արտաքինը շատ չնչին է, բայց ներսում հոյակապ է և ահավոր: Երբ առաջանում ես դեպի կենտրոնը, բարձրացնում ես գլուխդ և տեսնում ես այն ահավոր գմբեթը, որ կանգնած է գլխիդ առանց որևէ սյունի վրա հենվելու, կսարսափես և կկարծես, թե ահա այդ օդի մեջ կանգնած երկնագունդը վրադ է փուլ գալու: Բայց մի վախենա։ Բագրատունյաց մեծ ճարտարապետ Տրդատը կանգնեցրել է այն անսյուն գմբեթը: Հուստինիանոս կայսեր կառուցած այդ մեծ եկեղեցին երկրաշարժից փուլ էր եկել։ Ինչքա՜ն ճարտարապետները աշխատում էին վերականգնել, բայց գմբեթը չէր կանգնում և թափվում էր ցած: Կայսրը հրավիրեց Տրդատին և նա կանգնեցրեց գմբեթը այնպես, որ մինչև այժմ անվթար մնում է: Սյուների փոխարեն նա իբր սյուն գործածեց տաճարի չորս անկյունները, որոնց վրա դրած մեծ քառակուսի սալաքարերը, որոնք ճարտարապետության մեջ այժմ կոչվում են «հայկական թմբուկ» (tambour arménien), իբրև հիմք պահում են գմբեթի չորս ծայ րերը: Այցելության գնացինք և մանրամասն ման եկանք Սուրբ Փրկչի հայոց հիվանդանոցը: Հայ ազգը դրա նման հոյակապ կառուցվածք չունի: Պեզճյան Հարություն ամիրան, իր անձնական ծախսով, հիմնել է այդ շենքը, որ սկզբում շատ հասարակ բան էր, իսկ այժմ հասել է աննման շքեղության: Նա պատսպարում է 8 000 հոգի (հիվանդ, անկյալ, հիմար, պառաված կանայք և տղամարդիկ, որբեր, աղքատ ուսուցիչներ և այլն): Ազգի տունն է կոչվում այն: Ո՞վ է պահում այդ հոյակապ շենքը: Ազգը ամբողջությամբ: Մեռելների պսակների փոխարեն, որ մի ավելորդ ծախս է մարդկանց վրա, Կոստանդնուպոլսի հայերը նվիրում են Հիվանդանոցին «փոխան ծաղկեպսակի» կոչված մի գումար, որ Հիվանդանոցի վարչությունը հայտարարում է թերթերում ամեն ամիս: Հիվանդանոցը տպում է ծխելու թուղթ, որի երեսին նկարված է Հիվանդանոցը, իսկ ներսում տպված է հետևյալը. «Կխնդրենք մեր ազգայիներեն, որ ի սեր ութ հազար տառապյալներու, այս թղթով ծխեն»: Թուղթը շատ ընտիր տեսակից է. ավելորդ է ասել, որ բոլոր հայերը ծխում են այդ թըղթով, բայց նույնիսկ շատ թուրքեր, ոմանք թղթի լավությունից հրապուրված, ոմանք էլ դժբախտների սիրուն գործածում են այդ թուղ- թը: Այնքան ընդարձակ էին սրահները, որ կարելի չէ նկարագրել մի առ մի: Եկեղեցի, դպրոց, որբանոց, գժանոց, մոմ թափելու գործարան և այլն, այս բոլորը մի շատ ընդարձակ պարտեզի մեջ, ուր ամեն տարի մայիսին Կոստանդնուպոլսի հայերը տոնում էին սահմանադրության տարեդարձը: Ման եկանք հիվանդանոցի ընդարձակ սենյակները, որոնց յուրաքանչյուրը մի առանձին հիվանդության է հատկացված: Շատ ազդեցիկ տպավորություն գործեցին այդ սենյակների անունները. մինը կոչվում է Գրիգոր Նարեկացի, մյուսը՝ Ներսես Շնորհալի. այսպիսի անուններով որակել են հիվանդների սենյակները: Նարեկացին թոքախտավորների սենյակն է, Շնորհալին մի ուրիշ և այլն: Երբ ման էինք գալիս, տեսնում եմ հանկարծ մի երիտասարդ, որին իսկույն ճանաչեցի. Պեկյան անունով մի տղա էր, որի հետ դասընկեր ենք եղել Կեդրոնական վարժարանի Ա դասարանում. ծնոտը տարօրինակ կերպով ցած կախված, մտավոր վիճակը խանգարված մի տղա էր: 17 տարի էր անցել այդ օրվանից և նա մտել էր այդտեղ իբրև հիմարների և հիվանդների վրա հըսկող վերակացու: Սամաթիա թաղում այցելեցինք հայոց եկեղեցին և Սուրբ Սահակյան վարժարանը: Այդ դպրոցումն էի սովորել ես էլ իմ պատաս նեկության ժամանակ: Մտանք մի դասարան. աշակերտը գրատախտակի վրա ապացուցում էր մի երկրաչափական տեսություն, որ վերջացրեց «զորն որ կուզեինք ապացուցանել» բառերով: Ամբողջ մանկությունս վերականգնվեց աչքիս առաջ: Քննիչ ուսուցիչը Արմենակ Բարսեղյանն էր, Ճեմարանի իմ հին աշակերտներից մեկը, եվդոկիացի, որի հետ ես ու կինս պաշտոնակից եղանք Թավրիզի Արամյան դպրոցում: 4 տարի էր անցել այդ օրվանից և իրարից ոչ մի տեղեկություն չունեինք: Հենց որ ներս մտանք դասարան, իսկույն ճանաչեց մեզ, բայց կարգապահության գիտակցությունը չթողեց նրան որևէ շարժում անել մինչև դասի վերջը: Դասից հետո մենք շատ զրուցեցինք բազմաթիվ հարցերի շուրջը: Մի օր անակնկալ կերպով մեզ այցելության եկան պրոֆ. Գրիգոր Խալաթյանը, որին տեսել էի Տրապիզոնում և դոկտ. Ն. Տաղավարյանը, որին ծանոթ էի միայն գրականությունից։ Բժիշկ և նշանավոր հեղինակ էր: Իմ աշակերտության ժամանակ նա հրատարակում էր «Գիտական շարժում» ամսաթերթը, որ նվիրված էր ամբողջությամբ առողջապահության, մարդակազմության, ֆիզիկայի: Այս նյութերի շուրջ զանազան գրքեր է հրատարակած հեղինակը: Իր գործն է «Բառացուցակ ախտանուանց» տետրակը, որ իբր ուղե- ցույց ծառայեց վերջերս մեզ մոտ կաղմված զանազան բժշկական բառարանների: Ավելի ուշ Տաղավարյանը մտավ հայագիտության սահմանը և «Սկսնակ բանասեր» ստորագրությամբ հրատարակեց զանազան գրքույկներ: Հիշում եմ նրա «Հայոց պատմություն»-ը, «Հայոց գրերի գյուտի պատմություն»-ը և այլն: Այսքան բազմակողմանի հմտություն շատ է մի մարդու համար, բայց նա սեբաստացի էր: 1915 թվականի խուժդուժ կոտորածին նա էլ նահատակվեց 500 հայ մտավորականների հետ: Խալաթյանը և Տաղավարյանը ինձ հայտնեցին, թե Հովհաննես Սագըզ փաշան ցանկանում է ինձ տեսնել և խնդրեցին, որ նրա մոտ այցելության գնամ: Այս անձը, թեև փաշա, բայց գիտական արժանիք ունեցող մարդ էր: Նա ուսումնասիրել էր սումերերեն լեզուն և համեմատելով հայերենի հետ, մինչև 250 նման բառ էր գտել: Նա քննեց նաև իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մասին շատ գովասանական գնահատական տվեց: Ես մերժեցի գնալ նրա մոտ և ասացի. «Եթե նա ինձ ուզում է տեսնել, դուռս բաց է. կարող է գալ ինձ մոտ»: Երկու հյուրերս, ինչպես և կինս, զարմացան իմ մերժման վրա և ոչինչ չկարողացան արտասանել: Իրենց համար տարօրինակ էր, որ մի փաշս հրավիրի իր մոտ մի հասարակ վարժապետի և այդ վարժապետը չգնա նրա մոտ: Բայց իմ բնավորությունը այդպես է եղել. մեծամեծների, ազնվականների և իշխանավորների հետ ոչ մի գործ չունեմ. չավազանց հպարտ եմ նրանց հետ, իսկ հասարակ մարդկանց հետ պատրաստ եմ ընկեր և բարեկամ լինելու. սրանց մոտ շատ համեստ եմ: Կինս հետո ինձ ասաց. «Ափսոս, որ զրկեցիր ինձ մի փաշայի տունն էլ տեսնելուց»: Կոստանդնուպոլսում եղած ժամանակս միշտ այսպես պտույտներով չանցկացրի, այլ նաև գիտական աշխատանքներով: Ծանոթանալով երկու զեյթունցի երիտասարդների հետ, որոնք Կեդրոնականի սաներ էին, կազմեցի Զեյթունի բարբառի բառացանկը: Ծանոթացա երկու Տիգրանակերտցի պարոնների հետ, որոնցից մեկը բժշկական վարժարանից էր, մյուսը ուսուցիչ: Դրանց հետ էլ կազմեցի Տիգրանակերտի բառացանկը: Բայց ավելի կարևոր է հիշել դեպի Ռոտոսթո ճամփորդությունս: Ռոտոսթոն գտնվում է Մարմա րայի եվրոպական ափում. շոգենավով Կոստանդնուպոլսից մի օր հեռու է: Գնացի Ռոտոսթո: Բնակչությունը մեծ մասամբ հայ է: Ծանոթացա հայկաբան ուսուցիչ Տիգրան Պաղտիկյանի հետ և նրա հետ կազմեցի Ռոտոսթոյի բարբառի բառացանկը և սրճարանում հավաքված մի քանի տեղացի հայերից բնագրեր: Ռոտոսթոյի հյուրանոցում սովորեցի նորօրինակ մի առողջապահական կանոն, որ պետք է ներկայացնել մեր բժիշկներին։ Հյուրանոցի այն սենյակում, ուր իջել էի ես, ինձ հետ կային երեք թուրք հյուրեր: Ծովի վրա նայող պատուհանը ամբողջապես բաց, սենյակի դուռն էլ նրա ճիշտ դիմացում բաց, ծովի կողմից փչում էր մի այնպիսի հորդահոս քամի, որ քիչ էր մնում մեզ էլ տապալեր: Վեր կացա դուռը փակեցի. քամին դադարեց: Թուրքերը գանգատվեցին, թե «Այդ չեղավ. երբոր քամին մի կողմից փչի, ամբողջ քամին ներսը կմնա և մեր մարմնի մեջ մտնելով՝ հիվանդություն կպատճառի: Դուռն էլ պետք է բաց անել, որպեսզի դրսից փչող քամին անցնի գնա առանց մեզ վնաս տալու»: Այս տարօրինակ հայացքը միջանցուկ քամու մասին նոր էի լսում: Որոշեցին երկու Այդ կողմն էլ փակել, որպեսզի քամին կտրվեր և մեզ չվնասեր: կարծիքը հետո հորս հայտնեցի, որ ասաց, թե Կոստանդնուպոլսում ամենքն էլ այդպես են կարծում: Կոստանդնուպոլսում մի զվարճալի դեպք էլ տեղի ունեցավ: Փողոցում հանկարծ տեսնում եմ Կարապետ Բասմաջյանին, որին չէի տեսել վաղուց: Հարցրի, թե ինչո՞ւ է եկել: Պատասխանեց, թե Օսմանյան պետական գրադարանում Ջելալեդդին Ռումիի մի ձեռագիրը քննելու համար: Պատմեց հետևյալը: Մտնում է գրադարան, ներկայանում է իր ասիական համայնածավալ շալվարով մի մոլլա և հարցնում է, թե ի՞նչ եք ուզում: Բասմաջյանը ասում է, թե ձեզ մոտ Ջելալեդդին Ռումիի այսինչ ձեռագիրը կա․ բերեք տեսնեմ: Մոլլան պատասխանում է. «Մենք այդպիսի ձեռագիր չունենք»: այդ Դուք ունեք այդ ձեռագիրը և ես Փարիզից եկել եմ ռագրի մեջ մի բան նայելու: Ես գյավուր եմ, ուստի չեք ուզում ցույց տալ, հա՞: Բերեք ձեռագիրը, ես ձեռք չեմ տա ձեռագրին, դուք կթերթեք, ես էլ կկարդամ: — åb- Այդպես էլ անում են: Բասմաջյանը գտնում է իր ուզածը, արտագրում և հեռանում: Բասմաջյանը ասաց, թե այդ գրադարանը հայերեն գրքերի մեծ հավաքածու ունի. այն բոլոր գրքերը, որոնք արգելված էին ցենզուրից և գտել էին խուզարկության ժամանակ մասնավորների տանը, այստեղ կան: Այս խոսքի վրա ես հրապուրվեցի և ուզեցի այցելել գրադարանը: Բասմաջյանը առաջնորդեց ինձ մինչև դուռը: Գրադարանը գտնվում էր Չաքմաքճըլար փողոցից վերև՝ Պապը Սերասքերի դեմը, հրդեհի մեծ աշտարակի դիմաց: Մտա ներս: Ներկայացավ մոլլան, որից խնդրեցի հայերեն գրքերի ցուցակը: Երկու-երեք երեսանոց աննշան մի ցուցակ էր։ Իմ նպատակն էր տեսնել Թովմաս Թերզյանի Հովսեփ Գեղեցիկ օպերան: Համարը գտա և պահանջեցի. գնաց բերեց ինչ-որ բողոքականի քարոզ։ Ասացի, որ այս չէ և նորից համարը տվի: Գնաց և մի ուրիշ քարոզ բերեց: «Այս էլ չէ»,– ասացի մոլլային: Մոլլան բարկացավ և ասաց. «Սրանք հայերեն չե՞ն, անպատճառ ա՞ յն գիրքը պիտի կարդաս. այս գիրքը կարդա էլի»: Եվ բարկանալով, պահարանի բանալին շպրտեց ինձ, «Գնա, գտիր և կարդա»,— ասելով: Գնացի ներսի սենյակը, ուր գտնվում էր պահարանը․ կարծեմ ընդամենը, ըստ ցուցակի, 250 գիրք կար, ընդհանրապես բողոքական քարոզիչների հրապարակած կրոնական անարժեք տետրակներ, որոնք ձրի բաժանվում են: Սակայն գրքերի շարքում գտա Հովսեփ գեղեցիկը և կարդացի: Այս ձեզ Օսմանյան կայսրության Պետական գրադարանը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ձրի սրճարան, ուր զանազան անգործ մարդիկ նստած ծխում էին կամ իրար հետ խոսակցում: Կոստանդնուպոլսի հետաքրքիր վայրերից երկուսն էլ պետք է հիշեմ: Առաջինն է Մևլևիների մենաստանը, որ գտնվում է Ղալաթիայում: Մևլևիները կազմում են մահմեդական մի աղանդ, որի էությունը հայտնի չէ, գաղտնի են պահում: Ասում են, թե սուլթաններից մեկը մևլևիների գաղտնիքին ծանոթանալու համար իր որդուն տալիս է նրանց վանքը, ասելով նրան, թե «Գնա բոլոր գաղտնիքները իմացիր և արի, ինձ ասա»: Մևլևիները սիրով ընդունում են սուլթանի որդուն իրենց վանքում, դաստիարակում են նրան իրենց ոգով և վերջապես դարձնում են դերվիշ, անունը դնելով «Սերվեր դեդե»: Մի օր սուլթանը կանչում է իր որդուն և առաջարկում է գաղտնիքները հայտնել: «Ոչ մի գաղտնիք չկա, հայրիկ, մևլևիներն էլ այնպիսի մահմեդականներ են, ինչպես ամենքս. միայն հագուստով են տարբեր»: Սուլթանը չի հավատում և ասում է. «Տե՛ս որդի, ես քեզ տվի նրանց մոտ, որ նրանց գաղտնիքները ինձ բերեիր, ինչո՞ւ ես թաքցնում»: Որդին միշտ մերժում է և սուլթանը վերջապես գլխատել է տալիս նրան: Մևլևիները թաղում են նրան իրենց մենաստանում և գրում են բառախաղով շիրմի վրա հետևյալը. «Սեր վերիպ, սըռ վերմեյեն Սերվեր դեդե»: (Գլուխը տվեց, գաղտնիքը չտվեց Սերվեր դեդեն): Մևլևիների դավանանքի մասին ընդարձակ մի հոդված ունի Մրմրյանը, տպված «Ոստան» ամսագրում: Ընդհանուր խոսքով մլևիների դավանանքի էությունն է ազգերի և կրոնների հավա- սարությունը: Բոլոր կրոնները հավասար են, բոլոր ազգերը եղբայր են, բոլորը հավասար են իրար և դավանանքի տարբերությունը ձևական է: Ոչ մի ազգ իրավունք չունի բռնանալու ուրիշի վրա, և ոչ մի կրոն իրավունք չունի մի ուրիշ կրոնից գերազանց համարելու իրեն: արարողությունը Գնացինք մևլևիների մենաստանը: Նրանց կատարվում է պարով. ընդարձակ դահլիճի վերնատնում նստած է մի դերվիշ և նեյով նվագում է սրտառուչ մի մեղեդի (նեյը մի տեսակ երկար սրինգ է). նրա կողքին նստած է մի ուրիշ դերվիշ, որ նվագի հետ կարդում է աղոթքները: Ցածրում, դահլիճում մ յուս բոլոր դերվիշները, թևերը պարզած, լայնատարած շորերը փռած իրենց վրա անդադար դառնալով՝ շրջապտույտ պար են գալիս շարունակ, մինչև որ ուշագնաց, գլխակորույս ընկնում են և քնում: Արարողությունը վերջանում է: Մևլևիները շատ բարի մարդիկ են. կրում են երկար թաղիքե գլխարկներ. հագուստները շատ լայն են և խոսելիս միշտ կրկնում են «Յա՜ հո՜ւ»: Միայն նրանց գիշերային արարողությունն է ահավոր, երբ դրսից լսվում է նրանց խռպոտ հռնդյունը: Մեր թաղում (Սամաթիայի Նոր թաղ), երբ սուլթանի հրամանով գազանացած խուժանը հարձակում է գործում հայերին կոտորելու համար, մևլևիների գլխավոր վանահայրը, որ մի ալևոր ծերունի էր, վազում է խուժանի առաջ, կասեցնում է նրանց և ասում. «Ո՞ւր եք գնում»: Պատասխանում են, թե սուլթանի հրամանն է կոտորել հայերին: Դերվիշ դեդեն պատասխանում է. «Սուտ եք խոսում, սուլթանը ժողովրդի հայրն է, նա չի կարող այդպիսի հրաման տալ, ես ձեզ չեմ թողնի, մինչև դիակս այստեղ չփռեք»: Այսպիսով թաղը փըրկվում է. խուժանը հետ է գնում: Երկրորդ մենաստանն էր Ռուֆայի դերվիշներինը, որ գտնվում էր Սկյուտար թաղում: Ռուֆայի նշանակում է «հաչող», որովհետև շան նման հաչում են: Գնացինք այդ մենաստանը. որոշված ժամին մեզ նման բազմաթիվ հանդիսականների առաջ դերվիշները կարգով կանգնեցին: Վանահայրը, նստած գետնի վրա, հրամայեց գոչել «Յա՜ Ալլահ». բոլոր դերվիշները ձեռք-ձեռքի տված, պար բռնած, աջ ու ձախ օրորվելով և վազվզելով, շարունակ գոռգոռում են «Յա՜ Ալլահ», մոտ տասը րոպե, մինչև վանահայրը հրամայում է լռել: Այս անգամ տալիս է մի ուրիշ բառ. «Յա՜ Քերիմ» (ով ողորմած): Տաս րոպե էլ այս է տևում։ Այսպես շարունակ վանահայրը տալով նո- րանոր ածականներ Աստծուն, դերվիշներն էլ պարում են: Իրենք էլ ձանձրացած այս անիմաստ կոչականներից, աչքերով լպիրշ հայացքներ գցելով հանդիսականների վրա, անճոռնի և անկարգ պարում են, մինչև անգամ վանահայրը ստիպված է լինում կարգի հրավիրել։ Այս ապուշ արարողությունը տևեց մի ժամ. վանահայրը կարդաց վերջին աղոթքը և արձակեց բոլորին: Այն միջոցին, երբ գտնվում էինք Կոստանդնուպոլսում, տեսա իմ հին ընկերներից մի քանիսին, բայց ոչ բոլորին, որովհետև շատերը գտնվում էին արտասահմանում: Տեսա իմ սիրելի դասընկեր Միքայել Շամտանճյանին, որ հայտնի բանաստեղծ էր և հրատարակում էր «Ոստան» ամսագիրը, մեր հանդեսներից լավագույնը, որի մեջ ես էլ մի քանի հոդված հրատարակեցի: Դպրոցական շրջանից արդեն մենք շատ սիրով էինք: Նա ամուսնացել էր Հրաչուհի անունով մեկի հետ, որ վայելում էր գեղեցկուհու համբավ: Հրաչուհու քույրը (Տայան ազգանունով) բաց էր արել աղջկանց մի վարժարան, անգլիական «հոմ սքուլ»-ի ( տնային դըպրոց) ձևով, որ և Կոստանդնուպոլսում մեծ համբավ էր ստացել: Շամտանճյանը և կինը մնացին մեզ մոտ երկու օր, որից հետո մեզ էլ հրավիրեցին իրենց տունը, որ գտնվում էր Սկյուտարում: Գիշերեցինք նրանց մոտ: Առավոտուն, ըստ պոլսական սովորության, Միքայելը գիշերանոցով բարձրացել էր պարտեզի թզենու վրա և կողքին կախած կողովի մեջ լալեով սառնորակ թուզեր էր հավաքում ( լալեն մի երկար ձող է, որի ծայրը ճեղքելով մի անցք են շինում. հեռվում գտնված թուզը բռնում են այդ անցքի մեջ և ոլորելով պոկում): Սառնորակ ընտիր թուզերի համը շատ քաղցր է: Կոստանդնուպոլիսը արտադրում է բազմատեսակ ընտիր թուզեր: Տեսանք իմ շատ սիրելի ընկեր Սարգիս Մինասյանին, զենկիլերցի, որի հետ 1895 թվականին փախել էինք Կոստանդնուպոլսից: Նա գնաց Շվեյցարիա ուսանելու հասարակական գիտություններ և վերադարձել էր Կոստանդնուպոլիս: Հիանալի գեղեցկությամբ, ռույգ դեմքով և հասակով, բարեկիրթ և շատ քաղաքավար, այնպիսի մի երիտասարդ էր դարձել, որ ամենքի վրա հիացմունքի տպավորություն էր թողնում: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ այնքան սիրալիր գտնվեց, որ մի գեղեցիկ, փարթամ ծաղկեփունջ բերեց և նվիրեց կնոջս շոգենավի վրա: Հինգ հարյուր մտավորականների կոտորածի ժամանակ Սարգիսը զոհվեց, իսկ Միքայելը զերծ մնաց: Գնաց Ասորիք, ուր մեծ թշվառության մեջ մեռավ: Իր գեղեցկուհի կինը՝ Հրաչուհին, մեռել էր 1911 թվականին: Տեսա նաև Արամ Խաչատրյանին, որ այժմ կրում էր Աղվորիկյան ազգանունը. Կեդրոնականի իմ սիրելի ընկերներից էր, N 50: Մի ոտքը կաղ, կարճ հասակով գեղեցիկ տղա էր. ավարտելուց հետո մեզ նման ուսումը չշարունակեց, այլ գալանտերեայի մի խանութ բացեց: Մենք երկուսս բավական ժամանակ թղթակցել ենք իրար հետ և իմ նամակների մի մասը տպագրության էր տվել: Մի օր շոգենավում, մի քանի ընկերների հետ պատահում եմ Սիմոն Չիլինկիրյան անուն ընկերոջս, որ Խասգյուղ թաղից էր և երկրորդ տարվանից թողեց դպրոցը և գործի անցավ: Նա պարծենում էր ամենքի առաջ և ասաց. — և Կոստանդնուպոլսում գտնված բոլոր հայերը, մեծ և փոքր, ամենքն ալ բանտարկվեցան կարճ կամ երկար ժամանակով. միայն ես չբանտարկվեցա. սուլթանը չկրցավ ինձի բանտարկել: Ես, ընկերներիս ներկայությամբ, սուտ պարծանքով, ցույց տալ ուզելով, թե այսքան տարվա մեջ մայրենի լեզուս չեմ մոռացել, խոսում էի պոլսական ամենառամիկ բարբառով, թուրքերեն և եվրոպական բառերով խառն: Սիմոնը դարձավ ինձ և այս դառն նկատողությունն արեց. — Է, այդ ի՞նչ գռեհիկ լեզու կխոսիս. այստեղ Կովկաս չէ: Մենք հոս ազգային հարց ունինք. ի՞նչ կըսեն թուրքերը, երբ խոսածիդ մեջ թուրքերեն բառ լսեն. «Դուք ա՞ զգ եք,— կըսեն,— դուք լեզու չունի՞ք, ինչո՞ւ թուրքերեն բառեր կգործածեք: Եվ դեռ կհամարձակիք ինքնավարություն պահանջելու»: Օտարներն ալ լսելով եվրոպական բառերդ, որոնք մեծ մասով հունարեն են, կծաղրեն մեզի, ըսելով, թե ինչո՞ւ մեր բառերը գողցեր են: Այս նկատողությունը մեջ բերի ցույց տալու համար (կովկասեցոց), թե ի՞նչ մտայնություն է տիրում Պոլսի մեջ, որքան վախենում են օտար բառեր գործածելուց և աշխատում են միշտ հարազատ հայերեն խոսել: Իսկ մենք այստեղ «միջազգային» ասելով ամեն օտար բառ ազատորեն գործ ենք ածում: Գնացի տեսա Ներսես Թյուլյանին, որ սամաթիացի էր և նախակրթարանից սկսած մինչև Կեդրոնականի վերջին դասարանը ընկերացել էր ինձ: Ավարտելուց հետո գնաց Նանսի և բժշկականը ավարտելով, Կոստանդնուպոլիս վերադարձավ: Բնակվում էր Մաքրիգյուղ և նշանավոր բժիշկ էր: Գնացինք իր տունը: Նա էլ ա- մուսնացել էր ինձ նման կովկասցի մի աղջկա հետ, որ Կոստանդնուպոլիս մնալով, պոլսական հայերենն էր յուրացրել: Ամառը վերջանում էր և մենք պետք է մեկնեինք: Համոզեցի ծնողներիս, որ Կոստանդնուպոլիսը թողնեն և ինձ հետ գան Նոր- Նախիջևան: Համաձայնվեցին և չորսս միասին մի հոյակապ ռուսական շոգենավ նստելով՝ եկանք Օդեսա: Այդ տարին զուգադիպությամբ Օդեսայում մի մեծ ցուցահանդես կար: Գնացինք տեսնելու. որքա՜ն ուրախացավ հայրս, որ կյանքում այդպիսի բան չէր տեսել։ Արհեստագետ և հետաքըրքիր մարդ լինելով, մանրամասն դիտում էր ցուցադրված առարկաները և գովաբանում: Օդեսայում այդ տարի ժանտախտի ( չումա) երկու դեպք էր պատահել։ Ցարական կառավարությունը իսկույն հրամայել էր շրջապատել ամբողջ թաղը, բնակիչներին մերկ դուրս բերել աանձին մաքրարան ( կարանտինա) և ամբողջ թաղը կրակի տալ: Երկու օր տևել էր բոցավառ հրդեհը և լափել ամեն ինչ: Մենք հասանք, երբ ավերակները դեռ ծխում էին: Ժանտախտը այսպիսով դադարել էր: Օդեսայից ուղղակի եկանք Նոր-Նախիջևան, ուր վարձեցինք մի փոքր բնակարան: Դա Մարիետա Շահինյանի հայրենի տունն էր: Այդ տարին բարեբախտաբար առատ բերք կար. ձմերուկը, որ ես այնքան սիրում եմ և որի մասին Կոստանդնուպոլսում շարունակ գովեստ էի կարդում մերոնց, այդ տարի չափազանց էժան և առատ էր: Հայրս շուկայից գալիս էր երկու թևերի տակ երկրագուն– դի մեծությամբ երկու խոշոր ձմերուկ դրած, տալիս էր մորս՝ «Կնի՛կ, սա նայե, հատը 15 կոպեկ է»: Լիառատ կյանք վայելեցինք: Մի օր, առավոտյան ժամը չորսին, մութնուլուսուն հայրս գնում է շուկա նավթ առնելու: Սեպտեմբեր ամիսն էր և շատ ցուրտ, ինչպես լինում է Նոր-Նախիջևանում: Հայրս իրեն Կոստանդնուպոլսում կարծելով, վերարկու չէր հագել: Հայտնի է, որ Ռուսաստանում ժամը 4-ին դեռ խանութները փակ են, իսկ Կոստանդնուպոլսում այդպիսի բան չկա: Ամեն արհեստավոր և խանութպան ազատ է, որ ժամին որ ուզե, խանութը բաց կանի կամ կփակի: Այսպես մտածելով հայրս գնացել էր շուկա. խանութները փակ էին. փոխանակ տուն դառնալու, սպասել է 4 ժամ, ցրտի տակ դողալով, բայց անխոհեմությամբ դիմադրելով և վերջապես տուն եկել: Թոքերի բորբոքում ստացավ և անկողին ընկավ: Շատ էր տանջվում: Կանչեցինք նշանավոր բժիշկ Աստվածատուր Քեչեկ- ծանյանին, որ Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից էր: Երկու շաբաթ տևեց հիվանդությունը: Երբ շատ րացավ, բժշկական խորհրդակցություն (կոնսիլիում) խնդրեցինք: Երեք հոգով կոնսիլիում կազմեցին. խորհրդակից բժիշկներից մեկը հայ էր, մեկը ռուս: Երեքով առանձնացան մի սենյակ, որի կողքի սենյակից կինս թաքուն լսում էր։ Բժիշկներից մեկը (ռուսը) հարց է տալիս, թե «Կոտորակները ընդհանուր հայտարարի ինչպե՞ս պետք է բերել, ես ինչքան անում եմ, չեմ կարողանում»: Երկար բարակ նրան բացատրում են: Հետո սկսում են խոսել օդի բարեխառնության, ապա բերքի առատության մասին: Վերջը ասում են. «Դե, մի քիչ էլ հիվանդի մասին խոսենք»: Քեչեկյանը պատմում է, թե հիվանդը ինչ վիճակի մեջ է, որից հետո բժիշկները գալիս են հիվանդի մոտ, մի քիչ մարմինը դես դեն խփում և հանգիստ սրտով հայտարարում. «Հիվանդը լավացել է, բոլոր վերքերը փակվել են, վաղը արդեն վեր կկենա»: Մենք երկուսս (կինըս ու ես) բոլորովին հանգստացած, ուրախ զվարթ գնում ենք քնելու, առանց ուշադրություն դարձնելու հիվանդի հեծեծանքներին: Կես գիշերից անց լսում ենք լացի ձայն. վազում ենք սենյակ. մայրս աղիողորմ լաց էր լինում. հայրս մեռել էր: Հիշում եմ, երբ նախորդ առավոտյան գործարանի սուլոցը սուլեց, հայրս ասաց. «Արքատաշլարըմ իշե գիթտիլեր. բեն էշեք կիպի պուրտա յաթմըշըմ» ( ընկերներս աշխատանքի գնացին, ես այսօ տեղ էշի նման պառկել եմ): Մեռնելու մոտ ասել էր. «Էշեք կիպի կելտիք, էշեք կիպի կիտիյորըք» (էշի պես եկանք, էշի պես գնում ենք): Առավոտը գնացի բժիշկ Քեչեկյանին մահվան վկայական ուզելու: Զարմացած հարցրեց. «Մի՞թե մեռավ. ինչի՞ց մեռավ»: «Բժիշկը դուք եք, ի՞նձ եք հարցնում. դուք ասացիք, որ բոլորովին լավացել է, և մենք ձեր խոսքին վստահելով, հորս վերջին րոպեները անխնամ թողեցինք»: Թաղման կարգը Ավետիս Տեր-Հարությունյանը կազմակերպեց: Նոր-Նախիջևանում այն ժամանակ կար մեռել թաղելու հատուկ մի խանութ. ակարկությամբ նրանք ամեն ինչ հոգում էին. դագաղ, քահանա, մինչև անգամ հուղարկավոր մարդիկ: Հորս հուղարկավորությունը շատ անշուք կատարվեց. բացի մեր քահանա Քելլեշահինյանից, տեսուչ Շահազիզից և մեր ընկեր Ավետիսից, ուրիշ ոչ ոք չկար. կային միայն մեռելի խանութից ուղարկված 2—3 ռուսներ: Հորս թաղեցինք գերեզմանատան Ս․ Կարապետ ե- կեղեցու հետևում, պատի տակ: Վաթսուն տարեկան էր, երբ մեռավ, դեռ շատ առույգ հասակում (1910 թ. սեպտ.): Հորս մահվանից հետո մորս դրությունը անտանելի դարձավ։ Երեսը պատին դարձրած լաց էր լինում շարունակ: Մեռնելու ժամանակ հայրս նրան ասել էր. «Եթե ապրիլ կուզես, հոս մի' կենար, ել Կոստանդնուպոլիս գնա»: Մայրս չուզեց մնալ: Նախ չհավանեց այն քաղաքը, որ իր ամուսնու վաղաժամ մահվան պատճառ եղավ, մի չնչին նավթի պատճառով: Չսիրեց Նոր-Նախիջևանի լայն փողոցները, որտեղ հարևանները իրար չեն տեսնում: Նա ուզում էր Կոստանդնուպոլսի նեղ փողոցները, ուր խոսակիցները պատշգամբից դիմացե դիմաց խոսում են և իրար զանազան բաներ տալիս: Մորս հետ տանելու համար, հրաման առի դպրոցից, տարի նրան Բաթումի, որպեսզի այնտեղից Կոստանդնուպոլիս գնա: 1912 ԹՎԱԿԱՆ Հորս մահվանից երկու տարի հետո որոշեցինք երկրորդ անգամ Կոստանդնուպոլիս գնալ մորս տեսության: Այն ժամանակ անցագիր պատրաստելը շատ հեշտ գործ էր: Եվրոպական երկրներում արդեն անցագիր չկար. ով որ, երբ որ, ուր որ ուզե, կարող է կայարան գնալ, տոմս վերցնել և մեկնել։ Ռուսաստանում, ցարական շրջանում, մի փոքր ձևականություն կար: Դիմում պետք էր տալ և անցագիր ստանալ: Ըստ այսմ ես էլ Ռոստովի քաղաքապե տին ( գրադանաչալնիկ) ռուսերեն դիմում գրեցի և տարի պաշտոնատուն: Դիմումս ընդունեցին անմիջապես, բայց ասացին, որ քաղաքապետը դուրս է եկել, մի ժամից կգա և կստորագրի: Գնացի քաղաքային պարտեզ, մի ժամ թափառեցի և եկա պաշտոնատուն: Անցագիրս պատրաստ էր: Երկու հոգու համար 6 ամսվա և վճարն էր 6 ռուբլի: Օդեսայի վրայով Կոստանդնուպոլիս մեկնեցինք: Շոգենավը ռումինական նավահանգիստները կանգ չառավ, բայց կանգնեց Վառնայում և Բուրգաղում: Վառնայում չթողեցին դուրս գալ, բայց Բուրգաղում թողեցին: Հիշում եմ, թե ինչպես կես ժամի չափ ես ու կինս ման եկանք Բուրգազի փողոցներում: Ամեն ինչ Կոստանդնուպոլսի նման էր: Կարծես թե Կոստանդնուպոլսի մի փոքրիկ հեռավոր թաղն էինք մտել: Խանութները, ուտելեղենները, նույնիսկ մարդիկ գրեթե նույն ձևով: Տեսանք թուրքեր էլ, բայց ո՞րքան բարեկիրթ, հանդարտ, կարգապահ և հպատակ: Կոստանդնուպոլիսը նկարագրելու կարիք չկա: Դեռ ամեն ինչ նախկին կարգով էր. հայերը հարգված ժողովուրդ էին և հանգիստ ապրում էին: Սակայն սկսել էր Հայկական հարցի նոր վերաքննությունը: Ռոստովում հրատարակվում էր IIpa3oBcKøè Kpai օրագիրը, որի խմբագրության մեջ հայեր էլ կային: Մեծ դեր ուներ հատկապես խմբագիրներից Հակոբ Սամսոնիչ Խաչատրյանը: Նա Նոր- Նախիջևանի թեմական դպրոցի ռուսերեն և լատիներեն լեզուների ուսուցիչն էր. հետագայում նա ամուսնացավ բնիկ Նոր-Նախիջևանցի Մարիետտա Շահինյանի հետ, որ այժմ նշանավոր գրող է ռուս սաց մեջ: Խաչատրյանը և ես ոչ միայն պաշտոնակից, այլև մոտիկ ընկերներ էինք: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, նույն ռուսերեն թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում Կոստանդնուպոլիս Հայկական հարցի ուսումնասիրության համար: Այս նպատակով ես գնացի Հայոց ազգային երեսփոխանական ժողովի նախագահ Վարդգես Փափազյանի մոտ և թղթակցի վկայականս ցույց տալով, խնդրեցի, որ Հայոց հարցի մասին որոշ տեղեկություններ տա, հաղորդելու համար թերթի խմբագրության: Նա սնափառ պարծենկոտությամբ ասաց ինձ. «Ես ձեզ չեմ ընդունում իբրև IIpa3oBcKii Kpai թերթի թղթակցի, այլ իբրև հայտնի հայագետի. ուստի իմ տված տեղեկությունները կլինեն այդ սահմանում»: Սակայն իր տված տեղեկությունների մեջ ոչ մի նորություն չկար. ինչ որ ասաց արդեն տեղական թերթերում, մանավանդ ֆրանսերեն լեզվով հրատարակված լրագրում կար: Դուրս եկա նրա մոտից և այլևս նրա մոտ գնալ ավելորդ համարեցի: Թերթերից քաղելով, հոդված պատրաստեցի ֆրանսերեն լեզվով և ուղարկեցի խմբագրության: Հակոբ Խաչատրյանը նույնը թարգմանեց ռուսերենի P. A․ ստորագրությամբ: Կարծեմ այսպիսի 4 հոդված ուղարկեցի, որոնք տպվեցին նույն թերթում: Շատ ժամանակ հետո պատահմամբ «Մշակ» օրաթերթի մեջ տեսա առաջին հոդվածիս թարգմանությունը Ռ. Ա. ստորագրությամբ: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ, թղթակցի պաշտոնս փոխանցեցի Միքայել Շամտանճյանին, որ ուղարկեց իմ մեկնումից հետո երկու հոդված հայերեն լեզվով: Ամառը վերջանալուն հրաժեշտ տվինք մորս: Հիշում եմ, երբ նա տան դռան առաջ դառնագին լաց լինելով համբուրում էր ինձ և կնոջս, ասելով, թե այլևս ձեզ չեմ տեսնելու, ես պատասխանեցի, 11-22 թե երկու տարին մեկ գալիս ենք, էլի կգանք, բայց նա ասաց. «Ոչ, էլ չեմ տեսնելու»,— և նորից դառնագին լաց եղավ: — Իրոք որ իր ասածը կատարվեց: Ծագեց համաշխարհային պատերազմը, որին մասնակցեց նաև Տաճկաստանը և սրանով կործանեց ոչ միայն իրեն, այլև մեզ: Ես մորս ուղարկում էի ամեն ամիս 25 ռուբլի, որ Կոստանդնուպոլսում ապրելու համար լավ գումար է: Պատերազմի ժամանակ անհնարին եղավ որևէ ձևով փող ուղարկել իրեն, տաճիկները, ինչպես բոլոր քրիստոնյաներին, նույնպես և մորս Բոսֆորից աքսորեցին դեպի Կոստանդնուպոլսի ներքին թաղերը: Մայրս այդ ծեր հասակում ապաստանեց իր երկու քույրերի տանը և այնտեղ էլ մեռավ 1921 թվականին, 72 տարեկան հասակում: Թաղվեց Պալըքըլի ազգային գերեզմանատնում իր մոր և սիրելի աղջկա՝ Արշալույսի կողքին: ՓԱԽՈՒՍՏ ՌՈՍՏՈՎԻՑ Մինչև 1918 թվականը մենք մնացինք Նոր-Նախիջևանում: Այդ 11 տարվա միջոցին բնակվել ենք 20 տարբեր բնակարաններում, մեծագույն մասամբ հայ, մի-երկուսն էլ ռուս: Այսքան տեղափոխության պատճառը այն էր, որ ամեն ամառ գնում էինք Կովկաս, ուստի բնակարանն էլ թողնում էինք, երեք ամսվա ավելորդ վարձ չվճարելու համար։ Ամենից ավելի կապված ենք եղել Մարիա Պավլովնա Խոջապարոնյանի հետ, որի հետ կինս համարյա քույր էր դարձել: Արդեն վերևում խոսել ենք այդ ընտանիքի մասին: Երբ ծագեց համաշխարհային պատերազմը, և հայ ազգն էլ իր կամավորական գնդերով մասնակցեց պատերազմին ռուսաց կողմում, Նոր-Նախիջևանն էլ կենտրոն դարձավ արևմուտքից եկող այդ հայկական կամավորական գնդերին: Այս բոլորի պատմությունը շատ հետաքրքիր է: Նոր ազգային կյանք ստեղծվեց համարյա հայությունը կորցրած այդ քաղաքում: Այս բոլորի մասին շատ բան կա տպված: Երբ գերմանացիք հանդգնեցին արշավել Ռոստովի վրա, ես վախեցա, որ մի մատնիչ հայ կհայտնի նրանց, որ ես նախկին տաճկահպատակ եմ: Այդ դեպքում նրանք ինձ կվերցնեին իրենց բանակում կամ կգնդակահարեին: Այս երկյուղով ես թողեցի քաղաքը, ամբողջ գրքերս և իրերս դպրոցը թողնելով և վերցնելով միայն Արմատական բառարանս և մի քիչ հաց, փախա քաղաքից: Գերմանացիք մոտ էին Ռոստովին. կես ժամ էր մնացել հասնելու։ Փախուստս այնքան հապճեպ եղավ, որ մինչև անգամ իմ մի խոշոր ձեռագիրը (Հայարձան) թողեցի այնտեղ: Ճանապարհորդությունը շատ դժվար էր: Գնացքների երթևեկությունը շատ անկանոն: - Բարեբախտաբար կինս այդ ժամանակ Բաքվումն էր, իր ծնողների տանը: Ես պատրաստվեցի հետիոտն փախչել գերմանացիներից: Պատահմամբ այդ օրը կամավորական մի մեծ խումբ մեկնում էր դեպի Կովկաս: Խմբի մեջ մտել էին մեր վերջին դասարանի աշակերտներից շատերը, նաև նախորդ տարիների շրջանավարտներից նրանք, որ արդեն ռուսական զինվորա- Խումբը կան ծառայության մեջ էին: Ես էլ միացա նրանց հետ: ուներ ընկեր Լենինից ստացված հրովարտակ, թնդանոթներ, գընդացիրներ և հրացաններ: Խոշոր պատրաստություն ունեին և մտադիր էին գնալ Կարին: Ամենավերջին րոպեին Ավագ Տեր-Վարդանյանը ( պարսկաստանցի) իբրև գաղտնիք ականջիս փսփսաց, թե տաճիկները Կարինը գրավել են: Այս ծանր լուրը վատ ազդեց վրաս և շատ թուլացա: Գույժը հայտնեցի մեր շրջանավարտներից մի սպայի, որի հետ աշակերտական շրջանում շատ մոտիկ էի: «Ի՞նչ կա որ,— բացականչեց երիտասարդ սպան,— բա ինչի՞ ենք գնում. դնում ենք գրավելու»: Այս փոքրիկ քաջալերականը մեծ խրախույս ներշնչեց ինձ: Գնացքը շարժվեց, բայց չափազանց դանդաղ. շուտ-շուտ կանգնում էր և շատ երկար ժամանակ: Կամավորական խմբի գլխավորներից երկուսը տեսնելով ինձ մի ապրանքատար վագոնի մեջ, դարմանի վրա պառկած, հրավիրեցին իրենց փափուկ վագոնը։ Խնդրեցին, որ մնամ իրենց մոտ, ավելի լավ պայմաններում: Ես մերժեցի, ասելով, թե իմ ընկեր աշակերտներիս չեմ կարող թողնել: Այն ժամանակ նրանք եկան վագոն և ընկերներիս մի փոքրիկ ճառ կարդացին, համոզելու համար, որ իրենց ուսուցչին թողնեն գնալ փափուկ վագոնը: Բոլորը համաձայնվեցին: Միայն մի տղա բողոքեց և ասաց. «Ո՛չ, մենք բոլորս զինվոր ենք. մեր մեջ խտրություն չկա, ինչ որ մենք ենք, նա էլ նույնը»: Ես գոհ եղա իր համարձակ խոսքից և մնացի այդ վագոնում: Կամավորները եկան մինչև Արմավիր, ուր միանալով 400 ուրիշ կամավորների հետ, մեկնեցին դեպի ծով: Արմավիրում լսեցի, որ մի նոր գնացք կա, որ պատրաստվում է մեկնել Կովկաս: Գնացքը կանգնած էր կայարանից 10 րոպե հեռու: Ես վերցրի իմ մեծ պարկը (որի մեջ ես լցրել էի Արմավիրից գնված մի քանի խոշոր հացեր) և շալակելով եկա գնացքի մոտ: Հանկարծ նկատեցի, որ կրկնակոշիկներս մոռացել եմ կայարա- նում: Հարցրի և իմացա, որ գնացքը դեռ 20 րոպե սպասելու է: Նորից բեռներս շալակած հետ դարձա կայարան կրկնակոշիկներս վերցնելու: Հանկարծ գնացքը մեկնեց և ես դուրս մնացի: Այդ գնացքը ամբողջությամբ գերի ընկավ ապստամբ լեռնականների ձեռքը, որոնք թալանել էին ամբողջ գնացքը և հայ ուղևորներին կոտորել: Հին կրկնակոշիկներս փրկեցին իմ կյանքը և ես երախտապարտ պահել էի դրանք մինչև 20-ական թվականները Երևանում: Այս բոլոր պատմությունները մինչև Բաքու հասնելս տպված են Բաքվի «Արեգ» թերթում, ուստի տալիս եմ միայն շատ կարճ ամփոփում: Կազմվեց մի նոր գնացք, որ շարունակեց ճանապարհը մինչև Կուբանի կամուրջը: Այդտեղ կայարանապետը արգելեց մեզ առաջ գնալ, որովհետև լեռնականները ապստամբել են և կոտորում են ճամփորդներին: Գնացքում 1000 ուղևոր կար: Ընտրեցին վեց պատգամավոր, որոնք գնացին ապստամբների մոտ բանակցելու և ճանապարհ խնդրելու, բայց անհաջող: Պատգամավորների մեջ կար մի երիտասարդ շամախեցի Սարգիս անունով, որի նշանածը գտնվում էր Բաքվում: «Ինչ էլ որ լինի ոտքով պիտի կտրեմ լեռները և Բաքու պիտի գնամ նշանածիս գտնելու»,— ասաց այդ քաջարի երիտասարդը: Ես էլ իր դրության մեջ էի. կինս գտնվում էր Բաքվում և ես պետք է գտնեի նրան: Մեկ ուզեցի ընկերանալ երիտասարդին, բայց գտա, որ դա անխորհուրդ է. մեկ էլ համոզեցի երիտասարդին, որ գա ինձ հետ, բայց նա չուզեց: Չգիտեմ, թե երիտասարդի վախճանը ինչ եղավ. բայց շատ կուզեի իմանալ: Հազար ուղևորները դուրս թափվեցին և բաց դաշտում գիշերեցինք: Արմավիրում պատահաբար ես մի գիրք էի գնել. «Արմավիրի հայ երգեցիկ խմբի պատմությունը». այդ գրքի վերջում կար Կովկասի բավական մեծ մի քարտեզ: Քննեցի տեսնելու համար, թե ինչ ճամփով կարելի է շրջապտույտ կատարել և Բաքու հասնել: Լավագույն միջոցն էր գնալ գնացքով Ղզլար, այնտեղից իջնել ծով և նավակով անցնել Բաքու: Իմ ասածը քարոզեցի բոլորին, բայց նրանք չհամոզվեցին և չհետևեցին ինձ: Հետս եկան միայն 40 հայ պատանի թեհրանցի, որոնք Լազարյան ճեմարանի աշակերտներից էին: Եկավ նաև մի թեհրանցի հայ, որ Մոսկվայի - պարսկական դեսպանատան պաշտոնյաներից էր: Բոլորս միասին եկանք Ղզլար, ուր մնացինք երկու շաբաթ: Այդտեղից ձուկ փոխադրող սայլակնե- րով գնացինք Տուշիլովկա ռուսական — գյուղը, որ գտնվում էր Կասպից ծովի արևմտյան ափին: Գյուղում հանկարծ գտնում ենք մի հայ երիտասարդ, որ Սիբիրի աքսորից փախել էր և եկել այդ գյուղը։ Նա միացել էր մի ռուս քահանայի հետ և միասին կառավարում էին գյուղի դպրոցը և եկեղեցին: Նա մեզ օգնեց, ցանք մեծ քանակությամբ չորացրած վոբլա (հաց չկար) և մի քանի ձկնորսական առագաստանավերով ճանապարհ ընկանք դեպի Աստրախան: Երեք օր ու գիշեր մնացինք ծովի վրա, որովհետև քամին թույլ էր: Հասնելով Աստրախան, տեսանք, որ շոգենավը պատրաստ կանգնած է և մեկնելու է դեպի Բաքու: Բոլորս լցվեցինք նավը: Մինչև այժմ կարծես ականջիս մեջ հնչում է կեղտոտության գերագույն ապացույցը: Քայլում ենք տախտակամածի վրա, կարծես մանր ավազ լինեին ցանած հատակին, ամեն մի քայլի տակ անվերջ ճռճռթում էին ոջիլները: Ես, որ ոջիլ բառը լսելիս երկու ժամ թքում եմ, չգիտեմ ինչպես հանդգնեցի պառկել կեղտից սևացած այդ անկողինների մեջ, որոնք ոջլի բույն էին: Մանավանդ ինչպես չվարակվեցի տիֆից… Դեռ Նոր-Նախիջևան եղած ժամանակս լսել էի, որ Բաքվում հայերի մեծ կոտորած է եղել՝ թուրքերի ձեռքով: Ի՞նչպես կարող էի գնալ Բաքու. բայց ընտանիքի սերը քաշում էր անվերջ: Ճանապարհին մի ինչ-որ փոստատուն գնացի և հարցրի, թե կարելի՞ է փող փոխադրել Բաքու: «Իհարկե,— պատասխանեց պաշտոնյան «Իսկ եթե ճանապարհը փակ լինի»: «Այդ միևնույն է, մենք կհեռագրենք Թիֆլիս, Թիֆլիսի վրայով էլ Բաքու»: Միամիտ Աճառյանս հավատացի և մի թղթի կտորի վրա վստահանալով 300 ռուբլի փոխադրեցի կնոջս՝ Բաքու: Որքան ծիծաղեց արդյոք խարդախ պաշտոնյան իմ միամտության վրա: Բաքվում ոչինչ չէին ստացել: Ղզլարում եղած ժամանակս, մտածելով, որ թուրքերը արդեն տեր են դարձել Բաքվին և կարող են ինձ էլ սպանել, որոշեցի կեղծ անցագիր պատրաստել: Ֆրանսիացի, անգլիացի և գերմանացի ձևանալ դժվար է մեզ համար՝ գույնի և հասակի պատճառով: Որոշեցի ձևանալ շվեյցարացի: Մի մեծ թղթի վրա, ձախ կողմում ֆրանսերեն լեզվով գրեցի. «Ես, ստորագրյալս, շվեյցարական հյուպատոս Ռոստովում, հաստատում եմ, որ Rachie Adjar-ը ծնված 1876 թվականին Ժնեվ…? այսինչ գյուղում, ազատված է զինվորական ծառայությունից փոշտանկ ( գրիժա) հիվանդության պատճառով»: Սրա դիմացը նույնը ռուսերեն թարգմանությամբ գրեց ընկ. Սողոմոնյանը, որ Նոր-Նախիջևանում գտնված և ինձ բարեկամ երաժշտագետ Դավիթ Սողոմոնյանի երեց եղբայրն էր: Դավիթ Սողոմոնյանը սրտի հիվանդությունից մեռավ 20-ական թվականներին, Երևանում: Իսկ նրա մյուս եղբայրը՝ Սողոմոն Սողոմոնյանը այժմ էլ դեռ կենդանի է և պարապում է դաշնամուր լարելու արհեստով: Ղզլարում այն երեց եղբայրը ուներ գինու վաճառատուն: Վաճառատան կնիքը ռուսերեն տառերով մի խոշոր բոլորակ էր, իսկական հյուպատոսական կնիք կոչելու արժանի: Երկու թարգմանությունների միջև, ցածրում կնքամոմով դրինք այդ կնիքը և որպեսզի կնքի արձանագրությունը չխանգարի, մի քիչ քերելով անընթեռնելի դարձրինք: Այս սուտ անցագիրը գրպանս, համարձակ կանգնել եմ շոգենավի առաջ, երբ մոտեցանք Բաքվի նավահանգստին: Բայց տեսնում եմ ի զարմանս իմ, որ ծովափին դրված է մի թնդանոթ, բերանը ուղղած դեպի Բաքու, իսկ ռուս զինվորը կանգնած կողքին: Ազատ և վստահ շտապում եմ տուն. կինս դուռը բաց է անում. «Ես կարծում էի, որ բոլորդ ազատված եք»,— ասացի նրան: Նա էլ ասում է. «Ես լսեցի, որ Ռոստովում մեծ կոտորած է եղել և դու էլ սպանվել ես»: Բաքվի հայոց դեպքերը, հայերի հերոսական դիմադրությունը տաճկական բանակի դեմ, անգլիացիների խաբեբա միջամտությունը և վերջապես հայերի փախուստը Բաքվից՝ ընդարձակ պատմված են ժամանակակից թերթերում: Ես էլ մի մանրամասն պատմություն եմ գրել այդ դեպքերի և ձեռագիր մի օրինակը ուղարկել եմ Վենետիկի վանքը: 4vasduu95r1herrzu8i3n1cetsdfmvg 398191 398185 2026-11-17T11:15:28Z Emptyfear 547 398191 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }} ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ո Ւ Մ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Գնացքը կանգ առավ Աղստաֆա կայարանում: Հին հայոց պատմության մեջ այս վայրը կոչվում էր Աղստև (համանուն գետով), որ մեր երկրի աննշան գավառներից մեկն էր: Երբ դեռ շինված չէր Տփղիս—Երևան երկաթուղին, Երևանի, Տփղիսի և Բաքվի հաղորդակցության միակ միջոցը Աղստաֆան էր։ Ճամփորդները ցած իջան գնացքից: Մի քանի հոգով գնացինք վարձեցինք մի թուրք կառապանի ֆուրգոնը, հինգ օրից մինչև Երևան հասնելու պայմանով, վճարը հինգ ռուբլի: Հենց նույն օրը ճանապարհ ընկանք: Անցնում ենք Հին Հայաստանի գեղեցիկ և սիրելի վայրերով: Օդը մեղմ է և լավ. աջից ու ձախից փչում է մեղմ քամին. բարձրանում ենք անվերջ դեպի Արարատյան բարձրավանդակը: Ոչ մի միջադեպ չխանգարեց մեզ: Ամբողջ ժամանակը նստած կամ պառկած ենք ֆուրգոնում, բայց երիտասարդ ուսանողի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ կարգի անհարմարությունները: Կես դարուց ավելի է անցել այդ օրվանից, ուստի ոչինչ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ անցանք Դիլիջանով, ապա քերեցինք Սևանի գեղեցիկ ափերը, վերջապես հասանք Քանաքեռի բարձունքը, որտեղից բացվեց, առաջին անգամ՝ մեր աչքի առաջ, Երևանի համայնապատկերը: Այն ժամանակ Երևանը ներկայի տարածությունը չուներ: Կարելի է ասել, թե արդի Երևանը տասն անգամ մեծացել է նախկինից: Այնուամենայնիվ հին Երևանն էլ իբրև մի ամփոփ քաղաք, որոշ մեծություն էր ներկայացնում: Քանաքեռի բարձունքից իջանք արագությամբ դեպի քաղաքը, և մեր ֆուրգոնը կանգ առավ մի ընդարձակ քարվանսարայի բակում, որ գտնվում էր Էջմիածին տանող ճանապարհի մոտ: Ցած իջանք ֆուրգոնից։ Էջմիածին տանող կառքերը պիտի Ա․ Բնակարան. ի՞նչպես էին շինում հին հայերը իրենց տունը, միահա՞րկ թե երկհարկանի, սենյակների դիրքը, ներքին կարգավորությունը, պատուհաններ, լուսամուտ և երդիկ, լուսիջույց և այլն: Բ. Հագուստ. հայկական տարազի տեսակները, արական և կանացի շորեր, գլխարկ և կոշիկ: Գ. Ուտելիք. սեղան և ամանեղեն, կերակրի տեսակներ, հացի պատրաստություն, խմիչքներ, գինի և գարեջուր: Դ. Ընկերական կյանք. արհեստներ, խանութ և վաճառատուն, շուկա, առևտուր և դրամի տեսակներ, դպրոց, ուսուցիչներ և ուսում, գրելու արվեստը, չափ և կշիռ, տոներ և տոնախմբություն, բարևելու ձևեր, նամակագրություն, ամուսնական կապեր: Ե. Պետություն. թագավոր, նախարարներ, պաշտոնեություն, օրենք և դատաստան, դատական մարմիններ, պատժական օրինագիրքը, Դատաստանագիրք, իշխանավորների, ազնվականների, գյուղացիների փոխադարձ հարաբերությունները և իրավունքները: Զ. Զինվորական իշխանություն. զորք և բանակ, զենքի տեսակներ, ռազմագիտություն, պատերազմ վարելու ձևերը, զինվորական համազգեստ, պատվանշան, բերդ և ամրոց, պահակատուն, սահմանապահ զորք, զինվորական աստիճաններ: Է․ Կրոն. Հին հայոց հեթանոսական կրոնը, 7 բնիկ աստվածներ (Արամազդ, Անահիտ, Նանե, Աստղիկ, Միհր, Վահագն և Տյուր), 8-րդ օտար աստվածություն (Բարշամինա). մեհյան, քրմական աստիճաններ, զոհաբերություն: Վենետիկի միաբաններից Հ․ Վ․ Հացունին կազմել է մի քանի սքանչելի աշխատություններ, որոնք մենագրություններ են այս կամ այն հարցի վերաբերյալ. ինչպես՝ հին հայոց տարազը, երդումը հին հայոց մեջ, հայոց դրոշակը, կերակուրը և խնջույքները, մանկավարժությունը հին հայոց մեջ և այլն: Սիրական Տիգրանյանը նվիրվեց հայոց եկեղեցական օրենքի ուսումնասիրության գործին, բայց գրաբար չիմանալով, շատ էր դժվարանում: Հրատարակեց մի քանի գործեր, որոնցից մեծագույնն է իր մի ապակետիպ աշխատությունը, որ հրատարակեց մեր պետական համալսարանում 1920-ական թվականներին: Մնացյալ ծանոթներիս մասին շատ երկար կլինի խոսել: Գլուխս լիքն է հիշողություններով, որոնք թղթի վրա դնել շատ երկար կլիներ: Կտանեմ ինձ մոտ: Բայց այստեղ պետք է խոսեմ երկու չար անձնավորությունների մասին, որոնց հետ դժբախտություն ունեցա ծանոթանալու Էջմիածնում: Առաջինն է Սեթ Հարությունյան – նոր-նախիջևանցի, Կարապետ Կոստանյանի աշակերտներից, հայկաբան, ուսուցիչ գրաբարի՝ Ճեմարանում: Ասում էին, թե լավ գրաբար գիտեր, բայց իր գրաբարագիտությունը միայն հին վարժապետների ձևով էր: Նա ոչ լեզվաբան էր և ոչ էլ բանասեր: Նա գրաբար գիտեր իբրև գրաբարագետ: Աբեղյանը մի օր հայտնեց ինձ, թե իր աշակերտների գրած գրաբար շարադրությունները սրբագրելու համար տալիս էր Սեթին առանձին վճարով. որովհետև, ասում էր նա, ինքը գործնական վարժություն չունի գրաբար սրբագրելու, իսկ Սեթը վարժված էր: Այս վերջին կետը, թե Աբեղյանը մեսրոպյան գրաբարը լավ չէր ընդունում, դժբախտաբար հաստատվեց հետևյալ հետաքրքիր միջադեպով: Մեր համալսարանում վրացի երիտասարդ Իլյա Աբուլաձեն սովորեց ինձ մոտ հայոց լեզվի պատմություն: Ավարտելուց հետո գնաց Թիֆլիս և աշխարհաբար լեզվով մի նամակ գրեց ինձ. նամակը ցույց տվի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանին, հիացավ, թե ինչպես վրացին կարող է այսքան հայերեն իմանալ: Ես ասացի, թե նա գրաբար էլ գիտե: Խնդրեց, որ դիմեմ իրեն և մի հատ էլ գրաբար նամակ խնդրեմ, որ գրի: Ստացա մի բաց նամակ գրաբար լեզվով. կարդաց ռեկտորը և ավելի հիացավ. մեր ընկերներից շատերին ցույց տվեցի նույն նամակը, ամենքն էլ զարմացան և ուրախացան: Ցույց տվի նաև Աբեղյանին, որ նույնպես ուրախացավ. ես ասացի, թե մեջը 2 սխալ կա, և սխալները ցույց տվեցի, նա արդարացրեց դրանք: Սեթ Հարությունյանը գրական գործ չունի: Նա միայն աշխատակից եղավ Մանուկ Աբեղյանին Խորենացու հրատարակության գործում: Բայց Աբեղյանը ինձ հայտնեց 20-ական թվականներին Երևանում, թե Սեթը իրեն ոչ մի օգնություն չի