Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.48.0-wmf.5 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Հեղինակ:Հրաչյա Աճառյան 100 36334 398214 76399 2026-11-18T10:16:15Z Emptyfear 547 398214 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն =Հրաչյա Աճառյան | դասակարգում =Աճառյան, Հրաչյա| սկզբնատառ = Ա | պատկեր =|հայրանուն=Հակոբի| ծնվել է =1876| մահացել է =1953| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1953}} == Երկեր == * [[Կյանքիս հուշերից]] lje9h7exmurdy01o3z33rbivkeg60ec Հասուն արտ 0 49575 398202 129453 2026-11-18T08:01:48Z ~2026-60901-00 14298 398202 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հասուն արտ |section = |previous = |next = |notes = |author=Դանիել Վարուժան}} {{Բանաստեղծություն|Հասուն արտ|<poem>Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր` Առանց այրելու: Արտըս ոսկո՜ւն է… Երկինքն է կըրակ. Հողը խորխոլած Ծըղոտներուն Արտըս ոսկո՜ւն է… Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև՛ են հագեր: Արտըս ոսկո՜ւն է… Բոռ, մեղու, պիծակ, Քիստերուն մեջեն Կ'անցնին զերդ փայլակ: Արտըս ոսկո՜ւն է… Մերթ կ'ելլե, հովեն, Դեղձանիկ մը, թի՛ռ, Ոսկեծուփ ծովեն: Օրո՜ր, ոսկո՛ւն արտ, Օ՜ր տուր, հասո՛ւն արտ, Գամ ոսկիդ հնձեմ Մանգաղով արծաթ: </poem>|}} r535at81lwm3mfud6v5jxc24ukxh1zt 398203 398202 2026-11-18T08:03:53Z ~2026-60901-00 14298 398203 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հասուն արտ |section = |previous = |next = |notes = |author=Դանիել Վարուժան}} {{Բանաստեղծություն|Հասուն արտ|<poem>Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր` Առանց այրելու: Արտըս ոսկո՜ւն է… Երկինքն է կըրակ. Հողը խորխոլած Ծըղոտներուն տակ։ Արտըս ոսկո՜ւն է… Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև՛ են հագեր: Արտըս ոսկո՜ւն է… Բոռ, մեղու, պիծակ, Քիստերուն մեջեն Կ'անցնին զերդ փայլակ: Արտըս ոսկո՜ւն է… Մերթ կ'ելլե, հովեն, Դեղձանիկ մը, թի՛ռ, Ոսկեծուփ ծովեն: Օրո՜ր, ոսկո՛ւն արտ, Օ՜ր տուր, հասո՛ւն արտ, Գամ ոսկիդ հնձեմ Մանգաղով արծաթ: </poem>|}} 1wdus7hzhjawkocpk45tj0bjdv8k6sr 398204 398203 2026-11-18T08:45:33Z Emptyfear 547 [[Special:Contributions/~2026-60901-00|~2026-60901-00]] ([[User talk:~2026-60901-00|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:GeoO|GeoO]] մասնակցի վերջին տարբերակին։ 129453 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Հասուն արտ |section = |previous = |next = |notes = |author=Դանիել Վարուժան}} {{Բանաստեղծություն|Հասուն արտ|<poem>Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր` Առանց այրելու: Արտըս ոսկո՜ւն է… Երկինքն է կըրակ. Հողը խորխոլած Ծըղոտներուն տակ: Արտըս ոսկո՜ւն է… Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև՛ են հագեր: Արտըս ոսկո՜ւն է… Բոռ, մեղու, պիծակ, Քիստերուն մեջեն Կ'անցնին զերդ փայլակ: Արտըս ոսկո՜ւն է… Մերթ կ'ելլե, հովեն, Դեղձանիկ մը, թի՛ռ, Ոսկեծուփ ծովեն: Օրո՜ր, ոսկո՛ւն արտ, Օ՜ր տուր, հասո՛ւն արտ, Գամ ոսկիդ հնձեմ Մանգաղով արծաթ: </poem>|}} s0bl51tnxb4hvxfn3dzym5l6jif2lle ...Եվ այսպիսի ճակատագիր 0 150172 398207 393324 2026-11-18T09:40:05Z Անունով խմբագիր 4841 398207 wikitext text/x-wiki '''[[Արիս Արսենի]], ...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ (Աբգար Դանիելյանի կյանքն ու գործունեությունը): Ակնարկ, Ստեփանակերտի պետական պոլիգրաֆ ձեռնարկության Հրատարակչական կենտրոն, 1998, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր.։ <center>'''''Նվիր­ում եմ իմ համագյուղացի Աբգար Դանիելյանի <br> ծննդյան 80 ամյակին</center> :«...Եվ այսպիսի ճակատագիր» գրքում հեղինակը փորձել է ներկայացնել արձակագիր, լրագրող, թատերագիր Աբգար Դանիելյանի անցած 80-ամյա երկար ու փշոտ ճանապպարհը, տալ որոշակի պատկերացում նրա ստեղծագործությունների, կյանքի ու գործունեության մասին։ {{Սյուն|1}} <poem> * [[ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ կամ երկու խոսք|Աբգար Դանիելյան. ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ կամ երկու խոսք ներածականի փոխարեն]] * [[...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] * [[Ա. Դանիելյանի՝ տպագրված ստեղծագործությունների ոչ լրիվ ցանկը (1950-1988)|ԱԲԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՝ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ, ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՄ ՈՒ ԱԼՄԱՆԱԽՆԵՐՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ԼՐԻՎ ՑԱՆԿԸ (1950-1988)]] * [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)|ԱՆՏԻՊ ԳՈՐԾԵՐ (Ոչ լրիվ ցանկ)]] * [[Նմուշներ Ա. Դանիելյանի ստեղծագործություններից|ՆՄՈՒՇՆԵՐ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ]] * [[Հեղինակի կենսագրությունը]] </poem> </div class> [[Կատեգորիա:Արիս Արսենիի արձակ գործեր]] pd2x4v6epn3zbl3ivkmac50n4z1g010 Նմուշներ Ա. Դանիելյանի ստեղծագործություններից 0 150178 398196 398174 2026-11-17T20:40:32Z Անունով խմբագիր 4841 398196 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=ՆՄՈՒՇՆԵՐ <br> Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |section = |previous = [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)]] |next =[[Հեղինակի կենսագրությունը]] |notes = Աղբյուր՝ <span title="...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ (ակնարկ),">[[...Եվ այսպիսի ճակատագիր|...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2009, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր. (էջ 34-54)։ |author =Արիս Արսենի}} <div style="width: 50%; text-align:justify; margin-left:25% "> {{TOCright}} == ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԻՄ ՏԵՂԸ == Ինձ հարցնում են. կյանքում գտե՞լ ես քո տեղը,<br> Գտե՞լ ես այն ճամփան, որ այնքան փնտրել ես,<br> Այն բախտին ես տիրացել, որին երազել ես, <br> Այն սե՞րն ես վայելել, որի համար <br> Այնպես տագնապել ու հառաչել ես, <br> Այն բարձունքի՞ն ես հասել, որի փեշերն ի վեր <br> Մագլցել ու հետն էլ շառաչել ես... <br> Ասեմ միանգամից` մոլորված եմ եղել.<br> Հոգուս մեջ շարունակ կրակ եմ անթեղել, <br> Ինչ վերից են ասել, այն եմ կատարել. <br> Ում արդար եմ կարծել, նրան եմ սատարել, <br> Որ ճակատ ուղարկել, գնացել, կռվել եմ, <br> Մի տեղ հրդեհ եմ մարել, մի այլ տեղ վառվել եմ, <br> Շոյանք չեմ տեսել, անվերջ դաղվել եմ... <br> Տարիներս այսպես եկել, անցել են: <br> Արդարության տուտը բռնել, բաց չեմ թողել, <br> Կարծել եմ իմն է հիմա այս աշխարհը, <br> Թե որ մեղք եմ գործել, այն քավելու համար<br> Վկա եմ կանչել մեր սուրբ նշխարհը... <br> Այդպես եմ անցել իմ ճանապարհը: <br> Ինձնից երես թեքեց անգամ իմ սերը, <br> Ինչո՞ւ, հարցնում եմ, թոթվում է ուսերը: <br> Այսօր մղձավանջ է, վաղս` անորոշ, <br> Շուրջս սառնություն է, իսկ երկինքը՝ գորշ,<br> Այս կողմ եմ նայում` մռայլված դեմքեր են,<br> Այն կողմ եմ նայում` կործանիչ զենքեր են... <br> Չեմ հասկանում որտեղ եմ և ինչ եմ անում, <br> Բոլորն էլ աչքիս բարակ են մանում... <br> Ասեք, այս կյանքում ո՞նց գտնեմ իմ տեղը, <br> Երբ կյանքը ինքն էլ չունի իր տեղը: == ՔԱՅԼԵՐԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ == Արցախական հողի որդիներն ենք քաջազուն, <br>Արմատները խորն են մեր մայր հողի մեջ խրված, <br>Երկրում մեր այս հինավուրց խաղաղ ապրել ենք ուզում, <br>Մեր ապրելու իրավունքը մեզ է տրված:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք աննահանջ, <br>Ճամփան մեր դժվար է ու վտանգված, <br>Նախնիների պես մեր լինենք խիզախ ու քաջ, <br>Քայլենք` դրոշը մեր բարձր պարզած:<br><br> Ոսոխները մեզ հետ զենքի ուժով են խոսում, <br>Խորտակել են փորձում մեր կամքն ու ոգին, <br>Մեր ընկերների արյունն է մարտադաշտում հոսում,<br> Մեզ վրեժի կանչում` հանուն ազատ կյանքի:<br><br>Քայլիր, եղբայր, քայլենք շարքով ամրակուռ,<br> Միասնության մեջ են կամքն ու ուժը մեր,<br> Փոքր ենք, քիչ ենք, թեկուզ մի բուռ,<br> Բայց խիզախ ենք, տոկուն ու անվեհեր:<br><br> Արդար է գործը մեր ու կորովն անսահման, <br>Հանուն մեր սուրբ գործի հաղթանակ ենք տենչում, <br>Մեր անկոտրում կամքն ու հավատը վառման <br>Արդար գործի համար մեզ սխրանքի է կոչում:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք հանուն մեր սուրբ գործի <br>Կռվենք ու հալածենք ոսոխին դաժան <br>Թող դրոշը մեր եռագույն բարձր թևածի <br>Եվ մեզանից հավերժ լինի անբաժան: {{Աջաթև|<small>''Ապրիլ, 1992 թ.</small>}} == ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ == Չեմ մոռացել՝ կենացն այս բարձրացվել է սրանից ավելի քան կես դար առաջ, 1940 թ. ուշ աշնանը, Բրեստի ամրոցից քիչ հյուսիս` Բուգի ափին։ 447-րդ հրետանային գնդից քարշող ջոկի հրամանատար Ավետիք Բաղրամյանը կանչեց ինձ ու հարցրեց. - Մեր զորամասում քանի՞ հայ կա: Անմիջապես պատասխանեցի` տասնմեկ: - Ուրեմն, քեզ հանձնարարություն` ցուցակագրիր բոլորին, նշիր՝ ով որտեղ է և տուր ինձ, հետո կասեմ, ինչի համար է: Ես կատարեցի նրա հանձնարարությունը: Մենակ չէր, նրա հետ էին քաղղեկի տեղակալ մարտակերտցի Սեդրակ Մամունցը, ներքին հոռաթաղցի, նշանառու Աշոտ Գաբրիելյանը, լենինականցի, մեխանիկ Ավագ Ղազարյանը: Առաջարկություն եղավ նշել Հայաստանի պետականության վերականգնման օրը և ուրախանալ հայավարի: - Խոճկորի միսը ինձանից,- իր պատրաստակամությունը հայտնեց Աշոտը: - Կրակ վառելն ու խորովելն իմ պարտքը,- ասաց Ավագը: - Իսկ չէի՞ք ցանկանա, որ այդ օրը մի աղջիկ սպասարկող ունենանք,- ասաց Սեդրակը և նայեց Աշոտին: - Եթե նկատի ունեք Յուլիային, կկանչեմ, բայց նա մենակ չի գա, պետք է հրավիրեմ նաև Պրանյային, եթե համաձայն եք, խնդրեմ: Ոչ ոք դեմ չէր: Ավագ սերժանտ Ավետիք Բաղրամյանն աշխատանքի բաշխում կատարեց, և նշված օրը, ինչպես ասում են, կազմ ու պատրաստ ներկայացանք նշանակված վայրը: Ամեն ինչ կատարվեց արագ, ու միանգամից գործի անցանք: - Ճիշտ է, ցուրտ է,- ոտքի կանգնելով ասաց Ավետիքը,-բայց, ինչպես նկատում եմ, ամեն մեկիդ հոգում կրակ կա վառված: Ուրեմն, բոլորիդ հոգու կրակների կենացը: Հայկական կրակներ, հոգու կրակներ... Ապա դիմեց Յուլիային` դու հասկանո՞ւմ ես ինչ կրակների մասին է խոսքը: - Ես արդեն զգում եմ ձեր կրակների ջերմությունը: Հարցրեք Աշոտին, նա կասի՝ զգո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Աշոտը հաստատեց Յուլիայի ասածը, նույնիսկ ավելացրեց, որ ծառայությունն ավարտելուց իր հետ կգա Ներքին Հոռաթաղ: - Իսկ Պրանյա՞ն: - Իմ մասին մի անհանգստացեք, Վիլնյուսում ես ունեմ համակուրսեցի տղա, խոստացել եմ նրա հետ գալ Հայաստան: Կենացները մեկ-մեկ խմելուց հետո առաջարկվեց ոտքի կանգնած խմել Հայաստանի կենացը: - Ինչո՞ւ միայն Հայաստանի, միացնենք և Ղարաբաղը,- առաջարկեց Սեդրակը,- մի ժողովուրդ ենք, ուրեմն թող լինի մի Հայաստան` մայր Հայաստան։ Բաժակները զարկեցին ու պարեցին կանաչ խոտի վրա... ...1941 թ. 22 հունիսի։ Լուսաբացին Բրեստը ծխի ու հրի մեջ էր: Երերալով փլվում էին բազմահարկ տները: Հրետանային պարկում իրարանցում էր։ Խնդիր էր դրված փրկել մարտական տեխնիկան: Արկերի և ռումբերի պայթյունների տակ Ավետիքը իր «Կոմինտերն» տրակտորով կրակի միջից հանում էր հրանոթները, տեղափոխում Մոսկվա-Վարշավա խճուղին։ Գնդապետ Ալեքսանդր Մավրինը նայում էր Ավետիքին ու չէր հավատում աչքերին: Ինչպե՞ս էր գործում հայ տղան՝ հանեց առաջին հրանոթը, երկրորդը, երրորդը, չորրորդը... Եվ սուրացող բեկորները չէին խանգարում նրան: Ավետիքին ընդօրինակում էին ջոկի մյուս տղաները: Մարտական տեխնիկան փրկված էր: Գնդապետը ծոցատետրում գրեց Ավետիք Բաղրամյանի անուն-ազգանունը... Հավանաբար կառավարական պարգևի արժանացնելու նպատակով: ...Նահանջ, դառնություններ, հուսահատություն: 447-ի հրետանավորները մարտեր մղելով նահանջում էին դեպի Արևելք»: «Շարժվելու տեղ չկա, ճանապարհները խցանված են»,- զեկուցեց հետախուզությունը: Հրետանավորներին սպառնում էր շրջափակումը: «Տղաներս, մի կորցրեք ձեզ, խիզախ եղեք», խրոխտ հնչեց գնդապետի ձայնը: Ավետիք Բաղրամյանը առաջինն օգնության հասավ լեյտենանտ Սամոյլովի` կիսաշրջափակման մեջ հայտնված մարտկոցին: Առաջին հրանոթը դուրս բերելով կիսաշրջափակումից, վերադարձավ նույն ճանապարհով: Տեղափոխեց երկրորդը: Գնաց երրորդ անգամ: Չէր կարող չգնալ, ընկերները սպասում էին: Նրանց սպառնում էր գերության վտանգը։ Գնաց, բայց... չվերադարձավ: «Ուրեմն այդպես, գունդը կորցնում է իր խիզախ որդիներին»,- հառաչեց գնդապետի սիրտը: ժամանակը սահում էր: Չկար Ավետիք Բաղրամյանը: Ո՞ւր տարավ նրան ճակատագիրը: Չիմացանք ոչ մի լուր: Նահանջը մեզ հասցրեց Տուլա, Մոսկվա: Շրջվեցինք դեպի արևմուտք` Կալուգա, Ռոսլավլ, Սմոլենսկ: Ապա դեպի հյուսիս, նորից արևմուտք՝ Գորոդոկ, Շաուլյայ, Վոյնոդե, Լիեպայա... ծովափ: Չկար Ավետիք Բաղրամյանը, չկար Աշոտ Գաբրիելյանը, չկար ինքը` գնդապետ Մավրինը... Հանդիպեցի Հրաչյա Քոչարին, պատմեցի, թե ինչ է պատահել: Հուզվեց, խոշոր աչքերը ջրակալվեցին: Ասաց` գրիր բոլորի անունները մեկ առ մեկ: Մենք իրավունք չունենք նրանց մոռանալ: ...Սևանի հյուրանոցի 14-րդ սենյակում գիրք էի կարդում: Կարգադրիչ Սուրենը ինձ մոտ ուղարկեց մի անծանոթ հյուրի: Ասաց, քեզ համար մի լավ զրուցընկեր եմ բերել, կուսակցության Ստեփանավանի շրջկոմի քարտուղարին: Ծանոթանալուց, առօրյա խնդիրների շուրջ խոսելուց հետո ես դիմեցի մի հարցով, որ շատ անսպասելի էր նրա համար: Ասացի ձեր շրջանում կամ Վերին Հոբարձի գյուղ: - Այո, մենք ունենք այդպիսի գյուղ. ի՞նչ է դուք այնտեղ հարազատնե՞ր ունեք: - Այդ գյուղից ես ճակատային ընկերներ ունեի, խիզախ, համարձակ, ազնիվ։ Ավետիք Բաղրամյանին գուցե ճանաչո՞ւմ եք: Զրուցակիցս հանկարծակիի եկավ, մռայլվեց, վատ զգաց իրեն, հնար լիներ, կարող էր վեր կենալ ու գնալ: - Ձեզ ի՞նչ պատահեց, տհաճություն հո չպատճառեցի՞: - Ի՞նչ ասեմ։ Ավետիքն իմ մանկության ընկերներից էր: Վատ տղա չէր: Բայց նա խորտակել է իր գյուղի պատիվը դավաճանել է հայրենիքին, արտաքսվել են ծնողները, հարազատները... - Իսկ կի՞նը՝ Մանուշը, որդին՝ Վոլոդյան, աղջիկը՝ Ասյան... - Ախ, դուք լավ գիտեիք նրանց... - Նա հերոս պետք է լիներ, իսկ ինչպես դուք եք պատմում... Ամբողջ գիշեր քունս չտարավ` ի՞նչ անել, գուցե իրոք նա դավաճանել է հայրենիքին: Արդյոք, ես վտանգավոր գո՞րծ չեմ ստեղծում ինձ համար: Հենց նույն օրը, երբ շրջկոմի քարտուղարը հրաժեշտ տվեց ինձ, գնացի «Ավանգարդի» խմբագրություն, ուղիղ Լորիս Կրոյանի մոտ: Պատմեցի Ավետիք Բաղրամյանի մասին, երկար պատմեցի, շատ երկար: Ասաց՝ ցավոք, եղել են այդպիսի ժամանակներ, այդ կարգի ողբերգություններ մենք շատ ենք ապրել: - Իսկ կտպագրե՞ք, եթե պատմածս Ձեզ ներկայացնեմ: Մի խոր հառաչ արձակեց, - Թող մտածեմ: Արի երկուշաբթի: Երբ բացեցի դուռը, նա անչափ ուրախ էր, նույնիսկ ոգևորված: Ինձ նկատելուց, ուղղակի բացականչեց. - Սուտ է, Ավետիքը իրեն չի արատավորել, նրան զրպարտել են: Նստիր ու գրիր, շուտ, մայիսի 9-ի համարին պետք է հասցնենք: Խմբագիրը կատարեց խոստումը: ...Այստեղ, Ստեփանակերտում ես դիմավորեցի Ավետիքի կնոջը, տղային, հարսին, չկար միայն աղջիկը՝ Ասյան: Պատմեցին, որ նրան առևանգել է Կիրովաբադի կողմից մի վարորդ: Մեր հանդիպման երեկոյին ներկայացավ Ստեփանակերտի Հայկական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհ. Կարապետյանը։ Պարզվեց, որ Կիրովականում նա սատար է կանգնել հայրենի հանգրվանից վտարված Բաղրամյանների ընտանիքին: Իրիկնահացին մենք նորից կրկնեցինք Բուգի ափին սրանից շուրջ կես դար առաջ բարձրացված կենացը` մայր Հայաստանի կենացը: == ՌՈՒՍ ՄԱՐԴԸ == Ծաղկաշենում Արշակյան ազգանունով քիչ մարդիկ են ապրում: Քիչ են, բայց հմուտ ու աշխատասեր են, հարգանք ու պատիվ վայելող: Ընկերության, հարևանության մեջ նմանը չունեն: Կարող ես՝ բարություն արա, չես կարող մի խառնվիր ուրիշի գործերին: Այդպիսին է նրանց ավանդույթը: Այդ ավանդույթով էլ Թորգոմի այրի Աստղիկը դաստիարակել է իր միակ որդուն՝ Վրույրին։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ հարս է բերել՝ համեստ ու հանգիստ: Ամեն մեկը գիտի իր գործն ու անելիքը, և ընտանիքում հաճելի անդորր է տիրում: Սովորական երեկո էր Արշակյանների տանը։ Վրույրը, որ աշխատաքից նոր էր վերադարձել, իր համար թերթ ու ամսագիր էր կարդում, կինը՝ Ամալյան, առանձնացել, ուղղում էր աշակերտների տետրերը, իսկ Աստղիկ մայրիկը խոհանոցում կերակրում էր թոռնիկներին: Ու այդ պահին խախտվեց ավանդական անդորրը: Առանց դուռը ծեծելու, ներս մտավ անծանոթ մի մարդ, որը ռուսերենով, «բարի երեկո» մաղթելուց շարունակեց. - Ճիշտ է, քաղաքավարության տեսակետից հաճելի չէ առանց զգուշացման ներս մտնելը, բայց ես այդպես վարվեցի, հաշվի առնելով, որ օտար մարդ չեմ այս տան համար, ձեր հարազատներից։ Մայր ու տղա ապշած իրար նայեցին: Դժվար էր կռահել՝ բոլորովին անծանոթ մարդ, առաջին անգամն է մտնում դռնով և այդքան համարձակ ու անմիջական: Հյուրը, որ իսկապես իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում, ինչ-որ երկմտեց. - Կներեք, սա Թորգոմ Արշակյանի տո՞ւնը չէ։ Ապա չհապաղելով, դիմեց յուրաքանչյուրին,- դուք նրա կինը` Աստղիկը չե՞ք, դուք նրա տղան` Վրո՞ւյրը չեք: Իսկ այս չքնաղագեղ տիկինը, անշուշտ, ձեր հարսը կլինի: - Այդ բոլորը ճիշտ է,- կմկմաց Աստղիկը,- բայց... - Ես ձեզ հասկանում եմ, Աստղիկ Երեմովնա, ուզում եք ասել, որ Թորգոմը վաղուց չկա: - Այո, ավելի քան 30 տարի: - Ձեր դեմքից կռահում եմ, որ երեք տասնամյակ հետո էլ դուք խոր վիշտ եք ապրում: Ասում են ձեզ մոտ՝ Ղարաբաղում, պատերազմում զոհվածների կանայք սրբությամբ են պահպանում իրենց ամուսինների անունն ու պատիվը: Դա ինձ շատ է մխիթարում: Հյուրը ցանկացավ ասածին ինչ-որ բան ավելացնել, խոսքերը քիչ մնաց պոկվեին շուրթերից, բայց զսպեց, բառերը փակված մնացին բերանում: - Ո՞վ է այս հեքիաթային մարդը, որտեղի՞ց գիտի այս բոլորը, սկեսրոջս հետ նույնիսկ հայրանունով խոսեց,- խորհեց Ամալյան: - Ճիշտ է, թխադեմ է, ունքերը բավականին խիտ ու հաստ են, աչքերը սև ու խոհուն, բայց խոսելաձևն ու անմիջականությունը ասում են, որ ռուս է, միայն` ռուս: - Շատ կներեք, թանկագին ընկեր, ախր մենք այդպես էլ չիմացանք, թե ով եք դուք, ինչ առիթով եք եկել։ - Ո՞վ եմ ես, ի՞նչ առիթով եմ եկել:- Աստղիկի հարցը կրկնեց հյուրը: Դուք պահպանո՞ւմ եք Թորգում Արշակյանի լուսանկարները։ - Այո,- շտապեց պատասխանել Ամալյան, - բերե՞մ: - Եթե պահպանում եք, ուրեմն պետք իմանաք իմ ով լինելը, գուցե և գալուս պատճառը: Ամալյան, որ ինքն էր կարգավորում ու պահպանում տան ալբոմները, հասկացավ, թե որ նկարին է վերաբերում խոսքը։ Բերելով կեսրայրին և սկեսրոջը նվիրված ալբոմը, նա բացեց այն էջը, ուր տեղավորված էր հինգ հոգով լուսանկարը: Աստղիկը, նայելով հյուրին ու լուսանկարին, բացականչեց. - Վրույր, հորդ ճակատային ընկերը, Պյոտր Տիմոֆեևի՜չ: Վրույրը և Ամալյան մոտեցան, սեղմեցին հյուրի ձեռքը, իսկ Պյոտր Տիմոֆեևիչը, հերթով ձգելով դեպի իրեն, հայրաբար համբուրեց նրանց ճակատը։ - Պյոտր Տիմոֆեևիչ,- հուզված շարունակեց Աստղիկը,- ՞ես ամեն ինչ հիշում եմ։ Ձեր նամակները ինձ միշտ էլ ուրախացրել, հույս են ներշնչել: Դուք հասկացող ու հոգեբան մարդ եք, բարի խորհրդատու: Թորգոմի բոլոր նամակներում կա ձեր անունը։ Մի անգամ գրել է, որ արձակուրդ լինելուց, միասին կգանք, բայց չստացվեց: Ամեն ինչ խափանվեց տակնուվրա եղավ: Դեռ ոչինչ չէր պատմել հյուրը, չէր ասել որտեղից և ինչի համար էր եկել, բայց ուսուցչուհի Ամալյան արդեն հրապուրվել էր նրանով, մտածում էր այն մասին, թե դասի ներկայանալուց, ինչպես պետք է բնութագրի, մատուցի նրա կերպարը: Մտածում էր բարձր դասարանցիներին ազատ թեմայով շարադրություն հանձնարարելու մասին: Աստղիկ մայրիկին մի բան էր մնում` հյուրին վայել սեղան բացել: Նա Վրույրին հասկացրեց խմիչքի հոգս տեսնել: Եռանդուն գործի անցավ Ամալյան` ամենից ընտիր սպասքեղենը շարեց սեղանին, ինչքան համեղ ու հաճելի ուտելիքներ ունեին պատ-րաստած, ամենից բաժին հանեց հյուրին: «Ո՞ւմ համար ենք պահում, սրանից թանկ հյուր ո՞վ պետք է լինի այս տանը: Այսպես էր մտածում Ամալյան, այդպես էին դատում մայր ու տղա: Ծաղկաշենում պակաս չէին ապրում Արշակյանները։ Վրույրը գլխավոր մեխանիկ է կոլտնտեսությունում: Աստղիկը թոշակը ձևակերպել, բայց չի թողել աշխատանքը։ Ամալյան, ինչպես բոլորն են ասում, դպրոցի աչքն է: Սեղանը պատրաստելիս Ամալյան աչքը չէր հեռացնում հյուրից, նկատել էր, որ նրա դեմքից չքացել է աշխուժությունը, շնչելիս ցնցվում է աջ ուսը, դեմքին ինչ-որ մկան մերթընդմերթ ցատկում ու հանդարտում է: Աստիճանաբար ծայր առավ զրույցը: Պյոտր Տիմոֆեևիչը զազրախոս չէր: Նա խոսում էր զուսպ, չափավոր, համառոտ ու համով: Արշակյաններին ամենից շատ ապշեցնում էր նրա հիշողությունը։ Երեքուկես տասնամյակ էր անցել պատերազմից հետո, բայց տեղի ունեցած ոչ մի դեպք կամ անցք չի մոռացել: Երբ Պյոտր Տիմոֆեևիչը դրվագներ էր պատմում Թորգոմի հետ անցկացրած կյանքից, Վրույրը նորից վերցրեց հինգ հոգով լուսանկարը և լուռ նայեց հետևի գրությանը. «Թորգոմ Արշակյան, Անատոլի Կլիմենկո, Պյոտր Մետլուգին, Ահմեդ Աղաև, Շոթա Ձոցունիձե: Արևմտյան ռազմաճակատ, 19-ին մարտի, 1943 թիվ»։ Վրույրը հիշեց այդ տարին: Փոքր էր դեռ, հինգ տարեկան, գրել-կարդալ չգիտեր, երկու տարի հետո պիտի գնար դպրոց։ Հետո հասկացել է, թե ինչի համար էր արտասվում մայրը, ինչ հոգսեր էին նեղում նրան, ինչու էր այնքան հեզ ու խոնարհ: Վերհիշեց այն օրը, երբ փոստատար Բալախանումը եկավ ու կանչեց բակից. - Թորգոմից նամակ ունեք, ականջաբռնուկս բերեք: Մայրը կանչել է. - Վրույր, էն չալպտուրիկ աքլորը բռնիր, տանք այս տոտային, որ հորիցդ շուտ-շուտ նամակ բերի: Ահա այդ ծրարում դրված էր հինգ հոգով լուսանկարը: Փոստատարը ցանկանում էր այդպիսի նամակներ հաճախակի բերել Աստղիկին, ուրախացնել նրան, դրա համար էլ փոստը դասավորելիս «աչքերը չորս արած» նրա հասցեն էր փնտրում, անունը որոնում: Այդպես օրեր անցան, շաբաթներ, ամիսներ, բայց փոստատարը Աստղիկին ուրախացնել չկարողացավ: Ինչո՞վ ուրախացներ, Թորգոմը նամակ չէր գրում: Ուրբաթ օր էր, նամակները դասավորելիս փոստատարի ձեռքն ընկավ մի ծրար, որը հասցեագրված էր «Աստղիկ Արշակյանին, անձամբ»: Իսկ ինչո՞ւ է հիշեցրել` «անձամբ», մի՞թե Թորգոմն այն կարծիքին է, թե Բալախանումը տեղ չի հասցնի կնոջն ուղարկած նամակը, այն կհանձնի ուրիշի: Բայց իսկապե՞ս այդ «անձամբը» ինքը Թորգոմն է գրել։ Փոստատարի սիրտը կասկած ընկավ. «Սա Թորգոմի ձեռքով չի գրված, այս նամակը ես չեմ հանձնի Աստղիկին, կուղարկեմ ուրիշի միջոցով»: նամակը Աստղիկին հասավ այն պահին, երբ տղայի հետ միասին հանդ էր ճանապարհվում: Վերցնելով ծրարը, Աստղիկը դժգոհեց, «Ինչո՞ւ Բալախանումը ինքը չի բերել, կարծել է ժլատություն կանեմ, ականջաբռնո՞ւկը չեմ տա: Առանց ուշադրություն դարձնելու հասցեին, Աստղիկը բացեց ծրարը, աչքերը սահեցրեց նամակի տողերի վրայով ու ճչաց. - Վրույր, տղաս, դու էլ հայր չունես... Վրույրը մտքերից սթափվեց այն պահին, երբ Պյոտր Տիմոֆեևիչը խոսք էր բացել Թորգոմի վերջին սխրագործությունների մասին: ... Արդեն երրորդ օրն էր, ինչ բարձունքը գրավելուց հետո, մայոր Նիկիտինի հետևակայիները ահեղ մարտեր էին մղում հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Ֆաշիստները կրակի տակ էին առել առաջին գիծը: Թորգոմ Արշակյանը, որ երկու օր առաջ էր փոխարինել դասակի հրամանատարին, ձախ թևում ընկնելով ծանր դրության մեջ, ռացիայով կապվեց շտաբի հետ ու զեկուցեց. «Շարժվելու էլ տեղ չկա ոչ առաջ, ոչ հետ, վաղվա համար «ճաշ» չունենք...»: Կոմիսար Ալեքսանդր Կոլոտիգինը շատ անհանգստացավ Թորգոմի համար. «Քանի անգամ մարտական առաջադրանքներ է կատարել, արժանացել պարգևների, շնորհակալության, իսկ այս անգամ... Ափսոս Թորգոմ, Ֆաշիստները կգերեն նրան, կասեն` «կոմունիստը հանձնվել է», այն քաջ մարտիկը, որին ինքս եմ կուսակցության շարքերը երաշխավորել»: Թորգոմը հասկանում էր, որ շտաբը շուտափույթ օգնության հնարավորություն չունի, և ինքը ելք փնտրեց վիճակից դուրս գալու համար: Գիշերվա կեսին, մթության մեջ նա մարտիկներին քողարկեց պլաշչ-թիկնոցներով և հրամայեց հետևել իրեն. «Եթե պիտի ընկնենք, ուրեմն ընկնենք քաջի մահով»: Ամբողջ չորս ժամ փորսող շարժվելով առաջ, նրանք շրջանցեցին հակառակորդին և լուսաբացից առաջ դուրս եկան նրա թիկունքը: Թորգոմը հաշվեց ունեցած հանդերձանքը, փամփուշտի, նռնակների պաշարը, մարտական պատրաստության մեջ ունեցած երկու գնդացիրը և հրամայեց գրոհել դարանած վաշտի դիրքերը: Երբ մթության մեջ պայթյունների տակ ֆաշիստները խուճաբահար դուրս նետվեցին խրամատներից, այդ պահին թևերից գործեցին գնդացիրները: Ֆաշիստական վաշտը գլխովին ջախջախվեց: Ովքեր կենդանի էին մնացել, գերի հանձնվեցին: - Հետո՞, հետո՞,- հարցրեց Ամալյան: - Հետո ծնունդ առավ այս լուսանկարը: Գիշերամարտում աչքի ընկած տղաները արժանացան պարգևների: - Բայց չէ՞ որ պատերազմը չավարտվեց: - Չավարտվեց և ճանապարհները մեզ տարան տարբեր ուղղություններով: - Պյոտր Տիմոֆեևիչ, ես առաջարկում եմ ձեր կենացը,- խոսեց Վրույրը: - Ի՞մ կենացը: Ավելի լավ կլինի հերթով: Վրույրը չհասկացավ: Չհասկացավ և մայրը՝ Աստղիկը: Գուցե Ամալյան հասկանար, բայց նա այնպես էր տարվել խոհերով, որ նույնիսկ չգիտեր իր տեղը: - Վրույրը ճիշտ է առաջարկում, Պյոտր Տիմոֆեևիչ, Դուք մեր թանկագին հյուրն եք, մեր տան ավագը: - Թույլ տվեք, Պյոտր Տիմոֆեևիչ, մտքերից սթափվելով խնդրեց Ամալյան: Հյուրը թախծոտ նայեց Աստղիկին, ապա Վրույրին ու Ամալյային: Նա հուզված էր, աչքերը լճացած և մի կերպ հավաքեց մտքերը. - Դուք չգիտե՞ք, որ այսօր Թորգոմի ծննդյան օրն է... Աստղիկը թաշկինակը հպեց աչքերին: Ամալյան փղձկաց և ընկավ աթոռին: Վրույրը սեղմեց շրթունքները: Պյոտր Տիմոֆեևիչը շարունակեց. - Ես եկել եմ ձեզ հետ միասին նշելու նրա ծննդյան տարեդարձը: Բայց սպասեք, իմ ասելիքը ես չեմ ավարտել: Նա վերկացավ տեղից, բացեց ձեռքի ճամպրուկը և նրա միջից հանելով Թորգոմի զինվորական փոքրիկ կիսանդրին, դրեց սեղանին: - Պյոտր Տիմոֆեևիչ, ռուս մարդ, այս ինչեր եք անում, մենք ինչպե՞ս պետք է հատուցենք այս ամենի դիմաց,- թևերը տարածած խոսեց Ամալյան: - Ուրիշ կերպ վարվել չէի կարող, այսօր նա վաթսուն տարեկան է: Նա ընկավ, որ ապրի մեր տերությունը, մեր բարեկամությունը: Դադարը երկար տևեց: Ոչ ձայն, ոչ շշուկ: Խոսում էր միայն լռությունը: == ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ == </div> apikjhlyqvicelqrws13zw0up9g62eu 398197 398196 2026-11-17T20:42:40Z Անունով խմբագիր 4841 /* ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ */ 398197 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=ՆՄՈՒՇՆԵՐ <br> Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |section = |previous = [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)]] |next =[[Հեղինակի կենսագրությունը]] |notes = Աղբյուր՝ <span title="...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ (ակնարկ),">[[...Եվ այսպիսի ճակատագիր|...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2009, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր. (էջ 34-54)։ |author =Արիս Արսենի}} <div style="width: 50%; text-align:justify; margin-left:25% "> {{TOCright}} == ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԻՄ ՏԵՂԸ == Ինձ հարցնում են. կյանքում գտե՞լ ես քո տեղը,<br> Գտե՞լ ես այն ճամփան, որ այնքան փնտրել ես,<br> Այն բախտին ես տիրացել, որին երազել ես, <br> Այն սե՞րն ես վայելել, որի համար <br> Այնպես տագնապել ու հառաչել ես, <br> Այն բարձունքի՞ն ես հասել, որի փեշերն ի վեր <br> Մագլցել ու հետն էլ շառաչել ես... <br> Ասեմ միանգամից` մոլորված եմ եղել.<br> Հոգուս մեջ շարունակ կրակ եմ անթեղել, <br> Ինչ վերից են ասել, այն եմ կատարել. <br> Ում արդար եմ կարծել, նրան եմ սատարել, <br> Որ ճակատ ուղարկել, գնացել, կռվել եմ, <br> Մի տեղ հրդեհ եմ մարել, մի այլ տեղ վառվել եմ, <br> Շոյանք չեմ տեսել, անվերջ դաղվել եմ... <br> Տարիներս այսպես եկել, անցել են: <br> Արդարության տուտը բռնել, բաց չեմ թողել, <br> Կարծել եմ իմն է հիմա այս աշխարհը, <br> Թե որ մեղք եմ գործել, այն քավելու համար<br> Վկա եմ կանչել մեր սուրբ նշխարհը... <br> Այդպես եմ անցել իմ ճանապարհը: <br> Ինձնից երես թեքեց անգամ իմ սերը, <br> Ինչո՞ւ, հարցնում եմ, թոթվում է ուսերը: <br> Այսօր մղձավանջ է, վաղս` անորոշ, <br> Շուրջս սառնություն է, իսկ երկինքը՝ գորշ,<br> Այս կողմ եմ նայում` մռայլված դեմքեր են,<br> Այն կողմ եմ նայում` կործանիչ զենքեր են... <br> Չեմ հասկանում որտեղ եմ և ինչ եմ անում, <br> Բոլորն էլ աչքիս բարակ են մանում... <br> Ասեք, այս կյանքում ո՞նց գտնեմ իմ տեղը, <br> Երբ կյանքը ինքն էլ չունի իր տեղը: == ՔԱՅԼԵՐԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ == Արցախական հողի որդիներն ենք քաջազուն, <br>Արմատները խորն են մեր մայր հողի մեջ խրված, <br>Երկրում մեր այս հինավուրց խաղաղ ապրել ենք ուզում, <br>Մեր ապրելու իրավունքը մեզ է տրված:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք աննահանջ, <br>Ճամփան մեր դժվար է ու վտանգված, <br>Նախնիների պես մեր լինենք խիզախ ու քաջ, <br>Քայլենք` դրոշը մեր բարձր պարզած:<br><br> Ոսոխները մեզ հետ զենքի ուժով են խոսում, <br>Խորտակել են փորձում մեր կամքն ու ոգին, <br>Մեր ընկերների արյունն է մարտադաշտում հոսում,<br> Մեզ վրեժի կանչում` հանուն ազատ կյանքի:<br><br>Քայլիր, եղբայր, քայլենք շարքով ամրակուռ,<br> Միասնության մեջ են կամքն ու ուժը մեր,<br> Փոքր ենք, քիչ ենք, թեկուզ մի բուռ,<br> Բայց խիզախ ենք, տոկուն ու անվեհեր:<br><br> Արդար է գործը մեր ու կորովն անսահման, <br>Հանուն մեր սուրբ գործի հաղթանակ ենք տենչում, <br>Մեր անկոտրում կամքն ու հավատը վառման <br>Արդար գործի համար մեզ սխրանքի է կոչում:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք հանուն մեր սուրբ գործի <br>Կռվենք ու հալածենք ոսոխին դաժան <br>Թող դրոշը մեր եռագույն բարձր թևածի <br>Եվ մեզանից հավերժ լինի անբաժան: {{Աջաթև|<small>''Ապրիլ, 1992 թ.</small>}} == ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ == Չեմ մոռացել՝ կենացն այս բարձրացվել է սրանից ավելի քան կես դար առաջ, 1940 թ. ուշ աշնանը, Բրեստի ամրոցից քիչ հյուսիս` Բուգի ափին։ 447-րդ հրետանային գնդից քարշող ջոկի հրամանատար Ավետիք Բաղրամյանը կանչեց ինձ ու հարցրեց. - Մեր զորամասում քանի՞ հայ կա: Անմիջապես պատասխանեցի` տասնմեկ: - Ուրեմն, քեզ հանձնարարություն` ցուցակագրիր բոլորին, նշիր՝ ով որտեղ է և տուր ինձ, հետո կասեմ, ինչի համար է: Ես կատարեցի նրա հանձնարարությունը: Մենակ չէր, նրա հետ էին քաղղեկի տեղակալ մարտակերտցի Սեդրակ Մամունցը, ներքին հոռաթաղցի, նշանառու Աշոտ Գաբրիելյանը, լենինականցի, մեխանիկ Ավագ Ղազարյանը: Առաջարկություն եղավ նշել Հայաստանի պետականության վերականգնման օրը և ուրախանալ հայավարի: - Խոճկորի միսը ինձանից,- իր պատրաստակամությունը հայտնեց Աշոտը: - Կրակ վառելն ու խորովելն իմ պարտքը,- ասաց Ավագը: - Իսկ չէի՞ք ցանկանա, որ այդ օրը մի աղջիկ սպասարկող ունենանք,- ասաց Սեդրակը և նայեց Աշոտին: - Եթե նկատի ունեք Յուլիային, կկանչեմ, բայց նա մենակ չի գա, պետք է հրավիրեմ նաև Պրանյային, եթե համաձայն եք, խնդրեմ: Ոչ ոք դեմ չէր: Ավագ սերժանտ Ավետիք Բաղրամյանն աշխատանքի բաշխում կատարեց, և նշված օրը, ինչպես ասում են, կազմ ու պատրաստ ներկայացանք նշանակված վայրը: Ամեն ինչ կատարվեց արագ, ու միանգամից գործի անցանք: - Ճիշտ է, ցուրտ է,- ոտքի կանգնելով ասաց Ավետիքը,-բայց, ինչպես նկատում եմ, ամեն մեկիդ հոգում կրակ կա վառված: Ուրեմն, բոլորիդ հոգու կրակների կենացը: Հայկական կրակներ, հոգու կրակներ... Ապա դիմեց Յուլիային` դու հասկանո՞ւմ ես ինչ կրակների մասին է խոսքը: - Ես արդեն զգում եմ ձեր կրակների ջերմությունը: Հարցրեք Աշոտին, նա կասի՝ զգո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Աշոտը հաստատեց Յուլիայի ասածը, նույնիսկ ավելացրեց, որ ծառայությունն ավարտելուց իր հետ կգա Ներքին Հոռաթաղ: - Իսկ Պրանյա՞ն: - Իմ մասին մի անհանգստացեք, Վիլնյուսում ես ունեմ համակուրսեցի տղա, խոստացել եմ նրա հետ գալ Հայաստան: Կենացները մեկ-մեկ խմելուց հետո առաջարկվեց ոտքի կանգնած խմել Հայաստանի կենացը: - Ինչո՞ւ միայն Հայաստանի, միացնենք և Ղարաբաղը,- առաջարկեց Սեդրակը,- մի ժողովուրդ ենք, ուրեմն թող լինի մի Հայաստան` մայր Հայաստան։ Բաժակները զարկեցին ու պարեցին կանաչ խոտի վրա... ...1941 թ. 22 հունիսի։ Լուսաբացին Բրեստը ծխի ու հրի մեջ էր: Երերալով փլվում էին բազմահարկ տները: Հրետանային պարկում իրարանցում էր։ Խնդիր էր դրված փրկել մարտական տեխնիկան: Արկերի և ռումբերի պայթյունների տակ Ավետիքը իր «Կոմինտերն» տրակտորով կրակի միջից հանում էր հրանոթները, տեղափոխում Մոսկվա-Վարշավա խճուղին։ Գնդապետ Ալեքսանդր Մավրինը նայում էր Ավետիքին ու չէր հավատում աչքերին: Ինչպե՞ս էր գործում հայ տղան՝ հանեց առաջին հրանոթը, երկրորդը, երրորդը, չորրորդը... Եվ սուրացող բեկորները չէին խանգարում նրան: Ավետիքին ընդօրինակում էին ջոկի մյուս տղաները: Մարտական տեխնիկան փրկված էր: Գնդապետը ծոցատետրում գրեց Ավետիք Բաղրամյանի անուն-ազգանունը... Հավանաբար կառավարական պարգևի արժանացնելու նպատակով: ...Նահանջ, դառնություններ, հուսահատություն: 447-ի հրետանավորները մարտեր մղելով նահանջում էին դեպի Արևելք»: «Շարժվելու տեղ չկա, ճանապարհները խցանված են»,- զեկուցեց հետախուզությունը: Հրետանավորներին սպառնում էր շրջափակումը: «Տղաներս, մի կորցրեք ձեզ, խիզախ եղեք», խրոխտ հնչեց գնդապետի ձայնը: Ավետիք Բաղրամյանը առաջինն օգնության հասավ լեյտենանտ Սամոյլովի` կիսաշրջափակման մեջ հայտնված մարտկոցին: Առաջին հրանոթը դուրս բերելով կիսաշրջափակումից, վերադարձավ նույն ճանապարհով: Տեղափոխեց երկրորդը: Գնաց երրորդ անգամ: Չէր կարող չգնալ, ընկերները սպասում էին: Նրանց սպառնում էր գերության վտանգը։ Գնաց, բայց... չվերադարձավ: «Ուրեմն այդպես, գունդը կորցնում է իր խիզախ որդիներին»,- հառաչեց գնդապետի սիրտը: ժամանակը սահում էր: Չկար Ավետիք Բաղրամյանը: Ո՞ւր տարավ նրան ճակատագիրը: Չիմացանք ոչ մի լուր: Նահանջը մեզ հասցրեց Տուլա, Մոսկվա: Շրջվեցինք դեպի արևմուտք` Կալուգա, Ռոսլավլ, Սմոլենսկ: Ապա դեպի հյուսիս, նորից արևմուտք՝ Գորոդոկ, Շաուլյայ, Վոյնոդե, Լիեպայա... ծովափ: Չկար Ավետիք Բաղրամյանը, չկար Աշոտ Գաբրիելյանը, չկար ինքը` գնդապետ Մավրինը... Հանդիպեցի Հրաչյա Քոչարին, պատմեցի, թե ինչ է պատահել: Հուզվեց, խոշոր աչքերը ջրակալվեցին: Ասաց` գրիր բոլորի անունները մեկ առ մեկ: Մենք իրավունք չունենք նրանց մոռանալ: ...Սևանի հյուրանոցի 14-րդ սենյակում գիրք էի կարդում: Կարգադրիչ Սուրենը ինձ մոտ ուղարկեց մի անծանոթ հյուրի: Ասաց, քեզ համար մի լավ զրուցընկեր եմ բերել, կուսակցության Ստեփանավանի շրջկոմի քարտուղարին: Ծանոթանալուց, առօրյա խնդիրների շուրջ խոսելուց հետո ես դիմեցի մի հարցով, որ շատ անսպասելի էր նրա համար: Ասացի ձեր շրջանում կամ Վերին Հոբարձի գյուղ: - Այո, մենք ունենք այդպիսի գյուղ. ի՞նչ է դուք այնտեղ հարազատնե՞ր ունեք: - Այդ գյուղից ես ճակատային ընկերներ ունեի, խիզախ, համարձակ, ազնիվ։ Ավետիք Բաղրամյանին գուցե ճանաչո՞ւմ եք: Զրուցակիցս հանկարծակիի եկավ, մռայլվեց, վատ զգաց իրեն, հնար լիներ, կարող էր վեր կենալ ու գնալ: - Ձեզ ի՞նչ պատահեց, տհաճություն հո չպատճառեցի՞: - Ի՞նչ ասեմ։ Ավետիքն իմ մանկության ընկերներից էր: Վատ տղա չէր: Բայց նա խորտակել է իր գյուղի պատիվը դավաճանել է հայրենիքին, արտաքսվել են ծնողները, հարազատները... - Իսկ կի՞նը՝ Մանուշը, որդին՝ Վոլոդյան, աղջիկը՝ Ասյան... - Ախ, դուք լավ գիտեիք նրանց... - Նա հերոս պետք է լիներ, իսկ ինչպես դուք եք պատմում... Ամբողջ գիշեր քունս չտարավ` ի՞նչ անել, գուցե իրոք նա դավաճանել է հայրենիքին: Արդյոք, ես վտանգավոր գո՞րծ չեմ ստեղծում ինձ համար: Հենց նույն օրը, երբ շրջկոմի քարտուղարը հրաժեշտ տվեց ինձ, գնացի «Ավանգարդի» խմբագրություն, ուղիղ Լորիս Կրոյանի մոտ: Պատմեցի Ավետիք Բաղրամյանի մասին, երկար պատմեցի, շատ երկար: Ասաց՝ ցավոք, եղել են այդպիսի ժամանակներ, այդ կարգի ողբերգություններ մենք շատ ենք ապրել: - Իսկ կտպագրե՞ք, եթե պատմածս Ձեզ ներկայացնեմ: Մի խոր հառաչ արձակեց, - Թող մտածեմ: Արի երկուշաբթի: Երբ բացեցի դուռը, նա անչափ ուրախ էր, նույնիսկ ոգևորված: Ինձ նկատելուց, ուղղակի բացականչեց. - Սուտ է, Ավետիքը իրեն չի արատավորել, նրան զրպարտել են: Նստիր ու գրիր, շուտ, մայիսի 9-ի համարին պետք է հասցնենք: Խմբագիրը կատարեց խոստումը: ...Այստեղ, Ստեփանակերտում ես դիմավորեցի Ավետիքի կնոջը, տղային, հարսին, չկար միայն աղջիկը՝ Ասյան: Պատմեցին, որ նրան առևանգել է Կիրովաբադի կողմից մի վարորդ: Մեր հանդիպման երեկոյին ներկայացավ Ստեփանակերտի Հայկական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհ. Կարապետյանը։ Պարզվեց, որ Կիրովականում նա սատար է կանգնել հայրենի հանգրվանից վտարված Բաղրամյանների ընտանիքին: Իրիկնահացին մենք նորից կրկնեցինք Բուգի ափին սրանից շուրջ կես դար առաջ բարձրացված կենացը` մայր Հայաստանի կենացը: == ՌՈՒՍ ՄԱՐԴԸ == Ծաղկաշենում Արշակյան ազգանունով քիչ մարդիկ են ապրում: Քիչ են, բայց հմուտ ու աշխատասեր են, հարգանք ու պատիվ վայելող: Ընկերության, հարևանության մեջ նմանը չունեն: Կարող ես՝ բարություն արա, չես կարող մի խառնվիր ուրիշի գործերին: Այդպիսին է նրանց ավանդույթը: Այդ ավանդույթով էլ Թորգոմի այրի Աստղիկը դաստիարակել է իր միակ որդուն՝ Վրույրին։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ հարս է բերել՝ համեստ ու հանգիստ: Ամեն մեկը գիտի իր գործն ու անելիքը, և ընտանիքում հաճելի անդորր է տիրում: Սովորական երեկո էր Արշակյանների տանը։ Վրույրը, որ աշխատաքից նոր էր վերադարձել, իր համար թերթ ու ամսագիր էր կարդում, կինը՝ Ամալյան, առանձնացել, ուղղում էր աշակերտների տետրերը, իսկ Աստղիկ մայրիկը խոհանոցում կերակրում էր թոռնիկներին: Ու այդ պահին խախտվեց ավանդական անդորրը: Առանց դուռը ծեծելու, ներս մտավ անծանոթ մի մարդ, որը ռուսերենով, «բարի երեկո» մաղթելուց շարունակեց. - Ճիշտ է, քաղաքավարության տեսակետից հաճելի չէ առանց զգուշացման ներս մտնելը, բայց ես այդպես վարվեցի, հաշվի առնելով, որ օտար մարդ չեմ այս տան համար, ձեր հարազատներից։ Մայր ու տղա ապշած իրար նայեցին: Դժվար էր կռահել՝ բոլորովին անծանոթ մարդ, առաջին անգամն է մտնում դռնով և այդքան համարձակ ու անմիջական: Հյուրը, որ իսկապես իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում, ինչ-որ երկմտեց. - Կներեք, սա Թորգոմ Արշակյանի տո՞ւնը չէ։ Ապա չհապաղելով, դիմեց յուրաքանչյուրին,- դուք նրա կինը` Աստղիկը չե՞ք, դուք նրա տղան` Վրո՞ւյրը չեք: Իսկ այս չքնաղագեղ տիկինը, անշուշտ, ձեր հարսը կլինի: - Այդ բոլորը ճիշտ է,- կմկմաց Աստղիկը,- բայց... - Ես ձեզ հասկանում եմ, Աստղիկ Երեմովնա, ուզում եք ասել, որ Թորգոմը վաղուց չկա: - Այո, ավելի քան 30 տարի: - Ձեր դեմքից կռահում եմ, որ երեք տասնամյակ հետո էլ դուք խոր վիշտ եք ապրում: Ասում են ձեզ մոտ՝ Ղարաբաղում, պատերազմում զոհվածների կանայք սրբությամբ են պահպանում իրենց ամուսինների անունն ու պատիվը: Դա ինձ շատ է մխիթարում: Հյուրը ցանկացավ ասածին ինչ-որ բան ավելացնել, խոսքերը քիչ մնաց պոկվեին շուրթերից, բայց զսպեց, բառերը փակված մնացին բերանում: - Ո՞վ է այս հեքիաթային մարդը, որտեղի՞ց գիտի այս բոլորը, սկեսրոջս հետ նույնիսկ հայրանունով խոսեց,- խորհեց Ամալյան: - Ճիշտ է, թխադեմ է, ունքերը բավականին խիտ ու հաստ են, աչքերը սև ու խոհուն, բայց խոսելաձևն ու անմիջականությունը ասում են, որ ռուս է, միայն` ռուս: - Շատ կներեք, թանկագին ընկեր, ախր մենք այդպես էլ չիմացանք, թե ով եք դուք, ինչ առիթով եք եկել։ - Ո՞վ եմ ես, ի՞նչ առիթով եմ եկել:- Աստղիկի հարցը կրկնեց հյուրը: Դուք պահպանո՞ւմ եք Թորգում Արշակյանի լուսանկարները։ - Այո,- շտապեց պատասխանել Ամալյան, - բերե՞մ: - Եթե պահպանում եք, ուրեմն պետք իմանաք իմ ով լինելը, գուցե և գալուս պատճառը: Ամալյան, որ ինքն էր կարգավորում ու պահպանում տան ալբոմները, հասկացավ, թե որ նկարին է վերաբերում խոսքը։ Բերելով կեսրայրին և սկեսրոջը նվիրված ալբոմը, նա բացեց այն էջը, ուր տեղավորված էր հինգ հոգով լուսանկարը: Աստղիկը, նայելով հյուրին ու լուսանկարին, բացականչեց. - Վրույր, հորդ ճակատային ընկերը, Պյոտր Տիմոֆեևի՜չ: Վրույրը և Ամալյան մոտեցան, սեղմեցին հյուրի ձեռքը, իսկ Պյոտր Տիմոֆեևիչը, հերթով ձգելով դեպի իրեն, հայրաբար համբուրեց նրանց ճակատը։ - Պյոտր Տիմոֆեևիչ,- հուզված շարունակեց Աստղիկը,- ՞ես ամեն ինչ հիշում եմ։ Ձեր նամակները ինձ միշտ էլ ուրախացրել, հույս են ներշնչել: Դուք հասկացող ու հոգեբան մարդ եք, բարի խորհրդատու: Թորգոմի բոլոր նամակներում կա ձեր անունը։ Մի անգամ գրել է, որ արձակուրդ լինելուց, միասին կգանք, բայց չստացվեց: Ամեն ինչ խափանվեց տակնուվրա եղավ: Դեռ ոչինչ չէր պատմել հյուրը, չէր ասել որտեղից և ինչի համար էր եկել, բայց ուսուցչուհի Ամալյան արդեն հրապուրվել էր նրանով, մտածում էր այն մասին, թե դասի ներկայանալուց, ինչպես պետք է բնութագրի, մատուցի նրա կերպարը: Մտածում էր բարձր դասարանցիներին ազատ թեմայով շարադրություն հանձնարարելու մասին: Աստղիկ մայրիկին մի բան էր մնում` հյուրին վայել սեղան բացել: Նա Վրույրին հասկացրեց խմիչքի հոգս տեսնել: Եռանդուն գործի անցավ Ամալյան` ամենից ընտիր սպասքեղենը շարեց սեղանին, ինչքան համեղ ու հաճելի ուտելիքներ ունեին պատ-րաստած, ամենից բաժին հանեց հյուրին: «Ո՞ւմ համար ենք պահում, սրանից թանկ հյուր ո՞վ պետք է լինի այս տանը: Այսպես էր մտածում Ամալյան, այդպես էին դատում մայր ու տղա: Ծաղկաշենում պակաս չէին ապրում Արշակյանները։ Վրույրը գլխավոր մեխանիկ է կոլտնտեսությունում: Աստղիկը թոշակը ձևակերպել, բայց չի թողել աշխատանքը։ Ամալյան, ինչպես բոլորն են ասում, դպրոցի աչքն է: Սեղանը պատրաստելիս Ամալյան աչքը չէր հեռացնում հյուրից, նկատել էր, որ նրա դեմքից չքացել է աշխուժությունը, շնչելիս ցնցվում է աջ ուսը, դեմքին ինչ-որ մկան մերթընդմերթ ցատկում ու հանդարտում է: Աստիճանաբար ծայր առավ զրույցը: Պյոտր Տիմոֆեևիչը զազրախոս չէր: Նա խոսում էր զուսպ, չափավոր, համառոտ ու համով: Արշակյաններին ամենից շատ ապշեցնում էր նրա հիշողությունը։ Երեքուկես տասնամյակ էր անցել պատերազմից հետո, բայց տեղի ունեցած ոչ մի դեպք կամ անցք չի մոռացել: Երբ Պյոտր Տիմոֆեևիչը դրվագներ էր պատմում Թորգոմի հետ անցկացրած կյանքից, Վրույրը նորից վերցրեց հինգ հոգով լուսանկարը և լուռ նայեց հետևի գրությանը. «Թորգոմ Արշակյան, Անատոլի Կլիմենկո, Պյոտր Մետլուգին, Ահմեդ Աղաև, Շոթա Ձոցունիձե: Արևմտյան ռազմաճակատ, 19-ին մարտի, 1943 թիվ»։ Վրույրը հիշեց այդ տարին: Փոքր էր դեռ, հինգ տարեկան, գրել-կարդալ չգիտեր, երկու տարի հետո պիտի գնար դպրոց։ Հետո հասկացել է, թե ինչի համար էր արտասվում մայրը, ինչ հոգսեր էին նեղում նրան, ինչու էր այնքան հեզ ու խոնարհ: Վերհիշեց այն օրը, երբ փոստատար Բալախանումը եկավ ու կանչեց բակից. - Թորգոմից նամակ ունեք, ականջաբռնուկս բերեք: Մայրը կանչել է. - Վրույր, էն չալպտուրիկ աքլորը բռնիր, տանք այս տոտային, որ հորիցդ շուտ-շուտ նամակ բերի: Ահա այդ ծրարում դրված էր հինգ հոգով լուսանկարը: Փոստատարը ցանկանում էր այդպիսի նամակներ հաճախակի բերել Աստղիկին, ուրախացնել նրան, դրա համար էլ փոստը դասավորելիս «աչքերը չորս արած» նրա հասցեն էր փնտրում, անունը որոնում: Այդպես օրեր անցան, շաբաթներ, ամիսներ, բայց փոստատարը Աստղիկին ուրախացնել չկարողացավ: Ինչո՞վ ուրախացներ, Թորգոմը նամակ չէր գրում: Ուրբաթ օր էր, նամակները դասավորելիս փոստատարի ձեռքն ընկավ մի ծրար, որը հասցեագրված էր «Աստղիկ Արշակյանին, անձամբ»: Իսկ ինչո՞ւ է հիշեցրել` «անձամբ», մի՞թե Թորգոմն այն կարծիքին է, թե Բալախանումը տեղ չի հասցնի կնոջն ուղարկած նամակը, այն կհանձնի ուրիշի: Բայց իսկապե՞ս այդ «անձամբը» ինքը Թորգոմն է գրել։ Փոստատարի սիրտը կասկած ընկավ. «Սա Թորգոմի ձեռքով չի գրված, այս նամակը ես չեմ հանձնի Աստղիկին, կուղարկեմ ուրիշի միջոցով»: նամակը Աստղիկին հասավ այն պահին, երբ տղայի հետ միասին հանդ էր ճանապարհվում: Վերցնելով ծրարը, Աստղիկը դժգոհեց, «Ինչո՞ւ Բալախանումը ինքը չի բերել, կարծել է ժլատություն կանեմ, ականջաբռնո՞ւկը չեմ տա: Առանց ուշադրություն դարձնելու հասցեին, Աստղիկը բացեց ծրարը, աչքերը սահեցրեց նամակի տողերի վրայով ու ճչաց. - Վրույր, տղաս, դու էլ հայր չունես... Վրույրը մտքերից սթափվեց այն պահին, երբ Պյոտր Տիմոֆեևիչը խոսք էր բացել Թորգոմի վերջին սխրագործությունների մասին: ... Արդեն երրորդ օրն էր, ինչ բարձունքը գրավելուց հետո, մայոր Նիկիտինի հետևակայիները ահեղ մարտեր էին մղում հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Ֆաշիստները կրակի տակ էին առել առաջին գիծը: Թորգոմ Արշակյանը, որ երկու օր առաջ էր փոխարինել դասակի հրամանատարին, ձախ թևում ընկնելով ծանր դրության մեջ, ռացիայով կապվեց շտաբի հետ ու զեկուցեց. «Շարժվելու էլ տեղ չկա ոչ առաջ, ոչ հետ, վաղվա համար «ճաշ» չունենք...»: Կոմիսար Ալեքսանդր Կոլոտիգինը շատ անհանգստացավ Թորգոմի համար. «Քանի անգամ մարտական առաջադրանքներ է կատարել, արժանացել պարգևների, շնորհակալության, իսկ այս անգամ... Ափսոս Թորգոմ, Ֆաշիստները կգերեն նրան, կասեն` «կոմունիստը հանձնվել է», այն քաջ մարտիկը, որին ինքս եմ կուսակցության շարքերը երաշխավորել»: Թորգոմը հասկանում էր, որ շտաբը շուտափույթ օգնության հնարավորություն չունի, և ինքը ելք փնտրեց վիճակից դուրս գալու համար: Գիշերվա կեսին, մթության մեջ նա մարտիկներին քողարկեց պլաշչ-թիկնոցներով և հրամայեց հետևել իրեն. «Եթե պիտի ընկնենք, ուրեմն ընկնենք քաջի մահով»: Ամբողջ չորս ժամ փորսող շարժվելով առաջ, նրանք շրջանցեցին հակառակորդին և լուսաբացից առաջ դուրս եկան նրա թիկունքը: Թորգոմը հաշվեց ունեցած հանդերձանքը, փամփուշտի, նռնակների պաշարը, մարտական պատրաստության մեջ ունեցած երկու գնդացիրը և հրամայեց գրոհել դարանած վաշտի դիրքերը: Երբ մթության մեջ պայթյունների տակ ֆաշիստները խուճաբահար դուրս նետվեցին խրամատներից, այդ պահին թևերից գործեցին գնդացիրները: Ֆաշիստական վաշտը գլխովին ջախջախվեց: Ովքեր կենդանի էին մնացել, գերի հանձնվեցին: - Հետո՞, հետո՞,- հարցրեց Ամալյան: - Հետո ծնունդ առավ այս լուսանկարը: Գիշերամարտում աչքի ընկած տղաները արժանացան պարգևների: - Բայց չէ՞ որ պատերազմը չավարտվեց: - Չավարտվեց և ճանապարհները մեզ տարան տարբեր ուղղություններով: - Պյոտր Տիմոֆեևիչ, ես առաջարկում եմ ձեր կենացը,- խոսեց Վրույրը: - Ի՞մ կենացը: Ավելի լավ կլինի հերթով: Վրույրը չհասկացավ: Չհասկացավ և մայրը՝ Աստղիկը: Գուցե Ամալյան հասկանար, բայց նա այնպես էր տարվել խոհերով, որ նույնիսկ չգիտեր իր տեղը: - Վրույրը ճիշտ է առաջարկում, Պյոտր Տիմոֆեևիչ, Դուք մեր թանկագին հյուրն եք, մեր տան ավագը: - Թույլ տվեք, Պյոտր Տիմոֆեևիչ, մտքերից սթափվելով խնդրեց Ամալյան: Հյուրը թախծոտ նայեց Աստղիկին, ապա Վրույրին ու Ամալյային: Նա հուզված էր, աչքերը լճացած և մի կերպ հավաքեց մտքերը. - Դուք չգիտե՞ք, որ այսօր Թորգոմի ծննդյան օրն է... Աստղիկը թաշկինակը հպեց աչքերին: Ամալյան փղձկաց և ընկավ աթոռին: Վրույրը սեղմեց շրթունքները: Պյոտր Տիմոֆեևիչը շարունակեց. - Ես եկել եմ ձեզ հետ միասին նշելու նրա ծննդյան տարեդարձը: Բայց սպասեք, իմ ասելիքը ես չեմ ավարտել: Նա վերկացավ տեղից, բացեց ձեռքի ճամպրուկը և նրա միջից հանելով Թորգոմի զինվորական փոքրիկ կիսանդրին, դրեց սեղանին: - Պյոտր Տիմոֆեևիչ, ռուս մարդ, այս ինչեր եք անում, մենք ինչպե՞ս պետք է հատուցենք այս ամենի դիմաց,- թևերը տարածած խոսեց Ամալյան: - Ուրիշ կերպ վարվել չէի կարող, այսօր նա վաթսուն տարեկան է: Նա ընկավ, որ ապրի մեր տերությունը, մեր բարեկամությունը: Դադարը երկար տևեց: Ոչ ձայն, ոչ շշուկ: Խոսում էր միայն լռությունը: == ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ == </div> nhx2gzq2hoynbaxmxekt850sry1jwcm 398198 398197 2026-11-17T20:46:21Z Անունով խմբագիր 4841 /* ՌՈՒՍ ՄԱՐԴԸ */ 398198 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=ՆՄՈՒՇՆԵՐ <br> Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |section = |previous = [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)]] |next =[[Հեղինակի կենսագրությունը]] |notes = Աղբյուր՝ <span title="...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ (ակնարկ),">[[...Եվ այսպիսի ճակատագիր|...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2009, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր. (էջ 34-54)։ |author =Արիս Արսենի}} <div style="width: 50%; text-align:justify; margin-left:25% "> {{TOCright}} == ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԻՄ ՏԵՂԸ == Ինձ հարցնում են. կյանքում գտե՞լ ես քո տեղը,<br> Գտե՞լ ես այն ճամփան, որ այնքան փնտրել ես,<br> Այն բախտին ես տիրացել, որին երազել ես, <br> Այն սե՞րն ես վայելել, որի համար <br> Այնպես տագնապել ու հառաչել ես, <br> Այն բարձունքի՞ն ես հասել, որի փեշերն ի վեր <br> Մագլցել ու հետն էլ շառաչել ես... <br> Ասեմ միանգամից` մոլորված եմ եղել.<br> Հոգուս մեջ շարունակ կրակ եմ անթեղել, <br> Ինչ վերից են ասել, այն եմ կատարել. <br> Ում արդար եմ կարծել, նրան եմ սատարել, <br> Որ ճակատ ուղարկել, գնացել, կռվել եմ, <br> Մի տեղ հրդեհ եմ մարել, մի այլ տեղ վառվել եմ, <br> Շոյանք չեմ տեսել, անվերջ դաղվել եմ... <br> Տարիներս այսպես եկել, անցել են: <br> Արդարության տուտը բռնել, բաց չեմ թողել, <br> Կարծել եմ իմն է հիմա այս աշխարհը, <br> Թե որ մեղք եմ գործել, այն քավելու համար<br> Վկա եմ կանչել մեր սուրբ նշխարհը... <br> Այդպես եմ անցել իմ ճանապարհը: <br> Ինձնից երես թեքեց անգամ իմ սերը, <br> Ինչո՞ւ, հարցնում եմ, թոթվում է ուսերը: <br> Այսօր մղձավանջ է, վաղս` անորոշ, <br> Շուրջս սառնություն է, իսկ երկինքը՝ գորշ,<br> Այս կողմ եմ նայում` մռայլված դեմքեր են,<br> Այն կողմ եմ նայում` կործանիչ զենքեր են... <br> Չեմ հասկանում որտեղ եմ և ինչ եմ անում, <br> Բոլորն էլ աչքիս բարակ են մանում... <br> Ասեք, այս կյանքում ո՞նց գտնեմ իմ տեղը, <br> Երբ կյանքը ինքն էլ չունի իր տեղը: == ՔԱՅԼԵՐԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ == Արցախական հողի որդիներն ենք քաջազուն, <br>Արմատները խորն են մեր մայր հողի մեջ խրված, <br>Երկրում մեր այս հինավուրց խաղաղ ապրել ենք ուզում, <br>Մեր ապրելու իրավունքը մեզ է տրված:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք աննահանջ, <br>Ճամփան մեր դժվար է ու վտանգված, <br>Նախնիների պես մեր լինենք խիզախ ու քաջ, <br>Քայլենք` դրոշը մեր բարձր պարզած:<br><br> Ոսոխները մեզ հետ զենքի ուժով են խոսում, <br>Խորտակել են փորձում մեր կամքն ու ոգին, <br>Մեր ընկերների արյունն է մարտադաշտում հոսում,<br> Մեզ վրեժի կանչում` հանուն ազատ կյանքի:<br><br>Քայլիր, եղբայր, քայլենք շարքով ամրակուռ,<br> Միասնության մեջ են կամքն ու ուժը մեր,<br> Փոքր ենք, քիչ ենք, թեկուզ մի բուռ,<br> Բայց խիզախ ենք, տոկուն ու անվեհեր:<br><br> Արդար է գործը մեր ու կորովն անսահման, <br>Հանուն մեր սուրբ գործի հաղթանակ ենք տենչում, <br>Մեր անկոտրում կամքն ու հավատը վառման <br>Արդար գործի համար մեզ սխրանքի է կոչում:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք հանուն մեր սուրբ գործի <br>Կռվենք ու հալածենք ոսոխին դաժան <br>Թող դրոշը մեր եռագույն բարձր թևածի <br>Եվ մեզանից հավերժ լինի անբաժան: {{Աջաթև|<small>''Ապրիլ, 1992 թ.</small>}} == ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ == Չեմ մոռացել՝ կենացն այս բարձրացվել է սրանից ավելի քան կես դար առաջ, 1940 թ. ուշ աշնանը, Բրեստի ամրոցից քիչ հյուսիս` Բուգի ափին։ 447-րդ հրետանային գնդից քարշող ջոկի հրամանատար Ավետիք Բաղրամյանը կանչեց ինձ ու հարցրեց. - Մեր զորամասում քանի՞ հայ կա: Անմիջապես պատասխանեցի` տասնմեկ: - Ուրեմն, քեզ հանձնարարություն` ցուցակագրիր բոլորին, նշիր՝ ով որտեղ է և տուր ինձ, հետո կասեմ, ինչի համար է: Ես կատարեցի նրա հանձնարարությունը: Մենակ չէր, նրա հետ էին քաղղեկի տեղակալ մարտակերտցի Սեդրակ Մամունցը, ներքին հոռաթաղցի, նշանառու Աշոտ Գաբրիելյանը, լենինականցի, մեխանիկ Ավագ Ղազարյանը: Առաջարկություն եղավ նշել Հայաստանի պետականության վերականգնման օրը և ուրախանալ հայավարի: - Խոճկորի միսը ինձանից,- իր պատրաստակամությունը հայտնեց Աշոտը: - Կրակ վառելն ու խորովելն իմ պարտքը,- ասաց Ավագը: - Իսկ չէի՞ք ցանկանա, որ այդ օրը մի աղջիկ սպասարկող ունենանք,- ասաց Սեդրակը և նայեց Աշոտին: - Եթե նկատի ունեք Յուլիային, կկանչեմ, բայց նա մենակ չի գա, պետք է հրավիրեմ նաև Պրանյային, եթե համաձայն եք, խնդրեմ: Ոչ ոք դեմ չէր: Ավագ սերժանտ Ավետիք Բաղրամյանն աշխատանքի բաշխում կատարեց, և նշված օրը, ինչպես ասում են, կազմ ու պատրաստ ներկայացանք նշանակված վայրը: Ամեն ինչ կատարվեց արագ, ու միանգամից գործի անցանք: - Ճիշտ է, ցուրտ է,- ոտքի կանգնելով ասաց Ավետիքը,-բայց, ինչպես նկատում եմ, ամեն մեկիդ հոգում կրակ կա վառված: Ուրեմն, բոլորիդ հոգու կրակների կենացը: Հայկական կրակներ, հոգու կրակներ... Ապա դիմեց Յուլիային` դու հասկանո՞ւմ ես ինչ կրակների մասին է խոսքը: - Ես արդեն զգում եմ ձեր կրակների ջերմությունը: Հարցրեք Աշոտին, նա կասի՝ զգո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Աշոտը հաստատեց Յուլիայի ասածը, նույնիսկ ավելացրեց, որ ծառայությունն ավարտելուց իր հետ կգա Ներքին Հոռաթաղ: - Իսկ Պրանյա՞ն: - Իմ մասին մի անհանգստացեք, Վիլնյուսում ես ունեմ համակուրսեցի տղա, խոստացել եմ նրա հետ գալ Հայաստան: Կենացները մեկ-մեկ խմելուց հետո առաջարկվեց ոտքի կանգնած խմել Հայաստանի կենացը: - Ինչո՞ւ միայն Հայաստանի, միացնենք և Ղարաբաղը,- առաջարկեց Սեդրակը,- մի ժողովուրդ ենք, ուրեմն թող լինի մի Հայաստան` մայր Հայաստան։ Բաժակները զարկեցին ու պարեցին կանաչ խոտի վրա... ...1941 թ. 22 հունիսի։ Լուսաբացին Բրեստը ծխի ու հրի մեջ էր: Երերալով փլվում էին բազմահարկ տները: Հրետանային պարկում իրարանցում էր։ Խնդիր էր դրված փրկել մարտական տեխնիկան: Արկերի և ռումբերի պայթյունների տակ Ավետիքը իր «Կոմինտերն» տրակտորով կրակի միջից հանում էր հրանոթները, տեղափոխում Մոսկվա-Վարշավա խճուղին։ Գնդապետ Ալեքսանդր Մավրինը նայում էր Ավետիքին ու չէր հավատում աչքերին: Ինչպե՞ս էր գործում հայ տղան՝ հանեց առաջին հրանոթը, երկրորդը, երրորդը, չորրորդը... Եվ սուրացող բեկորները չէին խանգարում նրան: Ավետիքին ընդօրինակում էին ջոկի մյուս տղաները: Մարտական տեխնիկան փրկված էր: Գնդապետը ծոցատետրում գրեց Ավետիք Բաղրամյանի անուն-ազգանունը... Հավանաբար կառավարական պարգևի արժանացնելու նպատակով: ...Նահանջ, դառնություններ, հուսահատություն: 447-ի հրետանավորները մարտեր մղելով նահանջում էին դեպի Արևելք»: «Շարժվելու տեղ չկա, ճանապարհները խցանված են»,- զեկուցեց հետախուզությունը: Հրետանավորներին սպառնում էր շրջափակումը: «Տղաներս, մի կորցրեք ձեզ, խիզախ եղեք», խրոխտ հնչեց գնդապետի ձայնը: Ավետիք Բաղրամյանը առաջինն օգնության հասավ լեյտենանտ Սամոյլովի` կիսաշրջափակման մեջ հայտնված մարտկոցին: Առաջին հրանոթը դուրս բերելով կիսաշրջափակումից, վերադարձավ նույն ճանապարհով: Տեղափոխեց երկրորդը: Գնաց երրորդ անգամ: Չէր կարող չգնալ, ընկերները սպասում էին: Նրանց սպառնում էր գերության վտանգը։ Գնաց, բայց... չվերադարձավ: «Ուրեմն այդպես, գունդը կորցնում է իր խիզախ որդիներին»,- հառաչեց գնդապետի սիրտը: ժամանակը սահում էր: Չկար Ավետիք Բաղրամյանը: Ո՞ւր տարավ նրան ճակատագիրը: Չիմացանք ոչ մի լուր: Նահանջը մեզ հասցրեց Տուլա, Մոսկվա: Շրջվեցինք դեպի արևմուտք` Կալուգա, Ռոսլավլ, Սմոլենսկ: Ապա դեպի հյուսիս, նորից արևմուտք՝ Գորոդոկ, Շաուլյայ, Վոյնոդե, Լիեպայա... ծովափ: Չկար Ավետիք Բաղրամյանը, չկար Աշոտ Գաբրիելյանը, չկար ինքը` գնդապետ Մավրինը... Հանդիպեցի Հրաչյա Քոչարին, պատմեցի, թե ինչ է պատահել: Հուզվեց, խոշոր աչքերը ջրակալվեցին: Ասաց` գրիր բոլորի անունները մեկ առ մեկ: Մենք իրավունք չունենք նրանց մոռանալ: ...Սևանի հյուրանոցի 14-րդ սենյակում գիրք էի կարդում: Կարգադրիչ Սուրենը ինձ մոտ ուղարկեց մի անծանոթ հյուրի: Ասաց, քեզ համար մի լավ զրուցընկեր եմ բերել, կուսակցության Ստեփանավանի շրջկոմի քարտուղարին: Ծանոթանալուց, առօրյա խնդիրների շուրջ խոսելուց հետո ես դիմեցի մի հարցով, որ շատ անսպասելի էր նրա համար: Ասացի ձեր շրջանում կամ Վերին Հոբարձի գյուղ: - Այո, մենք ունենք այդպիսի գյուղ. ի՞նչ է դուք այնտեղ հարազատնե՞ր ունեք: - Այդ գյուղից ես ճակատային ընկերներ ունեի, խիզախ, համարձակ, ազնիվ։ Ավետիք Բաղրամյանին գուցե ճանաչո՞ւմ եք: Զրուցակիցս հանկարծակիի եկավ, մռայլվեց, վատ զգաց իրեն, հնար լիներ, կարող էր վեր կենալ ու գնալ: - Ձեզ ի՞նչ պատահեց, տհաճություն հո չպատճառեցի՞: - Ի՞նչ ասեմ։ Ավետիքն իմ մանկության ընկերներից էր: Վատ տղա չէր: Բայց նա խորտակել է իր գյուղի պատիվը դավաճանել է հայրենիքին, արտաքսվել են ծնողները, հարազատները... - Իսկ կի՞նը՝ Մանուշը, որդին՝ Վոլոդյան, աղջիկը՝ Ասյան... - Ախ, դուք լավ գիտեիք նրանց... - Նա հերոս պետք է լիներ, իսկ ինչպես դուք եք պատմում... Ամբողջ գիշեր քունս չտարավ` ի՞նչ անել, գուցե իրոք նա դավաճանել է հայրենիքին: Արդյոք, ես վտանգավոր գո՞րծ չեմ ստեղծում ինձ համար: Հենց նույն օրը, երբ շրջկոմի քարտուղարը հրաժեշտ տվեց ինձ, գնացի «Ավանգարդի» խմբագրություն, ուղիղ Լորիս Կրոյանի մոտ: Պատմեցի Ավետիք Բաղրամյանի մասին, երկար պատմեցի, շատ երկար: Ասաց՝ ցավոք, եղել են այդպիսի ժամանակներ, այդ կարգի ողբերգություններ մենք շատ ենք ապրել: - Իսկ կտպագրե՞ք, եթե պատմածս Ձեզ ներկայացնեմ: Մի խոր հառաչ արձակեց, - Թող մտածեմ: Արի երկուշաբթի: Երբ բացեցի դուռը, նա անչափ ուրախ էր, նույնիսկ ոգևորված: Ինձ նկատելուց, ուղղակի բացականչեց. - Սուտ է, Ավետիքը իրեն չի արատավորել, նրան զրպարտել են: Նստիր ու գրիր, շուտ, մայիսի 9-ի համարին պետք է հասցնենք: Խմբագիրը կատարեց խոստումը: ...Այստեղ, Ստեփանակերտում ես դիմավորեցի Ավետիքի կնոջը, տղային, հարսին, չկար միայն աղջիկը՝ Ասյան: Պատմեցին, որ նրան առևանգել է Կիրովաբադի կողմից մի վարորդ: Մեր հանդիպման երեկոյին ներկայացավ Ստեփանակերտի Հայկական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհ. Կարապետյանը։ Պարզվեց, որ Կիրովականում նա սատար է կանգնել հայրենի հանգրվանից վտարված Բաղրամյանների ընտանիքին: Իրիկնահացին մենք նորից կրկնեցինք Բուգի ափին սրանից շուրջ կես դար առաջ բարձրացված կենացը` մայր Հայաստանի կենացը: == ՌՈՒՍ ՄԱՐԴԸ == Ծաղկաշենում Արշակյան ազգանունով քիչ մարդիկ են ապրում: Քիչ են, բայց հմուտ ու աշխատասեր են, հարգանք ու պատիվ վայելող: Ընկերության, հարևանության մեջ նմանը չունեն: Կարող ես՝ բարություն արա, չես կարող մի խառնվիր ուրիշի գործերին: Այդպիսին է նրանց ավանդույթը: Այդ ավանդույթով էլ Թորգոմի այրի Աստղիկը դաստիարակել է իր միակ որդուն՝ Վրույրին։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ հարս է բերել՝ համեստ ու հանգիստ: Ամեն մեկը գիտի իր գործն ու անելիքը, և ընտանիքում հաճելի անդորր է տիրում: Սովորական երեկո էր Արշակյանների տանը։ Վրույրը, որ աշխատաքից նոր էր վերադարձել, իր համար թերթ ու ամսագիր էր կարդում, կինը՝ Ամալյան, առանձնացել, ուղղում էր աշակերտների տետրերը, իսկ Աստղիկ մայրիկը խոհանոցում կերակրում էր թոռնիկներին: Ու այդ պահին խախտվեց ավանդական անդորրը: Առանց դուռը ծեծելու, ներս մտավ անծանոթ մի մարդ, որը ռուսերենով, «բարի երեկո» մաղթելուց շարունակեց. — Ճիշտ է, քաղաքավարության տեսակետից հաճելի չէ առանց զգուշացման ներս մտնելը, բայց ես այդպես վարվեցի, հաշվի առնելով, որ օտար մարդ չեմ այս տան համար, ձեր հարազատներից։ Մայր ու տղա ապշած իրար նայեցին: Դժվար էր կռահել՝ բոլորովին անծանոթ մարդ, առաջին անգամն է մտնում դռնով և այդքան համարձակ ու անմիջական: Հյուրը, որ իսկապես իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում, ինչ-որ երկմտեց. — Կներեք, սա Թորգոմ Արշակյանի տո՞ւնը չէ։ Ապա չհապաղելով, դիմեց յուրաքանչյուրին,- դուք նրա կինը` Աստղիկը չե՞ք, դուք նրա տղան` Վրո՞ւյրը չեք: Իսկ այս չքնաղագեղ տիկինը, անշուշտ, ձեր հարսը կլինի: — Այդ բոլորը ճիշտ է,- կմկմաց Աստղիկը,- բայց... — Ես ձեզ հասկանում եմ, Աստղիկ Երեմովնա, ուզում եք ասել, որ Թորգոմը վաղուց չկա: — Այո, ավելի քան 30 տարի: — Ձեր դեմքից կռահում եմ, որ երեք տասնամյակ հետո էլ դուք խոր վիշտ եք ապրում: Ասում են ձեզ մոտ՝ Ղարաբաղում, պատերազմում զոհվածների կանայք սրբությամբ են պահպանում իրենց ամուսինների անունն ու պատիվը: Դա ինձ շատ է մխիթարում: Հյուրը ցանկացավ ասածին ինչ-որ բան ավելացնել, խոսքերը քիչ մնաց պոկվեին շուրթերից, բայց զսպեց, բառերը փակված մնացին բերանում: — Ո՞վ է այս հեքիաթային մարդը, որտեղի՞ց գիտի այս բոլորը, սկեսրոջս հետ նույնիսկ հայրանունով խոսեց,- խորհեց Ամալյան: — Ճիշտ է, թխադեմ է, ունքերը բավականին խիտ ու հաստ են, աչքերը սև ու խոհուն, բայց խոսելաձևն ու անմիջականությունը ասում են, որ ռուս է, միայն` ռուս: — Շատ կներեք, թանկագին ընկեր, ախր մենք այդպես էլ չիմացանք, թե ով եք դուք, ինչ առիթով եք եկել։ — Ո՞վ եմ ես, ի՞նչ առիթով եմ եկել:- Աստղիկի հարցը կրկնեց հյուրը: Դուք պահպանո՞ւմ եք Թորգում Արշակյանի լուսանկարները։ — Այո,- շտապեց պատասխանել Ամալյան, - բերե՞մ: — Եթե պահպանում եք, ուրեմն պետք իմանաք իմ ով լինելը, գուցե և գալուս պատճառը: Ամալյան, որ ինքն էր կարգավորում ու պահպանում տան ալբոմները, հասկացավ, թե որ նկարին է վերաբերում խոսքը։ Բերելով կեսրայրին և սկեսրոջը նվիրված ալբոմը, նա բացեց այն էջը, ուր տեղավորված էր հինգ հոգով լուսանկարը: Աստղիկը, նայելով հյուրին ու լուսանկարին, բացականչեց. — Վրույր, հորդ ճակատային ընկերը, Պյոտր Տիմոֆեևի՜չ: Վրույրը և Ամալյան մոտեցան, սեղմեցին հյուրի ձեռքը, իսկ Պյոտր Տիմոֆեևիչը, հերթով ձգելով դեպի իրեն, հայրաբար համբուրեց նրանց ճակատը։ — Պյոտր Տիմոֆեևիչ,- հուզված շարունակեց Աստղիկը,- ՞ես ամեն ինչ հիշում եմ։ Ձեր նամակները ինձ միշտ էլ ուրախացրել, հույս են ներշնչել: Դուք հասկացող ու հոգեբան մարդ եք, բարի խորհրդատու: Թորգոմի բոլոր նամակներում կա ձեր անունը։ Մի անգամ գրել է, որ արձակուրդ լինելուց, միասին կգանք, բայց չստացվեց: Ամեն ինչ խափանվեց տակնուվրա եղավ: Դեռ ոչինչ չէր պատմել հյուրը, չէր ասել որտեղից և ինչի համար էր եկել, բայց ուսուցչուհի Ամալյան արդեն հրապուրվել էր նրանով, մտածում էր այն մասին, թե դասի ներկայանալուց, ինչպես պետք է բնութագրի, մատուցի նրա կերպարը: Մտածում էր բարձր դասարանցիներին ազատ թեմայով շարադրություն հանձնարարելու մասին: Աստղիկ մայրիկին մի բան էր մնում` հյուրին վայել սեղան բացել: Նա Վրույրին հասկացրեց խմիչքի հոգս տեսնել: Եռանդուն գործի անցավ Ամալյան` ամենից ընտիր սպասքեղենը շարեց սեղանին, ինչքան համեղ ու հաճելի ուտելիքներ ունեին պատ-րաստած, ամենից բաժին հանեց հյուրին: «Ո՞ւմ համար ենք պահում, սրանից թանկ հյուր ո՞վ պետք է լինի այս տանը: Այսպես էր մտածում Ամալյան, այդպես էին դատում մայր ու տղա: Ծաղկաշենում պակաս չէին ապրում Արշակյանները։ Վրույրը գլխավոր մեխանիկ է կոլտնտեսությունում: Աստղիկը թոշակը ձևակերպել, բայց չի թողել աշխատանքը։ Ամալյան, ինչպես բոլորն են ասում, դպրոցի աչքն է: Սեղանը պատրաստելիս Ամալյան աչքը չէր հեռացնում հյուրից, նկատել էր, որ նրա դեմքից չքացել է աշխուժությունը, շնչելիս ցնցվում է աջ ուսը, դեմքին ինչ-որ մկան մերթընդմերթ ցատկում ու հանդարտում է: Աստիճանաբար ծայր առավ զրույցը: Պյոտր Տիմոֆեևիչը զազրախոս չէր: Նա խոսում էր զուսպ, չափավոր, համառոտ ու համով: Արշակյաններին ամենից շատ ապշեցնում էր նրա հիշողությունը։ Երեքուկես տասնամյակ էր անցել պատերազմից հետո, բայց տեղի ունեցած ոչ մի դեպք կամ անցք չի մոռացել: Երբ Պյոտր Տիմոֆեևիչը դրվագներ էր պատմում Թորգոմի հետ անցկացրած կյանքից, Վրույրը նորից վերցրեց հինգ հոգով լուսանկարը և լուռ նայեց հետևի գրությանը. «Թորգոմ Արշակյան, Անատոլի Կլիմենկո, Պյոտր Մետլուգին, Ահմեդ Աղաև, Շոթա Ձոցունիձե: Արևմտյան ռազմաճակատ, 19-ին մարտի, 1943 թիվ»։ Վրույրը հիշեց այդ տարին: Փոքր էր դեռ, հինգ տարեկան, գրել-կարդալ չգիտեր, երկու տարի հետո պիտի գնար դպրոց։ Հետո հասկացել է, թե ինչի համար էր արտասվում մայրը, ինչ հոգսեր էին նեղում նրան, ինչու էր այնքան հեզ ու խոնարհ: Վերհիշեց այն օրը, երբ փոստատար Բալախանումը եկավ ու կանչեց բակից. - Թորգոմից նամակ ունեք, ականջաբռնուկս բերեք: Մայրը կանչել է. - Վրույր, էն չալպտուրիկ աքլորը բռնիր, տանք այս տոտային, որ հորիցդ շուտ-շուտ նամակ բերի: Ահա այդ ծրարում դրված էր հինգ հոգով լուսանկարը: Փոստատարը ցանկանում էր այդպիսի նամակներ հաճախակի բերել Աստղիկին, ուրախացնել նրան, դրա համար էլ փոստը դասավորելիս «աչքերը չորս արած» նրա հասցեն էր փնտրում, անունը որոնում: Այդպես օրեր անցան, շաբաթներ, ամիսներ, բայց փոստատարը Աստղիկին ուրախացնել չկարողացավ: Ինչո՞վ ուրախացներ, Թորգոմը նամակ չէր գրում: Ուրբաթ օր էր, նամակները դասավորելիս փոստատարի ձեռքն ընկավ մի ծրար, որը հասցեագրված էր «Աստղիկ Արշակյանին, անձամբ»: Իսկ ինչո՞ւ է հիշեցրել` «անձամբ», մի՞թե Թորգոմն այն կարծիքին է, թե Բալախանումը տեղ չի հասցնի կնոջն ուղարկած նամակը, այն կհանձնի ուրիշի: Բայց իսկապե՞ս այդ «անձամբը» ինքը Թորգոմն է գրել։ Փոստատարի սիրտը կասկած ընկավ. «Սա Թորգոմի ձեռքով չի գրված, այս նամակը ես չեմ հանձնի Աստղիկին, կուղարկեմ ուրիշի միջոցով»: նամակը Աստղիկին հասավ այն պահին, երբ տղայի հետ միասին հանդ էր ճանապարհվում: Վերցնելով ծրարը, Աստղիկը դժգոհեց, «Ինչո՞ւ Բալախանումը ինքը չի բերել, կարծել է ժլատություն կանեմ, ականջաբռնո՞ւկը չեմ տա: Առանց ուշադրություն դարձնելու հասցեին, Աստղիկը բացեց ծրարը, աչքերը սահեցրեց նամակի տողերի վրայով ու ճչաց. - Վրույր, տղաս, դու էլ հայր չունես... Վրույրը մտքերից սթափվեց այն պահին, երբ Պյոտր Տիմոֆեևիչը խոսք էր բացել Թորգոմի վերջին սխրագործությունների մասին: ... Արդեն երրորդ օրն էր, ինչ բարձունքը գրավելուց հետո, մայոր Նիկիտինի հետևակայիները ահեղ մարտեր էին մղում հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Ֆաշիստները կրակի տակ էին առել առաջին գիծը: Թորգոմ Արշակյանը, որ երկու օր առաջ էր փոխարինել դասակի հրամանատարին, ձախ թևում ընկնելով ծանր դրության մեջ, ռացիայով կապվեց շտաբի հետ ու զեկուցեց. «Շարժվելու էլ տեղ չկա ոչ առաջ, ոչ հետ, վաղվա համար «ճաշ» չունենք...»: Կոմիսար Ալեքսանդր Կոլոտիգինը շատ անհանգստացավ Թորգոմի համար. «Քանի անգամ մարտական առաջադրանքներ է կատարել, արժանացել պարգևների, շնորհակալության, իսկ այս անգամ... Ափսոս Թորգոմ, Ֆաշիստները կգերեն նրան, կասեն` «կոմունիստը հանձնվել է», այն քաջ մարտիկը, որին ինքս եմ կուսակցության շարքերը երաշխավորել»: Թորգոմը հասկանում էր, որ շտաբը շուտափույթ օգնության հնարավորություն չունի, և ինքը ելք փնտրեց վիճակից դուրս գալու համար: Գիշերվա կեսին, մթության մեջ նա մարտիկներին քողարկեց պլաշչ-թիկնոցներով և հրամայեց հետևել իրեն. «Եթե պիտի ընկնենք, ուրեմն ընկնենք քաջի մահով»: Ամբողջ չորս ժամ փորսող շարժվելով առաջ, նրանք շրջանցեցին հակառակորդին և լուսաբացից առաջ դուրս եկան նրա թիկունքը: Թորգոմը հաշվեց ունեցած հանդերձանքը, փամփուշտի, նռնակների պաշարը, մարտական պատրաստության մեջ ունեցած երկու գնդացիրը և հրամայեց գրոհել դարանած վաշտի դիրքերը: Երբ մթության մեջ պայթյունների տակ ֆաշիստները խուճաբահար դուրս նետվեցին խրամատներից, այդ պահին թևերից գործեցին գնդացիրները: Ֆաշիստական վաշտը գլխովին ջախջախվեց: Ովքեր կենդանի էին մնացել, գերի հանձնվեցին: - Հետո՞, հետո՞,- հարցրեց Ամալյան: - Հետո ծնունդ առավ այս լուսանկարը: Գիշերամարտում աչքի ընկած տղաները արժանացան պարգևների: - Բայց չէ՞ որ պատերազմը չավարտվեց: - Չավարտվեց և ճանապարհները մեզ տարան տարբեր ուղղություններով: - Պյոտր Տիմոֆեևիչ, ես առաջարկում եմ ձեր կենացը,- խոսեց Վրույրը: - Ի՞մ կենացը: Ավելի լավ կլինի հերթով: Վրույրը չհասկացավ: Չհասկացավ և մայրը՝ Աստղիկը: Գուցե Ամալյան հասկանար, բայց նա այնպես էր տարվել խոհերով, որ նույնիսկ չգիտեր իր տեղը: - Վրույրը ճիշտ է առաջարկում, Պյոտր Տիմոֆեևիչ, Դուք մեր թանկագին հյուրն եք, մեր տան ավագը: - Թույլ տվեք, Պյոտր Տիմոֆեևիչ, մտքերից սթափվելով խնդրեց Ամալյան: Հյուրը թախծոտ նայեց Աստղիկին, ապա Վրույրին ու Ամալյային: Նա հուզված էր, աչքերը լճացած և մի կերպ հավաքեց մտքերը. - Դուք չգիտե՞ք, որ այսօր Թորգոմի ծննդյան օրն է... Աստղիկը թաշկինակը հպեց աչքերին: Ամալյան փղձկաց և ընկավ աթոռին: Վրույրը սեղմեց շրթունքները: Պյոտր Տիմոֆեևիչը շարունակեց. - Ես եկել եմ ձեզ հետ միասին նշելու նրա ծննդյան տարեդարձը: Բայց սպասեք, իմ ասելիքը ես չեմ ավարտել: Նա վերկացավ տեղից, բացեց ձեռքի ճամպրուկը և նրա միջից հանելով Թորգոմի զինվորական փոքրիկ կիսանդրին, դրեց սեղանին: - Պյոտր Տիմոֆեևիչ, ռուս մարդ, այս ինչեր եք անում, մենք ինչպե՞ս պետք է հատուցենք այս ամենի դիմաց,- թևերը տարածած խոսեց Ամալյան: - Ուրիշ կերպ վարվել չէի կարող, այսօր նա վաթսուն տարեկան է: Նա ընկավ, որ ապրի մեր տերությունը, մեր բարեկամությունը: Դադարը երկար տևեց: Ոչ ձայն, ոչ շշուկ: Խոսում էր միայն լռությունը: == ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ == </div> 5y0iyualreq3l9pchfge6m7otxwy8y3 398199 398198 2026-11-17T20:50:56Z Անունով խմբագիր 4841 /* ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ */ 398199 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=ՆՄՈՒՇՆԵՐ <br> Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |section = |previous = [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)]] |next =[[Հեղինակի կենսագրությունը]] |notes = Աղբյուր՝ <span title="...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ (ակնարկ),">[[...Եվ այսպիսի ճակատագիր|...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2009, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր. (էջ 34-54)։ |author =Արիս Արսենի}} <div style="width: 50%; text-align:justify; margin-left:25% "> {{TOCright}} == ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԻՄ ՏԵՂԸ == Ինձ հարցնում են. կյանքում գտե՞լ ես քո տեղը,<br> Գտե՞լ ես այն ճամփան, որ այնքան փնտրել ես,<br> Այն բախտին ես տիրացել, որին երազել ես, <br> Այն սե՞րն ես վայելել, որի համար <br> Այնպես տագնապել ու հառաչել ես, <br> Այն բարձունքի՞ն ես հասել, որի փեշերն ի վեր <br> Մագլցել ու հետն էլ շառաչել ես... <br> Ասեմ միանգամից` մոլորված եմ եղել.<br> Հոգուս մեջ շարունակ կրակ եմ անթեղել, <br> Ինչ վերից են ասել, այն եմ կատարել. <br> Ում արդար եմ կարծել, նրան եմ սատարել, <br> Որ ճակատ ուղարկել, գնացել, կռվել եմ, <br> Մի տեղ հրդեհ եմ մարել, մի այլ տեղ վառվել եմ, <br> Շոյանք չեմ տեսել, անվերջ դաղվել եմ... <br> Տարիներս այսպես եկել, անցել են: <br> Արդարության տուտը բռնել, բաց չեմ թողել, <br> Կարծել եմ իմն է հիմա այս աշխարհը, <br> Թե որ մեղք եմ գործել, այն քավելու համար<br> Վկա եմ կանչել մեր սուրբ նշխարհը... <br> Այդպես եմ անցել իմ ճանապարհը: <br> Ինձնից երես թեքեց անգամ իմ սերը, <br> Ինչո՞ւ, հարցնում եմ, թոթվում է ուսերը: <br> Այսօր մղձավանջ է, վաղս` անորոշ, <br> Շուրջս սառնություն է, իսկ երկինքը՝ գորշ,<br> Այս կողմ եմ նայում` մռայլված դեմքեր են,<br> Այն կողմ եմ նայում` կործանիչ զենքեր են... <br> Չեմ հասկանում որտեղ եմ և ինչ եմ անում, <br> Բոլորն էլ աչքիս բարակ են մանում... <br> Ասեք, այս կյանքում ո՞նց գտնեմ իմ տեղը, <br> Երբ կյանքը ինքն էլ չունի իր տեղը: == ՔԱՅԼԵՐԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ == Արցախական հողի որդիներն ենք քաջազուն, <br>Արմատները խորն են մեր մայր հողի մեջ խրված, <br>Երկրում մեր այս հինավուրց խաղաղ ապրել ենք ուզում, <br>Մեր ապրելու իրավունքը մեզ է տրված:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք աննահանջ, <br>Ճամփան մեր դժվար է ու վտանգված, <br>Նախնիների պես մեր լինենք խիզախ ու քաջ, <br>Քայլենք` դրոշը մեր բարձր պարզած:<br><br> Ոսոխները մեզ հետ զենքի ուժով են խոսում, <br>Խորտակել են փորձում մեր կամքն ու ոգին, <br>Մեր ընկերների արյունն է մարտադաշտում հոսում,<br> Մեզ վրեժի կանչում` հանուն ազատ կյանքի:<br><br>Քայլիր, եղբայր, քայլենք շարքով ամրակուռ,<br> Միասնության մեջ են կամքն ու ուժը մեր,<br> Փոքր ենք, քիչ ենք, թեկուզ մի բուռ,<br> Բայց խիզախ ենք, տոկուն ու անվեհեր:<br><br> Արդար է գործը մեր ու կորովն անսահման, <br>Հանուն մեր սուրբ գործի հաղթանակ ենք տենչում, <br>Մեր անկոտրում կամքն ու հավատը վառման <br>Արդար գործի համար մեզ սխրանքի է կոչում:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք հանուն մեր սուրբ գործի <br>Կռվենք ու հալածենք ոսոխին դաժան <br>Թող դրոշը մեր եռագույն բարձր թևածի <br>Եվ մեզանից հավերժ լինի անբաժան: {{Աջաթև|<small>''Ապրիլ, 1992 թ.</small>}} == ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ == Չեմ մոռացել՝ կենացն այս բարձրացվել է սրանից ավելի քան կես դար առաջ, 1940 թ. ուշ աշնանը, Բրեստի ամրոցից քիչ հյուսիս` Բուգի ափին։ 447-րդ հրետանային գնդից քարշող ջոկի հրամանատար Ավետիք Բաղրամյանը կանչեց ինձ ու հարցրեց. — Մեր զորամասում քանի՞ հայ կա: Անմիջապես պատասխանեցի` տասնմեկ: — Ուրեմն, քեզ հանձնարարություն` ցուցակագրիր բոլորին, նշիր՝ ով որտեղ է և տուր ինձ, հետո կասեմ, ինչի համար է: Ես կատարեցի նրա հանձնարարությունը: Մենակ չէր, նրա հետ էին քաղղեկի տեղակալ մարտակերտցի Սեդրակ Մամունցը, ներքին հոռաթաղցի, նշանառու Աշոտ Գաբրիելյանը, լենինականցի, մեխանիկ Ավագ Ղազարյանը: Առաջարկություն եղավ նշել Հայաստանի պետականության վերականգնման օրը և ուրախանալ հայավարի: — Խոճկորի միսը ինձանից,- իր պատրաստակամությունը հայտնեց Աշոտը: — Կրակ վառելն ու խորովելն իմ պարտքը,- ասաց Ավագը: - Իսկ չէի՞ք ցանկանա, որ այդ օրը մի աղջիկ սպասարկող ունենանք,- ասաց Սեդրակը և նայեց Աշոտին: — Եթե նկատի ունեք Յուլիային, կկանչեմ, բայց նա մենակ չի գա, պետք է հրավիրեմ նաև Պրանյային, եթե համաձայն եք, խնդրեմ: Ոչ ոք դեմ չէր: Ավագ սերժանտ Ավետիք Բաղրամյանն աշխատանքի բաշխում կատարեց, և նշված օրը, ինչպես ասում են, կազմ ու պատրաստ ներկայացանք նշանակված վայրը: Ամեն ինչ կատարվեց արագ, ու միանգամից գործի անցանք: — Ճիշտ է, ցուրտ է,- ոտքի կանգնելով ասաց Ավետիքը,-բայց, ինչպես նկատում եմ, ամեն մեկիդ հոգում կրակ կա վառված: Ուրեմն, բոլորիդ հոգու կրակների կենացը: Հայկական կրակներ, հոգու կրակներ... Ապա դիմեց Յուլիային` դու հասկանո՞ւմ ես ինչ կրակների մասին է խոսքը: — Ես արդեն զգում եմ ձեր կրակների ջերմությունը: Հարցրեք Աշոտին, նա կասի՝ զգո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Աշոտը հաստատեց Յուլիայի ասածը, նույնիսկ ավելացրեց, որ ծառայությունն ավարտելուց իր հետ կգա Ներքին Հոռաթաղ: — Իսկ Պրանյա՞ն: — Իմ մասին մի անհանգստացեք, Վիլնյուսում ես ունեմ համակուրսեցի տղա, խոստացել եմ նրա հետ գալ Հայաստան: Կենացները մեկ-մեկ խմելուց հետո առաջարկվեց ոտքի կանգնած խմել Հայաստանի կենացը: — Ինչո՞ւ միայն Հայաստանի, միացնենք և Ղարաբաղը,- առաջարկեց Սեդրակը,- մի ժողովուրդ ենք, ուրեմն թող լինի մի Հայաստան` մայր Հայաստան։ Բաժակները զարկեցին ու պարեցին կանաչ խոտի վրա... ...1941 թ. 22 հունիսի։ Լուսաբացին Բրեստը ծխի ու հրի մեջ էր: Երերալով փլվում էին բազմահարկ տները: Հրետանային պարկում իրարանցում էր։ Խնդիր էր դրված փրկել մարտական տեխնիկան: Արկերի և ռումբերի պայթյունների տակ Ավետիքը իր «Կոմինտերն» տրակտորով կրակի միջից հանում էր հրանոթները, տեղափոխում Մոսկվա-Վարշավա խճուղին։ Գնդապետ Ալեքսանդր Մավրինը նայում էր Ավետիքին ու չէր հավատում աչքերին: Ինչպե՞ս էր գործում հայ տղան՝ հանեց առաջին հրանոթը, երկրորդը, երրորդը, չորրորդը... Եվ սուրացող բեկորները չէին խանգարում նրան: Ավետիքին ընդօրինակում էին ջոկի մյուս տղաները: Մարտական տեխնիկան փրկված էր: Գնդապետը ծոցատետրում գրեց Ավետիք Բաղրամյանի անուն-ազգանունը... Հավանաբար կառավարական պարգևի արժանացնելու նպատակով: ...Նահանջ, դառնություններ, հուսահատություն: 447-ի հրետանավորները մարտեր մղելով նահանջում էին դեպի Արևելք»: «Շարժվելու տեղ չկա, ճանապարհները խցանված են»,- զեկուցեց հետախուզությունը: Հրետանավորներին սպառնում էր շրջափակումը: «Տղաներս, մի կորցրեք ձեզ, խիզախ եղեք», խրոխտ հնչեց գնդապետի ձայնը: Ավետիք Բաղրամյանը առաջինն օգնության հասավ լեյտենանտ Սամոյլովի` կիսաշրջափակման մեջ հայտնված մարտկոցին: Առաջին հրանոթը դուրս բերելով կիսաշրջափակումից, վերադարձավ նույն ճանապարհով: Տեղափոխեց երկրորդը: Գնաց երրորդ անգամ: Չէր կարող չգնալ, ընկերները սպասում էին: Նրանց սպառնում էր գերության վտանգը։ Գնաց, բայց... չվերադարձավ: «Ուրեմն այդպես, գունդը կորցնում է իր խիզախ որդիներին»,- հառաչեց գնդապետի սիրտը: ժամանակը սահում էր: Չկար Ավետիք Բաղրամյանը: Ո՞ւր տարավ նրան ճակատագիրը: Չիմացանք ոչ մի լուր: Նահանջը մեզ հասցրեց Տուլա, Մոսկվա: Շրջվեցինք դեպի արևմուտք` Կալուգա, Ռոսլավլ, Սմոլենսկ: Ապա դեպի հյուսիս, նորից արևմուտք՝ Գորոդոկ, Շաուլյայ, Վոյնոդե, Լիեպայա... ծովափ: Չկար Ավետիք Բաղրամյանը, չկար Աշոտ Գաբրիելյանը, չկար ինքը` գնդապետ Մավրինը... Հանդիպեցի Հրաչյա Քոչարին, պատմեցի, թե ինչ է պատահել: Հուզվեց, խոշոր աչքերը ջրակալվեցին: Ասաց` գրիր բոլորի անունները մեկ առ մեկ: Մենք իրավունք չունենք նրանց մոռանալ: ...Սևանի հյուրանոցի 14-րդ սենյակում գիրք էի կարդում: Կարգադրիչ Սուրենը ինձ մոտ ուղարկեց մի անծանոթ հյուրի: Ասաց, քեզ համար մի լավ զրուցընկեր եմ բերել, կուսակցության Ստեփանավանի շրջկոմի քարտուղարին: Ծանոթանալուց, առօրյա խնդիրների շուրջ խոսելուց հետո ես դիմեցի մի հարցով, որ շատ անսպասելի էր նրա համար: Ասացի ձեր շրջանում կամ Վերին Հոբարձի գյուղ: — Այո, մենք ունենք այդպիսի գյուղ. ի՞նչ է դուք այնտեղ հարազատնե՞ր ունեք: — Այդ գյուղից ես ճակատային ընկերներ ունեի, խիզախ, համարձակ, ազնիվ։ Ավետիք Բաղրամյանին գուցե ճանաչո՞ւմ եք: Զրուցակիցս հանկարծակիի եկավ, մռայլվեց, վատ զգաց իրեն, հնար լիներ, կարող էր վեր կենալ ու գնալ: — Ձեզ ի՞նչ պատահեց, տհաճություն հո չպատճառեցի՞: — Ի՞նչ ասեմ։ Ավետիքն իմ մանկության ընկերներից էր: Վատ տղա չէր: Բայց նա խորտակել է իր գյուղի պատիվը դավաճանել է հայրենիքին, արտաքսվել են ծնողները, հարազատները... — Իսկ կի՞նը՝ Մանուշը, որդին՝ Վոլոդյան, աղջիկը՝ Ասյան... — Ախ, դուք լավ գիտեիք նրանց... — Նա հերոս պետք է լիներ, իսկ ինչպես դուք եք պատմում... Ամբողջ գիշեր քունս չտարավ` ի՞նչ անել, գուցե իրոք նա դավաճանել է հայրենիքին: Արդյոք, ես վտանգավոր գո՞րծ չեմ ստեղծում ինձ համար: Հենց նույն օրը, երբ շրջկոմի քարտուղարը հրաժեշտ տվեց ինձ, գնացի «Ավանգարդի» խմբագրություն, ուղիղ Լորիս Կրոյանի մոտ: Պատմեցի Ավետիք Բաղրամյանի մասին, երկար պատմեցի, շատ երկար: Ասաց՝ ցավոք, եղել են այդպիսի ժամանակներ, այդ կարգի ողբերգություններ մենք շատ ենք ապրել: — Իսկ կտպագրե՞ք, եթե պատմածս Ձեզ ներկայացնեմ: Մի խոր հառաչ արձակեց, — Թող մտածեմ: Արի երկուշաբթի: Երբ բացեցի դուռը, նա անչափ ուրախ էր, նույնիսկ ոգևորված: Ինձ նկատելուց, ուղղակի բացականչեց. — Սուտ է, Ավետիքը իրեն չի արատավորել, նրան զրպարտել են: Նստիր ու գրիր, շուտ, մայիսի 9-ի համարին պետք է հասցնենք: Խմբագիրը կատարեց խոստումը: ...Այստեղ, Ստեփանակերտում ես դիմավորեցի Ավետիքի կնոջը, տղային, հարսին, չկար միայն աղջիկը՝ Ասյան: Պատմեցին, որ նրան առևանգել է Կիրովաբադի կողմից մի վարորդ: Մեր հանդիպման երեկոյին ներկայացավ Ստեփանակերտի Հայկական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհ. Կարապետյանը։ Պարզվեց, որ Կիրովականում նա սատար է կանգնել հայրենի հանգրվանից վտարված Բաղրամյանների ընտանիքին: Իրիկնահացին մենք նորից կրկնեցինք Բուգի ափին սրանից շուրջ կես դար առաջ բարձրացված կենացը` մայր Հայաստանի կենացը: == ՌՈՒՍ ՄԱՐԴԸ == Ծաղկաշենում Արշակյան ազգանունով քիչ մարդիկ են ապրում: Քիչ են, բայց հմուտ ու աշխատասեր են, հարգանք ու պատիվ վայելող: Ընկերության, հարևանության մեջ նմանը չունեն: Կարող ես՝ բարություն արա, չես կարող մի խառնվիր ուրիշի գործերին: Այդպիսին է նրանց ավանդույթը: Այդ ավանդույթով էլ Թորգոմի այրի Աստղիկը դաստիարակել է իր միակ որդուն՝ Վրույրին։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ հարս է բերել՝ համեստ ու հանգիստ: Ամեն մեկը գիտի իր գործն ու անելիքը, և ընտանիքում հաճելի անդորր է տիրում: Սովորական երեկո էր Արշակյանների տանը։ Վրույրը, որ աշխատաքից նոր էր վերադարձել, իր համար թերթ ու ամսագիր էր կարդում, կինը՝ Ամալյան, առանձնացել, ուղղում էր աշակերտների տետրերը, իսկ Աստղիկ մայրիկը խոհանոցում կերակրում էր թոռնիկներին: Ու այդ պահին խախտվեց ավանդական անդորրը: Առանց դուռը ծեծելու, ներս մտավ անծանոթ մի մարդ, որը ռուսերենով, «բարի երեկո» մաղթելուց շարունակեց. — Ճիշտ է, քաղաքավարության տեսակետից հաճելի չէ առանց զգուշացման ներս մտնելը, բայց ես այդպես վարվեցի, հաշվի առնելով, որ օտար մարդ չեմ այս տան համար, ձեր հարազատներից։ Մայր ու տղա ապշած իրար նայեցին: Դժվար էր կռահել՝ բոլորովին անծանոթ մարդ, առաջին անգամն է մտնում դռնով և այդքան համարձակ ու անմիջական: Հյուրը, որ իսկապես իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում, ինչ-որ երկմտեց. — Կներեք, սա Թորգոմ Արշակյանի տո՞ւնը չէ։ Ապա չհապաղելով, դիմեց յուրաքանչյուրին,- դուք նրա կինը` Աստղիկը չե՞ք, դուք նրա տղան` Վրո՞ւյրը չեք: Իսկ այս չքնաղագեղ տիկինը, անշուշտ, ձեր հարսը կլինի: — Այդ բոլորը ճիշտ է,- կմկմաց Աստղիկը,- բայց... — Ես ձեզ հասկանում եմ, Աստղիկ Երեմովնա, ուզում եք ասել, որ Թորգոմը վաղուց չկա: — Այո, ավելի քան 30 տարի: — Ձեր դեմքից կռահում եմ, որ երեք տասնամյակ հետո էլ դուք խոր վիշտ եք ապրում: Ասում են ձեզ մոտ՝ Ղարաբաղում, պատերազմում զոհվածների կանայք սրբությամբ են պահպանում իրենց ամուսինների անունն ու պատիվը: Դա ինձ շատ է մխիթարում: Հյուրը ցանկացավ ասածին ինչ-որ բան ավելացնել, խոսքերը քիչ մնաց պոկվեին շուրթերից, բայց զսպեց, բառերը փակված մնացին բերանում: — Ո՞վ է այս հեքիաթային մարդը, որտեղի՞ց գիտի այս բոլորը, սկեսրոջս հետ նույնիսկ հայրանունով խոսեց,- խորհեց Ամալյան: — Ճիշտ է, թխադեմ է, ունքերը բավականին խիտ ու հաստ են, աչքերը սև ու խոհուն, բայց խոսելաձևն ու անմիջականությունը ասում են, որ ռուս է, միայն` ռուս: — Շատ կներեք, թանկագին ընկեր, ախր մենք այդպես էլ չիմացանք, թե ով եք դուք, ինչ առիթով եք եկել։ — Ո՞վ եմ ես, ի՞նչ առիթով եմ եկել:- Աստղիկի հարցը կրկնեց հյուրը: Դուք պահպանո՞ւմ եք Թորգում Արշակյանի լուսանկարները։ — Այո,- շտապեց պատասխանել Ամալյան, - բերե՞մ: — Եթե պահպանում եք, ուրեմն պետք իմանաք իմ ով լինելը, գուցե և գալուս պատճառը: Ամալյան, որ ինքն էր կարգավորում ու պահպանում տան ալբոմները, հասկացավ, թե որ նկարին է վերաբերում խոսքը։ Բերելով կեսրայրին և սկեսրոջը նվիրված ալբոմը, նա բացեց այն էջը, ուր տեղավորված էր հինգ հոգով լուսանկարը: Աստղիկը, նայելով հյուրին ու լուսանկարին, բացականչեց. — Վրույր, հորդ ճակատային ընկերը, Պյոտր Տիմոֆեևի՜չ: Վրույրը և Ամալյան մոտեցան, սեղմեցին հյուրի ձեռքը, իսկ Պյոտր Տիմոֆեևիչը, հերթով ձգելով դեպի իրեն, հայրաբար համբուրեց նրանց ճակատը։ — Պյոտր Տիմոֆեևիչ,- հուզված շարունակեց Աստղիկը,- ՞ես ամեն ինչ հիշում եմ։ Ձեր նամակները ինձ միշտ էլ ուրախացրել, հույս են ներշնչել: Դուք հասկացող ու հոգեբան մարդ եք, բարի խորհրդատու: Թորգոմի բոլոր նամակներում կա ձեր անունը։ Մի անգամ գրել է, որ արձակուրդ լինելուց, միասին կգանք, բայց չստացվեց: Ամեն ինչ խափանվեց տակնուվրա եղավ: Դեռ ոչինչ չէր պատմել հյուրը, չէր ասել որտեղից և ինչի համար էր եկել, բայց ուսուցչուհի Ամալյան արդեն հրապուրվել էր նրանով, մտածում էր այն մասին, թե դասի ներկայանալուց, ինչպես պետք է բնութագրի, մատուցի նրա կերպարը: Մտածում էր բարձր դասարանցիներին ազատ թեմայով շարադրություն հանձնարարելու մասին: Աստղիկ մայրիկին մի բան էր մնում` հյուրին վայել սեղան բացել: Նա Վրույրին հասկացրեց խմիչքի հոգս տեսնել: Եռանդուն գործի անցավ Ամալյան` ամենից ընտիր սպասքեղենը շարեց սեղանին, ինչքան համեղ ու հաճելի ուտելիքներ ունեին պատ-րաստած, ամենից բաժին հանեց հյուրին: «Ո՞ւմ համար ենք պահում, սրանից թանկ հյուր ո՞վ պետք է լինի այս տանը: Այսպես էր մտածում Ամալյան, այդպես էին դատում մայր ու տղա: Ծաղկաշենում պակաս չէին ապրում Արշակյանները։ Վրույրը գլխավոր մեխանիկ է կոլտնտեսությունում: Աստղիկը թոշակը ձևակերպել, բայց չի թողել աշխատանքը։ Ամալյան, ինչպես բոլորն են ասում, դպրոցի աչքն է: Սեղանը պատրաստելիս Ամալյան աչքը չէր հեռացնում հյուրից, նկատել էր, որ նրա դեմքից չքացել է աշխուժությունը, շնչելիս ցնցվում է աջ ուսը, դեմքին ինչ-որ մկան մերթընդմերթ ցատկում ու հանդարտում է: Աստիճանաբար ծայր առավ զրույցը: Պյոտր Տիմոֆեևիչը զազրախոս չէր: Նա խոսում էր զուսպ, չափավոր, համառոտ ու համով: Արշակյաններին ամենից շատ ապշեցնում էր նրա հիշողությունը։ Երեքուկես տասնամյակ էր անցել պատերազմից հետո, բայց տեղի ունեցած ոչ մի դեպք կամ անցք չի մոռացել: Երբ Պյոտր Տիմոֆեևիչը դրվագներ էր պատմում Թորգոմի հետ անցկացրած կյանքից, Վրույրը նորից վերցրեց հինգ հոգով լուսանկարը և լուռ նայեց հետևի գրությանը. «Թորգոմ Արշակյան, Անատոլի Կլիմենկո, Պյոտր Մետլուգին, Ահմեդ Աղաև, Շոթա Ձոցունիձե: Արևմտյան ռազմաճակատ, 19-ին մարտի, 1943 թիվ»։ Վրույրը հիշեց այդ տարին: Փոքր էր դեռ, հինգ տարեկան, գրել-կարդալ չգիտեր, երկու տարի հետո պիտի գնար դպրոց։ Հետո հասկացել է, թե ինչի համար էր արտասվում մայրը, ինչ հոգսեր էին նեղում նրան, ինչու էր այնքան հեզ ու խոնարհ: Վերհիշեց այն օրը, երբ փոստատար Բալախանումը եկավ ու կանչեց բակից. - Թորգոմից նամակ ունեք, ականջաբռնուկս բերեք: Մայրը կանչել է. - Վրույր, էն չալպտուրիկ աքլորը բռնիր, տանք այս տոտային, որ հորիցդ շուտ-շուտ նամակ բերի: Ահա այդ ծրարում դրված էր հինգ հոգով լուսանկարը: Փոստատարը ցանկանում էր այդպիսի նամակներ հաճախակի բերել Աստղիկին, ուրախացնել նրան, դրա համար էլ փոստը դասավորելիս «աչքերը չորս արած» նրա հասցեն էր փնտրում, անունը որոնում: Այդպես օրեր անցան, շաբաթներ, ամիսներ, բայց փոստատարը Աստղիկին ուրախացնել չկարողացավ: Ինչո՞վ ուրախացներ, Թորգոմը նամակ չէր գրում: Ուրբաթ օր էր, նամակները դասավորելիս փոստատարի ձեռքն ընկավ մի ծրար, որը հասցեագրված էր «Աստղիկ Արշակյանին, անձամբ»: Իսկ ինչո՞ւ է հիշեցրել` «անձամբ», մի՞թե Թորգոմն այն կարծիքին է, թե Բալախանումը տեղ չի հասցնի կնոջն ուղարկած նամակը, այն կհանձնի ուրիշի: Բայց իսկապե՞ս այդ «անձամբը» ինքը Թորգոմն է գրել։ Փոստատարի սիրտը կասկած ընկավ. «Սա Թորգոմի ձեռքով չի գրված, այս նամակը ես չեմ հանձնի Աստղիկին, կուղարկեմ ուրիշի միջոցով»: նամակը Աստղիկին հասավ այն պահին, երբ տղայի հետ միասին հանդ էր ճանապարհվում: Վերցնելով ծրարը, Աստղիկը դժգոհեց, «Ինչո՞ւ Բալախանումը ինքը չի բերել, կարծել է ժլատություն կանեմ, ականջաբռնո՞ւկը չեմ տա: Առանց ուշադրություն դարձնելու հասցեին, Աստղիկը բացեց ծրարը, աչքերը սահեցրեց նամակի տողերի վրայով ու ճչաց. - Վրույր, տղաս, դու էլ հայր չունես... Վրույրը մտքերից սթափվեց այն պահին, երբ Պյոտր Տիմոֆեևիչը խոսք էր բացել Թորգոմի վերջին սխրագործությունների մասին: ... Արդեն երրորդ օրն էր, ինչ բարձունքը գրավելուց հետո, մայոր Նիկիտինի հետևակայիները ահեղ մարտեր էին մղում հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Ֆաշիստները կրակի տակ էին առել առաջին գիծը: Թորգոմ Արշակյանը, որ երկու օր առաջ էր փոխարինել դասակի հրամանատարին, ձախ թևում ընկնելով ծանր դրության մեջ, ռացիայով կապվեց շտաբի հետ ու զեկուցեց. «Շարժվելու էլ տեղ չկա ոչ առաջ, ոչ հետ, վաղվա համար «ճաշ» չունենք...»: Կոմիսար Ալեքսանդր Կոլոտիգինը շատ անհանգստացավ Թորգոմի համար. «Քանի անգամ մարտական առաջադրանքներ է կատարել, արժանացել պարգևների, շնորհակալության, իսկ այս անգամ... Ափսոս Թորգոմ, Ֆաշիստները կգերեն նրան, կասեն` «կոմունիստը հանձնվել է», այն քաջ մարտիկը, որին ինքս եմ կուսակցության շարքերը երաշխավորել»: Թորգոմը հասկանում էր, որ շտաբը շուտափույթ օգնության հնարավորություն չունի, և ինքը ելք փնտրեց վիճակից դուրս գալու համար: Գիշերվա կեսին, մթության մեջ նա մարտիկներին քողարկեց պլաշչ-թիկնոցներով և հրամայեց հետևել իրեն. «Եթե պիտի ընկնենք, ուրեմն ընկնենք քաջի մահով»: Ամբողջ չորս ժամ փորսող շարժվելով առաջ, նրանք շրջանցեցին հակառակորդին և լուսաբացից առաջ դուրս եկան նրա թիկունքը: Թորգոմը հաշվեց ունեցած հանդերձանքը, փամփուշտի, նռնակների պաշարը, մարտական պատրաստության մեջ ունեցած երկու գնդացիրը և հրամայեց գրոհել դարանած վաշտի դիրքերը: Երբ մթության մեջ պայթյունների տակ ֆաշիստները խուճաբահար դուրս նետվեցին խրամատներից, այդ պահին թևերից գործեցին գնդացիրները: Ֆաշիստական վաշտը գլխովին ջախջախվեց: Ովքեր կենդանի էին մնացել, գերի հանձնվեցին: - Հետո՞, հետո՞,- հարցրեց Ամալյան: - Հետո ծնունդ առավ այս լուսանկարը: Գիշերամարտում աչքի ընկած տղաները արժանացան պարգևների: - Բայց չէ՞ որ պատերազմը չավարտվեց: - Չավարտվեց և ճանապարհները մեզ տարան տարբեր ուղղություններով: - Պյոտր Տիմոֆեևիչ, ես առաջարկում եմ ձեր կենացը,- խոսեց Վրույրը: - Ի՞մ կենացը: Ավելի լավ կլինի հերթով: Վրույրը չհասկացավ: Չհասկացավ և մայրը՝ Աստղիկը: Գուցե Ամալյան հասկանար, բայց նա այնպես էր տարվել խոհերով, որ նույնիսկ չգիտեր իր տեղը: - Վրույրը ճիշտ է առաջարկում, Պյոտր Տիմոֆեևիչ, Դուք մեր թանկագին հյուրն եք, մեր տան ավագը: - Թույլ տվեք, Պյոտր Տիմոֆեևիչ, մտքերից սթափվելով խնդրեց Ամալյան: Հյուրը թախծոտ նայեց Աստղիկին, ապա Վրույրին ու Ամալյային: Նա հուզված էր, աչքերը լճացած և մի կերպ հավաքեց մտքերը. - Դուք չգիտե՞ք, որ այսօր Թորգոմի ծննդյան օրն է... Աստղիկը թաշկինակը հպեց աչքերին: Ամալյան փղձկաց և ընկավ աթոռին: Վրույրը սեղմեց շրթունքները: Պյոտր Տիմոֆեևիչը շարունակեց. - Ես եկել եմ ձեզ հետ միասին նշելու նրա ծննդյան տարեդարձը: Բայց սպասեք, իմ ասելիքը ես չեմ ավարտել: Նա վերկացավ տեղից, բացեց ձեռքի ճամպրուկը և նրա միջից հանելով Թորգոմի զինվորական փոքրիկ կիսանդրին, դրեց սեղանին: - Պյոտր Տիմոֆեևիչ, ռուս մարդ, այս ինչեր եք անում, մենք ինչպե՞ս պետք է հատուցենք այս ամենի դիմաց,- թևերը տարածած խոսեց Ամալյան: - Ուրիշ կերպ վարվել չէի կարող, այսօր նա վաթսուն տարեկան է: Նա ընկավ, որ ապրի մեր տերությունը, մեր բարեկամությունը: Դադարը երկար տևեց: Ոչ ձայն, ոչ շշուկ: Խոսում էր միայն լռությունը: == ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ == </div> amncscp3zn9zd2oztab3ezrg37xpyn0 398205 398199 2026-11-18T09:27:59Z Անունով խմբագիր 4841 /* ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ */ 398205 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=ՆՄՈՒՇՆԵՐ <br> Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |section = |previous = [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)]] |next =[[Հեղինակի կենսագրությունը]] |notes = Աղբյուր՝ <span title="...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ (ակնարկ),">[[...Եվ այսպիսի ճակատագիր|...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2009, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր. (էջ 34-54)։ |author =Արիս Արսենի}} <div style="width: 50%; text-align:justify; margin-left:25% "> {{TOCright}} == ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԻՄ ՏԵՂԸ == Ինձ հարցնում են. կյանքում գտե՞լ ես քո տեղը,<br> Գտե՞լ ես այն ճամփան, որ այնքան փնտրել ես,<br> Այն բախտին ես տիրացել, որին երազել ես, <br> Այն սե՞րն ես վայելել, որի համար <br> Այնպես տագնապել ու հառաչել ես, <br> Այն բարձունքի՞ն ես հասել, որի փեշերն ի վեր <br> Մագլցել ու հետն էլ շառաչել ես... <br> Ասեմ միանգամից` մոլորված եմ եղել.<br> Հոգուս մեջ շարունակ կրակ եմ անթեղել, <br> Ինչ վերից են ասել, այն եմ կատարել. <br> Ում արդար եմ կարծել, նրան եմ սատարել, <br> Որ ճակատ ուղարկել, գնացել, կռվել եմ, <br> Մի տեղ հրդեհ եմ մարել, մի այլ տեղ վառվել եմ, <br> Շոյանք չեմ տեսել, անվերջ դաղվել եմ... <br> Տարիներս այսպես եկել, անցել են: <br> Արդարության տուտը բռնել, բաց չեմ թողել, <br> Կարծել եմ իմն է հիմա այս աշխարհը, <br> Թե որ մեղք եմ գործել, այն քավելու համար<br> Վկա եմ կանչել մեր սուրբ նշխարհը... <br> Այդպես եմ անցել իմ ճանապարհը: <br> Ինձնից երես թեքեց անգամ իմ սերը, <br> Ինչո՞ւ, հարցնում եմ, թոթվում է ուսերը: <br> Այսօր մղձավանջ է, վաղս` անորոշ, <br> Շուրջս սառնություն է, իսկ երկինքը՝ գորշ,<br> Այս կողմ եմ նայում` մռայլված դեմքեր են,<br> Այն կողմ եմ նայում` կործանիչ զենքեր են... <br> Չեմ հասկանում որտեղ եմ և ինչ եմ անում, <br> Բոլորն էլ աչքիս բարակ են մանում... <br> Ասեք, այս կյանքում ո՞նց գտնեմ իմ տեղը, <br> Երբ կյանքը ինքն էլ չունի իր տեղը: == ՔԱՅԼԵՐԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ == Արցախական հողի որդիներն ենք քաջազուն, <br>Արմատները խորն են մեր մայր հողի մեջ խրված, <br>Երկրում մեր այս հինավուրց խաղաղ ապրել ենք ուզում, <br>Մեր ապրելու իրավունքը մեզ է տրված:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք աննահանջ, <br>Ճամփան մեր դժվար է ու վտանգված, <br>Նախնիների պես մեր լինենք խիզախ ու քաջ, <br>Քայլենք` դրոշը մեր բարձր պարզած:<br><br> Ոսոխները մեզ հետ զենքի ուժով են խոսում, <br>Խորտակել են փորձում մեր կամքն ու ոգին, <br>Մեր ընկերների արյունն է մարտադաշտում հոսում,<br> Մեզ վրեժի կանչում` հանուն ազատ կյանքի:<br><br>Քայլիր, եղբայր, քայլենք շարքով ամրակուռ,<br> Միասնության մեջ են կամքն ու ուժը մեր,<br> Փոքր ենք, քիչ ենք, թեկուզ մի բուռ,<br> Բայց խիզախ ենք, տոկուն ու անվեհեր:<br><br> Արդար է գործը մեր ու կորովն անսահման, <br>Հանուն մեր սուրբ գործի հաղթանակ ենք տենչում, <br>Մեր անկոտրում կամքն ու հավատը վառման <br>Արդար գործի համար մեզ սխրանքի է կոչում:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք հանուն մեր սուրբ գործի <br>Կռվենք ու հալածենք ոսոխին դաժան <br>Թող դրոշը մեր եռագույն բարձր թևածի <br>Եվ մեզանից հավերժ լինի անբաժան: {{Աջաթև|<small>''Ապրիլ, 1992 թ.</small>}} == ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ == Չեմ մոռացել՝ կենացն այս բարձրացվել է սրանից ավելի քան կես դար առաջ, 1940 թ. ուշ աշնանը, Բրեստի ամրոցից քիչ հյուսիս` Բուգի ափին։ 447-րդ հրետանային գնդից քարշող ջոկի հրամանատար Ավետիք Բաղրամյանը կանչեց ինձ ու հարցրեց. — Մեր զորամասում քանի՞ հայ կա: Անմիջապես պատասխանեցի` տասնմեկ: — Ուրեմն, քեզ հանձնարարություն` ցուցակագրիր բոլորին, նշիր՝ ով որտեղ է և տուր ինձ, հետո կասեմ, ինչի համար է: Ես կատարեցի նրա հանձնարարությունը: Մենակ չէր, նրա հետ էին քաղղեկի տեղակալ մարտակերտցի Սեդրակ Մամունցը, ներքին հոռաթաղցի, նշանառու Աշոտ Գաբրիելյանը, լենինականցի, մեխանիկ Ավագ Ղազարյանը: Առաջարկություն եղավ նշել Հայաստանի պետականության վերականգնման օրը և ուրախանալ հայավարի: — Խոճկորի միսը ինձանից,- իր պատրաստակամությունը հայտնեց Աշոտը: — Կրակ վառելն ու խորովելն իմ պարտքը,- ասաց Ավագը: - Իսկ չէի՞ք ցանկանա, որ այդ օրը մի աղջիկ սպասարկող ունենանք,- ասաց Սեդրակը և նայեց Աշոտին: — Եթե նկատի ունեք Յուլիային, կկանչեմ, բայց նա մենակ չի գա, պետք է հրավիրեմ նաև Պրանյային, եթե համաձայն եք, խնդրեմ: Ոչ ոք դեմ չէր: Ավագ սերժանտ Ավետիք Բաղրամյանն աշխատանքի բաշխում կատարեց, և նշված օրը, ինչպես ասում են, կազմ ու պատրաստ ներկայացանք նշանակված վայրը: Ամեն ինչ կատարվեց արագ, ու միանգամից գործի անցանք: — Ճիշտ է, ցուրտ է,- ոտքի կանգնելով ասաց Ավետիքը,-բայց, ինչպես նկատում եմ, ամեն մեկիդ հոգում կրակ կա վառված: Ուրեմն, բոլորիդ հոգու կրակների կենացը: Հայկական կրակներ, հոգու կրակներ... Ապա դիմեց Յուլիային` դու հասկանո՞ւմ ես ինչ կրակների մասին է խոսքը: — Ես արդեն զգում եմ ձեր կրակների ջերմությունը: Հարցրեք Աշոտին, նա կասի՝ զգո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Աշոտը հաստատեց Յուլիայի ասածը, նույնիսկ ավելացրեց, որ ծառայությունն ավարտելուց իր հետ կգա Ներքին Հոռաթաղ: — Իսկ Պրանյա՞ն: — Իմ մասին մի անհանգստացեք, Վիլնյուսում ես ունեմ համակուրսեցի տղա, խոստացել եմ նրա հետ գալ Հայաստան: Կենացները մեկ-մեկ խմելուց հետո առաջարկվեց ոտքի կանգնած խմել Հայաստանի կենացը: — Ինչո՞ւ միայն Հայաստանի, միացնենք և Ղարաբաղը,- առաջարկեց Սեդրակը,- մի ժողովուրդ ենք, ուրեմն թող լինի մի Հայաստան` մայր Հայաստան։ Բաժակները զարկեցին ու պարեցին կանաչ խոտի վրա... ...1941 թ. 22 հունիսի։ Լուսաբացին Բրեստը ծխի ու հրի մեջ էր: Երերալով փլվում էին բազմահարկ տները: Հրետանային պարկում իրարանցում էր։ Խնդիր էր դրված փրկել մարտական տեխնիկան: Արկերի և ռումբերի պայթյունների տակ Ավետիքը իր «Կոմինտերն» տրակտորով կրակի միջից հանում էր հրանոթները, տեղափոխում Մոսկվա-Վարշավա խճուղին։ Գնդապետ Ալեքսանդր Մավրինը նայում էր Ավետիքին ու չէր հավատում աչքերին: Ինչպե՞ս էր գործում հայ տղան՝ հանեց առաջին հրանոթը, երկրորդը, երրորդը, չորրորդը... Եվ սուրացող բեկորները չէին խանգարում նրան: Ավետիքին ընդօրինակում էին ջոկի մյուս տղաները: Մարտական տեխնիկան փրկված էր: Գնդապետը ծոցատետրում գրեց Ավետիք Բաղրամյանի անուն-ազգանունը... Հավանաբար կառավարական պարգևի արժանացնելու նպատակով: ...Նահանջ, դառնություններ, հուսահատություն: 447-ի հրետանավորները մարտեր մղելով նահանջում էին դեպի Արևելք»: «Շարժվելու տեղ չկա, ճանապարհները խցանված են»,- զեկուցեց հետախուզությունը: Հրետանավորներին սպառնում էր շրջափակումը: «Տղաներս, մի կորցրեք ձեզ, խիզախ եղեք», խրոխտ հնչեց գնդապետի ձայնը: Ավետիք Բաղրամյանը առաջինն օգնության հասավ լեյտենանտ Սամոյլովի` կիսաշրջափակման մեջ հայտնված մարտկոցին: Առաջին հրանոթը դուրս բերելով կիսաշրջափակումից, վերադարձավ նույն ճանապարհով: Տեղափոխեց երկրորդը: Գնաց երրորդ անգամ: Չէր կարող չգնալ, ընկերները սպասում էին: Նրանց սպառնում էր գերության վտանգը։ Գնաց, բայց... չվերադարձավ: «Ուրեմն այդպես, գունդը կորցնում է իր խիզախ որդիներին»,- հառաչեց գնդապետի սիրտը: ժամանակը սահում էր: Չկար Ավետիք Բաղրամյանը: Ո՞ւր տարավ նրան ճակատագիրը: Չիմացանք ոչ մի լուր: Նահանջը մեզ հասցրեց Տուլա, Մոսկվա: Շրջվեցինք դեպի արևմուտք` Կալուգա, Ռոսլավլ, Սմոլենսկ: Ապա դեպի հյուսիս, նորից արևմուտք՝ Գորոդոկ, Շաուլյայ, Վոյնոդե, Լիեպայա... ծովափ: Չկար Ավետիք Բաղրամյանը, չկար Աշոտ Գաբրիելյանը, չկար ինքը` գնդապետ Մավրինը... Հանդիպեցի Հրաչյա Քոչարին, պատմեցի, թե ինչ է պատահել: Հուզվեց, խոշոր աչքերը ջրակալվեցին: Ասաց` գրիր բոլորի անունները մեկ առ մեկ: Մենք իրավունք չունենք նրանց մոռանալ: ...Սևանի հյուրանոցի 14-րդ սենյակում գիրք էի կարդում: Կարգադրիչ Սուրենը ինձ մոտ ուղարկեց մի անծանոթ հյուրի: Ասաց, քեզ համար մի լավ զրուցընկեր եմ բերել, կուսակցության Ստեփանավանի շրջկոմի քարտուղարին: Ծանոթանալուց, առօրյա խնդիրների շուրջ խոսելուց հետո ես դիմեցի մի հարցով, որ շատ անսպասելի էր նրա համար: Ասացի ձեր շրջանում կամ Վերին Հոբարձի գյուղ: — Այո, մենք ունենք այդպիսի գյուղ. ի՞նչ է դուք այնտեղ հարազատնե՞ր ունեք: — Այդ գյուղից ես ճակատային ընկերներ ունեի, խիզախ, համարձակ, ազնիվ։ Ավետիք Բաղրամյանին գուցե ճանաչո՞ւմ եք: Զրուցակիցս հանկարծակիի եկավ, մռայլվեց, վատ զգաց իրեն, հնար լիներ, կարող էր վեր կենալ ու գնալ: — Ձեզ ի՞նչ պատահեց, տհաճություն հո չպատճառեցի՞: — Ի՞նչ ասեմ։ Ավետիքն իմ մանկության ընկերներից էր: Վատ տղա չէր: Բայց նա խորտակել է իր գյուղի պատիվը դավաճանել է հայրենիքին, արտաքսվել են ծնողները, հարազատները... — Իսկ կի՞նը՝ Մանուշը, որդին՝ Վոլոդյան, աղջիկը՝ Ասյան... — Ախ, դուք լավ գիտեիք նրանց... — Նա հերոս պետք է լիներ, իսկ ինչպես դուք եք պատմում... Ամբողջ գիշեր քունս չտարավ` ի՞նչ անել, գուցե իրոք նա դավաճանել է հայրենիքին: Արդյոք, ես վտանգավոր գո՞րծ չեմ ստեղծում ինձ համար: Հենց նույն օրը, երբ շրջկոմի քարտուղարը հրաժեշտ տվեց ինձ, գնացի «Ավանգարդի» խմբագրություն, ուղիղ Լորիս Կրոյանի մոտ: Պատմեցի Ավետիք Բաղրամյանի մասին, երկար պատմեցի, շատ երկար: Ասաց՝ ցավոք, եղել են այդպիսի ժամանակներ, այդ կարգի ողբերգություններ մենք շատ ենք ապրել: — Իսկ կտպագրե՞ք, եթե պատմածս Ձեզ ներկայացնեմ: Մի խոր հառաչ արձակեց, — Թող մտածեմ: Արի երկուշաբթի: Երբ բացեցի դուռը, նա անչափ ուրախ էր, նույնիսկ ոգևորված: Ինձ նկատելուց, ուղղակի բացականչեց. — Սուտ է, Ավետիքը իրեն չի արատավորել, նրան զրպարտել են: Նստիր ու գրիր, շուտ, մայիսի 9-ի համարին պետք է հասցնենք: Խմբագիրը կատարեց խոստումը: ...Այստեղ, Ստեփանակերտում ես դիմավորեցի Ավետիքի կնոջը, տղային, հարսին, չկար միայն աղջիկը՝ Ասյան: Պատմեցին, որ նրան առևանգել է Կիրովաբադի կողմից մի վարորդ: Մեր հանդիպման երեկոյին ներկայացավ Ստեփանակերտի Հայկական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհ. Կարապետյանը։ Պարզվեց, որ Կիրովականում նա սատար է կանգնել հայրենի հանգրվանից վտարված Բաղրամյանների ընտանիքին: Իրիկնահացին մենք նորից կրկնեցինք Բուգի ափին սրանից շուրջ կես դար առաջ բարձրացված կենացը` մայր Հայաստանի կենացը: == ՌՈՒՍ ՄԱՐԴԸ == Ծաղկաշենում Արշակյան ազգանունով քիչ մարդիկ են ապրում: Քիչ են, բայց հմուտ ու աշխատասեր են, հարգանք ու պատիվ վայելող: Ընկերության, հարևանության մեջ նմանը չունեն: Կարող ես՝ բարություն արա, չես կարող մի խառնվիր ուրիշի գործերին: Այդպիսին է նրանց ավանդույթը: Այդ ավանդույթով էլ Թորգոմի այրի Աստղիկը դաստիարակել է իր միակ որդուն՝ Վրույրին։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ հարս է բերել՝ համեստ ու հանգիստ: Ամեն մեկը գիտի իր գործն ու անելիքը, և ընտանիքում հաճելի անդորր է տիրում: Սովորական երեկո էր Արշակյանների տանը։ Վրույրը, որ աշխատաքից նոր էր վերադարձել, իր համար թերթ ու ամսագիր էր կարդում, կինը՝ Ամալյան, առանձնացել, ուղղում էր աշակերտների տետրերը, իսկ Աստղիկ մայրիկը խոհանոցում կերակրում էր թոռնիկներին: Ու այդ պահին խախտվեց ավանդական անդորրը: Առանց դուռը ծեծելու, ներս մտավ անծանոթ մի մարդ, որը ռուսերենով, «բարի երեկո» մաղթելուց շարունակեց. — Ճիշտ է, քաղաքավարության տեսակետից հաճելի չէ առանց զգուշացման ներս մտնելը, բայց ես այդպես վարվեցի, հաշվի առնելով, որ օտար մարդ չեմ այս տան համար, ձեր հարազատներից։ Մայր ու տղա ապշած իրար նայեցին: Դժվար էր կռահել՝ բոլորովին անծանոթ մարդ, առաջին անգամն է մտնում դռնով և այդքան համարձակ ու անմիջական: Հյուրը, որ իսկապես իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում, ինչ-որ երկմտեց. — Կներեք, սա Թորգոմ Արշակյանի տո՞ւնը չէ։ Ապա չհապաղելով, դիմեց յուրաքանչյուրին,- դուք նրա կինը` Աստղիկը չե՞ք, դուք նրա տղան` Վրո՞ւյրը չեք: Իսկ այս չքնաղագեղ տիկինը, անշուշտ, ձեր հարսը կլինի: — Այդ բոլորը ճիշտ է,- կմկմաց Աստղիկը,- բայց... — Ես ձեզ հասկանում եմ, Աստղիկ Երեմովնա, ուզում եք ասել, որ Թորգոմը վաղուց չկա: — Այո, ավելի քան 30 տարի: — Ձեր դեմքից կռահում եմ, որ երեք տասնամյակ հետո էլ դուք խոր վիշտ եք ապրում: Ասում են ձեզ մոտ՝ Ղարաբաղում, պատերազմում զոհվածների կանայք սրբությամբ են պահպանում իրենց ամուսինների անունն ու պատիվը: Դա ինձ շատ է մխիթարում: Հյուրը ցանկացավ ասածին ինչ-որ բան ավելացնել, խոսքերը քիչ մնաց պոկվեին շուրթերից, բայց զսպեց, բառերը փակված մնացին բերանում: — Ո՞վ է այս հեքիաթային մարդը, որտեղի՞ց գիտի այս բոլորը, սկեսրոջս հետ նույնիսկ հայրանունով խոսեց,- խորհեց Ամալյան: — Ճիշտ է, թխադեմ է, ունքերը բավականին խիտ ու հաստ են, աչքերը սև ու խոհուն, բայց խոսելաձևն ու անմիջականությունը ասում են, որ ռուս է, միայն` ռուս: — Շատ կներեք, թանկագին ընկեր, ախր մենք այդպես էլ չիմացանք, թե ով եք դուք, ինչ առիթով եք եկել։ — Ո՞վ եմ ես, ի՞նչ առիթով եմ եկել:- Աստղիկի հարցը կրկնեց հյուրը: Դուք պահպանո՞ւմ եք Թորգում Արշակյանի լուսանկարները։ — Այո,- շտապեց պատասխանել Ամալյան, - բերե՞մ: — Եթե պահպանում եք, ուրեմն պետք իմանաք իմ ով լինելը, գուցե և գալուս պատճառը: Ամալյան, որ ինքն էր կարգավորում ու պահպանում տան ալբոմները, հասկացավ, թե որ նկարին է վերաբերում խոսքը։ Բերելով կեսրայրին և սկեսրոջը նվիրված ալբոմը, նա բացեց այն էջը, ուր տեղավորված էր հինգ հոգով լուսանկարը: Աստղիկը, նայելով հյուրին ու լուսանկարին, բացականչեց. — Վրույր, հորդ ճակատային ընկերը, Պյոտր Տիմոֆեևի՜չ: Վրույրը և Ամալյան մոտեցան, սեղմեցին հյուրի ձեռքը, իսկ Պյոտր Տիմոֆեևիչը, հերթով ձգելով դեպի իրեն, հայրաբար համբուրեց նրանց ճակատը։ — Պյոտր Տիմոֆեևիչ,- հուզված շարունակեց Աստղիկը,- ՞ես ամեն ինչ հիշում եմ։ Ձեր նամակները ինձ միշտ էլ ուրախացրել, հույս են ներշնչել: Դուք հասկացող ու հոգեբան մարդ եք, բարի խորհրդատու: Թորգոմի բոլոր նամակներում կա ձեր անունը։ Մի անգամ գրել է, որ արձակուրդ լինելուց, միասին կգանք, բայց չստացվեց: Ամեն ինչ խափանվեց տակնուվրա եղավ: Դեռ ոչինչ չէր պատմել հյուրը, չէր ասել որտեղից և ինչի համար էր եկել, բայց ուսուցչուհի Ամալյան արդեն հրապուրվել էր նրանով, մտածում էր այն մասին, թե դասի ներկայանալուց, ինչպես պետք է բնութագրի, մատուցի նրա կերպարը: Մտածում էր բարձր դասարանցիներին ազատ թեմայով շարադրություն հանձնարարելու մասին: Աստղիկ մայրիկին մի բան էր մնում` հյուրին վայել սեղան բացել: Նա Վրույրին հասկացրեց խմիչքի հոգս տեսնել: Եռանդուն գործի անցավ Ամալյան` ամենից ընտիր սպասքեղենը շարեց սեղանին, ինչքան համեղ ու հաճելի ուտելիքներ ունեին պատ-րաստած, ամենից բաժին հանեց հյուրին: «Ո՞ւմ համար ենք պահում, սրանից թանկ հյուր ո՞վ պետք է լինի այս տանը: Այսպես էր մտածում Ամալյան, այդպես էին դատում մայր ու տղա: Ծաղկաշենում պակաս չէին ապրում Արշակյանները։ Վրույրը գլխավոր մեխանիկ է կոլտնտեսությունում: Աստղիկը թոշակը ձևակերպել, բայց չի թողել աշխատանքը։ Ամալյան, ինչպես բոլորն են ասում, դպրոցի աչքն է: Սեղանը պատրաստելիս Ամալյան աչքը չէր հեռացնում հյուրից, նկատել էր, որ նրա դեմքից չքացել է աշխուժությունը, շնչելիս ցնցվում է աջ ուսը, դեմքին ինչ-որ մկան մերթընդմերթ ցատկում ու հանդարտում է: Աստիճանաբար ծայր առավ զրույցը: Պյոտր Տիմոֆեևիչը զազրախոս չէր: Նա խոսում էր զուսպ, չափավոր, համառոտ ու համով: Արշակյաններին ամենից շատ ապշեցնում էր նրա հիշողությունը։ Երեքուկես տասնամյակ էր անցել պատերազմից հետո, բայց տեղի ունեցած ոչ մի դեպք կամ անցք չի մոռացել: Երբ Պյոտր Տիմոֆեևիչը դրվագներ էր պատմում Թորգոմի հետ անցկացրած կյանքից, Վրույրը նորից վերցրեց հինգ հոգով լուսանկարը և լուռ նայեց հետևի գրությանը. «Թորգոմ Արշակյան, Անատոլի Կլիմենկո, Պյոտր Մետլուգին, Ահմեդ Աղաև, Շոթա Ձոցունիձե: Արևմտյան ռազմաճակատ, 19-ին մարտի, 1943 թիվ»։ Վրույրը հիշեց այդ տարին: Փոքր էր դեռ, հինգ տարեկան, գրել-կարդալ չգիտեր, երկու տարի հետո պիտի գնար դպրոց։ Հետո հասկացել է, թե ինչի համար էր արտասվում մայրը, ինչ հոգսեր էին նեղում նրան, ինչու էր այնքան հեզ ու խոնարհ: Վերհիշեց այն օրը, երբ փոստատար Բալախանումը եկավ ու կանչեց բակից. - Թորգոմից նամակ ունեք, ականջաբռնուկս բերեք: Մայրը կանչել է. - Վրույր, էն չալպտուրիկ աքլորը բռնիր, տանք այս տոտային, որ հորիցդ շուտ-շուտ նամակ բերի: Ահա այդ ծրարում դրված էր հինգ հոգով լուսանկարը: Փոստատարը ցանկանում էր այդպիսի նամակներ հաճախակի բերել Աստղիկին, ուրախացնել նրան, դրա համար էլ փոստը դասավորելիս «աչքերը չորս արած» նրա հասցեն էր փնտրում, անունը որոնում: Այդպես օրեր անցան, շաբաթներ, ամիսներ, բայց փոստատարը Աստղիկին ուրախացնել չկարողացավ: Ինչո՞վ ուրախացներ, Թորգոմը նամակ չէր գրում: Ուրբաթ օր էր, նամակները դասավորելիս փոստատարի ձեռքն ընկավ մի ծրար, որը հասցեագրված էր «Աստղիկ Արշակյանին, անձամբ»: Իսկ ինչո՞ւ է հիշեցրել` «անձամբ», մի՞թե Թորգոմն այն կարծիքին է, թե Բալախանումը տեղ չի հասցնի կնոջն ուղարկած նամակը, այն կհանձնի ուրիշի: Բայց իսկապե՞ս այդ «անձամբը» ինքը Թորգոմն է գրել։ Փոստատարի սիրտը կասկած ընկավ. «Սա Թորգոմի ձեռքով չի գրված, այս նամակը ես չեմ հանձնի Աստղիկին, կուղարկեմ ուրիշի միջոցով»: նամակը Աստղիկին հասավ այն պահին, երբ տղայի հետ միասին հանդ էր ճանապարհվում: Վերցնելով ծրարը, Աստղիկը դժգոհեց, «Ինչո՞ւ Բալախանումը ինքը չի բերել, կարծել է ժլատություն կանեմ, ականջաբռնո՞ւկը չեմ տա: Առանց ուշադրություն դարձնելու հասցեին, Աստղիկը բացեց ծրարը, աչքերը սահեցրեց նամակի տողերի վրայով ու ճչաց. - Վրույր, տղաս, դու էլ հայր չունես... Վրույրը մտքերից սթափվեց այն պահին, երբ Պյոտր Տիմոֆեևիչը խոսք էր բացել Թորգոմի վերջին սխրագործությունների մասին: ... Արդեն երրորդ օրն էր, ինչ բարձունքը գրավելուց հետո, մայոր Նիկիտինի հետևակայիները ահեղ մարտեր էին մղում հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Ֆաշիստները կրակի տակ էին առել առաջին գիծը: Թորգոմ Արշակյանը, որ երկու օր առաջ էր փոխարինել դասակի հրամանատարին, ձախ թևում ընկնելով ծանր դրության մեջ, ռացիայով կապվեց շտաբի հետ ու զեկուցեց. «Շարժվելու էլ տեղ չկա ոչ առաջ, ոչ հետ, վաղվա համար «ճաշ» չունենք...»: Կոմիսար Ալեքսանդր Կոլոտիգինը շատ անհանգստացավ Թորգոմի համար. «Քանի անգամ մարտական առաջադրանքներ է կատարել, արժանացել պարգևների, շնորհակալության, իսկ այս անգամ... Ափսոս Թորգոմ, Ֆաշիստները կգերեն նրան, կասեն` «կոմունիստը հանձնվել է», այն քաջ մարտիկը, որին ինքս եմ կուսակցության շարքերը երաշխավորել»: Թորգոմը հասկանում էր, որ շտաբը շուտափույթ օգնության հնարավորություն չունի, և ինքը ելք փնտրեց վիճակից դուրս գալու համար: Գիշերվա կեսին, մթության մեջ նա մարտիկներին քողարկեց պլաշչ-թիկնոցներով և հրամայեց հետևել իրեն. «Եթե պիտի ընկնենք, ուրեմն ընկնենք քաջի մահով»: Ամբողջ չորս ժամ փորսող շարժվելով առաջ, նրանք շրջանցեցին հակառակորդին և լուսաբացից առաջ դուրս եկան նրա թիկունքը: Թորգոմը հաշվեց ունեցած հանդերձանքը, փամփուշտի, նռնակների պաշարը, մարտական պատրաստության մեջ ունեցած երկու գնդացիրը և հրամայեց գրոհել դարանած վաշտի դիրքերը: Երբ մթության մեջ պայթյունների տակ ֆաշիստները խուճաբահար դուրս նետվեցին խրամատներից, այդ պահին թևերից գործեցին գնդացիրները: Ֆաշիստական վաշտը գլխովին ջախջախվեց: Ովքեր կենդանի էին մնացել, գերի հանձնվեցին: - Հետո՞, հետո՞,- հարցրեց Ամալյան: - Հետո ծնունդ առավ այս լուսանկարը: Գիշերամարտում աչքի ընկած տղաները արժանացան պարգևների: - Բայց չէ՞ որ պատերազմը չավարտվեց: - Չավարտվեց և ճանապարհները մեզ տարան տարբեր ուղղություններով: - Պյոտր Տիմոֆեևիչ, ես առաջարկում եմ ձեր կենացը,- խոսեց Վրույրը: - Ի՞մ կենացը: Ավելի լավ կլինի հերթով: Վրույրը չհասկացավ: Չհասկացավ և մայրը՝ Աստղիկը: Գուցե Ամալյան հասկանար, բայց նա այնպես էր տարվել խոհերով, որ նույնիսկ չգիտեր իր տեղը: - Վրույրը ճիշտ է առաջարկում, Պյոտր Տիմոֆեևիչ, Դուք մեր թանկագին հյուրն եք, մեր տան ավագը: - Թույլ տվեք, Պյոտր Տիմոֆեևիչ, մտքերից սթափվելով խնդրեց Ամալյան: Հյուրը թախծոտ նայեց Աստղիկին, ապա Վրույրին ու Ամալյային: Նա հուզված էր, աչքերը լճացած և մի կերպ հավաքեց մտքերը. - Դուք չգիտե՞ք, որ այսօր Թորգոմի ծննդյան օրն է... Աստղիկը թաշկինակը հպեց աչքերին: Ամալյան փղձկաց և ընկավ աթոռին: Վրույրը սեղմեց շրթունքները: Պյոտր Տիմոֆեևիչը շարունակեց. - Ես եկել եմ ձեզ հետ միասին նշելու նրա ծննդյան տարեդարձը: Բայց սպասեք, իմ ասելիքը ես չեմ ավարտել: Նա վերկացավ տեղից, բացեց ձեռքի ճամպրուկը և նրա միջից հանելով Թորգոմի զինվորական փոքրիկ կիսանդրին, դրեց սեղանին: - Պյոտր Տիմոֆեևիչ, ռուս մարդ, այս ինչեր եք անում, մենք ինչպե՞ս պետք է հատուցենք այս ամենի դիմաց,- թևերը տարածած խոսեց Ամալյան: - Ուրիշ կերպ վարվել չէի կարող, այսօր նա վաթսուն տարեկան է: Նա ընկավ, որ ապրի մեր տերությունը, մեր բարեկամությունը: Դադարը երկար տևեց: Ոչ ձայն, ոչ շշուկ: Խոսում էր միայն լռությունը: == ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ == ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչպես են իրար հետ վիճում խիղճն ու... բանականությունը: Այո, բանականությունը: Զարմանու՞մ եք։ Երևի ձեզ հետ այդպիսի դեպք չի պատահել: Դա շատ լավ է՝ կամ ջահել եք, քիչ դառնություններ եք տեսել կյանքում, կամ, պարզապես, հանգիստ եք բնավորությամբ և ամեն ինչ տարել եք խաղաղ ու չեք բախվել վիշտ ու ցավ պատճառող դեպքերի հետ: Իսկ ես... Հինգ տասնամյակից ավելի փոթորկված է հոգիս: Վեճ է բանականության ու խղճիս միջև: Ոչ բանականությունն է հաղթում, ոչ խիղճս է տեղի տալիս: Խիղճս ասում է. «Գրիր նրանց մասին, ի՞նչ անենք, թե քո հարազատներն են, չէ՞ որ հայրենիքի համար են զոհաբերել իրենց կյանքը: Իսկ բանականությունն զգուշացնում է. «Հարմար չէ, ի՞նչ կասեն ընթերցողները` հարազատը գրում է հարազատների մասին»: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, շարունակ լսել եմ բանականությանն ու լռել: Բայց խիղճս չի ներել, շարունակ կշտամբել է, մեղադրել. «Գրիր,- ասում է,- մարդիկ շնորհակալ կլինեն քեզանից, կճանաչեն իրենց փրկարարներին: Ոչ ոք չպետք է մոռացվի»: Ես ձեզ լեգենդ չեմ պատմում, մարդիկ: Նա հինգ կորյուն է երկնել լեռնային այն փոքրիկ գյուղում, որի անունն է Կոճողոտ: Մի գյուղ, որ կպած է ուղիղ անտառին: Քնած պահին անգամ մարդիկ լսում են անտառի ամեն անցն ու դարձը, աղբյուրների կարկաչը, առուների խոխոջը։ Իսկ եթե հանկարծ մի ծառ է ընկնում անտառում, ապշած արթնանում են. «Այս ո՞ր նահապետը մեռավ գյուղում»: Այդ գյուղում են մեծացել Մինա մայրիկի հինգ կորյունները: Հայրը հայրություն չի արել։ Երբ ծնվել է ամենից կրտսերը՝ Ներսեսը, նա արդեն չկար: Մինա մայրիկն է փայփայել ու մեծացրել նրանց: Եվ կորյունները հասակ են առել գյուղին հարևան կաղնիների ու քերծերի պես: Կներեք ինձ, մարդիկ, հերթով չեմ պատմի ես նրանց մասին, կսկսեմ ամենից կրտսերից: Ասեմ ինչու: Մենք միասին ենք մեծացել, միասին ենք քայլել, խաղացել, միասին «ջաղաց» շինել առվակների վրա, միասին սովորել և քայլել այն ճանապարհով, որ անցել է բոցերի ու կրակների միջով: Ու այսպես՝ ամենից կրտսերը: Բոլորն էին սիրում նրան։ Խելոք էր, սրամիտ: Ինչպես ուսուցիչ Սարուխան Խաչատրյանն էր ասում՝ «գրպանները լիքն էին կատակներով, հարց ու պատասխաններով»: Միջնակարգն ավարտել, ուսուցիչ պիտի աշխատեր: Եկավ զինկոմիսարիատ, ուսուցիչ եղբորը` Գեդեոնին ճանապարհելու Կարմիր բանակի շարքերը: Որոշեց գնալ նրա հետ: Զինկոմ Մուրադյանը առարկեց. - Դու դեռ մեկուկես տարի ժամանակ ունես: - Ուզում եմ եղբորս հետ լինել: - Թող, ընկեր զինկոմ, միասին ավելի լավ կծառայենք,- խնդրեց ուսուցիչ եղբայրը։ Զինկոմը խորհեց մի փոքր և բարի վերադարձ մաղթեց: Երկու եղբայրները ծառայության մեկնեցին ռուսական թագավորի նստավայր Գատչինո քաղաքը: Զորամասում Ներսեսը շուտ աչքի ընկավ: Նա այնպես էր կատարում հրետանային հաշվարկումները, որ մարտկոցի հրամանատար Սկորոբոգատկոն ապշում էր: Մի օր պարապմունքին անձամբ մասնակցեց մայոր Գերասիմովը: - Դո՞ւ ես կուրսանտ Ներսես Դանիելյանը: - Ճիշտ այդպես, ընկեր մայոր: - Լսել եմ քո մասին: Կարո՞ղ ես ապացուցել, որ քեզնից լավ սպա կստացվի: - Կփորձեմ: Մայորը սպայական պլանշետից հանեց հրետանային խնդրագիրքը և ամբողջ մի ժամ ստուգեց նրա գիտելիքները: - Ուրեմն այդպես, ղարաբաղցի բարեկամս, առայժմ կմնաս ինձ մոտ, ով գիտի, գուցե և շտաբի պետ դառնաս: ...Ժամանակը սահեց: Բոլորս հերթով բաժանվեցինք, իսկ Ներսեսը մնաց այնտեղ: Մնաց կարծես նրա համար, որ այնտեղ դիմավորի ֆաշիստ զավթիչներին, պաշտպանի Լենինգրադը, հինավուրց Նովգորոդը, գեղեցիկ Պետերգոֆը, Տիխվինը, Լուգան... Ահա և առաջին նամակը. «Ահեղ են մարտերը, սիրելի եղբայր: Իմ ընկերներից շատերը չկան արդեն, ընկան քաջի մահով: Կռվում եմ, իմ զենքն այժմ էլ բարձրագույն մաթեմատիկան է, բայց կպաշտպանի այն ինձ երկնքից թափվող ռումբերից, հեռահար հրետանուց: Սրիկաները շատ են ուժեղ: ...Միևնույն է, հավատում եմ, որ հաղթանակը մերը կլինի, իսկ թե ու՞մ բախտ կվիճակվի տեսնել այն, այդ մեկը չեմ կարող ասել»: Հիտլերյան ֆաշիստները, որ հանկարծակի հարձակման հետևանքով դուրս էին եկել Պետերբուրգի մատույցները, որոշել էին ինչ գնով էլ լինի, նվաճել քաղաքը, ամրանալ Նևայի ափերին և հյուսիսից օգնել Մոսկվայի ուղղությամբ կռվող իրենց զորքերին` նվաճելու երկրի մայրաքաղաքը: Սովետական մարտիկները կռահել էին ֆաշիստական հրամանատարության պլանը: - Կմեռնենք, բայց չենք տա մայրաքաղաքը: Նրանք մեռնում, բայց չէին նահանջում: ...Գնդի փոստատար Նադուդենկոն մի եռանկյունի նամակ բերեց ինձ: Զինվորականների մոտ կարգ էր` նամակ ստացողին ստիպում էին պարել: Բայց այս անգամ բաքվեցի ընկերս ապարատավար Ալեքսանդր Երիցկինը, առարկեց. - Պետք չէ, ընկերներ, բացենք հետո: Բացեցինք: Դա այն նամակներից չէր, որի համար պարում են: Միայն հասցեն էր Ներսեսինը, տակը ուրիշի ստորագրությունն էր: «...Կներեք, թանկագին ընկեր, որ ձեզ պետք է վշտացնեմ: Ինչ արած, միայն դուք չեք այսօր վշտացողները... Մարտը չափազանց ծանր էր, թշնամու տանկերը գրոհեցին մեր դիրքերը, մենք շատ զոհեր տվինք, որոնց թվում և քո եղբորը: Քո վիշտը մենք թեթևացնում ենք: Թշնամուց վրեժն առնված է: Ձեր անծանոթ բարեկամ` Ալյոշա»: Եվ մոռացել է թվագրել նամակը։ Հետո, այն ժամանակ, երբ վերացված էր Լենինգրադի պաշարումը, Մինա մայրիկը՝ ստացել է առաջին ծանուցագիրը. «Ձեր որդին...»: Ստացել ու առաջին անգամ խփել է ծնկանը, առաջին անգամ Ներսեսի համար` ամենից կրտսերի: ..Այնպես լողալ գիտեր: Բայց ծովում չի սովորել։ Կոճողոտը հեռու է ծովից: Գետ կա նրա մոտ՝ Թարթառը: Լողում էր նրա մեջ hnսանքն ի վեր, հոսանքն ի վար, հետո պառկում ավազի վրա, մեջքը տալիս արևին։ Վեր էր կենում, ձգվում ծառի ճյուղից, մի քանի ոստյուն կատարում ու նորից նետում իրեն հորձանուտը: Հորձանուտի մեջ, ծովային նավատորմում էլ նա անցկացրեց իր երեք տարվա ծառայությունը: Շուտով տուն պիտի դառնար: Հազար ու մի պլան ուներ: Խափանվեց ամեն ինչ: ...Հրաման եղավ Օչակով ամրոցից դուրս գալ բաց ծով: Թշնամին օդից ու ծովից գրոհում էր Օդեսան: Այստեղ էլ տրվեց առաջին ծովամարտը։ Այստեղ էլ նավաստի Լևոն Դանիելյանն առաջին անգամ արժանացավ հրամանատարության շնորհակալությանը: Երկար կարող էր դիմադրել Օդեսան։ Նրա պաշտպանները արժանի հակահարված էին տալիս թշնամուն: Բայց շուտով նահանջի հրաման արձակվեց: Սևծովյան նավատորմի ռազմիկներն իրենց ուժերը կենտրոնացրին Ղրիմի ափերին: Սևաստոպոլն էր կանչում, ռուսական փառքի ամրոցը։ Սովետական մարտիկները երդվեցին կռվել Նախիմովի, Կոշկայի, Դաշա Սևաստոպոլսկայայի օրինակով: - Ահա գալիս է ֆաշիստական նավը: Ինչպիսի խենթությամբ է ճեղքում ծովի ալիքները,- զեկուցեց նավաստի Լևոնը կապիտանին: - Արդեն ժամանակն է, պետք է կրակել: - Ոչ, ընկեր կապիտան, թող ավելի մոտենա, եթե հիմա կրակեմ, կհասցնի փոխել ուղղությունը: Ես ուզում եմ նրան ծովի հատակն ուղարկել: Եվ ուղարկեց: Մոտենալուց, Լևոնի հրետանային հաշվարկը ծանր արկերը ուղիղ իջեցրեց ֆաշիստական նավի վրա: Ծովը ճեղքվեց, և նավը սուզվելով գնաց հատակ: Հրամանատարի համբույրը թրջեց Լևոնի ճակատը: Նա հանեց ծոցատետրը և նշումներ կատարեց. «...Երկրորդ անգամ աչքի ընկավ նավաստի Լևոն Դանիելյանը»: Հետո մարտական ճանապարհը Սևաստոպոլի պաշտպաններից շատերին տարավ Նովոռոսիյսկ, այնուհետև Վոլգոգրադ, Կրոնշտադտ, Դանցիգ, Գդին... 1945-ի հունիսի 6-ին տողերիս հեղինակը նավաստի Լևոնին հանդիպեց Լեպայա նավահանգստից ոչ հեռու մի փոքրիկ անտառում: Ինչպիսի՜ գրկախառնություն: Ձեզ կյանքում նավաստի գրկած ու համբուրած կա՞: Ափսո՜ս, ինչպիսի հաճույք կզգայիք: Տառաջած երկինք: Նրա պարգևների փայլի մեջ ես տեսնում էի Ութ տարվա կարոտ կար այդ համբույրի մեջ: Իսկ կուրծքը ինչպես նավաստու անցած ամբողջ ճանապարհը: Հետո այդ ճանապարհը նավաստուն բերեց ծննդավայր, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղը: Մինա մայրիկը պատրաստ էր նրանից առնելու բոլոր հինգ տղաների կարոտը, գուցե և նրան ընդունել բոլոր հինգի փոխարեն: Բայց Լևոնն անհանգիստ էր: Նա չէր վերադարձել խաղաղ ապրելու համար: Կարծես եկել էր համագյուղացիներին ցույց տալու, թե ինչպես են նրանց որդիները կռվել ճակատում, գոտեմարտի բռնվել մահվան դեմ: Ու ահա եկավ պահը: Թարթառը լցվել, դուրս էր եկել ափերից: Լուր հասավ, որ գետը «պոկած տանում է» ծխախոտի պլանտացիաները, սպառնում թոխմաչարի այգիներին: Ամբողջ գյուղը իջավ գետափ: Սակայն ոչ ոք չհամարձակվեց մտնել ջուրը: Նավաստին առաջ անցավ, հանեց զգեստները և իրեն նետեց հորձանուտը: Նա ցրեց առաջին անտառակույտը և մագլցելով հասավ երկրորդին: Շուռ տալով հսկա գերանները, խարխլեց նաև երկրորդ կույտը։ Գետը վերադարձավ հունը ու երերացող կույտը պոկելով տեղից, առավ ալիքների մեջ։ Դա արդեն հաղթանակ էր: Մարդիկ ծափահարեցին, ճոճեցին գլխարկները: Բայց Լևոնը մարտը չէր ավարտել: Հարկավոր էր քանդել նաև երրորդ կույտը, գետը լրիվ վերադարձնել հունը և փրկել հանրային ցանքերը: Վերջին կույտի վրա սկսվեց վերջին մարտը։ Մարդիկ այստեղ տեսնում էին ոչ թե բրիգադավար Լևոնին, այլ այն հերոս նավաստուն, որ այնպես քաջաբար կռվել է Սևաստոպոլի, Նովոռոսիյսկի համար: Ինչպե՜ս էր կռվում: Պղտոր ջրի մեջ սուզված մարմինը քրտինքով էր պատել: Ամբոխը քարացել էր գետափին: Վերջապես: Հսկա կույտը տեղահան եղավ և ճոճվելով շարժվեց առաջ: Նավաստին գլխիվայր նետեց իրեն ծառս լինող ալիքների մեջ։ Նրան դավաճանեց ալիքների միջով սողացող հսկա կոճղը: Դա նավաստու վերջին գրոհն էր: * Այսօր էլ պահպանվում է նրա դիրեկտորության տարիների ոչ մեծ արխիվը` հրամաններ, ուսումնական պլաններ, տպագրված և անտիպ հոդվածներ, շախմատային վերլուծություններ... Ուրիշ հիշատակ, ժառանգություն չի թողել: Եթե իմանար ինչպիսի ճակատագիր է սպասում իրեն, ժամանակին կամուսնանար, ընտանիք կկազմեր, մանավանդ, ինչպես հետո է պարզվել, շատ աղջիկներ են աչք ունեցել նրա վրա։ Ինքն էլ է ունեցել, բայց մեկի վրա և ոչ թե շատերի: Կոճողոտ գյուղից առաջինը ինքն էր կոչված ուսուցիչ լինելու: Այնպիսի ուսուցիչ, ինչպես ինքն էր պատկերացնում: Շուշիի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց, որոշեցին անմիջապես միջնակարգ դպրոց ուղարկել: Ճանապարհը նրան տարել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղը: Երբ դպրոցում հարցրել են, թե ինչ առարկա պետք է դասավանդի, պատասխանել է. - Ինչ կհանձնարարվի: Դիրեկտորը նայել է ատեստատի գնահատականներին և չի զարմացել: Այնուամենայնիվ, որոշել է հաճախակի դասեր լսել նրա մոտ: Լսել, սակայն բարձրաձայն չի հայտնել կարծիքը: Նրան ապշեցրել են երիտասարդ ուսուցչի կարողություններն ու հմտությունները: «Վերջապես սա գրականությա՞ն ուսուցիչ է, թե՞ ֆիզմաթի»: Այդ զարմանքը աստիճանաբար վերածվել է համոզմունքի: Տարեվերջին առաջարկություն եղավ Գեդեոն Դանիելյանին նույնպես մտցնել քննական հանձնաժողովի կազմը: Ճիշտ է, դա ինչ-որ մտահոգություն առաջացրեց որոշ ուսուցիչների մոտ, դիրեկտորը նույնպես վաղ համարեց նման վստահությունը, այնուամենայնիվ, առաջարկությունն անցավ: Եվ կարծես հիմք կար երկյուղի համար: Գրավորների ստուգման ժամանակ երիտասարդ ուսուցիչը «հանդուգն կերպով» վեճի բռնվեց փորձառու ուսուցիչներից մեկի հետ. - Գրավորները գրքային են, տրաֆարետ, պակասում է ստեղծագործական մոտեցումը, սեփական խոսքը: Վեճին խառնվել է դիրեկտորը: - Գիտե՞ս ինչ, երիտասարդ, քեզ նրա համար չենք գովել, որ այդքան շուտ մեծամտես: - Դուք ինձ ճիշտ չհասկացաք. ընդունակ երեխաներ են, հմուտ, նրանց միտքը հարկավոր է շարժել: - Ուզում ես ուսմասվա՞ր լինել, գուցե և դիրեկտո՞ր,- իմացիր՝ ընդամենը տեխնիկում ես ավարտել և ունես մեկ տարվա փորձ: Համեստ եղիր: - Որպես բնավորության գիծ, ես ընդունում եմ համեստությունը, բայց գիտելիքների բնագավառում համեստությունը խիստ դատապարտում եմ: ...Շրջժողկրթբաժվարը, որ տարիքով ու փորձով հարուստ մարդ էր, ուշադիր լսեց երիտասարդ ուսուցիչ Դանիելյանին և ասաg. գնա քո հայրենի գյուղի դպրոցը՝ դիրեկտոր։ Միայն մի խորհուրդ՝ շարունակիր սովորել, քեզնից իսկական մանկավարժ է սպասվում: Երկար չաշխատեց հայրենի գյուղի դպրոցում, բայց այդ կարճ ժամանակամիջոցում էլ, ինչպես ասում են, շատ «ցանկապատներ» փշրեց: Դպրոցում առաջին հերթին ուսում պետք է լինի, այն լուսավորության օջախ է: Կիսամյակը եզրափակելուց, հավաքեց ուսուցիչներին և, «կրակ թափեց» մի քանիսի գլխին: Այդ ինչպե՞ս, գրադարանում գիրք կա և ուսուցիչը չի՞ կարդացել, աններելի է: Մաթեմատիկայի ուսուցչի հետ առանձին խոսեց. այդ առարկան, կոնկրետ լինելով հանդերձ, ունի ստեղծագործական բազմաթիվ կողմեր, իսկ քո աշակերտները խնդիրները, վարժությունները լուծում են միայն մի եղանակով: Դուք գիտե՞ք. ուսուցիչը հեղինակություն է, օրինակ, ուշադրություն, մտքի զինվոր... Մագլցել է հարկավոր, շարունակ մագլցել: Պատերազմը պայթելուց շատ տառապեց. «գործերս կիսատ մնացին»: Մեծ միջանցքում ժողով հրավիրեց: Մասնակցում էին բոլորը` ուսուցիչները, բարձր դասարանցիները, ծնողները: Խոսքը ուղղեց գործընկերներին` նվաճածից ոչ մի նահանջ: Ապա դարձավ սաներին` ձեզ չխաբեք, լավ սովորեք, ընկերացեք գրքի հետ, գիրքը լուսավորում է մարդու հոգին, միտքը, ճանապարհը: Դռան մոտ նրան գրկեց Մարտիրոս քեռին: - Ու՞ր ես գնում, ընկեր, ախր... - Ժամանակն է պահանջում, քեռի Մարտին: Ու գնաց: Նրա մարտական ուղին երկար չի եղել, չի անցել հայրենիքի սահմանները, բախտ չի վիճակվել ողջունելու հաղթանակը: Մարտնչել է Դոնբասում, Սև ծովի ափերին։ «Չզիջել», «Ոչ մի նահանջ». այդպիսին են եղել հրամանները։ Պահեր են եղել, որ միացել է հեծելազորայիններին, դարձել հեծյալ։ «Այդպես է, սիրելի բարեկամ, կռվում եմ հարավի եռանկյունում: Ամեն ինչ հավասարեցվում է հողին: Ինչպիսի՜ ուժ կա այդ հողի մեջ, դիմանում է կրակին, երկաթին: Այրվում է հողը, ու ես շարունակ մեր Կաղնուտն եմ հիշում, մեր Քամհար խութը, մեր Կրկռ աղբյուրը... Վաղը մեծ գրոհ է սպասվում։ Եթե հաջող ավարտվեց, կգրեմ: Բայց ինչ իմանամ, ամեն մի մարտ իր զոհերն ունի»: «Հարավի եռանկյունի»: Հասկացա, որ Ղրիմից է գրում: Այնտեղ էլ ավարտվել է նրա մարտական ուղին։ ...Մի օր, երբ եղա Առաջաձոր գյուղում, հետաքրքիր քիչ բաներ չպատմեցին նրա մասին։ Անգամ ցույց տվին այն տունը, որտեղ ապրել է Մինա մայրիկի հետ միասին։ Իսկ հետո, երբ պետք է ճանապարհվեի, մեկը բավականին ուղեկցելով ինձ և զգույշ դիտելով շուրջը, ասաց. - Գիտե՞ք, որ նա այստեղ հարսնացու է ունեցել: Հարսնացու, ապշեցի, գուցե ասեք անունը, ես կցանկանայի տեսնել, խոսել հետը: Նա լռեց: Դեմքը մռայլվեց: Հասկացա, ուշ է, սպիացած վերքերը չեն քրքրում: * Երկու դստրիկ ուներ դարբին Սուրենը, երբ ճակատ մեկնեց: Երկու դստրիկ Արևիկ և Ալենիկ: Գնաց, չիմանալով, որ երրորդ անգամ մայրացող Գյուլխասը շուտով զույգ տղա պետք է պարգևի իրեն: Ասում են՝ եզներ էր պայտում, երբ պատերազմի լուրը գյուղ հասավ: Մինչև մութն իջնելը աշխատեց քրտինքը դեմքին, բայց բոլոր եզները պայտել չհասցրեց: Դժգոհեց Խաչունց Անդրին, ասաց գոնե առավոտը մի կերպ արա: Լուսաբացին Անդրի քեռին եզները պայտել տվեց և ամուր սեղմեց վարպետ Սուրենի ձեռքը. -Դե, տեսնում ես էլի մեր վիճակը, ուշքդ դեպի գյուղը պահիր: Բոլորը հավատում էին նրան: Դե, որ ասել է Անդրի քեռին, ուրեմն օրենք է, վարպետ Սուրենը ժամանակին տուն կգա, հո չի՞ թողնելու եզները բոբիկ մնան: Բայց չէին հասկանում պատերազմի օրենքը, չգիտեին, որ մարդիկ այնտեղ արկ ու ականով են խոսում իրար հետ, տանկով են դուրս գալիս մեկը մյուսի դեմ: Գնաց Սուրենը և նամակ չուղարկեց: Կինը` Գյուլխասը, զույգ տղա բերեց, Ալյոշա և Գավրուշա դրին անունները, բայց աչքալուսանք չտվին հորը: Հասցե չկար: Հասցե որտեղի՞ց լիներ, շաբաթվա մեջ երկու-երեք անգամ տեղափոխություններ էին լինում` հարձակում, նահանջ, նոր զորամաս: Դարբին Սուրենը կորցնում է ընկերներին, հայտնվում բոլորովին նոր մարդկանց շրջապատում: Այդ նոր ընկերների հետ էլ մի օր նա ծանր մարտ էր մղում Հյուսիսային Կովկասում։ Թշնամին սեղմում էր երկու կողմից: Նահանջել չենք կարող, ընկերներ, խրամատից խրամատ հաղորդում էին հրամանատարի խոսքերը, պետք է ամրանալ ու Դիմադրելը դժվար էր: կռվել, մինչ կհասնի համալրումը: Զինվորները կատարում էին հրամանը: Բայց ահա մարտի ահեղ պահին հրամանատարի հաստոցային գնդացիրը դադարում է գործելուց: Կապիտանը փորձում է կարգի բերել այն, չի կարողանում։ Դառնությունից կրճտացնում է ատամները: Ոչինչ չի ստացվում, ուզում է գնդացիրը գլորել ձորը: Մոտենում է նրան Սուրեն անունով մի զինվոր: - Տվեք, ես փորձեմ, գուցե ստացվի՞: Ստացվեց, այն էլ ինչպե՞ս: Փամփուշտների ժապավենը մտցրին գնդացրի երախը և մինչև վերջ խժռեց այն: Հրամանատարը մտերմաբար ծեծեց Սուրենի մեջքը. «Բարձունքը որ վերցրինք, ես քեզ կասեմ իմ խոսքը»: Շարունակեցին գրոհը: Բարձունքը նվաճվեց, բայց հրամանատարին այդպես էլ չհաջողվեց կատարել խոստումը: Վազեց աջ, ձախ... Ջոկի հրամանատարը, հազիվ բարձրացնելով վիրավոր աջը, զեկուցեց. - Ընկեր կապիտան, մարտիկներիցս չորս հոգի ընկան...և այն դարբին տղան: - Լավ վարպետ էր, դիպուկ էլ կրակում էր, Մախաչկալայի հոսպիտալում Սուրենի մասին պատմում է նրա մարտական ընկերներից մեկը: Իսկ տանը սպասում էին: Այնքան սպասեցին, աչքները ջուր կտրեց: *** Գյուղում նրան «զվարճախոս Անդրանիկ» էին անվանում: Ջահելներին հավաքում էր շուրջը և սկսում կատակների շարանը: Ու՞մ է պետք մենակությունը, տխրությունը: Աշխատանքային ընկերների կազմած «գրաֆիկով» քեֆի էին գնում բոլորի տները, Անդրանիկին սեղանապետ կարգում, և մարդիկ չէին իմանում ինչպես է անցնում ժամանակը։ Իսկ աշխատանքում ինչպես կոմբայն՝ հարյուր խուրձը օրվա նորմա էր: Բայց ահա մի օր նայեց շուրջը և թողեց կատակները: Հինգ եղբայրներից միայն ինքն էր գյուղում: Հայրական օջախը կարծես խորթ աչքերով էր նայում նրան: Մի գիշեր, չքնած, երազ տեսավ: Եղբայրները այրվում էին կրակի մեջ, օգնության էին կանչում իրեն: Եկավ և Անդրանիկի բաժանման պահը։ Ի՞նչ կարող էր անել Մինա մայրիկը։ «Երևի հայրենիքի տեղը նեղ է, որ ավագ տղային էլ են ֆրոնտ կանչում»: Կես ճանապարհից Անդրանիկը նամակ գրեց մորը. «Հանգիստ մնա, մայրիկ, աննամուս չեն քո տղաները»: Հետո գրեց կնոջը՝ Աննային. «Չտխրես, սիրելիս, խնամիր, մեծացրու Շուրիկին ու Յուրիկին, կհաղթենք թշնամուն, կվերադառնամ, նորից միասին կլինենք»: Մի բացիկ էլ ուղարկեց արդեն դպրոց հաճախող Շուրիկին. «Մամայիդ խոսքին լավ լսիր, նրան չվշտացնես, դասերից չբացակայես: Լավ սովորիր»: Հայտնի չէ, թե որտեղից է սկսվել և որտեղ ավարտվել Անդրանիկի մարտական ուղին, բայց հայտնի է, որ նա քաջաբար կռվել է Ռոստովի մատույցներում, Դոնբասում, Լազովայա կայարանի հանգույցներում... ժամանակ չի եղել, որ կատարելապես տիրապետի զենքի որևէ տեսակի և նրանով էլ մինչև վերջ կռվի թշնամու դեմ, բայց ինչ զենք էլ վստահել են, կրակել է անվրեպ, ինչ առաջադրանք էլ տվել են, կատարել է ճիշտ ու ժամանակին: Կռվեց որպես զենիթային, որպես սակրավոր, հետո նռնակներ առած գրոհի ելավ տանկերի դեմ, շարունակ հիշելով, որ պաշտպանում է մայր հողը, իր գյուղի, իր օջախի պատիվը: ...Եվ ահա փոստատար Բալախանումը մի ծանուցագիր ևս հանձնեց Մինա մայրիկին. «Անդրանիկը քաջի մահով...» Շարեց որդիների «սև թղթերը» Մինա մայրիկը և արտասվալից աչքերով նայեց կապույտ երկնքին. - Որքան անգութ ու անարդար ես, երկնային աստված: Գոնե մեկը, երկուսը, ինչու՞` բոլորին: Դժվար էր խոսքեր գտնել Մինա մայրիկին մխիթարելու համար: Կսկիծով ու դառնությամբ լցվեցին հարազատների, համագյուղացիների սրտերը: Մաճկալ Անդրին եկավ, թե` վարպետ Սուրենը խաբեց ինձ, բոբիկ եզներով եմ վար անում... Ուսմասվար Աննան եկավ, թե՝ վաղը սկսում ենք նոր ուսումնականը, բայց դիրեկտորը դեռ չի հաստատել դասատախտակը... Հաղթանակով վերադարձած մի զինվոր եկավ, թե քեֆ ենք սարքել, բայց տխուր է անցնում, մեր սեղանապետին եմ ուզում... Զույգ ծամավոր մի աղջիկ եկավ, թե ինչքա՞ն կարող եմ սպասել, ու՞ր է «մատրոս» տղադ... Ժողկրթբաժնից հայտնեցին, թե` կրտսեր տղային վեց տարի առաջ են նշանակում տվել, ինչո՞ւ դասի չի ներկայանում: Մինա մայրիկը լռեց և դառնացած պատասխանեց. - Ես չեմ մեղավորը, գտեք հանցագործին ու բոլոր մայրերի անունից պատժեցեք նրան: Նա մեզ շատ վշտացրեց: Եվ սիրտը Մինա մայրիկի չդիմացավ... Հանցագործը բռնված է: Նրա անունը պատերազմ է: Պատերազմը խենթի ու խելառների գործ է: Այն արմատախիլ չի արված: Դեռ կան ցնորվածներ, որոնք հույսեր են կապում պատերազմի հետ: Նրանց սթափվել է հարկավոր, ծնվածները պիտի ապրեն, նրանք ապրելու համար են ծնվել: </div> f3v34rfqn69z8a8lych5gealafvzc1i 398206 398205 2026-11-18T09:28:43Z Անունով խմբագիր 4841 /* ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ */ 398206 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=ՆՄՈՒՇՆԵՐ <br> Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ |section = |previous = [[Անտիպ գործեր (Ոչ լրիվ ցանկ)]] |next =[[Հեղինակի կենսագրությունը]] |notes = Աղբյուր՝ <span title="...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ (ակնարկ),">[[...Եվ այսպիսի ճակատագիր|...ԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ]] (ակնարկ), Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՓԲԸ, 2009, 56 էջ + 4 թերթ նկ. ներդիր, տպ. 350 օր. (էջ 34-54)։ |author =Արիս Արսենի}} <div style="width: 50%; text-align:justify; margin-left:25% "> {{TOCright}} == ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԻՄ ՏԵՂԸ == Ինձ հարցնում են. կյանքում գտե՞լ ես քո տեղը,<br> Գտե՞լ ես այն ճամփան, որ այնքան փնտրել ես,<br> Այն բախտին ես տիրացել, որին երազել ես, <br> Այն սե՞րն ես վայելել, որի համար <br> Այնպես տագնապել ու հառաչել ես, <br> Այն բարձունքի՞ն ես հասել, որի փեշերն ի վեր <br> Մագլցել ու հետն էլ շառաչել ես... <br> Ասեմ միանգամից` մոլորված եմ եղել.<br> Հոգուս մեջ շարունակ կրակ եմ անթեղել, <br> Ինչ վերից են ասել, այն եմ կատարել. <br> Ում արդար եմ կարծել, նրան եմ սատարել, <br> Որ ճակատ ուղարկել, գնացել, կռվել եմ, <br> Մի տեղ հրդեհ եմ մարել, մի այլ տեղ վառվել եմ, <br> Շոյանք չեմ տեսել, անվերջ դաղվել եմ... <br> Տարիներս այսպես եկել, անցել են: <br> Արդարության տուտը բռնել, բաց չեմ թողել, <br> Կարծել եմ իմն է հիմա այս աշխարհը, <br> Թե որ մեղք եմ գործել, այն քավելու համար<br> Վկա եմ կանչել մեր սուրբ նշխարհը... <br> Այդպես եմ անցել իմ ճանապարհը: <br> Ինձնից երես թեքեց անգամ իմ սերը, <br> Ինչո՞ւ, հարցնում եմ, թոթվում է ուսերը: <br> Այսօր մղձավանջ է, վաղս` անորոշ, <br> Շուրջս սառնություն է, իսկ երկինքը՝ գորշ,<br> Այս կողմ եմ նայում` մռայլված դեմքեր են,<br> Այն կողմ եմ նայում` կործանիչ զենքեր են... <br> Չեմ հասկանում որտեղ եմ և ինչ եմ անում, <br> Բոլորն էլ աչքիս բարակ են մանում... <br> Ասեք, այս կյանքում ո՞նց գտնեմ իմ տեղը, <br> Երբ կյանքը ինքն էլ չունի իր տեղը: == ՔԱՅԼԵՐԳ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ == Արցախական հողի որդիներն ենք քաջազուն, <br>Արմատները խորն են մեր մայր հողի մեջ խրված, <br>Երկրում մեր այս հինավուրց խաղաղ ապրել ենք ուզում, <br>Մեր ապրելու իրավունքը մեզ է տրված:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք աննահանջ, <br>Ճամփան մեր դժվար է ու վտանգված, <br>Նախնիների պես մեր լինենք խիզախ ու քաջ, <br>Քայլենք` դրոշը մեր բարձր պարզած:<br><br> Ոսոխները մեզ հետ զենքի ուժով են խոսում, <br>Խորտակել են փորձում մեր կամքն ու ոգին, <br>Մեր ընկերների արյունն է մարտադաշտում հոսում,<br> Մեզ վրեժի կանչում` հանուն ազատ կյանքի:<br><br>Քայլիր, եղբայր, քայլենք շարքով ամրակուռ,<br> Միասնության մեջ են կամքն ու ուժը մեր,<br> Փոքր ենք, քիչ ենք, թեկուզ մի բուռ,<br> Բայց խիզախ ենք, տոկուն ու անվեհեր:<br><br> Արդար է գործը մեր ու կորովն անսահման, <br>Հանուն մեր սուրբ գործի հաղթանակ ենք տենչում, <br>Մեր անկոտրում կամքն ու հավատը վառման <br>Արդար գործի համար մեզ սխրանքի է կոչում:<br><br> Քայլիր, եղբայր, քայլենք հանուն մեր սուրբ գործի <br>Կռվենք ու հալածենք ոսոխին դաժան <br>Թող դրոշը մեր եռագույն բարձր թևածի <br>Եվ մեզանից հավերժ լինի անբաժան: {{Աջաթև|<small>''Ապրիլ, 1992 թ.</small>}} == ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԱՑԸ == Չեմ մոռացել՝ կենացն այս բարձրացվել է սրանից ավելի քան կես դար առաջ, 1940 թ. ուշ աշնանը, Բրեստի ամրոցից քիչ հյուսիս` Բուգի ափին։ 447-րդ հրետանային գնդից քարշող ջոկի հրամանատար Ավետիք Բաղրամյանը կանչեց ինձ ու հարցրեց. — Մեր զորամասում քանի՞ հայ կա: Անմիջապես պատասխանեցի` տասնմեկ: — Ուրեմն, քեզ հանձնարարություն` ցուցակագրիր բոլորին, նշիր՝ ով որտեղ է և տուր ինձ, հետո կասեմ, ինչի համար է: Ես կատարեցի նրա հանձնարարությունը: Մենակ չէր, նրա հետ էին քաղղեկի տեղակալ մարտակերտցի Սեդրակ Մամունցը, ներքին հոռաթաղցի, նշանառու Աշոտ Գաբրիելյանը, լենինականցի, մեխանիկ Ավագ Ղազարյանը: Առաջարկություն եղավ նշել Հայաստանի պետականության վերականգնման օրը և ուրախանալ հայավարի: — Խոճկորի միսը ինձանից,- իր պատրաստակամությունը հայտնեց Աշոտը: — Կրակ վառելն ու խորովելն իմ պարտքը,- ասաց Ավագը: - Իսկ չէի՞ք ցանկանա, որ այդ օրը մի աղջիկ սպասարկող ունենանք,- ասաց Սեդրակը և նայեց Աշոտին: — Եթե նկատի ունեք Յուլիային, կկանչեմ, բայց նա մենակ չի գա, պետք է հրավիրեմ նաև Պրանյային, եթե համաձայն եք, խնդրեմ: Ոչ ոք դեմ չէր: Ավագ սերժանտ Ավետիք Բաղրամյանն աշխատանքի բաշխում կատարեց, և նշված օրը, ինչպես ասում են, կազմ ու պատրաստ ներկայացանք նշանակված վայրը: Ամեն ինչ կատարվեց արագ, ու միանգամից գործի անցանք: — Ճիշտ է, ցուրտ է,- ոտքի կանգնելով ասաց Ավետիքը,-բայց, ինչպես նկատում եմ, ամեն մեկիդ հոգում կրակ կա վառված: Ուրեմն, բոլորիդ հոգու կրակների կենացը: Հայկական կրակներ, հոգու կրակներ... Ապա դիմեց Յուլիային` դու հասկանո՞ւմ ես ինչ կրակների մասին է խոսքը: — Ես արդեն զգում եմ ձեր կրակների ջերմությունը: Հարցրեք Աշոտին, նա կասի՝ զգո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Աշոտը հաստատեց Յուլիայի ասածը, նույնիսկ ավելացրեց, որ ծառայությունն ավարտելուց իր հետ կգա Ներքին Հոռաթաղ: — Իսկ Պրանյա՞ն: — Իմ մասին մի անհանգստացեք, Վիլնյուսում ես ունեմ համակուրսեցի տղա, խոստացել եմ նրա հետ գալ Հայաստան: Կենացները մեկ-մեկ խմելուց հետո առաջարկվեց ոտքի կանգնած խմել Հայաստանի կենացը: — Ինչո՞ւ միայն Հայաստանի, միացնենք և Ղարաբաղը,- առաջարկեց Սեդրակը,- մի ժողովուրդ ենք, ուրեմն թող լինի մի Հայաստան` մայր Հայաստան։ Բաժակները զարկեցին ու պարեցին կանաչ խոտի վրա... ...1941 թ. 22 հունիսի։ Լուսաբացին Բրեստը ծխի ու հրի մեջ էր: Երերալով փլվում էին բազմահարկ տները: Հրետանային պարկում իրարանցում էր։ Խնդիր էր դրված փրկել մարտական տեխնիկան: Արկերի և ռումբերի պայթյունների տակ Ավետիքը իր «Կոմինտերն» տրակտորով կրակի միջից հանում էր հրանոթները, տեղափոխում Մոսկվա-Վարշավա խճուղին։ Գնդապետ Ալեքսանդր Մավրինը նայում էր Ավետիքին ու չէր հավատում աչքերին: Ինչպե՞ս էր գործում հայ տղան՝ հանեց առաջին հրանոթը, երկրորդը, երրորդը, չորրորդը... Եվ սուրացող բեկորները չէին խանգարում նրան: Ավետիքին ընդօրինակում էին ջոկի մյուս տղաները: Մարտական տեխնիկան փրկված էր: Գնդապետը ծոցատետրում գրեց Ավետիք Բաղրամյանի անուն-ազգանունը... Հավանաբար կառավարական պարգևի արժանացնելու նպատակով: ...Նահանջ, դառնություններ, հուսահատություն: 447-ի հրետանավորները մարտեր մղելով նահանջում էին դեպի Արևելք»: «Շարժվելու տեղ չկա, ճանապարհները խցանված են»,- զեկուցեց հետախուզությունը: Հրետանավորներին սպառնում էր շրջափակումը: «Տղաներս, մի կորցրեք ձեզ, խիզախ եղեք», խրոխտ հնչեց գնդապետի ձայնը: Ավետիք Բաղրամյանը առաջինն օգնության հասավ լեյտենանտ Սամոյլովի` կիսաշրջափակման մեջ հայտնված մարտկոցին: Առաջին հրանոթը դուրս բերելով կիսաշրջափակումից, վերադարձավ նույն ճանապարհով: Տեղափոխեց երկրորդը: Գնաց երրորդ անգամ: Չէր կարող չգնալ, ընկերները սպասում էին: Նրանց սպառնում էր գերության վտանգը։ Գնաց, բայց... չվերադարձավ: «Ուրեմն այդպես, գունդը կորցնում է իր խիզախ որդիներին»,- հառաչեց գնդապետի սիրտը: ժամանակը սահում էր: Չկար Ավետիք Բաղրամյանը: Ո՞ւր տարավ նրան ճակատագիրը: Չիմացանք ոչ մի լուր: Նահանջը մեզ հասցրեց Տուլա, Մոսկվա: Շրջվեցինք դեպի արևմուտք` Կալուգա, Ռոսլավլ, Սմոլենսկ: Ապա դեպի հյուսիս, նորից արևմուտք՝ Գորոդոկ, Շաուլյայ, Վոյնոդե, Լիեպայա... ծովափ: Չկար Ավետիք Բաղրամյանը, չկար Աշոտ Գաբրիելյանը, չկար ինքը` գնդապետ Մավրինը... Հանդիպեցի Հրաչյա Քոչարին, պատմեցի, թե ինչ է պատահել: Հուզվեց, խոշոր աչքերը ջրակալվեցին: Ասաց` գրիր բոլորի անունները մեկ առ մեկ: Մենք իրավունք չունենք նրանց մոռանալ: ...Սևանի հյուրանոցի 14-րդ սենյակում գիրք էի կարդում: Կարգադրիչ Սուրենը ինձ մոտ ուղարկեց մի անծանոթ հյուրի: Ասաց, քեզ համար մի լավ զրուցընկեր եմ բերել, կուսակցության Ստեփանավանի շրջկոմի քարտուղարին: Ծանոթանալուց, առօրյա խնդիրների շուրջ խոսելուց հետո ես դիմեցի մի հարցով, որ շատ անսպասելի էր նրա համար: Ասացի ձեր շրջանում կամ Վերին Հոբարձի գյուղ: — Այո, մենք ունենք այդպիսի գյուղ. ի՞նչ է դուք այնտեղ հարազատնե՞ր ունեք: — Այդ գյուղից ես ճակատային ընկերներ ունեի, խիզախ, համարձակ, ազնիվ։ Ավետիք Բաղրամյանին գուցե ճանաչո՞ւմ եք: Զրուցակիցս հանկարծակիի եկավ, մռայլվեց, վատ զգաց իրեն, հնար լիներ, կարող էր վեր կենալ ու գնալ: — Ձեզ ի՞նչ պատահեց, տհաճություն հո չպատճառեցի՞: — Ի՞նչ ասեմ։ Ավետիքն իմ մանկության ընկերներից էր: Վատ տղա չէր: Բայց նա խորտակել է իր գյուղի պատիվը դավաճանել է հայրենիքին, արտաքսվել են ծնողները, հարազատները... — Իսկ կի՞նը՝ Մանուշը, որդին՝ Վոլոդյան, աղջիկը՝ Ասյան... — Ախ, դուք լավ գիտեիք նրանց... — Նա հերոս պետք է լիներ, իսկ ինչպես դուք եք պատմում... Ամբողջ գիշեր քունս չտարավ` ի՞նչ անել, գուցե իրոք նա դավաճանել է հայրենիքին: Արդյոք, ես վտանգավոր գո՞րծ չեմ ստեղծում ինձ համար: Հենց նույն օրը, երբ շրջկոմի քարտուղարը հրաժեշտ տվեց ինձ, գնացի «Ավանգարդի» խմբագրություն, ուղիղ Լորիս Կրոյանի մոտ: Պատմեցի Ավետիք Բաղրամյանի մասին, երկար պատմեցի, շատ երկար: Ասաց՝ ցավոք, եղել են այդպիսի ժամանակներ, այդ կարգի ողբերգություններ մենք շատ ենք ապրել: — Իսկ կտպագրե՞ք, եթե պատմածս Ձեզ ներկայացնեմ: Մի խոր հառաչ արձակեց, — Թող մտածեմ: Արի երկուշաբթի: Երբ բացեցի դուռը, նա անչափ ուրախ էր, նույնիսկ ոգևորված: Ինձ նկատելուց, ուղղակի բացականչեց. — Սուտ է, Ավետիքը իրեն չի արատավորել, նրան զրպարտել են: Նստիր ու գրիր, շուտ, մայիսի 9-ի համարին պետք է հասցնենք: Խմբագիրը կատարեց խոստումը: ...Այստեղ, Ստեփանակերտում ես դիմավորեցի Ավետիքի կնոջը, տղային, հարսին, չկար միայն աղջիկը՝ Ասյան: Պատմեցին, որ նրան առևանգել է Կիրովաբադի կողմից մի վարորդ: Մեր հանդիպման երեկոյին ներկայացավ Ստեփանակերտի Հայկական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհ. Կարապետյանը։ Պարզվեց, որ Կիրովականում նա սատար է կանգնել հայրենի հանգրվանից վտարված Բաղրամյանների ընտանիքին: Իրիկնահացին մենք նորից կրկնեցինք Բուգի ափին սրանից շուրջ կես դար առաջ բարձրացված կենացը` մայր Հայաստանի կենացը: == ՌՈՒՍ ՄԱՐԴԸ == Ծաղկաշենում Արշակյան ազգանունով քիչ մարդիկ են ապրում: Քիչ են, բայց հմուտ ու աշխատասեր են, հարգանք ու պատիվ վայելող: Ընկերության, հարևանության մեջ նմանը չունեն: Կարող ես՝ բարություն արա, չես կարող մի խառնվիր ուրիշի գործերին: Այդպիսին է նրանց ավանդույթը: Այդ ավանդույթով էլ Թորգոմի այրի Աստղիկը դաստիարակել է իր միակ որդուն՝ Վրույրին։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ հարս է բերել՝ համեստ ու հանգիստ: Ամեն մեկը գիտի իր գործն ու անելիքը, և ընտանիքում հաճելի անդորր է տիրում: Սովորական երեկո էր Արշակյանների տանը։ Վրույրը, որ աշխատաքից նոր էր վերադարձել, իր համար թերթ ու ամսագիր էր կարդում, կինը՝ Ամալյան, առանձնացել, ուղղում էր աշակերտների տետրերը, իսկ Աստղիկ մայրիկը խոհանոցում կերակրում էր թոռնիկներին: Ու այդ պահին խախտվեց ավանդական անդորրը: Առանց դուռը ծեծելու, ներս մտավ անծանոթ մի մարդ, որը ռուսերենով, «բարի երեկո» մաղթելուց շարունակեց. — Ճիշտ է, քաղաքավարության տեսակետից հաճելի չէ առանց զգուշացման ներս մտնելը, բայց ես այդպես վարվեցի, հաշվի առնելով, որ օտար մարդ չեմ այս տան համար, ձեր հարազատներից։ Մայր ու տղա ապշած իրար նայեցին: Դժվար էր կռահել՝ բոլորովին անծանոթ մարդ, առաջին անգամն է մտնում դռնով և այդքան համարձակ ու անմիջական: Հյուրը, որ իսկապես իրեն ազատ ու անկաշկանդ էր զգում, ինչ-որ երկմտեց. — Կներեք, սա Թորգոմ Արշակյանի տո՞ւնը չէ։ Ապա չհապաղելով, դիմեց յուրաքանչյուրին,- դուք նրա կինը` Աստղիկը չե՞ք, դուք նրա տղան` Վրո՞ւյրը չեք: Իսկ այս չքնաղագեղ տիկինը, անշուշտ, ձեր հարսը կլինի: — Այդ բոլորը ճիշտ է,- կմկմաց Աստղիկը,- բայց... — Ես ձեզ հասկանում եմ, Աստղիկ Երեմովնա, ուզում եք ասել, որ Թորգոմը վաղուց չկա: — Այո, ավելի քան 30 տարի: — Ձեր դեմքից կռահում եմ, որ երեք տասնամյակ հետո էլ դուք խոր վիշտ եք ապրում: Ասում են ձեզ մոտ՝ Ղարաբաղում, պատերազմում զոհվածների կանայք սրբությամբ են պահպանում իրենց ամուսինների անունն ու պատիվը: Դա ինձ շատ է մխիթարում: Հյուրը ցանկացավ ասածին ինչ-որ բան ավելացնել, խոսքերը քիչ մնաց պոկվեին շուրթերից, բայց զսպեց, բառերը փակված մնացին բերանում: — Ո՞վ է այս հեքիաթային մարդը, որտեղի՞ց գիտի այս բոլորը, սկեսրոջս հետ նույնիսկ հայրանունով խոսեց,- խորհեց Ամալյան: — Ճիշտ է, թխադեմ է, ունքերը բավականին խիտ ու հաստ են, աչքերը սև ու խոհուն, բայց խոսելաձևն ու անմիջականությունը ասում են, որ ռուս է, միայն` ռուս: — Շատ կներեք, թանկագին ընկեր, ախր մենք այդպես էլ չիմացանք, թե ով եք դուք, ինչ առիթով եք եկել։ — Ո՞վ եմ ես, ի՞նչ առիթով եմ եկել:- Աստղիկի հարցը կրկնեց հյուրը: Դուք պահպանո՞ւմ եք Թորգում Արշակյանի լուսանկարները։ — Այո,- շտապեց պատասխանել Ամալյան, - բերե՞մ: — Եթե պահպանում եք, ուրեմն պետք իմանաք իմ ով լինելը, գուցե և գալուս պատճառը: Ամալյան, որ ինքն էր կարգավորում ու պահպանում տան ալբոմները, հասկացավ, թե որ նկարին է վերաբերում խոսքը։ Բերելով կեսրայրին և սկեսրոջը նվիրված ալբոմը, նա բացեց այն էջը, ուր տեղավորված էր հինգ հոգով լուսանկարը: Աստղիկը, նայելով հյուրին ու լուսանկարին, բացականչեց. — Վրույր, հորդ ճակատային ընկերը, Պյոտր Տիմոֆեևի՜չ: Վրույրը և Ամալյան մոտեցան, սեղմեցին հյուրի ձեռքը, իսկ Պյոտր Տիմոֆեևիչը, հերթով ձգելով դեպի իրեն, հայրաբար համբուրեց նրանց ճակատը։ — Պյոտր Տիմոֆեևիչ,- հուզված շարունակեց Աստղիկը,- ՞ես ամեն ինչ հիշում եմ։ Ձեր նամակները ինձ միշտ էլ ուրախացրել, հույս են ներշնչել: Դուք հասկացող ու հոգեբան մարդ եք, բարի խորհրդատու: Թորգոմի բոլոր նամակներում կա ձեր անունը։ Մի անգամ գրել է, որ արձակուրդ լինելուց, միասին կգանք, բայց չստացվեց: Ամեն ինչ խափանվեց տակնուվրա եղավ: Դեռ ոչինչ չէր պատմել հյուրը, չէր ասել որտեղից և ինչի համար էր եկել, բայց ուսուցչուհի Ամալյան արդեն հրապուրվել էր նրանով, մտածում էր այն մասին, թե դասի ներկայանալուց, ինչպես պետք է բնութագրի, մատուցի նրա կերպարը: Մտածում էր բարձր դասարանցիներին ազատ թեմայով շարադրություն հանձնարարելու մասին: Աստղիկ մայրիկին մի բան էր մնում` հյուրին վայել սեղան բացել: Նա Վրույրին հասկացրեց խմիչքի հոգս տեսնել: Եռանդուն գործի անցավ Ամալյան` ամենից ընտիր սպասքեղենը շարեց սեղանին, ինչքան համեղ ու հաճելի ուտելիքներ ունեին պատ-րաստած, ամենից բաժին հանեց հյուրին: «Ո՞ւմ համար ենք պահում, սրանից թանկ հյուր ո՞վ պետք է լինի այս տանը: Այսպես էր մտածում Ամալյան, այդպես էին դատում մայր ու տղա: Ծաղկաշենում պակաս չէին ապրում Արշակյանները։ Վրույրը գլխավոր մեխանիկ է կոլտնտեսությունում: Աստղիկը թոշակը ձևակերպել, բայց չի թողել աշխատանքը։ Ամալյան, ինչպես բոլորն են ասում, դպրոցի աչքն է: Սեղանը պատրաստելիս Ամալյան աչքը չէր հեռացնում հյուրից, նկատել էր, որ նրա դեմքից չքացել է աշխուժությունը, շնչելիս ցնցվում է աջ ուսը, դեմքին ինչ-որ մկան մերթընդմերթ ցատկում ու հանդարտում է: Աստիճանաբար ծայր առավ զրույցը: Պյոտր Տիմոֆեևիչը զազրախոս չէր: Նա խոսում էր զուսպ, չափավոր, համառոտ ու համով: Արշակյաններին ամենից շատ ապշեցնում էր նրա հիշողությունը։ Երեքուկես տասնամյակ էր անցել պատերազմից հետո, բայց տեղի ունեցած ոչ մի դեպք կամ անցք չի մոռացել: Երբ Պյոտր Տիմոֆեևիչը դրվագներ էր պատմում Թորգոմի հետ անցկացրած կյանքից, Վրույրը նորից վերցրեց հինգ հոգով լուսանկարը և լուռ նայեց հետևի գրությանը. «Թորգոմ Արշակյան, Անատոլի Կլիմենկո, Պյոտր Մետլուգին, Ահմեդ Աղաև, Շոթա Ձոցունիձե: Արևմտյան ռազմաճակատ, 19-ին մարտի, 1943 թիվ»։ Վրույրը հիշեց այդ տարին: Փոքր էր դեռ, հինգ տարեկան, գրել-կարդալ չգիտեր, երկու տարի հետո պիտի գնար դպրոց։ Հետո հասկացել է, թե ինչի համար էր արտասվում մայրը, ինչ հոգսեր էին նեղում նրան, ինչու էր այնքան հեզ ու խոնարհ: Վերհիշեց այն օրը, երբ փոստատար Բալախանումը եկավ ու կանչեց բակից. - Թորգոմից նամակ ունեք, ականջաբռնուկս բերեք: Մայրը կանչել է. - Վրույր, էն չալպտուրիկ աքլորը բռնիր, տանք այս տոտային, որ հորիցդ շուտ-շուտ նամակ բերի: Ահա այդ ծրարում դրված էր հինգ հոգով լուսանկարը: Փոստատարը ցանկանում էր այդպիսի նամակներ հաճախակի բերել Աստղիկին, ուրախացնել նրան, դրա համար էլ փոստը դասավորելիս «աչքերը չորս արած» նրա հասցեն էր փնտրում, անունը որոնում: Այդպես օրեր անցան, շաբաթներ, ամիսներ, բայց փոստատարը Աստղիկին ուրախացնել չկարողացավ: Ինչո՞վ ուրախացներ, Թորգոմը նամակ չէր գրում: Ուրբաթ օր էր, նամակները դասավորելիս փոստատարի ձեռքն ընկավ մի ծրար, որը հասցեագրված էր «Աստղիկ Արշակյանին, անձամբ»: Իսկ ինչո՞ւ է հիշեցրել` «անձամբ», մի՞թե Թորգոմն այն կարծիքին է, թե Բալախանումը տեղ չի հասցնի կնոջն ուղարկած նամակը, այն կհանձնի ուրիշի: Բայց իսկապե՞ս այդ «անձամբը» ինքը Թորգոմն է գրել։ Փոստատարի սիրտը կասկած ընկավ. «Սա Թորգոմի ձեռքով չի գրված, այս նամակը ես չեմ հանձնի Աստղիկին, կուղարկեմ ուրիշի միջոցով»: նամակը Աստղիկին հասավ այն պահին, երբ տղայի հետ միասին հանդ էր ճանապարհվում: Վերցնելով ծրարը, Աստղիկը դժգոհեց, «Ինչո՞ւ Բալախանումը ինքը չի բերել, կարծել է ժլատություն կանեմ, ականջաբռնո՞ւկը չեմ տա: Առանց ուշադրություն դարձնելու հասցեին, Աստղիկը բացեց ծրարը, աչքերը սահեցրեց նամակի տողերի վրայով ու ճչաց. - Վրույր, տղաս, դու էլ հայր չունես... Վրույրը մտքերից սթափվեց այն պահին, երբ Պյոտր Տիմոֆեևիչը խոսք էր բացել Թորգոմի վերջին սխրագործությունների մասին: ... Արդեն երրորդ օրն էր, ինչ բարձունքը գրավելուց հետո, մայոր Նիկիտինի հետևակայիները ահեղ մարտեր էին մղում հակառակորդի գերազանցող ուժերի դեմ։ Ֆաշիստները կրակի տակ էին առել առաջին գիծը: Թորգոմ Արշակյանը, որ երկու օր առաջ էր փոխարինել դասակի հրամանատարին, ձախ թևում ընկնելով ծանր դրության մեջ, ռացիայով կապվեց շտաբի հետ ու զեկուցեց. «Շարժվելու էլ տեղ չկա ոչ առաջ, ոչ հետ, վաղվա համար «ճաշ» չունենք...»: Կոմիսար Ալեքսանդր Կոլոտիգինը շատ անհանգստացավ Թորգոմի համար. «Քանի անգամ մարտական առաջադրանքներ է կատարել, արժանացել պարգևների, շնորհակալության, իսկ այս անգամ... Ափսոս Թորգոմ, Ֆաշիստները կգերեն նրան, կասեն` «կոմունիստը հանձնվել է», այն քաջ մարտիկը, որին ինքս եմ կուսակցության շարքերը երաշխավորել»: Թորգոմը հասկանում էր, որ շտաբը շուտափույթ օգնության հնարավորություն չունի, և ինքը ելք փնտրեց վիճակից դուրս գալու համար: Գիշերվա կեսին, մթության մեջ նա մարտիկներին քողարկեց պլաշչ-թիկնոցներով և հրամայեց հետևել իրեն. «Եթե պիտի ընկնենք, ուրեմն ընկնենք քաջի մահով»: Ամբողջ չորս ժամ փորսող շարժվելով առաջ, նրանք շրջանցեցին հակառակորդին և լուսաբացից առաջ դուրս եկան նրա թիկունքը: Թորգոմը հաշվեց ունեցած հանդերձանքը, փամփուշտի, նռնակների պաշարը, մարտական պատրաստության մեջ ունեցած երկու գնդացիրը և հրամայեց գրոհել դարանած վաշտի դիրքերը: Երբ մթության մեջ պայթյունների տակ ֆաշիստները խուճաբահար դուրս նետվեցին խրամատներից, այդ պահին թևերից գործեցին գնդացիրները: Ֆաշիստական վաշտը գլխովին ջախջախվեց: Ովքեր կենդանի էին մնացել, գերի հանձնվեցին: - Հետո՞, հետո՞,- հարցրեց Ամալյան: - Հետո ծնունդ առավ այս լուսանկարը: Գիշերամարտում աչքի ընկած տղաները արժանացան պարգևների: - Բայց չէ՞ որ պատերազմը չավարտվեց: - Չավարտվեց և ճանապարհները մեզ տարան տարբեր ուղղություններով: - Պյոտր Տիմոֆեևիչ, ես առաջարկում եմ ձեր կենացը,- խոսեց Վրույրը: - Ի՞մ կենացը: Ավելի լավ կլինի հերթով: Վրույրը չհասկացավ: Չհասկացավ և մայրը՝ Աստղիկը: Գուցե Ամալյան հասկանար, բայց նա այնպես էր տարվել խոհերով, որ նույնիսկ չգիտեր իր տեղը: - Վրույրը ճիշտ է առաջարկում, Պյոտր Տիմոֆեևիչ, Դուք մեր թանկագին հյուրն եք, մեր տան ավագը: - Թույլ տվեք, Պյոտր Տիմոֆեևիչ, մտքերից սթափվելով խնդրեց Ամալյան: Հյուրը թախծոտ նայեց Աստղիկին, ապա Վրույրին ու Ամալյային: Նա հուզված էր, աչքերը լճացած և մի կերպ հավաքեց մտքերը. - Դուք չգիտե՞ք, որ այսօր Թորգոմի ծննդյան օրն է... Աստղիկը թաշկինակը հպեց աչքերին: Ամալյան փղձկաց և ընկավ աթոռին: Վրույրը սեղմեց շրթունքները: Պյոտր Տիմոֆեևիչը շարունակեց. - Ես եկել եմ ձեզ հետ միասին նշելու նրա ծննդյան տարեդարձը: Բայց սպասեք, իմ ասելիքը ես չեմ ավարտել: Նա վերկացավ տեղից, բացեց ձեռքի ճամպրուկը և նրա միջից հանելով Թորգոմի զինվորական փոքրիկ կիսանդրին, դրեց սեղանին: - Պյոտր Տիմոֆեևիչ, ռուս մարդ, այս ինչեր եք անում, մենք ինչպե՞ս պետք է հատուցենք այս ամենի դիմաց,- թևերը տարածած խոսեց Ամալյան: - Ուրիշ կերպ վարվել չէի կարող, այսօր նա վաթսուն տարեկան է: Նա ընկավ, որ ապրի մեր տերությունը, մեր բարեկամությունը: Դադարը երկար տևեց: Ոչ ձայն, ոչ շշուկ: Խոսում էր միայն լռությունը: == ՆԵՐԻՐ, ԽԻՂՃ ԻՄ == Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչպես են իրար հետ վիճում խիղճն ու... բանականությունը: Այո, բանականությունը: Զարմանու՞մ եք։ Երևի ձեզ հետ այդպիսի դեպք չի պատահել: Դա շատ լավ է՝ կամ ջահել եք, քիչ դառնություններ եք տեսել կյանքում, կամ, պարզապես, հանգիստ եք բնավորությամբ և ամեն ինչ տարել եք խաղաղ ու չեք բախվել վիշտ ու ցավ պատճառող դեպքերի հետ: Իսկ ես... Հինգ տասնամյակից ավելի փոթորկված է հոգիս: Վեճ է բանականության ու խղճիս միջև: Ոչ բանականությունն է հաղթում, ոչ խիղճս է տեղի տալիս: Խիղճս ասում է. «Գրիր նրանց մասին, ի՞նչ անենք, թե քո հարազատներն են, չէ՞ որ հայրենիքի համար են զոհաբերել իրենց կյանքը: Իսկ բանականությունն զգուշացնում է. «Հարմար չէ, ի՞նչ կասեն ընթերցողները` հարազատը գրում է հարազատների մասին»: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, շարունակ լսել եմ բանականությանն ու լռել: Բայց խիղճս չի ներել, շարունակ կշտամբել է, մեղադրել. «Գրիր,- ասում է,- մարդիկ շնորհակալ կլինեն քեզանից, կճանաչեն իրենց փրկարարներին: Ոչ ոք չպետք է մոռացվի»: Ես ձեզ լեգենդ չեմ պատմում, մարդիկ: Նա հինգ կորյուն է երկնել լեռնային այն փոքրիկ գյուղում, որի անունն է Կոճողոտ: Մի գյուղ, որ կպած է ուղիղ անտառին: Քնած պահին անգամ մարդիկ լսում են անտառի ամեն անցն ու դարձը, աղբյուրների կարկաչը, առուների խոխոջը։ Իսկ եթե հանկարծ մի ծառ է ընկնում անտառում, ապշած արթնանում են. «Այս ո՞ր նահապետը մեռավ գյուղում»: Այդ գյուղում են մեծացել Մինա մայրիկի հինգ կորյունները: Հայրը հայրություն չի արել։ Երբ ծնվել է ամենից կրտսերը՝ Ներսեսը, նա արդեն չկար: Մինա մայրիկն է փայփայել ու մեծացրել նրանց: Եվ կորյունները հասակ են առել գյուղին հարևան կաղնիների ու քերծերի պես: Կներեք ինձ, մարդիկ, հերթով չեմ պատմի ես նրանց մասին, կսկսեմ ամենից կրտսերից: Ասեմ ինչու: Մենք միասին ենք մեծացել, միասին ենք քայլել, խաղացել, միասին «ջաղաց» շինել առվակների վրա, միասին սովորել և քայլել այն ճանապարհով, որ անցել է բոցերի ու կրակների միջով: Ու այսպես՝ ամենից կրտսերը: Բոլորն էին սիրում նրան։ Խելոք էր, սրամիտ: Ինչպես ուսուցիչ Սարուխան Խաչատրյանն էր ասում՝ «գրպանները լիքն էին կատակներով, հարց ու պատասխաններով»: Միջնակարգն ավարտել, ուսուցիչ պիտի աշխատեր: Եկավ զինկոմիսարիատ, ուսուցիչ եղբորը` Գեդեոնին ճանապարհելու Կարմիր բանակի շարքերը: Որոշեց գնալ նրա հետ: Զինկոմ Մուրադյանը առարկեց. - Դու դեռ մեկուկես տարի ժամանակ ունես: - Ուզում եմ եղբորս հետ լինել: - Թող, ընկեր զինկոմ, միասին ավելի լավ կծառայենք,- խնդրեց ուսուցիչ եղբայրը։ Զինկոմը խորհեց մի փոքր և բարի վերադարձ մաղթեց: Երկու եղբայրները ծառայության մեկնեցին ռուսական թագավորի նստավայր Գատչինո քաղաքը: Զորամասում Ներսեսը շուտ աչքի ընկավ: Նա այնպես էր կատարում հրետանային հաշվարկումները, որ մարտկոցի հրամանատար Սկորոբոգատկոն ապշում էր: Մի օր պարապմունքին անձամբ մասնակցեց մայոր Գերասիմովը: - Դո՞ւ ես կուրսանտ Ներսես Դանիելյանը: - Ճիշտ այդպես, ընկեր մայոր: - Լսել եմ քո մասին: Կարո՞ղ ես ապացուցել, որ քեզնից լավ սպա կստացվի: - Կփորձեմ: Մայորը սպայական պլանշետից հանեց հրետանային խնդրագիրքը և ամբողջ մի ժամ ստուգեց նրա գիտելիքները: - Ուրեմն այդպես, ղարաբաղցի բարեկամս, առայժմ կմնաս ինձ մոտ, ով գիտի, գուցե և շտաբի պետ դառնաս: ...Ժամանակը սահեց: Բոլորս հերթով բաժանվեցինք, իսկ Ներսեսը մնաց այնտեղ: Մնաց կարծես նրա համար, որ այնտեղ դիմավորի ֆաշիստ զավթիչներին, պաշտպանի Լենինգրադը, հինավուրց Նովգորոդը, գեղեցիկ Պետերգոֆը, Տիխվինը, Լուգան... Ահա և առաջին նամակը. «Ահեղ են մարտերը, սիրելի եղբայր: Իմ ընկերներից շատերը չկան արդեն, ընկան քաջի մահով: Կռվում եմ, իմ զենքն այժմ էլ բարձրագույն մաթեմատիկան է, բայց կպաշտպանի այն ինձ երկնքից թափվող ռումբերից, հեռահար հրետանուց: Սրիկաները շատ են ուժեղ: ...Միևնույն է, հավատում եմ, որ հաղթանակը մերը կլինի, իսկ թե ու՞մ բախտ կվիճակվի տեսնել այն, այդ մեկը չեմ կարող ասել»: Հիտլերյան ֆաշիստները, որ հանկարծակի հարձակման հետևանքով դուրս էին եկել Պետերբուրգի մատույցները, որոշել էին ինչ գնով էլ լինի, նվաճել քաղաքը, ամրանալ Նևայի ափերին և հյուսիսից օգնել Մոսկվայի ուղղությամբ կռվող իրենց զորքերին` նվաճելու երկրի մայրաքաղաքը: Սովետական մարտիկները կռահել էին ֆաշիստական հրամանատարության պլանը: - Կմեռնենք, բայց չենք տա մայրաքաղաքը: Նրանք մեռնում, բայց չէին նահանջում: ...Գնդի փոստատար Նադուդենկոն մի եռանկյունի նամակ բերեց ինձ: Զինվորականների մոտ կարգ էր` նամակ ստացողին ստիպում էին պարել: Բայց այս անգամ բաքվեցի ընկերս ապարատավար Ալեքսանդր Երիցկինը, առարկեց. - Պետք չէ, ընկերներ, բացենք հետո: Բացեցինք: Դա այն նամակներից չէր, որի համար պարում են: Միայն հասցեն էր Ներսեսինը, տակը ուրիշի ստորագրությունն էր: «...Կներեք, թանկագին ընկեր, որ ձեզ պետք է վշտացնեմ: Ինչ արած, միայն դուք չեք այսօր վշտացողները... Մարտը չափազանց ծանր էր, թշնամու տանկերը գրոհեցին մեր դիրքերը, մենք շատ զոհեր տվինք, որոնց թվում և քո եղբորը: Քո վիշտը մենք թեթևացնում ենք: Թշնամուց վրեժն առնված է: Ձեր անծանոթ բարեկամ` Ալյոշա»: Եվ մոռացել է թվագրել նամակը։ Հետո, այն ժամանակ, երբ վերացված էր Լենինգրադի պաշարումը, Մինա մայրիկը՝ ստացել է առաջին ծանուցագիրը. «Ձեր որդին...»: Ստացել ու առաջին անգամ խփել է ծնկանը, առաջին անգամ Ներսեսի համար` ամենից կրտսերի: ..Այնպես լողալ գիտեր: Բայց ծովում չի սովորել։ Կոճողոտը հեռու է ծովից: Գետ կա նրա մոտ՝ Թարթառը: Լողում էր նրա մեջ hnսանքն ի վեր, հոսանքն ի վար, հետո պառկում ավազի վրա, մեջքը տալիս արևին։ Վեր էր կենում, ձգվում ծառի ճյուղից, մի քանի ոստյուն կատարում ու նորից նետում իրեն հորձանուտը: Հորձանուտի մեջ, ծովային նավատորմում էլ նա անցկացրեց իր երեք տարվա ծառայությունը: Շուտով տուն պիտի դառնար: Հազար ու մի պլան ուներ: Խափանվեց ամեն ինչ: ...Հրաման եղավ Օչակով ամրոցից դուրս գալ բաց ծով: Թշնամին օդից ու ծովից գրոհում էր Օդեսան: Այստեղ էլ տրվեց առաջին ծովամարտը։ Այստեղ էլ նավաստի Լևոն Դանիելյանն առաջին անգամ արժանացավ հրամանատարության շնորհակալությանը: Երկար կարող էր դիմադրել Օդեսան։ Նրա պաշտպանները արժանի հակահարված էին տալիս թշնամուն: Բայց շուտով նահանջի հրաման արձակվեց: Սևծովյան նավատորմի ռազմիկներն իրենց ուժերը կենտրոնացրին Ղրիմի ափերին: Սևաստոպոլն էր կանչում, ռուսական փառքի ամրոցը։ Սովետական մարտիկները երդվեցին կռվել Նախիմովի, Կոշկայի, Դաշա Սևաստոպոլսկայայի օրինակով: - Ահա գալիս է ֆաշիստական նավը: Ինչպիսի խենթությամբ է ճեղքում ծովի ալիքները,- զեկուցեց նավաստի Լևոնը կապիտանին: - Արդեն ժամանակն է, պետք է կրակել: - Ոչ, ընկեր կապիտան, թող ավելի մոտենա, եթե հիմա կրակեմ, կհասցնի փոխել ուղղությունը: Ես ուզում եմ նրան ծովի հատակն ուղարկել: Եվ ուղարկեց: Մոտենալուց, Լևոնի հրետանային հաշվարկը ծանր արկերը ուղիղ իջեցրեց ֆաշիստական նավի վրա: Ծովը ճեղքվեց, և նավը սուզվելով գնաց հատակ: Հրամանատարի համբույրը թրջեց Լևոնի ճակատը: Նա հանեց ծոցատետրը և նշումներ կատարեց. «...Երկրորդ անգամ աչքի ընկավ նավաստի Լևոն Դանիելյանը»: Հետո մարտական ճանապարհը Սևաստոպոլի պաշտպաններից շատերին տարավ Նովոռոսիյսկ, այնուհետև Վոլգոգրադ, Կրոնշտադտ, Դանցիգ, Գդին... 1945-ի հունիսի 6-ին տողերիս հեղինակը նավաստի Լևոնին հանդիպեց Լեպայա նավահանգստից ոչ հեռու մի փոքրիկ անտառում: Ինչպիսի՜ գրկախառնություն: Ձեզ կյանքում նավաստի գրկած ու համբուրած կա՞: Ափսո՜ս, ինչպիսի հաճույք կզգայիք: Տառաջած երկինք: Նրա պարգևների փայլի մեջ ես տեսնում էի Ութ տարվա կարոտ կար այդ համբույրի մեջ: Իսկ կուրծքը ինչպես նավաստու անցած ամբողջ ճանապարհը: Հետո այդ ճանապարհը նավաստուն բերեց ծննդավայր, Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղը: Մինա մայրիկը պատրաստ էր նրանից առնելու բոլոր հինգ տղաների կարոտը, գուցե և նրան ընդունել բոլոր հինգի փոխարեն: Բայց Լևոնն անհանգիստ էր: Նա չէր վերադարձել խաղաղ ապրելու համար: Կարծես եկել էր համագյուղացիներին ցույց տալու, թե ինչպես են նրանց որդիները կռվել ճակատում, գոտեմարտի բռնվել մահվան դեմ: Ու ահա եկավ պահը: Թարթառը լցվել, դուրս էր եկել ափերից: Լուր հասավ, որ գետը «պոկած տանում է» ծխախոտի պլանտացիաները, սպառնում թոխմաչարի այգիներին: Ամբողջ գյուղը իջավ գետափ: Սակայն ոչ ոք չհամարձակվեց մտնել ջուրը: Նավաստին առաջ անցավ, հանեց զգեստները և իրեն նետեց հորձանուտը: Նա ցրեց առաջին անտառակույտը և մագլցելով հասավ երկրորդին: Շուռ տալով հսկա գերանները, խարխլեց նաև երկրորդ կույտը։ Գետը վերադարձավ հունը ու երերացող կույտը պոկելով տեղից, առավ ալիքների մեջ։ Դա արդեն հաղթանակ էր: Մարդիկ ծափահարեցին, ճոճեցին գլխարկները: Բայց Լևոնը մարտը չէր ավարտել: Հարկավոր էր քանդել նաև երրորդ կույտը, գետը լրիվ վերադարձնել հունը և փրկել հանրային ցանքերը: Վերջին կույտի վրա սկսվեց վերջին մարտը։ Մարդիկ այստեղ տեսնում էին ոչ թե բրիգադավար Լևոնին, այլ այն հերոս նավաստուն, որ այնպես քաջաբար կռվել է Սևաստոպոլի, Նովոռոսիյսկի համար: Ինչպե՜ս էր կռվում: Պղտոր ջրի մեջ սուզված մարմինը քրտինքով էր պատել: Ամբոխը քարացել էր գետափին: Վերջապես: Հսկա կույտը տեղահան եղավ և ճոճվելով շարժվեց առաջ: Նավաստին գլխիվայր նետեց իրեն ծառս լինող ալիքների մեջ։ Նրան դավաճանեց ալիքների միջով սողացող հսկա կոճղը: Դա նավաստու վերջին գրոհն էր: * Այսօր էլ պահպանվում է նրա դիրեկտորության տարիների ոչ մեծ արխիվը` հրամաններ, ուսումնական պլաններ, տպագրված և անտիպ հոդվածներ, շախմատային վերլուծություններ... Ուրիշ հիշատակ, ժառանգություն չի թողել: Եթե իմանար ինչպիսի ճակատագիր է սպասում իրեն, ժամանակին կամուսնանար, ընտանիք կկազմեր, մանավանդ, ինչպես հետո է պարզվել, շատ աղջիկներ են աչք ունեցել նրա վրա։ Ինքն էլ է ունեցել, բայց մեկի վրա և ոչ թե շատերի: Կոճողոտ գյուղից առաջինը ինքն էր կոչված ուսուցիչ լինելու: Այնպիսի ուսուցիչ, ինչպես ինքն էր պատկերացնում: Շուշիի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց, որոշեցին անմիջապես միջնակարգ դպրոց ուղարկել: Ճանապարհը նրան տարել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղը: Երբ դպրոցում հարցրել են, թե ինչ առարկա պետք է դասավանդի, պատասխանել է. - Ինչ կհանձնարարվի: Դիրեկտորը նայել է ատեստատի գնահատականներին և չի զարմացել: Այնուամենայնիվ, որոշել է հաճախակի դասեր լսել նրա մոտ: Լսել, սակայն բարձրաձայն չի հայտնել կարծիքը: Նրան ապշեցրել են երիտասարդ ուսուցչի կարողություններն ու հմտությունները: «Վերջապես սա գրականությա՞ն ուսուցիչ է, թե՞ ֆիզմաթի»: Այդ զարմանքը աստիճանաբար վերածվել է համոզմունքի: Տարեվերջին առաջարկություն եղավ Գեդեոն Դանիելյանին նույնպես մտցնել քննական հանձնաժողովի կազմը: Ճիշտ է, դա ինչ-որ մտահոգություն առաջացրեց որոշ ուսուցիչների մոտ, դիրեկտորը նույնպես վաղ համարեց նման վստահությունը, այնուամենայնիվ, առաջարկությունն անցավ: Եվ կարծես հիմք կար երկյուղի համար: Գրավորների ստուգման ժամանակ երիտասարդ ուսուցիչը «հանդուգն կերպով» վեճի բռնվեց փորձառու ուսուցիչներից մեկի հետ. - Գրավորները գրքային են, տրաֆարետ, պակասում է ստեղծագործական մոտեցումը, սեփական խոսքը: Վեճին խառնվել է դիրեկտորը: - Գիտե՞ս ինչ, երիտասարդ, քեզ նրա համար չենք գովել, որ այդքան շուտ մեծամտես: - Դուք ինձ ճիշտ չհասկացաք. ընդունակ երեխաներ են, հմուտ, նրանց միտքը հարկավոր է շարժել: - Ուզում ես ուսմասվա՞ր լինել, գուցե և դիրեկտո՞ր,- իմացիր՝ ընդամենը տեխնիկում ես ավարտել և ունես մեկ տարվա փորձ: Համեստ եղիր: - Որպես բնավորության գիծ, ես ընդունում եմ համեստությունը, բայց գիտելիքների բնագավառում համեստությունը խիստ դատապարտում եմ: ...Շրջժողկրթբաժվարը, որ տարիքով ու փորձով հարուստ մարդ էր, ուշադիր լսեց երիտասարդ ուսուցիչ Դանիելյանին և ասաg. գնա քո հայրենի գյուղի դպրոցը՝ դիրեկտոր։ Միայն մի խորհուրդ՝ շարունակիր սովորել, քեզնից իսկական մանկավարժ է սպասվում: Երկար չաշխատեց հայրենի գյուղի դպրոցում, բայց այդ կարճ ժամանակամիջոցում էլ, ինչպես ասում են, շատ «ցանկապատներ» փշրեց: Դպրոցում առաջին հերթին ուսում պետք է լինի, այն լուսավորության օջախ է: Կիսամյակը եզրափակելուց, հավաքեց ուսուցիչներին և, «կրակ թափեց» մի քանիսի գլխին: Այդ ինչպե՞ս, գրադարանում գիրք կա և ուսուցիչը չի՞ կարդացել, աններելի է: Մաթեմատիկայի ուսուցչի հետ առանձին խոսեց. այդ առարկան, կոնկրետ լինելով հանդերձ, ունի ստեղծագործական բազմաթիվ կողմեր, իսկ քո աշակերտները խնդիրները, վարժությունները լուծում են միայն մի եղանակով: Դուք գիտե՞ք. ուսուցիչը հեղինակություն է, օրինակ, ուշադրություն, մտքի զինվոր... Մագլցել է հարկավոր, շարունակ մագլցել: Պատերազմը պայթելուց շատ տառապեց. «գործերս կիսատ մնացին»: Մեծ միջանցքում ժողով հրավիրեց: Մասնակցում էին բոլորը` ուսուցիչները, բարձր դասարանցիները, ծնողները: Խոսքը ուղղեց գործընկերներին` նվաճածից ոչ մի նահանջ: Ապա դարձավ սաներին` ձեզ չխաբեք, լավ սովորեք, ընկերացեք գրքի հետ, գիրքը լուսավորում է մարդու հոգին, միտքը, ճանապարհը: Դռան մոտ նրան գրկեց Մարտիրոս քեռին: - Ու՞ր ես գնում, ընկեր, ախր... - Ժամանակն է պահանջում, քեռի Մարտին: Ու գնաց: Նրա մարտական ուղին երկար չի եղել, չի անցել հայրենիքի սահմանները, բախտ չի վիճակվել ողջունելու հաղթանակը: Մարտնչել է Դոնբասում, Սև ծովի ափերին։ «Չզիջել», «Ոչ մի նահանջ». այդպիսին են եղել հրամանները։ Պահեր են եղել, որ միացել է հեծելազորայիններին, դարձել հեծյալ։ «Այդպես է, սիրելի բարեկամ, կռվում եմ հարավի եռանկյունում: Ամեն ինչ հավասարեցվում է հողին: Ինչպիսի՜ ուժ կա այդ հողի մեջ, դիմանում է կրակին, երկաթին: Այրվում է հողը, ու ես շարունակ մեր Կաղնուտն եմ հիշում, մեր Քամհար խութը, մեր Կրկռ աղբյուրը... Վաղը մեծ գրոհ է սպասվում։ Եթե հաջող ավարտվեց, կգրեմ: Բայց ինչ իմանամ, ամեն մի մարտ իր զոհերն ունի»: «Հարավի եռանկյունի»: Հասկացա, որ Ղրիմից է գրում: Այնտեղ էլ ավարտվել է նրա մարտական ուղին։ ...Մի օր, երբ եղա Առաջաձոր գյուղում, հետաքրքիր քիչ բաներ չպատմեցին նրա մասին։ Անգամ ցույց տվին այն տունը, որտեղ ապրել է Մինա մայրիկի հետ միասին։ Իսկ հետո, երբ պետք է ճանապարհվեի, մեկը բավականին ուղեկցելով ինձ և զգույշ դիտելով շուրջը, ասաց. - Գիտե՞ք, որ նա այստեղ հարսնացու է ունեցել: Հարսնացու, ապշեցի, գուցե ասեք անունը, ես կցանկանայի տեսնել, խոսել հետը: Նա լռեց: Դեմքը մռայլվեց: Հասկացա, ուշ է, սպիացած վերքերը չեն քրքրում: * Երկու դստրիկ ուներ դարբին Սուրենը, երբ ճակատ մեկնեց: Երկու դստրիկ Արևիկ և Ալենիկ: Գնաց, չիմանալով, որ երրորդ անգամ մայրացող Գյուլխասը շուտով զույգ տղա պետք է պարգևի իրեն: Ասում են՝ եզներ էր պայտում, երբ պատերազմի լուրը գյուղ հասավ: Մինչև մութն իջնելը աշխատեց քրտինքը դեմքին, բայց բոլոր եզները պայտել չհասցրեց: Դժգոհեց Խաչունց Անդրին, ասաց գոնե առավոտը մի կերպ արա: Լուսաբացին Անդրի քեռին եզները պայտել տվեց և ամուր սեղմեց վարպետ Սուրենի ձեռքը. -Դե, տեսնում ես էլի մեր վիճակը, ուշքդ դեպի գյուղը պահիր: Բոլորը հավատում էին նրան: Դե, որ ասել է Անդրի քեռին, ուրեմն օրենք է, վարպետ Սուրենը ժամանակին տուն կգա, հո չի՞ թողնելու եզները բոբիկ մնան: Բայց չէին հասկանում պատերազմի օրենքը, չգիտեին, որ մարդիկ այնտեղ արկ ու ականով են խոսում իրար հետ, տանկով են դուրս գալիս մեկը մյուսի դեմ: Գնաց Սուրենը և նամակ չուղարկեց: Կինը` Գյուլխասը, զույգ տղա բերեց, Ալյոշա և Գավրուշա դրին անունները, բայց աչքալուսանք չտվին հորը: Հասցե չկար: Հասցե որտեղի՞ց լիներ, շաբաթվա մեջ երկու-երեք անգամ տեղափոխություններ էին լինում` հարձակում, նահանջ, նոր զորամաս: Դարբին Սուրենը կորցնում է ընկերներին, հայտնվում բոլորովին նոր մարդկանց շրջապատում: Այդ նոր ընկերների հետ էլ մի օր նա ծանր մարտ էր մղում Հյուսիսային Կովկասում։ Թշնամին սեղմում էր երկու կողմից: Նահանջել չենք կարող, ընկերներ, խրամատից խրամատ հաղորդում էին հրամանատարի խոսքերը, պետք է ամրանալ ու Դիմադրելը դժվար էր: կռվել, մինչ կհասնի համալրումը: Զինվորները կատարում էին հրամանը: Բայց ահա մարտի ահեղ պահին հրամանատարի հաստոցային գնդացիրը դադարում է գործելուց: Կապիտանը փորձում է կարգի բերել այն, չի կարողանում։ Դառնությունից կրճտացնում է ատամները: Ոչինչ չի ստացվում, ուզում է գնդացիրը գլորել ձորը: Մոտենում է նրան Սուրեն անունով մի զինվոր: - Տվեք, ես փորձեմ, գուցե ստացվի՞: Ստացվեց, այն էլ ինչպե՞ս: Փամփուշտների ժապավենը մտցրին գնդացրի երախը և մինչև վերջ խժռեց այն: Հրամանատարը մտերմաբար ծեծեց Սուրենի մեջքը. «Բարձունքը որ վերցրինք, ես քեզ կասեմ իմ խոսքը»: Շարունակեցին գրոհը: Բարձունքը նվաճվեց, բայց հրամանատարին այդպես էլ չհաջողվեց կատարել խոստումը: Վազեց աջ, ձախ... Ջոկի հրամանատարը, հազիվ բարձրացնելով վիրավոր աջը, զեկուցեց. - Ընկեր կապիտան, մարտիկներիցս չորս հոգի ընկան...և այն դարբին տղան: - Լավ վարպետ էր, դիպուկ էլ կրակում էր, Մախաչկալայի հոսպիտալում Սուրենի մասին պատմում է նրա մարտական ընկերներից մեկը: Իսկ տանը սպասում էին: Այնքան սպասեցին, աչքները ջուր կտրեց: *** Գյուղում նրան «զվարճախոս Անդրանիկ» էին անվանում: Ջահելներին հավաքում էր շուրջը և սկսում կատակների շարանը: Ու՞մ է պետք մենակությունը, տխրությունը: Աշխատանքային ընկերների կազմած «գրաֆիկով» քեֆի էին գնում բոլորի տները, Անդրանիկին սեղանապետ կարգում, և մարդիկ չէին իմանում ինչպես է անցնում ժամանակը։ Իսկ աշխատանքում ինչպես կոմբայն՝ հարյուր խուրձը օրվա նորմա էր: Բայց ահա մի օր նայեց շուրջը և թողեց կատակները: Հինգ եղբայրներից միայն ինքն էր գյուղում: Հայրական օջախը կարծես խորթ աչքերով էր նայում նրան: Մի գիշեր, չքնած, երազ տեսավ: Եղբայրները այրվում էին կրակի մեջ, օգնության էին կանչում իրեն: Եկավ և Անդրանիկի բաժանման պահը։ Ի՞նչ կարող էր անել Մինա մայրիկը։ «Երևի հայրենիքի տեղը նեղ է, որ ավագ տղային էլ են ֆրոնտ կանչում»: Կես ճանապարհից Անդրանիկը նամակ գրեց մորը. «Հանգիստ մնա, մայրիկ, աննամուս չեն քո տղաները»: Հետո գրեց կնոջը՝ Աննային. «Չտխրես, սիրելիս, խնամիր, մեծացրու Շուրիկին ու Յուրիկին, կհաղթենք թշնամուն, կվերադառնամ, նորից միասին կլինենք»: Մի բացիկ էլ ուղարկեց արդեն դպրոց հաճախող Շուրիկին. «Մամայիդ խոսքին լավ լսիր, նրան չվշտացնես, դասերից չբացակայես: Լավ սովորիր»: Հայտնի չէ, թե որտեղից է սկսվել և որտեղ ավարտվել Անդրանիկի մարտական ուղին, բայց հայտնի է, որ նա քաջաբար կռվել է Ռոստովի մատույցներում, Դոնբասում, Լազովայա կայարանի հանգույցներում... ժամանակ չի եղել, որ կատարելապես տիրապետի զենքի որևէ տեսակի և նրանով էլ մինչև վերջ կռվի թշնամու դեմ, բայց ինչ զենք էլ վստահել են, կրակել է անվրեպ, ինչ առաջադրանք էլ տվել են, կատարել է ճիշտ ու ժամանակին: Կռվեց որպես զենիթային, որպես սակրավոր, հետո նռնակներ առած գրոհի ելավ տանկերի դեմ, շարունակ հիշելով, որ պաշտպանում է մայր հողը, իր գյուղի, իր օջախի պատիվը: ...Եվ ահա փոստատար Բալախանումը մի ծանուցագիր ևս հանձնեց Մինա մայրիկին. «Անդրանիկը քաջի մահով...» Շարեց որդիների «սև թղթերը» Մինա մայրիկը և արտասվալից աչքերով նայեց կապույտ երկնքին. - Որքան անգութ ու անարդար ես, երկնային աստված: Գոնե մեկը, երկուսը, ինչու՞` բոլորին: Դժվար էր խոսքեր գտնել Մինա մայրիկին մխիթարելու համար: Կսկիծով ու դառնությամբ լցվեցին հարազատների, համագյուղացիների սրտերը: Մաճկալ Անդրին եկավ, թե` վարպետ Սուրենը խաբեց ինձ, բոբիկ եզներով եմ վար անում... Ուսմասվար Աննան եկավ, թե՝ վաղը սկսում ենք նոր ուսումնականը, բայց դիրեկտորը դեռ չի հաստատել դասատախտակը... Հաղթանակով վերադարձած մի զինվոր եկավ, թե քեֆ ենք սարքել, բայց տխուր է անցնում, մեր սեղանապետին եմ ուզում... Զույգ ծամավոր մի աղջիկ եկավ, թե ինչքա՞ն կարող եմ սպասել, ու՞ր է «մատրոս» տղադ... Ժողկրթբաժնից հայտնեցին, թե` կրտսեր տղային վեց տարի առաջ են նշանակում տվել, ինչո՞ւ դասի չի ներկայանում: Մինա մայրիկը լռեց և դառնացած պատասխանեց. - Ես չեմ մեղավորը, գտեք հանցագործին ու բոլոր մայրերի անունից պատժեցեք նրան: Նա մեզ շատ վշտացրեց: Եվ սիրտը Մինա մայրիկի չդիմացավ... Հանցագործը բռնված է: Նրա անունը պատերազմ է: Պատերազմը խենթի ու խելառների գործ է: Այն արմատախիլ չի արված: Դեռ կան ցնորվածներ, որոնք հույսեր են կապում պատերազմի հետ: Նրանց սթափվել է հարկավոր, ծնվածները պիտի ապրեն, նրանք ապրելու համար են ծնվել: </div> mppetbflr0vqkwyot9b8aecbgjkmno5 Հեղինակ:Սյորեն Կիերկեգոր 100 152094 398194 397971 2026-11-17T15:21:14Z Samtost 14127 /* Թարգմանություններ */ 398194 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Սյորեն Կիերկեգոր |լրիվ անուն1 = |դասակարգում = Կիերկեգոր, Սյորեն |սկզբնատառ = Կ |պատկեր = Kierkegaard portrait.png |պատկերի_ամփոփում = |ծնվել է = 1813 |մահացել է = 1855 |նկարագրություն = Դանիացի փիլիսոփա, աստվածաբան և գրող։ Էքզիստենցիալիզմի հիմնադիրներից։ }} {{ՀԻ}} == Ստեղծագործություններ == * [[Երկու խրատական զրույցներ]] (1843) * [https://archive.168.am/articles/21517 Սյորեն Կիերկեգոր «Զրույցներ» (մաս 1)] "Ինը խրատական զրույցների" մաս չի՛ կազմում։ * [[Կամ-Կամ]] իսկզբանե՝ "Երկուսից մեկը" * [[Տանջանքների Ավետարան]] * [[Վախ և Դող]] == Թարգմանություններ == * [[Ամենադժբախտը]] (Կամ-Կամ ստեղծագործությունից) — թարգմանել է Տիգրան Մանուկյանը * [[Գայթակղեցնողի օրագիրը]] (Կամ-Կամ ստեղծագործությունից) — թարգմանել է Տիգրան Մանուկյանը * [[Վախ և Դող]] — թարգմանել է Տիգրան Մանուկյանը knuxx5funnmfl6wbq8gpj4o8vj520ne Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս 0 152206 398208 398191 2026-11-18T09:43:01Z Emptyfear 547 398208 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }} == ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Գնացքը կանգ առավ Աղստաֆա կայարանում: Հին հայոց պատմության մեջ այս վայրը կոչվում էր Աղստև (համանուն գետով), որ մեր երկրի աննշան գավառներից մեկն էր: Երբ դեռ շինված չէր Տփղիս—Երևան երկաթուղին, Երևանի, Տփղիսի և Բաքվի հաղորդակցության միակ միջոցը Աղստաֆան էր։ Ճամփորդները ցած իջան գնացքից: Մի քանի հոգով գնացինք վարձեցինք մի թուրք կառապանի ֆուրգոնը, հինգ օրից մինչև Երևան հասնելու պայմանով, վճարը հինգ ռուբլի: Հենց նույն օրը ճանապարհ ընկանք: Անցնում ենք Հին Հայաստանի գեղեցիկ և սիրելի վայրերով: Օդը մեղմ է և լավ. աջից ու ձախից փչում է մեղմ քամին. բարձրանում ենք անվերջ դեպի Արարատյան բարձրավանդակը: Ոչ մի միջադեպ չխանգարեց մեզ: Ամբողջ ժամանակը նստած կամ պառկած ենք ֆուրգոնում, բայց երիտասարդ ուսանողի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ կարգի անհարմարությունները: Կես դարուց ավելի է անցել այդ օրվանից, ուստի ոչինչ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ անցանք Դիլիջանով, ապա քերեցինք Սևանի գեղեցիկ ափերը, վերջապես հասանք Քանաքեռի բարձունքը, որտեղից բացվեց, առաջին անգամ՝ մեր աչքի առաջ, Երևանի համայնապատկերը: Այն ժամանակ Երևանը ներկայի տարածությունը չուներ: Կարելի է ասել, թե արդի Երևանը տասն անգամ մեծացել է նախկինից: Այնուամենայնիվ հին Երևանն էլ իբրև մի ամփոփ քաղաք, որոշ մեծություն էր ներկայացնում: Քանաքեռի բարձունքից իջանք արագությամբ դեպի քաղաքը, և մեր ֆուրգոնը կանգ առավ մի ընդարձակ քարվանսարայի բակում, որ գտնվում էր Էջմիածին տանող ճանապարհի մոտ: Ցած իջանք ֆուրգոնից։ Էջմիածին տանող կառքերը պիտի Ա․ Բնակարան. ի՞նչպես էին շինում հին հայերը իրենց տունը, միահա՞րկ թե երկհարկանի, սենյակների դիրքը, ներքին կարգավորությունը, պատուհաններ, լուսամուտ և երդիկ, լուսիջույց և այլն: Բ. Հագուստ. հայկական տարազի տեսակները, արական և կանացի շորեր, գլխարկ և կոշիկ: Գ. Ուտելիք. սեղան և ամանեղեն, կերակրի տեսակներ, հացի պատրաստություն, խմիչքներ, գինի և գարեջուր: Դ. Ընկերական կյանք. արհեստներ, խանութ և վաճառատուն, շուկա, առևտուր և դրամի տեսակներ, դպրոց, ուսուցիչներ և ուսում, գրելու արվեստը, չափ և կշիռ, տոներ և տոնախմբություն, բարևելու ձևեր, նամակագրություն, ամուսնական կապեր: Ե. Պետություն. թագավոր, նախարարներ, պաշտոնեություն, օրենք և դատաստան, դատական մարմիններ, պատժական օրինագիրքը, Դատաստանագիրք, իշխանավորների, ազնվականների, գյուղացիների փոխադարձ հարաբերությունները և իրավունքները: Զ. Զինվորական իշխանություն. զորք և բանակ, զենքի տեսակներ, ռազմագիտություն, պատերազմ վարելու ձևերը, զինվորական համազգեստ, պատվանշան, բերդ և ամրոց, պահակատուն, սահմանապահ զորք, զինվորական աստիճաններ: Է․ Կրոն. Հին հայոց հեթանոսական կրոնը, 7 բնիկ աստվածներ (Արամազդ, Անահիտ, Նանե, Աստղիկ, Միհր, Վահագն և Տյուր), 8-րդ օտար աստվածություն (Բարշամինա). մեհյան, քրմական աստիճաններ, զոհաբերություն: Վենետիկի միաբաններից Հ․ Վ․ Հացունին կազմել է մի քանի սքանչելի աշխատություններ, որոնք մենագրություններ են այս կամ այն հարցի վերաբերյալ. ինչպես՝ հին հայոց տարազը, երդումը հին հայոց մեջ, հայոց դրոշակը, կերակուրը և խնջույքները, մանկավարժությունը հին հայոց մեջ և այլն: Սիրական Տիգրանյանը նվիրվեց հայոց եկեղեցական օրենքի ուսումնասիրության գործին, բայց գրաբար չիմանալով, շատ էր դժվարանում: Հրատարակեց մի քանի գործեր, որոնցից մեծագույնն է իր մի ապակետիպ աշխատությունը, որ հրատարակեց մեր պետական համալսարանում 1920-ական թվականներին: Մնացյալ ծանոթներիս մասին շատ երկար կլինի խոսել: Գլուխս լիքն է հիշողություններով, որոնք թղթի վրա դնել շատ երկար կլիներ: Կտանեմ ինձ մոտ: Բայց այստեղ պետք է խոսեմ երկու չար անձնավորությունների մասին, որոնց հետ դժբախտություն ունեցա ծանոթանալու Էջմիածնում: Առաջինն է Սեթ Հարությունյան – նոր-նախիջևանցի, Կարապետ Կոստանյանի աշակերտներից, հայկաբան, ուսուցիչ գրաբարի՝ Ճեմարանում: Ասում էին, թե լավ գրաբար գիտեր, բայց իր գրաբարագիտությունը միայն հին վարժապետների ձևով էր: Նա ոչ լեզվաբան էր և ոչ էլ բանասեր: Նա գրաբար գիտեր իբրև գրաբարագետ: Աբեղյանը մի օր հայտնեց ինձ, թե իր աշակերտների գրած գրաբար շարադրությունները սրբագրելու համար տալիս էր Սեթին առանձին վճարով. որովհետև, ասում էր նա, ինքը գործնական վարժություն չունի գրաբար սրբագրելու, իսկ Սեթը վարժված էր: Այս վերջին կետը, թե Աբեղյանը մեսրոպյան գրաբարը լավ չէր ընդունում, դժբախտաբար հաստատվեց հետևյալ հետաքրքիր միջադեպով: Մեր համալսարանում վրացի երիտասարդ Իլյա Աբուլաձեն սովորեց ինձ մոտ հայոց լեզվի պատմություն: Ավարտելուց հետո գնաց Թիֆլիս և աշխարհաբար լեզվով մի նամակ գրեց ինձ. նամակը ցույց տվի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանին, հիացավ, թե ինչպես վրացին կարող է այսքան հայերեն իմանալ: Ես ասացի, թե նա գրաբար էլ գիտե: Խնդրեց, որ դիմեմ իրեն և մի հատ էլ գրաբար նամակ խնդրեմ, որ գրի: Ստացա մի բաց նամակ գրաբար լեզվով. կարդաց ռեկտորը և ավելի հիացավ. մեր ընկերներից շատերին ցույց տվեցի նույն նամակը, ամենքն էլ զարմացան և ուրախացան: Ցույց տվի նաև Աբեղյանին, որ նույնպես ուրախացավ. ես ասացի, թե մեջը 2 սխալ կա, և սխալները ցույց տվեցի, նա արդարացրեց դրանք: Սեթ Հարությունյանը գրական գործ չունի: Նա միայն աշխատակից եղավ Մանուկ Աբեղյանին Խորենացու հրատարակության գործում: Բայց Աբեղյանը ինձ հայտնեց 20-ական թվականներին Երևանում, թե Սեթը իրեն ոչ մի օգնություն չի մատուցել, այլ իր ծուլությամբ և անպարտաճանաչությամբ երկարաձգել էր գործի հրատարակությունը։ Այդ պատճառով էլ ես իմ Արմատական բառարանի 7-րդ հատորում (էջ 44) իրավունք եմ համարել Խորենացու հրատարակության առթիվ ասել. «Մ. Աբեղեան, անուանապէս նաև Ս. Յարութիւնեան»: Մի ուրիշ մանր զվարճալի կետ էլ: Մի անգամ մի նամակ էի գրել Երևան, դեղագործ Արշակ Հակոբյանի անունով, որի հետ շատ մտերիմ բարեկամ էի դարձել: Ծրարի վրա գրեցի ռուսերեն Эривань, Аршаку Акопяну, аптекарь, բայց չգիտեի, թե аптекарь — մեկնեին երեկոյան դեմ, քաղցած էի և պետք էր մի բան ուտել: Հրապարակում կանգնած մի հայի հարցրի, թե «Որտե՞ղ են հաց ծախում»:—«Հայի՞ հաց ես ուզում, թե՞ թուրքի»,— հարցրեց հայը։— «Հացի էլ հայը թուրքը կա՞,— հարցնում եմ ես:— Հացը հաց է»: Կարծելով, թե հայը ինձ ձեռք է առնում, երես եմ դարձնում նրանից: Բայց ոչ. հայը եկավ հետս, տարավ ինձ հացավաճառների մոտ և ցույց տվեց, թե սա հայի հաց է (լավաշ), սա թուրքի հաց է (սանգակ): Չգիտեմ՝ ո՛ր տեսակից գնեցի, ցամաք կերա փողոցում, ամաչելու ոչինչ չունեի, սպասեցի կառքերի մեկնելու ժամանակին: Երևանի և Էջմիածնի միջև այն ժամանակ շատ կանոնավոր հաղորդակցություն կար: Բացի ֆայտոններից, կային մի քանի տեսակ հասարակ կառքեր, շատ էժան գնով: Ամենից հասարակն էր օմնիբուս կոչված կառքը, որի մեջ նստում էին մեջք-մեջքի տված ութ կամ տասը հոգի: Ճանապարհը մինչև Էջմիածին տևում էր երկու ժամ, և վճարում էինք 25 կոպեկ: Անմոռանալի պայուսակս վերցրած նստեցի մի օմնիբուս, և վերջապես հասանք Էջմիածին: Ուշ գիշեր էր: Այն ժամանակ կառքերի կայանը վանքի Տրդատա դուռ կոչված հրապարակն էր։ Իջանք ուրեմն այդտեղ, անցանք Տրդատա դռնով, Սինոդի շենքի առաջով և վանքի Ավագ դռնով իջնելով, Վեհարանի առաջով մտանք Ղազարապատ կոչված շենքը։ Այստեղ էր Էջմիածնի ուխտավորներին հատկացված հյուրանոցը: Հյուրանոցի կառավարիչն էր Սիոն վարդապետը. դիմեցի նրան և գիշերելու տեղ խնդրեցի: — Ո՞վ եք դուք,— հարցրեց հյուրընկալ վարդապետը խստությամբ: — Ուսանող եմ, Եվրոպայից եմ գալիս,— պատասխանեցի ես: — Այստեղ ուսանողի տեղ չէ. այստեղ միայն ուխտավորներն են գալիս,— ասաց վարդապետը և ինձ մենակ թողնելով, հեռացավ գնաց: Պատի տակ նստեցի պայուսակիս վրա: Գրպանումս ունեի միայն 10 կոպեկ, որով հաջորդ օրը մորս նամակ էի ուղարկելու։ Վարժված էի, ոչ քնելու մասին էի մտածում և ոչ էլ ուտելու: Մի կտոր ցամաք հացը ինձ բավական էր 24 ժամ: Այդպես նստած անքուն սպասում էի երկար ժամանակ, որովհետև դուրս վռնդող չկար: Հանկարծ տեսնում եմ ինչ-որ եռուզեռ: Մարդիկ բարձրանում իջնում են սանդուղքներից, իրեր են տեղափոխում: Մեկ էլ իր սենյակից դուրս է գալիս Սիոն վարդապետը և աջ ու ձախ դիմելով հարցնում է. — Այստեղ մի ուսանող կար, ո՞ւր գնաց: Լսում եմ և ներկայանում եմ իրեն: — Դուք գերմաներեն գիտե՞ք,— հարցնում է վարդապետը։ — Գիտեմ,— պատասխանում եմ: — Եկեք ներս, այստեղ մի գերմանացի է եկել, խոսեցեք հետը: Մտնում եմ ներս: Հանկարծ տեսնում եմ պրոֆեսոր Ռոռբախին, իր կնոջ հետ: Ես Ստրասբուրգում եղած ժամանակս Հյուբշմանի միջոցով ծանոթացել էի Ռոռբախի հետ. նա Հայաստան պիտի գար, և երկուսս միասին պիտի մեկնեինք, բայց որովհետև ես բավական փող չունեի արագ գնացքով մեկնելու, չկարողացա ընկերանալ նրան: Իբրև վաղեմի ծանոթ, ձեռք տվի Ռոռբախին և սկսեցինք մտերմական խոսակցություն: Վարդապետը զարմացած դիտում էր մեզ: Անշուշտ նա զարմանում էր այն բանի վրա, որ քիչ առաջվա քոսոտ և արհամարհելի ուսանողը այսպիսի նշանավոր մարդու հետ բարեկամ է: Հրավիրեց նստել սեղան, որին մասնակցում էին Ռոռբախը, իր կինը, վարդապետը և ուրիշ ծանոթ անձինք: Միակ թարգմանը, ուստի և ուշադրության կենտրոնը, ես էի: Չեմ հիշում, բայց պետք էր, որ ընթրիքը բավական ճոխ եղած լիներ։ Ընթրիքից հետո հյուրերը ստացան իրենց համար սենյակ, իսկ ինձ էլ Սիոն վարդապետը ուղարկեց աջ կողմի սենյակներից մեկը, ուր նշանակվեց մի շատ կեղտոտ մահճակալ: Պառկեցի և քնեցի: Առավոտը արթնացա մի խայտառակ դրության մեջ: Լու, մլուկ, մլակ, մոծակ, ճանճ. այս հնգյակը խուռն բազմությամբ հարձակվել են վրաս. նրանցից մլակ կոչված միջատը նոր էի տեսնում դեռ, մյուսները հին ծանոթներ էին: Տոթը անտանելի էր: Վեր կացա և դիմեցի ընդհանուր սենյակը, ուր մի քանի հյուրեր էլ կային: Նրանց մեջ տեսա հպարտ դեմքով նստած ակնոցավոր մի երիտասարդ, խորհրդավոր ձայնով: Հարցրեց ինձ, թե ո՞վ եմ ես և ո՞ր տեղացի եմ. երբ պատասխանեցի, թե կոստանդնուպոլսեցի եմ, ասաց, թե ինքն էլ է կոստանդնուպոլսեցի: — Ո՞ր թաղից,— հարցրի ես: — Սուլու-խուլեցի: Կոստանդնուպոլսում Սուլու-խուլե թաղը հայտնի է իբրև ամենակեղտոտ և ամենագռեհիկ թաղը: Երբ մեկին պետք է լինում ծաղրել կամ արհամարհել, ասում են. «Սուլու-խուլեցի է՞ս»: Մինչև անգամ չգիտեի, թե սուլու-խուլեցի հայ էլ կլինի: Այդ թաղի բոլոր բնակիչները համարում էի միայն գնչու: Այդ սուլու-խուլեցին եկել էր Էջմիածին տերտեր դառնալու. անունն էր Արտաշես Գարագաշ: Կարասի միջից բարձրացող հնչյունի նման ձայն ուներ: 22 տարի հետո նորից տեսա այդ մարդուն Թեհրանում, ուր հայոց եկեղեցու տիրացու էր, բայց ոչ քահանա. նաև կրոնի ուսուցիչ էր հայոց դպրոցում և ինքնահավան դիրք ուներ: Իր որդին է Հայկ Գարագաշը, որ կարևոր ազգային դեմք էր Թեհրանում և հրատարակում էր «Բոբոխ» զավեշտաթերթը: Ընդհանուր սենյակում նստած միջոցիս սուլու-խուլեցին հանկարծ նկատեց շորիս վրա մի միջատ և ասաց. — Ոջիլ է: Սարսափեցի. ամեն ինչ տանելի էր, բացի ոջիլից. ես դեռ տեսած չէի ոջիլ և զարմանքով հարցրի. — Ա՞յս է ոջիլը. շորերիս մեջ լիքն է սրանից: Պառկած անկողինս ուրեմն լիքն էր ոջիլով և ինձ այդ օրին էր հասցրել: Ճար չկար։ Ի՞նչ պետք էր անել այս խայտառակ օթևանից դուրս գալու համար: Սիոն վարդապետը այլևս ինձանով չէր հետաքրքրվում և այդ ավելի լավ: Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ: Ուտեստի մասին կարիք չկար մտածելու, որովհետև Էջմիածնի հասարակաց ճաշարանը առավոտ, կեսօր և երեկո բաց էր բոլոր ուխտավորների համար, և ես էլ նրանց հետ ձրիաբար ստանում էի թեյ, ճաշ և ընթրիք: Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն։ Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց. — Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս։ — Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան: — Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես կկարդամ քու հոդվածներդ «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: — Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ: — Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ: Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ. «Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»: — Է՜հ,— պատասխանեց Կաթողիկոսը,— դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜: Շա՜տ լավ… Է՜, տաճկերեն գիտե՞ս: — Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ: — Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարեցավ, քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես: Ես իմ գոհունակությունը հայտնեցի: Կաթողիկոսը վճարեց առաջին ամսականս՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ: Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի № 1 սենյակը: Այդ միջոցին իմ դրությունը շատ խայտառակ էր: Շորերս հնացած, գլխարկս ծակ, կոշիկներս պատառոտուն, շապիկս ոջլոտ, ամաչում էի մարդկանց մոտ դուրս գալ։ Պատահեց ինձ ծանոթանալ մշեցի ազնիվ մի մարդու հետ, որի անունն էր Սմբատ Տարոնեցի: Մի եղբայր ևս ուներ, որի անունն էր Արամ: Երկուսն էլ հեղափոխական քարոզիչ էին, ամուսնացած էին և միասին տուն և ընտանիք ունեին: Սմբատը առաջարկեց ինձ օգնել ամեն կերպ. ես հայտնեցի իմ կեղտոտ վիճակը և խնդրեցի, որ տանի Երևան և նոր շորեր առնենք: Անմիջապես օմնիբուս նստեցինք, գնացինք Երևան և գնեցինք մի ձեռք շոր, մի գլխարկ և մի զույգ կոշիկ: Սպիտակեղեն ունեի: Վերադարձանք Վաղարշապատ և գնացինք գյուղի բաղանիսը: Լողանալուց հետո գլխից մինչև ոտք նորոգվելով և ամբողջ շորերս մինչև կոշիկներս Սմբատին տալով, եկա վանք, ուր նշանակված էր ինձ № 1 սենյակը: Այս սենյակը նախապես ընթերցատուն էր եղել և դրա համար էլ կար այնտեղ մի շատ լայն սեղան, որի շուրջը նստելով ընթերցողները կարդում էին օրվա լրագրերը: Ընթերցատունը փակվել էր, և որովհետև սեղանը փոխադրելու տեղ չկար, թողել էին այնտեղ։ Ինձ համար դա մի շնորհ եղավ: Սեղանը դրի պատուհանի առաջ, պայուսակիս բոլոր քարտերը դարսեցի նրա վրա, ունեցած գրքերս էլ նրանց կողքին և մատենադարանից վերցնելով բազմատեսակ բառարաններ, մինչև անգամ Կամուսի արաբերեն բառարանի 3 խոշոր հատորները, կազմեցի ինձ համար մի նոր աշխատանոց։ Ձեռք առի Կարինում կազմած իմ Արմատական բառարանը, որ ուներ շուրջ 300 էջ: Սկսեցի վերամշակել և ավելացնել այնտեղ ամեն ինչ, որ գտա հայ և եվրոպական գրականության մեջ, հայերեն բառերի ստուգաբանության մասին: Այդ միջոցին Տփղիսի Գյուտ քահանա Աղանյանը Կոստանդնուպոլիս էր գնացել և Տեր Հովհաննես քահանա Մկրյանից մեծ գումարով գնել էր արևմտահայ լրագրության խոշոր հավաքածուն: Հավաքածուն գտնվում էր Էջմիածնի մատենադարանում, չեմ կարող ասել անխնամ դրության մեջ, բայց կարող եմ ասել, թե ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով: Մատենադարանապետի թույլտվությամբ, այդ հարյուրավոր հատորները մաս առ մաս փոխադրելով իմ սենյակը, ամբողջը թերթում էի և կազմեցի բոլոր այդ հատորների մեջ գտնված հայ լեզվաբանական հոդվածների ցուցակը: Կարդացի այդ հոդվածները և ինչ որ կար հայ բառերի ստուգաբանության մասին, ճիշտ թե սխալ, դուրս գրեցի: Կազմել էի մի երկարավուն տետրակ, որի մեջ այբուբենական կարգով հավաքեցի այդ ստուգաբանությունները, հետագայում իմ ստուգաբանական բառարանի մեջ ներմուծելու համար: Իմ մեծագույն ցանկությունն էր եղել Վենետիկի կամ Վիեննայի միաբանության անդամ լինել: Դպրոցում մեսրոպյան հայերենի հետևորդ դառնալով, այլևս մտքից հանել էի Վենետիկը: Փարիզում և Ստրասբուրգում երկու խոշորագույն հայագետների մոտ աշխատելուց հետո, Վիեննան էլ հեռացավ մտքիցս, գոնե մասամբ և դեպքերի բերմամբ ընկա Էջմիածին: Վիեննայում այնուամենայնիվ միշտ եղել են մեծանուն վարդապետներ, ինչպես Թոռնյան, Այտընյան, Տաշյան և այլն, իսկ Էջմիածնում ոչ ոք չկար, որ փոքրիկ չափով գոնե հավասարեր նրանց: Զգում էի, թե ինչ տկար միջավայր եմ ընկել. ոչ ոքից ոչինչ չէի կարող սովորել: Այնուամենայնիվ շրջապատս այնքան լավ էր, որ ինձ ամենևին չէր խանգարում և թույլ էր տալիս իմ սեփական միջոցներով կարդալու և սովորելու: Նյութականի և տնտեսականի կողմից բոլորովին ապահով էի: Վանքը տալիս էր ինձ ձրիաբար նախաճաշիկ, ճաշ, ընթրիք, բնակարան և վառելիք: Այսքանը բավական էր ինձ, որովհետև ոչ մի ավելորդ պահանջ չունեի: Ամսական 25 ռուբլի ռոճիկն էլ բոլորովին բավարար էր: Ամառ լինելով, դեռ ուսումը չէր սկսվել: Տաքը թեև շատ ուժեղ, բայց ինձ համար անտանելի չէր: Ընդհակառակը, հաճույք էի զգում այդ տաք եղանակից: Մինչև սեպտեմբեր մնալով № 1 սենյակում, ամենևին մտքիցս չանցկացնելով ամառանոց գնալու բուրժուական գաղափարը, նվիրվեցի ստուգաբանական բառարանիս վերամշակման գործին: Շատ արագ թերթերը լցվում էին և հետզհետե ընդարձակվում էր գիրքս: Վերջապես եկավ սեպտեմբերը, ուսումնական տարվա սկիզբը: Նշանակված լինելով տաճկերենի ուսուցիչ, գնացի Ճեմարան և ներկայացա Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին։ — Բարև ձեզ, պարոն Կոստանյան,— ասացի՝ գլուխ տալով նրան: — Ինչո՞ւ եկաք այստեղ,— գոռաց նա երեսիս, մեջքը ինձ դարձրած և առանց տեղից շարժվելու.— Տաճկաստանում տեղ չկա՞ր: — Տաճկաստանում կոտորում են: — Դուք էլ նրանց հետ կոտորվեիք: — Վեհափառը ուղարկել է ինձ և հրամայել է տաճկերենի դասեր տալ: — Եթե Վեհափառը հրամայել է,— ասաց հեգնանքով, — գնացեք դաս տվեք: Դուրս եկա կիսաբաց դռնից և այնտեղ տեսա Մարտիրոս Հախնազարյանին, որ Ճեմարանում գլխավոր վերակացուն էր: Բարի մարդ էր նա՝ տարիքը առած, համեստ և պարկեշտ ագուլեցի: Լավ գիտեր իր բարբառը և որովհետև ես էլ ձեռնամուխ էի եղել բարբառների ուսման, բարեկամանալով նրա հետ, սկսեցի կազմել հետագայում Ագուլիսի բարբառի բառարանը, որ ի վերջո մտավ իմ Արմատական բառարանի մեջ և Ագուլիսի բարբառի քննության մեջ: Տարիներ հետո թուրք-հայկական ընդհարումների ժամանակ թուրքերը նահատակեցին այդ ազնիվ մարդուն, և ես ցավելով լսեցի նրա մահը Թավրիզում եղածս ժամանակ: Կարապետ Կոստանյանի այդ անհրապույր ընդունելությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ Մարտիրոս Հախնազարյանը և ասաց. — Դուք տաճկերեն դասերի համա՞ր եք եկել: — Այո: — Սպասեցեք մի քիչ, ես զանգը կտամ, աշակերտներին կհավաքեմ և դուք դասի կերթաք: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը հիմնելով Ճեմարանը և տեղ տալով բազմաթիվ տաճկահայ աշակերտների, կարևոր էր համարել ուսման ծրագրի մեջ մտցնել նաև տաճկերենի ուսումը, միմիայն տաճկահայ աշակերտների համար, որպեսզի հետագայում, երբ այդ աշակերտները ավարտեին Ճեմարանը և վերադառնային հայրենիք, տաճկերեն կարդալ-գրել չիմանալու պատճառով զոհ չգնային տաճիկ պաշտոնյաների քմահաճույքին: Գևորգ կաթողիկոսից հետո միշտ էլ շարունակվել էր տաճկերենի ուսումը Ճեմարանում. վերջին ուսուցիչը եղել էր Հովսեփ Ճանիկյանը (հեղինակ «Հնութիւնք Ակնայ» օգտաշատ գրքի), որ ծերության պատճառով հրաժարվելով, տաճկերենի ուսումը թողել էր ինձ: Ինձնից հետո կարծեմ այլևս ուսուցիչ չճարվեց, և այդ առարկան դուրս մնաց: Աշակերտները հավաքվեցին, ես նրանց 3 խմբի վերածեցի և որոշեցի օրերի և դասերի ժամերը: Այսպես սկսվեց իմ ուսուցչական խղճուկ դրությունը Ճեմարանում: * * * Էջմիածինը այն ժամանակ հայոց ազգային, քաղաքական, կրոնական, կրթական, դպրոցական մեծագույն կենտրոնն էր: Կաթողիկոսը իր Սինոդով և վանքի հարյուրավոր միաբաններով, եպիսկոպոսներով, վարդապետներով և քահանաներով, Էջմիածնի տպարանը` իր զանազան հրատարակություններով և «Արարատ» ամսագրի խմբագրությամբ, Ճեմարանը իր հարյուրավոր և հազարավոր ուսանողությամբ, շրջանավարտներով և ամեն կողմ ցրված ուսուցիչներով կազմում էին մի մեծ ամբողջություն: Սակայն Էջմիածինը այն ժամանակ մի շատ ցավալի կետ ուներ. այդ տաճկահայ գաղթականների հարցն էր: Երբ տաճիկ կառավարությունը իր տխմար քաղաքականությամբ սկսեց կոտորել հայերին, Հայաստանի արևելյան նահանգների խեղճ ժողովուրդը ուրիշ ելք չուներ, եթե ոչ փախչել Պարսկաստան և Կովկաս: Այս վերջինը ավելի հրապուրիչ էր, որովհետև ուներ ավելի բազմամարդ հայություն, լուսամիտ պետություն, հարուստ հայեր և մանավանդ որ կաթողիկոսն էլ (Խրիմյան Հայրիկը) վանեցի, այսինքն՝ տաճկահայ էր: Երբ փախստականների տասնյակ հազարավոր բազմությունը թափվեց Կովկաս և հատկապես Էջմիածնի գավառը, բնականաբար Կաթողիկոսը չէր կարող անտարբեր մնալ հանդեպ նրանց դժբախտ կացության: Էջմիածինը ամեն միջոց գործադրեց ըստ կարելվույն դեղ, ապրուստ և պաշտոն հայթայթելու համար այդ դժբախտներին: Տաճկահայերը իբրև ավելի նախաձեռնող, աշխատասեր, ընդունակ և մանավանդ չարքաշ ժողովուրդ, դիմագրավելով ամեն դժվարություն, իրենց համար աշխատեցին լավ դիրք ստեղծել: Սկսվեց տնտեսական պայքարը բնիկ տեղացիների և նորեկ գաղթականների միջև: Շատ ասպարեզներում այս վերջինները հաղթող հանդիսացան: Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև: Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ: Մինչև անգամ ամուսնական խնամություններ դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը, բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով: Բուն Էջմիածնի վանքն էլ ասպարեզ էր դարձել այդպիսի կռվի, որովհետև Կաթողիկոսն էլ շրջապատել էր իրեն իր վանեցի ազգականներով: Ավելորդ եմ համարում երկար խոսել այս դժբախտ հարցի շուրջը, որ տարիներ տևեց: Ես էլ այդ դժբախտների կարգն էի ընկած: Ոչ միայն հարգանք, սեր և գնահատություն, այլ նույնիսկ քաջալերություն կամ սովորական բարեկամական վերաբերմունք չկար իմ մասին Ճեմարանի ուսուցչական կազմի և վանքի միաբանության մեջ: Բոլորն էլ արհամարհում էին ինձ: Վերևում տեսանք Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանի պարսավելի վերաբերմունքը դեպի ինձ: Կարապետ Կոստանյանը համարվում էր Կովկասում ոչ միայն իբրև կատարյալ ազգասեր, եկեղեցասեր, այլև նույնիսկ ուսումնական և գերազանց հայագետ անձնավորություն: Իր հանդիսավոր, լուրջ վերաբերմունքը արտաքուստ, խոսակցության մեջ պահած ծանրաբարո դիրքը, իր հրապարակած մի քանի երկրորդական արժեք ունեցող տետրակները ստեղծել էին նրա մասին մեծ անունը: Իրականում նա խոժոռ, անհրապույր, դաժան մարդ էր, որի գիտական հմտությունն էլ մեծ հարցականի տակ էր: Իր ծաղրանունը դրել էին «Սուլթան Համիդ», և իրոք իր համիդական գազանաբարո վերաբերմունքը ցույց էր տալիս հանդեպ բոլոր աշակերտների և ուսուցչության, ո՜ւր մնաց թե ինձ: Ոչ մի մանկավարժական ժողովի, ոչ մի ուսուցչական խորհրդակցության, նույնիսկ ոչ մի աշակերտական հավաքույթի չէի հրավիրվում ես: Այդ բոլորը բացատրում էին իբր թե նրանով, որ ես տաճկահպատակ էի և ռուսական կառավարությունը չէր թույլատրում օտարահպատակներին որևէ ուսուցչական պաշտոն, բացի տաճկերենից և ֆրանսերենից: Մի խոսքով ես ապօրինի ուսուցիչ էի: Շատ տարիներ հետո (1952 թ. մայիս) լսեցի, որ մեր Ակադեմիայի ասպիրանտներից մեկը՝ պրպտելով արխիվները, գտել է, որ Կոստանյանը ցարական լրտես է եղել Էջմիածնի վրա: Անհավատալի՞ ճշմարտություն: Այժմ տեսնենք ուրիշ ուսուցիչների վերաբերմունքը դեպի ինձ: Առաջին անձը, որ մոտեցավ ինձ և հարգանքի խոսք ասաց, հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանն էր: Իր անունը ես լսել էի Կարինում, Սանասարյան վարժարանում, ուր կարդացել էի նաև իր մի խումբ մանկավարժական տետրակները: Առաջին անգամ, երբ բարձրացա Ճեմարանի սանդուղքների գլուխը, տեսա, որ ցածրից բարձրանում է նաև Սեդրակ Մանդինյանը: Ես մի կողմ քաշվեցի հարգանքով և տեղ տվի նրան: Մանդինյանը մոտեցավ ինձ և ձեռք երկարելով, ասաց այս անմոռանալի, փայփայիչ խոսքերը. – Ձեր անունը ձեզնից առաջ եկել էր Էջմիածին: Կարդացի «Արարատ» ամսագրում ձեր հոդվածը վրացերենի ձայնաբանության մասին հայերենից փոխառյալ բառերի մեջ: Այդ ինչքան լավ վրացերեն գիտեք դուք: Ես իբրև տփղիսեցի, լավ վրացերեն գիտեմ, բայց ձեր հիշած բառերից շատ շատերը անծանոթ էին ինձ: Ես պատասխանեցի, թե իմ վրացերենի գիտությունը շատ չափավոր է, և ես այդ բոլոր բառերը քաղել եմ Չուբինովի վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն բառարանից: Մենք բարեկամացանք իրար հետ, և նա հրավիրեց ինձ իր տունը, որ Ճեմարանի դիմացն էր։ Ես մի երեկո գնացի նրա մոտ և ծանոթացա նրա կնոջ և իր գեղեցիկ աղջկա հետ: Ծանոթացա նաև իր քենեկալ Ստեփանոս Կանայանի հետ, որ Ճեմարանում պատմության ուսուցիչ էր. գուցե ծանոթացա նաև ուրիշների հետ էլ, որոնց չեմ հիշում: Մանդինյանի գեղեցիկ աղջիկը հետո ամուսնացավ ակնաբույժ Հայկ Կանայանի հետ և Երևանում 1920-ական թվականներին չարաչար տանջանքներով մեռավ, որովհետև բժիշկները չէին կարողացել որոշել իր հիվանդությունը: Մանդինյանի փոքր տղան, որի անունը չեմ հիշում, տեսա Թավրիզում 1920 թվականին: Նշանավոր ինժեներ էր և «Լուսաչափ» անունով մի գործիք էր հնարել: Հայտնի է, որ կան ճիշտ գործիքներ տաքությունը չափելու (ջերմաչափ), խոնավությունը չափելու (խոնավաչափ), կաթի պարարտության քանակը չափելու (սերաչափ) և այլն, բայց լույս չափելու գործիք չկա: Ահա այդ գործիքն էր, որ հնարել էր ինժեներ Մանդինյանը: Մտնում ես մի սենյակ, բռնում ես ձեռքիդ այդ գործիքը, և նա ցույց է տալիս սենյակի լույսի և մութի քանակությունը: Գործիքը հնարել էր, բայց պատրաստել չէր կարող. եթե նկարը ուղարկեր եվրոպական որևէ գործարան, գաղտնիքը կգողանային և իրենց անունով կվաճառեին: Պարսկաստանում այդպիսի գործիք շինելու մասին ավելորդ էր մտածել: Ուստի, երբ ես պատրաստվեցի գալ Երևան 1923 թվականին, նա խնդրեց ինձ, որ ես խոսեմ ընկեր Լուկաշինի հետ հայտնեմ, թե Մանդինյանը պատրաստ է նվիրել այդ գործիքը Հայաստանի կառավարության: Ես իմ խոստումը կատարեցի, բայց նրա շարունակության մասին ոչինչ չգիտեմ և չեմ լսած որևէ լուսաչափ գործիքի մասին մի բան: և Երկրորդ ուսուցիչը, որի հետ բարեկամացա և հետագայում լավ մտերմացա, Ստեփանոս Կանայանն էր, Մանդինյանի քենեկալը և Ճեմարանի հայ և ընդհանուր պատմության ուսուցիչը: Չափազանց բարի, կատակախոս, զվարճասեր, միամիտ և ընկերական մարդ էր նա: Պատանի ժամանակ Հայ-Արմեն ծածկանունով ոտանավորներ էր գրել Զմյուռնիայի «Արևելյան մամուլ» ամսագրում: Բայց այնուհետև գրական գործունեություն չէր ցույց տված։ Շատ էր աշխատում, բայց իր աշխատանքը ամուլ մնաց: Կյանքի վերջին շրջանում հրատարակեց մի քանի ազգագրական և աշխարհագրական գործեր, որոնցից գլխավորն է «Ջոջանց տունը»։ Առհասարակ դժվար է կարդալ նրա գործերը, որովհետև շարունակ թափառում է նյութից նյութ և մեկի վրա կենտրոնանալ չգիտե: Ուրիշ ուսուցիչների մասին շատ բան չունեմ ասելու: Մանուկ Աբեղյանը, որի հետ ընկերացել էի Փարիզում, և որ հայագետի մեծ հռչակ էր վայելում Ճեմարանում, ոչ մի մտերմություն ցույց չտվեց ինձ Էջմիածնում: Համառ և ինքնահավան մարդ էր: Իրենից դուրս ոչ մեկին չէր ճանաչում: Սարսափելի ատեցող էր տաճկահայերին և մանավանդ Վենետիկի և Վիեննայի միաբաններին: Տաճկահայերից հավանում էր միայն երկու հոգու. Պարոնյանին, որովհետև ծաղրել էր պոլսեցիներին, և Գարեգին վարդապետ Սրվանձտյանին, որովհետև հայտնաբերել էր Սասունցի Դավթի վեպը: Ոչ մի տաճկահայ հեղինակի չէր սիրում, նույնիսկ Դուրյանին: Բոլորը խոնարհվում էին Աբեղյանի առաջ և համարում էին նրան անգերազանցելի հայագետ: Ինքը քարոզեց մտցնել արևելյան հայերենում անշունչի և շնչավորի տարբերությունը (նրա ոտքը, էնոր ոտքը), ածականի վերացումը, սեռականի ջնջումը և վերջապես ուղղագրության փոփոխությունը, որ 1912 թվականին հայտարարեց, ազգը մերժեց, իսկ 1920 թվականին ընդունվեց Խորհրդային իշխանության կողմից և սակայն 20 տարի հետո, 1940 թվականին նրա կեսից ավելին մերժվեց և այլն: Էջմիածնում եղած ժամանակս ոչ մի օր չհրավիրեց ինձ իր մոտ, այնպես որ չգիտեմ, թե ուր էր ապրում: Երբ Երևանում, Համալսարանում դասախոս եղա, բնականաբար ընկերական հարաբերություններ մշակում էինք, և ես միշտ չափազանց հարգանքով էի վերաբերվում դեպի նա, իսկ նա իմ այնքան բազմաթիվ աշխատանքների մասին ոչ մի գովասանական կամ քաջալերական խոսք չի ասել: Կողմնակի աղբյուրներից լսել եմ միայն, թե նա իմ մասին կառավարության հայտնել է հետևյալը. «Աճառյանի պես մարդ հարյուր տարվա մեջ մի անգամ չի ծնվի. չափազանց աշխատասեր, անշահախնդիր, փող չսիրող մարդ է. քամեցեք որքան կարող եք. պատրաստ է և կարող է կատարել ամեն ինչ, որ պահանջեք»: Գուցե ավելի հետո էլի առիթ կունենամ խոսելու իր մասին։ Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապետը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորություն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»: Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է: Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին։ Նա Քյոթահիացի (Կուտինա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գևորգ Դ կաթողիկոսին։ Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»: — Դու հայերեն չգիտե՞ս,— ասում է նրան կաթողիկոսը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ: — Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): Գելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ): Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է. — Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս): Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ. նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք Ճեմարանի աշակերտ գրեցեք»: Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է Ճեմարանը և ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ: Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է: — Վարդապետն ի՞նչ բան է,— հարցնում են նրան: — Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է: — Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու: — Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է: Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է Ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը: Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր Ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը: Մեջընդմեջ երգում էր մի կարգի ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում: Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ: Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը: — Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում. այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին, կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը: Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՛ր ձայների գումարներն են: Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում. նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Ապարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին: Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա․ այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի: Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի: Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց Ճեմարանում հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ: Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա: և Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ: Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո՞ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»: Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը. իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել․ Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»: Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»: Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»: Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի` Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր. Ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս։ Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում. զանգակները զնգում են»: Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան. մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի: Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր: Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր: Առատ մորուք չուներ. քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն: Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա». հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը: Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: Գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր։ Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը: Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ: Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է: Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է: Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց: Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը: 1925—1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել: Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում: Հինգերորդ անձնավորությունը, որի հետ ես մտերմացել էի Էջմիածնում, եղավ Գալուստ սարկավագ Տեր-Մկրտչյանը: Նա Ախալցխայի Ծղրուտ գյուղից էր: Սովորում էր Փարիզում հասարակական գիտություններ: Վարակվում է վատանուն ախտով և զգալով իր ցավալի վախճանը, շտապում է Էջմիածին, դիմում է տալիս և ընդունվում միաբանության մեջ: Ստանում է 4 աստիճան (դպիր), բայց ընդհանրապես կոչում էին սարկավագ: Դպրի աստիճանը մեծ բան չէ, բայց ի նկատի ունենալով նրա գործունեությունը, Խրիմյանը հրամայում է տալ նրան իսկական վարդապետ միաբանի բոլոր իրավունքները՝ բնակարան, սնունդ, վառելիք և ռոճիկ: Որովհետև հասարակական գիտությունները արժեք չունեին վանքի պայմաններում, ուստի թողնում է այդ բոլորը և նվիրվում հայկական բանասիրության: Միաբան ծածկանունով նա հրատարակեց բազմաթիվ հոդվածներ և առանձին գրքեր, որոնք իրոք շատ մեծ արժեք ունեն հայ բանասիրության մեջ: Միաբանների բնակարանները երկու շարք են կազմում. հին շենք և նոր շենք: Նոր շենքի բնակարանները 2 մուտք ունեն. մեկը առջևից, որ տանում է ցածրի հարկը, ընդամենը 2 սենյակ, մյուսը հետևից, որ սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկը և ունի նույնպես 2 լուսավետ սենյակ, մի խոհանոցով: Իմ բնակարանը № 1 ներքևի 2 սենյակն էր, իսկ նրա վերևը բնակվում էր Գալուստ սարկավագը: Իբրև հմուտ բանասերի, ես ծանոթացա նրա հետ և շուտով մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Կաթվածահար էր եղած, կեսից ներքև մարմինը չէր գործում, իսկ կեսից վեր առողջ էր. ազատ խոսում, գրում էր, բայց քայլել չէր կարող: Քնելու համար, երբ պետք էր լինում գնալ մյուս սենյակը, իր ծառան գալիս գրկում էր նրան և մեծ դժվարությամբ տանում գցում մյուս սենյակի անկողնի վրա: Համարյա ամեն օր բարձրանում էի իր մոտ, և ունենում էինք երկար խոսակցություն հայագիտական հարցերի շուրջը: Միակ անձն էր Էջմիածնի միաբանության մեջ, որ իրավունք ուներ ձեռագրեր բերել տալու իր բնակարանը: Ինքը հրատարակեց, ի միջի այլոց, «Վկայք Արևելից» նշանավոր գործը, որ թարգմանված է Ե դարում ասորերենից և գրված է սքանչելի մեսրոպյան հայերենով: Ինչպես ամբողջ Կովկասում, նույնպես և Էջմիածնում մեսրոպյան հայերենի գաղափարը անծանոթ էր, բայց միաբանը իբրև լուսամիտ մարդ, ընդունել էր այդ գաղափարը, և որովհետև գործնականապես ծանոթ չէր, ուստի ինձ տվեց ձեռագիրը, որպեսզի կարդամ և հետևեմ, թե մեսրոպյան հայերենի սխալներ կա՞ն։ Երբ ես Էջմիածնի 4000 ձեռագրերը հետազոտելու ժամանակ գտա Եզնիկը (№ 1111), ինքն էլ շատ ուրախացավ այդ գյուտի մասին, որովհետև նախապես ինձ ասել էր, թե Եզնիկի անունով ինչ-որ ձեռագիր ունենք Մատենադարանում: Իմ գիրքը («Քննութիւն և համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին») տպվեց Վիեննայում և առաջաբանում խոսում եմ այդ գյուտի մասին: Ես ու Միաբանը «միասին աշխատեցինք» այդ գործի վրա, բայց իր մասնակցությունը եղավ միայն այն, որ ձեռագրի և տպագրի տարբերությունների համեմատությունը միասին կատարեցինք: Գրքի մնացյալ բոլոր գլուխները միայն իմ գրչի արդյունքն էին: Շատ մեծ անակնկալ եղավ վանքում, երբ երկու երիտասարդ գիտնականներ՝ Հակոբ Մանանդյան և Սիրական Տիգրանյան հրավիրվեցին Ճեմարանի ուսուցիչ: Մանանդյանը ախալցխացի էր, հայրը անտառապետ էր, բայց վաղաժամ մեռնելով, Մանանդյանը իր եղբոր և քրոջ հետ որբ են մնում: Այրի մայրը մեծ դժվարությամբ, միայն պետությունից ստացած կենսաթոշակով պահում և մեծացնում է որդիներին: Հակոբ Մանանդյանը, ավարտելով ռուսաց գիմնազիան (հայկական կրթություն չէր ստացել), Մանթաշյանի թոշակով գնում է Գերմանիա և սովորում է լեզվաբանություն։ Լավ տիրապետում էր 3 եվրոպական լեզուների և ռուսերենի: Գրելու մեջ եթե լավ հաջողակ չէր, ընդհակառակը, խոսելու մեջ շատ հաջողակ էր: Բարձրաձայն, լավ մտածված և գեղեցիկ առոգանությամբ հանպատրաստից ճառեր էր խոսում հայերեն և ռուսերեն: Ունենալով վայելուչ արտաքին և բարձր հասակ, շատերին սիրելի դարձավ: Ինքը ասաց ինձ, թե «Լեզվաբանությունը այնքան շուտ-շուտ էր փոխվում, որ ես մտածեցի, թե մինչև Հայաստան գնամ, ճանապարհին արդեն փոխված կլինի... ուստի հրաժարվեցի լեզվաբանությունից և առանձնացա միայն պատմության մեջ, որին հետևեց նաև բանասիրությունը»: Էջմիածին եկավ նա վարդապետ դառնալու նպատակով: Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով, ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը: Այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միաբանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից։ Նա մնաց Ճեմարանի ուսուցիչ: Ավելի ուշ, երբ ցարական պայմանները ավելի խստացան, նա թողեց ուսուցչությունը, գնաց Ռուսաստան և իրավաբանական ֆակուլտետը ավարտելով՝ դարձավ իրավաբան. մի արվեստ, որ իր ճարտարախոս լեզվին շատ հարմար էր։ Այդ ժամանակ հաստատվեց Բաքվում և իրավաբանների շարքում նշանավոր դարձավ: Խորհրդային իշխանությունը հաստատվելուց հետո եկավ Երևան, եղավ համալսարանի վարիչներից մեկը. Երևանում էլ մնաց մինչև իր մահը: Իր գրական գործերը բավական մեծ թիվ են կազմում, որոնցից կարևորագույնն է «Հայոց պատմություն»-ը, որ կիսատ մնաց: Նշանավոր է նաև իր այն տեսությունը, թե Խորենացին Թ դարի հեղինակ է: Ոչ ոք չընդունեց իր այս կարծիքը և կարծեմ, թե կյանքի վերջում ինքն էլ համոզվել էր, թե սխալ է դատում: Առիթներ կունենանք դեռ խոսելու իր մասին: Սիրական Տիգրանյանը հարուստ ընտանիքի զավակ էր, նույնպես ռուսական կրթություն էր ստացել և ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը: Հրաժարվելով իր հարուստ ծնողների և եղբայրների շրջանից, մտել էր ուսուցչական ասպարեզը և ճիշտ Մանանդյանի նման եկել էր Էջմիածին վարդապետ լինելու, բայց ճիշտ նրա նման տեսնելով վանքի դրությունը, հրաժարվեց իր մտքից: Մենք երեքս՝ Մանանդյան, Տիգրանյան և Աճառյան, ոչ միայն իբրև ազատամիտ երիտասարդներ, այլև իբրև հայագիտության սիրահար անձեր, շատ մտերիմ ընկերներ դարձանք: Մանանդյանը պատմաբան և բանասեր լինելով՝ ինձ ավելի մոտիկ էր: Երբ առաջին անգամ տեսա նրան, ես հայտնեցի իրեն, թե կազմում եմ հին հայոց կուլտուրայի պատմությունը, պրպտելով և ոստիկանի նման հետախուզելով հին հայոց ամբողջ գրականությունը, նյութեր գտնելու համար: Մանանդյանը հայտնեց, թե ինքն էլ է նույն աշխատությունը կազմում և հարցրեց, թե հույն աղբյուրները ուսումնասիրե՞լ եմ: Ես պատասխանեցի, թե ոչ։ Նա ասաց. «Ես հույն աղբյուրները արդեն ուսումնասիրել եմ և այժմ էլ ուսումնասիրում եմ հայկական աղբյուրները»: Լսելով այս խոսքը և խոնարհվելով իր հունագիտության առաջ՝ ես գնացի սենյակ և իմ ամբողջ աշխատանքը այրեցի: Ցավում եմ իմ այդ անմտության վրա, որովհետև ոչ միայն Մանանդյանը, այլև ուրիշ ոչ ոք չկազմեց այդպիսի աշխատություն: Մինչև այսօր էլ (1952 թ. հունիս) իմ իդեալն է մնացել այդ գեղեցիկ աշխատությունը, որ գրել առաջարկել եմ շատերին, բայց ոչ ոք էլ չի գրել: Ահա իմ համառոտ ծրագիրը այդ մասին. բառի վերջում պետք է գրել Ь, թե Ъ: Գնացի Ճեմարան, ուսուցչական սենյակը, ուր միայն 2 հոգի կային, Ստեփան Կանայանը և Սեթ Հարությունյանը: Ես դիմեցի Կանայանին, իբրև իմ մտերիմ բարեկամին և հարցրի, թե аптекарь բառի ծայրին Ь պիտի դնե՞մ, թե Ъ: Կանայանը մտածեց ի զարմանս իմ և հայտնեց, թե չգիտեմ, և նա դիմեց Սեթին նույն հարցով. Սեթը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա այդպիսի բաների, р-ի մոտ մի միջակետ դրեք իբրև համառոտագրության նշան և բավական է»: Սեթը իմ դեմ մի պամֆլետ գրեց «Նոր դար»-ում, սրա մասին հետո: Ավելի զվարճալի մի տեսարան ևս: Սեթը մի օր իր ծառային հրամայում է գնալ շուկա և գնել 10 ձու: Ծառան վերադառնում է և ձվերը բերում: Սեթը, որ սարսափելի ժլատ մարդ էր, բարկանում է ծառայի վրա, թե ինչո՞ւ այդքան փոքր ձվեր է առել: Նա ուներ ձու առնելու մի օղակ. բոլորը փորձում է, և բոլոր ձվերը օղակից անցնում են. հրամայում է ծառային նորից գնալ շուկա օղակով և փոքր ձվերը հետ տալով, խոշորները վերցնել: Ծառան հրաժարվում է. այն ժամանակ Սեթը ինքը թաշկինակի մեջ 10 ձու և օղակը ձեռքին, անձամբ գնում է շուկա: Այդ միջոցին Էջմիածնի հրապարակում տեռոր էր տեղի ունեցել, Երևանի Գուբեռնատորի վրա ատրճանակ էին արձակել, ոստիկանությունը թափվել էր դուրս՝ տեռորիստին բռնելու համար։ Ժողովուրդը փախել էր, ոստիկանները տեսնում են միայն Սեթին թաշկինակի մեջ ձվեր և ձեռքին օղակ: Բռնում են նրան և ոստիկանատուն տանում: Հարցնում են այնտեղ, թե ի՞նչ գործ ունեիր հրապարակում։ Սեթը կմկմալով և ամաչելով՝ օղակի պատմությունն է անում: Իհարկե չեն հավատում, վեց ամիս նստում է բանտում, մինչև կարողանում է ապացուցանել իրողությունը: Ես ոչ մի կապ չեմ ունեցել Սեթի հետ. չգիտեմ ինչո՞ւ, միայն մի անգամ եղել եմ նրա տանը: Պոռպռուն ձայնով մի կին ուներ՝ իգդիրցի և մի աղջիկ, իսկական գաճաճ, որի անունն էր Սեթանուշ: Երբ ես հրատարակում էի իմ Արմատական բառարանը, մի օր ինձ մոտ եկավ մի տարիքոտ կին: Ինքը հայտնեց, որ Սեթ Հարությունյանի կինն է և խնդրեց իր ամուսնուն բաժանորդ գրել։ Զարմացա մնացի. Սեթը գիրք կարդա և այն էլ Աճառյանի՞ գիրքը: Ականջիս չէի հավատում: Ստիպված էի մերժել, որովհետև ռեկտորի հրամանով բաժանորդագրությունը փակված էր: Երկրորդ չար, ավելի շուտ ողորմելի անձնավորությունը Բագրատ Խալաթյանն էր: Նա հրավիրվել էր Ճեմարան իբրև ուսուցիչ ռուս գրականության: Հայերեն գիտեր, բայց շատ թույլ: Հագնվում էր շատ զարդարուն ձևով, անուշահոտ դուխիներով օծված, այնպես որ աչք էր ծակում: Մի օր մտա Ճեմարանի ուսուցչանոցը։ Այնտեղ էին Ստեփան Կանայանը և այս Բագրատ Խալաթյանը, որոնք վիճում էին ինչ-որ հարցի առթիվ: Երբ ես ներս մտա, Կանայանը ասաց Բագրատին. «Այ, պարոն Աճառյանը եկավ, նա լավ գիտե, իրեն հարցնենք, և դառնալով, ասաց. «Դուք իրար հետ ծանոթ չե՞ք»: Ես պատասխանեցի. «Ես երեք անգամ ծանոթացել եմ պարոն Խալաթյանի հետ, բայց նա բարևս էլ չի առնում»: «Ոչ,— ասաց Կանայանը,— պարոն Աճառյանը մեր կարևոր մասնագետներից մեկն է, չի կարելի այդպես վարվել նրա հետ»: Խալաթյանը կմկմաց և ինչ-որ ներողություն խնդրեց: Խալաթյանը Ճեմարանից շուտով հեռացավ և գնաց Գերմանիա: Նա հրատարակեց մի քանի ազգագրական տետրակներ և հոդվածներ գրեց «Բանասեր»-ի մեջ, հետո վեճ ունեցավ Բասմաջյանի հետ և իրար հետ կռվեցին. Բագրատ Խալաթյանը Բասմաջյանի դեմ գրեց մի հոդված «Մի ապտակ Բասմաջյանի դեմ» վերնագրով: Բասմաջյանն էլ պատասխանեց «Մեկի դեմ 2 ապտակ Բ. Խալաթյանի դեմ» վերնագրով: Շատ զվարճալի է հետևյալ դեպքը: «Հանդէս Ամսօրեայ» ամսաթերթի մեջ Բ. Խալաթյանը (1906 թ., էջ 333) սկսեց հրատարակել «Եվալդ Լիդեն» վերնագրով մի հոդված, որի սկզբում տալիս է հայագիտության պատմությունը: Այստեղ, էջ 335 բ-ում, հիշում է եվրոպացի հայագետների անունները, թվելով նրանց գործերը։ Սրանց մեջ կարդում ենք. «Օգտավետ ծառայություն մատուցին հայ լեզվի բազմակողմանի ուսումնասիրությանն Christian Bartholomae, Sophus Bugge…, մանավանդ հմուտ հայագետ A. Meillet: Հիշելու է ևս Verfasser, Die Semitischen Lehnworter in Armenishen ZDMG, 1893» և այլն: Կարդալով այդ հոդվածը և տեսնելով նշանավոր մարդկանց շարքում Verfasser անունով մի նոր հայագետի, որի անունը երբեք լսած չէի, զարմացած մնում եմ, թե ո՞վ է այս անծանոթ հռչակավոր հայագետը: Բայց երբ շարունակության մեջ կարդում եմ նրա գրած աշխատության անունը, իսկույն հասկանում եմ, որ հայտնի Հյուբշմանն է: Դեպքը այսպես է եղել: Հյուբշմանը իր քերականության մեջ, հիշելով զանազան հեղինակների անունները և նրանց գործերը, նրանց հետ հիշում է նաև իր այս աշխատությունը. բայց համեստությամբ, փոխանակ իր անունը տալու, ինչպես սովորություն է, գրել է Verfasser (հեղինակը): Ողորմելի Խալաթյանը այսքանը չիմանալով և Verfasser գոյականի գլխատառից ենթադրելով, թե մարդու անուն է, ստեղծել է նորահնար մի հայագետ: Խալաթյանի այս ծիծաղելի արարքը հայտնեցի ժամանակին «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության. բոլորը հրաժարվեցին խմբագիր եղած լինելու պատվից, որպեսզի անարգանքի հարվածից ազատվեն: «Այլ առակ լուարուք»: 1909/10 Խալաթյանը գտնվելով Բեռլինում, համալսարանին դիմում է տալիս և խնդրում, որ իրեն նշանակեն դասախոս օսեթերեն լեզվի: Պրոֆեսորների ժողով է գումարվում քննելու համար հարցը: Այնտեղ է նաև Խալաթյանը: Պրոֆեսորներից մեկը հարց է տալիս, թե օսեթերենի ո՞ր բարբառը՝ Թագո՞ւր թե Դիգոր պիտի դասախոսե նա: Խալաթյանը, որ մինչև անգամ չի իմացել, թե օսեթերենը 2 բարբառ ունի, շշկլված մնում է և ոչինչ չի կարողանում պատասխանել: Հարցը սրանով փակվում է: (Այս դեպքի պատմությունը պատմեց ինձ բժիշկ Խուրշուդ Մելիք-Փարսադանյանը, որ նույն թվականին ուսանում էր Բեռլինում): Վիեննայի «Ազգային մատենադարան»-ի շարքում Խալաթյանը հրատարակեց «Արաբ պատմագիրները հայոց մասին» հատորը: Էջմիածնում եղած ժամանակը Բագրատ Խալաթյանը արաբերեն ոչ մի բառ չգիտեր: Ինչպե՞ս կարողացավ 2—3 տարվա մեջ սովորել այդ դժվար լեզուն այնքան, որ կարողացավ արաբ հեղինակները կարդալ և նրանցից նյութեր քաղել: Հաստատ հավատացած եմ, որ այստեղ էլ կեղծիք կա: Նա կարդացել է այդ գրքերի գերմաներեն թարգմանությունը և գերմաներենի իր հրաշալի հմտությամբ (ինչպես ցույց է տալիս Verfasser-ը) քաղել է այդ տեղեկությունները: Բ. Խալաթյանի վախճանը շատ դժբախտ եղավ: Նա վարակվեց վեներախտով, գժվեց և փոխադրվեց հիվանդանոց, ուր և մեռավ: Այսպիսի դժբախտ վախճան ունեցավ Էջմիածնի Ճեմարանի պերճապաճույճ երիտասարդ դասախոսը, որ սնափառ հայտարարությամբ արժանի չէր համարում իր համեստ պաշտոնակցի խոնարհ բարևն ընդունել: * * Մեկ տարի տևեց Կարապետ Կոստանյանի սուլթանական իշխանությունը: Էջմիածինը նրան հանգստյան թոշակ նշանակեց, նա հեռացավ ասպարեզից և մեզ էլ ազատեց իր բռնակալ ճիրաններից: Տեսուչ նշանակվեց Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, որ բարեկիրթ, ուսյալ և բարեհամբույր մարդ էր: Նա իր կրթությունն ստացել էր Գերմանիայում, սիրող էր Էջմիածնի և աշխատում էր յուրովսանն բարձրացնել նրա արժանիքը: Գնահատում էր ինձ և ինձ հանձնեց Ճեմարանի գրադարանապետի պաշտոնը։ Միևնույն ժամանակ ինձ նշանակեց իր խմբագրած «Արարատ» ամսաթերթի սրբագրիչ: Այսպիսով իմ դիրքը բարձրացավ, և իմ ռոճիկը բարձրացավ ամսական 50 ռուբլու: Այստեղ պետք է հիշեմ իմ կյանքի կարևոր կայաններից մեկը: Հայտնի է, որ օտարահպատակները ուսուցիչ լինելու իրավունք չունեին: Այդ միջոցին Էջմիածին հավաքված տաճկահայ գաղթականների համար կառավարությունից հրաման եկավ, թե ով որ ցանկանա, կարող է ռուսահպատակ գրվել։ Ես էլ, տեսնելով, որ առանց հպատակությունս փոխելու, չպիտի կարողանամ դիրք ստեղծել, որոշեցի մտնել գաղթականների խմբի մեջ և ռուսահպատակ գրվել: Պետական պաշտոնյան, ինչպես ամենքին, նույնպես և ինձ հարցրեց, թե «տաճկական անձնագիր ունե՞ս»: Ես անձնագիր ունեի, ուստի պաշտոնյան դուրս հանեց ինձ, որովհետև անձնագիր ունեցողները չէին կարող հպատակություն փոխել: Մի ժամանակ հետո որոշեցի մի ուրիշ ձև տալ գործին: Անձնագիրս նորոգման համար ուղարկել էի Երևան։ Նորից հավաքվեց գաղթականների մի խումբ, նորից մտա այդ խմբի մեջ, և երբ պաշտոնյան հարցրեց ինձ, թե «անձնագիր ունե՞ս», ես պատասխանեցի «ոչ». իբր թե անձնագիրս այժմ մոտս չէ, այլ ձեզ մոտ է: Ես լսել էի, որ շատ մեծ պետական հանցանք է երկու անձնագիր ունենալը. հանցավորին պատժում էին մինչև անգամ աքսորով: Ես հանդգնեցի այդ հանցանքը գործելու, բայց դրա համար մի ուրիշ հնարք էլ էի մտածել: Ես նախապես անունս գրում էի Ipasis AzxapyHb, ինչպես պահանջվում էր արևմտյան տառադարձությամբ: Երբ պաշտոնյան իմացավ, որ անձնագիր չունեմ, ընդունեց ինձ և առաջարկեց անունս գրել իր ցուցակում. ես գրեցի Pavis AvapsHb. իմ հնարքս իբր թե այն էր, որ Երևանում ցուցակի մեջ եթե փնտրեին իմ անունը, չպիտի գտնեին այս նոր ձևի տակ: Պաշտոնյան մտցրեց ինձ գաղթականների խմբի մեջ, այնտեղ քահանայի ներկայությամբ բոլորս Ավետարանի վրա երդվեցինք հավատարիմ մնալ ցարին և ռուսահպատակ դարձանք: Շուտով ստացանք մեր նոր անձնագրերը, որից քիչ հետո ես Երևանից ստացա նաև իմ տաճկական անձնագիրը: Այսպիսով ունեցա 2 անձնագիր, որ ինչպես ասացի, մեծ հանցանք էր: Ինչքա՞ն ժամանակ տանջվել եմ երկու անձնագիր պահելուս պատճառով։ Հենց որ մի ոստիկան էի տեսնում, որ ինձ էր նայում կամ ինձ մոտ էր գալիս, սարսափը պատում էր ինձ: Մի անգամ Թիֆլիս էի գնացել և իջել Վիկտորիա հյուրանոցը, որ հայերի օթևանն էր միշտ: Սենյակումս նստած եմ, հանկարծ բակում մի գոռգոռոց է բարձրանում: Դուրս եմ նայում պատուհանից. տեսնում եմ մի ոստիկան, որ դեպի իմ պատուհանը երկարելով իր ձեռքը՝ բաներ է ասում: Ի՞նչ անելս չգիտեմ: Անշուշտ եկել են ինձ ձերբակալելու: — Բայց վտանգը անցավ, և ինձ ոչ ոք չձերբակալեց։ «Գող, սիրտը դող»: Իսկույն հանեցի թուրքական անձնագիրս, թքեցի նրա վրա և մի լուցկի վառելով, մոխիր դարձրի: Այսպես վերջացավ իմ տաճկահպատակի ստրկական, ամոթալի վիճակը։ == ՄԱՌԻ ՀԵՏ == 1899 թվականի ամառը կաթողիկոսի թույլտվությամբ Բյուրականի հայրապետական ամառանոցը գնացի: Միաբանների մի խմբակի հետ մի լուսավոր սենյակում անկողին ստացա: Մի օր բակում նստած, խոսակցության միջոցին, մոտ քառասուն տարեկան սևահեր, թխադեմ մի անձնավորություն մոտեցավ վարդապետներին, բարևեց և ձեռք տվեց: Պետերբուրգի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Մառն էր: Հպարտ ձև չուներ: Խոսում էր ազատ հայերեն: Լսելով իր անունը և Գալուստ Տեր-Մկրտչյանի պատմածներով լավ ծանոթ լինելով իր անձին, ուրախացա, որ տեսա իրեն: Հայտնեց, թե Էջմիածնում Կարապետ վարդապետը խոսել է իմ (Աճառյանի) մասին և հայտնել է, թե պատրաստում եմ մի նշանավոր արմատական բառարան, որի մեջ մեկնել եմ հայերենի բոլոր արմատները: — Ճիշտ չի ասել,— պատասխանեցի ես,— հազիվ կարողացել եմ գուցե կեսը մեկնել։ Մառը ժպտաց և ասաց. — Ես Կարապետ վարդապետին ասացի, որ եթե բոլոր արմատները մեկնել է, ուրեմն անպետք աշխատություն է, որովհետև անկարելի է հայոց բոլոր արմատները մեկնել։ Իսկ վարդապետը ասաց, թե «Աճառյանը ուրիշ մարդ է, նա կարող է մեկնել»: Իսկ այժմ, որ դուք ասում եք, թե հազիվ կեսն է մեկնված, ուրեմն լավ աշխատություն է: Մենք մտերմացանք իրար հետ և սկսեցինք գիտական (լեզվաբանական) հարցերի շուրջը խոսել: Այդ միջոցին երևաց Հովհաննես Հովհաննիսյանը, գեղեցկադեմ մի մարդ, բանաստեղծ և ուսուցիչ Ճեմարանում: Ես նրա հետ ծանոթություն չունեի, որովհետև նա էլ պատկանում էր ինձ ոչ բարեկամ խմբակին: Երբեք նրա տանը եղած չէի: Հ. Հովհաննիսյանը և Մառը վաղուցվա ծանոթներ էին. շատ սիրալիր խոսակցություն սկսեցին և Հովհաննիսյանը հրավիրեց Մառին իր տունը ճաշի: Տեսնելով, որ ես էլ Մառի հետ ընկերացել եմ, գուցե պարզ քաղաքավարության համար, ինձ էլ հրավիրեց։ Ես մերժեցի, բայց նա և Մառը ստիպեցին, որ գնամ: Հովհաննիսյանը ամառանոց էր եկել Բյուրական գյուղը և առանձին բնակարան վարձել: Սեղանը պատրաստ էր: Ես ծանոթացա նրա կնոջ՝ տիկին Զարուհու և երկու քույրերի՝ Աշխենի և Սիրանույշի հետ: Սեղան նստեցինք: Մառը խոսեց իմ մասին և արժանավոր գովասանքներ տվեց: Կինը գանգատվեց ինձանից, թե ինչո՞ւ մինչև այժմ իրենց մոտ չեմ գնացել: Երբ լսեցի, թե Հովհաննիսյանի քրոջ անունը Սիրանույշ էր, որ համառոտելով՝ Սիրուշ էին կոչում, ես իմ վաղեմի սովորության համեմատ իսկույն հայտնեցի, թե Սիրուշ պարսկերեն նշանակում է «հրեշտակ»: Կարծելով, թե սուտ հաճոյախոսություն եմ անում, տիկին Զարուհին, որ հենց առաջին րոպեից սկսած արհամարհանքով էր նայում իմ վրա, բարձրաձայն ծիծաղեց ու ծաղրեց ինձ: Ես դիմեցի Մառին և խնդրեցի, որ հաստատի, թե պարսկերեն սիրուշ նշանակում է «հրեշտակ». դժբախտաբար Մառը չգիտեր, և ես անել դրության մեջ մնացի: Այդ ժամանակ ասացի Մառին. «Չե՞ք հիշում զենդերեն «սրաօշա» բառը, որ հրեշտակ է նշանակում, որ ապա դառնում է պարսկերեն «սիրուշ»: «Այո՛, այո՛, — պատասխանեց Մառը,— բոլորովին ճիշտ է, ես այժմ հիշեցի»: Տիկինը խնդրեց, որ ես հաճախ գնամ իրենց մոտ։ Խոստացա, բայց բնավ չգնացի: Պատմում էին, թե երբ կաթողիկոսը առաջին անգամ եկել է Էջմիածին, Ճեմարանի ամբողջ ուսուցչական կազմը իրենց կանանց հետ եկել են աջը համբուրելու: Կաթողիկոսը տեսնելով Հովհաննիսյանին և նրա կնոջ Զարուհուն, որ շատ կարճահասակ մի կին էր, ասում է. «Պարոն Հովհաննիսյան, այդքան սիրային բանաստեղծություններ որ գրել ես, այս կնոջ համա՞ր է… լավ ես արել, չարիքներից փոքրագույնը ընտրել ես»: Կաթողիկոսը շատ էր սիրում տեղի անտեղի կատակաբանություններ անել, փույթ չէ նրանք վիրավորական լինեին մեկի կամ մյուսի հասցեին: Մառը հայտնեց ինձ, որ պիտի գնա Արտաշատ գյուղը պեղում անելու. ուզում է մի օգնական վարձել: Իսկույն ես ասացի. «Ինձ իբր օգնական չե՞ք վերցնի, առանց դրամական վարձատրության»: «Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Մառը,— ձեզանից ավելի լավ օգնական ո՞ւր պիտի գտնեի»: Էջմիածին վերադառնալով, ես ու Մառը կառքով մեկնեցինք Արտաշատ գյուղը, ուր նա մի մեծ սենյակ վարձեց մեր երկուսի համար: Կարծեմ 10 օր մնացինք այնտեղ և հաջորդ օրվանից պեղումները սկսեցինք: Նա ընտրեց մի ավերակ բարձունք, որ երկու մասի բաժանեց: Բարձունքի ձախ կողմը վերցրեց ինքը և բանվորների մի մեծ խմբով սկսեց փորել։ Մի քիչ դեպի աջ, մի քանի բանվորներ էլ տվեց ինձ, փորելու համար բարձունքի աջ կողմը: Այսպես սկսվեց մեր աշխատանքը: Մեր դիմացն էր Դվինը, կես ժամ հեռավորությամբ, որ նույնպես ուզում էր պեղել Մառը: Այնքան տարված էր Մառը երևակայությամբ, որ սպասում էր, թե պեղման ժամանակ նա կիջնի Արտաշատի հրապարակը, կգտնի Դավիթ Դվնեցու շիրիմը, կկարդա նրա տապանագիրը և կմտցնի իր վկայաբանության մեջ, որ պատրաստում էր տպագրության: Երազները շատ քաջալերիչ են. բայց Մառի երազը չկատարվեց: Ոչ մի հրապարակ մենք չգտանք: Մենք գտանք մի քանի խավ թոնիր, մեկը մյուսի ետևից, ինչ որ նշանակում էր, թե այնքան անգամ բնակություն և ավերած է կատարվել: Վերջապես հասանք հատակը. դրսից ջրի խողովակները մտան ներս, բայց ունեցած գումարը վերջացավ և պեղումը շարունակելը հետաձգելով հաջորդ տարվան, վերջ տվեց իր գործին: Այն կարճ շրջանում, որ ես ապրեցի Մառի հետ, լավ ուսումնասիրեցի նրա անձնավորությունը: Չափազանց բարի, ընկերական և ազնիվ մարդ էր այն ժամանակ: Պատմեց իր կենսագրությունը և իր կյանքից շատ բեկորների մասին խոսեց: Ես կամփոփեմ դրանցից կարևորը: Նա հայտնեց, որ հայրը իռլանդացի էր. Կովկասում ամուսնացել է մի մինգրել աղջկա հետ, որից ծնվել է ինքը և ըստ ցարական օրենքի կնքվել է ռուս: «Հա՜, հա՜, հա՜»,— ծիծաղում էր Մառը, ասելով, թե ոչ հայրը ռուսերեն գիտեր և ոչ մայրը իռլանդերեն կամ անգլերեն: Ուրեմն ի՞նչ լեզվով էին խոսում իրար հետ: Կովկասում սովորելուց հետո գնում է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտում է Քերովբե Պատկանյանին, դասընկեր ունենալով Ստեփան Մալխասյանին (այս և հաջորդ մի քանի տեղեկությունները լսել եմ Մալխասյանից): Երբ ավարտում են և Պատկանյանը մեռնում է, նրան հաջորդ ընտրելու համար վեճ է ծագում, ոմանք ուզում են ընտրել Մառին, իսկ ուրիշներ, որոնց գլուխն է կանգնել Եզյանը, ուզում են ընտրել Մալխասյանին: Մալխասյանը, ինչպես ինքն է ասել, հրաժարվել է, ասելով, թե ինքը միայն հայերեն գիտե, իսկ Մառը՝ թե՛ հայերեն և թե՛ վրացերեն: Մառը հարցրեց ինձ. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»: «Բայց դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ ձեզ ոչ ոք չի գնահատի. դուք կմնաք խեղճ ու թշվառ. եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, դուք կլինեք նշանավոր գիտնական»: Ես պատասխանեցի, թե ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան: Մենք շատ երկար խոսեցինք Մառի հնարած նոր լեզվաբանության մասին, որ հետագայում ձևափոխվելով կոչվեց «Նոր ուսմունք»: Մառը դեռ հանդուգն քայլեր չէր առած: Նա միայն քարոզում էր, թե վրացերենը ազգակից է սեմականին և հնդեվրոպական, սեմական և կովկասյան երեք խմբերը ծագում են մի խմբից, որ կոչվում է Նոյան: Բաժանվելու ժամանակ Մառը ասաց ինձ. «Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Դարձյալ մտածեցեք իմ ասածի մասին: Դուք այստեղ կկորչեք. եկեք Պետերբուրգ և նշանավոր մարդ կդառնաք»: Ավելացնեմ մի հետաքրքիր կետ: Երբ Արտաշատ գնացինք, հենց առաջին րոպեից Մառը խնդրեց ինձանից, որ ես իր հետ հայերեն չխոսեմ. «Որովհետև,— ասաց նա,— եթե դուք ինձ հետ հայերեն խոսեք, կկարծեն, թե ես էլ հայ եմ և ինչպես լավ գիտեք, հայերը հայերին չեն սիրում, չեն հարգում, ինձ հետ էլ կվարվեն իբրև հայի»: Ես ռուսերեն բնավ չգիտեի. առաջարկեցի գերմաներեն խոսել իր հետ: Ասաց, որ գերմաներեն լավ չգիտե, ավելի լավ գիտե ֆրանսերեն: Այնուհետև մենք միշտ խոսում էինք ֆրանսերեն, թեև ֆրանսերեն էլ ազատ չէր խոսում: Իմ մի քանի ուրիշ հանդիպումների մասին Մառի հետ՝ կխոսենք ավելի ուշ: == ՎԵՐԵԼՔ Ի ՄԱՍԻՍ == Էջմիածինը իբրև հնություն շատ մեծ անուն ունի եվրոպացոց մեջ. նա իբրև աշխարհիս ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից մեկը, հատկապես առանձնատիպ իր ճարտարապետությամբ, հարգի է գիտունների աչքին: Նրա մոտ գտնված Հռիփսիմեի եկեղեցին, որ ճարտարապետական մի գոհար է, ավելացնում է նրա փառքը: Էջմիածնին ժամանակակից են նաև Շողակաթը և Գայանեն, որոնք նվազ գեղեցիկ չեն: Բայց Էջմիածնի պատիվը ավելի բարձրացնողն է Մասիսը, որ ըստ Սուրբ Գրքի առասպելի, Նոյան տապանի կայանն է համարվում: Երբ Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղվեցին և այդ տարօրինակ ճարտարապետությամբ շինված, կլորակ և եռահարկ եկեղեցին ավերակների տակից դուրս բերվեց, է՛լ ավելի բարձրացավ Էջմիածնի հնագիտական արժեքը: Ըստ այսմ հաճախ եվրոպացի ճամբորդները գալիս էին Էջմիածին: Երբ նրանք շատ նշանավոր մարդիկ էին լինում, նրանց թարգման էր լինում Կարապետ վարդապետը, մանավանդ, երբ տիկիններ էլ լինեին: Նա խոսում էր ազատ գերմաներեն, բայց քիչ թե շատ գիտեր նաև խոսել ֆրանսերեն և անգլերեն։ Մի անգամ կաթողիկոսին ներկայացել էին բազմաթիվ հյուրեր և նրանց թարգմանը եղել էր Կարապետ վարդապետը, որի խոսակցությունը, նույնիսկ հայերենում, մի քիչ կակազ էր: Հյուրերի գնալուց հետո կաթողիկոսը իր կծու սրախոսությամբ ասել էր. — Այսօր Կարապետ վարդապետը ութը լեզվով կակազեց: Եթե հյուրերը սովորական մարդիկ էին, թարգմանը բնականաբար ես էի լինում: Բազմաթիվ դեպքերի միջից հիշում եմ հետևյալ երկուսը: Հյուր էին եկել երկու հոգի. մեկը հաստափոր, բայց հաճելի դեմքով ամերիկացի էր, որ խոսում էր ազատ ֆրանսերեն: Նրա հետ ընկերանում էր մի ավելի երիտասարդ կին, ֆրանսուհի, որ բնականաբար նրա հետ և ինձ հետ խոսում էր ֆրանսերեն: Տիկինը շատ գոհ մնաց, երբ լսեց, որ ես էլ Ֆրանսիայումն եմ սովորել։ Նա համարյա թե թողեց ամերիկացուն և միայն ինձանով զբաղվեց։ Ամերիկացին հետևում էր մեզ և լսում: Այցելեցինք վանքի ներսը, ուր կան զանազան սրբություններ՝ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի գեղարդը (նիզակ, որով խոցել են իր կողը խաչի վրա, իհարկե բոլորովին սուտ), Մատթեոս ավետարանչի մատը և այսպես զանազան սրբություններ, այսինքն՝ ստություններ: Ֆրանսուհին, իբրև կաթոլիկ և հավատացյալ, խաչակնքում էր երեսը և պատկառանքով խոնարհվում և համբուրում էր այդ սրբությունները: Ամերիկացին դարձավ ինձ և ասաց. — Ներեցեք, որ ես չեմ խաչակնքում և չեմ համբուրում: Այդ մեր կրոնի սովորությունն է. բայց մի՛ համարեք, թե ես անարգում կամ արհամարհում եմ: — Ոչ,— պատասխանեցի ես,— մենք գիտենք, որ բողոքական դավանանքը այդպես է և ամենևին չենք վիրավորվում: Վարդապետը, որ այդ սրբությունները ցույց էր տալիս, մի մատյան բերեց և առաջարկեց ինձ, որ ասեմ նրանց, թե այդտեղ մի գումար պետք է արձանագրվի: Շատ ծանր էր ինձ այդպիսի բան ասել, բայց ստիպված էի: Ներողություն խնդրեցի ամերիկացուց և ասացի: Իսկույն 20 ռուբլի վճարեց և ստորագրեց: Գնացինք դեպի Ներսիսյան լիճը: Էջմիածնի փառավոր տեսարաններից մեկն էր, մանավանդ երբ լիքն է: Նրա դիմացը փռված է ահագին անտառը, որի ետևը բարձրանում է հոյակապ սպիտակափառ Մասիսը: Այստեղ կանգնեց ամերիկացին, նայեց ջրերին, նայեց Մասիսին և ասաց. «Մանուկ էի, երբ Սուրբ Գրքում կարդացի. «Եվ տապանը կանգնեց Արարատ սարի վրա»: Հարցրի ուսուցչին, թե ո՞ւր է այդ Արարատ սարը: Պատասխանեց՝ Հայաստանում: Ես այդ օրը ուխտեցի անպատճառ գնալ տեսնել Արարատը: Այսօր իմ ուխտը կատարեցի»: Ասաց և ձեռք տվեց ինձ: Շարունակեցինք մեր պտույտը, գնացինք մինչև անտառի ծայրը և վերադարձանք: Երբ եկավ բաժանման րոպեն, տիկինը ինձ նվիրեց 5 ռուբլիանոց մի ոսկի: Ես մերժեցի, ասելով, թե ես վանքից նշանակ- ված եմ իբր թարգման և ստանում եմ դրա համար առանձին վարձատրություն (իհարկե սուտ էր). հետևաբար չեմ կարող ընդունել ձեր նվերը: Շատ ստիպեց, բայց ես մերժեցի: Վերջում ասացի, թե «Ձեր ամուսինը…»: «Օ՜հ, ո՛չ, նա իմ ամուսինը չէր, ես նրա աղախինն եմ»: Որքա՜ն մոտիկություն, որ չէի կարողացել տարբերել տիրոջ և աղախնուն: * * * Դիլիջանումն էլ պատահմամբ տեսա 80 տարեկան մի ամերիկացի, որ գնում էր Էջմիածին՝ Արարատը տեսնելու: * * Երկրորդ դեպքը հետևյալն է: Ինձ կանչեցին Վեհարան, իբրև թարգման խոսելու մի եվրոպացու հետ: Գնացի և տեսա Վեհարանում մի շվեյցարացի, որ խոսում էր լավ ֆրանսերեն: Առաջնորդեցի Վեհափառի մոտ: Հայտնեց, թե ուզում է բարձրանալ Մասիս և խնդրեց, որ իրեն մի օգնական տան: Ես մեջ մտա և խնդրեցի շվեյցարացուց, թե «Ինձ չե՞ք ընդունի իբրև օգնական»: Նա չափազանց ուրախացավ և հրճվանքով ընդունեց ինձ: Դուրս եկանք և իսկույն որոշեցինք մեկնել դեպի Մասիս: Շվեյցարացին ուղարկված էր Էջմիածին ուսումնասիրելու համար Մասիս բարձրանալու բոլոր հանգամանքները։ Նա ուղարկված էր մի հանձնախմբի կողմից, որ պիտի պատրաստեր 100 հոգուց բաղկացած մի մեծ արշավախմբի վերելքը դեպի Մասիս: Մենք գնացինք ուղղակի Իգդիր և գիշերեցինք մի հայի հյուրանոցում: Շվեյցարացու հետ բոլորովին մտերիմ էինք դարձել, նա էլ երիտասարդ, ես էլ երիտասարդ: Երբ պառկելու ժամանակը եկավ, ես հարցրի շվեյցարացուն, թե ուզո՞ւմ եք, որ ճրագը հանգցնենք, որովհետև ես ճրագով քնել չեմ սիրում: Շվեյցարացին բարձրահասակ էր, երկարեց ձեռքը, որպեսզի ճրագը հանգցնի, բայց չկարողացավ: Ես մոտեցա ճրագին, մի խոր շնչով փչեցի, ճրագը հանգավ, բայց շիշն էլ ընկավ և փշրվեց, «Quel souffle!» (Ի՜նչ շունչ), կոչեց շվեյցարացին, բայց իսկույն հայը ներս մտավ և կոչեց. «Ի՞նչ է, դուք եկել եք իմ սենյակը քանդելո՞ւ»: Հիսուն կոպեկ դրի հայի ձեռքը և միջադեպը փակվեց: Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Մասիս. տեսանք Ակոռի գյուղը, որ Մեծ Մասիսի ստորոտումն է և 1840 թվականին փլատակի տակ մնալով, ամբողջովին քանդվեց: Երկու հովիվ, որ այդ միջոցին գտնվում էին Մասիսի բարձունքում, տեսան իրենց ոտի տակ իրենց գյուղի կործանումը, որից միայն իրենք փրկվեցին: Այդ երկուսից մեկին մի օր տեսա ես Էջմիածնի ճանապարհին: Ակոռիի տների գերանները դեռ մնում էին հողի տակից դուրս երկարած: Տեսանք նաև Ս. Հակոբ Մծբնացու վանքը, որի ջուրը օգտագործում էին արտի մորեխը ջնջելու համար: Այս պատմությունը սուտ չէ: Երբ Արարատյան դաշտում մի որևէ տեղ մորեխ էր իջնում, գնում էին Սուրբ Հակոբի վանքը հանդիսավոր թափորով, աշխարհական և եկեղեցական, երգով և շարականով և հասնելով վանքը, աղբյուրի ջրից վերցնում էին և բերում մորեխ իջած մի արտի վրա ցանում: Սուրբ Հակոբի աղբյուրի մոտ կա մի տեսակ թռչուն, որ սիրում է մորեխ ուտել: Երբ թռչունները տեսնում էին մարդկանց բազմությունը, բնականաբար հետևում էին նրանց և հասնում մինչև արտը: Այդտեղ, տեսնելով մորեխներին, հարձակվում էին նրանց վրա և սկսում կոտորել: Վրա էին հասնում նաև թռչունների մյուս ընկերները և այսպիսով արտը մաքրվում էր: Մենք եկանք ռուս սահմանապահ զորքի կայանը և ուզեցինք ներկայանալ պետին, որ մի ռուս զորավար էր: Բայց նա գնացել էր Երևան: Մեզ ընդունեց իր կինը, որ Մելիք-Աղամալյանների տոհմից, երևանցի բարեվայելուչ մի հայ տիկին էր: Սիրով ընդունեց մեզ և բացօթյա տեղավորված զինվորների շարքին երկու մահճակալ նշանակեց, որպեսզի այնտեղ անցկացնենք գիշերը։ Ուշ ժամանակ, չգիտեմ ինչու, մենք ուզեցինք Մասիսի վրա ինչ-որ պտույտ կատարել: Վերցրինք հետներս մի կոզակ, որ տարավ մեզ իր ծանոթ վայրերով ինչ-որ տեղ Մասիսի վրա: Նստեցինք, դաշտի գիշերային տեսարանը դիտեցինք և ապա հետ դարձանք: Ճանապարհը շատ քարքարոտ էր, դար ու փոս, դժվարանցանելի: Կոզակը, որին լավ ծանոթ էին այս տեղերը, ազատ համարձակ իջնում էր: Շվեյցարացին խնդրեց, որ ասեմ կոզակին, որ կամաց գնա, որովհետև մութ էր, և մենք ոչինչ չէինք տեսնում. скоро կոչում եմ կոզակին, նա ավելի արագ է իջնում. ես իրար հետևից բղավում եմ скоро, скоро, և նա ավելի է արագացնում իր ընթացքը: Շատ հետո իմացա, թե скоро նշանակում է ոչ թե կամաց, այլ արագ: Գիշերեցինք այդ բացօթյա կայանում. որքա՜ն հաճելի էր այդ գիշերը ինձ համար: Սրբազան Մասիսի վրա, մեր հին Հայրենիքում, ազատ թուրքական ճնշումից… Առավոտը երկուսով սկսեցինք բարձրանալ: Մասիսը շատ չոր է. ամենահասարակ խոտերից դուրս ոչինչ չես գտնում. ջուր ամենևին չկա: Բարձրանում ենք շարունակ, դիտելով Արարատյան դաշտի բոլոր գյուղերը: Դիմացը կանգնած է Արագածը: Սարի վրա ինչքան բարձրանաս, այնքան տեսարանը գեղեցկանում է և այնքան փառահեղ է դառնում դիմացի սարը: Կեսօրից հետո հոգնած դադրած հասնում ենք ձյան սահմանը: Մենք արդեն անցել ենք Փոքր Մասիսի բարձրությունը, որ այժմ մեզնից ցածր է կանգնած: Այդտեղ գտանք քոչվոր քրդերին (եզիդի), որոնք ամառանոց էին բարձրացել իրենց ոչխարներով և տավարով: Ջուր խնդրեցինք, բայց մեզ բերին հրաշալի սառնորակ մի թան, որի տված հաճույքը մինչև այժմ չեմ մոռացել։ Ձյան կողքին պառկեցի և քնեցի: Ես հոգնել էի, և ավելորդ վերելքը ինձ չէր հետաքրքրում: Շվեյցարացին մի քրդի ընկերակցությամբ, որ հրացանով էլ զինված էր, բարձրացավ է՛լ ավելի վեր: Ես քնած էի: Մի ժամ հետո, երբ նրանք իջան, արթնացա ես էլ։ Պատմեցին, որ մի արջ են տեսել, որի վրա քուրդը հրացան է արձակել, բայց արջը փախել էր: Այդքանը բավական համարելով, սարից իջանք ցած և հետ դարձանք մինչև Էջմիածին: Բաժանվեցինք իրարից, և շվեյցարացին մեկնեց Երևան, Եվրոպա վերադառնալու համար: Հաջորդ տարին 100 հոգուց բաղկացած արշավախումբը չեկավ, բայց ավելի ուշ, երբ ես Էջմիածնում չէի այլևս, արշավախումբը եկել էր և բարձրացել Մասիսի գագաթը: Այդ խմբին մասնակցել է նաև Մեսրոպ եպիսկոպոսը: Երբ մարդիկ բարձրանում են Մասիսի վրա, տեղի են ունենում զանազան երևույթներ: Ոմանք շնչասպառ են լինում, ոմանք ուշքից գնում են, ոմանց մարմնի ծակոտիներից արյուն է հոսում, ուրիշներ դիմանում են մինչև վերջ: Ցուրտը սաստիկ է, բայց ոչ անտանելի: Վտանգավոր է քամին, որ բկախեղդ է անում մարդուն: Վտանգավոր է հատկապես ոտքի տակի սառույցը, որից սահում և ընկնում են անդունդը: Այս արշավախմբի վերելքի նկարագրությունը մանրամասն գրեց և հրատարակեց Մեսրոպ եպիսկոպոսը «Արարատ» ամսագրի մեջ և ապա առանձին գրքով: Ասացին, որ 100 ճամփորդներից վերջինը, մի գերմանացի ինժեներ, ընկել է անդունդը և մեռել։ Այս եղավ միակ զոհը: Շատ տարիներ հետո լրագրում կարդացի, որ Սիբիրում մի գյուղացի ներկայանում է դատարան և խնդրում է, որ իրեն պատժեն, որովհետև ինքը մարդասպան է: Պատմում է հետևյալը. — Տարիներ առաջ ես պահակ էի Մասիսի վրա։ 100 հոգի բարձրացան վերև։ Ես էլ մասնակցում էի նրանց հետ իբրև պահակներից մեկը: Ես ամենավերջումն էի. տեսա իմ առաջ մի գերմանացի ինժեներ, որի կրծքի վրա շողշողում էր ժամացույցի ոսկի շղթան. սատանան ինձ հրապուրեց, մի հարվածով կրծքից ոսկե շղթան պոկեցի և մի քացի տալով ինժեներին՝ գցեցի անդունդը, ուր և կորավ: Ոչ ոք չիմացավ. կարծեցին, թե ինքն է սայթաքել: Ես մինչև այժմ տարա խղճիս ցավը, բայց էլ չեմ դիմանում: Պատժեցեք ինձ: == ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ԳԱԼՈՒՍՏԸ == Էջմիածնում լուր տարածվեց, թե պարսից շահը Եվրոպա պետք է գնա Երևանի վրայով. անշուշտ այդ առթիվ պիտի այցելի նաև Էջմիածին: Կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն պատրաստություն սկսեցին տեսնել շահին ընդունելու համար: Ճեմարանի տեսուչ Կարապետ վարդապետը առաջարկեց ինձ շահին նվիրված մի երգ գրել, որ Կոմիտաս վարդապետը պիտի ձայնագրեր, ուսանողներին սովորեցներ, և երգեցիկ խումբը շահի առաջ պիտի երգեր: Կեդրոնական վարժարանում աշակերտ եղած ժամանակս մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը մի տաճկերեն երգ էր գրել, որ երաժշտագետ Տիգրան Չուխաճյանը ձայնագրեց, մեզ սովորեցրեց, և մենք էլ սուլթանի անցքի ժամանակ երգեցինք: Այդ ոտանավորը տպված էր Աբիկյանի «Ճաշակ օսմանյան դպրության» գրքում, որի սկիզբը մենք բերել ենք վերը: Այդ երգը վերածեցի պարսկերենի, տարի Կոմիտաս վարդապետին, հանդարտ կարդացի, շեշտերը և երկար ու կարճ ձայնավորները որոշեց և ապա մի եղանակ հարմարեցրեց: Այդ եղանակը սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբին։ Երգը գեղեցիկ գրերով արտագրել տվին մի մեծ թերթի վրա, Վաղարշապատում բնակվող մի գեղագիր թուրքի։ Մնացյալ պատրաստությունների մասին չեմ խոսում: Երկար սպասելուց հետո, վերջապես լսեցինք, որ շահը գալիս է Երևան: Կաթողիկոսը իր հետ վերցնելով մի քանի աչքի ընկնող վարդապետներ, ինձ էլ հետը վերցնելով, փոխադրվեցինք Երևանի առաջնորդարանը, որ Հրազդանի ափին, մի խոշոր բարձունքի վրա հոյակապ շենք է: Մեծ դահլիճ և բազմաթիվ սենյակներ ունի: Պատշգամբի տեսարանը Հրազդանի վրայով դեպի Էջմիածին հրաշալի է: Կաթողիկոսը մի շատ երկար գրություն գրեց և տվեց ինձ, որ ֆրանսերենի թարգմանեմ: Ես թարգմանեցի: Իր հրամանով այս թարգմանությունը անգիր արի (ավելորդ աշխատանք), որպեսզի շահին ներկայանալու ժամանակ կաթողիկոսի կողմից արտասանեմ: Ինձ համար գնեցին մի ձեռք նոր հագուստ, որ կոչվում էր սև շոր կամ պոչազգեստ։ Առին նաև կաշյա սպիտակ ձեռնոցներ, որ բնավ չէի գործածած: Այս ձևի տակ տիկնիկի պես պատրաստված, սպասում ենք: Երևանում առած է դարձած «շահի գելդի դելդին եղավ» դարձվածը, որ ասում են, երբ մեկի գալուն սպասում են երկար և չի գալիս: Այսպես եղավ և մերը: Օրեր ու ժամեր սպասեցինք, մինչև որ հայտնեցին, թե շահը եկել է Երևան և իջել է Երևանի նահանգապետ Կոմս Դիզենհաուզենի տունը: Նրա տունը գտնվում էր այժմյան Լենինի հրապարակի ծայրին՝ Կոմունալ բանկի տեղը: Կաթողիկոսը կառքով և թափորով, ես էլ իր կողքին նստած, գնացինք նահանգապետի տունը։ Դռան առաջ բազմաթիվ հյուրընկալներ կային: Ռուսաց կայսեր կողմից ուղարկված էին մի քանի բարձրաստիճան անձինք ընդունելությունը պատրաստելու համար։ Հենց դռան առաջ նրանցից երկուսը խոսում էին իրար հետ և ասացին, թե «Այստեղ մեկը կա, որ ֆրանսերեն լեզվով խոսում է. նա է լինելու կաթողիկոսի թարգմանը»: Ես առաջ անցա և ֆրանսերենով հայտնեցի, թե թարգմանը ես եմ: Ձեռք տվին ինձ և ֆրանսերեն լեզվով հայտնեցին, թե «Դուք պիտի լինեք ամենից առաջ գնացողը, որովհետև դուք կաթողիկոսի բերանն եք: Մնացյալ բոլորը ձեր հետևից պիտի գան: Ձեզանից առաջ ոչ ոք չպիտի անցնի»: Սնափառությամբ առաջ անցա, կաթողիկոսը հետևիցս, վարդապետները և եպիսկոպոսները ավելի հետո, ներս մտանք: Մեզ առաջնորդեցին մի մեծ դահլիճ, ուր կանգնած էր պարսից շահի սադրազամը՝ իր շքախմբով: Կաթողիկոսը և սադրազամը ձեռք տվին միմյանց և նստեցին: Ես կանգնած եմ կաթողիկոսի կողքին, իսկ մնացյալ միաբանները բոլորը կանգնած են մեր հետևը: Կաթողիկոսը կարծել էր, թե սադրազամը նույն ինքն թագավորն է. վախեցավ և շփոթվելուց դարձավ ինձ և ասաց. «Շփոթվեցի, սելիքս մոռացա. ա՛յն թուղթը, որ թարգմանել էի տվել քեզ, բերանացի ասա»: — Վեհափառ Տեր, սա թագավորը չէ, սա սադրազամն է,— ասացինք բոլորս հայերեն լեզվով: Կաթողիկոսը հանգստացավ և սկսեց ծիծաղել: Սադրազամը չիմացավ, թե խոսքը ինչի մասին էր, խոսեց օդից և անձրևից: Քիչ հետո բացվեցին թագավորի առանձնասենյակի դռները, և ես ու Կաթողիկոսը, ինչպես և մեր հետևից մի քանի հոգի, մտանք ներս: Մուզաֆֆերրեդդին շահը կանգնած էր ոտքի վրա և խաղում էր աթոռի հետ, ոտքերը ցնցելով։ Արքայական թագը գլխին էր, իր անխուսափելի ցցունքով միասին։ Բեղերը շատ երկար, հորիզոնական ձևով և սրածայր: Մորուք չուներ: Իր աջ կողքին կանգնած էր իր թարգմանը, որ Պետերբուրգի պարսկական դեսպան Միրզա Մոհսին խանն էր: Շահի դեմքը իրոք որ բարի և պատկառելի էր: Ես մինչև այդ տեսել էի մի քանի թագավորներ. նախ աշակերտ ժամանակս տաճկաց սուլթան Համիդին իր 400 կանանցով և հազարավոր զինվորներով։ Նա գազանի դեմք ուներ, տգեղ կերպարանքով և անճոռնի քթով: Ոչ մի համակրանք չէր կարող շարժել իր դեմքը: Երկրորդ՝ տեսել էի Սերբիայի թագավոր Ալեքսանդրին, որ պատանի էր և եկել էր Կոստանդնուպոլիս՝ սուլթանին այցելության: Փողոցներով ման էր գալիս ազատ, ֆայտոնում նստած, համակրելի, երեխայական դեմքով մեկն էր, որ նայողի վրա ոչ մի ազդեցություն չէր գործում: Երրորդը՝ եղել էր ռուսաց Նիկոլայ կայսրը, որ Փարիզում այցելության եկավ Պանթեոնը: Ես այն ժամանակ գտնվում էի Պանթեոնի կողքին գտնված մի հյուրանոցում: Սենյակս իր բալկոնով դեմ առ դեմ գտնվում էր Պանթեոնին։ Ուստի բոլոր ֆրանսիացի հարևաններս թափվեցին սենյակ և թույլտվություն խնդրեցին բալկոնից դիտելու կայսեր: Բոլորին թողեցի, իսկ ես սեղանիս առաջ նստած աշխատում էի և ամենևին չհետաքրքրվեցի նայելու համար, թե ինչպիսի մարդ է կայսրը: Չորրորդը՝ գերմանացիների Վիլհելմ Բ կայսրն էր, որին տեսա Ստրասբուրգում, ուր ուսանող էի: Ճառ էր խոսում ժողովրդին իր ապարանքի պատշգամբից: Ժողովրդի մեջ կանգնած՝ ես էլ լսեցի իր ճառը, որից միայն այն եմ հիշում, թե գերմաներեն ich spräche և ich stehe «խոսում եմ, կանգնած եմ» բառերը փոխանակ շ-ով հնչելու, հնչում էր ս-ով, ինչպես իր սովորությունն էր («իխ սփրեխե, իխ սթեհե»)։ Չեմ հաշվում Ֆրանսիայի նախագահին, որին հաճախ տեսել եմ փողոցում՝ կառքով անցնելիս՝ Փարիզում: Խոսեց նաև կաթողիկոսը (հայերեն լեզվով) և բարի գալուստ մաղթեց շահին: Ես այդ խոսքերը թարգմանեցի ֆրանսերենի: Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի և հայտնեց շահին: Շահը շնորհակալ եղավ: Կաթողիկոսը երկրորդ անգամ խոսք առնելով՝ ասաց. «Իմ վանքը Ձեր հայրերի սիրելի վանքն է եղել. նրանց նվիրած կանթեղը մինչև այժմ մնում է մեծ խորանի առաջ մշտավառ: Խնդրում եմ, որ Ձեր ճանապարհորդությունից վերադարձին այցելեք նաև մեր վանքը»: Ես այս խոսքերը թարգմանեցի ֆրանսերեն, Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի, իսկ շահը ձեռքը դնելով սրտի վրա, ասաց. «Վազիֆեի դիլեմ էսթ, քի… (սրտիս պարտականությունն է, որ գամ այցելեմ իմ հայրերի սիրած վանքը)»: Ես չթողեցի, որ Միրզա Մոհսին խանը շահի պատասխանը թարգմանի ֆրանսերենի և իսկույն հայերենի վերածելով՝ հայտնեցի կաթողիկոսին: Ընդունելությունը վերջացավ: Նույն փառքով, ինչպես եկել էինք, բայց ավելի հանգիստ սրտով, որովհետև անակնկալը անցել էր, վերադարձանք առաջնորդարան: Հազիվ կես ժամ անցել էր, փոխայցելության եկան սադրազամը, Միրզա Մոհսին խանը և ուրիշներ: Մտանք կաթողիկոսի սենյակը, ուր նստած էի նաև ես իբր թարգման: Սադրազամից վախեցող Վեհափառը, իմանալով, որ նա թուրք է, ուղղակի գրկեց և քաշեց նրա թևից և մտերմաբար նստեցրեց կողքին, ասելով. «Սեն թյուրքջե բիլի՞րմիսին»: Սկսեցին ընկերաբար խոսել իրար հետ: Միրզա Մոհսին խանը դիմեց ինձ և հարցրեց, թե «Ինչո՞ւ շահի պատասխանը չթողեցիք, որ թարգմանեմ»: Ես պատասխանեցի, թե «պարսկերեն հասկանում եմ, բայց խոսելու վարժություն չունեմ»: Կաթողիկոսը հայտնեց, թե Ստեփանոս Նախավկայի վանքը, որ պարսից սահմանի վրա է գտնվում, քայքայված վիճակի մեջ է և նորոգման կարոտ է: Ուստի խնդրեց, որ սադրազամը նորոգման արտոնություն տա: Դուրս եկան սքանչելի բալկոնը և դիտեցին Զանգվի հրաշալի տեսարանը: Խոսեցին իրար մեջ և հարցրին, թե ինչո՞ւ են գետը Զանգու կոչում: Սադրազամը հայտնեց, թե այդ բառը նշանակում է «թուխ կամ սև» և այդ անունը տվել են գետին, որովհետև ջուրը պղտոր լինելով՝ թուխ գույն է ստացել: Մեր էլ ընդունելությունը վերջացավ, և բոլորս Էջմիածին վերադարձանք: Շահը իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարի, Եվրոպայից վերադարձին, եկավ Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության։ Այն շքեղ պատրաստությունները, որ տեսել էին, բոլորը կատարվեցին։ Շքեղ հացկերույթ տվին շահին․ կաթողիկոսական ամպհովանիի տակ շահը և կաթողիկոսը թև թևի մտած՝ Տաճարը մտան, նկարները և հնությունները դիտեցին, դուրս գալու ժամանակ ուսանողների երգեցիկ խումբը երգեց Կոմիտասի ձայնագրած եղանակը և այլն: Այս բոլորի մեջ ես ոչ մի մասնակցություն չունեցա: Խաչիկ վարդապետը դիմել էր կաթողիկոսին և բողոքել էր, թե ինչո՞ւ Աճառյանը, աշխարհական մարդ, թարգմանի պաշտոն պիտի վարի և ոչ թե ինքը՝ Խաչիկ վարդապետը, որ գիտեր թուրքերեն խոսել: Կաթողիկոսը համաձայնվեց: Ամբողջ ընդունելության ժամանակ թարգմանը եղել էր Խաչիկ վարդապետը, բայց շահը թուրքերեն չգիտեր: Բացի սրանից, Խաչիկ վարդապետը թարգմանի ձևը չգիտեր. երբ շահը հարցնում էր, օրինակ, թե սա ո՞ւմ նկարն է, Խաչիկ վարդապետը, փոխանակ դառնալու կաթողիկոսին և նրան ասելու, թե «Նորին Մեծությունը հարցնում է, թե սա ո՞ւմ նկարն է» և պատասխան ստանալով, փոխանակ շահին հայտնելու՝ «Նորին Սրբությունը հայտնում է, թե այսինչի նկարն է», ինքը ուղղակի պատասխանում էր շահի հարցման: Միևնույն ժամանակ Խաչիկ վարդապետը կոպիտ էր, սովորություն ուներ խոսելու ժամանակ խոսակցի թևից քաշել, կրծքին խփել, հրել կամ մշտել: Մի տեսարան դիտելու ժամանակ, ասում են, թե խփում էր շահի թևին և ասում էր «Բախ, բախ, բախ (նայի՛ր)»: Այս բոլորը վատ էր ազդել շահի վրա: Երբ լսեցի, որ թարգմանը Խաչիկ վարդապետն է լինելու, և ես ոչ մի դեր չունեմ, առավոտուց հենց ծառայիս ճանապարհ դրի և ասացի, որ ամբողջ օրը չգա մոտս. սենյակիս դռները կողպեցի, վարագույրները ամբողջովին գցեցի և քաշված սեղանիս ծայրը, Արմատական բառարանիս վրա աշխատեցի: Հանդեսը վերջացավ և շահը մեկնեց: Լսեցի, որ շահը իր ձեռքով մի պատվանշան է կախել կաթողիկոսի կրծքից և ինքը ձեռքը սեղմելով շնորհավորել։ Կարապետ վարդապետը և ուրիշներ սպասում էին պատվանշանի, բայց ոչինչ չստացան: Ասում են, թե շահը Պարսկաստան հասնելուց հետո հայտնել է, որ իր ամբողջ ճամփորդության մեջ, թեև շատ փառահեղ ընդունելություն են ցույց տվել իրեն ամեն տեղ, բայց միայն երկու հոգի սրտանց են ընդունել իրեն: Մեկը եղել է մի պարսկահպատակ հայ, որ Բաքվում հրավիրել է շահին իր տունը և հենց դռան առաջ Համեցե՛ք ասելու փոխարեն արծաթյա մատուցարանի մեջ դռան բանալիները տալով շահին, ամբողջ տունը նվիրել է նրան: Շահը ընդունել է: Երկրորդը եղել է Հայոց կաթողիկոսը: == ՍԻՐՈ ՕՐԵՐ == Խրիմյան Հայրիկը, նախքան ինձ տեսնելը, անշուշտ իմ մասին գաղափար ուներ, որովհետև կարդացել էր իմ հոդվածները «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: Չեմ ասում, թե նա լեզվաբանությունից հասկացողություն ուներ, որովհետև մի օր ինձ մոտ, խոսելով այդ գիտության մասին, ասաց. «Այդ որչա՜փ չոր գիտություն է. ի՞նչպես եք սիրել այդ գիտությունը, չե՞ք ձանձրանում: Չո՜ր, չոփ-չոր»: Բայց իբրև ուսումնասեր մարդ, անշուշտ որոշ գաղափար կազմել էր իմ մասին: Ուստի և առաջին օրվանից ինձ լավ ընդունելություն ցույց տվեց և պատճառ եղավ, որ ես մնայի Էջմիածնում և խորանայի հայագիտության մեջ: Չգիտեմ, եթե նա սկզբից ևեթ ինձ տեղ տված չլիներ, իմ կյանքի ընթացքը ի՞նչ կլիներ: Արդյոք կկառչեի՞ հայագիտության մեջ, այդպես խոր և անխախտ կերպով: Խրիմյանի նպատակն էր ինձ վարդապետ ձեռնադրել: Այդ բանը սկզբից ևեթ չհայտնեց ինձ, բայց մի երկու տարի հետո, արդեն հայտնապես ասաց. «Ես քեզ վարդապետ պիտի ձեռնադրեմ»: Պատասխանեցի, թե «մի աչքս կույր է, չեմ կարող վարդապետ լինել»: «Քեզ ո՞վ ասաց, որ այդ ասես ինձ, դա նշանակություն չունի»: Ես պատասխանեցի, թե «Լավ ձայն չունիմ, երգել չգիտեմ»: «Հո դու տիրացու չես լինելու, տիրացուները կերգեն»: Վերջապես ես ասացի, թե ինձ արժանի չեմ գտնում վարդապետական աստիճանին։ Պատասխանեց. «Երանի թե մյուս վարդապետները քո արժանիքի կեսն ունենային»: Խրիմյանը իմ վրա բռնություն չբանեցրեց, այլ գրպանս ընկույզներ էր լցնում, սրանով ինձ կաշառելո՞ւ համար: Միամիտ մարդ: Խրիմյանի բարեհաճությունը մեծապես ազդել էր իր եղբորորդի Խորեն էֆենդու վրա, որ, կարող ենք ասել, թե Էջմիածնի տերն ու տիրականն էր, կաթողիկոսի գաղտնի խորհրդականը և նրա դրդիչը: Մի օր Խորեն էֆենդին կանչեց ինձ Վեհարան և խնդրեց ինձ, որ ես նրա աղջկան դասեր տամ: «Ի՞նչ դաս տամ,— հարցրի ես»: «Սովորեցրեք նրան, ինչ որ մի աղջիկ պարտական է իմանալ լավ կին դառնալու համար»: «Օրինա՞կ…»: «Լավ հայերեն իմանալ, գրաբար կարդալ, շարադրություն գրել, հայոց պատմություն սովորել և վերջապես ինչ որ դուք կարևոր կհամարեք: Ի փոխարեն ես ձեզ կվճարեմ ամսական ռոճիկ այնքան, ինչքան ստանում եք Ճեմարանից»: Օր որոշեցինք, և նա ինձ տարավ իրենց տունը. ներկայացրեց իր տիկնոջ, որ վանեցի միջակ տարիքով մի խոհեմ կին էր. երկու աղջիկ ուներ: — Ահա իմ մեծ աղջիկը,— ասաց նա,— դուք սրա հետ պիտի պարապեք: Ինձ դուր եկավ այդ ընտանիքը. պարկեշտ ու համեստ, նահապետական ընտանիք էր: Օրը և ժամը որոշեցինք և ես 2 անգամ գնացի դասի: Պարապեցի մեծ աղջկա հետ հայերեն լեզվից: Նախքան հաջորդ դասը Խորեն էֆենդին կանչեց ինձ վեհարան և ասաց. — Վեհափառը իմացավ, որ դուք դասեր եք տալիս իմ աղջկան։ Վճռական կերպով արգելեց. նա մեր տան մեծն է և ինչ հրամայեց, մենք պետք է կատարենք. խնդրում եմ այլևս ձեր դասերը դադարեցնեք: Էլի կմնաք մեր տան բարեկամը, կհաճախեք մեզ մոտ երբ որ ուզեք, բայց ոչ դասի համար: Ես համաձայնվեցի, բայց այլևս երբեք նրա տունը չգնացի: Շատ շուտ հասկանալի եղավ ինձ բանի էությունը. Խրիմյանը ինձ ուզում էր վարդապետ ձեռնադրել, Խորեն էֆենդին՝ փեսա դարձնել: Երկուսը իրար հակառակ էին, հաղթողը պիտի լիներ Խրիմյանը, բայց իրականում ոչ ոք չեղավ: 1920-ական թվականներին, երբ եկա Երևան համալսարանում դասախոսելու և սկսեցի հրատարակել Արմատական բառարանս, բաժանորդ եղավ նաև Ախիկյան անունով նկարիչը, որ վանեցի էր: Նա ամուսնացել էր Խորեն էֆենդու աղջկա հետ: Մի-երկու տարի հետո Ախիկյանը մեռավ. տեսա նրա կնոջ… Նախկին բարեդեմ աղջկա տեղ տեսա մի պառաված, կնճռոտ երեսով, տգեղ կին, որ ավուր հացի կարոտ էր: Նա էլ շուտով մեռավ: * * Կես դար և ավելի առաջ Վաղարշապատի կանայք բավական տգեղ էին: Այդ տգեղությունը վերագրում էին մալարիային, կիզիչ արևին և կեղտոտ ջրին: Եթե նրանց մեջ պատահեին բարեդեմ կանայք, անշուշտ եկվոր էին: Այսպիսիներից մեկն էր իմ ընկեր Մանանդյանի քույրը, որի անունն էր Աստղիկ: Չգիտեմ որտեղ տեսա նրան և երիտասարդական խանդավառությամբ սիրահարվեցի: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Այն ժամանակվա սիրահարությունը բոլորովին նման չէր արդի սերերի հետ: Սիրահարը դառնում էր ամաչկոտ, լռակյաց, տխուր և ապրում էր միայն ներքին հուզմունքով: Ոչ մի արտաքին նյութական արտահայտություն չէր ունենում: Այդպես և ես: Իմ սիրո արդյունքը այն եղավ, որ ես ուզեցի ավելի մոտենալ Մանանդյանին, ցույց տալ իմ աշխատասիրությունը և դրանով ինձ նրան սիրելի դարձնել: Դրա համար, երբ ես և Մանանդյանը դիմեցինք Գալուստ Տեր-Մկրտչյանին և խնդրեցինք, որ հայագիտական մի լավ նյութ տա իրեն գրելու համար և Միաբանը առաջարկեց մեզ կազմել «Հայոց նոր վկաները», ես իսկույն սիրով ընկերակցեցի Մանանդյանին և միասին սկսեցինք գործը: Այս աշխատությունը տևեց կարծեմ 2 տարի: Գրեթե ամեն օր գնում էինք ձեռագրատուն, վերցնում էինք ձեռագրերը և դեմ-դեմի նստած աշխատում էինք: Ամեն մեկս մի առանձին գլուխ էր վերցնում իր համար, որին մյուսը չէր մասնակցում: Ես սկսել էի թերթել Էջմիածնի ձեռագրատան բոլոր 4000 ձեռագրերը և կազմել տաղերի հավաքածու: Այդ նպատակին միացրի նաև «Նոր վկաներ»-ի որոնումը և ահագին նյութ հավաքեցի: Այս բոլորը դրի սեղանի վրա: Երկու տարվա մեր աշխատության արդյունքը հրատարակվեց Էջմիածնում երկու առանձին ձևի տակ: Առաջինը ժողովրդական հրատարակություն (Վաղարշապատ, 1902 թ.), իսկ երկրորդը գիտական հրատարակություն (Վաղարշապատ, 1903 թ.): «Հայոց նոր վկաները» 1155 թվականից մինչև 1843 թվականը նահատակված հայերի պատմությունն է (մեծ մասամբ թուրքերի ձեռքով, մի փոքր մասն էլ պարսիկների): Սրանք տոնելի սրբեր չեն և նրանց կյանքը «Յայսմաւուրք»-ի մեջ չի անցած պաշտոնապես: Օրացույցների մեջ էլ նրանք չեն հիշատակվում: Մասնավոր դեպքերում այս կամ այն «Յայսմաւուրք»-ը տալիս է իբր հավելված իր շրջապատում տեղի ունեցած մի նահատակի պատմությունը: Պրպտելով 100-ի չափ ձեռագրեր, հավաքելով նյութը և դասավորելով ժամանակագրական կարգով, հրատարակեցինք այս գիրքը, յուրաքանչյուր նահատակի պատմության վերջում դնելով նաև կարևոր պատմական, ժամանակագրական և ձեռագրական տեղեկություններ: Գիտական հրատարակության մեջ էջի ներքևում նշանակված են բոլոր ձեռագրերի տարբերակները, որոնք չկան ժողովրդական հրատարակության մեջ: Վերևում ասացի, թե ամեն մեկս մի գլուխ էր վերցնում և գրում. որոշելու համար, թե ո՞ր գլուխը ո՞վ է գրել, այսպես պայման կապեցինք. երբ նահատակի պատմության վերջում դրված տեղեկությունը սկսում է «այս» բառով, դա Մանանդյանինն է. երբ սկսում է «սույն» բառով՝ իմն է. իսկ երբ սկսում է «հիշյալ» բառով, իմն է, բայց քրոջս (Արմենուհու) աշխատակցությամբ: Հաշվելով բոլորը միասին, դուրս է գալիս, որ երկուսս միաժամանակ և միաչափ աշխատելով, իմ աշխատանքի արդյունքը եղել է մոտ երկուս ու կես անգամ ավելի, քան Մանանդյանինը: Երբ գրքի տպագրությունը վերջացավ, ես ուզեցի, որ այս արդյունքը նշանակենք առաջաբանի վերջում. Մանանդյանը նեղացավ, և ես զիջեցի: Այժմ այստեղ ուզում եմ դնել մեր աշխատանքի հաշիվը: Բնագրի 734 էջից Մանանդյանին է պատկանում 193 էջ, իսկ իմ ու քրոջս բաժինը կլինի 541 էջ, մոտ երկու և կես անգամ ավելի: Չնայած դրան, Մանանդյանը իր առաջաբանի սկզբում գրում է. «Ձեռնարկելով պր. Հրաչյա Աճառյանի տոկուն ու սիրահոժար աշխատակցությամբ հայոց նոր նահատակների վկայաբանությունների հրատարակման՝ իմ գլխավոր նպատակն է եղել…»: Դուրս է գալիս, որ աշխատությունը գրողը ինքն է, և ես նրա աշխատակիցն եմ: Բայց այս սխալը ոչ թե հեղինակի սխալն է, այլ նրա հայերեն լավ չիմանալու արդյունքը: Իմ սիրահարության պատմությունը թաքուն չէր կարող մնալ։ Ընկերներս մի օր տարան ինձ Երևան, Հրազդանի ափին գտնված մի զբոսավայր: Այնտեղ նրանք լավ խմեցին, ինձ էլ մի բաժակ գարեջուր խմացրին, որից ես հարբելով, դառնագին լաց եղա և գաղտնիքս բաց արի նրանց առաջ։ Լուրերով աղքատ Էջմիածինը չնչին բան էր փնտրում մեծացնելու համար: Այսպես տարածվեց իմ սիրո պատմությունը ամբողջ Վաղարշապատում: Նրանից անտեղյակ չէր կարող լինել Մանանդյանը, որի վերաբերմունքը իմ հանդեպ ոչ միայն չփոխվեց, այլ ընդհակառակը ավելի լավացավ: Երբ ամառը եկավ և արձակուրդ ունեցողները ամառանոց գնացին, մի օր Մանանդյանը մտավ իմ սենյակը և ասաց. «Դուք որևէ տեղ չե՞ք գնալու»: «Ո՞ւր գնամ,— պատասխանեցի ես,— գնալու տեղ չունեմ»: «Մենք գնալու ենք Դիլիջան,— ասաց նա,— կգաք մեզ մոտ, կապրեք մեզ հետ, և երբ արձակուրդը վերջանա՝ նորից կվերադառնանք Էջմիածին»: — Այս հրավերը չափազանց ուրախացրեց ինձ, բայց ես ի՞նչպես կարող էի մի ամբողջ ամառ պարապ անցկացնել: Մտածեցի և իսկույն մի միջոց գտա: Պետք էր հավաքեի պոլսահայ բարբառի մեջ գործածված բոլոր թուրքերեն բառերը: Ուրիշներ եթե ուզենային կատարել այդ աշխատանքը, անշուշտ պիտի սկսեին կարդալ զանազան բնագրեր և պիտի սկսեին հավաքել թուրքերեն բառերը: Բայց այդ աշխատանքը ինչքան էլ ուշադիր ձևով և երկար ժամանակ կատարեին, անշուշտ դարձյալ պակասավոր պիտի լիներ: Ես մտածեցի մի ուրիշ միջոց, որ հակառակ իր կարճության՝ պիտի տար լավագույն արդյունքը: Վերցրի միայն մի գիրք, այն է՝ Միհրան Աբիկյանի ընդարձակ օսմաներեն բառարանը՝ տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն լեզուներով: Որոշեցի կարդալ այդ գիրքը ամբողջ և որովհետև՝ իբրև կոստանդնուպոլսեցի, լավ գիտեի մեր բարբառը, ամեն մի թուրքերեն բառի դեմ կարող էի մի գիծ քաշել, եթե նա գործածական էր մեր բարբառում, և այսպիսով կունենայի ամբողջ փոխառյալ բառերի հավաքածուն: Գնացինք 5 հոգով Դիլիջան, վարձեցինք Ղուկաս բիձայի բնակարանը մալականների սահմանում: Մեզ հարևան ունեինք միայն մի մալական, որ ամբողջ օրը երգում էր. «Ու սուսիդա ժինկա միլայ Ա ու մենե նիչևո նիմա»: («Հարևանս ունի մի սիրուն կին, Իսկ ես ոչինչ չունեմ»): Ապրեցինք ամբողջ ամառը այդ բնակարանում: Ոչ մի հետաքրքրական դեպք չպատահեց մեր մեջ: Ես աշխատում էի իմ թուրքերենի փոխառյալ բառերի վրա և վերջացրի մի ամսում (1900 թ. հուլիս), որ և ապա տպագրվեց «Էմինյան ժողովածու»-ի շարքով (Վաղարշապատ, 1904 թ.): Երբեմն չորս հոգով պտույտի էինք դուրս գալիս. ես, Մանանդյանի մայրը, փոքր որդին՝ Արսենը և օրիորդը: Մեծ եղբայրը ընդհանրապես դուրս չէր գալիս: Փոքր եղբայրը շատ կատակախոս և զվարճասեր երիտասարդ էր: Մեր պտույտներից միայն մեկն եմ հիշում: Գնացել էինք բարձրադիր մի անտառ, որ գտնվում էր բլուրի վրա: Գագաթից ցած իջնելը դժվարացավ, որովհետև չորացած տերևները սահուն հատակ էին շինել և զառիվայրը լպրծուն էր դարձել. օրիորդը չէր կարողանում իջնել, ուստի թևն առի և արագ վազելով իջանք ցած: Մի օր ես ու մայրիկը տանը նստած խոսում էինք. մայրիկը հայտնեց, թե մի երիտասարդ խնդրել է օրիորդի ձեռքը, բայց իրենք մերժել են: Այս խոսքի վրա ես այլայլվել եմ և գույնս թռել է: Մայրիկը դարձավ ինձ, թե «Ի՞նչ եղար, ինչո՞ւ գույնդ թռավ»: «Ի՞նչ է եղել, որ իմ գույնը թռնի. ի՞նչ կապ ունեմ ես օրիորդի հետ»: «Ես ամեն բան գիտեմ, հանգիստ եղիր, արժանավորին կտամ, անարժանին չեմ տա»: == ՄԵՐՈՆՑ ԳԱԼՈՒՍՏԸ == Մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց. հայրս, մայրս, մեծ քույրս, փոքր քույրս, եղբայրս և ես (Արշալույս քույրս մեռել էր արդեն): Մերոնց նամակ էի գրում և առաջարկում, որ փոխադրվեն Էջմիածին: Կառավարությունը արգելել էր հայերի մուտքը և ելքը Տաճկաստանից: Վերջապես ստանում եմ տեղեկություն, թե հայրս և քույրս մեկնել են Կոստանդնուպոլսից, հասել են Բաթումի և այսինչ օրը պետք է լինեն Երևանում: Գնացի Երևան, գտա հորս, որին 6 տարի ի վեր չէի տեսել: Դեմքը չէր փոխված, միայն մի քիչ ծերացել էր, առանց կորցնելու իր նախկին աշխույժը և եռանդը: Կողքին կանգնած էր մի մանկամարդ, գեղեցիկ, բարձրահասակ աղջիկ․ հարցրի հորս. «Հայրիկ, ասիկա ո՞վ է»: «Քույրդ է, ծո»: Ժողովրդական մի ասացվածք կա. մեծ ուրախություն զգալու դեպքում ասում են «Ոտքս գետնից կտրվեց»: Ճիշտ այդպես եղավ և ինձ: Քրոջս ես փոքր տարիքին թողել էի Կոստանդնուպոլսում. այն ժամանակ սևադեմ փոքրիկ մի երեխա էր, իսկ այժմ բարձրահասակ, հրեշտակադեմ մի էակ: Ոտքերս գետնից կտրվեցին, փաթաթվեցի նրան և անվերջ համբույրներով երեսը ծածկեցի: Այլևս աշխարհում ոչինչ չմնաց ինձ համար: Գնացինք «Օրիանտ» հյուրանոցը, ուր գիշերեցինք երեքով և մյուս օրը գնացինք Էջմիածին, № 1 բնակարանս։ Հազիվ մտել ենք ներս և իրերը դասավորել, հանկարծ այցելության են գալիս Ճեմարանի ուսուցիչներից երկուսը՝ Քերովբե Միրաքյանը (նոր-նախիջևանցի) և Գևորգ Ղազարյանը (կարսեցի): Ես խնդրեցի, թե այժմ չեմ կարող ընդունել, որովհետև մերոնք նոր են եկել և հանգստի կարոտ են: «Խնդրում եմ վաղը եկեք»: Նրանք նեղացան և հեռացան: Իսկույն կազմում են մեր մասին մի առասպել, թե այդ աղջիկը Աճառյանի քույրը չէ, այլ սիրուհին. իսկ հորս համար դեռ որոշում չէին տվել. ոմանք ասում էին, թե քրոջս հայրն է: Որքա՜ն չար և անմիտ են մարդիկ: Մյուս օրը նույն երկու հյուրերը եկան սենյակ: Ծանոթացան հորս և քրոջս հետ և զարմացան, երբ քույրս խոսեց նրանց հետ ռուսահայ լեզվով: Քերովբեն հարցրեց. — Օրիորդ, այդ ի՞նչ շուտ սովորել եք մեր լեզուն: Քույրս պատասխանեց զարմանքով. — Մեր լեզուն, ձեր լեզուն ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ: Բացառականը կազմում եք ից-ով, ներգոյականը ում-ով, ներկան էլ ում եմ։ Ճանապարհի 2 օրվա ընթացքում այդքանը չէի՞ կարող սովորել: Այս փոքրիկ միջադեպը ես հաճույքով պատմեցի ցույց տալու համար, թե որքան սխալվում են նրանք, որոնք մեր երկու բարբառները իրարից անջատում են իբրև տարբեր լեզուներ և նրանց միջև մի մեծ անջրպետ են շինում: Արևմտահայերը ամենամեծ ճշտությամբ հասկանում և սովորում են արևելահայ լեզուն, բայց ինչո՞ւ արևելահայերը այդքան դժվարանում են սովորելու մեր բարբառը, նույնիսկ Կոստանդնուպոլսում երկար տարիներ ապրելուց հետո: Նույն միջոցին Գևորգ Ղազարյանը դիտում է իմ և քրոջս ունքերը և նրանց մեջ որոշ նմանություն գտնելով, գնում ընկերներին պատմում է, թե նա իմ հարազատ քույրն է: Այսպիսով մեր մասին տարածված առասպելը ջնջվում է: Երբ նրանք մեկնեցին, մերոնց հարցրի, թե եղբայրս ի՞նչ եղավ. իսկույն հայրս սկսեց լաց լինել. եղելությունը հասկացա: Եղբայրս մեռել էր: Մահը պատահել է 1900 թվականի ապրիլի 12-ին, հետևյալ հանգամանքներում: Բյոյուք-դերեի եկեղեցու կառավարիչ և դպրոցի տեսուչ Սահակ Խանճյանը, որ գրող, բանաստեղծ և ուսուցիչ էր և նույն թաղի բոլոր կրոնական և ազգային-դպրոցական գործերի կառավարիչը, խնդրել է հորիցս, որ թույլ տար իր որդուն եկեղեցում երգել, այսինքն՝ տիրացություն անել։ Հայրս թեև այս գաղափարին սաստիկ հակառակորդ էր, չի կարողանում մերժել նրա խնդիրքը և թույլատրում է: Ավագ շաբթում և Զատկին գիշերային պաշտամունքների ժամանակ հոգնում, անքուն է մնում եղբայրս և հենց տոներից հետո հիվանդանում: Մենենգիտ էր ստացել: Բժիշկները չեն կարողանում դարմանել, և նա մեռնում է: Մեր ընտանիքի ամենափոքր անդամն էր եղբայրս. բոլորովին սպիտակ դեմքով, ուժեղ և հաղթանդամ տղա էր դարձել: 14 տարեկան էր, երբ մեռավ։ Եղբորս հիշատակին ես մի գիրք եմ նվիրել՝ «Մանկական բարբառ», որ տպված է Փարիզի «Բանասէր» հանդեսում 1901 թվականին, պրակ Ա-ում: Այցելուները շատացան: Դրանց մեջ հիշում եմ գերմանացի հայագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինքին: Բեռլինից եկել էր Էջմիածին հայերեն ուսումնասիրելու: Երկու տարի մնաց Էջմիածնում, Ստեփան Կանայանի հետ գրեցին արևելահայ աշխարհաբարի քերականությունը գերմաներեն լեզվով, ընկերանալով Հակոբ Մանանդյանի, Եզնիկ վարդապետ Գյանջեցյանի և Գալուստ դպրի հետ, սկսեցին հրատարակել Zeitschrift für armenische Philologie ուսումնաթերթը, որ տևեց 2 տարի և որի կառավարիչն էր թիֆլիսեցի Աբգար Հովհաննիսյանը, իսկ ծախսերը հայթայթում էր Մանթաշյանը: Այս ուսումնաթերթում մասնակցեցին հայ և օտար հեղինակներ: Ես էլ մի ընդարձակ հոդված եմ հրատարակել այդտեղ Lautlehre des Van-Dialects (արտատպ. Marbourg, 1901) վերնագրով: Ֆինքը նշանավոր եղավ իր մի ուրիշ աշխատությամբ: Նա ուսումնասիրեց հայ բոշաների լեզուն և հետագայում հրատարակեց Պետերբուրգում — Die Sprache der armenischen Zigeuner վերնագրով: Հետագայում գնաց Գերմանիա, ուր վաղամեռիկ եղավ։ Ահա այս անձն էր, որ եկավ իմ սենյակը այցելության. բայց նա ինձ մոտ երբեք չէր եկել և մի նոր պատճառ էլ չուներ ինձ այցելելու: Ուստի ենթադրում եմ, եկել էր քրոջս տեսնելու: Դրա համար էլ սկսեց խոսել քրոջս հետ և որովհետև քույրս գերմաներեն չգիտեր, ուստի Ֆինքը խոսում էր կիսատ-պռատ հայերենով: Աչքերը ոլորելով այնպիսի ձևեր և նշաններ էր անում, որ խիստ տարօրինակ թվաց։ Կանայք ավելի զգայուն են միշտ: Քույրս վեր կացավ, գնաց մյուս սենյակը և այլևս չվերադարձավ։ Ֆինքը մի քանի անգամ էլ այցելության եկավ «ինձ», բայց քույրս չներկայացավ նրան: Մի օր քրոջս հայտնեցի, որ ես այստեղ սիրահարված եմ մի աղջկա: — Մի՞թե,— ասաց քույրս, — տար ինձ իր տունը, տեսնեմ ինչ տեսակ աղջիկ է: Գնացինք Մանանդյանի տունը: Քույրս իր շենշող բնավորությամբ իսկույն ծանոթացավ նրանց հետ և մտերմական խոսակցություն ունեցավ օրիորդի հետ. կարծես թե հին բարեկամներ լինեին: Երբ տուն եկանք, ասաց. — Դուն մեր Կոստանդնուպոլսի աղջիկները մոռցեր ես. ան ի՞նչ անշնորհք աղջիկ է. ոչ կարդալ գիտե, ոչ գրել գիտե, ոչ ձեռագործ գիտե, ոչ ալ կարուձև գիտե. թափթփածին մեկն է. իրարու վրա 3 հատ շրջազգեստ հագեր էր, ետևեն կարելի էր հաշվել: Ամեն մեկը մյուսեն 3 մատ հեռավորություն ուներ: Այսպիսի գնահատությունը և միևնույն ժամանակ տանս մեջ նոր մտած կենսաթրթիռ շունչը իսպառ մոռացրին իմ զգացմունքը: Վեհարանում ապրում էր նաև ոմն Վահան էֆենդի, որ Խրիմյանի մոտիկ ազգականն էր: Բուրժուա վաճառականի կերպարանքով, կլոր և առողջ դեմքով, հաստափոր մեկն էր։ Այդ անձը սիրահարվել էր քրոջս և մեկի միջոցով դիմել էր հորս և խնդրել քրոջս ձեռքը: Հայրս հարցրել էր. — Ի՞նչ գործ կընե ադ Վահան էֆենդին: — Կաթողիկոսի մոտ ծառայում է: — Ի՞նչ արհեստ գիտե. դերձա՞կ է, ատաղձագո՞րծ է, կոշկակա՞ր է, դարբի՞ն է, ի՞նչ է: — Արհեստ չունի, կաթողիկոսի մոտ ծառայում է: — Հասկցա, կաթողիկոսին ք… կթափե. է՛, կաթողիկոսը մեռնի նե, որի՞ն ք… պիտի թափե: Ես ադ տեսակ մարդու աղջիկ չունիմ տալու: Հորս իսկույն պաշտոնի կանչեցին Էջմիածնում, դարձրին նրան մառանապետ, այսինքն՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն, բոլոր միաբանների ուտելեղենը հայթայթող գլխավոր անձը: Իր գլխավորը եղավ Եղիշե վարդապետ Ահարոնյանը, շուշեցի մի գեղեցկադեմ մարդ, որի բնակարանը № 5 էր, մեր շարքում: Ես ու նա իրար հետ շատ մոտիկ էինք, սկսած այն օրից, երբ ես հրատարակեցի Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությունը, նա մեծ հետաքրքրությամբ կարդում էր իրենց բարբառի քննությունը և անում իր դիտողությունները: Մի տարի հետո մայրս և մեծ քույրս դիմում են կառավարության, մայրս ընկնում է փաշաների ոտքը լաց լինելով հայտնում, թե ինքը մենակ է մնացել, ոչ մի օգնական չունի, աշխատելու կարողություն չունի. «Աղաչում եմ թույլ տվեք գնամ Էջմիածին՝ որդուս և ամուսնուս մոտ»: Երկար աղերսանքները վերջապես ձանձրացնում են փաշաներին և տալիս են անցագիր: Գնում են Տրապիզոն, այնտեղից Բաթումի և հասնում են Երևան: Հայրս գնաց դիմավորեց նրանց (մորս և մեծ քրոջս՝ Հերսիլյային) և գիշերով վերադարձան Էջմիածին մեր բնակարանը: Ներս մտավ թե չէ, մայրս ծոցից հանեց մի քանի թղթի կտորտանք և թափեց սեղանիս վրա: — Ի՞նչ են ասոնք,— հարցրի ես: — Միտքդ չէ՞, Պոլսեն ելած օրդ այս թուղթերը ինձ տվիր և ըսիր, որ աղեկ պահեմ մինչև գալդ. հիմա եկա քեզի տվի տարիներ պահելե ետքը: Ես մի քիչ նայեցի թղթերի վրա և առանձնապես հետաքրքրական բան չտեսնելով, մի կողմ դրի: Հայրս ասաց մորս. — Ես քեզի չըսի՞, օր ադոնք բոլոր պարապ բաներ են. ան ատենը տղա էր, աս թուղթերը մեծ բան էին իրեն համար, հիմա Փարիզ գնացեր, սորվեր էկեր է, ադոր էրեսը կնայի՞: Հաջորդ օրը հայրս գնաց գյուղ և վարձեց մեզ համար մի լավ բնակարան: Շուկայից մի քիչ ցածը մի մեծ պարտեզ էր, որի մեջ երկու բնակարան կար. աջ կողմինը մերն էր, իսկ ձախ կողմինը՝ Ճեմարանի ուսուցիչ Գալուստ Թումանյանինը: == ՍԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՄՖԼԵՏԸ == Մենք արդեն տեսանք այս անձին: Հազիվ մերոնք եկել էին Էջմիածին, «Նոր-դար»-ի մեջ երևաց մի թերթոն: Հեղինակը չէր ստորագրել. խոսում էր իմ մասին, բայց չեմ հիշում անունս տալի՞ս էր, թե ոչ: Բովանդակությունը մոտավորապես հետևյալ բառերով էր. — Էջմիածնի № 1 բնակարանը իր զվարճալի պատմությունը ունի. այնտեղ բնակվում էր Հրաչյա Աճառյանը, վանքի հաշվով և տեսնելով, որ այդ շատ լավ է՝ բերել տվեց Կոստանդնուպոլսից իր հորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր քրոջը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երկրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր մորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև մյուս քրոջը։ «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր չորրորդ»: Ծննդոց գրքի Ա գլխի օրինակով շինված այս պամֆլետը, որ գրված էր մերոնց ծաղրելու համար, շատ անտեղի էր և անճիշտ: Նախ, որ մերոնք չորս հերթով չէին եկել, այլ երկու հերթով, ուստի այն չորս օրերի պատմությունը կեղծ է: Երկրորդ՝ հենց որ մայրս և մեծ քույրս եկան Էջմիածին, իսկույն թողեցինք № 1 բնակարանը և փոխադրվեցինք գյուղ: Երրորդ, որ ոչ ես և ոչ հայրս ձրի չէինք վայելում վանքի հացը, այլ իբր մեր աշխատանքի վարձատրությունը: Ասացինք, թե պամֆլետը ստորագրված չէր, բայց նրա լեզուն և ոճը մատնանիշ էին անում Սեթ Հարությունյանին, որ թեև գիտական աշխատանք կատարելու անընդունակ էր, բայց զվարճախոսության մեջ լավ ընդունակ էր: Այն կարծիքը, թե գրողը Սեթն էր, բոլորը զգում էին, նույնիսկ 51 տարի անց (1952 ապրիլ) մի օր հրավիրվելով Երևանում կաթողիկոսի (Գևորգ Զ) տունը, տեսա այնտեղ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանին, որ անցյալի մասին խոսելով, ամենայն անկեղծությամբ պատմեց, թե այդ պամֆլետի հեղինակը Սեթն էր: Ես զարմացա նրա այդքան սուր հիշողության վրա, մանավանդ, որ պամֆլետը բառացի կրկնեց այնպես, ինչպես վերը գրեցի: Բայց ի՞նչ կարիք ուներ Սեթը այդ պամֆլետը գրելու։ Արդյո՞ք կասկածում էր, որ ես նրա տեղը կգրավեմ. շատ իզուր, որովհետև Սեթը լինելով Կարապետ Կոստանյանի ստրուկը, հազիվ թե մեկը նրան ձեռք տար: == ՀՈՐՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ == Հայրս շատ աշխատասեր մարդ էր. վանքի մառանապետի պաշտոնը ծանր գործ չէր. պարապ ժամանակ շատ ուներ: Զբաղմունքի համար որոշեց վանքի այգին մշակել (ձրիաբար): № 1 բնակարանի առաջ ընդարձակ բակ էր և այդ բակը գնում էր մինչև շենքի ծայրը: Դիմացը գտնվում էր Տաճարը: Բակը, թեև հողից, բայց շենքի կառուցման ժամանակ այնքան լցվել էր տուֆի փշրտանքներով, որ այլևս հող չէր երևում: Դրա մեջ մշակությունն անկարելի էր: Հայրս վարդապետներից թույլտվություն խնդրեց այդ խճալից հողը դեն ածելու և փոխարեն սևահող լցնելու: Ամենայն սիրով թույլատրեցին վարդապետները, որովհետև ձրի աշխատանք էր և վանքին օգուտ: Հայրս ամեն օր փորելով այդ խճաշատ հողը, տանում թափում էր հեռու, վանքից դուրս դաշտում և այնտեղից մաքուր սևահող բերելով՝ լցնում նրա տեղը: Այսպիսով կարճ ժամանակում № 1 բնակարանի առաջը, ինչպես և № 2 բնակարանի առաջը մաքրվեց և սևահող լցվեց: Այս սևահողի մեջ հայրս ցանեց զանազան բույսեր, որոնք շուտով աճեցին: Այստեղ տնկեց նա մի տեսակ պամիդոր, որ բարձրանում էր օդի մեջ առանց հենարանի: Այդ զարմանալի բույսի սերմը Կոստանդնուպոլսից էր բերել: Ցանեց նաև լոբի և ծաղիկներ: Մի քիչ այն կողմ № 4 բնակարանի առաջ (որ պատկանում էր մառանապետ Եղիշե վարդապետ Ահարոնյանին) շինեց փայտե թառ, մեկուկես մարդու հասակի բարձրության, և տնկեց մի տեսակ դդում, որ 1 մետր երկարություն ուներ: Այս տեսակի դդում չկար Երևանում, բայց սովորական է Կոստանդնուպոլսում, որտեղից բերել էր հայրս սերմը: Դդումը բարձրացավ և ի մեծ զարմանս բոլորի, թառի վերևից ձողերի պես կախվեց: Մի օր հորս ասացի. — Հայրիկ, այս դդումը այստեղ չկար, դուն նոր բերիր հասցուցիր. պետք է, որ քու անունդ վրան դնես: — Է՜, ի՞նչ դնեմ: — «Հակոբ խաբախի= Հակոբի դդում»: Դարձավ մորս և ասաց. — Կլսե՞ս կոր խելոք տղուդ խոսքը. ինձի խաբախ ըրավ: Կարևոր է վարունգի պատմությունը: № 1 բնակարանի առաջ հայրս ի միջի այլոց տնկել էր նաև վարունգ. պտուղը բավական մեծացել էր և վախ կար, որ № 3 բնակարանի «քոռ» Եղիա վարդապետը գողանար: Նա իրավունք էր համարում կողքի կանաչիներից քաղել, բայց աչքը վարունգի վրա էր: Հայրս զգում էր նրա մտադրությունը և միշտ զանազան պատճառներով պահակ էր կանգնում: Գողության հարմար րոպեն անշուշտ կես գիշերն էր և հայրս մինչև այդ ժամանակը հսկում էր: Վերջապես չթողեց, որ գողանա, և երբ վարունգը հասավ, կտրեց և կաթողիկոսին նվեր տարավ: Մինչև անգամ Երևանի ջերմոցներում դեռ վարունգ հասած չէր, իսկ հայրս № 1 բնակարանի առջևի քարքարուտում վարունգ էր հասցրել: Հրճվանքով վարունգը ձեռքին տանում, նվիրում է կաթողիկոսին, ձեռքը համբուրում և վարունգը դնում է սեղանի վրա: Կաթողիկոսը, փոխանակ որևէ շնորհակալության բառ արտասանելու և կամ գովասանական խոսք ասելու, դառնում է հորս հետևյալ խոսքերով. — Դուն կուզե՞ս որ ես քեզի շնորհակալ եմ ըսեմ: Դուն գիտե՞ս ես ո՞վ եմ. ես այս բոլոր վանքի ամենամեծն եմ. եթե ուզեմ, կարող եմ անմիջապես վանքեն դուրս վռնդել քեզ. լսեցի՞ր, հադե գնա: Հայրս զայրացած գալիս է ինձ մոտ. — Էշեկ օղլու էշեկ. մենք ալ քեզի մարդ գիտցանք. էշուն մեծն է եղեր. սա ըսելու խո՞սք է, որ ըսավ ինձի: Եվ պատմեց ամբողջ դեպքը: Խրիմյանը այսպիսի անպատշաճ արարքներ շատ էր անում: Վերևում պատմեցի Հովհաննես Հովհաննիսյանի կնոջ դեպքը: Նման մի դեպքի անձամբ ներկա եղա մի ուրիշ անգամ: Նոր տարվա առթիվ Ճեմարանի բոլոր ուսուցիչները ներկայացան կաթողիկոսին շնորհավորելու: Ես գտնվում էի ամենավերջում. ամենաառաջը Մանանդյանն էր. Խրիմյանը տեսավ նրան և ասաց. — Պարոն Մանանդյան, այդչափ գիտությունը այդ փոքրիկ, ճնճղուկի չափ գլխի մեջ ի՞նչպես ես տեղավորեր: Գոնե մեծ գլուխ ունենայիր… Բայց մեծ գլուխ ունեցողներն ալ ապուշ կլինին: Ահա Կանայանը, ահագին գլուխ ունի, մեջը պարապ. հա՜, հա՜, հա՜: Եվ սկսեց լայնաբերան ծիծաղել: Մենք բոլորս իրար հետև ծածկվում էինք, որ չտեսնվենք և նոր ծաղրանքի զոհ չգնանք: Իմ առաջ կանգնած էր Աբեղյանը, որ գլուխը և մարմինը թաքցրեց և անխուսափելի ծաղրից ազատվեց: == ՊՈՍՈԽՈՎԻ ԴԵՊՔԸ == Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր Պոսոխով անունով մի ռուս, որ կառավարության կողմից նշանակված լրտես էր Էջմիածնի վրա: Հայատյաց մարդ էր, բայց գիտեր հայերեն խոսել: Սովորություն ուներ խոսած ժամանակ աչքերը ճըփճըփացնելու: Ճեմարանի ուսուցիչների նամակները ստանալու պաշտոնը հանձնված էր Կարապետ Քոչարյանին, որ գեղեցիկ գիր ունենալու պատճառով Ճեմարանի հավիտենական քարտուղարն էր: Բացի գեղեցիկ գիր ունենալուց, ուրիշ ոչ մի լավ հատկություն չուներ։ Կարապետ Կոստանյանի ստրուկն էր և միաժամանակ նրա լրտեսը: Մի օր Քոչարյանը հայտնում է ինձ, որ Պոսոխովը իմ անունով նամակ է ստացել, բայց մերժել է հանձնել Քոչարյանին և սպասում է, որ ես անձամբ գնամ ստանամ: Ներկայացա Պոսոխովին. ցույց տվեց մի հաստ նամակ, որ ստացել էր Փարիզից: Կասկածում էր նրա վրա: — Ի՞նչ եք կասկածում, որ լինի միջին: — Կարելի է որևէ հեղափոխական թերթ կա մեջը: — Է՜հ, եթե ինձ թշնամի մի մարդ միջին «Դրոշակ» կամ «Հնչակ» դնելով ուղարկել է ինձ, ես հանցավո՞ր եմ: — Այդ հետո կտեսնենք: Պոսոխովը մկրատով կտրեց ծրարը, դուրս թափվեցին մի նամակ և 30 ռուբլի թղթադրամ: — Օհ,— բացականչեց Պոսոխովը և փողերը գրպանեց,— այս գումարը պատկանում է ինձ, որովհետև նամակի վրա с объявлением չէ գրված: Ես նամակը կարդացի: Փարիզում մի գրավաճառի մոտ դրել էի իմ Étude sur la langue laze աշխատությունից մի քանի օրինակ: Գրավաճառը ծախել էր այդ օրինակները և ահա գումարը ուղարկում էր ինձ: Պոսոխովին հայտնեցի, թե «Ֆրանսիայում իրավունք կա նամակի մեջ փող դնելու և ուղարկելու. ոչ ոք իրավունք չունի նամակը բանալու և գումարը վերցնելու: Ահա իր երկրի օրենքով այդ մարդը փողը ուղարկել է ինձ, դուք իրավունք չունեք այդ փողը խլելու: Ես ձեր դեմ կբողոքեմ»: — Բողոքեցեք. բողոքի հասցեն էլ ես տամ: Բողոքի հասցեն վերցրի և եկա տուն № 1 սենյակս: Մի ֆրանսերեն նամակ գրեցի Փարիզ՝ արտաքին գործոց մինիստրության և մի նամակ էլ ներքին գործոց մինիստրության և, բացատրելով դեպքը, խնդրեցի, որ դիմեն Ռուսաստան և պահանջեն գումարս հետ տալ։ Կանչեցի Սիրական Տիգրանյանին, որ իմ մտերիմ ընկերն էր և մանավանդ ցարական գործերի մասնագետ և լավ ռուսագետ և խնդրեցի, որ մի նամակ գրի Ռուսաստանի փոստ-հեռագրատան մինիստրության: Նա հրաժարվեց գրել, ասելով, թե «այդ ավելորդ է, ոչինչ չես կարող ստանալ»: Ես կրկնապատկեցի խնդիրքս և շատ աղաչեցի, բայց նա միշտ մերժում էր: Վերջապես զիջեցրի, և նա հանձն առավ գրել: Նամակը, անշուշտ պատվիրած, փոստ գցեցի. այսպես նաև երկու ֆրանսերեն նամակներս: Մի քանի շաբաթ անցավ. ոչ մի պատասխան չկար։ Շաբաթ երեկո էր. եկեղեցուց դուրս ենք գալիս. անցնում եմ Տրդատա դռնով: Դռան առաջ պատահում եմ Պոսոխովին, որ իսկույն մի կողմ է քաշվում, մեջքը դռան բարավորին դրած, կռանում է, գլխարկը հանած խոնարհվում է իմ առաջ: Զարմանքը պատեց ինձ. Պոսոխովը կաթողիկոսի առաջ էլ չէր խոնարհվում. այս ի՞նչ տարօրինակ տեսարան է: Ես մտածեցի, թե ծաղրում է ինձ, գլուխս կախեցի, թեթև բարևեցի և գնացի տուն, մեր նոր բնակարանը: Մյուս առավոտ, կիրակի օր, լսում եմ որոտընդոստ մի ոտնաձայն: Մի կոզակ մտնում է սենյակս, դնում է իմ առաջ մի խոշոր սպիտակ ծրար, հինգ տեղից կնքամոմով կնքված, տալիս է ինձ 30 ռուբլի թղթադրամ և մի թղթի կտոր, որով Պոսոխովը խնդրում էր ինձ տալ 30 ռուբլու ստացական: Նամակը բաց ենք անում և տեսնում ենք ռուսերեն մի գրություն, որի մեջ ասված էր, թե Փարիզից ներքին գործոց և արտաքին գործոց մինիստրությանց առաջարկով և փոստ-հեռագրատան մինիստրության իմ գրած թղթի հիման վրա, խիստ նկատողության են ենթարկել Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարչին և հրամայել են «Հարքունիս գրաված» 30 ռուբլին վերադարձնել ինձ, «որովհետև ռուսական թղթադրամի փոխադրությունը արտասահման և ներս արգելված չէ»: Ստորագրում էին երեք մինիստր՝ ներքին, արտաքին և փոստ-հեռագրատան: Այս ամբողջ միջադեպը մեծ ազդեցություն թողեց Էջմիածնի վրա: Առաջին անգամն էր, որ մեկը համարձակվել էր բողոքել պետության առաջ և այսպիսի հաջող ելք էր ստացվել: Ստեփան Կանայանը ինձնից 3 տարի առաջ նույն ձևով Գերմանիայից ստացել էր 300 ռուբլի, և Պոսոխովը խլել էր այդ գումարը իր գրպանի համար: Կանայանը չէր կարողացել ոչ մի բողոք ներկայացնել և երբ իմ դեպքը լսեց, ասաց. «Տե՛ս, տե՛ս, տե՛ս, այս անպիտանին․ երկու օր է եկել է այստեղ, և մեզ նոր բաներ է սովորեցնում. ինչպես մենք ժամանակին չմտածեցինք այս բանը»: Այս նամակի ավելի զորավոր արդյունքը կտեսնենք հետագայում: Պոսոխովին արված նկատողությունը երևի այնքան խիստ է եղել, որ նա Քոչարյանին տեսնելով ասել է. «Ինչո՞ւ բողոքեց. չէի՞նք կարող մեր մեջ հաշտությամբ վերջացնել»: Պոսոխովին մի անգամ էլ տեսա Ռոստովում 1915—1916 թվականին. փողոցում անցավ իմ կողքից. աչքերի ճփճփացնելուց ճանաչեցի, բայց չխոսեցինք իրար հետ: Վերջին անգամ Չեկայում իմ քննիչը հարցրեց Պոսոխովի մասին, թե ի՞նչ գիտեմ: Հայտնեցի, որ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր և ցարական կառավարության կողմից լրտես էր նշանակված վանքի վրա: Ասացի նաև, թե 1915—1916 թվականներին պատահել եմ Ռոստովում. ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին: == ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ == Կոստանդնուպոլսում շատ հանդիսավոր կերպով են տոնում նոր տարին: Այդ օրը պատրաստում են 3 տեսակ քաղցրեղեն, անուշապուր, փելթե և զերտե: Սեղանի վրա պետք է առնվազն 12 տեսակ միրգ լինի. հաց չկա. նախորդ գիշերվանից փողոցում բարձրաձայն կանչելով վաճառում են նոր ալյուրից թխած մի տեսակ խմորեղեն, որ աղավնիի ձև ունի և կամ ուրիշ կլորակ զարդի ձևեր: Ծախողը կոչում է. «Քուշլար վար, քումրուլար վար, ենի բուղդա քեբաբը վար (թռչուններ ունեմ, տատրակներ ունեմ, նոր ցորենով խորոված ունեմ)»: Իրար հետևից փոքրիկ նվագախմբեր անցնելով կանգնում են յուրաքանչյուր տան առաջ և նվագ ածելով մի քանի կոպեկ ստանում: Հատկապես նշանավոր է հույների լաթերնան, որ մի առանձին տեսակի նվագարան է և որ միայն հույներն են գործածում: Հայոց մեջ արժանի է «Շնորհավոր»-ը: Սա մի բարակ կարտոն է, որի վրա փորագրած են (ծակ-ծակ) հետևյալ բառերը. «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ» (հետո թվականը)։ Լինում է նաև նկարներով «Շնորհավոր»: Երկու տեսակ նկար կա. Քաջ Վարդանի նկարը և կամ Աստվածամոր նկարը: Այս բոլորը ծակ-ծակ է: Խանութներում ծախում են «Շնորհավոր»-ը՝ հատը 2 կոպեկ, բայց շատ անգամ աշակերտները իրենք են փորագրում իրենց տան համար: «Շնորհավոր»-ը դնում են վերոհիշյալ 3 տեսակի քաղցրեղենի վրա և հետո դարչին ցանելով՝ նկարը փոխանցում են քաղցրեղենի վրա: Առանց «Շնորհավոր»-ի տուն չի լինի։ Այս բոլորը տևում է մի շաբաթ, մինչև Ծննդյան տոնի օրը: Շատ ժամանակ էր, որ ես նոր տարի չէի տեսել. ուստի մայրս և քույրերս պատրաստեցին մեր տանը այս բոլորը, բացի աղավնիներից: Ուսուցիչները այցելեցին մեր տունը։ Նրանց մեջ հատկապես հիշում եմ Մանուկ Աբեղյանին, որի մոտ ես երբեք եղած չէի: Նստան մեր պատրաստած սեղանի շուրջը և դիտում են առանց ուտելու: Վերջապես Աբեղյանը ասաց քրոջս. — Օրիորդ, այս բոլորը շատ լավ, բայց մեզ անծանոթ ուտելիքներ են, ուտելու ձևը չգիտենք: Քույրս իսկույն առանձին պնակների մեջ բաժանեց բոլորին և ինքը օրինակ տալով՝ սկսեց ուտել: Կերան և հավանեցին: == ԽՐԻՄՅԱՆԸ ԻՆՁ ՀԵՏ == Մի գիշեր Խրիմյան Հայրիկը մի շաթիր ուղարկելով՝ կանչեց ինձ իր մոտ և ասաց. — Պարոն Աճառյան, ներողություն կանես, որ ես կանչեցի քեզ: Գիշեր է, քուն չունիմ, մարդ ալ չկա, որ խոսիմ հետը. աստեղացոց սիրած չեմ. ասոնք ալ ինձ սիրած չեն: Ի՞նչ ընեմ. ստիպված եմ քեզ կանչելու: Ես կխոսիմ դուն լսե: Կարելի է խոսածիս մեջ շատ ավելորդ բաներ կան, բայց կարող է նաև օգտակար բան լինել: Ավելորդը դուրս ձգե, օգտակարը միտքդ պահե: Ծերերը շատախոս կըլլան, ստիպված պիտի լսես: Ժամերով խոսեց, եղավ կես գիշեր: Ես անբարբառ լսում եմ նրան, թմրում եմ, բայց չեմ կարող վեր կենալ: Վերջապես կես գիշերը անց շաթիրին կանչեց, որ լապտերը վառած ինձ առաջնորդեց մինչև տուն: Այս տեսարանը կրկնվում էր անխափան, ամեն գիշեր, որովհետև «իր միակ բարեկամը ես էի»: Եթե ուզենայի, կարող էի թերևս նրա պատմածներից նոթեր առնել: Խոսում էր ամիրաների կյանքից, գրողների կյանքից, իր եվրոպական ճանապարհորդություններից և այլն: Եվ այս բոլորը մի քանի անգամ: Բայց որովհետև ես պատմաբան չեմ, ուստի մոռացության մատնեցի: == ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Ամառ էր: Ճեմարանի դասերը վերջացել էին: Տպարանում պատահեցի Բենիկ վարդապետին, որին անձամբ ծանոթ չէի: Երիտասարդ, աշխույժ և գործունյա մարդ էր: Խոսեց ինձ հետ և հայտնեց, թե Շուշվա թեմական դպրոցի համար հայերենի ուսուցչի պետք կա: Նախկին ուսուցիչ Գյուլզադյանը (նոր-ջուղայեցի հայտնի հայկաբան, Ֆիրդուսիի թարգմանիչ և հեղինակ «Ոլոր մոլոր Կուրն էր գալիս Կովկաս սարերեն» երգի) ծերության պատճառով հրաժարվել է պաշտոնից: Հոգաբարձությունը կենսաթոշակ է նշանակել նրան և ուզում է նոր ուսուցիչ հրավիրել: Դուք չե՞ք ընդունի այդ պաշտոնը: Մեծ հաճույքով լսեցի այս առաջարկը: Իմ ամենամեծ ցանկությունս էր ապրել Կովկասի զանազան հայաշատ վայրերում և սովորել նրանց բարբառը: Թեև Ղարաբաղի բարբառի քննությունը Էջմիածնում մասնավոր անձերի օգնությամբ կատարել, վերջացրել էի, բայց նորից գնալ և բարբառը ուսումնասիրել տեղում՝ շատ հաճելի էր: Երկրորդ՝ երկու չափահաս քույր ունեի, որոնց ամուսնացնել եղբայրական պարտականությունս էր: Կոստանդնուպոլսում նրանց ամուսնացնել չէր հաջողվել: Առհասարակ Կոստանդնուպոլսում ամուսնությունը չափազանց դժվար է օժիտի պատճառով: Ամուսնացող աղջիկները իրենց փեսացուին պարտական են վճարել մի մեծ գումար, առանց որի ամուսնություն չկա: Մի երիտասարդ բժիշկ սիրահարվել էր մեծ քրոջս և լսելով, որ ես Էջմիածնումն եմ գտնվում, ասել էր. «Հարյուր ոսկի օժիտ ալ չի կրնար ղրկել»: Եվ իմանալով, որ չեմ կարող, սիրահարությունը մոռացել էր և ամուսնությունը մերժել: Կոստանդնուպոլսի այս անվայել սովորությունը, որ Կովկասի քրդական ղալանի հակառակն է, մեծ դժբախտություն է օրիորդների համար և կործանում՝ ընտանիքների: Սիրո վաճառքը ամենամեծ խայտառակությունն է և կործանիչ բարոյականի: Էջմիածնում չէի կարող ամուսնացնել քույրերիս. գյուղացիները, մեծավ մասամբ անգրագետ և աղքատիկ մարդիկ, չէին համարձակվում քույրերիս ուզել: Իսկ Շուշին իբր հայաշատ մեծ քաղաք, ինձ համար գերադասելի էր: Ահա այս երկու պատճառներով, մեծագույն հաճույքով ընդունեցի Բենիկ վարդապետի առաջարկը և պատրաստվեցի մեկնելու: Ամսական ռոճիկ նշանակեցին ինձ համար 90 ռուբլի, որ այն ժամանակ հոյակապ գումար էր: Նախ ինքս մենակ մեկնեցի Թիֆլիս—Եվլախ և այստեղից կառքով Շուշի: Այդտեղ բնակարան վարձեցի և իսկույն մերոնց հրավիրեցի Շուշի: Զվարճալի մի երևույթ: Հենց այն գիշերը, որ մենք հասանք Շուշի, հենց նույն օրը խնդրուկներ ներկայացան և երկու քույրերիս ձեռքը խնդրեցին: — Ա՛յ մարդիկ, դեռ նոր ենք եկել, սպասեցեք մի տեղավորվենք, հետո: Շուշեցի տղամարդիկ շատ են գնահատում օտարտեղացի օրիորդներին և առաջին հերթին նրանց ձեռքն են խնդրում: == ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՈՒՄ == Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է): Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ և դեպի ձախ։ Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից և ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40 000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում: Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ և հետևդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սև գույն ունեն և սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն` «սև այգի»: Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչև կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի առաջ: Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է և բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրև ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում և զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը (տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչև տների ներսը։ Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը։ Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր և զվարճախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան և մի թեմական դպրանոց, որ իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ուսուցչական մարմին ուներ: Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին և ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին և մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում: Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»։ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին: Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած և հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչև Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ կլիներ։ Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները և մոծակը իսպառ վերջացել է: Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել և զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր։ == ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ == Մենք բոլորս սիրեցինք Շուշին: Համեղ ջուրը, փափուկ կլիման, շրջակա անտառները, զբոսավայրերը, հիանալի տեսարանը, բնակիչների զվարթ, անշահախնդիր բնավորությունը հաճելի դարձրին կյանքը: Էջմիածնում մայրս երկու բանից գոհ էր մնացել: Մեկը այն, որ իր տարիների հոդացավը (քամի) մի անգամից վերջացել էր և երկրորդը այն, որ «մոլլա և մինարե չկար»: — Ուր որ գացի, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն, Բաթումի, մինչև անգամ Երևան, սա մունդար էզանի ձանը ականջես չկտըրվեցավ. մինակ Էջմիածին էկա, ադ ձանը վերջացավ: Բայց մայրս ոչ մի օր Էջմիածնի տաճարը չմտավ: Խռովել էր Աստծո հետ, որովհետև Զատիկ օրով իր որդուն մահացրել էր: Դժգոհ էր միայն հայրս, որովհետև ոչ մի աշխատանք չուներ: Լինելով խիստ աշխատասեր, առանց աշխատանքի ձանձրալի էր իրեն կյանքը։ Պարտեզ չկար, որ մշակեր. ամեն տեղ մշակված էր. ծառ ու ծաղիկ էր բուսնում. խճուտ, քարքարոտ հողեր չկային, որ մաքրեր և սևահող լցներ: Սրճարան էլ չկար, որպեսզի գնար նըստեր և ընկերների հետ շաղփաղփելով օրը սպաներ: Միակ հավաքատեղին Շուշվա թոփխանեն էր, մի փոքր հրապարակ քաղաքի կենտրոնում, ուր անգործ մարդիկ, պատերի տակ նստած, զրուցում էին: Սկսեց անել կոշկակարություն, բայց ես արգելեցի: Այս առթիվ, մինչև անգամ, տնային ընդհարում ունեցանք: Ասում էի. «Ահագին ռոճիկ եմ ստանում, ուսուցիչ մարդ եմ. ամոթ է ինձ, որ մի հայր չկարողանամ պահել և նա կոշկակարություն անել ստիպվի. ի՞նչդ է պակաս»: Հայրս վերջ տվեց արհեստին և զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա, տանը նստած, սուտ կոշկակարություն էր անում օդի մեջ, կոշիկ կարել ձևացնելով: Ասացի, որ խնդրակներ էին եկել երկու քույրերիս համար: Հերթը ընկնում էր նախ մեծ քրոջս: Մի խումբ ընտրելիների մեջ առաջնություն ստացավ Նիկոլայ Խաչունցը: Այս մարդը մետաքսի վաճառական էր. մի քանի տարի մնացել էր Մարսելում և գիտեր ֆրանսերեն խոսել: Շուշուց քիչ հեռու, մի ադրբեջանական գյուղում ուներ մետաքսի գործարան, ուր աշխատում էին 150 հոգի: Ասում էին, թե 200 000 ռուբլի փող ունի: Ինքը տխեղծ մարդ էր, հասակը կարճ, մի աչքը կույր, մի թևը կոտրած և մի ոտը կաղ: Մի քանի ավազակներ գիշերանց հարձակվել էին նրա վրա, ինքը իբրև քաջ շուշեցի մարդ՝ անձնատուր չէր եղել և սկսել էր կռվել նրանց դեմ: Նրանք զինված լինելով, այսչափ չարիք էին հասցրել նրան և կիսամեռ թողել հեռացել: Քույրս, երբ տեսավ նրան առաջին անգամ, «Բա՞, ասիկա ճուճե է»,— ասաց, ծիծաղեց նրա վրա և արհամարհեց: Մարդիկ մեջ ընկան, հատկապես թեմական դպրանոցի ուսուցիչ Գարեգին Խաժակը, որ ալեքսանդրապոլցի լինելով, խոսում էր արևմտյան բարբառով և այս պատճառով էլ շատ մտերմացած էր հորս հետ, վերջապես համոզեց նրան: Երեք օր տևեց հարսանիքը՝ հին հեքիաթների ոճով. Նիկոլայի ընդարձակ տունը, իր բազմաթիվ սենյակներով, լցված էր հյուրերով: Առաջին օրը հրավիրված էին հարուստները, երկրորդ օրը միջակ դասակարգը և երրորդ օրը աղքատ դասակարգը: Հարսանիքից հետո քույրս տեղափոխվեց նրանց տունը: Հերթը հասավ փոքր քրոջս՝ Արմենուհուն: Նա կտրականապես մերժեց բոլոր առաջարկողներին: Արդեն ուներ մի ընտրելի, որ էր Մելքոն Ղազարոսյան կոչված անձը: Երբ ես Կեդրոնականի աշակերտ էի, Մելքոնն էլ աշակերտ էր՝ ինձնից մի քանի տարի ցածր: Շատ աղքատ էր. ինքը քղեցի էր. բնակարան չունենալով, գիշերում էր դպրոցի ծառաների սենյակում: Փող չուներ, որ ճաշեր, ուստի կերակրվում էր աշակերտների ճաշի մնացուկներով. մի քանի պատառ հաց, մի քիչ խաղող և պանրի կտորտանք. ահա այս էր իր ուտեստը: Դպրոցը ավարտելուց հետո ես ոչինչ չիմացա նրա մասին: Երբ Էջմիածին եկա, տեսա նրան այնտեղ: Պատմեց, թե գնացել է Մոնպելիեի երկրագործական բարձրագույն վարժարանը և ավարտել: Այժմ եկել էր Էջմիածին և Կաթողիկոսի հրամանով նշանակվել էր Էջմիածնի և Ճեմարանի հողերի վրա: Հայրս լավ երկրագործ էր. իբրև հայրենակից ծանոթացավ նրա հետ և բարեկամացավ: Մելքոնը հաճախ մեր բնակարանն էր գալիս, և մենք լավ մտերիմներ դարձանք: Գրեթե ամեն օր մեզ մոտ էր: Բայց հայրս չհավանեց նրա գիտության. լավ երկրագործ չէր: Մի անգամ Մելքոնը ընդարձակ մշակություն էր սկսել Ճեմարանի հետևը գտնված հողի վրա: Հայրս հարցնում է. «Պարոն Մելքոն, ի՞նչ կցանես»: «Գետնախնձոր, կարտոֆիլ»: Ադ ցանածդ կարտոֆիլ չէ, ընկույզ է. եթե կուզես, որ կարտոֆիլ լինի, այդքան երեսկունկ չպիտի ցանես. խոր փորե»: «Է՜, Հակոբ աղա, ա՛լ գետնախնձորի մասին չխոսիս ինձի հետ, որովհետև ես գետնախնձորի նշանավոր մասնագետ եմ»: Երբ բերքը հասավ, ստացվեց փոքրիկ խնձորի չափ դառն և լեղի մի բան: Մեզ էլ մի քիչ նվեր ուղարկեցին. ուտելու բան չէր: Մելքոնի միամտությունը ամեն օր մեր ծաղրի առարկան էր դարձած: Բայց նա մեր ծաղրն էլ չէր հասկանում և մեզ հետ միասին ծիծաղում էր իր վրա: Ահա այս անձն էր քրոջս ընտրելին: Երևի Էջմիածնում հարմար մի առթիվ պայմանավորվել էին իրար հետ. ուստի մերժեց բոլորին և հորս ու մորս հետ երեքով միասին որոշեցին մեկնել Էջմիածին: Ես այս ամուսնության հակառակ էի. իմ այն սքանչելի քրոջս ողորմելի Մելքոնին չէի ուզում տալ և ասացի. «Ես նրան քեզ արժանի չեմ համարում: Դու շատ ավելի լավերին ես արժանի. իբրև հարազատ եղբայրդ, սրտանց ասում եմ քեզ այս. բայց իբրև մարդ իրավունք չեմ համարում արգելք լինել քեզ: Եթե գնալու ես, գնա, բայց իմացի՛ր, որ նրան գնալուց հետո, ես քո եղբայրը չեմ»: Դժբախտ քույրս չլսեց ինձ, գնաց և ամուսնացավ Մելքոն Ղազարոսյանի հետ Էջմիածնում: Մի փոքրիկ կետ այստեղ: Պոլսի բարբառով Ղազարոս անունը նշանակում է «ապուշ»: Քույրս չուզենալով «ապուշ» լինել, փոխեց ազգանունը և դարձրեց Զարոսյան: — Դիտողություն.— Երևանի լեզուն պարզ է, ուստի հասկանալի էր մերոնց. բայց Ղարաբաղի բարբառը շատ դժվար էր նրանց համար։ Ոչինչ չէին հասկանում. «Կյառնը, ի՞նչ կուզե ըսել»,— ասում էր մայրս: «Գառը չգիտես ի՞նչ է»: «Է, թող գառը ըսե, որ հասկընամ, կյառնը ի՞նչ իմանամ, թե ինչ է»: Իսկ մեծ քույրս, ապրելով ղարաբաղցի այանների շրջանում, վարժվեց նրանց հետ, բայց երկու բարբառի խաչաձևումով կազմել էր մի նոր բարբառ: Օրինակ՝ «Քա, անիկա ի՞նչ է օզըմ»: == ԻՄ ԹՈՔԱԽՏԸ == Մերոնց բացակայության ժամանակ, որ շուրջ մի ամիս տևեց, ես թոքախտ ստացա Շուշում: Մի օր արթնանում եմ և տեսնում եմ, որ աջ կողքս (սնակուշտ) ցավում է, շունչս կտրվում է, և շնչելու ժամանակ լանջքս ցավում է: Հասկացա, որ թոքախտ եմ ստացել և դիմեցի բժիշկ Քրիստափոր Օհանյանին: Այս հիանալի անձը, որի հիշատակը անմոռանալի կերպով պահած եմ սրտիս մեջ, բնիկ շուշեցի էր: Սովորել էր Շվեյցարիայում և լավ ֆրանսերեն էր խոսում: Բայց որովհետև Ռուսաստանում պետական օրենքով, արտասահմանում սովորած բժիշկները իրավունք չունեին իրենց արվեստը գործադրելու, ուստի նա էլ զրկված էր բժշկության իրավունքից: Մտածել էր խորամանկ մի միջոց: Դիմել էր ռուսաց կայսրուհուն, որ համարվում էր ակնաբուժության պաշտպան, և հայտնելով, որ Շուշում ակնաբույժ չկա, խնդրել էր թույլ տալ ակնաբուժությամբ պարապելու: Կայսրուհին շնորհեց այդ իրավունքը, և նա սկսեց պարապել ակնաբուժության հետ նաև ամեն տեսակի բժշկությամբ: Նստեցրեց ինձ աթոռակի վրա մինչև կես մեջքս մերկ դրությամբ: Լսեց կուրծքս, լանջքս, աջ ու ձախ և ասաց. «Այո, ես էլ եմ կարծում, որ դուք արդեն թոքախտ եք ստացել»: — Ոչինչ,— ասացի,— ես թոքախտի բուժումը գիտեմ, պետք է շատ ուտել, լավ սնվել, բաց օդում քնել և այս միջոցով թոքախտը կբուժվի: Ես այս կարծիքը կազմել էի նախ Կոստանդնուպոլսում մի թոքախտավոր աղջկա սիրահարված ժամանակ: Այս առթիվ ես կարդացել էի զանազան բժշկական գրքեր և սովորել էի, թե «թոքախտը բուժելի է»: Երկրորդ, Էջմիածնում ծանոթացել էի Ստեփան Կանայանի եղբայր Հայկ Կանայանի հետ, որ բժշկության ուսանող էր Ռուսաստանում և թոքախտ ստանալու պատճառով թողել էր ուսումը և վանքում դեղագործ էր: Բուժման համար դիմել էր շատակերության միջոցին։ Աջ ու ձախ ձեռքում մի-մի վարունգ բռնած, առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ուներ), մեկ աջից, մեկ ձախից կրծելով, անընդհատ ուտում էր: Կերակրի խտրություն չգիտեր և այս միջոցով բուժեց իր թոքախտը, մի թոքը չորացավ և մյուս թոքով ապրեց մինչև 75 տարեկան: Բժիշկ Օհանյանը իմ կարծիքը հաստատեց, և ես գնալով տուն, ուր մենակ էի, ձեռնարկեցի շատակերության: Դռան առաջով անցնում էր մի կաթնավաճառ։ Կանչեցի և մի կուլա կաթ գնելով, հում-հում ամբողջությամբ րոպեապես դատարկեցի և ամանը հետ տվի, 20 կոպեկ վճարելով: Մարդը զարմացավ, երեսս նայեց և ժպտալով հեռացավ: Չգիտեր, թե ես թոքախտ ունեմ և սրանով թոքախտ եմ բուժում: Քիչ հետո անցավ մի գյուղացի, որ թութ էր ծախում: Մի կողով թութ վերցրի, ներս տարի և առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ունեի) ամբողջը կերա: Հևալով պառկեցի և քիչ հետո տեսա, որ սնակուշտս չի ցավում և շունչս չի կտրվում: «Այսպես կհաղթեմ թոքախտին»,— ասացի ես և քնեցի: Մյուս օրը գնացի նշանավոր բժիշկ ծերունի Աթաբեկյանին, որ երիտասարդ բժիշկ Լևոն Աթաբեկյանի հայրը կամ հորեղբայրը պիտի լինի: Ներս մտնելով իր սենյակը, մի ռուբլի դրի սեղանի վրա, հայտնեցի, թե թոքախտ ունեմ: — Ինչի՞ց ես իմանում,— հարցրեց բժիշկը: — Աջ կուշտս ցավում է և շունչս կտրվում է: — Թոքախտը կուշտից չի սկսում, այլ կրծքի վերևից և շունչն էլ չի կտրվում: Մի քիչ քննեց, կուրծքս լսեց և ասաց. — Դու թոքախտ չունես, վեր կաց գնա: Դուրս գնալու միջոցին բժիշկը կանչեց ինձ. — Դու ի՞նչ մարդ ես, ի՞նչ գործ ես անում: — Կոշկակար եմ: — Ոչ, դու կոշկակար չես. կարծեմ ուսուցիչ ես. վերցրու մանեթդ և գնա: (Ուսուցիչներից բժիշկները փող չէին վերցնում. բուժումը ձրի էր նրանց համար): — Ես ուսուցիչ չեմ, ես կոշկակար եմ,— ասացի և փողը թողնելով փախա: Այսպես բուժվեց իմ թոքախտը: == ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ == Երկու տարի մնացի Շուշում իբրև ուսուցիչ հայերենի՝ թեմական դպրանոցում: Չափազանց գոհ եմ իմ դիրքից, տեղից և պաշտոնակիցներից: Դպրոցի տնօրենն էր այն ժամանակ Բենիկ վարդապետը, որ ինձ հրավիրել էր Էջմիածնում: Պատմեմ այս անձի մասին իմ կրած տպավորությունը: Նա ազնիվ մարդ էր. ես նրանից ոչ մի անազնիվ բան չեմ տեսել: Իմ կյանքի նոր ուղղությունը նա գծեց: Եթե Էջմիածնում մնացած լինեի, անշուշտ կյանքս չպիտի ստանար այն ընթացքը, որ Շուշում ստացավ: Էջմիածնում ես մի երկրորդական ուսուցիչ էի, անարժեք և արհամարհված. մինչդեռ Շուշում ես պատվավոր ուսուցիչ էի և այն էլ հայոց լեզվի, որ այն ժամանակ համարվում էր ամենահարգի առարկան: Բոլոր ուսուցիչները ինձ հավասար ընկերներ էին: Բենիկ վարդապետը այնքան վստահություն ուներ իմ վրա, որ ոչ մի անգամ իմ դասին ներկա չի եղել: Ինձ քննելու կամ ստուգելու կարիք չէր զգում: Այսպես նաև մյուս ուսուցիչները: Ժողովուրդը ամեն տեղ ինձ կոչում էր «վարժապետ». մի տիտղոս, որ տալիս են ամենից հարգելի անձերին: Այն զզվելի ատելությունը, որ տեսնում էինք Էջմիածնում տաճկահայերի դեմ, բացարձակապես գոյություն չուներ Շուշում և թերևս հակառակն էլ էր: Տաճկահայերին սիրում էին՝ իբրև ավելի ուսումնասեր և ազգասեր հայերի: Մի միջանկյալ դեպք պատմեմ: Մի օր մի մեծ խմբով ընդհանուր հացկերույթի էինք գնացել Բեխամեբյուրի աղբյուրը: Հացկերույթի ժամանակ իմ կենացն էլ առաջարկեցին: Ես բաժակ վերցրի և շնորհակալություն հայտնեցի այն հարգանքի համար, որ վայելում էի թե՛ ուսուցչական կազմի, թե՛ դրսի մարդկանց և թե՛ հասարակ ժողովրդի կողմից: Գուցե անմտությամբ ակնարկեցի նաև, թե Երևանում վատ վերաբերմունք կար դեպի տաճկահայերը, իսկ ես Շուշում ոչ մի նման երևույթ չեմ նկատում: Այս խոսքիս վրա տիրեց ընդհանուր դժգոհություն: Վիրավորվեցին, երբ նկատեցին իմ խոսքի մեջ, թե կարող է այդպիսի բան լինել: Ահա թե ինչքան մեծ տարբերություն կար Երևանի և Շուշու միջև: Բենիկ վարդապետը հայտնի եղավ Կովկասում իբրև նշանավոր ճարտասան քարոզիչ: Ահա թե ինչպես էր ձեռք բերել այս արժանիքը, ինչպես ինձ պատմեցին ուսուցիչ ընկերներս: Բենիկ վարդապետը նախապես շատ անշնորհք քարոզիչ էր: Խոսում էր կմկմալով: Մտածել է հետևյալ միջոցը: Գրել է մի բավական ընդարձակ քարող, ուղղել, սրբագրել, ընդարձակել և մի լավ ձևի վերածելուց հետո, անգիր է արել: Կիրակի օրը գնացել է. եկեղեցի և այդ անգիր արած քարոզը խոսել: Բնականաբար շատ հաջող է անցել: Վերադարձել է տուն և մի երկու ուրիշ նման քարոզներ էլ է շարադրել և ապա անգիր արել: Դրանք էլ զանազան օրեր եկեղեցում խոսելով՝ լավ արդյունք է ձեռք բերել: Այսպես մի խումբ քարոզներ գրելուց և անգիր անելուց հետո ստեղծել է իր համար մի լայն շրջանակ: Ուզած օրը, ուզած տոնի առթիվ բերան արած քարոզներից մեջբերումներ անելով, կարող էր այլևս շարունակ նորանոր պերճախոս քարոզներ արտասանել: Այսպես ահա ձեռք բերավ Բենիկ վարդապետը իր պերճախոս քարոզչի համբավը։ Քարոզներից մի քանիսը հետագայում հրատարակեց նա «Քարոզչական թոթովանքներ» խորագրով: Դրսում չգիտեմ, թե ինչ անցուդարձ կար նրա մասին: Կարծեմ հուզումնալի դրություն էր ստեղծված, որի պատճառով նա թողեց տեսչական պաշտոնը և նրա տեղ անցավ Զուրաբյանը: Շատ տարիներ հետո Բենիկ վարդապետը դժբախտաբար շեղվեց իր ճանապարհից և «Ազատ Եկեղեցու» հիմնադիր դարձավ: Իր հետ էին միացել Աշոտ եպիսկոպոս Շխյանը և Մելյան քահանան: Այս երեքը ստացան Երևանի Լուսավորիչ եկեղեցին, որ «Ազատ Եկեղեցու» աթոռանիստը դարձավ: Հրապարակում էին նույն անունով մի պարբերական հանդես: Աղմուկը տարածվեց Կովկասի զանազան կողմերում և ժողովրդական տուր ու դմփոցի պատճառ եղավ. նպատակը Հայոց Եկեղեցու ուժը ջնջելն էր, որ սակայն չհաջողվեց: «Ազատ Եկեղեցին» մի քանի տարի հետո իսպառ խափանվեց: Մյուս պաշտոնակիցներիս մեջ հիշատակության արժանի են Գարեգին Խաժակը, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը, Հարություն Մելիքյանը, Համբարձում Աբովյանը, Արշակ Մեհրաբյանը, պատմաբան Միշան և ուրիշներ: Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը Գանձակի գյուղերից էր, մեզ հայտնի քաղաքական գործիչ և գրող, համալսարանի դասախոս Հայկ Գյուլիքևխյանի հայրը: Հին մարդ էր և այնպես հռչակավոր ուսուցիչ, որ «վարժապետ» բառով միայն նրան էին հասկանում: Թեմականի ցածր դասարաններում հայոց լեզու էր ավանդում: Մեծ ուսում ստացած չէր. ինքնուս էր. բայց գործնական կյանքի մեջ մանկավարժական մեծ փորձառություն էր ստացել: Ամենքս հարգում էինք նրան, և նրա խորհուրդները մեզ համար պատգամ էին: Գարեգին վարժապետը արտասանության մեջ մի զարմանալի ձև ուներ. օրինակ՝ հիվանդ բառը չէր արտասանում հիվանդ ձևով, ինչպես բոլորս արտասանում ենք, այլ հիուանդ։ Երբ մի օր հարցրի նրան, թե ինչու այդպես եք հնչում, պատասխանեց, թե մեր գյուղում բոլորը այդպես են հնչում: Ուրեմն տառի հին հնչումն էր, որ դեռ կենդանի էր մնացել նրանց մոտ: Արշակ Մեհրաբյանը Թիֆլիսի Հավլաբար թաղից էր: Ավարտել էր Ներսիսյան դպրոցը և ցածր դասարաններում հայերենի ուսուցիչ էր: Ազնիվ և գործունյա երիտասարդ էր. իր աշխատանքից բոլորը գոհ էին: Մինչև այժմ նա ուսուցիչ է և գործում է Երևանում (1952 թ.): Գիտե նաև լավ վրացերեն. դժբախտաբար ոչ մի գրական գործ չունի: Համբարձում Աբովյանը մեր նշանավոր հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռն էր: Բարձրահասակ, գիրուկ, ծանրաբարո, խոշոր, կարմիր մորուքով մարդ էր: Դասախոսում էր եկեղեցական պատմություն: Վաղամեռիկ եղավ: Սա էլ մի զարմանալի արտասանություն ուներ. խայտաբղետ բառը միշտ հնչում էր խայտաբզետ։ Սկզբում կարծում էի, թե կատակ է անում, երբ ասում էր «խայտաբզետ օրիորդները եկան»: Մի օր հարցրի, թե այդ բառը ինչո՞ւ այդպես եք արտասանում: — Հապա ինչպե՞ս արտասանեմ: — Բառը խայտաբղետ է: — Մի՞թե,— ասաց նա.— ես միշտ այդպես եմ լսել: Եվ որովհետև դեպի ինձ հարգանքով էր վերաբերվում, խոստացավ ուղղել իր հնչումը: Շատ ու շատ տարիներ հետո Մանուկ Աբեղյանին հարցրի այս սխալի պատճառը. պատասխանեց, թե ռուսերենից հայերեն հնագույն բառարանում ռուսերեն пестрый բառի դեմ վրիպակով տպված է եղել խայտաբզետ և այդ ձևը սովորական է դարձել շատերի համար: Հարություն Մելիքյանը Գերմանիա սովորած մասնագետ էր մաթեմատիկայի: Աշխուժության մարմնացում, կանգնած տեղը դողում էր. մաթեմատիկայի դասը դառնում էր դասարանում պերճախոսության մի սքանչելի օրինակ, և որովհետև մաթեմատիկան ասպարեզ չունի, իսկ նա գործունեության չափազանց մեծ եռանդ ուներ, ուստի դրսում մտել էր ազգային գործերի լայն ասպարեզի մեջ: Այդ սքանչելի երիտասարդը դժբախտաբար վաղամեռիկ եղավ՝ գիշեր ժամանակ պատշգամբից ցած ընկնելով: Պատմաբան Միշան (դժբախտաբար ազգանունը մոռացել եմ) սքանչելի բնավորությամբ, չափազանց ընկերական երիտասարդ էր: Նվիրված էր պատմության, որը չափազանց սիրում էր: Ինքս էլ մի քիչ պատմաբան լինելով, իրար հետ դարձել էինք ամենամտերիմ խոսակից ընկերներ: Շուշուց բաժանվելուց հետո նրանից ոչ մի տեղեկություն չունեի: Երևանում 1920-ական թվականներին լսեցի, որ Խարկովումն է և այնտեղ նշանավոր կուսակցական գործիչ է: Առանձին պետք է խոսեմ Գարեգին Խաժակի մասին, որ մեր խմբի մեջ շատ նշանավոր դեր ուներ: Նա պատմաբան էր և սովորել էր իր ուսումը Գերմանիայում: Ալեքսանդրապոլցի էր և իր խոսակցության մեջ հաճախ գործածում էր արևմտահայ գրական լեզուն: Հաճախ խոսում էինք իրար հետ և շատ հաճախ վեճ էինք ունենում որևէ հարցի շուրջը: Նա միշտ հակառակվում էր և պնդում իր ասածի վրա: Մի փոքրիկ դեպք պատմեմ: Մի անգամ մի ընկերական հավաքույթի մեջ խոսք եղավ ասորիների և ասորեստանցիների մասին: Խաժակը ապլոմբով հայտարարեց, թե այդ 2 ազգերը միևնույն են: Դա մի մեծ ժողովուրդ էր, որ Միջերկրականից սկսած տիրում էր մինչև Պարսկաստան: Ես ասացի, թե «Խաժակ, սխալ ես ասում, Ասորիք և Ասորեստան տարբեր երկրներ են: Նրանք առանձին ազգեր են, տարբեր լեզուներ ունեն»: — Ոչ,— գոռաց Խաժակը,— սխալ ես ասում: Խաժակը պատմության ուսուցիչ լինելով այսպիսի սխալ չպիտի գործեր: Հաջորդ օրը ես մի նամակ գրեցի Հյուբշմանին այս առթիվ և խնդրեցի իր գրավոր կարծիքը: Մի քանի օրից ստացա գերմաներեն լեզվով գրած 4 երեսանոց մի նամակ, որ սքանչելի պարզությամբ պատասխանում էր հարցին: Նամակը վերցրի և մի ուրիշ օր մեր հաջորդ հավաքման մեջ, բոլորի ներկայությամբ կարդացի: — Տեսա՞ր, դա ճիշտ իմ ասածն է ասում, դու ճիշտ հակառակն էիր պնդում,— ասաց նա ինձ: Այսպիսի շրջադարձ, այսպիսի խաբեբա ոստյուն անկարելի էր սպասել: Դիմեցի մյուս ընկերներին և հարցրի, թե այն օրը ով ինչ էր ասում: — Չենք հիշում,— ասացին բոլորը անտարբերությամբ և միջադեպը փակվեց, մեծ վերք գցելով սրտիս մեջ: Հյուբշմանի նամակը այնքան լավն էր, կարծես ինչ-որ հանրագիտարանի միջից պոկված մի թերթ, որ ես ամբողջովին թարգմանելով՝ հրատարակեցի իմ «Պատմութիւն Եղիա քահանայի» աշխատության առաջաբանում: Մոտավորապես նման մի դեպք ունեցա Խաժակի հետ Շնիկ աստղի երևալու ժամանակի մասին։ Շուշու Թոփխանայից մի գիշեր միասին անցնելիս մեր դեմը երևաց բարձրում Շնիկ աստղը, ցույց տվի Խաժակին և խոսեցի նրա ծագման և անկման ժամանակի մասին: — Ոչ,— հակառակվեց նա ինձ,— սխալ ես ասում: Երբ եկավ փետրվար ամիսը և նորից էինք անցնում Թոփխանայով և Շնիկ աստղը ցույց տալով, իմ ասածը ուզեցի հաստատել, ճիշտ նախորդ ձևով ասաց. — Տեսնո՞ւմ ես, իմ ասածը դուրս եկավ, դու հակառակն էիր ասում: Խաժակի մասին լսել եմ նաև հետևյալ միջադեպը. Մի ժողովի ժամանակ վեճ է ունենում ներկաներից մեկի հետ և ասում է նրան. — Դուք կարդացե՞լ եք Մարքսի այսինչ գործը: — Իհարկե,— պատասխանում է նա,— կարդացել եմ: — Սուտ ես խոսում,— ասում է Խաժակը,— դու չես կարդացել այդ գիրքը, որովհետև Մարքսը այդպիսի գիրք չէ գրած: Խաժակի մահը աղետալի եղավ: 1915 թվականին տաճիկները մի գիշերվա մեջ 500 ազգային գործիչ աքսորեցին և կոտորեցին: Նա նրանց մեջ էր: Դպրանոցի ուսուցիչներից էր նաև Ավետիս Տեր-Հարությունյանը, որ Ղարաբաղի Թաղոտ գյուղից էր: Էջմիածնում ուսանող ժամանակ օգնել էր ինձ Ղարաբաղի բարբառի քննությունս գրելու ժամանակ: Շուշում շատ ավելի մտերմացանք իրար հետ և միասին կազմեցինք Պետրոս Դուրյանի տաղերի ժողովածուն: Առաջաբանը գրեց նա, կենսագրությունը գրեցի ես, տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի Դուրյանի դժվար հասկանալի բառերը: Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում: Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ: Շաբաթ երեկո էր: Ավետիսը ստացավ իր 100 օրինակը: Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ գիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա: Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը: Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը: Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը: Այսպիսով ամբողջ գիրքը անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում: Ես էլ չունեմ: Թեմականի ուսուցիչներից հիշենք նաև Փիրջանյան (շուշեցի), Հայկ Հովակիմյան (երևանցի, կոչված Փոքր Հայկ), Հայկ Հովակիմյան (ագուլեցի, կոչված Մեծ Հայկ), բոլորն էլ լավ ընկերներ, որոնց կյանքի հետագա ընթացքը չգիտեմ: == ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ԹԵՄԱԿԱՆՈՒՄ == Բենիկ վարդապետը հայտնեց, թե ուսումնական տարին նոր սկսելու ժամանակ, սովորություն կա, որ ուսուցիչներից մեկը հանդիսավոր դասախոսություն կարդա: Առաջարկեց, որ այդ դերը ես վերցնեի, որպեսզի ժողովուրդը ճանաչեր ինձ: Ես Այդ ժամանակ զանազան հոդվածներ էի կարդում հայ զինվորների հասակի չափման մասին: Գրում էին, թե հայ զինվորները հասակի կողմից երկու որոշ կարգի են բաժանվում: Ոմանք միջակ կամ միջակից ցածր հասակ ունեն, ոմանք էլ միջակից բավական բարձր: Այդ թվերը սանտիմետրով չափած՝ հրատարակված էին: Այս ազգագրական տեղեկությունը վերցնելով, ենթադրեցի, թե դա արդյունք է այն բանի, որ հայոց մեջ կա 2 ցեղ. մի ցեղը հնդեվրոպացիք են, երկրորդը՝ խալդիները: Արդարև հայ ազգը ձևացած է գլխավորապես այս 2 ցեղերի գումարից: Հնդեվրոպացիների հասակը հայտնի է մեզ. Հյուսիսային Եվրոպայի հնդեվրոպացիք բարձրահասակ են, ինչպես՝ ռուսները, գերմանացիք, անգլիացիք և այլն, իսկ Հարավային Եվրոպայի հնդեվրոպացիք միջհասակ են, ինչպես՝ հույները, իտալացիք, իսպանացիք և այլն: Ուրեմն հայոց մեջ միջահասակ ցեղը ներկայացնում է Հարավային Եվրոպայի հնդեվրոպացի ցեղը: Խալդիները բարձրահասակ էին, ինչպես երևում է ասորեստանյան արձանագրությանց մեջ դրված նկարներից: Այսօր էլ վանեցիք, որ գերազանցապես ներկայացնում են խալդի ցեղը, վիթխարի, բարձրահասակ մարդիկ են: Երբ ես ասացի, թե բարձրահասակ հայերը խալդի են, բոլորի աչքերը սևեռվեցին Խաժակի վրա, որ մեր ուսուցիչների մեջ ամենից բարձրահասակն էր, այնուհետև նրա անունը դրին խալդի: Խաժակը դժգոհ էր այս եզրակացությունից: Մի ուրիշ ելույթ էլ ունեցա Շուշում: Զվարճալի է դրա պատմությունը: Ուշ գիշերին, երբ պառկած էի, մի երիտասարդ բերավ ինձ մի նամակ, որի մեջ Սերմնացանի դուստրը՝ Հռիփսիմեն գրում էր. «Եթե ինձ հարգում եք, այս րոպեիս եկեք թատրոն»: Սերմնացանը Շուշվա ազատականներից մեկն էր. ուներ երկու աղջիկ՝ Հռիփսիմե և Գայանե՝ առաջինը երկրորդից գեղեցիկ, ինչպես Ագաթանգեղոսի մեջ: Ուներ նաև մի որդի, սիրուն պատանի, որ սակայն կուզ էր: Կուզին տարին Եվրոպա և բժշկական միջոցներով կուզը ուղղելով, բերին Շուշի: Սերմնացանը երբեմն գրում էր «Մշակ» թերթի մեջ և խոսում ու քննադատում էր Շուշվա անցուդարձը: Ընտանիքում, բացի հայերենից և ռուսերենից, խոսում էին ազատ ֆրանսերեն. և այդ էր պատճառը, որ ես էլ ընդունված էի այդ ընտանիքի մեջ և հաճախ այցելություններ էի տալիս: Նամակը կարդացի թե չէ, իսկույն վեր կացա և գնացի Խանդամիրյանի թատրոնը, ուր այդ գիշեր ներկայացում կար: Ներկայացումը բարեգործական նպատակով էր: Օրիորդ Հռիփսիմեն, որ լավ սիրող էր, մասնակցում էր խաղին։ Ինչ-որ վեճ է ծագում իր և դերակատար մի երիտասարդի միջև: Հռիփսիմեն վիրավորված, պահանջում է երիտասարդից ներողություն խնդրել. նա չի խնդրում: Հռիփսիմեն զայրացած պատասխանում է նրան. երիտասարդը օրիորդին նեղը գցելու համար՝ հրաժարվում է խաղից: Այդ պատճառով Հռիփսիմեն կանչում է ինձ: Երբ ես ներկայացա իրեն, նա ինձ մի երես գրություն տվեց, որ երիտասարդի դերն էր, խնդրեց մի քանի անգամ կարդալ և անգիր անել, որպեսզի հասարակության առաջ դերս կատարեի: Չգիտեի, թե ինչ եմ և ինչ եմ ասում: Շորերս փոխեցին, գլխիս մի գլխարկ դրին, առաջս մի գոգնոց կապեցին և ինձ բեմ հրեցին: Հռիփսիմեն հայտնեց ինձ, թե ես այդ տան խոհարարն եմ, վաղուց ապրում եմ այդ տան մեջ և իբրև ծերունի, վստահելի և ուղղամիտ մարդու, բոլորը ինձ հարգում են: Ուստի ես պետք է խոսեմ համարձակ և հեղինակավոր ձայնով: Բայց թե ում հետ պետք է խոսեի և ինչ պատճառով՝ չգիտեի: Ժամանակ չկար երկար բացատրելու: Մտա ներս հանդիսավորապես և բոլոր ժողովրդի ծափահարության տակ, արտասանեցի դերս, չիմանալով, թե ում հետ եմ խոսում: Դերս վերջացավ և դուրս եկա: Հռիփսիմեն էլ եկավ և հայտնեց ինձ չափազանց մեծ շնորհակալություն, ասելով միանգամայն, թե «դերը շատ լավ տարիք»: Այս «դերակատարությունս» երկրորդն էր կյանքիս մեջ. առաջինը տեղի էր ունեցել Էջմիածնում, ուր կատարեցի անխոս մի հիմարի դերը: Հետագայում շատ առիթներ ունեցա մասնակցելու թատերական խաղերին. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը խաղացել եմ 14 անգամ՝ կատարելով Մանուկ աղայի դերը: Դրա համար էլ ծածկանունս դրել եմ «Մանուկ աղա», այդ ծածկանունով հոդվածներ եմ գրել Երևանում Խոճիկի հրատարակած «Կարմիր մոծակ» զավեշտաթերթի մեջ: == ԱՎԵՏԻՍ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ ՀԵՏ == Գրադարանումն էի: Կարդում էի Շուշում տպված Առակագիրքը, որ կիսովին բարբառով էր: Ես հավաքում էի Ղարաբաղի բառերը. գրքի ետևի շապիկի վրա կարդացի հեղինակի՝ Ավետիս Բահաթրյանի անտիպ գործերի ցուցակը: Դրանց մեջ կար Ղարաբաղի բարբառի բառարանը։ Չափազանց ուրախացա և դիմելով գրադարանապետ Պողոս Զաքարյանին, հարցրի, թե ո՞վ է այս Ավետիս Բահաթրյանը: Տեղից վեր կացավ, սրահի կենտրոնը սեղանի վրա կռացած մի ծերունի ցույց տվեց և ասաց. — Ահա այդ ծերունին է: Վեր կացա, գնացի ծերունու մոտ, հարգանքով բարևեցի և ասացի. — Այս գրքում կարդացի այժմ, թե դուք Ղարաբաղի բարբառի ընդարձակ բառարան եք կազմել. կարելի՞ է տեսնել ձեր գիրքը։ — Կորի գնա՛, լակոտ, եկալ ըս ինձ ձեռք առնելո՞ւ: Գնացի Պողոս Զաքարյանի մոտ և տեսարանը պատմեցի: Նա գնաց սրահ և ծերունուն մոտենալով, խոսեց իմ մասին: Անշուշտ նա հայտնեց, թե ես իր ասած լակոտներից չեմ, ուսուցիչ եմ թեմականում և հետաքրքրվում եմ Ղարաբաղի բարբառով: Ծերունին կանչեց ինձ և ասաց. — Թե որ իդի է, եր կաց քինինք մեր տոնը քեզ շանց տամ: Ծերունին վեր կացավ, թևը մտա և դանդաղ քայլերով առաջնորդեցի մինչև իր տունը, որ գտնվում էր հայոց թաղի ծայրը, ադրբեջանական թաղի սահմանում, Խանդամիրյանի թատրոնի դեմը, աղբյուրից մի քիչ վերև: Հայոց թաղի առաջին տունն էր: Տանը ապրում էր նա մենակ. ոչ ոք չուներ: Տարավ իր սենյակը և բառարանը առաջս դրեց: Դա մի ընդարձակ գործ էր, կազմած, ձախ կողմի վրա բառերը գրած, բայց դրանց դեմը բացատրություն չկար: Այժմ պատմեմ Բահաթրյանի կյանքը: Բահաթրյանը եղել է տորոն մշակող: Ընդարձակ հողեր է մշակել և բերքը Եվրոպա արտահանելով՝ վաճառել: Հարուստ մարդ էր ուրեմն: Մի տարի Շվեյցարիայից, մի պրոֆեսորի կողմից, ստանում է մի նամակ, որով պրոֆեսորը հայտնում է, թե հնարել է ալիզարին կոչված քիմիական նյութը, որով տորոնը ավելորդ է դառնում: Պրոֆեսորը զգուշացնում է տորոն մշակողներին ընդհանրապես, դադարեցնել մշակությունը, ապա թե ոչ բոլորը պիտի սնանկանան: Այդպիսի նամակ ստացել էին նաև ուրիշները: Ուրիշների նման, Բահաթրյանն էլ չլսեց պրոֆեսորի առաջարկը, խաբեբա համարելով նրան. մշակեց տորոնը, որ անվաճառ մնալով, Բահաթրյանը սնանկացավ: Բահաթրյանը երկու որդի ուներ՝ Առաքել և Բահաթուր: Առաջինը հայտնի գրող է. երկրորդը տարիներ հետո գնում է Շվեյցարիա, համալսարան մտնելու նպատակով: Համալսարանում պրոֆեսորներից մեկը, լսելով նրա ազգանունը, մոտենում է նրան և ասում. — Դուք շուշեցի եք. տորոն մշակող Ավետիս Բահաթրյանի որդի՞ն եք. ես նրան զգուշացրել էի, որ տորոն չմշակի. նա չլսեց ինձ, մշակեց և սնանկացավ. այդպե՞ս է: — Այդպես է: — Որովհետև ձեր հոր սնանկացման պատճառը ես եմ եղել, ես վերցնում եմ ձեզ իմ խնամակալության տակ և մինչև ձեր ավարտելը կպահեմ ձեզ: 1923 թվականից հետո, երբ ես Երևան փոխադրվեցի, համալսարանում տեսա սույն Բահաթուր Բահաթրյանին, մաթեմատիկայի դասախոս էր. կարճ հասակով և ուռած մարմնով մի անձ էր: Իրար հետ մտերմացանք: Պատմեցի իր հոր պատմածները և որդին հաստատեց դրանք: Սրտի հիվանդություն ուներ: — Բժիշկների չե՞ք դիմում. ի՞նչ են ասում: — Ասում են, թե ծխելուն և խմելուն վերջ պիտի տաս։ Է՜հ, եթե վերջ չտամ, քանի՞ տարի կապրեմ: — Հազիվ 10 տարի: — Իսկ եթե վերջ տա՞մ: — Այն ժամանակ 12 տարի կապրեք: — Ուրեմն 2 տարի տարբերություն. ավելի լավ է ծխեմ ու խմեմ. այդ 2 տարին ինձ պետք չէ: Բայց 10 տարի չանցած Բահաթրյանը մեռավ: Եվ այսպես՝ Ավետիս ապերը (այդպես էին կոչում նրան) բառարանը դրեց առաջս, որի հորինման պատմությունը հետևյալն է. Խաչատուր Աբովյանը չհավանելով մեր գրական լեզվին և համարելով ժողովրդին անհասկանալի գրաբար, մտածեց Քանաքեռի բարբառը գրական լեզու դարձնել: Այս նպատակով գրեց «Վերք Հայաստանի»-ն, որ սակայն իր մահվանից 10 տարի հետո միայն տպվեց, երբ գրական հայերենը արդեն ընդհանուր տարածված էր: Աբովյանի նման Բահաթրյանն էլ չհավանելով մեր արդի աշխարհաբարին և տեսնելով, որ նա մեր ժողովրդին անհասկանալի է, մտածում է Ղարաբաղի բարբառի վրա հիմնված մի նոր գրական լեզու ստեղծել: Նա դուրս է հանում բառարանից բոլոր այն գրաբար բառերը, որոնք այժմ ժողովրդի մեջ գործածական չեն, հավաքում է միայն գրաբարի այն բառերը, որոնք ժողովրդին հասկանալի են, ավելացնում է դրանց վրա Ղարաբաղի բարբառին հատուկ գավառական բառերը, մի քիչ գրական ձև տալով նրանց, ավելացնում է նաև ժողովրդի մեջ գործածվող թրքական բառերը, և այսպիսով կազմում է այն բառարանը, որ դրեց իմ առաջ։ Ես ասացի, թե ամեն ինչ անցել է. ձեր ծրագիրը չիրագործվեց. գրական լեզուն այժմ ամեն տեղ սովորում են և խոսում: Ձեր աշխատանքից մնում է միայն Ղարաբաղի բառերի ցանկը: Ուստի ես դուրս կգցեմ սովորական հայերեն բառերը և կպահեմ միայն Ղարաբաղի բարբառի բառերը: Մենք համաձայնության եկանք, և որովհետև ծերունին անընդունակ էր աշխատելու, ես հանձն առի արտագրել Ղարաբաղի բառերը, նրանց դեմ ավելացնելով իրենց նշանակությունը, համաձայն հեղինակի բացատրության: Երկար տևեց աշխատանքը, և ես ամիսներ շարունակ գնալով նրա մոտ, շարունակում էի աշխատանքը, մինչև վերջացրի (կարծեմ 6000 բառ էր): Մեծ վեճ ունեցանք թուրքերեն բառերի համար: Միամիտ Բահաթրյանը պնդում էր, թե այդ թուրքերեն բառերը հայերեն են և հայերենից անցել են թուրքերենին: Օրինակ էր բերում թուրքերեն yoran բառը, որ նշանակում է «վերմակ»: Այս բառի հին ձևն է եղել, ըստ նրա կարծիքի, վերարկան «վրան արկանելի». Ղարաբաղում հայերեն վեր բառը արտասանում են yor, որով վերարկան դարձել է yoraran և կրճատվելով՝ yoran: Անկարելի եղավ համոզել նրան: Երբ գիրքը պատրաստ էր, ուզեցի հրատարակության տալ: Դիմեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և առաջարկեցի տպել գիրքը: Սիրով հանձն առին: Բայց հեղինակը գրեց մի առաջաբան, որի մեջ պնդում էր yoryan-ի վրա: Առանց այդ առաջաբանի չէր թույլ տալիս, որ բառարանը տպվի: «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրությունը բնականաբար չհամաձայնվեց և գիրքը չտպվեց: Այնուհետև ձեռագիրը ուղարկեցի Իզմիրլյան մրցանակին (Կոստանդնուպոլիս): Տարիներ հետո լսեցի, որ Բահաթրյանի տանը հանկարծ հրդեհ է պատահել կես գիշերին, ամբողջ տունը այրվել է, և Բահաթրյանը շապկանց հազիվ կարողացել է փախչել: Այրվել են նրա բոլոր գործերը, ինչպես նաև 8 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեջ էր Գրիգոր Տաթևացու ինքնաձեռագիր մի աշխատություն, ինչպես ինքն էր ասում: Ես այդ ութ ձեռագրերի համար դիմել էի Վիեննայի Մխիթարյան միաբանության և առաջարկել էի գնել: Միաբանությունը ընդունեց, բայց գնի կողմից համաձայնության չեկան: Այսպես կորավ Տաթևացու դժբախտ ձեռագիրը, մի քանի ռուբլու պատճառով: Շատ ավելի ուշ, 1934 թվականին, երբ Երուսաղեմից ստացանք 30 հայերեն գավառական բարբառների բառարանի ձեռագրերը լուսանկարված, զարմանքով տեսա նրանց մեջ Բահաթրյանի կազմած Ղարաբաղի բարբառի ձեռագիրը: Ձեռագիրս ճանաչեցի. այժմ նա գտնվում է պետական համալսարանի գրադարանում: Հեղինակը ստացել էր Իզմիրլյան մրցանակը: == ԻՄ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ == Երկու քույրերիս ամուսնությունից հետո, հերթը ինձ էր եկել։ Մայրս այդ առթիվ երբեմն ակնարկություններ էր անում, բայց շատ վախկոտ, որովհետև ես բոլորովին անտարբեր էի այդ մասին: Առանց սիրո ամուսնություն չեմ հասկացել: Մայրս էլ վերջ տվեց իր ակնարկներին: Մի օր ինչ-որ դասախոսություն էր տեղի ունենում: Մենք էլ մի քանի ուսուցիչներով գնացել էինք լսելու: Հանդիսականների առաջին շարքերը բռնել էին մի խումբ օրիորդներ: Երկրորդ շարքը նստել էինք ես և մի քանի ուսուցիչներ: Իմ կողքին նստել էր Արշակ Մեհրաբյանը: Դեռ դասախոսությունը չէր սկսվել: Հանկարծ մի օրիորդ, որ ճիշտ իմ առաջն էր նստել, հետև դարձավ, կարծես թե ինձ նայեց և շուռ եկավ: Այդ մի ակնթարթը ազդեց իմ վրա: Դարձա Արշակին և հարցրի, թե ո՞վ է այս աղջիկը: Պատասխանեց. — Հավանեցի՞ր. շատ լավ աղջիկ է: Իմ լավագույն աշակերտներից մեկն է: — Հայկական դպրոցներ չլինելու պատճառով Շուշվա աղջիկները խմբակներ էին կազմած և մասնավոր ուսուցիչների մոտ հայերեն և հայ գրականություն էին սովորում: Մեհրաբյանը այդպիսի մի խումբ ուներ և այդ աղջիկը նրա աշակերտուհին էր։ Իմ սերերը միշտ այդպես ակնթարթային են եղել. ես սիրահարվեցի: Եվ այնուհետև առիթներ էի փնտրում նրան տեսնելու։ Ամառ էր և ամբողջ շուշեցիք, մանավանդ երիտասարդները, երեկոյին գնում էին բուլվար՝ զբոսնելու: Ես էլ ամեն օր գնում էի պտտելու և պատահելու նրան: Կանոնավորապես միշտ իր քրոջ հետ գալիս էր, նստում նստարանի վրա կամ ման գալիս: Երեկոյան ժամը 8-ին գնում էր տուն: Ես բնականաբար ոչ մի քաջություն չունեի ներկայանալու և ծանոթանալու համար և երբ տեսնում էի նրան, գլուխս կախած, սրտատրոփ անցնում էի: Ոչ մի փորձ չարի ծանոթանալու, այլ միայն տեղեկություններ քաղեցի նրա մասին: Բոլոր ստացած տեղեկություններս դրական էին: Իհարկե սիրահարը կարծում է, թե իր սերը գաղտնի է մնում, բայց ոչ: Շուտով լսում են և հայտնում են սիրուհուն: Մի օր, երբ ես աշխատում էի Բահաթրյանի տանը, հանկարծ հարևան բալկոնում տեսա օրիորդին, որ մազերը թափած, ման էր գալիս: Նրա մազերը այնքան առատ և երկար էին, որ մինչև ոտքը հասնելուց հետո, կես արշին երկարությամբ էլ քարշ էին գալիս հատակի վրա: Գլուխը լվացել էր և ուզում էր բացօթյա չորացնել: Ես իսկույն դիմեցի Ավետիս ապոր և իմ սրտի գաղտնիքը հայտնեցի նրան: Ավետիս ապերը, որ շատ բարի մարդ էր, իսկույն հայտնեց, թե կգնա, նրա հորը կխոսի և նրա ձեռքը կխնդրի: Իբրև հարևաններ, իրար հետ շատ մոտիկ էին. նա իսկույն գնաց, խոսեց և մյուս օրը հայտնեց, թե հայրը համաձայն է երևում, բայց ուզում է տեղեկություններ քաղել: Սկսել էր այդ գործին, անշուշտ ստացած տեղեկությունները դրական պիտի լինեին, որովհետև հարգված ուսուցիչ էի և 90 ռուբլի ամսական ռոճիկ ունեի: Խանգարիչ էր միայն այն հանգամանքը, որ ես դրսեցի էի և կարող էի մի օր Շուշուց հեռանալ, իսկ ինքը՝ հայրը, ուզում էր, որ փեսան միշտ Շուշում մնա: Վերջապես տեսնում են իրենց նախկին մի բարեկամ հադրութեցի Արշակ քահանա Տեր-Ոսկանյանին, նախկին ճեմարանցի էր: Հայրը կարծիք է հարցնում նրան և ասում է, թե աղջկանս ձեռքն է խնդրում, ինչ կասես: — Անմիջապես տուր,— ասում է քահանան,— ոսկի գրիչ ունի. ավելի լավ չես գտնի: Օրիորդի հայրը, որ չափազանց կրոնասեր մարդ էր, լսելով իրենց սիրելի քահանայի այդ խոսքը, համաձայնության է գալիս: Իմ կյանքի պատվանդանի քարերից մեկը այդ քահանան դրեց: Ծանոթացա օրիորդի հոր հետ, որ Բալասան ապեր էր կոչվում, գնացինք բուլվար և նստեցինք նստարանի վրա: Իմ առաջարկը հայտնեցի նրան. հայրը խոստացավ, բայց խնդրեց հետաձգել մի տարի: — Հասկացա,— ասացի ես,— դուք ուզում եք մերժել և խաբում եք ինձ: Այն ժամանակ նա երկարեց ինձ իր արծաթյա կոթով գավազանը և ասաց. — Ահա այս գավազանը, իբրև նշան խոսքիս հաստատության։ Ես մերժեցի գավազանը և խնդրեցի, որ նշանդրեք ունենանք: Համաձայնվեց. օրը նշանակեցինք և որոշեցինք, որ ծնողների հետ նշանը տանեմ: Տուն եկա և մորս ասացի. — Մայրիկ, կիրակի օրը նշան պիտի տանինք, պատրաստվիր։ Չափազանց մեծ եղավ մորս ուրախությունը. նա մի քանի անգամ ակնարկներ անելուց հետո արդեն հուսահատվել էր և ամենևին չէր սպասում, որ ես կամուսնանամ: Նշանի համար առինք մի խումբ ակնեղեն առարկաներ, մի ժամացույց իր շղթայով, մի մանյակ կրծքի (հավատք, հույս, սեր), մի ականակուռ մատանի: Գնացինք նրանց տունը. ես էի, հայրս, մայրս, քույրս և փեսաս: Նշանը հանձնեցինք և բավական ժամանակ խոսակցելուց հետո տուն վերադարձանք: Ես օրիորդի հետ առաջին անգամն էր, որ խոսում էի: Ես խնդրեցի Բալասանից, որ թույլ տա ինձ շաբաթական մի անգամ նրանց տունը գնալու: Որոշեց չորեքշաբթի օրերը: Այսպես շարունակեցինք մի ժամանակ, բայց ես օրիորդին պատահում էի եկեղեցում անխափան շաբաթ երեկո և կիրակի առավոտ: Այսքանը քիչ էր ինձ համար: Ես ծանոթացել էի օրիորդի քեռակնոջ՝ Օլինկայի հետ: Շատ բարի կին էր: Խոստացավ շաբաթվա մեջ մի օր էլ հատկացնել իր տան մեջ այցելության: Այսպիսով ես կարող էի տեսակցել նրա հետ շաբաթական 4 անգամ: Ամբողջ այս շրջանին ես գրում էի շարունակ սիրային բանաստեղծություններ և տալիս էի օրիորդին: Բնականաբար նա հաճույքով կարդում էր: Ինչ կա ավելի քաղցր մի օրիորդի համար, քան կարդալ իրեն նվիրված այսպիսի գովասանական բանաստեղծություններ: Բայց ի՞նչ կա մի երիտասարդի համար ավելի քաղցր, քան իր սիրուհուն մատուցանել իր այսպիսի բանաստեղծությունները: Իմ ոտանավորներից երկուսը ձայնագրեց թեմական դպրանոցի երաժշտության ուսուցիչ Հաբեթ Խաչատրյանը և միասին հաճախ այդ երկու երգերը երգում էինք: Իմ գրած բոլոր բանաստեղծությունները մի փոքրիկ ծոցատետրի մեջ մանրատառ գրերով ամփոփել էի: 160 հատ էր: Բաքվի թալանին այդ տետրակն էլ կորավ, և ես նրանցից մի քանիսը միայն հիշում եմ այժմ: Մի տարի անցավ մեր նշանադրությունից և վերջապես որոշվեց հարսանիքը, որ տեղի ունեցավ 1904 թվականի մայիսի 10-ին: Հորը հայտնեցի, թե ես հարսանիք չունեմ. հարսանիքը կլինի քո տանը. կանչիր ինչքան մարդ, որ ուզում ես: Իմ կողմից կգանք միայն, բացի ինձանից, այլ ևս 6 հոգի՝ հայրս, մայրս, քույրս՝ Հերաիլյան, փեսաս՝ Նիկոլայ Խաչունցը, կնքահայրս՝ Հարություն Մելիքյանը և խաչեղբայրս՝ Ավետիս Տեր-Հարությունյանը (վերջին երկուսը ուսուցիչ): Որքա՞ն ծախս կլինի: Հայրը պատասխանեց, թե ծախսը կլինի 800 ռուբլի, որի կեսը՝ 400 ռուբլի, ես կանխիկ վճարեցի նրան: Հետաքրքիր է այս 400 ռուբլու հարցը: Ես պատրաստ գումար չունեի: Փեսաս միշտ ասում էր, թե «հարսանիքի ծախսը ես պիտի տամ»: Երբ եկավ հարսանիքի օրը, ես դիմեցի նրան և խնդրեցի, որ պարտքով 400 ռուբլի տա։ — Վերցրու այդ թերթը և մի մուրհակ գրիր: Ես թուղթը վերցրի և գրեցի. «Ստացա… փոխարինաբար 400 ռուբլի»: — Դու մուրհակ գրել չես իմանում, այդ ի՞նչ հիմար բան ես և Պատասխանեցի, թե կյանքումս ես մուրհակ գրած չեմ: Այն ժամանակ նա թելադրեց, և ես գրեցի, ինչ որ նա ասաց: Թելադրածի մեջ կար մի անհայտ բառ, որ ես չէի հասկանում: Հարցրի, թե սա ինչ կնշանակի։ Պատասխանեց, թե այդ նշանակում է, որ եթե մինչև մի տարի 400 ռուբլին չվերադարձնեմ, ուշացած ամեն մի օրվա համար պիտի վճարեմ 10 ռուբլի տուգանք: — Սարսափած ես ասացի. — Այդ ի՞նչ սարսափելի գումար է: — Օրենքը այսպես է. չես ուզում մի՛ վերցնի: Ես համաձայնվեցի բոլորովին այլ հույսով: Ես կազմել էի Սուրբ Մեսրոպի և հայերեն գրերի գյուտի պատմությունը, որ Լազարյան ճեմարանի կողմից մրցանակի էր դրված: Մրցանակի գինն էր 1000 ռուբլի։ Երկու հոգի մասնակցեցինք. ես և գերմանացի հայագետ Մարկվարտը: Մարկվարտի գրածը 50 երես էր, որ հետագայում տպվեց «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ, իսկ իմ աշխատանքը 1500 էջ էր: Մրցանակը բաժանեցին երկուսի: 400 ռուբլի տվին Մարկվարտին և 600 ռուբլի ինձ: Այս գումարից 400 ռուբլի իսկույն վճարեցի փեսայիս և մուրհակը պատառոտեցի, առանց այն սարսափելի տուգանքի: Եվ միշտ ասում էի. «Իմ հարսանիքը Սուրբ Մեսրոպը կատարեց»: Հարսանիքից մի քանի օր հետո մայրս ասաց ինձ. — Է՜հ, էրկու քուրերդ պսակեցինք, դուն ալ պսակվեցար, տեր տիրական ունեցար: Մեր հոս կենալը ավելորդ է. հարս ու կեսուր իրարու հետ աղեկ չեն էրթար: Ան բան մը կըսե, ես կնեղանամ, ես բան մը կըսեմ, ան կնեղանա: Դուն ալ մեջտեղը ինչ ընելդ չիտես: Ադօր աղեկը՝ քանի հիմա իրարու հետ շատ սիրով ենք, էլլենք մեր տեղը էրթանք: Այսպես հայրս և մայրս ուզեցին բաժանվել և գնալ Կոստանդնուպոլիս. ես շատ դիմադրեցի, որ մնան, բայց նրանք իրենց ասածը արին և մյուս օրը մեկնեցին Բաթումի՝ Կոստանդնուպոլիս գնալու համար: == ՄԵՅԵՆ ՇՈՒՇՈՒՄ == Փարիզից և Ստրասբուրգից հետո ես միշտ թղթակցություն ունեցա իմ երկու ուսուցիչների՝ Մեյեի և Հյուբշմանի հետ: Եթե նրանց գրած նամակները պահած լինեի, մի ահագին գիտական հատոր կլիներ: Բայց ես նամակ պահելու սովորություն չունենալով, ջնջել եմ այդ բոլորը: Բնականաբար մեր այդ ամբողջ թղթակցությունը գիտական հարցերի շուրջն էր: Ամեն անգամ, որ մի նոր ստուգաբանություն էի մտածում, դիմում էի նրանց և նրանց կարծիքը հարցնում: Երբ իմ «Թուրքերէնէ փոխառեալ բառեր» աշխատությունը հրատարակեցի և Հյուբշմանին մի օրինակ ուղարկեցի, նա շատ գոհ մնաց և պատասխանեց, թե «Ձեր այդ գիրքը իմ «Armenische Grammatik» աշխատության շարունակությունն եմ համարում»: Զվարճության համար մի օր Էջմիածնից Հյուբշմանին գերմաներեն մի նամակ գրեցի և գերմաներեն լեզուն ծաղրելու համար, 3 երեսանոց նամակը մի պարբերության մեջ վերջացրի, գերմանական երկարաբան ոճով: Չգիտեմ, թե կատակս հասկացա՞վ թե չէ: Դժբախտաբար Հյուբշմանը կարճատև կյանք ունեցավ, և երբ ես նոր էի գնացել Նոր-Նախիջևան, իր մահվան լուրն առի: Հիշում եմ, թե ինչպես հրճվալից էր խոսում Հյուբշմանը, երբ հիշում էր նորվեգացի հայագետ Bugge-ի առաջարկած ստուգաբանությունը հայերեն ալիք բառի մասին, իր 2 իմաստներով (ծովի ալիք ու ծերունու մորուք), ճիշտ ինչպես հունարեն oios, նույն իմաստներով. „Nur ein paar solche armenische Etymologien“,— կրկնում էր շարունակ: Երբ ես մտածեցի հայերեն աղմուկ բառը համեմատել հունարեն oiepos բառի հետ «պատերազմ», երևակայում եմ, թե որքան հրճվանք պիտի զգար նա, երբ տեսներ, թե Bugge-ի oios-ը մի ընկեր էլ ունեցավ: Երբ այս ստուգաբանությունը հայտնեցի Մեյեին, իր նամակով գրում էր ինձ հրճվալից. „Il faut vous applaudir pour cette belle étymologie“, բայց Հյուբշմանը մեռած էր։ Ես դեռ նշանված չէի և ծնողներս էլ Շուշում էին, երբ Մեյեն հայտնեց, թե ամառը ուզում է Շուշի գալ, մնալու համար մի քանի օր մեզ մոտ: Ուրախությամբ ընդունեցի: Մեյեն իջավ մեր տունը. մայրս ամենաընտիր կերակուրներն էր պատրաստում իմ օտարազգի ուսուցչին դուր գալու համար: Մեյեն ճաշակում էր և մորս հայերեն ասում. — Շատ լավ է: Սրանից և «բարև ձեզ» ողջույնից դուրս ոչ մի հայերեն բան չէր խոսում: Մեյեն կազմել էր իր հայերենի քերականությունը և ուզում էր, որ ձեռագիրը միասին կարդայինք նախքան տպագրելը, որպեսզի եթե պատահական սխալներ սպրդած լինեին, ուղղեինք: Այս աշխատությունը կատարեցինք: Ամեն օր բարձրանում էինք քերծը: Ի՜նչ հաճույք էր զգում՝ դիտելով ընդհանուր տեսարանը, մանավանդ, երբ տեսնում էր կանաչների մեջ թաղված կարմիր կտուրները: «Mais c’est très joli»,— բացականչում էր շարունակ: Մի օր գնացինք Կեխաղբյուրի անտառը ման գալու: Այն ժամանակ ես կասկածում էի, թե թոքախտ ունեմ. Մեյեն թոքախտավոր ընտանիքի սերունդ էր և ինքն էլ թոքախտ ուներ: Խորհուրդ տվեց ինձ (իբրև մասնագետ), ձեռնափայտը մեջքի վրա հորիզոնաձև դրած՝ երկու թևերի տակ առնել և այդպես ման գալ մի քանի ժամ այդ անտառում, որի բույրը բուժիչ է հատկապես թոքախտի: Մի երեկո, երբ բուլվարում ման էինք գալիս միասին, թաքուն ցույց տվի նրան նստարանի վրա նստած Արուսյակին, որի հետ ես դեռ ծանոթ չէի և ասացի, թե «Այդ օրիորդը իմ ապագա կինը պիտի լինի»: Դիտեց, հավանեց և գոհ մնաց: Մեյեի գալուստը ուրախությամբ դիտվեց ամբողջ Շուշում: Երբ մենք միասին ման էինք գալիս բուլվարում, բոլորը հետաքրքրությամբ դիտում էին, և որովհետև Մեյեն միշտ կրում էր ճամփորդական փակ սև ակնոց, ասում էին. «Այս կույր մարդը Աճառյանի պրոֆեսորն է»: Ընկերներս մի ցերեկույթ կազմակերպեցին թեմական դպրանոցում Մեյեի պատվին: Հավաքվեցին մի խումբ երիտասարդներ և օրիորդներ և նրա ներկայությամբ պարելով, ցուցադրեցին կովկասյան ամենանուրբ և դժվար պարերը, որոնց այնքան հմուտ են շուշեցիք: Մեյեն շատ հավանեց և ասաց. «Հայկական պարերը եվրոպականներից շատ ավելի աշխույժ են և մանավանդ շատ ավելի լիքն են մանր նրբություններով»: Մեյեն սիրահար էր երաժշտության. Փարիզում ամեն առավոտ մի ժամ դաշնամուր էր ածում. այդ ցերեկույթի միջոցին էլ երկար ժամանակ ածեց դաշնամուրի վրա: Շուշեցիք շատ են սիրում թառ ածել. չկա տուն, որ մի թառ ածող չունենա. նրանց բոլոր նվագած եղանակները սովորություն է պարսկական կոչել, բայց այդ բոլորը հայկական են: Մեյեն լսում էր այդ բոլորը և թեև միօրինակ էր գտնում, բայց՝ շատ նուրբ և երանգավոր: Շուրջ երկու շաբաթ Մեյեն մնաց մեզ մոտ, ապա գնաց Էջմիածին, ձեռագրերի վրա ուսումնասիրություն կատարելու համար: Վերջին անգամն էր, որ տեսա իմ ուսուցչին: == ԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԳՐԱՎՈՒՄԸ == 1903 թվականին ցարական հրովարտակով հայոց եկեղեցական կալվածները գրավվեցին: Ազգային մարմինները և ամբողջ ժողովուրդը մի մարդու պես դուրս եկան այս հրամանի դեմ: Պահանջեցին հոգևոր իշխանությունից և հատկապես կաթողիկոսից, որ չստորագրեն հրամանին և կալվածները չհանձնեն: Կառավարությունը կարող էր բռնի ուժով գրավել այդ բոլորը՝ իբրև ավազակ: Էջմիածնում ևս կազմակերպվեց դիմադրություն: Մի քանի երիտասարդներ ներկայանում են կաթողիկոսին և առաջարկում են, որ կաթողիկոսը չստորագրի. «Խա՜, ո՞ւր էիք դուք, երբ Հայրիկը երիտասարդ էր, ձի նստած գյուղե-գյուղ ման կուգար և ժողովրդին հեղափոխություն կքարոզեր: Ես ծերացել եմ, և դուք եկել եք ինձի հեղափոխություն կսորվեցնեք: Գացե՛ք, գացե՛ք, Հայրիկը գիտե իր անելիքը, ձեր խրատին պետք չունի»: Երիտասարդները ուրախացած մեկնում են: Երևանում նույնպես կազմակերպվում է ժողովրդական ցույց առաջնորդարանի առաջ։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկու ընկերով վերցնում են առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և գնալով Էջմիածին, ներկայանում են կաթողիկոսին և հանուն ազգի և ժողովրդի, պահանջում են, որ չստորագրի: Կաթողիկոսը խոստանում է: Թղթեր են գալիս նաև Կոստանդնուպոլսի Պատրիարքարանից և պահանջում են չտալ մեր ազգային գումարները կառավարության, որովհետև նրանք ոչ թե պատկանում են միայն ռուսահայոց, այլև մեծագույն մասամբ հնդկահայոց, պարսկահայոց, տաճկահայոց, ամերիկահայոց և այլն: Հասնում է վճռական օրը: Նահանգապետ կոմս Դիզենհաուզենը ներկայանում է կաթողիկոսին և խնդրում է, որ ստորագրի. կաթողիկոսը մերժում է: Կոմսը մի քանի անգամ կրկնում է իր խնդիրքը, բայց կաթողիկոսը պատասխանում է. — Գնա՜, գնա՜ կըսեմ քեզի, կհասկնա՞ս ինչ կնշանակե գնա. իշտե անոր «փաշոլ» կըսեն: Դիզենհաուզենը մեկնում է: Կանչում են Վաղարշապատի հայ դարբիններին, որպեսզի կոտրեն գանձարկղը, որի բանալին կաթողիկոսը չէր հանձնած: Հայ դարբինները հրաժարվում են: Այն ժամանակ կոմսը Երևանից բերել է տալիս ռուս դարբիններ, որոնք տապարներով սկսում են ջարդել գանձարկղը: Գիշեր էր: Կաթողիկոսը վերևի հարկում լսում էր այդ հարվածների ձայնը և չդիմանալով՝ թողնում գնում է Հռիփսիմեի վանքը: Մինչև լույս դարբինները ջարդում են գանձարկղը և վերջապես կոտրում: Բաց են անում և գտնում են, ինչպես ասում են, մի մուրհակ և 5 ռուբլի: Ուրիշներ ասում են, թե մինչև 30 000 ռուբլի եղել է: Այս եղավ ամեն կողմ: Գալիցինը, որ կարծում էր, թե Հայոց Եկեղեցին միլիոններ ունի, ձեռքը գլխին է խփում և ասում է. «Ես հայերին չեմ ճանաչել»: Շուշումն էլ նույնը եղավ: Պաշտոնական անձինք ներկայանում են դպրանոցի տեսուչ Զուրաբյանին և առաջարկում են ստորագրել: Մերոնք նախապես հրամայել էին նրան չստորագրել, բայց վախկոտ Զուրաբյանը, կարծես թե շուշեցի չլիներ, ստորագրում է: Սրա վրա զայրույթը ընդհանուր է դառնում: Ազգային մարմինները տեռոր են նշանակում Զուրաբյանի անձի դեմ: Զուրաբյանը սարսափահար իր տունը կանչեց մեզ՝ ուսուցիչներիս և իր կնոջ (կարսեցի Կատյայի) հետ լալագին աղաչեց դիմել ուր պետք է և, որպեսզի տեռորը չկատարվի, ներեն իրեն ի սեր իր բազմաթիվ փոքրիկ երեխաների: Դիմեցինք ուր պետք էր. զիջեցին և որոշեցին աքսորել Զուրաբյանին. նա վերցրեց իր ամբողջ ընտանիքը և գնաց Նոր-Նախիջևան: Դրսում տեղի ունեցավ ժողովրդական մեծ ցույց. ամբողջ ժողովուրդը մեծ բազմությամբ փողոցները լցվեց, գոռալով-գոչելով, թե «Չենք տա մեր կալվածները»: Միջամտեց ոստիկանությունը և զորքը: Հրացաններ որոտացին. մի քանի կազակ սպանվեց, ոմանք քարկոծվեցին և վերջապես ցույցը վերջացավ: Երբ պաշտոնյաները բաց արին գանձարկղը, մեջը դատարկ գտան: Հոգաբարձությունը, նախապես ամբողջ գումարը վերցնելով, բաժանել էր պաշտոնյաներին. մենք էլ, ուսուցիչներս, մի անգամից ամբողջ տարեկան ռոճիկը ստացանք: Նմանապես խանութպանները, որոնք եկեղեցական կալվածներից խանութ էին վարձել, ամբողջ տարեկան վարձը մի անգամից վճարել էին եկեղեցական իշխանության և համարարական ստացական ստացել: Այնպես որ, երբ ռուս պաշտոնյաները եկան նրանցից ամսավարձ պահանջելու, փողի փոխարեն պարապ ստացականներ տեսան։ Շուշեցոց այս աստիճան զորեղ դիմադրությունը շարժեց ռուս կառավարության զայրույթը: Նրանք փակեցին Շուշվա թեմական դպրատունը, մինչդեռ Երևանի և Տփղիսի թեմական դպրանոցները բաց մնացին։ Տեղի ունեցան ընդհանուր խուզարկություններ տներում: Ագուլեցոց եկեղեցում գտել էին 2 ռումբ, որի համար երկու քահանա աքսորվեցին (նրանցից մեկն էր Տ. Գարեգին քահանա Հովհաննիսյանը՝ հայր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի, Կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանի): Բանտարկվեցին երկու ուսուցիչ՝ Գաբրիել վարժապետ Գյուլիքևխյանը և Փիրջանյանը: Վտանգ էր սպասվում նաև մյուսներին: Թեմականի բարձր դասարանի աշակերտները՝ որոնց ուսումը կիսավարտ մնաց, գնացին Երևան, Ագուլիս և Նոր-Նախիջևան, շարունակելու և ավարտելու համար իրենց ուսումը։ Մի շատ զարմանալի դեպք էլ եմ հիշում: Ռուսաց դպրոցների բարձրագույն դասարանների աշակերտները խմբակներ էին կազմել և սովորում էին հայերեն լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն՝ թեմականի ուսուցիչների ղեկավարությամբ: Հայոց պատմության ուսուցիչը ես էի: Շաբաթական երկու անգամ երկու աշակերտ՝ իբրև պատվիրակ, գալիս էին ինձ մոտ և առաջնորդում ինչ-որ մի տուն: Ամեն անգամ տեղը փոխվում էր: Գնում էի և դահլիճում կանոնավոր աթոռների վրա նստած, գտնում էի ունկնդիր աշակերտներին: Այնպես էին կազմակերպած, որ իբր թե այդ օրը տնեցիք տոնախմբություն ունեին: Թառն ու դափը պատրաստ դրված էին, այս բոլորը արված էր զգուշության համար, որպեսզի, եթե ոստիկանությունը ներս մտներ, դասախոսությունը վերածվեր նվագահանդեսի: Ի զարմանս բոլորի և ի պատիվ շուշեցոց, ոչ մի օր այդպիսի բան չեղավ: Ոստիկանությունը անտեղյակ էր և մնաց անտեղյակ, չգտնվեց ոչ մի դավաճան, որ մեր գաղտնիքը մատներ նրանց: Հանդարտությամբ ես պատմում էի հին հայոց պատմության գլխավոր դեպքերը: Անցա ամբողջ դասընթացը: == ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԻՄ ՏԱՆ ՄԵՋ == Ինչպես բոլոր ուսուցիչների տներում, նմանապես ինձ մոտ էլ խուզարկություն կատարվեց: Խուզարկության եկավ մի վրացի նաչալնիկ մի կազակով միասին: Պաշտոնյան տեսավ իմ գրադարանը, բազմաթիվ գրքերից բաղկացած, մեծ մասամբ հայերեն և օտար լեզուներով: Ռուսերեն գիրք չունեի, որովհետև դեռ բնավ ռուսերեն չգիտեի: Ամեն գրքի մեջ ցենզուր էր փնտրում և որովհետև չկար, ուստի արգելված էր համարում և ուզում էր խլել: Ես ունեի զանազան լեզուներով ավետարաններ, որովհետև ես միշտ այն կարծիքին եմ եղել, թե որևէ օտար լեզու սովորելու համար լավագույն ձեռնարկը Ավետարանն է: Ուսուցչի պետք չունես: Դնում ես Ավետարանը առաջդ, հայերեն թարգմանությունը դեմդ ես առնում, և քեզ ամեն ինչ հասկանալի է դառնում: Ավետարանը օգտակար է նաև այն պատճառով, որ միևնույն բանը միշտ կրկնվում է. այդպես է Ավետարանի ոճը, և այդ բանը հեշտացնում է ուսումը: Վրացին վերցրեց մի գիրք, հարցրեց. — Սա ի՞նչ է: — Ֆրանսերեն Ավետարան է: Վերցրեց մի ուրիշը. — Սա ի՞նչ է: — Անգլերեն Ավետարան է: Մի երրորդը. — Սա պարսկերեն Ավետարան է: Վերջապես վրացին զարմացած ասաց. — Այս ինչքա՞ն լեզու գիտես. վրացերեն էլ գիտե՞ս: Վերցրի վրացերեն Նոր Կտակարանը և սկսեցի ազատ կարդալ: Վրացին շատ ուրախացավ: Այնուհետև մեր գործը հեշտացել էր: Գրքերի մի մասը ազատվեց Ավետարան անունով. այն գրքերը, որոնք երկսյուն էին, ազատվեցին բառարան անունով, մյուս մասն էլ՝ քերականություն անունով: Բայց վերջապես խուզարկու պաշտոնյան պարտական էր մի բան տանել. դժբախտաբար վերցրեց իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մեջ ավելի դժբախտությամբ դրել էի Սասունի վիճակախաղի մի քանի տոմս, նաև ուրիշ մի քանի գրքեր, որոնք կոզակը պիտի լցներ պարկի (մեշոկի) մեջ և տաներ քննության: Հավաքված գրքերը բաժանել էին երկու մասի. անմեղ գրքեր և կասկածելի գրքեր. ես անուշադիր որևէ րոպե որսալով, ոտքի փոքրիկ հպումներով անմեղ գրքերի թիվը շատացնում էի հետզհետե: Վերջապես մի մասը մնաց, որոնց համար վրացին նստեց սեղանիս առաջ՝ պրոտոկոլ կազմելու: Երբ պրոտոկոլը գրում էր, ես զգուշությամբ հանեցի Պոսոխովի դեմ ստացած հրամանագիրս և սեղանի վրա դրի: Վրացին նկատեց այդ թուղթը, կնիքները տեսավ և հարցրեց. «Սա ի՞նչ թուղթ է»: Ես պատասխանեցի, թե սա ոչինչ բան է, Էջմիածնի փոստատան կառավարիչը իմ թղթերս խլել էր, ես նրանց հետ ընես բողոք գրեցի մինիստրներին. Փարիզում կերակցել էի: Նրանք իմ լավ ծանոթներս են. Պոսոխովին պատժեցին. ոչինչ թուղթ է…: Այսպես ասելով, իբր թե ուզում էի թուղթը խլել ձեռքից: Նա չթողեց, ամբողջը կարդաց և սարսափահար գրքերս թողեց, պարկը վերցրեց և գնաց: == ԴԵՊԻ ԹԱՎՐԻԶ == Թեմականի փակումից հետո ես այլևս գործ չունեի Շուշում: Նամակով դիմեցի Թավրիզի հայոց Արամյան դպրոցի տնօրեն Աբեթնագով Ալեքսանյանին, առաջարկելու իմ ծառայությունը: Դրական պատասխան ստանալով՝ պատրաստվեցի մեկնել Թավրիզ: Մեծագույն դժվարությունը այն էր, որ ես գրավոր խոստում էի տված աներոջս երբեք չհեռանալ Շուշուց: Ինչպե՞ս կարելի էր համոզել նրան: Երբ Պարսկաստան գնալու որոշումս հայտնեցի կնոջս, նա իսկույն և ուրախությամբ համաձայնվեց: Երկրորդ դիմումը արինք Օլինկային, որ ապրելով կնոջս տատի հետ, նրան էլ համոզեց: Տատը, հադրութեցի, վերին աստիճանի բարի և սիրուն այան էր: Բոլորս էլ կոչում էինք նրան ազի. թե՛ Օլինկան և թե՛ ազին համաձայնվեցին․ ազին ուրախացավ, որ գնում ենք Թավրիզ և ասաց, թե Թավրիզում շատ զմրուխտ քար կա, վերադարձիդ մի քանի հատ կբերես: Սրանք միջնորդ հանդիսացան և համոզեցին զոքանչիս, որ նույնպես հեշտությամբ համաձայնվեց: Դժվարագույնը աներս էր: Ես մի խորամանկ միջոց գտա համոզելու նրան: Որովհետև չափազանց կրոնասեր մարդ էր, ասացի, թե «աղջկանդ ուզում եմ Էջմիածին տանել, կթողնե՞ս»: — Էջմիածին իհարկե կթողնեմ,— պատասխանեց նա,— սուրբ քաղաք է, եթե գնաս, ինձ էլ հետո կկանչե՞ս: Խոստացա և պատրաստվեցի մեկնելու: Կառքը կանգ առավ առավոտուն աներոջս տան առաջ: Բոլորը հավաքվել էին. մենք երկուսս, այր ու կին, նստեցինք կառք, բեռները դասավորեցինք և բոլորից հրաժեշտ առինք: Կնոջս տատը մոտեցավ ինձ և պատվիրեց. «Քշտիդ նստացրու» (այսինքն թե, կնոջդ միշտ կողքիդ նստացրու): Այս զվարճալի պատկերը հիշում էինք հաճախ։ Շուշուց մինչև Եվլախ ճանապարհը 104 վերստ է: Մինչև երեկո պետք էր հասնել գնացքին: Որովհետև զառիվայր էր, կառքը սրընթաց սլանում է նախ դեպի Թուրքական թաղը, ապա դեպի Խանքենդի հայկական գյուղը, որից հետո որպես ուղիղ ճանապարհ մինչև Եվլախ: Կինս առաջին անգամն էր, որ դուրս էր գալիս Շուշուց: Նորահարս և նորասեր, ամեն ինչ նոր և անծանոթ էր իրեն համար. դիտում էր շուրջը հետաքրքրությամբ: Անցանք Քյաթուկ գյուղի տակով, որ իրենց հայրենի գյուղն էր: Վերջապես հասանք ուշ ժամանակ Եվլախ, և մտանք գնացք, որ նույնպես առաջին անգամն էր տեսնում։ Տեղավորվեցինք երկուսս դեմ առ դեմ պատուհանի առաջ: Սփռոցը փռեցինք և սկսեցինք ընթրել: Արդեն մութ էր. ընթրիքը վերջացնելուց հետո սփռոցը հավաքեցի և պատուհանից թափ տվի: «Թըխկ» մի ձայն լսվեց. հայրիկը նվիրել էր ինձ մի լավ գրչահատ և պատառաքաղ: Երկուսն էլ ընկան իմ անուշադրության հետևանքով: Գանձակի կայարանի մոտերքն էր. աներոջ այս հաճելի նվերի կորուստը այսպիսի անտեղի ձևով, այն էլ ճամփորդության սկզբին, ցավալի եղավ: Հասանք Երևան և կառք վարձելով եկանք Էջմիածին, որից բաժանվել էի միայն 2 տարի առաջ։ Ամեն ինչ նույնն էր. միայն Հայրիկապատի (ուխտավորների հյուրանոցը) շենքը վերջացել էր և հյուրընկալ էր նշանակված իմ վաղեմի ծանոթ և սիրելի բարեկամ Եսայի սարկավագը, այժմ դարձած Զավեն վարդապետ: Ղարաբաղցիք իրար շատ են սիրում: Զավեն վարդապետը ղարաբաղցի էր, ուստի աննկարագրելի հյուրասիրությամբ ընդունեց կնոջս, որ իր հայրենակիցն էր և ինձ, որ կես ղարաբաղցի էի դարձել: Հայրիկապատը բարձր և ընդարձակ շենք է, վանքի պարսպից դուրս, ազատ, բաց օդի մեջ: Երկրորդ հարկի ձախ սենյակը, որ ավելի դահլիճ կարելի էր կոչել, մեզ հանձնեց: Երկու մահճակալ մեզ հատկացրեց, մյուսները անտեր էին: Ուխտի ժամանակ չլինելով հյուրեր չկային, ուստի բոլորովին ազատ վայելեցինք հյուրանոցի կյանքը երկար ժամանակ, մինչև Թավրիզից նոր հրավեր ստանայինք: Երկար մնալու պատճառներից մեկը այն էր, որ ես պետք է ստանայի արտասահմանյան անցագիր: Այս կետը երբ մի քիչ դժվարացավ, ինձ վախ պատճառեց, որովհետև ես ապօրինի կերպով ռուսահպատակ էի դարձել: Վախենում էի, որ իմ հին անձնագրի հետքը կգտնվի։ Դժվարությունը AzxapH և ArapyHb ազգանունների տարբերության մեջ էր, բայց ի զարմանս իմ, այդ էլ հարթվեց։ Ժամանակ էր անցել և մոռացել էին: Արտասահմանյան անցագիրս ստացա: Երկրորդ դժվարությունը խոլերան էր: Այդ ժամանակ Թավրիզը իր շրջակայքով վարակված էր խոլերայով: Ամիսներ շարունակ, ամեն օր, հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Մի օր Թավրիզում 1000 հոգի էր մեռել: Այսպիսի վտանգավոր ժամանակ ինչպե՞ս մեկնել Էջմիածնից: Աբեթնագովը իր նամակների մեջ, որ շարունակ ստանում էի, խոսում էր խոլերայի ընթացքի մասին և չէր թույլ տալիս մեկնել: 1000 թիվը գագաթնակետն եղավ խոլերայի, որից հետո, սաստիկ տաք օրեր հաջորդեցին և խոլերան արագությամբ նվազեց: Այն ժամանակ որոշեցինք մեկնել: Բայց այժմ էլ խոլերան անցել էր Արաքսից այս կողմ և Ջուղայի ու Նախիջևանի շրջանը վարակված էր: Չգիտեմ ինչ հանդգնություն էր իմ կողմից, որ ես նորապսակ կնոջս վերցրած, խոլերայի միջով ճանապարհ ընկա: Այն ժամանակ դեռ Երևան–Ջուլֆա երկաթուղին շինված չէր, ուստի վարձեցինք մի թուրքի կառք։ Երկուսով նստեցինք կառքը. ես ունեի harmonie-flute կոչված նվագարանը, որ Կովկասում բոլորովին անսովոր է: Այդ նվագարանը նման է մի փոքրիկ դաշնամուրի. դնում ես ծնկներիդ վրա, ձախ ձեռքով փչում ես հետևում գտնված փուքսը և աջ ձեռքով ստեղնաշարի վրա նվագում ես: Ձայնը շատ դուրեկան է և երկար, ընդհատումներ չունի: Այդ նվագարանը ես նվագում էի Կոստանդնուպոլսում, փոքր ժամանակս: Էջմիածնում եղած ժամանակս մի հայտարարության մեջ կարդալով, որ Հաճընում վաճառում են այդպիսի մի նվագարան, բերել էի տվել: Կինս, որ ձեռարվեստի կողմից մեծ ընդունակություն ուներ, շուտով սովորեց նվագել և այժմ, երբ կառքով գնում էինք, նվագում էր: Թուրք կառապանը շատ հաճույք էր զգում: Ձիերը սկզբում խրտնում էին, բայց շուտով վարժվեցին: Այսպես զվարճությամբ և զվարթությամբ կտրում ենք ամբողջ տարածությունը, ընդարձակ դաշտը Երևանից մինչև Նախիջևան և ապա՝ Ջուլֆա: Երկու կողմերից շարունակ ակունքներ են բխում, ջրեր են կարկաչում, առուներ հոսում: Կինս աղբյուր շատ էր սիրում և հենց որ մի ակունք կամ մի առու էր տեսնում, «ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր» էր կոչում, հաճախ կանգնում էինք և ջրից խմում: Հասանք Խանլուխլար, որ այդ շրջանի կենտրոնական հայ գյուղն էր: Իջանք հայոց դպրոցը գիշերելու: Դպրոցի տեսուչը մի երիտասարդ էր, մռայլ դեմքով, տխուր, բայց բարեսիրտ: Տխրությունը նրանից էր, որ այդ օրը հայերի մեջ խոլերայի երկու դեպք էր պատահել: «Ի՞նչ պետք է անենք,— ասում էր նա,— բժիշկ չունենք, դեղորայք չունենք. հիվանդությունը դեռ նոր է սկսում, բայց անշուշտ պիտի տարածվի. անում եմ ինչ որ հնարավոր է և ինչ որ կարդացել եմ գրքերում: Այդ երկու հիվանդներին ես պետք է խնամեմ»: Մենք մեր գիտցած խորհուրդները տվինք. այն է հում ջուր չխմել, անլվա ձեռքով չճաշել, իրար սովորաբար ձեռք չտալ, ձեռքերը կարբոլյան ջրով լվանալ և այլն: Դրա օրինակը հենց մենք էինք: Ունեինք երկու շիշ ջուր, մեկը կարբոլկայով ջուր, իսկ մյուսը եփած ջուր: Հացը, մի խոշոր բոքոն, առել էինք Երևանից, ուստի վարակված չէր: Ճաշի ժամանակ նախ ձեռքերս լվանում էի կարբոլյան ջրով, չորացնում, ապա հացի միջուկը փորում և այդ էինք ուտում, պանիրով կամ որևէ այլ նյութով, որ գնել էինք Էջմիածնում: Խանլուխլարից անցնելուց հետո գիշերեցինք Նախիջևանում, մի հյուրանոցում, ուր ապրում էինք նույն զգուշությամբ: Մի առավոտ սխալմամբ, փոխանակ մաքուր ջրի շիշը բերանս տանելու, կարբոլյան ջուրը տանում եմ բերանս և մի կում բերանս առնում: Իսկույն զգում եմ հոտը և դուրս թափում: Վախից գնացի մի դեղարան, որի տերը հայ էր. դեպքը պատմեցի. «Քանի որ չեք խմել, վտանգ չկա»,— ասաց դեղագործը և կես գդալ սոդա տալով ինձ, հանգստացրեց: Հասանք Արաքսի ափը: Ահա դիմացս հոսում է այն գետը, որ Հայաստանի նշանաբանն է դարձել, և որ երգում է շարունակ հայ ժողովուրդը ամեն տեղ։ Կանգնած դիտում եմ: Ով գիտե քանի՞-քանի՞ դարեր հոսել է այսպես Արաքսը և հավիտյան պիտի հոսի: Երեկո էր արդեն, երբ հասանք և այդ բոլորը ես դիտում եմ մթնշաղի մեջ: Գիշերեցինք ինչ-որ հյուրանոցում և առավոտը շուտով վեր կացա և գետափը դիմեցի: Լույս աչքով դիտում եմ ալիքները, որ իրար զարնվելով, մեղմիկ խոխոջով հոսում են անընդհատ: Դիմացը Պարսկաստանն է: Գետափին կանգնած են հին ու փչացած մի խումբ նավակներ, որոնցով դիմաց պիտի անցնենք: Վախենալու բան է. հենց մի հայ երիտասարդ իր աշխույժ շարժումների մեջ այս ու այն կողմ վազվզելու միջոցին, ընկավ գետը. բայց առանց իրեն կորցնելու, իսկույն մի նավակի ցռուկից բռնեց և ջրաթաթախ մեջը ցատկեց, իր և բոլորի ծիծաղի տակ: Ես է՞լ եմ ընկնելու քո մեջ, ո՛վ Արաքս, ասում եմ ես, բայց նույնիսկ ես, եթե քո մեջ ընկնեմ, դու ինձ չես խեղդի. քո շատ հեռավոր որդին եմ, որ եկել եմ քեզ մոտ։ Դու կխղճաս ինձ: Ես ու կինս, մեր բեռները վերցրած, վախվխելով, բայց միևնույն ժամանակ ուրիշներից քաջալերվելով, մտանք նավ և առաջ անցանք: Քանի բացվում ենք, գետը այնքան մեծանում է և մոտակա ափը հեռանում: Նավավարը թիավարելով հասավ դիմաց, ափ դուրս եկանք: Պարսկաստանում ենք: Վարձեցինք պարսկական մի կառք և երկուսով գնում ենք: Ճանապարհը հանգիստ է: Կարծեմ երկու օրից պիտի հասցներ մեզ Թավրիզ: Ամբողջ այդ շրջանը վարակված էր խոլերայով, և մենք գնում ենք նույն զգուշավորությամբ: Բարեբախտաբար ոչ մեկի հետ գործ չունենք: Ուտում ենք միայն մեր պաշարը: Հիշում եմ, որ գիշերեցինք ինչ-որ պանդոկում: Մի խումբ մարդիկ քնած են այնտեղ: Մի տեղ էլ մենք ստացանք: Կինս պառկեց և քնեց: Ես կողքին նստած հսկում եմ: Պանդոկապետը քիչ այն կողմ նստել է ճրագի մոտ և հարցնում է, թե ինչու չեմ քնում: Պատասխանեցի, որ ես չեմ քնելու մինչև առավոտ և պահանջեցի, որ ճրագը չհանգցնի: Նավթի փողը պահանջեց, վճարեցի և լույսը վառ մնաց մինչև առավոտ: Առավոտը նորից շարունակեցինք մեր ճանապարհը և երեկոյին հասանք Թավրիզ: Կառքը կանգնեց Աբեթնագով Ալեքսանյանի դռան առաջ. նա մեզ ընդունեց շատ մեծ ուրախությամբ և իր տան հյուրանոցը հատկացրեց մեզ: Աբեթնագով Ալեքսանյանը Էջմիածնի Ճեմարանի հին շրջանավարտներից էր. գիտեր ուրեմն բոլոր հայկական առարկաները և հատկապես հայ լեզուն, իբրև տնօրեն Ղալա թաղի Արամյան դպրոցի մի քանի տարվա փորձառություն ուներ. բարեկիրթ և բարեհոգի մարդ էր. թեև միշտ լուրջ և ծանրախոհ կերպարանք ուներ, բայց հաճախ տեսնում էիր երեսին բարեմիտ ժպիտը: Կինը շատ երիտասարդ, նուրբ և գեղեցիկ, ամուսնու նման բարեհոգի մի կին էր։ Տանը բնակվում էր նաև Աբեթնագովի ծերունի մայրը. մանր-մունր մի քանի երեխաներ էլ ունեին: Աբեթնագովը պատմեց ինձ խոլերայի մասին: Սոսկալի կոտորած է եղել թուրքերի մեջ, որոնք զգուշական միջոցների մասին ոչ գաղափար և ոչ հավատ ունենալով, անխնա զոհ էին գնացել համաճարակին: Թավրիզի 5000 շունչ հայերից միայն 2 հոգի էին մեռել, այն էլ իրենց անխոհեմության պատճառով: Այդ երկուսից մեկը հիմարաբար չհավատալով միկրոբների զորության, մի քանի հատ խաղող վերցնելով, հանդիսավորապես, շատերի ներկայությամբ սկսել է ուտել առանց լվանալու: «Տեսնեմ ի՞նչ է անելու ինձ»,— ասում է նա: Մյուս օրը հիվանդանում և մեռնում է: Մի ուրիշ հայ, չհավատալով կարբոլյան ջրի զորության, մի մեծ որդ վերցնում է և գցում կարբոլյան ջրի մեջ. քիչ հետո տեսնում է, որ որդը սատկեց. այն ժամանակ համոզվում է ջրի զորության և ասում. «Եթե այս խոշոր որդին մեկ րոպեում սատկեցրեց, փոքրիկ միկրոբներին իհարկե կկոտորի»: == ԹԱՎՐԻԶՈՒՄ == Երկու տարի մնացինք Թավրիզում: Շատ ուրախ և շատ հանգիստ կյանք վարեցինք: Պարսկաստանը շատ առատ երկիր է և չափազանց էժան. երկուսով օրական մի ռուբլի անկարելի էր ծախսել, նույնիսկ շատ ճոխ ապրելով: Վտանգի սպառնալիք, ոստիկանական դժվարություններ, պետական խստություն և նման անհանդուրժելի բաներ բնավ գոյություն չունեին. հայկական կյանքը բոլորովին ազատ էր. այն հայկական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում և Թուրքիայում հալածանքի էին ենթարկված, Պարսկաստանում բոլորովին ազատ էին: Փոստով կարելի էր ստանալ «Դրօշակ» և «Հնչակ» թերթերը և փողոցում ազատ կարդալ: Դպրոցական կյանքը ոչ մի հսկողության չէր ենթարկվում պարսկական կառավարության կողմից: Նույնիսկ դպրոցը պարսիկ կառավարությունից ամսական 50 թուման նպաստ էր ստանում: Թատրոնը ազատ էր. ամեն շաբաթ հասարակական ձրի դասախոսություններ էին տեղի ունենում: Չեմ կարող իհարկե մեր երկու տարվա նկարագիրը հիշել, մանավանդ թե նրանք մեծ կարևորություն ներկայացնող դեպքեր չէին, ուստի կհիշեմ միայն քիչ ու շատ կարևորները: Նախ տանք քաղաքի նկարագիրը: Այն ժամանակ Թավրիզը Պարսկաստանի ամենամեծ և բազմամարդ քաղաքն էր: Նա ուներ 14 կիլոմետր շրջապատ և 300 000 բնակիչ, ինչ որ Թեհրանի կրկինն էր: (Այժմ այս հարաբերությունը փոխված է): Քաղաքի ծայրամասերը բոլորովին գեղջկական են. ընդարձակ պարտեզներ և նրանց մեջ մի տնակ: Երբ պարսից թագավորը այցելել է Թավրիզ և կառքով անցել է այդ ընդարձակ պարտեզների միջից, ասել է. «Ին չի բուզուրգ քենդ էսթ» (այս ինչ մեծ գյուղ է): Հայերը թվով 5000 շունչ են և գրավում են երկու առանձին թաղ՝ Ղալա և Լիլավա: Բուն հին թաղը Ղալան է, որի բնակիչ հայերը իսկական թավրիզեցի են և ունեն իրենց բարբառը. նրանք որոշվում են հ>խ արտասանությամբ, իսկ Լիլավա թաղի հայերը ուշ ժամանակ գաղթել են Ղարադաղից և Մուժամբարից, որ մի հայաբնակ գյուղ է Թավրիզից դեպի հյուսիս: Լիլավացիք էլ խոսում են Ղարադաղի բարբառը, որ Ղարաբաղի բարբառի մի տեսակն է: Ղալա թաղը ունի մի եկեղեցի և մի դպրոց: Նույնը նաև Լիլավա թաղը: Թավրիզի հայերը, կարող եմ ասել, թե ամբողջ հայության մեջ ամենաուսումնասեր, աշխատասեր և բարեկիրթ ժողովուրդ են կազմում: Հակառակ իրենց փոքր թվին, ունեին այն ժամանակ 4 դպրոց, որոնց վրա շուտով ավելացրին 2 թաղերի միջև մի կենտրոնական վարժարան: Չեմ հաշվում հայ բողոքականների դպրոցները: Բոլոր թավրիզեցի հայերը բաժանված էին երկու կուսակցության դաշնակցական և հնչակյան. չկար մի հայ, որ կուսակցական չլիներ: Լիլավան մեծավ մասամբ դաշնակցական էր, իսկ Ղալան՝ մեծ մասամբ հնչակյան: Այնքան ուժեղ էր պայքարը այս երկուսի միջև, որ իրար հետ նույնիսկ խնամություն չէին անում: Պայքարը պատճառ էր դարձել մրցման և երկու կողմերն էլ շարունակ կազմակերպում էին հասարակական դասախոսություններ՝ գիտական և ազգային հարցերի շուրջը: Այսպես նաև թատերական ներկայացումներ: Ամեն մի կողմը ուներ նույնիսկ իր թերթը: Երբ առաջին անգամ սկսեցի դասավանդել, դպրոցի վարչությունը առաջարկեց ինձ մի դասախոսություն կարդալ: Ես հանձն առի սիրով և նյութ վերցրի, ըստ սովորականին, «Հայ ազգի ծագումը հնդեվրոպական հիմքի վրա»: Դասախոսությունը տեղի պիտի ունենար երեկոյին, Ղալա թաղի դպրոցի դահլիճում, որ նաև թատերասրահ էր: Առավոտը ինձ այցելության եկավ Գևորգ Չիլինգիրյանը, որ հնչակյան խմբի ջոջերից էր. նա կարնեցի էր, ուսուցիչ հայ լեզվի: Ծանոթացանք իրար հետ, և նա, մտերմանալով, հարցրեց դասախոսությանս մանրամասնությունները: Ես, իհարկե, կարող էի ասել, թե երեկոյին կգաք կլսեք, բայց այդպես չարի և նյութը պարզեցի ամբողջությամբ նրա առաջ: Ուշադրությամբ լսեց և հետո հարցրեց, թե այս կարծիքի դեմ հակառակորդներ չկա՞ն և ի՞նչ են ասում: Նա հակառակ կարծիքներ էլ լսեց և գոհ սրտով հեռացավ: Երեկոյին, երբ դասախոսությունս վերջացավ և նախագահը, ըստ սովորության, հարցրեց հանդիսականներին հայտնել իրենց կարծիքը և կամ հարցումներ ուղղել, վեր կացավ Չիլինգիրյանը և զայրացած տոնով և հանդիմանական ձևով ասաց. «Պարոն Աճառյանը պետք է իմանա, որ իր այդ ասածները ընդհանուր ընդունված չեն. շատեր ուրիշ կարծիք ունեն»: Եվ սկսեց մի առ մի թվել առավոտյան պատմածներս, որ զարմանալի ճշտությամբ միտքն էր պահել: Ծիծաղելի տեսարան էր: Ես միայն ժպտացի և ոչինչ չպատասխանեցի: Մի քանի ժամանակ հետո դպրոցը, ըստ օրինի, մի ներկայացում պիտի տար. ընտրեցին «Սխալ հաշիվ» պիեսան, որի գլխավոր և բացասական դերը ես վերցրի: Դերս Ալեքսանդրապոլի բարբառով էր: Երբ խաղը վերջացավ, Չիլինգիրյանը բեմ վազեց և խոսքն ինձ ուղղելով ասաց. «Այս ինչ սքանչելի ճշտությամբ կարողացաք արտասանել Կարինի բարբառը. կարծես իսկական ալեքսանդրապոլսեցի լինեիք»: Այդ ժամանակները Թավրիզում աչքի ընկնող դիրք ուներ Ատրպետը, հայտնի գրող և բազմաթիվ վեպերի հեղինակ: Նա ուներ սեփական տպարան, որտեղ տպագրում էր իր վեպերը և ուրիշ գործեր։ Չիլինգիրյանը սկսեց տպել «Ընդհանուր պատմության մի դասագիրք». բնականաբար, սկսեց հին աշխարհից, ինձ մոտ ոճով, և հարցրեց, թե «Ի՞նչ խորհուրդ կտամ»: Ես ամենից առաջ հայտնեցի, որ պետք է մտցնել նաև չինաց և հնդկաց պատմության մասին մի գլուխ: Հայտնեց, թե այդ մասին ոչինչ չգիտե: Ես հանձն առի գրել այդ երկու գլուխները: Դասագրքի մեջ երկու գլուխներն էլ տպվեցին: Հետագայում, որովհետև Չիլինգիրյանը չկարողացավ վճարել Ատրպետին տպարանական ծախսերը, Ատրպետը տպագրությունը չշարունակեց, տպագրված մասերը գրավեց և այրեց: Իմ գրած երկու գլուխները, հնդկաց և չինաց մասին, մնում են ինձ մոտ մինչև այժմ՝ մի օրինակ տպագրված: Չիլինգիրյանին ես տեսա վերջին անգամ Երևանում 1923 թվականից հետո: Ունեցանք մի տեսակցություն, որից հետո մեռավ: Թավրիզում ծանոթացած անձերիցս մեկն եղավ Նիկոլ Սարգսյանը, որ տփղիսեցի էր, Լիլավայի դպրոցի տեսուչ, մասնագետ ֆիզիկայի և քիմիայի: Նա մի օր կարդաց մի դասախոսություն, որի միտքը այն էր, թե այն բոլոր հայերը, որ չեն բնակվում Հայաստանում, հայ չեն: Այս դասախոսությունը, կարդացված ազգասեր թավրիզեցի հայոց առաջ՝ բոլորովին միտք չուներ: Դասախոսությունից հետո ես բարձրացա և հարց տվի. «Ուրեմն տփղիսեցի հայերը հայ չե՞ն, պոլսահայերը հայ չե՞ն, նոր-նախիջևանցի հայերը հայ չե՞ն, թավրիզեցիներն էլ հայ չե՞ն»: Նա հանդգնեց ասելու, թե ո՛չ: «Ուրեմն ի՞նչ են»,— հարցնում եմ ես: «Պատկանում են այն ազգին, որի երկրում բնակվում են»: Ես հարցը կատակի վերածելով ասացի. «Եփրատը Հայաստանի արևմտյան սահմանն է․ Եփրատի աջ ափին կան զանազան հայ գյուղեր, որոնք գիշերը քնում են այդտեղ, իսկ ցերեկը անցնում են դիմաց՝ աշխատանքի։ Ուրեմն այդ մարդիկը ցերեկը հայ են, գիշերը թո՞ւրք: Կան նաև, որոնք օրական տասն անգամ կամրջով գնում գալիս են. ուրեմն այդ մարդիկը օրական տասն անգամ հայ կամ թո՞ւրք են դառնում»: Ես ու Սարգսյանը իրար հետ շատ լավ էինք: Մի անգամ ուզեցինք փորձել աֆիոն ծխել՝ իմանալու համար, թե ի՞նչ համ ունի: Ինչպես հայտնի է, ամբողջ Պարսկաստանը աֆիոն է ծխում և այդ պատճառով մարդիկ թմրած, շշմած ու թույլ են։ Տեղացի մեր ընկերները արգելեցին կատարել այդ փորձը. «որովհետև,— ասացին,— դա այնքան հաճելի բան է, որ երբ մի անգամ փորձեք, է՛լ չեք կարող թողնել»: Սարգսյանին ես տեսա 1923 թվականից հետո Հայաստանում: Նա Թիֆլիսում ուսուցիչ էր. շուտով մեռավ երիտասարդ հասակում: Ղալայի դպրոցում իմ ավանդած առարկաներն էին հայերեն և ֆրանսերեն: Մի օր ուսուցչանոցում ես գանգատվեցի այն մասին, թե ամեն րոպե խոսում են հայոց նոր գրականության մասին, բայց ոչ մի տեղ հայոց նոր գրականության պատմություն չեն անցնում: Բոլորը ձայնակցեցին ինձ և իրավունք տվին և հետո տեսուչ Աբեթնագով Ալեքսանյանը պաշտոնապես պարտադրեց ինձ անցնել հայոց նոր գրականության պատմությունը: Ես իմ վրա վերցրի այդ պարտականությունը և հաջորդ օրվանից սկսեցի դասախոսել այդ առարկան: Առարկան մաս-մաս թելադրում էի աշակերտներին. հետագայում ավելի ընդարձակելով՝ տպագրության հանձնեցի «Պատմություն հայոց նոր գրականության» գրքիս պրակները: Մի ուրիշ անգամ էլ խոսք եղավ ուսուցչանոցում Պարոնյանի մասին: Ես ասացի, որ նա ինձ ուսուցիչ է եղել: «Ի՞նչ առարկայից»,— հարցրին ուսուցիչները: «Հաշվապահությունից. Կոստանդնուպոլսում, բոլոր դպրոցներում, սովորում են հաշվապահություն, որովհետև Կոստանդնուպոլսի Հայ վաճառականները հայերենով են հաշիվ պահում»: «Ուրեմն դուք հաշվապահություն գիտե՞ք»,— հարցրեց Աբեթնագով Ալեքսանյանը,— կարո՞ղ եք ավանդել այդ առարկան»: «Այո»: «Ինչո՞ւ չէիք ասում մինչև հիմա,— գանգատվեց նա.— ամեն տարի մենք դիմում ենք Կովկաս և հաշվապահության ուսուցիչ ենք փնտրում, բայց երբեք չի հաջողվում, որովհետև դասերը քիչ են և բավական չեն ուսուցչի ռոճիկը վճարելու: Եկող տարվանից խնդրում ենք ձեզ, որ դուք դասավանդեք նաև հաշվապահություն, որովհետև մեր հայ վաճառականներն էլ հաշիվները հայերեն են պահում և հայ հաշվապահի պետք ունեն»: Ես ընդունեցի և երկրորդ տարվանից ես դասավանդում էի նաև հաշվապահություն վերջին, ավարտական դասարանում: Այստեղ մի զարմանալի երևույթ նկատեցի: Ավարտական դասարանում մի աշակերտ ունեինք Խալաֆյան ազգանունով. Սալմաստի գյուղերից հարուստ ընտանիքի զավակ էր, վաճառականի որդի: Բարձրահասակ մի տղա էր. այնքան անձնվեր էր դեպի ինձ, որ իմ ամեն մի առաջարկս ամենայն սիրով, ծառայի նման կատարում էր և ինձ ծառայելը իրեն համար մի հաճույք էր: Ես այդ աշակերտին շատ էի սիրում, բայց դժբախտաբար նա շատ անընդունակ էր և ոչինչ չէր սովորում: Երբ հաշվապահություն սկսեցի ավանդել, նա այնքան լավ սովորեց այդ առարկան, այնքան շուտ յուրացրեց, որ եղավ դասարանի առաջինը։ Այն ժամանակ ես այն գաղափարը կազմեցի, թե ամեն աշակերտ ընդունակ է մի բանի, բայց պետք է իմանալ, թե ինչ բանի: Դպրոցի ուսուցիչները մեծ մասամբ Ճեմարանի իմ տաճկահայ աշակերտներից էին. այսպես՝ Վարդան Բաղեշցյան (վանեցի), Արմենակ Բարսեղյան (եվդոկիացի), Գալուստ Իսկենդերյան (վանեցի), Հայրապետ Պանիրյան (վանեցի) և այլն: Սենեքերիմ Տեր-Հակոբյանը (գյումյուշխանեցի), թեև նույնպես իմ աշակերտներից էր և միասին բնակակից էինք Թավրիզում, բայց պաշտոնավարում էր Լիլավայի դպրոցում: == ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ == Ցարական դավաճանության արդյունքներից մեկն էլ թուրքհայկական ընդհարումները եղան, որ մի տարի ամբողջ Կովկասի հայությունը տակնուվրա արին: Ցարը ուզեց նաև հայ-վրացական ընդհարում ստեղծել, բայց վրացիք մերժեցին և այդպիսի մի հիմար շարժում տեղի չունեցավ: Ցարը աշխատեց նաև Թավրիզում ստեղծել հայ-թուրքական ընդհարում: Այս նպատակով Կովկասից Թավրիզ ուղարկեցին զանազան թուրք գործակալներ, որոնք պիտի գրգռեին ժողովուրդը և նրանց մեջ ընդհարում առաջացնեին: Շահը տեղյակ էր այս մասին և ամեն կողմ խիստ պատվեր ուղարկեց առաջքը առնելու այդպիսի ընդհարման, հայտնի իմանալով, որ այդ շարժման նպատակը ռուսական բանակով Թավրիզը գրավելն էր, իբր թե ի պաշտպանություն հայերի: Նույնիսկ շահը ասել էր, թե «Իմ երկիրը Ռուսաստան չէ, ես հայերի և պարսիկների մեջ այդպիսի ընդհարում չեմ թույլ տա»: Սակայն խմորումը բույն էր դրել թուրք ժողովրդի մեջ Թավրիզում. հայերը գիտեին այդ և ամեն կերպ խուսափում էին: Իսկ եթե հանկարծ, նույնիսկ պարսից պետության կամքին հակառակ մի այդպիսի շարժում տեղի ունենար, ի՞նչ պիտի անեին: Հայերը, ըստ կարելվույն, պատրաստվեցին դիմադրել: Բավական մեծ քանակությամբ ռումբեր պատրաստ պահեցին կռվի օրը գործադրելու համար. ինձ գրել տվին թուրքերեն հայտարարություն այն մասին, թե «Մենք թուրքերի հետ կռիվ չունենք. նրանք մեր եղբայրներն են, իսկ եթե նրանք շեյթանի հորդորով մեր դեմ դուրս կգան, մենք պատրաստ ենք կռվելու: Չոխդան չոխ գիդեր, ազդան ազ (շատից շատ կգնա, քչից քիչ)»: Ռումբի պահեստը մեր տանն էր: Մեր տունը գտնվում էր Ղալայի հայոց եկեղեցու կողքի փողոցում, երկու տուն ցածը հայտնի պատմաբան Առաքել Դավրիժեցու տնից, որ բռնում էր նույն փողոցի անկյունը: Մեր տունը ընտրելու պատճառը այն էր, որ տանը բնակվում էինք ես (ռուսահպատակ), Սենեքերիմ Տեր-Հակոբյանը (տաճկահպատակ), իսկ տանտերն էլ պարսկահպատակ, ուստի մեր տունը խուզարկելու համար 3 պետություն պետք է միանային: Մի շաբաթ երեկո ընդհարումը պատրաստ էր սկսվելու: Եկեղեցուց դուրս գնալու միջոցին, վիթխարի հասակով մի թուրք, փողոցի ծայրին կանգնած միզել սկսեց, ցուցադրական կերպով հայ օրիորդների և տիկինների ներկայությամբ: Հայ երիտասարդները արգելեցին նրան, նա կռիվ սկսեց և չէր ուզում հեռանալ: Ուսուցիչ Հայրապետ Պանիրյանը, որ այնտեղ նույն րոպեին ներկա էր, մտածում է՝ «Ահա րոպեն եկավ»: Իսկույն վազում է Ղալա բեկի մոտ, որ հայոց թաղի թուրք ոստիկանապետն էր: Նա շատ բարի մարդ էր և հայոց մտերիմ: Լսելով դեպքը, Պանիրյանի հետ միասին շտապեց դեպքի տեղը: Հրամայեց թուրքին հեռանալ այդտեղից: Թուրքը դիմադրեց և կռվել սկսեցին: Ոստիկանապետը, տեսնելով, որ վիթխարի թուրքը չի հպատակվում, քանդեց իր մեջքին կապած լայնատարած գոտին, փաթաթեց վիթխարի թուրքի մեջքին, և ուսին գցելով, ինքը, որ ավելի վիթխարի էր, քան այն վիթխարի թուրքը, այսպես շալակած առավ տարավ ընդհանուրի ծիծաղի տակ: Այսպես վերջացավ չսկսված ընդհարումը Թավրիզում: Ռումբերը և հայտարարությունները անտեր մնացին: == ԵՍ ՈՒ ԿԻՆՍ == Ինչպես ասացի, դպրոցում ես ավանդում էի հայերեն և ֆրանսերեն: Մյուս առարկաները հետո ավելացան: Ամսական ստանում էի 50 թուման: Կինս ավանդում էր ձեռագործ, ռուսերեն և թվաբանություն. ստանում էր 40 թուման: Երկուսով ստանում էինք ուրեմն 90 թուման, որ անում էր 180 ռուբլի ոսկի փող: Պարսկաստանի փողը, Կովկասի հետ համեմատած, անունով նույն, բայց 5 անգամ պակաս է: Այսպես՝ մեկ շահին Կովկասում 5 կոպեկ է, իսկ Պարսկաստանում 1 կոպեկ. աբասին այստեղ 20 կոպեկ է, այնտեղ՝ 4 կոպեկ. թումանը այստեղ 10 ռուբլի է, այնտեղ՝ 2 ռուբլի: Նույնիսկ Թիֆլիսում 10 կոպեկանոցը կոչվում էր բուզալթուն, որ Պարսկաստանում կոչվում էր յուզալթուն և արժեր 2 կոպեկ: Յուզալթուն թուրքական բառ է և նշանակում է «100 ոսկի». երբ մուրացիկը Պարսկաստանում մուրալով ասում է. «Ալլահ աշքընա, բիր յուզալթուն վերին» (Աստծու սիրուն, մի 100 ոսկի տվեք), մեր ծիծաղն էր շարժում: Պարսկաստանում ոսկի դրամ չկա: Թղթադրամն էլ սովորական չէր, ամբողջ դրամական գործողությունները կատարվում էին արծաթ դրամով և հատկապես 2 ղրանանոցով, որ է 40 կոպեկ: Երբ առաջին անգամ պիտի ստանայի ռոճիկս, հաշվապահը կանչեց ինձ՝ գումարը վճարելու: — Ի՞նչ աման եք բերել,— ասաց նա: — Գրպանս կլցնեմ: — Գրպանը փոքր է: Ես թաշկինակս պարզեցի: — Թաշկինակն էլ փոքր է, մեծ աման բերեք: Ես գնացի տուն և ծաղրի համար վերցրի շաքարի տոպրակը և բերի դպրոց: Հաշվապահը տեսավ և ասաց. — Այդ լավ է: Պարսկաստանում գումարները վճարում էին հետևյալ ձևով: Հաշվապահը իր առաջ ունի տախտակե հարթ մի ափսե. գցում է նրա վրա 5 հատ 2 ղրան, որ անում է մի թուման: Ստացողը ձեռքով քաշում է և գցում տոպրակը: Այսպես շարունակ և մեքենայի նման արագ: Ծաղրի համար բերած տոպրակս լրջորեն լցվեց, և ես գրկած տուն տարի: Դրի պատուհանի առաջ: Կեր, որ վերջանա: Պարսկաստանը շատ էժան երկիր էր: Այժմ խոսենք մեր ծառաների մասին, ինչ որ բավական զվարճալի է: Վարձել էինք Վարդան անունով մի ծառա, լիլավացի: Ասում էին, թե սոսկալի գող է. բայց մենք չէինք նկատում: Հաշվի մեջ ճիշտ էր, գնումները արագ էր կատարում, լավ կերակուր եփում: Մի օր տանը չեղած ժամանակ գնացի խոհանոց և տեսա սեղանի վրա կործած մի թաս: Թասը բարձրացրի և տակին տեսա յուղ: Քիչ հետո Վարդանը եկավ և խոհանոց մտնելով, նորից մեկնեց: Ձեռքին ոչինչ չկար: Նորից գնացի խոհանոց, թասը բարձրացրի, յուղը չկար: Դուրս եկա, հետևեցի Վարդանին, մինչ Լիլավա: Խանութից խանութ էր մտնում, բայց ոչինչ չէր առնում: Վերջապես մոտեցա իրեն. — Վարդան, այստեղ ի՞նչ ես անում: Շփոթվեց և կարմրեց. նկատեցի, որ ճակատի 2 կողմից քրտինք է հոսում. գլխարկը բարձրացրի, յուղը այնտեղ էր: Իսկույն արձակեցի: Բռնեցինք մի ուրիշ ծառա, Հակոբ անունով. վանեցի էր և շատախցու նման լայն շալվար էր հագած: — Լավ կերակուր եփել գիտե՞ս,— հարցրինք: — Օհո՜, ես ռուսաց կոնսուլի պովորն եմ եղել. այնպես կերակուրներ եփեմ, որ մատներդ հետն ուտեք: — Բադինջանով դոլմա կարո՞ղ ես եփել: — Օհո՜, այնպես եփեմ, որ մատներդ հետն ուտեք: Որովհետև այսպիսի սքանչելի խոհարար էի գտել, ուստի իմ ընկեր ուսուցիչներին ճաշի հրավիրեցի հետևյալ օրը: Նստել ենք, սպասում ենք ճաշի. ժամանակը անցնում է, և ճաշը չի գալիս: Շատ երկար սպասելուց հետո Հակոբը ներս մտավ, ձեռքին մի խոշոր տափակ պնակ, որի մեջ ջուրը առատորեն ծփում էր, ջրի մեջ լողում էին 4 հատ բադինջան: Դրեց սեղանի վրա: Վերցրի մեկը, փորձեցի կտրել, բայց այնքան հում էր, որ դանակը չէր զորում: Անկարելի եղավ ուտել: Կանչեցինք Հակոբին և առաջարկեցինք վերցնել: — Այս կերակուրը ի՞նչ թերություն ունի,— զարմացած հարցրեց Հակոբը: Պանիր հաց կերանք և Հակոբին ճանապարհ դրինք: Չմոռանամ ասելու, որ Վարդանը եկել էր մեզ մոտ իր իրերը վերցնելու. երբ տեսավ նորակոչ Հակոբին՝ ասաց. — Լավ տեղ ես ընկել, ախմախ մարդիկ են. ոչ փող գիտեն, ոչ հաշիվ: Կեր, խմի, խաբի, գողացիր, սուտ խոսի ինչքան ուզես: Հակոբից հետո վարձեցինք մի երկրորդ Վարդան. սովուղբուլախցի թրքախոս հայ էր: Շատ բարի, ուղղամիտ և կրոնասեր: Ծառայում էր շատ հավատարմությամբ. երբ շուկայից գալիս էր և մի քանի շահի հետ բերում, մենք այդ գումարը իրեն էինք նվիրում. ամեն անգամ ասում էր. — Այս փողը հալա՞լ եք անում, սրտա՞նց եք տալիս, հարամ չէ՞, վերցնե՞մ: Եվ չէր վերցնում, մինչև որ համոզում էինք, թե սրտանց ենք նվիրում իրեն: Բայց Վարդանը շատ սնահավատ էր: Մի երեկո տեսնում ենք՝ Վարդանը չկա. երկար սպասելուց հետո գնում եմ նրա տունը և տեսնում եմ նրան այնտեղ: — Վարդան, ինչո՞ւ չես գալիս: — Ես վախենում եմ, ձեր տանը սատանա կա: — Սատանան որտե՞ղ էր: — Խոհանոցում, ճրագի վրա նստած է: Վերցնում եմ հետս, խոստանալով, որ ես աղոթքով կհեռացնեմ սատանային: Գալիս ենք տուն, մտնում ենք խոհանոց, լուցկին վառում եմ և մոտեցնում ճրագին: Երբ պատրույգը բավական բարձրացրած չէ, բոց չի վերցնում, հանգում է: Պատրույգը բարձրացրի, իբր թե սատանային հեռացրի և ճրագը վառվեց: Վարդանը ուրախացավ և հավատաց, թե ես սատանաները վանելու կարողություն ունեմ: Մի օր ես ու կինս խոսում ենք: Կինս ասաց. — Ա՜յ եղբայր, այդպես չէ: Ես պատասխանեցի. — Ա՜յ քույր, այդպես է: Վարդանը թթվեց, ուզում էր հեռանալ: — Ա՜յ Վարդան, ի՞նչ կա, ի՞նչ եղար: — Նա քեզ ասաց եղբայր, դու նրան ասացիր քույր. այդպես բան կարելի՞ է: Հազիվ կարողացանք համոզել, որ դա կատակ է, և մնաց: * Կինս հիվանդացավ: Բժշկությունը իմ շատ սիրած գիտությունն է եղել: Կոստանդնուպոլսում փորձել էի բժշկականը մտնել, չընդունեցին: Փարիզում միջոց չունեցա: Շուշում ես կարդացի ամբողջ բժշկական կուրսի գրքերը, փոխ վերցնելով բժիշկ Օհանյանից: Կարդացի Trousseau-ի բժշկական հինգ հատորները՝ Pathologie générale, Pathologie interne, Pathologie externe, Thé- rapeutique, Pharmaciologie, Anatomie générale գրքերը: Այս վերջինից անմոռանալի է մնում մտքումս այն կետը, թե մարդու սրբագրությունը և բնության դեմ անկարելի է: Օրինակ էր բերում հրեաների թլպատումը, որ 3500 տարի է գործադրվում է, բայց ոչ մի հրեա թլպատված չի ծնվել: Ես այս օրինակի վրա մի ուրիշ ավելի ընդհանուր օրինակ եմ ավելացրել: Ամբողջ աշխարհում, մարդկության սկզբից մինչև այժմ, ամենավայրենի մարդուց սկսած մինչև ամենամեծ ազնվական կինը երկու ականջը ծակում են, օղ անցկացնելու համար, բայց մինչև այսօր ոչ մի աղջիկ չի ծնվել երկու ականջը ծակած: Այս օրենքը կարելի է փոխադրել նաև լեզվի մեջ: Անհատական կամքը լեզվի մեջ արժեք չունի: Վերջում ձեռք բերեցի նորավարտ բժիշկների համար պատրաստված մի հիանալի ձեռնարկ, ֆրանսերեն լեզվով, որի մեջ հեղինակը խոսում էր մոտ 300 հիվանդության մասին, տալիս էր այդ հիվանդությունների étiologie (պատճառագիտություն), diagnostique (ախտորոշություն) և thérapeutique (բուժագիտություն), այսինքն՝ հիվանդությունների պատճառը, ճանաչումը և բուժումը: Վերջին հատվածը տալիս էր այն բոլոր դեղատոմսերը, որոնք կարևոր են նորավարտ բժշկի համար: Այս գիրքը շարունակ կարդալով և սովորելով, ընկերական շրջանակի մեջ ձրի բժշկություն էի անում: Այժմ, երբ կինս հիվանդացավ, արտաքին նշաններից ենթադրեցի, որ տիֆ է (որովայնային): Բաց արի գրքի համապատասխան գլուխը՝ ստուգելու համար. նշանները հետևյալներն էին՝ գլխացավ, փորի խանգարմունք ջերմով: Բայց ամենակարևոր նշանը հետևյալն էր. երբ հիվանդի ձախ սնակուշտը սեղմես, լսվում է կ՜ռթ մի աղմուկ. այդ աղմուկը լսվում է առաջին երկու երեք օրերում և հետո անհետանում: Ես փորձեցի և աղմուկը լավ լսեցի: Այլևս կասկած չկար: Թավրիզում այն ժամանակ լավագույն բժիշկն էր համարվում մի տիգրանակերտցի հայ, որ սովորել էր Ամերիկայում: Բարձրահասակ մի մարդ էր, որ հետս լավ ծանոթ էր: Հրավիրեցի նրան, քննեց և ասաց, թե անցողական հիվանդություն է: Ես հարցրի նրան, թե տի՞ֆ է, ասաց ոչ: Ես չհավատացի, բժիշկը շարունակեց իր այցելությունները, և երբ հիվանդությունը հետզհետե սաստկացավ, ստիպվեց խոստովանել, որ տիֆ է: Հարցրեց ինձ. «Այն աղմուկը իսկապես լսեցի՞ր». հաստատեցի թե «այո»: Կնոջս հիվանդությունը հետզհետե սաստկացավ: Ջերմությունը հասավ բարձր աստիճանի: Բոլոր մերձավորներս վարակվելու երկյուղից փախան: Ես մենակս խնամում էի նրան: Տիգրանակերտցի բժիշկը ինձ ասաց. «Չվախենաս, միկրոբները Պարսկաստանում շատ տկար են, արևը ոչնչացնում է նրանց: Թավրիզում չեմ տեսել մարդ, որ տիֆից մեռնի: Նույնիսկ սիֆիլիսը այնքան թույլ է մեզ մոտ, որ ոչինչ նշանակություն չունի»: Այս խոսքերը, թեև հուսադրական, բայց բուժիչ չէին: Հիվանդությունն այնքան սաստկացավ, որ իմ բժիշկներից մեկը՝ Անդրանիկ Հակոբյանը, գիշերեց ինձ մոտ, վտանգի րոպեին իբր թե օգնության հասնելու համար: Այս Անդրանիկ Հակոբյանը խարբերդցի էր. Էջմիածնի Ճեմարանում սովորական դեղագործ էր. «Բյուրակն» ամսաթերթում «Կայծոռիկ» ծածկանունով հոդվածներ էր գրում: Մի հոդված էլ միասին ենք գրել «Մանիսացիները իբրև գաղթական խարբերդցի» վերնագրով: Անդրանիկը հնչակյան գործիչ էր եղել, ինչպես ինքն էր ասում և անունը ծածուկ էր պահում, իբր թե այնքան մեծ հեղափոխական գործունեություն էր ցույց տվել, որ տաճիկ կառավարությունը ամեն կողմ փնտրում էր նրան և եթե գտներ, կախաղան պիտի բարձրացներ: Այսքան մեծ կարծիք ուներ իր մասին: Այնուհետև Էջմիածնից գնացել է Լոնդոն և այնտեղ 3 ամսվա մեջ բժշկական վկայական է ստացել: Այս անհավատալի հեքիաթը եզական կդառնա երբ ասեմ, թե նա բողոքական քարոզիչ էր: Անդրանիկը իբրև ընկեր շարունակ այցելում էր հիվանդիս: Ես չափազանց հուսահատված էի: Հազիվ եկել ենք Պարսկաստան, հազիվ կարողացել եմ հոր ձեռքից խլելով հեռացնել Շուշուց և ահա նա մահամերձ հիվանդ է: Ի՞նչ պատասխան պետք է տամ հորը: Հուսահատությունից որոշեցի, որ ես էլ վարակվեմ և հետը մեռնեմ: Խմում էի նույն բաժակից և նույն տեղից: Զգուշական միջոցների չէի դիմում, բայց չվարակվեցի: Վերջապես իմ մեջ ամփոփվելով այդ միտքը դեն գցեցի: Եթե ես վարակվեմ, ո՞վ պիտի բուժի մեզ: Ավելի լավ է ես հետևեմ նրան, աշխատեմ, որ բուժվի, իսկ եթե մեռնի, ես էլ կարող եմ մեռնել ուրիշ միջոցով: Մի ամիս հետո հիվանդը լավացավ. բժիշկ Անդրանիկը իրավունք տվեց ուտելու: «Ի՞նչ տամ ուտելու»,— հարցրի ես: «Խաշած կարտոֆիլ կարող եք տալ»,— ասաց նա: Ես կասկածում էի, գիտեի, որ մինչև մի ամիս պետք չէ ուտելիք տալ: Բայց որոշ չափով հավատացի բժշկին, մի շատ փոքրիկ կտոր կարտոֆիլ տվի, երկրորդ օրը կրկնվեց հիվանդությունը: Բժիշկը եկավ և զարմացավ: «Ի՞նչ ես տվել ուտելու»,— հարցրեց ինձ: «Մի փոքրիկ կտոր կարտոֆիլ, ինչպես ասել էիր»: Շվարեց, կմկմաց, բայց անօգուտ: Երեք շաբաթ ևս տառապեց խեղճ կինս և վերջապես լավացավ: Ազգամիջյան ընդհարումներն սկսվել էին Կովկասում: Երկրից ոչ մի նամակ չունեինք: Այս դրությունը անտանելի էր մանավանդ կնոջս համար, որ կարծում էր, թե ամբողջ ընտանիքը զոհված է: Ճարահատյալ մի խարդախ միջոցի դիմեցի: Իմ լավ աշակերտներից մեկին՝ Տիգրան Բաղդասարյանին, որ այժմ Պարսկաստանում հայտնի ատամնաբույժ է, կանչեցի ինձ մոտ և թելադրեցի հետևյալ սուտ նամակը (մոտավորապես). «Հարգելի պարոն Աճառյան. այսօր մեր հիվանդանոցը եկավ ձեր ազգական Սմբատ Ավանյանը իր կնոջ և ամբողջ ընտանիքի հետ: Մեր հիվանդանոցը այժմ բոլոր բաքվեցի վտանգված հայերի ապաստարանն է: Նա հայտնեց, որ ձեր աները՝ Բալասան ապերը իր ամբողջ ընտանիքով ողջ և առողջ է: Նրանց թաղը վտանգի տակ չէ: Այս նամակը գրեցի և մի վստահելի ադրբեջանցու ձեռքով ձեզ ուղարկեցի, որպեսզի դուք և տիկինը անհոգ լինեք: Բարևներով՝ բժիշկ Քրիստափոր Օհանյան»: Այս նամակը գրեց Տիգրանը և ծրարի մեջ դնելով՝ տարավ: Երկու ժամ հետո բերավ տուն, հանձնեց ինձ և կնոջս, ասելով, թե մի ադրբեջանցի բերել է Բաքվից և հանձնել է մի հայ մարտիկի, ձեզ հասցնելու համար: Կինս բացեց նամակը, կարդաց, ճակատի մռայլը փարատվեց և ուրախությունը փայլեց երեսին: == ԻՄ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԹԱՎՐԻԶՈՒՄ == Բնականաբար Արմատական բառարանս ճոխացնել չէի կարող Թավրիզում, ուր համապատասխան միջոցներ չկային: Ես ձեռնարկեցի կազմել Թավրիզի ձեռագրաց ցուցակը: Այս գծով իմ առաջին աշխատանքը եղել է Կարնո ձեռագրաց ցուցակը, որ կազմել էի Սանասարյան վարժարանում: Այժմ ավելի փորձված էի: Ղալայի դպրոցի գրադարանը ուներ 51 ձեռագիր, իսկ առաջնորդարանը ուներ 19 ձեռագիր, որոնց վրա ավելացնելով Լիլավայի և մասնավոր անձանց ձեռագրերը, ստացվեց մի հատոր, որ հրատարակեցի Վիեննայում 1910 թվականին: Այս ձեռագրերի մեջ առանձին հիշատակության արժանի են երկուսը: Առաջինն էր «Տաղարան Առաքել Բաղիշեցւոյ», գրված ԺԵ դարից հետո, որ պատկանում էր կառապան Հարություն Աստաֆյանին և նրա որդի Գարեգին Աստաֆյանին: Այս երկուսը տրապիզոնցի էին, ուսումնասեր և ազգասեր մարդիկ: Ձեռագիրը սքանչելի էր. պարունակում էր Առաքել Բաղիշեցու բոլոր գործերը՝ գրված սքանչելի գեղեցկությամբ: Հարություն Աստաֆյանը խնդրեց ինձնից այն բժշկական գիրքը, որ հիշել եմ վերևը (էջ 296), և ես նվիրեցի նրան: Ես էլ արտագրեցի շատ մեծ ուշադրությամբ Բաղիշեցու Տաղարանը և պահեցի ինձ մոտ: Հետագայում Աստաֆյանները գնացին Տրապիզոն, անշուշտ իրենց հետ տանելով ձեռագիրը: Եթե այսպես է, Տրապիզոնի մեծ կոտորածին իրենք էլ և այն ձեռագիրն էլ ոչնչացան: Ես հետո արտագրած ձեռագիրս հանձնեցի Հ. Ներսես Ակինյանին, ուրիշ ձեռագրերի հետ և այժմ գտնվում է Վիեննայի Մխիթարյանց վանքում: Երկրորդ ձեռագիրն է Սմբատ Գ թագավորի անասնաբուժությունը, որի մասին կխոսենք հետո: Երկրորդ աշխատանքս եղավ հայ գաղութների պատմությունը, որ մրցանակի էր դրված Լազարյան Ճեմարանի կողմից, երկու հազար ռուբլի վարձատրությամբ: Պայմանաժամն էր 2 տարի: Ես և իմ բնակակից, նախկին աշակերտ և այժմ ուսուցիչ Սենեքերիմ Տեր-Հակոբյանը միասին ձեռնարկեցինք նույն գործին, բայց յուրաքանչյուրս իրեն համար: Ես սկսեցի հավաքել այն բոլոր տեղեկությունները, որ վերաբերում էին գաղութներին: Կարդացի պատմագիրները, ճամփորդական հուշերը, լրագրական հոդվածներ, ձեռագրական հիշատակարաններ և այլն: Այս բոլորից հավաքելով նյութերը, որոնք շատ բազմաթիվ էին և շատ ցրված, դասավորեցի և ի վերջո մի ամբողջություն կազմեցի: Աշխատում էր նաև Սենեքերիմը: Մենք զգուշանում էինք մեր աշխատության արդյունքը ցույց տալ միմյանց, վախենալով, որ մեկը մյուսից կգողանա: Ես իմ աշխատանքը միշտ փականքի տակ էի պահում: Հետագայում պիտի տեսնենք, որ ես աշխատությունը ներկայացրի և ստացա մրցանակը, իսկ Սենեքերիմը ոչինչ չհրատարակեց: Էջմիածնում արտագրել էի հոյակապ Տաղարանը, որի վրա ավելացան Թավրիզում գտած տաղերս և ամբողջ Գանձարանը, որ արտագրեց կինս: == ՄԵԿՆՈՒՄ ԹԱՎՐԻԶԻՑ == Մեր Թավրիզ գալու պատճառը Շուշվա թեմականի փակումն էր, որ արդյունք էր ցարական բռնակալության: Սկսվեցին հեղափոխական շարժումները Պետերբուրգում և ամբողջ Ռուսաստանում: Տեղի ունեցավ մի հոյակապ գործադուլ, որ տևեց 6 ամիս: Ցարը ստեղծեց հայ-թուրքական ընդհարումները, որոնք վտանգավոր դարձրին կյանքը Կովկասում մի ամբողջ տարի: Հեղափոխականները ռմբակոծեցին թագավորական պալատը և ցարը զիջելով՝ ստիպվեց շնորհել «ընդհանուր ազատություն»: Ցենզուրան անգամ վերացավ: Մենք էլ պատրաստվեցինք մեկնել Թավրիզից: Այն ժամանակ դեռ երկաթուղին պատրաստ չէր: Ուստի պիտի մեկնեինք կառքով: Թավրիզից մինչև Արաքս ոչ մի վտանգ չկար, ուստի վարձեցինք մի կառք և ճանապարհ ընկանք: Հազիվ հասել էինք Առաքել Պատմագրյանի տան առաջ, որ մեր տնից երկու տուն վերև էր գտնվում, հայոց եկեղեցու նրբանցքի անկյունում, այնտեղ, որտեղ ընդհարման դեպքը պիտի սկսեր, մի երիտասարդ ներկայացավ ինձ և ասաց. «Այստեղ, այս տան մեջ մի լավ ձեռագիր կա»: Կառապանից խնդրեցի զիջել մի քանի րոպե: Մտա դերձակ Շիրմազանի տունը, ուր գտնվում էր այդ ձեռագիրը: Ի՜նչ ձեռագիր. ամբողջ Թավրիզն արժեր ինձ համար: 1295—1298 թվականից մի ձեռագիր էր, որ գրել էր տվել հայոց Սմբատ Գ թագավորը: Արքայական մատենադարանի գրքերից էր, անասնաբուժություն՝ «Բժշկական ձիոյ և առհասարակ գրաստնոյ»: Չէի կարող մի քանի րոպեում, երբ կառապանը սպասում էր, արձանագրել ինչ որ կարևոր էր այդ ձեռագրից: Այնուամենայնիվ ես քաղեցի այնքան նյութ, որ գրավեց «Հանդէս ամսօրեայ»-ի մի տպագրյալ էջը: Կառքը ճանապարհ ընկավ: Ապահով հասանք Արաքս: Անցանք սահմանը: Ներկայացանք մաքսատուն, ուր պետք է մեր իրերը քննեին: Արգելված ոչինչ չունեինք: Քննիչը գրավեց իմ Արմատական բառարանը և հարցրեց, թե սա ի՞նչ է: Ես պատասխանեցի. «Этимологический словарь»: Գիրքը գրավեց և ասաց, թե պիտի ուղարկի Թիֆլիս՝ Ցենզուրին: Ես ցենզուրից չէի վախենում, բայց ի՞նչ երաշխիք ունեի, թե գիրքը ճանապարհին չէր կորչելու: Այս սարսափիս մեջ ներկայացավ գլխավոր քննիչը և հարցրեց. «Սա ի՞նչ գիրք է»: — Этимологический словарь армянского языка,— ասացի ես: — Исторические пустяки,— գոչեց քննիչը և անարգանքով հետ շպրտեց գիրքը դեպի ինձ: Որքան հրճվալից էր ինձ համար այս անարգական գնահատականը: Երկրորդ անգամն էր, որ «Արմատական»-ս փրկվում էր կորստից։ Մենք գնացինք Ջուլֆայում մի ինչ-որ սենյակ, ուր կային նաև մի քանի այլ անձինք. բոլորը հայեր էին և բոլորը տխուր։ Ամենքի սիրտը սարսափով լցված էր և սպասում էին թուրքական հարձակման։ Մենք էլ վտանգի կենտրոնումն էինք: Ո՞վ պիտի փրկեր մեզ: Ներկաներն ասացին, որ պետք է սպասել Սմբուլին: Ո՞վ էր այդ Սմբուլը։ Գյուղի նշանավոր կառավարիչը: Քիչ հետո ներս մտավ։ Նա իմ հին աշակերտներից էր, մշեցի մի երիտասարդ, որ սովորում էր Ճեմարանում: Սիրով բարևեցինք իրար. նրա դեմքն էլ մռայլ էր: Տխրությամբ պատմեց, թե սպասում են ընդհարման, իսկ իրենք միջոց չունեն դիմադրելու: Այս բոլորը մեզ համար շատ վատ վիճակ էր ստեղծում: Արդյոք գնա՞լ մոտակա Հին-Ջուղա հայկական գյուղը, թե՞ ճանապարհ ընկնել: Սմբուլը խորհուրդ տվեց մեկնել և դրա համար խոստացավ տալ 2 ձիավոր քաջ մարտիկ: Մարտիկները զինվեցին ատրճանակներով (հրացան չէր կարելի), առաջ ընկան մեզանից, աջից ու ձախից, ես ու կինս նստեցինք կառք և մեկնեցինք նրանց ետևից: Ձիավոր մարտիկները շարունակ հսկում էին, թե հետևից կամ առաջից թուրքեր չե՞ն գալիս: 40 կիլոմետր այսպես գնացինք, մինչև հասանք Նախիջևանի կայարանը, ուր գնացքը սպասում էր: Ձիավորները իջան ցած և ինձ ու կնոջս տեղավորեցին վագոնում: Ես նախապես Սմբուլին հարցրել էի, թե մարտիկներին ինչքան վճարեմ: «Ամենևին,— ասաց նա,— փողի խոսք չանեք, կվիրավորվեն, նրանք զինվոր են»: Ես ու կինս սեղմեցինք նրանց ձեռքը ջերմագին և կրկին ու կրկին շնորհակալություն հայտնեցինք, իսկ նրանք, ձեռքերը կրծքին դրած, գլուխ տալով, «մեր պարտքն է մեր ուսուցիչներին» ասացին և հեռացան: Գնացքը շարժվեց և հասանք Երևան: == ԲԱԹՈՒՄԻՈՒՄ == Երբ ծնողներս մեկնեցին Շուշուց Բաթումի գնալու համար, մենք նրանց հետ թղթակցում էինք և այդ թղթակցությունը շարունակեցինք նաև Թավրիզից: Ծնողներս թեև ուզում էին գնալ Կոստանդնուպոլիս, բայց հավանելով Բաթումիում ծովին, ձկան, սրճարաններին, կլիմային և գտնելով Բաթումին իբր մի փոքր թաղ Կոստանդնուպոլսի, որոշել էին մնալ այնտեղ: Մենք էլ գնացինք նրանց տեսության և շատ հավանեցինք Բաթումիին: Արդարև Բաթումիի կլիման, թեև խոնավ և անձրևաշատ, բայց շատ օգտավետ է սրտի համար, մանավանդ ծերունիներին: Հայերի մեծ մասը Տաճկաստանից են գաղթած և խոսում են մեր բարբառով: Այդ բազմազգի ժողովուրդը, որ բնակվում էր Բաթումիում, ռուսական կառավարության շնորհիվ, ազգային վեճերից բոլորովին հեռու, ապրում էր եղբայրական սիրով ու կապով: Իջանք մեր տունը: Հայրս պատմեց, որ Բաթումի հաստատվելու օրից, դուրս էր բերել իր կոշկակարական գործիքները և մի գեղեցիկ կանացի կոշիկ կարելով՝ տարել էր մի վաճառատուն, որի տերն էր արդվինցի Մկրտիչ Սողոյան բարեբարո անձը: Նա դիտում է կոշիկը, հավանում է և ասում. — Սա այստեղի գործ չէ, սա արտասահմանի գործ է, բայց ո՞ւր է ֆաբրիկայի կնիքը: Հայրս պատասխանում է, թե ինքն է կարել: — Այստեղի վարպետները այս տեսակ գործ չեն կարող շինել. դուն որտեղացի՞ ես: — Պոլսեցի: — Այդ ուրիշ բան է, պոլսեցի վարպետը կարող է: Սակարկության են մտնում և պայմանավորվում են, որ հայրս ամեն շաբթու այսքան զույգ կոշիկ կարի և հանձնի վաճառատուն, որոշ գումարով: Այսպես ապրում են մերոնք շատ հանգիստ և շատ ուրախ: Հայրս երկու տարվա մեջ խնայում է 50 ոսկի (500 ռուբլի), որ կապած պահում է մայրս, կորստից վախենալով: Հայրս մի զվարճալի բան պատմեց: Սրճարանում նստած ժամանակ ռոդոսթոցի մի հայ լրագրում կարդում է մի լուր և հորս դառնալով հարցնում է. — Տղուդ անունը ի՞նչ է: — Հրաչյա: — Տես ի՞նչ է գրած լրագրի մեջ: Եվ պատմում է, թե Լազարյան ճեմարանում մրցանակի դրված է եղել «Հայոց գրերի պատմությունը»: Առաջին մրցանակը տարել է Հրաչյա Աճառյանը, որ ստացել է 600 ռուբլի, իսկ երկրորդ մրցանակը տարել է գերմանացի Մարկվարտը, որ ստացել է 400 ռուբլի: Հայրս սնափառությամբ ասել է. — Ես ալ կարծեցի, որ նոր բան մը պիտի ըսես: Ատանկ մրցանակներ ան շատ տարած է: Ադ ալ բա՞ն է, որ ըսիր: Նոր բան գիտե՞ս, ան ըսե: Մայրս էլ պատմեց մի ուրիշ զվարճալի բան: Հայրս մի օր տուն է գալիս և ասում է մորս. — Ընծա, ան 50 օսկին ո՞ւր է: — Ի՞նչ պիտի ընես: — Պետք է, տո՛ւր։ — Նորեն առնես ուրիշի՞ն պիտի տանիս տաս: Ես օսկի չունիմ, որին տվեր ես, անոր գնա: Հայրս բարկանում է, դուրս է գալիս և երեք օր խռով է մնում: Հայրս թեև խստասիրտ էր և բարկացկոտ, բայց մորս խստության առաջ լռում էր: Երեք օրից հետո հայրս ասում է մորս. — Կնիկ, աղեկ ըրիր, որ օսկիները չտվիր. ասոր անոր հարցուցի, ան մարդը ղոլանդըրըջը (դրամաշորթ) մարդ է եղեր: Որովհետև Բաթումին ամառը շատ տաք էր, որոշեցինք մեկնել ամառանոց: Հայրս ընտրեց Մախինջաուրի գյուղը, որ գնացքով Բաթումիից հեռու է 15 րոպե: Ծովի ափին գտնվում է կայարանը, որից կես ժամ բարձր գտնվում է բուն գյուղը, այգիների և պարտեզների մեջ ցրված։ Վարձեցինք աջարացի մի կնոջ տունը: Երկու սենյակից և մի մեծ միջանցքից կազմված մի բնակարան էր, տարեկան 10 ռուբլի վարձով: Շատ ընդարձակ այգի ուներ. դռան առաջ գտնվում էր սառնորակ մի աղբյուր՝ մշտահոս, քաղցրահամ ջրով: Պարտեզից կարող էինք ձրիաբար ուտել ինչ պտուղ որ կամենայինք. իսկ գնելու համար գինն էր օկա ղուրուշ (այսինքն՝ 3 ֆունտը՝ 5 կոպեկ): Սարսափելի էժանություն: Կինը շատ հետամնաց կին էր. մոլեռանդ մահմեդական, բայց շատ բարեբարո և միամիտ: Մի օր մեզ ասում է. «Դահա ուռուս բու երլերի ալմադը» (դեռ ռուսը այստեղերը չի վերցրել): Միամիտ կինը կարծում էր, թե ռուսը, թեև Բաթումի քաղաքը գրավել է, բայց Մախինջաուրին դեռ չի գրաված: Մի օր հարցրինք, թե աղջիկդ ի՞նչ պետք է անես: — Երբ մեծանա, թուրք փաշայի հարս պիտի տամ: (Կարծում էր, թե Բաթումիում դեռ թուրք փաշաներ գոյություն ունեն): Մախինջաուրիից քիչ ցածր, կայարանից վերև, գտնվում էր բելգիական հյուպատոսի այգին: Ի՜նչ հոյակապ այգի: Անցորդները ցանկապատից նայում էին և անցնում: Մի օր դռան առաջ տեսանք պարտիզպանին, որ ռուս էր: Ծանոթացանք, և նա մեզ հրավիրեց այգին: Չեմ կարող ասել, այգի՞ էր թե՞ դրախտ: Ամերիկայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Ավստրալիայի չտեսնված չքնաղ բույսեր և ծաղիկներ այնտեղ կային: Հյուպատոսը ապրում էր քաղաքում և երբեմն միայն այցելում էր իր այգին: Տեսանք Ավստրալիայի մի բույս, որ ագավե էր կոչվում, բռնել էր մի ամբողջ մարգ, մի տերևը մարդու բարձրությամբ: Ծաղիկ չուներ դեռ. պարտիզպանը ասաց, թե նա ծաղկում է 100 տարին մի անգամ և այդ միջոցին մեռնում է: Մեզ թույլ տվեց քաղել ինչքան ծաղիկ որ ուզում ենք. ինքն էլ փունջերով ծաղիկ քաղեց և կնոջս տվեց. կինս չափազանց սիրող էր ծաղկի: Տունը ամբողջ լցրեցինք ծաղիկներով և դեռ կշտանալ չուներ: Թավրիզից հեռանալով ես անգործ էի: Պետք էր պաշտոն գտնել: Ոչ մի ծանոթ չունեի, որ նրան դիմեի: Նորից Էջմիածին գնալ չէի ուզում: Տփղիսի Ներսիսյան դպրոցը դիմել չէի համարձակվում: Հայկաբան Մալխասյանի մոտ ես ի՞նչ արժեք ունեի: Մտատանջ ապրում եմ: Ես թեև ոչ մի ժամանակ անգործ չեմ մնացել, բայց միշտ վախեցել եմ, որ անգործ կմնամ: Մինչև անգամ այժմ (1952 թ. հունիսի 26), երբ գիշերը քնած եմ և հանկարծ մի տեղս բացվելով մրսում եմ, իսկույն երազ եմ տեսնում, թե ես անգործ եմ, ինձ պաշտոնից դուրս են արել և փողոցում թափառում եմ հաց մուրալով: Ահաբեկ արթնանում եմ, շուրջս դիտում, ճանաչում եմ սենյակը և միտս է գալիս, որ Ակադեմիայի անդամ եմ 3500 ռուբլի թոշակով և ինձ պաշտոնից հանող չկա: Հանգստանում եմ և նորից քնում: Պաշտոն ճարելու համար կարդում էի օրաթերթերը և հայտարարությունները նայում: Մի անգամ էլ կարդում եմ մի հայտարարություն, որով Նոր-Բայազետի հայ երկսեռ դպրոցի համար ավագ ուսուցիչ են հրավիրում, ամսական 60 ռուբլի վարձատրությամբ։ Քիչ էր, բայց անգործ մնալու երկյուղը ստիպեց ինձ դիմել հոգաբարձության և առաջարկել իմ թեկնածությունը: Սրա համար այդ օրը գիշերեցի մեր տանը՝ Բաթումիում: Ո՜վ սարսափ. մլուկների (թախտաբիթի) մի մեծ բանակ հարձակում է գործել վրաս: Երկու շաբաթ քաղցած մնալուց հետո մլուկները լավ որս էին ճարել: Ճրագը վառում եմ և կոտորում եմ մլուկներին՝ հաշվելով հազար հատ: Կարծում եմ, թե վերջացավ և նորից եմ քնում՝ նոր հարձակում. վեր եմ կենում և կոտորում եմ երկրորդ հազարյակը: Այնուհետև երրորդ հազարյակը և դրանից հետո հոգնած և քնաթաթախ պառկեցի և քնեցի. թե ի՞նչ եղան մլուկները՝ չգիտեմ: Մլուկների քանակը սարսափելի էր Բաթումիում, որովհետև տները փայտյա են, կլիման շատ հարմար, իսկ դրանց կոտորելու համար միջոցներ չկային այն ժամանակ: Մախինջաուրին շատ հարուստ էր կարիճներով: Շատ էին, բայց փոքրիկ: Ասում էին, թե անվնաս են և նրանց խայթոցը մահացու չէ: Ես լսել էի կարիճների դեմ մի հնարք: Տիգրանակերտում, ուր մի ափի մեծությամբ կարիճներ կան և սաստիկ թունավոր, մարդիկ, որ քնում են կտուրներում, կարիճներից ազատ մնալու համար անկողնի շուրջը ձգում են մի պարան: Կարիճը երբ ուզում է շրջանակից ներս մտնել, փորը քսվում է պարանին, չի սիրում և հետ է դառնում: Այսպիսով մարդիկ ազատ են մնում կարիճից: Նույնը արի և ես Մախինջաուրիում և կարիճի խայթոց չստացանք: Նոր-Բայազետի հոգաբարձությունից համաձայնություն ստացա. երևի ինձնից ավելի հարմար մարդ չէին գտել: Կնոջս հետ մեկնեցի Բաթումիից և Դիլիջանի վրայով գնացինք Նոր-Բայազետ: == ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏՈՒՄ == 8000 բնակչով փոքր քաղաք էր այն ժամանակ Նոր-Բայազետը: Բնակչությունը ամբողջովին հայ էր, բացի 50 տուն քրդերից, որոնք կռիվների ժամանակ բնաջինջ եղան: Պաշտոնեությունը գավառապետից սկսած մինչև վերջին ցրիչը հայ էին: Սևանա լճից կես ժամ հեռավորությամբ գտնվում է քաղաքը և ունի բազմաթիվ հայ (նաև թուրք) գյուղեր, շրջանը տարածված է մինչև Բասարգեչար (հին անունով Վասակակերտ) հայ գյուղը, որ գտնվում է Սևանա լճի ծայրին: Նրանից այն կողմ գտնվում է Մազրա շրջանը, որից այն կողմ էլ Ղարաբաղն է: Նոր-Բայազետի կլիման ամենից առողջարարն է Արևելյան Հայաստանում: Մալարիա չկա. ձմեռը շատ երկար, բայց մեղմ է: Ամառը տաք չէ բնավ և կարող է ծառայել իբրև ամառանոց: Ցրտի պատճառով միրգ չունի. այն ժամանակ ծառեր էլ չկային: Թեև քաղաք, բայց գյուղական կյանք ուներ: Տների կողքին բարձրանում էին աթարի ամրոցները. ամեն տուն ուներ հոտ կամ նախիր, որ առավոտը գնում էր դաշտ արածելու և երեկոյան վերադառնում էր տուն: Ջուրը սքանչելի է. Երևանի այժմվա ջրի (Ղրխբուլախ=Քառասնակունք) մյուս երեսն է: Կյանքը շատ էժան էր. կաթի լիտրը արժեր 5 կոպեկ, 12 ձուն՝ 5 կոպեկ: Ես օրական ուտում և խմում էի մի շիշ կաթ և 12 ձու, որ անում էր ամսական 3 ռուբլի: Միս չկար. տավարը փոխադրում էին Թիֆլիս և թանկ գնով ծախում: Չափազանց էժան, համարյա ձրի էր իշխան ձուկը։ Դժբախտաբար չէր կարելի նույն օրվա մեջ ձուկ և կաթ ուտել. ուստի մի օր կաթով էինք անցկացնում, մյուս օրը իշխանով: Ձրի էր նաև մածունը: Աշակերտներիս մայրերը ամեն օր մածուն էին բերում ինձ, և երբ փարչին 20 կոպեկ էի տալիս, զարմանում էին, թե «մածնին էլ փող կլինի՞» և չէին վերցնում: Առաջին անգամ ներկայանալով դպրոց, հոգաբարձության, սիրալիր կերպով ընդունեցին ինձ: Իմանալով, որ կինս ձեռագործ գիտե, նրան էլ ուսուցչուհի վերցրին ամսական 50 ռուբլի վճարով: Այսպիսով մեր երկուսի ռոճիկը լինում էր 110 ռուբլի: Վարձեցինք մի լավ բնակարան, որ գտնվում էր հայոց նորակառույց մեծ եկեղեցու ճիշտ դեմը: Այդ բնակարանը պատկանում էր Բուդումյան անուն անձին, որ քաղաքի ամենից ուսյալ անձն էր. ավարտել էր Օդեսայի համալսարանը և իրավաբան էր: Ուներ մի մայր, որ կոչվում էր ամբողջ ժողովրդի մեջ «ազգային մայրիկ»: Պառավ կին էր և այս անունը ստացել էր շնորհիվ այն բանի, որ երկար տարիներ մասնակցել էր ազգային զանազան հիմնարկների խնամակալության և նրանց օգտին եղած հանգանակությունների: Կինս շատ էր սիրում պառավներին և իրար հետ լավ բարեկամացան: Մեր ամենօրյա խոսակիցը այդ Բուդումյանն էր, որ նաև դպրոցի հոգաբարձուներից մեկն էր: Մեր ամենից ավելի մոտիկ բարեկամը եղավ Խաչատուր Բունիաթյանը, որ պատկանում էր ազատականների խմբին: Շուկայում ուներ մի խանութ, ուր չիթ էր ծախում. թեև կիսավարտ, բայց շատ ուսումնասեր մարդ էր: Ինձ շատ սիրեց և շատ հաճախ գնում էինք իրենց տունը: Կինս ձեռագործ էր սովորեցնում նրա աղջկան (Մարիկա), որ հետո ամուսնացավ Ռուբեն Տոնոյանի հետ, որ այժմ Ակադեմիայի գլխավոր աշխատակիցներից մեկն է (և մեծ թարգմանիչ և հրաշալի թարգմանիչ): Կինը՝ Մարիկան, վաղամեռիկ եղավ: Խ. Բունիաթյանը ինձ շատ սիրելու և հարգելու պատճառով, ասում էր, թե եթե զավակս տղա լինի, անունը Հրաչյա պիտի դնեմ, «որպեսզի քեզ նման լեզվագետ լինի»: Ավելի ուշ որդի ունեցավ, անունն էլ Հրաչյա դրավ, բայց նա լեզվագետ չեղավ, այլ քիմիկոս և այժմ մեր Ակադեմիայի նշանավոր անդամներից մեկն է: Խ. Բունիաթյանին ես պատահեցի 20-ական թվականներին Երևանում. ծերացել էր, շատ հաճույքով հիշեցինք անցյալ օրերը, որոնք անդարձ կորան: Մի քանի տարի հետո մեռավ: Բուդումյանի տանը ես մի զարմանալի հիվանդություն ունեցա: Ամբողջ իրանս, մինչև գոտկատեղը, ընկույզի մեծությամբ ուռուցքներ դուրս եկան, որ ոչ ցավում էին և ոչ քոր գալիս: Գիշերը անցնում էին, ցերեկով նորից ուռչում: Ուռուցքները փափուկ էին: Ես սկսեցի շատ վատ բաներ կասկածել: Ավելի լավ է բժշկություն ամենևին չիմանալ, քան թե քիչ իմանալ: Չէի մտածում, թե իմ կարծած ախտի ուռուցքը միայն մի հատ կլինի և անպատճառ կարծր և ոչ թե փափուկ: Այս երկու հանգամանքները մոռացության էի տվել: Գնացի բժշկի մոտ. նա էլ քննեց, կասկածեց և ինչ-որ դեղ տվեց: Երբ տուն եկա, կինս ասաց, թե քանի որ գիշերը չի լինում, այլ միայն ցերեկը, ուստի ցրտից է: Ես էլ հաստատեցի այդ, որովհետև կեսից ցածր ֆայկա էի հագած, իսկ կեսից վերև՝ ոչ: Ֆայկան հագա և նույն օրը ամեն ինչ վերջացավ. տարօրինակ հոդացավ։ Նոր-Բայազետում իմ գրական աշխատանքները եղան. 1. Նոր-Բայազետի ձեռագրաց ցուցակը, որ կազմեցի տեղի վրա և պարունակում է 54 ձեռագրի նկարագրությունը. հրատարակվեց նախ մաս-մաս «Հանդէս ամսօրեայ»-ում և ապա առանձին, Վիեննայում 1924 թվականին: 2. Ուսումնասիրեցի տեղական քրդերի բարբառը և կազմեցի քրդերենից ֆրանսերեն և ֆրանսերենից քրդերեն գրքույկ, որ տպվեց Փարիզում 1911 թվականին (այժմ այդ քրդերը կոտորված լինելով, սույն գրքույկի արժեքը անկարևոր չէ): 3. Մտածեցի շրջել Նոր-Բայազետի շրջանի բոլոր գյուղերը և բոլորի բարբառից գրի առնել մի-մի նմուշ: Վարձեցի մի ձի և բոլոր գյուղերը ման եկա մինչև Բասարգեչար։ Նմուշները բոլոր տպված են իմ բարբառագիտության մեջ: Կարծում էի, թե նույնը կարող էի շարունակել ամբողջ Հայաստանում, բայց հանգամանքները չթողեցին: Այդ գործը շարունակում են այժմ` Արարատ Ղարիբյանը և իր աշակերտները: Ճամփորդության մեջ ինձ պատահեց հետևյալ դեպքը: Երեկոյան դեմ հասել էի մի գյուղ: Վերջալույս էր: Ճանապարհի վրա տեսա մի տուն, որի պատշգամբում մի խումբ մարդիկ (գյուղի առաջավորներից) նստած խոսում էին։ Հարցրի, թե որևէ մեկը ինձ կընդունի՞ գիշերելու: Բոլորն էլ մերժեցին: Ես անճար մնացած, հարցրի, թե հաջորդ գյուղը մո՞տ է, և մինչև մութն ընկնելը կարո՞ղ եմ հասնել ձիով. «Այո,— ասացին միաբերան,— այն գյուղում գիշերելու տեղ շատ կա»: Ես հասկացա նրանց հետին միտքը, բայց ուշադրություն չդարձրի և ճանապարհ ընկա: Մութը անսպասելի կերպով վրա հասավ. ես ճանապարհը արդեն չգիտեի, սխալ ուղղություն բռնեցի և ճանապարհից շեղվելով, ընկա բաց տարածության մեջ: Խիտ առ խիտ մացառներ էին, ճանապարհը անանցանելի դարձավ, ես չեմ տեսնում, մութ է, բայց մտածում եմ, թե ձին տեսնում է և կգնա, բայց ձիս դողում էր և չէր գնում: Իջա ցած, ձիու ականջից բռնելով՝ գնում եմ: Բայց ո՞ւր, ինքս էլ չգիտեմ. սկսեցի բարձրաձայն օգնություն կանչել. ոչ ոք չեկավ: Որոշեցի գիշերել այդտեղ. ամառ էր, օդը տաք և մրսելու երկյուղ չկար: Հանկարծ մտածեցի դիտակով դիտել շուրջս. թեև մութ, բայց դիտակը լույսը հավաքեց և հեռուն նշմարեցի իրար նման երեք ծառեր, որոնք տեսել էի քիչ առաջ, գյուղի մոտ: Աչքերս ուղղակի հառած դեպի այդ ծառերը, ձիս քաշելով դիմում եմ նրանց վրա: Հանկարծ ինձ զգում եմ կորցրած ճանապարհիս վրա: Մտնում եմ գյուղը, պատահում եմ մի գյուղացու և ասում եմ, թե կարո՞ղ է ինձ գիշերելու տեղ տալ։ Մարդը քաշվելով ասում է, թե տեղ չունի, բայց նույն միջոցին դիմում է մի ուրիշ անցորդի, բանակցում նրա հետ և ինձ տանում են մի ուրիշ մարդու տունը, դուռը թակում և իրողությունը պատմում: Այդ երրորդ անձը սիրահոժար ընդունում է ինձ, ձին քաշում ախոռը և ինձ տանում առանձին մի սենյակ: Պառկելու համար պատրաստում է ինձ համար թախտի վրա մի անկողին: Ես հոգնած ընկնում եմ քնելու. նա հարցնում է ինձ, թե ո՞վ եմ: Պատասխանում եմ, թե քաղաքի դպրոցի ավագ ուսուցիչն եմ. նա չի հեռանում մոտիցս և անխոս ինձ է դիտում: Ես ասում եմ նրան. «Հոգնած եմ, թողեք քնեմ, դուք էլ գնացեք քնեցեք»: «Ինչո՞ւ պիտի գնամ քնեմ,— ասում է նա,— հազիվ մի ուսումնական մարդ է ընկել ձեռքս, եկել է տունս քնելու, և թողնեմ գնամ քնե՞մ: Ես անքուն կհսկեմ մինչև առավոտ քո վրա, առավոտը վեր կկենաս, կերթաս»: Շատ զգացվեցի. ի՞նչ համեմատություն այն անզգամ հարուստների և այս խեղճ գյուղացու միջև: Առավոտյան ես թղթի վրա անունս և հասցես գրեցի և տվի գյուղացուն, որ քաղաք գնալիս, ինձ մոտ անցնի: Բայց նա չեկավ: Վիեննայի գրադարանի համար ամեն տեղ հին գրքեր էի ման գալիս. ինչ որ գտա, հավաքեցի. բայց դրանց մեջ հիշելու արժանի է մի զարմանալի Հայոց պատմություն, որ տպված է Գանձակում: Այդ գիրքը, որ ընդամենը մի կամ երկու մամուլից էր բաղկացած, զարմանալի է այն կողմից, որ Անուշավանին հաջորդող 30 նահապետների կյանքն էլ էր պատմում, մինչդեռ նրանց մասին ոչինչ հայտնի չէ: Գրքից 8 թերթ պակաս էր: Վիեննայի միաբանները ստանալով այդ գիրքը, այդ թերության պատճառով կարծես թե չէին ուզում ընդունել. բայց այդ գրքից ոչ մի տեղ չեմ պատահել և նույնիսկ Գանձակում հայ տպարան եղած լինելու մասին ոչինչ չգիտենք: Կարծում եմ, թե Վիեննայում էլ մինչև այսօր ոչինչ չգիտեն այդ մասին: Մի տարի մնացի Նոր-Բայազետում: Պաշտոնավարեցինք այր ու կին, մյուս ուսուցիչների հետ համախոհ, ոչ մի տարաձայնություն չծագեց մեր մեջ: Նոր-Բայազետին հրաժեշտ տալուց առաջ մի հիշողություն ունեմ պատմելու: Երբ նոր էի եկել Նոր-Բայազետ և ընդունվել իբր ավագ ուսուցիչ, Խաչատուր Բունիաթյանը, որի հետ լավ մտերմացել էինք, մի օր ցույց տվեց ինձ այն բոլոր դիմումները, որ ուղարկել էին զանազան ուսուցիչներ պաշտոն խնդրելով: Բոլորն էլ ողորմելի բաներ էին, կիսագրագետ մարդկանց գրվածքներ, որոնց մեջ նույնիսկ նամակի արտաքին պաշտոնական ձևն էլ չէր պահված: Դրանց մեջ հիշատակության արժանի էր, ինչպես Բունիաթյանն էլ էր շեշտում, 3 կոպեկանոց մի բաց նամակ, որ գրած պիտի լիներ տաճկահայ մի գաղթական։ Նամակն սկսվում էր հետևյալ բառերով. «Մենք ալ փափաքեցանք հայ մանուկներու դաստիարակությամբ պարապիլ…» և վերջանում էր հետևյալ բառերով. «… իսկ եթե ուսում կամիք, հոլլանտական համալսարանք»: Այս գրությամբ խեղճը հասկացնում էր, որ ինքը նոր է ուզում ուսուցիչ լինել, երևի ծերունի և անտեր մարդ էր և վաղուց եղել էր Հոլլանդիայում, ուր երբեմն-երբեմն այցելել էր բարձրագույն դպրոցները, առանց որևիցե մասնագիտության հետևելու և սովորելու: Նամակի վերջին տողը Բունիաթյանը և ես բերան էինք արել և շատ հաճախ հիշում էինք խոսակցության մեջ: Այսպիսի ողորմելիների մեջ ես մի բան էի, ուստի և ընտրվեցի: Յուսուֆյան ազգանունով մեկը, որ քաղաքի նշանավորներից էր, երևի իմ հոդվածներից մի երկուսը կարդացած լինելով, ասել էր. «Այս մարդուն կանչեցեք. այսպիսի մարդ ոչ ունեցել եք և ոչ էլ կունենաք»: Թմբուկի ձայնը հեռվից քաղցր է գալիս: Այսպես է եղել միշտ իմ կյանքը: Ապրել եմ տգետների մեջ, ուստի գիտունի համբավ եմ հանել: Թող լինեին իմ շուրջը մի Գարագաշ, մի Թոռնյան, մի Այտընյան, մի Գաթրճյան, մի Բագրատունի, մի Տաշյան, մի Նորայր… ի՞նչ կլինեի ես նրանց մոտ. մի հավի ճուտ: Իմ միակ արժանիքը եղել է իմ աշխատասիրությունը, որ ժառանգել եմ իմ բազմաշխատ հորից ու մորից: Բայց այս կողմից էլ ի՜նչ համեմատություն Նոր Հայկազյան բառարանի երեք անմոռանալի հեղինակների, ձեռագրաց փառավոր ցուցակը կազմող Հ. Տաշյանի, ամբողջ հին հայ գրականության համաբարբառը կազմող Նորայրի և նույնիսկ Երուսաղեմի միաբան խղճուկ ծերունի արաբկիրցի այն վարդապետի հետ, որ Ս. Գրքի համաբարբառն է կազմել: == ՄԵԿՆՈՒՄ ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏԻՑ == Ամառ էր: Նոր-Նախիջևանից մի նամակ ստացա. գրողն էր Էջմիածնից ինձ ծանոթ և աշխատակից ղարաբաղցի Ավետիս Տեր-Հարությունյանը, որի հետ Շուշումն էլ հրատարակել էինք Պետրոս Դուրյանը: Շուշվա թեմականը փակվելուց հետո, երբ բոլոր ուսուցիչները ցրվեցին, նա էլ գնացել էր Նոր-Նախիջևան և թեմական դպրոցում պաշտոն էր գտել: Նա գրում էր, որ դպրոցի համար ֆրանսերենի ուսուցչի կարիք կա. եթե ցանկանում ես, գրիր և քո թեկնածությունը կդնենք: Ես համաձայնվեցի. քիչ ժամանակ անց հեռագիր ստացա, թե ձեր թեկնածությունը ընդունվեց, բայց պետք է ներկայացնեք համալսարանի ավարտական վկայական։ Այստեղ սկսում եմ պատմել իմ ավարտական վկայականի պատմությունը: Փարիզում ավարտական տալիս, իմ ուսուցիչը՝ Մեյեն առաջարկել էր ինձ կազմել զենդերենի հոլովումը: Ամբողջ Vendidad-ը կարդալով հավաքեցի բոլոր հոլովված բառերը (գոյական թե ածական), դասավորելու համար ըստ հոլովման և կազմելու ընդհանուր կարգավորյալ ցուցակ: Աշխատությունը վերջացրել էի և ներկայացրի վարչության: Այդ միջոցին հրատարակվեց Bartholomae-ի նշանավոր բառարանը, ուր ոչ միայն զենդերենի հոլովական, այլև խոնարհական ձևերը հավաքված են, որովհետև գիրքը ոչ թե բառարան է, այլ համաբարբառ: Այս դեպքում իմ աշխատանքը ջնջվում էր, և ես չէի կարող ստանալ ավարտական վկայական: Պետք էր գրել մի նոր աշխատություն. ես արհամարհեցի վկայականը, թողեցի ամեն ինչ և գնացի Էջմիածին, հետո Շուշի, ապա Թավրիզ և Նոր-Բայազետ և ոչ մի վկայական կարիք չեղավ ներկայացնել: Միայն Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցն էր, որ այդ պահանջը դրավ: Ես խորամանկ միջոցի դիմեցի և հեռագրեցի. «Վկայական ունեմ, բայց կներկայացնեմ նոյեմբերից հետո, երբ կբացվեն համալսարանները»: Այս հեռագիրը տալուց անմիջապես հետո սկսեցի գրել Classification des dialectes arméniens աշխատությունս: Նույնիսկ, երբ գնացքով գնում էինք դեպի Նոր-Նախիջևան, շոգեկառքում, մեծ ցնցումների տակ շարունակում էի գրել աշխատությունս։ Երբ հասա Նոր-Նախիջևան, հենց առաջին հերթին դիմեցի իմ բարեկամ և խաչեղբայր Ավետիսին, որ թեմականի տեսչի (Երվանդ Շահազիզի) քարտուղարն էր: Նա պատմեց իմ ընտրության առթիվ հետևյալը. Նոր-Նախիջևանի թեմական դպրոցը ուսուցիչների ընտրության համար հետևյալ հիանալի ազատական օրենքն ուներ: Նախ թերթում հայտարարություն էին տալիս. առաջարկները ստանալուց հետո բոլորը դնում էին մանկավարժական ժողովին. ամեն մի ուսուցիչ իրավունք ուներ նոր թեկնածուներ առաջարկելու և կամ թեկնածուների մասին կարծիք հայտնելու: Ֆրանսերենի համար գտել էին երկու թեկնածու. մեկը ես, պաշտպան ունենալով ուսուցիչներից Ավետիսը և տեսուչ Շահազիզը. երկրորդ թեկնածուն էր նոր-նախիջևանցի մի կաթոլիկ զեվզեկ մարդ, որի պաշտպաններն էին ուսուցիչներից շատերը, միմիայն հայրենակցական կապերի պատճառով: Նոր-նախիջևանցիք օտար քաղաքացի հայերին չեն սիրում։ Իմ հակառակորդների մեջ ամենից գլխավորը և ամենից ազդեցիկը հայկաբան Զամինյանն էր, որ շատ գիշերներ թղթախաղով էր անցկացնում վերոհիշյալ կաթոլիկ զեվզեկի հետ: Ավետիսը ասել էր. «Պարոն Զամինյան, մյուսները չգիտեն, դուք էլ չեք ճանաչում պարոն Աճառյանին, որ ֆրանսերենը սովորել է Փարիզում, 9 տարվա ուսուցչական փորձառություն ունի և որի հայագիտական աշխատանքները հենց դուք սիրով կարդում և այստեղ գովաբանում եք»: Զամինյանը շրջադարձ է կատարում, անմիջապես անցնում է իմ կողմը և իր հետ քաշում նաև մյուսներին: Ըստ օրինի քվեատուփերը դրվում են և ամբողջ ուսուցչությունը քվեարկում է: Առավելագույն քվեն ես եմ ստանում: Արդյունքը հաղորդում են հոգաբարձության, որ անմիջապես հաստատում է: Նույնը հետո դնում է կաթողիկոսին, որ նույնպես հաստատում է: Ավետիսը բնակվում էր դպրանոցի ճիշտ դեմը գտնված մի փոքր տան մեջ, որի վարձակալն էր Մարիա Պավլովնա Խոճապարոնյանը, որ այրի մի կին էր: Ուներ երկու աղջիկ և մի տղա: Արհեստով մասաժիստկա էր և տեղյակ բժշկական գիտության: Միջոցների պակասության պատճառով նախլեբնիկ էր նրա մոտ և մեզ էլ առաջարկեց ապրել այդ տանը մի առանձին սենյակում իբրև նախլեբնիկ: Մենք երկուսս պիտի վճարեինք ամսական 60 ռուբլի, ունենալով երկու աղախին և տանտիկինը: Իմ ռոճիկը 90 ռուբլի էր. ամեն բան պատրաստ, ավելանում էր ամսական 30 ռուբլի: Համաձայնվեցինք և ապրեցինք այդ տանը: Դպրանոցում ես ավանդում էի ֆրանսերեն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն: Շաբաթական ունեի 24 ժամ դաս: Ուսուցչական կազմը մեծ էր, բայց ոչ մի հակառակություն չկար նրանց մեջ. ավելի ճիշտ խոսելով ամեն մի ուսուցիչ, բացի իր դասերից, ոչնչով չէր հետաքրքրվում, նույնիսկ ազգային գործերի վերաբերմամբ բոլորովին անտարբեր էին, բացի կովկասցիներից: Նոր-նախիջևանցիք, ինչպես ասացի, չէին սիրում օտար քաղաքացի հայերին, որոնց կոչում էին դրսեցի կամ, ավելի վատ բառով՝ տանկալախ, որի բուն իմաստն է «բթամիտ»: Այս հանգամանքը ցույց է տալիս, թե ի՞նչ կապ կար, ավելի ճիշտ ի՞նչ կապ չկար տեղացիների և կովկասցիների միջև: Ես իբրև կոստանդնուպոլսեցի, խոսում էի համարյա նրանց բարբառը, ուստի ինձ համարում էին ղրիմեցի և հետս լավ էին վարվում: Ամենից ավելի մենք կապվեցինք մեր տանտիրուհու հետ, որ մի շատ բարեբարո, բարի, ժրաջան, աշխատասեր կին էր: Կինս և նա քույրեր դարձան: Տիկնոջ զավակները երեքն էլ թոքախտավոր էին. որդին՝ Միքայելը սովորում էր դպրանոցում և իմ աշակերտն էր: Ամեն տարի տիկինը երկու աղջիկներին ձմեռը տանում էր Սուխումի, որովհետև Նոր-Նախիջևանի ձմեռը խիստ էր: Գարնանը վերադառնում էին: Մի տարի հետո մեծ աղջիկը մեռավ: Մյուս երկուսը ողջ են մինչև այժմ. Միքայելը թեմականում սովորեց և գնաց Բաղդադ, ուր զբաղվում էր դերասանությամբ: Աղջիկը՝ Ուլիան, որ այն ժամանակ 11 տարեկան էր, իմ ամենասիրելին էր. շատ սիրուն մի աղջիկ էր, երեսը միշտ ժպիտ, մազերը սև, ունքերը կեռ ու կամար. ապրեց հիվանդկախ, բայց դիմացավ: Նա ամուսնացավ Կարելլի ազգանունով մեկի հետ, որ կովկասցի էր և պարապում էր ակնավաճառությամբ: Գրեթե անգործ էր, իսկ կինը՝ Ուլիան, ուսուցչուհի էր: Ամուսինը մեռավ և Ուլիան նորից ամուսնացավ, բայց մի տարի հետո ամուսինը բաժանվեց: Մայրը՝ Մարիա Պավլովնան նույնպես դժբախտ ապրելով, նույնպես մեռել է և մեռած ժամանակ ասել է իր աղջկան. «Իմ մեռնելուց հետո ինչպե՞ս պիտի ապրես. մեռիր դու էլ ինձ հետ, որպեսզի հանգստանաս»։ Ինչքա՜ն դժբախտ պետք է լինի մեկի դրությունը, որ մայրը գերադասի նրա մահը և ուզենա, որ նա էլ իր հետ գերեզման իջնի: Ուլիան ապրում է մինչև այժմ (1952 հուլիս) աղքատ դրության մեջ, մենակ, ռուսերեն դասեր տալով դպրոցում: 57 տարեկան է: Երբեմն թղթակցում ենք իրար հետ: == ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ == Առաջին գործս էր պատրաստել իմ դիսերտացիան, որ Նոր-Նախիջևանում լրացնելով ուղարկեցի Մեյեին, սեպտեմբեր ամսվա սկզբում: Կարծում էի, թե աշխատանքիս քննությունը կարճ կտևի, ուստի Մեյեին նախազգուշացրի, որ եթե երկար է տևելու, նախապես ուղարկի հոգաբարձության մի թուղթ, որով հայտնի, թե ես համալսարանը ավարտած եմ: Միևնույն ժամանակ շեշտեցի, թե այստեղ դպրոց բառը չեն հասկանում, ուստի խնդրում էի, որ դպրոց բառը չգործածի և մի քանի անգամ կրկնի համալսարան բառը: Իմ կասկածը կատարվեց. Մեյեն հայտնեց, թե քննությունը կտևի մեկ տարի, առանձին հանձնաժողովի ձեռքով: Միևնույն ժամանակ Մեյեն ուղարկեց ինձ իր ամենամանր ձեռագրով 4 մեծ երես վկայագիր՝ հոգաբարձության ներկայացնելու համար: Այդտեղ չափազանց գովասանական բառերով խոսում էր իմ ուսանողական շրջանի մասին, գովում էր ներկա աշխատությունս իբրև իր տեսակի մեջ միակը և ավելացնում էր, թե. «Եթե պարոն Աճառյանը այստեղ լիներ և ֆրանսիական հպատակությունը ընդունած լիներ, անշուշտ համալսարանի դասախոսներից մեկը կլիներ»: Գրությունը տարի Մուշեղ վարդապետ Դանագյոզյանին, որ իբրև առաջնորդական փոխանորդ, վարում էր ազգային բոլոր գործերը և հոգաբարձության նախագահն էր: Բավական ֆրանսերեն գիտեր, բայց ծուլության պատճառով առաջարկեց, որ ես թարգմանեմ հայերենի: Նույն օրը թարգմանությունը հանձնեցի: Հաջորդ օրը տեսնելով ինձ, ասաց. «Այդ որքան գովասանք էր, ես քո տեղը լինեի, չէի թարգմանի»: Մեյեի գրությունը վերացրեց բոլոր դժվարությունները և ինձ պաշտոնապես հաստատեցին - ուսուցիչ: 1909 թվականին ստացա համալսարանից իմ գիրքը տպված վիճակում: Սկզբում դրված է իմ ավարտական վկայականը 5 հունվար, 1908 թվակիր: Ուրեմն քննությունը տևել է 4 ամիս: Համալսարանի օրենքով ամեն շրջանավարտ պետք է ներկայացնի իր դիսերտացիան: Եթե դիսերտացիան սովորական արժեքով մի գիրք է, շրջանավարտը ձեռագիրը հետ կստանա և իր ծախսով տպագրել տալով 50 օրինակ պարտադիր կարգով կնվիրի համալսարանին: Իսկ եթե աշխատությունը առանձնապես արժանավոր համարվի՝ համալսարանի ծախսով կտպագրվի և շրջանավարտ հեղինակին կնվիրվի 50 օրինակ տպագրված գրքից: Իմ գիրքը այս վերջինից եղավ: Նա կազմել է Bibliothèque de l’École des Hautes-Études-ի 173-րդ հատորը, այսինքն 300 տարվա մեջ այսքան աշխատություն միայն համարվել է տպագրության արժանի: Տպագրությունից հետո գիրքս հայերենի թարգմանելով ուղարկեցի Թիֆլիսի Ղուկասյան մրցանակաբաշխության: Քննիչ էր նշանակվել իմ «դասընկեր» Եզնիկ վարդապետ Գյանջեցյանը, որի հետ միասին սովորել էի Ստրասբուրգում՝ Հյուբշմանի մոտ: Նա գրել էր շատ թերագնահատող մի զեկուցագիր, որ գրեթե գրքիս ամփոփումն էր ամբողջությամբ, ավելացնելով միայն պարսավանք և թերագնահատություն, այն մտքով, թե գիրքը կազմված է հապճեպով, լիքն է սխալներով, թերի կետեր շատ ունի և արժանի չէ մրցանակի: Գրքիս վերջում ես կազմել էի հայ բարբառների քարտեզը, որ առաջինն էր իր տեսակում և մնում է այդպես մինչև այժմ: Ոչ ոք նման փորձ չի արել, չհաշված խոստումները: Իսկ Եզնիկ վարդապետը ասում էր սրա համար. «Գրքի վերջում դրված քարտեզը չի կարելի քարտեզ համարել»: Նրա այս զեկուցագիրը տպված է Ղուկասյան մրցանակաբաշխության տեղեկագրում: Իմ ընկերներից Ավետիս Տեր-Հարությունյանը «Մշակ»-ում առանձին հոդվածով պատասխանեց Եզնիկ վարդապետին և աշխատեց ցուցադրել գրքիս արժանիքը: Քարտեզի մասին այսպես էր գրում. «… իսկ ինչպես կարելի է կոչել թղթի մի ընդարձակ թերթ, որի մեջ նշանակված են քաղաքներն ու գյուղերը և կամ առանձին գույներով կամ նշաններով նշանակված է բարբառների սահմանը»: Թեև Եզնիկ վարդապետի դատապարտությամբ գիրքս մրցանակից մերժվեց, բայց նա, հենց որ հրատարակվեց, արժանացավ ֆրանսիացի հայագետ Մեյեի և գերմանացի հայագետ Կարստի մեծագույն գովասանքներին: Կարստը ասում էր. «Այս գիրքը պետք է կազմե հայ բարբառագիտության հիմնաքարը»: Իսկ Մեյեն ասում էր. «Աշխարհում միայն մեկ անձ կա, որ կարող էր գրել այսպիսի գիրք. դա Աճառյանն է» (անշուշտ ի նկատի ուներ այն հանգամանքը, որ ես ապրել եմ հայության երեք հատվածներում՝ Տաճկաստան, Պարսկաստան, Կովկաս): Գիրքս տպվեց թե չէ, բարբառագիտությունը առանձին մասնագիտություն դարձավ և մտավ Էջմիածնի Ճեմարանի բարձրագույն կուրսի դասընթացի մեջ: Երբ բացվեց Հայաստանի համալսարանը, այնտեղ նմանապես բարբառագիտությունը դարձավ առանձին դասընթաց և մտավ հետագայում հայկական ակադեմիայի ուսման ծրագրում: Այս առարկայի դասավանդումը շարունակվում է մինչև այսօր: Տարիներ շարունակ, սկսած աշակերտական շրջանից, գավառական բառեր հավաքելու մոլությունն ունեի: Կեդրոնական վարժարանում, որտեղ բազմաթիվ գավառացի ընկերներ ունեի, պարտադրել էի բոլորին օրական թեկուզ հինգ գավառական բառ տալ: Այսպես շարունակեցի վերջին երկու դասարաններում (1891 — 1893 թթ.): Հետագայում, ուր էլ գնացի, բառ հավաքեցի և հատկապես տպագրված գրքերից և բառացանկերից քննադատորեն հավաքեցի ինչ որ գտա: Ստացվեց մի խոշոր աշխատություն՝ Հայերեն գավառական բառարան անունով: Ձեռագիրս ընդօրինակելով ուղարկեցի Լազարյան ճեմարանի տնօրեն պրոֆ. Գրիգոր Խալաթյանին: Բայց որովհետև ժամանակը կարճ էր, ձեռագրիս արտագրությունը եղավ վերիվերո, նկարները անհաջող և այլն: Ձեռագրիս արտագրության թվականն էր՝ 1910 թ. մարտի 17: Նույն տարին գնացի Կոստանդնուպոլիս։ Խալաթյանը մեռավ և Լազարյան ճեմարանի նորընտիր տեսուչ, իմ չարաբաստիկ թշնամի Կարապետ Կոստանյանը, առանց ինձ որևէ տեղեկություն տալու, տպագրել է տվել գիրքը Թիֆլիսում 1913 թվականին, և հանկարծ ես տեսնում եմ 300 օրինակ այդ գրքից իբրև նվեր: Ես շշմեցի տեսնելով մի սխալաշատ, անթույլատրելի տպագրություն, որ կատարվել էր իմ վերիվերո արտագրել տված ձեռագրից: Ուզեցի դատի տալ. բայց մեր տեսուչ Երվանդ Շահազիզը արգելեց ինձ ասելով. «Դատի տվիր, դատը շահեցիր. ի՞նչ պիտի լինի, բոլոր օրինակները պիտի ստանաս և պիտի այրե՞ս. ի՞նչ շահեցար դրանով»: Ես այդ մտադրությունից հրաժարվեցի և գոհացա միայն գրքի մասին մի խիստ քննադատական հրատարակելով «Արարատ» ամսագրում: Բուն ձեռագիրը, գրված իմ ձեռքով և նոր հավելումներով, գտնվում է մինչև հիմա ինձ մոտ և կազմում է երկու ստվար հատոր: == 1910 ԹՎԱԿԱՆ ՀՈՐՍ ՄԱՀԸ == Ասացի, որ ծնողներս բնակվում էին Բաթումիում, 1904 թվականից սկսած: Ամեն տարի ամառները ես ու կինս այցելում էինք Բաքու (ուր հաստատվել էին կնոջս ծնողները վերջնականապես), Շուշի, ուր գնում էինք մենք և կնոջս ծնողները իբրև ամառանոց և Բաթումի, ուր մնում էին իմ ծնողները: Այսպես ամեն ամառ թափառում էինք այս քաղաքներում: 1908 թվականի Սահմանադրությունից հետո ծնողներս Կոստանդնուպոլիս գնացին ընդհանուր ազատությունից օգտվելով, մենք էլ ուզեցինք Կոստանդնուպոլիս գնալ: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, բարեկամս՝ Հակոբ Խաչատրյանը, Ռոստովի «Приазовский край» թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում էի Կոստանդնուպոլիս՝ Հայկական հարցի ուսումնասիրության համար: Նոր-Նախիջևանից մեկնելով, եկանք Բաթումի: Ծնողներս արդեն գնացել էին: Պետք էր ներկայանալ տաճկական հյուպատոսարանը՝ իմ ռուսական անցագիրը վիզե անել տալու համար: Ես գիտեի, որ դժվար գործ է այդ: Տաճիկները, գիտենալով, որ բազմաթիվ նախկին տաճկահպատակներ այժմ ռուսահպատակ դարձած ուզում են գնալ Տաճկաստան, ուզում էին ճանաչել այդպիսիներին դարձյալ տաճկահպատակ, ուրիշ խոսքով մերժել նրանց ռուսահպատակությունը: Այս մտածելով անցագիրս տվի հյուրանոցի ծառային և խնդրեցի, որ տանի տաճկական հյուպատոսարան, վիզեի համար: Հյուպատոսը չէր ընդունել և պահանջել էր, որ ես գնամ, անձամբ ներկայանամ: Նպատակը պարզ էր: Բարեբախտաբար իմ անցագրի մեջ ես դիտմամբ գրել էի տվել, թե ես ծնվել եմ Նոր-Բայազետում: Վերցրի հետս կնոջս, առաջարկելով նրան, որ միշտ ռուսերեն խոսի ինձ և կոնսուլի հետ՝ բարձր ձայնով. խնդրեցի նաև Մալխասյան քահանային, որ հայտնի հայագետ Ստեփան Մալխասյանի եղբայրն էր, և երեքով միասին գնացինք հյուպատոսարան: Ես քահանային խնդրել էի, որ հյուպատոսի մոտ վկայի, թե ես իսկապես նոր-բայազետցի եմ. հայտնեցի նաև, թե անցագրումս այդպես է գրված. «Ուրեմն,— ասաց քահանան,— եթե երդվեմ էլ, սուտ խոսած չեմ լինի»: Այսպես զինված երեքով, հպարտ և բարձրագլուխ, իբրև ռուսահպատակ, ներկայացանք հյուպատոսարան: Հենց որ մեզ նկատեց հյուպատոսը, շփոթվեց, վախեցավ և վազեց մեր առաջ: Կինս ռուսերեն սկսեց բարձրաձայն բղավել. քահանան էլ մեջ ընկավ. հյուպատոսը դիմեց ինձ և ասաց. «Ես միայն ձեզ էի խնդրել, ինչո՞ւ նեղություն տվիք տիկնոջ և քահանային»: Հրավիրեց մեզ ներս և խնդրեց, որ նստենք: Պատի վրա դրված էր տաճկական զինանշանը: Ես իբր թե բնավ չեմ տեսած, դիտեցի զինանշանը և ռուսերեն հարցրի հյուպատոսին. «Ա՞յս է ձեր զինանշանը. որչափ հետաքրքիր է»: Կոնսուլը հարցրեց ինձ, թե կարո՞ղ եք ցույց տալ Նոր-Բայազետի ձեր ծննդյան վկայականը: Ես զարմացած երեսն եմ նայում և ասում. «Անցագիրը կազմելիս ծննդականս տեսան և գրեցին. դուք ուրեմն համարձակվում եք ռուսական անցագիրը չճանաչելո՞ւ…»: Ասացի և քայլ առ քայլ հետ քաշվեցի: Հյուպատոսը վախեցած ասաց. — Ես ինչպե՞ս կարող եմ չճանաչել ռուսական անցագիրը. բայց վերջին ժամանակներս, շատ տաճկահայեր, նախկին տաճկահպատակ, այժմ ռուսահպատակ դարձած, ուզում են Հայրենիք վերադառնալ: Դրանց հարցը անշուշտ վերաքննելի է: Այ վերջերս Կոմիտաս վարդապետը, որ նույնպես տաճկահպատակ էր, գնաց Կոստանդնուպոլիս: Վերջերս շատերն են գնում Կոստանդնուպոլիս: Ես իբր թե Կոմիտաս վարդապետից ոչինչ չգիտեմ, զարմացած հարցրի հյուպատոսին. «Մի՞թե Կոմիտաս վարդապետը տաճկահպատակ է»: «Այո,— պատասխանեց նա,— քյոթահիացի է»: Ես էլ իբրև ոչնչից անտեղյակ, քարտեզի վրա փնտրում եմ և կնոջս ցույց եմ տալիս Երուսաղեմը՝ իբր Քյոթահիա: Հյուպատոսը մոտեցավ և ուղղեց. «Դա Երուսաղեմն է, Քյոթահիան տեսե՛ք՝ այստեղ է»: Հյուպատոսը լիովին համոզվեց, որ ես ոչ միայն տաճկաստանցի չեմ, այլ նույնիսկ թուրքերեն չգիտեմ, վիզեն դրեց և դուրս եկանք: Բաթումիից մեկնելով շոգենավով եկանք Ռիզե, որ Վիլսոնյան ծրագրով Հայաստանի նավահանգիստը պիտի լիներ: Շոգենավը մի քանի ժամ կանգնեց Ռիզեում: Շատ փոքրիկ քաղաք է Ռիզեն. հենց նավահանգստից սկսում է մի բարձրավանդակ, որով մենք էլ բարձրանալով հասանք նրա գլուխը: Հիանալի համայնապատկեր բացվեց մեր առաջ ծովի վրա: Բարձրավանդակի գլխին մի մենավոր թթենի կար. բարձրացա ծառը, թափ տվի, իջա ցած և կնոջս հետ վայելեցինք քաղցրահամ թութը: Շոգենավը հասցրեց մեզ Տրապիզոն, ուր ցամաք դուրս եկանք: Հետաքրքիր էր մաքսատան տեսարանը: Մի մոլլայի նման պաշտոնյա եկավ մեր պայուսակի մեջ կնոջս սպիտակեղենը քննելու. կինս, որ սաստիկ զզվող էր, բողոքեց ինձ, թե ինչու կեղտոտ ձեռքերով իրերս է շոշափում: — Նե՞ դեյոր (ի՞նչ է ասում),— հարցրեց պաշտոնյան: — Ասում է, թե նա իրավունք չունի կեղտոտ ձեռքերով իրերս զննելու: Մոլլան բարկացավ և ասաց. — Եթե չեք հավանում, սկի չեմ նայի: Եվ հեռացավ գնաց: Այսպիսով մեր իրերը առանց քննության առինք դուրս եկանք։ Իջանք մի հյուրանոց (լավագույնը քաղաքում), որ պատկանում էր մի շուշեցի հայ երիտասարդի. նա, հետապնդվելով ցարական իշխանության կողմից իբրև հեղափոխական, փախել էր Տրապիզոն։ Տեսնելով մեզ և իմանալով, որ կինս շուշեցի է, ձեռք ու ոտք ընկավ, ինչ անելը չգիտեր: Շուշեցիք միմյանց շատ են սիրում, մանավանդ պանդխտության մեջ. ուստի նա էլ բաց արեց հյուրանոցի մեծ դահլիճը և ամբողջովին մեզ հատկացրեց: Կինս հանկարծ հիվանդացավ ըստ սովորության. երկու շաբաթ տևեց իր հիվանդությունը և երկու շաբաթ մնացինք նույն սենյակում, առանց ման գալու Տրապիզոնում, ուր ման գալու տեղ էլ չկար: Առաջին օրերը ես ու կինս ճաշում էինք ինչ-որ հայի ճաշարանում, որ գտնվում էր մի պարտեզում, ուր նվագ էլ կար: Ճաշի ժամանակ տալիս են 6 տեսակ ուտելիք, սուպը և քաղցրեղենը միասին հաշված, ավելացրած նաև տաճկական սուրճը, որ բոլորի վերջնակետն էր: Այս բոլորի գինն էր 6 ղուրուշ (48 կոպեկ), աներևակայելի էժանություն: Մի օր հյուրանոցում նստած էինք. հանկարծ ներս մտավ պանդոկապետը և հայտնեց, թե այս րոպեիս շոգենավը նավահանգիստ մտավ և դուրս եկան պրոֆ. Խալաթյանը, Տաշյանը և ուրիշ մեկն էլ: Շտապեցի դուրս, մտա նրանց իջևանը և մեծ ուրախությամբ ծանոթացա պրոֆ. Խալաթյանի հետ, որի հետ վաղուց թղթակցում էինք շարունակ, ականավոր բանասեր Հայր Հակոբոս Տաշյանի հետ, որին միայն գործերից էի ճանաչում և երրորդ՝ Հայր Ներսես Տիրատուրյանի հետ, որ Վենետիկի միաբաններից էր: Այս վերջինը դեռ ծանոթ չէր գրականության մեջ. ավելի ուշ նա Beguinot անունով մի իտալացու հետ միասին հրատարակեց Contributo alla flora dell' Armenia (Վենետիկ, 1912 թ.) բուսաբանական աշխատությունը, որ Հայաստանում աճող բույսերի գիտական դասակարգությունն է: Գրքի մեկենասը դարձավ Իվան Ֆեոդորովիչ Բալիև անունով ռոստովցի հայ հարուստը, որ Ռոստովում սեփական վաճառատուն և բանկ ուներ: Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից մեկն էր, հմուտ ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի և հատկապես ռուսերենի: Եվրոպական լեզուներից յուրաքանչյուրը սովորած էր տեղում (երկրում): Չափազանց սիրող էր արևմտահայ գրականության. ռուսահայ լեզվով գիրք չէր կարդում: Ստանում էր բոլոր արևմտահայ թերթերը, որոնց գումարն էր 100 հատ: 50 օրինակ բաժանորդ էր «Բազմավէպ» ամսագրին: Ուներ ճոխ գրադարան, ուր միայն կարելի էր գտնել արևմտահայ թերթերն ու հանդեսները: Իր մոտ եմ կարդացել «Արևելեան մամուլ»-ի 50 տարիները, որոնք Բալյանի մահից հետո նվիրվեցին Երևանի հանրային գրադարանին: Բալյանը աշակերտեց նաև ինձ մոտ և սովորում էր տաճկերեն՝ Կոստանդնուպոլիս գնալու նպատակով։ Շատ ընդունակ անձ էր։ Նա մեկենաս եղավ նաև Մկրտիչ Աճեմյանին և կարծեմ նաև Թովմաս Թերզյանին, երկուսն էլ արևմտահայ բանաստեղծ: Ինձ առաջարկեց կազմել հայերենի մեծ բառարան. երբ ես հարցրի, թե գրաբա՞ր, աշխարհաբա՞ր, թե ընդհանուր հայերեն բառարան, պատասխանեց. — Ի՞նձ ես հարցնում. գրելը քեզմե, դրամը տալը ինձմե: Ցանկություն ունեցավ նաև հրատարակելու Պատկանյանի գործերի չորրորդ հատորը և այդ գործը հանձնեց ինձ: Ես շատ բան հավաքեցի, որոնց մեջ հիշատակելի են հատկապես Պատկանյանի պոռնկագրական գրվածքները, որոնք ձեռագրի ձևի տակ գտնվում էին զանազան տներում: Երբ ես իր կարծիքը հարցրի այդ կարգի գրվածքների հրատարակության մասին, պատասխանեց. — Գրականությունը գրականություն է. այդ կարգի գրվածքներն ալ ավելի բնորոշ են հեղինակին համար: Բայց թե՛ Պատկանյանի չորրորդ հատորը և թե՛ մեծ հայերեն բառարանը գլուխ չեկան դեպքերի բերմամբ։ Տիրատուրյանը գտել էր հայ երկրին հատուկ մի քանի նոր բույսեր, որոնք անծանոթ էին գիտության: Այս բույսերը անվանակոչեց Baliani իր մեկենասի անունով: Տրապիզոնի առաջնորդը (որի անունը չեմ հիշում) մյուս օրը չորսիս հրավիրեց իր մոտ ճաշի։ Երկար ժամանակ ունեցանք զրուցելու։ Ես բնականաբար խոսում էի մեր մայրենի բարբառով, որի գործածությունը միշտ պահել եմ սիրով: Տաշյանը և Տիրատուրյանը բնականաբար խոսում էին նույն լեզվով: Պրոֆ. Խալաթյանը մի տեսակ զայրույթ ցուցադրեց, թե ինչո՞ւ եմ այդ լեզվով խոսում: Պատասխանեցի տաճկական առածով. «Ասլընը ունուտան հարամզադե դիր» (իր ծագումը ուրացողը հարամզադե է): Առաջնորդը ներողություն խնդրեց, որ ինքը տնային տնտեսություն չունի, ուստի ճաշարանից պետք է բերել տա ճաշերը։ Ճաշացուցակը ներկայացրեց, որպեսզի մենք էլ մեր ուզած ճաշը ընտրենք: Մենք փլավ ընտրեցինք. Խալաթյանն էլ փլավ ուզեց. հարցրի նրան. «Պրոֆեսոր, դո՞ւք ալ փիլավճի եք»: «Այո, այո,— պատասխանեց նա,— ես էլ փիլավճի եմ»: Բոլորը ծիծաղեցին բառախաղիս վրա, որ ինքը չհասկացավ: — Ուզում էի ուսումնասիրել Համշենի բարբառը, որ Տրապիզոնի բարբառից տարբեր է: Երբ իմ միտքը հայտնեցի պանդոկապետին և ասացի, որ ուզում եմ գնալ գյուղերը, նա ասաց, որ այդ կողմի գյուղերը բոլորովին ցրված են․ մի տուն այստեղ է, մի տուն հինգ րոպե հեռու. այնպես որ այդտեղերը շրջագայել անհնարին է: Ավելի լավ կլինի, ասաց նա, գյուղացիներին բերել ձեզ մոտ, կմնան այստեղ և դուք հարցաքննելով, ձեր ուզած ձևով կօգտվեք նրանցից: Այս մասին հայտնեց ազգային մարմիններին, որոնք սիրահոժար նպաստեցին այս գիտական գործին, որովհետև իրենց բարբառի քննությանն էր վերաբերում: Եկան մալացի, ապկիոնցի, կյուշանացի և ճոշարացի գյուղացիներ, որոնց հետ երկու շաբաթ աշխատելով ուզած նյութերս հավաքեցի: Շատ ավելի հետո գնալով Գագրի և բնակվելով Էքսուզյան ընտանիքում, ավելի մոտիկ շփվեցի համշենցոց հետ և կազմեցի Համշենի բարբառի քննությունը, որ մեր Ակադեմիայի կողմից հրատարակվեց 1947 թվականին: Տրապիզոնից մեկնելով մի առ մի այցելեցինք Սև ծովի հարավային եզերքի գլխավոր նավահանգիստները. Կիրասոն, Սամսոն, Օրդու, Ունիյե, Պաֆրա և Ինեպոլու, որ Սև ծովի վերջին նավահանգիստն է: Այստեղից Սև ծովը սկսվում է բոլորվել՝ կազմելու համար Բոսֆորը: Բարձրացանք շոգենավի վերևը և հեռվից դիտում ենք Բոսֆորի մուտքը: Վերջապես հասնում ենք ֆեներ, այսինքն՝ ասիական և եվրոպական ափերի վրա կառուցված երկու հսկա փարոսները: Այդտեղ կանգնում են շոգենավերը քննության համար, որից հետո մտնում ենք Բոսֆորի նեղուցը: Կնոջս ցույց եմ տալիս հիանալի տեսարանը և ասում եմ. «Տե՛ս, աշխարհիս վրա սրանից ավելի գեղեցիկ տեսարան չկա»: Կինս ոչինչ գեղեցիկ բան չի գտնում և զարմանում է իմ ասածի վրա։ Բայց քանի առաջանում ենք և քանի ասիական և եվրոպական ցամաքները մոտենում են իրար, տեսարանը ավելի գրավիչ է դառնում: Վերջապես կինս բարեհաճում է հիանալ շրջապատով. Սարը-յարի առաջն ենք հասել. հեռուն, ցամաքի վրա ցույց եմ տալիս մոտով մեր տունը, ուր պիտի իջնենք քիչ հետո: Հասանք Պոյաճը գյուղ, որի առաջ կինս այլևս չդիմացավ և բացականչեց. «Իսկապես շատ գեղեցիկ է»: Հասանք Կոստանդնուպոլսի քարափը. շոգենավը կանգնեց. իջանք ցած: Կոստանդնուպոլսի ծովափը բազմաթիվ թաղեր ունի թե՛ ասիական և թե՛ եվրոպական ափերի վրա. այդ թաղերը տեղական լեզվով «գյուղ» են կոչվում: Առանձին փոքր սրընթաց շոգենավեր կան, որոնք Կոստանդնուպոլսի կամուրջից մեկնելով, հանդիպում են բոլոր այդ գյուղերը մինչև Բոսֆորի վերջին ծայրը, ուր մի կողմից գտնվում է Ռումելի Քավաք և մյուս կողմից՝ Անատոլու Քավաք: Մենք էլ մտանք մի շոգենավ և մեկ ու կես ժամ հետո հասանք Սարը-յարի Ենի մահալլե նավամատույցը, որի հենց կողքին գտնվում էր մեր տունը: Դուռը զարկինք. մայրս եկավ բաց արավ. անակընկալ էր մեր գալը. ողջագուրվեցինք և նստանք հանգստանալու համար: Հայրս խանութումն էր, որովհետև աշխատանքի օր էր: Մայրս բացատրեց հորս խանութի տեղը և ես ու կինս ծածուկ գնացինք խանութի առաջ և ցուցափեղկում դրած կանացի կոշիկները դիտելով իրեն ենք նայում: Նա, ըստ սովորության, բոլորովին անուշադիր դեպի դուրսը, եռանդով իր գործով է զբաղվում: Երբ երկար այդպես կանգնած լույսը խանգարում ենք, զայրացած աչքերը բարձրացնում է, տեսնելու համար, թե ովքե՞ր են սրանք: Տեսնում է մենք ենք: Վեր է կենում, ներս ենք մտնում. հայրս սովորություն չուներ թույլ տալու, որ ձեռքը համբուրենք. բանվորի ձեռք է, կեղտոտ կլինի: Խանութը փակում է, և գնում ենք տուն: Մեր տունը, ինչպես ասացի, նավահանգստի կողքին էր, ծովի ափին: Չորս հարկ ուներ: Մայրս երրորդ հարկը մեզ էր հատկացրել. դեմ առ դեմ երկու սենյակ, որոնցից մեկը դեպի սարն է նայում, մյուսը, իր լայն պատշգամբով, ծովի վրա էր կռացած: Աջից և ձախից մի-մի զբոսարան կար, ուր գիշերն ամբողջ նվագում էր ասիական նվագախումբը, փոխ առ փոխ. երբ աջը վերջացնում էր նվագը, ձախն էր սկսում. իսկ երբ ձախն էր դադարում, սկսում էր աջը: Ծովի տեսարանը հիանալի էր. թե՛ տեղական (Բոսֆորի վրա բանող) և թե՛ արտասահմանյան խոշոր շոգենավերը (ռուսական, ֆրանսիական, անգլիական, իտալական, հունական և այլն) անդադար գնում են ու գալիս Սև ծովից Մարմարա և հակառակը: Ասիական եզերքը շատ մոտ է. թեև ձայնը չի հասնում, բայց զինվորական նվագախումբը լսվում է. սրատես աչքը նույնիսկ քայլող մարդկանց կարող է նկատել: Բարձրանում են կանաչազարդ բլուրները, որոնց մեջ բարձրագույնն է Չամլըճայի սարը: Այս սարի վրա մի շատ երկար գերեզման կա. գնացինք տեսանք մի օր այդ գերեզմանը, որ 120 քայլ երկարություն ուներ։ Թուրքերը ասում են, թե դա Հազրեթի Էյուբի (Հոբ Երանելու) գերեզմանն է: Իհարկե հիմարն էլ չի հավատա այդպիսի առասպելի. Հոբ Երանելին որտե՞ղ, Կոստանդնուպոլիսը որտեղ. ավելի ծիծաղելի է այն, որ ասում են, թե եթե մեկը միշտ անքուն է մնում, երբ գա և մի քանի անգամ պտտվի այս գերեզմանի շուրջը, անքնությունը կանցնի: Իհարկե մի քանի անգամ ման գալով այդտեղ, կհոգնի և գիշերը լավ կքնի: Գիշերները բոլոր շոգենավերը լուսավորվում են. հատկապես Բոսֆորի փոքր շոգենավերը, որոնք լուսարձակներով զինված, շարունակ ցոլքերը սփռում են չորս կողմ, զգուշացնելու համար նավակները: Ամբողջ Բոսֆորի եզերքը գիշերները ծածկվում են այդ փոքրիկ նավակներով կամ մակույկներով, որոնց մեջ մի-մի զույգ սիրահարներ, հաճախ նվագարանով, շրջագայում են: Կինս պատշգամբից դիտում էր այս մշտապես սքանչելի տեսարանները առանց հագենալու: Նա չէր քնում և ուզում էր միշտ դիտել. ինձ էլ չէր թույլ տալիս քնելու, ասելով. «Հրաչյա վեր կաց, մի՛ քնիր, տե՛ս, որչափ գեղեցիկ է. վաղը մյուս օր պիտի թողնենք գնանք, էլ այսպիսի տեսարան չենք տեսնի»: Մինչև անգամ փափագ հայտնեց, որ չվերադառնայինք Կովկաս և ընդմիշտ մնայինք Կոստանդնուպոլսում: Կոստանդնուպոլսում շրջագայելը չափազանց դժվար է: Ես գտա մի ֆրանսերեն ուղեցույց, 300 երեսով մանրատառ մի հատոր, որի առաջնորդությամբ ման եկանք միասին ամբողջ մի ամիս բովանդակ Կոստանդնուպոլիսը: Չմնաց տեղ, ուր չգնայինք: Նույնիսկ այցելեցինք Եդի-գուլեի այն աշտարակը, որի մեջ բանտարկում էին տաճիկ սուլթաններին: Այցելեցինք կղզիները, որոնց համար հատուկ շոգենավեր կան, ավելի սրընթաց քան մյուսները: Սքանչելի է Մեծ կղզին. երբ շոգենավից դուրս ես գալիս, մի թուրք իշապան առաջարկում է ձեզ իր էշը, որ թավշյա թամբով զարդարված է: Հեծանք մի-մի էշ և առաջ ենք գնում շարունակ: Կարծեմ տևեց մի ժամ: Տները հիանալի են այս կղզում. ամեն մի տուն առանձին ճարտարապետություն ունի. նույնիսկ կտեսնես չինական կամ ճապոնական ճարտարապետությամբ շինված տուն: Վերջապես եկանք այնտեղ, որտեղից մեկնել էինք: Չէ՞ որ կղզին կլոր է: Վճարը 5 ղուրուշ էր (40 կոպեկ): Ման եկանք նաև Սարը-յարի բոլոր ջրերը: Սարը-յար թաղը շրջակայքում ունի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից ամեն մեկը մի զբոսավայր է: Այդ աղբյուրները գնալու համար կա ծովափի մոտ մի կայան, որտեղ վարձում են թավշյա թամբով մի էշ և իշավարի ուղեկցությամբ գնում ջրերը: Երբ առաջին անգամ կնոջս առաջարկեցի հեծնել մի էշ, նա քաշվեց, թեև շատ էր ուզում: Ամոթ էր համարում. ինչպե՞ս կարելի է եվրոպական հագուստով մի կին էշ նստի: Քիչ այն կողմից հովանոցը ձեռքին զարդարված մի կին մոտեցավ մի իշապանի: Կինս ասաց. «Եթե այս կինը էշ հեծնի, ես էլ կհեծնեմ»: Եվ որքան ուրախ եղավ, երբ տիկինը էշ հեծավ. մենք էլ հետևեցինք նրան: Մի օր ընտանյոք (4 հոգի) գնացինք Ճըռ-ճըռ սուի (թագավորի խմած ջուրն է), որի մոտիկ մի կանաչազարդ արոտի վրա գորգ փռեցինք և ճաշեցինք: Խոտերի մեջ կինս գտավ վայրի ելակներ, որոնք ավելի բուրումնավետ են, քան ընտանին: Գտավ նաև մի նոր պտուղ, որ չէր տեսած: Դա կոչվում է թրքերեն հոջա եմիշի, որ հայերեն կոչվում է մաթուզ. նման պտուղ ոչ մի տեղ տեսած չեմ. նման է ելակի, բայց գույնը կապտավուն է. քաղցրությունը ավելի պակաս է. կորիզ չունի, կարծես թե հացի մի պատառ ես ուտում: Մի ուրիշ անգամ էլ մենք չորսս, մեզ հետ առնելով նաև հորս ծանոթներից մեկին (ատաղձագործ Մարտիկ աղա), մի լավ ֆայտոն վարձելով գնացինք Բյոյուք-դերեից մի ժամ հեռավորությամբ (դեպի ներս) Սուլթան սուից ավելի հեռու գտնված Բենդեր կոչված վայրը։ Դա հոյակապ մի շինություն է, հայ ճարտարապետի ձեռակերտ: Ամեն կողմից հավաքվում են ջրերը մի հոյակապ ջրամբարի մեջ, որը մի մեծ լճի տպավորություն է թողնում: Զանազան ուղղաձիգ խողովակներ գնում են մինչև Կոստանդնուպոլիս, շոգենավով մի ժամ ճանապարհ, որ ոտքով 6 ժամից ավելի է: Այդ ջուրը գնում է Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը և ամենքին խմելու ջուր մատակարարում: Ամբողջ ճանապարհը անտառ է հսկայական ծառերով: Հենց Բյոյուք-դերեի նավամատույցի մոտ մի հաղթահասակ ծառ կա, որի համար ասում են, թե նրա շվաքի տակ Խաչակիրները ժողով են գումարել: Բենդերի լճի մոտ ընդարձակ անտառում կրակ վառեցինք և պոլսական խորոված անելով՝ ամբողջ օրը անցկացրինք: Նույն կառքով վերադարձանք տուն ուշ ժամանակ: Կառքին վճարեցինք մեկ մեջիդիե (1 ռուբլի 60 կոպեկ): Թեև մեծ մասամբ մեր ժամանակը անցկացրինք մեր տանը, բայց մի շաբաթ էլ գնացինք մնացինք իմ երկու մորաքույրերի և իմ մորեղբոր աղջկա՝ Փերուզի տանը: Նա ամուսնացել էր մյուսյու Հրանտ Բալըգճյանի հետ, որ նավապետ էր: Նրա պատմությունը հետաքրքիր է: Նա եղել էր տաճկական նավի վրա ծառայող, մի երկրորդական պաշտոնյա: Սուլթանը ուզեցել է մինչև Անգլիա մի մեծանուն անձի պատվանշան ուղարկել և այդ տաճկական նավով ճամփու է գցում: Միջերկրականի վրա մի սարսափելի փոթորիկ է պատահում: Նավապետը այդ ժամանակ հիվանդացած է լինում և չի կարողանում նավը վարել: Բոլոր մյուս պաշտոնյաները, փոթորկից սարսափած, չգիտեն ինչ անեն. այս Հրանտը բարձրանում է վերև և սոսկալի փոթորկին դիմադրելով, շոգենավը ապահով հասցնում է Անգլիա: Վերադարձին Օսմանյան կառավարությունը շնորհում է նրան գլխավոր նավապետի տիտղոս: Հրանտի հայրը Գևորգ անունով մի հասարակ ձկնորս է եղել, բայց այնպիսի ազդեցիկ դիրք է ունեցել թաղում, որ իր բնակած այդ փողոցը իր անունով կոչվում էր Պալըգճը Գևորգ սոքաղը (Ձկնորս Գևորգի փողոց): Բարձրահասակ, նիհար, բայց շատ լուրջ և խոհուն մարդ էր մյուսյու Հրանտը: Քիչ էր խոսում. կանանց կարևորություն չտալով, երեկոները, երբ շոգենավից գալիս էր տուն, գրեթե միայն ինձ հետ էր խոսում և միշտ լուրջ նյութերի մասին: Նրա սովորեցրած բաներից մեկն էլ այն եղավ, թե երբ ծովը երկու կողմից ազատ չէ՝ փոթորկաշատ կլինի: Օրինակ, Մարմարա ծովը, որ մի կողմից Բոսֆորով և մյուս կողմից Դարդանելով միանում է ուրիշ ծովերի հետ, մեծ փոթորիկներ չունի: Իսկ Սև ծովը, որ արևելյան կողմից փակ է, ավելի մեծ փոթորիկներ ունի: Ըստ այսմ Կասպից ծովը, ինչպես և մեր փոքրիկ Սևանը, որոնք չորս կողմից փակ են, ահավոր փոթորիկներ ունեն: Հրանտը հետագայում մի աղջիկ ունեցավ, որի անունն էր Ազատուհի և գալիս է իմ քեռու թոռը: Չգիտեմ դեռ կենդանի է, թե չէ: Հրանտը իբրև նավապետ, միշտ կանգնած լինելու պատճառով ոտքի երակների լայնացում ստացավ, ենթարկվեց վիրաբուժական գործողության, որին չդիմանալով մեռավ: Իրենց տունը փողոցի մեջտեղը կանգնած քառահարկ առանձնակ մի տուն էր. երկու կողմից և հետևից շենք չկար։ Վերևի հարկից կարելի էր դիտել մինչև Մարմարայի ծայրը: Զարմանալի զուգադիպությամբ այդ տունը գտնվում էր իմ ուսման օրրանի դեմը: Հրանտի տան դիմացը, մի քիչ դեպի աջ գտնվում էր Արամյան վարժարանը, այն դպրոցը, ուր ես 7 տարեկան հասակում աշակերտեցի: Այժմ նա սովորական բնակարան էր, ինչպես և եղել էր ավելի առաջ: «Արամյան վարժարան» վերտառությունը ծեփով ծածկել էին: Ուզեցի բարձրանալ վերև, տեսնել այն գրասեղանը, որի վրա նստած, առաջին անգամ սովորեցի թուրքերեն այբուբենը, տեսնել այն թիկնաթոռը, որի վրա նստում էր բաբա Նշանը և որի ծնկների առաջ չոքած ես ընթերցարան էի կարդում: Բայց ամաչեցի և տան բնակիչներին չուզեցի խանգարել: Տան աջ կողքին մի ավերակ տուն կար այն ժամանակ, երբ ես աշակերտեցի այդտեղ: Այդ ավերակ տունը մնում էր մինչև այժմ էլ: Որչափ դանդաղ է շարժվում կյանքը Կոստանդնուպոլսում: Անհնարին է նկարագրել Կոստանդնուպոլսի այն բոլոր վայրերը, որոնք արժանի են ուշադրության և որոնք այցելեցինք մի առ մի: Հիշում եմ նրանցից մի քանի կարևորները: Ֆրանսերեն ուղեցույցի միջոցով իմացա, որ Կոստանդնուպոլսում գետնի տակ մի լիճ կա: Գնացինք այդտեղ: Բաբը Ալիի մոտ, պարսից դեսպանատան դիմացը մի մեծ մասնավոր տուն էր: Դուռը բախեցինք, ներկայացավ մի ծառայող և մեզ ներս հրավիրեց: Ներսում մի քանի այցելուներ էլ կային: Ծառայողը մի մեծ ջահ վերցրած ձեռքին, առաջնորդեց մեզ բոլորիս մի երկար սանդուղքով, որ քանի իջնում էր, հետզհետե մթնում էր: Իջանք հատակը. խոր մթությունը պատեց: Մի քանի քայլ այն կողմ տեսանք մի ընդարձակ լիճ, որի վրա մի նավակ էլ կար։ Ով ցանկանար, կարող էր նավարկել և առաջանալ դեպի լճի խորքը, գլխին կանգնած կամարների տակով: Մենք վախեցանք փորձել, որովհետև կարող էր հեռվում թունավոր գազով լցված օդ լինել: Այս լճի գոյությունը շատ քիչ մարդ գիտե, նույնիսկ Կոստանդնուպոլսի հին բնակիչներից: Տեսանք Ենիչերիների թանգարանը։ Ենիչերի էին կոչվում այն զինվորները, որոնք քրիստոնյաների բռնի մահմեդական դարձած որդիներն էին: Դրանք սկզբում կազմում էին օսմանյան ահավոր բանակը և երկյուղ ասած բանը չգիտեին: Օսմանցոց առաջին մեծ հաղթանակները ենիչերիների քաջության արդյունք են: Ավելի ուշ ենիչերիները ըմբոստացան նույնիսկ պետության դեմ և ոչ միայն իրենց չսիրած սուլթաններին Եդի-գուլեի բանտում բանտարկում էին կամ սպանում, այլև հասարակ ժողովրդի սարսափն էին դարձել: Սուլթան Մահմուդը ոչնչացրեց 60 000 ենիչերիների, թնդանոթի բռնելով և ողջ-ողջ այրելով իրենց զորանոցներում: Այժմ այդ ենիչերիների կյանքն ու անցյալը պատկերացնելու համար շինել են մի թանգարան, ուր բազմաթիվ ենիչերիների արձաններ, բնական մեծությամբ և բնական դիրքով ներկայացնում են ամեն ինչ: Կան այնտեղ ենիչերիների գլխավորները իրենց սոսկալի տարազով, թուրերով, լախտերով և այլ սոսկալի զենքերով, կանայք, երեխաներ, խոհարար, տնային կարասիք, կաթսա և այլն: Ամեն ինչ այնպես բնական է, ենիչերիները այնպես ահավոր են, որ այցելուներից շատերը իրական կարծելով վախենում էին մոտենալ: Տեսանք Այա-Սոֆիան, որ նախապես հունական եկեղեցի էր, իսկ Կոստանդնուպոլիսը գրավող սուլթան Մեհեմեդ Ֆաթիհը, չդիմանալով նրա գեղեցկության, ոչ միայն չկործանեց, այլև փոքրիկ փոփոխությամբ մզկիթի վերածեց: Մուտքը ազատ է։ Մտանք ներս: Թեև Այա-Սոֆիայի արտաքինը շատ չնչին է, բայց ներսում հոյակապ է և ահավոր: Երբ առաջանում ես դեպի կենտրոնը, բարձրացնում ես գլուխդ և տեսնում ես այն ահավոր գմբեթը, որ կանգնած է գլխիդ առանց որևէ սյունի վրա հենվելու, կսարսափես և կկարծես, թե ահա այդ օդի մեջ կանգնած երկնագունդը վրադ է փուլ գալու: Բայց մի վախենա։ Բագրատունյաց մեծ ճարտարապետ Տրդատը կանգնեցրել է այն անսյուն գմբեթը: Հուստինիանոս կայսեր կառուցած այդ մեծ եկեղեցին երկրաշարժից փուլ էր եկել։ Ինչքա՜ն ճարտարապետները աշխատում էին վերականգնել, բայց գմբեթը չէր կանգնում և թափվում էր ցած: Կայսրը հրավիրեց Տրդատին և նա կանգնեցրեց գմբեթը այնպես, որ մինչև այժմ անվթար մնում է: Սյուների փոխարեն նա իբր սյուն գործածեց տաճարի չորս անկյունները, որոնց վրա դրած մեծ քառակուսի սալաքարերը, որոնք ճարտարապետության մեջ այժմ կոչվում են «հայկական թմբուկ» (tambour arménien), իբրև հիմք պահում են գմբեթի չորս ծայրերը: Այցելության գնացինք և մանրամասն ման եկանք Սուրբ Փրկչի հայոց հիվանդանոցը: Հայ ազգը դրա նման հոյակապ կառուցվածք չունի: Պեզճյան Հարություն ամիրան, իր անձնական ծախսով, հիմնել է այդ շենքը, որ սկզբում շատ հասարակ բան էր, իսկ այժմ հասել է աննման շքեղության: Նա պատսպարում է 8 000 հոգի (հիվանդ, անկյալ, հիմար, պառաված կանայք և տղամարդիկ, որբեր, աղքատ ուսուցիչներ և այլն): Ազգի տունն է կոչվում այն: Ո՞վ է պահում այդ հոյակապ շենքը: Ազգը ամբողջությամբ: Մեռելների պսակների փոխարեն, որ մի ավելորդ ծախս է մարդկանց վրա, Կոստանդնուպոլսի հայերը նվիրում են Հիվանդանոցին «փոխան ծաղկեպսակի» կոչված մի գումար, որ Հիվանդանոցի վարչությունը հայտարարում է թերթերում ամեն ամիս: Հիվանդանոցը տպում է ծխելու թուղթ, որի երեսին նկարված է Հիվանդանոցը, իսկ ներսում տպված է հետևյալը. «Կխնդրենք մեր ազգայիներեն, որ ի սեր ութ հազար տառապյալներու, այս թղթով ծխեն»: Թուղթը շատ ընտիր տեսակից է. ավելորդ է ասել, որ բոլոր հայերը ծխում են այդ թղթով, բայց նույնիսկ շատ թուրքեր, ոմանք թղթի լավությունից հրապուրված, ոմանք էլ դժբախտների սիրուն գործածում են այդ թուղթը: Այնքան ընդարձակ էին սրահները, որ կարելի չէ նկարագրել մի առ մի: Եկեղեցի, դպրոց, որբանոց, գժանոց, մոմ թափելու գործարան և այլն, այս բոլորը մի շատ ընդարձակ պարտեզի մեջ, ուր ամեն տարի մայիսին Կոստանդնուպոլսի հայերը տոնում էին սահմանադրության տարեդարձը: Ման եկանք հիվանդանոցի ընդարձակ սենյակները, որոնց յուրաքանչյուրը մի առանձին հիվանդության է հատկացված: Շատ ազդեցիկ տպավորություն գործեցին այդ սենյակների անունները. մինը կոչվում է Գրիգոր Նարեկացի, մյուսը՝ Ներսես Շնորհալի. այսպիսի անուններով որակել են հիվանդների սենյակները: Նարեկացին թոքախտավորների սենյակն է, Շնորհալին մի ուրիշ և այլն: Երբ ման էինք գալիս, տեսնում եմ հանկարծ մի երիտասարդ, որին իսկույն ճանաչեցի. Պեկյան անունով մի տղա էր, որի հետ դասընկեր ենք եղել Կեդրոնական վարժարանի Ա դասարանում. ծնոտը տարօրինակ կերպով ցած կախված, մտավոր վիճակը խանգարված մի տղա էր: 17 տարի էր անցել այդ օրվանից և նա մտել էր այդտեղ իբրև հիմարների և հիվանդների վրա հսկող վերակացու: Սամաթիա թաղում այցելեցինք հայոց եկեղեցին և Սուրբ Սահակյան վարժարանը: Այդ դպրոցումն էի սովորել ես էլ իմ պատանեկության ժամանակ: Մտանք մի դասարան. աշակերտը գրատախտակի վրա ապացուցում էր մի երկրաչափական տեսություն, որ վերջացրեց «զորն որ կուզեինք ապացուցանել» բառերով: Ամբողջ մանկությունս վերականգնվեց աչքիս առաջ: Քննիչ ուսուցիչը Արմենակ Բարսեղյանն էր, Ճեմարանի իմ հին աշակերտներից մեկը, եվդոկիացի, որի հետ ես ու կինս պաշտոնակից եղանք Թավրիզի Արամյան դպրոցում: 4 տարի էր անցել այդ օրվանից և իրարից ոչ մի տեղեկություն չունեինք: Հենց որ ներս մտանք դասարան, իսկույն ճանաչեց մեզ, բայց կարգապահության գիտակցությունը չթողեց նրան որևէ շարժում անել մինչև դասի վերջը: Դասից հետո մենք շատ զրուցեցինք բազմաթիվ հարցերի շուրջը: Մի օր անակնկալ կերպով մեզ այցելության եկան պրոֆ. Գրիգոր Խալաթյանը, որին տեսել էի Տրապիզոնում և դոկտ. Ն. Տաղավարյանը, որին ծանոթ էի միայն գրականությունից։ Բժիշկ և նշանավոր հեղինակ էր: Իմ աշակերտության ժամանակ նա հրատարակում էր «Գիտական շարժում» ամսաթերթը, որ նվիրված էր ամբողջությամբ առողջապահության, մարդակազմության, ֆիզիկայի: Այս նյութերի շուրջ զանազան գրքեր է հրատարակած հեղինակը: Իր գործն է «Բառացուցակ ախտանուանց» տետրակը, որ իբր ուղեցույց ծառայեց վերջերս մեզ մոտ կազմված զանազան բժշկական բառարանների: Ավելի ուշ Տաղավարյանը մտավ հայագիտության սահմանը և «Սկսնակ բանասեր» ստորագրությամբ հրատարակեց զանազան գրքույկներ: Հիշում եմ նրա «Հայոց պատմություն»-ը, «Հայոց գրերի գյուտի պատմություն»-ը և այլն: Այսքան բազմակողմանի հմտություն շատ է մի մարդու համար, բայց նա սեբաստացի էր: 1915 թվականի խուժդուժ կոտորածին նա էլ նահատակվեց 500 հայ մտավորականների հետ: Խալաթյանը և Տաղավարյանը ինձ հայտնեցին, թե Հովհաննես Սագըզ փաշան ցանկանում է ինձ տեսնել և խնդրեցին, որ նրա մոտ այցելության գնամ: Այս անձը, թեև փաշա, բայց գիտական արժանիք ունեցող մարդ էր: Նա ուսումնասիրել էր սումերերեն լեզուն և համեմատելով հայերենի հետ, մինչև 250 նման բառ էր գտել: Նա քննեց նաև իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մասին շատ գովասանական գնահատական տվեց: Ես մերժեցի գնալ նրա մոտ և ասացի. «Եթե նա ինձ ուզում է տեսնել, դուռս բաց է. կարող է գալ ինձ մոտ»: Երկու հյուրերս, ինչպես և կինս, զարմացան իմ մերժման վրա և ոչինչ չկարողացան արտասանել: Իրենց համար տարօրինակ էր, որ մի փաշա հրավիրի իր մոտ մի հասարակ վարժապետի և այդ վարժապետը չգնա նրա մոտ: Բայց իմ բնավորությունը այդպես է եղել. մեծամեծների, ազնվականների և իշխանավորների հետ ոչ մի գործ չունեմ. չափազանց հպարտ եմ նրանց հետ, իսկ հասարակ մարդկանց հետ պատրաստ եմ ընկեր և բարեկամ լինելու. սրանց մոտ շատ համեստ եմ: Կինս հետո ինձ ասաց. «Ափսոս, որ զրկեցիր ինձ մի փաշայի տունն էլ տեսնելուց»: Կոստանդնուպոլսում եղած ժամանակս միշտ այսպես պտույտներով չանցկացրի, այլ նաև գիտական աշխատանքներով: Ծանոթանալով երկու զեյթունցի երիտասարդների հետ, որոնք Կեդրոնականի սաներ էին, կազմեցի Զեյթունի բարբառի բառացանկը: Ծանոթացա երկու Տիգրանակերտցի պարոնների հետ, որոնցից մեկը բժշկական վարժարանից էր, մյուսը՝ ուսուցիչ: Դրանց հետ էլ կազմեցի Տիգրանակերտի բառացանկը: Բայց ավելի կարևոր է հիշել դեպի Ռոտոսթո ճամփորդությունս: Ռոտոսթոն գտնվում է Մարմարայի եվրոպական ափում. շոգենավով Կոստանդնուպոլսից մի օր հեռու է: Գնացի Ռոտոսթո: Բնակչությունը մեծ մասամբ հայ է: Ծանոթացա հայկաբան ուսուցիչ Տիգրան Պաղտիկյանի հետ և նրա հետ կազմեցի Ռոտոսթոյի բարբառի բառացանկը և սրճարանում հավաքված մի քանի տեղացի հայերից բնագրեր: Ռոտոսթոյի հյուրանոցում սովորեցի նորօրինակ մի առողջապահական կանոն, որ պետք է ներկայացնել մեր բժիշկներին։ Հյուրանոցի այն սենյակում, ուր իջել էի ես, ինձ հետ կային երեք թուրք հյուրեր: Ծովի վրա նայող պատուհանը ամբողջապես բաց, սենյակի դուռն էլ նրա ճիշտ դիմացում բաց, ծովի կողմից փչում էր մի այնպիսի հորդահոս քամի, որ քիչ էր մնում մեզ էլ տապալեր: Վեր կացա դուռը փակեցի. քամին դադարեց: Թուրքերը գանգատվեցին, թե «Այդ չեղավ. երբոր քամին մի կողմից փչի, ամբողջ քամին ներսը կմնա և մեր մարմնի մեջ մտնելով՝ հիվանդություն կպատճառի: Դուռն էլ պետք է բաց անել, որպեսզի դրսից փչող քամին անցնի գնա առանց մեզ վնաս տալու»: Այս տարօրինակ հայացքը միջանցուկ քամու մասին նոր էի լսում: Որոշեցին երկու կողմն էլ փակել, որպեսզի քամին կտրվեր և մեզ չվնասեր: Այդ կարծիքը հետո հորս հայտնեցի, որ ասաց, թե Կոստանդնուպոլսում ամենքն էլ այդպես են կարծում: Կոստանդնուպոլսում մի զվարճալի դեպք էլ տեղի ունեցավ: Փողոցում հանկարծ տեսնում եմ Կարապետ Բասմաջյանին, որին չէի տեսել վաղուց: Հարցրի, թե ինչո՞ւ է եկել: Պատասխանեց, թե Օսմանյան պետական գրադարանում Ջելալեդդին Ռումիի մի ձեռագիրը քննելու համար: Պատմեց հետևյալը: Մտնում է գրադարան, ներկայանում է իր ասիական համայնածավալ շալվարով մի մոլլա և հարցնում է, թե ի՞նչ եք ուզում: Բասմաջյանը ասում է, թե ձեզ մոտ Ջելալեդդին Ռումիի այսինչ ձեռագիրը կա․ բերեք տեսնեմ: Մոլլան պատասխանում է. «Մենք այդպիսի ձեռագիր չունենք»: — Դուք ունեք այդ ձեռագիրը և ես Փարիզից եկել եմ այդ ձեռագրի մեջ մի բան նայելու: Ես գյավուր եմ, ուստի չեք ուզում ցույց տալ, հա՞: Բերեք ձեռագիրը, ես ձեռք չեմ տա ձեռագրին, դուք կթերթեք, ես էլ կկարդամ: Այդպես էլ անում են: Բասմաջյանը գտնում է իր ուզածը, արտագրում և հեռանում: Բասմաջյանը ասաց, թե այդ գրադարանը հայերեն գրքերի մեծ հավաքածու ունի. այն բոլոր գրքերը, որոնք արգելված էին ցենզուրից և գտել էին խուզարկության ժամանակ մասնավորների տանը, այստեղ կան: Այս խոսքի վրա ես հրապուրվեցի և ուզեցի այցելել գրադարանը: Բասմաջյանը առաջնորդեց ինձ մինչև դուռը: Գրադարանը գտնվում էր Չաքմաքճըլար փողոցից վերև՝ Պապը Սերասքերի դեմը, հրդեհի մեծ աշտարակի դիմաց: Մտա ներս: Ներկայացավ մոլլան, որից խնդրեցի հայերեն գրքերի ցուցակը: Երկու-երեք երեսանոց աննշան մի ցուցակ էր։ Իմ նպատակն էր տեսնել Թովմաս Թերզյանի Հովսեփ Գեղեցիկ օպերան: Համարը գտա և պահանջեցի. գնաց բերեց ինչ-որ բողոքականի քարոզ։ Ասացի, որ այս չէ և նորից համարը տվի: Գնաց և մի ուրիշ քարոզ բերեց: «Այս էլ չէ»,– ասացի մոլլային: Մոլլան բարկացավ և ասաց. «Սրանք հայերեն չե՞ն, անպատճառ ա՞յն գիրքը պիտի կարդաս. այս գիրքը կարդա էլի»: Եվ բարկանալով, պահարանի բանալին շպրտեց ինձ, «Գնա, գտիր և կարդա»,— ասելով: Գնացի ներսի սենյակը, ուր գտնվում էր պահարանը․ կարծեմ ընդամենը, ըստ ցուցակի, 250 գիրք կար, ընդհանրապես բողոքական քարոզիչների հրապարակած կրոնական անարժեք տետրակներ, որոնք ձրի բաժանվում են: Սակայն գրքերի շարքում գտա Հովսեփ գեղեցիկը և կարդացի: Այս ձեզ Օսմանյան կայսրության Պետական գրադարանը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ձրի սրճարան, ուր զանազան անգործ մարդիկ նստած ծխում էին կամ իրար հետ խոսակցում: Կոստանդնուպոլսի հետաքրքիր վայրերից երկուսն էլ պետք է հիշեմ: Առաջինն է Մևլևիների մենաստանը, որ գտնվում է Ղալաթիայում: Մևլևիները կազմում են մահմեդական մի աղանդ, որի էությունը հայտնի չէ, գաղտնի են պահում: Ասում են, թե սուլթաններից մեկը մևլևիների գաղտնիքին ծանոթանալու համար իր որդուն տալիս է նրանց վանքը, ասելով նրան, թե «Գնա բոլոր գաղտնիքները իմացիր և արի, ինձ ասա»: Մևլևիները սիրով ընդունում են սուլթանի որդուն իրենց վանքում, դաստիարակում են նրան իրենց ոգով և վերջապես դարձնում են դերվիշ, անունը դնելով «Սերվեր դեդե»: Մի օր սուլթանը կանչում է իր որդուն և առաջարկում է գաղտնիքները հայտնել: «Ոչ մի գաղտնիք չկա, հայրիկ, մևլևիներն էլ այնպիսի մահմեդականներ են, ինչպես ամենքս. միայն հագուստով են տարբեր»: Սուլթանը չի հավատում և ասում է. «Տե՛ս որդի, ես քեզ տվի նրանց մոտ, որ նրանց գաղտնիքները ինձ բերեիր, ինչո՞ւ ես թաքցնում»: Որդին միշտ մերժում է և սուլթանը վերջապես գլխատել է տալիս նրան: Մևլևիները թաղում են նրան իրենց մենաստանում և գրում են բառախաղով շիրմի վրա հետևյալը. «Սեր վերիպ, սըռ վերմեյեն Սերվեր դեդե»: (Գլուխը տվեց, գաղտնիքը չտվեց Սերվեր դեդեն): Մևլևիների դավանանքի մասին ընդարձակ մի հոդված ունի Մրմրյանը, տպված «Ոստան» ամսագրում: Ընդհանուր խոսքով մևլևիների դավանանքի էությունն է ազգերի և կրոնների հավասարությունը: Բոլոր կրոնները հավասար են, բոլոր ազգերը եղբայր են, բոլորը հավասար են իրար և դավանանքի տարբերությունը ձևական է: Ոչ մի ազգ իրավունք չունի բռնանալու ուրիշի վրա, և ոչ մի կրոն իրավունք չունի մի ուրիշ կրոնից գերազանց համարելու իրեն: Գնացինք մևլևիների մենաստանը: Նրանց արարողությունը կատարվում է պարով. ընդարձակ դահլիճի վերնատնում նստած է մի դերվիշ և նեյով նվագում է սրտառուչ մի մեղեդի (նեյը մի տեսակ երկար սրինգ է). նրա կողքին նստած է մի ուրիշ դերվիշ, որ նվագի հետ կարդում է աղոթքները: Ցածրում, դահլիճում մյուս բոլոր դերվիշները, թևերը պարզած, լայնատարած շորերը փռած իրենց վրա անդադար դառնալով՝ շրջապտույտ պար են գալիս շարունակ, մինչև որ ուշագնաց, գլխակորույս ընկնում են և քնում: Արարողությունը վերջանում է: Մևլևիները շատ բարի մարդիկ են. կրում են երկար թաղիքե գլխարկներ. հագուստները շատ լայն են և խոսելիս միշտ կրկնում են «Յա՜ հո՜ւ»: Միայն նրանց գիշերային արարողությունն է ահավոր, երբ դրսից լսվում է նրանց խռպոտ հռնդյունը: Մեր թաղում (Սամաթիայի Նոր թաղ), երբ սուլթանի հրամանով գազանացած խուժանը հարձակում է գործում հայերին կոտորելու համար, մևլևիների գլխավոր վանահայրը, որ մի ալևոր ծերունի էր, վազում է խուժանի առաջ, կասեցնում է նրանց և ասում. «Ո՞ւր եք գնում»: Պատասխանում են, թե սուլթանի հրամանն է կոտորել հայերին: Դերվիշ դեդեն պատասխանում է. «Սուտ եք խոսում, սուլթանը ժողովրդի հայրն է, նա չի կարող այդպիսի հրաման տալ, ես ձեզ չեմ թողնի, մինչև դիակս այստեղ չփռեք»: Այսպիսով թաղը փրկվում է. խուժանը հետ է գնում: Երկրորդ մենաստանն էր Ռուֆայի դերվիշներինը, որ գտնվում էր Սկյուտար թաղում: Ռուֆայի նշանակում է «հաչող», որովհետև շան նման հաչում են: Գնացինք այդ մենաստանը. որոշված ժամին մեզ նման բազմաթիվ հանդիսականների առաջ դերվիշները կարգով կանգնեցին: Վանահայրը, նստած գետնի վրա, հրամայեց գոչել «Յա՜ Ալլահ». բոլոր դերվիշները ձեռք-ձեռքի տված, պար բռնած, աջ ու ձախ օրորվելով և վազվզելով, շարունակ գոռգոռում են «Յա՜ Ալլահ», մոտ տասը րոպե, մինչև վանահայրը հրամայում է լռել: Այս անգամ տալիս է մի ուրիշ բառ. «Յա՜ Քերիմ» (ով ողորմած): Տաս րոպե էլ այս է տևում։ Այսպես շարունակ վանահայրը տալով նորանոր ածականներ Աստծուն, դերվիշներն էլ պարում են: Իրենք էլ ձանձրացած այս անիմաստ կոչականներից, աչքերով լպիրշ հայացքներ գցելով հանդիսականների վրա, անճոռնի և անկարգ պարում են, մինչև անգամ վանահայրը ստիպված է լինում կարգի հրավիրել։ Այս ապուշ արարողությունը տևեց մի ժամ. վանահայրը կարդաց վերջին աղոթքը և արձակեց բոլորին: Այն միջոցին, երբ գտնվում էինք Կոստանդնուպոլսում, տեսա իմ հին ընկերներից մի քանիսին, բայց ոչ բոլորին, որովհետև շատերը գտնվում էին արտասահմանում: Տեսա իմ սիրելի դասընկեր Միքայել Շամտանճյանին, որ հայտնի բանաստեղծ էր և հրատարակում էր «Ոստան» ամսագիրը, մեր հանդեսներից լավագույնը, որի մեջ ես էլ մի քանի հոդված հրատարակեցի: Դպրոցական շրջանից արդեն մենք շատ սիրով էինք: Նա ամուսնացել էր Հրաչուհի անունով մեկի հետ, որ վայելում էր գեղեցկուհու համբավ: Հրաչուհու քույրը (Տայան ազգանունով) բաց էր արել աղջկանց մի վարժարան, անգլիական «հոմ սքուլ»-ի (տնային դպրոց) ձևով, որ և Կոստանդնուպոլսում մեծ համբավ էր ստացել: Շամտանճյանը և կինը մնացին մեզ մոտ երկու օր, որից հետո մեզ էլ հրավիրեցին իրենց տունը, որ գտնվում էր Սկյուտարում: Գիշերեցինք նրանց մոտ: Առավոտուն, ըստ պոլսական սովորության, Միքայելը գիշերանոցով բարձրացել էր պարտեզի թզենու վրա և կողքին կախած կողովի մեջ լալեով սառնորակ թուզեր էր հավաքում (լալեն մի երկար ձող է, որի ծայրը ճեղքելով մի անցք են շինում. հեռվում գտնված թուզը բռնում են այդ անցքի մեջ և ոլորելով պոկում): Սառնորակ ընտիր թուզերի համը շատ քաղցր է: Կոստանդնուպոլիսը արտադրում է բազմատեսակ ընտիր թուզեր: Տեսանք իմ շատ սիրելի ընկեր Սարգիս Մինասյանին, զենկիլերցի, որի հետ 1895 թվականին փախել էինք Կոստանդնուպոլսից: Նա գնաց Շվեյցարիա ուսանելու հասարակական գիտություններ և վերադարձել էր Կոստանդնուպոլիս: Հիանալի գեղեցկությամբ, առույգ դեմքով և հասակով, բարեկիրթ և շատ քաղաքավար, այնպիսի մի երիտասարդ էր դարձել, որ ամենքի վրա հիացմունքի տպավորություն էր թողնում: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ այնքան սիրալիր գտնվեց, որ մի գեղեցիկ, փարթամ ծաղկեփունջ բերեց և նվիրեց կնոջս շոգենավի վրա: Հինգ հարյուր մտավորականների կոտորածի ժամանակ Սարգիսը զոհվեց, իսկ Միքայելը զերծ մնաց: Գնաց Ասորիք, ուր մեծ թշվառության մեջ մեռավ: Իր գեղեցկուհի կինը՝ Հրաչուհին, մեռել էր 1911 թվականին: Տեսա նաև Արամ Խաչատրյանին, որ այժմ կրում էր Աղվորիկյան ազգանունը. Կեդրոնականի իմ սիրելի ընկերներից էր, N 50: Մի ոտքը կաղ, կարճ հասակով գեղեցիկ տղա էր. ավարտելուց հետո մեզ նման ուսումը չշարունակեց, այլ գալանտերեայի մի խանութ բացեց: Մենք երկուսս բավական ժամանակ թղթակցել ենք իրար հետ և իմ նամակների մի մասը տպագրության էր տվել: Մի օր շոգենավում, մի քանի ընկերների հետ պատահում եմ Սիմոն Չիլինկիրյան անուն ընկերոջս, որ Խասգյուղ թաղից էր և երկրորդ տարվանից թողեց դպրոցը և գործի անցավ: Նա պարծենում էր ամենքի առաջ և ասաց. — Կոստանդնուպոլսում գտնված բոլոր հայերը, մեծ և փոքր, ամենքն ալ բանտարկվեցան կարճ կամ երկար ժամանակով. միայն ես չբանտարկվեցա. սուլթանը չկրցավ ինձի բանտարկել: Ես, ընկերներիս ներկայությամբ, սուտ պարծանքով, ցույց տալ ուզելով, թե այսքան տարվա մեջ մայրենի լեզուս չեմ մոռացել, խոսում էի պոլսական ամենառամիկ բարբառով, թուրքերեն և եվրոպական բառերով խառն: Սիմոնը դարձավ ինձ և այս դառն նկատողությունն արեց. — Է, այդ ի՞նչ գռեհիկ լեզու կխոսիս. այստեղ Կովկաս չէ: Մենք հոս ազգային հարց ունինք. ի՞նչ կըսեն թուրքերը, երբ խոսածիդ մեջ թուրքերեն բառ լսեն. «Դուք ա՞զգ եք,— կըսեն,— դուք լեզու չունի՞ք, ինչո՞ւ թուրքերեն բառեր կգործածեք: Եվ դեռ կհամարձակիք ինքնավարություն պահանջելու»: Օտարներն ալ լսելով եվրոպական բառերդ, որոնք մեծ մասով հունարեն են, կծաղրեն մեզի, ըսելով, թե ինչո՞ւ մեր բառերը գողցեր են: Այս նկատողությունը մեջ բերի ցույց տալու համար (կովկասեցոց), թե ի՞նչ մտայնություն է տիրում Պոլսի մեջ, որքան վախենում են օտար բառեր գործածելուց և աշխատում են միշտ հարազատ հայերեն խոսել: Իսկ մենք այստեղ «միջազգային» ասելով ամեն օտար բառ ազատորեն գործ ենք ածում: Գնացի տեսա Ներսես Թյուլյանին, որ սամաթիացի էր և նախակրթարանից սկսած մինչև Կեդրոնականի վերջին դասարանը ընկերացել էր ինձ: Ավարտելուց հետո գնաց Նանսի և բժշկականը ավարտելով, Կոստանդնուպոլիս վերադարձավ: Բնակվում էր Մաքրիգյուղ և նշանավոր բժիշկ էր: Գնացինք իր տունը: Նա էլ ամուսնացել էր ինձ նման կովկասցի մի աղջկա հետ, որ Կոստանդնուպոլիս մնալով, պոլսական հայերենն էր յուրացրել: Ամառը վերջանում էր և մենք պետք է մեկնեինք: Համոզեցի ծնողներիս, որ Կոստանդնուպոլիսը թողնեն և ինձ հետ գան Նոր-Նախիջևան: Համաձայնվեցին և չորսս միասին մի հոյակապ ռուսական շոգենավ նստելով՝ եկանք Օդեսա: Այդ տարին զուգադիպությամբ Օդեսայում մի մեծ ցուցահանդես կար: Գնացինք տեսնելու. որքա՜ն ուրախացավ հայրս, որ կյանքում այդպիսի բան չէր տեսել։ Արհեստագետ և հետաքրքիր մարդ լինելով, մանրամասն դիտում էր ցուցադրված առարկաները և գովաբանում: Օդեսայում այդ տարի ժանտախտի (չումա) երկու դեպք էր պատահել։ Ցարական կառավարությունը իսկույն հրամայել էր շրջապատել ամբողջ թաղը, բնակիչներին մերկ դուրս բերել առանձին մաքրարան (կարանտինա) և ամբողջ թաղը կրակի տալ: Երկու օր տևել էր բոցավառ հրդեհը և լափել ամեն ինչ: Մենք հասանք, երբ ավերակները դեռ ծխում էին: Ժանտախտը այսպիսով դադարել էր: Օդեսայից ուղղակի եկանք Նոր-Նախիջևան, ուր վարձեցինք մի փոքր բնակարան: Դա Մարիետա Շահինյանի հայրենի տունն էր: Այդ տարին բարեբախտաբար առատ բերք կար. ձմերուկը, որ ես այնքան սիրում եմ և որի մասին Կոստանդնուպոլսում շարունակ գովեստ էի կարդում մերոնց, այդ տարի չափազանց էժան և առատ էր: Հայրս շուկայից գալիս էր երկու թևերի տակ երկրագնդի մեծությամբ երկու խոշոր ձմերուկ դրած, տալիս էր մորս՝ «Կնի՛կ, սա նայե, հատը 15 կոպեկ է»: Լիառատ կյանք վայելեցինք: Մի օր, առավոտյան ժամը չորսին, մութնուլուսուն հայրս գնում է շուկա նավթ առնելու: Սեպտեմբեր ամիսն էր և շատ ցուրտ, ինչպես լինում է Նոր-Նախիջևանում: Հայրս իրեն Կոստանդնուպոլսում կարծելով, վերարկու չէր հագել: Հայտնի է, որ Ռուսաստանում ժամը 4-ին դեռ խանութները փակ են, իսկ Կոստանդնուպոլսում այդպիսի բան չկա: Ամեն արհեստավոր և խանութպան ազատ է, որ ժամին որ ուզե, խանութը բաց կանի կամ կփակի: Այսպես մտածելով հայրս գնացել էր շուկա. խանութները փակ էին. փոխանակ տուն դառնալու, սպասել է 4 ժամ, ցրտի տակ դողալով, բայց անխոհեմությամբ դիմադրելով և վերջապես տուն եկել: Թոքերի բորբոքում ստացավ և անկողին ընկավ: Շատ էր տանջվում: Կանչեցինք նշանավոր բժիշկ Աստվածատուր Քեչեկ-ծանյանին, որ Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից էր: Երկու շաբաթ տևեց հիվանդությունը: Երբ շատ ծանրացավ, բժշկական խորհրդակցություն (կոնսիլիում) խնդրեցինք: Երեք հոգով կոնսիլիում կազմեցին. խորհրդակից բժիշկներից մեկը հայ էր, մեկը ռուս: Երեքով առանձնացան մի սենյակ, որի կողքի սենյակից կինս թաքուն լսում էր։ Բժիշկներից մեկը (ռուսը) հարց է տալիս, թե «Կոտորակները ընդհանուր հայտարարի ինչպե՞ս պետք է բերել, ես ինչքան անում եմ, չեմ կարողանում»: Երկար բարակ նրան բացատրում են: Հետո սկսում են խոսել օդի բարեխառնության, ապա բերքի առատության մասին: Վերջը ասում են. «Դե, մի քիչ էլ հիվանդի մասին խոսենք»: Քեչեկյանը պատմում է, թե հիվանդը ինչ վիճակի մեջ է, որից հետո բժիշկները գալիս են հիվանդի մոտ, մի քիչ մարմինը դես դեն խփում և հանգիստ սրտով հայտարարում. «Հիվանդը լավացել է, բոլոր վերքերը փակվել են, վաղը արդեն վեր կկենա»: Մենք երկուսս (կինս ու ես) բոլորովին հանգստացած, ուրախ զվարթ գնում ենք քնելու, առանց ուշադրություն դարձնելու հիվանդի հեծեծանքներին: Կես գիշերից անց լսում ենք լացի ձայն. վազում ենք սենյակ. մայրս աղիողորմ լաց էր լինում. հայրս մեռել էր: Հիշում եմ, երբ նախորդ առավոտյան գործարանի սուլոցը սուլեց, հայրս ասաց. «Արքատաշլարըմ իշե գիթտիլեր. բեն էշեք կիպի պուրտա յաթմըշըմ» (ընկերներս աշխատանքի գնացին, ես այս տեղ էշի նման պառկել եմ): Մեռնելու մոտ ասել էր. «Էշեք կիպի կելտիք, էշեք կիպի կիտիյորըք» (էշի պես եկանք, էշի պես գնում ենք): Առավոտը գնացի բժիշկ Քեչեկյանին մահվան վկայական ուզելու: Զարմացած հարցրեց. «Մի՞թե մեռավ. ինչի՞ց մեռավ»: — Բժիշկը դուք եք, ի՞նձ եք հարցնում. դուք ասացիք, որ բոլորովին լավացել է, և մենք ձեր խոսքին վստահելով, հորս վերջին րոպեները անխնամ թողեցինք: Թաղման կարգը Ավետիս Տեր-Հարությունյանը կազմակերպեց: Նոր-Նախիջևանում այն ժամանակ կար մեռել թաղելու հատուկ մի խանութ. սակարկությամբ նրանք ամեն ինչ հոգում էին. դագաղ, քահանա, մինչև անգամ հուղարկավոր մարդիկ: Հորս հուղարկավորությունը շատ անշուք կատարվեց. բացի մեր քահանա Քելլեշահինյանից, տեսուչ Շահազիզից և մեր ընկեր Ավետիսից, ուրիշ ոչ ոք չկար. կային միայն մեռելի խանութից ուղարկված 2—3 ռուսներ: Հորս թաղեցինք գերեզմանատան Ս․ Կարապետ եկեղեցու հետևում, պատի տակ: Վաթսուն տարեկան էր, երբ մեռավ, դեռ շատ առույգ հասակում (1910 թ. սեպտ.): Հորս մահվանից հետո մորս դրությունը անտանելի դարձավ։ Երեսը պատին դարձրած լաց էր լինում շարունակ: Մեռնելու ժամանակ հայրս նրան ասել էր. «Եթե ապրիլ կուզես, հոս մի՛ կենար, ել Կոստանդնուպոլիս գնա»: Մայրս չուզեց մնալ: Նախ չհավանեց այն քաղաքը, որ իր ամուսնու վաղաժամ մահվան պատճառ եղավ, մի չնչին նավթի պատճառով: Չսիրեց Նոր-Նախիջևանի լայն փողոցները, որտեղ հարևանները իրար չեն տեսնում: Նա ուզում էր Կոստանդնուպոլսի նեղ փողոցները, ուր խոսակիցները պատշգամբից դիմացե դիմաց խոսում են և իրար զանազան բաներ տալիս: Մորս հետ տանելու համար, հրաման առի դպրոցից, տարի նրան Բաթումի, որպեսզի այնտեղից Կոստանդնուպոլիս գնա: == 1912 ԹՎԱԿԱՆ == Հորս մահվանից երկու տարի հետո որոշեցինք երկրորդ անգամ Կոստանդնուպոլիս գնալ մորս տեսության: Այն ժամանակ անցագիր պատրաստելը շատ հեշտ գործ էր: Եվրոպական երկրներում արդեն անցագիր չկար. ով որ, երբ որ, ուր որ ուզե, կարող է կայարան գնալ, տոմս վերցնել և մեկնել։ Ռուսաստանում, ցարական շրջանում, մի փոքր ձևականություն կար: Դիմում պետք էր տալ և անցագիր ստանալ: Ըստ այսմ ես էլ Ռոստովի քաղաքապետին (գրադոնաչալնիկ) ռուսերեն դիմում գրեցի և տարի պաշտոնատուն: Դիմումս ընդունեցին անմիջապես, բայց ասացին, որ քաղաքապետը դուրս է եկել, մի ժամից կգա և կստորագրի: Գնացի քաղաքային պարտեզ, մի ժամ թափառեցի և եկա պաշտոնատուն: Անցագիրս պատրաստ էր: Երկու հոգու համար 6 ամսվա և վճարն էր 6 ռուբլի: Օդեսայի վրայով Կոստանդնուպոլիս մեկնեցինք: Շոգենավը ռումինական նավահանգիստները կանգ չառավ, բայց կանգնեց Վառնայում և Բուրգազում: Վառնայում չթողեցին դուրս գալ, բայց Բուրգազում թողեցին: Հիշում եմ, թե ինչպես կես ժամի չափ ես ու կինս ման եկանք Բուրգազի փողոցներում: Ամեն ինչ Կոստանդնուպոլսի նման էր: Կարծես թե Կոստանդնուպոլսի մի փոքրիկ հեռավոր թաղն էինք մտել: Խանութները, ուտելեղենները, նույնիսկ մարդիկ գրեթե նույն ձևով: Տեսանք թուրքեր էլ, բայց ո՜րքան բարեկիրթ, հանդարտ, կարգապահ և հպատակ: Կոստանդնուպոլիսը նկարագրելու կարիք չկա: Դեռ ամեն ինչ նախկին կարգով էր. հայերը հարգված ժողովուրդ էին և հանգիստ ապրում էին: Սակայն սկսել էր Հայկական հարցի նոր վերաքննությունը: Ռոստովում հրատարակվում էր «Приазовский край» օրագիրը, որի խմբագրության մեջ հայեր էլ կային: Մեծ դեր ուներ հատկապես խմբագիրներից Հակոբ Սամսոնիչ Խաչատրյանը: Նա Նոր-Նախիջևանի թեմական դպրոցի ռուսերեն և լատիներեն լեզուների ուսուցիչն էր. հետագայում նա ամուսնացավ բնիկ Նոր-Նախիջևանցի Մարիետտա Շահինյանի հետ, որ այժմ նշանավոր գրող է ռուսաց մեջ: Խաչատրյանը և ես ոչ միայն պաշտոնակից, այլև մոտիկ ընկերներ էինք: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, նույն ռուսերեն թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում Կոստանդնուպոլիս Հայկական հարցի ուսումնասիրության համար: Այս նպատակով ես գնացի Հայոց ազգային երեսփոխանական ժողովի նախագահ Վարդգես Փափազյանի մոտ և թղթակցի վկայականս ցույց տալով, խնդրեցի, որ Հայոց հարցի մասին որոշ տեղեկություններ տա, հաղորդելու համար թերթի խմբագրության: Նա սնափառ պարծենկոտությամբ ասաց ինձ. «Ես ձեզ չեմ ընդունում իբրև «Приазовский край» թերթի թղթակցի, այլ իբրև հայտնի հայագետի. ուստի իմ տված տեղեկությունները կլինեն այդ սահմանում»: Սակայն իր տված տեղեկությունների մեջ ոչ մի նորություն չկար. ինչ որ ասաց արդեն տեղական թերթերում, մանավանդ ֆրանսերեն լեզվով հրատարակված լրագրում կար: Դուրս եկա նրա մոտից և այլևս նրա մոտ գնալ ավելորդ համարեցի: Թերթերից քաղելով, հոդված պատրաստեցի ֆրանսերեն լեզվով և ուղարկեցի խմբագրության: Հակոբ Խաչատրյանը նույնը թարգմանեց ռուսերենի P. A․ ստորագրությամբ: Կարծեմ այսպիսի 4 հոդված ուղարկեցի, որոնք տպվեցին նույն թերթում: Շատ ժամանակ հետո պատահմամբ «Մշակ» օրաթերթի մեջ տեսա առաջին հոդվածիս թարգմանությունը Ռ. Ա. ստորագրությամբ: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ, թղթակցի պաշտոնս փոխանցեցի Միքայել Շամտանճյանին, որ ուղարկեց իմ մեկնումից հետո երկու հոդված հայերեն լեզվով: Ամառը վերջանալուն հրաժեշտ տվինք մորս: Հիշում եմ, երբ նա տան դռան առաջ դառնագին լաց լինելով համբուրում էր ինձ և կնոջս, ասելով, թե այլևս ձեզ չեմ տեսնելու, ես պատասխանեցի, թե երկու տարին մեկ գալիս ենք, էլի կգանք, բայց նա ասաց. «Ոչ, էլ չեմ տեսնելու»,— և նորից դառնագին լաց եղավ: Իրոք որ իր ասածը կատարվեց: Ծագեց համաշխարհային պատերազմը, որին մասնակցեց նաև Տաճկաստանը և սրանով կործանեց ոչ միայն իրեն, այլև մեզ: Ես մորս ուղարկում էի ամեն ամիս 25 ռուբլի, որ Կոստանդնուպոլսում ապրելու համար լավ գումար է: Պատերազմի ժամանակ անհնարին եղավ որևէ ձևով փող ուղարկել իրեն, տաճիկները, ինչպես բոլոր քրիստոնյաներին, նույնպես և մորս Բոսֆորից աքսորեցին դեպի Կոստանդնուպոլսի ներքին թաղերը: Մայրս այդ ծեր հասակում ապաստանեց իր երկու քույրերի տանը և այնտեղ էլ մեռավ 1921 թվականին, 72 տարեկան հասակում: Թաղվեց Պալըքըլի ազգային գերեզմանատնում իր մոր և սիրելի աղջկա՝ Արշալույսի կողքին: == ՓԱԽՈՒՍՏ ՌՈՍՏՈՎԻՑ == Մինչև 1918 թվականը մենք մնացինք Նոր-Նախիջևանում: Այդ 11 տարվա միջոցին բնակվել ենք 20 տարբեր բնակարաններում, մեծագույն մասամբ հայ, մի-երկուսն էլ ռուս: Այսքան տեղափոխության պատճառը այն էր, որ ամեն ամառ գնում էինք Կովկաս, ուստի բնակարանն էլ թողնում էինք, երեք ամսվա ավելորդ վարձ չվճարելու համար։ Ամենից ավելի կապված ենք եղել Մարիա Պավլովնա Խոջապարոնյանի հետ, որի հետ կինս համարյա քույր էր դարձել: Արդեն վերևում խոսել ենք այդ ընտանիքի մասին: Երբ ծագեց համաշխարհային պատերազմը, և հայ ազգն էլ իր կամավորական գնդերով մասնակցեց պատերազմին ռուսաց կողմում, Նոր-Նախիջևանն էլ կենտրոն դարձավ արևմուտքից եկող այդ հայկական կամավորական գնդերին: Այս բոլորի պատմությունը շատ հետաքրքիր է: Նոր ազգային կյանք ստեղծվեց համարյա հայությունը կորցրած այդ քաղաքում: Այս բոլորի մասին շատ բան կա տպված: Երբ գերմանացիք հանդգնեցին արշավել Ռոստովի վրա, ես վախեցա, որ մի մատնիչ հայ կհայտնի նրանց, որ ես նախկին տաճկահպատակ եմ: Այդ դեպքում նրանք ինձ կվերցնեին իրենց բանակում կամ կգնդակահարեին: Այս երկյուղով ես թողեցի քաղաքը, ամբողջ գրքերս և իրերս դպրոցը թողնելով և վերցնելով միայն Արմատական բառարանս և մի քիչ հաց, փախա քաղաքից: Գերմանացիք մոտ էին Ռոստովին. կես ժամ էր մնացել հասնելու։ Փախուստս այնքան հապճեպ եղավ, որ մինչև անգամ իմ մի խոշոր ձեռագիրը (Հայարձան) թողեցի այնտեղ: Ճանապարհորդությունը շատ դժվար էր: Գնացքների երթևեկությունը շատ անկանոն: - Բարեբախտաբար կինս այդ ժամանակ Բաքվում էր, իր ծնողների տանը: Ես պատրաստվեցի հետիոտն փախչել գերմանացիներից: Պատահմամբ այդ օրը կամավորական մի մեծ խումբ մեկնում էր դեպի Կովկաս: Խմբի մեջ մտել էին մեր վերջին դասարանի աշակերտներից շատերը, նաև նախորդ տարիների շրջանավարտներից նրանք, որ արդեն ռուսական զինվորական ծառայության մեջ էին: Ես էլ միացա նրանց հետ: Խումբը ուներ ընկեր Լենինից ստացված հրովարտակ, թնդանոթներ, գնդացիրներ և հրացաններ: Խոշոր պատրաստություն ունեին և մտադիր էին գնալ Կարին: Ամենավերջին րոպեին Ավագ Տեր-Վարդանյանը (պարսկաստանցի) իբրև գաղտնիք ականջիս փսփսաց, թե տաճիկները Կարինը գրավել են: Այս ծանր լուրը վատ ազդեց վրաս և շատ թուլացա: Գույժը հայտնեցի մեր շրջանավարտներից մի սպայի, որի հետ աշակերտական շրջանում շատ մոտիկ էի: «— Ի՞նչ կա որ,— բացականչեց երիտասարդ սպան,— բա ինչի՞ ենք գնում: Գնում ենք գրավելու»: Այս փոքրիկ քաջալերականը մեծ խրախույս ներշնչեց ինձ: Գնացքը շարժվեց, բայց չափազանց դանդաղ. շուտ-շուտ կանգնում էր և շատ երկար ժամանակ: Կամավորական խմբի գլխավորներից երկուսը տեսնելով ինձ մի ապրանքատար վագոնի մեջ, դարմանի վրա պառկած, հրավիրեցին իրենց փափուկ վագոնը։ Խնդրեցին, որ մնամ իրենց մոտ, ավելի լավ պայմաններում: Ես մերժեցի, ասելով, թե իմ ընկեր աշակերտներիս չեմ կարող թողնել: Այն ժամանակ նրանք եկան վագոն և ընկերներիս մի փոքրիկ ճառ կարդացին, համոզելու համար, որ իրենց ուսուցչին թողնեն գնալ փափուկ վագոնը: Բոլորը համաձայնվեցին: Միայն մի տղա բողոքեց և ասաց. «— Ո՛չ, մենք բոլորս զինվոր ենք. մեր մեջ խտրություն չկա, ինչ որ մենք ենք, նա էլ նույնը»: Ես գոհ եղա իր համարձակ խոսքից և մնացի այդ վագոնում: Կամավորները եկան մինչև Արմավիր, ուր միանալով 400 ուրիշ կամավորների հետ, մեկնեցին դեպի ծով: Արմավիրում լսեցի, որ մի նոր գնացք կա, որ պատրաստվում է մեկնել Կովկաս: Գնացքը կանգնած էր կայարանից 10 րոպե հեռու: Ես վերցրի իմ մեծ պարկը (որի մեջ ես լցրել էի Արմավիրից գնված մի քանի խոշոր հացեր) և շալակելով եկա գնացքի մոտ: Հանկարծ նկատեցի, որ կրկնակոշիկներս մոռացել եմ կայարանում: Հարցրի և իմացա, որ գնացքը դեռ 20 րոպե սպասելու է: Նորից բեռներս շալակած հետ դարձա կայարան կրկնակոշիկներս վերցնելու: Հանկարծ գնացքը մեկնեց, և ես դուրս մնացի: Այդ գնացքը ամբողջությամբ գերի ընկավ ապստամբ լեռնականների ձեռքը, որոնք թալանել էին ամբողջ գնացքը և հայ ուղևորներին կոտորել: Հին կրկնակոշիկներս փրկեցին իմ կյանքը, և ես երախտագիտությամբ պահել էի դրանք մինչև 20-ական թվականները Երևանում: Այս բոլոր պատմությունները մինչև Բաքու հասնելս տպված են Բաքվի «Արեգ» թերթում, ուստի տալիս եմ միայն շատ կարճ ամփոփում: Կազմվեց մի նոր գնացք, որ շարունակեց ճանապարհը մինչև Կուբանի կամուրջը: Այդտեղ կայարանապետը արգելեց մեզ առաջ գնալ, որովհետև լեռնականները ապստամբել են և կոտորում են ճամփորդներին: Գնացքում 1000 ուղևոր կար: Ընտրեցին վեց պատգամավոր, որոնք գնացին ապստամբների մոտ բանակցելու և ճանապարհ խնդրելու, բայց անհաջող: Պատգամավորների մեջ կար մի երիտասարդ շամախեցի Սարգիս անունով, որի նշանածը գտնվում էր Բաքվում: «— Ինչ էլ որ լինի, ոտքով պիտի կտրեմ լեռները և Բաքու պիտի գնամ նշանածիս գտնելու,— ասաց այդ քաջարի երիտասարդը»: Ես էլ իր դրության մեջ էի. կինս գտնվում էր Բաքվում, և ես պետք է գտնեի նրան: Մեկ ուզեցի ընկերանալ երիտասարդին, բայց գտա, որ դա անխորհուրդ է. մեկ էլ համոզեցի երիտասարդին, որ գա ինձ հետ, բայց նա չուզեց: Չգիտեմ, թե երիտասարդի վախճանը ինչ եղավ, բայց շատ կուզեի իմանալ: Հազար ուղևորները դուրս թափվեցին և բաց դաշտում գիշերեցինք: Արմավիրում պատահաբար ես մի գիրք էի գնել՝ «Արմավիրի հայ երգեցիկ խմբի պատմությունը». այդ գրքի վերջում կար Կովկասի բավական մեծ մի քարտեզ: Քննեցի տեսնելու համար, թե ինչ ճամփով կարելի է շրջապտույտ կատարել և Բաքու հասնել: Լավագույն միջոցն էր գնալ գնացքով Ղզլար, այնտեղից իջնել ծով և նավակով անցնել Բաքու: Իմ ասածը քարոզեցի բոլորին, բայց նրանք չհամոզվեցին և չհետևեցին ինձ: Հետս եկան միայն 40 հայ պատանի թեհրանցի, որոնք Լազարյան ճեմարանի աշակերտներից էին: Եկավ նաև մի թեհրանցի հայ, որ Մոսկվայի պարսկական դեսպանատան պաշտոնյաներից էր: Բոլորս միասին եկանք Ղզլար, ուր մնացինք երկու շաբաթ: Այդտեղից ձուկ փոխադրող սայլակներով գնացինք Տուշիլովկա ռուսական գյուղը, որ գտնվում էր Կասպից ծովի արևմտյան ափին: Գյուղում հանկարծ գտնում ենք մի հայ երիտասարդ, որ Սիբիրի աքսորից փախել էր և եկել այդ գյուղը։ Նա միացել էր մի ռուս քահանայի հետ և միասին կառավարում էին գյուղի դպրոցը և եկեղեցին: Նա մեզ օգնեց, ցանք մեծ քանակությամբ չորացրած վոբլա (հաց չկար) և մի քանի ձկնորսական առագաստանավերով ճանապարհ ընկանք դեպի Աստրախան: Երեք օր ու գիշեր մնացինք ծովի վրա, որովհետև քամին թույլ էր: Հասնելով Աստրախան, տեսանք, որ շոգենավը պատրաստ կանգնած է և մեկնելու է դեպի Բաքու: Բոլորս լցվեցինք նավը: Մինչև այժմ կարծես ականջիս մեջ հնչում է կեղտոտության գերագույն ապացույցը: Քայլում ենք տախտակամածի վրա, կարծես մանր ավազ լինեին ցանած հատակին, ամեն մի քայլի տակ անվերջ ճռճռթում էին ոջիլները: Ես, որ ոջիլ բառը լսելիս երկու ժամ թքում եմ, չգիտեմ ինչպես հանդգնեցի պառկել կեղտից սևացած այդ անկողինների մեջ, որոնք ոջլի բույն էին: Մանավանդ ինչպես չվարակվեցի տիֆից… Դեռ Նոր-Նախիջևան եղած ժամանակս լսել էի, որ Բաքվում հայերի մեծ կոտորած է եղել՝ թուրքերի ձեռքով: Ինչպե՞ս կարող էի գնալ Բաքու. բայց ընտանիքի սերը քաշում էր անվերջ: Ճանապարհին մի ինչ-որ փոստատուն գնացի և հարցրի, թե կարելի՞ է փող փոխադրել Բաքու: «— Իհարկե,— պատասխանեց պաշտոնյան»։ «— Իսկ եթե ճանապարհը փակ լինի»։ «— Այդ միևնույն է, մենք կհեռագրենք Թիֆլիս, Թիֆլիսի վրայով էլ Բաքու»: Միամիտ Աճառյանս հավատացի և մի թղթի կտորի վրա վստահանալով 300 ռուբլի փոխադրեցի կնոջս՝ Բաքու: Որքան ծիծաղեց արդյոք խարդախ պաշտոնյան իմ միամտության վրա: Բաքվում ոչինչ չէին ստացել: Ղզլարում եղած ժամանակս, մտածելով, որ թուրքերը արդեն տեր են դարձել Բաքվին և կարող են ինձ էլ սպանել, որոշեցի կեղծ անցագիր պատրաստել: Ֆրանսիացի, անգլիացի և գերմանացի ձևանալ դժվար է մեզ համար՝ գույնի և հասակի պատճառով: Որոշեցի ձևանալ շվեյցարացի: Մի մեծ թղթի վրա, ձախ կողմում ֆրանսերեն լեզվով գրեցի. «Ես, ստորագրյալս, շվեյցարական հյուպատոս Ռոստովում, հաստատում եմ, որ Rachie Adjar-ը ծնված 1876 թվականին Ժնեվ…? այսինչ գյուղում, ազատված է զինվորական ծառայությունից փոշտանկ (գրիժա) հիվանդության պատճառով»: Սրա դիմացը նույնը ռուսերեն թարգմանությամբ գրեց ընկ. Սողոմոնյանը, որ Նոր-Նախիջևանում գտնված և ինձ բարեկամ երաժշտագետ Դավիթ Սողոմոնյանի երեց եղբայրն էր: Դավիթ Սողոմոնյանը սրտի հիվանդությունից մեռավ 20-ական թվականներին, Երևանում: Իսկ նրա մյուս եղբայրը՝ Սողոմոն Սողոմոնյանը այժմ էլ դեռ կենդանի է և պարապում է դաշնամուր լարելու արհեստով: Ղզլարում այն երեց եղբայրը ուներ գինու վաճառատուն: Վաճառատան կնիքը ռուսերեն տառերով մի խոշոր բոլորակ էր, իսկական հյուպատոսական կնիք կոչելու արժանի: Երկու թարգմանությունների միջև, ցածրում կնքամոմով դրինք այդ կնիքը, և որպեսզի կնքի արձանագրությունը չխանգարի, մի քիչ քերելով անընթեռնելի դարձրինք: Այս սուտ անցագիրը գրպանս համարձակ կանգնել եմ շոգենավի առաջ, երբ մոտեցանք Բաքվի նավահանգստին: Բայց տեսնում եմ, ի զարմանս իմ, որ ծովափին դրված է մի թնդանոթ, բերանը ուղղած դեպի Բաքու, իսկ ռուս զինվորը կանգնած կողքին: Ազատ և վստահ շտապում եմ տուն. կինս դուռը բաց է անում. «— Ես կարծում էի, որ բոլորդ ազատված եք,— ասացի նրան»: Նա էլ ասում է. «— Ես լսեցի, որ Ռոստովում մեծ կոտորած է եղել և դու էլ սպանվել ես»: Բաքվի հայոց դեպքերը, հայերի հերոսական դիմադրությունը տաճկական բանակի դեմ, անգլիացիների խաբեբա միջամտությունը և վերջապես հայերի փախուստը Բաքվից՝ ընդարձակ պատմված են ժամանակակից թերթերում: Ես էլ մի մանրամասն պատմություն եմ գրել այդ դեպքերի և ձեռագիր մի օրինակը ուղարկել եմ Վենետիկի վանքը: sx4y90l8g4v1x9a9nbx9035hcdko6q2 398209 398208 2026-11-18T09:51:19Z Emptyfear 547 398209 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }} == ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Գնացքը կանգ առավ Աղստաֆա կայարանում: Հին հայոց պատմության մեջ այս վայրը կոչվում էր Աղստև (համանուն գետով), որ մեր երկրի աննշան գավառներից մեկն էր: Երբ դեռ շինված չէր Տփղիս—Երևան երկաթուղին, Երևանի, Տփղիսի և Բաքվի հաղորդակցության միակ միջոցը Աղստաֆան էր։ Ճամփորդները ցած իջան գնացքից: Մի քանի հոգով գնացինք վարձեցինք մի թուրք կառապանի ֆուրգոնը, հինգ օրից մինչև Երևան հասնելու պայմանով, վճարը հինգ ռուբլի: Հենց նույն օրը ճանապարհ ընկանք: Անցնում ենք Հին Հայաստանի գեղեցիկ և սիրելի վայրերով: Օդը մեղմ է և լավ. աջից ու ձախից փչում է մեղմ քամին. բարձրանում ենք անվերջ դեպի Արարատյան բարձրավանդակը: Ոչ մի միջադեպ չխանգարեց մեզ: Ամբողջ ժամանակը նստած կամ պառկած ենք ֆուրգոնում, բայց երիտասարդ ուսանողի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ կարգի անհարմարությունները: Կես դարուց ավելի է անցել այդ օրվանից, ուստի ոչինչ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ անցանք Դիլիջանով, ապա քերեցինք Սևանի գեղեցիկ ափերը, վերջապես հասանք Քանաքեռի բարձունքը, որտեղից բացվեց, առաջին անգամ՝ մեր աչքի առաջ, Երևանի համայնապատկերը: Այն ժամանակ Երևանը ներկայի տարածությունը չուներ: Կարելի է ասել, թե արդի Երևանը տասն անգամ մեծացել է նախկինից: Այնուամենայնիվ հին Երևանն էլ իբրև մի ամփոփ քաղաք, որոշ մեծություն էր ներկայացնում: Քանաքեռի բարձունքից իջանք արագությամբ դեպի քաղաքը, և մեր ֆուրգոնը կանգ առավ մի ընդարձակ քարվանսարայի բակում, որ գտնվում էր Էջմիածին տանող ճանապարհի մոտ: Ցած իջանք ֆուրգոնից։ Էջմիածին տանող կառքերը պիտի մեկնեին երեկոյան դեմ, քաղցած էի և պետք էր մի բան ուտել: Հրապարակում կանգնած մի հայի հարցրի, թե «Որտե՞ղ են հաց ծախում»:—«Հայի՞ հաց ես ուզում, թե՞ թուրքի»,— հարցրեց հայը։— «Հացի էլ հայը թուրքը կա՞,— հարցնում եմ ես:— Հացը հաց է»: Կարծելով, թե հայը ինձ ձեռք է առնում, երես եմ դարձնում նրանից: Բայց ոչ. հայը եկավ հետս, տարավ ինձ հացավաճառների մոտ և ցույց տվեց, թե սա հայի հաց է (լավաշ), սա թուրքի հաց է (սանգակ): Չգիտեմ՝ ո՛ր տեսակից գնեցի, ցամաք կերա փողոցում, ամաչելու ոչինչ չունեի, սպասեցի կառքերի մեկնելու ժամանակին: Երևանի և Էջմիածնի միջև այն ժամանակ շատ կանոնավոր հաղորդակցություն կար: Բացի ֆայտոններից, կային մի քանի տեսակ հասարակ կառքեր, շատ էժան գնով: Ամենից հասարակն էր օմնիբուս կոչված կառքը, որի մեջ նստում էին մեջք-մեջքի տված ութ կամ տասը հոգի: Ճանապարհը մինչև Էջմիածին տևում էր երկու ժամ, և վճարում էինք 25 կոպեկ: Անմոռանալի պայուսակս վերցրած նստեցի մի օմնիբուս, և վերջապես հասանք Էջմիածին: Ուշ գիշեր էր: Այն ժամանակ կառքերի կայանը վանքի Տրդատա դուռ կոչված հրապարակն էր։ Իջանք ուրեմն այդտեղ, անցանք Տրդատա դռնով, Սինոդի շենքի առաջով և վանքի Ավագ դռնով իջնելով, Վեհարանի առաջով մտանք Ղազարապատ կոչված շենքը։ Այստեղ էր Էջմիածնի ուխտավորներին հատկացված հյուրանոցը: Հյուրանոցի կառավարիչն էր Սիոն վարդապետը. դիմեցի նրան և գիշերելու տեղ խնդրեցի: — Ո՞վ եք դուք,— հարցրեց հյուրընկալ վարդապետը խստությամբ: — Ուսանող եմ, Եվրոպայից եմ գալիս,— պատասխանեցի ես: — Այստեղ ուսանողի տեղ չէ. այստեղ միայն ուխտավորներն են գալիս,— ասաց վարդապետը և ինձ մենակ թողնելով, հեռացավ գնաց: Պատի տակ նստեցի պայուսակիս վրա: Գրպանումս ունեի միայն 10 կոպեկ, որով հաջորդ օրը մորս նամակ էի ուղարկելու։ Վարժված էի, ոչ քնելու մասին էի մտածում և ոչ էլ ուտելու: Մի կտոր ցամաք հացը ինձ բավական էր 24 ժամ: Այդպես նստած անքուն սպասում էի երկար ժամանակ, որովհետև դուրս վռնդող չկար: Հանկարծ տեսնում եմ ինչ-որ եռուզեռ: Մարդիկ բարձրանում իջնում են սանդուղքներից, իրեր են տեղափոխում: Մեկ էլ իր սենյակից դուրս է գալիս Սիոն վարդապետը և աջ ու ձախ դիմելով հարցնում է. — Այստեղ մի ուսանող կար, ո՞ւր գնաց: Լսում եմ և ներկայանում եմ իրեն: — Դուք գերմաներեն գիտե՞ք,— հարցնում է վարդապետը։ — Գիտեմ,— պատասխանում եմ: — Եկեք ներս, այստեղ մի գերմանացի է եկել, խոսեցեք հետը: Մտնում եմ ներս: Հանկարծ տեսնում եմ պրոֆեսոր Ռոռբախին, իր կնոջ հետ: Ես Ստրասբուրգում եղած ժամանակս Հյուբշմանի միջոցով ծանոթացել էի Ռոռբախի հետ. նա Հայաստան պիտի գար, և երկուսս միասին պիտի մեկնեինք, բայց որովհետև ես բավական փող չունեի արագ գնացքով մեկնելու, չկարողացա ընկերանալ նրան: Իբրև վաղեմի ծանոթ, ձեռք տվի Ռոռբախին և սկսեցինք մտերմական խոսակցություն: Վարդապետը զարմացած դիտում էր մեզ: Անշուշտ նա զարմանում էր այն բանի վրա, որ քիչ առաջվա քոսոտ և արհամարհելի ուսանողը այսպիսի նշանավոր մարդու հետ բարեկամ է: Հրավիրեց նստել սեղան, որին մասնակցում էին Ռոռբախը, իր կինը, վարդապետը և ուրիշ ծանոթ անձինք: Միակ թարգմանը, ուստի և ուշադրության կենտրոնը, ես էի: Չեմ հիշում, բայց պետք էր, որ ընթրիքը բավական ճոխ եղած լիներ։ Ընթրիքից հետո հյուրերը ստացան իրենց համար սենյակ, իսկ ինձ էլ Սիոն վարդապետը ուղարկեց աջ կողմի սենյակներից մեկը, ուր նշանակվեց մի շատ կեղտոտ մահճակալ: Պառկեցի և քնեցի: Առավոտը արթնացա մի խայտառակ դրության մեջ: Լու, մլուկ, մլակ, մոծակ, ճանճ. այս հնգյակը խուռն բազմությամբ հարձակվել են վրաս. նրանցից մլակ կոչված միջատը նոր էի տեսնում դեռ, մյուսները հին ծանոթներ էին: Տոթը անտանելի էր: Վեր կացա և դիմեցի ընդհանուր սենյակը, ուր մի քանի հյուրեր էլ կային: Նրանց մեջ տեսա հպարտ դեմքով նստած ակնոցավոր մի երիտասարդ, խորհրդավոր ձայնով: Հարցրեց ինձ, թե ո՞վ եմ ես և ո՞ր տեղացի եմ. երբ պատասխանեցի, թե կոստանդնուպոլսեցի եմ, ասաց, թե ինքն էլ է կոստանդնուպոլսեցի: — Ո՞ր թաղից,— հարցրի ես: — Սուլու-խուլեցի: Կոստանդնուպոլսում Սուլու-խուլե թաղը հայտնի է իբրև ամենակեղտոտ և ամենագռեհիկ թաղը: Երբ մեկին պետք է լինում ծաղրել կամ արհամարհել, ասում են. «Սուլու-խուլեցի է՞ս»: Մինչև անգամ չգիտեի, թե սուլու-խուլեցի հայ էլ կլինի: Այդ թաղի բոլոր բնակիչները համարում էի միայն գնչու: Այդ սուլու-խուլեցին եկել էր Էջմիածին տերտեր դառնալու. անունն էր Արտաշես Գարագաշ: Կարասի միջից բարձրացող հնչյունի նման ձայն ուներ: 22 տարի հետո նորից տեսա այդ մարդուն Թեհրանում, ուր հայոց եկեղեցու տիրացու էր, բայց ոչ քահանա. նաև կրոնի ուսուցիչ էր հայոց դպրոցում և ինքնահավան դիրք ուներ: Իր որդին է Հայկ Գարագաշը, որ կարևոր ազգային դեմք էր Թեհրանում և հրատարակում էր «Բոբոխ» զավեշտաթերթը: Ընդհանուր սենյակում նստած միջոցիս սուլու-խուլեցին հանկարծ նկատեց շորիս վրա մի միջատ և ասաց. — Ոջիլ է: Սարսափեցի. ամեն ինչ տանելի էր, բացի ոջիլից. ես դեռ տեսած չէի ոջիլ և զարմանքով հարցրի. — Ա՞յս է ոջիլը. շորերիս մեջ լիքն է սրանից: Պառկած անկողինս ուրեմն լիքն էր ոջիլով և ինձ այդ օրին էր հասցրել: Ճար չկար։ Ի՞նչ պետք էր անել այս խայտառակ օթևանից դուրս գալու համար: Սիոն վարդապետը այլևս ինձանով չէր հետաքրքրվում և այդ ավելի լավ: Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ: Ուտեստի մասին կարիք չկար մտածելու, որովհետև Էջմիածնի հասարակաց ճաշարանը առավոտ, կեսօր և երեկո բաց էր բոլոր ուխտավորների համար, և ես էլ նրանց հետ ձրիաբար ստանում էի թեյ, ճաշ և ընթրիք: Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն։ Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց. — Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս։ — Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան: — Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես կկարդամ քու հոդվածներդ «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: — Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ: — Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ: Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ. «Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»: — Է՜հ,— պատասխանեց Կաթողիկոսը,— դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜: Շա՜տ լավ… Է՜, տաճկերեն գիտե՞ս: — Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ: — Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարեցավ, քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես: Ես իմ գոհունակությունը հայտնեցի: Կաթողիկոսը վճարեց առաջին ամսականս՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ: Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի № 1 սենյակը: Այդ միջոցին իմ դրությունը շատ խայտառակ էր: Շորերս հնացած, գլխարկս ծակ, կոշիկներս պատառոտուն, շապիկս ոջլոտ, ամաչում էի մարդկանց մոտ դուրս գալ։ Պատահեց ինձ ծանոթանալ մշեցի ազնիվ մի մարդու հետ, որի անունն էր Սմբատ Տարոնեցի: Մի եղբայր ևս ուներ, որի անունն էր Արամ: Երկուսն էլ հեղափոխական քարոզիչ էին, ամուսնացած էին և միասին տուն և ընտանիք ունեին: Սմբատը առաջարկեց ինձ օգնել ամեն կերպ. ես հայտնեցի իմ կեղտոտ վիճակը և խնդրեցի, որ տանի Երևան և նոր շորեր առնենք: Անմիջապես օմնիբուս նստեցինք, գնացինք Երևան և գնեցինք մի ձեռք շոր, մի գլխարկ և մի զույգ կոշիկ: Սպիտակեղեն ունեի: Վերադարձանք Վաղարշապատ և գնացինք գյուղի բաղանիսը: Լողանալուց հետո գլխից մինչև ոտք նորոգվելով և ամբողջ շորերս մինչև կոշիկներս Սմբատին տալով, եկա վանք, ուր նշանակված էր ինձ № 1 սենյակը: Այս սենյակը նախապես ընթերցատուն էր եղել և դրա համար էլ կար այնտեղ մի շատ լայն սեղան, որի շուրջը նստելով ընթերցողները կարդում էին օրվա լրագրերը: Ընթերցատունը փակվել էր, և որովհետև սեղանը փոխադրելու տեղ չկար, թողել էին այնտեղ։ Ինձ համար դա մի շնորհ եղավ: Սեղանը դրի պատուհանի առաջ, պայուսակիս բոլոր քարտերը դարսեցի նրա վրա, ունեցած գրքերս էլ նրանց կողքին և մատենադարանից վերցնելով բազմատեսակ բառարաններ, մինչև անգամ Կամուսի արաբերեն բառարանի 3 խոշոր հատորները, կազմեցի ինձ համար մի նոր աշխատանոց։ Ձեռք առի Կարինում կազմած իմ Արմատական բառարանը, որ ուներ շուրջ 300 էջ: Սկսեցի վերամշակել և ավելացնել այնտեղ ամեն ինչ, որ գտա հայ և եվրոպական գրականության մեջ, հայերեն բառերի ստուգաբանության մասին: Այդ միջոցին Տփղիսի Գյուտ քահանա Աղանյանը Կոստանդնուպոլիս էր գնացել և Տեր Հովհաննես քահանա Մկրյանից մեծ գումարով գնել էր արևմտահայ լրագրության խոշոր հավաքածուն: Հավաքածուն գտնվում էր Էջմիածնի մատենադարանում, չեմ կարող ասել անխնամ դրության մեջ, բայց կարող եմ ասել, թե ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով: Մատենադարանապետի թույլտվությամբ, այդ հարյուրավոր հատորները մաս առ մաս փոխադրելով իմ սենյակը, ամբողջը թերթում էի և կազմեցի բոլոր այդ հատորների մեջ գտնված հայ լեզվաբանական հոդվածների ցուցակը: Կարդացի այդ հոդվածները և ինչ որ կար հայ բառերի ստուգաբանության մասին, ճիշտ թե սխալ, դուրս գրեցի: Կազմել էի մի երկարավուն տետրակ, որի մեջ այբուբենական կարգով հավաքեցի այդ ստուգաբանությունները, հետագայում իմ ստուգաբանական բառարանի մեջ ներմուծելու համար: Իմ մեծագույն ցանկությունն էր եղել Վենետիկի կամ Վիեննայի միաբանության անդամ լինել: Դպրոցում մեսրոպյան հայերենի հետևորդ դառնալով, այլևս մտքից հանել էի Վենետիկը: Փարիզում և Ստրասբուրգում երկու խոշորագույն հայագետների մոտ աշխատելուց հետո, Վիեննան էլ հեռացավ մտքիցս, գոնե մասամբ և դեպքերի բերմամբ ընկա Էջմիածին: Վիեննայում այնուամենայնիվ միշտ եղել են մեծանուն վարդապետներ, ինչպես Թոռնյան, Այտընյան, Տաշյան և այլն, իսկ Էջմիածնում ոչ ոք չկար, որ փոքրիկ չափով գոնե հավասարեր նրանց: Զգում էի, թե ինչ տկար միջավայր եմ ընկել. ոչ ոքից ոչինչ չէի կարող սովորել: Այնուամենայնիվ շրջապատս այնքան լավ էր, որ ինձ ամենևին չէր խանգարում և թույլ էր տալիս իմ սեփական միջոցներով կարդալու և սովորելու: Նյութականի և տնտեսականի կողմից բոլորովին ապահով էի: Վանքը տալիս էր ինձ ձրիաբար նախաճաշիկ, ճաշ, ընթրիք, բնակարան և վառելիք: Այսքանը բավական էր ինձ, որովհետև ոչ մի ավելորդ պահանջ չունեի: Ամսական 25 ռուբլի ռոճիկն էլ բոլորովին բավարար էր: Ամառ լինելով, դեռ ուսումը չէր սկսվել: Տաքը թեև շատ ուժեղ, բայց ինձ համար անտանելի չէր: Ընդհակառակը, հաճույք էի զգում այդ տաք եղանակից: Մինչև սեպտեմբեր մնալով № 1 սենյակում, ամենևին մտքիցս չանցկացնելով ամառանոց գնալու բուրժուական գաղափարը, նվիրվեցի ստուգաբանական բառարանիս վերամշակման գործին: Շատ արագ թերթերը լցվում էին և հետզհետե ընդարձակվում էր գիրքս: Վերջապես եկավ սեպտեմբերը, ուսումնական տարվա սկիզբը: Նշանակված լինելով տաճկերենի ուսուցիչ, գնացի Ճեմարան և ներկայացա Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին։ — Բարև ձեզ, պարոն Կոստանյան,— ասացի՝ գլուխ տալով նրան: — Ինչո՞ւ եկաք այստեղ,— գոռաց նա երեսիս, մեջքը ինձ դարձրած և առանց տեղից շարժվելու.— Տաճկաստանում տեղ չկա՞ր: — Տաճկաստանում կոտորում են: — Դուք էլ նրանց հետ կոտորվեիք: — Վեհափառը ուղարկել է ինձ և հրամայել է տաճկերենի դասեր տալ: — Եթե Վեհափառը հրամայել է,— ասաց հեգնանքով, — գնացեք դաս տվեք: Դուրս եկա կիսաբաց դռնից և այնտեղ տեսա Մարտիրոս Հախնազարյանին, որ Ճեմարանում գլխավոր վերակացուն էր: Բարի մարդ էր նա՝ տարիքը առած, համեստ և պարկեշտ ագուլեցի: Լավ գիտեր իր բարբառը և որովհետև ես էլ ձեռնամուխ էի եղել բարբառների ուսման, բարեկամանալով նրա հետ, սկսեցի կազմել հետագայում Ագուլիսի բարբառի բառարանը, որ ի վերջո մտավ իմ Արմատական բառարանի մեջ և Ագուլիսի բարբառի քննության մեջ: Տարիներ հետո թուրք-հայկական ընդհարումների ժամանակ թուրքերը նահատակեցին այդ ազնիվ մարդուն, և ես ցավելով լսեցի նրա մահը Թավրիզում եղածս ժամանակ: Կարապետ Կոստանյանի այդ անհրապույր ընդունելությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ Մարտիրոս Հախնազարյանը և ասաց. — Դուք տաճկերեն դասերի համա՞ր եք եկել: — Այո: — Սպասեցեք մի քիչ, ես զանգը կտամ, աշակերտներին կհավաքեմ և դուք դասի կերթաք: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը հիմնելով Ճեմարանը և տեղ տալով բազմաթիվ տաճկահայ աշակերտների, կարևոր էր համարել ուսման ծրագրի մեջ մտցնել նաև տաճկերենի ուսումը, միմիայն տաճկահայ աշակերտների համար, որպեսզի հետագայում, երբ այդ աշակերտները ավարտեին Ճեմարանը և վերադառնային հայրենիք, տաճկերեն կարդալ-գրել չիմանալու պատճառով զոհ չգնային տաճիկ պաշտոնյաների քմահաճույքին: Գևորգ կաթողիկոսից հետո միշտ էլ շարունակվել էր տաճկերենի ուսումը Ճեմարանում. վերջին ուսուցիչը եղել էր Հովսեփ Ճանիկյանը (հեղինակ «Հնութիւնք Ակնայ» օգտաշատ գրքի), որ ծերության պատճառով հրաժարվելով, տաճկերենի ուսումը թողել էր ինձ: Ինձնից հետո կարծեմ այլևս ուսուցիչ չճարվեց, և այդ առարկան դուրս մնաց: Աշակերտները հավաքվեցին, ես նրանց 3 խմբի վերածեցի և որոշեցի օրերի և դասերի ժամերը: Այսպես սկսվեց իմ ուսուցչական խղճուկ դրությունը Ճեմարանում: * * * Էջմիածինը այն ժամանակ հայոց ազգային, քաղաքական, կրոնական, կրթական, դպրոցական մեծագույն կենտրոնն էր: Կաթողիկոսը իր Սինոդով և վանքի հարյուրավոր միաբաններով, եպիսկոպոսներով, վարդապետներով և քահանաներով, Էջմիածնի տպարանը` իր զանազան հրատարակություններով և «Արարատ» ամսագրի խմբագրությամբ, Ճեմարանը իր հարյուրավոր և հազարավոր ուսանողությամբ, շրջանավարտներով և ամեն կողմ ցրված ուսուցիչներով կազմում էին մի մեծ ամբողջություն: Սակայն Էջմիածինը այն ժամանակ մի շատ ցավալի կետ ուներ. այդ տաճկահայ գաղթականների հարցն էր: Երբ տաճիկ կառավարությունը իր տխմար քաղաքականությամբ սկսեց կոտորել հայերին, Հայաստանի արևելյան նահանգների խեղճ ժողովուրդը ուրիշ ելք չուներ, եթե ոչ փախչել Պարսկաստան և Կովկաս: Այս վերջինը ավելի հրապուրիչ էր, որովհետև ուներ ավելի բազմամարդ հայություն, լուսամիտ պետություն, հարուստ հայեր և մանավանդ որ կաթողիկոսն էլ (Խրիմյան Հայրիկը) վանեցի, այսինքն՝ տաճկահայ էր: Երբ փախստականների տասնյակ հազարավոր բազմությունը թափվեց Կովկաս և հատկապես Էջմիածնի գավառը, բնականաբար Կաթողիկոսը չէր կարող անտարբեր մնալ հանդեպ նրանց դժբախտ կացության: Էջմիածինը ամեն միջոց գործադրեց ըստ կարելվույն դեղ, ապրուստ և պաշտոն հայթայթելու համար այդ դժբախտներին: Տաճկահայերը իբրև ավելի նախաձեռնող, աշխատասեր, ընդունակ և մանավանդ չարքաշ ժողովուրդ, դիմագրավելով ամեն դժվարություն, իրենց համար աշխատեցին լավ դիրք ստեղծել: Սկսվեց տնտեսական պայքարը բնիկ տեղացիների և նորեկ գաղթականների միջև: Շատ ասպարեզներում այս վերջինները հաղթող հանդիսացան: Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև: Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ: Մինչև անգամ ամուսնական խնամություններ դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը, բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով: Բուն Էջմիածնի վանքն էլ ասպարեզ էր դարձել այդպիսի կռվի, որովհետև Կաթողիկոսն էլ շրջապատել էր իրեն իր վանեցի ազգականներով: Ավելորդ եմ համարում երկար խոսել այս դժբախտ հարցի շուրջը, որ տարիներ տևեց: Ես էլ այդ դժբախտների կարգն էի ընկած: Ոչ միայն հարգանք, սեր և գնահատություն, այլ նույնիսկ քաջալերություն կամ սովորական բարեկամական վերաբերմունք չկար իմ մասին Ճեմարանի ուսուցչական կազմի և վանքի միաբանության մեջ: Բոլորն էլ արհամարհում էին ինձ: Վերևում տեսանք Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանի պարսավելի վերաբերմունքը դեպի ինձ: Կարապետ Կոստանյանը համարվում էր Կովկասում ոչ միայն իբրև կատարյալ ազգասեր, եկեղեցասեր, այլև նույնիսկ ուսումնական և գերազանց հայագետ անձնավորություն: Իր հանդիսավոր, լուրջ վերաբերմունքը արտաքուստ, խոսակցության մեջ պահած ծանրաբարո դիրքը, իր հրապարակած մի քանի երկրորդական արժեք ունեցող տետրակները ստեղծել էին նրա մասին մեծ անունը: Իրականում նա խոժոռ, անհրապույր, դաժան մարդ էր, որի գիտական հմտությունն էլ մեծ հարցականի տակ էր: Իր ծաղրանունը դրել էին «Սուլթան Համիդ», և իրոք իր համիդական գազանաբարո վերաբերմունքը ցույց էր տալիս հանդեպ բոլոր աշակերտների և ուսուցչության, ո՜ւր մնաց թե ինձ: Ոչ մի մանկավարժական ժողովի, ոչ մի ուսուցչական խորհրդակցության, նույնիսկ ոչ մի աշակերտական հավաքույթի չէի հրավիրվում ես: Այդ բոլորը բացատրում էին իբր թե նրանով, որ ես տաճկահպատակ էի և ռուսական կառավարությունը չէր թույլատրում օտարահպատակներին որևէ ուսուցչական պաշտոն, բացի տաճկերենից և ֆրանսերենից: Մի խոսքով ես ապօրինի ուսուցիչ էի: Շատ տարիներ հետո (1952 թ. մայիս) լսեցի, որ մեր Ակադեմիայի ասպիրանտներից մեկը՝ պրպտելով արխիվները, գտել է, որ Կոստանյանը ցարական լրտես է եղել Էջմիածնի վրա: Անհավատալի՞ ճշմարտություն: Այժմ տեսնենք ուրիշ ուսուցիչների վերաբերմունքը դեպի ինձ: Առաջին անձը, որ մոտեցավ ինձ և հարգանքի խոսք ասաց, հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանն էր: Իր անունը ես լսել էի Կարինում, Սանասարյան վարժարանում, ուր կարդացել էի նաև իր մի խումբ մանկավարժական տետրակները: Առաջին անգամ, երբ բարձրացա Ճեմարանի սանդուղքների գլուխը, տեսա, որ ցածրից բարձրանում է նաև Սեդրակ Մանդինյանը: Ես մի կողմ քաշվեցի հարգանքով և տեղ տվի նրան: Մանդինյանը մոտեցավ ինձ և ձեռք երկարելով, ասաց այս անմոռանալի, փայփայիչ խոսքերը. – Ձեր անունը ձեզնից առաջ եկել էր Էջմիածին: Կարդացի «Արարատ» ամսագրում ձեր հոդվածը վրացերենի ձայնաբանության մասին հայերենից փոխառյալ բառերի մեջ: Այդ ինչքան լավ վրացերեն գիտեք դուք: Ես իբրև տփղիսեցի, լավ վրացերեն գիտեմ, բայց ձեր հիշած բառերից շատ շատերը անծանոթ էին ինձ: Ես պատասխանեցի, թե իմ վրացերենի գիտությունը շատ չափավոր է, և ես այդ բոլոր բառերը քաղել եմ Չուբինովի վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն բառարանից: Մենք բարեկամացանք իրար հետ, և նա հրավիրեց ինձ իր տունը, որ Ճեմարանի դիմացն էր։ Ես մի երեկո գնացի նրա մոտ և ծանոթացա նրա կնոջ և իր գեղեցիկ աղջկա հետ: Ծանոթացա նաև իր քենեկալ Ստեփանոս Կանայանի հետ, որ Ճեմարանում պատմության ուսուցիչ էր. գուցե ծանոթացա նաև ուրիշների հետ էլ, որոնց չեմ հիշում: Մանդինյանի գեղեցիկ աղջիկը հետո ամուսնացավ ակնաբույժ Հայկ Կանայանի հետ և Երևանում 1920-ական թվականներին չարաչար տանջանքներով մեռավ, որովհետև բժիշկները չէին կարողացել որոշել իր հիվանդությունը: Մանդինյանի փոքր տղան, որի անունը չեմ հիշում, տեսա Թավրիզում 1920 թվականին: Նշանավոր ինժեներ էր և «Լուսաչափ» անունով մի գործիք էր հնարել: Հայտնի է, որ կան ճիշտ գործիքներ տաքությունը չափելու (ջերմաչափ), խոնավությունը չափելու (խոնավաչափ), կաթի պարարտության քանակը չափելու (սերաչափ) և այլն, բայց լույս չափելու գործիք չկա: Ահա այդ գործիքն էր, որ հնարել էր ինժեներ Մանդինյանը: Մտնում ես մի սենյակ, բռնում ես ձեռքիդ այդ գործիքը, և նա ցույց է տալիս սենյակի լույսի և մութի քանակությունը: Գործիքը հնարել էր, բայց պատրաստել չէր կարող. եթե նկարը ուղարկեր եվրոպական որևէ գործարան, գաղտնիքը կգողանային և իրենց անունով կվաճառեին: Պարսկաստանում այդպիսի գործիք շինելու մասին ավելորդ էր մտածել: Ուստի, երբ ես պատրաստվեցի գալ Երևան 1923 թվականին, նա խնդրեց ինձ, որ ես խոսեմ ընկեր Լուկաշինի հետ հայտնեմ, թե Մանդինյանը պատրաստ է նվիրել այդ գործիքը Հայաստանի կառավարության: Ես իմ խոստումը կատարեցի, բայց նրա շարունակության մասին ոչինչ չգիտեմ և չեմ լսած որևէ լուսաչափ գործիքի մասին մի բան: և Երկրորդ ուսուցիչը, որի հետ բարեկամացա և հետագայում լավ մտերմացա, Ստեփանոս Կանայանն էր, Մանդինյանի քենեկալը և Ճեմարանի հայ և ընդհանուր պատմության ուսուցիչը: Չափազանց բարի, կատակախոս, զվարճասեր, միամիտ և ընկերական մարդ էր նա: Պատանի ժամանակ Հայ-Արմեն ծածկանունով ոտանավորներ էր գրել Զմյուռնիայի «Արևելյան մամուլ» ամսագրում: Բայց այնուհետև գրական գործունեություն չէր ցույց տված։ Շատ էր աշխատում, բայց իր աշխատանքը ամուլ մնաց: Կյանքի վերջին շրջանում հրատարակեց մի քանի ազգագրական և աշխարհագրական գործեր, որոնցից գլխավորն է «Ջոջանց տունը»։ Առհասարակ դժվար է կարդալ նրա գործերը, որովհետև շարունակ թափառում է նյութից նյութ և մեկի վրա կենտրոնանալ չգիտե: Ուրիշ ուսուցիչների մասին շատ բան չունեմ ասելու: Մանուկ Աբեղյանը, որի հետ ընկերացել էի Փարիզում, և որ հայագետի մեծ հռչակ էր վայելում Ճեմարանում, ոչ մի մտերմություն ցույց չտվեց ինձ Էջմիածնում: Համառ և ինքնահավան մարդ էր: Իրենից դուրս ոչ մեկին չէր ճանաչում: Սարսափելի ատեցող էր տաճկահայերին և մանավանդ Վենետիկի և Վիեննայի միաբաններին: Տաճկահայերից հավանում էր միայն երկու հոգու. Պարոնյանին, որովհետև ծաղրել էր պոլսեցիներին, և Գարեգին վարդապետ Սրվանձտյանին, որովհետև հայտնաբերել էր Սասունցի Դավթի վեպը: Ոչ մի տաճկահայ հեղինակի չէր սիրում, նույնիսկ Դուրյանին: Բոլորը խոնարհվում էին Աբեղյանի առաջ և համարում էին նրան անգերազանցելի հայագետ: Ինքը քարոզեց մտցնել արևելյան հայերենում անշունչի և շնչավորի տարբերությունը (նրա ոտքը, էնոր ոտքը), ածականի վերացումը, սեռականի ջնջումը և վերջապես ուղղագրության փոփոխությունը, որ 1912 թվականին հայտարարեց, ազգը մերժեց, իսկ 1920 թվականին ընդունվեց Խորհրդային իշխանության կողմից և սակայն 20 տարի հետո, 1940 թվականին նրա կեսից ավելին մերժվեց և այլն: Էջմիածնում եղած ժամանակս ոչ մի օր չհրավիրեց ինձ իր մոտ, այնպես որ չգիտեմ, թե ուր էր ապրում: Երբ Երևանում, Համալսարանում դասախոս եղա, բնականաբար ընկերական հարաբերություններ մշակում էինք, և ես միշտ չափազանց հարգանքով էի վերաբերվում դեպի նա, իսկ նա իմ այնքան բազմաթիվ աշխատանքների մասին ոչ մի գովասանական կամ քաջալերական խոսք չի ասել: Կողմնակի աղբյուրներից լսել եմ միայն, թե նա իմ մասին կառավարության հայտնել է հետևյալը. «Աճառյանի պես մարդ հարյուր տարվա մեջ մի անգամ չի ծնվի. չափազանց աշխատասեր, անշահախնդիր, փող չսիրող մարդ է. քամեցեք որքան կարող եք. պատրաստ է և կարող է կատարել ամեն ինչ, որ պահանջեք»: Գուցե ավելի հետո էլի առիթ կունենամ խոսելու իր մասին։ Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապետը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորություն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»: Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է: Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին։ Նա Քյոթահիացի (Կուտինա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գևորգ Դ կաթողիկոսին։ Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»: — Դու հայերեն չգիտե՞ս,— ասում է նրան կաթողիկոսը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ: — Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): Գելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ): Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է. — Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս): Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ. նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք Ճեմարանի աշակերտ գրեցեք»: Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է Ճեմարանը և ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ: Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է: — Վարդապետն ի՞նչ բան է,— հարցնում են նրան: — Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է: — Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու: — Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է: Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է Ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը: Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր Ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը: Մեջընդմեջ երգում էր մի կարգի ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում: Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ: Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը: — Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում. այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին, կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը: Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՛ր ձայների գումարներն են: Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում. նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Ապարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին: Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա․ այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի: Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի: Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց Ճեմարանում հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ: Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա: և Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ: Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո՞ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»: Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը. իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել․ Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»: Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»: Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»: Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի` Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր. Ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս։ Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում. զանգակները զնգում են»: Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան. մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի: Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր: Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր: Առատ մորուք չուներ. քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն: Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա». հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը: Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: Գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր։ Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը: Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ: Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է: Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է: Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց: Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը: 1925—1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել: Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում: Հինգերորդ անձնավորությունը, որի հետ ես մտերմացել էի Էջմիածնում, եղավ Գալուստ սարկավագ Տեր-Մկրտչյանը: Նա Ախալցխայի Ծղրուտ գյուղից էր: Սովորում էր Փարիզում հասարակական գիտություններ: Վարակվում է վատանուն ախտով և զգալով իր ցավալի վախճանը, շտապում է Էջմիածին, դիմում է տալիս և ընդունվում միաբանության մեջ: Ստանում է 4 աստիճան (դպիր), բայց ընդհանրապես կոչում էին սարկավագ: Դպրի աստիճանը մեծ բան չէ, բայց ի նկատի ունենալով նրա գործունեությունը, Խրիմյանը հրամայում է տալ նրան իսկական վարդապետ միաբանի բոլոր իրավունքները՝ բնակարան, սնունդ, վառելիք և ռոճիկ: Որովհետև հասարակական գիտությունները արժեք չունեին վանքի պայմաններում, ուստի թողնում է այդ բոլորը և նվիրվում հայկական բանասիրության: Միաբան ծածկանունով նա հրատարակեց բազմաթիվ հոդվածներ և առանձին գրքեր, որոնք իրոք շատ մեծ արժեք ունեն հայ բանասիրության մեջ: Միաբանների բնակարանները երկու շարք են կազմում. հին շենք և նոր շենք: Նոր շենքի բնակարանները 2 մուտք ունեն. մեկը առջևից, որ տանում է ցածրի հարկը, ընդամենը 2 սենյակ, մյուսը հետևից, որ սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկը և ունի նույնպես 2 լուսավետ սենյակ, մի խոհանոցով: Իմ բնակարանը № 1 ներքևի 2 սենյակն էր, իսկ նրա վերևը բնակվում էր Գալուստ սարկավագը: Իբրև հմուտ բանասերի, ես ծանոթացա նրա հետ և շուտով մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Կաթվածահար էր եղած, կեսից ներքև մարմինը չէր գործում, իսկ կեսից վեր առողջ էր. ազատ խոսում, գրում էր, բայց քայլել չէր կարող: Քնելու համար, երբ պետք էր լինում գնալ մյուս սենյակը, իր ծառան գալիս գրկում էր նրան և մեծ դժվարությամբ տանում գցում մյուս սենյակի անկողնի վրա: Համարյա ամեն օր բարձրանում էի իր մոտ, և ունենում էինք երկար խոսակցություն հայագիտական հարցերի շուրջը: Միակ անձն էր Էջմիածնի միաբանության մեջ, որ իրավունք ուներ ձեռագրեր բերել տալու իր բնակարանը: Ինքը հրատարակեց, ի միջի այլոց, «Վկայք Արևելից» նշանավոր գործը, որ թարգմանված է Ե դարում ասորերենից և գրված է սքանչելի մեսրոպյան հայերենով: Ինչպես ամբողջ Կովկասում, նույնպես և Էջմիածնում մեսրոպյան հայերենի գաղափարը անծանոթ էր, բայց միաբանը իբրև լուսամիտ մարդ, ընդունել էր այդ գաղափարը, և որովհետև գործնականապես ծանոթ չէր, ուստի ինձ տվեց ձեռագիրը, որպեսզի կարդամ և հետևեմ, թե մեսրոպյան հայերենի սխալներ կա՞ն։ Երբ ես Էջմիածնի 4000 ձեռագրերը հետազոտելու ժամանակ գտա Եզնիկը (№ 1111), ինքն էլ շատ ուրախացավ այդ գյուտի մասին, որովհետև նախապես ինձ ասել էր, թե Եզնիկի անունով ինչ-որ ձեռագիր ունենք Մատենադարանում: Իմ գիրքը («Քննութիւն և համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին») տպվեց Վիեննայում և առաջաբանում խոսում եմ այդ գյուտի մասին: Ես ու Միաբանը «միասին աշխատեցինք» այդ գործի վրա, բայց իր մասնակցությունը եղավ միայն այն, որ ձեռագրի և տպագրի տարբերությունների համեմատությունը միասին կատարեցինք: Գրքի մնացյալ բոլոր գլուխները միայն իմ գրչի արդյունքն էին: Շատ մեծ անակնկալ եղավ վանքում, երբ երկու երիտասարդ գիտնականներ՝ Հակոբ Մանանդյան և Սիրական Տիգրանյան հրավիրվեցին Ճեմարանի ուսուցիչ: Մանանդյանը ախալցխացի էր, հայրը անտառապետ էր, բայց վաղաժամ մեռնելով, Մանանդյանը իր եղբոր և քրոջ հետ որբ են մնում: Այրի մայրը մեծ դժվարությամբ, միայն պետությունից ստացած կենսաթոշակով պահում և մեծացնում է որդիներին: Հակոբ Մանանդյանը, ավարտելով ռուսաց գիմնազիան (հայկական կրթություն չէր ստացել), Մանթաշյանի թոշակով գնում է Գերմանիա և սովորում է լեզվաբանություն։ Լավ տիրապետում էր 3 եվրոպական լեզուների և ռուսերենի: Գրելու մեջ եթե լավ հաջողակ չէր, ընդհակառակը, խոսելու մեջ շատ հաջողակ էր: Բարձրաձայն, լավ մտածված և գեղեցիկ առոգանությամբ հանպատրաստից ճառեր էր խոսում հայերեն և ռուսերեն: Ունենալով վայելուչ արտաքին և բարձր հասակ, շատերին սիրելի դարձավ: Ինքը ասաց ինձ, թե «Լեզվաբանությունը այնքան շուտ-շուտ էր փոխվում, որ ես մտածեցի, թե մինչև Հայաստան գնամ, ճանապարհին արդեն փոխված կլինի... ուստի հրաժարվեցի լեզվաբանությունից և առանձնացա միայն պատմության մեջ, որին հետևեց նաև բանասիրությունը»: Էջմիածին եկավ նա վարդապետ դառնալու նպատակով: Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով, ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը: Այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միաբանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից։ Նա մնաց Ճեմարանի ուսուցիչ: Ավելի ուշ, երբ ցարական պայմանները ավելի խստացան, նա թողեց ուսուցչությունը, գնաց Ռուսաստան և իրավաբանական ֆակուլտետը ավարտելով՝ դարձավ իրավաբան. մի արվեստ, որ իր ճարտարախոս լեզվին շատ հարմար էր։ Այդ ժամանակ հաստատվեց Բաքվում և իրավաբանների շարքում նշանավոր դարձավ: Խորհրդային իշխանությունը հաստատվելուց հետո եկավ Երևան, եղավ համալսարանի վարիչներից մեկը. Երևանում էլ մնաց մինչև իր մահը: Իր գրական գործերը բավական մեծ թիվ են կազմում, որոնցից կարևորագույնն է «Հայոց պատմություն»-ը, որ կիսատ մնաց: Նշանավոր է նաև իր այն տեսությունը, թե Խորենացին Թ դարի հեղինակ է: Ոչ ոք չընդունեց իր այս կարծիքը և կարծեմ, թե կյանքի վերջում ինքն էլ համոզվել էր, թե սխալ է դատում: Առիթներ կունենանք դեռ խոսելու իր մասին: Սիրական Տիգրանյանը հարուստ ընտանիքի զավակ էր, նույնպես ռուսական կրթություն էր ստացել և ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը: Հրաժարվելով իր հարուստ ծնողների և եղբայրների շրջանից, մտել էր ուսուցչական ասպարեզը և ճիշտ Մանանդյանի նման եկել էր Էջմիածին վարդապետ լինելու, բայց ճիշտ նրա նման տեսնելով վանքի դրությունը, հրաժարվեց իր մտքից: Մենք երեքս՝ Մանանդյան, Տիգրանյան և Աճառյան, ոչ միայն իբրև ազատամիտ երիտասարդներ, այլև իբրև հայագիտության սիրահար անձեր, շատ մտերիմ ընկերներ դարձանք: Մանանդյանը պատմաբան և բանասեր լինելով՝ ինձ ավելի մոտիկ էր: Երբ առաջին անգամ տեսա նրան, ես հայտնեցի իրեն, թե կազմում եմ հին հայոց կուլտուրայի պատմությունը, պրպտելով և ոստիկանի նման հետախուզելով հին հայոց ամբողջ գրականությունը, նյութեր գտնելու համար: Մանանդյանը հայտնեց, թե ինքն էլ է նույն աշխատությունը կազմում և հարցրեց, թե հույն աղբյուրները ուսումնասիրե՞լ եմ: Ես պատասխանեցի, թե ոչ։ Նա ասաց. «Ես հույն աղբյուրները արդեն ուսումնասիրել եմ և այժմ էլ ուսումնասիրում եմ հայկական աղբյուրները»: Լսելով այս խոսքը և խոնարհվելով իր հունագիտության առաջ՝ ես գնացի սենյակ և իմ ամբողջ աշխատանքը այրեցի: Ցավում եմ իմ այդ անմտության վրա, որովհետև ոչ միայն Մանանդյանը, այլև ուրիշ ոչ ոք չկազմեց այդպիսի աշխատություն: Մինչև այսօր էլ (1952 թ. հունիս) իմ իդեալն է մնացել այդ գեղեցիկ աշխատությունը, որ գրել առաջարկել եմ շատերին, բայց ոչ ոք էլ չի գրել: Ահա իմ համառոտ ծրագիրը այդ մասին. բառի վերջում պետք է գրել Ь, թե Ъ: Գնացի Ճեմարան, ուսուցչական սենյակը, ուր միայն 2 հոգի կային, Ստեփան Կանայանը և Սեթ Հարությունյանը: Ես դիմեցի Կանայանին, իբրև իմ մտերիմ բարեկամին և հարցրի, թե аптекарь բառի ծայրին Ь պիտի դնե՞մ, թե Ъ: Կանայանը մտածեց ի զարմանս իմ և հայտնեց, թե չգիտեմ, և նա դիմեց Սեթին նույն հարցով. Սեթը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա այդպիսի բաների, р-ի մոտ մի միջակետ դրեք իբրև համառոտագրության նշան և բավական է»: Սեթը իմ դեմ մի պամֆլետ գրեց «Նոր դար»-ում, սրա մասին հետո: Ավելի զվարճալի մի տեսարան ևս: Սեթը մի օր իր ծառային հրամայում է գնալ շուկա և գնել 10 ձու: Ծառան վերադառնում է և ձվերը բերում: Սեթը, որ սարսափելի ժլատ մարդ էր, բարկանում է ծառայի վրա, թե ինչո՞ւ այդքան փոքր ձվեր է առել: Նա ուներ ձու առնելու մի օղակ. բոլորը փորձում է, և բոլոր ձվերը օղակից անցնում են. հրամայում է ծառային նորից գնալ շուկա օղակով և փոքր ձվերը հետ տալով, խոշորները վերցնել: Ծառան հրաժարվում է. այն ժամանակ Սեթը ինքը թաշկինակի մեջ 10 ձու և օղակը ձեռքին, անձամբ գնում է շուկա: Այդ միջոցին Էջմիածնի հրապարակում տեռոր էր տեղի ունեցել, Երևանի Գուբեռնատորի վրա ատրճանակ էին արձակել, ոստիկանությունը թափվել էր դուրս՝ տեռորիստին բռնելու համար։ Ժողովուրդը փախել էր, ոստիկանները տեսնում են միայն Սեթին թաշկինակի մեջ ձվեր և ձեռքին օղակ: Բռնում են նրան և ոստիկանատուն տանում: Հարցնում են այնտեղ, թե ի՞նչ գործ ունեիր հրապարակում։ Սեթը կմկմալով և ամաչելով՝ օղակի պատմությունն է անում: Իհարկե չեն հավատում, վեց ամիս նստում է բանտում, մինչև կարողանում է ապացուցանել իրողությունը: Ես ոչ մի կապ չեմ ունեցել Սեթի հետ. չգիտեմ ինչո՞ւ, միայն մի անգամ եղել եմ նրա տանը: Պոռպռուն ձայնով մի կին ուներ՝ իգդիրցի և մի աղջիկ, իսկական գաճաճ, որի անունն էր Սեթանուշ: Երբ ես հրատարակում էի իմ Արմատական բառարանը, մի օր ինձ մոտ եկավ մի տարիքոտ կին: Ինքը հայտնեց, որ Սեթ Հարությունյանի կինն է և խնդրեց իր ամուսնուն բաժանորդ գրել։ Զարմացա մնացի. Սեթը գիրք կարդա և այն էլ Աճառյանի՞ գիրքը: Ականջիս չէի հավատում: Ստիպված էի մերժել, որովհետև ռեկտորի հրամանով բաժանորդագրությունը փակված էր: Երկրորդ չար, ավելի շուտ ողորմելի անձնավորությունը Բագրատ Խալաթյանն էր: Նա հրավիրվել էր Ճեմարան իբրև ուսուցիչ ռուս գրականության: Հայերեն գիտեր, բայց շատ թույլ: Հագնվում էր շատ զարդարուն ձևով, անուշահոտ դուխիներով օծված, այնպես որ աչք էր ծակում: Մի օր մտա Ճեմարանի ուսուցչանոցը։ Այնտեղ էին Ստեփան Կանայանը և այս Բագրատ Խալաթյանը, որոնք վիճում էին ինչ-որ հարցի առթիվ: Երբ ես ներս մտա, Կանայանը ասաց Բագրատին. «Այ, պարոն Աճառյանը եկավ, նա լավ գիտե, իրեն հարցնենք, և դառնալով, ասաց. «Դուք իրար հետ ծանոթ չե՞ք»: Ես պատասխանեցի. «Ես երեք անգամ ծանոթացել եմ պարոն Խալաթյանի հետ, բայց նա բարևս էլ չի առնում»: «Ոչ,— ասաց Կանայանը,— պարոն Աճառյանը մեր կարևոր մասնագետներից մեկն է, չի կարելի այդպես վարվել նրա հետ»: Խալաթյանը կմկմաց և ինչ-որ ներողություն խնդրեց: Խալաթյանը Ճեմարանից շուտով հեռացավ և գնաց Գերմանիա: Նա հրատարակեց մի քանի ազգագրական տետրակներ և հոդվածներ գրեց «Բանասեր»-ի մեջ, հետո վեճ ունեցավ Բասմաջյանի հետ և իրար հետ կռվեցին. Բագրատ Խալաթյանը Բասմաջյանի դեմ գրեց մի հոդված «Մի ապտակ Բասմաջյանի դեմ» վերնագրով: Բասմաջյանն էլ պատասխանեց «Մեկի դեմ 2 ապտակ Բ. Խալաթյանի դեմ» վերնագրով: Շատ զվարճալի է հետևյալ դեպքը: «Հանդէս Ամսօրեայ» ամսաթերթի մեջ Բ. Խալաթյանը (1906 թ., էջ 333) սկսեց հրատարակել «Եվալդ Լիդեն» վերնագրով մի հոդված, որի սկզբում տալիս է հայագիտության պատմությունը: Այստեղ, էջ 335 բ-ում, հիշում է եվրոպացի հայագետների անունները, թվելով նրանց գործերը։ Սրանց մեջ կարդում ենք. «Օգտավետ ծառայություն մատուցին հայ լեզվի բազմակողմանի ուսումնասիրությանն Christian Bartholomae, Sophus Bugge…, մանավանդ հմուտ հայագետ A. Meillet: Հիշելու է ևս Verfasser, Die Semitischen Lehnworter in Armenishen ZDMG, 1893» և այլն: Կարդալով այդ հոդվածը և տեսնելով նշանավոր մարդկանց շարքում Verfasser անունով մի նոր հայագետի, որի անունը երբեք լսած չէի, զարմացած մնում եմ, թե ո՞վ է այս անծանոթ հռչակավոր հայագետը: Բայց երբ շարունակության մեջ կարդում եմ նրա գրած աշխատության անունը, իսկույն հասկանում եմ, որ հայտնի Հյուբշմանն է: Դեպքը այսպես է եղել: Հյուբշմանը իր քերականության մեջ, հիշելով զանազան հեղինակների անունները և նրանց գործերը, նրանց հետ հիշում է նաև իր այս աշխատությունը. բայց համեստությամբ, փոխանակ իր անունը տալու, ինչպես սովորություն է, գրել է Verfasser (հեղինակը): Ողորմելի Խալաթյանը այսքանը չիմանալով և Verfasser գոյականի գլխատառից ենթադրելով, թե մարդու անուն է, ստեղծել է նորահնար մի հայագետ: Խալաթյանի այս ծիծաղելի արարքը հայտնեցի ժամանակին «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության. բոլորը հրաժարվեցին խմբագիր եղած լինելու պատվից, որպեսզի անարգանքի հարվածից ազատվեն: «Այլ առակ լուարուք»: 1909/10 Խալաթյանը գտնվելով Բեռլինում, համալսարանին դիմում է տալիս և խնդրում, որ իրեն նշանակեն դասախոս օսեթերեն լեզվի: Պրոֆեսորների ժողով է գումարվում քննելու համար հարցը: Այնտեղ է նաև Խալաթյանը: Պրոֆեսորներից մեկը հարց է տալիս, թե օսեթերենի ո՞ր բարբառը՝ Թագո՞ւր թե Դիգոր պիտի դասախոսե նա: Խալաթյանը, որ մինչև անգամ չի իմացել, թե օսեթերենը 2 բարբառ ունի, շշկլված մնում է և ոչինչ չի կարողանում պատասխանել: Հարցը սրանով փակվում է: (Այս դեպքի պատմությունը պատմեց ինձ բժիշկ Խուրշուդ Մելիք-Փարսադանյանը, որ նույն թվականին ուսանում էր Բեռլինում): Վիեննայի «Ազգային մատենադարան»-ի շարքում Խալաթյանը հրատարակեց «Արաբ պատմագիրները հայոց մասին» հատորը: Էջմիածնում եղած ժամանակը Բագրատ Խալաթյանը արաբերեն ոչ մի բառ չգիտեր: Ինչպե՞ս կարողացավ 2—3 տարվա մեջ սովորել այդ դժվար լեզուն այնքան, որ կարողացավ արաբ հեղինակները կարդալ և նրանցից նյութեր քաղել: Հաստատ հավատացած եմ, որ այստեղ էլ կեղծիք կա: Նա կարդացել է այդ գրքերի գերմաներեն թարգմանությունը և գերմաներենի իր հրաշալի հմտությամբ (ինչպես ցույց է տալիս Verfasser-ը) քաղել է այդ տեղեկությունները: Բ. Խալաթյանի վախճանը շատ դժբախտ եղավ: Նա վարակվեց վեներախտով, գժվեց և փոխադրվեց հիվանդանոց, ուր և մեռավ: Այսպիսի դժբախտ վախճան ունեցավ Էջմիածնի Ճեմարանի պերճապաճույճ երիտասարդ դասախոսը, որ սնափառ հայտարարությամբ արժանի չէր համարում իր համեստ պաշտոնակցի խոնարհ բարևն ընդունել: * * Մեկ տարի տևեց Կարապետ Կոստանյանի սուլթանական իշխանությունը: Էջմիածինը նրան հանգստյան թոշակ նշանակեց, նա հեռացավ ասպարեզից և մեզ էլ ազատեց իր բռնակալ ճիրաններից: Տեսուչ նշանակվեց Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, որ բարեկիրթ, ուսյալ և բարեհամբույր մարդ էր: Նա իր կրթությունն ստացել էր Գերմանիայում, սիրող էր Էջմիածնի և աշխատում էր յուրովսանն բարձրացնել նրա արժանիքը: Գնահատում էր ինձ և ինձ հանձնեց Ճեմարանի գրադարանապետի պաշտոնը։ Միևնույն ժամանակ ինձ նշանակեց իր խմբագրած «Արարատ» ամսաթերթի սրբագրիչ: Այսպիսով իմ դիրքը բարձրացավ, և իմ ռոճիկը բարձրացավ ամսական 50 ռուբլու: Այստեղ պետք է հիշեմ իմ կյանքի կարևոր կայաններից մեկը: Հայտնի է, որ օտարահպատակները ուսուցիչ լինելու իրավունք չունեին: Այդ միջոցին Էջմիածին հավաքված տաճկահայ գաղթականների համար կառավարությունից հրաման եկավ, թե ով որ ցանկանա, կարող է ռուսահպատակ գրվել։ Ես էլ, տեսնելով, որ առանց հպատակությունս փոխելու, չպիտի կարողանամ դիրք ստեղծել, որոշեցի մտնել գաղթականների խմբի մեջ և ռուսահպատակ գրվել: Պետական պաշտոնյան, ինչպես ամենքին, նույնպես և ինձ հարցրեց, թե «տաճկական անձնագիր ունե՞ս»: Ես անձնագիր ունեի, ուստի պաշտոնյան դուրս հանեց ինձ, որովհետև անձնագիր ունեցողները չէին կարող հպատակություն փոխել: Մի ժամանակ հետո որոշեցի մի ուրիշ ձև տալ գործին: Անձնագիրս նորոգման համար ուղարկել էի Երևան։ Նորից հավաքվեց գաղթականների մի խումբ, նորից մտա այդ խմբի մեջ, և երբ պաշտոնյան հարցրեց ինձ, թե «անձնագիր ունե՞ս», ես պատասխանեցի «ոչ». իբր թե անձնագիրս այժմ մոտս չէ, այլ ձեզ մոտ է: Ես լսել էի, որ շատ մեծ պետական հանցանք է երկու անձնագիր ունենալը. հանցավորին պատժում էին մինչև անգամ աքսորով: Ես հանդգնեցի այդ հանցանքը գործելու, բայց դրա համար մի ուրիշ հնարք էլ էի մտածել: Ես նախապես անունս գրում էի Ipasis AzxapyHb, ինչպես պահանջվում էր արևմտյան տառադարձությամբ: Երբ պաշտոնյան իմացավ, որ անձնագիր չունեմ, ընդունեց ինձ և առաջարկեց անունս գրել իր ցուցակում. ես գրեցի Pavis AvapsHb. իմ հնարքս իբր թե այն էր, որ Երևանում ցուցակի մեջ եթե փնտրեին իմ անունը, չպիտի գտնեին այս նոր ձևի տակ: Պաշտոնյան մտցրեց ինձ գաղթականների խմբի մեջ, այնտեղ քահանայի ներկայությամբ բոլորս Ավետարանի վրա երդվեցինք հավատարիմ մնալ ցարին և ռուսահպատակ դարձանք: Շուտով ստացանք մեր նոր անձնագրերը, որից քիչ հետո ես Երևանից ստացա նաև իմ տաճկական անձնագիրը: Այսպիսով ունեցա 2 անձնագիր, որ ինչպես ասացի, մեծ հանցանք էր: Ինչքա՞ն ժամանակ տանջվել եմ երկու անձնագիր պահելուս պատճառով։ Հենց որ մի ոստիկան էի տեսնում, որ ինձ էր նայում կամ ինձ մոտ էր գալիս, սարսափը պատում էր ինձ: Մի անգամ Թիֆլիս էի գնացել և իջել Վիկտորիա հյուրանոցը, որ հայերի օթևանն էր միշտ: Սենյակումս նստած եմ, հանկարծ բակում մի գոռգոռոց է բարձրանում: Դուրս եմ նայում պատուհանից. տեսնում եմ մի ոստիկան, որ դեպի իմ պատուհանը երկարելով իր ձեռքը՝ բաներ է ասում: Ի՞նչ անելս չգիտեմ: Անշուշտ եկել են ինձ ձերբակալելու: — Բայց վտանգը անցավ, և ինձ ոչ ոք չձերբակալեց։ «Գող, սիրտը դող»: Իսկույն հանեցի թուրքական անձնագիրս, թքեցի նրա վրա և մի լուցկի վառելով, մոխիր դարձրի: Այսպես վերջացավ իմ տաճկահպատակի ստրկական, ամոթալի վիճակը։ == ՄԱՌԻ ՀԵՏ == 1899 թվականի ամառը կաթողիկոսի թույլտվությամբ Բյուրականի հայրապետական ամառանոցը գնացի: Միաբանների մի խմբակի հետ մի լուսավոր սենյակում անկողին ստացա: Մի օր բակում նստած, խոսակցության միջոցին, մոտ քառասուն տարեկան սևահեր, թխադեմ մի անձնավորություն մոտեցավ վարդապետներին, բարևեց և ձեռք տվեց: Պետերբուրգի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Մառն էր: Հպարտ ձև չուներ: Խոսում էր ազատ հայերեն: Լսելով իր անունը և Գալուստ Տեր-Մկրտչյանի պատմածներով լավ ծանոթ լինելով իր անձին, ուրախացա, որ տեսա իրեն: Հայտնեց, թե Էջմիածնում Կարապետ վարդապետը խոսել է իմ (Աճառյանի) մասին և հայտնել է, թե պատրաստում եմ մի նշանավոր արմատական բառարան, որի մեջ մեկնել եմ հայերենի բոլոր արմատները: — Ճիշտ չի ասել,— պատասխանեցի ես,— հազիվ կարողացել եմ գուցե կեսը մեկնել։ Մառը ժպտաց և ասաց. — Ես Կարապետ վարդապետին ասացի, որ եթե բոլոր արմատները մեկնել է, ուրեմն անպետք աշխատություն է, որովհետև անկարելի է հայոց բոլոր արմատները մեկնել։ Իսկ վարդապետը ասաց, թե «Աճառյանը ուրիշ մարդ է, նա կարող է մեկնել»: Իսկ այժմ, որ դուք ասում եք, թե հազիվ կեսն է մեկնված, ուրեմն լավ աշխատություն է: Մենք մտերմացանք իրար հետ և սկսեցինք գիտական (լեզվաբանական) հարցերի շուրջը խոսել: Այդ միջոցին երևաց Հովհաննես Հովհաննիսյանը, գեղեցկադեմ մի մարդ, բանաստեղծ և ուսուցիչ Ճեմարանում: Ես նրա հետ ծանոթություն չունեի, որովհետև նա էլ պատկանում էր ինձ ոչ բարեկամ խմբակին: Երբեք նրա տանը եղած չէի: Հ. Հովհաննիսյանը և Մառը վաղուցվա ծանոթներ էին. շատ սիրալիր խոսակցություն սկսեցին և Հովհաննիսյանը հրավիրեց Մառին իր տունը ճաշի: Տեսնելով, որ ես էլ Մառի հետ ընկերացել եմ, գուցե պարզ քաղաքավարության համար, ինձ էլ հրավիրեց։ Ես մերժեցի, բայց նա և Մառը ստիպեցին, որ գնամ: Հովհաննիսյանը ամառանոց էր եկել Բյուրական գյուղը և առանձին բնակարան վարձել: Սեղանը պատրաստ էր: Ես ծանոթացա նրա կնոջ՝ տիկին Զարուհու և երկու քույրերի՝ Աշխենի և Սիրանույշի հետ: Սեղան նստեցինք: Մառը խոսեց իմ մասին և արժանավոր գովասանքներ տվեց: Կինը գանգատվեց ինձանից, թե ինչո՞ւ մինչև այժմ իրենց մոտ չեմ գնացել: Երբ լսեցի, թե Հովհաննիսյանի քրոջ անունը Սիրանույշ էր, որ համառոտելով՝ Սիրուշ էին կոչում, ես իմ վաղեմի սովորության համեմատ իսկույն հայտնեցի, թե Սիրուշ պարսկերեն նշանակում է «հրեշտակ»: Կարծելով, թե սուտ հաճոյախոսություն եմ անում, տիկին Զարուհին, որ հենց առաջին րոպեից սկսած արհամարհանքով էր նայում իմ վրա, բարձրաձայն ծիծաղեց ու ծաղրեց ինձ: Ես դիմեցի Մառին և խնդրեցի, որ հաստատի, թե պարսկերեն սիրուշ նշանակում է «հրեշտակ». դժբախտաբար Մառը չգիտեր, և ես անել դրության մեջ մնացի: Այդ ժամանակ ասացի Մառին. «Չե՞ք հիշում զենդերեն «սրաօշա» բառը, որ հրեշտակ է նշանակում, որ ապա դառնում է պարսկերեն «սիրուշ»: «Այո՛, այո՛, — պատասխանեց Մառը,— բոլորովին ճիշտ է, ես այժմ հիշեցի»: Տիկինը խնդրեց, որ ես հաճախ գնամ իրենց մոտ։ Խոստացա, բայց բնավ չգնացի: Պատմում էին, թե երբ կաթողիկոսը առաջին անգամ եկել է Էջմիածին, Ճեմարանի ամբողջ ուսուցչական կազմը իրենց կանանց հետ եկել են աջը համբուրելու: Կաթողիկոսը տեսնելով Հովհաննիսյանին և նրա կնոջ Զարուհուն, որ շատ կարճահասակ մի կին էր, ասում է. «Պարոն Հովհաննիսյան, այդքան սիրային բանաստեղծություններ որ գրել ես, այս կնոջ համա՞ր է… լավ ես արել, չարիքներից փոքրագույնը ընտրել ես»: Կաթողիկոսը շատ էր սիրում տեղի անտեղի կատակաբանություններ անել, փույթ չէ նրանք վիրավորական լինեին մեկի կամ մյուսի հասցեին: Մառը հայտնեց ինձ, որ պիտի գնա Արտաշատ գյուղը պեղում անելու. ուզում է մի օգնական վարձել: Իսկույն ես ասացի. «Ինձ իբր օգնական չե՞ք վերցնի, առանց դրամական վարձատրության»: «Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Մառը,— ձեզանից ավելի լավ օգնական ո՞ւր պիտի գտնեի»: Էջմիածին վերադառնալով, ես ու Մառը կառքով մեկնեցինք Արտաշատ գյուղը, ուր նա մի մեծ սենյակ վարձեց մեր երկուսի համար: Կարծեմ 10 օր մնացինք այնտեղ և հաջորդ օրվանից պեղումները սկսեցինք: Նա ընտրեց մի ավերակ բարձունք, որ երկու մասի բաժանեց: Բարձունքի ձախ կողմը վերցրեց ինքը և բանվորների մի մեծ խմբով սկսեց փորել։ Մի քիչ դեպի աջ, մի քանի բանվորներ էլ տվեց ինձ, փորելու համար բարձունքի աջ կողմը: Այսպես սկսվեց մեր աշխատանքը: Մեր դիմացն էր Դվինը, կես ժամ հեռավորությամբ, որ նույնպես ուզում էր պեղել Մառը: Այնքան տարված էր Մառը երևակայությամբ, որ սպասում էր, թե պեղման ժամանակ նա կիջնի Արտաշատի հրապարակը, կգտնի Դավիթ Դվնեցու շիրիմը, կկարդա նրա տապանագիրը և կմտցնի իր վկայաբանության մեջ, որ պատրաստում էր տպագրության: Երազները շատ քաջալերիչ են. բայց Մառի երազը չկատարվեց: Ոչ մի հրապարակ մենք չգտանք: Մենք գտանք մի քանի խավ թոնիր, մեկը մյուսի ետևից, ինչ որ նշանակում էր, թե այնքան անգամ բնակություն և ավերած է կատարվել: Վերջապես հասանք հատակը. դրսից ջրի խողովակները մտան ներս, բայց ունեցած գումարը վերջացավ և պեղումը շարունակելը հետաձգելով հաջորդ տարվան, վերջ տվեց իր գործին: Այն կարճ շրջանում, որ ես ապրեցի Մառի հետ, լավ ուսումնասիրեցի նրա անձնավորությունը: Չափազանց բարի, ընկերական և ազնիվ մարդ էր այն ժամանակ: Պատմեց իր կենսագրությունը և իր կյանքից շատ բեկորների մասին խոսեց: Ես կամփոփեմ դրանցից կարևորը: Նա հայտնեց, որ հայրը իռլանդացի էր. Կովկասում ամուսնացել է մի մինգրել աղջկա հետ, որից ծնվել է ինքը և ըստ ցարական օրենքի կնքվել է ռուս: «Հա՜, հա՜, հա՜»,— ծիծաղում էր Մառը, ասելով, թե ոչ հայրը ռուսերեն գիտեր և ոչ մայրը իռլանդերեն կամ անգլերեն: Ուրեմն ի՞նչ լեզվով էին խոսում իրար հետ: Կովկասում սովորելուց հետո գնում է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտում է Քերովբե Պատկանյանին, դասընկեր ունենալով Ստեփան Մալխասյանին (այս և հաջորդ մի քանի տեղեկությունները լսել եմ Մալխասյանից): Երբ ավարտում են և Պատկանյանը մեռնում է, նրան հաջորդ ընտրելու համար վեճ է ծագում, ոմանք ուզում են ընտրել Մառին, իսկ ուրիշներ, որոնց գլուխն է կանգնել Եզյանը, ուզում են ընտրել Մալխասյանին: Մալխասյանը, ինչպես ինքն է ասել, հրաժարվել է, ասելով, թե ինքը միայն հայերեն գիտե, իսկ Մառը՝ թե՛ հայերեն և թե՛ վրացերեն: Մառը հարցրեց ինձ. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»: «Բայց դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ ձեզ ոչ ոք չի գնահատի. դուք կմնաք խեղճ ու թշվառ. եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, դուք կլինեք նշանավոր գիտնական»: Ես պատասխանեցի, թե ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան: Մենք շատ երկար խոսեցինք Մառի հնարած նոր լեզվաբանության մասին, որ հետագայում ձևափոխվելով կոչվեց «Նոր ուսմունք»: Մառը դեռ հանդուգն քայլեր չէր առած: Նա միայն քարոզում էր, թե վրացերենը ազգակից է սեմականին և հնդեվրոպական, սեմական և կովկասյան երեք խմբերը ծագում են մի խմբից, որ կոչվում է Նոյան: Բաժանվելու ժամանակ Մառը ասաց ինձ. «Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Դարձյալ մտածեցեք իմ ասածի մասին: Դուք այստեղ կկորչեք. եկեք Պետերբուրգ և նշանավոր մարդ կդառնաք»: Ավելացնեմ մի հետաքրքիր կետ: Երբ Արտաշատ գնացինք, հենց առաջին րոպեից Մառը խնդրեց ինձանից, որ ես իր հետ հայերեն չխոսեմ. «Որովհետև,— ասաց նա,— եթե դուք ինձ հետ հայերեն խոսեք, կկարծեն, թե ես էլ հայ եմ և ինչպես լավ գիտեք, հայերը հայերին չեն սիրում, չեն հարգում, ինձ հետ էլ կվարվեն իբրև հայի»: Ես ռուսերեն բնավ չգիտեի. առաջարկեցի գերմաներեն խոսել իր հետ: Ասաց, որ գերմաներեն լավ չգիտե, ավելի լավ գիտե ֆրանսերեն: Այնուհետև մենք միշտ խոսում էինք ֆրանսերեն, թեև ֆրանսերեն էլ ազատ չէր խոսում: Իմ մի քանի ուրիշ հանդիպումների մասին Մառի հետ՝ կխոսենք ավելի ուշ: == ՎԵՐԵԼՔ Ի ՄԱՍԻՍ == Էջմիածինը իբրև հնություն շատ մեծ անուն ունի եվրոպացոց մեջ. նա իբրև աշխարհիս ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից մեկը, հատկապես առանձնատիպ իր ճարտարապետությամբ, հարգի է գիտունների աչքին: Նրա մոտ գտնված Հռիփսիմեի եկեղեցին, որ ճարտարապետական մի գոհար է, ավելացնում է նրա փառքը: Էջմիածնին ժամանակակից են նաև Շողակաթը և Գայանեն, որոնք նվազ գեղեցիկ չեն: Բայց Էջմիածնի պատիվը ավելի բարձրացնողն է Մասիսը, որ ըստ Սուրբ Գրքի առասպելի, Նոյան տապանի կայանն է համարվում: Երբ Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղվեցին և այդ տարօրինակ ճարտարապետությամբ շինված, կլորակ և եռահարկ եկեղեցին ավերակների տակից դուրս բերվեց, է՛լ ավելի բարձրացավ Էջմիածնի հնագիտական արժեքը: Ըստ այսմ հաճախ եվրոպացի ճամբորդները գալիս էին Էջմիածին: Երբ նրանք շատ նշանավոր մարդիկ էին լինում, նրանց թարգման էր լինում Կարապետ վարդապետը, մանավանդ, երբ տիկիններ էլ լինեին: Նա խոսում էր ազատ գերմաներեն, բայց քիչ թե շատ գիտեր նաև խոսել ֆրանսերեն և անգլերեն։ Մի անգամ կաթողիկոսին ներկայացել էին բազմաթիվ հյուրեր և նրանց թարգմանը եղել էր Կարապետ վարդապետը, որի խոսակցությունը, նույնիսկ հայերենում, մի քիչ կակազ էր: Հյուրերի գնալուց հետո կաթողիկոսը իր կծու սրախոսությամբ ասել էր. — Այսօր Կարապետ վարդապետը ութը լեզվով կակազեց: Եթե հյուրերը սովորական մարդիկ էին, թարգմանը բնականաբար ես էի լինում: Բազմաթիվ դեպքերի միջից հիշում եմ հետևյալ երկուսը: Հյուր էին եկել երկու հոգի. մեկը հաստափոր, բայց հաճելի դեմքով ամերիկացի էր, որ խոսում էր ազատ ֆրանսերեն: Նրա հետ ընկերանում էր մի ավելի երիտասարդ կին, ֆրանսուհի, որ բնականաբար նրա հետ և ինձ հետ խոսում էր ֆրանսերեն: Տիկինը շատ գոհ մնաց, երբ լսեց, որ ես էլ Ֆրանսիայումն եմ սովորել։ Նա համարյա թե թողեց ամերիկացուն և միայն ինձանով զբաղվեց։ Ամերիկացին հետևում էր մեզ և լսում: Այցելեցինք վանքի ներսը, ուր կան զանազան սրբություններ՝ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի գեղարդը (նիզակ, որով խոցել են իր կողը խաչի վրա, իհարկե բոլորովին սուտ), Մատթեոս ավետարանչի մատը և այսպես զանազան սրբություններ, այսինքն՝ ստություններ: Ֆրանսուհին, իբրև կաթոլիկ և հավատացյալ, խաչակնքում էր երեսը և պատկառանքով խոնարհվում և համբուրում էր այդ սրբությունները: Ամերիկացին դարձավ ինձ և ասաց. — Ներեցեք, որ ես չեմ խաչակնքում և չեմ համբուրում: Այդ մեր կրոնի սովորությունն է. բայց մի՛ համարեք, թե ես անարգում կամ արհամարհում եմ: — Ոչ,— պատասխանեցի ես,— մենք գիտենք, որ բողոքական դավանանքը այդպես է և ամենևին չենք վիրավորվում: Վարդապետը, որ այդ սրբությունները ցույց էր տալիս, մի մատյան բերեց և առաջարկեց ինձ, որ ասեմ նրանց, թե այդտեղ մի գումար պետք է արձանագրվի: Շատ ծանր էր ինձ այդպիսի բան ասել, բայց ստիպված էի: Ներողություն խնդրեցի ամերիկացուց և ասացի: Իսկույն 20 ռուբլի վճարեց և ստորագրեց: Գնացինք դեպի Ներսիսյան լիճը: Էջմիածնի փառավոր տեսարաններից մեկն էր, մանավանդ երբ լիքն է: Նրա դիմացը փռված է ահագին անտառը, որի ետևը բարձրանում է հոյակապ սպիտակափառ Մասիսը: Այստեղ կանգնեց ամերիկացին, նայեց ջրերին, նայեց Մասիսին և ասաց. «Մանուկ էի, երբ Սուրբ Գրքում կարդացի. «Եվ տապանը կանգնեց Արարատ սարի վրա»: Հարցրի ուսուցչին, թե ո՞ւր է այդ Արարատ սարը: Պատասխանեց՝ Հայաստանում: Ես այդ օրը ուխտեցի անպատճառ գնալ տեսնել Արարատը: Այսօր իմ ուխտը կատարեցի»: Ասաց և ձեռք տվեց ինձ: Շարունակեցինք մեր պտույտը, գնացինք մինչև անտառի ծայրը և վերադարձանք: Երբ եկավ բաժանման րոպեն, տիկինը ինձ նվիրեց 5 ռուբլիանոց մի ոսկի: Ես մերժեցի, ասելով, թե ես վանքից նշանակ- ված եմ իբր թարգման և ստանում եմ դրա համար առանձին վարձատրություն (իհարկե սուտ էր). հետևաբար չեմ կարող ընդունել ձեր նվերը: Շատ ստիպեց, բայց ես մերժեցի: Վերջում ասացի, թե «Ձեր ամուսինը…»: «Օ՜հ, ո՛չ, նա իմ ամուսինը չէր, ես նրա աղախինն եմ»: Որքա՜ն մոտիկություն, որ չէի կարողացել տարբերել տիրոջ և աղախնուն: * * * Դիլիջանումն էլ պատահմամբ տեսա 80 տարեկան մի ամերիկացի, որ գնում էր Էջմիածին՝ Արարատը տեսնելու: * * Երկրորդ դեպքը հետևյալն է: Ինձ կանչեցին Վեհարան, իբրև թարգման խոսելու մի եվրոպացու հետ: Գնացի և տեսա Վեհարանում մի շվեյցարացի, որ խոսում էր լավ ֆրանսերեն: Առաջնորդեցի Վեհափառի մոտ: Հայտնեց, թե ուզում է բարձրանալ Մասիս և խնդրեց, որ իրեն մի օգնական տան: Ես մեջ մտա և խնդրեցի շվեյցարացուց, թե «Ինձ չե՞ք ընդունի իբրև օգնական»: Նա չափազանց ուրախացավ և հրճվանքով ընդունեց ինձ: Դուրս եկանք և իսկույն որոշեցինք մեկնել դեպի Մասիս: Շվեյցարացին ուղարկված էր Էջմիածին ուսումնասիրելու համար Մասիս բարձրանալու բոլոր հանգամանքները։ Նա ուղարկված էր մի հանձնախմբի կողմից, որ պիտի պատրաստեր 100 հոգուց բաղկացած մի մեծ արշավախմբի վերելքը դեպի Մասիս: Մենք գնացինք ուղղակի Իգդիր և գիշերեցինք մի հայի հյուրանոցում: Շվեյցարացու հետ բոլորովին մտերիմ էինք դարձել, նա էլ երիտասարդ, ես էլ երիտասարդ: Երբ պառկելու ժամանակը եկավ, ես հարցրի շվեյցարացուն, թե ուզո՞ւմ եք, որ ճրագը հանգցնենք, որովհետև ես ճրագով քնել չեմ սիրում: Շվեյցարացին բարձրահասակ էր, երկարեց ձեռքը, որպեսզի ճրագը հանգցնի, բայց չկարողացավ: Ես մոտեցա ճրագին, մի խոր շնչով փչեցի, ճրագը հանգավ, բայց շիշն էլ ընկավ և փշրվեց, «Quel souffle!» (Ի՜նչ շունչ), կոչեց շվեյցարացին, բայց իսկույն հայը ներս մտավ և կոչեց. «Ի՞նչ է, դուք եկել եք իմ սենյակը քանդելո՞ւ»: Հիսուն կոպեկ դրի հայի ձեռքը և միջադեպը փակվեց: Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Մասիս. տեսանք Ակոռի գյուղը, որ Մեծ Մասիսի ստորոտումն է և 1840 թվականին փլատակի տակ մնալով, ամբողջովին քանդվեց: Երկու հովիվ, որ այդ միջոցին գտնվում էին Մասիսի բարձունքում, տեսան իրենց ոտի տակ իրենց գյուղի կործանումը, որից միայն իրենք փրկվեցին: Այդ երկուսից մեկին մի օր տեսա ես Էջմիածնի ճանապարհին: Ակոռիի տների գերանները դեռ մնում էին հողի տակից դուրս երկարած: Տեսանք նաև Ս. Հակոբ Մծբնացու վանքը, որի ջուրը օգտագործում էին արտի մորեխը ջնջելու համար: Այս պատմությունը սուտ չէ: Երբ Արարատյան դաշտում մի որևէ տեղ մորեխ էր իջնում, գնում էին Սուրբ Հակոբի վանքը հանդիսավոր թափորով, աշխարհական և եկեղեցական, երգով և շարականով և հասնելով վանքը, աղբյուրի ջրից վերցնում էին և բերում մորեխ իջած մի արտի վրա ցանում: Սուրբ Հակոբի աղբյուրի մոտ կա մի տեսակ թռչուն, որ սիրում է մորեխ ուտել: Երբ թռչունները տեսնում էին մարդկանց բազմությունը, բնականաբար հետևում էին նրանց և հասնում մինչև արտը: Այդտեղ, տեսնելով մորեխներին, հարձակվում էին նրանց վրա և սկսում կոտորել: Վրա էին հասնում նաև թռչունների մյուս ընկերները և այսպիսով արտը մաքրվում էր: Մենք եկանք ռուս սահմանապահ զորքի կայանը և ուզեցինք ներկայանալ պետին, որ մի ռուս զորավար էր: Բայց նա գնացել էր Երևան: Մեզ ընդունեց իր կինը, որ Մելիք-Աղամալյանների տոհմից, երևանցի բարեվայելուչ մի հայ տիկին էր: Սիրով ընդունեց մեզ և բացօթյա տեղավորված զինվորների շարքին երկու մահճակալ նշանակեց, որպեսզի այնտեղ անցկացնենք գիշերը։ Ուշ ժամանակ, չգիտեմ ինչու, մենք ուզեցինք Մասիսի վրա ինչ-որ պտույտ կատարել: Վերցրինք հետներս մի կոզակ, որ տարավ մեզ իր ծանոթ վայրերով ինչ-որ տեղ Մասիսի վրա: Նստեցինք, դաշտի գիշերային տեսարանը դիտեցինք և ապա հետ դարձանք: Ճանապարհը շատ քարքարոտ էր, դար ու փոս, դժվարանցանելի: Կոզակը, որին լավ ծանոթ էին այս տեղերը, ազատ համարձակ իջնում էր: Շվեյցարացին խնդրեց, որ ասեմ կոզակին, որ կամաց գնա, որովհետև մութ էր, և մենք ոչինչ չէինք տեսնում. скоро կոչում եմ կոզակին, նա ավելի արագ է իջնում. ես իրար հետևից բղավում եմ скоро, скоро, և նա ավելի է արագացնում իր ընթացքը: Շատ հետո իմացա, թե скоро նշանակում է ոչ թե կամաց, այլ արագ: Գիշերեցինք այդ բացօթյա կայանում. որքա՜ն հաճելի էր այդ գիշերը ինձ համար: Սրբազան Մասիսի վրա, մեր հին Հայրենիքում, ազատ թուրքական ճնշումից… Առավոտը երկուսով սկսեցինք բարձրանալ: Մասիսը շատ չոր է. ամենահասարակ խոտերից դուրս ոչինչ չես գտնում. ջուր ամենևին չկա: Բարձրանում ենք շարունակ, դիտելով Արարատյան դաշտի բոլոր գյուղերը: Դիմացը կանգնած է Արագածը: Սարի վրա ինչքան բարձրանաս, այնքան տեսարանը գեղեցկանում է և այնքան փառահեղ է դառնում դիմացի սարը: Կեսօրից հետո հոգնած դադրած հասնում ենք ձյան սահմանը: Մենք արդեն անցել ենք Փոքր Մասիսի բարձրությունը, որ այժմ մեզնից ցածր է կանգնած: Այդտեղ գտանք քոչվոր քրդերին (եզիդի), որոնք ամառանոց էին բարձրացել իրենց ոչխարներով և տավարով: Ջուր խնդրեցինք, բայց մեզ բերին հրաշալի սառնորակ մի թան, որի տված հաճույքը մինչև այժմ չեմ մոռացել։ Ձյան կողքին պառկեցի և քնեցի: Ես հոգնել էի, և ավելորդ վերելքը ինձ չէր հետաքրքրում: Շվեյցարացին մի քրդի ընկերակցությամբ, որ հրացանով էլ զինված էր, բարձրացավ է՛լ ավելի վեր: Ես քնած էի: Մի ժամ հետո, երբ նրանք իջան, արթնացա ես էլ։ Պատմեցին, որ մի արջ են տեսել, որի վրա քուրդը հրացան է արձակել, բայց արջը փախել էր: Այդքանը բավական համարելով, սարից իջանք ցած և հետ դարձանք մինչև Էջմիածին: Բաժանվեցինք իրարից, և շվեյցարացին մեկնեց Երևան, Եվրոպա վերադառնալու համար: Հաջորդ տարին 100 հոգուց բաղկացած արշավախումբը չեկավ, բայց ավելի ուշ, երբ ես Էջմիածնում չէի այլևս, արշավախումբը եկել էր և բարձրացել Մասիսի գագաթը: Այդ խմբին մասնակցել է նաև Մեսրոպ եպիսկոպոսը: Երբ մարդիկ բարձրանում են Մասիսի վրա, տեղի են ունենում զանազան երևույթներ: Ոմանք շնչասպառ են լինում, ոմանք ուշքից գնում են, ոմանց մարմնի ծակոտիներից արյուն է հոսում, ուրիշներ դիմանում են մինչև վերջ: Ցուրտը սաստիկ է, բայց ոչ անտանելի: Վտանգավոր է քամին, որ բկախեղդ է անում մարդուն: Վտանգավոր է հատկապես ոտքի տակի սառույցը, որից սահում և ընկնում են անդունդը: Այս արշավախմբի վերելքի նկարագրությունը մանրամասն գրեց և հրատարակեց Մեսրոպ եպիսկոպոսը «Արարատ» ամսագրի մեջ և ապա առանձին գրքով: Ասացին, որ 100 ճամփորդներից վերջինը, մի գերմանացի ինժեներ, ընկել է անդունդը և մեռել։ Այս եղավ միակ զոհը: Շատ տարիներ հետո լրագրում կարդացի, որ Սիբիրում մի գյուղացի ներկայանում է դատարան և խնդրում է, որ իրեն պատժեն, որովհետև ինքը մարդասպան է: Պատմում է հետևյալը. — Տարիներ առաջ ես պահակ էի Մասիսի վրա։ 100 հոգի բարձրացան վերև։ Ես էլ մասնակցում էի նրանց հետ իբրև պահակներից մեկը: Ես ամենավերջումն էի. տեսա իմ առաջ մի գերմանացի ինժեներ, որի կրծքի վրա շողշողում էր ժամացույցի ոսկի շղթան. սատանան ինձ հրապուրեց, մի հարվածով կրծքից ոսկե շղթան պոկեցի և մի քացի տալով ինժեներին՝ գցեցի անդունդը, ուր և կորավ: Ոչ ոք չիմացավ. կարծեցին, թե ինքն է սայթաքել: Ես մինչև այժմ տարա խղճիս ցավը, բայց էլ չեմ դիմանում: Պատժեցեք ինձ: == ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ԳԱԼՈՒՍՏԸ == Էջմիածնում լուր տարածվեց, թե պարսից շահը Եվրոպա պետք է գնա Երևանի վրայով. անշուշտ այդ առթիվ պիտի այցելի նաև Էջմիածին: Կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն պատրաստություն սկսեցին տեսնել շահին ընդունելու համար: Ճեմարանի տեսուչ Կարապետ վարդապետը առաջարկեց ինձ շահին նվիրված մի երգ գրել, որ Կոմիտաս վարդապետը պիտի ձայնագրեր, ուսանողներին սովորեցներ, և երգեցիկ խումբը շահի առաջ պիտի երգեր: Կեդրոնական վարժարանում աշակերտ եղած ժամանակս մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը մի տաճկերեն երգ էր գրել, որ երաժշտագետ Տիգրան Չուխաճյանը ձայնագրեց, մեզ սովորեցրեց, և մենք էլ սուլթանի անցքի ժամանակ երգեցինք: Այդ ոտանավորը տպված էր Աբիկյանի «Ճաշակ օսմանյան դպրության» գրքում, որի սկիզբը մենք բերել ենք վերը: Այդ երգը վերածեցի պարսկերենի, տարի Կոմիտաս վարդապետին, հանդարտ կարդացի, շեշտերը և երկար ու կարճ ձայնավորները որոշեց և ապա մի եղանակ հարմարեցրեց: Այդ եղանակը սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբին։ Երգը գեղեցիկ գրերով արտագրել տվին մի մեծ թերթի վրա, Վաղարշապատում բնակվող մի գեղագիր թուրքի։ Մնացյալ պատրաստությունների մասին չեմ խոսում: Երկար սպասելուց հետո, վերջապես լսեցինք, որ շահը գալիս է Երևան: Կաթողիկոսը իր հետ վերցնելով մի քանի աչքի ընկնող վարդապետներ, ինձ էլ հետը վերցնելով, փոխադրվեցինք Երևանի առաջնորդարանը, որ Հրազդանի ափին, մի խոշոր բարձունքի վրա հոյակապ շենք է: Մեծ դահլիճ և բազմաթիվ սենյակներ ունի: Պատշգամբի տեսարանը Հրազդանի վրայով դեպի Էջմիածին հրաշալի է: Կաթողիկոսը մի շատ երկար գրություն գրեց և տվեց ինձ, որ ֆրանսերենի թարգմանեմ: Ես թարգմանեցի: Իր հրամանով այս թարգմանությունը անգիր արի (ավելորդ աշխատանք), որպեսզի շահին ներկայանալու ժամանակ կաթողիկոսի կողմից արտասանեմ: Ինձ համար գնեցին մի ձեռք նոր հագուստ, որ կոչվում էր սև շոր կամ պոչազգեստ։ Առին նաև կաշյա սպիտակ ձեռնոցներ, որ բնավ չէի գործածած: Այս ձևի տակ տիկնիկի պես պատրաստված, սպասում ենք: Երևանում առած է դարձած «շահի գելդի դելդին եղավ» դարձվածը, որ ասում են, երբ մեկի գալուն սպասում են երկար և չի գալիս: Այսպես եղավ և մերը: Օրեր ու ժամեր սպասեցինք, մինչև որ հայտնեցին, թե շահը եկել է Երևան և իջել է Երևանի նահանգապետ Կոմս Դիզենհաուզենի տունը: Նրա տունը գտնվում էր այժմյան Լենինի հրապարակի ծայրին՝ Կոմունալ բանկի տեղը: Կաթողիկոսը կառքով և թափորով, ես էլ իր կողքին նստած, գնացինք նահանգապետի տունը։ Դռան առաջ բազմաթիվ հյուրընկալներ կային: Ռուսաց կայսեր կողմից ուղարկված էին մի քանի բարձրաստիճան անձինք ընդունելությունը պատրաստելու համար։ Հենց դռան առաջ նրանցից երկուսը խոսում էին իրար հետ և ասացին, թե «Այստեղ մեկը կա, որ ֆրանսերեն լեզվով խոսում է. նա է լինելու կաթողիկոսի թարգմանը»: Ես առաջ անցա և ֆրանսերենով հայտնեցի, թե թարգմանը ես եմ: Ձեռք տվին ինձ և ֆրանսերեն լեզվով հայտնեցին, թե «Դուք պիտի լինեք ամենից առաջ գնացողը, որովհետև դուք կաթողիկոսի բերանն եք: Մնացյալ բոլորը ձեր հետևից պիտի գան: Ձեզանից առաջ ոչ ոք չպիտի անցնի»: Սնափառությամբ առաջ անցա, կաթողիկոսը հետևիցս, վարդապետները և եպիսկոպոսները ավելի հետո, ներս մտանք: Մեզ առաջնորդեցին մի մեծ դահլիճ, ուր կանգնած էր պարսից շահի սադրազամը՝ իր շքախմբով: Կաթողիկոսը և սադրազամը ձեռք տվին միմյանց և նստեցին: Ես կանգնած եմ կաթողիկոսի կողքին, իսկ մնացյալ միաբանները բոլորը կանգնած են մեր հետևը: Կաթողիկոսը կարծել էր, թե սադրազամը նույն ինքն թագավորն է. վախեցավ և շփոթվելուց դարձավ ինձ և ասաց. «Շփոթվեցի, սելիքս մոռացա. ա՛յն թուղթը, որ թարգմանել էի տվել քեզ, բերանացի ասա»: — Վեհափառ Տեր, սա թագավորը չէ, սա սադրազամն է,— ասացինք բոլորս հայերեն լեզվով: Կաթողիկոսը հանգստացավ և սկսեց ծիծաղել: Սադրազամը չիմացավ, թե խոսքը ինչի մասին էր, խոսեց օդից և անձրևից: Քիչ հետո բացվեցին թագավորի առանձնասենյակի դռները, և ես ու Կաթողիկոսը, ինչպես և մեր հետևից մի քանի հոգի, մտանք ներս: Մուզաֆֆերրեդդին շահը կանգնած էր ոտքի վրա և խաղում էր աթոռի հետ, ոտքերը ցնցելով։ Արքայական թագը գլխին էր, իր անխուսափելի ցցունքով միասին։ Բեղերը շատ երկար, հորիզոնական ձևով և սրածայր: Մորուք չուներ: Իր աջ կողքին կանգնած էր իր թարգմանը, որ Պետերբուրգի պարսկական դեսպան Միրզա Մոհսին խանն էր: Շահի դեմքը իրոք որ բարի և պատկառելի էր: Ես մինչև այդ տեսել էի մի քանի թագավորներ. նախ աշակերտ ժամանակս տաճկաց սուլթան Համիդին իր 400 կանանցով և հազարավոր զինվորներով։ Նա գազանի դեմք ուներ, տգեղ կերպարանքով և անճոռնի քթով: Ոչ մի համակրանք չէր կարող շարժել իր դեմքը: Երկրորդ՝ տեսել էի Սերբիայի թագավոր Ալեքսանդրին, որ պատանի էր և եկել էր Կոստանդնուպոլիս՝ սուլթանին այցելության: Փողոցներով ման էր գալիս ազատ, ֆայտոնում նստած, համակրելի, երեխայական դեմքով մեկն էր, որ նայողի վրա ոչ մի ազդեցություն չէր գործում: Երրորդը՝ եղել էր ռուսաց Նիկոլայ կայսրը, որ Փարիզում այցելության եկավ Պանթեոնը: Ես այն ժամանակ գտնվում էի Պանթեոնի կողքին գտնված մի հյուրանոցում: Սենյակս իր բալկոնով դեմ առ դեմ գտնվում էր Պանթեոնին։ Ուստի բոլոր ֆրանսիացի հարևաններս թափվեցին սենյակ և թույլտվություն խնդրեցին բալկոնից դիտելու կայսեր: Բոլորին թողեցի, իսկ ես սեղանիս առաջ նստած աշխատում էի և ամենևին չհետաքրքրվեցի նայելու համար, թե ինչպիսի մարդ է կայսրը: Չորրորդը՝ գերմանացիների Վիլհելմ Բ կայսրն էր, որին տեսա Ստրասբուրգում, ուր ուսանող էի: Ճառ էր խոսում ժողովրդին իր ապարանքի պատշգամբից: Ժողովրդի մեջ կանգնած՝ ես էլ լսեցի իր ճառը, որից միայն այն եմ հիշում, թե գերմաներեն ich spräche և ich stehe «խոսում եմ, կանգնած եմ» բառերը փոխանակ շ-ով հնչելու, հնչում էր ս-ով, ինչպես իր սովորությունն էր («իխ սփրեխե, իխ սթեհե»)։ Չեմ հաշվում Ֆրանսիայի նախագահին, որին հաճախ տեսել եմ փողոցում՝ կառքով անցնելիս՝ Փարիզում: Խոսեց նաև կաթողիկոսը (հայերեն լեզվով) և բարի գալուստ մաղթեց շահին: Ես այդ խոսքերը թարգմանեցի ֆրանսերենի: Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի և հայտնեց շահին: Շահը շնորհակալ եղավ: Կաթողիկոսը երկրորդ անգամ խոսք առնելով՝ ասաց. «Իմ վանքը Ձեր հայրերի սիրելի վանքն է եղել. նրանց նվիրած կանթեղը մինչև այժմ մնում է մեծ խորանի առաջ մշտավառ: Խնդրում եմ, որ Ձեր ճանապարհորդությունից վերադարձին այցելեք նաև մեր վանքը»: Ես այս խոսքերը թարգմանեցի ֆրանսերեն, Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի, իսկ շահը ձեռքը դնելով սրտի վրա, ասաց. «Վազիֆեի դիլեմ էսթ, քի… (սրտիս պարտականությունն է, որ գամ այցելեմ իմ հայրերի սիրած վանքը)»: Ես չթողեցի, որ Միրզա Մոհսին խանը շահի պատասխանը թարգմանի ֆրանսերենի և իսկույն հայերենի վերածելով՝ հայտնեցի կաթողիկոսին: Ընդունելությունը վերջացավ: Նույն փառքով, ինչպես եկել էինք, բայց ավելի հանգիստ սրտով, որովհետև անակնկալը անցել էր, վերադարձանք առաջնորդարան: Հազիվ կես ժամ անցել էր, փոխայցելության եկան սադրազամը, Միրզա Մոհսին խանը և ուրիշներ: Մտանք կաթողիկոսի սենյակը, ուր նստած էի նաև ես իբր թարգման: Սադրազամից վախեցող Վեհափառը, իմանալով, որ նա թուրք է, ուղղակի գրկեց և քաշեց նրա թևից և մտերմաբար նստեցրեց կողքին, ասելով. «Սեն թյուրքջե բիլի՞րմիսին»: Սկսեցին ընկերաբար խոսել իրար հետ: Միրզա Մոհսին խանը դիմեց ինձ և հարցրեց, թե «Ինչո՞ւ շահի պատասխանը չթողեցիք, որ թարգմանեմ»: Ես պատասխանեցի, թե «պարսկերեն հասկանում եմ, բայց խոսելու վարժություն չունեմ»: Կաթողիկոսը հայտնեց, թե Ստեփանոս Նախավկայի վանքը, որ պարսից սահմանի վրա է գտնվում, քայքայված վիճակի մեջ է և նորոգման կարոտ է: Ուստի խնդրեց, որ սադրազամը նորոգման արտոնություն տա: Դուրս եկան սքանչելի բալկոնը և դիտեցին Զանգվի հրաշալի տեսարանը: Խոսեցին իրար մեջ և հարցրին, թե ինչո՞ւ են գետը Զանգու կոչում: Սադրազամը հայտնեց, թե այդ բառը նշանակում է «թուխ կամ սև» և այդ անունը տվել են գետին, որովհետև ջուրը պղտոր լինելով՝ թուխ գույն է ստացել: Մեր էլ ընդունելությունը վերջացավ, և բոլորս Էջմիածին վերադարձանք: Շահը իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարի, Եվրոպայից վերադարձին, եկավ Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության։ Այն շքեղ պատրաստությունները, որ տեսել էին, բոլորը կատարվեցին։ Շքեղ հացկերույթ տվին շահին․ կաթողիկոսական ամպհովանիի տակ շահը և կաթողիկոսը թև թևի մտած՝ Տաճարը մտան, նկարները և հնությունները դիտեցին, դուրս գալու ժամանակ ուսանողների երգեցիկ խումբը երգեց Կոմիտասի ձայնագրած եղանակը և այլն: Այս բոլորի մեջ ես ոչ մի մասնակցություն չունեցա: Խաչիկ վարդապետը դիմել էր կաթողիկոսին և բողոքել էր, թե ինչո՞ւ Աճառյանը, աշխարհական մարդ, թարգմանի պաշտոն պիտի վարի և ոչ թե ինքը՝ Խաչիկ վարդապետը, որ գիտեր թուրքերեն խոսել: Կաթողիկոսը համաձայնվեց: Ամբողջ ընդունելության ժամանակ թարգմանը եղել էր Խաչիկ վարդապետը, բայց շահը թուրքերեն չգիտեր: Բացի սրանից, Խաչիկ վարդապետը թարգմանի ձևը չգիտեր. երբ շահը հարցնում էր, օրինակ, թե սա ո՞ւմ նկարն է, Խաչիկ վարդապետը, փոխանակ դառնալու կաթողիկոսին և նրան ասելու, թե «Նորին Մեծությունը հարցնում է, թե սա ո՞ւմ նկարն է» և պատասխան ստանալով, փոխանակ շահին հայտնելու՝ «Նորին Սրբությունը հայտնում է, թե այսինչի նկարն է», ինքը ուղղակի պատասխանում էր շահի հարցման: Միևնույն ժամանակ Խաչիկ վարդապետը կոպիտ էր, սովորություն ուներ խոսելու ժամանակ խոսակցի թևից քաշել, կրծքին խփել, հրել կամ մշտել: Մի տեսարան դիտելու ժամանակ, ասում են, թե խփում էր շահի թևին և ասում էր «Բախ, բախ, բախ (նայի՛ր)»: Այս բոլորը վատ էր ազդել շահի վրա: Երբ լսեցի, որ թարգմանը Խաչիկ վարդապետն է լինելու, և ես ոչ մի դեր չունեմ, առավոտուց հենց ծառայիս ճանապարհ դրի և ասացի, որ ամբողջ օրը չգա մոտս. սենյակիս դռները կողպեցի, վարագույրները ամբողջովին գցեցի և քաշված սեղանիս ծայրը, Արմատական բառարանիս վրա աշխատեցի: Հանդեսը վերջացավ և շահը մեկնեց: Լսեցի, որ շահը իր ձեռքով մի պատվանշան է կախել կաթողիկոսի կրծքից և ինքը ձեռքը սեղմելով շնորհավորել։ Կարապետ վարդապետը և ուրիշներ սպասում էին պատվանշանի, բայց ոչինչ չստացան: Ասում են, թե շահը Պարսկաստան հասնելուց հետո հայտնել է, որ իր ամբողջ ճամփորդության մեջ, թեև շատ փառահեղ ընդունելություն են ցույց տվել իրեն ամեն տեղ, բայց միայն երկու հոգի սրտանց են ընդունել իրեն: Մեկը եղել է մի պարսկահպատակ հայ, որ Բաքվում հրավիրել է շահին իր տունը և հենց դռան առաջ Համեցե՛ք ասելու փոխարեն արծաթյա մատուցարանի մեջ դռան բանալիները տալով շահին, ամբողջ տունը նվիրել է նրան: Շահը ընդունել է: Երկրորդը եղել է Հայոց կաթողիկոսը: == ՍԻՐՈ ՕՐԵՐ == Խրիմյան Հայրիկը, նախքան ինձ տեսնելը, անշուշտ իմ մասին գաղափար ուներ, որովհետև կարդացել էր իմ հոդվածները «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: Չեմ ասում, թե նա լեզվաբանությունից հասկացողություն ուներ, որովհետև մի օր ինձ մոտ, խոսելով այդ գիտության մասին, ասաց. «Այդ որչա՜փ չոր գիտություն է. ի՞նչպես եք սիրել այդ գիտությունը, չե՞ք ձանձրանում: Չո՜ր, չոփ-չոր»: Բայց իբրև ուսումնասեր մարդ, անշուշտ որոշ գաղափար կազմել էր իմ մասին: Ուստի և առաջին օրվանից ինձ լավ ընդունելություն ցույց տվեց և պատճառ եղավ, որ ես մնայի Էջմիածնում և խորանայի հայագիտության մեջ: Չգիտեմ, եթե նա սկզբից ևեթ ինձ տեղ տված չլիներ, իմ կյանքի ընթացքը ի՞նչ կլիներ: Արդյոք կկառչեի՞ հայագիտության մեջ, այդպես խոր և անխախտ կերպով: Խրիմյանի նպատակն էր ինձ վարդապետ ձեռնադրել: Այդ բանը սկզբից ևեթ չհայտնեց ինձ, բայց մի երկու տարի հետո, արդեն հայտնապես ասաց. «Ես քեզ վարդապետ պիտի ձեռնադրեմ»: Պատասխանեցի, թե «մի աչքս կույր է, չեմ կարող վարդապետ լինել»: «Քեզ ո՞վ ասաց, որ այդ ասես ինձ, դա նշանակություն չունի»: Ես պատասխանեցի, թե «Լավ ձայն չունիմ, երգել չգիտեմ»: «Հո դու տիրացու չես լինելու, տիրացուները կերգեն»: Վերջապես ես ասացի, թե ինձ արժանի չեմ գտնում վարդապետական աստիճանին։ Պատասխանեց. «Երանի թե մյուս վարդապետները քո արժանիքի կեսն ունենային»: Խրիմյանը իմ վրա բռնություն չբանեցրեց, այլ գրպանս ընկույզներ էր լցնում, սրանով ինձ կաշառելո՞ւ համար: Միամիտ մարդ: Խրիմյանի բարեհաճությունը մեծապես ազդել էր իր եղբորորդի Խորեն էֆենդու վրա, որ, կարող ենք ասել, թե Էջմիածնի տերն ու տիրականն էր, կաթողիկոսի գաղտնի խորհրդականը և նրա դրդիչը: Մի օր Խորեն էֆենդին կանչեց ինձ Վեհարան և խնդրեց ինձ, որ ես նրա աղջկան դասեր տամ: «Ի՞նչ դաս տամ,— հարցրի ես»: «Սովորեցրեք նրան, ինչ որ մի աղջիկ պարտական է իմանալ լավ կին դառնալու համար»: «Օրինա՞կ…»: «Լավ հայերեն իմանալ, գրաբար կարդալ, շարադրություն գրել, հայոց պատմություն սովորել և վերջապես ինչ որ դուք կարևոր կհամարեք: Ի փոխարեն ես ձեզ կվճարեմ ամսական ռոճիկ այնքան, ինչքան ստանում եք Ճեմարանից»: Օր որոշեցինք, և նա ինձ տարավ իրենց տունը. ներկայացրեց իր տիկնոջ, որ վանեցի միջակ տարիքով մի խոհեմ կին էր. երկու աղջիկ ուներ: — Ահա իմ մեծ աղջիկը,— ասաց նա,— դուք սրա հետ պիտի պարապեք: Ինձ դուր եկավ այդ ընտանիքը. պարկեշտ ու համեստ, նահապետական ընտանիք էր: Օրը և ժամը որոշեցինք և ես 2 անգամ գնացի դասի: Պարապեցի մեծ աղջկա հետ հայերեն լեզվից: Նախքան հաջորդ դասը Խորեն էֆենդին կանչեց ինձ վեհարան և ասաց. — Վեհափառը իմացավ, որ դուք դասեր եք տալիս իմ աղջկան։ Վճռական կերպով արգելեց. նա մեր տան մեծն է և ինչ հրամայեց, մենք պետք է կատարենք. խնդրում եմ այլևս ձեր դասերը դադարեցնեք: Էլի կմնաք մեր տան բարեկամը, կհաճախեք մեզ մոտ երբ որ ուզեք, բայց ոչ դասի համար: Ես համաձայնվեցի, բայց այլևս երբեք նրա տունը չգնացի: Շատ շուտ հասկանալի եղավ ինձ բանի էությունը. Խրիմյանը ինձ ուզում էր վարդապետ ձեռնադրել, Խորեն էֆենդին՝ փեսա դարձնել: Երկուսը իրար հակառակ էին, հաղթողը պիտի լիներ Խրիմյանը, բայց իրականում ոչ ոք չեղավ: 1920-ական թվականներին, երբ եկա Երևան համալսարանում դասախոսելու և սկսեցի հրատարակել Արմատական բառարանս, բաժանորդ եղավ նաև Ախիկյան անունով նկարիչը, որ վանեցի էր: Նա ամուսնացել էր Խորեն էֆենդու աղջկա հետ: Մի-երկու տարի հետո Ախիկյանը մեռավ. տեսա նրա կնոջ… Նախկին բարեդեմ աղջկա տեղ տեսա մի պառաված, կնճռոտ երեսով, տգեղ կին, որ ավուր հացի կարոտ էր: Նա էլ շուտով մեռավ: * * Կես դար և ավելի առաջ Վաղարշապատի կանայք բավական տգեղ էին: Այդ տգեղությունը վերագրում էին մալարիային, կիզիչ արևին և կեղտոտ ջրին: Եթե նրանց մեջ պատահեին բարեդեմ կանայք, անշուշտ եկվոր էին: Այսպիսիներից մեկն էր իմ ընկեր Մանանդյանի քույրը, որի անունն էր Աստղիկ: Չգիտեմ որտեղ տեսա նրան և երիտասարդական խանդավառությամբ սիրահարվեցի: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Այն ժամանակվա սիրահարությունը բոլորովին նման չէր արդի սերերի հետ: Սիրահարը դառնում էր ամաչկոտ, լռակյաց, տխուր և ապրում էր միայն ներքին հուզմունքով: Ոչ մի արտաքին նյութական արտահայտություն չէր ունենում: Այդպես և ես: Իմ սիրո արդյունքը այն եղավ, որ ես ուզեցի ավելի մոտենալ Մանանդյանին, ցույց տալ իմ աշխատասիրությունը և դրանով ինձ նրան սիրելի դարձնել: Դրա համար, երբ ես և Մանանդյանը դիմեցինք Գալուստ Տեր-Մկրտչյանին և խնդրեցինք, որ հայագիտական մի լավ նյութ տա իրեն գրելու համար և Միաբանը առաջարկեց մեզ կազմել «Հայոց նոր վկաները», ես իսկույն սիրով ընկերակցեցի Մանանդյանին և միասին սկսեցինք գործը: Այս աշխատությունը տևեց կարծեմ 2 տարի: Գրեթե ամեն օր գնում էինք ձեռագրատուն, վերցնում էինք ձեռագրերը և դեմ-դեմի նստած աշխատում էինք: Ամեն մեկս մի առանձին գլուխ էր վերցնում իր համար, որին մյուսը չէր մասնակցում: Ես սկսել էի թերթել Էջմիածնի ձեռագրատան բոլոր 4000 ձեռագրերը և կազմել տաղերի հավաքածու: Այդ նպատակին միացրի նաև «Նոր վկաներ»-ի որոնումը և ահագին նյութ հավաքեցի: Այս բոլորը դրի սեղանի վրա: Երկու տարվա մեր աշխատության արդյունքը հրատարակվեց Էջմիածնում երկու առանձին ձևի տակ: Առաջինը ժողովրդական հրատարակություն (Վաղարշապատ, 1902 թ.), իսկ երկրորդը գիտական հրատարակություն (Վաղարշապատ, 1903 թ.): «Հայոց նոր վկաները» 1155 թվականից մինչև 1843 թվականը նահատակված հայերի պատմությունն է (մեծ մասամբ թուրքերի ձեռքով, մի փոքր մասն էլ պարսիկների): Սրանք տոնելի սրբեր չեն և նրանց կյանքը «Յայսմաւուրք»-ի մեջ չի անցած պաշտոնապես: Օրացույցների մեջ էլ նրանք չեն հիշատակվում: Մասնավոր դեպքերում այս կամ այն «Յայսմաւուրք»-ը տալիս է իբր հավելված իր շրջապատում տեղի ունեցած մի նահատակի պատմությունը: Պրպտելով 100-ի չափ ձեռագրեր, հավաքելով նյութը և դասավորելով ժամանակագրական կարգով, հրատարակեցինք այս գիրքը, յուրաքանչյուր նահատակի պատմության վերջում դնելով նաև կարևոր պատմական, ժամանակագրական և ձեռագրական տեղեկություններ: Գիտական հրատարակության մեջ էջի ներքևում նշանակված են բոլոր ձեռագրերի տարբերակները, որոնք չկան ժողովրդական հրատարակության մեջ: Վերևում ասացի, թե ամեն մեկս մի գլուխ էր վերցնում և գրում. որոշելու համար, թե ո՞ր գլուխը ո՞վ է գրել, այսպես պայման կապեցինք. երբ նահատակի պատմության վերջում դրված տեղեկությունը սկսում է «այս» բառով, դա Մանանդյանինն է. երբ սկսում է «սույն» բառով՝ իմն է. իսկ երբ սկսում է «հիշյալ» բառով, իմն է, բայց քրոջս (Արմենուհու) աշխատակցությամբ: Հաշվելով բոլորը միասին, դուրս է գալիս, որ երկուսս միաժամանակ և միաչափ աշխատելով, իմ աշխատանքի արդյունքը եղել է մոտ երկուս ու կես անգամ ավելի, քան Մանանդյանինը: Երբ գրքի տպագրությունը վերջացավ, ես ուզեցի, որ այս արդյունքը նշանակենք առաջաբանի վերջում. Մանանդյանը նեղացավ, և ես զիջեցի: Այժմ այստեղ ուզում եմ դնել մեր աշխատանքի հաշիվը: Բնագրի 734 էջից Մանանդյանին է պատկանում 193 էջ, իսկ իմ ու քրոջս բաժինը կլինի 541 էջ, մոտ երկու և կես անգամ ավելի: Չնայած դրան, Մանանդյանը իր առաջաբանի սկզբում գրում է. «Ձեռնարկելով պր. Հրաչյա Աճառյանի տոկուն ու սիրահոժար աշխատակցությամբ հայոց նոր նահատակների վկայաբանությունների հրատարակման՝ իմ գլխավոր նպատակն է եղել…»: Դուրս է գալիս, որ աշխատությունը գրողը ինքն է, և ես նրա աշխատակիցն եմ: Բայց այս սխալը ոչ թե հեղինակի սխալն է, այլ նրա հայերեն լավ չիմանալու արդյունքը: Իմ սիրահարության պատմությունը թաքուն չէր կարող մնալ։ Ընկերներս մի օր տարան ինձ Երևան, Հրազդանի ափին գտնված մի զբոսավայր: Այնտեղ նրանք լավ խմեցին, ինձ էլ մի բաժակ գարեջուր խմացրին, որից ես հարբելով, դառնագին լաց եղա և գաղտնիքս բաց արի նրանց առաջ։ Լուրերով աղքատ Էջմիածինը չնչին բան էր փնտրում մեծացնելու համար: Այսպես տարածվեց իմ սիրո պատմությունը ամբողջ Վաղարշապատում: Նրանից անտեղյակ չէր կարող լինել Մանանդյանը, որի վերաբերմունքը իմ հանդեպ ոչ միայն չփոխվեց, այլ ընդհակառակը ավելի լավացավ: Երբ ամառը եկավ և արձակուրդ ունեցողները ամառանոց գնացին, մի օր Մանանդյանը մտավ իմ սենյակը և ասաց. «Դուք որևէ տեղ չե՞ք գնալու»: «Ո՞ւր գնամ,— պատասխանեցի ես,— գնալու տեղ չունեմ»: «Մենք գնալու ենք Դիլիջան,— ասաց նա,— կգաք մեզ մոտ, կապրեք մեզ հետ, և երբ արձակուրդը վերջանա՝ նորից կվերադառնանք Էջմիածին»: — Այս հրավերը չափազանց ուրախացրեց ինձ, բայց ես ի՞նչպես կարող էի մի ամբողջ ամառ պարապ անցկացնել: Մտածեցի և իսկույն մի միջոց գտա: Պետք էր հավաքեի պոլսահայ բարբառի մեջ գործածված բոլոր թուրքերեն բառերը: Ուրիշներ եթե ուզենային կատարել այդ աշխատանքը, անշուշտ պիտի սկսեին կարդալ զանազան բնագրեր և պիտի սկսեին հավաքել թուրքերեն բառերը: Բայց այդ աշխատանքը ինչքան էլ ուշադիր ձևով և երկար ժամանակ կատարեին, անշուշտ դարձյալ պակասավոր պիտի լիներ: Ես մտածեցի մի ուրիշ միջոց, որ հակառակ իր կարճության՝ պիտի տար լավագույն արդյունքը: Վերցրի միայն մի գիրք, այն է՝ Միհրան Աբիկյանի ընդարձակ օսմաներեն բառարանը՝ տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն լեզուներով: Որոշեցի կարդալ այդ գիրքը ամբողջ և որովհետև՝ իբրև կոստանդնուպոլսեցի, լավ գիտեի մեր բարբառը, ամեն մի թուրքերեն բառի դեմ կարող էի մի գիծ քաշել, եթե նա գործածական էր մեր բարբառում, և այսպիսով կունենայի ամբողջ փոխառյալ բառերի հավաքածուն: Գնացինք 5 հոգով Դիլիջան, վարձեցինք Ղուկաս բիձայի բնակարանը մալականների սահմանում: Մեզ հարևան ունեինք միայն մի մալական, որ ամբողջ օրը երգում էր. «Ու սուսիդա ժինկա միլայ Ա ու մենե նիչևո նիմա»: («Հարևանս ունի մի սիրուն կին, Իսկ ես ոչինչ չունեմ»): Ապրեցինք ամբողջ ամառը այդ բնակարանում: Ոչ մի հետաքրքրական դեպք չպատահեց մեր մեջ: Ես աշխատում էի իմ թուրքերենի փոխառյալ բառերի վրա և վերջացրի մի ամսում (1900 թ. հուլիս), որ և ապա տպագրվեց «Էմինյան ժողովածու»-ի շարքով (Վաղարշապատ, 1904 թ.): Երբեմն չորս հոգով պտույտի էինք դուրս գալիս. ես, Մանանդյանի մայրը, փոքր որդին՝ Արսենը և օրիորդը: Մեծ եղբայրը ընդհանրապես դուրս չէր գալիս: Փոքր եղբայրը շատ կատակախոս և զվարճասեր երիտասարդ էր: Մեր պտույտներից միայն մեկն եմ հիշում: Գնացել էինք բարձրադիր մի անտառ, որ գտնվում էր բլուրի վրա: Գագաթից ցած իջնելը դժվարացավ, որովհետև չորացած տերևները սահուն հատակ էին շինել և զառիվայրը լպրծուն էր դարձել. օրիորդը չէր կարողանում իջնել, ուստի թևն առի և արագ վազելով իջանք ցած: Մի օր ես ու մայրիկը տանը նստած խոսում էինք. մայրիկը հայտնեց, թե մի երիտասարդ խնդրել է օրիորդի ձեռքը, բայց իրենք մերժել են: Այս խոսքի վրա ես այլայլվել եմ և գույնս թռել է: Մայրիկը դարձավ ինձ, թե «Ի՞նչ եղար, ինչո՞ւ գույնդ թռավ»: «Ի՞նչ է եղել, որ իմ գույնը թռնի. ի՞նչ կապ ունեմ ես օրիորդի հետ»: «Ես ամեն բան գիտեմ, հանգիստ եղիր, արժանավորին կտամ, անարժանին չեմ տա»: == ՄԵՐՈՆՑ ԳԱԼՈՒՍՏԸ == Մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց. հայրս, մայրս, մեծ քույրս, փոքր քույրս, եղբայրս և ես (Արշալույս քույրս մեռել էր արդեն): Մերոնց նամակ էի գրում և առաջարկում, որ փոխադրվեն Էջմիածին: Կառավարությունը արգելել էր հայերի մուտքը և ելքը Տաճկաստանից: Վերջապես ստանում եմ տեղեկություն, թե հայրս և քույրս մեկնել են Կոստանդնուպոլսից, հասել են Բաթումի և այսինչ օրը պետք է լինեն Երևանում: Գնացի Երևան, գտա հորս, որին 6 տարի ի վեր չէի տեսել: Դեմքը չէր փոխված, միայն մի քիչ ծերացել էր, առանց կորցնելու իր նախկին աշխույժը և եռանդը: Կողքին կանգնած էր մի մանկամարդ, գեղեցիկ, բարձրահասակ աղջիկ․ հարցրի հորս. «Հայրիկ, ասիկա ո՞վ է»: «Քույրդ է, ծո»: Ժողովրդական մի ասացվածք կա. մեծ ուրախություն զգալու դեպքում ասում են «Ոտքս գետնից կտրվեց»: Ճիշտ այդպես եղավ և ինձ: Քրոջս ես փոքր տարիքին թողել էի Կոստանդնուպոլսում. այն ժամանակ սևադեմ փոքրիկ մի երեխա էր, իսկ այժմ բարձրահասակ, հրեշտակադեմ մի էակ: Ոտքերս գետնից կտրվեցին, փաթաթվեցի նրան և անվերջ համբույրներով երեսը ծածկեցի: Այլևս աշխարհում ոչինչ չմնաց ինձ համար: Գնացինք «Օրիանտ» հյուրանոցը, ուր գիշերեցինք երեքով և մյուս օրը գնացինք Էջմիածին, № 1 բնակարանս։ Հազիվ մտել ենք ներս և իրերը դասավորել, հանկարծ այցելության են գալիս Ճեմարանի ուսուցիչներից երկուսը՝ Քերովբե Միրաքյանը (նոր-նախիջևանցի) և Գևորգ Ղազարյանը (կարսեցի): Ես խնդրեցի, թե այժմ չեմ կարող ընդունել, որովհետև մերոնք նոր են եկել և հանգստի կարոտ են: «Խնդրում եմ վաղը եկեք»: Նրանք նեղացան և հեռացան: Իսկույն կազմում են մեր մասին մի առասպել, թե այդ աղջիկը Աճառյանի քույրը չէ, այլ սիրուհին. իսկ հորս համար դեռ որոշում չէին տվել. ոմանք ասում էին, թե քրոջս հայրն է: Որքա՜ն չար և անմիտ են մարդիկ: Մյուս օրը նույն երկու հյուրերը եկան սենյակ: Ծանոթացան հորս և քրոջս հետ և զարմացան, երբ քույրս խոսեց նրանց հետ ռուսահայ լեզվով: Քերովբեն հարցրեց. — Օրիորդ, այդ ի՞նչ շուտ սովորել եք մեր լեզուն: Քույրս պատասխանեց զարմանքով. — Մեր լեզուն, ձեր լեզուն ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ: Բացառականը կազմում եք ից-ով, ներգոյականը ում-ով, ներկան էլ ում եմ։ Ճանապարհի 2 օրվա ընթացքում այդքանը չէի՞ կարող սովորել: Այս փոքրիկ միջադեպը ես հաճույքով պատմեցի ցույց տալու համար, թե որքան սխալվում են նրանք, որոնք մեր երկու բարբառները իրարից անջատում են իբրև տարբեր լեզուներ և նրանց միջև մի մեծ անջրպետ են շինում: Արևմտահայերը ամենամեծ ճշտությամբ հասկանում և սովորում են արևելահայ լեզուն, բայց ինչո՞ւ արևելահայերը այդքան դժվարանում են սովորելու մեր բարբառը, նույնիսկ Կոստանդնուպոլսում երկար տարիներ ապրելուց հետո: Նույն միջոցին Գևորգ Ղազարյանը դիտում է իմ և քրոջս ունքերը և նրանց մեջ որոշ նմանություն գտնելով, գնում ընկերներին պատմում է, թե նա իմ հարազատ քույրն է: Այսպիսով մեր մասին տարածված առասպելը ջնջվում է: Երբ նրանք մեկնեցին, մերոնց հարցրի, թե եղբայրս ի՞նչ եղավ. իսկույն հայրս սկսեց լաց լինել. եղելությունը հասկացա: Եղբայրս մեռել էր: Մահը պատահել է 1900 թվականի ապրիլի 12-ին, հետևյալ հանգամանքներում: Բյոյուք-դերեի եկեղեցու կառավարիչ և դպրոցի տեսուչ Սահակ Խանճյանը, որ գրող, բանաստեղծ և ուսուցիչ էր և նույն թաղի բոլոր կրոնական և ազգային-դպրոցական գործերի կառավարիչը, խնդրել է հորիցս, որ թույլ տար իր որդուն եկեղեցում երգել, այսինքն՝ տիրացություն անել։ Հայրս թեև այս գաղափարին սաստիկ հակառակորդ էր, չի կարողանում մերժել նրա խնդիրքը և թույլատրում է: Ավագ շաբթում և Զատկին գիշերային պաշտամունքների ժամանակ հոգնում, անքուն է մնում եղբայրս և հենց տոներից հետո հիվանդանում: Մենենգիտ էր ստացել: Բժիշկները չեն կարողանում դարմանել, և նա մեռնում է: Մեր ընտանիքի ամենափոքր անդամն էր եղբայրս. բոլորովին սպիտակ դեմքով, ուժեղ և հաղթանդամ տղա էր դարձել: 14 տարեկան էր, երբ մեռավ։ Եղբորս հիշատակին ես մի գիրք եմ նվիրել՝ «Մանկական բարբառ», որ տպված է Փարիզի «Բանասէր» հանդեսում 1901 թվականին, պրակ Ա-ում: Այցելուները շատացան: Դրանց մեջ հիշում եմ գերմանացի հայագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինքին: Բեռլինից եկել էր Էջմիածին հայերեն ուսումնասիրելու: Երկու տարի մնաց Էջմիածնում, Ստեփան Կանայանի հետ գրեցին արևելահայ աշխարհաբարի քերականությունը գերմաներեն լեզվով, ընկերանալով Հակոբ Մանանդյանի, Եզնիկ վարդապետ Գյանջեցյանի և Գալուստ դպրի հետ, սկսեցին հրատարակել Zeitschrift für armenische Philologie ուսումնաթերթը, որ տևեց 2 տարի և որի կառավարիչն էր թիֆլիսեցի Աբգար Հովհաննիսյանը, իսկ ծախսերը հայթայթում էր Մանթաշյանը: Այս ուսումնաթերթում մասնակցեցին հայ և օտար հեղինակներ: Ես էլ մի ընդարձակ հոդված եմ հրատարակել այդտեղ Lautlehre des Van-Dialects (արտատպ. Marbourg, 1901) վերնագրով: Ֆինքը նշանավոր եղավ իր մի ուրիշ աշխատությամբ: Նա ուսումնասիրեց հայ բոշաների լեզուն և հետագայում հրատարակեց Պետերբուրգում — Die Sprache der armenischen Zigeuner վերնագրով: Հետագայում գնաց Գերմանիա, ուր վաղամեռիկ եղավ։ Ահա այս անձն էր, որ եկավ իմ սենյակը այցելության. բայց նա ինձ մոտ երբեք չէր եկել և մի նոր պատճառ էլ չուներ ինձ այցելելու: Ուստի ենթադրում եմ, եկել էր քրոջս տեսնելու: Դրա համար էլ սկսեց խոսել քրոջս հետ և որովհետև քույրս գերմաներեն չգիտեր, ուստի Ֆինքը խոսում էր կիսատ-պռատ հայերենով: Աչքերը ոլորելով այնպիսի ձևեր և նշաններ էր անում, որ խիստ տարօրինակ թվաց։ Կանայք ավելի զգայուն են միշտ: Քույրս վեր կացավ, գնաց մյուս սենյակը և այլևս չվերադարձավ։ Ֆինքը մի քանի անգամ էլ այցելության եկավ «ինձ», բայց քույրս չներկայացավ նրան: Մի օր քրոջս հայտնեցի, որ ես այստեղ սիրահարված եմ մի աղջկա: — Մի՞թե,— ասաց քույրս, — տար ինձ իր տունը, տեսնեմ ինչ տեսակ աղջիկ է: Գնացինք Մանանդյանի տունը: Քույրս իր շենշող բնավորությամբ իսկույն ծանոթացավ նրանց հետ և մտերմական խոսակցություն ունեցավ օրիորդի հետ. կարծես թե հին բարեկամներ լինեին: Երբ տուն եկանք, ասաց. — Դուն մեր Կոստանդնուպոլսի աղջիկները մոռցեր ես. ան ի՞նչ անշնորհք աղջիկ է. ոչ կարդալ գիտե, ոչ գրել գիտե, ոչ ձեռագործ գիտե, ոչ ալ կարուձև գիտե. թափթփածին մեկն է. իրարու վրա 3 հատ շրջազգեստ հագեր էր, ետևեն կարելի էր հաշվել: Ամեն մեկը մյուսեն 3 մատ հեռավորություն ուներ: Այսպիսի գնահատությունը և միևնույն ժամանակ տանս մեջ նոր մտած կենսաթրթիռ շունչը իսպառ մոռացրին իմ զգացմունքը: Վեհարանում ապրում էր նաև ոմն Վահան էֆենդի, որ Խրիմյանի մոտիկ ազգականն էր: Բուրժուա վաճառականի կերպարանքով, կլոր և առողջ դեմքով, հաստափոր մեկն էր։ Այդ անձը սիրահարվել էր քրոջս և մեկի միջոցով դիմել էր հորս և խնդրել քրոջս ձեռքը: Հայրս հարցրել էր. — Ի՞նչ գործ կընե ադ Վահան էֆենդին: — Կաթողիկոսի մոտ ծառայում է: — Ի՞նչ արհեստ գիտե. դերձա՞կ է, ատաղձագո՞րծ է, կոշկակա՞ր է, դարբի՞ն է, ի՞նչ է: — Արհեստ չունի, կաթողիկոսի մոտ ծառայում է: — Հասկցա, կաթողիկոսին ք… կթափե. է՛, կաթողիկոսը մեռնի նե, որի՞ն ք… պիտի թափե: Ես ադ տեսակ մարդու աղջիկ չունիմ տալու: Հորս իսկույն պաշտոնի կանչեցին Էջմիածնում, դարձրին նրան մառանապետ, այսինքն՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն, բոլոր միաբանների ուտելեղենը հայթայթող գլխավոր անձը: Իր գլխավորը եղավ Եղիշե վարդապետ Ահարոնյանը, շուշեցի մի գեղեցկադեմ մարդ, որի բնակարանը № 5 էր, մեր շարքում: Ես ու նա իրար հետ շատ մոտիկ էինք, սկսած այն օրից, երբ ես հրատարակեցի Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությունը, նա մեծ հետաքրքրությամբ կարդում էր իրենց բարբառի քննությունը և անում իր դիտողությունները: Մի տարի հետո մայրս և մեծ քույրս դիմում են կառավարության, մայրս ընկնում է փաշաների ոտքը լաց լինելով հայտնում, թե ինքը մենակ է մնացել, ոչ մի օգնական չունի, աշխատելու կարողություն չունի. «Աղաչում եմ թույլ տվեք գնամ Էջմիածին՝ որդուս և ամուսնուս մոտ»: Երկար աղերսանքները վերջապես ձանձրացնում են փաշաներին և տալիս են անցագիր: Գնում են Տրապիզոն, այնտեղից Բաթումի և հասնում են Երևան: Հայրս գնաց դիմավորեց նրանց (մորս և մեծ քրոջս՝ Հերսիլյային) և գիշերով վերադարձան Էջմիածին մեր բնակարանը: Ներս մտավ թե չէ, մայրս ծոցից հանեց մի քանի թղթի կտորտանք և թափեց սեղանիս վրա: — Ի՞նչ են ասոնք,— հարցրի ես: — Միտքդ չէ՞, Պոլսեն ելած օրդ այս թուղթերը ինձ տվիր և ըսիր, որ աղեկ պահեմ մինչև գալդ. հիմա եկա քեզի տվի տարիներ պահելե ետքը: Ես մի քիչ նայեցի թղթերի վրա և առանձնապես հետաքրքրական բան չտեսնելով, մի կողմ դրի: Հայրս ասաց մորս. — Ես քեզի չըսի՞, օր ադոնք բոլոր պարապ բաներ են. ան ատենը տղա էր, աս թուղթերը մեծ բան էին իրեն համար, հիմա Փարիզ գնացեր, սորվեր էկեր է, ադոր էրեսը կնայի՞: Հաջորդ օրը հայրս գնաց գյուղ և վարձեց մեզ համար մի լավ բնակարան: Շուկայից մի քիչ ցածը մի մեծ պարտեզ էր, որի մեջ երկու բնակարան կար. աջ կողմինը մերն էր, իսկ ձախ կողմինը՝ Ճեմարանի ուսուցիչ Գալուստ Թումանյանինը: == ՍԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՄՖԼԵՏԸ == Մենք արդեն տեսանք այս անձին: Հազիվ մերոնք եկել էին Էջմիածին, «Նոր-դար»-ի մեջ երևաց մի թերթոն: Հեղինակը չէր ստորագրել. խոսում էր իմ մասին, բայց չեմ հիշում անունս տալի՞ս էր, թե ոչ: Բովանդակությունը մոտավորապես հետևյալ բառերով էր. — Էջմիածնի № 1 բնակարանը իր զվարճալի պատմությունը ունի. այնտեղ բնակվում էր Հրաչյա Աճառյանը, վանքի հաշվով և տեսնելով, որ այդ շատ լավ է՝ բերել տվեց Կոստանդնուպոլսից իր հորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր քրոջը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երկրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր մորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև մյուս քրոջը։ «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր չորրորդ»: Ծննդոց գրքի Ա գլխի օրինակով շինված այս պամֆլետը, որ գրված էր մերոնց ծաղրելու համար, շատ անտեղի էր և անճիշտ: Նախ, որ մերոնք չորս հերթով չէին եկել, այլ երկու հերթով, ուստի այն չորս օրերի պատմությունը կեղծ է: Երկրորդ՝ հենց որ մայրս և մեծ քույրս եկան Էջմիածին, իսկույն թողեցինք № 1 բնակարանը և փոխադրվեցինք գյուղ: Երրորդ, որ ոչ ես և ոչ հայրս ձրի չէինք վայելում վանքի հացը, այլ իբր մեր աշխատանքի վարձատրությունը: Ասացինք, թե պամֆլետը ստորագրված չէր, բայց նրա լեզուն և ոճը մատնանիշ էին անում Սեթ Հարությունյանին, որ թեև գիտական աշխատանք կատարելու անընդունակ էր, բայց զվարճախոսության մեջ լավ ընդունակ էր: Այն կարծիքը, թե գրողը Սեթն էր, բոլորը զգում էին, նույնիսկ 51 տարի անց (1952 ապրիլ) մի օր հրավիրվելով Երևանում կաթողիկոսի (Գևորգ Զ) տունը, տեսա այնտեղ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանին, որ անցյալի մասին խոսելով, ամենայն անկեղծությամբ պատմեց, թե այդ պամֆլետի հեղինակը Սեթն էր: Ես զարմացա նրա այդքան սուր հիշողության վրա, մանավանդ, որ պամֆլետը բառացի կրկնեց այնպես, ինչպես վերը գրեցի: Բայց ի՞նչ կարիք ուներ Սեթը այդ պամֆլետը գրելու։ Արդյո՞ք կասկածում էր, որ ես նրա տեղը կգրավեմ. շատ իզուր, որովհետև Սեթը լինելով Կարապետ Կոստանյանի ստրուկը, հազիվ թե մեկը նրան ձեռք տար: == ՀՈՐՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ == Հայրս շատ աշխատասեր մարդ էր. վանքի մառանապետի պաշտոնը ծանր գործ չէր. պարապ ժամանակ շատ ուներ: Զբաղմունքի համար որոշեց վանքի այգին մշակել (ձրիաբար): № 1 բնակարանի առաջ ընդարձակ բակ էր և այդ բակը գնում էր մինչև շենքի ծայրը: Դիմացը գտնվում էր Տաճարը: Բակը, թեև հողից, բայց շենքի կառուցման ժամանակ այնքան լցվել էր տուֆի փշրտանքներով, որ այլևս հող չէր երևում: Դրա մեջ մշակությունն անկարելի էր: Հայրս վարդապետներից թույլտվություն խնդրեց այդ խճալից հողը դեն ածելու և փոխարեն սևահող լցնելու: Ամենայն սիրով թույլատրեցին վարդապետները, որովհետև ձրի աշխատանք էր և վանքին օգուտ: Հայրս ամեն օր փորելով այդ խճաշատ հողը, տանում թափում էր հեռու, վանքից դուրս դաշտում և այնտեղից մաքուր սևահող բերելով՝ լցնում նրա տեղը: Այսպիսով կարճ ժամանակում № 1 բնակարանի առաջը, ինչպես և № 2 բնակարանի առաջը մաքրվեց և սևահող լցվեց: Այս սևահողի մեջ հայրս ցանեց զանազան բույսեր, որոնք շուտով աճեցին: Այստեղ տնկեց նա մի տեսակ պամիդոր, որ բարձրանում էր օդի մեջ առանց հենարանի: Այդ զարմանալի բույսի սերմը Կոստանդնուպոլսից էր բերել: Ցանեց նաև լոբի և ծաղիկներ: Մի քիչ այն կողմ № 4 բնակարանի առաջ (որ պատկանում էր մառանապետ Եղիշե վարդապետ Ահարոնյանին) շինեց փայտե թառ, մեկուկես մարդու հասակի բարձրության, և տնկեց մի տեսակ դդում, որ 1 մետր երկարություն ուներ: Այս տեսակի դդում չկար Երևանում, բայց սովորական է Կոստանդնուպոլսում, որտեղից բերել էր հայրս սերմը: Դդումը բարձրացավ և ի մեծ զարմանս բոլորի, թառի վերևից ձողերի պես կախվեց: Մի օր հորս ասացի. — Հայրիկ, այս դդումը այստեղ չկար, դուն նոր բերիր հասցուցիր. պետք է, որ քու անունդ վրան դնես: — Է՜, ի՞նչ դնեմ: — «Հակոբ խաբախի= Հակոբի դդում»: Դարձավ մորս և ասաց. — Կլսե՞ս կոր խելոք տղուդ խոսքը. ինձի խաբախ ըրավ: Կարևոր է վարունգի պատմությունը: № 1 բնակարանի առաջ հայրս ի միջի այլոց տնկել էր նաև վարունգ. պտուղը բավական մեծացել էր և վախ կար, որ № 3 բնակարանի «քոռ» Եղիա վարդապետը գողանար: Նա իրավունք էր համարում կողքի կանաչիներից քաղել, բայց աչքը վարունգի վրա էր: Հայրս զգում էր նրա մտադրությունը և միշտ զանազան պատճառներով պահակ էր կանգնում: Գողության հարմար րոպեն անշուշտ կես գիշերն էր և հայրս մինչև այդ ժամանակը հսկում էր: Վերջապես չթողեց, որ գողանա, և երբ վարունգը հասավ, կտրեց և կաթողիկոսին նվեր տարավ: Մինչև անգամ Երևանի ջերմոցներում դեռ վարունգ հասած չէր, իսկ հայրս № 1 բնակարանի առջևի քարքարուտում վարունգ էր հասցրել: Հրճվանքով վարունգը ձեռքին տանում, նվիրում է կաթողիկոսին, ձեռքը համբուրում և վարունգը դնում է սեղանի վրա: Կաթողիկոսը, փոխանակ որևէ շնորհակալության բառ արտասանելու և կամ գովասանական խոսք ասելու, դառնում է հորս հետևյալ խոսքերով. — Դուն կուզե՞ս որ ես քեզի շնորհակալ եմ ըսեմ: Դուն գիտե՞ս ես ո՞վ եմ. ես այս բոլոր վանքի ամենամեծն եմ. եթե ուզեմ, կարող եմ անմիջապես վանքեն դուրս վռնդել քեզ. լսեցի՞ր, հադե գնա: Հայրս զայրացած գալիս է ինձ մոտ. — Էշեկ օղլու էշեկ. մենք ալ քեզի մարդ գիտցանք. էշուն մեծն է եղեր. սա ըսելու խո՞սք է, որ ըսավ ինձի: Եվ պատմեց ամբողջ դեպքը: Խրիմյանը այսպիսի անպատշաճ արարքներ շատ էր անում: Վերևում պատմեցի Հովհաննես Հովհաննիսյանի կնոջ դեպքը: Նման մի դեպքի անձամբ ներկա եղա մի ուրիշ անգամ: Նոր տարվա առթիվ Ճեմարանի բոլոր ուսուցիչները ներկայացան կաթողիկոսին շնորհավորելու: Ես գտնվում էի ամենավերջում. ամենաառաջը Մանանդյանն էր. Խրիմյանը տեսավ նրան և ասաց. — Պարոն Մանանդյան, այդչափ գիտությունը այդ փոքրիկ, ճնճղուկի չափ գլխի մեջ ի՞նչպես ես տեղավորեր: Գոնե մեծ գլուխ ունենայիր… Բայց մեծ գլուխ ունեցողներն ալ ապուշ կլինին: Ահա Կանայանը, ահագին գլուխ ունի, մեջը պարապ. հա՜, հա՜, հա՜: Եվ սկսեց լայնաբերան ծիծաղել: Մենք բոլորս իրար հետև ծածկվում էինք, որ չտեսնվենք և նոր ծաղրանքի զոհ չգնանք: Իմ առաջ կանգնած էր Աբեղյանը, որ գլուխը և մարմինը թաքցրեց և անխուսափելի ծաղրից ազատվեց: == ՊՈՍՈԽՈՎԻ ԴԵՊՔԸ == Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր Պոսոխով անունով մի ռուս, որ կառավարության կողմից նշանակված լրտես էր Էջմիածնի վրա: Հայատյաց մարդ էր, բայց գիտեր հայերեն խոսել: Սովորություն ուներ խոսած ժամանակ աչքերը ճըփճըփացնելու: Ճեմարանի ուսուցիչների նամակները ստանալու պաշտոնը հանձնված էր Կարապետ Քոչարյանին, որ գեղեցիկ գիր ունենալու պատճառով Ճեմարանի հավիտենական քարտուղարն էր: Բացի գեղեցիկ գիր ունենալուց, ուրիշ ոչ մի լավ հատկություն չուներ։ Կարապետ Կոստանյանի ստրուկն էր և միաժամանակ նրա լրտեսը: Մի օր Քոչարյանը հայտնում է ինձ, որ Պոսոխովը իմ անունով նամակ է ստացել, բայց մերժել է հանձնել Քոչարյանին և սպասում է, որ ես անձամբ գնամ ստանամ: Ներկայացա Պոսոխովին. ցույց տվեց մի հաստ նամակ, որ ստացել էր Փարիզից: Կասկածում էր նրա վրա: — Ի՞նչ եք կասկածում, որ լինի միջին: — Կարելի է որևէ հեղափոխական թերթ կա մեջը: — Է՜հ, եթե ինձ թշնամի մի մարդ միջին «Դրոշակ» կամ «Հնչակ» դնելով ուղարկել է ինձ, ես հանցավո՞ր եմ: — Այդ հետո կտեսնենք: Պոսոխովը մկրատով կտրեց ծրարը, դուրս թափվեցին մի նամակ և 30 ռուբլի թղթադրամ: — Օհ,— բացականչեց Պոսոխովը և փողերը գրպանեց,— այս գումարը պատկանում է ինձ, որովհետև նամակի վրա с объявлением չէ գրված: Ես նամակը կարդացի: Փարիզում մի գրավաճառի մոտ դրել էի իմ Étude sur la langue laze աշխատությունից մի քանի օրինակ: Գրավաճառը ծախել էր այդ օրինակները և ահա գումարը ուղարկում էր ինձ: Պոսոխովին հայտնեցի, թե «Ֆրանսիայում իրավունք կա նամակի մեջ փող դնելու և ուղարկելու. ոչ ոք իրավունք չունի նամակը բանալու և գումարը վերցնելու: Ահա իր երկրի օրենքով այդ մարդը փողը ուղարկել է ինձ, դուք իրավունք չունեք այդ փողը խլելու: Ես ձեր դեմ կբողոքեմ»: — Բողոքեցեք. բողոքի հասցեն էլ ես տամ: Բողոքի հասցեն վերցրի և եկա տուն № 1 սենյակս: Մի ֆրանսերեն նամակ գրեցի Փարիզ՝ արտաքին գործոց մինիստրության և մի նամակ էլ ներքին գործոց մինիստրության և, բացատրելով դեպքը, խնդրեցի, որ դիմեն Ռուսաստան և պահանջեն գումարս հետ տալ։ Կանչեցի Սիրական Տիգրանյանին, որ իմ մտերիմ ընկերն էր և մանավանդ ցարական գործերի մասնագետ և լավ ռուսագետ և խնդրեցի, որ մի նամակ գրի Ռուսաստանի փոստ-հեռագրատան մինիստրության: Նա հրաժարվեց գրել, ասելով, թե «այդ ավելորդ է, ոչինչ չես կարող ստանալ»: Ես կրկնապատկեցի խնդիրքս և շատ աղաչեցի, բայց նա միշտ մերժում էր: Վերջապես զիջեցրի, և նա հանձն առավ գրել: Նամակը, անշուշտ պատվիրած, փոստ գցեցի. այսպես նաև երկու ֆրանսերեն նամակներս: Մի քանի շաբաթ անցավ. ոչ մի պատասխան չկար։ Շաբաթ երեկո էր. եկեղեցուց դուրս ենք գալիս. անցնում եմ Տրդատա դռնով: Դռան առաջ պատահում եմ Պոսոխովին, որ իսկույն մի կողմ է քաշվում, մեջքը դռան բարավորին դրած, կռանում է, գլխարկը հանած խոնարհվում է իմ առաջ: Զարմանքը պատեց ինձ. Պոսոխովը կաթողիկոսի առաջ էլ չէր խոնարհվում. այս ի՞նչ տարօրինակ տեսարան է: Ես մտածեցի, թե ծաղրում է ինձ, գլուխս կախեցի, թեթև բարևեցի և գնացի տուն, մեր նոր բնակարանը: Մյուս առավոտ, կիրակի օր, լսում եմ որոտընդոստ մի ոտնաձայն: Մի կոզակ մտնում է սենյակս, դնում է իմ առաջ մի խոշոր սպիտակ ծրար, հինգ տեղից կնքամոմով կնքված, տալիս է ինձ 30 ռուբլի թղթադրամ և մի թղթի կտոր, որով Պոսոխովը խնդրում էր ինձ տալ 30 ռուբլու ստացական: Նամակը բաց ենք անում և տեսնում ենք ռուսերեն մի գրություն, որի մեջ ասված էր, թե Փարիզից ներքին գործոց և արտաքին գործոց մինիստրությանց առաջարկով և փոստ-հեռագրատան մինիստրության իմ գրած թղթի հիման վրա, խիստ նկատողության են ենթարկել Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարչին և հրամայել են «Հարքունիս գրաված» 30 ռուբլին վերադարձնել ինձ, «որովհետև ռուսական թղթադրամի փոխադրությունը արտասահման և ներս արգելված չէ»: Ստորագրում էին երեք մինիստր՝ ներքին, արտաքին և փոստ-հեռագրատան: Այս ամբողջ միջադեպը մեծ ազդեցություն թողեց Էջմիածնի վրա: Առաջին անգամն էր, որ մեկը համարձակվել էր բողոքել պետության առաջ և այսպիսի հաջող ելք էր ստացվել: Ստեփան Կանայանը ինձնից 3 տարի առաջ նույն ձևով Գերմանիայից ստացել էր 300 ռուբլի, և Պոսոխովը խլել էր այդ գումարը իր գրպանի համար: Կանայանը չէր կարողացել ոչ մի բողոք ներկայացնել և երբ իմ դեպքը լսեց, ասաց. «Տե՛ս, տե՛ս, տե՛ս, այս անպիտանին․ երկու օր է եկել է այստեղ, և մեզ նոր բաներ է սովորեցնում. ինչպես մենք ժամանակին չմտածեցինք այս բանը»: Այս նամակի ավելի զորավոր արդյունքը կտեսնենք հետագայում: Պոսոխովին արված նկատողությունը երևի այնքան խիստ է եղել, որ նա Քոչարյանին տեսնելով ասել է. «Ինչո՞ւ բողոքեց. չէի՞նք կարող մեր մեջ հաշտությամբ վերջացնել»: Պոսոխովին մի անգամ էլ տեսա Ռոստովում 1915—1916 թվականին. փողոցում անցավ իմ կողքից. աչքերի ճփճփացնելուց ճանաչեցի, բայց չխոսեցինք իրար հետ: Վերջին անգամ Չեկայում իմ քննիչը հարցրեց Պոսոխովի մասին, թե ի՞նչ գիտեմ: Հայտնեցի, որ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր և ցարական կառավարության կողմից լրտես էր նշանակված վանքի վրա: Ասացի նաև, թե 1915—1916 թվականներին պատահել եմ Ռոստովում. ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին: == ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ == Կոստանդնուպոլսում շատ հանդիսավոր կերպով են տոնում նոր տարին: Այդ օրը պատրաստում են 3 տեսակ քաղցրեղեն, անուշապուր, փելթե և զերտե: Սեղանի վրա պետք է առնվազն 12 տեսակ միրգ լինի. հաց չկա. նախորդ գիշերվանից փողոցում բարձրաձայն կանչելով վաճառում են նոր ալյուրից թխած մի տեսակ խմորեղեն, որ աղավնիի ձև ունի և կամ ուրիշ կլորակ զարդի ձևեր: Ծախողը կոչում է. «Քուշլար վար, քումրուլար վար, ենի բուղդա քեբաբը վար (թռչուններ ունեմ, տատրակներ ունեմ, նոր ցորենով խորոված ունեմ)»: Իրար հետևից փոքրիկ նվագախմբեր անցնելով կանգնում են յուրաքանչյուր տան առաջ և նվագ ածելով մի քանի կոպեկ ստանում: Հատկապես նշանավոր է հույների լաթերնան, որ մի առանձին տեսակի նվագարան է և որ միայն հույներն են գործածում: Հայոց մեջ արժանի է «Շնորհավոր»-ը: Սա մի բարակ կարտոն է, որի վրա փորագրած են (ծակ-ծակ) հետևյալ բառերը. «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ» (հետո թվականը)։ Լինում է նաև նկարներով «Շնորհավոր»: Երկու տեսակ նկար կա. Քաջ Վարդանի նկարը և կամ Աստվածամոր նկարը: Այս բոլորը ծակ-ծակ է: Խանութներում ծախում են «Շնորհավոր»-ը՝ հատը 2 կոպեկ, բայց շատ անգամ աշակերտները իրենք են փորագրում իրենց տան համար: «Շնորհավոր»-ը դնում են վերոհիշյալ 3 տեսակի քաղցրեղենի վրա և հետո դարչին ցանելով՝ նկարը փոխանցում են քաղցրեղենի վրա: Առանց «Շնորհավոր»-ի տուն չի լինի։ Այս բոլորը տևում է մի շաբաթ, մինչև Ծննդյան տոնի օրը: Շատ ժամանակ էր, որ ես նոր տարի չէի տեսել. ուստի մայրս և քույրերս պատրաստեցին մեր տանը այս բոլորը, բացի աղավնիներից: Ուսուցիչները այցելեցին մեր տունը։ Նրանց մեջ հատկապես հիշում եմ Մանուկ Աբեղյանին, որի մոտ ես երբեք եղած չէի: Նստան մեր պատրաստած սեղանի շուրջը և դիտում են առանց ուտելու: Վերջապես Աբեղյանը ասաց քրոջս. — Օրիորդ, այս բոլորը շատ լավ, բայց մեզ անծանոթ ուտելիքներ են, ուտելու ձևը չգիտենք: Քույրս իսկույն առանձին պնակների մեջ բաժանեց բոլորին և ինքը օրինակ տալով՝ սկսեց ուտել: Կերան և հավանեցին: == ԽՐԻՄՅԱՆԸ ԻՆՁ ՀԵՏ == Մի գիշեր Խրիմյան Հայրիկը մի շաթիր ուղարկելով՝ կանչեց ինձ իր մոտ և ասաց. — Պարոն Աճառյան, ներողություն կանես, որ ես կանչեցի քեզ: Գիշեր է, քուն չունիմ, մարդ ալ չկա, որ խոսիմ հետը. աստեղացոց սիրած չեմ. ասոնք ալ ինձ սիրած չեն: Ի՞նչ ընեմ. ստիպված եմ քեզ կանչելու: Ես կխոսիմ դուն լսե: Կարելի է խոսածիս մեջ շատ ավելորդ բաներ կան, բայց կարող է նաև օգտակար բան լինել: Ավելորդը դուրս ձգե, օգտակարը միտքդ պահե: Ծերերը շատախոս կըլլան, ստիպված պիտի լսես: Ժամերով խոսեց, եղավ կես գիշեր: Ես անբարբառ լսում եմ նրան, թմրում եմ, բայց չեմ կարող վեր կենալ: Վերջապես կես գիշերը անց շաթիրին կանչեց, որ լապտերը վառած ինձ առաջնորդեց մինչև տուն: Այս տեսարանը կրկնվում էր անխափան, ամեն գիշեր, որովհետև «իր միակ բարեկամը ես էի»: Եթե ուզենայի, կարող էի թերևս նրա պատմածներից նոթեր առնել: Խոսում էր ամիրաների կյանքից, գրողների կյանքից, իր եվրոպական ճանապարհորդություններից և այլն: Եվ այս բոլորը մի քանի անգամ: Բայց որովհետև ես պատմաբան չեմ, ուստի մոռացության մատնեցի: == ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Ամառ էր: Ճեմարանի դասերը վերջացել էին: Տպարանում պատահեցի Բենիկ վարդապետին, որին անձամբ ծանոթ չէի: Երիտասարդ, աշխույժ և գործունյա մարդ էր: Խոսեց ինձ հետ և հայտնեց, թե Շուշվա թեմական դպրոցի համար հայերենի ուսուցչի պետք կա: Նախկին ուսուցիչ Գյուլզադյանը (նոր-ջուղայեցի հայտնի հայկաբան, Ֆիրդուսիի թարգմանիչ և հեղինակ «Ոլոր մոլոր Կուրն էր գալիս Կովկաս սարերեն» երգի) ծերության պատճառով հրաժարվել է պաշտոնից: Հոգաբարձությունը կենսաթոշակ է նշանակել նրան և ուզում է նոր ուսուցիչ հրավիրել: Դուք չե՞ք ընդունի այդ պաշտոնը: Մեծ հաճույքով լսեցի այս առաջարկը: Իմ ամենամեծ ցանկությունս էր ապրել Կովկասի զանազան հայաշատ վայրերում և սովորել նրանց բարբառը: Թեև Ղարաբաղի բարբառի քննությունը Էջմիածնում մասնավոր անձերի օգնությամբ կատարել, վերջացրել էի, բայց նորից գնալ և բարբառը ուսումնասիրել տեղում՝ շատ հաճելի էր: Երկրորդ՝ երկու չափահաս քույր ունեի, որոնց ամուսնացնել եղբայրական պարտականությունս էր: Կոստանդնուպոլսում նրանց ամուսնացնել չէր հաջողվել: Առհասարակ Կոստանդնուպոլսում ամուսնությունը չափազանց դժվար է օժիտի պատճառով: Ամուսնացող աղջիկները իրենց փեսացուին պարտական են վճարել մի մեծ գումար, առանց որի ամուսնություն չկա: Մի երիտասարդ բժիշկ սիրահարվել էր մեծ քրոջս և լսելով, որ ես Էջմիածնումն եմ գտնվում, ասել էր. «Հարյուր ոսկի օժիտ ալ չի կրնար ղրկել»: Եվ իմանալով, որ չեմ կարող, սիրահարությունը մոռացել էր և ամուսնությունը մերժել: Կոստանդնուպոլսի այս անվայել սովորությունը, որ Կովկասի քրդական ղալանի հակառակն է, մեծ դժբախտություն է օրիորդների համար և կործանում՝ ընտանիքների: Սիրո վաճառքը ամենամեծ խայտառակությունն է և կործանիչ բարոյականի: Էջմիածնում չէի կարող ամուսնացնել քույրերիս. գյուղացիները, մեծավ մասամբ անգրագետ և աղքատիկ մարդիկ, չէին համարձակվում քույրերիս ուզել: Իսկ Շուշին իբր հայաշատ մեծ քաղաք, ինձ համար գերադասելի էր: Ահա այս երկու պատճառներով, մեծագույն հաճույքով ընդունեցի Բենիկ վարդապետի առաջարկը և պատրաստվեցի մեկնելու: Ամսական ռոճիկ նշանակեցին ինձ համար 90 ռուբլի, որ այն ժամանակ հոյակապ գումար էր: Նախ ինքս մենակ մեկնեցի Թիֆլիս—Եվլախ և այստեղից կառքով Շուշի: Այդտեղ բնակարան վարձեցի և իսկույն մերոնց հրավիրեցի Շուշի: Զվարճալի մի երևույթ: Հենց այն գիշերը, որ մենք հասանք Շուշի, հենց նույն օրը խնդրուկներ ներկայացան և երկու քույրերիս ձեռքը խնդրեցին: — Ա՛յ մարդիկ, դեռ նոր ենք եկել, սպասեցեք մի տեղավորվենք, հետո: Շուշեցի տղամարդիկ շատ են գնահատում օտարտեղացի օրիորդներին և առաջին հերթին նրանց ձեռքն են խնդրում: == ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՈՒՄ == Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է): Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ և դեպի ձախ։ Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից և ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40 000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում: Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ և հետևդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սև գույն ունեն և սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն` «սև այգի»: Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչև կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի առաջ: Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է և բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրև ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում և զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը (տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչև տների ներսը։ Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը։ Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր և զվարճախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան և մի թեմական դպրանոց, որ իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ուսուցչական մարմին ուներ: Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին և ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին և մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում: Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»։ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին: Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած և հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչև Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ կլիներ։ Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները և մոծակը իսպառ վերջացել է: Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել և զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր։ == ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ == Մենք բոլորս սիրեցինք Շուշին: Համեղ ջուրը, փափուկ կլիման, շրջակա անտառները, զբոսավայրերը, հիանալի տեսարանը, բնակիչների զվարթ, անշահախնդիր բնավորությունը հաճելի դարձրին կյանքը: Էջմիածնում մայրս երկու բանից գոհ էր մնացել: Մեկը այն, որ իր տարիների հոդացավը (քամի) մի անգամից վերջացել էր և երկրորդը այն, որ «մոլլա և մինարե չկար»: — Ուր որ գացի, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն, Բաթումի, մինչև անգամ Երևան, սա մունդար էզանի ձանը ականջես չկտըրվեցավ. մինակ Էջմիածին էկա, ադ ձանը վերջացավ: Բայց մայրս ոչ մի օր Էջմիածնի տաճարը չմտավ: Խռովել էր Աստծո հետ, որովհետև Զատիկ օրով իր որդուն մահացրել էր: Դժգոհ էր միայն հայրս, որովհետև ոչ մի աշխատանք չուներ: Լինելով խիստ աշխատասեր, առանց աշխատանքի ձանձրալի էր իրեն կյանքը։ Պարտեզ չկար, որ մշակեր. ամեն տեղ մշակված էր. ծառ ու ծաղիկ էր բուսնում. խճուտ, քարքարոտ հողեր չկային, որ մաքրեր և սևահող լցներ: Սրճարան էլ չկար, որպեսզի գնար նըստեր և ընկերների հետ շաղփաղփելով օրը սպաներ: Միակ հավաքատեղին Շուշվա թոփխանեն էր, մի փոքր հրապարակ քաղաքի կենտրոնում, ուր անգործ մարդիկ, պատերի տակ նստած, զրուցում էին: Սկսեց անել կոշկակարություն, բայց ես արգելեցի: Այս առթիվ, մինչև անգամ, տնային ընդհարում ունեցանք: Ասում էի. «Ահագին ռոճիկ եմ ստանում, ուսուցիչ մարդ եմ. ամոթ է ինձ, որ մի հայր չկարողանամ պահել և նա կոշկակարություն անել ստիպվի. ի՞նչդ է պակաս»: Հայրս վերջ տվեց արհեստին և զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա, տանը նստած, սուտ կոշկակարություն էր անում օդի մեջ, կոշիկ կարել ձևացնելով: Ասացի, որ խնդրակներ էին եկել երկու քույրերիս համար: Հերթը ընկնում էր նախ մեծ քրոջս: Մի խումբ ընտրելիների մեջ առաջնություն ստացավ Նիկոլայ Խաչունցը: Այս մարդը մետաքսի վաճառական էր. մի քանի տարի մնացել էր Մարսելում և գիտեր ֆրանսերեն խոսել: Շուշուց քիչ հեռու, մի ադրբեջանական գյուղում ուներ մետաքսի գործարան, ուր աշխատում էին 150 հոգի: Ասում էին, թե 200 000 ռուբլի փող ունի: Ինքը տխեղծ մարդ էր, հասակը կարճ, մի աչքը կույր, մի թևը կոտրած և մի ոտը կաղ: Մի քանի ավազակներ գիշերանց հարձակվել էին նրա վրա, ինքը իբրև քաջ շուշեցի մարդ՝ անձնատուր չէր եղել և սկսել էր կռվել նրանց դեմ: Նրանք զինված լինելով, այսչափ չարիք էին հասցրել նրան և կիսամեռ թողել հեռացել: Քույրս, երբ տեսավ նրան առաջին անգամ, «Բա՞, ասիկա ճուճե է»,— ասաց, ծիծաղեց նրա վրա և արհամարհեց: Մարդիկ մեջ ընկան, հատկապես թեմական դպրանոցի ուսուցիչ Գարեգին Խաժակը, որ ալեքսանդրապոլցի լինելով, խոսում էր արևմտյան բարբառով և այս պատճառով էլ շատ մտերմացած էր հորս հետ, վերջապես համոզեց նրան: Երեք օր տևեց հարսանիքը՝ հին հեքիաթների ոճով. Նիկոլայի ընդարձակ տունը, իր բազմաթիվ սենյակներով, լցված էր հյուրերով: Առաջին օրը հրավիրված էին հարուստները, երկրորդ օրը միջակ դասակարգը և երրորդ օրը աղքատ դասակարգը: Հարսանիքից հետո քույրս տեղափոխվեց նրանց տունը: Հերթը հասավ փոքր քրոջս՝ Արմենուհուն: Նա կտրականապես մերժեց բոլոր առաջարկողներին: Արդեն ուներ մի ընտրելի, որ էր Մելքոն Ղազարոսյան կոչված անձը: Երբ ես Կեդրոնականի աշակերտ էի, Մելքոնն էլ աշակերտ էր՝ ինձնից մի քանի տարի ցածր: Շատ աղքատ էր. ինքը քղեցի էր. բնակարան չունենալով, գիշերում էր դպրոցի ծառաների սենյակում: Փող չուներ, որ ճաշեր, ուստի կերակրվում էր աշակերտների ճաշի մնացուկներով. մի քանի պատառ հաց, մի քիչ խաղող և պանրի կտորտանք. ահա այս էր իր ուտեստը: Դպրոցը ավարտելուց հետո ես ոչինչ չիմացա նրա մասին: Երբ Էջմիածին եկա, տեսա նրան այնտեղ: Պատմեց, թե գնացել է Մոնպելիեի երկրագործական բարձրագույն վարժարանը և ավարտել: Այժմ եկել էր Էջմիածին և Կաթողիկոսի հրամանով նշանակվել էր Էջմիածնի և Ճեմարանի հողերի վրա: Հայրս լավ երկրագործ էր. իբրև հայրենակից ծանոթացավ նրա հետ և բարեկամացավ: Մելքոնը հաճախ մեր բնակարանն էր գալիս, և մենք լավ մտերիմներ դարձանք: Գրեթե ամեն օր մեզ մոտ էր: Բայց հայրս չհավանեց նրա գիտության. լավ երկրագործ չէր: Մի անգամ Մելքոնը ընդարձակ մշակություն էր սկսել Ճեմարանի հետևը գտնված հողի վրա: Հայրս հարցնում է. «Պարոն Մելքոն, ի՞նչ կցանես»: «Գետնախնձոր, կարտոֆիլ»: Ադ ցանածդ կարտոֆիլ չէ, ընկույզ է. եթե կուզես, որ կարտոֆիլ լինի, այդքան երեսկունկ չպիտի ցանես. խոր փորե»: «Է՜, Հակոբ աղա, ա՛լ գետնախնձորի մասին չխոսիս ինձի հետ, որովհետև ես գետնախնձորի նշանավոր մասնագետ եմ»: Երբ բերքը հասավ, ստացվեց փոքրիկ խնձորի չափ դառն և լեղի մի բան: Մեզ էլ մի քիչ նվեր ուղարկեցին. ուտելու բան չէր: Մելքոնի միամտությունը ամեն օր մեր ծաղրի առարկան էր դարձած: Բայց նա մեր ծաղրն էլ չէր հասկանում և մեզ հետ միասին ծիծաղում էր իր վրա: Ահա այս անձն էր քրոջս ընտրելին: Երևի Էջմիածնում հարմար մի առթիվ պայմանավորվել էին իրար հետ. ուստի մերժեց բոլորին և հորս ու մորս հետ երեքով միասին որոշեցին մեկնել Էջմիածին: Ես այս ամուսնության հակառակ էի. իմ այն սքանչելի քրոջս ողորմելի Մելքոնին չէի ուզում տալ և ասացի. «Ես նրան քեզ արժանի չեմ համարում: Դու շատ ավելի լավերին ես արժանի. իբրև հարազատ եղբայրդ, սրտանց ասում եմ քեզ այս. բայց իբրև մարդ իրավունք չեմ համարում արգելք լինել քեզ: Եթե գնալու ես, գնա, բայց իմացի՛ր, որ նրան գնալուց հետո, ես քո եղբայրը չեմ»: Դժբախտ քույրս չլսեց ինձ, գնաց և ամուսնացավ Մելքոն Ղազարոսյանի հետ Էջմիածնում: Մի փոքրիկ կետ այստեղ: Պոլսի բարբառով Ղազարոս անունը նշանակում է «ապուշ»: Քույրս չուզենալով «ապուշ» լինել, փոխեց ազգանունը և դարձրեց Զարոսյան: — Դիտողություն.— Երևանի լեզուն պարզ է, ուստի հասկանալի էր մերոնց. բայց Ղարաբաղի բարբառը շատ դժվար էր նրանց համար։ Ոչինչ չէին հասկանում. «Կյառնը, ի՞նչ կուզե ըսել»,— ասում էր մայրս: «Գառը չգիտես ի՞նչ է»: «Է, թող գառը ըսե, որ հասկընամ, կյառնը ի՞նչ իմանամ, թե ինչ է»: Իսկ մեծ քույրս, ապրելով ղարաբաղցի այանների շրջանում, վարժվեց նրանց հետ, բայց երկու բարբառի խաչաձևումով կազմել էր մի նոր բարբառ: Օրինակ՝ «Քա, անիկա ի՞նչ է օզըմ»: == ԻՄ ԹՈՔԱԽՏԸ == Մերոնց բացակայության ժամանակ, որ շուրջ մի ամիս տևեց, ես թոքախտ ստացա Շուշում: Մի օր արթնանում եմ և տեսնում եմ, որ աջ կողքս (սնակուշտ) ցավում է, շունչս կտրվում է, և շնչելու ժամանակ լանջքս ցավում է: Հասկացա, որ թոքախտ եմ ստացել և դիմեցի բժիշկ Քրիստափոր Օհանյանին: Այս հիանալի անձը, որի հիշատակը անմոռանալի կերպով պահած եմ սրտիս մեջ, բնիկ շուշեցի էր: Սովորել էր Շվեյցարիայում և լավ ֆրանսերեն էր խոսում: Բայց որովհետև Ռուսաստանում պետական օրենքով, արտասահմանում սովորած բժիշկները իրավունք չունեին իրենց արվեստը գործադրելու, ուստի նա էլ զրկված էր բժշկության իրավունքից: Մտածել էր խորամանկ մի միջոց: Դիմել էր ռուսաց կայսրուհուն, որ համարվում էր ակնաբուժության պաշտպան, և հայտնելով, որ Շուշում ակնաբույժ չկա, խնդրել էր թույլ տալ ակնաբուժությամբ պարապելու: Կայսրուհին շնորհեց այդ իրավունքը, և նա սկսեց պարապել ակնաբուժության հետ նաև ամեն տեսակի բժշկությամբ: Նստեցրեց ինձ աթոռակի վրա մինչև կես մեջքս մերկ դրությամբ: Լսեց կուրծքս, լանջքս, աջ ու ձախ և ասաց. «Այո, ես էլ եմ կարծում, որ դուք արդեն թոքախտ եք ստացել»: — Ոչինչ,— ասացի,— ես թոքախտի բուժումը գիտեմ, պետք է շատ ուտել, լավ սնվել, բաց օդում քնել և այս միջոցով թոքախտը կբուժվի: Ես այս կարծիքը կազմել էի նախ Կոստանդնուպոլսում մի թոքախտավոր աղջկա սիրահարված ժամանակ: Այս առթիվ ես կարդացել էի զանազան բժշկական գրքեր և սովորել էի, թե «թոքախտը բուժելի է»: Երկրորդ, Էջմիածնում ծանոթացել էի Ստեփան Կանայանի եղբայր Հայկ Կանայանի հետ, որ բժշկության ուսանող էր Ռուսաստանում և թոքախտ ստանալու պատճառով թողել էր ուսումը և վանքում դեղագործ էր: Բուժման համար դիմել էր շատակերության միջոցին։ Աջ ու ձախ ձեռքում մի-մի վարունգ բռնած, առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ուներ), մեկ աջից, մեկ ձախից կրծելով, անընդհատ ուտում էր: Կերակրի խտրություն չգիտեր և այս միջոցով բուժեց իր թոքախտը, մի թոքը չորացավ և մյուս թոքով ապրեց մինչև 75 տարեկան: Բժիշկ Օհանյանը իմ կարծիքը հաստատեց, և ես գնալով տուն, ուր մենակ էի, ձեռնարկեցի շատակերության: Դռան առաջով անցնում էր մի կաթնավաճառ։ Կանչեցի և մի կուլա կաթ գնելով, հում-հում ամբողջությամբ րոպեապես դատարկեցի և ամանը հետ տվի, 20 կոպեկ վճարելով: Մարդը զարմացավ, երեսս նայեց և ժպտալով հեռացավ: Չգիտեր, թե ես թոքախտ ունեմ և սրանով թոքախտ եմ բուժում: Քիչ հետո անցավ մի գյուղացի, որ թութ էր ծախում: Մի կողով թութ վերցրի, ներս տարի և առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ունեի) ամբողջը կերա: Հևալով պառկեցի և քիչ հետո տեսա, որ սնակուշտս չի ցավում և շունչս չի կտրվում: «Այսպես կհաղթեմ թոքախտին»,— ասացի ես և քնեցի: Մյուս օրը գնացի նշանավոր բժիշկ ծերունի Աթաբեկյանին, որ երիտասարդ բժիշկ Լևոն Աթաբեկյանի հայրը կամ հորեղբայրը պիտի լինի: Ներս մտնելով իր սենյակը, մի ռուբլի դրի սեղանի վրա, հայտնեցի, թե թոքախտ ունեմ: — Ինչի՞ց ես իմանում,— հարցրեց բժիշկը: — Աջ կուշտս ցավում է և շունչս կտրվում է: — Թոքախտը կուշտից չի սկսում, այլ կրծքի վերևից և շունչն էլ չի կտրվում: Մի քիչ քննեց, կուրծքս լսեց և ասաց. — Դու թոքախտ չունես, վեր կաց գնա: Դուրս գնալու միջոցին բժիշկը կանչեց ինձ. — Դու ի՞նչ մարդ ես, ի՞նչ գործ ես անում: — Կոշկակար եմ: — Ոչ, դու կոշկակար չես. կարծեմ ուսուցիչ ես. վերցրու մանեթդ և գնա: (Ուսուցիչներից բժիշկները փող չէին վերցնում. բուժումը ձրի էր նրանց համար): — Ես ուսուցիչ չեմ, ես կոշկակար եմ,— ասացի և փողը թողնելով փախա: Այսպես բուժվեց իմ թոքախտը: == ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ == Երկու տարի մնացի Շուշում իբրև ուսուցիչ հայերենի՝ թեմական դպրանոցում: Չափազանց գոհ եմ իմ դիրքից, տեղից և պաշտոնակիցներից: Դպրոցի տնօրենն էր այն ժամանակ Բենիկ վարդապետը, որ ինձ հրավիրել էր Էջմիածնում: Պատմեմ այս անձի մասին իմ կրած տպավորությունը: Նա ազնիվ մարդ էր. ես նրանից ոչ մի անազնիվ բան չեմ տեսել: Իմ կյանքի նոր ուղղությունը նա գծեց: Եթե Էջմիածնում մնացած լինեի, անշուշտ կյանքս չպիտի ստանար այն ընթացքը, որ Շուշում ստացավ: Էջմիածնում ես մի երկրորդական ուսուցիչ էի, անարժեք և արհամարհված. մինչդեռ Շուշում ես պատվավոր ուսուցիչ էի և այն էլ հայոց լեզվի, որ այն ժամանակ համարվում էր ամենահարգի առարկան: Բոլոր ուսուցիչները ինձ հավասար ընկերներ էին: Բենիկ վարդապետը այնքան վստահություն ուներ իմ վրա, որ ոչ մի անգամ իմ դասին ներկա չի եղել: Ինձ քննելու կամ ստուգելու կարիք չէր զգում: Այսպես նաև մյուս ուսուցիչները: Ժողովուրդը ամեն տեղ ինձ կոչում էր «վարժապետ». մի տիտղոս, որ տալիս են ամենից հարգելի անձերին: Այն զզվելի ատելությունը, որ տեսնում էինք Էջմիածնում տաճկահայերի դեմ, բացարձակապես գոյություն չուներ Շուշում և թերևս հակառակն էլ էր: Տաճկահայերին սիրում էին՝ իբրև ավելի ուսումնասեր և ազգասեր հայերի: Մի միջանկյալ դեպք պատմեմ: Մի օր մի մեծ խմբով ընդհանուր հացկերույթի էինք գնացել Բեխամեբյուրի աղբյուրը: Հացկերույթի ժամանակ իմ կենացն էլ առաջարկեցին: Ես բաժակ վերցրի և շնորհակալություն հայտնեցի այն հարգանքի համար, որ վայելում էի թե՛ ուսուցչական կազմի, թե՛ դրսի մարդկանց և թե՛ հասարակ ժողովրդի կողմից: Գուցե անմտությամբ ակնարկեցի նաև, թե Երևանում վատ վերաբերմունք կար դեպի տաճկահայերը, իսկ ես Շուշում ոչ մի նման երևույթ չեմ նկատում: Այս խոսքիս վրա տիրեց ընդհանուր դժգոհություն: Վիրավորվեցին, երբ նկատեցին իմ խոսքի մեջ, թե կարող է այդպիսի բան լինել: Ահա թե ինչքան մեծ տարբերություն կար Երևանի և Շուշու միջև: Բենիկ վարդապետը հայտնի եղավ Կովկասում իբրև նշանավոր ճարտասան քարոզիչ: Ահա թե ինչպես էր ձեռք բերել այս արժանիքը, ինչպես ինձ պատմեցին ուսուցիչ ընկերներս: Բենիկ վարդապետը նախապես շատ անշնորհք քարոզիչ էր: Խոսում էր կմկմալով: Մտածել է հետևյալ միջոցը: Գրել է մի բավական ընդարձակ քարող, ուղղել, սրբագրել, ընդարձակել և մի լավ ձևի վերածելուց հետո, անգիր է արել: Կիրակի օրը գնացել է. եկեղեցի և այդ անգիր արած քարոզը խոսել: Բնականաբար շատ հաջող է անցել: Վերադարձել է տուն և մի երկու ուրիշ նման քարոզներ էլ է շարադրել և ապա անգիր արել: Դրանք էլ զանազան օրեր եկեղեցում խոսելով՝ լավ արդյունք է ձեռք բերել: Այսպես մի խումբ քարոզներ գրելուց և անգիր անելուց հետո ստեղծել է իր համար մի լայն շրջանակ: Ուզած օրը, ուզած տոնի առթիվ բերան արած քարոզներից մեջբերումներ անելով, կարող էր այլևս շարունակ նորանոր պերճախոս քարոզներ արտասանել: Այսպես ահա ձեռք բերավ Բենիկ վարդապետը իր պերճախոս քարոզչի համբավը։ Քարոզներից մի քանիսը հետագայում հրատարակեց նա «Քարոզչական թոթովանքներ» խորագրով: Դրսում չգիտեմ, թե ինչ անցուդարձ կար նրա մասին: Կարծեմ հուզումնալի դրություն էր ստեղծված, որի պատճառով նա թողեց տեսչական պաշտոնը և նրա տեղ անցավ Զուրաբյանը: Շատ տարիներ հետո Բենիկ վարդապետը դժբախտաբար շեղվեց իր ճանապարհից և «Ազատ Եկեղեցու» հիմնադիր դարձավ: Իր հետ էին միացել Աշոտ եպիսկոպոս Շխյանը և Մելյան քահանան: Այս երեքը ստացան Երևանի Լուսավորիչ եկեղեցին, որ «Ազատ Եկեղեցու» աթոռանիստը դարձավ: Հրապարակում էին նույն անունով մի պարբերական հանդես: Աղմուկը տարածվեց Կովկասի զանազան կողմերում և ժողովրդական տուր ու դմփոցի պատճառ եղավ. նպատակը Հայոց Եկեղեցու ուժը ջնջելն էր, որ սակայն չհաջողվեց: «Ազատ Եկեղեցին» մի քանի տարի հետո իսպառ խափանվեց: Մյուս պաշտոնակիցներիս մեջ հիշատակության արժանի են Գարեգին Խաժակը, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը, Հարություն Մելիքյանը, Համբարձում Աբովյանը, Արշակ Մեհրաբյանը, պատմաբան Միշան և ուրիշներ: Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը Գանձակի գյուղերից էր, մեզ հայտնի քաղաքական գործիչ և գրող, համալսարանի դասախոս Հայկ Գյուլիքևխյանի հայրը: Հին մարդ էր և այնպես հռչակավոր ուսուցիչ, որ «վարժապետ» բառով միայն նրան էին հասկանում: Թեմականի ցածր դասարաններում հայոց լեզու էր ավանդում: Մեծ ուսում ստացած չէր. ինքնուս էր. բայց գործնական կյանքի մեջ մանկավարժական մեծ փորձառություն էր ստացել: Ամենքս հարգում էինք նրան, և նրա խորհուրդները մեզ համար պատգամ էին: Գարեգին վարժապետը արտասանության մեջ մի զարմանալի ձև ուներ. օրինակ՝ հիվանդ բառը չէր արտասանում հիվանդ ձևով, ինչպես բոլորս արտասանում ենք, այլ հիուանդ։ Երբ մի օր հարցրի նրան, թե ինչու այդպես եք հնչում, պատասխանեց, թե մեր գյուղում բոլորը այդպես են հնչում: Ուրեմն տառի հին հնչումն էր, որ դեռ կենդանի էր մնացել նրանց մոտ: Արշակ Մեհրաբյանը Թիֆլիսի Հավլաբար թաղից էր: Ավարտել էր Ներսիսյան դպրոցը և ցածր դասարաններում հայերենի ուսուցիչ էր: Ազնիվ և գործունյա երիտասարդ էր. իր աշխատանքից բոլորը գոհ էին: Մինչև այժմ նա ուսուցիչ է և գործում է Երևանում (1952 թ.): Գիտե նաև լավ վրացերեն. դժբախտաբար ոչ մի գրական գործ չունի: Համբարձում Աբովյանը մեր նշանավոր հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռն էր: Բարձրահասակ, գիրուկ, ծանրաբարո, խոշոր, կարմիր մորուքով մարդ էր: Դասախոսում էր եկեղեցական պատմություն: Վաղամեռիկ եղավ: Սա էլ մի զարմանալի արտասանություն ուներ. խայտաբղետ բառը միշտ հնչում էր խայտաբզետ։ Սկզբում կարծում էի, թե կատակ է անում, երբ ասում էր «խայտաբզետ օրիորդները եկան»: Մի օր հարցրի, թե այդ բառը ինչո՞ւ այդպես եք արտասանում: — Հապա ինչպե՞ս արտասանեմ: — Բառը խայտաբղետ է: — Մի՞թե,— ասաց նա.— ես միշտ այդպես եմ լսել: Եվ որովհետև դեպի ինձ հարգանքով էր վերաբերվում, խոստացավ ուղղել իր հնչումը: Շատ ու շատ տարիներ հետո Մանուկ Աբեղյանին հարցրի այս սխալի պատճառը. պատասխանեց, թե ռուսերենից հայերեն հնագույն բառարանում ռուսերեն пестрый բառի դեմ վրիպակով տպված է եղել խայտաբզետ և այդ ձևը սովորական է դարձել շատերի համար: Հարություն Մելիքյանը Գերմանիա սովորած մասնագետ էր մաթեմատիկայի: Աշխուժության մարմնացում, կանգնած տեղը դողում էր. մաթեմատիկայի դասը դառնում էր դասարանում պերճախոսության մի սքանչելի օրինակ, և որովհետև մաթեմատիկան ասպարեզ չունի, իսկ նա գործունեության չափազանց մեծ եռանդ ուներ, ուստի դրսում մտել էր ազգային գործերի լայն ասպարեզի մեջ: Այդ սքանչելի երիտասարդը դժբախտաբար վաղամեռիկ եղավ՝ գիշեր ժամանակ պատշգամբից ցած ընկնելով: Պատմաբան Միշան (դժբախտաբար ազգանունը մոռացել եմ) սքանչելի բնավորությամբ, չափազանց ընկերական երիտասարդ էր: Նվիրված էր պատմության, որը չափազանց սիրում էր: Ինքս էլ մի քիչ պատմաբան լինելով, իրար հետ դարձել էինք ամենամտերիմ խոսակից ընկերներ: Շուշուց բաժանվելուց հետո նրանից ոչ մի տեղեկություն չունեի: Երևանում 1920-ական թվականներին լսեցի, որ Խարկովումն է և այնտեղ նշանավոր կուսակցական գործիչ է: Առանձին պետք է խոսեմ Գարեգին Խաժակի մասին, որ մեր խմբի մեջ շատ նշանավոր դեր ուներ: Նա պատմաբան էր և սովորել էր իր ուսումը Գերմանիայում: Ալեքսանդրապոլցի էր և իր խոսակցության մեջ հաճախ գործածում էր արևմտահայ գրական լեզուն: Հաճախ խոսում էինք իրար հետ և շատ հաճախ վեճ էինք ունենում որևէ հարցի շուրջը: Նա միշտ հակառակվում էր և պնդում իր ասածի վրա: Մի փոքրիկ դեպք պատմեմ: Մի անգամ մի ընկերական հավաքույթի մեջ խոսք եղավ ասորիների և ասորեստանցիների մասին: Խաժակը ապլոմբով հայտարարեց, թե այդ 2 ազգերը միևնույն են: Դա մի մեծ ժողովուրդ էր, որ Միջերկրականից սկսած տիրում էր մինչև Պարսկաստան: Ես ասացի, թե «Խաժակ, սխալ ես ասում, Ասորիք և Ասորեստան տարբեր երկրներ են: Նրանք առանձին ազգեր են, տարբեր լեզուներ ունեն»: — Ոչ,— գոռաց Խաժակը,— սխալ ես ասում: Խաժակը պատմության ուսուցիչ լինելով այսպիսի սխալ չպիտի գործեր: Հաջորդ օրը ես մի նամակ գրեցի Հյուբշմանին այս առթիվ և խնդրեցի իր գրավոր կարծիքը: Մի քանի օրից ստացա գերմաներեն լեզվով գրած 4 երեսանոց մի նամակ, որ սքանչելի պարզությամբ պատասխանում էր հարցին: Նամակը վերցրի և մի ուրիշ օր մեր հաջորդ հավաքման մեջ, բոլորի ներկայությամբ կարդացի: — Տեսա՞ր, դա ճիշտ իմ ասածն է ասում, դու ճիշտ հակառակն էիր պնդում,— ասաց նա ինձ: Այսպիսի շրջադարձ, այսպիսի խաբեբա ոստյուն անկարելի էր սպասել: Դիմեցի մյուս ընկերներին և հարցրի, թե այն օրը ով ինչ էր ասում: — Չենք հիշում,— ասացին բոլորը անտարբերությամբ և միջադեպը փակվեց, մեծ վերք գցելով սրտիս մեջ: Հյուբշմանի նամակը այնքան լավն էր, կարծես ինչ-որ հանրագիտարանի միջից պոկված մի թերթ, որ ես ամբողջովին թարգմանելով՝ հրատարակեցի իմ «Պատմութիւն Եղիա քահանայի» աշխատության առաջաբանում: Մոտավորապես նման մի դեպք ունեցա Խաժակի հետ Շնիկ աստղի երևալու ժամանակի մասին։ Շուշու Թոփխանայից մի գիշեր միասին անցնելիս մեր դեմը երևաց բարձրում Շնիկ աստղը, ցույց տվի Խաժակին և խոսեցի նրա ծագման և անկման ժամանակի մասին: — Ոչ,— հակառակվեց նա ինձ,— սխալ ես ասում: Երբ եկավ փետրվար ամիսը և նորից էինք անցնում Թոփխանայով և Շնիկ աստղը ցույց տալով, իմ ասածը ուզեցի հաստատել, ճիշտ նախորդ ձևով ասաց. — Տեսնո՞ւմ ես, իմ ասածը դուրս եկավ, դու հակառակն էիր ասում: Խաժակի մասին լսել եմ նաև հետևյալ միջադեպը. Մի ժողովի ժամանակ վեճ է ունենում ներկաներից մեկի հետ և ասում է նրան. — Դուք կարդացե՞լ եք Մարքսի այսինչ գործը: — Իհարկե,— պատասխանում է նա,— կարդացել եմ: — Սուտ ես խոսում,— ասում է Խաժակը,— դու չես կարդացել այդ գիրքը, որովհետև Մարքսը այդպիսի գիրք չէ գրած: Խաժակի մահը աղետալի եղավ: 1915 թվականին տաճիկները մի գիշերվա մեջ 500 ազգային գործիչ աքսորեցին և կոտորեցին: Նա նրանց մեջ էր: Դպրանոցի ուսուցիչներից էր նաև Ավետիս Տեր-Հարությունյանը, որ Ղարաբաղի Թաղոտ գյուղից էր: Էջմիածնում ուսանող ժամանակ օգնել էր ինձ Ղարաբաղի բարբառի քննությունս գրելու ժամանակ: Շուշում շատ ավելի մտերմացանք իրար հետ և միասին կազմեցինք Պետրոս Դուրյանի տաղերի ժողովածուն: Առաջաբանը գրեց նա, կենսագրությունը գրեցի ես, տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի Դուրյանի դժվար հասկանալի բառերը: Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում: Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ: Շաբաթ երեկո էր: Ավետիսը ստացավ իր 100 օրինակը: Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ գիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա: Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը: Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը: Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը: Այսպիսով ամբողջ գիրքը անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում: Ես էլ չունեմ: Թեմականի ուսուցիչներից հիշենք նաև Փիրջանյան (շուշեցի), Հայկ Հովակիմյան (երևանցի, կոչված Փոքր Հայկ), Հայկ Հովակիմյան (ագուլեցի, կոչված Մեծ Հայկ), բոլորն էլ լավ ընկերներ, որոնց կյանքի հետագա ընթացքը չգիտեմ: == ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ԹԵՄԱԿԱՆՈՒՄ == Բենիկ վարդապետը հայտնեց, թե ուսումնական տարին նոր սկսելու ժամանակ, սովորություն կա, որ ուսուցիչներից մեկը հանդիսավոր դասախոսություն կարդա: Առաջարկեց, որ այդ դերը ես վերցնեի, որպեսզի ժողովուրդը ճանաչեր ինձ: Ես Այդ ժամանակ զանազան հոդվածներ էի կարդում հայ զինվորների հասակի չափման մասին: Գրում էին, թե հայ զինվորները հասակի կողմից երկու որոշ կարգի են բաժանվում: Ոմանք միջակ կամ միջակից ցածր հասակ ունեն, ոմանք էլ միջակից բավական բարձր: Այդ թվերը սանտիմետրով չափած՝ հրատարակված էին: Այս ազգագրական տեղեկությունը վերցնելով, ենթադրեցի, թե դա արդյունք է այն բանի, որ հայոց մեջ կա 2 ցեղ. մի ցեղը հնդեվրոպացիք են, երկրորդը՝ խալդիները: Արդարև հայ ազգը ձևացած է գլխավորապես այս 2 ցեղերի գումարից: Հնդեվրոպացիների հասակը հայտնի է մեզ. Հյուսիսային Եվրոպայի հնդեվրոպացիք բարձրահասակ են, ինչպես՝ ռուսները, գերմանացիք, անգլիացիք և այլն, իսկ Հարավային Եվրոպայի հնդեվրոպացիք միջհասակ են, ինչպես՝ հույները, իտալացիք, իսպանացիք և այլն: Ուրեմն հայոց մեջ միջահասակ ցեղը ներկայացնում է Հարավային Եվրոպայի հնդեվրոպացի ցեղը: Խալդիները բարձրահասակ էին, ինչպես երևում է ասորեստանյան արձանագրությանց մեջ դրված նկարներից: Այսօր էլ վանեցիք, որ գերազանցապես ներկայացնում են խալդի ցեղը, վիթխարի, բարձրահասակ մարդիկ են: Երբ ես ասացի, թե բարձրահասակ հայերը խալդի են, բոլորի աչքերը սևեռվեցին Խաժակի վրա, որ մեր ուսուցիչների մեջ ամենից բարձրահասակն էր, այնուհետև նրա անունը դրին խալդի: Խաժակը դժգոհ էր այս եզրակացությունից: Մի ուրիշ ելույթ էլ ունեցա Շուշում: Զվարճալի է դրա պատմությունը: Ուշ գիշերին, երբ պառկած էի, մի երիտասարդ բերավ ինձ մի նամակ, որի մեջ Սերմնացանի դուստրը՝ Հռիփսիմեն գրում էր. «Եթե ինձ հարգում եք, այս րոպեիս եկեք թատրոն»: Սերմնացանը Շուշվա ազատականներից մեկն էր. ուներ երկու աղջիկ՝ Հռիփսիմե և Գայանե՝ առաջինը երկրորդից գեղեցիկ, ինչպես Ագաթանգեղոսի մեջ: Ուներ նաև մի որդի, սիրուն պատանի, որ սակայն կուզ էր: Կուզին տարին Եվրոպա և բժշկական միջոցներով կուզը ուղղելով, բերին Շուշի: Սերմնացանը երբեմն գրում էր «Մշակ» թերթի մեջ և խոսում ու քննադատում էր Շուշվա անցուդարձը: Ընտանիքում, բացի հայերենից և ռուսերենից, խոսում էին ազատ ֆրանսերեն. և այդ էր պատճառը, որ ես էլ ընդունված էի այդ ընտանիքի մեջ և հաճախ այցելություններ էի տալիս: Նամակը կարդացի թե չէ, իսկույն վեր կացա և գնացի Խանդամիրյանի թատրոնը, ուր այդ գիշեր ներկայացում կար: Ներկայացումը բարեգործական նպատակով էր: Օրիորդ Հռիփսիմեն, որ լավ սիրող էր, մասնակցում էր խաղին։ Ինչ-որ վեճ է ծագում իր և դերակատար մի երիտասարդի միջև: Հռիփսիմեն վիրավորված, պահանջում է երիտասարդից ներողություն խնդրել. նա չի խնդրում: Հռիփսիմեն զայրացած պատասխանում է նրան. երիտասարդը օրիորդին նեղը գցելու համար՝ հրաժարվում է խաղից: Այդ պատճառով Հռիփսիմեն կանչում է ինձ: Երբ ես ներկայացա իրեն, նա ինձ մի երես գրություն տվեց, որ երիտասարդի դերն էր, խնդրեց մի քանի անգամ կարդալ և անգիր անել, որպեսզի հասարակության առաջ դերս կատարեի: Չգիտեի, թե ինչ եմ և ինչ եմ ասում: Շորերս փոխեցին, գլխիս մի գլխարկ դրին, առաջս մի գոգնոց կապեցին և ինձ բեմ հրեցին: Հռիփսիմեն հայտնեց ինձ, թե ես այդ տան խոհարարն եմ, վաղուց ապրում եմ այդ տան մեջ և իբրև ծերունի, վստահելի և ուղղամիտ մարդու, բոլորը ինձ հարգում են: Ուստի ես պետք է խոսեմ համարձակ և հեղինակավոր ձայնով: Բայց թե ում հետ պետք է խոսեի և ինչ պատճառով՝ չգիտեի: Ժամանակ չկար երկար բացատրելու: Մտա ներս հանդիսավորապես և բոլոր ժողովրդի ծափահարության տակ, արտասանեցի դերս, չիմանալով, թե ում հետ եմ խոսում: Դերս վերջացավ և դուրս եկա: Հռիփսիմեն էլ եկավ և հայտնեց ինձ չափազանց մեծ շնորհակալություն, ասելով միանգամայն, թե «դերը շատ լավ տարիք»: Այս «դերակատարությունս» երկրորդն էր կյանքիս մեջ. առաջինը տեղի էր ունեցել Էջմիածնում, ուր կատարեցի անխոս մի հիմարի դերը: Հետագայում շատ առիթներ ունեցա մասնակցելու թատերական խաղերին. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը խաղացել եմ 14 անգամ՝ կատարելով Մանուկ աղայի դերը: Դրա համար էլ ծածկանունս դրել եմ «Մանուկ աղա», այդ ծածկանունով հոդվածներ եմ գրել Երևանում Խոճիկի հրատարակած «Կարմիր մոծակ» զավեշտաթերթի մեջ: == ԱՎԵՏԻՍ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ ՀԵՏ == Գրադարանումն էի: Կարդում էի Շուշում տպված Առակագիրքը, որ կիսովին բարբառով էր: Ես հավաքում էի Ղարաբաղի բառերը. գրքի ետևի շապիկի վրա կարդացի հեղինակի՝ Ավետիս Բահաթրյանի անտիպ գործերի ցուցակը: Դրանց մեջ կար Ղարաբաղի բարբառի բառարանը։ Չափազանց ուրախացա և դիմելով գրադարանապետ Պողոս Զաքարյանին, հարցրի, թե ո՞վ է այս Ավետիս Բահաթրյանը: Տեղից վեր կացավ, սրահի կենտրոնը սեղանի վրա կռացած մի ծերունի ցույց տվեց և ասաց. — Ահա այդ ծերունին է: Վեր կացա, գնացի ծերունու մոտ, հարգանքով բարևեցի և ասացի. — Այս գրքում կարդացի այժմ, թե դուք Ղարաբաղի բարբառի ընդարձակ բառարան եք կազմել. կարելի՞ է տեսնել ձեր գիրքը։ — Կորի գնա՛, լակոտ, եկալ ըս ինձ ձեռք առնելո՞ւ: Գնացի Պողոս Զաքարյանի մոտ և տեսարանը պատմեցի: Նա գնաց սրահ և ծերունուն մոտենալով, խոսեց իմ մասին: Անշուշտ նա հայտնեց, թե ես իր ասած լակոտներից չեմ, ուսուցիչ եմ թեմականում և հետաքրքրվում եմ Ղարաբաղի բարբառով: Ծերունին կանչեց ինձ և ասաց. — Թե որ իդի է, եր կաց քինինք մեր տոնը քեզ շանց տամ: Ծերունին վեր կացավ, թևը մտա և դանդաղ քայլերով առաջնորդեցի մինչև իր տունը, որ գտնվում էր հայոց թաղի ծայրը, ադրբեջանական թաղի սահմանում, Խանդամիրյանի թատրոնի դեմը, աղբյուրից մի քիչ վերև: Հայոց թաղի առաջին տունն էր: Տանը ապրում էր նա մենակ. ոչ ոք չուներ: Տարավ իր սենյակը և բառարանը առաջս դրեց: Դա մի ընդարձակ գործ էր, կազմած, ձախ կողմի վրա բառերը գրած, բայց դրանց դեմը բացատրություն չկար: Այժմ պատմեմ Բահաթրյանի կյանքը: Բահաթրյանը եղել է տորոն մշակող: Ընդարձակ հողեր է մշակել և բերքը Եվրոպա արտահանելով՝ վաճառել: Հարուստ մարդ էր ուրեմն: Մի տարի Շվեյցարիայից, մի պրոֆեսորի կողմից, ստանում է մի նամակ, որով պրոֆեսորը հայտնում է, թե հնարել է ալիզարին կոչված քիմիական նյութը, որով տորոնը ավելորդ է դառնում: Պրոֆեսորը զգուշացնում է տորոն մշակողներին ընդհանրապես, դադարեցնել մշակությունը, ապա թե ոչ բոլորը պիտի սնանկանան: Այդպիսի նամակ ստացել էին նաև ուրիշները: Ուրիշների նման, Բահաթրյանն էլ չլսեց պրոֆեսորի առաջարկը, խաբեբա համարելով նրան. մշակեց տորոնը, որ անվաճառ մնալով, Բահաթրյանը սնանկացավ: Բահաթրյանը երկու որդի ուներ՝ Առաքել և Բահաթուր: Առաջինը հայտնի գրող է. երկրորդը տարիներ հետո գնում է Շվեյցարիա, համալսարան մտնելու նպատակով: Համալսարանում պրոֆեսորներից մեկը, լսելով նրա ազգանունը, մոտենում է նրան և ասում. — Դուք շուշեցի եք. տորոն մշակող Ավետիս Բահաթրյանի որդի՞ն եք. ես նրան զգուշացրել էի, որ տորոն չմշակի. նա չլսեց ինձ, մշակեց և սնանկացավ. այդպե՞ս է: — Այդպես է: — Որովհետև ձեր հոր սնանկացման պատճառը ես եմ եղել, ես վերցնում եմ ձեզ իմ խնամակալության տակ և մինչև ձեր ավարտելը կպահեմ ձեզ: 1923 թվականից հետո, երբ ես Երևան փոխադրվեցի, համալսարանում տեսա սույն Բահաթուր Բահաթրյանին, մաթեմատիկայի դասախոս էր. կարճ հասակով և ուռած մարմնով մի անձ էր: Իրար հետ մտերմացանք: Պատմեցի իր հոր պատմածները և որդին հաստատեց դրանք: Սրտի հիվանդություն ուներ: — Բժիշկների չե՞ք դիմում. ի՞նչ են ասում: — Ասում են, թե ծխելուն և խմելուն վերջ պիտի տաս։ Է՜հ, եթե վերջ չտամ, քանի՞ տարի կապրեմ: — Հազիվ 10 տարի: — Իսկ եթե վերջ տա՞մ: — Այն ժամանակ 12 տարի կապրեք: — Ուրեմն 2 տարի տարբերություն. ավելի լավ է ծխեմ ու խմեմ. այդ 2 տարին ինձ պետք չէ: Բայց 10 տարի չանցած Բահաթրյանը մեռավ: Եվ այսպես՝ Ավետիս ապերը (այդպես էին կոչում նրան) բառարանը դրեց առաջս, որի հորինման պատմությունը հետևյալն է. Խաչատուր Աբովյանը չհավանելով մեր գրական լեզվին և համարելով ժողովրդին անհասկանալի գրաբար, մտածեց Քանաքեռի բարբառը գրական լեզու դարձնել: Այս նպատակով գրեց «Վերք Հայաստանի»-ն, որ սակայն իր մահվանից 10 տարի հետո միայն տպվեց, երբ գրական հայերենը արդեն ընդհանուր տարածված էր: Աբովյանի նման Բահաթրյանն էլ չհավանելով մեր արդի աշխարհաբարին և տեսնելով, որ նա մեր ժողովրդին անհասկանալի է, մտածում է Ղարաբաղի բարբառի վրա հիմնված մի նոր գրական լեզու ստեղծել: Նա դուրս է հանում բառարանից բոլոր այն գրաբար բառերը, որոնք այժմ ժողովրդի մեջ գործածական չեն, հավաքում է միայն գրաբարի այն բառերը, որոնք ժողովրդին հասկանալի են, ավելացնում է դրանց վրա Ղարաբաղի բարբառին հատուկ գավառական բառերը, մի քիչ գրական ձև տալով նրանց, ավելացնում է նաև ժողովրդի մեջ գործածվող թրքական բառերը, և այսպիսով կազմում է այն բառարանը, որ դրեց իմ առաջ։ Ես ասացի, թե ամեն ինչ անցել է. ձեր ծրագիրը չիրագործվեց. գրական լեզուն այժմ ամեն տեղ սովորում են և խոսում: Ձեր աշխատանքից մնում է միայն Ղարաբաղի բառերի ցանկը: Ուստի ես դուրս կգցեմ սովորական հայերեն բառերը և կպահեմ միայն Ղարաբաղի բարբառի բառերը: Մենք համաձայնության եկանք, և որովհետև ծերունին անընդունակ էր աշխատելու, ես հանձն առի արտագրել Ղարաբաղի բառերը, նրանց դեմ ավելացնելով իրենց նշանակությունը, համաձայն հեղինակի բացատրության: Երկար տևեց աշխատանքը, և ես ամիսներ շարունակ գնալով նրա մոտ, շարունակում էի աշխատանքը, մինչև վերջացրի (կարծեմ 6000 բառ էր): Մեծ վեճ ունեցանք թուրքերեն բառերի համար: Միամիտ Բահաթրյանը պնդում էր, թե այդ թուրքերեն բառերը հայերեն են և հայերենից անցել են թուրքերենին: Օրինակ էր բերում թուրքերեն yoran բառը, որ նշանակում է «վերմակ»: Այս բառի հին ձևն է եղել, ըստ նրա կարծիքի, վերարկան «վրան արկանելի». Ղարաբաղում հայերեն վեր բառը արտասանում են yor, որով վերարկան դարձել է yoraran և կրճատվելով՝ yoran: Անկարելի եղավ համոզել նրան: Երբ գիրքը պատրաստ էր, ուզեցի հրատարակության տալ: Դիմեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և առաջարկեցի տպել գիրքը: Սիրով հանձն առին: Բայց հեղինակը գրեց մի առաջաբան, որի մեջ պնդում էր yoryan-ի վրա: Առանց այդ առաջաբանի չէր թույլ տալիս, որ բառարանը տպվի: «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրությունը բնականաբար չհամաձայնվեց և գիրքը չտպվեց: Այնուհետև ձեռագիրը ուղարկեցի Իզմիրլյան մրցանակին (Կոստանդնուպոլիս): Տարիներ հետո լսեցի, որ Բահաթրյանի տանը հանկարծ հրդեհ է պատահել կես գիշերին, ամբողջ տունը այրվել է, և Բահաթրյանը շապկանց հազիվ կարողացել է փախչել: Այրվել են նրա բոլոր գործերը, ինչպես նաև 8 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեջ էր Գրիգոր Տաթևացու ինքնաձեռագիր մի աշխատություն, ինչպես ինքն էր ասում: Ես այդ ութ ձեռագրերի համար դիմել էի Վիեննայի Մխիթարյան միաբանության և առաջարկել էի գնել: Միաբանությունը ընդունեց, բայց գնի կողմից համաձայնության չեկան: Այսպես կորավ Տաթևացու դժբախտ ձեռագիրը, մի քանի ռուբլու պատճառով: Շատ ավելի ուշ, 1934 թվականին, երբ Երուսաղեմից ստացանք 30 հայերեն գավառական բարբառների բառարանի ձեռագրերը լուսանկարված, զարմանքով տեսա նրանց մեջ Բահաթրյանի կազմած Ղարաբաղի բարբառի ձեռագիրը: Ձեռագիրս ճանաչեցի. այժմ նա գտնվում է պետական համալսարանի գրադարանում: Հեղինակը ստացել էր Իզմիրլյան մրցանակը: == ԻՄ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ == Երկու քույրերիս ամուսնությունից հետո, հերթը ինձ էր եկել։ Մայրս այդ առթիվ երբեմն ակնարկություններ էր անում, բայց շատ վախկոտ, որովհետև ես բոլորովին անտարբեր էի այդ մասին: Առանց սիրո ամուսնություն չեմ հասկացել: Մայրս էլ վերջ տվեց իր ակնարկներին: Մի օր ինչ-որ դասախոսություն էր տեղի ունենում: Մենք էլ մի քանի ուսուցիչներով գնացել էինք լսելու: Հանդիսականների առաջին շարքերը բռնել էին մի խումբ օրիորդներ: Երկրորդ շարքը նստել էինք ես և մի քանի ուսուցիչներ: Իմ կողքին նստել էր Արշակ Մեհրաբյանը: Դեռ դասախոսությունը չէր սկսվել: Հանկարծ մի օրիորդ, որ ճիշտ իմ առաջն էր նստել, հետև դարձավ, կարծես թե ինձ նայեց և շուռ եկավ: Այդ մի ակնթարթը ազդեց իմ վրա: Դարձա Արշակին և հարցրի, թե ո՞վ է այս աղջիկը: Պատասխանեց. — Հավանեցի՞ր. շատ լավ աղջիկ է: Իմ լավագույն աշակերտներից մեկն է: — Հայկական դպրոցներ չլինելու պատճառով Շուշվա աղջիկները խմբակներ էին կազմած և մասնավոր ուսուցիչների մոտ հայերեն և հայ գրականություն էին սովորում: Մեհրաբյանը այդպիսի մի խումբ ուներ և այդ աղջիկը նրա աշակերտուհին էր։ Իմ սերերը միշտ այդպես ակնթարթային են եղել. ես սիրահարվեցի: Եվ այնուհետև առիթներ էի փնտրում նրան տեսնելու։ Ամառ էր և ամբողջ շուշեցիք, մանավանդ երիտասարդները, երեկոյին գնում էին բուլվար՝ զբոսնելու: Ես էլ ամեն օր գնում էի պտտելու և պատահելու նրան: Կանոնավորապես միշտ իր քրոջ հետ գալիս էր, նստում նստարանի վրա կամ ման գալիս: Երեկոյան ժամը 8-ին գնում էր տուն: Ես բնականաբար ոչ մի քաջություն չունեի ներկայանալու և ծանոթանալու համար և երբ տեսնում էի նրան, գլուխս կախած, սրտատրոփ անցնում էի: Ոչ մի փորձ չարի ծանոթանալու, այլ միայն տեղեկություններ քաղեցի նրա մասին: Բոլոր ստացած տեղեկություններս դրական էին: Իհարկե սիրահարը կարծում է, թե իր սերը գաղտնի է մնում, բայց ոչ: Շուտով լսում են և հայտնում են սիրուհուն: Մի օր, երբ ես աշխատում էի Բահաթրյանի տանը, հանկարծ հարևան բալկոնում տեսա օրիորդին, որ մազերը թափած, ման էր գալիս: Նրա մազերը այնքան առատ և երկար էին, որ մինչև ոտքը հասնելուց հետո, կես արշին երկարությամբ էլ քարշ էին գալիս հատակի վրա: Գլուխը լվացել էր և ուզում էր բացօթյա չորացնել: Ես իսկույն դիմեցի Ավետիս ապոր և իմ սրտի գաղտնիքը հայտնեցի նրան: Ավետիս ապերը, որ շատ բարի մարդ էր, իսկույն հայտնեց, թե կգնա, նրա հորը կխոսի և նրա ձեռքը կխնդրի: Իբրև հարևաններ, իրար հետ շատ մոտիկ էին. նա իսկույն գնաց, խոսեց և մյուս օրը հայտնեց, թե հայրը համաձայն է երևում, բայց ուզում է տեղեկություններ քաղել: Սկսել էր այդ գործին, անշուշտ ստացած տեղեկությունները դրական պիտի լինեին, որովհետև հարգված ուսուցիչ էի և 90 ռուբլի ամսական ռոճիկ ունեի: Խանգարիչ էր միայն այն հանգամանքը, որ ես դրսեցի էի և կարող էի մի օր Շուշուց հեռանալ, իսկ ինքը՝ հայրը, ուզում էր, որ փեսան միշտ Շուշում մնա: Վերջապես տեսնում են իրենց նախկին մի բարեկամ հադրութեցի Արշակ քահանա Տեր-Ոսկանյանին, նախկին ճեմարանցի էր: Հայրը կարծիք է հարցնում նրան և ասում է, թե աղջկանս ձեռքն է խնդրում, ինչ կասես: — Անմիջապես տուր,— ասում է քահանան,— ոսկի գրիչ ունի. ավելի լավ չես գտնի: Օրիորդի հայրը, որ չափազանց կրոնասեր մարդ էր, լսելով իրենց սիրելի քահանայի այդ խոսքը, համաձայնության է գալիս: Իմ կյանքի պատվանդանի քարերից մեկը այդ քահանան դրեց: Ծանոթացա օրիորդի հոր հետ, որ Բալասան ապեր էր կոչվում, գնացինք բուլվար և նստեցինք նստարանի վրա: Իմ առաջարկը հայտնեցի նրան. հայրը խոստացավ, բայց խնդրեց հետաձգել մի տարի: — Հասկացա,— ասացի ես,— դուք ուզում եք մերժել և խաբում եք ինձ: Այն ժամանակ նա երկարեց ինձ իր արծաթյա կոթով գավազանը և ասաց. — Ահա այս գավազանը, իբրև նշան խոսքիս հաստատության։ Ես մերժեցի գավազանը և խնդրեցի, որ նշանդրեք ունենանք: Համաձայնվեց. օրը նշանակեցինք և որոշեցինք, որ ծնողների հետ նշանը տանեմ: Տուն եկա և մորս ասացի. — Մայրիկ, կիրակի օրը նշան պիտի տանինք, պատրաստվիր։ Չափազանց մեծ եղավ մորս ուրախությունը. նա մի քանի անգամ ակնարկներ անելուց հետո արդեն հուսահատվել էր և ամենևին չէր սպասում, որ ես կամուսնանամ: Նշանի համար առինք մի խումբ ակնեղեն առարկաներ, մի ժամացույց իր շղթայով, մի մանյակ կրծքի (հավատք, հույս, սեր), մի ականակուռ մատանի: Գնացինք նրանց տունը. ես էի, հայրս, մայրս, քույրս և փեսաս: Նշանը հանձնեցինք և բավական ժամանակ խոսակցելուց հետո տուն վերադարձանք: Ես օրիորդի հետ առաջին անգամն էր, որ խոսում էի: Ես խնդրեցի Բալասանից, որ թույլ տա ինձ շաբաթական մի անգամ նրանց տունը գնալու: Որոշեց չորեքշաբթի օրերը: Այսպես շարունակեցինք մի ժամանակ, բայց ես օրիորդին պատահում էի եկեղեցում անխափան շաբաթ երեկո և կիրակի առավոտ: Այսքանը քիչ էր ինձ համար: Ես ծանոթացել էի օրիորդի քեռակնոջ՝ Օ r8zzpi1vmwh8rap71wo54b2s1nl7f1p 398210 398209 2026-11-18T09:53:29Z Emptyfear 547 398210 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }} == ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Գնացքը կանգ առավ Աղստաֆա կայարանում: Հին հայոց պատմության մեջ այս վայրը կոչվում էր Աղստև (համանուն գետով), որ մեր երկրի աննշան գավառներից մեկն էր: Երբ դեռ շինված չէր Տփղիս—Երևան երկաթուղին, Երևանի, Տփղիսի և Բաքվի հաղորդակցության միակ միջոցը Աղստաֆան էր։ Ճամփորդները ցած իջան գնացքից: Մի քանի հոգով գնացինք վարձեցինք մի թուրք կառապանի ֆուրգոնը, հինգ օրից մինչև Երևան հասնելու պայմանով, վճարը հինգ ռուբլի: Հենց նույն օրը ճանապարհ ընկանք: Անցնում ենք Հին Հայաստանի գեղեցիկ և սիրելի վայրերով: Օդը մեղմ է և լավ. աջից ու ձախից փչում է մեղմ քամին. բարձրանում ենք անվերջ դեպի Արարատյան բարձրավանդակը: Ոչ մի միջադեպ չխանգարեց մեզ: Ամբողջ ժամանակը նստած կամ պառկած ենք ֆուրգոնում, բայց երիտասարդ ուսանողի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ կարգի անհարմարությունները: Կես դարուց ավելի է անցել այդ օրվանից, ուստի ոչինչ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ անցանք Դիլիջանով, ապա քերեցինք Սևանի գեղեցիկ ափերը, վերջապես հասանք Քանաքեռի բարձունքը, որտեղից բացվեց, առաջին անգամ՝ մեր աչքի առաջ, Երևանի համայնապատկերը: Այն ժամանակ Երևանը ներկայի տարածությունը չուներ: Կարելի է ասել, թե արդի Երևանը տասն անգամ մեծացել է նախկինից: Այնուամենայնիվ հին Երևանն էլ իբրև մի ամփոփ քաղաք, որոշ մեծություն էր ներկայացնում: Քանաքեռի բարձունքից իջանք արագությամբ դեպի քաղաքը, և մեր ֆուրգոնը կանգ առավ մի ընդարձակ քարվանսարայի բակում, որ գտնվում էր Էջմիածին տանող ճանապարհի մոտ: Ցած իջանք ֆուրգոնից։ Էջմիածին տանող կառքերը պիտի մեկնեին երեկոյան դեմ, քաղցած էի և պետք էր մի բան ուտել: Հրապարակում կանգնած մի հայի հարցրի, թե «Որտե՞ղ են հաց ծախում»:—«Հայի՞ հաց ես ուզում, թե՞ թուրքի»,— հարցրեց հայը։— «Հացի էլ հայը թուրքը կա՞,— հարցնում եմ ես:— Հացը հաց է»: Կարծելով, թե հայը ինձ ձեռք է առնում, երես եմ դարձնում նրանից: Բայց ոչ. հայը եկավ հետս, տարավ ինձ հացավաճառների մոտ և ցույց տվեց, թե սա հայի հաց է (լավաշ), սա թուրքի հաց է (սանգակ): Չգիտեմ՝ ո՛ր տեսակից գնեցի, ցամաք կերա փողոցում, ամաչելու ոչինչ չունեի, սպասեցի կառքերի մեկնելու ժամանակին: Երևանի և Էջմիածնի միջև այն ժամանակ շատ կանոնավոր հաղորդակցություն կար: Բացի ֆայտոններից, կային մի քանի տեսակ հասարակ կառքեր, շատ էժան գնով: Ամենից հասարակն էր օմնիբուս կոչված կառքը, որի մեջ նստում էին մեջք-մեջքի տված ութ կամ տասը հոգի: Ճանապարհը մինչև Էջմիածին տևում էր երկու ժամ, և վճարում էինք 25 կոպեկ: Անմոռանալի պայուսակս վերցրած նստեցի մի օմնիբուս, և վերջապես հասանք Էջմիածին: Ուշ գիշեր էր: Այն ժամանակ կառքերի կայանը վանքի Տրդատա դուռ կոչված հրապարակն էր։ Իջանք ուրեմն այդտեղ, անցանք Տրդատա դռնով, Սինոդի շենքի առաջով և վանքի Ավագ դռնով իջնելով, Վեհարանի առաջով մտանք Ղազարապատ կոչված շենքը։ Այստեղ էր Էջմիածնի ուխտավորներին հատկացված հյուրանոցը: Հյուրանոցի կառավարիչն էր Սիոն վարդապետը. դիմեցի նրան և գիշերելու տեղ խնդրեցի: — Ո՞վ եք դուք,— հարցրեց հյուրընկալ վարդապետը խստությամբ: — Ուսանող եմ, Եվրոպայից եմ գալիս,— պատասխանեցի ես: — Այստեղ ուսանողի տեղ չէ. այստեղ միայն ուխտավորներն են գալիս,— ասաց վարդապետը և ինձ մենակ թողնելով, հեռացավ գնաց: Պատի տակ նստեցի պայուսակիս վրա: Գրպանումս ունեի միայն 10 կոպեկ, որով հաջորդ օրը մորս նամակ էի ուղարկելու։ Վարժված էի, ոչ քնելու մասին էի մտածում և ոչ էլ ուտելու: Մի կտոր ցամաք հացը ինձ բավական էր 24 ժամ: Այդպես նստած անքուն սպասում էի երկար ժամանակ, որովհետև դուրս վռնդող չկար: Հանկարծ տեսնում եմ ինչ-որ եռուզեռ: Մարդիկ բարձրանում իջնում են սանդուղքներից, իրեր են տեղափոխում: Մեկ էլ իր սենյակից դուրս է գալիս Սիոն վարդապետը և աջ ու ձախ դիմելով հարցնում է. — Այստեղ մի ուսանող կար, ո՞ւր գնաց: Լսում եմ և ներկայանում եմ իրեն: — Դուք գերմաներեն գիտե՞ք,— հարցնում է վարդապետը։ — Գիտեմ,— պատասխանում եմ: — Եկեք ներս, այստեղ մի գերմանացի է եկել, խոսեցեք հետը: Մտնում եմ ներս: Հանկարծ տեսնում եմ պրոֆեսոր Ռոռբախին, իր կնոջ հետ: Ես Ստրասբուրգում եղած ժամանակս Հյուբշմանի միջոցով ծանոթացել էի Ռոռբախի հետ. նա Հայաստան պիտի գար, և երկուսս միասին պիտի մեկնեինք, բայց որովհետև ես բավական փող չունեի արագ գնացքով մեկնելու, չկարողացա ընկերանալ նրան: Իբրև վաղեմի ծանոթ, ձեռք տվի Ռոռբախին և սկսեցինք մտերմական խոսակցություն: Վարդապետը զարմացած դիտում էր մեզ: Անշուշտ նա զարմանում էր այն բանի վրա, որ քիչ առաջվա քոսոտ և արհամարհելի ուսանողը այսպիսի նշանավոր մարդու հետ բարեկամ է: Հրավիրեց նստել սեղան, որին մասնակցում էին Ռոռբախը, իր կինը, վարդապետը և ուրիշ ծանոթ անձինք: Միակ թարգմանը, ուստի և ուշադրության կենտրոնը, ես էի: Չեմ հիշում, բայց պետք էր, որ ընթրիքը բավական ճոխ եղած լիներ։ Ընթրիքից հետո հյուրերը ստացան իրենց համար սենյակ, իսկ ինձ էլ Սիոն վարդապետը ուղարկեց աջ կողմի սենյակներից մեկը, ուր նշանակվեց մի շատ կեղտոտ մահճակալ: Պառկեցի և քնեցի: Առավոտը արթնացա մի խայտառակ դրության մեջ: Լու, մլուկ, մլակ, մոծակ, ճանճ. այս հնգյակը խուռն բազմությամբ հարձակվել են վրաս. նրանցից մլակ կոչված միջատը նոր էի տեսնում դեռ, մյուսները հին ծանոթներ էին: Տոթը անտանելի էր: Վեր կացա և դիմեցի ընդհանուր սենյակը, ուր մի քանի հյուրեր էլ կային: Նրանց մեջ տեսա հպարտ դեմքով նստած ակնոցավոր մի երիտասարդ, խորհրդավոր ձայնով: Հարցրեց ինձ, թե ո՞վ եմ ես և ո՞ր տեղացի եմ. երբ պատասխանեցի, թե կոստանդնուպոլսեցի եմ, ասաց, թե ինքն էլ է կոստանդնուպոլսեցի: — Ո՞ր թաղից,— հարցրի ես: — Սուլու-խուլեցի: Կոստանդնուպոլսում Սուլու-խուլե թաղը հայտնի է իբրև ամենակեղտոտ և ամենագռեհիկ թաղը: Երբ մեկին պետք է լինում ծաղրել կամ արհամարհել, ասում են. «Սուլու-խուլեցի է՞ս»: Մինչև անգամ չգիտեի, թե սուլու-խուլեցի հայ էլ կլինի: Այդ թաղի բոլոր բնակիչները համարում էի միայն գնչու: Այդ սուլու-խուլեցին եկել էր Էջմիածին տերտեր դառնալու. անունն էր Արտաշես Գարագաշ: Կարասի միջից բարձրացող հնչյունի նման ձայն ուներ: 22 տարի հետո նորից տեսա այդ մարդուն Թեհրանում, ուր հայոց եկեղեցու տիրացու էր, բայց ոչ քահանա. նաև կրոնի ուսուցիչ էր հայոց դպրոցում և ինքնահավան դիրք ուներ: Իր որդին է Հայկ Գարագաշը, որ կարևոր ազգային դեմք էր Թեհրանում և հրատարակում էր «Բոբոխ» զավեշտաթերթը: Ընդհանուր սենյակում նստած միջոցիս սուլու-խուլեցին հանկարծ նկատեց շորիս վրա մի միջատ և ասաց. — Ոջիլ է: Սարսափեցի. ամեն ինչ տանելի էր, բացի ոջիլից. ես դեռ տեսած չէի ոջիլ և զարմանքով հարցրի. — Ա՞յս է ոջիլը. շորերիս մեջ լիքն է սրանից: Պառկած անկողինս ուրեմն լիքն էր ոջիլով և ինձ այդ օրին էր հասցրել: Ճար չկար։ Ի՞նչ պետք էր անել այս խայտառակ օթևանից դուրս գալու համար: Սիոն վարդապետը այլևս ինձանով չէր հետաքրքրվում և այդ ավելի լավ: Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ: Ուտեստի մասին կարիք չկար մտածելու, որովհետև Էջմիածնի հասարակաց ճաշարանը առավոտ, կեսօր և երեկո բաց էր բոլոր ուխտավորների համար, և ես էլ նրանց հետ ձրիաբար ստանում էի թեյ, ճաշ և ընթրիք: Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն։ Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց. — Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս։ — Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան: — Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես կկարդամ քու հոդվածներդ «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: — Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ: — Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ: Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ. «Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»: — Է՜հ,— պատասխանեց Կաթողիկոսը,— դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜: Շա՜տ լավ… Է՜, տաճկերեն գիտե՞ս: — Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ: — Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարեցավ, քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես: Ես իմ գոհունակությունը հայտնեցի: Կաթողիկոսը վճարեց առաջին ամսականս՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ: Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի № 1 սենյակը: Այդ միջոցին իմ դրությունը շատ խայտառակ էր: Շորերս հնացած, գլխարկս ծակ, կոշիկներս պատառոտուն, շապիկս ոջլոտ, ամաչում էի մարդկանց մոտ դուրս գալ։ Պատահեց ինձ ծանոթանալ մշեցի ազնիվ մի մարդու հետ, որի անունն էր Սմբատ Տարոնեցի: Մի եղբայր ևս ուներ, որի անունն էր Արամ: Երկուսն էլ հեղափոխական քարոզիչ էին, ամուսնացած էին և միասին տուն և ընտանիք ունեին: Սմբատը առաջարկեց ինձ օգնել ամեն կերպ. ես հայտնեցի իմ կեղտոտ վիճակը և խնդրեցի, որ տանի Երևան և նոր շորեր առնենք: Անմիջապես օմնիբուս նստեցինք, գնացինք Երևան և գնեցինք մի ձեռք շոր, մի գլխարկ և մի զույգ կոշիկ: Սպիտակեղեն ունեի: Վերադարձանք Վաղարշապատ և գնացինք գյուղի բաղանիսը: Լողանալուց հետո գլխից մինչև ոտք նորոգվելով և ամբողջ շորերս մինչև կոշիկներս Սմբատին տալով, եկա վանք, ուր նշանակված էր ինձ № 1 սենյակը: Այս սենյակը նախապես ընթերցատուն էր եղել և դրա համար էլ կար այնտեղ մի շատ լայն սեղան, որի շուրջը նստելով ընթերցողները կարդում էին օրվա լրագրերը: Ընթերցատունը փակվել էր, և որովհետև սեղանը փոխադրելու տեղ չկար, թողել էին այնտեղ։ Ինձ համար դա մի շնորհ եղավ: Սեղանը դրի պատուհանի առաջ, պայուսակիս բոլոր քարտերը դարսեցի նրա վրա, ունեցած գրքերս էլ նրանց կողքին և մատենադարանից վերցնելով բազմատեսակ բառարաններ, մինչև անգամ Կամուսի արաբերեն բառարանի 3 խոշոր հատորները, կազմեցի ինձ համար մի նոր աշխատանոց։ Ձեռք առի Կարինում կազմած իմ Արմատական բառարանը, որ ուներ շուրջ 300 էջ: Սկսեցի վերամշակել և ավելացնել այնտեղ ամեն ինչ, որ գտա հայ և եվրոպական գրականության մեջ, հայերեն բառերի ստուգաբանության մասին: Այդ միջոցին Տփղիսի Գյուտ քահանա Աղանյանը Կոստանդնուպոլիս էր գնացել և Տեր Հովհաննես քահանա Մկրյանից մեծ գումարով գնել էր արևմտահայ լրագրության խոշոր հավաքածուն: Հավաքածուն գտնվում էր Էջմիածնի մատենադարանում, չեմ կարող ասել անխնամ դրության մեջ, բայց կարող եմ ասել, թե ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով: Մատենադարանապետի թույլտվությամբ, այդ հարյուրավոր հատորները մաս առ մաս փոխադրելով իմ սենյակը, ամբողջը թերթում էի և կազմեցի բոլոր այդ հատորների մեջ գտնված հայ լեզվաբանական հոդվածների ցուցակը: Կարդացի այդ հոդվածները և ինչ որ կար հայ բառերի ստուգաբանության մասին, ճիշտ թե սխալ, դուրս գրեցի: Կազմել էի մի երկարավուն տետրակ, որի մեջ այբուբենական կարգով հավաքեցի այդ ստուգաբանությունները, հետագայում իմ ստուգաբանական բառարանի մեջ ներմուծելու համար: Իմ մեծագույն ցանկությունն էր եղել Վենետիկի կամ Վիեննայի միաբանության անդամ լինել: Դպրոցում մեսրոպյան հայերենի հետևորդ դառնալով, այլևս մտքից հանել էի Վենետիկը: Փարիզում և Ստրասբուրգում երկու խոշորագույն հայագետների մոտ աշխատելուց հետո, Վիեննան էլ հեռացավ մտքիցս, գոնե մասամբ և դեպքերի բերմամբ ընկա Էջմիածին: Վիեննայում այնուամենայնիվ միշտ եղել են մեծանուն վարդապետներ, ինչպես Թոռնյան, Այտընյան, Տաշյան և այլն, իսկ Էջմիածնում ոչ ոք չկար, որ փոքրիկ չափով գոնե հավասարեր նրանց: Զգում էի, թե ինչ տկար միջավայր եմ ընկել. ոչ ոքից ոչինչ չէի կարող սովորել: Այնուամենայնիվ շրջապատս այնքան լավ էր, որ ինձ ամենևին չէր խանգարում և թույլ էր տալիս իմ սեփական միջոցներով կարդալու և սովորելու: Նյութականի և տնտեսականի կողմից բոլորովին ապահով էի: Վանքը տալիս էր ինձ ձրիաբար նախաճաշիկ, ճաշ, ընթրիք, բնակարան և վառելիք: Այսքանը բավական էր ինձ, որովհետև ոչ մի ավելորդ պահանջ չունեի: Ամսական 25 ռուբլի ռոճիկն էլ բոլորովին բավարար էր: Ամառ լինելով, դեռ ուսումը չէր սկսվել: Տաքը թեև շատ ուժեղ, բայց ինձ համար անտանելի չէր: Ընդհակառակը, հաճույք էի զգում այդ տաք եղանակից: Մինչև սեպտեմբեր մնալով № 1 սենյակում, ամենևին մտքիցս չանցկացնելով ամառանոց գնալու բուրժուական գաղափարը, նվիրվեցի ստուգաբանական բառարանիս վերամշակման գործին: Շատ արագ թերթերը լցվում էին և հետզհետե ընդարձակվում էր գիրքս: Վերջապես եկավ սեպտեմբերը, ուսումնական տարվա սկիզբը: Նշանակված լինելով տաճկերենի ուսուցիչ, գնացի Ճեմարան և ներկայացա Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին։ — Բարև ձեզ, պարոն Կոստանյան,— ասացի՝ գլուխ տալով նրան: — Ինչո՞ւ եկաք այստեղ,— գոռաց նա երեսիս, մեջքը ինձ դարձրած և առանց տեղից շարժվելու.