մատուցել, այլ իր ծուլությամբ և անպարտաճանաչությամբ երկարաձգել էր գործի հրատարակությունը։ Այդ պատճառով էլ ես իմ Արմատական բառարանի 7-րդ հատորում (էջ 44) իրավունք եմ համարել Խորենացու հրատարակության առթիվ ասել. «Մ. Աբեղեան, անուանապէս նաև Ս. Յարութիւնեան»: Մի ուրիշ մանր զվարճալի կետ էլ: Մի անգամ մի նամակ էի գրել Երևան, դեղագործ Արշակ Հակոբյանի անունով, որի հետ շատ մտերիմ բարեկամ էի դարձել: Ծրարի վրա գրեցի ռուսերեն Эривань, Аршаку Акопяну, аптекарь, բայց չգիտեի, թե аптекарь — մեկնեին երեկոյան դեմ, քաղցած էի և պետք էր մի բան ուտել: Հրապարակում կանգնած մի հայի հարցրի, թե «Որտե՞ղ են հաց ծախում»:—«Հայի՞ հաց ես ուզում, թե՞ թուրքի»,— հարցրեց հայը։— «Հացի էլ հայը թուրքը կա՞,— հարցնում եմ ես:— Հացը հաց է»: Կարծելով, թե հայը ինձ ձեռք է առնում, երես եմ դարձնում նրանից: Բայց ոչ. հայը եկավ հետս, տարավ ինձ հացավաճառների մոտ և ցույց տվեց, թե սա հայի հաց է (լավաշ), սա թուրքի հաց է (սանգակ): Չգիտեմ՝ ո՛ր տեսակից գնեցի, ցամաք կերա փողոցում, ամաչելու ոչինչ չունեի, սպասեցի կառքերի մեկնելու ժամանակին: Երևանի և Էջմիածնի միջև այն ժամանակ շատ կանոնավոր հաղորդակցություն կար: Բացի ֆայտոններից, կային մի քանի տեսակ հասարակ կառքեր, շատ էժան գնով: Ամենից հասարակն էր օմնիբուս կոչված կառքը, որի մեջ նստում էին մեջք-մեջքի տված ութ կամ տասը հոգի: Ճանապարհը մինչև Էջմիածին տևում էր երկու ժամ, և վճարում էինք 25 կոպեկ: Անմոռանալի պայուսակս վերցրած նստեցի մի օմնիբուս, և վերջապես հասանք Էջմիածին: Ուշ գիշեր էր: Այն ժամանակ կառքերի կայանը վանքի Տրդատա դուռ կոչված հրապարակն էր։ Իջանք ուրեմն այդտեղ, անցանք Տրդատա դռնով, Սինոդի շենքի առաջով և վանքի Ավագ դռնով իջնելով, Վեհարանի առաջով մտանք Ղազարապատ կոչված շենքը։ Այստեղ էր Էջմիածնի ուխտավորներին հատկացված հյուրանոցը: Հյուրանոցի կառավարիչն էր Սիոն վարդապետը. դիմեցի նրան և գիշերելու տեղ խնդրեցի: — Ո՞վ եք դուք,— հարցրեց հյուրընկալ վարդապետը խստությամբ: — Ուսանող եմ, Եվրոպայից եմ գալիս,— պատասխանեցի ես: — Այստեղ ուսանողի տեղ չէ. այստեղ միայն ուխտավորներն են գալիս,— ասաց վարդապետը և ինձ մենակ թողնելով, հեռացավ գնաց: Պատի տակ նստեցի պայուսակիս վրա: Գրպանումս ունեի միայն 10 կոպեկ, որով հաջորդ օրը մորս նամակ էի ուղարկելու։ Վարժված էի, ոչ քնելու մասին էի մտածում և ոչ էլ ուտելու: Մի կտոր ցամաք հացը ինձ բավական էր 24 ժամ: Այդպես նստած անքուն սպասում էի երկար ժամանակ, որովհետև դուրս վռնդող չկար: Հանկարծ տեսնում եմ ինչ-որ եռուզեռ: Մարդիկ բարձրանում իջնում են սանդուղքներից, իրեր են տեղափոխում: Մեկ էլ իր սենյակից դուրս է գալիս Սիոն վարդապետը և աջ ու ձախ դիմելով հարցնում է. — Այստեղ մի ուսանող կար, ո՞ւր գնաց: Լսում եմ և ներկայանում եմ իրեն: — Դուք գերմաներեն գիտե՞ք,— հարցնում է վարդապետը։ — Գիտեմ,— պատասխանում եմ: — Եկեք ներս, այստեղ մի գերմանացի է եկել, խոսեցեք հետը: Մտնում եմ ներս: Հանկարծ տեսնում եմ պրոֆեսոր Ռոռբախին, իր կնոջ հետ: Ես Ստրասբուրգում եղած ժամանակս Հյուբշմանի միջոցով ծանոթացել էի Ռոռբախի հետ. նա Հայաստան պիտի գար, և երկուսս միասին պիտի մեկնեինք, բայց որովհետև ես բավական փող չունեի արագ գնացքով մեկնելու, չկարողացա ընկերանալ նրան: Իբրև վաղեմի ծանոթ, ձեռք տվի Ռոռբախին և սկսեցինք մտերմական խոսակցություն: Վարդապետը զարմացած դիտում էր մեզ: Անշուշտ նա զարմանում էր այն բանի վրա, որ քիչ առաջվա քոսոտ և արհամարհելի ուսանողը այսպիսի նշանավոր մարդու հետ բարեկամ է: Հրավիրեց նստել սեղան, որին մասնակցում էին Ռոռբախը, իր կինը, վարդապետը և ուրիշ ծանոթ անձինք: Միակ թարգմանը, ուստի և ուշադրության կենտրոնը, ես էի: Չեմ հիշում, բայց պետք էր, որ ընթրիքը բավական ճոխ եղած լիներ։ Ընթրիքից հետո հյուրերը ստացան իրենց համար սենյակ, իսկ ինձ էլ Սիոն վարդապետը ուղարկեց աջ կողմի սենյակներից մեկը, ուր նշանակվեց մի շատ կեղտոտ մահճակալ: Պառկեցի և քնեցի: Առավոտը արթնացա մի խայտառակ դրության մեջ: Լու, մլուկ, մլակ, մոծակ, ճանճ. այս հնգյակը խուռն բազմությամբ հարձակվել են վրաս. նրանցից մլակ կոչված միջատը նոր էի տեսնում դեռ, մյուսները հին ծանոթներ էին: Տոթը անտանելի էր: Վեր կացա և դիմեցի ընդհանուր սենյակը, ուր մի քանի հյուրեր էլ կային: Նրանց մեջ տեսա հպարտ դեմքով նստած ակնոցավոր մի երիտասարդ, խորհրդավոր ձայնով: Հարցրեց ինձ, թե ո՞վ եմ ես և ո՞ր տեղացի եմ. երբ պատասխանեցի, թե կոստանդնուպոլսեցի եմ, ասաց, թե ինքն էլ է կոստանդնուպոլսեցի: — Ո՞ր թաղից,— հարցրի ես: — Սուլու-խուլեցի: Կոստանդնուպոլսում Սուլու-խուլե թաղը հայտնի է իբրև ամենակեղտոտ և ամենագռեհիկ թաղը: Երբ մեկին պետք է լինում ծաղրել կամ արհամարհել, ասում են. «Սուլու-խուլեցի է՞ս»: Մինչև անգամ չգիտեի, թե սուլու-խուլեցի հայ էլ կլինի: Այդ թաղի բոլոր բնակիչները համարում էի միայն գնչու: Այդ սուլու-խուլեցին եկել էր Էջմիածին տերտեր դառնալու. անունն էր Արտաշես Գարագաշ: Կարասի միջից բարձրացող հնչյունի նման ձայն ուներ: 22 տարի հետո նորից տեսա այդ մարդուն Թեհրանում, ուր հայոց եկեղեցու տիրացու էր, բայց ոչ քահանա. նաև կրոնի ուսուցիչ էր հայոց դպրոցում և ինքնահավան դիրք ուներ: Իր որդին է Հայկ Գարագաշը, որ կարևոր ազգային դեմք էր Թեհրանում և հրատարակում էր «Բոբոխ» զավեշտաթերթը: Ընդհանուր սենյակում նստած միջոցիս սուլու-խուլեցին հանկարծ նկատեց շորիս վրա մի միջատ և ասաց. — Ոջիլ է: Սարսափեցի. ամեն ինչ տանելի էր, բացի ոջիլից. ես դեռ տեսած չէի ոջիլ և զարմանքով հարցրի. — Ա՞յս է ոջիլը. շորերիս մեջ լիքն է սրանից: Պառկած անկողինս ուրեմն լիքն էր ոջիլով և ինձ այդ օրին էր հասցրել: Ճար չկար։ Ի՞նչ պետք էր անել այս խայտառակ օթևանից դուրս գալու համար: Սիոն վարդապետը այլևս ինձանով չէր հետաքրքրվում և այդ ավելի լավ: Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ: Ուտեստի մասին կարիք չկար մտածելու, որովհետև Էջմիածնի հասարակաց ճաշարանը առավոտ, կեսօր և երեկո բաց էր բոլոր ուխտավորների համար, և ես էլ նրանց հետ ձրիաբար ստանում էի թեյ, ճաշ և ընթրիք: Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն։ Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց. — Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս։ — Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան: — Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես կկարդամ քու հոդվածներդ «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: — Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ: — Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ: Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ. «Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»: — Է՜հ,— պատասխանեց Կաթողիկոսը,— դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜: Շա՜տ լավ… Է՜, տաճկերեն գիտե՞ս: — Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ: — Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարեցավ, քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես: Ես իմ գոհունակությունը հայտնեցի: Կաթողիկոսը վճարեց առաջին ամսականս՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ: Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի № 1 սենյակը: Այդ միջոցին իմ դրությունը շատ խայտառակ էր: Շորերս հնացած, գլխարկս ծակ, կոշիկներս պատառոտուն, շապիկս ոջլոտ, ամաչում էի մարդկանց մոտ դուրս գալ։ Պատահեց ինձ ծանոթանալ մշեցի ազնիվ մի մարդու հետ, որի անունն էր Սմբատ Տարոնեցի: Մի եղբայր ևս ուներ, որի անունն էր Արամ: Երկուսն էլ հեղափոխական քարոզիչ էին, ամուսնացած էին և միասին տուն և ընտանիք ունեին: Սմբատը առաջարկեց ինձ օգնել ամեն կերպ. ես հայտնեցի իմ կեղտոտ վիճակը և խնդրեցի, որ տանի Երևան և նոր շորեր առնենք: Անմիջապես օմնիբուս նստեցինք, գնացինք Երևան և գնեցինք մի ձեռք շոր, մի գլխարկ և մի զույգ կոշիկ: Սպիտակեղեն ունեի: Վերադարձանք Վաղարշապատ և գնացինք գյուղի բաղանիսը: Լողանալուց հետո գլխից մինչև ոտք նորոգվելով և ամբողջ շորերս մինչև կոշիկներս Սմբատին տալով, եկա վանք, ուր նշանակված էր ինձ № 1 սենյակը: Այս սենյակը նախապես ընթերցատուն էր եղել և դրա համար էլ կար այնտեղ մի շատ լայն սեղան, որի շուրջը նստելով ընթերցողները կարդում էին օրվա լրագրերը: Ընթերցատունը փակվել էր, և որովհետև սեղանը փոխադրելու տեղ չկար, թողել էին այնտեղ։ Ինձ համար դա մի շնորհ եղավ: Սեղանը դրի պատուհանի առաջ, պայուսակիս բոլոր քարտերը դարսեցի նրա վրա, ունեցած գրքերս էլ նրանց կողքին և մատենադարանից վերցնելով բազմատեսակ բառարաններ, մինչև անգամ Կամուսի արաբերեն բառարանի 3 խոշոր հատորները, կազմեցի ինձ համար մի նոր աշխատանոց։ Ձեռք առի Կարինում կազմած իմ Արմատական բառարանը, որ ուներ շուրջ 300 էջ: Սկսեցի վերամշակել և ավելացնել այնտեղ ամեն ինչ, որ գտա հայ և եվրոպական գրականության մեջ, հայերեն բառերի ստուգաբանության մասին: Այդ միջոցին Տփղիսի Գյուտ քահանա Աղանյանը Կոստանդնուպոլիս էր գնացել և Տեր Հովհաննես քահանա Մկրյանից մեծ գումարով գնել էր արևմտահայ լրագրության խոշոր հավաքածուն: Հավաքածուն գտնվում էր Էջմիածնի մատենադարանում, չեմ կարող ասել անխնամ դրության մեջ, բայց կարող եմ ասել, թե ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով: Մատենադարանապետի թույլտվությամբ, այդ հարյուրավոր հատորները մաս առ մաս փոխադրելով իմ սենյակը, ամբողջը թերթում էի և կազմեցի բոլոր այդ հատորների մեջ գտնված հայ լեզվաբանական հոդվածների ցուցակը: Կարդացի այդ հոդվածները և ինչ որ կար հայ բառերի ստուգաբանության մասին, ճիշտ թե սխալ, դուրս գրեցի: Կազմել էի մի երկարավուն տետրակ, որի մեջ այբուբենական կարգով հավաքեցի այդ ստուգաբանությունները, հետագայում իմ ստուգաբանական բառարանի մեջ ներմուծելու համար: Իմ մեծագույն ցանկությունն էր եղել Վենետիկի կամ Վիեննայի միաբանության անդամ լինել: Դպրոցում մեսրոպյան հայերենի հետևորդ դառնալով, այլևս մտքից հանել էի Վենետիկը: Փարիզում և Ստրասբուրգում երկու խոշորագույն հայագետների մոտ աշխատելուց հետո, Վիեննան էլ հեռացավ մտքիցս, գոնե մասամբ և դեպքերի բերմամբ ընկա Էջմիածին: Վիեննայում այնուամենայնիվ միշտ եղել են մեծանուն վարդապետներ, ինչպես Թոռնյան, Այտընյան, Տաշյան և այլն, իսկ Էջմիածնում ոչ ոք չկար, որ փոքրիկ չափով գոնե հավասարեր նրանց: Զգում էի, թե ինչ տկար միջավայր եմ ընկել. ոչ ոքից ոչինչ չէի կարող սովորել: Այնուամենայնիվ շրջապատս այնքան լավ էր, որ ինձ ամենևին չէր խանգարում և թույլ էր տալիս իմ սեփական միջոցներով կարդալու և սովորելու: Նյութականի և տնտեսականի կողմից բոլորովին ապահով էի: Վանքը տալիս էր ինձ ձրիաբար նախաճաշիկ, ճաշ, ընթրիք, բնակարան և վառելիք: Այսքանը բավական էր ինձ, որովհետև ոչ մի ավելորդ պահանջ չունեի: Ամսական 25 ռուբլի ռոճիկն էլ բոլորովին բավարար էր: Ամառ լինելով, դեռ ուսումը չէր սկսվել: Տաքը թեև շատ ուժեղ, բայց ինձ համար անտանելի չէր: Ընդհակառակը, հաճույք էի զգում այդ տաք եղանակից: Մինչև սեպտեմբեր մնալով № 1 սենյակում, ամենևին մտքիցս չանցկացնելով ամառանոց գնալու բուրժուական գաղափարը, նվիրվեցի ստուգաբանական բառարանիս վերամշակման գործին: Շատ արագ թերթերը լցվում էին և հետզհետե ընդարձակվում էր գիրքս: Վերջապես եկավ սեպտեմբերը, ուսումնական տարվա սկիզբը: Նշանակված լինելով տաճկերենի ուսուցիչ, գնացի Ճեմարան և ներկայացա Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին։ — Բարև ձեզ, պարոն Կոստանյան,— ասացի՝ գլուխ տալով նրան: — Ինչո՞ւ եկաք այստեղ,— գոռաց նա երեսիս, մեջքը ինձ դարձրած և առանց տեղից շարժվելու.— Տաճկաստանում տեղ չկա՞ր: — Տաճկաստանում կոտորում են: — Դուք էլ նրանց հետ կոտորվեիք: — Վեհափառը ուղարկել է ինձ և հրամայել է տաճկերենի դասեր տալ: — Եթե Վեհափառը հրամայել է,— ասաց հեգնանքով, — գնացեք դաս տվեք: Դուրս եկա կիսաբաց դռնից և այնտեղ տեսա Մարտիրոս Հախնազարյանին, որ Ճեմարանում գլխավոր վերակացուն էր: Բարի մարդ էր նա՝ տարիքը առած, համեստ և պարկեշտ ագուլեցի: Լավ գիտեր իր բարբառը և որովհետև ես էլ ձեռնամուխ էի եղել բարբառների ուսման, բարեկամանալով նրա հետ, սկսեցի կազմել հետագայում Ագուլիսի բարբառի բառարանը, որ ի վերջո մտավ իմ Արմատական բառարանի մեջ և Ագուլիսի բարբառի քննության մեջ: Տարիներ հետո թուրք-հայկական ընդհարումների ժամանակ թուրքերը նահատակեցին այդ ազնիվ մարդուն, և ես ցավելով լսեցի նրա մահը Թավրիզում եղածս ժամանակ: Կարապետ Կոստանյանի այդ անհրապույր ընդունելությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ Մարտիրոս Հախնազարյանը և ասաց. — Դուք տաճկերեն դասերի համա՞ր եք եկել: — Այո: — Սպասեցեք մի քիչ, ես զանգը կտամ, աշակերտներին կհավաքեմ և դուք դասի կերթաք: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը հիմնելով Ճեմարանը և տեղ տալով բազմաթիվ տաճկահայ աշակերտների, կարևոր էր համարել ուսման ծրագրի մեջ մտցնել նաև տաճկերենի ուսումը, միմիայն տաճկահայ աշակերտների համար, որպեսզի հետագայում, երբ այդ աշակերտները ավարտեին Ճեմարանը և վերադառնային հայրենիք, տաճկերեն կարդալ-գրել չիմանալու պատճառով զոհ չգնային տաճիկ պաշտոնյաների քմահաճույքին: Գևորգ կաթողիկոսից հետո միշտ էլ շարունակվել էր տաճկերենի ուսումը Ճեմարանում. վերջին ուսուցիչը եղել էր Հովսեփ Ճանիկյանը (հեղինակ «Հնութիւնք Ակնայ» օգտաշատ գրքի), որ ծերության պատճառով հրաժարվելով, տաճկերենի ուսումը թողել էր ինձ: Ինձնից հետո կարծեմ այլևս ուսուցիչ չճարվեց, և այդ առարկան դուրս մնաց: Աշակերտները հավաքվեցին, ես նրանց 3 խմբի վերածեցի և որոշեցի օրերի և դասերի ժամերը: Այսպես սկսվեց իմ ուսուցչական խղճուկ դրությունը Ճեմարանում: * * * Էջմիածինը այն ժամանակ հայոց ազգային, քաղաքական, կրոնական, կրթական, դպրոցական մեծագույն կենտրոնն էր: Կաթողիկոսը իր Սինոդով և վանքի հարյուրավոր միաբաններով, եպիսկոպոսներով, վարդապետներով և քահանաներով, Էջմիածնի տպարանը` իր զանազան հրատարակություններով և «Արարատ» ամսագրի խմբագրությամբ, Ճեմարանը իր հարյուրավոր և հազարավոր ուսանողությամբ, շրջանավարտներով և ամեն կողմ ցրված ուսուցիչներով կազմում էին մի մեծ ամբողջություն: Սակայն Էջմիածինը այն ժամանակ մի շատ ցավալի կետ ուներ. այդ տաճկահայ գաղթականների հարցն էր: Երբ տաճիկ կառավարությունը իր տխմար քաղաքականությամբ սկսեց կոտորել հայերին, Հայաստանի արևելյան նահանգների խեղճ ժողովուրդը ուրիշ ելք չուներ, եթե ոչ փախչել Պարսկաստան և Կովկաս: Այս վերջինը ավելի հրապուրիչ էր, որովհետև ուներ ավելի բազմամարդ հայություն, լուսամիտ պետություն, հարուստ հայեր և մանավանդ որ կաթողիկոսն էլ (Խրիմյան Հայրիկը) վանեցի, այսինքն՝ տաճկահայ էր: Երբ փախստականների տասնյակ հազարավոր բազմությունը թափվեց Կովկաս և հատկապես Էջմիածնի գավառը, բնականաբար Կաթողիկոսը չէր կարող անտարբեր մնալ հանդեպ նրանց դժբախտ կացության: Էջմիածինը ամեն միջոց գործադրեց ըստ կարելվույն դեղ, ապրուստ և պաշտոն հայթայթելու համար այդ դժբախտներին: Տաճկահայերը իբրև ավելի նախաձեռնող, աշխատասեր, ընդունակ և մանավանդ չարքաշ ժողովուրդ, դիմագրավելով ամեն դժվարություն, իրենց համար աշխատեցին լավ դիրք ստեղծել: Սկսվեց տնտեսական պայքարը բնիկ տեղացիների և նորեկ գաղթականների միջև: Շատ ասպարեզներում այս վերջինները հաղթող հանդիսացան: Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև: Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ: Մինչև անգամ ամուսնական խնամություններ դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը, բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով: Բուն Էջմիածնի վանքն էլ ասպարեզ էր դարձել այդպիսի կռվի, որովհետև Կաթողիկոսն էլ շրջապատել էր իրեն իր վանեցի ազգականներով: Ավելորդ եմ համարում երկար խոսել այս դժբախտ հարցի շուրջը, որ տարիներ տևեց: Ես էլ այդ դժբախտների կարգն էի ընկած: Ոչ միայն հարգանք, սեր և գնահատություն, այլ նույնիսկ քաջալերություն կամ սովորական բարեկամական վերաբերմունք չկար իմ մասին Ճեմարանի ուսուցչական կազմի և վանքի միաբանության մեջ: Բոլորն էլ արհամարհում էին ինձ: Վերևում տեսանք Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանի պարսավելի վերաբերմունքը դեպի ինձ: Կարապետ Կոստանյանը համարվում էր Կովկասում ոչ միայն իբրև կատարյալ ազգասեր, եկեղեցասեր, այլև նույնիսկ ուսումնական և գերազանց հայագետ անձնավորություն: Իր հանդիսավոր, լուրջ վերաբերմունքը արտաքուստ, խոսակցության մեջ պահած ծանրաբարո դիրքը, իր հրապարակած մի քանի երկրորդական արժեք ունեցող տետրակները ստեղծել էին նրա մասին մեծ անունը: Իրականում նա խոժոռ, անհրապույր, դաժան մարդ էր, որի գիտական հմտությունն էլ մեծ հարցականի տակ էր: Իր ծաղրանունը դրել էին «Սուլթան Համիդ», և իրոք իր համիդական գազանաբարո վերաբերմունքը ցույց էր տալիս հանդեպ բոլոր աշակերտների և ուսուցչության, ո՜ւր մնաց թե ինձ: Ոչ մի մանկավարժական ժողովի, ոչ մի ուսուցչական խորհրդակցության, նույնիսկ ոչ մի աշակերտական հավաքույթի չէի հրավիրվում ես: Այդ բոլորը բացատրում էին իբր թե նրանով, որ ես տաճկահպատակ էի և ռուսական կառավարությունը չէր թույլատրում օտարահպատակներին որևէ ուսուցչական պաշտոն, բացի տաճկերենից և ֆրանսերենից: Մի խոսքով ես ապօրինի ուսուցիչ էի: Շատ տարիներ հետո (1952 թ. մայիս) լսեցի, որ մեր Ակադեմիայի ասպիրանտներից մեկը՝ պրպտելով արխիվները, գտել է, որ Կոստանյանը ցարական լրտես է եղել Էջմիածնի վրա: Անհավատալի՞ ճշմարտություն: Այժմ տեսնենք ուրիշ ուսուցիչների վերաբերմունքը դեպի ինձ: Առաջին անձը, որ մոտեցավ ինձ և հարգանքի խոսք ասաց, հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանն էր: Իր անունը ես լսել էի Կարինում, Սանասարյան վարժարանում, ուր կարդացել էի նաև իր մի խումբ մանկավարժական տետրակները: Առաջին անգամ, երբ բարձրացա Ճեմարանի սանդուղքների գլուխը, տեսա, որ ցածրից բարձրանում է նաև Սեդրակ Մանդինյանը: Ես մի կողմ քաշվեցի հարգանքով և տեղ տվի նրան: Մանդինյանը մոտեցավ ինձ և ձեռք երկարելով, ասաց այս անմոռանալի, փայփայիչ խոսքերը. – Ձեր անունը ձեզնից առաջ եկել էր Էջմիածին: Կարդացի «Արարատ» ամսագրում ձեր հոդվածը վրացերենի ձայնաբանության մասին հայերենից փոխառյալ բառերի մեջ: Այդ ինչքան լավ վրացերեն գիտեք դուք: Ես իբրև տփղիսեցի, լավ վրացերեն գիտեմ, բայց ձեր հիշած բառերից շատ շատերը անծանոթ էին ինձ: Ես պատասխանեցի, թե իմ վրացերենի գիտությունը շատ չափավոր է, և ես այդ բոլոր բառերը քաղել եմ Չուբինովի վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն բառարանից: Մենք բարեկամացանք իրար հետ, և նա հրավիրեց ինձ իր տունը, որ Ճեմարանի դիմացն էր։ Ես մի երեկո գնացի նրա մոտ և ծանոթացա նրա կնոջ և իր գեղեցիկ աղջկա հետ: Ծանոթացա նաև իր քենեկալ Ստեփանոս Կանայանի հետ, որ Ճեմարանում պատմության ուսուցիչ էր. գուցե ծանոթացա նաև ուրիշների հետ էլ, որոնց չեմ հիշում: Մանդինյանի գեղեցիկ աղջիկը հետո ամուսնացավ ակնաբույժ Հայկ Կանայանի հետ և Երևանում 1920-ական թվականներին չարաչար տանջանքներով մեռավ, որովհետև բժիշկները չէին կարողացել որոշել իր հիվանդությունը: Մանդինյանի փոքր տղան, որի անունը չեմ հիշում, տեսա Թավրիզում 1920 թվականին: Նշանավոր ինժեներ էր և «Լուսաչափ» անունով մի գործիք էր հնարել: Հայտնի է, որ կան ճիշտ գործիքներ տաքությունը չափելու (ջերմաչափ), խոնավությունը չափելու (խոնավաչափ), կաթի պարարտության քանակը չափելու (սերաչափ) և այլն, բայց լույս չափելու գործիք չկա: Ահա այդ գործիքն էր, որ հնարել էր ինժեներ Մանդինյանը: Մտնում ես մի սենյակ, բռնում ես ձեռքիդ այդ գործիքը, և նա ցույց է տալիս սենյակի լույսի և մութի քանակությունը: Գործիքը հնարել էր, բայց պատրաստել չէր կարող. եթե նկարը ուղարկեր եվրոպական որևէ գործարան, գաղտնիքը կգողանային և իրենց անունով կվաճառեին: Պարսկաստանում այդպիսի գործիք շինելու մասին ավելորդ էր մտածել: Ուստի, երբ ես պատրաստվեցի գալ Երևան 1923 թվականին, նա խնդրեց ինձ, որ ես խոսեմ ընկեր Լուկաշինի հետ հայտնեմ, թե Մանդինյանը պատրաստ է նվիրել այդ գործիքը Հայաստանի կառավարության: Ես իմ խոստումը կատարեցի, բայց նրա շարունակության մասին ոչինչ չգիտեմ և չեմ լսած որևէ լուսաչափ գործիքի մասին մի բան: և Երկրորդ ուսուցիչը, որի հետ բարեկամացա և հետագայում լավ մտերմացա, Ստեփանոս Կանայանն էր, Մանդինյանի քենեկալը և Ճեմարանի հայ և ընդհանուր պատմության ուսուցիչը: Չափազանց բարի, կատակախոս, զվարճասեր, միամիտ և ընկերական մարդ էր նա: Պատանի ժամանակ Հայ-Արմեն ծածկանունով ոտանավորներ էր գրել Զմյուռնիայի «Արևելյան մամուլ» ամսագրում: Բայց այնուհետև գրական գործունեություն չէր ցույց տված։ Շատ էր աշխատում, բայց իր աշխատանքը ամուլ մնաց: Կյանքի վերջին շրջանում հրատարակեց մի քանի ազգագրական և աշխարհագրական գործեր, որոնցից գլխավորն է «Ջոջանց տունը»։ Առհասարակ դժվար է կարդալ նրա գործերը, որովհետև շարունակ թափառում է նյութից նյութ և մեկի վրա կենտրոնանալ չգիտե: Ուրիշ ուսուցիչների մասին շատ բան չունեմ ասելու: Մանուկ Աբեղյանը, որի հետ ընկերացել էի Փարիզում, և որ հայագետի մեծ հռչակ էր վայելում Ճեմարանում, ոչ մի մտերմություն ցույց չտվեց ինձ Էջմիածնում: Համառ և ինքնահավան մարդ էր: Իրենից դուրս ոչ մեկին չէր ճանաչում: Սարսափելի ատեցող էր տաճկահայերին և մանավանդ Վենետիկի և Վիեննայի միաբաններին: Տաճկահայերից հավանում էր միայն երկու հոգու. Պարոնյանին, որովհետև ծաղրել էր պոլսեցիներին, և Գարեգին վարդապետ Սրվանձտյանին, որովհետև հայտնաբերել էր Սասունցի Դավթի վեպը: Ոչ մի տաճկահայ հեղինակի չէր սիրում, նույնիսկ Դուրյանին: Բոլորը խոնարհվում էին Աբեղյանի առաջ և համարում էին նրան անգերազանցելի հայագետ: Ինքը քարոզեց մտցնել արևելյան հայերենում անշունչի և շնչավորի տարբերությունը (նրա ոտքը, էնոր ոտքը), ածականի վերացումը, սեռականի ջնջումը և վերջապես ուղղագրության փոփոխությունը, որ 1912 թվականին հայտարարեց, ազգը մերժեց, իսկ 1920 թվականին ընդունվեց Խորհրդային իշխանության կողմից և սակայն 20 տարի հետո, 1940 թվականին նրա կեսից ավելին մերժվեց և այլն: Էջմիածնում եղած ժամանակս ոչ մի օր չհրավիրեց ինձ իր մոտ, այնպես որ չգիտեմ, թե ուր էր ապրում: Երբ Երևանում, Համալսարանում դասախոս եղա, բնականաբար ընկերական հարաբերություններ մշակում էինք, և ես միշտ չափազանց հարգանքով էի վերաբերվում դեպի նա, իսկ նա իմ այնքան բազմաթիվ աշխատանքների մասին ոչ մի գովասանական կամ քաջալերական խոսք չի ասել: Կողմնակի աղբյուրներից լսել եմ միայն, թե նա իմ մասին կառավարության հայտնել է հետևյալը. «Աճառյանի պես մարդ հարյուր տարվա մեջ մի անգամ չի ծնվի. չափազանց աշխատասեր, անշահախնդիր, փող չսիրող մարդ է. քամեցեք որքան կարող եք. պատրաստ է և կարող է կատարել ամեն ինչ, որ պահանջեք»: Գուցե ավելի հետո էլի առիթ կունենամ խոսելու իր մասին։ Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապետը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորություն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»: Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է: Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին։ Նա Քյոթահիացի (Կուտինա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գևորգ Դ կաթողիկոսին։ Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»: — Դու հայերեն չգիտե՞ս,— ասում է նրան կաթողիկոսը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ: — Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): Գելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ): Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է. — Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս): Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ. նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք Ճեմարանի աշակերտ գրեցեք»: Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է Ճեմարանը և ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ: Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է: — Վարդապետն ի՞նչ բան է,— հարցնում են նրան: — Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է: — Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու: — Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է: Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է Ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը: Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր Ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը: Մեջընդմեջ երգում էր մի կարգի ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում: Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ: Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը: — Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում. այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին, կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը: Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՛ր ձայների գումարներն են: Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում. նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Ապարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին: Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա․ այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի: Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի: Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց Ճեմարանում հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ: Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա: և Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ: Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո՞ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»: Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը. իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել․ Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»: Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»: Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»: Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի` Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր. Ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս։ Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում. զանգակները զնգում են»: Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան. մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի: Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր: Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր: Առատ մորուք չուներ. քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն: Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա». հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը: Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: Գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր։ Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը: Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ: Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է: Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է: Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց: Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը: 1925—1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել: Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում: Հինգերորդ անձնավորությունը, որի հետ ես մտերմացել էի Էջմիածնում, եղավ Գալուստ սարկավագ Տեր-Մկրտչյանը: Նա Ախալցխայի Ծղրուտ գյուղից էր: Սովորում էր Փարիզում հասարակական գիտություններ: Վարակվում է վատանուն ախտով և զգալով իր ցավալի վախճանը, շտապում է Էջմիածին, դիմում է տալիս և ընդունվում միաբանության մեջ: Ստանում է 4 աստիճան (դպիր), բայց ընդհանրապես կոչում էին սարկավագ: Դպրի աստիճանը մեծ բան չէ, բայց ի նկատի ունենալով նրա գործունեությունը, Խրիմյանը հրամայում է տալ նրան իսկական վարդապետ միաբանի բոլոր իրավունքները՝ բնակարան, սնունդ, վառելիք և ռոճիկ: Որովհետև հասարակական գիտությունները արժեք չունեին վանքի պայմաններում, ուստի թողնում է այդ բոլորը և նվիրվում հայկական բանասիրության: Միաբան ծածկանունով նա հրատարակեց բազմաթիվ հոդվածներ և առանձին գրքեր, որոնք իրոք շատ մեծ արժեք ունեն հայ բանասիրության մեջ: Միաբանների բնակարանները երկու շարք են կազմում. հին շենք և նոր շենք: Նոր շենքի բնակարանները 2 մուտք ունեն. մեկը առջևից, որ տանում է ցածրի հարկը, ընդամենը 2 սենյակ, մյուսը հետևից, որ սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկը և ունի նույնպես 2 լուսավետ սենյակ, մի խոհանոցով: Իմ բնակարանը № 1 ներքևի 2 սենյակն էր, իսկ նրա վերևը բնակվում էր Գալուստ սարկավագը: Իբրև հմուտ բանասերի, ես ծանոթացա նրա հետ և շուտով մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Կաթվածահար էր եղած, կեսից ներքև մարմինը չէր գործում, իսկ կեսից վեր առողջ էր. ազատ խոսում, գրում էր, բայց քայլել չէր կարող: Քնելու համար, երբ պետք էր լինում գնալ մյուս սենյակը, իր ծառան գալիս գրկում էր նրան և մեծ դժվարությամբ տանում գցում մյուս սենյակի անկողնի վրա: Համարյա ամեն օր բարձրանում էի իր մոտ, և ունենում էինք երկար խոսակցություն հայագիտական հարցերի շուրջը: Միակ անձն էր Էջմիածնի միաբանության մեջ, որ իրավունք ուներ ձեռագրեր բերել տալու իր բնակարանը: Ինքը հրատարակեց, ի միջի այլոց, «Վկայք Արևելից» նշանավոր գործը, որ թարգմանված է Ե դարում ասորերենից և գրված է սքանչելի մեսրոպյան հայերենով: Ինչպես ամբողջ Կովկասում, նույնպես և Էջմիածնում մեսրոպյան հայերենի գաղափարը անծանոթ էր, բայց միաբանը իբրև լուսամիտ մարդ, ընդունել էր այդ գաղափարը, և որովհետև գործնականապես ծանոթ չէր, ուստի ինձ տվեց ձեռագիրը, որպեսզի կարդամ և հետևեմ, թե մեսրոպյան հայերենի սխալներ կա՞ն։ Երբ ես Էջմիածնի 4000 ձեռագրերը հետազոտելու ժամանակ գտա Եզնիկը (№ 1111), ինքն էլ շատ ուրախացավ այդ գյուտի մասին, որովհետև նախապես ինձ ասել էր, թե Եզնիկի անունով ինչ-որ ձեռագիր ունենք Մատենադարանում: Իմ գիրքը («Քննութիւն և համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին») տպվեց Վիեննայում և առաջաբանում խոսում եմ այդ գյուտի մասին: Ես ու Միաբանը «միասին աշխատեցինք» այդ գործի վրա, բայց իր մասնակցությունը եղավ միայն այն, որ ձեռագրի և տպագրի տարբերությունների համեմատությունը միասին կատարեցինք: Գրքի մնացյալ բոլոր գլուխները միայն իմ գրչի արդյունքն էին: Շատ մեծ անակնկալ եղավ վանքում, երբ երկու երիտասարդ գիտնականներ՝ Հակոբ Մանանդյան և Սիրական Տիգրանյան հրավիրվեցին Ճեմարանի ուսուցիչ: Մանանդյանը ախալցխացի էր, հայրը անտառապետ էր, բայց վաղաժամ մեռնելով, Մանանդյանը իր եղբոր և քրոջ հետ որբ են մնում: Այրի մայրը մեծ դժվարությամբ, միայն պետությունից ստացած կենսաթոշակով պահում և մեծացնում է որդիներին: Հակոբ Մանանդյանը, ավարտելով ռուսաց գիմնազիան (հայկական կրթություն չէր ստացել), Մանթաշյանի թոշակով գնում է Գերմանիա և սովորում է լեզվաբանություն։ Լավ տիրապետում էր 3 եվրոպական լեզուների և ռուսերենի: Գրելու մեջ եթե լավ հաջողակ չէր, ընդհակառակը, խոսելու մեջ շատ հաջողակ էր: Բարձրաձայն, լավ մտածված և գեղեցիկ առոգանությամբ հանպատրաստից ճառեր էր խոսում հայերեն և ռուսերեն: Ունենալով վայելուչ արտաքին և բարձր հասակ, շատերին սիրելի դարձավ: Ինքը ասաց ինձ, թե «Լեզվաբանությունը այնքան շուտ-շուտ էր փոխվում, որ ես մտածեցի, թե մինչև Հայաստան գնամ, ճանապարհին արդեն փոխված կլինի... ուստի հրաժարվեցի լեզվաբանությունից և առանձնացա միայն պատմության մեջ, որին հետևեց նաև բանասիրությունը»: Էջմիածին եկավ նա վարդապետ դառնալու նպատակով: Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով, ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը: Այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միաբանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից։ Նա մնաց Ճեմարանի ուսուցիչ: Ավելի ուշ, երբ ցարական պայմանները ավելի խստացան, նա թողեց ուսուցչությունը, գնաց Ռուսաստան և իրավաբանական ֆակուլտետը ավարտելով՝ դարձավ իրավաբան. մի արվեստ, որ իր ճարտարախոս լեզվին շատ հարմար էր։ Այդ ժամանակ հաստատվեց Բաքվում և իրավաբանների շարքում նշանավոր դարձավ: Խորհրդային իշխանությունը հաստատվելուց հետո եկավ Երևան, եղավ համալսարանի վարիչներից մեկը. Երևանում էլ մնաց մինչև իր մահը: Իր գրական գործերը բավական մեծ թիվ են կազմում, որոնցից կարևորագույնն է «Հայոց պատմություն»-ը, որ կիսատ մնաց: Նշանավոր է նաև իր այն տեսությունը, թե Խորենացին Թ դարի հեղինակ է: Ոչ ոք չընդունեց իր այս կարծիքը և կարծեմ, թե կյանքի վերջում ինքն էլ համոզվել էր, թե սխալ է դատում: Առիթներ կունենանք դեռ խոսելու իր մասին: Սիրական Տիգրանյանը հարուստ ընտանիքի զավակ էր, նույնպես ռուսական կրթություն էր ստացել և ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը: Հրաժարվելով իր հարուստ ծնողների և եղբայրների շրջանից, մտել էր ուսուցչական ասպարեզը և ճիշտ Մանանդյանի նման եկել էր Էջմիածին վարդապետ լինելու, բայց ճիշտ նրա նման տեսնելով վանքի դրությունը, հրաժարվեց իր մտքից: Մենք երեքս՝ Մանանդյան, Տիգրանյան և Աճառյան, ոչ միայն իբրև ազատամիտ երիտասարդներ, այլև իբրև հայագիտության սիրահար անձեր, շատ մտերիմ ընկերներ դարձանք: Մանանդյանը պատմաբան և բանասեր լինելով՝ ինձ ավելի մոտիկ էր: Երբ առաջին անգամ տեսա նրան, ես հայտնեցի իրեն, թե կազմում եմ հին հայոց կուլտուրայի պատմությունը, պրպտելով և ոստիկանի նման հետախուզելով հին հայոց ամբողջ գրականությունը, նյութեր գտնելու համար: Մանանդյանը հայտնեց, թե ինքն էլ է նույն աշխատությունը կազմում և հարցրեց, թե հույն աղբյուրները ուսումնասիրե՞լ եմ: Ես պատասխանեցի, թե ոչ։ Նա ասաց. «Ես հույն աղբյուրները արդեն ուսումնասիրել եմ և այժմ էլ ուսումնասիրում եմ հայկական աղբյուրները»: Լսելով այս խոսքը և խոնարհվելով իր հունագիտության առաջ՝ ես գնացի սենյակ և իմ ամբողջ աշխատանքը այրեցի: Ցավում եմ իմ այդ անմտության վրա, որովհետև ոչ միայն Մանանդյանը, այլև ուրիշ ոչ ոք չկազմեց այդպիսի աշխատություն: Մինչև այսօր էլ (1952 թ. հունիս) իմ իդեալն է մնացել այդ գեղեցիկ աշխատությունը, որ գրել առաջարկել եմ շատերին, բայց ոչ ոք էլ չի գրել: Ահա իմ համառոտ ծրագիրը այդ մասին. բառի վերջում պետք է գրել Ь, թե Ъ: Գնացի Ճեմարան, ուսուցչական սենյակը, ուր միայն 2 հոգի կային, Ստեփան Կանայանը և Սեթ Հարությունյանը: Ես դիմեցի Կանայանին, իբրև իմ մտերիմ բարեկամին և հարցրի, թե аптекарь բառի ծայրին Ь պիտի դնե՞մ, թե Ъ: Կանայանը մտածեց ի զարմանս իմ և հայտնեց, թե չգիտեմ, և նա դիմեց Սեթին նույն հարցով. Սեթը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա այդպիսի բաների, р-ի մոտ մի միջակետ դրեք իբրև համառոտագրության նշան և բավական է»: Սեթը իմ դեմ մի պամֆլետ գրեց «Նոր դար»-ում, սրա մասին հետո: Ավելի զվարճալի մի տեսարան ևս: Սեթը մի օր իր ծառային հրամայում է գնալ շուկա և գնել 10 ձու: Ծառան վերադառնում է և ձվերը բերում: Սեթը, որ սարսափելի ժլատ մարդ էր, բարկանում է ծառայի վրա, թե ինչո՞ւ այդքան փոքր ձվեր է առել: Նա ուներ ձու առնելու մի օղակ. բոլորը փորձում է, և բոլոր ձվերը օղակից անցնում են. հրամայում է ծառային նորից գնալ շուկա օղակով և փոքր ձվերը հետ տալով, խոշորները վերցնել: Ծառան հրաժարվում է. այն ժամանակ Սեթը ինքը թաշկինակի մեջ 10 ձու և օղակը ձեռքին, անձամբ գնում է շուկա: Այդ միջոցին Էջմիածնի հրապարակում տեռոր էր տեղի ունեցել, Երևանի Գուբեռնատորի վրա ատրճանակ էին արձակել, ոստիկանությունը թափվել էր դուրս՝ տեռորիստին բռնելու համար։ Ժողովուրդը փախել էր, ոստիկանները տեսնում են միայն Սեթին թաշկինակի մեջ ձվեր և ձեռքին օղակ: Բռնում են նրան և ոստիկանատուն տանում: Հարցնում են այնտեղ, թե ի՞նչ գործ ունեիր հրապարակում։ Սեթը կմկմալով և ամաչելով՝ օղակի պատմությունն է անում: Իհարկե չեն հավատում, վեց ամիս նստում է բանտում, մինչև կարողանում է ապացուցանել իրողությունը: Ես ոչ մի կապ չեմ ունեցել Սեթի հետ. չգիտեմ ինչո՞ւ, միայն մի անգամ եղել եմ նրա տանը: Պոռպռուն ձայնով մի կին ուներ՝ իգդիրցի և մի աղջիկ, իսկական գաճաճ, որի անունն էր Սեթանուշ: Երբ ես հրատարակում էի իմ Արմատական բառարանը, մի օր ինձ մոտ եկավ մի տարիքոտ կին: Ինքը հայտնեց, որ Սեթ Հարությունյանի կինն է և խնդրեց իր ամուսնուն բաժանորդ գրել։ Զարմացա մնացի. Սեթը գիրք կարդա և այն էլ Աճառյանի՞ գիրքը: Ականջիս չէի հավատում: Ստիպված էի մերժել, որովհետև ռեկտորի հրամանով բաժանորդագրությունը փակված էր: Երկրորդ չար, ավելի շուտ ողորմելի անձնավորությունը Բագրատ Խալաթյանն էր: Նա հրավիրվել էր Ճեմարան իբրև ուսուցիչ ռուս գրականության: Հայերեն գիտեր, բայց շատ թույլ: Հագնվում էր շատ զարդարուն ձևով, անուշահոտ դուխիներով օծված, այնպես որ աչք էր ծակում: Մի օր մտա Ճեմարանի ուսուցչանոցը։ Այնտեղ էին Ստեփան Կանայանը և այս Բագրատ Խալաթյանը, որոնք վիճում էին ինչ-որ հարցի առթիվ: Երբ ես ներս մտա, Կանայանը ասաց Բագրատին. «Այ, պարոն Աճառյանը եկավ, նա լավ գիտե, իրեն հարցնենք, և դառնալով, ասաց. «Դուք իրար հետ ծանոթ չե՞ք»: Ես պատասխանեցի. «Ես երեք անգամ ծանոթացել եմ պարոն Խալաթյանի հետ, բայց նա բարևս էլ չի առնում»: «Ոչ,— ասաց Կանայանը,— պարոն Աճառյանը մեր կարևոր մասնագետներից մեկն է, չի կարելի այդպես վարվել նրա հետ»: Խալաթյանը կմկմաց և ինչ-որ ներողություն խնդրեց: Խալաթյանը Ճեմարանից շուտով հեռացավ և գնաց Գերմանիա: Նա հրատարակեց մի քանի ազգագրական տետրակներ և հոդվածներ գրեց «Բանասեր»-ի մեջ, հետո վեճ ունեցավ Բասմաջյանի հետ և իրար հետ կռվեցին. Բագրատ Խալաթյանը Բասմաջյանի դեմ գրեց մի հոդված «Մի ապտակ Բասմաջյանի դեմ» վերնագրով: Բասմաջյանն էլ պատասխանեց «Մեկի դեմ 2 ապտակ Բ. Խալաթյանի դեմ» վերնագրով: Շատ զվարճալի է հետևյալ դեպքը: «Հանդէս Ամսօրեայ» ամսաթերթի մեջ Բ. Խալաթյանը (1906 թ., էջ 333) սկսեց հրատարակել «Եվալդ Լիդեն» վերնագրով մի հոդված, որի սկզբում տալիս է հայագիտության պատմությունը: Այստեղ, էջ 335 բ-ում, հիշում է եվրոպացի հայագետների անունները, թվելով նրանց գործերը։ Սրանց մեջ կարդում ենք. «Օգտավետ ծառայություն մատուցին հայ լեզվի բազմակողմանի ուսումնասիրությանն Christian Bartholomae, Sophus Bugge…, մանավանդ հմուտ հայագետ A. Meillet: Հիշելու է ևս Verfasser, Die Semitischen Lehnworter in Armenishen ZDMG, 1893» և այլն: Կարդալով այդ հոդվածը և տեսնելով նշանավոր մարդկանց շարքում Verfasser անունով մի նոր հայագետի, որի անունը երբեք լսած չէի, զարմացած մնում եմ, թե ո՞վ է այս անծանոթ հռչակավոր հայագետը: Բայց երբ շարունակության մեջ կարդում եմ նրա գրած աշխատության անունը, իսկույն հասկանում եմ, որ հայտնի Հյուբշմանն է: Դեպքը այսպես է եղել: Հյուբշմանը իր քերականության մեջ, հիշելով զանազան հեղինակների անունները և նրանց գործերը, նրանց հետ հիշում է նաև իր այս աշխատությունը. բայց համեստությամբ, փոխանակ իր անունը տալու, ինչպես սովորություն է, գրել է Verfasser (հեղինակը): Ողորմելի Խալաթյանը այսքանը չիմանալով և Verfasser գոյականի գլխատառից ենթադրելով, թե մարդու անուն է, ստեղծել է նորահնար մի հայագետ: Խալաթյանի այս ծիծաղելի արարքը հայտնեցի ժամանակին «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության. բոլորը հրաժարվեցին խմբագիր եղած լինելու պատվից, որպեսզի անարգանքի հարվածից ազատվեն: «Այլ առակ լուարուք»: 1909/10 Խալաթյանը գտնվելով Բեռլինում, համալսարանին դիմում է տալիս և խնդրում, որ իրեն նշանակեն դասախոս օսեթերեն լեզվի: Պրոֆեսորների ժողով է գումարվում քննելու համար հարցը: Այնտեղ է նաև Խալաթյանը: Պրոֆեսորներից մեկը հարց է տալիս, թե օսեթերենի ո՞ր բարբառը՝ Թագո՞ւր թե Դիգոր պիտի դասախոսե նա: Խալաթյանը, որ մինչև անգամ չի իմացել, թե օսեթերենը 2 բարբառ ունի, շշկլված մնում է և ոչինչ չի կարողանում պատասխանել: Հարցը սրանով փակվում է: (Այս դեպքի պատմությունը պատմեց ինձ բժիշկ Խուրշուդ Մելիք-Փարսադանյանը, որ նույն թվականին ուսանում էր Բեռլինում): Վիեննայի «Ազգային մատենադարան»-ի շարքում Խալաթյանը հրատարակեց «Արաբ պատմագիրները հայոց մասին» հատորը: Էջմիածնում եղած ժամանակը Բագրատ Խալաթյանը արաբերեն ոչ մի բառ չգիտեր: Ինչպե՞ս կարողացավ 2—3 տարվա մեջ սովորել այդ դժվար լեզուն այնքան, որ կարողացավ արաբ հեղինակները կարդալ և նրանցից նյութեր քաղել: Հաստատ հավատացած եմ, որ այստեղ էլ կեղծիք կա: Նա կարդացել է այդ գրքերի գերմաներեն թարգմանությունը և գերմաներենի իր հրաշալի հմտությամբ (ինչպես ցույց է տալիս Verfasser-ը) քաղել է այդ տեղեկությունները: Բ. Խալաթյանի վախճանը շատ դժբախտ եղավ: Նա վարակվեց վեներախտով, գժվեց և փոխադրվեց հիվանդանոց, ուր և մեռավ: Այսպիսի դժբախտ վախճան ունեցավ Էջմիածնի Ճեմարանի պերճապաճույճ երիտասարդ դասախոսը, որ սնափառ հայտարարությամբ արժանի չէր համարում իր համեստ պաշտոնակցի խոնարհ բարևն ընդունել: * * Մեկ տարի տևեց Կարապետ Կոստանյանի սուլթանական իշխանությունը: Էջմիածինը նրան հանգստյան թոշակ նշանակեց, նա հեռացավ ասպարեզից և մեզ էլ ազատեց իր բռնակալ ճիրաններից: Տեսուչ նշանակվեց Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, որ բարեկիրթ, ուսյալ և բարեհամբույր մարդ էր: Նա իր կրթությունն ստացել էր Գերմանիայում, սիրող էր Էջմիածնի և աշխատում էր յուրովսանն բարձրացնել նրա արժանիքը: Գնահատում էր ինձ և ինձ հանձնեց Ճեմարանի գրադարանապետի պաշտոնը։ Միևնույն ժամանակ ինձ նշանակեց իր խմբագրած «Արարատ» ամսաթերթի սրբագրիչ: Այսպիսով իմ դիրքը բարձրացավ, և իմ ռոճիկը բարձրացավ ամսական 50 ռուբլու: Այստեղ պետք է հիշեմ իմ կյանքի կարևոր կայաններից մեկը: Հայտնի է, որ օտարահպատակները ուսուցիչ լինելու իրավունք չունեին: Այդ միջոցին Էջմիածին հավաքված տաճկահայ գաղթականների համար կառավարությունից հրաման եկավ, թե ով որ ցանկանա, կարող է ռուսահպատակ գրվել։ Ես էլ, տեսնելով, որ առանց հպատակությունս փոխելու, չպիտի կարողանամ դիրք ստեղծել, որոշեցի մտնել գաղթականների խմբի մեջ և ռուսահպատակ գրվել: Պետական պաշտոնյան, ինչպես ամենքին, նույնպես և ինձ հարցրեց, թե «տաճկական անձնագիր ունե՞ս»: Ես անձնագիր ունեի, ուստի պաշտոնյան դուրս հանեց ինձ, որովհետև անձնագիր ունեցողները չէին կարող հպատակություն փոխել: Մի ժամանակ հետո որոշեցի մի ուրիշ ձև տալ գործին: Անձնագիրս նորոգման համար ուղարկել էի Երևան։ Նորից հավաքվեց գաղթականների մի խումբ, նորից մտա այդ խմբի մեջ, և երբ պաշտոնյան հարցրեց ինձ, թե «անձնագիր ունե՞ս», ես պատասխանեցի «ոչ». իբր թե անձնագիրս այժմ մոտս չէ, այլ ձեզ մոտ է: Ես լսել էի, որ շատ մեծ պետական հանցանք է երկու անձնագիր ունենալը. հանցավորին պատժում էին մինչև անգամ աքսորով: Ես հանդգնեցի այդ հանցանքը գործելու, բայց դրա համար մի ուրիշ հնարք էլ էի մտածել: Ես նախապես անունս գրում էի Ipasis AzxapyHb, ինչպես պահանջվում էր արևմտյան տառադարձությամբ: Երբ պաշտոնյան իմացավ, որ անձնագիր չունեմ, ընդունեց ինձ և առաջարկեց անունս գրել իր ցուցակում. ես գրեցի Pavis AvapsHb. իմ հնարքս իբր թե այն էր, որ Երևանում ցուցակի մեջ եթե փնտրեին իմ անունը, չպիտի գտնեին այս նոր ձևի տակ: Պաշտոնյան մտցրեց ինձ գաղթականների խմբի մեջ, այնտեղ քահանայի ներկայությամբ բոլորս