— Տաճկաստանում տեղ չկա՞ր: — Տաճկաստանում կոտորում են: — Դուք էլ նրանց հետ կոտորվեիք: — Վեհափառը ուղարկել է ինձ և հրամայել է տաճկերենի դասեր տալ: — Եթե Վեհափառը հրամայել է,— ասաց հեգնանքով, — գնացեք դաս տվեք: Դուրս եկա կիսաբաց դռնից և այնտեղ տեսա Մարտիրոս Հախնազարյանին, որ Ճեմարանում գլխավոր վերակացուն էր: Բարի մարդ էր նա՝ տարիքը առած, համեստ և պարկեշտ ագուլեցի: Լավ գիտեր իր բարբառը և որովհետև ես էլ ձեռնամուխ էի եղել բարբառների ուսման, բարեկամանալով նրա հետ, սկսեցի կազմել հետագայում Ագուլիսի բարբառի բառարանը, որ ի վերջո մտավ իմ Արմատական բառարանի մեջ և Ագուլիսի բարբառի քննության մեջ: Տարիներ հետո թուրք-հայկական ընդհարումների ժամանակ թուրքերը նահատակեցին այդ ազնիվ մարդուն, և ես ցավելով լսեցի նրա մահը Թավրիզում եղածս ժամանակ: Կարապետ Կոստանյանի այդ անհրապույր ընդունելությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ Մարտիրոս Հախնազարյանը և ասաց. — Դուք տաճկերեն դասերի համա՞ր եք եկել: — Այո: — Սպասեցեք մի քիչ, ես զանգը կտամ, աշակերտներին կհավաքեմ և դուք դասի կերթաք: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը հիմնելով Ճեմարանը և տեղ տալով բազմաթիվ տաճկահայ աշակերտների, կարևոր էր համարել ուսման ծրագրի մեջ մտցնել նաև տաճկերենի ուսումը, միմիայն տաճկահայ աշակերտների համար, որպեսզի հետագայում, երբ այդ աշակերտները ավարտեին Ճեմարանը և վերադառնային հայրենիք, տաճկերեն կարդալ-գրել չիմանալու պատճառով զոհ չգնային տաճիկ պաշտոնյաների քմահաճույքին: Գևորգ կաթողիկոսից հետո միշտ էլ շարունակվել էր տաճկերենի ուսումը Ճեմարանում. վերջին ուսուցիչը եղել էր Հովսեփ Ճանիկյանը (հեղինակ «Հնութիւնք Ակնայ» օգտաշատ գրքի), որ ծերության պատճառով հրաժարվելով, տաճկերենի ուսումը թողել էր ինձ: Ինձնից հետո կարծեմ այլևս ուսուցիչ չճարվեց, և այդ առարկան դուրս մնաց: Աշակերտները հավաքվեցին, ես նրանց 3 խմբի վերածեցի և որոշեցի օրերի և դասերի ժամերը: Այսպես սկսվեց իմ ուսուցչական խղճուկ դրությունը Ճեմարանում: * * * Էջմիածինը այն ժամանակ հայոց ազգային, քաղաքական, կրոնական, կրթական, դպրոցական մեծագույն կենտրոնն էր: Կաթողիկոսը իր Սինոդով և վանքի հարյուրավոր միաբաններով, եպիսկոպոսներով, վարդապետներով և քահանաներով, Էջմիածնի տպարանը` իր զանազան հրատարակություններով և «Արարատ» ամսագրի խմբագրությամբ, Ճեմարանը իր հարյուրավոր և հազարավոր ուսանողությամբ, շրջանավարտներով և ամեն կողմ ցրված ուսուցիչներով կազմում էին մի մեծ ամբողջություն: Սակայն Էջմիածինը այն ժամանակ մի շատ ցավալի կետ ուներ. այդ տաճկահայ գաղթականների հարցն էր: Երբ տաճիկ կառավարությունը իր տխմար քաղաքականությամբ սկսեց կոտորել հայերին, Հայաստանի արևելյան նահանգների խեղճ ժողովուրդը ուրիշ ելք չուներ, եթե ոչ փախչել Պարսկաստան և Կովկաս: Այս վերջինը ավելի հրապուրիչ էր, որովհետև ուներ ավելի բազմամարդ հայություն, լուսամիտ պետություն, հարուստ հայեր և մանավանդ որ կաթողիկոսն էլ (Խրիմյան Հայրիկը) վանեցի, այսինքն՝ տաճկահայ էր: Երբ փախստականների տասնյակ հազարավոր բազմությունը թափվեց Կովկաս և հատկապես Էջմիածնի գավառը, բնականաբար Կաթողիկոսը չէր կարող անտարբեր մնալ հանդեպ նրանց դժբախտ կացության: Էջմիածինը ամեն միջոց գործադրեց ըստ կարելվույն դեղ, ապրուստ և պաշտոն հայթայթելու համար այդ դժբախտներին: Տաճկահայերը իբրև ավելի նախաձեռնող, աշխատասեր, ընդունակ և մանավանդ չարքաշ ժողովուրդ, դիմագրավելով ամեն դժվարություն, իրենց համար աշխատեցին լավ դիրք ստեղծել: Սկսվեց տնտեսական պայքարը բնիկ տեղացիների և նորեկ գաղթականների միջև: Շատ ասպարեզներում այս վերջինները հաղթող հանդիսացան: Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև: Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ: Մինչև անգամ ամուսնական խնամություններ դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը, բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով: Բուն Էջմիածնի վանքն էլ ասպարեզ էր դարձել այդպիսի կռվի, որովհետև Կաթողիկոսն էլ շրջապատել էր իրեն իր վանեցի ազգականներով: Ավելորդ եմ համարում երկար խոսել այս դժբախտ հարցի շուրջը, որ տարիներ տևեց: Ես էլ այդ դժբախտների կարգն էի ընկած: Ոչ միայն հարգանք, սեր և գնահատություն, այլ նույնիսկ քաջալերություն կամ սովորական բարեկամական վերաբերմունք չկար իմ մասին Ճեմարանի ուսուցչական կազմի և վանքի միաբանության մեջ: Բոլորն էլ արհամարհում էին ինձ: Վերևում տեսանք Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանի պարսավելի վերաբերմունքը դեպի ինձ: Կարապետ Կոստանյանը համարվում էր Կովկասում ոչ միայն իբրև կատարյալ ազգասեր, եկեղեցասեր, այլև նույնիսկ ուսումնական և գերազանց հայագետ անձնավորություն: Իր հանդիսավոր, լուրջ վերաբերմունքը արտաքուստ, խոսակցության մեջ պահած ծանրաբարո դիրքը, իր հրապարակած մի քանի երկրորդական արժեք ունեցող տետրակները ստեղծել էին նրա մասին մեծ անունը: Իրականում նա խոժոռ, անհրապույր, դաժան մարդ էր, որի գիտական հմտությունն էլ մեծ հարցականի տակ էր: Իր ծաղրանունը դրել էին «Սուլթան Համիդ», և իրոք իր համիդական գազանաբարո վերաբերմունքը ցույց էր տալիս հանդեպ բոլոր աշակերտների և ուսուցչության, ո՜ւր մնաց թե ինձ: Ոչ մի մանկավարժական ժողովի, ոչ մի ուսուցչական խորհրդակցության, նույնիսկ ոչ մի աշակերտական հավաքույթի չէի հրավիրվում ես: Այդ բոլորը բացատրում էին իբր թե նրանով, որ ես տաճկահպատակ էի և ռուսական կառավարությունը չէր թույլատրում օտարահպատակներին որևէ ուսուցչական պաշտոն, բացի տաճկերենից և ֆրանսերենից: Մի խոսքով ես ապօրինի ուսուցիչ էի: Շատ տարիներ հետո (1952 թ. մայիս) լսեցի, որ մեր Ակադեմիայի ասպիրանտներից մեկը՝ պրպտելով արխիվները, գտել է, որ Կոստանյանը ցարական լրտես է եղել Էջմիածնի վրա: Անհավատալի՞ ճշմարտություն: Այժմ տեսնենք ուրիշ ուսուցիչների վերաբերմունքը դեպի ինձ: Առաջին անձը, որ մոտեցավ ինձ և հարգանքի խոսք ասաց, հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանն էր: Իր անունը ես լսել էի Կարինում, Սանասարյան վարժարանում, ուր կարդացել էի նաև իր մի խումբ մանկավարժական տետրակները: Առաջին անգամ, երբ բարձրացա Ճեմարանի սանդուղքների գլուխը, տեսա, որ ցածրից բարձրանում է նաև Սեդրակ Մանդինյանը: Ես մի կողմ քաշվեցի հարգանքով և տեղ տվի նրան: Մանդինյանը մոտեցավ ինձ և ձեռք երկարելով, ասաց այս անմոռանալի, փայփայիչ խոսքերը. – Ձեր անունը ձեզնից առաջ եկել էր Էջմիածին: Կարդացի «Արարատ» ամսագրում ձեր հոդվածը վրացերենի ձայնաբանության մասին հայերենից փոխառյալ բառերի մեջ: Այդ ինչքան լավ վրացերեն գիտեք դուք: Ես իբրև տփղիսեցի, լավ վրացերեն գիտեմ, բայց ձեր հիշած բառերից շատ շատերը անծանոթ էին ինձ: Ես պատասխանեցի, թե իմ վրացերենի գիտությունը շատ չափավոր է, և ես այդ բոլոր բառերը քաղել եմ Չուբինովի վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն բառարանից: Մենք բարեկամացանք իրար հետ, և նա հրավիրեց ինձ իր տունը, որ Ճեմարանի դիմացն էր։ Ես մի երեկո գնացի նրա մոտ և ծանոթացա նրա կնոջ և իր գեղեցիկ աղջկա հետ: Ծանոթացա նաև իր քենեկալ Ստեփանոս Կանայանի հետ, որ Ճեմարանում պատմության ուսուցիչ էր. գուցե ծանոթացա նաև ուրիշների հետ էլ, որոնց չեմ հիշում: Մանդինյանի գեղեցիկ աղջիկը հետո ամուսնացավ ակնաբույժ Հայկ Կանայանի հետ և Երևանում 1920-ական թվականներին չարաչար տանջանքներով մեռավ, որովհետև բժիշկները չէին կարողացել որոշել իր հիվանդությունը: Մանդինյանի փոքր տղան, որի անունը չեմ հիշում, տեսա Թավրիզում 1920 թվականին: Նշանավոր ինժեներ էր և «Լուսաչափ» անունով մի գործիք էր հնարել: Հայտնի է, որ կան ճիշտ գործիքներ տաքությունը չափելու (ջերմաչափ), խոնավությունը չափելու (խոնավաչափ), կաթի պարարտության քանակը չափելու (սերաչափ) և այլն, բայց լույս չափելու գործիք չկա: Ահա այդ գործիքն էր, որ հնարել էր ինժեներ Մանդինյանը: Մտնում ես մի սենյակ, բռնում ես ձեռքիդ այդ գործիքը, և նա ցույց է տալիս սենյակի լույսի և մութի քանակությունը: Գործիքը հնարել էր, բայց պատրաստել չէր կարող. եթե նկարը ուղարկեր եվրոպական որևէ գործարան, գաղտնիքը կգողանային և իրենց անունով կվաճառեին: Պարսկաստանում այդպիսի գործիք շինելու մասին ավելորդ էր մտածել: Ուստի, երբ ես պատրաստվեցի գալ Երևան 1923 թվականին, նա խնդրեց ինձ, որ ես խոսեմ ընկեր Լուկաշինի հետ հայտնեմ, թե Մանդինյանը պատրաստ է նվիրել այդ գործիքը Հայաստանի կառավարության: Ես իմ խոստումը կատարեցի, բայց նրա շարունակության մասին ոչինչ չգիտեմ և չեմ լսած որևէ լուսաչափ գործիքի մասին մի բան: և Երկրորդ ուսուցիչը, որի հետ բարեկամացա և հետագայում լավ մտերմացա, Ստեփանոս Կանայանն էր, Մանդինյանի քենեկալը և Ճեմարանի հայ և ընդհանուր պատմության ուսուցիչը: Չափազանց բարի, կատակախոս, զվարճասեր, միամիտ և ընկերական մարդ էր նա: Պատանի ժամանակ Հայ-Արմեն ծածկանունով ոտանավորներ էր գրել Զմյուռնիայի «Արևելյան մամուլ» ամսագրում: Բայց այնուհետև գրական գործունեություն չէր ցույց տված։ Շատ էր աշխատում, բայց իր աշխատանքը ամուլ մնաց: Կյանքի վերջին շրջանում հրատարակեց մի քանի ազգագրական և աշխարհագրական գործեր, որոնցից գլխավորն է «Ջոջանց տունը»։ Առհասարակ դժվար է կարդալ նրա գործերը, որովհետև շարունակ թափառում է նյութից նյութ և մեկի վրա կենտրոնանալ չգիտե: Ուրիշ ուսուցիչների մասին շատ բան չունեմ ասելու: Մանուկ Աբեղյանը, որի հետ ընկերացել էի Փարիզում, և որ հայագետի մեծ հռչակ էր վայելում Ճեմարանում, ոչ մի մտերմություն ցույց չտվեց ինձ Էջմիածնում: Համառ և ինքնահավան մարդ էր: Իրենից դուրս ոչ մեկին չէր ճանաչում: Սարսափելի ատեցող էր տաճկահայերին և մանավանդ Վենետիկի և Վիեննայի միաբաններին: Տաճկահայերից հավանում էր միայն երկու հոգու. Պարոնյանին, որովհետև ծաղրել էր պոլսեցիներին, և Գարեգին վարդապետ Սրվանձտյանին, որովհետև հայտնաբերել էր Սասունցի Դավթի վեպը: Ոչ մի տաճկահայ հեղինակի չէր սիրում, նույնիսկ Դուրյանին: Բոլորը խոնարհվում էին Աբեղյանի առաջ և համարում էին նրան անգերազանցելի հայագետ: Ինքը քարոզեց մտցնել արևելյան հայերենում անշունչի և շնչավորի տարբերությունը (նրա ոտքը, էնոր ոտքը), ածականի վերացումը, սեռականի ջնջումը և վերջապես ուղղագրության փոփոխությունը, որ 1912 թվականին հայտարարեց, ազգը մերժեց, իսկ 1920 թվականին ընդունվեց Խորհրդային իշխանության կողմից և սակայն 20 տարի հետո, 1940 թվականին նրա կեսից ավելին մերժվեց և այլն: Էջմիածնում եղած ժամանակս ոչ մի օր չհրավիրեց ինձ իր մոտ, այնպես որ չգիտեմ, թե ուր էր ապրում: Երբ Երևանում, Համալսարանում դասախոս եղա, բնականաբար ընկերական հարաբերություններ մշակում էինք, և ես միշտ չափազանց հարգանքով էի վերաբերվում դեպի նա, իսկ նա իմ այնքան բազմաթիվ աշխատանքների մասին ոչ մի գովասանական կամ քաջալերական խոսք չի ասել: Կողմնակի աղբյուրներից լսել եմ միայն, թե նա իմ մասին կառավարության հայտնել է հետևյալը. «Աճառյանի պես մարդ հարյուր տարվա մեջ մի անգամ չի ծնվի. չափազանց աշխատասեր, անշահախնդիր, փող չսիրող մարդ է. քամեցեք որքան կարող եք. պատրաստ է և կարող է կատարել ամեն ինչ, որ պահանջեք»: Գուցե ավելի հետո էլի առիթ կունենամ խոսելու իր մասին։ Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապետը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորություն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»: Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է: Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին։ Նա Քյոթահիացի (Կուտինա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գևորգ Դ կաթողիկոսին։ Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»: — Դու հայերեն չգիտե՞ս,— ասում է նրան կաթողիկոսը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ: — Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): Գելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ): Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է. — Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս): Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ. նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք Ճեմարանի աշակերտ գրեցեք»: Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է Ճեմարանը և ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ: Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է: — Վարդապետն ի՞նչ բան է,— հարցնում են նրան: — Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է: — Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու: — Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է: Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է Ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը: Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր Ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը: Մեջընդմեջ երգում էր մի կարգի ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում: Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ: Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը: — Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում. այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին, կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը: Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՛ր ձայների գումարներն են: Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում. նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Ապարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին: Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա․ այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի: Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի: Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց Ճեմարանում հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ: Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա: և Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ: Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո՞ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»: Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը. իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել․ Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»: Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»: Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»: Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի` Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր. Ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս։ Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում. զանգակները զնգում են»: Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան. մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի: Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր: Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր: Առատ մորուք չուներ. քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն: Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա». հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը: Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: Գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր։ Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը: Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ: Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է: Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է: Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց: Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը: 1925—1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել: Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում: Հինգերորդ անձնավորությունը, որի հետ ես մտերմացել էի Էջմիածնում, եղավ Գալուստ սարկավագ Տեր-Մկրտչյանը: Նա Ախալցխայի Ծղրուտ գյուղից էր: Սովորում էր Փարիզում հասարակական գիտություններ: Վարակվում է վատանուն ախտով և զգալով իր ցավալի վախճանը, շտապում է Էջմիածին, դիմում է տալիս և ընդունվում միաբանության մեջ: Ստանում է 4 աստիճան (դպիր), բայց ընդհանրապես կոչում էին սարկավագ: Դպրի աստիճանը մեծ բան չէ, բայց ի նկատի ունենալով նրա գործունեությունը, Խրիմյանը հրամայում է տալ նրան իսկական վարդապետ միաբանի բոլոր իրավունքները՝ բնակարան, սնունդ, վառելիք և ռոճիկ: Որովհետև հասարակական գիտությունները արժեք չունեին վանքի պայմաններում, ուստի թողնում է այդ բոլորը և նվիրվում հայկական բանասիրության: Միաբան ծածկանունով նա հրատարակեց բազմաթիվ հոդվածներ և առանձին գրքեր, որոնք իրոք շատ մեծ արժեք ունեն հայ բանասիրության մեջ: Միաբանների բնակարանները երկու շարք են կազմում. հին շենք և նոր շենք: Նոր շենքի բնակարանները 2 մուտք ունեն. մեկը առջևից, որ տանում է ցածրի հարկը, ընդամենը 2 սենյակ, մյուսը հետևից, որ սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկը և ունի նույնպես 2 լուսավետ սենյակ, մի խոհանոցով: Իմ բնակարանը № 1 ներքևի 2 սենյակն էր, իսկ նրա վերևը բնակվում էր Գալուստ սարկավագը: Իբրև հմուտ բանասերի, ես ծանոթացա նրա հետ և շուտով մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Կաթվածահար էր եղած, կեսից ներքև մարմինը չէր գործում, իսկ կեսից վեր առողջ էր. ազատ խոսում, գրում էր, բայց քայլել չէր կարող: Քնելու համար, երբ պետք էր լինում գնալ մյուս սենյակը, իր ծառան գալիս գրկում էր նրան և մեծ դժվարությամբ տանում գցում մյուս սենյակի անկողնի վրա: Համարյա ամեն օր բարձրանում էի իր մոտ, և ունենում էինք երկար խոսակցություն հայագիտական հարցերի շուրջը: Միակ անձն էր Էջմիածնի միաբանության մեջ, որ իրավունք ուներ ձեռագրեր բերել տալու իր բնակարանը: Ինքը հրատարակեց, ի միջի այլոց, «Վկայք Արևելից» նշանավոր գործը, որ թարգմանված է Ե դարում ասորերենից և գրված է սքանչելի մեսրոպյան հայերենով: Ինչպես ամբողջ Կովկասում, նույնպես և Էջմիածնում մեսրոպյան հայերենի գաղափարը անծանոթ էր, բայց միաբանը իբրև լուսամիտ մարդ, ընդունել էր այդ գաղափարը, և որովհետև գործնականապես ծանոթ չէր, ուստի ինձ տվեց ձեռագիրը, որպեսզի կարդամ և հետևեմ, թե մեսրոպյան հայերենի սխալներ կա՞ն։ Երբ ես Էջմիածնի 4000 ձեռագրերը հետազոտելու ժամանակ գտա Եզնիկը (№ 1111), ինքն էլ շատ ուրախացավ այդ գյուտի մասին, որովհետև նախապես ինձ ասել էր, թե Եզնիկի անունով ինչ-որ ձեռագիր ունենք Մատենադարանում: Իմ գիրքը («Քննութիւն և համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին») տպվեց Վիեննայում և առաջաբանում խոսում եմ այդ գյուտի մասին: Ես ու Միաբանը «միասին աշխատեցինք» այդ գործի վրա, բայց իր մասնակցությունը եղավ միայն այն, որ ձեռագրի և տպագրի տարբերությունների համեմատությունը միասին կատարեցինք: Գրքի մնացյալ բոլոր գլուխները միայն իմ գրչի արդյունքն էին: Շատ մեծ անակնկալ եղավ վանքում, երբ երկու երիտասարդ գիտնականներ՝ Հակոբ Մանանդյան և Սիրական Տիգրանյան հրավիրվեցին Ճեմարանի ուսուցիչ: Մանանդյանը ախալցխացի էր, հայրը անտառապետ էր, բայց վաղաժամ մեռնելով, Մանանդյանը իր եղբոր և քրոջ հետ որբ են մնում: Այրի մայրը մեծ դժվարությամբ, միայն պետությունից ստացած կենսաթոշակով պահում և մեծացնում է որդիներին: Հակոբ Մանանդյանը, ավարտելով ռուսաց գիմնազիան (հայկական կրթություն չէր ստացել), Մանթաշյանի թոշակով գնում է Գերմանիա և սովորում է լեզվաբանություն։ Լավ տիրապետում էր 3 եվրոպական լեզուների և ռուսերենի: Գրելու մեջ եթե լավ հաջողակ չէր, ընդհակառակը, խոսելու մեջ շատ հաջողակ էր: Բարձրաձայն, լավ մտածված և գեղեցիկ առոգանությամբ հանպատրաստից ճառեր էր խոսում հայերեն և ռուսերեն: Ունենալով վայելուչ արտաքին և բարձր հասակ, շատերին սիրելի դարձավ: Ինքը ասաց ինձ, թե «Լեզվաբանությունը այնքան շուտ-շուտ էր փոխվում, որ ես մտածեցի, թե մինչև Հայաստան գնամ, ճանապարհին արդեն փոխված կլինի... ուստի հրաժարվեցի լեզվաբանությունից և առանձնացա միայն պատմության մեջ, որին հետևեց նաև բանասիրությունը»: Էջմիածին եկավ նա վարդապետ դառնալու նպատակով: Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով, ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը: Այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միաբանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից։ Նա մնաց Ճեմարանի ուսուցիչ: Ավելի ուշ, երբ ցարական պայմանները ավելի խստացան, նա թողեց ուսուցչությունը, գնաց Ռուսաստան և իրավաբանական ֆակուլտետը ավարտելով՝ դարձավ իրավաբան. մի արվեստ, որ իր ճարտարախոս լեզվին շատ հարմար էր։ Այդ ժամանակ հաստատվեց Բաքվում և իրավաբանների շարքում նշանավոր դարձավ: Խորհրդային իշխանությունը հաստատվելուց հետո եկավ Երևան, եղավ համալսարանի վարիչներից մեկը. Երևանում էլ մնաց մինչև իր մահը: Իր գրական գործերը բավական մեծ թիվ են կազմում, որոնցից կարևորագույնն է «Հայոց պատմություն»-ը, որ կիսատ մնաց: Նշանավոր է նաև իր այն տեսությունը, թե Խորենացին Թ դարի հեղինակ է: Ոչ ոք չընդունեց իր այս կարծիքը և կարծեմ, թե կյանքի վերջում ինքն էլ համոզվել էր, թե սխալ է դատում: Առիթներ կունենանք դեռ խոսելու իր մասին: Սիրական Տիգրանյանը հարուստ ընտանիքի զավակ էր, նույնպես ռուսական կրթություն էր ստացել և ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը: Հրաժարվելով իր հարուստ ծնողների և եղբայրների շրջանից, մտել էր ուսուցչական ասպարեզը և ճիշտ Մանանդյանի նման եկել էր Էջմիածին վարդապետ լինելու, բայց ճիշտ նրա նման տեսնելով վանքի դրությունը, հրաժարվեց իր մտքից: Մենք երեքս՝ Մանանդյան, Տիգրանյան և Աճառյան, ոչ միայն իբրև ազատամիտ երիտասարդներ, այլև իբրև հայագիտության սիրահար անձեր, շատ մտերիմ ընկերներ դարձանք: Մանանդյանը պատմաբան և բանասեր լինելով՝ ինձ ավելի մոտիկ էր: Երբ առաջին անգամ տեսա նրան, ես հայտնեցի իրեն, թե կազմում եմ հին հայոց կուլտուրայի պատմությունը, պրպտելով և ոստիկանի նման հետախուզելով հին հայոց ամբողջ գրականությունը, նյութեր գտնելու համար: Մանանդյանը հայտնեց, թե ինքն էլ է նույն աշխատությունը կազմում և հարցրեց, թե հույն աղբյուրները ուսումնասիրե՞լ եմ: Ես պատասխանեցի, թե ոչ։ Նա ասաց. «Ես հույն աղբյուրները արդեն ուսումնասիրել եմ և այժմ էլ ուսումնասիրում եմ հայկական աղբյուրները»: Լսելով այս խոսքը և խոնարհվելով իր հունագիտության առաջ՝ ես գնացի սենյակ և իմ ամբողջ աշխատանքը այրեցի: Ցավում եմ իմ այդ անմտության վրա, որովհետև ոչ միայն Մանանդյանը, այլև ուրիշ ոչ ոք չկազմեց այդպիսի աշխատություն: Մինչև այսօր էլ (1952 թ. հունիս) իմ իդեալն է մնացել այդ գեղեցիկ աշխատությունը, որ գրել առաջարկել եմ շատերին, բայց ոչ ոք էլ չի գրել: Ահա իմ համառոտ ծրագիրը այդ մասին. Ա․ Բնակարան. ի՞նչպես էին շինում հին հայերը իրենց տունը, միահա՞րկ թե երկհարկանի, սենյակների դիրքը, ներքին կարգավորությունը, պատուհաններ, լուսամուտ և երդիկ, լուսիջույց և այլն: Բ. Հագուստ. հայկական տարազի տեսակները, արական և կանացի շորեր, գլխարկ և կոշիկ: Գ. Ուտելիք. սեղան և ամանեղեն, կերակրի տեսակներ, հացի պատրաստություն, խմիչքներ, գինի և գարեջուր: Դ. Ընկերական կյանք. արհեստներ, խանութ և վաճառատուն, շուկա, առևտուր և դրամի տեսակներ, դպրոց, ուսուցիչներ և ուսում, գրելու արվեստը, չափ և կշիռ, տոներ և տոնախմբություն, բարևելու ձևեր, նամակագրություն, ամուսնական կապեր: Ե. Պետություն. թագավոր, նախարարներ, պաշտոնեություն, օրենք և դատաստան, դատական մարմիններ, պատժական օրինագիրքը, Դատաստանագիրք, իշխանավորների, ազնվականների, գյուղացիների փոխադարձ հարաբերությունները և իրավունքները: Զ. Զինվորական իշխանություն. զորք և բանակ, զենքի տեսակներ, ռազմագիտություն, պատերազմ վարելու ձևերը, զինվորական համազգեստ, պատվանշան, բերդ և ամրոց, պահակատուն, սահմանապահ զորք, զինվորական աստիճաններ: Է․ Կրոն. Հին հայոց հեթանոսական կրոնը, 7 բնիկ աստվածներ (Արամազդ, Անահիտ, Նանե, Աստղիկ, Միհր, Վահագն և Տյուր), 8-րդ օտար աստվածություն (Բարշամինա). մեհյան, քրմական աստիճաններ, զոհաբերություն: Վենետիկի միաբաններից Հ․ Վ․ Հացունին կազմել է մի քանի սքանչելի աշխատություններ, որոնք մենագրություններ են այս կամ այն հարցի վերաբերյալ. ինչպես՝ հին հայոց տարազը, երդումը հին հայոց մեջ, հայոց դրոշակը, կերակուրը և խնջույքները, մանկավարժությունը հին հայոց մեջ և այլն: Սիրական Տիգրանյանը նվիրվեց հայոց եկեղեցական օրենքի ուսումնասիրության գործին, բայց գրաբար չիմանալով, շատ էր դժվարանում: Հրատարակեց մի քանի գործեր, որոնցից մեծագույնն է իր մի ապակետիպ աշխատությունը, որ հրատարակեց մեր պետական համալսարանում 1920-ական թվականներին: Մնացյալ ծանոթներիս մասին շատ երկար կլինի խոսել: Գլուխս լիքն է հիշողություններով, որոնք թղթի վրա դնել շատ երկար կլիներ: Կտանեմ ինձ մոտ: Բայց այստեղ պետք է խոսեմ երկու չար անձնավորությունների մասին, որոնց հետ դժբախտություն ունեցա ծանոթանալու Էջմիածնում: Առաջինն է Սեթ Հարությունյան – նոր-նախիջևանցի, Կարապետ Կոստանյանի աշակերտներից, հայկաբան, ուսուցիչ գրաբարի՝ Ճեմարանում: Ասում էին, թե լավ գրաբար գիտեր, բայց իր գրաբարագիտությունը միայն հին վարժապետների ձևով էր: Նա ոչ լեզվաբան էր և ոչ էլ բանասեր: Նա գրաբար գիտեր իբրև գրաբարագետ: Աբեղյանը մի օր հայտնեց ինձ, թե իր աշակերտների գրած գրաբար շարադրությունները սրբագրելու համար տալիս էր Սեթին առանձին վճարով. որովհետև, ասում էր նա, ինքը գործնական վարժություն չունի գրաբար սրբագրելու, իսկ Սեթը վարժված էր: Այս վերջին կետը, թե Աբեղյանը մեսրոպյան գրաբարը լավ չէր ընդունում, դժբախտաբար հաստատվեց հետևյալ հետաքրքիր միջադեպով: Մեր համալսարանում վրացի երիտասարդ Իլյա Աբուլաձեն սովորեց ինձ մոտ հայոց լեզվի պատմություն: Ավարտելուց հետո գնաց Թիֆլիս և աշխարհաբար լեզվով մի նամակ գրեց ինձ. նամակը ցույց տվի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանին, հիացավ, թե ինչպես վրացին կարող է այսքան հայերեն իմանալ: Ես ասացի, թե նա գրաբար էլ գիտե: Խնդրեց, որ դիմեմ իրեն և մի հատ էլ գրաբար նամակ խնդրեմ, որ գրի: Ստացա մի բաց նամակ գրաբար լեզվով. կարդաց ռեկտորը և ավելի հիացավ. մեր ընկերներից շատերին ցույց տվեցի նույն նամակը, ամենքն էլ զարմացան և ուրախացան: Ցույց տվի նաև Աբեղյանին, որ նույնպես ուրախացավ. ես ասացի, թե մեջը 2 սխալ կա, և սխալները ցույց տվեցի, նա արդարացրեց դրանք: Սեթ Հարությունյանը գրական գործ չունի: Նա միայն աշխատակից եղավ Մանուկ Աբեղյանին Խորենացու հրատարակության գործում: Բայց Աբեղյանը ինձ հայտնեց 20-ական թվականներին Երևանում, թե Սեթը իրեն ոչ մի օգնություն չի մատուցել, այլ իր ծուլությամբ և անպարտաճանաչությամբ երկարաձգել էր գործի հրատարակությունը։ Այդ պատճառով էլ ես իմ Արմատական բառարանի 7-րդ հատորում (էջ 44) իրավունք եմ համարել Խորենացու հրատարակության առթիվ ասել. «Մ. Աբեղեան, անուանապէս նաև Ս. Յարութիւնեան»: Մի ուրիշ մանր զվարճալի կետ էլ: Մի անգամ մի նամակ էի գրել Երևան, դեղագործ Արշակ Հակոբյանի անունով, որի հետ շատ մտերիմ բարեկամ էի դարձել: Ծրարի վրա գրեցի ռուսերեն Эривань, Аршаку Акопяну, аптекар, բայց չգիտեի, թե аптекар բառի վերջում պետք է գրել Ь, թե Ъ: Գնացի Ճեմարան, ուսուցչական սենյակը, ուր միայն 2 հոգի կային, Ստեփան Կանայանը և Սեթ Հարությունյանը: Ես դիմեցի Կանայանին, իբրև իմ մտերիմ բարեկամին և հարցրի, թե аптекар բառի ծայրին Ь պիտի դնե՞մ, թե Ъ: Կանայանը մտածեց ի զարմանս իմ և հայտնեց, թե չգիտեմ, և նա դիմեց Սեթին նույն հարցով. Սեթը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա այդպիսի բաների, р-ի մոտ մի միջակետ դրեք իբրև համառոտագրության նշան և բավական է»: Սեթը իմ դեմ մի պամֆլետ գրեց «Նոր դար»-ում, սրա մասին հետո: Ավելի զվարճալի մի տեսարան ևս: Սեթը մի օր իր ծառային հրամայում է գնալ շուկա և գնել 10 ձու: Ծառան վերադառնում է և ձվերը բերում: Սեթը, որ սարսափելի ժլատ մարդ էր, բարկանում է ծառայի վրա, թե ինչո՞ւ այդքան փոքր ձվեր է առել: Նա ուներ ձու առնելու մի օղակ. բոլորը փորձում է, և բոլոր ձվերը օղակից անցնում են. հրամայում է ծառային նորից գնալ շուկա օղակով և փոքր ձվերը հետ տալով, խոշորները վերցնել: Ծառան հրաժարվում է. այն ժամանակ Սեթը ինքը թաշկինակի մեջ 10 ձու և օղակը ձեռքին, անձամբ գնում է շուկա: Այդ միջոցին Էջմիածնի հրապարակում տեռոր էր տեղի ունեցել, Երևանի Գուբեռնատորի վրա ատրճանակ էին արձակել, ոստիկանությունը թափվել էր դուրս՝ տեռորիստին բռնելու համար։ Ժողովուրդը փախել էր, ոստիկանները տեսնում են միայն Սեթին թաշկինակի մեջ ձվեր և ձեռքին օղակ: Բռնում են նրան և ոստիկանատուն տանում: Հարցնում են այնտեղ, թե ի՞նչ գործ ունեիր հրապարակում։ Սեթը կմկմալով և ամաչելով՝ օղակի պատմությունն է անում: Իհարկե չեն հավատում, վեց ամիս նստում է բանտում, մինչև կարողանում է ապացուցանել իրողությունը: Ես ոչ մի կապ չեմ ունեցել Սեթի հետ. չգիտեմ ինչո՞ւ, միայն մի անգամ եղել եմ նրա տանը: Պոռպռուն ձայնով մի կին ուներ՝ իգդիրցի և մի աղջիկ, իսկական գաճաճ, որի անունն էր Սեթանուշ: Երբ ես հրատարակում էի իմ Արմատական բառարանը, մի օր ինձ մոտ եկավ մի տարիքոտ կին: Ինքը հայտնեց, որ Սեթ Հարությունյանի կինն է և խնդրեց իր ամուսնուն բաժանորդ գրել։ Զարմացա մնացի. Սեթը գիրք կարդա և այն էլ Աճառյանի՞ գիրքը: Ականջիս չէի հավատում: Ստիպված էի մերժել, որովհետև ռեկտորի հրամանով բաժանորդագրությունը փակված էր: Երկրորդ չար, ավելի շուտ ողորմելի անձնավորությունը Բագրատ Խալաթյանն էր: Նա հրավիրվել էր Ճեմարան իբրև ուսուցիչ ռուս գրականության: Հայերեն գիտեր, բայց շատ թույլ: Հագնվում էր շատ զարդարուն ձևով, անուշահոտ դուխիներով օծված, այնպես որ աչք էր ծակում: Մի օր մտա Ճեմարանի ուսուցչանոցը։ Այնտեղ էին Ստեփան Կանայանը և այս Բագրատ Խալաթյանը, որոնք վիճում էին ինչ-որ հարցի առթիվ: Երբ ես ներս մտա, Կանայանը ասաց Բագրատին. «Այ, պարոն Աճառյանը եկավ, նա լավ գիտե, իրեն հարցնենք, և դառնալով, ասաց. «Դուք իրար հետ ծանոթ չե՞ք»: Ես պատասխանեցի. «Ես երեք անգամ ծանոթացել եմ պարոն Խալաթյանի հետ, բայց նա բարևս էլ չի առնում»: «Ոչ,— ասաց Կանայանը,— պարոն Աճառյանը մեր կարևոր մասնագետներից մեկն է, չի կարելի այդպես վարվել նրա հետ»: Խալաթյանը կմկմաց և ինչ-որ ներողություն խնդրեց: Խալաթյանը Ճեմարանից շուտով հեռացավ և գնաց Գերմանիա: Նա հրատարակեց մի քանի ազգագրական տետրակներ և հոդվածներ գրեց «Բանասեր»-ի մեջ, հետո վեճ ունեցավ Բասմաջյանի հետ և իրար հետ կռվեցին. Բագրատ Խալաթյանը Բասմաջյանի դեմ գրեց մի հոդված «Մի ապտակ Բասմաջյանի դեմ» վերնագրով: Բասմաջյանն էլ պատասխանեց «Մեկի դեմ 2 ապտակ Բ. Խալաթյանի դեմ» վերնագրով: Շատ զվարճալի է հետևյալ դեպքը: «Հանդէս Ամսօրեայ» ամսաթերթի մեջ Բ. Խալաթյանը (1906 թ., էջ 333) սկսեց հրատարակել «Եվալդ Լիդեն» վերնագրով մի հոդված, որի սկզբում տալիս է հայագիտության պատմությունը: Այստեղ, էջ 335 բ-ում, հիշում է եվրոպացի հայագետների անունները, թվելով նրանց գործերը։ Սրանց մեջ կարդում ենք. «Օգտավետ ծառայություն մատուցին հայ լեզվի բազմակողմանի ուսումնասիրությանն Christian Bartholomae, Sophus Bugge…, մանավանդ հմուտ հայագետ A. Meillet: Հիշելու է ևս Verfasser, Die Semitischen Lehnworter in Armenishen ZDMG, 1893» և այլն: Կարդալով այդ հոդվածը և տեսնելով նշանավոր մարդկանց շարքում Verfasser անունով մի նոր հայագետի, որի անունը երբեք լսած չէի, զարմացած մնում եմ, թե ո՞վ է այս անծանոթ հռչակավոր հայագետը: Բայց երբ շարունակության մեջ կարդում եմ նրա գրած աշխատության անունը, իսկույն հասկանում եմ, որ հայտնի Հյուբշմանն է: Դեպքը այսպես է եղել: Հյուբշմանը իր քերականության մեջ, հիշելով զանազան հեղինակների անունները և նրանց գործերը, նրանց հետ հիշում է նաև իր այս աշխատությունը. բայց համեստությամբ, փոխանակ իր անունը տալու, ինչպես սովորություն է, գրել է Verfasser (հեղինակը): Ողորմելի Խալաթյանը այսքանը չիմանալով և Verfasser գոյականի գլխատառից ենթադրելով, թե մարդու անուն է, ստեղծել է նորահնար մի հայագետ: Խալաթյանի այս ծիծաղելի արարքը հայտնեցի ժամանակին «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության. բոլորը հրաժարվեցին խմբագիր եղած լինելու պատվից, որպեսզի անարգանքի հարվածից ազատվեն: «Այլ առակ լուարուք»: 1909/10 Խալաթյանը գտնվելով Բեռլինում, համալսարանին դիմում է տալիս և խնդրում, որ իրեն նշանակեն դասախոս օսեթերեն լեզվի: Պրոֆեսորների ժողով է գումարվում քննելու համար հարցը: Այնտեղ է նաև Խալաթյանը: Պրոֆեսորներից մեկը հարց է տալիս, թե օսեթերենի ո՞ր բարբառը՝ Թագո՞ւր թե Դիգոր պիտի դասախոսե նա: Խալաթյանը, որ մինչև անգամ չի իմացել, թե օսեթերենը 2 բարբառ ունի, շշկլված մնում է և ոչինչ չի կարողանում պատասխանել: Հարցը սրանով փակվում է: (Այս դեպքի պատմությունը պատմեց ինձ բժիշկ Խուրշուդ Մելիք-Փարսադանյանը, որ նույն թվականին ուսանում էր Բեռլինում): Վիեննայի «Ազգային մատենադարան»-ի շարքում Խալաթյանը հրատարակեց «Արաբ պատմագիրները հայոց մասին» հատորը: Էջմիածնում եղած ժամանակը Բագրատ Խալաթյանը արաբերեն ոչ մի բառ չգիտեր: Ինչպե՞ս կարողացավ 2—3 տարվա մեջ սովորել այդ դժվար լեզուն այնքան, որ կարողացավ արաբ հեղինակները կարդալ և նրանցից նյութեր քաղել: Հաստատ հավատացած եմ, որ այստեղ էլ կեղծիք կա: Նա կարդացել է այդ գրքերի գերմաներեն թարգմանությունը և գերմաներենի իր հրաշալի հմտությամբ (ինչպես ցույց է տալիս Verfasser-ը) քաղել է այդ տեղեկությունները: Բ. Խալաթյանի վախճանը շատ դժբախտ եղավ: Նա վարակվեց վեներախտով, գժվեց և փոխադրվեց հիվանդանոց, ուր և մեռավ: Այսպիսի դժբախտ վախճան ունեցավ Էջմիածնի Ճեմարանի պերճապաճույճ երիտասարդ դասախոսը, որ սնափառ հայտարարությամբ արժանի չէր համարում իր համեստ պաշտոնակցի խոնարհ բարևն ընդունել: * * Մեկ տարի տևեց Կարապետ Կոստանյանի սուլթանական իշխանությունը: Էջմիածինը նրան հանգստյան թոշակ նշանակեց, նա հեռացավ ասպարեզից և մեզ էլ ազատեց իր բռնակալ ճիրաններից: Տեսուչ նշանակվեց Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, որ բարեկիրթ, ուսյալ և բարեհամբույր մարդ էր: Նա իր կրթությունն ստացել էր Գերմանիայում, սիրող էր Էջմիածնի և աշխատում էր յուրովսանն բարձրացնել նրա արժանիքը: Գնահատում էր ինձ և ինձ հանձնեց Ճեմարանի գրադարանապետի պաշտոնը։ Միևնույն ժամանակ ինձ նշանակեց իր խմբագրած «Արարատ» ամսաթերթի սրբագրիչ: Այսպիսով իմ դիրքը բարձրացավ, և իմ ռոճիկը բարձրացավ ամսական 50 ռուբլու: Այստեղ պետք է հիշեմ իմ կյանքի կարևոր կայաններից մեկը: Հայտնի է, որ օտարահպատակները ուսուցիչ լինելու իրավունք չունեին: Այդ միջոցին Էջմիածին հավաքված տաճկահայ գաղթականների համար կառավարությունից հրաման եկավ, թե ով որ ցանկանա, կարող է ռուսահպատակ գրվել։ Ես էլ, տեսնելով, որ առանց հպատակությունս փոխելու, չպիտի կարողանամ դիրք ստեղծել, որոշեցի մտնել գաղթականների խմբի մեջ և ռուսահպատակ գրվել: Պետական պաշտոնյան, ինչպես ամենքին, նույնպես և ինձ հարցրեց, թե «տաճկական անձնագիր ունե՞ս»: Ես անձնագիր ունեի, ուստի պաշտոնյան դուրս հանեց ինձ, որովհետև անձնագիր ունեցողները չէին կարող հպատակություն փոխել: Մի ժամանակ հետո որոշեցի մի ուրիշ ձև տալ գործին: Անձնագիրս նորոգման համար ուղարկել էի Երևան։ Նորից հավաքվեց գաղթականների մի խումբ, նորից մտա այդ խմբի մեջ, և երբ պաշտոնյան հարցրեց ինձ, թե «անձնագիր ունե՞ս», ես պատասխանեցի «ոչ». իբր թե անձնագիրս այժմ մոտս չէ, այլ ձեզ մոտ է: Ես լսել էի, որ շատ մեծ պետական հանցանք է երկու անձնագիր ունենալը. հանցավորին պատժում էին մինչև անգամ աքսորով: Ես հանդգնեցի այդ հանցանքը գործելու, բայց դրա համար մի ուրիշ հնարք էլ էի մտածել: Ես նախապես անունս գրում էի Ipasis AzxapyHb, ինչպես պահանջվում էր արևմտյան տառադարձությամբ: Երբ պաշտոնյան իմացավ, որ անձնագիր չունեմ, ընդունեց ինձ և առաջարկեց անունս գրել իր ցուցակում. ես գրեցի Pavis AvapsHb. իմ հնարքս իբր թե այն էր, որ Երևանում ցուցակի մեջ եթե փնտրեին իմ անունը, չպիտի գտնեին այս նոր ձևի տակ: Պաշտոնյան մտցրեց ինձ գաղթականների խմբի մեջ, այնտեղ քահանայի ներկայությամբ բոլորս Ավետարանի վրա երդվեցինք հավատարիմ մնալ ցարին և ռուսահպատակ դարձանք: Շուտով ստացանք մեր նոր անձնագրերը, որից քիչ հետո ես Երևանից ստացա նաև իմ տաճկական անձնագիրը: Այսպիսով ունեցա 2 անձնագիր, որ ինչպես ասացի, մեծ հանցանք էր: Ինչքա՞ն ժամանակ տանջվել եմ երկու անձնագիր պահելուս պատճառով։ Հենց որ մի ոստիկան էի տեսնում, որ ինձ էր նայում կամ ինձ մոտ էր գալիս, սարսափը պատում էր ինձ: Մի անգամ Թիֆլիս էի գնացել և իջել Վիկտորիա հյուրանոցը, որ հայերի օթևանն էր միշտ: Սենյակումս նստած եմ, հանկարծ բակում մի գոռգոռոց է բարձրանում: Դուրս եմ նայում պատուհանից. տեսնում եմ մի ոստիկան, որ դեպի իմ պատուհանը երկարելով իր ձեռքը՝ բաներ է ասում: Ի՞նչ անելս չգիտեմ: Անշուշտ եկել են ինձ ձերբակալելու: — Բայց վտանգը անցավ, և ինձ ոչ ոք չձերբակալեց։ «Գող, սիրտը դող»: Իսկույն հանեցի թուրքական անձնագիրս, թքեցի նրա վրա և մի լուցկի վառելով, մոխիր դարձրի: Այսպես վերջացավ իմ տաճկահպատակի ստրկական, ամոթալի վիճակը։ == ՄԱՌԻ ՀԵՏ == 1899 թվականի ամառը կաթողիկոսի թույլտվությամբ Բյուրականի հայրապետական ամառանոցը գնացի: Միաբանների մի խմբակի հետ մի լուսավոր սենյակում անկողին ստացա: Մի օր բակում նստած, խոսակցության միջոցին, մոտ քառասուն տարեկան սևահեր, թխադեմ մի անձնավորություն մոտեցավ վարդապետներին, բարևեց և ձեռք տվեց: Պետերբուրգի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Մառն էր: Հպարտ ձև չուներ: Խոսում էր ազատ հայերեն: Լսելով իր անունը և Գալուստ Տեր-Մկրտչյանի պատմածներով լավ ծանոթ լինելով իր անձին, ուրախացա, որ տեսա իրեն: Հայտնեց, թե Էջմիածնում Կարապետ վարդապետը խոսել է իմ (Աճառյանի) մասին և հայտնել է, թե պատրաստում եմ մի նշանավոր արմատական բառարան, որի մեջ մեկնել եմ հայերենի բոլոր արմատները: — Ճիշտ չի ասել,— պատասխանեցի ես,— հազիվ կարողացել եմ գուցե կեսը մեկնել։ Մառը ժպտաց և ասաց. — Ես Կարապետ վարդապետին ասացի, որ եթե բոլոր արմատները մեկնել է, ուրեմն անպետք աշխատություն է, որովհետև անկարելի է հայոց բոլոր արմատները մեկնել։ Իսկ վարդապետը ասաց, թե «Աճառյանը ուրիշ մարդ է, նա կարող է մեկնել»: Իսկ այժմ, որ դուք ասում եք, թե հազիվ կեսն է մեկնված, ուրեմն լավ աշխատություն է: Մենք մտերմացանք իրար հետ և սկսեցինք գիտական (լեզվաբանական) հարցերի շուրջը խոսել: Այդ միջոցին երևաց Հովհաննես Հովհաննիսյանը, գեղեցկադեմ մի մարդ, բանաստեղծ և ուսուցիչ Ճեմարանում: Ես նրա հետ ծանոթություն չունեի, որովհետև նա էլ պատկանում էր ինձ ոչ բարեկամ խմբակին: Երբեք նրա տանը եղած չէի: Հ. Հովհաննիսյանը և Մառը վաղուցվա ծանոթներ էին. շատ սիրալիր խոսակցություն սկսեցին և Հովհաննիսյանը հրավիրեց Մառին իր տունը ճաշի: Տեսնելով, որ ես էլ Մառի հետ ընկերացել եմ, գուցե պարզ քաղաքավարության համար, ինձ էլ հրավիրեց։ Ես մերժեցի, բայց նա և Մառը ստիպեցին, որ գնամ: Հովհաննիսյանը ամառանոց էր եկել Բյուրական գյուղը և առանձին բնակարան վարձել: Սեղանը պատրաստ էր: Ես ծանոթացա նրա կնոջ՝ տիկին Զարուհու և երկու քույրերի՝ Աշխենի և Սիրանույշի հետ: Սեղան նստեցինք: Մառը խոսեց իմ մասին և արժանավոր գովասանքներ տվեց: Կինը գանգատվեց ինձանից, թե ինչո՞ւ մինչև այժմ իրենց մոտ չեմ գնացել: Երբ լսեցի, թե Հովհաննիսյանի քրոջ անունը Սիրանույշ էր, որ համառոտելով՝ Սիրուշ էին կոչում, ես իմ վաղեմի սովորության համեմատ իսկույն հայտնեցի, թե Սիրուշ պարսկերեն նշանակում է «հրեշտակ»: Կարծելով, թե սուտ հաճոյախոսություն եմ անում, տիկին Զարուհին, որ հենց առաջին րոպեից սկսած արհամարհանքով էր նայում իմ վրա, բարձրաձայն ծիծաղեց ու ծաղրեց ինձ: Ես դիմեցի Մառին և խնդրեցի, որ հաստատի, թե պարսկերեն սիրուշ նշանակում է «հրեշտակ». դժբախտաբար Մառը չգիտեր, և ես անել դրության մեջ մնացի: Այդ ժամանակ ասացի Մառին. «Չե՞ք հիշում զենդերեն «սրաօշա» բառը, որ հրեշտակ է նշանակում, որ ապա դառնում է պարսկերեն «սիրուշ»: «Այո՛, այո՛, — պատասխանեց Մառը,— բոլորովին ճիշտ է, ես այժմ հիշեցի»: Տիկինը խնդրեց, որ ես հաճախ գնամ իրենց մոտ։ Խոստացա, բայց բնավ չգնացի: Պատմում էին, թե երբ կաթողիկոսը առաջին անգամ եկել է Էջմիածին, Ճեմարանի ամբողջ ուսուցչական կազմը իրենց կանանց հետ եկել են աջը համբուրելու: Կաթողիկոսը տեսնելով Հովհաննիսյանին և նրա կնոջ Զարուհուն, որ շատ կարճահասակ մի կին էր, ասում է. «Պարոն Հովհաննիսյան, այդքան սիրային բանաստեղծություններ որ գրել ես, այս կնոջ համա՞ր է… լավ ես արել, չարիքներից փոքրագույնը ընտրել ես»: Կաթողիկոսը շատ էր սիրում տեղի անտեղի կատակաբանություններ անել, փույթ չէ նրանք վիրավորական լինեին մեկի կամ մյուսի հասցեին: Մառը հայտնեց ինձ, որ պիտի գնա Արտաշատ գյուղը պեղում անելու. ուզում է մի օգնական վարձել: Իսկույն ես ասացի. «Ինձ իբր օգնական չե՞ք վերցնի, առանց դրամական վարձատրության»: «Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Մառը,— ձեզանից ավելի լավ օգնական ո՞ւր պիտի գտնեի»: Էջմիածին վերադառնալով, ես ու Մառը կառքով մեկնեցինք Արտաշատ գյուղը, ուր նա մի մեծ սենյակ վարձեց մեր երկուսի համար: Կարծեմ 10 օր մնացինք այնտեղ և հաջորդ օրվանից պեղումները սկսեցինք: Նա ընտրեց մի ավերակ բարձունք, որ երկու մասի բաժանեց: Բարձունքի ձախ կողմը վերցրեց ինքը և բանվորների մի մեծ խմբով սկսեց փորել։ Մի քիչ դեպի աջ, մի քանի բանվորներ էլ տվեց ինձ, փորելու համար բարձունքի աջ կողմը: Այսպես սկսվեց մեր աշխատանքը: Մեր դիմացն էր Դվինը, կես ժամ հեռավորությամբ, որ նույնպես ուզում էր պեղել Մառը: Այնքան տարված էր Մառը երևակայությամբ, որ սպասում էր, թե պեղման ժամանակ նա կիջնի Արտաշատի հրապարակը, կգտնի Դավիթ Դվնեցու շիրիմը, կկարդա նրա տապանագիրը և կմտցնի իր վկայաբանության մեջ, որ պատրաստում էր տպագրության: Երազները շատ քաջալերիչ են. բայց Մառի երազը չկատարվեց: Ոչ մի հրապարակ մենք չգտանք: Մենք գտանք մի քանի խավ թոնիր, մեկը մյուսի ետևից, ինչ որ նշանակում էր, թե այնքան անգամ բնակություն և ավերած է կատարվել: Վերջապես հասանք հատակը. դրսից ջրի խողովակները մտան ներս, բայց ունեցած գումարը վերջացավ և պեղումը շարունակելը հետաձգելով հաջորդ տարվան, վերջ տվեց իր գործին: Այն կարճ շրջանում, որ ես ապրեցի Մառի հետ, լավ ուսումնասիրեցի նրա անձնավորությունը: Չափազանց բարի, ընկերական և ազնիվ մարդ էր այն ժամանակ: Պատմեց իր կենսագրությունը և իր կյանքից շատ բեկորների մասին խոսեց: Ես կամփոփեմ դրանցից կարևորը: Նա հայտնեց, որ հայրը իռլանդացի էր. Կովկասում ամուսնացել է մի մինգրել աղջկա հետ, որից ծնվել է ինքը և ըստ ցարական օրենքի կնքվել է ռուս: «Հա՜, հա՜, հա՜»,— ծիծաղում էր Մառը, ասելով, թե ոչ հայրը ռուսերեն գիտեր և ոչ մայրը իռլանդերեն կամ անգլերեն: Ուրեմն ի՞նչ լեզվով էին խոսում իրար հետ: Կովկասում սովորելուց հետո գնում է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտում է Քերովբե Պատկանյանին, դասընկեր ունենալով Ստեփան Մալխասյանին (այս և հաջորդ մի քանի տեղեկությունները լսել եմ Մալխասյանից): Երբ ավարտում են և Պատկանյանը մեռնում է, նրան հաջորդ ընտրելու համար վեճ է ծագում, ոմանք ուզում են ընտրել Մառին, իսկ ուրիշներ, որոնց գլուխն է կանգնել Եզյանը, ուզում են ընտրել Մալխասյանին: Մալխասյանը, ինչպես ինքն է ասել, հրաժարվել է, ասելով, թե ինքը միայն հայերեն գիտե, իսկ Մառը՝ թե՛ հայերեն և թե՛ վրացերեն: Մառը հարցրեց ինձ. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»: «Բայց դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ ձեզ ոչ ոք չի գնահատի. դուք կմնաք խեղճ ու թշվառ. եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, դուք կլինեք նշանավոր գիտնական»: Ես պատասխանեցի, թե ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան: Մենք շատ երկար խոսեցինք Մառի հնարած նոր լեզվաբանության մասին, որ հետագայում ձևափոխվելով կոչվեց «Նոր ուսմունք»: Մառը դեռ հանդուգն քայլեր չէր առած: Նա միայն քարոզում էր, թե վրացերենը ազգակից է սեմականին և հնդեվրոպական, սեմական և կովկասյան երեք խմբերը ծագում են մի խմբից, որ կոչվում է Նոյան: Բաժանվելու ժամանակ Մառը ասաց ինձ. «Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Դարձյալ մտածեցեք իմ ասածի մասին: Դուք այստեղ կկորչեք. եկեք Պետերբուրգ և նշանավոր մարդ կդառնաք»: Ավելացնեմ մի հետաքրքիր կետ: Երբ Արտաշատ գնացինք, հենց առաջին րոպեից Մառը խնդրեց ինձանից, որ ես իր հետ հայերեն չխոսեմ. «Որովհետև,— ասաց նա,— եթե դուք ինձ հետ հայերեն խոսեք, կկարծեն, թե ես էլ հայ եմ և ինչպես լավ գիտեք, հայերը հայերին չեն սիրում, չեն հարգում, ինձ հետ էլ կվարվեն իբրև հայի»: Ես ռուսերեն բնավ չգիտեի. առաջարկեցի գերմաներեն խոսել իր հետ: Ասաց, որ գերմաներեն լավ չգիտե, ավելի լավ գիտե ֆրանսերեն: Այնուհետև մենք միշտ խոսում էինք ֆրանսերեն, թեև ֆրանսերեն էլ ազատ չէր խոսում: Իմ մի քանի ուրիշ հանդիպումների մասին Մառի հետ՝ կխոսենք ավելի ուշ: == ՎԵՐԵԼՔ Ի ՄԱՍԻՍ == Էջմիածինը իբրև հնություն շատ մեծ անուն ունի եվրոպացոց մեջ. նա իբրև աշխարհիս ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից մեկը, հատկապես առանձնատիպ իր ճարտարապետությամբ, հարգի է գիտունների աչքին: Նրա մոտ գտնված Հռիփսիմեի եկեղեցին, որ ճարտարապետական մի գոհար է, ավելացնում է նրա փառքը: Էջմիածնին ժամանակակից են նաև Շողակաթը և Գայանեն, որոնք նվազ գեղեցիկ չեն: Բայց Էջմիածնի պատիվը ավելի բարձրացնողն է Մասիսը, որ ըստ Սուրբ Գրքի առասպելի, Նոյան տապանի կայանն է համարվում: Երբ Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղվեցին և այդ տարօրինակ ճարտարապետությամբ շինված, կլորակ և եռահարկ եկեղեցին ավերակների տակից դուրս բերվեց, է՛լ ավելի բարձրացավ Էջմիածնի հնագիտական արժեքը: Ըստ այսմ հաճախ եվրոպացի ճամբորդները գալիս էին Էջմիածին: Երբ նրանք շատ նշանավոր մարդիկ էին լինում, նրանց թարգման էր լինում Կարապետ վարդապետը, մանավանդ, երբ տիկիններ էլ լինեին: Նա խոսում էր ազատ գերմաներեն, բայց քիչ թե շատ գիտեր նաև խոսել ֆրանսերեն և անգլերեն։ Մի անգամ կաթողիկոսին ներկայացել էին բազմաթիվ հյուրեր և նրանց թարգմանը եղել էր Կարապետ վարդապետը, որի խոսակցությունը, նույնիսկ հայերենում, մի քիչ կակազ էր: Հյուրերի գնալուց հետո կաթողիկոսը իր կծու սրախոսությամբ ասել էր. — Այսօր Կարապետ վարդապետը ութը լեզվով կակազեց: Եթե հյուրերը սովորական մարդիկ էին, թարգմանը բնականաբար ես էի լինում: Բազմաթիվ դեպքերի միջից հիշում եմ հետևյալ երկուսը: Հյուր էին եկել երկու հոգի. մեկը հաստափոր, բայց հաճելի դեմքով ամերիկացի էր, որ խոսում էր ազատ ֆրանսերեն: Նրա հետ ընկերանում էր մի ավելի երիտասարդ կին, ֆրանսուհի, որ բնականաբար նրա հետ և ինձ հետ խոսում էր ֆրանսերեն: Տիկինը շատ գոհ մնաց, երբ լսեց, որ ես էլ Ֆրանսիայումն եմ սովորել։ Նա համարյա թե թողեց ամերիկացուն և միայն ինձանով զբաղվեց։ Ամերիկացին հետևում էր մեզ և լսում: Այցելեցինք վանքի ներսը, ուր կան զանազան սրբություններ՝ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի գեղարդը (նիզակ, որով խոցել են իր կողը խաչի վրա, իհարկե բոլորովին սուտ), Մատթեոս ավետարանչի մատը և այսպես զանազան սրբություններ, այսինքն՝ ստություններ: Ֆրանսուհին, իբրև կաթոլիկ և հավատացյալ, խաչակնքում էր երեսը և պատկառանքով խոնարհվում և համբուրում էր այդ սրբությունները: Ամերիկացին դարձավ ինձ և ասաց. — Ներեցեք, որ ես չեմ խաչակնքում և չեմ համբուրում: Այդ մեր կրոնի սովորությունն է. բայց մի՛ համարեք, թե ես անարգում կամ արհամարհում եմ: — Ոչ,— պատասխանեցի ես,— մենք գիտենք, որ բողոքական դավանանքը այդպես է և ամենևին չենք վիրավորվում: Վարդապետը, որ այդ սրբությունները ցույց էր տալիս, մի մատյան բերեց և առաջարկեց ինձ, որ ասեմ նրանց, թե այդտեղ մի գումար պետք է արձանագրվի: Շատ ծանր էր ինձ այդպիսի բան ասել, բայց ստիպված էի: Ներողություն խնդրեցի ամերիկացուց և ասացի: Իսկույն 20 ռուբլի վճարեց և ստորագրեց: Գնացինք դեպի Ներսիսյան լիճը: Էջմիածնի փառավոր տեսարաններից մեկն էր, մանավանդ երբ լիքն է: Նրա դիմացը փռված է ահագին անտառը, որի ետևը բարձրանում է հոյակապ սպիտակափառ Մասիսը: Այստեղ կանգնեց ամերիկացին, նայեց ջրերին, նայեց Մասիսին և ասաց. «Մանուկ էի, երբ Սուրբ Գրքում կարդացի. «Եվ տապանը կանգնեց Արարատ սարի վրա»: Հարցրի ուսուցչին, թե ո՞ւր է այդ Արարատ սարը: Պատասխանեց՝ Հայաստանում: Ես այդ օրը ուխտեցի անպատճառ գնալ տեսնել Արարատը: Այսօր իմ ուխտը կատարեցի»: Ասաց և ձեռք տվեց ինձ: Շարունակեցինք մեր պտույտը, գնացինք մինչև անտառի ծայրը և վերադարձանք: Երբ եկավ բաժանման րոպեն, տիկինը ինձ նվիրեց 5 ռուբլիանոց մի ոսկի: Ես մերժեցի, ասելով, թե ես վանքից նշանակ- ված եմ իբր թարգման և ստանում եմ դրա համար առանձին վարձատրություն (իհարկե սուտ էր). հետևաբար չեմ կարող ընդունել ձեր նվերը: Շատ ստիպեց, բայց ես մերժեցի: Վերջում ասացի, թե «Ձեր ամուսինը…»: «Օ՜հ, ո՛չ, նա իմ ամուսինը չէր, ես նրա աղախինն եմ»: Որքա՜ն մոտիկություն, որ չէի կարողացել տարբերել տիրոջ և աղախնուն: * * * Դիլիջանումն էլ պատահմամբ տեսա 80 տարեկան մի ամերիկացի, որ գնում էր Էջմիածին՝ Արարատը տեսնելու: * * Երկրորդ դեպքը հետևյալն է: Ինձ կանչեցին Վեհարան, իբրև թարգման խոսելու մի եվրոպացու հետ: Գնացի և տեսա Վեհարանում մի շվեյցարացի, որ խոսում էր լավ ֆրանսերեն: Առաջնորդեցի Վեհափառի մոտ: Հայտնեց, թե ուզում է բարձրանալ Մասիս և խնդրեց, որ իրեն մի օգնական տան: Ես մեջ մտա և խնդրեցի շվեյցարացուց, թե «Ինձ չե՞ք ընդունի իբրև օգնական»: Նա չափազանց ուրախացավ և հրճվանքով ընդունեց ինձ: Դուրս եկանք և իսկույն որոշեցինք մեկնել դեպի Մասիս: Շվեյցարացին ուղարկված էր Էջմիածին ուսումնասիրելու համար Մասիս բարձրանալու բոլոր հանգամանքները։ Նա ուղարկված էր մի հանձնախմբի կողմից, որ պիտի պատրաստեր 100 հոգուց բաղկացած մի մեծ արշավախմբի վերելքը դեպի Մասիս: Մենք գնացինք ուղղակի Իգդիր և գիշերեցինք մի հայի հյուրանոցում: Շվեյցարացու հետ բոլորովին մտերիմ էինք դարձել, նա էլ երիտասարդ, ես էլ երիտասարդ: Երբ պառկելու ժամանակը եկավ, ես հարցրի շվեյցարացուն, թե ուզո՞ւմ եք, որ ճրագը հանգցնենք, որովհետև ես ճրագով քնել չեմ սիրում: Շվեյցարացին բարձրահասակ էր, երկարեց ձեռքը, որպեսզի ճրագը հանգցնի, բայց չկարողացավ: Ես մոտեցա ճրագին, մի խոր շնչով փչեցի, ճրագը հանգավ, բայց շիշն էլ ընկավ և փշրվեց, «Quel souffle!» (Ի՜նչ շունչ), կոչեց շվեյցարացին, բայց իսկույն հայը ներս մտավ և կոչեց. «Ի՞նչ է, դուք եկել եք իմ սենյակը քանդելո՞ւ»: Հիսուն կոպեկ դրի հայի ձեռքը և միջադեպը փակվեց: Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Մասիս. տեսանք Ակոռի գյուղը, որ Մեծ Մասիսի ստորոտումն է և 1840 թվականին փլատակի տակ մնալով, ամբողջովին քանդվեց: Երկու հովիվ, որ այդ միջոցին գտնվում էին Մասիսի բարձունքում, տեսան իրենց ոտի տակ իրենց գյուղի կործանումը, որից միայն իրենք փրկվեցին: Այդ երկուսից մեկին մի օր տեսա ես Էջմիածնի ճանապարհին: Ակոռիի տների գերանները դեռ մնում էին հողի տակից դուրս երկարած: Տեսանք նաև Ս. Հակոբ Մծբնացու վանքը, որի ջուրը օգտագործում էին արտի մորեխը ջնջելու համար: Այս պատմությունը սուտ չէ: Երբ Արարատյան դաշտում մի որևէ տեղ մորեխ էր իջնում, գնում էին Սուրբ Հակոբի վանքը հանդիսավոր թափորով, աշխարհական և եկեղեցական, երգով և շարականով և հասնելով վանքը, աղբյուրի ջրից վերցնում էին և բերում մորեխ իջած մի արտի վրա ցանում: Սուրբ Հակոբի աղբյուրի մոտ կա մի տեսակ թռչուն, որ սիրում է մորեխ ուտել: Երբ թռչունները տեսնում էին մարդկանց բազմությունը, բնականաբար հետևում էին նրանց և հասնում մինչև արտը: Այդտեղ, տեսնելով մորեխներին, հարձակվում էին նրանց վրա և սկսում կոտորել: Վրա էին հասնում նաև թռչունների մյուս ընկերները և այսպիսով արտը մաքրվում էր: Մենք եկանք ռուս սահմանապահ զորքի կայանը և ուզեցինք ներկայանալ պետին, որ մի ռուս զորավար էր: Բայց նա գնացել էր Երևան: Մեզ ընդունեց իր կինը, որ Մելիք-Աղամալյանների տոհմից, երևանցի բարեվայելուչ մի հայ տիկին էր: Սիրով ընդունեց մեզ և բացօթյա տեղավորված զինվորների շարքին երկու մահճակալ նշանակեց, որպեսզի այնտեղ անցկացնենք գիշերը։ Ուշ ժամանակ, չգիտեմ ինչու, մենք ուզեցինք Մասիսի վրա ինչ-որ պտույտ կատարել: Վերցրինք հետներս մի կոզակ, որ տարավ մեզ իր ծանոթ վայրերով ինչ-որ տեղ Մասիսի վրա: Նստեցինք, դաշտի գիշերային տեսարանը դիտեցինք և ապա հետ դարձանք: Ճանապարհը շատ քարքարոտ էր, դար ու փոս, դժվարանցանելի: Կոզակը, որին լավ ծանոթ էին այս տեղերը, ազատ համարձակ իջնում էր: Շվեյցարացին խնդրեց, որ ասեմ կոզակին, որ կամաց գնա, որովհետև մութ էր, և մենք ոչինչ չէինք տեսնում. скоро կոչում եմ կոզակին, նա ավելի արագ է իջնում. ես իրար հետևից բղավում եմ скоро, скоро, և նա ավելի է արագացնում իր ընթացքը: Շատ հետո իմացա, թե скоро նշանակում է ոչ թե կամաց, այլ արագ: Գիշերեցինք այդ բացօթյա կայանում. որքա՜ն հաճելի էր այդ գիշերը ինձ համար: Սրբազան Մասիսի վրա, մեր հին Հայրենիքում, ազատ թուրքական ճնշումից… Առավոտը երկուսով սկսեցինք բարձրանալ: Մասիսը շատ չոր է. ամենահասարակ խոտերից դուրս ոչինչ չես գտնում. ջուր ամենևին չկա: Բարձրանում ենք շարունակ, դիտելով Արարատյան դաշտի բոլոր գյուղերը: Դիմացը կանգնած է Արագածը: Սարի վրա ինչքան բարձրանաս, այնքան տեսարանը գեղեցկանում է և այնքան փառահեղ է դառնում դիմացի սարը: Կեսօրից հետո հոգնած դադրած հասնում ենք ձյան սահմանը: Մենք արդեն անցել ենք Փոքր Մասիսի բարձրությունը, որ այժմ մեզնից ցածր է կանգնած: Այդտեղ գտանք քոչվոր քրդերին (եզիդի), որոնք ամառանոց էին բարձրացել իրենց ոչխարներով և տավարով: Ջուր խնդրեցինք, բայց մեզ բերին հրաշալի սառնորակ մի թան, որի տված հաճույքը մինչև այժմ չեմ մոռացել։ Ձյան կողքին պառկեցի և քնեցի: Ես հոգնել էի, և ավելորդ վերելքը ինձ չէր հետաքրքրում: Շվեյցարացին մի քրդի ընկերակցությամբ, որ հրացանով էլ զինված էր, բարձրացավ է՛լ ավելի վեր: Ես քնած էի: Մի ժամ հետո, երբ նրանք իջան, արթնացա ես էլ։ Պատմեցին, որ մի արջ են տեսել, որի վրա քուրդը հրացան է արձակել, բայց արջը փախել էր: Այդքանը բավական համարելով, սարից իջանք ցած և հետ դարձանք մինչև Էջմիածին: Բաժանվեցինք իրարից, և շվեյցարացին մեկնեց Երևան, Եվրոպա վերադառնալու համար: Հաջորդ տարին 100 հոգուց բաղկացած արշավախումբը չեկավ, բայց ավելի ուշ, երբ ես Էջմիածնում չէի այլևս, արշավախումբը եկել էր և բարձրացել Մասիսի գագաթը: Այդ խմբին մասնակցել է նաև Մեսրոպ եպիսկոպոսը: Երբ մարդիկ բարձրանում են Մասիսի վրա, տեղի են ունենում զանազան երևույթներ: Ոմանք շնչասպառ են լինում, ոմանք ուշքից գնում են, ոմանց մարմնի ծակոտիներից արյուն է հոսում, ուրիշներ դիմանում են մինչև վերջ: Ցուրտը սաստիկ է, բայց ոչ անտանելի: Վտանգավոր է քամին, որ բկախեղդ է անում մարդուն: Վտանգավոր է հատկապես ոտքի տակի սառույցը, որից սահում և ընկնում են անդունդը: Այս արշավախմբի վերելքի նկարագրությունը մանրամասն գրեց և հրատարակեց Մեսրոպ եպիսկոպոսը «Արարատ» ամսագրի մեջ և ապա առանձին գրքով: Ասացին, որ 100 ճամփորդներից վերջինը, մի գերմանացի ինժեներ, ընկել է անդունդը և մեռել։ Այս եղավ միակ զոհը: Շատ տարիներ հետո լրագրում կարդացի, որ Սիբիրում մի գյուղացի ներկայանում է դատարան և խնդրում է, որ իրեն պատժեն, որովհետև ինքը մարդասպան է: Պատմում է հետևյալը. — Տարիներ առաջ ես պահակ էի Մասիսի վրա։ 100 հոգի բարձրացան վերև։ Ես էլ մասնակցում էի նրանց հետ իբրև պահակներից մեկը: Ես ամենավերջումն էի. տեսա իմ առաջ մի գերմանացի ինժեներ, որի կրծքի վրա շողշողում էր ժամացույցի ոսկի շղթան. սատանան ինձ հրապուրեց, մի հարվածով կրծքից ոսկե շղթան պոկեցի և մի քացի տալով ինժեներին՝ գցեցի անդունդը, ուր և կորավ: Ոչ ոք չիմացավ. կարծեցին, թե ինքն է սայթաքել: Ես մինչև այժմ տարա խղճիս ցավը, բայց էլ չեմ դիմանում: Պատժեցեք ինձ: == ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ԳԱԼՈՒՍՏԸ == Էջմիածնում լուր տարածվեց, թե պարսից շահը Եվրոպա պետք է գնա Երևանի վրայով. անշուշտ այդ առթիվ պիտի այցելի նաև Էջմիածին: Կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն պատրաստություն սկսեցին տեսնել շահին ընդունելու համար: Ճեմարանի տեսուչ Կարապետ վարդապետը առաջարկեց ինձ շահին նվիրված մի երգ գրել, որ Կոմիտաս վարդապետը պիտի ձայնագրեր, ուսանողներին սովորեցներ, և երգեցիկ խումբը շահի առաջ պիտի երգեր: Կեդրոնական վարժարանում աշակերտ եղած ժամանակս մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը մի տաճկերեն երգ էր գրել, որ երաժշտագետ Տիգրան Չուխաճյանը ձայնագրեց, մեզ սովորեցրեց, և մենք էլ սուլթանի անցքի ժամանակ երգեցինք: Այդ ոտանավորը տպված էր Աբիկյանի «Ճաշակ օսմանյան դպրության» գրքում, որի սկիզբը մենք բերել ենք վերը: Այդ երգը վերածեցի պարսկերենի, տարի Կոմիտաս վարդապետին, հանդարտ կարդացի, շեշտերը և երկար ու կարճ ձայնավորները որոշեց և ապա մի եղանակ հարմարեցրեց: Այդ եղանակը սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբին։ Երգը գեղեցիկ գրերով արտագրել տվին մի մեծ թերթի վրա, Վաղարշապատում բնակվող մի գեղագիր թուրքի։ Մնացյալ պատրաստությունների մասին չեմ խոսում: Երկար սպասելուց հետո, վերջապես լսեցինք, որ շահը գալիս է Երևան: Կաթողիկոսը իր հետ վերցնելով մի քանի աչքի ընկնող վարդապետներ, ինձ էլ հետը վերցնելով, փոխադրվեցինք Երևանի առաջնորդարանը, որ Հրազդանի ափին, մի խոշոր բարձունքի վրա հոյակապ շենք է: Մեծ դահլիճ և բազմաթիվ սենյակներ ունի: Պատշգամբի տեսարանը Հրազդանի վրայով դեպի Էջմիածին հրաշալի է: Կաթողիկոսը մի շատ երկար գրություն գրեց և տվեց ինձ, որ ֆրանսերենի թարգմանեմ: Ես թարգմանեցի: Իր հրամանով այս թարգմանությունը անգիր արի (ավելորդ աշխատանք), որպեսզի շահին ներկայանալու ժամանակ կաթողիկոսի կողմից արտասանեմ: Ինձ համար գնեցին մի ձեռք նոր հագուստ, որ կոչվում էր սև շոր կամ պոչազգեստ։ Առին նաև կաշյա սպիտակ ձեռնոցներ, որ բնավ չէի գործածած: Այս ձևի տակ տիկնիկի պես պատրաստված, սպասում ենք: Երևանում առած է դարձած «շահի գելդի դելդին եղավ» դարձվածը, որ ասում են, երբ մեկի գալուն սպասում են երկար և չի գալիս: Այսպես եղավ և մերը: Օրեր ու ժամեր սպասեցինք, մինչև որ հայտնեցին, թե շահը եկել է Երևան և իջել է Երևանի նահանգապետ Կոմս Դիզենհաուզենի տունը: Նրա տունը գտնվում էր այժմյան Լենինի հրապարակի ծայրին՝ Կոմունալ բանկի տեղը: Կաթողիկոսը կառքով և թափորով, ես էլ իր կողքին նստած, գնացինք նահանգապետի տունը։ Դռան առաջ բազմաթիվ հյուրընկալներ կային: Ռուսաց կայսեր կողմից ուղարկված էին մի քանի բարձրաստիճան անձինք ընդունելությունը պատրաստելու համար։ Հենց դռան առաջ նրանցից երկուսը խոսում էին իրար հետ և ասացին, թե «Այստեղ մեկը կա, որ ֆրանսերեն լեզվով խոսում է. նա է լինելու կաթողիկոսի թարգմանը»: Ես առաջ անցա և ֆրանսերենով հայտնեցի, թե թարգմանը ես եմ: Ձեռք տվին ինձ և ֆրանսերեն լեզվով հայտնեցին, թե «Դուք պիտի լինեք ամենից առաջ գնացողը, որովհետև դուք կաթողիկոսի բերանն եք: Մնացյալ բոլորը ձեր հետևից պիտի գան: Ձեզանից առաջ ոչ ոք չպիտի անցնի»: Սնափառությամբ առաջ անցա, կաթողիկոսը հետևիցս, վարդապետները և եպիսկոպոսները ավելի հետո, ներս մտանք: Մեզ առաջնորդեցին մի մեծ դահլիճ, ուր կանգնած էր պարսից շահի սադրազամը՝ իր շքախմբով: Կաթողիկոսը և սադրազամը ձեռք տվին միմյանց և նստեցին: Ես կանգնած եմ կաթողիկոսի կողքին, իսկ մնացյալ միաբանները բոլորը կանգնած են մեր հետևը: Կաթողիկոսը կարծել էր, թե սադրազամը նույն ինքն թագավորն է. վախեցավ և շփոթվելուց դարձավ ինձ և ասաց. «Շփոթվեցի, սելիքս մոռացա. ա՛յն թուղթը, որ թարգմանել էի տվել քեզ, բերանացի ասա»: — Վեհափառ Տեր, սա թագավորը չէ, սա սադրազամն է,— ասացինք բոլորս հայերեն լեզվով: Կաթողիկոսը հանգստացավ և սկսեց ծիծաղել: Սադրազամը չիմացավ, թե խոսքը ինչի մասին էր, խոսեց օդից և անձրևից: Քիչ հետո բացվեցին թագավորի առանձնասենյակի դռները, և ես ու Կաթողիկոսը, ինչպես և մեր հետևից մի քանի հոգի, մտանք ներս: Մուզաֆֆերրեդդին շահը կանգնած էր ոտքի վրա և խաղում էր աթոռի հետ, ոտքերը ցնցելով։ Արքայական թագը գլխին էր, իր անխուսափելի ցցունքով միասին։ Բեղերը շատ երկար, հորիզոնական ձևով և սրածայր: Մորուք չուներ: Իր աջ կողքին կանգնած էր իր թարգմանը, որ Պետերբուրգի պարսկական դեսպան Միրզա Մոհսին խանն էր: Շահի դեմքը իրոք որ բարի և պատկառելի էր: Ես մինչև այդ տեսել էի մի քանի թագավորներ. նախ աշակերտ ժամանակս տաճկաց սուլթան Համիդին իր 400 կանանցով և հազարավոր զինվորներով։ Նա գազանի դեմք ուներ, տգեղ կերպարանքով և անճոռնի քթով: Ոչ մի համակրանք չէր կարող շարժել իր դեմքը: Երկրորդ՝ տեսել էի Սերբիայի թագավոր Ալեքսանդրին, որ պատանի էր և եկել էր Կոստանդնուպոլիս՝ սուլթանին այցելության: Փողոցներով ման էր գալիս ազատ, ֆայտոնում նստած, համակրելի, երեխայական դեմքով մեկն էր, որ նայողի վրա ոչ մի ազդեցություն չէր գործում: Երրորդը՝ եղել էր ռուսաց Նիկոլայ կայսրը, որ Փարիզում այցելության եկավ Պանթեոնը: Ես այն ժամանակ գտնվում էի Պանթեոնի կողքին գտնված մի հյուրանոցում: Սենյակս իր բալկոնով դեմ առ դեմ գտնվում էր Պանթեոնին։ Ուստի բոլոր ֆրանսիացի հարևաններս թափվեցին սենյակ և թույլտվություն խնդրեցին բալկոնից դիտելու կայսեր: Բոլորին թողեցի, իսկ ես սեղանիս առաջ նստած աշխատում էի և ամենևին չհետաքրքրվեցի նայելու համար, թե ինչպիսի մարդ է կայսրը: Չորրորդը՝ գերմանացիների Վիլհելմ Բ կայսրն էր, որին տեսա Ստրասբուրգում, ուր ուսանող էի: Ճառ էր խոսում ժողովրդին իր ապարանքի պատշգամբից: Ժողովրդի մեջ կանգնած՝ ես էլ լսեցի իր ճառը, որից միայն այն եմ հիշում, թե գերմաներեն ich spräche և ich stehe «խոսում եմ, կանգնած եմ» բառերը փոխանակ շ-ով հնչելու, հնչում էր ս-ով, ինչպես իր սովորությունն էր («իխ սփրեխե, իխ սթեհե»)։ Չեմ հաշվում Ֆրանսիայի նախագահին, որին հաճախ տեսել եմ փողոցում՝ կառքով անցնելիս՝ Փարիզում: Խոսեց նաև կաթողիկոսը (հայերեն լեզվով) և բարի գալուստ մաղթեց շահին: Ես այդ խոսքերը թարգմանեցի ֆրանսերենի: Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի և հայտնեց շահին: Շահը շնորհակալ եղավ: Կաթողիկոսը երկրորդ անգամ խոսք առնելով՝ ասաց. «Իմ վանքը Ձեր հայրերի սիրելի վանքն է եղել. նրանց նվիրած կանթեղը մինչև այժմ մնում է մեծ խորանի առաջ մշտավառ: Խնդրում եմ, որ Ձեր ճանապարհորդությունից վերադարձին այցելեք նաև մեր վանքը»: Ես այս խոսքերը թարգմանեցի ֆրանսերեն, Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի, իսկ շահը ձեռքը դնելով սրտի վրա, ասաց. «Վազիֆեի դիլեմ էսթ, քի… (սրտիս պարտականությունն է, որ գամ այցելեմ իմ հայրերի սիրած վանքը)»: Ես չթողեցի, որ Միրզա Մոհսին խանը շահի պատասխանը թարգմանի ֆրանսերենի և իսկույն հայերենի վերածելով՝ հայտնեցի կաթողիկոսին: Ընդունելությունը վերջացավ: Նույն փառքով, ինչպես եկել էինք, բայց ավելի հանգիստ սրտով, որովհետև անակնկալը անցել էր, վերադարձանք առաջնորդարան: Հազիվ կես ժամ անցել էր, փոխայցելության եկան սադրազամը, Միրզա Մոհսին խանը և ուրիշներ: Մտանք կաթողիկոսի սենյակը, ուր նստած էի նաև ես իբր թարգման: Սադրազամից վախեցող Վեհափառը, իմանալով, որ նա թուրք է, ուղղակի գրկեց և քաշեց նրա թևից և մտերմաբար նստեցրեց կողքին, ասելով. «Սեն թյուրքջե բիլի՞րմիսին»: Սկսեցին ընկերաբար խոսել իրար հետ: Միրզա Մոհսին խանը դիմեց ինձ և հարցրեց, թե «Ինչո՞ւ շահի պատասխանը չթողեցիք, որ թարգմանեմ»: Ես պատասխանեցի, թե «պարսկերեն հասկանում եմ, բայց խոսելու վարժություն չունեմ»: Կաթողիկոսը հայտնեց, թե Ստեփանոս Նախավկայի վանքը, որ պարսից սահմանի վրա է գտնվում, քայքայված վիճակի մեջ է և նորոգման կարոտ է: Ուստի խնդրեց, որ սադրազամը նորոգման արտոնություն տա: Դուրս եկան սքանչելի բալկոնը և դիտեցին Զանգվի հրաշալի տեսարանը: Խոսեցին իրար մեջ և հարցրին, թե ինչո՞ւ են գետը Զանգու կոչում: Սադրազամը հայտնեց, թե այդ բառը նշանակում է «թուխ կամ սև» և այդ անունը տվել են գետին, որովհետև ջուրը պղտոր լինելով՝ թուխ գույն է ստացել: Մեր էլ ընդունելությունը վերջացավ, և բոլորս Էջմիածին վերադարձանք: Շահը իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարի, Եվրոպայից վերադարձին, եկավ Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության։ Այն շքեղ պատրաստությունները, որ տեսել էին, բոլորը կատարվեցին։ Շքեղ հացկերույթ տվին շահին․ կաթողիկոսական ամպհովանիի տակ շահը և կաթողիկոսը թև թևի մտած՝ Տաճարը մտան, նկարները և հնությունները դիտեցին, դուրս գալու ժամանակ ուսանողների երգեցիկ խումբը երգեց Կոմիտասի ձայնագրած եղանակը և այլն: Այս բոլորի մեջ ես ոչ մի մասնակցություն չունեցա: Խաչիկ վարդապետը դիմել էր կաթողիկոսին և բողոքել էր, թե ինչո՞ւ Աճառյանը, աշխարհական մարդ, թարգմանի պաշտոն պիտի վարի և ոչ թե ինքը՝ Խաչիկ վարդապետը, որ գիտեր թուրքերեն խոսել: Կաթողիկոսը համաձայնվեց: Ամբողջ ընդունելության ժամանակ թարգմանը եղել էր Խաչիկ վարդապետը, բայց շահը թուրքերեն չգիտեր: Բացի սրանից, Խաչիկ վարդապետը թարգմանի ձևը չգիտեր. երբ շահը հարցնում էր, օրինակ, թե սա ո՞ւմ նկարն է, Խաչիկ վարդապետը, փոխանակ դառնալու կաթողիկոսին և նրան ասելու, թե «Նորին Մեծությունը հարցնում է, թե սա ո՞ւմ նկարն է» և պատասխան ստանալով, փոխանակ շահին հայտնելու՝ «Նորին Սրբությունը հայտնում է, թե այսինչի նկարն է», ինքը ուղղակի պատասխանում էր շահի հարցման: Միևնույն ժամանակ Խաչիկ վարդապետը կոպիտ էր, սովորություն ուներ խոսելու ժամանակ խոսակցի թևից քաշել, կրծքին խփել, հրել կամ մշտել: Մի տեսարան դիտելու ժամանակ, ասում են, թե խփում էր շահի թևին և ասում էր «Բախ, բախ, բախ (նայի՛ր)»: Այս բոլորը վատ էր ազդել շահի վրա: Երբ լսեցի, որ թարգմանը Խաչիկ վարդապետն է լինելու, և ես ոչ մի դեր չունեմ, առավոտուց հենց ծառայիս ճանապարհ դրի և ասացի, որ ամբողջ օրը չգա մոտս. սենյակիս դռները կողպեցի, վարագույրները ամբողջովին գցեցի և քաշված սեղանիս ծայրը, Արմատական բառարանիս վրա աշխատեցի: Հանդեսը վերջացավ և շահը մեկնեց: Լսեցի, որ շահը իր ձեռքով մի պատվանշան է կախել կաթողիկոսի կրծքից և ինքը ձեռքը սեղմելով շնորհավորել։ Կարապետ վարդապետը և ուրիշներ սպասում էին պատվանշանի, բայց ոչինչ չստացան: Ասում են, թե շահը Պարսկաստան հասնելուց հետո հայտնել է, որ իր ամբողջ ճամփորդության մեջ, թեև շատ փառահեղ ընդունելություն են ցույց տվել իրեն ամեն տեղ, բայց միայն երկու հոգի սրտանց են ընդունել իրեն: Մեկը եղել է մի պարսկահպատակ հայ, որ Բաքվում հրավիրել է շահին իր տունը և հենց դռան առաջ Համեցե՛ք ասելու փոխարեն արծաթյա մատուցարանի մեջ դռան բանալիները տալով շահին, ամբողջ տունը նվիրել է նրան: Շահը ընդունել է: Երկրորդը եղել է Հայոց կաթողիկոսը: == ՍԻՐՈ ՕՐԵՐ == Խրիմյան Հայրիկը, նախքան ինձ տեսնելը, անշուշտ իմ մասին գաղափար ուներ, որովհետև կարդացել էր իմ հոդվածները «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: Չեմ ասում, թե նա լեզվաբանությունից հասկացողություն ուներ, որովհետև մի օր ինձ մոտ, խոսելով այդ գիտության մասին, ասաց. «Այդ որչա՜փ չոր գիտություն է. ի՞նչպես եք սիրել այդ գիտությունը, չե՞ք ձանձրանում: Չո՜ր, չոփ-չոր»: Բայց իբրև ուսումնասեր մարդ, անշուշտ որոշ գաղափար կազմել էր իմ մասին: Ուստի և առաջին օրվանից ինձ լավ ընդունելություն ցույց տվեց և պատճառ եղավ, որ ես մնայի Էջմիածնում և խորանայի հայագիտության մեջ: Չգիտեմ, եթե նա սկզբից ևեթ ինձ տեղ տված չլիներ, իմ կյանքի ընթացքը ի՞նչ կլիներ: Արդյոք կկառչեի՞ հայագիտության մեջ, այդպես խոր և անխախտ կերպով: Խրիմյանի նպատակն էր ինձ վարդապետ ձեռնադրել: Այդ բանը սկզբից ևեթ չհայտնեց ինձ, բայց մի երկու տարի հետո, արդեն հայտնապես ասաց. «Ես քեզ վարդապետ պիտի ձեռնադրեմ»: Պատասխանեցի, թե «մի աչքս կույր է, չեմ կարող վարդապետ լինել»: «Քեզ ո՞վ ասաց, որ այդ ասես ինձ, դա նշանակություն չունի»: Ես պատասխանեցի, թե «Լավ ձայն չունիմ, երգել չգիտեմ»: «Հո դու տիրացու չես լինելու, տիրացուները կերգեն»: Վերջապես ես ասացի, թե ինձ արժանի չեմ գտնում վարդապետական աստիճանին։ Պատասխանեց. «Երանի թե մյուս վարդապետները քո արժանիքի կեսն ունենային»: Խրիմյանը իմ վրա բռնություն չբանեցրեց, այլ գրպանս ընկույզներ էր լցնում, սրանով ինձ կաշառելո՞ւ համար: Միամիտ մարդ: Խրիմյանի բարեհաճությունը մեծապես ազդել էր իր եղբորորդի Խորեն էֆենդու վրա, որ, կարող ենք ասել, թե Էջմիածնի տերն ու տիրականն էր, կաթողիկոսի գաղտնի խորհրդականը և նրա դրդիչը: Մի օր Խորեն էֆենդին կանչեց ինձ Վեհարան և խնդրեց ինձ, որ ես նրա աղջկան դասեր տամ: «Ի՞նչ դաս տամ,— հարցրի ես»: «Սովորեցրեք նրան, ինչ որ մի աղջիկ պարտական է իմանալ լավ կին դառնալու համար»: «Օրինա՞կ…»: «Լավ հայերեն իմանալ, գրաբար կարդալ, շարադրություն գրել, հայոց պատմություն սովորել և վերջապես ինչ որ դուք կարևոր կհամարեք: Ի փոխարեն ես ձեզ կվճարեմ ամսական ռոճիկ այնքան, ինչքան ստանում եք Ճեմարանից»: Օր որոշեցինք, և նա ինձ տարավ իրենց տունը. ներկայացրեց իր տիկնոջ, որ վանեցի միջակ տարիքով մի խոհեմ կին էր. երկու աղջիկ ուներ: — Ահա իմ մեծ աղջիկը,— ասաց նա,— դուք սրա հետ պիտի պարապեք: Ինձ դուր եկավ այդ ընտանիքը. պարկեշտ ու համեստ, նահապետական ընտանիք էր: Օրը և ժամը որոշեցինք և ես 2 անգամ գնացի դասի: Պարապեցի մեծ աղջկա հետ հայերեն լեզվից: Նախքան հաջորդ դասը Խորեն էֆենդին կանչեց ինձ վեհարան և ասաց. — Վեհափառը իմացավ, որ դուք դասեր եք տալիս իմ աղջկան։ Վճռական կերպով արգելեց. նա մեր տան մեծն է և ինչ հրամայեց, մենք պետք է կատարենք. խնդրում եմ այլևս ձեր դասերը դադարեցնեք: Էլի կմնաք մեր տան բարեկամը, կհաճախեք մեզ մոտ երբ որ ուզեք, բայց ոչ դասի համար: Ես համաձայնվեցի, բայց այլևս երբեք նրա տունը չգնացի: Շատ շուտ հասկանալի եղավ ինձ բանի էությունը. Խրիմյանը ինձ ուզում էր վարդապետ ձեռնադրել, Խորեն էֆենդին՝ փեսա դարձնել: Երկուսը իրար հակառակ էին, հաղթողը պիտի լիներ Խրիմյանը, բայց իրականում ոչ ոք չեղավ: 1920-ական թվականներին, երբ եկա Երևան համալսարանում դասախոսելու և սկսեցի հրատարակել Արմատական բառարանս, բաժանորդ եղավ նաև Ախիկյան անունով նկարիչը, որ վանեցի էր: Նա ամուսնացել էր Խորեն էֆենդու աղջկա հետ: Մի-երկու տարի հետո Ախիկյանը մեռավ. տեսա նրա կնոջ… Նախկին բարեդեմ աղջկա տեղ տեսա մի պառաված, կնճռոտ երեսով, տգեղ կին, որ ավուր հացի կարոտ էր: Նա էլ շուտով մեռավ: * * Կես դար և ավելի առաջ Վաղարշապատի կանայք բավական տգեղ էին: Այդ տգեղությունը վերագրում էին մալարիային, կիզիչ արևին և կեղտոտ ջրին: Եթե նրանց մեջ պատահեին բարեդեմ կանայք, անշուշտ եկվոր էին: Այսպիսիներից մեկն էր իմ ընկեր Մանանդյանի քույրը, որի անունն էր Աստղիկ: Չգիտեմ որտեղ տեսա նրան և երիտասարդական խանդավառությամբ սիրահարվեցի: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Այն ժամանակվա սիրահարությունը բոլորովին նման չէր արդի սերերի հետ: Սիրահարը դառնում էր ամաչկոտ, լռակյաց, տխուր և ապրում էր միայն ներքին հուզմունքով: Ոչ մի արտաքին նյութական արտահայտություն չէր ունենում: Այդպես և ես: Իմ սիրո արդյունքը այն եղավ, որ ես ուզեցի ավելի մոտենալ Մանանդյանին, ցույց տալ իմ աշխատասիրությունը և դրանով ինձ նրան սիրելի դարձնել: Դրա համար, երբ ես և Մանանդյանը դիմեցինք Գալուստ Տեր-Մկրտչյանին և խնդրեցինք, որ հայագիտական մի լավ նյութ տա իրեն գրելու համար և Միաբանը առաջարկեց մեզ կազմել «Հայոց նոր վկաները», ես իսկույն սիրով ընկերակցեցի Մանանդյանին և միասին սկսեցինք գործը: Այս աշխատությունը տևեց կարծեմ 2 տարի: Գրեթե ամեն օր գնում էինք ձեռագրատուն, վերցնում էինք ձեռագրերը և դեմ-դեմի նստած աշխատում էինք: Ամեն մեկս մի առանձին գլուխ էր վերցնում իր համար, որին մյուսը չէր մասնակցում: Ես սկսել էի թերթել Էջմիածնի ձեռագրատան բոլոր 4000 ձեռագրերը և կազմել տաղերի հավաքածու: Այդ նպատակին միացրի նաև «Նոր վկաներ»-ի որոնումը և ահագին նյութ հավաքեցի: Այս բոլորը դրի սեղանի վրա: Երկու տարվա մեր աշխատության արդյունքը հրատարակվեց Էջմիածնում երկու առանձին ձևի տակ: Առաջինը ժողովրդական հրատարակություն (Վաղարշապատ, 1902 թ.), իսկ երկրորդը գիտական հրատարակություն (Վաղարշապատ, 1903 թ.): «Հայոց նոր վկաները» 1155 թվականից մինչև 1843 թվականը նահատակված հայերի պատմությունն է (մեծ մասամբ թուրքերի ձեռքով, մի փոքր մասն էլ պարսիկների): Սրանք տոնելի սրբեր չեն և նրանց կյանքը «Յայսմաւուրք»-ի մեջ չի անցած պաշտոնապես: Օրացույցների մեջ էլ նրանք չեն հիշատակվում: Մասնավոր դեպքերում այս կամ այն «Յայսմաւուրք»-ը տալիս է իբր հավելված իր շրջապատում տեղի ունեցած մի նահատակի պատմությունը: Պրպտելով 100-ի չափ ձեռագրեր, հավաքելով նյութը և դասավորելով ժամանակագրական կարգով, հրատարակեցինք այս գիրքը, յուրաքանչյուր նահատակի պատմության վերջում դնելով նաև կարևոր պատմական, ժամանակագրական և ձեռագրական տեղեկություններ: Գիտական հրատարակության մեջ էջի ներքևում նշանակված են բոլոր ձեռագրերի տարբերակները, որոնք չկան ժողովրդական հրատարակության մեջ: Վերևում ասացի, թե ամեն մեկս մի գլուխ էր վերցնում և գրում. որոշելու համար, թե ո՞ր գլուխը ո՞վ է գրել, այսպես պայման կապեցինք. երբ նահատակի պատմության վերջում դրված տեղեկությունը սկսում է «այս» բառով, դա Մանանդյանինն է. երբ սկսում է «սույն» բառով՝ իմն է. իսկ երբ սկսում է «հիշյալ» բառով, իմն է, բայց քրոջս (Արմենուհու) աշխատակցությամբ: Հաշվելով բոլորը միասին, դուրս է գալիս, որ երկուսս միաժամանակ և միաչափ աշխատելով, իմ աշխատանքի արդյունքը եղել է մոտ երկուս ու կես անգամ ավելի, քան Մանանդյանինը: Երբ գրքի տպագրությունը վերջացավ, ես ուզեցի, որ այս արդյունքը նշանակենք առաջաբանի վերջում. Մանանդյանը նեղացավ, և ես զիջեցի: Այժմ այստեղ ուզում եմ դնել մեր աշխատանքի հաշիվը: Բնագրի 734 էջից Մանանդյանին է պատկանում 193 էջ, իսկ իմ ու քրոջս բաժինը կլինի 541 էջ, մոտ երկու և կես անգամ ավելի: Չնայած դրան, Մանանդյանը իր առաջաբանի սկզբում գրում է. «Ձեռնարկելով պր. Հրաչյա Աճառյանի տոկուն ու սիրահոժար աշխատակցությամբ հայոց նոր նահատակների վկայաբանությունների հրատարակման՝ իմ գլխավոր նպատակն է եղել…»: Դուրս է գալիս, որ աշխատությունը գրողը ինքն է, և ես նրա աշխատակիցն եմ: Բայց այս սխալը ոչ թե հեղինակի սխալն է, այլ նրա հայերեն լավ չիմանալու արդյունքը: Իմ սիրահարության պատմությունը թաքուն չէր կարող մնալ։ Ընկերներս մի օր տարան ինձ Երևան, Հրազդանի ափին գտնված մի զբոսավայր: Այնտեղ նրանք լավ խմեցին, ինձ էլ մի բաժակ գարեջուր խմացրին, որից ես հարբելով, դառնագին լաց եղա և գաղտնիքս բաց արի նրանց առաջ։ Լուրերով աղքատ Էջմիածինը չնչին բան էր փնտրում մեծացնելու համար: Այսպես տարածվեց իմ սիրո պատմությունը ամբողջ Վաղարշապատում: Նրանից անտեղյակ չէր կարող լինել Մանանդյանը, որի վերաբերմունքը իմ հանդեպ ոչ միայն չփոխվեց, այլ ընդհակառակը ավելի լավացավ: Երբ ամառը եկավ և արձակուրդ ունեցողները ամառանոց գնացին, մի օր Մանանդյանը մտավ իմ սենյակը և ասաց. «Դուք որևէ տեղ չե՞ք գնալու»: «Ո՞ւր գնամ,— պատասխանեցի ես,— գնալու տեղ չունեմ»: «Մենք գնալու ենք Դիլիջան,— ասաց նա,— կգաք մեզ մոտ, կապրեք մեզ հետ, և երբ արձակուրդը վերջանա՝ նորից կվերադառնանք Էջմիածին»: — Այս հրավերը չափազանց ուրախացրեց ինձ, բայց ես ի՞նչպես կարող էի մի ամբողջ ամառ պարապ անցկացնել: Մտածեցի և իսկույն մի միջոց գտա: Պետք էր հավաքեի պոլսահայ բարբառի մեջ գործածված բոլոր թուրքերեն բառերը: Ուրիշներ եթե ուզենային կատարել այդ աշխատանքը, անշուշտ պիտի սկսեին կարդալ զանազան բնագրեր և պիտի սկսեին հավաքել թուրքերեն բառերը: Բայց այդ աշխատանքը ինչքան էլ ուշադիր ձևով և երկար ժամանակ կատարեին, անշուշտ դարձյալ պակասավոր պիտի լիներ: Ես մտածեցի մի ուրիշ միջոց, որ հակառակ իր կարճության՝ պիտի տար լավագույն արդյունքը: Վերցրի միայն մի գիրք, այն է՝ Միհրան Աբիկյանի ընդարձակ օսմաներեն բառարանը՝ տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն լեզուներով: Որոշեցի կարդալ այդ գիրքը ամբողջ և որովհետև՝ իբրև կոստանդնուպոլսեցի, լավ գիտեի մեր բարբառը, ամեն մի թուրքերեն բառի դեմ կարող էի մի գիծ քաշել, եթե նա գործածական էր մեր բարբառում, և այսպիսով կունենայի ամբողջ փոխառյալ բառերի հավաքածուն: Գնացինք 5 հոգով Դիլիջան, վարձեցինք Ղուկաս բիձայի բնակարանը մալականների սահմանում: Մեզ հարևան ունեինք միայն մի մալական, որ ամբողջ օրը երգում էր. «Ու սուսիդա ժինկա միլայ Ա ու մենե նիչևո նիմա»: («Հարևանս ունի մի սիրուն կին, Իսկ ես ոչինչ չունեմ»): Ապրեցինք ամբողջ ամառը այդ բնակարանում: Ոչ մի հետաքրքրական դեպք չպատահեց մեր մեջ: Ես աշխատում էի իմ թուրքերենի փոխառյալ բառերի վրա և վերջացրի մի ամսում (1900 թ. հուլիս), որ և ապա տպագրվեց «Էմինյան ժողովածու»-ի շարքով (Վաղարշապատ, 1904 թ.): Երբեմն չորս հոգով պտույտի էինք դուրս գալիս. ես, Մանանդյանի մայրը, փոքր որդին՝ Արսենը և օրիորդը: Մեծ եղբայրը ընդհանրապես դուրս չէր գալիս: Փոքր եղբայրը շատ կատակախոս և զվարճասեր երիտասարդ էր: Մեր պտույտներից միայն մեկն եմ հիշում: Գնացել էինք բարձրադիր մի անտառ, որ գտնվում էր բլուրի վրա: Գագաթից ցած իջնելը դժվարացավ, որովհետև չորացած տերևները սահուն հատակ էին շինել և զառիվայրը լպրծուն էր դարձել. օրիորդը չէր կարողանում իջնել, ուստի թևն առի և արագ վազելով իջանք ցած: Մի օր ես ու մայրիկը տանը նստած խոսում էինք. մայրիկը հայտնեց, թե մի երիտասարդ խնդրել է օրիորդի ձեռքը, բայց իրենք մերժել են: Այս խոսքի վրա ես այլայլվել եմ և գույնս թռել է: Մայրիկը դարձավ ինձ, թե «Ի՞նչ եղար, ինչո՞ւ գույնդ թռավ»: «Ի՞նչ է եղել, որ իմ գույնը թռնի. ի՞նչ կապ ունեմ ես օրիորդի հետ»: «Ես ամեն բան գիտեմ, հանգիստ եղիր, արժանավորին կտամ, անարժանին չեմ տա»: == ՄԵՐՈՆՑ ԳԱԼՈՒՍՏԸ == Մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց. հայրս, մայրս, մեծ քույրս, փոքր քույրս, եղբայրս և ես (Արշալույս քույրս մեռել էր արդեն): Մերոնց նամակ էի գրում և առաջարկում, որ փոխադրվեն Էջմիածին: Կառավարությունը արգելել էր հայերի մուտքը և ելքը Տաճկաստանից: Վերջապես ստանում եմ տեղեկություն, թե հայրս և քույրս մեկնել են Կոստանդնուպոլսից, հասել են Բաթումի և այսինչ օրը պետք է լինեն Երևանում: Գնացի Երևան, գտա հորս, որին 6 տարի ի վեր չէի տեսել: Դեմքը չէր փոխված, միայն մի քիչ ծերացել էր, առանց կորցնելու իր նախկին աշխույժը և եռանդը: Կողքին կանգնած էր մի մանկամարդ, գեղեցիկ, բարձրահասակ աղջիկ․ հարցրի հորս. «Հայրիկ, ասիկա ո՞վ է»: «Քույրդ է, ծո»: Ժողովրդական մի ասացվածք կա. մեծ ուրախություն զգալու դեպքում ասում են «Ոտքս գետնից կտրվեց»: Ճիշտ այդպես եղավ և ինձ: Քրոջս ես փոքր տարիքին թողել էի Կոստանդնուպոլսում. այն ժամանակ սևադեմ փոքրիկ մի երեխա էր, իսկ այժմ բարձրահասակ, հրեշտակադեմ մի էակ: Ոտքերս գետնից կտրվեցին, փաթաթվեցի նրան և անվերջ համբույրներով երեսը ծածկեցի: Այլևս աշխարհում ոչինչ չմնաց ինձ համար: Գնացինք «Օրիանտ» հյուրանոցը, ուր գիշերեցինք երեքով և մյուս օրը գնացինք Էջմիածին, № 1 բնակարանս։ Հազիվ մտել ենք ներս և իրերը դասավորել, հանկարծ այցելության են գալիս Ճեմարանի ուսուցիչներից երկուսը՝ Քերովբե Միրաքյանը (նոր-նախիջևանցի) և Գևորգ Ղազարյանը (կարսեցի): Ես խնդրեցի, թե այժմ չեմ կարող ընդունել, որովհետև մերոնք նոր են եկել և հանգստի կարոտ են: «Խնդրում եմ վաղը եկեք»: Նրանք նեղացան և հեռացան: Իսկույն կազմում են մեր մասին մի առասպել, թե այդ աղջիկը Աճառյանի քույրը չէ, այլ սիրուհին. իսկ հորս համար դեռ որոշում չէին տվել. ոմանք ասում էին, թե քրոջս հայրն է: Որքա՜ն չար և անմիտ են մարդիկ: Մյուս օրը նույն երկու հյուրերը եկան սենյակ: Ծանոթացան հորս և քրոջս հետ և զարմացան, երբ քույրս խոսեց նրանց հետ ռուսահայ լեզվով: Քերովբեն հարցրեց. — Օրիորդ, այդ ի՞նչ շուտ սովորել եք մեր լեզուն: Քույրս պատասխանեց զարմանքով. — Մեր լեզուն, ձեր լեզուն ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ: Բացառականը կազմում եք ից-ով, ներգոյականը ում-ով, ներկան էլ ում եմ։ Ճանապարհի 2 օրվա ընթացքում այդքանը չէի՞ կարող սովորել: Այս փոքրիկ միջադեպը ես հաճույքով պատմեցի ցույց տալու համար, թե որքան սխալվում են նրանք, որոնք մեր երկու բարբառները իրարից անջատում են իբրև տարբեր լեզուներ և նրանց միջև մի մեծ անջրպետ են շինում: Արևմտահայերը ամենամեծ ճշտությամբ հասկանում և սովորում են արևելահայ լեզուն, բայց ինչո՞ւ արևելահայերը այդքան դժվարանում են սովորելու մեր բարբառը, նույնիսկ Կոստանդնուպոլսում երկար տարիներ ապրելուց հետո: Նույն միջոցին Գևորգ Ղազարյանը դիտում է իմ և քրոջս ունքերը և նրանց մեջ որոշ նմանություն գտնելով, գնում ընկերներին պատմում է, թե նա իմ հարազատ քույրն է: Այսպիսով մեր մասին տարածված առասպելը ջնջվում է: Երբ նրանք մեկնեցին, մերոնց հարցրի, թե եղբայրս ի՞նչ եղավ. իսկույն հայրս սկսեց լաց լինել. եղելությունը հասկացա: Եղբայրս մեռել էր: Մահը պատահել է 1900 թվականի ապրիլի 12-ին, հետևյալ հանգամանքներում: Բյոյուք-դերեի եկեղեցու կառավարիչ և դպրոցի տեսուչ Սահակ Խանճյանը, որ գրող, բանաստեղծ և ուսուցիչ էր և նույն թաղի բոլոր կրոնական և ազգային-դպրոցական գործերի կառավարիչը, խնդրել է հորիցս, որ թույլ տար իր որդուն եկեղեցում երգել, այսինքն՝ տիրացություն անել։ Հայրս թեև այս գաղափարին սաստիկ հակառակորդ էր, չի կարողանում մերժել նրա խնդիրքը և թույլատրում է: Ավագ շաբթում և Զատկին գիշերային պաշտամունքների ժամանակ հոգնում, անքուն է մնում եղբայրս և հենց տոներից հետո հիվանդանում: Մենենգիտ էր ստացել: Բժիշկները չեն կարողանում դարմանել, և նա մեռնում է: Մեր ընտանիքի ամենափոքր անդամն էր եղբայրս. բոլորովին սպիտակ դեմքով, ուժեղ և հաղթանդամ տղա էր դարձել: 14 տարեկան էր, երբ մեռավ։ Եղբորս հիշատակին ես մի գիրք եմ նվիրել՝ «Մանկական բարբառ», որ տպված է Փարիզի «Բանասէր» հանդեսում 1901 թվականին, պրակ Ա-ում: Այցելուները շատացան: Դրանց մեջ հիշում եմ գերմանացի հայագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինքին: Բեռլինից եկել էր Էջմիածին հայերեն ուսումնասիրելու: Երկու տարի մնաց Էջմիածնում, Ստեփան Կանայանի հետ գրեցին արևելահայ աշխարհաբարի քերականությունը գերմաներեն լեզվով, ընկերանալով Հակոբ Մանանդյանի, Եզնիկ վարդապետ Գյանջեցյանի և Գալուստ դպրի հետ, սկսեցին հրատարակել Zeitschrift für armenische Philologie ուսումնաթերթը, որ տևեց 2 տարի և որի կառավարիչն էր թիֆլիսեցի Աբգար Հովհաննիսյանը, իսկ ծախսերը հայթայթում էր Մանթաշյանը: Այս ուսումնաթերթում մասնակցեցին հայ և օտար հեղինակներ: Ես էլ մի ընդարձակ հոդված եմ հրատարակել այդտեղ Lautlehre des Van-Dialects (արտատպ. Marbourg, 1901) վերնագրով: Ֆինքը նշանավոր եղավ իր մի ուրիշ աշխատությամբ: Նա ուսումնասիրեց հայ բոշաների լեզուն և հետագայում հրատարակեց Պետերբուրգում — Die Sprache der armenischen Zigeuner վերնագրով: Հետագայում գնաց Գերմանիա, ուր վաղամեռիկ եղավ։ Ահա այս անձն էր, որ եկավ իմ սենյակը այցելության. բայց նա ինձ մոտ երբեք չէր եկել և մի նոր պատճառ էլ չուներ ինձ այցելելու: Ուստի ենթադրում եմ, եկել էր քրոջս տեսնելու: Դրա համար էլ սկսեց խոսել քրոջս հետ և որովհետև քույրս գերմաներեն չգիտեր, ուստի Ֆինքը խոսում էր կիսատ-պռատ հայերենով: Աչքերը ոլորելով այնպիսի ձևեր և նշաններ էր անում, որ խիստ տարօրինակ թվաց։ Կանայք ավելի զգայուն են միշտ: Քույրս վեր կացավ, գնաց մյուս սենյակը և այլևս չվերադարձավ։ Ֆինքը մի քանի անգամ էլ այցելության եկավ «ինձ», բայց քույրս չներկայացավ նրան: Մի օր քրոջս հայտնեցի, որ ես այստեղ սիրահարված եմ մի աղջկա: — Մի՞թե,— ասաց քույրս, — տար ինձ իր տունը, տեսնեմ ինչ տեսակ աղջիկ է: Գնացինք Մանանդյանի տունը: Քույրս իր շենշող բնավորությամբ իսկույն ծանոթացավ նրանց հետ և մտերմական խոսակցություն ունեցավ օրիորդի հետ. կարծես թե հին բարեկամներ լինեին: Երբ տուն եկանք, ասաց. — Դուն մեր Կոստանդնուպոլսի աղջիկները մոռցեր ես. ան ի՞նչ անշնորհք աղջիկ է. ոչ կարդալ գիտե, ոչ գրել գիտե, ոչ ձեռագործ գիտե, ոչ ալ կարուձև գիտե. թափթփածին մեկն է. իրարու վրա 3 հատ շրջազգեստ հագեր էր, ետևեն կարելի էր հաշվել: Ամեն մեկը մյուսեն 3 մատ հեռավորություն ուներ: Այսպիսի գնահատությունը և միևնույն ժամանակ տանս մեջ նոր մտած կենսաթրթիռ շունչը իսպառ մոռացրին իմ զգացմունքը: Վեհարանում ապրում էր նաև ոմն Վահան էֆենդի, որ Խրիմյանի մոտիկ ազգականն էր: Բուրժուա վաճառականի կերպարանքով, կլոր և առողջ դեմքով, հաստափոր մեկն էր։ Այդ անձը սիրահարվել էր քրոջս և մեկի միջոցով դիմել էր հորս և խնդրել քրոջս ձեռքը: Հայրս հարցրել էր. — Ի՞նչ գործ կընե ադ Վահան էֆենդին: — Կաթողիկոսի մոտ ծառայում է: — Ի՞նչ արհեստ գիտե. դերձա՞կ է, ատաղձագո՞րծ է, կոշկակա՞ր է, դարբի՞ն է, ի՞նչ է: — Արհեստ չունի, կաթողիկոսի մոտ ծառայում է: — Հասկցա, կաթողիկոսին ք… կթափե. է՛, կաթողիկոսը մեռնի նե, որի՞ն ք… պիտի թափե: Ես ադ տեսակ մարդու աղջիկ չունիմ տալու: Հորս իսկույն պաշտոնի կանչեցին Էջմիածնում, դարձրին նրան մառանապետ, այսինքն՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն, բոլոր միաբանների ուտելեղենը հայթայթող գլխավոր անձը: Իր գլխավորը եղավ Եղիշե վարդապետ Ահարոնյանը, շուշեցի մի գեղեցկադեմ մարդ, որի բնակարանը № 5 էր, մեր շարքում: Ես ու նա իրար հետ շատ մոտիկ էինք, սկսած այն օրից, երբ ես հրատարակեցի Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությունը, նա մեծ հետաքրքրությամբ կարդում էր իրենց բարբառի քննությունը և անում իր դիտողությունները: Մի տարի հետո մայրս և մեծ քույրս դիմում են կառավարության, մայրս ընկնում է փաշաների ոտքը լաց լինելով հայտնում, թե ինքը մենակ է մնացել, ոչ մի օգնական չունի, աշխատելու կարողություն չունի. «Աղաչում եմ թույլ տվեք գնամ Էջմիածին՝ որդուս և ամուսնուս մոտ»: Երկար աղերսանքները վերջապես ձանձրացնում են փաշաներին և տալիս են անցագիր: Գնում են Տրապիզոն, այնտեղից Բաթումի և հասնում են Երևան: Հայրս գնաց դիմավորեց նրանց (մորս և մեծ քրոջս՝ Հերսիլյային) և գիշերով վերադարձան Էջմիածին մեր բնակարանը: Ներս մտավ թե չէ, մայրս ծոցից հանեց մի քանի թղթի կտորտանք և թափեց սեղանիս վրա: — Ի՞նչ են ասոնք,— հարցրի ես: — Միտքդ չէ՞, Պոլսեն ելած օրդ այս թուղթերը ինձ տվիր և ըսիր, որ աղեկ պահեմ մինչև գալդ. հիմա եկա քեզի տվի տարիներ պահելե ետքը: Ես մի քիչ նայեցի թղթերի վրա և առանձնապես հետաքրքրական բան չտեսնելով, մի կողմ դրի: Հայրս ասաց մորս. — Ես քեզի չըսի՞, օր ադոնք բոլոր պարապ բաներ են. ան ատենը տղա էր, աս թուղթերը մեծ բան էին իրեն համար, հիմա Փարիզ գնացեր, սորվեր էկեր է, ադոր էրեսը կնայի՞: Հաջորդ օրը հայրս գնաց գյուղ և վարձեց մեզ համար մի լավ բնակարան: Շուկայից մի քիչ ցածը մի մեծ պարտեզ էր, որի մեջ երկու բնակարան կար. աջ կողմինը մերն էր, իսկ ձախ կողմինը՝ Ճեմարանի ուսուցիչ Գալուստ Թումանյանինը: == ՍԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՄՖԼԵՏԸ == Մենք արդեն տեսանք այս անձին: Հազիվ մերոնք եկել էին Էջմիածին, «Նոր-դար»-ի մեջ երևաց մի թերթոն: Հեղինակը չէր ստորագրել. խոսում էր իմ մասին, բայց չեմ հիշում անունս տալի՞ս էր, թե ոչ: Բովանդակությունը մոտավորապես հետևյալ բառերով էր. — Էջմիածնի № 1 բնակարանը իր զվարճալի պատմությունը ունի. այնտեղ բնակվում էր Հրաչյա Աճառյանը, վանքի հաշվով և տեսնելով, որ այդ շատ լավ է՝ բերել տվեց Կոստանդնուպոլսից իր հորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր քրոջը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երկրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր մորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև մյուս քրոջը։ «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր չորրորդ»: Ծննդոց գրքի Ա գլխի օրինակով շինված այս պամֆլետը, որ գրված էր մերոնց ծաղրելու համար, շատ անտեղի էր և անճիշտ: Նախ, որ մերոնք չորս հերթով չէին եկել, այլ երկու հերթով, ուստի այն չորս օրերի պատմությունը կեղծ է: Երկրորդ՝ հենց որ մայրս և մեծ քույրս եկան Էջմիածին, իսկույն թողեցինք № 1 բնակարանը և փոխադրվեցինք գյուղ: Երրորդ, որ ոչ ես և ոչ հայրս ձրի չէինք վայելում վանքի հացը, այլ իբր մեր աշխատանքի վարձատրությունը: Ասացինք, թե պամֆլետը ստորագրված չէր, բայց նրա լեզուն և ոճը մատնանիշ էին անում Սեթ Հարությունյանին, որ թեև գիտական աշխատանք կատարելու անընդունակ էր, բայց զվարճախոսության մեջ լավ ընդունակ էր: Այն կարծիքը, թե գրողը Սեթն էր, բոլորը զգում էին, նույնիսկ 51 տարի անց (1952 ապրիլ) մի օր հրավիրվելով Երևանում կաթողիկոսի (Գևորգ Զ) տունը, տեսա այնտեղ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանին, որ անցյալի մասին խոսելով, ամենայն անկեղծությամբ պատմեց, թե այդ պամֆլետի հեղինակը Սեթն էր: Ես զարմացա նրա այդքան սուր հիշողության վրա, մանավանդ, որ պամֆլետը բառացի կրկնեց այնպես, ինչպես վերը գրեցի: Բայց ի՞նչ կարիք ուներ Սեթը այդ պամֆլետը գրելու։ Արդյո՞ք կասկածում էր, որ ես նրա տեղը կգրավեմ. շատ իզուր, որովհետև Սեթը լինելով Կարապետ Կոստանյանի ստրուկը, հազիվ թե մեկը նրան ձեռք տար: == ՀՈՐՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ == Հայրս շատ աշխատասեր մարդ էր. վանքի մառանապետի պաշտոնը ծանր գործ չէր. պարապ ժամանակ շատ ուներ: Զբաղմունքի համար որոշեց վանքի այգին մշակել (ձրիաբար): № 1 բնակարանի առաջ ընդարձակ բակ էր և այդ բակը գնում էր մինչև շենքի ծայրը: Դիմացը գտնվում էր Տաճարը: Բակը, թեև հողից, բայց շենքի կառուցման ժամանակ այնքան լցվել էր տուֆի փշրտանքներով, որ այլևս հող չէր երևում: Դրա մեջ մշակությունն անկարելի էր: Հայրս վարդապետներից թույլտվություն խնդրեց այդ խճալից հողը դեն ածելու և փոխարեն սևահող լցնելու: Ամենայն սիրով թույլատրեցին վարդապետները, որովհետև ձրի աշխատանք էր և վանքին օգուտ: Հայրս ամեն օր փորելով այդ խճաշատ հողը, տանում թափում էր հեռու, վանքից դուրս դաշտում և այնտեղից մաքուր սևահող բերելով՝ լցնում նրա տեղը: Այսպիսով կարճ ժամանակում № 1 բնակարանի առաջը, ինչպես և № 2 բնակարանի առաջը մաքրվեց և սևահող լցվեց: Այս սևահողի մեջ հայրս ցանեց զանազան բույսեր, որոնք շուտով աճեցին: Այստեղ տնկեց նա մի տեսակ պամիդոր, որ բարձրանում էր օդի մեջ առանց հենարանի: Այդ զարմանալի բույսի սերմը Կոստանդնուպոլսից էր բերել: Ցանեց նաև լոբի և ծաղիկներ: Մի քիչ այն կողմ № 4 բնակարանի առաջ (որ պատկանում էր մառանապետ Եղիշե վարդապետ Ահարոնյանին) շինեց փայտե թառ, մեկուկես մարդու հասակի բարձրության, և տնկեց մի տեսակ դդում, որ 1 մետր երկարություն ուներ: Այս տեսակի դդում չկար Երևանում, բայց սովորական է Կոստանդնուպոլսում, որտեղից բերել էր հայրս սերմը: Դդումը բարձրացավ և ի մեծ զարմանս բոլորի, թառի վերևից ձողերի պես կախվեց: Մի օր հորս ասացի. — Հայրիկ, այս դդումը այստեղ չկար, դուն նոր բերիր հասցուցիր. պետք է, որ քու անունդ վրան դնես: — Է՜, ի՞նչ դնեմ: — «Հակոբ խաբախի= Հակոբի դդում»: Դարձավ մորս և ասաց. — Կլսե՞ս կոր խելոք տղուդ խոսքը. ինձի խաբախ ըրավ: Կարևոր է վարունգի պատմությունը: № 1 բնակարանի առաջ հայրս ի միջի այլոց տնկել էր նաև վարունգ. պտուղը բավական մեծացել էր և վախ կար, որ № 3 բնակարանի «քոռ» Եղիա վարդապետը գողանար: Նա իրավունք էր համարում կողքի կանաչիներից քաղել, բայց աչքը վարունգի վրա էր: Հայրս զգում էր նրա մտադրությունը և միշտ զանազան պատճառներով պահակ էր կանգնում: Գողության հարմար րոպեն անշուշտ կես գիշերն էր և հայրս մինչև այդ ժամանակը հսկում էր: Վերջապես չթողեց, որ գողանա, և երբ վարունգը հասավ, կտրեց և կաթողիկոսին նվեր տարավ: Մինչև անգամ Երևանի ջերմոցներում դեռ վարունգ հասած չէր, իսկ հայրս № 1 բնակարանի առջևի քարքարուտում վարունգ էր հասցրել: Հրճվանքով վարունգը ձեռքին տանում, նվիրում է կաթողիկոսին, ձեռքը համբուրում և վարունգը դնում է սեղանի վրա: Կաթողիկոսը, փոխանակ որևէ շնորհակալության բառ արտասանելու և կամ գովասանական խոսք ասելու, դառնում է հորս հետևյալ խոսքերով. — Դուն կուզե՞ս որ ես քեզի շնորհակալ եմ ըսեմ: Դուն գիտե՞ս ես ո՞վ եմ. ես այս բոլոր վանքի ամենամեծն եմ. եթե ուզեմ, կարող եմ անմիջապես վանքեն դուրս վռնդել քեզ. լսեցի՞ր, հադե գնա: Հայրս զայրացած գալիս է ինձ մոտ. — Էշեկ օղլու էշեկ. մենք ալ քեզի մարդ գիտցանք. էշուն մեծն է եղեր. սա ըսելու խո՞սք է, որ ըսավ ինձի: Եվ պատմեց ամբողջ դեպքը: Խրիմյանը այսպիսի անպատշաճ արարքներ շատ էր անում: Վերևում պատմեցի Հովհաննես Հովհաննիսյանի կնոջ դեպքը: Նման մի դեպքի անձամբ ներկա եղա մի ուրիշ անգամ: Նոր տարվա առթիվ Ճեմարանի բոլոր ուսուցիչները ներկայացան կաթողիկոսին շնորհավորելու: Ես գտնվում էի ամենավերջում. ամենաառաջը Մանանդյանն էր. Խրիմյանը տեսավ նրան և ասաց. — Պարոն Մանանդյան, այդչափ գիտությունը այդ փոքրիկ, ճնճղուկի չափ գլխի մեջ ի՞նչպես ես տեղավորեր: Գոնե մեծ գլուխ ունենայիր… Բայց մեծ գլուխ ունեցողներն ալ ապուշ կլինին: Ահա Կանայանը, ահագին գլուխ ունի, մեջը պարապ. հա՜, հա՜, հա՜: Եվ սկսեց լայնաբերան ծիծաղել: Մենք բոլորս իրար հետև ծածկվում էինք, որ չտեսնվենք և նոր ծաղրանքի զոհ չգնանք: Իմ առաջ կանգնած էր Աբեղյանը, որ գլուխը և մարմինը թաքցրեց և անխուսափելի ծաղրից ազատվեց: == ՊՈՍՈԽՈՎԻ ԴԵՊՔԸ == Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր Պոսոխով անունով մի ռուս, որ կառավարության կողմից նշանակված լրտես էր Էջմիածնի վրա: Հայատյաց մարդ էր, բայց գիտեր հայերեն խոսել: Սովորություն ուներ խոսած ժամանակ աչքերը ճըփճըփացնելու: Ճեմարանի ուսուցիչների նամակները ստանալու պաշտոնը հանձնված էր Կարապետ Քոչարյանին, որ գեղեցիկ գիր ունենալու պատճառով Ճեմարանի հավիտենական քարտուղարն էր: Բացի գեղեցիկ գիր ունենալուց, ուրիշ ոչ մի լավ հատկություն չուներ։ Կարապետ Կոստանյանի ստրուկն էր և միաժամանակ նրա լրտեսը: Մի օր Քոչարյանը հայտնում է ինձ, որ Պոսոխովը իմ անունով նամակ է ստացել, բայց մերժել է հանձնել Քոչարյանին և սպասում է, որ ես անձամբ գնամ ստանամ: Ներկայացա Պոսոխովին. ցույց տվեց մի հաստ նամակ, որ ստացել էր Փարիզից: Կասկածում էր նրա վրա: — Ի՞նչ եք կասկածում, որ լինի միջին: — Կարելի է որևէ հեղափոխական թերթ կա մեջը: — Է՜հ, եթե ինձ թշնամի մի մարդ միջին «Դրոշակ» կամ «Հնչակ» դնելով ուղարկել է ինձ, ես հանցավո՞ր եմ: — Այդ հետո կտեսնենք: Պոսոխովը մկրատով կտրեց ծրարը, դուրս թափվեցին մի նամակ և 30 ռուբլի թղթադրամ: — Օհ,— բացականչեց Պոսոխովը և փողերը գրպանեց,— այս գումարը պատկանում է ինձ, որովհետև նամակի վրա с объявлением չէ գրված: Ես նամակը կարդացի: Փարիզում մի գրավաճառի մոտ դրել էի իմ Étude sur la langue laze աշխատությունից մի քանի օրինակ: Գրավաճառը ծախել էր այդ օրինակները և ահա գումարը ուղարկում էր ինձ: Պոսոխովին հայտնեցի, թե «Ֆրանսիայում իրավունք կա նամակի մեջ փող դնելու և ուղարկելու. ոչ ոք իրավունք չունի նամակը բանալու և գումարը վերցնելու: Ահա իր երկրի օրենքով այդ մարդը փողը ուղարկել է ինձ, դուք իրավունք չունեք այդ փողը խլելու: Ես ձեր դեմ կբողոքեմ»: — Բողոքեցեք. բողոքի հասցեն էլ ես տամ: Բողոքի հասցեն վերցրի և եկա տուն № 1 սենյակս: Մի ֆրանսերեն նամակ գրեցի Փարիզ՝ արտաքին գործոց մինիստրության և մի նամակ էլ ներքին գործոց մինիստրության և, բացատրելով դեպքը, խնդրեցի, որ դիմեն Ռուսաստան և պահանջեն գումարս հետ տալ։ Կանչեցի Սիրական Տիգրանյանին, որ իմ մտերիմ ընկերն էր և մանավանդ ցարական գործերի մասնագետ և լավ ռուսագետ և խնդրեցի, որ մի նամակ գրի Ռուսաստանի փոստ-հեռագրատան մինիստրության: Նա հրաժարվեց գրել, ասելով, թե «այդ ավելորդ է, ոչինչ չես կարող ստանալ»: Ես կրկնապատկեցի խնդիրքս և շատ աղաչեցի, բայց նա միշտ մերժում էր: Վերջապես զիջեցրի, և նա հանձն առավ գրել: Նամակը, անշուշտ պատվիրած, փոստ գցեցի. այսպես նաև երկու ֆրանսերեն նամակներս: Մի քանի շաբաթ անցավ. ոչ մի պատասխան չկար։ Շաբաթ երեկո էր. եկեղեցուց դուրս ենք գալիս. անցնում եմ Տրդատա դռնով: Դռան առաջ պատահում եմ Պոսոխովին, որ իսկույն մի կողմ է քաշվում, մեջքը դռան բարավորին դրած, կռանում է, գլխարկը հանած խոնարհվում է իմ առաջ: Զարմանքը պատեց ինձ. Պոսոխովը կաթողիկոսի առաջ էլ չէր խոնարհվում. այս ի՞նչ տարօրինակ տեսարան է: Ես մտածեցի, թե ծաղրում է ինձ, գլուխս կախեցի, թեթև բարևեցի և գնացի տուն, մեր նոր բնակարանը: Մյուս առավոտ, կիրակի օր, լսում եմ որոտընդոստ մի ոտնաձայն: Մի կոզակ մտնում է սենյակս, դնում է իմ առաջ մի խոշոր սպիտակ ծրար, հինգ տեղից կնքամոմով կնքված, տալիս է ինձ 30 ռուբլի թղթադրամ և մի թղթի կտոր, որով Պոսոխովը խնդրում էր ինձ տալ 30 ռուբլու ստացական: Նամակը բաց ենք անում և տեսնում ենք ռուսերեն մի գրություն, որի մեջ ասված էր, թե Փարիզից ներքին գործոց և արտաքին գործոց մինիստրությանց առաջարկով և փոստ-հեռագրատան մինիստրության իմ գրած թղթի հիման վրա, խիստ նկատողության են ենթարկել Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարչին և հրամայել են «Հարքունիս գրաված» 30 ռուբլին վերադարձնել ինձ, «որովհետև ռուսական թղթադրամի փոխադրությունը արտասահման և ներս արգելված չէ»: Ստորագրում էին երեք մինիստր՝ ներքին, արտաքին և փոստ-հեռագրատան: Այս ամբողջ միջադեպը մեծ ազդեցություն թողեց Էջմիածնի վրա: Առաջին անգամն էր, որ մեկը համարձակվել էր բողոքել պետության առաջ և այսպիսի հաջող ելք էր ստացվել: Ստեփան Կանայանը ինձնից 3 տարի առաջ նույն ձևով Գերմանիայից ստացել էր 300 ռուբլի, և Պոսոխովը խլել էր այդ գումարը իր գրպանի համար: Կանայանը չէր կարողացել ոչ մի բողոք ներկայացնել և երբ իմ դեպքը լսեց, ասաց. «Տե՛ս, տե՛ս, տե՛ս, այս անպիտանին․ երկու օր է եկել է այստեղ, և մեզ նոր բաներ է սովորեցնում. ինչպես մենք ժամանակին չմտածեցինք այս բանը»: Այս նամակի ավելի զորավոր արդյունքը կտեսնենք հետագայում: Պոսոխովին արված նկատողությունը երևի այնքան խիստ է եղել, որ նա Քոչարյանին տեսնելով ասել է. «Ինչո՞ւ բողոքեց. չէի՞նք կարող մեր մեջ հաշտությամբ վերջացնել»: Պոսոխովին մի անգամ էլ տեսա Ռոստովում 1915—1916 թվականին. փողոցում անցավ իմ կողքից. աչքերի ճփճփացնելուց ճանաչեցի, բայց չխոսեցինք իրար հետ: Վերջին անգամ Չեկայում իմ քննիչը հարցրեց Պոսոխովի մասին, թե ի՞նչ գիտեմ: Հայտնեցի, որ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր և ցարական կառավարության կողմից լրտես էր նշանակված վանքի վրա: Ասացի նաև, թե 1915—1916 թվականներին պատահել եմ Ռոստովում. ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին: == ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ == Կոստանդնուպոլսում շատ հանդիսավոր կերպով են տոնում նոր տարին: Այդ օրը պատրաստում են 3 տեսակ քաղցրեղեն, անուշապուր, փելթե և զերտե: Սեղանի վրա պետք է առնվազն 12 տեսակ միրգ լինի. հաց չկա. նախորդ գիշերվանից փողոցում բարձրաձայն կանչելով վաճառում են նոր ալյուրից թխած մի տեսակ խմորեղեն, որ աղավնիի ձև ունի և կամ ուրիշ կլորակ զարդի ձևեր: Ծախողը կոչում է. «Քուշլար վար, քումրուլար վար, ենի բուղդա քեբաբը վար (թռչուններ ունեմ, տատրակներ ունեմ, նոր ցորենով խորոված ունեմ)»: Իրար հետևից փոքրիկ նվագախմբեր անցնելով կանգնում են յուրաքանչյուր տան առաջ և նվագ ածելով մի քանի կոպեկ ստանում: Հատկապես նշանավոր է հույների լաթերնան, որ մի առանձին տեսակի նվագարան է և որ միայն հույներն են գործածում: Հայոց մեջ արժանի է «Շնորհավոր»-ը: Սա մի բարակ կարտոն է, որի վրա փորագրած են (ծակ-ծակ) հետևյալ բառերը. «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ» (հետո թվականը)։ Լինում է նաև նկարներով «Շնորհավոր»: Երկու տեսակ նկար կա. Քաջ Վարդանի նկարը և կամ Աստվածամոր նկարը: Այս բոլորը ծակ-ծակ է: Խանութներում ծախում են «Շնորհավոր»-ը՝ հատը 2 կոպեկ, բայց շատ անգամ աշակերտները իրենք են փորագրում իրենց տան համար: «Շնորհավոր»-ը դնում են վերոհիշյալ 3 տեսակի քաղցրեղենի վրա և հետո դարչին ցանելով՝ նկարը փոխանցում են քաղցրեղենի վրա: Առանց «Շնորհավոր»-ի տուն չի լինի։ Այս բոլորը տևում է մի շաբաթ, մինչև Ծննդյան տոնի օրը: Շատ ժամանակ էր, որ ես նոր տարի չէի տեսել. ուստի մայրս և քույրերս պատրաստեցին մեր տանը այս բոլորը, բացի աղավնիներից: Ուսուցիչները այցելեցին մեր տունը։ Նրանց մեջ հատկապես հիշում եմ Մանուկ Աբեղյանին, որի մոտ ես երբեք եղած չէի: Նստան մեր պատրաստած սեղանի շուրջը և դիտում են առանց ուտելու: Վերջապես Աբեղյանը ասաց քրոջս. — Օրիորդ, այս բոլորը շատ լավ, բայց մեզ անծանոթ ուտելիքներ են, ուտելու ձևը չգիտենք: Քույրս իսկույն առանձին պնակների մեջ բաժանեց բոլորին և ինքը օրինակ տալով՝ սկսեց ուտել: Կերան և հավանեցին: == ԽՐԻՄՅԱՆԸ ԻՆՁ ՀԵՏ == Մի գիշեր Խրիմյան Հայրիկը մի շաթիր ուղարկելով՝ կանչեց ինձ իր մոտ և ասաց. — Պարոն Աճառյան, ներողություն կանես, որ ես կանչեցի քեզ: Գիշեր է, քուն չունիմ, մարդ ալ չկա, որ խոսիմ հետը. աստեղացոց սիրած չեմ. ասոնք ալ ինձ սիրած չեն: Ի՞նչ ընեմ. ստիպված եմ քեզ կանչելու: Ես կխոսիմ դուն լսե: Կարելի է խոսածիս մեջ շատ ավելորդ բաներ կան, բայց կարող է նաև օգտակար բան լինել: Ավելորդը դուրս ձգե, օգտակարը միտքդ պահե: Ծերերը շատախոս կըլլան, ստիպված պիտի լսես: Ժամերով խոսեց, եղավ կես գիշեր: Ես անբարբառ լսում եմ նրան, թմրում եմ, բայց չեմ կարող վեր կենալ: Վերջապես կես գիշերը անց շաթիրին կանչեց, որ լապտերը վառած ինձ առաջնորդեց մինչև տուն: Այս տեսարանը կրկնվում էր անխափան, ամեն գիշեր, որովհետև «իր միակ բարեկամը ես էի»: Եթե ուզենայի, կարող էի թերևս նրա պատմածներից նոթեր առնել: Խոսում էր ամիրաների կյանքից, գրողների կյանքից, իր եվրոպական ճանապարհորդություններից և այլն: Եվ այս բոլորը մի քանի անգամ: Բայց որովհետև ես պատմաբան չեմ, ուստի մոռացության մատնեցի: == ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Ամառ էր: Ճեմարանի դասերը վերջացել էին: Տպարանում պատահեցի Բենիկ վարդապետին, որին անձամբ ծանոթ չէի: Երիտասարդ, աշխույժ և գործունյա մարդ էր: Խոսեց ինձ հետ և հայտնեց, թե Շուշվա թեմական դպրոցի համար հայերենի ուսուցչի պետք կա: Նախկին ուսուցիչ Գյուլզադյանը (նոր-ջուղայեցի հայտնի հայկաբան, Ֆիրդուսիի թարգմանիչ և հեղինակ «Ոլոր մոլոր Կուրն էր գալիս Կովկաս սարերեն» երգի) ծերության պատճառով հրաժարվել է պաշտոնից: Հոգաբարձությունը կենսաթոշակ է նշանակել նրան և ուզում է նոր ուսուցիչ հրավիրել: Դուք չե՞ք ընդունի այդ պաշտոնը: Մեծ հաճույքով լսեցի այս առաջարկը: Իմ ամենամեծ ցանկությունս էր ապրել Կովկասի զանազան հայաշատ վայրերում և սովորել նրանց բարբառը: Թեև Ղարաբաղի բարբառի քննությունը Էջմիածնում մասնավոր անձերի օգնությամբ կատարել, վերջացրել էի, բայց նորից գնալ և բարբառը ուսումնասիրել տեղում՝ շատ հաճելի էր: Երկրորդ՝ երկու չափահաս քույր ունեի, որոնց ամուսնացնել եղբայրական պարտականությունս էր: Կոստանդնուպոլսում նրանց ամուսնացնել չէր հաջողվել: Առհասարակ Կոստանդնուպոլսում ամուսնությունը չափազանց դժվար է օժիտի պատճառով: Ամուսնացող աղջիկները իրենց փեսացուին պարտական են վճարել մի մեծ գումար, առանց որի ամուսնություն չկա: Մի երիտասարդ բժիշկ սիրահարվել էր մեծ քրոջս և լսելով, որ ես Էջմիածնումն եմ գտնվում, ասել էր. «Հարյուր ոսկի օժիտ ալ չի կրնար ղրկել»: Եվ իմանալով, որ չեմ կարող, սիրահարությունը մոռացել էր և ամուսնությունը մերժել: Կոստանդնուպոլսի այս անվայել սովորությունը, որ Կովկասի քրդական ղալանի հակառակն է, մեծ դժբախտություն է օրիորդների համար և կործանում՝ ընտանիքների: Սիրո վաճառքը ամենամեծ խայտառակությունն է և կործանիչ բարոյականի: Էջմիածնում չէի կարող ամուսնացնել քույրերիս. գյուղացիները, մեծավ մասամբ անգրագետ և աղքատիկ մարդիկ, չէին համարձակվում քույրերիս ուզել: Իսկ Շուշին իբր հայաշատ մեծ քաղաք, ինձ համար գերադասելի էր: Ահա այս երկու պատճառներով, մեծագույն հաճույքով ընդունեցի Բենիկ վարդապետի առաջարկը և պատրաստվեցի մեկնելու: Ամսական ռոճիկ նշանակեցին ինձ համար 90 ռուբլի, որ այն ժամանակ հոյակապ գումար էր: Նախ ինքս մենակ մեկնեցի Թիֆլիս—Եվլախ և այստեղից կառքով Շուշի: Այդտեղ բնակարան վարձեցի և իսկույն մերոնց հրավիրեցի Շուշի: Զվարճալի մի երևույթ: Հենց այն գիշերը, որ մենք հասանք Շուշի, հենց նույն օրը խնդրուկներ ներկայացան և երկու քույրերիս ձեռքը խնդրեցին: — Ա՛յ մարդիկ, դեռ նոր ենք եկել, սպասեցեք մի տեղավորվենք, հետո: Շուշեցի տղամարդիկ շատ են գնահատում օտարտեղացի օրիորդներին և առաջին հերթին նրանց ձեռքն են խնդրում: == ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՈՒՄ == Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է): Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ և դեպի ձախ։ Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից և ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40 000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում: Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ և հետևդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սև գույն ունեն և սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն` «սև այգի»: Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչև կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի առաջ: Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է և բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրև ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում և զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը (տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչև տների ներսը։ Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը։ Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր և զվարճախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան և մի թեմական դպրանոց, որ իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ուսուցչական մարմին ուներ: Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին և ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին և մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում: Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»։ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին: Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած և հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչև Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ կլիներ։ Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները և մոծակը իսպառ վերջացել է: Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել և զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր։ == ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ == Մենք բոլորս սիրեցինք Շուշին: Համեղ ջուրը, փափուկ կլիման, շրջակա անտառները, զբոսավայրերը, հիանալի տեսարանը, բնակիչների զվարթ, անշահախնդիր բնավորությունը հաճելի դարձրին կյանքը: Էջմիածնում մայրս երկու բանից գոհ էր մնացել: Մեկը այն, որ իր տարիների հոդացավը (քամի) մի անգամից վերջացել էր և երկրորդը այն, որ «մոլլա և մինարե չկար»: — Ուր որ գացի, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն, Բաթումի, մինչև անգամ Երևան, սա մունդար էզանի ձանը ականջես չկտըրվեցավ. մինակ Էջմիածին էկա, ադ ձանը վերջացավ: Բայց մայրս ոչ մի օր Էջմիածնի տաճարը չմտավ: Խռովել էր Աստծո հետ, որովհետև Զատիկ օրով իր որդուն մահացրել էր: Դժգոհ էր միայն հայրս, որովհետև ոչ մի աշխատանք չուներ: Լինելով խիստ աշխատասեր, առանց աշխատանքի ձանձրալի էր իրեն կյանքը։ Պարտեզ չկար, որ մշակեր. ամեն տեղ մշակված էր. ծառ ու ծաղիկ էր բուսնում. խճուտ, քարքարոտ հողեր չկային, որ մաքրեր և սևահող լցներ: Սրճարան էլ չկար, որպեսզի գնար նըստեր և ընկերների հետ շաղփաղփելով օրը սպաներ: Միակ հավաքատեղին Շուշվա թոփխանեն էր, մի փոքր հրապարակ քաղաքի կենտրոնում, ուր անգործ մարդիկ, պատերի տակ նստած, զրուցում էին: Սկսեց անել կոշկակարություն, բայց ես արգելեցի: Այս առթիվ, մինչև անգամ, տնային ընդհարում ունեցանք: Ասում էի. «Ահագին ռոճիկ եմ ստանում, ուսուցիչ մարդ եմ. ամոթ է ինձ, որ մի հայր չկարողանամ պահել և նա կոշկակարություն անել ստիպվի. ի՞նչդ է պակաս»: Հայրս վերջ տվեց արհեստին և զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա, տանը նստած, սուտ կոշկակարություն էր անում օդի մեջ, կոշիկ կարել ձևացնելով: Ասացի, որ խնդրակներ էին եկել երկու քույրերիս համար: Հերթը ընկնում էր նախ մեծ քրոջս: Մի խումբ ընտրելիների մեջ առաջնություն ստացավ Նիկոլայ Խաչունցը: Այս մարդը մետաքսի վաճառական էր. մի քանի տարի մնացել էր Մարսելում և գիտեր ֆրանսերեն խոսել: Շուշուց քիչ հեռու, մի ադրբեջանական գյուղում ուներ մետաքսի գործարան, ուր աշխատում էին 150 հոգի: Ասում էին, թե 200 000 ռուբլի փող ունի: Ինքը տխեղծ մարդ էր, հասակը կարճ, մի աչքը կույր, մի թևը կոտրած և մի ոտը կաղ: Մի քանի ավազակներ գիշերանց հարձակվել էին նրա վրա, ինքը իբրև քաջ շուշեցի մարդ՝ անձնատուր չէր եղել և սկսել էր կռվել նրանց դեմ: Նրանք զինված լինելով, այսչափ չարիք էին հասցրել նրան և կիսամեռ թողել հեռացել: Քույրս, երբ տեսավ նրան առաջին անգամ, «Բա՞, ասիկա ճուճե է»,— ասաց, ծիծաղեց նրա վրա և արհամարհեց: Մարդիկ մեջ ընկան, հատկապես թեմական դպրանոցի ուսուցիչ Գարեգին Խաժակը, որ ալեքսանդրապոլցի լինելով, խոսում էր արևմտյան բարբառով և այս պատճառով էլ շատ մտերմացած էր հորս հետ, վերջապես համոզեց նրան: Երեք օր տևեց հարսանիքը՝ հին հեքիաթների ոճով. Նիկոլայի ընդարձակ տունը, իր բազմաթիվ սենյակներով, լցված էր հյուրերով: Առաջին օրը հրավիրված էին հարուստները, երկրորդ օրը միջակ դասակարգը և երրորդ օրը աղքատ դասակարգը: Հարսանիքից հետո քույրս տեղափոխվեց նրանց տունը: Հերթը հասավ փոքր քրոջս՝ Արմենուհուն: Նա կտրականապես մերժեց բոլոր առաջարկողներին: Արդեն ուներ մի ընտրելի, որ էր Մելքոն Ղազարոսյան կոչված անձը: Երբ ես Կեդրոնականի աշակերտ էի, Մելքոնն էլ աշակերտ էր՝ ինձնից մի քանի տարի ցածր: Շատ աղքատ էր. ինքը քղեցի էր. բնակարան չունենալով, գիշերում էր դպրոցի ծառաների սենյակում: Փող չուներ, որ ճաշեր, ուստի կերակրվում էր աշակերտների ճաշի մնացուկներով. մի քանի պատառ հաց, մի քիչ խաղող և պանրի կտորտանք. ահա այս էր իր ուտեստը: Դպրոցը ավարտելուց հետո ես ոչինչ չիմացա նրա մասին: Երբ Էջմիածին եկա, տեսա նրան այնտեղ: Պատմեց, թե գնացել է Մոնպելիեի երկրագործական բարձրագույն վարժարանը և ավարտել: Այժմ եկել էր Էջմիածին և Կաթողիկոսի հրամանով նշանակվել էր Էջմիածնի և Ճեմարանի հողերի վրա: Հայրս լավ երկրագործ էր. իբրև հայրենակից ծանոթացավ նրա հետ և բարեկամացավ: Մելքոնը հաճախ մեր բնակարանն էր գալիս, և մենք լավ մտերիմներ դարձանք: Գրեթե ամեն օր մեզ մոտ էր: Բայց հայրս չհավանեց նրա գիտության. լավ երկրագործ չէր: Մի անգամ Մելքոնը ընդարձակ մշակություն էր սկսել Ճեմարանի հետևը գտնված հողի վրա: Հայրս հարցնում է. «Պարոն Մելքոն, ի՞նչ կցանես»: «Գետնախնձոր, կարտոֆիլ»: Ադ ցանածդ կարտոֆիլ չէ, ընկույզ է. եթե կուզես, որ կարտոֆիլ լինի, այդքան երեսկունկ չպիտի ցանես. խոր փորե»: «Է՜, Հակոբ աղա, ա՛լ գետնախնձորի մասին չխոսիս ինձի հետ, որովհետև ես գետնախնձորի նշանավոր մասնագետ եմ»: Երբ բերքը հասավ, ստացվեց փոքրիկ խնձորի չափ դառն և լեղի մի բան: Մեզ էլ մի քիչ նվեր ուղարկեցին. ուտելու բան չէր: Մելքոնի միամտությունը ամեն օր մեր ծաղրի առարկան էր դարձած: Բայց նա մեր ծաղրն էլ չէր հասկանում և մեզ հետ միասին ծիծաղում էր իր վրա: Ահա այս անձն էր քրոջս ընտրելին: Երևի Էջմիածնում հարմար մի առթիվ պայմանավորվել էին իրար հետ. ուստի մերժեց բոլորին և հորս ու մորս հետ երեքով միասին որոշեցին մեկնել Էջմիածին: Ես այս ամուսնության հակառակ էի. իմ այն սքանչելի քրոջս ողորմելի Մելքոնին չէի ուզում տալ և ասացի. «Ես նրան քեզ արժանի չեմ համարում: Դու շատ ավելի լավերին ես արժանի. իբրև հարազատ եղբայրդ, սրտանց ասում եմ քեզ այս. բայց իբրև մարդ իրավունք չեմ համարում արգելք լինել քեզ: Եթե գնալու ես, գնա, բայց իմացի՛ր, որ նրան գնալուց հետո, ես քո եղբայրը չեմ»: Դժբախտ քույրս չլսեց ինձ, գնաց և ամուսնացավ Մելքոն Ղազարոսյանի հետ Էջմիածնում: Մի փոքրիկ կետ այստեղ: Պոլսի բարբառով Ղազարոս անունը նշանակում է «ապուշ»: Քույրս չուզենալով «ապուշ» լինել, փոխեց ազգանունը և դարձրեց Զարոսյան: — Դիտողություն.— Երևանի լեզուն պարզ է, ուստի հասկանալի էր մերոնց. բայց Ղարաբաղի բարբառը շատ դժվար էր նրանց համար։ Ոչինչ չէին հասկանում. «Կյառնը, ի՞նչ կուզե ըսել»,— ասում էր մայրս: «Գառը չգիտես ի՞նչ է»: «Է, թող գառը ըսե, որ հասկընամ, կյառնը ի՞նչ իմանամ, թե ինչ է»: Իսկ մեծ քույրս, ապրելով ղարաբաղցի այանների շրջանում, վարժվեց նրանց հետ, բայց երկու բարբառի խաչաձևումով կազմել էր մի նոր բարբառ: Օրինակ՝ «Քա, անիկա ի՞նչ է օզըմ»: == ԻՄ ԹՈՔԱԽՏԸ == Մերոնց բացակայության ժամանակ, որ շուրջ մի ամիս տևեց, ես թոքախտ ստացա Շուշում: Մի օր արթնանում եմ և տեսնում եմ, որ աջ կողքս (սնակուշտ) ցավում է, շունչս կտրվում է, և շնչելու ժամանակ լանջքս ցավում է: Հասկացա, որ թոքախտ եմ ստացել և դիմեցի բժիշկ Քրիստափոր Օհանյանին: Այս հիանալի անձը, որի հիշատակը անմոռանալի կերպով պահած եմ սրտիս մեջ, բնիկ շուշեցի էր: Սովորել էր Շվեյցարիայում և լավ ֆրանսերեն էր խոսում: Բայց որովհետև Ռուսաստանում պետական օրենքով, արտասահմանում սովորած բժիշկները իրավունք չունեին իրենց արվեստը գործադրելու, ուստի նա էլ զրկված էր բժշկության իրավունքից: Մտածել էր խորամանկ մի միջոց: Դիմել էր ռուսաց կայսրուհուն, որ համարվում էր ակնաբուժության պաշտպան, և հայտնելով, որ Շուշում ակնաբույժ չկա, խնդրել էր թույլ տալ ակնաբուժությամբ պարապելու: Կայսրուհին շնորհեց այդ իրավունքը, և նա սկսեց պարապել ակնաբուժության հետ նաև ամեն տեսակի բժշկությամբ: Նստեցրեց ինձ աթոռակի վրա մինչև կես մեջքս մերկ դրությամբ: Լսեց կուրծքս, լանջքս, աջ ու ձախ և ասաց. «Այո, ես էլ եմ կարծում, որ դուք արդեն թոքախտ եք ստացել»: — Ոչինչ,— ասացի,— ես թոքախտի բուժումը գիտեմ, պետք է շատ ուտել, լավ սնվել, բաց օդում քնել և այս միջոցով թոքախտը կբուժվի: Ես այս կարծիքը կազմել էի նախ Կոստանդնուպոլսում մի թոքախտավոր աղջկա սիրահարված ժամանակ: Այս առթիվ ես կարդացել էի զանազան բժշկական գրքեր և սովորել էի, թե «թոքախտը բուժելի է»: Երկրորդ, Էջմիածնում ծանոթացել էի Ստեփան Կանայանի եղբայր Հայկ Կանայանի հետ, որ բժշկության ուսանող էր Ռուսաստանում և թոքախտ ստանալու պատճառով թողել էր ուսումը և վանքում դեղագործ էր: Բուժման համար դիմել էր շատակերության միջոցին։ Աջ ու ձախ ձեռքում մի-մի վարունգ բռնած, առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ուներ), մեկ աջից, մեկ ձախից կրծելով, անընդհատ ուտում էր: Կերակրի խտրություն չգիտեր և այս միջոցով բուժեց իր թոքախտը, մի թոքը չորացավ և մյուս թոքով ապրեց մինչև 75 տարեկան: Բժիշկ Օհանյանը իմ կարծիքը հաստատեց, և ես գնալով տուն, ուր մենակ էի, ձեռնարկեցի շատակերության: Դռան առաջով անցնում էր մի կաթնավաճառ։ Կանչեցի և մի կուլա կաթ գնելով, հում-հում ամբողջությամբ րոպեապես դատարկեցի և ամանը հետ տվի, 20 կոպեկ վճարելով: Մարդը զարմացավ, երեսս նայեց և ժպտալով հեռացավ: Չգիտեր, թե ես թոքախտ ունեմ և սրանով թոքախտ եմ բուժում: Քիչ հետո անցավ մի գյուղացի, որ թութ էր ծախում: Մի կողով թութ վերցրի, ներս տարի և առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ունեի) ամբողջը կերա: Հևալով պառկեցի և քիչ հետո տեսա, որ սնակուշտս չի ցավում և շունչս չի կտրվում: «Այսպես կհաղթեմ թոքախտին»,— ասացի ես և քնեցի: Մյուս օրը գնացի նշանավոր բժիշկ ծերունի Աթաբեկյանին, որ երիտասարդ բժիշկ Լևոն Աթաբեկյանի հայրը կամ հորեղբայրը պիտի լինի: Ներս մտնելով իր սենյակը, մի ռուբլի դրի սեղանի վրա, հայտնեցի, թե թոքախտ ունեմ: — Ինչի՞ց ես իմանում,— հարցրեց բժիշկը: — Աջ կուշտս ցավում է և շունչս կտրվում է: — Թոքախտը կուշտից չի սկսում, այլ կրծքի վերևից և շունչն էլ չի կտրվում: Մի քիչ քննեց, կուրծքս լսեց և ասաց. — Դու թոքախտ չունես, վեր կաց գնա: Դուրս գնալու միջոցին բժիշկը կանչեց ինձ. — Դու ի՞նչ մարդ ես, ի՞նչ գործ ես անում: — Կոշկակար եմ: — Ոչ, դու կոշկակար չես. կարծեմ ուսուցիչ ես. վերցրու մանեթդ և գնա: (Ուսուցիչներից բժիշկները փող չէին վերցնում. բուժումը ձրի էր նրանց համար): — Ես ուսուցիչ չեմ, ես կոշկակար եմ,— ասացի և փողը թողնելով փախա: Այսպես բուժվեց իմ թոքախտը: == ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ == Երկու տարի մնացի Շուշում իբրև ուսուցիչ հայերենի՝ թեմական դպրանոցում: Չափազանց գոհ եմ իմ դիրքից, տեղից և պաշտոնակիցներից: Դպրոցի տնօրենն էր այն ժամանակ Բենիկ վարդապետը, որ ինձ հրավիրել էր Էջմիածնում: Պատմեմ այս անձի մասին իմ կրած տպավորությունը: Նա ազնիվ մարդ էր. ես նրանից ոչ մի անազնիվ բան չեմ տեսել: Իմ կյանքի նոր ուղղությունը նա գծեց: Եթե Էջմիածնում մնացած լինեի, անշուշտ կյանքս չպիտի ստանար այն ընթացքը, որ Շուշում ստացավ: Էջմիածնում ես մի երկրորդական ուսուցիչ էի, անարժեք և արհամարհված. մինչդեռ Շուշում ես պատվավոր ուսուցիչ էի և այն էլ հայոց լեզվի, որ այն ժամանակ համարվում էր ամենահարգի առարկան: Բոլոր ուսուցիչները ինձ հավասար ընկերներ էին: Բենիկ վարդապետը այնքան վստահություն ուներ իմ վրա, որ ոչ մի անգամ իմ դասին ներկա չի եղել: Ինձ քննելու կամ ստուգելու կարիք չէր զգում: Այսպես նաև մյուս ուսուցիչները: Ժողովուրդը ամեն տեղ ինձ կոչում էր «վարժապետ». մի տիտղոս, որ տալիս են ամենից հարգելի անձերին: Այն զզվելի ատելությունը, որ տեսնում էինք Էջմիածնում տաճկահայերի դեմ, բացարձակապես գոյություն չուներ Շուշում և թերևս հակառակն էլ էր: Տաճկահայերին սիրում էին՝ իբրև ավելի ուսումնասեր և ազգասեր հայերի: Մի միջանկյալ դեպք պատմեմ: Մի օր մի մեծ խմբով ընդհանուր հացկերույթի էինք գնացել Բեխամեբյուրի աղբյուրը: Հացկերույթի ժամանակ իմ կենացն էլ առաջարկեցին: Ես բաժակ վերցրի և շնորհակալություն հայտնեցի այն հարգանքի համար, որ վայելում էի թե՛ ուսուցչական կազմի, թե՛ դրսի մարդկանց և թե՛ հասարակ ժողովրդի կողմից: Գուցե անմտությամբ ակնարկեցի նաև, թե Երևանում վատ վերաբերմունք կար դեպի տաճկահայերը, իսկ ես Շուշում ոչ մի նման երևույթ չեմ նկատում: Այս խոսքիս վրա տիրեց ընդհանուր դժգոհություն: Վիրավորվեցին, երբ նկատեցին իմ խոսքի մեջ, թե կարող է այդպիսի բան լինել: Ահա թե ինչքան մեծ տարբերություն կար Երևանի և Շուշու միջև: Բենիկ վարդապետը հայտնի եղավ Կովկասում իբրև նշանավոր ճարտասան քարոզիչ: Ահա թե ինչպես էր ձեռք բերել այս արժանիքը, ինչպես ինձ պատմեցին ուսուցիչ ընկերներս: Բենիկ վարդապետը նախապես շատ անշնորհք քարոզիչ էր: Խոսում էր կմկմալով: Մտածել է հետևյալ միջոցը: Գրել է մի բավական ընդարձակ քարող, ուղղել, սրբագրել, ընդարձակել և մի լավ ձևի վերածելուց հետո, անգիր է արել: Կիրակի օրը գնացել է. եկեղեցի և այդ անգիր արած քարոզը խոսել: Բնականաբար շատ հաջող է անցել: Վերադարձել է տուն և մի երկու ուրիշ նման քարոզներ էլ է շարադրել և ապա անգիր արել: Դրանք էլ զանազան օրեր եկեղեցում խոսելով՝ լավ արդյունք է ձեռք բերել: Այսպես մի խումբ քարոզներ գրելուց և անգիր անելուց հետո ստեղծել է իր համար մի լայն շրջանակ: Ուզած օրը, ուզած տոնի առթիվ բերան արած քարոզներից մեջբերումներ անելով, կարող էր այլևս շարունակ նորանոր պերճախոս քարոզներ արտասանել: Այսպես ահա ձեռք բերավ Բենիկ վարդապետը իր պերճախոս քարոզչի համբավը։ Քարոզներից մի քանիսը հետագայում հրատարակեց նա «Քարոզչական թոթովանքներ» խորագրով: Դրսում չգիտեմ, թե ինչ անցուդարձ կար նրա մասին: Կարծեմ հուզումնալի դրություն էր ստեղծված, որի պատճառով նա թողեց տեսչական պաշտոնը և նրա տեղ անցավ Զուրաբյանը: Շատ տարիներ հետո Բենիկ վարդապետը դժբախտաբար շեղվեց իր ճանապարհից և «Ազատ Եկեղեցու» հիմնադիր դարձավ: Իր հետ էին միացել Աշոտ եպիսկոպոս Շխյանը և Մելյան քահանան: Այս երեքը ստացան Երևանի Լուսավորիչ եկեղեցին, որ «Ազատ Եկեղեցու» աթոռանիստը դարձավ: Հրապարակում էին նույն անունով մի պարբերական հանդես: Աղմուկը տարածվեց Կովկասի զանազան կողմերում և ժողովրդական տուր ու դմփոցի պատճառ եղավ. նպատակը Հայոց Եկեղեցու ուժը ջնջելն էր, որ սակայն չհաջողվեց: «Ազատ Եկեղեցին» մի քանի տարի հետո իսպառ խափանվեց: Մյուս պաշտոնակիցներիս մեջ հիշատակության արժանի են Գարեգին Խաժակը, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը, Հարություն Մելիքյանը, Համբարձում Աբովյանը, Արշակ Մեհրաբյանը, պատմաբան Միշան և ուրիշներ: Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը Գանձակի գյուղերից էր, մեզ հայտնի քաղաքական գործիչ և գրող, համալսարանի դասախոս Հայկ Գյուլիքևխյանի հայրը: Հին մարդ էր և այնպես հռչակավոր ուսուցիչ, որ «վարժապետ» բառով միայն նրան էին հասկանում: Թեմականի ցածր դասարաններում հայոց լեզու էր ավանդում: Մեծ ուսում ստացած չէր. ինքնուս էր. բայց գործնական կյանքի մեջ մանկավարժական մեծ փորձառություն էր ստացել: Ամենքս հարգում էինք նրան, և նրա խորհուրդները մեզ համար պատգամ էին: Գարեգին վարժապետը արտասանության մեջ մի զարմանալի ձև ուներ. օրինակ՝ հիվանդ բառը չէր արտասանում հիվանդ ձևով, ինչպես բոլորս արտասանում ենք, այլ հիուանդ։ Երբ մի օր հարցրի նրան, թե ինչու այդպես եք հնչում, պատասխանեց, թե մեր գյուղում բոլորը այդպես են հնչում: Ուրեմն տառի հին հնչումն էր, որ դեռ կենդանի էր մնացել նրանց մոտ: Արշակ Մեհրաբյանը Թիֆլիսի Հավլաբար թաղից էր: Ավարտել էր Ներսիսյան դպրոցը և ցածր դասարաններում հայերենի ուսուցիչ էր: Ազնիվ և գործունյա երիտասարդ էր. իր աշխատանքից բոլորը գոհ էին: Մինչև այժմ նա ուսուցիչ է և գործում է Երևանում (1952 թ.): Գիտե նաև լավ վրացերեն. դժբախտաբար ոչ մի գրական գործ չունի: Համբարձում Աբովյանը մեր նշանավոր հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռն էր: Բարձրահասակ, գիրուկ, ծանրաբարո, խոշոր, կարմիր մորուքով մարդ էր: Դասախոսում էր եկեղեցական պատմություն: Վաղամեռիկ եղավ: Սա էլ մի զարմանալի արտասանություն ուներ. խայտաբղետ բառը միշտ հնչում էր խայտաբզետ։ Սկզբում կարծում էի, թե կատակ է անում, երբ ասում էր «խայտաբզետ օրիորդները եկան»: Մի օր հարցրի, թե այդ բառը ինչո՞ւ այդպես եք արտասանում: — Հապա ինչպե՞ս արտասանեմ: — Բառը խայտաբղետ է: — Մի՞թե,— ասաց նա.— ես միշտ այդպես եմ լսել: Եվ որովհետև դեպի ինձ հարգանքով էր վերաբերվում, խոստացավ ուղղել իր հնչումը: Շատ ու շատ տարիներ հետո Մանուկ Աբեղյանին հարցրի այս սխալի պատճառը. պատասխանեց, թե ռուսերենից հայերեն հնագույն բառարանում ռուսերեն пестрый բառի դեմ վրիպակով տպված է եղել խայտաբզետ և այդ ձևը սովորական է դարձել շատերի համար: Հարություն Մելիքյանը Գերմանիա սովորած մասնագետ էր մաթեմատիկայի: Աշխուժության մարմնացում, կանգնած տեղը դողում էր. մաթեմատիկայի դասը դառնում էր դասարանում պերճախոսության մի սքանչելի օրինակ, և որովհետև մաթեմատիկան ասպարեզ չունի, իսկ նա գործունեության չափազանց մեծ եռանդ ուներ, ուստի դրսում մտել էր ազգային գործերի լայն ասպարեզի մեջ: Այդ սքանչելի երիտասարդը դժբախտաբար վաղամեռիկ եղավ՝ գիշեր ժամանակ պատշգամբից ցած ընկնելով: Պատմաբան Միշան (դժբախտաբար ազգանունը մոռացել եմ) սքանչելի բնավորությամբ, չափազանց ընկերական երիտասարդ էր: Նվիրված էր պատմության, որը չափազանց սիրում էր: Ինքս էլ մի քիչ պատմաբան լինելով, իրար հետ դարձել էինք ամենամտերիմ խոսակից ընկերներ: Շուշուց բաժանվելուց հետո նրանից ոչ մի տեղեկություն չունեի: Երևանում 1920-ական թվականներին լսեցի, որ Խարկովումն է և այնտեղ նշանավոր կուսակցական գործիչ է: Առանձին պետք է խոսեմ Գարեգին Խաժակի մասին, որ մեր խմբի մեջ շատ նշանավոր դեր ուներ: Նա պատմաբան էր և սովորել էր իր ուսումը Գերմանիայում: Ալեքսանդրապոլցի էր և իր խոսակցության մեջ հաճախ գործածում էր արևմտահայ գրական լեզուն: Հաճախ խոսում էինք իրար հետ և շատ հաճախ վեճ էինք ունենում որևէ հարցի շուրջը: Նա միշտ հակառակվում էր և պնդում իր ասածի վրա: Մի փոքրիկ դեպք պատմեմ: Մի անգամ մի ընկերական հավաքույթի մեջ խոսք եղավ ասորիների և ասորեստանցիների մասին: Խաժակը ապլոմբով հայտարարեց, թե այդ 2 ազգերը միևնույն են: Դա մի մեծ ժողովուրդ էր, որ Միջերկրականից սկսած տիրում էր մինչև Պարսկաստան: Ես ասացի, թե «Խաժակ, սխալ ես ասում, Ասորիք և Ասորեստան տարբեր երկրներ են: Նրանք առանձին ազգեր են, տարբեր լեզուներ ունեն»: — Ոչ,— գոռաց Խաժակը,— սխալ ես ասում: Խաժակը պատմության ուսուցիչ լինելով այսպիսի սխալ չպիտի գործեր: Հաջորդ օրը ես մի նամակ գրեցի Հյուբշմանին այս առթիվ և խնդրեցի իր գրավոր կարծիքը: Մի քանի օրից ստացա գերմաներեն լեզվով գրած 4 երեսանոց մի նամակ, որ սքանչելի պարզությամբ պատասխանում էր հարցին: Նամակը վերցրի և մի ուրիշ օր մեր հաջորդ հավաքման մեջ, բոլորի ներկայությամբ կարդացի: — Տեսա՞ր, դա ճիշտ իմ ասածն է ասում, դու ճիշտ հակառակն էիր պնդում,— ասաց նա ինձ: Այսպիսի շրջադարձ, այսպիսի խաբեբա ոստյուն անկարելի էր սպասել: Դիմեցի մյուս ընկերներին և հարցրի, թե այն օրը ով ինչ էր ասում: — Չենք հիշում,— ասացին բոլորը անտարբերությամբ և միջադեպը փակվեց, մեծ վերք գցելով սրտիս մեջ: Հյուբշմանի նամակը այնքան լավն էր, կարծես ինչ-որ հանրագիտարանի միջից պոկված մի թերթ, որ ես ամբողջովին թարգմանելով՝ հրատարակեցի իմ «Պատմութիւն Եղիա քահանայի» աշխատության առաջաբանում: Մոտավորապես նման մի դեպք ունեցա Խաժակի հետ Շնիկ աստղի երևալու ժամանակի մասին։ Շուշու Թոփխանայից մի գիշեր միասին անցնելիս մեր դեմը երևաց բարձրում Շնիկ աստղը, ցույց տվի Խաժակին և խոսեցի նրա ծագման և անկման ժամանակի մասին: — Ոչ,— հակառակվեց նա ինձ,— սխալ ես ասում: Երբ եկավ փետրվար ամիսը և նորից էինք անցնում Թոփխանայով և Շնիկ աստղը ցույց տալով, իմ ասածը ուզեցի հաստատել, ճիշտ նախորդ ձևով ասաց. — Տեսնո՞ւմ ես, իմ ասածը դուրս եկավ, դու հակառակն էիր ասում: Խաժակի մասին լսել եմ նաև հետևյալ միջադեպը. Մի ժողովի ժամանակ վեճ է ունենում ներկաներից մեկի հետ և ասում է նրան. — Դուք կարդացե՞լ եք Մարքսի այսինչ գործը: — Իհարկե,— պատասխանում է նա,— կարդացել եմ: — Սուտ ես խոսում,— ասում է Խաժակը,— դու չես կարդացել այդ գիրքը, որովհետև Մարքսը այդպիսի գիրք չէ գրած: Խաժակի մահը աղետալի եղավ: 1915 թվականին տաճիկները մի գիշերվա մեջ 500 ազգային գործիչ աքսորեցին և կոտորեցին: Նա նրանց մեջ էր: Դպրանոցի ուսուցիչներից էր նաև Ավետիս Տեր-Հարությունյանը, որ Ղարաբաղի Թաղոտ գյուղից էր: Էջմիածնում ուսանող ժամանակ օգնել էր ինձ Ղարաբաղի բարբառի քննությունս գրելու ժամանակ: Շուշում շատ ավելի մտերմացանք իրար հետ և միասին կազմեցինք Պետրոս Դուրյանի տաղերի ժողովածուն: Առաջաբանը գրեց նա, կենսագրությունը գրեցի ես, տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի Դուրյանի դժվար հասկանալի բառերը: Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում: Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ: Շաբաթ երեկո էր: Ավետիսը ստացավ իր 100 օրինակը: Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ գիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա: Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը: Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը: Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը: Այսպիսով ամբողջ գիրքը անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում: Ես էլ չունեմ: Թեմականի ուսուցիչներից հիշենք նաև Փիրջանյան (շուշեցի), Հայկ Հովակիմյան (երևանցի, կոչված Փոքր Հայկ), Հայկ Հովակիմյան (ագուլեցի, կոչված Մեծ Հայկ), բոլորն էլ լավ ընկերներ, որոնց կյանքի հետագա ընթացքը չգիտեմ: == ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ԹԵՄԱԿԱՆՈՒՄ == Բենիկ վարդապետը հայտնեց, թե ուսումնական տարին նոր սկսելու ժամանակ, սովորություն կա, որ ուսուցիչներից մեկը հանդիսավոր դասախոսություն կարդա: Առաջարկեց, որ այդ դերը ես վերցնեի, որպեսզի ժողովուրդը ճանաչեր ինձ: Ես Այդ ժամանակ զանազան հոդվածներ էի կարդում հայ զինվորների հասակի չափման մասին: Գրում էին, թե հայ զինվորները հասակի կողմից երկու որոշ կարգի են բաժանվում: Ոմանք միջակ կամ միջակից ցածր հասակ ունեն, ոմանք էլ միջակից բավական բարձր: Այդ թվերը սանտիմետրով չափած՝ հրատարակված էին: Այս ազգագրական տեղեկությունը վերցնելով, ենթադրեցի, թե դա արդյունք է այն բանի, որ հայոց մեջ կա 2 ցեղ. մի ցեղը հնդեվրոպացիք են, երկրորդը՝ խալդիները: Արդարև հայ ազգը ձևացած է գլխավորապես այս 2 ցեղերի գումարից: Հնդեվրոպացիների հասակը հայտնի է մեզ. Հյուսիսային Եվրոպայի հնդեվրոպացիք բարձրահասակ են, ինչպես՝ ռուսները, գերմանացիք, անգլիացիք և այլն, իսկ Հարավային Եվրոպայի հնդեվրոպացիք միջհասակ են, ինչպես՝ հույները, իտալացիք, իսպանացիք և այլն: Ուրեմն հայոց մեջ միջահասակ ցեղը ներկայացնում է Հարավային Եվրոպայի հնդեվրոպացի ցեղը: Խալդիները բարձրահասակ էին, ինչպես երևում է ասորեստանյան արձանագրությանց մեջ դրված նկարներից: Այսօր էլ վանեցիք, որ գերազանցապես ներկայացնում են խալդի ցեղը, վիթխարի, բարձրահասակ մարդիկ են: Երբ ես ասացի, թե բարձրահասակ հայերը խալդի են, բոլորի աչքերը սևեռվեցին Խաժակի վրա, որ մեր ուսուցիչների մեջ ամենից բարձրահասակն էր, այնուհետև նրա անունը դրին խալդի: Խաժակը դժգոհ էր այս եզրակացությունից: Մի ուրիշ ելույթ էլ ունեցա Շուշում: Զվարճալի է դրա պատմությունը: Ուշ գիշերին, երբ պառկած էի, մի երիտասարդ բերավ ինձ մի նամակ, որի մեջ Սերմնացանի դուստրը՝ Հռիփսիմեն գրում էր. «Եթե ինձ հարգում եք, այս րոպեիս եկեք թատրոն»: Սերմնացանը Շուշվա ազատականներից մեկն էր. ուներ երկու աղջիկ՝ Հռիփսիմե և Գայանե՝ առաջինը երկրորդից գեղեցիկ, ինչպես Ագաթանգեղոսի մեջ: Ուներ նաև մի որդի, սիրուն պատանի, որ սակայն կուզ էր: Կուզին տարին Եվրոպա և բժշկական միջոցներով կուզը ուղղելով, բերին Շուշի: Սերմնացանը երբեմն գրում էր «Մշակ» թերթի մեջ և խոսում ու քննադատում էր Շուշվա անցուդարձը: Ընտանիքում, բացի հայերենից և ռուսերենից, խոսում էին ազատ ֆրանսերեն. և այդ էր պատճառը, որ ես էլ ընդունված էի այդ ընտանիքի մեջ և հաճախ այցելություններ էի տալիս: Նամակը կարդացի թե չէ, իսկույն վեր կացա և գնացի Խանդամիրյանի թատրոնը, ուր այդ գիշեր ներկայացում կար: Ներկայացումը բարեգործական նպատակով էր: Օրիորդ Հռիփսիմեն, որ լավ սիրող էր, մասնակցում էր խաղին։ Ինչ-որ վեճ է ծագում իր և դերակատար մի երիտասարդի միջև: Հռիփսիմեն վիրավորված, պահանջում է երիտասարդից ներողություն խնդրել. նա չի խնդրում: Հռիփսիմեն զայրացած պատասխանում է նրան. երիտասարդը օրիորդին նեղը գցելու համար՝ հրաժարվում է խաղից: Այդ պատճառով Հռիփսիմեն կանչում է ինձ: Երբ ես ներկայացա իրեն, նա ինձ մի երես գրություն տվեց, որ երիտասարդի դերն էր, խնդրեց մի քանի անգամ կարդալ և անգիր անել, որպեսզի հասարակության առաջ դերս կատարեի: Չգիտեի, թե ինչ եմ և ինչ եմ ասում: Շորերս փոխեցին, գլխիս մի գլխարկ դրին, առաջս մի գոգնոց կապեցին և ինձ բեմ հրեցին: Հռիփսիմեն հայտնեց ինձ, թե ես այդ տան խոհարարն եմ, վաղուց ապրում եմ այդ տան մեջ և իբրև ծերունի, վստահելի և ուղղամիտ մարդու, բոլորը ինձ հարգում են: Ուստի ես պետք է խոսեմ համարձակ և հեղինակավոր ձայնով: Բայց թե ում հետ պետք է խոսեի և ինչ պատճառով՝ չգիտեի: Ժամանակ չկար երկար բացատրելու: Մտա ներս հանդիսավորապես և բոլոր ժողովրդի ծափահարության տակ, արտասանեցի դերս, չիմանալով, թե ում հետ եմ խոսում: Դերս վերջացավ և դուրս եկա: Հռիփսիմեն էլ եկավ և հայտնեց ինձ չափազանց մեծ շնորհակալություն, ասելով միանգամայն, թե «դերը շատ լավ տարիք»: Այս «դերակատարությունս» երկրորդն էր կյանքիս մեջ. առաջինը տեղի էր ունեցել Էջմիածնում, ուր կատարեցի անխոս մի հիմարի դերը: Հետագայում շատ առիթներ ունեցա մասնակցելու թատերական խաղերին. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը խաղացել եմ 14 անգամ՝ կատարելով Մանուկ աղայի դերը: Դրա համար էլ ծածկանունս դրել եմ «Մանուկ աղա», այդ ծածկանունով հոդվածներ եմ գրել Երևանում Խոճիկի հրատարակած «Կարմիր մոծակ» զավեշտաթերթի մեջ: == ԱՎԵՏԻՍ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ ՀԵՏ == Գրադարանումն էի: Կարդում էի Շուշում տպված Առակագիրքը, որ կիսովին բարբառով էր: Ես հավաքում էի Ղարաբաղի բառերը. գրքի ետևի շապիկի վրա կարդացի հեղինակի՝ Ավետիս Բահաթրյանի անտիպ գործերի ցուցակը: Դրանց մեջ կար Ղարաբաղի բարբառի բառարանը։ Չափազանց ուրախացա և դիմելով գրադարանապետ Պողոս Զաքարյանին, հարցրի, թե ո՞վ է այս Ավետիս Բահաթրյանը: Տեղից վեր կացավ, սրահի կենտրոնը սեղանի վրա կռացած մի ծերունի ցույց տվեց և ասաց. — Ահա այդ ծերունին է: Վեր կացա, գնացի ծերունու մոտ, հարգանքով բարևեցի և ասացի. — Այս գրքում կարդացի այժմ, թե դուք Ղարաբաղի բարբառի ընդարձակ բառարան եք կազմել. կարելի՞ է տեսնել ձեր գիրքը։ — Կորի գնա՛, լակոտ, եկալ ըս ինձ ձեռք առնելո՞ւ: Գնացի Պողոս Զաքարյանի մոտ և տեսարանը պատմեցի: Նա գնաց սրահ և ծերունուն մոտենալով, խոսեց իմ մասին: Անշուշտ նա հայտնեց, թե ես իր ասած լակոտներից չեմ, ուսուցիչ եմ թեմականում և հետաքրքրվում եմ Ղարաբաղի բարբառով: Ծերունին կանչեց ինձ և ասաց. — Թե որ իդի է, եր կաց քինինք մեր տոնը քեզ շանց տամ: Ծերունին վեր կացավ, թևը մտա և դանդաղ քայլերով առաջնորդեցի մինչև իր տունը, որ գտնվում էր հայոց թաղի ծայրը, ադրբեջանական թաղի սահմանում, Խանդամիրյանի թատրոնի դեմը, աղբյուրից մի քիչ վերև: Հայոց թաղի առաջին տունն էր: Տանը ապրում էր նա մենակ. ոչ ոք չուներ: Տարավ իր սենյակը և բառարանը առաջս դրեց: Դա մի ընդարձակ գործ էր, կազմած, ձախ կողմի վրա բառերը գրած, բայց դրանց դեմը բացատրություն չկար: Այժմ պատմեմ Բահաթրյանի կյանքը: Բահաթրյանը եղել է տորոն մշակող: Ընդարձակ հողեր է մշակել և բերքը Եվրոպա արտահանելով՝ վաճառել: Հարուստ մարդ էր ուրեմն: Մի տարի Շվեյցարիայից, մի պրոֆեսորի կողմից, ստանում է մի նամակ, որով պրոֆեսորը հայտնում է, թե հնարել է ալիզարին կոչված քիմիական նյութը, որով տորոնը ավելորդ է դառնում: Պրոֆեսորը զգուշացնում է տորոն մշակողներին ընդհանրապես, դադարեցնել մշակությունը, ապա թե ոչ բոլորը պիտի սնանկանան: Այդպիսի նամակ ստացել էին նաև ուրիշները: Ուրիշների նման, Բահաթրյանն էլ չլսեց պրոֆեսորի առաջարկը, խաբեբա համարելով նրան. մշակեց տորոնը, որ անվաճառ մնալով, Բահաթրյանը սնանկացավ: Բահաթրյանը երկու որդի ուներ՝ Առաքել և Բահաթուր: Առաջինը հայտնի գրող է. երկրորդը տարիներ հետո գնում է Շվեյցարիա, համալսարան մտնելու նպատակով: Համալսարանում պրոֆեսորներից մեկը, լսելով նրա ազգանունը, մոտենում է նրան և ասում. — Դուք շուշեցի եք. տորոն մշակող Ավետիս Բահաթրյանի որդի՞ն եք. ես նրան զգուշացրել էի, որ տորոն չմշակի. նա չլսեց ինձ, մշակեց և սնանկացավ. այդպե՞ս է: — Այդպես է: — Որովհետև ձեր հոր սնանկացման պատճառը ես եմ եղել, ես վերցնում եմ ձեզ իմ խնամակալության տակ և մինչև ձեր ավարտելը կպահեմ ձեզ: 1923 թվականից հետո, երբ ես Երևան փոխադրվեցի, համալսարանում տեսա սույն Բահաթուր Բահաթրյանին, մաթեմատիկայի դասախոս էր. կարճ հասակով և ուռած մարմնով մի անձ էր: Իրար հետ մտերմացանք: Պատմեցի իր հոր պատմածները և որդին հաստատեց դրանք: Սրտի հիվանդություն ուներ: — Բժիշկների չե՞ք դիմում. ի՞նչ են ասում: — Ասում են, թե ծխելուն և խմելուն վերջ պիտի տաս։ Է՜հ, եթե վերջ չտամ, քանի՞ տարի կապրեմ: — Հազիվ 10 տարի: — Իսկ եթե վերջ տա՞մ: — Այն ժամանակ 12 տարի կապրեք: — Ուրեմն 2 տարի տարբերություն. ավելի լավ է ծխեմ ու խմեմ. այդ 2 տարին ինձ պետք չէ: Բայց 10 տարի չանցած Բահաթրյանը մեռավ: Եվ այսպես՝ Ավետիս ապերը (այդպես էին կոչում նրան) բառարանը դրեց առաջս, որի հորինման պատմությունը հետևյալն է. Խաչատուր Աբովյանը չհավանելով մեր գրական լեզվին և համարելով ժողովրդին անհասկանալի գրաբար, մտածեց Քանաքեռի բարբառը գրական լեզու դարձնել: Այս նպատակով գրեց «Վերք Հայաստանի»-ն, որ սակայն իր մահվանից 10 տարի հետո միայն տպվեց, երբ գրական հայերենը արդեն ընդհանուր տարածված էր: Աբովյանի նման Բահաթրյանն էլ չհավանելով մեր արդի աշխարհաբարին և տեսնելով, որ նա մեր ժողովրդին անհասկանալի է, մտածում է Ղարաբաղի բարբառի վրա հիմնված մի նոր գրական լեզու ստեղծել: Նա դուրս է հանում բառարանից բոլոր այն գրաբար բառերը, որոնք այժմ ժողովրդի մեջ գործածական չեն, հավաքում է միայն գրաբարի այն բառերը, որոնք ժողովրդին հասկանալի են, ավելացնում է դրանց վրա Ղարաբաղի բարբառին հատուկ գավառական բառերը, մի քիչ գրական ձև տալով նրանց, ավելացնում է նաև ժողովրդի մեջ գործածվող թրքական բառերը, և այսպիսով կազմում է այն բառարանը, որ դրեց իմ առաջ։ Ես ասացի, թե ամեն ինչ անցել է. ձեր ծրագիրը չիրագործվեց. գրական լեզուն այժմ ամեն տեղ սովորում են և խոսում: Ձեր աշխատանքից մնում է միայն Ղարաբաղի բառերի ցանկը: Ուստի ես դուրս կգցեմ սովորական հայերեն բառերը և կպահեմ միայն Ղարաբաղի բարբառի բառերը: Մենք համաձայնության եկանք, և որովհետև ծերունին անընդունակ էր աշխատելու, ես հանձն առի արտագրել Ղարաբաղի բառերը, նրանց դեմ ավելացնելով իրենց նշանակությունը, համաձայն հեղինակի բացատրության: Երկար տևեց աշխատանքը, և ես ամիսներ շարունակ գնալով նրա մոտ, շարունակում էի աշխատանքը, մինչև վերջացրի (կարծեմ 6000 բառ էր): Մեծ վեճ ունեցանք թուրքերեն բառերի համար: Միամիտ Բահաթրյանը պնդում էր, թե այդ թուրքերեն բառերը հայերեն են և հայերենից անցել են թուրքերենին: Օրինակ էր բերում թուրքերեն yoran բառը, որ նշանակում է «վերմակ»: Այս բառի հին ձևն է եղել, ըստ նրա կարծիքի, վերարկան «վրան արկանելի». Ղարաբաղում հայերեն վեր բառը արտասանում են yor, որով վերարկան դարձել է yoraran և կրճատվելով՝ yoran: Անկարելի եղավ համոզել նրան: Երբ գիրքը պատրաստ էր, ուզեցի հրատարակության տալ: Դիմեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և առաջարկեցի տպել գիրքը: Սիրով հանձն առին: Բայց հեղինակը գրեց մի առաջաբան, որի մեջ պնդում էր yoryan-ի վրա: Առանց այդ առաջաբանի չէր թույլ տալիս, որ բառարանը տպվի: «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրությունը բնականաբար չհամաձայնվեց և գիրքը չտպվեց: Այնուհետև ձեռագիրը ուղարկեցի Իզմիրլյան մրցանակին (Կոստանդնուպոլիս): Տարիներ հետո լսեցի, որ Բահաթրյանի տանը հանկարծ հրդեհ է պատահել կես գիշերին, ամբողջ տունը այրվել է, և Բահաթրյանը շապկանց հազիվ կարողացել է փախչել: Այրվել են նրա բոլոր գործերը, ինչպես նաև 8 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեջ էր Գրիգոր Տաթևացու ինքնաձեռագիր մի աշխատություն, ինչպես ինքն էր ասում: Ես այդ ութ ձեռագրերի համար դիմել էի Վիեննայի Մխիթարյան միաբանության և առաջարկել էի գնել: Միաբանությունը ընդունեց, բայց գնի կողմից համաձայնության չեկան: Այսպես կորավ Տաթևացու դժբախտ ձեռագիրը, մի քանի ռուբլու պատճառով: Շատ ավելի ուշ, 1934 թվականին, երբ Երուսաղեմից ստացանք 30 հայերեն գավառական բարբառների բառարանի ձեռագրերը լուսանկարված, զարմանքով տեսա նրանց մեջ Բահաթրյանի կազմած Ղարաբաղի բարբառի ձեռագիրը: Ձեռագիրս ճանաչեցի. այժմ նա գտնվում է պետական համալսարանի գրադարանում: Հեղինակը ստացել էր Իզմիրլյան մրցանակը: == ԻՄ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ == Երկու քույրերիս ամուսնությունից հետո, հերթը ինձ էր եկել։ Մայրս այդ առթիվ երբեմն ակնարկություններ էր անում, բայց շատ վախկոտ, որովհետև ես բոլորովին անտարբեր էի այդ մասին: Առանց սիրո ամուսնություն չեմ հասկացել: Մայրս էլ վերջ տվեց իր ակնարկներին: Մի օր ինչ-որ դասախոսություն էր տեղի ունենում: Մենք էլ մի քանի ուսուցիչներով գնացել էինք լսելու: Հանդիսականների առաջին շարքերը բռնել էին մի խումբ օրիորդներ: Երկրորդ շարքը նստել էինք ես և մի քանի ուսուցիչներ: Իմ կողքին նստել էր Արշակ Մեհրաբյանը: Դեռ դասախոսությունը չէր սկսվել: Հանկարծ մի օրիորդ, որ ճիշտ իմ առաջն էր նստել, հետև դարձավ, կարծես թե ինձ նայեց և շուռ եկավ: Այդ մի ակնթարթը ազդեց իմ վրա: Դարձա Արշակին և հարցրի, թե ո՞վ է այս աղջիկը: Պատասխանեց. — Հավանեցի՞ր. շատ լավ աղջիկ է: Իմ լավագույն աշակերտներից մեկն է: — Հայկական դպրոցներ չլինելու պատճառով Շուշվա աղջիկները խմբակներ էին կազմած և մասնավոր ուսուցիչների մոտ հայերեն և հայ գրականություն էին սովորում: Մեհրաբյանը այդպիսի մի խումբ ուներ և այդ աղջիկը նրա աշակերտուհին էր։ Իմ սերերը միշտ այդպես ակնթարթային են եղել. ես սիրահարվեցի: Եվ այնուհետև առիթներ էի փնտրում նրան տեսնելու։ Ամառ էր և ամբողջ շուշեցիք, մանավանդ երիտասարդները, երեկոյին գնում էին բուլվար՝ զբոսնելու: Ես էլ ամեն օր գնում էի պտտելու և պատահելու նրան: Կանոնավորապես միշտ իր քրոջ հետ գալիս էր, նստում նստարանի վրա կամ ման գալիս: Երեկոյան ժամը 8-ին գնում էր տուն: Ես բնականաբար ոչ մի քաջություն չունեի ներկայանալու և ծանոթանալու համար և երբ տեսնում էի նրան, գլուխս կախած, սրտատրոփ անցնում էի: Ոչ մի փորձ չարի ծանոթանալու, այլ միայն տեղեկություններ քաղեցի նրա մասին: Բոլոր ստացած տեղեկություններս դրական էին: Իհարկե սիրահարը կարծում է, թե իր սերը գաղտնի է մնում, բայց ոչ: Շուտով լսում են և հայտնում են սիրուհուն: Մի օր, երբ ես աշխատում էի Բահաթրյանի տանը, հանկարծ հարևան բալկոնում տեսա օրիորդին, որ մազերը թափած, ման էր գալիս: Նրա մազերը այնքան առատ և երկար էին, որ մինչև ոտքը հասնելուց հետո, կես արշին երկարությամբ էլ քարշ էին գալիս հատակի վրա: Գլուխը լվացել էր և ուզում էր բացօթյա չորացնել: Ես իսկույն դիմեցի Ավետիս ապոր և իմ սրտի գաղտնիքը հայտնեցի նրան: Ավետիս ապերը, որ շատ բարի մարդ էր, իսկույն հայտնեց, թե կգնա, նրա հորը կխոսի և նրա ձեռքը կխնդրի: Իբրև հարևաններ, իրար հետ շատ մոտիկ էին. նա իսկույն գնաց, խոսեց և մյուս օրը հայտնեց, թե հայրը համաձայն է երևում, բայց ուզում է տեղեկություններ քաղել: Սկսել էր այդ գործին, անշուշտ ստացած տեղեկությունները դրական պիտի լինեին, որովհետև հարգված ուսուցիչ էի և 90 ռուբլի ամսական ռոճիկ ունեի: Խանգարիչ էր միայն այն հանգամանքը, որ ես դրսեցի էի և կարող էի մի օր Շուշուց հեռանալ, իսկ ինքը՝ հայրը, ուզում էր, որ փեսան միշտ Շուշում մնա: Վերջապես տեսնում են իրենց նախկին մի բարեկամ հադրութեցի Արշակ քահանա Տեր-Ոսկանյանին, նախկին ճեմարանցի էր: Հայրը կարծիք է հարցնում նրան և ասում է, թե աղջկանս ձեռքն է խնդրում, ինչ կասես: — Անմիջապես տուր,— ասում է քահանան,— ոսկի գրիչ ունի. ավելի լավ չես գտնի: Օրիորդի հայրը, որ չափազանց կրոնասեր մարդ էր, լսելով իրենց սիրելի քահանայի այդ խոսքը, համաձայնության է գալիս: Իմ կյանքի պատվանդանի քարերից մեկը այդ քահանան դրեց: Ծանոթացա օրիորդի հոր հետ, որ Բալասան ապեր էր կոչվում, գնացինք բուլվար և նստեցինք նստարանի վրա: Իմ առաջարկը հայտնեցի նրան. հայրը խոստացավ, բայց խնդրեց հետաձգել մի տարի: — Հասկացա,— ասացի ես,— դուք ուզում եք մերժել և խաբում եք ինձ: Այն ժամանակ նա երկարեց ինձ իր արծաթյա կոթով գավազանը և ասաց. — Ահա այս գավազանը, իբրև նշան խոսքիս հաստատության։ Ես մերժեցի գավազանը և խնդրեցի, որ նշանդրեք ունենանք: Համաձայնվեց. օրը նշանակեցինք և որոշեցինք, որ ծնողների հետ նշանը տանեմ: Տուն եկա և մորս ասացի. — Մայրիկ, կիրակի օրը նշան պիտի տանինք, պատրաստվիր։ Չափազանց մեծ եղավ մորս ուրախությունը. նա մի քանի անգամ ակնարկներ անելուց հետո արդեն հուսահատվել էր և ամենևին չէր սպասում, որ ես կամուսնանամ: Նշանի համար առինք մի խումբ ակնեղեն առարկաներ, մի ժամացույց իր շղթայով, մի մանյակ կրծքի (հավատք, հույս, սեր), մի ականակուռ մատանի: Գնացինք նրանց տունը. ես էի, հայրս, մայրս, քույրս և փեսաս: Նշանը հանձնեցինք և բավական ժամանակ խոսակցելուց հետո տուն վերադարձանք: Ես օրիորդի հետ առաջին անգամն էր, որ խոսում էի: Ես խնդրեցի Բալասանից, որ թույլ տա ինձ շաբաթական մի անգամ նրանց տունը գնալու: Որոշեց չորեքշաբթի օրերը: Այսպես շարունակեցինք մի ժամանակ, բայց ես օրիորդին պատահում էի եկեղեցում անխափան շաբաթ երեկո և կիրակի առավոտ: Այսքանը քիչ էր ինձ համար: Ես ծանոթացել էի օրիորդի քեռակնոջ՝ Օ iw3f2q7g086o2s75h9sraw5jch51rey 398211 398210 2026-11-18T09:58:44Z Emptyfear 547 398211 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }} == ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Գնացքը կանգ առավ Աղստաֆա կայարանում: Հին հայոց պատմության մեջ այս վայրը կոչվում էր Աղստև (համանուն գետով), որ մեր երկրի աննշան գավառներից մեկն էր: Երբ դեռ շինված չէր Տփղիս—Երևան երկաթուղին, Երևանի, Տփղիսի և Բաքվի հաղորդակցության միակ միջոցը Աղստաֆան էր։ Ճամփորդները ցած իջան գնացքից: Մի քանի հոգով գնացինք վարձեցինք մի թուրք կառապանի ֆուրգոնը, հինգ օրից մինչև Երևան հասնելու պայմանով, վճարը հինգ ռուբլի: Հենց նույն օրը ճանապարհ ընկանք: Անցնում ենք Հին Հայաստանի գեղեցիկ և սիրելի վայրերով: Օդը մեղմ է և լավ. աջից ու ձախից փչում է մեղմ քամին. բարձրանում ենք անվերջ դեպի Արարատյան բարձրավանդակը: Ոչ մի միջադեպ չխանգարեց մեզ: Ամբողջ ժամանակը նստած կամ պառկած ենք ֆուրգոնում, բայց երիտասարդ ուսանողի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ կարգի անհարմարությունները: Կես դարուց ավելի է անցել այդ օրվանից, ուստի ոչինչ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ անցանք Դիլիջանով, ապա քերեցինք Սևանի գեղեցիկ ափերը, վերջապես հասանք Քանաքեռի բարձունքը, որտեղից բացվեց, առաջին անգամ՝ մեր աչքի առաջ, Երևանի համայնապատկերը: Այն ժամանակ Երևանը ներկայի տարածությունը չուներ: Կարելի է ասել, թե արդի Երևանը տասն անգամ մեծացել է նախկինից: Այնուամենայնիվ հին Երևանն էլ իբրև մի ամփոփ քաղաք, որոշ մեծություն էր ներկայացնում: Քանաքեռի բարձունքից իջանք արագությամբ դեպի քաղաքը, և մեր ֆուրգոնը կանգ առավ մի ընդարձակ քարվանսարայի բակում, որ գտնվում էր Էջմիածին տանող ճանապարհի մոտ: Ցած իջանք ֆուրգոնից։ Էջմիածին տանող կառքերը պիտի մեկնեին երեկոյան դեմ, քաղցած էի և պետք էր մի բան ուտել: Հրապարակում կանգնած մի հայի հարցրի, թե «Որտե՞ղ են հաց ծախում»:—«Հայի՞ հաց ես ուզում, թե՞ թուրքի»,— հարցրեց հայը։— «Հացի էլ հայը թուրքը կա՞,— հարցնում եմ ես:— Հացը հաց է»: Կարծելով, թե հայը ինձ ձեռք է առնում, երես եմ դարձնում նրանից: Բայց ոչ. հայը եկավ հետս, տարավ ինձ հացավաճառների մոտ և ցույց տվեց, թե սա հայի հաց է (լավաշ), սա թուրքի հաց է (սանգակ): Չգիտեմ՝ ո՛ր տեսակից գնեցի, ցամաք կերա փողոցում, ամաչելու ոչինչ չունեի, սպասեցի կառքերի մեկնելու ժամանակին: Երևանի և Էջմիածնի միջև այն ժամանակ շատ կանոնավոր հաղորդակցություն կար: Բացի ֆայտոններից, կային մի քանի տեսակ հասարակ կառքեր, շատ էժան գնով: Ամենից հասարակն էր օմնիբուս կոչված կառքը, որի մեջ նստում էին մեջք-մեջքի տված ութ կամ տասը հոգի: Ճանապարհը մինչև Էջմիածին տևում էր երկու ժամ, և վճարում էինք 25 կոպեկ: Անմոռանալի պայուսակս վերցրած նստեցի մի օմնիբուս, և վերջապես հասանք Էջմիածին: Ուշ գիշեր էր: Այն ժամանակ կառքերի կայանը վանքի Տրդատա դուռ կոչված հրապարակն էր։ Իջանք ուրեմն այդտեղ, անցանք Տրդատա դռնով, Սինոդի շենքի առաջով և վանքի Ավագ դռնով իջնելով, Վեհարանի առաջով մտանք Ղազարապատ կոչված շենքը։ Այստեղ էր Էջմիածնի ուխտավորներին հատկացված հյուրանոցը: Հյուրանոցի կառավարիչն էր Սիոն վարդապետը. դիմեցի նրան և գիշերելու տեղ խնդրեցի: — Ո՞վ եք դուք,— հարցրեց հյուրընկալ վարդապետը խստությամբ: — Ուսանող եմ, Եվրոպայից եմ գալիս,— պատասխանեցի ես: — Այստեղ ուսանողի տեղ չէ. այստեղ միայն ուխտավորներն են գալիս,— ասաց վարդապետը և ինձ մենակ թողնելով, հեռացավ գնաց: Պատի տակ նստեցի պայուսակիս վրա: Գրպանումս ունեի միայն 10 կոպեկ, որով հաջորդ օրը մորս նամակ էի ուղարկելու։ Վարժված էի, ոչ քնելու մասին էի մտածում և ոչ էլ ուտելու: Մի կտոր ցամաք հացը ինձ բավական էր 24 ժամ: Այդպես նստած անքուն սպասում էի երկար ժամանակ, որովհետև դուրս վռնդող չկար: Հանկարծ տեսնում եմ ինչ-որ եռուզեռ: Մարդիկ բարձրանում իջնում են սանդուղքներից, իրեր են տեղափոխում: Մեկ էլ իր սենյակից դուրս է գալիս Սիոն վարդապետը և աջ ու ձախ դիմելով հարցնում է. — Այստեղ մի ուսանող կար, ո՞ւր գնաց: Լսում եմ և ներկայանում եմ իրեն: — Դուք գերմաներեն գիտե՞ք,— հարցնում է վարդապետը։ — Գիտեմ,— պատասխանում եմ: — Եկեք ներս, այստեղ մի գերմանացի է եկել, խոսեցեք հետը: Մտնում եմ ներս: Հանկարծ տեսնում եմ պրոֆեսոր Ռոռբախին, իր կնոջ հետ: Ես Ստրասբուրգում եղած ժամանակս Հյուբշմանի միջոցով ծանոթացել էի Ռոռբախի հետ. նա Հայաստան պիտի գար, և երկուսս միասին պիտի մեկնեինք, բայց որովհետև ես բավական փող չունեի արագ գնացքով մեկնելու, չկարողացա ընկերանալ նրան: Իբրև վաղեմի ծանոթ, ձեռք տվի Ռոռբախին և սկսեցինք մտերմական խոսակցություն: Վարդապետը զարմացած դիտում էր մեզ: Անշուշտ նա զարմանում էր այն բանի վրա, որ քիչ առաջվա քոսոտ և արհամարհելի ուսանողը այսպիսի նշանավոր մարդու հետ բարեկամ է: Հրավիրեց նստել սեղան, որին մասնակցում էին Ռոռբախը, իր կինը, վարդապետը և ուրիշ ծանոթ անձինք: Միակ թարգմանը, ուստի և ուշադրության կենտրոնը, ես էի: Չեմ հիշում, բայց պետք էր, որ ընթրիքը բավական ճոխ եղած լիներ։ Ընթրիքից հետո հյուրերը ստացան իրենց համար սենյակ, իսկ ինձ էլ Սիոն վարդապետը ուղարկեց աջ կողմի սենյակներից մեկը, ուր նշանակվեց մի շատ կեղտոտ մահճակալ: Պառկեցի և քնեցի: Առավոտը արթնացա մի խայտառակ դրության մեջ: Լու, մլուկ, մլակ, մոծակ, ճանճ. այս հնգյակը խուռն բազմությամբ հարձակվել են վրաս. նրանցից մլակ կոչված միջատը նոր էի տեսնում դեռ, մյուսները հին ծանոթներ էին: Տոթը անտանելի էր: Վեր կացա և դիմեցի ընդհանուր սենյակը, ուր մի քանի հյուրեր էլ կային: Նրանց մեջ տեսա հպարտ դեմքով նստած ակնոցավոր մի երիտասարդ, խորհրդավոր ձայնով: Հարցրեց ինձ, թե ո՞վ եմ ես և ո՞ր տեղացի եմ. երբ պատասխանեցի, թե կոստանդնուպոլսեցի եմ, ասաց, թե ինքն էլ է կոստանդնուպոլսեցի: — Ո՞ր թաղից,— հարցրի ես: — Սուլու-խուլեցի: Կոստանդնուպոլսում Սուլու-խուլե թաղը հայտնի է իբրև ամենակեղտոտ և ամենագռեհիկ թաղը: Երբ մեկին պետք է լինում ծաղրել կամ արհամարհել, ասում են. «Սուլու-խուլեցի է՞ս»: Մինչև անգամ չգիտեի, թե սուլու-խուլեցի հայ էլ կլինի: Այդ թաղի բոլոր բնակիչները համարում էի միայն գնչու: Այդ սուլու-խուլեցին եկել էր Էջմիածին տերտեր դառնալու. անունն էր Արտաշես Գարագաշ: Կարասի միջից բարձրացող հնչյունի նման ձայն ուներ: 22 տարի հետո նորից տեսա այդ մարդուն Թեհրանում, ուր հայոց եկեղեցու տիրացու էր, բայց ոչ քահանա. նաև կրոնի ուսուցիչ էր հայոց դպրոցում և ինքնահավան դիրք ուներ: Իր որդին է Հայկ Գարագաշը, որ կարևոր ազգային դեմք էր Թեհրանում և հրատարակում էր «Բոբոխ» զավեշտաթերթը: Ընդհանուր սենյակում նստած միջոցիս սուլու-խուլեցին հանկարծ նկատեց շորիս վրա մի միջատ և ասաց. — Ոջիլ է: Սարսափեցի. ամեն ինչ տանելի էր, բացի ոջիլից. ես դեռ տեսած չէի ոջիլ և զարմանքով հարցրի. — Ա՞յս է ոջիլը. շորերիս մեջ լիքն է սրանից: Պառկած անկողինս ուրեմն լիքն էր ոջիլով և ինձ այդ օրին էր հասցրել: Ճար չկար։ Ի՞նչ պետք էր անել այս խայտառակ օթևանից դուրս գալու համար: Սիոն վարդապետը այլևս ինձանով չէր հետաքրքրվում և այդ ավելի լավ: Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ: Ուտեստի մասին կարիք չկար մտածելու, որովհետև Էջմիածնի հասարակաց ճաշարանը առավոտ, կեսօր և երեկո բաց էր բոլոր ուխտավորների համար, և ես էլ նրանց հետ ձրիաբար ստանում էի թեյ, ճաշ և ընթրիք: Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն։ Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց. — Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս։ — Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան: — Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես կկարդամ քու հոդվածներդ «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: — Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ: — Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ: Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ. «Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»: — Է՜հ,— պատասխանեց Կաթողիկոսը,— դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜: Շա՜տ լավ… Է՜, տաճկերեն գիտե՞ս: — Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ: — Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարեցավ, քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես: Ես իմ գոհունակությունը հայտնեցի: Կաթողիկոսը վճարեց առաջին ամսականս՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ: Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի № 1 սենյակը: Այդ միջոցին իմ դրությունը շատ խայտառակ էր: Շորերս հնացած, գլխարկս ծակ, կոշիկներս պատառոտուն, շապիկս ոջլոտ, ամաչում էի մարդկանց մոտ դուրս գալ։ Պատահեց ինձ ծանոթանալ մշեցի ազնիվ մի մարդու հետ, որի անունն էր Սմբատ Տարոնեցի: Մի եղբայր ևս ուներ, որի անունն էր Արամ: Երկուսն էլ հեղափոխական քարոզիչ էին, ամուսնացած էին և միասին տուն և ընտանիք ունեին: Սմբատը առաջարկեց ինձ օգնել ամեն կերպ. ես հայտնեցի իմ կեղտոտ վիճակը և խնդրեցի, որ տանի Երևան և նոր շորեր առնենք: Անմիջապես օմնիբուս նստեցինք, գնացինք Երևան և գնեցինք մի ձեռք շոր, մի գլխարկ և մի զույգ կոշիկ: Սպիտակեղեն ունեի: Վերադարձանք Վաղարշապատ և գնացինք գյուղի բաղանիսը: Լողանալուց հետո գլխից մինչև ոտք նորոգվելով և ամբողջ շորերս մինչև կոշիկներս Սմբատին տալով, եկա վանք, ուր նշանակված էր ինձ № 1 սենյակը: Այս սենյակը նախապես ընթերցատուն էր եղել և դրա համար էլ կար այնտեղ մի շատ լայն սեղան, որի շուրջը նստելով ընթերցողները կարդում էին օրվա լրագրերը: Ընթերցատունը փակվել էր, և որովհետև սեղանը փոխադրելու տեղ չկար, թողել էին այնտեղ։ Ինձ համար դա մի շնորհ եղավ: Սեղանը դրի պատուհանի առաջ, պայուսակիս բոլոր քարտերը դարսեցի նրա վրա, ունեցած գրքերս էլ նրանց կողքին և մատենադարանից վերցնելով բազմատեսակ բառարաններ, մինչև անգամ Կամուսի արաբերեն բառարանի 3 խոշոր հատորները, կազմեցի ինձ համար մի նոր աշխատանոց։ Ձեռք առի Կարինում կազմած իմ Արմատական բառարանը, որ ուներ շուրջ 300 էջ: Սկսեցի վերամշակել և ավելացնել այնտեղ ամեն ինչ, որ գտա հայ և եվրոպական գրականության մեջ, հայերեն բառերի ստուգաբանության մասին: Այդ միջոցին Տփղիսի Գյուտ քահանա Աղանյանը Կոստանդնուպոլիս էր գնացել և Տեր Հովհաննես քահանա Մկրյանից մեծ գումարով գնել էր արևմտահայ լրագրության խոշոր հավաքածուն: Հավաքածուն գտնվում էր Էջմիածնի մատենադարանում, չեմ կարող ասել անխնամ դրության մեջ, բայց կարող եմ ասել, թե ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով: Մատենադարանապետի թույլտվությամբ, այդ հարյուրավոր հատորները մաս առ մաս փոխադրելով իմ սենյակը, ամբողջը թերթում էի և կազմեցի բոլոր այդ հատորների մեջ գտնված հայ լեզվաբանական հոդվածների ցուցակը: Կարդացի այդ հոդվածները և ինչ որ կար հայ բառերի ստուգաբանության մասին, ճիշտ թե սխալ, դուրս գրեցի: Կազմել էի մի երկարավուն տետրակ, որի մեջ այբուբենական կարգով հավաքեցի այդ ստուգաբանությունները, հետագայում իմ ստուգաբանական բառարանի մեջ ներմուծելու համար: Իմ մեծագույն ցանկությունն էր եղել Վենետիկի կամ Վիեննայի միաբանության անդամ լինել: Դպրոցում մեսրոպյան հայերենի հետևորդ դառնալով, այլևս մտքից հանել էի Վենետիկը: Փարիզում և Ստրասբուրգում երկու խոշորագույն հայագետների մոտ աշխատելուց հետո, Վիեննան էլ հեռացավ մտքիցս, գոնե մասամբ և դեպքերի բերմամբ ընկա Էջմիածին: Վիեննայում այնուամենայնիվ միշտ եղել են մեծանուն վարդապետներ, ինչպես Թոռնյան, Այտընյան, Տաշյան և այլն, իսկ Էջմիածնում ոչ ոք չկար, որ փոքրիկ չափով գոնե հավասարեր նրանց: Զգում էի, թե ինչ տկար միջավայր եմ ընկել. ոչ ոքից ոչինչ չէի կարող սովորել: Այնուամենայնիվ շրջապատս այնքան լավ էր, որ ինձ ամենևին չէր խանգարում և թույլ էր տալիս իմ սեփական միջոցներով կարդալու և սովորելու: Նյութականի և տնտեսականի կողմից բոլորովին ապահով էի: Վանքը տալիս էր ինձ ձրիաբար նախաճաշիկ, ճաշ, ընթրիք, բնակարան և վառելիք: Այսքանը բավական էր ինձ, որովհետև ոչ մի ավելորդ պահանջ չունեի: Ամսական 25 ռուբլի ռոճիկն էլ բոլորովին բավարար էր: Ամառ լինելով, դեռ ուսումը չէր սկսվել: Տաքը թեև շատ ուժեղ, բայց ինձ համար անտանելի չէր: Ընդհակառակը, հաճույք էի զգում այդ տաք եղանակից: Մինչև սեպտեմբեր մնալով № 1 սենյակում, ամենևին մտքիցս չանցկացնելով ամառանոց գնալու բուրժուական գաղափարը, նվիրվեցի ստուգաբանական բառարանիս վերամշակման գործին: Շատ արագ թերթերը լցվում էին և հետզհետե ընդարձակվում էր գիրքս: Վերջապես եկավ սեպտեմբերը, ուսումնական տարվա սկիզբը: Նշանակված լինելով տաճկերենի ուսուցիչ, գնացի Ճեմարան և ներկայացա Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին։ — Բարև ձեզ, պարոն Կոստանյան,— ասացի՝ գլուխ տալով նրան: — Ինչո՞ւ եկաք այստեղ,— գոռաց նա երեսիս, մեջքը ինձ դարձրած և առանց տեղից շարժվելու.— Տաճկաստանում տեղ չկա՞ր: — Տաճկաստանում կոտորում են: — Դուք էլ նրանց հետ կոտորվեիք: — Վեհափառը ուղարկել է ինձ և հրամայել է տաճկերենի դասեր տալ: — Եթե Վեհափառը հրամայել է,— ասաց հեգնանքով, — գնացեք դաս տվեք: Դուրս եկա կիսաբաց դռնից և այնտեղ տեսա Մարտիրոս Հախնազարյանին, որ Ճեմարանում գլխավոր վերակացուն էր: Բարի մարդ էր նա՝ տարիքը առած, համեստ և պարկեշտ ագուլեցի: Լավ գիտեր իր բարբառը և որովհետև ես էլ ձեռնամուխ էի եղել բարբառների ուսման, բարեկամանալով նրա հետ, սկսեցի կազմել հետագայում Ագուլիսի բարբառի բառարանը, որ ի վերջո մտավ իմ Արմատական բառարանի մեջ և Ագուլիսի բարբառի քննության մեջ: Տարիներ հետո թուրք-հայկական ընդհարումների ժամանակ թուրքերը նահատակեցին այդ ազնիվ մարդուն, և ես ցավելով լսեցի նրա մահը Թավրիզում եղածս ժամանակ: Կարապետ Կոստանյանի այդ անհրապույր ընդունելությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ Մարտիրոս Հախնազարյանը և ասաց. — Դուք տաճկերեն դասերի համա՞ր եք եկել: — Այո: — Սպասեցեք մի քիչ, ես զանգը կտամ, աշակերտներին կհավաքեմ և դուք դասի կերթաք: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը հիմնելով Ճեմարանը և տեղ տալով բազմաթիվ տաճկահայ աշակերտների, կարևոր էր համարել ուսման ծրագրի մեջ մտցնել նաև տաճկերենի ուսումը, միմիայն տաճկահայ աշակերտների համար, որպեսզի հետագայում, երբ այդ աշակերտները ավարտեին Ճեմարանը և վերադառնային հայրենիք, տաճկերեն կարդալ-գրել չիմանալու պատճառով զոհ չգնային տաճիկ պաշտոնյաների քմահաճույքին: Գևորգ կաթողիկոսից հետո միշտ էլ շարունակվել էր տաճկերենի ուսումը Ճեմարանում. վերջին ուսուցիչը եղել էր Հովսեփ Ճանիկյանը (հեղինակ «Հնութիւնք Ակնայ» օգտաշատ գրքի), որ ծերության պատճառով հրաժարվելով, տաճկերենի ուսումը թողել էր ինձ: Ինձնից հետո կարծեմ այլևս ուսուցիչ չճարվեց, և այդ առարկան դուրս մնաց: Աշակերտները հավաքվեցին, ես նրանց 3 խմբի վերածեցի և որոշեցի օրերի և դասերի ժամերը: Այսպես սկսվեց իմ ուսուցչական խղճուկ դրությունը Ճեմարանում: ⁂ Էջմիածինը այն ժամանակ հայոց ազգային, քաղաքական, կրոնական, կրթական, դպրոցական մեծագույն կենտրոնն էր: Կաթողիկոսը իր Սինոդով և վանքի հարյուրավոր միաբաններով, եպիսկոպոսներով, վարդապետներով և քահանաներով, Էջմիածնի տպարանը` իր զանազան հրատարակություններով և «Արարատ» ամսագրի խմբագրությամբ, Ճեմարանը իր հարյուրավոր և հազարավոր ուսանողությամբ, շրջանավարտներով և ամեն կողմ ցրված ուսուցիչներով կազմում էին մի մեծ ամբողջություն: Սակայն Էջմիածինը այն ժամանակ մի շատ ցավալի կետ ուներ. այդ տաճկահայ գաղթականների հարցն էր: Երբ տաճիկ կառավարությունը իր տխմար քաղաքականությամբ սկսեց կոտորել հայերին, Հայաստանի արևելյան նահանգների խեղճ ժողովուրդը ուրիշ ելք չուներ, եթե ոչ փախչել Պարսկաստան և Կովկաս: Այս վերջինը ավելի հրապուրիչ էր, որովհետև ուներ ավելի բազմամարդ հայություն, լուսամիտ պետություն, հարուստ հայեր և մանավանդ որ կաթողիկոսն էլ (Խրիմյան Հայրիկը) վանեցի, այսինքն՝ տաճկահայ էր: Երբ փախստականների տասնյակ հազարավոր բազմությունը թափվեց Կովկաս և հատկապես Էջմիածնի գավառը, բնականաբար Կաթողիկոսը չէր կարող անտարբեր մնալ հանդեպ նրանց դժբախտ կացության: Էջմիածինը ամեն միջոց գործադրեց ըստ կարելվույն դեղ, ապրուստ և պաշտոն հայթայթելու համար այդ դժբախտներին: Տաճկահայերը իբրև ավելի նախաձեռնող, աշխատասեր, ընդունակ և մանավանդ չարքաշ ժողովուրդ, դիմագրավելով ամեն դժվարություն, իրենց համար աշխատեցին լավ դիրք ստեղծել: Սկսվեց տնտեսական պայքարը բնիկ տեղացիների և նորեկ գաղթականների միջև: Շատ ասպարեզներում այս վերջինները հաղթող հանդիսացան: Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև: Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ: Մինչև անգամ ամուսնական խնամություններ դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը, բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով: Բուն Էջմիածնի վանքն էլ ասպարեզ էր դարձել այդպիսի կռվի, որովհետև Կաթողիկոսն էլ շրջապատել էր իրեն իր վանեցի ազգականներով: Ավելորդ եմ համարում երկար խոսել այս դժբախտ հարցի շուրջը, որ տարիներ տևեց: Ես էլ այդ դժբախտների կարգն էի ընկած: Ոչ միայն հարգանք, սեր և գնահատություն, այլ նույնիսկ քաջալերություն կամ սովորական բարեկամական վերաբերմունք չկար իմ մասին Ճեմարանի ուսուցչական կազմի և վանքի միաբանության մեջ: Բոլորն էլ արհամարհում էին ինձ: Վերևում տեսանք Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանի պարսավելի վերաբերմունքը դեպի ինձ: Կարապետ Կոստանյանը համարվում էր Կովկասում ոչ միայն իբրև կատարյալ ազգասեր, եկեղեցասեր, այլև նույնիսկ ուսումնական և գերազանց հայագետ անձնավորություն: Իր հանդիսավոր, լուրջ վերաբերմունքը արտաքուստ, խոսակցության մեջ պահած ծանրաբարո դիրքը, իր հրապարակած մի քանի երկրորդական արժեք ունեցող տետրակները ստեղծել էին նրա մասին մեծ անունը: Իրականում նա խոժոռ, անհրապույր, դաժան մարդ էր, որի գիտական հմտությունն էլ մեծ հարցականի տակ էր: Իր ծաղրանունը դրել էին «Սուլթան Համիդ», և իրոք իր համիդական գազանաբարո վերաբերմունքը ցույց էր տալիս հանդեպ բոլոր աշակերտների և ուսուցչության, ո՜ւր մնաց թե ինձ: Ոչ մի մանկավարժական ժողովի, ոչ մի ուսուցչական խորհրդակցության, նույնիսկ ոչ մի աշակերտական հավաքույթի չէի հրավիրվում ես: Այդ բոլորը բացատրում էին իբր թե նրանով, որ ես տաճկահպատակ էի և ռուսական կառավարությունը չէր թույլատրում օտարահպատակներին որևէ ուսուցչական պաշտոն, բացի տաճկերենից և ֆրանսերենից: Մի խոսքով ես ապօրինի ուսուցիչ էի: Շատ տարիներ հետո (1952 թ. մայիս) լսեցի, որ մեր Ակադեմիայի ասպիրանտներից մեկը՝ պրպտելով արխիվները, գտել է, որ Կոստանյանը ցարական լրտես է եղել Էջմիածնի վրա: Անհավատալի՞ ճշմարտություն: Այժմ տեսնենք ուրիշ ուսուցիչների վերաբերմունքը դեպի ինձ: Առաջին անձը, որ մոտեցավ ինձ և հարգանքի խոսք ասաց, հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանն էր: Իր անունը ես լսել էի Կարինում, Սանասարյան վարժարանում, ուր կարդացել էի նաև իր մի խումբ մանկավարժական տետրակները: Առաջին անգամ, երբ բարձրացա Ճեմարանի սանդուղքների գլուխը, տեսա, որ ցածրից բարձրանում է նաև Սեդրակ Մանդինյանը: Ես մի կողմ քաշվեցի հարգանքով և տեղ տվի նրան: Մանդինյանը մոտեցավ ինձ և ձեռք երկարելով, ասաց այս անմոռանալի, փայփայիչ խոսքերը. – Ձեր անունը ձեզնից առաջ եկել էր Էջմիածին: Կարդացի «Արարատ» ամսագրում ձեր հոդվածը վրացերենի ձայնաբանության մասին հայերենից փոխառյալ բառերի մեջ: Այդ ինչքան լավ վրացերեն գիտեք դուք: Ես իբրև տփղիսեցի, լավ վրացերեն գիտեմ, բայց ձեր հիշած բառերից շատ շատերը անծանոթ էին ինձ: Ես պատասխանեցի, թե իմ վրացերենի գիտությունը շատ չափավոր է, և ես այդ բոլոր բառերը քաղել եմ Չուբինովի վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն բառարանից: Մենք բարեկամացանք իրար հետ, և նա հրավիրեց ինձ իր տունը, որ Ճեմարանի դիմացն էր։ Ես մի երեկո գնացի նրա մոտ և ծանոթացա նրա կնոջ և իր գեղեցիկ աղջկա հետ: Ծանոթացա նաև իր քենեկալ Ստեփանոս Կանայանի հետ, որ Ճեմարանում պատմության ուսուցիչ էր. գուցե ծանոթացա նաև ուրիշների հետ էլ, որոնց չեմ հիշում: Մանդինյանի գեղեցիկ աղջիկը հետո ամուսնացավ ակնաբույժ Հայկ Կանայանի հետ և Երևանում 1920-ական թվականներին չարաչար տանջանքներով մեռավ, որովհետև բժիշկները չէին կարողացել որոշել իր հիվանդությունը: Մանդինյանի փոքր տղան, որի անունը չեմ հիշում, տեսա Թավրիզում 1920 թվականին: Նշանավոր ինժեներ էր և «Լուսաչափ» անունով մի գործիք էր հնարել: Հայտնի է, որ կան ճիշտ գործիքներ տաքությունը չափելու (ջերմաչափ), խոնավությունը չափելու (խոնավաչափ), կաթի պարարտության քանակը չափելու (սերաչափ) և այլն, բայց լույս չափելու գործիք չկա: Ահա այդ գործիքն էր, որ հնարել էր ինժեներ Մանդինյանը: Մտնում ես մի սենյակ, բռնում ես ձեռքիդ այդ գործիքը, և նա ցույց է տալիս սենյակի լույսի և մութի քանակությունը: Գործիքը հնարել էր, բայց պատրաստել չէր կարող. եթե նկարը ուղարկեր եվրոպական որևէ գործարան, գաղտնիքը կգողանային և իրենց անունով կվաճառեին: Պարսկաստանում այդպիսի գործիք շինելու մասին ավելորդ էր մտածել: Ուստի, երբ ես պատրաստվեցի գալ Երևան 1923 թվականին, նա խնդրեց ինձ, որ ես խոսեմ ընկեր Լուկաշինի հետ հայտնեմ, թե Մանդինյանը պատրաստ է նվիրել այդ գործիքը Հայաստանի կառավարության: Ես իմ խոստումը կատարեցի, բայց նրա շարունակության մասին ոչինչ չգիտեմ և չեմ լսած որևէ լուսաչափ գործիքի մասին մի բան: և Երկրորդ ուսուցիչը, որի հետ բարեկամացա և հետագայում լավ մտերմացա, Ստեփանոս Կանայանն էր, Մանդինյանի քենեկալը և Ճեմարանի հայ և ընդհանուր պատմության ուսուցիչը: Չափազանց բարի, կատակախոս, զվարճասեր, միամիտ և ընկերական մարդ էր նա: Պատանի ժամանակ Հայ-Արմեն ծածկանունով ոտանավորներ էր գրել Զմյուռնիայի «Արևելյան մամուլ» ամսագրում: Բայց այնուհետև գրական գործունեություն չէր ցույց տված։ Շատ էր աշխատում, բայց իր աշխատանքը ամուլ մնաց: Կյանքի վերջին շրջանում հրատարակեց մի քանի ազգագրական և աշխարհագրական գործեր, որոնցից գլխավորն է «Ջոջանց տունը»։ Առհասարակ դժվար է կարդալ նրա գործերը, որովհետև շարունակ թափառում է նյութից նյութ և մեկի վրա կենտրոնանալ չգիտե: Ուրիշ ուսուցիչների մասին շատ բան չունեմ ասելու: Մանուկ Աբեղյանը, որի հետ ընկերացել էի Փարիզում, և որ հայագետի մեծ հռչակ էր վայելում Ճեմարանում, ոչ մի մտերմություն ցույց չտվեց ինձ Էջմիածնում: Համառ և ինքնահավան մարդ էր: Իրենից դուրս ոչ մեկին չէր ճանաչում: Սարսափելի ատեցող էր տաճկահայերին և մանավանդ Վենետիկի և Վիեննայի միաբաններին: Տաճկահայերից հավանում էր միայն երկու հոգու. Պարոնյանին, որովհետև ծաղրել էր պոլսեցիներին, և Գարեգին վարդապետ Սրվանձտյանին, որովհետև հայտնաբերել էր Սասունցի Դավթի վեպը: Ոչ մի տաճկահայ հեղինակի չէր սիրում, նույնիսկ Դուրյանին: Բոլորը խոնարհվում էին Աբեղյանի առաջ և համարում էին նրան անգերազանցելի հայագետ: Ինքը քարոզեց մտցնել արևելյան հայերենում անշունչի և շնչավորի տարբերությունը (նրա ոտքը, էնոր ոտքը), ածականի վերացումը, սեռականի ջնջումը և վերջապես ուղղագրության փոփոխությունը, որ 1912 թվականին հայտարարեց, ազգը մերժեց, իսկ 1920 թվականին ընդունվեց Խորհրդային իշխանության կողմից և սակայն 20 տարի հետո, 1940 թվականին նրա կեսից ավելին մերժվեց և այլն: Էջմիածնում եղած ժամանակս ոչ մի օր չհրավիրեց ինձ իր մոտ, այնպես որ չգիտեմ, թե ուր էր ապրում: Երբ Երևանում, Համալսարանում դասախոս եղա, բնականաբար ընկերական հարաբերություններ մշակում էինք, և ես միշտ չափազանց հարգանքով էի վերաբերվում դեպի նա, իսկ նա իմ այնքան բազմաթիվ աշխատանքների մասին ոչ մի գովասանական կամ քաջալերական խոսք չի ասել: Կողմնակի աղբյուրներից լսել եմ միայն, թե նա իմ մասին կառավարության հայտնել է հետևյալը. «Աճառյանի պես մարդ հարյուր տարվա մեջ մի անգամ չի ծնվի. չափազանց աշխատասեր, անշահախնդիր, փող չսիրող մարդ է. քամեցեք որքան կարող եք. պատրաստ է և կարող է կատարել ամեն ինչ, որ պահանջեք»: Գուցե ավելի հետո էլի առիթ կունենամ խոսելու իր մասին։ Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապետը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորություն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»: Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է: Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին։ Նա Քյոթահիացի (Կուտինա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գևորգ Դ կաթողիկոսին։ Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»: — Դու հայերեն չգիտե՞ս,— ասում է նրան կաթողիկոսը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ: — Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): Գելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ): Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է. — Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս): Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ. նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք Ճեմարանի աշակերտ գրեցեք»: Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է Ճեմարանը և ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ: Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է: — Վարդապետն ի՞նչ բան է,— հարցնում են նրան: — Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է: — Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու: — Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է: Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է Ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը: Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր Ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը: Մեջընդմեջ երգում էր մի կարգի ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում: Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ: Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը: — Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում. այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին, կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը: Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՛ր ձայների գումարներն են: Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում. նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Ապարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին: Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա․ այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի: Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի: Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց Ճեմարանում հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ: Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա: և Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ: Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո՞ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»: Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը. իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել․ Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»: Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»: Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»: Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի` Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր. Ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս։ Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում. զանգակները զնգում են»: Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան. մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի: Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր: Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր: Առատ մորուք չուներ. քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն: Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա». հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը: Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: Գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր։ Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը: Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ: Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է: Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է: Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց: Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը: 1925—1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել: Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում: Հինգերորդ անձնավորությունը, որի հետ ես մտերմացել էի Էջմիածնում, եղավ Գալուստ սարկավագ Տեր-Մկրտչյանը: Նա Ախալցխայի Ծղրուտ գյուղից էր: Սովորում էր Փարիզում հասարակական գիտություններ: Վարակվում է վատանուն ախտով և զգալով իր ցավալի վախճանը, շտապում է Էջմիածին, դիմում է տալիս և ընդունվում միաբանության մեջ: Ստանում է 4 աստիճան (դպիր), բայց ընդհանրապես կոչում էին սարկավագ: Դպրի աստիճանը մեծ բան չէ, բայց ի նկատի ունենալով նրա գործունեությունը, Խրիմյանը հրամայում է տալ նրան իսկական վարդապետ միաբանի բոլոր իրավունքները՝ բնակարան, սնունդ, վառելիք և ռոճիկ: Որովհետև հասարակական գիտությունները արժեք չունեին վանքի պայմաններում, ուստի թողնում է այդ բոլորը և նվիրվում հայկական բանասիրության: Միաբան ծածկանունով նա հրատարակեց բազմաթիվ հոդվածներ և առանձին գրքեր, որոնք իրոք շատ մեծ արժեք ունեն հայ բանասիրության մեջ: Միաբանների բնակարանները երկու շարք են կազմում. հին շենք և նոր շենք: Նոր շենքի բնակարանները 2 մուտք ունեն. մեկը առջևից, որ տանում է ցածրի հարկը, ընդամենը 2 սենյակ, մյուսը հետևից, որ սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկը և ունի նույնպես 2 լուսավետ սենյակ, մի խոհանոցով: Իմ բնակարանը № 1 ներքևի 2 սենյակն էր, իսկ նրա վերևը բնակվում էր Գալուստ սարկավագը: Իբրև հմուտ բանասերի, ես ծանոթացա նրա հետ և շուտով մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Կաթվածահար էր եղած, կեսից ներքև մարմինը չէր գործում, իսկ կեսից վեր առողջ էր. ազատ խոսում, գրում էր, բայց քայլել չէր կարող: Քնելու համար, երբ պետք էր լինում գնալ մյուս սենյակը, իր ծառան գալիս գրկում էր նրան և մեծ դժվարությամբ տանում գցում մյուս սենյակի անկողնի վրա: Համարյա ամեն օր բարձրանում էի իր մոտ, և ունենում էինք երկար խոսակցություն հայագիտական հարցերի շուրջը: Միակ անձն էր Էջմիածնի միաբանության մեջ, որ իրավունք ուներ ձեռագրեր բերել տալու իր բնակարանը: Ինքը հրատարակեց, ի միջի այլոց, «Վկայք Արևելից» նշանավոր գործը, որ թարգմանված է Ե դարում ասորերենից և գրված է սքանչելի մեսրոպյան հայերենով: Ինչպես ամբողջ Կովկասում, նույնպես և Էջմիածնում մեսրոպյան հայերենի գաղափարը անծանոթ էր, բայց միաբանը իբրև լուսամիտ մարդ, ընդունել էր այդ գաղափարը, և որովհետև գործնականապես ծանոթ չէր, ուստի ինձ տվեց ձեռագիրը, որպեսզի կարդամ և հետևեմ, թե մեսրոպյան հայերենի սխալներ կա՞ն։ Երբ ես Էջմիածնի 4000 ձեռագրերը հետազոտելու ժամանակ գտա Եզնիկը (№ 1111), ինքն էլ շատ ուրախացավ այդ գյուտի մասին, որովհետև նախապես ինձ ասել էր, թե Եզնիկի անունով ինչ-որ ձեռագիր ունենք Մատենադարանում: Իմ գիրքը («Քննութիւն և համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին») տպվեց Վիեննայում և առաջաբանում խոսում եմ այդ գյուտի մասին: Ես ու Միաբանը «միասին աշխատեցինք» այդ գործի վրա, բայց իր մասնակցությունը եղավ միայն այն, որ ձեռագրի և տպագրի տարբերությունների համեմատությունը միասին կատարեցինք: Գրքի մնացյալ բոլոր գլուխները միայն իմ գրչի արդյունքն էին: Շատ մեծ անակնկալ եղավ վանքում, երբ երկու երիտասարդ գիտնականներ՝ Հակոբ Մանանդյան և Սիրական Տիգրանյան հրավիրվեցին Ճեմարանի ուսուցիչ: Մանանդյանը ախալցխացի էր, հայրը անտառապետ էր, բայց վաղաժամ մեռնելով, Մանանդյանը իր եղբոր և քրոջ հետ որբ են մնում: Այրի մայրը մեծ դժվարությամբ, միայն պետությունից ստացած կենսաթոշակով պահում և մեծացնում է որդիներին: Հակոբ Մանանդյանը, ավարտելով ռուսաց գիմնազիան (հայկական կրթություն չէր ստացել), Մանթաշյանի թոշակով գնում է Գերմանիա և սովորում է լեզվաբանություն։ Լավ տիրապետում էր 3 եվրոպական լեզուների և ռուսերենի: Գրելու մեջ եթե լավ հաջողակ չէր, ընդհակառակը, խոսելու մեջ շատ հաջողակ էր: Բարձրաձայն, լավ մտածված և գեղեցիկ առոգանությամբ հանպատրաստից ճառեր էր խոսում հայերեն և ռուսերեն: Ունենալով վայելուչ արտաքին և բարձր հասակ, շատերին սիրելի դարձավ: Ինքը ասաց ինձ, թե «Լեզվաբանությունը այնքան շուտ-շուտ էր փոխվում, որ ես մտածեցի, թե մինչև Հայաստան գնամ, ճանապարհին արդեն փոխված կլինի... ուստի հրաժարվեցի լեզվաբանությունից և առանձնացա միայն պատմության մեջ, որին հետևեց նաև բանասիրությունը»: Էջմիածին եկավ նա վարդապետ դառնալու նպատակով: Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով, ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը: Այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միաբանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից։ Նա մնաց Ճեմարանի ուսուցիչ: Ավելի ուշ, երբ ցարական պայմանները ավելի խստացան, նա թողեց ուսուցչությունը, գնաց Ռուսաստան և իրավաբանական ֆակուլտետը ավարտելով՝ դարձավ իրավաբան. մի արվեստ, որ իր ճարտարախոս լեզվին շատ հարմար էր։ Այդ ժամանակ հաստատվեց Բաքվում և իրավաբանների շարքում նշանավոր դարձավ: Խորհրդային իշխանությունը հաստատվելուց հետո եկավ Երևան, եղավ համալսարանի վարիչներից մեկը. Երևանում էլ մնաց մինչև իր մահը: Իր գրական գործերը բավական մեծ թիվ են կազմում, որոնցից կարևորագույնն է «Հայոց պատմություն»-ը, որ կիսատ մնաց: Նշանավոր է նաև իր այն տեսությունը, թե Խորենացին Թ դարի հեղինակ է: Ոչ ոք չընդունեց իր այս կարծիքը և կարծեմ, թե կյանքի վերջում ինքն էլ համոզվել էր, թե սխալ է դատում: Առիթներ կունենանք դեռ խոսելու իր մասին: Սիրական Տիգրանյանը հարուստ ընտանիքի զավակ էր, նույնպես ռուսական կրթություն էր ստացել և ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը: Հրաժարվելով իր հարուստ ծնողների և եղբայրների շրջանից, մտել էր ուսուցչական ասպարեզը և ճիշտ Մանանդյանի նման եկել էր Էջմիածին վարդապետ լինելու, բայց ճիշտ նրա նման տեսնելով վանքի դրությունը, հրաժարվեց իր մտքից: Մենք երեքս՝ Մանանդյան, Տիգրանյան և Աճառյան, ոչ միայն իբրև ազատամիտ երիտասարդներ, այլև իբրև հայագիտության սիրահար անձեր, շատ մտերիմ ընկերներ դարձանք: Մանանդյանը պատմաբան և բանասեր լինելով՝ ինձ ավելի մոտիկ էր: Երբ առաջին անգամ տեսա նրան, ես հայտնեցի իրեն, թե կազմում եմ հին հայոց կուլտուրայի պատմությունը, պրպտելով և ոստիկանի նման հետախուզելով հին հայոց ամբողջ գրականությունը, նյութեր գտնելու համար: Մանանդյանը հայտնեց, թե ինքն էլ է նույն աշխատությունը կազմում և հարցրեց, թե հույն աղբյուրները ուսումնասիրե՞լ եմ: Ես պատասխանեցի, թե ոչ։ Նա ասաց. «Ես հույն աղբյուրները արդեն ուսումնասիրել եմ և այժմ էլ ուսումնասիրում եմ հայկական աղբյուրները»: Լսելով այս խոսքը և խոնարհվելով իր հունագիտության առաջ՝ ես գնացի սենյակ և իմ ամբողջ աշխատանքը այրեցի: Ցավում եմ իմ այդ անմտության վրա, որովհետև ոչ միայն Մանանդյանը, այլև ուրիշ ոչ ոք չկազմեց այդպիսի աշխատություն: Մինչև այսօր էլ (1952 թ. հունիս) իմ իդեալն է մնացել այդ գեղեցիկ աշխատությունը, որ գրել առաջարկել եմ շատերին, բայց ոչ ոք էլ չի գրել: Ահա իմ համառոտ ծրագիրը այդ մասին. Ա․ Բնակարան. ի՞նչպես էին շինում հին հայերը իրենց տունը, միահա՞րկ թե երկհարկանի, սենյակների դիրքը, ներքին կարգավորությունը, պատուհաններ, լուսամուտ և երդիկ, լուսիջույց և այլն: Բ. Հագուստ. հայկական տարազի տեսակները, արական և կանացի շորեր, գլխարկ և կոշիկ: Գ. Ուտելիք. սեղան և ամանեղեն, կերակրի տեսակներ, հացի պատրաստություն, խմիչքներ, գինի և գարեջուր: Դ. Ընկերական կյանք. արհեստներ, խանութ և վաճառատուն, շուկա, առևտուր և դրամի տեսակներ, դպրոց, ուսուցիչներ և ուսում, գրելու արվեստը, չափ և կշիռ, տոներ և տոնախմբություն, բարևելու ձևեր, նամակագրություն, ամուսնական կապեր: Ե. Պետություն. թագավոր, նախարարներ, պաշտոնեություն, օրենք և դատաստան, դատական մարմիններ, պատժական օրինագիրքը, Դատաստանագիրք, իշխանավորների, ազնվականների, գյուղացիների փոխադարձ հարաբերությունները և իրավունքները: Զ. Զինվորական իշխանություն. զորք և բանակ, զենքի տեսակներ, ռազմագիտություն, պատերազմ վարելու ձևերը, զինվորական համազգեստ, պատվանշան, բերդ և ամրոց, պահակատուն, սահմանապահ զորք, զինվորական աստիճաններ: Է․ Կրոն. Հին հայոց հեթանոսական կրոնը, 7 բնիկ աստվածներ (Արամազդ, Անահիտ, Նանե, Աստղիկ, Միհր, Վահագն և Տյուր), 8-րդ օտար աստվածություն (Բարշամինա). մեհյան, քրմական աստիճաններ, զոհաբերություն: Վենետիկի միաբաններից Հ․ Վ․ Հացունին կազմել է մի քանի սքանչելի աշխատություններ, որոնք մենագրություններ են այս կամ այն հարցի վերաբերյալ. ինչպես՝ հին հայոց տարազը, երդումը հին հայոց մեջ, հայոց դրոշակը, կերակուրը և խնջույքները, մանկավարժությունը հին հայոց մեջ և այլն: Սիրական Տիգրանյանը նվիրվեց հայոց եկեղեցական օրենքի ուսումնասիրության գործին, բայց գրաբար չիմանալով, շատ էր դժվարանում: Հրատարակեց մի քանի գործեր, որոնցից մեծագույնն է իր մի ապակետիպ աշխատությունը, որ հրատարակեց մեր պետական համալսարանում 1920-ական թվականներին: Մնացյալ ծանոթներիս մասին շատ երկար կլինի խոսել: Գլուխս լիքն է հիշողություններով, որոնք թղթի վրա դնել շատ երկար կլիներ: Կտանեմ ինձ մոտ: Բայց այստեղ պետք է խոսեմ երկու չար անձնավորությունների մասին, որոնց հետ դժբախտություն ունեցա ծանոթանալու Էջմիածնում: Առաջինն է Սեթ Հարությունյան – նոր-նախիջևանցի, Կարապետ Կոստանյանի աշակերտներից, հայկաբան, ուսուցիչ գրաբարի՝ Ճեմարանում: Ասում էին, թե լավ գրաբար գիտեր, բայց իր գրաբարագիտությունը միայն հին վարժապետների ձևով էր: Նա ոչ լեզվաբան էր և ոչ էլ բանասեր: Նա գրաբար գիտեր իբրև գրաբարագետ: Աբեղյանը մի օր հայտնեց ինձ, թե իր աշակերտների գրած գրաբար շարադրությունները սրբագրելու համար տալիս էր Սեթին առանձին վճարով. որովհետև, ասում էր նա, ինքը գործնական վարժություն չունի գրաբար սրբագրելու, իսկ Սեթը վարժված էր: Այս վերջին կետը, թե Աբեղյանը մեսրոպյան գրաբարը լավ չէր ընդունում, դժբախտաբար հաստատվեց հետևյալ հետաքրքիր միջադեպով: Մեր համալսարանում վրացի երիտասարդ Իլյա Աբուլաձեն սովորեց ինձ մոտ հայոց լեզվի պատմություն: Ավարտելուց հետո գնաց Թիֆլիս և աշխարհաբար լեզվով մի նամակ գրեց ինձ. նամակը ցույց տվի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանին, հիացավ, թե ինչպես վրացին կարող է այսքան հայերեն իմանալ: Ես ասացի, թե նա գրաբար էլ գիտե: Խնդրեց, որ դիմեմ իրեն և մի հատ էլ գրաբար նամակ խնդրեմ, որ գրի: Ստացա մի բաց նամակ գրաբար լեզվով. կարդաց ռեկտորը և ավելի հիացավ. մեր ընկերներից շատերին ցույց տվեցի նույն նամակը, ամենքն էլ զարմացան և ուրախացան: Ցույց տվի նաև Աբեղյանին, որ նույնպես ուրախացավ. ես ասացի, թե մեջը 2 սխալ կա, և սխալները ցույց տվեցի, նա արդարացրեց դրանք: Սեթ Հարությունյանը գրական գործ չունի: Նա միայն աշխատակից եղավ Մանուկ Աբեղյանին Խորենացու հրատարակության գործում: Բայց Աբեղյանը ինձ հայտնեց 20-ական թվականներին Երևանում, թե Սեթը իրեն ոչ մի օգնություն չի մատուցել, այլ իր ծուլությամբ և անպարտաճանաչությամբ երկարաձգել էր գործի հրատարակությունը։ Այդ պատճառով էլ ես իմ Արմատական բառարանի 7-րդ հատորում (էջ 44) իրավունք եմ համարել Խորենացու հրատարակության առթիվ ասել. «Մ. Աբեղեան, անուանապէս նաև Ս. Յարութիւնեան»: Մի ուրիշ մանր զվարճալի կետ էլ: Մի անգամ մի նամակ էի գրել Երևան, դեղագործ Արշակ Հակոբյանի անունով, որի հետ շատ մտերիմ բարեկամ էի դարձել: Ծրարի վրա գրեցի ռուսերեն Эривань, Аршаку Акопяну, аптекар, բայց չգիտեի, թե аптекар բառի վերջում պետք է գրել Ь, թե Ъ: Գնացի Ճեմարան, ուսուցչական սենյակը, ուր միայն 2 հոգի կային, Ստեփան Կանայանը և Սեթ Հարությունյանը: Ես դիմեցի Կանայանին, իբրև իմ մտերիմ բարեկամին և հարցրի, թե аптекар բառի ծայրին Ь պիտի դնե՞մ, թե Ъ: Կանայանը մտածեց ի զարմանս իմ և հայտնեց, թե չգիտեմ, և նա դիմեց Սեթին նույն հարցով. Սեթը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա այդպիսի բաների, р-ի մոտ մի միջակետ դրեք իբրև համառոտագրության նշան և բավական է»: Սեթը իմ դեմ մի պամֆլետ գրեց «Նոր դար»-ում, սրա մասին հետո: Ավելի զվարճալի մի տեսարան ևս: Սեթը մի օր իր ծառային հրամայում է գնալ շուկա և գնել 10 ձու: Ծառան վերադառնում է և ձվերը բերում: Սեթը, որ սարսափելի ժլատ մարդ էր, բարկանում է ծառայի վրա, թե ինչո՞ւ այդքան փոքր ձվեր է առել: Նա ուներ ձու առնելու մի օղակ. բոլորը փորձում է, և բոլոր ձվերը օղակից անցնում են. հրամայում է ծառային նորից գնալ շուկա օղակով և փոքր ձվերը հետ տալով, խոշորները վերցնել: Ծառան հրաժարվում է. այն ժամանակ Սեթը ինքը թաշկինակի մեջ 10 ձու և օղակը ձեռքին, անձամբ գնում է շուկա: Այդ միջոցին Էջմիածնի հրապարակում տեռոր էր տեղի ունեցել, Երևանի Գուբեռնատորի վրա ատրճանակ էին արձակել, ոստիկանությունը թափվել էր դուրս՝ տեռորիստին բռնելու համար։ Ժողովուրդը փախել էր, ոստիկանները տեսնում են միայն Սեթին թաշկինակի մեջ ձվեր և ձեռքին օղակ: Բռնում են նրան և ոստիկանատուն տանում: Հարցնում են այնտեղ, թե ի՞նչ գործ ունեիր հրապարակում։ Սեթը կմկմալով և ամաչելով՝ օղակի պատմությունն է անում: Իհարկե չեն հավատում, վեց ամիս նստում է բանտում, մինչև կարողանում է ապացուցանել իրողությունը: Ես ոչ մի կապ չեմ ունեցել Սեթի հետ. չգիտեմ ինչո՞ւ, միայն մի անգամ եղել եմ նրա տանը: Պոռպռուն ձայնով մի կին ուներ՝ իգդիրցի և մի աղջիկ, իսկական գաճաճ, որի անունն էր Սեթանուշ: Երբ ես հրատարակում էի իմ Արմատական բառարանը, մի օր ինձ մոտ եկավ մի տարիքոտ կին: Ինքը հայտնեց, որ Սեթ Հարությունյանի կինն է և խնդրեց իր ամուսնուն բաժանորդ գրել։ Զարմացա մնացի. Սեթը գիրք կարդա և այն էլ Աճառյանի՞ գիրքը: Ականջիս չէի հավատում: Ստիպված էի մերժել, որովհետև ռեկտորի հրամանով բաժանորդագրությունը փակված էր: Երկրորդ չար, ավելի շուտ ողորմելի անձնավորությունը Բագրատ Խալաթյանն էր: Նա հրավիրվել էր Ճեմարան իբրև ուսուցիչ ռուս գրականության: Հայերեն գիտեր, բայց շատ թույլ: Հագնվում էր շատ զարդարուն ձևով, անուշահոտ դուխիներով օծված, այնպես որ աչք էր ծակում: Մի օր մտա Ճեմարանի ուսուցչանոցը։ Այնտեղ էին Ստեփան Կանայանը և այս Բագրատ Խալաթյանը, որոնք վիճում էին ինչ-որ հարցի առթիվ: Երբ ես ներս մտա, Կանայանը ասաց Բագրատին. «Այ, պարոն Աճառյանը եկավ, նա լավ գիտե, իրեն հարցնենք, և դառնալով, ասաց. «Դուք իրար հետ ծանոթ չե՞ք»: Ես պատասխանեցի. «Ես երեք անգամ ծանոթացել եմ պարոն Խալաթյանի հետ, բայց նա բարևս էլ չի առնում»: «Ոչ,— ասաց Կանայանը,— պարոն Աճառյանը մեր կարևոր մասնագետներից մեկն է, չի կարելի այդպես վարվել նրա հետ»: Խալաթյանը կմկմաց և ինչ-որ ներողություն խնդրեց: Խալաթյանը Ճեմարանից շուտով հեռացավ և գնաց Գերմանիա: Նա հրատարակեց մի քանի ազգագրական տետրակներ և հոդվածներ գրեց «Բանասեր»-ի մեջ, հետո վեճ ունեցավ Բասմաջյանի հետ և իրար հետ կռվեցին. Բագրատ Խալաթյանը Բասմաջյանի դեմ գրեց մի հոդված «Մի ապտակ Բասմաջյանի դեմ» վերնագրով: Բասմաջյանն էլ պատասխանեց «Մեկի դեմ 2 ապտակ Բ. Խալաթյանի դեմ» վերնագրով: Շատ զվարճալի է հետևյալ դեպքը: «Հանդէս Ամսօրեայ» ամսաթերթի մեջ Բ. Խալաթյանը (1906 թ., էջ 333) սկսեց հրատարակել «Եվալդ Լիդեն» վերնագրով մի հոդված, որի սկզբում տալիս է հայագիտության պատմությունը: Այստեղ, էջ 335 բ-ում, հիշում է եվրոպացի հայագետների անունները, թվելով նրանց գործերը։ Սրանց մեջ կարդում ենք. «Օգտավետ ծառայություն մատուցին հայ լեզվի բազմակողմանի ուսումնասիրությանն Christian Bartholomae, Sophus Bugge…, մանավանդ հմուտ հայագետ A. Meillet: Հիշելու է ևս Verfasser, Die Semitischen Lehnworter in Armenishen ZDMG, 1893» և այլն: Կարդալով այդ հոդվածը և տեսնելով նշանավոր մարդկանց շարքում Verfasser անունով մի նոր հայագետի, որի անունը երբեք լսած չէի, զարմացած մնում եմ, թե ո՞վ է այս անծանոթ հռչակավոր հայագետը: Բայց երբ շարունակության մեջ կարդում եմ նրա գրած աշխատության անունը, իսկույն հասկանում եմ, որ հայտնի Հյուբշմանն է: Դեպքը այսպես է եղել: Հյուբշմանը իր քերականության մեջ, հիշելով զանազան հեղինակների անունները և նրանց գործերը, նրանց հետ հիշում է նաև իր այս աշխատությունը. բայց համեստությամբ, փոխանակ իր անունը տալու, ինչպես սովորություն է, գրել է Verfasser (հեղինակը): Ողորմելի Խալաթյանը այսքանը չիմանալով և Verfasser գոյականի գլխատառից ենթադրելով, թե մարդու անուն է, ստեղծել է նորահնար մի հայագետ: Խալաթյանի այս ծիծաղելի արարքը հայտնեցի ժամանակին «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության. բոլորը հրաժարվեցին խմբագիր եղած լինելու պատվից, որպեսզի անարգանքի հարվածից ազատվեն: «Այլ առակ լուարուք»: 1909/10 Խալաթյանը գտնվելով Բեռլինում, համալսարանին դիմում է տալիս և խնդրում, որ իրեն նշանակեն դասախոս օսեթերեն լեզվի: Պրոֆեսորների ժողով է գումարվում քննելու համար հարցը: Այնտեղ է նաև Խալաթյանը: Պրոֆեսորներից մեկը հարց է տալիս, թե օսեթերենի ո՞ր բարբառը՝ Թագո՞ւր թե Դիգոր պիտի դասախոսե նա: Խալաթյանը, որ մինչև անգամ չի իմացել, թե օսեթերենը 2 բարբառ ունի, շշկլված մնում է և ոչինչ չի կարողանում պատասխանել: Հարցը սրանով փակվում է: (Այս դեպքի պատմությունը պատմեց ինձ բժիշկ Խուրշուդ Մելիք-Փարսադանյանը, որ նույն թվականին ուսանում էր Բեռլինում): Վիեննայի «Ազգային մատենադարան»-ի շարքում Խալաթյանը հրատարակեց «Արաբ պատմագիրները հայոց մասին» հատորը: Էջմիածնում եղած ժամանակը Բագրատ Խալաթյանը արաբերեն ոչ մի բառ չգիտեր: Ինչպե՞ս կարողացավ 2—3 տարվա մեջ սովորել այդ դժվար լեզուն այնքան, որ կարողացավ արաբ հեղինակները կարդալ և նրանցից նյութեր քաղել: Հաստատ հավատացած եմ, որ այստեղ էլ կեղծիք կա: Նա կարդացել է այդ գրքերի գերմաներեն թարգմանությունը և գերմաներենի իր հրաշալի հմտությամբ (ինչպես ցույց է տալիս Verfasser-ը) քաղել է այդ տեղեկությունները: Բ. Խալաթյանի վախճանը շատ դժբախտ եղավ: Նա վարակվեց վեներախտով, գժվեց և փոխադրվեց հիվանդանոց, ուր և մեռավ: Այսպիսի դժբախտ վախճան ունեցավ Էջմիածնի Ճեմարանի պերճապաճույճ երիտասարդ դասախոսը, որ սնափառ հայտարարությամբ արժանի չէր համարում իր համեստ պաշտոնակցի խոնարհ բարևն ընդունել: ⁂ Մեկ տարի տևեց Կարապետ Կոստանյանի սուլթանական իշխանությունը: Էջմիածինը նրան հանգստյան թոշակ նշանակեց, նա հեռացավ ասպարեզից և մեզ էլ ազատեց իր բռնակալ ճիրաններից: Տեսուչ նշանակվեց Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, որ բարեկիրթ, ուսյալ և բարեհամբույր մարդ էր: Նա իր կրթությունն ստացել էր Գերմանիայում, սիրող էր Էջմիածնի և աշխատում էր յուրովսանն բարձրացնել նրա արժանիքը: Գնահատում էր ինձ և ինձ հանձնեց Ճեմարանի գրադարանապետի պաշտոնը։ Միևնույն ժամանակ ինձ նշանակեց իր խմբագրած «Արարատ» ամսաթերթի սրբագրիչ: Այսպիսով իմ դիրքը բարձրացավ, և իմ ռոճիկը բարձրացավ ամսական 50 ռուբլու: Այստեղ պետք է հիշեմ իմ կյանքի կարևոր կայաններից մեկը: Հայտնի է, որ օտարահպատակները ուսուցիչ լինելու իրավունք չունեին: Այդ միջոցին Էջմիածին հավաքված տաճկահայ գաղթականների համար կառավարությունից հրաման եկավ, թե ով որ ցանկանա, կարող է ռուսահպատակ գրվել։ Ես էլ, տեսնելով, որ առանց հպատակությունս փոխելու, չպիտի կարողանամ դիրք ստեղծել, որոշեցի մտնել գաղթականների խմբի մեջ և ռուսահպատակ գրվել: Պետական պաշտոնյան, ինչպես ամենքին, նույնպես և ինձ հարցրեց, թե «տաճկական անձնագիր ունե՞ս»: Ես անձնագիր ունեի, ուստի պաշտոնյան դուրս հանեց ինձ, որովհետև անձնագիր ունեցողները չէին կարող հպատակություն փոխել: Մի ժամանակ հետո որոշեցի մի ուրիշ ձև տալ գործին: Անձնագիրս նորոգման համար ուղարկել էի Երևան։ Նորից հավաքվեց գաղթականների մի խումբ, նորից մտա այդ խմբի մեջ, և երբ պաշտոնյան հարցրեց ինձ, թե «անձնագիր ունե՞ս», ես պատասխանեցի «ոչ». իբր թե անձնագիրս այժմ մոտս չէ, այլ ձեզ մոտ է: Ես լսել էի, որ շատ մեծ պետական հանցանք է երկու անձնագիր ունենալը. հանցավորին պատժում էին մինչև անգամ աքսորով: Ես հանդգնեցի այդ հանցանքը գործելու, բայց դրա համար մի ուրիշ հնարք էլ էի մտածել: Ես նախապես անունս գրում էի Ipasis AzxapyHb, ինչպես պահանջվում էր արևմտյան տառադարձությամբ: Երբ պաշտոնյան իմացավ, որ անձնագիր չունեմ, ընդունեց ինձ և առաջարկեց անունս գրել իր ցուցակում. ես գրեցի Pavis AvapsHb. իմ հնարքս իբր թե այն էր, որ Երևանում ցուցակի մեջ եթե փնտրեին իմ անունը, չպիտի գտնեին այս նոր ձևի տակ: Պաշտոնյան մտցրեց ինձ գաղթականների խմբի մեջ, այնտեղ քահանայի ներկայությամբ բոլորս Ավետարանի վրա երդվեցինք հավատարիմ մնալ ցարին և ռուսահպատակ դարձանք: Շուտով ստացանք մեր նոր անձնագրերը, որից քիչ հետո ես Երևանից ստացա նաև իմ տաճկական անձնագիրը: Այսպիսով ունեցա 2 անձնագիր, որ ինչպես ասացի, մեծ հանցանք էր: Ինչքա՞ն ժամանակ տանջվել եմ երկու անձնագիր պահելուս պատճառով։ Հենց որ մի ոստիկան էի տեսնում, որ ինձ էր նայում կամ ինձ մոտ էր գալիս, սարսափը պատում էր ինձ: Մի անգամ Թիֆլիս էի գնացել և իջել Վիկտորիա հյուրանոցը, որ հայերի օթևանն էր միշտ: Սենյակումս նստած եմ, հանկարծ բակում մի գոռգոռոց է բարձրանում: Դուրս եմ նայում պատուհանից. տեսնում եմ մի ոստիկան, որ դեպի իմ պատուհանը երկարելով իր ձեռքը՝ բաներ է ասում: Ի՞նչ անելս չգիտեմ: Անշուշտ եկել են ինձ ձերբակալելու: — Բայց վտանգը անցավ, և ինձ ոչ ոք չձերբակալեց։ «Գող, սիրտը դող»: Իսկույն հանեցի թուրքական անձնագիրս, թքեցի նրա վրա և մի լուցկի վառելով, մոխիր դարձրի: Այսպես վերջացավ իմ տաճկահպատակի ստրկական, ամոթալի վիճակը։ == ՄԱՌԻ ՀԵՏ == 1899 թվականի ամառը կաթողիկոսի թույլտվությամբ Բյուրականի հայրապետական ամառանոցը գնացի: Միաբանների մի խմբակի հետ մի լուսավոր սենյակում անկողին ստացա: Մի օր բակում նստած, խոսակցության միջոցին, մոտ քառասուն տարեկան սևահեր, թխադեմ մի անձնավորություն մոտեցավ վարդապետներին, բարևեց և ձեռք տվեց: Պետերբուրգի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Մառն էր: Հպարտ ձև չուներ: Խոսում էր ազատ հայերեն: Լսելով իր անունը և Գալուստ Տեր-Մկրտչյանի պատմածներով լավ ծանոթ լինելով իր անձին, ուրախացա, որ տեսա իրեն: Հայտնեց, թե Էջմիածնում Կարապետ վարդապետը խոսել է իմ (Աճառյանի) մասին և հայտնել է, թե պատրաստում եմ մի նշանավոր արմատական բառարան, որի մեջ մեկնել եմ հայերենի բոլոր արմատները: — Ճիշտ չի ասել,— պատասխանեցի ես,— հազիվ կարողացել եմ գուցե կեսը մեկնել։ Մառը ժպտաց և ասաց. — Ես Կարապետ վարդապետին ասացի, որ եթե բոլոր արմատները մեկնել է, ուրեմն անպետք աշխատություն է, որովհետև անկարելի է հայոց բոլոր արմատները մեկնել։ Իսկ վարդապետը ասաց, թե «Աճառյանը ուրիշ մարդ է, նա կարող է մեկնել»: Իսկ այժմ, որ դուք ասում եք, թե հազիվ կեսն է մեկնված, ուրեմն լավ աշխատություն է: Մենք մտերմացանք իրար հետ և սկսեցինք գիտական (լեզվաբանական) հարցերի շուրջը խոսել: Այդ միջոցին երևաց Հովհաննես Հովհաննիսյանը, գեղեցկադեմ մի մարդ, բանաստեղծ և ուսուցիչ Ճեմարանում: Ես նրա հետ ծանոթություն չունեի, որովհետև նա էլ պատկանում էր ինձ ոչ բարեկամ խմբակին: Երբեք նրա տանը եղած չէի: Հ. Հովհաննիսյանը և Մառը վաղուցվա ծանոթներ էին. շատ սիրալիր խոսակցություն սկսեցին և Հովհաննիսյանը հրավիրեց Մառին իր տունը ճաշի: Տեսնելով, որ ես էլ Մառի հետ ընկերացել եմ, գուցե պարզ քաղաքավարության համար, ինձ էլ հրավիրեց։ Ես մերժեցի, բայց նա և Մառը ստիպեցին, որ գնամ: Հովհաննիսյանը ամառանոց էր եկել Բյուրական գյուղը և առանձին բնակարան վարձել: Սեղանը պատրաստ էր: Ես ծանոթացա նրա կնոջ՝ տիկին Զարուհու և երկու քույրերի՝ Աշխենի և Սիրանույշի հետ: Սեղան նստեցինք: Մառը խոսեց իմ մասին և արժանավոր գովասանքներ տվեց: Կինը գանգատվեց ինձանից, թե ինչո՞ւ մինչև այժմ իրենց մոտ չեմ գնացել: Երբ լսեցի, թե Հովհաննիսյանի քրոջ անունը Սիրանույշ էր, որ համառոտելով՝ Սիրուշ էին կոչում, ես իմ վաղեմի սովորության համեմատ իսկույն հայտնեցի, թե Սիրուշ պարսկերեն նշանակում է «հրեշտակ»: Կարծելով, թե սուտ հաճոյախոսություն եմ անում, տիկին Զարուհին, որ հենց առաջին րոպեից սկսած արհամարհանքով էր նայում իմ վրա, բարձրաձայն ծիծաղեց ու ծաղրեց ինձ: Ես դիմեցի Մառին և խնդրեցի, որ հաստատի, թե պարսկերեն սիրուշ նշանակում է «հրեշտակ». դժբախտաբար Մառը չգիտեր, և ես անել դրության մեջ մնացի: Այդ ժամանակ ասացի Մառին. «Չե՞ք հիշում զենդերեն «սրաօշա» բառը, որ հրեշտակ է նշանակում, որ ապա դառնում է պարսկերեն «սիրուշ»: «Այո՛, այո՛, — պատասխանեց Մառը,— բոլորովին ճիշտ է, ես այժմ հիշեցի»: Տիկինը խնդրեց, որ ես հաճախ գնամ իրենց մոտ։ Խոստացա, բայց բնավ չգնացի: Պատմում էին, թե երբ կաթողիկոսը առաջին անգամ եկել է Էջմիածին, Ճեմարանի ամբողջ ուսուցչական կազմը իրենց կանանց հետ եկել են աջը համբուրելու: Կաթողիկոսը տեսնելով Հովհաննիսյանին և նրա կնոջ Զարուհուն, որ շատ կարճահասակ մի կին էր, ասում է. «Պարոն Հովհաննիսյան, այդքան սիրային բանաստեղծություններ որ գրել ես, այս կնոջ համա՞ր է… լավ ես արել, չարիքներից փոքրագույնը ընտրել ես»: Կաթողիկոսը շատ էր սիրում տեղի անտեղի կատակաբանություններ անել, փույթ չէ նրանք վիրավորական լինեին մեկի կամ մյուսի հասցեին: Մառը հայտնեց ինձ, որ պիտի գնա Արտաշատ գյուղը պեղում անելու. ուզում է մի օգնական վարձել: Իսկույն ես ասացի. «Ինձ իբր օգնական չե՞ք վերցնի, առանց դրամական վարձատրության»: «Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Մառը,— ձեզանից ավելի լավ օգնական ո՞ւր պիտի գտնեի»: Էջմիածին վերադառնալով, ես ու Մառը կառքով մեկնեցինք Արտաշատ գյուղը, ուր նա մի մեծ սենյակ վարձեց մեր երկուսի համար: Կարծեմ 10 օր մնացինք այնտեղ և հաջորդ օրվանից պեղումները սկսեցինք: Նա ընտրեց մի ավերակ բարձունք, որ երկու մասի բաժանեց: Բարձունքի ձախ կողմը վերցրեց ինքը և բանվորների մի մեծ խմբով սկսեց փորել։ Մի քիչ դեպի աջ, մի քանի բանվորներ էլ տվեց ինձ, փորելու համար բարձունքի աջ կողմը: Այսպես սկսվեց մեր աշխատանքը: Մեր դիմացն էր Դվինը, կես ժամ հեռավորությամբ, որ նույնպես ուզում էր պեղել Մառը: Այնքան տարված էր Մառը երևակայությամբ, որ սպասում էր, թե պեղման ժամանակ նա կիջնի Արտաշատի հրապարակը, կգտնի Դավիթ Դվնեցու շիրիմը, կկարդա նրա տապանագիրը և կմտցնի իր վկայաբանության մեջ, որ պատրաստում էր տպագրության: Երազները շատ քաջալերիչ են. բայց Մառի երազը չկատարվեց: Ոչ մի հրապարակ մենք չգտանք: Մենք գտանք մի քանի խավ թոնիր, մեկը մյուսի ետևից, ինչ որ նշանակում էր, թե այնքան անգամ բնակություն և ավերած է կատարվել: Վերջապես հասանք հատակը. դրսից ջրի խողովակները մտան ներս, բայց ունեցած գումարը վերջացավ և պեղումը շարունակելը հետաձգելով հաջորդ տարվան, վերջ տվեց իր գործին: Այն կարճ շրջանում, որ ես ապրեցի Մառի հետ, լավ ուսումնասիրեցի նրա անձնավորությունը: Չափազանց բարի, ընկերական և ազնիվ մարդ էր այն ժամանակ: Պատմեց իր կենսագրությունը և իր կյանքից շատ բեկորների մասին խոսեց: Ես կամփոփեմ դրանցից կարևորը: Նա հայտնեց, որ հայրը իռլանդացի էր. Կովկասում ամուսնացել է մի մինգրել աղջկա հետ, որից ծնվել է ինքը և ըստ ցարական օրենքի կնքվել է ռուս: «Հա՜, հա՜, հա՜»,— ծիծաղում էր Մառը, ասելով, թե ոչ հայրը ռուսերեն գիտեր և ոչ մայրը իռլանդերեն կամ անգլերեն: Ուրեմն ի՞նչ լեզվով էին խոսում իրար հետ: Կովկասում սովորելուց հետո գնում է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտում է Քերովբե Պատկանյանին, դասընկեր ունենալով Ստեփան Մալխասյանին (այս և հաջորդ մի քանի տեղեկությունները լսել եմ Մալխասյանից): Երբ ավարտում են և Պատկանյանը մեռնում է, նրան հաջորդ ընտրելու համար վեճ է ծագում, ոմանք ուզում են ընտրել Մառին, իսկ ուրիշներ, որոնց գլուխն է կանգնել Եզյանը, ուզում են ընտրել Մալխասյանին: Մալխասյանը, ինչպես ինքն է ասել, հրաժարվել է, ասելով, թե ինքը միայն հայերեն գիտե, իսկ Մառը՝ թե՛ հայերեն և թե՛ վրացերեն: Մառը հարցրեց ինձ. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»: «Բայց դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ ձեզ ոչ ոք չի գնահատի. դուք կմնաք խեղճ ու թշվառ. եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, դուք կլինեք նշանավոր գիտնական»: Ես պատասխանեցի, թե ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան: Մենք շատ երկար խոսեցինք Մառի հնարած նոր լեզվաբանության մասին, որ հետագայում ձևափոխվելով կոչվեց «Նոր ուսմունք»: Մառը դեռ հանդուգն քայլեր չէր առած: Նա միայն քարոզում էր, թե վրացերենը ազգակից է սեմականին և հնդեվրոպական, սեմական և կովկասյան երեք խմբերը ծագում են մի խմբից, որ կոչվում է Նոյան: Բաժանվելու ժամանակ Մառը ասաց ինձ. «Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Դարձյալ մտածեցեք իմ ասածի մասին: Դուք այստեղ կկորչեք. եկեք Պետերբուրգ և նշանավոր մարդ կդառնաք»: Ավելացնեմ մի հետաքրքիր կետ: Երբ Արտաշատ գնացինք, հենց առաջին րոպեից Մառը խնդրեց ինձանից, որ ես իր հետ հայերեն չխոսեմ. «Որովհետև,— ասաց նա,— եթե դուք ինձ հետ հայերեն խոսեք, կկարծեն, թե ես էլ հայ եմ և ինչպես լավ գիտեք, հայերը հայերին չեն սիրում, չեն հարգում, ինձ հետ էլ կվարվեն իբրև հայի»: Ես ռուսերեն բնավ չգիտեի. առաջարկեցի գերմաներեն խոսել իր հետ: Ասաց, որ գերմաներեն լավ չգիտե, ավելի լավ գիտե ֆրանսերեն: Այնուհետև մենք միշտ խոսում էինք ֆրանսերեն, թեև ֆրանսերեն էլ ազատ չէր խոսում: Իմ մի քանի ուրիշ հանդիպումների մասին Մառի հետ՝ կխոսենք ավելի ուշ: == ՎԵՐԵԼՔ Ի ՄԱՍԻՍ == Էջմիածինը իբրև հնություն շատ մեծ անուն ունի եվրոպացոց մեջ. նա իբրև աշխարհիս ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից մեկը, հատկապես առանձնատիպ իր ճարտարապետությամբ, հարգի է գիտունների աչքին: Նրա մոտ գտնված Հռիփսիմեի եկեղեցին, որ ճարտարապետական մի գոհար է, ավելացնում է նրա փառքը: Էջմիածնին ժամանակակից են նաև Շողակաթը և Գայանեն, որոնք նվազ գեղեցիկ չեն: Բայց Էջմիածնի պատիվը ավելի բարձրացնողն է Մասիսը, որ ըստ Սուրբ Գրքի առասպելի, Նոյան տապանի կայանն է համարվում: Երբ Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղվեցին և այդ տարօրինակ ճարտարապետությամբ շինված, կլորակ և եռահարկ եկեղեցին ավերակների տակից դուրս բերվեց, է՛լ ավելի բարձրացավ Էջմիածնի հնագիտական արժեքը: Ըստ այսմ հաճախ եվրոպացի ճամբորդները գալիս էին Էջմիածին: Երբ նրանք շատ նշանավոր մարդիկ էին լինում, նրանց թարգման էր լինում Կարապետ վարդապետը, մանավանդ, երբ տիկիններ էլ լինեին: Նա խոսում էր ազատ գերմաներեն, բայց քիչ թե շատ գիտեր նաև խոսել ֆրանսերեն և անգլերեն։ Մի անգամ կաթողիկոսին ներկայացել էին բազմաթիվ հյուրեր և նրանց թարգմանը եղել էր Կարապետ վարդապետը, որի խոսակցությունը, նույնիսկ հայերենում, մի քիչ կակազ էր: Հյուրերի գնալուց հետո կաթողիկոսը իր կծու սրախոսությամբ ասել էր. — Այսօր Կարապետ վարդապետը ութը լեզվով կակազեց: Եթե հյուրերը սովորական մարդիկ էին, թարգմանը բնականաբար ես էի լինում: Բազմաթիվ դեպքերի միջից հիշում եմ հետևյալ երկուսը: Հյուր էին եկել երկու հոգի. մեկը հաստափոր, բայց հաճելի դեմքով ամերիկացի էր, որ խոսում էր ազատ ֆրանսերեն: Նրա հետ ընկերանում էր մի ավելի երիտասարդ կին, ֆրանսուհի, որ բնականաբար նրա հետ և ինձ հետ խոսում էր ֆրանսերեն: Տիկինը շատ գոհ մնաց, երբ լսեց, որ ես էլ Ֆրանսիայումն եմ սովորել։ Նա համարյա թե թողեց ամերիկացուն և միայն ինձանով զբաղվեց։ Ամերիկացին հետևում էր մեզ և լսում: Այցելեցինք վանքի ներսը, ուր կան զանազան սրբություններ՝ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի գեղարդը (նիզակ, որով խոցել են իր կողը խաչի վրա, իհարկե բոլորովին սուտ), Մատթեոս ավետարանչի մատը և այսպես զանազան սրբություններ, այսինքն՝ ստություններ: Ֆրանսուհին, իբրև կաթոլիկ և հավատացյալ, խաչակնքում էր երեսը և պատկառանքով խոնարհվում և համբուրում էր այդ սրբությունները: Ամերիկացին դարձավ ինձ և ասաց. — Ներեցեք, որ ես չեմ խաչակնքում և չեմ համբուրում: Այդ մեր կրոնի սովորությունն է. բայց մի՛ համարեք, թե ես անարգում կամ արհամարհում եմ: — Ոչ,— պատասխանեցի ես,— մենք գիտենք, որ բողոքական դավանանքը այդպես է և ամենևին չենք վիրավորվում: Վարդապետը, որ այդ սրբությունները ցույց էր տալիս, մի մատյան բերեց և առաջարկեց ինձ, որ ասեմ նրանց, թե այդտեղ մի գումար պետք է արձանագրվի: Շատ ծանր էր ինձ այդպիսի բան ասել, բայց ստիպված էի: Ներողություն խնդրեցի ամերիկացուց և ասացի: Իսկույն 20 ռուբլի վճարեց և ստորագրեց: Գնացինք դեպի Ներսիսյան լիճը: Էջմիածնի փառավոր տեսարաններից մեկն էր, մանավանդ երբ լիքն է: Նրա դիմացը փռված է ահագին անտառը, որի ետևը բարձրանում է հոյակապ սպիտակափառ Մասիսը: Այստեղ կանգնեց ամերիկացին, նայեց ջրերին, նայեց Մասիսին և ասաց. «Մանուկ էի, երբ Սուրբ Գրքում կարդացի. «Եվ տապանը կանգնեց Արարատ սարի վրա»: Հարցրի ուսուցչին, թե ո՞ւր է այդ Արարատ սարը: Պատասխանեց՝ Հայաստանում: Ես այդ օրը ուխտեցի անպատճառ գնալ տեսնել Արարատը: Այսօր իմ ուխտը կատարեցի»: Ասաց և ձեռք տվեց ինձ: Շարունակեցինք մեր պտույտը, գնացինք մինչև անտառի ծայրը և վերադարձանք: Երբ եկավ բաժանման րոպեն, տիկինը ինձ նվիրեց 5 ռուբլիանոց մի ոսկի: Ես մերժեցի, ասելով, թե ես վանքից նշանակ- ված եմ իբր թարգման և ստանում եմ դրա համար առանձին վարձատրություն (իհարկե սուտ էր). հետևաբար չեմ կարող ընդունել ձեր նվերը: Շատ ստիպեց, բայց ես մերժեցի: Վերջում ասացի, թե «Ձեր ամուսինը…»: «Օ՜հ, ո՛չ, նա իմ ամուսինը չէր, ես նրա աղախինն եմ»: Որքա՜ն մոտիկություն, որ չէի կարողացել տարբերել տիրոջ և աղախնուն: ⁂ Դիլիջանումն էլ պատահմամբ տեսա 80 տարեկան մի ամերիկացի, որ գնում էր Էջմիածին՝ Արարատը տեսնելու: ⁂ Երկրորդ դեպքը հետևյալն է: Ինձ կանչեցին Վեհարան, իբրև թարգման խոսելու մի եվրոպացու հետ: Գնացի և տեսա Վեհարանում մի շվեյցարացի, որ խոսում էր լավ ֆրանսերեն: Առաջնորդեցի Վեհափառի մոտ: Հայտնեց, թե ուզում է բարձրանալ Մասիս և խնդրեց, որ իրեն մի օգնական տան: Ես մեջ մտա և խնդրեցի շվեյցարացուց, թե «Ինձ չե՞ք ընդունի իբրև օգնական»: Նա չափազանց ուրախացավ և հրճվանքով ընդունեց ինձ: Դուրս եկանք և իսկույն որոշեցինք մեկնել դեպի Մասիս: Շվեյցարացին ուղարկված էր Էջմիածին ուսումնասիրելու համար Մասիս բարձրանալու բոլոր հանգամանքները։ Նա ուղարկված էր մի հանձնախմբի կողմից, որ պիտի պատրաստեր 100 հոգուց բաղկացած մի մեծ արշավախմբի վերելքը դեպի Մասիս: Մենք գնացինք ուղղակի Իգդիր և գիշերեցինք մի հայի հյուրանոցում: Շվեյցարացու հետ բոլորովին մտերիմ էինք դարձել, նա էլ երիտասարդ, ես էլ երիտասարդ: Երբ պառկելու ժամանակը եկավ, ես հարցրի շվեյցարացուն, թե ուզո՞ւմ եք, որ ճրագը հանգցնենք, որովհետև ես ճրագով քնել չեմ սիրում: Շվեյցարացին բարձրահասակ էր, երկարեց ձեռքը, որպեսզի ճրագը հանգցնի, բայց չկարողացավ: Ես մոտեցա ճրագին, մի խոր շնչով փչեցի, ճրագը հանգավ, բայց շիշն էլ ընկավ և փշրվեց, «Quel souffle!» (Ի՜նչ շունչ), կոչեց շվեյցարացին, բայց իսկույն հայը ներս մտավ և կոչեց. «Ի՞նչ է, դուք եկել եք իմ սենյակը քանդելո՞ւ»: Հիսուն կոպեկ դրի հայի ձեռքը և միջադեպը փակվեց: Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Մասիս. տեսանք Ակոռի գյուղը, որ Մեծ Մասիսի ստորոտումն է և 1840 թվականին փլատակի տակ մնալով, ամբողջովին քանդվեց: Երկու հովիվ, որ այդ միջոցին գտնվում էին Մասիսի բարձունքում, տեսան իրենց ոտի տակ իրենց գյուղի կործանումը, որից միայն իրենք փրկվեցին: Այդ երկուսից մեկին մի օր տեսա ես Էջմիածնի ճանապարհին: Ակոռիի տների գերանները դեռ մնում էին հողի տակից դուրս երկարած: Տեսանք նաև Ս. Հակոբ Մծբնացու վանքը, որի ջուրը օգտագործում էին արտի մորեխը ջնջելու համար: Այս պատմությունը սուտ չէ: Երբ Արարատյան դաշտում մի որևէ տեղ մորեխ էր իջնում, գնում էին Սուրբ Հակոբի վանքը հանդիսավոր թափորով, աշխարհական և եկեղեցական, երգով և շարականով և հասնելով վանքը, աղբյուրի ջրից վերցնում էին և բերում մորեխ իջած մի արտի վրա ցանում: Սուրբ Հակոբի աղբյուրի մոտ կա մի տեսակ թռչուն, որ սիրում է մորեխ ուտել: Երբ թռչունները տեսնում էին մարդկանց բազմությունը, բնականաբար հետևում էին նրանց և հասնում մինչև արտը: Այդտեղ, տեսնելով մորեխներին, հարձակվում էին նրանց վրա և սկսում կոտորել: Վրա էին հասնում նաև թռչունների մյուս ընկերները և այսպիսով արտը մաքրվում էր: Մենք եկանք ռուս սահմանապահ զորքի կայանը և ուզեցինք ներկայանալ պետին, որ մի ռուս զորավար էր: Բայց նա գնացել էր Երևան: Մեզ ընդունեց իր կինը, որ Մելիք-Աղամալյանների տոհմից, երևանցի բարեվայելուչ մի հայ տիկին էր: Սիրով ընդունեց մեզ և բացօթյա տեղավորված զինվորների շարքին երկու մահճակալ նշանակեց, որպեսզի այնտեղ անցկացնենք գիշերը։ Ուշ ժամանակ, չգիտեմ ինչու, մենք ուզեցինք Մասիսի վրա ինչ-որ պտույտ կատարել: Վերցրինք հետներս մի կոզակ, որ տարավ մեզ իր ծանոթ վայրերով ինչ-որ տեղ Մասիսի վրա: Նստեցինք, դաշտի գիշերային տեսարանը դիտեցինք և ապա հետ դարձանք: Ճանապարհը շատ քարքարոտ էր, դար ու փոս, դժվարանցանելի: Կոզակը, որին լավ ծանոթ էին այս տեղերը, ազատ համարձակ իջնում էր: Շվեյցարացին խնդրեց, որ ասեմ կոզակին, որ կամաց գնա, որովհետև մութ էր, և մենք ոչինչ չէինք տեսնում. скоро կոչում եմ կոզակին, նա ավելի արագ է իջնում. ես իրար հետևից բղավում եմ скоро, скоро, և նա ավելի է արագացնում իր ընթացքը: Շատ հետո իմացա, թե скоро նշանակում է ոչ թե կամաց, այլ արագ: Գիշերեցինք այդ բացօթյա կայանում. որքա՜ն հաճելի էր այդ գիշերը ինձ համար: Սրբազան Մասիսի վրա, մեր հին Հայրենիքում, ազատ թուրքական ճնշումից… Առավոտը երկուսով սկսեցինք բարձրանալ: Մասիսը շատ չոր է. ամենահասարակ խոտերից դուրս ոչինչ չես գտնում. ջուր ամենևին չկա: Բարձրանում ենք շարունակ, դիտելով Արարատյան դաշտի բոլոր գյուղերը: Դիմացը կանգնած է Արագածը: Սարի վրա ինչքան բարձրանաս, այնքան տեսարանը գեղեցկանում է և այնքան փառահեղ է դառնում դիմացի սարը: Կեսօրից հետո հոգնած դադրած հասնում ենք ձյան սահմանը: Մենք արդեն անցել ենք Փոքր Մասիսի բարձրությունը, որ այժմ մեզնից ցածր է կանգնած: Այդտեղ գտանք քոչվոր քրդերին (եզիդի), որոնք ամառանոց էին բարձրացել իրենց ոչխարներով և տավարով: Ջուր խնդրեցինք, բայց մեզ բերին հրաշալի սառնորակ մի թան, որի տված հաճույքը մինչև այժմ չեմ մոռացել։ Ձյան կողքին պառկեցի և քնեցի: Ես հոգնել էի, և ավելորդ վերելքը ինձ չէր հետաքրքրում: Շվեյցարացին մի քրդի ընկերակցությամբ, որ հրացանով էլ զինված էր, բարձրացավ է՛լ ավելի վեր: Ես քնած էի: Մի ժամ հետո, երբ նրանք իջան, արթնացա ես էլ։ Պատմեցին, որ մի արջ են տեսել, որի վրա քուրդը հրացան է արձակել, բայց արջը փախել էր: Այդքանը բավական համարելով, սարից իջանք ցած և հետ դարձանք մինչև Էջմիածին: Բաժանվեցինք իրարից, և շվեյցարացին մեկնեց Երևան, Եվրոպա վերադառնալու համար: Հաջորդ տարին 100 հոգուց բաղկացած արշավախումբը չեկավ, բայց ավելի ուշ, երբ ես Էջմիածնում չէի այլևս, արշավախումբը եկել էր և բարձրացել Մասիսի գագաթը: Այդ խմբին մասնակցել է նաև Մեսրոպ եպիսկոպոսը: Երբ մարդիկ բարձրանում են Մասիսի վրա, տեղի են ունենում զանազան երևույթներ: Ոմանք շնչասպառ են լինում, ոմանք ուշքից գնում են, ոմանց մարմնի ծակոտիներից արյուն է հոսում, ուրիշներ դիմանում են մինչև վերջ: Ցուրտը սաստիկ է, բայց ոչ անտանելի: Վտանգավոր է քամին, որ բկախեղդ է անում մարդուն: Վտանգավոր է հատկապես ոտքի տակի սառույցը, որից սահում և ընկնում են անդունդը: Այս արշավախմբի վերելքի նկարագրությունը մանրամասն գրեց և հրատարակեց Մեսրոպ եպիսկոպոսը «Արարատ» ամսագրի մեջ և ապա առանձին գրքով: Ասացին, որ 100 ճամփորդներից վերջինը, մի գերմանացի ինժեներ, ընկել է անդունդը և մեռել։ Այս եղավ միակ զոհը: Շատ տարիներ հետո լրագրում կարդացի, որ Սիբիրում մի գյուղացի ներկայանում է դատարան և խնդրում է, որ իրեն պատժեն, որովհետև ինքը մարդասպան է: Պատմում է հետևյալը. — Տարիներ առաջ ես պահակ էի Մասիսի վրա։ 100 հոգի բարձրացան վերև։ Ես էլ մասնակցում էի նրանց հետ իբրև պահակներից մեկը: Ես ամենավերջումն էի. տեսա իմ առաջ մի գերմանացի ինժեներ, որի կրծքի վրա շողշողում էր ժամացույցի ոսկի շղթան. սատանան ինձ հրապուրեց, մի հարվածով կրծքից ոսկե շղթան պոկեցի և մի քացի տալով ինժեներին՝ գցեցի անդունդը, ուր և կորավ: Ոչ ոք չիմացավ. կարծեցին, թե ինքն է սայթաքել: Ես մինչև այժմ տարա խղճիս ցավը, բայց էլ չեմ դիմանում: Պատժեցեք ինձ: == ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ԳԱԼՈՒՍՏԸ == Էջմիածնում լուր տարածվեց, թե պարսից շահը Եվրոպա պետք է գնա Երևանի վրայով. անշուշտ այդ առթիվ պիտի այցելի նաև Էջմիածին: Կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն պատրաստություն սկսեցին տեսնել շահին ընդունելու համար: Ճեմարանի տեսուչ Կարապետ վարդապետը առաջարկեց ինձ շահին նվիրված մի երգ գրել, որ Կոմիտաս վարդապետը պիտի ձայնագրեր, ուսանողներին սովորեցներ, և երգեցիկ խումբը շահի առաջ պիտի երգեր: Կեդրոնական վարժարանում աշակերտ եղած ժամանակս մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը մի տաճկերեն երգ էր գրել, որ երաժշտագետ Տիգրան Չուխաճյանը ձայնագրեց, մեզ սովորեցրեց, և մենք էլ սուլթանի անցքի ժամանակ երգեցինք: Այդ ոտանավորը տպված էր Աբիկյանի «Ճաշակ օսմանյան դպրության» գրքում, որի սկիզբը մենք բերել ենք վերը: Այդ երգը վերածեցի պարսկերենի, տարի Կոմիտաս վարդապետին, հանդարտ կարդացի, շեշտերը և երկար ու կարճ ձայնավորները որոշեց և ապա մի եղանակ հարմարեցրեց: Այդ եղանակը սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբին։ Երգը գեղեցիկ գրերով արտագրել տվին մի մեծ թերթի վրա, Վաղարշապատում բնակվող մի գեղագիր թուրքի։ Մնացյալ պատրաստությունների մասին չեմ խոսում: Երկար սպասելուց հետո, վերջապես լսեցինք, որ շահը գալիս է Երևան: Կաթողիկոսը իր հետ վերցնելով մի քանի աչքի ընկնող վարդապետներ, ինձ էլ հետը վերցնելով, փոխադրվեցինք Երևանի առաջնորդարանը, որ Հրազդանի ափին, մի խոշոր բարձունքի վրա հոյակապ շենք է: Մեծ դահլիճ և բազմաթիվ սենյակներ ունի: Պատշգամբի տեսարանը Հրազդանի վրայով դեպի Էջմիածին հրաշալի է: Կաթողիկոսը մի շատ երկար գրություն գրեց և տվեց ինձ, որ ֆրանսերենի թարգմանեմ: Ես թարգմանեցի: Իր հրամանով այս թարգմանությունը անգիր արի (ավելորդ աշխատանք), որպեսզի շահին ներկայանալու ժամանակ կաթողիկոսի կողմից արտասանեմ: Ինձ համար գնեցին մի ձեռք նոր հագուստ, որ կոչվում էր սև շոր կամ պոչազգեստ։ Առին նաև կաշյա սպիտակ ձեռնոցներ, որ բնավ չէի գործածած: Այս ձևի տակ տիկնիկի պես պատրաստված, սպասում ենք: Երևանում առած է դարձած «շահի գելդի դելդին եղավ» դարձվածը, որ ասում են, երբ մեկի գալուն սպասում են երկար և չի գալիս: Այսպես եղավ և մերը: Օրեր ու ժամեր սպասեցինք, մինչև որ հայտնեցին, թե շահը եկել է Երևան և իջել է Երևանի նահանգապետ Կոմս Դիզենհաուզենի տունը: Նրա տունը գտնվում էր այժմյան Լենինի հրապարակի ծայրին՝ Կոմունալ բանկի տեղը: Կաթողիկոսը կառքով և թափորով, ես էլ իր կողքին նստած, գնացինք նահանգապետի տունը։ Դռան առաջ բազմաթիվ հյուրընկալներ կային: Ռուսաց կայսեր կողմից ուղարկված էին մի քանի բարձրաստիճան անձինք ընդունելությունը պատրաստելու համար։ Հենց դռան առաջ նրանցից երկուսը խոսում էին իրար հետ և ասացին, թե «Այստեղ մեկը կա, որ ֆրանսերեն լեզվով խոսում է. նա է լինելու կաթողիկոսի թարգմանը»: Ես առաջ անցա և ֆրանսերենով հայտնեցի, թե թարգմանը ես եմ: Ձեռք տվին ինձ և ֆրանսերեն լեզվով հայտնեցին, թե «Դուք պիտի լինեք ամենից առաջ գնացողը, որովհետև դուք կաթողիկոսի բերանն եք: Մնացյալ բոլորը ձեր հետևից պիտի գան: Ձեզանից առաջ ոչ ոք չպիտի անցնի»: Սնափառությամբ առաջ անցա, կաթողիկոսը հետևիցս, վարդապետները և եպիսկոպոսները ավելի հետո, ներս մտանք: Մեզ առաջնորդեցին մի մեծ դահլիճ, ուր կանգնած էր պարսից շահի սադրազամը՝ իր շքախմբով: Կաթողիկոսը և սադրազամը ձեռք տվին միմյանց և նստեցին: Ես կանգնած եմ կաթողիկոսի կողքին, իսկ մնացյալ միաբանները բոլորը կանգնած են մեր հետևը: Կաթողիկոսը կարծել էր, թե սադրազամը նույն ինքն թագավորն է. վախեցավ և շփոթվելուց դարձավ ինձ և ասաց. «Շփոթվեցի, սելիքս մոռացա. ա՛յն թուղթը, որ թարգմանել էի տվել քեզ, բերանացի ասա»: — Վեհափառ Տեր, սա թագավորը չէ, սա սադրազամն է,— ասացինք բոլորս հայերեն լեզվով: Կաթողիկոսը հանգստացավ և սկսեց ծիծաղել: Սադրազամը չիմացավ, թե խոսքը ինչի մասին էր, խոսեց օդից և անձրևից: Քիչ հետո բացվեցին թագավորի առանձնասենյակի դռները, և ես ու Կաթողիկոսը, ինչպես և մեր հետևից մի քանի հոգի, մտանք ներս: Մուզաֆֆերրեդդին շահը կանգնած էր ոտքի վրա և խաղում էր աթոռի հետ, ոտքերը ցնցելով։ Արքայական թագը գլխին էր, իր անխուսափելի ցցունքով միասին։ Բեղերը շատ երկար, հորիզոնական ձևով և սրածայր: Մորուք չուներ: Իր աջ կողքին կանգնած էր իր թարգմանը, որ Պետերբուրգի պարսկական դեսպան Միրզա Մոհսին խանն էր: Շահի դեմքը իրոք որ բարի և պատկառելի էր: Ես մինչև այդ տեսել էի մի քանի թագավորներ. նախ աշակերտ ժամանակս տաճկաց սուլթան Համիդին իր 400 կանանցով և հազարավոր զինվորներով։ Նա գազանի դեմք ուներ, տգեղ կերպարանքով և անճոռնի քթով: Ոչ մի համակրանք չէր կարող շարժել իր դեմքը: Երկրորդ՝ տեսել էի Սերբիայի թագավոր Ալեքսանդրին, որ պատանի էր և եկել էր Կոստանդնուպոլիս՝ սուլթանին այցելության: Փողոցներով ման էր գալիս ազատ, ֆայտոնում նստած, համակրելի, երեխայական դեմքով մեկն էր, որ նայողի վրա ոչ մի ազդեցություն չէր գործում: Երրորդը՝ եղել էր ռուսաց Նիկոլայ կայսրը, որ Փարիզում այցելության եկավ Պանթեոնը: Ես այն ժամանակ գտնվում էի Պանթեոնի կողքին գտնված մի հյուրանոցում: Սենյակս իր բալկոնով դեմ առ դեմ գտնվում էր Պանթեոնին։ Ուստի բոլոր ֆրանսիացի հարևաններս թափվեցին սենյակ և թույլտվություն խնդրեցին բալկոնից դիտելու կայսեր: Բոլորին թողեցի, իսկ ես սեղանիս առաջ նստած աշխատում էի և ամենևին չհետաքրքրվեցի նայելու համար, թե ինչպիսի մարդ է կայսրը: Չորրորդը՝ գերմանացիների Վիլհելմ Բ կայսրն էր, որին տեսա Ստրասբուրգում, ուր ուսանող էի: Ճառ էր խոսում ժողովրդին իր ապարանքի պատշգամբից: Ժողովրդի մեջ կանգնած՝ ես էլ լսեցի իր ճառը, որից միայն այն եմ հիշում, թե գերմաներեն ich spräche և ich stehe «խոսում եմ, կանգնած եմ» բառերը փոխանակ շ-ով հնչելու, հնչում էր ս-ով, ինչպես իր սովորությունն էր («իխ սփրեխե, իխ սթեհե»)։ Չեմ հաշվում Ֆրանսիայի նախագահին, որին հաճախ տեսել եմ փողոցում՝ կառքով անցնելիս՝ Փարիզում: Խոսեց նաև կաթողիկոսը (հայերեն լեզվով) և բարի գալուստ մաղթեց շահին: Ես այդ խոսքերը թարգմանեցի ֆրանսերենի: Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի և հայտնեց շահին: Շահը շնորհակալ եղավ: Կաթողիկոսը երկրորդ անգամ խոսք առնելով՝ ասաց. «Իմ վանքը Ձեր հայրերի սիրելի վանքն է եղել. նրանց նվիրած կանթեղը մինչև այժմ մնում է մեծ խորանի առաջ մշտավառ: Խնդրում եմ, որ Ձեր ճանապարհորդությունից վերադարձին այցելեք նաև մեր վանքը»: Ես այս խոսքերը թարգմանեցի ֆրանսերեն, Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի, իսկ շահը ձեռքը դնելով սրտի վրա, ասաց. «Վազիֆեի դիլեմ էսթ, քի… (սրտիս պարտականությունն է, որ գամ այցելեմ իմ հայրերի սիրած վանքը)»: Ես չթողեցի, որ Միրզա Մոհսին խանը շահի պատասխանը թարգմանի ֆրանսերենի և իսկույն հայերենի վերածելով՝ հայտնեցի կաթողիկոսին: Ընդունելությունը վերջացավ: Նույն փառքով, ինչպես եկել էինք, բայց ավելի հանգիստ սրտով, որովհետև անակնկալը անցել էր, վերադարձանք առաջնորդարան: Հազիվ կես ժամ անցել էր, փոխայցելության եկան սադրազամը, Միրզա Մոհսին խանը և ուրիշներ: Մտանք կաթողիկոսի սենյակը, ուր նստած էի նաև ես իբր թարգման: Սադրազամից վախեցող Վեհափառը, իմանալով, որ նա թուրք է, ուղղակի գրկեց և քաշեց նրա թևից և մտերմաբար նստեցրեց կողքին, ասելով. «Սեն թյուրքջե բիլի՞րմիսին»: Սկսեցին ընկերաբար խոսել իրար հետ: Միրզա Մոհսին խանը դիմեց ինձ և հարցրեց, թե «Ինչո՞ւ շահի պատասխանը չթողեցիք, որ թարգմանեմ»: Ես պատասխանեցի, թե «պարսկերեն հասկանում եմ, բայց խոսելու վարժություն չունեմ»: Կաթողիկոսը հայտնեց, թե Ստեփանոս Նախավկայի վանքը, որ պարսից սահմանի վրա է գտնվում, քայքայված վիճակի մեջ է և նորոգման կարոտ է: Ուստի խնդրեց, որ սադրազամը նորոգման արտոնություն տա: Դուրս եկան սքանչելի բալկոնը և դիտեցին Զանգվի հրաշալի տեսարանը: Խոսեցին իրար մեջ և հարցրին, թե ինչո՞ւ են գետը Զանգու կոչում: Սադրազամը հայտնեց, թե այդ բառը նշանակում է «թուխ կամ սև» և այդ անունը տվել են գետին, որովհետև ջուրը պղտոր լինելով՝ թուխ գույն է ստացել: Մեր էլ ընդունելությունը վերջացավ, և բոլորս Էջմիածին վերադարձանք: Շահը իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարի, Եվրոպայից վերադարձին, եկավ Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության։ Այն շքեղ պատրաստությունները, որ տեսել էին, բոլորը կատարվեցին։ Շքեղ հացկերույթ տվին շահին․ կաթողիկոսական ամպհովանիի տակ շահը և կաթողիկոսը թև թևի մտած՝ Տաճարը մտան, նկարները և հնությունները դիտեցին, դուրս գալու ժամանակ ուսանողների երգեցիկ խումբը երգեց Կոմիտասի ձայնագրած եղանակը և այլն: Այս բոլորի մեջ ես ոչ մի մասնակցություն չունեցա: Խաչիկ վարդապետը դիմել էր կաթողիկոսին և բողոքել էր, թե ինչո՞ւ Աճառյանը, աշխարհական մարդ, թարգմանի պաշտոն պիտի վարի և ոչ թե ինքը՝ Խաչիկ վարդապետը, որ գիտեր թուրքերեն խոսել: Կաթողիկոսը համաձայնվեց: Ամբողջ ընդունելության ժամանակ թարգմանը եղել էր Խաչիկ վարդապետը, բայց շահը թուրքերեն չգիտեր: Բացի սրանից, Խաչիկ վարդապետը թարգմանի ձևը չգիտեր. երբ շահը հարցնում էր, օրինակ, թե սա ո՞ւմ նկարն է, Խաչիկ վարդապետը, փոխանակ դառնալու կաթողիկոսին և նրան ասելու, թե «Նորին Մեծությունը հարցնում է, թե սա ո՞ւմ նկարն է» և պատասխան ստանալով, փոխանակ շահին հայտնելու՝ «Նորին Սրբությունը հայտնում է, թե այսինչի նկարն է», ինքը ուղղակի պատասխանում էր շահի հարցման: Միևնույն ժամանակ Խաչիկ վարդապետը կոպիտ էր, սովորություն ուներ խոսելու ժամանակ խոսակցի թևից քաշել, կրծքին խփել, հրել կամ մշտել: Մի տեսարան դիտելու ժամանակ, ասում են, թե խփում էր շահի թևին և ասում էր «Բախ, բախ, բախ (նայի՛ր)»: Այս բոլորը վատ էր ազդել շահի վրա: Երբ լսեցի, որ թարգմանը Խաչիկ վարդապետն է լինելու, և ես ոչ մի դեր չունեմ, առավոտուց հենց ծառայիս ճանապարհ դրի և ասացի, որ ամբողջ օրը չգա մոտս. սենյակիս դռները կողպեցի, վարագույրները ամբողջովին գցեցի և քաշված սեղանիս ծայրը, Արմատական բառարանիս վրա աշխատեցի: Հանդեսը վերջացավ և շահը մեկնեց: Լսեցի, որ շահը իր ձեռքով մի պատվանշան է կախել կաթողիկոսի կրծքից և ինքը ձեռքը սեղմելով շնորհավորել։ Կարապետ վարդապետը և ուրիշներ սպասում էին պատվանշանի, բայց ոչինչ չստացան: Ասում են, թե շահը Պարսկաստան հասնելուց հետո հայտնել է, որ իր ամբողջ ճամփորդության մեջ, թեև շատ փառահեղ ընդունելություն են ցույց տվել իրեն ամեն տեղ, բայց միայն երկու հոգի սրտանց են ընդունել իրեն: Մեկը եղել է մի պարսկահպատակ հայ, որ Բաքվում հրավիրել է շահին իր տունը և հենց դռան առաջ Համեցե՛ք ասելու փոխարեն արծաթյա մատուցարանի մեջ դռան բանալիները տալով շահին, ամբողջ տունը նվիրել է նրան: Շահը ընդունել է: Երկրորդը եղել է Հայոց կաթողիկոսը: == ՍԻՐՈ ՕՐԵՐ == Խրիմյան Հայրիկը, նախքան ինձ տեսնելը, անշուշտ իմ մասին գաղափար ուներ, որովհետև կարդացել էր իմ հոդվածները «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: Չեմ ասում, թե նա լեզվաբանությունից հասկացողություն ուներ, որովհետև մի օր ինձ մոտ, խոսելով այդ գիտության մասին, ասաց. «Այդ որչա՜փ չոր գիտություն է. ի՞նչպես եք սիրել այդ գիտությունը, չե՞ք ձանձրանում: Չո՜ր, չոփ-չոր»: Բայց իբրև ուսումնասեր մարդ, անշուշտ որոշ գաղափար կազմել էր իմ մասին: Ուստի և առաջին օրվանից ինձ լավ ընդունելություն ցույց տվեց և պատճառ եղավ, որ ես մնայի Էջմիածնում և խորանայի հայագիտության մեջ: Չգիտեմ, եթե նա սկզբից ևեթ ինձ տեղ տված չլիներ, իմ կյանքի ընթացքը ի՞նչ կլիներ: Արդյոք կկառչեի՞ հայագիտության մեջ, այդպես խոր և անխախտ կերպով: Խրիմյանի նպատակն էր ինձ վարդապետ ձեռնադրել: Այդ բանը սկզբից ևեթ չհայտնեց ինձ, բայց մի երկու տարի հետո, արդեն հայտնապես ասաց. «Ես քեզ վարդապետ պիտի ձեռնադրեմ»: Պատասխանեցի, թե «մի աչքս կույր է, չեմ կարող վարդապետ լինել»: «Քեզ ո՞վ ասաց, որ այդ ասես ինձ, դա նշանակություն չունի»: Ես պատասխանեցի, թե «Լավ ձայն չունիմ, երգել չգիտեմ»: «Հո դու տիրացու չես լինելու, տիրացուները կերգեն»: Վերջապես ես ասացի, թե ինձ արժանի չեմ գտնում վարդապետական աստիճանին։ Պատասխանեց. «Երանի թե մյուս վարդապետները քո արժանիքի կեսն ունենային»: Խրիմյանը իմ վրա բռնություն չբանեցրեց, այլ գրպանս ընկույզներ էր լցնում, սրանով ինձ կաշառելո՞ւ համար: Միամիտ մարդ: Խրիմյանի բարեհաճությունը մեծապես ազդել էր իր եղբորորդի Խորեն էֆենդու վրա, որ, կարող ենք ասել, թե Էջմիածնի տերն ու տիրականն էր, կաթողիկոսի գաղտնի խորհրդականը և նրա դրդիչը: Մի օր Խորեն էֆենդին կանչեց ինձ Վեհարան և խնդրեց ինձ, որ ես նրա աղջկան դասեր տամ: «Ի՞նչ դաս տամ,— հարցրի ես»: «Սովորեցրեք նրան, ինչ որ մի աղջիկ պարտական է իմանալ լավ կին դառնալու համար»: «Օրինա՞կ…»: «Լավ հայերեն իմանալ, գրաբար կարդալ, շարադրություն գրել, հայոց պատմություն սովորել և վերջապես ինչ որ դուք կարևոր կհամարեք: Ի փոխարեն ես ձեզ կվճարեմ ամսական ռոճիկ այնքան, ինչքան ստանում եք Ճեմարանից»: Օր որոշեցինք, և նա ինձ տարավ իրենց տունը. ներկայացրեց իր տիկնոջ, որ վանեցի միջակ տարիքով մի խոհեմ կին էր. երկու աղջիկ ուներ: — Ահա իմ մեծ աղջիկը,— ասաց նա,— դուք սրա հետ պիտի պարապեք: Ինձ դուր եկավ այդ ընտանիքը. պարկեշտ ու համեստ, նահապետական ընտանիք էր: Օրը և ժամը որոշեցինք և ես 2 անգամ գնացի դասի: Պարապեցի մեծ աղջկա հետ հայերեն լեզվից: Նախքան հաջորդ դասը Խորեն էֆենդին կանչեց ինձ վեհարան և ասաց. — Վեհափառը իմացավ, որ դուք դասեր եք տալիս իմ աղջկան։ Վճռական կերպով արգելեց. նա մեր տան մեծն է և ինչ հրամայեց, մենք պետք է կատարենք. խնդրում եմ այլևս ձեր դասերը դադարեցնեք: Էլի կմնաք մեր տան բարեկամը, կհաճախեք մեզ մոտ երբ որ ուզեք, բայց ոչ դասի համար: Ես համաձայնվեցի, բայց այլևս երբեք նրա տունը չգնացի: Շատ շուտ հասկանալի եղավ ինձ բանի էությունը. Խրիմյանը ինձ ուզում էր վարդապետ ձեռնադրել, Խորեն էֆենդին՝ փեսա դարձնել: Երկուսը իրար հակառակ էին, հաղթողը պիտի լիներ Խրիմյանը, բայց իրականում ոչ ոք չեղավ: 1920-ական թվականներին, երբ եկա Երևան համալսարանում դասախոսելու և սկսեցի հրատարակել Արմատական բառարանս, բաժանորդ եղավ նաև Ախիկյան անունով նկարիչը, որ վանեցի էր: Նա ամուսնացել էր Խորեն էֆենդու աղջկա հետ: Մի-երկու տարի հետո Ախիկյանը մեռավ. տեսա նրա կնոջ… Նախկին բարեդեմ աղջկա տեղ տեսա մի պառաված, կնճռոտ երեսով, տգեղ կին, որ ավուր հացի կարոտ էր: Նա էլ շուտով մեռավ: ⁂ Կես դար և ավելի առաջ Վաղարշապատի կանայք բավական տգեղ էին: Այդ տգեղությունը վերագրում էին մալարիային, կիզիչ արևին և կեղտոտ ջրին: Եթե նրանց մեջ պատահեին բարեդեմ կանայք, անշուշտ եկվոր էին: Այսպիսիներից մեկն էր իմ ընկեր Մանանդյանի քույրը, որի անունն էր Աստղիկ: Չգիտեմ որտեղ տեսա նրան և երիտասարդական խանդավառությամբ սիրահարվեցի: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Այն ժամանակվա սիրահարությունը բոլորովին նման չէր արդի սերերի հետ: Սիրահարը դառնում էր ամաչկոտ, լռակյաց, տխուր և ապրում էր միայն ներքին հուզմունքով: Ոչ մի արտաքին նյութական արտահայտություն չէր ունենում: Այդպես և ես: Իմ սիրո արդյունքը այն եղավ, որ ես ուզեցի ավելի մոտենալ Մանանդյանին, ցույց տալ իմ աշխատասիրությունը և դրանով ինձ նրան սիրելի դարձնել: Դրա համար, երբ ես և Մանանդյանը դիմեցինք Գալուստ Տեր-Մկրտչյանին և խնդրեցինք, որ հայագիտական մի լավ նյութ տա իրեն գրելու համար և Միաբանը առաջարկեց մեզ կազմել «Հայոց նոր վկաները», ես իսկույն սիրով ընկերակցեցի Մանանդյանին և միասին սկսեցինք գործը: Այս աշխատությունը տևեց կարծեմ 2 տարի: Գրեթե ամեն օր գնում էինք ձեռագրատուն, վերցնում էինք ձեռագրերը և դեմ-դեմի նստած աշխատում էինք: Ամեն մեկս մի առանձին գլուխ էր վերցնում իր համար, որին մյուսը չէր մասնակցում: Ես սկսել էի թերթել Էջմիածնի ձեռագրատան բոլոր 4000 ձեռագրերը և կազմել տաղերի հավաքածու: Այդ նպատակին միացրի նաև «Նոր վկաներ»-ի որոնումը և ահագին նյութ հավաքեցի: Այս բոլորը դրի սեղանի վրա: Երկու տարվա մեր աշխատության արդյունքը հրատարակվեց Էջմիածնում երկու առանձին ձևի տակ: Առաջինը ժողովրդական հրատարակություն (Վաղարշապատ, 1902 թ.), իսկ երկրորդը գիտական հրատարակություն (Վաղարշապատ, 1903 թ.): «Հայոց նոր վկաները» 1155 թվականից մինչև 1843 թվականը նահատակված հայերի պատմությունն է (մեծ մասամբ թուրքերի ձեռքով, մի փոքր մասն էլ պարսիկների): Սրանք տոնելի սրբեր չեն և նրանց կյանքը «Յայսմաւուրք»-ի մեջ չի անցած պաշտոնապես: Օրացույցների մեջ էլ նրանք չեն հիշատակվում: Մասնավոր դեպքերում այս կամ այն «Յայսմաւուրք»-ը տալիս է իբր հավելված իր շրջապատում տեղի ունեցած մի նահատակի պատմությունը: Պրպտելով 100-ի չափ ձեռագրեր, հավաքելով նյութը և դասավորելով ժամանակագրական կարգով, հրատարակեցինք այս գիրքը, յուրաքանչյուր նահատակի պատմության վերջում դնելով նաև կարևոր պատմական, ժամանակագրական և ձեռագրական տեղեկություններ: Գիտական հրատարակության մեջ էջի ներքևում նշանակված են բոլոր ձեռագրերի տարբերակները, որոնք չկան ժողովրդական հրատարակության մեջ: Վերևում ասացի, թե ամեն մեկս մի գլուխ էր վերցնում և գրում. որոշելու համար, թե ո՞ր գլուխը ո՞վ է գրել, այսպես պայման կապեցինք. երբ նահատակի պատմության վերջում դրված տեղեկությունը սկսում է «այս» բառով, դա Մանանդյանինն է. երբ սկսում է «սույն» բառով՝ իմն է. իսկ երբ սկսում է «հիշյալ» բառով, իմն է, բայց քրոջս (Արմենուհու) աշխատակցությամբ: Հաշվելով բոլորը միասին, դուրս է գալիս, որ երկուսս միաժամանակ և միաչափ աշխատելով, իմ աշխատանքի արդյունքը եղել է մոտ երկուս ու կես անգամ ավելի, քան Մանանդյանինը: Երբ գրքի տպագրությունը վերջացավ, ես ուզեցի, որ այս արդյունքը նշանակենք առաջաբանի վերջում. Մանանդյանը նեղացավ, և ես զիջեցի: Այժմ այստեղ ուզում եմ դնել մեր աշխատանքի հաշիվը: Բնագրի 734 էջից Մանանդյանին է պատկանում 193 էջ, իսկ իմ ու քրոջս բաժինը կլինի 541 էջ, մոտ երկու և կես անգամ ավելի: Չնայած դրան, Մանանդյանը իր առաջաբանի սկզբում գրում է. «Ձեռնարկելով պր. Հրաչյա Աճառյանի տոկուն ու սիրահոժար աշխատակցությամբ հայոց նոր նահատակների վկայաբանությունների հրատարակման՝ իմ գլխավոր նպատակն է եղել…»: Դուրս է գալիս, որ աշխատությունը գրողը ինքն է, և ես նրա աշխատակիցն եմ: Բայց այս սխալը ոչ թե հեղինակի սխալն է, այլ նրա հայերեն լավ չիմանալու արդյունքը: Իմ սիրահարության պատմությունը թաքուն չէր կարող մնալ։ Ընկերներս մի օր տարան ինձ Երևան, Հրազդանի ափին գտնված մի զբոսավայր: Այնտեղ նրանք լավ խմեցին, ինձ էլ մի բաժակ գարեջուր խմացրին, որից ես հարբելով, դառնագին լաց եղա և գաղտնիքս բաց արի նրանց առաջ։ Լուրերով աղքատ Էջմիածինը չնչին բան էր փնտրում մեծացնելու համար: Այսպես տարածվեց իմ սիրո պատմությունը ամբողջ Վաղարշապատում: Նրանից անտեղյակ չէր կարող լինել Մանանդյանը, որի վերաբերմունքը իմ հանդեպ ոչ միայն չփոխվեց, այլ ընդհակառակը ավելի լավացավ: Երբ ամառը եկավ և արձակուրդ ունեցողները ամառանոց գնացին, մի օր Մանանդյանը մտավ իմ սենյակը և ասաց. «Դուք որևէ տեղ չե՞ք գնալու»: «Ո՞ւր գնամ,— պատասխանեցի ես,— գնալու տեղ չունեմ»: «Մենք գնալու ենք Դիլիջան,— ասաց նա,— կգաք մեզ մոտ, կապրեք մեզ հետ, և երբ արձակուրդը վերջանա՝ նորից կվերադառնանք Էջմիածին»: — Այս հրավերը չափազանց ուրախացրեց ինձ, բայց ես ի՞նչպես կարող էի մի ամբողջ ամառ պարապ անցկացնել: Մտածեցի և իսկույն մի միջոց գտա: Պետք էր հավաքեի պոլսահայ բարբառի մեջ գործածված բոլոր թուրքերեն բառերը: Ուրիշներ եթե ուզենային կատարել այդ աշխատանքը, անշուշտ պիտի սկսեին կարդալ զանազան բնագրեր և պիտի սկսեին հավաքել թուրքերեն բառերը: Բայց այդ աշխատանքը ինչքան էլ ուշադիր ձևով և երկար ժամանակ կատարեին, անշուշտ դարձյալ պակասավոր պիտի լիներ: Ես մտածեցի մի ուրիշ միջոց, որ հակառակ իր կարճության՝ պիտի տար լավագույն արդյունքը: Վերցրի միայն մի գիրք, այն է՝ Միհրան Աբիկյանի ընդարձակ օսմաներեն բառարանը՝ տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն լեզուներով: Որոշեցի կարդալ այդ գիրքը ամբողջ և որովհետև՝ իբրև կոստանդնուպոլսեցի, լավ գիտեի մեր բարբառը, ամեն մի թուրքերեն բառի դեմ կարող էի մի գիծ քաշել, եթե նա գործածական էր մեր բարբառում, և այսպիսով կունենայի ամբողջ փոխառյալ բառերի հավաքածուն: Գնացինք 5 հոգով Դիլիջան, վարձեցինք Ղուկաս բիձայի բնակարանը մալականների սահմանում: Մեզ հարևան ունեինք միայն մի մալական, որ ամբողջ օրը երգում էր. «Ու սուսիդա ժինկա միլայ Ա ու մենե նիչևո նիմա»: («Հարևանս ունի մի սիրուն կին, Իսկ ես ոչինչ չունեմ»): Ապրեցինք ամբողջ ամառը այդ բնակարանում: Ոչ մի հետաքրքրական դեպք չպատահեց մեր մեջ: Ես աշխատում էի իմ թուրքերենի փոխառյալ բառերի վրա և վերջացրի մի ամսում (1900 թ. հուլիս), որ և ապա տպագրվեց «Էմինյան ժողովածու»-ի շարքով (Վաղարշապատ, 1904 թ.): Երբեմն չորս հոգով պտույտի էինք դուրս գալիս. ես, Մանանդյանի մայրը, փոքր որդին՝ Արսենը և օրիորդը: Մեծ եղբայրը ընդհանրապես դուրս չէր գալիս: Փոքր եղբայրը շատ կատակախոս և զվարճասեր երիտասարդ էր: Մեր պտույտներից միայն մեկն եմ հիշում: Գնացել էինք բարձրադիր մի անտառ, որ գտնվում էր բլուրի վրա: Գագաթից ցած իջնելը դժվարացավ, որովհետև չորացած տերևները սահուն հատակ էին շինել և զառիվայրը լպրծուն էր դարձել. օրիորդը չէր կարողանում իջնել, ուստի թևն առի և արագ վազելով իջանք ցած: Մի օր ես ու մայրիկը տանը նստած խոսում էինք. մայրիկը հայտնեց, թե մի երիտասարդ խնդրել է օրիորդի ձեռքը, բայց իրենք մերժել են: Այս խոսքի վրա ես այլայլվել եմ և գույնս թռել է: Մայրիկը դարձավ ինձ, թե «Ի՞նչ եղար, ինչո՞ւ գույնդ թռավ»: «Ի՞նչ է եղել, որ իմ գույնը թռնի. ի՞նչ կապ ունեմ ես օրիորդի հետ»: «Ես ամեն բան գիտեմ, հանգիստ եղիր, արժանավորին կտամ, անարժանին չեմ տա»: == ՄԵՐՈՆՑ ԳԱԼՈՒՍՏԸ == Մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց. հայրս, մայրս, մեծ քույրս, փոքր քույրս, եղբայրս և ես (Արշալույս քույրս մեռել էր արդեն): Մերոնց նամակ էի գրում և առաջարկում, որ փոխադրվեն Էջմիածին: Կառավարությունը արգելել էր հայերի մուտքը և ելքը Տաճկաստանից: Վերջապես ստանում եմ տեղեկություն, թե հայրս և քույրս մեկնել են Կոստանդնուպոլսից, հասել են Բաթումի և այսինչ օրը պետք է լինեն Երևանում: Գնացի Երևան, գտա հորս, որին 6 տարի ի վեր չէի տեսել: Դեմքը չէր փոխված, միայն մի քիչ ծերացել էր, առանց կորցնելու իր նախկին աշխույժը և եռանդը: Կողքին կանգնած էր մի մանկամարդ, գեղեցիկ, բարձրահասակ աղջիկ․ հարցրի հորս. «Հայրիկ, ասիկա ո՞վ է»: «Քույրդ է, ծո»: Ժողովրդական մի ասացվածք կա. մեծ ուրախություն զգալու դեպքում ասում են «Ոտքս գետնից կտրվեց»: Ճիշտ այդպես եղավ և ինձ: Քրոջս ես փոքր տարիքին թողել էի Կոստանդնուպոլսում. այն ժամանակ սևադեմ փոքրիկ մի երեխա էր, իսկ այժմ բարձրահասակ, հրեշտակադեմ մի էակ: Ոտքերս գետնից կտրվեցին, փաթաթվեցի նրան և անվերջ համբույրներով երեսը ծածկեցի: Այլևս աշխարհում ոչինչ չմնաց ինձ համար: Գնացինք «Օրիանտ» հյուրանոցը, ուր գիշերեցինք երեքով և մյուս օրը գնացինք Էջմիածին, № 1 բնակարանս։ Հազիվ մտել ենք ներս և իրերը դասավորել, հանկարծ այցելության են գալիս Ճեմարանի ուսուցիչներից երկուսը՝ Քերովբե Միրաքյանը (նոր-նախիջևանցի) և Գևորգ Ղազարյանը (կարսեցի): Ես խնդրեցի, թե այժմ չեմ կարող ընդունել, որովհետև մերոնք նոր են եկել և հանգստի կարոտ են: «Խնդրում եմ վաղը եկեք»: Նրանք նեղացան և հեռացան: Իսկույն կազմում են մեր մասին մի առասպել, թե այդ աղջիկը Աճառյանի քույրը չէ, այլ սիրուհին. իսկ հորս համար դեռ որոշում չէին տվել. ոմանք ասում էին, թե քրոջս հայրն է: Որքա՜ն չար և անմիտ են մարդիկ: Մյուս օրը նույն երկու հյուրերը եկան սենյակ: Ծանոթացան հորս և քրոջս հետ և զարմացան, երբ քույրս խոսեց նրանց հետ ռուսահայ լեզվով: Քերովբեն հարցրեց. — Օրիորդ, այդ ի՞նչ շուտ սովորել եք մեր լեզուն: Քույրս պատասխանեց զարմանքով. — Մեր լեզուն, ձեր լեզուն ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ: Բացառականը կազմում եք ից-ով, ներգոյականը ում-ով, ներկան էլ ում եմ։ Ճանապարհի 2 օրվա ընթացքում այդքանը չէի՞ կարող սովորել: Այս փոքրիկ միջադեպը ես հաճույքով պատմեցի ցույց տալու համար, թե որքան սխալվում են նրանք, որոնք մեր երկու բարբառները իրարից անջատում են իբրև տարբեր լեզուներ և նրանց միջև մի մեծ անջրպետ են շինում: Արևմտահայերը ամենամեծ ճշտությամբ հասկանում և սովորում են արևելահայ լեզուն, բայց ինչո՞ւ արևելահայերը այդքան դժվարանում են սովորելու մեր բարբառը, նույնիսկ Կոստանդնուպոլսում երկար տարիներ ապրելուց հետո: Նույն միջոցին Գևորգ Ղազարյանը դիտում է իմ և քրոջս ունքերը և նրանց մեջ որոշ նմանություն գտնելով, գնում ընկերներին պատմում է, թե նա իմ հարազատ քույրն է: Այսպիսով մեր մասին տարածված առասպելը ջնջվում է: Երբ նրանք մեկնեցին, մերոնց հարցրի, թե եղբայրս ի՞նչ եղավ. իսկույն հայրս սկսեց լաց լինել. եղելությունը հասկացա: Եղբայրս մեռել էր: Մահը պատահել է 1900 թվականի ապրիլի 12-ին, հետևյալ հանգամանքներում: Բյոյուք-դերեի եկեղեցու կառավարիչ և դպրոցի տեսուչ Սահակ Խանճյանը, որ գրող, բանաստեղծ և ուսուցիչ էր և նույն թաղի բոլոր կրոնական և ազգային-դպրոցական գործերի կառավարիչը, խնդրել է հորիցս, որ թույլ տար իր որդուն եկեղեցում երգել, այսինքն՝ տիրացություն անել։ Հայրս թեև այս գաղափարին սաստիկ հակառակորդ էր, չի կարողանում մերժել նրա խնդիրքը և թույլատրում է: Ավագ շաբթում և Զատկին գիշերային պաշտամունքների ժամանակ հոգնում, անքուն է մնում եղբայրս և հենց տոներից հետո հիվանդանում: Մենենգիտ էր ստացել: Բժիշկները չեն կարողանում դարմանել, և նա մեռնում է: Մեր ընտանիքի ամենափոքր անդամն էր եղբայրս. բոլորովին սպիտակ դեմքով, ուժեղ և հաղթանդամ տղա էր դարձել: 14 տարեկան էր, երբ մեռավ։ Եղբորս հիշատակին ես մի գիրք եմ նվիրել՝ «Մանկական բարբառ», որ տպված է Փարիզի «Բանասէր» հանդեսում 1901 թվականին, պրակ Ա-ում: Այցելուները շատացան: Դրանց մեջ հիշում եմ գերմանացի հայագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինքին: Բեռլինից եկել էր Էջմիածին հայերեն ուսումնասիրելու: Երկու տարի մնաց Էջմիածնում, Ստեփան Կանայանի հետ գրեցին արևելահայ աշխարհաբարի քերականությունը գերմաներեն լեզվով, ընկերանալով Հակոբ Մանանդյանի, Եզնիկ վարդապետ Գյանջեցյանի և Գալուստ դպրի հետ, սկսեցին հրատարակել Zeitschrift für armenische Philologie ուսումնաթերթը, որ տևեց 2 տարի և որի կառավարիչն էր թիֆլիսեցի Աբգար Հովհաննիսյանը, իսկ ծախսերը հայթայթում էր Մանթաշյանը: Այս ուսումնաթերթում մասնակցեցին հայ և օտար հեղինակներ: Ես էլ մի ընդարձակ հոդված եմ հրատարակել այդտեղ Lautlehre des Van-Dialects (արտատպ. Marbourg, 1901) վերնագրով: Ֆինքը նշանավոր եղավ իր մի ուրիշ աշխատությամբ: Նա ուսումնասիրեց հայ բոշաների լեզուն և հետագայում հրատարակեց Պետերբուրգում — Die Sprache der armenischen Zigeuner վերնագրով: Հետագայում գնաց Գերմանիա, ուր վաղամեռիկ եղավ։ Ահա այս անձն էր, որ եկավ իմ սենյակը այցելության. բայց նա ինձ մոտ երբեք չէր եկել և մի նոր պատճառ էլ չուներ ինձ այցելելու: Ուստի ենթադրում եմ, եկել էր քրոջս տեսնելու: Դրա համար էլ սկսեց խոսել քրոջս հետ և որովհետև քույրս գերմաներեն չգիտեր, ուստի Ֆինքը խոսում էր կիսատ-պռատ հայերենով: Աչքերը ոլորելով այնպիսի ձևեր և նշաններ էր անում, որ խիստ տարօրինակ թվաց։ Կանայք ավելի զգայուն են միշտ: Քույրս վեր կացավ, գնաց մյուս սենյակը և այլևս չվերադարձավ։ Ֆինքը մի քանի անգամ էլ այցելության եկավ «ինձ», բայց քույրս չներկայացավ նրան: Մի օր քրոջս հայտնեցի, որ ես այստեղ սիրահարված եմ մի աղջկա: — Մի՞թե,— ասաց քույրս, — տար ինձ իր տունը, տեսնեմ ինչ տեսակ աղջիկ է: Գնացինք Մանանդյանի տունը: Քույրս իր շենշող բնավորությամբ իսկույն ծանոթացավ նրանց հետ և մտերմական խոսակցություն ունեցավ օրիորդի հետ. կարծես թե հին բարեկամներ լինեին: Երբ տուն եկանք, ասաց. — Դուն մեր Կոստանդնուպոլսի աղջիկները մոռցեր ես. ան ի՞նչ անշնորհք աղջիկ է. ոչ կարդալ գիտե, ոչ գրել գիտե, ոչ ձեռագործ գիտե, ոչ ալ կարուձև գիտե. թափթփածին մեկն է. իրարու վրա 3 հատ շրջազգեստ հագեր էր, ետևեն կարելի էր հաշվել: Ամեն մեկը մյուսեն 3 մատ հեռավորություն ուներ: Այսպիսի գնահատությունը և միևնույն ժամանակ տանս մեջ նոր մտած կենսաթրթիռ շունչը իսպառ մոռացրին իմ զգացմունքը: Վեհարանում ապրում էր նաև ոմն Վահան էֆենդի, որ Խրիմյանի մոտիկ ազգականն էր: Բուրժուա վաճառականի կերպարանքով, կլոր և առողջ դեմքով, հաստափոր մեկն էր։ Այդ անձը սիրահարվել էր քրոջս և մեկի միջոցով դիմել էր հորս և խնդրել քրոջս ձեռքը: Հայրս հարցրել էր. — Ի՞նչ գործ կընե ադ Վահան էֆենդին: — Կաթողիկոսի մոտ ծառայում է: — Ի՞նչ արհեստ գիտե. դերձա՞կ է, ատաղձագո՞րծ է, կոշկակա՞ր է, դարբի՞ն է, ի՞նչ է: — Արհեստ չունի, կաթողիկոսի մոտ ծառայում է: — Հասկցա, կաթողիկոսին ք… կթափե. է՛, կաթողիկոսը մեռնի նե, որի՞ն ք… պիտի թափե: Ես ադ տեսակ մարդու աղջիկ չունիմ տալու: Հորս իսկույն պաշտոնի կանչեցին Էջմիածնում, դարձրին նրան մառանապետ, այսինքն՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն, բոլոր միաբանների ուտելեղենը հայթայթող գլխավոր անձը: Իր գլխավորը եղավ Եղիշե վարդապետ Ահարոնյանը, շուշեցի մի գեղեցկադեմ մարդ, որի բնակարանը № 5 էր, մեր շարքում: Ես ու նա իրար հետ շատ մոտիկ էինք, սկսած այն օրից, երբ ես հրատարակեցի Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությունը, նա մեծ հետաքրքրությամբ կարդում էր իրենց բարբառի քննությունը և անում իր դիտողությունները: Մի տարի հետո մայրս և մեծ քույրս դիմում են կառավարության, մայրս ընկնում է փաշաների ոտքը լաց լինելով հայտնում, թե ինքը մենակ է մնացել, ոչ մի օգնական չունի, աշխատելու կարողություն չունի. «Աղաչում եմ թույլ տվեք գնամ Էջմիածին՝ որդուս և ամուսնուս մոտ»: Երկար աղերսանքները վերջապես ձանձրացնում են փաշաներին և տալիս են անցագիր: Գնում են Տրապիզոն, այնտեղից Բաթումի և հասնում են Երևան: Հայրս գնաց դիմավորեց նրանց (մորս և մեծ քրոջս՝ Հերսիլյային) և գիշերով վերադարձան Էջմիածին մեր բնակարանը: Ներս մտավ թե չէ, մայրս ծոցից հանեց մի քանի թղթի կտորտանք և թափեց սեղանիս վրա: — Ի՞նչ են ասոնք,— հարցրի ես: — Միտքդ չէ՞, Պոլսեն ելած օրդ այս թուղթերը ինձ տվիր և ըսիր, որ աղեկ պահեմ մինչև գալդ. հիմա եկա քեզի տվի տարիներ պահելե ետքը: Ես մի քիչ նայեցի թղթերի վրա և առանձնապես հետաքրքրական բան չտեսնելով, մի կողմ դրի: Հայրս ասաց մորս. — Ես քեզի չըսի՞, օր ադոնք բոլոր պարապ բաներ են. ան ատենը տղա էր, աս թուղթերը մեծ բան էին իրեն համար, հիմա Փարիզ գնացեր, սորվեր էկեր է, ադոր էրեսը կնայի՞: Հաջորդ օրը հայրս գնաց գյուղ և վարձեց մեզ համար մի լավ բնակարան: Շուկայից մի քիչ ցածը մի մեծ պարտեզ էր, որի մեջ երկու բնակարան կար. աջ կողմինը մերն էր, իսկ ձախ կողմինը՝ Ճեմարանի ուսուցիչ Գալուստ Թումանյանինը: == ՍԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՄՖԼԵՏԸ == Մենք արդեն տեսանք այս անձին: Հազիվ մերոնք եկել էին Էջմիածին, «Նոր-դար»-ի մեջ երևաց մի թերթոն: Հեղինակը չէր ստորագրել. խոսում էր իմ մասին, բայց չեմ հիշում անունս տալի՞ս էր, թե ոչ: Բովանդակությունը մոտավորապես հետևյալ բառերով էր. — Էջմիածնի № 1 բնակարանը իր զվարճալի պատմությունը ունի. այնտեղ բնակվում էր Հրաչյա Աճառյանը, վանքի հաշվով և տեսնելով, որ այդ շատ լավ է՝ բերել տվեց Կոստանդնուպոլսից իր հորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր քրոջը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երկրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր մորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև մյուս քրոջը։ «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր չորրորդ»: Ծննդոց գրքի Ա գլխի օրինակով շինված այս պամֆլետը, որ գրված էր մերոնց ծաղրելու համար, շատ անտեղի էր և անճիշտ: Նախ, որ մերոնք չորս հերթով չէին եկել, այլ երկու հերթով, ուստի այն չորս օրերի պատմությունը կեղծ է: Երկրորդ՝ հենց որ մայրս և մեծ քույրս եկան Էջմիածին, իսկույն թողեցինք № 1 բնակարանը և փոխադրվեցինք գյուղ: Երրորդ, որ ոչ ես և ոչ հայրս ձրի չէինք վայելում վանքի հացը, այլ իբր մեր աշխատանքի վարձատրությունը: Ասացինք, թե պամֆլետը ստորագրված չէր, բայց նրա լեզուն և ոճը մատնանիշ էին անում Սեթ Հարությունյանին, որ թեև գիտական աշխատանք կատարելու անընդունակ էր, բայց զվարճախոսության մեջ լավ ընդունակ էր: Այն կարծիքը, թե գրողը Սեթն էր, բոլորը զգում էին, նույնիսկ 51 տարի անց (1952 ապրիլ) մի օր հրավիրվելով Երևանում կաթողիկոսի (Գևորգ Զ) տունը, տեսա այնտեղ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանին, որ անցյալի մասին խոսելով, ամենայն անկեղծությամբ պատմեց, թե այդ պամֆլետի հեղինակը Սեթն էր: Ես զարմացա նրա այդքան սուր հիշողության վրա, մանավանդ, որ պամֆլետը բառացի կրկնեց այնպես, ինչպես վերը գրեցի: Բայց ի՞նչ կարիք ուներ Սեթը այդ պամֆլետը գրելու։ Արդյո՞ք կասկածում էր, որ ես նրա տեղը կգրավեմ. շատ իզուր, որովհետև Սեթը լինելով Կարապետ Կոստանյանի ստրուկը, հազիվ թե մեկը նրան ձեռք տար: == ՀՈՐՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ == Հայրս շատ աշխատասեր մարդ էր. վանքի մառանապետի պաշտոնը ծանր գործ չէր. պարապ ժամանակ շատ ուներ: Զբաղմունքի համար որոշեց վանքի այգին մշակել (ձրիաբար): № 1 բնակարանի առաջ ընդարձակ բակ էր և այդ բակը գնում էր մինչև շենքի ծայրը: Դիմացը գտնվում էր Տաճարը: Բակը, թեև հողից, բայց շենքի կառուցման ժամանակ այնքան լցվել էր տուֆի փշրտանքներով, որ այլևս հող չէր երևում: Դրա մեջ մշակությունն անկարելի էր: Հայրս վարդապետներից թույլտվություն խնդրեց այդ խճալից հողը դեն ածելու և փոխարեն սևահող լցնելու: Ամենայն սիրով թույլատրեցին վարդապետները, որովհետև ձրի աշխատանք էր և վանքին օգուտ: Հայրս ամեն օր փորելով այդ խճաշատ հողը, տանում թափում էր հեռու, վանքից դուրս դաշտում և այնտեղից մաքուր սևահող բերելով՝ լցնում նրա տեղը: Այսպիսով կարճ ժամանակում № 1 բնակարանի առաջը, ինչպես և № 2 բնակարանի առաջը մաքրվեց և սևահող լցվեց: Այս սևահողի մեջ հայրս ցանեց զանազան բույսեր, որոնք շուտով աճեցին: Այստեղ տնկեց նա մի տեսակ պամիդոր, որ բարձրանում էր օդի մեջ առանց հենարանի: Այդ զարմանալի բույսի սերմը Կոստանդնուպոլսից էր բերել: Ցանեց նաև լոբի և ծաղիկներ: Մի քիչ այն կողմ № 4 բնակարանի առաջ (որ պատկանում էր մառանապետ Եղիշե վարդապետ Ահարոնյանին) շինեց փայտե թառ, մեկուկես մարդու հասակի բարձրության, և տնկեց մի տեսակ դդում, որ 1 մետր երկարություն ուներ: Այս տեսակի դդում չկար Երևանում, բայց սովորական է Կոստանդնուպոլսում, որտեղից բերել էր հայրս սերմը: Դդումը բարձրացավ և ի մեծ զարմանս բոլորի, թառի վերևից ձողերի պես կախվեց: Մի օր հորս ասացի. — Հայրիկ, այս դդումը այստեղ չկար, դուն նոր բերիր հասցուցիր. պետք է, որ քու անունդ վրան դնես: — Է՜, ի՞նչ դնեմ: — «Հակոբ խաբախի= Հակոբի դդում»: Դարձավ մորս և ասաց. — Կլսե՞ս կոր խելոք տղուդ խոսքը. ինձի խաբախ ըրավ: Կարևոր է վարունգի պատմությունը: № 1 բնակարանի առաջ հայրս ի միջի այլոց տնկել էր նաև վարունգ. պտուղը բավական մեծացել էր և վախ կար, որ № 3 բնակարանի «քոռ» Եղիա վարդապետը գողանար: Նա իրավունք էր համարում կողքի կանաչիներից քաղել, բայց աչքը վարունգի վրա էր: Հայրս զգում էր նրա մտադրությունը և միշտ զանազան պատճառներով պահակ էր կանգնում: Գողության հարմար րոպեն անշուշտ կես գիշերն էր և հայրս մինչև այդ ժամանակը հսկում էր: Վերջապես չթողեց, որ գողանա, և երբ վարունգը հասավ, կտրեց և կաթողիկոսին նվեր տարավ: Մինչև անգամ Երևանի ջերմոցներում դեռ վարունգ հասած չէր, իսկ հայրս № 1 բնակարանի առջևի քարքարուտում վարունգ էր հասցրել: Հրճվանքով վարունգը ձեռքին տանում, նվիրում է կաթողիկոսին, ձեռքը համբուրում և վարունգը դնում է սեղանի վրա: Կաթողիկոսը, փոխանակ որևէ շնորհակալության բառ արտասանելու և կամ գովասանական խոսք ասելու, դառնում է հորս հետևյալ խոսքերով. — Դուն կուզե՞ս որ ես քեզի շնորհակալ եմ ըսեմ: Դուն գիտե՞ս ես ո՞վ եմ. ես այս բոլոր վանքի ամենամեծն եմ. եթե ուզեմ, կարող եմ անմիջապես վանքեն դուրս վռնդել քեզ. լսեցի՞ր, հադե գնա: Հայրս զայրացած գալիս է ինձ մոտ. — Էշեկ օղլու էշեկ. մենք ալ քեզի մարդ գիտցանք. էշուն մեծն է եղեր. սա ըսելու խո՞սք է, որ ըսավ ինձի: Եվ պատմեց ամբողջ դեպքը: Խրիմյանը այսպիսի անպատշաճ արարքներ շատ էր անում: Վերևում պատմեցի Հովհաննես Հովհաննիսյանի կնոջ դեպքը: Նման մի դեպքի անձամբ ներկա եղա մի ուրիշ անգամ: Նոր տարվա առթիվ Ճեմարանի բոլոր ուսուցիչները ներկայացան կաթողիկոսին շնորհավորելու: Ես գտնվում էի ամենավերջում. ամենաառաջը Մանանդյանն էր. Խրիմյանը տեսավ նրան և ասաց. — Պարոն Մանանդյան, այդչափ գիտությունը այդ փոքրիկ, ճնճղուկի չափ գլխի մեջ ի՞նչպես ես տեղավորեր: Գոնե մեծ գլուխ ունենայիր… Բայց մեծ գլուխ ունեցողներն ալ ապուշ կլինին: Ահա Կանայանը, ահագին գլուխ ունի, մեջը պարապ. հա՜, հա՜, հա՜: Եվ սկսեց լայնաբերան ծիծաղել: Մենք բոլորս իրար հետև ծածկվում էինք, որ չտեսնվենք և նոր ծաղրանքի զոհ չգնանք: Իմ առաջ կանգնած էր Աբեղյանը, որ գլուխը և մարմինը թաքցրեց և անխուսափելի ծաղրից ազատվեց: == ՊՈՍՈԽՈՎԻ ԴԵՊՔԸ == Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր Պոսոխով անունով մի ռուս, որ կառավարության կողմից նշանակված լրտես էր Էջմիածնի վրա: Հայատյաց մարդ էր, բայց գիտեր հայերեն խոսել: Սովորություն ուներ խոսած ժամանակ աչքերը ճըփճըփացնելու: Ճեմարանի ուսուցիչների նամակները ստանալու պաշտոնը հանձնված էր Կարապետ Քոչարյանին, որ գեղեցիկ գիր ունենալու պատճառով Ճեմարանի հավիտենական քարտուղարն էր: Բացի գեղեցիկ գիր ունենալուց, ուրիշ ոչ մի լավ հատկություն չուներ։ Կարապետ Կոստանյանի ստրուկն էր և միաժամանակ նրա լրտեսը: Մի օր Քոչարյանը հայտնում է ինձ, որ Պոսոխովը իմ անունով նամակ է ստացել, բայց մերժել է հանձնել Քոչարյանին և սպասում է, որ ես անձամբ գնամ ստանամ: Ներկայացա Պոսոխովին. ցույց տվեց մի հաստ նամակ, որ ստացել էր Փարիզից: Կասկածում էր նրա վրա: — Ի՞նչ եք կասկածում, որ լինի միջին: — Կարելի է որևէ հեղափոխական թերթ կա մեջը: — Է՜հ, եթե ինձ թշնամի մի մարդ միջին «Դրոշակ» կամ «Հնչակ» դնելով ուղարկել է ինձ, ես հանցավո՞ր եմ: — Այդ հետո կտեսնենք: Պոսոխովը մկրատով կտրեց ծրարը, դուրս թափվեցին մի նամակ և 30 ռուբլի թղթադրամ: — Օհ,— բացականչեց Պոսոխովը և փողերը գրպանեց,— այս գումարը պատկանում է ինձ, որովհետև նամակի վրա с объявлением չէ գրված: Ես նամակը կարդացի: Փարիզում մի գրավաճառի մոտ դրել էի իմ Étude sur la langue laze աշխատությունից մի քանի օրինակ: Գրավաճառը ծախել էր այդ օրինակները և ահա գումարը ուղարկում էր ինձ: Պոսոխովին հայտնեցի, թե «Ֆրանսիայում իրավունք կա նամակի մեջ փող դնելու և ուղարկելու. ոչ ոք իրավունք չունի նամակը բանալու և գումարը վերցնելու: Ահա իր երկրի օրենքով այդ մարդը փողը ուղարկել է ինձ, դուք իրավունք չունեք այդ փողը խլելու: Ես ձեր դեմ կբողոքեմ»: — Բողոքեցեք. բողոքի հասցեն էլ ես տամ: Բողոքի հասցեն վերցրի և եկա տուն № 1 սենյակս: Մի ֆրանսերեն նամակ գրեցի Փարիզ՝ արտաքին գործոց մինիստրության և մի նամակ էլ ներքին գործոց մինիստրության և, բացատրելով դեպքը, խնդրեցի, որ դիմեն Ռուսաստան և պահանջեն գումարս հետ տալ։ Կանչեցի Սիրական Տիգրանյանին, որ իմ մտերիմ ընկերն էր և մանավանդ ցարական գործերի մասնագետ և լավ ռուսագետ և խնդրեցի, որ մի նամակ գրի Ռուսաստանի փոստ-հեռագրատան մինիստրության: Նա հրաժարվեց գրել, ասելով, թե «այդ ավելորդ է, ոչինչ չես կարող ստանալ»: Ես կրկնապատկեցի խնդիրքս և շատ աղաչեցի, բայց նա միշտ մերժում էր: Վերջապես զիջեցրի, և նա հանձն առավ գրել: Նամակը, անշուշտ պատվիրած, փոստ գցեցի. այսպես նաև երկու ֆրանսերեն նամակներս: Մի քանի շաբաթ անցավ. ոչ մի պատասխան չկար։ Շաբաթ երեկո էր. եկեղեցուց դուրս ենք գալիս. անցնում եմ Տրդատա դռնով: Դռան առաջ պատահում եմ Պոսոխովին, որ իսկույն մի կողմ է քաշվում, մեջքը դռան բարավորին դրած, կռանում է, գլխարկը հանած խոնարհվում է իմ առաջ: Զարմանքը պատեց ինձ. Պոսոխովը կաթողիկոսի առաջ էլ չէր խոնարհվում. այս ի՞նչ տարօրինակ տեսարան է: Ես մտածեցի, թե ծաղրում է ինձ, գլուխս կախեցի, թեթև բարևեցի և գնացի տուն, մեր նոր բնակարանը: Մյուս առավոտ, կիրակի օր, լսում եմ որոտընդոստ մի ոտնաձայն: Մի կոզակ մտնում է սենյակս, դնում է իմ առաջ մի խոշոր սպիտակ ծրար, հինգ տեղից կնքամոմով կնքված, տալիս է ինձ 30 ռուբլի թղթադրամ և մի թղթի կտոր, որով Պոսոխովը խնդրում էր ինձ տալ 30 ռուբլու ստացական: Նամակը բաց ենք անում և տեսնում ենք ռուսերեն մի գրություն, որի մեջ ասված էր, թե Փարիզից ներքին գործոց և արտաքին գործոց մինիստրությանց առաջարկով և փոստ-հեռագրատան մինիստրության իմ գրած թղթի հիման վրա, խիստ նկատողության են ենթարկել Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարչին և հրամայել են «Հարքունիս գրաված» 30 ռուբլին վերադարձնել ինձ, «որովհետև ռուսական թղթադրամի փոխադրությունը արտասահման և ներս արգելված չէ»: Ստորագրում էին երեք մինիստր՝ ներքին, արտաքին և փոստ-հեռագրատան: Այս ամբողջ միջադեպը մեծ ազդեցություն թողեց Էջմիածնի վրա: Առաջին անգամն էր, որ մեկը համարձակվել էր բողոքել պետության առաջ և այսպիսի հաջող ելք էր ստացվել: Ստեփան Կանայանը ինձնից 3 տարի առաջ նույն ձևով Գերմանիայից ստացել էր 300 ռուբլի, և Պոսոխովը խլել էր այդ գումարը իր գրպանի համար: Կանայանը չէր կարողացել ոչ մի բողոք ներկայացնել և երբ իմ դեպքը լսեց, ասաց. «Տե՛ս, տե՛ս, տե՛ս, այս անպիտանին․ երկու օր է եկել է այստեղ, և մեզ նոր բաներ է սովորեցնում. ինչպես մենք ժամանակին չմտածեցինք այս բանը»: Այս նամակի ավելի զորավոր արդյունքը կտեսնենք հետագայում: Պոսոխովին արված նկատողությունը երևի այնքան խիստ է եղել, որ նա Քոչարյանին տեսնելով ասել է. «Ինչո՞ւ բողոքեց. չէի՞նք կարող մեր մեջ հաշտությամբ վերջացնել»: Պոսոխովին մի անգամ էլ տեսա Ռոստովում 1915—1916 թվականին. փողոցում անցավ իմ կողքից. աչքերի ճփճփացնելուց ճանաչեցի, բայց չխոսեցինք իրար հետ: Վերջին անգամ Չեկայում իմ քննիչը հարցրեց Պոսոխովի մասին, թե ի՞նչ գիտեմ: Հայտնեցի, որ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր և ցարական կառավարության կողմից լրտես էր նշանակված վանքի վրա: Ասացի նաև, թե 1915—1916 թվականներին պատահել եմ Ռոստովում. ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին: == ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ == Կոստանդնուպոլսում շատ հանդիսավոր կերպով են տոնում նոր տարին: Այդ օրը պատրաստում են 3 տեսակ քաղցրեղեն, անուշապուր, փելթե և զերտե: Սեղանի վրա պետք է առնվազն 12 տեսակ միրգ լինի. հաց չկա. նախորդ գիշերվանից փողոցում բարձրաձայն կանչելով վաճառում են նոր ալյուրից թխած մի տեսակ խմորեղեն, որ աղավնիի ձև ունի և կամ ուրիշ կլորակ զարդի ձևեր: Ծախողը կոչում է. «Քուշլար վար, քումրուլար վար, ենի բուղդա քեբաբը վար (թռչուններ ունեմ, տատրակներ ունեմ, նոր ցորենով խորոված ունեմ)»: Իրար հետևից փոքրիկ նվագախմբեր անցնելով կանգնում են յուրաքանչյուր տան առաջ և նվագ ածելով մի քանի կոպեկ ստանում: Հատկապես նշանավոր է հույների լաթերնան, որ մի առանձին տեսակի նվագարան է և որ միայն հույներն են գործածում: Հայոց մեջ արժանի է «Շնորհավոր»-ը: Սա մի բարակ կարտոն է, որի վրա փորագրած են (ծակ-ծակ) հետևյալ բառերը. «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ» (հետո թվականը)։ Լինում է նաև նկարներով «Շնորհավոր»: Երկու տեսակ նկար կա. Քաջ Վարդանի նկարը և կամ Աստվածամոր նկարը: Այս բոլորը ծակ-ծակ է: Խանութներում ծախում են «Շնորհավոր»-ը՝ հատը 2 կոպեկ, բայց շատ անգամ աշակերտները իրենք են փորագրում իրենց տան համար: «Շնորհավոր»-ը դնում են վերոհիշյալ 3 տեսակի քաղցրեղենի վրա և հետո դարչին ցանելով՝ նկարը փոխանցում են քաղցրեղենի վրա: Առանց «Շնորհավոր»-ի տուն չի լինի։ Այս բոլորը տևում է մի շաբաթ, մինչև Ծննդյան տոնի օրը: Շատ ժամանակ էր, որ ես նոր տարի չէի տեսել. ուստի մայրս և քույրերս պատրաստեցին մեր տանը այս բոլորը, բացի աղավնիներից: Ուսուցիչները այցելեցին մեր տունը։ Նրանց մեջ հատկապես հիշում եմ Մանուկ Աբեղյանին, որի մոտ ես երբեք եղած չէի: Նստան մեր պատրաստած սեղանի շուրջը և դիտում են առանց ուտելու: Վերջապես Աբեղյանը ասաց քրոջս. — Օրիորդ, այս բոլորը շատ լավ, բայց մեզ անծանոթ ուտելիքներ են, ուտելու ձևը չգիտենք: Քույրս իսկույն առանձին պնակների մեջ բաժանեց բոլորին և ինքը օրինակ տալով՝ սկսեց ուտել: Կերան և հավանեցին: == ԽՐԻՄՅԱՆԸ ԻՆՁ ՀԵՏ == Մի գիշեր Խրիմյան Հայրիկը մի շաթիր ուղարկելով՝ կանչեց ինձ իր մոտ և ասաց. — Պարոն Աճառյան, ներողություն կանես, որ ես կանչեցի քեզ: Գիշեր է, քուն չունիմ, մարդ ալ չկա, որ խոսիմ հետը. աստեղացոց սիրած չեմ. ասոնք ալ ինձ սիրած չեն: Ի՞նչ ընեմ. ստիպված եմ քեզ կանչելու: Ես կխոսիմ դուն լսե: Կարելի է խոսածիս մեջ շատ ավելորդ բաներ կան, բայց կարող է նաև օգտակար բան լինել: Ավելորդը դուրս ձգե, օգտակարը միտքդ պահե: Ծերերը շատախոս կըլլան, ստիպված պիտի լսես: Ժամերով խոսեց, եղավ կես գիշեր: Ես անբարբառ լսում եմ նրան, թմրում եմ, բայց չեմ կարող վեր կենալ: Վերջապես կես գիշերը անց շաթիրին կանչեց, որ լապտերը վառած ինձ առաջնորդեց մինչև տուն: Այս տեսարանը կրկնվում էր անխափան, ամեն գիշեր, որովհետև «իր միակ բարեկամը ես էի»: Եթե ուզենայի, կարող էի թերևս նրա պատմածներից նոթեր առնել: Խոսում էր ամիրաների կյանքից, գրողների կյանքից, իր եվրոպական ճանապարհորդություններից և այլն: Եվ այս բոլորը մի քանի անգամ: Բայց որովհետև ես պատմաբան չեմ, ուստի մոռացության մատնեցի: == ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Ամառ էր: Ճեմարանի դասերը վերջացել էին: Տպարանում պատահեցի Բենիկ վարդապետին, որին անձամբ ծանոթ չէի: Երիտասարդ, աշխույժ և գործունյա մարդ էր: Խոսեց ինձ հետ և հայտնեց, թե Շուշվա թեմական դպրոցի համար հայերենի ուսուցչի պետք կա: Նախկին ուսուցիչ Գյուլզադյանը (նոր-ջուղայեցի հայտնի հայկաբան, Ֆիրդուսիի թարգմանիչ և հեղինակ «Ոլոր մոլոր Կուրն էր գալիս Կովկաս սարերեն» երգի) ծերության պատճառով հրաժարվել է պաշտոնից: Հոգաբարձությունը կենսաթոշակ է նշանակել նրան և ուզում է նոր ուսուցիչ հրավիրել: Դուք չե՞ք ընդունի այդ պաշտոնը: Մեծ հաճույքով լսեցի այս առաջարկը: Իմ ամենամեծ ցանկությունս էր ապրել Կովկասի զանազան հայաշատ վայրերում և սովորել նրանց բարբառը: Թեև Ղարաբաղի բարբառի քննությունը Էջմիածնում մասնավոր անձերի օգնությամբ կատարել, վերջացրել էի, բայց նորից գնալ և բարբառը ուսումնասիրել տեղում՝ շատ հաճելի էր: Երկրորդ՝ երկու չափահաս քույր ունեի, որոնց ամուսնացնել եղբայրական պարտականությունս էր: Կոստանդնուպոլսում նրանց ամուսնացնել չէր հաջողվել: Առհասարակ Կոստանդնուպոլսում ամուսնությունը չափազանց դժվար է օժիտի պատճառով: Ամուսնացող աղջիկները իրենց փեսացուին պարտական են վճարել մի մեծ գումար, առանց որի ամուսնություն չկա: Մի երիտասարդ բժիշկ սիրահարվել էր մեծ քրոջս և լսելով, որ ես Էջմիածնումն եմ գտնվում, ասել էր. «Հարյուր ոսկի օժիտ ալ չի կրնար ղրկել»: Եվ իմանալով, որ չեմ կարող, սիրահարությունը մոռացել էր և ամուսնությունը մերժել: Կոստանդնուպոլսի այս անվայել սովորությունը, որ Կովկասի քրդական ղալանի հակառակն է, մեծ դժբախտություն է օրիորդների համար և կործանում՝ ընտանիքների: Սիրո վաճառքը ամենամեծ խայտառակությունն է և կործանիչ բարոյականի: Էջմիածնում չէի կարող ամուսնացնել քույրերիս. գյուղացիները, մեծավ մասամբ անգրագետ և աղքատիկ մարդիկ, չէին համարձակվում քույրերիս ուզել: Իսկ Շուշին իբր հայաշատ մեծ քաղաք, ինձ համար գերադասելի էր: Ահա այս երկու պատճառներով, մեծագույն հաճույքով ընդունեցի Բենիկ վարդապետի առաջարկը և պատրաստվեցի մեկնելու: Ամսական ռոճիկ նշանակեցին ինձ համար 90 ռուբլի, որ այն ժամանակ հոյակապ գումար էր: Նախ ինքս մենակ մեկնեցի Թիֆլիս—Եվլախ և այստեղից կառքով Շուշի: Այդտեղ բնակարան վարձեցի և իսկույն մերոնց հրավիրեցի Շուշի: Զվարճալի մի երևույթ: Հենց այն գիշերը, որ մենք հասանք Շուշի, հենց նույն օրը խնդրուկներ ներկայացան և երկու քույրերիս ձեռքը խնդրեցին: — Ա՛յ մարդիկ, դեռ նոր ենք եկել, սպասեցեք մի տեղավորվենք, հետո: Շուշեցի տղամարդիկ շատ են գնահատում օտարտեղացի օրիորդներին և առաջին հերթին նրանց ձեռքն են խնդրում: == ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՈՒՄ == Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է): Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ և դեպի ձախ։ Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից և ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40 000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում: Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ և հետևդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սև գույն ունեն և սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն` «սև այգի»: Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչև կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի առաջ: Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է և բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրև ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում և զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը (տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչև տների ներսը։ Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը։ Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր և զվարճախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան և մի թեմական դպրանոց, որ իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ուսուցչական մարմին ուներ: Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին և ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին և մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում: Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»։ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին: Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած և հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչև Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ կլիներ։ Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները և մոծակը իսպառ վերջացել է: Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել և զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր։ == ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ == Մենք բոլորս սիրեցինք Շուշին: Համեղ ջուրը, փափուկ կլիման, շրջակա անտառները, զբոսավայրերը, հիանալի տեսարանը, բնակիչների զվարթ, անշահախնդիր բնավորությունը հաճելի դարձրին կյանքը: Էջմիածնում մայրս երկու բանից գոհ էր մնացել: Մեկը այն, որ իր տարիների հոդացավը (քամի) մի անգամից վերջացել էր և երկրորդը այն, որ «մոլլա և մինարե չկար»: — Ուր որ գացի, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն, Բաթումի, մինչև անգամ Երևան, սա մունդար էզանի ձանը ականջես չկտըրվեցավ. մինակ Էջմիածին էկա, ադ ձանը վերջացավ: Բայց մայրս ոչ մի օր Էջմիածնի տաճարը չմտավ: Խռովել էր Աստծո հետ, որովհետև Զատիկ օրով իր որդուն մահացրել էր: Դժգոհ էր միայն հայրս, որովհետև ոչ մի աշխատանք չուներ: Լինելով խիստ աշխատասեր, առանց աշխատանքի ձանձրալի էր իրեն կյանքը։ Պարտեզ չկար, որ մշակեր. ամեն տեղ մշակված էր. ծառ ու ծաղիկ էր բուսնում. խճուտ, քարքարոտ հողեր չկային, որ մաքրեր և սևահող լցներ: Սրճարան էլ չկար, որպեսզի գնար նըստեր և ընկերների հետ շաղփաղփելով օրը սպաներ: Միակ հավաքատեղին Շուշվա թոփխանեն էր, մի փոքր հրապարակ քաղաքի կենտրոնում, ուր անգործ մարդիկ, պատերի տակ նստած, զրուցում էին: Սկսեց անել կոշկակարություն, բայց ես արգելեցի: Այս առթիվ, մինչև անգամ, տնային ընդհարում ունեցանք: Ասում էի. «Ահագին ռոճիկ եմ ստանում, ուսուցիչ մարդ եմ. ամոթ է ինձ, որ մի հայր չկարողանամ պահել և նա կոշկակարություն անել ստիպվի. ի՞նչդ է պակաս»: Հայրս վերջ տվեց արհեստին և զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա, տանը նստած, սուտ կոշկակարություն էր անում օդի մեջ, կոշիկ կարել ձևացնելով: Ասացի, որ խնդրակներ էին եկել երկու քույրերիս համար: Հերթը ընկնում էր նախ մեծ քրոջս: Մի խումբ ընտրելիների մեջ առաջնություն ստացավ Նիկոլայ Խաչունցը: Այս մարդը մետաքսի վաճառական էր. մի քանի տարի մնացել էր Մարսելում և գիտեր ֆրանսերեն խոսել: Շուշուց քիչ հեռու, մի ադրբեջանական գյուղում ուներ մետաքսի գործարան, ուր աշխատում էին 150 հոգի: Ասում էին, թե 200 000 ռուբլի փող ունի: Ինքը տխեղծ մարդ էր, հասակը կարճ, մի աչքը կույր, մի թևը կոտրած և մի ոտը կաղ: Մի քանի ավազակներ գիշերանց հարձակվել էին նրա վրա, ինքը իբրև քաջ շուշեցի մարդ՝ անձնատուր չէր եղել և սկսել էր կռվել նրանց դեմ: Նրանք զինված լինելով, այսչափ չարիք էին հասցրել նրան և կիսամեռ թողել հեռացել: Քույրս, երբ տեսավ նրան առաջին անգամ, «Բա՞, ասիկա ճուճե է»,— ասաց, ծիծաղեց նրա վրա և արհամարհեց: Մարդիկ մեջ ընկան, հատկապես թեմական դպրանոցի ուսուցիչ Գարեգին Խաժակը, որ ալեքսանդրապոլցի լինելով, խոսում էր արևմտյան բարբառով և այս պատճառով էլ շատ մտերմացած էր հորս հետ, վերջապես համոզեց նրան: Երեք օր տևեց հարսանիքը՝ հին հեքիաթների ոճով. Նիկոլայի ընդարձակ տունը, իր բազմաթիվ սենյակներով, լցված էր հյուրերով: Առաջին օրը հրավիրված էին հարուստները, երկրորդ օրը միջակ դասակարգը և երրորդ օրը աղքատ դասակարգը: Հարսանիքից հետո քույրս տեղափոխվեց նրանց տունը: Հերթը հասավ փոքր քրոջս՝ Արմենուհուն: Նա կտրականապես մերժեց բոլոր առաջարկողներին: Արդեն ուներ մի ընտրելի, որ էր Մելքոն Ղազարոսյան կոչված անձը: Երբ ես Կեդրոնականի աշակերտ էի, Մելքոնն էլ աշակերտ էր՝ ինձնից մի քանի տարի ցածր: Շատ աղքատ էր. ինքը քղեցի էր. բնակարան չունենալով, գիշերում էր դպրոցի ծառաների սենյակում: Փող չուներ, որ ճաշեր, ուստի կերակրվում էր աշակերտների ճաշի մնացուկներով. մի քանի պատառ հաց, մի քիչ խաղող և պանրի կտորտանք. ահա այս էր իր ուտեստը: Դպրոցը ավարտելուց հետո ես ոչինչ չիմացա նրա մասին: Երբ Էջմիածին եկա, տեսա նրան այնտեղ: Պատմեց, թե գնացել է Մոնպելիեի երկրագործական բարձրագույն վարժարանը և ավարտել: Այժմ եկել էր Էջմիածին և Կաթողիկոսի հրամանով նշանակվել էր Էջմիածնի և Ճեմարանի հողերի վրա: Հայրս լավ երկրագործ էր. իբրև հայրենակից ծանոթացավ նրա հետ և բարեկամացավ: Մելքոնը հաճախ մեր բնակարանն էր գալիս, և մենք լավ մտերիմներ դարձանք: Գրեթե ամեն օր մեզ մոտ էր: Բայց հայրս չհավանեց նրա գիտության. լավ երկրագործ չէր: Մի անգամ Մելքոնը ընդարձակ մշակություն էր սկսել Ճեմարանի հետևը գտնված հողի վրա: Հայրս հարցնում է. «Պարոն Մելքոն, ի՞նչ կցանես»: «Գետնախնձոր, կարտոֆիլ»: Ադ ցանածդ կարտոֆիլ չէ, ընկույզ է. եթե կուզես, որ կարտոֆիլ լինի, այդքան երեսկունկ չպիտի ցանես. խոր փորե»: «Է՜, Հակոբ աղա, ա՛լ գետնախնձորի մասին չխոսիս ինձի հետ, որովհետև ես գետնախնձորի նշանավոր մասնագետ եմ»: Երբ բերքը հասավ, ստացվեց փոքրիկ խնձորի չափ դառն և լեղի մի բան: Մեզ էլ մի քիչ նվեր ուղարկեցին. ուտելու բան չէր: Մելքոնի միամտությունը ամեն օր մեր ծաղրի առարկան էր դարձած: Բայց նա մեր ծաղրն էլ չէր հասկանում և մեզ հետ միասին ծիծաղում էր իր վրա: Ահա այս անձն էր քրոջս ընտրելին: Երևի Էջմիածնում հարմար մի առթիվ պայմանավորվել էին իրար հետ. ուստի մերժեց բոլորին և հորս ու մորս հետ երեքով միասին որոշեցին մեկնել Էջմիածին: Ես այս ամուսնության հակառակ էի. իմ այն սքանչելի քրոջս ողորմելի Մելքոնին չէի ուզում տալ և ասացի. «Ես նրան քեզ արժանի չեմ համարում: Դու շատ ավելի լավերին ես արժանի. իբրև հարազատ եղբայրդ, սրտանց ասում եմ քեզ այս. բայց իբրև մարդ իրավունք չեմ համարում արգելք լինել քեզ: Եթե գնալու ես, գնա, բայց իմացի՛ր, որ նրան գնալուց հետո, ես քո եղբայրը չեմ»: Դժբախտ քույրս չլսեց ինձ, գնաց և ամուսնացավ Մելքոն Ղազարոսյանի հետ Էջմիածնում: Մի փոքրիկ կետ այստեղ: Պոլսի բարբառով Ղազարոս անունը նշանակում է «ապուշ»: Քույրս չուզենալով «ապուշ» լինել, փոխեց ազգանունը և դարձրեց Զարոսյան: — Դիտողություն.— Երևանի լեզուն պարզ է, ուստի հասկանալի էր մերոնց. բայց Ղարաբաղի բարբառը շատ դժվար էր նրանց համար։ Ոչինչ չէին հասկանում. «Կյառնը, ի՞նչ կուզե ըսել»,— ասում էր մայրս: «Գառը չգիտես ի՞նչ է»: «Է, թող գառը ըսե, որ հասկընամ, կյառնը ի՞նչ իմանամ, թե ինչ է»: Իսկ մեծ քույրս, ապրելով ղարաբաղցի այանների շրջանում, վարժվեց նրանց հետ, բայց երկու բարբառի խաչաձևումով կազմել էր մի նոր բարբառ: Օրինակ՝ «Քա, անիկա ի՞նչ է օզըմ»: == ԻՄ ԹՈՔԱԽՏԸ == Մերոնց բացակայության ժամանակ, որ շուրջ մի ամիս տևեց, ես թոքախտ ստացա Շուշում: Մի օր արթնանում եմ և տեսնում եմ, որ աջ կողքս (սնակուշտ) ցավում է, շունչս կտրվում է, և շնչելու ժամանակ լանջքս ցավում է: Հասկացա, որ թոքախտ եմ ստացել և դիմեցի բժիշկ Քրիստափոր Օհանյանին: Այս հիանալի անձը, որի հիշատակը անմոռանալի կերպով պահած եմ սրտիս մեջ, բնիկ շուշեցի էր: Սովորել էր Շվեյցարիայում և լավ ֆրանսերեն էր խոսում: Բայց որովհետև Ռուսաստանում պետական օրենքով, արտասահմանում սովորած բժիշկները իրավունք չունեին իրենց արվեստը գործադրելու, ուստի նա էլ զրկված էր բժշկության իրավունքից: Մտածել էր խորամանկ մի միջոց: Դիմել էր ռուսաց կայսրուհուն, որ համարվում էր ակնաբուժության պաշտպան, և հայտնելով, որ Շուշում ակնաբույժ չկա, խնդրել էր թույլ տալ ակնաբուժությամբ պարապելու: Կայսրուհին շնորհեց այդ իրավունքը, և նա սկսեց պարապել ակնաբուժության հետ նաև ամեն տեսակի բժշկությամբ: Նստեցրեց ինձ աթոռակի վրա մինչև կես մեջքս մերկ դրությամբ: Լսեց կուրծքս, լանջքս, աջ ու ձախ և ասաց. «Այո, ես էլ եմ կարծում, որ դուք արդեն թոքախտ եք ստացել»: — Ոչինչ,— ասացի,— ես թոքախտի բուժումը գիտեմ, պետք է շատ ուտել, լավ սնվել, բաց օդում քնել և այս միջոցով թոքախտը կբուժվի: Ես այս կարծիքը կազմել էի նախ Կոստանդնուպոլսում մի թոքախտավոր աղջկա սիրահարված ժամանակ: Այս առթիվ ես կարդացել էի զանազան բժշկական գրքեր և սովորել էի, թե «թոքախտը բուժելի է»: Երկրորդ, Էջմիածնում ծանոթացել էի Ստեփան Կանայանի եղբայր Հայկ Կանայանի հետ, որ բժշկության ուսանող էր Ռուսաստանում և թոքախտ ստանալու պատճառով թողել էր ուսումը և վանքում դեղագործ էր: Բուժման համար դիմել էր շատակերության միջոցին։ Աջ ու ձախ ձեռքում մի-մի վարունգ բռնած, առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ուներ), մեկ աջից, մեկ ձախից կրծելով, անընդհատ ուտում էր: Կերակրի խտրություն չգիտեր և այս միջոցով բուժեց իր թոքախտը, մի թոքը չորացավ և մյուս թոքով ապրեց մինչև 75 տարեկան: Բժիշկ Օհանյանը իմ կարծիքը հաստատեց, և ես գնալով տուն, ուր մենակ էի, ձեռնարկեցի շատակերության: Դռան առաջով անցնում էր մի կաթնավաճառ։ Կանչեցի և մի կուլա կաթ գնելով, հում-հում ամբողջությամբ րոպեապես դատարկեցի և ամանը հետ տվի, 20 կոպեկ վճարելով: Մարդը զարմացավ, երեսս նայեց և ժպտալով հեռացավ: Չգիտեր, թե ես թոքախտ ունեմ և սրանով թոքախտ եմ բուժում: Քիչ հետո անցավ մի գյուղացի, որ թութ էր ծախում: Մի կողով թութ վերցրի, ներս տարի և առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ունեի) ամբողջը կերա: Հևալով պառկեցի և քիչ հետո տեսա, որ սնակուշտս չի ցավում և շունչս չի կտրվում: «Այսպես կհաղթեմ թոքախտին»,— ասացի ես և քնեցի: Մյուս օրը գնացի նշանավոր բժիշկ ծերունի Աթաբեկյանին, որ երիտասարդ բժիշկ Լևոն Աթաբեկյանի հայրը կամ հորեղբայրը պիտի լինի: Ներս մտնելով իր սենյակը, մի ռուբլի դրի սեղանի վրա, հայտնեցի, թե թոքախտ ունեմ: — Ինչի՞ց ես իմանում,— հարցրեց բժիշկը: — Աջ կուշտս ցավում է և շունչս կտրվում է: — Թոքախտը կուշտից չի սկսում, այլ կրծքի վերևից և շունչն էլ չի կտրվում: Մի քիչ քննեց, կուրծքս լսեց և ասաց. — Դու թոքախտ չունես, վեր կաց գնա: Դուրս գնալու միջոցին բժիշկը կանչեց ինձ. — Դու ի՞նչ մարդ ես, ի՞նչ գործ ես անում: — Կոշկակար եմ: — Ոչ, դու կոշկակար չես. կարծեմ ուսուցիչ ես. վերցրու մանեթդ և գնա: (Ուսուցիչներից բժիշկները փող չէին վերցնում. բուժումը ձրի էր նրանց համար): — Ես ուսուցիչ չեմ, ես կոշկակար եմ,— ասացի և փողը թողնելով փախա: Այսպես բուժվեց իմ թոքախտը: == ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ == Երկու տարի մնացի Շուշում իբրև ուսուցիչ հայերենի՝ թեմական դպրանոցում: Չափազանց գոհ եմ իմ դիրքից, տեղից և պաշտոնակիցներից: Դպրոցի տնօրենն էր այն ժամանակ Բենիկ վարդապետը, որ ինձ հրավիրել էր Էջմիածնում: Պատմեմ այս անձի մասին իմ կրած տպավորությունը: Նա ազնիվ մարդ էր. ես նրանից ոչ մի անազնիվ բան չեմ տեսել: Իմ կյանքի նոր ուղղությունը նա գծեց: Եթե Էջմիածնում մնացած լինեի, անշուշտ կյանքս չպիտի ստանար այն ընթացքը, որ Շուշում ստացավ: Էջմիածնում ես մի երկրորդական ուսուցիչ էի, անարժեք և արհամարհված. մինչդեռ Շուշում ես պատվավոր ուսուցիչ էի և այն էլ հայոց լեզվի, որ այն ժամանակ համարվում էր ամենահարգի առարկան: Բոլոր ուսուցիչները ինձ հավասար ընկերներ էին: Բենիկ վարդապետը այնքան վստահություն ուներ իմ վրա, որ ոչ մի անգամ իմ դասին ներկա չի եղել: Ինձ քննելու կամ ստուգելու կարիք չէր զգում: Այսպես նաև մյուս ուսուցիչները: Ժողովուրդը ամեն տեղ ինձ կոչում էր «վարժապետ». մի տիտղոս, որ տալիս են ամենից հարգելի անձերին: Այն զզվելի ատելությունը, որ տեսնում էինք Էջմիածնում տաճկահայերի դեմ, բացարձակապես գոյություն չուներ Շուշում և թերևս հակառակն էլ էր: Տաճկահայերին սիրում էին՝ իբրև ավելի ուսումնասեր և ազգասեր հայերի: Մի միջանկյալ դեպք պատմեմ: Մի օր մի մեծ խմբով ընդհանուր հացկերույթի էինք գնացել Բեխամեբյուրի աղբյուրը: Հացկերույթի ժամանակ իմ կենացն էլ առաջարկեցին: Ես բաժակ վերցրի և շնորհակալություն հայտնեցի այն հարգանքի համար, որ վայելում էի թե՛ ուսուցչական կազմի, թե՛ դրսի մարդկանց և թե՛ հասարակ ժողովրդի կողմից: Գուցե անմտությամբ ակնարկեցի նաև, թե Երևանում վատ վերաբերմունք կար դեպի տաճկահայերը, իսկ ես Շուշում ոչ մի նման երևույթ չեմ նկատում: Այս խոսքիս վրա տիրեց ընդհանուր դժգոհություն: Վիրավորվեցին, երբ նկատեցին իմ խոսքի մեջ, թե կարող է այդպիսի բան լինել: Ահա թե ինչքան մեծ տարբերություն կար Երևանի և Շուշու միջև: Բենիկ վարդապետը հայտնի եղավ Կովկասում իբրև նշանավոր ճարտասան քարոզիչ: Ահա թե ինչպես էր ձեռք բերել այս արժանիքը, ինչպես ինձ պատմեցին ուսուցիչ ընկերներս: Բենիկ վարդապետը նախապես շատ անշնորհք քարոզիչ էր: Խոսում էր կմկմալով: Մտածել է հետևյալ միջոցը: Գրել է մի բավական ընդարձակ քարող, ուղղել, սրբագրել, ընդարձակել և մի լավ ձևի վերածելուց հետո, անգիր է արել: Կիրակի օրը գնացել է. եկեղեցի և այդ անգիր արած քարոզը խոսել: Բնականաբար շատ հաջող է անցել: Վերադարձել է տուն և մի երկու ուրիշ նման քարոզներ էլ է շարադրել և ապա անգիր արել: Դրանք էլ զանազան օրեր եկեղեցում խոսելով՝ լավ արդյունք է ձեռք բերել: Այսպես մի խումբ քարոզներ գրելուց և անգիր անելուց հետո ստեղծել է իր համար մի լայն շրջանակ: Ուզած օրը, ուզած տոնի առթիվ բերան արած քարոզներից մեջբերումներ անելով, կարող էր այլևս շարունակ նորանոր պերճախոս քարոզներ արտասանել: Այսպես ահա ձեռք բերավ Բենիկ վարդապետը իր պերճախոս քարոզչի համբավը։ Քարոզներից մի քանիսը հետագայում հրատարակեց նա «Քարոզչական թոթովանքներ» խորագրով: Դրսում չգիտեմ, թե ինչ անցուդարձ կար նրա մասին: Կարծեմ հուզումնալի դրություն էր ստեղծված, որի պատճառով նա թողեց տեսչական պաշտոնը և նրա տեղ անցավ Զուրաբյանը: Շատ տարիներ հետո Բենիկ վարդապետը դժբախտաբար շեղվեց իր ճանապարհից և «Ազատ Եկեղեցու» հիմնադիր դարձավ: Իր հետ էին միացել Աշոտ եպիսկոպոս Շխյանը և Մելյան քահանան: Այս երեքը ստացան Երևանի Լուսավորիչ եկեղեցին, որ «Ազատ Եկեղեցու» աթոռանիստը դարձավ: Հրապարակում էին նույն անունով մի պարբերական հանդես: Աղմուկը տարածվեց Կովկասի զանազան կողմերում և ժողովրդական տուր ու դմփոցի պատճառ եղավ. նպատակը Հայոց Եկեղեցու ուժը ջնջելն էր, որ սակայն չհաջողվեց: «Ազատ Եկեղեցին» մի քանի տարի հետո իսպառ խափանվեց: Մյուս պաշտոնակիցներիս մեջ հիշատակության արժանի են Գարեգին Խաժակը, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը, Հարություն Մելիքյանը, Համբարձում Աբովյանը, Արշակ Մեհրաբյանը, պատմաբան Միշան և ուրիշներ: Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը Գանձակի գյուղերից էր, մեզ հայտնի քաղաքական գործիչ և գրող, համալսարանի դասախոս Հայկ Գյուլիքևխյանի հայրը: Հին մարդ էր և այնպես հռչակավոր ուսուցիչ, որ «վարժապետ» բառով միայն նրան էին հասկանում: Թեմականի ցածր դասարաններում հայոց լեզու էր ավանդում: Մեծ ուսում ստացած չէր. ինքնուս էր. բայց գործնական կյանքի մեջ մանկավարժական մեծ փորձառություն էր ստացել: Ամենքս հարգում էինք նրան, և նրա խորհուրդները մեզ համար պատգամ էին: Գարեգին վարժապետը արտասանության մեջ մի զարմանալի ձև ուներ. օրինակ՝ հիվանդ բառը չէր արտասանում հիվանդ ձևով, ինչպես բոլորս արտասանում ենք, այլ հիուանդ։ Երբ մի օր հարցրի նրան, թե ինչու այդպես եք հնչում, պատասխանեց, թե մեր գյուղում բոլորը այդպես են հնչում: Ուրեմն տառի հին հնչումն էր, որ դեռ կենդանի էր մնացել նրանց մոտ: Արշակ Մեհրաբյանը Թիֆլիսի Հավլաբար թաղից էր: Ավարտել էր Ներսիսյան դպրոցը և ցածր դասարաններում հայերենի ուսուցիչ էր: Ազնիվ և գործունյա երիտասարդ էր. իր աշխատանքից բոլորը գոհ էին: Մինչև այժմ նա ուսուցիչ է և գործում է Երևանում (1952 թ.): Գիտե նաև լավ վրացերեն. դժբախտաբար ոչ մի գրական գործ չունի: Համբարձում Աբովյանը մեր նշանավոր հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռն էր: Բարձրահասակ, գիրուկ, ծանրաբարո, խոշոր, կարմիր մորուքով մարդ էր: Դասախոսում էր եկեղեցական պատմություն: Վաղամեռիկ եղավ: Սա էլ մի զարմանալի արտասանություն ուներ. խայտաբղետ բառը միշտ հնչում էր խայտաբզետ։ Սկզբում կարծում էի, թե կատակ է անում, երբ ասում էր «խայտաբզետ օրիորդները եկան»: Մի օր հարցրի, թե այդ բառը ինչո՞ւ այդպես եք արտասանում: — Հապա ինչպե՞ս արտասանեմ: — Բառը խայտաբղետ է: — Մի՞թե,— ասաց նա.— ես միշտ այդպես եմ լսել: Եվ որովհետև դեպի ինձ հարգանքով էր վերաբերվում, խոստացավ ուղղել իր հնչումը: Շատ ու շատ տարիներ հետո Մանուկ Աբեղյանին հարցրի այս սխալի պատճառը. պատասխանեց, թե ռուսերենից հայերեն հնագույն բառարանում ռուսերեն пестрый բառի դեմ վրիպակով տպված է եղել խայտաբզետ և այդ ձևը սովորական է դարձել շատերի համար: Հարություն Մելիքյանը Գերմանիա սովորած մասնագետ էր մաթեմատիկայի: Աշխուժության մարմնացում, կանգնած տեղը դողում էր. մաթեմատիկայի դասը դառնում էր դասարանում պերճախոսության մի սքանչելի օրինակ, և որովհետև մաթեմատիկան ասպարեզ չունի, իսկ նա գործունեության չափազանց մեծ եռանդ ուներ, ուստի դրսում մտել էր ազգային գործերի լայն ասպարեզի մեջ: Այդ սքանչելի երիտասարդը դժբախտաբար վաղամեռիկ եղավ՝ գիշեր ժամանակ պատշգամբից ցած ընկնելով: Պատմաբան Միշան (դժբախտաբար ազգանունը մոռացել եմ) սքանչելի բնավորությամբ, չափազանց ընկերական երիտասարդ էր: Նվիրված էր պատմության, որը չափազանց սիրում էր: Ինքս էլ մի քիչ պատմաբան լինելով, իրար հետ դարձել էինք ամենամտերիմ խոսակից ընկերներ: Շուշուց բաժանվելուց հետո նրանից ոչ մի տեղեկություն չունեի: Երևանում 1920-ական թվականներին լսեցի, որ Խարկովումն է և այնտեղ նշանավոր կուսակցական գործիչ է: Առանձին պետք է խոսեմ Գարեգին Խաժակի մասին, որ մեր խմբի մեջ շատ նշանավոր դեր ուներ: Նա պատմաբան էր և սովորել էր իր ուսումը Գերմանիայում: Ալեքսանդրապոլցի էր և իր խոսակցության մեջ հաճախ գործածում էր արևմտահայ գրական լեզուն: Հաճախ խոսում էինք իրար հետ և շատ հաճախ վեճ էինք ունենում որևէ հարցի շուրջը: Նա միշտ հակառակվում էր և պնդում իր ասածի վրա: Մի փոքրիկ դեպք պատմեմ: Մի անգամ մի ընկերական հավաքույթի մեջ խոսք եղավ ասորիների և ասորեստանցիների մասին: Խաժակը ապլոմբով հայտարարեց, թե այդ 2 ազգերը միևնույն են: Դա մի մեծ ժողովուրդ էր, որ Միջերկրականից սկսած տիրում էր մինչև Պարսկաստան: Ես ասացի, թե «Խաժակ, սխալ ես ասում, Ասորիք և Ասորեստան տարբեր երկրներ են: Նրանք առանձին ազգեր են, տարբեր լեզուներ ունեն»: — Ոչ,— գոռաց Խաժակը,— սխալ ես ասում: Խաժակը պատմության ուսուցիչ լինելով այսպիսի սխալ չպիտի գործեր: Հաջորդ օրը ես մի նամակ գրեցի Հյուբշմանին այս առթիվ և խնդրեցի իր գրավոր կարծիքը: Մի քանի օրից ստացա գերմաներեն լեզվով գրած 4 երեսանոց մի նամակ, որ սքանչելի պարզությամբ պատասխանում էր հարցին: Նամակը վերցրի և մի ուրիշ օր մեր հաջորդ հավաքման մեջ, բոլորի ներկայությամբ կարդացի: — Տեսա՞ր, դա ճիշտ իմ ասածն է ասում, դու ճիշտ հակառակն էիր պնդում,— ասաց նա ինձ: Այսպիսի շրջադարձ, այսպիսի խաբեբա ոստյուն անկարելի էր սպասել: Դիմեցի մյուս ընկերներին և հարցրի, թե այն օրը ով ինչ էր ասում: — Չենք հիշում,— ասացին բոլորը անտարբերությամբ և միջադեպը փակվեց, մեծ վերք գցելով սրտիս մեջ: Հյուբշմանի նամակը այնքան լավն էր, կարծես ինչ-որ հանրագիտարանի միջից պոկված մի թերթ, որ ես ամբողջովին թարգմանելով՝ հրատարակեցի իմ «Պատմութիւն Եղիա քահանայի» աշխատության առաջաբանում: Մոտավորապես նման մի դեպք ունեցա Խաժակի հետ Շնիկ աստղի երևալու ժամանակի մասին։ Շուշու Թոփխանայից մի գիշեր միասին անցնելիս մեր դեմը երևաց բարձրում Շնիկ աստղը, ցույց տվի Խաժակին և խոսեցի նրա ծագման և անկման ժամանակի մասին: — Ոչ,— հակառակվեց նա ինձ,— սխալ ես ասում: Երբ եկավ փետրվար ամիսը և նորից էինք անցնում Թոփխանայով և Շնիկ աստղը ցույց տալով, իմ ասածը ուզեցի հաստատել, ճիշտ նախորդ ձևով ասաց. — Տեսնո՞ւմ ես, իմ ասածը դուրս եկավ, դու հակառակն էիր ասում: Խաժակի մասին լսել եմ նաև հետևյալ միջադեպը. Մի ժողովի ժամանակ վեճ է ունենում ներկաներից մեկի հետ և ասում է նրան. — Դուք կարդացե՞լ եք Մարքսի այսինչ գործը: — Իհարկե,— պատասխանում է նա,— կարդացել եմ: — Սուտ ես խոսում,— ասում է Խաժակը,— դու չես կարդացել այդ գիրքը, որովհետև Մարքսը այդպիսի գիրք չէ գրած: Խաժակի մահը աղետալի եղավ: 1915 թվականին տաճիկները մի գիշերվա մեջ 500 ազգային գործիչ աքսորեցին և կոտորեցին: Նա նրանց մեջ էր: Դպրանոցի ուսուցիչներից էր նաև Ավետիս Տեր-Հարությունյանը, որ Ղարաբաղի Թաղոտ գյուղից էր: Էջմիածնում ուսանող ժամանակ օգնել էր ինձ Ղարաբաղի բարբառի քննությունս գրելու ժամանակ: Շուշում շատ ավելի մտերմացանք իրար հետ և միասին կազմեցինք Պետրոս Դուրյանի տաղերի ժողովածուն: Առաջաբանը գրեց նա, կենսագրությունը գրեցի ես, տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի Դուրյանի դժվար հասկանալի բառերը: Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում: Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ: Շաբաթ երեկո էր: Ավետիսը ստացավ իր 100 օրինակը: Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ գիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա: Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը: Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը: Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը: Այսպիսով ամբողջ գիրքը անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում: Ես էլ չունեմ: Թեմականի ուսուցիչներից հիշենք նաև Փիրջանյան (շուշեցի), Հայկ Հովակիմյան (երևանցի, կոչված Փոքր Հայկ), Հայկ Հովակիմյան (ագուլեցի, կոչված Մեծ Հայկ), բոլորն էլ լավ ընկերներ, որոնց կյանքի հետագա ընթացքը չգիտեմ: == ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ԹԵՄԱԿԱՆՈՒՄ == Բենիկ վարդապետը հայտնեց, թե ուսումնական տարին նոր սկսելու ժամանակ, սովորություն կա, որ ուսուցիչներից մեկը հանդիսավոր դասախոսություն կարդա: Առաջարկեց, որ այդ դերը ես վերցնեի, որպեսզի ժողովուրդը ճանաչեր ինձ: Ես Այդ ժամանակ զանազան հոդվածներ էի կարդում հայ զինվորների հասակի չափման մասին: Գրում էին, թե հայ զինվորները հասակի կողմից երկու որոշ կարգի են բաժանվում: Ոմանք միջակ կամ միջակից ցածր հասակ ունեն, ոմանք էլ միջակից բավական բարձր: Այդ թվերը սանտիմետրով չափած՝ հրատարակված էին: Այս ազգագրական տեղեկությունը վերցնելով, ենթադրեցի, թե դա արդյունք է այն բանի, որ հայոց մեջ կա 2 ցեղ. մի ցեղը հնդեվրոպացիք են, երկրորդը՝ խալդիները: Արդարև հայ ազգը ձևացած է գլխավորապես այս 2 ցեղերի գումարից: Հնդեվրոպացիների հասակը հայտնի է մեզ. Հյուսիսային Եվրոպայի հնդեվրոպացիք բարձրահասակ են, ինչպես՝ ռուսները, գերմանացիք, անգլիացիք և այլն, իսկ Հարավային Եվրոպայի հնդեվրոպացիք միջհասակ են, ինչպես՝ հույները, իտալացիք, իսպանացիք և այլն: Ուրեմն հայոց մեջ միջահասակ ցեղը ներկայացնում է Հարավային Եվրոպայի հնդեվրոպացի ցեղը: Խալդիները բարձրահասակ էին, ինչպես երևում է ասորեստանյան արձանագրությանց մեջ դրված նկարներից: Այսօր էլ վանեցիք, որ գերազանցապես ներկայացնում են խալդի ցեղը, վիթխարի, բարձրահասակ մարդիկ են: Երբ ես ասացի, թե բարձրահասակ հայերը խալդի են, բոլորի աչքերը սևեռվեցին Խաժակի վրա, որ մեր ուսուցիչների մեջ ամենից բարձրահասակն էր, այնուհետև նրա անունը դրին խալդի: Խաժակը դժգոհ էր այս եզրակացությունից: Մի ուրիշ ելույթ էլ ունեցա Շուշում: Զվարճալի է դրա պատմությունը: Ուշ գիշերին, երբ պառկած էի, մի երիտասարդ բերավ ինձ մի նամակ, որի մեջ Սերմնացանի դուստրը՝ Հռիփսիմեն գրում էր. «Եթե ինձ հարգում եք, այս րոպեիս եկեք թատրոն»: Սերմնացանը Շուշվա ազատականներից մեկն էր. ուներ երկու աղջիկ՝ Հռիփսիմե և Գայանե՝ առաջինը երկրորդից գեղեցիկ, ինչպես Ագաթանգեղոսի մեջ: Ուներ նաև մի որդի, սիրուն պատանի, որ սակայն կուզ էր: Կուզին տարին Եվրոպա և բժշկական միջոցներով կուզը ուղղելով, բերին Շուշի: Սերմնացանը երբեմն գրում էր «Մշակ» թերթի մեջ և խոսում ու քննադատում էր Շուշվա անցուդարձը: Ընտանիքում, բացի հայերենից և ռուսերենից, խոսում էին ազատ ֆրանսերեն. և այդ էր պատճառը, որ ես էլ ընդունված էի այդ ընտանիքի մեջ և հաճախ այցելություններ էի տալիս: Նամակը կարդացի թե չէ, իսկույն վեր կացա և գնացի Խանդամիրյանի թատրոնը, ուր այդ գիշեր ներկայացում կար: Ներկայացումը բարեգործական նպատակով էր: Օրիորդ Հռիփսիմեն, որ լավ սիրող էր, մասնակցում էր խաղին։ Ինչ-որ վեճ է ծագում իր և դերակատար մի երիտասարդի միջև: Հռիփսիմեն վիրավորված, պահանջում է երիտասարդից ներողություն խնդրել. նա չի խնդրում: Հռիփսիմեն զայրացած պատասխանում է նրան. երիտասարդը օրիորդին նեղը գցելու համար՝ հրաժարվում է խաղից: Այդ պատճառով Հռիփսիմեն կանչում է ինձ: Երբ ես ներկայացա իրեն, նա ինձ մի երես գրություն տվեց, որ երիտասարդի դերն էր, խնդրեց մի քանի անգամ կարդալ և անգիր անել, որպեսզի հասարակության առաջ դերս կատարեի: Չգիտեի, թե ինչ եմ և ինչ եմ ասում: Շորերս փոխեցին, գլխիս մի գլխարկ դրին, առաջս մի գոգնոց կապեցին և ինձ բեմ հրեցին: Հռիփսիմեն հայտնեց ինձ, թե ես այդ տան խոհարարն եմ, վաղուց ապրում եմ այդ տան մեջ և իբրև ծերունի, վստահելի և ուղղամիտ մարդու, բոլորը ինձ հարգում են: Ուստի ես պետք է խոսեմ համարձակ և հեղինակավոր ձայնով: Բայց թե ում հետ պետք է խոսեի և ինչ պատճառով՝ չգիտեի: Ժամանակ չկար երկար բացատրելու: Մտա ներս հանդիսավորապես և բոլոր ժողովրդի ծափահարության տակ, արտասանեցի դերս, չիմանալով, թե ում հետ եմ խոսում: Դերս վերջացավ և դուրս եկա: Հռիփսիմեն էլ եկավ և հայտնեց ինձ չափազանց մեծ շնորհակալություն, ասելով միանգամայն, թե «դերը շատ լավ տարիք»: Այս «դերակատարությունս» երկրորդն էր կյանքիս մեջ. առաջինը տեղի էր ունեցել Էջմիածնում, ուր կատարեցի անխոս մի հիմարի դերը: Հետագայում շատ առիթներ ունեցա մասնակցելու թատերական խաղերին. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը խաղացել եմ 14 անգամ՝ կատարելով Մանուկ աղայի դերը: Դրա համար էլ ծածկանունս դրել եմ «Մանուկ աղա», այդ ծածկանունով հոդվածներ եմ գրել Երևանում Խոճիկի հրատարակած «Կարմիր մոծակ» զավեշտաթերթի մեջ: == ԱՎԵՏԻՍ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ ՀԵՏ == Գրադարանումն էի: Կարդում էի Շուշում տպված Առակագիրքը, որ կիսովին բարբառով էր: Ես հավաքում էի Ղարաբաղի բառերը. գրքի ետևի շապիկի վրա կարդացի հեղինակի՝ Ավետիս Բահաթրյանի անտիպ գործերի ցուցակը: Դրանց մեջ կար Ղարաբաղի բարբառի բառարանը։ Չափազանց ուրախացա և դիմելով գրադարանապետ Պողոս Զաքարյանին, հարցրի, թե ո՞վ է այս Ավետիս Բահաթրյանը: Տեղից վեր կացավ, սրահի կենտրոնը սեղանի վրա կռացած մի ծերունի ցույց տվեց և ասաց. — Ահա այդ ծերունին է: Վեր կացա, գնացի ծերունու մոտ, հարգանքով բարևեցի և ասացի. — Այս գրքում կարդացի այժմ, թե դուք Ղարաբաղի բարբառի ընդարձակ բառարան եք կազմել. կարելի՞ է տեսնել ձեր գիրքը։ — Կորի գնա՛, լակոտ, եկալ ըս ինձ ձեռք առնելո՞ւ: Գնացի Պողոս Զաքարյանի մոտ և տեսարանը պատմեցի: Նա գնաց սրահ և ծերունուն մոտենալով, խոսեց իմ մասին: Անշուշտ նա հայտնեց, թե ես իր ասած լակոտներից չեմ, ուսուցիչ եմ թեմականում և հետաքրքրվում եմ Ղարաբաղի բարբառով: Ծերունին կանչեց ինձ և ասաց. — Թե որ իդի է, եր կաց քինինք մեր տոնը քեզ շանց տամ: Ծերունին վեր կացավ, թևը մտա և դանդաղ քայլերով առաջնորդեցի մինչև իր տունը, որ գտնվում էր հայոց թաղի ծայրը, ադրբեջանական թաղի սահմանում, Խանդամիրյանի թատրոնի դեմը, աղբյուրից մի քիչ վերև: Հայոց թաղի առաջին տունն էր: Տանը ապրում էր նա մենակ. ոչ ոք չուներ: Տարավ իր սենյակը և բառարանը առաջս դրեց: Դա մի ընդարձակ գործ էր, կազմած, ձախ կողմի վրա բառերը գրած, բայց դրանց դեմը բացատրություն չկար: Այժմ պատմեմ Բահաթրյանի կյանքը: Բահաթրյանը եղել է տորոն մշակող: Ընդարձակ հողեր է մշակել և բերքը Եվրոպա արտահանելով՝ վաճառել: Հարուստ մարդ էր ուրեմն: Մի տարի Շվեյցարիայից, մի պրոֆեսորի կողմից, ստանում է մի նամակ, որով պրոֆեսորը հայտնում է, թե հնարել է ալիզարին կոչված քիմիական նյութը, որով տորոնը ավելորդ է դառնում: Պրոֆեսորը զգուշացնում է տորոն մշակողներին ընդհանրապես, դադարեցնել մշակությունը, ապա թե ոչ բոլորը պիտի սնանկանան: Այդպիսի նամակ ստացել էին նաև ուրիշները: Ուրիշների նման, Բահաթրյանն էլ չլսեց պրոֆեսորի առաջարկը, խաբեբա համարելով նրան. մշակեց տորոնը, որ անվաճառ մնալով, Բահաթրյանը սնանկացավ: Բահաթրյանը երկու որդի ուներ՝ Առաքել և Բահաթուր: Առաջինը հայտնի գրող է. երկրորդը տարիներ հետո գնում է Շվեյցարիա, համալսարան մտնելու նպատակով: Համալսարանում պրոֆեսորներից մեկը, լսելով նրա ազգանունը, մոտենում է նրան և ասում. — Դուք շուշեցի եք. տորոն մշակող Ավետիս Բահաթրյանի որդի՞ն եք. ես նրան զգուշացրել էի, որ տորոն չմշակի. նա չլսեց ինձ, մշակեց և սնանկացավ. այդպե՞ս է: — Այդպես է: — Որովհետև ձեր հոր սնանկացման պատճառը ես եմ եղել, ես վերցնում եմ ձեզ իմ խնամակալության տակ և մինչև ձեր ավարտելը կպահեմ ձեզ: 1923 թվականից հետո, երբ ես Երևան փոխադրվեցի, համալսարանում տեսա սույն Բահաթուր Բահաթրյանին, մաթեմատիկայի դասախոս էր. կարճ հասակով և ուռած մարմնով մի անձ էր: Իրար հետ մտերմացանք: Պատմեցի իր հոր պատմածները և որդին հաստատեց դրանք: Սրտի հիվանդություն ուներ: — Բժիշկների չե՞ք դիմում. ի՞նչ են ասում: — Ասում են, թե ծխելուն և խմելուն վերջ պիտի տաս։ Է՜հ, եթե վերջ չտամ, քանի՞ տարի կապրեմ: — Հազիվ 10 տարի: — Իսկ եթե վերջ տա՞մ: — Այն ժամանակ 12 տարի կապրեք: — Ուրեմն 2 տարի տարբերություն. ավելի լավ է ծխեմ ու խմեմ. այդ 2 տարին ինձ պետք չէ: Բայց 10 տարի չանցած Բահաթրյանը մեռավ: Եվ այսպես՝ Ավետիս ապերը (այդպես էին կոչում նրան) բառարանը դրեց առաջս, որի հորինման պատմությունը հետևյալն է. Խաչատուր Աբովյանը չհավանելով մեր գրական լեզվին և համարելով ժողովրդին անհասկանալի գրաբար, մտածեց Քանաքեռի բարբառը գրական լեզու դարձնել: Այս նպատակով գրեց «Վերք Հայաստանի»-ն, որ սակայն իր մահվանից 10 տարի հետո միայն տպվեց, երբ գրական հայերենը արդեն ընդհանուր տարածված էր: Աբովյանի նման Բահաթրյանն էլ չհավանելով մեր արդի աշխարհաբարին և տեսնելով, որ նա մեր ժողովրդին անհասկանալի է, մտածում է Ղարաբաղի բարբառի վրա հիմնված մի նոր գրական լեզու ստեղծել: Նա դուրս է հանում բառարանից բոլոր այն գրաբար բառերը, որոնք այժմ ժողովրդի մեջ գործածական չեն, հավաքում է միայն գրաբարի այն բառերը, որոնք ժողովրդին հասկանալի են, ավելացնում է դրանց վրա Ղարաբաղի բարբառին հատուկ գավառական բառերը, մի քիչ գրական ձև տալով նրանց, ավելացնում է նաև ժողովրդի մեջ գործածվող թրքական բառերը, և այսպիսով կազմում է այն բառարանը, որ դրեց իմ առաջ։ Ես ասացի, թե ամեն ինչ անցել է. ձեր ծրագիրը չիրագործվեց. գրական լեզուն այժմ ամեն տեղ սովորում են և խոսում: Ձեր աշխատանքից մնում է միայն Ղարաբաղի բառերի ցանկը: Ուստի ես դուրս կգցեմ սովորական հայերեն բառերը և կպահեմ միայն Ղարաբաղի բարբառի բառերը: Մենք համաձայնության եկանք, և որովհետև ծերունին անընդունակ էր աշխատելու, ես հանձն առի արտագրել Ղարաբաղի բառերը, նրանց դեմ ավելացնելով իրենց նշանակությունը, համաձայն հեղինակի բացատրության: Երկար տևեց աշխատանքը, և ես ամիսներ շարունակ գնալով նրա մոտ, շարունակում էի աշխատանքը, մինչև վերջացրի (կարծեմ 6000 բառ էր): Մեծ վեճ ունեցանք թուրքերեն բառերի համար: Միամիտ Բահաթրյանը պնդում էր, թե այդ թուրքերեն բառերը հայերեն են և հայերենից անցել են թուրքերենին: Օրինակ էր բերում թուրքերեն yoran բառը, որ նշանակում է «վերմակ»: Այս բառի հին ձևն է եղել, ըստ նրա կարծիքի, վերարկան «վրան արկանելի». Ղարաբաղում հայերեն վեր բառը արտասանում են yor, որով վերարկան դարձել է yoraran և կրճատվելով՝ yoran: Անկարելի եղավ համոզել նրան: Երբ գիրքը պատրաստ էր, ուզեցի հրատարակության տալ: Դիմեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և առաջարկեցի տպել գիրքը: Սիրով հանձն առին: Բայց հեղինակը գրեց մի առաջաբան, որի մեջ պնդում էր yoryan-ի վրա: Առանց այդ առաջաբանի չէր թույլ տալիս, որ բառարանը տպվի: «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրությունը բնականաբար չհամաձայնվեց և գիրքը չտպվեց: Այնուհետև ձեռագիրը ուղարկեցի Իզմիրլյան մրցանակին (Կոստանդնուպոլիս): Տարիներ հետո լսեցի, որ Բահաթրյանի տանը հանկարծ հրդեհ է պատահել կես գիշերին, ամբողջ տունը այրվել է, և Բահաթրյանը շապկանց հազիվ կարողացել է փախչել: Այրվել են նրա բոլոր գործերը, ինչպես նաև 8 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեջ էր Գրիգոր Տաթևացու ինքնաձեռագիր մի աշխատություն, ինչպես ինքն էր ասում: Ես այդ ութ ձեռագրերի համար դիմել էի Վիեննայի Մխիթարյան միաբանության և առաջարկել էի գնել: Միաբանությունը ընդունեց, բայց գնի կողմից համաձայնության չեկան: Այսպես կորավ Տաթևացու դժբախտ ձեռագիրը, մի քանի ռուբլու պատճառով: Շատ ավելի ուշ, 1934 թվականին, երբ Երուսաղեմից ստացանք 30 հայերեն գավառական բարբառների բառարանի ձեռագրերը լուսանկարված, զարմանքով տեսա նրանց մեջ Բահաթրյանի կազմած Ղարաբաղի բարբառի ձեռագիրը: Ձեռագիրս ճանաչեցի. այժմ նա գտնվում է պետական համալսարանի գրադարանում: Հեղինակը ստացել էր Իզմիրլյան մրցանակը: == ԻՄ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ == Երկու քույրերիս ամուսնությունից հետո, հերթը ինձ էր եկել։ Մայրս այդ առթիվ երբեմն ակնարկություններ էր անում, բայց շատ վախկոտ, որովհետև ես բոլորովին անտարբեր էի այդ մասին: Առանց սիրո ամուսնություն չեմ հասկացել: Մայրս էլ վերջ տվեց իր ակնարկներին: Մի օր ինչ-որ դասախոսություն էր տեղի ունենում: Մենք էլ մի քանի ուսուցիչներով գնացել էինք լսելու: Հանդիսականների առաջին շարքերը բռնել էին մի խումբ օրիորդներ: Երկրորդ շարքը նստել էինք ես և մի քանի ուսուցիչներ: Իմ կողքին նստել էր Արշակ Մեհրաբյանը: Դեռ դասախոսությունը չէր սկսվել: Հանկարծ մի օրիորդ, որ ճիշտ իմ առաջն էր նստել, հետև դարձավ, կարծես թե ինձ նայեց և շուռ եկավ: Այդ մի ակնթարթը ազդեց իմ վրա: Դարձա Արշակին և հարցրի, թե ո՞վ է այս աղջիկը: Պատասխանեց. — Հավանեցի՞ր. շատ լավ աղջիկ է: Իմ լավագույն աշակերտներից մեկն է: — Հայկական դպրոցներ չլինելու պատճառով Շուշվա աղջիկները խմբակներ էին կազմած և մասնավոր ուսուցիչների մոտ հայերեն և հայ գրականություն էին սովորում: Մեհրաբյանը այդպիսի մի խումբ ուներ և այդ աղջիկը նրա աշակերտուհին էր։ Իմ սերերը միշտ այդպես ակնթարթային են եղել. ես սիրահարվեցի: Եվ այնուհետև առիթներ էի փնտրում նրան տեսնելու։ Ամառ էր և ամբողջ շուշեցիք, մանավանդ երիտասարդները, երեկոյին գնում էին բուլվար՝ զբոսնելու: Ես էլ ամեն օր գնում էի պտտելու և պատահելու նրան: Կանոնավորապես միշտ իր քրոջ հետ գալիս էր, նստում նստարանի վրա կամ ման գալիս: Երեկոյան ժամը 8-ին գնում էր տուն: Ես բնականաբար ոչ մի քաջություն չունեի ներկայանալու և ծանոթանալու համար և երբ տեսնում էի նրան, գլուխս կախած, սրտատրոփ անցնում էի: Ոչ մի փորձ չարի ծանոթանալու, այլ միայն տեղեկություններ քաղեցի նրա մասին: Բոլոր ստացած տեղեկություններս դրական էին: Իհարկե սիրահարը կարծում է, թե իր սերը գաղտնի է մնում, բայց ոչ: Շուտով լսում են և հայտնում են սիրուհուն: Մի օր, երբ ես աշխատում էի Բահաթրյանի տանը, հանկարծ հարևան բալկոնում տեսա օրիորդին, որ մազերը թափած, ման էր գալիս: Նրա մազերը այնքան առատ և երկար էին, որ մինչև ոտքը հասնելուց հետո, կես արշին երկարությամբ էլ քարշ էին գալիս հատակի վրա: Գլուխը լվացել էր և ուզում էր բացօթյա չորացնել: Ես իսկույն դիմեցի Ավետիս ապոր և իմ սրտի գաղտնիքը հայտնեցի նրան: Ավետիս ապերը, որ շատ բարի մարդ էր, իսկույն հայտնեց, թե կգնա, նրա հորը կխոսի և նրա ձեռքը կխնդրի: Իբրև հարևաններ, իրար հետ շատ մոտիկ էին. նա իսկույն գնաց, խոսեց և մյուս օրը հայտնեց, թե հայրը համաձայն է երևում, բայց ուզում է տեղեկություններ քաղել: Սկսել էր այդ գործին, անշուշտ ստացած տեղեկությունները դրական պիտի լինեին, որովհետև հարգված ուսուցիչ էի և 90 ռուբլի ամսական ռոճիկ ունեի: Խանգարիչ էր միայն այն հանգամանքը, որ ես դրսեցի էի և կարող էի մի օր Շուշուց հեռանալ, իսկ ինքը՝ հայրը, ուզում էր, որ փեսան միշտ Շուշում մնա: Վերջապես տեսնում են իրենց նախկին մի բարեկամ հադրութեցի Արշակ քահանա Տեր-Ոսկանյանին, նախկին ճեմարանցի էր: Հայրը կարծիք է հարցնում նրան և ասում է, թե աղջկանս ձեռքն է խնդրում, ինչ կասես: — Անմիջապես տուր,— ասում է քահանան,— ոսկի գրիչ ունի. ավելի լավ չես գտնի: Օրիորդի հայրը, որ չափազանց կրոնասեր մարդ էր, լսելով իրենց սիրելի քահանայի այդ խոսքը, համաձայնության է գալիս: Իմ կյանքի պատվանդանի քարերից մեկը այդ քահանան դրեց: Ծանոթացա օրիորդի հոր հետ, որ Բալասան ապեր էր կոչվում, գնացինք բուլվար և նստեցինք նստարանի վրա: Իմ առաջարկը հայտնեցի նրան. հայրը խոստացավ, բայց խնդրեց հետաձգել մի տարի: — Հասկացա,— ասացի ես,— դուք ուզում եք մերժել և խաբում եք ինձ: Այն ժամանակ նա երկարեց ինձ իր արծաթյա կոթով գավազանը և ասաց. — Ահա այս գավազանը, իբրև նշան խոսքիս հաստատության։ Ես մերժեցի գավազանը և խնդրեցի, որ նշանդրեք ունենանք: Համաձայնվեց. օրը նշանակեցինք և որոշեցինք, որ ծնողների հետ նշանը տանեմ: Տուն եկա և մորս ասացի. — Մայրիկ, կիրակի օրը նշան պիտի տանինք, պատրաստվիր։ Չափազանց մեծ եղավ մորս ուրախությունը. նա մի քանի անգամ ակնարկներ անելուց հետո արդեն հուսահատվել էր և ամենևին չէր սպասում, որ ես կամուսնանամ: Նշանի համար առինք մի խումբ ակնեղեն առարկաներ, մի ժամացույց իր շղթայով, մի մանյակ կրծքի (հավատք, հույս, սեր), մի ականակուռ մատանի: Գնացինք նրանց տունը. ես էի, հայրս, մայրս, քույրս և փեսաս: Նշանը հանձնեցինք և բավական ժամանակ խոսակցելուց հետո տուն վերադարձանք: Ես օրիորդի հետ առաջին անգամն էր, որ խոսում էի: Ես խնդրեցի Բալասանից, որ թույլ տա ինձ շաբաթական մի անգամ նրանց տունը գնալու: Որոշեց չորեքշաբթի օրերը: Այսպես շարունակեցինք մի ժամանակ, բայց ես օրիորդին պատահում էի եկեղեցում անխափան շաբաթ երեկո և կիրակի առավոտ: Այսքանը քիչ էր ինձ համար: Ես ծանոթացել էի օրիորդի քեռակնոջ՝ Օ ff6h39ce7nns61f94z88ns1bld2dmhk 398212 398211 2026-11-18T10:08:58Z Emptyfear 547 398212 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }} == ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Գնացքը կանգ առավ Աղստաֆա կայարանում: Հին հայոց պատմության մեջ այս վայրը կոչվում էր Աղստև (համանուն գետով), որ մեր երկրի աննշան գավառներից մեկն էր: Երբ դեռ շինված չէր Տփղիս—Երևան երկաթուղին, Երևանի, Տփղիսի և Բաքվի հաղորդակցության միակ միջոցը Աղստաֆան էր։ Ճամփորդները ցած իջան գնացքից: Մի քանի հոգով գնացինք վարձեցինք մի թուրք կառապանի ֆուրգոնը, հինգ օրից մինչև Երևան հասնելու պայմանով, վճարը հինգ ռուբլի: Հենց նույն օրը ճանապարհ ընկանք: Անցնում ենք Հին Հայաստանի գեղեցիկ և սիրելի վայրերով: Օդը մեղմ է և լավ. աջից ու ձախից փչում է մեղմ քամին. բարձրանում ենք անվերջ դեպի Արարատյան բարձրավանդակը: Ոչ մի միջադեպ չխանգարեց մեզ: Ամբողջ ժամանակը նստած կամ պառկած ենք ֆուրգոնում, բայց երիտասարդ ուսանողի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ կարգի անհարմարությունները: Կես դարուց ավելի է անցել այդ օրվանից, ուստի ոչինչ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ անցանք Դիլիջանով, ապա քերեցինք Սևանի գեղեցիկ ափերը, վերջապես հասանք Քանաքեռի բարձունքը, որտեղից բացվեց, առաջին անգամ՝ մեր աչքի առաջ, Երևանի համայնապատկերը: Այն ժամանակ Երևանը ներկայի տարածությունը չուներ: Կարելի է ասել, թե արդի Երևանը տասն անգամ մեծացել է նախկինից: Այնուամենայնիվ հին Երևանն էլ իբրև մի ամփոփ քաղաք, որոշ մեծություն էր ներկայացնում: Քանաքեռի բարձունքից իջանք արագությամբ դեպի քաղաքը, և մեր ֆուրգոնը կանգ առավ մի ընդարձակ քարվանսարայի բակում, որ գտնվում էր Էջմիածին տանող ճանապարհի մոտ: Ցած իջանք ֆուրգոնից։ Էջմիածին տանող կառքերը պիտի մեկնեին երեկոյան դեմ, քաղցած էի և պետք էր մի բան ուտել: Հրապարակում կանգնած մի հայի հարցրի, թե «Որտե՞ղ են հաց ծախում»:—«Հայի՞ հաց ես ուզում, թե՞ թուրքի»,— հարցրեց հայը։— «Հացի էլ հայը թուրքը կա՞,— հարցնում եմ ես:— Հացը հաց է»: Կարծելով, թե հայը ինձ ձեռք է առնում, երես եմ դարձնում նրանից: Բայց ոչ. հայը եկավ հետս, տարավ ինձ հացավաճառների մոտ և ցույց տվեց, թե սա հայի հաց է (լավաշ), սա թուրքի հաց է (սանգակ): Չգիտեմ՝ ո՛ր տեսակից գնեցի, ցամաք կերա փողոցում, ամաչելու ոչինչ չունեի, սպասեցի կառքերի մեկնելու ժամանակին: Երևանի և Էջմիածնի միջև այն ժամանակ շատ կանոնավոր հաղորդակցություն կար: Բացի ֆայտոններից, կային մի քանի տեսակ հասարակ կառքեր, շատ էժան գնով: Ամենից հասարակն էր օմնիբուս կոչված կառքը, որի մեջ նստում էին մեջք-մեջքի տված ութ կամ տասը հոգի: Ճանապարհը մինչև Էջմիածին տևում էր երկու ժամ, և վճարում էինք 25 կոպեկ: Անմոռանալի պայուսակս վերցրած նստեցի մի օմնիբուս, և վերջապես հասանք Էջմիածին: Ուշ գիշեր էր: Այն ժամանակ կառքերի կայանը վանքի Տրդատա դուռ կոչված հրապարակն էր։ Իջանք ուրեմն այդտեղ, անցանք Տրդատա դռնով, Սինոդի շենքի առաջով և վանքի Ավագ դռնով իջնելով, Վեհարանի առաջով մտանք Ղազարապատ կոչված շենքը։ Այստեղ էր Էջմիածնի ուխտավորներին հատկացված հյուրանոցը: Հյուրանոցի կառավարիչն էր Սիոն վարդապետը. դիմեցի նրան և գիշերելու տեղ խնդրեցի: — Ո՞վ եք դուք,— հարցրեց հյուրընկալ վարդապետը խստությամբ: — Ուսանող եմ, Եվրոպայից եմ գալիս,— պատասխանեցի ես: — Այստեղ ուսանողի տեղ չէ. այստեղ միայն ուխտավորներն են գալիս,— ասաց վարդապետը և ինձ մենակ թողնելով, հեռացավ գնաց: Պատի տակ նստեցի պայուսակիս վրա: Գրպանումս ունեի միայն 10 կոպեկ, որով հաջորդ օրը մորս նամակ էի ուղարկելու։ Վարժված էի, ոչ քնելու մասին էի մտածում և ոչ էլ ուտելու: Մի կտոր ցամաք հացը ինձ բավական էր 24 ժամ: Այդպես նստած անքուն սպասում էի երկար ժամանակ, որովհետև դուրս վռնդող չկար: Հանկարծ տեսնում եմ ինչ-որ եռուզեռ: Մարդիկ բարձրանում իջնում են սանդուղքներից, իրեր են տեղափոխում: Մեկ էլ իր սենյակից դուրս է գալիս Սիոն վարդապետը և աջ ու ձախ դիմելով հարցնում է. — Այստեղ մի ուսանող կար, ո՞ւր գնաց: Լսում եմ և ներկայանում եմ իրեն: — Դուք գերմաներեն գիտե՞ք,— հարցնում է վարդապետը։ — Գիտեմ,— պատասխանում եմ: — Եկեք ներս, այստեղ մի գերմանացի է եկել, խոսեցեք հետը: Մտնում եմ ներս: Հանկարծ տեսնում եմ պրոֆեսոր Ռոռբախին, իր կնոջ հետ: Ես Ստրասբուրգում եղած ժամանակս Հյուբշմանի միջոցով ծանոթացել էի Ռոռբախի հետ. նա Հայաստան պիտի գար, և երկուսս միասին պիտի մեկնեինք, բայց որովհետև ես բավական փող չունեի արագ գնացքով մեկնելու, չկարողացա ընկերանալ նրան: Իբրև վաղեմի ծանոթ, ձեռք տվի Ռոռբախին և սկսեցինք մտերմական խոսակցություն: Վարդապետը զարմացած դիտում էր մեզ: Անշուշտ նա զարմանում էր այն բանի վրա, որ քիչ առաջվա քոսոտ և արհամարհելի ուսանողը այսպիսի նշանավոր մարդու հետ բարեկամ է: Հրավիրեց նստել սեղան, որին մասնակցում էին Ռոռբախը, իր կինը, վարդապետը և ուրիշ ծանոթ անձինք: Միակ թարգմանը, ուստի և ուշադրության կենտրոնը, ես էի: Չեմ հիշում, բայց պետք էր, որ ընթրիքը բավական ճոխ եղած լիներ։ Ընթրիքից հետո հյուրերը ստացան իրենց համար սենյակ, իսկ ինձ էլ Սիոն վարդապետը ուղարկեց աջ կողմի սենյակներից մեկը, ուր նշանակվեց մի շատ կեղտոտ մահճակալ: Պառկեցի և քնեցի: Առավոտը արթնացա մի խայտառակ դրության մեջ: Լու, մլուկ, մլակ, մոծակ, ճանճ. այս հնգյակը խուռն բազմությամբ հարձակվել են վրաս. նրանցից մլակ կոչված միջատը նոր էի տեսնում դեռ, մյուսները հին ծանոթներ էին: Տոթը անտանելի էր: Վեր կացա և դիմեցի ընդհանուր սենյակը, ուր մի քանի հյուրեր էլ կային: Նրանց մեջ տեսա հպարտ դեմքով նստած ակնոցավոր մի երիտասարդ, խորհրդավոր ձայնով: Հարցրեց ինձ, թե ո՞վ եմ ես և ո՞ր տեղացի եմ. երբ պատասխանեցի, թե կոստանդնուպոլսեցի եմ, ասաց, թե ինքն էլ է կոստանդնուպոլսեցի: — Ո՞ր թաղից,— հարցրի ես: — Սուլու-խուլեցի: Կոստանդնուպոլսում Սուլու-խուլե թաղը հայտնի է իբրև ամենակեղտոտ և ամենագռեհիկ թաղը: Երբ մեկին պետք է լինում ծաղրել կամ արհամարհել, ասում են. «Սուլու-խուլեցի է՞ս»: Մինչև անգամ չգիտեի, թե սուլու-խուլեցի հայ էլ կլինի: Այդ թաղի բոլոր բնակիչները համարում էի միայն գնչու: Այդ սուլու-խուլեցին եկել էր Էջմիածին տերտեր դառնալու. անունն էր Արտաշես Գարագաշ: Կարասի միջից բարձրացող հնչյունի նման ձայն ուներ: 22 տարի հետո նորից տեսա այդ մարդուն Թեհրանում, ուր հայոց եկեղեցու տիրացու էր, բայց ոչ քահանա. նաև կրոնի ուսուցիչ էր հայոց դպրոցում և ինքնահավան դիրք ուներ: Իր որդին է Հայկ Գարագաշը, որ կարևոր ազգային դեմք էր Թեհրանում և հրատարակում էր «Բոբոխ» զավեշտաթերթը: Ընդհանուր սենյակում նստած միջոցիս սուլու-խուլեցին հանկարծ նկատեց շորիս վրա մի միջատ և ասաց. — Ոջիլ է: Սարսափեցի. ամեն ինչ տանելի էր, բացի ոջիլից. ես դեռ տեսած չէի ոջիլ և զարմանքով հարցրի. — Ա՞յս է ոջիլը. շորերիս մեջ լիքն է սրանից: Պառկած անկողինս ուրեմն լիքն էր ոջիլով և ինձ այդ օրին էր հասցրել: Ճար չկար։ Ի՞նչ պետք էր անել այս խայտառակ օթևանից դուրս գալու համար: Սիոն վարդապետը այլևս ինձանով չէր հետաքրքրվում և այդ ավելի լավ: Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ: Ուտեստի մասին կարիք չկար մտածելու, որովհետև Էջմիածնի հասարակաց ճաշարանը առավոտ, կեսօր և երեկո բաց էր բոլոր ուխտավորների համար, և ես էլ նրանց հետ ձրիաբար ստանում էի թեյ, ճաշ և ընթրիք: Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն։ Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց. — Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս։ — Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան: — Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես կկարդամ քու հոդվածներդ «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: — Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ: — Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ: Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ. «Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»: — Է՜հ,— պատասխանեց Կաթողիկոսը,— դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜: Շա՜տ լավ… Է՜, տաճկերեն գիտե՞ս: — Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ: — Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարեցավ, քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես: Ես իմ գոհունակությունը հայտնեցի: Կաթողիկոսը վճարեց առաջին ամսականս՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ: Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի № 1 սենյակը: Այդ միջոցին իմ դրությունը շատ խայտառակ էր: Շորերս հնացած, գլխարկս ծակ, կոշիկներս պատառոտուն, շապիկս ոջլոտ, ամաչում էի մարդկանց մոտ դուրս գալ։ Պատահեց ինձ ծանոթանալ մշեցի ազնիվ մի մարդու հետ, որի անունն էր Սմբատ Տարոնեցի: Մի եղբայր ևս ուներ, որի անունն էր Արամ: Երկուսն էլ հեղափոխական քարոզիչ էին, ամուսնացած էին և միասին տուն և ընտանիք ունեին: Սմբատը առաջարկեց ինձ օգնել ամեն կերպ. ես հայտնեցի իմ կեղտոտ վիճակը և խնդրեցի, որ տանի Երևան և նոր շորեր առնենք: Անմիջապես օմնիբուս նստեցինք, գնացինք Երևան և գնեցինք մի ձեռք շոր, մի գլխարկ և մի զույգ կոշիկ: Սպիտակեղեն ունեի: Վերադարձանք Վաղարշապատ և գնացինք գյուղի բաղանիսը: Լողանալուց հետո գլխից մինչև ոտք նորոգվելով և ամբողջ շորերս մինչև կոշիկներս Սմբատին տալով, եկա վանք, ուր նշանակված էր ինձ № 1 սենյակը: Այս սենյակը նախապես ընթերցատուն էր եղել և դրա համար էլ կար այնտեղ մի շատ լայն սեղան, որի շուրջը նստելով ընթերցողները կարդում էին օրվա լրագրերը: Ընթերցատունը փակվել էր, և որովհետև սեղանը փոխադրելու տեղ չկար, թողել էին այնտեղ։ Ինձ համար դա մի շնորհ եղավ: Սեղանը դրի պատուհանի առաջ, պայուսակիս բոլոր քարտերը դարսեցի նրա վրա, ունեցած գրքերս էլ նրանց կողքին և մատենադարանից վերցնելով բազմատեսակ բառարաններ, մինչև անգամ Կամուսի արաբերեն բառարանի 3 խոշոր հատորները, կազմեցի ինձ համար մի նոր աշխատանոց։ Ձեռք առի Կարինում կազմած իմ Արմատական բառարանը, որ ուներ շուրջ 300 էջ: Սկսեցի վերամշակել և ավելացնել այնտեղ ամեն ինչ, որ գտա հայ և եվրոպական գրականության մեջ, հայերեն բառերի ստուգաբանության մասին: Այդ միջոցին Տփղիսի Գյուտ քահանա Աղանյանը Կոստանդնուպոլիս էր գնացել և Տեր Հովհաննես քահանա Մկրյանից մեծ գումարով գնել էր արևմտահայ լրագրության խոշոր հավաքածուն: Հավաքածուն գտնվում էր Էջմիածնի մատենադարանում, չեմ կարող ասել անխնամ դրության մեջ, բայց կարող եմ ասել, թե ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով: Մատենադարանապետի թույլտվությամբ, այդ հարյուրավոր հատորները մաս առ մաս փոխադրելով իմ սենյակը, ամբողջը թերթում էի և կազմեցի բոլոր այդ հատորների մեջ գտնված հայ լեզվաբանական հոդվածների ցուցակը: Կարդացի այդ հոդվածները և ինչ որ կար հայ բառերի ստուգաբանության մասին, ճիշտ թե սխալ, դուրս գրեցի: Կազմել էի մի երկարավուն տետրակ, որի մեջ այբուբենական կարգով հավաքեցի այդ ստուգաբանությունները, հետագայում իմ ստուգաբանական բառարանի մեջ ներմուծելու համար: Իմ մեծագույն ցանկությունն էր եղել Վենետիկի կամ Վիեննայի միաբանության անդամ լինել: Դպրոցում մեսրոպյան հայերենի հետևորդ դառնալով, այլևս մտքից հանել էի Վենետիկը: Փարիզում և Ստրասբուրգում երկու խոշորագույն հայագետների մոտ աշխատելուց հետո, Վիեննան էլ հեռացավ մտքիցս, գոնե մասամբ և դեպքերի բերմամբ ընկա Էջմիածին: Վիեննայում այնուամենայնիվ միշտ եղել են մեծանուն վարդապետներ, ինչպես Թոռնյան, Այտընյան, Տաշյան և այլն, իսկ Էջմիածնում ոչ ոք չկար, որ փոքրիկ չափով գոնե հավասարեր նրանց: Զգում էի, թե ինչ տկար միջավայր եմ ընկել. ոչ ոքից ոչինչ չէի կարող սովորել: Այնուամենայնիվ շրջապատս այնքան լավ էր, որ ինձ ամենևին չէր խանգարում և թույլ էր տալիս իմ սեփական միջոցներով կարդալու և սովորելու: Նյութականի և տնտեսականի կողմից բոլորովին ապահով էի: Վանքը տալիս էր ինձ ձրիաբար նախաճաշիկ, ճաշ, ընթրիք, բնակարան և վառելիք: Այսքանը բավական էր ինձ, որովհետև ոչ մի ավելորդ պահանջ չունեի: Ամսական 25 ռուբլի ռոճիկն էլ բոլորովին բավարար էր: Ամառ լինելով, դեռ ուսումը չէր սկսվել: Տաքը թեև շատ ուժեղ, բայց ինձ համար անտանելի չէր: Ընդհակառակը, հաճույք էի զգում այդ տաք եղանակից: Մինչև սեպտեմբեր մնալով № 1 սենյակում, ամենևին մտքիցս չանցկացնելով ամառանոց գնալու բուրժուական գաղափարը, նվիրվեցի ստուգաբանական բառարանիս վերամշակման գործին: Շատ արագ թերթերը լցվում էին և հետզհետե ընդարձակվում էր գիրքս: Վերջապես եկավ սեպտեմբերը, ուսումնական տարվա սկիզբը: Նշանակված լինելով տաճկերենի ուսուցիչ, գնացի Ճեմարան և ներկայացա Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին։ — Բարև ձեզ, պարոն Կոստանյան,— ասացի՝ գլուխ տալով նրան: — Ինչո՞ւ եկաք այստեղ,— գոռաց նա երեսիս, մեջքը ինձ դարձրած և առանց տեղից շարժվելու.— Տաճկաստանում տեղ չկա՞ր: — Տաճկաստանում կոտորում են: — Դուք էլ նրանց հետ կոտորվեիք: — Վեհափառը ուղարկել է ինձ և հրամայել է տաճկերենի դասեր տալ: — Եթե Վեհափառը հրամայել է,— ասաց հեգնանքով, — գնացեք դաս տվեք: Դուրս եկա կիսաբաց դռնից և այնտեղ տեսա Մարտիրոս Հախնազարյանին, որ Ճեմարանում գլխավոր վերակացուն էր: Բարի մարդ էր նա՝ տարիքը առած, համեստ և պարկեշտ ագուլեցի: Լավ գիտեր իր բարբառը և որովհետև ես էլ ձեռնամուխ էի եղել բարբառների ուսման, բարեկամանալով նրա հետ, սկսեցի կազմել հետագայում Ագուլիսի բարբառի բառարանը, որ ի վերջո մտավ իմ Արմատական բառարանի մեջ և Ագուլիսի բարբառի քննության մեջ: Տարիներ հետո թուրք-հայկական ընդհարումների ժամանակ թուրքերը նահատակեցին այդ ազնիվ մարդուն, և ես ցավելով լսեցի նրա մահը Թավրիզում եղածս ժամանակ: Կարապետ Կոստանյանի այդ անհրապույր ընդունելությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ Մարտիրոս Հախնազարյանը և ասաց. — Դուք տաճկերեն դասերի համա՞ր եք եկել: — Այո: — Սպասեցեք մի քիչ, ես զանգը կտամ, աշակերտներին կհավաքեմ և դուք դասի կերթաք: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը հիմնելով Ճեմարանը և տեղ տալով բազմաթիվ տաճկահայ աշակերտների, կարևոր էր համարել ուսման ծրագրի մեջ մտցնել նաև տաճկերենի ուսումը, միմիայն տաճկահայ աշակերտների համար, որպեսզի հետագայում, երբ այդ աշակերտները ավարտեին Ճեմարանը և վերադառնային հայրենիք, տաճկերեն կարդալ-գրել չիմանալու պատճառով զոհ չգնային տաճիկ պաշտոնյաների քմահաճույքին: Գևորգ կաթողիկոսից հետո միշտ էլ շարունակվել էր տաճկերենի ուսումը Ճեմարանում. վերջին ուսուցիչը եղել էր Հովսեփ Ճանիկյանը (հեղինակ «Հնութիւնք Ակնայ» օգտաշատ գրքի), որ ծերության պատճառով հրաժարվելով, տաճկերենի ուսումը թողել էր ինձ: Ինձնից հետո կարծեմ այլևս ուսուցիչ չճարվեց, և այդ առարկան դուրս մնաց: Աշակերտները հավաքվեցին, ես նրանց 3 խմբի վերածեցի և որոշեցի օրերի և դասերի ժամերը: Այսպես սկսվեց իմ ուսուցչական խղճուկ դրությունը Ճեմարանում: ⁂ Էջմիածինը այն ժամանակ հայոց ազգային, քաղաքական, կրոնական, կրթական, դպրոցական մեծագույն կենտրոնն էր: Կաթողիկոսը իր Սինոդով և վանքի հարյուրավոր միաբաններով, եպիսկոպոսներով, վարդապետներով և քահանաներով, Էջմիածնի տպարանը` իր զանազան հրատարակություններով և «Արարատ» ամսագրի խմբագրությամբ, Ճեմարանը իր հարյուրավոր և հազարավոր ուսանողությամբ, շրջանավարտներով և ամեն կողմ ցրված ուսուցիչներով կազմում էին մի մեծ ամբողջություն: Սակայն Էջմիածինը այն ժամանակ մի շատ ցավալի կետ ուներ. այդ տաճկահայ գաղթականների հարցն էր: Երբ տաճիկ կառավարությունը իր տխմար քաղաքականությամբ սկսեց կոտորել հայերին, Հայաստանի արևելյան նահանգների խեղճ ժողովուրդը ուրիշ ելք չուներ, եթե ոչ փախչել Պարսկաստան և Կովկաս: Այս վերջինը ավելի հրապուրիչ էր, որովհետև ուներ ավելի բազմամարդ հայություն, լուսամիտ պետություն, հարուստ հայեր և մանավանդ որ կաթողիկոսն էլ (Խրիմյան Հայրիկը) վանեցի, այսինքն՝ տաճկահայ էր: Երբ փախստականների տասնյակ հազարավոր բազմությունը թափվեց Կովկաս և հատկապես Էջմիածնի գավառը, բնականաբար Կաթողիկոսը չէր կարող անտարբեր մնալ հանդեպ նրանց դժբախտ կացության: Էջմիածինը ամեն միջոց գործադրեց ըստ կարելվույն դեղ, ապրուստ և պաշտոն հայթայթելու համար այդ դժբախտներին: Տաճկահայերը իբրև ավելի նախաձեռնող, աշխատասեր, ընդունակ և մանավանդ չարքաշ ժողովուրդ, դիմագրավելով ամեն դժվարություն, իրենց համար աշխատեցին լավ դիրք ստեղծել: Սկսվեց տնտեսական պայքարը բնիկ տեղացիների և նորեկ գաղթականների միջև: Շատ ասպարեզներում այս վերջինները հաղթող հանդիսացան: Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև: Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ: Մինչև անգամ ամուսնական խնամություններ դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը, բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով: Բուն Էջմիածնի վանքն էլ ասպարեզ էր դարձել այդպիսի կռվի, որովհետև Կաթողիկոսն էլ շրջապատել էր իրեն իր վանեցի ազգականներով: Ավելորդ եմ համարում երկար խոսել այս դժբախտ հարցի շուրջը, որ տարիներ տևեց: Ես էլ այդ դժբախտների կարգն էի ընկած: Ոչ միայն հարգանք, սեր և գնահատություն, այլ նույնիսկ քաջալերություն կամ սովորական բարեկամական վերաբերմունք չկար իմ մասին Ճեմարանի ուսուցչական կազմի և վանքի միաբանության մեջ: Բոլորն էլ արհամարհում էին ինձ: Վերևում տեսանք Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանի պարսավելի վերաբերմունքը դեպի ինձ: Կարապետ Կոստանյանը համարվում էր Կովկասում ոչ միայն իբրև կատարյալ ազգասեր, եկեղեցասեր, այլև նույնիսկ ուսումնական և գերազանց հայագետ անձնավորություն: Իր հանդիսավոր, լուրջ վերաբերմունքը արտաքուստ, խոսակցության մեջ պահած ծանրաբարո դիրքը, իր հրապարակած մի քանի երկրորդական արժեք ունեցող տետրակները ստեղծել էին նրա մասին մեծ անունը: Իրականում նա խոժոռ, անհրապույր, դաժան մարդ էր, որի գիտական հմտությունն էլ մեծ հարցականի տակ էր: Իր ծաղրանունը դրել էին «Սուլթան Համիդ», և իրոք իր համիդական գազանաբարո վերաբերմունքը ցույց էր տալիս հանդեպ բոլոր աշակերտների և ուսուցչության, ո՜ւր մնաց թե ինձ: Ոչ մի մանկավարժական ժողովի, ոչ մի ուսուցչական խորհրդակցության, նույնիսկ ոչ մի աշակերտական հավաքույթի չէի հրավիրվում ես: Այդ բոլորը բացատրում էին իբր թե նրանով, որ ես տաճկահպատակ էի և ռուսական կառավարությունը չէր թույլատրում օտարահպատակներին որևէ ուսուցչական պաշտոն, բացի տաճկերենից և ֆրանսերենից: Մի խոսքով ես ապօրինի ուսուցիչ էի: Շատ տարիներ հետո (1952 թ. մայիս) լսեցի, որ մեր Ակադեմիայի ասպիրանտներից մեկը՝ պրպտելով արխիվները, գտել է, որ Կոստանյանը ցարական լրտես է եղել Էջմիածնի վրա: Անհավատալի՞ ճշմարտություն: Այժմ տեսնենք ուրիշ ուսուցիչների վերաբերմունքը դեպի ինձ: Առաջին անձը, որ մոտեցավ ինձ և հարգանքի խոսք ասաց, հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանն էր: Իր անունը ես լսել էի Կարինում, Սանասարյան վարժարանում, ուր կարդացել էի նաև իր մի խումբ մանկավարժական տետրակները: Առաջին անգամ, երբ բարձրացա Ճեմարանի սանդուղքների գլուխը, տեսա, որ ցածրից բարձրանում է նաև Սեդրակ Մանդինյանը: Ես մի կողմ քաշվեցի հարգանքով և տեղ տվի նրան: Մանդինյանը մոտեցավ ինձ և ձեռք երկարելով, ասաց այս անմոռանալի, փայփայիչ խոսքերը. – Ձեր անունը ձեզնից առաջ եկել էր Էջմիածին: Կարդացի «Արարատ» ամսագրում ձեր հոդվածը վրացերենի ձայնաբանության մասին հայերենից փոխառյալ բառերի մեջ: Այդ ինչքան լավ վրացերեն գիտեք դուք: Ես իբրև տփղիսեցի, լավ վրացերեն գիտեմ, բայց ձեր հիշած բառերից շատ շատերը անծանոթ էին ինձ: Ես պատասխանեցի, թե իմ վրացերենի գիտությունը շատ չափավոր է, և ես այդ բոլոր բառերը քաղել եմ Չուբինովի վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն բառարանից: Մենք բարեկամացանք իրար հետ, և նա հրավիրեց ինձ իր տունը, որ Ճեմարանի դիմացն էր։ Ես մի երեկո գնացի նրա մոտ և ծանոթացա նրա կնոջ և իր գեղեցիկ աղջկա հետ: Ծանոթացա նաև իր քենեկալ Ստեփանոս Կանայանի հետ, որ Ճեմարանում պատմության ուսուցիչ էր. գուցե ծանոթացա նաև ուրիշների հետ էլ, որոնց չեմ հիշում: Մանդինյանի գեղեցիկ աղջիկը հետո ամուսնացավ ակնաբույժ Հայկ Կանայանի հետ և Երևանում 1920-ական թվականներին չարաչար տանջանքներով մեռավ, որովհետև բժիշկները չէին կարողացել որոշել իր հիվանդությունը: Մանդինյանի փոքր տղան, որի անունը չեմ հիշում, տեսա Թավրիզում 1920 թվականին: Նշանավոր ինժեներ էր և «Լուսաչափ» անունով մի գործիք էր հնարել: Հայտնի է, որ կան ճիշտ գործիքներ տաքությունը չափելու (ջերմաչափ), խոնավությունը չափելու (խոնավաչափ), կաթի պարարտության քանակը չափելու (սերաչափ) և այլն, բայց լույս չափելու գործիք չկա: Ահա այդ գործիքն էր, որ հնարել էր ինժեներ Մանդինյանը: Մտնում ես մի սենյակ, բռնում ես ձեռքիդ այդ գործիքը, և նա ցույց է տալիս սենյակի լույսի և մութի քանակությունը: Գործիքը հնարել էր, բայց պատրաստել չէր կարող. եթե նկարը ուղարկեր եվրոպական որևէ գործարան, գաղտնիքը կգողանային և իրենց անունով կվաճառեին: Պարսկաստանում այդպիսի գործիք շինելու մասին ավելորդ էր մտածել: Ուստի, երբ ես պատրաստվեցի գալ Երևան 1923 թվականին, նա խնդրեց ինձ, որ ես խոսեմ ընկեր Լուկաշինի հետ հայտնեմ, թե Մանդինյանը պատրաստ է նվիրել այդ գործիքը Հայաստանի կառավարության: Ես իմ խոստումը կատարեցի, բայց նրա շարունակության մասին ոչինչ չգիտեմ և չեմ լսած որևէ լուսաչափ գործիքի մասին մի բան: և Երկրորդ ուսուցիչը, որի հետ բարեկամացա և հետագայում լավ մտերմացա, Ստեփանոս Կանայանն էր, Մանդինյանի քենեկալը և Ճեմարանի հայ և ընդհանուր պատմության ուսուցիչը: Չափազանց բարի, կատակախոս, զվարճասեր, միամիտ և ընկերական մարդ էր նա: Պատանի ժամանակ Հայ-Արմեն ծածկանունով ոտանավորներ էր գրել Զմյուռնիայի «Արևելյան մամուլ» ամսագրում: Բայց այնուհետև գրական գործունեություն չէր ցույց տված։ Շատ էր աշխատում, բայց իր աշխատանքը ամուլ մնաց: Կյանքի վերջին շրջանում հրատարակեց մի քանի ազգագրական և աշխարհագրական գործեր, որոնցից գլխավորն է «Ջոջանց տունը»։ Առհասարակ դժվար է կարդալ նրա գործերը, որովհետև շարունակ թափառում է նյութից նյութ և մեկի վրա կենտրոնանալ չգիտե: Ուրիշ ուսուցիչների մասին շատ բան չունեմ ասելու: Մանուկ Աբեղյանը, որի հետ ընկերացել էի Փարիզում, և որ հայագետի մեծ հռչակ էր վայելում Ճեմարանում, ոչ մի մտերմություն ցույց չտվեց ինձ Էջմիածնում: Համառ և ինքնահավան մարդ էր: Իրենից դուրս ոչ մեկին չէր ճանաչում: Սարսափելի ատեցող էր տաճկահայերին և մանավանդ Վենետիկի և Վիեննայի միաբաններին: Տաճկահայերից հավանում էր միայն երկու հոգու. Պարոնյանին, որովհետև ծաղրել էր պոլսեցիներին, և Գարեգին վարդապետ Սրվանձտյանին, որովհետև հայտնաբերել էր Սասունցի Դավթի վեպը: Ոչ մի տաճկահայ հեղինակի չէր սիրում, նույնիսկ Դուրյանին: Բոլորը խոնարհվում էին Աբեղյանի առաջ և համարում էին նրան անգերազանցելի հայագետ: Ինքը քարոզեց մտցնել արևելյան հայերենում անշունչի և շնչավորի տարբերությունը (նրա ոտքը, էնոր ոտքը), ածականի վերացումը, սեռականի ջնջումը և վերջապես ուղղագրության փոփոխությունը, որ 1912 թվականին հայտարարեց, ազգը մերժեց, իսկ 1920 թվականին ընդունվեց Խորհրդային իշխանության կողմից և սակայն 20 տարի հետո, 1940 թվականին նրա կեսից ավելին մերժվեց և այլն: Էջմիածնում եղած ժամանակս ոչ մի օր չհրավիրեց ինձ իր մոտ, այնպես որ չգիտեմ, թե ուր էր ապրում: Երբ Երևանում, Համալսարանում դասախոս եղա, բնականաբար ընկերական հարաբերություններ մշակում էինք, և ես միշտ չափազանց հարգանքով էի վերաբերվում դեպի նա, իսկ նա իմ այնքան բազմաթիվ աշխատանքների մասին ոչ մի գովասանական կամ քաջալերական խոսք չի ասել: Կողմնակի աղբյուրներից լսել եմ միայն, թե նա իմ մասին կառավարության հայտնել է հետևյալը. «Աճառյանի պես մարդ հարյուր տարվա մեջ մի անգամ չի ծնվի. չափազանց աշխատասեր, անշահախնդիր, փող չսիրող մարդ է. քամեցեք որքան կարող եք. պատրաստ է և կարող է կատարել ամեն ինչ, որ պահանջեք»: Գուցե ավելի հետո էլի առիթ կունենամ խոսելու իր մասին։ Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապետը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորություն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»: Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է: Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին։ Նա Քյոթահիացի (Կուտինա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գևորգ Դ կաթողիկոսին։ Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»: — Դու հայերեն չգիտե՞ս,— ասում է նրան կաթողիկոսը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ: — Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): Գելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ): Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է. — Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս): Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ. նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք Ճեմարանի աշակերտ գրեցեք»: Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է Ճեմարանը և ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ: Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է: — Վարդապետն ի՞նչ բան է,— հարցնում են նրան: — Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է: — Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու: — Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է: Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է Ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը: Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր Ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը: Մեջընդմեջ երգում էր մի կարգի ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում: Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ: Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը: — Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում. այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին, կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը: Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՛ր ձայների գումարներն են: Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում. նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Ապարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին: Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա․ այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի: Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը: Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի: Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց Ճեմարանում հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ: Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա: և Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ: Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո՞ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»: Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը. իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել․ Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»: Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»: Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»: Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի` Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։ Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր. Ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս։ Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում. զանգակները զնգում են»: Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն: Ես հետևը կանգնած դիտում էի նրան. մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի: Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր: Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով: Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր: Առատ մորուք չուներ. քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն: Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա». հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը: Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: Գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր։ Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը: Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով: Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ: Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է: Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է: Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց: Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը: 1925—1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել: Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում: Հինգերորդ անձնավորությունը, որի հետ ես մտերմացել էի Էջմիածնում, եղավ Գալուստ սարկավագ Տեր-Մկրտչյանը: Նա Ախալցխայի Ծղրուտ գյուղից էր: Սովորում էր Փարիզում հասարակական գիտություններ: Վարակվում է վատանուն ախտով և զգալով իր ցավալի վախճանը, շտապում է Էջմիածին, դիմում է տալիս և ընդունվում միաբանության մեջ: Ստանում է 4 աստիճան (դպիր), բայց ընդհանրապես կոչում էին սարկավագ: Դպրի աստիճանը մեծ բան չէ, բայց ի նկատի ունենալով նրա գործունեությունը, Խրիմյանը հրամայում է տալ նրան իսկական վարդապետ միաբանի բոլոր իրավունքները՝ բնակարան, սնունդ, վառելիք և ռոճիկ: Որովհետև հասարակական գիտությունները արժեք չունեին վանքի պայմաններում, ուստի թողնում է այդ բոլորը և նվիրվում հայկական բանասիրության: Միաբան ծածկանունով նա հրատարակեց բազմաթիվ հոդվածներ և առանձին գրքեր, որոնք իրոք շատ մեծ արժեք ունեն հայ բանասիրության մեջ: Միաբանների բնակարանները երկու շարք են կազմում. հին շենք և նոր շենք: Նոր շենքի բնակարանները 2 մուտք ունեն. մեկը առջևից, որ տանում է ցածրի հարկը, ընդամենը 2 սենյակ, մյուսը հետևից, որ սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկը և ունի նույնպես 2 լուսավետ սենյակ, մի խոհանոցով: Իմ բնակարանը № 1 ներքևի 2 սենյակն էր, իսկ նրա վերևը բնակվում էր Գալուստ սարկավագը: Իբրև հմուտ բանասերի, ես ծանոթացա նրա հետ և շուտով մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Կաթվածահար էր եղած, կեսից ներքև մարմինը չէր գործում, իսկ կեսից վեր առողջ էր. ազատ խոսում, գրում էր, բայց քայլել չէր կարող: Քնելու համար, երբ պետք էր լինում գնալ մյուս սենյակը, իր ծառան գալիս գրկում էր նրան և մեծ դժվարությամբ տանում գցում մյուս սենյակի անկողնի վրա: Համարյա ամեն օր բարձրանում էի իր մոտ, և ունենում էինք երկար խոսակցություն հայագիտական հարցերի շուրջը: Միակ անձն էր Էջմիածնի միաբանության մեջ, որ իրավունք ուներ ձեռագրեր բերել տալու իր բնակարանը: Ինքը հրատարակեց, ի միջի այլոց, «Վկայք Արևելից» նշանավոր գործը, որ թարգմանված է Ե դարում ասորերենից և գրված է սքանչելի մեսրոպյան հայերենով: Ինչպես ամբողջ Կովկասում, նույնպես և Էջմիածնում մեսրոպյան հայերենի գաղափարը անծանոթ էր, բայց միաբանը իբրև լուսամիտ մարդ, ընդունել էր այդ գաղափարը, և որովհետև գործնականապես ծանոթ չէր, ուստի ինձ տվեց ձեռագիրը, որպեսզի կարդամ և հետևեմ, թե մեսրոպյան հայերենի սխալներ կա՞ն։ Երբ ես Էջմիածնի 4000 ձեռագրերը հետազոտելու ժամանակ գտա Եզնիկը (№ 1111), ինքն էլ շատ ուրախացավ այդ գյուտի մասին, որովհետև նախապես ինձ ասել էր, թե Եզնիկի անունով ինչ-որ ձեռագիր ունենք Մատենադարանում: Իմ գիրքը («Քննութիւն և համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին») տպվեց Վիեննայում և առաջաբանում խոսում եմ այդ գյուտի մասին: Ես ու Միաբանը «միասին աշխատեցինք» այդ գործի վրա, բայց իր մասնակցությունը եղավ միայն այն, որ ձեռագրի և տպագրի տարբերությունների համեմատությունը միասին կատարեցինք: Գրքի մնացյալ բոլոր գլուխները միայն իմ գրչի արդյունքն էին: Շատ մեծ անակնկալ եղավ վանքում, երբ երկու երիտասարդ գիտնականներ՝ Հակոբ Մանանդյան և Սիրական Տիգրանյան հրավիրվեցին Ճեմարանի ուսուցիչ: Մանանդյանը ախալցխացի էր, հայրը անտառապետ էր, բայց վաղաժամ մեռնելով, Մանանդյանը իր եղբոր և քրոջ հետ որբ են մնում: Այրի մայրը մեծ դժվարությամբ, միայն պետությունից ստացած կենսաթոշակով պահում և մեծացնում է որդիներին: Հակոբ Մանանդյանը, ավարտելով ռուսաց գիմնազիան (հայկական կրթություն չէր ստացել), Մանթաշյանի թոշակով գնում է Գերմանիա և սովորում է լեզվաբանություն։ Լավ տիրապետում էր 3 եվրոպական լեզուների և ռուսերենի: Գրելու մեջ եթե լավ հաջողակ չէր, ընդհակառակը, խոսելու մեջ շատ հաջողակ էր: Բարձրաձայն, լավ մտածված և գեղեցիկ առոգանությամբ հանպատրաստից ճառեր էր խոսում հայերեն և ռուսերեն: Ունենալով վայելուչ արտաքին և բարձր հասակ, շատերին սիրելի դարձավ: Ինքը ասաց ինձ, թե «Լեզվաբանությունը այնքան շուտ-շուտ էր փոխվում, որ ես մտածեցի, թե մինչև Հայաստան գնամ, ճանապարհին արդեն փոխված կլինի... ուստի հրաժարվեցի լեզվաբանությունից և առանձնացա միայն պատմության մեջ, որին հետևեց նաև բանասիրությունը»: Էջմիածին եկավ նա վարդապետ դառնալու նպատակով: Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով, ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը: Այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միաբանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից։ Նա մնաց Ճեմարանի ուսուցիչ: Ավելի ուշ, երբ ցարական պայմանները ավելի խստացան, նա թողեց ուսուցչությունը, գնաց Ռուսաստան և իրավաբանական ֆակուլտետը ավարտելով՝ դարձավ իրավաբան. մի արվեստ, որ իր ճարտարախոս լեզվին շատ հարմար էր։ Այդ ժամանակ հաստատվեց Բաքվում և իրավաբանների շարքում նշանավոր դարձավ: Խորհրդային իշխանությունը հաստատվելուց հետո եկավ Երևան, եղավ համալսարանի վարիչներից մեկը. Երևանում էլ մնաց մինչև իր մահը: Իր գրական գործերը բավական մեծ թիվ են կազմում, որոնցից կարևորագույնն է «Հայոց պատմություն»-ը, որ կիսատ մնաց: Նշանավոր է նաև իր այն տեսությունը, թե Խորենացին Թ դարի հեղինակ է: Ոչ ոք չընդունեց իր այս կարծիքը և կարծեմ, թե կյանքի վերջում ինքն էլ համոզվել էր, թե սխալ է դատում: Առիթներ կունենանք դեռ խոսելու իր մասին: Սիրական Տիգրանյանը հարուստ ընտանիքի զավակ էր, նույնպես ռուսական կրթություն էր ստացել և ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը: Հրաժարվելով իր հարուստ ծնողների և եղբայրների շրջանից, մտել էր ուսուցչական ասպարեզը և ճիշտ Մանանդյանի նման եկել էր Էջմիածին վարդապետ լինելու, բայց ճիշտ նրա նման տեսնելով վանքի դրությունը, հրաժարվեց իր մտքից: Մենք երեքս՝ Մանանդյան, Տիգրանյան և Աճառյան, ոչ միայն իբրև ազատամիտ երիտասարդներ, այլև իբրև հայագիտության սիրահար անձեր, շատ մտերիմ ընկերներ դարձանք: Մանանդյանը պատմաբան և բանասեր լինելով՝ ինձ ավելի մոտիկ էր: Երբ առաջին անգամ տեսա նրան, ես հայտնեցի իրեն, թե կազմում եմ հին հայոց կուլտուրայի պատմությունը, պրպտելով և ոստիկանի նման հետախուզելով հին հայոց ամբողջ գրականությունը, նյութեր գտնելու համար: Մանանդյանը հայտնեց, թե ինքն էլ է նույն աշխատությունը կազմում և հարցրեց, թե հույն աղբյուրները ուսումնասիրե՞լ եմ: Ես պատասխանեցի, թե ոչ։ Նա ասաց. «Ես հույն աղբյուրները արդեն ուսումնասիրել եմ և այժմ էլ ուսումնասիրում եմ հայկական աղբյուրները»: Լսելով այս խոսքը և խոնարհվելով իր հունագիտության առաջ՝ ես գնացի սենյակ և իմ ամբողջ աշխատանքը այրեցի: Ցավում եմ իմ այդ անմտության վրա, որովհետև ոչ միայն Մանանդյանը, այլև ուրիշ ոչ ոք չկազմեց այդպիսի աշխատություն: Մինչև այսօր էլ (1952 թ. հունիս) իմ իդեալն է մնացել այդ գեղեցիկ աշխատությունը, որ գրել առաջարկել եմ շատերին, բայց ոչ ոք էլ չի գրել: Ահա իմ համառոտ ծրագիրը այդ մասին. Ա․ Բնակարան. ի՞նչպես էին շինում հին հայերը իրենց տունը, միահա՞րկ թե երկհարկանի, սենյակների դիրքը, ներքին կարգավորությունը, պատուհաններ, լուսամուտ և երդիկ, լուսիջույց և այլն: Բ. Հագուստ. հայկական տարազի տեսակները, արական և կանացի շորեր, գլխարկ և կոշիկ: Գ. Ուտելիք. սեղան և ամանեղեն, կերակրի տեսակներ, հացի պատրաստություն, խմիչքներ, գինի և գարեջուր: Դ. Ընկերական կյանք. արհեստներ, խանութ և վաճառատուն, շուկա, առևտուր և դրամի տեսակներ, դպրոց, ուսուցիչներ և ուսում, գրելու արվեստը, չափ և կշիռ, տոներ և տոնախմբություն, բարևելու ձևեր, նամակագրություն, ամուսնական կապեր: Ե. Պետություն. թագավոր, նախարարներ, պաշտոնեություն, օրենք և դատաստան, դատական մարմիններ, պատժական օրինագիրքը, Դատաստանագիրք, իշխանավորների, ազնվականների, գյուղացիների փոխադարձ հարաբերությունները և իրավունքները: Զ. Զինվորական իշխանություն. զորք և բանակ, զենքի տեսակներ, ռազմագիտություն, պատերազմ վարելու ձևերը, զինվորական համազգեստ, պատվանշան, բերդ և ամրոց, պահակատուն, սահմանապահ զորք, զինվորական աստիճաններ: Է․ Կրոն. Հին հայոց հեթանոսական կրոնը, 7 բնիկ աստվածներ (Արամազդ, Անահիտ, Նանե, Աստղիկ, Միհր, Վահագն և Տյուր), 8-րդ օտար աստվածություն (Բարշամինա). մեհյան, քրմական աստիճաններ, զոհաբերություն: Վենետիկի միաբաններից Հ․ Վ․ Հացունին կազմել է մի քանի սքանչելի աշխատություններ, որոնք մենագրություններ են այս կամ այն հարցի վերաբերյալ. ինչպես՝ հին հայոց տարազը, երդումը հին հայոց մեջ, հայոց դրոշակը, կերակուրը և խնջույքները, մանկավարժությունը հին հայոց մեջ և այլն: Սիրական Տիգրանյանը նվիրվեց հայոց եկեղեցական օրենքի ուսումնասիրության գործին, բայց գրաբար չիմանալով, շատ էր դժվարանում: Հրատարակեց մի քանի գործեր, որոնցից մեծագույնն է իր մի ապակետիպ աշխատությունը, որ հրատարակեց մեր պետական համալսարանում 1920-ական թվականներին: Մնացյալ ծանոթներիս մասին շատ երկար կլինի խոսել: Գլուխս լիքն է հիշողություններով, որոնք թղթի վրա դնել շատ երկար կլիներ: Կտանեմ ինձ մոտ: Բայց այստեղ պետք է խոսեմ երկու չար անձնավորությունների մասին, որոնց հետ դժբախտություն ունեցա ծանոթանալու Էջմիածնում: Առաջինն է Սեթ Հարությունյան – նոր-նախիջևանցի, Կարապետ Կոստանյանի աշակերտներից, հայկաբան, ուսուցիչ գրաբարի՝ Ճեմարանում: Ասում էին, թե լավ գրաբար գիտեր, բայց իր գրաբարագիտությունը միայն հին վարժապետների ձևով էր: Նա ոչ լեզվաբան էր և ոչ էլ բանասեր: Նա գրաբար գիտեր իբրև գրաբարագետ: Աբեղյանը մի օր հայտնեց ինձ, թե իր աշակերտների գրած գրաբար շարադրությունները սրբագրելու համար տալիս էր Սեթին առանձին վճարով. որովհետև, ասում էր նա, ինքը գործնական վարժություն չունի գրաբար սրբագրելու, իսկ Սեթը վարժված էր: Այս վերջին կետը, թե Աբեղյանը մեսրոպյան գրաբարը լավ չէր ընդունում, դժբախտաբար հաստատվեց հետևյալ հետաքրքիր միջադեպով: Մեր համալսարանում վրացի երիտասարդ Իլյա Աբուլաձեն սովորեց ինձ մոտ հայոց լեզվի պատմություն: Ավարտելուց հետո գնաց Թիֆլիս և աշխարհաբար լեզվով մի նամակ գրեց ինձ. նամակը ցույց տվի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանին, հիացավ, թե ինչպես վրացին կարող է այսքան հայերեն իմանալ: Ես ասացի, թե նա գրաբար էլ գիտե: Խնդրեց, որ դիմեմ իրեն և մի հատ էլ գրաբար նամակ խնդրեմ, որ գրի: Ստացա մի բաց նամակ գրաբար լեզվով. կարդաց ռեկտորը և ավելի հիացավ. մեր ընկերներից շատերին ցույց տվեցի նույն նամակը, ամենքն էլ զարմացան և ուրախացան: Ցույց տվի նաև Աբեղյանին, որ նույնպես ուրախացավ. ես ասացի, թե մեջը 2 սխալ կա, և սխալները ցույց տվեցի, նա արդարացրեց դրանք: Սեթ Հարությունյանը գրական գործ չունի: Նա միայն աշխատակից եղավ Մանուկ Աբեղյանին Խորենացու հրատարակության գործում: Բայց Աբեղյանը ինձ հայտնեց 20-ական թվականներին Երևանում, թե Սեթը իրեն ոչ մի օգնություն չի մատուցել, այլ իր ծուլությամբ և անպարտաճանաչությամբ երկարաձգել էր գործի հրատարակությունը։ Այդ պատճառով էլ ես իմ Արմատական բառարանի 7-րդ հատորում (էջ 44) իրավունք եմ համարել Խորենացու հրատարակության առթիվ ասել. «Մ. Աբեղեան, անուանապէս նաև Ս. Յարութիւնեան»: Մի ուրիշ մանր զվարճալի կետ էլ: Մի անգամ մի նամակ էի գրել Երևան, դեղագործ Արշակ Հակոբյանի անունով, որի հետ շատ մտերիմ բարեկամ էի դարձել: Ծրարի վրա գրեցի ռուսերեն Эривань, Аршаку Акопяну, аптекар, բայց չգիտեի, թե аптекар բառի վերջում պետք է գրել Ь, թե Ъ: Գնացի Ճեմարան, ուսուցչական սենյակը, ուր միայն 2 հոգի կային, Ստեփան Կանայանը և Սեթ Հարությունյանը: Ես դիմեցի Կանայանին, իբրև իմ մտերիմ բարեկամին և հարցրի, թե аптекар բառի ծայրին Ь պիտի դնե՞մ, թե Ъ: Կանայանը մտածեց ի զարմանս իմ և հայտնեց, թե չգիտեմ, և նա դիմեց Սեթին նույն հարցով. Սեթը պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա այդպիսի բաների, р-ի մոտ մի միջակետ դրեք իբրև համառոտագրության նշան և բավական է»: Սեթը իմ դեմ մի պամֆլետ գրեց «Նոր դար»-ում, սրա մասին հետո: Ավելի զվարճալի մի տեսարան ևս: Սեթը մի օր իր ծառային հրամայում է գնալ շուկա և գնել 10 ձու: Ծառան վերադառնում է և ձվերը բերում: Սեթը, որ սարսափելի ժլատ մարդ էր, բարկանում է ծառայի վրա, թե ինչո՞ւ այդքան փոքր ձվեր է առել: Նա ուներ ձու առնելու մի օղակ. բոլորը փորձում է, և բոլոր ձվերը օղակից անցնում են. հրամայում է ծառային նորից գնալ շուկա օղակով և փոքր ձվերը հետ տալով, խոշորները վերցնել: Ծառան հրաժարվում է. այն ժամանակ Սեթը ինքը թաշկինակի մեջ 10 ձու և օղակը ձեռքին, անձամբ գնում է շուկա: Այդ միջոցին Էջմիածնի հրապարակում տեռոր էր տեղի ունեցել, Երևանի Գուբեռնատորի վրա ատրճանակ էին արձակել, ոստիկանությունը թափվել էր դուրս՝ տեռորիստին բռնելու համար։ Ժողովուրդը փախել էր, ոստիկանները տեսնում են միայն Սեթին թաշկինակի մեջ ձվեր և ձեռքին օղակ: Բռնում են նրան և ոստիկանատուն տանում: Հարցնում են այնտեղ, թե ի՞նչ գործ ունեիր հրապարակում։ Սեթը կմկմալով և ամաչելով՝ օղակի պատմությունն է անում: Իհարկե չեն հավատում, վեց ամիս նստում է բանտում, մինչև կարողանում է ապացուցանել իրողությունը: Ես ոչ մի կապ չեմ ունեցել Սեթի հետ. չգիտեմ ինչո՞ւ, միայն մի անգամ եղել եմ նրա տանը: Պոռպռուն ձայնով մի կին ուներ՝ իգդիրցի և մի աղջիկ, իսկական գաճաճ, որի անունն էր Սեթանուշ: Երբ ես հրատարակում էի իմ Արմատական բառարանը, մի օր ինձ մոտ եկավ մի տարիքոտ կին: Ինքը հայտնեց, որ Սեթ Հարությունյանի կինն է և խնդրեց իր ամուսնուն բաժանորդ գրել։ Զարմացա մնացի. Սեթը գիրք կարդա և այն էլ Աճառյանի՞ գիրքը: Ականջիս չէի հավատում: Ստիպված էի մերժել, որովհետև ռեկտորի հրամանով բաժանորդագրությունը փակված էր: Երկրորդ չար, ավելի շուտ ողորմելի անձնավորությունը Բագրատ Խալաթյանն էր: Նա հրավիրվել էր Ճեմարան իբրև ուսուցիչ ռուս գրականության: Հայերեն գիտեր, բայց շատ թույլ: Հագնվում էր շատ զարդարուն ձևով, անուշահոտ դուխիներով օծված, այնպես որ աչք էր ծակում: Մի օր մտա Ճեմարանի ուսուցչանոցը։ Այնտեղ էին Ստեփան Կանայանը և այս Բագրատ Խալաթյանը, որոնք վիճում էին ինչ-որ հարցի առթիվ: Երբ ես ներս մտա, Կանայանը ասաց Բագրատին. «Այ, պարոն Աճառյանը եկավ, նա լավ գիտե, իրեն հարցնենք, և դառնալով, ասաց. «Դուք իրար հետ ծանոթ չե՞ք»: Ես պատասխանեցի. «Ես երեք անգամ ծանոթացել եմ պարոն Խալաթյանի հետ, բայց նա բարևս էլ չի առնում»: «Ոչ,— ասաց Կանայանը,— պարոն Աճառյանը մեր կարևոր մասնագետներից մեկն է, չի կարելի այդպես վարվել նրա հետ»: Խալաթյանը կմկմաց և ինչ-որ ներողություն խնդրեց: Խալաթյանը Ճեմարանից շուտով հեռացավ և գնաց Գերմանիա: Նա հրատարակեց մի քանի ազգագրական տետրակներ և հոդվածներ գրեց «Բանասեր»-ի մեջ, հետո վեճ ունեցավ Բասմաջյանի հետ և իրար հետ կռվեցին. Բագրատ Խալաթյանը Բասմաջյանի դեմ գրեց մի հոդված «Մի ապտակ Բասմաջյանի դեմ» վերնագրով: Բասմաջյանն էլ պատասխանեց «Մեկի դեմ 2 ապտակ Բ. Խալաթյանի դեմ» վերնագրով: Շատ զվարճալի է հետևյալ դեպքը: «Հանդէս Ամսօրեայ» ամսաթերթի մեջ Բ. Խալաթյանը (1906 թ., էջ 333) սկսեց հրատարակել «Եվալդ Լիդեն» վերնագրով մի հոդված, որի սկզբում տալիս է հայագիտության պատմությունը: Այստեղ, էջ 335 բ-ում, հիշում է եվրոպացի հայագետների անունները, թվելով նրանց գործերը։ Սրանց մեջ կարդում ենք. «Օգտավետ ծառայություն մատուցին հայ լեզվի բազմակողմանի ուսումնասիրությանն Christian Bartholomae, Sophus Bugge…, մանավանդ հմուտ հայագետ A. Meillet: Հիշելու է ևս Verfasser, Die Semitischen Lehnworter in Armenishen ZDMG, 1893» և այլն: Կարդալով այդ հոդվածը և տեսնելով նշանավոր մարդկանց շարքում Verfasser անունով մի նոր հայագետի, որի անունը երբեք լսած չէի, զարմացած մնում եմ, թե ո՞վ է այս անծանոթ հռչակավոր հայագետը: Բայց երբ շարունակության մեջ կարդում եմ նրա գրած աշխատության անունը, իսկույն հասկանում եմ, որ հայտնի Հյուբշմանն է: Դեպքը այսպես է եղել: Հյուբշմանը իր քերականության մեջ, հիշելով զանազան հեղինակների անունները և նրանց գործերը, նրանց հետ հիշում է նաև իր այս աշխատությունը. բայց համեստությամբ, փոխանակ իր անունը տալու, ինչպես սովորություն է, գրել է Verfasser (հեղինակը): Ողորմելի Խալաթյանը այսքանը չիմանալով և Verfasser գոյականի գլխատառից ենթադրելով, թե մարդու անուն է, ստեղծել է նորահնար մի հայագետ: Խալաթյանի այս ծիծաղելի արարքը հայտնեցի ժամանակին «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության. բոլորը հրաժարվեցին խմբագիր եղած լինելու պատվից, որպեսզի անարգանքի հարվածից ազատվեն: «Այլ առակ լուարուք»: 1909/10 Խալաթյանը գտնվելով Բեռլինում, համալսարանին դիմում է տալիս և խնդրում, որ իրեն նշանակեն դասախոս օսեթերեն լեզվի: Պրոֆեսորների ժողով է գումարվում քննելու համար հարցը: Այնտեղ է նաև Խալաթյանը: Պրոֆեսորներից մեկը հարց է տալիս, թե օսեթերենի ո՞ր բարբառը՝ Թագո՞ւր թե Դիգոր պիտի դասախոսե նա: Խալաթյանը, որ մինչև անգամ չի իմացել, թե օսեթերենը 2 բարբառ ունի, շշկլված մնում է և ոչինչ չի կարողանում պատասխանել: Հարցը սրանով փակվում է: (Այս դեպքի պատմությունը պատմեց ինձ բժիշկ Խուրշուդ Մելիք-Փարսադանյանը, որ նույն թվականին ուսանում էր Բեռլինում): Վիեննայի «Ազգային մատենադարան»-ի շարքում Խալաթյանը հրատարակեց «Արաբ պատմագիրները հայոց մասին» հատորը: Էջմիածնում եղած ժամանակը Բագրատ Խալաթյանը արաբերեն ոչ մի բառ չգիտեր: Ինչպե՞ս կարողացավ 2—3 տարվա մեջ սովորել այդ դժվար լեզուն այնքան, որ կարողացավ արաբ հեղինակները կարդալ և նրանցից նյութեր քաղել: Հաստատ հավատացած եմ, որ այստեղ էլ կեղծիք կա: Նա կարդացել է այդ գրքերի գերմաներեն թարգմանությունը և գերմաներենի իր հրաշալի հմտությամբ (ինչպես ցույց է տալիս Verfasser-ը) քաղել է այդ տեղեկությունները: Բ. Խալաթյանի վախճանը շատ դժբախտ եղավ: Նա վարակվեց վեներախտով, գժվեց և փոխադրվեց հիվանդանոց, ուր և մեռավ: Այսպիսի դժբախտ վախճան ունեցավ Էջմիածնի Ճեմարանի պերճապաճույճ երիտասարդ դասախոսը, որ սնափառ հայտարարությամբ արժանի չէր համարում իր համեստ պաշտոնակցի խոնարհ բարևն ընդունել: ⁂ Մեկ տարի տևեց Կարապետ Կոստանյանի սուլթանական իշխանությունը: Էջմիածինը նրան հանգստյան թոշակ նշանակեց, նա հեռացավ ասպարեզից և մեզ էլ ազատեց իր բռնակալ ճիրաններից: Տեսուչ նշանակվեց Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, որ բարեկիրթ, ուսյալ և բարեհամբույր մարդ էր: Նա իր կրթությունն ստացել էր Գերմանիայում, սիրող էր Էջմիածնի և աշխատում էր յուրովսանն բարձրացնել նրա արժանիքը: Գնահատում էր ինձ և ինձ հանձնեց Ճեմարանի գրադարանապետի պաշտոնը։ Միևնույն ժամանակ ինձ նշանակեց իր խմբագրած «Արարատ» ամսաթերթի սրբագրիչ: Այսպիսով իմ դիրքը բարձրացավ, և իմ ռոճիկը բարձրացավ ամսական 50 ռուբլու: Այստեղ պետք է հիշեմ իմ կյանքի կարևոր կայաններից մեկը: Հայտնի է, որ օտարահպատակները ուսուցիչ լինելու իրավունք չունեին: Այդ միջոցին Էջմիածին հավաքված տաճկահայ գաղթականների համար կառավարությունից հրաման եկավ, թե ով որ ցանկանա, կարող է ռուսահպատակ գրվել։ Ես էլ, տեսնելով, որ առանց հպատակությունս փոխելու, չպիտի կարողանամ դիրք ստեղծել, որոշեցի մտնել գաղթականների խմբի մեջ և ռուսահպատակ գրվել: Պետական պաշտոնյան, ինչպես ամենքին, նույնպես և ինձ հարցրեց, թե «տաճկական անձնագիր ունե՞ս»: Ես անձնագիր ունեի, ուստի պաշտոնյան դուրս հանեց ինձ, որովհետև անձնագիր ունեցողները չէին կարող հպատակություն փոխել: Մի ժամանակ հետո որոշեցի մի ուրիշ ձև տալ գործին: Անձնագիրս նորոգման համար ուղարկել էի Երևան։ Նորից հավաքվեց գաղթականների մի խումբ, նորից մտա այդ խմբի մեջ, և երբ պաշտոնյան հարցրեց ինձ, թե «անձնագիր ունե՞ս», ես պատասխանեցի «ոչ». իբր թե անձնագիրս այժմ մոտս չէ, այլ ձեզ մոտ է: Ես լսել էի, որ շատ մեծ պետական հանցանք է երկու անձնագիր ունենալը. հանցավորին պատժում էին մինչև անգամ աքսորով: Ես հանդգնեցի այդ հանցանքը գործելու, բայց դրա համար մի ուրիշ հնարք էլ էի մտածել: Ես նախապես անունս գրում էի Ipasis AzxapyHb, ինչպես պահանջվում էր արևմտյան տառադարձությամբ: Երբ պաշտոնյան իմացավ, որ անձնագիր չունեմ, ընդունեց ինձ և առաջարկեց անունս գրել իր ցուցակում. ես գրեցի Pavis AvapsHb. իմ հնարքս իբր թե այն էր, որ Երևանում ցուցակի մեջ եթե փնտրեին իմ անունը, չպիտի գտնեին այս նոր ձևի տակ: Պաշտոնյան մտցրեց ինձ գաղթականների խմբի մեջ, այնտեղ քահանայի ներկայությամբ բոլորս Ավետարանի վրա երդվեցինք հավատարիմ մնալ ցարին և ռուսահպատակ դարձանք: Շուտով ստացանք մեր նոր անձնագրերը, որից քիչ հետո ես Երևանից ստացա նաև իմ տաճկական անձնագիրը: Այսպիսով ունեցա 2 անձնագիր, որ ինչպես ասացի, մեծ հանցանք էր: Ինչքա՞ն ժամանակ տանջվել եմ երկու անձնագիր պահելուս պատճառով։ Հենց որ մի ոստիկան էի տեսնում, որ ինձ էր նայում կամ ինձ մոտ էր գալիս, սարսափը պատում էր ինձ: Մի անգամ Թիֆլիս էի գնացել և իջել Վիկտորիա հյուրանոցը, որ հայերի օթևանն էր միշտ: Սենյակումս նստած եմ, հանկարծ բակում մի գոռգոռոց է բարձրանում: Դուրս եմ նայում պատուհանից. տեսնում եմ մի ոստիկան, որ դեպի իմ պատուհանը երկարելով իր ձեռքը՝ բաներ է ասում: Ի՞նչ անելս չգիտեմ: Անշուշտ եկել են ինձ ձերբակալելու: — Բայց վտանգը անցավ, և ինձ ոչ ոք չձերբակալեց։ «Գող, սիրտը դող»: Իսկույն հանեցի թուրքական անձնագիրս, թքեցի նրա վրա և մի լուցկի վառելով, մոխիր դարձրի: Այսպես վերջացավ իմ տաճկահպատակի ստրկական, ամոթալի վիճակը։ == ՄԱՌԻ ՀԵՏ == 1899 թվականի ամառը կաթողիկոսի թույլտվությամբ Բյուրականի հայրապետական ամառանոցը գնացի: Միաբանների մի խմբակի հետ մի լուսավոր սենյակում անկողին ստացա: Մի օր բակում նստած, խոսակցության միջոցին, մոտ քառասուն տարեկան սևահեր, թխադեմ մի անձնավորություն մոտեցավ վարդապետներին, բարևեց և ձեռք տվեց: Պետերբուրգի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Մառն էր: Հպարտ ձև չուներ: Խոսում էր ազատ հայերեն: Լսելով իր անունը և Գալուստ Տեր-Մկրտչյանի պատմածներով լավ ծանոթ լինելով իր անձին, ուրախացա, որ տեսա իրեն: Հայտնեց, թե Էջմիածնում Կարապետ վարդապետը խոսել է իմ (Աճառյանի) մասին և հայտնել է, թե պատրաստում եմ մի նշանավոր արմատական բառարան, որի մեջ մեկնել եմ հայերենի բոլոր արմատները: — Ճիշտ չի ասել,— պատասխանեցի ես,— հազիվ կարողացել եմ գուցե կեսը մեկնել։ Մառը ժպտաց և ասաց. — Ես Կարապետ վարդապետին ասացի, որ եթե բոլոր արմատները մեկնել է, ուրեմն անպետք աշխատություն է, որովհետև անկարելի է հայոց բոլոր արմատները մեկնել։ Իսկ վարդապետը ասաց, թե «Աճառյանը ուրիշ մարդ է, նա կարող է մեկնել»: Իսկ այժմ, որ դուք ասում եք, թե հազիվ կեսն է մեկնված, ուրեմն լավ աշխատություն է: Մենք մտերմացանք իրար հետ և սկսեցինք գիտական (լեզվաբանական) հարցերի շուրջը խոսել: Այդ միջոցին երևաց Հովհաննես Հովհաննիսյանը, գեղեցկադեմ մի մարդ, բանաստեղծ և ուսուցիչ Ճեմարանում: Ես նրա հետ ծանոթություն չունեի, որովհետև նա էլ պատկանում էր ինձ ոչ բարեկամ խմբակին: Երբեք նրա տանը եղած չէի: Հ. Հովհաննիսյանը և Մառը վաղուցվա ծանոթներ էին. շատ սիրալիր խոսակցություն սկսեցին և Հովհաննիսյանը հրավիրեց Մառին իր տունը ճաշի: Տեսնելով, որ ես էլ Մառի հետ ընկերացել եմ, գուցե պարզ քաղաքավարության համար, ինձ էլ հրավիրեց։ Ես մերժեցի, բայց նա և Մառը ստիպեցին, որ գնամ: Հովհաննիսյանը ամառանոց էր եկել Բյուրական գյուղը և առանձին բնակարան վարձել: Սեղանը պատրաստ էր: Ես ծանոթացա նրա կնոջ՝ տիկին Զարուհու և երկու քույրերի՝ Աշխենի և Սիրանույշի հետ: Սեղան նստեցինք: Մառը խոսեց իմ մասին և արժանավոր գովասանքներ տվեց: Կինը գանգատվեց ինձանից, թե ինչո՞ւ մինչև այժմ իրենց մոտ չեմ գնացել: Երբ լսեցի, թե Հովհաննիսյանի քրոջ անունը Սիրանույշ էր, որ համառոտելով՝ Սիրուշ էին կոչում, ես իմ վաղեմի սովորության համեմատ իսկույն հայտնեցի, թե Սիրուշ պարսկերեն նշանակում է «հրեշտակ»: Կարծելով, թե սուտ հաճոյախոսություն եմ անում, տիկին Զարուհին, որ հենց առաջին րոպեից սկսած արհամարհանքով էր նայում իմ վրա, բարձրաձայն ծիծաղեց ու ծաղրեց ինձ: Ես դիմեցի Մառին և խնդրեցի, որ հաստատի, թե պարսկերեն սիրուշ նշանակում է «հրեշտակ». դժբախտաբար Մառը չգիտեր, և ես անել դրության մեջ մնացի: Այդ ժամանակ ասացի Մառին. «Չե՞ք հիշում զենդերեն «սրաօշա» բառը, որ հրեշտակ է նշանակում, որ ապա դառնում է պարսկերեն «սիրուշ»: «Այո՛, այո՛, — պատասխանեց Մառը,— բոլորովին ճիշտ է, ես այժմ հիշեցի»: Տիկինը խնդրեց, որ ես հաճախ գնամ իրենց մոտ։ Խոստացա, բայց բնավ չգնացի: Պատմում էին, թե երբ կաթողիկոսը առաջին անգամ եկել է Էջմիածին, Ճեմարանի ամբողջ ուսուցչական կազմը իրենց կանանց հետ եկել են աջը համբուրելու: Կաթողիկոսը տեսնելով Հովհաննիսյանին և նրա կնոջ Զարուհուն, որ շատ կարճահասակ մի կին էր, ասում է. «Պարոն Հովհաննիսյան, այդքան սիրային բանաստեղծություններ որ գրել ես, այս կնոջ համա՞ր է… լավ ես արել, չարիքներից փոքրագույնը ընտրել ես»: Կաթողիկոսը շատ էր սիրում տեղի անտեղի կատակաբանություններ անել, փույթ չէ նրանք վիրավորական լինեին մեկի կամ մյուսի հասցեին: Մառը հայտնեց ինձ, որ պիտի գնա Արտաշատ գյուղը պեղում անելու. ուզում է մի օգնական վարձել: Իսկույն ես ասացի. «Ինձ իբր օգնական չե՞ք վերցնի, առանց դրամական վարձատրության»: «Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Մառը,— ձեզանից ավելի լավ օգնական ո՞ւր պիտի գտնեի»: Էջմիածին վերադառնալով, ես ու Մառը կառքով մեկնեցինք Արտաշատ գյուղը, ուր նա մի մեծ սենյակ վարձեց մեր երկուսի համար: Կարծեմ 10 օր մնացինք այնտեղ և հաջորդ օրվանից պեղումները սկսեցինք: Նա ընտրեց մի ավերակ բարձունք, որ երկու մասի բաժանեց: Բարձունքի ձախ կողմը վերցրեց ինքը և բանվորների մի մեծ խմբով սկսեց փորել։ Մի քիչ դեպի աջ, մի քանի բանվորներ էլ տվեց ինձ, փորելու համար բարձունքի աջ կողմը: Այսպես սկսվեց մեր աշխատանքը: Մեր դիմացն էր Դվինը, կես ժամ հեռավորությամբ, որ նույնպես ուզում էր պեղել Մառը: Այնքան տարված էր Մառը երևակայությամբ, որ սպասում էր, թե պեղման ժամանակ նա կիջնի Արտաշատի հրապարակը, կգտնի Դավիթ Դվնեցու շիրիմը, կկարդա նրա տապանագիրը և կմտցնի իր վկայաբանության մեջ, որ պատրաստում էր տպագրության: Երազները շատ քաջալերիչ են. բայց Մառի երազը չկատարվեց: Ոչ մի հրապարակ մենք չգտանք: Մենք գտանք մի քանի խավ թոնիր, մեկը մյուսի ետևից, ինչ որ նշանակում էր, թե այնքան անգամ բնակություն և ավերած է կատարվել: Վերջապես հասանք հատակը. դրսից ջրի խողովակները մտան ներս, բայց ունեցած գումարը վերջացավ և պեղումը շարունակելը հետաձգելով հաջորդ տարվան, վերջ տվեց իր գործին: Այն կարճ շրջանում, որ ես ապրեցի Մառի հետ, լավ ուսումնասիրեցի նրա անձնավորությունը: Չափազանց բարի, ընկերական և ազնիվ մարդ էր այն ժամանակ: Պատմեց իր կենսագրությունը և իր կյանքից շատ բեկորների մասին խոսեց: Ես կամփոփեմ դրանցից կարևորը: Նա հայտնեց, որ հայրը իռլանդացի էր. Կովկասում ամուսնացել է մի մինգրել աղջկա հետ, որից ծնվել է ինքը և ըստ ցարական օրենքի կնքվել է ռուս: «Հա՜, հա՜, հա՜»,— ծիծաղում էր Մառը, ասելով, թե ոչ հայրը ռուսերեն գիտեր և ոչ մայրը իռլանդերեն կամ անգլերեն: Ուրեմն ի՞նչ լեզվով էին խոսում իրար հետ: Կովկասում սովորելուց հետո գնում է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտում է Քերովբե Պատկանյանին, դասընկեր ունենալով Ստեփան Մալխասյանին (այս և հաջորդ մի քանի տեղեկությունները լսել եմ Մալխասյանից): Երբ ավարտում են և Պատկանյանը մեռնում է, նրան հաջորդ ընտրելու համար վեճ է ծագում, ոմանք ուզում են ընտրել Մառին, իսկ ուրիշներ, որոնց գլուխն է կանգնել Եզյանը, ուզում են ընտրել Մալխասյանին: Մալխասյանը, ինչպես ինքն է ասել, հրաժարվել է, ասելով, թե ինքը միայն հայերեն գիտե, իսկ Մառը՝ թե՛ հայերեն և թե՛ վրացերեն: Մառը հարցրեց ինձ. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»: «Բայց դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ ձեզ ոչ ոք չի գնահատի. դուք կմնաք խեղճ ու թշվառ. եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, դուք կլինեք նշանավոր գիտնական»: Ես պատասխանեցի, թե ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան: Մենք շատ երկար խոսեցինք Մառի հնարած նոր լեզվաբանության մասին, որ հետագայում ձևափոխվելով կոչվեց «Նոր ուսմունք»: Մառը դեռ հանդուգն քայլեր չէր առած: Նա միայն քարոզում էր, թե վրացերենը ազգակից է սեմականին և հնդեվրոպական, սեմական և կովկասյան երեք խմբերը ծագում են մի խմբից, որ կոչվում է Նոյան: Բաժանվելու ժամանակ Մառը ասաց ինձ. «Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Դարձյալ մտածեցեք իմ ասածի մասին: Դուք այստեղ կկորչեք. եկեք Պետերբուրգ և նշանավոր մարդ կդառնաք»: Ավելացնեմ մի հետաքրքիր կետ: Երբ Արտաշատ գնացինք, հենց առաջին րոպեից Մառը խնդրեց ինձանից, որ ես իր հետ հայերեն չխոսեմ. «Որովհետև,— ասաց նա,— եթե դուք ինձ հետ հայերեն խոսեք, կկարծեն, թե ես էլ հայ եմ և ինչպես լավ գիտեք, հայերը հայերին չեն սիրում, չեն հարգում, ինձ հետ էլ կվարվեն իբրև հայի»: Ես ռուսերեն բնավ չգիտեի. առաջարկեցի գերմաներեն խոսել իր հետ: Ասաց, որ գերմաներեն լավ չգիտե, ավելի լավ գիտե ֆրանսերեն: Այնուհետև մենք միշտ խոսում էինք ֆրանսերեն, թեև ֆրանսերեն էլ ազատ չէր խոսում: Իմ մի քանի ուրիշ հանդիպումների մասին Մառի հետ՝ կխոսենք ավելի ուշ: == ՎԵՐԵԼՔ Ի ՄԱՍԻՍ == Էջմիածինը իբրև հնություն շատ մեծ անուն ունի եվրոպացոց մեջ. նա իբրև աշխարհիս ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից մեկը, հատկապես առանձնատիպ իր ճարտարապետությամբ, հարգի է գիտունների աչքին: Նրա մոտ գտնված Հռիփսիմեի եկեղեցին, որ ճարտարապետական մի գոհար է, ավելացնում է նրա փառքը: Էջմիածնին ժամանակակից են նաև Շողակաթը և Գայանեն, որոնք նվազ գեղեցիկ չեն: Բայց Էջմիածնի պատիվը ավելի բարձրացնողն է Մասիսը, որ ըստ Սուրբ Գրքի առասպելի, Նոյան տապանի կայանն է համարվում: Երբ Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղվեցին և այդ տարօրինակ ճարտարապետությամբ շինված, կլորակ և եռահարկ եկեղեցին ավերակների տակից դուրս բերվեց, է՛լ ավելի բարձրացավ Էջմիածնի հնագիտական արժեքը: Ըստ այսմ հաճախ եվրոպացի ճամբորդները գալիս էին Էջմիածին: Երբ նրանք շատ նշանավոր մարդիկ էին լինում, նրանց թարգման էր լինում Կարապետ վարդապետը, մանավանդ, երբ տիկիններ էլ լինեին: Նա խոսում էր ազատ գերմաներեն, բայց քիչ թե շատ գիտեր նաև խոսել ֆրանսերեն և անգլերեն։ Մի անգամ կաթողիկոսին ներկայացել էին բազմաթիվ հյուրեր և նրանց թարգմանը եղել էր Կարապետ վարդապետը, որի խոսակցությունը, նույնիսկ հայերենում, մի քիչ կակազ էր: Հյուրերի գնալուց հետո կաթողիկոսը իր կծու սրախոսությամբ ասել էր. — Այսօր Կարապետ վարդապետը ութը լեզվով կակազեց: Եթե հյուրերը սովորական մարդիկ էին, թարգմանը բնականաբար ես էի լինում: Բազմաթիվ դեպքերի միջից հիշում եմ հետևյալ երկուսը: Հյուր էին եկել երկու հոգի. մեկը հաստափոր, բայց հաճելի դեմքով ամերիկացի էր, որ խոսում էր ազատ ֆրանսերեն: Նրա հետ ընկերանում էր մի ավելի երիտասարդ կին, ֆրանսուհի, որ բնականաբար նրա հետ և ինձ հետ խոսում էր ֆրանսերեն: Տիկինը շատ գոհ մնաց, երբ լսեց, որ ես էլ Ֆրանսիայումն եմ սովորել։ Նա համարյա թե թողեց ամերիկացուն և միայն ինձանով զբաղվեց։ Ամերիկացին հետևում էր մեզ և լսում: Այցելեցինք վանքի ներսը, ուր կան զանազան սրբություններ՝ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի գեղարդը (նիզակ, որով խոցել են իր կողը խաչի վրա, իհարկե բոլորովին սուտ), Մատթեոս ավետարանչի մատը և այսպես զանազան սրբություններ, այսինքն՝ ստություններ: Ֆրանսուհին, իբրև կաթոլիկ և հավատացյալ, խաչակնքում էր երեսը և պատկառանքով խոնարհվում և համբուրում էր այդ սրբությունները: Ամերիկացին դարձավ ինձ և ասաց. — Ներեցեք, որ ես չեմ խաչակնքում և չեմ համբուրում: Այդ մեր կրոնի սովորությունն է. բայց մի՛ համարեք, թե ես անարգում կամ արհամարհում եմ: — Ոչ,— պատասխանեցի ես,— մենք գիտենք, որ բողոքական դավանանքը այդպես է և ամենևին չենք վիրավորվում: Վարդապետը, որ այդ սրբությունները ցույց էր տալիս, մի մատյան բերեց և առաջարկեց ինձ, որ ասեմ նրանց, թե այդտեղ մի գումար պետք է արձանագրվի: Շատ ծանր էր ինձ այդպիսի բան ասել, բայց ստիպված էի: Ներողություն խնդրեցի ամերիկացուց և ասացի: Իսկույն 20 ռուբլի վճարեց և ստորագրեց: Գնացինք դեպի Ներսիսյան լիճը: Էջմիածնի փառավոր տեսարաններից մեկն էր, մանավանդ երբ լիքն է: Նրա դիմացը փռված է ահագին անտառը, որի ետևը բարձրանում է հոյակապ սպիտակափառ Մասիսը: Այստեղ կանգնեց ամերիկացին, նայեց ջրերին, նայեց Մասիսին և ասաց. «Մանուկ էի, երբ Սուրբ Գրքում կարդացի. «Եվ տապանը կանգնեց Արարատ սարի վրա»: Հարցրի ուսուցչին, թե ո՞ւր է այդ Արարատ սարը: Պատասխանեց՝ Հայաստանում: Ես այդ օրը ուխտեցի անպատճառ գնալ տեսնել Արարատը: Այսօր իմ ուխտը կատարեցի»: Ասաց և ձեռք տվեց ինձ: Շարունակեցինք մեր պտույտը, գնացինք մինչև անտառի ծայրը և վերադարձանք: Երբ եկավ բաժանման րոպեն, տիկինը ինձ նվիրեց 5 ռուբլիանոց մի ոսկի: Ես մերժեցի, ասելով, թե ես վանքից նշանակ- ված եմ իբր թարգման և ստանում եմ դրա համար առանձին վարձատրություն (իհարկե սուտ էր). հետևաբար չեմ կարող ընդունել ձեր նվերը: Շատ ստիպեց, բայց ես մերժեցի: Վերջում ասացի, թե «Ձեր ամուսինը…»: «Օ՜հ, ո՛չ, նա իմ ամուսինը չէր, ես նրա աղախինն եմ»: Որքա՜ն մոտիկություն, որ չէի կարողացել տարբերել տիրոջ և աղախնուն: ⁂ Դիլիջանումն էլ պատահմամբ տեսա 80 տարեկան մի ամերիկացի, որ գնում էր Էջմիածին՝ Արարատը տեսնելու: ⁂ Երկրորդ դեպքը հետևյալն է: Ինձ կանչեցին Վեհարան, իբրև թարգման խոսելու մի եվրոպացու հետ: Գնացի և տեսա Վեհարանում մի շվեյցարացի, որ խոսում էր լավ ֆրանսերեն: Առաջնորդեցի Վեհափառի մոտ: Հայտնեց, թե ուզում է բարձրանալ Մասիս և խնդրեց, որ իրեն մի օգնական տան: Ես մեջ մտա և խնդրեցի շվեյցարացուց, թե «Ինձ չե՞ք ընդունի իբրև օգնական»: Նա չափազանց ուրախացավ և հրճվանքով ընդունեց ինձ: Դուրս եկանք և իսկույն որոշեցինք մեկնել դեպի Մասիս: Շվեյցարացին ուղարկված էր Էջմիածին ուսումնասիրելու համար Մասիս բարձրանալու բոլոր հանգամանքները։ Նա ուղարկված էր մի հանձնախմբի կողմից, որ պիտի պատրաստեր 100 հոգուց բաղկացած մի մեծ արշավախմբի վերելքը դեպի Մասիս: Մենք գնացինք ուղղակի Իգդիր և գիշերեցինք մի հայի հյուրանոցում: Շվեյցարացու հետ բոլորովին մտերիմ էինք դարձել, նա էլ երիտասարդ, ես էլ երիտասարդ: Երբ պառկելու ժամանակը եկավ, ես հարցրի շվեյցարացուն, թե ուզո՞ւմ եք, որ ճրագը հանգցնենք, որովհետև ես ճրագով քնել չեմ սիրում: Շվեյցարացին բարձրահասակ էր, երկարեց ձեռքը, որպեսզի ճրագը հանգցնի, բայց չկարողացավ: Ես մոտեցա ճրագին, մի խոր շնչով փչեցի, ճրագը հանգավ, բայց շիշն էլ ընկավ և փշրվեց, «Quel souffle!» (Ի՜նչ շունչ), կոչեց շվեյցարացին, բայց իսկույն հայը ներս մտավ և կոչեց. «Ի՞նչ է, դուք եկել եք իմ սենյակը քանդելո՞ւ»: Հիսուն կոպեկ դրի հայի ձեռքը և միջադեպը փակվեց: Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Մասիս. տեսանք Ակոռի գյուղը, որ Մեծ Մասիսի ստորոտումն է և 1840 թվականին փլատակի տակ մնալով, ամբողջովին քանդվեց: Երկու հովիվ, որ այդ միջոցին գտնվում էին Մասիսի բարձունքում, տեսան իրենց ոտի տակ իրենց գյուղի կործանումը, որից միայն իրենք փրկվեցին: Այդ երկուսից մեկին մի օր տեսա ես Էջմիածնի ճանապարհին: Ակոռիի տների գերանները դեռ մնում էին հողի տակից դուրս երկարած: Տեսանք նաև Ս. Հակոբ Մծբնացու վանքը, որի ջուրը օգտագործում էին արտի մորեխը ջնջելու համար: Այս պատմությունը սուտ չէ: Երբ Արարատյան դաշտում մի որևէ տեղ մորեխ էր իջնում, գնում էին Սուրբ Հակոբի վանքը հանդիսավոր թափորով, աշխարհական և եկեղեցական, երգով և շարականով և հասնելով վանքը, աղբյուրի ջրից վերցնում էին և բերում մորեխ իջած մի արտի վրա ցանում: Սուրբ Հակոբի աղբյուրի մոտ կա մի տեսակ թռչուն, որ սիրում է մորեխ ուտել: Երբ թռչունները տեսնում էին մարդկանց բազմությունը, բնականաբար հետևում էին նրանց և հասնում մինչև արտը: Այդտեղ, տեսնելով մորեխներին, հարձակվում էին նրանց վրա և սկսում կոտորել: Վրա էին հասնում նաև թռչունների մյուս ընկերները և այսպիսով արտը մաքրվում էր: Մենք եկանք ռուս սահմանապահ զորքի կայանը և ուզեցինք ներկայանալ պետին, որ մի ռուս զորավար էր: Բայց նա գնացել էր Երևան: Մեզ ընդունեց իր կինը, որ Մելիք-Աղամալյանների տոհմից, երևանցի բարեվայելուչ մի հայ տիկին էր: Սիրով ընդունեց մեզ և բացօթյա տեղավորված զինվորների շարքին երկու մահճակալ նշանակեց, որպեսզի այնտեղ անցկացնենք գիշերը։ Ուշ ժամանակ, չգիտեմ ինչու, մենք ուզեցինք Մասիսի վրա ինչ-որ պտույտ կատարել: Վերցրինք հետներս մի կոզակ, որ տարավ մեզ իր ծանոթ վայրերով ինչ-որ տեղ Մասիսի վրա: Նստեցինք, դաշտի գիշերային տեսարանը դիտեցինք և ապա հետ դարձանք: Ճանապարհը շատ քարքարոտ էր, դար ու փոս, դժվարանցանելի: Կոզակը, որին լավ ծանոթ էին այս տեղերը, ազատ համարձակ իջնում էր: Շվեյցարացին խնդրեց, որ ասեմ կոզակին, որ կամաց գնա, որովհետև մութ էր, և մենք ոչինչ չէինք տեսնում. скоро կոչում եմ կոզակին, նա ավելի արագ է իջնում. ես իրար հետևից բղավում եմ скоро, скоро, և նա ավելի է արագացնում իր ընթացքը: Շատ հետո իմացա, թե скоро նշանակում է ոչ թե կամաց, այլ արագ: Գիշերեցինք այդ բացօթյա կայանում. որքա՜ն հաճելի էր այդ գիշերը ինձ համար: Սրբազան Մասիսի վրա, մեր հին Հայրենիքում, ազատ թուրքական ճնշումից… Առավոտը երկուսով սկսեցինք բարձրանալ: Մասիսը շատ չոր է. ամենահասարակ խոտերից դուրս ոչինչ չես գտնում. ջուր ամենևին չկա: Բարձրանում ենք շարունակ, դիտելով Արարատյան դաշտի բոլոր գյուղերը: Դիմացը կանգնած է Արագածը: Սարի վրա ինչքան բարձրանաս, այնքան տեսարանը գեղեցկանում է և այնքան փառահեղ է դառնում դիմացի սարը: Կեսօրից հետո հոգնած դադրած հասնում ենք ձյան սահմանը: Մենք արդեն անցել ենք Փոքր Մասիսի բարձրությունը, որ այժմ մեզնից ցածր է կանգնած: Այդտեղ գտանք քոչվոր քրդերին (եզիդի), որոնք ամառանոց էին բարձրացել իրենց ոչխարներով և տավարով: Ջուր խնդրեցինք, բայց մեզ բերին հրաշալի սառնորակ մի թան, որի տված հաճույքը մինչև այժմ չեմ մոռացել։ Ձյան կողքին պառկեցի և քնեցի: Ես հոգնել էի, և ավելորդ վերելքը ինձ չէր հետաքրքրում: Շվեյցարացին մի քրդի ընկերակցությամբ, որ հրացանով էլ զինված էր, բարձրացավ է՛լ ավելի վեր: Ես քնած էի: Մի ժամ հետո, երբ նրանք իջան, արթնացա ես էլ։ Պատմեցին, որ մի արջ են տեսել, որի վրա քուրդը հրացան է արձակել, բայց արջը փախել էր: Այդքանը բավական համարելով, սարից իջանք ցած և հետ դարձանք մինչև Էջմիածին: Բաժանվեցինք իրարից, և շվեյցարացին մեկնեց Երևան, Եվրոպա վերադառնալու համար: Հաջորդ տարին 100 հոգուց բաղկացած արշավախումբը չեկավ, բայց ավելի ուշ, երբ ես Էջմիածնում չէի այլևս, արշավախումբը եկել էր և բարձրացել Մասիսի գագաթը: Այդ խմբին մասնակցել է նաև Մեսրոպ եպիսկոպոսը: Երբ մարդիկ բարձրանում են Մասիսի վրա, տեղի են ունենում զանազան երևույթներ: Ոմանք շնչասպառ են լինում, ոմանք ուշքից գնում են, ոմանց մարմնի ծակոտիներից արյուն է հոսում, ուրիշներ դիմանում են մինչև վերջ: Ցուրտը սաստիկ է, բայց ոչ անտանելի: Վտանգավոր է քամին, որ բկախեղդ է անում մարդուն: Վտանգավոր է հատկապես ոտքի տակի սառույցը, որից սահում և ընկնում են անդունդը: Այս արշավախմբի վերելքի նկարագրությունը մանրամասն գրեց և հրատարակեց Մեսրոպ եպիսկոպոսը «Արարատ» ամսագրի մեջ և ապա առանձին գրքով: Ասացին, որ 100 ճամփորդներից վերջինը, մի գերմանացի ինժեներ, ընկել է անդունդը և մեռել։ Այս եղավ միակ զոհը: Շատ տարիներ հետո լրագրում կարդացի, որ Սիբիրում մի գյուղացի ներկայանում է դատարան և խնդրում է, որ իրեն պատժեն, որովհետև ինքը մարդասպան է: Պատմում է հետևյալը. — Տարիներ առաջ ես պահակ էի Մասիսի վրա։ 100 հոգի բարձրացան վերև։ Ես էլ մասնակցում էի նրանց հետ իբրև պահակներից մեկը: Ես ամենավերջումն էի. տեսա իմ առաջ մի գերմանացի ինժեներ, որի կրծքի վրա շողշողում էր ժամացույցի ոսկի շղթան. սատանան ինձ հրապուրեց, մի հարվածով կրծքից ոսկե շղթան պոկեցի և մի քացի տալով ինժեներին՝ գցեցի անդունդը, ուր և կորավ: Ոչ ոք չիմացավ. կարծեցին, թե ինքն է սայթաքել: Ես մինչև այժմ տարա խղճիս ցավը, բայց էլ չեմ դիմանում: Պատժեցեք ինձ: == ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ԳԱԼՈՒՍՏԸ == Էջմիածնում լուր տարածվեց, թե պարսից շահը Եվրոպա պետք է գնա Երևանի վրայով. անշուշտ այդ առթիվ պիտի այցելի նաև Էջմիածին: Կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն պատրաստություն սկսեցին տեսնել շահին ընդունելու համար: Ճեմարանի տեսուչ Կարապետ վարդապետը առաջարկեց ինձ շահին նվիրված մի երգ գրել, որ Կոմիտաս վարդապետը պիտի ձայնագրեր, ուսանողներին սովորեցներ, և երգեցիկ խումբը շահի առաջ պիտի երգեր: Կեդրոնական վարժարանում աշակերտ եղած ժամանակս մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը մի տաճկերեն երգ էր գրել, որ երաժշտագետ Տիգրան Չուխաճյանը ձայնագրեց, մեզ սովորեցրեց, և մենք էլ սուլթանի անցքի ժամանակ երգեցինք: Այդ ոտանավորը տպված էր Աբիկյանի «Ճաշակ օսմանյան դպրության» գրքում, որի սկիզբը մենք բերել ենք վերը: Այդ երգը վերածեցի պարսկերենի, տարի Կոմիտաս վարդապետին, հանդարտ կարդացի, շեշտերը և երկար ու կարճ ձայնավորները որոշեց և ապա մի եղանակ հարմարեցրեց: Այդ եղանակը սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբին։ Երգը գեղեցիկ գրերով արտագրել տվին մի մեծ թերթի վրա, Վաղարշապատում բնակվող մի գեղագիր թուրքի։ Մնացյալ պատրաստությունների մասին չեմ խոսում: Երկար սպասելուց հետո, վերջապես լսեցինք, որ շահը գալիս է Երևան: Կաթողիկոսը իր հետ վերցնելով մի քանի աչքի ընկնող վարդապետներ, ինձ էլ հետը վերցնելով, փոխադրվեցինք Երևանի առաջնորդարանը, որ Հրազդանի ափին, մի խոշոր բարձունքի վրա հոյակապ շենք է: Մեծ դահլիճ և բազմաթիվ սենյակներ ունի: Պատշգամբի տեսարանը Հրազդանի վրայով դեպի Էջմիածին հրաշալի է: Կաթողիկոսը մի շատ երկար գրություն գրեց և տվեց ինձ, որ ֆրանսերենի թարգմանեմ: Ես թարգմանեցի: Իր հրամանով այս թարգմանությունը անգիր արի (ավելորդ աշխատանք), որպեսզի շահին ներկայանալու ժամանակ կաթողիկոսի կողմից արտասանեմ: Ինձ համար գնեցին մի ձեռք նոր հագուստ, որ կոչվում էր սև շոր կամ պոչազգեստ։ Առին նաև կաշյա սպիտակ ձեռնոցներ, որ բնավ չէի գործածած: Այս ձևի տակ տիկնիկի պես պատրաստված, սպասում ենք: Երևանում առած է դարձած «շահի գելդի դելդին եղավ» դարձվածը, որ ասում են, երբ մեկի գալուն սպասում են երկար և չի գալիս: Այսպես եղավ և մերը: Օրեր ու ժամեր սպասեցինք, մինչև որ հայտնեցին, թե շահը եկել է Երևան և իջել է Երևանի նահանգապետ Կոմս Դիզենհաուզենի տունը: Նրա տունը գտնվում էր այժմյան Լենինի հրապարակի ծայրին՝ Կոմունալ բանկի տեղը: Կաթողիկոսը կառքով և թափորով, ես էլ իր կողքին նստած, գնացինք նահանգապետի տունը։ Դռան առաջ բազմաթիվ հյուրընկալներ կային: Ռուսաց կայսեր կողմից ուղարկված էին մի քանի բարձրաստիճան անձինք ընդունելությունը պատրաստելու համար։ Հենց դռան առաջ նրանցից երկուսը խոսում էին իրար հետ և ասացին, թե «Այստեղ մեկը կա, որ ֆրանսերեն լեզվով խոսում է. նա է լինելու կաթողիկոսի թարգմանը»: Ես առաջ անցա և ֆրանսերենով հայտնեցի, թե թարգմանը ես եմ: Ձեռք տվին ինձ և ֆրանսերեն լեզվով հայտնեցին, թե «Դուք պիտի լինեք ամենից առաջ գնացողը, որովհետև դուք կաթողիկոսի բերանն եք: Մնացյալ բոլորը ձեր հետևից պիտի գան: Ձեզանից առաջ ոչ ոք չպիտի անցնի»: Սնափառությամբ առաջ անցա, կաթողիկոսը հետևիցս, վարդապետները և եպիսկոպոսները ավելի հետո, ներս մտանք: Մեզ առաջնորդեցին մի մեծ դահլիճ, ուր կանգնած էր պարսից շահի սադրազամը՝ իր շքախմբով: Կաթողիկոսը և սադրազամը ձեռք տվին միմյանց և նստեցին: Ես կանգնած եմ կաթողիկոսի կողքին, իսկ մնացյալ միաբանները բոլորը կանգնած են մեր հետևը: Կաթողիկոսը կարծել էր, թե սադրազամը նույն ինքն թագավորն է. վախեցավ և շփոթվելուց դարձավ ինձ և ասաց. «Շփոթվեցի, սելիքս մոռացա. ա՛յն թուղթը, որ թարգմանել էի տվել քեզ, բերանացի ասա»: — Վեհափառ Տեր, սա թագավորը չէ, սա սադրազամն է,— ասացինք բոլորս հայերեն լեզվով: Կաթողիկոսը հանգստացավ և սկսեց ծիծաղել: Սադրազամը չիմացավ, թե խոսքը ինչի մասին էր, խոսեց օդից և անձրևից: Քիչ հետո բացվեցին թագավորի առանձնասենյակի դռները, և ես ու Կաթողիկոսը, ինչպես և մեր հետևից մի քանի հոգի, մտանք ներս: Մուզաֆֆերրեդդին շահը կանգնած էր ոտքի վրա և խաղում էր աթոռի հետ, ոտքերը ցնցելով։ Արքայական թագը գլխին էր, իր անխուսափելի ցցունքով միասին։ Բեղերը շատ երկար, հորիզոնական ձևով և սրածայր: Մորուք չուներ: Իր աջ կողքին կանգնած էր իր թարգմանը, որ Պետերբուրգի պարսկական դեսպան Միրզա Մոհսին խանն էր: Շահի դեմքը իրոք որ բարի և պատկառելի էր: Ես մինչև այդ տեսել էի մի քանի թագավորներ. նախ աշակերտ ժամանակս տաճկաց սուլթան Համիդին իր 400 կանանցով և հազարավոր զինվորներով։ Նա գազանի դեմք ուներ, տգեղ կերպարանքով և անճոռնի քթով: Ոչ մի համակրանք չէր կարող շարժել իր դեմքը: Երկրորդ՝ տեսել էի Սերբիայի թագավոր Ալեքսանդրին, որ պատանի էր և եկել էր Կոստանդնուպոլիս՝ սուլթանին այցելության: Փողոցներով ման էր գալիս ազատ, ֆայտոնում նստած, համակրելի, երեխայական դեմքով մեկն էր, որ նայողի վրա ոչ մի ազդեցություն չէր գործում: Երրորդը՝ եղել էր ռուսաց Նիկոլայ կայսրը, որ Փարիզում այցելության եկավ Պանթեոնը: Ես այն ժամանակ գտնվում էի Պանթեոնի կողքին գտնված մի հյուրանոցում: Սենյակս իր բալկոնով դեմ առ դեմ գտնվում էր Պանթեոնին։ Ուստի բոլոր ֆրանսիացի հարևաններս թափվեցին սենյակ և թույլտվություն խնդրեցին բալկոնից դիտելու կայսեր: Բոլորին թողեցի, իսկ ես սեղանիս առաջ նստած աշխատում էի և ամենևին չհետաքրքրվեցի նայելու համար, թե ինչպիսի մարդ է կայսրը: Չորրորդը՝ գերմանացիների Վիլհելմ Բ կայսրն էր, որին տեսա Ստրասբուրգում, ուր ուսանող էի: Ճառ էր խոսում ժողովրդին իր ապարանքի պատշգամբից: Ժողովրդի մեջ կանգնած՝ ես էլ լսեցի իր ճառը, որից միայն այն եմ հիշում, թե գերմաներեն ich spräche և ich stehe «խոսում եմ, կանգնած եմ» բառերը փոխանակ շ-ով հնչելու, հնչում էր ս-ով, ինչպես իր սովորությունն էր («իխ սփրեխե, իխ սթեհե»)։ Չեմ հաշվում Ֆրանսիայի նախագահին, որին հաճախ տեսել եմ փողոցում՝ կառքով անցնելիս՝ Փարիզում: Խոսեց նաև կաթողիկոսը (հայերեն լեզվով) և բարի գալուստ մաղթեց շահին: Ես այդ խոսքերը թարգմանեցի ֆրանսերենի: Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի և հայտնեց շահին: Շահը շնորհակալ եղավ: Կաթողիկոսը երկրորդ անգամ խոսք առնելով՝ ասաց. «Իմ վանքը Ձեր հայրերի սիրելի վանքն է եղել. նրանց նվիրած կանթեղը մինչև այժմ մնում է մեծ խորանի առաջ մշտավառ: Խնդրում եմ, որ Ձեր ճանապարհորդությունից վերադարձին այցելեք նաև մեր վանքը»: Ես այս խոսքերը թարգմանեցի ֆրանսերեն, Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի, իսկ շահը ձեռքը դնելով սրտի վրա, ասաց. «Վազիֆեի դիլեմ էսթ, քի… (սրտիս պարտականությունն է, որ գամ այցելեմ իմ հայրերի սիրած վանքը)»: Ես չթողեցի, որ Միրզա Մոհսին խանը շահի պատասխանը թարգմանի ֆրանսերենի և իսկույն հայերենի վերածելով՝ հայտնեցի կաթողիկոսին: Ընդունելությունը վերջացավ: Նույն փառքով, ինչպես եկել էինք, բայց ավելի հանգիստ սրտով, որովհետև անակնկալը անցել էր, վերադարձանք առաջնորդարան: Հազիվ կես ժամ անցել էր, փոխայցելության եկան սադրազամը, Միրզա Մոհսին խանը և ուրիշներ: Մտանք կաթողիկոսի սենյակը, ուր նստած էի նաև ես իբր թարգման: Սադրազամից վախեցող Վեհափառը, իմանալով, որ նա թուրք է, ուղղակի գրկեց և քաշեց նրա թևից և մտերմաբար նստեցրեց կողքին, ասելով. «Սեն թյուրքջե բիլի՞րմիսին»: Սկսեցին ընկերաբար խոսել իրար հետ: Միրզա Մոհսին խանը դիմեց ինձ և հարցրեց, թե «Ինչո՞ւ շահի պատասխանը չթողեցիք, որ թարգմանեմ»: Ես պատասխանեցի, թե «պարսկերեն հասկանում եմ, բայց խոսելու վարժություն չունեմ»: Կաթողիկոսը հայտնեց, թե Ստեփանոս Նախավկայի վանքը, որ պարսից սահմանի վրա է գտնվում, քայքայված վիճակի մեջ է և նորոգման կարոտ է: Ուստի խնդրեց, որ սադրազամը նորոգման արտոնություն տա: Դուրս եկան սքանչելի բալկոնը և դիտեցին Զանգվի հրաշալի տեսարանը: Խոսեցին իրար մեջ և հարցրին, թե ինչո՞ւ են գետը Զանգու կոչում: Սադրազամը հայտնեց, թե այդ բառը նշանակում է «թուխ կամ սև» և այդ անունը տվել են գետին, որովհետև ջուրը պղտոր լինելով՝ թուխ գույն է ստացել: Մեր էլ ընդունելությունը վերջացավ, և բոլորս Էջմիածին վերադարձանք: Շահը իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարի, Եվրոպայից վերադարձին, եկավ Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության։ Այն շքեղ պատրաստությունները, որ տեսել էին, բոլորը կատարվեցին։ Շքեղ հացկերույթ տվին շահին․ կաթողիկոսական ամպհովանիի տակ շահը և կաթողիկոսը թև թևի մտած՝ Տաճարը մտան, նկարները և հնությունները դիտեցին, դուրս գալու ժամանակ ուսանողների երգեցիկ խումբը երգեց Կոմիտասի ձայնագրած եղանակը և այլն: Այս բոլորի մեջ ես ոչ մի մասնակցություն չունեցա: Խաչիկ վարդապետը դիմել էր կաթողիկոսին և բողոքել էր, թե ինչո՞ւ Աճառյանը, աշխարհական մարդ, թարգմանի պաշտոն պիտի վարի և ոչ թե ինքը՝ Խաչիկ վարդապետը, որ գիտեր թուրքերեն խոսել: Կաթողիկոսը համաձայնվեց: Ամբողջ ընդունելության ժամանակ թարգմանը եղել էր Խաչիկ վարդապետը, բայց շահը թուրքերեն չգիտեր: Բացի սրանից, Խաչիկ վարդապետը թարգմանի ձևը չգիտեր. երբ շահը հարցնում էր, օրինակ, թե սա ո՞ւմ նկարն է, Խաչիկ վարդապետը, փոխանակ դառնալու կաթողիկոսին և նրան ասելու, թե «Նորին Մեծությունը հարցնում է, թե սա ո՞ւմ նկարն է» և պատասխան ստանալով, փոխանակ շահին հայտնելու՝ «Նորին Սրբությունը հայտնում է, թե այսինչի նկարն է», ինքը ուղղակի պատասխանում էր շահի հարցման: Միևնույն ժամանակ Խաչիկ վարդապետը կոպիտ էր, սովորություն ուներ խոսելու ժամանակ խոսակցի թևից քաշել, կրծքին խփել, հրել կամ մշտել: Մի տեսարան դիտելու ժամանակ, ասում են, թե խփում էր շահի թևին և ասում էր «Բախ, բախ, բախ (նայի՛ր)»: Այս բոլորը վատ էր ազդել շահի վրա: Երբ լսեցի, որ թարգմանը Խաչիկ վարդապետն է լինելու, և ես ոչ մի դեր չունեմ, առավոտուց հենց ծառայիս ճանապարհ դրի և ասացի, որ ամբողջ օրը չգա մոտս. սենյակիս դռները կողպեցի, վարագույրները ամբողջովին գցեցի և քաշված սեղանիս ծայրը, Արմատական բառարանիս վրա աշխատեցի: Հանդեսը վերջացավ և շահը մեկնեց: Լսեցի, որ շահը իր ձեռքով մի պատվանշան է կախել կաթողիկոսի կրծքից և ինքը ձեռքը սեղմելով շնորհավորել։ Կարապետ վարդապետը և ուրիշներ սպասում էին պատվանշանի, բայց ոչինչ չստացան: Ասում են, թե շահը Պարսկաստան հասնելուց հետո հայտնել է, որ իր ամբողջ ճամփորդության մեջ, թեև շատ փառահեղ ընդունելություն են ցույց տվել իրեն ամեն տեղ, բայց միայն երկու հոգի սրտանց են ընդունել իրեն: Մեկը եղել է մի պարսկահպատակ հայ, որ Բաքվում հրավիրել է շահին իր տունը և հենց դռան առաջ Համեցե՛ք ասելու փոխարեն արծաթյա մատուցարանի մեջ դռան բանալիները տալով շահին, ամբողջ տունը նվիրել է նրան: Շահը ընդունել է: Երկրորդը եղել է Հայոց կաթողիկոսը: == ՍԻՐՈ ՕՐԵՐ == Խրիմյան Հայրիկը, նախքան ինձ տեսնելը, անշուշտ իմ մասին գաղափար ուներ, որովհետև կարդացել էր իմ հոդվածները «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: Չեմ ասում, թե նա լեզվաբանությունից հասկացողություն ուներ, որովհետև մի օր ինձ մոտ, խոսելով այդ գիտության մասին, ասաց. «Այդ որչա՜փ չոր գիտություն է. ի՞նչպես եք սիրել այդ գիտությունը, չե՞ք ձանձրանում: Չո՜ր, չոփ-չոր»: Բայց իբրև ուսումնասեր մարդ, անշուշտ որոշ գաղափար կազմել էր իմ մասին: Ուստի և առաջին օրվանից ինձ լավ ընդունելություն ցույց տվեց և պատճառ եղավ, որ ես մնայի Էջմիածնում և խորանայի հայագիտության մեջ: Չգիտեմ, եթե նա սկզբից ևեթ ինձ տեղ տված չլիներ, իմ կյանքի ընթացքը ի՞նչ կլիներ: Արդյոք կկառչեի՞ հայագիտության մեջ, այդպես խոր և անխախտ կերպով: Խրիմյանի նպատակն էր ինձ վարդապետ ձեռնադրել: Այդ բանը սկզբից ևեթ չհայտնեց ինձ, բայց մի երկու տարի հետո, արդեն հայտնապես ասաց. «Ես քեզ վարդապետ պիտի ձեռնադրեմ»: Պատասխանեցի, թե «մի աչքս կույր է, չեմ կարող վարդապետ լինել»: «Քեզ ո՞վ ասաց, որ այդ ասես ինձ, դա նշանակություն չունի»: Ես պատասխանեցի, թե «Լավ ձայն չունիմ, երգել չգիտեմ»: «Հո դու տիրացու չես լինելու, տիրացուները կերգեն»: Վերջապես ես ասացի, թե ինձ արժանի չեմ գտնում վարդապետական աստիճանին։ Պատասխանեց. «Երանի թե մյուս վարդապետները քո արժանիքի կեսն ունենային»: Խրիմյանը իմ վրա բռնություն չբանեցրեց, այլ գրպանս ընկույզներ էր լցնում, սրանով ինձ կաշառելո՞ւ համար: Միամիտ մարդ: Խրիմյանի բարեհաճությունը մեծապես ազդել էր իր եղբորորդի Խորեն էֆենդու վրա, որ, կարող ենք ասել, թե Էջմիածնի տերն ու տիրականն էր, կաթողիկոսի գաղտնի խորհրդականը և նրա դրդիչը: Մի օր Խորեն էֆենդին կանչեց ինձ Վեհարան և խնդրեց ինձ, որ ես նրա աղջկան դասեր տամ: «Ի՞նչ դաս տամ,— հարցրի ես»: «Սովորեցրեք նրան, ինչ որ մի աղջիկ պարտական է իմանալ լավ կին դառնալու համար»: «Օրինա՞կ…»: «Լավ հայերեն իմանալ, գրաբար կարդալ, շարադրություն գրել, հայոց պատմություն սովորել և վերջապես ինչ որ դուք կարևոր կհամարեք: Ի փոխարեն ես ձեզ կվճարեմ ամսական ռոճիկ այնքան, ինչքան ստանում եք Ճեմարանից»: Օր որոշեցինք, և նա ինձ տարավ իրենց տունը. ներկայացրեց իր տիկնոջ, որ վանեցի միջակ տարիքով մի խոհեմ կին էր. երկու աղջիկ ուներ: — Ահա իմ մեծ աղջիկը,— ասաց նա,— դուք սրա հետ պիտի պարապեք: Ինձ դուր եկավ այդ ընտանիքը. պարկեշտ ու համեստ, նահապետական ընտանիք էր: Օրը և ժամը որոշեցինք և ես 2 անգամ գնացի դասի: Պարապեցի մեծ աղջկա հետ հայերեն լեզվից: Նախքան հաջորդ դասը Խորեն էֆենդին կանչեց ինձ վեհարան և ասաց. — Վեհափառը իմացավ, որ դուք դասեր եք տալիս իմ աղջկան։ Վճռական կերպով արգելեց. նա մեր տան մեծն է և ինչ հրամայեց, մենք պետք է կատարենք. խնդրում եմ այլևս ձեր դասերը դադարեցնեք: Էլի կմնաք մեր տան բարեկամը, կհաճախեք մեզ մոտ երբ որ ուզեք, բայց ոչ դասի համար: Ես համաձայնվեցի, բայց այլևս երբեք նրա տունը չգնացի: Շատ շուտ հասկանալի եղավ ինձ բանի էությունը. Խրիմյանը ինձ ուզում էր վարդապետ ձեռնադրել, Խորեն էֆենդին՝ փեսա դարձնել: Երկուսը իրար հակառակ էին, հաղթողը պիտի լիներ Խրիմյանը, բայց իրականում ոչ ոք չեղավ: 1920-ական թվականներին, երբ եկա Երևան համալսարանում դասախոսելու և սկսեցի հրատարակել Արմատական բառարանս, բաժանորդ եղավ նաև Ախիկյան անունով նկարիչը, որ վանեցի էր: Նա ամուսնացել էր Խորեն էֆենդու աղջկա հետ: Մի-երկու տարի հետո Ախիկյանը մեռավ. տեսա նրա կնոջ… Նախկին բարեդեմ աղջկա տեղ տեսա մի պառաված, կնճռոտ երեսով, տգեղ կին, որ ավուր հացի կարոտ էր: Նա էլ շուտով մեռավ: ⁂ Կես դար և ավելի առաջ Վաղարշապատի կանայք բավական տգեղ էին: Այդ տգեղությունը վերագրում էին մալարիային, կիզիչ արևին և կեղտոտ ջրին: Եթե նրանց մեջ պատահեին բարեդեմ կանայք, անշուշտ եկվոր էին: Այսպիսիներից մեկն էր իմ ընկեր Մանանդյանի քույրը, որի անունն էր Աստղիկ: Չգիտեմ որտեղ տեսա նրան և երիտասարդական խանդավառությամբ սիրահարվեցի: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Այն ժամանակվա սիրահարությունը բոլորովին նման չէր արդի սերերի հետ: Սիրահարը դառնում էր ամաչկոտ, լռակյաց, տխուր և ապրում էր միայն ներքին հուզմունքով: Ոչ մի արտաքին նյութական արտահայտություն չէր ունենում: Այդպես և ես: Իմ սիրո արդյունքը այն եղավ, որ ես ուզեցի ավելի մոտենալ Մանանդյանին, ցույց տալ իմ աշխատասիրությունը և դրանով ինձ նրան սիրելի դարձնել: Դրա համար, երբ ես և Մանանդյանը դիմեցինք Գալուստ Տեր-Մկրտչյանին և խնդրեցինք, որ հայագիտական մի լավ նյութ տա իրեն գրելու համար և Միաբանը առաջարկեց մեզ կազմել «Հայոց նոր վկաները», ես իսկույն սիրով ընկերակցեցի Մանանդյանին և միասին սկսեցինք գործը: Այս աշխատությունը տևեց կարծեմ 2 տարի: Գրեթե ամեն օր գնում էինք ձեռագրատուն, վերցնում էինք ձեռագրերը և դեմ-դեմի նստած աշխատում էինք: Ամեն մեկս մի առանձին գլուխ էր վերցնում իր համար, որին մյուսը չէր մասնակցում: Ես սկսել էի թերթել Էջմիածնի ձեռագրատան բոլոր 4000 ձեռագրերը և կազմել տաղերի հավաքածու: Այդ նպատակին միացրի նաև «Նոր վկաներ»-ի որոնումը և ահագին նյութ հավաքեցի: Այս բոլորը դրի սեղանի վրա: Երկու տարվա մեր աշխատության արդյունքը հրատարակվեց Էջմիածնում երկու առանձին ձևի տակ: Առաջինը ժողովրդական հրատարակություն (Վաղարշապատ, 1902 թ.), իսկ երկրորդը գիտական հրատարակություն (Վաղարշապատ, 1903 թ.): «Հայոց նոր վկաները» 1155 թվականից մինչև 1843 թվականը նահատակված հայերի պատմությունն է (մեծ մասամբ թուրքերի ձեռքով, մի փոքր մասն էլ պարսիկների): Սրանք տոնելի սրբեր չեն և նրանց կյանքը «Յայսմաւուրք»-ի մեջ չի անցած պաշտոնապես: Օրացույցների մեջ էլ նրանք չեն հիշատակվում: Մասնավոր դեպքերում այս կամ այն «Յայսմաւուրք»-ը տալիս է իբր հավելված իր շրջապատում տեղի ունեցած մի նահատակի պատմությունը: Պրպտելով 100-ի չափ ձեռագրեր, հավաքելով նյութը և դասավորելով ժամանակագրական կարգով, հրատարակեցինք այս գիրքը, յուրաքանչյուր նահատակի պատմության վերջում դնելով նաև կարևոր պատմական, ժամանակագրական և ձեռագրական տեղեկություններ: Գիտական հրատարակության մեջ էջի ներքևում նշանակված են բոլոր ձեռագրերի տարբերակները, որոնք չկան ժողովրդական հրատարակության մեջ: Վերևում ասացի, թե ամեն մեկս մի գլուխ էր վերցնում և գրում. որոշելու համար, թե ո՞ր գլուխը ո՞վ է գրել, այսպես պայման կապեցինք. երբ նահատակի պատմության վերջում դրված տեղեկությունը սկսում է «այս» բառով, դա Մանանդյանինն է. երբ սկսում է «սույն» բառով՝ իմն է. իսկ երբ սկսում է «հիշյալ» բառով, իմն է, բայց քրոջս (Արմենուհու) աշխատակցությամբ: Հաշվելով բոլորը միասին, դուրս է գալիս, որ երկուսս միաժամանակ և միաչափ աշխատելով, իմ աշխատանքի արդյունքը եղել է մոտ երկուս ու կես անգամ ավելի, քան Մանանդյանինը: Երբ գրքի տպագրությունը վերջացավ, ես ուզեցի, որ այս արդյունքը նշանակենք առաջաբանի վերջում. Մանանդյանը նեղացավ, և ես զիջեցի: Այժմ այստեղ ուզում եմ դնել մեր աշխատանքի հաշիվը: Բնագրի 734 էջից Մանանդյանին է պատկանում 193 էջ, իսկ իմ ու քրոջս բաժինը կլինի 541 էջ, մոտ երկու և կես անգամ ավելի: Չնայած դրան, Մանանդյանը իր առաջաբանի սկզբում գրում է. «Ձեռնարկելով պր. Հրաչյա Աճառյանի տոկուն ու սիրահոժար աշխատակցությամբ հայոց նոր նահատակների վկայաբանությունների հրատարակման՝ իմ գլխավոր նպատակն է եղել…»: Դուրս է գալիս, որ աշխատությունը գրողը ինքն է, և ես նրա աշխատակիցն եմ: Բայց այս սխալը ոչ թե հեղինակի սխալն է, այլ նրա հայերեն լավ չիմանալու արդյունքը: Իմ սիրահարության պատմությունը թաքուն չէր կարող մնալ։ Ընկերներս մի օր տարան ինձ Երևան, Հրազդանի ափին գտնված մի զբոսավայր: Այնտեղ նրանք լավ խմեցին, ինձ էլ մի բաժակ գարեջուր խմացրին, որից ես հարբելով, դառնագին լաց եղա և գաղտնիքս բաց արի նրանց առաջ։ Լուրերով աղքատ Էջմիածինը չնչին բան էր փնտրում մեծացնելու համար: Այսպես տարածվեց իմ սիրո պատմությունը ամբողջ Վաղարշապատում: Նրանից անտեղյակ չէր կարող լինել Մանանդյանը, որի վերաբերմունքը իմ հանդեպ ոչ միայն չփոխվեց, այլ ընդհակառակը ավելի լավացավ: Երբ ամառը եկավ և արձակուրդ ունեցողները ամառանոց գնացին, մի օր Մանանդյանը մտավ իմ սենյակը և ասաց. «Դուք որևէ տեղ չե՞ք գնալու»: «Ո՞ւր գնամ,— պատասխանեցի ես,— գնալու տեղ չունեմ»: «Մենք գնալու ենք Դիլիջան,— ասաց նա,— կգաք մեզ մոտ, կապրեք մեզ հետ, և երբ արձակուրդը վերջանա՝ նորից կվերադառնանք Էջմիածին»: — Այս հրավերը չափազանց ուրախացրեց ինձ, բայց ես ի՞նչպես կարող էի մի ամբողջ ամառ պարապ անցկացնել: Մտածեցի և իսկույն մի միջոց գտա: Պետք էր հավաքեի պոլսահայ բարբառի մեջ գործածված բոլոր թուրքերեն բառերը: Ուրիշներ եթե ուզենային կատարել այդ աշխատանքը, անշուշտ պիտի սկսեին կարդալ զանազան բնագրեր և պիտի սկսեին հավաքել թուրքերեն բառերը: Բայց այդ աշխատանքը ինչքան էլ ուշադիր ձևով և երկար ժամանակ կատարեին, անշուշտ դարձյալ պակասավոր պիտի լիներ: Ես մտածեցի մի ուրիշ միջոց, որ հակառակ իր կարճության՝ պիտի տար լավագույն արդյունքը: Վերցրի միայն մի գիրք, այն է՝ Միհրան Աբիկյանի ընդարձակ օսմաներեն բառարանը՝ տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն լեզուներով: Որոշեցի կարդալ այդ գիրքը ամբողջ և որովհետև՝ իբրև կոստանդնուպոլսեցի, լավ գիտեի մեր բարբառը, ամեն մի թուրքերեն բառի դեմ կարող էի մի գիծ քաշել, եթե նա գործածական էր մեր բարբառում, և այսպիսով կունենայի ամբողջ փոխառյալ բառերի հավաքածուն: Գնացինք 5 հոգով Դիլիջան, վարձեցինք Ղուկաս բիձայի բնակարանը մալականների սահմանում: Մեզ հարևան ունեինք միայն մի մալական, որ ամբողջ օրը երգում էր. «Ու սուսիդա ժինկա միլայ Ա ու մենե նիչևո նիմա»: («Հարևանս ունի մի սիրուն կին, Իսկ ես ոչինչ չունեմ»): Ապրեցինք ամբողջ ամառը այդ բնակարանում: Ոչ մի հետաքրքրական դեպք չպատահեց մեր մեջ: Ես աշխատում էի իմ թուրքերենի փոխառյալ բառերի վրա և վերջացրի մի ամսում (1900 թ. հուլիս), որ և ապա տպագրվեց «Էմինյան ժողովածու»-ի շարքով (Վաղարշապատ, 1904 թ.): Երբեմն չորս հոգով պտույտի էինք դուրս գալիս. ես, Մանանդյանի մայրը, փոքր որդին՝ Արսենը և օրիորդը: Մեծ եղբայրը ընդհանրապես դուրս չէր գալիս: Փոքր եղբայրը շատ կատակախոս և զվարճասեր երիտասարդ էր: Մեր պտույտներից միայն մեկն եմ հիշում: Գնացել էինք բարձրադիր մի անտառ, որ գտնվում էր բլուրի վրա: Գագաթից ցած իջնելը դժվարացավ, որովհետև չորացած տերևները սահուն հատակ էին շինել և զառիվայրը լպրծուն էր դարձել. օրիորդը չէր կարողանում իջնել, ուստի թևն առի և արագ վազելով իջանք ցած: Մի օր ես ու մայրիկը տանը նստած խոսում էինք. մայրիկը հայտնեց, թե մի երիտասարդ խնդրել է օրիորդի ձեռքը, բայց իրենք մերժել են: Այս խոսքի վրա ես այլայլվել եմ և գույնս թռել է: Մայրիկը դարձավ ինձ, թե «Ի՞նչ եղար, ինչո՞ւ գույնդ թռավ»: «Ի՞նչ է եղել, որ իմ գույնը թռնի. ի՞նչ կապ ունեմ ես օրիորդի հետ»: «Ես ամեն բան գիտեմ, հանգիստ եղիր, արժանավորին կտամ, անարժանին չեմ տա»: == ՄԵՐՈՆՑ ԳԱԼՈՒՍՏԸ == Մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց. հայրս, մայրս, մեծ քույրս, փոքր քույրս, եղբայրս և ես (Արշալույս քույրս մեռել էր արդեն): Մերոնց նամակ էի գրում և առաջարկում, որ փոխադրվեն Էջմիածին: Կառավարությունը արգելել էր հայերի մուտքը և ելքը Տաճկաստանից: Վերջապես ստանում եմ տեղեկություն, թե հայրս և քույրս մեկնել են Կոստանդնուպոլսից, հասել են Բաթումի և այսինչ օրը պետք է լինեն Երևանում: Գնացի Երևան, գտա հորս, որին 6 տարի ի վեր չէի տեսել: Դեմքը չէր փոխված, միայն մի քիչ ծերացել էր, առանց կորցնելու իր նախկին աշխույժը և եռանդը: Կողքին կանգնած էր մի մանկամարդ, գեղեցիկ, բարձրահասակ աղջիկ․ հարցրի հորս. «Հայրիկ, ասիկա ո՞վ է»: «Քույրդ է, ծո»: Ժողովրդական մի ասացվածք կա. մեծ ուրախություն զգալու դեպքում ասում են «Ոտքս գետնից կտրվեց»: Ճիշտ այդպես եղավ և ինձ: Քրոջս ես փոքր տարիքին թողել էի Կոստանդնուպոլսում. այն ժամանակ սևադեմ փոքրիկ մի երեխա էր, իսկ այժմ բարձրահասակ, հրեշտակադեմ մի էակ: Ոտքերս գետնից կտրվեցին, փաթաթվեցի նրան և անվերջ համբույրներով երեսը ծածկեցի: Այլևս աշխարհում ոչինչ չմնաց ինձ համար: Գնացինք «Օրիանտ» հյուրանոցը, ուր գիշերեցինք երեքով և մյուս օրը գնացինք Էջմիածին, № 1 բնակարանս։ Հազիվ մտել ենք ներս և իրերը դասավորել, հանկարծ այցելության են գալիս Ճեմարանի ուսուցիչներից երկուսը՝ Քերովբե Միրաքյանը (նոր-նախիջևանցի) և Գևորգ Ղազարյանը (կարսեցի): Ես խնդրեցի, թե այժմ չեմ կարող ընդունել, որովհետև մերոնք նոր են եկել և հանգստի կարոտ են: «Խնդրում եմ վաղը եկեք»: Նրանք նեղացան և հեռացան: Իսկույն կազմում են մեր մասին մի առասպել, թե այդ աղջիկը Աճառյանի քույրը չէ, այլ սիրուհին. իսկ հորս համար դեռ որոշում չէին տվել. ոմանք ասում էին, թե քրոջս հայրն է: Որքա՜ն չար և անմիտ են մարդիկ: Մյուս օրը նույն երկու հյուրերը եկան սենյակ: Ծանոթացան հորս և քրոջս հետ և զարմացան, երբ քույրս խոսեց նրանց հետ ռուսահայ լեզվով: Քերովբեն հարցրեց. — Օրիորդ, այդ ի՞նչ շուտ սովորել եք մեր լեզուն: Քույրս պատասխանեց զարմանքով. — Մեր լեզուն, ձեր լեզուն ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ: Բացառականը կազմում եք ից-ով, ներգոյականը ում-ով, ներկան էլ ում եմ։ Ճանապարհի 2 օրվա ընթացքում այդքանը չէի՞ կարող սովորել: Այս փոքրիկ միջադեպը ես հաճույքով պատմեցի ցույց տալու համար, թե որքան սխալվում են նրանք, որոնք մեր երկու բարբառները իրարից անջատում են իբրև տարբեր լեզուներ և նրանց միջև մի մեծ անջրպետ են շինում: Արևմտահայերը ամենամեծ ճշտությամբ հասկանում և սովորում են արևելահայ լեզուն, բայց ինչո՞ւ արևելահայերը այդքան դժվարանում են սովորելու մեր բարբառը, նույնիսկ Կոստանդնուպոլսում երկար տարիներ ապրելուց հետո: Նույն միջոցին Գևորգ Ղազարյանը դիտում է իմ և քրոջս ունքերը և նրանց մեջ որոշ նմանություն գտնելով, գնում ընկերներին պատմում է, թե նա իմ հարազատ քույրն է: Այսպիսով մեր մասին տարածված առասպելը ջնջվում է: Երբ նրանք մեկնեցին, մերոնց հարցրի, թե եղբայրս ի՞նչ եղավ. իսկույն հայրս սկսեց լաց լինել. եղելությունը հասկացա: Եղբայրս մեռել էր: Մահը պատահել է 1900 թվականի ապրիլի 12-ին, հետևյալ հանգամանքներում: Բյոյուք-դերեի եկեղեցու կառավարիչ և դպրոցի տեսուչ Սահակ Խանճյանը, որ գրող, բանաստեղծ և ուսուցիչ էր և նույն թաղի բոլոր կրոնական և ազգային-դպրոցական գործերի կառավարիչը, խնդրել է հորիցս, որ թույլ տար իր որդուն եկեղեցում երգել, այսինքն՝ տիրացություն անել։ Հայրս թեև այս գաղափարին սաստիկ հակառակորդ էր, չի կարողանում մերժել նրա խնդիրքը և թույլատրում է: Ավագ շաբթում և Զատկին գիշերային պաշտամունքների ժամանակ հոգնում, անքուն է մնում եղբայրս և հենց տոներից հետո հիվանդանում: Մենենգիտ էր ստացել: Բժիշկները չեն կարողանում դարմանել, և նա մեռնում է: Մեր ընտանիքի ամենափոքր անդամն էր եղբայրս. բոլորովին սպիտակ դեմքով, ուժեղ և հաղթանդամ տղա էր դարձել: 14 տարեկան էր, երբ մեռավ։ Եղբորս հիշատակին ես մի գիրք եմ նվիրել՝ «Մանկական բարբառ», որ տպված է Փարիզի «Բանասէր» հանդեսում 1901 թվականին, պրակ Ա-ում: Այցելուները շատացան: Դրանց մեջ հիշում եմ գերմանացի հայագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինքին: Բեռլինից եկել էր Էջմիածին հայերեն ուսումնասիրելու: Երկու տարի մնաց Էջմիածնում, Ստեփան Կանայանի հետ գրեցին արևելահայ աշխարհաբարի քերականությունը գերմաներեն լեզվով, ընկերանալով Հակոբ Մանանդյանի, Եզնիկ վարդապետ Գյանջեցյանի և Գալուստ դպրի հետ, սկսեցին հրատարակել Zeitschrift für armenische Philologie ուսումնաթերթը, որ տևեց 2 տարի և որի կառավարիչն էր թիֆլիսեցի Աբգար Հովհաննիսյանը, իսկ ծախսերը հայթայթում էր Մանթաշյանը: Այս ուսումնաթերթում մասնակցեցին հայ և օտար հեղինակներ: Ես էլ մի ընդարձակ հոդված եմ հրատարակել այդտեղ Lautlehre des Van-Dialects (արտատպ. Marbourg, 1901) վերնագրով: Ֆինքը նշանավոր եղավ իր մի ուրիշ աշխատությամբ: Նա ուսումնասիրեց հայ բոշաների լեզուն և հետագայում հրատարակեց Պետերբուրգում — Die Sprache der armenischen Zigeuner վերնագրով: Հետագայում գնաց Գերմանիա, ուր վաղամեռիկ եղավ։ Ահա այս անձն էր, որ եկավ իմ սենյակը այցելության. բայց նա ինձ մոտ երբեք չէր եկել և մի նոր պատճառ էլ չուներ ինձ այցելելու: Ուստի ենթադրում եմ, եկել էր քրոջս տեսնելու: Դրա համար էլ սկսեց խոսել քրոջս հետ և որովհետև քույրս գերմաներեն չգիտեր, ուստի Ֆինքը խոսում էր կիսատ-պռատ հայերենով: Աչքերը ոլորելով այնպիսի ձևեր և նշաններ էր անում, որ խիստ տարօրինակ թվաց։ Կանայք ավելի զգայուն են միշտ: Քույրս վեր կացավ, գնաց մյուս սենյակը և այլևս չվերադարձավ։ Ֆինքը մի քանի անգամ էլ այցելության եկավ «ինձ», բայց քույրս չներկայացավ նրան: Մի օր քրոջս հայտնեցի, որ ես այստեղ սիրահարված եմ մի աղջկա: — Մի՞թե,— ասաց քույրս, — տար ինձ իր տունը, տեսնեմ ինչ տեսակ աղջիկ է: Գնացինք Մանանդյանի տունը: Քույրս իր շենշող բնավորությամբ իսկույն ծանոթացավ նրանց հետ և մտերմական խոսակցություն ունեցավ օրիորդի հետ. կարծես թե հին բարեկամներ լինեին: Երբ տուն եկանք, ասաց. — Դուն մեր Կոստանդնուպոլսի աղջիկները մոռցեր ես. ան ի՞նչ անշնորհք աղջիկ է. ոչ կարդալ գիտե, ոչ գրել գիտե, ոչ ձեռագործ գիտե, ոչ ալ կարուձև գիտե. թափթփածին մեկն է. իրարու վրա 3 հատ շրջազգեստ հագեր էր, ետևեն կարելի էր հաշվել: Ամեն մեկը մյուսեն 3 մատ հեռավորություն ուներ: Այսպիսի գնահատությունը և միևնույն ժամանակ տանս մեջ նոր մտած կենսաթրթիռ շունչը իսպառ մոռացրին իմ զգացմունքը: Վեհարանում ապրում էր նաև ոմն Վահան էֆենդի, որ Խրիմյանի մոտիկ ազգականն էր: Բուրժուա վաճառականի կերպարանքով, կլոր և առողջ դեմքով, հաստափոր մեկն էր։ Այդ անձը սիրահարվել էր քրոջս և մեկի միջոցով դիմել էր հորս և խնդրել քրոջս ձեռքը: Հայրս հարցրել էր. — Ի՞նչ գործ կընե ադ Վահան էֆենդին: — Կաթողիկոսի մոտ ծառայում է: — Ի՞նչ արհեստ գիտե. դերձա՞կ է, ատաղձագո՞րծ է, կոշկակա՞ր է, դարբի՞ն է, ի՞նչ է: — Արհեստ չունի, կաթողիկոսի մոտ ծառայում է: — Հասկցա, կաթողիկոսին ք… կթափե. է՛, կաթողիկոսը մեռնի նե, որի՞ն ք… պիտի թափե: Ես ադ տեսակ մարդու աղջիկ չունիմ տալու: Հորս իսկույն պաշտոնի կանչեցին Էջմիածնում, դարձրին նրան մառանապետ, այսինքն՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն, բոլոր միաբանների ուտելեղենը հայթայթող գլխավոր անձը: Իր գլխավորը եղավ Եղիշե վարդապետ Ահարոնյանը, շուշեցի մի գեղեցկադեմ մարդ, որի բնակարանը № 5 էր, մեր շարքում: Ես ու նա իրար հետ շատ մոտիկ էինք, սկսած այն օրից, երբ ես հրատարակեցի Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությունը, նա մեծ հետաքրքրությամբ կարդում էր իրենց բարբառի քննությունը և անում իր դիտողությունները: Մի տարի հետո մայրս և մեծ քույրս դիմում են կառավարության, մայրս ընկնում է փաշաների ոտքը լաց լինելով հայտնում, թե ինքը մենակ է մնացել, ոչ մի օգնական չունի, աշխատելու կարողություն չունի. «Աղաչում եմ թույլ տվեք գնամ Էջմիածին՝ որդուս և ամուսնուս մոտ»: Երկար աղերսանքները վերջապես ձանձրացնում են փաշաներին և տալիս են անցագիր: Գնում են Տրապիզոն, այնտեղից Բաթումի և հասնում են Երևան: Հայրս գնաց դիմավորեց նրանց (մորս և մեծ քրոջս՝ Հերսիլյային) և գիշերով վերադարձան Էջմիածին մեր բնակարանը: Ներս մտավ թե չէ, մայրս ծոցից հանեց մի քանի թղթի կտորտանք և թափեց սեղանիս վրա: — Ի՞նչ են ասոնք,— հարցրի ես: — Միտքդ չէ՞, Պոլսեն ելած օրդ այս թուղթերը ինձ տվիր և ըսիր, որ աղեկ պահեմ մինչև գալդ. հիմա եկա քեզի տվի տարիներ պահելե ետքը: Ես մի քիչ նայեցի թղթերի վրա և առանձնապես հետաքրքրական բան չտեսնելով, մի կողմ դրի: Հայրս ասաց մորս. — Ես քեզի չըսի՞, օր ադոնք բոլոր պարապ բաներ են. ան ատենը տղա էր, աս թուղթերը մեծ բան էին իրեն համար, հիմա Փարիզ գնացեր, սորվեր էկեր է, ադոր էրեսը կնայի՞: Հաջորդ օրը հայրս գնաց գյուղ և վարձեց մեզ համար մի լավ բնակարան: Շուկայից մի քիչ ցածը մի մեծ պարտեզ էր, որի մեջ երկու բնակարան կար. աջ կողմինը մերն էր, իսկ ձախ կողմինը՝ Ճեմարանի ուսուցիչ Գալուստ Թումանյանինը: == ՍԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՄՖԼԵՏԸ == Մենք արդեն տեսանք այս անձին: Հազիվ մերոնք եկել էին Էջմիածին, «Նոր-դար»-ի մեջ երևաց մի թերթոն: Հեղինակը չէր ստորագրել. խոսում էր իմ մասին, բայց չեմ հիշում անունս տալի՞ս էր, թե ոչ: Բովանդակությունը մոտավորապես հետևյալ բառերով էր. — Էջմիածնի № 1 բնակարանը իր զվարճալի պատմությունը ունի. այնտեղ բնակվում էր Հրաչյա Աճառյանը, վանքի հաշվով և տեսնելով, որ այդ շատ լավ է՝ բերել տվեց Կոստանդնուպոլսից իր հորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր քրոջը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երկրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր մորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև մյուս քրոջը։ «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր չորրորդ»: Ծննդոց գրքի Ա գլխի օրինակով շինված այս պամֆլետը, որ գրված էր մերոնց ծաղրելու համար, շատ անտեղի էր և անճիշտ: Նախ, որ մերոնք չորս հերթով չէին եկել, այլ երկու հերթով, ուստի այն չորս օրերի պատմությունը կեղծ է: Երկրորդ՝ հենց որ մայրս և մեծ քույրս եկան Էջմիածին, իսկույն թողեցինք № 1 բնակարանը և փոխադրվեցինք գյուղ: Երրորդ, որ ոչ ես և ոչ հայրս ձրի չէինք վայելում վանքի հացը, այլ իբր մեր աշխատանքի վարձատրությունը: Ասացինք, թե պամֆլետը ստորագրված չէր, բայց նրա լեզուն և ոճը մատնանիշ էին անում Սեթ Հարությունյանին, որ թեև գիտական աշխատանք կատարելու անընդունակ էր, բայց զվարճախոսության մեջ լավ ընդունակ էր: Այն կարծիքը, թե գրողը Սեթն էր, բոլորը զգում էին, նույնիսկ 51 տարի անց (1952 ապրիլ) մի օր հրավիրվելով Երևանում կաթողիկոսի (Գևորգ Զ) տունը, տեսա այնտեղ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանին, որ անցյալի մասին խոսելով, ամենայն անկեղծությամբ պատմեց, թե այդ պամֆլետի հեղինակը Սեթն էր: Ես զարմացա նրա այդքան սուր հիշողության վրա, մանավանդ, որ պամֆլետը բառացի կրկնեց այնպես, ինչպես վերը գրեցի: Բայց ի՞նչ կարիք ուներ Սեթը այդ պամֆլետը գրելու։ Արդյո՞ք կասկածում էր, որ ես նրա տեղը կգրավեմ. շատ իզուր, որովհետև Սեթը լինելով Կարապետ Կոստանյանի ստրուկը, հազիվ թե մեկը նրան ձեռք տար: == ՀՈՐՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ == Հայրս շատ աշխատասեր մարդ էր. վանքի մառանապետի պաշտոնը ծանր գործ չէր. պարապ ժամանակ շատ ուներ: Զբաղմունքի համար որոշեց վանքի այգին մշակել (ձրիաբար): № 1 բնակարանի առաջ ընդարձակ բակ էր և այդ բակը գնում էր մինչև շենքի ծայրը: Դիմացը գտնվում էր Տաճարը: Բակը, թեև հողից, բայց շենքի կառուցման ժամանակ այնքան լցվել էր տուֆի փշրտանքներով, որ այլևս հող չէր երևում: Դրա մեջ մշակությունն անկարելի էր: Հայրս վարդապետներից թույլտվություն խնդրեց այդ խճալից հողը դեն ածելու և փոխարեն սևահող լցնելու: Ամենայն սիրով թույլատրեցին վարդապետները, որովհետև ձրի աշխատանք էր և վանքին օգուտ: Հայրս ամեն օր փորելով այդ խճաշատ հողը, տանում թափում էր հեռու, վանքից դուրս դաշտում և այնտեղից մաքուր սևահող բերելով՝ լցնում նրա տեղը: Այսպիսով կարճ ժամանակում № 1 բնակարանի առաջը, ինչպես և № 2 բնակարանի առաջը մաքրվեց և սևահող լցվեց: Այս սևահողի մեջ հայրս ցանեց զանազան բույսեր, որոնք շուտով աճեցին: Այստեղ տնկեց նա մի տեսակ պամիդոր, որ բարձրանում էր օդի մեջ առանց հենարանի: Այդ զարմանալի բույսի սերմը Կոստանդնուպոլսից էր բերել: Ցանեց նաև լոբի և ծաղիկներ: Մի քիչ այն կողմ № 4 բնակարանի առաջ (որ պատկանում էր մառանապետ Եղիշե վարդապետ Ահարոնյանին) շինեց փայտե թառ, մեկուկես մարդու հասակի բարձրության, և տնկեց մի տեսակ դդում, որ 1 մետր երկարություն ուներ: Այս տեսակի դդում չկար Երևանում, բայց սովորական է Կոստանդնուպոլսում, որտեղից բերել էր հայրս սերմը: Դդումը բարձրացավ և ի մեծ զարմանս բոլորի, թառի վերևից ձողերի պես կախվեց: Մի օր հորս ասացի. — Հայրիկ, այս դդումը այստեղ չկար, դուն նոր բերիր հասցուցիր. պետք է, որ քու անունդ վրան դնես: — Է՜, ի՞նչ դնեմ: — «Հակոբ խաբախի= Հակոբի դդում»: Դարձավ մորս և ասաց. — Կլսե՞ս կոր խելոք տղուդ խոսքը. ինձի խաբախ ըրավ: Կարևոր է վարունգի պատմությունը: № 1 բնակարանի առաջ հայրս ի միջի այլոց տնկել էր նաև վարունգ. պտուղը բավական մեծացել էր և վախ կար, որ № 3 բնակարանի «քոռ» Եղիա վարդապետը գողանար: Նա իրավունք էր համարում կողքի կանաչիներից քաղել, բայց աչքը վարունգի վրա էր: Հայրս զգում էր նրա մտադրությունը և միշտ զանազան պատճառներով պահակ էր կանգնում: Գողության հարմար րոպեն անշուշտ կես գիշերն էր և հայրս մինչև այդ ժամանակը հսկում էր: Վերջապես չթողեց, որ գողանա, և երբ վարունգը հասավ, կտրեց և կաթողիկոսին նվեր տարավ: Մինչև անգամ Երևանի ջերմոցներում դեռ վարունգ հասած չէր, իսկ հայրս № 1 բնակարանի առջևի քարքարուտում վարունգ էր հասցրել: Հրճվանքով վարունգը ձեռքին տանում, նվիրում է կաթողիկոսին, ձեռքը համբուրում և վարունգը դնում է սեղանի վրա: Կաթողիկոսը, փոխանակ որևէ շնորհակալության բառ արտասանելու և կամ գովասանական խոսք ասելու, դառնում է հորս հետևյալ խոսքերով. — Դուն կուզե՞ս որ ես քեզի շնորհակալ եմ ըսեմ: Դուն գիտե՞ս ես ո՞վ եմ. ես այս բոլոր վանքի ամենամեծն եմ. եթե ուզեմ, կարող եմ անմիջապես վանքեն դուրս վռնդել քեզ. լսեցի՞ր, հադե գնա: Հայրս զայրացած գալիս է ինձ մոտ. — Էշեկ օղլու էշեկ. մենք ալ քեզի մարդ գիտցանք. էշուն մեծն է եղեր. սա ըսելու խո՞սք է, որ ըսավ ինձի: Եվ պատմեց ամբողջ դեպքը: Խրիմյանը այսպիսի անպատշաճ արարքներ շատ էր անում: Վերևում պատմեցի Հովհաննես Հովհաննիսյանի կնոջ դեպքը: Նման մի դեպքի անձամբ ներկա եղա մի ուրիշ անգամ: Նոր տարվա առթիվ Ճեմարանի բոլոր ուսուցիչները ներկայացան կաթողիկոսին շնորհավորելու: Ես գտնվում էի ամենավերջում. ամենաառաջը Մանանդյանն էր. Խրիմյանը տեսավ նրան և ասաց. — Պարոն Մանանդյան, այդչափ գիտությունը այդ փոքրիկ, ճնճղուկի չափ գլխի մեջ ի՞նչպես ես տեղավորեր: Գոնե մեծ գլուխ ունենայիր… Բայց մեծ գլուխ ունեցողներն ալ ապուշ կլինին: Ահա Կանայանը, ահագին գլուխ ունի, մեջը պարապ. հա՜, հա՜, հա՜: Եվ սկսեց լայնաբերան ծիծաղել: Մենք բոլորս իրար հետև ծածկվում էինք, որ չտեսնվենք և նոր ծաղրանքի զոհ չգնանք: Իմ առաջ կանգնած էր Աբեղյանը, որ գլուխը և մարմինը թաքցրեց և անխուսափելի ծաղրից ազատվեց: == ՊՈՍՈԽՈՎԻ ԴԵՊՔԸ == Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր Պոսոխով անունով մի ռուս, որ կառավարության կողմից նշանակված լրտես էր Էջմիածնի վրա: Հայատյաց մարդ էր, բայց գիտեր հայերեն խոսել: Սովորություն ուներ խոսած ժամանակ աչքերը ճըփճըփացնելու: Ճեմարանի ուսուցիչների նամակները ստանալու պաշտոնը հանձնված էր Կարապետ Քոչարյանին, որ գեղեցիկ գիր ունենալու պատճառով Ճեմարանի հավիտենական քարտուղարն էր: Բացի գեղեցիկ գիր ունենալուց, ուրիշ ոչ մի լավ հատկություն չուներ։ Կարապետ Կոստանյանի ստրուկն էր և միաժամանակ նրա լրտեսը: Մի օր Քոչարյանը հայտնում է ինձ, որ Պոսոխովը իմ անունով նամակ է ստացել, բայց մերժել է հանձնել Քոչարյանին և սպասում է, որ ես անձամբ գնամ ստանամ: Ներկայացա Պոսոխովին. ցույց տվեց մի հաստ նամակ, որ ստացել էր Փարիզից: Կասկածում էր նրա վրա: — Ի՞նչ եք կասկածում, որ լինի միջին: — Կարելի է որևէ հեղափոխական թերթ կա մեջը: — Է՜հ, եթե ինձ թշնամի մի մարդ միջին «Դրոշակ» կամ «Հնչակ» դնելով ուղարկել է ինձ, ես հանցավո՞ր եմ: — Այդ հետո կտեսնենք: Պոսոխովը մկրատով կտրեց ծրարը, դուրս թափվեցին մի նամակ և 30 ռուբլի թղթադրամ: — Օհ,— բացականչեց Պոսոխովը և փողերը գրպանեց,— այս գումարը պատկանում է ինձ, որովհետև նամակի վրա с объявлением չէ գրված: Ես նամակը կարդացի: Փարիզում մի գրավաճառի մոտ դրել էի իմ Étude sur la langue laze աշխատությունից մի քանի օրինակ: Գրավաճառը ծախել էր այդ օրինակները և ահա գումարը ուղարկում էր ինձ: Պոսոխովին հայտնեցի, թե «Ֆրանսիայում իրավունք կա նամակի մեջ փող դնելու և ուղարկելու. ոչ ոք իրավունք չունի նամակը բանալու և գումարը վերցնելու: Ահա իր երկրի օրենքով այդ մարդը փողը ուղարկել է ինձ, դուք իրավունք չունեք այդ փողը խլելու: Ես ձեր դեմ կբողոքեմ»: — Բողոքեցեք. բողոքի հասցեն էլ ես տամ: Բողոքի հասցեն վերցրի և եկա տուն № 1 սենյակս: Մի ֆրանսերեն նամակ գրեցի Փարիզ՝ արտաքին գործոց մինիստրության և մի նամակ էլ ներքին գործոց մինիստրության և, բացատրելով դեպքը, խնդրեցի, որ դիմեն Ռուսաստան և պահանջեն գումարս հետ տալ։ Կանչեցի Սիրական Տիգրանյանին, որ իմ մտերիմ ընկերն էր և մանավանդ ցարական գործերի մասնագետ և լավ ռուսագետ և խնդրեցի, որ մի նամակ գրի Ռուսաստանի փոստ-հեռագրատան մինիստրության: Նա հրաժարվեց գրել, ասելով, թե «այդ ավելորդ է, ոչինչ չես կարող ստանալ»: Ես կրկնապատկեցի խնդիրքս և շատ աղաչեցի, բայց նա միշտ մերժում էր: Վերջապես զիջեցրի, և նա հանձն առավ գրել: Նամակը, անշուշտ պատվիրած, փոստ գցեցի. այսպես նաև երկու ֆրանսերեն նամակներս: Մի քանի շաբաթ անցավ. ոչ մի պատասխան չկար։ Շաբաթ երեկո էր. եկեղեցուց դուրս ենք գալիս. անցնում եմ Տրդատա դռնով: Դռան առաջ պատահում եմ Պոսոխովին, որ իսկույն մի կողմ է քաշվում, մեջքը դռան բարավորին դրած, կռանում է, գլխարկը հանած խոնարհվում է իմ առաջ: Զարմանքը պատեց ինձ. Պոսոխովը կաթողիկոսի առաջ էլ չէր խոնարհվում. այս ի՞նչ տարօրինակ տեսարան է: Ես մտածեցի, թե ծաղրում է ինձ, գլուխս կախեցի, թեթև բարևեցի և գնացի տուն, մեր նոր բնակարանը: Մյուս առավոտ, կիրակի օր, լսում եմ որոտընդոստ մի ոտնաձայն: Մի կոզակ մտնում է սենյակս, դնում է իմ առաջ մի խոշոր սպիտակ ծրար, հինգ տեղից կնքամոմով կնքված, տալիս է ինձ 30 ռուբլի թղթադրամ և մի թղթի կտոր, որով Պոսոխովը խնդրում էր ինձ տալ 30 ռուբլու ստացական: Նամակը բաց ենք անում և տեսնում ենք ռուսերեն մի գրություն, որի մեջ ասված էր, թե Փարիզից ներքին գործոց և արտաքին գործոց մինիստրությանց առաջարկով և փոստ-հեռագրատան մինիստրության իմ գրած թղթի հիման վրա, խիստ նկատողության են ենթարկել Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարչին և հրամայել են «Հարքունիս գրաված» 30 ռուբլին վերադարձնել ինձ, «որովհետև ռուսական թղթադրամի փոխադրությունը արտասահման և ներս արգելված չէ»: Ստորագրում էին երեք մինիստր՝ ներքին, արտաքին և փոստ-հեռագրատան: Այս ամբողջ միջադեպը մեծ ազդեցություն թողեց Էջմիածնի վրա: Առաջին անգամն էր, որ մեկը համարձակվել էր բողոքել պետության առաջ և այսպիսի հաջող ելք էր ստացվել: Ստեփան Կանայանը ինձնից 3 տարի առաջ նույն ձևով Գերմանիայից ստացել էր 300 ռուբլի, և Պոսոխովը խլել էր այդ գումարը իր գրպանի համար: Կանայանը չէր կարողացել ոչ մի բողոք ներկայացնել և երբ իմ դեպքը լսեց, ասաց. «Տե՛ս, տե՛ս, տե՛ս, այս անպիտանին․ երկու օր է եկել է այստեղ, և մեզ նոր բաներ է սովորեցնում. ինչպես մենք ժամանակին չմտածեցինք այս բանը»: Այս նամակի ավելի զորավոր արդյունքը կտեսնենք հետագայում: Պոսոխովին արված նկատողությունը երևի այնքան խիստ է եղել, որ նա Քոչարյանին տեսնելով ասել է. «Ինչո՞ւ բողոքեց. չէի՞նք կարող մեր մեջ հաշտությամբ վերջացնել»: Պոսոխովին մի անգամ էլ տեսա Ռոստովում 1915—1916 թվականին. փողոցում անցավ իմ կողքից. աչքերի ճփճփացնելուց ճանաչեցի, բայց չխոսեցինք իրար հետ: Վերջին անգամ Չեկայում իմ քննիչը հարցրեց Պոսոխովի մասին, թե ի՞նչ գիտեմ: Հայտնեցի, որ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր և ցարական կառավարության կողմից լրտես էր նշանակված վանքի վրա: Ասացի նաև, թե 1915—1916 թվականներին պատահել եմ Ռոստովում. ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին: == ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ == Կոստանդնուպոլսում շատ հանդիսավոր կերպով են տոնում նոր տարին: Այդ օրը պատրաստում են 3 տեսակ քաղցրեղեն, անուշապուր, փելթե և զերտե: Սեղանի վրա պետք է առնվազն 12 տեսակ միրգ լինի. հաց չկա. նախորդ գիշերվանից փողոցում բարձրաձայն կանչելով վաճառում են նոր ալյուրից թխած մի տեսակ խմորեղեն, որ աղավնիի ձև ունի և կամ ուրիշ կլորակ զարդի ձևեր: Ծախողը կոչում է. «Քուշլար վար, քումրուլար վար, ենի բուղդա քեբաբը վար (թռչուններ ունեմ, տատրակներ ունեմ, նոր ցորենով խորոված ունեմ)»: Իրար հետևից փոքրիկ նվագախմբեր անցնելով կանգնում են յուրաքանչյուր տան առաջ և նվագ ածելով մի քանի կոպեկ ստանում: Հատկապես նշանավոր է հույների լաթերնան, որ մի առանձին տեսակի նվագարան է և որ միայն հույներն են գործածում: Հայոց մեջ արժանի է «Շնորհավոր»-ը: Սա մի բարակ կարտոն է, որի վրա փորագրած են (ծակ-ծակ) հետևյալ բառերը. «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ» (հետո թվականը)։ Լինում է նաև նկարներով «Շնորհավոր»: Երկու տեսակ նկար կա. Քաջ Վարդանի նկարը և կամ Աստվածամոր նկարը: Այս բոլորը ծակ-ծակ է: Խանութներում ծախում են «Շնորհավոր»-ը՝ հատը 2 կոպեկ, բայց շատ անգամ աշակերտները իրենք են փորագրում իրենց տան համար: «Շնորհավոր»-ը դնում են վերոհիշյալ 3 տեսակի քաղցրեղենի վրա և հետո դարչին ցանելով՝ նկարը փոխանցում են քաղցրեղենի վրա: Առանց «Շնորհավոր»-ի տուն չի լինի։ Այս բոլորը տևում է մի շաբաթ, մինչև Ծննդյան տոնի օրը: Շատ ժամանակ էր, որ ես նոր տարի չէի տեսել. ուստի մայրս և քույրերս պատրաստեցին մեր տանը այս բոլորը, բացի աղավնիներից: Ուսուցիչները այցելեցին մեր տունը։ Նրանց մեջ հատկապես հիշում եմ Մանուկ Աբեղյանին, որի մոտ ես երբեք եղած չէի: Նստան մեր պատրաստած սեղանի շուրջը և դիտում են առանց ուտելու: Վերջապես Աբեղյանը ասաց քրոջս. — Օրիորդ, այս բոլորը շատ լավ, բայց մեզ անծանոթ ուտելիքներ են, ուտելու ձևը չգիտենք: Քույրս իսկույն առանձին պնակների մեջ բաժանեց բոլորին և ինքը օրինակ տալով՝ սկսեց ուտել: Կերան և հավանեցին: == ԽՐԻՄՅԱՆԸ ԻՆՁ ՀԵՏ == Մի գիշեր Խրիմյան Հայրիկը մի շաթիր ուղարկելով՝ կանչեց ինձ իր մոտ և ասաց. — Պարոն Աճառյան, ներողություն կանես, որ ես կանչեցի քեզ: Գիշեր է, քուն չունիմ, մարդ ալ չկա, որ խոսիմ հետը. աստեղացոց սիրած չեմ. ասոնք ալ ինձ սիրած չեն: Ի՞նչ ընեմ. ստիպված եմ քեզ կանչելու: Ես կխոսիմ դուն լսե: Կարելի է խոսածիս մեջ շատ ավելորդ բաներ կան, բայց կարող է նաև օգտակար բան լինել: Ավելորդը դուրս ձգե, օգտակարը միտքդ պահե: Ծերերը շատախոս կըլլան, ստիպված պիտի լսես: Ժամերով խոսեց, եղավ կես գիշեր: Ես անբարբառ լսում եմ նրան, թմրում եմ, բայց չեմ կարող վեր կենալ: Վերջապես կես գիշերը անց շաթիրին կանչեց, որ լապտերը վառած ինձ առաջնորդեց մինչև տուն: Այս տեսարանը կրկնվում էր անխափան, ամեն գիշեր, որովհետև «իր միակ բարեկամը ես էի»: Եթե ուզենայի, կարող էի թերևս նրա պատմածներից նոթեր առնել: Խոսում էր ամիրաների կյանքից, գրողների կյանքից, իր եվրոպական ճանապարհորդություններից և այլն: Եվ այս բոլորը մի քանի անգամ: Բայց որովհետև ես պատմաբան չեմ, ուստի մոռացության մատնեցի: == ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ == Ամառ էր: Ճեմարանի դասերը վերջացել էին: Տպարանում պատահեցի Բենիկ վարդապետին, որին անձամբ ծանոթ չէի: Երիտասարդ, աշխույժ և գործունյա մարդ էր: Խոսեց ինձ հետ և հայտնեց, թե Շուշվա թեմական դպրոցի համար հայերենի ուսուցչի պետք կա: Նախկին ուսուցիչ Գյուլզադյանը (նոր-ջուղայեցի հայտնի հայկաբան, Ֆիրդուսիի թարգմանիչ և հեղինակ «Ոլոր մոլոր Կուրն էր գալիս Կովկաս սարերեն» երգի) ծերության պատճառով հրաժարվել է պաշտոնից: Հոգաբարձությունը կենսաթոշակ է նշանակել նրան և ուզում է նոր ուսուցիչ հրավիրել: Դուք չե՞ք ընդունի այդ պաշտոնը: Մեծ հաճույքով լսեցի այս առաջարկը: Իմ ամենամեծ ցանկությունս էր ապրել Կովկասի զանազան հայաշատ վայրերում և սովորել նրանց բարբառը: Թեև Ղարաբաղի բարբառի քննությունը Էջմիածնում մասնավոր անձերի օգնությամբ կատարել, վերջացրել էի, բայց նորից գնալ և բարբառը ուսումնասիրել տեղում՝ շատ հաճելի էր: Երկրորդ՝ երկու չափահաս քույր ունեի, որոնց ամուսնացնել եղբայրական պարտականությունս էր: Կոստանդնուպոլսում նրանց ամուսնացնել չէր հաջողվել: Առհասարակ Կոստանդնուպոլսում ամուսնությունը չափազանց դժվար է օժիտի պատճառով: Ամուսնացող աղջիկները իրենց փեսացուին պարտական են վճարել մի մեծ գումար, առանց որի ամուսնություն չկա: Մի երիտասարդ բժիշկ սիրահարվել էր մեծ քրոջս և լսելով, որ ես Էջմիածնումն եմ գտնվում, ասել էր. «Հարյուր ոսկի օժիտ ալ չի կրնար ղրկել»: Եվ իմանալով, որ չեմ կարող, սիրահարությունը մոռացել էր և ամուսնությունը մերժել: Կոստանդնուպոլսի այս անվայել սովորությունը, որ Կովկասի քրդական ղալանի հակառակն է, մեծ դժբախտություն է օրիորդների համար և կործանում՝ ընտանիքների: Սիրո վաճառքը ամենամեծ խայտառակությունն է և կործանիչ բարոյականի: Էջմիածնում չէի կարող ամուսնացնել քույրերիս. գյուղացիները, մեծավ մասամբ անգրագետ և աղքատիկ մարդիկ, չէին համարձակվում քույրերիս ուզել: Իսկ Շուշին իբր հայաշատ մեծ քաղաք, ինձ համար գերադասելի էր: Ահա այս երկու պատճառներով, մեծագույն հաճույքով ընդունեցի Բենիկ վարդապետի առաջարկը և պատրաստվեցի մեկնելու: Ամսական ռոճիկ նշանակեցին ինձ համար 90 ռուբլի, որ այն ժամանակ հոյակապ գումար էր: Նախ ինքս մենակ մեկնեցի Թիֆլիս—Եվլախ և այստեղից կառքով Շուշի: Այդտեղ բնակարան վարձեցի և իսկույն մերոնց հրավիրեցի Շուշի: Զվարճալի մի երևույթ: Հենց այն գիշերը, որ մենք հասանք Շուշի, հենց նույն օրը խնդրուկներ ներկայացան և երկու քույրերիս ձեռքը խնդրեցին: — Ա՛յ մարդիկ, դեռ նոր ենք եկել, սպասեցեք մի տեղավորվենք, հետո: Շուշեցի տղամարդիկ շատ են գնահատում օտարտեղացի օրիորդներին և առաջին հերթին նրանց ձեռքն են խնդրում: == ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՈՒՄ == Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է): Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ և դեպի ձախ։ Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից և ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40 000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում: Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ և հետևդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սև գույն ունեն և սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն` «սև այգի»: Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչև կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի առաջ: Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է և բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրև ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում և զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը (տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչև տների ներսը։ Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը։ Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր և զվարճախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան և մի թեմական դպրանոց, որ իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ուսուցչական մարմին ուներ: Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին և ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին և մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում: Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»։ Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին: Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած և հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչև Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ կլիներ։ Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները և մոծակը իսպառ վերջացել է: Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել և զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր։ == ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ == Մենք բոլորս սիրեցինք Շուշին: Համեղ ջուրը, փափուկ կլիման, շրջակա անտառները, զբոսավայրերը, հիանալի տեսարանը, բնակիչների զվարթ, անշահախնդիր բնավորությունը հաճելի դարձրին կյանքը: Էջմիածնում մայրս երկու բանից գոհ էր մնացել: Մեկը այն, որ իր տարիների հոդացավը (քամի) մի անգամից վերջացել էր և երկրորդը այն, որ «մոլլա և մինարե չկար»: — Ուր որ գացի, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն, Բաթումի, մինչև անգամ Երևան, սա մունդար էզանի ձանը ականջես չկտըրվեցավ. մինակ Էջմիածին էկա, ադ ձանը վերջացավ: Բայց մայրս ոչ մի օր Էջմիածնի տաճարը չմտավ: Խռովել էր Աստծո հետ, որովհետև Զատիկ օրով իր որդուն մահացրել էր: Դժգոհ էր միայն հայրս, որովհետև ոչ մի աշխատանք չուներ: Լինելով խիստ աշխատասեր, առանց աշխատանքի ձանձրալի էր իրեն կյանքը։ Պարտեզ չկար, որ մշակեր. ամեն տեղ մշակված էր. ծառ ու ծաղիկ էր բուսնում. խճուտ, քարքարոտ հողեր չկային, որ մաքրեր և սևահող լցներ: Սրճարան էլ չկար, որպեսզի գնար նըստեր և ընկերների հետ շաղփաղփելով օրը սպաներ: Միակ հավաքատեղին Շուշվա թոփխանեն էր, մի փոքր հրապարակ քաղաքի կենտրոնում, ուր անգործ մարդիկ, պատերի տակ նստած, զրուցում էին: Սկսեց անել կոշկակարություն, բայց ես արգելեցի: Այս առթիվ, մինչև անգամ, տնային ընդհարում ունեցանք: Ասում էի. «Ահագին ռոճիկ եմ ստանում, ուսուցիչ մարդ եմ. ամոթ է ինձ, որ մի հայր չկարողանամ պահել և նա կոշկակարություն անել ստիպվի. ի՞նչդ է պակաս»: Հայրս վերջ տվեց արհեստին և զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա, տանը նստած, սուտ կոշկակարություն էր անում օդի մեջ, կոշիկ կարել ձևացնելով: Ասացի, որ խնդրակներ էին եկել երկու քույրերիս համար: Հերթը ընկնում էր նախ մեծ քրոջս: Մի խումբ ընտրելիների մեջ առաջնություն ստացավ Նիկոլայ Խաչունցը: Այս մարդը մետաքսի վաճառական էր. մի քանի տարի մնացել էր Մարսելում և գիտեր ֆրանսերեն խոսել: Շուշուց քիչ հեռու, մի ադրբեջանական գյուղում ուներ մետաքսի գործարան, ուր աշխատում էին 150 հոգի: Ասում էին, թե 200 000 ռուբլի փող ունի: Ինքը տխեղծ մարդ էր, հասակը կարճ, մի աչքը կույր, մի թևը կոտրած և մի ոտը կաղ: Մի քանի ավազակներ գիշերանց հարձակվել էին նրա վրա, ինքը իբրև քաջ շուշեցի մարդ՝ անձնատուր չէր եղել և սկսել էր կռվել նրանց դեմ: Նրանք զինված լինելով, այսչափ չարիք էին հասցրել նրան և կիսամեռ թողել հեռացել: Քույրս, երբ տեսավ նրան առաջին անգամ, «Բա՞, ասիկա ճուճե է»,— ասաց, ծիծաղեց նրա վրա և արհամարհեց: Մարդիկ մեջ ընկան, հատկապես թեմական դպրանոցի ուսուցիչ Գարեգին Խաժակը, որ ալեքսանդրապոլցի լինելով, խոսում էր արևմտյան բարբառով և այս պատճառով էլ շատ մտերմացած էր հորս հետ, վերջապես համոզեց նրան: Երեք օր տևեց հարսանիքը՝ հին հեքիաթների ոճով. Նիկոլայի ընդարձակ տունը, իր բազմաթիվ սենյակներով, լցված էր հյուրերով: Առաջին օրը հրավիրված էին հարուստները, երկրորդ օրը միջակ դասակարգը և երրորդ օրը աղքատ դասակարգը: Հարսանիքից հետո քույրս տեղափոխվեց նրանց տունը: Հերթը հասավ փոքր քրոջս՝ Արմենուհուն: Նա կտրականապես մերժեց բոլոր առաջարկողներին: Արդեն ուներ մի ընտրելի, որ էր Մելքոն Ղազարոսյան կոչված անձը: Երբ ես Կեդրոնականի աշակերտ էի, Մելքոնն էլ աշակերտ էր՝ ինձնից մի քանի տարի ցածր: Շատ աղքատ էր. ինքը քղեցի էր. բնակարան չունենալով, գիշերում էր դպրոցի ծառաների սենյակում: Փող չուներ, որ ճաշեր, ուստի կերակրվում էր աշակերտների ճաշի մնացուկներով. մի քանի պատառ հաց, մի քիչ խաղող և պանրի կտորտանք. ահա այս էր իր ուտեստը: Դպրոցը ավարտելուց հետո ես ոչինչ չիմացա նրա մասին: Երբ Էջմիածին եկա, տեսա նրան այնտեղ: Պատմեց, թե գնացել է Մոնպելիեի երկրագործական բարձրագույն վարժարանը և ավարտել: Այժմ եկել էր Էջմիածին և Կաթողիկոսի հրամանով նշանակվել էր Էջմիածնի և Ճեմարանի հողերի վրա: Հայրս լավ երկրագործ էր. իբրև հայրենակից ծանոթացավ նրա հետ և բարեկամացավ: Մելքոնը հաճախ մեր բնակարանն էր գալիս, և մենք լավ մտերիմներ դարձանք: Գրեթե ամեն օր մեզ մոտ էր: Բայց հայրս չհավանեց նրա գիտության. լավ երկրագործ չէր: Մի անգամ Մելքոնը ընդարձակ մշակություն էր սկսել Ճեմարանի հետևը գտնված հողի վրա: Հայրս հարցնում է. «Պարոն Մելքոն, ի՞նչ կցանես»: «Գետնախնձոր, կարտոֆիլ»: Ադ ցանածդ կարտոֆիլ չէ, ընկույզ է. եթե կուզես, որ կարտոֆիլ լինի, այդքան երեսկունկ չպիտի ցանես. խոր փորե»: «Է՜, Հակոբ աղա, ա՛լ գետնախնձորի մասին չխոսիս ինձի հետ, որովհետև ես գետնախնձորի նշանավոր մասնագետ եմ»: Երբ բերքը հասավ, ստացվեց փոքրիկ խնձորի չափ դառն և լեղի մի բան: Մեզ էլ մի քիչ նվեր ուղարկեցին. ուտելու բան չէր: Մելքոնի միամտությունը ամեն օր մեր ծաղրի առարկան էր դարձած: Բայց նա մեր ծաղրն էլ չէր հասկանում և մեզ հետ միասին ծիծաղում էր իր վրա: Ահա այս անձն էր քրոջս ընտրելին: Երևի Էջմիածնում հարմար մի առթիվ պայմանավորվել էին իրար հետ. ուստի մերժեց բոլորին և հորս ու մորս հետ երեքով միասին որոշեցին մեկնել Էջմիածին: Ես այս ամուսնության հակառակ էի. իմ այն սքանչելի քրոջս ողորմելի Մելքոնին չէի ուզում տալ և ասացի. «Ես նրան քեզ արժանի չեմ համարում: Դու շատ ավելի լավերին ես արժանի. իբրև հարազատ եղբայրդ, սրտանց ասում եմ քեզ այս. բայց իբրև մարդ իրավունք չեմ համարում արգելք լինել քեզ: Եթե գնալու ես, գնա, բայց իմացի՛ր, որ նրան գնալուց հետո, ես քո եղբայրը չեմ»: Դժբախտ քույրս չլսեց ինձ, գնաց և ամուսնացավ Մելքոն Ղազարոսյանի հետ Էջմիածնում: Մի փոքրիկ կետ այստեղ: Պոլսի բարբառով Ղազարոս անունը նշանակում է «ապուշ»: Քույրս չուզենալով «ապուշ» լինել, փոխեց ազգանունը և դարձրեց Զարոսյան: — Դիտողություն.— Երևանի լեզուն պարզ է, ուստի հասկանալի էր մերոնց. բայց Ղարաբաղի բարբառը շատ դժվար էր նրանց համար։ Ոչինչ չէին հասկանում. «Կյառնը, ի՞նչ կուզե ըսել»,— ասում էր մայրս: «Գառը չգիտես ի՞նչ է»: «Է, թող գառը ըսե, որ հասկընամ, կյառնը ի՞նչ իմանամ, թե ինչ է»: Իսկ մեծ քույրս, ապրելով ղարաբաղցի այանների շրջանում, վարժվեց նրանց հետ, բայց երկու բարբառի խաչաձևումով կազմել էր մի նոր բարբառ: Օրինակ՝ «Քա, անիկա ի՞նչ է օզըմ»: == ԻՄ ԹՈՔԱԽՏԸ == Մերոնց բացակայության ժամանակ, որ շուրջ մի ամիս տևեց, ես թոքախտ ստացա Շուշում: Մի օր արթնանում եմ և տեսնում եմ, որ աջ կողքս (սնակուշտ) ցավում է, շունչս կտրվում է, և շնչելու ժամանակ լանջքս ցավում է: Հասկացա, որ թոքախտ եմ ստացել և դիմեցի բժիշկ Քրիստափոր Օհանյանին: Այս հիանալի անձը, որի հիշատակը անմոռանալի կերպով պահած եմ սրտիս մեջ, բնիկ շուշեցի էր: Սովորել էր Շվեյցարիայում և լավ ֆրանսերեն էր խոսում: Բայց որովհետև Ռուսաստանում պետական օրենքով, արտասահմանում սովորած բժիշկները իրավունք չունեին իրենց արվեստը գործադրելու, ուստի նա էլ զրկված էր բժշկության իրավունքից: Մտածել էր խորամանկ մի միջոց: Դիմել էր ռուսաց կայսրուհուն, որ համարվում էր ակնաբուժության պաշտպան, և հայտնելով, որ Շուշում ակնաբույժ չկա, խնդրել էր թույլ տալ ակնաբուժությամբ պարապելու: Կայսրուհին շնորհեց այդ իրավունքը, և նա սկսեց պարապել ակնաբուժության հետ նաև ամեն տեսակի բժշկությամբ: Նստեցրեց ինձ աթոռակի վրա մինչև կես մեջքս մերկ դրությամբ: Լսեց կուրծքս, լանջքս, աջ ու ձախ և ասաց. «Այո, ես էլ եմ կարծում, որ դուք արդեն թոքախտ եք ստացել»: — Ոչինչ,— ասացի,— ես թոքախտի բուժումը գիտեմ, պետք է շատ ուտել, լավ սնվել, բաց օդում քնել և այս միջոցով թոքախտը կբուժվի: Ես այս կարծիքը կազմել էի նախ Կոստանդնուպոլսում մի թոքախտավոր աղջկա սիրահարված ժամանակ: Այս առթիվ ես կարդացել էի զանազան բժշկական գրքեր և սովորել էի, թե «թոքախտը բուժելի է»: Երկրորդ, Էջմիածնում ծանոթացել էի Ստեփան Կանայանի եղբայր Հայկ Կանայանի հետ, որ բժշկության ուսանող էր Ռուսաստանում և թոքախտ ստանալու պատճառով թողել էր ուսումը և վանքում դեղագործ էր: Բուժման համար դիմել էր շատակերության միջոցին։ Աջ ու ձախ ձեռքում մի-մի վարունգ բռնած, առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ուներ), մեկ աջից, մեկ ձախից կրծելով, անընդհատ ուտում էր: Կերակրի խտրություն չգիտեր և այս միջոցով բուժեց իր թոքախտը, մի թոքը չորացավ և մյուս թոքով ապրեց մինչև 75 տարեկան: Բժիշկ Օհանյանը իմ կարծիքը հաստատեց, և ես գնալով տուն, ուր մենակ էի, ձեռնարկեցի շատակերության: Դռան առաջով անցնում էր մի կաթնավաճառ։ Կանչեցի և մի կուլա կաթ գնելով, հում-հում ամբողջությամբ րոպեապես դատարկեցի և ամանը հետ տվի, 20 կոպեկ վճարելով: Մարդը զարմացավ, երեսս նայեց և ժպտալով հեռացավ: Չգիտեր, թե ես թոքախտ ունեմ և սրանով թոքախտ եմ բուժում: Քիչ հետո անցավ մի գյուղացի, որ թութ էր ծախում: Մի կողով թութ վերցրի, ներս տարի և առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ունեի) ամբողջը կերա: Հևալով պառկեցի և քիչ հետո տեսա, որ սնակուշտս չի ցավում և շունչս չի կտրվում: «Այսպես կհաղթեմ թոքախտին»,— ասացի ես և քնեցի: Մյուս օրը գնացի նշանավոր բժիշկ ծերունի Աթաբեկյանին, որ երիտասարդ բժիշկ Լևոն Աթաբեկյանի հայրը կամ հորեղբայրը պիտի լինի: Ներս մտնելով իր սենյակը, մի ռուբլի դրի սեղանի վրա, հայտնեցի, թե թոքախտ ունեմ: — Ինչի՞ց ես իմանում,— հարցրեց բժիշկը: — Աջ կուշտս ցավում է և շունչս կտրվում է: — Թոքախտը կուշտից չի սկսում, այլ կրծքի վերևից և շունչն էլ չի կտրվում: Մի քիչ քննեց, կուրծքս լսեց և ասաց. — Դու թոքախտ չունես, վեր կաց գնա: Դուրս գնալու միջոցին բժիշկը կանչեց ինձ. — Դու ի՞նչ մարդ ես, ի՞նչ գործ ես անում: — Կոշկակար եմ: — Ոչ, դու կոշկակար չես. կարծեմ ուսուցիչ ես. վերցրու մանեթդ և գնա: (Ուսուցիչներից բժիշկները փող չէին վերցնում. բուժումը ձրի էր նրանց համար): — Ես ուսուցիչ չեմ, ես կոշկակար եմ,— ասացի և փողը թողնելով փախա: Այսպես բուժվեց իմ թոքախտը: == ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ == Երկու տարի մնացի Շուշում իբրև ուսուցիչ հայերենի՝ թեմական դպրանոցում: Չափազանց գոհ եմ իմ դիրքից, տեղից և պաշտոնակիցներից: Դպրոցի տնօրենն էր այն ժամանակ Բենիկ վարդապետը, որ ինձ հրավիրել էր Էջմիածնում: Պատմեմ այս անձի մասին իմ կրած տպավորությունը: Նա ազնիվ մարդ էր. ես նրանից ոչ մի անազնիվ բան չեմ տեսել: Իմ կյանքի նոր ուղղությունը նա գծեց: Եթե Էջմիածնում մնացած լինեի, անշուշտ կյանքս չպիտի ստանար այն ընթացքը, որ Շուշում ստացավ: Էջմիածնում ես մի երկրորդական ուսուցիչ էի, անարժեք և արհամարհված. մինչդեռ Շուշում ես պատվավոր ուսուցիչ էի և այն էլ հայոց լեզվի, որ այն ժամանակ համարվում էր ամենահարգի առարկան: Բոլոր ուսուցիչները ինձ հավասար ընկերներ էին: Բենիկ վարդապետը այնքան վստահություն ուներ իմ վրա, որ ոչ մի անգամ իմ դասին ներկա չի եղել: Ինձ քննելու կամ ստուգելու կարիք չէր զգում: Այսպես նաև մյուս ուսուցիչները: Ժողովուրդը ամեն տեղ ինձ կոչում էր «վարժապետ». մի տիտղոս, որ տալիս են ամենից հարգելի անձերին: Այն զզվելի ատելությունը, որ տեսնում էինք Էջմիածնում տաճկահայերի դեմ, բացարձակապես գոյություն չուներ Շուշում և թերևս հակառակն էլ էր: Տաճկահայերին սիրում էին՝ իբրև ավելի ուսումնասեր և ազգասեր հայերի: Մի միջանկյալ դեպք պատմեմ: Մի օր մի մեծ խմբով ընդհանուր հացկերույթի էինք գնացել Բեխամեբյուրի աղբյուրը: Հացկերույթի ժամանակ իմ կենացն էլ առաջարկեցին: Ես բաժակ վերցրի և շնորհակալություն հայտնեցի այն հարգանքի համար, որ վայելում էի թե՛ ուսուցչական կազմի, թե՛ դրսի մարդկանց և թե՛ հասարակ ժողովրդի կողմից: Գուցե անմտությամբ ակնարկեցի նաև, թե Երևանում վատ վերաբերմունք կար դեպի տաճկահայերը, իսկ ես Շուշում ոչ մի նման երևույթ չեմ նկատում: Այս խոսքիս վրա տիրեց ընդհանուր դժգոհություն: Վիրավորվեցին, երբ նկատեցին իմ խոսքի մեջ, թե կարող է այդպիսի բան լինել: Ահա թե ինչքան մեծ տարբերություն կար Երևանի և Շուշու միջև: Բենիկ վարդապետը հայտնի եղավ Կովկասում իբրև նշանավոր ճարտասան քարոզիչ: Ահա թե ինչպես էր ձեռք բերել այս արժանիքը, ինչպես ինձ պատմեցին ուսուցիչ ընկերներս: Բենիկ վարդապետը նախապես շատ անշնորհք քարոզիչ էր: Խոսում էր կմկմալով: Մտածել է հետևյալ միջոցը: Գրել է մի բավական ընդարձակ քարող, ուղղել, սրբագրել, ընդարձակել և մի լավ ձևի վերածելուց հետո, անգիր է արել: Կիրակի օրը գնացել է. եկեղեցի և այդ անգիր արած քարոզը խոսել: Բնականաբար շատ հաջող է անցել: Վերադարձել է տուն և մի երկու ուրիշ նման քարոզներ էլ է շարադրել և ապա անգիր արել: Դրանք էլ զանազան օրեր եկեղեցում խոսելով՝ լավ արդյունք է ձեռք բերել: Այսպես մի խումբ քարոզներ գրելուց և անգիր անելուց հետո ստեղծել է իր համար մի լայն շրջանակ: Ուզած օրը, ուզած տոնի առթիվ բերան արած քարոզներից մեջբերումներ անելով, կարող էր այլևս շարունակ նորանոր պերճախոս քարոզներ արտասանել: Այսպես ահա ձեռք բերավ Բենիկ վարդապետը իր պերճախոս քարոզչի համբավը։ Քարոզներից մի քանիսը հետագայում հրատարակեց նա «Քարոզչական թոթովանքներ» խորագրով: Դրսում չգիտեմ, թե ինչ անցուդարձ կար նրա մասին: Կարծեմ հուզումնալի դրություն էր ստեղծված, որի պատճառով նա թողեց տեսչական պաշտոնը և նրա տեղ անցավ Զուրաբյանը: Շատ տարիներ հետո Բենիկ վարդապետը դժբախտաբար շեղվեց իր ճանապարհից և «Ազատ Եկեղեցու» հիմնադիր դարձավ: Իր հետ էին միացել Աշոտ եպիսկոպոս Շխյանը և Մելյան քահանան: Այս երեքը ստացան Երևանի Լուսավորիչ եկեղեցին, որ «Ազատ Եկեղեցու» աթոռանիստը դարձավ: Հրապարակում էին նույն անունով մի պարբերական հանդես: Աղմուկը տարածվեց Կովկասի զանազան կողմերում և ժողովրդական տուր ու դմփոցի պատճառ եղավ. նպատակը Հայոց Եկեղեցու ուժը ջնջելն էր, որ սակայն չհաջողվեց: «Ազատ Եկեղեցին» մի քանի տարի հետո իսպառ խափանվեց: Մյուս պաշտոնակիցներիս մեջ հիշատակության արժանի են Գարեգին Խաժակը, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը, Հարություն Մելիքյանը, Համբարձում Աբովյանը, Արշակ Մեհրաբյանը, պատմաբան Միշան և ուրիշներ: Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը Գանձակի գյուղերից էր, մեզ հայտնի քաղաքական գործիչ և գրող, համալսարանի դասախոս Հայկ Գյուլիքևխյանի հայրը: Հին մարդ էր և այնպես հռչակավոր ուսուցիչ, որ «վարժապետ» բառով միայն նրան էին հասկանում: Թեմականի ցածր դասարաններում հայոց լեզու էր ավանդում: Մեծ ուսում ստացած չէր. ինքնուս էր. բայց գործնական կյանքի մեջ մանկավարժական մեծ փորձառություն էր ստացել: Ամենքս հարգում էինք նրան, և նրա խորհուրդները մեզ համար պատգամ էին: Գարեգին վարժապետը արտասանության մեջ մի զարմանալի ձև ուներ. օրինակ՝ հիվանդ բառը չէր արտասանում հիվանդ ձևով, ինչպես բոլորս արտասանում ենք, այլ հիուանդ։ Երբ մի օր հարցրի նրան, թե ինչու այդպես եք հնչում, պատասխանեց, թե մեր գյուղում բոլորը այդպես են հնչում: Ուրեմն տառի հին հնչումն էր, որ դեռ կենդանի էր մնացել նրանց մոտ: Արշակ Մեհրաբյանը Թիֆլիսի Հավլաբար թաղից էր: Ավարտել էր Ներսիսյան դպրոցը և ցածր դասարաններում հայերենի ուսուցիչ էր: Ազնիվ և գործունյա երիտասարդ էր. իր աշխատանքից բոլորը գոհ էին: Մինչև այժմ նա ուսուցիչ է և գործում է Երևանում (1952 թ.): Գիտե նաև լավ վրացերեն. դժբախտաբար ոչ մի գրական գործ չունի: Համբարձում Աբովյանը մեր նշանավոր հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռն էր: Բարձրահասակ, գիրուկ, ծանրաբարո, խոշոր, կարմիր մորուքով մարդ էր: Դասախոսում էր եկեղեցական պատմություն: Վաղամեռիկ եղավ: Սա էլ մի զարմանալի արտասանություն ուներ. խայտաբղետ բառը միշտ հնչում էր խայտաբզետ։ Սկզբում կարծում էի, թե կատակ է անում, երբ ասում էր «խայտաբզետ օրիորդները եկան»: Մի օր հարցրի, թե այդ բառը ինչո՞ւ այդպես եք արտասանում: — Հապա ինչպե՞ս արտասանեմ: — Բառը խայտաբղետ է: — Մի՞թե,— ասաց նա.— ես միշտ այդպես եմ լսել: Եվ որովհետև դեպի ինձ հարգանքով էր վերաբերվում, խոստացավ ուղղել իր հնչումը: Շատ ու շատ տարիներ հետո Մանուկ Աբեղյանին հարցրի այս սխալի պատճառը. պատասխանեց, թե ռուսերենից հայերեն հնագույն բառարանում ռուսերեն пестрый բառի դեմ վրիպակով տպված է եղել խայտաբզետ և այդ ձևը սովորական է դարձել շատերի համար: Հարություն Մելիքյանը Գերմանիա սովորած մասնագետ էր մաթեմատիկայի: Աշխուժության մարմնացում, կանգնած տեղը դողում էր. մաթեմատիկայի դասը դառնում էր դասարանում պերճախոսության մի սքանչելի օրինակ, և որովհետև մաթեմատիկան ասպարեզ չունի, իսկ նա գործունեության չափազանց մեծ եռանդ ուներ, ուստի դրսում մտել էր ազգային գործերի լայն ասպարեզի մեջ: Այդ սքանչելի երիտասարդը դժբախտաբար վաղամեռիկ եղավ՝ գիշեր ժամանակ պատշգամբից ցած ընկնելով: Պատմաբան Միշան (դժբախտաբար ազգանունը մոռացել եմ) սքանչելի բնավորությամբ, չափազանց ընկերական երիտասարդ էր: Նվիրված էր պատմության, որը չափազանց սիրում էր: Ինքս էլ մի քիչ պատմաբան լինելով, իրար հետ դարձել էինք ամենամտերիմ խոսակից ընկերներ: Շուշուց բաժանվելուց հետո նրանից ոչ մի տեղեկություն չունեի: Երևանում 1920-ական թվականներին լսեցի, որ Խարկովումն է և այնտեղ նշանավոր կուսակցական գործիչ է: Առանձին պետք է խոսեմ Գարեգին Խաժակի մասին, որ մեր խմբի մեջ շատ նշանավոր դեր ուներ: Նա պատմաբան էր և սովորել էր իր ուսումը Գերմանիայում: Ալեքսանդրապոլցի էր և իր խոսակցության մեջ հաճախ գործածում էր արևմտահայ գրական լեզուն: Հաճախ խոսում էինք իրար հետ և շատ հաճախ վեճ էինք ունենում որևէ հարցի շուրջը: Նա միշտ հակառակվում էր և պնդում իր ասածի վրա: Մի փոքրիկ դեպք պատմեմ: Մի անգամ մի ընկերական հավաքույթի մեջ խոսք եղավ ասորիների և ասորեստանցիների մասին: Խաժակը ապլոմբով հայտարարեց, թե այդ 2 ազգերը միևնույն են: Դա մի մեծ ժողովուրդ էր, որ Միջերկրականից սկսած տիրում էր մինչև Պարսկաստան: Ես ասացի, թե «Խաժակ, սխալ ես ասում, Ասորիք և Ասորեստան տարբեր երկրներ են: Նրանք առանձին ազգեր են, տարբեր լեզուներ ունեն»: — Ոչ,— գոռաց Խաժակը,— սխալ ես ասում: Խաժակը պատմության ուսուցիչ լինելով այսպիսի սխալ չպիտի գործեր: Հաջորդ օրը ես մի նամակ գրեցի Հյուբշմանին այս առթիվ և խնդրեցի իր գրավոր կարծիքը: Մի քանի օրից ստացա գերմաներեն լեզվով գրած 4 երեսանոց մի նամակ, որ սքանչելի պարզությամբ պատասխանում էր հարցին: Նամակը վերցրի և մի ուրիշ օր մեր հաջորդ հավաքման մեջ, բոլորի ներկայությամբ կարդացի: — Տեսա՞ր, դա ճիշտ իմ ասածն է ասում, դու ճիշտ հակառակն էիր պնդում,— ասաց նա ինձ: Այսպիսի շրջադարձ, այսպիսի խաբեբա ոստյուն անկարելի էր սպասել: Դիմեցի մյուս ընկերներին և հարցրի, թե այն օրը ով ինչ էր ասում: — Չենք հիշում,— ասացին բոլորը անտարբերությամբ և միջադեպը փակվեց, մեծ վերք գցելով սրտիս մեջ: Հյուբշմանի նամակը այնքան լավն էր, կարծես ինչ-որ հանրագիտարանի միջից պոկված մի թերթ, որ ես ամբողջովին թարգմանելով՝ հրատարակեցի իմ «Պատմութիւն Եղիա քահանայի» աշխատության առաջաբանում: Մոտավորապես նման մի դեպք ունեցա Խաժակի հետ Շնիկ աստղի երևալու ժամանակի մասին։ Շուշու Թոփխանայից մի գիշեր միասին անցնելիս մեր դեմը երևաց բարձրում Շնիկ աստղը, ցույց տվի Խաժակին և խոսեցի նրա ծագման և անկման ժամանակի մասին: — Ոչ,— հակառակվեց նա ինձ,— սխալ ես ասում: Երբ եկավ փետրվար ամիսը և նորից էինք անցնում Թոփխանայով և Շնիկ աստղը ցույց տալով, իմ ասածը ուզեցի հաստատել, ճիշտ նախորդ ձևով ասաց. — Տեսնո՞ւմ ես, իմ ասածը դուրս եկավ, դու հակառակն էիր ասում: Խաժակի մասին լսել եմ նաև հետևյալ միջադեպը. Մի ժողովի ժամանակ վեճ է ունենում ներկաներից մեկի հետ և ասում է նրան. — Դուք կարդացե՞լ եք Մարքսի այսինչ գործը: — Իհարկե,— պատասխանում է նա,— կարդացել եմ: — Սուտ ես խոսում,— ասում է Խաժակը,— դու չես կարդացել այդ գիրքը, որովհետև Մարքսը այդպիսի գիրք չէ գրած: Խաժակի մահը աղետալի եղավ: 1915 թվականին տաճիկները մի գիշերվա մեջ 500 ազգային գործիչ աքսորեցին և կոտորեցին: Նա նրանց մեջ էր: Դպրանոցի ուսուցիչներից էր նաև Ավետիս Տեր-Հարությունյանը, որ Ղարաբաղի Թաղոտ գյուղից էր: Էջմիածնում ուսանող ժամանակ օգնել էր ինձ Ղարաբաղի բարբառի քննությունս գրելու ժամանակ: Շուշում շատ ավելի մտերմացանք իրար հետ և միասին կազմեցինք Պետրոս Դուրյանի տաղերի ժողովածուն: Առաջաբանը գրեց նա, կենսագրությունը գրեցի ես, տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի Դուրյանի դժվար հասկանալի բառերը: Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում: Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ: Շաբաթ երեկո էր: Ավետիսը ստացավ իր 100 օրինակը: Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ գիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա: Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը: Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը: Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը: Այսպիսով ամբողջ գիրքը անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում: Ես էլ չունեմ: Թեմականի ուսուցիչներից հիշենք նաև Փիրջանյան (շուշեցի), Հայկ Հովակիմյան (երևանցի, կոչված Փոքր Հայկ), Հայկ Հովակիմյան (ագուլեցի, կոչված Մեծ Հայկ), բոլորն էլ լավ ընկերներ, որոնց կյանքի հետագա ընթացքը չգիտեմ: == ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ԹԵՄԱԿԱՆՈՒՄ == Բենիկ վարդապետը հայտնեց, թե ուսումնական տարին նոր սկսելու ժամանակ, սովորություն կա, որ ուսուցիչներից մեկը հանդիսավոր դասախոսություն կարդա: Առաջարկեց, որ այդ դերը ես վերցնեի, որպեսզի ժողովուրդը ճանաչեր ինձ: Ես Այդ ժամանակ զանազան հոդվածներ էի կարդում հայ զինվորների հասակի չափման մասին: Գրում էին, թե հայ զինվորները հասակի կողմից երկու որոշ կարգի են բաժանվում: Ոմանք միջակ կամ միջակից ցածր հասակ ունեն, ոմանք էլ միջակից բավական բարձր: Այդ թվերը սանտիմետրով չափած՝ հրատարակված էին: Այս ազգագրական տեղեկությունը վերցնելով, ենթադրեցի, թե դա արդյունք է այն բանի, որ հայոց մեջ կա 2 ցեղ. մի ցեղը հնդեվրոպացիք են, երկրորդը՝ խալդիները: Արդարև հայ ազգը ձևացած է գլխավորապես այս 2 ցեղերի գումարից: Հնդեվրոպացիների հասակը հայտնի է մեզ. Հյուսիսային Եվրոպայի հնդեվրոպացիք բարձրահասակ են, ինչպես՝ ռուսները, գերմանացիք, անգլիացիք և այլն, իսկ Հարավային Եվրոպայի հնդեվրոպացիք միջհասակ են, ինչպես՝ հույները, իտալացիք, իսպանացիք և այլն: Ուրեմն հայոց մեջ միջահասակ ցեղը ներկայացնում է Հարավային Եվրոպայի հնդեվրոպացի ցեղը: Խալդիները բարձրահասակ էին, ինչպես երևում է ասորեստանյան արձանագրությանց մեջ դրված նկարներից: Այսօր էլ վանեցիք, որ գերազանցապես ներկայացնում են խալդի ցեղը, վիթխարի, բարձրահասակ մարդիկ են: Երբ ես ասացի, թե բարձրահասակ հայերը խալդի են, բոլորի աչքերը սևեռվեցին Խաժակի վրա, որ մեր ուսուցիչների մեջ ամենից բարձրահասակն էր, այնուհետև նրա անունը դրին խալդի: Խաժակը դժգոհ էր այս եզրակացությունից: Մի ուրիշ ելույթ էլ ունեցա Շուշում: Զվարճալի է դրա պատմությունը: Ուշ գիշերին, երբ պառկած էի, մի երիտասարդ բերավ ինձ մի նամակ, որի մեջ Սերմնացանի դուստրը՝ Հռիփսիմեն գրում էր. «Եթե ինձ հարգում եք, այս րոպեիս եկեք թատրոն»: Սերմնացանը Շուշվա ազատականներից մեկն էր. ուներ երկու աղջիկ՝ Հռիփսիմե և Գայանե՝ առաջինը երկրորդից գեղեցիկ, ինչպես Ագաթանգեղոսի մեջ: Ուներ նաև մի որդի, սիրուն պատանի, որ սակայն կուզ էր: Կուզին տարին Եվրոպա և բժշկական միջոցներով կուզը ուղղելով, բերին Շուշի: Սերմնացանը երբեմն գրում էր «Մշակ» թերթի մեջ և խոսում ու քննադատում էր Շուշվա անցուդարձը: Ընտանիքում, բացի հայերենից և ռուսերենից, խոսում էին ազատ ֆրանսերեն. և այդ էր պատճառը, որ ես էլ ընդունված էի այդ ընտանիքի մեջ և հաճախ այցելություններ էի տալիս: Նամակը կարդացի թե չէ, իսկույն վեր կացա և գնացի Խանդամիրյանի թատրոնը, ուր այդ գիշեր ներկայացում կար: Ներկայացումը բարեգործական նպատակով էր: Օրիորդ Հռիփսիմեն, որ լավ սիրող էր, մասնակցում էր խաղին։ Ինչ-որ վեճ է ծագում իր և դերակատար մի երիտասարդի միջև: Հռիփսիմեն վիրավորված, պահանջում է երիտասարդից ներողություն խնդրել. նա չի խնդրում: Հռիփսիմեն զայրացած պատասխանում է նրան. երիտասարդը օրիորդին նեղը գցելու համար՝ հրաժարվում է խաղից: Այդ պատճառով Հռիփսիմեն կանչում է ինձ: Երբ ես ներկայացա իրեն, նա ինձ մի երես գրություն տվեց, որ երիտասարդի դերն էր, խնդրեց մի քանի անգամ կարդալ և անգիր անել, որպեսզի հասարակության առաջ դերս կատարեի: Չգիտեի, թե ինչ եմ և ինչ եմ ասում: Շորերս փոխեցին, գլխիս մի գլխարկ դրին, առաջս մի գոգնոց կապեցին և ինձ բեմ հրեցին: Հռիփսիմեն հայտնեց ինձ, թե ես այդ տան խոհարարն եմ, վաղուց ապրում եմ այդ տան մեջ և իբրև ծերունի, վստահելի և ուղղամիտ մարդու, բոլորը ինձ հարգում են: Ուստի ես պետք է խոսեմ համարձակ և հեղինակավոր ձայնով: Բայց թե ում հետ պետք է խոսեի և ինչ պատճառով՝ չգիտեի: Ժամանակ չկար երկար բացատրելու: Մտա ներս հանդիսավորապես և բոլոր ժողովրդի ծափահարության տակ, արտասանեցի դերս, չիմանալով, թե ում հետ եմ խոսում: Դերս վերջացավ և դուրս եկա: Հռիփսիմեն էլ եկավ և հայտնեց ինձ չափազանց մեծ շնորհակալություն, ասելով միանգամայն, թե «դերը շատ լավ տարիք»: Այս «դերակատարությունս» երկրորդն էր կյանքիս մեջ. առաջինը տեղի էր ունեցել Էջմիածնում, ուր կատարեցի անխոս մի հիմարի դերը: Հետագայում շատ առիթներ ունեցա մասնակցելու թատերական խաղերին. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը խաղացել եմ 14 անգամ՝ կատարելով Մանուկ աղայի դերը: Դրա համար էլ ծածկանունս դրել եմ «Մանուկ աղա», այդ ծածկանունով հոդվածներ եմ գրել Երևանում Խոճիկի հրատարակած «Կարմիր մոծակ» զավեշտաթերթի մեջ: == ԱՎԵՏԻՍ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ ՀԵՏ == Գրադարանումն էի: Կարդում էի Շուշում տպված Առակագիրքը, որ կիսովին բարբառով էր: Ես հավաքում էի Ղարաբաղի բառերը. գրքի ետևի շապիկի վրա կարդացի հեղինակի՝ Ավետիս Բահաթրյանի անտիպ գործերի ցուցակը: Դրանց մեջ կար Ղարաբաղի բարբառի բառարանը։ Չափազանց ուրախացա և դիմելով գրադարանապետ Պողոս Զաքարյանին, հարցրի, թե ո՞վ է այս Ավետիս Բահաթրյանը: Տեղից վեր կացավ, սրահի կենտրոնը սեղանի վրա կռացած մի ծերունի ցույց տվեց և ասաց. — Ահա այդ ծերունին է: Վեր կացա, գնացի ծերունու մոտ, հարգանքով բարևեցի և ասացի. — Այս գրքում կարդացի այժմ, թե դուք Ղարաբաղի բարբառի ընդարձակ բառարան եք կազմել. կարելի՞ է տեսնել ձեր գիրքը։ — Կորի գնա՛, լակոտ, եկալ ըս ինձ ձեռք առնելո՞ւ: Գնացի Պողոս Զաքարյանի մոտ և տեսարանը պատմեցի: Նա գնաց սրահ և ծերունուն մոտենալով, խոսեց իմ մասին: Անշուշտ նա հայտնեց, թե ես իր ասած լակոտներից չեմ, ուսուցիչ եմ թեմականում և հետաքրքրվում եմ Ղարաբաղի բարբառով: Ծերունին կանչեց ինձ և ասաց. — Թե որ իդի է, եր կաց քինինք մեր տոնը քեզ շանց տամ: Ծերունին վեր կացավ, թևը մտա և դանդաղ քայլերով առաջնորդեցի մինչև իր տունը, որ գտնվում էր հայոց թաղի ծայրը, ադրբեջանական թաղի սահմանում, Խանդամիրյանի թատրոնի դեմը, աղբյուրից մի քիչ վերև: Հայոց թաղի առաջին տունն էր: Տանը ապրում էր նա մենակ. ոչ ոք չուներ: Տարավ իր սենյակը և բառարանը առաջս դրեց: Դա մի ընդարձակ գործ էր, կազմած, ձախ կողմի վրա բառերը գրած, բայց դրանց դեմը բացատրություն չկար: Այժմ պատմեմ Բահաթրյանի կյանքը: Բահաթրյանը եղել է տորոն մշակող: Ընդարձակ հողեր է մշակել և բերքը Եվրոպա արտահանելով՝ վաճառել: Հարուստ մարդ էր ուրեմն: Մի տարի Շվեյցարիայից, մի պրոֆեսորի կողմից, ստանում է մի նամակ, որով պրոֆեսորը հայտնում է, թե հնարել է ալիզարին կոչված քիմիական նյութը, որով տորոնը ավելորդ է դառնում: Պրոֆեսորը զգուշացնում է տորոն մշակողներին ընդհանրապես, դադարեցնել մշակությունը, ապա թե ոչ բոլորը պիտի սնանկանան: Այդպիսի նամակ ստացել էին նաև ուրիշները: Ուրիշների նման, Բահաթրյանն էլ չլսեց պրոֆեսորի առաջարկը, խաբեբա համարելով նրան. մշակեց տորոնը, որ անվաճառ մնալով, Բահաթրյանը սնանկացավ: Բահաթրյանը երկու որդի ուներ՝ Առաքել և Բահաթուր: Առաջինը հայտնի գրող է. երկրորդը տարիներ հետո գնում է Շվեյցարիա, համալսարան մտնելու նպատակով: Համալսարանում պրոֆեսորներից մեկը, լսելով նրա ազգանունը, մոտենում է նրան և ասում. — Դուք շուշեցի եք. տորոն մշակող Ավետիս Բահաթրյանի որդի՞ն եք. ես նրան զգուշացրել էի, որ տորոն չմշակի. նա չլսեց ինձ, մշակեց և սնանկացավ. այդպե՞ս է: — Այդպես է: — Որովհետև ձեր հոր սնանկացման պատճառը ես եմ եղել, ես վերցնում եմ ձեզ իմ խնամակալության տակ և մինչև ձեր ավարտելը կպահեմ ձեզ: 1923 թվականից հետո, երբ ես Երևան փոխադրվեցի, համալսարանում տեսա սույն Բահաթուր Բահաթրյանին, մաթեմատիկայի դասախոս էր. կարճ հասակով և ուռած մարմնով մի անձ էր: Իրար հետ մտերմացանք: Պատմեցի իր հոր պատմածները և որդին հաստատեց դրանք: Սրտի հիվանդություն ուներ: — Բժիշկների չե՞ք դիմում. ի՞նչ են ասում: — Ասում են, թե ծխելուն և խմելուն վերջ պիտի տաս։ Է՜հ, եթե վերջ չտամ, քանի՞ տարի կապրեմ: — Հազիվ 10 տարի: — Իսկ եթե վերջ տա՞մ: — Այն ժամանակ 12 տարի կապրեք: — Ուրեմն 2 տարի տարբերություն. ավելի լավ է ծխեմ ու խմեմ. այդ 2 տարին ինձ պետք չէ: Բայց 10 տարի չանցած Բահաթրյանը մեռավ: Եվ այսպես՝ Ավետիս ապերը (այդպես էին կոչում նրան) բառարանը դրեց առաջս, որի հորինման պատմությունը հետևյալն է. Խաչատուր Աբովյանը չհավանելով մեր գրական լեզվին և համարելով ժողովրդին անհասկանալի գրաբար, մտածեց Քանաքեռի բարբառը գրական լեզու դարձնել: Այս նպատակով գրեց «Վերք Հայաստանի»-ն, որ սակայն իր մահվանից 10 տարի հետո միայն տպվեց, երբ գրական հայերենը արդեն ընդհանուր տարածված էր: Աբովյանի նման Բահաթրյանն էլ չհավանելով մեր արդի աշխարհաբարին և տեսնելով, որ նա մեր ժողովրդին անհասկանալի է, մտածում է Ղարաբաղի բարբառի վրա հիմնված մի նոր գրական լեզու ստեղծել: Նա դուրս է հանում բառարանից բոլոր այն գրաբար բառերը, որոնք այժմ ժողովրդի մեջ գործածական չեն, հավաքում է միայն գրաբարի այն բառերը, որոնք ժողովրդին հասկանալի են, ավելացնում է դրանց վրա Ղարաբաղի բարբառին հատուկ գավառական բառերը, մի քիչ գրական ձև տալով նրանց, ավելացնում է նաև ժողովրդի մեջ գործածվող թրքական բառերը, և այսպիսով կազմում է այն բառարանը, որ դրեց իմ առաջ։ Ես ասացի, թե ամեն ինչ անցել է. ձեր ծրագիրը չիրագործվեց. գրական լեզուն այժմ ամեն տեղ սովորում են և խոսում: Ձեր աշխատանքից մնում է միայն Ղարաբաղի բառերի ցանկը: Ուստի ես դուրս կգցեմ սովորական հայերեն բառերը և կպահեմ միայն Ղարաբաղի բարբառի բառերը: Մենք համաձայնության եկանք, և որովհետև ծերունին անընդունակ էր աշխատելու, ես հանձն առի արտագրել Ղարաբաղի բառերը, նրանց դեմ ավելացնելով իրենց նշանակությունը, համաձայն հեղինակի բացատրության: Երկար տևեց աշխատանքը, և ես ամիսներ շարունակ գնալով նրա մոտ, շարունակում էի աշխատանքը, մինչև վերջացրի (կարծեմ 6000 բառ էր): Մեծ վեճ ունեցանք թուրքերեն բառերի համար: Միամիտ Բահաթրյանը պնդում էր, թե այդ թուրքերեն բառերը հայերեն են և հայերենից անցել են թուրքերենին: Օրինակ էր բերում թուրքերեն yoran բառը, որ նշանակում է «վերմակ»: Այս բառի հին ձևն է եղել, ըստ նրա կարծիքի, վերարկան «վրան արկանելի». Ղարաբաղում հայերեն վեր բառը արտասանում են yor, որով վերարկան դարձել է yoraran և կրճատվելով՝ yoran: Անկարելի եղավ համոզել նրան: Երբ գիրքը պատրաստ էր, ուզեցի հրատարակության տալ: Դիմեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և առաջարկեցի տպել գիրքը: Սիրով հանձն առին: Բայց հեղինակը գրեց մի առաջաբան, որի մեջ պնդում էր yoryan-ի վրա: Առանց այդ առաջաբանի չէր թույլ տալիս, որ բառարանը տպվի: «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրությունը բնականաբար չհամաձայնվեց և գիրքը չտպվեց: Այնուհետև ձեռագիրը ուղարկեցի Իզմիրլյան մրցանակին (Կոստանդնուպոլիս): Տարիներ հետո լսեցի, որ Բահաթրյանի տանը հանկարծ հրդեհ է պատահել կես գիշերին, ամբողջ տունը այրվել է, և Բահաթրյանը շապկանց հազիվ կարողացել է փախչել: Այրվել են նրա բոլոր գործերը, ինչպես նաև 8 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեջ էր Գրիգոր Տաթևացու ինքնաձեռագիր մի աշխատություն, ինչպես ինքն էր ասում: Ես այդ ութ ձեռագրերի համար դիմել էի Վիեննայի Մխիթարյան միաբանության և առաջարկել էի գնել: Միաբանությունը ընդունեց, բայց գնի կողմից համաձայնության չեկան: Այսպես կորավ Տաթևացու դժբախտ ձեռագիրը, մի քանի ռուբլու պատճառով: Շատ ավելի ուշ, 1934 թվականին, երբ Երուսաղեմից ստացանք 30 հայերեն գավառական բարբառների բառարանի ձեռագրերը լուսանկարված, զարմանքով տեսա նրանց մեջ Բահաթրյանի կազմած Ղարաբաղի բարբառի ձեռագիրը: Ձեռագիրս ճանաչեցի. այժմ նա գտնվում է պետական համալսարանի գրադարանում: Հեղինակը ստացել էր Իզմիրլյան մրցանակը: == ԻՄ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ == Երկու քույրերիս ամուսնությունից հետո, հերթը ինձ էր եկել։ Մայրս այդ առթիվ երբեմն ակնարկություններ էր անում, բայց շատ վախկոտ, որովհետև ես բոլորովին անտարբեր էի այդ մասին: Առանց սիրո ամուսնություն չեմ հասկացել: Մայրս էլ վերջ տվեց իր ակնարկներին: Մի օր ինչ-որ դասախոսություն էր տեղի ունենում: Մենք էլ մի քանի ուսուցիչներով գնացել էինք լսելու: Հանդիսականների առաջին շարքերը բռնել էին մի խումբ օրիորդներ: Երկրորդ շարքը նստել էինք ես և մի քանի ուսուցիչներ: Իմ կողքին նստել էր Արշակ Մեհրաբյանը: Դեռ դասախոսությունը չէր սկսվել: Հանկարծ մի օրիորդ, որ ճիշտ իմ առաջն էր նստել, հետև դարձավ, կարծես թե ինձ նայեց և շուռ եկավ: Այդ մի ակնթարթը ազդեց իմ վրա: Դարձա Արշակին և հարցրի, թե ո՞վ է այս աղջիկը: Պատասխանեց. — Հավանեցի՞ր. շատ լավ աղջիկ է: Իմ լավագույն աշակերտներից մեկն է: — Հայկական դպրոցներ չլինելու պատճառով Շուշվա աղջիկները խմբակներ էին կազմած և մասնավոր ուսուցիչների մոտ հայերեն և հայ գրականություն էին սովորում: Մեհրաբյանը այդպիսի մի խումբ ուներ և այդ աղջիկը նրա աշակերտուհին էր։ Իմ սերերը միշտ այդպես ակնթարթային են եղել. ես սիրահարվեցի: Եվ այնուհետև առիթներ էի փնտրում նրան տեսնելու։ Ամառ էր և ամբողջ շուշեցիք, մանավանդ երիտասարդները, երեկոյին գնում էին բուլվար՝ զբոսնելու: Ես էլ ամեն օր գնում էի պտտելու և պատահելու նրան: Կանոնավորապես միշտ իր քրոջ հետ գալիս էր, նստում նստարանի վրա կամ ման գալիս: Երեկոյան ժամը 8-ին գնում էր տուն: Ես բնականաբար ոչ մի քաջություն չունեի ներկայանալու և ծանոթանալու համար և երբ տեսնում էի նրան, գլուխս կախած, սրտատրոփ անցնում էի: Ոչ մի փորձ չարի ծանոթանալու, այլ միայն տեղեկություններ քաղեցի նրա մասին: Բոլոր ստացած տեղեկություններս դրական էին: Իհարկե սիրահարը կարծում է, թե իր սերը գաղտնի է մնում, բայց ոչ: Շուտով լսում են և հայտնում են սիրուհուն: Մի օր, երբ ես աշխատում էի Բահաթրյանի տանը, հանկարծ հարևան բալկոնում տեսա օրիորդին, որ մազերը թափած, ման էր գալիս: Նրա մազերը այնքան առատ և երկար էին, որ մինչև ոտքը հասնելուց հետո, կես արշին երկարությամբ էլ քարշ էին գալիս հատակի վրա: Գլուխը լվացել էր և ուզում էր բացօթյա չորացնել: Ես իսկույն դիմեցի Ավետիս ապոր և իմ սրտի գաղտնիքը հայտնեցի նրան: Ավետիս ապերը, որ շատ բարի մարդ էր, իսկույն հայտնեց, թե կգնա, նրա հորը կխոսի և նրա ձեռքը կխնդրի: Իբրև հարևաններ, իրար հետ շատ մոտիկ էին. նա իսկույն գնաց, խոսեց և մյուս օրը հայտնեց, թե հայրը համաձայն է երևում, բայց ուզում է տեղեկություններ քաղել: Սկսել էր այդ գործին, անշուշտ ստացած տեղեկությունները դրական պիտի լինեին, որովհետև հարգված ուսուցիչ էի և 90 ռուբլի ամսական ռոճիկ ունեի: Խանգարիչ էր միայն այն հանգամանքը, որ ես դրսեցի էի և կարող էի մի օր Շուշուց հեռանալ, իսկ ինքը՝ հայրը, ուզում էր, որ փեսան միշտ Շուշում մնա: Վերջապես տեսնում են իրենց նախկին մի բարեկամ հադրութեցի Արշակ քահանա Տեր-Ոսկանյանին, նախկին ճեմարանցի էր: Հայրը կարծիք է հարցնում նրան և ասում է, թե աղջկանս ձեռքն է խնդրում, ինչ կասես: — Անմիջապես տուր,— ասում է քահանան,— ոսկի գրիչ ունի. ավելի լավ չես գտնի: Օրիորդի հայրը, որ չափազանց կրոնասեր մարդ էր, լսելով իրենց սիրելի քահանայի այդ խոսքը, համաձայնության է գալիս: Իմ կյանքի պատվանդանի քարերից մեկը այդ քահանան դրեց: Ծանոթացա օրիորդի հոր հետ, որ Բալասան ապեր էր կոչվում, գնացինք բուլվար և նստեցինք նստարանի վրա: Իմ առաջարկը հայտնեցի նրան. հայրը խոստացավ, բայց խնդրեց հետաձգել մի տարի: — Հասկացա,— ասացի ես,— դուք ուզում եք մերժել և խաբում եք ինձ: Այն ժամանակ նա երկարեց ինձ իր արծաթյա կոթով գավազանը և ասաց. — Ահա այս գավազանը, իբրև նշան խոսքիս հաստատության։ Ես մերժեցի գավազանը և խնդրեցի, որ նշանդրեք ունենանք: Համաձայնվեց. օրը նշանակեցինք և որոշեցինք, որ ծնողների հետ նշանը տանեմ: Տուն եկա և մորս ասացի. — Մայրիկ, կիրակի օրը նշան պիտի տանինք, պատրաստվիր։ Չափազանց մեծ եղավ մորս ուրախությունը. նա մի քանի անգամ ակնարկներ անելուց հետո արդեն հուսահատվել էր և ամենևին չէր սպասում, որ ես կամուսնանամ: Նշանի համար առինք մի խումբ ակնեղեն առարկաներ, մի ժամացույց իր շղթայով, մի մանյակ կրծքի (հավատք, հույս, սեր), մի ականակուռ մատանի: Գնացինք նրանց տունը. ես էի, հայրս, մայրս, քույրս և փեսաս: Նշանը հանձնեցինք և բավական ժամանակ խոսակցելուց հետո տուն վերադարձանք: Ես օրիորդի հետ առաջին անգամն էր, որ խոսում էի: Ես խնդրեցի Բալասանից, որ թույլ տա ինձ շաբաթական մի անգամ նրանց տունը գնալու: Որոշեց չորեքշաբթի օրերը: Այսպես շարունակեցինք մի ժամանակ, բայց ես օրիորդին պատահում էի եկեղեցում անխափան շաբաթ երեկո և կիրակի առավոտ: Այսքանը քիչ էր ինձ համար: Ես ծանոթացել էի օրիորդի քեռակնոջ՝ Օլինկայի հետ: Շատ բարի կին էր: Խոստացավ շաբաթվա մեջ մի օր էլ հատկացնել իր տան մեջ այցելության: Այսպիսով ես կարող էի տեսակցել նրա հետ շաբաթական 4 անգամ: Ամբողջ այս շրջանին ես գրում էի շարունակ սիրային բանաստեղծություններ և տալիս էի օրիորդին: Բնականաբար նա հաճույքով կարդում էր: Ինչ կա ավելի քաղցր մի օրիորդի համար, քան կարդալ իրեն նվիրված այսպիսի գովասանական բանաստեղծություններ: Բայց ի՞նչ կա մի երիտասարդի համար ավելի քաղցր, քան իր սիրուհուն մատուցանել իր այսպիսի բանաստեղծությունները: Իմ ոտանավորներից երկուսը ձայնագրեց թեմական դպրանոցի երաժշտության ուսուցիչ Հաբեթ Խաչատրյանը և միասին հաճախ այդ երկու երգերը երգում էինք: Իմ գրած բոլոր բանաստեղծությունները մի փոքրիկ ծոցատետրի մեջ մանրատառ գրերով ամփոփել էի: 160 հատ էր: Բաքվի թալանին այդ տետրակն էլ կորավ, և ես նրանցից մի քանիսը միայն հիշում եմ այժմ: Մի տարի անցավ մեր նշանադրությունից և վերջապես որոշվեց հարսանիքը, որ տեղի ունեցավ 1904 թվականի մայիսի 10-ին: Հորը հայտնեցի, թե ես հարսանիք չունեմ. հարսանիքը կլինի քո տանը. կանչիր ինչքան մարդ, որ ուզում ես: Իմ կողմից կգանք միայն, բացի ինձանից, այլ ևս 6 հոգի՝ հայրս, մայրս, քույրս՝ Հերաիլյան, փեսաս՝ Նիկոլայ Խաչունցը, կնքահայրս՝ Հարություն Մելիքյանը և խաչեղբայրս՝ Ավետիս Տեր-Հարությունյանը (վերջին երկուսը ուսուցիչ): Որքա՞ն ծախս կլինի: Հայրը պատասխանեց, թե ծախսը կլինի 800 ռուբլի, որի կեսը՝ 400 ռուբլի, ես կանխիկ վճարեցի նրան: Հետաքրքիր է այս 400 ռուբլու հարցը: Ես պատրաստ գումար չունեի: Փեսաս միշտ ասում էր, թե «հարսանիքի ծախսը ես պիտի տամ»: Երբ եկավ հարսանիքի օրը, ես դիմեցի նրան և խնդրեցի, որ պարտքով 400 ռուբլի տա։ — Վերցրու այդ թերթը և մի մուրհակ գրիր: Ես թուղթը վերցրի և գրեցի. «Ստացա… փոխարինաբար 400 ռուբլի»: — Դու մուրհակ գրել չես իմանում, այդ ի՞նչ հիմար բան ես և Պատասխանեցի, թե կյանքումս ես մուրհակ գրած չեմ: Այն ժամանակ նա թելադրեց, և ես գրեցի, ինչ որ նա ասաց: Թելադրածի մեջ կար մի անհայտ բառ, որ ես չէի հասկանում: Հարցրի, թե սա ինչ կնշանակի։ Պատասխանեց, թե այդ նշանակում է, որ եթե մինչև մի տարի 400 ռուբլին չվերադարձնեմ, ուշացած ամեն մի օրվա համար պիտի վճարեմ 10 ռուբլի տուգանք: — Սարսափած ես ասացի. — Այդ ի՞նչ սարսափելի գումար է: — Օրենքը այսպես է. չես ուզում մի՛ վերցնի: Ես համաձայնվեցի բոլորովին այլ հույսով: Ես կազմել էի Սուրբ Մեսրոպի և հայերեն գրերի գյուտի պատմությունը, որ Լազարյան ճեմարանի կողմից մրցանակի էր դրված: Մրցանակի գինն էր 1000 ռուբլի։ Երկու հոգի մասնակցեցինք. ես և գերմանացի հայագետ Մարկվարտը: Մարկվարտի գրածը 50 երես էր, որ հետագայում տպվեց «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ, իսկ իմ աշխատանքը 1500 էջ էր: Մրցանակը բաժանեցին երկուսի: 400 ռուբլի տվին Մարկվարտին և 600 ռուբլի ինձ: Այս գումարից 400 ռուբլի իսկույն վճարեցի փեսայիս և մուրհակը պատառոտեցի, առանց այն սարսափելի տուգանքի: Եվ միշտ ասում էի. «Իմ հարսանիքը Սուրբ Մեսրոպը կատարեց»: Հարսանիքից մի քանի օր հետո մայրս ասաց ինձ. — Է՜հ, էրկու քուրերդ պսակեցինք, դուն ալ պսակվեցար, տեր տիրական ունեցար: Մեր հոս կենալը ավելորդ է. հարս ու կեսուր իրարու հետ աղեկ չեն էրթար: Ան բան մը կըսե, ես կնեղանամ, ես բան մը կըսեմ, ան կնեղանա: Դուն ալ մեջտեղը ինչ ընելդ չիտես: Ադօր աղեկը՝ քանի հիմա իրարու հետ շատ սիրով ենք, էլլենք մեր տեղը էրթանք: Այսպես հայրս և մայրս ուզեցին բաժանվել և գնալ Կոստանդնուպոլիս. ես շատ դիմադրեցի, որ մնան, բայց նրանք իրենց ասածը արին և մյուս օրը մեկնեցին Բաթումի՝ Կոստանդնուպոլիս գնալու համար: == ՄԵՅԵՆ ՇՈՒՇՈՒՄ == Փարիզից և Ստրասբուրգից հետո ես միշտ թղթակցություն ունեցա իմ երկու ուսուցիչների՝ Մեյեի և Հյուբշմանի հետ: Եթե նրանց գրած նամակները պահած լինեի, մի ահագին գիտական հատոր կլիներ: Բայց ես նամակ պահելու սովորություն չունենալով, ջնջել եմ այդ բոլորը: Բնականաբար մեր այդ ամբողջ թղթակցությունը գիտական հարցերի շուրջն էր: Ամեն անգամ, որ մի նոր ստուգաբանություն էի մտածում, դիմում էի նրանց և նրանց կարծիքը հարցնում: Երբ իմ «Թուրքերէնէ փոխառեալ բառեր» աշխատությունը հրատարակեցի և Հյուբշմանին մի օրինակ ուղարկեցի, նա շատ գոհ մնաց և պատասխանեց, թե «Ձեր այդ գիրքը իմ «Armenische Grammatik» աշխատության շարունակությունն եմ համարում»: Զվարճության համար մի օր Էջմիածնից Հյուբշմանին գերմաներեն մի նամակ գրեցի և գերմաներեն լեզուն ծաղրելու համար, 3 երեսանոց նամակը մի պարբերության մեջ վերջացրի, գերմանական երկարաբան ոճով: Չգիտեմ, թե կատակս հասկացա՞վ թե չէ: Դժբախտաբար Հյուբշմանը կարճատև կյանք ունեցավ, և երբ ես նոր էի գնացել Նոր-Նախիջևան, իր մահվան լուրն առի: Հիշում եմ, թե ինչպես հրճվալից էր խոսում Հյուբշմանը, երբ հիշում էր նորվեգացի հայագետ Bugge-ի առաջարկած ստուգաբանությունը հայերեն ալիք բառի մասին, իր 2 իմաստներով (ծովի ալիք ու ծերունու մորուք), ճիշտ ինչպես հունարեն oios, նույն իմաստներով. „Nur ein paar solche armenische Etymologien“,— կրկնում էր շարունակ: Երբ ես մտածեցի հայերեն աղմուկ բառը համեմատել հունարեն oiepos բառի հետ «պատերազմ», երևակայում եմ, թե որքան հրճվանք պիտի զգար նա, երբ տեսներ, թե Bugge-ի oios-ը մի ընկեր էլ ունեցավ: Երբ այս ստուգաբանությունը հայտնեցի Մեյեին, իր նամակով գրում էր ինձ հրճվալից. „Il faut vous applaudir pour cette belle étymologie“, բայց Հյուբշմանը մեռած էր։ Ես դեռ նշանված չէի և ծնողներս էլ Շուշում էին, երբ Մեյեն հայտնեց, թե ամառը ուզում է Շուշի գալ, մնալու համար մի քանի օր մեզ մոտ: Ուրախությամբ ընդունեցի: Մեյեն իջավ մեր տունը. մայրս ամենաընտիր կերակուրներն էր պատրաստում իմ օտարազգի ուսուցչին դուր գալու համար: Մեյեն ճաշակում էր և մորս հայերեն ասում. — Շատ լավ է: Սրանից և «բարև ձեզ» ողջույնից դուրս ոչ մի հայերեն բան չէր խոսում: Մեյեն կազմել էր իր հայերենի քերականությունը և ուզում էր, որ ձեռագիրը միասին կարդայինք նախքան տպագրելը, որպեսզի եթե պատահական սխալներ սպրդած լինեին, ուղղեինք: Այս աշխատությունը կատարեցինք: Ամեն օր բարձրանում էինք քերծը: Ի՜նչ հաճույք էր զգում՝ դիտելով ընդհանուր տեսարանը, մանավանդ, երբ տեսնում էր կանաչների մեջ թաղված կարմիր կտուրները: «Mais c’est très joli»,— բացականչում էր շարունակ: Մի օր գնացինք Կեխաղբյուրի անտառը ման գալու: Այն ժամանակ ես կասկածում էի, թե թոքախտ ունեմ. Մեյեն թոքախտավոր ընտանիքի սերունդ էր և ինքն էլ թոքախտ ուներ: Խորհուրդ տվեց ինձ (իբրև մասնագետ), ձեռնափայտը մեջքի վրա հորիզոնաձև դրած՝ երկու թևերի տակ առնել և այդպես ման գալ մի քանի ժամ այդ անտառում, որի բույրը բուժիչ է հատկապես թոքախտի: Մի երեկո, երբ բուլվարում ման էինք գալիս միասին, թաքուն ցույց տվի նրան նստարանի վրա նստած Արուսյակին, որի հետ ես դեռ ծանոթ չէի և ասացի, թե «Այդ օրիորդը իմ ապագա կինը պիտի լինի»: Դիտեց, հավանեց և գոհ մնաց: Մեյեի գալուստը ուրախությամբ դիտվեց ամբողջ Շուշում: Երբ մենք միասին ման էինք գալիս բուլվարում, բոլորը հետաքրքրությամբ դիտում էին, և որովհետև Մեյեն միշտ կրում էր ճամփորդական փակ սև ակնոց, ասում էին. «Այս կույր մարդը Աճառյանի պրոֆեսորն է»: Ընկերներս մի ցերեկույթ կազմակերպեցին թեմական դպրանոցում Մեյեի պատվին: Հավաքվեցին մի խումբ երիտասարդներ և օրիորդներ և նրա ներկայությամբ պարելով, ցուցադրեցին կովկասյան ամենանուրբ և դժվար պարերը, որոնց այնքան հմուտ են շուշեցիք: Մեյեն շատ հավանեց և ասաց. «Հայկական պարերը եվրոպականներից շատ ավելի աշխույժ են և մանավանդ շատ ավելի լիքն են մանր նրբություններով»: Մեյեն սիրահար էր երաժշտության. Փարիզում ամեն առավոտ մի ժամ դաշնամուր էր ածում. այդ ցերեկույթի միջոցին էլ երկար ժամանակ ածեց դաշնամուրի վրա: Շուշեցիք շատ են սիրում թառ ածել. չկա տուն, որ մի թառ ածող չունենա. նրանց բոլոր նվագած եղանակները սովորություն է պարսկական կոչել, բայց այդ բոլորը հայկական են: Մեյեն լսում էր այդ բոլորը և թեև միօրինակ էր գտնում, բայց՝ շատ նուրբ և երանգավոր: Շուրջ երկու շաբաթ Մեյեն մնաց մեզ մոտ, ապա գնաց Էջմիածին, ձեռագրերի վրա ուսումնասիրություն կատարելու համար: Վերջին անգամն էր, որ տեսա իմ ուսուցչին: == ԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԳՐԱՎՈՒՄԸ == 1903 թվականին ցարական հրովարտակով հայոց եկեղեցական կալվածները գրավվեցին: Ազգային մարմինները և ամբողջ ժողովուրդը մի մարդու պես դուրս եկան այս հրամանի դեմ: Պահանջեցին հոգևոր իշխանությունից և հատկապես կաթողիկոսից, որ չստորագրեն հրամանին և կալվածները չհանձնեն: Կառավարությունը կարող էր բռնի ուժով գրավել այդ բոլորը՝ իբրև ավազակ: Էջմիածնում ևս կազմակերպվեց դիմադրություն: Մի քանի երիտասարդներ ներկայանում են կաթողիկոսին և առաջարկում են, որ կաթողիկոսը չստորագրի. «Խա՜, ո՞ւր էիք դուք, երբ Հայրիկը երիտասարդ էր, ձի նստած գյուղե-գյուղ ման կուգար և ժողովրդին հեղափոխություն կքարոզեր: Ես ծերացել եմ, և դուք եկել եք ինձի հեղափոխություն կսորվեցնեք: Գացե՛ք, գացե՛ք, Հայրիկը գիտե իր անելիքը, ձեր խրատին պետք չունի»: Երիտասարդները ուրախացած մեկնում են: Երևանում նույնպես կազմակերպվում է ժողովրդական ցույց առաջնորդարանի առաջ։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկու ընկերով վերցնում են առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և գնալով Էջմիածին, ներկայանում են կաթողիկոսին և հանուն ազգի և ժողովրդի, պահանջում են, որ չստորագրի: Կաթողիկոսը խոստանում է: Թղթեր են գալիս նաև Կոստանդնուպոլսի Պատրիարքարանից և պահանջում են չտալ մեր ազգային գումարները կառավարության, որովհետև նրանք ոչ թե պատկանում են միայն ռուսահայոց, այլև մեծագույն մասամբ հնդկահայոց, պարսկահայոց, տաճկահայոց, ամերիկահայոց և այլն: Հասնում է վճռական օրը: Նահանգապետ կոմս Դիզենհաուզենը ներկայանում է կաթողիկոսին և խնդրում է, որ ստորագրի. կաթողիկոսը մերժում է: Կոմսը մի քանի անգամ կրկնում է իր խնդիրքը, բայց կաթողիկոսը պատասխանում է. — Գնա՜, գնա՜ կըսեմ քեզի, կհասկնա՞ս ինչ կնշանակե գնա. իշտե անոր «փաշոլ» կըսեն: Դիզենհաուզենը մեկնում է: Կանչում են Վաղարշապատի հայ դարբիններին, որպեսզի կոտրեն գանձարկղը, որի բանալին կաթողիկոսը չէր հանձնած: Հայ դարբինները հրաժարվում են: Այն ժամանակ կոմսը Երևանից բերել է տալիս ռուս դարբիններ, որոնք տապարներով սկսում են ջարդել գանձարկղը: Գիշեր էր: Կաթողիկոսը վերևի հարկում լսում էր այդ հարվածների ձայնը և չդիմանալով՝ թողնում գնում է Հռիփսիմեի վանքը: Մինչև լույս դարբինները ջարդում են գանձարկղը և վերջապես կոտրում: Բաց են անում և գտնում են, ինչպես ասում են, մի մուրհակ և 5 ռուբլի: Ուրիշներ ասում են, թե մինչև 30 000 ռուբլի եղել է: Այս եղավ ամեն կողմ: Գալիցինը, որ կարծում էր, թե Հայոց Եկեղեցին միլիոններ ունի, ձեռքը գլխին է խփում և ասում է. «Ես հայերին չեմ ճանաչել»: Շուշումն էլ նույնը եղավ: Պաշտոնական անձինք ներկայանում են դպրանոցի տեսուչ Զուրաբյանին և առաջարկում են ստորագրել: Մերոնք նախապես հրամայել էին նրան չստորագրել, բայց վախկոտ Զուրաբյանը, կարծես թե շուշեցի չլիներ, ստորագրում է: Սրա վրա զայրույթը ընդհանուր է դառնում: Ազգային մարմինները տեռոր են նշանակում Զուրաբյանի անձի դեմ: Զուրաբյանը սարսափահար իր տունը կանչեց մեզ՝ ուսուցիչներիս և իր կնոջ (կարսեցի Կատյայի) հետ լալագին աղաչեց դիմել ուր պետք է և, որպեսզի տեռորը չկատարվի, ներեն իրեն ի սեր իր բազմաթիվ փոքրիկ երեխաների: Դիմեցինք ուր պետք էր. զիջեցին և որոշեցին աքսորել Զուրաբյանին. նա վերցրեց իր ամբողջ ընտանիքը և գնաց Նոր-Նախիջևան: Դրսում տեղի ունեցավ ժողովրդական մեծ ցույց. ամբողջ ժողովուրդը մեծ բազմությամբ փողոցները լցվեց, գոռալով-գոչելով, թե «Չենք տա մեր կալվածները»: Միջամտեց ոստիկանությունը և զորքը: Հրացաններ որոտացին. մի քանի կազակ սպանվեց, ոմանք քարկոծվեցին և վերջապես ցույցը վերջացավ: Երբ պաշտոնյաները բաց արին գանձարկղը, մեջը դատարկ գտան: Հոգաբարձությունը, նախապես ամբողջ գումարը վերցնելով, բաժանել էր պաշտոնյաներին. մենք էլ, ուսուցիչներս, մի անգամից ամբողջ տարեկան ռոճիկը ստացանք: Նմանապես խանութպանները, որոնք եկեղեցական կալվածներից խանութ էին վարձել, ամբողջ տարեկան վարձը մի անգամից վճարել էին եկեղեցական իշխանության և համարարական ստացական ստացել: Այնպես որ, երբ ռուս պաշտոնյաները եկան նրանցից ամսավարձ պահանջելու, փողի փոխարեն պարապ ստացականներ տեսան։ Շուշեցոց այս աստիճան զորեղ դիմադրությունը շարժեց ռուս կառավարության զայրույթը: Նրանք փակեցին Շուշվա թեմական դպրատունը, մինչդեռ Երևանի և Տփղիսի թեմական դպրանոցները բաց մնացին։ Տեղի ունեցան ընդհանուր խուզարկություններ տներում: Ագուլեցոց եկեղեցում գտել էին 2 ռումբ, որի համար երկու քահանա աքսորվեցին (նրանցից մեկն էր Տ. Գարեգին քահանա Հովհաննիսյանը՝ հայր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի, Կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանի): Բանտարկվեցին երկու ուսուցիչ՝ Գաբրիել վարժապետ Գյուլիքևխյանը և Փիրջանյանը: Վտանգ էր սպասվում նաև մյուսներին: Թեմականի բարձր դասարանի աշակերտները՝ որոնց ուսումը կիսավարտ մնաց, գնացին Երևան, Ագուլիս և Նոր-Նախիջևան, շարունակելու և ավարտելու համար իրենց ուսումը։ Մի շատ զարմանալի դեպք էլ եմ հիշում: Ռուսաց դպրոցների բարձրագույն դասարանների աշակերտները խմբակներ էին կազմել և սովորում էին հայերեն լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն՝ թեմականի ուսուցիչների ղեկավարությամբ: Հայոց պատմության ուսուցիչը ես էի: Շաբաթական երկու անգամ երկու աշակերտ՝ իբրև պատվիրակ, գալիս էին ինձ մոտ և առաջնորդում ինչ-որ մի տուն: Ամեն անգամ տեղը փոխվում էր: Գնում էի և դահլիճում կանոնավոր աթոռների վրա նստած, գտնում էի ունկնդիր աշակերտներին: Այնպես էին կազմակերպած, որ իբր թե այդ օրը տնեցիք տոնախմբություն ունեին: Թառն ու դափը պատրաստ դրված էին, այս բոլորը արված էր զգուշության համար, որպեսզի, եթե ոստիկանությունը ներս մտներ, դասախոսությունը վերածվեր նվագահանդեսի: Ի զարմանս բոլորի և ի պատիվ շուշեցոց, ոչ մի օր այդպիսի բան չեղավ: Ոստիկանությունը անտեղյակ էր և մնաց անտեղյակ, չգտնվեց ոչ մի դավաճան, որ մեր գաղտնիքը մատներ նրանց: Հանդարտությամբ ես պատմում էի հին հայոց պատմության գլխավոր դեպքերը: Անցա ամբողջ դասընթացը: == ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԻՄ ՏԱՆ ՄԵՋ == Ինչպես բոլոր ուսուցիչների տներում, նմանապես ինձ մոտ էլ խուզարկություն կատարվեց: Խուզարկության եկավ մի վրացի նաչալնիկ մի կազակով միասին: Պաշտոնյան տեսավ իմ գրադարանը, բազմաթիվ գրքերից բաղկացած, մեծ մասամբ հայերեն և օտար լեզուներով: Ռուսերեն գիրք չունեի, որովհետև դեռ բնավ ռուսերեն չգիտեի: Ամեն գրքի մեջ ցենզուր էր փնտրում և որովհետև չկար, ուստի արգելված էր համարում և ուզում էր խլել: Ես ունեի զանազան լեզուներով ավետարաններ, որովհետև ես միշտ այն կարծիքին եմ եղել, թե որևէ օտար լեզու սովորելու համար լավագույն ձեռնարկը Ավետարանն է: Ուսուցչի պետք չունես: Դնում ես Ավետարանը առաջդ, հայերեն թարգմանությունը դեմդ ես առնում, և քեզ ամեն ինչ հասկանալի է դառնում: Ավետարանը օգտակար է նաև այն պատճառով, որ միևնույն բանը միշտ կրկնվում է. այդպես է Ավետարանի ոճը, և այդ բանը հեշտացնում է ուսումը: Վրացին վերցրեց մի գիրք, հարցրեց. — Սա ի՞նչ է: — Ֆրանսերեն Ավետարան է: Վերցրեց մի ուրիշը. — Սա ի՞նչ է: — Անգլերեն Ավետարան է: Մի երրորդը. — Սա պարսկերեն Ավետարան է: Վերջապես վրացին զարմացած ասաց. — Այս ինչքա՞ն լեզու գիտես. վրացերեն էլ գիտե՞ս: Վերցրի վրացերեն Նոր Կտակարանը և սկսեցի ազատ կարդալ: Վրացին շատ ուրախացավ: Այնուհետև մեր գործը հեշտացել էր: Գրքերի մի մասը ազատվեց Ավետարան անունով. այն գրքերը, որոնք երկսյուն էին, ազատվեցին բառարան անունով, մյուս մասն էլ՝ քերականություն անունով: Բայց վերջապես խուզարկու պաշտոնյան պարտական էր մի բան տանել. դժբախտաբար վերցրեց իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մեջ ավելի դժբախտությամբ դրել էի Սասունի վիճակախաղի մի քանի տոմս, նաև ուրիշ մի քանի գրքեր, որոնք կոզակը պիտի լցներ պարկի (մեշոկի) մեջ և տաներ քննության: Հավաքված գրքերը բաժանել էին երկու մասի. անմեղ գրքեր և կասկածելի գրքեր. ես անուշադիր որևէ րոպե որսալով, ոտքի փոքրիկ հպումներով անմեղ գրքերի թիվը շատացնում էի հետզհետե: Վերջապես մի մասը մնաց, որոնց համար վրացին նստեց սեղանիս առաջ՝ պրոտոկոլ կազմելու: Երբ պրոտոկոլը գրում էր, ես զգուշությամբ հանեցի Պոսոխովի դեմ ստացած հրամանագիրս և սեղանի վրա դրի: Վրացին նկատեց այդ թուղթը, կնիքները տեսավ և հարցրեց. «Սա ի՞նչ թուղթ է»: Ես պատասխանեցի, թե սա ոչինչ բան է, Էջմիածնի փոստատան կառավարիչը իմ թղթերս խլել էր, ես նրանց հետ ընես բողոք գրեցի մինիստրներին. Փարիզում կերակցել էի: Նրանք իմ լավ ծանոթներս են. Պոսոխովին պատժեցին. ոչինչ թուղթ է…: Այսպես ասելով, իբր թե ուզում էի թուղթը խլել ձեռքից: Նա չթողեց, ամբողջը կարդաց և սարսափահար գրքերս թողեց, պարկը վերցրեց և գնաց: == ԴԵՊԻ ԹԱՎՐԻԶ == Թեմականի փակումից հետո ես այլևս գործ չունեի Շուշում: Նամակով դիմեցի Թավրիզի հայոց Արամյան դպրոցի տնօրեն Աբեթնագով Ալեքսանյանին, առաջարկելու իմ ծառայությունը: Դրական պատասխան ստանալով՝ պատրաստվեցի մեկնել Թավրիզ: Մեծագույն դժվարությունը այն էր, որ ես գրավոր խոստում էի տված աներոջս երբեք չհեռանալ Շուշուց: Ինչպե՞ս կարելի էր համոզել նրան: Երբ Պարսկաստան գնալու որոշումս հայտնեցի կնոջս, նա իսկույն և ուրախությամբ համաձայնվեց: Երկրորդ դիմումը արինք Օլինկային, որ ապրելով կնոջս տատի հետ, նրան էլ համոզեց: Տատը, հադրութեցի, վերին աստիճանի բարի և սիրուն այան էր: Բոլորս էլ կոչում էինք նրան ազի. թե՛ Օլինկան և թե՛ ազին համաձայնվեցին․ ազին ուրախացավ, որ գնում ենք Թավրիզ և ասաց, թե Թավրիզում շատ զմրուխտ քար կա, վերադարձիդ մի քանի հատ կբերես: Սրանք միջնորդ հանդիսացան և համոզեցին զոքանչիս, որ նույնպես հեշտությամբ համաձայնվեց: Դժվարագույնը աներս էր: Ես մի խորամանկ միջոց գտա համոզելու նրան: Որովհետև չափազանց կրոնասեր մարդ էր, ասացի, թե «աղջկանդ ուզում եմ Էջմիածին տանել, կթողնե՞ս»: — Էջմիածին իհարկե կթողնեմ,— պատասխանեց նա,— սուրբ քաղաք է, եթե գնաս, ինձ էլ հետո կկանչե՞ս: Խոստացա և պատրաստվեցի մեկնելու: Կառքը կանգ առավ առավոտուն աներոջս տան առաջ: Բոլորը հավաքվել էին. մենք երկուսս, այր ու կին, նստեցինք կառք, բեռները դասավորեցինք և բոլորից հրաժեշտ առինք: Կնոջս տատը մոտեցավ ինձ և պատվիրեց. «Քշտիդ նստացրու» (այսինքն թե, կնոջդ միշտ կողքիդ նստացրու): Այս զվարճալի պատկերը հիշում էինք հաճախ։ Շուշուց մինչև Եվլախ ճանապարհը 104 վերստ է: Մինչև երեկո պետք էր հասնել գնացքին: Որովհետև զառիվայր էր, կառքը սրընթաց սլանում է նախ դեպի Թուրքական թաղը, ապա դեպի Խանքենդի հայկական գյուղը, որից հետո որպես ուղիղ ճանապարհ մինչև Եվլախ: Կինս առաջին անգամն էր, որ դուրս էր գալիս Շուշուց: Նորահարս և նորասեր, ամեն ինչ նոր և անծանոթ էր իրեն համար. դիտում էր շուրջը հետաքրքրությամբ: Անցանք Քյաթուկ գյուղի տակով, որ իրենց հայրենի գյուղն էր: Վերջապես հասանք ուշ ժամանակ Եվլախ, և մտանք գնացք, որ նույնպես առաջին անգամն էր տեսնում։ Տեղավորվեցինք երկուսս դեմ առ դեմ պատուհանի առաջ: Սփռոցը փռեցինք և սկսեցինք ընթրել: Արդեն մութ էր. ընթրիքը վերջացնելուց հետո սփռոցը հավաքեցի և պատուհանից թափ տվի: «Թըխկ» մի ձայն լսվեց. հայրիկը նվիրել էր ինձ մի լավ գրչահատ և պատառաքաղ: Երկուսն էլ ընկան իմ անուշադրության հետևանքով: Գանձակի կայարանի մոտերքն էր. աներոջ այս հաճելի նվերի կորուստը այսպիսի անտեղի ձևով, այն էլ ճամփորդության սկզբին, ցավալի եղավ: Հասանք Երևան և կառք վարձելով եկանք Էջմիածին, որից բաժանվել էի միայն 2 տարի առաջ։ Ամեն ինչ նույնն էր. միայն Հայրիկապատի (ուխտավորների հյուրանոցը) շենքը վերջացել էր և հյուրընկալ էր նշանակված իմ վաղեմի ծանոթ և սիրելի բարեկամ Եսայի սարկավագը, այժմ դարձած Զավեն վարդապետ: Ղարաբաղցիք իրար շատ են սիրում: Զավեն վարդապետը ղարաբաղցի էր, ուստի աննկարագրելի հյուրասիրությամբ ընդունեց կնոջս, որ իր հայրենակիցն էր և ինձ, որ կես ղարաբաղցի էի դարձել: Հայրիկապատը բարձր և ընդարձակ շենք է, վանքի պարսպից դուրս, ազատ, բաց օդի մեջ: Երկրորդ հարկի ձախ սենյակը, որ ավելի դահլիճ կարելի էր կոչել, մեզ հանձնեց: Երկու մահճակալ մեզ հատկացրեց, մյուսները անտեր էին: Ուխտի ժամանակ չլինելով հյուրեր չկային, ուստի բոլորովին ազատ վայելեցինք հյուրանոցի կյանքը երկար ժամանակ, մինչև Թավրիզից նոր հրավեր ստանայինք: Երկար մնալու պատճառներից մեկը այն էր, որ ես պետք է ստանայի արտասահմանյան անցագիր: Այս կետը երբ մի քիչ դժվարացավ, ինձ վախ պատճառեց, որովհետև ես ապօրինի կերպով ռուսահպատակ էի դարձել: Վախենում էի, որ իմ հին անձնագրի հետքը կգտնվի։ Դժվարությունը AzxapH և ArapyHb ազգանունների տարբերության մեջ էր, բայց ի զարմանս իմ, այդ էլ հարթվեց։ Ժամանակ էր անցել և մոռացել էին: Արտասահմանյան անցագիրս ստացա: Երկրորդ դժվարությունը խոլերան էր: Այդ ժամանակ Թավրիզը իր շրջակայքով վարակված էր խոլերայով: Ամիսներ շարունակ, ամեն օր, հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Մի օր Թավրիզում 1000 հոգի էր մեռել: Այսպիսի վտանգավոր ժամանակ ինչպե՞ս մեկնել Էջմիածնից: Աբեթնագովը իր նամակների մեջ, որ շարունակ ստանում էի, խոսում էր խոլերայի ընթացքի մասին և չէր թույլ տալիս մեկնել: 1000 թիվը գագաթնակետն եղավ խոլերայի, որից հետո, սաստիկ տաք օրեր հաջորդեցին և խոլերան արագությամբ նվազեց: Այն ժամանակ որոշեցինք մեկնել: Բայց այժմ էլ խոլերան անցել էր Արաքսից այս կողմ և Ջուղայի ու Նախիջևանի շրջանը վարակված էր: Չգիտեմ ինչ հանդգնություն էր իմ կողմից, որ ես նորապսակ կնոջս վերցրած, խոլերայի միջով ճանապարհ ընկա: Այն ժամանակ դեռ Երևան–Ջուլֆա երկաթուղին շինված չէր, ուստի վարձեցինք մի թուրքի կառք։ Երկուսով նստեցինք կառքը. ես ունեի harmonie-flute կոչված նվագարանը, որ Կովկասում բոլորովին անսովոր է: Այդ նվագարանը նման է մի փոքրիկ դաշնամուրի. դնում ես ծնկներիդ վրա, ձախ ձեռքով փչում ես հետևում գտնված փուքսը և աջ ձեռքով ստեղնաշարի վրա նվագում ես: Ձայնը շատ դուրեկան է և երկար, ընդհատումներ չունի: Այդ նվագարանը ես նվագում էի Կոստանդնուպոլսում, փոքր ժամանակս: Էջմիածնում եղած ժամանակս մի հայտարարության մեջ կարդալով, որ Հաճընում վաճառում են այդպիսի մի նվագարան, բերել էի տվել: Կինս, որ ձեռարվեստի կողմից մեծ ընդունակություն ուներ, շուտով սովորեց նվագել և այժմ, երբ կառքով գնում էինք, նվագում էր: Թուրք կառապանը շատ հաճույք էր զգում: Ձիերը սկզբում խրտնում էին, բայց շուտով վարժվեցին: Այսպես զվարճությամբ և զվարթությամբ կտրում ենք ամբողջ տարածությունը, ընդարձակ դաշտը Երևանից մինչև Նախիջևան և ապա՝ Ջուլֆա: Երկու կողմերից շարունակ ակունքներ են բխում, ջրեր են կարկաչում, առուներ հոսում: Կինս աղբյուր շատ էր սիրում և հենց որ մի ակունք կամ մի առու էր տեսնում, «ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր» էր կոչում, հաճախ կանգնում էինք և ջրից խմում: Հասանք Խանլուխլար, որ այդ շրջանի կենտրոնական հայ գյուղն էր: Իջանք հայոց դպրոցը գիշերելու: Դպրոցի տեսուչը մի երիտասարդ էր, մռայլ դեմքով, տխուր, բայց բարեսիրտ: Տխրությունը նրանից էր, որ այդ օրը հայերի մեջ խոլերայի երկու դեպք էր պատահել: «Ի՞նչ պետք է անենք,— ասում էր նա,— բժիշկ չունենք, դեղորայք չունենք. հիվանդությունը դեռ նոր է սկսում, բայց անշուշտ պիտի տարածվի. անում եմ ինչ որ հնարավոր է և ինչ որ կարդացել եմ գրքերում: Այդ երկու հիվանդներին ես պետք է խնամեմ»: Մենք մեր գիտցած խորհուրդները տվինք. այն է հում ջուր չխմել, անլվա ձեռքով չճաշել, իրար սովորաբար ձեռք չտալ, ձեռքերը կարբոլյան ջրով լվանալ և այլն: Դրա օրինակը հենց մենք էինք: Ունեինք երկու շիշ ջուր, մեկը կարբոլկայով ջուր, իսկ մյուսը եփած ջուր: Հացը, մի խոշոր բոքոն, առել էինք Երևանից, ուստի վարակված չէր: Ճաշի ժամանակ նախ ձեռքերս լվանում էի կարբոլյան ջրով, չորացնում, ապա հացի միջուկը փորում և այդ էինք ուտում, պանիրով կամ որևէ այլ նյութով, որ գնել էինք Էջմիածնում: Խանլուխլարից անցնելուց հետո գիշերեցինք Նախիջևանում, մի հյուրանոցում, ուր ապրում էինք նույն զգուշությամբ: Մի առավոտ սխալմամբ, փոխանակ մաքուր ջրի շիշը բերանս տանելու, կարբոլյան ջուրը տանում եմ բերանս և մի կում բերանս առնում: Իսկույն զգում եմ հոտը և դուրս թափում: Վախից գնացի մի դեղարան, որի տերը հայ էր. դեպքը պատմեցի. «Քանի որ չեք խմել, վտանգ չկա»,— ասաց դեղագործը և կես գդալ սոդա տալով ինձ, հանգստացրեց: Հասանք Արաքսի ափը: Ահա դիմացս հոսում է այն գետը, որ Հայաստանի նշանաբանն է դարձել, և որ երգում է շարունակ հայ ժողովուրդը ամեն տեղ։ Կանգնած դիտում եմ: Ով գիտե քանի՞-քանի՞ դարեր հոսել է այսպես Արաքսը և հավիտյան պիտի հոսի: Երեկո էր արդեն, երբ հասանք և այդ բոլորը ես դիտում եմ մթնշաղի մեջ: Գիշերեցինք ինչ-որ հյուրանոցում և առավոտը շուտով վեր կացա և գետափը դիմեցի: Լույս աչքով դիտում եմ ալիքները, որ իրար զարնվելով, մեղմիկ խոխոջով հոսում են անընդհատ: Դիմացը Պարսկաստանն է: Գետափին կանգնած են հին ու փչացած մի խումբ նավակներ, որոնցով դիմաց պիտի անցնենք: Վախենալու բան է. հենց մի հայ երիտասարդ իր աշխույժ շարժումների մեջ այս ու այն կողմ վազվզելու միջոցին, ընկավ գետը. բայց առանց իրեն կորցնելու, իսկույն մի նավակի ցռուկից բռնեց և ջրաթաթախ մեջը ցատկեց, իր և բոլորի ծիծաղի տակ: Ես է՞լ եմ ընկնելու քո մեջ, ո՛վ Արաքս, ասում եմ ես, բայց նույնիսկ ես, եթե քո մեջ ընկնեմ, դու ինձ չես խեղդի. քո շատ հեռավոր որդին եմ, որ եկել եմ քեզ մոտ։ Դու կխղճաս ինձ: Ես ու կինս, մեր բեռները վերցրած, վախվխելով, բայց միևնույն ժամանակ ուրիշներից քաջալերվելով, մտանք նավ և առաջ անցանք: Քանի բացվում ենք, գետը այնքան մեծանում է և մոտակա ափը հեռանում: Նավավարը թիավարելով հասավ դիմաց, ափ դուրս եկանք: Պարսկաստանում ենք: Վարձեցինք պարսկական մի կառք և երկուսով գնում ենք: Ճանապարհը հանգիստ է: Կարծեմ երկու օրից պիտի հասցներ մեզ Թավրիզ: Ամբողջ այդ շրջանը վարակված էր խոլերայով, և մենք գնում ենք նույն զգուշավորությամբ: Բարեբախտաբար ոչ մեկի հետ գործ չունենք: Ուտում ենք միայն մեր պաշարը: Հիշում եմ, որ գիշերեցինք ինչ-որ պանդոկում: Մի խումբ մարդիկ քնած են այնտեղ: Մի տեղ էլ մենք ստացանք: Կինս պառկեց և քնեց: Ես կողքին նստած հսկում եմ: Պանդոկապետը քիչ այն կողմ նստել է ճրագի մոտ և հարցնում է, թե ինչու չեմ քնում: Պատասխանեցի, որ ես չեմ քնելու մինչև առավոտ և պահանջեցի, որ ճրագը չհանգցնի: Նավթի փողը պահանջեց, վճարեցի և լույսը վառ մնաց մինչև առավոտ: Առավոտը նորից շարունակեցինք մեր ճանապարհը և երեկոյին հասանք Թավրիզ: Կառքը կանգնեց Աբեթնագով Ալեքսանյանի դռան առաջ. նա մեզ ընդունեց շատ մեծ ուրախությամբ և իր տան հյուրանոցը հատկացրեց մեզ: Աբեթնագով Ալեքսանյանը Էջմիածնի Ճեմարանի հին շրջանավարտներից էր. գիտեր ուրեմն բոլոր հայկական առարկաները և հատկապես հայ լեզուն, իբրև տնօրեն Ղալա թաղի Արամյան դպրոցի մի քանի տարվա փորձառություն ուներ. բարեկիրթ և բարեհոգի մարդ էր. թեև միշտ լուրջ և ծանրախոհ կերպարանք ուներ, բայց հաճախ տեսնում էիր երեսին բարեմիտ ժպիտը: Կինը շատ երիտասարդ, նուրբ և գեղեցիկ, ամուսնու նման բարեհոգի մի կին էր։ Տանը բնակվում էր նաև Աբեթնագովի ծերունի մայրը. մանր-մունր մի քանի երեխաներ էլ ունեին: Աբեթնագովը պատմեց ինձ խոլերայի մասին: Սոսկալի կոտորած է եղել թուրքերի մեջ, որոնք զգուշական միջոցների մասին ոչ գաղափար և ոչ հավատ ունենալով, անխնա զոհ էին գնացել համաճարակին: Թավրիզի 5000 շունչ հայերից միայն 2 հոգի էին մեռել, այն էլ իրենց անխոհեմության պատճառով: Այդ երկուսից մեկը հիմարաբար չհավատալով միկրոբների զորության, մի քանի հատ խաղող վերցնելով, հանդիսավորապես, շատերի ներկայությամբ սկսել է ուտել առանց լվանալու: «Տեսնեմ ի՞նչ է անելու ինձ»,— ասում է նա: Մյուս օրը հիվանդանում և մեռնում է: Մի ուրիշ հայ, չհավատալով կարբոլյան ջրի զորության, մի մեծ որդ վերցնում է և գցում կարբոլյան ջրի մեջ. քիչ հետո տեսնում է, որ որդը սատկեց. այն ժամանակ համոզվում է ջրի զորության և ասում. «Եթե այս խոշոր որդին մեկ րոպեում սատկեցրեց, փոքրիկ միկրոբներին իհարկե կկոտորի»: == ԹԱՎՐԻԶՈՒՄ == Երկու տարի մնացինք Թավրիզում: Շատ ուրախ և շատ հանգիստ կյանք վարեցինք: Պարսկաստանը շատ առատ երկիր է և չափազանց էժան. երկուսով օրական մի ռուբլի անկարելի էր ծախսել, նույնիսկ շատ ճոխ ապրելով: Վտանգի սպառնալիք, ոստիկանական դժվարություններ, պետական խստություն և նման անհանդուրժելի բաներ բնավ գոյություն չունեին. հայկական կյանքը բոլորովին ազատ էր. այն հայկական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում և Թուրքիայում հալածանքի էին ենթարկված, Պարսկաստանում բոլորովին ազատ էին: Փոստով կարելի էր ստանալ «Դրօշակ» և «Հնչակ» թերթերը և փողոցում ազատ կարդալ: Դպրոցական կյանքը ոչ մի հսկողության չէր ենթարկվում պարսկական կառավարության կողմից: Նույնիսկ դպրոցը պարսիկ կառավարությունից ամսական 50 թուման նպաստ էր ստանում: Թատրոնը ազատ էր. ամեն շաբաթ հասարակական ձրի դասախոսություններ էին տեղի ունենում: Չեմ կարող իհարկե մեր երկու տարվա նկարագիրը հիշել, մանավանդ թե նրանք մեծ կարևորություն ներկայացնող դեպքեր չէին, ուստի կհիշեմ միայն քիչ ու շատ կարևորները: Նախ տանք քաղաքի նկարագիրը: Այն ժամանակ Թավրիզը Պարսկաստանի ամենամեծ և բազմամարդ քաղաքն էր: Նա ուներ 14 կիլոմետր շրջապատ և 300 000 բնակիչ, ինչ որ Թեհրանի կրկինն էր: (Այժմ այս հարաբերությունը փոխված է): Քաղաքի ծայրամասերը բոլորովին գեղջկական են. ընդարձակ պարտեզներ և նրանց մեջ մի տնակ: Երբ պարսից թագավորը այցելել է Թավրիզ և կառքով անցել է այդ ընդարձակ պարտեզների միջից, ասել է. «Ին չի բուզուրգ քենդ էսթ» (այս ինչ մեծ գյուղ է): Հայերը թվով 5000 շունչ են և գրավում են երկու առանձին թաղ՝ Ղալա և Լիլավա: Բուն հին թաղը Ղալան է, որի բնակիչ հայերը իսկական թավրիզեցի են և ունեն իրենց բարբառը. նրանք որոշվում են հ>խ արտասանությամբ, իսկ Լիլավա թաղի հայերը ուշ ժամանակ գաղթել են Ղարադաղից և Մուժամբարից, որ մի հայաբնակ գյուղ է Թավրիզից դեպի հյուսիս: Լիլավացիք էլ խոսում են Ղարադաղի բարբառը, որ Ղարաբաղի բարբառի մի տեսակն է: Ղալա թաղը ունի մի եկեղեցի և մի դպրոց: Նույնը նաև Լիլավա թաղը: Թավրիզի հայերը, կարող եմ ասել, թե ամբողջ հայության մեջ ամենաուսումնասեր, աշխատասեր և բարեկիրթ ժողովուրդ են կազմում: Հակառակ իրենց փոքր թվին, ունեին այն ժամանակ 4 դպրոց, որոնց վրա շուտով ավելացրին 2 թաղերի միջև մի կենտրոնական վարժարան: Չեմ հաշվում հայ բողոքականների դպրոցները: Բոլոր թավրիզեցի հայերը բաժանված էին երկու կուսակցության դաշնակցական և հնչակյան. չկար մի հայ, որ կուսակցական չլիներ: Լիլավան մեծավ մասամբ դաշնակցական էր, իսկ Ղալան՝ մեծ մասամբ հնչակյան: Այնքան ուժեղ էր պայքարը այս երկուսի միջև, որ իրար հետ նույնիսկ խնամություն չէին անում: Պայքարը պատճառ էր դարձել մրցման և երկու կողմերն էլ շարունակ կազմակերպում էին հասարակական դասախոսություններ՝ գիտական և ազգային հարցերի շուրջը: Այսպես նաև թատերական ներկայացումներ: Ամեն մի կողմը ուներ նույնիսկ իր թերթը: Երբ առաջին անգամ սկսեցի դասավանդել, դպրոցի վարչությունը առաջարկեց ինձ մի դասախոսություն կարդալ: Ես հանձն առի սիրով և նյութ վերցրի, ըստ սովորականին, «Հայ ազգի ծագումը հնդեվրոպական հիմքի վրա»: Դասախոսությունը տեղի պիտի ունենար երեկոյին, Ղալա թաղի դպրոցի դահլիճում, որ նաև թատերասրահ էր: Առավոտը ինձ այցելության եկավ Գևորգ Չիլինգիրյանը, որ հնչակյան խմբի ջոջերից էր. նա կարնեցի էր, ուսուցիչ հայ լեզվի: Ծանոթացանք իրար հետ, և նա, մտերմանալով, հարցրեց դասախոսությանս մանրամասնությունները: Ես, իհարկե, կարող էի ասել, թե երեկոյին կգաք կլսեք, բայց այդպես չարի և նյութը պարզեցի ամբողջությամբ նրա առաջ: Ուշադրությամբ լսեց և հետո հարցրեց, թե այս կարծիքի դեմ հակառակորդներ չկա՞ն և ի՞նչ են ասում: Նա հակառակ կարծիքներ էլ լսեց և գոհ սրտով հեռացավ: Երեկոյին, երբ դասախոսությունս վերջացավ և նախագահը, ըստ սովորության, հարցրեց հանդիսականներին հայտնել իրենց կարծիքը և կամ հարցումներ ուղղել, վեր կացավ Չիլինգիրյանը և զայրացած տոնով և հանդիմանական ձևով ասաց. «Պարոն Աճառյանը պետք է իմանա, որ իր այդ ասածները ընդհանուր ընդունված չեն. շատեր ուրիշ կարծիք ունեն»: Եվ սկսեց մի առ մի թվել առավոտյան պատմածներս, որ զարմանալի ճշտությամբ միտքն էր պահել: Ծիծաղելի տեսարան էր: Ես միայն ժպտացի և ոչինչ չպատասխանեցի: Մի քանի ժամանակ հետո դպրոցը, ըստ օրինի, մի ներկայացում պիտի տար. ընտրեցին «Սխալ հաշիվ» պիեսան, որի գլխավոր և բացասական դերը ես վերցրի: Դերս Ալեքսանդրապոլի բարբառով էր: Երբ խաղը վերջացավ, Չիլինգիրյանը բեմ վազեց և խոսքն ինձ ուղղելով ասաց. «Այս ինչ սքանչելի ճշտությամբ կարողացաք արտասանել Կարինի բարբառը. կարծես իսկական ալեքսանդրապոլսեցի լինեիք»: Այդ ժամանակները Թավրիզում աչքի ընկնող դիրք ուներ Ատրպետը, հայտնի գրող և բազմաթիվ վեպերի հեղինակ: Նա ուներ սեփական տպարան, որտեղ տպագրում էր իր վեպերը և ուրիշ գործեր։ Չիլինգիրյանը սկսեց տպել «Ընդհանուր պատմության մի դասագիրք». բնականաբար, սկսեց հին աշխարհից, ինձ մոտ ոճով, և հարցրեց, թե «Ի՞նչ խորհուրդ կտամ»: Ես ամենից առաջ հայտնեցի, որ պետք է մտցնել նաև չինաց և հնդկաց պատմության մասին մի գլուխ: Հայտնեց, թե այդ մասին ոչինչ չգիտե: Ես հանձն առի գրել այդ երկու գլուխները: Դասագրքի մեջ երկու գլուխներն էլ տպվեցին: Հետագայում, որովհետև Չիլինգիրյանը չկարողացավ վճարել Ատրպետին տպարանական ծախսերը, Ատրպետը տպագրությունը չշարունակեց, տպագրված մասերը գրավեց և այրեց: Իմ գրած երկու գլուխները, հնդկաց և չինաց մասին, մնում են ինձ մոտ մինչև այժմ՝ մի օրինակ տպագրված: Չիլինգիրյանին ես տեսա վերջին անգամ Երևանում 1923 թվականից հետո: Ունեցանք մի տեսակցություն, որից հետո մեռավ: Թավրիզում ծանոթացած անձերիցս մեկն եղավ Նիկոլ Սարգսյանը, որ տփղիսեցի էր, Լիլավայի դպրոցի տեսուչ, մասնագետ ֆիզիկայի և քիմիայի: Նա մի օր կարդաց մի դասախոսություն, որի միտքը այն էր, թե այն բոլոր հայերը, որ չեն բնակվում Հայաստանում, հայ չեն: Այս դասախոսությունը, կարդացված ազգասեր թավրիզեցի հայոց առաջ՝ բոլորովին միտք չուներ: Դասախոսությունից հետո ես բարձրացա և հարց տվի. «Ուրեմն տփղիսեցի հայերը հայ չե՞ն, պոլսահայերը հայ չե՞ն, նոր-նախիջևանցի հայերը հայ չե՞ն, թավրիզեցիներն էլ հայ չե՞ն»: Նա հանդգնեց ասելու, թե ո՛չ: «Ուրեմն ի՞նչ են»,— հարցնում եմ ես: «Պատկանում են այն ազգին, որի երկրում բնակվում են»: Ես հարցը կատակի վերածելով ասացի. «Եփրատը Հայաստանի արևմտյան սահմանն է․ Եփրատի աջ ափին կան զանազան հայ գյուղեր, որոնք գիշերը քնում են այդտեղ, իսկ ցերեկը անցնում են դիմաց՝ աշխատանքի։ Ուրեմն այդ մարդիկը ցերեկը հայ են, գիշերը թո՞ւրք: Կան նաև, որոնք օրական տասն անգամ կամրջով գնում գալիս են. ուրեմն այդ մարդիկը օրական տասն անգամ հայ կամ թո՞ւրք են դառնում»: Ես ու Սարգսյանը իրար հետ շատ լավ էինք: Մի անգամ ուզեցինք փորձել աֆիոն ծխել՝ իմանալու համար, թե ի՞նչ համ ունի: Ինչպես հայտնի է, ամբողջ Պարսկաստանը աֆիոն է ծխում և այդ պատճառով մարդիկ թմրած, շշմած ու թույլ են։ Տեղացի մեր ընկերները արգելեցին կատարել այդ փորձը. «որովհետև,— ասացին,— դա այնքան հաճելի բան է, որ երբ մի անգամ փորձեք, է՛լ չեք կարող թողնել»: Սարգսյանին ես տեսա 1923 թվականից հետո Հայաստանում: Նա Թիֆլիսում ուսուցիչ էր. շուտով մեռավ երիտասարդ հասակում: Ղալայի դպրոցում իմ ավանդած առարկաներն էին հայերեն և ֆրանսերեն: Մի օր ուսուցչանոցում ես գանգատվեցի այն մասին, թե ամեն րոպե խոսում են հայոց նոր գրականության մասին, բայց ոչ մի տեղ հայոց նոր գրականության պատմություն չեն անցնում: Բոլորը ձայնակցեցին ինձ և իրավունք տվին և հետո տեսուչ Աբեթնագով Ալեքսանյանը պաշտոնապես պարտադրեց ինձ անցնել հայոց նոր գրականության պատմությունը: Ես իմ վրա վերցրի այդ պարտականությունը և հաջորդ օրվանից սկսեցի դասախոսել այդ առարկան: Առարկան մաս-մաս թելադրում էի աշակերտներին. հետագայում ավելի ընդարձակելով՝ տպագրության հանձնեցի «Պատմություն հայոց նոր գրականության» գրքիս պրակները: Մի ուրիշ անգամ էլ խոսք եղավ ուսուցչանոցում Պարոնյանի մասին: Ես ասացի, որ նա ինձ ուսուցիչ է եղել: «Ի՞նչ առարկայից»,— հարցրին ուսուցիչները: «Հաշվապահությունից. Կոստանդնուպոլսում, բոլոր դպրոցներում, սովորում են հաշվապահություն, որովհետև Կոստանդնուպոլսի Հայ վաճառականները հայերենով են հաշիվ պահում»: «Ուրեմն դուք հաշվապահություն գիտե՞ք»,— հարցրեց Աբեթնագով Ալեքսանյանը,— կարո՞ղ եք ավանդել այդ առարկան»: «Այո»: «Ինչո՞ւ չէիք ասում մինչև հիմա,— գանգատվեց նա.— ամեն տարի մենք դիմում ենք Կովկաս և հաշվապահության ուսուցիչ ենք փնտրում, բայց երբեք չի հաջողվում, որովհետև դասերը քիչ են և բավական չեն ուսուցչի ռոճիկը վճարելու: Եկող տարվանից խնդրում ենք ձեզ, որ դուք դասավանդեք նաև հաշվապահություն, որովհետև մեր հայ վաճառականներն էլ հաշիվները հայերեն են պահում և հայ հաշվապահի պետք ունեն»: Ես ընդունեցի և երկրորդ տարվանից ես դասավանդում էի նաև հաշվապահություն վերջին, ավարտական դասարանում: Այստեղ մի զարմանալի երևույթ նկատեցի: Ավարտական դասարանում մի աշակերտ ունեինք Խալաֆյան ազգանունով. Սալմաստի գյուղերից հարուստ ընտանիքի զավակ էր, վաճառականի որդի: Բարձրահասակ մի տղա էր. այնքան անձնվեր էր դեպի ինձ, որ իմ ամեն մի առաջարկս ամենայն սիրով, ծառայի նման կատարում էր և ինձ ծառայելը իրեն համար մի հաճույք էր: Ես այդ աշակերտին շատ էի սիրում, բայց դժբախտաբար նա շատ անընդունակ էր և ոչինչ չէր սովորում: Երբ հաշվապահություն սկսեցի ավանդել, նա այնքան լավ սովորեց այդ առարկան, այնքան շուտ յուրացրեց, որ եղավ դասարանի առաջինը։ Այն ժամանակ ես այն գաղափարը կազմեցի, թե ամեն աշակերտ ընդունակ է մի բանի, բայց պետք է իմանալ, թե ինչ բանի: Դպրոցի ուսուցիչները մեծ մասամբ Ճեմարանի իմ տաճկահայ աշակերտներից էին. այսպես՝ Վարդան Բաղեշցյան (վանեցի), Արմենակ Բարսեղյան (եվդոկիացի), Գալուստ Իսկենդերյան (վանեցի), Հայրապետ Պանիրյան (վանեցի) և այլն: Սենեքերիմ Տեր-Հակոբյանը (գյումյուշխանեցի), թեև նույնպես իմ աշակերտներից էր և միասին բնակակից էինք Թավրիզում, բայց պաշտոնավարում էր Լիլավայի դպրոցում: == ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ == Ցարական դավաճանության արդյունքներից մեկն էլ թուրքհայկական ընդհարումները եղան, որ մի տարի ամբողջ Կովկասի հայությունը տակնուվրա արին: Ցարը ուզեց նաև հայ-վրացական ընդհարում ստեղծել, բայց վրացիք մերժեցին և այդպիսի մի հիմար շարժում տեղի չունեցավ: Ցարը աշխատեց նաև Թավրիզում ստեղծել հայ-թուրքական ընդհարում: Այս նպատակով Կովկասից Թավրիզ ուղարկեցին զանազան թուրք գործակալներ, որոնք պիտի գրգռեին ժողովուրդը և նրանց մեջ ընդհարում առաջացնեին: Շահը տեղյակ էր այս մասին և ամեն կողմ խիստ պատվեր ուղարկեց առաջքը առնելու այդպիսի ընդհարման, հայտնի իմանալով, որ այդ շարժման նպատակը ռուսական բանակով Թավրիզը գրավելն էր, իբր թե ի պաշտպանություն հայերի: Նույնիսկ շահը ասել էր, թե «Իմ երկիրը Ռուսաստան չէ, ես հայերի և պարսիկների մեջ այդպիսի ընդհարում չեմ թույլ տա»: Սակայն խմորումը բույն էր դրել թուրք ժողովրդի մեջ Թավրիզում. հայերը գիտեին այդ և ամեն կերպ խուսափում էին: Իսկ եթե հանկարծ, նույնիսկ պարսից պետության կամքին հակառակ մի այդպիսի շարժում տեղի ունենար, ի՞նչ պիտի անեին: Հայերը, ըստ կարելվույն, պատրաստվեցին դիմադրել: Բավական մեծ քանակությամբ ռումբեր պատրաստ պահեցին կռվի օրը գործադրելու համար. ինձ գրել տվին թուրքերեն հայտարարություն այն մասին, թե «Մենք թուրքերի հետ կռիվ չունենք. նրանք մեր եղբայրներն են, իսկ եթե նրանք շեյթանի հորդորով մեր դեմ դուրս կգան, մենք պատրաստ ենք կռվելու: Չոխդան չոխ գիդեր, ազդան ազ (շատից շատ կգնա, քչից քիչ)»: Ռումբի պահեստը մեր տանն էր: Մեր տունը գտնվում էր Ղալայի հայոց եկեղեցու կողքի փողոցում, երկու տուն ցածը հայտնի պատմաբան Առաքել Դավրիժեցու տնից, որ բռնում էր նույն փողոցի անկյունը: Մեր տունը ընտրելու պատճառը այն էր, որ տանը բնակվում էինք ես (ռուսահպատակ), Սենեքերիմ Տեր-Հակոբյանը (տաճկահպատակ), իսկ տանտերն էլ պարսկահպատակ, ուստի մեր տունը խուզարկելու համար 3 պետություն պետք է միանային: Մի շաբաթ երեկո ընդհարումը պատրաստ էր սկսվելու: Եկեղեցուց դուրս գնալու միջոցին, վիթխարի հասակով մի թուրք, փողոցի ծայրին կանգնած միզել սկսեց, ցուցադրական կերպով հայ օրիորդների և տիկինների ներկայությամբ: Հայ երիտասարդները արգելեցին նրան, նա կռիվ սկսեց և չէր ուզում հեռանալ: Ուսուցիչ Հայրապետ Պանիրյանը, որ այնտեղ նույն րոպեին ներկա էր, մտածում է՝ «Ահա րոպեն եկավ»: Իսկույն վազում է Ղալա բեկի մոտ, որ հայոց թաղի թուրք ոստիկանապետն էր: Նա շատ բարի մարդ էր և հայոց մտերիմ: Լսելով դեպքը, Պանիրյանի հետ միասին շտապեց դեպքի տեղը: Հրամայեց թուրքին հեռանալ այդտեղից: Թուրքը դիմադրեց և կռվել սկսեցին: Ոստիկանապետը, տեսնելով, որ վիթխարի թուրքը չի հպատակվում, քանդեց իր մեջքին կապած լայնատարած գոտին, փաթաթեց վիթխարի թուրքի մեջքին, և ուսին գցելով, ինքը, որ ավելի վիթխարի էր, քան այն վիթխարի թուրքը, այսպես շալակած առավ տարավ ընդհանուրի ծիծաղի տակ: Այսպես վերջացավ չսկսված ընդհարումը Թավրիզում: Ռումբերը և հայտարարությունները անտեր մնացին: == ԵՍ ՈՒ ԿԻՆՍ == Ինչպես ասացի, դպրոցում ես ավանդում էի հայերեն և ֆրանսերեն: Մյուս առարկաները հետո ավելացան: Ամսական ստանում էի 50 թուման: Կինս ավանդում էր ձեռագործ, ռուսերեն և թվաբանություն. ստանում էր 40 թուման: Երկուսով ստանում էինք ուրեմն 90 թուման, որ անում էր 180 ռուբլի ոսկի փող: Պարսկաստանի փողը, Կովկասի հետ համեմատած, անունով նույն, բայց 5 անգամ պակաս է: Այսպես՝ մեկ շահին Կովկասում 5 կոպեկ է, իսկ Պարսկաստանում 1 կոպեկ. աբասին այստեղ 20 կոպեկ է, այնտեղ՝ 4 կոպեկ. թումանը այստեղ 10 ռուբլի է, այնտեղ՝ 2 ռուբլի: Նույնիսկ Թիֆլիսում 10 կոպեկանոցը կոչվում էր բուզալթուն, որ Պարսկաստանում կոչվում էր յուզալթուն և արժեր 2 կոպեկ: Յուզալթուն թուրքական բառ է և նշանակում է «100 ոսկի». երբ մուրացիկը Պարսկաստանում մուրալով ասում է. «Ալլահ աշքընա, բիր յուզալթուն վերին» (Աստծու սիրուն, մի 100 ոսկի տվեք), մեր ծիծաղն էր շարժում: Պարսկաստանում ոսկի դրամ չկա: Թղթադրամն էլ սովորական չէր, ամբողջ դրամական գործողությունները կատարվում էին արծաթ դրամով և հատկապես 2 ղրանանոցով, որ է 40 կոպեկ: Երբ առաջին անգամ պիտի ստանայի ռոճիկս, հաշվապահը կանչեց ինձ՝ գումարը վճարելու: — Ի՞նչ աման եք բերել,— ասաց նա: — Գրպանս կլցնեմ: — Գրպանը փոքր է: Ես թաշկինակս պարզեցի: — Թաշկինակն էլ փոքր է, մեծ աման բերեք: Ես գնացի տուն և ծաղրի համար վերցրի շաքարի տոպրակը և բերի դպրոց: Հաշվապահը տեսավ և ասաց. — Այդ լավ է: Պարսկաստանում գումարները վճարում էին հետևյալ ձևով: Հաշվապահը իր առաջ ունի տախտակե հարթ մի ափսե. գցում է նրա վրա 5 հատ 2 ղրան, որ անում է մի թուման: Ստացողը ձեռքով քաշում է և գցում տոպրակը: Այսպես շարունակ և մեքենայի նման արագ: Ծաղրի համար բերած տոպրակս լրջորեն լցվեց, և ես գրկած տուն տարի: Դրի պատուհանի առաջ: Կեր, որ վերջանա: Պարսկաստանը շատ էժան երկիր էր: Այժմ խոսենք մեր ծառաների մասին, ինչ որ բավական զվարճալի է: Վարձել էինք Վարդան անունով մի ծառա, լիլավացի: Ասում էին, թե սոսկալի գող է. բայց մենք չէինք նկատում: Հաշվի մեջ ճիշտ էր, գնումները արագ էր կատարում, լավ կերակուր եփում: Մի օր տանը չեղած ժամանակ գնացի խոհանոց և տեսա սեղանի վրա կործած մի թաս: Թասը բարձրացրի և տակին տեսա յուղ: Քիչ հետո Վարդանը եկավ և խոհանոց մտնելով, նորից մեկնեց: Ձեռքին ոչինչ չկար: Նորից գնացի խոհանոց, թասը բարձրացրի, յուղը չկար: Դուրս եկա, հետևեցի Վարդանին, մինչ Լիլավա: Խանութից խանութ էր մտնում, բայց ոչինչ չէր առնում: Վերջապես մոտեցա իրեն. — Վարդան, այստեղ ի՞նչ ես անում: Շփոթվեց և կարմրեց. նկատեցի, որ ճակատի 2 կողմից քրտինք է հոսում. գլխարկը բարձրացրի, յուղը այնտեղ էր: Իսկույն արձակեցի: Բռնեցինք մի ուրիշ ծառա, Հակոբ անունով. վանեցի էր և շատախցու նման լայն շալվար էր հագած: — Լավ կերակուր եփել գիտե՞ս,— հարցրինք: — Օհո՜, ես ռուսաց կոնսուլի պովորն եմ եղել. այնպես կերակուրներ եփեմ, որ մատներդ հետն ուտեք: — Բադինջանով դոլմա կարո՞ղ ես եփել: — Օհո՜, այնպես եփեմ, որ մատներդ հետն ուտեք: Որովհետև այսպիսի սքանչելի խոհարար էի գտել, ուստի իմ ընկեր ուսուցիչներին ճաշի հրավիրեցի հետևյալ օրը: Նստել ենք, սպասում ենք ճաշի. ժամանակը անցնում է, և ճաշը չի գալիս: Շատ երկար սպասելուց հետո Հակոբը ներս մտավ, ձեռքին մի խոշոր տափակ պնակ, որի մեջ ջուրը առատորեն ծփում էր, ջրի մեջ լողում էին 4 հատ բադինջան: Դրեց սեղանի վրա: Վերցրի մեկը, փորձեցի կտրել, բայց այնքան հում էր, որ դանակը չէր զորում: Անկարելի եղավ ուտել: Կանչեցինք Հակոբին և առաջարկեցինք վերցնել: — Այս կերակուրը ի՞նչ թերություն ունի,— զարմացած հարցրեց Հակոբը: Պանիր հաց կերանք և Հակոբին ճանապարհ դրինք: Չմոռանամ ասելու, որ Վարդանը եկել էր մեզ մոտ իր իրերը վերցնելու. երբ տեսավ նորակոչ Հակոբին՝ ասաց. — Լավ տեղ ես ընկել, ախմախ մարդիկ են. ոչ փող գիտեն, ոչ հաշիվ: Կեր, խմի, խաբի, գողացիր, սուտ խոսի ինչքան ուզես: Հակոբից հետո վարձեցինք մի երկրորդ Վարդան. սովուղբուլախցի թրքախոս հայ էր: Շատ բարի, ուղղամիտ և կրոնասեր: Ծառայում էր շատ հավատարմությամբ. երբ շուկայից գալիս էր և մի քանի շահի հետ բերում, մենք այդ գումարը իրեն էինք նվիրում. ամեն անգամ ասում էր. — Այս փողը հալա՞լ եք անում, սրտա՞նց եք տալիս, հարամ չէ՞, վերցնե՞մ: Եվ չէր վերցնում, մինչև որ համոզում էինք, թե սրտանց ենք նվիրում իրեն: Բայց Վարդանը շատ սնահավատ էր: Մի երեկո տեսնում ենք՝ Վարդանը չկա. երկար սպասելուց հետո գնում եմ նրա տունը և տեսնում եմ նրան այնտեղ: — Վարդան, ինչո՞ւ չես գալիս: — Ես վախենում եմ, ձեր տանը սատանա կա: — Սատանան որտե՞ղ էր: — Խոհանոցում, ճրագի վրա նստած է: Վերցնում եմ հետս, խոստանալով, որ ես աղոթքով կհեռացնեմ սատանային: Գալիս ենք տուն, մտնում ենք խոհանոց, լուցկին վառում եմ և մոտեցնում ճրագին: Երբ պատրույգը բավական բարձրացրած չէ, բոց չի վերցնում, հանգում է: Պատրույգը բարձրացրի, իբր թե սատանային հեռացրի և ճրագը վառվեց: Վարդանը ուրախացավ և հավատաց, թե ես սատանաները վանելու կարողություն ունեմ: Մի օր ես ու կինս խոսում ենք: Կինս ասաց. — Ա՜յ եղբայր, այդպես չէ: Ես պատասխանեցի. — Ա՜յ քույր, այդպես է: Վարդանը թթվեց, ուզում էր հեռանալ: — Ա՜յ Վարդան, ի՞նչ կա, ի՞նչ եղար: — Նա քեզ ասաց եղբայր, դու նրան ասացիր քույր. այդպես բան կարելի՞ է: Հազիվ կարողացանք համոզել, որ դա կատակ է, և մնաց: * Կինս հիվանդացավ: Բժշկությունը իմ շատ սիրած գիտությունն է եղել: Կոստանդնուպոլսում փորձել էի բժշկականը մտնել, չընդունեցին: Փարիզում միջոց չունեցա: Շուշում ես կարդացի ամբողջ բժշկական կուրսի գրքերը, փոխ վերցնելով բժիշկ Օհանյանից: Կարդացի Trousseau-ի բժշկական հինգ հատորները՝ Pathologie générale, Pathologie interne, Pathologie externe, Thé- rapeutique, Pharmaciologie, Anatomie générale գրքերը: Այս վերջինից անմոռանալի է մնում մտքումս այն կետը, թե մարդու սրբագրությունը և բնության դեմ անկարելի է: Օրինակ էր բերում հրեաների թլպատումը, որ 3500 տարի է գործադրվում է, բայց ոչ մի հրեա թլպատված չի ծնվել: Ես այս օրինակի վրա մի ուրիշ ավելի ընդհանուր օրինակ եմ ավելացրել: Ամբողջ աշխարհում, մարդկության սկզբից մինչև այժմ, ամենավայրենի մարդուց սկսած մինչև ամենամեծ ազնվական կինը երկու ականջը ծակում են, օղ անցկացնելու համար, բայց մինչև այսօր ոչ մի աղջիկ չի ծնվել երկու ականջը ծակած: Այս օրենքը կարելի է փոխադրել նաև լեզվի մեջ: Անհատական կամքը լեզվի մեջ արժեք չունի: Վերջում ձեռք բերեցի նորավարտ բժիշկների համար պատրաստված մի հիանալի ձեռնարկ, ֆրանսերեն լեզվով, որի մեջ հեղինակը խոսում էր մոտ 300 հիվանդության մասին, տալիս էր այդ հիվանդությունների étiologie (պատճառագիտություն), diagnostique (ախտորոշություն) և thérapeutique (բուժագիտություն), այսինքն՝ հիվանդությունների պատճառը, ճանաչումը և բուժումը: Վերջին հատվածը տալիս էր այն բոլոր դեղատոմսերը, որոնք կարևոր են նորավարտ բժշկի համար: Այս գիրքը շարունակ կարդալով և սովորելով, ընկերական շրջանակի մեջ ձրի բժշկություն էի անում: Այժմ, երբ կինս հիվանդացավ, արտաքին նշաններից ենթադրեցի, որ տիֆ է (որովայնային): Բաց արի գրքի համապատասխան գլուխը՝ ստուգելու համար. նշանները հետևյալներն էին՝ գլխացավ, փորի խանգարմունք ջերմով: Բայց ամենակարևոր նշանը հետևյալն էր. երբ հիվանդի ձախ սնակուշտը սեղմես, լսվում է կ՜ռթ մի աղմուկ. այդ աղմուկը լսվում է առաջին երկու երեք օրերում և հետո անհետանում: Ես փորձեցի և աղմուկը լավ լսեցի: Այլևս կասկած չկար: Թավրիզում այն ժամանակ լավագույն բժիշկն էր համարվում մի տիգրանակերտցի հայ, որ սովորել էր Ամերիկայում: Բարձրահասակ մի մարդ էր, որ հետս լավ ծանոթ էր: Հրավիրեցի նրան, քննեց և ասաց, թե անցողական հիվանդություն է: Ես հարցրի նրան, թե տի՞ֆ է, ասաց ոչ: Ես չհավատացի, բժիշկը շարունակեց իր այցելությունները, և երբ հիվանդությունը հետզհետե սաստկացավ, ստիպվեց խոստովանել, որ տիֆ է: Հարցրեց ինձ. «Այն աղմուկը իսկապես լսեցի՞ր». հաստատեցի թե «այո»: Կնոջս հիվանդությունը հետզհետե սաստկացավ: Ջերմությունը հասավ բարձր աստիճանի: Բոլոր մերձավորներս վարակվելու երկյուղից փախան: Ես մենակս խնամում էի նրան: Տիգրանակերտցի բժիշկը ինձ ասաց. «Չվախենաս, միկրոբները Պարսկաստանում շատ տկար են, արևը ոչնչացնում է նրանց: Թավրիզում չեմ տեսել մարդ, որ տիֆից մեռնի: Նույնիսկ սիֆիլիսը այնքան թույլ է մեզ մոտ, որ ոչինչ նշանակություն չունի»: Այս խոսքերը, թեև հուսադրական, բայց բուժիչ չէին: Հիվանդությունն այնքան սաստկացավ, որ իմ բժիշկներից մեկը՝ Անդրանիկ Հակոբյանը, գիշերեց ինձ մոտ, վտանգի րոպեին իբր թե օգնության հասնելու համար: Այս Անդրանիկ Հակոբյանը խարբերդցի էր. Էջմիածնի Ճեմարանում սովորական դեղագործ էր. «Բյուրակն» ամսաթերթում «Կայծոռիկ» ծածկանունով հոդվածներ էր գրում: Մի հոդված էլ միասին ենք գրել «Մանիսացիները իբրև գաղթական խարբերդցի» վերնագրով: Անդրանիկը հնչակյան գործիչ էր եղել, ինչպես ինքն էր ասում և անունը ծածուկ էր պահում, իբր թե այնքան մեծ հեղափոխական գործունեություն էր ցույց տվել, որ տաճիկ կառավարությունը ամեն կողմ փնտրում էր նրան և եթե գտներ, կախաղան պիտի բարձրացներ: Այսքան մեծ կարծիք ուներ իր մասին: Այնուհետև Էջմիածնից գնացել է Լոնդոն և այնտեղ 3 ամսվա մեջ բժշկական վկայական է ստացել: Այս անհավատալի հեքիաթը եզական կդառնա երբ ասեմ, թե նա բողոքական քարոզիչ էր: Անդրանիկը իբրև ընկեր շարունակ այցելում էր հիվանդիս: Ես չափազանց հուսահատված էի: Հազիվ եկել ենք Պարսկաստան, հազիվ կարողացել եմ հոր ձեռքից խլելով հեռացնել Շուշուց և ահա նա մահամերձ հիվանդ է: Ի՞նչ պատասխան պետք է տամ հորը: Հուսահատությունից որոշեցի, որ ես էլ վարակվեմ և հետը մեռնեմ: Խմում էի նույն բաժակից և նույն տեղից: Զգուշական միջոցների չէի դիմում, բայց չվարակվեցի: Վերջապես իմ մեջ ամփոփվելով այդ միտքը դեն գցեցի: Եթե ես վարակվեմ, ո՞վ պիտի բուժի մեզ: Ավելի լավ է ես հետևեմ նրան, աշխատեմ, որ բուժվի, իսկ եթե մեռնի, ես էլ կարող եմ մեռնել ուրիշ միջոցով: Մի ամիս հետո հիվանդը լավացավ. բժիշկ Անդրանիկը իրավունք տվեց ուտելու: «Ի՞նչ տամ ուտելու»,— հարցրի ես: «Խաշած կարտոֆիլ կարող եք տալ»,— ասաց նա: Ես կասկածում էի, գիտեի, որ մինչև մի ամիս պետք չէ ուտելիք տալ: Բայց որոշ չափով հավատացի բժշկին, մի շատ փոքրիկ կտոր կարտոֆիլ տվի, երկրորդ օրը կրկնվեց հիվանդությունը: Բժիշկը եկավ և զարմացավ: «Ի՞նչ ես տվել ուտելու»,— հարցրեց ինձ: «Մի փոքրիկ կտոր կարտոֆիլ, ինչպես ասել էիր»: Շվարեց, կմկմաց, բայց անօգուտ: Երեք շաբաթ ևս տառապեց խեղճ կինս և վերջապես լավացավ: Ազգամիջյան ընդհարումներն սկսվել էին Կովկասում: Երկրից ոչ մի նամակ չունեինք: Այս դրությունը անտանելի էր մանավանդ կնոջս համար, որ կարծում էր, թե ամբողջ ընտանիքը զոհված է: Ճարահատյալ մի խարդախ միջոցի դիմեցի: Իմ լավ աշակերտներից մեկին՝ Տիգրան Բաղդասարյանին, որ այժմ Պարսկաստանում հայտնի ատամնաբույժ է, կանչեցի ինձ մոտ և թելադրեցի հետևյալ սուտ նամակը (մոտավորապես). «Հարգելի պարոն Աճառյան. այսօր մեր հիվանդանոցը եկավ ձեր ազգական Սմբատ Ավանյանը իր կնոջ և ամբողջ ընտանիքի հետ: Մեր հիվանդանոցը այժմ բոլոր բաքվեցի վտանգված հայերի ապաստարանն է: Նա հայտնեց, որ ձեր աները՝ Բալասան ապերը իր ամբողջ ընտանիքով ողջ և առողջ է: Նրանց թաղը վտանգի տակ չէ: Այս նամակը գրեցի և մի վստահելի ադրբեջանցու ձեռքով ձեզ ուղարկեցի, որպեսզի դուք և տիկինը անհոգ լինեք: Բարևներով՝ բժիշկ Քրիստափոր Օհանյան»: Այս նամակը գրեց Տիգրանը և ծրարի մեջ դնելով՝ տարավ: Երկու ժամ հետո բերավ տուն, հանձնեց ինձ և կնոջս, ասելով, թե մի ադրբեջանցի բերել է Բաքվից և հանձնել է մի հայ մարտիկի, ձեզ հասցնելու համար: Կինս բացեց նամակը, կարդաց, ճակատի մռայլը փարատվեց և ուրախությունը փայլեց երեսին: == ԻՄ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԹԱՎՐԻԶՈՒՄ == Բնականաբար Արմատական բառարանս ճոխացնել չէի կարող Թավրիզում, ուր համապատասխան միջոցներ չկային: Ես ձեռնարկեցի կազմել Թավրիզի ձեռագրաց ցուցակը: Այս գծով իմ առաջին աշխատանքը եղել է Կարնո ձեռագրաց ցուցակը, որ կազմել էի Սանասարյան վարժարանում: Այժմ ավելի փորձված էի: Ղալայի դպրոցի գրադարանը ուներ 51 ձեռագիր, իսկ առաջնորդարանը ուներ 19 ձեռագիր, որոնց վրա ավելացնելով Լիլավայի և մասնավոր անձանց ձեռագրերը, ստացվեց մի հատոր, որ հրատարակեցի Վիեննայում 1910 թվականին: Այս ձեռագրերի մեջ առանձին հիշատակության արժանի են երկուսը: Առաջինն էր «Տաղարան Առաքել Բաղիշեցւոյ», գրված ԺԵ դարից հետո, որ պատկանում էր կառապան Հարություն Աստաֆյանին և նրա որդի Գարեգին Աստաֆյանին: Այս երկուսը տրապիզոնցի էին, ուսումնասեր և ազգասեր մարդիկ: Ձեռագիրը սքանչելի էր. պարունակում էր Առաքել Բաղիշեցու բոլոր գործերը՝ գրված սքանչելի գեղեցկությամբ: Հարություն Աստաֆյանը խնդրեց ինձնից այն բժշկական գիրքը, որ հիշել եմ վերևը (էջ 296), և ես նվիրեցի նրան: Ես էլ արտագրեցի շատ մեծ ուշադրությամբ Բաղիշեցու Տաղարանը և պահեցի ինձ մոտ: Հետագայում Աստաֆյանները գնացին Տրապիզոն, անշուշտ իրենց հետ տանելով ձեռագիրը: Եթե այսպես է, Տրապիզոնի մեծ կոտորածին իրենք էլ և այն ձեռագիրն էլ ոչնչացան: Ես հետո արտագրած ձեռագիրս հանձնեցի Հ. Ներսես Ակինյանին, ուրիշ ձեռագրերի հետ և այժմ գտնվում է Վիեննայի Մխիթարյանց վանքում: Երկրորդ ձեռագիրն է Սմբատ Գ թագավորի անասնաբուժությունը, որի մասին կխոսենք հետո: Երկրորդ աշխատանքս եղավ հայ գաղութների պատմությունը, որ մրցանակի էր դրված Լազարյան Ճեմարանի կողմից, երկու հազար ռուբլի վարձատրությամբ: Պայմանաժամն էր 2 տարի: Ես և իմ բնակակից, նախկին աշակերտ և այժմ ուսուցիչ Սենեքերիմ Տեր-Հակոբյանը միասին ձեռնարկեցինք նույն գործին, բայց յուրաքանչյուրս իրեն համար: Ես սկսեցի հավաքել այն բոլոր տեղեկությունները, որ վերաբերում էին գաղութներին: Կարդացի պատմագիրները, ճամփորդական հուշերը, լրագրական հոդվածներ, ձեռագրական հիշատակարաններ և այլն: Այս բոլորից հավաքելով նյութերը, որոնք շատ բազմաթիվ էին և շատ ցրված, դասավորեցի և ի վերջո մի ամբողջություն կազմեցի: Աշխատում էր նաև Սենեքերիմը: Մենք զգուշանում էինք մեր աշխատության արդյունքը ցույց տալ միմյանց, վախենալով, որ մեկը մյուսից կգողանա: Ես իմ աշխատանքը միշտ փականքի տակ էի պահում: Հետագայում պիտի տեսնենք, որ ես աշխատությունը ներկայացրի և ստացա մրցանակը, իսկ Սենեքերիմը ոչինչ չհրատարակեց: Էջմիածնում արտագրել էի հոյակապ Տաղարանը, որի վրա ավելացան Թավրիզում գտած տաղերս և ամբողջ Գանձարանը, որ արտագրեց կինս: == ՄԵԿՆՈՒՄ ԹԱՎՐԻԶԻՑ == Մեր Թավրիզ գալու պատճառը Շուշվա թեմականի փակումն էր, որ արդյունք էր ցարական բռնակալության: Սկսվեցին հեղափոխական շարժումները Պետերբուրգում և ամբողջ Ռուսաստանում: Տեղի ունեցավ մի հոյակապ գործադուլ, որ տևեց 6 ամիս: Ցարը ստեղծեց հայ-թուրքական ընդհարումները, որոնք վտանգավոր դարձրին կյանքը Կովկասում մի ամբողջ տարի: Հեղափոխականները ռմբակոծեցին թագավորական պալատը և ցարը զիջելով՝ ստիպվեց շնորհել «ընդհանուր ազատություն»: Ցենզուրան անգամ վերացավ: Մենք էլ պատրաստվեցինք մեկնել Թավրիզից: Այն ժամանակ դեռ երկաթուղին պատրաստ չէր: Ուստի պիտի մեկնեինք կառքով: Թավրիզից մինչև Արաքս ոչ մի վտանգ չկար, ուստի վարձեցինք մի կառք և ճանապարհ ընկանք: Հազիվ հասել էինք Առաքել Պատմագրյանի տան առաջ, որ մեր տնից երկու տուն վերև էր գտնվում, հայոց եկեղեցու նրբանցքի անկյունում, այնտեղ, որտեղ ընդհարման դեպքը պիտի սկսեր, մի երիտասարդ ներկայացավ ինձ և ասաց. «Այստեղ, այս տան մեջ մի լավ ձեռագիր կա»: Կառապանից խնդրեցի զիջել մի քանի րոպե: Մտա դերձակ Շիրմազանի տունը, ուր գտնվում էր այդ ձեռագիրը: Ի՜նչ ձեռագիր. ամբողջ Թավրիզն արժեր ինձ համար: 1295—1298 թվականից մի ձեռագիր էր, որ գրել էր տվել հայոց Սմբատ Գ թագավորը: Արքայական մատենադարանի գրքերից էր, անասնաբուժություն՝ «Բժշկական ձիոյ և առհասարակ գրաստնոյ»: Չէի կարող մի քանի րոպեում, երբ կառապանը սպասում էր, արձանագրել ինչ որ կարևոր էր այդ ձեռագրից: Այնուամենայնիվ ես քաղեցի այնքան նյութ, որ գրավեց «Հանդէս ամսօրեայ»-ի մի տպագրյալ էջը: Կառքը ճանապարհ ընկավ: Ապահով հասանք Արաքս: Անցանք սահմանը: Ներկայացանք մաքսատուն, ուր պետք է մեր իրերը քննեին: Արգելված ոչինչ չունեինք: Քննիչը գրավեց իմ Արմատական բառարանը և հարցրեց, թե սա ի՞նչ է: Ես պատասխանեցի. «Этимологический словарь»: Գիրքը գրավեց և ասաց, թե պիտի ուղարկի Թիֆլիս՝ Ցենզուրին: Ես ցենզուրից չէի վախենում, բայց ի՞նչ երաշխիք ունեի, թե գիրքը ճանապարհին չէր կորչելու: Այս սարսափիս մեջ ներկայացավ գլխավոր քննիչը և հարցրեց. «Սա ի՞նչ գիրք է»: — Этимологический словарь армянского языка,— ասացի ես: — Исторические пустяки,— գոչեց քննիչը և անարգանքով հետ շպրտեց գիրքը դեպի ինձ: Որքան հրճվալից էր ինձ համար այս անարգական գնահատականը: Երկրորդ անգամն էր, որ «Արմատական»-ս փրկվում էր կորստից։ Մենք գնացինք Ջուլֆայում մի ինչ-որ սենյակ, ուր կային նաև մի քանի այլ անձինք. բոլորը հայեր էին և բոլորը տխուր։ Ամենքի սիրտը սարսափով լցված էր և սպասում էին թուրքական հարձակման։ Մենք էլ վտանգի կենտրոնումն էինք: Ո՞վ պիտի փրկեր մեզ: Ներկաներն ասացին, որ պետք է սպասել Սմբուլին: Ո՞վ էր այդ Սմբուլը։ Գյուղի նշանավոր կառավարիչը: Քիչ հետո ներս մտավ։ Նա իմ հին աշակերտներից էր, մշեցի մի երիտասարդ, որ սովորում էր Ճեմարանում: Սիրով բարևեցինք իրար. նրա դեմքն էլ մռայլ էր: Տխրությամբ պատմեց, թե սպասում են ընդհարման, իսկ իրենք միջոց չունեն դիմադրելու: Այս բոլորը մեզ համար շատ վատ վիճակ էր ստեղծում: Արդյոք գնա՞լ մոտակա Հին-Ջուղա հայկական գյուղը, թե՞ ճանապարհ ընկնել: Սմբուլը խորհուրդ տվեց մեկնել և դրա համար խոստացավ տալ 2 ձիավոր քաջ մարտիկ: Մարտիկները զինվեցին ատրճանակներով (հրացան չէր կարելի), առաջ ընկան մեզանից, աջից ու ձախից, ես ու կինս նստեցինք կառք և մեկնեցինք նրանց ետևից: Ձիավոր մարտիկները շարունակ հսկում էին, թե հետևից կամ առաջից թուրքեր չե՞ն գալիս: 40 կիլոմետր այսպես գնացինք, մինչև հասանք Նախիջևանի կայարանը, ուր գնացքը սպասում էր: Ձիավորները իջան ցած և ինձ ու կնոջս տեղավորեցին վագոնում: Ես նախապես Սմբուլին հարցրել էի, թե մարտիկներին ինչքան վճարեմ: «Ամենևին,— ասաց նա,— փողի խոսք չանեք, կվիրավորվեն, նրանք զինվոր են»: Ես ու կինս սեղմեցինք նրանց ձեռքը ջերմագին և կրկին ու կրկին շնորհակալություն հայտնեցինք, իսկ նրանք, ձեռքերը կրծքին դրած, գլուխ տալով, «մեր պարտքն է մեր ուսուցիչներին» ասացին և հեռացան: Գնացքը շարժվեց և հասանք Երևան: == ԲԱԹՈՒՄԻՈՒՄ == Երբ ծնողներս մեկնեցին Շուշուց Բաթումի գնալու համար, մենք նրանց հետ թղթակցում էինք և այդ թղթակցությունը շարունակեցինք նաև Թավրիզից: Ծնողներս թեև ուզում էին գնալ Կոստանդնուպոլիս, բայց հավանելով Բաթումիում ծովին, ձկան, սրճարաններին, կլիմային և գտնելով Բաթումին իբր մի փոքր թաղ Կոստանդնուպոլսի, որոշել էին մնալ այնտեղ: Մենք էլ գնացինք նրանց տեսության և շատ հավանեցինք Բաթումիին: Արդարև Բաթումիի կլիման, թեև խոնավ և անձրևաշատ, բայց շատ օգտավետ է սրտի համար, մանավանդ ծերունիներին: Հայերի մեծ մասը Տաճկաստանից են գաղթած և խոսում են մեր բարբառով: Այդ բազմազգի ժողովուրդը, որ բնակվում էր Բաթումիում, ռուսական կառավարության շնորհիվ, ազգային վեճերից բոլորովին հեռու, ապրում էր եղբայրական սիրով ու կապով: Իջանք մեր տունը: Հայրս պատմեց, որ Բաթումի հաստատվելու օրից, դուրս էր բերել իր կոշկակարական գործիքները և մի գեղեցիկ կանացի կոշիկ կարելով՝ տարել էր մի վաճառատուն, որի տերն էր արդվինցի Մկրտիչ Սողոյան բարեբարո անձը: Նա դիտում է կոշիկը, հավանում է և ասում. — Սա այստեղի գործ չէ, սա արտասահմանի գործ է, բայց ո՞ւր է ֆաբրիկայի կնիքը: Հայրս պատասխանում է, թե ինքն է կարել: — Այստեղի վարպետները այս տեսակ գործ չեն կարող շինել. դուն որտեղացի՞ ես: — Պոլսեցի: — Այդ ուրիշ բան է, պոլսեցի վարպետը կարող է: Սակարկության են մտնում և պայմանավորվում են, որ հայրս ամեն շաբթու այսքան զույգ կոշիկ կարի և հանձնի վաճառատուն, որոշ գումարով: Այսպես ապրում են մերոնք շատ հանգիստ և շատ ուրախ: Հայրս երկու տարվա մեջ խնայում է 50 ոսկի (500 ռուբլի), որ կապած պահում է մայրս, կորստից վախենալով: Հայրս մի զվարճալի բան պատմեց: Սրճարանում նստած ժամանակ ռոդոսթոցի մի հայ լրագրում կարդում է մի լուր և հորս դառնալով հարցնում է. — Տղուդ անունը ի՞նչ է: — Հրաչյա: — Տես ի՞նչ է գրած լրագրի մեջ: Եվ պատմում է, թե Լազարյան ճեմարանում մրցանակի դրված է եղել «Հայոց գրերի պատմությունը»: Առաջին մրցանակը տարել է Հրաչյա Աճառյանը, որ ստացել է 600 ռուբլի, իսկ երկրորդ մրցանակը տարել է գերմանացի Մարկվարտը, որ ստացել է 400 ռուբլի: Հայրս սնափառությամբ ասել է. — Ես ալ կարծեցի, որ նոր բան մը պիտի ըսես: Ատանկ մրցանակներ ան շատ տարած է: Ադ ալ բա՞ն է, որ ըսիր: Նոր բան գիտե՞ս, ան ըսե: Մայրս էլ պատմեց մի ուրիշ զվարճալի բան: Հայրս մի օր տուն է գալիս և ասում է մորս. — Ընծա, ան 50 օսկին ո՞ւր է: — Ի՞նչ պիտի ընես: — Պետք է, տո՛ւր։ — Նորեն առնես ուրիշի՞ն պիտի տանիս տաս: Ես օսկի չունիմ, որին տվեր ես, անոր գնա: Հայրս բարկանում է, դուրս է գալիս և երեք օր խռով է մնում: Հայրս թեև խստասիրտ էր և բարկացկոտ, բայց մորս խստության առաջ լռում էր: Երեք օրից հետո հայրս ասում է մորս. — Կնիկ, աղեկ ըրիր, որ օսկիները չտվիր. ասոր անոր հարցուցի, ան մարդը ղոլանդըրըջը (դրամաշորթ) մարդ է եղեր: Որովհետև Բաթումին ամառը շատ տաք էր, որոշեցինք մեկնել ամառանոց: Հայրս ընտրեց Մախինջաուրի գյուղը, որ գնացքով Բաթումիից հեռու է 15 րոպե: Ծովի ափին գտնվում է կայարանը, որից կես ժամ բարձր գտնվում է բուն գյուղը, այգիների և պարտեզների մեջ ցրված։ Վարձեցինք աջարացի մի կնոջ տունը: Երկու սենյակից և մի մեծ միջանցքից կազմված մի բնակարան էր, տարեկան 10 ռուբլի վարձով: Շատ ընդարձակ այգի ուներ. դռան առաջ գտնվում էր սառնորակ մի աղբյուր՝ մշտահոս, քաղցրահամ ջրով: Պարտեզից կարող էինք ձրիաբար ուտել ինչ պտուղ որ կամենայինք. իսկ գնելու համար գինն էր օկա ղուրուշ (այսինքն՝ 3 ֆունտը՝ 5 կոպեկ): Սարսափելի էժանություն: Կինը շատ հետամնաց կին էր. մոլեռանդ մահմեդական, բայց շատ բարեբարո և միամիտ: Մի օր մեզ ասում է. «Դահա ուռուս բու երլերի ալմադը» (դեռ ռուսը այստեղերը չի վերցրել): Միամիտ կինը կարծում էր, թե ռուսը, թեև Բաթումի քաղաքը գրավել է, բայց Մախինջաուրին դեռ չի գրաված: Մի օր հարցրինք, թե աղջիկդ ի՞նչ պետք է անես: — Երբ մեծանա, թուրք փաշայի հարս պիտի տամ: (Կարծում էր, թե Բաթումիում դեռ թուրք փաշաներ գոյություն ունեն): Մախինջաուրիից քիչ ցածր, կայարանից վերև, գտնվում էր բելգիական հյուպատոսի այգին: Ի՜նչ հոյակապ այգի: Անցորդները ցանկապատից նայում էին և անցնում: Մի օր դռան առաջ տեսանք պարտիզպանին, որ ռուս էր: Ծանոթացանք, և նա մեզ հրավիրեց այգին: Չեմ կարող ասել, այգի՞ էր թե՞ դրախտ: Ամերիկայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Ավստրալիայի չտեսնված չքնաղ բույսեր և ծաղիկներ այնտեղ կային: Հյուպատոսը ապրում էր քաղաքում և երբեմն միայն այցելում էր իր այգին: Տեսանք Ավստրալիայի մի բույս, որ ագավե էր կոչվում, բռնել էր մի ամբողջ մարգ, մի տերևը մարդու բարձրությամբ: Ծաղիկ չուներ դեռ. պարտիզպանը ասաց, թե նա ծաղկում է 100 տարին մի անգամ և այդ միջոցին մեռնում է: Մեզ թույլ տվեց քաղել ինչքան ծաղիկ որ ուզում ենք. ինքն էլ փունջերով ծաղիկ քաղեց և կնոջս տվեց. կինս չափազանց սիրող էր ծաղկի: Տունը ամբողջ լցրեցինք ծաղիկներով և դեռ կշտանալ չուներ: Թավրիզից հեռանալով ես անգործ էի: Պետք էր պաշտոն գտնել: Ոչ մի ծանոթ չունեի, որ նրան դիմեի: Նորից Էջմիածին գնալ չէի ուզում: Տփղիսի Ներսիսյան դպրոցը դիմել չէի համարձակվում: Հայկաբան Մալխասյանի մոտ ես ի՞նչ արժեք ունեի: Մտատանջ ապրում եմ: Ես թեև ոչ մի ժամանակ անգործ չեմ մնացել, բայց միշտ վախեցել եմ, որ անգործ կմնամ: Մինչև անգամ այժմ (1952 թ. հունիսի 26), երբ գիշերը քնած եմ և հանկարծ մի տեղս բացվելով մրսում եմ, իսկույն երազ եմ տեսնում, թե ես անգործ եմ, ինձ պաշտոնից դուրս են արել և փողոցում թափառում եմ հաց մուրալով: Ահաբեկ արթնանում եմ, շուրջս դիտում, ճանաչում եմ սենյակը և միտս է գալիս, որ Ակադեմիայի անդամ եմ 3500 ռուբլի թոշակով և ինձ պաշտոնից հանող չկա: Հանգստանում եմ և նորից քնում: Պաշտոն ճարելու համար կարդում էի օրաթերթերը և հայտարարությունները նայում: Մի անգամ էլ կարդում եմ մի հայտարարություն, որով Նոր-Բայազետի հայ երկսեռ դպրոցի համար ավագ ուսուցիչ են հրավիրում, ամսական 60 ռուբլի վարձատրությամբ։ Քիչ էր, բայց անգործ մնալու երկյուղը ստիպեց ինձ դիմել հոգաբարձության և առաջարկել իմ թեկնածությունը: Սրա համար այդ օրը գիշերեցի մեր տանը՝ Բաթումիում: Ո՜վ սարսափ. մլուկների (թախտաբիթի) մի մեծ բանակ հարձակում է գործել վրաս: Երկու շաբաթ քաղցած մնալուց հետո մլուկները լավ որս էին ճարել: Ճրագը վառում եմ և կոտորում եմ մլուկներին՝ հաշվելով հազար հատ: Կարծում եմ, թե վերջացավ և նորից եմ քնում՝ նոր հարձակում. վեր եմ կենում և կոտորում եմ երկրորդ հազարյակը: Այնուհետև երրորդ հազարյակը և դրանից հետո հոգնած և քնաթաթախ պառկեցի և քնեցի. թե ի՞նչ եղան մլուկները՝ չգիտեմ: Մլուկների քանակը սարսափելի էր Բաթումիում, որովհետև տները փայտյա են, կլիման շատ հարմար, իսկ դրանց կոտորելու համար միջոցներ չկային այն ժամանակ: Մախինջաուրին շատ հարուստ էր կարիճներով: Շատ էին, բայց փոքրիկ: Ասում էին, թե անվնաս են և նրանց խայթոցը մահացու չէ: Ես լսել էի կարիճների դեմ մի հնարք: Տիգրանակերտում, ուր մի ափի մեծությամբ կարիճներ կան և սաստիկ թունավոր, մարդիկ, որ քնում են կտուրներում, կարիճներից ազատ մնալու համար անկողնի շուրջը ձգում են մի պարան: Կարիճը երբ ուզում է շրջանակից ներս մտնել, փորը քսվում է պարանին, չի սիրում և հետ է դառնում: Այսպիսով մարդիկ ազատ են մնում կարիճից: Նույնը արի և ես Մախինջաուրիում և կարիճի խայթոց չստացանք: Նոր-Բայազետի հոգաբարձությունից համաձայնություն ստացա. երևի ինձնից ավելի հարմար մարդ չէին գտել: Կնոջս հետ մեկնեցի Բաթումիից և Դիլիջանի վրայով գնացինք Նոր-Բայազետ: == ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏՈՒՄ == 8000 բնակչով փոքր քաղաք էր այն ժամանակ Նոր-Բայազետը: Բնակչությունը ամբողջովին հայ էր, բացի 50 տուն քրդերից, որոնք կռիվների ժամանակ բնաջինջ եղան: Պաշտոնեությունը գավառապետից սկսած մինչև վերջին ցրիչը հայ էին: Սևանա լճից կես ժամ հեռավորությամբ գտնվում է քաղաքը և ունի բազմաթիվ հայ (նաև թուրք) գյուղեր, շրջանը տարածված է մինչև Բասարգեչար (հին անունով Վասակակերտ) հայ գյուղը, որ գտնվում է Սևանա լճի ծայրին: Նրանից այն կողմ գտնվում է Մազրա շրջանը, որից այն կողմ էլ Ղարաբաղն է: Նոր-Բայազետի կլիման ամենից առողջարարն է Արևելյան Հայաստանում: Մալարիա չկա. ձմեռը շատ երկար, բայց մեղմ է: Ամառը տաք չէ բնավ և կարող է ծառայել իբրև ամառանոց: Ցրտի պատճառով միրգ չունի. այն ժամանակ ծառեր էլ չկային: Թեև քաղաք, բայց գյուղական կյանք ուներ: Տների կողքին բարձրանում էին աթարի ամրոցները. ամեն տուն ուներ հոտ կամ նախիր, որ առավոտը գնում էր դաշտ արածելու և երեկոյան վերադառնում էր տուն: Ջուրը սքանչելի է. Երևանի այժմվա ջրի (Ղրխբուլախ=Քառասնակունք) մյուս երեսն է: Կյանքը շատ էժան էր. կաթի լիտրը արժեր 5 կոպեկ, 12 ձուն՝ 5 կոպեկ: Ես օրական ուտում և խմում էի մի շիշ կաթ և 12 ձու, որ անում էր ամսական 3 ռուբլի: Միս չկար. տավարը փոխադրում էին Թիֆլիս և թանկ գնով ծախում: Չափազանց էժան, համարյա ձրի էր իշխան ձուկը։ Դժբախտաբար չէր կարելի նույն օրվա մեջ ձուկ և կաթ ուտել. ուստի մի օր կաթով էինք անցկացնում, մյուս օրը իշխանով: Ձրի էր նաև մածունը: Աշակերտներիս մայրերը ամեն օր մածուն էին բերում ինձ, և երբ փարչին 20 կոպեկ էի տալիս, զարմանում էին, թե «մածնին էլ փող կլինի՞» և չէին վերցնում: Առաջին անգամ ներկայանալով դպրոց, հոգաբարձության, սիրալիր կերպով ընդունեցին ինձ: Իմանալով, որ կինս ձեռագործ գիտե, նրան էլ ուսուցչուհի վերցրին ամսական 50 ռուբլի վճարով: Այսպիսով մեր երկուսի ռոճիկը լինում էր 110 ռուբլի: Վարձեցինք մի լավ բնակարան, որ գտնվում էր հայոց նորակառույց մեծ եկեղեցու ճիշտ դեմը: Այդ բնակարանը պատկանում էր Բուդումյան անուն անձին, որ քաղաքի ամենից ուսյալ անձն էր. ավարտել էր Օդեսայի համալսարանը և իրավաբան էր: Ուներ մի մայր, որ կոչվում էր ամբողջ ժողովրդի մեջ «ազգային մայրիկ»: Պառավ կին էր և այս անունը ստացել էր շնորհիվ այն բանի, որ երկար տարիներ մասնակցել էր ազգային զանազան հիմնարկների խնամակալության և նրանց օգտին եղած հանգանակությունների: Կինս շատ էր սիրում պառավներին և իրար հետ լավ բարեկամացան: Մեր ամենօրյա խոսակիցը այդ Բուդումյանն էր, որ նաև դպրոցի հոգաբարձուներից մեկն էր: Մեր ամենից ավելի մոտիկ բարեկամը եղավ Խաչատուր Բունիաթյանը, որ պատկանում էր ազատականների խմբին: Շուկայում ուներ մի խանութ, ուր չիթ էր ծախում. թեև կիսավարտ, բայց շատ ուսումնասեր մարդ էր: Ինձ շատ սիրեց և շատ հաճախ գնում էինք իրենց տունը: Կինս ձեռագործ էր սովորեցնում նրա աղջկան (Մարիկա), որ հետո ամուսնացավ Ռուբեն Տոնոյանի հետ, որ այժմ Ակադեմիայի գլխավոր աշխատակիցներից մեկն է (և մեծ թարգմանիչ և հրաշալի թարգմանիչ): Կինը՝ Մարիկան, վաղամեռիկ եղավ: Խ. Բունիաթյանը ինձ շատ սիրելու և հարգելու պատճառով, ասում էր, թե եթե զավակս տղա լինի, անունը Հրաչյա պիտի դնեմ, «որպեսզի քեզ նման լեզվագետ լինի»: Ավելի ուշ որդի ունեցավ, անունն էլ Հրաչյա դրավ, բայց նա լեզվագետ չեղավ, այլ քիմիկոս և այժմ մեր Ակադեմիայի նշանավոր անդամներից մեկն է: Խ. Բունիաթյանին ես պատահեցի 20-ական թվականներին Երևանում. ծերացել էր, շատ հաճույքով հիշեցինք անցյալ օրերը, որոնք անդարձ կորան: Մի քանի տարի հետո մեռավ: Բուդումյանի տանը ես մի զարմանալի հիվանդություն ունեցա: Ամբողջ իրանս, մինչև գոտկատեղը, ընկույզի մեծությամբ ուռուցքներ դուրս եկան, որ ոչ ցավում էին և ոչ քոր գալիս: Գիշերը անցնում էին, ցերեկով նորից ուռչում: Ուռուցքները փափուկ էին: Ես սկսեցի շատ վատ բաներ կասկածել: Ավելի լավ է բժշկություն ամենևին չիմանալ, քան թե քիչ իմանալ: Չէի մտածում, թե իմ կարծած ախտի ուռուցքը միայն մի հատ կլինի և անպատճառ կարծր և ոչ թե փափուկ: Այս երկու հանգամանքները մոռացության էի տվել: Գնացի բժշկի մոտ. նա էլ քննեց, կասկածեց և ինչ-որ դեղ տվեց: Երբ տուն եկա, կինս ասաց, թե քանի որ գիշերը չի լինում, այլ միայն ցերեկը, ուստի ցրտից է: Ես էլ հաստատեցի այդ, որովհետև կեսից ցածր ֆայկա էի հագած, իսկ կեսից վերև՝ ոչ: Ֆայկան հագա և նույն օրը ամեն ինչ վերջացավ. տարօրինակ հոդացավ։ Նոր-Բայազետում իմ գրական աշխատանքները եղան. 1. Նոր-Բայազետի ձեռագրաց ցուցակը, որ կազմեցի տեղի վրա և պարունակում է 54 ձեռագրի նկարագրությունը. հրատարակվեց նախ մաս-մաս «Հանդէս ամսօրեայ»-ում և ապա առանձին, Վիեննայում 1924 թվականին: 2. Ուսումնասիրեցի տեղական քրդերի բարբառը և կազմեցի քրդերենից ֆրանսերեն և ֆրանսերենից քրդերեն գրքույկ, որ տպվեց Փարիզում 1911 թվականին (այժմ այդ քրդերը կոտորված լինելով, սույն գրքույկի արժեքը անկարևոր չէ): 3. Մտածեցի շրջել Նոր-Բայազետի շրջանի բոլոր գյուղերը և բոլորի բարբառից գրի առնել մի-մի նմուշ: Վարձեցի մի ձի և բոլոր գյուղերը ման եկա մինչև Բասարգեչար։ Նմուշները բոլոր տպված են իմ բարբառագիտության մեջ: Կարծում էի, թե նույնը կարող էի շարունակել ամբողջ Հայաստանում, բայց հանգամանքները չթողեցին: Այդ գործը շարունակում են այժմ` Արարատ Ղարիբյանը և իր աշակերտները: Ճամփորդության մեջ ինձ պատահեց հետևյալ դեպքը: Երեկոյան դեմ հասել էի մի գյուղ: Վերջալույս էր: Ճանապարհի վրա տեսա մի տուն, որի պատշգամբում մի խումբ մարդիկ (գյուղի առաջավորներից) նստած խոսում էին։ Հարցրի, թե որևէ մեկը ինձ կընդունի՞ գիշերելու: Բոլորն էլ մերժեցին: Ես անճար մնացած, հարցրի, թե հաջորդ գյուղը մո՞տ է, և մինչև մութն ընկնելը կարո՞ղ եմ հասնել ձիով. «Այո,— ասացին միաբերան,— այն գյուղում գիշերելու տեղ շատ կա»: Ես հասկացա նրանց հետին միտքը, բայց ուշադրություն չդարձրի և ճանապարհ ընկա: Մութը անսպասելի կերպով վրա հասավ. ես ճանապարհը արդեն չգիտեի, սխալ ուղղություն բռնեցի և ճանապարհից շեղվելով, ընկա բաց տարածության մեջ: Խիտ առ խիտ մացառներ էին, ճանապարհը անանցանելի դարձավ, ես չեմ տեսնում, մութ է, բայց մտածում եմ, թե ձին տեսնում է և կգնա, բայց ձիս դողում էր և չէր գնում: Իջա ցած, ձիու ականջից բռնելով՝ գնում եմ: Բայց ո՞ւր, ինքս էլ չգիտեմ. սկսեցի բարձրաձայն օգնություն կանչել. ոչ ոք չեկավ: Որոշեցի գիշերել այդտեղ. ամառ էր, օդը տաք և մրսելու երկյուղ չկար: Հանկարծ մտածեցի դիտակով դիտել շուրջս. թեև մութ, բայց դիտակը լույսը հավաքեց և հեռուն նշմարեցի իրար նման երեք ծառեր, որոնք տեսել էի քիչ առաջ, գյուղի մոտ: Աչքերս ուղղակի հառած դեպի այդ ծառերը, ձիս քաշելով դիմում եմ նրանց վրա: Հանկարծ ինձ զգում եմ կորցրած ճանապարհիս վրա: Մտնում եմ գյուղը, պատահում եմ մի գյուղացու և ասում եմ, թե կարո՞ղ է ինձ գիշերելու տեղ տալ։ Մարդը քաշվելով ասում է, թե տեղ չունի, բայց նույն միջոցին դիմում է մի ուրիշ անցորդի, բանակցում նրա հետ և ինձ տանում են մի ուրիշ մարդու տունը, դուռը թակում և իրողությունը պատմում: Այդ երրորդ անձը սիրահոժար ընդունում է ինձ, ձին քաշում ախոռը և ինձ տանում առանձին մի սենյակ: Պառկելու համար պատրաստում է ինձ համար թախտի վրա մի անկողին: Ես հոգնած ընկնում եմ քնելու. նա հարցնում է ինձ, թե ո՞վ եմ: Պատասխանում եմ, թե քաղաքի դպրոցի ավագ ուսուցիչն եմ. նա չի հեռանում մոտիցս և անխոս ինձ է դիտում: Ես ասում եմ նրան. «Հոգնած եմ, թողեք քնեմ, դուք էլ գնացեք քնեցեք»: «Ինչո՞ւ պիտի գնամ քնեմ,— ասում է նա,— հազիվ մի ուսումնական մարդ է ընկել ձեռքս, եկել է տունս քնելու, և թողնեմ գնամ քնե՞մ: Ես անքուն կհսկեմ մինչև առավոտ քո վրա, առավոտը վեր կկենաս, կերթաս»: Շատ զգացվեցի. ի՞նչ համեմատություն այն անզգամ հարուստների և այս խեղճ գյուղացու միջև: Առավոտյան ես թղթի վրա անունս և հասցես գրեցի և տվի գյուղացուն, որ քաղաք գնալիս, ինձ մոտ անցնի: Բայց նա չեկավ: Վիեննայի գրադարանի համար ամեն տեղ հին գրքեր էի ման գալիս. ինչ որ գտա, հավաքեցի. բայց դրանց մեջ հիշելու արժանի է մի զարմանալի Հայոց պատմություն, որ տպված է Գանձակում: Այդ գիրքը, որ ընդամենը մի կամ երկու մամուլից էր բաղկացած, զարմանալի է այն կողմից, որ Անուշավանին հաջորդող 30 նահապետների կյանքն էլ էր պատմում, մինչդեռ նրանց մասին ոչինչ հայտնի չէ: Գրքից 8 թերթ պակաս էր: Վիեննայի միաբանները ստանալով այդ գիրքը, այդ թերության պատճառով կարծես թե չէին ուզում ընդունել. բայց այդ գրքից ոչ մի տեղ չեմ պատահել և նույնիսկ Գանձակում հայ տպարան եղած լինելու մասին ոչինչ չգիտենք: Կարծում եմ, թե Վիեննայում էլ մինչև այսօր ոչինչ չգիտեն այդ մասին: Մի տարի մնացի Նոր-Բայազետում: Պաշտոնավարեցինք այր ու կին, մյուս ուսուցիչների հետ համախոհ, ոչ մի տարաձայնություն չծագեց մեր մեջ: Նոր-Բայազետին հրաժեշտ տալուց առաջ մի հիշողություն ունեմ պատմելու: Երբ նոր էի եկել Նոր-Բայազետ և ընդունվել իբր ավագ ուսուցիչ, Խաչատուր Բունիաթյանը, որի հետ լավ մտերմացել էինք, մի օր ցույց տվեց ինձ այն բոլոր դիմումները, որ ուղարկել էին զանազան ուսուցիչներ պաշտոն խնդրելով: Բոլորն էլ ողորմելի բաներ էին, կիսագրագետ մարդկանց գրվածքներ, որոնց մեջ նույնիսկ նամակի արտաքին պաշտոնական ձևն էլ չէր պահված: Դրանց մեջ հիշատակության արժանի էր, ինչպես Բունիաթյանն էլ էր շեշտում, 3 կոպեկանոց մի բաց նամակ, որ գրած պիտի լիներ տաճկահայ մի գաղթական։ Նամակն սկսվում էր հետևյալ բառերով. «Մենք ալ փափաքեցանք հայ մանուկներու դաստիարակությամբ պարապիլ…» և վերջանում էր հետևյալ բառերով. «… իսկ եթե ուսում կամիք, հոլլանտական համալսարանք»: Այս գրությամբ խեղճը հասկացնում էր, որ ինքը նոր է ուզում ուսուցիչ լինել, երևի ծերունի և անտեր մարդ էր և վաղուց եղել էր Հոլլանդիայում, ուր երբեմն-երբեմն այցելել էր բարձրագույն դպրոցները, առանց որևիցե մասնագիտության հետևելու և սովորելու: Նամակի վերջին տողը Բունիաթյանը և ես բերան էինք արել և շատ հաճախ հիշում էինք խոսակցության մեջ: Այսպիսի ողորմելիների մեջ ես մի բան էի, ուստի և ընտրվեցի: Յուսուֆյան ազգանունով մեկը, որ քաղաքի նշանավորներից էր, երևի իմ հոդվածներից մի երկուսը կարդացած լինելով, ասել էր. «Այս մարդուն կանչեցեք. այսպիսի մարդ ոչ ունեցել եք և ոչ էլ կունենաք»: Թմբուկի ձայնը հեռվից քաղցր է գալիս: Այսպես է եղել միշտ իմ կյանքը: Ապրել եմ տգետների մեջ, ուստի գիտունի համբավ եմ հանել: Թող լինեին իմ շուրջը մի Գարագաշ, մի Թոռնյան, մի Այտընյան, մի Գաթրճյան, մի Բագրատունի, մի Տաշյան, մի Նորայր… ի՞նչ կլինեի ես նրանց մոտ. մի հավի ճուտ: Իմ միակ արժանիքը եղել է իմ աշխատասիրությունը, որ ժառանգել եմ իմ բազմաշխատ հորից ու մորից: Բայց այս կողմից էլ ի՜նչ համեմատություն Նոր Հայկազյան բառարանի երեք անմոռանալի հեղինակների, ձեռագրաց փառավոր ցուցակը կազմող Հ. Տաշյանի, ամբողջ հին հայ գրականության համաբարբառը կազմող Նորայրի և նույնիսկ Երուսաղեմի միաբան խղճուկ ծերունի արաբկիրցի այն վարդապետի հետ, որ Ս. Գրքի համաբարբառն է կազմել: == ՄԵԿՆՈՒՄ ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏԻՑ == Ամառ էր: Նոր-Նախիջևանից մի նամակ ստացա. գրողն էր Էջմիածնից ինձ ծանոթ և աշխատակից ղարաբաղցի Ավետիս Տեր-Հարությունյանը, որի հետ Շուշումն էլ հրատարակել էինք Պետրոս Դուրյանը: Շուշվա թեմականը փակվելուց հետո, երբ բոլոր ուսուցիչները ցրվեցին, նա էլ գնացել էր Նոր-Նախիջևան և թեմական դպրոցում պաշտոն էր գտել: Նա գրում էր, որ դպրոցի համար ֆրանսերենի ուսուցչի կարիք կա. եթե ցանկանում ես, գրիր և քո թեկնածությունը կդնենք: Ես համաձայնվեցի. քիչ ժամանակ անց հեռագիր ստացա, թե ձեր թեկնածությունը ընդունվեց, բայց պետք է ներկայացնեք համալսարանի ավարտական վկայական։ Այստեղ սկսում եմ պատմել իմ ավարտական վկայականի պատմությունը: Փարիզում ավարտական տալիս, իմ ուսուցիչը՝ Մեյեն առաջարկել էր ինձ կազմել զենդերենի հոլովումը: Ամբողջ Vendidad-ը կարդալով հավաքեցի բոլոր հոլովված բառերը (գոյական թե ածական), դասավորելու համար ըստ հոլովման և կազմելու ընդհանուր կարգավորյալ ցուցակ: Աշխատությունը վերջացրել էի և ներկայացրի վարչության: Այդ միջոցին հրատարակվեց Bartholomae-ի նշանավոր բառարանը, ուր ոչ միայն զենդերենի հոլովական, այլև խոնարհական ձևերը հավաքված են, որովհետև գիրքը ոչ թե բառարան է, այլ համաբարբառ: Այս դեպքում իմ աշխատանքը ջնջվում էր, և ես չէի կարող ստանալ ավարտական վկայական: Պետք էր գրել մի նոր աշխատություն. ես արհամարհեցի վկայականը, թողեցի ամեն ինչ և գնացի Էջմիածին, հետո Շուշի, ապա Թավրիզ և Նոր-Բայազետ և ոչ մի վկայական կարիք չեղավ ներկայացնել: Միայն Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցն էր, որ այդ պահանջը դրավ: Ես խորամանկ միջոցի դիմեցի և հեռագրեցի. «Վկայական ունեմ, բայց կներկայացնեմ նոյեմբերից հետո, երբ կբացվեն համալսարանները»: Այս հեռագիրը տալուց անմիջապես հետո սկսեցի գրել Classification des dialectes arméniens աշխատությունս: Նույնիսկ, երբ գնացքով գնում էինք դեպի Նոր-Նախիջևան, շոգեկառքում, մեծ ցնցումների տակ շարունակում էի գրել աշխատությունս։ Երբ հասա Նոր-Նախիջևան, հենց առաջին հերթին դիմեցի իմ բարեկամ և խաչեղբայր Ավետիսին, որ թեմականի տեսչի (Երվանդ Շահազիզի) քարտուղարն էր: Նա պատմեց իմ ընտրության առթիվ հետևյալը. Նոր-Նախիջևանի թեմական դպրոցը ուսուցիչների ընտրության համար հետևյալ հիանալի ազատական օրենքն ուներ: Նախ թերթում հայտարարություն էին տալիս. առաջարկները ստանալուց հետո բոլորը դնում էին մանկավարժական ժողովին. ամեն մի ուսուցիչ իրավունք ուներ նոր թեկնածուներ առաջարկելու և կամ թեկնածուների մասին կարծիք հայտնելու: Ֆրանսերենի համար գտել էին երկու թեկնածու. մեկը ես, պաշտպան ունենալով ուսուցիչներից Ավետիսը և տեսուչ Շահազիզը. երկրորդ թեկնածուն էր նոր-նախիջևանցի մի կաթոլիկ զեվզեկ մարդ, որի պաշտպաններն էին ուսուցիչներից շատերը, միմիայն հայրենակցական կապերի պատճառով: Նոր-նախիջևանցիք օտար քաղաքացի հայերին չեն սիրում։ Իմ հակառակորդների մեջ ամենից գլխավորը և ամենից ազդեցիկը հայկաբան Զամինյանն էր, որ շատ գիշերներ թղթախաղով էր անցկացնում վերոհիշյալ կաթոլիկ զեվզեկի հետ: Ավետիսը ասել էր. «Պարոն Զամինյան, մյուսները չգիտեն, դուք էլ չեք ճանաչում պարոն Աճառյանին, որ ֆրանսերենը սովորել է Փարիզում, 9 տարվա ուսուցչական փորձառություն ունի և որի հայագիտական աշխատանքները հենց դուք սիրով կարդում և այստեղ գովաբանում եք»: Զամինյանը շրջադարձ է կատարում, անմիջապես անցնում է իմ կողմը և իր հետ քաշում նաև մյուսներին: Ըստ օրինի քվեատուփերը դրվում են և ամբողջ ուսուցչությունը քվեարկում է: Առավելագույն քվեն ես եմ ստանում: Արդյունքը հաղորդում են հոգաբարձության, որ անմիջապես հաստատում է: Նույնը հետո դնում է կաթողիկոսին, որ նույնպես հաստատում է: Ավետիսը բնակվում էր դպրանոցի ճիշտ դեմը գտնված մի փոքր տան մեջ, որի վարձակալն էր Մարիա Պավլովնա Խոճապարոնյանը, որ այրի մի կին էր: Ուներ երկու աղջիկ և մի տղա: Արհեստով մասաժիստկա էր և տեղյակ բժշկական գիտության: Միջոցների պակասության պատճառով նախլեբնիկ էր նրա մոտ և մեզ էլ առաջարկեց ապրել այդ տանը մի առանձին սենյակում իբրև նախլեբնիկ: Մենք երկուսս պիտի վճարեինք ամսական 60 ռուբլի, ունենալով երկու աղախին և տանտիկինը: Իմ ռոճիկը 90 ռուբլի էր. ամեն բան պատրաստ, ավելանում էր ամսական 30 ռուբլի: Համաձայնվեցինք և ապրեցինք այդ տանը: Դպրանոցում ես ավանդում էի ֆրանսերեն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն: Շաբաթական ունեի 24 ժամ դաս: Ուսուցչական կազմը մեծ էր, բայց ոչ մի հակառակություն չկար նրանց մեջ. ավելի ճիշտ խոսելով ամեն մի ուսուցիչ, բացի իր դասերից, ոչնչով չէր հետաքրքրվում, նույնիսկ ազգային գործերի վերաբերմամբ բոլորովին անտարբեր էին, բացի կովկասցիներից: Նոր-նախիջևանցիք, ինչպես ասացի, չէին սիրում օտար քաղաքացի հայերին, որոնց կոչում էին դրսեցի կամ, ավելի վատ բառով՝ տանկալախ, որի բուն իմաստն է «բթամիտ»: Այս հանգամանքը ցույց է տալիս, թե ի՞նչ կապ կար, ավելի ճիշտ ի՞նչ կապ չկար տեղացիների և կովկասցիների միջև: Ես իբրև կոստանդնուպոլսեցի, խոսում էի համարյա նրանց բարբառը, ուստի ինձ համարում էին ղրիմեցի և հետս լավ էին վարվում: Ամենից ավելի մենք կապվեցինք մեր տանտիրուհու հետ, որ մի շատ բարեբարո, բարի, ժրաջան, աշխատասեր կին էր: Կինս և նա քույրեր դարձան: Տիկնոջ զավակները երեքն էլ թոքախտավոր էին. որդին՝ Միքայելը սովորում էր դպրանոցում և իմ աշակերտն էր: Ամեն տարի տիկինը երկու աղջիկներին ձմեռը տանում էր Սուխումի, որովհետև Նոր-Նախիջևանի ձմեռը խիստ էր: Գարնանը վերադառնում էին: Մի տարի հետո մեծ աղջիկը մեռավ: Մյուս երկուսը ողջ են մինչև այժմ. Միքայելը թեմականում սովորեց և գնաց Բաղդադ, ուր զբաղվում էր դերասանությամբ: Աղջիկը՝ Ուլիան, որ այն ժամանակ 11 տարեկան էր, իմ ամենասիրելին էր. շատ սիրուն մի աղջիկ էր, երեսը միշտ ժպիտ, մազերը սև, ունքերը կեռ ու կամար. ապրեց հիվանդկախ, բայց դիմացավ: Նա ամուսնացավ Կարելլի ազգանունով մեկի հետ, որ կովկասցի էր և պարապում էր ակնավաճառությամբ: Գրեթե անգործ էր, իսկ կինը՝ Ուլիան, ուսուցչուհի էր: Ամուսինը մեռավ և Ուլիան նորից ամուսնացավ, բայց մի տարի հետո ամուսինը բաժանվեց: Մայրը՝ Մարիա Պավլովնան նույնպես դժբախտ ապրելով, նույնպես մեռել է և մեռած ժամանակ ասել է իր աղջկան. «Իմ մեռնելուց հետո ինչպե՞ս պիտի ապրես. մեռիր դու էլ ինձ հետ, որպեսզի հանգստանաս»։ Ինչքա՜ն դժբախտ պետք է լինի մեկի դրությունը, որ մայրը գերադասի նրա մահը և ուզենա, որ նա էլ իր հետ գերեզման իջնի: Ուլիան ապրում է մինչև այժմ (1952 հուլիս) աղքատ դրության մեջ, մենակ, ռուսերեն դասեր տալով դպրոցում: 57 տարեկան է: Երբեմն թղթակցում ենք իրար հետ: == ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ == Առաջին գործս էր պատրաստել իմ դիսերտացիան, որ Նոր-Նախիջևանում լրացնելով ուղարկեցի Մեյեին, սեպտեմբեր ամսվա սկզբում: Կարծում էի, թե աշխատանքիս քննությունը կարճ կտևի, ուստի Մեյեին նախազգուշացրի, որ եթե երկար է տևելու, նախապես ուղարկի հոգաբարձության մի թուղթ, որով հայտնի, թե ես համալսարանը ավարտած եմ: Միևնույն ժամանակ շեշտեցի, թե այստեղ դպրոց բառը չեն հասկանում, ուստի խնդրում էի, որ դպրոց բառը չգործածի և մի քանի անգամ կրկնի համալսարան բառը: Իմ կասկածը կատարվեց. Մեյեն հայտնեց, թե քննությունը կտևի մեկ տարի, առանձին հանձնաժողովի ձեռքով: Միևնույն ժամանակ Մեյեն ուղարկեց ինձ իր ամենամանր ձեռագրով 4 մեծ երես վկայագիր՝ հոգաբարձության ներկայացնելու համար: Այդտեղ չափազանց գովասանական բառերով խոսում էր իմ ուսանողական շրջանի մասին, գովում էր ներկա աշխատությունս իբրև իր տեսակի մեջ միակը և ավելացնում էր, թե. «Եթե պարոն Աճառյանը այստեղ լիներ և ֆրանսիական հպատակությունը ընդունած լիներ, անշուշտ համալսարանի դասախոսներից մեկը կլիներ»: Գրությունը տարի Մուշեղ վարդապետ Դանագյոզյանին, որ իբրև առաջնորդական փոխանորդ, վարում էր ազգային բոլոր գործերը և հոգաբարձության նախագահն էր: Բավական ֆրանսերեն գիտեր, բայց ծուլության պատճառով առաջարկեց, որ ես թարգմանեմ հայերենի: Նույն օրը թարգմանությունը հանձնեցի: Հաջորդ օրը տեսնելով ինձ, ասաց. «Այդ որքան գովասանք էր, ես քո տեղը լինեի, չէի թարգմանի»: Մեյեի գրությունը վերացրեց բոլոր դժվարությունները և ինձ պաշտոնապես հաստատեցին - ուսուցիչ: 1909 թվականին ստացա համալսարանից իմ գիրքը տպված վիճակում: Սկզբում դրված է իմ ավարտական վկայականը 5 հունվար, 1908 թվակիր: Ուրեմն քննությունը տևել է 4 ամիս: Համալսարանի օրենքով ամեն շրջանավարտ պետք է ներկայացնի իր դիսերտացիան: Եթե դիսերտացիան սովորական արժեքով մի գիրք է, շրջանավարտը ձեռագիրը հետ կստանա և իր ծախսով տպագրել տալով 50 օրինակ պարտադիր կարգով կնվիրի համալսարանին: Իսկ եթե աշխատությունը առանձնապես արժանավոր համարվի՝ համալսարանի ծախսով կտպագրվի և շրջանավարտ հեղինակին կնվիրվի 50 օրինակ տպագրված գրքից: Իմ գիրքը այս վերջինից եղավ: Նա կազմել է Bibliothèque de l’École des Hautes-Études-ի 173-րդ հատորը, այսինքն 300 տարվա մեջ այսքան աշխատություն միայն համարվել է տպագրության արժանի: Տպագրությունից հետո գիրքս հայերենի թարգմանելով ուղարկեցի Թիֆլիսի Ղուկասյան մրցանակաբաշխության: Քննիչ էր նշանակվել իմ «դասընկեր» Եզնիկ վարդապետ Գյանջեցյանը, որի հետ միասին սովորել էի Ստրասբուրգում՝ Հյուբշմանի մոտ: Նա գրել էր շատ թերագնահատող մի զեկուցագիր, որ գրեթե գրքիս ամփոփումն էր ամբողջությամբ, ավելացնելով միայն պարսավանք և թերագնահատություն, այն մտքով, թե գիրքը կազմված է հապճեպով, լիքն է սխալներով, թերի կետեր շատ ունի և արժանի չէ մրցանակի: Գրքիս վերջում ես կազմել էի հայ բարբառների քարտեզը, որ առաջինն էր իր տեսակում և մնում է այդպես մինչև այժմ: Ոչ ոք նման փորձ չի արել, չհաշված խոստումները: Իսկ Եզնիկ վարդապետը ասում էր սրա համար. «Գրքի վերջում դրված քարտեզը չի կարելի քարտեզ համարել»: Նրա այս զեկուցագիրը տպված է Ղուկասյան մրցանակաբաշխության տեղեկագրում: Իմ ընկերներից Ավետիս Տեր-Հարությունյանը «Մշակ»-ում առանձին հոդվածով պատասխանեց Եզնիկ վարդապետին և աշխատեց ցուցադրել գրքիս արժանիքը: Քարտեզի մասին այսպես էր գրում. «… իսկ ինչպես կարելի է կոչել թղթի մի ընդարձակ թերթ, որի մեջ նշանակված են քաղաքներն ու գյուղերը և կամ առանձին գույներով կամ նշաններով նշանակված է բարբառների սահմանը»: Թեև Եզնիկ վարդապետի դատապարտությամբ գիրքս մրցանակից մերժվեց, բայց նա, հենց որ հրատարակվեց, արժանացավ ֆրանսիացի հայագետ Մեյեի և գերմանացի հայագետ Կարստի մեծագույն գովասանքներին: Կարստը ասում էր. «Այս գիրքը պետք է կազմե հայ բարբառագիտության հիմնաքարը»: Իսկ Մեյեն ասում էր. «Աշխարհում միայն մեկ անձ կա, որ կարող էր գրել այսպիսի գիրք. դա Աճառյանն է» (անշուշտ ի նկատի ուներ այն հանգամանքը, որ ես ապրել եմ հայության երեք հատվածներում՝ Տաճկաստան, Պարսկաստան, Կովկաս): Գիրքս տպվեց թե չէ, բարբառագիտությունը առանձին մասնագիտություն դարձավ և մտավ Էջմիածնի Ճեմարանի բարձրագույն կուրսի դասընթացի մեջ: Երբ բացվեց Հայաստանի համալսարանը, այնտեղ նմանապես բարբառագիտությունը դարձավ առանձին դասընթաց և մտավ հետագայում հայկական ակադեմիայի ուսման ծրագրում: Այս առարկայի դասավանդումը շարունակվում է մինչև այսօր: Տարիներ շարունակ, սկսած աշակերտական շրջանից, գավառական բառեր հավաքելու մոլությունն ունեի: Կեդրոնական վարժարանում, որտեղ բազմաթիվ գավառացի ընկերներ ունեի, պարտադրել էի բոլորին օրական թեկուզ հինգ գավառական բառ տալ: Այսպես շարունակեցի վերջին երկու դասարաններում (1891 — 1893 թթ.): Հետագայում, ուր էլ գնացի, բառ հավաքեցի և հատկապես տպագրված գրքերից և բառացանկերից քննադատորեն հավաքեցի ինչ որ գտա: Ստացվեց մի խոշոր աշխատություն՝ Հայերեն գավառական բառարան անունով: Ձեռագիրս ընդօրինակելով ուղարկեցի Լազարյան ճեմարանի տնօրեն պրոֆ. Գրիգոր Խալաթյանին: Բայց որովհետև ժամանակը կարճ էր, ձեռագրիս արտագրությունը եղավ վերիվերո, նկարները անհաջող և այլն: Ձեռագրիս արտագրության թվականն էր՝ 1910 թ. մարտի 17: Նույն տարին գնացի Կոստանդնուպոլիս։ Խալաթյանը մեռավ և Լազարյան ճեմարանի նորընտիր տեսուչ, իմ չարաբաստիկ թշնամի Կարապետ Կոստանյանը, առանց ինձ որևէ տեղեկություն տալու, տպագրել է տվել գիրքը Թիֆլիսում 1913 թվականին, և հանկարծ ես տեսնում եմ 300 օրինակ այդ գրքից իբրև նվեր: Ես շշմեցի տեսնելով մի սխալաշատ, անթույլատրելի տպագրություն, որ կատարվել էր իմ վերիվերո արտագրել տված ձեռագրից: Ուզեցի դատի տալ. բայց մեր տեսուչ Երվանդ Շահազիզը արգելեց ինձ ասելով. «Դատի տվիր, դատը շահեցիր. ի՞նչ պիտի լինի, բոլոր օրինակները պիտի ստանաս և պիտի այրե՞ս. ի՞նչ շահեցար դրանով»: Ես այդ մտադրությունից հրաժարվեցի և գոհացա միայն գրքի մասին մի խիստ քննադատական հրատարակելով «Արարատ» ամսագրում: Բուն ձեռագիրը, գրված իմ ձեռքով և նոր հավելումներով, գտնվում է մինչև հիմա ինձ մոտ և կազմում է երկու ստվար հատոր: == 1910 ԹՎԱԿԱՆ ՀՈՐՍ ՄԱՀԸ == Ասացի, որ ծնողներս բնակվում էին Բաթումիում, 1904 թվականից սկսած: Ամեն տարի ամառները ես ու կինս այցելում էինք Բաքու (ուր հաստատվել էին կնոջս ծնողները վերջնականապես), Շուշի, ուր գնում էինք մենք և կնոջս ծնողները իբրև ամառանոց և Բաթումի, ուր մնում էին իմ ծնողները: Այսպես ամեն ամառ թափառում էինք այս քաղաքներում: 1908 թվականի Սահմանադրությունից հետո ծնողներս Կոստանդնուպոլիս գնացին ընդհանուր ազատությունից օգտվելով, մենք էլ ուզեցինք Կոստանդնուպոլիս գնալ: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, բարեկամս՝ Հակոբ Խաչատրյանը, Ռոստովի «Приазовский край» թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում էի Կոստանդնուպոլիս՝ Հայկական հարցի ուսումնասիրության համար: Նոր-Նախիջևանից մեկնելով, եկանք Բաթումի: Ծնողներս արդեն գնացել էին: Պետք էր ներկայանալ տաճկական հյուպատոսարանը՝ իմ ռուսական անցագիրը վիզե անել տալու համար: Ես գիտեի, որ դժվար գործ է այդ: Տաճիկները, գիտենալով, որ բազմաթիվ նախկին տաճկահպատակներ այժմ ռուսահպատակ դարձած ուզում են գնալ Տաճկաստան, ուզում էին ճանաչել այդպիսիներին դարձյալ տաճկահպատակ, ուրիշ խոսքով մերժել նրանց ռուսահպատակությունը: Այս մտածելով անցագիրս տվի հյուրանոցի ծառային և խնդրեցի, որ տանի տաճկական հյուպատոսարան, վիզեի համար: Հյուպատոսը չէր ընդունել և պահանջել էր, որ ես գնամ, անձամբ ներկայանամ: Նպատակը պարզ էր: Բարեբախտաբար իմ անցագրի մեջ ես դիտմամբ գրել էի տվել, թե ես ծնվել եմ Նոր-Բայազետում: Վերցրի հետս կնոջս, առաջարկելով նրան, որ միշտ ռուսերեն խոսի ինձ և կոնսուլի հետ՝ բարձր ձայնով. խնդրեցի նաև Մալխասյան քահանային, որ հայտնի հայագետ Ստեփան Մալխասյանի եղբայրն էր, և երեքով միասին գնացինք հյուպատոսարան: Ես քահանային խնդրել էի, որ հյուպատոսի մոտ վկայի, թե ես իսկապես նոր-բայազետցի եմ. հայտնեցի նաև, թե անցագրումս այդպես է գրված. «Ուրեմն,— ասաց քահանան,— եթե երդվեմ էլ, սուտ խոսած չեմ լինի»: Այսպես զինված երեքով, հպարտ և բարձրագլուխ, իբրև ռուսահպատակ, ներկայացանք հյուպատոսարան: Հենց որ մեզ նկատեց հյուպատոսը, շփոթվեց, վախեցավ և վազեց մեր առաջ: Կինս ռուսերեն սկսեց բարձրաձայն բղավել. քահանան էլ մեջ ընկավ. հյուպատոսը դիմեց ինձ և ասաց. «Ես միայն ձեզ էի խնդրել, ինչո՞ւ նեղություն տվիք տիկնոջ և քահանային»: Հրավիրեց մեզ ներս և խնդրեց, որ նստենք: Պատի վրա դրված էր տաճկական զինանշանը: Ես իբր թե բնավ չեմ տեսած, դիտեցի զինանշանը և ռուսերեն հարցրի հյուպատոսին. «Ա՞յս է ձեր զինանշանը. որչափ հետաքրքիր է»: Կոնսուլը հարցրեց ինձ, թե կարո՞ղ եք ցույց տալ Նոր-Բայազետի ձեր ծննդյան վկայականը: Ես զարմացած երեսն եմ նայում և ասում. «Անցագիրը կազմելիս ծննդականս տեսան և գրեցին. դուք ուրեմն համարձակվում եք ռուսական անցագիրը չճանաչելո՞ւ…»: Ասացի և քայլ առ քայլ հետ քաշվեցի: Հյուպատոսը վախեցած ասաց. — Ես ինչպե՞ս կարող եմ չճանաչել ռուսական անցագիրը. բայց վերջին ժամանակներս, շատ տաճկահայեր, նախկին տաճկահպատակ, այժմ ռուսահպատակ դարձած, ուզում են Հայրենիք վերադառնալ: Դրանց հարցը անշուշտ վերաքննելի է: Այ վերջերս Կոմիտաս վարդապետը, որ նույնպես տաճկահպատակ էր, գնաց Կոստանդնուպոլիս: Վերջերս շատերն են գնում Կոստանդնուպոլիս: Ես իբր թե Կոմիտաս վարդապետից ոչինչ չգիտեմ, զարմացած հարցրի հյուպատոսին. «Մի՞թե Կոմիտաս վարդապետը տաճկահպատակ է»: «Այո,— պատասխանեց նա,— քյոթահիացի է»: Ես էլ իբրև ոչնչից անտեղյակ, քարտեզի վրա փնտրում եմ և կնոջս ցույց եմ տալիս Երուսաղեմը՝ իբր Քյոթահիա: Հյուպատոսը մոտեցավ և ուղղեց. «Դա Երուսաղեմն է, Քյոթահիան տեսե՛ք՝ այստեղ է»: Հյուպատոսը լիովին համոզվեց, որ ես ոչ միայն տաճկաստանցի չեմ, այլ նույնիսկ թուրքերեն չգիտեմ, վիզեն դրեց և դուրս եկանք: Բաթումիից մեկնելով շոգենավով եկանք Ռիզե, որ Վիլսոնյան ծրագրով Հայաստանի նավահանգիստը պիտի լիներ: Շոգենավը մի քանի ժամ կանգնեց Ռիզեում: Շատ փոքրիկ քաղաք է Ռիզեն. հենց նավահանգստից սկսում է մի բարձրավանդակ, որով մենք էլ բարձրանալով հասանք նրա գլուխը: Հիանալի համայնապատկեր բացվեց մեր առաջ ծովի վրա: Բարձրավանդակի գլխին մի մենավոր թթենի կար. բարձրացա ծառը, թափ տվի, իջա ցած և կնոջս հետ վայելեցինք քաղցրահամ թութը: Շոգենավը հասցրեց մեզ Տրապիզոն, ուր ցամաք դուրս եկանք: Հետաքրքիր էր մաքսատան տեսարանը: Մի մոլլայի նման պաշտոնյա եկավ մեր պայուսակի մեջ կնոջս սպիտակեղենը քննելու. կինս, որ սաստիկ զզվող էր, բողոքեց ինձ, թե ինչու կեղտոտ ձեռքերով իրերս է շոշափում: — Նե՞ դեյոր (ի՞նչ է ասում),— հարցրեց պաշտոնյան: — Ասում է, թե նա իրավունք չունի կեղտոտ ձեռքերով իրերս զննելու: Մոլլան բարկացավ և ասաց. — Եթե չեք հավանում, սկի չեմ նայի: Եվ հեռացավ գնաց: Այսպիսով մեր իրերը առանց քննության առինք դուրս եկանք։ Իջանք մի հյուրանոց (լավագույնը քաղաքում), որ պատկանում էր մի շուշեցի հայ երիտասարդի. նա, հետապնդվելով ցարական իշխանության կողմից իբրև հեղափոխական, փախել էր Տրապիզոն։ Տեսնելով մեզ և իմանալով, որ կինս շուշեցի է, ձեռք ու ոտք ընկավ, ինչ անելը չգիտեր: Շուշեցիք միմյանց շատ են սիրում, մանավանդ պանդխտության մեջ. ուստի նա էլ բաց արեց հյուրանոցի մեծ դահլիճը և ամբողջովին մեզ հատկացրեց: Կինս հանկարծ հիվանդացավ ըստ սովորության. երկու շաբաթ տևեց իր հիվանդությունը և երկու շաբաթ մնացինք նույն սենյակում, առանց ման գալու Տրապիզոնում, ուր ման գալու տեղ էլ չկար: Առաջին օրերը ես ու կինս ճաշում էինք ինչ-որ հայի ճաշարանում, որ գտնվում էր մի պարտեզում, ուր նվագ էլ կար: Ճաշի ժամանակ տալիս են 6 տեսակ ուտելիք, սուպը և քաղցրեղենը միասին հաշված, ավելացրած նաև տաճկական սուրճը, որ բոլորի վերջնակետն էր: Այս բոլորի գինն էր 6 ղուրուշ (48 կոպեկ), աներևակայելի էժանություն: Մի օր հյուրանոցում նստած էինք. հանկարծ ներս մտավ պանդոկապետը և հայտնեց, թե այս րոպեիս շոգենավը նավահանգիստ մտավ և դուրս եկան պրոֆ. Խալաթյանը, Տաշյանը և ուրիշ մեկն էլ: Շտապեցի դուրս, մտա նրանց իջևանը և մեծ ուրախությամբ ծանոթացա պրոֆ. Խալաթյանի հետ, որի հետ վաղուց թղթակցում էինք շարունակ, ականավոր բանասեր Հայր Հակոբոս Տաշյանի հետ, որին միայն գործերից էի ճանաչում և երրորդ՝ Հայր Ներսես Տիրատուրյանի հետ, որ Վենետիկի միաբաններից էր: Այս վերջինը դեռ ծանոթ չէր գրականության մեջ. ավելի ուշ նա Beguinot անունով մի իտալացու հետ միասին հրատարակեց Contributo alla flora dell' Armenia (Վենետիկ, 1912 թ.) բուսաբանական աշխատությունը, որ Հայաստանում աճող բույսերի գիտական դասակարգությունն է: Գրքի մեկենասը դարձավ Իվան Ֆեոդորովիչ Բալիև անունով ռոստովցի հայ հարուստը, որ Ռոստովում սեփական վաճառատուն և բանկ ուներ: Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից մեկն էր, հմուտ ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի և հատկապես ռուսերենի: Եվրոպական լեզուներից յուրաքանչյուրը սովորած էր տեղում (երկրում): Չափազանց սիրող էր արևմտահայ գրականության. ռուսահայ լեզվով գիրք չէր կարդում: Ստանում էր բոլոր արևմտահայ թերթերը, որոնց գումարն էր 100 հատ: 50 օրինակ բաժանորդ էր «Բազմավէպ» ամսագրին: Ուներ ճոխ գրադարան, ուր միայն կարելի էր գտնել արևմտահայ թերթերն ու հանդեսները: Իր մոտ եմ կարդացել «Արևելեան մամուլ»-ի 50 տարիները, որոնք Բալյանի մահից հետո նվիրվեցին Երևանի հանրային գրադարանին: Բալյանը աշակերտեց նաև ինձ մոտ և սովորում էր տաճկերեն՝ Կոստանդնուպոլիս գնալու նպատակով։ Շատ ընդունակ անձ էր։ Նա մեկենաս եղավ նաև Մկրտիչ Աճեմյանին և կարծեմ նաև Թովմաս Թերզյանին, երկուսն էլ արևմտահայ բանաստեղծ: Ինձ առաջարկեց կազմել հայերենի մեծ բառարան. երբ ես հարցրի, թե գրաբա՞ր, աշխարհաբա՞ր, թե ընդհանուր հայերեն բառարան, պատասխանեց. — Ի՞նձ ես հարցնում. գրելը քեզմե, դրամը տալը ինձմե: Ցանկություն ունեցավ նաև հրատարակելու Պատկանյանի գործերի չորրորդ հատորը և այդ գործը հանձնեց ինձ: Ես շատ բան հավաքեցի, որոնց մեջ հիշատակելի են հատկապես Պատկանյանի պոռնկագրական գրվածքները, որոնք ձեռագրի ձևի տակ գտնվում էին զանազան տներում: Երբ ես իր կարծիքը հարցրի այդ կարգի գրվածքների հրատարակության մասին, պատասխանեց. — Գրականությունը գրականություն է. այդ կարգի գրվածքներն ալ ավելի բնորոշ են հեղինակին համար: Բայց թե՛ Պատկանյանի չորրորդ հատորը և թե՛ մեծ հայերեն բառարանը գլուխ չեկան դեպքերի բերմամբ։ Տիրատուրյանը գտել էր հայ երկրին հատուկ մի քանի նոր բույսեր, որոնք անծանոթ էին գիտության: Այս բույսերը անվանակոչեց Baliani իր մեկենասի անունով: Տրապիզոնի առաջնորդը (որի անունը չեմ հիշում) մյուս օրը չորսիս հրավիրեց իր մոտ ճաշի։ Երկար ժամանակ ունեցանք զրուցելու։ Ես բնականաբար խոսում էի մեր մայրենի բարբառով, որի գործածությունը միշտ պահել եմ սիրով: Տաշյանը և Տիրատուրյանը բնականաբար խոսում էին նույն լեզվով: Պրոֆ. Խալաթյանը մի տեսակ զայրույթ ցուցադրեց, թե ինչո՞ւ եմ այդ լեզվով խոսում: Պատասխանեցի տաճկական առածով. «Ասլընը ունուտան հարամզադե դիր» (իր ծագումը ուրացողը հարամզադե է): Առաջնորդը ներողություն խնդրեց, որ ինքը տնային տնտեսություն չունի, ուստի ճաշարանից պետք է բերել տա ճաշերը։ Ճաշացուցակը ներկայացրեց, որպեսզի մենք էլ մեր ուզած ճաշը ընտրենք: Մենք փլավ ընտրեցինք. Խալաթյանն էլ փլավ ուզեց. հարցրի նրան. «Պրոֆեսոր, դո՞ւք ալ փիլավճի եք»: «Այո, այո,— պատասխանեց նա,— ես էլ փիլավճի եմ»: Բոլորը ծիծաղեցին բառախաղիս վրա, որ ինքը չհասկացավ: — Ուզում էի ուսումնասիրել Համշենի բարբառը, որ Տրապիզոնի բարբառից տարբեր է: Երբ իմ միտքը հայտնեցի պանդոկապետին և ասացի, որ ուզում եմ գնալ գյուղերը, նա ասաց, որ այդ կողմի գյուղերը բոլորովին ցրված են․ մի տուն այստեղ է, մի տուն հինգ րոպե հեռու. այնպես որ այդտեղերը շրջագայել անհնարին է: Ավելի լավ կլինի, ասաց նա, գյուղացիներին բերել ձեզ մոտ, կմնան այստեղ և դուք հարցաքննելով, ձեր ուզած ձևով կօգտվեք նրանցից: Այս մասին հայտնեց ազգային մարմիններին, որոնք սիրահոժար նպաստեցին այս գիտական գործին, որովհետև իրենց բարբառի քննությանն էր վերաբերում: Եկան մալացի, ապկիոնցի, կյուշանացի և ճոշարացի գյուղացիներ, որոնց հետ երկու շաբաթ աշխատելով ուզած նյութերս հավաքեցի: Շատ ավելի հետո գնալով Գագրի և բնակվելով Էքսուզյան ընտանիքում, ավելի մոտիկ շփվեցի համշենցոց հետ և կազմեցի Համշենի բարբառի քննությունը, որ մեր Ակադեմիայի կողմից հրատարակվեց 1947 թվականին: Տրապիզոնից մեկնելով մի առ մի այցելեցինք Սև ծովի հարավային եզերքի գլխավոր նավահանգիստները. Կիրասոն, Սամսոն, Օրդու, Ունիյե, Պաֆրա և Ինեպոլու, որ Սև ծովի վերջին նավահանգիստն է: Այստեղից Սև ծովը սկսվում է բոլորվել՝ կազմելու համար Բոսֆորը: Բարձրացանք շոգենավի վերևը և հեռվից դիտում ենք Բոսֆորի մուտքը: Վերջապես հասնում ենք ֆեներ, այսինքն՝ ասիական և եվրոպական ափերի վրա կառուցված երկու հսկա փարոսները: Այդտեղ կանգնում են շոգենավերը քննության համար, որից հետո մտնում ենք Բոսֆորի նեղուցը: Կնոջս ցույց եմ տալիս հիանալի տեսարանը և ասում եմ. «Տե՛ս, աշխարհիս վրա սրանից ավելի գեղեցիկ տեսարան չկա»: Կինս ոչինչ գեղեցիկ բան չի գտնում և զարմանում է իմ ասածի վրա։ Բայց քանի առաջանում ենք և քանի ասիական և եվրոպական ցամաքները մոտենում են իրար, տեսարանը ավելի գրավիչ է դառնում: Վերջապես կինս բարեհաճում է հիանալ շրջապատով. Սարը-յարի առաջն ենք հասել. հեռուն, ցամաքի վրա ցույց եմ տալիս մոտով մեր տունը, ուր պիտի իջնենք քիչ հետո: Հասանք Պոյաճը գյուղ, որի առաջ կինս այլևս չդիմացավ և բացականչեց. «Իսկապես շատ գեղեցիկ է»: Հասանք Կոստանդնուպոլսի քարափը. շոգենավը կանգնեց. իջանք ցած: Կոստանդնուպոլսի ծովափը բազմաթիվ թաղեր ունի թե՛ ասիական և թե՛ եվրոպական ափերի վրա. այդ թաղերը տեղական լեզվով «գյուղ» են կոչվում: Առանձին փոքր սրընթաց շոգենավեր կան, որոնք Կոստանդնուպոլսի կամուրջից մեկնելով, հանդիպում են բոլոր այդ գյուղերը մինչև Բոսֆորի վերջին ծայրը, ուր մի կողմից գտնվում է Ռումելի Քավաք և մյուս կողմից՝ Անատոլու Քավաք: Մենք էլ մտանք մի շոգենավ և մեկ ու կես ժամ հետո հասանք Սարը-յարի Ենի մահալլե նավամատույցը, որի հենց կողքին գտնվում էր մեր տունը: Դուռը զարկինք. մայրս եկավ բաց արավ. անակընկալ էր մեր գալը. ողջագուրվեցինք և նստանք հանգստանալու համար: Հայրս խանութումն էր, որովհետև աշխատանքի օր էր: Մայրս բացատրեց հորս խանութի տեղը և ես ու կինս ծածուկ գնացինք խանութի առաջ և ցուցափեղկում դրած կանացի կոշիկները դիտելով իրեն ենք նայում: Նա, ըստ սովորության, բոլորովին անուշադիր դեպի դուրսը, եռանդով իր գործով է զբաղվում: Երբ երկար այդպես կանգնած լույսը խանգարում ենք, զայրացած աչքերը բարձրացնում է, տեսնելու համար, թե ովքե՞ր են սրանք: Տեսնում է մենք ենք: Վեր է կենում, ներս ենք մտնում. հայրս սովորություն չուներ թույլ տալու, որ ձեռքը համբուրենք. բանվորի ձեռք է, կեղտոտ կլինի: Խանութը փակում է, և գնում ենք տուն: Մեր տունը, ինչպես ասացի, նավահանգստի կողքին էր, ծովի ափին: Չորս հարկ ուներ: Մայրս երրորդ հարկը մեզ էր հատկացրել. դեմ առ դեմ երկու սենյակ, որոնցից մեկը դեպի սարն է նայում, մյուսը, իր լայն պատշգամբով, ծովի վրա էր կռացած: Աջից և ձախից մի-մի զբոսարան կար, ուր գիշերն ամբողջ նվագում էր ասիական նվագախումբը, փոխ առ փոխ. երբ աջը վերջացնում էր նվագը, ձախն էր սկսում. իսկ երբ ձախն էր դադարում, սկսում էր աջը: Ծովի տեսարանը հիանալի էր. թե՛ տեղական (Բոսֆորի վրա բանող) և թե՛ արտասահմանյան խոշոր շոգենավերը (ռուսական, ֆրանսիական, անգլիական, իտալական, հունական և այլն) անդադար գնում են ու գալիս Սև ծովից Մարմարա և հակառակը: Ասիական եզերքը շատ մոտ է. թեև ձայնը չի հասնում, բայց զինվորական նվագախումբը լսվում է. սրատես աչքը նույնիսկ քայլող մարդկանց կարող է նկատել: Բարձրանում են կանաչազարդ բլուրները, որոնց մեջ բարձրագույնն է Չամլըճայի սարը: Այս սարի վրա մի շատ երկար գերեզման կա. գնացինք տեսանք մի օր այդ գերեզմանը, որ 120 քայլ երկարություն ուներ։ Թուրքերը ասում են, թե դա Հազրեթի Էյուբի (Հոբ Երանելու) գերեզմանն է: Իհարկե հիմարն էլ չի հավատա այդպիսի առասպելի. Հոբ Երանելին որտե՞ղ, Կոստանդնուպոլիսը որտեղ. ավելի ծիծաղելի է այն, որ ասում են, թե եթե մեկը միշտ անքուն է մնում, երբ գա և մի քանի անգամ պտտվի այս գերեզմանի շուրջը, անքնությունը կանցնի: Իհարկե մի քանի անգամ ման գալով այդտեղ, կհոգնի և գիշերը լավ կքնի: Գիշերները բոլոր շոգենավերը լուսավորվում են. հատկապես Բոսֆորի փոքր շոգենավերը, որոնք լուսարձակներով զինված, շարունակ ցոլքերը սփռում են չորս կողմ, զգուշացնելու համար նավակները: Ամբողջ Բոսֆորի եզերքը գիշերները ծածկվում են այդ փոքրիկ նավակներով կամ մակույկներով, որոնց մեջ մի-մի զույգ սիրահարներ, հաճախ նվագարանով, շրջագայում են: Կինս պատշգամբից դիտում էր այս մշտապես սքանչելի տեսարանները առանց հագենալու: Նա չէր քնում և ուզում էր միշտ դիտել. ինձ էլ չէր թույլ տալիս քնելու, ասելով. «Հրաչյա վեր կաց, մի՛ քնիր, տե՛ս, որչափ գեղեցիկ է. վաղը մյուս օր պիտի թողնենք գնանք, էլ այսպիսի տեսարան չենք տեսնի»: Մինչև անգամ փափագ հայտնեց, որ չվերադառնայինք Կովկաս և ընդմիշտ մնայինք Կոստանդնուպոլսում: Կոստանդնուպոլսում շրջագայելը չափազանց դժվար է: Ես գտա մի ֆրանսերեն ուղեցույց, 300 երեսով մանրատառ մի հատոր, որի առաջնորդությամբ ման եկանք միասին ամբողջ մի ամիս բովանդակ Կոստանդնուպոլիսը: Չմնաց տեղ, ուր չգնայինք: Նույնիսկ այցելեցինք Եդի-գուլեի այն աշտարակը, որի մեջ բանտարկում էին տաճիկ սուլթաններին: Այցելեցինք կղզիները, որոնց համար հատուկ շոգենավեր կան, ավելի սրընթաց քան մյուսները: Սքանչելի է Մեծ կղզին. երբ շոգենավից դուրս ես գալիս, մի թուրք իշապան առաջարկում է ձեզ իր էշը, որ թավշյա թամբով զարդարված է: Հեծանք մի-մի էշ և առաջ ենք գնում շարունակ: Կարծեմ տևեց մի ժամ: Տները հիանալի են այս կղզում. ամեն մի տուն առանձին ճարտարապետություն ունի. նույնիսկ կտեսնես չինական կամ ճապոնական ճարտարապետությամբ շինված տուն: Վերջապես եկանք այնտեղ, որտեղից մեկնել էինք: Չէ՞ որ կղզին կլոր է: Վճարը 5 ղուրուշ էր (40 կոպեկ): Ման եկանք նաև Սարը-յարի բոլոր ջրերը: Սարը-յար թաղը շրջակայքում ունի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից ամեն մեկը մի զբոսավայր է: Այդ աղբյուրները գնալու համար կա ծովափի մոտ մի կայան, որտեղ վարձում են թավշյա թամբով մի էշ և իշավարի ուղեկցությամբ գնում ջրերը: Երբ առաջին անգամ կնոջս առաջարկեցի հեծնել մի էշ, նա քաշվեց, թեև շատ էր ուզում: Ամոթ էր համարում. ինչպե՞ս կարելի է եվրոպական հագուստով մի կին էշ նստի: Քիչ այն կողմից հովանոցը ձեռքին զարդարված մի կին մոտեցավ մի իշապանի: Կինս ասաց. «Եթե այս կինը էշ հեծնի, ես էլ կհեծնեմ»: Եվ որքան ուրախ եղավ, երբ տիկինը էշ հեծավ. մենք էլ հետևեցինք նրան: Մի օր ընտանյոք (4 հոգի) գնացինք Ճըռ-ճըռ սուի (թագավորի խմած ջուրն է), որի մոտիկ մի կանաչազարդ արոտի վրա գորգ փռեցինք և ճաշեցինք: Խոտերի մեջ կինս գտավ վայրի ելակներ, որոնք ավելի բուրումնավետ են, քան ընտանին: Գտավ նաև մի նոր պտուղ, որ չէր տեսած: Դա կոչվում է թրքերեն հոջա եմիշի, որ հայերեն կոչվում է մաթուզ. նման պտուղ ոչ մի տեղ տեսած չեմ. նման է ելակի, բայց գույնը կապտավուն է. քաղցրությունը ավելի պակաս է. կորիզ չունի, կարծես թե հացի մի պատառ ես ուտում: Մի ուրիշ անգամ էլ մենք չորսս, մեզ հետ առնելով նաև հորս ծանոթներից մեկին (ատաղձագործ Մարտիկ աղա), մի լավ ֆայտոն վարձելով գնացինք Բյոյուք-դերեից մի ժամ հեռավորությամբ (դեպի ներս) Սուլթան սուից ավելի հեռու գտնված Բենդեր կոչված վայրը։ Դա հոյակապ մի շինություն է, հայ ճարտարապետի ձեռակերտ: Ամեն կողմից հավաքվում են ջրերը մի հոյակապ ջրամբարի մեջ, որը մի մեծ լճի տպավորություն է թողնում: Զանազան ուղղաձիգ խողովակներ գնում են մինչև Կոստանդնուպոլիս, շոգենավով մի ժամ ճանապարհ, որ ոտքով 6 ժամից ավելի է: Այդ ջուրը գնում է Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը և ամենքին խմելու ջուր մատակարարում: Ամբողջ ճանապարհը անտառ է հսկայական ծառերով: Հենց Բյոյուք-դերեի նավամատույցի մոտ մի հաղթահասակ ծառ կա, որի համար ասում են, թե նրա շվաքի տակ Խաչակիրները ժողով են գումարել: Բենդերի լճի մոտ ընդարձակ անտառում կրակ վառեցինք և պոլսական խորոված անելով՝ ամբողջ օրը անցկացրինք: Նույն կառքով վերադարձանք տուն ուշ ժամանակ: Կառքին վճարեցինք մեկ մեջիդիե (1 ռուբլի 60 կոպեկ): Թեև մեծ մասամբ մեր ժամանակը անցկացրինք մեր տանը, բայց մի շաբաթ էլ գնացինք մնացինք իմ երկու մորաքույրերի և իմ մորեղբոր աղջկա՝ Փերուզի տանը: Նա ամուսնացել էր մյուսյու Հրանտ Բալըգճյանի հետ, որ նավապետ էր: Նրա պատմությունը հետաքրքիր է: Նա եղել էր տաճկական նավի վրա ծառայող, մի երկրորդական պաշտոնյա: Սուլթանը ուզեցել է մինչև Անգլիա մի մեծանուն անձի պատվանշան ուղարկել և այդ տաճկական նավով ճամփու է գցում: Միջերկրականի վրա մի սարսափելի փոթորիկ է պատահում: Նավապետը այդ ժամանակ հիվանդացած է լինում և չի կարողանում նավը վարել: Բոլոր մյուս պաշտոնյաները, փոթորկից սարսափած, չգիտեն ինչ անեն. այս Հրանտը բարձրանում է վերև և սոսկալի փոթորկին դիմադրելով, շոգենավը ապահով հասցնում է Անգլիա: Վերադարձին Օսմանյան կառավարությունը շնորհում է նրան գլխավոր նավապետի տիտղոս: Հրանտի հայրը Գևորգ անունով մի հասարակ ձկնորս է եղել, բայց այնպիսի ազդեցիկ դիրք է ունեցել թաղում, որ իր բնակած այդ փողոցը իր անունով կոչվում էր Պալըգճը Գևորգ սոքաղը (Ձկնորս Գևորգի փողոց): Բարձրահասակ, նիհար, բայց շատ լուրջ և խոհուն մարդ էր մյուսյու Հրանտը: Քիչ էր խոսում. կանանց կարևորություն չտալով, երեկոները, երբ շոգենավից գալիս էր տուն, գրեթե միայն ինձ հետ էր խոսում և միշտ լուրջ նյութերի մասին: Նրա սովորեցրած բաներից մեկն էլ այն եղավ, թե երբ ծովը երկու կողմից ազատ չէ՝ փոթորկաշատ կլինի: Օրինակ, Մարմարա ծովը, որ մի կողմից Բոսֆորով և մյուս կողմից Դարդանելով միանում է ուրիշ ծովերի հետ, մեծ փոթորիկներ չունի: Իսկ Սև ծովը, որ արևելյան կողմից փակ է, ավելի մեծ փոթորիկներ ունի: Ըստ այսմ Կասպից ծովը, ինչպես և մեր փոքրիկ Սևանը, որոնք չորս կողմից փակ են, ահավոր փոթորիկներ ունեն: Հրանտը հետագայում մի աղջիկ ունեցավ, որի անունն էր Ազատուհի և գալիս է իմ քեռու թոռը: Չգիտեմ դեռ կենդանի է, թե չէ: Հրանտը իբրև նավապետ, միշտ կանգնած լինելու պատճառով ոտքի երակների լայնացում ստացավ, ենթարկվեց վիրաբուժական գործողության, որին չդիմանալով մեռավ: Իրենց տունը փողոցի մեջտեղը կանգնած քառահարկ առանձնակ մի տուն էր. երկու կողմից և հետևից շենք չկար։ Վերևի հարկից կարելի էր դիտել մինչև Մարմարայի ծայրը: Զարմանալի զուգադիպությամբ այդ տունը գտնվում էր իմ ուսման օրրանի դեմը: Հրանտի տան դիմացը, մի քիչ դեպի աջ գտնվում էր Արամյան վարժարանը, այն դպրոցը, ուր ես 7 տարեկան հասակում աշակերտեցի: Այժմ նա սովորական բնակարան էր, ինչպես և եղել էր ավելի առաջ: «Արամյան վարժարան» վերտառությունը ծեփով ծածկել էին: Ուզեցի բարձրանալ վերև, տեսնել այն գրասեղանը, որի վրա նստած, առաջին անգամ սովորեցի թուրքերեն այբուբենը, տեսնել այն թիկնաթոռը, որի վրա նստում էր բաբա Նշանը և որի ծնկների առաջ չոքած ես ընթերցարան էի կարդում: Բայց ամաչեցի և տան բնակիչներին չուզեցի խանգարել: Տան աջ կողքին մի ավերակ տուն կար այն ժամանակ, երբ ես աշակերտեցի այդտեղ: Այդ ավերակ տունը մնում էր մինչև այժմ էլ: Որչափ դանդաղ է շարժվում կյանքը Կոստանդնուպոլսում: Անհնարին է նկարագրել Կոստանդնուպոլսի այն բոլոր վայրերը, որոնք արժանի են ուշադրության և որոնք այցելեցինք մի առ մի: Հիշում եմ նրանցից մի քանի կարևորները: Ֆրանսերեն ուղեցույցի միջոցով իմացա, որ Կոստանդնուպոլսում գետնի տակ մի լիճ կա: Գնացինք այդտեղ: Բաբը Ալիի մոտ, պարսից դեսպանատան դիմացը մի մեծ մասնավոր տուն էր: Դուռը բախեցինք, ներկայացավ մի ծառայող և մեզ ներս հրավիրեց: Ներսում մի քանի այցելուներ էլ կային: Ծառայողը մի մեծ ջահ վերցրած ձեռքին, առաջնորդեց մեզ բոլորիս մի երկար սանդուղքով, որ քանի իջնում էր, հետզհետե մթնում էր: Իջանք հատակը. խոր մթությունը պատեց: Մի քանի քայլ այն կողմ տեսանք մի ընդարձակ լիճ, որի վրա մի նավակ էլ կար։ Ով ցանկանար, կարող էր նավարկել և առաջանալ դեպի լճի խորքը, գլխին կանգնած կամարների տակով: Մենք վախեցանք փորձել, որովհետև կարող էր հեռվում թունավոր գազով լցված օդ լինել: Այս լճի գոյությունը շատ քիչ մարդ գիտե, նույնիսկ Կոստանդնուպոլսի հին բնակիչներից: Տեսանք Ենիչերիների թանգարանը։ Ենիչերի էին կոչվում այն զինվորները, որոնք քրիստոնյաների բռնի մահմեդական դարձած որդիներն էին: Դրանք սկզբում կազմում էին օսմանյան ահավոր բանակը և երկյուղ ասած բանը չգիտեին: Օսմանցոց առաջին մեծ հաղթանակները ենիչերիների քաջության արդյունք են: Ավելի ուշ ենիչերիները ըմբոստացան նույնիսկ պետության դեմ և ոչ միայն իրենց չսիրած սուլթաններին Եդի-գուլեի բանտում բանտարկում էին կամ սպանում, այլև հասարակ ժողովրդի սարսափն էին դարձել: Սուլթան Մահմուդը ոչնչացրեց 60 000 ենիչերիների, թնդանոթի բռնելով և ողջ-ողջ այրելով իրենց զորանոցներում: Այժմ այդ ենիչերիների կյանքն ու անցյալը պատկերացնելու համար շինել են մի թանգարան, ուր բազմաթիվ ենիչերիների արձաններ, բնական մեծությամբ և բնական դիրքով ներկայացնում են ամեն ինչ: Կան այնտեղ ենիչերիների գլխավորները իրենց սոսկալի տարազով, թուրերով, լախտերով և այլ սոսկալի զենքերով, կանայք, երեխաներ, խոհարար, տնային կարասիք, կաթսա և այլն: Ամեն ինչ այնպես բնական է, ենիչերիները այնպես ահավոր են, որ այցելուներից շատերը իրական կարծելով վախենում էին մոտենալ: Տեսանք Այա-Սոֆիան, որ նախապես հունական եկեղեցի էր, իսկ Կոստանդնուպոլիսը գրավող սուլթան Մեհեմեդ Ֆաթիհը, չդիմանալով նրա գեղեցկության, ոչ միայն չկործանեց, այլև փոքրիկ փոփոխությամբ մզկիթի վերածեց: Մուտքը ազատ է։ Մտանք ներս: Թեև Այա-Սոֆիայի արտաքինը շատ չնչին է, բայց ներսում հոյակապ է և ահավոր: Երբ առաջանում ես դեպի կենտրոնը, բարձրացնում ես գլուխդ և տեսնում ես այն ահավոր գմբեթը, որ կանգնած է գլխիդ առանց որևէ սյունի վրա հենվելու, կսարսափես և կկարծես, թե ահա այդ օդի մեջ կանգնած երկնագունդը վրադ է փուլ գալու: Բայց մի վախենա։ Բագրատունյաց մեծ ճարտարապետ Տրդատը կանգնեցրել է այն անսյուն գմբեթը: Հուստինիանոս կայսեր կառուցած այդ մեծ եկեղեցին երկրաշարժից փուլ էր եկել։ Ինչքա՜ն ճարտարապետները աշխատում էին վերականգնել, բայց գմբեթը չէր կանգնում և թափվում էր ցած: Կայսրը հրավիրեց Տրդատին և նա կանգնեցրեց գմբեթը այնպես, որ մինչև այժմ անվթար մնում է: Սյուների փոխարեն նա իբր սյուն գործածեց տաճարի չորս անկյունները, որոնց վրա դրած մեծ քառակուսի սալաքարերը, որոնք ճարտարապետության մեջ այժմ կոչվում են «հայկական թմբուկ» (tambour arménien), իբրև հիմք պահում են գմբեթի չորս ծայրերը: Այցելության գնացինք և մանրամասն ման եկանք Սուրբ Փրկչի հայոց հիվանդանոցը: Հայ ազգը դրա նման հոյակապ կառուցվածք չունի: Պեզճյան Հարություն ամիրան, իր անձնական ծախսով, հիմնել է այդ շենքը, որ սկզբում շատ հասարակ բան էր, իսկ այժմ հասել է աննման շքեղության: Նա պատսպարում է 8 000 հոգի (հիվանդ, անկյալ, հիմար, պառաված կանայք և տղամարդիկ, որբեր, աղքատ ուսուցիչներ և այլն): Ազգի տունն է կոչվում այն: Ո՞վ է պահում այդ հոյակապ շենքը: Ազգը ամբողջությամբ: Մեռելների պսակների փոխարեն, որ մի ավելորդ ծախս է մարդկանց վրա, Կոստանդնուպոլսի հայերը նվիրում են Հիվանդանոցին «փոխան ծաղկեպսակի» կոչված մի գումար, որ Հիվանդանոցի վարչությունը հայտարարում է թերթերում ամեն ամիս: Հիվանդանոցը տպում է ծխելու թուղթ, որի երեսին նկարված է Հիվանդանոցը, իսկ ներսում տպված է հետևյալը. «Կխնդրենք մեր ազգայիներեն, որ ի սեր ութ հազար տառապյալներու, այս թղթով ծխեն»: Թուղթը շատ ընտիր տեսակից է. ավելորդ է ասել, որ բոլոր հայերը ծխում են այդ թղթով, բայց նույնիսկ շատ թուրքեր, ոմանք թղթի լավությունից հրապուրված, ոմանք էլ դժբախտների սիրուն գործածում են այդ թուղթը: Այնքան ընդարձակ էին սրահները, որ կարելի չէ նկարագրել մի առ մի: Եկեղեցի, դպրոց, որբանոց, գժանոց, մոմ թափելու գործարան և այլն, այս բոլորը մի շատ ընդարձակ պարտեզի մեջ, ուր ամեն տարի մայիսին Կոստանդնուպոլսի հայերը տոնում էին սահմանադրության տարեդարձը: Ման եկանք հիվանդանոցի ընդարձակ սենյակները, որոնց յուրաքանչյուրը մի առանձին հիվանդության է հատկացված: Շատ ազդեցիկ տպավորություն գործեցին այդ սենյակների անունները. մինը կոչվում է Գրիգոր Նարեկացի, մյուսը՝ Ներսես Շնորհալի. այսպիսի անուններով որակել են հիվանդների սենյակները: Նարեկացին թոքախտավորների սենյակն է, Շնորհալին մի ուրիշ և այլն: Երբ ման էինք գալիս, տեսնում եմ հանկարծ մի երիտասարդ, որին իսկույն ճանաչեցի. Պեկյան անունով մի տղա էր, որի հետ դասընկեր ենք եղել Կեդրոնական վարժարանի Ա դասարանում. ծնոտը տարօրինակ կերպով ցած կախված, մտավոր վիճակը խանգարված մի տղա էր: 17 տարի էր անցել այդ օրվանից և նա մտել էր այդտեղ իբրև հիմարների և հիվանդների վրա հսկող վերակացու: Սամաթիա թաղում այցելեցինք հայոց եկեղեցին և Սուրբ Սահակյան վարժարանը: Այդ դպրոցումն էի սովորել ես էլ իմ պատանեկության ժամանակ: Մտանք մի դասարան. աշակերտը գրատախտակի վրա ապացուցում էր մի երկրաչափական տեսություն, որ վերջացրեց «զորն որ կուզեինք ապացուցանել» բառերով: Ամբողջ մանկությունս վերականգնվեց աչքիս առաջ: Քննիչ ուսուցիչը Արմենակ Բարսեղյանն էր, Ճեմարանի իմ հին աշակերտներից մեկը, եվդոկիացի, որի հետ ես ու կինս պաշտոնակից եղանք Թավրիզի Արամյան դպրոցում: 4 տարի էր անցել այդ օրվանից և իրարից ոչ մի տեղեկություն չունեինք: Հենց որ ներս մտանք դասարան, իսկույն ճանաչեց մեզ, բայց կարգապահության գիտակցությունը չթողեց նրան որևէ շարժում անել մինչև դասի վերջը: Դասից հետո մենք շատ զրուցեցինք բազմաթիվ հարցերի շուրջը: Մի օր անակնկալ կերպով մեզ այցելության եկան պրոֆ. Գրիգոր Խալաթյանը, որին տեսել էի Տրապիզոնում և դոկտ. Ն. Տաղավարյանը, որին ծանոթ էի միայն գրականությունից։ Բժիշկ և նշանավոր հեղինակ էր: Իմ աշակերտության ժամանակ նա հրատարակում էր «Գիտական շարժում» ամսաթերթը, որ նվիրված էր ամբողջությամբ առողջապահության, մարդակազմության, ֆիզիկայի: Այս նյութերի շուրջ զանազան գրքեր է հրատարակած հեղինակը: Իր գործն է «Բառացուցակ ախտանուանց» տետրակը, որ իբր ուղեցույց ծառայեց վերջերս մեզ մոտ կազմված զանազան բժշկական բառարանների: Ավելի ուշ Տաղավարյանը մտավ հայագիտության սահմանը և «Սկսնակ բանասեր» ստորագրությամբ հրատարակեց զանազան գրքույկներ: Հիշում եմ նրա «Հայոց պատմություն»-ը, «Հայոց գրերի գյուտի պատմություն»-ը և այլն: Այսքան բազմակողմանի հմտություն շատ է մի մարդու համար, բայց նա սեբաստացի էր: 1915 թվականի խուժդուժ կոտորածին նա էլ նահատակվեց 500 հայ մտավորականների հետ: Խալաթյանը և Տաղավարյանը ինձ հայտնեցին, թե Հովհաննես Սագըզ փաշան ցանկանում է ինձ տեսնել և խնդրեցին, որ նրա մոտ այցելության գնամ: Այս անձը, թեև փաշա, բայց գիտական արժանիք ունեցող մարդ էր: Նա ուսումնասիրել էր սումերերեն լեզուն և համեմատելով հայերենի հետ, մինչև 250 նման բառ էր գտել: Նա քննեց նաև իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մասին շատ գովասանական գնահատական տվեց: Ես մերժեցի գնալ նրա մոտ և ասացի. «Եթե նա ինձ ուզում է տեսնել, դուռս բաց է. կարող է գալ ինձ մոտ»: Երկու հյուրերս, ինչպես և կինս, զարմացան իմ մերժման վրա և ոչինչ չկարողացան արտասանել: Իրենց համար տարօրինակ էր, որ մի փաշա հրավիրի իր մոտ մի հասարակ վարժապետի և այդ վարժապետը չգնա նրա մոտ: Բայց իմ բնավորությունը այդպես է եղել. մեծամեծների, ազնվականների և իշխանավորների հետ ոչ մի գործ չունեմ. չափազանց հպարտ եմ նրանց հետ, իսկ հասարակ մարդկանց հետ պատրաստ եմ ընկեր և բարեկամ լինելու. սրանց մոտ շատ համեստ եմ: Կինս հետո ինձ ասաց. «Ափսոս, որ զրկեցիր ինձ մի փաշայի տունն էլ տեսնելուց»: Կոստանդնուպոլսում եղած ժամանակս միշտ այսպես պտույտներով չանցկացրի, այլ նաև գիտական աշխատանքներով: Ծանոթանալով երկու զեյթունցի երիտասարդների հետ, որոնք Կեդրոնականի սաներ էին, կազմեցի Զեյթունի բարբառի բառացանկը: Ծանոթացա երկու Տիգրանակերտցի պարոնների հետ, որոնցից մեկը բժշկական վարժարանից էր, մյուսը՝ ուսուցիչ: Դրանց հետ էլ կազմեցի Տիգրանակերտի բառացանկը: Բայց ավելի կարևոր է հիշել դեպի Ռոտոսթո ճամփորդությունս: Ռոտոսթոն գտնվում է Մարմարայի եվրոպական ափում. շոգենավով Կոստանդնուպոլսից մի օր հեռու է: Գնացի Ռոտոսթո: Բնակչությունը մեծ մասամբ հայ է: Ծանոթացա հայկաբան ուսուցիչ Տիգրան Պաղտիկյանի հետ և նրա հետ կազմեցի Ռոտոսթոյի բարբառի բառացանկը և սրճարանում հավաքված մի քանի տեղացի հայերից բնագրեր: Ռոտոսթոյի հյուրանոցում սովորեցի նորօրինակ մի առողջապահական կանոն, որ պետք է ներկայացնել մեր բժիշկներին։ Հյուրանոցի այն սենյակում, ուր իջել էի ես, ինձ հետ կային երեք թուրք հյուրեր: Ծովի վրա նայող պատուհանը ամբողջապես բաց, սենյակի դուռն էլ նրա ճիշտ դիմացում բաց, ծովի կողմից փչում էր մի այնպիսի հորդահոս քամի, որ քիչ էր մնում մեզ էլ տապալեր: Վեր կացա դուռը փակեցի. քամին դադարեց: Թուրքերը գանգատվեցին, թե «Այդ չեղավ. երբոր քամին մի կողմից փչի, ամբողջ քամին ներսը կմնա և մեր մարմնի մեջ մտնելով՝ հիվանդություն կպատճառի: Դուռն էլ պետք է բաց անել, որպեսզի դրսից փչող քամին անցնի գնա առանց մեզ վնաս տալու»: Այս տարօրինակ հայացքը միջանցուկ քամու մասին նոր էի լսում: Որոշեցին երկու կողմն էլ փակել, որպեսզի քամին կտրվեր և մեզ չվնասեր: Այդ կարծիքը հետո հորս հայտնեցի, որ ասաց, թե Կոստանդնուպոլսում ամենքն էլ այդպես են կարծում: Կոստանդնուպոլսում մի զվարճալի դեպք էլ տեղի ունեցավ: Փողոցում հանկարծ տեսնում եմ Կարապետ Բասմաջյանին, որին չէի տեսել վաղուց: Հարցրի, թե ինչո՞ւ է եկել: Պատասխանեց, թե Օսմանյան պետական գրադարանում Ջելալեդդին Ռումիի մի ձեռագիրը քննելու համար: Պատմեց հետևյալը: Մտնում է գրադարան, ներկայանում է իր ասիական համայնածավալ շալվարով մի մոլլա և հարցնում է, թե ի՞նչ եք ուզում: Բասմաջյանը ասում է, թե ձեզ մոտ Ջելալեդդին Ռումիի այսինչ ձեռագիրը կա․ բերեք տեսնեմ: Մոլլան պատասխանում է. «Մենք այդպիսի ձեռագիր չունենք»: — Դուք ունեք այդ ձեռագիրը և ես Փարիզից եկել եմ այդ ձեռագրի մեջ մի բան նայելու: Ես գյավուր եմ, ուստի չեք ուզում ցույց տալ, հա՞: Բերեք ձեռագիրը, ես ձեռք չեմ տա ձեռագրին, դուք կթերթեք, ես էլ կկարդամ: Այդպես էլ անում են: Բասմաջյանը գտնում է իր ուզածը, արտագրում և հեռանում: Բասմաջյանը ասաց, թե այդ գրադարանը հայերեն գրքերի մեծ հավաքածու ունի. այն բոլոր գրքերը, որոնք արգելված էին ցենզուրից և գտել էին խուզարկության ժամանակ մասնավորների տանը, այստեղ կան: Այս խոսքի վրա ես հրապուրվեցի և ուզեցի այցելել գրադարանը: Բասմաջյանը առաջնորդեց ինձ մինչև դուռը: Գրադարանը գտնվում էր Չաքմաքճըլար փողոցից վերև՝ Պապը Սերասքերի դեմը, հրդեհի մեծ աշտարակի դիմաց: Մտա ներս: Ներկայացավ մոլլան, որից խնդրեցի հայերեն գրքերի ցուցակը: Երկու-երեք երեսանոց աննշան մի ցուցակ էր։ Իմ նպատակն էր տեսնել Թովմաս Թերզյանի Հովսեփ Գեղեցիկ օպերան: Համարը գտա և պահանջեցի. գնաց բերեց ինչ-որ բողոքականի քարոզ։ Ասացի, որ այս չէ և նորից համարը տվի: Գնաց և մի ուրիշ քարոզ բերեց: «Այս էլ չէ»,– ասացի մոլլային: Մոլլան բարկացավ և ասաց. «Սրանք հայերեն չե՞ն, անպատճառ ա՞յն գիրքը պիտի կարդաս. այս գիրքը կարդա էլի»: Եվ բարկանալով, պահարանի բանալին շպրտեց ինձ, «Գնա, գտիր և կարդա»,— ասելով: Գնացի ներսի սենյակը, ուր գտնվում էր պահարանը․ կարծեմ ընդամենը, ըստ ցուցակի, 250 գիրք կար, ընդհանրապես բողոքական քարոզիչների հրապարակած կրոնական անարժեք տետրակներ, որոնք ձրի բաժանվում են: Սակայն գրքերի շարքում գտա Հովսեփ գեղեցիկը և կարդացի: Այս ձեզ Օսմանյան կայսրության Պետական գրադարանը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ձրի սրճարան, ուր զանազան անգործ մարդիկ նստած ծխում էին կամ իրար հետ խոսակցում: Կոստանդնուպոլսի հետաքրքիր վայրերից երկուսն էլ պետք է հիշեմ: Առաջինն է Մևլևիների մենաստանը, որ գտնվում է Ղալաթիայում: Մևլևիները կազմում են մահմեդական մի աղանդ, որի էությունը հայտնի չէ, գաղտնի են պահում: Ասում են, թե սուլթաններից մեկը մևլևիների գաղտնիքին ծանոթանալու համար իր որդուն տալիս է նրանց վանքը, ասելով նրան, թե «Գնա բոլոր գաղտնիքները իմացիր և արի, ինձ ասա»: Մևլևիները սիրով ընդունում են սուլթանի որդուն իրենց վանքում, դաստիարակում են նրան իրենց ոգով և վերջապես դարձնում են դերվիշ, անունը դնելով «Սերվեր դեդե»: Մի օր սուլթանը կանչում է իր որդուն և առաջարկում է գաղտնիքները հայտնել: «Ոչ մի գաղտնիք չկա, հայրիկ, մևլևիներն էլ այնպիսի մահմեդականներ են, ինչպես ամենքս. միայն հագուստով են տարբեր»: Սուլթանը չի հավատում և ասում է. «Տե՛ս որդի, ես քեզ տվի նրանց մոտ, որ նրանց գաղտնիքները ինձ բերեիր, ինչո՞ւ ես թաքցնում»: Որդին միշտ մերժում է և սուլթանը վերջապես գլխատել է տալիս նրան: Մևլևիները թաղում են նրան իրենց մենաստանում և գրում են բառախաղով շիրմի վրա հետևյալը. «Սեր վերիպ, սըռ վերմեյեն Սերվեր դեդե»: (Գլուխը տվեց, գաղտնիքը չտվեց Սերվեր դեդեն): Մևլևիների դավանանքի մասին ընդարձակ մի հոդված ունի Մրմրյանը, տպված «Ոստան» ամսագրում: Ընդհանուր խոսքով մևլևիների դավանանքի էությունն է ազգերի և կրոնների հավասարությունը: Բոլոր կրոնները հավասար են, բոլոր ազգերը եղբայր են, բոլորը հավասար են իրար և դավանանքի տարբերությունը ձևական է: Ոչ մի ազգ իրավունք չունի բռնանալու ուրիշի վրա, և ոչ մի կրոն իրավունք չունի մի ուրիշ կրոնից գերազանց համարելու իրեն: Գնացինք մևլևիների մենաստանը: Նրանց արարողությունը կատարվում է պարով. ընդարձակ դահլիճի վերնատնում նստած է մի դերվիշ և նեյով նվագում է սրտառուչ մի մեղեդի (նեյը մի տեսակ երկար սրինգ է). նրա կողքին նստած է մի ուրիշ դերվիշ, որ նվագի հետ կարդում է աղոթքները: Ցածրում, դահլիճում մյուս բոլոր դերվիշները, թևերը պարզած, լայնատարած շորերը փռած իրենց վրա անդադար դառնալով՝ շրջապտույտ պար են գալիս շարունակ, մինչև որ ուշագնաց, գլխակորույս ընկնում են և քնում: Արարողությունը վերջանում է: Մևլևիները շատ բարի մարդիկ են. կրում են երկար թաղիքե գլխարկներ. հագուստները շատ լայն են և խոսելիս միշտ կրկնում են «Յա՜ հո՜ւ»: Միայն նրանց գիշերային արարողությունն է ահավոր, երբ դրսից լսվում է նրանց խռպոտ հռնդյունը: Մեր թաղում (Սամաթիայի Նոր թաղ), երբ սուլթանի հրամանով գազանացած խուժանը հարձակում է գործում հայերին կոտորելու համար, մևլևիների գլխավոր վանահայրը, որ մի ալևոր ծերունի էր, վազում է խուժանի առաջ, կասեցնում է նրանց և ասում. «Ո՞ւր եք գնում»: Պատասխանում են, թե սուլթանի հրամանն է կոտորել հայերին: Դերվիշ դեդեն պատասխանում է. «Սուտ եք խոսում, սուլթանը ժողովրդի հայրն է, նա չի կարող այդպիսի հրաման տալ, ես ձեզ չեմ թողնի, մինչև դիակս այստեղ չփռեք»: Այսպիսով թաղը փրկվում է. խուժանը հետ է գնում: Երկրորդ մենաստանն էր Ռուֆայի դերվիշներինը, որ գտնվում էր Սկյուտար թաղում: Ռուֆայի նշանակում է «հաչող», որովհետև շան նման հաչում են: Գնացինք այդ մենաստանը. որոշված ժամին մեզ նման բազմաթիվ հանդիսականների առաջ դերվիշները կարգով կանգնեցին: Վանահայրը, նստած գետնի վրա, հրամայեց գոչել «Յա՜ Ալլահ». բոլոր դերվիշները ձեռք-ձեռքի տված, պար բռնած, աջ ու ձախ օրորվելով և վազվզելով, շարունակ գոռգոռում են «Յա՜ Ալլահ», մոտ տասը րոպե, մինչև վանահայրը հրամայում է լռել: Այս անգամ տալիս է մի ուրիշ բառ. «Յա՜ Քերիմ» (ով ողորմած): Տաս րոպե էլ այս է տևում։ Այսպես շարունակ վանահայրը տալով նորանոր ածականներ Աստծուն, դերվիշներն էլ պարում են: Իրենք էլ ձանձրացած այս անիմաստ կոչականներից, աչքերով լպիրշ հայացքներ գցելով հանդիսականների վրա, անճոռնի և անկարգ պարում են, մինչև անգամ վանահայրը ստիպված է լինում կարգի հրավիրել։ Այս ապուշ արարողությունը տևեց մի ժամ. վանահայրը կարդաց վերջին աղոթքը և արձակեց բոլորին: Այն միջոցին, երբ գտնվում էինք Կոստանդնուպոլսում, տեսա իմ հին ընկերներից մի քանիսին, բայց ոչ բոլորին, որովհետև շատերը գտնվում էին արտասահմանում: Տեսա իմ սիրելի դասընկեր Միքայել Շամտանճյանին, որ հայտնի բանաստեղծ էր և հրատարակում էր «Ոստան» ամսագիրը, մեր հանդեսներից լավագույնը, որի մեջ ես էլ մի քանի հոդված հրատարակեցի: Դպրոցական շրջանից արդեն մենք շատ սիրով էինք: Նա ամուսնացել էր Հրաչուհի անունով մեկի հետ, որ վայելում էր գեղեցկուհու համբավ: Հրաչուհու քույրը (Տայան ազգանունով) բաց էր արել աղջկանց մի վարժարան, անգլիական «հոմ սքուլ»-ի (տնային դպրոց) ձևով, որ և Կոստանդնուպոլսում մեծ համբավ էր ստացել: Շամտանճյանը և կինը մնացին մեզ մոտ երկու օր, որից հետո մեզ էլ հրավիրեցին իրենց տունը, որ գտնվում էր Սկյուտարում: Գիշերեցինք նրանց մոտ: Առավոտուն, ըստ պոլսական սովորության, Միքայելը գիշերանոցով բարձրացել էր պարտեզի թզենու վրա և կողքին կախած կողովի մեջ լալեով սառնորակ թուզեր էր հավաքում (լալեն մի երկար ձող է, որի ծայրը ճեղքելով մի անցք են շինում. հեռվում գտնված թուզը բռնում են այդ անցքի մեջ և ոլորելով պոկում): Սառնորակ ընտիր թուզերի համը շատ քաղցր է: Կոստանդնուպոլիսը արտադրում է բազմատեսակ ընտիր թուզեր: Տեսանք իմ շատ սիրելի ընկեր Սարգիս Մինասյանին, զենկիլերցի, որի հետ 1895 թվականին փախել էինք Կոստանդնուպոլսից: Նա գնաց Շվեյցարիա ուսանելու հասարակական գիտություններ և վերադարձել էր Կոստանդնուպոլիս: Հիանալի գեղեցկությամբ, առույգ դեմքով և հասակով, բարեկիրթ և շատ քաղաքավար, այնպիսի մի երիտասարդ էր դարձել, որ ամենքի վրա հիացմունքի տպավորություն էր թողնում: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ այնքան սիրալիր գտնվեց, որ մի գեղեցիկ, փարթամ ծաղկեփունջ բերեց և նվիրեց կնոջս շոգենավի վրա: Հինգ հարյուր մտավորականների կոտորածի ժամանակ Սարգիսը զոհվեց, իսկ Միքայելը զերծ մնաց: Գնաց Ասորիք, ուր մեծ թշվառության մեջ մեռավ: Իր գեղեցկուհի կինը՝ Հրաչուհին, մեռել էր 1911 թվականին: Տեսա նաև Արամ Խաչատրյանին, որ այժմ կրում էր Աղվորիկյան ազգանունը. Կեդրոնականի իմ սիրելի ընկերներից էր, N 50: Մի ոտքը կաղ, կարճ հասակով գեղեցիկ տղա էր. ավարտելուց հետո մեզ նման ուսումը չշարունակեց, այլ գալանտերեայի մի խանութ բացեց: Մենք երկուսս բավական ժամանակ թղթակցել ենք իրար հետ և իմ նամակների մի մասը տպագրության էր տվել: Մի օր շոգենավում, մի քանի ընկերների հետ պատահում եմ Սիմոն Չիլինկիրյան անուն ընկերոջս, որ Խասգյուղ թաղից էր և երկրորդ տարվանից թողեց դպրոցը և գործի անցավ: Նա պարծենում էր ամենքի առաջ և ասաց. — Կոստանդնուպոլսում գտնված բոլոր հայերը, մեծ և փոքր, ամենքն ալ բանտարկվեցան կարճ կամ երկար ժամանակով. միայն ես չբանտարկվեցա. սուլթանը չկրցավ ինձի բանտարկել: Ես, ընկերներիս ներկայությամբ, սուտ պարծանքով, ցույց տալ ուզելով, թե այսքան տարվա մեջ մայրենի լեզուս չեմ մոռացել, խոսում էի պոլսական ամենառամիկ բարբառով, թուրքերեն և եվրոպական բառերով խառն: Սիմոնը դարձավ ինձ և այս դառն նկատողությունն արեց. — Է, այդ ի՞նչ գռեհիկ լեզու կխոսիս. այստեղ Կովկաս չէ: Մենք հոս ազգային հարց ունինք. ի՞նչ կըսեն թուրքերը, երբ խոսածիդ մեջ թուրքերեն բառ լսեն. «Դուք ա՞զգ եք,— կըսեն,— դուք լեզու չունի՞ք, ինչո՞ւ թուրքերեն բառեր կգործածեք: Եվ դեռ կհամարձակիք ինքնավարություն պահանջելու»: Օտարներն ալ լսելով եվրոպական բառերդ, որոնք մեծ մասով հունարեն են, կծաղրեն մեզի, ըսելով, թե ինչո՞ւ մեր բառերը գողցեր են: Այս նկատողությունը մեջ բերի ցույց տալու համար (կովկասեցոց), թե ի՞նչ մտայնություն է տիրում Պոլսի մեջ, որքան վախենում են օտար բառեր գործածելուց և աշխատում են միշտ հարազատ հայերեն խոսել: Իսկ մենք այստեղ «միջազգային» ասելով ամեն օտար բառ ազատորեն գործ ենք ածում: Գնացի տեսա Ներսես Թյուլյանին, որ սամաթիացի էր և նախակրթարանից սկսած մինչև Կեդրոնականի վերջին դասարանը ընկերացել էր ինձ: Ավարտելուց հետո գնաց Նանսի և բժշկականը ավարտելով, Կոստանդնուպոլիս վերադարձավ: Բնակվում էր Մաքրիգյուղ և նշանավոր բժիշկ էր: Գնացինք իր տունը: Նա էլ ամուսնացել էր ինձ նման կովկասցի մի աղջկա հետ, որ Կոստանդնուպոլիս մնալով, պոլսական հայերենն էր յուրացրել: Ամառը վերջանում էր և մենք պետք է մեկնեինք: Համոզեցի ծնողներիս, որ Կոստանդնուպոլիսը թողնեն և ինձ հետ գան Նոր-Նախիջևան: Համաձայնվեցին և չորսս միասին մի հոյակապ ռուսական շոգենավ նստելով՝ եկանք Օդեսա: Այդ տարին զուգադիպությամբ Օդեսայում մի մեծ ցուցահանդես կար: Գնացինք տեսնելու. որքա՜ն ուրախացավ հայրս, որ կյանքում այդպիսի բան չէր տեսել։ Արհեստագետ և հետաքրքիր մարդ լինելով, մանրամասն դիտում էր ցուցադրված առարկաները և գովաբանում: Օդեսայում այդ տարի ժանտախտի (չումա) երկու դեպք էր պատահել։ Ցարական կառավարությունը իսկույն հրամայել էր շրջապատել ամբողջ թաղը, բնակիչներին մերկ դուրս բերել առանձին մաքրարան (կարանտինա) և ամբողջ թաղը կրակի տալ: Երկու օր տևել էր բոցավառ հրդեհը և լափել ամեն ինչ: Մենք հասանք, երբ ավերակները դեռ ծխում էին: Ժանտախտը այսպիսով դադարել էր: Օդեսայից ուղղակի եկանք Նոր-Նախիջևան, ուր վարձեցինք մի փոքր բնակարան: Դա Մարիետա Շահինյանի հայրենի տունն էր: Այդ տարին բարեբախտաբար առատ բերք կար. ձմերուկը, որ ես այնքան սիրում եմ և որի մասին Կոստանդնուպոլսում շարունակ գովեստ էի կարդում մերոնց, այդ տարի չափազանց էժան և առատ էր: Հայրս շուկայից գալիս էր երկու թևերի տակ երկրագնդի մեծությամբ երկու խոշոր ձմերուկ դրած, տալիս էր մորս՝ «Կնի՛կ, սա նայե, հատը 15 կոպեկ է»: Լիառատ կյանք վայելեցինք: Մի օր, առավոտյան ժամը չորսին, մութնուլուսուն հայրս գնում է շուկա նավթ առնելու: Սեպտեմբեր ամիսն էր և շատ ցուրտ, ինչպես լինում է Նոր-Նախիջևանում: Հայրս իրեն Կոստանդնուպոլսում կարծելով, վերարկու չէր հագել: Հայտնի է, որ Ռուսաստանում ժամը 4-ին դեռ խանութները փակ են, իսկ Կոստանդնուպոլսում այդպիսի բան չկա: Ամեն արհեստավոր և խանութպան ազատ է, որ ժամին որ ուզե, խանութը բաց կանի կամ կփակի: Այսպես մտածելով հայրս գնացել էր շուկա. խանութները փակ էին. փոխանակ տուն դառնալու, սպասել է 4 ժամ, ցրտի տակ դողալով, բայց անխոհեմությամբ դիմադրելով և վերջապես տուն եկել: Թոքերի բորբոքում ստացավ և անկողին ընկավ: Շատ էր տանջվում: Կանչեցինք նշանավոր բժիշկ Աստվածատուր Քեչեկ-ծանյանին, որ Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից էր: Երկու շաբաթ տևեց հիվանդությունը: Երբ շատ ծանրացավ, բժշկական խորհրդակցություն (կոնսիլիում) խնդրեցինք: Երեք հոգով կոնսիլիում կազմեցին. խորհրդակից բժիշկներից մեկը հայ էր, մեկը ռուս: Երեքով առանձնացան մի սենյակ, որի կողքի սենյակից կինս թաքուն լսում էր։ Բժիշկներից մեկը (ռուսը) հարց է տալիս, թե «Կոտորակները ընդհանուր հայտարարի ինչպե՞ս պետք է բերել, ես ինչքան անում եմ, չեմ կարողանում»: Երկար բարակ նրան բացատրում են: Հետո սկսում են խոսել օդի բարեխառնության, ապա բերքի առատության մասին: Վերջը ասում են. «Դե, մի քիչ էլ հիվանդի մասին խոսենք»: Քեչեկյանը պատմում է, թե հիվանդը ինչ վիճակի մեջ է, որից հետո բժիշկները գալիս են հիվանդի մոտ, մի քիչ մարմինը դես դեն խփում և հանգիստ սրտով հայտարարում. «Հիվանդը լավացել է, բոլոր վերքերը փակվել են, վաղը արդեն վեր կկենա»: Մենք երկուսս (կինս ու ես) բոլորովին հանգստացած, ուրախ զվարթ գնում ենք քնելու, առանց ուշադրություն դարձնելու հիվանդի հեծեծանքներին: Կես գիշերից անց լսում ենք լացի ձայն. վազում ենք սենյակ. մայրս աղիողորմ լաց էր լինում. հայրս մեռել էր: Հիշում եմ, երբ նախորդ առավոտյան գործարանի սուլոցը սուլեց, հայրս ասաց. «Արքատաշլարըմ իշե գիթտիլեր. բեն էշեք կիպի պուրտա յաթմըշըմ» (ընկերներս աշխատանքի գնացին, ես այս տեղ էշի նման պառկել եմ): Մեռնելու մոտ ասել էր. «Էշեք կիպի կելտիք, էշեք կիպի կիտիյորըք» (էշի պես եկանք, էշի պես գնում ենք): Առավոտը գնացի բժիշկ Քեչեկյանին մահվան վկայական ուզելու: Զարմացած հարցրեց. «Մի՞թե մեռավ. ինչի՞ց մեռավ»: — Բժիշկը դուք եք, ի՞նձ եք հարցնում. դուք ասացիք, որ բոլորովին լավացել է, և մենք ձեր խոսքին վստահելով, հորս վերջին րոպեները անխնամ թողեցինք: Թաղման կարգը Ավետիս Տեր-Հարությունյանը կազմակերպեց: Նոր-Նախիջևանում այն ժամանակ կար մեռել թաղելու հատուկ մի խանութ. սակարկությամբ նրանք ամեն ինչ հոգում էին. դագաղ, քահանա, մինչև անգամ հուղարկավոր մարդիկ: Հորս հուղարկավորությունը շատ անշուք կատարվեց. բացի մեր քահանա Քելլեշահինյանից, տեսուչ Շահազիզից և մեր ընկեր Ավետիսից, ուրիշ ոչ ոք չկար. կային միայն մեռելի խանութից ուղարկված 2—3 ռուսներ: Հորս թաղեցինք գերեզմանատան Ս․ Կարապետ եկեղեցու հետևում, պատի տակ: Վաթսուն տարեկան էր, երբ մեռավ, դեռ շատ առույգ հասակում (1910 թ. սեպտ.): Հորս մահվանից հետո մորս դրությունը անտանելի դարձավ։ Երեսը պատին դարձրած լաց էր լինում շարունակ: Մեռնելու ժամանակ հայրս նրան ասել էր. «Եթե ապրիլ կուզես, հոս մի՛ կենար, ել Կոստանդնուպոլիս գնա»: Մայրս չուզեց մնալ: Նախ չհավանեց այն քաղաքը, որ իր ամուսնու վաղաժամ մահվան պատճառ եղավ, մի չնչին նավթի պատճառով: Չսիրեց Նոր-Նախիջևանի լայն փողոցները, որտեղ հարևանները իրար չեն տեսնում: Նա ուզում էր Կոստանդնուպոլսի նեղ փողոցները, ուր խոսակիցները պատշգամբից դիմացե դիմաց խոսում են և իրար զանազան բաներ տալիս: Մորս հետ տանելու համար, հրաման առի դպրոցից, տարի նրան Բաթումի, որպեսզի այնտեղից Կոստանդնուպոլիս գնա: == 1912 ԹՎԱԿԱՆ == Հորս մահվանից երկու տարի հետո որոշեցինք երկրորդ անգամ Կոստանդնուպոլիս գնալ մորս տեսության: Այն ժամանակ անցագիր պատրաստելը շատ հեշտ գործ էր: Եվրոպական երկրներում արդեն անցագիր չկար. ով որ, երբ որ, ուր որ ուզե, կարող է կայարան գնալ, տոմս վերցնել և մեկնել։ Ռուսաստանում, ցարական շրջանում, մի փոքր ձևականություն կար: Դիմում պետք էր տալ և անցագիր ստանալ: Ըստ այսմ ես էլ Ռոստովի քաղաքապետին (գրադոնաչալնիկ) ռուսերեն դիմում գրեցի և տարի պաշտոնատուն: Դիմումս ընդունեցին անմիջապես, բայց ասացին, որ քաղաքապետը դուրս է եկել, մի ժամից կգա և կստորագրի: Գնացի քաղաքային պարտեզ, մի ժամ թափառեցի և եկա պաշտոնատուն: Անցագիրս պատրաստ էր: Երկու հոգու համար 6 ամսվա և վճարն էր 6 ռուբլի: Օդեսայի վրայով Կոստանդնուպոլիս մեկնեցինք: Շոգենավը ռումինական նավահանգիստները կանգ չառավ, բայց կանգնեց Վառնայում և Բուրգազում: Վառնայում չթողեցին դուրս գալ, բայց Բուրգազում թողեցին: Հիշում եմ, թե ինչպես կես ժամի չափ ես ու կինս ման եկանք Բուրգազի փողոցներում: Ամեն ինչ Կոստանդնուպոլսի նման էր: Կարծես թե Կոստանդնուպոլսի մի փոքրիկ հեռավոր թաղն էինք մտել: Խանութները, ուտելեղենները, նույնիսկ մարդիկ գրեթե նույն ձևով: Տեսանք թուրքեր էլ, բայց ո՜րքան բարեկիրթ, հանդարտ, կարգապահ և հպատակ: Կոստանդնուպոլիսը նկարագրելու կարիք չկա: Դեռ ամեն ինչ նախկին կարգով էր. հայերը հարգված ժողովուրդ էին և հանգիստ ապրում էին: Սակայն սկսել էր Հայկական հարցի նոր վերաքննությունը: Ռոստովում հրատարակվում էր «Приазовский край» օրագիրը, որի խմբագրության մեջ հայեր էլ կային: Մեծ դեր ուներ հատկապես խմբագիրներից Հակոբ Սամսոնիչ Խաչատրյանը: Նա Նոր-Նախիջևանի թեմական դպրոցի ռուսերեն և լատիներեն լեզուների ուսուցիչն էր. հետագայում նա ամուսնացավ բնիկ Նոր-Նախիջևանցի Մարիետտա Շահինյանի հետ, որ այժմ նշանավոր գրող է ռուսաց մեջ: Խաչատրյանը և ես ոչ միայն պաշտոնակից, այլև մոտիկ ընկերներ էինք: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, նույն ռուսերեն թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում Կոստանդնուպոլիս Հայկական հարցի ուսումնասիրության համար: Այս նպատակով ես գնացի Հայոց ազգային երեսփոխանական ժողովի նախագահ Վարդգես Փափազյանի մոտ և թղթակցի վկայականս ցույց տալով, խնդրեցի, որ Հայոց հարցի մասին որոշ տեղեկություններ տա, հաղորդելու համար թերթի խմբագրության: Նա սնափառ պարծենկոտությամբ ասաց ինձ. «Ես ձեզ չեմ ընդունում իբրև «Приазовский край» թերթի թղթակցի, այլ իբրև հայտնի հայագետի. ուստի իմ տված տեղեկությունները կլինեն այդ սահմանում»: Սակայն իր տված տեղեկությունների մեջ ոչ մի նորություն չկար. ինչ որ ասաց արդեն տեղական թերթերում, մանավանդ ֆրանսերեն լեզվով հրատարակված լրագրում կար: Դուրս եկա նրա մոտից և այլևս նրա մոտ գնալ ավելորդ համարեցի: Թերթերից քաղելով, հոդված պատրաստեցի ֆրանսերեն լեզվով և ուղարկեցի խմբագրության: Հակոբ Խաչատրյանը նույնը թարգմանեց ռուսերենի P. A․ ստորագրությամբ: Կարծեմ այսպիսի 4 հոդված ուղարկեցի, որոնք տպվեցին նույն թերթում: Շատ ժամանակ հետո պատահմամբ «Մշակ» օրաթերթի մեջ տեսա առաջին հոդվածիս թարգմանությունը Ռ. Ա. ստորագրությամբ: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ, թղթակցի պաշտոնս փոխանցեցի Միքայել Շամտանճյանին, որ ուղարկեց իմ մեկնումից հետո երկու հոդված հայերեն լեզվով: Ամառը վերջանալուն հրաժեշտ տվինք մորս: Հիշում եմ, երբ նա տան դռան առաջ դառնագին լաց լինելով համբուրում էր ինձ և կնոջս, ասելով, թե այլևս ձեզ չեմ տեսնելու, ես պատասխանեցի, թե երկու տարին մեկ գալիս ենք, էլի կգանք, բայց նա ասաց. «Ոչ, էլ չեմ տեսնելու»,— և նորից դառնագին լաց եղավ: Իրոք որ իր ասածը կատարվեց: Ծագեց համաշխարհային պատերազմը, որին մասնակցեց նաև Տաճկաստանը և սրանով կործանեց ոչ միայն իրեն, այլև մեզ: Ես մորս ուղարկում էի ամեն ամիս 25 ռուբլի, որ Կոստանդնուպոլսում ապրելու համար լավ գումար է: Պատերազմի ժամանակ անհնարին եղավ որևէ ձևով փող ուղարկել իրեն, տաճիկները, ինչպես բոլոր քրիստոնյաներին, նույնպես և մորս Բոսֆորից աքսորեցին դեպի Կոստանդնուպոլսի ներքին թաղերը: Մայրս այդ ծեր հասակում ապաստանեց իր երկու քույրերի տանը և այնտեղ էլ մեռավ 1921 թվականին, 72 տարեկան հասակում: Թաղվեց Պալըքըլի ազգային գերեզմանատնում իր մոր և սիրելի աղջկա՝ Արշալույսի կողքին: == ՓԱԽՈՒՍՏ ՌՈՍՏՈՎԻՑ == Մինչև 1918 թվականը մենք մնացինք Նոր-Նախիջևանում: Այդ 11 տարվա միջոցին բնակվել ենք 20 տարբեր բնակարաններում, մեծագույն մասամբ հայ, մի-երկուսն էլ ռուս: Այսքան տեղափոխության պատճառը այն էր, որ ամեն ամառ գնում էինք Կովկաս, ուստի բնակարանն էլ թողնում էինք, երեք ամսվա ավելորդ վարձ չվճարելու համար։ Ամենից ավելի կապված ենք եղել Մարիա Պավլովնա Խոջապարոնյանի հետ, որի հետ կինս համարյա քույր էր դարձել: Արդեն վերևում խոսել ենք այդ ընտանիքի մասին: Երբ ծագեց համաշխարհային պատերազմը, և հայ ազգն էլ իր կամավորական գնդերով մասնակցեց պատերազմին ռուսաց կողմում, Նոր-Նախիջևանն էլ կենտրոն դարձավ արևմուտքից եկող այդ հայկական կամավորական գնդերին: Այս բոլորի պատմությունը շատ հետաքրքիր է: Նոր ազգային կյանք ստեղծվեց համարյա հայությունը կորցրած այդ քաղաքում: Այս բոլորի մասին շատ բան կա տպված: Երբ գերմանացիք հանդգնեցին արշավել Ռոստովի վրա, ես վախեցա, որ մի մատնիչ հայ կհայտնի նրանց, որ ես նախկին տաճկահպատակ եմ: Այդ դեպքում նրանք ինձ կվերցնեին իրենց բանակում կամ կգնդակահարեին: Այս երկյուղով ես թողեցի քաղաքը, ամբողջ գրքերս և իրերս դպրոցը թողնելով և վերցնելով միայն Արմատական բառարանս և մի քիչ հաց, փախա քաղաքից: Գերմանացիք մոտ էին Ռոստովին. կես ժամ էր մնացել հասնելու։ Փախուստս այնքան հապճեպ եղավ, որ մինչև անգամ իմ մի խոշոր ձեռագիրը (Հայարձան) թողեցի այնտեղ: Ճանապարհորդությունը շատ դժվար էր: Գնացքների երթևեկությունը շատ անկանոն: - Բարեբախտաբար կինս այդ ժամանակ Բաքվում էր, իր ծնողների տանը: Ես պատրաստվեցի հետիոտն փախչել գերմանացիներից: Պատահմամբ այդ օրը կամավորական մի մեծ խումբ մեկնում էր դեպի Կովկաս: Խմբի մեջ մտել էին մեր վերջին դասարանի աշակերտներից շատերը, նաև նախորդ տարիների շրջանավարտներից նրանք, որ արդեն ռուսական զինվորական ծառայության մեջ էին: Ես էլ միացա նրանց հետ: Խումբը ուներ ընկեր Լենինից ստացված հրովարտակ, թնդանոթներ, գնդացիրներ և հրացաններ: Խոշոր պատրաստություն ունեին և մտադիր էին գնալ Կարին: Ամենավերջին րոպեին Ավագ Տեր-Վարդանյանը (պարսկաստանցի) իբրև գաղտնիք ականջիս փսփսաց, թե տաճիկները Կարինը գրավել են: Այս ծանր լուրը վատ ազդեց վրաս և շատ թուլացա: Գույժը հայտնեցի մեր շրջանավարտներից մի սպայի, որի հետ աշակերտական շրջանում շատ մոտիկ էի: «— Ի՞նչ կա որ,— բացականչեց երիտասարդ սպան,— բա ինչի՞ ենք գնում: Գնում ենք գրավելու»: Այս փոքրիկ քաջալերականը մեծ խրախույս ներշնչեց ինձ: Գնացքը շարժվեց, բայց չափազանց դանդաղ. շուտ-շուտ կանգնում էր և շատ երկար ժամանակ: Կամավորական խմբի գլխավորներից երկուսը տեսնելով ինձ մի ապրանքատար վագոնի մեջ, դարմանի վրա պառկած, հրավիրեցին իրենց փափուկ վագոնը։ Խնդրեցին, որ մնամ իրենց մոտ, ավելի լավ պայմաններում: Ես մերժեցի, ասելով, թե իմ ընկեր աշակերտներիս չեմ կարող թողնել: Այն ժամանակ նրանք եկան վագոն և ընկերներիս մի փոքրիկ ճառ կարդացին, համոզելու համար, որ իրենց ուսուցչին թողնեն գնալ փափուկ վագոնը: Բոլորը համաձայնվեցին: Միայն մի տղա բողոքեց և ասաց. «— Ո՛չ, մենք բոլորս զինվոր ենք. մեր մեջ խտրություն չկա, ինչ որ մենք ենք, նա էլ նույնը»: Ես գոհ եղա իր համարձակ խոսքից և մնացի այդ վագոնում: Կամավորները եկան մինչև Արմավիր, ուր միանալով 400 ուրիշ կամավորների հետ, մեկնեցին դեպի ծով: Արմավիրում լսեցի, որ մի նոր գնացք կա, որ պատրաստվում է մեկնել Կովկաս: Գնացքը կանգնած էր կայարանից 10 րոպե հեռու: Ես վերցրի իմ մեծ պարկը (որի մեջ ես լցրել էի Արմավիրից գնված մի քանի խոշոր հացեր) և շալակելով եկա գնացքի մոտ: Հանկարծ նկատեցի, որ կրկնակոշիկներս մոռացել եմ կայարանում: Հարցրի և իմացա, որ գնացքը դեռ 20 րոպե սպասելու է: Նորից բեռներս շալակած հետ դարձա կայարան կրկնակոշիկներս վերցնելու: Հանկարծ գնացքը մեկնեց, և ես դուրս մնացի: Այդ գնացքը ամբողջությամբ գերի ընկավ ապստամբ լեռնականների ձեռքը, որոնք թալանել էին ամբողջ գնացքը և հայ ուղևորներին կոտորել: Հին կրկնակոշիկներս փրկեցին իմ կյանքը, և ես երախտագիտությամբ պահել էի դրանք մինչև 20-ական թվականները Երևանում: Այս բոլոր պատմությունները մինչև Բաքու հասնելս տպված են Բաքվի «Արեգ» թերթում, ուստի տալիս եմ միայն շատ կարճ ամփոփում: Կազմվեց մի նոր գնացք, որ շարունակեց ճանապարհը մինչև Կուբանի կամուրջը: Այդտեղ կայարանապետը արգելեց մեզ առաջ գնալ, որովհետև լեռնականները ապստամբել են և կոտորում են ճամփորդներին: Գնացքում 1000 ուղևոր կար: Ընտրեցին վեց պատգամավոր, որոնք գնացին ապստամբների մոտ բանակցելու և ճանապարհ խնդրելու, բայց անհաջող: Պատգամավորների մեջ կար մի երիտասարդ շամախեցի Սարգիս անունով, որի նշանածը գտնվում էր Բաքվում: «— Ինչ էլ որ լինի, ոտքով պիտի կտրեմ լեռները և Բաքու պիտի գնամ նշանածիս գտնելու,— ասաց այդ քաջարի երիտասարդը»: Ես էլ իր դրության մեջ էի. կինս գտնվում էր Բաքվում, և ես պետք է գտնեի նրան: Մեկ ուզեցի ընկերանալ երիտասարդին, բայց գտա, որ դա անխորհուրդ է. մեկ էլ համոզեցի երիտասարդին, որ գա ինձ հետ, բայց նա չուզեց: Չգիտեմ, թե երիտասարդի վախճանը ինչ եղավ, բայց շատ կուզեի իմանալ: Հազար ուղևորները դուրս թափվեցին և բաց դաշտում գիշերեցինք: Արմավիրում պատահաբար ես մի գիրք էի գնել՝ «Արմավիրի հայ երգեցիկ խմբի պատմությունը». այդ գրքի վերջում կար Կովկասի բավական մեծ մի քարտեզ: Քննեցի տեսնելու համար, թե ինչ ճամփով կարելի է շրջապտույտ կատարել և Բաքու հասնել: Լավագույն միջոցն էր գնալ գնացքով Ղզլար, այնտեղից իջնել ծով և նավակով անցնել Բաքու: Իմ ասածը քարոզեցի բոլորին, բայց նրանք չհամոզվեցին և չհետևեցին ինձ: Հետս եկան միայն 40 հայ պատանի թեհրանցի, որոնք Լազարյան ճեմարանի աշակերտներից էին: Եկավ նաև մի թեհրանցի հայ, որ Մոսկվայի պարսկական դեսպանատան պաշտոնյաներից էր: Բոլորս միասին եկանք Ղզլար, ուր մնացինք երկու շաբաթ: Այդտեղից ձուկ փոխադրող սայլակներով գնացինք Տուշիլովկա ռուսական գյուղը, որ գտնվում էր Կասպից ծովի արևմտյան ափին: Գյուղում հանկարծ գտնում ենք մի հայ երիտասարդ, որ Սիբիրի աքսորից փախել էր և եկել այդ գյուղը։ Նա միացել էր մի ռուս քահանայի հետ և միասին կառավարում էին գյուղի դպրոցը և եկեղեցին: Նա մեզ օգնեց, ցանք մեծ քանակությամբ չորացրած վոբլա (հաց չկար) և մի քանի ձկնորսական առագաստանավերով ճանապարհ ընկանք դեպի Աստրախան: Երեք օր ու գիշեր մնացինք ծովի վրա, որովհետև քամին թույլ էր: Հասնելով Աստրախան, տեսանք, որ շոգենավը պատրաստ կանգնած է և մեկնելու է դեպի Բաքու: Բոլորս լցվեցինք նավը: Մինչև այժմ կարծես ականջիս մեջ հնչում է կեղտոտության գերագույն ապացույցը: Քայլում ենք տախտակամածի վրա, կարծես մանր ավազ լինեին ցանած հատակին, ամեն մի քայլի տակ անվերջ ճռճռթում էին ոջիլները: Ես, որ ոջիլ բառը լսելիս երկու ժամ թքում եմ, չգիտեմ ինչպես հանդգնեցի պառկել կեղտից սևացած այդ անկողինների մեջ, որոնք ոջլի բույն էին: Մանավանդ ինչպես չվարակվեցի տիֆից… Դեռ Նոր-Նախիջևան եղած ժամանակս լսել էի, որ Բաքվում հայերի մեծ կոտորած է եղել՝ թուրքերի ձեռքով: Ինչպե՞ս կարող էի գնալ Բաքու. բայց ընտանիքի սերը քաշում էր անվերջ: Ճանապարհին մի ինչ-որ փոստատուն գնացի և հարցրի, թե կարելի՞ է փող փոխադրել Բաքու: «— Իհարկե,— պատասխանեց պաշտոնյան»։ «— Իսկ եթե ճանապարհը փակ լինի»։ «— Այդ միևնույն է, մենք կհեռագրենք Թիֆլիս, Թիֆլիսի վրայով էլ Բաքու»: Միամիտ Աճառյանս հավատացի և մի թղթի կտորի վրա վստահանալով 300 ռուբլի փոխադրեցի կնոջս՝ Բաքու: Որքան ծիծաղեց արդյոք խարդախ պաշտոնյան իմ միամտության վրա: Բաքվում ոչինչ չէին ստացել: Ղզլարում եղած ժամանակս, մտածելով, որ թուրքերը արդեն տեր են դարձել Բաքվին և կարող են ինձ էլ սպանել, որոշեցի կեղծ անցագիր պատրաստել: Ֆրանսիացի, անգլիացի և գերմանացի ձևանալ դժվար է մեզ համար՝ գույնի և հասակի պատճառով: Որոշեցի ձևանալ շվեյցարացի: Մի մեծ թղթի վրա, ձախ կողմում ֆրանսերեն լեզվով գրեցի. «Ես, ստորագրյալս, շվեյցարական հյուպատոս Ռոստովում, հաստատում եմ, որ Rachie Adjar-ը ծնված 1876 թվականին Ժնեվ…? այսինչ գյուղում, ազատված է զինվորական ծառայությունից փոշտանկ (գրիժա) հիվանդության պատճառով»: Սրա դիմացը նույնը ռուսերեն թարգմանությամբ գրեց ընկ. Սողոմոնյանը, որ Նոր-Նախիջևանում գտնված և ինձ բարեկամ երաժշտագետ Դավիթ Սողոմոնյանի երեց եղբայրն էր: Դավիթ Սողոմոնյանը սրտի հիվանդությունից մեռավ 20-ական թվականներին, Երևանում: Իսկ նրա մյուս եղբայրը՝ Սողոմոն Սողոմոնյանը այժմ էլ դեռ կենդանի է և պարապում է դաշնամուր լարելու արհեստով: Ղզլարում այն երեց եղբայրը ուներ գինու վաճառատուն: Վաճառատան կնիքը ռուսերեն տառերով մի խոշոր բոլորակ էր, իսկական հյուպատոսական կնիք կոչելու արժանի: Երկու թարգմանությունների միջև, ցածրում կնքամոմով դրինք այդ կնիքը, և որպեսզի կնքի արձանագրությունը չխանգարի, մի քիչ քերելով անընթեռնելի դարձրինք: Այս սուտ անցագիրը գրպանս համարձակ կանգնել եմ շոգենավի առաջ, երբ մոտեցանք Բաքվի նավահանգստին: Բայց տեսնում եմ, ի զարմանս իմ, որ ծովափին դրված է մի թնդանոթ, բերանը ուղղած դեպի Բաքու, իսկ ռուս զինվորը կանգնած կողքին: Ազատ և վստահ շտապում եմ տուն. կինս դուռը բաց է անում. «— Ես կարծում էի, որ բոլորդ ազատված եք,— ասացի նրան»: Նա էլ ասում է. «— Ես լսեցի, որ Ռոստովում մեծ կոտորած է եղել և դու էլ սպանվել ես»: Բաքվի հայոց դեպքերը, հայերի հերոսական դիմադրությունը տաճկական բանակի դեմ, անգլիացիների խաբեբա միջամտությունը և վերջապես հայերի փախուստը Բաքվից՝ ընդարձակ պատմված են ժամանակակից թերթերում: Ես էլ մի մանրամասն պատմություն եմ գրել այդ դեպքերի և ձեռագիր մի օրինակը ուղարկել եմ Վենետիկի վանքը: 5gnz73gspla5qqerln8y114peoa7zq4 Վախ և Դող 0 152207 398195 2026-11-17T16:34:50Z Samtost 14127 Կիսատ թարգմանություն 398195 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title = Վախ և դող |section = |previous = |next = |notes = Ռուսերեն թարգմանությունը՝ Ն.Վ. Իսաևա և Ս.Ա. Իսաև։ Հայերեն թարգմանությունը՝ Տիգրան Մանուկյանի |author = Սյորեն Կիերկեգոր |translator = Տիգրան Մանուկյան |year = 1843 |override_author = |index URL= }} <div style="font-size:85%; margin-bottom:1em; max-width:28em;"> Was Tarquinius Superbus<br> in seinem Garten mit dem Mohnköpfen sprach,<br> verstand der Sohn, aber nicht der Bote.<br> <small>Hamann J.G. Werke. В.III. S.190.</small><ref>Այն, ինչ Տարքվինիոս Գոռոզն իր պարտեզում ասաց կակաչների գլուխների միջոցով, որդին հասկացավ, բայց պատգամաբերը՝ ոչ։</ref> </div> Մեր ժամանակաշրջանը ոչ միայն գործողությունների, այլև գաղափարների աշխարհում իսկական վաճառք է կազմակերպել։ Ամեն ինչ կարելի է ձեռք բերել այնքան չնչին գնով, որ ի վերջո հարց է ծագում՝ արդյոք ընդհանրապես որևէ մեկը կմնա՞, որ ցանկանա գնորդ լինել։ Յուրաքանչյուր սպեկուլյատիվ հաշվառող, որը բարեխղճորեն արձանագրում է նոր փիլիսոփայության նշանակալի առաջընթացը, յուրաքանչյուր մասնավոր դոցենտ, կրկնուսույց, ուսանող, յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ կերպ առնչվել է փիլիսոփայությանը կամ հայտնվել դրա հենց կենտրոնում, չի բավարարվում ամեն ինչի մեջ կասկածելով, այլ շարունակում է առաջ գնալ։ Գուցե անտեղի և անժամանակ թվա նրանց հարցնելը, թե իրականում ո՞ւր են նրանք մտադիր հասնել։ Սակայն, համենայնդեպս, քաղաքավարի և համեստ կլինի ենթադրել, որ նրանք իսկապես կասկածի տակ են առել ամեն ինչ, քանզի հակառակ դեպքում առաջ շարժվելու մասին խոսելն անհեթեթ կլիներ։ Ենթադրվում է, որ նրանք բոլորն արդեն կատարել են այդ նախնական քայլը, և, ըստ երևույթին, այնպիսի դյուրությամբ, որ նույնիսկ հարկ չեն համարել մի բառ ասել այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Չէ՞ որ նույնիսկ նա, ով վախով ու տագնապով կփորձեր որևէ պարզաբանում գտնել, չէր կարողանա այն գտնել, չէր գտնի ո՛չ ուղղորդող նշան, ո՛չ էլ որևէ մանրամասն հրահանգ այն մասին, թե ինչպես պետք է մոտենալ այդ վիթխարի խնդրին։ «Բայց չէ՞ որ Կարտեզիոսն արել է դա»։ Կարտեզիո՛սը՝ այդ հարգարժան, համեստ ու ազնիվ մտածողը, որի երկերը, անկասկած, ոչ ոք չի կարող կարդալ առանց խորապես հուզվելու։ Նա արեց այն, ինչ ասում էր, և ասում էր այն, ինչ անում էր։ Ա՜խ, ա՜խ, ա՜խ։ Մեր ժամանակներում դա իսկական հազվադեպություն է։ Սակայն Կարտեզիոսն ինքը, ինչպես բազմիցս կրկնում էր, երբեք կասկածի տակ չի առել այն, ինչ վերաբերում էր հավատին։ ("Memores tamen, ut jam dictum est, huic lumini naturali tamdiu tantum esse credendum, quamdiu nihil contrarium a Deo ipso revelatur... Praeter caetera autem, memoriae nostrae pro summa regula est infigendum, ea quae nobis a Deo revelata sunt, ut omnium certissima esse credenda; et quamvis forte lumen rationis, quam maxime darum et evidens, aliud quid nobis suggerere videretur, soli tamen auctoritati divinae potius quam proprio nostro judicio fidem esse adhibendam".) <ref> Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այս բնական լույսին պետք է վստահել այնքան ժամանակ, քանի դեռ Աստված Ինքը հակառակը չի հայտնել... Բացի այդ, մեր հիշողության մեջ որպես գերագույն կանոն պետք է դրոշմել այն, որ Աստծուց մեզ հայտնվածները պետք է համարվեն ամենաանվիճելիները, և նույնիսկ եթե բանականության լույսը՝ որքան էլ այն հստակ ու ակնհայտ լինի, մեզ այլ բան հուշեր, մենք պարտավոր ենք առավելապես վստահել աստվածային հեղինակությանը, քան մեր սեփական դատողությանը»։ Տե՛ս Principia philosophiae, մաս I, §§ 28 և 76։ </ref> Նա չաղաղակեց՝ «Հրդե՛հ», որպեսզի բոլորի պարտականությունը դարձնի կասկածելը, քանզի Կարտեզիոսը լուռ ու միայնակ մտածող էր, ոչ թե աղմկոտ փողոցային պահակ։ Նա համեստորեն խոստովանեց, որ իր մեթոդը նշանակություն ունի միայն իր համար և մասամբ բխում է իր նախկին՝ խճճված գիտելիքներից ու դժվարություններից։ ("Ne quis igjtur putet, me hie traditurum aliquam methodum, quam unusqirisque sequi debeat ad recte regendam; illam enim tantum, quam ipsemet secutus sum, exponere decrevi... Sed simul ac illud studiorum curicuhim absolvi (sc. inventitus), quo decurso mos est in eruditoram numerum coopetari, plane aliud coepi cogitare. Tot enim me dubiis totque erroribus implicatum esse animadverti, ut omnes discendi conatus nihil aliud mini profuisse judicarem, quam quod ignorantiam meam magis magisque detexissem".) <ref> Որպեսզի ոչ ոք չկարծի, թե ես այստեղ ներկայացնելու եմ որևէ մեթոդ, որին յուրաքանչյուրը պետք է հետևի իր բանականությունը ճիշտ ուղղորդելու համար, որոշել եմ ներկայացնել միայն այն մեթոդը, որին ինքս եմ հետևել... Երբ ավարտեցի ուսման այն շրջանը, որից հետո ընդունված է մարդուն դասել գիտունների շարքը, սկսեցի բոլորովին այլ կերպ մտածել։ Ես այնքան կասկածների և սխալների մեջ էի խճճվել, որ իմ բոլոր ուսումնական ջանքերն ինձ ոչ մի այլ օգուտ չէին տվել, քան իմ տգիտությունն ավելի ու ավելի բացահայտելը»։ Տե՛ս Discours de la méthode, էջեր 2–3։ </ref> {{թարգմանության թույլատրագիր | բնագիր = {{ՀՍ-հին}} | թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}} }} [[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]] [[Կատեգորիա:Թարգմանություններ]] [[Կատեգորիա:Փիլիսոփայություն]] [[Կատեգորիա:Դանիական գրականություն]] jqvsgwyb3wkdkumwnv84krsjye4ngbt 398200 398195 2026-11-17T22:05:51Z Samtost 14127 /* */ 398200 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title = Վախ և դող |section = |previous = |next = |notes = Ռուսերեն թարգմանությունը՝ Ն.Վ. Իսաևա և Ս.Ա. Իսաև։ Հայերեն թարգմանությունը՝ Տիգրան Մանուկյանի |author = Սյորեն Կիերկեգոր |translator = Տիգրան Մանուկյան |year = 1843 |override_author = |index URL= }} <div style="font-size:85%; margin-bottom:1em; max-width:28em;"> Was Tarquinius Superbus<br> in seinem Garten mit dem Mohnköpfen sprach,<br> verstand der Sohn, aber nicht der Bote.<br> <small>Hamann J.G. Werke. В.III. S.190.</small><ref>Այն, ինչ Տարքվինիոս Գոռոզն իր պարտեզում ասաց կակաչների գլուխների միջոցով, որդին հասկացավ, բայց պատգամաբերը՝ ոչ։</ref> </div> Մեր ժամանակաշրջանը ոչ միայն գործողությունների, այլև գաղափարների աշխարհում իսկական վաճառք է կազմակերպել։ Ամեն ինչ կարելի է ձեռք բերել այնքան չնչին գնով, որ ի վերջո հարց է ծագում՝ արդյոք ընդհանրապես որևէ մեկը կմնա՞, որ ցանկանա գնորդ լինել։ Յուրաքանչյուր սպեկուլյատիվ հաշվառող, որը բարեխղճորեն արձանագրում է նոր փիլիսոփայության նշանակալի առաջընթացը, յուրաքանչյուր մասնավոր դոցենտ, կրկնուսույց, ուսանող, յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ կերպ առնչվել է փիլիսոփայությանը կամ հայտնվել դրա հենց կենտրոնում, չի բավարարվում ամեն ինչի մեջ կասկածելով, այլ շարունակում է առաջ գնալ։ Գուցե անտեղի և անժամանակ թվա նրանց հարցնելը, թե իրականում ո՞ւր են նրանք մտադիր հասնել։ Սակայն, համենայնդեպս, քաղաքավարի և համեստ կլինի ենթադրել, որ նրանք իսկապես կասկածի տակ են առել ամեն ինչ, քանզի հակառակ դեպքում առաջ շարժվելու մասին խոսելն անհեթեթ կլիներ։ Ենթադրվում է, որ նրանք բոլորն արդեն կատարել են այդ նախնական քայլը, և, ըստ երևույթին, այնպիսի դյուրությամբ, որ նույնիսկ հարկ չեն համարել մի բառ ասել այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Չէ՞ որ նույնիսկ նա, ով վախով ու տագնապով կփորձեր որևէ պարզաբանում գտնել, չէր կարողանա այն գտնել, չէր գտնի ո՛չ ուղղորդող նշան, ո՛չ էլ որևէ մանրամասն հրահանգ այն մասին, թե ինչպես պետք է մոտենալ այդ վիթխարի խնդրին։ «Բայց չէ՞ որ Կարտեզիոսն արել է դա»։ Կարտեզիո՛սը՝ այդ հարգարժան, համեստ ու ազնիվ մտածողը, որի երկերը, անկասկած, ոչ ոք չի կարող կարդալ առանց խորապես հուզվելու։ Նա արեց այն, ինչ ասում էր, և ասում էր այն, ինչ անում էր։ Ա՜խ, ա՜խ, ա՜խ։ Մեր ժամանակներում դա իսկական հազվադեպություն է։ Սակայն Կարտեզիոսն ինքը, ինչպես բազմիցս կրկնում էր, երբեք կասկածի տակ չի առել այն, ինչ վերաբերում էր հավատին։ ("Memores tamen, ut jam dictum est, huic lumini naturali tamdiu tantum esse credendum, quamdiu nihil contrarium a Deo ipso revelatur... Praeter caetera autem, memoriae nostrae pro summa regula est infigendum, ea quae nobis a Deo revelata sunt, ut omnium certissima esse credenda; et quamvis forte lumen rationis, quam maxime darum et evidens, aliud quid nobis suggerere videretur, soli tamen auctoritati divinae potius quam proprio nostro judicio fidem esse adhibendam".) <ref> Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այս բնական լույսին պետք է վստահել այնքան ժամանակ, քանի դեռ Աստված Ինքը հակառակը չի հայտնել... Բացի այդ, մեր հիշողության մեջ որպես գերագույն կանոն պետք է դրոշմել այն, որ Աստծուց մեզ հայտնվածները պետք է համարվեն ամենաանվիճելիները, և նույնիսկ եթե բանականության լույսը՝ որքան էլ այն հստակ ու ակնհայտ լինի, մեզ այլ բան հուշեր, մենք պարտավոր ենք առավելապես վստահել աստվածային հեղինակությանը, քան մեր սեփական դատողությանը»։ Տե՛ս Principia philosophiae, մաս I, §§ 28 և 76։ </ref> Նա չաղաղակեց՝ «Հրդե՛հ», որպեսզի բոլորի պարտականությունը դարձնի կասկածելը, քանզի Կարտեզիոսը լուռ ու միայնակ մտածող էր, ոչ թե աղմկոտ փողոցային պահակ։ Նա համեստորեն խոստովանեց, որ իր մեթոդը նշանակություն ունի միայն իր համար և մասամբ բխում է իր նախկին՝ խճճված գիտելիքներից ու դժվարություններից։ ("Ne quis igjtur putet, me hie traditurum aliquam methodum, quam unusqirisque sequi debeat ad recte regendam; illam enim tantum, quam ipsemet secutus sum, exponere decrevi... Sed simul ac illud studiorum curicuhim absolvi (sc. inventitus), quo decurso mos est in eruditoram numerum coopetari, plane aliud coepi cogitare. Tot enim me dubiis totque erroribus implicatum esse animadverti, ut omnes discendi conatus nihil aliud mini profuisse judicarem, quam quod ignorantiam meam magis magisque detexissem".) <ref> Որպեսզի ոչ ոք չկարծի, թե ես այստեղ ներկայացնելու եմ որևէ մեթոդ, որին յուրաքանչյուրը պետք է հետևի իր բանականությունը ճիշտ ուղղորդելու համար, որոշել եմ ներկայացնել միայն այն մեթոդը, որին ինքս եմ հետևել... Երբ ավարտեցի ուսման այն շրջանը, որից հետո ընդունված է մարդուն դասել գիտունների շարքը, սկսեցի բոլորովին այլ կերպ մտածել։ Ես այնքան կասկածների և սխալների մեջ էի խճճվել, որ իմ բոլոր ուսումնական ջանքերն ինձ ոչ մի այլ օգուտ չէին տվել, քան իմ տգիտությունն ավելի ու ավելի բացահայտելը»։ Տե՛ս Discours de la méthode, էջեր 2–3։ </ref> Այն, ինչ հին հույները, որոնք նույնպես որոշակի պատկերացում ունեին փիլիսոփայությունից, համարում էին ամբողջ կյանքի խնդիր, քանզի կասկածելու կարողությունը ձեռք չի բերվում ընդամենը օրերի ու շաբաթների ընթացքում, այն, ինչին հասնում էր փորձառու և երկարամյա պայքար մղած մարտիկը՝ պահպանելով կասկածի հավասարակշռությունը բոլոր գայթակղությունների ու մոլորեցնող հանգամանքների միջով, անվախորեն մերժելով զգայարանների և մտքի հավաստիությունը, անշահախնդրորեն դիմակայելով ինքնասիրության վախին և կարեկցանքի ներշնչանքներին, — հենց դրանից է մեր ժամանակներում յուրաքանչյուր ոք սկսում։ Մեր ժամանակներում ոչ ոք կանգ չի առնում հավատի վրա, այլ բոլորը շարունակում են առաջ գնալ։ Հարցնելը, թե ուր են նրանք հասնում, գուցե չափազանց հանդուգն թվա։ Փոխարենը, քաղաքավարության և կրթվածության նշան կլինի, եթե ենթադրեմ, որ յուրաքանչյուրն արդեն ունի հավատը, քանզի հակառակ դեպքում առաջ գնալու մասին խոսելն անհեթեթ կլիներ։ Հին ժամանակներում ամեն ինչ այլ կերպ էր։ Այն ժամանակ հավատը ամբողջ կյանքի խնդիր էր, որովհետև մարդիկ կարծում էին, որ հավատալու կարողությունը հնարավոր չէ ձեռք բերել ո՛չ օրերի, ո՛չ էլ շաբաթների ընթացքում։ Եվ երբ փորձությունների միջով անցած պատկառելի ծերունին մոտենում էր իր կյանքի ավարտին, երբ նա մղել էր բարի պայքարը և պահպանել հավատը, նրա սիրտը դեռ այնքան երիտասարդ էր մնացել, որ չէր մոռացել այն վախն ու դողը, որոնք դաստիարակել էին պատանուն, որոնք տղամարդը կարողանում է զսպել, բայց որոնցից ոչ մի մարդ երբեք ամբողջովին չի ազատվում, — եթե միայն նրան չհաջողվի հնարավորինս վաղ անցնել դրանցից այն կողմ։ Ուրեմն այնտեղ, ուր հասել էին այդ պատկառելի կերպարները, մեր ժամանակներում յուրաքանչյուրն սկսում է իր ճանապարհը՝ այնտեղից էլ ավելի առաջ գնալու համար։ Սույն երկի հեղինակը բնավ փիլիսոփա չէ։ Նա չի հասկացել Համակարգը, չգիտի՝ արդյոք այն գոյություն ունի, թե ավարտված է։ Այդ միտքն ինքնին արդեն բավական ծանրաբեռնվածություն է նրա թույլ գլխի համար, միտք, որը մեր ժամանակներում յուրաքանչյուր ոք պետք է ունենա, քանի որ յուրաքանչյուրն իր մեջ կրում է այդպիսի վիթխարի միտք։ Նույնիսկ եթե մենք կարողանայինք հավատի ամբողջ բովանդակությունը վերածել հասկացությունների ձևի, դրանից դեռ չէր հետևի, թե մենք ըմբռնել ենք հավատը, հասկացել ենք, թե ինչպես ենք մտել դրա մեջ կամ ինչպես է այն մտել մեր մեջ։ Սույն երկի հեղինակը բնավ փիլիսոփա չէ։ Նա, poetice et eleganter<ref> «[խոսելով] բանաստեղծորեն և նրբագեղորեն» (լատ.) </ref>, պարզապես արտագրող է, ազատ ստեղծագործող, որը ո՛չ Համակարգն է գրում, ո՛չ էլ խոստանում է այն գրել, որը ո՛չ պարտավորվում է Համակարգի առաջ, ո՛չ էլ իրեն ենթարկում է դրան։ Նա գրում է, որովհետև դա նրա համար մի շռայլություն է, որն այնքան ավելի հաճելի և ակնհայտ է դառնում, որքան քիչ են նրանք, ովքեր գնում և կարդում են նրա գրածը։ Նա հեշտությամբ կանխատեսում է իր ճակատագիրը մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ հրաժարվել են կրքից՝ գիտությանը ծառայելու համար։ Մի ժամանակաշրջանում, երբ գրողը, եթե ցանկանում է ընթերցողներ ունենալ, պետք է հոգ տանի, որ իր գրածը հնարավոր լինի հարմարավետորեն թերթել կեսօրյա քնի ընթացքում, և իր արտաքին պահվածքը կառուցի այնպես, ինչպես թերթում հայտարարություն տվող այն քաղաքավարի այգեպանի օգնականը, որը գլխարկը ձեռքին և իր նախկին ծառայության վայրից ստացած լավ երաշխավորագրերով իրեն առաջարկում է հարգարժան հանրության ուշադրությանը։ {{թարգմանության թույլատրագիր | բնագիր = {{ՀՍ-հին}} | թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}} }} [[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]] [[Կատեգորիա:Թարգմանություններ]] [[Կատեգորիա:Փիլիսոփայություն]] [[Կատեգորիա:Դանիական գրականություն]] qbxsw3swkq372dqoloe9ykiwmfiwv6p 398201 398200 2026-11-17T22:20:12Z Samtost 14127 398201 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title = Վախ և դող |section = |previous = |next = |notes = Ռուսերեն թարգմանությունը՝ Ն.Վ. Իսաևա և Ս.Ա. Իսաև։ Հայերեն թարգմանությունը՝ Տիգրան Մանուկյանի |author = Սյորեն Կիերկեգոր |translator = Տիգրան Մանուկյան |year = 1843 |override_author = |index URL= }} <div style="font-size:85%; margin-bottom:1em; max-width:28em;"> Was Tarquinius Superbus<br> in seinem Garten mit dem Mohnköpfen sprach,<br> verstand der Sohn, aber nicht der Bote.<br> <small>Hamann J.G. Werke. В.III. S.190.</small><ref>Այն, ինչ Տարքվինիոս Գոռոզն իր պարտեզում ասաց կակաչների գլուխների միջոցով, որդին հասկացավ, բայց պատգամաբերը՝ ոչ։</ref> </div> Մեր ժամանակաշրջանը ոչ միայն գործողությունների, այլև գաղափարների աշխարհում իսկական վաճառք է կազմակերպել։ Ամեն ինչ կարելի է ձեռք բերել այնքան չնչին գնով, որ ի վերջո հարց է ծագում՝ արդյոք ընդհանրապես որևէ մեկը կմնա՞, որ ցանկանա գնորդ լինել։ Յուրաքանչյուր սպեկուլյատիվ հաշվառող, որը բարեխղճորեն արձանագրում է նոր փիլիսոփայության նշանակալի առաջընթացը, յուրաքանչյուր մասնավոր դոցենտ, կրկնուսույց, ուսանող, յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ կերպ առնչվել է փիլիսոփայությանը կամ հայտնվել դրա հենց կենտրոնում, չի բավարարվում ամեն ինչի մեջ կասկածելով, այլ շարունակում է առաջ գնալ։ Գուցե անտեղի և անժամանակ թվա նրանց հարցնելը, թե իրականում ո՞ւր են նրանք մտադիր հասնել։ Սակայն, համենայնդեպս, քաղաքավարի և համեստ կլինի ենթադրել, որ նրանք իսկապես կասկածի տակ են առել ամեն ինչ, քանզի հակառակ դեպքում առաջ շարժվելու մասին խոսելն անհեթեթ կլիներ։ Ենթադրվում է, որ նրանք բոլորն արդեն կատարել են այդ նախնական քայլը, և, ըստ երևույթին, այնպիսի դյուրությամբ, որ նույնիսկ հարկ չեն համարել մի բառ ասել այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Չէ՞ որ նույնիսկ նա, ով վախով ու տագնապով կփորձեր որևէ պարզաբանում գտնել, չէր կարողանա այն գտնել, չէր գտնի ո՛չ ուղղորդող նշան, ո՛չ էլ որևէ մանրամասն հրահանգ այն մասին, թե ինչպես պետք է մոտենալ այդ վիթխարի խնդրին։ «Բայց չէ՞ որ Կարտեզիոսն արել է դա»։ Կարտեզիո՛սը՝ այդ հարգարժան, համեստ ու ազնիվ մտածողը, որի երկերը, անկասկած, ոչ ոք չի կարող կարդալ առանց խորապես հուզվելու։ Նա արեց այն, ինչ ասում էր, և ասում էր այն, ինչ անում էր։ Ա՜խ, ա՜խ, ա՜խ։ Մեր ժամանակներում դա իսկական հազվադեպություն է։ Սակայն Կարտեզիոսն ինքը, ինչպես բազմիցս կրկնում էր, երբեք կասկածի տակ չի առել այն, ինչ վերաբերում էր հավատին։ ("Memores tamen, ut jam dictum est, huic lumini naturali tamdiu tantum esse credendum, quamdiu nihil contrarium a Deo ipso revelatur... Praeter caetera autem, memoriae nostrae pro summa regula est infigendum, ea quae nobis a Deo revelata sunt, ut omnium certissima esse credenda; et quamvis forte lumen rationis, quam maxime darum et evidens, aliud quid nobis suggerere videretur, soli tamen auctoritati divinae potius quam proprio nostro judicio fidem esse adhibendam".) <ref> Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այս բնական լույսին պետք է վստահել այնքան ժամանակ, քանի դեռ Աստված Ինքը հակառակը չի հայտնել... Բացի այդ, մեր հիշողության մեջ որպես գերագույն կանոն պետք է դրոշմել այն, որ Աստծուց մեզ հայտնվածները պետք է համարվեն ամենաանվիճելիները, և նույնիսկ եթե բանականության լույսը՝ որքան էլ այն հստակ ու ակնհայտ լինի, մեզ այլ բան հուշեր, մենք պարտավոր ենք առավելապես վստահել աստվածային հեղինակությանը, քան մեր սեփական դատողությանը»։ Տե՛ս Principia philosophiae, մաս I, §§ 28 և 76։ </ref> Նա չաղաղակեց՝ «Հրդե՛հ», որպեսզի բոլորի պարտականությունը դարձնի կասկածելը, քանզի Կարտեզիոսը լուռ ու միայնակ մտածող էր, ոչ թե աղմկոտ փողոցային պահակ։ Նա համեստորեն խոստովանեց, որ իր մեթոդը նշանակություն ունի միայն իր համար և մասամբ բխում է իր նախկին՝ խճճված գիտելիքներից ու դժվարություններից։ ("Ne quis igjtur putet, me hie traditurum aliquam methodum, quam unusqirisque sequi debeat ad recte regendam; illam enim tantum, quam ipsemet secutus sum, exponere decrevi... Sed simul ac illud studiorum curicuhim absolvi (sc. inventitus), quo decurso mos est in eruditoram numerum coopetari, plane aliud coepi cogitare. Tot enim me dubiis totque erroribus implicatum esse animadverti, ut omnes discendi conatus nihil aliud mini profuisse judicarem, quam quod ignorantiam meam magis magisque detexissem".) <ref> Որպեսզի ոչ ոք չկարծի, թե ես այստեղ ներկայացնելու եմ որևէ մեթոդ, որին յուրաքանչյուրը պետք է հետևի իր բանականությունը ճիշտ ուղղորդելու համար, որոշել եմ ներկայացնել միայն այն մեթոդը, որին ինքս եմ հետևել... Երբ ավարտեցի ուսման այն շրջանը, որից հետո ընդունված է մարդուն դասել գիտունների շարքը, սկսեցի բոլորովին այլ կերպ մտածել։ Ես այնքան կասկածների և սխալների մեջ էի խճճվել, որ իմ բոլոր ուսումնական ջանքերն ինձ ոչ մի այլ օգուտ չէին տվել, քան իմ տգիտությունն ավելի ու ավելի բացահայտելը»։ Տե՛ս Discours de la méthode, էջեր 2–3։ </ref> Այն, ինչ հին հույները, որոնք նույնպես որոշակի պատկերացում ունեին փիլիսոփայությունից, համարում էին ամբողջ կյանքի խնդիր, քանզի կասկածելու կարողությունը ձեռք չի բերվում ընդամենը օրերի ու շաբաթների ընթացքում, այն, ինչին հասնում էր փորձառու և երկարամյա պայքար մղած մարտիկը՝ պահպանելով կասկածի հավասարակշռությունը բոլոր գայթակղությունների ու մոլորեցնող հանգամանքների միջով, անվախորեն մերժելով զգայարանների և մտքի հավաստիությունը, անշահախնդրորեն դիմակայելով ինքնասիրության վախին և կարեկցանքի ներշնչանքներին, — հենց դրանից է մեր ժամանակներում յուրաքանչյուր ոք սկսում։ Մեր ժամանակներում ոչ ոք կանգ չի առնում հավատի վրա, այլ բոլորը շարունակում են առաջ գնալ։ Հարցնելը, թե ուր են նրանք հասնում, գուցե չափազանց հանդուգն թվա։ Փոխարենը, քաղաքավարության և կրթվածության նշան կլինի, եթե ենթադրեմ, որ յուրաքանչյուրն արդեն ունի հավատը, քանզի հակառակ դեպքում առաջ գնալու մասին խոսելն անհեթեթ կլիներ։ Հին ժամանակներում ամեն ինչ այլ կերպ էր։ Այն ժամանակ հավատը ամբողջ կյանքի խնդիր էր, որովհետև մարդիկ կարծում էին, որ հավատալու կարողությունը հնարավոր չէ ձեռք բերել ո՛չ օրերի, ո՛չ էլ շաբաթների ընթացքում։ Եվ երբ փորձությունների միջով անցած պատկառելի ծերունին մոտենում էր իր կյանքի ավարտին, երբ նա մղել էր բարի պայքարը և պահպանել հավատը, նրա սիրտը դեռ այնքան երիտասարդ էր մնացել, որ չէր մոռացել այն վախն ու դողը, որոնք դաստիարակել էին պատանուն, որոնք տղամարդը կարողանում է զսպել, բայց որոնցից ոչ մի մարդ երբեք ամբողջովին չի ազատվում, — եթե միայն նրան չհաջողվի հնարավորինս վաղ անցնել դրանցից այն կողմ։ Ուրեմն այնտեղ, ուր հասել էին այդ պատկառելի կերպարները, մեր ժամանակներում յուրաքանչյուրն սկսում է իր ճանապարհը՝ այնտեղից էլ ավելի առաջ գնալու համար։ Սույն երկի հեղինակը բնավ փիլիսոփա չէ։ Նա չի հասկացել Համակարգը, չգիտի՝ արդյոք այն գոյություն ունի, թե ավարտված է։ Այդ միտքն ինքնին արդեն բավական ծանրաբեռնվածություն է նրա թույլ գլխի համար, միտք, որը մեր ժամանակներում յուրաքանչյուր ոք պետք է ունենա, քանի որ յուրաքանչյուրն իր մեջ կրում է այդպիսի վիթխարի միտք։ Նույնիսկ եթե մենք կարողանայինք հավատի ամբողջ բովանդակությունը վերածել հասկացությունների ձևի, դրանից դեռ չէր հետևի, թե մենք ըմբռնել ենք հավատը, հասկացել ենք, թե ինչպես ենք մտել դրա մեջ կամ ինչպես է այն մտել մեր մեջ։ Սույն երկի հեղինակը բնավ փիլիսոփա չէ։ Նա, poetice et eleganter<ref> «[խոսելով] բանաստեղծորեն և նրբագեղորեն» (լատ.) </ref>, պարզապես արտագրող է, ազատ ստեղծագործող, որը ո՛չ Համակարգն է գրում, ո՛չ էլ խոստանում է այն գրել, որը ո՛չ պարտավորվում է Համակարգի առաջ, ո՛չ էլ իրեն ենթարկում է դրան։ Նա գրում է, որովհետև դա նրա համար մի շռայլություն է, որն այնքան ավելի հաճելի և ակնհայտ է դառնում, որքան քիչ են նրանք, ովքեր գնում և կարդում են նրա գրածը։ Նա հեշտությամբ կանխատեսում է իր ճակատագիրը մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ հրաժարվել են կրքից՝ գիտությանը ծառայելու համար։ Մի ժամանակաշրջանում, երբ գրողը, եթե ցանկանում է ընթերցողներ ունենալ, պետք է հոգ տանի, որ իր գրածը հնարավոր լինի հարմարավետորեն թերթել կեսօրյա քնի ընթացքում, և իր արտաքին պահվածքը կառուցի այնպես, ինչպես թերթում հայտարարություն տվող այն քաղաքավարի այգեպանի օգնականը, որը գլխարկը ձեռքին և իր նախկին ծառայության վայրից ստացած լավ երաշխավորագրերով իրեն առաջարկում է հարգարժան հանրության ուշադրությանը։ Նա նախապես կանխատեսում է իր ճակատագիրը՝ լիովին անտեսված լինելը։ Նա կռահում է ամենասարսափելին՝ որ բծախնդիր քննադատությունը նրան բազմիցս կանգնեցնելու է դպրոցական քննության առաջ։ Բայց նա սարսափում է մի բանից, որն ավելի սարսափելի է. որ որևէ գործունյա հաշվառող, պարագրաֆներ կուլ տվող մեկը, որը գիտությունը փրկելու նպատակով միշտ պատրաստ է ուրիշների երկերի հետ անել այն, ինչ Թրոպը «ճաշակը փրկելու համար» մեծահոգաբար արեց «Մարդկային ցեղի կործանման» հետ, — իր երկը մասերի ու պարագրաֆների կբաժանի և դա կանի նույն անզիջում հետևողականությամբ, ինչպես այն մարդը, որը կետադրության գիտությանը ծառայելու նպատակով իր խոսքը բաժանել էր՝ հաշվելով բառերը, այնպես որ յուրաքանչյուր հիսուն բառից հետո դնում էր մեկ վերջակետ, իսկ յուրաքանչյուր երեսունհինգ բառից հետո՝ մեկ ստորակետ-կետ։ Ես խորին խոնարհությամբ խոնարհվում եմ յուրաքանչյուր համակարգային քթփորողի առաջ. «Սա Համակարգը չէ, այն Համակարգի հետ ամենափոքր առնչությունն անգամ չունի։ Ես ամենայն բարիք եմ մաղթում Համակարգին և այս մեծ ընդհանուր ձեռնարկմանը մասնակցող բոլոր դանիացիներին, քանզի այս ամենից, հավանաբար, աշտարակ չի կառուցվի։ Բոլորիդ՝ յուրաքանչյուրիդ առանձին և բոլորիդ միասին, մաղթում եմ երջանկություն և օրհնություն»։ '''''Խորին հարգանքով՝ '''''Յոհաննես դե Սիլենտիո''''' <ref> Կիերկեգորի կեղծանուններից </ref> {{թարգմանության թույլատրագիր | բնագիր = {{ՀՍ-հին}} | թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}} }} [[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]] [[Կատեգորիա:Թարգմանություններ]] [[Կատեգորիա:Փիլիսոփայություն]] [[Կատեգորիա:Դանիական գրականություն]] sw02wczmsc9czxovjoamhg9yxghhmll Կյանքիս հուշերից/Երրորդ մաս 0 152208 398213 2026-11-18T10:15:48Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ|next =|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|year =|notes = }}»: 398213 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ|next =|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|year =|notes = }} phvi7s1izf2uofh30zfi97ca89ldv14 398216 398213 2026-11-18T10:35:19Z Emptyfear 547 398216 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ|next =|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|year =|notes = }} == ՆԱԽԱԲԱՆ == 1918 թվականին էր: Փախանք ընտանյոք Բաքվից դեպի Էնզելի: Շամախու կոտորածից հետո, վերապրող 600 հայ որբերին Բաքու էին փոխադրել և փախուստի ժամանակ պետք էր նրանց տանել Էնզելի: Այդ որբերին լցրեցին ադրբեջանական «Ալավերդի» շոգենավը, որի նավապետը և անձնակազմը ադրբեջանցիներ էին: Այդ շոգենավը ինձ հանձնեցին Էնզելի տանելու համար: Խաղաղությամբ հասանք և դուրս եկանք Էնզելիի նավահանգիստը: Մի կարևոր դեպք: Ազգային մարմինները, իրենց արխիվը թուրքերի ձեռքը չթողնելու համար, նախապես ուղարկել էին Էնզելի: Ես էլ իմ Արմատական բառարանը հանձնել էի նրանց. բոլոր այդ ձեռագրերը բերել-թափել էին հայոց դպրոցի սրահում: Այդտեղ էր բարեբախտաբար Կեդրոնականի իմ դասընկեր սեբաստացի Գևորգ Մկրտչյանը, որ ավարտել էր Փարիզ՝ Ponts-et-chaussées (կամրջաց և խճուղեաց) դպրոցը և 800 ֆրանսիացի ուսանողների մեջ մրցմամբ առաջինն էր դարձել ավարտական քննության ժամանակ: Այն ժամանակ նա Բաքու Մանթաշյանի գործարանի գլխավոր ինժեներն էր, շատ սիրված մի անձնավորություն, որ բանվորների մեջ հայտնի էր Գեորգի Նիկիտիչ անունով։ Վերջին օրերին նա անցագրով ամբողջ ընտանիքով փոխադրվել էր Էնզելի և իջել այդ դպրոցը: Նա հյուրընկալեց նաև մեզ և ինձ հանձնեց իմ բառարանը: Սա երրորդ անգամն էր, որ բառարանս ազատվում էր կորստից: Էնզելի եղած ժամանակները հիշատակության արժանի մի դեպք պատահեց: Հյուսիսափայլի խմբագիր Ստեփանոս Նազարյանի որդին մեռել էր Էնզելիում: Մայրը, որ մի պառավ կին էր, եկավ հայտնեց այդ մասին մեզ՝ փախստական հայերիս, և մենք արժանավոր թաղում կազմակերպեցինք Նազարյանի վերջին ժառանգին, որին թաղեցինք Էնզելիի հայոց եկեղեցու գերեզմանատնում: Թեհրանում բացվել էր հայոց առանձին դպրոց «Ծնողական դպրոց» անունով: Տեսուչն էր իմ ծանոթ Կարապետ Պիոնյանը, որ գրեց ինձ, թե այդ դպրոցում ուսուցչական պաշտոնի տեղ կա: Ես համաձայնվեցի գնալ և ստանալով 100 թուման ճանապարհածախս, կեսը տվի կնոջս հորը, մնացյալով գնացի Թեհրան: Մնացի Թեհրանում ամբողջ 1919 թվականին նույն դպրոցում, ուր ավանդում էի ֆրանսերեն, հայերեն և հաշվապահություն: Ուսումնական տարվա վերջին որոշեցինք վերադառնալ Երևան, ուր կազմվել էր Հայկական կառավարություն և վերջ էր տրվել հայ-թուրքական ընդհարումներին: Բաքվով դառնալ վախեցա, ուստի որոշեցինք Թավրիզով գնալ Երևան: Տարվա վերջն էր արդեն և դպրոցը պիտի փակվեր: Ես մտադիր էի գնալ Նոր-Սպահան, ուսումնասիրելու համար հայոց բարբառը. բայց Երևանի դրությունը այնպես էր լավացել, որ շտապ Հայրենիք վերադառնալը ամենքի փափագն էր: Այդ միջոցին Թեհրանի հոգաբարձության անդամներից մեկը՝ Հովսեփ խան Բաբախանյանը դիմեց ինձ և առաջարկեց անպատճառ գնալ նախ Նոր-Ջուղա և հետո Երևան: Ինքը նորջուղայեցի լինելով ուզում էր, որ իր մայրենի բարբառը ուսումնասիրվի: Տվեց ինձ 50 թուման ճանապարհածախս այն պայմանով, որ ես ամբողջ ժամանակը ապրեի իր եղբոր տանը ձրիաբար, վայելելով ամեն հոգատարություն: Զիջեցի, գնացի Նոր-Ջուղա և մի ամիս մնալով կատարեցի աշխատանքս, որ և տպվեց Երևանում 1940 թվականին: Այս բոլորի մանրամասնությունը գրի եմ առել, որ և կցում եմ սրան: == ԲԱՔՎԻՑ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ == === ԲԱՔՎԻՑ ԷՆԶԵԼԻ* === [Ինչպես արդեն ասացի, որբերին Էնզելի տանելը ինձ էր հանձնված*]: Մեծավ մասամբ մանրիկ, տխեղծ երեխաներ էին որբերը. նրանք դեռ լավ քայլել չէին կարողանում. մի առ մի վերցնելով շոգենավ դրինք. բայց անվերջ էր նրանց շարքը. գալիս էին ու գալիս… ժամեր ամբողջ տևեցին մինչև ծայրը կտրվեց: Այժմ պետք էր պարենի մասին հոգալ: Թադեոսը ընկավ բոլոր պահեստները, որը բանալ տալով, որի դուռը կոտրելով՝ հավաքեց բավական քանակությամբ շաքար, հաց և այլ ուտելեղեններ ու փոխադրեց շոգենավը։ Ժողովրդից շատեր, կին, երեխա, հետո նաև տղամարդիկ, մի քանի մտավորականներ ու սակավաթիվ զինվորականներ մտան նույնպես շոգենավը: Վերջապես մութը կոխեց և շոգենավը խարիսխը բարձրացնելով՝ հրաման ստացավ ճանապարհ ընկնելու: * Առաջարանում հիշված պատճառներով հատվածն սկսում ենք ձեռագրի 16-րդ էջից: — Խմբ.: Այս բոլոր ժամանակը [Բաքվում] կռիվը շարունակվում էր սոսկալի կատաղությամբ. մերոնք մի կողմից պաշտպանում էին իրենց շարքերը, մյուս կողմից կանոնավոր կերպով հետ էին նահանջում. քաղաքը հետզհետե սեղմվում էր թշնամու օղակի մեջ. երբ մութն ընկավ՝ պատերազմի գոռգոռոցը արդեն մեղմեց, բայց մերթ ընդ մերթ որոտում էին դեռ թնդանոթները՝ մի հանկարծական տխուր փայլատակյուն արձակելով, որ ցոլում էր ու անցնում: Մենք հետզհետե բացվում էինք դեպի ծովը: Ահա երևում է հեռուն փարոսը և ավելի հեռուն՝ մթության մեջ՝ ինչ-որ ստվերագիծ, որ Նարգին կղզին են համարում: Մի քիչ առաջանալուց հետո, երբ քաղաքն այլևս կտրվում էր մեր աչքից, հանկարծ զինվորական մի պահականավ կանգնեցրեց մեզ: Ասացի, որ մեր շոգենավը ադրբեջանական էր. ադրբեջանցի էին նաև նավապետն ու նավաստիները. սրանք շատ լավ չէին տրամադրված դեպի մեզ, բայց բացի անսիրալիր վերաբերմունքից առայժմ ուրիշ ոչինչ չէին կարող անել մեզ: Հենց որ զինվորական պահականավը մոտեցավ մեզ և մի քիչ հեռու կանգնած հարց տվեց, թե ովքեր ենք մենք և ո՛ւր ենք գնում, նավապետը շեփորով հայտնեց նրանց, թե «Նավի մեջ գտնվում են զինված հայեր, որ քաղաքից փախչում են. նավաստիները վախենում են նրանցից և չեն ուզում շարունակել ճանապարհը»: Պահականավը պատասխանեց. «Գնացեք Ժիլոյե կղզին և սպասեցեք այնտեղ մյուս նավերին»: Շոգենավը նորից ճանապարհ ընկավ. լուսին չկա երկինքը. մութ է. օդը հանդարտ. ալիքները ծուփ ի ծուփ գալիս խփվում են հանդարտ առաջացող նավին. քաղաքը հազիվ մի լուսավոր գծի նման երևում է հեռվից. չգիտենք թե ի՛նչ է կատարվում այնտեղ, գիտենք միայն, որ բոլոր ժողովուրդը պիտի գաղթեր. բայց արդյոք վերջին րոպեին մի որևէ արկած չեկա՞վ խանգարելու այդ գաղթը և ժողովուրդը սրի ու կրակի զո՞հ գնաց: Ո՞ւր են մերոնք, մեր ընտանիքը, մեր ծնողները, որոնք մինչև վերջին րոպեին անխոհեմությամբ մերժել էին հեռանալ՝ տուն ու տեղը թշնամու ձեռքը չթողնելու համար, անխոհեմությամբ վստահելով այն սուտ խոսքի վրա, որ շատերի բերանն էր պտտվում քաղաքում, թե զորքը խաղաղ ազգաբնակչության հետ գործ չունի: Վերջապես կանգնեց շոգենավը ծովի բացում. չգիտենք որտեղ ենք. այդտեղ՝ բաց ծովի վրա կանգնած մնացինք ամբողջ գիշերը. լուսանալու մոտ նավը նորից շարժվեց դեպի առաջ: Այս անգամ մեր առաջը կտրեց մի ուրիշ զինվորական պահականավ և հարց տվեց. նավապետն սկսեց կրկնել իր չարախոսությունը. «Շոգենավի մեջ գտնվում են զինված հայեր. նավաստիությունը վախենում է և մերժում ավելի առաջ գնալ»: — Գիտենք, գիտենք,— պատասխանեցին պահականավից խստությամբ.— այժմ հետ դարձեք քաղաք, այնտեղ ձեզ կհանձնեն թնդանոթներ, կվերցնեք և կփոխադրեք Էնզելի: Մենք մի կողմից ուրախացանք, որ ո՛չ միայն մեր զենքերը չխլվեցին, այլ ընդհակառակը թնդանոթներ էլ ենք ստանալու. բայց մյուս կողմից տխրում էինք մտածելով, որ նորից հետ ենք դառնում ա՛յնտեղ, որ դժոխք էր դարձել, ենթարկվելու ո՛վ գիտե ի՛նչ անակընկալ պատահարի: Շոգենավը դարձրեց իր ընթացքը. լուսացել էր, երբ հասանք քաղաք: Կռիվ էր, կատաղի կռիվ, որի նմանը թերևս իր ամբողջ գոյության մեջ չէր տեսել Բաքուն: Հեռուն, քաղաքի ետևը բարձրացող բլուրների վրա որոտում էին տասնյակներով թնդանոթներ, ծուխն ու որոտը բարձրանում էին անընդհատ այս ու այն կողմերից. ռումբերն ու շրապնելները թափվում էին շարունակ. հրացանների ճայթյունները և գնդացիրների թրխկոցը երկու կողմից իրար միացած, մի անընդհատ շարք էին կազմել և այլևս անկարելի էր զանազանել, թե ո՛րն է թշնամու հարվածը և ո՛րն է մերը: Հակառակ մեր սպասածի, մերոնք կռվում էին դեռ քաջությամբ, գուցե ավելի երկար պաշտպանելու համար նահանջը: Շոգենավում մի սուտ լուր տարածվեց, թե թուրքերը արդեն ջարդվել են և փախչելու վրա են… հուսահատ մարդը սիրում է հավատալ այդպիսի բարի լուրերին և երբ չի գտնում, ինքն է ստեղծում…: Շոգենավը հասնելով քարափ՝ փոխանակ թնդանոթի ստացավ երկու գնդացիր՝ իր պարագաներով, որ բեռնավորեցինք նավի ետևում: Կամուրջի վրա թափված էր ժողովրդի մի ահագին բազմություն… մություն. նրանցից մի խումբ լցվեց մեր շոգենավը և իսկույն նորից բացվեցինք: Ահա աջից ու ձախից շարժվում են ուրիշ-ուրիշ շոգենավեր, լուռ ու անշշուկ, առանց սուլելու, հնոցները վառած սաստիկ, ծուխն ու շոգին հորդառատ բարձրանում է ծխնելույզներից և սև ամպերի նման լցնում մթնոլորտը: Արագ-արագ անցնում են նրանք մեր մոտով, իսկ մեր շոգենավն այնքան դանդաղ է գնում՝ որ կարծես կանգնած է: Հանկարծ տաճիկները նկատեցին մեզ. նկատեցին, որ արդեն ժողովուրդը փախչում է, և ռումբերի ու շրապնելների տարափն ուղղվեց դեպի շոգենավերը. մի շրապնել եկավ, ահարկու ճայթյունով պայթեց ու թափվեց ուղղակի մեր շոգենավի կողքին՝ ծովը։ Ահա մի ռումբ ընկավ Բիբի-Հեյբաթի նավթային ավազաններից մեկի վրա և կրակ տվեց նրան. հրդեհը բարձրացավ. ծուխի թանձր ու սև քուլաները, բոցերի կարմիր լեզուների հետ խառնված, մի ահռելի տեսարան կազմեցին: «Ափսո՜ս, Բաքու,— դուրս թռավ բոլորի բերանից,— սուրի ու կրակի ճարակ պիտի դառնաս, մոխիր ու ավերակ պիտի դառնա՜ս…»: Շոգենավը արագացրեց իր ընթացքը՝ փախչելու համար տաճիկների հարվածներից ու վերջապես հասավ մյուսներին: Ահա ծովի բացումն ենք նորից. նայում եմ շուրջս մոտ ու հեռու, չորս կողմից շարված են բազմաթիվ մեծ ու փոքր շոգենավեր․ հաշվում եմ. 36 շոգենավ է. մի ահագին նավատորմ է կարծես, որ ծովի երեսը լցրել է: Եվ որքա՜ն բազմություն: Բոլորն էլ լիքն են փախստականներով, մեծ ու փոքր, կին ու երեխա, զինվոր ու քաղաքացի: Բոլորն էլ փախչում են: Գնում ենք այդպես խմբով, իրար հետ միասին, կարծես պար բռնած ծովի վրա, մինչ մեր ետևում վառվում է քաղաքը, որոտում են թնդանոթները, ճարճատում են հրացանները: Քիչ-քիչ ձայները դադարում են, քաղաքն անտես է դառնում ու մեր շոգենավերը սկսում են հեռանալ միմյանցից. ոմանք բռնում են Կրասնովոդսկի ճանապարհը, ոմանք դեպի Պետրովսկ, ոմանք էլ թերևս Աստրախան: Մեր շոգենավը գնում է դեպի Էնզելի. երկու ուրիշ շոգենավ մոտենում են մեզ. մեկը հռչակավոր «Պուշկին»-ն է, ուր գտնվում են մի խումբ դաշնակցական զինվորներ, Բյուրոյի անդամները, Ազգային խորհուրդը և Բաքվի հայ մտավորական ուժերը: Նրանք հայտարարում են մեզ շոգենավից, թե իրենք գնալու են Էնզելի, հրամայում են մեր նավապետին նույնպես գնալ ուղղակի Էնզելի և հեռանում են: Այժմ, երբ արդեն ծովերի լայնատարած տարածության մեջ մենակ էինք և ոչ ոք չկար, որ շոգենավի վրա հսկեր, վախենում էի, որ նավապետը հանկարծ ճանապարհը փոխի և տանի մեզ կա՛մ հետ՝ Բաքու և կա՛մ Աստարա, Սալիան ու մեզ թուրքերի կատաղությանը մատնի: Իմ այս միտքը հայտնեցի մեր ընկերներին, որոնք նույնպես կասկածում էին: Որոշեցինք այսպես անել. ես հսկելու էի ամբողջ ժամանակ նավի ուղղության վրա, թե արդյոք շարունակ հարա՞վ է գնում: Ցերեկով այդ հեշտ էր, իսկ գիշերը, ամբողջ ժամանակ՝ ես կանգնած նավակամուրջի վրա՝ նայում էի բևեռային աստղին, հարավը որոշելու համար: Եթե նկատեի, որ նավը ծռեց իր ճանապարհը, իսկույն պիտի հայտնեի մեր զինվորներին, որոնք զենքի ուժով պիտի հարկադրեին նրան: Բարեբախտաբար ոչ մի այդպիսի բան տեղի չունեցավ: Մյուս կողմից, «Պուշկին»-ը հեռվից հսկում էր մեր վրա, և երբ մեր նավը այնքան հետ մնաց, որ այլևս անհետանում էր, «Պուշկին»-ը, մի ահագին ահակոչ արձակելով նշան տվեց մեր նավին արագացնել իր ընթացքը. երբ նավերը իրար հասան, նա անցավ մեր հետևը, և այդպես շարունակեցինք ամբողջ մեր ճանապարհը: Գիշերն անցկացրինք ծովի վրա. շատ խաղաղ էր. մյուս առավոտ արշալույսին հասանք Էնզելի: Որչա՜փ գեղեցիկ տպավորություն թողեց մեզ վրա կանաչազարդ, ծառաշատ այդ սիրուն ափը Բաքվի չոր, արևակեզ ու վերջերս էլ արյուն կտրած անապատից հետո, այդ սիրուն ափը, որ մեզ ապաստան ու օթևան պիտի տար, ո՛վ գիտե ի՛նչքան ժամանակ: Շատ երկար սպասեցինք ծովի վրա, մինչև որ պատրաստություններ տեսնվեցին մեզ ափ հանելու համար: Մենք Էնզելի փախչող նավերից առաջինն էինք. շուտով հասան «Պուշկին»-ը և «Սոյուղ»-ը: Քաղաքի հայերից հետաքրքիր անձեր նավակներ վերցրած՝ գալիս էին թափառելու մեր նավի շուրջը և ծանոթներ փնտրելու կամ տեղեկություններ տալու առնելու: Արդեն Բաքվի անկումը լսել էինք: Քաղաքում հայերն ու անգլիացիք ժողով էին անում գաղթականներին ընդունելու համար: Վերջապես եկավ մի անգլիական սպա և նավը բարձրացավ. նավապետը հայտարարեց. «Ո՞վ ձեզանից անգլերեն գիտի»: Առաջ անցա իբր թարգման: Եվ որովհետև նրա անգլիացի արտասանությունը շատ վատ էր, խնդրեցի, որ ասածը գրի: Գրածի մեջ երկու սխալ կար. ուղղեցի և նա խնդալով համաձայնվեց: Նա խնդրեց հայտարարել, թե ոչ ոք իրավունք չունի ափ դուրս գալու և շուտով մեզ համար կարգադրություն կլինի: Ասաց ու հեռացավ: Երկար սպասեցինք այդ շուտափույթ կարգադրության: Վերջապես նավապետին եկավ մի պաշտոնական գրություն, որով նավը գրավվում էր անգլիական զինվորական իշխանության կողմից և արգելվում էր նրան հեռանալ ծովափից: Քիչ հետո մեր մասին կարգադրություն էլ եկավ. նավը մոտեցավ ծովափին. անգլիական զինվորների մի ամբողջ շարք պահակ կանգնեց ճանապարհի երկու կողմը, երկու սպա կանգնեցին շոգենավի ելքի առաջ ու թեթև խուզարկությունից հետո բոլոր ժողովուրդը դուրս եկավ: Բոլոր զենքերը գրավվեցին: Ժողովուրդը ցրվեց դաշտում ու պարտեզներում. նրանց համար բնակարաններ չէին պատրաստված դեռ. քիչերը միայն կարողացան տեղավորվել որևէ շենքի տակ: Ես ու կինս գնացինք իմ վաղեմի դասընկեր, երկրաչափ Գևորգ Մկրտչյանի մոտ, որ իր ամբողջ ընտանիքով, դեպքերից մի քիչ առաջ, փախել էր Բաքվից և սենյակ էր վարձել հայոց դպրոցում: Մենք ոչինչ չունեինք. շնորհիվ նրա ստացանք անկողին, բնակարան և ապրելու հարմարություններ, թեկուզ շատ անբավարար: Մենք փախստականների մեջ կարող էինք համարվել ամենից երջանիկները, որովհետև մյուսները գլուխ դնելու տեղ էլ չունեին և ցրտին, արևին ու անձրևին ապրում էին բացօթյա: Անգլիացիք գաղթականության հենց առաջին օրից ամբողջ ժողովրդին ձրիաբար բաժանեցին հաց, միս, բրինձ, շաքար, թեյ, կերակրի կաթսաներ և այլն, և այդ բանը տևեց մինչև ամսի 26-ը. հետո դադարեց: Միևնույն ժամանակ նախկին ռուսական զինվորների ընդարձակ փայտաշեն զորանոցները, որոնք գտնվում էին հայոց եկեղեցու դեմ մի ընդարձակ պարտեզում, դրին գաղթականների տրամադրության տակ: Ամեն մի զորանոցի մեջ տեղավորվեց մոտ հարյուր հոգի, մի ուրիշ ստվար խումբ տեղավորվեց հայոց դպրոցի դահլիճում և թատրոնական սրահում, ուրիշները՝ մասնավոր տներում, իսկ մնացյալը մնաց բացօթյա պարտեզում, ուր շուտով նույնպես փայտակերտ շենքեր պատրաստվեցին: Հայոց եկեղեցու ետևի պարտեզում նույնպես հիմնվեցին ավելի հարմարավոր շենքեր՝ գաղթականներին ձմեռը տեղավորելու համար: Բացվեց երկու հիվանդանոց, մեկը սովորական հիվանդությունների և մյուսը խոլերայի ու տիֆի համար, որ սկսել էին արդեն ժողովրդից կամաց-կամաց զոհեր տանել: Օրական միջին հաշվով 5 զոհ էր լինում: Շուտով կազմակերպվեց հայոց գաղթականական կոմիտե, որ մասամբ իր և մասամբ անգլիացիների միջոցներով, սկսեց կարոտ գաղթականներին ուտելիք և փայտ բաշխել: Անգլիացիք տալիս էին ամեն օր մոտ 1 200 հոգու բաժին: Իբրև եվրոպական լեզուների ծանոթ անձ՝ գաղթականական կոմիտեն ընտրել էր ինձ, և ես ամեն առավոտ գնում էի անգլիական կառավարության պաշտոնատունը, ներկայանում կոլոնել Քոքրելին, որից ստանում էի 300 որբի, 700 գաղթականի և մոտ 200 հիվանդի, հիվանդապահուհիների ու բժիշկների համար բաժին ստանալու արտոնագիր: Այս արտոնագրով օգնականներիս հետ միասին գնում էինք անգլիական մթերանոցը և ստանալով ուտելեղեններն ու փայտերը, բարձում էինք չորս նավակի մեջ, մեկը ուղարկում որբանոց, մեկը հիվանդանոց, մյուս երկուսն էլ բերում հանձնում գաղթականական կոմիտեի մթերանոցը: Հակառակ այս բոլորին, պետք է ասել, որ անգլիացիք ցույց չտվեցին հայերին այն օգնությունը, որ պարտավոր էին տալ իրենց հավատարիմ դաշնակից այս փոքր ժողովրդին: 1 200 հոգու համար տրված բաժինը բավարար էր. բայց գաղթականների թիվը միայն Էնզելիի մեջ 5 000 էր և նրանց մեծ մասը մնում և մնալու էր շատ կարոտ դրության մեջ, եթե հայոց գաղթականական կոմիտեն օգնության չհասներ: Բացի սրանից, անգլիացիք շատ վատ վերաբերվեցին Պետրովսկից եկող նորանոր գաղթականների հետ: Պետրովսկ գնացող փախստականները նեղված ուտելեղենի բնակարանի պակասությունից, որոշել էին անցնել Էնզելի, մտածելով, որ պարսիկ կառավարությունը և մանավանդ անգլիացիք շատ ավելի լավ վերաբերմունք ցույց պիտի տային իրենց: Պարսից կառավարության դեմ ոչ ոք ոչ մի բանում դժգոհ չմնաց. իսկ անգլիացիք՝ որ այդ ժամանակ Էնզելիի տերն ու հրամայողն էին, ո՛չ միայն չթողեցին Պետրովսկից եկած փախստականներին դուրս գալ ցամաք, ո՛չ միայն հայր ու որդու անգամ զրկեցին միմյանց տեսնելուց, այլև նրանց շոգենավերի վրա թնդանոթի հարվածներ արձակեցին ու ստիպեցին քաղցած ու ծարավ ետ դառնալ և գնալ ուր որ ուզեն: Նրանցից մի մասը կարողացավ իջնել Հասան-Գալա կոչված ծովեզրյա գյուղը, որ Էնզելիից 40 վերստ էր և ուր հավաքվեցին միայն 1 200 հոգի, իսկ մնացյալը ստիպվեց ետ դառնալ: Մի անգամ 700 հայ կամավորների մի խումբ, զինված իրենց հրացաններով, իրենց հետ վերցրած պղնձի ահռելի քանակությամբ պաշար, Պետրովսկից եկան Էնզելի՝ Գերասիմ Բալայանի առաջնորդությամբ և ուզում էին մտնել անգլիական բանակի մեջ: Անգլիացիք ոչ միայն մերժեցին նրանց, այլև չթողեցին քաղաքի երեսը տեսնել, և ստիպեցին առանց պաշար իսկ վերցնելու հեռանալ Էնզելիից: Այս բոլոր անտեղի խստությունները շատ վատ ազդեցին հայոց վրա. արդեն Բաքվի դեպքերից հետո, երբ անգլիացիք չուզեցին պաշտպանել քաղաքը և առաջին անգամ թողնել հեռանալու պատրաստություն տեսան, շատ վատ կարծիք էր կազմված հայոց մեջ նրանց մասին: Էնզելիի մեջ նրանց վերաբերմունքը եկավ պակասը լրացնելու և բոլորը համարում էին նրանց կոպիտ ու վայրենի: Մինչդեռ այսպես մի կերպ ապրում էինք Էնզելիում, սկսեցին գալ Բաքվից թուրքերի գազանությանց լուրերը. հայերը դիմադրել են մինչև երկուշաբթի օրը. քաղաքի փողոցների մեջ անգամ կատաղի կռիվ է տեղի ունեցել. վերջապես տաճիկները մտել են և երեք օր կոտորած են սարքել. կոտորվել են մինչև 30 000 հայ, որոնց մեջ նաև սակավաթիվ ռուսներ. մնացյալը խնայվել է. պղծվել են բազմաթիվ հայ կանայք ու աղջիկներ. կողոպտվել են հայոց բոլոր տները. Ստանիսլավսկու փողոցը, որ հայկական թաղն էր, ամբողջապես այրվել է: Բայց այս բոլորը ստուգելու և հաստատելու համար միջոցներ չկային: Հետո լուրերն ավելի վատացան. տաճիկներն իբր թե առաջանում էին Պետրովսկի վրա, տեղական հայերը վտանգի մեջ են: Սրան հաջորդեցին դաշնակիցների տարած հաղթության ավետիսը, Բուլղարիայի անձնատվությունը, Թուրքիայի անկումը, Ավստրիայի զինաթափումը, Գերմանիայի հաշտություն խնդրելը Վիլսոնի միջոցով. և հանկարծ, դրանց հակառակ, տաճիկները և Քյուչիկ խանը միացած, երկու կողմից արշավում են Էնզելիի վրա, Էնզելիի դրությունը վտանգավոր է: Մի գիշեր անգլիացիների կոլոնելը իր մոտ հրավիրեց գաղթականների ներկայացուցիչներին և նրանց պաշտոնապես հայտնեց, թե Գերմանիայի բանը վերջացած է. առաջարկեց այս լուրը հայտարարել բոլորին: Կայծակի արագությամբ տարածվեց ավետիսը. զորանոցներից դուրս թափվեց ժողովուրդը, և ընդարձակ պարտեզի մեջ սկսեցին ուրախությունները. երգում էին, պարում, նվագում և ուրախության բարձրագոչ աղաղակներով իրար շնորհավորում: Այդ օրերում ես Թեհրանից մի հեռագիր ստացա, տեսուչ պարոն Պիոնյանի ստորագրությամբ, որով հայոց մասնավոր դպրոցի ուսուցիչ էի հրավիրված: Անմիջապես սկսեցի պատրաստություն տեսնել ճանապարհ ընկնելու: === ԷՆԶԵԼԻ ԵՎ ՀԱՅԵՐԸ ԷՆԶԵԼԻՈՒՄ === Էնզելիից մեկնելուց առաջ, սկսենք նկարագրել քաղաքի դիրքը և տեղացի հայոց վիճակը առհասարակ: Պարսկաստանի հարուստ նահանգներից մեկն է Գիլանը, որ հին ժամանակ կոչվում էր Վրկանաց աշխարհ. նա տարածվում է Կասպից ծովի եզերքը և այնտեղից հարավ մինչև Մենջիլ. բնակչությունը գլխավորապես պարսիկ է, որոնք ունեն մի առանձին բարբառ, որ կոչվում է գիլաքի: Գիլանի կլիման շատ մեղմ է. ձմեռ գրեթե չի լինում. դրա համար էլ կանաչությունը շատ ճոխ է. մեծ քանակությամբ հասնում է լիմոն և նարինջ՝ իրենց բոլոր տեսակներով. այդ քաղցրաբույր պտուղների ծառերը առատորեն տարածված են Գիլանի ամեն կողմը, պարտեզների մեջ ու անտառներում: Սակայն միևնույն ժամանակ Գիլանի օդը խոնավ է ու թաց. անձրևները շատ հաճախ ու երկարատև են, այս պատճառով սաստիկ տարածված են ջերմը, մալարիան ու հոդացավը: Էնզելին Գիլանի գլխավոր նավահանգիստն է Կասպից ծովի եզերքում. այստեղ ծովը մի մեծ լիճ է ձևացնում, որ կոչվում է Մուրդաբ (մեռյալ ջուր) և մի նեղ անցքով՝ նեղուցով միանում է ծովին: Միացման կետում ռուսները շինել են ծովի մեջ առաջացող մի հաստատուն քարափ, որով ձևացել է մի պատվական նավահանգիստ, և այդ նավահանգստի մեջ են կանգնում բոլոր նավերն ու շոգենավերը: Նեղուցի երկու կողմը փռված է քաղաքը. արևմտյան կողմը կոչվում է Էնզելի. հանդիպակաց արևելյան կողմը կոչվում է Ղազիան և համարվում է առանձին քաղաք: Մուրդաբի մեջ կան բազմաթիվ կղզիներ, ոմանք անբնակ, ոմանք բնակված, որոնցից մեծագույնն է Միյանփուշտ կոչված կղզին՝ Էնզելիի դեմ ու դեմը: Մեծ քաղաք չէ Էնզելին, Կովկասի գավառական քաղաքների մեծությունն ունի. փողոցները նեղ, խանութները փոքրիկ ու աննշան. ման ես գալիս շուկան, կարծում ես, թե փոխադրվել ես Պոլսի հեռավոր թաղերից մեկը. ծովի տեսարանը ավելի մեծացնում է այդ նմանությունը: Էնզելիի հայոց գաղթականության հնագույն վիճակի մասին տեղեկություններ շատ քիչ կան. ամենահին արձանագրությունը, որ ես գտա, 1817 թվականից մի տապանաքար է, որ այժմ ագուցված է հայոց եկեղեցու հյուսիսային պատի մեջ՝ արտաքին կողմից: Դա արդեն նշանակում է, որ Էնզելիի հայոց գաղութը մի դարից ավելի հնություն ունի։ Եկեղեցու ներկա երեցփոխ պարոն Փիլիպոս Գիլանցյանը պատմում էր, թե սրանից մոտ 70 տարի առաջ Էնզելիում կար ընդամենը 70 տուն հայ, որոնք զբաղվում էին զանազան արհեստներով: Նրանք ունեին մի փոքր եկեղեցի՝ եղեգնից շինված՝ ներկա եկեղեցու տեղում, որ կոչվում էր Ս. Աստվածածին: Այդ ժամանակ քաղաքում ժանտախտ ծագեց. բոլոր հայերը ցրվեցին դեպի Լենքորան և այլուր. մնաց միայն 3 տուն, որոնցից մեկը հենց Գիլանցյանների գերդաստանն է: Գնացողներից ոմանք ճանապարհին մեռան, շատերը հաստատվեցին իրենց նոր հայրենիքում և այսպիսով Էնզելիի հայ գաղութը վերջացավ: Ժանտախտից հետո նորից սկսեց հայություն հավաքվել Էնզելի. նրանք էլի հաստատվեցին իրենց եղեգնյա հին եկեղեցու շրջակայքում. այդ եկեղեցին հրդեհից այրվեց (մոտ 60 տարի առաջ) և հայերը նորից շինեցին՝ դարձյալ եղեգնից: 1874 թվականին աստրախանցի Ուգլով անուն հայ վաճառականը հայ ժողովրդի մեջ հանգանակության ձեռնարկեց և շինեց մի աղյուսաշեն եկեղեցի: Պարսիկները շատ սիրով էին հայոց հետ. հաստատում է երեցփոխ պարոն Գիլանցյանը, և նրանցից շատերը մասնակցեցին հանգանակության: Եկեղեցու շինության ժամանակ, ըստ հայկական սովորության, պատի մեջ են ագուցել մինչև այն ժամանակ եղած տապանաքարերից մի մասը, որոնց հնագույնը, ինչպես ասացի, 1817 թվականից է և նորագույնը 1868 թվականից: Այս եկեղեցին է, որ մնում է մինչև այժմ և գտնվում է քաղաքի լավագույն մասում, շուկայի մոտ, ծովափնյա նարնջենիների պարտեզի հետևում, Խիաբան-ի-շեմս-ուլ-ամարա և Քուչայ-ի-քիլիսայիարամինե (Հայոց եկեղեցու փողոց) անուն փողոցների անկյունում: Եկեղեցու բակում գտնվում է փոքր գերեզմանատուն, որ ծառայել է և ծառայում է ո՛չ միայն հայերի, այլև ամեն ազգի քրիստոնյաների համար։ Գերեզմանաքարերից մեծագույններն ու լավագույնները պատկանում են ռուս, հույն, ֆրանսիացի և այլ մեռյալների: Եկեղեցու բակի մեջ է նաև դպրոցը, որ երկհարկանի մի շենք է՝ հինգ սենյակով. շինվել է 1900 թվականին: Բակից դուրս՝ եկեղեցու կողքին կա մի ավելի մեծ շենք, որ ծառայում է թե՛ իբր թատերասրահ և թե՛ իբր դահլիճ՝ դպրոցական հանդեսների համար. շինվել է սրանից չորս տարի առաջ: Այսօր Էնզելիի հայ գաղութը 70 տուն է. սրանցից միայն 3 ընտանիք կարելի է կոչել հին, մնացյալ բոլորը հավաքված են զանազան տեղերից: 1881 թվականին Նոր-Ջուղայում տպված «Պատմութիւն Նոր Ջուղայու» աշխատության մեջ (հտ. Բ, էջ 107) հայ բնակիչների թիվը դրվում է 9 տուն (21 արական և 16 իգական շունչ), իսկ նույն քաղաքում 1899 թվականին տպված Երկարակյացյանի «Ուղևորություն»-ը (էջ 47)՝ 20 տուն: Աչքից անցկացնելով բոլոր տապանաքարերը, թե՛ նրանք, որ դեռ թաղված են մնում գերեզմանատան մեջ և թե՛ նրանք, որ ագուցված են եկեղեցու և դպրոցի պատերի մեջ, տեսա, որ գաղթականները եկել են Ղարաբաղից, Գանձակից, Շամախուց, Աստրախանից, Ագուլիսից, Ղարադաղից, Թավրիզից և նրա մոտ գտնված Մուժումբար և Ալչամուլք գյուղերից: Տապանաքարերի մեջ կա նաև մի շատ կարևորը, որ կրում է հետևյալ արձանագրությունը. «Այս է տապան լահիջանցի Մանվելի որդի հանգուցեալ Մանասէին 1840 հոկտ. 17»: Այս տապանաքարը, որ ագուցված է դպրոցի շենքի հարավային պատի ձախակողմը (դեպի բակը), ցույց է տալիս, որ այդ ժամանակներում հայ գաղութ եղել է նաև Լահիջանում. բայց այս բառով պետք է հասկանալ ո՛չ թե թուրք-պարսկական սահմանի վրա գտնված Լահիջանը, այլ ա՛յն, որ գտնվում է Գիլանի նահանգի մեջ, Էնզելիի արևելյան կողմը: Այս քաղաքի համար Էնզելիի հայոց դպրոցի հոգաբարձու պարոն Ջումշուդ Ղազարյանն ասում էր, թե ունի բազմաթիվ հայկական հին ավերակներ: === ԷՆԶԵԼԻԻՑ ՌԱՇՏ === Էնզելիից Ռաշտ գնալու համար երկու ճանապարհ կա. մեկը ցամաքային ճանապարհն է, որ 38 վերստ երկարություն ունի և Մուրդաբի եզերքով ու նարնջենիների անուշաբույր անտառների միջով է անցնում ու 3—4 ժամում հասնում է, մյուսը ծովային ճանապարհը՝ Մուրդաբի լճի ու Փիրբազար գետի վրայով, որ ավելի բազմազան ու հետաքրքրական երթուղի է: Մենք ընտրեցինք այս վերջին ճանապարհը: Ծովային ճանապարհորդությունը կատարվում է շոգենավակով (բարկաս), որ ամեն օր կեսօրին մեկնում է Էնզելիից՝ շուկայի առաջ գտնված նավահանգստից: Մինչև Ռաշտ ամբողջ ճանապարհի համար վերցնում է 6 ղռան: Հոկտեմբերի 27-ին, կեսօրից քիչ անց, Էնզելիից ճանապարհ ընկանք շոգենավակով, վերցնելով նախապես անգլիական կառավարությունից մի անցաթուղթ, առանց որի ճանապարհվել անկարելի էր՝ պատերազմական նոր օրենքների համաձայն: Շոգենավակը իր ընթացքը ուղղեց դեպի Ղազիան, որ Էնզելիի ճիշտ դեմն է՝ նեղուցի մյուս կողմը: Անցնելով կղզիների առաջով, մեր աչքին բացվում է լայնատարած լիճը. կարծես մի ընդարձակ օղակ է, որի կենտրոնը գտնվում ենք մենք. լճի հորիզոնը բաց է, Ղազիանից ծառաշատ ցամաքը ծովակի ափով երկարում է ու երկարում և հեռուն, հորիզոնի վրա, շուռ գալով դեպի աջ՝ կղզիների ետևով ոլորվում ու գալիս հասնում է Էնզելիի մյուս ափը: Մենք մեր ընթացքը ուղղել ենք դեպի հորիզոնը. քերում ենք Ղազիանի դալարավետ ակունքները. քիչ-քիչ Էնզելին հեռանում է մեր աչքից ու քանի հեռանում, փոքրանում ու նոսրանում է նրա տեսարանը՝ այնքան ավելի մոտենում, մեծանում ու ստվարանում է Ռաշտի ցամաքը: Երեք ժամից արդեն կանգնում է շոգենավակը, բայց ցամաքից քիչ հեռու, որովհետև լիճը շատ ծանծաղ լինելով այդտեղ, չի կարելի բոլորովին մոտենալ ափին։ Ահա ցամաքից մեր վրա են գալիս քիրեչիները. դրանք երկու հասարակ նավեր են, որոնք մոտենում են շոգենավակին: Ժողովուրդը շոգենավակից փոխադրվում է նրանց մեջ: Մեր նավակի մեջ 40 հոգի էինք տեղավորված. չորս թիավարներ սկսում են թիավարել. նավը շուտով մտնում է գետը և բարձրանում նրա ընթացքն ի վեր: Մի քանի րոպեից թիավարները դուրս են թռչում նավից, մի հաստ ու երկար չվան կապում նավի ցռուկին և լծված այդ չվանին՝ ափի երկարությամբ քաշում նավը: Գետը 10 արշինի չափ լայնություն ունի, ջուրը պղտոր է, հոսում է հանդարտ ու խաղաղիկ, ո՛չ խոխոջ ես լսում, ո՛չ կարկաչ ու ո՛չ փոքր դդչյուն. նավն էլ, որ բավականին արագ ջրերը ճեղքում է ու անցնում, հազիվ մի թեթև շշուկ է հանում: Երկու կողմը փռված է դուրեկան կանաչություն. մեծ ու փոքր նավեր, թուփեր ու մացառներ խիտ ու հոծ լցված են ամեն կողմ. մորիներ, սինձեր ու զանազան վայրի պտուղներ գույնզգույն փայլում են կանաչ տերևների միջից: Որոշ ծառեր կախված են ջրերի մեջ, ուրիշներ մինչև անգամ գետից դեպի ներս առաջացած: Մի քիչ այն կողմ մի մեծ կոճղ ընկել է ջրի երեսին ու նրա հանդարտիկ ընթացքով սահում է դեպի ծովը: Հասարակ ծիտեր նրա վրա նստած կտցահարում են ինչ-որ բան ու ծառի կոճղի հետ կարծես դեպի ծովը նավում: Մերթ ընդ մերթ երևում է մի նավ, որի մեջ խեղճ գյուղացի պարսիկները նստած՝ թիավարում են մեր հակառակ ուղղությամբ: Մեկ ու կես ժամ է տևում մեր նավագնացությունը և վերջապես հասնում ենք Փիր-Բազար: Այստեղ նավը քարշող քրտնաթոր մշակները կանգնում են ու կանգ է առնում նավը. գետափին շինված է մի քարե սանդուղք. բարձրանում ենք վեր և մտնում կայարանը: Ահա մեր առաջ պատրաստ կանգնել է երկաթուղու գնացքը, որ միայն երկու վագոնից է բաղկացած: Մի քանի րոպե հետո սուլում է շոգեկառքը. գնացքը իսկույն ճանապարհ է ընկնում: Անցնում ենք մի ընդարձակ ծառաստանով. երկու կողմ փռված են ցածրիկ բլրակներ, անթիվ ծառեր, արոտներ ու երբեմն-երբեմն գյուղական խղճուկ խրճիթներ, որոնց մոտ արածում են փոքրաթիվ հոտեր ու նախիրներ: Մենք չենք տեսնում Փիր-Բազարի գյուղը, որ գտնվում է կայարանի մյուս կողմը: Կես ժամից հասնում ենք Ռաշտ, երեկոյան ժամը 6-ին: Երկաթուղու ամբողջ գիծը Փիր-Բազարի կայարանից մինչև Ռաշտ ընդամենը 8,5 վերստ է: === ՀԱՅԵՐԸ ՌԱՇՏՈՒՄ === Ռաշտը Գիլանի մայրաքաղաքն է և անհամեմատ ավելի մեծ ու ճոխ է, քան Էնզելին: Ման ես գալիս շուկաները, առատությունը ապրանքի, ուտելեղենի, հացի ու մսեղենի կողմից իսկույն աչքի է խփում․ վաճառատունները կոկիկ, մաքուր ու բոլորն էլ լիքը: Փողոցները թեև նեղ ու ցեխոտ են, բայց բավական բանուկ են. մինչև անգամ տեսնում ես հաճախ մաքուր ֆայտոններ, որոնք այս ու այն կողմ են վազվզում: Հայերը Ռաշտի մեջ հազիվ հարյուր տուն են, որոնք գաղթած են Ջուղայից (Սպահանից), Աստրախանից, Թավրիզից, Համադանից, Թեհրանից և ուրիշ տեղերից: Ահա՛ թե ինչ կարողացա քաղել նրանց անցյալ պատմության մասին եկեղեցու երեցփոխից և ծերունի անձերից: 1850-ական թվականներին Թավրիզի կողմից դեպի Ռաշտ է շարժվել հայ բոշաների մի գաղութ. սրանք նախապես բնակվում էին Թավրիզի Ղուշչի գյուղը. հետո նեղվելով տեղական թուրքերից, անցել են դեպի Ռաշտ. մի մասը մնացել է Ռաշտ, իսկ մնացյալը ցրվել է Էնզելի, Լենքորան և ուրիշ տեղեր: 1860-ական թվականներին Ռաշտի հայոց թիվը կլիներ ընդամենը 30 տուն, որոնք մեծ մասամբ զբաղվում էին օղեվաճառությամբ: Սրանք խեղճ ու աղքատ մարդիկ էին: Բայց կային նաև սակավաթիվ պանդուխտ վաճառականներ, որոնք կարճատև պանդխտությունից հետո, նորից վերադառնում էին իրենց հայրենիքը: Հայերը մի քարվանսարայում (որ հիմա Ասատուրի քարվանսարա է կոչվում) մի մատուռ ունեին, Ջուղայից գալիս էր երբեմն մի այցելու քահանա և այդ մատռան մեջ ժամերգություն կատարում, գաղթականության հոգևոր պետքերը հոգում: 1870-ական թվականներին հայոց թիվը հասել էր 50—60 ընտանիքի. այդ ժամանակ Ռաշտում էր գտնվում սպահանցի Տեր Հովսեփ քահանան, որ ճարպիկ ու եռանդուն մի մարդ էր: Քաղաքի հայտնի մասերից մեկում մի ավերակ տեղ կար, որ իբր աղբանոց էր ծառայում. թուրքերն ասում էին, թե դա հին եկեղեցու տեղն էր. Տեր Հովսեփը ձեռք բերեց այդ տեղը և ուզեց շինել հայկական եկեղեցի: Այդ ժամանակ Նասրեդդին շահը Եվրոպա էր գնացել և ճանապարհորդությունից էր վերադառնում. Տեր Հովսեփը ձի նստավ, գնաց մինչև Մենջիլ և շահին ներկայանալով՝ եկեղեցու շինության հրաման խնդրեց: Այդ հրովարտակը ձեռք բերելուց հետո, վերադարձավ Ռաշտ և սկսեց դրամ հանգանակել եկեղեցու շինության համար: Ժողովուրդը շատ աղքատ էր. պանդուխտ վաճառականները տվեցին դրամական նվերներ, բայց այդ բոլորը բավական չէր շինության ծախսերը հոգալու համար: Տեր Հովսեփը գնաց Ռուսաստան և այնտեղ հայոց մեջ նվերներ հավաքելով, վերադարձավ ու շինեց նույն ավերակում հայոց եկեղեցին, որ մինչև այժմ մնում է: Ծերունիները հաստատում են, որ եկեղեցու շինության ժամանակ հիմքերը փորելիս երեք շարք իրար վրա քարած սալահատակ դուրս եկավ, ինչ որ ապացույց է, թե երեք անգամ շինություն է եղել այդտեղ ու քանդվել: Ավերակի շրջակա տափերումն էլ, ուր այժմ Յաղուբի և Սահակի քարվանսարաներն են շինված, դուրս են եկել տապանաքարեր։ Եկեղեցու շինության թվականը պիտի լինի մոտավորապես 1870-ական թվականներին, որովհետև Տաճարի առաջ գտնված և 1877 թվականից մի տապանաքարի վրա կարդում ենք նույն եկեղեցու համար «նորաշեն» բառը։ 1881 թվականին տպված «Նոր ջուղայու պատմութիւն»-ը, որ գրված է 1871 թվականից առաջ, գիտի, որ մտադրություն կա հին եկեղեցու ավերակում շինել նոր եկեղեցի, բայց ասում է «տակաւին չերևի նշան շինութեանն» (հտ. Բ, էջ 108): Նույն գրքում Ռաշտի հայոց ամբողջ թիվը դնում է 72 հոգի, բոլորն էլ պանդուխտ վաճառականներ, որոնք զբաղվում են մետաքսի առևտրով (էջ 3, 108, 316): Ավերակներից դուրս եկած այդ տապանաքարերը անշուշտ գործածված պետք է լինեն եկեղեցու շինության մեջ. բայց որքան որ պրպտեցի եկեղեցու պատերը, ո՛չ մի այդպիսի քար չգտա: Միայն բեմի մեջտեղում ագուցված մի փոքր խաչքար գտա, որի վրա կարդում ենք հետևյալ արձանագրությունը. Սբ Սարքիս եկեղցոյս դուռն եւ սբ խչս յշտկ է պրն Մնացական հյր Յկոբայ աղսբր? եւ կղկցին նիկ դոստր Շարբաթ աղսբրն? Թվ ՌՃ։ Սրանից հետևում է, որ հայերը Ռաշտում ԺԷ դարում ունեցել են բավականին կարևոր գաղութ և մի եկեղեցի Ս. Սարգիս անունով: Հավանական է, որ այդ ավերակն էլ նույն եկեղեցու տեղն էր, ուր և կանգնում է այժմվա հայոց եկեղեցին: Վերջին ժամանակներում եկեղեցու բակում շինվել է Մարիամյան օրիորդաց դպրոցը, պարոն Աղավել և տիկին Մարիամ Հովսեվյանների ծախսով. այս դպրոցը այժմ խափանված է, որովհետև եկեղեցուց մի երկու փողոց հեռու, Հորդանանյան անուն անձը հիմնել է մի շատ ավելի մեծ երկսեռ դպրոց՝ իր ազգանվամբ: Այս դպրոցը Ռաշտի հայոց մեծագույն կուլտուրական հաստատությունն է, թեև դպրոց լինելուց ավելի պարսկական ճաշակով շինված մի տան տպավորություն է թողնում մարդու վրա: Քաղաքի ծայրերում հայերը մի գերեզմանատուն ունեն. գնացի այդտեղ էլ և բոլոր տապանաքարերի արձանագրությունները մի առ մի կարդացի. դժբախտաբար դրանց մեջ ոչինչ չկա Ռաշտի գաղթականության լուսաբանության համար: Բոլորն էլ նոր քարեր են: Գերեզմանատան մոտ կա Խալֆա-բուլաղ անունով տեղը. ծերունիները պատմեցին, թե Տեր Հովսեփը այդ հողամասերումն էլ գտել է հին հայկական արձանագրություն և դրանով հաստատելով, թե դրանք հայկական հողեր են, գերեզմանատնից մինչև Խալֆա-բուլաղ գրավել է և հետո վարձու տվել հօգուտ եկեղեցու: Թուրքերը հիմա այդ հողերը նորից գրավել են: === ՌԱՇՏԻՑ ՂԱԶՎԻՆ === Երկուս ու կես օր մնացինք Ռաշտում․ ամբողջ այդ ժամանակը իջևանել էինք Հորդանանյան դպրոցը, իմ ընկեր պարոն Հաբեթ Խաչատրյանի մոտ, որ նույն դպրոցի ավագ ուսուցիչ էր հրավիրված այդ տարվա համար: Դպրոցը դեռ չէր բացվել, որովհետև գրավված էր Բաքվի փախստականների մեծ բազմությամբ: Նրանց թիվը 2 500 էր. նրանց լցրել էին դպրոցի բոլոր սենյակները: Մեծ տարբերություն կար այս և Էնզելիի գաղթականների միջև, մինչդեռ Էնզելիում շատերը օթևան չունեին, քնում էին բացօթյա, այստեղ բոլորը պատսպարված էին դպրոցի սենյակներում՝ անձրևից ու ցրտից շատ ավելի լավ պաշտպանված: Էնզելիի ժողովուրդը մասամբ միայն ստանում էր պարենը, իսկ սրանք բոլորը ստանում էին ամեն օր իրենց ճաշը՝ արդեն եփած ու պատրաստ: Այս պատճառներով էլ ո՛չ մի հիվանդություն և մահ չկար սրանց մեջ. մինչդեռ Էնզելիում մինչև մեր մեկնելու օրը 200 մահ էր պատահել գաղթականների մեջ, որի շատ փոքր մասը միայն բնական մահ կարելի էր համարել, մնացյալը առաջացած էր խոլերայից ու տիֆից: Օդի կողմից չէր կարելի ասել, որ առանձին տարբերություն կար, որովհետև Ռաշտն էլ ունի նույնպիսի թաց ու խոնավ կլիմա, ինչպես Էնզելին. այստեղ էլ անձրևներն այնքան առատ ու հաճախակի են, ինչպես Էնզելիում: Մեր անցկացրած երկու օրերը եղանակը շատ լավ էր. բայց երրորդ օրը արդեն սկսեց մի ձանձրալի անձրև, որ մեր ամբողջ ճանապարհը շարունակեց մինչև Ռուդբար: Ռաշտից դեպի Թեհրան գնալու համար միայն մի ճանապարհ կա, այն է Ղազվինի վրայով ցամաքային ճանապարհը, որ համարվում է շատ բանուկ ու ապահով: Այս ճանապարհորդությունը կատարվում է միայն կառքերով: Պարսկաստանը ուրիշ ճանապարհորդական միջոցներ չուներ: Կառքերը երկու տեսակ են՝ փոստի և մասնավոր. երկուսն էլ ունեն ֆուրգոններ և կանոնավոր կառքեր: Թեև տեղացիք ասում էին, որ մասնավոր կառքերը ավելի կանոնավոր են, քան փոստինը, և թե փոստի կառքերը ձիերի պակասության պատճառով շատ ուշ են հասնում իրենց որոշած ժամանակից, բայց մենք մասամբ գնի էժանությունից և մասամբ էլ պետական անունից խաբվելով, որոշեցինք գնալ այս վերջինով, թեև հետո շատ զղջացինք: Նույն ժամանակ պետական փոստի կապալը վերցրել էր Բահման Բահրամ Փարսի անուն անձը, մի կրակապաշտ պարսիկ: Կրակապաշտները՝ հին զրադաշտական կրոնի հետևորդները, դեռ բավական շատ են Պարսկաստանում. նրանց գլխավոր քաղաքն է Եզդ, հարավային Պարսկաստանում, ուր ունեն դենպետ, ատրուշան և դպրոց: Առաջ արգելված էր նրանց՝ գնալ բնակվել ուրիշ քաղաքներում, բայց կրոնական ազատության գաղափարը, որ մինչև անգամ այս խավար երկրում սկսել է մուտք գործել, թույլ է տվել նրանց որոշ չափով տարածվել ու հաստատվել նաև Պարսկաստանի ուրիշ քաղաքներում: Այսպես, մենք կրակապաշտներ տեսանք Ռաշտում, Ղազվինում և ավելի հետո Թեհրանում, ուր նրանք ունեն դենպետ, դպրոց և ատրուշան, ինչպես նաև կրակապաշտական գերեզմանատուն, ուր մեռելները անթաղ պահում են՝ երկնքի թռչուններին կեր դարձնելու համար: Հողի մեջ թաղելը նրանք համարում են սրբապղծություն. հողը սուրբ է և չպիտի ապականվի մեռելի կեղտոտ դիակով: Գնացինք ուրեմն Բահման Բահրամ Փարսու վարչությունը, ուր մի պարսիկ կառավարիչ կար. թեհրանցի մի երիտասարդ էր նա, որ ազատ խոսում էր բացի պարսկերենից, նաև ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն: Վարձեցինք նրա մոտ մի կառք 90 թումանով մինչև Ղազվին, պայմանով, որ եթե ուզենայինք՝ կարողանայինք շարունակել մինչև Թեհրան նույն կառքով՝ ավելացնելով ևս 48 թուման: Հոկտեմբերի 30-ին, չորեքշաբթի, մի անձրևոտ ու թաց օր, ժամը 10-ին ճանապարհ ընկանք Ռաշտից: Կառքի մեջ չորս հոգի էինք. ես ու կինս, բաքվեցի պարոն Մակեդոնյան և իր աղախինը: Երկու րոպեից հասնում ենք զաստավը, տեղական բառով զենջիր, ուր մեզանից վերցրին մինչև Ղազվին ճանապարհի համար տուրք 3 թուման, 2 ղռան և 3 շահի. 2 ժամ հետո հասանք Սանգյառ կոչված տեղը, որ ուրիշ բան չէր, բայց եթե ուտելեղեն կամ այլ մթերքներ ծախող խանութների մի փոքր շարք: Կառքը այստեղ տասը րոպե ձիերին դադար տվեց և իսկույն նորից ճանապարհ ընկավ: Երկու ժամ ևս արագ ընթացքով առաջանալուց հետո հասանք Քութում, որ մեր ճանապարհի առաջին կայարանն է 63-րդ վերստի վրա, հաշվելով Էնզելիից: Մի շատ հասարակ իջևան էր սա, ուր ո՛չ մի տուն և ոչ մի խանութ էլ չկար: Այս կայարանում ձիերը փոխեցին և մեկ ժամից նորից ճանապարհ ընկանք: Ամբողջ ճանապարհը շատ գեղեցիկ է. սկսած Ռաշտից շարունակ անցնում ենք ճոխ բուսականության միջով. անվերջ ծառեր ու թուփեր են, որոնց մեջ նկատում ենք առատ զկեռ և սինձ. բնական անտառներ են սրանք մեծագույն մասամբ, որոնց մոտ երբեմն պատահում ենք նաև մարդկային աշխատանքով պատրաստված այգիների ու պարտեզների: Քութումից քիչ հետո դաշտի միօրինակ հարթությունը սկսում է խանգարվել. աջ կողմում ահա բարձրանում է մի բարձր սար. նրան շուտով հաջորդում է ձախ կողմից մի ուրիշ սար և սրանք կազմելով մի անընդհատ շարունակություն, բռնում են մեր ճանապարհի երկու կողմը՝ աջ ու ձախ: Այս փոքր լեռների անընդհատ շարքի մեջտեղով առաջանում ենք մենք էլ մինչև Սեֆիդ-Քեդելե, որ մեր ճանապարհի երկրորդ կայարանն է 72-րդ վերստի վրա: Աջ ու ձախ կողմը փռված լեռների միջև մի լայն ձոր կամ հովիտ էր սա, որի միջով անցնում էր ոլորապտույտ մի գետ (Սեֆիդ-Ռուդ) և իր քաղցր խոխոջյունով լցնում էր ամբողջ հովիտը: Իջևանը մի խղճուկ շենք էր. տուն և խանութ չկար. իջևանապետի ասելով, բուն գյուղը գտնվում է սարի ետևի բարձրության վրա և ունի 400 տուն. մյուս սարի վրա կա նաև մի նշանավոր ուխտատեղի, ուր նստում է իմազա Հաշեմը: Այսպես արտասանում էր թուրքը արագաբանությամբ, կրճատելով իմամ միրզա բառերը և դարձնելով իմազա: Իմամի շենքն արդեն ճանապարհից երևում էր բարձր լեռան վրա, որ մենք նախապես հասարակ տուն էինք համարել: Ժամը 4-ին հասել էինք Սեֆիդ-Քեդելե. երեկոյան բավական ժամանակ կար, ուստի մենք կարող էինք մի իջևան ևս առաջանալ. բայց իջևանապետը մեզ հայտնեց, թե ձի չկա, բոլոր ձիերը փոստը տարել է. մի քանի ժամից հետո կդառնան, իսկույն գարի կտան և առավոտվան ժամը 2-ին մեզ ճանապարհ կդնի: Անձրևը շարունակ գալիս էր, հոգնած էինք. ցուրտ էլ էր. որոշեցինք մնալ և մի քիչ հանգստանալ: Բանից դուրս է գալիս, որ իջևանապետը մեզ խաբել է: Ձիեր եղել են իջևանում, բայց նա ստել է, որպեսզի մենք գիշերենք իր մոտ, և նա գիշերավարձ ստանա: Այնպես որ ոչ միայն 2-ին ճանապարհ չընկանք, այլև առավոտյան 8-ին հազիվ կարողացանք կռվով ձի ստանալ ու մեկնել: Հազիվ թե մի քիչ առաջացել էինք, կառքը կանգնեց. հեռուն բարձրացել էր աղմուկ, ժխոր ու գոռգոռոց. ֆուրգոնների մի ամբողջ շարք բռնել էր ճանապարհը. առաջին ֆուրգոնի ձիերը ընկել էին և տեղից չէին կարողանում բարձրանալ. ճանապարհը նեղ լինելով՝ կողքից անցնել անկարելի էր. ֆուրգոնն իր ամբողջ ծավալով բռնել էր նեղ տարածությունը: Մեկն այս կողմ էր քաշում, մյուսն այն կողմ. մինը գոռում էր, մյուսը հայհոյում և մենք անձրևի տակ կանգնած, սպասում էինք, որ մի ճար լինի: Կես ժամից ավելի տևեց կռիվը. վերջապես կարողացան ֆուրգոնն ավելի լայն տեղ տանել և մենք առաջ անցանք: Կառքը գնում էր դանդաղ միօրինակությամբ. ձիերը վտիտ են ու անուժ. չեն ուզում արագ շարժվել, ականջ չդնելով ո՛չ խարազանի հարվածներին և ո՛չ կառապանի գոռգոռոցներին: Անձրևը թափվում է շարունակ, կաթիլ-կաթիլ ծորելով նաև մեր կառքի կտուրից: Ամեն ինչ տխուր է: Լուռ և մեռած է նաև բնությունը. ո՛չ թռչունի ծլվլոց, ո՛չ շան հաչոց, ո՛չ աքլորի զվարթարար կանչ. գյուղեր չկան. մարդիկ էլ չկան. երբեմն-երբեմն մեր կողքից անցնում են կիսամերկ, ոտաբոբիկ, կմախքացած գաղթական պարսիկներ. միակ շարժումը, որ նկատում ենք, անգլիական ավտոմոբիլներն են, որոնք ստեպ-ստեպ թռչում անցնում են մեր մոտով: Եվ այս բոլորը ազդում է և ճամփորդի վրա, և նույնիսկ բնության վրա, ու այս ծիծաղուն վայրերը դարձնում է տխուր ու մշուշապատ: Կեսօրվա մոտ հասանք Ջեմշիդաբադ իջևանը՝ 81-րդ վերստի վրա. մի խեղճուկրակ հյուրանոց էր սա էլ, քանդված ու փլփլած սենյակներով. ո՛չ գյուղ, ո՛չ տուն, ո՛չ խանութ և ո՛չ բնակչություն: Ծերունի իջևանապետը, արևելյան բարի դեմքով, անուշ ժպիտով, պարսկական քաղաքավարությամբ, ձեռքերը գետին պարզած ու գլուխը խոնարհած, մեր առաջ եկավ ու ներողություն խնդրեց, որ մեզ այսպես անշուք կերպով է ընդունում, որ ոչինչ չունի մեզ հյուրասիրելու համար: «Այսպե՞ս էր մեր հյուրանոցը,— ասաց նա,— ամեն բան ունեինք, բայց անգլիացոց զորքը եկավ ու ամեն բան հավաքեց տարավ»: Սովորական թեյը խմելուց հետո, ձիերը փոխեցինք և ժամը 1-ին ճանապարհ ընկանք Ջեմշիդաբադից: Մինչև այստեղ ամբողջ մեր ճանապարհը կանաչություն էր. ամբողջ լեռները ծածկված էին ծառերով ու թուփերով. Ջեմշիդաբադից սկսյալ բուսականությունը դադարում է, և մենք շարունակում ենք մեր ճանապարհը լերկ ու մերկ լեռների կողերով, մի ընդարձակ հովտի եզերքով, որի միջով սահում է Սեֆիդ-Ռուդ գետը բազմաթիվ զիգզագներով, օղակավոր դարձվածներով: Ռուդբարի մոտ արդեն դադարում է անձրևը, որ երկու օր է շարունակ ու անընդհատ թափվում էր: Ամպերի տակից դուրս է նայում կարոտալի արեգակը և նրա փայլփլուն ճառագայթները գետի ջրերի վրա թափված՝ արծաթափայլ ցոլանում են: Հանկարծ լերկ լեռների մի կողից սկսում է ձիթենիների մի անտառ, որ ճանապարհի աջ կողմից բարձրանում է սարն ի վեր, իսկ ձախից փռվում գետի ափերով: Այս անտառը տանում է մեզ մինչև Ռուդբար իջևանը, ուր հասնում ենք երեկոյան ժամը 4. 