Ավետարանի վրա երդվեցինք հավատարիմ մնալ ցարին և ռուսահպատակ դարձանք: Շուտով ստացանք մեր նոր անձնագրերը, որից քիչ հետո ես Երևանից ստացա նաև իմ տաճկական անձնագիրը: Այսպիսով ունեցա 2 անձնագիր, որ ինչպես ասացի, մեծ հանցանք էր: Ինչքա՞ն ժամանակ տանջվել եմ երկու անձնագիր պահելուս պատճառով։ Հենց որ մի ոստիկան էի տեսնում, որ ինձ էր նայում կամ ինձ մոտ էր գալիս, սարսափը պատում էր ինձ: Մի անգամ Թիֆլիս էի գնացել և իջել Վիկտորիա հյուրանոցը, որ հայերի օթևանն էր միշտ: Սենյակումս նստած եմ, հանկարծ բակում մի գոռգոռոց է բարձրանում: Դուրս եմ նայում պատուհանից. տեսնում եմ մի ոստիկան, որ դեպի իմ պատուհանը երկարելով իր ձեռքը՝ բաներ է ասում: Ի՞նչ անելս չգիտեմ: Անշուշտ եկել են ինձ ձերբակալելու: — Բայց վտանգը անցավ, և ինձ ոչ ոք չձերբակալեց։ «Գող, սիրտը դող»: Իսկույն հանեցի թուրքական անձնագիրս, թքեցի նրա վրա և մի լուցկի վառելով, մոխիր դարձրի: Այսպես վերջացավ իմ տաճկահպատակի ստրկական, ամոթալի վիճակը։ ՄԱՌԻ ՀԵՏ 1899 թվականի ամառը կաթողիկոսի թույլտվությամբ Բյուրականի հայրապետական ամառանոցը գնացի: Միաբանների մի խմբակի հետ մի լուսավոր սենյակում անկողին ստացա: Մի օր բակում նստած, խոսակցության միջոցին, մոտ քառասուն տարեկան սևահեր, թխադեմ մի անձնավորություն մոտեցավ վարդապետներին, բարևեց և ձեռք տվեց: Պետերբուրգի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Մառն էր: Հպարտ ձև չուներ: Խոսում էր ազատ հայերեն: Լսելով իր անունը և Գալուստ Տեր-Մկրտչյանի պատմածներով լավ ծանոթ լինելով իր անձին, ուրախացա, որ տեսա իրեն: Հայտնեց, թե Էջմիածնում Կարապետ վարդապետը խոսել է իմ (Աճառյանի) մասին և հայտնել է, թե պատրաստում եմ մի նշանավոր արմատական բառարան, որի մեջ մեկնել եմ հայերենի բոլոր արմատները: — Ճիշտ չի ասել,— պատասխանեցի ես,— հազիվ կարողացել եմ գուցե կեսը մեկնել։ Մառը ժպտաց և ասաց. — Ես Կարապետ վարդապետին ասացի, որ եթե բոլոր արմատները մեկնել է, ուրեմն անպետք աշխատություն է, որովհետև անկարելի է հայոց բոլոր արմատները մեկնել։ Իսկ վարդապետը ասաց, թե «Աճառյանը ուրիշ մարդ է, նա կարող է մեկնել»: Իսկ այժմ, որ դուք ասում եք, թե հազիվ կեսն է մեկնված, ուրեմն լավ աշխատություն է: Մենք մտերմացանք իրար հետ և սկսեցինք գիտական (լեզվաբանական) հարցերի շուրջը խոսել: Այդ միջոցին երևաց Հովհաննես Հովհաննիսյանը, գեղեցկադեմ մի մարդ, բանաստեղծ և ուսուցիչ Ճեմարանում: Ես նրա հետ ծանոթություն չունեի, որովհետև նա էլ պատկանում էր ինձ ոչ բարեկամ խմբակին: Երբեք նրա տանը եղած չէի: Հ. Հովհաննիսյանը և Մառը վաղուցվա ծանոթներ էին. շատ սիրալիր խոսակցություն սկսեցին և Հովհաննիսյանը հրավիրեց Մառին իր տունը ճաշի: Տեսնելով, որ ես էլ Մառի հետ ընկերացել եմ, գուցե պարզ քաղաքավարության համար, ինձ էլ հրավիրեց։ Ես մերժեցի, բայց նա և Մառը ստիպեցին, որ գնամ: Հովհաննիսյանը ամառանոց էր եկել Բյուրական գյուղը և առանձին բնակարան վարձել: Սեղանը պատրաստ էր: Ես ծանոթացա նրա կնոջ՝ տիկին Զարուհու և երկու քույրերի՝ Աշխենի և Սիրանույշի հետ: Սեղան նստեցինք: Մառը խոսեց իմ մասին և արժանավոր գովասանքներ տվեց: Կինը գանգատվեց ինձանից, թե ինչո՞ւ մինչև այժմ իրենց մոտ չեմ գնացել: Երբ լսեցի, թե Հովհաննիսյանի քրոջ անունը Սիրանույշ էր, որ համառոտելով՝ Սիրուշ էին կոչում, ես իմ վաղեմի սովորության համեմատ իսկույն հայտնեցի, թե Սիրուշ պարսկերեն նշանակում է «հրեշտակ»: Կարծելով, թե սուտ հաճոյախոսություն եմ անում, տիկին Զարուհին, որ հենց առաջին րոպեից սկսած արհամարհանքով էր նայում իմ վրա, բարձրաձայն ծիծաղեց ու ծաղրեց ինձ: Ես դիմեցի Մառին և խնդրեցի, որ հաստատի, թե պարսկերեն սիրուշ նշանակում է «հրեշտակ». դժբախտաբար Մառը չգիտեր, և ես անել դրության մեջ մնացի: Այդ ժամանակ ասացի Մառին. «Չե՞ք հիշում զենդերեն «սրաօշա» բառը, որ հրեշտակ է նշանակում, որ ապա դառնում է պարսկերեն «սիրուշ»: «Այո՛, այո՛, — պատասխանեց Մառը,— բոլորովին ճիշտ է, ես այժմ հիշեցի»: Տիկինը խնդրեց, որ ես հաճախ գնամ իրենց մոտ։ Խոստացա, բայց բնավ չգնացի: Պատմում էին, թե երբ կաթողիկոսը առաջին անգամ եկել է Էջմիածին, Ճեմարանի ամբողջ ուսուցչական կազմը իրենց կանանց հետ եկել են աջը համբուրելու: Կաթողիկոսը տեսնելով Հովհաննիսյանին և նրա կնոջ Զարուհուն, որ շատ կարճահասակ մի կին էր, ասում է. «Պարոն Հովհաննիսյան, այդքան սիրային բանաստեղծություններ որ գրել ես, այս կնոջ համա՞ր է… լավ ես արել, չարիքներից փոքրագույնը ընտրել ես»: Կաթողիկոսը շատ էր սիրում տեղի անտեղի կատակաբանություններ անել, փույթ չէ նրանք վիրավորական լինեին մեկի կամ մյուսի հասցեին: Մառը հայտնեց ինձ, որ պիտի գնա Արտաշատ գյուղը պեղում անելու. ուզում է մի օգնական վարձել: Իսկույն ես ասացի. «Ինձ իբր օգնական չե՞ք վերցնի, առանց դրամական վարձատրության»: «Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Մառը,— ձեզանից ավելի լավ օգնական ո՞ւր պիտի գտնեի»: Էջմիածին վերադառնալով, ես ու Մառը կառքով մեկնեցինք Արտաշատ գյուղը, ուր նա մի մեծ սենյակ վարձեց մեր երկուսի համար: Կարծեմ 10 օր մնացինք այնտեղ և հաջորդ օրվանից պեղումները սկսեցինք: Նա ընտրեց մի ավերակ բարձունք, որ երկու մասի բաժանեց: Բարձունքի ձախ կողմը վերցրեց ինքը և բանվորների մի մեծ խմբով սկսեց փորել։ Մի քիչ դեպի աջ, մի քանի բանվորներ էլ տվեց ինձ, փորելու համար բարձունքի աջ կողմը: Այսպես սկսվեց մեր աշխատանքը: Մեր դիմացն էր Դվինը, կես ժամ հեռավորությամբ, որ նույնպես ուզում էր պեղել Մառը: Այնքան տարված էր Մառը երևակայությամբ, որ սպասում էր, թե պեղման ժամանակ նա կիջնի Արտաշատի հրապարակը, կգտնի Դավիթ Դվնեցու շիրիմը, կկարդա նրա տապանագիրը և կմտցնի իր վկայաբանության մեջ, որ պատրաստում էր տպագրության: Երազները շատ քաջալերիչ են. բայց Մառի երազը չկատարվեց: Ոչ մի հրապարակ մենք չգտանք: Մենք գտանք մի քանի խավ թոնիր, մեկը մյուսի ետևից, ինչ որ նշանակում էր, թե այնքան անգամ բնակություն և ավերած է կատարվել: Վերջապես հասանք հատակը. դրսից ջրի խողովակները մտան ներս, բայց ունեցած գումարը վերջացավ և պեղումը շարունակելը հետաձգելով հաջորդ տարվան, վերջ տվեց իր գործին: Այն կարճ շրջանում, որ ես ապրեցի Մառի հետ, լավ ուսումնասիրեցի նրա անձնավորությունը: Չափազանց բարի, ընկերական և ազնիվ մարդ էր այն ժամանակ: Պատմեց իր կենսագրությունը և իր կյանքից շատ բեկորների մասին խոսեց: Ես կամփոփեմ դրանցից կարևորը: Նա հայտնեց, որ հայրը իռլանդացի էր. Կովկասում ամուսնացել է մի մինգրել աղջկա հետ, որից ծնվել է ինքը և ըստ ցարական օրենքի կնքվել է ռուս: «Հա՜, հա՜, հա՜»,— ծիծաղում էր Մառը, ասելով, թե ոչ հայրը ռուսերեն գիտեր և ոչ մայրը իռլանդերեն կամ անգլերեն: Ուրեմն ի՞նչ լեզվով էին խոսում իրար հետ: Կովկասում սովորելուց հետո գնում է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտում է Քերովբե Պատկանյանին, դասընկեր ունենալով Ստեփան Մալխասյանին (այս և հաջորդ մի քանի տեղեկությունները լսել եմ Մալխասյանից): Երբ ավարտում են և Պատկանյանը մեռնում է, նրան հաջորդ ընտրելու համար վեճ է ծագում, ոմանք ուզում են ընտրել Մառին, իսկ ուրիշներ, որոնց գլուխն է կանգնել Եզյանը, ուզում են ընտրել Մալխասյանին: Մալխասյանը, ինչպես ինքն է ասել, հրաժարվել է, ասելով, թե ինքը միայն հայերեն գիտե, իսկ Մառը՝ թե՛ հայերեն և թե՛ վրացերեն: Մառը հարցրեց ինձ. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»: «Բայց դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ ձեզ ոչ ոք չի գնահատի. դուք կմնաք խեղճ ու թշվառ. եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, դուք կլինեք նշանավոր գիտնական»: Ես պատասխանեցի, թե ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան: Մենք շատ երկար խոսեցինք Մառի հնարած նոր լեզվաբանության մասին, որ հետագայում ձևափոխվելով կոչվեց «Նոր ուսմունք»: Մառը դեռ հանդուգն քայլեր չէր առած: Նա միայն քարոզում էր, թե վրացերենը ազգակից է սեմականին և հնդեվրոպական, սեմական և կովկասյան երեք խմբերը ծագում են մի խմբից, որ կոչվում է Նոյան: Բաժանվելու ժամանակ Մառը ասաց ինձ. «Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Դարձյալ մտածեցեք իմ ասածի մասին: Դուք այստեղ կկորչեք. եկեք Պետերբուրգ և նշանավոր մարդ կդառնաք»: Ավելացնեմ մի հետաքրքիր կետ: Երբ Արտաշատ գնացինք, հենց առաջին րոպեից Մառը խնդրեց ինձանից, որ ես իր հետ հայերեն չխոսեմ. «Որովհետև,— ասաց նա,— եթե դուք ինձ հետ հայերեն խոսեք, կկարծեն, թե ես էլ հայ եմ և ինչպես լավ գիտեք, հայերը հայերին չեն սիրում, չեն հարգում, ինձ հետ էլ կվարվեն իբրև հայի»: Ես ռուսերեն բնավ չգիտեի. առաջարկեցի գերմաներեն խոսել իր հետ: Ասաց, որ գերմաներեն լավ չգիտե, ավելի լավ գիտե ֆրանսերեն: Այնուհետև մենք միշտ խոսում էինք ֆրանսերեն, թեև ֆրանսերեն էլ ազատ չէր խոսում: Իմ մի քանի ուրիշ հանդիպումների մասին Մառի հետ՝ կխոսենք ավելի ուշ: ՎԵՐԵԼՔ Ի ՄԱՍԻՍ Էջմիածինը իբրև հնություն շատ մեծ անուն ունի եվրոպացոց մեջ. նա իբրև աշխարհիս ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից մեկը, հատկապես առանձնատիպ իր ճարտարապետությամբ, հարգի է գիտունների աչքին: Նրա մոտ գտնված Հռիփսիմեի եկեղեցին, որ ճարտարապետական մի գոհար է, ավելացնում է նրա փառքը: Էջմիածնին ժամանակակից են նաև Շողակաթը և Գայանեն, որոնք նվազ գեղեցիկ չեն: Բայց Էջմիածնի պատիվը ավելի բարձրացնողն է Մասիսը, որ ըստ Սուրբ Գրքի առասպելի, Նոյան տապանի կայանն է համարվում: Երբ Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղվեցին և այդ տարօրինակ ճարտարապետությամբ շինված, կլորակ և եռահարկ եկեղեցին ավերակների տակից դուրս բերվեց, է՛լ ավելի բարձրացավ Էջմիածնի հնագիտական արժեքը: Ըստ այսմ հաճախ եվրոպացի ճամբորդները գալիս էին Էջմիածին: Երբ նրանք շատ նշանավոր մարդիկ էին լինում, նրանց թարգման էր լինում Կարապետ վարդապետը, մանավանդ, երբ տիկիններ էլ լինեին: Նա խոսում էր ազատ գերմաներեն, բայց քիչ թե շատ գիտեր նաև խոսել ֆրանսերեն և անգլերեն։ Մի անգամ կաթողիկոսին ներկայացել էին բազմաթիվ հյուրեր և նրանց թարգմանը եղել էր Կարապետ վարդապետը, որի խոսակցությունը, նույնիսկ հայերենում, մի քիչ կակազ էր: Հյուրերի գնալուց հետո կաթողիկոսը իր կծու սրախոսությամբ ասել էր. — Այսօր Կարապետ վարդապետը ութը լեզվով կակազեց: Եթե հյուրերը սովորական մարդիկ էին, թարգմանը բնականաբար ես էի լինում: Բազմաթիվ դեպքերի միջից հիշում եմ հետևյալ երկուսը: Հյուր էին եկել երկու հոգի. մեկը հաստափոր, բայց հաճելի դեմքով ամերիկացի էր, որ խոսում էր ազատ ֆրանսերեն: Նրա հետ ընկերանում էր մի ավելի երիտասարդ կին, ֆրանսուհի, որ բնականաբար նրա հետ և ինձ հետ խոսում էր ֆրանսերեն: Տիկինը շատ գոհ մնաց, երբ լսեց, որ ես էլ Ֆրանսիայումն եմ սովորել։ Նա համարյա թե թողեց ամերիկացուն և միայն ինձանով զբաղվեց։ Ամերիկացին հետևում էր մեզ և լսում: Այցելեցինք վանքի ներսը, ուր կան զանազան սրբություններ՝ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի գեղարդը (նիզակ, որով խոցել են իր կողը խաչի վրա, իհարկե բոլորովին սուտ), Մատթեոս ավետարանչի մատը և այսպես զանազան սրբություններ, այսինքն՝ ստություններ: Ֆրանսուհին, իբրև կաթոլիկ և հավատացյալ, խաչակնքում էր երեսը և պատկառանքով խոնարհվում և համբուրում էր այդ սրբությունները: Ամերիկացին դարձավ ինձ և ասաց. — Ներեցեք, որ ես չեմ խաչակնքում և չեմ համբուրում: Այդ մեր կրոնի սովորությունն է. բայց մի՛ համարեք, թե ես անարգում կամ արհամարհում եմ: — Ոչ,— պատասխանեցի ես,— մենք գիտենք, որ բողոքական դավանանքը այդպես է և ամենևին չենք վիրավորվում: Վարդապետը, որ այդ սրբությունները ցույց էր տալիս, մի մատյան բերեց և առաջարկեց ինձ, որ ասեմ նրանց, թե այդտեղ մի գումար պետք է արձանագրվի: Շատ ծանր էր ինձ այդպիսի բան ասել, բայց ստիպված էի: Ներողություն խնդրեցի ամերիկացուց և ասացի: Իսկույն 20 ռուբլի վճարեց և ստորագրեց: Գնացինք դեպի Ներսիսյան լիճը: Էջմիածնի փառավոր տեսարաններից մեկն էր, մանավանդ երբ լիքն է: Նրա դիմացը փռված է ահագին անտառը, որի ետևը բարձրանում է հոյակապ սպիտակափառ Մասիսը: Այստեղ կանգնեց ամերիկացին, նայեց ջրերին, նայեց Մասիսին և ասաց. «Մանուկ էի, երբ Սուրբ Գրքում կարդացի. «Եվ տապանը կանգնեց Արարատ սարի վրա»: Հարցրի ուսուցչին, թե ո՞ւր է այդ Արարատ սարը: Պատասխանեց՝ Հայաստանում: Ես այդ օրը ուխտեցի անպատճառ գնալ տեսնել Արարատը: Այսօր իմ ուխտը կատարեցի»: Ասաց և ձեռք տվեց ինձ: Շարունակեցինք մեր պտույտը, գնացինք մինչև անտառի ծայրը և վերադարձանք: Երբ եկավ բաժանման րոպեն, տիկինը ինձ նվիրեց 5 ռուբլիանոց մի ոսկի: Ես մերժեցի, ասելով, թե ես վանքից նշանակ- ված եմ իբր թարգման և ստանում եմ դրա համար առանձին վարձատրություն (իհարկե սուտ էր). հետևաբար չեմ կարող ընդունել ձեր նվերը: Շատ ստիպեց, բայց ես մերժեցի: Վերջում ասացի, թե «Ձեր ամուսինը…»: «Օ՜հ, ո՛չ, նա իմ ամուսինը չէր, ես նրա աղախինն եմ»: Որքա՜ն մոտիկություն, որ չէի կարողացել տարբերել տիրոջ և աղախնուն: * * * Դիլիջանումն էլ պատահմամբ տեսա 80 տարեկան մի ամերիկացի, որ գնում էր Էջմիածին՝ Արարատը տեսնելու: * * Երկրորդ դեպքը հետևյալն է: Ինձ կանչեցին Վեհարան, իբրև թարգման խոսելու մի եվրոպացու հետ: Գնացի և տեսա Վեհարանում մի շվեյցարացի, որ խոսում էր լավ ֆրանսերեն: Առաջնորդեցի Վեհափառի մոտ: Հայտնեց, թե ուզում է բարձրանալ Մասիս և խնդրեց, որ իրեն մի օգնական տան: Ես մեջ մտա և խնդրեցի շվեյցարացուց, թե «Ինձ չե՞ք ընդունի իբրև օգնական»: Նա չափազանց ուրախացավ և հրճվանքով ընդունեց ինձ: Դուրս եկանք և իսկույն որոշեցինք մեկնել դեպի Մասիս: Շվեյցարացին ուղարկված էր Էջմիածին ուսումնասիրելու համար Մասիս բարձրանալու բոլոր հանգամանքները։ Նա ուղարկված էր մի հանձնախմբի կողմից, որ պիտի պատրաստեր 100 հոգուց բաղկացած մի մեծ արշավախմբի վերելքը դեպի Մասիս: Մենք գնացինք ուղղակի Իգդիր և գիշերեցինք մի հայի հյուրանոցում: Շվեյցարացու հետ բոլորովին մտերիմ էինք դարձել, նա էլ երիտասարդ, ես էլ երիտասարդ: Երբ պառկելու ժամանակը եկավ, ես հարցրի շվեյցարացուն, թե ուզո՞ւմ եք, որ ճրագը հանգցնենք, որովհետև ես ճրագով քնել չեմ սիրում: Շվեյցարացին բարձրահասակ էր, երկարեց ձեռքը, որպեսզի ճրագը հանգցնի, բայց չկարողացավ: Ես մոտեցա ճրագին, մի խոր շնչով փչեցի, ճրագը հանգավ, բայց շիշն էլ ընկավ և փշրվեց, «Quel souffle!» (Ի՜նչ շունչ), կոչեց շվեյցարացին, բայց իսկույն հայը ներս մտավ և կոչեց. «Ի՞նչ է, դուք եկել եք իմ սենյակը քանդելո՞ւ»: Հիսուն կոպեկ դրի հայի ձեռքը և միջադեպը փակվեց: Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Մասիս. տեսանք Ակոռի գյուղը, որ Մեծ Մասիսի ստորոտումն է և 1840 թվականին փլատակի տակ մնալով, ամբողջովին քանդվեց: Երկու հովիվ, որ այդ միջոցին գտնվում էին Մասիսի բարձունքում, տեսան իրենց ոտի տակ իրենց գյուղի կործանումը, որից միայն իրենք փրկվեցին: Այդ երկուսից մեկին մի օր տեսա ես Էջմիածնի ճանապարհին: Ակոռիի տների գերանները դեռ մնում էին հողի տակից դուրս երկարած: Տեսանք նաև Ս. Հակոբ Մծբնացու վանքը, որի ջուրը օգտագործում էին արտի մորեխը ջնջելու համար: Այս պատմությունը սուտ չէ: Երբ Արարատյան դաշտում մի որևէ տեղ մորեխ էր իջնում, գնում էին Սուրբ Հակոբի վանքը հանդիսավոր թափորով, աշխարհական և եկեղեցական, երգով և շարականով և հասնելով վանքը, աղբյուրի ջրից վերցնում էին և բերում մորեխ իջած մի արտի վրա ցանում: Սուրբ Հակոբի աղբյուրի մոտ կա մի տեսակ թռչուն, որ սիրում է մորեխ ուտել: Երբ թռչունները տեսնում էին մարդկանց բազմությունը, բնականաբար հետևում էին նրանց և հասնում մինչև արտը: Այդտեղ, տեսնելով մորեխներին, հարձակվում էին նրանց վրա և սկսում կոտորել: Վրա էին հասնում նաև թռչունների մյուս ընկերները և այսպիսով արտը մաքրվում էր: Մենք եկանք ռուս սահմանապահ զորքի կայանը և ուզեցինք ներկայանալ պետին, որ մի ռուս զորավար էր: Բայց նա գնացել էր Երևան: Մեզ ընդունեց իր կինը, որ Մելիք-Աղամալյանների տոհմից, երևանցի բարեվայելուչ մի հայ տիկին էր: Սիրով ընդունեց մեզ և բացօթյա տեղավորված զինվորների շարքին երկու մահճակալ նշանակեց, որպեսզի այնտեղ անցկացնենք գիշերը։ Ուշ ժամանակ, չգիտեմ ինչու, մենք ուզեցինք Մասիսի վրա ինչ-որ պտույտ կատարել: Վերցրինք հետներս մի կոզակ, որ տարավ մեզ իր ծանոթ վայրերով ինչ-որ տեղ Մասիսի վրա: Նստեցինք, դաշտի գիշերային տեսարանը դիտեցինք և ապա հետ դարձանք: Ճանապարհը շատ քարքարոտ էր, դար ու փոս, դժվարանցանելի: Կոզակը, որին լավ ծանոթ էին այս տեղերը, ազատ համարձակ իջնում էր: Շվեյցարացին խնդրեց, որ ասեմ կոզակին, որ կամաց գնա, որովհետև մութ էր, և մենք ոչինչ չէինք տեսնում. скоро կոչում եմ կոզակին, նա ավելի արագ է իջնում. ես իրար հետևից բղավում եմ скоро, скоро, և նա ավելի է արագացնում իր ընթացքը: Շատ հետո իմացա, թե скоро նշանակում է ոչ թե կամաց, այլ արագ: Գիշերեցինք այդ բացօթյա կայանում. որքա՜ն հաճելի էր այդ գիշերը ինձ համար: Սրբազան Մասիսի վրա, մեր հին Հայրենիքում, ազատ թուրքական ճնշումից… Առավոտը երկուսով սկսեցինք բարձրանալ: Մասիսը շատ չոր է. ամենահասարակ խոտերից դուրս ոչինչ չես գտնում. ջուր ամենևին չկա: Բարձրանում ենք շարունակ, դիտելով Արարատյան դաշտի բոլոր գյուղերը: Դիմացը կանգնած է Արագածը: Սարի վրա ինչքան բարձրանաս, այնքան տեսարանը գեղեցկանում է և այնքան փառահեղ է դառնում դիմացի սարը: Կեսօրից հետո հոգնած դադրած հասնում ենք ձյան սահմանը: Մենք արդեն անցել ենք Փոքր Մասիսի բարձրությունը, որ այժմ մեզնից ցածր է կանգնած: Այդտեղ գտանք քոչվոր քրդերին (եզիդի), որոնք ամառանոց էին բարձրացել իրենց ոչխարներով և տավարով: Ջուր խնդրեցինք, բայց մեզ բերին հրաշալի սառնորակ մի թան, որի տված հաճույքը մինչև այժմ չեմ մոռացել։ Ձյան կողքին պառկեցի և քնեցի: Ես հոգնել էի, և ավելորդ վերելքը ինձ չէր հետաքրքրում: Շվեյցարացին մի քրդի ընկերակցությամբ, որ հրացանով էլ զինված էր, բարձրացավ է՛լ ավելի վեր: Ես քնած էի: Մի ժամ հետո, երբ նրանք իջան, արթնացա ես էլ։ Պատմեցին, որ մի արջ են տեսել, որի վրա քուրդը հրացան է արձակել, բայց արջը փախել էր: Այդքանը բավական համարելով, սարից իջանք ցած և հետ դարձանք մինչև Էջմիածին: Բաժանվեցինք իրարից, և շվեյցարացին մեկնեց Երևան, Եվրոպա վերադառնալու համար: Հաջորդ տարին 100 հոգուց բաղկացած արշավախումբը չեկավ, բայց ավելի ուշ, երբ ես Էջմիածնում չէի այլևս, արշավախումբը եկել էր և բարձրացել Մասիսի գագաթը: Այդ խմբին մասնակցել է նաև Մեսրոպ եպիսկոպոսը: Երբ մարդիկ բարձրանում են Մասիսի վրա, տեղի են ունենում զանազան երևույթներ: Ոմանք շնչասպառ են լինում, ոմանք ուշքից գնում են, ոմանց մարմնի ծակոտիներից արյուն է հոսում, ուրիշներ դիմանում են մինչև վերջ: Ցուրտը սաստիկ է, բայց ոչ անտանելի: Վտանգավոր է քամին, որ բկախեղդ է անում մարդուն: Վտանգավոր է հատկապես ոտքի տակի սառույցը, որից սահում և ընկնում են անդունդը: Այս արշավախմբի վերելքի նկարագրությունը մանրամասն գրեց և հրատարակեց Մեսրոպ եպիսկոպոսը «Արարատ» ամսագրի մեջ և ապա առանձին գրքով: Ասացին, որ 100 ճամփորդներից վերջինը, մի գերմանացի ինժեներ, ընկել է անդունդը և մեռել։ Այս եղավ միակ զոհը: Շատ տարիներ հետո լրագրում կարդացի, որ Սիբիրում մի գյուղացի ներկայանում է դատարան և խնդրում է, որ իրեն պատժեն, որովհետև ինքը մարդասպան է: Պատմում է հետևյալը. — Տարիներ առաջ ես պահակ էի Մասիսի վրա։ 100 հոգի բարձրացան վերև։ Ես էլ մասնակցում էի նրանց հետ իբրև պահակներից մեկը: Ես ամենավերջումն էի. տեսա իմ առաջ մի գերմանացի ինժեներ, որի կրծքի վրա շողշողում էր ժամացույցի ոսկի շղթան. սատանան ինձ հրապուրեց, մի հարվածով կրծքից ոսկե շղթան պոկեցի և մի քացի տալով ինժեներին՝ գցեցի անդունդը, ուր և կորավ: Ոչ ոք չիմացավ. կարծեցին, թե ինքն է սայթաքել: Ես մինչև այժմ տարա խղճիս ցավը, բայց էլ չեմ դիմանում: Պատժեցեք ինձ: ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ԳԱԼՈՒՍՏԸ Էջմիածնում լուր տարածվեց, թե պարսից շահը Եվրոպա պետք է գնա Երևանի վրայով. անշուշտ այդ առթիվ պիտի այցելի նաև Էջմիածին: Կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն պատրաստություն սկսեցին տեսնել շահին ընդունելու համար: Ճեմարանի տեսուչ Կարապետ վարդապետը առաջարկեց ինձ շահին նվիրված մի երգ գրել, որ Կոմիտաս վարդապետը պիտի ձայնագրեր, ուսանողներին սովորեցներ, և երգեցիկ խումբը շահի առաջ պիտի երգեր: Կեդրոնական վարժարանում աշակերտ եղած ժամանակս մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը մի տաճկերեն երգ էր գրել, որ երաժշտագետ Տիգրան Չուխաճյանը ձայնագրեց, մեզ սովորեցրեց, և մենք էլ սուլթանի անցքի ժամանակ երգեցինք: Այդ ոտանավորը տպված էր Աբիկյանի «Ճաշակ օսմանյան դպրության» գրքում, որի սկիզբը մենք բերել ենք վերը: Այդ երգը վերածեցի պարսկերենի, տարի Կոմիտաս վարդապետին, հանդարտ կարդացի, շեշտերը և երկար ու կարճ ձայնավորները որոշեց և ապա մի եղանակ հարմարեցրեց: Այդ եղանակը սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբին։ Երգը գեղեցիկ գրերով արտագրել տվին մի մեծ թերթի վրա, Վաղարշապատում բնակվող մի գեղագիր թուրքի։ Մնացյալ պատրաստությունների մասին չեմ խոսում: Երկար սպասելուց հետո, վերջապես լսեցինք, որ շահը գալիս է Երևան: Կաթողիկոսը իր հետ վերցնելով մի քանի աչքի ընկնող վարդապետներ, ինձ էլ հետը վերցնելով, փոխադրվեցինք Երևանի առաջնորդարանը, որ Հրազդանի ափին, մի խոշոր բարձունքի վրա հոյակապ շենք է: Մեծ դահլիճ և բազմաթիվ սենյակներ ունի: Պատշգամբի տեսարանը Հրազդանի վրայով դեպի Էջմիածին հրաշալի է: Կաթողիկոսը մի շատ երկար գրություն գրեց և տվեց ինձ, որ ֆրանսերենի թարգմանեմ: Ես թարգմանեցի: Իր հրամանով այս թարգմանությունը անգիր արի (ավելորդ աշխատանք), որպեսզի շահին ներկայանալու ժամանակ կաթողիկոսի կողմից արտասանեմ: Ինձ համար գնեցին մի ձեռք նոր հագուստ, որ կոչվում էր սև շոր կամ պոչազգեստ։ Առին նաև կաշյա սպիտակ ձեռնոցներ, որ բնավ չէի գործածած: Այս ձևի տակ տիկնիկի պես պատրաստված, սպասում ենք: Երևանում առած է դարձած «շահի գելդի դելդին եղավ» դարձվածը, որ ասում են, երբ մեկի գալուն սպասում են երկար և չի գալիս: Այսպես եղավ և մերը: Օրեր ու ժամեր սպասեցինք, մինչև որ հայտնեցին, թե շահը եկել է Երևան և իջել է Երևանի նահանգապետ Կոմս Դիզենհաուզենի տունը: Նրա տունը գտնվում էր այժմյան Լենինի հրապարակի ծայրին՝ Կոմունալ բանկի տեղը: Կաթողիկոսը կառքով և թափորով, ես էլ իր կողքին նստած, գնացինք նահանգապետի տունը։ Դռան առաջ բազմաթիվ հյուրընկալներ կային: Ռուսաց կայսեր կողմից ուղարկված էին մի քանի բարձրաստիճան անձինք ընդունելությունը պատրաստելու համար։ Հենց դռան առաջ նրանցից երկուսը խոսում էին իրար հետ և ասացին, թե «Այստեղ մեկը կա, որ ֆրանսերեն լեզվով խոսում է. նա է լինելու կաթողիկոսի թարգմանը»: Ես առաջ անցա և ֆրանսերենով հայտնեցի, թե թարգմանը ես եմ: Ձեռք տվին ինձ և ֆրանսերեն լեզվով հայտնեցին, թե «Դուք պիտի լինեք ամենից առաջ գնացողը, որովհետև դուք կաթողիկոսի բերանն եք: Մնացյալ բոլորը ձեր հետևից պիտի գան: Ձեզանից առաջ ոչ ոք չպիտի անցնի»: Սնափառությամբ առաջ անցա, կաթողիկոսը հետևիցս, վարդապետները և եպիսկոպոսները ավելի հետո, ներս մտանք: Մեզ առաջնորդեցին մի մեծ դահլիճ, ուր կանգնած էր պարսից շահի սադրազամը՝ իր շքախմբով: Կաթողիկոսը և սադրազամը ձեռք տվին միմյանց և նստեցին: Ես կանգնած եմ կաթողիկոսի կողքին, իսկ մնացյալ միաբանները բոլորը կանգնած են մեր հետևը: Կաթողիկոսը կարծել էր, թե սադրազամը նույն ինքն թագավորն է. վախեցավ և շփոթվելուց դարձավ ինձ և ասաց. «Շփոթվեցի, սելիքս մոռացա. ա՛յն թուղթը, որ թարգմանել էի տվել քեզ, բերանացի ասա»: — Վեհափառ Տեր, սա թագավորը չէ, սա սադրազամն է,— ասացինք բոլորս հայերեն լեզվով: Կաթողիկոսը հանգստացավ և սկսեց ծիծաղել: Սադրազամը չիմացավ, թե խոսքը ինչի մասին էր, խոսեց օդից և անձրևից: Քիչ հետո բացվեցին թագավորի առանձնասենյակի դռները, և ես ու Կաթողիկոսը, ինչպես և մեր հետևից մի քանի հոգի, մտանք ներս: Մուզաֆֆերրեդդին շահը կանգնած էր ոտքի վրա և խաղում էր աթոռի հետ, ոտքերը ցնցելով։ Արքայական թագը գլխին էր, իր անխուսափելի ցցունքով միասին։ Բեղերը շատ երկար, հորիզոնական ձևով և սրածայր: Մորուք չուներ: Իր աջ կողքին կանգնած էր իր թարգմանը, որ Պետերբուրգի պարսկական դեսպան Միրզա Մոհսին խանն էր: Շահի դեմքը իրոք որ բարի և պատկառելի էր: Ես մինչև այդ տեսել էի մի քանի թագավորներ. նախ աշակերտ ժամանակս տաճկաց սուլթան Համիդին իր 400 կանանցով և հազարավոր զինվորներով։ Նա գազանի դեմք ուներ, տգեղ կերպարանքով և անճոռնի քթով: Ոչ մի համակրանք չէր կարող շարժել իր դեմքը: Երկրորդ՝ տեսել էի Սերբիայի թագավոր Ալեքսանդրին, որ պատանի էր և եկել էր Կոստանդնուպոլիս՝ սուլթանին այցելության: Փողոցներով ման էր գալիս ազատ, ֆայտոնում նստած, համակրելի, երեխայական դեմքով մեկն էր, որ նայողի վրա ոչ մի ազդեցություն չէր գործում: Երրորդը՝ եղել էր ռուսաց Նիկոլայ կայսրը, որ Փարիզում այցելության եկավ Պանթեոնը: Ես այն ժամանակ գտնվում էի Պանթեոնի կողքին գտնված մի հյուրանոցում: Սենյակս իր բալկոնով դեմ առ դեմ գտնվում էր Պանթեոնին։ Ուստի բոլոր ֆրանսիացի հարևաններս թափվեցին սենյակ և թույլտվություն խնդրեցին բալկոնից դիտելու կայսեր: Բոլորին թողեցի, իսկ ես սեղանիս առաջ նստած աշխատում էի և ամենևին չհետաքրքրվեցի նայելու համար, թե ինչպիսի մարդ է կայսրը: Չորրորդը՝ գերմանացիների Վիլհելմ Բ կայսրն էր, որին տեսա Ստրասբուրգում, ուր ուսանող էի: Ճառ էր խոսում ժողովրդին իր ապարանքի պատշգամբից: Ժողովրդի մեջ կանգնած՝ ես էլ լսեցի իր ճառը, որից միայն այն եմ հիշում, թե գերմաներեն ich spräche և ich stehe «խոսում եմ, կանգնած եմ» բառերը փոխանակ շ-ով հնչելու, հնչում էր ս-ով, ինչպես իր սովորությունն էր («իխ սփրեխե, իխ սթեհե»)։ Չեմ հաշվում Ֆրանսիայի նախագահին, որին հաճախ տեսել եմ փողոցում՝ կառքով անցնելիս՝ Փարիզում: Խոսեց նաև կաթողիկոսը (հայերեն լեզվով) և բարի գալուստ մաղթեց շահին: Ես այդ խոսքերը թարգմանեցի ֆրանսերենի: Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի և հայտնեց շահին: Շահը շնորհակալ եղավ: Կաթողիկոսը երկրորդ անգամ խոսք առնելով՝ ասաց. «Իմ վանքը Ձեր հայրերի սիրելի վանքն է եղել. նրանց նվիրած կանթեղը մինչև այժմ մնում է մեծ խորանի առաջ մշտավառ: Խնդրում եմ, որ Ձեր ճանապարհորդությունից վերադարձին այցելեք նաև մեր վանքը»: Ես այս խոսքերը թարգմանեցի ֆրանսերեն, Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի, իսկ շահը ձեռքը դնելով սրտի վրա, ասաց. «Վազիֆեի դիլեմ էսթ, քի… (սրտիս պարտականությունն է, որ գամ այցելեմ իմ հայրերի սիրած վանքը)»: Ես չթողեցի, որ Միրզա Մոհսին խանը շահի պատասխանը թարգմանի ֆրանսերենի և իսկույն հայերենի վերածելով՝ հայտնեցի կաթողիկոսին: Ընդունելությունը վերջացավ: Նույն փառքով, ինչպես եկել էինք, բայց ավելի հանգիստ սրտով, որովհետև անակնկալը անցել էր, վերադարձանք առաջնորդարան: Հազիվ կես ժամ անցել էր, փոխայցելության եկան սադրազամը, Միրզա Մոհսին խանը և ուրիշներ: Մտանք կաթողիկոսի սենյակը, ուր նստած էի նաև ես իբր թարգման: Սադրազամից վախեցող Վեհափառը, իմանալով, որ նա թուրք է, ուղղակի գրկեց և քաշեց նրա թևից և մտերմաբար նստեցրեց կողքին, ասելով. «Սեն թյուրքջե բիլի՞րմիսին»: Սկսեցին ընկերաբար խոսել իրար հետ: Միրզա Մոհսին խանը դիմեց ինձ և հարցրեց, թե «Ինչո՞ւ շահի պատասխանը չթողեցիք, որ թարգմանեմ»: Ես պատասխանեցի, թե «պարսկերեն հասկանում եմ, բայց խոսելու վարժություն չունեմ»: Կաթողիկոսը հայտնեց, թե Ստեփանոս Նախավկայի վանքը, որ պարսից սահմանի վրա է գտնվում, քայքայված վիճակի մեջ է և նորոգման կարոտ է: Ուստի խնդրեց, որ սադրազամը նորոգման արտոնություն տա: Դուրս եկան սքանչելի բալկոնը և դիտեցին Զանգվի հրաշալի տեսարանը: Խոսեցին իրար մեջ և հարցրին, թե ինչո՞ւ են գետը Զանգու կոչում: Սադրազամը հայտնեց, թե այդ բառը նշանակում է «թուխ կամ սև» և այդ անունը տվել են գետին, որովհետև ջուրը պղտոր լինելով՝ թուխ գույն է ստացել: Մեր էլ ընդունելությունը վերջացավ, և բոլորս Էջմիածին վերադարձանք: Շահը իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարի, Եվրոպայից վերադարձին, եկավ Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության։ Այն շքեղ պատրաստությունները, որ տեսել էին, բոլորը կատարվեցին։ Շքեղ հացկերույթ տվին շահին․ կաթողիկոսական ամպհովանիի տակ շահը և կաթողիկոսը թև թևի մտած՝ Տաճարը մտան, նկարները և հնությունները դիտեցին, դուրս գալու ժամանակ ուսանողների երգեցիկ խումբը երգեց Կոմիտասի ձայնագրած եղանակը և այլն: Այս բոլորի մեջ ես ոչ մի մասնակցություն չունեցա: Խաչիկ վարդապետը դիմել էր կաթողիկոսին և բողոքել էր, թե ինչո՞ւ Աճառյանը, աշխարհական մարդ, թարգմանի պաշտոն պիտի վարի և ոչ թե ինքը՝ Խաչիկ վարդապետը, որ գիտեր թուրքերեն խոսել: Կաթողիկոսը համաձայնվեց: Ամբողջ ընդունելության ժամանակ թարգմանը եղել էր Խաչիկ վարդապետը, բայց շահը թուրքերեն չգիտեր: Բացի սրանից, Խաչիկ վարդապետը թարգմանի ձևը չգիտեր. երբ շահը հարցնում էր, օրինակ, թե սա ո՞ւմ նկարն է, Խաչիկ վարդապետը, փոխանակ դառնալու կաթողիկոսին և նրան ասելու, թե «Նորին Մեծությունը հարցնում է, թե սա ո՞ւմ նկարն է» և պատասխան ստանալով, փոխանակ շահին հայտնելու՝ «Նորին Սրբությունը հայտնում է, թե այսինչի նկարն է», ինքը ուղղակի պատասխանում էր շահի հարցման: Միևնույն ժամանակ Խաչիկ վարդապետը կոպիտ էր, սովորություն ուներ խոսելու ժամանակ խոսակցի թևից քաշել, կրծքին խփել, հրել կամ մշտել: Մի տեսարան դիտելու ժամանակ, ասում են, թե խփում էր շահի թևին և ասում էր «Բախ, բախ, բախ (նայի՛ր)»: Այս բոլորը վատ էր ազդել շահի վրա: Երբ լսեցի, որ թարգմանը Խաչիկ վարդապետն է լինելու, և ես ոչ մի դեր չունեմ, առավոտուց հենց ծառայիս ճանապարհ դրի և ասացի, որ ամբողջ օրը չգա մոտս. սենյակիս դռները կողպեցի, վարագույրները ամբողջովին գցեցի և քաշված սեղանիս ծայրը, Արմատական բառարանիս վրա աշխատեցի: Հանդեսը վերջացավ և շահը մեկնեց: Լսեցի, որ շահը իր ձեռքով մի պատվանշան է կախել կաթողիկոսի կրծքից և ինքը ձեռքը սեղմելով շնորհավորել։ Կարապետ վարդապետը և ուրիշներ սպասում էին պատվանշանի, բայց ոչինչ չստացան: Ասում են, թե շահը Պարսկաստան հասնելուց հետո հայտնել է, որ իր ամբողջ ճամփորդության մեջ, թեև շատ փառահեղ ընդունելություն են ցույց տվել իրեն ամեն տեղ, բայց միայն երկու հոգի սրտանց են ընդունել իրեն: Մեկը եղել է մի պարսկահպատակ հայ, որ Բաքվում հրավիրել է շահին իր տունը և հենց դռան առաջ Համեցե՛ք ասելու փոխարեն արծաթյա մատուցարանի մեջ դռան բանալիները տալով շահին, ամբողջ տունը նվիրել է նրան: Շահը ընդունել է: Երկրորդը եղել է Հայոց կաթողիկոսը: ՍԻՐՈ ՕՐԵՐ Խրիմյան Հայրիկը, նախքան ինձ տեսնելը, անշուշտ իմ մասին գաղափար ուներ, որովհետև կարդացել էր իմ հոդվածները «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: Չեմ ասում, թե նա լեզվաբանությունից հասկացողություն ուներ, որովհետև մի օր ինձ մոտ, խոսելով այդ գիտության մասին, ասաց. «Այդ որչա՜փ չոր գիտություն է. ի՞նչպես եք սիրել այդ գիտությունը, չե՞ք ձանձրանում: Չո՜ր, չոփ-չոր»: Բայց իբրև ուսումնասեր մարդ, անշուշտ որոշ գաղափար կազմել էր իմ մասին: Ուստի և առաջին օրվանից ինձ լավ ընդունելություն ցույց տվեց և պատճառ եղավ, որ ես մնայի Էջմիածնում և խորանայի հայագիտության մեջ: Չգիտեմ, եթե նա սկզբից ևեթ ինձ տեղ տված չլիներ, իմ կյանքի ընթացքը ի՞նչ կլիներ: Արդյոք կկառչեի՞ հայագիտության մեջ, այդպես խոր և անխախտ կերպով: Խրիմյանի նպատակն էր ինձ վարդապետ ձեռնադրել: Այդ բանը սկզբից ևեթ չհայտնեց ինձ, բայց մի երկու տարի հետո, արդեն հայտնապես ասաց. «Ես քեզ վարդապետ պիտի ձեռնադրեմ»: Պատասխանեցի, թե «մի աչքս կույր է, չեմ կարող վարդապետ լինել»: «Քեզ ո՞վ ասաց, որ այդ ասես ինձ, դա նշանակություն չունի»: Ես պատասխանեցի, թե «Լավ ձայն չունիմ, երգել չգիտեմ»: «Հո դու տիրացու չես լինելու, տիրացուները կերգեն»: Վերջապես ես ասացի, թե ինձ արժանի չեմ գտնում վարդապետական աստիճանին։ Պատասխանեց. «Երանի թե մյուս վարդապետները քո արժանիքի կեսն ունենային»: Խրիմյանը իմ վրա բռնություն չբանեցրեց, այլ գրպանս ընկույզներ էր լցնում, սրանով ինձ կաշառելո՞ւ համար: Միամիտ մարդ: Խրիմյանի բարեհաճությունը մեծապես ազդել էր իր եղբորորդի Խորեն էֆենդու վրա, որ, կարող ենք ասել, թե Էջմիածնի տերն ու տիրականն էր, կաթողիկոսի գաղտնի խորհրդականը և նրա դրդիչը: Մի օր Խորեն էֆենդին կանչեց ինձ Վեհարան և խնդրեց ինձ, որ ես նրա աղջկան դասեր տամ: «Ի՞նչ դաս տամ,— հարցրի ես»: «Սովորեցրեք նրան, ինչ որ մի աղջիկ պարտական է իմանալ լավ կին դառնալու համար»: «Օրինա՞կ…»: «Լավ հայերեն իմանալ, գրաբար կարդալ, շարադրություն գրել, հայոց պատմություն սովորել և վերջապես ինչ որ դուք կարևոր կհամարեք: Ի փոխարեն ես ձեզ կվճարեմ ամսական ռոճիկ այնքան, ինչքան ստանում եք Ճեմարանից»: Օր որոշեցինք, և նա ինձ տարավ իրենց տունը. ներկայացրեց իր տիկնոջ, որ վանեցի միջակ տարիքով մի խոհեմ կին էր. երկու աղջիկ ուներ: — Ահա իմ մեծ աղջիկը,— ասաց նա,— դուք սրա հետ պիտի պարապեք: Ինձ դուր եկավ այդ ընտանիքը. պարկեշտ ու համեստ, նահապետական ընտանիք էր: Օրը և ժամը որոշեցինք և ես 2 անգամ գնացի դասի: Պարապեցի մեծ աղջկա հետ հայերեն լեզվից: Նախքան հաջորդ դասը Խորեն էֆենդին կանչեց ինձ վեհարան և ասաց. — Վեհափառը իմացավ, որ դուք դասեր եք տալիս իմ աղջկան։ Վճռական կերպով արգելեց. նա մեր տան մեծն է և ինչ հրամայեց, մենք պետք է կատարենք. խնդրում եմ այլևս ձեր դասերը դադարեցնեք: Էլի կմնաք մեր տան բարեկամը, կհաճախեք մեզ մոտ երբ որ ուզեք, բայց ոչ դասի համար: Ես համաձայնվեցի, բայց այլևս երբեք նրա տունը չգնացի: Շատ շուտ հասկանալի եղավ ինձ բանի էությունը. Խրիմյանը ինձ ուզում էր վարդապետ ձեռնադրել, Խորեն էֆենդին՝ փեսա դարձնել: Երկուսը իրար հակառակ էին, հաղթողը պիտի լիներ Խրիմյանը, բայց իրականում ոչ ոք չեղավ: 1920-ական թվականներին, երբ եկա Երևան համալսարանում դասախոսելու և սկսեցի հրատարակել Արմատական բառարանս, բաժանորդ եղավ նաև Ախիկյան անունով նկարիչը, որ վանեցի էր: Նա ամուսնացել էր Խորեն էֆենդու աղջկա հետ: Մի-երկու տարի հետո Ախիկյանը մեռավ. տեսա նրա կնոջ… Նախկին բարեդեմ աղջկա տեղ տեսա մի պառաված, կնճռոտ երեսով, տգեղ կին, որ ավուր հացի կարոտ էր: Նա էլ շուտով մեռավ: * * Կես դար և ավելի առաջ Վաղարշապատի կանայք բավական տգեղ էին: Այդ տգեղությունը վերագրում էին մալարիային, կիզիչ արևին և կեղտոտ ջրին: Եթե նրանց մեջ պատահեին բարեդեմ կանայք, անշուշտ եկվոր էին: Այսպիսիներից մեկն էր իմ ընկեր Մանանդյանի քույրը, որի անունն էր Աստղիկ: Չգիտեմ որտեղ տեսա նրան և երիտասարդական խանդավառությամբ սիրահարվեցի: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Այն ժամանակվա սիրահարությունը բոլորովին նման չէր արդի սերերի հետ: Սիրահարը դառնում էր ամաչկոտ, լռակյաց, տխուր և ապրում էր միայն ներքին հուզմունքով: Ոչ մի արտաքին նյութական արտահայտություն չէր ունենում: Այդպես և ես: Իմ սիրո արդյունքը այն եղավ, որ ես ուզեցի ավելի մոտենալ Մանանդյանին, ցույց տալ իմ աշխատասիրությունը և դրանով ինձ նրան սիրելի դարձնել: Դրա համար, երբ ես և Մանանդյանը դիմեցինք Գալուստ Տեր-Մկրտչյանին և խնդրեցինք, որ հայագիտական մի լավ նյութ տա իրեն գրելու համար և Միաբանը առաջարկեց մեզ կազմել «Հայոց նոր վկաները», ես իսկույն սիրով ընկերակցեցի Մանանդյանին և միասին սկսեցինք գործը: Այս աշխատությունը տևեց կարծեմ 2 տարի: Գրեթե ամեն օր գնում էինք ձեռագրատուն, վերցնում էինք ձեռագրերը և դեմ-դեմի նստած աշխատում էինք: Ամեն մեկս մի առանձին գլուխ էր վերցնում իր համար, որին մյուսը չէր մասնակցում: Ես սկսել էի թերթել Էջմիածնի ձեռագրատան բոլոր 4000 ձեռագրերը և կազմել տաղերի հավաքածու: Այդ նպատակին միացրի նաև «Նոր վկաներ»-ի որոնումը և ահագին նյութ հավաքեցի: Այս բոլորը դրի սեղանի վրա: Երկու տարվա մեր աշխատության արդյունքը հրատարակվեց Էջմիածնում երկու առանձին ձևի տակ: Առաջինը ժողովրդական հրատարակություն (Վաղարշապատ, 1902 թ.), իսկ երկրորդը գիտական հրատարակություն (Վաղարշապատ, 1903 թ.): «Հայոց նոր վկաները» 1155 թվականից մինչև 1843 թվականը նահատակված հայերի պատմությունն է (մեծ մասամբ թուրքերի ձեռքով, մի փոքր մասն էլ պարսիկների): Սրանք տոնելի սրբեր չեն և նրանց կյանքը «Յայսմաւուրք»-ի մեջ չի անցած պաշտոնապես: Օրացույցների մեջ էլ նրանք չեն հիշատակվում: Մասնավոր դեպքերում այս կամ այն «Յայսմաւուրք»-ը տալիս է իբր հավելված իր շրջապատում տեղի ունեցած մի նահատակի պատմությունը: Պրպտելով 100-ի չափ ձեռագրեր, հավաքելով նյութը և դասավորելով ժամանակագրական կարգով, հրատարակեցինք այս գիրքը, յուրաքանչյուր նահատակի պատմության վերջում դնելով նաև կարևոր պատմական, ժամանակագրական և ձեռագրական տեղեկություններ: Գիտական հրատարակության մեջ էջի ներքևում նշանակված են բոլոր ձեռագրերի տարբերակները, որոնք չկան ժողովրդական հրատարակության մեջ: Վերևում ասացի, թե ամեն մեկս մի գլուխ էր վերցնում և գրում. որոշելու համար, թե ո՞ր գլուխը ո՞վ է գրել, այսպես պայման կապեցինք. երբ նահատակի պատմության վերջում դրված տեղեկությունը սկսում է «այս» բառով, դա Մանանդյանինն է. երբ սկսում է «սույն» բառով՝ իմն է. իսկ երբ սկսում է «հիշյալ» բառով, իմն է, բայց քրոջս (Արմենուհու) աշխատակցությամբ: Հաշվելով բոլորը միասին, դուրս է գալիս, որ երկուսս միաժամանակ և միաչափ աշխատելով, իմ աշխատանքի արդյունքը եղել է մոտ երկուս ու կես անգամ ավելի, քան Մանանդյանինը: Երբ գրքի տպագրությունը վերջացավ, ես ուզեցի, որ այս արդյունքը նշանակենք առաջաբանի վերջում. Մանանդյանը նեղացավ, և ես զիջեցի: Այժմ այստեղ ուզում եմ դնել մեր աշխատանքի հաշիվը: Բնագրի 734 էջից Մանանդյանին է պատկանում 193 էջ, իսկ իմ ու քրոջս բաժինը կլինի 541 էջ, մոտ երկու և կես անգամ ավելի: Չնայած դրան, Մանանդյանը իր առաջաբանի սկզբում գրում է. «Ձեռնարկելով պր. Հրաչյա Աճառյանի տոկուն ու սիրահոժար աշխատակցությամբ հայոց նոր նահատակների վկայաբանությունների հրատարակման՝ իմ գլխավոր նպատակն է եղել…»: Դուրս է գալիս, որ աշխատությունը գրողը ինքն է, և ես նրա աշխատակիցն եմ: Բայց այս սխալը ոչ թե հեղինակի սխալն է, այլ նրա հայերեն լավ չիմանալու արդյունքը: Իմ սիրահարության պատմությունը թաքուն չէր կարող մնալ։ Ընկերներս մի օր տարան ինձ Երևան, Հրազդանի ափին գտնված մի զբոսավայր: Այնտեղ նրանք լավ խմեցին, ինձ էլ մի բաժակ գարեջուր խմացրին, որից ես հարբելով, դառնագին լաց եղա և գաղտնիքս բաց արի նրանց առաջ։ Լուրերով աղքատ Էջմիածինը չնչին բան էր փնտրում մեծացնելու համար: Այսպես տարածվեց իմ սիրո պատմությունը ամբողջ Վաղարշապատում: Նրանից անտեղյակ չէր կարող լինել Մանանդյանը, որի վերաբերմունքը իմ հանդեպ ոչ միայն չփոխվեց, այլ ընդհակառակը ավելի լավացավ: Երբ ամառը եկավ և արձակուրդ ունեցողները ամառանոց գնացին, մի օր Մանանդյանը մտավ իմ սենյակը և ասաց. «Դուք որևէ տեղ չե՞ք գնալու»: «Ո՞ւր գնամ,— պատասխանեցի ես,— գնալու տեղ չունեմ»: «Մենք գնալու ենք Դիլիջան,— ասաց նա,— կգաք մեզ մոտ, կապրեք մեզ հետ, և երբ արձակուրդը վերջանա՝ նորից կվերադառնանք Էջմիածին»: — Այս հրավերը չափազանց ուրախացրեց ինձ, բայց ես ի՞նչպես կարող էի մի ամբողջ ամառ պարապ անցկացնել: Մտածեցի և իսկույն մի միջոց գտա: Պետք էր հավաքեի պոլսահայ բարբառի մեջ գործածված բոլոր թուրքերեն բառերը: Ուրիշներ եթե ուզենային կատարել այդ աշխատանքը, անշուշտ պիտի սկսեին կարդալ զանազան բնագրեր և պիտի սկսեին հավաքել թուրքերեն բառերը: Բայց այդ աշխատանքը ինչքան էլ ուշադիր ձևով և երկար ժամանակ կատարեին, անշուշտ դարձյալ պակասավոր պիտի լիներ: Ես մտածեցի մի ուրիշ միջոց, որ հակառակ իր կարճության՝ պիտի տար լավագույն արդյունքը: Վերցրի միայն մի գիրք, այն է՝ Միհրան Աբիկյանի ընդարձակ օսմաներեն բառարանը՝ տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն լեզուներով: Որոշեցի կարդալ այդ գիրքը ամբողջ և որովհետև՝ իբրև կոստանդնուպոլսեցի, լավ գիտեի մեր բարբառը, ամեն մի թուրքերեն բառի դեմ կարող էի մի գիծ քաշել, եթե նա գործածական էր մեր բարբառում, և այսպիսով կունենայի ամբողջ փոխառյալ բառերի հավաքածուն: Գնացինք 5 հոգով Դիլիջան, վարձեցինք Ղուկաս բիձայի բնակարանը մալականների սահմանում: Մեզ հարևան ունեինք միայն մի մալական, որ ամբողջ օրը երգում էր. «Ու սուսիդա ժինկա միլայ Ա ու մենե նիչևո նիմա»: («Հարևանս ունի մի սիրուն կին, Իսկ ես ոչինչ չունեմ»): Ապրեցինք ամբողջ ամառը այդ բնակարանում: Ոչ մի հետաքրքրական դեպք չպատահեց մեր մեջ: Ես աշխատում էի իմ թուրքերենի փոխառյալ բառերի վրա և վերջացրի մի ամսում (1900 թ. հուլիս), որ և ապա տպագրվեց «Էմինյան ժողովածու»-ի շարքով (Վաղարշապատ, 1904 թ.): Երբեմն չորս հոգով պտույտի էինք դուրս գալիս. ես, Մանանդյանի մայրը, փոքր որդին՝ Արսենը և օրիորդը: Մեծ եղբայրը ընդհանրապես դուրս չէր գալիս: Փոքր եղբայրը շատ կատակախոս և զվարճասեր երիտասարդ էր: Մեր պտույտներից միայն մեկն եմ հիշում: Գնացել էինք բարձրադիր մի անտառ, որ գտնվում էր բլուրի վրա: Գագաթից ցած իջնելը դժվարացավ, որովհետև չորացած տերևները սահուն հատակ էին շինել և զառիվայրը լպրծուն էր դարձել. օրիորդը չէր կարողանում իջնել, ուստի թևն առի և արագ վազելով իջանք ցած: Մի օր ես ու մայրիկը տանը նստած խոսում էինք. մայրիկը հայտնեց, թե մի երիտասարդ խնդրել է օրիորդի ձեռքը, բայց իրենք մերժել են: Այս խոսքի վրա ես այլայլվել եմ և գույնս թռել է: Մայրիկը դարձավ ինձ, թե «Ի՞նչ եղար, ինչո՞ւ գույնդ թռավ»: «Ի՞նչ է եղել, որ իմ գույնը թռնի. ի՞նչ կապ ունեմ ես օրիորդի հետ»: «Ես ամեն բան գիտեմ, հանգիստ եղիր, արժանավորին կտամ, անարժանին չեմ տա»: ՄԵՐՈՆՑ ԳԱԼՈՒՍՏԸ Մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց. հայրս, մայրս, մեծ քույրս, փոքր քույրս, եղբայրս և ես (Արշալույս քույրս մեռել էր արդեն): Մերոնց նամակ էի գրում և առաջարկում, որ փոխադրվեն Էջմիածին: Կառավարությունը արգելել էր հայերի մուտքը և ելքը Տաճկաստանից: Վերջապես ստանում եմ տեղեկություն, թե հայրս և քույրս մեկնել են Կոստանդնուպոլսից, հասել են Բաթումի և այսինչ օրը պետք է լինեն Երևանում: Գնացի Երևան, գտա հորս, որին 6 տարի ի վեր չէի տեսել: Դեմքը չէր փոխված, միայն մի քիչ ծերացել էր, առանց կորցնելու իր նախկին աշխույժը և եռանդը: Կողքին կանգնած էր մի մանկամարդ, գեղեցիկ, բարձրահասակ աղջիկ․ հարցրի հորս. «Հայրիկ, ասիկա ո՞վ է»: «Քույրդ է, ծո»: Ժողովրդական մի ասացվածք կա. մեծ ուրախություն զգալու դեպքում ասում են «Ոտքս գետնից կտրվեց»: Ճիշտ այդպես եղավ և ինձ: Քրոջս ես փոքր տարիքին թողել էի Կոստանդնուպոլսում. այն ժամանակ սևադեմ փոքրիկ մի երեխա էր, իսկ այժմ բարձրահասակ, հրեշտակադեմ մի էակ: Ոտքերս գետնից կտրվեցին, փաթաթվեցի նրան և անվերջ համբույրներով երեսը ծածկեցի: Այլևս աշխարհում ոչինչ չմնաց ինձ համար: Գնացինք «Օրիանտ» հյուրանոցը, ուր գիշերեցինք երեքով և մյուս օրը գնացինք Էջմիածին, № 1 բնակարանս։ Հազիվ մտել ենք ներս և իրերը դասավորել, հանկարծ այցելության են գալիս Ճեմարանի ուսուցիչներից երկուսը՝ Քերովբե Միրաքյանը (նոր-նախիջևանցի) և Գևորգ Ղազարյանը (կարսեցի): Ես խնդրեցի, թե այժմ չեմ կարող ընդունել, որովհետև մերոնք նոր են եկել և հանգստի կարոտ են: «Խնդրում եմ վաղը եկեք»: Նրանք նեղացան և հեռացան: Իսկույն կազմում են մեր մասին մի առասպել, թե այդ աղջիկը Աճառյանի քույրը չէ, այլ սիրուհին. իսկ հորս համար դեռ որոշում չէին տվել. ոմանք ասում էին, թե քրոջս հայրն է: Որքա՜ն չար և անմիտ են մարդիկ: Մյուս օրը նույն երկու հյուրերը եկան սենյակ: Ծանոթացան հորս և քրոջս հետ և զարմացան, երբ քույրս խոսեց նրանց հետ ռուսահայ լեզվով: Քերովբեն հարցրեց. — Օրիորդ, այդ ի՞նչ շուտ սովորել եք մեր լեզուն: Քույրս պատասխանեց զարմանքով. — Մեր լեզուն, ձեր լեզուն ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ: Բացառականը կազմում եք ից-ով, ներգոյականը ում-ով, ներկան էլ ում եմ։ Ճանապարհի 2 օրվա ընթացքում այդքանը չէի՞ կարող սովորել: Այս փոքրիկ միջադեպը ես հաճույքով պատմեցի ցույց տալու համար, թե որքան սխալվում են նրանք, որոնք մեր երկու բարբառները իրարից անջատում են իբրև տարբեր լեզուներ և նրանց միջև մի մեծ անջրպետ են շինում: Արևմտահայերը ամենամեծ ճշտությամբ հասկանում և սովորում են արևելահայ լեզուն, բայց ինչո՞ւ արևելահայերը այդքան դժվարանում են սովորելու մեր բարբառը, նույնիսկ Կոստանդնուպոլսում երկար տարիներ ապրելուց հետո: Նույն միջոցին Գևորգ Ղազարյանը դիտում է իմ և քրոջս ունքերը և նրանց մեջ որոշ նմանություն գտնելով, գնում ընկերներին պատմում է, թե նա իմ հարազատ քույրն է: Այսպիսով մեր մասին տարածված առասպելը ջնջվում է: Երբ նրանք մեկնեցին, մերոնց հարցրի, թե եղբայրս ի՞նչ եղավ. իսկույն հայրս սկսեց լաց լինել. եղելությունը հասկացա: Եղբայրս մեռել էր: Մահը պատահել է 1900 թվականի ապրիլի 12-ին, հետևյալ հանգամանքներում: Բյոյուք-դերեի եկեղեցու կառավարիչ և դպրոցի տեսուչ Սահակ Խանճյանը, որ գրող, բանաստեղծ և ուսուցիչ էր և նույն թաղի բոլոր կրոնական և ազգային-դպրոցական գործերի կառավարիչը, խնդրել է հորիցս, որ թույլ տար իր որդուն եկեղեցում երգել, այսինքն՝ տիրացություն անել։ Հայրս թեև այս գաղափարին սաստիկ հակառակորդ էր, չի կարողանում մերժել նրա խնդիրքը և թույլատրում է: Ավագ շաբթում և Զատկին գիշերային պաշտամունքների ժամանակ հոգնում, անքուն է մնում եղբայրս և հենց տոներից հետո հիվանդանում: Մենենգիտ էր ստացել: Բժիշկները չեն կարողանում դարմանել, և նա մեռնում է: Մեր ընտանիքի ամենափոքր անդամն էր եղբայրս. բոլորովին սպիտակ դեմքով, ուժեղ և հաղթանդամ տղա էր դարձել: 14 տարեկան էր, երբ մեռավ։ Եղբորս հիշատակին ես մի գիրք եմ նվիրել՝ «Մանկական բարբառ», որ տպված է Փարիզի «Բանասէր» հանդեսում 1901 թվականին, պրակ Ա-ում: Այցելուները շատացան: Դրանց մեջ հիշում եմ գերմանացի հայագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինքին: Բեռլինից եկել էր Էջմիածին հայերեն ուսումնասիրելու: Երկու տարի մնաց Էջմիածնում, Ստեփան Կանայանի հետ գրեցին արևելահայ աշխարհաբարի քերականությունը գերմաներեն լեզվով, ընկերանալով Հակոբ Մանանդյանի, Եզնիկ վարդապետ Գյանջեցյանի և Գալուստ դպրի հետ, սկսեցին հրատարակել Zeitschrift für armenische Philologie ուսումնաթերթը, որ տևեց 2 տարի և որի կառավարիչն էր թիֆլիսեցի Աբգար Հովհաննիսյանը, իսկ ծախսերը հայթայթում էր Մանթաշյանը: Այս ուսումնաթերթում մասնակցեցին հայ և օտար հեղինակներ: Ես էլ մի ընդարձակ հոդված եմ հրատարակել այդտեղ Lautlehre des Van-Dialects (արտատպ. Marbourg, 1901) վերնագրով: Ֆինքը նշանավոր եղավ իր մի ուրիշ աշխատությամբ: Նա ուսումնասիրեց հայ բոշաների լեզուն և հետագայում հրատարակեց Պետերբուրգում — Die Sprache der armenischen Zigeuner վերնագրով: Հետագայում գնաց Գերմանիա, ուր վաղամեռիկ եղավ։ Ահա այս անձն էր, որ եկավ իմ սենյակը այցելության. բայց նա ինձ մոտ երբեք չէր եկել և մի նոր պատճառ էլ չուներ ինձ այցելելու: Ուստի ենթադրում եմ, եկել էր քրոջս տեսնելու: Դրա համար էլ սկսեց խոսել քրոջս հետ և որովհետև քույրս գերմաներեն չգիտեր, ուստի Ֆինքը խոսում էր կիսատ-պռատ հայերենով: Աչքերը ոլորելով այնպիսի ձևեր և նշաններ էր անում, որ խիստ տարօրինակ թվաց։ Կանայք ավելի զգայուն են միշտ: Քույրս վեր կացավ, գնաց մյուս սենյակը և այլևս չվերադարձավ։ Ֆինքը մի քանի անգամ էլ այցելության եկավ «ինձ», բայց քույրս չներկայացավ նրան: Մի օր քրոջս հայտնեցի, որ ես այստեղ սիրահարված եմ մի աղջկա: — Մի՞թե,— ասաց քույրս, — տար ինձ իր տունը, տեսնեմ ինչ տեսակ աղջիկ է: Գնացինք Մանանդյանի տունը: Քույրս իր շենշող բնավորությամբ իսկույն ծանոթացավ նրանց հետ և մտերմական խոսակցություն ունեցավ օրիորդի հետ. կարծես թե հին բարեկամներ լինեին: Երբ տուն եկանք, ասաց. — Դուն մեր Կոստանդնուպոլսի աղջիկները մոռցեր ես. ան ի՞նչ անշնորհք աղջիկ է. ոչ կարդալ գիտե, ոչ գրել գիտե, ոչ ձեռագործ գիտե, ոչ ալ կարուձև գիտե. թափթփածին մեկն է. իրարու վրա 3 հատ շրջազգեստ հագեր էր, ետևեն կարելի էր հաշվել: Ամեն մեկը մյուսեն 3 մատ հեռավորություն ուներ: Այսպիսի գնահատությունը և միևնույն ժամանակ տանս մեջ նոր մտած կենսաթրթիռ շունչը իսպառ մոռացրին իմ զգացմունքը: Վեհարանում ապրում էր նաև ոմն Վահան էֆենդի, որ Խրիմյանի մոտիկ ազգականն էր: Բուրժուա վաճառականի կերպարանքով, կլոր և առողջ դեմքով, հաստափոր մեկն էր։ Այդ անձը սիրահարվել էր քրոջս և մեկի միջոցով դիմել էր հորս և խնդրել քրոջս ձեռքը: Հայրս հարցրել էր. — Ի՞նչ գործ կընե ադ Վահան էֆենդին: — Կաթողիկոսի մոտ ծառայում է: — Ի՞նչ արհեստ գիտե. դերձա՞կ է, ատաղձագո՞րծ է, կոշկակա՞ր է, դարբի՞ն է, ի՞նչ է: — Արհեստ չունի, կաթողիկոսի մոտ ծառայում է: — Հասկցա, կաթողիկոսին ք… կթափե. է՛, կաթողիկոսը մեռնի նե, որի՞ն ք… պիտի թափե: Ես ադ տեսակ մարդու աղջիկ չունիմ տալու: Հորս իսկույն պաշտոնի կանչեցին Էջմիածնում, դարձրին նրան մառանապետ, այսինքն՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն, բոլոր միաբանների ուտելեղենը հայթայթող գլխավոր անձը: Իր գլխավորը եղավ Եղիշե վարդապետ Ահարոնյանը, շուշեցի մի գեղեցկադեմ մարդ, որի բնակարանը № 5 էր, մեր շարքում: Ես ու նա իրար հետ շատ մոտիկ էինք, սկսած այն օրից, երբ ես հրատարակեցի Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությունը, նա մեծ հետաքրքրությամբ կարդում էր իրենց բարբառի քննությունը և անում իր դիտողությունները: Մի տարի հետո մայրս և մեծ քույրս դիմում են կառավարության, մայրս ընկնում է փաշաների ոտքը լաց լինելով հայտնում, թե ինքը մենակ է մնացել, ոչ մի օգնական չունի, աշխատելու կարողություն չունի. «Աղաչում եմ թույլ տվեք գնամ Էջմիածին՝ որդուս և ամուսնուս մոտ»: Երկար աղերսանքները վերջապես ձանձրացնում են փաշաներին և տալիս են անցագիր: Գնում են Տրապիզոն, այնտեղից Բաթումի և հասնում են Երևան: Հայրս գնաց դիմավորեց նրանց (մորս և մեծ քրոջս՝ Հերսիլյային) և գիշերով վերադարձան Էջմիածին մեր բնակարանը: Ներս մտավ թե չէ, մայրս ծոցից հանեց մի քանի թղթի կտորտանք և թափեց սեղանիս վրա: — Ի՞նչ են ասոնք,— հարցրի ես: — Միտքդ չէ՞, Պոլսեն ելած օրդ այս թուղթերը ինձ տվիր և ըսիր, որ աղեկ պահեմ մինչև գալդ. հիմա եկա քեզի տվի տարիներ պահելե ետքը: Ես մի քիչ նայեցի թղթերի վրա և առանձնապես հետաքրքրական բան չտեսնելով, մի կողմ դրի: Հայրս ասաց մորս. — Ես քեզի չըսի՞, օր ադոնք բոլոր պարապ բաներ են. ան ատենը տղա էր, աս թուղթերը մեծ բան էին իրեն համար, հիմա Փարիզ գնացեր, սորվեր էկեր է, ադոր էրեսը կնայի՞: Հաջորդ օրը հայրս գնաց գյուղ և վարձեց մեզ համար մի լավ բնակարան: Շուկայից մի քիչ ցածը մի մեծ պարտեզ էր, որի մեջ երկու բնակարան կար. աջ կողմինը մերն էր, իսկ ձախ կողմինը՝ Ճեմարանի ուսուցիչ Գալուստ Թումանյանինը: ՍԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՄՖԼԵՏԸ Մենք արդեն տեսանք այս անձին: Հազիվ մերոնք եկել էին Էջմիածին, «Նոր-դար»-ի մեջ երևաց մի թերթոն: Հեղինակը չէր ստորագրել. խոսում էր իմ մասին, բայց չեմ հիշում անունս տալի՞ս էր, թե ոչ: Բովանդակությունը մոտավորապես հետևյալ բառերով էր. — Էջմիածնի № 1 բնակարանը իր զվարճալի պատմությունը ունի. այնտեղ բնակվում էր Հրաչյա Աճառյանը, վանքի հաշվով և տեսնելով, որ այդ շատ լավ է՝ բերել տվեց Կոստանդնուպոլսից իր հորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր քրոջը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երկրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր մորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև մյուս քրոջը։ «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր չորրորդ»: Ծննդոց գրքի Ա գլխի օրինակով շինված այս պամֆլետը, որ գրված էր մերոնց ծաղրելու համար, շատ անտեղի էր և անճիշտ: Նախ, որ մերոնք չորս հերթով չէին եկել, այլ երկու հերթով, ուստի այն չորս օրերի պատմությունը կեղծ է: Երկրորդ՝ հենց որ մայրս և մեծ քույրս եկան Էջմիածին, իսկույն թողեցինք № 1 բնակարանը և փոխադրվեցինք գյուղ: Երրորդ, որ ոչ ես և ոչ հայրս ձրի չէինք վայելում վանքի հացը, այլ իբր մեր աշխատանքի վարձատրությունը: Ասացինք, թե պամֆլետը ստորագրված չէր, բայց նրա լեզուն և ոճը մատնանիշ էին անում Սեթ Հարությունյանին, որ թեև գիտական աշխատանք կատարելու անընդունակ էր, բայց զվարճախոսության մեջ լավ ընդունակ էր: Այն կարծիքը, թե գրողը Սեթն էր, բոլորը զգում էին, նույնիսկ 51 տարի անց (1952 ապրիլ) մի օր հրավիրվելով Երևանում կաթողիկոսի (Գևորգ Զ) տունը, տեսա այնտեղ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանին, որ անցյալի մասին խոսելով, ամենայն անկեղծությամբ պատմեց, թե այդ պամֆլետի հեղինակը Սեթն էր: Ես զարմացա նրա այդքան սուր հիշողության վրա, մանավանդ, որ պամֆլետը բառացի կրկնեց այնպես, ինչպես վերը գրեցի: Բայց ի՞նչ կարիք ուներ Սեթը այդ պամֆլետը գրելու։ Արդյո՞ք կասկածում էր, որ ես նրա տեղը կգրավեմ. շատ իզուր, որովհետև Սեթը լինելով Կարապետ Կոստանյանի ստրուկը, հազիվ թե մեկը նրան ձեռք տար: ՀՈՐՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ Հայրս շատ աշխատասեր մարդ էր. վանքի մառանապետի պաշտոնը ծանր գործ չէր. պարապ ժամանակ շատ ուներ: Զբաղմունքի համար որոշեց վանքի այգին մշակել (ձրիաբար): № 1 բնակարանի առաջ ընդարձակ բակ էր և այդ բակը գնում էր մինչև շենքի ծայրը: Դիմացը գտնվում էր Տաճարը: Բակը, թեև հողից, բայց շենքի կառուցման ժամանակ այնքան լցվել էր տուֆի փշրտանքներով, որ այլևս հող չէր երևում: Դրա մեջ մշակությունն անկարելի էր: Հայրս վարդապետներից թույլտվություն խնդրեց այդ խճալից հողը դեն ածելու և փոխարեն սևահող լցնելու: Ամենայն սիրով թույլատրեցին վարդապետները, որովհետև ձրի աշխատանք էր և վանքին օգուտ: Հայրս ամեն օր փորելով այդ խճաշատ հողը, տանում թափում էր հեռու, վանքից դուրս դաշտում և այնտեղից մաքուր սևահող բերելով՝ լցնում նրա տեղը: Այսպիսով կարճ ժամանակում № 1 բնակարանի առաջը, ինչպես և № 2 բնակարանի առաջը մաքրվեց և սևահող լցվեց: Այս սևահողի մեջ հայրս ցանեց զանազան բույսեր, որոնք շուտով աճեցին: Այստեղ տնկեց նա մի տեսակ պամիդոր, որ բարձրանում էր օդի մեջ առանց հենարանի: Այդ զարմանալի բույսի սերմը Կոստանդնուպոլսից էր բերել: Ցանեց նաև լոբի և ծաղիկներ: Մի քիչ այն կողմ № 4 բնակարանի առաջ (որ պատկանում էր մառանապետ Եղիշե վարդապետ Ահարոնյանին) շինեց փայտե թառ, մեկուկես մարդու հասակի բարձրության, և տնկեց մի տեսակ դդում, որ 1 մետր երկարություն ուներ: Այս տեսակի դդում չկար Երևանում, բայց սովորական է Կոստանդնուպոլսում, որտեղից բերել էր հայրս սերմը: Դդումը բարձրացավ և ի մեծ զարմանս բոլորի, թառի վերևից ձողերի պես կախվեց: Մի օր հորս ասացի. — Հայրիկ, այս դդումը այստեղ չկար, դուն նոր բերիր հասցուցիր. պետք է, որ քու անունդ վրան դնես: — Է՜, ի՞նչ դնեմ: — «Հակոբ խաբախի= Հակոբի դդում»: Դարձավ մորս և ասաց. — Կլսե՞ս կոր խելոք տղուդ խոսքը. ինձի խաբախ ըրավ: Կարևոր է վարունգի պատմությունը: № 1 բնակարանի առաջ հայրս ի միջի այլոց տնկել էր նաև վարունգ. պտուղը բավական մեծացել էր և վախ կար, որ № 3 բնակարանի «քոռ» Եղիա վարդապետը գողանար: Նա իրավունք էր համարում կողքի կանաչիներից քաղել, բայց աչքը վարունգի վրա էր: Հայրս զգում էր նրա մտադրությունը և միշտ զանազան պատճառներով պահակ էր կանգնում: Գողության հարմար րոպեն անշուշտ կես գիշերն էր և հայրս մինչև այդ ժամանակը հսկում էր: Վերջապես չթողեց, որ գողանա, և երբ վարունգը հասավ, կտրեց և կաթողիկոսին նվեր տարավ: Մինչև անգամ Երևանի ջերմոցներում դեռ վարունգ հասած չէր, իսկ հայրս № 1 բնակարանի առջևի քարքարուտում վարունգ էր հասցրել: Հրճվանքով վարունգը ձեռքին տանում, նվիրում է կաթողիկոսին, ձեռքը համբուրում և վարունգը դնում է սեղանի վրա: Կաթողիկոսը, փոխանակ որևէ շնորհակալության բառ արտասանելու և կամ գովասանական խոսք ասելու, դառնում է հորս հետևյալ խոսքերով. — Դուն կուզե՞ս որ ես քեզի շնորհակալ եմ ըսեմ: Դուն գիտե՞ս ես ո՞վ եմ. ես այս բոլոր վանքի ամենամեծն եմ. եթե ուզեմ, կարող եմ անմիջապես վանքեն դուրս վռնդել քեզ. լսեցի՞ր, հադե գնա: Հայրս զայրացած գալիս է ինձ մոտ. — Էշեկ օղլու էշեկ. մենք ալ քեզի մարդ գիտցանք. էշուն մեծն է եղեր. սա ըսելու խո՞սք է, որ ըսավ ինձի: Եվ պատմեց ամբողջ դեպքը: Խրիմյանը այսպիսի անպատշաճ արարքներ շատ էր անում: Վերևում պատմեցի Հովհաննես Հովհաննիսյանի կնոջ դեպքը: Նման մի դեպքի անձամբ ներկա եղա մի ուրիշ անգամ: Նոր տարվա առթիվ Ճեմարանի բոլոր ուսուցիչները ներկայացան կաթողիկոսին շնորհավորելու: Ես գտնվում էի ամենավերջում. ամենաառաջը Մանանդյանն էր. Խրիմյանը տեսավ նրան և ասաց. — Պարոն Մանանդյան, այդչափ գիտությունը այդ փոքրիկ, ճնճղուկի չափ գլխի մեջ ի՞նչպես ես տեղավորեր: Գոնե մեծ գլուխ ունենայիր… Բայց մեծ գլուխ ունեցողներն ալ ապուշ կլինին: Ահա Կանայանը, ահագին գլուխ ունի, մեջը պարապ. հա՜, հա՜, հա՜: Եվ սկսեց լայնաբերան ծիծաղել: Մենք բոլորս իրար հետև ծածկվում էինք, որ չտեսնվենք և նոր ծաղրանքի զոհ չգնանք: Իմ առաջ կանգնած էր Աբեղյանը, որ գլուխը և մարմինը թաքցրեց և անխուսափելի ծաղրից ազատվեց: ՊՈՍՈԽՈՎԻ ԴԵՊՔԸ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր Պոսոխով անունով մի ռուս, որ կառավարության կողմից նշանակված լրտես էր Էջմիածնի վրա: Հայատյաց մարդ էր, բայց գիտեր հայերեն խոսել: Սովորություն ուներ խոսած ժամանակ աչքերը ճըփճըփացնելու: Ճեմարանի ուսուցիչների նամակները ստանալու պաշտոնը հանձնված էր Կարապետ Քոչարյանին, որ գեղեցիկ գիր ունենալու պատճառով Ճեմարանի հավիտենական քարտուղարն էր: Բացի գեղեցիկ գիր ունենալուց, ուրիշ ոչ մի լավ հատկություն չուներ։ Կարապետ Կոստանյանի ստրուկն էր և միաժամանակ նրա լրտեսը: Մի օր Քոչարյանը հայտնում է ինձ, որ Պոսոխովը իմ անունով նամակ է ստացել, բայց մերժել է հանձնել Քոչարյանին և սպասում է, որ ես անձամբ գնամ ստանամ: Ներկայացա Պոսոխովին. ցույց տվեց մի հաստ նամակ, որ ստացել էր Փարիզից: Կասկածում էր նրա վրա: — Ի՞նչ եք կասկածում, որ լինի միջին: — Կարելի է որևէ հեղափոխական թերթ կա մեջը: — Է՜հ, եթե ինձ թշնամի մի մարդ միջին «Դրոշակ» կամ «Հնչակ» դնելով ուղարկել է ինձ, ես հանցավո՞ր եմ: — Այդ հետո կտեսնենք: Պոսոխովը մկրատով կտրեց ծրարը, դուրս թափվեցին մի նամակ և 30 ռուբլի թղթադրամ: — Օհ,— բացականչեց Պոսոխովը և փողերը գրպանեց,— այս գումարը պատկանում է ինձ, որովհետև նամակի վրա с объявлением չէ գրված: Ես նամակը կարդացի: Փարիզում մի գրավաճառի մոտ դրել էի իմ Étude sur la langue laze աշխատությունից մի քանի օրինակ: Գրավաճառը ծախել էր այդ օրինակները և ահա գումարը ուղարկում էր ինձ: Պոսոխովին հայտնեցի, թե «Ֆրանսիայում իրավունք կա նամակի մեջ փող դնելու և ուղարկելու. ոչ ոք իրավունք չունի նամակը բանալու և գումարը վերցնելու: Ահա իր երկրի օրենքով այդ մարդը փողը ուղարկել է ինձ, դուք իրավունք չունեք այդ փողը խլելու: Ես ձեր դեմ կբողոքեմ»: — Բողոքեցեք. բողոքի հասցեն էլ ես տամ: Բողոքի հասցեն վերցրի և եկա տուն № 1 սենյակս: Մի ֆրանսերեն նամակ գրեցի Փարիզ՝ արտաքին գործոց մինիստրության և մի նամակ էլ ներքին գործոց մինիստրության և, բացատրելով դեպքը, խնդրեցի, որ դիմեն Ռուսաստան և պահանջեն գումարս հետ տալ։ Կանչեցի Սիրական Տիգրանյանին, որ իմ մտերիմ ընկերն էր և մանավանդ ցարական գործերի մասնագետ և լավ ռուսագետ և խնդրեցի, որ մի նամակ գրի Ռուսաստանի փոստ-հեռագրատան մինիստրության: Նա հրաժարվեց գրել, ասելով, թե «այդ ավելորդ է, ոչինչ չես կարող ստանալ»: Ես կրկնապատկեցի խնդիրքս և շատ աղաչեցի, բայց նա միշտ մերժում էր: Վերջապես զիջեցրի, և նա հանձն առավ գրել: Նամակը, անշուշտ պատվիրած, փոստ գցեցի. այսպես նաև երկու ֆրանսերեն նամակներս: Մի քանի շաբաթ անցավ. ոչ մի պատասխան չկար։ Շաբաթ երեկո էր. եկեղեցուց դուրս ենք գալիս. անցնում եմ Տրդատա դռնով: Դռան առաջ պատահում եմ Պոսոխովին, որ իսկույն մի կողմ է քաշվում, մեջքը դռան բարավորին դրած, կռանում է, գլխարկը հանած խոնարհվում է իմ առաջ: Զարմանքը պատեց ինձ. Պոսոխովը կաթողիկոսի առաջ էլ չէր խոնարհվում. այս ի՞նչ տարօրինակ տեսարան է: Ես մտածեցի, թե ծաղրում է ինձ, գլուխս կախեցի, թեթև բարևեցի և գնացի տուն, մեր նոր բնակարանը: Մյուս առավոտ, կիրակի օր, լսում եմ որոտընդոստ մի ոտնաձայն: Մի կոզակ մտնում է սենյակս, դնում է իմ առաջ մի խոշոր սպիտակ ծրար, հինգ տեղից կնքամոմով կնքված, տալիս է ինձ 30 ռուբլի թղթադրամ և մի թղթի կտոր, որով Պոսոխովը խնդրում էր ինձ տալ 30 ռուբլու ստացական: Նամակը բաց ենք անում և տեսնում ենք ռուսերեն մի գրություն, որի մեջ ասված էր, թե Փարիզից ներքին գործոց և արտաքին գործոց մինիստրությանց առաջարկով և փոստ-հեռագրատան մինիստրության իմ գրած թղթի հիման վրա, խիստ նկատողության են ենթարկել Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարչին և հրամայել են «Հարքունիս գրաված» 30 ռուբլին վերադարձնել ինձ, «որովհետև ռուսական թղթադրամի փոխադրությունը արտասահման և ներս արգելված չէ»: Ստորագրում էին երեք մինիստր՝ ներքին, արտաքին և փոստ-հեռագրատան: Այս ամբողջ միջադեպը մեծ ազդեցություն թողեց Էջմիածնի վրա: Առաջին անգամն էր, որ մեկը համարձակվել էր բողոքել պետության առաջ և այսպիսի հաջող ելք էր ստացվել: Ստեփան Կանայանը ինձնից 3 տարի առաջ նույն ձևով Գերմանիայից ստացել էր 300 ռուբլի, և Պոսոխովը խլել էր այդ գումարը իր գրպանի համար: Կանայանը չէր կարողացել ոչ մի բողոք ներկայացնել և երբ իմ դեպքը լսեց, ասաց. «Տե՛ս, տե՛ս, տե՛ս, այս անպիտանին․ երկու օր է եկել է այստեղ, և մեզ նոր բաներ է սովորեցնում. ինչպես մենք ժամանակին չմտածեցինք այս բանը»: Այս նամակի ավելի զորավոր արդյունքը կտեսնենք հետագայում: Պոսոխովին արված նկատողությունը երևի այնքան խիստ է եղել, որ նա Քոչարյանին տեսնելով ասել է. «Ինչո՞ւ բողոքեց. չէի՞նք կարող մեր մեջ հաշտությամբ վերջացնել»: Պոսոխովին մի անգամ էլ տեսա Ռոստովում 1915—1916 թվականին. փողոցում անցավ իմ կողքից. աչքերի ճփճփացնելուց ճանաչեցի, բայց չխոսեցինք իրար հետ: Վերջին անգամ Չեկայում իմ քննիչը հարցրեց Պոսոխովի մասին, թե ի՞նչ գիտեմ: Հայտնեցի, որ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր և ցարական կառավարության կողմից լրտես էր նշանակված վանքի վրա: Ասացի նաև, թե 1915—1916 թվականներին պատահել եմ Ռոստովում. ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին: ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ Կոստանդնուպոլսում շատ հանդիսավոր կերպով են տոնում նոր տարին: Այդ օրը պատրաստում են 3 տեսակ քաղցրեղեն, անուշապուր, փելթե և զերտե: Սեղանի վրա պետք է առնվազն 12 տեսակ միրգ լինի. հաց չկա. նախորդ գիշերվանից փողոցում բարձրաձայն կանչելով վաճառում են նոր ալյուրից թխած մի տեսակ խմորեղեն, որ աղավնիի ձև ունի և կամ ուրիշ կլորակ զարդի ձևեր: Ծախողը կոչում է. «Քուշլար վար, քումրուլար վար, ենի բուղդա քեբաբը վար (թռչուններ ունեմ, տատրակներ ունեմ, նոր ցորենով խորոված ունեմ)»: Իրար հետևից փոքրիկ նվագախմբեր անցնելով կանգնում են յուրաքանչյուր տան առաջ և նվագ ածելով մի քանի կոպեկ ստանում: Հատկապես նշանավոր է հույների լաթերնան, որ մի առանձին տեսակի նվագարան է և որ միայն հույներն են գործածում: Հայոց մեջ արժանի է «Շնորհավոր»-ը: Սա մի բարակ կարտոն է, որի վրա փորագրած են (ծակ-ծակ) հետևյալ բառերը. «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ» (հետո թվականը)։ Լինում է նաև նկարներով «Շնորհավոր»: Երկու տեսակ նկար կա. Քաջ Վարդանի նկարը և կամ Աստվածամոր նկարը: Այս բոլորը ծակ-ծակ է: Խանութներում ծախում են «Շնորհավոր»-ը՝ հատը 2 կոպեկ, բայց շատ անգամ աշակերտները իրենք են փորագրում իրենց տան համար: «Շնորհավոր»-ը դնում են վերոհիշյալ 3 տեսակի քաղցրեղենի վրա և հետո դարչին ցանելով՝ նկարը փոխանցում են քաղցրեղենի վրա: Առանց «Շնորհավոր»-ի տուն չի լինի։ Այս բոլորը տևում է մի շաբաթ, մինչև Ծննդյան տոնի օրը: Շատ ժամանակ էր, որ ես նոր տարի չէի տեսել. ուստի մայրս և քույրերս պատրաստեցին մեր տանը այս բոլորը, բացի աղավնիներից: Ուսուցիչները այցելեցին մեր տունը։ Նրանց մեջ հատկապես հիշում եմ Մանուկ Աբեղյանին, որի մոտ ես երբեք եղած չէի: Նստան մեր պատրաստած սեղանի շուրջը և դիտում են առանց ուտելու: Վերջապես Աբեղյանը ասաց քրոջս. — Օրիորդ, այս բոլորը շատ լավ, բայց մեզ անծանոթ ուտելիքներ են, ուտելու ձևը չգիտենք: Քույրս իսկույն առանձին պնակների մեջ բաժանեց բոլորին և ինքը օրինակ տալով՝ սկսեց ուտել: Կերան և հավանեցին: ԽՐԻՄՅԱՆԸ ԻՆՁ ՀԵՏ Մի գիշեր Խրիմյան Հայրիկը մի շաթիր ուղարկելով՝ կանչեց ինձ իր մոտ և ասաց. — Պարոն Աճառյան, ներողություն կանես, որ ես կանչեցի քեզ: Գիշեր է, քուն չունիմ, մարդ ալ չկա, որ խոսիմ հետը. աստեղացոց սիրած չեմ. ասոնք ալ ինձ սիրած չեն: Ի՞նչ ընեմ. ստիպված եմ քեզ կանչելու: Ես կխոսիմ դուն լսե: Կարելի է խոսածիս մեջ շատ ավելորդ բաներ կան, բայց կարող է նաև օգտակար բան լինել: Ավելորդը դուրս ձգե, օգտակարը միտքդ պահե: Ծերերը շատախոս կըլլան, ստիպված պիտի լսես: Ժամերով խոսեց, եղավ կես գիշեր: Ես անբարբառ լսում եմ նրան, թմրում եմ, բայց չեմ կարող վեր կենալ: Վերջապես կես գիշերը անց շաթիրին կանչեց, որ լապտերը վառած ինձ առաջնորդեց մինչև տուն: Այս տեսարանը կրկնվում էր անխափան, ամեն գիշեր, որովհետև «իր միակ բարեկամը ես էի»: Եթե ուզենայի, կարող էի թերևս նրա պատմածներից նոթեր առնել: Խոսում էր ամիրաների կյանքից, գրողների կյանքից, իր եվրոպական ճանապարհորդություններից և այլն: Եվ այս բոլորը մի քանի անգամ: Բայց որովհետև ես պատմաբան չեմ, ուստի մոռացության մատնեցի: ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Ամառ էր: Ճեմարանի դասերը վերջացել էին: Տպարանում պատահեցի Բենիկ վարդապետին, որին անձամբ ծանոթ չէի: Երիտասարդ, աշխույժ և գործունյա մարդ էր: Խոսեց ինձ հետ և հայտնեց, թե Շուշվա թեմական դպրոցի համար հայերենի ուսուցչի պետք կա: Նախկին ուսուցիչ Գյուլզադյանը (նոր-ջուղայեցի հայտնի հայկաբան, Ֆիրդուսիի թարգմանիչ և հեղինակ «Ոլոր մոլոր Կուրն էր գալիս Կովկաս սարերեն» երգի) ծերության պատճառով հրաժարվել է պաշտոնից: Հոգաբարձությունը կենսաթոշակ է նշանակել նրան և ուզում է նոր ուսուցիչ հրավիրել: Դուք չե՞ք ընդունի այդ պաշտոնը: Մեծ հաճույքով լսեցի այս առաջարկը: Իմ ամենամեծ ցանկությունս էր ապրել Կովկասի զանազան հայաշատ վայրերում և սովորել նրանց բարբառը: Թեև Ղարաբաղի բարբառի քննությունը Էջմիածնում մասնավոր անձերի օգնությամբ կատարել, վերջացրել էի, բայց նորից գնալ և բարբառը ուսումնասիրել տեղում՝ շատ հաճելի էր: Երկրորդ՝ երկու չափահաս քույր ունեի, որոնց ամուսնացնել եղբայրական պարտականությունս էր: Կոստանդնուպոլսում նրանց ամուսնացնել չէր հաջողվել: Առհասարակ Կոստանդնուպոլսում ամուսնությունը չափազանց դժվար է օժիտի պատճառով: Ամուսնացող աղջիկները իրենց փեսացուին պարտական են վճարել մի մեծ գումար, առանց որի ամուսնություն չկա: Մի երիտասարդ բժիշկ սիրահարվել էր մեծ քրոջս և լսելով, որ ես Էջմիածնումն եմ գտնվում, ասել էր. «Հարյուր ոսկի օժիտ ալ չի կրնար ղրկել»: Եվ իմանալով, որ չեմ կարող, սիրահարությունը մոռացել էր և ամուսնությունը մերժել: Կոստանդնուպոլսի այս անվայել սովորությունը, որ Կովկասի քրդական ղալանի հակառակն է, մեծ դժբախտություն է օրիորդների համար և կործանում՝ ընտանիքների: Սիրո վաճառքը ամենամեծ խայտառակությունն է և կործանիչ բարոյականի: Էջմիածնում չէի կարող ամուսնացնել քույրերիս. գյուղացիները, մեծավ մասամբ անգրագետ և աղքատիկ մարդիկ, չէին համարձակվում քույրերիս ուզել: Իսկ Շուշին իբր հայաշատ մեծ քաղաք, ինձ համար գերադասելի էր: Ահա այս երկու պատճառներով, մեծագույն հաճույքով ընդունեցի Բենիկ վարդապետի առաջարկը և պատրաստվեցի մեկնելու: Ամսական ռոճիկ նշանակեցին ինձ համար 90 ռուբլի, որ այն ժամանակ հոյակապ գումար էր: Նախ ինքս մենակ մեկնեցի Թիֆլիս—Եվլախ և այստեղից կառքով Շուշի: Այդտեղ բնակարան վարձեցի և իսկույն մերոնց հրավիրեցի Շուշի: Զվարճալի մի երևույթ: Հենց այն գիշերը, որ մենք հասանք Շուշի, հենց նույն օրը խնդրուկներ ներկայացան և երկու քույրերիս ձեռքը խնդրեցին: — Ա՛յ մարդիկ, դեռ նոր ենք եկել, սպասեցեք մի տեղավորվենք, հետո: Շուշեցի տղամարդիկ շատ են գնահատում օտարտեղացի օրիորդներին և առաջին հերթին նրանց ձեռքն են խնդրում: ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՈՒՄ Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է): Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ և դեպի ձախ։ Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից և ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40 000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում: Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ և հետևդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սև գույն ունեն և սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն` «սև այգի»: Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչև կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի առաջ: Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է և բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրև ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում և զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը (տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչև տների ներսը։ Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը։ Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր և զվարճախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան և մի թեմական դպրանոց, որ իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ուսուցչական մարմին ուներ: Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին և ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին և մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում: Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»։ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին: Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած և հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչև Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ կլիներ։ Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները և մոծակը իսպառ վերջացել է: Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել և զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր։ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ Մենք բոլորս սիրեցինք Շուշին: Համեղ ջուրը, փափուկ կլիման, շրջակա անտառները, զբոսավայրերը, հիանալի տեսարանը, բնակիչների զվարթ, անշահախնդիր բնավորությունը հաճելի դարձրին կյանքը: Էջմիածնում մայրս երկու բանից գոհ էր մնացել: Մեկը այն, որ իր տարիների հոդացավը (քամի) մի անգամից վերջացել էր և երկրորդը այն, որ «մոլլա և մինարե չկար»: — Ուր որ գացի, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն, Բաթումի, մինչև անգամ Երևան, սա մունդար էզանի ձանը ականջես չկտըրվեցավ. մինակ Էջմիածին էկա, ադ ձանը վերջացավ: Բայց մայրս ոչ մի օր Էջմիածնի տաճարը չմտավ: Խռովել էր Աստծո հետ, որովհետև Զատիկ օրով իր որդուն մահացրել էր: Դժգոհ էր միայն հայրս, որովհետև ոչ մի աշխատանք չուներ: Լինելով խիստ աշխատասեր, առանց աշխատանքի ձանձրալի էր իրեն կյանքը։ Պարտեզ չկար, որ մշակեր. ամեն տեղ մշակված էր. ծառ ու ծաղիկ էր բուսնում. խճուտ, քարքարոտ հողեր չկային, որ մաքրեր և սևահող լցներ: Սրճարան էլ չկար, որպեսզի գնար նըստեր և ընկերների հետ շաղփաղփելով օրը սպաներ: Միակ հավաքատեղին Շուշվա թոփխանեն էր, մի փոքր հրապարակ քաղաքի կենտրոնում, ուր անգործ մարդիկ, պատերի տակ նստած, զրուցում էին: Սկսեց անել կոշկակարություն, բայց ես արգելեցի: Այս առթիվ, մինչև անգամ, տնային ընդհարում ունեցանք: Ասում էի. «Ահագին ռոճիկ եմ ստանում, ուսուցիչ մարդ եմ. ամոթ է ինձ, որ մի հայր չկարողանամ պահել և նա կոշկակարություն անել ստիպվի. ի՞նչդ է պակաս»: Հայրս վերջ տվեց արհեստին և զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա, տանը նստած, սուտ կոշկակարություն էր անում օդի մեջ, կոշիկ կարել ձևացնելով: Ասացի, որ խնդրակներ էին եկել երկու քույրերիս համար: Հերթը ընկնում էր նախ մեծ քրոջս: Մի խումբ ընտրելիների մեջ առաջնություն ստացավ Նիկոլայ Խաչունցը: Այս մարդը մետաքսի վաճառական էր. մի քանի տարի մնացել էր Մարսելում և գիտեր ֆրանսերեն խոսել: Շուշուց քիչ հեռու, մի ադրբեջանական գյուղում ուներ մետաքսի գործարան, ուր աշխատում էին 150 հոգի: Ասում էին, թե 200 000 ռուբլի փող ունի: Ինքը տխեղծ մարդ էր, հասակը կարճ, մի աչքը կույր, մի թևը կոտրած և մի ոտը կաղ: Մի քանի ավազակներ գիշերանց հարձակվել էին նրա վրա, ինքը իբրև քաջ շուշեցի մարդ՝ անձնատուր չէր եղել և սկսել էր կռվել նրանց դեմ: Նրանք զինված լինելով, այսչափ չարիք էին հասցրել նրան և կիսամեռ թողել հեռացել: Քույրս, երբ տեսավ նրան առաջին անգամ, «Բա՞, ասիկա ճուճե է»,— ասաց, ծիծաղեց նրա վրա և արհամարհեց: Մարդիկ մեջ ընկան, հատկապես թեմական դպրանոցի ուսուցիչ Գարեգին Խաժակը, որ ալեքսանդրապոլցի լինելով, խոսում էր արևմտյան բարբառով և այս պատճառով էլ շատ մտերմացած էր հորս հետ, վերջապես համոզեց նրան: Երեք օր տևեց հարսանիքը՝ հին հեքիաթների ոճով. Նիկոլայի ընդարձակ տունը, իր բազմաթիվ սենյակներով, լցված էր հյուրերով: Առաջին օրը հրավիրված էին հարուստները, երկրորդ օրը միջակ դասակարգը և երրորդ օրը աղքատ դասակարգը: Հարսանիքից հետո քույրս տեղափոխվեց նրանց տունը: Հերթը հասավ փոքր քրոջս՝ Արմենուհուն: Նա կտրականապես մերժեց բոլոր առաջարկողներին: Արդեն ուներ մի ընտրելի, որ էր Մելքոն Ղազարոսյան կոչված անձը: Երբ ես Կեդրոնականի աշակերտ էի, Մելքոնն էլ աշակերտ էր՝ ինձնից մի քանի տարի ցածր: Շատ աղքատ էր. ինքը քղեցի էր. բնակարան չունենալով, գիշերում էր դպրոցի ծառաների սենյակում: Փող չուներ, որ ճաշեր, ուստի կերակրվում էր աշակերտների ճաշի մնացուկներով. մի քանի պատառ հաց, մի քիչ խաղող և պանրի կտորտանք. ահա այս էր իր ուտեստը: Դպրոցը ավարտելուց հետո ես ոչինչ չիմացա նրա մասին: Երբ Էջմիածին եկա, տեսա նրան այնտեղ: Պատմեց, թե գնացել է Մոնպելիեի երկրագործական բարձրագույն վարժարանը և ավարտել: Այժմ եկել էր Էջմիածին և Կաթողիկոսի հրամանով նշանակվել էր Էջմիածնի և Ճեմարանի հողերի վրա: Հայրս լավ երկրագործ էր. իբրև հայրենակից ծանոթացավ նրա հետ և բարեկամացավ: Մելքոնը հաճախ մեր բնակարանն էր գալիս, և մենք լավ մտերիմներ դարձանք: Գրեթե ամեն օր մեզ մոտ էր: Բայց հայրս չհավանեց նրա գիտության. լավ երկրագործ չէր: Մի անգամ Մելքոնը ընդարձակ մշակություն էր սկսել Ճեմարանի հետևը գտնված հողի վրա: Հայրս հարցնում է. «Պարոն Մելքոն, ի՞նչ կցանես»: «Գետնախնձոր, կարտոֆիլ»: Ադ ցանածդ կարտոֆիլ չէ, ընկույզ է. եթե կուզես, որ կարտոֆիլ լինի, այդքան երեսկունկ չպիտի ցանես. խոր փորե»: «Է՜, Հակոբ աղա, ա՛լ գետնախնձորի մասին չխոսիս ինձի հետ, որովհետև ես գետնախնձորի նշանավոր մասնագետ եմ»: Երբ բերքը հասավ, ստացվեց փոքրիկ խնձորի չափ դառն և լեղի մի բան: Մեզ էլ մի քիչ նվեր ուղարկեցին. ուտելու բան չէր: Մելքոնի միամտությունը ամեն օր մեր ծաղրի առարկան էր դարձած: Բայց նա մեր ծաղրն էլ չէր հասկանում և մեզ հետ միասին ծիծաղում էր իր վրա: Ահա այս անձն էր քրոջս ընտրելին: Երևի Էջմիածնում հարմար մի առթիվ պայմանավորվել էին իրար հետ. ուստի մերժեց բոլորին և հորս ու մորս հետ երեքով միասին որոշեցին մեկնել Էջմիածին: Ես այս ամուսնության հակառակ էի. իմ այն սքանչելի քրոջս ողորմելի Մելքոնին չէի ուզում տալ և ասացի. «Ես նրան քեզ արժանի չեմ համարում: Դու շատ ավելի լավերին ես արժանի. իբրև հարազատ եղբայրդ, սրտանց ասում եմ քեզ այս. բայց իբրև մարդ իրավունք չեմ համարում արգելք լինել քեզ: Եթե գնալու ես, գնա, բայց իմացի՛ր, որ նրան գնալուց հետո, ես քո եղբայրը չեմ»: Դժբախտ քույրս չլսեց ինձ, գնաց և ամուսնացավ Մելքոն Ղազարոսյանի հետ Էջմիածնում: Մի փոքրիկ կետ այստեղ: Պոլսի բարբառով Ղազարոս անունը նշանակում է «ապուշ»: Քույրս չուզենալով «ապուշ» լինել, փոխեց ազգանունը և դարձրեց Զարոսյան: — Դիտողություն.— Երևանի լեզուն պարզ է, ուստի հասկանալի էր մերոնց. բայց Ղարաբաղի բարբառը շատ դժվար էր նրանց համար։ Ոչինչ չէին հասկանում. «Կյառնը, ի՞նչ կուզե ըսել»,— ասում էր մայրս: «Գառը չգիտես ի՞նչ է»: «Է, թող գառը ըսե, որ հասկընամ, կյառնը ի՞նչ իմանամ, թե ինչ է»: Իսկ մեծ քույրս, ապրելով ղարաբաղցի այանների շրջանում, վարժվեց նրանց հետ, բայց երկու բարբառի խաչաձևումով կազմել էր մի նոր բարբառ: Օրինակ՝ «Քա, անիկա ի՞նչ է օզըմ»: ԻՄ ԹՈՔԱԽՏԸ Մերոնց բացակայության ժամանակ, որ շուրջ մի ամիս տևեց, ես թոքախտ ստացա Շուշում: Մի օր արթնանում եմ և տեսնում եմ, որ աջ կողքս (սնակուշտ) ցավում է, շունչս կտրվում է, և շնչելու ժամանակ լանջքս ցավում է: Հասկացա, որ թոքախտ եմ ստացել և դիմեցի բժիշկ Քրիստափոր Օհանյանին: Այս հիանալի անձը, որի հիշատակը անմոռանալի կերպով պահած եմ սրտիս մեջ, բնիկ շուշեցի էր: Սովորել էր Շվեյցարիայում և լավ ֆրանսերեն էր խոսում: Բայց որովհետև Ռուսաստանում պետական օրենքով, արտասահմանում սովորած բժիշկները իրավունք չունեին իրենց արվեստը գործադրելու, ուստի նա էլ զրկված էր բժշկության իրավունքից: Մտածել էր խորամանկ մի միջոց: Դիմել էր ռուսաց կայսրուհուն, որ համարվում էր ակնաբուժության պաշտպան, և հայտնելով, որ Շուշում ակնաբույժ չկա, խնդրել էր թույլ տալ ակնաբուժությամբ պարապելու: Կայսրուհին շնորհեց այդ իրավունքը, և նա սկսեց պարապել ակնաբուժության հետ նաև ամեն տեսակի բժշկությամբ: Նստեցրեց ինձ աթոռակի վրա մինչև կես մեջքս մերկ դրությամբ: Լսեց կուրծքս, լանջքս, աջ ու ձախ և ասաց. «Այո, ես էլ եմ կարծում, որ դուք արդեն թոքախտ եք ստացել»: — Ոչինչ,— ասացի,— ես թոքախտի բուժումը գիտեմ, պետք է շատ ուտել, լավ սնվել, բաց օդում քնել և այս միջոցով թոքախտը կբուժվի: Ես այս կարծիքը կազմել էի նախ Կոստանդնուպոլսում մի թոքախտավոր աղջկա սիրահարված ժամանակ: Այս առթիվ ես կարդացել էի զանազան բժշկական գրքեր և սովորել էի, թե «թոքախտը բուժելի է»: Երկրորդ, Էջմիածնում ծանոթացել էի Ստեփան Կանայանի եղբայր Հայկ Կանայանի հետ, որ բժշկության ուսանող էր Ռուսաստանում և թոքախտ ստանալու պատճառով թողել էր ուսումը և վանքում դեղագործ էր: Բուժման համար դիմել էր շատակերության միջոցին։ Աջ ու ձախ ձեռքում մի-մի վարունգ բռնած, առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ուներ), մեկ աջից, մեկ ձախից կրծելով, անընդհատ ուտում էր: Կերակրի խտրություն չգիտեր և այս միջոցով բուժեց իր թոքախտը, մի թոքը չորացավ և մյուս թոքով ապրեց մինչև 75 տարեկան: Բժիշկ Օհանյանը իմ կարծիքը հաստատեց, և ես գնալով տուն, ուր մենակ էի, ձեռնարկեցի շատակերության: Դռան առաջով անցնում էր մի կաթնավաճառ։ Կանչեցի և մի կուլա կաթ գնելով, հում-հում ամբողջությամբ րոպեապես դատարկեցի և ամանը հետ տվի, 20 կոպեկ վճարելով: Մարդը զարմացավ, երեսս նայեց և ժպտալով հեռացավ: Չգիտեր, թե ես թոքախտ ունեմ և սրանով թոքախտ եմ բուժում: Քիչ հետո անցավ մի գյուղացի, որ թութ էր ծախում: Մի կողով թութ վերցրի, ներս տարի և առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ունեի) ամբողջը կերա: Հևալով պառկեցի և քիչ հետո տեսա, որ սնակուշտս չի ցավում և շունչս չի կտրվում: «Այսպես կհաղթեմ թոքախտին»,— ասացի ես և քնեցի: Մյուս օրը գնացի նշանավոր բժիշկ ծերունի Աթաբեկյանին, որ երիտասարդ բժիշկ Լևոն Աթաբեկյանի հայրը կամ հորեղբայրը պիտի լինի: Ներս մտնելով իր սենյակը, մի ռուբլի դրի սեղանի վրա, հայտնեցի, թե թոքախտ ունեմ: — Ինչի՞ց ես իմանում,— հարցրեց բժիշկը: — Աջ կուշտս ցավում է և շունչս կտրվում է: — Թոքախտը կուշտից չի սկսում, այլ կրծքի վերևից և շունչն էլ չի կտրվում: Մի քիչ քննեց, կուրծքս լսեց և ասաց. — Դու թոքախտ չունես, վեր կաց գնա: Դուրս գնալու միջոցին բժիշկը կանչեց ինձ. — Դու ի՞նչ մարդ ես, ի՞նչ գործ ես անում: — Կոշկակար եմ: — Ոչ, դու կոշկակար չես. կարծեմ ուսուցիչ ես. վերցրու մանեթդ և գնա: (Ուսուցիչներից բժիշկները փող չէին վերցնում. բուժումը ձրի էր նրանց համար): — Ես ուսուցիչ չեմ, ես կոշկակար եմ,— ասացի և փողը թողնելով փախա: Այսպես բուժվեց իմ թոքախտը: ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ Երկու տարի մնացի Շուշում իբրև ուսուցիչ հայերենի՝ թեմական դպրանոցում: Չափազանց գոհ եմ իմ դիրքից, տեղից և պաշտոնակիցներից: Դպրոցի տնօրենն էր այն ժամանակ Բենիկ վարդապետը, որ ինձ հրավիրել էր Էջմիածնում: Պատմեմ այս անձի մասին իմ կրած տպավորությունը: Նա ազնիվ մարդ էր. ես նրանից ոչ մի անազնիվ բան չեմ տեսել: Իմ կյանքի նոր ուղղությունը նա գծեց: Եթե Էջմիածնում մնացած լինեի, անշուշտ կյանքս չպիտի ստանար այն ընթացքը, որ Շուշում ստացավ: Էջմիածնում ես մի երկրորդական ուսուցիչ էի, անարժեք և արհամարհված. մինչդեռ Շուշում ես պատվավոր ուսուցիչ էի և այն էլ հայոց լեզվի, որ այն ժամանակ համարվում էր ամենահարգի առարկան: Բոլոր ուսուցիչները ինձ հավասար ընկերներ էին: Բենիկ վարդապետը այնքան վստահություն ուներ իմ վրա, որ ոչ մի անգամ իմ դասին ներկա չի եղել: Ինձ քննելու կամ ստուգելու կարիք չէր զգում: Այսպես նաև մյուս ուսուցիչները: Ժողովուրդը ամեն տեղ ինձ կոչում էր «վարժապետ». մի տիտղոս, որ տալիս են ամենից հարգելի անձերին: Այն զզվելի ատելությունը, որ տեսնում էինք Էջմիածնում տաճկահայերի դեմ, բացարձակապես գոյություն չուներ Շուշում և թերևս հակառակն էլ էր: Տաճկահայերին սիրում էին՝ իբրև ավելի ուսումնասեր և ազգասեր հայերի: Մի միջանկյալ դեպք պատմեմ: Մի օր մի մեծ խմբով ընդհանուր հացկերույթի էինք գնացել Բեխամեբյուրի աղբյուրը: Հացկերույթի ժամանակ իմ կենացն էլ առաջարկեցին: Ես բաժակ վերցրի և շնորհակալություն հայտնեցի այն հարգանքի համար, որ վայելում էի թե՛ ուսուցչական կազմի, թե՛ դրսի մարդկանց և թե՛ հասարակ ժողովրդի կողմից: Գուցե անմտությամբ ակնարկեցի նաև, թե Երևանում վատ վերաբերմունք կար դեպի տաճկահայերը, իսկ ես Շուշում ոչ մի նման երևույթ չեմ նկատում: Այս խոսքիս վրա տիրեց ընդհանուր դժգոհություն: Վիրավորվեցին, երբ նկատեցին իմ խոսքի մեջ, թե կարող է այդպիսի բան լինել: Ահա թե ինչքան մեծ տարբերություն կար Երևանի և Շուշու միջև: Բենիկ վարդապետը հայտնի եղավ Կովկասում իբրև նշանավոր ճարտասան քարոզիչ: Ահա թե ինչպես էր ձեռք բերել այս արժանիքը, ինչպես ինձ պատմեցին ուսուցիչ ընկերներս: Բենիկ վարդապետը նախապես շատ անշնորհք քարոզիչ էր: Խոսում էր կմկմալով: Մտածել է հետևյալ միջոցը: Գրել է մի բավական ընդարձակ քարող, ուղղել, սրբագրել, ընդարձակել և մի լավ ձևի վերածելուց հետո, անգիր է արել: Կիրակի օրը գնացել է. եկեղեցի և այդ անգիր արած քարոզը խոսել: Բնականաբար շատ հաջող է անցել: Վերադարձել է տուն և մի երկու ուրիշ նման քարոզներ էլ է շարադրել և ապա անգիր արել: Դրանք էլ զանազան օրեր եկեղեցում խոսելով՝ լավ արդյունք է ձեռք բերել: Այսպես մի խումբ քարոզներ գրելուց և անգիր անելուց հետո ստեղծել է իր համար մի լայն շրջանակ: Ուզած օրը, ուզած տոնի առթիվ բերան արած քարոզներից մեջբերումներ անելով, կարող էր այլևս շարունակ նորանոր պերճախոս քարոզներ արտասանել: Այսպես ահա ձեռք բերավ Բենիկ վարդապետը իր պերճախոս քարոզչի համբավը։ Քարոզներից մի քանիսը հետագայում հրատարակեց նա «Քարոզչական թոթովանքներ» խորագրով: Դրսում չգիտեմ, թե ինչ անցուդարձ կար նրա մասին: Կարծեմ հուզումնալի դրություն էր ստեղծված, որի պատճառով նա թողեց տեսչական պաշտոնը և նրա տեղ անցավ Զուրաբյանը: Շատ տարիներ հետո Բենիկ վարդապետը դժբախտաբար շեղվեց իր ճանապարհից և «Ազատ Եկեղեցու» հիմնադիր դարձավ: Իր հետ էին միացել Աշոտ եպիսկոպոս Շխյանը և Մելյան քահանան: Այս երեքը ստացան Երևանի Լուսավորիչ եկեղեցին, որ «Ազատ Եկեղեցու» աթոռանիստը դարձավ: Հրապարակում էին նույն անունով մի պարբերական հանդես: Աղմուկը տարածվեց Կովկասի զանազան կողմերում և ժողովրդական տուր ու դմփոցի պատճառ եղավ. նպատակը Հայոց Եկեղեցու ուժը ջնջելն էր, որ սակայն չհաջողվեց: «Ազատ Եկեղեցին» մի քանի տարի հետո իսպառ խափանվեց: Մյուս պաշտոնակիցներիս մեջ հիշատակության արժանի են Գարեգին Խաժակը, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը, Հարություն Մելիքյանը, Համբարձում Աբովյանը, Արշակ Մեհրաբյանը, պատմաբան Միշան և ուրիշներ: Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը Գանձակի գյուղերից էր, մեզ հայտնի քաղաքական գործիչ և գրող, համալսարանի դասախոս Հայկ Գյուլիքևխյանի հայրը: Հին մարդ էր և այնպես հռչակավոր ուսուցիչ, որ «վարժապետ» բառով միայն նրան էին հասկանում: Թեմականի ցածր դասարաններում հայոց լեզու էր ավանդում: Մեծ ուսում ստացած չէր. ինքնուս էր. բայց գործնական կյանքի մեջ մանկավարժական մեծ փորձառություն էր ստացել: Ամենքս հարգում էինք նրան, և նրա խորհուրդները մեզ համար պատգամ էին: Գարեգին վարժապետը արտասանության մեջ մի զարմանալի ձև ուներ. օրինակ՝ հիվանդ բառը չէր արտասանում հիվանդ ձևով, ինչպես բոլորս արտասանում ենք, այլ հիուանդ։ Երբ մի օր հարցրի նրան, թե ինչու այդպես եք հնչում, պատասխանեց, թե մեր գյուղում բոլորը այդպես են հնչում: Ուրեմն տառի հին հնչումն էր, որ դեռ կենդանի էր մնացել նրանց մոտ: Արշակ Մեհրաբյանը Թիֆլիսի Հավլաբար թաղից էր: Ավարտել էր Ներսիսյան դպրոցը և ցածր դասարաններում հայերենի ուսուցիչ էր: Ազնիվ և գործունյա երիտասարդ էր. իր աշխատանքից բոլորը գոհ էին: Մինչև այժմ նա ուսուցիչ է և գործում է Երևանում (1952 թ.): Գիտե նաև լավ վրացերեն. դժբախտաբար ոչ մի գրական գործ չունի: Համբարձում Աբովյանը մեր նշանավոր հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռն էր: Բարձրահասակ, գիրուկ, ծանրաբարո, խոշոր, կարմիր մորուքով մարդ էր: Դասախոսում էր եկեղեցական պատմություն: Վաղամեռիկ եղավ: Սա էլ մի զարմանալի արտասանություն ուներ. խայտաբղետ բառը միշտ հնչում էր խայտաբզետ։ Սկզբում կարծում էի, թե կատակ է անում, երբ ասում էր «խայտաբզետ օրիորդները եկան»: Մի օր հարցրի, թե այդ բառը ինչո՞ւ այդպես եք արտասանում: — Հապա ինչպե՞ս արտասանեմ: — Բառը խայտաբղետ է: — Մի՞թե,— ասաց նա.