30-ին, 106-րդ վերստի վրա: Ռուդբար իջևանը գտնվում էր գետի ճիշտ եզերքը. գետը այստեղ փոքր ջրվեժներ ու սահանքներ կազմած ու անձրևներից վարարած՝ հորդառատ հոսում ու անլուռ խոխոջելով օրորում էր մեզ ամբողջ ժամանակ։ Գետի մյուս երեսը գտնվում էին ջրաղացները և հետո բարձրանում էր մի հոյակապ սար՝ Թլավար անունով։ Իջևանի մոտ կային մի խումբ խանութներ, ուր կարելի էր գտնել հաց, միս, ձու և ուրիշ մի քանի մթերքներ: Գնեցինք հաց և այլ ուտելեղեն, մի գեղեցիկ կրակ վառեցինք բուխերիկում և հանգիստ անցկացրինք գիշերը այդ իջևանում: Նոյեմբերի 1-ին, ուրբաթ, առավոտյան ժամը 7-ին ճամփա ելանք: Ահա սկսվում է բուն Ռուդբար գյուղը՝ իր անհամար ձիթաստաններով, այգիներով, տներով ու խանութներով, որոնք փռված են ճանապարհի երկու կողմը և ցածրը՝ գետի ափերին: Առաջին անգամն է, որ մեր այս ճանապարհորդության մեջ մի գյուղ ենք տեսնում: Ռուդբարը նշանավոր է իր հոտավետ մեղրով ու ձիթապտղով, որից հանում են ձեթ և սրանով էլ պատրաստում լավ օճառ: Ամեն մի գյուղացի ունի իր ձիթաստանը և ամբողջ գյուղն ապրում է նրանով: Հենց որ գյուղը վերջանում է, սկսում է նորից լերկ ու մերկ լեռների անվերջանալի շարքը, որ մենք շարունակ կտրում ենք ու անցնում և վերջապես հասնում ենք չորս կամարով մի մեծ կամուրջ: Կամրջի գլխից ճանապարհը երկուսի է բաժանվում. մեկը գետի հետ միասին ծռվում է դեպի աջ և լեռների կողերով գնում է դեպի Զինջան և Թավրիզ. իսկ մյուսը գետի մյուս երեսից շարունակում է հարավ-արևելյան ուղղությամբ և Գիլանի սահմանը քերելով ուղիղ դեպի Ղազվին, որ մեր ճանապարհն է: Անցնում ենք գետը. մի անգլիացի զինվոր այնտեղ պահակ է կանգնած ու անխոս դիտում է մեզ. երկու քայլ այն կողմ կառքը կանգնում է մի քարե շենքի առաջ, որ Մենջիլի ռուսական զաստավն է: Մի քանի վրացի պահանորդներ ներկայանում են մեզ և մեր զաստավի թուղթը տեսնելուց հետո ազատ արձակում: Երկու րոպե հետո տեսնում ենք անգլիական զորքը, իրենց բազմաթիվ թնդանոթներով, ավտոմոբիլներով, ջորիներով ու ռազմամթերքի սայլերով: Նորից կանգնում է մեր կառքը և մի հայ երիտասարդ՝ ժպտալից դեմքով, քաղաքավարությամբ ու քաղցր լեզվով հարցնում է մեզ անգլիական անցաթուղթը, որ մենք ստացել էինք Էնզելիից: Կես րոպե չի տևում ստուգումը և անգլիացի պաշտոնյան արձակում է մեզ: Արդեն հասնում ենք Բախմանաբադ կոչված իջևանը, որ գտնվում է 117-րդ վերստի վրա և որի իսկական անունն է Մենջիլ: Անգլիական պաշտոնյայի հրամանով իջևանապետը անմիջապես պատրաստեց մեր ձիերը և ժամը 9-ին դուրս եկանք Բախմանաբադից: Լեռները հետզհետե ցածրանում են ու ավելի լերկանում. բուսականությունը իսպառ դադարում է: Երկու և կես ժամ շարունակ գնում ենք լերկ ճանապարհով և վերջապես հասնում ենք Բալա-Բալա իջևանը՝ 128-րդ վերստի վրա: Բուն գյուղի ճանապարհի վրա է, բայց թափուր է. ժողովուրդը քոչել է սարերը և ապրում է այնտեղ վրանների տակ. ձմեռվա հետ կվերադառնան նորից այստեղ և նորից կշենացնեն իրենց ամայի գյուղը: Բալա-Բալա իջևանը գտնվում է մի զվարճալի ձորի մեջ. դիմացի կողմը բարձրանում են ո՛չ բարձր բլուրներ. առջևը փռված է ընդարձակ գետը՝ շատ բազմաթիվ ճյուղավորումներով, որոնք մերթ իրարից բաժանված, մերթ իրար հետ միացած՝ կազմում են մի բազմազան տեսարան։ Գարնանն այս բոլորը մի ամբողջություն է կազմում և հեշտօրոր գետը դառնում է մի ահավոր հեղեղ: Կեսօրին դուրս եկանք Բալա-Բալայից. անցնում ենք չոր ու տաք դաշտերով. ճանապարհին պատահեցինք անգլիական հնդկական նոր զորքերի, որոնք մոտ երկու հարյուրյակ՝ իրենց թնդանոթներով, ռազմամթերքով ու պաշարակիր ջորիներով գնում էին դեպի Մենջիլ, միանալու Էնզելիից եկած խմբերին և արշավելու, ինչպես կարծում էինք, Թավրիզի վրա: Ջամալաբադ ու Նովշան գյուղերը անցնելուց հետո, հասանք Նովշանի մեծ ու բարձր քարաշեն քառակամար կամուրջը: Կամուրջի այս կողմը կառավարական մի շենք է, որի առաջ կանգնած են չորս պարսիկ զինվորներ: Առաջին անգամն էր, որ մեր ճամփի վրա պատահում էինք պարսիկ զինվորների՝ կարծես հիշեցնելու համար մեզ, թե Պարսկաստանում պարսկական կառավարություն էլ կա…: Կամուրջի մյուս երեսն է ռուսական զաստավը, ուր նորից կանգնեցրին մեզ և զաստավի թուղթը ստորագրելուց հետո՝ ազատ արձակեցին: Սկսյալ Նովշենի զաստավից մինչև մի քանի իջևան գետինը զարմանալի կերպով փոխվում է. ճանապարհի երկու կողմը փռված բլրակները, հողը, մինչև անգամ քարերը ամբողջապես կարմիր են: Տեղ-տեղ կարմրությունը շատ թունդ է և հասնում է մութ աղյուսագույնի, տեղ-տեղ էլ բաց ու նուրբ գույն ունի: Ժամը 3. 30-ին հասանք Փաչինար գյուղը և քիչ հետո համանուն իջևանը, որը գտնվում էր 143-րդ վերստի վրա. ձիեր չկային, ուղարկել էին գարի բերելու և իբր թե կես ժամից պիտի դառնային. ստիպված էինք սպասել. բայց փոխանակ կես ժամի, 3 ժամից եկան ձիերը, հետո էլ երկու ժամ գարի պիտի ուտեին և, որովհետև գիշերով գնալը վատ էր ցրտի և ճանապարհների վատության պատճառով, մյուս կողմից, որովհետև իջևանը եղած բոլոր իջևաններից ամենակոկիկն էր, որոշեցինք նույն տեղը գիշերել և մի որևէ տաք կերակուր շինելով՝ մեր թուլացած մարմինները մի քիչ կազդուրել: Փաչինարով վերջանում է Գիլանի նահանգը. Մենջիլը արդեն նրա հարավային սահմանն էր. մենք Մենջիլից այստեղ քերել էինք ամբողջ նրա հարավային սահմանը, այժմ արդեն ամբողջապես թողնում էինք Գիլանը: Տեսնելով, որ երեկոները շատ ճամփա գնալ կարելի չէ, քանի որ նայիբները (իջևանապետ) ամեն մի խարդախ միջոց գործ էին դնում մեզ պահելու, որպեսզի իրենց գիշերավարձ մի թումանը ստանան և մի քանի ղռանի էլ ուտելեղեն վաճառեն, որոշեցինք առավոտը շատ կանուխ ելնել և կեսօրից հետո անելիք ճանապարհը առավոտը անել: Ժամը 3-ին վեր կացանք և ձայն տվինք ձիապանին. իսկույն գնաց իր պատրաստությունները տեսնելու և մեկնելու. բայց այնուամենայնիվ հազիվ ժամը 5. 30-ին ճանապարհ ընկանք, երբ արդեն մութը անցել էր և բավականին լույս էր։ Ժամը 8-ին հասանք Մոլլա-Ալի իջևանը՝ 155-րդ վերստի վրա, անցնելով երկու խեղճ գյուղերով, որոնց անունն իսկ անկարելի եղավ իմանալ: Մոլլա-Ալի իջևանում երբ հարցրի նրանց անունը, մեկը կոչեց Թովգիր, մյուսը՝ Քեդխուդա Խոսրով, երրորդը՝ Քովան և իրար հետ վիճում էին այս մասին: Մեկ չորրորդն էլ ասաց, թե հեռու գյուղ է, ի՞նչպես իմանան դրա անունը…: Մի ուրիշը, որ գյուղացիների գիտակներից էր երևում, ցավելով էր պատմում գյուղերի ողբալի վիճակը. «Գյուղ չմնաց,— ասում էր նա,— մարդիկ բոլորը քաղցից կոտորվեցին. տասը տնից երկուսը միայն մնացել է. գյուղ կա, որ մի տուն է մնում. գյուղ կա, որ երկու տուն է մնում. գյուղ կա, որ հինգ տուն է մնում. մեր գյուղերը այժմ այսպե՜ս ամայի են. ամայի տունը ո՛վ կպահի. պատերը քանդում են, տախտակները, գերանները հանում են և տունը ավերակ է դառնում»: Այս իջևանում էլ ձի չկար. իջևանապետը, որ մի կտրուկ և բարեխիղճ մարդ էր, ծառայողներին հրամայեց, որ մեր բերած ձիերին հանգիստ տան ու նորից լծեն: Այս բոլոր պակասությունների պատճառ համարում էին անգլիացիներին, որոնք պատերազմական պետքերի համար բոլոր ձիերին խլում են. կարելի չէր հետևաբար ավելորդ ձի պահել և ստիպված էին մի քառյակ, առավելն երկու քառյակ ձի պահել: Ժամը 11-ին մեկնեցինք Մոլլա-Ալիից: Փաչինարից հետ ցածլիկ ժայռերը սկսում են քիչ-քիչ բարձրանալ, բայց միշտ լերկ ու զուրկ բուսականությունից: Երկու անանուն գյուղերի մոտ էր, որ սկսել էին երևալ մի քանի ծառ, մի քանի կով, մի քիչ այն կողմ արածում էին մի քանի այծ, ահա և հնձված մի արտ, որ մարդկային աշխատանքի վկան է և մի կոկիկ առու՝ արտերը ջրելու կամ ծառերը ոռոգելու համար: Մոլլա-Ալիից անցնում ենք մի քանի վերստ և նորից գտնում ենք մի նոր ծառոտ տեղ ձորի մեջ՝ ձախակողմը. կան բարդի և այլ ծառեր, ցանված արտեր, առուն՝ որ հոսում է ծառերի միջև. ահա և գյուղի տները, որոնց մի մասը անբնակ է, որովհետև բնակիչները գնացել են սար ամառանոց, մյուսները թեև տանն են, բայց դեռ քնած են: Հազիվ գյուղից մի երկու վերստ հեռացել էինք, ահա սկսում են զառիվեր բարձրությունները. ձիերը մի քիչ առաջանում են, բայց շուտով կանգնում են. այլևս չեն կարող առաջանալ. մտրակի բոլոր հարվածներն ու կառապանի բոլոր ջանքերը զուր են անցնում. ձիերը անկարող են շարժել կառքը: Բոլորս իջնում ենք կառքից և սկսում ենք ոտով բարձրանալ լեռների երկար ճանապարհը. կառապանը ձիերի տեղերը փոխում է, նրանց ուրիշ դասավորություն է տալիս և վերջապես կարողանում է կառքը բարձրացնել զառիվերից: Կարճ կածաններով մենք հետևում ենք նրան և վերջապես հարթ ճանապարհները հասնելով՝ նորից հեծնում ենք: Որքա՜ն անտանելի պիտի լիներ մեր վիճակը, եթե այս ամայի տեղերում, ուր ոչ մարդ կա և ո՛չ բնակարան, գիշերային մթության մեջ պատահեինք այսպիսի արկածի: Անցնելով Շիրին-սու գյուղի մոտով, որ մի քիչ կանաչավետ տեղ էր, ժամը 4-ին հասանք Խզբաշչայ իջևանը, 172-րդ վերստի վրա: Այստեղ մի ժամ հանգիստ առինք և ստանալով նոր թարմ ձիեր, ժամը 5-ին ճանապարհ ընկանք: Մի քիչ անցած, կառքը կանգնեց, և մի պարսիկ երիտասարդ անգլիական պաշտոնեության կողմից ներկայանալով մեզ՝ հարցրեց մեր անցագիրը. ցույց տվինք և նա՝ ներողություն խնդրելով, որ մեզ անհանգիստ է արել, իսկույն արձակեց կառքը: Երեկոյան ժամը 7.30-ին, երբ արդեն մթնում էր, հասանք Բեքենդի իջևանը, 183-րդ վերստի վրա: Այստեղ արդեն մեր դժբախտության լրումն էր. երկու խեղճ հողահատակ սենյակներ, կոտրած ապակիներով, ամենահասարակ կարասիից էլ զուրկ, բոլորովին դատարկ… ահա ինչ որ կար այդ իջևանում: Ախոռի մեջ ձիապանը կրակ էր վառել. երկու մեծ գերան իրար դեմ դրած բոցավառվում էին. բայց փայտ չկար, որ մենք էլ մեր սենյակում կրակ վառեինք ու գիշերվա հետզհետե սաստկացող ցուրտը մեղմեինք: Իջևանապետը ո՛չ միայն թեյ կամ այլ որևիցե ուտելեղեն չուներ մեզ վաճառելու, այլև ընդհակառակը՝ ինքը մեզանից ուտելիք էր խնդրում: Նրա կրակի վրա կերակուր պատրաստեցինք ու մեր քաղցը հագեցրինք: Այնուհետև մեր ֆայտոնի զանազան մասերը հանելով, մեր արկղների վրա տախտի նման բարձրություններ պատրաստեցինք և մեզ անկողին անելով՝ պառկեցինք ու սաստիկ ցրտին դողալով-սարսռելով մի կերպ քնեցինք: Նոյեմբերի 3-ին, կիրակի առավոտ, շատ շուտ վեր կացանք և ձիերի պատրաստությունը տեսնելով, քաղցած փորով ճանապարհ ընկանք ժամը 6.30-ին։ Ձիերը արագ գնում են, մենք գտնվում ենք այժմ խոշոր բարձրությունների վրա. Ղազվինի տարահարթն է սա. այլևս վերելքներ կամ վայրէջքներ գրեթե չունենք. փչում է լեռնային պաղ քամին, բայց հանդարտ և չոր։ Երկու կողմերս հաճախ երևում են մշակված արտեր. ահա պարսիկ գյուղացին հող է հերկում. մերթ ընդ մերթ մեր կողքերից անցնում են ուղտերի քարավաններ, որոնք նավթ և ուրիշ ապրանքներ են փոխադրում. անգլիական ավտոմոբիլները շարունակ թռչում են արագ-արագ մեր հակառակ ուղղությամբ: Անցնելով Ղվին գյուղի առաջով ժամը 10.30-ին հասանք Բույնակ իջևանը, որ գտնվում էր 198-րդ վերստի վրա: Սա մեր վերջին իջևանն էր, որովհետև այնտեղից մինչև Ղազվին մնում էր միայն 27 վերստ. ուղիղ և հարթ խճուղի ճանապարհ, որ կառքերը մեկ անգամից գնում էին առանց դադարի: Բայց որչափ մեծ եղավ մեր հուսախաբությունը, երբ իջևանապետը ներկայանալով մեզ, հայտնեց, թե իջևանում ձի չկա, նոր են գնացել Ղազվին, մինչև նրանք գնան գան և հանգստանան, որպեսզի նորից մեկնեն, այդ կտևի մինչև գիշեր. պետք է ուրեմն ամբողջ օրը այս չոր իջևանում անցկացնել և սպասել: Դեռ կարող էր պատահել, որ հանկարծ Փոստը Ղազվինից ճանապարհ ընկներ և մեր ձիերը խլելով տաներ։ Այն ժամանակ մենք ստիպված պիտի լինեինք մնալ թերևս երկու օր: Մոլորված մնացել էինք. ի՜նչ անեինք. ո՛չ հեռագիր կար, ո՛չ հեռախոս և ո՛չ հաղորդակցության մի այլ միջոց, որպեսզի Ղազվին լուր ուղարկեինք և մի ճար խնդրեինք: 27 վերստը կարելի էր նույնիսկ ոտքով գնալ, բայց ի՜նչ անեինք մեր բեռները…: Կանգնեցինք ճանապարհի վրա և սպասում էինք, թե մի որևէ մասնավոր կառք կամ անգլիական ավտոմոբիլ կանցնի՞ դեպի Ղազվին, որպեսզի նրանց միջոցով մի նամակ ուղարկեինք մեր ծանոթներին և մի հնարք խնդրեինք: Մասնավոր կառք չպատահեց. բայց ահա սկսեցին երևալ անգլիական ավտոմոբիլներ, որոնք արագ-արագ թռչում էին դեպի Ղազվին. գլխարկով նշան արինք, անգլերեն լեզվով խնդրեցինք, որ ավտոմոբիլը կանգնեցնեն, բայց ոչ մեկը ուշադրություն չդարձրեց մեզ. միայն մի ռուսական ավտոմոբիլից պատասխանեցին մեզ, որ դիմենք իրենից հետո եկող ավտոմոբիլին, բայց այս հաջորդը և մյուս հաջորդներն էլ անգլիացի լինելով, ո՛չ մի կարևորություն չընծայեցին մեզ: Ճարահատված, ամբողջ օրը մնացինք այս անտեր իջևանում. զբաղվեցինք ընթերցանությամբ, կերակուրի պատրաստությամբ, մոտակա պարսիկ գյուղը գնալով խաղող ու ձու գնեցինք և այսպես սպանելով օրը, վերջապես երևացին մեր փրկարար ձիերը: Մի քանի ժամ էլ սրանց կեր և հանգիստ տալուց հետո, վերջապես երեկոյան ժամը 8-ին մթով ճանապարհ ընկանք և 5 ժամ շարունակ ու միօրինակ քշելով կառքը, հասանք Ղազվին: Ահա արդեն սկսեցին Ղազվինի այգիները. մեկ-մեկ պատահում են մասնավոր շենքեր. վերջապես կանգնում ենք Ղազվինի դարբասի առաջ. երկու պարսիկ ոստիկան մեր անունը, հասցեն և իջևանելու վայրը հարցնում են և երևի իրենք գրել չիմանալով՝ խնդրում են, որ ես գրեմ. պարսկերեն լեզվով գրում եմ այդ բոլորը թղթի մի կտորի վրա և տալիս եմ իրենց. վերցնում են մեզանից 4 ղռան և 4 շահի իբրև դարբասի մուտքի վարձք և արձակում են: Կես գիշերից մեկ ժամ անցել էր, երբ մտանք կրակապաշտ պարսիկ Բորզու Շափուր Փարսյու անուն անձի բավական մաքուր հյուրանոցը և չորս հոգի վարձեցինք մի սենյակ՝ օրական 12 ղռան վարձով: === ՂԱԶՎԻՆ === — Ղազվինը մեծ և ընդարձակ քաղաք է. Պարսկաստանի գլխավոր քաղաքներից մեկն է. նույնիսկ եղել է մայրաքաղաք 16-րդ դարում՝ Սպահանից առաջ. բայց հակառակ իր այս անվան մեծության՝ շատ անշնորհք և տգեղ քաղաք է: Տները բոլոր հասարակ հողե պատերով շրջապատված, փողոցները նեղ ու փոշոտ, ո՛չ մի հետաքրքրական բան չկա, որ ճանապարհորդի ուշադրությունը գրավի: Նույնիսկ գլխավոր փողոցը, որ կոչվում է Խիաբանի Թեհրան և մի լայն ու բանուկ փողոց է՝ մեծամեծ հաղթահասակ ծառերով շրջապատված, ոչ մի գեղեցկություն կամ գրավչություն չունի: Գնացի գլխավոր շուկան, որ արևելյան շուկաների ձևով վերևը փակ մի խումբ փողոցների անընդհատ շարք է կազմում: Այստեղ էլ խանութները անշնորհք, աղքատ ու ապրանքներից զուրկ են: Ո՞ւր է մնում Ռաշտի խանութների լիությունը, առատությունը, ո՞ւր է մնում Ռաշտի բնական շուկան ու ժողովրդի մեծ շարժումը, կենդանությունը: Պարսկական կյանքով առանձնապես չհետաքրքրվելով՝ ուզում էի տեղեկանալ հայոց գաղութի մասին: Ես ծանոթացա թավրիզեցի մի ազնիվ երիտասարդի՝ պարոն Աշոտ Ավագյանի հետ, որ իր եղբոր՝ պարոն Արտավազդի հետ քաղաքի գլխավոր փողոցներից մեկի վրա մի խանութ էր վարձել ու ծախում էր ամեն ինչ, որ կարելի է՝ գրենական պիտույք, ուտելեղեն, ըմպելիք, պնակներ և այլն, և այլն: Պարոն Արտավազդն էլ մի շատ հետաքրքրական տիպար էր. աշակերտ էր Հռոմի կաթոլիկական դպրոցի, սովորել էր աստվածաբանություն, խոսում էր բազմաթիվ լեզուներ, նույնիսկ լատիներեն, և տարօրինակն այն էր, որ խանութում նստած առուտուր անելու ժամանակ էլ չէր մոռանում կարդալ իր լատիներեն աստվածաբանական գիրքը: Պարոն Աշոտը հայոց գաղթականական կոմիտեի անդամներից մեկն էր և քաղաքի առաջավոր անձերից էր համարվում: Ահա թե ի՛նչ տեղեկություն կարողացա քաղել հիշյալ պարոնից՝ Ղազվինի հայոց մասին: Ղազվինի հայությունը, հաշվելով միայն բնիկ տեղացի գաղութը, բաղկացած է հարյուր տնից. այս թվից դուրս են մնում բոլորովին նորեկ գաղթականները, որոնք Թավրիզի և Բաքվի անկումից հետո դիմել են այս քաղաքը և ամենևին միտք չունեն քաղաքում հաստատվելու: Այս տեղացի կոչված հարյուր տուն հայությունն էլ սակայն ամբողջապես կազմված է հին գաղթականներից, որոնք եկել են Ղազվին զանազան քաղաքներից: Գաղթականներից հնագույնները եկել են Նոր-Ջուղայից և Սպահանից և խոսում են Նոր-Ջուղայի բարբառը: Նրանց վրա ավելացել են հետո Թեհրանից, Համադանից, Թավրիզից և Ղարադաղից եկողներ, որոնց թիվը այժմ գերազանցում է Սպահանի գաղթականներից: Եվ որովհետև Թավրիզ, Թեհրան, Համադան գրեթե միևնույն բարբառն են խոսում, ուստի կարելի է ասել, թե իրենց բարբառն էլ հաղթող է հանդիսացել: Եվ իրոք, այսօր ում որ պատահես՝ անշուշտ կխոսի Թավրիզի բարբառով: Հայերը Ղազվինում մի քանի տարի առաջ ունեցել են մի աղոթատուն (մի տան մեջ վարձված սենյակ) և քաղաքից դուրս գտնված մի գերեզմանատուն: Տունը ծախվելով աղոթատունն էլ այդտեղից վերացել է: Այժմ հայերը միանալով գնել են մի նոր և ավելի հարմար տուն, որի մեջ բաց են արել դպրոց և աղոթատուն: Ուզեցի գնալ գերեզմանատուն և հին գերեզմանաքարերի օգնությամբ որոշել Ղազվինի գաղթականության պատմությունը: Բայց պարոն Աշոտը ավելորդ գտավ գնալս, որովհետև գերեզմանատան մեջ ոչ մի քար չկա, դա մի բացավայր է, առանց պատի կամ դարբասի, որ այժմ ծախված է և ուր մեռելներ էլ չեն թաղում: Հայերն այժմ գնել են մի նոր հող, որ պարսպով պատել և իրենց գերեզմանատուն են դարձրել: Գերեզմանատունը գնված էր չորս տարի առաջ, ուստի տապանաքարերն էլ շատ նոր էին և հետևաբար կարիք չկար գնալ ու խուզարկություններ կատարել այնտեղ: Ամերիկացի մի ճանապարհորդ, որ 1872 թվականին անցել է Ղազվինով, այս քաղաքի հայոց թիվը դնում է միայն 12 հոգի (տե՛ս J. Bassett, Persia, New York, 1886 թ., 89): === ՂԱԶՎԻՆԻՑ ԹԵՀՐԱՆ === Երեք օրի չափ մնացինք Ղազվին և բավական հանգստանալուց հետո պատրաստվեցինք մեկնելու դեպի Թեհրան, հրաժեշտ տալով մեր երկու ընկերներին: Մեր առաջին պարտականությունը անցագիր ստանալն էր։ Պարսից կառավարությունը վերջերս մի նոր հրաման էր հանել. այն բոլոր հայերը, որոնք գաղթել էին Կովկասից և Ատրպատականից, իրավունք չունեին գնալու Թեհրան: Այս արգելքը դրված էր այն պատճառաբանությամբ, որ հայերը իբրև ապստամբ և խռովարար տարր, կարող էին անկարգություններ առաջացնել մայրաքաղաքի մեջ, գողություններ և սպանություններ կատարել…: Այս պատճառով, ո՛վ որ ուզում էր անպատճառ և մի կարևոր գործով գնալ Թեհրան, պարտավոր էր տեղական հայերից որևէ մի հայտնի անձնավորության կողմից երաշխավորություն ձեռք բերել իր մաքուր բարոյականի մասին և այդ երաշխավորությունից հետո միայն անցագիր ստանալով՝ իրավունք ուներ գնալու Թեհրան: Իմ երաշխավորն եղավ հենց ինքը, պարոն Աշոտ Ավագյանը. և թեև պարսիկ պաշտոնյան ուզում էր դժվարություններ հանել իմ անձի դեմ, բայց մեկ կողմից պարոն Աշոտի ճարպիկ լեզուն, մյուս կողմից իմ եվրոպական լեզուների ծանոթությունը փրկեցին ինձ և պաշտոնյան բարեհաճեց տալ ինձ անցագիրս: Ղազվինից Թեհրան գնալու համար եղած միջոցները գրեթե նույնն են, ինչ որ Ռաշտից Ղազվին։ Կան մասնավոր կառքեր, որոնք 2—3 օրից հասցնում են Թեհրան. կան փոստի կառքեր, որոնք շատ անգամ փոստի ձի չունենալու պատճառով ավելի ուշ են հասնում. կան ֆուրգոններ, որոնք գիշեր-ցերեկ անընդհատ գնալով, 24 ժամվա մեջ կտրում են ճանապարհը: Կան նաև մասնավոր ֆուրգոններ, բայց դրանք շատ ավելի դանդաղ են: Ամենաարագ հաղորդակցության միջոցը փոստի ֆուրգոնն էր, որ և ամենաէժանն էր, որովհետև մարդագլուխ վերցնում էր 7 թուման: Բայց դա ուներ մի մեծ անհարմարություն, այն է, որ ֆուրգոնի վերևը ծածկած չէր անձրևի ժամանակ շատ պիտի թրջվեինք, մյուս կողմից լավ զսպանակավոր սռնիներ չունենալով, չափազանց լխկահարում էր և վերջապես գիշերը ցուրտ լինելով, և մենք էլ հաստ վերարկու և վերմակ չունենալով, չափազանց պիտի մրսեինք: Փոստի կառքերի անկանոնությունից էլ արդեն շատ տուժած լինելով, վճռեցինք վարձել մի մասնավոր կառք: Ղազվինի կառքերը պահանջում էին 50—60 թուման. մենք գտանք սակայն Թեհրանից եկած մի կառք, որ պատրաստ էր հետ գնալ և 40 թումանով համաձայնվեց՝ 2 օրվա մեջ Թեհրան հասցնելու պայմանով: Մեր նոր ընկերներն եղան թեհրանցի երկու հայ երիտասարդ: Նոյեմբերի 6-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան ժամը 9-ին ճանապարհ ընկանք Ղազվինից. անցնելով Խիաբան-ի-Թեհրանի մեծ պողոտայով, կառքը շուտով թեքվում է և մի քանի րոպեից հասնում քաղաքի մեծ դռներից մեկը, որ կոչվում է Դարվազա Ղազվինի: Այստեղ իբրև դարբասի վարձ վերցնում են մեզանից 3 ղռան 3 շահի փող: Քիչ հետո գալիս է ճանապարհի ռուսական զաստավը, որ վերցնում է մեզանից 18 ղռանից 3 շահի պակաս փող, մինչև Թեհրան ճանապարհի համար, որ ընդամենը 133 վերստ է, սկսած այս կետից: Ղազվինից մինչև Թեհրան ճանապարհը ավելի միօրինակ և անհետաքրքրական է, քան Էնզելիի և Ռաշտի ճանապարհը: Այնտեղ կար ճոխ բուսականություն, երկու կողմդ շարված լեռներ ու բլուրներ, որոնց լանջերը քերելով բարձրանում և իջնում էինք շարունակ, այնտեղ կար աջից կամ ձախից հոսող գետ, որ իր քաղցր խոխոջյունով հետևում էր մեզ շարունակ: Իսկ այստեղ հարթ լայն մի ճանապարհ է, առանց կանաչության, առանց որևէ դարուփոսի: Ձախից մի քանի տասնյակ վերստ հեռավորության վրա կանգնած են բարձր լեռներ ու բլուրներ, աջից շատ հեռուն, հորիզոնի վրա երևում է մի ուրիշ լեռնախմբի շարքը. և այդ երկու հեռավոր լեռնաշղթաների միջև փռված է ընդարձակ դաշտը, որի վրայով էլ ուղղակի ճեղքում-անցնում է ճանապարհը: Երկիրը չոր է, գետեր ու առուներ չկան, և այս պատճառով էլ դաշտը անբեր ու ամայի է. ո՛չ մի արտ, ո՛չ մի մարգ, ո՛չ մի արոտ, որ մարդու աչքը զվարճացնի ու թարմացնի: Կարծես անցնում ենք Երևանից Էջմիածին տանող խճուղին. ձախից բարձրացող լեռները հիշեցնում են Մասիսը. աջից բարձրացող լեռները հիշեցնում են Արագածը, Արայի լեռը, միայն ավելի հեռավոր ու ավելի փոքրացած: Ու դաշտը նույն Արարատյան դաշտն է, չոր ու ամայի՜…: Այնտեղ սակայն զգում ես հայրենիքի շունչը, այնտեղ կենդանացնում են քեզ սրբազան լեռների ահեղ պատկերները, իսկ այստեղ այդպիսի զգացմունքներ էլ չկան. լեռները անխոս են սրտիդ, հոգիդ լուռ նայում է նրանց ու աչքդ իզուր է փնտրում մի որևէ գրավիչ բեկոր այդ անտարբեր դարավանդների ծոցին: Գրեթե երկու ժամ ընթանալուց հետո, կառքը հասնում է Շերիֆաբադ, որ ժանդարմների փոստն էր. փոստի առջև կար մի շատ երկար ու գեղեցիկ ծառուղի, որ ուղիղ դեպի աջ երկարելով՝ տանում է Շերիֆաբադ գյուղը: Գյուղը չի երևում, որովհետև ծածկված է այս ծառուտի կամ անտառակի ետևը: Ծառերը տերևաթափ չեն եղել դեռ, բայց արդեն չունեն այն փայլուն կանաչը, որ գարնան այս փոքրիկ միջավայրի զվարճությունը պիտի իրենց զարդը կազմե: Շերիֆաբադի առաջ ձիերը մի փոքրիկ դադար են առնում և նորից սկսելով իրենց ընթացքը, երկու ժամից հասնում են Յունուսաբադ իջևանը: Այս իջևանն էլ մեր նախկին իջևանների նման գյուղամեջ չէ. բաղկացած է միայն իջևանի շենքից և ախոռներից: Իջևանի առաջ կար մի գեղեցիկ նշաստան, իսկ բուն գյուղը գտնվում էր սարի հետևում: Կառապանի ասելով, արդեն հինգ պարսկական աղաջ ճանապարհ էինք կտրել. պետք էր թե՛ ձիերին կեր տալ և թե՛ մեր քաղցը հագեցնել: Իջևաններում լինում է միշտ թեյ և սպիտակ լավաշ հաց. երբեմն կարելի է նաև ճարել ձու և պանիր: Երեք ժամ ամբողջ հանգիստ առնելուց և մեր քաղցը կշտացնելուց հետո, նորից ճանապարհ ընկանք և երեկոյան ժամը 6-ին հասանք Ղշլաղ: Այստեղ պարսկական ոստիկանները մեր անցագիրները ստուգելուց և մեր կառքն ու իրերը խուզարկելուց հետո, թույլ տվին մեզ գնալ մոտակա իջևանը, ուր պիտի գիշերեինք: Հյուրանոցը կամ իջևանը, ուր գիշերեցինք, մի ընդարձակ բակ էր. ահա այնտեղ շարված են ռուսական նախկին փառքի մնացորդները, զինվորական սայլեր, կերակուրի կաթսաներ և այլն: Բակի մեջ կան բազմաթիվ ախոռներ ձիերի և ոչխարների համար, իսկ առջևի մասում մի քանի ընդարձակ, բայց ո՛չ հարմարավոր սենյակներ՝ ճամբորդների համար: Սենյակի մեջ կան տախտեր, ներքնակներ, բարձեր, իջևանապետը նույնիսկ վերմակ է տալիս. բայց մենք աշխատում ենք որքան կարելի է չօգտվել այդ կեղտոտ իրերից և բավականանալ մեր և մեր ընկերների իրեղեններով: Հինգշաբթի առավոտ, ժամը 8-ին, մեկնեցինք Ղշլաղի իջևանից, մի ժամ ու քառորդից հասանք Հաշմետաբադ, իսկ կեսօրին դեռ մի ժամ էր մնացել, երբ Ենգի-իմամ էինք: Ենգի-իմամը Ղազվին—Թեհրան ճանապարհի կեսն է. այստեղ կան մի խումբ խանութներ, թեյատուններ, մրգավաճառներ, նույնիսկ գլուխը ծածկված շուկայի նման մի բան, ուր գտնում ենք մի քանի նպարավաճառներ ու կտորեղեն ծախողներ: Այստեղ է նաև մի ուխտատեղի, բավական մեծ մի մզկիթով, ուր նստում է մոլլան, և որի անունով կոչվում են նաև գյուղն ու իջևանը: Ենգի-իմամում մի ժամ հանգիստ առնելուց ու ճաշելուց հետո, կեսօրին ճանապարհ ընկանք և երկու ժամից հասանք Քորդան, ուր մի քարաշեն կամուրջից անցնելով, կանգնեցինք երկրորդ զաստավի առաջ: Այստեղ մեր թղթերը ստուգելուց հետո նորից ընկանք ճանապարհ և ժամը 4. 30-ին հասանք Հասարեք գյուղը, որի անունը նշանակում է Բերդակ: Հասարեքը մեր բոլոր տեսած իջևաններից լավագույնն էր. դա մի կանոնավոր գյուղ էր, բանուկ խանութներով: Ուներ կանոնավոր թեյարան, ուր պարսիկների բազմությունը նստած թեյ էր խմում: Թեյարանի կողքին կար ճաշարան, ուր գտանք պատվական սպիտակ լավաշ հաց. վառարանի վրա՝ պարսկական փոքր-փոքր կաթսաներով շարված էին բազմաթիվ ու բազմատեսակ կերակուրներ։ Կար և թարմ ոչխար: Մենք պահանջեցինք խորոված: Պարսիկ խոհարարը իսկույն հատակի վրա խարույկ պատրաստեց և խորովածի միսը շամփուր քաշեց: Պարսիկները խորովածը մեզանից մի քիչ տարբեր ձևով են պատրաստում: Կովկասում սովորաբար սիրում են խորովածի համար ոսկորոտ կտորներ և մսերը մեծ-մեծ են ջարդում: Ընդհակառակը պարսիկները ոսկորոտ մասեր չեն վերցնում: Նրանք դնում են զուտ մսալի կտորներ, որոնք ջարդում են որքան կարելի է փոքր՝ որպեսզի հում չմնան և շամփուր քաշելուց հետո, դանակի մեջքով ծեծում են միսը. այսպիսով միսը չի մանրվում, բայց ձևանում են ճեղքվածքներ կամ շերտեր և միսը ավելի փափկում է: Ճաշելուց հետո դարձյալ ճանապարհ ընկանք. ժամը 5-ից քառորդ էր անցել, երբ հասանք Քերեճ: Այս գյուղը արդեն մեր ճանապարհի պսակն էր. իր կոկիկ խանութներով նա գերազանցում էր նույնիսկ Հասարեքը, և մենք կարող էինք գիշերել այնտեղ մաքուր հյուրանոցում, բայց որպեսզի մի քիչ ավելի շուտ հասնեինք Թեհրան, շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Քալաք, որ հաջորդ իջևանն էր՝ Քերեճից քիչ հեռու: Քերեճ գյուղից դուրս գալով՝ հասնում ենք մի մեծ գետ, որ ահեղ խոխոջով հոսում է ներքևից. նրա վրա ձգված է քառակամար մի բարձր կամուրջ՝ քարե պատերով: Տեսարանը այստեղ հանկարծ գեղեցկանում է. ահագին սարերը, որ ձախ կողմով հեռուներից անցնում էին, հանկարծ մոտենում են մեզ, և մեր ճանապարհը բարձրանալով նրանց վրա, ոլորապտույտ առաջ է գնում: Շուտով հասնում ենք Քալաք, ուր և պետք է գիշերեինք: Քալաքը մի շատ խեղճ իջևան էր. մեզ առաջնորդեցին մի փոքր հողապատ սենյակ, ուր, բառի բուն նշանակությամբ, ո՛չ մի իրեղեն չկար։ Դռները կոտրած էին. ցուրտը սաստիկ էր. վերմակը փռեցինք գետին և անկողին դարձրինք: Բակում բավական փայտ կար դիզած. հավաքեցինք այդ փայտերը և բուխարիկը վառեցինք. այն ժամանակ բարձրացավ մի ծուխ, որ քիչ էր մնում խեղդեր մեզ: Այսպես դժվարությամբ անցկացրինք մեր վերջին գիշերը այստեղ, մայրաքաղաքի դռների մոտ և առավոտը շուտ ճանապարհ ընկանք դեպի Թեհրան: Ահա սկսում են երևալ աջ ու ձախ, մոտիկ ու հեռու Թեհրանի շրջակայքի գյուղերը. երևում են վերջապես հեռվում Թեհրանի ծառաստանները, և ի վերջո կառքը մտնում է մի նկարեն կամարավոր դռնից ներս: Պարսկաստանի մայրաքաղաքումն ենք արդեն: Մի պարսիկ պաշտոնյա կանգնեցնում է կառքը և մեզ մոտենալով, հարցնում է, թե Իրանի ժողովո՞ւրդ ենք: «Պատիվն ունենք», — պատասխանում են մեր ճանապարհակից թեհրանցի հայերը և պաշտոնյան առանց մեզ էլ որևիցե հարց տալու՝ ազատ է թողնում, կարծելով, թե երկուսը որ պարսկաստանցի են, մյուս երկուսն էլ անպատճառ պարսկաստանցի պետք է լինեն…: Փակագծի մեջ ասեմ, որ մեր ճամփորդության մեջ ուր որ էլ գործ ունեցանք մի որևէ պարսիկ պաշտոնյայի հետ, տեսանք նրանց կողմից կատարյալ քաղաքավարություն, անկաշառ մաքրություն ու բարեկամական սիրալիր վերաբերմունք։ Որքա՜ն տարբեր են տաճկական կաշառակեր, կոպիտ, ավազակ, ուղղակի սրիկա՛ պաշտոնյաները…: Արդեն մայրաքաղաքի փողոցներումն ենք. լայն ծառուղիներ են. երկու կողմ ծառեր, առու, որ սահում է փողոցների կողքով, մայթերի առաջից, փոքր-փոքր խանութներ, միահարկ ու երկահարկ տներ, երբեմն մի ագարակ, որի դռան տակից երևում է ծաղկազարդ գեղեցիկ պարտեզը… ահա մեր տեսարանը: Բայց մարդիկ հազիվ են երևում այստեղ. կեսօր է, բայց կարծես թե կանուխ առավոտ է, և մարդիկ դեռ նոր են սկսում վեր կենալ. կամ հուլիսի կեսն ենք և ժողովուրդը գնացել է ամառանոցները. այդքան դատարկ ու լուռ են փողոցները: Ա՞յս է մայրաքաղաքը… որքա՜ն տարբերություն Բաքվի փողոցների կենդանության և այս մայրաքաղաքի լռիկ ու անկենդան փողոցների միջև՜…: === ԹԵՀՐԱՆ === Թեհրանը Ռուսաստանի գավառական քաղաքների նման մի բան է. նա գտնվում է մի փոքր դաշտավայրի մեջ, որ օղակված է մի խումբ լեռներով: Քաղաքի ամենալավ մասը կազմում է պալատի շուրջը գտնված շրջանը, որ կոչվում է Լալազար: Սա մի բավական երկար ծառուղի է, որ սկսելով քաղաքի գրեթե մի ծայրից և անցնելով պալատի առաջով, հասնում է մինչև մեծ շուկան: Այս փողոցի վրա են գտնվում քաղաքի լավագույն վաճառատները. մեջտեղում է մեծ հրապարակը, և նրանից դեպի աջ՝ Թոփխանան, ուր կատարվում են զինվորական մարզանքները, տոնական թնդանոթաձգությունները և այլն: Լալազարին զուգահեռաբար կան մի քանի ուրիշ ծառուղիներ էլ, որոնց վրա գտնվում են քաղաքի նշանավոր տները: Հիշված բոլոր փողոցները զարդարված են մեծամեծ ծառերով, որոնք իրենց հովանավոր սաղարթով և նրանց մեջ թառած երգեցիկ թռչունների բազմությամբ, գարնան ու աշնան խիստ հաճելի տեսք են տալիս քաղաքին: Տները առհասարակ միահարկ են. նրանք զուրկ են արտաքին տեսքից. բարձր պատերը ծածկում են նրանց բոլորի ներքինը. շատ քիչ տուն կա, որ փողոցի վրա պատուհան ունենա. դրանք էլ հայերի կամ այլ քրիստոնյաների տներն են, որ գտնվում են հայոց դպրոցի շրջապատում: Ամեն տուն առհասարակ գտնվում է մի պարտեզի մեջ, որ զարդարված է մեծամեծ ծառերով ու ծաղիկներով: Պարտեզի մեջտեղ շինված է անխուսափելի ավազանը, որ ծառայում է թե՛ լվացվելու և թե՛ պարտեզը ոռոգելու համար: Նշանավոր մարդոց տները դառնում են արդեն գեղեցիկ վիլլաներ, ընդարձակ ծառաստանով ու գեղեցիկ ծաղկանոցներով շրջապատված: Այս պարտեզները, ինչպես նաև փողոցի ծառերը ջրելու համար, գրեթե միշտ փողոցների երկու կողմով հոսում են ջրառատ առուներ, որոնց դղրդյունը շատ ախորժելի մի նվագ է կազմում բարձրաբերձ ծառերի սոսափյունի և դայլայլող թռչունների երգերի հետ: Թեհրանի կլիման տաք և չոր է. շատ հաճելի է անցնում գարունը և աշունը, որոնք երկար են տևում. ձմեռը կարճ և տաք է. հազիվ մի անգամ ձյուն է գալիս. վատ է միայն ամառը, և երբ սաստիկ տաքը, ճանճը և փոշին անտանելի են դարձնում քաղաքի կյանքը։ Բարեբախտաբար քաղաքի շատ մոտերքում կան բազմաթիվ ամառանոցներ, ուր դիմելով քաղաքի հարուստ և միջակ դասակարգը, ապրում է ուրախ և հանգիստ: Թեհրանի կյանքը առհասարակ մեղմ ու հանդարտ է. մահմեդականությունը այստեղ չունի այն շատ մոլեռանդ գույնը, որ տեսնում ենք Պարսկաստանի այլ քաղաքներում: Արևելյան քաղաքավարությունը հասնում է այնպիսի աստիճանի, որ շողոքորթությունից էլ անցնում է․ և այս հանգամանքը աչքի է խփում բոլոր պարսիկների խոսքի ու գործի մեջ: Կանայք պինդ ծածկված են. բայց այդ չի խանգարում, որ անբարոյականությունը այնչափ տարածված լինի նրանց մեջ. գիշերները բոլոր գլխավոր փողոցներում ման են գալիս նրանք, աշխատելով հրապուրել այս կամ այն անցորդին: Ուրիշ մահմեդական երկրներում այդպիսի ակնհայտնի արարքները չափազանց կպատժվեն, բայց Թեհրանի ժողովուրդը շատ խստապահանջ չէ նրանց հանդեպ: Հարբեցողությունը կարելի է ասել տարածված չէ. բայց դրա փոխարեն շատ տարածված է թիրյաքի (աֆիոնի) գործածությունը, որ Պարսկաստանը կործանող գլխավոր ախտն է: === ԲԵՀԱՅԱԿԱՆ ԿՐՈՆԸ === Մենք առհասարակ Պարսկաստանը գիտենք իբրև մի խավար ու տգետ երկիր. և այս է իրոք նրա ճշմարիտ պատկերը. բայց երբ մի քիչ ավելի խորը ծանոթանանք նրա կյանքին, պիտի զարմանքով տեսնենք, թե ի՜նչքան մտածողներ տվել է, և դժբախտաբար այդ մտածողները համաշխարհային նշանակություն չեն ունեցել և չեն էլ ունենալու, որովհետև բոլորն էլ, ուրիշ ասպարեզ չունենալու պատճառով, ամփոփվել են կրոնի, այն էլ մահմեդական կրոնի շուրջը: Մեր ասածին ապացույց են այն բազմաթիվ աղանդները, որոնք կազմված են Պարսկաստանում մահմեդականության ծոցում և որոնցից շատ-շատերը նույնիսկ պարսից անծանոթ են: Այս կրոնական վարդապետությունների կամ աղանդների մեջ ամենից նշանավորն է բեհայական վարդապետությունը, որ ոչ միայն չափազանց տարածված է Պարսկաստանում, այլև նորանոր նվաճումներ է անում Եվրոպայում և Ամերիկայում: Այս կրոնի քարոզության համար արդեն կա պատկառելի գրականություն պարսիկ, արաբ, ֆրանսերեն, անգլերեն, նույնիսկ էսպերանտո լեզվով. հրատարակված են բազմաթիվ բրոշյուրներ, ստվար հատորներ, նույնիսկ կա թերթ, որ լույս է տեսնում Ամերիկայում` անգլերեն և պարսկերեն լեզուներով: Այս նոր կրոնական վարդապետության ես քիչ թե շատ ծանոթացել էի Բաքվում. մի քանի անգամ գնացել էի նրանց կրոնական հավաքույթներին, բայց իմ ամբողջ այդ ծանոթությունը մակերեսային էր: Թեհրանում առիթ ունեի ես ավելի խոր, ավելի հիմնական ծանոթություն ձեռք բերելու: Պետք է ասել, որ բեհայիները իրենք են փնտրում մարդկանց. շարունակ աշխատում են կուսակիցներ ճարել. նրանք մոտենում են ձեզ քաղցր, համեղ խոսքերով, նրանք գիտեն խոսել մի մե՜ծ համամարդկային եղբայրության անունից և այդպիսի գաղափարական խոսքերով հրապուրում են շատերին, մանավանդ ինտելիգենտներին: Ինձ համար առանձին դժվարություն չկար ուրեմն ծանոթանալու նրանց հետ, և, իբր հայ և իբր օտարահպատակ, մասնակցել նույնիսկ նրանց գլխավորների մասնավոր, գաղտնի, դռնփակ նիստերին: Ասացի, որ բեհայիների առաջին խոսքը համամարդկային եղբայրության անունից է. նրանք ճանաչում են բոլոր կրոնները իբր հավասարապես սուրբ, բայց այս ընդհանուր խոսքերը բավարար չէին ինձ համար. ես ուզեցի ծանոթանալ այդ վարդապետության բոլոր մանրամասնություններին: Ուստի աշխատեցի ձեռք բերել այդ կրոնի սրբազան գիրքը, այսպես ասած իրենց մարգարեի գրած գիրքը, որի վրա հիմնված պիտի լինեին իրենց կրոնական վարդապետությունը, ծեսերն ու արարողությունները: Այդ գիրքը Քիթաբ-ուլ-աքդասն էր, այսինքն՝ «Ամենասուրբ գիրք»-ը, որը գրել է բեհայիստական վարդապետության հիմնադիր Բեհա-Ուլլահը, արաբերեն լեզվով: Այնուհետև գիրքը թարգմանվել է անգլերենի, բայց Բեհա-Ուլլահը չհավանելով այդ թարգմանության՝ թույլ չի տվել, որ հրատարակվի: Մի ամերիկացի բժշկուհի, որ բեհայիստական մի խմբակցության նախագահն էր, ուներ այդ թարգմանության ձեռագիրը: Նա թույլ տվեց ինձ կարդալ այդ գիրքը, պայմանով որ ընթերցումը լիներ միմիայն իր տանը, քանի որ սրբազան մարգարեն թույլ չի տվել հրատարակել այն: Այսպիսով հնարիմաց ամերիկուհին, որ մի ջերմեռանդ բեհայի էր, թե՛ կատարած կլիներ իր մարգարեի հրամանը և թե միանգամայն իմ փափագը լրացրած կլիներ: Քիթաբ-ուլ-աքդասը 60 սովորական էջով մի գրվածք է առանց գլուխների կամ որևէ դասավորության. սկզբից մինչև վերջը նա կազմված է կարճ համարներից, որ նույն վարդապետության հիմնադիր Բեհա-Ուլլահը արտասանել է «աստվածային ներշնչմամբ»: Լեռան քարոզի ձևով ու ոճով մի գրվածք է իր ամբողջության մեջ: Գրվածքի մեջ իզուր է փնտրել որևէ աստվածաբանական կամ փիլիսոփայական բացատրություն գերագույն էակի կամ նույնիսկ այս վարդապետության էության մասին: Ամբողջ գիրքը խոսում է կրոնի զանազան արտաքին կողմերի մասին, ինչպես ծեսեր, արարողություններ, օրենքներ ու պատիժներ, վարչական ձևեր, առողջապահական կանոններ, նույնիսկ տարեթիվ և ամիսների բաժանումը: Գլխավոր ուշադրությունը դարձված է մաքրության վրա, որ Պարսկաստանի մեջ ամենից թերի առաքինությունն է. Բեհա-Ուլլահը հրամայում է ոչ թե առհասարակ մաքուր լինել, այլ մտնում է նույնիսկ շատ մանրամասնությանց մեջ. այսպես՝ նա հրամայում է կերակուրը մատներով չուտել, մատները միշտ մաքրել, շաբաթական մեկ անգամ բաղնիս երթալ, բայց ոչ թե պարսկական բաղանիքները, ուր ջուրը մտնում է ամեն ոք անխտիր և ուր ամենքի կեղտը հավաքված է. ամառը օրական մեկ անգամ պետք է լվանալ ոտքերը, իսկ ձմեռը երեք օրը մեկ անգամ: Հաճախ պետք է գործածել վարդի ջուր: Մազերը ո՛չ պետք է բոլորովին ածիլել, ինչպես անում են արդի պարսիկները, և ո՛չ էլ դերվիշների նման երկարել: 19 տարին մեկ անգամ տան մեջ գտնված բոլոր կարասիները պետք է փոխել: Մաքրության հարցը այնպես խիստ է դրված, որ Բեհա-Ուլլահը հրամայում է նախքան աղոթքը անպատճառ լվանալ ձեռները. «ում հագուստները կեղտոտ են, նրա աղոթքը ընդունելի չէ Աստուծո առաջ»: Կրոնական նվիրապետության կողմնակից չէ Բեհա-Ուլլահը, թեև այս մասին որոշ բացատրություններ չկան Քիթաբ-ուլ-աքդասում․ չի խոսում, օրինակի համար, այն մասին, թե ովքեր պիտի լինեն կրոնավորները կամ նրանք ի՛նչպես ընտրվեն և կամ ո՛րտեղից պիտի ստանան կոչումը: Ասված է միայն, որ աղոթատեղին կոչվում է Mesrik-el-atkhar. այսպիսի աղոթատեղի դեռ միայն մի հատ կա աշխարհում, որ գտնվում է Աշխաբադում. երկրորդը շինվում է Ամերիկայում. Պարսկաստանում հավատացյալների թիվը թեև բավարար էր այդպիսի մի քանի աղոթատեղիներ ունենալու համար, բայց կրոնի ազատություն չլինելու պատճառով կարելի եղած չէ դեռ շինել: Աղոթատեղին պատկեր բնավ չպիտի ունենա: Աղոթքից առաջ պետք է ձեռները լվանալ, շորերը մաքրել, իսկ աղոթելիս պետք է երեսը դարձնել Աքիա քաղաքի կողմը, ուր գտնվում է Բեհա-Ուլլահի շիրիմը: Ժամակարգության մասին ոչինչ չկա Քիթաբ-ուլ-աքդասում, բայց ներկա աղոթատեղիներում բեհայիները իրենց ժամերգությունը կատարում են հետևյալ ձևով. նախ բոլորը նստում են գլխածածկ. քրիստոնյաները կարող են և բանալ իրենց գլուխը. նրանց դեմը՝ սեղանի առաջ նստած է քարոզիչը, որ ժողովրդից տարբեր տարազ կամ նշան չունի: Մեկը, որ լավ ձայն ունի, գնում կանգնում է քարոզչի մոտ և սկսում է գրքից երգել մի աղոթք առ Աստված: Բոլորը լսում են լուռ: Այնուհետև քարոզիչը վեր է կենում և խոսում իր քարոզը, որ հատկապես պատրաստած է լինում. կարող է և կարդալ գրածից: Նրանից հետո մեկ անգամ էլ երգում է երգիչը, որից հետո արարողությունը վերջանում, և ժողովուրդը ցրվում է: Սովորաբար աղոթատեղիում կա մի առանձին սենյակ, ուր արարողությունից հետո կարող են հավաքվել հավատացյալներից նրանք, որ ցանկանում են և քարոզչին տալիս են զանազան հարցեր: Այս հարցերին պատասխանում է քարոզիչը, որին կարող են մասնակցել նաև բոլոր ունկնդիրները: Ինչպես որ նվիրապետություն չկա, չկա նաև ապաշխարություն քահանայի մոտ. մարդիկ կարող են ապաշխարել առանձին առ Աստված: Արգելված է նաև ձեռք համբուրել և ո՛չ միայն կրոնավորի ձեռքը, այլև առհասարակ որևիցե անձնավորության, ի՛նչ դիրքի և սեռի էլ պատկանի նա: Ընդունվում է կրոնական ուխտագնացությունները դեպի Աքիա, ուր, ինչպես ասացինք, գտնվում է Բեհա-Ուլլահի գերեզմանը: Աշխարհիս վրա առհասարակ երկու սուրբ բնակարան կա. մեկը Բաղդադումն է գտնվում, մյուսը՝ Շիրազում. առաջինն այն է, ուր բնակվել է Բեհա-Ուլլահը՝ Բաղդադ աքսորված ժամանակ, երկրորդը այն է, ուր բնակվել է Բաբը, բեհայական կրոնի առաջին քարոզիչը և մարգարեն, որ մարգարեացել է, թե իրանից հետո գալու է Բեհա-Ուլլահը և բերելու է ճշմարիտ կրոնը: Բայց այս երկու տներն էլ ուխտի գնալու խոսք չկա Քիթաբ-ուլ-աքդասում: Բարեպաշտ հավատացյալների պարտավորությունների մեջ են մտնում նաև առավոտ-երեկո կարդալ Քիթաբ-ուլ-աքդասից, 95 անգամ արտասանել Ալլահու-էբհա բառը, պարտադիր կերպով ծոմ պահել 19 օր (մարտի 2-ից մինչև 21): Ունեցած հարստությունից 19% տալ Աստուծոն։ Ողորմություն տալը, ինչպես և մուրալը արգելված է. ամեն մարդ պարտավոր է ապրել իր աշխատանքով. իսկ նրանք, որ աշխատելու ընդունակությունից զրկված են՝ խնամվում են հասարակական գումարներով պահված աղքատանոցներում: Արգելված բաների մեջ մտնում են ափիոնի գործածությունը, ոգելից ըմպելիքներ խմելը, իսկ ծխախոտ ծխելու մեջ ազատ են միայն ծերերը, երիտասարդներին արգելված է: Ծեսերի մեջ հետաքրքրական են ամուսնությունը և թաղումը: Բեհա-Ուլլահը չի կարողացել կտրականապես որոշել միակնության և բազմակնության հարցը և մի տարօրինակ կոմպրոմիսով տատանվում է երկուսի միջև. նա թույլատրում է «մեկ կամ առ առավելն երկու կին». ուրեմն միակնություն ընդունված երկրներում կարելի է ունենալ միայն մի կին, բազմակնությունն արգելված է. իսկ բազմակնություն ընդունված երկրներում կարելի է ունենալ երկու կին, բայց ոչ ավելի: Ամուսինը նախքան ամուսնությունը իր կնոջ համար իբրև ապահովություն պետք է տա 9 մսխալ ոսկի (եթե քաղաքումն է ապրում) կամ 9 մսխալ արծաթ (եթե գյուղումն է ապրում): Եթե մի կին իր ամուսնուց 9 ամիս ամբողջ տեղեկություն չստանա, կարող է ապահարզան տալ և ամուսնանալ. եթե պատահի, որ ամուսինը այնուհետև վերադառնա, նույնպես ազատ է մի ուրիշի հետ ամուսնանալու։ Թաղման արարողությունը ավելի տարօրինակ է. մեռյալին պետք է հագվեցնել իրար վրա հինգ հագուստ. եթե աղքատ է ու կարողությունից զուրկ, այն ժամանակ մեկ հագուստը բավական է: Մեռյալին պետք է դնել փայտե կամ քարե դագաղում, մատը պետք է անցկացնել մի մատանի՝ որի վրա պիտի լինի հատուկ արձանագրություն: Մեկ ժամից ավելի հեռու տեղ չպետք է տանել թաղելու համար: Գողությունը, մարդասպանությունը, հրձիգությունը և պոռնկությունն արգելված են. Բեհա-Ուլլահը որոշում է նաև նրանց պատիժները. պոռնիկը իբրև տուգանք պետք է վճարե 9 մսխալ ոսկի. մարդասպանի պատիժն է մահ, հրդեհողի պատիժն է կրակի մեջ այրել. գողը երկու անգամ պատժվելուց հետո, եթե երրորդ անգամ բռնվի, պետք է խարանվի, որպեսզի ամենքը ճանաչեն նրան և զգուշանան: Զենք կրելը արգելված է: Այս բոլոր կարգերի ու կանոնների գործադրության վրա հսկելու և առհասարակ մի որևէ շրջանի հասարակական գործերը վարելու համար ընտրվում է ժողովրդից 9 հոգուց բաղկացած մի վարչական ժողով: Բեհա-Ուլլահը այնքան առաջ է գնացել, որ այն, ինչ չի կարողացել փոխել ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ինքը փոխում է. դա է ամիսների կազմությունը և տոմարը: Բեհայիստական տարին ունի 19 ամիս, յուրաքանչյուրը 19 օրից բաղկացած. համագումարը կլինի 361 օր. իսկ մնացյալ 5 օրը պետք է անցկացնել ուրախությամբ, դիմավորելու համար նոր տարին, որ գալիս է մարտի 21-ին և կամավոր տոն է: Բացի սրանից կա տարեկան երկու պարտադիր տոն. առաջինն սկսում է ապրիլի 21-ին և գնում է մինչև մայիսի 2-ը, ամբողջ 19 օր, ի հիշատակ այն օրվան, երբ Բեհա-Ուլլահը հայտնեց իրեն ժողովրդին՝ Բաղդադի Ռըդվան պարտեզում: Երկրորդը գալիս է մայիսի 23-ին և տևում է միայն մի օր, ի հիշատակ այն օրվան, երբ Բաբը հայտնեց իրեն ժողովրդին (1844 թ.) և որը զուգադիպում է նաև Բեհա-Ուլլահի ծննդյան: Ա՛յս է ահա Քիթաբ-ուլ-աքդասի բովանդակությունը և այս է Բեհա-Ուլլահի քարոզած նոր կրոնի վարդապետությունը: Ինչպես տեսնվում է, չկա նրա մեջ որևէ աստվածային միտք, որևէ փիլիսոփայական գաղափար։ Դա մահմեդականության, հատկապես Պարսկաստանում տարածված մահմեդական կրոնի, մի այլ ձևափոխությունը կամ բարելավումն է: Հենց դրա համար էլ մնում են բազմակնությունը (չափավորված), աղոթքի լվացումները, ամսով ծոմապահությունը (19 օրի վերածված), քբլային (հարավ) դառնալով աղոթելը և այլն: Տարօրինակ է, որ թլփատության և կանանց քողի մասին խոսք չկա. իսկ իրենք բեհայիները այդ բոլորը թողնում են տեղական սովորության։ Ինչպես ուզում ես, այնպես արա: Բեհա-Ուլլահի գլխավոր քարոզությունն եղել է, ուրեմն, բարելավել մահմեդական կրոնը և աշխատել եվրոպական քաղաքակրթության մոտեցնել իր ժողովուրդը: Իրենք՝ բեհայիները իրենց նոր վարդապետությունը համարում են համաշխարհային կրոն, որ ընդունում է բոլոր ազգերի եղբայրությունը, հավասարապես հարգում և ճանաչում է բոլոր կրոնների մեծ քարոզիչներին, չինացիների քարոզիչ Կոն-ֆու-ցեին, հնդկական բուդդայական վարդապետության հիմնադիր Բուդդային, զրադաշտական կրոնի հիմնադիր - Զրադաշտին, Մովսիսականության հիմնադիր Մովսեսին, քրիստոնեության հիմնադիր Քրիստոսին և մահմեդականության հիմնադիր Մուհամմեդին, և բոլորի իբրև լրումը՝ բեհայիստական կրոնի հիմնադիր Բեհա-Ուլլահին, որի նախակարապետն էր Բաբը: Բայց այս խնդիրների մասին Քիթաբ-ուլ-աքդասի մեջ ոչինչ չկա: Նա թույլ է տալիս կարդալ ամեն գիրք, բայց ավելացնում է՝ «ամեն գիրք, որ լավ և օգտակար է», ուրեմն զանազան գիտությունների վերաբերյալ գրքերը, իսկ կրոնական վիճաբանությունը արգելում է: Նա արտոնում է մտնել կրոնական ամեն հասարակության մեջ, բայց ավելացնում է՝ «որպեսզի քո անձը ցույց տաս». ուրեմն համերաշխության խոսքը դառնում է քարոզության միջոց: Բեհա-Ուլլահը հակառակվում է նույնիսկ իր նախակարապետ Բաբին և շատ տեղ նրա դրած օրենքներն ու կանոնները քանդում ու նորերն է դնում: Այնքան բարձր է գնահատում նա իր այս գիրքը, որ կոչում է այն «Քիթաբուլ-աքդաս», «Ամենասուրբ գիրք», և հայտնապես էլ գրում է. «Աշխարհիս բոլոր գրքերը և նրանց մեջ գրված բոլոր բաները ոչ մի բանի պետք չեն, բացի այս գրքից: Մեկ տուն այս գրքից կարդալ ավելի արժի, քան աշխարհի ամբողջ հին ու նոր գրքերը միասին»: Բեհա-Ուլլահը համարում է իրեն «Աստուծո երևույթը, Manifestation de Dieu»: Կրոնագետների համար շատ հետաքրքրական է բեհայիզմի ծագումը. նրանք կարող են նրանով, իբրև կենդանի օրինակով, ուսումնասիրել, թե ինչպես են ծագում կրոնները Արևելքում: Անշուշտ Բեհա-Ուլլահը մի հասարակ խաբեբա չէ. նա այնքան տարված է եղել կրոնական խորհրդածություններով, միստիկ մտածմունքներով, որ իր ամբողջ հոգին աստվածային գաղափարներով է լցվել, Աստուծո խենթն է դարձել, և մի օր էլ համարձակվել է ինքնիրեն Աստուծո ներկայացուցիչը համարել: Եվ այն ժամանակ եղել է «հայտնությունը»: Մի խորհրդավոր օր, ներշնչման՝ այսինքն՝ խենթության գերագույն վայրկյանին դուրս է իջել նա հավաքված հավատացյալների առաջ ու հայտնել, թե ինքը Աստուծո ուղարկած անձն է: Այդ րոպեից սկսում է նոր կրոնը: Այսպես է ծագել բեհայական կրոնը Բաղդադում՝ Ռըդվանի պարտեզում. այսպես են ծագել աշխարհիս այլևայլ կրոնները: Մի հետաքրքրական կետ էլ հերձվածների ծագումն է, որ ներկայացնում է իրերի բնական ընթացքը: Ամեն մարդ պարտավոր չէ հավատալ նոր քարոզչին. ինչպես և լինում են մարդիկ, որ մասամբ միայն հավատում են նրան: Նրանք, որ բնավ չեն հավատում, արդեն պատկանում են ուրիշ կրոնի. իսկ նրանք, որ մասամբ միայն հավատում են և կամ այս, և կամ այն կերպ ընդունում, կազմում են առանձին հերձված: Բեհայիստական կրոնի մեջ էլ տեսնում ենք ահա նույնը. մի քանի տարի է, որ կազմվել է կրոնը և ահա պատրաստ է երկու հերձված. բուն բեհայիստական վարդապետությունը և բաբիականությունը, որոնք իրար սաստիկ հակառակ են, չնայելով, որ Բաբը համարվում է Բեհա-Ուլլահի նախակարապետը, ինչպես Հովհաննես Մկրտիչը Քրիստոսի նախակարապետն է: Բեհայիզմը մի կարևոր օգուտ ունի. թողնելով այն կետը, որ նա մի քիչ եվրոպականություն է մտցնում մահմեդական աշխարհի մեջ, նա քանդում է մահմեդականության ուժը: Մահմեդականությունը, ինչքան էլ որ տկարացած, այնուամենայնիվ նա արհամարհելի ուժ չէ. նրա ուժը կայանում է հենց համակրոնության գաղափարի մեջ. մահմեդական ազգերը, ի՛նչ կրոնի էլ պատկանեն նրանք, ի մի են ձուլվում կրոնի գաղափարով, և այդ միացումը կազմում է իրենց մեծ ուժը: Քանի ազգային գաղափարը զարգացած չէ նրանց մեջ և Արևելքի մեջ նրանց բոլորի խմբակցությունը կարող է ապագային վտանգ սպառնալ, պետք է, որ այսպիսի նորանոր վարդապետություններով, նրանք իրենց մեջ բաժանվեն և փոխանակ հարյուրավոր միլիոնների, ավելի մանր խմբակցություններ կազմեն: Այս նպատակը երևի նկատի ունեցել են նաև եվրոպական պետությունները, որոնք իրենց դեսպանների միջոցով պաշտպանել և պաշտպանում են Պարսկաստանում բեհայիներին ամեն անգամ, որ մահմեդական պետությունը նրանց դեմ հալածանք է հարուցում: === ԳՅՈՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՄԱՐԻՆԵՐԻ ԿՐՈՆԸ === Մի ուրիշ կրոնական անծանոթ վարդապետություն, որին ծանոթացա ես Թավրիզում, իմ այս ճանապարհորդության միջոցին, գյորանների վարդապետությունն է: Գյորաններին շատերն են ճանաչում Թավրիզում. նրանցից շատերը հայոց տներում ծառա են. բայց ոչ ոք նրանց կրոնի էության մասին ոչինչ չգիտե, ոչ էլ մի որևէ եվրոպական աշխատության մեջ կարդացել եմ նրանց մասին որևէ տեղեկություն: Հետամտելով գյորաններին, ես վերջապես ծանոթացա նրանց երկու կրոնապետների հետ և հարցափորձեցի նրանց։ Սկզբում աննշան ծանոթություններ միայն տվեցին, որովհետև վախենում էին ազատ քարոզությունից. բայց հետզհետե վստահանալով ինձ, ավելի և ավելի բացվեցին, այնքան որ տարին ինձ մինչև անգամ իրենց եկեղեցին, սուրբ գիրքը տվին ինձ և իմ առաջ կրոնական արարողություն էլ կատարեցին: Ահա հավաքումն այն բոլոր տեղեկությունների, որ կարող եղա ես քաղել այս կրոնի մասին, իմ երեքամյա ծանոթության միջոցին Թավրիզում: Մահմեդականները գյորան անունը տալիս են զանազան կրոնների, որոնք իրար հետ ոչ մի կապ չունեն: Կարելի է 10 կամ 11 գյորան հաշվել: Այսպիսի մի կրոն է, օրինակի համար, անգյորանների կրոնը, որոնք Մարաղայի մոտ մի առանձին համայնք են կազմում, բայց որոնց կրոնի մասին ոչինչ չգիտենք: Այսպես նաև մյուս գյորանների մասին: Գյորանների մեջ բոլորովին անջատ մի կրոն է Թումարի կոչված կրոնը, որին պատկանում էին իմ ծանոթ կրոնապետները, և հետևաբար իրենց տված տեղեկություններն էլ պատկանում են այս վարդապետության: Աշխարհը, ըստ թումարիների վարդապետության, 150—200 հազար տարվա հնություն ունի (այս թվով պետք է հասկանալ 30 միլիոն. որովհետև միլիոն բառը անհայտ է իրենց, գրքերում տրվել է այս ձևը): Աստված ստեղծեց աշխարհը երեք օրվա մեջ: Աշխարհի սկզբից մինչև այժմ շատ մարգարեներ եկել են, բայց այդ բոլորը մի ազգի կամ տեղի համար էին, որոնց ո՛չ մեկին չեն ընդունում թումարիները: Գերագույն էակի ամենամեծ անունն է Հաջեր կամ Վեզավեր: «Ինչպես որ մի թագավոր իր թագավորությունը կազմակերպելուց առաջ ընտրում, պատրաստում է իր մեծագույն նախարարներին, հետո էլ մյուս ավելի երկրորդական իշխաններին, այնպես էլ Հաջեր կամ Վեզավեր Աստված նախքան աշխարհի ստեղծագործումը, բխեցրեց իրենից իր գերագույն պաշտոնյաներին, որոնց պիտի հանձներ աշխարհի կառավարությունը: Այս գերագույն պաշտոնյաներից առաջինն է Յադիգար, որ առաջ եկավ Աստուծո շնչից և ներկայանում է մեզ իբր «ճրագ Աստուծո». երկրորդն է Ռեմզիբար, որ առաջ եկավ Աստուծո աջ աչքից. նա է, որ Աստուծո լուրը տալիս է մարդկության. երրորդն է Զյուլֆիգար, որ առաջ եկավ Աստուծո ձախ աչքից և նա է մարդկության մահ բաժանողը. չորրորդն է Սուլթան, որ առաջ եկավ Աստուծո մարմնից կամ գոյությունից (վուջուդ) և է «հրաման Աստուծո»: Այս չորսը միասին Աստված ինքն է և կոչվում է «Չարթեն» (այն է՝ Չորրորդություն), բառացի «չորս մարմին»: «Ինչպես ծառը ունի մի բուն և այդ բունից դուրս են գալիս զանազան հիմնական մեծ ճյուղերը», այնպես էլ Աստված է մի բուն, որ է Հաջեր կամ Վեզավեր, որից դուրս են գալիս Չարթենի չորս հիշյալ անձերն»։ Աստվածության չորս անձերն էլ բխեցնում են իրենցից նոր աստվածություններ, միշտ ինչպես ծառի յուրաքանչյուր ճյուղը բխեցնում է բազմաթիվ ճյուղիկներ և տերևներ: Այս աստվածությանց թիվն է 40, որոնք բոլորը միասին կոչվում են Չիլթեն (քառասուն մարմին): Չարթեն ու Չիլթեն նույն են, ինչպես նույն են մի մարդու գլուխը, իրանը և զանազան անդամները առանձին-առանձին վերցրած: Չիլթենի անձերից ծանոթ են ինձ Դավուտ, որ բխել է Աստուծո աջ աչքից, Բենիամին, որ Աստուծո ականջից է բխել և է Աստուծո օրենքը, Փիրմուսի, որ առաջացել է Աստուծո ձայնից և է «մարդկանց բարի և չար գործերը գրողը»: Աստված ունի այլևս ուրիշ բազմաթիվ անուններ, որոնցից կարող եմ հիշել Սիմ, Նասիմ, Շափուր, Հինու, Սագանգուր, Ֆիրենգինիշան, Ռերե: Այս բառերի իմաստը թումարի վարդապետները չկարողացան բացատրել. բայց կարելի է մի քանիսի միտքը տալ. այսպես, Շափուր պարսկերեն նշանակում է «արքայորդի», Ֆիրենգինիշան՝ «եվրոպական ձև կամ երևույթ ունեցող», Սագանգուր բառը կարելի է համեմատել արաբերեն saqanqūr ձևի հետ, որ նշանակում է եգիպտական ինչ-որ առասպելական ձուկ: Իսկ Սիմ թերևս պարսկերեն sim «արծաթ» բառն է: Որովհետև Աստված անհասանելի է մարդկության, որոշեց իրեն մարդկության ծանոթացնելու և ճշմարտության օրենքը նրան սովորեցնելու համար՝ մարմին առնել և իբր մարդ աշխարհ գալ: Մարդացյալ Աստուծո անունն է Սիմ, բայց մյուս անուններն էլ կարող են հավասարապես գործածվել: Սիմի գալուստը ծանուցանելու համար նախապես ուղարկվեց մի մարգարե՝ Սուլթան Սահակ անունով, մեզանից 950 տարի առաջ: Նա քարոզեց մարդկանց մեջ, բայց առանձին գրական աշխատանք չէ թողած: Նրանից մնում են միայն հատուկտոր բանաստեղծություններ: Նրանից հետո եկավ մի ուրիշ մարգարե Կուշչիօղլի (Թռչնավաճառի որդի) անունով, որ մեզանից 200—300 տարի առաջ էր և նույնպես ծանուցեց Սիմի գալուստը: Նա էլ թողել է աննշան քանակությամբ գրվածքներ: Վերջապես Սիմը առավ մարդկային կերպարանք և երևեցավ մարդկության մեջ. նա ծնավ Թավրիզում, հորից ու մորից, ինչպես հասարակ մարդ, անցյալ դարու կեսից առաջ: 34 տարեկան էր Սիմը, երբ մի կիրակի օր իջեցրեց երկնքից Սուրբ Գիրքը, որ կոչվում է Թումար (սա մեր տոմար բառն է և առհասարակ գիրք նշանակությունն ունի, իսկ սրանց մեջ դարձել է Սուրբ Գիրք): Թումարի անունով կրոնն էլ կոչվում է թումարի: Թումարը բաղկացած է 16 հատորից կամ գրքից, որի առաջին հատորը միայն տեսա ես. դա ոտանավորների մի հավաքածո էր, մոտավորապես մեր Սաղմոսի չափ: Թումարը դեռ տպագրված չէ, այլ պահվում է մի ձեռագիր օրինակով, որից արտագրություններ անել անթույլատրելի չէ: Թումարի ստացումը երկնքից տեղի է ունեցել մեզանից 54 տարի առաջ՝ Թավրիզում, և որովհետև Սիմը 34 տարեկան էր, երբ իջավ Սուրբ Գիրքը, ուրեմն և Սիմը ծնվել է 88 տարի առաջ, այն է 1834 թվականին: Սիմը ապրեց իբրև մարդ Թավրիզի Չարենդաբ թաղում, մի հասարակ տան մեջ, ուր և մեռավ իբրև մարդ. մարմինը թաղեցին նույն տան դահլիճի հատակում, իսկ հոգին իբրև Աստված գնաց երկինք՝ միանալու Հաջերին, որից էլ բաժանվելով իջել էր աշխարհ: Այդ տունը այժմ եկեղեցի և ուխտատեղի է միանգամայն. 20 տուն թումարի բնակվում են նրա շուրջը: Մահմեդականներից ծածուկ են պահում. ինձանից էլ սկզբում ծածուկ էին պահում, բայց երկու տարվա միասնությունից հետո թույլ տվին մտնել այդտեղ, ուր և հյուրասիրեցին թեյով, պտուղներով, հավաքվեցին ծեր ու երիտասարդ, թումարի տղամարդիկ և կրոնական երգեր երգեցին: Սիմը երկու որդի ուներ, որոնցից երեցը՝ հոր հսկողության տակ սկսեց գրի առնել ու կարգավորել Թումարը. տարիներ աշխատեց նրա վրա ու վախճանվեց. ուրիշներ շարունակեցին գործը և հիմա ամբողջը վերջացած կարելի է համարել: Մինչև իսկ փորձել են տպագրել, բայց տպագրական գործին անծանոթ լինելով, միանգամայն չունենալով բավականաչափ դրամ ծախսերի համար, չեն կարողացել: (Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ, ես մտածեցի այդ գիրքը տանել Հայաստան և պետության ծախքով կամ համալսարանի կողմից հրատարակության տալ: Սա կունենար գիտական լուրջ նշանակություն, որովհետև այսպիսի մի կարևոր գործ անհրաժեշտ է ծանոթացնել պատմության, լեզվաբանության և առհասարակ արևելագիտության: Իմ առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունեցին կրոնապետները, բայց վրա հասնող կռիվները մեր փափագը անիրագործելի թողեցին): Սիմի երկրորդ որդին է Ռեսուլ, որ թումարիների ներկա կրոնապետն է, իրեն օգնական ունենալով Ռամազան անունով անձը։ Ռեսուլը 40 տարեկան մարդ է այժմ, սովորական արտաքինով մի անձ, իսկ Ռամազանը, որ 30 տարեկան մեկն է, հասարակ պղնձագործ է: Թումարիներից շատերը պղնձագործ են: Ահա այս երկու անձերի հետ հաստատեցի բարեկամություն: Սկզբում Ռեսուլը իրեն ցույց էր տալիս իբրև հասարակ մեկը. նա եղել է անգլիական հյուպատոսարանի ծառա և անգրագետ մարդ: «Մի օր,— ասում է նա,— հանկարծ վեր կացա և տեսա որ կարդալ ու գրել գիտեմ»: Մեր ծանոթության երկրորդ տարում նա պատմեց ինձ այն տեսիլքը, որի մեջ ստացել է Թումարը: — «Պառկած էի. տեսա աչքիս առաջ մի երկաթյա թել, որ գետնից ուղիղ մինչև երկինք էր բարձրանում. մեկը հրամայեց ինձ բարձրանալ այդ թելով: Ի՜նչպես կարելի է բարձրանալ այդ թելով, ասացի ես։ Եվ նա բռնեց թևիցս և երկուսով միասին արագորեն թելի վրայից բարձրացանք վեր՝ երկինք: Ես տեսա Աստված՝ նստած իր ոսկե աթոռի վրա: Նրա մոտ կար մի սնդուկ՝ երկաթյա շղթաներով կապկապած: Նա տվեց ինձ մի կացին և ասաց. Զարկ սնդուկին, սնդուկը պիտի կոտրի և դու կգտնես Աստուծո գիրքը: Կացինը զարկի սնդուկին, շղթան փշրվեց, սնդուկը բացվեց, և դուրս եկավ Թումարը: Աստված այդ գրքերը դրավ թևերիս տակ և ասաց. Գնա քարոզիր մարդկության: Եվ հրամայեց իջնել այդ նույն թելից: Ի՜նչպես կարող եմ ես իջնել այդ թելից, ասացի ես: Ինչպես որ բարձրացար, այնպես էլ կարող ես իջնել, ասաց Աստված: Նորից այն անձը բռնեց թևիցս և թելից ցած իջեցրեց ինձ աշխարհ: Արթնացա և մոտիս գտա Թումարը»: Երրորդ տարում, երբ արդեն ավելի վստահելի էր դարձած, մի օր Ռամազանից բացատրություն խնդրեցի այն հակասության համար, որ կար Թումարի ստացման երեք պատմությանց մեջ. նախ, թե Սիմը ինքը ստացել է երկնքից, երկրորդ՝ թե Սիմի երեց որդին գրել է և ուրիշներ շարունակել են, և երրորդ՝ թե Ռեսուլն ինքը տեսիլքով ստացել է: Այն ժամանակ Ռամազանը ասաց ինձ. «Այդ բոլորը միևնույն է և նրանց մեջ հակասություն չկա. Սիմը ինքը Աստված է. Սիմի որդին ինքը Սիմն է. և Ռեսուլը նույնինքն Սիմն է. Ռեսուլը Աստված և Աստուծո մարդկային կերպարանքն է․ ահա քեզ ասացի գերագույն գաղտնիքը»: Ըստ այս վարդապետության, աստվածությունն ուրեմն ժառանգական է, ինչպես թագավորական իշխանությունը, ըստ բացատրության Ռամազանի. և Ռեսուլի որդին էլ լինելու է նույնինքն Սիմ, որ է Աստված: Փակագծի մեջ նկատեմ, որ Ռեսուլի օգնականը՝ Ռամազան, այս կրոնի վարդապետությունից անգամ ավելի բան գիտեր, քան թե նույնինքն Ռեսուլը, որ է Սիմ Աստված: Երբ ինձ համոզելու համար Ռեսուլը պետք էր զգում Թումարից որևէ ոտանավոր կամ այլ հատված իբր վկայություն բերելու, շատ անգամ սխալվում կամ չէր հիշում և դիմում էր Ռամազանին, թե «Դու ավելի լավ ես իմանում, դու ասա»: Եվ Ռամազանը ասում էր: Թումարիները իրենց վարդապետությունը ծածուկ են պահում․ մահմեդականների երկյուղից նրանք չեն քարոզում իրենց կրոնը և իսկի հետամուտ էլ չեն նորանոր հավատացյալներ ճարելու: Երբ ես իրենց ասացի, որ ճշմարիտ կրոնը հալածանքից չպիտի վախենա և չպիտի թաքնվի, նրանք պատասխանեցին, որ Թումարի մեջ կա մի այսպիսի գուշակություն. — Պիտի գա ժամանակ, երբ պիտի ելնի Մինաքուր Ջիհանշուրա անուն անձը և Սիմի վարդապետությունը ընդհանուր աշխարհի վրա պիտի տարածի: Ջիհանշուրա նշանակում է «օրենք աշխարհի» և անշուշտ համապատասխանում է Մեսիային կամ մեր Ս. Հոգվույն, որ Քրիստոսի հարությունից հետո ուղարկվեց առաքյալներին ներշնչելու և ի սփյուռս աշխարհի տարածելու: Թումարիների վարդապետությունը ամբողջապես տարբերվում է մահմեդականությունից և շատ կետերում նմանվում է քրիստոնեության: Մուհամմեդին չեն ընդունում բնավ. Քրիստոսին, որ կոչում են Մարիամի որդին, համարում են Սիմի ծառան: Թումարի առաջին գրքի ոտանավորներից մեկի մեջ կարդացի Սիմից մի այսպիսի խոսք. «Ես այն եմ, որին Մարիամի որդին գինի մատռվակեց խնջույքում»: Թլփատություն չկա թումարիների մեջ, բայց այժմ երկյուղ կրելով մահմեդականներից, թլփատվում են: Միակին են և բազմակնությունը արգելված է: Չկա նաև կանանց երեսը ծածկելու սովորությունը. բայց այդ ևս անում են մահմեդականների երկյուղից՝ փողոցում կամ մահմեդականների առաջ: Անունները, դարձյալ մահմեդականների երկյուղի տակ, դնում են Մեհմեդ, Հասան, Ռեսուլ, Ռամազան և այլն: Բայց հիմա արդեն սկսել են դնել զուտ թումարիական անուններ, ինչպես՝ Ռերե, Շափուր և այլն: Հետմահու հարության և հանդերձյալ կյանքին հավատում են թումարիները. բայց սատանայի ու դժոխքի գաղափարը տարբեր ձևով են ընդունում: Սատանան ինքը գոյություն ունեցող մի էակ չէ, այլ չարի գիտության գաղափարն է. Շեյթան բառն էլ բացատրում են պարսկերեն շեյդան՝ «բան գիտցող» և երբեք սատանային չեն հայհոյում, որովհետև նրա անձնավորությունը չեն ընդունում: Երբ կգա վերջին օրը, բոլոր մեռյալները հարություն կառնեն հոգով և ո՛չ թե մարմնով. նրանց ճակտին կլինի երկնային կնիքը. ամենքը կլինեն սիրուն և գեղեցիկ. դատաստանը կտևի 3 օր. մարդոց բոլոր բարի ու չար գործերի համար հաշիվ կտեսնվի. արդարները կմնան Աստուծո մոտ, իսկ մեղավորները նորից հետ՝ աշխարհ կդառնան: Դժոխք չկա։ Դժոխքը ինքը աշխարհն է և դժոխքի կրակը մարդու սրտի մեջն է: Երբ մարդը զանազանում է լավն ու վատը և գիտակցում է, թե ինքը վատ է գործել, ահա՛ իր չարչարանքը: Այս է դժոխքի մեջ այրվելը. թե ոչ նյութական կրակ չկա: Որքան ծանր են մեղավորի մեղքերը, այնքան ավելի վատ անասունի կերպարանքի տակ է մտնում նրա հոգին: «Վատ մի՛ լինի, որպեսզի վատ անասունի մեջ չուղարկեմ քո հոգին»,— ասում է Թումարը: Մինչև 1 000 անգամ հոգին կարող է հետ դառնալ և այս անվերջ հոգեփոխություններից հետո, վերջապես մաքրվելով արժանի լինել Աստուծո: Թումարիների աղոթավայրը կոչվում է ջեմխանե, որ նշանակում է հավաքվելու տեղ և համապատասխանում է մեր ժողովարան բառին։ Ընդամենը կա միայն մի ջեմխանե Թավրիզում, որ և հիշեցի վերևում, ուր թաղված է Սիմը, դահլիճի հատակում: Իրենց սուրբ օրը քրիստոնյաների նման կիրակին է և ոչ ուրբաթը: Ուրբաթ օրը գործում են, բայց կիրակի օրերը գոնե տնային գործեր չեն կատարում: Այդ օրը գնում են ջեմխանե, եթե պաշտոնակատարություն լինի: Թումարիների ջեմխանեն տարօրինակ է այս կողմից, որ ամեն կիրակի անպատճառ պաշտոն չի լինի, այլ այն ժամանակ միայն, երբ որևէ հավատացյալ պաշտոն կատարել կտա իր ծախսով: Բացի ունեն մի քանի բայրամներ (տոն), որոնցից գլխավորն է Թումարի երկնքից իջնելու օրը, որ համապատասխանում է տարվա վերջին և մի ուրիշը, որ աշխարհի ստեղծագործության օրն է համարվում: Թումարիների տարին հին հայկական ձևով բաղկացած է 12 ամտից, յուրաքանչյուրը 30 օրով. ամիսներն ունեն առանձին նոր անուններ, որոնք չեն համապատասխանում ո՛չ հին պարսկական և ո՛չ մահմեդական անուններին, ինչպես՝ մանսուր, հաջեր և այլն: Մի կետ միայն շատ տարօրինակ է. այդ այն է, որ շաբաթը նրանց մոտ ունի մեկ անգամ 7, հաջորդ անգամ՝ 8 օր. այսպես է արվել, որպեսզի ամիսը ունենա 4 շաբաթ, ճիշտ 30 օրով: Տարվա վերջին՝ 3 օրը ծոմ են պահում, որից հետո բայրամն է: Այդ օրը Թումարի իջման օրն է և նրանով սկսում է տարին, որ և գրեթե համապատասխանում է հունական նոր տարվան: Թումարիների եկեղեցական արարողությունը կատարվում է հետևյալ ձևով. աղոթատան մի անկյունում դրված է Թումարը (Ս. Գիրքը). ներս մտնելիս հավատացյալները դառնալով դեպի այն, գլուխ են տալիս. հետո համբուրում են կրոնապետի (որ և ինքը Սիմի հաջորդն է) ձեռքը, որ Թումարի մոտ նստած է լինում. հետո միասին ուտում են իբրև մատաղ բերված ուտելիքները, որ լինում է ամեն տեսակի բան, ինչպես միս կամ խաղող և ուրիշ պտուղներ և այլն: Մատաղ են անում նույնիսկ խոզը՝ մահմեդական կրոնի մեջ ամենապիղծ այդ կենդանին: Ամենից հարգելի կերակուրն է մատաղի արյունով պատրաստվածը: Կիրակի առավոտ, ղենլի անասունը մորթելիս, քամում են ամբողջ արյունը և նրանով մի առանձին կերակուր պատրաստում: Միսն էլ ջոկ են եփում: Աղոթելիս քբլեին (հարավ) դառնալու սովորությունը չկա․ ո՛ր կողմն էլ որ դառնաս, աղոթքդ ընդունելի է, որովհետև Աստված ամենուրեք է: Չկա մահմեդականների հատուկ լվացումը՝ նամազի ժամանակ: Եկեղեցում գլխաբաց չեն նստում: Մատաղը ուտելուց հետո, ինչ որ հիշեցնում է քրիստոնեության առաջին ժամանակների ագապը, կրոնապետը քարոզ է խոսում, որից հետո ցրվում են հավատացյալները, համբուրելով կրոնապետի ձեռքը։ Այս համբույրը շատ տիպիկ է. բռնում են կրոնապետի ձեռքը և տանելով բերանի մոտ՝ համբուրում են մի այնպիսի ձևով, որ միաժամանակ հավատացյալը համբուրում է կրոնապետի ձեռքը, իսկ կրոնապետը հավատացյալի շրթունքը: Ասում են, թե թումարիների հայրենիքը Քիրմանշահն է. ոմանք ասացին, թե այնտեղ շատ թումարիներ կան. Ռամազանը ասում էր, որ Քիրմանշահում եղածը թումարիների մի աղանդ է՝ այս աղանդից տարբեր: Առհասարակ թումարիների թիվը դնում են 200 տուն: Քիրմանշահը ունի առանձին պարսկական բարբառ, որ սովորական պարսկերենից բավական տարբերվում է. այդ բարբառի մեջ մտել են բազմաթիվ թուրքական ու զուտ թաթարական բառեր, այնպես որ ձևացել է գրեթե առանձին լեզու: Թումարի ոտանավորները գրված են այս լեզվով, թեև կան նաև պարզ թուրքերեն, չաղաթայերեն, ինչպես և զուտ գրական պարսկերեն և արաբերեն ոտանավորներ: Այս բոլորը եթե միացնենք և ուզենանք տալ բնական բացատրությունը, պետք է ասենք, որ թումարիների կրոնը բավական հին ծագում ունի և ձևացած է նախ Թուրքեստանում, հնդկական կրոնի ազդեցության տակ: Այս պատճառով է, որ գրվածքի հին մասերը չաղաթայերեն են: Հոգեփոխության հավատալիքն անցած է Հնդկաստանից, որից կամ թերևս նաև քրիստոնեությունից ստացել են երրորդության գաղափարը, որ վերածել են չորրորդության: Վարդապետությունը գրավոր հատակոտորներով հանդերձ եկել է Քիրմանշահ, որից վերջապես հասել է Թավրիզ։ Սիմ անունով անձը ուզեցել է զանազան ավանդություններն ու գրական հատակոտորները կարգի բերել, որ և լրացնելով վերագրել է աստվածային ներշնչման: Այս կրոնն է, որ հիմա քարոզվում է, բայց առանց եռանդի, շատ թույլ և տկար, քարոզիչների անպատրաստության և ոգևորության բացակայության պատճառով: === ՀԱՅԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ === Հին քաղաք չէ Թեհրանը, 1785 թվականին, Աղա Մուհամմեդ Խան ներքինի շահը, որ Ղաջարների հարստության հիմնադիրն է, հայտարարեց այն մայրաքաղաք: Դրանից քիչ հետո սկսում է և հայերի բնակությունը Թեհրանում: Առաջին հայ բնակիչները Թեհրանում եղել են այն 7 տուն հայերը, որոնք իբրև գերի կամ պատանդ Աղա Մուհամմեդ Խանը բերել է Ղարաբաղից: Նրանք բնակվել են Դարվազա-Ղազվին կոչված թաղը, որ գտնվում է Թեհրանի արևմտյան հարավային մասում: Այդտեղ 1790—1795 թվականներին հայերը շինում են Ս. Գևորգ եկեղեցին, որ 1882 թվականին վերաշինվելով մնում է մինչև այժմ: Հայոց երկրորդ գաղթը եղել է նախորդից քիչ հետո. Ֆաթալի շահը արքունի պալատների շինության համար Նոր-Ջուղայից բերել է տալիս 10 տուն ապակեգործ (ջամբոռ) հայեր, որոնց բնակության տեղ է տալիս Դարվազա-Շահ-Աբդուլ-Ազիմ թաղում, քաղաքի հարավային արևելյան կողմը: Այդտեղ նրանք շինում են Ս. Թադեոս-Բարթուղիմեոս եկեղեցին 1808 թվականին: Հիմնադիրներն եղել են Խաչիկ և Հոռոմսիմա նորջուղայեցիք, ինչպես հիշվում է այն արձանագրության մեջ, որ մինչև այսօր մնում է եկեղեցու մուտքի հարավային դռան աջ բարավորի վրա (ՌԸՃԸ թվին): Այնուհետև զանազան տեղերից գալիս են նորանոր գաղթականներ, ինչպես Սպահանից, Թավրիզից, Համադանից և ուրիշ վայրերից: Գաղթականներից մի մասը բնակվում է անշուշտ արդեն հիմնված երկու եկեղեցիների շուրջը. սրա համար էլ Ս. Գևորգ եկեղեցու դեմի փողոցը մինչև այսօր էլ կոչվում է Խիաբանի Արամինե (Հայոց պողոտա), բայց մյուսները, հատկապես արհեստավոր դասակարգը բնակվում է Սեյիդ-Նասրեդդին թաղը, որ քաղաքի կենտրոնում էր. այդտեղ էր բնակվում Մայիրի Մեմալիքը, որ թագավորի փեսան էր և հայոց պաշտպան համարվելով, այդ թաղը հայոց համար ապահով տեղ էր դարձել: Անցյալ դարի կեսին ամբողջ Թեհրանի հայոց թիվը 50 տուն էր միայն: Հայ ժողովրդի հետ հին ժամանակները շատ մոտիկ հարաբերություն ունեին նաև ուրիշ քրիստոնյա ժողովուրդներ, ինչպես վրացիք, ռուսները և եվրոպացիք: Լինում էին խառն ամուսնություններ անգլիացիների, իտալացիների և ֆրանսիացիների հետ, որոնց ազգանունները կրող հայ ժառանգները մինչև այսօր էլ կան թեհրանցի հայոց մեջ: Հայոց եկեղեցին և գերեզմանատունը միշտ ծառայել են իբրև վերջին օթևան նրանց հանգուցյալների համար, այսպես, օրինակ, Ս. Թադեոս-Բարթուղիմեոս եկեղեցումն են թաղված Եղիսաբեթ վրաց թագավորի աղջիկը (մահացած 1836 թ.), անգլիացի նշանավոր հեղինակ Վալտեր Սկոտի որդի Չարլզ Սկոտը (մահացած 1848 թ.), ավելի հներից Կամպբել Սուրգ (մահացած 1818 թ.) և ուրիշներ: ԺԹ դարի վերջին քառորդին թագավորի տղան Սպահանի գյուղերից հանում է 150 տուն հայ և բնակեցնում է Շահրիարի շրջանը (Թեհրանից մինչև Ղազվին եղած մասն է)՝ իր հողերը մշակել տալու համար: Այս գաղթը արմատ չի բռնում և հայերը ցրվում են՝ մի մասը Ղարաղան, մի մասը հետ է գնում և մի մասն էլ գալիս է Թեհրան: Այժմ Ս․ Գևորգ եկեղեցու շրջապատում համարյա թե հայեր չկան. Ս. Թադեոս-Բարթուղիմեոսի մոտ բնակվում են միայն 12 ընտանիք: Ամբողջ Թեհրանի հայությունը 1914 թվականին 575 տուն էր, 2905 շնչով, որից 123 տունը վերջին դեպքերի ժամանակ գաղթելով քաղաքից, 1917 թվականին մնացել էր 452 տուն։ Սրանց մեծ մասը բնակվում է Հասանաբադ թաղում. երկրորդ տեղն է բռնում Շաղալաբադ թաղը և երրորդ տեղն է բռնում Դարվազա-Ղազվինը, ուր բնակվող հայերը եկեղեցուց բավական հեռու և ցրված են: Հայոց զբաղմունքներն են վաճառականություն, արհեստներ, պետական պաշտոնեություն. բայց իրենց ստվար մասը զբաղվում է գինեվաճառությամբ և օղեվաճառությամբ. 150 տուն 1 «Նոր-Ջուղայի պատմություն», հատ. Բ, էջ 106 և 315, Թեհրանի հայոց թիվը դնում է 75 տուն=310 հոգի, բացի պանդուխտ վաճառականներից, Վանակ գյուղում դնում է 30 տուն—149 հոգի: զբաղվում է այս ստոր գործով. և որովհետև գինետուններ չկան առանձնապես և տներն են գինետուն դարձել, ուստի պարզ է, որ այսքան ընտանիք դարձել են անբարոյականության բույն: Բարեբախտաբար այս արհեստը մրցակից ունեցավ հանձին հրեաների և կրակապաշտների, որով շատ հայեր կամաց-կամաց քաշվեցին հիշյալ ասպարեզից: Բնակվելով գլխավորապես Հասանաբադ և Շաղալաբադ իրար կից թաղերում, որոնք երկու եկեղեցիներից էլ շատ հեռու են, մի ժամանակ հայոց մեջ միտք է հղացել շինելու Հասանաբադում մի երրորդ եկեղեցի. 1914 թվականին մինչև անգամ այս մասին հանգանակություն են ձեռնարկել, բայց հաջողություն չունենալով, գործը խափանվել է (կտակված փող կա): Թեհրանի հայոց կրթական կյանքը սկսում է 1870 թվականից․ այդ թվականին պոլսեցի Միքայել Մարգարյանի, դամասկոսցի Հովսեփ Գասպարյանի և նույնպես տաճկահայ Կարապետ Բազիրկյանյանի ջանքերով հիմնվում է Ուսումնասիրաց ընկերությունը, որ նույն տարին բաց է անում Հասանաբադ թաղում Հայկազյան դպրոցը: Դպրոցի ուսուցիչն է դառնում Հովսեփ Գասպարյանը, որ մինչև իր մահը, շարունակ 28 տարի, պաշտոնավարում է. իսկ Բազիրկյանյանը վարում է ընկերության նախագահի պաշտոնը երկար ժամանակ: Մարգարյանը 23 տարի հետո մեռնելով, իր ամբողջ կարողությունը թողնում է իր հիմնած դպրոցին։ Դպրոցը հետզհետե զարգանում է և հետո անցնում է ժողովրդի ձեռքը: Բացի Հայկազյան դպրոցից Թեհրանը ունեցել է նաև Դարվազա-Ղազվինի փոքրիկ դպրոցը, որ հայերի սակավության պատճառով վերջին տարիներին փակվել է ու շենքը վարձու տրվել: Երկու եկեղեցիներից և դպրոցից դուրս հայոց կրթական հաստատություններն են հետևյալ ընկերությունները. 1. Թատերասիրաց ընկերություն, հիմնված է 1890 թվականին. կազմակերպում է սիրողների հետ զանազան ներկայացումներ՝ գլխավորապես հայոց դպրոցի օգտին: 2. Կանանց բարեգործական ընկերություն. հիմնված է 1905 թվականին․ ավելի առաջ գոյություն ուներ խնամակալուհյաց ընկերություն անունով. նպատակն է օգնել դպրոցի աղքատ աշակերտներին. այս ընկերության միջոցով 1918-ին բացվեց քաղաքիս հայոց մանկապարտեզը: 3. Օրիորդաց խնամատար ընկերություն, որ հիմնվել է 1910 թվականին. հետո կոչվեց Հայուհյաց խնամատար ընկերություն, նպատակն էր հիմնել կարուձևի արհեստանոց և որբանոց: 4. Պատանի միություն, որ հետո կոչվեց Թեհրանի հայ երիտասարդների գրական միություն. հիմնվել է 1913 թվականին. զբաղվում է իր պատանի անդամների ինքնազարգացմամբ. թույլ և անկերպարան մի ընկերություն էր, որ հետո դադարեց: 5. Աղքատախնամ վարչություն, հիմնված 1914 թվականին: 6. Եղբայրական օգնություն. հիմնվեց 1915 թվականին, հայ արկածյալներին օգնության հասնելու նպատակով և երկու տարուց հետո դադարեց: 7. Եկեղեցական վարչություն. հիմնված 1916 թվականին. նպատակ ունի հոգալ երկու եկեղեցիների պետքերը: 8. Չքավորներին հաց մատակարարող կանանց խումբ. հիմնվեց 1917 թվականին և կարճ կյանք ունեցավ. 2 տարի չքավոր աշակերտներին և աշակերտուհիներին ճաշ տալուց հետո դադարեց: 9. Միացյալ ընկերություն. հիմնվեց 1917 թվականին. աշակերտական հավաքումների համար կազմված մի խմբակցություն էր, որ նույնպես կարճ կյանք ունեցավ: Բայց այս բոլորից ավելի մեծ ու կարևոր է Թեհրանի հայոց Համայնական վարչությունը։ 1907 թվականի պարսից ազատագրական շարժումների ժամանակ ծնունդ առավ Թեհրանի հայոց ազգային խորհուրդը, որի վերջնական կազմակերպությունը եղավ 1908 թ. փետրվարի 17-ին: Նա նպատակ ուներ իբրև հայոց բարձրագույն իշխանությունը, միջնորդ հանդիսանալ պետության և պարսից պառլամենտի առաջ, իսկ հայոց ներքին գործերի մեջ ձեռք բերել վերին հսկողությունը: Այդ ժողովի ուժը լոկ բարոյական էր և իր գործունեության մեջ շարունակ դժվարության էր հանդիպում կառավարության կողմից, որ չէր ուզում ճանաչել նրա իշխանությունը: Սակայն 4 տարի շարունակ գործելով, ժողովը վերջապես գոնե անպաշտոն կերպով ճանաչվեց պետությունից: 1911 թվականին մշակվեց ու տպագրվեց մի հիմնադիր կանոնագիր, որի գլխավոր նախաձեռնողը եղել է Նիկոլ Աղբալյանը: Խորհուրդը, համաձայն այս նոր կանոնադրության, այլևս կոչվում է «Թեհրանի հայոց համայնական վարչություն», որի առաջին պաշտոնական նիստը տեղի ունեցավ 1912 թ. հունիսի 11-ին: Համայնական վարչությունը հետզհետե դարձավ ընդհանուր Պարսկաստանի հայության իրավասու մարմինը, ձեռք բերեց բոլոր ազգային մարմինների վերին հսկողությունը, իսկ պետությունը ո՛չ միայն ճանաչում էր նրան, այլև ինքն էր, որ դիմում էր նրան իբր հայ ժողովրդի գլխավոր ներկայացուցչական մարմին: Թեհրանի հայոց համայնական վարչության օրինակով, 1917 թվականին կազմվում են Համադանի և Արաղի (Սուլթանաբադ) համայնական վարչությունները: Ատրպատականն էլ ուներ իր թեմական խորհուրդը. այժմ կարիք է զգացվում ունենալու մի ընդհանուր պարսկահայ մարմին, որ իր ձեռքը պիտի առներ ամբողջ պարսկահայ ժողովրդի վարչական ղեկը: Այս առթիվ 1917 թվականի դեկտեմբերից սկսած, Թեհրանի համայնական վարչությունը սկսում է դիմումներ անել Պարսկաստանի զանազան կողմերը ցրված հայության․ բայց որովհետև տաճիկների արշավանքի պատճառով Ատրպատականը կտրված էր Թեհրանից, ուստի առայժմ կարելի է լինում ունենալ ներկայացուցիչներ միայն Հարավային Պարսկաստանից, որոնցից կազմվում է Պարսկահայ խորհուրդը։ 1918 թվականին Թեհրանում բացվեց ծնողական դպրոցը, որը ներքին երկպառակության դժբախտ արդյունքն էր, և որի պատմությունը ըստ կարելվույն մանրամասն ուզում եմ տալ այստեղ: 1915 թվականի օգոստոսին Թեհրանի Հայկազյան դպրոցի հոգաբարձությունը տեսուչ է հրավիրում պր. Պիոնյանին, որ Թավրիզի կենտրոնական դպրոցի տեսուչն էր և թավրիզեցիների գաղթի ժամանակ ապաստանել էր Թիֆլիս: Մի տարի պաշտոնավարելուց հետո, Պիոնյանը հրաժարվում է, բայց հոգաբարձությունը չի թողնում նրան հեռանալ: Երկրորդ տարին դարձյալ հրաժարվում է, որովհետև Թավրիզի կենտրոնական դպրոցից շարունակ կանչում էին, բայց դարձյալ հոգաբարձությունը չի թողնում և նա ստիպվում է մնալ երրորդ տարին: 1918 թվականի սկզբներում ինչ-որ խլրտում է սկսվում դպրոցական կազմի և քաղաքացիներից ոմանց միջև, դաշնակցության մեջ ծագած ներքին հարցերի շուրջը: Թեհրանի ժողովուրդը հասարակական ջիղ չունի. համայնքի ընդհանուր ժողովներում հազիվ 30—40 հոգի հավաքված է լինում առհասարակ: Այսպիսի մի թույլ բնավորություն ուներ նաև տեղիս դաշնակցական կազմը, որի մեջ էին նաև Պիոնյանը և Իփեկյանը՝ դպրոցի եռանդուն և բանիբուն ուսուցիչներից մեկը։ Թեհրանի գաղթից հետո, 1918 թվականին, դաշնակցականները որոշեցին մի քիչ ավելի ուժ տալ կազմակերպության: Ներքին խնդիրների շուրջը, ինչպես բնական է, պիտի ծագեին տարաձայնություններ և Պիոնյանն ու Իփեկյանը քննադատում են այն գործելակերպը, որին ուզում էին հետևել իրենց ընկերները: Ընկերներից երկու գլխավորներ դժգոհ մնալով նրանց քննադատությունից և ուզենալով իրենց խոսքը առաջ քաշել, հաջողում են լռելյայն շարքերից դուրս ձգել հիշյալ երկուսին՝ իբրև հակադաշնակցականների: Այստեղից սկսում է մի տեսակ խուլ հալածանք այդ երկուսի դեմ: Այն տեսուչը, որին այնքան հարգում էին նախապես և չէին թողնում որ հեռանա, ոմանց աչքին արդեն համարվում էր անարժան. այն ուսուցիչը, որի խանդը գովելու համար բառ չէին գտնում նախապես, այժմ հակակրանքի առարկա է դառնում: Ընդհանուր ժողովում հավաքված մի քանի հոգին, դրդվելով այն երկու գլխավորներից, աշխատում են խծբծանքներ գտնել դպրոցի վարչության դեմ: Նույն ժամանակ ուսուցիչ Իփեկյանը ամուսնացել էր իր պաշտոնակից ուսուցչուհիներից մեկի հետ: Չարաչար քննադատվում է այս ամուսնությունը, իբրև անբարոյական քայլ, որ աշակերտ-աշակերտուհիների մաքուր բարոյականը պիտի փչացներ: Ընդհանուր ժողովի մեջ կազմվում է մի հանձնաժողով՝ դպրոցական վարչության այս անկարգ քայլերը քննելու համար: Քննությունը պարզում է, որ դպրոցի կարգապահությունը կանոնավոր է: Հոգաբարձությունը տալիս է մի շատ գովասանական վկայական՝ տեսչի եռամյա եռանդուն, բարեխիղճ և օրինակելի գործունեության նկատմամբ, բայց այնուամենայնիվ հանձնաժողովը գտնում է, որ վերոհիշյալ ամուսնությունը անբարոյական ազդեցություն է գործել աշակերտության վրա: Այս շփոթ շրջանում արդեն հոգաբարձության պաշտոնավարության ժամանակը լրացած լինելով՝ կատարվում է նոր ընտրություն և հոգաբարձական կազմի կեսը փոխվում է: Նոր հոգաբարձությունը հուլիսի 19-ին (5 ձայնով ընդդեմ 2-ի), առանց որևէ պատճառաբանության, արձակում է տեսչին և ամբողջ ուսուցչական կազմը: Ճահիճը շարժվում է: Աշակերտների ծնողները, լսելով այս անարդար քայլը, մեծ բազմությամբ (թվով 98 հոգի), հավաքվում են բողոքելու կատարված անարդարության դեմ և պր. Պիոնյանին կրկին հաստատել տալու իր պաշտոնի մեջ: Ընտրվում է 5 լիազոր, որոնք դիմում են նորակազմ հոգաբարձության՝ խնդրելով գումարել լրիվ կազմով մի ժողով՝ հայտնելու նրանց ծնողական ժողովի տեսակետը և առաջարկությունը այդ հարցի առթիվ: Հոգաբարձությունը պատասխան չի տալիս լիազորի դիմումին և չի ընդունում ո՛չ բերանացի և ո՛չ գրավոր կերպով բանակցության մեջ մտնել նրանց հետ։ Լիազորները մի երկրորդ գրությամբ, համաձայն իրենց տրված ցուցումներին, ծնողական ժողովի անվստահությունն են հայտնում նորակազմ հոգաբարձության և միաժամանակ դիմում են համայնական վարչության, հայտնում հարցի էությունը և խնդրում գումարել հասարակական ընդհանուր ժողով: Համայնական վարչությունը ուշադրության առնելով այս դիմումը, ցանկանում է հարցը լուծել առանց ընդհանուր ժողովի: Հոգաբարձության և լիազորների կողմից երկերկու ներկայացուցիչ հրավիրվում են համայնական վարչության մի քանի նիստերին: Ծնողները նկատելով, որ գործը շաբաթներով ձգձգվում է՝ երկրորդ բողոքով պահանջում են համայնական վարչությունից հրավիրել ընդհանուր ժողով: Նույն միջոցին հոգաբարձությունը տեսուչ է հրավիրած լինում Երվանդ Ֆրանգյանին, որ Բաքվի հայոց դպրոցների ժամանակավոր տեսուչ էր ընտրված Սիմոն Հակոբյանի ակամա բացակայության պատճառով: Հակառակ իր ընկերների դժգոհության, Ֆրանգյանը ռոճիկի անբավարարությունը պատճառ բերելով, բայց իսկապես Բաքվի վտանգավոր դրությունից վախեցած, հրաժարվում է Բաքվի դպրոցից և անցնում Թեհրան: Այս միջոցին Վանից և Սալմաստից փախած գաղթականների մի խմբի հետ Համադան էր հասել դաշնակցական ոչ փայլուն գործիչ Հ. Ճերմակը, որ նախապես ուսուցիչ էր եղել Թավրիզում և մի քանի ամսվա մանկավարժական փորձառություն ուներ: Հոգաբարձությունը նրան էլ տեսուչ է հրավիրում, ինչպես նաև իր արձակած տեսուչ Պիոնյանին: Այսպիսով կատարվում է մի չնաշխարհիկ երևույթ. մի խղճուկ դպրոցի համար երեք տեսուչ են հրավիրում, և այդ երեքը միասին պիտի վճռեին բոլոր դպրոցական հարցերը և կազմեին ուսուցչական խումբ: Ֆրանգյանը հայտնում է, որ ինքը հոգաբարձության նամակների վրա ուսուցիչ հրավիրել է արդեն 4 հոգի (մեկը իր կինը, երկուսը՝ Սեյրանյան և Թանատոս՝ Բաքվից, իսկ չորրորդը՝ Վաղինակ Հովսեփյան, որ նախապես Հայկազյան դպրոցում ուսուցիչ էր և Պիոնյանի առաջարկությամբ և հոգաբարձության համաձայնությամբ արձակված էր դպրոցից): Ֆրանգյանը ի նկատի է ունենում նաև Պիոնյանի խմբից 3 հոգի, իսկ երկու կարևոր ուժերին (Իփեկյան և Բժշկյան) մերժում է, որովհետև իրեն այդպես էր թելադրված: Պիոնյանը մերժում է ընդունել արձակված ուսուցչին, որին համաձայնում է նաև հոգաբարձությունը, իսկ իր խմբին պահանջում է ամբողջապես ընդունել: Այդ միջոցին հոգաբարձությունը արդեն դպրոցը բացված էր հայտարարել և աշակերտների մի մասը երթևեկում էր, առանց ուսումնական պարապմունքի: Տեսուչների միջև համաձայնություն չի կայանում ուսուցչական հարցի առթիվ, և Պիոնյանը հրաժարվում է պաշտոնից: Ծնողները ընդհանուր ժողով են գումարում և որոշում են բանալ առանձին դպրոց, որի համար ընտրում են 7 հոգուց բաղկացած հոգաբարձություն: Այս որոշման վրա Ճերմակը դիմում է Պիոնյանին և հայտնում, որ համաձայն են ընդունելու նաև Բժշկյանին, իսկ Պիոնյանը պնդում է, որ կա՛մ իր ուսուցչական կազմը ամբողջությամբ պիտի հրավիրվի և կա՛մ մերժված ուսուցիչ Իփեկյանի համար պատճառներ պիտի տրվեն: Այստեղ ևս համաձայնություն չի գոյանում և ծնողները բաց են անում նոր դպրոց՝ Պիոնյանի տեսչությամբ: Նրա ուսուցչական կազմի մեջ մտնում են իր խմբից ևս 3 հոգի, իսկ մնացյալ երեքը (պարսիկ միրզայի հետ) վարձվում են Հայկազյան դպրոցի համար: Նոր դպրոցը, որ կրում էր «Ծնողական միության երկսեռ դպրոց» անունը, գտնվում էր Հայկազյան դպրոցից քիչ հեռու, Հասանաբադ կոչված, հայկական թաղում, մի մասնավոր տան մեջ, որ ուներ ծառաշատ ու ծաղկավետ գեղեցիկ պարտեզ, մաքուր ջուր և բավարար թվով սենյակներ, և իր մաքրությամբ ու հարմարություններով կարող էր գերազանցել Հայկազյան դպրոցը: Ուսուցչական կազմը լրացնելու համար հրավիրում են 8 նոր ուսուցիչ: Կանոնավոր պարապմունքները սկսում են հոկտեմբերի 17-ից (հին տոմարով): Հայկազյան դպրոցը կառավարվում է Ֆրանգյանի տեսչությամբ և իր ուսուցչական կազմով, որի մեջ էր նաև Ճերմակը: Այսպես է կատարվում երկու դպրոցների բաժանումը և ժողովուրդը բաժանվում է երկու մասի. Հայկազյան դպրոցի կողմնակիցներ և ծնողականներ: Երկու կողմերը վերաբերվում են միմյանց թշնամությամբ և հակառակությամբ. չեն հաճախում միմյանց երեկույթների, թատերական ներկայացումների, դասախոսությունների, հանդեսների և հանգանակությանց. մինչև անգամ տներում՝ ընտանիքների և ազգականների միջև կռիվ է սկսում: Դժբախտաբար, ինչպես սովորական է մեր մեջ, անձնական հակառակությունը հետզհետե լայնանալով՝ կուսակցական բնույթ է ստանում: Հայկազյան դպրոցի կողմնակիցները դաշնակցականներ լինելով, կռիվը համարում են հանուն դաշնակցության և ծնողական կողմի մարդկանց կոչում են հակադաշնակցականներ, չնայած որ, ինչպես անձամբ ստուգել եմ և գիտեմ, ծնողականների մեծամասնությունը նույնպես դաշնակցական էին, իսկ մնացյալներն էլ այս դեպքի պատճառով միայն սկսել էին խռովել դաշնակցությունից: 11–26 Ծնողական դպրոցը, ուր պաշտոնավարում էի նաև ես, բոլորեց իր տարին մեծ համերաշխությամբ։ Նյութապես և հանգամանքների համաձայն, դպրոցը կոչել էին ծնողական, բայց իրոք նա բարոյապես էլ եղավ ծնողական: Նա կազմում էր մի մեծ ընտանիք. ուսուցիչներս իրար հետ եղբայրներ էինք, աշակերտներն ու աշակերտուհիները մեր զավակներն էին, սկսած ամենից փոքրիկներից մինչև ամենից մեծերը նրանք մեր սիրո ու գուրգուրանքների առարկան էին, և մենք նրանց համար ծնողներ. հոգաբարձուները մեր ընկերներն ու բարեկամները մնացին միշտ: 1918—1919 ուսումնական տարին անցկացնելուց հետո, դպրոցը փակեցին: Այդ ժամանակ սկսվեցին հաշտության բանակցություններ երկու կողմից էլ: Ֆրանգյանը արդեն հեռացել էր. մնացել էին միայն Ճերմակը և Պիոնյանը. հաշտությունը գրեթե կայացել էր, երբ Թավրիզի կրկնակի դիմումներից ստիպված, Պիոնյանը իսպառ հրաժարվեց պաշտոնից և պատրաստվեց մեկնել դեպի Թավրիզ՝ կենտրոնական դպրոցի տեսչության պաշտոնով: == ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅ ԳՅՈՒՂԵՐԸ == Բացի Թեհրանից, հայեր բնակվում են նաև շրջակա մի քանի գյուղերում. սրանք վեց են թվով. Վանակ, Խորտուն, Դառուս, Մանսուրաբադ, Դավուդիե և Դովլաթաբադ. սրանցից ամենամեծն է Վանակը, որ ունի միայն 28 տուն. մյուսները նրանից շատ ավելի փոքր են. օրինակ, Դավուդիեն ունի միայն 2 տուն. բոլորի գումարն է 310 շունչ։ Այս գյուղերից միայն Վանակն է, որ ունի եկեղեցի: Այս գյուղի հիմնադրությունը այսպես են պատմում գյուղացիք: 80 տարի առաջ Քյազազ և Քյամարա գավառների կողմերից մի խումբ գաղթականներ գալիս են Վանակի ձորը. նախապես այդտեղ գյուղ չի լինում. բնակվում են վրանների տակ. Հաջի Միրզա Ղասի անուն մեկը շինելով այդ գյուղը, տալիս է գաղթականներին, որոնց վրա ավելանալով էլի նորերը Ղարաբաղից ու Համադանից, դառնում են բոլորը 50—60 տուն: Մոստոֆի Մամալեք անուն մեկը գնում է գյուղը և գոհ մնալով հայերի աշխատասիրությունից ու չուզենալով, որ նրանք հեռանային այդտեղից, շինել է տալիս իր ծախսով մի եկեղեցի, որ կոչվում է Ս. Մինաս: Գյուղից մի քիչ հեռու գտնվում է գերեզմանատունը, ուր հանգիստ են առնում նաև թեհրանցի հայեր և մի քանի եվրոպացիներ: Գյուղի բնակիչների թիվը 60-ի հասնելուց հետո, երևի հողը այլևս անբավական համարվելով, գյուղացիներից ոմանք թողել են և հեռացել շրջակա վայրերը: Այսպիսով Վանակից գոյացել են երեք նոր գյուղ, որոնք են Դառուս, Մանսուրաբադ և Խորտուն: Այս բոլորը իրարից շատ հեռու չեն. ընդամենը երկու ժամվա տարածության վրա են գտնվում և նույնքան միայն հեռու են քաղաքից։ Մի ժամանակ Վանակը ունեցել է մի դպրոց, եկեղեցու բակի մեջ. այդ դպրոցի պահպանության համար մինչև անգամ Թեհրանում կազմվել է մի ընկերություն՝ «Վանակի դպրոցանպաստ» անունով. բայց այժմ թե՛ դպրոցն է փակված և թե՛ Դպրոցանպաստը: Վանակցի մի քանի աշակերտները հաճախում են Թեհրանի հայոց դպրոցը: === ԹԵՀՐԱՆԻՑ ՍՊԱՀԱՆ ԵՎ ՆՈՐ–ՋՈՒՂԱ === Օգտվելով ամառնային արձակուրդից, նախքան Կովկաս վերադառնալս, որոշեցի այցելել Նոր-Ջուղա՝ տեղական հայ բարբառը ուսումնասիրելու համար: Թեհրանից Սպահան 480 կիլոմետր է. ճանապարհորդությունը կատարվում է փոստային սայլակներով (գառի) և փոստային կամ մասնավոր կառքերով: Ամենաարագ և ամենից ավելի էժանն է սայլակով ճամփորդությունը. 5 օրից հասնում են Սպահան, մինչդեռ կառքերը գնում են 12 օրից: Ես ընտրեցի առաջինը: Սայլակ ասվածը ռուսական փոստային տրոյկայի ոճով հասարակ կառք է, դեռ նրանից ավելի կոպիտ. նրա մեջ լցնում են փոստային ծրարները, արկղները, նրանց վրա էլ նստում են ճանապարհորդները. լծում են 4 ձի. կա մի կառապան և մի փոստային պաշտոնյա: Սայլակը ըստ կարելվույն սրընթաց գնում է իջևանից իջևան. յուրաքանչյուր իջևանում ձիերը և կառապանը փոխվում են: Այդ փոփոխությունը տևում է 1—2 ժամ, որից հետո սայլակը ճանապարհ է ընկնում. փոստային պաշտոնյան մնում է Թեհրանից մինչև Սպահան և պաշտոն ունի յուրաքանչյուր փոստային կայանում հանձնել նամակների պայուսակը և նորերն ստանալ: Սայլակների առավելությունը կառքերից այն է, որ ամեն իջևանում էլ ձիերը պահվում են նրանց համար և պահանջված ժամանակ իսկույն պիտի տրվեն, մինչդեռ կառքերը պետք է սպասեն մինչև որ ավելորդ ձի լինի: Բացի սրանից, սայլակները գնում են գիշեր-ցերեկ անընդհատ, որով ճանապարհորդության տևողությունը կիսվում է: Սակայն, հակառակ արագության և էժանության, չափազանց անհանգիստ է սայլակը. նստելու հարմարություն չկա, ցնցումները շատ անգամ այնչափ ուժեղ են լինում, որ մարդ դժվարավ պահում է իրան ընկնելուց, ճամփորդները եթե շատ լինեն, թեքվել կամ պառկել կարելի չէ. և որովհետև գիշերներն էլ է գնում, կարելի չէ ուրեմն քնելու ժամանակ գտնել: Ահա այսպիսի մի նախնական միջոցով ճանապարհ ընկա ես էլ Թեհրանից 1919 թվականի հունիսի 11-ին (հին տոմարով), երեքշաբթի առավոտ. ուղեկիցներս էին մի քանի զինվորներ և պեսական փոքրաստիճան պաշտոնյաներ, բոլորն էլ պարսիկ: Անցնելով Դարվազա Ղազվինի թաղից, հայոց եկեղեցու մոտերքով, դուրս եկանք Դարվազա Գոմրուք կոչված դռնից: Քաղաքը մնում է մեր ետև և շուտով կորչում է մեր աչքից: Լեռները, որ երեք կողմից օղակում են նրան, արագ-արագ հեռանում են մեզանից, և մենք մնում ենք մի չոր դաշտի մեջ: Մի քանի ժամից հասնում ենք Քերեճ գետը. սա այն գետն է, որ Ղազվինից Թեհրան ճանապարհին տեսել էինք մեր առաջին ճանապարհորդության ժամանակ: Քերեճը բխում է հյուսիս-արևմտյան Մազանդարանի սարերից, շրջապտույտ անցնում է Թեհրանի արևմուտքից և հարավ-արևելք դառնալով կտրում է Ղումի խճուղին և անապատի մեջ կորչում: Այնուհետև ճանապարհը բաժանվում է երեքի, մեկը ուղիղ իջնում է Ղում, երկրորդը դրանից մի քիչ արևելք աղի լճի ափերով, իսկ երրորդը նրանից դեպի արևմուտք ու թեք ճանապարհով՝ Սավեի վրայով. երեքը միանում են Ղումում: Մենք բռնեցինք արևմտյան ճանապարհը և անցնելով Ղասըմաբադ-ի-շահի գյուղից, կեսօրին հասանք Փոլմե. դա մի բավական ծառաշատ տեղ էր, այգիներով ու պարտեզներով զարդարված: Քիչ հանգիստ առնելուց հետո, ճանապարհ ընկանք նորից և հասանք Ռաբաթ-քերիմ: Դա մի մեծ գյուղ էր. ուներ ընդարձակ ծառաշատ պարտեզներ, մի քանի անշուք խանութներ, հողակերտ հասարակ տներ և փոստ: Այստեղից թեքվում ենք դեպի հարավ-արևմուտք և վատ ու քարքարոտ ճանապարհով ամբողջ գիշերը գնալով, չորեքշաբթի առավոտ հասնում ենք Սավե ավանը: Այստեղ մի-երկու ժամ դադար առնելուց, ձի փոխելուց և փոստը հանձնելուց ու ստանալուց հետո, նորից ճանապարհ ենք ընկնում: Սավեն նշանավոր է իր նռով: Տաք ու անպիտան ճանապարհ է. ջուր չկա. հազիվ երբեմն պատահում են աննշան կեղտոտ առուներ, որոնց ջուրը զգուշանում եմ խմել: Փորձված ճամփորդը այսպիսի վայրերի համար նախապես պատրաստություն է տեսնում և իր համար սափորով ջուր է վերցնում. բայց ես, որ այսպիսի ճանապարհ դեռ տեսած չէի, կարծում էի, որ ամեն տեղ ջուր կլինի և այդ պատրաստությունը տեսած չէի: Արևը այրում էր ինձ. ծարավից այնքան պապակում, տոչորում էի, որ քիչ էր մնում արևահար լինեի: Նայում եմ առաջս. ճանապարհի վրա ոչ ծառ է երևում և ոչ մարդկային բնակություն: Այնքան նեղվում եմ, որ ուզում եմ մինչև անգամ կես ճանապարհից ետ դառնալ, բայց ո՞ւր դառնամ. վերադարձն էլ նույնքան անտանելի է, որքան առաջ գնալը: Մի օգնական կարեկից էլ չունեմ այս պարսիկների մեջ: Վերջապես ցույց են տալիս մի գյուղ. ակնդետ սպասում եմ, թե երբ կհասնենք գյուղը. հասնում ենք. բայց ո՞վ դժբախտություն… գյուղը անբնակ է. մարդիկ քոչել գնացել են. ոչինչ չի կարելի գտնել․ պետք է գնալ էլի մի-երկու ժամ, որպեսզի մի ուրիշ գյուղ հասնենք: Հուսահատությունը պատում է ինձ․ երևակայում եմ ինձ այն անապատում և այն դրության մեջ, երբ Հագարը տկի վերջին կաթիլն էլ սպառած, իր հարազատ որդու՝ Իսմայելի հետ մահվան էր սպասում: Այժմ միայն ըմբռնում եմ, թե ի՛նչ մեծ բարիք է մարդկության համար ջուր ասած բանը, և որքա՜ն արդարացի էին մեր նախնիքը, որ պաշտում, աստվածացնում էին ջուրը: Հանկարծ այդ ամայի գյուղի ետև մի վրան եմ նկատում. շտապում եմ դեպի այդ վրանը. ռուսաստանցի մի թաթար վաճառական է, որի ձեռքից ավազակները ուղտերը խլելով՝ անտեր թողել են: Թաթարը մի դույլ ջուր ուներ. կուշտ ու կուռ խմեցի այդ ջրից. կարծես կյանքս նորից արծարծվեց. չեմ հիշում, որ երբևիցե խմած լինեմ մի ավելի զովարար ու հաճելի հեղուկ, քան այդ ավերակների մեջ խմածս անմաքուր ջուրը: Այդտեղ հանգիստ ու նոր կյանք առնելուց հետո, նորից շարունակում ենք արևակեզ ճանապարհը. բայց ես այլևս չեմ նեղվում: Այժմ ճանապարհը ծռվում է դեպի հարավ-արևելք. հեռուն, արևելքում, ցույց են տալիս ինչ-որ աղի լիճ (Հավզ-ի-Սուլթան), որ սակայն անապատի մեջ կորած է. մենք դանդաղ հեռանում ենք նրանից. ձիերը վատ են. քիչ-քիչ երեկո է լինում. մութ ու խավար գիշեր է. մենք շարունակում ենք ամբողջ գիշերը գնալ: Առավոտ է լինում. արևը ծագում է. բայց ո՛րչափ անշուք. ո՛չ ծառեր կան, որ նրա առաջին ճառագայթները ցոլացնեն իրենց կատարների վրա և ո՛չ թռչուններ, որ նրա ծագումը գովաբանեն իրենց անուշիկ դայլայլով: Եվ կառքը շարունակ թավալվում է նույն ընթացքով. ձիերը հոգնած, կարծես ակամա փոխում են իրենց քայլերը խարազանի մեռած հարվածների տակ: Հանկարծ լսվում է մի թմբոց… և կառքը կոտրվում է: Ամենքս ցած ենք իջնում. զինվորները կառքի այս ու այն կողմից քաշքշելով տանում, հասցնում են մինչև մոտակա իջևաններից մեկը. բարեբախտաբար քաղաքը մոտ է. մենք այնտեղ հանգիստ ենք առնում. ձիապանը հեծնում է մի ձի, գնում է քաղաք և այնտեղից բերում է նոր կառք՝ ավելի թարմ ձիերով լծված: Մեր կոտրված սայլակի իրերը փոխադրում ենք նոր բերվածի մեջ և այժմ ավելի արագ հասնում ենք Ղում (հինգշաբթի, հունիսի 13-ին): Կեղտոտ փողոցներով մտնում ենք քաղաքը. անցնում ենք համանուն գետի մեծ կամրջի վրայով և կանգ ենք առնում մի հրապարակի մեջտեղ, որ փոստի կայարանն է: Ղումը Պարսկաստանի նշանավոր քաղաքներից մեկն է. Թեհրանից դեպի հարավ 145 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում և 60 000 բնակիչ ունի. այդտեղ նշանավոր է Ֆաթիմեի գերեզմանը, որի վրա կառուցված է մի մեծ մզկիթ, հոյակապ և ամբողջապես ոսկեպատ գմբեթով: Մզկիթը հայտնի ուխտատեղի է Պարսկաստանում. նրա մեջ թաղված են նաև պարսից թագավորներից մի քանիսը, ինչպես Շահ Աբբաս Բ, Շահ-Սեֆի, Սուլեյման շահ, Սուլթան Հուսեին, Ֆաթալի շահ և իր հաջորդը՝ Մուհամմեդ շահ: Բայց հակառակ իր այս դիրքին ու իր անվան, մի զզվելի, կեղտոտ, անշնորհք քաղաք է Ղումը. հողակերտ, փլած-փլփլած տներ, աղբանոցի նման փողոցներ, նեղ ու հոտած խանութներով կամարավոր շուկաներ, աղքատների ու կեղտոտ հագնված մարդկանց բազմություն. ահա ինչ որ կտեսնես Ղումում շարունակ: Առավոտվա ժամը 9-ին հասնելով Ղում, փոխադրվեցինք փոստային մի կոկիկ իջևան, ուր 3 ժամ հանգիստ առինք։ Թեհրանից Սպահան ճանապարհը երկու վարչության է բաժանվում. առաջինը իշխում է Թեհրանից մինչև Ղում, իսկ երկրորդը Ղումից մինչև Սպահան: Այստեղ փոխվում է կառքը. ճամփորդները նոր տոմսակ են առնում մինչև Սպահան: Ղումի մեջ իմ բոլոր ուղեկիցները փոխվեցին. զինվորները գնացին դեպի Բուրուջիրդ, պաշտոնյաները մնացին Ղումում: Նոր եկածների մեջ կա մաքուր հագնված մի պարսիկ պաշտոնյա, որ պիտի երթա Քաշան և միայն ուտելով է զբաղված. երկու հայ, մեկը 14 տարեկան Ալեք անունով մի աշխույժ ճարպիկ պատանի, մյուսը 19 տարեկան Գևորգ անունով մի երիտասարդ. երկուսն էլ թեհրանցի են և իբրև անգլիական հեռագրական պաշտոնյա գնում են Քիրման, Աֆղանստանի և Բելուջիստանի սահմանի մոտ գտնված այդ քաղաքը, որ 30 օրվա ճանապարհ հեռու է: Պարսկաստանում գտնված հնդեվրոպական գծի անգլիական բոլոր հեռագրատներում օրենքով որոշված է, որ բոլոր պաշտոնյաները պիտի լինեն քրիստոնյա. այս պատճառով պարսիկները ոչ մի տեղ ընդունված չեն և ամենահեռավոր անկյուններում էլ կգտնեք ապահովապես մի Հայ: Մյուս ուղեկիցներս բոլորն էլ պարսիկ էին. մոլլաներ, սեիդներ և Քերբելայի ու Մեջիդի ուխտագնացությունից վերադարձող ուխտավորներ: Կյանքումս չեմ տեսած ավելի կեղտոտ, ավելի զզվելի տիպարներ, քան այս մարդ կոչվելու անարժան ուխտագնացները: Մի շաբաթվա կենակցությունս սրանց հետ ցույց տվեց ինձ, թե ի՛նչ են դրանք։ Նրանք բոլորն էլ հագնված էին կեղտից գույնը կորած երկար վերարկուներ. շապիկները գրեթե սև են, մեջքից կապած է լինում մի գոտի, ոտքերը մերկ են և կեղտից բոլորովին սևացած. վարտիքները անշնորհք կերպով իջնում են մինչև ցած, կոշիկ չունեն, այլ հագած են քսփստան հողաթափներ: Ո՛չ սանր ունեն գլուխ կամ մորուք սանրելու համար, ոչ պատառաքաղ կերակուր ուտելու համար, ո՛չ բաժակ ջուր խմելու համար և ո՛չ էլ թաշկինակ քիթ սրբելու համար: Կերակուրը ուտում են տասը մատներով. կերակուրից առաջ կամ հետո լվացվել չկա. օճառ ասած բանը գոյություն չունի նրանց համար. նույնիսկ ազնվական պարսիկների ապարանքում հազիվ կարելի է լինում հարկավոր դեպքում օճառի մի կտոր ճարել. լվացվելը ոչ թե մաքրության, այլ հովանալու կամ կրոնական ծեսը կատարելու համար է: Ջուրը խմում են կուժից և անխտիր իրար բերանից: Այսպես է նաև ծխելը. քաշում են ահագին հաստ չիբուխներ, ուժգին խոր քաշված շնչով և անխտիր տալիս են միմյանց. մեկի վառած չիբուխը ամբողջ խմբի մեջ անպատճառ շրջան պիտի անի: Խնչում են միշտ գետինը, շատ անգամ ափի մեջ, մատների և եղունգների վրա և հետո կեղտի մնացորդը քսում են շորերին, անկողնին, կողքին նստած մարդկանց իրերին, ծառի, պատի, սյուների վրա կամ ուր որ պատահի: Խլինքը մնում է ու չորանում. Պարսկաստանի բոլոր քաղաքների փողոցների հեռագրասյուները խլինքի չորացած խավեր են պատում: Թաշկինակը գործ են ածում գլուխ կապելու, մեջը հաց կամ պտուղ դնելու և ո՛չ թե քիթ սրբելու համար: Խմում են անխտիր ամեն ջուր, որ հոսուն է կամ մի քիչ ընդարձակ ավազանի մեջ կանգնած է: Քանի անգամ աչքովս տեսա, որ մեկը պպզած առվակի վրա բնական մեծ ու փոքր կարիքն է հոգում կամ ջրի մեջ մահմեդականության հիմնական սկզբունքներն է լվանում և նրանից մի քայլ ցածում կանգնած մի ուրիշը հենց այդ լվացված ջրից է խմում: Քանի անգամ տեսել եմ, որ մի էշ կամ մի ձի առվի մեջ կանգնած հորդառատ միզում է, իսկ ուղեկիցներիցս մեկը կողքին կանգնած ջրից խմում է: Քանի անգամ տեսել եմ, որ այս աղտոտները ավազանի անշարժ ջրի մեջ գլուխ, ոտք, երես են լվացել և հետո նույն ջրից հանգիստ սրտով խմել են: Չես գտնի Պարսկաստանում մի առու կամ մի որևէ հոսուն ջուր, որի եզերքը կամ մեջը մարդկային կարիքով ապականված չլինի. զզվելի հոտն ու զազրատեսիլ աղբերը փռված են և պարսիկները նույն ջրից խմում ու լվացվում են: Պարսիկների ամենասիրած առարկան իրենց հավիտենական ավթավան է. դա մի երկարակտուց ջրաման է, որով բնական կարիքի ժամանակ լվացվում են. են արտանում դա տաքնոց, դնում են կեղտի ու մարդկային ապականության վրա, լվացվելու ժամանակ կտուցը քսվում է կեղտոտությանց կամ հենց մեջն է խառնվում կեղտը, բայց սրանք ազատ կերպով հենց այդ ամանը կոխում են ավազանի մեջ, ջուր վերցնում, նույն ամանը դնում հացի կողքին կամ կտուցը բերանն առնում և միջից ջուր խմում: Չեմ ասում գավառական քաղաքներում, այլ նույնիսկ մայրաքաղաք Թեհրանում, օրը ցերեկով կտեսնես փողոցների մեջ ահագին մարդիկ, շապիկն ու վարտիքը հագած, արևի տակ պպզած, ոջիլ են քթվում, և նրանց առաջով անցնում են մարդիկ, պետական պաշտոնյաներ, ազնվական տիկիններ. ո՛չ ոստիկանն է քշում նրանց, ո՛չ որևիցե մարդ որևիցե նկատողություն անում: Ինչ կա որ… ոջիլ է. Աստուծո ստեղծած բարիքներից մեկը: Երևակայեցեք թե ի՛նչ պետք է լինի մայրաքաղաքից հեռու գտնված հասարակ գյուղերում ու իջևաններում: Ահա այսպիսի մի խմբով ճանապարհ ընկանք Ղումից հունիսի 13-ին, հինգշաբթի կեսօրին, ճանապարհը տաք, չոր ու անապատային է. աջ կողմում գտնվում են ավազի փոքր-փոքր սարեր, իսկ ձախ կողմը բաց է. գնում ենք ամբողջ օր ու գիշեր, փոքր դադարներ միայն առնելով իջևաններում՝ ձի փոխելու համար: Ո՛չ մի հետաքրքրական բան չկա: Կեսօրին հասնում ենք Քաշան: Քաղաք մտնելուց առաջ երկար ժամանակ պտտվում ենք մի հաստ հողե պարսպի շուրջը, որ ոչ որևիցե գրավչություն ունի և ո՛չ շնորհք: Վերջապես բարձրանում ենք մի զառիվեր և ահա քաղաքումն ենք: Մեր աչքին է խփում մի երկհարկանի շինություն, որի վրա մեծատառ գրված է Արզումանյանների անունը: Քաղաքիս մեջ գտնված միակ հայն է սա. մի հայ և մի անգլիացի էլ գտնվում են հնդեվրոպական հեռագրատան մեջ. ուրիշ քրիստոնյա չկա ո՛չ Քաշանում և ո՛չ էլ Ղումում: Այս պատճառով, երբ անցնում ենք շուկաների անվերջանալի բավիղներով, պարսիկ լակոտները սկսում են ինձ ծաղրական անուններ տալ. նրանց կողքին կանգնած չափահաս մարդիկ հրճվանքով լսում ու ծիծաղում են: Վերջապես մտնում ենք փոստային իջևանը: Այս ու այն կողմ թափթփված են կեղտոտ ճամփորդներ, ապրանքների հակեր, մի քանի խանութ, թեյատուն, որոնց առաջ դեղնած ու վտիտ պարսիկներ ագահաբար սփիոն են քաշում, հրավիրելով ինձ էլ, որ մասնակից լինեմ իրենց այդ հաճելի արբեցության։ Շարունակ լսում ես պարսկական կեղտոտ խոսակցություն, որն իրենց համար այնչափ բնական է, որ մինչև անգամ չեն քաշվում օտարների մոտ էլ ազատորեն շարունակելու: Իջևանի բակի մի անկյունում տեսա մի հետաքրքրական տիպար: Պարսիկ չէր կարող լինել. ազնիվ դեմքով, խաժ աչքերով, գանգուր մազերով, կովկասյան տիպի մի մարդ էր. հագուստը բավական խեղճ, գլխաբաց, կուրծքը բաց, նստել էր պատի շվաքի տակ: Գժի տպավորություն էր թողնում և այդպես էլ վերաբերվում էին պարսիկները։ Մոտեցա և սկսեցի խոսել: Սոլոմոն էր կոչվում: Նա պատմեց, թե ինքը Դաղստանի ներկայացուցիչներից է, գնացել է Պոլիս մասնակցելու այն համագումարին, որ կովկասյան զանազան մանր-մունր ազգերը կազմել էին, նպատակ ունենալով ինքնօրինություն ձեռք բերելու տաճիկների հովանավորության տակ: Մահմեդական էր, սոցիալիստ և պատրաստված մարդ: «Մենք գիտեինք, թե որքան վատ ցեղ է տաճիկը,— ասաց նա,— և Կովկասը նրանց վտանգավոր արշավանքից ազատելու համար, մտածեցինք հովանավորության անվան տակ հեռու պահել նրանց մեզանից»: Այնուհետև պատմեց նա իր առաքելությունը Պոլիս, Փոքր Ասիա, Կիլիկիա, Ասորիք, Միջագետք. ամեն տեղ տեսել է տեղահանության առթիվ հայոց դեմ կատարված գազանությունները, որոնց կենդանի պատմիչն է. օգտվելով իր դիրքից և ազդեցությունից, օգնել է շատ հայերի և նրանց կյանքը ազատել: Հաշտության ժամանակ անգլիացիների կողմն է անցել, գնացել է Բաղդադ, պաշտոն ստացել, և իրոք որ ձեռքերը ծածկված էին Բաղդադի վերքերով: Այդտեղ անգլիացիների հյուպատոսի դեմ բողոքող դիրք բռնելով բանտարկվել է մի ժամանակ և այժմ ազատվելով գնում է Թեհրան, այնտեղից Կովկաս անցնելու համար: Պարսկաստանի կարևոր քաղաքներից է Քաշանը. 50000 բնակիչ ունի. բայց հակառակ իր անվան ու դիրքին, նա խեղճուկրակ տեղ է. հողի զանազան դարսվածքներ այս ու այն կողմ, որոնք տուն կոչվելու հավակնությունն ունեն. ամեն կողմ կեղտ ու դալուփոսեր. փլփլած ու քայքայված մզկիթներ, որոնք իրենց հետաքրքրական հնություններն են կազմում ամբողջ քաղաքը մի մեծատարած ավերակի երևույթն ունի: Չորս ժամ հանգիստ առնելուց հետո, դուրս եկանք Քաշանից. այժմ մենք ունենք լավ ձիեր և արագ գնում ենք, մինչև իսկ տեղ-տեղ կարող ենք ասել, որ արշավում ենք: Քաշանից սկսյալ ընդարձակ անապատ է: Նայի՛ր չորս կողմդ: Ամբողջ դաշտը մինչև հորիզոն լցված է բարակ մոխրանման ավազով: Ո՛չ մի թել կանաչություն չկա, ո՛չ մի կենդանի արարած չես տեսնում: Մի թռչուն անգամ չի երևում աչքիդ: Կիզիչ արևը այրում է վերևից և նրա տաքությունը մեղմելու համար ջուր էլ չկա: Տեղ-տեղ հեռուները բարձրանում են միայն ավազի բլուրներ և այս է մեր ամբողջ տեսարանը: Կատարյալ Սահարա է: Մտածում եմ և այժմ միայն հասկանում այն ահռելի տանջանքները, որ կրեց Արարատի հայ ժողովուրդը դեպի Նոր-Ջուղա գաղթականության ժամանակ այս չոր, արևակեզ, տաք ու անջուր անապատներում: Ժամեր պիտի գնաս, մինչև որ հասնես մի իջևան, այսինքն՝ հողի մի աննշան շենք, ուր կարելի լինի մի քիչ ջուր և թեյ գտնել: Հունիսի 17-ին, շաբաթ երեկո, հասանք Թարղ. այստեղ առաջին անգամ լինելով որոշեցինք գիշերել: Սպահանի շուրջը դուրս էր եկել մի մեծ ավազակախումբ՝ հազար հոգուց բաղկացած. սրանք կտրել էին ճանապարհը, գյուղերի վրա էին հարձակվում, գյուղացիների վրա տուրքեր դնում, հանդգնել էին մինչև անգամ Սպահանի վրա հարձակում գործելու: Սպահանի ժողովուրդը անգլիացիների օգնությամբ արշավանք էր գործել նրանց վրա, 400 հոգի սպանել, նույնչափ գերի վերցրել, իսկ մնացյալը փախել էին: Այս փախստականները մանր-մունր խմբերով լեռների վրա ապաստանած լինելով, կասկած կար, որ կարող էին հարձակում գործել փոստի և խաղաղ ճամփորդների վրա: Այս պատճառով ահա գիշերային ճամփորդությունը վտանգավոր էր և մեր փոստը որոշեց մնալ: Պարսիկները ուր որ մի հայ են տեսնում, կարծում են, որ բժիշկ պիտի լինի: Թարղի իջևանում երեք պարսիկ հիվանդներ ինձ դիմեցին՝ իրենց մարմինը ծածկող վերքերի համար դարման խնդրելու: Երեքն էլ սիֆիլիս ունեին: Երբ բացատրեցի հիվանդության վտանգը և հորդորեցի, որ անպատճառ քաղաք գնան, բժշկի դիմեն, միևնույն ժամանակ զգույշ մնան ուրիշներին վարակելուց, նրանք հայտնեցին, որ իրենք արդեն բժշկվում են: Բժիշկը թեյատնում էր. հայտնեց, որ ինժեքսի է տալիս: Դա ի՞նչ նոր դեղ է, հարցրի ես… Խե՜ղճ injection… 606-ի injection-ն էր, որ այստեղ ինժեքսի էր դարձել և դեղահատի (հաբի) կերպարանք ստացել: Բժիշկը մերժեց վարակման գաղափարը և հենց իմ աչքի առաջ դիտմամբ վերցրեց հիվանդի չիբուխը և ինքը սկսեց քաշել. բռնի ուզում էր նաև ինձ ծխել տալ, բայց քրիստոնյայի զզվանքը կանգնեցրեց նրան: Կիրակի առավոտ, հունիսի 18-ին, դուրս եկանք Թարղից. անցնում ենք բարձրադիր ճանապարհով, որի տակ փռված է մի սիրուն ձոր և որի խորքում ընդարձակ կանաչության մեջ տարածվում է գյուղը. մի խոխոջուն գետ հոսում է ձորի միջով և այս զվարճալի վայրի հրապույրը ավելացնում է: Իրար ետևից կտրում անցնում ենք ժայռոտ բլուրների բազմաթիվ շարքեր, որոնց վրա երբեմն-երբեմն բարձրանում են միջնադարյան ոճով բերդեր: Այդ բերդերի մեջ պետության կողմից պահակներ են հաստատված՝ ճանապարհի ապահովության հսկելու համար: Այս վտանգավոր վայրերը անցնելով՝ գալիս ենք Աբիշոռ, որ մի ընդարձակ բերդ է, կլորակ աշտարակներով զարդարված: Բերդի մեջ գտնվում են իջևանը և պահակներ: Այստեղ խմելու ջուր չկա. ջուրը հանում են հորերից, բայց աղի է. ձիերը ազատ խմում են այդ ջուրը: Աբիշոռում մի քիչ դադար առնելուց հետո, ձիերը փոխեցինք և արագ ընթացքով շարունակեցինք ճանապարհը: Կեսօրից անց հասանք Մուրզախար, որ մի հասարակ գյուղ էր. մեջտեղով անցնում է համանուն գետը, որի ջուրը խմում են տեղացիք: Այդ ջուրն է նույնպես, որ ավազանների մեջ ամբարելով, գործ են ածում մոտակա մի քանի մանր-մունր գյուղերը: Այս գյուղումն էլ մի քանի ժամ դադար առնելուց և ձի փոխելուց հետո, դուրս եկանք և նույնպիսի մի չոր դաշտով անցնելով, երեկոյին հասանք Գեզ, որ Սպահանի արվարձանն է համարվում: Գեզը մեծ գյուղ էր. ուներ մի փոքր շուկա, պահականոց. մի մեծ առու անցնում էր նրա միջով. արևմուտքին դեռ բավական ժամանակ կար, բայց փոստը չուզեց շարունակել ճանապարհը, դարձյալ ավազակները պատրվակ բերելով: Գիշերը մնացինք Գեզ և առավոտը շատ շուտ ճանապարհ ընկնելով, արևի առաջին ճառագայթների հետ մտանք Սպահան: Մի հասարակ փլփլած դուռ զարդարում է քաղաքի մուտքը. մի աննշան տնակի մեջ անկարգ վիճակում պառկած են մի քանի զինվորականներ և անցագիր են հարցնում: «Թեհրանի փոստ է»,— պատասխանում ենք, և նրանք տեղից անգամ վեր չկացած շարունակում են իրենց քունը: Անցնում ենք արվարձանի դատարկ վայրերը և ահա մտնում ենք քաղաք: Փոշոտ ու աղբալից: փողոցներ. մուրացիկների, կիսամերկ ու վերքերով ծածկված կանանց ու երեխաների մի բազմություն ամենուրեք, վազում են մեր ետևից. ողորմություն են ուզում: Ահա սկսում է խանութների շարքը. մի քանի հյուրանոցներ, մզկիթներ, կառավարական շենքեր, հասարակական պարտեզներ՝ չոր ու ամայի. ահա ա՞յս է Շահ Աբբասի հռչակավոր մայրաքաղաքը: Մի կառք եմ վերցնում և Զենդերուդի 33 աչքանի ընդարձակ կամուրջը անցնելով, գնում եմ Նոր-Ջուղա: Մի փոքր տարածություն բաժանում է Ջուղան Սպահանից. գետն անցնելով գալիս ենք փոշոտ ու չոր մի ճանապարհ. այգիների հողե պատեր և ահա Նոր-Ջուղան: «Հայոց վանքն է»,— ասում է կառապանը. վեր եմ բարձրացնում գլուխս և տեսնում եմ Ամենափրկչյան վանքի խոշոր գմբեթը. եվրոպական տարազով մարդիկ, լաչակով ծածկված կանայք նեղ փողոցների անկյունից հետաքրքիր հայացքով ինձ են նայում: Օտար մարդ է եկել. և անշուշտ հայ է: Սիրելի՜ ազգակիցներ, հազարավոր վերստեր ու անկոխ անապատներ բաժանում են ձեզ մեզանից, բայց այդ բոլորը անզոր են մեր կապը քանդելու: Ես նորից զգում եմ ձեր մեջ իմ արյունը, իմ հարազատ հայրենակիցների արյունը, և իմ սիրտը բաբախում է այնպես, ինչպես վաղուց կարոտած, անտես մնացած սիրելիների տեսության: Չպիտի նկարագրեմ ես Նոր-Ջուղան: Եթե կա մեր մեջ մի գավառ, որ պետք եղած չափով, գուցե և ավելի ուսումնասիրված է պատմական ու տեղագրական տեսակետով, դա էլ Նոր-Ջուղան է: Ես մնացի այդտեղ միայն 28 օր և վայելելով սրտագին հյուրասիրություն և լայն օժանդակություն մի խումբ տեղացիների կողմից, վերջացրի բարբառի ուսումնասիրությունը և հուլիսի 15-ին նորից ճանապարհ ընկա դեպի Թեհրան: Նորից գալիս էի փոստային սայլակով, բայց այս անգամ ուղեկիցներս միայն երեք հոգի լինելով, շատ ավելի հանգիստ էինք: Ավազակների երկյուղը դեռ չէր վերացել, ուստի նորից գիշերով չպիտի ճանապարհորդեինք: Առաջին գիշերը մնացինք Մուրզախարում. առավոտը ճանապարհ ընկնելով, կեսօրից առաջ հասանք Աբիշոռ. այստեղ մի քիչ հանգիստ առնելուց հետո, բերդից դուրս եկան 12 զինված պահակներ, որոնց գլխավորն էր Ջաֆար աղա Մուրզախարի անունով մի կտրիճ տղամարդ: Բոլորն էլ ձիավոր էին. գալիս էին մեզ ուղեկցելու իբր պահապան, մինչև կանցնեինք ավազակային վտանգավոր վայրերը: Իրենց քաջությունը ցույց տալու համար նրանք սկսեցին աջ ու ձախ արշավել, հարձակումներ ձևացնել, հրացաններով խաղալ: Սքանչելի էին ձիերը, գեղեցիկ ու արագավազ. և որքան հլու՝ կատարելու համար հեծյալի հրամանները: Մի ժամից ավելի ուղեկցելով մեզ, վերջապես հասանք մի սարի վրա բարձրացող միջնադարյան բերդ. պահակները հրաժեշտ տվեցին մեզ և բարձրացան բերդը: Մենք շարունակեցինք ճանապարհը. շուտով գալիս ենք Թարղ, բայց չենք գիշերում, գիշերը անց ենք կացնում Ասիաբում: Ասիաբին հազիվ էինք մոտեցել, երբ իջևանից մեկը եկավ մեզ մոտ և հայտնեց, որ հարևան գյուղում Մաշալլահ խանը իր 150 ձիավորներով նստել է և սպասում է մեզ՝ փոստը կողոպտելու համար: Խորհուրդ տվեց մեզ ճանապարհը չշարունակել և գիշերել Ասիաբի իջևանում: Արդեն մութը կոխել էր. մենք մտանք Ասիաբ. իջևանապետը հաստատեց նույնը. նա պատմեց, թե Մաշալլահ խանը իջել է գյուղ իր ձիավորներով. գյուղացիներին հայտնել է, թե ինքը այդ գիշեր հյուր է մնալու, եթե կընդունեն՝ լավ, եթե ոչ՝ թող դուրս գան կռվելու: Գյուղացիք պատասխանում են, թե իրենք տրամադրություն չունեն կռվելու, և Մաշալլահ խանը մնում է գյուղում, խոստանալով՝ ո՛չ մեկին վնաս չհասցնել: Մենք գիշերեցինք Ասիաբում, բայց ավազակապետը չեկավ մեզ մոտ. գուցե եթե մի քիչ ավելի շուտ հասած լինեինք, տեսներ մեզ ցերեկվա լույսով և կողոպտեր: Առավոտ լուր հասավ, թե ավազակները գիշերով վեր են կացել, 3 000 թուման տուգանք են վերցրել ու հեռացել անհայտ ուղղությամբ: Չգիտեինք, թե այդ անհայտ ուղղությունը դեպի Քաշա՞ն էր, այսինքն մեր ճանապարհը: Սպասեցինք, որ Քաշանի կողմից մարդ գա. վերջապես եկավ Քաշանի փոստը և հայտնեց, որ ճանապարհը ազատ է, Մաշալլահ խանը գնացել է Եզդի կողմը։ Մենք իսկույն ճանապարհ ընկանք. նույն գիշերը հասանք Քաշան և այդտեղ լուսացնելուց հետո, առավոտը դուրս եկանք: Այլևս ճանապարհը բոլորովին ապահով էր. հանգիստ ու աներկյուղ նորից կտրեցինք անցանք այն անապատները և վեցերորդ օրը նորից հասանք Թեհրան: Թեհրանի հյուսիսային կողմում մի քանի ամառանոցային գյուղեր կան. դրանցից առաջինն է Զարգանդա, որ պատկանում է ռուսաց դեսպանատան. նրան անմիջապես կից գտնվում է Ղուլհակ, որ պատկանում է անգլիական դեսպանատան: Սրանցից ավելի հյուսիս գտնվում են Թաջրիշ, Դերբենդ և այլն, որոնք նույնպես ամառանոցներ են։ Թեհրանի հայերը սովորաբար գնում են Զարգանդա և Ղուլհակ, որոնք քաղաքից մի ժամ հեռավորություն միայն ունեն: Օդը քաղաքի համեմատությամբ շատ հով է. ամեն տուն ունի ծառաշատ պարտեզ, ծաղկանոց, առատ է նաև ջուրը, բնակարանները շատ հարմարավոր են, նույնիսկ երբեմն ավելի հարմարավոր, քան քաղաքում: Անտանելի շոգերը կոխել էին Թեհրանում. մի կողմից փոշին, մի կողմից շոգը և մյուս կողմից մոծակները` անտանելի էին դարձնում բնակությունը, ուստի ես էլ գնացի Զարգանդա, մի քանի օր էլ այնտեղ անցկացնելու համար: Այդ միջոցին էր, որ պր. Պիոնյանը պիտի մեկներ Թավրիզ, իբրև տեսուչ թեմական դպրանոցի. ես էլ ուսուցիչ հրավիրված էի, ուստի հրաժեշտ տվեցինք ամառանոցին ու Թեհրանին վերջնականապես և ճանապարհ ընկանք դեպի Թավրիզ: === ԹԵՀՐԱՆԻՑ ԹԱՎՐԻԶ === Թեհրանից Թավրիզ գնալու համար երկու ճանապարհ կա. առաջինը ցամաքային ճանապարհն է՝ Ղազվինի ու Զենջանի վրայով, որ 576 կիլոմետր է. իսկ երկրորդը ծովային ճանապարհն է, որ Ղազվինից գնում է Ռաշտ և Էնզելի, այնտեղից նավով Բաքու, երկաթուղով Թիֆլիս և այնտեղից էլ Երևան—Ջուղա—Մարանդ—Թավրիզ։ Թեև երկրորդը անհամեմատ ավելի երկար է, բայց շնորհիվ շոգենավի ու երկաթուղու՝ տևում է շատ ավելի կարճ, քան ցամաքային ճանապարհը։ Խաղաղ ժամանակ, երբ հաղորդակցության միջոցները խանգարված չէին, ամեն մարդ էլ գնում էր ծովային ճանապարհով և ցամաքային ճանապարհը երեսի վրա թողնված էր։ Պարսկաստանի մի քաղաքից մի ուրիշը անցնելու համար մարդիկ ճանապարհորդում էին երկրից երկիր, Կովկաս, Վրաստան, Հայաստան և հետո նորից Պարսկաստան, և այդ բոլորը ավելի կարճ, ավելի էժան և ավելի ապահով էր, քան ներքին ճանապարհը: Որքան ընկած պիտի լինի մի երկիր, այսպիսի վիճակի հասնելու համար…: Կովկասյան դեպքերի պատճառով մեզ համար ծովային ճանապարհը փակ կամ առնվազն վտանգավոր էր, ուստի որոշեցինք գնալ ցամաքային ճանապարհով, թեև այս էլ այնքան անվտանգ չէր՝ շահսևանների ավազակային հարձակումների պատճառով: Թեհրանից Թավրիզ կան փոստային սայլակներ (գառի) ու փոստային կամ մասնավոր կառքեր: Առաջինները գիշեր-ցերեկ գնալով 6 օրում կտրում են ճանապարհը. բայց որովհետև այդ ճանապարհը շատ դժվար է, կարգադրված է, որ փոստային սայլակները կին չվերցնեն: Ֆայտոնները, որովհետև նրանցով միայն տիկիններն են գնում, այդ ճանապարհը կտրում են 12—14 օրում և շատ ավելի թանկ են: Պատահում են երբեմն նաև Թավրիզից եկած մասնավոր կառքեր, որոնք ետ դառնալ ստիպված լինելով, կարող են մի քիչ ավելի էժանով տանել։ Ճիշտ այսպիսի մի կառք պատահեց և մեզ: Կառապանը թավրիզեցի մի թուրք էր, արհեստին ու ճանապարհներին լավ տեղյակ: Մենք երեք հոգի էինք, պր. Պիոնյանը, ես ու կինս: Ընդունված սովորության համաձայն նախ կառապանը գրեց մի պայմանագիր, որի մեջ խոստանում էր 14-րդ օրը հասցնել մեզ Թավրիզ, 200 թուման վարձով, որի կեսը պիտի վճարվեր մեկնելու օրը, 50 թուման Զենջանում (կես ճանապարհին) և 50 թումանն էլ Թավրիզ հասնելիս: Եթե որոշված ժամանակից ուշ հասցներ, օրական տուգանք պիտի վճարեր 20 թուման, իսկ եթե մենք որևիցե պատճառով պահեինք կառքը, պիտի վճարեինք նրա օրական ծախսը: 1919 թվականի օգոստոսի 16-ին (հին տոմարով), ուրբաթ օրը, մեկնեցինք Ղուլհակ ամառանոցից. մի ժամից հասանք Թեհրանի դուռը. այստեղից դեպի աջ թեքվելով, բռնեցինք Ղազվինի ճանապարհը, որը գրեթե 10 ամիս առաջ արդեն չափչփել էինք Ռաշտից Թեհրան գնալիս: Երեք օրից հասանք Ղազվին (կիրակի 18 օգոստոսի): Մենք քաղաքում մնալու կարիք չունեինք. նախարարապետի կողմից մեզ տրված հանձնարարականով էլ կարողացանք իսկույն ևեթ ստանալ ճանապարհի արտոնագիր և հենց նույն օրը, կեսօրից մի ժամ անց, ճանապարհ ընկանք դեպի Զենջան: Շուտով դուրս ենք գալիս քաղաքից և մտնում ընդարձակ դաշտը մեր երկու կողմը փռված են խաղողի այգիներ, ձմերուկի պարտեզներ, հնձված ու նոր վարած արտեր: Քիչ հետո ճանապարհը բաժանվում է երկուսի. աջ կողմի ճանապարհը, որ թեքվում է դեպի հյուսիս, Ռաշտի ճամփան է. իսկ ձախը, որ թեքվում է դեպի հարավ, հետո արևմուտք և հյուսիս-արևմուտք բարձրանալու համար, մեր ճանապարհն է, որ պիտի ընթանանք 11 օր շարունակ: Հեռուն, աջ թևի վրա, բարձրանում է բլուրների մի անընդհատ շարք, իսկ ձախ թևի վրա տարածված է ընդարձակ դաշտը, մինչև հորիզոն: Մեզնից ոչ շատ հեռու երևում է մի փոքր լճի կապույտ սավանը։ Ղազվինի լիճն է այն: Քիչ հետո հասնում ենք ռուսների նախկին զինվորական կայանը, որտեղ այժմ անգլիական զորքն է հաստատվել. ճանապարհի աջ կողմում շինված է ընդարձակ մի սրահ, որ սավառնակների պահեստն է. դես ու դեն երևում են հնդիկ զինվորներ, բարձր հասակով, թուխ պղնձագույն դեմքով, հետաքրքրական պոչավոր փաթթոցով: Նրանցից մեկից ջուր ենք խնդրում. բայց ո՛չ պարսկերեն գիտի և ոչ անգլերեն. նշանացի հասկացնում ենք, և նա գնում է կայանից բերում մեզ համար մի կուժ խայծղանով ջուր (eau goudronnée): Այս տեղը կոչվում է Սուլթանաբադ: Սուլթանաբադից ավելի առաջանալով, աջ ու ձախ երևում են իրար մոտիկ զանազան գյուղեր. կառապանը քշում է կառքը արագ, հասնելու համար իր ընկերոջ, որ մեզնից քիչ առաջ մեկնել է Ղազվինից: Օդը տաք է, որը սակայն մեղմում, հովացնում է աջ կողմից, Ռաշտի լեռներից շարունակ իջնող անուշ զեփյուռը: Բայց զեփյուռը հետզհետե սաստկանում ու այնպես է ցրտում, որ ստիպվում ենք հագնվել ձմեռնային վերարկուներ: Կառապանի ասելով այս ցուրտ քամին մշտական է և տևում է մինչև վեց ժամ ճանապարհ, ձմեռը այնքան սաստիկ է լինում, որ կառապանները ստիպված են փոխել ճանապարհը և աջակողմյան լեռների ստորոտով անցնել՝ պաշտպանվելու համար նրա ցուրտ ու զորեղ շնչից: Մայրամուտին հասնում ենք Սիյահ-դիհան (Սև-բերան) կոչված գյուղը, ուր իջևանում ենք մի մասնավոր տան մեջ: Սիյահ-դիհանը մի ընդարձակ գյուղ է. 2 000 տուն ունի. բնակիչները թաթ են, իրենց մեջ խոսում են թաթերեն, բայց գիտեն նաև պարսկերեն և թուրքերեն: Սկսած Ղազվինից մինչև Թավրիզ, ինչպես և Կովկաս, այլևս իրանական պարսիկ ժողովուրդ չկա. ամեն տեղ թուրքերն են, որ Միջին Ասիայից առաջանալով Կասպից ծովի ափերով, լցրել են ամբողջ Ատրպատականը և Կովկասը, ետ քշելով կամ իրենց մեջ ձուլելով պարսիկ ցեղը: Սիյահ-դիհանը դեռ թաթերեն է խոսում, որ իրանյան բարբառ է. մյուսները արդեն զուտ թուրքախոս են: Այն սենյակը, որ տվել էին մեզ, բավական կոկիկ ու մաքուր էր. կրածեփ պատերը բոլորովին մաքուր և սպիտակ էին. նրանց մեջ փորված էին բազմաթիվ կամարավոր մեծ դարաններ, որոնց մեջ կանոնավոր կերպով շարված էին բազմաթիվ թեյամաններ, ճրագներ և ամաններ. մի փոքր պատուհան միայն ուներ, որ տախտակով պատած էր դրսից. երդիկի վրա կար մի փոքրիկ ծակ՝ ծուխը մաքրելու համար. լույսը ստացվում էր դռնից. հատակը մաքուր սպիտակ հողից էր և ծածկված զանազան գույնի գորգերով. սենյակի վերի անկյունում դարսված էին անկողինները և մի օրորոց: Մեզ տվին մաքուր մի սամովար, մի սափոր ջուր: Թեյ պատրաստեցինք, թեթև ընթրեցինք և պառկեցինք: Գիշերը բավական ցուրտ էր. դուրսը քամին մռնչում էր ահեղ ձայնով և այնքան ուժով, որ մարդկանց էր ուզում տապալել: Երկուշաբթի առավոտ, ժամը 6. 30-ին, ճանապարհ ընկանք Սիյահ-դիհանից: Մեր կառապանը առհասարակ այսպես էր որոշել իր ընթացքը. մեկնում էր առավոտյան 6. 30-ին, կեսօրվա մոտ հասնում էր մի որևէ գյուղ, ուր ճաշելուց և 2—3 ժամ հանգիստ առնելուց հետո, շարունակում էր ճանապարհը մինչև երեկոյան ժամը 5: Այս հաշվով օրական սովորաբար 8 ժամ ճանապարհ էինք գնում: Սիյահ-դիհանից մեկնելով, քիչ հետո ճանապարհը դարձյալ երկուսի է բաժանվում․ ձախակողմյան ճանապարհը, որ մի կանոնավոր խճուղի է, գնում է Համադան: Ռուսները արդեն ձեռնարկել էին շինել այս ճանապարհը և նախնական աշխատանքները կատարել. անգլիացիք վերջացրել են և կանոնավոր խճուղին պատրաստ է. այստեղ գործում են ավտոմոբիլները. մինչև անգամ մոտորով փոստ է բանում: Հենց մեր աչքի առաջ տեսանք այն․ մի անգլիացի զինվոր էր, որ կայծակի արագությամբ թռավ անցավ գնաց, մինչդեռ մենք մեր արագավազ ձիերով իսկ համեմատաբար շատ դանդաղ բռնում ենք աջակողմյան ճանապարհը, գնալու համար Զենջան: Մեր ճանապարհը այժմ այնպես լավ չէ, ինչպես առաջ, բայց այնուամենայնիվ դեռ տանելի է, ավելի հետո պիտի հետզհետե վատանա: Դաշտի երկու կողմից լեռների շղթաները մոտենում են մեզ՝ հետզհետե սեղմելով ու ամփոփելով իրենց միջև եղած տարածությունը: Բլուրների լանջերի վրա կամ նրանց ստորոտներում՝ դաշտի երկու կողմը փռված են բազմաթիվ գյուղեր, մեկ ու կես ժամից հասնում ենք Դերեբաղ, երեք ժամից Կերենդե և Հուսեյնաբադ, իսկ կեսօրվա մոտ՝ Կրվա: Ճանապարհի վրա մի խղճուկ իջևան կար, որի շուրջը տարածված էին խաղողի բազմաթիվ այգիներ: Այստեղ հանգիստ պիտի առնեինք: Մտանք այգիներից մեկը, թեյ ու ճաշ պատրաստեցինք, խաղող բերել տվինք, բայց դեռ լավ հասած չէր, վերջապես երկու ժամ դադար առնելուց հետո, նորից ճանապարհ ընկանք: Ժամը 3. 30-ին հասանք Շերիֆաբադ, որ շատ հարուստ մի գյուղ էր: Գյուղացիք կալ էին անում. ցորենի ու հարդի մեծամեծ շեղջերը դիզված էին այս ու այն կողմ, աջ ու ձախ փռված էին խաղողի լայնատարած այգիներ, առատ ջրերը հոսում էին ճանապարհի երկու կողմով: Երեկոյին հասանք Խուրրեմդերե (Ուրախ-ձոր), որ նույնպես մի մեծ գյուղ էր, ծառաստաններով և այգիներով հարուստ: Իսկույն մեր վրա թափվեցին մի խումբ գյուղացիք, և ամեն մեկը գովաբանելով իր տունն ու վատաբանելով մյուսներինը, աշխատում էր իր մոտ տանել մեզ: Մեծ քաղաքների հյուրանոցային բարքերն էին: Իջևանի ընտրությունը մենք միշտ կառապանին էինք թողնում, որովհետև ինքը ավելի ծանոթ էր բոլորին: Տարան մեզ մի բակ, ուր մի բավական կոկիկ սենյակ տվին մեզ: Այստեղ վառյակ, բրինձ, մածուն, ձու և յուղ գնեցինք, կերակուր պատրաստեցինք, թեյ խմեցինք և խաղաղիկ անցկացրինք գիշերը: Երեքշաբթի առավոտ դուրս եկանք Խուրրեմդերեից: Անցնում ենք երկու զուգահեռական լեռնաշղթաների միջով, Աբհար սու գետի հովիտն է այն: Իրար ետևից հաջորդում են զանազան գյուղեր։ Ճանապարհի վրա է Ամիրապատ գյուղը, որ բերդաքաղաքի երևույթն ունի: Չորս կողմից քաշած է հողե պարիսպ՝ բերդերով և աշտարակներով, ավազակների հարձակումներից պաշտպանվելու համար: Այսպես են այս կողմի գյուղերից շատերը: Ամիրապատից հետո դաշտը սկսում է անշքանալ. ջուր չկա. չորություն է ու տաք. կեսօրին հասնում ենք Սուլթանիե, բայց մենք չենք մտնում գյուղը, որ ճանապարհից դեպի ձախ 10 րոպե հեռավորություն ունի, այլ իջնում ենք ճանապարհի վրա գտնված մի աննշան թեյարան, ցերեկվա հանգիստը առնելու համար: Այնուհետև բարձրանում ենք կտուրը և դիտում շրջապատը. բավական ընդարձակ ու չոր դաշտ է, որի մեջտեղում, մեր դիմացը, իշխող դիրք ունի Սուլթանիեն: Անունը մեծ է, և անվան համապատասխան էլ մեծ անցյալ է ունեցել: 1305 թվականին նա դարձել է մայրաքաղաք. Չինգիզ խանի հաջորդներից Ուլջայթու խան Մուհամմեդ Խուդաբանդա, որ իշխում էր 1304 թվականից, թողնելով Թավրիզ և Մարաղա քաղաքները, իր աթոռը հաստատում է այստեղ. նա շինում է մի մեծ մզկիթ, ուր հետո թաղվում են ինքը և իր որդին՝ Աբու Սայիդ: Բայց մայրաքաղաքը վաղանցուկ փառք է ունենում: ԺԴ դարի վերջում Թիմուրի լանգը ավերում է Սուլթանիեն և ջնջում թաթարական տիրապետությունը: Վերջին ժամանակներում պարսից Ֆաթալի շահը Սուլթանիեից մեկ կիլոմետր հեռու շինում է ամառանոց, ուր ամեն տարի անց էր կացնում ամառը, իսկ իր զորքը բանակ էր դնում դաշտի մեջ: Այսօր ամեն ինչ կործանվել է. մայրաքաղաքից մնացել է 500 տնով մի խեղճ գյուղ, իսկ հին փառքի իբրև վկա ապրում է դեռ Խուդաբանդայի աղյուսաշեն մեծ մզկիթը՝ իր բարձր գմբեթով և 8 փոքրիկ մինարեներով. անհետացել են նույնիսկ մզկիթի մեջ հանգչող երկու թագավորների՝ Խուդաբանդայի և Աբու-Սայիդի շիրիմները: Կեսօրից երկու ժամ հետո թողնում ենք Սուլթանիեն: Մի քանի կանաչավետ արտերից հետո, նորից սկսում է չոր ու տաք ճանապարհը. երկար ժամանակ երևում է դեռ մեր աչքին Սուլթանիեի խոշոր գմբեթը ու վերջապես անհետանում. լեռները հետզհետե ավելի են մոտենում. դաշտը սեղմվում է. մենք թողնում ենք Աբհար-ռուդի հովիտը՝ մտնելու համար Կիզիլ-Ուզենի հովիտը: Երեք գլխավոր ճյուղ ունի այս գետը. առաջինը, որ մի քանի վտակներից բաղկացած մի ցանց է, իջնում է Մարաղայի արևելյան կողմի լեռներից. երկրորդն սկսում է Սեննեի լեռներից և հոսում դեպի արևելք և հետո դեպի հյուսիս. երրորդը՝ Զենջանի գետն է, որ մեր ամբողջ ճանապարհն է գծում մինչև Զենջան ու Միանե, բխում է Սուլթանիեի մոտերքից և երկրորդին զուգահեռաբար հոսելով, առաջանում է դեպի հյուսիս-արևմուտք: Միանեի մոտ երեք ճյուղերը միանում են և բոլորելով Քափլան-Քուհ սարերի շրջապատը, իջնում են դեպի հարավ-արևելք, հետո Մենջիլի առաջից դառնալով դեպի հյուսիս, ստանում են Սեֆիդ-ռուդ անունը և Ռաշտից ու Էնզելիից արևելք թափվում են Կասպից ծովը: Սուլթանիեից հետո մենք անցնում ենք Յուսուֆաբադ և Բինար գյուղերը և երեկոյան ժամը 6-ին հասնում Դիզա՝ գիշերելու: Չորեքշաբթի առավոտ դուրս եկանք Դիզայից. գնում ենք Զենջան. ամբողջ ճանապարհի երկարությամբ, մեր ձախակողմում ծառաստաններ ու այգիներ են, որոնք փռված Կիզիլ-Ուզենի ափերին, ծածկում են նրան մեր աչքերից: Շուտով երևում է քաղաքը, որ բլուրների ստորոտում ամբողջապես թաղված է այգիների ու պարտեզների մեջ: Մեկ ու կես ժամ է տևում Դիզայից մինչև Զենջան. ժամը 8-ն էր, երբ մտանք քաղաք. մի քանի կեղտոտ փողոցներով և հին ու մին խանութների շուկայով անցնելով՝ իջանք քարվանսարայը: Զենջանը Պարսկաստանի գավառական քաղաքներից մեկն է. 30 000 բնակիչ ունի. նա կենտրոնն է Խամսայի փոքրիկ գավառի, որ քառորդ միլիոն բնակիչ ունի: Հին ժամանակ այս գավառն ուներ հինգ քաղաք, որից և ծագել է իր անունը, ճիշտ ինչպես մեր Խամսայի մելիքությունները՝ հինգ մելիքությանց անունով: Բայց այդ քաղաքներն այժմ չկան: Զենջանը շրջապատված է բազմաթիվ գյուղերով, որոնց բնակիչները չափազանց հարստահարյալ դրության մեջ են. աշխատում, տքնում է գյուղացին, վայելում են անկուշտ ու բռնակալ խաները: Հակառակ իր փոքրության, Զենջանը շատ բանուկ քաղաք է. գտնվելով Ղազվինի ճանապարհի վրա, երթևեկությունը անպակաս է. գյուղացիք շարունակ թափվում են քաղաք՝ ծախելու իրենց զանազան բերքերը և փոխարեն գնելու նորանոր ապրանքներ: Ընդարձակ առևտրական կապեր ունի Ռաշտի, Արդաբիլի, Թեհրանի, Թավրիզի ու Համադանի հետ: Շուկան խճողված է բազմաթիվ փոքր ու կոկիկ խանութներով՝ լիքը ապրանքներով: Զարգացած է հատկապես պղնձագործությունը: Բնակչությունը զուտ մահմեդական է. կան միայն երկու հայ օղեվաճառներ: Այստեղ էր և բժիշկ Փարսադանյանը, որ Բաքվի կռիվների ժամանակ ապաստանել էր Թեհրան և այժմ կազակների վարչության կողմից ուղարկվել էր այստեղ այն ռուս զինվորականի հետ, որ պաշտոն ուներ Զենջանի շրջանից զինվորացուներ հավաքելու: 7 ժամ ամբողջ մնացինք Զենջանում և կեսօրից հետո ճանապարհ ընկանք: Շուտով հասնում ենք մեր կառապանի ընկերոջ, որ փոխադրում է Թավրիզի դատարանի նախագահին՝ իր օգնականով ու ծառաներով: Այնուհետև մենք գնում ենք միասին գրեթե մինչև Թավրիզ: Անցնում ենք Կիզիլ-Ուզեն գետի մոտով, որ գրեթե մեր աչքից չի հեռանում. մեր ճանապարհը բարձրանում, կտրում-անցնում է արտերը, բլուրների միջով, իսկ մեր ձախակողմում փռված են մինչև գետի եզերքը, որի ափին էլ շարված են անվերջ ծառաստաններ ու զանազան մեծ ու փոքր գյուղեր։ Վերջապես աջ կողմից գալիս է մի ընդարձակ գետի չորացած հունը, որից անցնելով, սկսում է մի բարձր դարավանդ. ձիերը դժվարությամբ են քաշում կառքը, ուստի բոլորս էլ իջնում ենք ցած և ոտով սկսում բարձրանալ: Երեկոյին հասնում ենք Ենգիջե, որ մի ծառաշատ ու հովասուն տեղ էր. գյուղը գտնվում էր իջևանի ետևը, որը մենք չէինք տեսնում: Մենք իջևանեցինք ճանապարհի վրա շինված թեյարանի մի սենյակում, փոքրիկ պարտեզի մեջ: Օդը ցուրտ ասելու չափ հով էր, բայց հակառակ դրան, մոծակները մեզ հանգիստ չէին տալիս: Նեղությամբ անցկացրինք գիշերը և մյուս օրը, հինգշաբթի, նորից ճանապարհ ընկանք: Շարունակ անցնում ենք բլուրների ծոցով, գետը մեր աչքից կորչում է. երկու ժամից հասնում ենք Նիքբեյ՝ դադար առնելու մի աննշան իջևանում: Իջևանի դեմը կա մի մեծ աղյուսակերտ քարվանսարայի կիսափուլ շենք, որի ճակատին երևում է մի տող պարսկերեն արձանագրություն: Այս շենքը վերագրվում է Շահ Աբբասին: Պատմում են, որ պարսից այս մեծագործ թագավորը ճանապարհորդների դյուրության համար ամբողջ իր երկրում 999 քարվանսարա է կառուցել. մեծամեծները հարցնում են, թե ինչո՞ւ մեկն էլ չի շինում, որպեսզի հազարը լրանա. պատասխանում է, թե հազարը մի հասարակ թիվ է, հազար կասեն ու կանցնեն, բայց երբ ասեն, թե Շահ Աբբասը ինը հարյուր իննսունինը քարվանսարա է շինել, ա՛յն ժամանակ կզգացվի իր մեծությունը: Մենք մեր ճանապարհորդության ժամանակ մի քանի անգամ պատահեցինք այս աղյուսաշեն իջևաններին. բոլորն էլ ավերակ էին, ողորմելիները ո՛չ միայն չեն կարողացել մի նոր բան արտադրել, այլև հները չեն կարողանում պահպանել: Երկուս ու կես ժամ հանգիստ առնելուց հետո, մեկնում ենք Նիքբեյից. գետը նորից ընկերանում է մեզ. շատ ընդարձակ ու լայն է, բայց ամառ լինելով մեծ մասամբ չորացել է. նրա մեջ մնում են միայն մի քանի օձապտույտ առուներ, որոնք մերթ իրար միանալով ու մերթ իրարից բաժանվելով, կազմում են բազմաթիվ ու բազմազան օղակաձև դարձվածներ: Մեր ճանապարհը անցնում է գետից քիչ վերև բարձրացող բլուրների վրայով, որոնք բոլորն էլ կավահողի փխրուն զանգվածներ են կազմում: Օդը տաք է, ճամփան՝ չոր. իրար ետևից կտրում անցնում ենք բազմաթիվ գետերի չորացած հուները, որոնք աջից գալով շարունակ թափվում են Կիզիլ-Ուզենի մեջ։ Որքա՜ն դժվար պիտի լինի ճամփորդությունը գարնանը, երբ այս բոլոր չոր հուները ջրառատ գետեր պիտի դառնան ու ջրի, ցեխի ու ճահճի անթիվ կույտեր պիտի ձևացնեն: Անցնելով Նյուճյու և Աքմեզար (Սպիտակ շիրիմ) գյուղերից, կեսօրից հետո ժամը 2. 30-ին հասնում ենք Թազաքենդ, անջուր, անպիտան մի տեղ, ուր պիտի գիշերենք: Ուրբաթ օրը սովորական ժամին դուրս եկանք Թազաքենդից, անցանք Սերչեմ կիսավեր գյուղից, հետո Նովրուզապատ, որի բնակիչները ինչ-որ գժտության պատճառով գաղթել էին Ջամալաբադից և հետո հաշտվելով՝ վերադարձել իրենց տեղը, թողնելով գյուղը ավերակ ու անբնակ. վերջապես ժամը 10. 30-ին հասանք Ջամալաբադ, որ թեև բավական մեծ, բայց խեղճ գյուղ էր. տներից շատերը քանդված, ավերակ ու անբնակ էին: Այդ օրը ընդամենը 4 ժամ ճանապարհ էինք գնացել և դեռ կարող էինք նույնչափ էլ գնալ, բայց որովհետև մնացյալ ճանապարհը շատ դժվար էր, կառապանները որոշեցին ամբողջ օրն ու գիշերը մնալ ու ձիերին երկար հանգիստ տալ: Ձիերի հետ հանգստացանք մենք էլ, զբոսնելով ջրի ափին, պարտեզների մեջ և դիտելով մեր դիմացը տարածված սարերը: Քափլան քուհի լեռներն էին սրանք, որ աջից ու ձախից գալով, իրար դեմ էին ելել և առանց համարձակվելու իրար բոլորովին մոտենալ, կանգնել էին դեմ-դեմի՝ կարծես վագրի մի երախ ձևացնելով: Շաբաթ առավոտ, դուրս գալով սովորական ժամին, սկսանք մեր վերելքը. իրար ետևից անցանք լեռների մի քանի շղթաների շարքերը. նրանք սոսկալի բարձրություններ չեն ներկայացնում, բայց որովհետև ճանապարհը զիգզագներ չունի, այլ ուղղակի կտրում անցնում է լեռները, ուստի շատ էլ դժվար է. նա ներկայացնում է վերելքների ու վայրէջքների մի քանի շարք, որոնք ձիերի համար չափազանց դժվար են. բոլորս էլ ոտով ենք գնում վտանգից խուսափելու համար. կառապանները անցնում են ձիերի առաջը և խարազանները նրանց գլխին բռնած, նրանց աչքը վախացնելով, զգույշ կերպով առաջնորդում են լեռների թեք զառիվայրով, շուտ-շուտ քարեր դնելով անիվների տակ, որպեսզի կառքերը գլորվելուց ազատ պահեն: Վերջապես հասանք Քափլան-քուհի ժայռոտ ձորը, որի միջից հոսում է լայնածավալ Կիզիլ Ուզենը. գետը լայն է, բայց ամառ լինելու պատճառով ջուրը քչացել է. գետի վրա գցած է սպիտակ քարե եռակամար բարձր և ամրակուռ մի կամուրջ, որ կոչվում է Փոլ-ի-Դուխտար (Աղջկա կամուրջ): Անցանք այս կամուրջն էլ, և սկսեց սարերի հանդիպակաց շղթան, որը նույն ձևով կտրել անցնելով, իջանք Քափլան-քուհի ստորոտը: Երեք ժամ տևեց այս բոլորը, և ահա մեր առաջ բացվեց Միանեի ընդարձակ հովիտը, որի միջով հոսում են զանազան գետեր ու առուներ. հեռուն փռված են ընդարձակ պարտեզներ ու ծառաստաններ, որոնց ետևում կորած է Միանեն: Անցանք մի վերջին ընդարձակ կամուրջ էլ և մտանք Միանե: Կառապանը մեզ տարավ մի կեղտոտ փլփլած իջևան: Նախորդ օրվա նման, թեև ընդամենը չորս ու կես ժամ ճանապարհ էինք գնացել, բայց որովհետև ձիերը շատ հոգնած էին, կառապանները չուզեցին ավելի առաջ գնալ և որոշեցին գիշերել Միանեում: Մենք դիմեցինք իջևանի դեմը գտնվող Անգլիական-Հնդեվրոպական հեռագրի կայանը, որի կառավարիչը՝ Ֆազլուլլահ Իմանով, սիրով տվավ մեզ վերնահարկի մաքուր սենյակը գիշերելու համար: Մեր ամբողջ ճամփորդության մեջ սրա չափ լավ ու մաքուր տեղ չէինք տեսած: Որչա՜փ տարբերություն կեղտոտ պարսկական և մի եվրոպական հաստատության միջև: Ավելացնեմ և այն, որ պր. Ֆազլուլլահը աշխաբադցի բեհայի էր և բնական էր, որ իր իրանցի ցեղակիցներից ավելի մաքուր ու բարեբարո լիներ: Միանեն, որ իր անունը առել է բազմաթիվ գետերի միջև գտնվելուց, երբեմն եղել է Շակկակիների հարստության մայրաքաղաքը. այսօր 5000 բնակչով մի խեղճ ավան է․ շուկան խղճուկ խանութների մի շարք է ներկայացնում. տները հասարակ, հողաշեն ու անշնորհք, գյուղական տներից ոչ մի զանազանություն չունեն. փողոցները մի-մի աղբանոց են, մարդիկը՝ կեղտոտ. մաքուր հագնված մի մարդ չտեսանք մենք. դիտելու արժանի մի շենք էլ չկա. եղած-չեղածը կապույտ գմբեթով մի հասարակ մզկիթ է, որ բարձրանում է հրապարակի միջավայրում: Բնակիչները բոլորը թուրք են. մի հատ հայ չկա: Միանեն նշանավոր է իր մելեներով: Մելե կոչվածը մի հասարակ միջատ է, մեծ փայտոջիլի նման. գլխին ունի երկու եղջյուրիկ. փայտոջիլի նման բոլորովին տափակ է. գիշեր ժամանակ հարձակվում է մարդկանց վրա և ծծում արյունը: Երկար ծծելուց հետո ուռչում, մութ-կարմիր գնդաձև մի բան է դառնում ու պոկվում գլորվում ցած. եթե այդ միջոցին մեկը ձեռք տա նրան, իսկույն կփխլվի: Խայթած տեղը կսկսի ուռչել և քոր գալ. այնքան քոր կգա, որ մարդ կուզենա եղունգներով կտրատել. միևնույն ժամանակ կսկսի ջերմությունը, որ մի քանի օր կտևի: Տեղացիք նրա խայթոցը դարմանելու համար հրաժարվում են յուղից և նման ուտելիքներից, մեղր շատ են ուտում: Եվրոպական բժիշկները խորհուրդ են տալիս գործածել անուշադրակ, որից օրական երեք անգամ 15-ական կաթիլ պետք է խմել ջրով՝ խայթոցի թունավորումից զգուշանալու համար, իսկ խայթոցից հետո պետք է խայթված տեղերը զօծել անուշադրով: Եթե այս զգուշական միջոցները չգործադրվեն, վերքը կարող է հետզհետե ծանրանալ և, ինչպես ասում են տեղացիք, մինչև անգամ մահացու դառնալ: Մելեի խայթոցը վնասակար է հատկապես օտարական ճամփորդների համար. տեղացիք ավելի վարժ են: Այս պատճառով էլ ճամփորդները աշխատում են չմնալ Միանե կամ գիշերել բացօթյա, որովհետև մելեն բնակվում է սովորաբար հին շենքերի մեջ, փայտերի արանքում: Մելեն գտնվում է ո՛չ միայն Միանեում, այլև ամբողջ ճանապարհին՝ Զենջանից հետո մինչև Հաջի-աղա, ուր դադարում է, բայց նրա գլխավոր կայանը Միանեն է: Կիրակի առավոտ թողնում ենք Միանեն. ճանապարհը այլևս շատ վատ է. կառքը մտնում է Շեխրի չայ գետի հովիտը. մերթ ջրերի միջով, մերթ նրա քարքարոտ հունով ու դարուփոսերով աջ ու ձախ ծռվելով, տապալվելու վտանգի տակ, դանդաղորեն առաջ ենք գնում. երկու կողմ բարձրանում են բարձրաբերձ ժայռերը. երեք ժամից թողնում ենք ձորը և մտնում բլուրների ծոցը: Նախ տեսնում ենք Աղջա ղշլաղ կոչված աննշան ու ամայի գյուղը, որ խղճուկ հողակերտ թումբերի մի շարք է ներկայացնում. ուրիշ գյուղ չկա. Ճամփան անընդհատ ելևէջ է. չոր-չոր լեռների ու լերկ ժայռերի շարքը թվում է անհատնում ու ձանձրալի. մենք բոլորովին մենակ ենք այս ամայի ու անմարդաբնակ լեռներում, ավազակների երկյուղի տակ. մարդկային ոչ մի շնչի չենք պատահում: Վերջապես հեռուն երևում է ծառերի մի պուրակ, նրանց մոտ փայլփլում է ջրաղացի արծաթե ջրվեժը. հասնում ենք Սոմա կոչված գյուղը: Երկու Սոմա կա. փոքր Սոման բլրի ստորոտն է, ուր իջևանեցինք մենք. մեծ Սոման գտնվում է բլրի ետևը, որին մենք չէինք կարող տեսնել: Գյուղից գնեցինք ձմերուկ, մածուն և ջրաղացի առվի մոտ թափելով մեր բեռները, մի քանի ժամ հանգիստ առինք: Ժամը 3:30-ին ճանապարհ ընկանք և մեկ ու կես ժամ գնալով, հասանք Հոջագիաս: Փոքրիկ, աննշան գյուղ էր այս էլ, բայց ուներ գեղեցիկ ծառաստան, ընտիր ջրի գլգլան աղբյուր և մի փոքր խոխոջուն առու. ձախ կողմում բարձրանում է մի մեծ բլուր, որի գլխին կառուցված է մի դիտանոց: Մենք իջանք գյուղապետի մոտ, որ իր տան ամբողջ վերնահարկը (երկու սենյակ) մեր տրամադրության տակ դրավ: Այստեղ, կտուրի վրա, թեյ խմեցինք, թեթև ընթրիք արինք և առվի անուշ խոխոջով, կծու, բայց չոր ցրտին գիշերն անցկացրինք: Երկուշաբթի առավոտ կանուխ վեր կացանք, գյուղում մի ոչխար էին մորթել. կես լիտր գնեցինք մենք էլ 5 ղռանով ու ճանապարհ ընկանք: Հենց գյուղի առաջ տղմուտ ու քարքարուտ մի փոքր բարձրություն կար, որ պիտի անցնեինք. դատավորի կառապանը շատ խակ լինելով, կառքը խրեց ցեխերի մեջ, որից դուրս հանել չէին կարողանում ձիերը. անցվոր գյուղացիներից օգնություն խնդրեցին և վերջապես կարելի եղավ կառքը դուրս բերելով շարունակել ճանապարհը: Մի քիչ էլ առաջանալով, հասնում ենք Թուրքմենչայի աննշան գյուղը, որ նշանավոր է պատմության մեջ 1828-ի դաշնադրությամբ պարսից և ռուսաց միջև։ Թուրքմենչայի առվի վրա ունեցանք մի նոր դժվարություն. պետք է անցնեինք մի քարքարուտ, ցեխոտ բարձրություն. ձիերը չէին կարողանում բարձրացնել դատավորի կառքը. կառապանի բոլոր ջանքերը զուր անցան. դատավորի օգնականը, կեղծավոր դեմքով մի թուրք, օգնություն պահանջեց անցորդ գյուղացիներից, սպառնալով 2 000 թուման տուգանքի տակ դնել Թուրքմենչայը, որովհետև գյուղացիք այսպես վատ էին պահում ճանապարհը: Գյուղացիներից մեկը, որ համարձակ ու փորձված մարդ էր երևում, ականջ անգամ չկախեց նրա սպառնալիքներին և, «Մենք ձեզ պես մարդիկ շատ ենք տեսել» ասելով, հեռացավ: Տեսնելով, որ սպառնալիքը անզոր է, կեղծավոր պաշտոնյան ձեռք առավ շողոքորթությունը. սկսեց փայփայել մի ծերունու, գովելով նրա ղայրաթը և մյուսից անհամեմատ բարձրությունը: Շողոքորթությունը ավելի ազդեց. ծերունին և իր ընկերները գործի անցան, առվի քարերը մաքրեցին, հետո բեռները անձամբ տեղափոխելով՝ թեթևացրին կառքը, որով ձիերը կարողացան հեշտությամբ վեր բարձրանալ: Իսկ մեր կառապանը պետք չուներ այդպիսի օգնության. իր ճարպիկ ձեռքով նա կարողացավ մի անգամից անցկացնել կառքը դժվար բարձրավանդակից: Այստեղ երևաց կեղծավոր պաշտոնյայի մեծ փոքրոգությունը. փոխանակ մի նյութական վարձատրություն տալու գյուղացիներին, համբուրեց ծերունու մորուքը, մաղթեց, որ նա 120 տարի կյանք ունենա և մահվանից հետո Մահմեդի դրախտին արժանանա։— «Ձեզ հետ միասին»,— պատասխանում էր ծերունին, սպասելով նյութական վարձատրության, որ չափազանց չնչին եղավ համեմատած իրենց կատարած աշխատության ու թվին: Ծերունին դիմեց մեզ, և թեև մենք նրանց օգնության բնավ դիմած չէինք, բայց և այնպես վարձատրեցինք և նրան, և մեր ճարպիկ կառապանին: Թուրքմենչայից հետո գալիս ենք Ղարիբ-դոստ (Պանդխտի բարեկամ) մեծ ու ծառաշատ գյուղը. կեսօրին հասնում ենք Կարաչիման (Սև մարգ). մենք գյուղ չենք մտնում, այլ ճամփի վրա գտնված մի արտի մեջ, առվի ափին, բարձր ուռիների հովանու տակ հանգիստ ենք առնում: Այդտեղ արտի միջից փայտի կտորտանքներ ենք հավաքում և խարույկ պատրաստելով, դաշտային խորոված ենք շինում: Ժամը 2-ին նորից ճանապարհ ենք ընկնում և երկու ժամ գնալով՝ հասնում ենք Իմամիե: Գիշերը անց ենք կացնում Իմամիե. երեքշաբթի առավոտ դուրս ենք գալիս գյուղից. մի քանի սիրուն ձորեր անցկենալուց հետո, հասնում ենք Դիքմատաշ (տնկված քար) գյուղը. այստեղ մի քանի րոպե դադար ենք առնում և կրկին առաջ ենք գնում: Ճանապարհը այլևս այնպես վատ չէ, ու մեղմ վայրէջքով գնում ենք: Իրար ետևից հաջորդում են Աշրաֆաբադ և մի քանի ուրիշ գյուղեր: Հորիզոնի վրա երևում է լեռների մի բարձր շարք, որոնց մեջ է Սահանդ նշանավոր սարը: Գագաթի վրա ձյուն չկա դեռ. բայց գագաթից մի քիչ ցածր լեռան ծերպերի մեջ լայն շերտերով սպիտակին է տալիս: Կեսօրին մի ժամ մնացած հասնում ենք Հաջիաղա, որ բավական կոկիկ մի գյուղ է: Մենք դադար ենք առնում գյուղի ընդարձակ ծառաստանում և այդտեղ, այդ բարձրահասակ ուռենիների հովասուն շվաքի տակ ճաշում ու հանգստանում ենք: Կեսօրից երկու ժամ անցած, նորից ճանապարհ ենք ընկնում. լեռների գեղեցիկ ու հոյակապ շղթան մեր ձախակողմն է. այժմ ավելի լավ է որոշվում Սահանդի ամբողջ զանգվածը. մեկ ու կես ժամ ընթանալուց հետո հասնում ենք Կուրի-գյոլ (Չոր լիճ) կոչված լճակը։ Դատավորի կառքը այստեղ կոտրվում է, և ստիպված ենք սպասելու, մինչև որ կոտրածը կարկատեն: Այս առթիվ մենք գնում ենք լճի ափը, որ ճանապարհից 5 րոպե միայն հեռավորություն ունի: Մի փոքր լիճ է. մոտավորապես մի կիլոմետր լայնություն ունի և ավելի երկար է, քան լայն, ջուրը մութ կապույտ է, բայց երեսին պատած է մեծ մասամբ ոսկեգույն-դեղին մամուռ, որ կապույտի գեղեցկությունը խանգարում ու ճահճի տպավորություն է տալիս: Ո՞ւր է Սևանի հստակությունը, պայծառությունը, գեղեցկությունն ու հմայքը: Վայրի թռչունները թառել են ջրերի վրա. գարնան լիճն ավելի է մեծանում և վայրի թռչուններն էլ ավելի են բազմանում. մարդիկ որսում են նրանց և մինչև Թավրիզ տանում, վաճառում: Կառքը նորոգելուց հետո, նորից ճանապարհ ընկանք և մի ժամից հասանք Յուսուֆաբադ, որ մեր գիշերային իջևանը պիտի լիներ: Չորեքշաբթի առավոտ մեկնեցինք Յուսուֆաբադից. շուտով սկսում է Շիբլիի մեծ կիտուկը. մի ահագին վայրէջք է, որ մի ժամ է տևում. ճանապարհին շարունակ հանդիպում ենք էշերի, ձիերի և ուղտերի քարավանների, որ Թավրիզից են գալիս կամ Թավրիզ գնում. քաղաքի մոտավորությունը նկատելի է ո՛չ միայն ճամփորդների շատության, այլև գյուղերի կոկիկության և հարստության մեջ: Իջնելով Շիբլի կիտուկի ստորոտը, հասնում ենք համանուն գյուղը և մի լայն ձոր՝ ընդարձակ ծառաստանով և աջ ու ձախ հոսող քչքչան առուներով. այստեղ է Սեյդաբադ գյուղը. անցնում ենք գյուղի երկար աղյուսաշեն կամուրջը. ձախակողմում մեզ հետ է միշտ Սահանդի լեռների շղթան. վերջապես հասնում ենք Վասբինջ ավանը, որ Թավրիզի նախադուռն է և հեռախոսով կապված է քաղաքի հետ: Մի քանի ժամ հանգիստ առինք Վասբինջում և նորից ճանապարհ ընկանք. շուտով գալիս է Մեմեդավա գյուղը, որ ռուսաց հյուպատոսարանի ամառանոցն է, թուրքերի կարճատև տիրապետության ժամանակ քանդված. հետո Խալաթ-փուշան կոչված ավերակ պալատն է, ուր հին ժամանակ Թավրիզի գահաժառանգները հագնում էին Թեհրանից ուղարկված թագավորական խալաթը: Արդեն երևում է Էյնալ-Զեյնալը, որ Թավրիզի վրա տիրապետող սարն է: Ահա և Թավրիզի այգիները. վերջապես մտնում ենք քաղաք, մեր ճանապարհորդության 13-րդ օրը, օգոստոսի 28-ին: Գրեթե մի ժամ է տևում մինչև հասնում ենք կենտրոնական դպրոցի շենքը, որտեղից ցրվում ենք մեր հին բարեկամների տները: 15 տարի առաջ եղել էի Թավրիզում. Տե՜ր Աստված, որքա՜ն փոփոխություն այդ կարճ ժամանակի մեջ: Ղալայից Լիլավա տանող ճանապարհը, որ մի ամայի աղբանոց էր, այսօր վայելուչ շենքերով, տներով, խանութներով ու հյուրանոցներով զարդարվել, մի փողոց է դարձել։ Աշակերտներս ու աշակերտուհիներս, որոնց թողել էի փոքրիկ ու մատղաշ տարիքի մեջ, այժմ հաղթահասակ պարոններ ու նազելի տիկիններ են դարձել: Եվ այդ տեսարանը որչա՜փ ցավ է ազդում ինձ. ես կարծում էի, թե դեռ չեմ ապրել աշխարհում, նրանք իրենց հաղթ հասակով սպանում են իմ այդ ինքնախաբեությունը. ես ուզում էի սիրել, փայփայել նրանց իբրև հոգու զավակների, բայց ձեռքս առաջ չի գնում: Ստիպված ես մինչև անգամ հոգնակի խոսել քո սեփական զավակների հետ…: Պետք է տեսնել ապրածներին՝ ապրած լինելդ տեսնելու համար: === ԹԱՎՐԻԶԻՑ ՄԱՐԱՂԱ === Մարաղան գտնվում է Թավրիզի ճիշտ հարավային կողմը. երկու քաղաքները բաժանված են իրարից Սահանդ մեծ սարով, որի հյուսիսային կողմն է Թավրիզը, հարավային կողմը՝ Մարաղան: Երկու ճամփա կա Թավրիզից Մարաղա, մեկը լեռնային ճանապարհը, որ 2 պարսկական աղաջ է և մեկ օրվա մեջ Սահանդի վրայով իջնում է Մարաղա, և երկրորդը՝ դաշտային ճանապարհը, որ 12 աղաջ է և Սահանդի բոլորտիքը պտույտ գործելով, երկու օրվա մեջ հասնում է Մարաղա: Առաջինը ձիով միայն կարելի է գնալ և թեև վտանգավոր չէ, բայց դժվար է՝ ձյունապատ լեռան և անկոխ ճանապարհների պատճառով: Սովորական բանուկ ճանապարհը երկրորդն է, որից և անցնում է մեծ պետական փոստը: 1920 թվականի հունիսի 9|22-ի երեքշաբթի առավոտյան ճանապարհ ընկանք Թավրիզից. 25 հոգի հայեր էինք բոլորս, մասամբ աշակերտներ և մի քանի օրիորդներ, բոլորն էլ մարաղացի. մեզ հետ էր նաև թավրիզեցի մի թուրք երիտասարդ, Հասան խան անուն, կաթոլիկների դպրոցի աշակերտ և հայերին վերին աստիճանի մոտիկ, եվրոպականացած մեկը: Մենք վարձել էինք հինգ երկանիվ սայլ (դաչկա), որոնց յուրաքանչյուրի վրա նստել էր 5 հոգի. վճարքն էր մարդագլուխ 12 ղռան, առանց հաշվելու բեռները: Մեր կառապաններն էին երկու հայ, երկու ասորի և մի թուրք, բոլորն էլ Սալմաստի գաղթականներից: Արշալույս էր, երբ վեր կացանք. բայց մինչև կառապանները տեսան իրենց պատրաստությունը, մինչև վերջացավ ոստիկանական անխուսափելի խուզարկությունը, արևն արդեն վաղուց էր բարձրացել: Մեր հավաքատեղին էր քաղաքի հյուսիսային-արևմտյան կողմը, կաթոլիկական եկեղեցուց ցած, թուրքերի գերեզմանատան առաջ: Վերջապես շարժվում են կառքերը: Անցնելով արևմտյան թաղերից, Շեհրը-Նովից և քաղաքը շրջապատող այգիների մանվածապատ միջոցներից, դուրս ենք գալիս բաց դաշտը: Դաշտը լայն է, բայց ճանապարհը փոշոտ և անխնամ. այնուամենայնիվ նոր ճանապարհ գնալու հաճույքը մոռացնել է տալիս մեզ թե՛ մեր խղճուկ կառքի ցնցումները և թե՛ ճանապարհի փոշին: Շուտով հասնում ենք Լալա գյուղը, որ Թավրիզի հարավ-արևմտյան կողմն է և համարվում է Թավրիզի զբոսասեր հասարակության համար մոտիկ ճամփորդության մի վայր: Մենք չենք մտնում գյուղը, որ այգիների մեջ թաղված մնում է ճամփի ձախ կողմը, այնուհետև գալիս է Ռավասան մեծ գյուղը, որ նույնպես թողնում ենք մեր աջում և վերջապես հասնում ենք Սարդարի, մեր առաջին իջևանը: Առատ ջրով, բավական ճոխ բուսականությամբ միջակ մեծությամբ մի գյուղ էր Սարդարին. մենք անցանք ուղղակի նրա շուկայի միջով, որ, համեմատած գյուղի փոքրության հետ, իր խանութների թվով և ապրանքների առատությամբ կարելի էր բավական մեծ համարել: Կառքերը կանգ առան շուկայի ծայրը գտնված փոքրիկ հրապարակում, մզկիթի և գերեզմանատան առաջ: Այդտեղ ձիերին դադար տվինք. ճամփորդներից ոմանք թեյ խմեցին և երկու ժամից նորից ճանապարհ ընկանք: Հազիվ դուրս էինք եկել Սարդարիից, այգիների առաջ մեր դեմը դուրս եկան երկու կարասորան. այդպես են կոչվում ճանապարհների ապահովության վրա հսկող զինվորները: Նրանք կտրելով մեր առաջը, պահանջեցին մեզանից մի նվեր, հակառակ դեպքում սպառնալով խուզարկել մեր կառքերը՝ զենք փնտրելու համար: Մենք չուզեցինք խնդիրը երկարել, տվինք 2 ղռան և զինվորները գոհ սրտով հեռացան: Շարունակում ենք մեր ճանապարհը դեպի արևմուտք. հանդիպում ենք մի մեծ բերդապատ շենքի. դա Յանըղ կոչված քարվանսարան է, որի մեջ ոչ ոք չկա. մենք կանգ չենք առնում այդտեղ և արագ քշելով մեր ձիերը, կեսօրին հասնում ենք Յըլխըչի: Յըլխըչին մի փոքր գյուղ է, նույնպես այգևետ և ծառաշատ. բնակիչները մեծ մասամբ գյորան են, ինչպես ասում էին: Մենք իջանք ճանապարհի վրա գտնված մի բավական մեծ քարվանսարա, ուր պիտի ճաշեինք և ձիերին կեր տայինք: Իջևանապետը հենց գյորան էր, բայց երբ հարցրի իր դավանության մասին, ծածկեց և ասաց, որ գյորան և մահմեդական միևնույնն է. գյորանները տարբերվում են մահմեդականներից միայն նրանով, որ գինի և օղի խմում են: Նա իհարկե երկյուղ էր կրում մոտի մահմեդականներից և հրավիրում էր ինձ գիշերել իջևանում, խոստանալով, որ մանրամասնությունները այն ժամանակ կհայտնի: Ճաշից հետո մենք պատրաստվեցինք դուրս գալ իջևանից. երկու գազանաբարո կարասորան մուտքը փակեցին և պահանջեցին մեզանից 3 թուման նվեր: Մենք մերժեցինք. մեր ընկերներից երկուսը, որ հեծանիվով ընկերանում էին մեզ, պատրաստվեցին գնալ Սարդարի և այնտեղից հեռախոսել Թավրիզ՝ բողոքելու նրանց ապօրինության դեմ: Մեր այդ սպառնալիքը ո՛չ մի ազդեցություն չունեցավ նրանց վրա և երկար բանակցություններից ու վիճաբանություններից հետո, վերջապես մերոնք ստիպվեցին վճարել 5 ղռան և ազատվեցինք: Յըլխըչիից դուրս գալով, մենք թեքվում ենք դեպի հարավ. մեր առաջն է բացվում Գյովգյանի ընդարձակ դաշտը, որ փռված է Ուրմիայի ծովի արևելյան ափին: Գարնան ժամանակ, երբ ջրերը վարարում են, այս դաշտը ճախճախուտ մի վայր է դառնում և ձևացնում Ուրմիայի լճի մի մասը. ավելի արևմուտք գտնված ծովեզրյա բարձրությունն էլ ծովից և այս ջրերից շրջապատված, դառնում է կղզի և կոչվում Շահի: Այժմ ջրերը բոլորովին քաշվել են, դաշտը չոր է, բայց տեղ-տեղ երևում են աղի շերտերը, որ ծովը թողել է: Մենք չենք տեսնում ծովը, նա մեզանից շատ հեռու է, մենք իջնում ենք նրան զուգահեռաբար, իսկ հեռվից երևում է մեզ ծովի հանդիպակաց սարերի կապտորակ ծիրը, մինչ ձախ կողմում, մեզ ավելի մոտիկ, բարձրանում են Սահանդի բարձունքները, ոմանք ձյունապատ, ոմանք՝ կանաչազարդ: Օդը հետզհետե հովանում է, քանի արևը թեքվում է դեպի Ուրմիայի ծովը. հարթ ճանապարհը մեզ թույլ է տալիս արագ քշելու մեր ձիերը. անցնում ենք Մամաղան ավանի առաջով, որ նույնպես թողնում ենք մեր ձախ կողմը և դիմում ենք դեպի Գյովգյան, ուր պիտի իջևանենք գիշերը: Շատ չէր մնացել Գյովգյանին. նրա այգիները արդեն երևում էին մեզ հեռվում, դաշտի հարավային ծայրում, երբ ճանապարհի աջ կողքին շինված սրճարանից մի կարասորան դուրս եկավ մեր առաջ: Նա առաջարկեց մեզ իջնել և թեյ անուշ անել։ Երբ մենք հայտնեցինք, որ արդեն թեյ խմել ենք, այն ժամանակ նա խնդրեց իր էնամը (նվեր): Մեր ասորի կառապանը հակառակվեց, թե ինչ էնամ է դա և ի՛նչ իրավունքով նա մեզանից փող է պահանջում: Սալմաստեցի հայ կառապանը մյուս կառքից իջավ ցած և գործը քաղցրությամբ վերջացնելու համար 2 ղռան դրավ նրա ձեռքը: Կարասորանը մերժեց և պահանջեց 5 թուման, այն է՝ յուրաքանչյուր սայլից մի թուման: Այս խոշոր պահանջի առաջ շշմեցին սայլապանները և առաջարկեցին կարասորանին գնալ Գյովգյան և այնտեղ ստանալ իր պահանջը՝ օրինական ճանապարհով, եթե իրավունք ունի: Կարասորանը մերժեց. մենք էլ մերժեցինք փողը վճարել և 5 սայլերը բաց դաշտի մեջ զանազան ուղղությամբ սկսան առաջ վազել՝ փախչելու համար լիրբ կարասորանի ձեռքից: Կարասորանը սկսեց վազել այս ու այն կողմ և մտրակով հարվածելով մեկ այս և մեկ այն ձին, աշխատում էր սայլերի առաջը կտրել։ Սայլապանները զայրանալով կարասորանի այս վարմունքի վրա, կանգնեցրին ձիերը, սայլերից իջան և թափվեցին նրա վրա կռվի: Կարասորանը բորբոքված պահանջեց այժմ 9 թուման, 5 իբր էնամ և 4 էլ այս ու այն կողմ վազվզելուն իբր վարձ, և քաշեց հրացանը մեր վրա՝ խփելու համար. բարձրացավ աղմուկ. աղջիկներն սկսեցին ճչալ ու լաց լինել: Սալմաստեցի հայ սայլապանը, որի անունը Համբարձում էր, մոտեցավ կարասորանին, բռունցքը բարձրացրեց նրա գլխին, խլեց նրա ձեռքից հրացանը, որի կոթը կոտրվեց ընկավ, իսկ կարասորանը թողեց ու փախավ: Ընդհանուր ծիծաղի և ուրախության մեջ, նորից հեծանք սայլերը և քշեցինք դեպի Գյովգյան: Արևը մայր էր մտնում, երբ բազմաթիվ այգիների և ծառաստանների հովանու տակից անցնելով, մտանք այդ ավանը: Բոլորս միասին թափվեցինք մի թեյատան կտուրը, որ վարձեցինք 6 ղռանով, և թեյ պատրաստելով ու ընթրիք անելով, մոծակների բազմության մեջ աշխատեցինք քնել: Գյովգյանը մի մեծ գյուղ է. նա գտնվում է Թավրիզի և Մարաղայի գրեթե մեջտեղում, 10 աղաջ հեռավորություն ունի Թավրիզից և 8 աղաջ՝ Մարաղայից, բայց որովհետև Թավրիզից մինչև այստեղ ճանապարհը ավելի հարթ է, քան մինչև Մարաղա, ուստի համարվում է կեսը և բոլոր ճանապարհորդները, ինչպես և փոստը, թե՛ գնալիս և թե՛ գալիս գիշերում են այստեղ: Նա ունի մի բավական ընդարձակ շուկա, ուր գնում են ամեն տեսակի պտուղներ, հաց, պանիր և այլ մթերքներ: Նշանավոր են հատկապես Գյովգյանի փարչերը, որոնք տեղական հողից են պատրաստվում, տեսակ-տեսակ նախշերով զարդարված և որոնք ջուրը սառը պահելու հատկությունն ունեն: Չորեքշաբթի առավոտ, հունիսի 10-ին, շատ շուտ վեր կացանք և ճանապարհ ընկանք: Գյովգյանից դուրս գալով, մտնում ենք Աժդահա դերեսի (Վիշապաձոր) կոչված քարքարուտ ձորը, որը ճանապարհի ամենից դժվար և վտանգավոր մասն է համարվում: Երկու կողմ բարձրանում են բարձրաբերձ ժայռեր, որոնցից մեկն իբր թե վիշապի ձևն ունի, որից և ձորը իր անունն է ստացել։ Բայց այդ ժայռերը, հակառակ իրենց անվան, չունեն ո՛չ այն վեհությունը և ո՛չ այն ահավորությունը, որ ենթադրում էին: Շատ վատ է միայն ճանապարհը, դարուփոս, ճահճոտ, քարքարոտ: Այդտեղ սայլերից մեկը շուռ եկավ, բարեբախտաբար միջին ոչ ոք չկար, ճամփորդները այդ միջոցին ոտով էին գնում: Եվ ահա այդ րոպեին, այդ անտանելի ճանապարհի վրա մի թուրք կանգնեցրեց ձիերը ու պահանջեց դրամ, որովհետև ինքն է եղել, որ ճանապարհները այսպես հարթում կանոնավորում է…: Սայլապանը ծիծաղեց վրան և վռնդեց: Մեր ամբողջ աջը պատող բարձրաբերձ բլուրներից բարձրանալով, վերջապես հասնում ենք շղթայի գագաթը. այստեղ բացվում է մեր առաջ մի գրավիչ տեսարան. աջ կողմում, մի քանի վերստ հեռավորության վրա, երևում է Ուրմիայի ծովը, կապույտ եզերագծով: Մենք չենք տեսնում նրան իր ամբողջության մեջ, որովհետև մի կողմից ցամաքի բարձրությունները և մյուս կողմից նրա մեջի լեռները խանգարում են տեսարանը: Մի քիչ հետո լեռները բոլորովին ծածկում են նրան, բայց հետո ավելի լայն և ավելի ընդարձակ բացվում է նա և այդպես էլ մնում գրեթե ամբողջ ճանապարհի ընթացքում: Ձախ կողմում, բլուրների ետև, ծածկված է նշանավոր Դուխարղանը, որ առաջ հայաբնակ գյուղ էր և ուր մնում էին դեռ հայոց ավերակ եկեղեցիները. այնուհետև հայերը թողել են այն և գաղթել Կովկաս և այլուր: Մենք անցնում ենք մի խումբ գյուղեր, ինչպես Իշգյա-սու, Շերամին, Խանեյա, որոնցից ոչ մեկի մեջ չենք կանգնում. վերջապես գալիս ենք Կարգա-բազար, ուր տալիս ենք կեսօրվա դադարը: Կարգա-բազար գյուղը գտնվում է ձախակողմյան բլուրների ետևը. ճանապարհի վրա մի թեյարան կա միայն, որի դեմ մի ընդարձակ այգի կար, պտղատու ծառերով. դիմացը բացվում է ծովի ընդարձակ տեսարանը: Նստեցինք այս պարտեզում, ճաշեցինք և մի քանի ժամ հանգստանալուց հետո, կեսօրից բավական անց, նորից ճանապարհ ընկանք: Հիմա անցնում ենք Դիզալի գավառը, որի վրա ցանված են միմյանց մոտ բազմաթիվ գյուղեր, ինչպես Չոբանքյարա, Աղջաբա, Դանալու, Փեհրավա (որ նախապես հայաբնակ էր) և, վերջապես Թազաքենդ: Ամբողջ ճանապարհին մեզ հետ է ծովը, հետզհետե ավելի մեծ ու ընդարձակ. դիմացը երևում են Ուլնիի և հարավում Սոուղբուլաղի լեռները: Ճանապարհին շարունակ գտնում ենք ռուսաց թողած հետքերը, տեղ-տեղ հարթած կոկած ճանապարհներ, առուների վրա ձգած փայտյա կոկիկ կամուրջներ, ճամփի վրա ցանելու համար պատրաստված խիճերի դեզեր, բայց այս բոլորը անխնամ թողած: Թուրքերը չեն իմանում ո՛չ միայն շինել, այլև եղածը պահել. և ահա կամուրջները քանդվում են, հենց իրենք թուրքերը գերանները հանում վառում են. պատրաստ խիճերը փռող էլ չկա, ճամփի փոսերը հետզհետե միանում են և լցնող էլ չկա: Թազաքենդը միջակ մի գյուղ էր, բայց ամբողջապես ավերակ. երկու խանութ միայն կա այստեղ: Խանութպաններն ասացին, որ կռվի ժամանակ է քանդվել այն, բնակիչներից մի մասը կոտորվել, մնացյալը փախել են շրջակա գյուղերը: Այս գյուղում գտանք 40 ոտք խորությամբ, բայց փչացած աստիճաններով մի ջրհոր, որի ջուրը սառն ու բարեհամ էր: Թազաքենդից անցնելով, երեկոյան դեմ գալիս ենք Խանիան, համանուն գետի եզերքին, որի վրա երեք կամարով քարաշեն մի կամուրջ կար. գյուղը ուներ ընդարձակ ծառաստան, այգիներ և առատ ջուր. բայց հակառակ այս բոլորին, գյուղը աղքատ է, ժողովուրդը այնքան ծույլ է, որ ոչինչ չի անում. տները նման են աղբանոցի. ոչ մի բան չկա գնելու համար: Սայլապանները նախապես որոշել էին մնալ այս գյուղում, բայց որովհետև ոչինչ չկար, որոշեցինք անցնել հաջորդ գյուղը: Գետի առաջ մի ընդարձակ ծառաստան էր. այստեղ մի քիչ հանգիստ առինք և երեկոյան հովին նորից սկսեցինք առաջանալ: Անցնում ենք Քյուլթափա գյուղի բազմաթիվ այգիների առաջով և քիչ հետո գալիս Խդըրլը: Այս գյուղն էլ ճանապարհի վրա չէ: Գյուղը թաղված է աջ կողմում, քիչ հեռու փռված ծառաստանի մեջ. ճանապարհի վրա մի ընդարձակ իջևան կա միայն, ուր իջանք մենք էլ և մոծակներից ազատագրվելու համար, բարձրանալով մինչև կտուրը՝ ընկանք մեր անկողինների վրա: Գեղեցիկ գիշեր էր. բոլորակ լուսին կար, որ լուսավորում էր ամբողջ դաշտը. ցուրտ քամին փչում էր ու ախորժելի սոսափյունով անցնում գյուղի ընդարձակ ծառաստանի միջով. ավելի հեռու Ուրմիայի ծովն էր, որ ամբողջ հորիզոնը բռնել էր և լուսնի ցոլքերի տակ ոսկեզօծ փայլուն մի ժապավեն էր ձևացնում: Առավոտը, հունիսի 11, հինգշաբթի, դուրս եկանք Խըդըրլըից. ծովին զուգահեռաբար ուղիղ իջնում ենք դեպի հարավ ճանապարհը այլևս չունի հետաքրքրություն. ծովը հետզհետե մոտենում է, բայց մեր և նրա միջև կա մի ընդարձակ տարածություն ճահճի և աղուտ վայրի. գարնան, երբ ջրերը վարարում են, այս ամբողջ տարածությունը լցվում է և ծովը հասնում է մինչև ճանապարհը: Ամառը նորից հետ է քաշվում: Մեկ-երկու ժամից հասնում ենք Ռևուշ գյուղը, որ առաջ հայաբնակ է եղել: Այստեղ հանկարծ ծռվում ենք և դառնում դեպի արևելք: Ռևուշի առաջ մի իջևան կար, ուր ձիերին մի քիչ դադար ենք տալիս: Իջևանի մոտիկ գտնվում են այգիներ և մի ջրաղաց, որի առատ ջուրը սահանք կազմած խոխոջալով թափվում է ցած: Այդ ջրվեժի առաջ նստում ենք մենք էլ և մի թեթև նախաճաշ անելուց հետո, նորից ճանապարհ ենք ընկնում։ Քանի առաջ ենք գնում, այնքան հեռանում ենք ծովից: Ճանապարհը զվարճալի է. երկու կողմ շվաք են անում ծառերն ու այգիները. բացվում է Սահանդի ընդարձակ տեսարանը. ստորոտում, աջ ու ձախ փռված են գյուղերը. բարձրանում ենք մի բլուր, որտեղից վերջին անգամ երևում է ծովը իր ամբողջ փայլով. սարերը կտրում են նրա առաջը և այլևս ծածկվում է նա մեզանից: Մի փոքր ևս և ահա հանդիպակաց բլրի բարձունքին, սև կետերի նման, երևում են մի խումբ երիտասարդներ, տղա ու աղջիկ, որոնք գալիս են մեզ դիմավորելու: Հասնում ենք իրար. ազգականներ ու բարեկամներ գրկախառնվում են իրար, և այնուհետև հետիոտն բարձրանում ենք բլուրը: Այստեղ բացվում է նոր և զվարճալի տեսարան․ Սահանդի աջ կողմում ամբողջ ընդարձակ ձորի մեջ փռված է Մարաղան, ինչպես մի լայնատարած ծառաստան: Սոֆի գետը, զանազան ճյուղերով, կտրում անցնում է նրա միջով. նրա ուժեղ խոխոջը արդեն լցնում է մեր ականջը: Կանգնում ենք այստեղ և մի լայն շունչ քաշում մի րոպեում մոռացության անդունդն են գնում բոլոր նեղությունները, որ կրեցինք ճանապարհին: Ահա մտանք քաղաքի այգիները. անցնում ենք Սոֆի գետի կամրջով, որից քիչ հետո բերդի մեծ դռնով մտնում ենք քաղաք: === ՄԱՐԱՂԱ === Մարաղան հին Մարաստանի քաղաքներից է, և իր անունն էլ թերևս մարական ծագում ունի: Թաթարական տիրապետության ժամանակ նա եղել է մայրաքաղաք, միևնույն ժամանակ կարևոր քրիստոնեական կենտրոն. այստեղ կար ասորի քրիստոնյաների հոծ բազմություն, և այստեղ էր նստում նրանց կաթողիկոսը: 1293 —1294 թվականին, երբ մեր Հեթում թագավորը գնում էր Թաթարիստան՝ Ղազան խանին, անցավ Մարաղայով. նույն ժամանակ թաթարները ասորիների դեմ թշնամացել և նրանց կաթողիկոսին բանտարկել էին. Հեթումը բարեխոսեց խանի առաջ, կաթողիկոսին ազատեց և քրիստոնյաների վիճակը թեթևացրեց: 1316 թվականին Հովհաննես ԻԲ պապի կողմից Ատրպատական քարոզչության ուղարկվելով, Բարթուղիմեոս Բոլոնիացի լատին եպիսկոպոսը նստավ Մարաղա, ուր հիմնեց վանք և հավաքեց բազմաթիվ հայ աշակերտներ: Այսպես կազմվեց Մարաղայի հայ-կաթոլիկ համայնքը: Պարսկական իշխանության ժամանակ Մարաղան հետզհետե ընկավ և հասավ այն երկրորդական աստիճանին, որի մեջ գտնվում է այժմ: Այսօր Մարաղան 25 000 բնակչով մի քաղաք է. բնակչության ամենամեծ մասը թուրք է. բացի սրանից կան սակավաթիվ հրեաներ, քրդեր և հայեր: Հայերը 200 տուն են. նախկին հայ կաթոլիկների, ինչպես և ասորիների ստվար բազմությունը մահմեդական դարձել ու ջնջվել է. ըստ այսմ տեղական թուրքերի մի խոշոր մասը հին քրիստոնյաների սերունդ է, և այս պատճառով էլ նրանք տարբերվում են Ատրպատականի մյուս վայրերի թուրքերից՝ իրենց մեղմ ու հանդարտ բնավորությամբ: Ասացինք, որ հայերն այժմ 200 տուն են. անցյալ դարում նրանք շատ ավելի էին. քրդական արշավանքներից նեղված, նրանցից 700 տուն գաղթել է Կովկաս՝ 1828-ի պարսկահայ մեծ գաղթի ժամանակ. շրջակայքում գտնված մի խումբ հայ գյուղերն էլ դատարկվել և այժմ ամբողջապես թրքաբնակ են դարձել: Այսպես են Խանիան, Շուշավա, Ռևուշ, Դյոշ, Սըրըջ, Բինար, Փեհրավա, Կըջըլը, Կալաջուղ, Խոջամիր և Թաղիաբադ: Մարաղայում հայերը բնակվում են խմբված մի թաղում, որ ընդամենը չորս կարճ փողոցից է կազմված և գտնվում է բերդի դռան անմիջապես կից: Գլխավոր փողոցը կոչվում է Գիլասլըխ (Կեռասենիների փողոց): Ունեն մի եկեղեցի, որ իր հողե պատերով շատ ողբալի տպավորություն է գործում մարդու վրա. հիմնարկության թվականը հայտնի չէ. ճակատի վրա կա միայն 1850 թվականից մի արձանագրություն: Եկեղեցուց ավելի լավ է աղյուսակերտ բարձր դպրոցը, որ ունի թատերասրահ և գրադարան. բայց ներքուստ քայքայված և խեղճ վիճակի մեջ է. դպրոցը այժմ փակ է և ծառայում է միայն ասորի գաղթականներին իբր բնակավայր: Մարաղան ջրառատ, ծառաշատ ու օդավետ մի տեղ է. Սոֆի գետը, որ մեր Հրազդանից ավելի լայն է և ջրառատ, մատակարարում է առատ ջուր. թուրքերը խմելու էլ են գործածում այդ ջուրը, բայց հայերը, որ ինչպես ամեն տեղ, նույնպես և այստեղ, չեն սիրում խմել գետի ջուր, իրենց տների մեջ փորել են ջրհորներ և իրենց բոլոր պետքերը նրանցից են հոգում. հորերը խոր չեն և սառն ու համեղ ջուր ունեն: Առհասարակ Մարաղայի օդը տաք են համարում, բայց իմ այնտեղ եղած ժամանակ շատ հով էր, գիշերները մինչև իսկ ցուրտ: Ջրի առատության և օդի տաքության պատճառով բուսականությունը ճոխ է. տների կողքին և բերդի դռնից անմիջապես դուրս կան բազմաթիվ այգիներ և ծառաստաններ: Մարաղան արտադրում է ընտիր չամիչ, ընկույզ, ծիրանի չիր, դեղձի և սալորի չիր, շարոց, մաթ, յուղ, մեղր, պանիր և այլն: Այս բոլորը արտահանության նյութ են ծառայում: Հարգի են հատկապես Մարաղայի ատաղձը, օճառը և ընկույզը: Հայերից շատերը պարապում են փայտի և ատաղձի առևտրով: Ընկույզը լինում է շատ մեծ, սպիտակ և նուրբ, այնպես որ մինչև անգամ մատների թեթև սեղմումով կարելի է կոտրել: Օճառը պատրաստում են մի տեսակ կարմրավուն հողով, որ Ուրմիայի լճի ափերից են բերում. սրանով պատրաստված օճառը շատ հարգի է և գնում է մինչև Թավրիզ և այլուր: Մարաղայի շուրջը կան մի խումբ հետաքրքրական և հնագիտական վայրեր. այստեղ է Հուլաղուի ենթադրյալ գերեզմանը, թաթարական աստղաբաշխական մի դիտարան, ասորական շրջանից մնացած ավերակ վանքեր, քարայրների մեջ ճգնարաններ և այլն. մի քանի տարի առաջ գտնվել է մի մեծ մամոնտ, որի կմախքը ամերիկացիք 25 սնդուկի մեջ դարսելով, տարել են Ամերիկա: Քաղաքից մոտ մի ժամ հեռավորության վրա կա հռչակավոր Շոռ-ջուրը, որ մի տեսակ հանքային ջուր է, ժայռերից բխած. տեղացիք նրա վրա մի ավազան են շինել, ուր կիրակի և տոն օրերը գնում են լողանալու, ջրից խմելու և զբոսնելու: Ոչ ոք չի մտածում շահագործել այդ առատ ջուրը և նա բոլորովին զուր կորչում է: Շոռ-ջուրից դուրս կա և Սարի-սու (Դեղին ջուր), որ թվում է, թե ծծմբային աղբյուր է և նույնպես ծառայում է իբրև զբոսավայր: Բացի այգիներից և վերոհիշյալ զբոսավայրերից, Մարաղան ուրիշ դիտելու արժանի տեղեր չունի. քաղաքը պարսկական ճաշակով շինված, անշուք մի բան է. տները թեև սովորաբար միահարկ են, բայց կան և մի քանի կրկնահարկ շենքեր. սրանք տարբերվում են Թավրիզի շենքերից նրանով, որ շինված են կարմիր աղյուսով, ինչ որ տալիս է իրենց որոշ գեղեցկություն. մինչդեռ Թավրիզի աղյուսը հողի գույն ունի և շատ անշնորհք է: Մարաղայի մեջտեղում կա մի բավական մեծ հրապարակ, որ նաև իբր վաճառանոց է գործածվում: Շուկան Թավրիզի ոճով ծածկված է, բայց հասարակ գերաններով ու տախտակով. խանութները խեղճ ու անշուք են: 6 օր մնացի Մարաղայում. հունիսի 17-ին, չորեքշաբթի առավոտ, դուրս եկա փոստով. այս անգամ 3 ընկեր միայն ունեի՝ մի քուրդ, մի թուրք և մի հրեա: Ճանապարհի գինն էր 36 ղռան, բայց սակարկությամբ ինձանից առան 32 ղռան: Այս անգամ կարասորանները չհամարձակվեցին նեղել մեզ: Հինգշաբթի կեսօրին արդեն Թավրիզումն էինք: == ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԾԵՐ == Ծնվել եմ 1876 թվականին Պոլսում. հայրս հասարակ կոշկակար էր. նախնական և միջնակարգ կրթությունս ստացել եմ Պոլսում, ուր ավարտել եմ 1893 թվականին: Ուսուցիչ եմ ունեցել արևմտահայոց լավագույն մտավոր գործիչներից՝ Պարոնյան, Տեմիրճիպաշյան, Մինաս Չերազ, Մելքոն Կյուրճյան, Թովմաս Թերզայան, Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյան, Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, իսկ գրաբար հայերենի և մատենագրության պատմության համար՝ նշանավոր հայագետ Գարագաշյանը: Երկու տարի ուսուցչությամբ պարապելուց հետո, գնացի Փարիզ (1895 թ.), ուր հետևեցի լեզվաբանական գիտությանց՝ Սորբոնում, «Կոլեժ դը Ֆրանս»-ում և Արևելյան կենդանի լեզուների դպրոցում: Իմ ուսուցիչներն եղան այս շրջանում. Ա. Մեյե (զենդերեն, համեմատական քերականություն հայերենի, համեմատական քերականություն հունարենի). Ս. Լևի (սանսկրիտ)․ Լ. Ֆինո (սանսկրիտ). Մասպերո (եգիպտաբանություն). Օպերտ (բևեռագրություն ասորեստանցոց). Շեյլ (խալդյան բևեռագրություն). Բլոշե (պահլավերեն). Մ. Բրեալ (իմաստաբանություն). Ռուսլո (փորձառական ձայնաբանություն). Պ. Պասի (ձայնաբանություն). Դեռենբուրգ (արաբերեն): 1898 թվականին ավարտեցի ուսումս Փարիզում և հայագետ Հյուբշմանի հրավերով գնացի Ստրասբուրգ, լսելու համար իր մոտ հայերենի ձայնաբանությունը: Այդ թվականի ամառը դարձա Կովկաս և սկսեցի պարապել ուսուցչությամբ: Նպատակ ունենալով ուսումնասիրել բոլոր հայ բարբառները առ տեղյավն, բայց նյութական միջոցներից զուրկ լինելով, որոշեցի շարունակ փոխել պաշտոնավայրս: Պաշտոնավարել եմ Էջմիածնի Ճեմարանում (4 տարի, այս միջոցին քննել եմ մատենադարանի 4 000 ձեռագրերը), Շուշի (2 տարի), Թավրիզ (2 տարի), Նոր-Բայազետ (1 տարի. ճամփորդեցի շրջանի բոլոր գյուղերը և բոլորից էլ վերցրի բարբառային նմուշներ), Նոր-Նախիջևան (12 տարի), Թեհրան (1 տարի), Թավրիզ (4 տարի): Դասավանդել եմ հայերեն (գրաբար), հին մատենագրության պատմություն, նոր գրականության պատմություն (որի համար կազմել եմ առաջին հայ ձեռնարկը), հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, ֆրանսերեն, թուրքերեն: 1923 թվականին հրավիրվեցի Թավրիզից Երևան, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը, դասախոսելու համար պետական համալսարանում, ուր և մնում եմ մինչև այսօր: Դասախոսել եմ հայերեն (գրաբար), ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, լեզվաբանության ներածություն, համեմատական քերականություն, արևելյան լեզուների պատմություն և Արևելքի պատմություն, հայ բարբառագիտություն և հայոց լեզվի պատմություն: Սրանցից մի քանիսի համար կազմել եմ հատուկ ձեռնարկներ: Հասցրել եմ հազարավոր աշակերտներ և ուսանողներ, զանազան երկրներում (Տաճկաստան, Հայաստան և Կովկաս, Ռուսաստան և Պարսկաստան): Նրանց մեջ կան բազմաթիվ ուսուցիչներ, գրողներ, ասպիրանտներ, դոցենտներ, համալսարանի դասախոսներ և մի դոկտոր-պրոֆեսոր: 1930 թվականին Սորբոնից հրավիրվեցի իբրև համալսարանի դիրեկտորի օգնական, բայց ես չուզեցի հեռանալ Հայաստանից: 1937 թվականին գործուղվել եմ Նուխի Վարդաշեն՝ ուսումնասիրելու համար ուտիերենի և խալդերենի կապակցության հարցը: == ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐ == 1. Եվրոպական փոխառյալ բառեր (հայերեն և իտալերեն). 2. Հայ լեզվաբանական մատենագիտություն. 3. Հավաքածո պոլսահայ ֆոլկլորի. 4. Հայ գաղութների պատմություն. 5. Հայոց պատմություն հյուսված ընդհանուր պատմության հետ. 6. Մ. Մեսրոպ և հայոց գրերի պատմությունը. 7. Կարապետ Արևելցի. 8. Քննություն Կիլիկիո բարբառի. 9. Լիակատար քերականություն հայոց լեզվի. 10. Հայարձան (ժողովածու հայոց բոլոր արձանագրությունների). 11. Մանր երկեր. 12. Քննություն հունգարահայ բարբառի. 13. Քննություն Համշենի բարբառի. 14. Քննություն Վանա բարբառի. 15. Արևելքի պատմություն. 16. Պատմություն արևելյան լեզուների. 17. Պատկեր հին հայ մատենագրության, Ե—ԺԴ դար. 18. Սաադիի Գուլիստանը (թարգմանություն). 19. Իմ ձայնի քննությունը, կատարված Փարիզում 1898 թվականին Ռուսլոյի լաբորատորիայում. մինչև այժմ անտիպ՝ միջոցների բացակայության պատճառով: 20. Հոդվածներ 110 հատ, հրատարակված զանազան հանդեսներում («Հանդես ամսօրյա», «Բազմավէպ», «Բանասեր», «Արարատ», «Mémoires de la Société de linguistique de Paris», «Revue critique», «Sprachwissenschaftliche Abhandlungen», «Zeitschrift der Armenischen Philologie», «Известия Академии наук»): 1 Հանձնված է տպագրության:— Խմբ.: 2 Լույս են տեսել 6 հատորները և տպագրության է հանձնված հաջորդ՝ յոթերորդը (հերթական №-ը՝ 6):— Խմբ.: == ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ == 1. Լազերը անգրագետ ժողովուրդ էին, նրանց լեզուն ուսումնասիրված չէր: 1893 թվականին, երբ դեռ 17 տարեկան էի, ես մտա նրանց մեջ, կազմեցի նրանց լեզվի բառարանը, համեմատական քերականությունը, հավաքեցի երգեր և խոսակցության նմուշներ և կազմեցի առաջին լազերեն ձեռնարկը, որ և ֆրանսերեն թարգմանելով հրատարակեցի Փարիզում, «Mémoires de la Société de linguistique» ուսումնաթերթի X հատորում: Սրա վրա ես ընտրվեցի անդամ նույն գիտական ընկերության (1897 թ.): 2. Իմ անձնական սուղ միջոցներով ճանապարհորդելով Կովկաս, Տաճկաստան և Պարսկաստան, Ռոդոստոյից մինչև Սպահան, ուսումնասիրել եմ հայերենի գրեթե բոլոր բարբառները, կազմել եմ 30 բարբառի բառացանկը, որ և հրատարակել եմ իմ «Արմատական բառարան»-ում: Հրատարակել եմ 6 հայ բարբառի ամբողջական ուսումնասիրությունը, նյութեր ունեմ նաև ուրիշ բարբառների ուսումնասիրության համար, որոնք տպագրության լույսին են սպասում: Իմ ուսումնասիրած բարբառներից 14-ը արդեն անհետացած են՝ 1915 թվականի համաշխարհային պատերազմին զոհ գնալով: Ես փրկել եմ այդ բարբառները հավիտենական կորստից և նրանց հրատարակությունը մեծ ծառայություն է գիտության համար: 3. Հիմնվելով այդ բոլոր ուսումնասիրությանց վրա, կազմեցի առաջին ձեռնարկը հայ բարբառագիտության, որ հրատարակեցի նախ ֆրանսերեն (իբրև իմ դիսերտացիան) և հետո ավելի ընդարձակ՝ հայերեն: Սրանով ես հիմք դրի մի նոր գիտության, ինչպես ասաց եվրոպական քննադատությունը: Այդ գիտությունը այժմ մուտք է գործել համալսարանում և այլ բարձր տիպի դպրոցներում: 4. Կազմեցի հայերենի մեծագույն գավառական բառարանը, ուր հավաքել եմ 30 000 գավառական բառ: Ուրիշ հավաքածուներ նրանից շատ ավելի պակաս են: Ամենամեծը, որ է Ամատունու բառարանը, ունի միայն 16 000 բառ: 5. Կազմել և հրատարակել եմ «Հայերենի արմատական բառարան»-ը, 6 հատոր և մի հավելված, բոլորը 9 000 էջ, ապակետիպ, գրված իմ ձեռքով (տպված պիտի լիներ 4 000 էջ): «Արմատական բառարան»-ներ ունենք հունարեն (Բուասակ), լատիներեն (Վալդե-Մեյե), ալբաներեն (Գուստավ Մեյեր), սլավական լեզուներ (Բեռնեքեր), պարսկերեն (Հոռն), լիթվաներեն (Տրաուտման), թուրքերեն (Վամբերի), բայց իմ «Արմատական բառարան»-ը իր մեծությամբ գերազանցում է բոլորից: Վերոհիշյալներից Հոռնինը ունի 300 էջ, ամենամեծը՝ Բուասակինը՝ 1 200 էջ: Իմ «Արմատական»-ը գերազանցում է ուրեմն նրանցից 3-ից մինչև 13 անգամ: Դարուս մեծագույն հնդեվրոպագետներից մեկը՝ Մեյեն, քննադատելով այս գիրքը, ասաց. «Ո՛չ մի երկիր, ո՛չ մի ժամանակ, ո՛չ մի լեզու նման կատարյալ աշխատություն չի արտադրած»: Իսկ Խորհրդային Միության մեծագույն հայագետը՝ Ն. Մառը, գրում է. «Труд тов. Ачаряна, на мой взгляд, когда он будет отпечатан полностью, составит крупное явление в лингвистической литературе по армянскому языку, как ценное справочное пособие, подобного которому нет ничего не только в армянской, но и в европейской научной литературе» (1907, մայիս 20): 6. Հիմնվելով այս բառարանի և հայագիտական բազմալեզու լեզվաբանական գրականության վրա, ես կազմեցի առաջին ձեռնարկը «Հայոց լեզվի պատմության», մի նոր գիտություն, որ ինքս հիմնեցի և որ այժմ մտել է իբրև ուսման առարկա պետական համալսարանում և այլ բարձրագույն գիտական հիմնարկներում: 7. Կազմել եմ և արդեն հրատարակվում է «Հայոց անձնանունների բառարան»-ը, որ ամբողջ հայ մատենագրության անունների ցանկն է, անունների ծագման քննությամբ, կենսագրական տեղեկությամբ, ժամանակագրությամբ և որ գլխավորն է՝ աղբյուրների լիակատար վիճակագրությամբ: Կունենա 3 000 էջ: 8. Իմ ամենամեծ գործը կլինի սակայն «Ընդհանուր քերականություն»-ս, որ աշխարհիս բոլոր ծանոթ լեզուների համեմատական քերականությունն է: Պիտի բովանդակի 562 լեզվի քերականություն: Առ այժմ կազմել եմ 139 լեզվի համեմատությունը: Ենթադրում եմ, որ գործը կունենա 8 000 էջ, որի առաջին կեսը արդեն գրել եմ: Նման տիպի գործ չի տեսած գիտությունը: Մրցանակներ 1. Մոսկվայի Լազարյան ճեմարանից, 1904 թվականին, առաջին մրցանակ, 600 ռուբլի, «Հայոց գրերը» աշխատությանս համար: (Երկրորդ մրցանակը ստացավ գերմանացի հայագետ Մարկվարտը՝ նույն աշխատության համար, ռուբլի): 2. Մոսկվայի Լազարյան ճեմարանից, 1908 թվականին, ամբողջական մրցանակ, 2 000 ռ., «Հայոց գաղութների պատմություն» աշխատությանս համար: 3. Մոսկվայի Լազարյան ճեմարանից, 1913 թվականին, առաջին մրցանակ, 1 000 ռուբլի, «Հայերեն գավառական բառարան» աշխատությանս համար: 4. Պոլսի ազգային Պատրիարքարանից, համաձայն Յոհանեսկուի կտակի, 5 000 ֆրանկ, «Արմատական բառարան»-իս համար, 1914—1915 թվականներին: 5. Երուսաղեմի ազգային Պատրիարքարանից, «Եղիշե Դուրյան» առաջին ամբողջական մրցանակը՝ 1 200 դոլար, «Հայոց լեզվի պատմություն» աշխատությանս համար, 1934 թվականին: Տիտղոսներ 1. Անդամ Փարիզի Լեզվաբանական ընկերության (Société linguistique de Paris), 1897 թվականին, իմ „Étude sur la langue laze“ աշխատությանս համար: 1 Ամբողջը կազմում է հինգ հատոր (Ա—1942, Բ—1944, Գ—1946, Դ—1948, Ե—1962, հետմահու), ընդամենը 3120 էջ:—Խմբ.։ 2. Անդամ Արևելագետների XI կոնգրեսի (Փարիզ, 1897 թ.): 3. Պրոֆեսորական տիտղոս՝ Երևանի պետական համալսարանի կողմից 1924 թվականին: 4. Դոկտորի և վաստակավոր գիտնականի տիտղոս՝ Հայաստանի Լուսժողկոմատի կողմից, 1933 թվականին: 5. Թղթակից անդամ Չեխոսլովակիայի Արևելյան ինստիտուտի գիտական բաժնի (Institut oriental de Prague, section scientifique), 1937 թվականի մարտի 1-ին: 6. Իսկական անդամ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի, 1943 թվականի նոյեմբերին: == ԻՄ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ == 1. Քանի մը դիտողությունք։ (Եղիշեի պատմության մի աղբյուրի առթիվ): — Հ. Ա., 1895, № 8, էջ 231—232: 2. Ցուցակ հայերեն ձեռագրաց Սանասարյան վարժարանին ի Կարին։ — Հ. Ա., 1896, № 1, էջ 24—27, № 8, էջ 241—246, № 11, էջ 340—343, № 12, էջ 371—374, 1897, № 1, էջ 24—26, № 9, էջ 264—268, № 10, էջ 294—295, № 11, էջ 343—344, № 12, էջ 359—362: 3. Անվանք հայկական ամսոց։— Բազմավէպ, 1897, № 8, էջ 391—394: 4. Հայկականք։—Բազմավէպ, 1897, № 4, էջ 169—171, № 6, էջ 259—261, № 8, էջ 398—399: 5. Մովսես Կաղանկատվացի։ Քննություն անոր գրության ժամանակին վրա:— Բազմավէպ, 1897, № 8, էջ 370—374: 6. Քննություն և համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը։ — Բազմավէպ, 1897, № 9, էջ 467—473: 7. Étude sur la langue laze.—Mémoires de la Société de linguistique de Paris, 1897, № 10, p. p. 145-160, 228-240, 364-401, 405-448: 8. Ուսումնասիրություններ հայկական գավառաբանության։ (Հանված «Բազմավեպ»-ի ԾԶ հատորեն): Վենետիկ, Ս. Ղազար, 1898: Մաս Ա.: Քննություն Ասլանբեգի բարբառին: 46 էջ: Նույնը՝ Բազմավէպ, 1898, № 1, էջ 31—35, № 2, էջ 83—88: 9․ Լեզվի հոգեբանություն։— Բյուրակն, 1898, № 30, էջ 547—548, № 36, էջ 642—644, № 37—38, էջ 661—662, № 49—50, էջ 852—854, № 51—52, էջ 884—887. 1899, № 13, էջ 193—195, № 15, էջ 225—227, № 18, էջ 277—278: 1 Այս վերնագրի տակ հեղինակը գրել է միայն առանձին լույս տեսած 15 գրքի անուն և թողել կիսատ: Իր ձեռքով կազմած մի այլ ցուցակ պարունակում է 167 անուն: Օգտվելով այդ ցուցակից, ՀՍՍՀ ԳԱ կենտրոնական գրադարանի հրապարակած մատենագիտությունից, որ կազմել են Ել. Վլասյանը և Հ․ Մանասերյանը («Հրաչյա Հակոբի Աճառյան», 1956), և ավելացնելով մեր ունեցած տվյալները, աշխատել ենք կազմել մեծավաստակ հայագետի տպագիր աշխատությունների լիակատար ցանկը:— Է. Աղայան: 10. Հայ լեզվի Ե, Է, Ո, Օ գրերուն արտասանությունը։— Բազմավէպ, 1898, № 5, էջ 220—227: 11. Հայ լեզվի ուսուցման եղանակը հարևմուտս (ի Գաղղիա և ի Գերմանիա):— Բազմավէպ, 1898, № 6, էջ 317—321: Նույնը՝ Նոր-Դար, 1898, № 180, էջ 2—3: 12. Հայերեն փոխառյալ բառեր ու կոչ մը գավառացի բանահավաքներուն։— Բյուրակն, 1898, № 20, էջ 385—387: 13․ Հայկականք։ — Բազմավէպ, 1898, № 8, էջ 370—372: 14. Ձայնաբանություն (Lautlehre) վրացերեն հայերենից փոխառյալ բառերի։— Արարատ, 1898, № 7, էջ 309—315, № 8, էջ 365—371: 15. «Պատարագ» բառի մասին։ — Արարատ, 1898, № 11—12, էջ 485—486: 16. Armenische Etymologien.—Sprachwissenschaftliche Abhandlungen, 1898, № 1, p. p. 302—304. 17. Croisement des mots en arménien.—Mémoires de la Société de linguistique de Paris, 1898, № 10, p. 234*. 18. Գրախոսություն՝ Grégoire de Tours-ի մեկ գլխուն վերա, Արևելքի պատմության մասին։ — Արարատ, 1898, № 11—12, էջ 515—518: 19․ Գնչուերեն հեքիաթ մը նմանողությամբ հայկականին։— Բանասեր, 1899, գիրք Բ, էջ 153—160: 20. Հայերենի բնաձայն և կրկնավոր բառերը (630 բառի քննություն):— Հ․ Ա․, 1899, № 7, էջ 202—207, № 8, էջ 232—236: 21. Հայերենի ներդաշնակության աստիճանը թվաբանական հաշվով։— Բանասեր, 1899, գիրք Ա, էջ 67—73: Նույնը՝ Ոստան, 1912, էջ 272—288: 22. Հայկական ծածկախոսություններ։ — Բանասեր, 1899, գիրք Գ, էջ 246— 23. Հաշվական կարողության զարգացումը մարդոց և լեզվաց մեջ։ — Արարատ, 1899, № 5, էջ 199—200, № 6, էջ 239—241, № 7, էջ 302—303: 24. Մանիսացիներն իբրև գաղթական Խարբերդի։ — Բյուրակն, 1899, № 26, էջ 402—405: 25. Ստուգաբանություններ (փեթակ, առույգ, երաժիշտ, նաժիշտ)։ — Բանասեր, 1899, գիրք Գ, էջ 250—252: 26. Քննություն Սուչավայի բարբառին (Ուսումնասիրություններ հայկական բարբառախոսության, Բ)։ — Բազմավէպ, 1899, № 1, էջ 112—114, № 4, էջ 218—220, № 7, էջ 325—327, № 11, էջ 516—519, № 12, էջ 557—560: 27. Քննություն Ղարաբաղի բարբառի (Ուսումնասիրություններ հայկական բարբառախոսության, Գ)։ — Արարատ, 1899, № 8, էջ 394—399, № 10—11, էջ 453—459, 1900, № 1, էջ 26—28, № 2, էջ 73—76, № 4, էջ 190—193, № 8—9, № 7—8, էջ 411—415, № 11, էջ 529—533, 1901, № 5—6, էջ 310—312, էջ 368—375: 28. Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes. — Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale. Paris, 1899, p. 1—9. 29. Ցուցակ հայերեն ձեռագրաց Սանասարյան վարժարանի ի Կարին։ — Վիեննա, Մխիթարյան տպ., 1900: 50 էջ: (Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց, հրատարակյալ ի Մխիթարյան միաբանութենե: Հտ. Զ, Տաճկաստան. Տետր Ա, Ցուցակ հայերեն ձեռագրաց Սանասարյան վարժարանի ի Կարին): Նույնը՝ Հ. Ա., 1896, № 1, № 8, № 11, № 12, 1897, № 1, № 9, № 10, № 11: 30. Մանկական բարբառ։ — (Արտատպ. 1901 թ. «Բանասեր»-ից): [Փարիզ], [1901]: 28 էջ: Նույնը՝ Բանասեր, 1901, պրակ Ա, էջ 3—28: 31. Ուսումնասիրություններ հայկական բարբառախոսության։ — Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1901: Մաս Գ: Քննություն Ղարաբաղի բարբառին: 198 էջ: [Տիտղոսաթերթի վրա՝ 1899]: Նույնը՝ Արարատ, 1899, № 8, № 10—11, 1900, № 1, № 2, № 4, № 8—9, № 11, 1901, № 5—6, № 7—8: 32. Lautlehre des van-dialects. Marburg, 1901. 32 S. — Նույնը. Zeitschrift für armenische Philologie, 1903. 33. Հայոց ծագումը և նախապատմական շրջանները։ — «Վտակ»: Գրական-բանասիրական ժողովածու: Թիֆլիս, 1901, էջ 229—235: 34. Բարբառախոսության օգուտները և մատենախոսական Եվդոկիո գավառաբարբառին։ — Բանասեր, 1901, պրակ Բ—Գ, էջ 76—82: 35. Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ։ — Մոսկվա — Վաղարշապատ, 1902: 381 էջ: (Էմինյան ազգագրական ժողովածու, հտ. Գ): 36. Հայոց նոր վկաները։ — (Ժողովրդական հրատարակություն): [2 հատոր]: Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1902: Հտ. Ա (1185—1485): 211 էջ: Հտ. Բ (1486—1843): 328 էջ: [Հ. Մանանդյանի հետ միասին] 37. Հավաքածո պոլսահայ ռամկական անգիր գրականության։ — Ազգագրական հանդես, 1902, գիրք 9, էջ 160—196: [Արմենուհի Աճառյանի հետ միասին]: 38. Հյունքյարպեյենտյանի լեզվաբանական դրությունը։ — Արարատ, 1902, № 3—4, էջ 313—323: Նույնը՝ Ղազիկյան Հ. Ա., Հայկական մատենագրութիւն և հանրագիտարան հայ կյանքի: Վենետիկ, 1911, էջ 1374—1584: 39. Մեր լեզվի տարրերը: (Հանրամատչելի հոդված)։ — Արարատ, 1902, № 1, էջ 64—68: 40. Պալաթու Ս. Հրեշտակապետ եկեղեցին։ — Բանասեր, 1902, № 7, էջ 218—224: 41. Քննություն Ղարաբաղի բարբառի. — Ֆրանսերեն ամփոփեց A. Meillet. — Journal Asiatique, 1902, p. 561—571. 42. Գրախոսություն՝ Ասորեստանյա և պարսիկ սեպագիր արձանագրությունք կամ նոցին քաղվածք, որոնք Նաիրի—Ուրարտու աշխարհին պատմության կվերաբերեին. — Թարգմանեց Հովսեփ վրդ. Սանդալճյան, Վիեննա, Մխիթարյան տպ., 1901: 263 էջ: — Արարատ, 1902, № 3—4, էջ 343—345: 43. Հայոց նոր վկաները։ (1155—1843): Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1903: 797 էջ: [Հ. Մանանդյանի հետ միասին]: 44. Խալդերեն ie և հայերեն Ե և Է ձայները։ — Հ. Ա., 1903, № 3, էջ 67—69: 45. Ձեռագրական սրբագրություններ Փավստոսի մեջ։ — Բանասեր, 1903, № 6—7, էջ 183—196, 1904, № 3—4, էջ 97—112, № 7—8, էջ 245—252, 1905, № 5, էջ 135—138, № 9—10, էջ 317—320, 1906, № 3, էջ 67—81: 46. Մծբնա Ս. Հակոբը Մասիսի քրդերուն մեջ։ — Բանասեր, 1903, № 2, էջ 61—62: 47. Գրախոսություն՝ Նավասարդյանց Տ., Բառագիրք Արարատյան բարբառի։ (Մոտ 5000 բառ ու ոճ): Տփղիս, 1903: — Հ. Ա., 1903, № 10, էջ 382—383: 48. Գրախոսություն. Meillet A. Esquisse d’une grammaire comparée de l'arménien classique, Vienne, 1903, 136 p. — Հ. Ա., 1903, № 4, էջ 105—110: 49. Քննություն և համեմատություն Եզնկա նորագյուտ ձեռագրին: Վիեննա, Մխիթարյան տպ., 1904: 32 էջ: (Ազգային մատենադարան. ԽԸ): [Գ. Մկրտչյանի հետ միասին]: Նույնը՝ Հ. Ա., 1904, № 1—2, էջ 33—38, № 3, էջ 83—89, № 4, էջ 113—119, № 5, էջ 149—152, № 7, էջ 200—204, № 8—9, էջ 237—239: 50. Առաջարկ մը մեր բանասերներուն։ — Արարատ, 1904, № 3, էջ 255—259: 51. Մի նոր սեպագիր արձանագրություն։ — Լումա, 1904, № 6, էջ 126—127: 52. Գրախոսություն՝ Պեդերսեն Հ., Նպաստ մը հայ լեզվի պատմության. Թարգմ. Հ. Գարեգին Գարանֆիլյան: Վիեննա, 1904 — Հ. Ա., 1904, № 10—11, էջ 335—336: 53. Պատմություն չինաց և հնդկաց։ — Չիլինկարյան, Ընդհանուր պատմություն: Թավրիզ, 1905, էջ 7—19: 54. Նոր ձայնական օրենք մը․ ՆՁ = Զ: — Հ. Ա., 1905, № 10—11, էջ 346: 55. Ցուցակ ձեռագրաց Թավրիզի: Ա. Ցուցակ ձեռագրաց մատենադարանին Ղալայի կամ Բերդաթաղի: — Հ. Ա., 1905, № 7, էջ 201—213, № 8—9, էջ 265—275, № 10—11, էջ 308—316, № 12, էջ 370—375, 1906, № 1, էջ 18—19, № 3, էջ 89—95, № 6, էջ 176—180, № 9—10, էջ 264—270, № 12, էջ 377—383, 1907, № 2, էջ 39—42, № 4, էջ 106—109, № 8, էջ 238—241, № 9—10, էջ 274—276, 1908, № 1—2, էջ 53—56, № 3, էջ 79—83, № 4, էջ 115—120, № 7, էջ 204—207, № 8, էջ 235—240, № 9, էջ 266—270, № 10, էջ 303—306, № 11, էջ 328—332, 1909, № 3, էջ 71—74, № 6, էջ 181—185: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1910: 56. Քմականներու կոկորդական մնալը։ — Հ. Ա., 1905, № 8—9, էջ 254: 57. Պատմություն հայոց նոր գրականության։ (3 պրակ): Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1906: Պրակ Ա: 104 էջ: 58. Գաբրիել նահատակին առթիվ։ — Բանասեր, 1906, № 4, էջ 105: 59․ Ստուգաբանություններ։ 1. Բոզ: 2. Ճկույթ: 3. Տզրուկ: — Բազմավէպ, 1906, № 4, էջ 105—107: 60. 1. Օն: 2. Չորեքշաբթի (Ստուգաբանություն): — Հ. Ա., 1906, № 5, էջ 129—130: 61. Gutturales issues de semi-occlusives par dissimilation. — Mémoires de la Société de linguistique de Paris. 1906, № 14, p. 228. 62. Գրախոսություն՝ Արթինյան Հովհաննես, Տունկերը և անոնց հայերեն անունները: Փարիզ, 1906։ — Հ. Ա., 1908, № 12, էջ 379—381: 63. Գրախոսություն՝ Հայաստան և հարևան երկրները: (Հրատարակություն Եվրոպայի հայ ուսանողական միության։ 1904)։ — Արարատ, 1906, № 8—11, էջ 761—765: 64. Ս. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը։ Փարիզ, տպ. «Բանասեր»-ի, 1907: 46 էջ: 65. Ձեռագրական սրբագրություններ Փավստոսի մեջ։ (Արտատպված «Բանասեր»-են): Փարիզ, 1907: 81 էջ: Նույնը՝ Բանասեր, 1903, № 6—7, 1904, № 3—4, № 7—8, 1905, № 5, № 9—10, 1906, № 3: 66. Խալդիերենը Օ ունե՞ր։ — Հ․ Ա․, 1907, № 3, էջ 93—94: 67. Հայերեն նոր բառեր նորագյուտ Մնացորդաց գրոց մեջ։ Վիեննա, Մխիթարյան տպ., 1908: 38 էջ: (Ազգային մատենադարան. ԾԶ): Նույնը՝ Հ. Ա., 1908, № 7, էջ 193—202: 68. Պատմություն Եղիա քահանայի (ԺԶ դար?) (Արտատպ. «Արարատ» ամսագրից, 1908 թ.): Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1908: 54 էջ: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1930: Նույնը՝ Արարատ, 1908, № 9, էջ 812—824, 1909, № 1, էջ 48—63, № 2, էջ 156—168, № 3, էջ 280—283: 69. «Դիր» կոչվող ցորենը։ — Գործ, 1908, էջ 89: 70. Հայերեն նոր բառեր Տիմոթեոս Կուզի Հակաճառության մեջ։ — Հ. Ա., 1908, № 12, էջ 367—372, 1909, № 2, էջ 44—47, № 5, էջ 148—153: Նույնը՝ Ուսումնասիրությունք Տիմոթեոս Կուզի Հակաճառության հայերեն թարգմանության վրա, Վիեննա, 1909, էջ 63—196: 71. Հայերեն ստուգաբանություններ։ — Հ. Ա., 1908, № 4, էջ 120—124: 72. Étymologies arméniennes. — Mémoires de la Société de linguistique de Paris, 1908, p. 242—245. 73. Պոլսեն Կարին (Ճամփորդական հուշեր): Նոր-Նախիջևան, տպ. Ս. Ավագյանի, 1909: 29 էջ: Նույնը՝ Հացի կտոր զեյթունցուն (Գրական ժողովածու): Նոր-Նախիջևան, 1909, էջ 142—170: 74. Classification des dialectes arméniens, Paris, Librairie Honoré Champion, éditeur, 1909, 88 p. (Bibliothèque de l'École des Hautes Études). 75. Խ և Կ ձայներուն լծորդությունը։ — Հ․ Ա․, 1909, № 5, էջ 159—160: 76. Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր Բայազետի։ — Ցուցակ ձեռագրաց Ս. Աստվածածին մայր եկեղեցվույն: — Հ. Ա., 1909, № 9—10, էջ 289—295, № 12, էջ 368—371, 1910, № 2, էջ 52—54, № 7—8, էջ 208—211, № 12, էջ 277—279, 1912, № 3, էջ 159—163, № 5, էջ 290—295, № 9, էջ 556—558, № 11, էջ 674—683, 1913, № 1, էջ 45—53, № 9, էջ 563—570, № 10, էջ 627—638: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1924: 77. Étymologies arméniennes. — Mémoires de la Société de linguistique de Paris, 1909, p. 20*. 78. Պատմություն հայոց նոր գրականության [3 պրակ]: Նոր-Նախիջևան, տպ. Ս. Ավագյանի, 1910: Պրակ [Բ]: Էջ 105—194: 79․ Հայերեն ստուգաբանություններ։ — Արարատ, 1910, № 2, էջ 177—181, № 3, էջ 268-271: 80. Հայոց գրերը։ — Հ. Ա., 1910, № 2, էջ 46—52, № 6, էջ 171—176, № 7—8, էջ 212—216, № 10, էջ 311-315, 1911, № 4—5, էջ 231—242, № 6—7—8, էջ 347—365, 1912, № 2—3, էջ 133—147, 1913, № 3, էջ 137—158, 1914, № 5—6, էջ 299—319, 1915, № 1—12, էջ 135—172, 1921, № 5—6, էջ 298—315: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1928: 495 էջ: 81. «Նվիրակ» և «Շարսաադր» բառերը (Ստուգաբանություն)։ — Հ. Ա., 1910, № 4, էջ 119-120: 82. Պրոֆ. Մառի լեզվաբանական նոր դրությունը։ — Արարատ, 1910, № 5, էջ 441-450: 83. Բհագավադգի՜տա՜ կամ երանելու երգը։ Թարգմանեց հնդկերենից ֆրանսերենի համեմատությամբ Հրաչյա Աճառյան: Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1911: 60 էջ: Նույնը՝ Արարատ, 1911, № 1, էջ 53—63, № 2, էջ 127—136, № 3, էջ 237—245, № 4, էջ 334—340, № 5, էջ 406—411, № 6, էջ 491—497, № 7, էջ 586—591, № 8, էջ 688—692: 84. Հայ բարբառագիտություն։ Ուրվագիծ և դասավորություն հայ բարբառների (բարբառագիտական քարտեզով): Մոսկվա — Ն. Նախիջևան, 1911: 305 էջ: (Էմինյան ժողովածու, հրատարակությամբ Լազարյան ճեմարանի արևելյան լեզվաց: Հտ. Ը): 85. Recueil des mots kurdes en dialectes de Novo-Bayazet, Paris, 1911*. Նույնը. Mémoires de la Société linguistique de Paris, 1911, № 6, p. p. 349-383*. 86. Անհոդ բառեր։ — Հուշարձան: Գրական ժողովածու: Առթիվ 100-ամյա Հոբելյանի հաստատման Մխիթարյան միաբանության ի Վիեննա (1811—1911) և 25-ամյա տարեշրջանի «Հանդես ամսօրյա» ուսումնաթերթի (1887—1911): Վիեննա, 1911, էջ 289—290: 87. Արևմտահայ գրական դեմքեր։ 1․ Նահապետ Ռուսինյան (1819—1876)։ — Լույս, 1911, № 8, էջ 6—8, № 9, էջ 9—10, № 10, էջ 10—13: 2. Մկրտիչ Պեշիկթաշլյան։ — Լույս, 1911, № 11, էջ 8—11, № 12, էջ 9—12, № 13, էջ 10—13, № 14, էջ 11—14: 3. Պետրոս Դուրյան (1851—1872)։ — Լույս, 1911, № 15, էջ 3—5, № 16, էջ 6—9, № 19, էջ 10—13, № 20, էջ 5—8: 4. Հովսեփ Շիշմանյան (Ծերենց) (1822—1888)։ — Լույս, 1911, № 45, էջ 9—11, № 46, էջ 5—8: 5. Գրիգոր Օտյան (1834—1887)։ — Լույս, 1912, № 1, էջ 14—15, № 3, էջ 9—11, № 5, էջ 5-7: 88. Հայ լեզվաբանության անցյալն ու ներկան։ — Ոստան, 1911, № 1, էջ 37— 89․ Հայկականք։ 1. Մի կորած ազգ: 2. Հեղահարություն: 3. Տներ: 4. Սոխրած։ 5. Այգողք: — Արարատ, 1911, № 8, էջ 670—673: 90. Հատուկ անուններ։ — Ոստան, 1911, № 4, էջ 765—775: 91. Մի քանի սրբագրություններ Փավստոսի և Փարպեցու մեջ։ — Արարատ, 1911, № 3, էջ 225—229: 92. Նորագյուտ բառեր Սեբեոսի մեջ։ — Արարատ, 1911, № 3, էջ 230—231: 93. Գրախոսություն՝ Մառ. Մկրտություն հայոց, վրաց, աբխազաց և ալանաց ի Սրբույն Գրիգորե։ — Ռուս. թարգմ. Հուսիկ արքեպիսկոպոս: Վաղարշապատ, 1911: — Ոստան, 1911, № 4, էջ 941—942: 94. Գրախոսություն՝ Марр. Грамматика чанского (лазского) языка. СПб, 1910, 270 с. — Արարատ, 1911, № 5, էջ 414—420: Նույնը ֆրանսերեն, Journal Asiatique de Paris, 1911, p. p. 366—371. 95. Պատմություն հայոց նոր գրականության: [3 պրակ]: Նոր-Նախիջևան, Պրակ Գ: Էջ 195—336: 96. Հարցականի ձևերը և չինարենի մասնիկ մը հայերենի մեջ։ — Ամենուն տարեցույցը (Թեոդիկ), 1912, էջ 136—137: 97. Թոխարերեն և հայերեն։ — Հ․ Ա․, 1912, № 1, էջ 37—40: 98. Թուրք պատմագիրներ։ — Հ․ Ա․, 1912, № 5, էջ 271—275: 99. Հայկականք։ — Արարատ, 1912, № 9, էջ 837—839: 100. Գրախոսություն՝ F. Kraelitz. Studien zum Armenisch-Türkischen. — Bulletin de la Société de linguistique de Paris, 1912, № 61, p. p. 219-226*. 101. Գրախոսություն՝ Maxudianz, M. — Le parler arménien d'Akn (quartier bas), Paris, 1912. — Հ․ Ա․, 1912, № 4, էջ 248—253: 102. Գրախոսություն՝ Ս. վարդապետ Ամատունի. Հայոց բառ ու բան։ — Bulletin de la Société de linguistique de Paris, 1912, № 61, p. 224*. 103․ Հայերեն գավառական բառարան։ Թիֆլիս, 1913: 1441 էջ, 1 ներդիր թ. տախտ. (Էմինյան ազգագրական ժողովածու, հտ. Թ): 104. Հայերեն նոր բառեր հին մատենագրության մեջ: [2 հատոր]: Վենետիկ: Հտ. Ա, 1913, 212 էջ: Հտ. Բ, 1926, 312 էջ: 105. Տիմոթեոս Կուզ և Ս․ Գրքի նորաբեր թարգմանությունը։ — Շողակաթ: (ժողովածու): Վաղարշապատ, 1913, էջ 1—22: Նույնը՝ առանձին, Էջմիածին, 1914: 106. Խալդիերենը երկար ձայնավորներ ունե՞ր։ — Հ․ Ա․, 1913, № 8, էջ 491— 107. Հայերեն նոր բառեր Մովսես Կաղանկատվացվույն պատմության մեջ։ — Բազմավէպ, 1913, № 5, էջ 239—240, № 6, էջ 249—252: 108. Մի քանի սրբագրություններ հայ մատենագրության մեջ։ — Արարատ, 1913, № 12, էջ 1142—1150: 109. Նամակ խմբագրության։ (Իր «Գավառական բառարան»-ի լույս տեսնելու առթիվ)։ — Արարատ, 1914, № 3, էջ 279—281: 110. Քննություն կրկնագիր Ագաթանգեղոսի։ — Հ. Ա․, 1913, № 1, էջ 1—20: 111․ Հ․ Ս․ Տերվիշյան (Իբրև հայ լեզվաբան)։ — Ամենուն տարեցույցը (Թեոդիկ), 1914, էջ 153—160: 112. Հայերեն նոր բառեր Զենոբ Գլակի մեջ։ — Բազմավէպ, 1914, № 3—4, էջ 179—181, № 7, էջ 299—304: 113․ Հայերեն նոր բառեր Կնիք հավատո մեջ։ (Էջմիածին, 1914)։ — Բազմավէպ, 1914, № 6, էջ 251—256, № 7, էջ 301—307: 114. Հայերեն նոր բառեր Մխիթար Գոշի առակագրքին մեջ։ (Տպ. Վենետիկ, 1854)։ — Բազմավէպ, 1914, № 5, էջ 209—214: 115․ Հայկականք։ — Հ. Ա., 1914, № 8—9, էջ 563—566: 116. Տաճկահայոց հարցի պատմությունը: (Սկզբից մինչև 1915 թ.): Նոր-Նախիջևան, տպ. Ս. Հ. Ավագյանի, 1915: 79 էջ: (Հրատարակություն Նոր-Նախիջևանի փոխանորդության շրջանի քահանայության): 117․ Ագաթանգեղոսի խոտցոց բառը։ — Արարատ, 1915, № 2—3, էջ 223— 118. Երվանդ Շահազիզ։ Ն. Նախիջևան, տպ. Ս. Ավագյանի, 1917: 23 էջ: 119. Հայկականք։ Արարատ, 1917, № 4—5, էջ 350—354: 120. Étymologies arméniennes. — Mémoires de la Société de linguistique de Paris, 1918, p. p. 160-163*. 121. Գրախոսություն՝ Легкий способ научиться в 2—3 недели говорить по-английски. — Մշակ, 1918, № 170: [Օշին կեղծանունով]: 122. Գրախոսություն՝ «Սպահանի Փերիա գավառը»։ — Նոր-Ջուղա, 1919, էջ 1—2: 123. Հայաստան։ Աշխարհագրական թղթախաղ։ Թեհրան, տպ. Փարոս, 1919: 124. Հայերեն նոր բառեր Մաշտոցի մեջ։ — Բազմավէպ, 1921, № 12, էջ 380—382. 1922, № 1, էջ 17—18, № 2, էջ 47 48։ 125. Հայկականք։ — Հ. Ա., 1921, № 1—2, էջ 122—124։ 126. Հայերեն նոր բառեր Ժամագրքի մեջ։ (Վաղարշապատ, 1903)։ — Բազմավէպ, 1922, № 11, էջ 333: 127. Հայերեն նոր բառեր Կյուրղի Ալեքսանդրացու Պարապմանց գրոց մեջ: (Տպ. Պոլիս, 1917)։ — Բազմավէպ, 1922, № 11, էջ 334—335։ 128. Հայերեն նոր բառեր Ճաշոցի մեջ։ (Տպ. Վաղարշապատ, 1872)։ — Բազմավէպ, 1922, № 5, էջ 152—154: 129․ Հայերեն նոր բառեր Շապուհ Բագրատունու պատմության մեջ։ (Տպ. Էջմիածին, 1921)։ — Բազմավէպ, 1922, № 6, էջ 179—182, № 8, էջ 232—234, № 9, էջ 267—271: 130. Հայերեն նոր բառեր Պարապմանց գրոց լուծման մեջ։ — Բազմավէպ, 1922, № 12, էջ 364—367: 131. Հայերեն նոր բառեր Մխիթար Սկեռացու պատասխանաց մեջ. Յաղագս համապատութեան ԺԲ առաքելոց: (Տպ. Երուսաղեմ, 1865)։ — Բազմավէպ, 1922, № 10, էջ 310—311: 132. Հայերեն, տառադարձված բառերը օտար լեզուներու մեջ։ — Հ. Ա., 1922, № 8—9, էջ 494—505։ 133. Հայերենի երկբարբառները։ — Հ. Ա., 1922, № 10—11, էջ 587—596։ 134․ Հայերեն երկբարբառները և բաղաձայնները։ — Հ. Ա., 1922, № 12, էջ 656-666: 135. Մեսրոպյան գրերու հնչումը կամ արժեքը։ — Հ. Ա., 1922, № 6—7, էջ 398-402: 136. Գրիգոր Մագիստրոսի Մրգուզ Փանաքի լուծումը։ — Հ. Ա., 1923, № 5—6, էջ 241—256: 137. Հայերեն նոր բառեր Բանք իմաստասիրացի մեջ։ (Տպ․ Վենետիկ, 1853)։ — Բազմավէպ, 1923, № 9, էջ 269: 138. Հայերեն նոր բառեր Լաբուբնայի մեջ։ (Տպ. Վենետիկ, 1868)։ — Բազմավէպ, 1923, № 9, էջ 269: 139. Հայերեն նոր բառեր Ն. Լամբրոնացու մատենագրությանց մեջ։ (Տպ. Վենետիկ, 1847)։ — Բազմավէպ, 1923, № 9, էջ 269—271: 140․ Հայերեն նոր բառեր Հակոբ Կարնեցու Վերին Հայոց տեղագրին մեջ։ (Տպ․ Վաղարշապատ, 1903)։ — Բազմավէպ, 1923, № 8, էջ 242—244: 141. Հայերեն նոր բառեր Հավաքարանի մեջ, անվանց կաթողիկոսաց Աղթամարա: (Տպ. Էջմիածին, 1916)։ — Բազմավէպ, 1923, № 12, էջ 366—369: 142. Հայերեն նոր բառեր Ուխտանեսի պատմության մեջ։ (Տպ. Վաղարշապատ, 1871)։ — Բազմավէպ, 1923, № 11, էջ 334—337: 143. Հանդես ամսօրյայի խմբագրությանը: [Հ. Ա., 1923, № 4—5-ում գրված Հ․ Վարդանյանի «Ի վկայսն Արևելից» նոր և ցանցառ բառերու ուսումնասիրության քննադատական հոդվածի պատասխանը]։ — Հ. Ա., 1923, № 1—2, էջ 65—69: 144. Մեսրոպյան գրերու տեսակները և զարգացումը։ — Հ. Ա., 1923, № 9—10, էջ 462—478, № 11—12, էջ 507—521: 145. Étymologies arméniennes. 1. arm. pay. 2. parav. — Revue des Études arméniennes, 1923, № 3, p. p. 7–8: 146. Կոնստանտին Մելիք Շահնազարյանը որպես բարբառագիր։ — Կոնստանտին Կարապետի Մելիք-Շահնազարյան: Գրական 50-ամյա և գյուղատնտեսական 40-ամյա գործունեության առթիվ (1874—1924): Ե., Հոբելյանական հանձնաժողովի հրատ., 1924, Երևան, էջ 23—24: 147. Հայ գրերու ձևափոխությունները։— Հ․ Ա․, 1924, № 3—4, էջ 168—184, № 11—12, էջ 539—545, 1926, № 9—10, էջ 505—512, № 11—12, էջ 591—598: 148. Հայերեն նոր բառեր Առաքել Սյունեցու Ադամագրքին մեջ։ (Տպ. Վենետիկ, 1907):— Բազմավէպ, 1924, № 1, էջ 14—16: 149․ Հայերեն նոր բառեր Գրիգոր Մագիստրոսի թղթերուն մեջ։ (Տպ. Ալեքսանդրապոլ, 1910):— Բազմավէպ, 1924, № 7, էջ 240—242, № 11, էջ 364—366, 1925, № 2, էջ 40—41, № 3, էջ 72—75, № 4, էջ 107—110, № 5, էջ 137—138: 150. Հայերեն նոր բառեր Կանոնագրքի մեջ։ (Տպ. Թիֆլիս, 1914):— Բազմավէպ, 1924, № 3, էջ 80—82, № 6, էջ 209—211: 151. Հայերեն տառերի բարեփոխման շուրջը։— Խորհրդային Հայաստան, 1924, 20/XII, № 290, էջ 2: 152. Գրախոսություն՝ պրոֆ. Ն. Մառի վերջին աշխատություններից։ «Նորք», 1924, գիրք 4, էջ 307—310: 153. Պարսկական հատընտիր: Ե., Համալսարանի ապակետիպ, 1925: 40 էջ: (ՀՍԽՀ Հայաստանի պետ. համալսարան, սերիա 26): 154. Քննություն Նոր-Նախիջևանի (Ղրիմի) բարբառի։ Ե., 1925: 464 էջ։ (Ապակետիպ): 155. Բուզանդի «սիւս» բառը։ — Գիտական տեղեկագիր ՀԽՍՀ պետ․ համալսարանի, 1925, № 1, էջ 169—170: 156. Գյորանների և թումարիների կրոնը:— Գիտական տեղեկագիր ՀԽՍՀ պետ. համալսարանի, 1925, № 1, էջ 86—92: 157. Հայերեն նոր բառեր Անկանոն գրոց մեջ։ (Հին Կտակարան, Վենետիկ, 1896, Նոր Կտակարան, Վենետիկ, 1898):— Բազմավէպ, 1925, № 7, էջ 200—204: 158. Հայերեն նոր բառեր Գիրք թղթոցի մեջ։ (Տպ. Թիֆլիս, 1901)։— Բազմավէպ, 1925, № 9, էջ 261—264, № 10, էջ 298—300: 159․ Հայերեն նոր բառեր Եղիշէի մատենագրությանց մեջ։ (Տպ. Վենետիկ, 1859): — Բազմավէպ, 1925, № 6, էջ 173—174։ 160. Հայերեն նոր բառեր Ոսկեբերանի ճառերուն մեջ: (Տպ. Վենետիկ, 1861):— Բազմավէպ, 1925, № 6, էջ 172—173: 161. Gyorans and Tumaris. (A newly found secret religion in Persia).— Գիտական տեղեկագիր ՀԽՍՀ պետ. համալսարանի, 1925, № 1, էջ 93— 162. Գրախոսություն՝ Նոր հրատարակություններ հիթիթների մասին։— Նորք, 1925, № 5—6, էջ 389—393: 163. Հայերեն արմատական բառարան։ (7 հատոր): Ե., Պետ. համալսարանի հրատ., 1926—1935: Հտ. Ա (Ա—Բ): 1232 էջ: Հտ. Բ (Գ—Թ): 1350 էջ: Հտ. Գ (Ժ—Կ): 1492 էջ: Հտ. Դ (Հ—Յ): 1350 էջ: Հտ. Ե (Ն—Ռ): 1294 էջ: Հտ. Զ (Ս—Ֆ): 1631 էջ: [Ապակետիպ]: Հտ. Է: Առաջաբան, համառոտագրություններ, հավելված և վերջաբան: 210 էջ: 164. Ձեռագրական սրբագրություններ հայ մատենագիրների մեջ։ Ե., [համալսարանի ապակետիպ], 1926: 83 էջ: 165. Քննություն Մարաղայի բարբառի։ Ե., 1926։ 456 էջ։ [Ապակետիպ]: 166. Հայերեն նոր բառեր Ս. Եփրեմի մատենագրությանց մեջ։ (Տպ. Վենետիկ, 1836): — Բազմավէպ, 1926, № 2, էջ 46—49, № 3, էջ 73—75: 167. Հայերեն նոր բառեր Ոսկեբերանի Մատթեի մեկնությանց մեջ։ (Գիրք Ա—Գ, տպ. Վենետիկ, 1826): — Բազմավէպ, 1926, № 1, էջ 17—20: 168. Գրախոսություն՝ Louis Mariès. Le De Deo d’Eznik de Kolb, connu sous le nom de „Contre les sectes“. Paris, 1924, 213 p.— Բազմավէպ, 1926, № 6, էջ 170—171: 169․ Վավերագրեր հայ–պարսկական հարաբերությանց մասին։ Ե., 1927: 93 էջ: [Ապակետիպ]: 170. Հայ նշանագրերու նոր ցուցակ մը։— Հ. Ա. 1927, № 3—4, էջ 205—209: 171. Հայերեն ծածկագրեր։— Հ․ Ա․, 1927, № 1—2, էջ 75—82, № 3—4, էջ 197—204: 172. Ռուս-հայերեն բառարան շինարարական կառուցվածքների։ Ե., 1928: 302 էջ: (ՀՍԽՀ պետ. համալսարան): [Հ. Զարդարյանի, Ա․ Տոնյանի և ուրիշների հետ միասին]: 173. Գրաբարի ծաղկաքաղ։ (Առաջին տպագրություն): Ե., 1931: 151 էջ։ [Ապակետիպ]: 174. Իբն–ի Բատուտա հայոց մասին։ Ե., 1931: 39 էջ: [Ապակետիպ]: Բ. տպ. 1940: 49 էջ: 175. «Ասպարեզ»–ը Խորենացիին քով։— Անահիտ, Դ տարի, № 3—6, նոյեմբեր 1932 — ապրիլ 1933, էջ 17—18: 176. Հառաջաբան։ — Կիրակոսյան Գարեգին, Բառարան պարսկերեն–հայերեն։ Ջուղա — Սպահան—Թեհրան, տպ. Փարոս, 1933, էջ VII—X: 177. Գրաբարի ուսուցիչ։ Ե., 1935: 157 էջ: [Ապակետիպ]: Բ. տպ. 1936: 70 էջ։ Գ. տպ. 1954: 133 էջ: 178. Քննություն Ագուլիսի բարբառի։ Ե., Պետհրատ, 1935: 400 էջ: [Ապակետիպ]: 179. Կարծիք իմ։ [Առաջաբան]։ — Պայազատ Աբգար, Խալդերեն լեզվի բանալին։ Ե., Պետհրատ, 1935, էջ 5—8: 180. 1. Apm. Junɩg xис.— В кн. Академия наук СССР—XLV—Академику Н. Я. Марру. М. — Л., Изд-во АН СССР, 1935, с. 125: 181. Ցուցակ հայերեն ձեռագրաց Թեհրանի։ — Հ. Ա., 1935, № 5—6—7, էջ 307—315, № 8—9, էջ 393—408: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1936, 25 էջ: 182. Պարսկական հատընտիր։ Ե., Գիտ. հրատ.-ի տպ., 1937: 71 էջ (ՀԽՍՀ պետ. համալսարան): 183. «Եան» մասնիկի ծագումը։ Հայ տոհմանուններ: (Պատմական հետազոտություն): Ստամբուլ [1937], էջ 11: 184. De l'affinité du grec et de l'arménien.— Mélanges E. Boisacq I., 1937, 3—4. 185. Étymologie du mot arm. metc (մեղծ).— Acta Jutlandica, IX. Mélanges linguistiques offerts à H. Pedersen. Kobenhavn, 1937, p. p. 125—126. 