— ես միշտ այդպես եմ լսել: Եվ որովհետև դեպի ինձ հարգանքով էր վերաբերվում, խոստացավ ուղղել իր հնչումը: Շատ ու շատ տարիներ հետո Մանուկ Աբեղյանին հարցրի այս սխալի պատճառը. պատասխանեց, թե ռուսերենից հայերեն հնագույն բառարանում ռուսերեն пестрый բառի դեմ վրիպակով տպված է եղել խայտաբզետ և այդ ձևը սովորական է դարձել շատերի համար: Հարություն Մելիքյանը Գերմանիա սովորած մասնագետ էր մաթեմատիկայի: Աշխուժության մարմնացում, կանգնած տեղը դողում էր. մաթեմատիկայի դասը դառնում էր դասարանում պերճախոսության մի սքանչելի օրինակ, և որովհետև մաթեմատիկան ասպարեզ չունի, իսկ նա գործունեության չափազանց մեծ եռանդ ուներ, ուստի դրսում մտել էր ազգային գործերի լայն ասպարեզի մեջ: Այդ սքանչելի երիտասարդը դժբախտաբար վաղամեռիկ եղավ՝ գիշեր ժամանակ պատշգամբից ցած ընկնելով: Պատմաբան Միշան (դժբախտաբար ազգանունը մոռացել եմ) սքանչելի բնավորությամբ, չափազանց ընկերական երիտասարդ էր: Նվիրված էր պատմության, որը չափազանց սիրում էր: Ինքս էլ մի քիչ պատմաբան լինելով, իրար հետ դարձել էինք ամենամտերիմ խոսակից ընկերներ: Շուշուց բաժանվելուց հետո նրանից ոչ մի տեղեկություն չունեի: Երևանում 1920-ական թվականներին լսեցի, որ Խարկովումն է և այնտեղ նշանավոր կուսակցական գործիչ է: Առանձին պետք է խոսեմ Գարեգին Խաժակի մասին, որ մեր խմբի մեջ շատ նշանավոր դեր ուներ: Նա պատմաբան էր և սովորել էր իր ուսումը Գերմանիայում: Ալեքսանդրապոլցի էր և իր խոսակցության մեջ հաճախ գործածում էր արևմտահայ գրական լեզուն: Հաճախ խոսում էինք իրար հետ և շատ հաճախ վեճ էինք ունենում որևէ հարցի շուրջը: Նա միշտ հակառակվում էր և պնդում իր ասածի վրա: Մի փոքրիկ դեպք պատմեմ: Մի անգամ մի ընկերական հավաքույթի մեջ խոսք եղավ ասորիների և ասորեստանցիների մասին: Խաժակը ապլոմբով հայտարարեց, թե այդ 2 ազգերը միևնույն են: Դա մի մեծ ժողովուրդ էր, որ Միջերկրականից սկսած տիրում էր մինչև Պարսկաստան: Ես ասացի, թե «Խաժակ, սխալ ես ասում, Ասորիք և Ասորեստան տարբեր երկրներ են: Նրանք առանձին ազգեր են, տարբեր լեզուներ ունեն»: — Ոչ,— գոռաց Խաժակը,— սխալ ես ասում: Խաժակը պատմության ուսուցիչ լինելով այսպիսի սխալ չպիտի գործեր: Հաջորդ օրը ես մի նամակ գրեցի Հյուբշմանին այս առթիվ և խնդրեցի իր գրավոր կարծիքը: Մի քանի օրից ստացա գերմաներեն լեզվով գրած 4 երեսանոց մի նամակ, որ սքանչելի պարզությամբ պատասխանում էր հարցին: Նամակը վերցրի և մի ուրիշ օր մեր հաջորդ հավաքման մեջ, բոլորի ներկայությամբ կարդացի: — Տեսա՞ր, դա ճիշտ իմ ասածն է ասում, դու ճիշտ հակառակն էիր պնդում,— ասաց նա ինձ: Այսպիսի շրջադարձ, այսպիսի խաբեբա ոստյուն անկարելի էր սպասել: Դիմեցի մյուս ընկերներին և հարցրի, թե այն օրը ով ինչ էր ասում: — Չենք հիշում,— ասացին բոլորը անտարբերությամբ և միջադեպը փակվեց, մեծ վերք գցելով սրտիս մեջ: Հյուբշմանի նամակը այնքան լավն էր, կարծես ինչ-որ հանրագիտարանի միջից պոկված մի թերթ, որ ես ամբողջովին թարգմանելով՝ հրատարակեցի իմ «Պատմութիւն Եղիա քահանայի» աշխատության առաջաբանում: Մոտավորապես նման մի դեպք ունեցա Խաժակի հետ Շնիկ աստղի երևալու ժամանակի մասին։ Շուշու Թոփխանայից մի գիշեր միասին անցնելիս մեր դեմը երևաց բարձրում Շնիկ աստղը, ցույց տվի Խաժակին և խոսեցի նրա ծագման և անկման ժամանակի մասին: — Ոչ,— հակառակվեց նա ինձ,— սխալ ես ասում: Երբ եկավ փետրվար ամիսը և նորից էինք անցնում Թոփխանայով և Շնիկ աստղը ցույց տալով, իմ ասածը ուզեցի հաստատել, ճիշտ նախորդ ձևով ասաց. — Տեսնո՞ւմ ես, իմ ասածը դուրս եկավ, դու հակառակն էիր ասում: Խաժակի մասին լսել եմ նաև հետևյալ միջադեպը. Մի ժողովի ժամանակ վեճ է ունենում ներկաներից մեկի հետ և ասում է նրան. — Դուք կարդացե՞լ եք Մարքսի այսինչ գործը: — Իհարկե,— պատասխանում է նա,— կարդացել եմ: — Սուտ ես խոսում,— ասում է Խաժակը,— դու չես կարդացել այդ գիրքը, որովհետև Մարքսը այդպիսի գիրք չէ գրած: Խաժակի մահը աղետալի եղավ: 1915 թվականին տաճիկները մի գիշերվա մեջ 500 ազգային գործիչ աքսորեցին և կոտորեցին: Նա նրանց մեջ էր: Դպրանոցի ուսուցիչներից էր նաև Ավետիս Տեր-Հարությունյանը, որ Ղարաբաղի Թաղոտ գյուղից էր: Էջմիածնում ուսանող ժամանակ օգնել էր ինձ Ղարաբաղի բարբառի քննությունս գրելու ժամանակ: Շուշում շատ ավելի մտերմացանք իրար հետ և միասին կազմեցինք Պետրոս Դուրյանի տաղերի ժողովածուն: Առաջաբանը գրեց նա, կենսագրությունը գրեցի ես, տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի Դուրյանի դժվար հասկանալի բառերը: Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում: Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ: Շաբաթ երեկո էր: Ավետիսը ստացավ իր 100 օրինակը: Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ գիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա: Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը: Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը: Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը: Այսպիսով ամբողջ գիրքը անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում: Ես էլ չունեմ: Թեմականի ուսուցիչներից հիշենք նաև Փիրջանյան (շուշեցի), Հայկ Հովակիմյան (երևանցի, կոչված Փոքր Հայկ), Հայկ Հովակիմյան (ագուլեցի, կոչված Մեծ Հայկ), բոլորն էլ լավ ընկերներ, որոնց կյանքի հետագա ընթացքը չգիտեմ: ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ԹԵՄԱԿԱՆՈՒՄ Բենիկ վարդապետը հայտնեց, թե ուսումնական տարին նոր սկսելու ժամանակ, սովորություն կա, որ ուսուցիչներից մեկը հանդիսավոր դասախոսություն կարդա: Առաջարկեց, որ այդ դերը ես վերցնեի, որպեսզի ժողովուրդը ճանաչեր ինձ: Ես Այդ ժամանակ զանազան հոդվածներ էի կարդում հայ զինվորների հասակի չափման մասին: Գրում էին, թե հայ զինվորները հասակի կողմից երկու որոշ կարգի են բաժանվում: Ոմանք միջակ կամ միջակից ցածր հասակ ունեն, ոմանք էլ միջակից բավական բարձր: Այդ թվերը սանտիմետրով չափած՝ հրատարակված էին: Այս ազգագրական տեղեկությունը վերցնելով, ենթադրեցի, թե դա արդյունք է այն բանի, որ հայոց մեջ կա 2 ցեղ. մի ցեղը հնդեվրոպացիք են, երկրորդը՝ խալդիները: Արդարև հայ ազգը ձևացած է գլխավորապես այս 2 ցեղերի գումարից: Հնդեվրոպացիների հասակը հայտնի է մեզ. Հյուսիսային Եվրոպայի հնդեվրոպացիք բարձրահասակ են, ինչպես՝ ռուսները, գերմանացիք, անգլիացիք և այլն, իսկ Հարավային Եվրոպայի հնդեվրոպացիք միջհասակ են, ինչպես՝ հույները, իտալացիք, իսպանացիք և այլն: Ուրեմն հայոց մեջ միջահասակ ցեղը ներկայացնում է Հարավային Եվրոպայի հնդեվրոպացի ցեղը: Խալդիները բարձրահասակ էին, ինչպես երևում է ասորեստանյան արձանագրությանց մեջ դրված նկարներից: Այսօր էլ վանեցիք, որ գերազանցապես ներկայացնում են խալդի ցեղը, վիթխարի, բարձրահասակ մարդիկ են: Երբ ես ասացի, թե բարձրահասակ հայերը խալդի են, բոլորի աչքերը սևեռվեցին Խաժակի վրա, որ մեր ուսուցիչների մեջ ամենից բարձրահասակն էր, այնուհետև նրա անունը դրին խալդի: Խաժակը դժգոհ էր այս եզրակացությունից: Մի ուրիշ ելույթ էլ ունեցա Շուշում: Զվարճալի է դրա պատմությունը: Ուշ գիշերին, երբ պառկած էի, մի երիտասարդ բերավ ինձ մի նամակ, որի մեջ Սերմնացանի դուստրը՝ Հռիփսիմեն գրում էր. «Եթե ինձ հարգում եք, այս րոպեիս եկեք թատրոն»: Սերմնացանը Շուշվա ազատականներից մեկն էր. ուներ երկու աղջիկ՝ Հռիփսիմե և Գայանե՝ առաջինը երկրորդից գեղեցիկ, ինչպես Ագաթանգեղոսի մեջ: Ուներ նաև մի որդի, սիրուն պատանի, որ սակայն կուզ էր: Կուզին տարին Եվրոպա և բժշկական միջոցներով կուզը ուղղելով, բերին Շուշի: Սերմնացանը երբեմն գրում էր «Մշակ» թերթի մեջ և խոսում ու քննադատում էր Շուշվա անցուդարձը: Ընտանիքում, բացի հայերենից և ռուսերենից, խոսում էին ազատ ֆրանսերեն. և այդ էր պատճառը, որ ես էլ ընդունված էի այդ ընտանիքի մեջ և հաճախ այցելություններ էի տալիս: Նամակը կարդացի թե չէ, իսկույն վեր կացա և գնացի Խանդամիրյանի թատրոնը, ուր այդ գիշեր ներկայացում կար: Ներկայացումը բարեգործական նպատակով էր: Օրիորդ Հռիփսիմեն, որ լավ սիրող էր, մասնակցում էր խաղին։ Ինչ-որ վեճ է ծագում իր և դերակատար մի երիտասարդի միջև: Հռիփսիմեն վիրավորված, պահանջում է երիտասարդից ներողություն խնդրել. նա չի խնդրում: Հռիփսիմեն զայրացած պատասխանում է նրան. երիտասարդը օրիորդին նեղը գցելու համար՝ հրաժարվում է խաղից: Այդ պատճառով Հռիփսիմեն կանչում է ինձ: Երբ ես ներկայացա իրեն, նա ինձ մի երես գրություն տվեց, որ երիտասարդի դերն էր, խնդրեց մի քանի անգամ կարդալ և անգիր անել, որպեսզի հասարակության առաջ դերս կատարեի: Չգիտեի, թե ինչ եմ և ինչ եմ ասում: Շորերս փոխեցին, գլխիս մի գլխարկ դրին, առաջս մի գոգնոց կապեցին և ինձ բեմ հրեցին: Հռիփսիմեն հայտնեց ինձ, թե ես այդ տան խոհարարն եմ, վաղուց ապրում եմ այդ տան մեջ և իբրև ծերունի, վստահելի և ուղղամիտ մարդու, բոլորը ինձ հարգում են: Ուստի ես պետք է խոսեմ համարձակ և հեղինակավոր ձայնով: Բայց թե ում հետ պետք է խոսեի և ինչ պատճառով՝ չգիտեի: Ժամանակ չկար երկար բացատրելու: Մտա ներս հանդիսավորապես և բոլոր ժողովրդի ծափահարության տակ, արտասանեցի դերս, չիմանալով, թե ում հետ եմ խոսում: Դերս վերջացավ և դուրս եկա: Հռիփսիմեն էլ եկավ և հայտնեց ինձ չափազանց մեծ շնորհակալություն, ասելով միանգամայն, թե «դերը շատ լավ տարիք»: Այս «դերակատարությունս» երկրորդն էր կյանքիս մեջ. առաջինը տեղի էր ունեցել Էջմիածնում, ուր կատարեցի անխոս մի հիմարի դերը: Հետագայում շատ առիթներ ունեցա մասնակցելու թատերական խաղերին. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը խաղացել եմ 14 անգամ՝ կատարելով Մանուկ աղայի դերը: Դրա համար էլ ծածկանունս դրել եմ «Մանուկ աղա», այդ ծածկանունով հոդվածներ եմ գրել Երևանում Խոճիկի հրատարակած «Կարմիր մոծակ» զավեշտաթերթի մեջ: ԱՎԵՏԻՍ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ ՀԵՏ Գրադարանումն էի: Կարդում էի Շուշում տպված Առակագիրքը, որ կիսովին բարբառով էր: Ես հավաքում էի Ղարաբաղի բառերը. գրքի ետևի շապիկի վրա կարդացի հեղինակի՝ Ավետիս Բահաթրյանի անտիպ գործերի ցուցակը: Դրանց մեջ կար Ղարաբաղի բարբառի բառարանը։ Չափազանց ուրախացա և դիմելով գրադարանապետ Պողոս Զաքարյանին, հարցրի, թե ո՞վ է այս Ավետիս Բահաթրյանը: Տեղից վեր կացավ, սրահի կենտրոնը սեղանի վրա կռացած մի ծերունի ցույց տվեց և ասաց. — Ահա այդ ծերունին է: Վեր կացա, գնացի ծերունու մոտ, հարգանքով բարևեցի և ասացի. — Այս գրքում կարդացի այժմ, թե դուք Ղարաբաղի բարբառի ընդարձակ բառարան եք կազմել. կարելի՞ է տեսնել ձեր գիրքը։ — Կորի գնա՛, լակոտ, եկալ ըս ինձ ձեռք առնելո՞ւ: Գնացի Պողոս Զաքարյանի մոտ և տեսարանը պատմեցի: Նա գնաց սրահ և ծերունուն մոտենալով, խոսեց իմ մասին: Անշուշտ նա հայտնեց, թե ես իր ասած լակոտներից չեմ, ուսուցիչ եմ թեմականում և հետաքրքրվում եմ Ղարաբաղի բարբառով: Ծերունին կանչեց ինձ և ասաց. — Թե որ իդի է, եր կաց քինինք մեր տոնը քեզ շանց տամ: Ծերունին վեր կացավ, թևը մտա և դանդաղ քայլերով առաջնորդեցի մինչև իր տունը, որ գտնվում էր հայոց թաղի ծայրը, ադրբեջանական թաղի սահմանում, Խանդամիրյանի թատրոնի դեմը, աղբյուրից մի քիչ վերև: Հայոց թաղի առաջին տունն էր: Տանը ապրում էր նա մենակ. ոչ ոք չուներ: Տարավ իր սենյակը և բառարանը առաջս դրեց: Դա մի ընդարձակ գործ էր, կազմած, ձախ կողմի վրա բառերը գրած, բայց դրանց դեմը բացատրություն չկար: Այժմ պատմեմ Բահաթրյանի կյանքը: Բահաթրյանը եղել է տորոն մշակող: Ընդարձակ հողեր է մշակել և բերքը Եվրոպա արտահանելով՝ վաճառել: Հարուստ մարդ էր ուրեմն: Մի տարի Շվեյցարիայից, մի պրոֆեսորի կողմից, ստանում է մի նամակ, որով պրոֆեսորը հայտնում է, թե հնարել է ալիզարին կոչված քիմիական նյութը, որով տորոնը ավելորդ է դառնում: Պրոֆեսորը զգուշացնում է տորոն մշակողներին ընդհանրապես, դադարեցնել մշակությունը, ապա թե ոչ բոլորը պիտի սնանկանան: Այդպիսի նամակ ստացել էին նաև ուրիշները: Ուրիշների նման, Բահաթրյանն էլ չլսեց պրոֆեսորի առաջարկը, խաբեբա համարելով նրան. մշակեց տորոնը, որ անվաճառ մնալով, Բահաթրյանը սնանկացավ: Բահաթրյանը երկու որդի ուներ՝ Առաքել և Բահաթուր: Առաջինը հայտնի գրող է. երկրորդը տարիներ հետո գնում է Շվեյցարիա, համալսարան մտնելու նպատակով: Համալսարանում պրոֆեսորներից մեկը, լսելով նրա ազգանունը, մոտենում է նրան և ասում. — Դուք շուշեցի եք. տորոն մշակող Ավետիս Բահաթրյանի որդի՞ն եք. ես նրան զգուշացրել էի, որ տորոն չմշակի. նա չլսեց ինձ, մշակեց և սնանկացավ. այդպե՞ս է: — Այդպես է: — Որովհետև ձեր հոր սնանկացման պատճառը ես եմ եղել, ես վերցնում եմ ձեզ իմ խնամակալության տակ և մինչև ձեր ավարտելը կպահեմ ձեզ: 1923 թվականից հետո, երբ ես Երևան փոխադրվեցի, համալսարանում տեսա սույն Բահաթուր Բահաթրյանին, մաթեմատիկայի դասախոս էր. կարճ հասակով և ուռած մարմնով մի անձ էր: Իրար հետ մտերմացանք: Պատմեցի իր հոր պատմածները և որդին հաստատեց դրանք: Սրտի հիվանդություն ուներ: — Բժիշկների չե՞ք դիմում. ի՞նչ են ասում: — Ասում են, թե ծխելուն և խմելուն վերջ պիտի տաս։ Է՜հ, եթե վերջ չտամ, քանի՞ տարի կապրեմ: — Հազիվ 10 տարի: — Իսկ եթե վերջ տա՞մ: — Այն ժամանակ 12 տարի կապրեք: — Ուրեմն 2 տարի տարբերություն. ավելի լավ է ծխեմ ու խմեմ. այդ 2 տարին ինձ պետք չէ: Բայց 10 տարի չանցած Բահաթրյանը մեռավ: Եվ այսպես՝ Ավետիս ապերը (այդպես էին կոչում նրան) բառարանը դրեց առաջս, որի հորինման պատմությունը հետևյալն է. Խաչատուր Աբովյանը չհավանելով մեր գրական լեզվին և համարելով ժողովրդին անհասկանալի գրաբար, մտածեց Քանաքեռի բարբառը գրական լեզու դարձնել: Այս նպատակով գրեց «Վերք Հայաստանի»-ն, որ սակայն իր մահվանից 10 տարի հետո միայն տպվեց, երբ գրական հայերենը արդեն ընդհանուր տարածված էր: Աբովյանի նման Բահաթրյանն էլ չհավանելով մեր արդի աշխարհաբարին և տեսնելով, որ նա մեր ժողովրդին անհասկանալի է, մտածում է Ղարաբաղի բարբառի վրա հիմնված մի նոր գրական լեզու ստեղծել: Նա դուրս է հանում բառարանից բոլոր այն գրաբար բառերը, որոնք այժմ ժողովրդի մեջ գործածական չեն, հավաքում է միայն գրաբարի այն բառերը, որոնք ժողովրդին հասկանալի են, ավելացնում է դրանց վրա Ղարաբաղի բարբառին հատուկ գավառական բառերը, մի քիչ գրական ձև տալով նրանց, ավելացնում է նաև ժողովրդի մեջ գործածվող թրքական բառերը, և այսպիսով կազմում է այն բառարանը, որ դրեց իմ առաջ։ Ես ասացի, թե ամեն ինչ անցել է. ձեր ծրագիրը չիրագործվեց. գրական լեզուն այժմ ամեն տեղ սովորում են և խոսում: Ձեր աշխատանքից մնում է միայն Ղարաբաղի բառերի ցանկը: Ուստի ես դուրս կգցեմ սովորական հայերեն բառերը և կպահեմ միայն Ղարաբաղի բարբառի բառերը: Մենք համաձայնության եկանք, և որովհետև ծերունին անընդունակ էր աշխատելու, ես հանձն առի արտագրել Ղարաբաղի բառերը, նրանց դեմ ավելացնելով իրենց նշանակությունը, համաձայն հեղինակի բացատրության: Երկար տևեց աշխատանքը, և ես ամիսներ շարունակ գնալով նրա մոտ, շարունակում էի աշխատանքը, մինչև վերջացրի (կարծեմ 6000 բառ էր): Մեծ վեճ ունեցանք թուրքերեն բառերի համար: Միամիտ Բահաթրյանը պնդում էր, թե այդ թուրքերեն բառերը հայերեն են և հայերենից անցել են թուրքերենին: Օրինակ էր բերում թուրքերեն yoran բառը, որ նշանակում է «վերմակ»: Այս բառի հին ձևն է եղել, ըստ նրա կարծիքի, վերարկան «վրան արկանելի». Ղարաբաղում հայերեն վեր բառը արտասանում են yor, որով վերարկան դարձել է yoraran և կրճատվելով՝ yoran: Անկարելի եղավ համոզել նրան: Երբ գիրքը պատրաստ էր, ուզեցի հրատարակության տալ: Դիմեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և առաջարկեցի տպել գիրքը: Սիրով հանձն առին: Բայց հեղինակը գրեց մի առաջաբան, որի մեջ պնդում էր yoryan-ի վրա: Առանց այդ առաջաբանի չէր թույլ տալիս, որ բառարանը տպվի: «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրությունը բնականաբար չհամաձայնվեց և գիրքը չտպվեց: Այնուհետև ձեռագիրը ուղարկեցի Իզմիրլյան մրցանակին (Կոստանդնուպոլիս): Տարիներ հետո լսեցի, որ Բահաթրյանի տանը հանկարծ հրդեհ է պատահել կես գիշերին, ամբողջ տունը այրվել է, և Բահաթրյանը շապկանց հազիվ կարողացել է փախչել: Այրվել են նրա բոլոր գործերը, ինչպես նաև 8 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեջ էր Գրիգոր Տաթևացու ինքնաձեռագիր մի աշխատություն, ինչպես ինքն էր ասում: Ես այդ ութ ձեռագրերի համար դիմել էի Վիեննայի Մխիթարյան միաբանության և առաջարկել էի գնել: Միաբանությունը ընդունեց, բայց գնի կողմից համաձայնության չեկան: Այսպես կորավ Տաթևացու դժբախտ ձեռագիրը, մի քանի ռուբլու պատճառով: Շատ ավելի ուշ, 1934 թվականին, երբ Երուսաղեմից ստացանք 30 հայերեն գավառական բարբառների բառարանի ձեռագրերը լուսանկարված, զարմանքով տեսա նրանց մեջ Բահաթրյանի կազմած Ղարաբաղի բարբառի ձեռագիրը: Ձեռագիրս ճանաչեցի. այժմ նա գտնվում է պետական համալսարանի գրադարանում: Հեղինակը ստացել էր Իզմիրլյան մրցանակը: ԻՄ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Երկու քույրերիս ամուսնությունից հետո, հերթը ինձ էր եկել։ Մայրս այդ առթիվ երբեմն ակնարկություններ էր անում, բայց շատ վախկոտ, որովհետև ես բոլորովին անտարբեր էի այդ մասին: Առանց սիրո ամուսնություն չեմ հասկացել: Մայրս էլ վերջ տվեց իր ակնարկներին: Մի օր ինչ-որ դասախոսություն էր տեղի ունենում: Մենք էլ մի քանի ուսուցիչներով գնացել էինք լսելու: Հանդիսականների առաջին շարքերը բռնել էին մի խումբ օրիորդներ: Երկրորդ շարքը նստել էինք ես և մի քանի ուսուցիչներ: Իմ կողքին նստել էր Արշակ Մեհրաբյանը: Դեռ դասախոսությունը չէր սկսվել: Հանկարծ մի օրիորդ, որ ճիշտ իմ առաջն էր նստել, հետև դարձավ, կարծես թե ինձ նայեց և շուռ եկավ: Այդ մի ակնթարթը ազդեց իմ վրա: Դարձա Արշակին և հարցրի, թե ո՞վ է այս աղջիկը: Պատասխանեց. — Հավանեցի՞ր. շատ լավ աղջիկ է: Իմ լավագույն աշակերտներից մեկն է: — Հայկական դպրոցներ չլինելու պատճառով Շուշվա աղջիկները խմբակներ էին կազմած և մասնավոր ուսուցիչների մոտ հայերեն և հայ գրականություն էին սովորում: Մեհրաբյանը այդպիսի մի խումբ ուներ և այդ աղջիկը նրա աշակերտուհին էր։ Իմ սերերը միշտ այդպես ակնթարթային են եղել. ես սիրահարվեցի: Եվ այնուհետև առիթներ էի փնտրում նրան տեսնելու։ Ամառ էր և ամբողջ շուշեցիք, մանավանդ երիտասարդները, երեկոյին գնում էին բուլվար՝ զբոսնելու: Ես էլ ամեն օր գնում էի պտտելու և պատահելու նրան: Կանոնավորապես միշտ իր քրոջ հետ գալիս էր, նստում նստարանի վրա կամ ման գալիս: Երեկոյան ժամը 8-ին գնում էր տուն: Ես բնականաբար ոչ մի քաջություն չունեի ներկայանալու և ծանոթանալու համար և երբ տեսնում էի նրան, գլուխս կախած, սրտատրոփ անցնում էի: Ոչ մի փորձ չարի ծանոթանալու, այլ միայն տեղեկություններ քաղեցի նրա մասին: Բոլոր ստացած տեղեկություններս դրական էին: Իհարկե սիրահարը կարծում է, թե իր սերը գաղտնի է մնում, բայց ոչ: Շուտով լսում են և հայտնում են սիրուհուն: Մի օր, երբ ես աշխատում էի Բահաթրյանի տանը, հանկարծ հարևան բալկոնում տեսա օրիորդին, որ մազերը թափած, ման էր գալիս: Նրա մազերը այնքան առատ և երկար էին, որ մինչև ոտքը հասնելուց հետո, կես արշին երկարությամբ էլ քարշ էին գալիս հատակի վրա: Գլուխը լվացել էր և ուզում էր բացօթյա չորացնել: Ես իսկույն դիմեցի Ավետիս ապոր և իմ սրտի գաղտնիքը հայտնեցի նրան: Ավետիս ապերը, որ շատ բարի մարդ էր, իսկույն հայտնեց, թե կգնա, նրա հորը կխոսի և նրա ձեռքը կխնդրի: Իբրև հարևաններ, իրար հետ շատ մոտիկ էին. նա իսկույն գնաց, խոսեց և մյուս օրը հայտնեց, թե հայրը համաձայն է երևում, բայց ուզում է տեղեկություններ քաղել: Սկսել էր այդ գործին, անշուշտ ստացած տեղեկությունները դրական պիտի լինեին, որովհետև հարգված ուսուցիչ էի և 90 ռուբլի ամսական ռոճիկ ունեի: Խանգարիչ էր միայն այն հանգամանքը, որ ես դրսեցի էի և կարող էի մի օր Շուշուց հեռանալ, իսկ ինքը՝ հայրը, ուզում էր, որ փեսան միշտ Շուշում մնա: Վերջապես տեսնում են իրենց նախկին մի բարեկամ հադրութեցի Արշակ քահանա Տեր-Ոսկանյանին, նախկին ճեմարանցի էր: Հայրը կարծիք է հարցնում նրան և ասում է, թե աղջկանս ձեռքն է խնդրում, ինչ կասես: — Անմիջապես տուր,— ասում է քահանան,— ոսկի գրիչ ունի. ավելի լավ չես գտնի: Օրիորդի հայրը, որ չափազանց կրոնասեր մարդ էր, լսելով իրենց սիրելի քահանայի այդ խոսքը, համաձայնության է գալիս: Իմ կյանքի պատվանդանի քարերից մեկը այդ քահանան դրեց: Ծանոթացա օրիորդի հոր հետ, որ Բալասան ապեր էր կոչվում, գնացինք բուլվար և նստեցինք նստարանի վրա: Իմ առաջարկը հայտնեցի նրան. հայրը խոստացավ, բայց խնդրեց հետաձգել մի տարի: — Հասկացա,— ասացի ես,— դուք ուզում եք մերժել և խաբում եք ինձ: Այն ժամանակ նա երկարեց ինձ իր արծաթյա կոթով գավազանը և ասաց. — Ահա այս գավազանը, իբրև նշան խոսքիս հաստատության։ Ես մերժեցի գավազանը և խնդրեցի, որ նշանդրեք ունենանք: Համաձայնվեց. օրը նշանակեցինք և որոշեցինք, որ ծնողների հետ նշանը տանեմ: Տուն եկա և մորս ասացի. — Մայրիկ, կիրակի օրը նշան պիտի տանինք, պատրաստվիր։ Չափազանց մեծ եղավ մորս ուրախությունը. նա մի քանի անգամ ակնարկներ անելուց հետո արդեն հուսահատվել էր և ամենևին չէր սպասում, որ ես կամուսնանամ: Նշանի համար առինք մի խումբ ակնեղեն առարկաներ, մի ժամացույց իր շղթայով, մի մանյակ կրծքի (հավատք, հույս, սեր), մի ականակուռ մատանի: Գնացինք նրանց տունը. ես էի, հայրս, մայրս, քույրս և փեսաս: Նշանը հանձնեցինք և բավական ժամանակ խոսակցելուց հետո տուն վերադարձանք: Ես օրիորդի հետ առաջին անգամն էր, որ խոսում էի: Ես խնդրեցի Բալասանից, որ թույլ տա ինձ շաբաթական մի անգամ նրանց տունը գնալու: Որոշեց չորեքշաբթի օրերը: Այսպես շարունակեցինք մի ժամանակ, բայց ես օրիորդին պատահում էի եկեղեցում անխափան շաբաթ երեկո և կիրակի առավոտ: Այսքանը քիչ էր ինձ համար: Ես ծանոթացել էի օրիորդի քեռակնոջ՝ Օլինկայի հետ: Շատ բարի կին էր: Խոստացավ շաբաթվա մեջ մի օր էլ հատկացնել իր տան մեջ այցելության: Այսպիսով ես կարող էի տեսակցել նրա հետ շաբաթական 4 անգամ: Ամբողջ այս շրջանին ես գրում էի շարունակ սիրային բանաստեղծություններ և տալիս էի օրիորդին: Բնականաբար նա հաճույքով կարդում էր: Ինչ կա ավելի քաղցր մի օրիորդի համար, քան կարդալ իրեն նվիրված այսպիսի գովասանական բանաստեղծություններ: Բայց ի՞նչ կա մի երիտասարդի համար ավելի քաղցր, քան իր սիրուհուն մատուցանել իր այսպիսի բանաստեղծությունները: Իմ ոտանավորներից երկուսը ձայնագրեց թեմական դպրանոցի երաժշտության ուսուցիչ Հաբեթ Խաչատրյանը և միասին հաճախ այդ երկու երգերը երգում էինք: Իմ գրած բոլոր բանաստեղծությունները մի փոքրիկ ծոցատետրի մեջ մանրատառ գրերով ամփոփել էի: 160 հատ էր: Բաքվի թալանին այդ տետրակն էլ կորավ, և ես նրանցից մի քանիսը միայն հիշում եմ այժմ: Մի տարի անցավ մեր նշանադրությունից և վերջապես որոշվեց հարսանիքը, որ տեղի ունեցավ 1904 թվականի մայիսի 10-ին: Հորը հայտնեցի, թե ես հարսանիք չունեմ. հարսանիքը կլինի քո տանը. կանչիր ինչքան մարդ, որ ուզում ես: Իմ կողմից կգանք միայն, բացի ինձանից, այլ ևս 6 հոգի՝ հայրս, մայրս, քույրս՝ Հերաիլյան, փեսաս՝ Նիկոլայ Խաչունցը, կնքահայրս՝ Հարություն Մելիքյանը և խաչեղբայրս՝ Ավետիս Տեր-Հարությունյանը (վերջին երկուսը ուսուցիչ): Որքա՞ն ծախս կլինի: Հայրը պատասխանեց, թե ծախսը կլինի 800 ռուբլի, որի կեսը՝ 400 ռուբլի, ես կանխիկ վճարեցի նրան: Հետաքրքիր է այս 400 ռուբլու հարցը: Ես պատրաստ գումար չունեի: Փեսաս միշտ ասում էր, թե «հարսանիքի ծախսը ես պիտի տամ»: Երբ եկավ հարսանիքի օրը, ես դիմեցի նրան և խնդրեցի, որ պարտքով 400 ռուբլի տա։ — Վերցրու այդ թերթը և մի մուրհակ գրիր: Ես թուղթը վերցրի և գրեցի. «Ստացա… փոխարինաբար 400 ռուբլի»: — Դու մուրհակ գրել չես իմանում, այդ ի՞նչ հիմար բան ես և Պատասխանեցի, թե կյանքումս ես մուրհակ գրած չեմ: Այն ժամանակ նա թելադրեց, և ես գրեցի, ինչ որ նա ասաց: Թելադրածի մեջ կար մի անհայտ բառ, որ ես չէի հասկանում: Հարցրի, թե սա ինչ կնշանակի։ Պատասխանեց, թե այդ նշանակում է, որ եթե մինչև մի տարի 400 ռուբլին չվերադարձնեմ, ուշացած ամեն մի օրվա համար պիտի վճարեմ 10 ռուբլի տուգանք: — Սարսափած ես ասացի. — Այդ ի՞նչ սարսափելի գումար է: — Օրենքը այսպես է. չես ուզում մի՛ վերցնի: Ես համաձայնվեցի բոլորովին այլ հույսով: Ես կազմել էի Սուրբ Մեսրոպի և հայերեն գրերի գյուտի պատմությունը, որ Լազարյան ճեմարանի կողմից մրցանակի էր դրված: Մրցանակի գինն էր 1000 ռուբլի։ Երկու հոգի մասնակցեցինք. ես և գերմանացի հայագետ Մարկվարտը: Մարկվարտի գրածը 50 երես էր, որ հետագայում տպվեց «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ, իսկ իմ աշխատանքը 1500 էջ էր: Մրցանակը բաժանեցին երկուսի: 400 ռուբլի տվին Մարկվարտին և 600 ռուբլի ինձ: Այս գումարից 400 ռուբլի իսկույն վճարեցի փեսայիս և մուրհակը պատառոտեցի, առանց այն սարսափելի տուգանքի: Եվ միշտ ասում էի. «Իմ հարսանիքը Սուրբ Մեսրոպը կատարեց»: Հարսանիքից մի քանի օր հետո մայրս ասաց ինձ. — Է՜հ, էրկու քուրերդ պսակեցինք, դուն ալ պսակվեցար, տեր տիրական ունեցար: Մեր հոս կենալը ավելորդ է. հարս ու կեսուր իրարու հետ աղեկ չեն էրթար: Ան բան մը կըսե, ես կնեղանամ, ես բան մը կըսեմ, ան կնեղանա: Դուն ալ մեջտեղը ինչ ընելդ չիտես: Ադօր աղեկը՝ քանի հիմա իրարու հետ շատ սիրով ենք, էլլենք մեր տեղը էրթանք: Այսպես հայրս և մայրս ուզեցին բաժանվել և գնալ Կոստանդնուպոլիս. ես շատ դիմադրեցի, որ մնան, բայց նրանք իրենց ասածը արին և մյուս օրը մեկնեցին Բաթումի՝ Կոստանդնուպոլիս գնալու համար: ՄԵՅԵՆ ՇՈՒՇՈՒՄ Փարիզից և Ստրասբուրգից հետո ես միշտ թղթակցություն ունեցա իմ երկու ուսուցիչների՝ Մեյեի և Հյուբշմանի հետ: Եթե նրանց գրած նամակները պահած լինեի, մի ահագին գիտական հատոր կլիներ: Բայց ես նամակ պահելու սովորություն չունենալով, ջնջել եմ այդ բոլորը: Բնականաբար մեր այդ ամբողջ թղթակցությունը գիտական հարցերի շուրջն էր: Ամեն անգամ, որ մի նոր ստուգաբանություն էի մտածում, դիմում էի նրանց և նրանց կարծիքը հարցնում: Երբ իմ «Թուրքերէնէ փոխառեալ բառեր» աշխատությունը հրատարակեցի և Հյուբշմանին մի օրինակ ուղարկեցի, նա շատ գոհ մնաց և պատասխանեց, թե «Ձեր այդ գիրքը իմ «Armenische Grammatik» աշխատության շարունակությունն եմ համարում»: Զվարճության համար մի օր Էջմիածնից Հյուբշմանին գերմաներեն մի նամակ գրեցի և գերմաներեն լեզուն ծաղրելու համար, 3 երեսանոց նամակը մի պարբերության մեջ վերջացրի, գերմանական երկարաբան ոճով: Չգիտեմ, թե կատակս հասկացա՞վ թե չէ: Դժբախտաբար Հյուբշմանը կարճատև կյանք ունեցավ, և երբ ես նոր էի գնացել Նոր-Նախիջևան, իր մահվան լուրն առի: Հիշում եմ, թե ինչպես հրճվալից էր խոսում Հյուբշմանը, երբ հիշում էր նորվեգացի հայագետ Bugge-ի առաջարկած ստուգաբանությունը հայերեն ալիք բառի մասին, իր 2 իմաստներով (ծովի ալիք ու ծերունու մորուք), ճիշտ ինչպես հունարեն oios, նույն իմաստներով. „Nur ein paar solche armenische Etymologien“,— կրկնում էր շարունակ: Երբ ես մտածեցի հայերեն աղմուկ բառը համեմատել հունարեն oiepos բառի հետ «պատերազմ», երևակայում եմ, թե որքան հրճվանք պիտի զգար նա, երբ տեսներ, թե Bugge-ի oios-ը մի ընկեր էլ ունեցավ: Երբ այս ստուգաբանությունը հայտնեցի Մեյեին, իր նամակով գրում էր ինձ հրճվալից. „Il faut vous applaudir pour cette belle étymologie“, բայց Հյուբշմանը մեռած էր։ Ես դեռ նշանված չէի և ծնողներս էլ Շուշում էին, երբ Մեյեն հայտնեց, թե ամառը ուզում է Շուշի գալ, մնալու համար մի քանի օր մեզ մոտ: Ուրախությամբ ընդունեցի: Մեյեն իջավ մեր տունը. մայրս ամենաընտիր կերակուրներն էր պատրաստում իմ օտարազգի ուսուցչին դուր գալու համար: Մեյեն ճաշակում էր և մորս հայերեն ասում. — Շատ լավ է: Սրանից և «բարև ձեզ» ողջույնից դուրս ոչ մի հայերեն բան չէր խոսում: Մեյեն կազմել էր իր հայերենի քերականությունը և ուզում էր, որ ձեռագիրը միասին կարդայինք նախքան տպագրելը, որպեսզի եթե պատահական սխալներ սպրդած լինեին, ուղղեինք: Այս աշխատությունը կատարեցինք: Ամեն օր բարձրանում էինք քերծը: Ի՜նչ հաճույք էր զգում՝ դիտելով ընդհանուր տեսարանը, մանավանդ, երբ տեսնում էր կանաչների մեջ թաղված կարմիր կտուրները: «Mais c’est très joli»,— բացականչում էր շարունակ: Մի օր գնացինք Կեխաղբյուրի անտառը ման գալու: Այն ժամանակ ես կասկածում էի, թե թոքախտ ունեմ. Մեյեն թոքախտավոր ընտանիքի սերունդ էր և ինքն էլ թոքախտ ուներ: Խորհուրդ տվեց ինձ (իբրև մասնագետ), ձեռնափայտը մեջքի վրա հորիզոնաձև դրած՝ երկու թևերի տակ առնել և այդպես ման գալ մի քանի ժամ այդ անտառում, որի բույրը բուժիչ է հատկապես թոքախտի: Մի երեկո, երբ բուլվարում ման էինք գալիս միասին, թաքուն ցույց տվի նրան նստարանի վրա նստած Արուսյակին, որի հետ ես դեռ ծանոթ չէի և ասացի, թե «Այդ օրիորդը իմ ապագա կինը պիտի լինի»: Դիտեց, հավանեց և գոհ մնաց: Մեյեի գալուստը ուրախությամբ դիտվեց ամբողջ Շուշում: Երբ մենք միասին ման էինք գալիս բուլվարում, բոլորը հետաքրքրությամբ դիտում էին, և որովհետև Մեյեն միշտ կրում էր ճամփորդական փակ սև ակնոց, ասում էին. «Այս կույր մարդը Աճառյանի պրոֆեսորն է»: Ընկերներս մի ցերեկույթ կազմակերպեցին թեմական դպրանոցում Մեյեի պատվին: Հավաքվեցին մի խումբ երիտասարդներ և օրիորդներ և նրա ներկայությամբ պարելով, ցուցադրեցին կովկասյան ամենանուրբ և դժվար պարերը, որոնց այնքան հմուտ են շուշեցիք: Մեյեն շատ հավանեց և ասաց. «Հայկական պարերը եվրոպականներից շատ ավելի աշխույժ են և մանավանդ շատ ավելի լիքն են մանր նրբություններով»: Մեյեն սիրահար էր երաժշտության. Փարիզում ամեն առավոտ մի ժամ դաշնամուր էր ածում. այդ ցերեկույթի միջոցին էլ երկար ժամանակ ածեց դաշնամուրի վրա: Շուշեցիք շատ են սիրում թառ ածել. չկա տուն, որ մի թառ ածող չունենա. նրանց բոլոր նվագած եղանակները սովորություն է պարսկական կոչել, բայց այդ բոլորը հայկական են: Մեյեն լսում էր այդ բոլորը և թեև միօրինակ էր գտնում, բայց՝ շատ նուրբ և երանգավոր: Շուրջ երկու շաբաթ Մեյեն մնաց մեզ մոտ, ապա գնաց Էջմիածին, ձեռագրերի վրա ուսումնասիրություն կատարելու համար: Վերջին անգամն էր, որ տեսա իմ ուսուցչին: ԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԳՐԱՎՈՒՄԸ 1903 թվականին ցարական հրովարտակով հայոց եկեղեցական կալվածները գրավվեցին: Ազգային մարմինները և ամբողջ ժողովուրդը մի մարդու պես դուրս եկան այս հրամանի դեմ: Պահանջեցին հոգևոր իշխանությունից և հատկապես կաթողիկոսից, որ չստորագրեն հրամանին և կալվածները չհանձնեն: Կառավարությունը կարող էր բռնի ուժով գրավել այդ բոլորը՝ իբրև ավազակ: Էջմիածնում ևս կազմակերպվեց դիմադրություն: Մի քանի երիտասարդներ ներկայանում են կաթողիկոսին և առաջարկում են, որ կաթողիկոսը չստորագրի. «Խա՜, ո՞ւր էիք դուք, երբ Հայրիկը երիտասարդ էր, ձի նստած գյուղե-գյուղ ման կուգար և ժողովրդին հեղափոխություն կքարոզեր: Ես ծերացել եմ, և դուք եկել եք ինձի հեղափոխություն կսորվեցնեք: Գացե՛ք, գացե՛ք, Հայրիկը գիտե իր անելիքը, ձեր խրատին պետք չունի»: Երիտասարդները ուրախացած մեկնում են: Երևանում նույնպես կազմակերպվում է ժողովրդական ցույց առաջնորդարանի առաջ։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկու ընկերով վերցնում են առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և գնալով Էջմիածին, ներկայանում են կաթողիկոսին և հանուն ազգի և ժողովրդի, պահանջում են, որ չստորագրի: Կաթողիկոսը խոստանում է: Թղթեր են գալիս նաև Կոստանդնուպոլսի Պատրիարքարանից և պահանջում են չտալ մեր ազգային գումարները կառավարության, որովհետև նրանք ոչ թե պատկանում են միայն ռուսահայոց, այլև մեծագույն մասամբ հնդկահայոց, պարսկահայոց, տաճկահայոց, ամերիկահայոց և այլն: Հասնում է վճռական օրը: Նահանգապետ կոմս Դիզենհաուզենը ներկայանում է կաթողիկոսին և խնդրում է, որ ստորագրի. կաթողիկոսը մերժում է: Կոմսը մի քանի անգամ կրկնում է իր խնդիրքը, բայց կաթողիկոսը պատասխանում է. — Գնա՜, գնա՜ կըսեմ քեզի, կհասկնա՞ս ինչ կնշանակե գնա. իշտե անոր «փաշոլ» կըսեն: Դիզենհաուզենը մեկնում է: Կանչում են Վաղարշապատի հայ դարբիններին, որպեսզի կոտրեն գանձարկղը, որի բանալին կաթողիկոսը չէր հանձնած: Հայ դարբինները հրաժարվում են: Այն ժամանակ կոմսը Երևանից բերել է տալիս ռուս դարբիններ, որոնք տապարներով սկսում են ջարդել գանձարկղը: Գիշեր էր: Կաթողիկոսը վերևի հարկում լսում էր այդ հարվածների ձայնը և չդիմանալով՝ թողնում գնում է Հռիփսիմեի վանքը: Մինչև լույս դարբինները ջարդում են գանձարկղը և վերջապես կոտրում: Բաց են անում և գտնում են, ինչպես ասում են, մի մուրհակ և 5 ռուբլի: Ուրիշներ ասում են, թե մինչև 30 000 ռուբլի եղել է: Այս եղավ ամեն կողմ: Գալիցինը, որ կարծում էր, թե Հայոց Եկեղեցին միլիոններ ունի, ձեռքը գլխին է խփում և ասում է. «Ես հայերին չեմ ճանաչել»: Շուշումն էլ նույնը եղավ: Պաշտոնական անձինք ներկայանում են դպրանոցի տեսուչ Զուրաբյանին և առաջարկում են ստորագրել: Մերոնք նախապես հրամայել էին նրան չստորագրել, բայց վախկոտ Զուրաբյանը, կարծես թե շուշեցի չլիներ, ստորագրում է: Սրա վրա զայրույթը ընդհանուր է դառնում: Ազգային մարմինները տեռոր են նշանակում Զուրաբյանի անձի դեմ: Զուրաբյանը սարսափահար իր տունը կանչեց մեզ՝ ուսուցիչներիս և իր կնոջ (կարսեցի Կատյայի) հետ լալագին աղաչեց դիմել ուր պետք է և, որպեսզի տեռորը չկատարվի, ներեն իրեն ի սեր իր բազմաթիվ փոքրիկ երեխաների: Դիմեցինք ուր պետք էր. զիջեցին և որոշեցին աքսորել Զուրաբյանին. նա վերցրեց իր ամբողջ ընտանիքը և գնաց Նոր-Նախիջևան: Դրսում տեղի ունեցավ ժողովրդական մեծ ցույց. ամբողջ ժողովուրդը մեծ բազմությամբ փողոցները լցվեց, գոռալով-գոչելով, թե «Չենք տա մեր կալվածները»: Միջամտեց ոստիկանությունը և զորքը: Հրացաններ որոտացին. մի քանի կազակ սպանվեց, ոմանք քարկոծվեցին և վերջապես ցույցը վերջացավ: Երբ պաշտոնյաները բաց արին գանձարկղը, մեջը դատարկ գտան: Հոգաբարձությունը, նախապես ամբողջ գումարը վերցնելով, բաժանել էր պաշտոնյաներին. մենք էլ, ուսուցիչներս, մի անգամից ամբողջ տարեկան ռոճիկը ստացանք: Նմանապես խանութպանները, որոնք եկեղեցական կալվածներից խանութ էին վարձել, ամբողջ տարեկան վարձը մի անգամից վճարել էին եկեղեցական իշխանության և համարարական ստացական ստացել: Այնպես որ, երբ ռուս պաշտոնյաները եկան նրանցից ամսավարձ պահանջելու, փողի փոխարեն պարապ ստացականներ տեսան։ Շուշեցոց այս աստիճան զորեղ դիմադրությունը շարժեց ռուս կառավարության զայրույթը: Նրանք փակեցին Շուշվա թեմական դպրատունը, մինչդեռ Երևանի և Տփղիսի թեմական դպրանոցները բաց մնացին։ Տեղի ունեցան ընդհանուր խուզարկություններ տներում: Ագուլեցոց եկեղեցում գտել էին 2 ռումբ, որի համար երկու քահանա աքսորվեցին (նրանցից մեկն էր Տ. Գարեգին քահանա Հովհաննիսյանը՝ հայր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի, Կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանի): Բանտարկվեցին երկու ուսուցիչ՝ Գաբրիել վարժապետ Գյուլիքևխյանը և Փիրջանյանը: Վտանգ էր սպասվում նաև մյուսներին: Թեմականի բարձր դասարանի աշակերտները՝ որոնց ուսումը կիսավարտ մնաց, գնացին Երևան, Ագուլիս և Նոր-Նախիջևան, շարունակելու և ավարտելու համար իրենց ուսումը։ Մի շատ զարմանալի դեպք էլ եմ հիշում: Ռուսաց դպրոցների բարձրագույն դասարանների աշակերտները խմբակներ էին կազմել և սովորում էին հայերեն լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն՝ թեմականի ուսուցիչների ղեկավարությամբ: Հայոց պատմության ուսուցիչը ես էի: Շաբաթական երկու անգամ երկու աշակերտ՝ իբրև պատվիրակ, գալիս էին ինձ մոտ և առաջնորդում ինչ-որ մի տուն: Ամեն անգամ տեղը փոխվում էր: Գնում էի և դահլիճում կանոնավոր աթոռների վրա նստած, գտնում էի ունկնդիր աշակերտներին: Այնպես էին կազմակերպած, որ իբր թե այդ օրը տնեցիք տոնախմբություն ունեին: Թառն ու դափը պատրաստ դրված էին, այս բոլորը արված էր զգուշության համար, որպեսզի, եթե ոստիկանությունը ներս մտներ, դասախոսությունը վերածվեր նվագահանդեսի: Ի զարմանս բոլորի և ի պատիվ շուշեցոց, ոչ մի օր այդպիսի բան չեղավ: Ոստիկանությունը անտեղյակ էր և մնաց անտեղյակ, չգտնվեց ոչ մի դավաճան, որ մեր գաղտնիքը մատներ նրանց: Հանդարտությամբ ես պատմում էի հին հայոց պատմության գլխավոր դեպքերը: Անցա ամբողջ դասընթացը: ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԻՄ ՏԱՆ ՄԵՋ Ինչպես բոլոր ուսուցիչների տներում, նմանապես ինձ մոտ էլ խուզարկություն կատարվեց: Խուզարկության եկավ մի վրացի նաչալնիկ մի կազակով միասին: Պաշտոնյան տեսավ իմ գրադարանը, բազմաթիվ գրքերից բաղկացած, մեծ մասամբ հայերեն և օտար լեզուներով: Ռուսերեն գիրք չունեի, որովհետև դեռ բնավ ռուսերեն չգիտեի: Ամեն գրքի մեջ ցենզուր էր փնտրում և որովհետև չկար, ուստի արգելված էր համարում և ուզում էր խլել: Ես ունեի զանազան լեզուներով ավետարաններ, որովհետև ես միշտ այն կարծիքին եմ եղել, թե որևէ օտար լեզու սովորելու համար լավագույն ձեռնարկը Ավետարանն է: Ուսուցչի պետք չունես: Դնում ես Ավետարանը առաջդ, հայերեն թարգմանությունը դեմդ ես առնում, և քեզ ամեն ինչ հասկանալի է դառնում: Ավետարանը օգտակար է նաև այն պատճառով, որ միևնույն բանը միշտ կրկնվում է. այդպես է Ավետարանի ոճը, և այդ բանը հեշտացնում է ուսումը: Վրացին վերցրեց մի գիրք, հարցրեց. — Սա ի՞նչ է: — Ֆրանսերեն Ավետարան է: Վերցրեց մի ուրիշը. — Սա ի՞նչ է: — Անգլերեն Ավետարան է: Մի երրորդը. — Սա պարսկերեն Ավետարան է: Վերջապես վրացին զարմացած ասաց. — Այս ինչքա՞ն լեզու գիտես. վրացերեն էլ գիտե՞ս: Վերցրի վրացերեն Նոր Կտակարանը և սկսեցի ազատ կարդալ: Վրացին շատ ուրախացավ: Այնուհետև մեր գործը հեշտացել էր: Գրքերի մի մասը ազատվեց Ավետարան անունով. այն գրքերը, որոնք երկսյուն էին, ազատվեցին բառարան անունով, մյուս մասն էլ՝ քերականություն անունով: Բայց վերջապես խուզարկու պաշտոնյան պարտական էր մի բան տանել. դժբախտաբար վերցրեց իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մեջ ավելի դժբախտությամբ դրել էի Սասունի վիճակախաղի մի քանի տոմս, նաև ուրիշ մի քանի գրքեր, որոնք կոզակը պիտի լցներ պարկի (մեշոկի) մեջ և տաներ քննության: Հավաքված գրքերը բաժանել էին երկու մասի. անմեղ գրքեր և կասկածելի գրքեր. ես անուշադիր որևէ րոպե որսալով, ոտքի փոքրիկ հպումներով անմեղ գրքերի թիվը շատացնում էի հետզհետե: Վերջապես մի մասը մնաց, որոնց համար վրացին նստեց սեղանիս առաջ՝ պրոտոկոլ կազմելու: Երբ պրոտոկոլը գրում էր, ես զգուշությամբ հանեցի Պոսոխովի դեմ ստացած հրամանագիրս և սեղանի վրա դրի: Վրացին նկատեց այդ թուղթը, կնիքները տեսավ և հարցրեց. «Սա ի՞նչ թուղթ է»: Ես պատասխանեցի, թե սա ոչինչ բան է, Էջմիածնի փոստատան կառավարիչը իմ թղթերս խլել էր, ես նրանց հետ ընես բողոք գրեցի մինիստրներին. Փարիզում կերակցել էի: Նրանք իմ լավ ծանոթներս են. Պոսոխովին պատժեցին. ոչինչ թուղթ է…: Այսպես ասելով, իբր թե ուզում էի թուղթը խլել ձեռքից: Նա չթողեց, ամբողջը կարդաց և սարսափահար գրքերս թողեց, պարկը վերցրեց և գնաց: ԴԵՊԻ ԹԱՎՐԻԶ Թեմականի փակումից հետո ես այլևս գործ չունեի Շուշում: Նամակով դիմեցի Թավրիզի հայոց Արամյան դպրոցի տնօրեն Աբեթնագով Ալեքսանյանին, առաջարկելու իմ ծառայությունը: Դրական պատասխան ստանալով՝ պատրաստվեցի մեկնել Թավրիզ: Մեծագույն դժվարությունը այն էր, որ ես գրավոր խոստում էի տված աներոջս երբեք չհեռանալ Շուշուց: Ինչպե՞ս կարելի էր համոզել նրան: Երբ Պարսկաստան գնալու որոշումս հայտնեցի կնոջս, նա իսկույն և ուրախությամբ համաձայնվեց: Երկրորդ դիմումը արինք Օլինկային, որ ապրելով կնոջս տատի հետ, նրան էլ համոզեց: Տատը, հադրութեցի, վերին աստիճանի բարի և սիրուն այան էր: Բոլորս էլ կոչում էինք նրան ազի. թե՛ Օլինկան և թե՛ ազին համաձայնվեցին․ ազին ուրախացավ, որ գնում ենք Թավրիզ և ասաց, թե Թավրիզում շատ զմրուխտ քար կա, վերադարձիդ մի քանի հատ կբերես: Սրանք միջնորդ հանդիսացան և համոզեցին զոքանչիս, որ նույնպես հեշտությամբ համաձայնվեց: Դժվարագույնը աներս էր: Ես մի խորամանկ միջոց գտա համոզելու նրան: Որովհետև չափազանց կրոնասեր մարդ էր, ասացի, թե «աղջկանդ ուզում եմ Էջմիածին տանել, կթողնե՞ս»: — Էջմիածին իհարկե կթողնեմ,— պատասխանեց նա,— սուրբ քաղաք է, եթե գնաս, ինձ էլ հետո կկանչե՞ս: Խոստացա և պատրաստվեցի մեկնելու: Կառքը կանգ առավ առավոտուն աներոջս տան առաջ: Բոլորը հավաքվել էին. մենք երկուսս, այր ու կին, նստեցինք կառք, բեռները դասավորեցինք և բոլորից հրաժեշտ առինք: Կնոջս տատը մոտեցավ ինձ և պատվիրեց. «Քշտիդ նստացրու» (այսինքն թե, կնոջդ միշտ կողքիդ նստացրու): Այս զվարճալի պատկերը հիշում էինք հաճախ։ Շուշուց մինչև Եվլախ ճանապարհը 104 վերստ է: Մինչև երեկո պետք էր հասնել գնացքին: Որովհետև զառիվայր էր, կառքը սրընթաց սլանում է նախ դեպի Թուրքական թաղը, ապա դեպի Խանքենդի հայկական գյուղը, որից հետո որպես ուղիղ ճանապարհ մինչև Եվլախ: Կինս առաջին անգամն էր, որ դուրս էր գալիս Շուշուց: Նորահարս և նորասեր, ամեն ինչ նոր և անծանոթ էր իրեն համար. դիտում էր շուրջը հետաքրքրությամբ: Անցանք Քյաթուկ գյուղի տակով, որ իրենց հայրենի գյուղն էր: Վերջապես հասանք ուշ ժամանակ Եվլախ, և մտանք գնացք, որ նույնպես առաջին անգամն էր տեսնում։ Տեղավորվեցինք երկուսս դեմ առ դեմ պատուհանի առաջ: Սփռոցը փռեցինք և սկսեցինք ընթրել: Արդեն մութ էր. ընթրիքը վերջացնելուց հետո սփռոցը հավաքեցի և պատուհանից թափ տվի: «Թըխկ» մի ձայն լսվեց. հայրիկը նվիրել էր ինձ մի լավ գրչահատ և պատառաքաղ: Երկուսն էլ ընկան իմ անուշադրության հետևանքով: Գանձակի կայարանի մոտերքն էր. աներոջ այս հաճելի նվերի կորուստը այսպիսի անտեղի ձևով, այն էլ ճամփորդության սկզբին, ցավալի եղավ: Հասանք Երևան և կառք վարձելով եկանք Էջմիածին, որից բաժանվել էի միայն 2 տարի առաջ։ Ամեն ինչ նույնն էր. միայն Հայրիկապատի (ուխտավորների հյուրանոցը) շենքը վերջացել էր և հյուրընկալ էր նշանակված իմ վաղեմի ծանոթ և սիրելի բարեկամ Եսայի սարկավագը, այժմ դարձած Զավեն վարդապետ: Ղարաբաղցիք իրար շատ են սիրում: Զավեն վարդապետը ղարաբաղցի էր, ուստի աննկարագրելի հյուրասիրությամբ ընդունեց կնոջս, որ իր հայրենակիցն էր և ինձ, որ կես ղարաբաղցի էի դարձել: Հայրիկապատը բարձր և ընդարձակ շենք է, վանքի պարսպից դուրս, ազատ, բաց օդի մեջ: Երկրորդ հարկի ձախ սենյակը, որ ավելի դահլիճ կարելի էր կոչել, մեզ հանձնեց: Երկու մահճակալ մեզ հատկացրեց, մյուսները անտեր էին: Ուխտի ժամանակ չլինելով հյուրեր չկային, ուստի բոլորովին ազատ վայելեցինք հյուրանոցի կյանքը երկար ժամանակ, մինչև Թավրիզից նոր հրավեր ստանայինք: Երկար մնալու պատճառներից մեկը այն էր, որ ես պետք է ստանայի արտասահմանյան անցագիր: Այս կետը երբ մի քիչ դժվարացավ, ինձ վախ պատճառեց, որովհետև ես ապօրինի կերպով ռուսահպատակ էի դարձել: Վախենում էի, որ իմ հին անձնագրի հետքը կգտնվի։ Դժվարությունը AzxapH և ArapyHb ազգանունների տարբերության մեջ էր, բայց ի զարմանս իմ, այդ էլ հարթվեց։ Ժամանակ էր անցել և մոռացել էին: Արտասահմանյան անցագիրս ստացա: Երկրորդ դժվարությունը խոլերան էր: Այդ ժամանակ Թավրիզը իր շրջակայքով վարակված էր խոլերայով: Ամիսներ շարունակ, ամեն օր, հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Մի օր Թավրիզում 1000 հոգի էր մեռել: Այսպիսի վտանգավոր ժամանակ ինչպե՞ս մեկնել Էջմիածնից: Աբեթնագովը իր նամակների մեջ, որ շարունակ ստանում էի, խոսում էր խոլերայի ընթացքի մասին և չէր թույլ տալիս մեկնել: 1000 թիվը գագաթնակետն եղավ խոլերայի, որից հետո, սաստիկ տաք օրեր հաջորդեցին և խոլերան արագությամբ նվազեց: Այն ժամանակ որոշեցինք մեկնել: Բայց այժմ էլ խոլերան անցել էր Արաքսից այս կողմ և Ջուղայի ու Նախիջևանի շրջանը վարակված էր: Չգիտեմ ինչ հանդգնություն էր իմ կողմից, որ ես նորապսակ կնոջս վերցրած, խոլերայի միջով ճանապարհ ընկա: Այն ժամանակ դեռ Երևան–Ջուլֆա երկաթուղին շինված չէր, ուստի վարձեցինք մի թուրքի կառք։ Երկուսով նստեցինք կառքը. ես ունեի harmonie-flute կոչված նվագարանը, որ Կովկասում բոլորովին անսովոր է: Այդ նվագարանը նման է մի փոքրիկ դաշնամուրի. դնում ես ծնկներիդ վրա, ձախ ձեռքով փչում ես հետևում գտնված փուքսը և աջ ձեռքով ստեղնաշարի վրա նվագում ես: Ձայնը շատ դուրեկան է և երկար, ընդհատումներ չունի: Այդ նվագարանը ես նվագում էի Կոստանդնուպոլսում, փոքր ժամանակս: Էջմիածնում եղած ժամանակս մի հայտարարության մեջ կարդալով, որ Հաճընում վաճառում են այդպիսի մի նվագարան, բերել էի տվել: Կինս, որ ձեռարվեստի կողմից մեծ ընդունակություն ուներ, շուտով սովորեց նվագել և այժմ, երբ կառքով գնում էինք, նվագում էր: Թուրք կառապանը շատ հաճույք էր զգում: Ձիերը սկզբում խրտնում էին, բայց շուտով վարժվեցին: Այսպես զվարճությամբ և զվարթությամբ կտրում ենք ամբողջ տարածությունը, ընդարձակ դաշտը Երևանից մինչև Նախիջևան և ապա՝ Ջուլֆա: Երկու կողմերից շարունակ ակունքներ են բխում, ջրեր են կարկաչում, առուներ հոսում: Կինս աղբյուր շատ էր սիրում և հենց որ մի ակունք կամ մի առու էր տեսնում, «ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր» էր կոչում, հաճախ կանգնում էինք և ջրից խմում: Հասանք Խանլուխլար, որ այդ շրջանի կենտրոնական հայ գյուղն էր: Իջանք հայոց դպրոցը գիշերելու: Դպրոցի տեսուչը մի երիտասարդ էր, մռայլ դեմքով, տխուր, բայց բարեսիրտ: Տխրությունը նրանից էր, որ այդ օրը հայերի մեջ խոլերայի երկու դեպք էր պատահել: «Ի՞նչ պետք է անենք,— ասում էր նա,— բժիշկ չունենք, դեղորայք չունենք. հիվանդությունը դեռ նոր է սկսում, բայց անշուշտ պիտի տարածվի. անում եմ ինչ որ հնարավոր է և ինչ որ կարդացել եմ գրքերում: Այդ երկու հիվանդներին ես պետք է խնամեմ»: Մենք մեր գիտցած խորհուրդները տվինք. այն է հում ջուր չխմել, անլվա ձեռքով չճաշել, իրար սովորաբար ձեռք չտալ, ձեռքերը կարբոլյան ջրով լվանալ և այլն: Դրա օրինակը հենց մենք էինք: Ունեինք երկու շիշ ջուր, մեկը կարբոլկայով ջուր, իսկ մյուսը եփած ջուր: Հացը, մի խոշոր բոքոն, առել էինք Երևանից, ուստի վարակված չէր: Ճաշի ժամանակ նախ ձեռքերս լվանում էի կարբոլյան ջրով, չորացնում, ապա հացի միջուկը փորում և այդ էինք ուտում, պանիրով կամ որևէ այլ նյութով, որ գնել էինք Էջմիածնում: Խանլուխլարից անցնելուց հետո գիշերեցինք Նախիջևանում, մի հյուրանոցում, ուր ապրում էինք նույն զգուշությամբ: Մի առավոտ սխալմամբ, փոխանակ մաքուր ջրի շիշը բերանս տանելու, կարբոլյան ջուրը տանում եմ բերանս և մի կում բերանս առնում: Իսկույն զգում եմ հոտը և դուրս թափում: Վախից գնացի մի դեղարան, որի տերը հայ էր. դեպքը պատմեցի. «Քանի որ չեք խմել, վտանգ չկա»,— ասաց դեղագործը և կես գդալ սոդա տալով ինձ, հանգստացրեց: Հասանք Արաքսի ափը: Ահա դիմացս հոսում է այն գետը, որ Հայաստանի նշանաբանն է դարձել, և որ երգում է շարունակ հայ ժողովուրդը ամեն տեղ։ Կանգնած դիտում եմ: Ով գիտե քանի՞-քանի՞ դարեր հոսել է այսպես Արաքսը և հավիտյան պիտի հոսի: Երեկո էր արդեն, երբ հասանք և այդ բոլորը ես դիտում եմ մթնշաղի մեջ: Գիշերեցինք ինչ-որ հյուրանոցում և առավոտը շուտով վեր կացա և գետափը դիմեցի: Լույս աչքով դիտում եմ ալիքները, որ իրար զարնվելով, մեղմիկ խոխոջով հոսում են անընդհատ: Դիմացը Պարսկաստանն է: Գետափին կանգնած են հին ու փչացած մի խումբ նավակներ, որոնցով դիմաց պիտի անցնենք: Վախենալու բան է. հենց մի հայ երիտասարդ իր աշխույժ շարժումների մեջ այս ու այն կողմ վազվզելու միջոցին, ընկավ գետը. բայց առանց իրեն կորցնելու, իսկույն մի նավակի ցռուկից բռնեց և ջրաթաթախ մեջը ցատկեց, իր և բոլորի ծիծաղի տակ: Ես է՞լ եմ ընկնելու քո մեջ, ո՛վ Արաքս, ասում եմ ես, բայց նույնիսկ ես, եթե քո մեջ ընկնեմ, դու ինձ չես խեղդի. քո շատ հեռավոր որդին եմ, որ եկել եմ քեզ մոտ։ Դու կխղճաս ինձ: Ես ու կինս, մեր բեռները վերցրած, վախվխելով, բայց միևնույն ժամանակ ուրիշներից քաջալերվելով, մտանք նավ և առաջ անցանք: Քանի բացվում ենք, գետը այնքան մեծանում է և մոտակա ափը հեռանում: Նավավարը թիավարելով հասավ դիմաց, ափ դուրս եկանք: Պարսկաստանում ենք: Վարձեցինք պարսկական մի կառք և երկուսով գնում ենք: Ճանապարհը հանգիստ է: Կարծեմ երկու օրից պիտի հասցներ մեզ Թավրիզ: Ամբողջ այդ շրջանը վարակված էր խոլերայով, և մենք գնում ենք նույն զգուշավորությամբ: Բարեբախտաբար ոչ մեկի հետ գործ չունենք: Ուտում ենք միայն մեր պաշարը: Հիշում եմ, որ գիշերեցինք ինչ-որ պանդոկում: Մի խումբ մարդիկ քնած են այնտեղ: Մի տեղ էլ մենք ստացանք: Կինս պառկեց և քնեց: Ես կողքին նստած հսկում եմ: Պանդոկապետը քիչ այն կողմ նստել է ճրագի մոտ և հարցնում է, թե ինչու չեմ քնում: Պատասխանեցի, որ ես չեմ քնելու մինչև առավոտ և պահանջեցի, որ ճրագը չհանգցնի: Նավթի փողը պահանջեց, վճարեցի և լույսը վառ մնաց մինչև առավոտ: Առավոտը նորից շարունակեցինք մեր ճանապարհը և երեկոյին հասանք Թավրիզ: Կառքը կանգնեց Աբեթնագով Ալեքսանյանի դռան առաջ. նա մեզ ընդունեց շատ մեծ ուրախությամբ և իր տան հյուրանոցը հատկացրեց մեզ: Աբեթնագով Ալեքսանյանը Էջմիածնի Ճեմարանի հին շրջանավարտներից էր. գիտեր ուրեմն բոլոր հայկական առարկաները և հատկապես հայ լեզուն, իբրև տնօրեն Ղալա թաղի Արամյան դպրոցի մի քանի տարվա փորձառություն ուներ. բարեկիրթ և բարեհոգի մարդ էր. թեև միշտ լուրջ և ծանրախոհ կերպարանք ուներ, բայց հաճախ տեսնում էիր երեսին բարեմիտ ժպիտը: Կինը շատ երիտասարդ, նուրբ և գեղեցիկ, ամուսնու նման բարեհոգի մի կին էր։ Տանը բնակվում էր նաև Աբեթնագովի ծերունի մայրը. մանր-մունր մի քանի երեխաներ էլ ունեին: Աբեթնագովը պատմեց ինձ խոլերայի մասին: Սոսկալի կոտորած է եղել թուրքերի մեջ, որոնք զգուշական միջոցների մասին ոչ գաղափար և ոչ հավատ ունենալով, անխնա զոհ էին գնացել համաճարակին: Թավրիզի 5000 շունչ հայերից միայն 2 հոգի էին մեռել, այն էլ իրենց անխոհեմության պատճառով: Այդ երկուսից մեկը հիմարաբար չհավատալով միկրոբների զորության, մի քանի հատ խաղող վերցնելով, հանդիսավորապես, շատերի ներկայությամբ սկսել է ուտել առանց լվանալու: «Տեսնեմ ի՞նչ է անելու ինձ»,— ասում է նա: Մյուս օրը հիվանդանում և մեռնում է: Մի ուրիշ հայ, չհավատալով կարբոլյան ջրի զորության, մի մեծ որդ վերցնում է և գցում կարբոլյան ջրի մեջ. քիչ հետո տեսնում է, որ որդը սատկեց. այն ժամանակ համոզվում է ջրի զորության և ասում. «Եթե այս խոշոր որդին մեկ րոպեում սատկեցրեց, փոքրիկ միկրոբներին իհարկե կկոտորի»: ԹԱՎՐԻԶՈՒՄ Երկու տարի մնացինք Թավրիզում: Շատ ուրախ և շատ հանգիստ կյանք վարեցինք: Պարսկաստանը շատ առատ երկիր է և չափազանց էժան. երկուսով օրական մի ռուբլի անկարելի էր ծախսել, նույնիսկ շատ ճոխ ապրելով: Վտանգի սպառնալիք, ոստիկանական դժվարություններ, պետական խստություն և նման անհանդուրժելի բաներ բնավ գոյություն չունեին. հայկական կյանքը բոլորովին ազատ էր. այն հայկական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում և Թուրքիայում հալածանքի էին ենթարկված, Պարսկաստանում բոլորովին ազատ էին: Փոստով կարելի էր ստանալ «Դրօշակ» և «Հնչակ» թերթերը և փողոցում ազատ կարդալ: Դպրոցական կյանքը ոչ մի հսկողության չէր ենթարկվում պարսկական կառավարության կողմից: Նույնիսկ դպրոցը պարսիկ կառավարությունից ամսական 50 թուման նպաստ էր ստանում: Թատրոնը ազատ էր. ամեն շաբաթ հասարակական ձրի դասախոսություններ էին տեղի ունենում: Չեմ կարող իհարկե մեր երկու տարվա նկարագիրը հիշել, մանավանդ թե նրանք մեծ կարևորություն ներկայացնող դեպքեր չէին, ուստի կհիշեմ միայն քիչ ու շատ կարևորները: Նախ տանք քաղաքի նկարագիրը: Այն ժամանակ Թավրիզը Պարսկաստանի ամենամեծ և բազմամարդ քաղաքն էր: Նա ուներ 14 կիլոմետր շրջապատ և 300 000 բնակիչ, ինչ որ Թեհրանի կրկինն էր: (Այժմ այս հարաբերությունը փոխված է): Քաղաքի ծայրամասերը բոլորովին գեղջկական են. ընդարձակ պարտեզներ և նրանց մեջ մի տնակ: Երբ պարսից թագավորը այցելել է Թավրիզ և կառքով անցել է այդ ընդարձակ պարտեզների միջից, ասել է. «Ին չի բուզուրգ քենդ էսթ» (այս ինչ մեծ գյուղ է): Հայերը թվով 5000 շունչ են և գրավում են երկու առանձին թաղ՝ Ղալա և Լիլավա: Բուն հին թաղը Ղալան է, որի բնակիչ հայերը իսկական թավրիզեցի են և ունեն իրենց բարբառը. նրանք որոշվում են հ>խ արտասանությամբ, իսկ Լիլավա թաղի հայերը ուշ ժամանակ գաղթել են Ղարադաղից և Մուժամբարից, որ մի հայաբնակ գյուղ է Թավրիզից դեպի հյուսիս: Լիլավացիք էլ խոսում են Ղարադաղի բարբառը, որ Ղարաբաղի բարբառի մի տեսակն է: Ղալա թաղը ունի մի եկեղեցի և մի դպրոց: Նույնը նաև Լիլավա թաղը: Թավրիզի հայերը, կարող եմ ասել, թե ամբողջ հայության մեջ ամենաուսումնասեր, աշխատասեր և բարեկիրթ ժողովուրդ են կազմում: Հակառակ իրենց փոքր թվին, ունեին այն ժամանակ 4 դպրոց, որոնց վրա շուտով ավելացրին 2 թաղերի միջև մի կենտրոնական վարժարան: Չեմ հաշվում հայ բողոքականների դպրոցները: Բոլոր թավրիզեցի հայերը բաժանված էին երկու կուսակցության դաշնակցական և հնչակյան. չկար մի հայ, որ կուսակցական չլիներ: Լիլավան մեծավ մասամբ դաշնակցական էր, իսկ Ղալան՝ մեծ մասամբ հնչակյան: Այնքան ուժեղ էր պայքարը այս երկուսի միջև, որ իրար հետ նույնիսկ խնամություն չէին անում: Պայքարը պատճառ էր դարձել մրցման և երկու կողմերն էլ շարունակ կազմակերպում էին հասարակական դասախոսություններ՝ գիտական և ազգային հարցերի շուրջը: Այսպես նաև թատերական ներկայացումներ: Ամեն մի կողմը ուներ նույնիսկ իր թերթը: Երբ առաջին անգամ սկսեցի դասավանդել, դպրոցի վարչությունը առաջարկեց ինձ մի դասախոսություն կարդալ: Ես հանձն առի սիրով և նյութ վերցրի, ըստ սովորականին, «Հայ ազգի ծագումը հնդեվրոպական հիմքի վրա»: Դասախոսությունը տեղի պիտի ունենար երեկոյին, Ղալա թաղի դպրոցի դահլիճում, որ նաև թատերասրահ էր: Առավոտը ինձ այցելության եկավ Գևորգ Չիլինգիրյանը, որ հնչակյան խմբի ջոջերից էր. նա կարնեցի էր, ուսուցիչ հայ լեզվի: Ծանոթացանք իրար հետ, և նա, մտերմանալով, հարցրեց դասախոսությանս մանրամասնությունները: Ես, իհարկե, կարող էի ասել, թե երեկոյին կգաք կլսեք, բայց այդպես չարի և նյութը պարզեցի ամբողջությամբ նրա առաջ: Ուշադրությամբ լսեց և հետո հարցրեց, թե այս կարծիքի դեմ հակառակորդներ չկա՞ն և ի՞նչ են ասում: Նա հակառակ կարծիքներ էլ լսեց և գոհ սրտով հեռացավ: Երեկոյին, երբ դասախոսությունս վերջացավ և նախագահը, ըստ սովորության, հարցրեց հանդիսականներին հայտնել իրենց կարծիքը և կամ հարցումներ ուղղել, վեր կացավ Չիլինգիրյանը և զայրացած տոնով և հանդիմանական ձևով ասաց. «Պարոն Աճառյանը պետք է իմանա, որ իր այդ ասածները ընդհանուր ընդունված չեն. շատեր ուրիշ կարծիք ունեն»: Եվ սկսեց մի առ մի թվել առավոտյան պատմածներս, որ զարմանալի ճշտությամբ միտքն էր պահել: Ծիծաղելի տեսարան էր: Ես միայն ժպտացի և ոչինչ չպատասխանեցի: Մի քանի ժամանակ հետո դպրոցը, ըստ օրինի, մի ներկայացում պիտի տար. ընտրեցին «Սխալ հաշիվ» պիեսան, որի գլխավոր և բացասական դերը ես վերցրի: Դերս Ալեքսանդրապոլի բարբառով էր: Երբ խաղը վերջացավ, Չիլինգիրյանը բեմ վազեց և խոսքն ինձ ուղղելով ասաց. «Այս ինչ սքանչելի ճշտությամբ կարողացաք արտասանել Կարինի բարբառը. կարծես իսկական ալեքսանդրապոլսեցի լինեիք»: Այդ ժամանակները Թավրիզում աչքի ընկնող դիրք ուներ Ատրպետը, հայտնի գրող և բազմաթիվ վեպերի հեղինակ: Նա ուներ սեփական տպարան, որտեղ տպագրում էր իր վեպերը և ուրիշ գործեր։ Չիլինգիրյանը սկսեց տպել «Ընդհանուր պատմության մի դասագիրք». բնականաբար, սկսեց հին աշխարհից, ինձ մոտ ոճով, և հարցրեց, թե «Ի՞նչ խորհուրդ կտամ»: Ես ամենից առաջ հայտնեցի, որ պետք է մտցնել նաև չինաց և հնդկաց պատմության մասին մի գլուխ: Հայտնեց, թե այդ մասին ոչինչ չգիտե: Ես հանձն առի գրել այդ երկու գլուխները: Դասագրքի մեջ երկու գլուխներն էլ տպվեցին: Հետագայում, որովհետև Չիլինգիրյանը չկարողացավ վճարել Ատրպետին տպարանական ծախսերը, Ատրպետը տպագրությունը չշարունակեց, տպագրված մասերը գրավեց և այրեց: Իմ գրած երկու գլուխները, հնդկաց և չինաց մասին, մնում են ինձ մոտ մինչև այժմ՝ մի օրինակ տպագրված: Չիլինգիրյանին ես տեսա վերջին անգամ Երևանում 1923 թվականից հետո: Ունեցանք մի տեսակցություն, որից հետո մեռավ: Թավրիզում ծանոթացած անձերիցս մեկն եղավ Նիկոլ Սարգսյանը, որ տփղիսեցի էր, Լիլավայի դպրոցի տեսուչ, մասնագետ ֆիզիկայի և քիմիայի: Նա մի օր կարդաց մի դասախոսություն, որի միտքը այն էր, թե այն բոլոր հայերը, որ չեն բնակվում Հայաստանում, հայ չեն: Այս դասախոսությունը, կարդացված ազգասեր թավրիզեցի հայոց առաջ՝ բոլորովին միտք չուներ: Դասախոսությունից հետո ես բարձրացա և հարց տվի. «Ուրեմն տփղիսեցի հայերը հայ չե՞ն, պոլսահայերը հայ չե՞ն, նոր-նախիջևանցի հայերը հայ չե՞ն, թավրիզեցիներն էլ հայ չե՞ն»: Նա հանդգնեց ասելու, թե ո՛չ: «Ուրեմն ի՞նչ են»,— հարցնում եմ ես: «Պատկանում են այն ազգին, որի երկրում բնակվում են»: Ես հարցը կատակի վերածելով ասացի. «Եփրատը Հայաստանի արևմտյան սահմանն է․ Եփրատի աջ ափին կան զանազան հայ գյուղեր, որոնք գիշերը քնում են այդտեղ, իսկ ցերեկը անցնում են դիմաց՝ աշխատանքի։ Ուրեմն այդ մարդիկը ցերեկը հայ են, գիշերը թո՞ւրք: Կան նաև, որոնք օրական տասն անգամ կամրջով գնում գալիս են. ուրեմն այդ մարդիկը օրական տասն անգամ հայ կամ թո՞ւրք են դառնում»: Ես ու Սարգսյանը իրար հետ շատ լավ էինք: Մի անգամ ուզեցինք փորձել աֆիոն ծխել՝ իմանալու համար, թե ի՞նչ համ ունի: Ինչպես հայտնի է, ամբողջ Պարսկաստանը աֆիոն է ծխում և այդ պատճառով մարդիկ թմրած, շշմած ու թույլ են։ Տեղացի մեր ընկերները արգելեցին կատարել այդ փորձը. «որովհետև,— ասացին,— դա այնքան հաճելի բան է, որ երբ մի անգամ փորձեք, է՛լ չեք կարող թողնել»: Սարգսյանին ես տեսա 1923 թվականից հետո Հայաստանում: Նա Թիֆլիսում ուսուցիչ էր. շուտով մեռավ երիտասարդ հասակում: Ղալայի դպրոցում իմ ավանդած առարկաներն էին հայերեն և ֆրանսերեն: Մի օր ուսուցչանոցում ես գանգատվեցի այն մասին, թե ամեն րոպե խոսում են հայոց նոր գրականության մասին, բայց ոչ մի տեղ հայոց նոր գրականության պատմություն չեն անցնում: Բոլորը ձայնակցեցին ինձ և իրավունք տվին և հետո տեսուչ Աբեթնագով Ալեքսանյանը պաշտոնապես պարտադրեց ինձ անցնել հայոց նոր գրականության պատմությունը: Ես իմ վրա վերցրի այդ պարտականությունը և հաջորդ օրվանից սկսեցի դասախոսել այդ առարկան: Առարկան մաս-մաս թելադրում էի աշակերտներին. հետագայում ավելի ընդարձակելով՝ տպագրության հանձնեցի «Պատմություն հայոց նոր գրականության» գրքիս պրակները: Մի ուրիշ անգամ էլ խոսք եղավ ուսուցչանոցում Պարոնյանի մասին: Ես ասացի, որ նա ինձ ուսուցիչ է եղել: «Ի՞նչ առարկայից»,— հարցրին ուսուցիչները: «Հաշվապահությունից. Կոստանդնուպոլսում, բոլոր դպրոցներում, սովորում են հաշվապահություն, որովհետև Կոստանդնուպոլսի Հայ վաճառականները հայերենով են հաշիվ պահում»: «Ուրեմն դուք հաշվապահություն գիտե՞ք»,— հարցրեց Աբեթնագով Ալեքսանյանը,— կարո՞ղ եք ավանդել այդ առարկան»: «Այո»: «Ինչո՞ւ չէիք ասում մինչև հիմա,— գանգատվեց նա.— ամեն տարի մենք դիմում ենք Կովկաս և հաշվապահության ուսուցիչ ենք փնտրում, բայց երբեք չի հաջողվում, որովհետև դասերը քիչ են և բավական չեն ուսուցչի ռոճիկը վճարելու: Եկող տարվանից խնդրում ենք ձեզ, որ դուք դասավանդեք նաև հաշվապահություն, որովհետև մեր հայ վաճառականներն էլ հաշիվները հայերեն են պահում և հայ հաշվապահի պետք ունեն»: Ես ընդունեցի և երկրորդ տարվանից ես դասավանդում էի նաև հաշվապահություն վերջին, ավարտական դասարանում: Այստեղ մի զարմանալի երևույթ նկատեցի: Ավարտական դասարանում մի աշակերտ ունեինք Խալաֆյան ազգանունով. Սալմաստի գյուղերից հարուստ ընտանիքի զավակ էր, վաճառականի որդի: Բարձրահասակ մի տղա էր. այնքան անձնվեր էր դեպի ինձ, որ իմ ամեն մի առաջարկս ամենայն սիրով, ծառայի նման կատարում էր և ինձ ծառայելը իրեն համար մի հաճույք էր: Ես այդ աշակերտին շատ էի սիրում, բայց դժբախտաբար նա շատ անընդունակ էր և ոչինչ չէր սովորում: Երբ հաշվապահություն սկսեցի ավանդել, նա այնքան լավ սովորեց այդ առարկան, այնքան շուտ յուրացրեց, որ եղավ դասարանի առաջինը։ Այն ժամանակ ես այն գաղափարը կազմեցի, թե ամեն աշակերտ ընդունակ է մի բանի, բայց պետք է իմանալ, թե ինչ բանի: Դպրոցի ուսուցիչները մեծ մասամբ Ճեմարանի իմ տաճկահայ աշակերտներից էին. այսպես՝ Վարդան Բաղեշցյան (վանեցի), Արմենակ Բարսեղյան (եվդոկիացի), Գալուստ Իսկենդերյան (վանեցի), Հայրապետ Պանիրյան (վանեցի) և այլն: Սենեքերիմ Տեր-Հակոբյանը (գյումյուշխանեցի), թեև նույնպես իմ աշակերտներից էր և միասին բնակակից էինք Թավրիզում, բայց պաշտոնավարում էր Լիլավայի դպրոցում: ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ Ցարական դավաճանության արդյունքներից մեկն էլ թուրքհայկական ընդհարումները եղան, որ մի տարի ամբողջ Կովկասի հայությունը տակնուվրա արին: Ցարը ուզեց նաև հայ-վրացական ընդհարում ստեղծել, բայց վրացիք մերժեցին և այդպիսի մի հիմար շարժում տեղի չունեցավ: Ցարը աշխատեց նաև Թավրիզում ստեղծել հայ-թուրքական ընդհարում: Այս նպատակով Կովկասից Թավրիզ ուղարկեցին զանազան թուրք գործակալներ, որոնք պիտի գրգռեին ժողովուրդը և նրանց մեջ ընդհարում առաջացնեին: Շահը տեղյակ էր այս մասին և ամեն կողմ խիստ պատվեր ուղարկեց առաջքը առնելու այդպիսի ընդհարման, հայտնի իմանալով, որ այդ շարժման նպատակը ռուսական բանակով Թավրիզը գրավելն էր, իբր թե ի պաշտպանություն հայերի: Նույնիսկ շահը ասել էր, թե «Իմ երկիրը Ռուսաստան չէ, ես հայերի և պարսիկների մեջ այդպիսի ընդհարում չեմ թույլ տա»: Սակայն խմորումը բույն էր դրել թուրք ժողովրդի մեջ Թավրիզում. հայերը գիտեին այդ և ամեն կերպ խուսափում էին: Իսկ եթե հանկարծ, նույնիսկ պարսից պետության կամքին հակառակ մի այդպիսի շարժում տեղի ունենար, ի՞նչ պիտի անեին: Հայերը, ըստ կարելվույն, պատրաստվեցին դիմադրել: Բավական մեծ քանակությամբ ռումբեր պատրաստ պահեցին կռվի օրը գործադրելու համար. ինձ գրել տվին թուրքերեն հայտարարություն այն մասին, թե «Մենք թուրքերի հետ կռիվ չունենք. նրանք մեր եղբայրներն են, իսկ եթե նրանք շեյթանի հորդորով մեր դեմ դուրս կգան, մենք պատրաստ ենք կռվելու: Չոխդան չոխ գիդեր, ազդան ազ (շատից շատ կգնա, քչից քիչ)»: Ռումբի պահեստը մեր տանն էր: Մեր տունը գտնվում էր Ղալայի հայոց եկեղեցու կողքի փողոցում, երկու տուն ցածը հայտնի պատմաբան Առաքել Դավրիժեցու տնից, որ բռնում էր նույն փողոցի անկյունը: Մեր տունը ընտրելու պատճառը այն էր, որ տանը բնակվում էինք ես (ռուսահպատակ), Սենեքերիմ Տեր-Հակոբյանը (տաճկահպատակ), իսկ տանտերն էլ պարսկահպատակ, ուստի մեր տունը խուզարկելու համար 3 պետություն պետք է միանային: Մի շաբաթ երեկո ընդհարումը պատրաստ էր սկսվելու: Եկեղեցուց դուրս գնալու միջոցին, վիթխարի հասակով մի թուրք, փողոցի ծայրին կանգնած միզել սկսեց, ցուցադրական կերպով հայ օրիորդների և տիկինների ներկայությամբ: Հայ երիտասարդները արգելեցին նրան, նա կռիվ սկսեց և չէր ուզում հեռանալ: Ուսուցիչ Հայրապետ Պանիրյանը, որ այնտեղ նույն րոպեին ներկա էր, մտածում է՝ «Ահա րոպեն եկավ»: Իսկույն վազում է Ղալա բեկի մոտ, որ հայոց թաղի թուրք ոստիկանապետն էր: Նա շատ բարի մարդ էր և հայոց մտերիմ: Լսելով դեպքը, Պանիրյանի հետ միասին շտապեց դեպքի տեղը: Հրամայեց թուրքին հեռանալ այդտեղից: Թուրքը դիմադրեց և կռվել սկսեցին: Ոստիկանապետը, տեսնելով, որ վիթխարի թուրքը չի հպատակվում, քանդեց իր մեջքին կապած լայնատարած գոտին, փաթաթեց վիթխարի թուրքի մեջքին, և ուսին գցելով, ինքը, որ ավելի վիթխարի էր, քան այն վիթխարի թուրքը, այսպես շալակած առավ տարավ ընդհանուրի ծիծաղի տակ: Այսպես վերջացավ չսկսված ընդհարումը Թավրիզում: Ռումբերը և հայտարարությունները անտեր մնացին: ԵՍ ՈՒ ԿԻՆՍ Ինչպես ասացի, դպրոցում ես ավանդում էի հայերեն և ֆրանսերեն: Մյուս առարկաները հետո ավելացան: Ամսական ստանում էի 50 թուման: Կինս ավանդում էր ձեռագործ, ռուսերեն և թվաբանություն. ստանում էր 40 թուման: Երկուսով ստանում էինք ուրեմն 90 թուման, որ անում էր 180 ռուբլի ոսկի փող: Պարսկաստանի փողը, Կովկասի հետ համեմատած, անունով նույն, բայց 5 անգամ պակաս է: Այսպես՝ մեկ շահին Կովկասում 5 կոպեկ է, իսկ Պարսկաստանում 1 կոպեկ. աբասին այստեղ 20 կոպեկ է, այնտեղ՝ 4 կոպեկ. թումանը այստեղ 10 ռուբլի է, այնտեղ՝ 2 ռուբլի: Նույնիսկ Թիֆլիսում 10 կոպեկանոցը կոչվում էր բուզալթուն, որ Պարսկաստանում կոչվում էր յուզալթուն և արժեր 2 կոպեկ: Յուզալթուն թուրքական բառ է և նշանակում է «100 ոսկի». երբ մուրացիկը Պարսկաստանում մուրալով ասում է. «Ալլահ աշքընա, բիր յուզալթուն վերին» (Աստծու սիրուն, մի 100 ոսկի տվեք), մեր ծիծաղն էր շարժում: Պարսկաստանում ոսկի դրամ չկա: Թղթադրամն էլ սովորական չէր, ամբողջ դրամական գործողությունները կատարվում էին արծաթ դրամով և հատկապես 2 ղրանանոցով, որ է 40 կոպեկ: Երբ առաջին անգամ պիտի ստանայի ռոճիկս, հաշվապահը կանչեց ինձ՝ գումարը վճարելու: — Ի՞նչ աման եք բերել,— ասաց նա: — Գրպանս կլցնեմ: — Գրպանը փոքր է: Ես թաշկինակս պարզեցի: — Թաշկինակն էլ փոքր է, մեծ աման բերեք: Ես գնացի տուն և ծաղրի համար վերցրի շաքարի տոպրակը և բերի դպրոց: Հաշվապահը տեսավ և ասաց. — Այդ լավ է: Պարսկաստանում գումարները վճարում էին հետևյալ ձևով: Հաշվապահը իր առաջ ունի տախտակե հարթ մի ափսե. գցում է նրա վրա 5 հատ 2 ղրան, որ անում է մի թուման: Ստացողը ձեռքով քաշում է և գցում տոպրակը: Այսպես շարունակ և մեքենայի նման արագ: Ծաղրի համար բերած տոպրակս լրջորեն լցվեց, և ես գրկած տուն տարի: Դրի պատուհանի առաջ: Կեր, որ վերջանա: Պարսկաստանը շատ էժան երկիր էր: Այժմ խոսենք մեր ծառաների մասին, ինչ որ բավական զվարճալի է: Վարձել էինք Վարդան անունով մի ծառա, լիլավացի: Ասում էին, թե սոսկալի գող է. բայց մենք չէինք նկատում: Հաշվի մեջ ճիշտ էր, գնումները արագ էր կատարում, լավ կերակուր եփում: Մի օր տանը չեղած ժամանակ գնացի խոհանոց և տեսա սեղանի վրա կործած մի թաս: Թասը բարձրացրի և տակին տեսա յուղ: Քիչ հետո Վարդանը եկավ և խոհանոց մտնելով, նորից մեկնեց: Ձեռքին ոչինչ չկար: Նորից գնացի խոհանոց, թասը բարձրացրի, յուղը չկար: Դուրս եկա, հետևեցի Վարդանին, մինչ Լիլավա: Խանութից խանութ էր մտնում, բայց ոչինչ չէր առնում: Վերջապես մոտեցա իրեն. — Վարդան, այստեղ ի՞նչ ես անում: Շփոթվեց և կարմրեց. նկատեցի, որ ճակատի 2 կողմից քրտինք է հոսում. գլխարկը բարձրացրի, յուղը այնտեղ էր: Իսկույն արձակեցի: Բռնեցինք մի ուրիշ ծառա, Հակոբ անունով. վանեցի էր և շատախցու նման լայն շալվար էր հագած: — Լավ կերակուր եփել գիտե՞ս,— հարցրինք: — Օհո՜, ես ռուսաց կոնսուլի պովորն եմ եղել. այնպես կերակուրներ եփեմ, որ մատներդ հետն ուտեք: — Բադինջանով դոլմա կարո՞ղ ես եփել: — Օհո՜, այնպես եփեմ, որ մատներդ հետն ուտեք: Որովհետև այսպիսի սքանչելի խոհարար էի գտել, ուստի իմ ընկեր ուսուցիչներին ճաշի հրավիրեցի հետևյալ օրը: Նստել ենք, սպասում ենք ճաշի. ժամանակը անցնում է, և ճաշը չի գալիս: Շատ երկար սպասելուց հետո Հակոբը ներս մտավ, ձեռքին մի խոշոր տափակ պնակ, որի մեջ ջուրը առատորեն ծփում էր, ջրի մեջ լողում էին 4 հատ բադինջան: Դրեց սեղանի վրա: Վերցրի մեկը, փորձեցի կտրել, բայց այնքան հում էր, որ դանակը չէր զորում: Անկարելի եղավ ուտել: Կանչեցինք Հակոբին և առաջարկեցինք վերցնել: — Այս կերակուրը ի՞նչ թերություն ունի,— զարմացած հարցրեց Հակոբը: Պանիր հաց կերանք և Հակոբին ճանապարհ դրինք: Չմոռանամ ասելու, որ Վարդանը եկել էր մեզ մոտ իր իրերը վերցնելու. երբ տեսավ նորակոչ Հակոբին՝ ասաց. — Լավ տեղ ես ընկել, ախմախ մարդիկ են. ոչ փող գիտեն, ոչ հաշիվ: Կեր, խմի, խաբի, գողացիր, սուտ խոսի ինչքան ուզես: Հակոբից հետո վարձեցինք մի երկրորդ Վարդան. սովուղբուլախցի թրքախոս հայ էր: Շատ բարի, ուղղամիտ և կրոնասեր: Ծառայում էր շատ հավատարմությամբ. երբ շուկայից գալիս էր և մի քանի շահի հետ բերում, մենք այդ գումարը իրեն էինք նվիրում. ամեն անգամ ասում էր. — Այս փողը հալա՞լ եք անում, սրտա՞նց եք տալիս, հարամ չէ՞, վերցնե՞մ: Եվ չէր վերցնում, մինչև որ համոզում էինք, թե սրտանց ենք նվիրում իրեն: Բայց Վարդանը շատ սնահավատ էր: Մի երեկո տեսնում ենք՝ Վարդանը չկա. երկար սպասելուց հետո գնում եմ նրա տունը և տեսնում եմ նրան այնտեղ: — Վարդան, ինչո՞ւ չես գալիս: — Ես վախենում եմ, ձեր տանը սատանա կա: — Սատանան որտե՞ղ էր: — Խոհանոցում, ճրագի վրա նստած է: Վերցնում եմ հետս, խոստանալով, որ ես աղոթքով կհեռացնեմ սատանային: Գալիս ենք տուն, մտնում ենք խոհանոց, լուցկին վառում եմ և մոտեցնում ճրագին: Երբ պատրույգը բավական բարձրացրած չէ, բոց չի վերցնում, հանգում է: Պատրույգը բարձրացրի, իբր թե սատանային հեռացրի և ճրագը վառվեց: Վարդանը ուրախացավ և հավատաց, թե ես սատանաները վանելու կարողություն ունեմ: Մի օր ես ու կինս խոսում ենք: Կինս ասաց. — Ա՜յ եղբայր, այդպես չէ: Ես պատասխանեցի. — Ա՜յ քույր, այդպես է: Վարդանը թթվեց, ուզում էր հեռանալ: — Ա՜յ Վարդան, ի՞նչ կա, ի՞նչ եղար: — Նա քեզ ասաց եղբայր, դու նրան ասացիր քույր. այդպես բան կարելի՞ է: Հազիվ կարողացանք համոզել, որ դա կատակ է, և մնաց: * Կինս հիվանդացավ: Բժշկությունը իմ շատ սիրած գիտությունն է եղել: Կոստանդնուպոլսում փորձել էի բժշկականը մտնել, չընդունեցին: Փարիզում միջոց չունեցա: Շուշում ես կարդացի ամբողջ բժշկական կուրսի գրքերը, փոխ վերցնելով բժիշկ Օհանյանից: Կարդացի Trousseau-ի բժշկական հինգ հատորները՝ Pathologie générale, Pathologie interne, Pathologie externe, Thé- rapeutique, Pharmaciologie, Anatomie générale գրքերը: Այս վերջինից անմոռանալի է մնում մտքումս այն կետը, թե մարդու սրբագրությունը և բնության դեմ անկարելի է: Օրինակ էր բերում հրեաների թլպատումը, որ 3500 տարի է գործադրվում է, բայց ոչ մի հրեա թլպատված չի ծնվել: Ես այս օրինակի վրա մի ուրիշ ավելի ընդհանուր օրինակ եմ ավելացրել: Ամբողջ աշխարհում, մարդկության սկզբից մինչև այժմ, ամենավայրենի մարդուց սկսած մինչև ամենամեծ ազնվական կինը երկու ականջը ծակում են, օղ անցկացնելու համար, բայց մինչև այսօր ոչ մի աղջիկ չի ծնվել երկու ականջը ծակած: Այս օրենքը կարելի է փոխադրել նաև լեզվի մեջ: Անհատական կամքը լեզվի մեջ արժեք չունի: Վերջում ձեռք բերեցի նորավարտ բժիշկների համար պատրաստված մի հիանալի ձեռնարկ, ֆրանսերեն լեզվով, որի մեջ հեղինակը խոսում էր մոտ 300 հիվանդության մասին, տալիս էր այդ հիվանդությունների étiologie (պատճառագիտություն), diagnostique (ախտորոշություն) և thérapeutique (բուժագիտություն), այսինքն՝ հիվանդությունների պատճառը, ճանաչումը և բուժումը: Վերջին հատվածը տալիս էր այն բոլոր դեղատոմսերը, որոնք կարևոր են նորավարտ բժշկի համար: Այս գիրքը շարունակ կարդալով և սովորելով, ընկերական շրջանակի մեջ ձրի բժշկություն էի անում: Այժմ, երբ կինս հիվանդացավ, արտաքին նշաններից ենթադրեցի, որ տիֆ է (որովայնային): Բաց արի գրքի համապատասխան գլուխը՝ ստուգելու համար. նշանները հետևյալներն էին՝ գլխացավ, փորի խանգարմունք ջերմով: Բայց ամենակարևոր նշանը հետևյալն էր. երբ հիվանդի ձախ սնակուշտը սեղմես, լսվում է կ՜ռթ մի աղմուկ. այդ աղմուկը լսվում է առաջին երկու երեք օրերում և հետո անհետանում: Ես փորձեցի և աղմուկը լավ լսեցի: Այլևս կասկած չկար: Թավրիզում այն ժամանակ լավագույն բժիշկն էր համարվում մի տիգրանակերտցի հայ, որ սովորել էր Ամերիկայում: Բարձրահասակ մի մարդ էր, որ հետս լավ ծանոթ էր: Հրավիրեցի նրան, քննեց և ասաց, թե անցողական հիվանդություն է: Ես հարցրի նրան, թե տի՞ֆ է, ասաց ոչ: Ես չհավատացի, բժիշկը շարունակեց իր այցելությունները, և երբ հիվանդությունը հետզհետե սաստկացավ, ստիպվեց խոստովանել, որ տիֆ է: Հարցրեց ինձ. «Այն աղմուկը իսկապես լսեցի՞ր». հաստատեցի թե «այո»: Կնոջս հիվանդությունը հետզհետե սաստկացավ: Ջերմությունը հասավ բարձր աստիճանի: Բոլոր մերձավորներս վարակվելու երկյուղից փախան: Ես մենակս խնամում էի նրան: Տիգրանակերտցի բժիշկը ինձ ասաց. «Չվախենաս, միկրոբները Պարսկաստանում շատ տկար են, արևը ոչնչացնում է նրանց: Թավրիզում չեմ տեսել մարդ, որ տիֆից մեռնի: Նույնիսկ սիֆիլիսը այնքան թույլ է մեզ մոտ, որ ոչինչ նշանակություն չունի»: Այս խոսքերը, թեև հուսադրական, բայց բուժիչ չէին: Հիվանդությունն այնքան սաստկացավ, որ իմ բժիշկներից մեկը՝ Անդրանիկ Հակոբյանը, գիշերեց ինձ մոտ, վտանգի րոպեին իբր թե օգնության հասնելու համար: Այս Անդրանիկ Հակոբյանը խարբերդցի էր. Էջմիածնի Ճեմարանում սովորական դեղագործ էր. «Բյուրակն» ամսաթերթում «Կայծոռիկ» ծածկանունով հոդվածներ էր գրում: Մի հոդված էլ միասին ենք գրել «Մանիսացիները իբրև գաղթական խարբերդցի» վերնագրով: Անդրանիկը հնչակյան գործիչ էր եղել, ինչպես ինքն էր ասում և անունը ծածուկ էր պահում, իբր թե այնքան մեծ հեղափոխական գործունեություն էր ցույց տվել, որ տաճիկ կառավարությունը ամեն կողմ փնտրում էր նրան և եթե գտներ, կախաղան պիտի բարձրացներ: Այսքան մեծ կարծիք ուներ իր մասին: Այնուհետև Էջմիածնից գնացել է Լոնդոն և այնտեղ 3 ամսվա մեջ բժշկական վկայական է ստացել: Այս անհավատալի հեքիաթը եզական կդառնա երբ ասեմ, թե նա բողոքական քարոզիչ էր: Անդրանիկը իբրև ընկեր շարունակ այցելում էր հիվանդիս: Ես չափազանց հուսահատված էի: Հազիվ եկել ենք Պարսկաստան, հազիվ կարողացել եմ հոր ձեռքից խլելով հեռացնել Շուշուց և ահա նա մահամերձ հիվանդ է: Ի՞նչ պատասխան պետք է տամ հորը: Հուսահատությունից որոշեցի, որ ես էլ վարակվեմ և հետը մեռնեմ: Խմում էի նույն բաժակից և նույն տեղից: Զգուշական միջոցների չէի դիմում, բայց չվարակվեցի: Վերջապես իմ մեջ ամփոփվելով այդ միտքը դեն գցեցի: Եթե ես վարակվեմ, ո՞վ պիտի բուժի մեզ: Ավելի լավ է ես հետևեմ նրան, աշխատեմ, որ բուժվի, իսկ եթե մեռնի, ես էլ կարող եմ մեռնել ուրիշ միջոցով: Մի ամիս հետո հիվանդը լավացավ. բժիշկ Անդրանիկը իրավունք տվեց ուտելու: «Ի՞նչ տամ ուտելու»,— հարցրի ես: «Խաշած կարտոֆիլ կարող եք տալ»,— ասաց նա: Ես կասկածում էի, գիտեի, որ մինչև մի ամիս պետք չէ ուտելիք տալ: Բայց որոշ չափով հավատացի բժշկին, մի շատ փոքրիկ կտոր կարտոֆիլ տվի, երկրորդ օրը կրկնվեց հիվանդությունը: Բժիշկը եկավ և զարմացավ: «Ի՞նչ ես տվել ուտելու»,— հարցրեց ինձ: «Մի փոքրիկ կտոր կարտոֆիլ, ինչպես ասել էիր»: Շվարեց, կմկմաց, բայց անօգուտ: Երեք շաբաթ ևս տառապեց խեղճ կինս և վերջապես լավացավ: Ազգամիջյան ընդհարումներն սկսվել էին Կովկասում: Երկրից ոչ մի նամակ չունեինք: Այս դրությունը անտանելի էր մանավանդ կնոջս համար, որ կարծում էր, թե ամբողջ ընտանիքը զոհված է: Ճարահատյալ մի խարդախ միջոցի դիմեցի: Իմ լավ աշակերտներից մեկին՝ Տիգրան Բաղդասարյանին, որ այժմ Պարսկաստանում հայտնի ատամնաբույժ է, կանչեցի ինձ մոտ և թելադրեցի հետևյալ սուտ նամակը (մոտավորապես). «Հարգելի պարոն Աճառյան. այսօր մեր հիվանդանոցը եկավ ձեր ազգական Սմբատ Ավանյանը իր կնոջ և ամբողջ ընտանիքի հետ: Մեր հիվանդանոցը այժմ բոլոր բաքվեցի վտանգված հայերի ապաստարանն է: Նա հայտնեց, որ ձեր աները՝ Բալասան ապերը իր ամբողջ ընտանիքով ողջ և առողջ է: Նրանց թաղը վտանգի տակ չէ: Այս նամակը գրեցի և մի վստահելի ադրբեջանցու ձեռքով ձեզ ուղարկեցի, որպեսզի դուք և տիկինը անհոգ լինեք: Բարևներով՝ բժիշկ Քրիստափոր Օհանյան»: Այս նամակը գրեց Տիգրանը և ծրարի մեջ դնելով՝ տարավ: Երկու ժամ հետո բերավ տուն, հանձնեց ինձ և կնոջս, ասելով, թե մի ադրբեջանցի բերել է Բաքվից և հանձնել է մի հայ մարտիկի, ձեզ հասցնելու համար: Կինս բացեց նամակը, կարդաց, ճակատի մռայլը փարատվեց և ուրախությունը փայլեց երեսին: ԻՄ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԹԱՎՐԻԶՈՒՄ Բնականաբար Արմատական բառարանս ճոխացնել չէի կարող Թավրիզում, ուր համապատասխան միջոցներ չկային: Ես ձեռնարկեցի կազմել Թավրիզի ձեռագրաց ցուցակը: Այս գծով իմ առաջին աշխատանքը եղել է Կարնո ձեռագրաց ցուցակը, որ կազմել էի Սանասարյան վարժարանում: Այժմ ավելի փորձված էի: Ղալայի դպրոցի գրադարանը ուներ 51 ձեռագիր, իսկ առաջնորդարանը ուներ 19 ձեռագիր, որոնց վրա ավելացնելով Լիլավայի և մասնավոր անձանց ձեռագրերը, ստացվեց մի հատոր, որ հրատարակեցի Վիեննայում 1910 թվականին: Այս ձեռագրերի մեջ առանձին հիշատակության արժանի են երկուսը: Առաջինն էր «Տաղարան Առաքել Բաղիշեցւոյ», գրված ԺԵ դարից հետո, որ պատկանում էր կառապան Հարություն Աստաֆյանին և նրա որդի Գարեգին Աստաֆյանին: Այս երկուսը տրապիզոնցի էին, ուսումնասեր և ազգասեր մարդիկ: Ձեռագիրը սքանչելի էր. պարունակում էր Առաքել Բաղիշեցու բոլոր գործերը՝ գրված սքանչելի գեղեցկությամբ: Հարություն Աստաֆյանը խնդրեց ինձնից այն բժշկական գիրքը, որ հիշել եմ վերևը (էջ 296), և ես նվիրեցի նրան: Ես էլ արտագրեցի շատ մեծ ուշադրությամբ Բաղիշեցու Տաղարանը և պահեցի ինձ մոտ: Հետագայում Աստաֆյանները գնացին Տրապիզոն, անշուշտ իրենց հետ տանելով ձեռագիրը: Եթե այսպես է, Տրապիզոնի մեծ կոտորածին իրենք էլ և այն ձեռագիրն էլ ոչնչացան: Ես հետո արտագրած ձեռագիրս հանձնեցի Հ. Ներսես Ակինյանին, ուրիշ ձեռագրերի հետ և այժմ գտնվում է Վիեննայի Մխիթարյանց վանքում: Երկրորդ ձեռագիրն է Սմբատ Գ թագավորի անասնաբուժությունը, որի մասին կխոսենք հետո: Երկրորդ աշխատանքս եղավ հայ գաղութների պատմությունը, որ մրցանակի էր դրված Լազարյան Ճեմարանի կողմից, երկու հազար ռուբլի վարձատրությամբ: Պայմանաժամն էր 2 տարի: Ես և իմ բնակակից, նախկին աշակերտ և այժմ ուսուցիչ Սենեքերիմ Տեր-Հակոբյանը միասին ձեռնարկեցինք նույն գործին, բայց յուրաքանչյուրս իրեն համար: Ես սկսեցի հավաքել այն բոլոր տեղեկությունները, որ վերաբերում էին գաղութներին: Կարդացի պատմագիրները, ճամփորդական հուշերը, լրագրական հոդվածներ, ձեռագրական հիշատակարաններ և այլն: Այս բոլորից հավաքելով նյութերը, որոնք շատ բազմաթիվ էին և շատ ցրված, դասավորեցի և ի վերջո մի ամբողջություն կազմեցի: Աշխատում էր նաև Սենեքերիմը: Մենք զգուշանում էինք մեր աշխատության արդյունքը ցույց տալ միմյանց, վախենալով, որ մեկը մյուսից կգողանա: Ես իմ աշխատանքը միշտ փականքի տակ էի պահում: Հետագայում պիտի տեսնենք, որ ես աշխատությունը ներկայացրի և ստացա մրցանակը, իսկ Սենեքերիմը ոչինչ չհրատարակեց: Էջմիածնում արտագրել էի հոյակապ Տաղարանը, որի վրա ավելացան Թավրիզում գտած տաղերս և ամբողջ Գանձարանը, որ արտագրեց կինս: ՄԵԿՆՈՒՄ ԹԱՎՐԻԶԻՑ Մեր Թավրիզ գալու պատճառը Շուշվա թեմականի փակումն էր, որ արդյունք էր ցարական բռնակալության: Սկսվեցին հեղափոխական շարժումները Պետերբուրգում և ամբողջ Ռուսաստանում: Տեղի ունեցավ մի հոյակապ գործադուլ, որ տևեց 6 ամիս: Ցարը ստեղծեց հայ-թուրքական ընդհարումները, որոնք վտանգավոր դարձրին կյանքը Կովկասում մի ամբողջ տարի: Հեղափոխականները ռմբակոծեցին թագավորական պալատը և ցարը զիջելով՝ ստիպվեց շնորհել «ընդհանուր ազատություն»: Ցենզուրան անգամ վերացավ: Մենք էլ պատրաստվեցինք մեկնել Թավրիզից: Այն ժամանակ դեռ երկաթուղին պատրաստ չէր: Ուստի պիտի մեկնեինք կառքով: Թավրիզից մինչև Արաքս ոչ մի վտանգ չկար, ուստի վարձեցինք մի կառք և ճանապարհ ընկանք: Հազիվ հասել էինք Առաքել Պատմագրյանի տան առաջ, որ մեր տնից երկու տուն վերև էր գտնվում, հայոց եկեղեցու նրբանցքի անկյունում, այնտեղ, որտեղ ընդհարման դեպքը պիտի սկսեր, մի երիտասարդ ներկայացավ ինձ և ասաց. «Այստեղ, այս տան մեջ մի լավ ձեռագիր կա»: Կառապանից խնդրեցի զիջել մի քանի րոպե: Մտա դերձակ Շիրմազանի տունը, ուր գտնվում էր այդ ձեռագիրը: Ի՜նչ ձեռագիր. ամբողջ Թավրիզն արժեր ինձ համար: 1295—1298 թվականից մի ձեռագիր էր, որ գրել էր տվել հայոց Սմբատ Գ թագավորը: Արքայական մատենադարանի գրքերից էր, անասնաբուժություն՝ «Բժշկական ձիոյ և առհասարակ գրաստնոյ»: Չէի կարող մի քանի րոպեում, երբ կառապանը սպասում էր, արձանագրել ինչ որ կարևոր էր այդ ձեռագրից: Այնուամենայնիվ ես քաղեցի այնքան նյութ, որ գրավեց «Հանդէս ամսօրեայ»-ի մի տպագրյալ էջը: Կառքը ճանապարհ ընկավ: Ապահով հասանք Արաքս: Անցանք սահմանը: Ներկայացանք մաքսատուն, ուր պետք է մեր իրերը քննեին: Արգելված ոչինչ չունեինք: Քննիչը գրավեց իմ Արմատական բառարանը և հարցրեց, թե սա ի՞նչ է: Ես պատասխանեցի. «Этимологический словарь»: Գիրքը գրավեց և ասաց, թե պիտի ուղարկի Թիֆլիս՝ Ցենզուրին: Ես ցենզուրից չէի վախենում, բայց ի՞նչ երաշխիք ունեի, թե գիրքը ճանապարհին չէր կորչելու: Այս սարսափիս մեջ ներկայացավ գլխավոր քննիչը և հարցրեց. «Սա ի՞նչ գիրք է»: — Этимологический словарь армянского языка,— ասացի ես: — Исторические пустяки,— գոչեց քննիչը և անարգանքով հետ շպրտեց գիրքը դեպի ինձ: Որքան հրճվալից էր ինձ համար այս անարգական գնահատականը: Երկրորդ անգամն էր, որ «Արմատական»-ս փրկվում էր կորստից։ Մենք գնացինք Ջուլֆայում մի ինչ-որ սենյակ, ուր կային նաև մի քանի այլ անձինք. բոլորը հայեր էին և բոլորը տխուր։ Ամենքի սիրտը սարսափով լցված էր և սպասում էին թուրքական հարձակման։ Մենք էլ վտանգի կենտրոնումն էինք: Ո՞վ պիտի փրկեր մեզ: Ներկաներն ասացին, որ պետք է սպասել Սմբուլին: Ո՞վ էր այդ Սմբուլը։ Գյուղի նշանավոր կառավարիչը: Քիչ հետո ներս մտավ։ Նա իմ հին աշակերտներից էր, մշեցի մի երիտասարդ, որ սովորում էր Ճեմարանում: Սիրով բարևեցինք իրար. նրա դեմքն էլ մռայլ էր: Տխրությամբ պատմեց, թե սպասում են ընդհարման, իսկ իրենք միջոց չունեն դիմադրելու: Այս բոլորը մեզ համար շատ վատ վիճակ էր ստեղծում: Արդյոք գնա՞լ մոտակա Հին-Ջուղա հայկական գյուղը, թե՞ ճանապարհ ընկնել: Սմբուլը խորհուրդ տվեց մեկնել և դրա համար խոստացավ տալ 2 ձիավոր քաջ մարտիկ: Մարտիկները զինվեցին ատրճանակներով (հրացան չէր կարելի), առաջ ընկան մեզանից, աջից ու ձախից, ես ու կինս նստեցինք կառք և մեկնեցինք նրանց ետևից: Ձիավոր մարտիկները շարունակ հսկում էին, թե հետևից կամ առաջից թուրքեր չե՞ն գալիս: 40 կիլոմետր այսպես գնացինք, մինչև հասանք Նախիջևանի կայարանը, ուր գնացքը սպասում էր: Ձիավորները իջան ցած և ինձ ու կնոջս տեղավորեցին վագոնում: Ես նախապես Սմբուլին հարցրել էի, թե մարտիկներին ինչքան վճարեմ: «Ամենևին,— ասաց նա,— փողի խոսք չանեք, կվիրավորվեն, նրանք զինվոր են»: Ես ու կինս սեղմեցինք նրանց ձեռքը ջերմագին և կրկին ու կրկին շնորհակալություն հայտնեցինք, իսկ նրանք, ձեռքերը կրծքին դրած, գլուխ տալով, «մեր պարտքն է մեր ուսուցիչներին» ասացին և հեռացան: Գնացքը շարժվեց և հասանք Երևան: ԲԱԹՈՒՄԻՈՒՄ Երբ ծնողներս մեկնեցին Շուշուց Բաթումի գնալու համար, մենք նրանց հետ թղթակցում էինք և այդ թղթակցությունը շարունակեցինք նաև Թավրիզից: Ծնողներս թեև ուզում էին գնալ Կոստանդնուպոլիս, բայց հավանելով Բաթումիում ծովին, ձկան, սրճարաններին, կլիմային և գտնելով Բաթումին իբր մի փոքր թաղ Կոստանդնուպոլսի, որոշել էին մնալ այնտեղ: Մենք էլ գնացինք նրանց տեսության և շատ հավանեցինք Բաթումիին: Արդարև Բաթումիի կլիման, թեև խոնավ և անձրևաշատ, բայց շատ օգտավետ է սրտի համար, մանավանդ ծերունիներին: Հայերի մեծ մասը Տաճկաստանից են գաղթած և խոսում են մեր բարբառով: Այդ բազմազգի ժողովուրդը, որ բնակվում էր Բաթումիում, ռուսական կառավարության շնորհիվ, ազգային վեճերից բոլորովին հեռու, ապրում էր եղբայրական սիրով ու կապով: Իջանք մեր տունը: Հայրս պատմեց, որ Բաթումի հաստատվելու օրից, դուրս էր բերել իր կոշկակարական գործիքները և մի գեղեցիկ կանացի կոշիկ կարելով՝ տարել էր մի վաճառատուն, որի տերն էր արդվինցի Մկրտիչ Սողոյան բարեբարո անձը: Նա դիտում է կոշիկը, հավանում է և ասում. — Սա այստեղի գործ չէ, սա արտասահմանի գործ է, բայց ո՞ւր է ֆաբրիկայի կնիքը: Հայրս պատասխանում է, թե ինքն է կարել: — Այստեղի վարպետները այս տեսակ գործ չեն կարող շինել. դուն որտեղացի՞ ես: — Պոլսեցի: — Այդ ուրիշ բան է, պոլսեցի վարպետը կարող է: Սակարկության են մտնում և պայմանավորվում են, որ հայրս ամեն շաբթու այսքան զույգ կոշիկ կարի և հանձնի վաճառատուն, որոշ գումարով: Այսպես ապրում են մերոնք շատ հանգիստ և շատ ուրախ: Հայրս երկու տարվա մեջ խնայում է 50 ոսկի (500 ռուբլի), որ կապած պահում է մայրս, կորստից վախենալով: Հայրս մի զվարճալի բան պատմեց: Սրճարանում նստած ժամանակ ռոդոսթոցի մի հայ լրագրում կարդում է մի լուր և հորս դառնալով հարցնում է. — Տղուդ անունը ի՞նչ է: — Հրաչյա: — Տես ի՞նչ է գրած լրագրի մեջ: Եվ պատմում է, թե Լազարյան ճեմարանում մրցանակի դրված է եղել «Հայոց գրերի պատմությունը»: Առաջին մրցանակը տարել է Հրաչյա Աճառյանը, որ ստացել է 600 ռուբլի, իսկ երկրորդ մրցանակը տարել է գերմանացի Մարկվարտը, որ ստացել է 400 ռուբլի: Հայրս սնափառությամբ ասել է. — Ես ալ կարծեցի, որ նոր բան մը պիտի ըսես: Ատանկ մրցանակներ ան շատ տարած է: Ադ ալ բա՞ն է, որ ըսիր: Նոր բան գիտե՞ս, ան ըսե: Մայրս էլ պատմեց մի ուրիշ զվարճալի բան: Հայրս մի օր տուն է գալիս և ասում է մորս. — Ընծա, ան 50 օսկին ո՞ւր է: — Ի՞նչ պիտի ընես: — Պետք է, տո՛ւր։ — Նորեն առնես ուրիշի՞ն պիտի տանիս տաս: Ես օսկի չունիմ, որին տվեր ես, անոր գնա: Հայրս բարկանում է, դուրս է գալիս և երեք օր խռով է մնում: Հայրս թեև խստասիրտ էր և բարկացկոտ, բայց մորս խստության առաջ լռում էր: Երեք օրից հետո հայրս ասում է մորս. — Կնիկ, աղեկ ըրիր, որ օսկիները չտվիր. ասոր անոր հարցուցի, ան մարդը ղոլանդըրըջը (դրամաշորթ) մարդ է եղեր: Որովհետև Բաթումին ամառը շատ տաք էր, որոշեցինք մեկնել ամառանոց: Հայրս ընտրեց Մախինջաուրի գյուղը, որ գնացքով Բաթումիից հեռու է 15 րոպե: Ծովի ափին գտնվում է կայարանը, որից կես ժամ բարձր գտնվում է բուն գյուղը, այգիների և պարտեզների մեջ ցրված։ Վարձեցինք աջարացի մի կնոջ տունը: Երկու սենյակից և մի մեծ միջանցքից կազմված մի բնակարան էր, տարեկան 10 ռուբլի վարձով: Շատ ընդարձակ այգի ուներ. դռան առաջ գտնվում էր սառնորակ մի աղբյուր՝ մշտահոս, քաղցրահամ ջրով: Պարտեզից կարող էինք ձրիաբար ուտել ինչ պտուղ որ կամենայինք. իսկ գնելու համար գինն էր օկա ղուրուշ (այսինքն՝ 3 ֆունտը՝ 5 կոպեկ): Սարսափելի էժանություն: Կինը շատ հետամնաց կին էր. մոլեռանդ մահմեդական, բայց շատ բարեբարո և միամիտ: Մի օր մեզ ասում է. «Դահա ուռուս բու երլերի ալմադը» (դեռ ռուսը այստեղերը չի վերցրել): Միամիտ կինը կարծում էր, թե ռուսը, թեև Բաթումի քաղաքը գրավել է, բայց Մախինջաուրին դեռ չի գրաված: Մի օր հարցրինք, թե աղջիկդ ի՞նչ պետք է անես: — Երբ մեծանա, թուրք փաշայի հարս պիտի տամ: (Կարծում էր, թե Բաթումիում դեռ թուրք փաշաներ գոյություն ունեն): Մախինջաուրիից քիչ ցածր, կայարանից վերև, գտնվում էր բելգիական հյուպատոսի այգին: Ի՜նչ հոյակապ այգի: Անցորդները ցանկապատից նայում էին և անցնում: Մի օր դռան առաջ տեսանք պարտիզպանին, որ ռուս էր: Ծանոթացանք, և նա մեզ հրավիրեց այգին: Չեմ կարող ասել, այգի՞ էր թե՞ դրախտ: Ամերիկայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Ավստրալիայի չտեսնված չքնաղ բույսեր և ծաղիկներ այնտեղ կային: Հյուպատոսը ապրում էր քաղաքում և երբեմն միայն այցելում էր իր այգին: Տեսանք Ավստրալիայի մի բույս, որ ագավե էր կոչվում, բռնել էր մի ամբողջ մարգ, մի տերևը մարդու բարձրությամբ: Ծաղիկ չուներ դեռ. պարտիզպանը ասաց, թե նա ծաղկում է 100 տարին մի անգամ և այդ միջոցին մեռնում է: Մեզ թույլ տվեց քաղել ինչքան ծաղիկ որ ուզում ենք. ինքն էլ փունջերով ծաղիկ քաղեց և կնոջս տվեց. կինս չափազանց սիրող էր ծաղկի: Տունը ամբողջ լցրեցինք ծաղիկներով և դեռ կշտանալ չուներ: Թավրիզից հեռանալով ես անգործ էի: Պետք էր պաշտոն գտնել: Ոչ մի ծանոթ չունեի, որ նրան դիմեի: Նորից Էջմիածին գնալ չէի ուզում: Տփղիսի Ներսիսյան դպրոցը դիմել չէի համարձակվում: Հայկաբան Մալխասյանի մոտ ես ի՞նչ արժեք ունեի: Մտատանջ ապրում եմ: Ես թեև ոչ մի ժամանակ անգործ չեմ մնացել, բայց միշտ վախեցել եմ, որ անգործ կմնամ: Մինչև անգամ այժմ (1952 թ. հունիսի 26), երբ գիշերը քնած եմ և հանկարծ մի տեղս բացվելով մրսում եմ, իսկույն երազ եմ տեսնում, թե ես անգործ եմ, ինձ պաշտոնից դուրս են արել և փողոցում թափառում եմ հաց մուրալով: Ահաբեկ արթնանում եմ, շուրջս դիտում, ճանաչում եմ սենյակը և միտս է գալիս, որ Ակադեմիայի անդամ եմ 3500 ռուբլի թոշակով և ինձ պաշտոնից հանող չկա: Հանգստանում եմ և նորից քնում: Պաշտոն ճարելու համար կարդում էի օրաթերթերը և հայտարարությունները նայում: Մի անգամ էլ կարդում եմ մի հայտարարություն, որով Նոր-Բայազետի հայ երկսեռ դպրոցի համար ավագ ուսուցիչ են հրավիրում, ամսական 60 ռուբլի վարձատրությամբ։ Քիչ էր, բայց անգործ մնալու երկյուղը ստիպեց ինձ դիմել հոգաբարձության և առաջարկել իմ թեկնածությունը: Սրա համար այդ օրը գիշերեցի մեր տանը՝ Բաթումիում: Ո՜վ սարսափ. մլուկների (թախտաբիթի) մի մեծ բանակ հարձակում է գործել վրաս: Երկու շաբաթ քաղցած մնալուց հետո մլուկները լավ որս էին ճարել: Ճրագը վառում եմ և կոտորում եմ մլուկներին՝ հաշվելով հազար հատ: Կարծում եմ, թե վերջացավ և նորից եմ քնում՝ նոր հարձակում. վեր եմ կենում և կոտորում եմ երկրորդ հազարյակը: Այնուհետև երրորդ հազարյակը և դրանից հետո հոգնած և քնաթաթախ պառկեցի և քնեցի. թե ի՞նչ եղան մլուկները՝ չգիտեմ: Մլուկների քանակը սարսափելի էր Բաթումիում, որովհետև տները փայտյա են, կլիման շատ հարմար, իսկ դրանց կոտորելու համար միջոցներ չկային այն ժամանակ: Մախինջաուրին շատ հարուստ էր կարիճներով: Շատ էին, բայց փոքրիկ: Ասում էին, թե անվնաս են և նրանց խայթոցը մահացու չէ: Ես լսել էի կարիճների դեմ մի հնարք: Տիգրանակերտում, ուր մի ափի մեծությամբ կարիճներ կան և սաստիկ թունավոր, մարդիկ, որ քնում են կտուրներում, կարիճներից ազատ մնալու համար անկողնի շուրջը ձգում են մի պարան: Կարիճը երբ ուզում է շրջանակից ներս մտնել, փորը քսվում է պարանին, չի սիրում և հետ է դառնում: Այսպիսով մարդիկ ազատ են մնում կարիճից: Նույնը արի և ես Մախինջաուրիում և կարիճի խայթոց չստացանք: Նոր-Բայազետի հոգաբարձությունից համաձայնություն ստացա. երևի ինձնից ավելի հարմար մարդ չէին գտել: Կնոջս հետ մեկնեցի Բաթումիից և Դիլիջանի վրայով գնացինք Նոր-Բայազետ: ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏՈՒՄ 8000 բնակչով փոքր քաղաք էր այն ժամանակ Նոր-Բայազետը: Բնակչությունը ամբողջովին հայ էր, բացի 50 տուն քրդերից, որոնք կռիվների ժամանակ բնաջինջ եղան: Պաշտոնեությունը գավառապետից սկսած մինչև վերջին ցրիչը հայ էին: Սևանա լճից կես ժամ հեռավորությամբ գտնվում է քաղաքը և ունի բազմաթիվ հայ (նաև թուրք) գյուղեր, շրջանը տարածված է մինչև Բասարգեչար (հին անունով Վասակակերտ) հայ գյուղը, որ գտնվում է Սևանա լճի ծայրին: Նրանից այն կողմ գտնվում է Մազրա շրջանը, որից այն կողմ էլ Ղարաբաղն է: Նոր-Բայազետի կլիման ամենից առողջարարն է Արևելյան Հայաստանում: Մալարիա չկա. ձմեռը շատ երկար, բայց մեղմ է: Ամառը տաք չէ բնավ և կարող է ծառայել իբրև ամառանոց: Ցրտի պատճառով միրգ չունի. այն ժամանակ ծառեր էլ չկային: Թեև քաղաք, բայց գյուղական կյանք ուներ: Տների կողքին բարձրանում էին աթարի ամրոցները. ամեն տուն ուներ հոտ կամ նախիր, որ առավոտը գնում էր դաշտ արածելու և երեկոյան վերադառնում էր տուն: Ջուրը սքանչելի է. Երևանի այժմվա ջրի (Ղրխբուլախ=Քառասնակունք) մյուս երեսն է: Կյանքը շատ էժան էր. կաթի լիտրը արժեր 5 կոպեկ, 12 ձուն՝ 5 կոպեկ: Ես օրական ուտում և խմում էի մի շիշ կաթ և 12 ձու, որ անում էր ամսական 3 ռուբլի: Միս չկար. տավարը փոխադրում էին Թիֆլիս և թանկ գնով ծախում: Չափազանց էժան, համարյա ձրի էր իշխան ձուկը։ Դժբախտաբար չէր կարելի նույն օրվա մեջ ձուկ և կաթ ուտել. ուստի մի օր կաթով էինք անցկացնում, մյուս օրը իշխանով: Ձրի էր նաև մածունը: Աշակերտներիս մայրերը ամեն օր մածուն էին բերում ինձ, և երբ փարչին 20 կոպեկ էի տալիս, զարմանում էին, թե «մածնին էլ փող կլինի՞» և չէին վերցնում: Առաջին անգամ ներկայանալով դպրոց, հոգաբարձության, սիրալիր կերպով ընդունեցին ինձ: Իմանալով, որ կինս ձեռագործ գիտե, նրան էլ ուսուցչուհի վերցրին ամսական 50 ռուբլի վճարով: Այսպիսով մեր երկուսի ռոճիկը լինում էր 110 ռուբլի: Վարձեցինք մի լավ բնակարան, որ գտնվում էր հայոց նորակառույց մեծ եկեղեցու ճիշտ դեմը: Այդ բնակարանը պատկանում էր Բուդումյան անուն անձին, որ քաղաքի ամենից ուսյալ անձն էր. ավարտել էր Օդեսայի համալսարանը և իրավաբան էր: Ուներ մի մայր, որ կոչվում էր ամբողջ ժողովրդի մեջ «ազգային մայրիկ»: Պառավ կին էր և այս անունը ստացել էր շնորհիվ այն բանի, որ երկար տարիներ մասնակցել էր ազգային զանազան հիմնարկների խնամակալության և նրանց օգտին եղած հանգանակությունների: Կինս շատ էր սիրում պառավներին և իրար հետ լավ բարեկամացան: Մեր ամենօրյա խոսակիցը այդ Բուդումյանն էր, որ նաև դպրոցի հոգաբարձուներից մեկն էր: Մեր ամենից ավելի մոտիկ բարեկամը եղավ Խաչատուր Բունիաթյանը, որ պատկանում էր ազատականների խմբին: Շուկայում ուներ մի խանութ, ուր չիթ էր ծախում. թեև կիսավարտ, բայց շատ ուսումնասեր մարդ էր: Ինձ շատ սիրեց և շատ հաճախ գնում էինք իրենց տունը: Կինս ձեռագործ էր սովորեցնում նրա աղջկան (Մարիկա), որ հետո ամուսնացավ Ռուբեն Տոնոյանի հետ, որ այժմ Ակադեմիայի գլխավոր աշխատակիցներից մեկն է (և մեծ թարգմանիչ և հրաշալի թարգմանիչ): Կինը՝ Մարիկան, վաղամեռիկ եղավ: Խ. Բունիաթյանը ինձ շատ սիրելու և հարգելու պատճառով, ասում էր, թե եթե զավակս տղա լինի, անունը Հրաչյա պիտի դնեմ, «որպեսզի քեզ նման լեզվագետ լինի»: Ավելի ուշ որդի ունեցավ, անունն էլ Հրաչյա դրավ, բայց նա լեզվագետ չեղավ, այլ քիմիկոս և այժմ մեր Ակադեմիայի նշանավոր անդամներից մեկն է: Խ. Բունիաթյանին ես պատահեցի 20-ական թվականներին Երևանում. ծերացել էր, շատ հաճույքով հիշեցինք անցյալ օրերը, որոնք անդարձ կորան: Մի քանի տարի հետո մեռավ: Բուդումյանի տանը ես մի զարմանալի հիվանդություն ունեցա: Ամբողջ իրանս, մինչև գոտկատեղը, ընկույզի մեծությամբ ուռուցքներ դուրս եկան, որ ոչ ցավում էին և ոչ քոր գալիս: Գիշերը անցնում էին, ցերեկով նորից ուռչում: Ուռուցքները փափուկ էին: Ես սկսեցի շատ վատ բաներ կասկածել: Ավելի լավ է բժշկություն ամենևին չիմանալ, քան թե քիչ իմանալ: Չէի մտածում, թե իմ կարծած ախտի ուռուցքը միայն մի հատ կլինի և անպատճառ կարծր և ոչ թե փափուկ: Այս երկու հանգամանքները մոռացության էի տվել: Գնացի բժշկի մոտ. նա էլ քննեց, կասկածեց և ինչ-որ դեղ տվեց: Երբ տուն եկա, կինս ասաց, թե քանի որ գիշերը չի լինում, այլ միայն ցերեկը, ուստի ցրտից է: Ես էլ հաստատեցի այդ, որովհետև կեսից ցածր ֆայկա էի հագած, իսկ կեսից վերև՝ ոչ: Ֆայկան հագա և նույն օրը ամեն ինչ վերջացավ. տարօրինակ հոդացավ։ Նոր-Բայազետում իմ գրական աշխատանքները եղան. 1. Նոր-Բայազետի ձեռագրաց ցուցակը, որ կազմեցի տեղի վրա և պարունակում է 54 ձեռագրի նկարագրությունը. հրատարակվեց նախ մաս-մաս «Հանդէս ամսօրեայ»-ում և ապա առանձին, Վիեննայում 1924 թվականին: 2. Ուսումնասիրեցի տեղական քրդերի բարբառը և կազմեցի քրդերենից ֆրանսերեն և ֆրանսերենից քրդերեն գրքույկ, որ տպվեց Փարիզում 1911 թվականին (այժմ այդ քրդերը կոտորված լինելով, սույն գրքույկի արժեքը անկարևոր չէ): 3. Մտածեցի շրջել Նոր-Բայազետի շրջանի բոլոր գյուղերը և բոլորի բարբառից գրի առնել մի-մի նմուշ: Վարձեցի մի ձի և բոլոր գյուղերը ման եկա մինչև Բասարգեչար։ Նմուշները բոլոր տպված են իմ բարբառագիտության մեջ: Կարծում էի, թե նույնը կարող էի շարունակել ամբողջ Հայաստանում, բայց հանգամանքները չթողեցին: Այդ գործը շարունակում են այժմ` Արարատ Ղարիբյանը և իր աշակերտները: Ճամփորդության մեջ ինձ պատահեց հետևյալ դեպքը: Երեկոյան դեմ հասել էի մի գյուղ: Վերջալույս էր: Ճանապարհի վրա տեսա մի տուն, որի պատշգամբում մի խումբ մարդիկ (գյուղի առաջավորներից) նստած խոսում էին։ Հարցրի, թե որևէ մեկը ինձ կընդունի՞ գիշերելու: Բոլորն էլ մերժեցին: Ես անճար մնացած, հարցրի, թե հաջորդ գյուղը մո՞տ է, և մինչև մութն ընկնելը կարո՞ղ եմ հասնել ձիով. «Այո,— ասացին միաբերան,— այն գյուղում գիշերելու տեղ շատ կա»: Ես հասկացա նրանց հետին միտքը, բայց ուշադրություն չդարձրի և ճանապարհ ընկա: Մութը անսպասելի կերպով վրա հասավ. ես ճանապարհը արդեն չգիտեի, սխալ ուղղություն բռնեցի և ճանապարհից շեղվելով, ընկա բաց տարածության մեջ: Խիտ առ խիտ մացառներ էին, ճանապարհը անանցանելի դարձավ, ես չեմ տեսնում, մութ է, բայց մտածում եմ, թե ձին տեսնում է և կգնա, բայց ձիս դողում էր և չէր գնում: Իջա ցած, ձիու ականջից բռնելով՝ գնում եմ: Բայց ո՞ւր, ինքս էլ չգիտեմ. սկսեցի բարձրաձայն օգնություն կանչել. ոչ ոք չեկավ: Որոշեցի գիշերել այդտեղ. ամառ էր, օդը տաք և մրսելու երկյուղ չկար: Հանկարծ մտածեցի դիտակով դիտել շուրջս. թեև մութ, բայց դիտակը լույսը հավաքեց և հեռուն նշմարեցի իրար նման երեք ծառեր, որոնք տեսել էի քիչ առաջ, գյուղի մոտ: Աչքերս ուղղակի հառած դեպի այդ ծառերը, ձիս քաշելով դիմում եմ նրանց վրա: Հանկարծ ինձ զգում եմ կորցրած ճանապարհիս վրա: Մտնում եմ գյուղը, պատահում եմ մի գյուղացու և ասում եմ, թե կարո՞ղ է ինձ գիշերելու տեղ տալ։ Մարդը քաշվելով ասում է, թե տեղ չունի, բայց նույն միջոցին դիմում է մի ուրիշ անցորդի, բանակցում նրա հետ և ինձ տանում են մի ուրիշ մարդու տունը, դուռը թակում և իրողությունը պատմում: Այդ երրորդ անձը սիրահոժար ընդունում է ինձ, ձին քաշում ախոռը և ինձ տանում առանձին մի սենյակ: Պառկելու համար պատրաստում է ինձ համար թախտի վրա մի անկողին: Ես հոգնած ընկնում եմ քնելու. նա հարցնում է ինձ, թե ո՞վ եմ: Պատասխանում եմ, թե քաղաքի դպրոցի ավագ ուսուցիչն եմ. նա չի հեռանում մոտիցս և անխոս ինձ է դիտում: Ես ասում եմ նրան. «Հոգնած եմ, թողեք քնեմ, դուք էլ գնացեք քնեցեք»: «Ինչո՞ւ պիտի գնամ քնեմ,— ասում է նա,— հազիվ մի ուսումնական մարդ է ընկել ձեռքս, եկել է տունս քնելու, և թողնեմ գնամ քնե՞մ: Ես անքուն կհսկեմ մինչև առավոտ քո վրա, առավոտը վեր կկենաս, կերթաս»: Շատ զգացվեցի. ի՞նչ համեմատություն այն անզգամ հարուստների և այս խեղճ գյուղացու միջև: Առավոտյան ես թղթի վրա անունս և հասցես գրեցի և տվի գյուղացուն, որ քաղաք գնալիս, ինձ մոտ անցնի: Բայց նա չեկավ: Վիեննայի գրադարանի համար ամեն տեղ հին գրքեր էի ման գալիս. ինչ որ գտա, հավաքեցի. բայց դրանց մեջ հիշելու արժանի է մի զարմանալի Հայոց պատմություն, որ տպված է Գանձակում: Այդ գիրքը, որ ընդամենը մի կամ երկու մամուլից էր բաղկացած, զարմանալի է այն կողմից, որ Անուշավանին հաջորդող 30 նահապետների կյանքն էլ էր պատմում, մինչդեռ նրանց մասին ոչինչ հայտնի չէ: Գրքից 8 թերթ պակաս էր: Վիեննայի միաբանները ստանալով այդ գիրքը, այդ թերության պատճառով կարծես թե չէին ուզում ընդունել. բայց այդ գրքից ոչ մի տեղ չեմ պատահել և նույնիսկ Գանձակում հայ տպարան եղած լինելու մասին ոչինչ չգիտենք: Կարծում եմ, թե Վիեննայում էլ մինչև այսօր ոչինչ չգիտեն այդ մասին: Մի տարի մնացի Նոր-Բայազետում: Պաշտոնավարեցինք այր ու կին, մյուս ուսուցիչների հետ համախոհ, ոչ մի տարաձայնություն չծագեց մեր մեջ: Նոր-Բայազետին հրաժեշտ տալուց առաջ մի հիշողություն ունեմ պատմելու: Երբ նոր էի եկել Նոր-Բայազետ և ընդունվել իբր ավագ ուսուցիչ, Խաչատուր Բունիաթյանը, որի հետ լավ մտերմացել էինք, մի օր ցույց տվեց ինձ այն բոլոր դիմումները, որ ուղարկել էին զանազան ուսուցիչներ պաշտոն խնդրելով: Բոլորն էլ ողորմելի բաներ էին, կիսագրագետ մարդկանց գրվածքներ, որոնց մեջ նույնիսկ նամակի արտաքին պաշտոնական ձևն էլ չէր պահված: Դրանց մեջ հիշատակության արժանի էր, ինչպես Բունիաթյանն էլ էր շեշտում, 3 կոպեկանոց մի բաց նամակ, որ գրած պիտի լիներ տաճկահայ մի գաղթական։ Նամակն սկսվում էր հետևյալ բառերով. «Մենք ալ փափաքեցանք հայ մանուկներու դաստիարակությամբ պարապիլ…» և վերջանում էր հետևյալ բառերով. «… իսկ եթե ուսում կամիք, հոլլանտական համալսարանք»: Այս գրությամբ խեղճը հասկացնում էր, որ ինքը նոր է ուզում ուսուցիչ լինել, երևի ծերունի և անտեր մարդ էր և վաղուց եղել էր Հոլլանդիայում, ուր երբեմն-երբեմն այցելել էր բարձրագույն դպրոցները, առանց որևիցե մասնագիտության հետևելու և սովորելու: Նամակի վերջին տողը Բունիաթյանը և ես բերան էինք արել և շատ հաճախ հիշում էինք խոսակցության մեջ: Այսպիսի ողորմելիների մեջ ես մի բան էի, ուստի և ընտրվեցի: Յուսուֆյան ազգանունով մեկը, որ քաղաքի նշանավորներից էր, երևի իմ հոդվածներից մի երկուսը կարդացած լինելով, ասել էր. «Այս մարդուն կանչեցեք. այսպիսի մարդ ոչ ունեցել եք և ոչ էլ կունենաք»: Թմբուկի ձայնը հեռվից քաղցր է գալիս: Այսպես է եղել միշտ իմ կյանքը: Ապրել եմ տգետների մեջ, ուստի գիտունի համբավ եմ հանել: Թող լինեին իմ շուրջը մի Գարագաշ, մի Թոռնյան, մի Այտընյան, մի Գաթրճյան, մի Բագրատունի, մի Տաշյան, մի Նորայր… ի՞նչ կլինեի ես նրանց մոտ. մի հավի ճուտ: Իմ միակ արժանիքը եղել է իմ աշխատասիրությունը, որ ժառանգել եմ իմ բազմաշխատ հորից ու մորից: Բայց այս կողմից էլ ի՜նչ համեմատություն Նոր Հայկազյան բառարանի երեք անմոռանալի հեղինակների, ձեռագրաց փառավոր ցուցակը կազմող Հ. Տաշյանի, ամբողջ հին հայ գրականության համաբարբառը կազմող Նորայրի և նույնիսկ Երուսաղեմի միաբան խղճուկ ծերունի արաբկիրցի այն վարդապետի հետ, որ Ս. Գրքի համաբարբառն է կազմել: ՄԵԿՆՈՒՄ ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏԻՑ Ամառ էր: Նոր-Նախիջևանից մի նամակ ստացա. գրողն էր Էջմիածնից ինձ ծանոթ և աշխատակից ղարաբաղցի Ավետիս Տեր-Հարությունյանը, որի հետ Շուշումն էլ հրատարակել էինք Պետրոս Դուրյանը: Շուշվա թեմականը փակվելուց հետո, երբ բոլոր ուսուցիչները ցրվեցին, նա էլ գնացել էր Նոր-Նախիջևան և թեմական դպրոցում պաշտոն էր գտել: Նա գրում էր, որ դպրոցի համար ֆրանսերենի ուսուցչի կարիք կա. եթե ցանկանում ես, գրիր և քո թեկնածությունը կդնենք: Ես համաձայնվեցի. քիչ ժամանակ անց հեռագիր ստացա, թե ձեր թեկնածությունը ընդունվեց, բայց պետք է ներկայացնեք համալսարանի ավարտական վկայական։ Այստեղ սկսում եմ պատմել իմ ավարտական վկայականի պատմությունը: Փարիզում ավարտական տալիս, իմ ուսուցիչը՝ Մեյեն առաջարկել էր ինձ կազմել զենդերենի հոլովումը: Ամբողջ Vendidad-ը կարդալով հավաքեցի բոլոր հոլովված բառերը (գոյական թե ածական), դասավորելու համար ըստ հոլովման և կազմելու ընդհանուր կարգավորյալ ցուցակ: Աշխատությունը վերջացրել էի և ներկայացրի վարչության: Այդ միջոցին հրատարակվեց Bartholomae-ի նշանավոր բառարանը, ուր ոչ միայն զենդերենի հոլովական, այլև խոնարհական ձևերը հավաքված են, որովհետև գիրքը ոչ թե բառարան է, այլ համաբարբառ: Այս դեպքում իմ աշխատանքը ջնջվում էր, և ես չէի կարող ստանալ ավարտական վկայական: Պետք էր գրել մի նոր աշխատություն. ես արհամարհեցի վկայականը, թողեցի ամեն ինչ և գնացի Էջմիածին, հետո Շուշի, ապա Թավրիզ և Նոր-Բայազետ և ոչ մի վկայական կարիք չեղավ ներկայացնել: Միայն Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցն էր, որ այդ պահանջը դրավ: Ես խորամանկ միջոցի դիմեցի և հեռագրեցի. «Վկայական ունեմ, բայց կներկայացնեմ նոյեմբերից հետո, երբ կբացվեն համալսարանները»: Այս հեռագիրը տալուց անմիջապես հետո սկսեցի գրել Classification des dialectes arméniens աշխատությունս: Նույնիսկ, երբ գնացքով գնում էինք դեպի Նոր-Նախիջևան, շոգեկառքում, մեծ ցնցումների տակ շարունակում էի գրել աշխատությունս։ Երբ հասա Նոր-Նախիջևան, հենց առաջին հերթին դիմեցի իմ բարեկամ և խաչեղբայր Ավետիսին, որ թեմականի տեսչի (Երվանդ Շահազիզի) քարտուղարն էր: Նա պատմեց իմ ընտրության առթիվ հետևյալը. Նոր-Նախիջևանի թեմական դպրոցը ուսուցիչների ընտրության համար հետևյալ հիանալի ազատական օրենքն ուներ: Նախ թերթում հայտարարություն էին տալիս. առաջարկները ստանալուց հետո բոլորը դնում էին մանկավարժական ժողովին. ամեն մի ուսուցիչ իրավունք ուներ նոր թեկնածուներ առաջարկելու և կամ թեկնածուների մասին կարծիք հայտնելու: Ֆրանսերենի համար գտել էին երկու թեկնածու. մեկը ես, պաշտպան ունենալով ուսուցիչներից Ավետիսը և տեսուչ Շահազիզը. երկրորդ թեկնածուն էր նոր-նախիջևանցի մի կաթոլիկ զեվզեկ մարդ, որի պաշտպաններն էին ուսուցիչներից շատերը, միմիայն հայրենակցական կապերի պատճառով: Նոր-նախիջևանցիք օտար քաղաքացի հայերին չեն սիրում։ Իմ հակառակորդների մեջ ամենից գլխավորը և ամենից ազդեցիկը հայկաբան Զամինյանն էր, որ շատ գիշերներ թղթախաղով էր անցկացնում վերոհիշյալ կաթոլիկ զեվզեկի հետ: Ավետիսը ասել էր. «Պարոն Զամինյան, մյուսները չգիտեն, դուք էլ չեք ճանաչում պարոն Աճառյանին, որ ֆրանսերենը սովորել է Փարիզում, 9 տարվա ուսուցչական փորձառություն ունի և որի հայագիտական աշխատանքները հենց դուք սիրով կարդում և այստեղ գովաբանում եք»: Զամինյանը շրջադարձ է կատարում, անմիջապես անցնում է իմ կողմը և իր հետ քաշում նաև մյուսներին: Ըստ օրինի քվեատուփերը դրվում են և ամբողջ ուսուցչությունը քվեարկում է: Առավելագույն քվեն ես եմ ստանում: Արդյունքը հաղորդում են հոգաբարձության, որ անմիջապես հաստատում է: Նույնը հետո դնում է կաթողիկոսին, որ նույնպես հաստատում է: Ավետիսը բնակվում էր դպրանոցի ճիշտ դեմը գտնված մի փոքր տան մեջ, որի վարձակալն էր Մարիա Պավլովնա Խոճապարոնյանը, որ այրի մի կին էր: Ուներ երկու աղջիկ և մի տղա: Արհեստով մասաժիստկա էր և տեղյակ բժշկական գիտության: Միջոցների պակասության պատճառով նախլեբնիկ էր նրա մոտ և մեզ էլ առաջարկեց ապրել այդ տանը մի առանձին սենյակում իբրև նախլեբնիկ: Մենք երկուսս պիտի վճարեինք ամսական 60 ռուբլի, ունենալով երկու աղախին և տանտիկինը: Իմ ռոճիկը 90 ռուբլի էր. ամեն բան պատրաստ, ավելանում էր ամսական 30 ռուբլի: Համաձայնվեցինք և ապրեցինք այդ տանը: Դպրանոցում ես ավանդում էի ֆրանսերեն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն: Շաբաթական ունեի 24 ժամ դաս: Ուսուցչական կազմը մեծ էր, բայց ոչ մի հակառակություն չկար նրանց մեջ. ավելի ճիշտ խոսելով ամեն մի ուսուցիչ, բացի իր դասերից, ոչնչով չէր հետաքրքրվում, նույնիսկ ազգային գործերի վերաբերմամբ բոլորովին անտարբեր էին, բացի կովկասցիներից: Նոր-նախիջևանցիք, ինչպես ասացի, չէին սիրում օտար քաղաքացի հայերին, որոնց կոչում էին դրսեցի կամ, ավելի վատ բառով՝ տանկալախ, որի բուն իմաստն է «բթամիտ»: Այս հանգամանքը ցույց է տալիս, թե ի՞նչ կապ կար, ավելի ճիշտ ի՞նչ կապ չկար տեղացիների և կովկասցիների միջև: Ես իբրև կոստանդնուպոլսեցի, խոսում էի համարյա նրանց բարբառը, ուստի ինձ համարում էին ղրիմեցի և հետս լավ էին վարվում: Ամենից ավելի մենք կապվեցինք մեր տանտիրուհու հետ, որ մի շատ բարեբարո, բարի, ժրաջան, աշխատասեր կին էր: Կինս և նա քույրեր դարձան: Տիկնոջ զավակները երեքն էլ թոքախտավոր էին. որդին՝ Միքայելը սովորում էր դպրանոցում և իմ աշակերտն էր: Ամեն տարի տիկինը երկու աղջիկներին ձմեռը տանում էր Սուխումի, որովհետև Նոր-Նախիջևանի ձմեռը խիստ էր: Գարնանը վերադառնում էին: Մի տարի հետո մեծ աղջիկը մեռավ: Մյուս երկուսը ողջ են մինչև այժմ. Միքայելը թեմականում սովորեց և գնաց Բաղդադ, ուր զբաղվում էր դերասանությամբ: Աղջիկը՝ Ուլիան, որ այն ժամանակ 11 տարեկան էր, իմ ամենասիրելին էր. շատ սիրուն մի աղջիկ էր, երեսը միշտ ժպիտ, մազերը սև, ունքերը կեռ ու կամար. ապրեց հիվանդկախ, բայց դիմացավ: Նա ամուսնացավ Կարելլի ազգանունով մեկի հետ, որ կովկասցի էր և պարապում էր ակնավաճառությամբ: Գրեթե անգործ էր, իսկ կինը՝ Ուլիան, ուսուցչուհի էր: Ամուսինը մեռավ և Ուլիան նորից ամուսնացավ, բայց մի տարի հետո ամուսինը բաժանվեց: Մայրը՝ Մարիա Պավլովնան նույնպես դժբախտ ապրելով, նույնպես մեռել է և մեռած ժամանակ ասել է իր աղջկան. «Իմ մեռնելուց հետո ինչպե՞ս պիտի ապրես. մեռիր դու էլ ինձ հետ, որպեսզի հանգստանաս»։ Ինչքա՜ն դժբախտ պետք է լինի մեկի դրությունը, որ մայրը գերադասի նրա մահը և ուզենա, որ նա էլ իր հետ գերեզման իջնի: Ուլիան ապրում է մինչև այժմ (1952 հուլիս) աղքատ դրության մեջ, մենակ, ռուսերեն դասեր տալով դպրոցում: 57 տարեկան է: Երբեմն թղթակցում ենք իրար հետ: ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Առաջին գործս էր պատրաստել իմ դիսերտացիան, որ Նոր-Նախիջևանում լրացնելով ուղարկեցի Մեյեին, սեպտեմբեր ամսվա սկզբում: Կարծում էի, թե աշխատանքիս քննությունը կարճ կտևի, ուստի Մեյեին նախազգուշացրի, որ եթե երկար է տևելու, նախապես ուղարկի հոգաբարձության մի թուղթ, որով հայտնի, թե ես համալսարանը ավարտած եմ: Միևնույն ժամանակ շեշտեցի, թե այստեղ դպրոց բառը չեն հասկանում, ուստի խնդրում էի, որ դպրոց բառը չգործածի և մի քանի անգամ կրկնի համալսարան բառը: Իմ կասկածը կատարվեց. Մեյեն հայտնեց, թե քննությունը կտևի մեկ տարի, առանձին հանձնաժողովի ձեռքով: Միևնույն ժամանակ Մեյեն ուղարկեց ինձ իր ամենամանր ձեռագրով 4 մեծ երես վկայագիր՝ հոգաբարձության ներկայացնելու համար: Այդտեղ չափազանց գովասանական բառերով խոսում էր իմ ուսանողական շրջանի մասին, գովում էր ներկա աշխատությունս իբրև իր տեսակի մեջ միակը և ավելացնում էր, թե. «Եթե պարոն Աճառյանը այստեղ լիներ և ֆրանսիական հպատակությունը ընդունած լիներ, անշուշտ համալսարանի դասախոսներից մեկը կլիներ»: Գրությունը տարի Մուշեղ վարդապետ Դանագյոզյանին, որ իբրև առաջնորդական փոխանորդ, վարում էր ազգային բոլոր գործերը և հոգաբարձության նախագահն էր: Բավական ֆրանսերեն գիտեր, բայց ծուլության պատճառով առաջարկեց, որ ես թարգմանեմ հայերենի: Նույն օրը թարգմանությունը հանձնեցի: Հաջորդ օրը տեսնելով ինձ, ասաց. «Այդ որքան գովասանք էր, ես քո տեղը լինեի, չէի թարգմանի»: Մեյեի գրությունը վերացրեց բոլոր դժվարությունները և ինձ պաշտոնապես հաստատեցին - ուսուցիչ: 1909 թվականին ստացա համալսարանից իմ գիրքը տպված վիճակում: Սկզբում դրված է իմ ավարտական վկայականը 5 հունվար, 1908 թվակիր: Ուրեմն քննությունը տևել է 4 ամիս: Համալսարանի օրենքով ամեն շրջանավարտ պետք է ներկայացնի իր դիսերտացիան: Եթե դիսերտացիան սովորական արժեքով մի գիրք է, շրջանավարտը ձեռագիրը հետ կստանա և իր ծախսով տպագրել տալով 50 օրինակ պարտադիր կարգով կնվիրի համալսարանին: Իսկ եթե աշխատությունը առանձնապես արժանավոր համարվի՝ համալսարանի ծախսով կտպագրվի և շրջանավարտ հեղինակին կնվիրվի 50 օրինակ տպագրված գրքից: Իմ գիրքը այս վերջինից եղավ: Նա կազմել է Bibliothèque de l’École des Hautes-Études-ի 173-րդ հատորը, այսինքն 300 տարվա մեջ այսքան աշխատություն միայն համարվել է տպագրության արժանի: Տպագրությունից հետո գիրքս հայերենի թարգմանելով ուղարկեցի Թիֆլիսի Ղուկասյան մրցանակաբաշխության: Քննիչ էր նշանակվել իմ «դասընկեր» Եզնիկ վարդապետ Գյանջեցյանը, որի հետ միասին սովորել էի Ստրասբուրգում՝ Հյուբշմանի մոտ: Նա գրել էր շատ թերագնահատող մի զեկուցագիր, որ գրեթե գրքիս ամփոփումն էր ամբողջությամբ, ավելացնելով միայն պարսավանք և թերագնահատություն, այն մտքով, թե գիրքը կազմված է հապճեպով, լիքն է սխալներով, թերի կետեր շատ ունի և արժանի չէ մրցանակի: Գրքիս վերջում ես կազմել էի հայ բարբառների քարտեզը, որ առաջինն էր իր տեսակում և մնում է այդպես մինչև այժմ: Ոչ ոք նման փորձ չի արել, չհաշված խոստումները: Իսկ Եզնիկ վարդապետը ասում էր սրա համար. «Գրքի վերջում դրված քարտեզը չի կարելի քարտեզ համարել»: Նրա այս զեկուցագիրը տպված է Ղուկասյան մրցանակաբաշխության տեղեկագրում: Իմ ընկերներից Ավետիս Տեր-Հարությունյանը «Մշակ»-ում առանձին հոդվածով պատասխանեց Եզնիկ վարդապետին և աշխատեց ցուցադրել գրքիս արժանիքը: Քարտեզի մասին այսպես էր գրում. «… իսկ ինչպես կարելի է կոչել թղթի մի ընդարձակ թերթ, որի մեջ նշանակված են քաղաքներն ու գյուղերը և կամ առանձին գույներով կամ նշաններով նշանակված է բարբառների սահմանը»: Թեև Եզնիկ վարդապետի դատապարտությամբ գիրքս մրցանակից մերժվեց, բայց նա, հենց որ հրատարակվեց, արժանացավ ֆրանսիացի հայագետ Մեյեի և գերմանացի հայագետ Կարստի մեծագույն գովասանքներին: Կարստը ասում էր. «Այս գիրքը պետք է կազմե հայ բարբառագիտության հիմնաքարը»: Իսկ Մեյեն ասում էր. «Աշխարհում միայն մեկ անձ կա, որ կարող էր գրել այսպիսի գիրք. դա Աճառյանն է» (անշուշտ ի նկատի ուներ այն հանգամանքը, որ ես ապրել եմ հայության երեք հատվածներում՝ Տաճկաստան, Պարսկաստան, Կովկաս): Գիրքս տպվեց թե չէ, բարբառագիտությունը առանձին մասնագիտություն դարձավ և մտավ Էջմիածնի Ճեմարանի բարձրագույն կուրսի դասընթացի մեջ: Երբ բացվեց Հայաստանի համալսարանը, այնտեղ նմանապես բարբառագիտությունը դարձավ առանձին դասընթաց և մտավ հետագայում հայկական ակադեմիայի ուսման ծրագրում: Այս առարկայի դասավանդումը շարունակվում է մինչև այսօր: Տարիներ շարունակ, սկսած աշակերտական շրջանից, գավառական բառեր հավաքելու մոլությունն ունեի: Կեդրոնական վարժարանում, որտեղ բազմաթիվ գավառացի ընկերներ ունեի, պարտադրել էի բոլորին օրական թեկուզ հինգ գավառական բառ տալ: Այսպես շարունակեցի վերջին երկու դասարաններում (1891 — 1893 թթ.): Հետագայում, ուր էլ գնացի, բառ հավաքեցի և հատկապես տպագրված գրքերից և բառացանկերից քննադատորեն հավաքեցի ինչ որ գտա: Ստացվեց մի խոշոր աշխատություն՝ Հայերեն գավառական բառարան անունով: Ձեռագիրս ընդօրինակելով ուղարկեցի Լազարյան ճեմարանի տնօրեն պրոֆ. Գրիգոր Խալաթյանին: Բայց որովհետև ժամանակը կարճ էր, ձեռագրիս արտագրությունը եղավ վերիվերո, նկարները անհաջող և այլն: Ձեռագրիս արտագրության թվականն էր՝ 1910 թ. մարտի 17: Նույն տարին գնացի Կոստանդնուպոլիս։ Խալաթյանը մեռավ և Լազարյան ճեմարանի նորընտիր տեսուչ, իմ չարաբաստիկ թշնամի Կարապետ Կոստանյանը, առանց ինձ որևէ տեղեկություն տալու, տպագրել է տվել գիրքը Թիֆլիսում 1913 թվականին, և հանկարծ ես տեսնում եմ 300 օրինակ այդ գրքից իբրև նվեր: Ես շշմեցի տեսնելով մի սխալաշատ, անթույլատրելի տպագրություն, որ կատարվել էր իմ վերիվերո արտագրել տված ձեռագրից: Ուզեցի դատի տալ. բայց մեր տեսուչ Երվանդ Շահազիզը արգելեց ինձ ասելով. «Դատի տվիր, դատը շահեցիր. ի՞նչ պիտի լինի, բոլոր օրինակները պիտի ստանաս և պիտի այրե՞ս. ի՞նչ շահեցար դրանով»: Ես այդ մտադրությունից հրաժարվեցի և գոհացա միայն գրքի մասին մի խիստ քննադատական հրատարակելով «Արարատ» ամսագրում: Բուն ձեռագիրը, գրված իմ ձեռքով և նոր հավելումներով, գտնվում է մինչև հիմա ինձ մոտ և կազմում է երկու ստվար հատոր: 1910 ԹՎԱԿԱՆ ՀՈՐՍ ՄԱՀԸ Ասացի, որ ծնողներս բնակվում էին Բաթումիում, 1904 թվականից սկսած: Ամեն տարի ամառները ես ու կինս այցելում էինք Բաքու (ուր հաստատվել էին կնոջս ծնողները վերջնականապես), Շուշի, ուր գնում էինք մենք և կնոջս ծնողները իբրև ամառանոց և Բաթումի, ուր մնում էին իմ ծնողները: Այսպես ամեն ամառ թափառում էինք այս քաղաքներում: 1908 թվականի Սահմանադրությունից հետո ծնողներս Կոստանդնուպոլիս գնացին ընդհանուր ազատությունից օգտվելով, մենք էլ ուզեցինք Կոստանդնուպոլիս գնալ: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, բարեկամս՝ Հակոբ Խաչատրյանը, Ռոստովի «Приазовский край» թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում էի Կոստանդնուպոլիս՝ Հայկական հարցի ուսումնասիրության համար: Նոր-Նախիջևանից մեկնելով, եկանք Բաթումի: Ծնողներս արդեն գնացել էին: Պետք էր ներկայանալ տաճկական հյուպատոսարանը՝ իմ ռուսական անցագիրը վիզե անել տալու համար: Ես գիտեի, որ դժվար գործ է այդ: Տաճիկները, գիտենալով, որ բազմաթիվ նախկին տաճկահպատակներ այժմ ռուսահպատակ դարձած ուզում են գնալ Տաճկաստան, ուզում էին ճանաչել այդպիսիներին դարձյալ տաճկահպատակ, ուրիշ խոսքով մերժել նրանց ռուսահպատակությունը: Այս մտածելով անցագիրս տվի հյուրանոցի ծառային և խնդրեցի, որ տանի տաճկական հյուպատոսարան, վիզեի համար: Հյուպատոսը չէր ընդունել և պահանջել էր, որ ես գնամ, անձամբ ներկայանամ: Նպատակը պարզ էր: Բարեբախտաբար իմ անցագրի մեջ ես դիտմամբ գրել էի տվել, թե ես ծնվել եմ Նոր-Բայազետում: Վերցրի հետս կնոջս, առաջարկելով նրան, որ միշտ ռուսերեն խոսի ինձ և կոնսուլի հետ՝ բարձր ձայնով. խնդրեցի նաև Մալխասյան քահանային, որ հայտնի հայագետ Ստեփան Մալխասյանի եղբայրն էր, և երեքով միասին գնացինք հյուպատոսարան: Ես քահանային խնդրել էի, որ հյուպատոսի մոտ վկայի, թե ես իսկապես նոր-բայազետցի եմ. հայտնեցի նաև, թե անցագրումս այդպես է գրված. «Ուրեմն,— ասաց քահանան,— եթե երդվեմ էլ, սուտ խոսած չեմ լինի»: Այսպես զինված երեքով, հպարտ և բարձրագլուխ, իբրև ռուսահպատակ, ներկայացանք հյուպատոսարան: Հենց որ մեզ նկատեց հյուպատոսը, շփոթվեց, վախեցավ և վազեց մեր առաջ: Կինս ռուսերեն սկսեց բարձրաձայն բղավել. քահանան էլ մեջ ընկավ. հյուպատոսը դիմեց ինձ և ասաց. «Ես միայն ձեզ էի խնդրել, ինչո՞ւ նեղություն տվիք տիկնոջ և քահանային»: Հրավիրեց մեզ ներս և խնդրեց, որ նստենք: Պատի վրա դրված էր տաճկական զինանշանը: Ես իբր թե բնավ չեմ տեսած, դիտեցի զինանշանը և ռուսերեն հարցրի հյուպատոսին. «Ա՞յս է ձեր զինանշանը. որչափ հետաքրքիր է»: Կոնսուլը հարցրեց ինձ, թե կարո՞ղ եք ցույց տալ Նոր-Բայազետի ձեր ծննդյան վկայականը: Ես զարմացած երեսն եմ նայում և ասում. «Անցագիրը կազմելիս ծննդականս տեսան և գրեցին. դուք ուրեմն համարձակվում եք ռուսական անցագիրը չճանաչելո՞ւ…»: Ասացի և քայլ առ քայլ հետ քաշվեցի: Հյուպատոսը վախեցած ասաց. — Ես ինչպե՞ս կարող եմ չճանաչել ռուսական անցագիրը. բայց վերջին ժամանակներս, շատ տաճկահայեր, նախկին տաճկահպատակ, այժմ ռուսահպատակ դարձած, ուզում են Հայրենիք վերադառնալ: Դրանց հարցը անշուշտ վերաքննելի է: Այ վերջերս Կոմիտաս վարդապետը, որ նույնպես տաճկահպատակ էր, գնաց Կոստանդնուպոլիս: Վերջերս շատերն են գնում Կոստանդնուպոլիս: Ես իբր թե Կոմիտաս վարդապետից ոչինչ չգիտեմ, զարմացած հարցրի հյուպատոսին. «Մի՞թե Կոմիտաս վարդապետը տաճկահպատակ է»: «Այո,— պատասխանեց նա,— քյոթահիացի է»: Ես էլ իբրև ոչնչից անտեղյակ, քարտեզի վրա փնտրում եմ և կնոջս ցույց եմ տալիս Երուսաղեմը՝ իբր Քյոթահիա: Հյուպատոսը մոտեցավ և ուղղեց. «Դա Երուսաղեմն է, Քյոթահիան տեսե՛ք՝ այստեղ է»: Հյուպատոսը լիովին համոզվեց, որ ես ոչ միայն տաճկաստանցի չեմ, այլ նույնիսկ թուրքերեն չգիտեմ, վիզեն դրեց և դուրս եկանք: Բաթումիից մեկնելով շոգենավով եկանք Ռիզե, որ Վիլսոնյան ծրագրով Հայաստանի նավահանգիստը պիտի լիներ: Շոգենավը մի քանի ժամ կանգնեց Ռիզեում: Շատ փոքրիկ քաղաք է Ռիզեն. հենց նավահանգստից սկսում է մի բարձրավանդակ, որով մենք էլ բարձրանալով հասանք նրա գլուխը: Հիանալի համայնապատկեր բացվեց մեր առաջ ծովի վրա: Բարձրավանդակի գլխին մի մենավոր թթենի կար. բարձրացա ծառը, թափ տվի, իջա ցած և կնոջս հետ վայելեցինք քաղցրահամ թութը: Շոգենավը հասցրեց մեզ Տրապիզոն, ուր ցամաք դուրս եկանք: Հետաքրքիր էր մաքսատան տեսարանը: Մի մոլլայի նման պաշտոնյա եկավ մեր պայուսակի մեջ կնոջս սպիտակեղենը քննելու. կինս, որ սաստիկ զզվող էր, բողոքեց ինձ, թե ինչու կեղտոտ ձեռքերով իրերս է շոշափում: — Նե՞ դեյոր (ի՞նչ է ասում),— հարցրեց պաշտոնյան: — Ասում է, թե նա իրավունք չունի կեղտոտ ձեռքերով իրերս զննելու: Մոլլան բարկացավ և ասաց. — Եթե չեք հավանում, սկի չեմ նայի: Եվ հեռացավ գնաց: Այսպիսով մեր իրերը առանց քննության առինք դուրս եկանք։ Իջանք մի հյուրանոց (լավագույնը քաղաքում), որ պատկանում էր մի շուշեցի հայ երիտասարդի. նա, հետապնդվելով ցարական իշխանության կողմից իբրև հեղափոխական, փախել էր Տրապիզոն։ Տեսնելով մեզ և իմանալով, որ կինս շուշեցի է, ձեռք ու ոտք ընկավ, ինչ անելը չգիտեր: Շուշեցիք միմյանց շատ են սիրում, մանավանդ պանդխտության մեջ. ուստի նա էլ բաց արեց հյուրանոցի մեծ դահլիճը և ամբողջովին մեզ հատկացրեց: Կինս հանկարծ հիվանդացավ ըստ սովորության. երկու շաբաթ տևեց իր հիվանդությունը և երկու շաբաթ մնացինք նույն սենյակում, առանց ման գալու Տրապիզոնում, ուր ման գալու տեղ էլ չկար: Առաջին օրերը ես ու կինս ճաշում էինք ինչ-որ հայի ճաշարանում, որ գտնվում էր մի պարտեզում, ուր նվագ էլ կար: Ճաշի ժամանակ տալիս են 6 տեսակ ուտելիք, սուպը և քաղցրեղենը միասին հաշված, ավելացրած նաև տաճկական սուրճը, որ բոլորի վերջնակետն էր: Այս բոլորի գինն էր 6 ղուրուշ (48 կոպեկ), աներևակայելի էժանություն: Մի օր հյուրանոցում նստած էինք. հանկարծ ներս մտավ պանդոկապետը և հայտնեց, թե այս րոպեիս շոգենավը նավահանգիստ մտավ և դուրս եկան պրոֆ. Խալաթյանը, Տաշյանը և ուրիշ մեկն էլ: Շտապեցի դուրս, մտա նրանց իջևանը և մեծ ուրախությամբ ծանոթացա պրոֆ. Խալաթյանի հետ, որի հետ վաղուց թղթակցում էինք շարունակ, ականավոր բանասեր Հայր Հակոբոս Տաշյանի հետ, որին միայն գործերից էի ճանաչում և երրորդ՝ Հայր Ներսես Տիրատուրյանի հետ, որ Վենետիկի միաբաններից էր: Այս վերջինը դեռ ծանոթ չէր գրականության մեջ. ավելի ուշ նա Beguinot անունով մի իտալացու հետ միասին հրատարակեց Contributo alla flora dell' Armenia (Վենետիկ, 1912 թ.) բուսաբանական աշխատությունը, որ Հայաստանում աճող բույսերի գիտական դասակարգությունն է: Գրքի մեկենասը դարձավ Իվան Ֆեոդորովիչ Բալիև անունով ռոստովցի հայ հարուստը, որ Ռոստովում սեփական վաճառատուն և բանկ ուներ: Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից մեկն էր, հմուտ ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի և հատկապես ռուսերենի: Եվրոպական լեզուներից յուրաքանչյուրը սովորած էր տեղում (երկրում): Չափազանց սիրող էր արևմտահայ գրականության. ռուսահայ լեզվով գիրք չէր կարդում: Ստանում էր բոլոր արևմտահայ թերթերը, որոնց գումարն էր 100 հատ: 50 օրինակ բաժանորդ էր «Բազմավէպ» ամսագրին: Ուներ ճոխ գրադարան, ուր միայն կարելի էր գտնել արևմտահայ թերթերն ու հանդեսները: Իր մոտ եմ կարդացել «Արևելեան մամուլ»-ի 50 տարիները, որոնք Բալյանի մահից հետո նվիրվեցին Երևանի հանրային գրադարանին: Բալյանը աշակերտեց նաև ինձ մոտ և սովորում էր տաճկերեն՝ Կոստանդնուպոլիս գնալու նպատակով։ Շատ ընդունակ անձ էր։ Նա մեկենաս եղավ նաև Մկրտիչ Աճեմյանին և կարծեմ նաև Թովմաս Թերզյանին, երկուսն էլ արևմտահայ բանաստեղծ: Ինձ առաջարկեց կազմել հայերենի մեծ բառարան. երբ ես հարցրի, թե գրաբա՞ր, աշխարհաբա՞ր, թե ընդհանուր հայերեն բառարան, պատասխանեց. — Ի՞նձ ես հարցնում. գրելը քեզմե, դրամը տալը ինձմե: Ցանկություն ունեցավ նաև հրատարակելու Պատկանյանի գործերի չորրորդ հատորը և այդ գործը հանձնեց ինձ: Ես շատ բան հավաքեցի, որոնց մեջ հիշատակելի են հատկապես Պատկանյանի պոռնկագրական գրվածքները, որոնք ձեռագրի ձևի տակ գտնվում էին զանազան տներում: Երբ ես իր կարծիքը հարցրի այդ կարգի գրվածքների հրատարակության մասին, պատասխանեց. — Գրականությունը գրականություն է. այդ կարգի գրվածքներն ալ ավելի բնորոշ են հեղինակին համար: Բայց թե՛ Պատկանյանի չորրորդ հատորը և թե՛ մեծ հայերեն բառարանը գլուխ չեկան դեպքերի բերմամբ։ Տիրատուրյանը գտել էր հայ երկրին հատուկ մի քանի նոր բույսեր, որոնք անծանոթ էին գիտության: Այս բույսերը անվանակոչեց Baliani իր մեկենասի անունով: Տրապիզոնի առաջնորդը (որի անունը չեմ հիշում) մյուս օրը չորսիս հրավիրեց իր մոտ ճաշի։ Երկար ժամանակ ունեցանք զրուցելու։ Ես բնականաբար խոսում էի մեր մայրենի բարբառով, որի գործածությունը միշտ պահել եմ սիրով: Տաշյանը և Տիրատուրյանը բնականաբար խոսում էին նույն լեզվով: Պրոֆ. Խալաթյանը մի տեսակ զայրույթ ցուցադրեց, թե ինչո՞ւ եմ այդ լեզվով խոսում: Պատասխանեցի տաճկական առածով. «Ասլընը ունուտան հարամզադե դիր» (իր ծագումը ուրացողը հարամզադե է): Առաջնորդը ներողություն խնդրեց, որ ինքը տնային տնտեսություն չունի, ուստի ճաշարանից պետք է բերել տա ճաշերը։ Ճաշացուցակը ներկայացրեց, որպեսզի մենք էլ մեր ուզած ճաշը ընտրենք: Մենք փլավ ընտրեցինք. Խալաթյանն էլ փլավ ուզեց. հարցրի նրան. «Պրոֆեսոր, դո՞ւք ալ փիլավճի եք»: «Այո, այո,— պատասխանեց նա,— ես էլ փիլավճի եմ»: Բոլորը ծիծաղեցին բառախաղիս վրա, որ ինքը չհասկացավ: — Ուզում էի ուսումնասիրել Համշենի բարբառը, որ Տրապիզոնի բարբառից տարբեր է: Երբ իմ միտքը հայտնեցի պանդոկապետին և ասացի, որ ուզում եմ գնալ գյուղերը, նա ասաց, որ այդ կողմի գյուղերը բոլորովին ցրված են․ մի տուն այստեղ է, մի տուն հինգ րոպե հեռու. այնպես որ այդտեղերը շրջագայել անհնարին է: Ավելի լավ կլինի, ասաց նա, գյուղացիներին բերել ձեզ մոտ, կմնան այստեղ և դուք հարցաքննելով, ձեր ուզած ձևով կօգտվեք նրանցից: Այս մասին հայտնեց ազգային մարմիններին, որոնք սիրահոժար նպաստեցին այս գիտական գործին, որովհետև իրենց բարբառի քննությանն էր վերաբերում: Եկան մալացի, ապկիոնցի, կյուշանացի և ճոշարացի գյուղացիներ, որոնց հետ երկու շաբաթ աշխատելով ուզած նյութերս հավաքեցի: Շատ ավելի հետո գնալով Գագրի և բնակվելով Էքսուզյան ընտանիքում, ավելի մոտիկ շփվեցի համշենցոց հետ և կազմեցի Համշենի բարբառի քննությունը, որ մեր Ակադեմիայի կողմից հրատարակվեց 1947 թվականին: Տրապիզոնից մեկնելով մի առ մի այցելեցինք Սև ծովի հարավային եզերքի գլխավոր նավահանգիստները. Կիրասոն, Սամսոն, Օրդու, Ունիյե, Պաֆրա և Ինեպոլու, որ Սև ծովի վերջին նավահանգիստն է: Այստեղից Սև ծովը սկսվում է բոլորվել՝ կազմելու համար Բոսֆորը: Բարձրացանք շոգենավի վերևը և հեռվից դիտում ենք Բոսֆորի մուտքը: Վերջապես հասնում ենք ֆեներ, այսինքն՝ ասիական և եվրոպական ափերի վրա կառուցված երկու հսկա փարոսները: Այդտեղ կանգնում են շոգենավերը քննության համար, որից հետո մտնում ենք Բոսֆորի նեղուցը: Կնոջս ցույց եմ տալիս հիանալի տեսարանը և ասում եմ. «Տե՛ս, աշխարհիս վրա սրանից ավելի գեղեցիկ տեսարան չկա»: Կինս ոչինչ գեղեցիկ բան չի գտնում և զարմանում է իմ ասածի վրա։ Բայց քանի առաջանում ենք և քանի ասիական և եվրոպական ցամաքները մոտենում են իրար, տեսարանը ավելի գրավիչ է դառնում: Վերջապես կինս բարեհաճում է հիանալ շրջապատով. Սարը-յարի առաջն ենք հասել. հեռուն, ցամաքի վրա ցույց եմ տալիս մոտով մեր տունը, ուր պիտի իջնենք քիչ հետո: Հասանք Պոյաճը գյուղ, որի առաջ կինս այլևս չդիմացավ և բացականչեց. «Իսկապես շատ գեղեցիկ է»: Հասանք Կոստանդնուպոլսի քարափը. շոգենավը կանգնեց. իջանք ցած: Կոստանդնուպոլսի ծովափը բազմաթիվ թաղեր ունի թե՛ ասիական և թե՛ եվրոպական ափերի վրա. այդ թաղերը տեղական լեզվով «գյուղ» են կոչվում: Առանձին փոքր սրընթաց շոգենավեր կան, որոնք Կոստանդնուպոլսի կամուրջից մեկնելով, հանդիպում են բոլոր այդ գյուղերը մինչև Բոսֆորի վերջին ծայրը, ուր մի կողմից գտնվում է Ռումելի Քավաք և մյուս կողմից՝ Անատոլու Քավաք: Մենք էլ մտանք մի շոգենավ և մեկ ու կես ժամ հետո հասանք Սարը-յարի Ենի մահալլե նավամատույցը, որի հենց կողքին գտնվում էր մեր տունը: Դուռը զարկինք. մայրս եկավ բաց արավ. անակընկալ էր մեր գալը. ողջագուրվեցինք և նստանք հանգստանալու համար: Հայրս խանութումն էր, որովհետև աշխատանքի օր էր: Մայրս բացատրեց հորս խանութի տեղը և ես ու կինս ծածուկ գնացինք խանութի առաջ և ցուցափեղկում դրած կանացի կոշիկները դիտելով իրեն ենք նայում: Նա, ըստ սովորության, բոլորովին անուշադիր դեպի դուրսը, եռանդով իր գործով է զբաղվում: Երբ երկար այդպես կանգնած լույսը խանգարում ենք, զայրացած աչքերը բարձրացնում է, տեսնելու համար, թե ովքե՞ր են սրանք: Տեսնում է մենք ենք: Վեր է կենում, ներս ենք մտնում. հայրս սովորություն չուներ թույլ տալու, որ ձեռքը համբուրենք. բանվորի ձեռք է, կեղտոտ կլինի: Խանութը փակում է, և գնում ենք տուն: Մեր տունը, ինչպես ասացի, նավահանգստի կողքին էր, ծովի ափին: Չորս հարկ ուներ: Մայրս երրորդ հարկը մեզ էր հատկացրել. դեմ առ դեմ երկու սենյակ, որոնցից մեկը դեպի սարն է նայում, մյուսը, իր լայն պատշգամբով, ծովի վրա էր կռացած: Աջից և ձախից մի-մի զբոսարան կար, ուր գիշերն ամբողջ նվագում էր ասիական նվագախումբը, փոխ առ փոխ. երբ աջը վերջացնում էր նվագը, ձախն էր սկսում. իսկ երբ ձախն էր դադարում, սկսում էր աջը: Ծովի տեսարանը հիանալի էր. թե՛ տեղական (Բոսֆորի վրա բանող) և թե՛ արտասահմանյան խոշոր շոգենավերը (ռուսական, ֆրանսիական, անգլիական, իտալական, հունական և այլն) անդադար գնում են ու գալիս Սև ծովից Մարմարա և հակառակը: Ասիական եզերքը շատ մոտ է. թեև ձայնը չի հասնում, բայց զինվորական նվագախումբը լսվում է. սրատես աչքը նույնիսկ քայլող մարդկանց կարող է նկատել: Բարձրանում են կանաչազարդ բլուրները, որոնց մեջ բարձրագույնն է Չամլըճայի սարը: Այս սարի վրա մի շատ երկար գերեզման կա. գնացինք տեսանք մի օր այդ գերեզմանը, որ 120 քայլ երկարություն ուներ։ Թուրքերը ասում են, թե դա Հազրեթի Էյուբի (Հոբ Երանելու) գերեզմանն է: Իհարկե հիմարն էլ չի հավատա այդպիսի առասպելի. Հոբ Երանելին որտե՞ղ, Կոստանդնուպոլիսը որտեղ. ավելի ծիծաղելի է այն, որ ասում են, թե եթե մեկը միշտ անքուն է մնում, երբ գա և մի քանի անգամ պտտվի այս գերեզմանի շուրջը, անքնությունը կանցնի: Իհարկե մի քանի անգամ ման գալով այդտեղ, կհոգնի և գիշերը լավ կքնի: Գիշերները բոլոր շոգենավերը լուսավորվում են. հատկապես Բոսֆորի փոքր շոգենավերը, որոնք լուսարձակներով զինված, շարունակ ցոլքերը սփռում են չորս կողմ, զգուշացնելու համար նավակները: Ամբողջ Բոսֆորի եզերքը գիշերները ծածկվում են այդ փոքրիկ նավակներով կամ մակույկներով, որոնց մեջ մի-մի զույգ սիրահարներ, հաճախ նվագարանով, շրջագայում են: Կինս պատշգամբից դիտում էր այս մշտապես սքանչելի տեսարանները առանց հագենալու: Նա չէր քնում և ուզում էր միշտ դիտել. ինձ էլ չէր թույլ տալիս քնելու, ասելով. «Հրաչյա վեր կաց, մի՛ քնիր, տե՛ս, որչափ գեղեցիկ է. վաղը մյուս օր պիտի թողնենք գնանք, էլ այսպիսի տեսարան չենք տեսնի»: Մինչև անգամ փափագ հայտնեց, որ չվերադառնայինք Կովկաս և ընդմիշտ մնայինք Կոստանդնուպոլսում: Կոստանդնուպոլսում շրջագայելը չափազանց դժվար է: Ես գտա մի ֆրանսերեն ուղեցույց, 300 երեսով մանրատառ մի հատոր, որի առաջնորդությամբ ման եկանք միասին ամբողջ մի ամիս բովանդակ Կոստանդնուպոլիսը: Չմնաց տեղ, ուր չգնայինք: Նույնիսկ այցելեցինք Եդի-գուլեի այն աշտարակը, որի մեջ բանտարկում էին տաճիկ սուլթաններին: Այցելեցինք կղզիները, որոնց համար հատուկ շոգենավեր կան, ավելի սրընթաց քան մյուսները: Սքանչելի է Մեծ կղզին. երբ շոգենավից դուրս ես գալիս, մի թուրք իշապան առաջարկում է ձեզ իր էշը, որ թավշյա թամբով զարդարված է: Հեծանք մի-մի էշ և առաջ ենք գնում շարունակ: Կարծեմ տևեց մի ժամ: Տները հիանալի են այս կղզում. ամեն մի տուն առանձին ճարտարապետություն ունի. նույնիսկ կտեսնես չինական կամ ճապոնական ճարտարապետությամբ շինված տուն: Վերջապես եկանք այնտեղ, որտեղից մեկնել էինք: Չէ՞ որ կղզին կլոր է: Վճարը 5 ղուրուշ էր (40 կոպեկ): Ման եկանք նաև Սարը-յարի բոլոր ջրերը: Սարը-յար թաղը շրջակայքում ունի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից ամեն մեկը մի զբոսավայր է: Այդ աղբյուրները գնալու համար կա ծովափի մոտ մի կայան, որտեղ վարձում են թավշյա թամբով մի էշ և իշավարի ուղեկցությամբ գնում ջրերը: Երբ առաջին անգամ կնոջս առաջարկեցի հեծնել մի էշ, նա քաշվեց, թեև շատ էր ուզում: Ամոթ էր համարում. ինչպե՞ս կարելի է եվրոպական հագուստով մի կին էշ նստի: Քիչ այն կողմից հովանոցը ձեռքին զարդարված մի կին մոտեցավ մի իշապանի: Կինս ասաց. «Եթե այս կինը էշ հեծնի, ես էլ կհեծնեմ»: Եվ որքան ուրախ եղավ, երբ տիկինը էշ հեծավ. մենք էլ հետևեցինք նրան: Մի օր ընտանյոք (4 հոգի) գնացինք Ճըռ-ճըռ սուի (թագավորի խմած ջուրն է), որի մոտիկ մի կանաչազարդ արոտի վրա գորգ փռեցինք և ճաշեցինք: Խոտերի մեջ կինս գտավ վայրի ելակներ, որոնք ավելի բուրումնավետ են, քան ընտանին: Գտավ նաև մի նոր պտուղ, որ չէր տեսած: Դա կոչվում է թրքերեն հոջա եմիշի, որ հայերեն կոչվում է մաթուզ. նման պտուղ ոչ մի տեղ տեսած չեմ. նման է ելակի, բայց գույնը կապտավուն է. քաղցրությունը ավելի պակաս է. կորիզ չունի, կարծես թե հացի մի պատառ ես ուտում: Մի ուրիշ անգամ էլ մենք չորսս, մեզ հետ առնելով նաև հորս ծանոթներից մեկին (ատաղձագործ Մարտիկ աղա), մի լավ ֆայտոն վարձելով գնացինք Բյոյուք-դերեից մի ժամ հեռավորությամբ (դեպի ներս) Սուլթան սուից ավելի հեռու գտնված Բենդեր կոչված վայրը։ Դա հոյակապ մի շինություն է, հայ ճարտարապետի ձեռակերտ: Ամեն կողմից հավաքվում են ջրերը մի հոյակապ ջրամբարի մեջ, որը մի մեծ լճի տպավորություն է թողնում: Զանազան ուղղաձիգ խողովակներ գնում են մինչև Կոստանդնուպոլիս, շոգենավով մի ժամ ճանապարհ, որ ոտքով 6 ժամից ավելի է: Այդ ջուրը գնում է Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը և ամենքին խմելու ջուր մատակարարում: Ամբողջ ճանապարհը անտառ է հսկայական ծառերով: Հենց Բյոյուք-դերեի նավամատույցի մոտ մի հաղթահասակ ծառ կա, որի համար ասում են, թե նրա շվաքի տակ Խաչակիրները ժողով են գումարել: Բենդերի լճի մոտ ընդարձակ անտառում կրակ վառեցինք և պոլսական խորոված անելով՝ ամբողջ օրը անցկացրինք: Նույն կառքով վերադարձանք տուն ուշ ժամանակ: Կառքին վճարեցինք մեկ մեջիդիե (1 ռուբլի 60 կոպեկ): Թեև մեծ մասամբ մեր ժամանակը անցկացրինք մեր տանը, բայց մի շաբաթ էլ գնացինք մնացինք իմ երկու մորաքույրերի և իմ մորեղբոր աղջկա՝ Փերուզի տանը: Նա ամուսնացել էր մյուսյու Հրանտ Բալըգճյանի հետ, որ նավապետ էր: Նրա պատմությունը հետաքրքիր է: Նա եղել էր տաճկական նավի վրա ծառայող, մի երկրորդական պաշտոնյա: Սուլթանը ուզեցել է մինչև Անգլիա մի մեծանուն անձի պատվանշան ուղարկել և այդ տաճկական նավով ճամփու է գցում: Միջերկրականի վրա մի սարսափելի փոթորիկ է պատահում: Նավապետը այդ ժամանակ հիվանդացած է լինում և չի կարողանում նավը վարել: Բոլոր մյուս պաշտոնյաները, փոթորկից սարսափած, չգիտեն ինչ անեն. այս Հրանտը բարձրանում է վերև և սոսկալի փոթորկին դիմադրելով, շոգենավը ապահով հասցնում է Անգլիա: Վերադարձին Օսմանյան կառավարությունը շնորհում է նրան գլխավոր նավապետի տիտղոս: Հրանտի հայրը Գևորգ անունով մի հասարակ ձկնորս է եղել, բայց այնպիսի ազդեցիկ դիրք է ունեցել թաղում, որ իր բնակած այդ փողոցը իր անունով կոչվում էր Պալըգճը Գևորգ սոքաղը (Ձկնորս Գևորգի փողոց): Բարձրահասակ, նիհար, բայց շատ լուրջ և խոհուն մարդ էր մյուսյու Հրանտը: Քիչ էր խոսում. կանանց կարևորություն չտալով, երեկոները, երբ շոգենավից գալիս էր տուն, գրեթե միայն ինձ հետ էր խոսում և միշտ լուրջ նյութերի մասին: Նրա սովորեցրած բաներից մեկն էլ այն եղավ, թե երբ ծովը երկու կողմից ազատ չէ՝ փոթորկաշատ կլինի: Օրինակ, Մարմարա ծովը, որ մի կողմից Բոսֆորով և մյուս կողմից Դարդանելով միանում է ուրիշ ծովերի հետ, մեծ փոթորիկներ չունի: Իսկ Սև ծովը, որ արևելյան կողմից փակ է, ավելի մեծ փոթորիկներ ունի: Ըստ այսմ Կասպից ծովը, ինչպես և մեր փոքրիկ Սևանը, որոնք չորս կողմից փակ են, ահավոր փոթորիկներ ունեն: Հրանտը հետագայում մի աղջիկ ունեցավ, որի անունն էր Ազատուհի և գալիս է իմ քեռու թոռը: Չգիտեմ դեռ կենդանի է, թե չէ: Հրանտը իբրև նավապետ, միշտ կանգնած լինելու պատճառով ոտքի երակների լայնացում ստացավ, ենթարկվեց վիրաբուժական գործողության, որին չդիմանալով մեռավ: Իրենց տունը փողոցի մեջտեղը կանգնած քառահարկ առանձնակ մի տուն էր. երկու կողմից և հետևից շենք չկար։ Վերևի հարկից կարելի էր դիտել մինչև Մարմարայի ծայրը: Զարմանալի զուգադիպությամբ այդ տունը գտնվում էր իմ ուսման օրրանի դեմը: Հրանտի տան դիմացը, մի քիչ դեպի աջ գտնվում էր Արամյան վարժարանը, այն դպրոցը, ուր ես 7 տարեկան հասակում աշակերտեցի: Այժմ նա սովորական բնակարան էր, ինչպես և եղել էր ավելի առաջ: «Արամյան վարժարան» վերտառությունը ծեփով ծածկել էին: Ուզեցի բարձրանալ վերև, տեսնել այն գրասեղանը, որի վրա նստած, առաջին անգամ սովորեցի թուրքերեն այբուբենը, տեսնել այն թիկնաթոռը, որի վրա նստում էր բաբա Նշանը և որի ծնկների առաջ չոքած ես ընթերցարան էի կարդում: Բայց ամաչեցի և տան բնակիչներին չուզեցի խանգարել: Տան աջ կողքին մի ավերակ տուն կար այն ժամանակ, երբ ես աշակերտեցի այդտեղ: Այդ ավերակ տունը մնում էր մինչև այժմ էլ: Որչափ դանդաղ է շարժվում կյանքը Կոստանդնուպոլսում: Անհնարին է նկարագրել Կոստանդնուպոլսի այն բոլոր վայրերը, որոնք արժանի են ուշադրության և որոնք այցելեցինք մի առ մի: Հիշում եմ նրանցից մի քանի կարևորները: Ֆրանսերեն ուղեցույցի միջոցով իմացա, որ Կոստանդնուպոլսում գետնի տակ մի լիճ կա: Գնացինք այդտեղ: Բաբը Ալիի մոտ, պարսից դեսպանատան դիմացը մի մեծ մասնավոր տուն էր: Դուռը բախեցինք, ներկայացավ մի ծառայող և մեզ ներս հրավիրեց: Ներսում մի քանի այցելուներ էլ կային: Ծառայողը մի մեծ ջահ վերցրած ձեռքին, առաջնորդեց մեզ բոլորիս մի երկար սանդուղքով, որ քանի իջնում էր, հետզհետե մթնում էր: Իջանք հատակը. խոր մթությունը պատեց: Մի քանի քայլ այն կողմ տեսանք մի ընդարձակ լիճ, որի վրա մի նավակ էլ կար։ Ով ցանկանար, կարող էր նավարկել և առաջանալ դեպի լճի խորքը, գլխին կանգնած կամարների տակով: Մենք վախեցանք փորձել, որովհետև կարող էր հեռվում թունավոր գազով լցված օդ լինել: Այս լճի գոյությունը շատ քիչ մարդ գիտե, նույնիսկ Կոստանդնուպոլսի հին բնակիչներից: Տեսանք Ենիչերիների թանգարանը։ Ենիչերի էին կոչվում այն զինվորները, որոնք քրիստոնյաների բռնի մահմեդական դարձած որդիներն էին: Դրանք սկզբում կազմում էին օսմանյան ահավոր բանակը և երկյուղ ասած բանը չգիտեին: Օսմանցոց առաջին մեծ հաղթանակները ենիչերիների քաջության արդյունք են: Ավելի ուշ ենիչերիները ըմբոստացան նույնիսկ պետության դեմ և ոչ միայն իրենց չսիրած սուլթաններին Եդի-գուլեի բանտում բանտարկում էին կամ սպանում, այլև հասարակ ժողովրդի սարսափն էին դարձել: Սուլթան Մահմուդը ոչնչացրեց 60 000 ենիչերիների, թնդանոթի բռնելով և ողջ-ողջ այրելով իրենց զորանոցներում: Այժմ այդ ենիչերիների կյանքն ու անցյալը պատկերացնելու համար շինել են մի թանգարան, ուր բազմաթիվ ենիչերիների արձաններ, բնական մեծությամբ և բնական դիրքով ներկայացնում են ամեն ինչ: Կան այնտեղ ենիչերիների գլխավորները իրենց սոսկալի տարազով, թուրերով, լախտերով և այլ սոսկալի զենքերով, կանայք, երեխաներ, խոհարար, տնային կարասիք, կաթսա և այլն: Ամեն ինչ այնպես բնական է, ենիչերիները այնպես ահավոր են, որ այցելուներից շատերը իրական կարծելով վախենում էին մոտենալ: Տեսանք Այա-Սոֆիան, որ նախապես հունական եկեղեցի էր, իսկ Կոստանդնուպոլիսը գրավող սուլթան Մեհեմեդ Ֆաթիհը, չդիմանալով նրա գեղեցկության, ոչ միայն չկործանեց, այլև փոքրիկ փոփոխությամբ մզկիթի վերածեց: Մուտքը ազատ է։ Մտանք ներս: Թեև Այա-Սոֆիայի արտաքինը շատ չնչին է, բայց ներսում հոյակապ է և ահավոր: Երբ առաջանում ես դեպի կենտրոնը, բարձրացնում ես գլուխդ և տեսնում ես այն ահավոր գմբեթը, որ կանգնած է գլխիդ առանց որևէ սյունի վրա հենվելու, կսարսափես և կկարծես, թե ահա այդ օդի մեջ կանգնած երկնագունդը վրադ է փուլ գալու: Բայց մի վախենա։ Բագրատունյաց մեծ ճարտարապետ Տրդատը կանգնեցրել է այն անսյուն գմբեթը: Հուստինիանոս կայսեր կառուցած այդ մեծ եկեղեցին երկրաշարժից փուլ էր եկել։ Ինչքա՜ն ճարտարապետները աշխատում էին վերականգնել, բայց գմբեթը չէր կանգնում և թափվում էր ցած: Կայսրը հրավիրեց Տրդատին և նա կանգնեցրեց գմբեթը այնպես, որ մինչև այժմ անվթար մնում է: Սյուների փոխարեն նա իբր սյուն գործածեց տաճարի չորս անկյունները, որոնց վրա դրած մեծ քառակուսի սալաքարերը, որոնք ճարտարապետության մեջ այժմ կոչվում են «հայկական թմբուկ» (tambour arménien), իբրև հիմք պահում են գմբեթի չորս ծայրերը: Այցելության գնացինք և մանրամասն ման եկանք Սուրբ Փրկչի հայոց հիվանդանոցը: Հայ ազգը դրա նման հոյակապ կառուցվածք չունի: Պեզճյան Հարություն ամիրան, իր անձնական ծախսով, հիմնել է այդ շենքը, որ սկզբում շատ հասարակ բան էր, իսկ այժմ հասել է աննման շքեղության: Նա պատսպարում է 8 000 հոգի (հիվանդ, անկյալ, հիմար, պառաված կանայք և տղամարդիկ, որբեր, աղքատ ուսուցիչներ և այլն): Ազգի տունն է կոչվում այն: Ո՞վ է պահում այդ հոյակապ շենքը: Ազգը ամբողջությամբ: Մեռելների պսակների փոխարեն, որ մի ավելորդ ծախս է մարդկանց վրա, Կոստանդնուպոլսի հայերը նվիրում են Հիվանդանոցին «փոխան ծաղկեպսակի» կոչված մի գումար, որ Հիվանդանոցի վարչությունը հայտարարում է թերթերում ամեն ամիս: Հիվանդանոցը տպում է ծխելու թուղթ, որի երեսին նկարված է Հիվանդանոցը, իսկ ներսում տպված է հետևյալը. «Կխնդրենք մեր ազգայիներեն, որ ի սեր ութ հազար տառապյալներու, այս թղթով ծխեն»: Թուղթը շատ ընտիր տեսակից է. ավելորդ է ասել, որ բոլոր հայերը ծխում են այդ թղթով, բայց նույնիսկ շատ թուրքեր, ոմանք թղթի լավությունից հրապուրված, ոմանք էլ դժբախտների սիրուն գործածում են այդ թուղթը: Այնքան ընդարձակ էին սրահները, որ կարելի չէ նկարագրել մի առ մի: Եկեղեցի, դպրոց, որբանոց, գժանոց, մոմ թափելու գործարան և այլն, այս բոլորը մի շատ ընդարձակ պարտեզի մեջ, ուր ամեն տարի մայիսին Կոստանդնուպոլսի հայերը տոնում էին սահմանադրության տարեդարձը: Ման եկանք հիվանդանոցի ընդարձակ սենյակները, որոնց յուրաքանչյուրը մի առանձին հիվանդության է հատկացված: Շատ ազդեցիկ տպավորություն գործեցին այդ սենյակների անունները. մինը կոչվում է Գրիգոր Նարեկացի, մյուսը՝ Ներսես Շնորհալի. այսպիսի անուններով որակել են հիվանդների սենյակները: Նարեկացին թոքախտավորների սենյակն է, Շնորհալին մի ուրիշ և այլն: Երբ ման էինք գալիս, տեսնում եմ հանկարծ մի երիտասարդ, որին իսկույն ճանաչեցի. Պեկյան անունով մի տղա էր, որի հետ դասընկեր ենք եղել Կեդրոնական վարժարանի Ա դասարանում. ծնոտը տարօրինակ կերպով ցած կախված, մտավոր վիճակը խանգարված մի տղա էր: 17 տարի էր անցել այդ օրվանից և նա մտել էր այդտեղ իբրև հիմարների և հիվանդների վրա հսկող վերակացու: Սամաթիա թաղում այցելեցինք հայոց եկեղեցին և Սուրբ Սահակյան վարժարանը: Այդ դպրոցումն էի սովորել ես էլ իմ պատանեկության ժամանակ: Մտանք մի դասարան. աշակերտը գրատախտակի վրա ապացուցում էր մի երկրաչափական տեսություն, որ վերջացրեց «զորն որ կուզեինք ապացուցանել» բառերով: Ամբողջ մանկությունս վերականգնվեց աչքիս առաջ: Քննիչ ուսուցիչը Արմենակ Բարսեղյանն էր, Ճեմարանի իմ հին աշակերտներից մեկը, եվդոկիացի, որի հետ ես ու կինս պաշտոնակից եղանք Թավրիզի Արամյան դպրոցում: 4 տարի էր անցել այդ օրվանից և իրարից ոչ մի տեղեկություն չունեինք: Հենց որ ներս մտանք դասարան, իսկույն ճանաչեց մեզ, բայց կարգապահության գիտակցությունը չթողեց նրան որևէ շարժում անել մինչև դասի վերջը: Դասից հետո մենք շատ զրուցեցինք բազմաթիվ հարցերի շուրջը: Մի օր անակնկալ կերպով մեզ այցելության եկան պրոֆ. Գրիգոր Խալաթյանը, որին տեսել էի Տրապիզոնում և դոկտ. Ն. Տաղավարյանը, որին ծանոթ էի միայն գրականությունից։ Բժիշկ և նշանավոր հեղինակ էր: Իմ աշակերտության ժամանակ նա հրատարակում էր «Գիտական շարժում» ամսաթերթը, որ նվիրված էր ամբողջությամբ առողջապահության, մարդակազմության, ֆիզիկայի: Այս նյութերի շուրջ զանազան գրքեր է հրատարակած հեղինակը: Իր գործն է «Բառացուցակ ախտանուանց» տետրակը, որ իբր ուղեցույց ծառայեց վերջերս մեզ մոտ կազմված զանազան բժշկական բառարանների: Ավելի ուշ Տաղավարյանը մտավ հայագիտության սահմանը և «Սկսնակ բանասեր» ստորագրությամբ հրատարակեց զանազան գրքույկներ: Հիշում եմ նրա «Հայոց պատմություն»-ը, «Հայոց գրերի գյուտի պատմություն»-ը և այլն: Այսքան բազմակողմանի հմտություն շատ է մի մարդու համար, բայց նա սեբաստացի էր: 1915 թվականի խուժդուժ կոտորածին նա էլ նահատակվեց 500 հայ մտավորականների հետ: Խալաթյանը և Տաղավարյանը ինձ հայտնեցին, թե Հովհաննես Սագըզ փաշան ցանկանում է ինձ տեսնել և խնդրեցին, որ նրա մոտ այցելության գնամ: Այս անձը, թեև փաշա, բայց գիտական արժանիք ունեցող մարդ էր: Նա ուսումնասիրել էր սումերերեն լեզուն և համեմատելով հայերենի հետ, մինչև 250 նման բառ էր գտել: Նա քննեց նաև իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մասին շատ գովասանական գնահատական տվեց: Ես մերժեցի գնալ նրա մոտ և ասացի. «Եթե նա ինձ ուզում է տեսնել, դուռս բաց է. կարող է գալ ինձ մոտ»: Երկու հյուրերս, ինչպես և կինս, զարմացան իմ մերժման վրա և ոչինչ չկարողացան արտասանել: Իրենց համար տարօրինակ էր, որ մի փաշա հրավիրի իր մոտ մի հասարակ վարժապետի և այդ վարժապետը չգնա նրա մոտ: Բայց իմ բնավորությունը այդպես է եղել. մեծամեծների, ազնվականների և իշխանավորների հետ ոչ մի գործ չունեմ. չափազանց հպարտ եմ նրանց հետ, իսկ հասարակ մարդկանց հետ պատրաստ եմ ընկեր և բարեկամ լինելու. սրանց մոտ շատ համեստ եմ: Կինս հետո ինձ ասաց. «Ափսոս, որ զրկեցիր ինձ մի փաշայի տունն էլ տեսնելուց»: Կոստանդնուպոլսում եղած ժամանակս միշտ այսպես պտույտներով չանցկացրի, այլ նաև գիտական աշխատանքներով: Ծանոթանալով երկու զեյթունցի երիտասարդների հետ, որոնք Կեդրոնականի սաներ էին, կազմեցի Զեյթունի բարբառի բառացանկը: Ծանոթացա երկու Տիգրանակերտցի պարոնների հետ, որոնցից մեկը բժշկական վարժարանից էր, մյուսը՝ ուսուցիչ: Դրանց հետ էլ կազմեցի Տիգրանակերտի բառացանկը: Բայց ավելի կարևոր է հիշել դեպի Ռոտոսթո ճամփորդությունս: Ռոտոսթոն գտնվում է Մարմարայի եվրոպական ափում. շոգենավով Կոստանդնուպոլսից մի օր հեռու է: Գնացի Ռոտոսթո: Բնակչությունը մեծ մասամբ հայ է: Ծանոթացա հայկաբան ուսուցիչ Տիգրան Պաղտիկյանի հետ և նրա հետ կազմեցի Ռոտոսթոյի բարբառի բառացանկը և սրճարանում հավաքված մի քանի տեղացի հայերից բնագրեր: Ռոտոսթոյի հյուրանոցում սովորեցի նորօրինակ մի առողջապահական կանոն, որ պետք է ներկայացնել մեր բժիշկներին։ Հյուրանոցի այն սենյակում, ուր իջել էի ես, ինձ հետ կային երեք թուրք հյուրեր: Ծովի վրա նայող պատուհանը ամբողջապես բաց, սենյակի դուռն էլ նրա ճիշտ դիմացում բաց, ծովի կողմից փչում էր մի այնպիսի հորդահոս քամի, որ քիչ էր մնում մեզ էլ տապալեր: Վեր կացա դուռը փակեցի. քամին դադարեց: Թուրքերը գանգատվեցին, թե «Այդ չեղավ. երբոր քամին մի կողմից փչի, ամբողջ քամին ներսը կմնա և մեր մարմնի մեջ մտնելով՝ հիվանդություն կպատճառի: Դուռն էլ պետք է բաց անել, որպեսզի դրսից փչող քամին անցնի գնա առանց մեզ վնաս տալու»: Այս տարօրինակ հայացքը միջանցուկ քամու մասին նոր էի լսում: Որոշեցին երկու կողմն էլ փակել, որպեսզի քամին կտրվեր և մեզ չվնասեր: Այդ կարծիքը հետո հորս հայտնեցի, որ ասաց, թե Կոստանդնուպոլսում ամենքն էլ այդպես են կարծում: Կոստանդնուպոլսում մի զվարճալի դեպք էլ տեղի ունեցավ: Փողոցում հանկարծ տեսնում եմ Կարապետ Բասմաջյանին, որին չէի տեսել վաղուց: Հարցրի, թե ինչո՞ւ է եկել: Պատասխանեց, թե Օսմանյան պետական գրադարանում Ջելալեդդին Ռումիի մի ձեռագիրը քննելու համար: Պատմեց հետևյալը: Մտնում է գրադարան, ներկայանում է իր ասիական համայնածավալ շալվարով մի մոլլա և հարցնում է, թե ի՞նչ եք ուզում: Բասմաջյանը ասում է, թե ձեզ մոտ Ջելալեդդին Ռումիի այսինչ ձեռագիրը կա․ բերեք տեսնեմ: Մոլլան պատասխանում է. «Մենք այդպիսի ձեռագիր չունենք»: — Դուք ունեք այդ ձեռագիրը և ես Փարիզից եկել եմ այդ ձեռագրի մեջ մի բան նայելու: Ես գյավուր եմ, ուստի չեք ուզում ցույց տալ, հա՞: Բերեք ձեռագիրը, ես ձեռք չեմ տա ձեռագրին, դուք կթերթեք, ես էլ կկարդամ: Այդպես էլ անում են: Բասմաջյանը գտնում է իր ուզածը, արտագրում և հեռանում: Բասմաջյանը ասաց, թե այդ գրադարանը հայերեն գրքերի մեծ հավաքածու ունի. այն բոլոր գրքերը, որոնք արգելված էին ցենզուրից և գտել էին խուզարկության ժամանակ մասնավորների տանը, այստեղ կան: Այս խոսքի վրա ես հրապուրվեցի և ուզեցի այցելել գրադարանը: Բասմաջյանը առաջնորդեց ինձ մինչև դուռը: Գրադարանը գտնվում էր Չաքմաքճըլար փողոցից վերև՝ Պապը Սերասքերի դեմը, հրդեհի մեծ աշտարակի դիմաց: Մտա ներս: Ներկայացավ մոլլան, որից խնդրեցի հայերեն գրքերի ցուցակը: Երկու-երեք երեսանոց աննշան մի ցուցակ էր։ Իմ նպատակն էր տեսնել Թովմաս Թերզյանի Հովսեփ Գեղեցիկ օպերան: Համարը գտա և պահանջեցի. գնաց բերեց ինչ-որ բողոքականի քարոզ։ Ասացի, որ այս չէ և նորից համարը տվի: Գնաց և մի ուրիշ քարոզ բերեց: «Այս էլ չէ»,– ասացի մոլլային: Մոլլան բարկացավ և ասաց. «Սրանք հայերեն չե՞ն, անպատճառ ա՞յն գիրքը պիտի կարդաս. այս գիրքը կարդա էլի»: Եվ բարկանալով, պահարանի բանալին շպրտեց ինձ, «Գնա, գտիր և կարդա»,— ասելով: Գնացի ներսի սենյակը, ուր գտնվում էր պահարանը․ կարծեմ ընդամենը, ըստ ցուցակի, 250 գիրք կար, ընդհանրապես բողոքական քարոզիչների հրապարակած կրոնական անարժեք տետրակներ, որոնք ձրի բաժանվում են: Սակայն գրքերի շարքում գտա Հովսեփ գեղեցիկը և կարդացի: Այս ձեզ Օսմանյան կայսրության Պետական գրադարանը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ձրի սրճարան, ուր զանազան անգործ մարդիկ նստած ծխում էին կամ իրար հետ խոսակցում: Կոստանդնուպոլսի հետաքրքիր վայրերից երկուսն էլ պետք է հիշեմ: Առաջինն է Մևլևիների մենաստանը, որ գտնվում է Ղալաթիայում: Մևլևիները կազմում են մահմեդական մի աղանդ, որի էությունը հայտնի չէ, գաղտնի են պահում: Ասում են, թե սուլթաններից մեկը մևլևիների գաղտնիքին ծանոթանալու համար իր որդուն տալիս է նրանց վանքը, ասելով նրան, թե «Գնա բոլոր գաղտնիքները իմացիր և արի, ինձ ասա»: Մևլևիները սիրով ընդունում են սուլթանի որդուն իրենց վանքում, դաստիարակում են նրան իրենց ոգով և վերջապես դարձնում են դերվիշ, անունը դնելով «Սերվեր դեդե»: Մի օր սուլթանը կանչում է իր որդուն և առաջարկում է գաղտնիքները հայտնել: «Ոչ մի գաղտնիք չկա, հայրիկ, մևլևիներն էլ այնպիսի մահմեդականներ են, ինչպես ամենքս. միայն հագուստով են տարբեր»: Սուլթանը չի հավատում և ասում է. «Տե՛ս որդի, ես քեզ տվի նրանց մոտ, որ նրանց գաղտնիքները ինձ բերեիր, ինչո՞ւ ես թաքցնում»: Որդին միշտ մերժում է և սուլթանը վերջապես գլխատել է տալիս նրան: Մևլևիները թաղում են նրան իրենց մենաստանում և գրում են բառախաղով շիրմի վրա հետևյալը. «Սեր վերիպ, սըռ վերմեյեն Սերվեր դեդե»: (Գլուխը տվեց, գաղտնիքը չտվեց Սերվեր դեդեն): Մևլևիների դավանանքի մասին ընդարձակ մի հոդված ունի Մրմրյանը, տպված «Ոստան» ամսագրում: Ընդհանուր խոսքով մևլևիների դավանանքի էությունն է ազգերի և կրոնների հավասարությունը: Բոլոր կրոնները հավասար են, բոլոր ազգերը եղբայր են, բոլորը հավասար են իրար և դավանանքի տարբերությունը ձևական է: Ոչ մի ազգ իրավունք չունի բռնանալու ուրիշի վրա, և ոչ մի կրոն իրավունք չունի մի ուրիշ կրոնից գերազանց համարելու իրեն: Գնացինք մևլևիների մենաստանը: Նրանց արարողությունը կատարվում է պարով. ընդարձակ դահլիճի վերնատնում նստած է մի դերվիշ և նեյով նվագում է սրտառուչ մի մեղեդի (նեյը մի տեսակ երկար սրինգ է). նրա կողքին նստած է մի ուրիշ դերվիշ, որ նվագի հետ կարդում է աղոթքները: Ցածրում, դահլիճում մյուս բոլոր դերվիշները, թևերը պարզած, լայնատարած շորերը փռած իրենց վրա անդադար դառնալով՝ շրջապտույտ պար են գալիս շարունակ, մինչև որ ուշագնաց, գլխակորույս ընկնում են և քնում: Արարողությունը վերջանում է: Մևլևիները շատ բարի մարդիկ են. կրում են երկար թաղիքե գլխարկներ. հագուստները շատ լայն են և խոսելիս միշտ կրկնում են «Յա՜ հո՜ւ»: Միայն նրանց գիշերային արարողությունն է ահավոր, երբ դրսից լսվում է նրանց խռպոտ հռնդյունը: Մեր թաղում (Սամաթիայի Նոր թաղ), երբ սուլթանի հրամանով գազանացած խուժանը հարձակում է գործում հայերին կոտորելու համար, մևլևիների գլխավոր վանահայրը, որ մի ալևոր ծերունի էր, վազում է խուժանի առաջ, կասեցնում է նրանց և ասում. «Ո՞ւր եք գնում»: Պատասխանում են, թե սուլթանի հրամանն է կոտորել հայերին: Դերվիշ դեդեն պատասխանում է. «Սուտ եք խոսում, սուլթանը ժողովրդի հայրն է, նա չի կարող այդպիսի հրաման տալ, ես ձեզ չեմ թողնի, մինչև դիակս այստեղ չփռեք»: Այսպիսով թաղը փրկվում է. խուժանը հետ է գնում: Երկրորդ մենաստանն էր Ռուֆայի դերվիշներինը, որ գտնվում էր Սկյուտար թաղում: Ռուֆայի նշանակում է «հաչող», որովհետև շան նման հաչում են: Գնացինք այդ մենաստանը. որոշված ժամին մեզ նման բազմաթիվ հանդիսականների առաջ դերվիշները կարգով կանգնեցին: Վանահայրը, նստած գետնի վրա, հրամայեց գոչել «Յա՜ Ալլահ». բոլոր դերվիշները ձեռք-ձեռքի տված, պար բռնած, աջ ու ձախ օրորվելով և վազվզելով, շարունակ գոռգոռում են «Յա՜ Ալլահ», մոտ տասը րոպե, մինչև վանահայրը հրամայում է լռել: Այս անգամ տալիս է մի ուրիշ բառ. «Յա՜ Քերիմ» (ով ողորմած): Տաս րոպե էլ այս է տևում։ Այսպես շարունակ վանահայրը տալով նորանոր ածականներ Աստծուն, դերվիշներն էլ պարում են: Իրենք էլ ձանձրացած այս անիմաստ կոչականներից, աչքերով լպիրշ հայացքներ գցելով հանդիսականների վրա, անճոռնի և անկարգ պարում են, մինչև անգամ վանահայրը ստիպված է լինում կարգի հրավիրել։ Այս ապուշ արարողությունը տևեց մի ժամ. վանահայրը կարդաց վերջին աղոթքը և արձակեց բոլորին: Այն միջոցին, երբ գտնվում էինք Կոստանդնուպոլսում, տեսա իմ հին ընկերներից մի քանիսին, բայց ոչ բոլորին, որովհետև շատերը գտնվում էին արտասահմանում: Տեսա իմ սիրելի դասընկեր Միքայել Շամտանճյանին, որ հայտնի բանաստեղծ էր և հրատարակում էր «Ոստան» ամսագիրը, մեր հանդեսներից լավագույնը, որի մեջ ես էլ մի քանի հոդված հրատարակեցի: Դպրոցական շրջանից արդեն մենք շատ սիրով էինք: Նա ամուսնացել էր Հրաչուհի անունով մեկի հետ, որ վայելում էր գեղեցկուհու համբավ: Հրաչուհու քույրը (Տայան ազգանունով) բաց էր արել աղջկանց մի վարժարան, անգլիական «հոմ սքուլ»-ի (տնային դպրոց) ձևով, որ և Կոստանդնուպոլսում մեծ համբավ էր ստացել: Շամտանճյանը և կինը մնացին մեզ մոտ երկու օր, որից հետո մեզ էլ հրավիրեցին իրենց տունը, որ գտնվում էր Սկյուտարում: Գիշերեցինք նրանց մոտ: Առավոտուն, ըստ պոլսական սովորության, Միքայելը գիշերանոցով բարձրացել էր պարտեզի թզենու վրա և կողքին կախած կողովի մեջ լալեով սառնորակ թուզեր էր հավաքում (լալեն մի երկար ձող է, որի ծայրը ճեղքելով մի անցք են շինում. հեռվում գտնված թուզը բռնում են այդ անցքի մեջ և ոլորելով պոկում): Սառնորակ ընտիր թուզերի համը շատ քաղցր է: Կոստանդնուպոլիսը արտադրում է բազմատեսակ ընտիր թուզեր: Տեսանք իմ շատ սիրելի ընկեր Սարգիս Մինասյանին, զենկիլերցի, որի հետ 1895 թվականին փախել էինք Կոստանդնուպոլսից: Նա գնաց Շվեյցարիա ուսանելու հասարակական գիտություններ և վերադարձել էր Կոստանդնուպոլիս: Հիանալի գեղեցկությամբ, առույգ դեմքով և հասակով, բարեկիրթ և շատ քաղաքավար, այնպիսի մի երիտասարդ էր դարձել, որ ամենքի վրա հիացմունքի տպավորություն էր թողնում: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ այնքան սիրալիր գտնվեց, որ մի գեղեցիկ, փարթամ ծաղկեփունջ բերեց և նվիրեց կնոջս շոգենավի վրա: Հինգ հարյուր մտավորականների կոտորածի ժամանակ Սարգիսը զոհվեց, իսկ Միքայելը զերծ մնաց: Գնաց Ասորիք, ուր մեծ թշվառության մեջ մեռավ: Իր գեղեցկուհի կինը՝ Հրաչուհին, մեռել էր 1911 թվականին: Տեսա նաև Արամ Խաչատրյանին, որ այժմ կրում էր Աղվորիկյան ազգանունը. Կեդրոնականի իմ սիրելի ընկերներից էր, N 50: Մի ոտքը կաղ, կարճ հասակով գեղեցիկ տղա էր. ավարտելուց հետո մեզ նման ուսումը չշարունակեց, այլ գալանտերեայի մի խանութ բացեց: Մենք երկուսս բավական ժամանակ թղթակցել ենք իրար հետ և իմ նամակների մի մասը տպագրության էր տվել: Մի օր շոգենավում, մի քանի ընկերների հետ պատահում եմ Սիմոն Չիլինկիրյան անուն ընկերոջս, որ Խասգյուղ թաղից էր և երկրորդ տարվանից թողեց դպրոցը և գործի անցավ: Նա պարծենում էր ամենքի առաջ և ասաց. — Կոստանդնուպոլսում գտնված բոլոր հայերը, մեծ և փոքր, ամենքն ալ բանտարկվեցան կարճ կամ երկար ժամանակով. միայն ես չբանտարկվեցա. սուլթանը չկրցավ ինձի բանտարկել: Ես, ընկերներիս ներկայությամբ, սուտ պարծանքով, ցույց տալ ուզելով, թե այսքան տարվա մեջ մայրենի լեզուս չեմ մոռացել, խոսում էի պոլսական ամենառամիկ բարբառով, թուրքերեն և եվրոպական բառերով խառն: Սիմոնը դարձավ ինձ և այս դառն նկատողությունն արեց. — Է, այդ ի՞նչ գռեհիկ լեզու կխոսիս. այստեղ Կովկաս չէ: Մենք հոս ազգային հարց ունինք. ի՞նչ կըսեն թուրքերը, երբ խոսածիդ մեջ թուրքերեն բառ լսեն. «Դուք ա՞զգ եք,— կըսեն,— դուք լեզու չունի՞ք, ինչո՞ւ թուրքերեն բառեր կգործածեք: Եվ դեռ կհամարձակիք ինքնավարություն պահանջելու»: Օտարներն ալ լսելով եվրոպական բառերդ, որոնք մեծ մասով հունարեն են, կծաղրեն մեզի, ըսելով, թե ինչո՞ւ մեր բառերը գողցեր են: Այս նկատողությունը մեջ բերի ցույց տալու համար (կովկասեցոց), թե ի՞նչ մտայնություն է տիրում Պոլսի մեջ, որքան վախենում են օտար բառեր գործածելուց և աշխատում են միշտ հարազատ հայերեն խոսել: Իսկ մենք այստեղ «միջազգային» ասելով ամեն օտար բառ ազատորեն գործ ենք ածում: Գնացի տեսա Ներսես Թյուլյանին, որ սամաթիացի էր և նախակրթարանից սկսած մինչև Կեդրոնականի վերջին դասարանը ընկերացել էր ինձ: Ավարտելուց հետո գնաց Նանսի և բժշկականը ավարտելով, Կոստանդնուպոլիս վերադարձավ: Բնակվում էր Մաքրիգյուղ և նշանավոր բժիշկ էր: Գնացինք իր տունը: Նա էլ ամուսնացել էր ինձ նման կովկասցի մի աղջկա հետ, որ Կոստանդնուպոլիս մնալով, պոլսական հայերենն էր յուրացրել: Ամառը վերջանում էր և մենք պետք է մեկնեինք: Համոզեցի ծնողներիս, որ Կոստանդնուպոլիսը թողնեն և ինձ հետ գան Նոր-Նախիջևան: Համաձայնվեցին և չորսս միասին մի հոյակապ ռուսական շոգենավ նստելով՝ եկանք Օդեսա: Այդ տարին զուգադիպությամբ Օդեսայում մի մեծ ցուցահանդես կար: Գնացինք տեսնելու. որքա՜ն ուրախացավ հայրս, որ կյանքում այդպիսի բան չէր տեսել։ Արհեստագետ և հետաքրքիր մարդ լինելով, մանրամասն դիտում էր ցուցադրված առարկաները և գովաբանում: Օդեսայում այդ տարի ժանտախտի (չումա) երկու դեպք էր պատահել։ Ցարական կառավարությունը իսկույն հրամայել էր շրջապատել ամբողջ թաղը, բնակիչներին մերկ դուրս բերել առանձին մաքրարան (կարանտինա) և ամբողջ թաղը կրակի տալ: Երկու օր տևել էր բոցավառ հրդեհը և լափել ամեն ինչ: Մենք հասանք, երբ ավերակները դեռ ծխում էին: Ժանտախտը այսպիսով դադարել էր: Օդեսայից ուղղակի եկանք Նոր-Նախիջևան, ուր վարձեցինք մի փոքր բնակարան: Դա Մարիետա Շահինյանի հայրենի տունն էր: Այդ տարին բարեբախտաբար առատ բերք կար. ձմերուկը, որ ես այնքան սիրում եմ և որի մասին Կոստանդնուպոլսում շարունակ գովեստ էի կարդում մերոնց, այդ տարի չափազանց էժան և առատ էր: Հայրս շուկայից գալիս էր երկու թևերի տակ երկրագնդի մեծությամբ երկու խոշոր ձմերուկ դրած, տալիս էր մորս՝ «Կնի՛կ, սա նայե, հատը 15 կոպեկ է»: Լիառատ կյանք վայելեցինք: Մի օր, առավոտյան ժամը չորսին, մութնուլուսուն հայրս գնում է շուկա նավթ առնելու: Սեպտեմբեր ամիսն էր և շատ ցուրտ, ինչպես լինում է Նոր-Նախիջևանում: Հայրս իրեն Կոստանդնուպոլսում կարծելով, վերարկու չէր հագել: Հայտնի է, որ Ռուսաստանում ժամը 4-ին դեռ խանութները փակ են, իսկ Կոստանդնուպոլսում այդպիսի բան չկա: Ամեն արհեստավոր և խանութպան ազատ է, որ ժամին որ ուզե, խանութը բաց կանի կամ կփակի: Այսպես մտածելով հայրս գնացել էր շուկա. խանութները փակ էին. փոխանակ տուն դառնալու, սպասել է 4 ժամ, ցրտի տակ դողալով, բայց անխոհեմությամբ դիմադրելով և վերջապես տուն եկել: Թոքերի բորբոքում ստացավ և անկողին ընկավ: Շատ էր տանջվում: Կանչեցինք նշանավոր բժիշկ Աստվածատուր Քեչեկ-ծանյանին, որ Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից էր: Երկու շաբաթ տևեց հիվանդությունը: Երբ շատ ծանրացավ, բժշկական խորհրդակցություն (կոնսիլիում) խնդրեցինք: Երեք հոգով կոնսիլիում կազմեցին. խորհրդակից բժիշկներից մեկը հայ էր, մեկը ռուս: Երեքով առանձնացան մի սենյակ, որի կողքի սենյակից կինս թաքուն լսում էր։ Բժիշկներից մեկը (ռուսը) հարց է տալիս, թե «Կոտորակները ընդհանուր հայտարարի ինչպե՞ս պետք է բերել, ես ինչքան անում եմ, չեմ կարողանում»: Երկար բարակ նրան բացատրում են: Հետո սկսում են խոսել օդի բարեխառնության, ապա բերքի առատության մասին: Վերջը ասում են. «Դե, մի քիչ էլ հիվանդի մասին խոսենք»: Քեչեկյանը պատմում է, թե հիվանդը ինչ վիճակի մեջ է, որից հետո բժիշկները գալիս են հիվանդի մոտ, մի քիչ մարմինը դես դեն խփում և հանգիստ սրտով հայտարարում. «Հիվանդը լավացել է, բոլոր վերքերը փակվել են, վաղը արդեն վեր կկենա»: Մենք երկուսս (կինս ու ես) բոլորովին հանգստացած, ուրախ զվարթ գնում ենք քնելու, առանց ուշադրություն դարձնելու հիվանդի հեծեծանքներին: Կես գիշերից անց լսում ենք լացի ձայն. վազում ենք սենյակ. մայրս աղիողորմ լաց էր լինում. հայրս մեռել էր: Հիշում եմ, երբ նախորդ առավոտյան գործարանի սուլոցը սուլեց, հայրս ասաց. «Արքատաշլարըմ իշե գիթտիլեր. բեն էշեք կիպի պուրտա յաթմըշըմ» (ընկերներս աշխատանքի գնացին, ես այս տեղ էշի նման պառկել եմ): Մեռնելու մոտ ասել էր. «Էշեք կիպի կելտիք, էշեք կիպի կիտիյորըք» (էշի պես եկանք, էշի պես գնում ենք): Առավոտը գնացի բժիշկ Քեչեկյանին մահվան վկայական ուզելու: Զարմացած հարցրեց. «Մի՞թե մեռավ. ինչի՞ց մեռավ»: — Բժիշկը դուք եք, ի՞նձ եք հարցնում. դուք ասացիք, որ բոլորովին լավացել է, և մենք ձեր խոսքին վստահելով, հորս վերջին րոպեները անխնամ թողեցինք: Թաղման կարգը Ավետիս Տեր-Հարությունյանը կազմակերպեց: Նոր-Նախիջևանում այն ժամանակ կար մեռել թաղելու հատուկ մի խանութ. սակարկությամբ նրանք ամեն ինչ հոգում էին. դագաղ, քահանա, մինչև անգամ հուղարկավոր մարդիկ: Հորս հուղարկավորությունը շատ անշուք կատարվեց. բացի մեր քահանա Քելլեշահինյանից, տեսուչ Շահազիզից և մեր ընկեր Ավետիսից, ուրիշ ոչ ոք չկար. կային միայն մեռելի խանութից ուղարկված 2—3 ռուսներ: Հորս թաղեցինք գերեզմանատան Ս․ Կարապետ եկեղեցու հետևում, պատի տակ: Վաթսուն տարեկան էր, երբ մեռավ, դեռ շատ առույգ հասակում (1910 թ. սեպտ.): Հորս մահվանից հետո մորս դրությունը անտանելի դարձավ։ Երեսը պատին դարձրած լաց էր լինում շարունակ: Մեռնելու ժամանակ հայրս նրան ասել էր. «Եթե ապրիլ կուզես, հոս մի՛ կենար, ել Կոստանդնուպոլիս գնա»: Մայրս չուզեց մնալ: Նախ չհավանեց այն քաղաքը, որ իր ամուսնու վաղաժամ մահվան պատճառ եղավ, մի չնչին նավթի պատճառով: Չսիրեց Նոր-Նախիջևանի լայն փողոցները, որտեղ հարևանները իրար չեն տեսնում: Նա ուզում էր Կոստանդնուպոլսի նեղ փողոցները, ուր խոսակիցները պատշգամբից դիմացե դիմաց խոսում են և իրար զանազան բաներ տալիս: Մորս հետ տանելու համար, հրաման առի դպրոցից, տարի նրան Բաթումի, որպեսզի այնտեղից Կոստանդնուպոլիս գնա: 1912 ԹՎԱԿԱՆ Հորս մահվանից երկու տարի հետո որոշեցինք երկրորդ անգամ Կոստանդնուպոլիս գնալ մորս տեսության: Այն ժամանակ անցագիր պատրաստելը շատ հեշտ գործ էր: Եվրոպական երկրներում արդեն անցագիր չկար. ով որ, երբ որ, ուր որ ուզե, կարող է կայարան գնալ, տոմս վերցնել և մեկնել։ Ռուսաստանում, ցարական շրջանում, մի փոքր ձևականություն կար: Դիմում պետք էր տալ և անցագիր ստանալ: Ըստ այսմ ես էլ Ռոստովի քաղաքապետին (գրադոնաչալնիկ) ռուսերեն դիմում գրեցի և տարի պաշտոնատուն: Դիմումս ընդունեցին անմիջապես, բայց ասացին, որ քաղաքապետը դուրս է եկել, մի ժամից կգա և կստորագրի: Գնացի քաղաքային պարտեզ, մի ժամ թափառեցի և եկա պաշտոնատուն: Անցագիրս պատրաստ էր: Երկու հոգու համար 6 ամսվա և վճարն էր 6 ռուբլի: Օդեսայի վրայով Կոստանդնուպոլիս մեկնեցինք: Շոգենավը ռումինական նավահանգիստները կանգ չառավ, բայց կանգնեց Վառնայում և Բուրգազում: Վառնայում չթողեցին դուրս գալ, բայց Բուրգազում թողեցին: Հիշում եմ, թե ինչպես կես ժամի չափ ես ու կինս ման եկանք Բուրգազի փողոցներում: Ամեն ինչ Կոստանդնուպոլսի նման էր: Կարծես թե Կոստանդնուպոլսի մի փոքրիկ հեռավոր թաղն էինք մտել: Խանութները, ուտելեղենները, նույնիսկ մարդիկ գրեթե նույն ձևով: Տեսանք թուրքեր էլ, բայց ո՜րքան բարեկիրթ, հանդարտ, կարգապահ և հպատակ: Կոստանդնուպոլիսը նկարագրելու կարիք չկա: Դեռ ամեն ինչ նախկին կարգով էր. հայերը հարգված ժողովուրդ էին և հանգիստ ապրում էին: Սակայն սկսել էր Հայկական հարցի նոր վերաքննությունը: Ռոստովում հրատարակվում էր «Приазовский край» օրագիրը, որի խմբագրության մեջ հայեր էլ կային: Մեծ դեր ուներ հատկապես խմբագիրներից Հակոբ Սամսոնիչ Խաչատրյանը: Նա Նոր-Նախիջևանի թեմական դպրոցի ռուսերեն և լատիներեն լեզուների ուսուցիչն էր. հետագայում նա ամուսնացավ բնիկ Նոր-Նախիջևանցի Մարիետտա Շահինյանի հետ, որ այժմ նշանավոր գրող է ռուսաց մեջ: Խաչատրյանը և ես ոչ միայն պաշտոնակից, այլև մոտիկ ընկերներ էինք: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, նույն ռուսերեն թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում Կոստանդնուպոլիս Հայկական հարցի ուսումնասիրության համար: Այս նպատակով ես գնացի Հայոց ազգային երեսփոխանական ժողովի նախագահ Վարդգես Փափազյանի մոտ և թղթակցի վկայականս ցույց տալով, խնդրեցի, որ Հայոց հարցի մասին որոշ տեղեկություններ տա, հաղորդելու համար թերթի խմբագրության: Նա սնափառ պարծենկոտությամբ ասաց ինձ. «Ես ձեզ չեմ ընդունում իբրև «Приазовский край» թերթի թղթակցի, այլ իբրև հայտնի հայագետի. ուստի իմ տված տեղեկությունները կլինեն այդ սահմանում»: Սակայն իր տված տեղեկությունների մեջ ոչ մի նորություն չկար. ինչ որ ասաց արդեն տեղական թերթերում, մանավանդ ֆրանսերեն լեզվով հրատարակված լրագրում կար: Դուրս եկա նրա մոտից և այլևս նրա մոտ գնալ ավելորդ համարեցի: Թերթերից քաղելով, հոդված պատրաստեցի ֆրանսերեն լեզվով և ուղարկեցի խմբագրության: Հակոբ Խաչատրյանը նույնը թարգմանեց ռուսերենի P. A․ ստորագրությամբ: Կարծեմ այսպիսի 4 հոդված ուղարկեցի, որոնք տպվեցին նույն թերթում: Շատ ժամանակ հետո պատահմամբ «Մշակ» օրաթերթի մեջ տեսա առաջին հոդվածիս թարգմանությունը Ռ. Ա. ստորագրությամբ: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ, թղթակցի պաշտոնս փոխանցեցի Միքայել Շամտանճյանին, որ ուղարկեց իմ մեկնումից հետո երկու հոդված հայերեն լեզվով: Ամառը վերջանալուն հրաժեշտ տվինք մորս: Հիշում եմ, երբ նա տան դռան առաջ դառնագին լաց լինելով համբուրում էր ինձ և կնոջս, ասելով, թե այլևս ձեզ չեմ տեսնելու, ես պատասխանեցի, թե երկու տարին մեկ գալիս ենք, էլի կգանք, բայց նա ասաց. «Ոչ, էլ չեմ տեսնելու»,— և նորից դառնագին լաց եղավ: Իրոք որ իր ասածը կատարվեց: Ծագեց համաշխարհային պատերազմը, որին մասնակցեց նաև Տաճկաստանը և սրանով կործանեց ոչ միայն իրեն, այլև մեզ: Ես մորս ուղարկում էի ամեն ամիս 25 ռուբլի, որ Կոստանդնուպոլսում ապրելու համար լավ գումար է: Պատերազմի ժամանակ անհնարին եղավ որևէ ձևով փող ուղարկել իրեն, տաճիկները, ինչպես բոլոր քրիստոնյաներին, նույնպես և մորս Բոսֆորից աքսորեցին դեպի Կոստանդնուպոլսի ներքին թաղերը: Մայրս այդ ծեր հասակում ապաստանեց իր երկու քույրերի տանը և այնտեղ էլ մեռավ 1921 թվականին, 72 տարեկան հասակում: Թաղվեց Պալըքըլի ազգային գերեզմանատնում իր մոր և սիրելի աղջկա՝ Արշալույսի կողքին: ՓԱԽՈՒՍՏ ՌՈՍՏՈՎԻՑ Մինչև 1918 թվականը մենք մնացինք Նոր-Նախիջևանում: Այդ 11 տարվա միջոցին բնակվել ենք 20 տարբեր բնակարաններում, մեծագույն մասամբ հայ, մի-երկուսն էլ ռուս: Այսքան տեղափոխության պատճառը այն էր, որ ամեն ամառ գնում էինք Կովկաս, ուստի բնակարանն էլ թողնում էինք, երեք ամսվա ավելորդ վարձ չվճարելու համար։ Ամենից ավելի կապված ենք եղել Մարիա Պավլովնա Խոջապարոնյանի հետ, որի հետ կինս համարյա քույր էր դարձել: Արդեն վերևում խոսել ենք այդ ընտանիքի մասին: Երբ ծագեց համաշխարհային պատերազմը, և հայ ազգն էլ իր կամավորական գնդերով մասնակցեց պատերազմին ռուսաց կողմում, Նոր-Նախիջևանն էլ կենտրոն դարձավ արևմուտքից եկող այդ հայկական կամավորական գնդերին: Այս բոլորի պատմությունը շատ հետաքրքիր է: Նոր ազգային կյանք ստեղծվեց համարյա հայությունը կորցրած այդ քաղաքում: Այս բոլորի մասին շատ բան կա տպված: Երբ գերմանացիք հանդգնեցին արշավել Ռոստովի վրա, ես վախեցա, որ մի մատնիչ հայ կհայտնի նրանց, որ ես նախկին տաճկահպատակ եմ: Այդ դեպքում նրանք ինձ կվերցնեին իրենց բանակում կամ կգնդակահարեին: Այս երկյուղով ես թողեցի քաղաքը, ամբողջ գրքերս և իրերս դպրոցը թողնելով և վերցնելով միայն Արմատական բառարանս և մի քիչ հաց, փախա քաղաքից: Գերմանացիք մոտ էին Ռոստովին. կես ժամ էր մնացել հասնելու։ Փախուստս այնքան հապճեպ եղավ, որ մինչև անգամ իմ մի խոշոր ձեռագիրը (Հայարձան) թողեցի այնտեղ: Ճանապարհորդությունը շատ դժվար էր: Գնացքների երթևեկությունը շատ անկանոն: - Բարեբախտաբար կինս այդ ժամանակ Բաքվում էր, իր ծնողների տանը: Ես պատրաստվեցի հետիոտն փախչել գերմանացիներից: Պատահմամբ այդ օրը կամավորական մի մեծ խումբ մեկնում էր դեպի Կովկաս: Խմբի մեջ մտել էին մեր վերջին դասարանի աշակերտներից շատերը, նաև նախորդ տարիների շրջանավարտներից նրանք, որ արդեն ռուսական զինվորական ծառայության մեջ էին: Ես էլ միացա նրանց հետ: Խումբը ուներ ընկեր Լենինից ստացված հրովարտակ, թնդանոթներ, գնդացիրներ և հրացաններ: Խոշոր պատրաստություն ունեին և մտադիր էին գնալ Կարին: Ամենավերջին րոպեին Ավագ Տեր-Վարդանյանը (պարսկաստանցի) իբրև գաղտնիք ականջիս փսփսաց, թե տաճիկները Կարինը գրավել են: Այս ծանր լուրը վատ ազդեց վրաս և շատ թուլացա: Գույժը հայտնեցի մեր շրջանավարտներից մի սպայի, որի հետ աշակերտական շրջանում շատ մոտիկ էի: «— Ի՞նչ կա որ,— բացականչեց երիտասարդ սպան,— բա ինչի՞ ենք գնում: Գնում ենք գրավելու»: Այս փոքրիկ քաջալերականը մեծ խրախույս ներշնչեց ինձ: Գնացքը շարժվեց, բայց չափազանց դանդաղ. շուտ-շուտ կանգնում էր և շատ երկար ժամանակ: Կամավորական խմբի գլխավորներից երկուսը տեսնելով ինձ մի ապրանքատար վագոնի մեջ, դարմանի վրա պառկած, հրավիրեցին իրենց փափուկ վագոնը։ Խնդրեցին, որ մնամ իրենց մոտ, ավելի լավ պայմաններում: Ես մերժեցի, ասելով, թե իմ ընկեր աշակերտներիս չեմ կարող թողնել: Այն ժամանակ նրանք եկան վագոն և ընկերներիս մի փոքրիկ ճառ կարդացին, համոզելու համար, որ իրենց ուսուցչին թողնեն գնալ փափուկ վագոնը: Բոլորը համաձայնվեցին: Միայն մի տղա բողոքեց և ասաց. «— Ո՛չ, մենք բոլորս զինվոր ենք. մեր մեջ խտրություն չկա, ինչ որ մենք ենք, նա էլ նույնը»: Ես գոհ եղա իր համարձակ խոսքից և մնացի այդ վագոնում: Կամավորները եկան մինչև Արմավիր, ուր միանալով 400 ուրիշ կամավորների հետ, մեկնեցին դեպի ծով: Արմավիրում լսեցի, որ մի նոր գնացք կա, որ պատրաստվում է մեկնել Կովկաս: Գնացքը կանգնած էր կայարանից 10 րոպե հեռու: Ես վերցրի իմ մեծ պարկը (որի մեջ ես լցրել էի Արմավիրից գնված մի քանի խոշոր հացեր) և շալակելով եկա գնացքի մոտ: Հանկարծ նկատեցի, որ կրկնակոշիկներս մոռացել եմ կայարանում: Հարցրի և իմացա, որ գնացքը դեռ 20 րոպե սպասելու է: Նորից բեռներս շալակած հետ դարձա կայարան կրկնակոշիկներս վերցնելու: Հանկարծ գնացքը մեկնեց, և ես դուրս մնացի: Այդ գնացքը ամբողջությամբ գերի ընկավ ապստամբ լեռնականների ձեռքը, որոնք թալանել էին ամբողջ գնացքը և հայ ուղևորներին կոտորել: Հին կրկնակոշիկներս փրկեցին իմ կյանքը, և ես երախտագիտությամբ պահել էի դրանք մինչև 20-ական թվականները Երևանում: Այս բոլոր պատմությունները մինչև Բաքու հասնելս տպված են Բաքվի «Արեգ» թերթում, ուստի տալիս եմ միայն շատ կարճ ամփոփում: Կազմվեց մի նոր գնացք, որ շարունակեց ճանապարհը մինչև Կուբանի կամուրջը: Այդտեղ կայարանապետը արգելեց մեզ առաջ գնալ, որովհետև լեռնականները ապստամբել են և կոտորում են ճամփորդներին: Գնացքում 1000 ուղևոր կար: Ընտրեցին վեց պատգամավոր, որոնք գնացին ապստամբների մոտ բանակցելու և ճանապարհ խնդրելու, բայց անհաջող: Պատգամավորների մեջ կար մի երիտասարդ շամախեցի Սարգիս անունով, որի նշանածը գտնվում էր Բաքվում: «— Ինչ էլ որ լինի, ոտքով պիտի կտրեմ լեռները և Բաքու պիտի գնամ նշանածիս գտնելու,— ասաց այդ քաջարի երիտասարդը»: Ես էլ իր դրության մեջ էի. կինս գտնվում էր Բաքվում, և ես պետք է գտնեի նրան: Մեկ ուզեցի ընկերանալ երիտասարդին, բայց գտա, որ դա անխորհուրդ է. մեկ էլ համոզեցի երիտասարդին, որ գա ինձ հետ, բայց նա չուզեց: Չգիտեմ, թե երիտասարդի վախճանը ինչ եղավ, բայց շատ կուզեի իմանալ: Հազար ուղևորները դուրս թափվեցին և բաց դաշտում գիշերեցինք: Արմավիրում պատահաբար ես մի գիրք էի գնել՝ «Արմավիրի հայ երգեցիկ խմբի պատմությունը». այդ գրքի վերջում կար Կովկասի բավական մեծ մի քարտեզ: Քննեցի տեսնելու համար, թե ինչ ճամփով կարելի է շրջապտույտ կատարել և Բաքու հասնել: Լավագույն միջոցն էր գնալ գնացքով Ղզլար, այնտեղից իջնել ծով և նավակով անցնել Բաքու: Իմ ասածը քարոզեցի բոլորին, բայց նրանք չհամոզվեցին և չհետևեցին ինձ: Հետս եկան միայն 40 հայ պատանի թեհրանցի, որոնք Լազարյան ճեմարանի աշակերտներից էին: Եկավ նաև մի թեհրանցի հայ, որ Մոսկվայի պարսկական դեսպանատան պաշտոնյաներից էր: Բոլորս միասին եկանք Ղզլար, ուր մնացինք երկու շաբաթ: Այդտեղից ձուկ փոխադրող սայլակներով գնացինք Տուշիլովկա ռուսական գյուղը, որ գտնվում էր Կասպից ծովի արևմտյան ափին: Գյուղում հանկարծ գտնում ենք մի հայ երիտասարդ, որ Սիբիրի աքսորից փախել էր և եկել այդ գյուղը։ Նա միացել էր մի ռուս քահանայի հետ և միասին կառավարում էին գյուղի դպրոցը և եկեղեցին: Նա մեզ օգնեց, ցանք մեծ քանակությամբ չորացրած վոբլա (հաց չկար) և մի քանի ձկնորսական առագաստանավերով ճանապարհ ընկանք դեպի Աստրախան: Երեք օր ու գիշեր մնացինք ծովի վրա, որովհետև քամին թույլ էր: Հասնելով Աստրախան, տեսանք, որ շոգենավը պատրաստ կանգնած է և մեկնելու է դեպի Բաքու: Բոլորս լցվեցինք նավը: Մինչև այժմ կարծես ականջիս մեջ հնչում է կեղտոտության գերագույն ապացույցը: Քայլում ենք տախտակամածի վրա, կարծես մանր ավազ լինեին ցանած հատակին, ամեն մի քայլի տակ անվերջ ճռճռթում էին ոջիլները: Ես, որ ոջիլ բառը լսելիս երկու ժամ թքում եմ, չգիտեմ ինչպես հանդգնեցի պառկել կեղտից սևացած այդ անկողինների մեջ, որոնք ոջլի բույն էին: Մանավանդ ինչպես չվարակվեցի տիֆից… Դեռ Նոր-Նախիջևան եղած ժամանակս լսել էի, որ Բաքվում հայերի մեծ կոտորած է եղել՝ թուրքերի ձեռքով: Ինչպե՞ս կարող էի գնալ Բաքու. բայց ընտանիքի սերը քաշում էր անվերջ: Ճանապարհին մի ինչ-որ փոստատուն գնացի և հարցրի, թե կարելի՞ է փող փոխադրել Բաքու: «— Իհարկե,— պատասխանեց պաշտոնյան»։ «— Իսկ եթե ճանապարհը փակ լինի»։ «— Այդ միևնույն է, մենք կհեռագրենք Թիֆլիս, Թիֆլիսի վրայով էլ Բաքու»: Միամիտ Աճառյանս հավատացի և մի թղթի կտորի վրա վստահանալով 300 ռուբլի փոխադրեցի կնոջս՝ Բաքու: Որքան ծիծաղեց արդյոք խարդախ պաշտոնյան իմ միամտության վրա: Բաքվում ոչինչ չէին ստացել: Ղզլարում եղած ժամանակս, մտածելով, որ թուրքերը արդեն տեր են դարձել Բաքվին և կարող են ինձ էլ սպանել, որոշեցի կեղծ անցագիր պատրաստել: Ֆրանսիացի, անգլիացի և գերմանացի ձևանալ դժվար է մեզ համար՝ գույնի և հասակի պատճառով: Որոշեցի ձևանալ շվեյցարացի: Մի մեծ թղթի վրա, ձախ կողմում ֆրանսերեն լեզվով գրեցի. «Ես, ստորագրյալս, շվեյցարական հյուպատոս Ռոստովում, հաստատում եմ, որ Rachie Adjar-ը ծնված 1876 թվականին Ժնեվ…? այսինչ գյուղում, ազատված է զինվորական ծառայությունից փոշտանկ (գրիժա) հիվանդության պատճառով»: Սրա դիմացը նույնը ռուսերեն թարգմանությամբ գրեց ընկ. Սողոմոնյանը, որ Նոր-Նախիջևանում գտնված և ինձ բարեկամ երաժշտագետ Դավիթ Սողոմոնյանի երեց եղբայրն էր: Դավիթ Սողոմոնյանը սրտի հիվանդությունից մեռավ 20-ական թվականներին, Երևանում: Իսկ նրա մյուս եղբայրը՝ Սողոմոն Սողոմոնյանը այժմ էլ դեռ կենդանի է և պարապում է դաշնամուր լարելու արհեստով: Ղզլարում այն երեց եղբայրը ուներ գինու վաճառատուն: Վաճառատան կնիքը ռուսերեն տառերով մի խոշոր բոլորակ էր, իսկական հյուպատոսական կնիք կոչելու արժանի: Երկու թարգմանությունների միջև, ցածրում կնքամոմով դրինք այդ կնիքը, և որպեսզի կնքի արձանագրությունը չխանգարի, մի քիչ քերելով անընթեռնելի դարձրինք: Այս սուտ անցագիրը գրպանս համարձակ կանգնել եմ շոգենավի առաջ, երբ մոտեցանք Բաքվի նավահանգստին: Բայց տեսնում եմ, ի զարմանս իմ, որ ծովափին դրված է մի թնդանոթ, բերանը ուղղած դեպի Բաքու, իսկ ռուս զինվորը կանգնած կողքին: Ազատ և վստահ շտապում եմ տուն. կինս դուռը բաց է անում. «— Ես կարծում էի, որ բոլորդ ազատված եք,— ասացի նրան»: Նա էլ ասում է. «— Ես լսեցի, որ Ռոստովում մեծ կոտորած է եղել և դու էլ սպանվել ես»: Բաքվի հայոց դեպքերը, հայերի հերոսական դիմադրությունը տաճկական բանակի դեմ, անգլիացիների խաբեբա միջամտությունը և վերջապես հայերի փախուստը Բաքվից՝ ընդարձակ պատմված են ժամանակակից թերթերում: Ես էլ մի մանրամասն պատմություն եմ գրել այդ դեպքերի և ձեռագիր մի օրինակը ուղարկել եմ Վենետիկի վանքը: owwx56c6g24ostvk4igbsxu72nu8p2x