186. Պատմություն հայոց նոր գրականության։ Բեյրութ, 1939: Պրակ Ա: 110 էջ: 187. Հայոց լեզվի պատմություն։ (2 հատոր): Ե., Պետ. համալսարանի հրատ., Մաս 1: 356 էջ: Մաս 2: 638 էջ: 188. Ստրաբոն։ Ե., Պետ. համալսարանի հրատ., 1940: 124 էջ: 189. Քննություն Նոր-Ջուղայի բարբառի։ Ե., 1940: 401 էջ: [Ապակետիպ]: 190․ Նոր ստուգաբանություններ։— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1940, № 4—5, էջ 71—72: 191․ Աղվանից գիրը։— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1941, № 3—4 (8—9), էջ 3—11: 192. Երկու ուղղում Կորյունի մեջ։— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1941, № 1 (6), էջ 169—170: 193. Նամակ խմբագրության։ [Իր «Երկու ուղղում Կորյունի մեջ» հոդվածի առթիվ]:— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1941, № 3—4 (8—9), էջ 142: 194. Քննություն պոլսահայ բարբառի։— Գիտական աշխատություններ Երևանի պետ. համալսարանի. Ե., 1941, հտ. XXI, էջ 19—250: 195. Գրախոսություն՝ Կանայան Խաչատուր. Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների լեզուն։ Ե․, 1940:— Սովետական գրականություն, 1941, № 1, էջ 98—99: 196. Գրախոսություն՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն: (Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությամբ): Ե., 1940:— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1941, № 7 (12), էջ 89—90: 197. Հայոց անձնանունների բառարան: [5 հատոր], Ե., Պետ. համալսարանի հրատ.: Հտ. Ա, 1942: Հտ. Բ, 1944: Հտ. Գ, 1946: Հտ. Դ, 1948: Հտ. Ե, 1962: 198. Ֆիրդուսի։ Ե., Պետ. համալսարանի հրատ., 1942: 67 էջ: 199. Ամիրդովլաթի «Որդատ» բառը։— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1942, № 6 (20), էջ 107: 200. Հայերեն նոր բառեր Թեոնի մեջ։— [Հ. Մանանդյանի «Թէովնեայ Յաղագս ճարտասանական կրթությանց» գրքի նորագյուտ բառերի ցանկի մասին]:— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1940, № 6 (20), էջ 105—107: 201. Հայ տառերի գյուտի ստույգ թվականը։— Էջմիածին, 1944, № 1, էջ 27—28: 202. Հայկականք. Ա։— Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1944, № 5, էջ 25—30: 203. Մկրտիչ կաթողիկոս Խրիմյան։ (1820—1907):— Էջմիածին, 1944, № 4—5, էջ 15—19: 204. Հայկականք, Բ։ — Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1945, № 1—2, էջ 3—7: 205. Հայկականք, Գ։ — Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1945, № 3—4, էջ 47—54: 206. Վիպասանական հայերեն։— Գրական-բանասիրական հետախուզումներ (ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ): Ե., 1946, գիրք 1, էջ 163—173: 207. Երեք հարց Մեսրոպյան այբուբենի շուրջը։ — Էջմիածին, 1946, № 8—9—10, էջ 35—39: 208. Հայկականք, Դ։ — Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1946, № 1, էջ 31—35: 209. Հայկականք, Ե։— Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1946, № 6, էջ 21—34: 210. Քննություն Համշենի բարբառի։ Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1947: 272 էջ: (ՀՍՍՀ ԳԱ, լեզվի ինստիտուտ): 211. Եվրոպական փոխառյալ բառեր հայերենի մեջ։— Հ. Ա., 1947, № 8—9, էջ 445—459, № 10—12, էջ 582—599, 1948, № 1—2, էջ 80—92, № 3—6, էջ 279—292, № 9—12, էջ 607—620, 1949, № 1—3, էջ 113—118, 1950, № 1—3, էջ 79—88, № 4—6, էջ 213—224, № 10—12, էջ 477—490: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1951: 193 էջ: 212. Խմբագրություն՝ Դուրյան Պետրոս: Երկեր: Կազմեց և տեքստը խմբագրեց Հ. Աճառյան: Ե., Հայպետհրատ, 1947: 442 էջ: — Հայկականք․ Զ․— Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1948, № 5, էջ 33—40: 213. Греческие заимствования в армянском языке. Византийский временник, 1949, т. II (XXVII), с. 308—312. 214. Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանց։ — Էջմիածին, 1950, № 5—6, էջ 29—32: 215. Հայկականք, Է։— Տեղեկագիր Հայկական ՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1950, № 12, էջ 83—97: 216. Հայտնի մանկավարժ Ռեթեոս Պերպերյան: (Ծննդյան 100-ամյակի առթիվ):— Էջմիածին, 1950, № 11—12, էջ 64—69: 217. Պարսկական բևեռագրերի լուծման պատմությունը։— Գիտական աշխատություններ Երևանի պետ. համալսարանի, 1951, հտ. XXXIV (ֆիլոլոգիական սերիա), էջ 129—132: 218. Տիկին Սրբուհի Տյուսաբ։ (Մահվան 50-ամյակի առթիվ):— Էջմիածին, 1951, № 1—3, էջ 41—45: 219. Քննություն Վանի բարբառի։ Ե., Պետ. համալսարանի հրատ., 1952: էջ: 220. Գարեգին կաթողիկոս Հովսեփյանն իբրև հայ հնագրության մեծ վարպետ։ — Էջմիածին, 1952, № 7, էջ 31—33: Նույնը՝ Հասկ․ 1953, № 2, էջ 49—51: 221. Իմ լիակատար քերականությունը։— Սովետական Հայաստան (ամսագիր): 1952, № 7, էջ 15—16: 222. Հայկականք. Ը։— Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ. 1952, № 1, էջ 37-47: 223. Հայկականք. Թ։— Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ. 1952, № 1, էջ 69-77: 224. О составлении этимологического словаря славянских языков. — Вопросы языкознания, 1952, № 4, с. 91—98. 225. Գրախոսություն՝ Հովսեփյան Գարեգին կաթողիկոս, Հիշատակարանք ձեռագրաց։ Հտ. Ա: Անթիլիաս, 1951:— Էջմիածին, 1952, № 1, էջ 46—48: Նույնը՝ Հասկ, 1952, № 10—12, էջ 501—503: 226. Քննություն Առտիալի բարբառի։ Ե., ՀՍՍՌ ԳԱ, հրատ., 1953: 292 էջ: 227. Հայերենից փոխառյալ բառեր պարսկերենում։ — Էջմիածին, 1953, № 4, էջ 23—29: 228. Հայոց անձնանունները։— Էջմիածին, 1953, № 10, էջ 21—29: 229. Մատթեոս Ուռհայեցի։— Հ. Ա., 1953, № 7—9, էջ 350—354: 230. Имперфект в древнеармянском и некоторых индоевропейских языках. — Доклады и сообщения Института языкознания АН СССР, 1953, № 4, с. 85—90. 231. Մեսրոպ Մաշտոց։ ― Էջմիածին, 1954, № 11, էջ 22—30, № 12, էջ 27—34. 1955, № 1, էջ 21—28, № 2, էջ 14—21, № 3, էջ 26—31, № 4, էջ 26—31, № 5, էջ 36—42. 1956, № 1, էջ 46—51, № 2, էջ 29—35: 232. Գերապատիվ հայր խմբագիր։— Արարատ, 1914, № 3, էջ 281—283: [Խմբագրությանն ուղղված նամակով պատասխանում է Մառին]: 233. Խաղաղությունը կհաղթի պատերազմին։— Ս. Հ., 1951, 12/IX, № 214, էջ 2: 234. Կարմիր բանակի հերոսներին։ — Ս. Հ., 1943, 23/II, № 44, էջ 3: 235. Կեցցե հայ ժողովրդի միասնությունը։— Ս. Հ., 1943, 14/VIII, № 167, էջ 2: 236. «Հանդես ամսօրյա»-ի 25–ամյա հոբելյանը։— Լույս, 1911, № 19, էջ 4-5: [Հեղինակ՝ ընթերցող: Իր բիբլիոգրաֆիայում (ձեռագիր) նշված է որպես իրենը]: 237. Հ. Հ. Մանանդյան: [Նեկրոլոգ]։ — Ս. Հ., 1952, 6/II, № 31, էջ 3։ [Ստորագրություններ՝ Համբարձումյան Վ., Աճառյան Հ․, Աղայան Ծ. և ուրիշներ]: 238. Միությունը զորություն է։— Ս. Հ., 1942, 20/IX, № 223, էջ 3: 239. Նամակ խմբագրության։ [Գ. Լուսինյանի ֆրանսահայ բառարանը հրատարակության պատրաստելու առթիվ]: — Տարազ, 1898, № 7, էջ 125: Նույնը՝ Մշակ, 1898, № 15: 240. Ողջույն գիտական ակադեմիային:— Խորհրդային Հայաստան, 1925, 5/IX, № 201: 241. Ողջույնի խոսք։ [Հայաստանում սովետական կարգեր հաստատելու 30-րդ տարեդարձի առթիվ]: ― Էջմիածին, 1950, № 11—12, էջ 6: 242. Սպասում ենք ձեզ։— Սովետական Հայաստան, 1945, 4/XII, № 260, էջ 3: 243. Всем армянам зарубежных стран. — Известия Арм. ФАН СССР, 1941, № 7 (12), с. 3—6. [Совместно с др.]. 244. Ահեղ նախազգուշացում նոր պատերազմի հրձիգներին:— Սովետական Հայաստան (ամսագիր), 1950, № 7, էջ 12—13: [Հեղինակակիցներ՝ Գ. Ղափանցյան, Վ. Գուլքանյան և ուրիշներ]: 245. Լիակատար քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 652 լեզուների, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն: Հտ. Ա, 1952: - 494 էջ: Հտ. Բ, 1954: 478 էջ: Ներածություն, 1955: 655 էջ: Հտ. Գ, 1957: 1011 էջ: Հտ. Դ, գիրք Ա, 1959: 591 էջ: Հտ. Դ, գիրք Բ, 1961: 543 էջ: Հտ. Ե, 1965: 430 էջ: dx84st1oltf7mgkynprcodrrd05qplp 398217 398216 2026-11-18T10:37:05Z Emptyfear 547 /* ԻՄ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ */ 398217 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ|next =|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս|ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ]]|year =|notes = }} == ՆԱԽԱԲԱՆ == 1918 թվականին էր: Փախանք ընտանյոք Բաքվից դեպի Էնզելի: Շամախու կոտորածից հետո, վերապրող 600 հայ որբերին Բաքու էին փոխադրել և փախուստի ժամանակ պետք էր նրանց տանել Էնզելի: Այդ որբերին լցրեցին ադրբեջանական «Ալավերդի» շոգենավը, որի նավապետը և անձնակազմը ադրբեջանցիներ էին: Այդ շոգենավը ինձ հանձնեցին Էնզելի տանելու համար: Խաղաղությամբ հասանք և դուրս եկանք Էնզելիի նավահանգիստը: Մի կարևոր դեպք: Ազգային մարմինները, իրենց արխիվը թուրքերի ձեռքը չթողնելու համար, նախապես ուղարկել էին Էնզելի: Ես էլ իմ Արմատական բառարանը հանձնել էի նրանց. բոլոր այդ ձեռագրերը բերել-թափել էին հայոց դպրոցի սրահում: Այդտեղ էր բարեբախտաբար Կեդրոնականի իմ դասընկեր սեբաստացի Գևորգ Մկրտչյանը, որ ավարտել էր Փարիզ՝ Ponts-et-chaussées (կամրջաց և խճուղեաց) դպրոցը և 800 ֆրանսիացի ուսանողների մեջ մրցմամբ առաջինն էր դարձել ավարտական քննության ժամանակ: Այն ժամանակ նա Բաքու Մանթաշյանի գործարանի գլխավոր ինժեներն էր, շատ սիրված մի անձնավորություն, որ բանվորների մեջ հայտնի էր Գեորգի Նիկիտիչ անունով։ Վերջին օրերին նա անցագրով ամբողջ ընտանիքով փոխադրվել էր Էնզելի և իջել այդ դպրոցը: Նա հյուրընկալեց նաև մեզ և ինձ հանձնեց իմ բառարանը: Սա երրորդ անգամն էր, որ բառարանս ազատվում էր կորստից: Էնզելի եղած ժամանակները հիշատակության արժանի մի դեպք պատահեց: Հյուսիսափայլի խմբագիր Ստեփանոս Նազարյանի որդին մեռել էր Էնզելիում: Մայրը, որ մի պառավ կին էր, եկավ հայտնեց այդ մասին մեզ՝ փախստական հայերիս, և մենք արժանավոր թաղում կազմակերպեցինք Նազարյանի վերջին ժառանգին, որին թաղեցինք Էնզելիի հայոց եկեղեցու գերեզմանատնում: Թեհրանում բացվել էր հայոց առանձին դպրոց «Ծնողական դպրոց» անունով: Տեսուչն էր իմ ծանոթ Կարապետ Պիոնյանը, որ գրեց ինձ, թե այդ դպրոցում ուսուցչական պաշտոնի տեղ կա: Ես համաձայնվեցի գնալ և ստանալով 100 թուման ճանապարհածախս, կեսը տվի կնոջս հորը, մնացյալով գնացի Թեհրան: Մնացի Թեհրանում ամբողջ 1919 թվականին նույն դպրոցում, ուր ավանդում էի ֆրանսերեն, հայերեն և հաշվապահություն: Ուսումնական տարվա վերջին որոշեցինք վերադառնալ Երևան, ուր կազմվել էր Հայկական կառավարություն և վերջ էր տրվել հայ-թուրքական ընդհարումներին: Բաքվով դառնալ վախեցա, ուստի որոշեցինք Թավրիզով գնալ Երևան: Տարվա վերջն էր արդեն և դպրոցը պիտի փակվեր: Ես մտադիր էի գնալ Նոր-Սպահան, ուսումնասիրելու համար հայոց բարբառը. բայց Երևանի դրությունը այնպես էր լավացել, որ շտապ Հայրենիք վերադառնալը ամենքի փափագն էր: Այդ միջոցին Թեհրանի հոգաբարձության անդամներից մեկը՝ Հովսեփ խան Բաբախանյանը դիմեց ինձ և առաջարկեց անպատճառ գնալ նախ Նոր-Ջուղա և հետո Երևան: Ինքը նորջուղայեցի լինելով ուզում էր, որ իր մայրենի բարբառը ուսումնասիրվի: Տվեց ինձ 50 թուման ճանապարհածախս այն պայմանով, որ ես ամբողջ ժամանակը ապրեի իր եղբոր տանը ձրիաբար, վայելելով ամեն հոգատարություն: Զիջեցի, գնացի Նոր-Ջուղա և մի ամիս մնալով կատարեցի աշխատանքս, որ և տպվեց Երևանում 1940 թվականին: Այս բոլորի մանրամասնությունը գրի եմ առել, որ և կցում եմ սրան: == ԲԱՔՎԻՑ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ == === ԲԱՔՎԻՑ ԷՆԶԵԼԻ* === [Ինչպես արդեն ասացի, որբերին Էնզելի տանելը ինձ էր հանձնված*]: Մեծավ մասամբ մանրիկ, տխեղծ երեխաներ էին որբերը. նրանք դեռ լավ քայլել չէին կարողանում. մի առ մի վերցնելով շոգենավ դրինք. բայց անվերջ էր նրանց շարքը. գալիս էին ու գալիս… ժամեր ամբողջ տևեցին մինչև ծայրը կտրվեց: Այժմ պետք էր պարենի մասին հոգալ: Թադեոսը ընկավ բոլոր պահեստները, որը բանալ տալով, որի դուռը կոտրելով՝ հավաքեց բավական քանակությամբ շաքար, հաց և այլ ուտելեղեններ ու փոխադրեց շոգենավը։ Ժողովրդից շատեր, կին, երեխա, հետո նաև տղամարդիկ, մի քանի մտավորականներ ու սակավաթիվ զինվորականներ մտան նույնպես շոգենավը: Վերջապես մութը կոխեց և շոգենավը խարիսխը բարձրացնելով՝ հրաման ստացավ ճանապարհ ընկնելու: * Առաջարանում հիշված պատճառներով հատվածն սկսում ենք ձեռագրի 16-րդ էջից: — Խմբ.: Այս բոլոր ժամանակը [Բաքվում] կռիվը շարունակվում էր սոսկալի կատաղությամբ. մերոնք մի կողմից պաշտպանում էին իրենց շարքերը, մյուս կողմից կանոնավոր կերպով հետ էին նահանջում. քաղաքը հետզհետե սեղմվում էր թշնամու օղակի մեջ. երբ մութն ընկավ՝ պատերազմի գոռգոռոցը արդեն մեղմեց, բայց մերթ ընդ մերթ որոտում էին դեռ թնդանոթները՝ մի հանկարծական տխուր փայլատակյուն արձակելով, որ ցոլում էր ու անցնում: Մենք հետզհետե բացվում էինք դեպի ծովը: Ահա երևում է հեռուն փարոսը և ավելի հեռուն՝ մթության մեջ՝ ինչ-որ ստվերագիծ, որ Նարգին կղզին են համարում: Մի քիչ առաջանալուց հետո, երբ քաղաքն այլևս կտրվում էր մեր աչքից, հանկարծ զինվորական մի պահականավ կանգնեցրեց մեզ: Ասացի, որ մեր շոգենավը ադրբեջանական էր. ադրբեջանցի էին նաև նավապետն ու նավաստիները. սրանք շատ լավ չէին տրամադրված դեպի մեզ, բայց բացի անսիրալիր վերաբերմունքից առայժմ ուրիշ ոչինչ չէին կարող անել մեզ: Հենց որ զինվորական պահականավը մոտեցավ մեզ և մի քիչ հեռու կանգնած հարց տվեց, թե ովքեր ենք մենք և ո՛ւր ենք գնում, նավապետը շեփորով հայտնեց նրանց, թե «Նավի մեջ գտնվում են զինված հայեր, որ քաղաքից փախչում են. նավաստիները վախենում են նրանցից և չեն ուզում շարունակել ճանապարհը»: Պահականավը պատասխանեց. «Գնացեք Ժիլոյե կղզին և սպասեցեք այնտեղ մյուս նավերին»: Շոգենավը նորից ճանապարհ ընկավ. լուսին չկա երկինքը. մութ է. օդը հանդարտ. ալիքները ծուփ ի ծուփ գալիս խփվում են հանդարտ առաջացող նավին. քաղաքը հազիվ մի լուսավոր գծի նման երևում է հեռվից. չգիտենք թե ի՛նչ է կատարվում այնտեղ, գիտենք միայն, որ բոլոր ժողովուրդը պիտի գաղթեր. բայց արդյոք վերջին րոպեին մի որևէ արկած չեկա՞վ խանգարելու այդ գաղթը և ժողովուրդը սրի ու կրակի զո՞հ գնաց: Ո՞ւր են մերոնք, մեր ընտանիքը, մեր ծնողները, որոնք մինչև վերջին րոպեին անխոհեմությամբ մերժել էին հեռանալ՝ տուն ու տեղը թշնամու ձեռքը չթողնելու համար, անխոհեմությամբ վստահելով այն սուտ խոսքի վրա, որ շատերի բերանն էր պտտվում քաղաքում, թե զորքը խաղաղ ազգաբնակչության հետ գործ չունի: Վերջապես կանգնեց շոգենավը ծովի բացում. չգիտենք որտեղ ենք. այդտեղ՝ բաց ծովի վրա կանգնած մնացինք ամբողջ գիշերը. լուսանալու մոտ նավը նորից շարժվեց դեպի առաջ: Այս անգամ մեր առաջը կտրեց մի ուրիշ զինվորական պահականավ և հարց տվեց. նավապետն սկսեց կրկնել իր չարախոսությունը. «Շոգենավի մեջ գտնվում են զինված հայեր. նավաստիությունը վախենում է և մերժում ավելի առաջ գնալ»: — Գիտենք, գիտենք,— պատասխանեցին պահականավից խստությամբ.— այժմ հետ դարձեք քաղաք, այնտեղ ձեզ կհանձնեն թնդանոթներ, կվերցնեք և կփոխադրեք Էնզելի: Մենք մի կողմից ուրախացանք, որ ո՛չ միայն մեր զենքերը չխլվեցին, այլ ընդհակառակը թնդանոթներ էլ ենք ստանալու. բայց մյուս կողմից տխրում էինք մտածելով, որ նորից հետ ենք դառնում ա՛յնտեղ, որ դժոխք էր դարձել, ենթարկվելու ո՛վ գիտե ի՛նչ անակընկալ պատահարի: Շոգենավը դարձրեց իր ընթացքը. լուսացել էր, երբ հասանք քաղաք: Կռիվ էր, կատաղի կռիվ, որի նմանը թերևս իր ամբողջ գոյության մեջ չէր տեսել Բաքուն: Հեռուն, քաղաքի ետևը բարձրացող բլուրների վրա որոտում էին տասնյակներով թնդանոթներ, ծուխն ու որոտը բարձրանում էին անընդհատ այս ու այն կողմերից. ռումբերն ու շրապնելները թափվում էին շարունակ. հրացանների ճայթյունները և գնդացիրների թրխկոցը երկու կողմից իրար միացած, մի անընդհատ շարք էին կազմել և այլևս անկարելի էր զանազանել, թե ո՛րն է թշնամու հարվածը և ո՛րն է մերը: Հակառակ մեր սպասածի, մերոնք կռվում էին դեռ քաջությամբ, գուցե ավելի երկար պաշտպանելու համար նահանջը: Շոգենավում մի սուտ լուր տարածվեց, թե թուրքերը արդեն ջարդվել են և փախչելու վրա են… հուսահատ մարդը սիրում է հավատալ այդպիսի բարի լուրերին և երբ չի գտնում, ինքն է ստեղծում…: Շոգենավը հասնելով քարափ՝ փոխանակ թնդանոթի ստացավ երկու գնդացիր՝ իր պարագաներով, որ բեռնավորեցինք նավի ետևում: Կամուրջի վրա թափված էր ժողովրդի մի ահագին բազմություն… մություն. նրանցից մի խումբ լցվեց մեր շոգենավը և իսկույն նորից բացվեցինք: Ահա աջից ու ձախից շարժվում են ուրիշ-ուրիշ շոգենավեր, լուռ ու անշշուկ, առանց սուլելու, հնոցները վառած սաստիկ, ծուխն ու շոգին հորդառատ բարձրանում է ծխնելույզներից և սև ամպերի նման լցնում մթնոլորտը: Արագ-արագ անցնում են նրանք մեր մոտով, իսկ մեր շոգենավն այնքան դանդաղ է գնում՝ որ կարծես կանգնած է: Հանկարծ տաճիկները նկատեցին մեզ. նկատեցին, որ արդեն ժողովուրդը փախչում է, և ռումբերի ու շրապնելների տարափն ուղղվեց դեպի շոգենավերը. մի շրապնել եկավ, ահարկու ճայթյունով պայթեց ու թափվեց ուղղակի մեր շոգենավի կողքին՝ ծովը։ Ահա մի ռումբ ընկավ Բիբի-Հեյբաթի նավթային ավազաններից մեկի վրա և կրակ տվեց նրան. հրդեհը բարձրացավ. ծուխի թանձր ու սև քուլաները, բոցերի կարմիր լեզուների հետ խառնված, մի ահռելի տեսարան կազմեցին: «Ափսո՜ս, Բաքու,— դուրս թռավ բոլորի բերանից,— սուրի ու կրակի ճարակ պիտի դառնաս, մոխիր ու ավերակ պիտի դառնա՜ս…»: Շոգենավը արագացրեց իր ընթացքը՝ փախչելու համար տաճիկների հարվածներից ու վերջապես հասավ մյուսներին: Ահա ծովի բացումն ենք նորից. նայում եմ շուրջս մոտ ու հեռու, չորս կողմից շարված են բազմաթիվ մեծ ու փոքր շոգենավեր․ հաշվում եմ. 36 շոգենավ է. մի ահագին նավատորմ է կարծես, որ ծովի երեսը լցրել է: Եվ որքա՜ն բազմություն: Բոլորն էլ լիքն են փախստականներով, մեծ ու փոքր, կին ու երեխա, զինվոր ու քաղաքացի: Բոլորն էլ փախչում են: Գնում ենք այդպես խմբով, իրար հետ միասին, կարծես պար բռնած ծովի վրա, մինչ մեր ետևում վառվում է քաղաքը, որոտում են թնդանոթները, ճարճատում են հրացանները: Քիչ-քիչ ձայները դադարում են, քաղաքն անտես է դառնում ու մեր շոգենավերը սկսում են հեռանալ միմյանցից. ոմանք բռնում են Կրասնովոդսկի ճանապարհը, ոմանք դեպի Պետրովսկ, ոմանք էլ թերևս Աստրախան: Մեր շոգենավը գնում է դեպի Էնզելի. երկու ուրիշ շոգենավ մոտենում են մեզ. մեկը հռչակավոր «Պուշկին»-ն է, ուր գտնվում են մի խումբ դաշնակցական զինվորներ, Բյուրոյի անդամները, Ազգային խորհուրդը և Բաքվի հայ մտավորական ուժերը: Նրանք հայտարարում են մեզ շոգենավից, թե իրենք գնալու են Էնզելի, հրամայում են մեր նավապետին նույնպես գնալ ուղղակի Էնզելի և հեռանում են: Այժմ, երբ արդեն ծովերի լայնատարած տարածության մեջ մենակ էինք և ոչ ոք չկար, որ շոգենավի վրա հսկեր, վախենում էի, որ նավապետը հանկարծ ճանապարհը փոխի և տանի մեզ կա՛մ հետ՝ Բաքու և կա՛մ Աստարա, Սալիան ու մեզ թուրքերի կատաղությանը մատնի: Իմ այս միտքը հայտնեցի մեր ընկերներին, որոնք նույնպես կասկածում էին: Որոշեցինք այսպես անել. ես հսկելու էի ամբողջ ժամանակ նավի ուղղության վրա, թե արդյոք շարունակ հարա՞վ է գնում: Ցերեկով այդ հեշտ էր, իսկ գիշերը, ամբողջ ժամանակ՝ ես կանգնած նավակամուրջի վրա՝ նայում էի բևեռային աստղին, հարավը որոշելու համար: Եթե նկատեի, որ նավը ծռեց իր ճանապարհը, իսկույն պիտի հայտնեի մեր զինվորներին, որոնք զենքի ուժով պիտի հարկադրեին նրան: Բարեբախտաբար ոչ մի այդպիսի բան տեղի չունեցավ: Մյուս կողմից, «Պուշկին»-ը հեռվից հսկում էր մեր վրա, և երբ մեր նավը այնքան հետ մնաց, որ այլևս անհետանում էր, «Պուշկին»-ը, մի ահագին ահակոչ արձակելով նշան տվեց մեր նավին արագացնել իր ընթացքը. երբ նավերը իրար հասան, նա անցավ մեր հետևը, և այդպես շարունակեցինք ամբողջ մեր ճանապարհը: Գիշերն անցկացրինք ծովի վրա. շատ խաղաղ էր. մյուս առավոտ արշալույսին հասանք Էնզելի: Որչա՜փ գեղեցիկ տպավորություն թողեց մեզ վրա կանաչազարդ, ծառաշատ այդ սիրուն ափը Բաքվի չոր, արևակեզ ու վերջերս էլ արյուն կտրած անապատից հետո, այդ սիրուն ափը, որ մեզ ապաստան ու օթևան պիտի տար, ո՛վ գիտե ի՛նչքան ժամանակ: Շատ երկար սպասեցինք ծովի վրա, մինչև որ պատրաստություններ տեսնվեցին մեզ ափ հանելու համար: Մենք Էնզելի փախչող նավերից առաջինն էինք. շուտով հասան «Պուշկին»-ը և «Սոյուղ»-ը: Քաղաքի հայերից հետաքրքիր անձեր նավակներ վերցրած՝ գալիս էին թափառելու մեր նավի շուրջը և ծանոթներ փնտրելու կամ տեղեկություններ տալու առնելու: Արդեն Բաքվի անկումը լսել էինք: Քաղաքում հայերն ու անգլիացիք ժողով էին անում գաղթականներին ընդունելու համար: Վերջապես եկավ մի անգլիական սպա և նավը բարձրացավ. նավապետը հայտարարեց. «Ո՞վ ձեզանից անգլերեն գիտի»: Առաջ անցա իբր թարգման: Եվ որովհետև նրա անգլիացի արտասանությունը շատ վատ էր, խնդրեցի, որ ասածը գրի: Գրածի մեջ երկու սխալ կար. ուղղեցի և նա խնդալով համաձայնվեց: Նա խնդրեց հայտարարել, թե ոչ ոք իրավունք չունի ափ դուրս գալու և շուտով մեզ համար կարգադրություն կլինի: Ասաց ու հեռացավ: Երկար սպասեցինք այդ շուտափույթ կարգադրության: Վերջապես նավապետին եկավ մի պաշտոնական գրություն, որով նավը գրավվում էր անգլիական զինվորական իշխանության կողմից և արգելվում էր նրան հեռանալ ծովափից: Քիչ հետո մեր մասին կարգադրություն էլ եկավ. նավը մոտեցավ ծովափին. անգլիական զինվորների մի ամբողջ շարք պահակ կանգնեց ճանապարհի երկու կողմը, երկու սպա կանգնեցին շոգենավի ելքի առաջ ու թեթև խուզարկությունից հետո բոլոր ժողովուրդը դուրս եկավ: Բոլոր զենքերը գրավվեցին: Ժողովուրդը ցրվեց դաշտում ու պարտեզներում. նրանց համար բնակարաններ չէին պատրաստված դեռ. քիչերը միայն կարողացան տեղավորվել որևէ շենքի տակ: Ես ու կինս գնացինք իմ վաղեմի դասընկեր, երկրաչափ Գևորգ Մկրտչյանի մոտ, որ իր ամբողջ ընտանիքով, դեպքերից մի քիչ առաջ, փախել էր Բաքվից և սենյակ էր վարձել հայոց դպրոցում: Մենք ոչինչ չունեինք. շնորհիվ նրա ստացանք անկողին, բնակարան և ապրելու հարմարություններ, թեկուզ շատ անբավարար: Մենք փախստականների մեջ կարող էինք համարվել ամենից երջանիկները, որովհետև մյուսները գլուխ դնելու տեղ էլ չունեին և ցրտին, արևին ու անձրևին ապրում էին բացօթյա: Անգլիացիք գաղթականության հենց առաջին օրից ամբողջ ժողովրդին ձրիաբար բաժանեցին հաց, միս, բրինձ, շաքար, թեյ, կերակրի կաթսաներ և այլն, և այդ բանը տևեց մինչև ամսի 26-ը. հետո դադարեց: Միևնույն ժամանակ նախկին ռուսական զինվորների ընդարձակ փայտաշեն զորանոցները, որոնք գտնվում էին հայոց եկեղեցու դեմ մի ընդարձակ պարտեզում, դրին գաղթականների տրամադրության տակ: Ամեն մի զորանոցի մեջ տեղավորվեց մոտ հարյուր հոգի, մի ուրիշ ստվար խումբ տեղավորվեց հայոց դպրոցի դահլիճում և թատրոնական սրահում, ուրիշները՝ մասնավոր տներում, իսկ մնացյալը մնաց բացօթյա պարտեզում, ուր շուտով նույնպես փայտակերտ շենքեր պատրաստվեցին: Հայոց եկեղեցու ետևի պարտեզում նույնպես հիմնվեցին ավելի հարմարավոր շենքեր՝ գաղթականներին ձմեռը տեղավորելու համար: Բացվեց երկու հիվանդանոց, մեկը սովորական հիվանդությունների և մյուսը խոլերայի ու տիֆի համար, որ սկսել էին արդեն ժողովրդից կամաց-կամաց զոհեր տանել: Օրական միջին հաշվով 5 զոհ էր լինում: Շուտով կազմակերպվեց հայոց գաղթականական կոմիտե, որ մասամբ իր և մասամբ անգլիացիների միջոցներով, սկսեց կարոտ գաղթականներին ուտելիք և փայտ բաշխել: Անգլիացիք տալիս էին ամեն օր մոտ 1 200 հոգու բաժին: Իբրև եվրոպական լեզուների ծանոթ անձ՝ գաղթականական կոմիտեն ընտրել էր ինձ, և ես ամեն առավոտ գնում էի անգլիական կառավարության պաշտոնատունը, ներկայանում կոլոնել Քոքրելին, որից ստանում էի 300 որբի, 700 գաղթականի և մոտ 200 հիվանդի, հիվանդապահուհիների ու բժիշկների համար բաժին ստանալու արտոնագիր: Այս արտոնագրով օգնականներիս հետ միասին գնում էինք անգլիական մթերանոցը և ստանալով ուտելեղեններն ու փայտերը, բարձում էինք չորս նավակի մեջ, մեկը ուղարկում որբանոց, մեկը հիվանդանոց, մյուս երկուսն էլ բերում հանձնում գաղթականական կոմիտեի մթերանոցը: Հակառակ այս բոլորին, պետք է ասել, որ անգլիացիք ցույց չտվեցին հայերին այն օգնությունը, որ պարտավոր էին տալ իրենց հավատարիմ դաշնակից այս փոքր ժողովրդին: 1 200 հոգու համար տրված բաժինը բավարար էր. բայց գաղթականների թիվը միայն Էնզելիի մեջ 5 000 էր և նրանց մեծ մասը մնում և մնալու էր շատ կարոտ դրության մեջ, եթե հայոց գաղթականական կոմիտեն օգնության չհասներ: Բացի սրանից, անգլիացիք շատ վատ վերաբերվեցին Պետրովսկից եկող նորանոր գաղթականների հետ: Պետրովսկ գնացող փախստականները նեղված ուտելեղենի բնակարանի պակասությունից, որոշել էին անցնել Էնզելի, մտածելով, որ պարսիկ կառավարությունը և մանավանդ անգլիացիք շատ ավելի լավ վերաբերմունք ցույց պիտի տային իրենց: Պարսից կառավարության դեմ ոչ ոք ոչ մի բանում դժգոհ չմնաց. իսկ անգլիացիք՝ որ այդ ժամանակ Էնզելիի տերն ու հրամայողն էին, ո՛չ միայն չթողեցին Պետրովսկից եկած փախստականներին դուրս գալ ցամաք, ո՛չ միայն հայր ու որդու անգամ զրկեցին միմյանց տեսնելուց, այլև նրանց շոգենավերի վրա թնդանոթի հարվածներ արձակեցին ու ստիպեցին քաղցած ու ծարավ ետ դառնալ և գնալ ուր որ ուզեն: Նրանցից մի մասը կարողացավ իջնել Հասան-Գալա կոչված ծովեզրյա գյուղը, որ Էնզելիից 40 վերստ էր և ուր հավաքվեցին միայն 1 200 հոգի, իսկ մնացյալը ստիպվեց ետ դառնալ: Մի անգամ 700 հայ կամավորների մի խումբ, զինված իրենց հրացաններով, իրենց հետ վերցրած պղնձի ահռելի քանակությամբ պաշար, Պետրովսկից եկան Էնզելի՝ Գերասիմ Բալայանի առաջնորդությամբ և ուզում էին մտնել անգլիական բանակի մեջ: Անգլիացիք ոչ միայն մերժեցին նրանց, այլև չթողեցին քաղաքի երեսը տեսնել, և ստիպեցին առանց պաշար իսկ վերցնելու հեռանալ Էնզելիից: Այս բոլոր անտեղի խստությունները շատ վատ ազդեցին հայոց վրա. արդեն Բաքվի դեպքերից հետո, երբ անգլիացիք չուզեցին պաշտպանել քաղաքը և առաջին անգամ թողնել հեռանալու պատրաստություն տեսան, շատ վատ կարծիք էր կազմված հայոց մեջ նրանց մասին: Էնզելիի մեջ նրանց վերաբերմունքը եկավ պակասը լրացնելու և բոլորը համարում էին նրանց կոպիտ ու վայրենի: Մինչդեռ այսպես մի կերպ ապրում էինք Էնզելիում, սկսեցին գալ Բաքվից թուրքերի գազանությանց լուրերը. հայերը դիմադրել են մինչև երկուշաբթի օրը. քաղաքի փողոցների մեջ անգամ կատաղի կռիվ է տեղի ունեցել. վերջապես տաճիկները մտել են և երեք օր կոտորած են սարքել. կոտորվել են մինչև 30 000 հայ, որոնց մեջ նաև սակավաթիվ ռուսներ. մնացյալը խնայվել է. պղծվել են բազմաթիվ հայ կանայք ու աղջիկներ. կողոպտվել են հայոց բոլոր տները. Ստանիսլավսկու փողոցը, որ հայկական թաղն էր, ամբողջապես այրվել է: Բայց այս բոլորը ստուգելու և հաստատելու համար միջոցներ չկային: Հետո լուրերն ավելի վատացան. տաճիկներն իբր թե առաջանում էին Պետրովսկի վրա, տեղական հայերը վտանգի մեջ են: Սրան հաջորդեցին դաշնակիցների տարած հաղթության ավետիսը, Բուլղարիայի անձնատվությունը, Թուրքիայի անկումը, Ավստրիայի զինաթափումը, Գերմանիայի հաշտություն խնդրելը Վիլսոնի միջոցով. և հանկարծ, դրանց հակառակ, տաճիկները և Քյուչիկ խանը միացած, երկու կողմից արշավում են Էնզելիի վրա, Էնզելիի դրությունը վտանգավոր է: Մի գիշեր անգլիացիների կոլոնելը իր մոտ հրավիրեց գաղթականների ներկայացուցիչներին և նրանց պաշտոնապես հայտնեց, թե Գերմանիայի բանը վերջացած է. առաջարկեց այս լուրը հայտարարել բոլորին: Կայծակի արագությամբ տարածվեց ավետիսը. զորանոցներից դուրս թափվեց ժողովուրդը, և ընդարձակ պարտեզի մեջ սկսեցին ուրախությունները. երգում էին, պարում, նվագում և ուրախության բարձրագոչ աղաղակներով իրար շնորհավորում: Այդ օրերում ես Թեհրանից մի հեռագիր ստացա, տեսուչ պարոն Պիոնյանի ստորագրությամբ, որով հայոց մասնավոր դպրոցի ուսուցիչ էի հրավիրված: Անմիջապես սկսեցի պատրաստություն տեսնել ճանապարհ ընկնելու: === ԷՆԶԵԼԻ ԵՎ ՀԱՅԵՐԸ ԷՆԶԵԼԻՈՒՄ === Էնզելիից մեկնելուց առաջ, սկսենք նկարագրել քաղաքի դիրքը և տեղացի հայոց վիճակը առհասարակ: Պարսկաստանի հարուստ նահանգներից մեկն է Գիլանը, որ հին ժամանակ կոչվում էր Վրկանաց աշխարհ. նա տարածվում է Կասպից ծովի եզերքը և այնտեղից հարավ մինչև Մենջիլ. բնակչությունը գլխավորապես պարսիկ է, որոնք ունեն մի առանձին բարբառ, որ կոչվում է գիլաքի: Գիլանի կլիման շատ մեղմ է. ձմեռ գրեթե չի լինում. դրա համար էլ կանաչությունը շատ ճոխ է. մեծ քանակությամբ հասնում է լիմոն և նարինջ՝ իրենց բոլոր տեսակներով. այդ քաղցրաբույր պտուղների ծառերը առատորեն տարածված են Գիլանի ամեն կողմը, պարտեզների մեջ ու անտառներում: Սակայն միևնույն ժամանակ Գիլանի օդը խոնավ է ու թաց. անձրևները շատ հաճախ ու երկարատև են, այս պատճառով սաստիկ տարածված են ջերմը, մալարիան ու հոդացավը: Էնզելին Գիլանի գլխավոր նավահանգիստն է Կասպից ծովի եզերքում. այստեղ ծովը մի մեծ լիճ է ձևացնում, որ կոչվում է Մուրդաբ (մեռյալ ջուր) և մի նեղ անցքով՝ նեղուցով միանում է ծովին: Միացման կետում ռուսները շինել են ծովի մեջ առաջացող մի հաստատուն քարափ, որով ձևացել է մի պատվական նավահանգիստ, և այդ նավահանգստի մեջ են կանգնում բոլոր նավերն ու շոգենավերը: Նեղուցի երկու կողմը փռված է քաղաքը. արևմտյան կողմը կոչվում է Էնզելի. հանդիպակաց արևելյան կողմը կոչվում է Ղազիան և համարվում է առանձին քաղաք: Մուրդաբի մեջ կան բազմաթիվ կղզիներ, ոմանք անբնակ, ոմանք բնակված, որոնցից մեծագույնն է Միյանփուշտ կոչված կղզին՝ Էնզելիի դեմ ու դեմը: Մեծ քաղաք չէ Էնզելին, Կովկասի գավառական քաղաքների մեծությունն ունի. փողոցները նեղ, խանութները փոքրիկ ու աննշան. ման ես գալիս շուկան, կարծում ես, թե փոխադրվել ես Պոլսի հեռավոր թաղերից մեկը. ծովի տեսարանը ավելի մեծացնում է այդ նմանությունը: Էնզելիի հայոց գաղթականության հնագույն վիճակի մասին տեղեկություններ շատ քիչ կան. ամենահին արձանագրությունը, որ ես գտա, 1817 թվականից մի տապանաքար է, որ այժմ ագուցված է հայոց եկեղեցու հյուսիսային պատի մեջ՝ արտաքին կողմից: Դա արդեն նշանակում է, որ Էնզելիի հայոց գաղութը մի դարից ավելի հնություն ունի։ Եկեղեցու ներկա երեցփոխ պարոն Փիլիպոս Գիլանցյանը պատմում էր, թե սրանից մոտ 70 տարի առաջ Էնզելիում կար ընդամենը 70 տուն հայ, որոնք զբաղվում էին զանազան արհեստներով: Նրանք ունեին մի փոքր եկեղեցի՝ եղեգնից շինված՝ ներկա եկեղեցու տեղում, որ կոչվում էր Ս. Աստվածածին: Այդ ժամանակ քաղաքում ժանտախտ ծագեց. բոլոր հայերը ցրվեցին դեպի Լենքորան և այլուր. մնաց միայն 3 տուն, որոնցից մեկը հենց Գիլանցյանների գերդաստանն է: Գնացողներից ոմանք ճանապարհին մեռան, շատերը հաստատվեցին իրենց նոր հայրենիքում և այսպիսով Էնզելիի հայ գաղութը վերջացավ: Ժանտախտից հետո նորից սկսեց հայություն հավաքվել Էնզելի. նրանք էլի հաստատվեցին իրենց եղեգնյա հին եկեղեցու շրջակայքում. այդ եկեղեցին հրդեհից այրվեց (մոտ 60 տարի առաջ) և հայերը նորից շինեցին՝ դարձյալ եղեգնից: 1874 թվականին աստրախանցի Ուգլով անուն հայ վաճառականը հայ ժողովրդի մեջ հանգանակության ձեռնարկեց և շինեց մի աղյուսաշեն եկեղեցի: Պարսիկները շատ սիրով էին հայոց հետ. հաստատում է երեցփոխ պարոն Գիլանցյանը, և նրանցից շատերը մասնակցեցին հանգանակության: Եկեղեցու շինության ժամանակ, ըստ հայկական սովորության, պատի մեջ են ագուցել մինչև այն ժամանակ եղած տապանաքարերից մի մասը, որոնց հնագույնը, ինչպես ասացի, 1817 թվականից է և նորագույնը 1868 թվականից: Այս եկեղեցին է, որ մնում է մինչև այժմ և գտնվում է քաղաքի լավագույն մասում, շուկայի մոտ, ծովափնյա նարնջենիների պարտեզի հետևում, Խիաբան-ի-շեմս-ուլ-ամարա և Քուչայ-ի-քիլիսայիարամինե (Հայոց եկեղեցու փողոց) անուն փողոցների անկյունում: Եկեղեցու բակում գտնվում է փոքր գերեզմանատուն, որ ծառայել է և ծառայում է ո՛չ միայն հայերի, այլև ամեն ազգի քրիստոնյաների համար։ Գերեզմանաքարերից մեծագույններն ու լավագույնները պատկանում են ռուս, հույն, ֆրանսիացի և այլ մեռյալների: Եկեղեցու բակի մեջ է նաև դպրոցը, որ երկհարկանի մի շենք է՝ հինգ սենյակով. շինվել է 1900 թվականին: Բակից դուրս՝ եկեղեցու կողքին կա մի ավելի մեծ շենք, որ ծառայում է թե՛ իբր թատերասրահ և թե՛ իբր դահլիճ՝ դպրոցական հանդեսների համար. շինվել է սրանից չորս տարի առաջ: Այսօր Էնզելիի հայ գաղութը 70 տուն է. սրանցից միայն 3 ընտանիք կարելի է կոչել հին, մնացյալ բոլորը հավաքված են զանազան տեղերից: 1881 թվականին Նոր-Ջուղայում տպված «Պատմութիւն Նոր Ջուղայու» աշխատության մեջ (հտ. Բ, էջ 107) հայ բնակիչների թիվը դրվում է 9 տուն (21 արական և 16 իգական շունչ), իսկ նույն քաղաքում 1899 թվականին տպված Երկարակյացյանի «Ուղևորություն»-ը (էջ 47)՝ 20 տուն: Աչքից անցկացնելով բոլոր տապանաքարերը, թե՛ նրանք, որ դեռ թաղված են մնում գերեզմանատան մեջ և թե՛ նրանք, որ ագուցված են եկեղեցու և դպրոցի պատերի մեջ, տեսա, որ գաղթականները եկել են Ղարաբաղից, Գանձակից, Շամախուց, Աստրախանից, Ագուլիսից, Ղարադաղից, Թավրիզից և նրա մոտ գտնված Մուժումբար և Ալչամուլք գյուղերից: Տապանաքարերի մեջ կա նաև մի շատ կարևորը, որ կրում է հետևյալ արձանագրությունը. «Այս է տապան լահիջանցի Մանվելի որդի հանգուցեալ Մանասէին 1840 հոկտ. 17»: Այս տապանաքարը, որ ագուցված է դպրոցի շենքի հարավային պատի ձախակողմը (դեպի բակը), ցույց է տալիս, որ այդ ժամանակներում հայ գաղութ եղել է նաև Լահիջանում. բայց այս բառով պետք է հասկանալ ո՛չ թե թուրք-պարսկական սահմանի վրա գտնված Լահիջանը, այլ ա՛յն, որ գտնվում է Գիլանի նահանգի մեջ, Էնզելիի արևելյան կողմը: Այս քաղաքի համար Էնզելիի հայոց դպրոցի հոգաբարձու պարոն Ջումշուդ Ղազարյանն ասում էր, թե ունի բազմաթիվ հայկական հին ավերակներ: === ԷՆԶԵԼԻԻՑ ՌԱՇՏ === Էնզելիից Ռաշտ գնալու համար երկու ճանապարհ կա. մեկը ցամաքային ճանապարհն է, որ 38 վերստ երկարություն ունի և Մուրդաբի եզերքով ու նարնջենիների անուշաբույր անտառների միջով է անցնում ու 3—4 ժամում հասնում է, մյուսը ծովային ճանապարհը՝ Մուրդաբի լճի ու Փիրբազար գետի վրայով, որ ավելի բազմազան ու հետաքրքրական երթուղի է: Մենք ընտրեցինք այս վերջին ճանապարհը: Ծովային ճանապարհորդությունը կատարվում է շոգենավակով (բարկաս), որ ամեն օր կեսօրին մեկնում է Էնզելիից՝ շուկայի առաջ գտնված նավահանգստից: Մինչև Ռաշտ ամբողջ ճանապարհի համար վերցնում է 6 ղռան: Հոկտեմբերի 27-ին, կեսօրից քիչ անց, Էնզելիից ճանապարհ ընկանք շոգենավակով, վերցնելով նախապես անգլիական կառավարությունից մի անցաթուղթ, առանց որի ճանապարհվել անկարելի էր՝ պատերազմական նոր օրենքների համաձայն: Շոգենավակը իր ընթացքը ուղղեց դեպի Ղազիան, որ Էնզելիի ճիշտ դեմն է՝ նեղուցի մյուս կողմը: Անցնելով կղզիների առաջով, մեր աչքին բացվում է լայնատարած լիճը. կարծես մի ընդարձակ օղակ է, որի կենտրոնը գտնվում ենք մենք. լճի հորիզոնը բաց է, Ղազիանից ծառաշատ ցամաքը ծովակի ափով երկարում է ու երկարում և հեռուն, հորիզոնի վրա, շուռ գալով դեպի աջ՝ կղզիների ետևով ոլորվում ու գալիս հասնում է Էնզելիի մյուս ափը: Մենք մեր ընթացքը ուղղել ենք դեպի հորիզոնը. քերում ենք Ղազիանի դալարավետ ակունքները. քիչ-քիչ Էնզելին հեռանում է մեր աչքից ու քանի հեռանում, փոքրանում ու նոսրանում է նրա տեսարանը՝ այնքան ավելի մոտենում, մեծանում ու ստվարանում է Ռաշտի ցամաքը: Երեք ժամից արդեն կանգնում է շոգենավակը, բայց ցամաքից քիչ հեռու, որովհետև լիճը շատ ծանծաղ լինելով այդտեղ, չի կարելի բոլորովին մոտենալ ափին։ Ահա ցամաքից մեր վրա են գալիս քիրեչիները. դրանք երկու հասարակ նավեր են, որոնք մոտենում են շոգենավակին: Ժողովուրդը շոգենավակից փոխադրվում է նրանց մեջ: Մեր նավակի մեջ 40 հոգի էինք տեղավորված. չորս թիավարներ սկսում են թիավարել. նավը շուտով մտնում է գետը և բարձրանում նրա ընթացքն ի վեր: Մի քանի րոպեից թիավարները դուրս են թռչում նավից, մի հաստ ու երկար չվան կապում նավի ցռուկին և լծված այդ չվանին՝ ափի երկարությամբ քաշում նավը: Գետը 10 արշինի չափ լայնություն ունի, ջուրը պղտոր է, հոսում է հանդարտ ու խաղաղիկ, ո՛չ խոխոջ ես լսում, ո՛չ կարկաչ ու ո՛չ փոքր դդչյուն. նավն էլ, որ բավականին արագ ջրերը ճեղքում է ու անցնում, հազիվ մի թեթև շշուկ է հանում: Երկու կողմը փռված է դուրեկան կանաչություն. մեծ ու փոքր նավեր, թուփեր ու մացառներ խիտ ու հոծ լցված են ամեն կողմ. մորիներ, սինձեր ու զանազան վայրի պտուղներ գույնզգույն փայլում են կանաչ տերևների միջից: Որոշ ծառեր կախված են ջրերի մեջ, ուրիշներ մինչև անգամ գետից դեպի ներս առաջացած: Մի քիչ այն կողմ մի մեծ կոճղ ընկել է ջրի երեսին ու նրա հանդարտիկ ընթացքով սահում է դեպի ծովը: Հասարակ ծիտեր նրա վրա նստած կտցահարում են ինչ-որ բան ու ծառի կոճղի հետ կարծես դեպի ծովը նավում: Մերթ ընդ մերթ երևում է մի նավ, որի մեջ խեղճ գյուղացի պարսիկները նստած՝ թիավարում են մեր հակառակ ուղղությամբ: Մեկ ու կես ժամ է տևում մեր նավագնացությունը և վերջապես հասնում ենք Փիր-Բազար: Այստեղ նավը քարշող քրտնաթոր մշակները կանգնում են ու կանգ է առնում նավը. գետափին շինված է մի քարե սանդուղք. բարձրանում ենք վեր և մտնում կայարանը: Ահա մեր առաջ պատրաստ կանգնել է երկաթուղու գնացքը, որ միայն երկու վագոնից է բաղկացած: Մի քանի րոպե հետո սուլում է շոգեկառքը. գնացքը իսկույն ճանապարհ է ընկնում: Անցնում ենք մի ընդարձակ ծառաստանով. երկու կողմ փռված են ցածրիկ բլրակներ, անթիվ ծառեր, արոտներ ու երբեմն-երբեմն գյուղական խղճուկ խրճիթներ, որոնց մոտ արածում են փոքրաթիվ հոտեր ու նախիրներ: Մենք չենք տեսնում Փիր-Բազարի գյուղը, որ գտնվում է կայարանի մյուս կողմը: Կես ժամից հասնում ենք Ռաշտ, երեկոյան ժամը 6-ին: Երկաթուղու ամբողջ գիծը Փիր-Բազարի կայարանից մինչև Ռաշտ ընդամենը 8,5 վերստ է: === ՀԱՅԵՐԸ ՌԱՇՏՈՒՄ === Ռաշտը Գիլանի մայրաքաղաքն է և անհամեմատ ավելի մեծ ու ճոխ է, քան Էնզելին: Ման ես գալիս շուկաները, առատությունը ապրանքի, ուտելեղենի, հացի ու մսեղենի կողմից իսկույն աչքի է խփում․ վաճառատունները կոկիկ, մաքուր ու բոլորն էլ լիքը: Փողոցները թեև նեղ ու ցեխոտ են, բայց բավական բանուկ են. մինչև անգամ տեսնում ես հաճախ մաքուր ֆայտոններ, որոնք այս ու այն կողմ են վազվզում: Հայերը Ռաշտի մեջ հազիվ հարյուր տուն են, որոնք գաղթած են Ջուղայից (Սպահանից), Աստրախանից, Թավրիզից, Համադանից, Թեհրանից և ուրիշ տեղերից: Ահա՛ թե ինչ կարողացա քաղել նրանց անցյալ պատմության մասին եկեղեցու երեցփոխից և ծերունի անձերից: 1850-ական թվականներին Թավրիզի կողմից դեպի Ռաշտ է շարժվել հայ բոշաների մի գաղութ. սրանք նախապես բնակվում էին Թավրիզի Ղուշչի գյուղը. հետո նեղվելով տեղական թուրքերից, անցել են դեպի Ռաշտ. մի մասը մնացել է Ռաշտ, իսկ մնացյալը ցրվել է Էնզելի, Լենքորան և ուրիշ տեղեր: 1860-ական թվականներին Ռաշտի հայոց թիվը կլիներ ընդամենը 30 տուն, որոնք մեծ մասամբ զբաղվում էին օղեվաճառությամբ: Սրանք խեղճ ու աղքատ մարդիկ էին: Բայց կային նաև սակավաթիվ պանդուխտ վաճառականներ, որոնք կարճատև պանդխտությունից հետո, նորից վերադառնում էին իրենց հայրենիքը: Հայերը մի քարվանսարայում (որ հիմա Ասատուրի քարվանսարա է կոչվում) մի մատուռ ունեին, Ջուղայից գալիս էր երբեմն մի այցելու քահանա և այդ մատռան մեջ ժամերգություն կատարում, գաղթականության հոգևոր պետքերը հոգում: 1870-ական թվականներին հայոց թիվը հասել էր 50—60 ընտանիքի. այդ ժամանակ Ռաշտում էր գտնվում սպահանցի Տեր Հովսեփ քահանան, որ ճարպիկ ու եռանդուն մի մարդ էր: Քաղաքի հայտնի մասերից մեկում մի ավերակ տեղ կար, որ իբր աղբանոց էր ծառայում. թուրքերն ասում էին, թե դա հին եկեղեցու տեղն էր. Տեր Հովսեփը ձեռք բերեց այդ տեղը և ուզեց շինել հայկական եկեղեցի: Այդ ժամանակ Նասրեդդին շահը Եվրոպա էր գնացել և ճանապարհորդությունից էր վերադառնում. Տեր Հովսեփը ձի նստավ, գնաց մինչև Մենջիլ և շահին ներկայանալով՝ եկեղեցու շինության հրաման խնդրեց: Այդ հրովարտակը ձեռք բերելուց հետո, վերադարձավ Ռաշտ և սկսեց դրամ հանգանակել եկեղեցու շինության համար: Ժողովուրդը շատ աղքատ էր. պանդուխտ վաճառականները տվեցին դրամական նվերներ, բայց այդ բոլորը բավական չէր շինության ծախսերը հոգալու համար: Տեր Հովսեփը գնաց Ռուսաստան և այնտեղ հայոց մեջ նվերներ հավաքելով, վերադարձավ ու շինեց նույն ավերակում հայոց եկեղեցին, որ մինչև այժմ մնում է: Ծերունիները հաստատում են, որ եկեղեցու շինության ժամանակ հիմքերը փորելիս երեք շարք իրար վրա քարած սալահատակ դուրս եկավ, ինչ որ ապացույց է, թե երեք անգամ շինություն է եղել այդտեղ ու քանդվել: Ավերակի շրջակա տափերումն էլ, ուր այժմ Յաղուբի և Սահակի քարվանսարաներն են շինված, դուրս են եկել տապանաքարեր։ Եկեղեցու շինության թվականը պիտի լինի մոտավորապես 1870-ական թվականներին, որովհետև Տաճարի առաջ գտնված և 1877 թվականից մի տապանաքարի վրա կարդում ենք նույն եկեղեցու համար «նորաշեն» բառը։ 1881 թվականին տպված «Նոր ջուղայու պատմութիւն»-ը, որ գրված է 1871 թվականից առաջ, գիտի, որ մտադրություն կա հին եկեղեցու ավերակում շինել նոր եկեղեցի, բայց ասում է «տակաւին չերևի նշան շինութեանն» (հտ. Բ, էջ 108): Նույն գրքում Ռաշտի հայոց ամբողջ թիվը դնում է 72 հոգի, բոլորն էլ պանդուխտ վաճառականներ, որոնք զբաղվում են մետաքսի առևտրով (էջ 3, 108, 316): Ավերակներից դուրս եկած այդ տապանաքարերը անշուշտ գործածված պետք է լինեն եկեղեցու շինության մեջ. բայց որքան որ պրպտեցի եկեղեցու պատերը, ո՛չ մի այդպիսի քար չգտա: Միայն բեմի մեջտեղում ագուցված մի փոքր խաչքար գտա, որի վրա կարդում ենք հետևյալ արձանագրությունը. Սբ Սարքիս եկեղցոյս դուռն եւ սբ խչս յշտկ է պրն Մնացական հյր Յկոբայ աղսբր? եւ կղկցին նիկ դոստր Շարբաթ աղսբրն? Թվ ՌՃ։ Սրանից հետևում է, որ հայերը Ռաշտում ԺԷ դարում ունեցել են բավականին կարևոր գաղութ և մի եկեղեցի Ս. Սարգիս անունով: Հավանական է, որ այդ ավերակն էլ նույն եկեղեցու տեղն էր, ուր և կանգնում է այժմվա հայոց եկեղեցին: Վերջին ժամանակներում եկեղեցու բակում շինվել է Մարիամյան օրիորդաց դպրոցը, պարոն Աղավել և տիկին Մարիամ Հովսեվյանների ծախսով. այս դպրոցը այժմ խափանված է, որովհետև եկեղեցուց մի երկու փողոց հեռու, Հորդանանյան անուն անձը հիմնել է մի շատ ավելի մեծ երկսեռ դպրոց՝ իր ազգանվամբ: Այս դպրոցը Ռաշտի հայոց մեծագույն կուլտուրական հաստատությունն է, թեև դպրոց լինելուց ավելի պարսկական ճաշակով շինված մի տան տպավորություն է թողնում մարդու վրա: Քաղաքի ծայրերում հայերը մի գերեզմանատուն ունեն. գնացի այդտեղ էլ և բոլոր տապանաքարերի արձանագրությունները մի առ մի կարդացի. դժբախտաբար դրանց մեջ ոչինչ չկա Ռաշտի գաղթականության լուսաբանության համար: Բոլորն էլ նոր քարեր են: Գերեզմանատան մոտ կա Խալֆա-բուլաղ անունով տեղը. ծերունիները պատմեցին, թե Տեր Հովսեփը այդ հողամասերումն էլ գտել է հին հայկական արձանագրություն և դրանով հաստատելով, թե դրանք հայկական հողեր են, գերեզմանատնից մինչև Խալֆա-բուլաղ գրավել է և հետո վարձու տվել հօգուտ եկեղեցու: Թուրքերը հիմա այդ հողերը նորից գրավել են: === ՌԱՇՏԻՑ ՂԱԶՎԻՆ === Երկուս ու կես օր մնացինք Ռաշտում․ ամբողջ այդ ժամանակը իջևանել էինք Հորդանանյան դպրոցը, իմ ընկեր պարոն Հաբեթ Խաչատրյանի մոտ, որ նույն դպրոցի ավագ ուսուցիչ էր հրավիրված այդ տարվա համար: Դպրոցը դեռ չէր բացվել, որովհետև գրավված էր Բաքվի փախստականների մեծ բազմությամբ: Նրանց թիվը 2 500 էր. նրանց լցրել էին դպրոցի բոլոր սենյակները: Մեծ տարբերություն կար այս և Էնզելիի գաղթականների միջև, մինչդեռ Էնզելիում շատերը օթևան չունեին, քնում էին բացօթյա, այստեղ բոլորը պատսպարված էին դպրոցի սենյակներում՝ անձրևից ու ցրտից շատ ավելի լավ պաշտպանված: Էնզելիի ժողովուրդը մասամբ միայն ստանում էր պարենը, իսկ սրանք բոլորը ստանում էին ամեն օր իրենց ճաշը՝ արդեն եփած ու պատրաստ: Այս պատճառներով էլ ո՛չ մի հիվանդություն և մահ չկար սրանց մեջ. մինչդեռ Էնզելիում մինչև մեր մեկնելու օրը 200 մահ էր պատահել գաղթականների մեջ, որի շատ փոքր մասը միայն բնական մահ կարելի էր համարել, մնացյալը առաջացած էր խոլերայից ու տիֆից: Օդի կողմից չէր կարելի ասել, որ առանձին տարբերություն կար, որովհետև Ռաշտն էլ ունի նույնպիսի թաց ու խոնավ կլիմա, ինչպես Էնզելին. այստեղ էլ անձրևներն այնքան առատ ու հաճախակի են, ինչպես Էնզելիում: Մեր անցկացրած երկու օրերը եղանակը շատ լավ էր. բայց երրորդ օրը արդեն սկսեց մի ձանձրալի անձրև, որ մեր ամբողջ ճանապարհը շարունակեց մինչև Ռուդբար: Ռաշտից դեպի Թեհրան գնալու համար միայն մի ճանապարհ կա, այն է Ղազվինի վրայով ցամաքային ճանապարհը, որ համարվում է շատ բանուկ ու ապահով: Այս ճանապարհորդությունը կատարվում է միայն կառքերով: Պարսկաստանը ուրիշ ճանապարհորդական միջոցներ չուներ: Կառքերը երկու տեսակ են՝ փոստի և մասնավոր. երկուսն էլ ունեն ֆուրգոններ և կանոնավոր կառքեր: Թեև տեղացիք ասում էին, որ մասնավոր կառքերը ավելի կանոնավոր են, քան փոստինը, և թե փոստի կառքերը ձիերի պակասության պատճառով շատ ուշ են հասնում իրենց որոշած ժամանակից, բայց մենք մասամբ գնի էժանությունից և մասամբ էլ պետական անունից խաբվելով, որոշեցինք գնալ այս վերջինով, թեև հետո շատ զղջացինք: Նույն ժամանակ պետական փոստի կապալը վերցրել էր Բահման Բահրամ Փարսի անուն անձը, մի կրակապաշտ պարսիկ: Կրակապաշտները՝ հին զրադաշտական կրոնի հետևորդները, դեռ բավական շատ են Պարսկաստանում. նրանց գլխավոր քաղաքն է Եզդ, հարավային Պարսկաստանում, ուր ունեն դենպետ, ատրուշան և դպրոց: Առաջ արգելված էր նրանց՝ գնալ բնակվել ուրիշ քաղաքներում, բայց կրոնական ազատության գաղափարը, որ մինչև անգամ այս խավար երկրում սկսել է մուտք գործել, թույլ է տվել նրանց որոշ չափով տարածվել ու հաստատվել նաև Պարսկաստանի ուրիշ քաղաքներում: Այսպես, մենք կրակապաշտներ տեսանք Ռաշտում, Ղազվինում և ավելի հետո Թեհրանում, ուր նրանք ունեն դենպետ, դպրոց և ատրուշան, ինչպես նաև կրակապաշտական գերեզմանատուն, ուր մեռելները անթաղ պահում են՝ երկնքի թռչուններին կեր դարձնելու համար: Հողի մեջ թաղելը նրանք համարում են սրբապղծություն. հողը սուրբ է և չպիտի ապականվի մեռելի կեղտոտ դիակով: Գնացինք ուրեմն Բահման Բահրամ Փարսու վարչությունը, ուր մի պարսիկ կառավարիչ կար. թեհրանցի մի երիտասարդ էր նա, որ ազատ խոսում էր բացի պարսկերենից, նաև ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն: Վարձեցինք նրա մոտ մի կառք 90 թումանով մինչև Ղազվին, պայմանով, որ եթե ուզենայինք՝ կարողանայինք շարունակել մինչև Թեհրան նույն կառքով՝ ավելացնելով ևս 48 թուման: Հոկտեմբերի 30-ին, չորեքշաբթի, մի անձրևոտ ու թաց օր, ժամը 10-ին ճանապարհ ընկանք Ռաշտից: Կառքի մեջ չորս հոգի էինք. ես ու կինս, բաքվեցի պարոն Մակեդոնյան և իր աղախինը: Երկու րոպեից հասնում ենք զաստավը, տեղական բառով զենջիր, ուր մեզանից վերցրին մինչև Ղազվին ճանապարհի համար տուրք 3 թուման, 2 ղռան և 3 շահի. 2 ժամ հետո հասանք Սանգյառ կոչված տեղը, որ ուրիշ բան չէր, բայց եթե ուտելեղեն կամ այլ մթերքներ ծախող խանութների մի փոքր շարք: Կառքը այստեղ տասը րոպե ձիերին դադար տվեց և իսկույն նորից ճանապարհ ընկավ: Երկու ժամ ևս արագ ընթացքով առաջանալուց հետո հասանք Քութում, որ մեր ճանապարհի առաջին կայարանն է 63-րդ վերստի վրա, հաշվելով Էնզելիից: Մի շատ հասարակ իջևան էր սա, ուր ո՛չ մի տուն և ոչ մի խանութ էլ չկար: Այս կայարանում ձիերը փոխեցին և մեկ ժամից նորից ճանապարհ ընկանք: Ամբողջ ճանապարհը շատ գեղեցիկ է. սկսած Ռաշտից շարունակ անցնում ենք ճոխ բուսականության միջով. անվերջ ծառեր ու թուփեր են, որոնց մեջ նկատում ենք առատ զկեռ և սինձ. բնական անտառներ են սրանք մեծագույն մասամբ, որոնց մոտ երբեմն պատահում ենք նաև մարդկային աշխատանքով պատրաստված այգիների ու պարտեզների: Քութումից քիչ հետո դաշտի միօրինակ հարթությունը սկսում է խանգարվել. աջ կողմում ահա բարձրանում է մի բարձր սար. նրան շուտով հաջորդում է ձախ կողմից մի ուրիշ սար և սրանք կազմելով մի անընդհատ շարունակություն, բռնում են մեր ճանապարհի երկու կողմը՝ աջ ու ձախ: Այս փոքր լեռների անընդհատ շարքի մեջտեղով առաջանում ենք մենք էլ մինչև Սեֆիդ-Քեդելե, որ մեր ճանապարհի երկրորդ կայարանն է 72-րդ վերստի վրա: Աջ ու ձախ կողմը փռված լեռների միջև մի լայն ձոր կամ հովիտ էր սա, որի միջով անցնում էր ոլորապտույտ մի գետ (Սեֆիդ-Ռուդ) և իր քաղցր խոխոջյունով լցնում էր ամբողջ հովիտը: Իջևանը մի խղճուկ շենք էր. տուն և խանութ չկար. իջևանապետի ասելով, բուն գյուղը գտնվում է սարի ետևի բարձրության վրա և ունի 400 տուն. մյուս սարի վրա կա նաև մի նշանավոր ուխտատեղի, ուր նստում է իմազա Հաշեմը: Այսպես արտասանում էր թուրքը արագաբանությամբ, կրճատելով իմամ միրզա բառերը և դարձնելով իմազա: Իմամի շենքն արդեն ճանապարհից երևում էր բարձր լեռան վրա, որ մենք նախապես հասարակ տուն էինք համարել: Ժամը 4-ին հասել էինք Սեֆիդ-Քեդելե. երեկոյան բավական ժամանակ կար, ուստի մենք կարող էինք մի իջևան ևս առաջանալ. բայց իջևանապետը մեզ հայտնեց, թե ձի չկա, բոլոր ձիերը փոստը տարել է. մի քանի ժամից հետո կդառնան, իսկույն գարի կտան և առավոտվան ժամը 2-ին մեզ ճանապարհ կդնի: Անձրևը շարունակ գալիս էր, հոգնած էինք. ցուրտ էլ էր. որոշեցինք մնալ և մի քիչ հանգստանալ: Բանից դուրս է գալիս, որ իջևանապետը մեզ խաբել է: Ձիեր եղել են իջևանում, բայց նա ստել է, որպեսզի մենք գիշերենք իր մոտ, և նա գիշերավարձ ստանա: Այնպես որ ոչ միայն 2-ին ճանապարհ չընկանք, այլև առավոտյան 8-ին հազիվ կարողացանք կռվով ձի ստանալ ու մեկնել: Հազիվ թե մի քիչ առաջացել էինք, կառքը կանգնեց. հեռուն բարձրացել էր աղմուկ, ժխոր ու գոռգոռոց. ֆուրգոնների մի ամբողջ շարք բռնել էր ճանապարհը. առաջին ֆուրգոնի ձիերը ընկել էին և տեղից չէին կարողանում բարձրանալ. ճանապարհը նեղ լինելով՝ կողքից անցնել անկարելի էր. ֆուրգոնն իր ամբողջ ծավալով բռնել էր նեղ տարածությունը: Մեկն այս կողմ էր քաշում, մյուսն այն կողմ. մինը գոռում էր, մյուսը հայհոյում և մենք անձրևի տակ կանգնած, սպասում էինք, որ մի ճար լինի: Կես ժամից ավելի տևեց կռիվը. վերջապես կարողացան ֆուրգոնն ավելի լայն տեղ տանել և մենք առաջ անցանք: Կառքը գնում էր դանդաղ միօրինակությամբ. ձիերը վտիտ են ու անուժ. չեն ուզում արագ շարժվել, ականջ չդնելով ո՛չ խարազանի հարվածներին և ո՛չ կառապանի գոռգոռոցներին: Անձրևը թափվում է շարունակ, կաթիլ-կաթիլ ծորելով նաև մեր կառքի կտուրից: Ամեն ինչ տխուր է: Լուռ և մեռած է նաև բնությունը. ո՛չ թռչունի ծլվլոց, ո՛չ շան հաչոց, ո՛չ աքլորի զվարթարար կանչ. գյուղեր չկան. մարդիկ էլ չկան. երբեմն-երբեմն մեր կողքից անցնում են կիսամերկ, ոտաբոբիկ, կմախքացած գաղթական պարսիկներ. միակ շարժումը, որ նկատում ենք, անգլիական ավտոմոբիլներն են, որոնք ստեպ-ստեպ թռչում անցնում են մեր մոտով: Եվ այս բոլորը ազդում է և ճամփորդի վրա, և նույնիսկ բնության վրա, ու այս ծիծաղուն վայրերը դարձնում է տխուր ու մշուշապատ: Կեսօրվա մոտ հասանք Ջեմշիդաբադ իջևանը՝ 81-րդ վերստի վրա. մի խեղճուկրակ հյուրանոց էր սա էլ, քանդված ու փլփլած սենյակներով. ո՛չ գյուղ, ո՛չ տուն, ո՛չ խանութ և ո՛չ բնակչություն: Ծերունի իջևանապետը, արևելյան բարի դեմքով, անուշ ժպիտով, պարսկական քաղաքավարությամբ, ձեռքերը գետին պարզած ու գլուխը խոնարհած, մեր առաջ եկավ ու ներողություն խնդրեց, որ մեզ այսպես անշուք կերպով է ընդունում, որ ոչինչ չունի մեզ հյուրասիրելու համար: «Այսպե՞ս էր մեր հյուրանոցը,— ասաց նա,— ամեն բան ունեինք, բայց անգլիացոց զորքը եկավ ու ամեն բան հավաքեց տարավ»: Սովորական թեյը խմելուց հետո, ձիերը փոխեցինք և ժամը 1-ին ճանապարհ ընկանք Ջեմշիդաբադից: Մինչև այստեղ ամբողջ մեր ճանապարհը կանաչություն էր. ամբողջ լեռները ծածկված էին ծառերով ու թուփերով. Ջեմշիդաբադից սկսյալ բուսականությունը դադարում է, և մենք շարունակում ենք մեր ճանապարհը լերկ ու մերկ լեռների կողերով, մի ընդարձակ հովտի եզերքով, որի միջով սահում է Սեֆիդ-Ռուդ գետը բազմաթիվ զիգզագներով, օղակավոր դարձվածներով: Ռուդբարի մոտ արդեն դադարում է անձրևը, որ երկու օր է շարունակ ու անընդհատ թափվում էր: Ամպերի տակից դուրս է նայում կարոտալի արեգակը և նրա փայլփլուն ճառագայթները գետի ջրերի վրա թափված՝ արծաթափայլ ցոլանում են: Հանկարծ լերկ լեռների մի կողից սկսում է ձիթենիների մի անտառ, որ ճանապարհի աջ կողմից բարձրանում է սարն ի վեր, իսկ ձախից փռվում գետի ափերով: Այս անտառը տանում է մեզ մինչև Ռուդբար իջևանը, ուր հասնում ենք երեկոյան ժամը 4. 30-ին, 106-րդ վերստի վրա: Ռուդբար իջևանը գտնվում էր գետի ճիշտ եզերքը. գետը այստեղ փոքր ջրվեժներ ու սահանքներ կազմած ու անձրևներից վարարած՝ հորդառատ հոսում ու անլուռ խոխոջելով օրորում էր մեզ ամբողջ ժամանակ։ Գետի մյուս երեսը գտնվում էին ջրաղացները և հետո բարձրանում էր մի հոյակապ սար՝ Թլավար անունով։ Իջևանի մոտ կային մի խումբ խանութներ, ուր կարելի էր գտնել հաց, միս, ձու և ուրիշ մի քանի մթերքներ: Գնեցինք հաց և այլ ուտելեղեն, մի գեղեցիկ կրակ վառեցինք բուխերիկում և հանգիստ անցկացրինք գիշերը այդ իջևանում: Նոյեմբերի 1-ին, ուրբաթ, առավոտյան ժամը 7-ին ճամփա ելանք: Ահա սկսվում է բուն Ռուդբար գյուղը՝ իր անհամար ձիթաստաններով, այգիներով, տներով ու խանութներով, որոնք փռված են ճանապարհի երկու կողմը և ցածրը՝ գետի ափերին: Առաջին անգամն է, որ մեր այս ճանապարհորդության մեջ մի գյուղ ենք տեսնում: Ռուդբարը նշանավոր է իր հոտավետ մեղրով ու ձիթապտղով, որից հանում են ձեթ և սրանով էլ պատրաստում լավ օճառ: Ամեն մի գյուղացի ունի իր ձիթաստանը և ամբողջ գյուղն ապրում է նրանով: Հենց որ գյուղը վերջանում է, սկսում է նորից լերկ ու մերկ լեռների անվերջանալի շարքը, որ մենք շարունակ կտրում ենք ու անցնում և վերջապես հասնում ենք չորս կամարով մի մեծ կամուրջ: Կամրջի գլխից ճանապարհը երկուսի է բաժանվում. մեկը գետի հետ միասին ծռվում է դեպի աջ և լեռների կողերով գնում է դեպի Զինջան և Թավրիզ. իսկ մյուսը գետի մյուս երեսից շարունակում է հարավ-արևելյան ուղղությամբ և Գիլանի սահմանը քերելով ուղիղ դեպի Ղազվին, որ մեր ճանապարհն է: Անցնում ենք գետը. մի անգլիացի զինվոր այնտեղ պահակ է կանգնած ու անխոս դիտում է մեզ. երկու քայլ այն կողմ կառքը կանգնում է մի քարե շենքի առաջ, որ Մենջիլի ռուսական զաստավն է: Մի քանի վրացի պահանորդներ ներկայանում են մեզ և մեր զաստավի թուղթը տեսնելուց հետո ազատ արձակում: Երկու րոպե հետո տեսնում ենք անգլիական զորքը, իրենց բազմաթիվ թնդանոթներով, ավտոմոբիլներով, ջորիներով ու ռազմամթերքի սայլերով: Նորից կանգնում է մեր կառքը և մի հայ երիտասարդ՝ ժպտալից դեմքով, քաղաքավարությամբ ու քաղցր լեզվով հարցնում է մեզ անգլիական անցաթուղթը, որ մենք ստացել էինք Էնզելիից: Կես րոպե չի տևում ստուգումը և անգլիացի պաշտոնյան արձակում է մեզ: Արդեն հասնում ենք Բախմանաբադ կոչված իջևանը, որ գտնվում է 117-րդ վերստի վրա և որի իսկական անունն է Մենջիլ: Անգլիական պաշտոնյայի հրամանով իջևանապետը անմիջապես պատրաստեց մեր ձիերը և ժամը 9-ին դուրս եկանք Բախմանաբադից: Լեռները հետզհետե ցածրանում են ու ավելի լերկանում. բուսականությունը իսպառ դադարում է: Երկու և կես ժամ շարունակ գնում ենք լերկ ճանապարհով և վերջապես հասնում ենք Բալա-Բալա իջևանը՝ 128-րդ վերստի վրա: Բուն գյուղի ճանապարհի վրա է, բայց թափուր է. ժողովուրդը քոչել է սարերը և ապրում է այնտեղ վրանների տակ. ձմեռվա հետ կվերադառնան նորից այստեղ և նորից կշենացնեն իրենց ամայի գյուղը: Բալա-Բալա իջևանը գտնվում է մի զվարճալի ձորի մեջ. դիմացի կողմը բարձրանում են ո՛չ բարձր բլուրներ. առջևը փռված է ընդարձակ գետը՝ շատ բազմաթիվ ճյուղավորումներով, որոնք մերթ իրարից բաժանված, մերթ իրար հետ միացած՝ կազմում են մի բազմազան տեսարան։ Գարնանն այս բոլորը մի ամբողջություն է կազմում և հեշտօրոր գետը դառնում է մի ահավոր հեղեղ: Կեսօրին դուրս եկանք Բալա-Բալայից. անցնում ենք չոր ու տաք դաշտերով. ճանապարհին պատահեցինք անգլիական հնդկական նոր զորքերի, որոնք մոտ երկու հարյուրյակ՝ իրենց թնդանոթներով, ռազմամթերքով ու պաշարակիր ջորիներով գնում էին դեպի Մենջիլ, միանալու Էնզելիից եկած խմբերին և արշավելու, ինչպես կարծում էինք, Թավրիզի վրա: Ջամալաբադ ու Նովշան գյուղերը անցնելուց հետո, հասանք Նովշանի մեծ ու բարձր քարաշեն քառակամար կամուրջը: Կամուրջի այս կողմը կառավարական մի շենք է, որի առաջ կանգնած են չորս պարսիկ զինվորներ: Առաջին անգամն էր, որ մեր ճամփի վրա պատահում էինք պարսիկ զինվորների՝ կարծես հիշեցնելու համար մեզ, թե Պարսկաստանում պարսկական կառավարություն էլ կա…: Կամուրջի մյուս երեսն է ռուսական զաստավը, ուր նորից կանգնեցրին մեզ և զաստավի թուղթը ստորագրելուց հետո՝ ազատ արձակեցին: Սկսյալ Նովշենի զաստավից մինչև մի քանի իջևան գետինը զարմանալի կերպով փոխվում է. ճանապարհի երկու կողմը փռված բլրակները, հողը, մինչև անգամ քարերը ամբողջապես կարմիր են: Տեղ-տեղ կարմրությունը շատ թունդ է և հասնում է մութ աղյուսագույնի, տեղ-տեղ էլ բաց ու նուրբ գույն ունի: Ժամը 3. 30-ին հասանք Փաչինար գյուղը և քիչ հետո համանուն իջևանը, որը գտնվում էր 143-րդ վերստի վրա. ձիեր չկային, ուղարկել էին գարի բերելու և իբր թե կես ժամից պիտի դառնային. ստիպված էինք սպասել. բայց փոխանակ կես ժամի, 3 ժամից եկան ձիերը, հետո էլ երկու ժամ գարի պիտի ուտեին և, որովհետև գիշերով գնալը վատ էր ցրտի և ճանապարհների վատության պատճառով, մյուս կողմից, որովհետև իջևանը եղած բոլոր իջևաններից ամենակոկիկն էր, որոշեցինք նույն տեղը գիշերել և մի որևէ տաք կերակուր շինելով՝ մեր թուլացած մարմինները մի քիչ կազդուրել: Փաչինարով վերջանում է Գիլանի նահանգը. Մենջիլը արդեն նրա հարավային սահմանն էր. մենք Մենջիլից այստեղ քերել էինք ամբողջ նրա հարավային սահմանը, այժմ արդեն ամբողջապես թողնում էինք Գիլանը: Տեսնելով, որ երեկոները շատ ճամփա գնալ կարելի չէ, քանի որ նայիբները (իջևանապետ) ամեն մի խարդախ միջոց գործ էին դնում մեզ պահելու, որպեսզի իրենց գիշերավարձ մի թումանը ստանան և մի քանի ղռանի էլ ուտելեղեն վաճառեն, որոշեցինք առավոտը շատ կանուխ ելնել և կեսօրից հետո անելիք ճանապարհը առավոտը անել: Ժամը 3-ին վեր կացանք և ձայն տվինք ձիապանին. իսկույն գնաց իր պատրաստությունները տեսնելու և մեկնելու. բայց այնուամենայնիվ հազիվ ժամը 5. 30-ին ճանապարհ ընկանք, երբ արդեն մութը անցել էր և բավականին լույս էր։ Ժամը 8-ին հասանք Մոլլա-Ալի իջևանը՝ 155-րդ վերստի վրա, անցնելով երկու խեղճ գյուղերով, որոնց անունն իսկ անկարելի եղավ իմանալ: Մոլլա-Ալի իջևանում երբ հարցրի նրանց անունը, մեկը կոչեց Թովգիր, մյուսը՝ Քեդխուդա Խոսրով, երրորդը՝ Քովան և իրար հետ վիճում էին այս մասին: Մեկ չորրորդն էլ ասաց, թե հեռու գյուղ է, ի՞նչպես իմանան դրա անունը…: Մի ուրիշը, որ գյուղացիների գիտակներից էր երևում, ցավելով էր պատմում գյուղերի ողբալի վիճակը. «Գյուղ չմնաց,— ասում էր նա,— մարդիկ բոլորը քաղցից կոտորվեցին. տասը տնից երկուսը միայն մնացել է. գյուղ կա, որ մի տուն է մնում. գյուղ կա, որ երկու տուն է մնում. գյուղ կա, որ հինգ տուն է մնում. մեր գյուղերը այժմ այսպե՜ս ամայի են. ամայի տունը ո՛վ կպահի. պատերը քանդում են, տախտակները, գերանները հանում են և տունը ավերակ է դառնում»: Այս իջևանում էլ ձի չկար. իջևանապետը, որ մի կտրուկ և բարեխիղճ մարդ էր, ծառայողներին հրամայեց, որ մեր բերած ձիերին հանգիստ տան ու նորից լծեն: Այս բոլոր պակասությունների պատճառ համարում էին անգլիացիներին, որոնք պատերազմական պետքերի համար բոլոր ձիերին խլում են. կարելի չէր հետևաբար ավելորդ ձի պահել և ստիպված էին մի քառյակ, առավելն երկու քառյակ ձի պահել: Ժամը 11-ին մեկնեցինք Մոլլա-Ալիից: Փաչինարից հետ ցածլիկ ժայռերը սկսում են քիչ-քիչ բարձրանալ, բայց միշտ լերկ ու զուրկ բուսականությունից: Երկու անանուն գյուղերի մոտ էր, որ սկսել էին երևալ մի քանի ծառ, մի քանի կով, մի քիչ այն կողմ արածում էին մի քանի այծ, ահա և հնձված մի արտ, որ մարդկային աշխատանքի վկան է և մի կոկիկ առու՝ արտերը ջրելու կամ ծառերը ոռոգելու համար: Մոլլա-Ալիից անցնում ենք մի քանի վերստ և նորից գտնում ենք մի նոր ծառոտ տեղ ձորի մեջ՝ ձախակողմը. կան բարդի և այլ ծառեր, ցանված արտեր, առուն՝ որ հոսում է ծառերի միջև. ահա և գյուղի տները, որոնց մի մասը անբնակ է, որովհետև բնակիչները գնացել են սար ամառանոց, մյուսները թեև տանն են, բայց դեռ քնած են: Հազիվ գյուղից մի երկու վերստ հեռացել էինք, ահա սկսում են զառիվեր բարձրությունները. ձիերը մի քիչ առաջանում են, բայց շուտով կանգնում են. այլևս չեն կարող առաջանալ. մտրակի բոլոր հարվածներն ու կառապանի բոլոր ջանքերը զուր են անցնում. ձիերը անկարող են շարժել կառքը: Բոլորս իջնում ենք կառքից և սկսում ենք ոտով բարձրանալ լեռների երկար ճանապարհը. կառապանը ձիերի տեղերը փոխում է, նրանց ուրիշ դասավորություն է տալիս և վերջապես կարողանում է կառքը բարձրացնել զառիվերից: Կարճ կածաններով մենք հետևում ենք նրան և վերջապես հարթ ճանապարհները հասնելով՝ նորից հեծնում ենք: Որքա՜ն անտանելի պիտի լիներ մեր վիճակը, եթե այս ամայի տեղերում, ուր ոչ մարդ կա և ո՛չ բնակարան, գիշերային մթության մեջ պատահեինք այսպիսի արկածի: Անցնելով Շիրին-սու գյուղի մոտով, որ մի քիչ կանաչավետ տեղ էր, ժամը 4-ին հասանք Խզբաշչայ իջևանը, 172-րդ վերստի վրա: Այստեղ մի ժամ հանգիստ առինք և ստանալով նոր թարմ ձիեր, ժամը 5-ին ճանապարհ ընկանք: Մի քիչ անցած, կառքը կանգնեց, և մի պարսիկ երիտասարդ անգլիական պաշտոնեության կողմից ներկայանալով մեզ՝ հարցրեց մեր անցագիրը. ցույց տվինք և նա՝ ներողություն խնդրելով, որ մեզ անհանգիստ է արել, իսկույն արձակեց կառքը: Երեկոյան ժամը 7.30-ին, երբ արդեն մթնում էր, հասանք Բեքենդի իջևանը, 183-րդ վերստի վրա: Այստեղ արդեն մեր դժբախտության լրումն էր. երկու խեղճ հողահատակ սենյակներ, կոտրած ապակիներով, ամենահասարակ կարասիից էլ զուրկ, բոլորովին դատարկ… ահա ինչ որ կար այդ իջևանում: Ախոռի մեջ ձիապանը կրակ էր վառել. երկու մեծ գերան իրար դեմ դրած բոցավառվում էին. բայց փայտ չկար, որ մենք էլ մեր սենյակում կրակ վառեինք ու գիշերվա հետզհետե սաստկացող ցուրտը մեղմեինք: Իջևանապետը ո՛չ միայն թեյ կամ այլ որևիցե ուտելեղեն չուներ մեզ վաճառելու, այլև ընդհակառակը՝ ինքը մեզանից ուտելիք էր խնդրում: Նրա կրակի վրա կերակուր պատրաստեցինք ու մեր քաղցը հագեցրինք: Այնուհետև մեր ֆայտոնի զանազան մասերը հանելով, մեր արկղների վրա տախտի նման բարձրություններ պատրաստեցինք և մեզ անկողին անելով՝ պառկեցինք ու սաստիկ ցրտին դողալով-սարսռելով մի կերպ քնեցինք: Նոյեմբերի 3-ին, կիրակի առավոտ, շատ շուտ վեր կացանք և ձիերի պատրաստությունը տեսնելով, քաղցած փորով ճանապարհ ընկանք ժամը 6.30-ին։ Ձիերը արագ գնում են, մենք գտնվում ենք այժմ խոշոր բարձրությունների վրա. Ղազվինի տարահարթն է սա. այլևս վերելքներ կամ վայրէջքներ գրեթե չունենք. փչում է լեռնային պաղ քամին, բայց հանդարտ և չոր։ Երկու կողմերս հաճախ երևում են մշակված արտեր. ահա պարսիկ գյուղացին հող է հերկում. մերթ ընդ մերթ մեր կողքերից անցնում են ուղտերի քարավաններ, որոնք նավթ և ուրիշ ապրանքներ են փոխադրում. անգլիական ավտոմոբիլները շարունակ թռչում են արագ-արագ մեր հակառակ ուղղությամբ: Անցնելով Ղվին գյուղի առաջով ժամը 10.30-ին հասանք Բույնակ իջևանը, որ գտնվում էր 198-րդ վերստի վրա: Սա մեր վերջին իջևանն էր, որովհետև այնտեղից մինչև Ղազվին մնում էր միայն 27 վերստ. ուղիղ և հարթ խճուղի ճանապարհ, որ կառքերը մեկ անգամից գնում էին առանց դադարի: Բայց որչափ մեծ եղավ մեր հուսախաբությունը, երբ իջևանապետը ներկայանալով մեզ, հայտնեց, թե իջևանում ձի չկա, նոր են գնացել Ղազվին, մինչև նրանք գնան գան և հանգստանան, որպեսզի նորից մեկնեն, այդ կտևի մինչև գիշեր. պետք է ուրեմն ամբողջ օրը այս չոր իջևանում անցկացնել և սպասել: Դեռ կարող էր պատահել, որ հանկարծ Փոստը Ղազվինից ճանապարհ ընկներ և մեր ձիերը խլելով տաներ։ Այն ժամանակ մենք ստիպված պիտի լինեինք մնալ թերևս երկու օր: Մոլորված մնացել էինք. ի՜նչ անեինք. ո՛չ հեռագիր կար, ո՛չ հեռախոս և ո՛չ հաղորդակցության մի այլ միջոց, որպեսզի Ղազվին լուր ուղարկեինք և մի ճար խնդրեինք: 27 վերստը կարելի էր նույնիսկ ոտքով գնալ, բայց ի՜նչ անեինք մեր բեռները…: Կանգնեցինք ճանապարհի վրա և սպասում էինք, թե մի որևէ մասնավոր կառք կամ անգլիական ավտոմոբիլ կանցնի՞ դեպի Ղազվին, որպեսզի նրանց միջոցով մի նամակ ուղարկեինք մեր ծանոթներին և մի հնարք խնդրեինք: Մասնավոր կառք չպատահեց. բայց ահա սկսեցին երևալ անգլիական ավտոմոբիլներ, որոնք արագ-արագ թռչում էին դեպի Ղազվին. գլխարկով նշան արինք, անգլերեն լեզվով խնդրեցինք, որ ավտոմոբիլը կանգնեցնեն, բայց ոչ մեկը ուշադրություն չդարձրեց մեզ. միայն մի ռուսական ավտոմոբիլից պատասխանեցին մեզ, որ դիմենք իրենից հետո եկող ավտոմոբիլին, բայց այս հաջորդը և մյուս հաջորդներն էլ անգլիացի լինելով, ո՛չ մի կարևորություն չընծայեցին մեզ: Ճարահատված, ամբողջ օրը մնացինք այս անտեր իջևանում. զբաղվեցինք ընթերցանությամբ, կերակուրի պատրաստությամբ, մոտակա պարսիկ գյուղը գնալով խաղող ու ձու գնեցինք և այսպես սպանելով օրը, վերջապես երևացին մեր փրկարար ձիերը: Մի քանի ժամ էլ սրանց կեր և հանգիստ տալուց հետո, վերջապես երեկոյան ժամը 8-ին մթով ճանապարհ ընկանք և 5 ժամ շարունակ ու միօրինակ քշելով կառքը, հասանք Ղազվին: Ահա արդեն սկսեցին Ղազվինի այգիները. մեկ-մեկ պատահում են մասնավոր շենքեր. վերջապես կանգնում ենք Ղազվինի դարբասի առաջ. երկու պարսիկ ոստիկան մեր անունը, հասցեն և իջևանելու վայրը հարցնում են և երևի իրենք գրել չիմանալով՝ խնդրում են, որ ես գրեմ. պարսկերեն լեզվով գրում եմ այդ բոլորը թղթի մի կտորի վրա և տալիս եմ իրենց. վերցնում են մեզանից 4 ղռան և 4 շահի իբրև դարբասի մուտքի վարձք և արձակում են: Կես գիշերից մեկ ժամ անցել էր, երբ մտանք կրակապաշտ պարսիկ Բորզու Շափուր Փարսյու անուն անձի բավական մաքուր հյուրանոցը և չորս հոգի վարձեցինք մի սենյակ՝ օրական 12 ղռան վարձով: === ՂԱԶՎԻՆ === — Ղազվինը մեծ և ընդարձակ քաղաք է. Պարսկաստանի գլխավոր քաղաքներից մեկն է. նույնիսկ եղել է մայրաքաղաք 16-րդ դարում՝ Սպահանից առաջ. բայց հակառակ իր այս անվան մեծության՝ շատ անշնորհք և տգեղ քաղաք է: Տները բոլոր հասարակ հողե պատերով շրջապատված, փողոցները նեղ ու փոշոտ, ո՛չ մի հետաքրքրական բան չկա, որ ճանապարհորդի ուշադրությունը գրավի: Նույնիսկ գլխավոր փողոցը, որ կոչվում է Խիաբանի Թեհրան և մի լայն ու բանուկ փողոց է՝ մեծամեծ հաղթահասակ ծառերով շրջապատված, ոչ մի գեղեցկություն կամ գրավչություն չունի: Գնացի գլխավոր շուկան, որ արևելյան շուկաների ձևով վերևը փակ մի խումբ փողոցների անընդհատ շարք է կազմում: Այստեղ էլ խանութները անշնորհք, աղքատ ու ապրանքներից զուրկ են: Ո՞ւր է մնում Ռաշտի խանութների լիությունը, առատությունը, ո՞ւր է մնում Ռաշտի բնական շուկան ու ժողովրդի մեծ շարժումը, կենդանությունը: Պարսկական կյանքով առանձնապես չհետաքրքրվելով՝ ուզում էի տեղեկանալ հայոց գաղութի մասին: Ես ծանոթացա թավրիզեցի մի ազնիվ երիտասարդի՝ պարոն Աշոտ Ավագյանի հետ, որ իր եղբոր՝ պարոն Արտավազդի հետ քաղաքի գլխավոր փողոցներից մեկի վրա մի խանութ էր վարձել ու ծախում էր ամեն ինչ, որ կարելի է՝ գրենական պիտույք, ուտելեղեն, ըմպելիք, պնակներ և այլն, և այլն: Պարոն Արտավազդն էլ մի շատ հետաքրքրական տիպար էր. աշակերտ էր Հռոմի կաթոլիկական դպրոցի, սովորել էր աստվածաբանություն, խոսում էր բազմաթիվ լեզուներ, նույնիսկ լատիներեն, և տարօրինակն այն էր, որ խանութում նստած առուտուր անելու ժամանակ էլ չէր մոռանում կարդալ իր լատիներեն աստվածաբանական գիրքը: Պարոն Աշոտը հայոց գաղթականական կոմիտեի անդամներից մեկն էր և քաղաքի առաջավոր անձերից էր համարվում: Ահա թե ի՛նչ տեղեկություն կարողացա քաղել հիշյալ պարոնից՝ Ղազվինի հայոց մասին: Ղազվինի հայությունը, հաշվելով միայն բնիկ տեղացի գաղութը, բաղկացած է հարյուր տնից. այս թվից դուրս են մնում բոլորովին նորեկ գաղթականները, որոնք Թավրիզի և Բաքվի անկումից հետո դիմել են այս քաղաքը և ամենևին միտք չունեն քաղաքում հաստատվելու: Այս տեղացի կոչված հարյուր տուն հայությունն էլ սակայն ամբողջապես կազմված է հին գաղթականներից, որոնք եկել են Ղազվին զանազան քաղաքներից: Գաղթականներից հնագույնները եկել են Նոր-Ջուղայից և Սպահանից և խոսում են Նոր-Ջուղայի բարբառը: Նրանց վրա ավելացել են հետո Թեհրանից, Համադանից, Թավրիզից և Ղարադաղից եկողներ, որոնց թիվը այժմ գերազանցում է Սպահանի գաղթականներից: Եվ որովհետև Թավրիզ, Թեհրան, Համադան գրեթե միևնույն բարբառն են խոսում, ուստի կարելի է ասել, թե իրենց բարբառն էլ հաղթող է հանդիսացել: Եվ իրոք, այսօր ում որ պատահես՝ անշուշտ կխոսի Թավրիզի բարբառով: Հայերը Ղազվինում մի քանի տարի առաջ ունեցել են մի աղոթատուն (մի տան մեջ վարձված սենյակ) և քաղաքից դուրս գտնված մի գերեզմանատուն: Տունը ծախվելով աղոթատունն էլ այդտեղից վերացել է: Այժմ հայերը միանալով գնել են մի նոր և ավելի հարմար տուն, որի մեջ բաց են արել դպրոց և աղոթատուն: Ուզեցի գնալ գերեզմանատուն և հին գերեզմանաքարերի օգնությամբ որոշել Ղազվինի գաղթականության պատմությունը: Բայց պարոն Աշոտը ավելորդ գտավ գնալս, որովհետև գերեզմանատան մեջ ոչ մի քար չկա, դա մի բացավայր է, առանց պատի կամ դարբասի, որ այժմ ծախված է և ուր մեռելներ էլ չեն թաղում: Հայերն այժմ գնել են մի նոր հող, որ պարսպով պատել և իրենց գերեզմանատուն են դարձրել: Գերեզմանատունը գնված էր չորս տարի առաջ, ուստի տապանաքարերն էլ շատ նոր էին և հետևաբար կարիք չկար գնալ ու խուզարկություններ կատարել այնտեղ: Ամերիկացի մի ճանապարհորդ, որ 1872 թվականին անցել է Ղազվինով, այս քաղաքի հայոց թիվը դնում է միայն 12 հոգի (տե՛ս J. Bassett, Persia, New York, 1886 թ., 89): === ՂԱԶՎԻՆԻՑ ԹԵՀՐԱՆ === Երեք օրի չափ մնացինք Ղազվին և բավական հանգստանալուց հետո պատրաստվեցինք մեկնելու դեպի Թեհրան, հրաժեշտ տալով մեր երկու ընկերներին: Մեր առաջին պարտականությունը անցագիր ստանալն էր։ Պարսից կառավարությունը վերջերս մի նոր հրաման էր հանել. այն բոլոր հայերը, որոնք գաղթել էին Կովկասից և Ատրպատականից, իրավունք չունեին գնալու Թեհրան: Այս արգելքը դրված էր այն պատճառաբանությամբ, որ հայերը իբրև ապստամբ և խռովարար տարր, կարող էին անկարգություններ առաջացնել մայրաքաղաքի մեջ, գողություններ և սպանություններ կատարել…: Այս պատճառով, ո՛վ որ ուզում էր անպատճառ և մի կարևոր գործով գնալ Թեհրան, պարտավոր էր տեղական հայերից որևէ մի հայտնի անձնավորության կողմից երաշխավորություն ձեռք բերել իր մաքուր բարոյականի մասին և այդ երաշխավորությունից հետո միայն անցագիր ստանալով՝ իրավունք ուներ գնալու Թեհրան: Իմ երաշխավորն եղավ հենց ինքը, պարոն Աշոտ Ավագյանը. և թեև պարսիկ պաշտոնյան ուզում էր դժվարություններ հանել իմ անձի դեմ, բայց մեկ կողմից պարոն Աշոտի ճարպիկ լեզուն, մյուս կողմից իմ եվրոպական լեզուների ծանոթությունը փրկեցին ինձ և պաշտոնյան բարեհաճեց տալ ինձ անցագիրս: Ղազվինից Թեհրան գնալու համար եղած միջոցները գրեթե նույնն են, ինչ որ Ռաշտից Ղազվին։ Կան մասնավոր կառքեր, որոնք 2—3 օրից հասցնում են Թեհրան. կան փոստի կառքեր, որոնք շատ անգամ փոստի ձի չունենալու պատճառով ավելի ուշ են հասնում. կան ֆուրգոններ, որոնք գիշեր-ցերեկ անընդհատ գնալով, 24 ժամվա մեջ կտրում են ճանապարհը: Կան նաև մասնավոր ֆուրգոններ, բայց դրանք շատ ավելի դանդաղ են: Ամենաարագ հաղորդակցության միջոցը փոստի ֆուրգոնն էր, որ և ամենաէժանն էր, որովհետև մարդագլուխ վերցնում էր 7 թուման: Բայց դա ուներ մի մեծ անհարմարություն, այն է, որ ֆուրգոնի վերևը ծածկած չէր անձրևի ժամանակ շատ պիտի թրջվեինք, մյուս կողմից լավ զսպանակավոր սռնիներ չունենալով, չափազանց լխկահարում էր և վերջապես գիշերը ցուրտ լինելով, և մենք էլ հաստ վերարկու և վերմակ չունենալով, չափազանց պիտի մրսեինք: Փոստի կառքերի անկանոնությունից էլ արդեն շատ տուժած լինելով, վճռեցինք վարձել մի մասնավոր կառք: Ղազվինի կառքերը պահանջում էին 50—60 թուման. մենք գտանք սակայն Թեհրանից եկած մի կառք, որ պատրաստ էր հետ գնալ և 40 թումանով համաձայնվեց՝ 2 օրվա մեջ Թեհրան հասցնելու պայմանով: Մեր նոր ընկերներն եղան թեհրանցի երկու հայ երիտասարդ: Նոյեմբերի 6-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան ժամը 9-ին ճանապարհ ընկանք Ղազվինից. անցնելով Խիաբան-ի-Թեհրանի մեծ պողոտայով, կառքը շուտով թեքվում է և մի քանի րոպեից հասնում քաղաքի մեծ դռներից մեկը, որ կոչվում է Դարվազա Ղազվինի: Այստեղ իբրև դարբասի վարձ վերցնում են մեզանից 3 ղռան 3 շահի փող: Քիչ հետո գալիս է ճանապարհի ռուսական զաստավը, որ վերցնում է մեզանից 18 ղռանից 3 շահի պակաս փող, մինչև Թեհրան ճանապարհի համար, որ ընդամենը 133 վերստ է, սկսած այս կետից: Ղազվինից մինչև Թեհրան ճանապարհը ավելի միօրինակ և անհետաքրքրական է, քան Էնզելիի և Ռաշտի ճանապարհը: Այնտեղ կար ճոխ բուսականություն, երկու կողմդ շարված լեռներ ու բլուրներ, որոնց լանջերը քերելով բարձրանում և իջնում էինք շարունակ, այնտեղ կար աջից կամ ձախից հոսող գետ, որ իր քաղցր խոխոջյունով հետևում էր մեզ շարունակ: Իսկ այստեղ հարթ լայն մի ճանապարհ է, առանց կանաչության, առանց որևէ դարուփոսի: Ձախից մի քանի տասնյակ վերստ հեռավորության վրա կանգնած են բարձր լեռներ ու բլուրներ, աջից շատ հեռուն, հորիզոնի վրա երևում է մի ուրիշ լեռնախմբի շարքը. և այդ երկու հեռավոր լեռնաշղթաների միջև փռված է ընդարձակ դաշտը, որի վրայով էլ ուղղակի ճեղքում-անցնում է ճանապարհը: Երկիրը չոր է, գետեր ու առուներ չկան, և այս պատճառով էլ դաշտը անբեր ու ամայի է. ո՛չ մի արտ, ո՛չ մի մարգ, ո՛չ մի արոտ, որ մարդու աչքը զվարճացնի ու թարմացնի: Կարծես անցնում ենք Երևանից Էջմիածին տանող խճուղին. ձախից բարձրացող լեռները հիշեցնում են Մասիսը. աջից բարձրացող լեռները հիշեցնում են Արագածը, Արայի լեռը, միայն ավելի հեռավոր ու ավելի փոքրացած: Ու դաշտը նույն Արարատյան դաշտն է, չոր ու ամայի՜…: Այնտեղ սակայն զգում ես հայրենիքի շունչը, այնտեղ կենդանացնում են քեզ սրբազան լեռների ահեղ պատկերները, իսկ այստեղ այդպիսի զգացմունքներ էլ չկան. լեռները անխոս են սրտիդ, հոգիդ լուռ նայում է նրանց ու աչքդ իզուր է փնտրում մի որևէ գրավիչ բեկոր այդ անտարբեր դարավանդների ծոցին: Գրեթե երկու ժամ ընթանալուց հետո, կառքը հասնում է Շերիֆաբադ, որ ժանդարմների փոստն էր. փոստի առջև կար մի շատ երկար ու գեղեցիկ ծառուղի, որ ուղիղ դեպի աջ երկարելով՝ տանում է Շերիֆաբադ գյուղը: Գյուղը չի երևում, որովհետև ծածկված է այս ծառուտի կամ անտառակի ետևը: Ծառերը տերևաթափ չեն եղել դեռ, բայց արդեն չունեն այն փայլուն կանաչը, որ գարնան այս փոքրիկ միջավայրի զվարճությունը պիտի իրենց զարդը կազմե: Շերիֆաբադի առաջ ձիերը մի փոքրիկ դադար են առնում և նորից սկսելով իրենց ընթացքը, երկու ժամից հասնում են Յունուսաբադ իջևանը: Այս իջևանն էլ մեր նախկին իջևանների նման գյուղամեջ չէ. բաղկացած է միայն իջևանի շենքից և ախոռներից: Իջևանի առաջ կար մի գեղեցիկ նշաստան, իսկ բուն գյուղը գտնվում էր սարի հետևում: Կառապանի ասելով, արդեն հինգ պարսկական աղաջ ճանապարհ էինք կտրել. պետք էր թե՛ ձիերին կեր տալ և թե՛ մեր քաղցը հագեցնել: Իջևաններում լինում է միշտ թեյ և սպիտակ լավաշ հաց. երբեմն կարելի է նաև ճարել ձու և պանիր: Երեք ժամ ամբողջ հանգիստ առնելուց և մեր քաղցը կշտացնելուց հետո, նորից ճանապարհ ընկանք և երեկոյան ժամը 6-ին հասանք Ղշլաղ: Այստեղ պարսկական ոստիկանները մեր անցագիրները ստուգելուց և մեր կառքն ու իրերը խուզարկելուց հետո, թույլ տվին մեզ գնալ մոտակա իջևանը, ուր պիտի գիշերեինք: Հյուրանոցը կամ իջևանը, ուր գիշերեցինք, մի ընդարձակ բակ էր. ահա այնտեղ շարված են ռուսական նախկին փառքի մնացորդները, զինվորական սայլեր, կերակուրի կաթսաներ և այլն: Բակի մեջ կան բազմաթիվ ախոռներ ձիերի և ոչխարների համար, իսկ առջևի մասում մի քանի ընդարձակ, բայց ո՛չ հարմարավոր սենյակներ՝ ճամբորդների համար: Սենյակի մեջ կան տախտեր, ներքնակներ, բարձեր, իջևանապետը նույնիսկ վերմակ է տալիս. բայց մենք աշխատում ենք որքան կարելի է չօգտվել այդ կեղտոտ իրերից և բավականանալ մեր և մեր ընկերների իրեղեններով: Հինգշաբթի առավոտ, ժամը 8-ին, մեկնեցինք Ղշլաղի իջևանից, մի ժամ ու քառորդից հասանք Հաշմետաբադ, իսկ կեսօրին դեռ մի ժամ էր մնացել, երբ Ենգի-իմամ էինք: Ենգի-իմամը Ղազվին—Թեհրան ճանապարհի կեսն է. այստեղ կան մի խումբ խանութներ, թեյատուններ, մրգավաճառներ, նույնիսկ գլուխը ծածկված շուկայի նման մի բան, ուր գտնում ենք մի քանի նպարավաճառներ ու կտորեղեն ծախողներ: Այստեղ է նաև մի ուխտատեղի, բավական մեծ մի մզկիթով, ուր նստում է մոլլան, և որի անունով կոչվում են նաև գյուղն ու իջևանը: Ենգի-իմամում մի ժամ հանգիստ առնելուց ու ճաշելուց հետո, կեսօրին ճանապարհ ընկանք և երկու ժամից հասանք Քորդան, ուր մի քարաշեն կամուրջից անցնելով, կանգնեցինք երկրորդ զաստավի առաջ: Այստեղ մեր թղթերը ստուգելուց հետո նորից ընկանք ճանապարհ և ժամը 4. 30-ին հասանք Հասարեք գյուղը, որի անունը նշանակում է Բերդակ: Հասարեքը մեր բոլոր տեսած իջևաններից լավագույնն էր. դա մի կանոնավոր գյուղ էր, բանուկ խանութներով: Ուներ կանոնավոր թեյարան, ուր պարսիկների բազմությունը նստած թեյ էր խմում: Թեյարանի կողքին կար ճաշարան, ուր գտանք պատվական սպիտակ լավաշ հաց. վառարանի վրա՝ պարսկական փոքր-փոքր կաթսաներով շարված էին բազմաթիվ ու բազմատեսակ կերակուրներ։ Կար և թարմ ոչխար: Մենք պահանջեցինք խորոված: Պարսիկ խոհարարը իսկույն հատակի վրա խարույկ պատրաստեց և խորովածի միսը շամփուր քաշեց: Պարսիկները խորովածը մեզանից մի քիչ տարբեր ձևով են պատրաստում: Կովկասում սովորաբար սիրում են խորովածի համար ոսկորոտ կտորներ և մսերը մեծ-մեծ են ջարդում: Ընդհակառակը պարսիկները ոսկորոտ մասեր չեն վերցնում: Նրանք դնում են զուտ մսալի կտորներ, որոնք ջարդում են որքան կարելի է փոքր՝ որպեսզի հում չմնան և շամփուր քաշելուց հետո, դանակի մեջքով ծեծում են միսը. այսպիսով միսը չի մանրվում, բայց ձևանում են ճեղքվածքներ կամ շերտեր և միսը ավելի փափկում է: Ճաշելուց հետո դարձյալ ճանապարհ ընկանք. ժամը 5-ից քառորդ էր անցել, երբ հասանք Քերեճ: Այս գյուղը արդեն մեր ճանապարհի պսակն էր. իր կոկիկ խանութներով նա գերազանցում էր նույնիսկ Հասարեքը, և մենք կարող էինք գիշերել այնտեղ մաքուր հյուրանոցում, բայց որպեսզի մի քիչ ավելի շուտ հասնեինք Թեհրան, շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Քալաք, որ հաջորդ իջևանն էր՝ Քերեճից քիչ հեռու: Քերեճ գյուղից դուրս գալով՝ հասնում ենք մի մեծ գետ, որ ահեղ խոխոջով հոսում է ներքևից. նրա վրա ձգված է քառակամար մի բարձր կամուրջ՝ քարե պատերով: Տեսարանը այստեղ հանկարծ գեղեցկանում է. ահագին սարերը, որ ձախ կողմով հեռուներից անցնում էին, հանկարծ մոտենում են մեզ, և մեր ճանապարհը բարձրանալով նրանց վրա, ոլորապտույտ առաջ է գնում: Շուտով հասնում ենք Քալաք, ուր և պետք է գիշերեինք: Քալաքը մի շատ խեղճ իջևան էր. մեզ առաջնորդեցին մի փոքր հողապատ սենյակ, ուր, բառի բուն նշանակությամբ, ո՛չ մի իրեղեն չկար։ Դռները կոտրած էին. ցուրտը սաստիկ էր. վերմակը փռեցինք գետին և անկողին դարձրինք: Բակում բավական փայտ կար դիզած. հավաքեցինք այդ փայտերը և բուխարիկը վառեցինք. այն ժամանակ բարձրացավ մի ծուխ, որ քիչ էր մնում խեղդեր մեզ: Այսպես դժվարությամբ անցկացրինք մեր վերջին գիշերը այստեղ, մայրաքաղաքի դռների մոտ և առավոտը շուտ ճանապարհ ընկանք դեպի Թեհրան: Ահա սկսում են երևալ աջ ու ձախ, մոտիկ ու հեռու Թեհրանի շրջակայքի գյուղերը. երևում են վերջապես հեռվում Թեհրանի ծառաստանները, և ի վերջո կառքը մտնում է մի նկարեն կամարավոր դռնից ներս: Պարսկաստանի մայրաքաղաքումն ենք արդեն: Մի պարսիկ պաշտոնյա կանգնեցնում է կառքը և մեզ մոտենալով, հարցնում է, թե Իրանի ժողովո՞ւրդ ենք: «Պատիվն ունենք», — պատասխանում են մեր ճանապարհակից թեհրանցի հայերը և պաշտոնյան առանց մեզ էլ որևիցե հարց տալու՝ ազատ է թողնում, կարծելով, թե երկուսը որ պարսկաստանցի են, մյուս երկուսն էլ անպատճառ պարսկաստանցի պետք է լինեն…: Փակագծի մեջ ասեմ, որ մեր ճամփորդության մեջ ուր որ էլ գործ ունեցանք մի որևէ պարսիկ պաշտոնյայի հետ, տեսանք նրանց կողմից կատարյալ քաղաքավարություն, անկաշառ մաքրություն ու բարեկամական սիրալիր վերաբերմունք։ Որքա՜ն տարբեր են տաճկական կաշառակեր, կոպիտ, ավազակ, ուղղակի սրիկա՛ պաշտոնյաները…: Արդեն մայրաքաղաքի փողոցներումն ենք. լայն ծառուղիներ են. երկու կողմ ծառեր, առու, որ սահում է փողոցների կողքով, մայթերի առաջից, փոքր-փոքր խանութներ, միահարկ ու երկահարկ տներ, երբեմն մի ագարակ, որի դռան տակից երևում է ծաղկազարդ գեղեցիկ պարտեզը… ահա մեր տեսարանը: Բայց մարդիկ հազիվ են երևում այստեղ. կեսօր է, բայց կարծես թե կանուխ առավոտ է, և մարդիկ դեռ նոր են սկսում վեր կենալ. կամ հուլիսի կեսն ենք և ժողովուրդը գնացել է ամառանոցները. այդքան դատարկ ու լուռ են փողոցները: Ա՞յս է մայրաքաղաքը… որքա՜ն տարբերություն Բաքվի փողոցների կենդանության և այս մայրաքաղաքի լռիկ ու անկենդան փողոցների միջև՜…: === ԹԵՀՐԱՆ === Թեհրանը Ռուսաստանի գավառական քաղաքների նման մի բան է. նա գտնվում է մի փոքր դաշտավայրի մեջ, որ օղակված է մի խումբ լեռներով: Քաղաքի ամենալավ մասը կազմում է պալատի շուրջը գտնված շրջանը, որ կոչվում է Լալազար: Սա մի բավական երկար ծառուղի է, որ սկսելով քաղաքի գրեթե մի ծայրից և անցնելով պալատի առաջով, հասնում է մինչև մեծ շուկան: Այս փողոցի վրա են գտնվում քաղաքի լավագույն վաճառատները. մեջտեղում է մեծ հրապարակը, և նրանից դեպի աջ՝ Թոփխանան, ուր կատարվում են զինվորական մարզանքները, տոնական թնդանոթաձգությունները և այլն: Լալազարին զուգահեռաբար կան մի քանի ուրիշ ծառուղիներ էլ, որոնց վրա գտնվում են քաղաքի նշանավոր տները: Հիշված բոլոր փողոցները զարդարված են մեծամեծ ծառերով, որոնք իրենց հովանավոր սաղարթով և նրանց մեջ թառած երգեցիկ թռչունների բազմությամբ, գարնան ու աշնան խիստ հաճելի տեսք են տալիս քաղաքին: Տները առհասարակ միահարկ են. նրանք զուրկ են արտաքին տեսքից. բարձր պատերը ծածկում են նրանց բոլորի ներքինը. շատ քիչ տուն կա, որ փողոցի վրա պատուհան ունենա. դրանք էլ հայերի կամ այլ քրիստոնյաների տներն են, որ գտնվում են հայոց դպրոցի շրջապատում: Ամեն տուն առհասարակ գտնվում է մի պարտեզի մեջ, որ զարդարված է մեծամեծ ծառերով ու ծաղիկներով: Պարտեզի մեջտեղ շինված է անխուսափելի ավազանը, որ ծառայում է թե՛ լվացվելու և թե՛ պարտեզը ոռոգելու համար: Նշանավոր մարդոց տները դառնում են արդեն գեղեցիկ վիլլաներ, ընդարձակ ծառաստանով ու գեղեցիկ ծաղկանոցներով շրջապատված: Այս պարտեզները, ինչպես նաև փողոցի ծառերը ջրելու համար, գրեթե միշտ փողոցների երկու կողմով հոսում են ջրառատ առուներ, որոնց դղրդյունը շատ ախորժելի մի նվագ է կազմում բարձրաբերձ ծառերի սոսափյունի և դայլայլող թռչունների երգերի հետ: Թեհրանի կլիման տաք և չոր է. շատ հաճելի է անցնում գարունը և աշունը, որոնք երկար են տևում. ձմեռը կարճ և տաք է. հազիվ մի անգամ ձյուն է գալիս. վատ է միայն ամառը, և երբ սաստիկ տաքը, ճանճը և փոշին անտանելի են դարձնում քաղաքի կյանքը։ Բարեբախտաբար քաղաքի շատ մոտերքում կան բազմաթիվ ամառանոցներ, ուր դիմելով քաղաքի հարուստ և միջակ դասակարգը, ապրում է ուրախ և հանգիստ: Թեհրանի կյանքը առհասարակ մեղմ ու հանդարտ է. մահմեդականությունը այստեղ չունի այն շատ մոլեռանդ գույնը, որ տեսնում ենք Պարսկաստանի այլ քաղաքներում: Արևելյան քաղաքավարությունը հասնում է այնպիսի աստիճանի, որ շողոքորթությունից էլ անցնում է․ և այս հանգամանքը աչքի է խփում բոլոր պարսիկների խոսքի ու գործի մեջ: Կանայք պինդ ծածկված են. բայց այդ չի խանգարում, որ անբարոյականությունը այնչափ տարածված լինի նրանց մեջ. գիշերները բոլոր գլխավոր փողոցներում ման են գալիս նրանք, աշխատելով հրապուրել այս կամ այն անցորդին: Ուրիշ մահմեդական երկրներում այդպիսի ակնհայտնի արարքները չափազանց կպատժվեն, բայց Թեհրանի ժողովուրդը շատ խստապահանջ չէ նրանց հանդեպ: Հարբեցողությունը կարելի է ասել տարածված չէ. բայց դրա փոխարեն շատ տարածված է թիրյաքի (աֆիոնի) գործածությունը, որ Պարսկաստանը կործանող գլխավոր ախտն է: === ԲԵՀԱՅԱԿԱՆ ԿՐՈՆԸ === Մենք առհասարակ Պարսկաստանը գիտենք իբրև մի խավար ու տգետ երկիր. և այս է իրոք նրա ճշմարիտ պատկերը. բայց երբ մի քիչ ավելի խորը ծանոթանանք նրա կյանքին, պիտի զարմանքով տեսնենք, թե ի՜նչքան մտածողներ տվել է, և դժբախտաբար այդ մտածողները համաշխարհային նշանակություն չեն ունեցել և չեն էլ ունենալու, որովհետև բոլորն էլ, ուրիշ ասպարեզ չունենալու պատճառով, ամփոփվել են կրոնի, այն էլ մահմեդական կրոնի շուրջը: Մեր ասածին ապացույց են այն բազմաթիվ աղանդները, որոնք կազմված են Պարսկաստանում մահմեդականության ծոցում և որոնցից շատ-շատերը նույնիսկ պարսից անծանոթ են: Այս կրոնական վարդապետությունների կամ աղանդների մեջ ամենից նշանավորն է բեհայական վարդապետությունը, որ ոչ միայն չափազանց տարածված է Պարսկաստանում, այլև նորանոր նվաճումներ է անում Եվրոպայում և Ամերիկայում: Այս կրոնի քարոզության համար արդեն կա պատկառելի գրականություն պարսիկ, արաբ, ֆրանսերեն, անգլերեն, նույնիսկ էսպերանտո լեզվով. հրատարակված են բազմաթիվ բրոշյուրներ, ստվար հատորներ, նույնիսկ կա թերթ, որ լույս է տեսնում Ամերիկայում` անգլերեն և պարսկերեն լեզուներով: Այս նոր կրոնական վարդապետության ես քիչ թե շատ ծանոթացել էի Բաքվում. մի քանի անգամ գնացել էի նրանց կրոնական հավաքույթներին, բայց իմ ամբողջ այդ ծանոթությունը մակերեսային էր: Թեհրանում առիթ ունեի ես ավելի խոր, ավելի հիմնական ծանոթություն ձեռք բերելու: Պետք է ասել, որ բեհայիները իրենք են փնտրում մարդկանց. շարունակ աշխատում են կուսակիցներ ճարել. նրանք մոտենում են ձեզ քաղցր, համեղ խոսքերով, նրանք գիտեն խոսել մի մե՜ծ համամարդկային եղբայրության անունից և այդպիսի գաղափարական խոսքերով հրապուրում են շատերին, մանավանդ ինտելիգենտներին: Ինձ համար առանձին դժվարություն չկար ուրեմն ծանոթանալու նրանց հետ, և, իբր հայ և իբր օտարահպատակ, մասնակցել նույնիսկ նրանց գլխավորների մասնավոր, գաղտնի, դռնփակ նիստերին: Ասացի, որ բեհայիների առաջին խոսքը համամարդկային եղբայրության անունից է. նրանք ճանաչում են բոլոր կրոնները իբր հավասարապես սուրբ, բայց այս ընդհանուր խոսքերը բավարար չէին ինձ համար. ես ուզեցի ծանոթանալ այդ վարդապետության բոլոր մանրամասնություններին: Ուստի աշխատեցի ձեռք բերել այդ կրոնի սրբազան գիրքը, այսպես ասած իրենց մարգարեի գրած գիրքը, որի վրա հիմնված պիտի լինեին իրենց կրոնական վարդապետությունը, ծեսերն ու արարողությունները: Այդ գիրքը Քիթաբ-ուլ-աքդասն էր, այսինքն՝ «Ամենասուրբ գիրք»-ը, որը գրել է բեհայիստական վարդապետության հիմնադիր Բեհա-Ուլլահը, արաբերեն լեզվով: Այնուհետև գիրքը թարգմանվել է անգլերենի, բայց Բեհա-Ուլլահը չհավանելով այդ թարգմանության՝ թույլ չի տվել, որ հրատարակվի: Մի ամերիկացի բժշկուհի, որ բեհայիստական մի խմբակցության նախագահն էր, ուներ այդ թարգմանության ձեռագիրը: Նա թույլ տվեց ինձ կարդալ այդ գիրքը, պայմանով որ ընթերցումը լիներ միմիայն իր տանը, քանի որ սրբազան մարգարեն թույլ չի տվել հրատարակել այն: Այսպիսով հնարիմաց ամերիկուհին, որ մի ջերմեռանդ բեհայի էր, թե՛ կատարած կլիներ իր մարգարեի հրամանը և թե միանգամայն իմ փափագը լրացրած կլիներ: Քիթաբ-ուլ-աքդասը 60 սովորական էջով մի գրվածք է առանց գլուխների կամ որևէ դասավորության. սկզբից մինչև վերջը նա կազմված է կարճ համարներից, որ նույն վարդապետության հիմնադիր Բեհա-Ուլլահը արտասանել է «աստվածային ներշնչմամբ»: Լեռան քարոզի ձևով ու ոճով մի գրվածք է իր ամբողջության մեջ: Գրվածքի մեջ իզուր է փնտրել որևէ աստվածաբանական կամ փիլիսոփայական բացատրություն գերագույն էակի կամ նույնիսկ այս վարդապետության էության մասին: Ամբողջ գիրքը խոսում է կրոնի զանազան արտաքին կողմերի մասին, ինչպես ծեսեր, արարողություններ, օրենքներ ու պատիժներ, վարչական ձևեր, առողջապահական կանոններ, նույնիսկ տարեթիվ և ամիսների բաժանումը: Գլխավոր ուշադրությունը դարձված է մաքրության վրա, որ Պարսկաստանի մեջ ամենից թերի առաքինությունն է. Բեհա-Ուլլահը հրամայում է ոչ թե առհասարակ մաքուր լինել, այլ մտնում է նույնիսկ շատ մանրամասնությանց մեջ. այսպես՝ նա հրամայում է կերակուրը մատներով չուտել, մատները միշտ մաքրել, շաբաթական մեկ անգամ բաղնիս երթալ, բայց ոչ թե պարսկական բաղանիքները, ուր ջուրը մտնում է ամեն ոք անխտիր և ուր ամենքի կեղտը հավաքված է. ամառը օրական մեկ անգամ պետք է լվանալ ոտքերը, իսկ ձմեռը երեք օրը մեկ անգամ: Հաճախ պետք է գործածել վարդի ջուր: Մազերը ո՛չ պետք է բոլորովին ածիլել, ինչպես անում են արդի պարսիկները, և ո՛չ էլ դերվիշների նման երկարել: 19 տարին մեկ անգամ տան մեջ գտնված բոլոր կարասիները պետք է փոխել: Մաքրության հարցը այնպես խիստ է դրված, որ Բեհա-Ուլլահը հրամայում է նախքան աղոթքը անպատճառ լվանալ ձեռները. «ում հագուստները կեղտոտ են, նրա աղոթքը ընդունելի չէ Աստուծո առաջ»: Կրոնական նվիրապետության կողմնակից չէ Բեհա-Ուլլահը, թեև այս մասին որոշ բացատրություններ չկան Քիթաբ-ուլ-աքդասում․ չի խոսում, օրինակի համար, այն մասին, թե ովքեր պիտի լինեն կրոնավորները կամ նրանք ի՛նչպես ընտրվեն և կամ ո՛րտեղից պիտի ստանան կոչումը: Ասված է միայն, որ աղոթատեղին կոչվում է Mesrik-el-atkhar. այսպիսի աղոթատեղի դեռ միայն մի հատ կա աշխարհում, որ գտնվում է Աշխաբադում. երկրորդը շինվում է Ամերիկայում. Պարսկաստանում հավատացյալների թիվը թեև բավարար էր այդպիսի մի քանի աղոթատեղիներ ունենալու համար, բայց կրոնի ազատություն չլինելու պատճառով կարելի եղած չէ դեռ շինել: Աղոթատեղին պատկեր բնավ չպիտի ունենա: Աղոթքից առաջ պետք է ձեռները լվանալ, շորերը մաքրել, իսկ աղոթելիս պետք է երեսը դարձնել Աքիա քաղաքի կողմը, ուր գտնվում է Բեհա-Ուլլահի շիրիմը: Ժամակարգության մասին ոչինչ չկա Քիթաբ-ուլ-աքդասում, բայց ներկա աղոթատեղիներում բեհայիները իրենց ժամերգությունը կատարում են հետևյալ ձևով. նախ բոլորը նստում են գլխածածկ. քրիստոնյաները կարող են և բանալ իրենց գլուխը. նրանց դեմը՝ սեղանի առաջ նստած է քարոզիչը, որ ժողովրդից տարբեր տարազ կամ նշան չունի: Մեկը, որ լավ ձայն ունի, գնում կանգնում է քարոզչի մոտ և սկսում է գրքից երգել մի աղոթք առ Աստված: Բոլորը լսում են լուռ: Այնուհետև քարոզիչը վեր է կենում և խոսում իր քարոզը, որ հատկապես պատրաստած է լինում. կարող է և կարդալ գրածից: Նրանից հետո մեկ անգամ էլ երգում է երգիչը, որից հետո արարողությունը վերջանում, և ժողովուրդը ցրվում է: Սովորաբար աղոթատեղիում կա մի առանձին սենյակ, ուր արարողությունից հետո կարող են հավաքվել հավատացյալներից նրանք, որ ցանկանում են և քարոզչին տալիս են զանազան հարցեր: Այս հարցերին պատասխանում է քարոզիչը, որին կարող են մասնակցել նաև բոլոր ունկնդիրները: Ինչպես որ նվիրապետություն չկա, չկա նաև ապաշխարություն քահանայի մոտ. մարդիկ կարող են ապաշխարել առանձին առ Աստված: Արգելված է նաև ձեռք համբուրել և ո՛չ միայն կրոնավորի ձեռքը, այլև առհասարակ որևիցե անձնավորության, ի՛նչ դիրքի և սեռի էլ պատկանի նա: Ընդունվում է կրոնական ուխտագնացությունները դեպի Աքիա, ուր, ինչպես ասացինք, գտնվում է Բեհա-Ուլլահի գերեզմանը: Աշխարհիս վրա առհասարակ երկու սուրբ բնակարան կա. մեկը Բաղդադումն է գտնվում, մյուսը՝ Շիրազում. առաջինն այն է, ուր բնակվել է Բեհա-Ուլլահը՝ Բաղդադ աքսորված ժամանակ, երկրորդը այն է, ուր բնակվել է Բաբը, բեհայական կրոնի առաջին քարոզիչը և մարգարեն, որ մարգարեացել է, թե իրանից հետո գալու է Բեհա-Ուլլահը և բերելու է ճշմարիտ կրոնը: Բայց այս երկու տներն էլ ուխտի գնալու խոսք չկա Քիթաբ-ուլ-աքդասում: Բարեպաշտ հավատացյալների պարտավորությունների մեջ են մտնում նաև առավոտ-երեկո կարդալ Քիթաբ-ուլ-աքդասից, 95 անգամ արտասանել Ալլահու-էբհա բառը, պարտադիր կերպով ծոմ պահել 19 օր (մարտի 2-ից մինչև 21): Ունեցած հարստությունից 19% տալ Աստուծոն։ Ողորմություն տալը, ինչպես և մուրալը արգելված է. ամեն մարդ պարտավոր է ապրել իր աշխատանքով. իսկ նրանք, որ աշխատելու ընդունակությունից զրկված են՝ խնամվում են հասարակական գումարներով պահված աղքատանոցներում: Արգելված բաների մեջ մտնում են ափիոնի գործածությունը, ոգելից ըմպելիքներ խմելը, իսկ ծխախոտ ծխելու մեջ ազատ են միայն ծերերը, երիտասարդներին արգելված է: Ծեսերի մեջ հետաքրքրական են ամուսնությունը և թաղումը: Բեհա-Ուլլահը չի կարողացել կտրականապես որոշել միակնության և բազմակնության հարցը և մի տարօրինակ կոմպրոմիսով տատանվում է երկուսի միջև. նա թույլատրում է «մեկ կամ առ առավելն երկու կին». ուրեմն միակնություն ընդունված երկրներում կարելի է ունենալ միայն մի կին, բազմակնությունն արգելված է. իսկ բազմակնություն ընդունված երկրներում կարելի է ունենալ երկու կին, բայց ոչ ավելի: Ամուսինը նախքան ամուսնությունը իր կնոջ համար իբրև ապահովություն պետք է տա 9 մսխալ ոսկի (եթե քաղաքումն է ապրում) կամ 9 մսխալ արծաթ (եթե գյուղումն է ապրում): Եթե մի կին իր ամուսնուց 9 ամիս ամբողջ տեղեկություն չստանա, կարող է ապահարզան տալ և ամուսնանալ. եթե պատահի, որ ամուսինը այնուհետև վերադառնա, նույնպես ազատ է մի ուրիշի հետ ամուսնանալու։ Թաղման արարողությունը ավելի տարօրինակ է. մեռյալին պետք է հագվեցնել իրար վրա հինգ հագուստ. եթե աղքատ է ու կարողությունից զուրկ, այն ժամանակ մեկ հագուստը բավական է: Մեռյալին պետք է դնել փայտե կամ քարե դագաղում, մատը պետք է անցկացնել մի մատանի՝ որի վրա պիտի լինի հատուկ արձանագրություն: Մեկ ժամից ավելի հեռու տեղ չպետք է տանել թաղելու համար: Գողությունը, մարդասպանությունը, հրձիգությունը և պոռնկությունն արգելված են. Բեհա-Ուլլահը որոշում է նաև նրանց պատիժները. պոռնիկը իբրև տուգանք պետք է վճարե 9 մսխալ ոսկի. մարդասպանի պատիժն է մահ, հրդեհողի պատիժն է կրակի մեջ այրել. գողը երկու անգամ պատժվելուց հետո, եթե երրորդ անգամ բռնվի, պետք է խարանվի, որպեսզի ամենքը ճանաչեն նրան և զգուշանան: Զենք կրելը արգելված է: Այս բոլոր կարգերի ու կանոնների գործադրության վրա հսկելու և առհասարակ մի որևէ շրջանի հասարակական գործերը վարելու համար ընտրվում է ժողովրդից 9 հոգուց բաղկացած մի վարչական ժողով: Բեհա-Ուլլահը այնքան առաջ է գնացել, որ այն, ինչ չի կարողացել փոխել ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ինքը փոխում է. դա է ամիսների կազմությունը և տոմարը: Բեհայիստական տարին ունի 19 ամիս, յուրաքանչյուրը 19 օրից բաղկացած. համագումարը կլինի 361 օր. իսկ մնացյալ 5 օրը պետք է անցկացնել ուրախությամբ, դիմավորելու համար նոր տարին, որ գալիս է մարտի 21-ին և կամավոր տոն է: Բացի սրանից կա տարեկան երկու պարտադիր տոն. առաջինն սկսում է ապրիլի 21-ին և գնում է մինչև մայիսի 2-ը, ամբողջ 19 օր, ի հիշատակ այն օրվան, երբ Բեհա-Ուլլահը հայտնեց իրեն ժողովրդին՝ Բաղդադի Ռըդվան պարտեզում: Երկրորդը գալիս է մայիսի 23-ին և տևում է միայն մի օր, ի հիշատակ այն օրվան, երբ Բաբը հայտնեց իրեն ժողովրդին (1844 թ.) և որը զուգադիպում է նաև Բեհա-Ուլլահի ծննդյան: Ա՛յս է ահա Քիթաբ-ուլ-աքդասի բովանդակությունը և այս է Բեհա-Ուլլահի քարոզած նոր կրոնի վարդապետությունը: Ինչպես տեսնվում է, չկա նրա մեջ որևէ աստվածային միտք, որևէ փիլիսոփայական գաղափար։ Դա մահմեդականության, հատկապես Պարսկաստանում տարածված մահմեդական կրոնի, մի այլ ձևափոխությունը կամ բարելավումն է: Հենց դրա համար էլ մնում են բազմակնությունը (չափավորված), աղոթքի լվացումները, ամսով ծոմապահությունը (19 օրի վերածված), քբլային (հարավ) դառնալով աղոթելը և այլն: Տարօրինակ է, որ թլփատության և կանանց քողի մասին խոսք չկա. իսկ իրենք բեհայիները այդ բոլորը թողնում են տեղական սովորության։ Ինչպես ուզում ես, այնպես արա: Բեհա-Ուլլահի գլխավոր քարոզությունն եղել է, ուրեմն, բարելավել մահմեդական կրոնը և աշխատել եվրոպական քաղաքակրթության մոտեցնել իր ժողովուրդը: Իրենք՝ բեհայիները իրենց նոր վարդապետությունը համարում են համաշխարհային կրոն, որ ընդունում է բոլոր ազգերի եղբայրությունը, հավասարապես հարգում և ճանաչում է բոլոր կրոնների մեծ քարոզիչներին, չինացիների քարոզիչ Կոն-ֆու-ցեին, հնդկական բուդդայական վարդապետության հիմնադիր Բուդդային, զրադաշտական կրոնի հիմնադիր - Զրադաշտին, Մովսիսականության հիմնադիր Մովսեսին, քրիստոնեության հիմնադիր Քրիստոսին և մահմեդականության հիմնադիր Մուհամմեդին, և բոլորի իբրև լրումը՝ բեհայիստական կրոնի հիմնադիր Բեհա-Ուլլահին, որի նախակարապետն էր Բաբը: Բայց այս խնդիրների մասին Քիթաբ-ուլ-աքդասի մեջ ոչինչ չկա: Նա թույլ է տալիս կարդալ ամեն գիրք, բայց ավելացնում է՝ «ամեն գիրք, որ լավ և օգտակար է», ուրեմն զանազան գիտությունների վերաբերյալ գրքերը, իսկ կրոնական վիճաբանությունը արգելում է: Նա արտոնում է մտնել կրոնական ամեն հասարակության մեջ, բայց ավելացնում է՝ «որպեսզի քո անձը ցույց տաս». ուրեմն համերաշխության խոսքը դառնում է քարոզության միջոց: Բեհա-Ուլլահը հակառակվում է նույնիսկ իր նախակարապետ Բաբին և շատ տեղ նրա դրած օրենքներն ու կանոնները քանդում ու նորերն է դնում: Այնքան բարձր է գնահատում նա իր այս գիրքը, որ կոչում է այն «Քիթաբուլ-աքդաս», «Ամենասուրբ գիրք», և հայտնապես էլ գրում է. «Աշխարհիս բոլոր գրքերը և նրանց մեջ գրված բոլոր բաները ոչ մի բանի պետք չեն, բացի այս գրքից: Մեկ տուն այս գրքից կարդալ ավելի արժի, քան աշխարհի ամբողջ հին ու նոր գրքերը միասին»: Բեհա-Ուլլահը համարում է իրեն «Աստուծո երևույթը, Manifestation de Dieu»: Կրոնագետների համար շատ հետաքրքրական է բեհայիզմի ծագումը. նրանք կարող են նրանով, իբրև կենդանի օրինակով, ուսումնասիրել, թե ինչպես են ծագում կրոնները Արևելքում: Անշուշտ Բեհա-Ուլլահը մի հասարակ խաբեբա չէ. նա այնքան տարված է եղել կրոնական խորհրդածություններով, միստիկ մտածմունքներով, որ իր ամբողջ հոգին աստվածային գաղափարներով է լցվել, Աստուծո խենթն է դարձել, և մի օր էլ համարձակվել է ինքնիրեն Աստուծո ներկայացուցիչը համարել: Եվ այն ժամանակ եղել է «հայտնությունը»: Մի խորհրդավոր օր, ներշնչման՝ այսինքն՝ խենթության գերագույն վայրկյանին դուրս է իջել նա հավաքված հավատացյալների առաջ ու հայտնել, թե ինքը Աստուծո ուղարկած անձն է: Այդ րոպեից սկսում է նոր կրոնը: Այսպես է ծագել բեհայական կրոնը Բաղդադում՝ Ռըդվանի պարտեզում. այսպես են ծագել աշխարհիս այլևայլ կրոնները: Մի հետաքրքրական կետ էլ հերձվածների ծագումն է, որ ներկայացնում է իրերի բնական ընթացքը: Ամեն մարդ պարտավոր չէ հավատալ նոր քարոզչին. ինչպես և լինում են մարդիկ, որ մասամբ միայն հավատում են նրան: Նրանք, որ բնավ չեն հավատում, արդեն պատկանում են ուրիշ կրոնի. իսկ նրանք, որ մասամբ միայն հավատում են և կամ այս, և կամ այն կերպ ընդունում, կազմում են առանձին հերձված: Բեհայիստական կրոնի մեջ էլ տեսնում ենք ահա նույնը. մի քանի տարի է, որ կազմվել է կրոնը և ահա պատրաստ է երկու հերձված. բուն բեհայիստական վարդապետությունը և բաբիականությունը, որոնք իրար սաստիկ հակառակ են, չնայելով, որ Բաբը համարվում է Բեհա-Ուլլահի նախակարապետը, ինչպես Հովհաննես Մկրտիչը Քրիստոսի նախակարապետն է: Բեհայիզմը մի կարևոր օգուտ ունի. թողնելով այն կետը, որ նա մի քիչ եվրոպականություն է մտցնում մահմեդական աշխարհի մեջ, նա քանդում է մահմեդականության ուժը: Մահմեդականությունը, ինչքան էլ որ տկարացած, այնուամենայնիվ նա արհամարհելի ուժ չէ. նրա ուժը կայանում է հենց համակրոնության գաղափարի մեջ. մահմեդական ազգերը, ի՛նչ կրոնի էլ պատկանեն նրանք, ի մի են ձուլվում կրոնի գաղափարով, և այդ միացումը կազմում է իրենց մեծ ուժը: Քանի ազգային գաղափարը զարգացած չէ նրանց մեջ և Արևելքի մեջ նրանց բոլորի խմբակցությունը կարող է ապագային վտանգ սպառնալ, պետք է, որ այսպիսի նորանոր վարդապետություններով, նրանք իրենց մեջ բաժանվեն և փոխանակ հարյուրավոր միլիոնների, ավելի մանր խմբակցություններ կազմեն: Այս նպատակը երևի նկատի ունեցել են նաև եվրոպական պետությունները, որոնք իրենց դեսպանների միջոցով պաշտպանել և պաշտպանում են Պարսկաստանում բեհայիներին ամեն անգամ, որ մահմեդական պետությունը նրանց դեմ հալածանք է հարուցում: === ԳՅՈՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՄԱՐԻՆԵՐԻ ԿՐՈՆԸ === Մի ուրիշ կրոնական անծանոթ վարդապետություն, որին ծանոթացա ես Թավրիզում, իմ այս ճանապարհորդության միջոցին, գյորանների վարդապետությունն է: Գյորաններին շատերն են ճանաչում Թավրիզում. նրանցից շատերը հայոց տներում ծառա են. բայց ոչ ոք նրանց կրոնի էության մասին ոչինչ չգիտե, ոչ էլ մի որևէ եվրոպական աշխատության մեջ կարդացել եմ նրանց մասին որևէ տեղեկություն: Հետամտելով գյորաններին, ես վերջապես ծանոթացա նրանց երկու կրոնապետների հետ և հարցափորձեցի նրանց։ Սկզբում աննշան ծանոթություններ միայն տվեցին, որովհետև վախենում էին ազատ քարոզությունից. բայց հետզհետե վստահանալով ինձ, ավելի և ավելի բացվեցին, այնքան որ տարին ինձ մինչև անգամ իրենց եկեղեցին, սուրբ գիրքը տվին ինձ և իմ առաջ կրոնական արարողություն էլ կատարեցին: Ահա հավաքումն այն բոլոր տեղեկությունների, որ կարող եղա ես քաղել այս կրոնի մասին, իմ երեքամյա ծանոթության միջոցին Թավրիզում: Մահմեդականները գյորան անունը տալիս են զանազան կրոնների, որոնք իրար հետ ոչ մի կապ չունեն: Կարելի է 10 կամ 11 գյորան հաշվել: Այսպիսի մի կրոն է, օրինակի համար, անգյորանների կրոնը, որոնք Մարաղայի մոտ մի առանձին համայնք են կազմում, բայց որոնց կրոնի մասին ոչինչ չգիտենք: Այսպես նաև մյուս գյորանների մասին: Գյորանների մեջ բոլորովին անջատ մի կրոն է Թումարի կոչված կրոնը, որին պատկանում էին իմ ծանոթ կրոնապետները, և հետևաբար իրենց տված տեղեկություններն էլ պատկանում են այս վարդապետության: Աշխարհը, ըստ թումարիների վարդապետության, 150—200 հազար տարվա հնություն ունի (այս թվով պետք է հասկանալ 30 միլիոն. որովհետև միլիոն բառը անհայտ է իրենց, գրքերում տրվել է այս ձևը): Աստված ստեղծեց աշխարհը երեք օրվա մեջ: Աշխարհի սկզբից մինչև այժմ շատ մարգարեներ եկել են, բայց այդ բոլորը մի ազգի կամ տեղի համար էին, որոնց ո՛չ մեկին չեն ընդունում թումարիները: Գերագույն էակի ամենամեծ անունն է Հաջեր կամ Վեզավեր: «Ինչպես որ մի թագավոր իր թագավորությունը կազմակերպելուց առաջ ընտրում, պատրաստում է իր մեծագույն նախարարներին, հետո էլ մյուս ավելի երկրորդական իշխաններին, այնպես էլ Հաջեր կամ Վեզավեր Աստված նախքան աշխարհի ստեղծագործումը, բխեցրեց իրենից իր գերագույն պաշտոնյաներին, որոնց պիտի հանձներ աշխարհի կառավարությունը: Այս գերագույն պաշտոնյաներից առաջինն է Յադիգար, որ առաջ եկավ Աստուծո շնչից և ներկայանում է մեզ իբր «ճրագ Աստուծո». երկրորդն է Ռեմզիբար, որ առաջ եկավ Աստուծո աջ աչքից. նա է, որ Աստուծո լուրը տալիս է մարդկության. երրորդն է Զյուլֆիգար, որ առաջ եկավ Աստուծո ձախ աչքից և նա է մարդկության մահ բաժանողը. չորրորդն է Սուլթան, որ առաջ եկավ Աստուծո մարմնից կամ գոյությունից (վուջուդ) և է «հրաման Աստուծո»: Այս չորսը միասին Աստված ինքն է և կոչվում է «Չարթեն» (այն է՝ Չորրորդություն), բառացի «չորս մարմին»: «Ինչպես ծառը ունի մի բուն և այդ բունից դուրս են գալիս զանազան հիմնական մեծ ճյուղերը», այնպես էլ Աստված է մի բուն, որ է Հաջեր կամ Վեզավեր, որից դուրս են գալիս Չարթենի չորս հիշյալ անձերն»։ Աստվածության չորս անձերն էլ բխեցնում են իրենցից նոր աստվածություններ, միշտ ինչպես ծառի յուրաքանչյուր ճյուղը բխեցնում է բազմաթիվ ճյուղիկներ և տերևներ: Այս աստվածությանց թիվն է 40, որոնք բոլորը միասին կոչվում են Չիլթեն (քառասուն մարմին): Չարթեն ու Չիլթեն նույն են, ինչպես նույն են մի մարդու գլուխը, իրանը և զանազան անդամները առանձին-առանձին վերցրած: Չիլթենի անձերից ծանոթ են ինձ Դավուտ, որ բխել է Աստուծո աջ աչքից, Բենիամին, որ Աստուծո ականջից է բխել և է Աստուծո օրենքը, Փիրմուսի, որ առաջացել է Աստուծո ձայնից և է «մարդկանց բարի և չար գործերը գրողը»: Աստված ունի այլևս ուրիշ բազմաթիվ անուններ, որոնցից կարող եմ հիշել Սիմ, Նասիմ, Շափուր, Հինու, Սագանգուր, Ֆիրենգինիշան, Ռերե: Այս բառերի իմաստը թումարի վարդապետները չկարողացան բացատրել. բայց կարելի է մի քանիսի միտքը տալ. այսպես, Շափուր պարսկերեն նշանակում է «արքայորդի», Ֆիրենգինիշան՝ «եվրոպական ձև կամ երևույթ ունեցող», Սագանգուր բառը կարելի է համեմատել արաբերեն saqanqūr ձևի հետ, որ նշանակում է եգիպտական ինչ-որ առասպելական ձուկ: Իսկ Սիմ թերևս պարսկերեն sim «արծաթ» բառն է: Որովհետև Աստված անհասանելի է մարդկության, որոշեց իրեն մարդկության ծանոթացնելու և ճշմարտության օրենքը նրան սովորեցնելու համար՝ մարմին առնել և իբր մարդ աշխարհ գալ: Մարդացյալ Աստուծո անունն է Սիմ, բայց մյուս անուններն էլ կարող են հավասարապես գործածվել: Սիմի գալուստը ծանուցանելու համար նախապես ուղարկվեց մի մարգարե՝ Սուլթան Սահակ անունով, մեզանից 950 տարի առաջ: Նա քարոզեց մարդկանց մեջ, բայց առանձին գրական աշխատանք չէ թողած: Նրանից մնում են միայն հատուկտոր բանաստեղծություններ: Նրանից հետո եկավ մի ուրիշ մարգարե Կուշչիօղլի (Թռչնավաճառի որդի) անունով, որ մեզանից 200—300 տարի առաջ էր և նույնպես ծանուցեց Սիմի գալուստը: Նա էլ թողել է աննշան քանակությամբ գրվածքներ: Վերջապես Սիմը առավ մարդկային կերպարանք և երևեցավ մարդկության մեջ. նա ծնավ Թավրիզում, հորից ու մորից, ինչպես հասարակ մարդ, անցյալ դարու կեսից առաջ: 34 տարեկան էր Սիմը, երբ մի կիրակի օր իջեցրեց երկնքից Սուրբ Գիրքը, որ կոչվում է Թումար (սա մեր տոմար բառն է և առհասարակ գիրք նշանակությունն ունի, իսկ սրանց մեջ դարձել է Սուրբ Գիրք): Թումարի անունով կրոնն էլ կոչվում է թումարի: Թումարը բաղկացած է 16 հատորից կամ գրքից, որի առաջին հատորը միայն տեսա ես. դա ոտանավորների մի հավաքածո էր, մոտավորապես մեր Սաղմոսի չափ: Թումարը դեռ տպագրված չէ, այլ պահվում է մի ձեռագիր օրինակով, որից արտագրություններ անել անթույլատրելի չէ: Թումարի ստացումը երկնքից տեղի է ունեցել մեզանից 54 տարի առաջ՝ Թավրիզում, և որովհետև Սիմը 34 տարեկան էր, երբ իջավ Սուրբ Գիրքը, ուրեմն և Սիմը ծնվել է 88 տարի առաջ, այն է 1834 թվականին: Սիմը ապրեց իբրև մարդ Թավրիզի Չարենդաբ թաղում, մի հասարակ տան մեջ, ուր և մեռավ իբրև մարդ. մարմինը թաղեցին նույն տան դահլիճի հատակում, իսկ հոգին իբրև Աստված գնաց երկինք՝ միանալու Հաջերին, որից էլ բաժանվելով իջել էր աշխարհ: Այդ տունը այժմ եկեղեցի և ուխտատեղի է միանգամայն. 20 տուն թումարի բնակվում են նրա շուրջը: Մահմեդականներից ծածուկ են պահում. ինձանից էլ սկզբում ծածուկ էին պահում, բայց երկու տարվա միասնությունից հետո թույլ տվին մտնել այդտեղ, ուր և հյուրասիրեցին թեյով, պտուղներով, հավաքվեցին ծեր ու երիտասարդ, թումարի տղամարդիկ և կրոնական երգեր երգեցին: Սիմը երկու որդի ուներ, որոնցից երեցը՝ հոր հսկողության տակ սկսեց գրի առնել ու կարգավորել Թումարը. տարիներ աշխատեց նրա վրա ու վախճանվեց. ուրիշներ շարունակեցին գործը և հիմա ամբողջը վերջացած կարելի է համարել: Մինչև իսկ փորձել են տպագրել, բայց տպագրական գործին անծանոթ լինելով, միանգամայն չունենալով բավականաչափ դրամ ծախսերի համար, չեն կարողացել: (Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ, ես մտածեցի այդ գիրքը տանել Հայաստան և պետության ծախքով կամ համալսարանի կողմից հրատարակության տալ: Սա կունենար գիտական լուրջ նշանակություն, որովհետև այսպիսի մի կարևոր գործ անհրաժեշտ է ծանոթացնել պատմության, լեզվաբանության և առհասարակ արևելագիտության: Իմ առաջարկը մեծ ոգևորությամբ ընդունեցին կրոնապետները, բայց վրա հասնող կռիվները մեր փափագը անիրագործելի թողեցին): Սիմի երկրորդ որդին է Ռեսուլ, որ թումարիների ներկա կրոնապետն է, իրեն օգնական ունենալով Ռամազան անունով անձը։ Ռեսուլը 40 տարեկան մարդ է այժմ, սովորական արտաքինով մի անձ, իսկ Ռամազանը, որ 30 տարեկան մեկն է, հասարակ պղնձագործ է: Թումարիներից շատերը պղնձագործ են: Ահա այս երկու անձերի հետ հաստատեցի բարեկամություն: Սկզբում Ռեսուլը իրեն ցույց էր տալիս իբրև հասարակ մեկը. նա եղել է անգլիական հյուպատոսարանի ծառա և անգրագետ մարդ: «Մի օր,— ասում է նա,— հանկարծ վեր կացա և տեսա որ կարդալ ու գրել գիտեմ»: Մեր ծանոթության երկրորդ տարում նա պատմեց ինձ այն տեսիլքը, որի մեջ ստացել է Թումարը: — «Պառկած էի. տեսա աչքիս առաջ մի երկաթյա թել, որ գետնից ուղիղ մինչև երկինք էր բարձրանում. մեկը հրամայեց ինձ բարձրանալ այդ թելով: Ի՜նչպես կարելի է բարձրանալ այդ թելով, ասացի ես։ Եվ նա բռնեց թևիցս և երկուսով միասին արագորեն թելի վրայից բարձրացանք վեր՝ երկինք: Ես տեսա Աստված՝ նստած իր ոսկե աթոռի վրա: Նրա մոտ կար մի սնդուկ՝ երկաթյա շղթաներով կապկապած: Նա տվեց ինձ մի կացին և ասաց. Զարկ սնդուկին, սնդուկը պիտի կոտրի և դու կգտնես Աստուծո գիրքը: Կացինը զարկի սնդուկին, շղթան փշրվեց, սնդուկը բացվեց, և դուրս եկավ Թումարը: Աստված այդ գրքերը դրավ թևերիս տակ և ասաց. Գնա քարոզիր մարդկության: Եվ հրամայեց իջնել այդ նույն թելից: Ի՜նչպես կարող եմ ես իջնել այդ թելից, ասացի ես: Ինչպես որ բարձրացար, այնպես էլ կարող ես իջնել, ասաց Աստված: Նորից այն անձը բռնեց թևիցս և թելից ցած իջեցրեց ինձ աշխարհ: Արթնացա և մոտիս գտա Թումարը»: Երրորդ տարում, երբ արդեն ավելի վստահելի էր դարձած, մի օր Ռամազանից բացատրություն խնդրեցի այն հակասության համար, որ կար Թումարի ստացման երեք պատմությանց մեջ. նախ, թե Սիմը ինքը ստացել է երկնքից, երկրորդ՝ թե Սիմի երեց որդին գրել է և ուրիշներ շարունակել են, և երրորդ՝ թե Ռեսուլն ինքը տեսիլքով ստացել է: Այն ժամանակ Ռամազանը ասաց ինձ. «Այդ բոլորը միևնույն է և նրանց մեջ հակասություն չկա. Սիմը ինքը Աստված է. Սիմի որդին ինքը Սիմն է. և Ռեսուլը նույնինքն Սիմն է. Ռեսուլը Աստված և Աստուծո մարդկային կերպարանքն է․ ահա քեզ ասացի գերագույն գաղտնիքը»: Ըստ այս վարդապետության, աստվածությունն ուրեմն ժառանգական է, ինչպես թագավորական իշխանությունը, ըստ բացատրության Ռամազանի. և Ռեսուլի որդին էլ լինելու է նույնինքն Սիմ, որ է Աստված: Փակագծի մեջ նկատեմ, որ Ռեսուլի օգնականը՝ Ռամազան, այս կրոնի վարդապետությունից անգամ ավելի բան գիտեր, քան թե նույնինքն Ռեսուլը, որ է Սիմ Աստված: Երբ ինձ համոզելու համար Ռեսուլը պետք էր զգում Թումարից որևէ ոտանավոր կամ այլ հատված իբր վկայություն բերելու, շատ անգամ սխալվում կամ չէր հիշում և դիմում էր Ռամազանին, թե «Դու ավելի լավ ես իմանում, դու ասա»: Եվ Ռամազանը ասում էր: Թումարիները իրենց վարդապետությունը ծածուկ են պահում․ մահմեդականների երկյուղից նրանք չեն քարոզում իրենց կրոնը և իսկի հետամուտ էլ չեն նորանոր հավատացյալներ ճարելու: Երբ ես իրենց ասացի, որ ճշմարիտ կրոնը հալածանքից չպիտի վախենա և չպիտի թաքնվի, նրանք պատասխանեցին, որ Թումարի մեջ կա մի այսպիսի գուշակություն. — Պիտի գա ժամանակ, երբ պիտի ելնի Մինաքուր Ջիհանշուրա անուն անձը և Սիմի վարդապետությունը ընդհանուր աշխարհի վրա պիտի տարածի: Ջիհանշուրա նշանակում է «օրենք աշխարհի» և անշուշտ համապատասխանում է Մեսիային կամ մեր Ս. Հոգվույն, որ Քրիստոսի հարությունից հետո ուղարկվեց առաքյալներին ներշնչելու և ի սփյուռս աշխարհի տարածելու: Թումարիների վարդապետությունը ամբողջապես տարբերվում է մահմեդականությունից և շատ կետերում նմանվում է քրիստոնեության: Մուհամմեդին չեն ընդունում բնավ. Քրիստոսին, որ կոչում են Մարիամի որդին, համարում են Սիմի ծառան: Թումարի առաջին գրքի ոտանավորներից մեկի մեջ կարդացի Սիմից մի այսպիսի խոսք. «Ես այն եմ, որին Մարիամի որդին գինի մատռվակեց խնջույքում»: Թլփատություն չկա թումարիների մեջ, բայց այժմ երկյուղ կրելով մահմեդականներից, թլփատվում են: Միակին են և բազմակնությունը արգելված է: Չկա նաև կանանց երեսը ծածկելու սովորությունը. բայց այդ ևս անում են մահմեդականների երկյուղից՝ փողոցում կամ մահմեդականների առաջ: Անունները, դարձյալ մահմեդականների երկյուղի տակ, դնում են Մեհմեդ, Հասան, Ռեսուլ, Ռամազան և այլն: Բայց հիմա արդեն սկսել են դնել զուտ թումարիական անուններ, ինչպես՝ Ռերե, Շափուր և այլն: Հետմահու հարության և հանդերձյալ կյանքին հավատում են թումարիները. բայց սատանայի ու դժոխքի գաղափարը տարբեր ձևով են ընդունում: Սատանան ինքը գոյություն ունեցող մի էակ չէ, այլ չարի գիտության գաղափարն է. Շեյթան բառն էլ բացատրում են պարսկերեն շեյդան՝ «բան գիտցող» և երբեք սատանային չեն հայհոյում, որովհետև նրա անձնավորությունը չեն ընդունում: Երբ կգա վերջին օրը, բոլոր մեռյալները հարություն կառնեն հոգով և ո՛չ թե մարմնով. նրանց ճակտին կլինի երկնային կնիքը. ամենքը կլինեն սիրուն և գեղեցիկ. դատաստանը կտևի 3 օր. մարդոց բոլոր բարի ու չար գործերի համար հաշիվ կտեսնվի. արդարները կմնան Աստուծո մոտ, իսկ մեղավորները նորից հետ՝ աշխարհ կդառնան: Դժոխք չկա։ Դժոխքը ինքը աշխարհն է և դժոխքի կրակը մարդու սրտի մեջն է: Երբ մարդը զանազանում է լավն ու վատը և գիտակցում է, թե ինքը վատ է գործել, ահա՛ իր չարչարանքը: Այս է դժոխքի մեջ այրվելը. թե ոչ նյութական կրակ չկա: Որքան ծանր են մեղավորի մեղքերը, այնքան ավելի վատ անասունի կերպարանքի տակ է մտնում նրա հոգին: «Վատ մի՛ լինի, որպեսզի վատ անասունի մեջ չուղարկեմ քո հոգին»,— ասում է Թումարը: Մինչև 1 000 անգամ հոգին կարող է հետ դառնալ և այս անվերջ հոգեփոխություններից հետո, վերջապես մաքրվելով արժանի լինել Աստուծո: Թումարիների աղոթավայրը կոչվում է ջեմխանե, որ նշանակում է հավաքվելու տեղ և համապատասխանում է մեր ժողովարան բառին։ Ընդամենը կա միայն մի ջեմխանե Թավրիզում, որ և հիշեցի վերևում, ուր թաղված է Սիմը, դահլիճի հատակում: Իրենց սուրբ օրը քրիստոնյաների նման կիրակին է և ոչ ուրբաթը: Ուրբաթ օրը գործում են, բայց կիրակի օրերը գոնե տնային գործեր չեն կատարում: Այդ օրը գնում են ջեմխանե, եթե պաշտոնակատարություն լինի: Թումարիների ջեմխանեն տարօրինակ է այս կողմից, որ ամեն կիրակի անպատճառ պաշտոն չի լինի, այլ այն ժամանակ միայն, երբ որևէ հավատացյալ պաշտոն կատարել կտա իր ծախսով: Բացի ունեն մի քանի բայրամներ (տոն), որոնցից գլխավորն է Թումարի երկնքից իջնելու օրը, որ համապատասխանում է տարվա վերջին և մի ուրիշը, որ աշխարհի ստեղծագործության օրն է համարվում: Թումարիների տարին հին հայկական ձևով բաղկացած է 12 ամտից, յուրաքանչյուրը 30 օրով. ամիսներն ունեն առանձին նոր անուններ, որոնք չեն համապատասխանում ո՛չ հին պարսկական և ո՛չ մահմեդական անուններին, ինչպես՝ մանսուր, հաջեր և այլն: Մի կետ միայն շատ տարօրինակ է. այդ այն է, որ շաբաթը նրանց մոտ ունի մեկ անգամ 7, հաջորդ անգամ՝ 8 օր. այսպես է արվել, որպեսզի ամիսը ունենա 4 շաբաթ, ճիշտ 30 օրով: Տարվա վերջին՝ 3 օրը ծոմ են պահում, որից հետո բայրամն է: Այդ օրը Թումարի իջման օրն է և նրանով սկսում է տարին, որ և գրեթե համապատասխանում է հունական նոր տարվան: Թումարիների եկեղեցական արարողությունը կատարվում է հետևյալ ձևով. աղոթատան մի անկյունում դրված է Թումարը (Ս. Գիրքը). ներս մտնելիս հավատացյալները դառնալով դեպի այն, գլուխ են տալիս. հետո համբուրում են կրոնապետի (որ և ինքը Սիմի հաջորդն է) ձեռքը, որ Թումարի մոտ նստած է լինում. հետո միասին ուտում են իբրև մատաղ բերված ուտելիքները, որ լինում է ամեն տեսակի բան, ինչպես միս կամ խաղող և ուրիշ պտուղներ և այլն: Մատաղ են անում նույնիսկ խոզը՝ մահմեդական կրոնի մեջ ամենապիղծ այդ կենդանին: Ամենից հարգելի կերակուրն է մատաղի արյունով պատրաստվածը: Կիրակի առավոտ, ղենլի անասունը մորթելիս, քամում են ամբողջ արյունը և նրանով մի առանձին կերակուր պատրաստում: Միսն էլ ջոկ են եփում: Աղոթելիս քբլեին (հարավ) դառնալու սովորությունը չկա․ ո՛ր կողմն էլ որ դառնաս, աղոթքդ ընդունելի է, որովհետև Աստված ամենուրեք է: Չկա մահմեդականների հատուկ լվացումը՝ նամազի ժամանակ: Եկեղեցում գլխաբաց չեն նստում: Մատաղը ուտելուց հետո, ինչ որ հիշեցնում է քրիստոնեության առաջին ժամանակների ագապը, կրոնապետը քարոզ է խոսում, որից հետո ցրվում են հավատացյալները, համբուրելով կրոնապետի ձեռքը։ Այս համբույրը շատ տիպիկ է. բռնում են կրոնապետի ձեռքը և տանելով բերանի մոտ՝ համբուրում են մի այնպիսի ձևով, որ միաժամանակ հավատացյալը համբուրում է կրոնապետի ձեռքը, իսկ կրոնապետը հավատացյալի շրթունքը: Ասում են, թե թումարիների հայրենիքը Քիրմանշահն է. ոմանք ասացին, թե այնտեղ շատ թումարիներ կան. Ռամազանը ասում էր, որ Քիրմանշահում եղածը թումարիների մի աղանդ է՝ այս աղանդից տարբեր: Առհասարակ թումարիների թիվը դնում են 200 տուն: Քիրմանշահը ունի առանձին պարսկական բարբառ, որ սովորական պարսկերենից բավական տարբերվում է. այդ բարբառի մեջ մտել են բազմաթիվ թուրքական ու զուտ թաթարական բառեր, այնպես որ ձևացել է գրեթե առանձին լեզու: Թումարի ոտանավորները գրված են այս լեզվով, թեև կան նաև պարզ թուրքերեն, չաղաթայերեն, ինչպես և զուտ գրական պարսկերեն և արաբերեն ոտանավորներ: Այս բոլորը եթե միացնենք և ուզենանք տալ բնական բացատրությունը, պետք է ասենք, որ թումարիների կրոնը բավական հին ծագում ունի և ձևացած է նախ Թուրքեստանում, հնդկական կրոնի ազդեցության տակ: Այս պատճառով է, որ գրվածքի հին մասերը չաղաթայերեն են: Հոգեփոխության հավատալիքն անցած է Հնդկաստանից, որից կամ թերևս նաև քրիստոնեությունից ստացել են երրորդության գաղափարը, որ վերածել են չորրորդության: Վարդապետությունը գրավոր հատակոտորներով հանդերձ եկել է Քիրմանշահ, որից վերջապես հասել է Թավրիզ։ Սիմ անունով անձը ուզեցել է զանազան ավանդություններն ու գրական հատակոտորները կարգի բերել, որ և լրացնելով վերագրել է աստվածային ներշնչման: Այս կրոնն է, որ հիմա քարոզվում է, բայց առանց եռանդի, շատ թույլ և տկար, քարոզիչների անպատրաստության և ոգևորության բացակայության պատճառով: === ՀԱՅԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ === Հին քաղաք չէ Թեհրանը, 1785 թվականին, Աղա Մուհամմեդ Խան ներքինի շահը, որ Ղաջարների հարստության հիմնադիրն է, հայտարարեց այն մայրաքաղաք: Դրանից քիչ հետո սկսում է և հայերի բնակությունը Թեհրանում: Առաջին հայ բնակիչները Թեհրանում եղել են այն 7 տուն հայերը, որոնք իբրև գերի կամ պատանդ Աղա Մուհամմեդ Խանը բերել է Ղարաբաղից: Նրանք բնակվել են Դարվազա-Ղազվին կոչված թաղը, որ գտնվում է Թեհրանի արևմտյան հարավային մասում: Այդտեղ 1790—1795 թվականներին հայերը շինում են Ս. Գևորգ եկեղեցին, որ 1882 թվականին վերաշինվելով մնում է մինչև այժմ: Հայոց երկրորդ գաղթը եղել է նախորդից քիչ հետո. Ֆաթալի շահը արքունի պալատների շինության համար Նոր-Ջուղայից բերել է տալիս 10 տուն ապակեգործ (ջամբոռ) հայեր, որոնց բնակության տեղ է տալիս Դարվազա-Շահ-Աբդուլ-Ազիմ թաղում, քաղաքի հարավային արևելյան կողմը: Այդտեղ նրանք շինում են Ս. Թադեոս-Բարթուղիմեոս եկեղեցին 1808 թվականին: Հիմնադիրներն եղել են Խաչիկ և Հոռոմսիմա նորջուղայեցիք, ինչպես հիշվում է այն արձանագրության մեջ, որ մինչև այսօր մնում է եկեղեցու մուտքի հարավային դռան աջ բարավորի վրա (ՌԸՃԸ թվին): Այնուհետև զանազան տեղերից գալիս են նորանոր գաղթականներ, ինչպես Սպահանից, Թավրիզից, Համադանից և ուրիշ վայրերից: Գաղթականներից մի մասը բնակվում է անշուշտ արդեն հիմնված երկու եկեղեցիների շուրջը. սրա համար էլ Ս. Գևորգ եկեղեցու դեմի փողոցը մինչև այսօր էլ կոչվում է Խիաբանի Արամինե (Հայոց պողոտա), բայց մյուսները, հատկապես արհեստավոր դասակարգը բնակվում է Սեյիդ-Նասրեդդին թաղը, որ քաղաքի կենտրոնում էր. այդտեղ էր բնակվում Մայիրի Մեմալիքը, որ թագավորի փեսան էր և հայոց պաշտպան համարվելով, այդ թաղը հայոց համար ապահով տեղ էր դարձել: Անցյալ դարի կեսին ամբողջ Թեհրանի հայոց թիվը 50 տուն էր միայն: Հայ ժողովրդի հետ հին ժամանակները շատ մոտիկ հարաբերություն ունեին նաև ուրիշ քրիստոնյա ժողովուրդներ, ինչպես վրացիք, ռուսները և եվրոպացիք: Լինում էին խառն ամուսնություններ անգլիացիների, իտալացիների և ֆրանսիացիների հետ, որոնց ազգանունները կրող հայ ժառանգները մինչև այսօր էլ կան թեհրանցի հայոց մեջ: Հայոց եկեղեցին և գերեզմանատունը միշտ ծառայել են իբրև վերջին օթևան նրանց հանգուցյալների համար, այսպես, օրինակ, Ս. Թադեոս-Բարթուղիմեոս եկեղեցումն են թաղված Եղիսաբեթ վրաց թագավորի աղջիկը (մահացած 1836 թ.), անգլիացի նշանավոր հեղինակ Վալտեր Սկոտի որդի Չարլզ Սկոտը (մահացած 1848 թ.), ավելի հներից Կամպբել Սուրգ (մահացած 1818 թ.) և ուրիշներ: ԺԹ դարի վերջին քառորդին թագավորի տղան Սպահանի գյուղերից հանում է 150 տուն հայ և բնակեցնում է Շահրիարի շրջանը (Թեհրանից մինչև Ղազվին եղած մասն է)՝ իր հողերը մշակել տալու համար: Այս գաղթը արմատ չի բռնում և հայերը ցրվում են՝ մի մասը Ղարաղան, մի մասը հետ է գնում և մի մասն էլ գալիս է Թեհրան: Այժմ Ս․ Գևորգ եկեղեցու շրջապատում համարյա թե հայեր չկան. Ս. Թադեոս-Բարթուղիմեոսի մոտ բնակվում են միայն 12 ընտանիք: Ամբողջ Թեհրանի հայությունը 1914 թվականին 575 տուն էր, 2905 շնչով, որից 123 տունը վերջին դեպքերի ժամանակ գաղթելով քաղաքից, 1917 թվականին մնացել էր 452 տուն։ Սրանց մեծ մասը բնակվում է Հասանաբադ թաղում. երկրորդ տեղն է բռնում Շաղալաբադ թաղը և երրորդ տեղն է բռնում Դարվազա-Ղազվինը, ուր բնակվող հայերը եկեղեցուց բավական հեռու և ցրված են: Հայոց զբաղմունքներն են վաճառականություն, արհեստներ, պետական պաշտոնեություն. բայց իրենց ստվար մասը զբաղվում է գինեվաճառությամբ և օղեվաճառությամբ. 150 տուն 1 «Նոր-Ջուղայի պատմություն», հատ. Բ, էջ 106 և 315, Թեհրանի հայոց թիվը դնում է 75 տուն=310 հոգի, բացի պանդուխտ վաճառականներից, Վանակ գյուղում դնում է 30 տուն—149 հոգի: զբաղվում է այս ստոր գործով. և որովհետև գինետուններ չկան առանձնապես և տներն են գինետուն դարձել, ուստի պարզ է, որ այսքան ընտանիք դարձել են անբարոյականության բույն: Բարեբախտաբար այս արհեստը մրցակից ունեցավ հանձին հրեաների և կրակապաշտների, որով շատ հայեր կամաց-կամաց քաշվեցին հիշյալ ասպարեզից: Բնակվելով գլխավորապես Հասանաբադ և Շաղալաբադ իրար կից թաղերում, որոնք երկու եկեղեցիներից էլ շատ հեռու են, մի ժամանակ հայոց մեջ միտք է հղացել շինելու Հասանաբադում մի երրորդ եկեղեցի. 1914 թվականին մինչև անգամ այս մասին հանգանակություն են ձեռնարկել, բայց հաջողություն չունենալով, գործը խափանվել է (կտակված փող կա): Թեհրանի հայոց կրթական կյանքը սկսում է 1870 թվականից․ այդ թվականին պոլսեցի Միքայել Մարգարյանի, դամասկոսցի Հովսեփ Գասպարյանի և նույնպես տաճկահայ Կարապետ Բազիրկյանյանի ջանքերով հիմնվում է Ուսումնասիրաց ընկերությունը, որ նույն տարին բաց է անում Հասանաբադ թաղում Հայկազյան դպրոցը: Դպրոցի ուսուցիչն է դառնում Հովսեփ Գասպարյանը, որ մինչև իր մահը, շարունակ 28 տարի, պաշտոնավարում է. իսկ Բազիրկյանյանը վարում է ընկերության նախագահի պաշտոնը երկար ժամանակ: Մարգարյանը 23 տարի հետո մեռնելով, իր ամբողջ կարողությունը թողնում է իր հիմնած դպրոցին։ Դպրոցը հետզհետե զարգանում է և հետո անցնում է ժողովրդի ձեռքը: Բացի Հայկազյան դպրոցից Թեհրանը ունեցել է նաև Դարվազա-Ղազվինի փոքրիկ դպրոցը, որ հայերի սակավության պատճառով վերջին տարիներին փակվել է ու շենքը վարձու տրվել: Երկու եկեղեցիներից և դպրոցից դուրս հայոց կրթական հաստատություններն են հետևյալ ընկերությունները. 1. Թատերասիրաց ընկերություն, հիմնված է 1890 թվականին. կազմակերպում է սիրողների հետ զանազան ներկայացումներ՝ գլխավորապես հայոց դպրոցի օգտին: 2. Կանանց բարեգործական ընկերություն. հիմնված է 1905 թվականին․ ավելի առաջ գոյություն ուներ խնամակալուհյաց ընկերություն անունով. նպատակն է օգնել դպրոցի աղքատ աշակերտներին. այս ընկերության միջոցով 1918-ին բացվեց քաղաքիս հայոց մանկապարտեզը: 3. Օրիորդաց խնամատար ընկերություն, որ հիմնվել է 1910 թվականին. հետո կոչվեց Հայուհյաց խնամատար ընկերություն, նպատակն էր հիմնել կարուձևի արհեստանոց և որբանոց: 4. Պատանի միություն, որ հետո կոչվեց Թեհրանի հայ երիտասարդների գրական միություն. հիմնվել է 1913 թվականին. զբաղվում է իր պատանի անդամների ինքնազարգացմամբ. թույլ և անկերպարան մի ընկերություն էր, որ հետո դադարեց: 5. Աղքատախնամ վարչություն, հիմնված 1914 թվականին: 6. Եղբայրական օգնություն. հիմնվեց 1915 թվականին, հայ արկածյալներին օգնության հասնելու նպատակով և երկու տարուց հետո դադարեց: 7. Եկեղեցական վարչություն. հիմնված 1916 թվականին. նպատակ ունի հոգալ երկու եկեղեցիների պետքերը: 8. Չքավորներին հաց մատակարարող կանանց խումբ. հիմնվեց 1917 թվականին և կարճ կյանք ունեցավ. 2 տարի չքավոր աշակերտներին և աշակերտուհիներին ճաշ տալուց հետո դադարեց: 9. Միացյալ ընկերություն. հիմնվեց 1917 թվականին. աշակերտական հավաքումների համար կազմված մի խմբակցություն էր, որ նույնպես կարճ կյանք ունեցավ: Բայց այս բոլորից ավելի մեծ ու կարևոր է Թեհրանի հայոց Համայնական վարչությունը։ 1907 թվականի պարսից ազատագրական շարժումների ժամանակ ծնունդ առավ Թեհրանի հայոց ազգային խորհուրդը, որի վերջնական կազմակերպությունը եղավ 1908 թ. փետրվարի 17-ին: Նա նպատակ ուներ իբրև հայոց բարձրագույն իշխանությունը, միջնորդ հանդիսանալ պետության և պարսից պառլամենտի առաջ, իսկ հայոց ներքին գործերի մեջ ձեռք բերել վերին հսկողությունը: Այդ ժողովի ուժը լոկ բարոյական էր և իր գործունեության մեջ շարունակ դժվարության էր հանդիպում կառավարության կողմից, որ չէր ուզում ճանաչել նրա իշխանությունը: Սակայն 4 տարի շարունակ գործելով, ժողովը վերջապես գոնե անպաշտոն կերպով ճանաչվեց պետությունից: 1911 թվականին մշակվեց ու տպագրվեց մի հիմնադիր կանոնագիր, որի գլխավոր նախաձեռնողը եղել է Նիկոլ Աղբալյանը: Խորհուրդը, համաձայն այս նոր կանոնադրության, այլևս կոչվում է «Թեհրանի հայոց համայնական վարչություն», որի առաջին պաշտոնական նիստը տեղի ունեցավ 1912 թ. հունիսի 11-ին: Համայնական վարչությունը հետզհետե դարձավ ընդհանուր Պարսկաստանի հայության իրավասու մարմինը, ձեռք բերեց բոլոր ազգային մարմինների վերին հսկողությունը, իսկ պետությունը ո՛չ միայն ճանաչում էր նրան, այլև ինքն էր, որ դիմում էր նրան իբր հայ ժողովրդի գլխավոր ներկայացուցչական մարմին: Թեհրանի հայոց համայնական վարչության օրինակով, 1917 թվականին կազմվում են Համադանի և Արաղի (Սուլթանաբադ) համայնական վարչությունները: Ատրպատականն էլ ուներ իր թեմական խորհուրդը. այժմ կարիք է զգացվում ունենալու մի ընդհանուր պարսկահայ մարմին, որ իր ձեռքը պիտի առներ ամբողջ պարսկահայ ժողովրդի վարչական ղեկը: Այս առթիվ 1917 թվականի դեկտեմբերից սկսած, Թեհրանի համայնական վարչությունը սկսում է դիմումներ անել Պարսկաստանի զանազան կողմերը ցրված հայության․ բայց որովհետև տաճիկների արշավանքի պատճառով Ատրպատականը կտրված էր Թեհրանից, ուստի առայժմ կարելի է լինում ունենալ ներկայացուցիչներ միայն Հարավային Պարսկաստանից, որոնցից կազմվում է Պարսկահայ խորհուրդը։ 1918 թվականին Թեհրանում բացվեց ծնողական դպրոցը, որը ներքին երկպառակության դժբախտ արդյունքն էր, և որի պատմությունը ըստ կարելվույն մանրամասն ուզում եմ տալ այստեղ: 1915 թվականի օգոստոսին Թեհրանի Հայկազյան դպրոցի հոգաբարձությունը տեսուչ է հրավիրում պր. Պիոնյանին, որ Թավրիզի կենտրոնական դպրոցի տեսուչն էր և թավրիզեցիների գաղթի ժամանակ ապաստանել էր Թիֆլիս: Մի տարի պաշտոնավարելուց հետո, Պիոնյանը հրաժարվում է, բայց հոգաբարձությունը չի թողնում նրան հեռանալ: Երկրորդ տարին դարձյալ հրաժարվում է, որովհետև Թավրիզի կենտրոնական դպրոցից շարունակ կանչում էին, բայց դարձյալ հոգաբարձությունը չի թողնում և նա ստիպվում է մնալ երրորդ տարին: 1918 թվականի սկզբներում ինչ-որ խլրտում է սկսվում դպրոցական կազմի և քաղաքացիներից ոմանց միջև, դաշնակցության մեջ ծագած ներքին հարցերի շուրջը: Թեհրանի ժողովուրդը հասարակական ջիղ չունի. համայնքի ընդհանուր ժողովներում հազիվ 30—40 հոգի հավաքված է լինում առհասարակ: Այսպիսի մի թույլ բնավորություն ուներ նաև տեղիս դաշնակցական կազմը, որի մեջ էին նաև Պիոնյանը և Իփեկյանը՝ դպրոցի եռանդուն և բանիբուն ուսուցիչներից մեկը։ Թեհրանի գաղթից հետո, 1918 թվականին, դաշնակցականները որոշեցին մի քիչ ավելի ուժ տալ կազմակերպության: Ներքին խնդիրների շուրջը, ինչպես բնական է, պիտի ծագեին տարաձայնություններ և Պիոնյանն ու Իփեկյանը քննադատում են այն գործելակերպը, որին ուզում էին հետևել իրենց ընկերները: Ընկերներից երկու գլխավորներ դժգոհ մնալով նրանց քննադատությունից և ուզենալով իրենց խոսքը առաջ քաշել, հաջողում են լռելյայն շարքերից դուրս ձգել հիշյալ երկուսին՝ իբրև հակադաշնակցականների: Այստեղից սկսում է մի տեսակ խուլ հալածանք այդ երկուսի դեմ: Այն տեսուչը, որին այնքան հարգում էին նախապես և չէին թողնում որ հեռանա, ոմանց աչքին արդեն համարվում էր անարժան. այն ուսուցիչը, որի խանդը գովելու համար բառ չէին գտնում նախապես, այժմ հակակրանքի առարկա է դառնում: Ընդհանուր ժողովում հավաքված մի քանի հոգին, դրդվելով այն երկու գլխավորներից, աշխատում են խծբծանքներ գտնել դպրոցի վարչության դեմ: Նույն ժամանակ ուսուցիչ Իփեկյանը ամուսնացել էր իր պաշտոնակից ուսուցչուհիներից մեկի հետ: Չարաչար քննադատվում է այս ամուսնությունը, իբրև անբարոյական քայլ, որ աշակերտ-աշակերտուհիների մաքուր բարոյականը պիտի փչացներ: Ընդհանուր ժողովի մեջ կազմվում է մի հանձնաժողով՝ դպրոցական վարչության այս անկարգ քայլերը քննելու համար: Քննությունը պարզում է, որ դպրոցի կարգապահությունը կանոնավոր է: Հոգաբարձությունը տալիս է մի շատ գովասանական վկայական՝ տեսչի եռամյա եռանդուն, բարեխիղճ և օրինակելի գործունեության նկատմամբ, բայց այնուամենայնիվ հանձնաժողովը գտնում է, որ վերոհիշյալ ամուսնությունը անբարոյական ազդեցություն է գործել աշակերտության վրա: Այս շփոթ շրջանում արդեն հոգաբարձության պաշտոնավարության ժամանակը լրացած լինելով՝ կատարվում է նոր ընտրություն և հոգաբարձական կազմի կեսը փոխվում է: Նոր հոգաբարձությունը հուլիսի 19-ին (5 ձայնով ընդդեմ 2-ի), առանց որևէ պատճառաբանության, արձակում է տեսչին և ամբողջ ուսուցչական կազմը: Ճահիճը շարժվում է: Աշակերտների ծնողները, լսելով այս անարդար քայլը, մեծ բազմությամբ (թվով 98 հոգի), հավաքվում են բողոքելու կատարված անարդարության դեմ և պր. Պիոնյանին կրկին հաստատել տալու իր պաշտոնի մեջ: Ընտրվում է 5 լիազոր, որոնք դիմում են նորակազմ հոգաբարձության՝ խնդրելով գումարել լրիվ կազմով մի ժողով՝ հայտնելու նրանց ծնողական ժողովի տեսակետը և առաջարկությունը այդ հարցի առթիվ: Հոգաբարձությունը պատասխան չի տալիս լիազորի դիմումին և չի ընդունում ո՛չ բերանացի և ո՛չ գրավոր կերպով բանակցության մեջ մտնել նրանց հետ։ Լիազորները մի երկրորդ գրությամբ, համաձայն իրենց տրված ցուցումներին, ծնողական ժողովի անվստահությունն են հայտնում նորակազմ հոգաբարձության և միաժամանակ դիմում են համայնական վարչության, հայտնում հարցի էությունը և խնդրում գումարել հասարակական ընդհանուր ժողով: Համայնական վարչությունը ուշադրության առնելով այս դիմումը, ցանկանում է հարցը լուծել առանց ընդհանուր ժողովի: Հոգաբարձության և լիազորների կողմից երկերկու ներկայացուցիչ հրավիրվում են համայնական վարչության մի քանի նիստերին: Ծնողները նկատելով, որ գործը շաբաթներով ձգձգվում է՝ երկրորդ բողոքով պահանջում են համայնական վարչությունից հրավիրել ընդհանուր ժողով: Նույն միջոցին հոգաբարձությունը տեսուչ է հրավիրած լինում Երվանդ Ֆրանգյանին, որ Բաքվի հայոց դպրոցների ժամանակավոր տեսուչ էր ընտրված Սիմոն Հակոբյանի ակամա բացակայության պատճառով: Հակառակ իր ընկերների դժգոհության, Ֆրանգյանը ռոճիկի անբավարարությունը պատճառ բերելով, բայց իսկապես Բաքվի վտանգավոր դրությունից վախեցած, հրաժարվում է Բաքվի դպրոցից և անցնում Թեհրան: Այս միջոցին Վանից և Սալմաստից փախած գաղթականների մի խմբի հետ Համադան էր հասել դաշնակցական ոչ փայլուն գործիչ Հ. Ճերմակը, որ նախապես ուսուցիչ էր եղել Թավրիզում և մի քանի ամսվա մանկավարժական փորձառություն ուներ: Հոգաբարձությունը նրան էլ տեսուչ է հրավիրում, ինչպես նաև իր արձակած տեսուչ Պիոնյանին: Այսպիսով կատարվում է մի չնաշխարհիկ երևույթ. մի խղճուկ դպրոցի համար երեք տեսուչ են հրավիրում, և այդ երեքը միասին պիտի վճռեին բոլոր դպրոցական հարցերը և կազմեին ուսուցչական խումբ: Ֆրանգյանը հայտնում է, որ ինքը հոգաբարձության նամակների վրա ուսուցիչ հրավիրել է արդեն 4 հոգի (մեկը իր կինը, երկուսը՝ Սեյրանյան և Թանատոս՝ Բաքվից, իսկ չորրորդը՝ Վաղինակ Հովսեփյան, որ նախապես Հայկազյան դպրոցում ուսուցիչ էր և Պիոնյանի առաջարկությամբ և հոգաբարձության համաձայնությամբ արձակված էր դպրոցից): Ֆրանգյանը ի նկատի է ունենում նաև Պիոնյանի խմբից 3 հոգի, իսկ երկու կարևոր ուժերին (Իփեկյան և Բժշկյան) մերժում է, որովհետև իրեն այդպես էր թելադրված: Պիոնյանը մերժում է ընդունել արձակված ուսուցչին, որին համաձայնում է նաև հոգաբարձությունը, իսկ իր խմբին պահանջում է ամբողջապես ընդունել: Այդ միջոցին հոգաբարձությունը արդեն դպրոցը բացված էր հայտարարել և աշակերտների մի մասը երթևեկում էր, առանց ուսումնական պարապմունքի: Տեսուչների միջև համաձայնություն չի կայանում ուսուցչական հարցի առթիվ, և Պիոնյանը հրաժարվում է պաշտոնից: Ծնողները ընդհանուր ժողով են գումարում և որոշում են բանալ առանձին դպրոց, որի համար ընտրում են 7 հոգուց բաղկացած հոգաբարձություն: Այս որոշման վրա Ճերմակը դիմում է Պիոնյանին և հայտնում, որ համաձայն են ընդունելու նաև Բժշկյանին, իսկ Պիոնյանը պնդում է, որ կա՛մ իր ուսուցչական կազմը ամբողջությամբ պիտի հրավիրվի և կա՛մ մերժված ուսուցիչ Իփեկյանի համար պատճառներ պիտի տրվեն: Այստեղ ևս համաձայնություն չի գոյանում և ծնողները բաց են անում նոր դպրոց՝ Պիոնյանի տեսչությամբ: Նրա ուսուցչական կազմի մեջ մտնում են իր խմբից ևս 3 հոգի, իսկ մնացյալ երեքը (պարսիկ միրզայի հետ) վարձվում են Հայկազյան դպրոցի համար: Նոր դպրոցը, որ կրում էր «Ծնողական միության երկսեռ դպրոց» անունը, գտնվում էր Հայկազյան դպրոցից քիչ հեռու, Հասանաբադ կոչված, հայկական թաղում, մի մասնավոր տան մեջ, որ ուներ ծառաշատ ու ծաղկավետ գեղեցիկ պարտեզ, մաքուր ջուր և բավարար թվով սենյակներ, և իր մաքրությամբ ու հարմարություններով կարող էր գերազանցել Հայկազյան դպրոցը: Ուսուցչական կազմը լրացնելու համար հրավիրում են 8 նոր ուսուցիչ: Կանոնավոր պարապմունքները սկսում են հոկտեմբերի 17-ից (հին տոմարով): Հայկազյան դպրոցը կառավարվում է Ֆրանգյանի տեսչությամբ և իր ուսուցչական կազմով, որի մեջ էր նաև Ճերմակը: Այսպես է կատարվում երկու դպրոցների բաժանումը և ժողովուրդը բաժանվում է երկու մասի. Հայկազյան դպրոցի կողմնակիցներ և ծնողականներ: Երկու կողմերը վերաբերվում են միմյանց թշնամությամբ և հակառակությամբ. չեն հաճախում միմյանց երեկույթների, թատերական ներկայացումների, դասախոսությունների, հանդեսների և հանգանակությանց. մինչև անգամ տներում՝ ընտանիքների և ազգականների միջև կռիվ է սկսում: Դժբախտաբար, ինչպես սովորական է մեր մեջ, անձնական հակառակությունը հետզհետե լայնանալով՝ կուսակցական բնույթ է ստանում: Հայկազյան դպրոցի կողմնակիցները դաշնակցականներ լինելով, կռիվը համարում են հանուն դաշնակցության և ծնողական կողմի մարդկանց կոչում են հակադաշնակցականներ, չնայած որ, ինչպես անձամբ ստուգել եմ և գիտեմ, ծնողականների մեծամասնությունը նույնպես դաշնակցական էին, իսկ մնացյալներն էլ այս դեպքի պատճառով միայն սկսել էին խռովել դաշնակցությունից: 11–26 Ծնողական դպրոցը, ուր պաշտոնավարում էի նաև ես, բոլորեց իր տարին մեծ համերաշխությամբ։ Նյութապես և հանգամանքների համաձայն, դպրոցը կոչել էին ծնողական, բայց իրոք նա բարոյապես էլ եղավ ծնողական: Նա կազմում էր մի մեծ ընտանիք. ուսուցիչներս իրար հետ եղբայրներ էինք, աշակերտներն ու աշակերտուհիները մեր զավակներն էին, սկսած ամենից փոքրիկներից մինչև ամենից մեծերը նրանք մեր սիրո ու գուրգուրանքների առարկան էին, և մենք նրանց համար ծնողներ. հոգաբարձուները մեր ընկերներն ու բարեկամները մնացին միշտ: 1918—1919 ուսումնական տարին անցկացնելուց հետո, դպրոցը փակեցին: Այդ ժամանակ սկսվեցին հաշտության բանակցություններ երկու կողմից էլ: Ֆրանգյանը արդեն հեռացել էր. մնացել էին միայն Ճերմակը և Պիոնյանը. հաշտությունը գրեթե կայացել էր, երբ Թավրիզի կրկնակի դիմումներից ստիպված, Պիոնյանը իսպառ հրաժարվեց պաշտոնից և պատրաստվեց մեկնել դեպի Թավրիզ՝ կենտրոնական դպրոցի տեսչության պաշտոնով: == ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅ ԳՅՈՒՂԵՐԸ == Բացի Թեհրանից, հայեր բնակվում են նաև շրջակա մի քանի գյուղերում. սրանք վեց են թվով. Վանակ, Խորտուն, Դառուս, Մանսուրաբադ, Դավուդիե և Դովլաթաբադ. սրանցից ամենամեծն է Վանակը, որ ունի միայն 28 տուն. մյուսները նրանից շատ ավելի փոքր են. օրինակ, Դավուդիեն ունի միայն 2 տուն. բոլորի գումարն է 310 շունչ։ Այս գյուղերից միայն Վանակն է, որ ունի եկեղեցի: Այս գյուղի հիմնադրությունը այսպես են պատմում գյուղացիք: 80 տարի առաջ Քյազազ և Քյամարա գավառների կողմերից մի խումբ գաղթականներ գալիս են Վանակի ձորը. նախապես այդտեղ գյուղ չի լինում. բնակվում են վրանների տակ. Հաջի Միրզա Ղասի անուն մեկը շինելով այդ գյուղը, տալիս է գաղթականներին, որոնց վրա ավելանալով էլի նորերը Ղարաբաղից ու Համադանից, դառնում են բոլորը 50—60 տուն: Մոստոֆի Մամալեք անուն մեկը գնում է գյուղը և գոհ մնալով հայերի աշխատասիրությունից ու չուզենալով, որ նրանք հեռանային այդտեղից, շինել է տալիս իր ծախսով մի եկեղեցի, որ կոչվում է Ս. Մինաս: Գյուղից մի քիչ հեռու գտնվում է գերեզմանատունը, ուր հանգիստ են առնում նաև թեհրանցի հայեր և մի քանի եվրոպացիներ: Գյուղի բնակիչների թիվը 60-ի հասնելուց հետո, երևի հողը այլևս անբավական համարվելով, գյուղացիներից ոմանք թողել են և հեռացել շրջակա վայրերը: Այսպիսով Վանակից գոյացել են երեք նոր գյուղ, որոնք են Դառուս, Մանսուրաբադ և Խորտուն: Այս բոլորը իրարից շատ հեռու չեն. ընդամենը երկու ժամվա տարածության վրա են գտնվում և նույնքան միայն հեռու են քաղաքից։ Մի ժամանակ Վանակը ունեցել է մի դպրոց, եկեղեցու բակի մեջ. այդ դպրոցի պահպանության համար մինչև անգամ Թեհրանում կազմվել է մի ընկերություն՝ «Վանակի դպրոցանպաստ» անունով. բայց այժմ թե՛ դպրոցն է փակված և թե՛ Դպրոցանպաստը: Վանակցի մի քանի աշակերտները հաճախում են Թեհրանի հայոց դպրոցը: === ԹԵՀՐԱՆԻՑ ՍՊԱՀԱՆ ԵՎ ՆՈՐ–ՋՈՒՂԱ === Օգտվելով ամառնային արձակուրդից, նախքան Կովկաս վերադառնալս, որոշեցի այցելել Նոր-Ջուղա՝ տեղական հայ բարբառը ուսումնասիրելու համար: Թեհրանից Սպահան 480 կիլոմետր է. ճանապարհորդությունը կատարվում է փոստային սայլակներով (գառի) և փոստային կամ մասնավոր կառքերով: Ամենաարագ և ամենից ավելի էժանն է սայլակով ճամփորդությունը. 5 օրից հասնում են Սպահան, մինչդեռ կառքերը գնում են 12 օրից: Ես ընտրեցի առաջինը: Սայլակ ասվածը ռուսական փոստային տրոյկայի ոճով հասարակ կառք է, դեռ նրանից ավելի կոպիտ. նրա մեջ լցնում են փոստային ծրարները, արկղները, նրանց վրա էլ նստում են ճանապարհորդները. լծում են 4 ձի. կա մի կառապան և մի փոստային պաշտոնյա: Սայլակը ըստ կարելվույն սրընթաց գնում է իջևանից իջևան. յուրաքանչյուր իջևանում ձիերը և կառապանը փոխվում են: Այդ փոփոխությունը տևում է 1—2 ժամ, որից հետո սայլակը ճանապարհ է ընկնում. փոստային պաշտոնյան մնում է Թեհրանից մինչև Սպահան և պաշտոն ունի յուրաքանչյուր փոստային կայանում հանձնել նամակների պայուսակը և նորերն ստանալ: Սայլակների առավելությունը կառքերից այն է, որ ամեն իջևանում էլ ձիերը պահվում են նրանց համար և պահանջված ժամանակ իսկույն պիտի տրվեն, մինչդեռ կառքերը պետք է սպասեն մինչև որ ավելորդ ձի լինի: Բացի սրանից, սայլակները գնում են գիշեր-ցերեկ անընդհատ, որով ճանապարհորդության տևողությունը կիսվում է: Սակայն, հակառակ արագության և էժանության, չափազանց անհանգիստ է սայլակը. նստելու հարմարություն չկա, ցնցումները շատ անգամ այնչափ ուժեղ են լինում, որ մարդ դժվարավ պահում է իրան ընկնելուց, ճամփորդները եթե շատ լինեն, թեքվել կամ պառկել կարելի չէ. և որովհետև գիշերներն էլ է գնում, կարելի չէ ուրեմն քնելու ժամանակ գտնել: Ահա այսպիսի մի նախնական միջոցով ճանապարհ ընկա ես էլ Թեհրանից 1919 թվականի հունիսի 11-ին (հին տոմարով), երեքշաբթի առավոտ. ուղեկիցներս էին մի քանի զինվորներ և պեսական փոքրաստիճան պաշտոնյաներ, բոլորն էլ պարսիկ: Անցնելով Դարվազա Ղազվինի թաղից, հայոց եկեղեցու մոտերքով, դուրս եկանք Դարվազա Գոմրուք կոչված դռնից: Քաղաքը մնում է մեր ետև և շուտով կորչում է մեր աչքից: Լեռները, որ երեք կողմից օղակում են նրան, արագ-արագ հեռանում են մեզանից, և մենք մնում ենք մի չոր դաշտի մեջ: Մի քանի ժամից հասնում ենք Քերեճ գետը. սա այն գետն է, որ Ղազվինից Թեհրան ճանապարհին տեսել էինք մեր առաջին ճանապարհորդության ժամանակ: Քերեճը բխում է հյուսիս-արևմտյան Մազանդարանի սարերից, շրջապտույտ անցնում է Թեհրանի արևմուտքից և հարավ-արևելք դառնալով կտրում է Ղումի խճուղին և անապատի մեջ կորչում: Այնուհետև ճանապարհը բաժանվում է երեքի, մեկը ուղիղ իջնում է Ղում, երկրորդը դրանից մի քիչ արևելք աղի լճի ափերով, իսկ երրորդը նրանից դեպի արևմուտք ու թեք ճանապարհով՝ Սավեի վրայով. երեքը միանում են Ղումում: Մենք բռնեցինք արևմտյան ճանապարհը և անցնելով Ղասըմաբադ-ի-շահի գյուղից, կեսօրին հասանք Փոլմե. դա մի բավական ծառաշատ տեղ էր, այգիներով ու պարտեզներով զարդարված: Քիչ հանգիստ առնելուց հետո, ճանապարհ ընկանք նորից և հասանք Ռաբաթ-քերիմ: Դա մի մեծ գյուղ էր. ուներ ընդարձակ ծառաշատ պարտեզներ, մի քանի անշուք խանութներ, հողակերտ հասարակ տներ և փոստ: Այստեղից թեքվում ենք դեպի հարավ-արևմուտք և վատ ու քարքարոտ ճանապարհով ամբողջ գիշերը գնալով, չորեքշաբթի առավոտ հասնում ենք Սավե ավանը: Այստեղ մի-երկու ժամ դադար առնելուց, ձի փոխելուց և փոստը հանձնելուց ու ստանալուց հետո, նորից ճանապարհ ենք ընկնում: Սավեն նշանավոր է իր նռով: Տաք ու անպիտան ճանապարհ է. ջուր չկա. հազիվ երբեմն պատահում են աննշան կեղտոտ առուներ, որոնց ջուրը զգուշանում եմ խմել: Փորձված ճամփորդը այսպիսի վայրերի համար նախապես պատրաստություն է տեսնում և իր համար սափորով ջուր է վերցնում. բայց ես, որ այսպիսի ճանապարհ դեռ տեսած չէի, կարծում էի, որ ամեն տեղ ջուր կլինի և այդ պատրաստությունը տեսած չէի: Արևը այրում էր ինձ. ծարավից այնքան պապակում, տոչորում էի, որ քիչ էր մնում արևահար լինեի: Նայում եմ առաջս. ճանապարհի վրա ոչ ծառ է երևում և ոչ մարդկային բնակություն: Այնքան նեղվում եմ, որ ուզում եմ մինչև անգամ կես ճանապարհից ետ դառնալ, բայց ո՞ւր դառնամ. վերադարձն էլ նույնքան անտանելի է, որքան առաջ գնալը: Մի օգնական կարեկից էլ չունեմ այս պարսիկների մեջ: Վերջապես ցույց են տալիս մի գյուղ. ակնդետ սպասում եմ, թե երբ կհասնենք գյուղը. հասնում ենք. բայց ո՞վ դժբախտություն… գյուղը անբնակ է. մարդիկ քոչել գնացել են. ոչինչ չի կարելի գտնել․ պետք է գնալ էլի մի-երկու ժամ, որպեսզի մի ուրիշ գյուղ հասնենք: Հուսահատությունը պատում է ինձ․ երևակայում եմ ինձ այն անապատում և այն դրության մեջ, երբ Հագարը տկի վերջին կաթիլն էլ սպառած, իր հարազատ որդու՝ Իսմայելի հետ մահվան էր սպասում: Այժմ միայն ըմբռնում եմ, թե ի՛նչ մեծ բարիք է մարդկության համար ջուր ասած բանը, և որքա՜ն արդարացի էին մեր նախնիքը, որ պաշտում, աստվածացնում էին ջուրը: Հանկարծ այդ ամայի գյուղի ետև մի վրան եմ նկատում. շտապում եմ դեպի այդ վրանը. ռուսաստանցի մի թաթար վաճառական է, որի ձեռքից ավազակները ուղտերը խլելով՝ անտեր թողել են: Թաթարը մի դույլ ջուր ուներ. կուշտ ու կուռ խմեցի այդ ջրից. կարծես կյանքս նորից արծարծվեց. չեմ հիշում, որ երբևիցե խմած լինեմ մի ավելի զովարար ու հաճելի հեղուկ, քան այդ ավերակների մեջ խմածս անմաքուր ջուրը: Այդտեղ հանգիստ ու նոր կյանք առնելուց հետո, նորից շարունակում ենք արևակեզ ճանապարհը. բայց ես այլևս չեմ նեղվում: Այժմ ճանապարհը ծռվում է դեպի հարավ-արևելք. հեռուն, արևելքում, ցույց են տալիս ինչ-որ աղի լիճ (Հավզ-ի-Սուլթան), որ սակայն անապատի մեջ կորած է. մենք դանդաղ հեռանում ենք նրանից. ձիերը վատ են. քիչ-քիչ երեկո է լինում. մութ ու խավար գիշեր է. մենք շարունակում ենք ամբողջ գիշերը գնալ: Առավոտ է լինում. արևը ծագում է. բայց ո՛րչափ անշուք. ո՛չ ծառեր կան, որ նրա առաջին ճառագայթները ցոլացնեն իրենց կատարների վրա և ո՛չ թռչուններ, որ նրա ծագումը գովաբանեն իրենց անուշիկ դայլայլով: Եվ կառքը շարունակ թավալվում է նույն ընթացքով. ձիերը հոգնած, կարծես ակամա փոխում են իրենց քայլերը խարազանի մեռած հարվածների տակ: Հանկարծ լսվում է մի թմբոց… և կառքը կոտրվում է: Ամենքս ցած ենք իջնում. զինվորները կառքի այս ու այն կողմից քաշքշելով տանում, հասցնում են մինչև մոտակա իջևաններից մեկը. բարեբախտաբար քաղաքը մոտ է. մենք այնտեղ հանգիստ ենք առնում. ձիապանը հեծնում է մի ձի, գնում է քաղաք և այնտեղից բերում է նոր կառք՝ ավելի թարմ ձիերով լծված: Մեր կոտրված սայլակի իրերը փոխադրում ենք նոր բերվածի մեջ և այժմ ավելի արագ հասնում ենք Ղում (հինգշաբթի, հունիսի 13-ին): Կեղտոտ փողոցներով մտնում ենք քաղաքը. անցնում ենք համանուն գետի մեծ կամրջի վրայով և կանգ ենք առնում մի հրապարակի մեջտեղ, որ փոստի կայարանն է: Ղումը Պարսկաստանի նշանավոր քաղաքներից մեկն է. Թեհրանից դեպի հարավ 145 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում և 60 000 բնակիչ ունի. այդտեղ նշանավոր է Ֆաթիմեի գերեզմանը, որի վրա կառուցված է մի մեծ մզկիթ, հոյակապ և ամբողջապես ոսկեպատ գմբեթով: Մզկիթը հայտնի ուխտատեղի է Պարսկաստանում. նրա մեջ թաղված են նաև պարսից թագավորներից մի քանիսը, ինչպես Շահ Աբբաս Բ, Շահ-Սեֆի, Սուլեյման շահ, Սուլթան Հուսեին, Ֆաթալի շահ և իր հաջորդը՝ Մուհամմեդ շահ: Բայց հակառակ իր այս դիրքին ու իր անվան, մի զզվելի, կեղտոտ, անշնորհք քաղաք է Ղումը. հողակերտ, փլած-փլփլած տներ, աղբանոցի նման փողոցներ, նեղ ու հոտած խանութներով կամարավոր շուկաներ, աղքատների ու կեղտոտ հագնված մարդկանց բազմություն. ահա ինչ որ կտեսնես Ղումում շարունակ: Առավոտվա ժամը 9-ին հասնելով Ղում, փոխադրվեցինք փոստային մի կոկիկ իջևան, ուր 3 ժամ հանգիստ առինք։ Թեհրանից Սպահան ճանապարհը երկու վարչության է բաժանվում. առաջինը իշխում է Թեհրանից մինչև Ղում, իսկ երկրորդը Ղումից մինչև Սպահան: Այստեղ փոխվում է կառքը. ճամփորդները նոր տոմսակ են առնում մինչև Սպահան: Ղումի մեջ իմ բոլոր ուղեկիցները փոխվեցին. զինվորները գնացին դեպի Բուրուջիրդ, պաշտոնյաները մնացին Ղումում: Նոր եկածների մեջ կա մաքուր հագնված մի պարսիկ պաշտոնյա, որ պիտի երթա Քաշան և միայն ուտելով է զբաղված. երկու հայ, մեկը 14 տարեկան Ալեք անունով մի աշխույժ ճարպիկ պատանի, մյուսը 19 տարեկան Գևորգ անունով մի երիտասարդ. երկուսն էլ թեհրանցի են և իբրև անգլիական հեռագրական պաշտոնյա գնում են Քիրման, Աֆղանստանի և Բելուջիստանի սահմանի մոտ գտնված այդ քաղաքը, որ 30 օրվա ճանապարհ հեռու է: Պարսկաստանում գտնված հնդեվրոպական գծի անգլիական բոլոր հեռագրատներում օրենքով որոշված է, որ բոլոր պաշտոնյաները պիտի լինեն քրիստոնյա. այս պատճառով պարսիկները ոչ մի տեղ ընդունված չեն և ամենահեռավոր անկյուններում էլ կգտնեք ապահովապես մի Հայ: Մյուս ուղեկիցներս բոլորն էլ պարսիկ էին. մոլլաներ, սեիդներ և Քերբելայի ու Մեջիդի ուխտագնացությունից վերադարձող ուխտավորներ: Կյանքումս չեմ տեսած ավելի կեղտոտ, ավելի զզվելի տիպարներ, քան այս մարդ կոչվելու անարժան ուխտագնացները: Մի շաբաթվա կենակցությունս սրանց հետ ցույց տվեց ինձ, թե ի՛նչ են դրանք։ Նրանք բոլորն էլ հագնված էին կեղտից գույնը կորած երկար վերարկուներ. շապիկները գրեթե սև են, մեջքից կապած է լինում մի գոտի, ոտքերը մերկ են և կեղտից բոլորովին սևացած. վարտիքները անշնորհք կերպով իջնում են մինչև ցած, կոշիկ չունեն, այլ հագած են քսփստան հողաթափներ: Ո՛չ սանր ունեն գլուխ կամ մորուք սանրելու համար, ոչ պատառաքաղ կերակուր ուտելու համար, ո՛չ բաժակ ջուր խմելու համար և ո՛չ էլ թաշկինակ քիթ սրբելու համար: Կերակուրը ուտում են տասը մատներով. կերակուրից առաջ կամ հետո լվացվել չկա. օճառ ասած բանը գոյություն չունի նրանց համար. նույնիսկ ազնվական պարսիկների ապարանքում հազիվ կարելի է լինում հարկավոր դեպքում օճառի մի կտոր ճարել. լվացվելը ոչ թե մաքրության, այլ հովանալու կամ կրոնական ծեսը կատարելու համար է: Ջուրը խմում են կուժից և անխտիր իրար բերանից: Այսպես է նաև ծխելը. քաշում են ահագին հաստ չիբուխներ, ուժգին խոր քաշված շնչով և անխտիր տալիս են միմյանց. մեկի վառած չիբուխը ամբողջ խմբի մեջ անպատճառ շրջան պիտի անի: Խնչում են միշտ գետինը, շատ անգամ ափի մեջ, մատների և եղունգների վրա և հետո կեղտի մնացորդը քսում են շորերին, անկողնին, կողքին նստած մարդկանց իրերին, ծառի, պատի, սյուների վրա կամ ուր որ պատահի: Խլինքը մնում է ու չորանում. Պարսկաստանի բոլոր քաղաքների փողոցների հեռագրասյուները խլինքի չորացած խավեր են պատում: Թաշկինակը գործ են ածում գլուխ կապելու, մեջը հաց կամ պտուղ դնելու և ո՛չ թե քիթ սրբելու համար: Խմում են անխտիր ամեն ջուր, որ հոսուն է կամ մի քիչ ընդարձակ ավազանի մեջ կանգնած է: Քանի անգամ աչքովս տեսա, որ մեկը պպզած առվակի վրա բնական մեծ ու փոքր կարիքն է հոգում կամ ջրի մեջ մահմեդականության հիմնական սկզբունքներն է լվանում և նրանից մի քայլ ցածում կանգնած մի ուրիշը հենց այդ լվացված ջրից է խմում: Քանի անգամ տեսել եմ, որ մի էշ կամ մի ձի առվի մեջ կանգնած հորդառատ միզում է, իսկ ուղեկիցներիցս մեկը կողքին կանգնած ջրից խմում է: Քանի անգամ տեսել եմ, որ այս աղտոտները ավազանի անշարժ ջրի մեջ գլուխ, ոտք, երես են լվացել և հետո նույն ջրից հանգիստ սրտով խմել են: Չես գտնի Պարսկաստանում մի առու կամ մի որևէ հոսուն ջուր, որի եզերքը կամ մեջը մարդկային կարիքով ապականված չլինի. զզվելի հոտն ու զազրատեսիլ աղբերը փռված են և պարսիկները նույն ջրից խմում ու լվացվում են: Պարսիկների ամենասիրած առարկան իրենց հավիտենական ավթավան է. դա մի երկարակտուց ջրաման է, որով բնական կարիքի ժամանակ լվացվում են. են արտանում դա տաքնոց, դնում են կեղտի ու մարդկային ապականության վրա, լվացվելու ժամանակ կտուցը քսվում է կեղտոտությանց կամ հենց մեջն է խառնվում կեղտը, բայց սրանք ազատ կերպով հենց այդ ամանը կոխում են ավազանի մեջ, ջուր վերցնում, նույն ամանը դնում հացի կողքին կամ կտուցը բերանն առնում և միջից ջուր խմում: Չեմ ասում գավառական քաղաքներում, այլ նույնիսկ մայրաքաղաք Թեհրանում, օրը ցերեկով կտեսնես փողոցների մեջ ահագին մարդիկ, շապիկն ու վարտիքը հագած, արևի տակ պպզած, ոջիլ են քթվում, և նրանց առաջով անցնում են մարդիկ, պետական պաշտոնյաներ, ազնվական տիկիններ. ո՛չ ոստիկանն է քշում նրանց, ո՛չ որևիցե մարդ որևիցե նկատողություն անում: Ինչ կա որ… ոջիլ է. Աստուծո ստեղծած բարիքներից մեկը: Երևակայեցեք թե ի՛նչ պետք է լինի մայրաքաղաքից հեռու գտնված հասարակ գյուղերում ու իջևաններում: Ահա այսպիսի մի խմբով ճանապարհ ընկանք Ղումից հունիսի 13-ին, հինգշաբթի կեսօրին, ճանապարհը տաք, չոր ու անապատային է. աջ կողմում գտնվում են ավազի փոքր-փոքր սարեր, իսկ ձախ կողմը բաց է. գնում ենք ամբողջ օր ու գիշեր, փոքր դադարներ միայն առնելով իջևաններում՝ ձի փոխելու համար: Ո՛չ մի հետաքրքրական բան չկա: Կեսօրին հասնում ենք Քաշան: Քաղաք մտնելուց առաջ երկար ժամանակ պտտվում ենք մի հաստ հողե պարսպի շուրջը, որ ոչ որևիցե գրավչություն ունի և ո՛չ շնորհք: Վերջապես բարձրանում ենք մի զառիվեր և ահա քաղաքումն ենք: Մեր աչքին է խփում մի երկհարկանի շինություն, որի վրա մեծատառ գրված է Արզումանյանների անունը: Քաղաքիս մեջ գտնված միակ հայն է սա. մի հայ և մի անգլիացի էլ գտնվում են հնդեվրոպական հեռագրատան մեջ. ուրիշ քրիստոնյա չկա ո՛չ Քաշանում և ո՛չ էլ Ղումում: Այս պատճառով, երբ անցնում ենք շուկաների անվերջանալի բավիղներով, պարսիկ լակոտները սկսում են ինձ ծաղրական անուններ տալ. նրանց կողքին կանգնած չափահաս մարդիկ հրճվանքով լսում ու ծիծաղում են: Վերջապես մտնում ենք փոստային իջևանը: Այս ու այն կողմ թափթփված են կեղտոտ ճամփորդներ, ապրանքների հակեր, մի քանի խանութ, թեյատուն, որոնց առաջ դեղնած ու վտիտ պարսիկներ ագահաբար սփիոն են քաշում, հրավիրելով ինձ էլ, որ մասնակից լինեմ իրենց այդ հաճելի արբեցության։ Շարունակ լսում ես պարսկական կեղտոտ խոսակցություն, որն իրենց համար այնչափ բնական է, որ մինչև անգամ չեն քաշվում օտարների մոտ էլ ազատորեն շարունակելու: Իջևանի բակի մի անկյունում տեսա մի հետաքրքրական տիպար: Պարսիկ չէր կարող լինել. ազնիվ դեմքով, խաժ աչքերով, գանգուր մազերով, կովկասյան տիպի մի մարդ էր. հագուստը բավական խեղճ, գլխաբաց, կուրծքը բաց, նստել էր պատի շվաքի տակ: Գժի տպավորություն էր թողնում և այդպես էլ վերաբերվում էին պարսիկները։ Մոտեցա և սկսեցի խոսել: Սոլոմոն էր կոչվում: Նա պատմեց, թե ինքը Դաղստանի ներկայացուցիչներից է, գնացել է Պոլիս մասնակցելու այն համագումարին, որ կովկասյան զանազան մանր-մունր ազգերը կազմել էին, նպատակ ունենալով ինքնօրինություն ձեռք բերելու տաճիկների հովանավորության տակ: Մահմեդական էր, սոցիալիստ և պատրաստված մարդ: «Մենք գիտեինք, թե որքան վատ ցեղ է տաճիկը,— ասաց նա,— և Կովկասը նրանց վտանգավոր արշավանքից ազատելու համար, մտածեցինք հովանավորության անվան տակ հեռու պահել նրանց մեզանից»: Այնուհետև պատմեց նա իր առաքելությունը Պոլիս, Փոքր Ասիա, Կիլիկիա, Ասորիք, Միջագետք. ամեն տեղ տեսել է տեղահանության առթիվ հայոց դեմ կատարված գազանությունները, որոնց կենդանի պատմիչն է. օգտվելով իր դիրքից և ազդեցությունից, օգնել է շատ հայերի և նրանց կյանքը ազատել: Հաշտության ժամանակ անգլիացիների կողմն է անցել, գնացել է Բաղդադ, պաշտոն ստացել, և իրոք որ ձեռքերը ծածկված էին Բաղդադի վերքերով: Այդտեղ անգլիացիների հյուպատոսի դեմ բողոքող դիրք բռնելով բանտարկվել է մի ժամանակ և այժմ ազատվելով գնում է Թեհրան, այնտեղից Կովկաս անցնելու համար: Պարսկաստանի կարևոր քաղաքներից է Քաշանը. 50000 բնակիչ ունի. բայց հակառակ իր անվան ու դիրքին, նա խեղճուկրակ տեղ է. հողի զանազան դարսվածքներ այս ու այն կողմ, որոնք տուն կոչվելու հավակնությունն ունեն. ամեն կողմ կեղտ ու դալուփոսեր. փլփլած ու քայքայված մզկիթներ, որոնք իրենց հետաքրքրական հնություններն են կազմում ամբողջ քաղաքը մի մեծատարած ավերակի երևույթն ունի: Չորս ժամ հանգիստ առնելուց հետո, դուրս եկանք Քաշանից. այժմ մենք ունենք լավ ձիեր և արագ գնում ենք, մինչև իսկ տեղ-տեղ կարող ենք ասել, որ արշավում ենք: Քաշանից սկսյալ ընդարձակ անապատ է: Նայի՛ր չորս կողմդ: Ամբողջ դաշտը մինչև հորիզոն լցված է բարակ մոխրանման ավազով: Ո՛չ մի թել կանաչություն չկա, ո՛չ մի կենդանի արարած չես տեսնում: Մի թռչուն անգամ չի երևում աչքիդ: Կիզիչ արևը այրում է վերևից և նրա տաքությունը մեղմելու համար ջուր էլ չկա: Տեղ-տեղ հեռուները բարձրանում են միայն ավազի բլուրներ և այս է մեր ամբողջ տեսարանը: Կատարյալ Սահարա է: Մտածում եմ և այժմ միայն հասկանում այն ահռելի տանջանքները, որ կրեց Արարատի հայ ժողովուրդը դեպի Նոր-Ջուղա գաղթականության ժամանակ այս չոր, արևակեզ, տաք ու անջուր անապատներում: Ժամեր պիտի գնաս, մինչև որ հասնես մի իջևան, այսինքն՝ հողի մի աննշան շենք, ուր կարելի լինի մի քիչ ջուր և թեյ գտնել: Հունիսի 17-ին, շաբաթ երեկո, հասանք Թարղ. այստեղ առաջին անգամ լինելով որոշեցինք գիշերել: Սպահանի շուրջը դուրս էր եկել մի մեծ ավազակախումբ՝ հազար հոգուց բաղկացած. սրանք կտրել էին ճանապարհը, գյուղերի վրա էին հարձակվում, գյուղացիների վրա տուրքեր դնում, հանդգնել էին մինչև անգամ Սպահանի վրա հարձակում գործելու: Սպահանի ժողովուրդը անգլիացիների օգնությամբ արշավանք էր գործել նրանց վրա, 400 հոգի սպանել, նույնչափ գերի վերցրել, իսկ մնացյալը փախել էին: Այս փախստականները մանր-մունր խմբերով լեռների վրա ապաստանած լինելով, կասկած կար, որ կարող էին հարձակում գործել փոստի և խաղաղ ճամփորդների վրա: Այս պատճառով ահա գիշերային ճամփորդությունը վտանգավոր էր և մեր փոստը որոշեց մնալ: Պարսիկները ուր որ մի հայ են տեսնում, կարծում են, որ բժիշկ պիտի լինի: Թարղի իջևանում երեք պարսիկ հիվանդներ ինձ դիմեցին՝ իրենց մարմինը ծածկող վերքերի համար դարման խնդրելու: Երեքն էլ սիֆիլիս ունեին: Երբ բացատրեցի հիվանդության վտանգը և հորդորեցի, որ անպատճառ քաղաք գնան, բժշկի դիմեն, միևնույն ժամանակ զգույշ մնան ուրիշներին վարակելուց, նրանք հայտնեցին, որ իրենք արդեն բժշկվում են: Բժիշկը թեյատնում էր. հայտնեց, որ ինժեքսի է տալիս: Դա ի՞նչ նոր դեղ է, հարցրի ես… Խե՜ղճ injection… 606-ի injection-ն էր, որ այստեղ ինժեքսի էր դարձել և դեղահատի (հաբի) կերպարանք ստացել: Բժիշկը մերժեց վարակման գաղափարը և հենց իմ աչքի առաջ դիտմամբ վերցրեց հիվանդի չիբուխը և ինքը սկսեց քաշել. բռնի ուզում էր նաև ինձ ծխել տալ, բայց քրիստոնյայի զզվանքը կանգնեցրեց նրան: Կիրակի առավոտ, հունիսի 18-ին, դուրս եկանք Թարղից. անցնում ենք բարձրադիր ճանապարհով, որի տակ փռված է մի սիրուն ձոր և որի խորքում ընդարձակ կանաչության մեջ տարածվում է գյուղը. մի խոխոջուն գետ հոսում է ձորի միջով և այս զվարճալի վայրի հրապույրը ավելացնում է: Իրար ետևից կտրում անցնում ենք ժայռոտ բլուրների բազմաթիվ շարքեր, որոնց վրա երբեմն-երբեմն բարձրանում են միջնադարյան ոճով բերդեր: Այդ բերդերի մեջ պետության կողմից պահակներ են հաստատված՝ ճանապարհի ապահովության հսկելու համար: Այս վտանգավոր վայրերը անցնելով՝ գալիս ենք Աբիշոռ, որ մի ընդարձակ բերդ է, կլորակ աշտարակներով զարդարված: Բերդի մեջ գտնվում են իջևանը և պահակներ: Այստեղ խմելու ջուր չկա. ջուրը հանում են հորերից, բայց աղի է. ձիերը ազատ խմում են այդ ջուրը: Աբիշոռում մի քիչ դադար առնելուց հետո, ձիերը փոխեցինք և արագ ընթացքով շարունակեցինք ճանապարհը: Կեսօրից անց հասանք Մուրզախար, որ մի հասարակ գյուղ էր. մեջտեղով անցնում է համանուն գետը, որի ջուրը խմում են տեղացիք: Այդ ջուրն է նույնպես, որ ավազանների մեջ ամբարելով, գործ են ածում մոտակա մի քանի մանր-մունր գյուղերը: Այս գյուղումն էլ մի քանի ժամ դադար առնելուց և ձի փոխելուց հետո, դուրս եկանք և նույնպիսի մի չոր դաշտով անցնելով, երեկոյին հասանք Գեզ, որ Սպահանի արվարձանն է համարվում: Գեզը մեծ գյուղ էր. ուներ մի փոքր շուկա, պահականոց. մի մեծ առու անցնում էր նրա միջով. արևմուտքին դեռ բավական ժամանակ կար, բայց փոստը չուզեց շարունակել ճանապարհը, դարձյալ ավազակները պատրվակ բերելով: Գիշերը մնացինք Գեզ և առավոտը շատ շուտ ճանապարհ ընկնելով, արևի առաջին ճառագայթների հետ մտանք Սպահան: Մի հասարակ փլփլած դուռ զարդարում է քաղաքի մուտքը. մի աննշան տնակի մեջ անկարգ վիճակում պառկած են մի քանի զինվորականներ և անցագիր են հարցնում: «Թեհրանի փոստ է»,— պատասխանում ենք, և նրանք տեղից անգամ վեր չկացած շարունակում են իրենց քունը: Անցնում ենք արվարձանի դատարկ վայրերը և ահա մտնում ենք քաղաք: Փոշոտ ու աղբալից: փողոցներ. մուրացիկների, կիսամերկ ու վերքերով ծածկված կանանց ու երեխաների մի բազմություն ամենուրեք, վազում են մեր ետևից. ողորմություն են ուզում: Ահա սկսում է խանութների շարքը. մի քանի հյուրանոցներ, մզկիթներ, կառավարական շենքեր, հասարակական պարտեզներ՝ չոր ու ամայի. ահա ա՞յս է Շահ Աբբասի հռչակավոր մայրաքաղաքը: Մի կառք եմ վերցնում և Զենդերուդի 33 աչքանի ընդարձակ կամուրջը անցնելով, գնում եմ Նոր-Ջուղա: Մի փոքր տարածություն բաժանում է Ջուղան Սպահանից. գետն անցնելով գալիս ենք փոշոտ ու չոր մի ճանապարհ. այգիների հողե պատեր և ահա Նոր-Ջուղան: «Հայոց վանքն է»,— ասում է կառապանը. վեր եմ բարձրացնում գլուխս և տեսնում եմ Ամենափրկչյան վանքի խոշոր գմբեթը. եվրոպական տարազով մարդիկ, լաչակով ծածկված կանայք նեղ փողոցների անկյունից հետաքրքիր հայացքով ինձ են նայում: Օտար մարդ է եկել. և անշուշտ հայ է: Սիրելի՜ ազգակիցներ, հազարավոր վերստեր ու անկոխ անապատներ բաժանում են ձեզ մեզանից, բայց այդ բոլորը անզոր են մեր կապը քանդելու: Ես նորից զգում եմ ձեր մեջ իմ արյունը, իմ հարազատ հայրենակիցների արյունը, և իմ սիրտը բաբախում է այնպես, ինչպես վաղուց կարոտած, անտես մնացած սիրելիների տեսության: Չպիտի նկարագրեմ ես Նոր-Ջուղան: Եթե կա մեր մեջ մի գավառ, որ պետք եղած չափով, գուցե և ավելի ուսումնասիրված է պատմական ու տեղագրական տեսակետով, դա էլ Նոր-Ջուղան է: Ես մնացի այդտեղ միայն 28 օր և վայելելով սրտագին հյուրասիրություն և լայն օժանդակություն մի խումբ տեղացիների կողմից, վերջացրի բարբառի ուսումնասիրությունը և հուլիսի 15-ին նորից ճանապարհ ընկա դեպի Թեհրան: Նորից գալիս էի փոստային սայլակով, բայց այս անգամ ուղեկիցներս միայն երեք հոգի լինելով, շատ ավելի հանգիստ էինք: Ավազակների երկյուղը դեռ չէր վերացել, ուստի նորից գիշերով չպիտի ճանապարհորդեինք: Առաջին գիշերը մնացինք Մուրզախարում. առավոտը ճանապարհ ընկնելով, կեսօրից առաջ հասանք Աբիշոռ. այստեղ մի քիչ հանգիստ առնելուց հետո, բերդից դուրս եկան 12 զինված պահակներ, որոնց գլխավորն էր Ջաֆար աղա Մուրզախարի անունով մի կտրիճ տղամարդ: Բոլորն էլ ձիավոր էին. գալիս էին մեզ ուղեկցելու իբր պահապան, մինչև կանցնեինք ավազակային վտանգավոր վայրերը: Իրենց քաջությունը ցույց տալու համար նրանք սկսեցին աջ ու ձախ արշավել, հարձակումներ ձևացնել, հրացաններով խաղալ: Սքանչելի էին ձիերը, գեղեցիկ ու արագավազ. և որքան հլու՝ կատարելու համար հեծյալի հրամանները: Մի ժամից ավելի ուղեկցելով մեզ, վերջապես հասանք մի սարի վրա բարձրացող միջնադարյան բերդ. պահակները հրաժեշտ տվեցին մեզ և բարձրացան բերդը: Մենք շարունակեցինք ճանապարհը. շուտով գալիս ենք Թարղ, բայց չենք գիշերում, գիշերը անց ենք կացնում Ասիաբում: Ասիաբին հազիվ էինք մոտեցել, երբ իջևանից մեկը եկավ մեզ մոտ և հայտնեց, որ հարևան գյուղում Մաշալլահ խանը իր 150 ձիավորներով նստել է և սպասում է մեզ՝ փոստը կողոպտելու համար: Խորհուրդ տվեց մեզ ճանապարհը չշարունակել և գիշերել Ասիաբի իջևանում: Արդեն մութը կոխել էր. մենք մտանք Ասիաբ. իջևանապետը հաստատեց նույնը. նա պատմեց, թե Մաշալլահ խանը իջել է գյուղ իր ձիավորներով. գյուղացիներին հայտնել է, թե ինքը այդ գիշեր հյուր է մնալու, եթե կընդունեն՝ լավ, եթե ոչ՝ թող դուրս գան կռվելու: Գյուղացիք պատասխանում են, թե իրենք տրամադրություն չունեն կռվելու, և Մաշալլահ խանը մնում է գյուղում, խոստանալով՝ ո՛չ մեկին վնաս չհասցնել: Մենք գիշերեցինք Ասիաբում, բայց ավազակապետը չեկավ մեզ մոտ. գուցե եթե մի քիչ ավելի շուտ հասած լինեինք, տեսներ մեզ ցերեկվա լույսով և կողոպտեր: Առավոտ լուր հասավ, թե ավազակները գիշերով վեր են կացել, 3 000 թուման տուգանք են վերցրել ու հեռացել անհայտ ուղղությամբ: Չգիտեինք, թե այդ անհայտ ուղղությունը դեպի Քաշա՞ն էր, այսինքն մեր ճանապարհը: Սպասեցինք, որ Քաշանի կողմից մարդ գա. վերջապես եկավ Քաշանի փոստը և հայտնեց, որ ճանապարհը ազատ է, Մաշալլահ խանը գնացել է Եզդի կողմը։ Մենք իսկույն ճանապարհ ընկանք. նույն գիշերը հասանք Քաշան և այդտեղ լուսացնելուց հետո, առավոտը դուրս եկանք: Այլևս ճանապարհը բոլորովին ապահով էր. հանգիստ ու աներկյուղ նորից կտրեցինք անցանք այն անապատները և վեցերորդ օրը նորից հասանք Թեհրան: Թեհրանի հյուսիսային կողմում մի քանի ամառանոցային գյուղեր կան. դրանցից առաջինն է Զարգանդա, որ պատկանում է ռուսաց դեսպանատան. նրան անմիջապես կից գտնվում է Ղուլհակ, որ պատկանում է անգլիական դեսպանատան: Սրանցից ավելի հյուսիս գտնվում են Թաջրիշ, Դերբենդ և այլն, որոնք նույնպես ամառանոցներ են։ Թեհրանի հայերը սովորաբար գնում են Զարգանդա և Ղուլհակ, որոնք քաղաքից մի ժամ հեռավորություն միայն ունեն: Օդը քաղաքի համեմատությամբ շատ հով է. ամեն տուն ունի ծառաշատ պարտեզ, ծաղկանոց, առատ է նաև ջուրը, բնակարանները շատ հարմարավոր են, նույնիսկ երբեմն ավելի հարմարավոր, քան քաղաքում: Անտանելի շոգերը կոխել էին Թեհրանում. մի կողմից փոշին, մի կողմից շոգը և մյուս կողմից մոծակները` անտանելի էին դարձնում բնակությունը, ուստի ես էլ գնացի Զարգանդա, մի քանի օր էլ այնտեղ անցկացնելու համար: Այդ միջոցին էր, որ պր. Պիոնյանը պիտի մեկներ Թավրիզ, իբրև տեսուչ թեմական դպրանոցի. ես էլ ուսուցիչ հրավիրված էի, ուստի հրաժեշտ տվեցինք ամառանոցին ու Թեհրանին վերջնականապես և ճանապարհ ընկանք դեպի Թավրիզ: === ԹԵՀՐԱՆԻՑ ԹԱՎՐԻԶ === Թեհրանից Թավրիզ գնալու համար երկու ճանապարհ կա. առաջինը ցամաքային ճանապարհն է՝ Ղազվինի ու Զենջանի վրայով, որ 576 կիլոմետր է. իսկ երկրորդը ծովային ճանապարհն է, որ Ղազվինից գնում է Ռաշտ և Էնզելի, այնտեղից նավով Բաքու, երկաթուղով Թիֆլիս և այնտեղից էլ Երևան—Ջուղա—Մարանդ—Թավրիզ։ Թեև երկրորդը անհամեմատ ավելի երկար է, բայց շնորհիվ շոգենավի ու երկաթուղու՝ տևում է շատ ավելի կարճ, քան ցամաքային ճանապարհը։ Խաղաղ ժամանակ, երբ հաղորդակցության միջոցները խանգարված չէին, ամեն մարդ էլ գնում էր ծովային ճանապարհով և ցամաքային ճանապարհը երեսի վրա թողնված էր։ Պարսկաստանի մի քաղաքից մի ուրիշը անցնելու համար մարդիկ ճանապարհորդում էին երկրից երկիր, Կովկաս, Վրաստան, Հայաստան և հետո նորից Պարսկաստան, և այդ բոլորը ավելի կարճ, ավելի էժան և ավելի ապահով էր, քան ներքին ճանապարհը: Որքան ընկած պիտի լինի մի երկիր, այսպիսի վիճակի հասնելու համար…: Կովկասյան դեպքերի պատճառով մեզ համար ծովային ճանապարհը փակ կամ առնվազն վտանգավոր էր, ուստի որոշեցինք գնալ ցամաքային ճանապարհով, թեև այս էլ այնքան անվտանգ չէր՝ շահսևանների ավազակային հարձակումների պատճառով: Թեհրանից Թավրիզ կան փոստային սայլակներ (գառի) ու փոստային կամ մասնավոր կառքեր: Առաջինները գիշեր-ցերեկ գնալով 6 օրում կտրում են ճանապարհը. բայց որովհետև այդ ճանապարհը շատ դժվար է, կարգադրված է, որ փոստային սայլակները կին չվերցնեն: Ֆայտոնները, որովհետև նրանցով միայն տիկիններն են գնում, այդ ճանապարհը կտրում են 12—14 օրում և շատ ավելի թանկ են: Պատահում են երբեմն նաև Թավրիզից եկած մասնավոր կառքեր, որոնք ետ դառնալ ստիպված լինելով, կարող են մի քիչ ավելի էժանով տանել։ Ճիշտ այսպիսի մի կառք պատահեց և մեզ: Կառապանը թավրիզեցի մի թուրք էր, արհեստին ու ճանապարհներին լավ տեղյակ: Մենք երեք հոգի էինք, պր. Պիոնյանը, ես ու կինս: Ընդունված սովորության համաձայն նախ կառապանը գրեց մի պայմանագիր, որի մեջ խոստանում էր 14-րդ օրը հասցնել մեզ Թավրիզ, 200 թուման վարձով, որի կեսը պիտի վճարվեր մեկնելու օրը, 50 թուման Զենջանում (կես ճանապարհին) և 50 թումանն էլ Թավրիզ հասնելիս: Եթե որոշված ժամանակից ուշ հասցներ, օրական տուգանք պիտի վճարեր 20 թուման, իսկ եթե մենք որևիցե պատճառով պահեինք կառքը, պիտի վճարեինք նրա օրական ծախսը: 1919 թվականի օգոստոսի 16-ին (հին տոմարով), ուրբաթ օրը, մեկնեցինք Ղուլհակ ամառանոցից. մի ժամից հասանք Թեհրանի դուռը. այստեղից դեպի աջ թեքվելով, բռնեցինք Ղազվինի ճանապարհը, որը գրեթե 10 ամիս առաջ արդեն չափչփել էինք Ռաշտից Թեհրան գնալիս: Երեք օրից հասանք Ղազվին (կիրակի 18 օգոստոսի): Մենք քաղաքում մնալու կարիք չունեինք. նախարարապետի կողմից մեզ տրված հանձնարարականով էլ կարողացանք իսկույն ևեթ ստանալ ճանապարհի արտոնագիր և հենց նույն օրը, կեսօրից մի ժամ անց, ճանապարհ ընկանք դեպի Զենջան: Շուտով դուրս ենք գալիս քաղաքից և մտնում ընդարձակ դաշտը մեր երկու կողմը փռված են խաղողի այգիներ, ձմերուկի պարտեզներ, հնձված ու նոր վարած արտեր: Քիչ հետո ճանապարհը բաժանվում է երկուսի. աջ կողմի ճանապարհը, որ թեքվում է դեպի հյուսիս, Ռաշտի ճամփան է. իսկ ձախը, որ թեքվում է դեպի հարավ, հետո արևմուտք և հյուսիս-արևմուտք բարձրանալու համար, մեր ճանապարհն է, որ պիտի ընթանանք 11 օր շարունակ: Հեռուն, աջ թևի վրա, բարձրանում է բլուրների մի անընդհատ շարք, իսկ ձախ թևի վրա տարածված է ընդարձակ դաշտը, մինչև հորիզոն: Մեզնից ոչ շատ հեռու երևում է մի փոքր լճի կապույտ սավանը։ Ղազվինի լիճն է այն: Քիչ հետո հասնում ենք ռուսների նախկին զինվորական կայանը, որտեղ այժմ անգլիական զորքն է հաստատվել. ճանապարհի աջ կողմում շինված է ընդարձակ մի սրահ, որ սավառնակների պահեստն է. դես ու դեն երևում են հնդիկ զինվորներ, բարձր հասակով, թուխ պղնձագույն դեմքով, հետաքրքրական պոչավոր փաթթոցով: Նրանցից մեկից ջուր ենք խնդրում. բայց ո՛չ պարսկերեն գիտի և ոչ անգլերեն. նշանացի հասկացնում ենք, և նա գնում է կայանից բերում մեզ համար մի կուժ խայծղանով ջուր (eau goudronnée): Այս տեղը կոչվում է Սուլթանաբադ: Սուլթանաբադից ավելի առաջանալով, աջ ու ձախ երևում են իրար մոտիկ զանազան գյուղեր. կառապանը քշում է կառքը արագ, հասնելու համար իր ընկերոջ, որ մեզնից քիչ առաջ մեկնել է Ղազվինից: Օդը տաք է, որը սակայն մեղմում, հովացնում է աջ կողմից, Ռաշտի լեռներից շարունակ իջնող անուշ զեփյուռը: Բայց զեփյուռը հետզհետե սաստկանում ու այնպես է ցրտում, որ ստիպվում ենք հագնվել ձմեռնային վերարկուներ: Կառապանի ասելով այս ցուրտ քամին մշտական է և տևում է մինչև վեց ժամ ճանապարհ, ձմեռը այնքան սաստիկ է լինում, որ կառապանները ստիպված են փոխել ճանապարհը և աջակողմյան լեռների ստորոտով անցնել՝ պաշտպանվելու համար նրա ցուրտ ու զորեղ շնչից: Մայրամուտին հասնում ենք Սիյահ-դիհան (Սև-բերան) կոչված գյուղը, ուր իջևանում ենք մի մասնավոր տան մեջ: Սիյահ-դիհանը մի ընդարձակ գյուղ է. 2 000 տուն ունի. բնակիչները թաթ են, իրենց մեջ խոսում են թաթերեն, բայց գիտեն նաև պարսկերեն և թուրքերեն: Սկսած Ղազվինից մինչև Թավրիզ, ինչպես և Կովկաս, այլևս իրանական պարսիկ ժողովուրդ չկա. ամեն տեղ թուրքերն են, որ Միջին Ասիայից առաջանալով Կասպից ծովի ափերով, լցրել են ամբողջ Ատրպատականը և Կովկասը, ետ քշելով կամ իրենց մեջ ձուլելով պարսիկ ցեղը: Սիյահ-դիհանը դեռ թաթերեն է խոսում, որ իրանյան բարբառ է. մյուսները արդեն զուտ թուրքախոս են: Այն սենյակը, որ տվել էին մեզ, բավական կոկիկ ու մաքուր էր. կրածեփ պատերը բոլորովին մաքուր և սպիտակ էին. նրանց մեջ փորված էին բազմաթիվ կամարավոր մեծ դարաններ, որոնց մեջ կանոնավոր կերպով շարված էին բազմաթիվ թեյամաններ, ճրագներ և ամաններ. մի փոքր պատուհան միայն ուներ, որ տախտակով պատած էր դրսից. երդիկի վրա կար մի փոքրիկ ծակ՝ ծուխը մաքրելու համար. լույսը ստացվում էր դռնից. հատակը մաքուր սպիտակ հողից էր և ծածկված զանազան գույնի գորգերով. սենյակի վերի անկյունում դարսված էին անկողինները և մի օրորոց: Մեզ տվին մաքուր մի սամովար, մի սափոր ջուր: Թեյ պատրաստեցինք, թեթև ընթրեցինք և պառկեցինք: Գիշերը բավական ցուրտ էր. դուրսը քամին մռնչում էր ահեղ ձայնով և այնքան ուժով, որ մարդկանց էր ուզում տապալել: Երկուշաբթի առավոտ, ժամը 6. 30-ին, ճանապարհ ընկանք Սիյահ-դիհանից: Մեր կառապանը առհասարակ այսպես էր որոշել իր ընթացքը. մեկնում էր առավոտյան 6. 30-ին, կեսօրվա մոտ հասնում էր մի որևէ գյուղ, ուր ճաշելուց և 2—3 ժամ հանգիստ առնելուց հետո, շարունակում էր ճանապարհը մինչև երեկոյան ժամը 5: Այս հաշվով օրական սովորաբար 8 ժամ ճանապարհ էինք գնում: Սիյահ-դիհանից մեկնելով, քիչ հետո ճանապարհը դարձյալ երկուսի է բաժանվում․ ձախակողմյան ճանապարհը, որ մի կանոնավոր խճուղի է, գնում է Համադան: Ռուսները արդեն ձեռնարկել էին շինել այս ճանապարհը և նախնական աշխատանքները կատարել. անգլիացիք վերջացրել են և կանոնավոր խճուղին պատրաստ է. այստեղ գործում են ավտոմոբիլները. մինչև անգամ մոտորով փոստ է բանում: Հենց մեր աչքի առաջ տեսանք այն․ մի անգլիացի զինվոր էր, որ կայծակի արագությամբ թռավ անցավ գնաց, մինչդեռ մենք մեր արագավազ ձիերով իսկ համեմատաբար շատ դանդաղ բռնում ենք աջակողմյան ճանապարհը, գնալու համար Զենջան: Մեր ճանապարհը այժմ այնպես լավ չէ, ինչպես առաջ, բայց այնուամենայնիվ դեռ տանելի է, ավելի հետո պիտի հետզհետե վատանա: Դաշտի երկու կողմից լեռների շղթաները մոտենում են մեզ՝ հետզհետե սեղմելով ու ամփոփելով իրենց միջև եղած տարածությունը: Բլուրների լանջերի վրա կամ նրանց ստորոտներում՝ դաշտի երկու կողմը փռված են բազմաթիվ գյուղեր, մեկ ու կես ժամից հասնում ենք Դերեբաղ, երեք ժամից Կերենդե և Հուսեյնաբադ, իսկ կեսօրվա մոտ՝ Կրվա: Ճանապարհի վրա մի խղճուկ իջևան կար, որի շուրջը տարածված էին խաղողի բազմաթիվ այգիներ: Այստեղ հանգիստ պիտի առնեինք: Մտանք այգիներից մեկը, թեյ ու ճաշ պատրաստեցինք, խաղող բերել տվինք, բայց դեռ լավ հասած չէր, վերջապես երկու ժամ դադար առնելուց հետո, նորից ճանապարհ ընկանք: Ժամը 3. 30-ին հասանք Շերիֆաբադ, որ շատ հարուստ մի գյուղ էր: Գյուղացիք կալ էին անում. ցորենի ու հարդի մեծամեծ շեղջերը դիզված էին այս ու այն կողմ, աջ ու ձախ փռված էին խաղողի լայնատարած այգիներ, առատ ջրերը հոսում էին ճանապարհի երկու կողմով: Երեկոյին հասանք Խուրրեմդերե (Ուրախ-ձոր), որ նույնպես մի մեծ գյուղ էր, ծառաստաններով և այգիներով հարուստ: Իսկույն մեր վրա թափվեցին մի խումբ գյուղացիք, և ամեն մեկը գովաբանելով իր տունն ու վատաբանելով մյուսներինը, աշխատում էր իր մոտ տանել մեզ: Մեծ քաղաքների հյուրանոցային բարքերն էին: Իջևանի ընտրությունը մենք միշտ կառապանին էինք թողնում, որովհետև ինքը ավելի ծանոթ էր բոլորին: Տարան մեզ մի բակ, ուր մի բավական կոկիկ սենյակ տվին մեզ: Այստեղ վառյակ, բրինձ, մածուն, ձու և յուղ գնեցինք, կերակուր պատրաստեցինք, թեյ խմեցինք և խաղաղիկ անցկացրինք գիշերը: Երեքշաբթի առավոտ դուրս եկանք Խուրրեմդերեից: Անցնում ենք երկու զուգահեռական լեռնաշղթաների միջով, Աբհար սու գետի հովիտն է այն: Իրար ետևից հաջորդում են զանազան գյուղեր։ Ճանապարհի վրա է Ամիրապատ գյուղը, որ բերդաքաղաքի երևույթն ունի: Չորս կողմից քաշած է հողե պարիսպ՝ բերդերով և աշտարակներով, ավազակների հարձակումներից պաշտպանվելու համար: Այսպես են այս կողմի գյուղերից շատերը: Ամիրապատից հետո դաշտը սկսում է անշքանալ. ջուր չկա. չորություն է ու տաք. կեսօրին հասնում ենք Սուլթանիե, բայց մենք չենք մտնում գյուղը, որ ճանապարհից դեպի ձախ 10 րոպե հեռավորություն ունի, այլ իջնում ենք ճանապարհի վրա գտնված մի աննշան թեյարան, ցերեկվա հանգիստը առնելու համար: Այնուհետև բարձրանում ենք կտուրը և դիտում շրջապատը. բավական ընդարձակ ու չոր դաշտ է, որի մեջտեղում, մեր դիմացը, իշխող դիրք ունի Սուլթանիեն: Անունը մեծ է, և անվան համապատասխան էլ մեծ անցյալ է ունեցել: 1305 թվականին նա դարձել է մայրաքաղաք. Չինգիզ խանի հաջորդներից Ուլջայթու խան Մուհամմեդ Խուդաբանդա, որ իշխում էր 1304 թվականից, թողնելով Թավրիզ և Մարաղա քաղաքները, իր աթոռը հաստատում է այստեղ. նա շինում է մի մեծ մզկիթ, ուր հետո թաղվում են ինքը և իր որդին՝ Աբու Սայիդ: Բայց մայրաքաղաքը վաղանցուկ փառք է ունենում: ԺԴ դարի վերջում Թիմուրի լանգը ավերում է Սուլթանիեն և ջնջում թաթարական տիրապետությունը: Վերջին ժամանակներում պարսից Ֆաթալի շահը Սուլթանիեից մեկ կիլոմետր հեռու շինում է ամառանոց, ուր ամեն տարի անց էր կացնում ամառը, իսկ իր զորքը բանակ էր դնում դաշտի մեջ: Այսօր ամեն ինչ կործանվել է. մայրաքաղաքից մնացել է 500 տնով մի խեղճ գյուղ, իսկ հին փառքի իբրև վկա ապրում է դեռ Խուդաբանդայի աղյուսաշեն մեծ մզկիթը՝ իր բարձր գմբեթով և 8 փոքրիկ մինարեներով. անհետացել են նույնիսկ մզկիթի մեջ հանգչող երկու թագավորների՝ Խուդաբանդայի և Աբու-Սայիդի շիրիմները: Կեսօրից երկու ժամ հետո թողնում ենք Սուլթանիեն: Մի քանի կանաչավետ արտերից հետո, նորից սկսում է չոր ու տաք ճանապարհը. երկար ժամանակ երևում է դեռ մեր աչքին Սուլթանիեի խոշոր գմբեթը ու վերջապես անհետանում. լեռները հետզհետե ավելի են մոտենում. դաշտը սեղմվում է. մենք թողնում ենք Աբհար-ռուդի հովիտը՝ մտնելու համար Կիզիլ-Ուզենի հովիտը: Երեք գլխավոր ճյուղ ունի այս գետը. առաջինը, որ մի քանի վտակներից բաղկացած մի ցանց է, իջնում է Մարաղայի արևելյան կողմի լեռներից. երկրորդն սկսում է Սեննեի լեռներից և հոսում դեպի արևելք և հետո դեպի հյուսիս. երրորդը՝ Զենջանի գետն է, որ մեր ամբողջ ճանապարհն է գծում մինչև Զենջան ու Միանե, բխում է Սուլթանիեի մոտերքից և երկրորդին զուգահեռաբար հոսելով, առաջանում է դեպի հյուսիս-արևմուտք: Միանեի մոտ երեք ճյուղերը միանում են և բոլորելով Քափլան-Քուհ սարերի շրջապատը, իջնում են դեպի հարավ-արևելք, հետո Մենջիլի առաջից դառնալով դեպի հյուսիս, ստանում են Սեֆիդ-ռուդ անունը և Ռաշտից ու Էնզելիից արևելք թափվում են Կասպից ծովը: Սուլթանիեից հետո մենք անցնում ենք Յուսուֆաբադ և Բինար գյուղերը և երեկոյան ժամը 6-ին հասնում Դիզա՝ գիշերելու: Չորեքշաբթի առավոտ դուրս եկանք Դիզայից. գնում ենք Զենջան. ամբողջ ճանապարհի երկարությամբ, մեր ձախակողմում ծառաստաններ ու այգիներ են, որոնք փռված Կիզիլ-Ուզենի ափերին, ծածկում են նրան մեր աչքերից: Շուտով երևում է քաղաքը, որ բլուրների ստորոտում ամբողջապես թաղված է այգիների ու պարտեզների մեջ: Մեկ ու կես ժամ է տևում Դիզայից մինչև Զենջան. ժամը 8-ն էր, երբ մտանք քաղաք. մի քանի կեղտոտ փողոցներով և հին ու մին խանութների շուկայով անցնելով՝ իջանք քարվանսարայը: Զենջանը Պարսկաստանի գավառական քաղաքներից մեկն է. 30 000 բնակիչ ունի. նա կենտրոնն է Խամսայի փոքրիկ գավառի, որ քառորդ միլիոն բնակիչ ունի: Հին ժամանակ այս գավառն ուներ հինգ քաղաք, որից և ծագել է իր անունը, ճիշտ ինչպես մեր Խամսայի մելիքությունները՝ հինգ մելիքությանց անունով: Բայց այդ քաղաքներն այժմ չկան: Զենջանը շրջապատված է բազմաթիվ գյուղերով, որոնց բնակիչները չափազանց հարստահարյալ դրության մեջ են. աշխատում, տքնում է գյուղացին, վայելում են անկուշտ ու բռնակալ խաները: Հակառակ իր փոքրության, Զենջանը շատ բանուկ քաղաք է. գտնվելով Ղազվինի ճանապարհի վրա, երթևեկությունը անպակաս է. գյուղացիք շարունակ թափվում են քաղաք՝ ծախելու իրենց զանազան բերքերը և փոխարեն գնելու նորանոր ապրանքներ: Ընդարձակ առևտրական կապեր ունի Ռաշտի, Արդաբիլի, Թեհրանի, Թավրիզի ու Համադանի հետ: Շուկան խճողված է բազմաթիվ փոքր ու կոկիկ խանութներով՝ լիքը ապրանքներով: Զարգացած է հատկապես պղնձագործությունը: Բնակչությունը զուտ մահմեդական է. կան միայն երկու հայ օղեվաճառներ: Այստեղ էր և բժիշկ Փարսադանյանը, որ Բաքվի կռիվների ժամանակ ապաստանել էր Թեհրան և այժմ կազակների վարչության կողմից ուղարկվել էր այստեղ այն ռուս զինվորականի հետ, որ պաշտոն ուներ Զենջանի շրջանից զինվորացուներ հավաքելու: 7 ժամ ամբողջ մնացինք Զենջանում և կեսօրից հետո ճանապարհ ընկանք: Շուտով հասնում ենք մեր կառապանի ընկերոջ, որ փոխադրում է Թավրիզի դատարանի նախագահին՝ իր օգնականով ու ծառաներով: Այնուհետև մենք գնում ենք միասին գրեթե մինչև Թավրիզ: Անցնում ենք Կիզիլ-Ուզեն գետի մոտով, որ գրեթե մեր աչքից չի հեռանում. մեր ճանապարհը բարձրանում, կտրում-անցնում է արտերը, բլուրների միջով, իսկ մեր ձախակողմում փռված են մինչև գետի եզերքը, որի ափին էլ շարված են անվերջ ծառաստաններ ու զանազան մեծ ու փոքր գյուղեր։ Վերջապես աջ կողմից գալիս է մի ընդարձակ գետի չորացած հունը, որից անցնելով, սկսում է մի բարձր դարավանդ. ձիերը դժվարությամբ են քաշում կառքը, ուստի բոլորս էլ իջնում ենք ցած և ոտով սկսում բարձրանալ: Երեկոյին հասնում ենք Ենգիջե, որ մի ծառաշատ ու հովասուն տեղ էր. գյուղը գտնվում էր իջևանի ետևը, որը մենք չէինք տեսնում: Մենք իջևանեցինք ճանապարհի վրա շինված թեյարանի մի սենյակում, փոքրիկ պարտեզի մեջ: Օդը ցուրտ ասելու չափ հով էր, բայց հակառակ դրան, մոծակները մեզ հանգիստ չէին տալիս: Նեղությամբ անցկացրինք գիշերը և մյուս օրը, հինգշաբթի, նորից ճանապարհ ընկանք: Շարունակ անցնում ենք բլուրների ծոցով, գետը մեր աչքից կորչում է. երկու ժամից հասնում ենք Նիքբեյ՝ դադար առնելու մի աննշան իջևանում: Իջևանի դեմը կա մի մեծ աղյուսակերտ քարվանսարայի կիսափուլ շենք, որի ճակատին երևում է մի տող պարսկերեն արձանագրություն: Այս շենքը վերագրվում է Շահ Աբբասին: Պատմում են, որ պարսից այս մեծագործ թագավորը ճանապարհորդների դյուրության համար ամբողջ իր երկրում 999 քարվանսարա է կառուցել. մեծամեծները հարցնում են, թե ինչո՞ւ մեկն էլ չի շինում, որպեսզի հազարը լրանա. պատասխանում է, թե հազարը մի հասարակ թիվ է, հազար կասեն ու կանցնեն, բայց երբ ասեն, թե Շահ Աբբասը ինը հարյուր իննսունինը քարվանսարա է շինել, ա՛յն ժամանակ կզգացվի իր մեծությունը: Մենք մեր ճանապարհորդության ժամանակ մի քանի անգամ պատահեցինք այս աղյուսաշեն իջևաններին. բոլորն էլ ավերակ էին, ողորմելիները ո՛չ միայն չեն կարողացել մի նոր բան արտադրել, այլև հները չեն կարողանում պահպանել: Երկուս ու կես ժամ հանգիստ առնելուց հետո, մեկնում ենք Նիքբեյից. գետը նորից ընկերանում է մեզ. շատ ընդարձակ ու լայն է, բայց ամառ լինելով մեծ մասամբ չորացել է. նրա մեջ մնում են միայն մի քանի օձապտույտ առուներ, որոնք մերթ իրար միանալով ու մերթ իրարից բաժանվելով, կազմում են բազմաթիվ ու բազմազան օղակաձև դարձվածներ: Մեր ճանապարհը անցնում է գետից քիչ վերև բարձրացող բլուրների վրայով, որոնք բոլորն էլ կավահողի փխրուն զանգվածներ են կազմում: Օդը տաք է, ճամփան՝ չոր. իրար ետևից կտրում անցնում ենք բազմաթիվ գետերի չորացած հուները, որոնք աջից գալով շարունակ թափվում են Կիզիլ-Ուզենի մեջ։ Որքա՜ն դժվար պիտի լինի ճամփորդությունը գարնանը, երբ այս բոլոր չոր հուները ջրառատ գետեր պիտի դառնան ու ջրի, ցեխի ու ճահճի անթիվ կույտեր պիտի ձևացնեն: Անցնելով Նյուճյու և Աքմեզար (Սպիտակ շիրիմ) գյուղերից, կեսօրից հետո ժամը 2. 30-ին հասնում ենք Թազաքենդ, անջուր, անպիտան մի տեղ, ուր պիտի գիշերենք: Ուրբաթ օրը սովորական ժամին դուրս եկանք Թազաքենդից, անցանք Սերչեմ կիսավեր գյուղից, հետո Նովրուզապատ, որի բնակիչները ինչ-որ գժտության պատճառով գաղթել էին Ջամալաբադից և հետո հաշտվելով՝ վերադարձել իրենց տեղը, թողնելով գյուղը ավերակ ու անբնակ. վերջապես ժամը 10. 30-ին հասանք Ջամալաբադ, որ թեև բավական մեծ, բայց խեղճ գյուղ էր. տներից շատերը քանդված, ավերակ ու անբնակ էին: Այդ օրը ընդամենը 4 ժամ ճանապարհ էինք գնացել և դեռ կարող էինք նույնչափ էլ գնալ, բայց որովհետև մնացյալ ճանապարհը շատ դժվար էր, կառապանները որոշեցին ամբողջ օրն ու գիշերը մնալ ու ձիերին երկար հանգիստ տալ: Ձիերի հետ հանգստացանք մենք էլ, զբոսնելով ջրի ափին, պարտեզների մեջ և դիտելով մեր դիմացը տարածված սարերը: Քափլան քուհի լեռներն էին սրանք, որ աջից ու ձախից գալով, իրար դեմ էին ելել և առանց համարձակվելու իրար բոլորովին մոտենալ, կանգնել էին դեմ-դեմի՝ կարծես վագրի մի երախ ձևացնելով: Շաբաթ առավոտ, դուրս գալով սովորական ժամին, սկսանք մեր վերելքը. իրար ետևից անցանք լեռների մի քանի շղթաների շարքերը. նրանք սոսկալի բարձրություններ չեն ներկայացնում, բայց որովհետև ճանապարհը զիգզագներ չունի, այլ ուղղակի կտրում անցնում է լեռները, ուստի շատ էլ դժվար է. նա ներկայացնում է վերելքների ու վայրէջքների մի քանի շարք, որոնք ձիերի համար չափազանց դժվար են. բոլորս էլ ոտով ենք գնում վտանգից խուսափելու համար. կառապանները անցնում են ձիերի առաջը և խարազանները նրանց գլխին բռնած, նրանց աչքը վախացնելով, զգույշ կերպով առաջնորդում են լեռների թեք զառիվայրով, շուտ-շուտ քարեր դնելով անիվների տակ, որպեսզի կառքերը գլորվելուց ազատ պահեն: Վերջապես հասանք Քափլան-քուհի ժայռոտ ձորը, որի միջից հոսում է լայնածավալ Կիզիլ Ուզենը. գետը լայն է, բայց ամառ լինելու պատճառով ջուրը քչացել է. գետի վրա գցած է սպիտակ քարե եռակամար բարձր և ամրակուռ մի կամուրջ, որ կոչվում է Փոլ-ի-Դուխտար (Աղջկա կամուրջ): Անցանք այս կամուրջն էլ, և սկսեց սարերի հանդիպակաց շղթան, որը նույն ձևով կտրել անցնելով, իջանք Քափլան-քուհի ստորոտը: Երեք ժամ տևեց այս բոլորը, և ահա մեր առաջ բացվեց Միանեի ընդարձակ հովիտը, որի միջով հոսում են զանազան գետեր ու առուներ. հեռուն փռված են ընդարձակ պարտեզներ ու ծառաստաններ, որոնց ետևում կորած է Միանեն: Անցանք մի վերջին ընդարձակ կամուրջ էլ և մտանք Միանե: Կառապանը մեզ տարավ մի կեղտոտ փլփլած իջևան: Նախորդ օրվա նման, թեև ընդամենը չորս ու կես ժամ ճանապարհ էինք գնացել, բայց որովհետև ձիերը շատ հոգնած էին, կառապանները չուզեցին ավելի առաջ գնալ և որոշեցին գիշերել Միանեում: Մենք դիմեցինք իջևանի դեմը գտնվող Անգլիական-Հնդեվրոպական հեռագրի կայանը, որի կառավարիչը՝ Ֆազլուլլահ Իմանով, սիրով տվավ մեզ վերնահարկի մաքուր սենյակը գիշերելու համար: Մեր ամբողջ ճամփորդության մեջ սրա չափ լավ ու մաքուր տեղ չէինք տեսած: Որչա՜փ տարբերություն կեղտոտ պարսկական և մի եվրոպական հաստատության միջև: Ավելացնեմ և այն, որ պր. Ֆազլուլլահը աշխաբադցի բեհայի էր և բնական էր, որ իր իրանցի ցեղակիցներից ավելի մաքուր ու բարեբարո լիներ: Միանեն, որ իր անունը առել է բազմաթիվ գետերի միջև գտնվելուց, երբեմն եղել է Շակկակիների հարստության մայրաքաղաքը. այսօր 5000 բնակչով մի խեղճ ավան է․ շուկան խղճուկ խանութների մի շարք է ներկայացնում. տները հասարակ, հողաշեն ու անշնորհք, գյուղական տներից ոչ մի զանազանություն չունեն. փողոցները մի-մի աղբանոց են, մարդիկը՝ կեղտոտ. մաքուր հագնված մի մարդ չտեսանք մենք. դիտելու արժանի մի շենք էլ չկա. եղած-չեղածը կապույտ գմբեթով մի հասարակ մզկիթ է, որ բարձրանում է հրապարակի միջավայրում: Բնակիչները բոլորը թուրք են. մի հատ հայ չկա: Միանեն նշանավոր է իր մելեներով: Մելե կոչվածը մի հասարակ միջատ է, մեծ փայտոջիլի նման. գլխին ունի երկու եղջյուրիկ. փայտոջիլի նման բոլորովին տափակ է. գիշեր ժամանակ հարձակվում է մարդկանց վրա և ծծում արյունը: Երկար ծծելուց հետո ուռչում, մութ-կարմիր գնդաձև մի բան է դառնում ու պոկվում գլորվում ցած. եթե այդ միջոցին մեկը ձեռք տա նրան, իսկույն կփխլվի: Խայթած տեղը կսկսի ուռչել և քոր գալ. այնքան քոր կգա, որ մարդ կուզենա եղունգներով կտրատել. միևնույն ժամանակ կսկսի ջերմությունը, որ մի քանի օր կտևի: Տեղացիք նրա խայթոցը դարմանելու համար հրաժարվում են յուղից և նման ուտելիքներից, մեղր շատ են ուտում: Եվրոպական բժիշկները խորհուրդ են տալիս գործածել անուշադրակ, որից օրական երեք անգամ 15-ական կաթիլ պետք է խմել ջրով՝ խայթոցի թունավորումից զգուշանալու համար, իսկ խայթոցից հետո պետք է խայթված տեղերը զօծել անուշադրով: Եթե այս զգուշական միջոցները չգործադրվեն, վերքը կարող է հետզհետե ծանրանալ և, ինչպես ասում են տեղացիք, մինչև անգամ մահացու դառնալ: Մելեի խայթոցը վնասակար է հատկապես օտարական ճամփորդների համար. տեղացիք ավելի վարժ են: Այս պատճառով էլ ճամփորդները աշխատում են չմնալ Միանե կամ գիշերել բացօթյա, որովհետև մելեն բնակվում է սովորաբար հին շենքերի մեջ, փայտերի արանքում: Մելեն գտնվում է ո՛չ միայն Միանեում, այլև ամբողջ ճանապարհին՝ Զենջանից հետո մինչև Հաջի-աղա, ուր դադարում է, բայց նրա գլխավոր կայանը Միանեն է: Կիրակի առավոտ թողնում ենք Միանեն. ճանապարհը այլևս շատ վատ է. կառքը մտնում է Շեխրի չայ գետի հովիտը. մերթ ջրերի միջով, մերթ նրա քարքարոտ հունով ու դարուփոսերով աջ ու ձախ ծռվելով, տապալվելու վտանգի տակ, դանդաղորեն առաջ ենք գնում. երկու կողմ բարձրանում են բարձրաբերձ ժայռերը. երեք ժամից թողնում ենք ձորը և մտնում բլուրների ծոցը: Նախ տեսնում ենք Աղջա ղշլաղ կոչված աննշան ու ամայի գյուղը, որ խղճուկ հողակերտ թումբերի մի շարք է ներկայացնում. ուրիշ գյուղ չկա. Ճամփան անընդհատ ելևէջ է. չոր-չոր լեռների ու լերկ ժայռերի շարքը թվում է անհատնում ու ձանձրալի. մենք բոլորովին մենակ ենք այս ամայի ու անմարդաբնակ լեռներում, ավազակների երկյուղի տակ. մարդկային ոչ մի շնչի չենք պատահում: Վերջապես հեռուն երևում է ծառերի մի պուրակ, նրանց մոտ փայլփլում է ջրաղացի արծաթե ջրվեժը. հասնում ենք Սոմա կոչված գյուղը: Երկու Սոմա կա. փոքր Սոման բլրի ստորոտն է, ուր իջևանեցինք մենք. մեծ Սոման գտնվում է բլրի ետևը, որին մենք չէինք կարող տեսնել: Գյուղից գնեցինք ձմերուկ, մածուն և ջրաղացի առվի մոտ թափելով մեր բեռները, մի քանի ժամ հանգիստ առինք: Ժամը 3:30-ին ճանապարհ ընկանք և մեկ ու կես ժամ գնալով, հասանք Հոջագիաս: Փոքրիկ, աննշան գյուղ էր այս էլ, բայց ուներ գեղեցիկ ծառաստան, ընտիր ջրի գլգլան աղբյուր և մի փոքր խոխոջուն առու. ձախ կողմում բարձրանում է մի մեծ բլուր, որի գլխին կառուցված է մի դիտանոց: Մենք իջանք գյուղապետի մոտ, որ իր տան ամբողջ վերնահարկը (երկու սենյակ) մեր տրամադրության տակ դրավ: Այստեղ, կտուրի վրա, թեյ խմեցինք, թեթև ընթրիք արինք և առվի անուշ խոխոջով, կծու, բայց չոր ցրտին գիշերն անցկացրինք: Երկուշաբթի առավոտ կանուխ վեր կացանք, գյուղում մի ոչխար էին մորթել. կես լիտր գնեցինք մենք էլ 5 ղռանով ու ճանապարհ ընկանք: Հենց գյուղի առաջ տղմուտ ու քարքարուտ մի փոքր բարձրություն կար, որ պիտի անցնեինք. դատավորի կառապանը շատ խակ լինելով, կառքը խրեց ցեխերի մեջ, որից դուրս հանել չէին կարողանում ձիերը. անցվոր գյուղացիներից օգնություն խնդրեցին և վերջապես կարելի եղավ կառքը դուրս բերելով շարունակել ճանապարհը: Մի քիչ էլ առաջանալով, հասնում ենք Թուրքմենչայի աննշան գյուղը, որ նշանավոր է պատմության մեջ 1828-ի դաշնադրությամբ պարսից և ռուսաց միջև։ Թուրքմենչայի առվի վրա ունեցանք մի նոր դժվարություն. պետք է անցնեինք մի քարքարուտ, ցեխոտ բարձրություն. ձիերը չէին կարողանում բարձրացնել դատավորի կառքը. կառապանի բոլոր ջանքերը զուր անցան. դատավորի օգնականը, կեղծավոր դեմքով մի թուրք, օգնություն պահանջեց անցորդ գյուղացիներից, սպառնալով 2 000 թուման տուգանքի տակ դնել Թուրքմենչայը, որովհետև գյուղացիք այսպես վատ էին պահում ճանապարհը: Գյուղացիներից մեկը, որ համարձակ ու փորձված մարդ էր երևում, ականջ անգամ չկախեց նրա սպառնալիքներին և, «Մենք ձեզ պես մարդիկ շատ ենք տեսել» ասելով, հեռացավ: Տեսնելով, որ սպառնալիքը անզոր է, կեղծավոր պաշտոնյան ձեռք առավ շողոքորթությունը. սկսեց փայփայել մի ծերունու, գովելով նրա ղայրաթը և մյուսից անհամեմատ բարձրությունը: Շողոքորթությունը ավելի ազդեց. ծերունին և իր ընկերները գործի անցան, առվի քարերը մաքրեցին, հետո բեռները անձամբ տեղափոխելով՝ թեթևացրին կառքը, որով ձիերը կարողացան հեշտությամբ վեր բարձրանալ: Իսկ մեր կառապանը պետք չուներ այդպիսի օգնության. իր ճարպիկ ձեռքով նա կարողացավ մի անգամից անցկացնել կառքը դժվար բարձրավանդակից: Այստեղ երևաց կեղծավոր պաշտոնյայի մեծ փոքրոգությունը. փոխանակ մի նյութական վարձատրություն տալու գյուղացիներին, համբուրեց ծերունու մորուքը, մաղթեց, որ նա 120 տարի կյանք ունենա և մահվանից հետո Մահմեդի դրախտին արժանանա։— «Ձեզ հետ միասին»,— պատասխանում էր ծերունին, սպասելով նյութական վարձատրության, որ չափազանց չնչին եղավ համեմատած իրենց կատարած աշխատության ու թվին: Ծերունին դիմեց մեզ, և թեև մենք նրանց օգնության բնավ դիմած չէինք, բայց և այնպես վարձատրեցինք և նրան, և մեր ճարպիկ կառապանին: Թուրքմենչայից հետո գալիս ենք Ղարիբ-դոստ (Պանդխտի բարեկամ) մեծ ու ծառաշատ գյուղը. կեսօրին հասնում ենք Կարաչիման (Սև մարգ). մենք գյուղ չենք մտնում, այլ ճամփի վրա գտնված մի արտի մեջ, առվի ափին, բարձր ուռիների հովանու տակ հանգիստ ենք առնում: Այդտեղ արտի միջից փայտի կտորտանքներ ենք հավաքում և խարույկ պատրաստելով, դաշտային խորոված ենք շինում: Ժամը 2-ին նորից ճանապարհ ենք ընկնում և երկու ժամ գնալով՝ հասնում ենք Իմամիե: Գիշերը անց ենք կացնում Իմամիե. երեքշաբթի առավոտ դուրս ենք գալիս գյուղից. մի քանի սիրուն ձորեր անցկենալուց հետո, հասնում ենք Դիքմատաշ (տնկված քար) գյուղը. այստեղ մի քանի րոպե դադար ենք առնում և կրկին առաջ ենք գնում: Ճանապարհը այլևս այնպես վատ չէ, ու մեղմ վայրէջքով գնում ենք: Իրար ետևից հաջորդում են Աշրաֆաբադ և մի քանի ուրիշ գյուղեր: Հորիզոնի վրա երևում է լեռների մի բարձր շարք, որոնց մեջ է Սահանդ նշանավոր սարը: Գագաթի վրա ձյուն չկա դեռ. բայց գագաթից մի քիչ ցածր լեռան ծերպերի մեջ լայն շերտերով սպիտակին է տալիս: Կեսօրին մի ժամ մնացած հասնում ենք Հաջիաղա, որ բավական կոկիկ մի գյուղ է: Մենք դադար ենք առնում գյուղի ընդարձակ ծառաստանում և այդտեղ, այդ բարձրահասակ ուռենիների հովասուն շվաքի տակ ճաշում ու հանգստանում ենք: Կեսօրից երկու ժամ անցած, նորից ճանապարհ ենք ընկնում. լեռների գեղեցիկ ու հոյակապ շղթան մեր ձախակողմն է. այժմ ավելի լավ է որոշվում Սահանդի ամբողջ զանգվածը. մեկ ու կես ժամ ընթանալուց հետո հասնում ենք Կուրի-գյոլ (Չոր լիճ) կոչված լճակը։ Դատավորի կառքը այստեղ կոտրվում է, և ստիպված ենք սպասելու, մինչև որ կոտրածը կարկատեն: Այս առթիվ մենք գնում ենք լճի ափը, որ ճանապարհից 5 րոպե միայն հեռավորություն ունի: Մի փոքր լիճ է. մոտավորապես մի կիլոմետր լայնություն ունի և ավելի երկար է, քան լայն, ջուրը մութ կապույտ է, բայց երեսին պատած է մեծ մասամբ ոսկեգույն-դեղին մամուռ, որ կապույտի գեղեցկությունը խանգարում ու ճահճի տպավորություն է տալիս: Ո՞ւր է Սևանի հստակությունը, պայծառությունը, գեղեցկությունն ու հմայքը: Վայրի թռչունները թառել են ջրերի վրա. գարնան լիճն ավելի է մեծանում և վայրի թռչուններն էլ ավելի են բազմանում. մարդիկ որսում են նրանց և մինչև Թավրիզ տանում, վաճառում: Կառքը նորոգելուց հետո, նորից ճանապարհ ընկանք և մի ժամից հասանք Յուսուֆաբադ, որ մեր գիշերային իջևանը պիտի լիներ: Չորեքշաբթի առավոտ մեկնեցինք Յուսուֆաբադից. շուտով սկսում է Շիբլիի մեծ կիտուկը. մի ահագին վայրէջք է, որ մի ժամ է տևում. ճանապարհին շարունակ հանդիպում ենք էշերի, ձիերի և ուղտերի քարավանների, որ Թավրիզից են գալիս կամ Թավրիզ գնում. քաղաքի մոտավորությունը նկատելի է ո՛չ միայն ճամփորդների շատության, այլև գյուղերի կոկիկության և հարստության մեջ: Իջնելով Շիբլի կիտուկի ստորոտը, հասնում ենք համանուն գյուղը և մի լայն ձոր՝ ընդարձակ ծառաստանով և աջ ու ձախ հոսող քչքչան առուներով. այստեղ է Սեյդաբադ գյուղը. անցնում ենք գյուղի երկար աղյուսաշեն կամուրջը. ձախակողմում մեզ հետ է միշտ Սահանդի լեռների շղթան. վերջապես հասնում ենք Վասբինջ ավանը, որ Թավրիզի նախադուռն է և հեռախոսով կապված է քաղաքի հետ: Մի քանի ժամ հանգիստ առինք Վասբինջում և նորից ճանապարհ ընկանք. շուտով գալիս է Մեմեդավա գյուղը, որ ռուսաց հյուպատոսարանի ամառանոցն է, թուրքերի կարճատև տիրապետության ժամանակ քանդված. հետո Խալաթ-փուշան կոչված ավերակ պալատն է, ուր հին ժամանակ Թավրիզի գահաժառանգները հագնում էին Թեհրանից ուղարկված թագավորական խալաթը: Արդեն երևում է Էյնալ-Զեյնալը, որ Թավրիզի վրա տիրապետող սարն է: Ահա և Թավրիզի այգիները. վերջապես մտնում ենք քաղաք, մեր ճանապարհորդության 13-րդ օրը, օգոստոսի 28-ին: Գրեթե մի ժամ է տևում մինչև հասնում ենք կենտրոնական դպրոցի շենքը, որտեղից ցրվում ենք մեր հին բարեկամների տները: 15 տարի առաջ եղել էի Թավրիզում. Տե՜ր Աստված, որքա՜ն փոփոխություն այդ կարճ ժամանակի մեջ: Ղալայից Լիլավա տանող ճանապարհը, որ մի ամայի աղբանոց էր, այսօր վայելուչ շենքերով, տներով, խանութներով ու հյուրանոցներով զարդարվել, մի փողոց է դարձել։ Աշակերտներս ու աշակերտուհիներս, որոնց թողել էի փոքրիկ ու մատղաշ տարիքի մեջ, այժմ հաղթահասակ պարոններ ու նազելի տիկիններ են դարձել: Եվ այդ տեսարանը որչա՜փ ցավ է ազդում ինձ. ես կարծում էի, թե դեռ չեմ ապրել աշխարհում, նրանք իրենց հաղթ հասակով սպանում են իմ այդ ինքնախաբեությունը. ես ուզում էի սիրել, փայփայել նրանց իբրև հոգու զավակների, բայց ձեռքս առաջ չի գնում: Ստիպված ես մինչև անգամ հոգնակի խոսել քո սեփական զավակների հետ…: Պետք է տեսնել ապրածներին՝ ապրած լինելդ տեսնելու համար: === ԹԱՎՐԻԶԻՑ ՄԱՐԱՂԱ === Մարաղան գտնվում է Թավրիզի ճիշտ հարավային կողմը. երկու քաղաքները բաժանված են իրարից Սահանդ մեծ սարով, որի հյուսիսային կողմն է Թավրիզը, հարավային կողմը՝ Մարաղան: Երկու ճամփա կա Թավրիզից Մարաղա, մեկը լեռնային ճանապարհը, որ 2 պարսկական աղաջ է և մեկ օրվա մեջ Սահանդի վրայով իջնում է Մարաղա, և երկրորդը՝ դաշտային ճանապարհը, որ 12 աղաջ է և Սահանդի բոլորտիքը պտույտ գործելով, երկու օրվա մեջ հասնում է Մարաղա: Առաջինը ձիով միայն կարելի է գնալ և թեև վտանգավոր չէ, բայց դժվար է՝ ձյունապատ լեռան և անկոխ ճանապարհների պատճառով: Սովորական բանուկ ճանապարհը երկրորդն է, որից և անցնում է մեծ պետական փոստը: 1920 թվականի հունիսի 9|22-ի երեքշաբթի առավոտյան ճանապարհ ընկանք Թավրիզից. 25 հոգի հայեր էինք բոլորս, մասամբ աշակերտներ և մի քանի օրիորդներ, բոլորն էլ մարաղացի. մեզ հետ էր նաև թավրիզեցի մի թուրք երիտասարդ, Հասան խան անուն, կաթոլիկների դպրոցի աշակերտ և հայերին վերին աստիճանի մոտիկ, եվրոպականացած մեկը: Մենք վարձել էինք հինգ երկանիվ սայլ (դաչկա), որոնց յուրաքանչյուրի վրա նստել էր 5 հոգի. վճարքն էր մարդագլուխ 12 ղռան, առանց հաշվելու բեռները: Մեր կառապաններն էին երկու հայ, երկու ասորի և մի թուրք, բոլորն էլ Սալմաստի գաղթականներից: Արշալույս էր, երբ վեր կացանք. բայց մինչև կառապանները տեսան իրենց պատրաստությունը, մինչև վերջացավ ոստիկանական անխուսափելի խուզարկությունը, արևն արդեն վաղուց էր բարձրացել: Մեր հավաքատեղին էր քաղաքի հյուսիսային-արևմտյան կողմը, կաթոլիկական եկեղեցուց ցած, թուրքերի գերեզմանատան առաջ: Վերջապես շարժվում են կառքերը: Անցնելով արևմտյան թաղերից, Շեհրը-Նովից և քաղաքը շրջապատող այգիների մանվածապատ միջոցներից, դուրս ենք գալիս բաց դաշտը: Դաշտը լայն է, բայց ճանապարհը փոշոտ և անխնամ. այնուամենայնիվ նոր ճանապարհ գնալու հաճույքը մոռացնել է տալիս մեզ թե՛ մեր խղճուկ կառքի ցնցումները և թե՛ ճանապարհի փոշին: Շուտով հասնում ենք Լալա գյուղը, որ Թավրիզի հարավ-արևմտյան կողմն է և համարվում է Թավրիզի զբոսասեր հասարակության համար մոտիկ ճամփորդության մի վայր: Մենք չենք մտնում գյուղը, որ այգիների մեջ թաղված մնում է ճամփի ձախ կողմը, այնուհետև գալիս է Ռավասան մեծ գյուղը, որ նույնպես թողնում ենք մեր աջում և վերջապես հասնում ենք Սարդարի, մեր առաջին իջևանը: Առատ ջրով, բավական ճոխ բուսականությամբ միջակ մեծությամբ մի գյուղ էր Սարդարին. մենք անցանք ուղղակի նրա շուկայի միջով, որ, համեմատած գյուղի փոքրության հետ, իր խանութների թվով և ապրանքների առատությամբ կարելի էր բավական մեծ համարել: Կառքերը կանգ առան շուկայի ծայրը գտնված փոքրիկ հրապարակում, մզկիթի և գերեզմանատան առաջ: Այդտեղ ձիերին դադար տվինք. ճամփորդներից ոմանք թեյ խմեցին և երկու ժամից նորից ճանապարհ ընկանք: Հազիվ դուրս էինք եկել Սարդարիից, այգիների առաջ մեր դեմը դուրս եկան երկու կարասորան. այդպես են կոչվում ճանապարհների ապահովության վրա հսկող զինվորները: Նրանք կտրելով մեր առաջը, պահանջեցին մեզանից մի նվեր, հակառակ դեպքում սպառնալով խուզարկել մեր կառքերը՝ զենք փնտրելու համար: Մենք չուզեցինք խնդիրը երկարել, տվինք 2 ղռան և զինվորները գոհ սրտով հեռացան: Շարունակում ենք մեր ճանապարհը դեպի արևմուտք. հանդիպում ենք մի մեծ բերդապատ շենքի. դա Յանըղ կոչված քարվանսարան է, որի մեջ ոչ ոք չկա. մենք կանգ չենք առնում այդտեղ և արագ քշելով մեր ձիերը, կեսօրին հասնում ենք Յըլխըչի: Յըլխըչին մի փոքր գյուղ է, նույնպես այգևետ և ծառաշատ. բնակիչները մեծ մասամբ գյորան են, ինչպես ասում էին: Մենք իջանք ճանապարհի վրա գտնված մի բավական մեծ քարվանսարա, ուր պիտի ճաշեինք և ձիերին կեր տայինք: Իջևանապետը հենց գյորան էր, բայց երբ հարցրի իր դավանության մասին, ծածկեց և ասաց, որ գյորան և մահմեդական միևնույնն է. գյորանները տարբերվում են մահմեդականներից միայն նրանով, որ գինի և օղի խմում են: Նա իհարկե երկյուղ էր կրում մոտի մահմեդականներից և հրավիրում էր ինձ գիշերել իջևանում, խոստանալով, որ մանրամասնությունները այն ժամանակ կհայտնի: Ճաշից հետո մենք պատրաստվեցինք դուրս գալ իջևանից. երկու գազանաբարո կարասորան մուտքը փակեցին և պահանջեցին մեզանից 3 թուման նվեր: Մենք մերժեցինք. մեր ընկերներից երկուսը, որ հեծանիվով ընկերանում էին մեզ, պատրաստվեցին գնալ Սարդարի և այնտեղից հեռախոսել Թավրիզ՝ բողոքելու նրանց ապօրինության դեմ: Մեր այդ սպառնալիքը ո՛չ մի ազդեցություն չունեցավ նրանց վրա և երկար բանակցություններից ու վիճաբանություններից հետո, վերջապես մերոնք ստիպվեցին վճարել 5 ղռան և ազատվեցինք: Յըլխըչիից դուրս գալով, մենք թեքվում ենք դեպի հարավ. մեր առաջն է բացվում Գյովգյանի ընդարձակ դաշտը, որ փռված է Ուրմիայի ծովի արևելյան ափին: Գարնան ժամանակ, երբ ջրերը վարարում են, այս դաշտը ճախճախուտ մի վայր է դառնում և ձևացնում Ուրմիայի լճի մի մասը. ավելի արևմուտք գտնված ծովեզրյա բարձրությունն էլ ծովից և այս ջրերից շրջապատված, դառնում է կղզի և կոչվում Շահի: Այժմ ջրերը բոլորովին քաշվել են, դաշտը չոր է, բայց տեղ-տեղ երևում են աղի շերտերը, որ ծովը թողել է: Մենք չենք տեսնում ծովը, նա մեզանից շատ հեռու է, մենք իջնում ենք նրան զուգահեռաբար, իսկ հեռվից երևում է մեզ ծովի հանդիպակաց սարերի կապտորակ ծիրը, մինչ ձախ կողմում, մեզ ավելի մոտիկ, բարձրանում են Սահանդի բարձունքները, ոմանք ձյունապատ, ոմանք՝ կանաչազարդ: Օդը հետզհետե հովանում է, քանի արևը թեքվում է դեպի Ուրմիայի ծովը. հարթ ճանապարհը մեզ թույլ է տալիս արագ քշելու մեր ձիերը. անցնում ենք Մամաղան ավանի առաջով, որ նույնպես թողնում ենք մեր ձախ կողմը և դիմում ենք դեպի Գյովգյան, ուր պիտի իջևանենք գիշերը: Շատ չէր մնացել Գյովգյանին. նրա այգիները արդեն երևում էին մեզ հեռվում, դաշտի հարավային ծայրում, երբ ճանապարհի աջ կողքին շինված սրճարանից մի կարասորան դուրս եկավ մեր առաջ: Նա առաջարկեց մեզ իջնել և թեյ անուշ անել։ Երբ մենք հայտնեցինք, որ արդեն թեյ խմել ենք, այն ժամանակ նա խնդրեց իր էնամը (նվեր): Մեր ասորի կառապանը հակառակվեց, թե ինչ էնամ է դա և ի՛նչ իրավունքով նա մեզանից փող է պահանջում: Սալմաստեցի հայ կառապանը մյուս կառքից իջավ ցած և գործը քաղցրությամբ վերջացնելու համար 2 ղռան դրավ նրա ձեռքը: Կարասորանը մերժեց և պահանջեց 5 թուման, այն է՝ յուրաքանչյուր սայլից մի թուման: Այս խոշոր պահանջի առաջ շշմեցին սայլապանները և առաջարկեցին կարասորանին գնալ Գյովգյան և այնտեղ ստանալ իր պահանջը՝ օրինական ճանապարհով, եթե իրավունք ունի: Կարասորանը մերժեց. մենք էլ մերժեցինք փողը վճարել և 5 սայլերը բաց դաշտի մեջ զանազան ուղղությամբ սկսան առաջ վազել՝ փախչելու համար լիրբ կարասորանի ձեռքից: Կարասորանը սկսեց վազել այս ու այն կողմ և մտրակով հարվածելով մեկ այս և մեկ այն ձին, աշխատում էր սայլերի առաջը կտրել։ Սայլապանները զայրանալով կարասորանի այս վարմունքի վրա, կանգնեցրին ձիերը, սայլերից իջան և թափվեցին նրա վրա կռվի: Կարասորանը բորբոքված պահանջեց այժմ 9 թուման, 5 իբր էնամ և 4 էլ այս ու այն կողմ վազվզելուն իբր վարձ, և քաշեց հրացանը մեր վրա՝ խփելու համար. բարձրացավ աղմուկ. աղջիկներն սկսեցին ճչալ ու լաց լինել: Սալմաստեցի հայ սայլապանը, որի անունը Համբարձում էր, մոտեցավ կարասորանին, բռունցքը բարձրացրեց նրա գլխին, խլեց նրա ձեռքից հրացանը, որի կոթը կոտրվեց ընկավ, իսկ կարասորանը թողեց ու փախավ: Ընդհանուր ծիծաղի և ուրախության մեջ, նորից հեծանք սայլերը և քշեցինք դեպի Գյովգյան: Արևը մայր էր մտնում, երբ բազմաթիվ այգիների և ծառաստանների հովանու տակից անցնելով, մտանք այդ ավանը: Բոլորս միասին թափվեցինք մի թեյատան կտուրը, որ վարձեցինք 6 ղռանով, և թեյ պատրաստելով ու ընթրիք անելով, մոծակների բազմության մեջ աշխատեցինք քնել: Գյովգյանը մի մեծ գյուղ է. նա գտնվում է Թավրիզի և Մարաղայի գրեթե մեջտեղում, 10 աղաջ հեռավորություն ունի Թավրիզից և 8 աղաջ՝ Մարաղայից, բայց որովհետև Թավրիզից մինչև այստեղ ճանապարհը ավելի հարթ է, քան մինչև Մարաղա, ուստի համարվում է կեսը և բոլոր ճանապարհորդները, ինչպես և փոստը, թե՛ գնալիս և թե՛ գալիս գիշերում են այստեղ: Նա ունի մի բավական ընդարձակ շուկա, ուր գնում են ամեն տեսակի պտուղներ, հաց, պանիր և այլ մթերքներ: Նշանավոր են հատկապես Գյովգյանի փարչերը, որոնք տեղական հողից են պատրաստվում, տեսակ-տեսակ նախշերով զարդարված և որոնք ջուրը սառը պահելու հատկությունն ունեն: Չորեքշաբթի առավոտ, հունիսի 10-ին, շատ շուտ վեր կացանք և ճանապարհ ընկանք: Գյովգյանից դուրս գալով, մտնում ենք Աժդահա դերեսի (Վիշապաձոր) կոչված քարքարուտ ձորը, որը ճանապարհի ամենից դժվար և վտանգավոր մասն է համարվում: Երկու կողմ բարձրանում են բարձրաբերձ ժայռեր, որոնցից մեկն իբր թե վիշապի ձևն ունի, որից և ձորը իր անունն է ստացել։ Բայց այդ ժայռերը, հակառակ իրենց անվան, չունեն ո՛չ այն վեհությունը և ո՛չ այն ահավորությունը, որ ենթադրում էին: Շատ վատ է միայն ճանապարհը, դարուփոս, ճահճոտ, քարքարոտ: Այդտեղ սայլերից մեկը շուռ եկավ, բարեբախտաբար միջին ոչ ոք չկար, ճամփորդները այդ միջոցին ոտով էին գնում: Եվ ահա այդ րոպեին, այդ անտանելի ճանապարհի վրա մի թուրք կանգնեցրեց ձիերը ու պահանջեց դրամ, որովհետև ինքն է եղել, որ ճանապարհները այսպես հարթում կանոնավորում է…: Սայլապանը ծիծաղեց վրան և վռնդեց: Մեր ամբողջ աջը պատող բարձրաբերձ բլուրներից բարձրանալով, վերջապես հասնում ենք շղթայի գագաթը. այստեղ բացվում է մեր առաջ մի գրավիչ տեսարան. աջ կողմում, մի քանի վերստ հեռավորության վրա, երևում է Ուրմիայի ծովը, կապույտ եզերագծով: Մենք չենք տեսնում նրան իր ամբողջության մեջ, որովհետև մի կողմից ցամաքի բարձրությունները և մյուս կողմից նրա մեջի լեռները խանգարում են տեսարանը: Մի քիչ հետո լեռները բոլորովին ծածկում են նրան, բայց հետո ավելի լայն և ավելի ընդարձակ բացվում է նա և այդպես էլ մնում գրեթե ամբողջ ճանապարհի ընթացքում: Ձախ կողմում, բլուրների ետև, ծածկված է նշանավոր Դուխարղանը, որ առաջ հայաբնակ գյուղ էր և ուր մնում էին դեռ հայոց ավերակ եկեղեցիները. այնուհետև հայերը թողել են այն և գաղթել Կովկաս և այլուր: Մենք անցնում ենք մի խումբ գյուղեր, ինչպես Իշգյա-սու, Շերամին, Խանեյա, որոնցից ոչ մեկի մեջ չենք կանգնում. վերջապես գալիս ենք Կարգա-բազար, ուր տալիս ենք կեսօրվա դադարը: Կարգա-բազար գյուղը գտնվում է ձախակողմյան բլուրների ետևը. ճանապարհի վրա մի թեյարան կա միայն, որի դեմ մի ընդարձակ այգի կար, պտղատու ծառերով. դիմացը բացվում է ծովի ընդարձակ տեսարանը: Նստեցինք այս պարտեզում, ճաշեցինք և մի քանի ժամ հանգստանալուց հետո, կեսօրից բավական անց, նորից ճանապարհ ընկանք: Հիմա անցնում ենք Դիզալի գավառը, որի վրա ցանված են միմյանց մոտ բազմաթիվ գյուղեր, ինչպես Չոբանքյարա, Աղջաբա, Դանալու, Փեհրավա (որ նախապես հայաբնակ էր) և, վերջապես Թազաքենդ: Ամբողջ ճանապարհին մեզ հետ է ծովը, հետզհետե ավելի մեծ ու ընդարձակ. դիմացը երևում են Ուլնիի և հարավում Սոուղբուլաղի լեռները: Ճանապարհին շարունակ գտնում ենք ռուսաց թողած հետքերը, տեղ-տեղ հարթած կոկած ճանապարհներ, առուների վրա ձգած փայտյա կոկիկ կամուրջներ, ճամփի վրա ցանելու համար պատրաստված խիճերի դեզեր, բայց այս բոլորը անխնամ թողած: Թուրքերը չեն իմանում ո՛չ միայն շինել, այլև եղածը պահել. և ահա կամուրջները քանդվում են, հենց իրենք թուրքերը գերանները հանում վառում են. պատրաստ խիճերը փռող էլ չկա, ճամփի փոսերը հետզհետե միանում են և լցնող էլ չկա: Թազաքենդը միջակ մի գյուղ էր, բայց ամբողջապես ավերակ. երկու խանութ միայն կա այստեղ: Խանութպաններն ասացին, որ կռվի ժամանակ է քանդվել այն, բնակիչներից մի մասը կոտորվել, մնացյալը փախել են շրջակա գյուղերը: Այս գյուղում գտանք 40 ոտք խորությամբ, բայց փչացած աստիճաններով մի ջրհոր, որի ջուրը սառն ու բարեհամ էր: Թազաքենդից անցնելով, երեկոյան դեմ գալիս ենք Խանիան, համանուն գետի եզերքին, որի վրա երեք կամարով քարաշեն մի կամուրջ կար. գյուղը ուներ ընդարձակ ծառաստան, այգիներ և առատ ջուր. բայց հակառակ այս բոլորին, գյուղը աղքատ է, ժողովուրդը այնքան ծույլ է, որ ոչինչ չի անում. տները նման են աղբանոցի. ոչ մի բան չկա գնելու համար: Սայլապանները նախապես որոշել էին մնալ այս գյուղում, բայց որովհետև ոչինչ չկար, որոշեցինք անցնել հաջորդ գյուղը: Գետի առաջ մի ընդարձակ ծառաստան էր. այստեղ մի քիչ հանգիստ առինք և երեկոյան հովին նորից սկսեցինք առաջանալ: Անցնում ենք Քյուլթափա գյուղի բազմաթիվ այգիների առաջով և քիչ հետո գալիս Խդըրլը: Այս գյուղն էլ ճանապարհի վրա չէ: Գյուղը թաղված է աջ կողմում, քիչ հեռու փռված ծառաստանի մեջ. ճանապարհի վրա մի ընդարձակ իջևան կա միայն, ուր իջանք մենք էլ և մոծակներից ազատագրվելու համար, բարձրանալով մինչև կտուրը՝ ընկանք մեր անկողինների վրա: Գեղեցիկ գիշեր էր. բոլորակ լուսին կար, որ լուսավորում էր ամբողջ դաշտը. ցուրտ քամին փչում էր ու ախորժելի սոսափյունով անցնում գյուղի ընդարձակ ծառաստանի միջով. ավելի հեռու Ուրմիայի ծովն էր, որ ամբողջ հորիզոնը բռնել էր և լուսնի ցոլքերի տակ ոսկեզօծ փայլուն մի ժապավեն էր ձևացնում: Առավոտը, հունիսի 11, հինգշաբթի, դուրս եկանք Խըդըրլըից. ծովին զուգահեռաբար ուղիղ իջնում ենք դեպի հարավ ճանապարհը այլևս չունի հետաքրքրություն. ծովը հետզհետե մոտենում է, բայց մեր և նրա միջև կա մի ընդարձակ տարածություն ճահճի և աղուտ վայրի. գարնան, երբ ջրերը վարարում են, այս ամբողջ տարածությունը լցվում է և ծովը հասնում է մինչև ճանապարհը: Ամառը նորից հետ է քաշվում: Մեկ-երկու ժամից հասնում ենք Ռևուշ գյուղը, որ առաջ հայաբնակ է եղել: Այստեղ հանկարծ ծռվում ենք և դառնում դեպի արևելք: Ռևուշի առաջ մի իջևան կար, ուր ձիերին մի քիչ դադար ենք տալիս: Իջևանի մոտիկ գտնվում են այգիներ և մի ջրաղաց, որի առատ ջուրը սահանք կազմած խոխոջալով թափվում է ցած: Այդ ջրվեժի առաջ նստում ենք մենք էլ և մի թեթև նախաճաշ անելուց հետո, նորից ճանապարհ ենք ընկնում։ Քանի առաջ ենք գնում, այնքան հեռանում ենք ծովից: Ճանապարհը զվարճալի է. երկու կողմ շվաք են անում ծառերն ու այգիները. բացվում է Սահանդի ընդարձակ տեսարանը. ստորոտում, աջ ու ձախ փռված են գյուղերը. բարձրանում ենք մի բլուր, որտեղից վերջին անգամ երևում է ծովը իր ամբողջ փայլով. սարերը կտրում են նրա առաջը և այլևս ծածկվում է նա մեզանից: Մի փոքր ևս և ահա հանդիպակաց բլրի բարձունքին, սև կետերի նման, երևում են մի խումբ երիտասարդներ, տղա ու աղջիկ, որոնք գալիս են մեզ դիմավորելու: Հասնում ենք իրար. ազգականներ ու բարեկամներ գրկախառնվում են իրար, և այնուհետև հետիոտն բարձրանում ենք բլուրը: Այստեղ բացվում է նոր և զվարճալի տեսարան․ Սահանդի աջ կողմում ամբողջ ընդարձակ ձորի մեջ փռված է Մարաղան, ինչպես մի լայնատարած ծառաստան: Սոֆի գետը, զանազան ճյուղերով, կտրում անցնում է նրա միջով. նրա ուժեղ խոխոջը արդեն լցնում է մեր ականջը: Կանգնում ենք այստեղ և մի լայն շունչ քաշում մի րոպեում մոռացության անդունդն են գնում բոլոր նեղությունները, որ կրեցինք ճանապարհին: Ահա մտանք քաղաքի այգիները. անցնում ենք Սոֆի գետի կամրջով, որից քիչ հետո բերդի մեծ դռնով մտնում ենք քաղաք: === ՄԱՐԱՂԱ === Մարաղան հին Մարաստանի քաղաքներից է, և իր անունն էլ թերևս մարական ծագում ունի: Թաթարական տիրապետության ժամանակ նա եղել է մայրաքաղաք, միևնույն ժամանակ կարևոր քրիստոնեական կենտրոն. այստեղ կար ասորի քրիստոնյաների հոծ բազմություն, և այստեղ էր նստում նրանց կաթողիկոսը: 1293 —1294 թվականին, երբ մեր Հեթում թագավորը գնում էր Թաթարիստան՝ Ղազան խանին, անցավ Մարաղայով. նույն ժամանակ թաթարները ասորիների դեմ թշնամացել և նրանց կաթողիկոսին բանտարկել էին. Հեթումը բարեխոսեց խանի առաջ, կաթողիկոսին ազատեց և քրիստոնյաների վիճակը թեթևացրեց: 1316 թվականին Հովհաննես ԻԲ պապի կողմից Ատրպատական քարոզչության ուղարկվելով, Բարթուղիմեոս Բոլոնիացի լատին եպիսկոպոսը նստավ Մարաղա, ուր հիմնեց վանք և հավաքեց բազմաթիվ հայ աշակերտներ: Այսպես կազմվեց Մարաղայի հայ-կաթոլիկ համայնքը: Պարսկական իշխանության ժամանակ Մարաղան հետզհետե ընկավ և հասավ այն երկրորդական աստիճանին, որի մեջ գտնվում է այժմ: Այսօր Մարաղան 25 000 բնակչով մի քաղաք է. բնակչության ամենամեծ մասը թուրք է. բացի սրանից կան սակավաթիվ հրեաներ, քրդեր և հայեր: Հայերը 200 տուն են. նախկին հայ կաթոլիկների, ինչպես և ասորիների ստվար բազմությունը մահմեդական դարձել ու ջնջվել է. ըստ այսմ տեղական թուրքերի մի խոշոր մասը հին քրիստոնյաների սերունդ է, և այս պատճառով էլ նրանք տարբերվում են Ատրպատականի մյուս վայրերի թուրքերից՝ իրենց մեղմ ու հանդարտ բնավորությամբ: Ասացինք, որ հայերն այժմ 200 տուն են. անցյալ դարում նրանք շատ ավելի էին. քրդական արշավանքներից նեղված, նրանցից 700 տուն գաղթել է Կովկաս՝ 1828-ի պարսկահայ մեծ գաղթի ժամանակ. շրջակայքում գտնված մի խումբ հայ գյուղերն էլ դատարկվել և այժմ ամբողջապես թրքաբնակ են դարձել: Այսպես են Խանիան, Շուշավա, Ռևուշ, Դյոշ, Սըրըջ, Բինար, Փեհրավա, Կըջըլը, Կալաջուղ, Խոջամիր և Թաղիաբադ: Մարաղայում հայերը բնակվում են խմբված մի թաղում, որ ընդամենը չորս կարճ փողոցից է կազմված և գտնվում է բերդի դռան անմիջապես կից: Գլխավոր փողոցը կոչվում է Գիլասլըխ (Կեռասենիների փողոց): Ունեն մի եկեղեցի, որ իր հողե պատերով շատ ողբալի տպավորություն է գործում մարդու վրա. հիմնարկության թվականը հայտնի չէ. ճակատի վրա կա միայն 1850 թվականից մի արձանագրություն: Եկեղեցուց ավելի լավ է աղյուսակերտ բարձր դպրոցը, որ ունի թատերասրահ և գրադարան. բայց ներքուստ քայքայված և խեղճ վիճակի մեջ է. դպրոցը այժմ փակ է և ծառայում է միայն ասորի գաղթականներին իբր բնակավայր: Մարաղան ջրառատ, ծառաշատ ու օդավետ մի տեղ է. Սոֆի գետը, որ մեր Հրազդանից ավելի լայն է և ջրառատ, մատակարարում է առատ ջուր. թուրքերը խմելու էլ են գործածում այդ ջուրը, բայց հայերը, որ ինչպես ամեն տեղ, նույնպես և այստեղ, չեն սիրում խմել գետի ջուր, իրենց տների մեջ փորել են ջրհորներ և իրենց բոլոր պետքերը նրանցից են հոգում. հորերը խոր չեն և սառն ու համեղ ջուր ունեն: Առհասարակ Մարաղայի օդը տաք են համարում, բայց իմ այնտեղ եղած ժամանակ շատ հով էր, գիշերները մինչև իսկ ցուրտ: Ջրի առատության և օդի տաքության պատճառով բուսականությունը ճոխ է. տների կողքին և բերդի դռնից անմիջապես դուրս կան բազմաթիվ այգիներ և ծառաստաններ: Մարաղան արտադրում է ընտիր չամիչ, ընկույզ, ծիրանի չիր, դեղձի և սալորի չիր, շարոց, մաթ, յուղ, մեղր, պանիր և այլն: Այս բոլորը արտահանության նյութ են ծառայում: Հարգի են հատկապես Մարաղայի ատաղձը, օճառը և ընկույզը: Հայերից շատերը պարապում են փայտի և ատաղձի առևտրով: Ընկույզը լինում է շատ մեծ, սպիտակ և նուրբ, այնպես որ մինչև անգամ մատների թեթև սեղմումով կարելի է կոտրել: Օճառը պատրաստում են մի տեսակ կարմրավուն հողով, որ Ուրմիայի լճի ափերից են բերում. սրանով պատրաստված օճառը շատ հարգի է և գնում է մինչև Թավրիզ և այլուր: Մարաղայի շուրջը կան մի խումբ հետաքրքրական և հնագիտական վայրեր. այստեղ է Հուլաղուի ենթադրյալ գերեզմանը, թաթարական աստղաբաշխական մի դիտարան, ասորական շրջանից մնացած ավերակ վանքեր, քարայրների մեջ ճգնարաններ և այլն. մի քանի տարի առաջ գտնվել է մի մեծ մամոնտ, որի կմախքը ամերիկացիք 25 սնդուկի մեջ դարսելով, տարել են Ամերիկա: Քաղաքից մոտ մի ժամ հեռավորության վրա կա հռչակավոր Շոռ-ջուրը, որ մի տեսակ հանքային ջուր է, ժայռերից բխած. տեղացիք նրա վրա մի ավազան են շինել, ուր կիրակի և տոն օրերը գնում են լողանալու, ջրից խմելու և զբոսնելու: Ոչ ոք չի մտածում շահագործել այդ առատ ջուրը և նա բոլորովին զուր կորչում է: Շոռ-ջուրից դուրս կա և Սարի-սու (Դեղին ջուր), որ թվում է, թե ծծմբային աղբյուր է և նույնպես ծառայում է իբրև զբոսավայր: Բացի այգիներից և վերոհիշյալ զբոսավայրերից, Մարաղան ուրիշ դիտելու արժանի տեղեր չունի. քաղաքը պարսկական ճաշակով շինված, անշուք մի բան է. տները թեև սովորաբար միահարկ են, բայց կան և մի քանի կրկնահարկ շենքեր. սրանք տարբերվում են Թավրիզի շենքերից նրանով, որ շինված են կարմիր աղյուսով, ինչ որ տալիս է իրենց որոշ գեղեցկություն. մինչդեռ Թավրիզի աղյուսը հողի գույն ունի և շատ անշնորհք է: Մարաղայի մեջտեղում կա մի բավական մեծ հրապարակ, որ նաև իբր վաճառանոց է գործածվում: Շուկան Թավրիզի ոճով ծածկված է, բայց հասարակ գերաններով ու տախտակով. խանութները խեղճ ու անշուք են: 6 օր մնացի Մարաղայում. հունիսի 17-ին, չորեքշաբթի առավոտ, դուրս եկա փոստով. այս անգամ 3 ընկեր միայն ունեի՝ մի քուրդ, մի թուրք և մի հրեա: Ճանապարհի գինն էր 36 ղռան, բայց սակարկությամբ ինձանից առան 32 ղռան: Այս անգամ կարասորանները չհամարձակվեցին նեղել մեզ: Հինգշաբթի կեսօրին արդեն Թավրիզումն էինք: == ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԾԵՐ == Ծնվել եմ 1876 թվականին Պոլսում. հայրս հասարակ կոշկակար էր. նախնական և միջնակարգ կրթությունս ստացել եմ Պոլսում, ուր ավարտել եմ 1893 թվականին: Ուսուցիչ եմ ունեցել արևմտահայոց լավագույն մտավոր գործիչներից՝ Պարոնյան, Տեմիրճիպաշյան, Մինաս Չերազ, Մելքոն Կյուրճյան, Թովմաս Թերզայան, Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրադյան, Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, իսկ գրաբար հայերենի և մատենագրության պատմության համար՝ նշանավոր հայագետ Գարագաշյանը: Երկու տարի ուսուցչությամբ պարապելուց հետո, գնացի Փարիզ (1895 թ.), ուր հետևեցի լեզվաբանական գիտությանց՝ Սորբոնում, «Կոլեժ դը Ֆրանս»-ում և Արևելյան կենդանի լեզուների դպրոցում: Իմ ուսուցիչներն եղան այս շրջանում. Ա. Մեյե (զենդերեն, համեմատական քերականություն հայերենի, համեմատական քերականություն հունարենի). Ս. Լևի (սանսկրիտ)․ Լ. Ֆինո (սանսկրիտ). Մասպերո (եգիպտաբանություն). Օպերտ (բևեռագրություն ասորեստանցոց). Շեյլ (խալդյան բևեռագրություն). Բլոշե (պահլավերեն). Մ. Բրեալ (իմաստաբանություն). Ռուսլո (փորձառական ձայնաբանություն). Պ. Պասի (ձայնաբանություն). Դեռենբուրգ (արաբերեն): 1898 թվականին ավարտեցի ուսումս Փարիզում և հայագետ Հյուբշմանի հրավերով գնացի Ստրասբուրգ, լսելու համար իր մոտ հայերենի ձայնաբանությունը: Այդ թվականի ամառը դարձա Կովկաս և սկսեցի պարապել ուսուցչությամբ: Նպատակ ունենալով ուսումնասիրել բոլոր հայ բարբառները առ տեղյավն, բայց նյութական միջոցներից զուրկ լինելով, որոշեցի շարունակ փոխել պաշտոնավայրս: Պաշտոնավարել եմ Էջմիածնի Ճեմարանում (4 տարի, այս միջոցին քննել եմ մատենադարանի 4 000 ձեռագրերը), Շուշի (2 տարի), Թավրիզ (2 տարի), Նոր-Բայազետ (1 տարի. ճամփորդեցի շրջանի բոլոր գյուղերը և բոլորից էլ վերցրի բարբառային նմուշներ), Նոր-Նախիջևան (12 տարի), Թեհրան (1 տարի), Թավրիզ (4 տարի): Դասավանդել եմ հայերեն (գրաբար), հին մատենագրության պատմություն, նոր գրականության պատմություն (որի համար կազմել եմ առաջին հայ ձեռնարկը), հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, ֆրանսերեն, թուրքերեն: 1923 թվականին հրավիրվեցի Թավրիզից Երևան, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը, դասախոսելու համար պետական համալսարանում, ուր և մնում եմ մինչև այսօր: Դասախոսել եմ հայերեն (գրաբար), ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, լեզվաբանության ներածություն, համեմատական քերականություն, արևելյան լեզուների պատմություն և Արևելքի պատմություն, հայ բարբառագիտություն և հայոց լեզվի պատմություն: Սրանցից մի քանիսի համար կազմել եմ հատուկ ձեռնարկներ: Հասցրել եմ հազարավոր աշակերտներ և ուսանողներ, զանազան երկրներում (Տաճկաստան, Հայաստան և Կովկաս, Ռուսաստան և Պարսկաստան): Նրանց մեջ կան բազմաթիվ ուսուցիչներ, գրողներ, ասպիրանտներ, դոցենտներ, համալսարանի դասախոսներ և մի դոկտոր-պրոֆեսոր: 1930 թվականին Սորբոնից հրավիրվեցի իբրև համալսարանի դիրեկտորի օգնական, բայց ես չուզեցի հեռանալ Հայաստանից: 1937 թվականին գործուղվել եմ Նուխի Վարդաշեն՝ ուսումնասիրելու համար ուտիերենի և խալդերենի կապակցության հարցը: == ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐ == 1. Եվրոպական փոխառյալ բառեր (հայերեն և իտալերեն). 2. Հայ լեզվաբանական մատենագիտություն. 3. Հավաքածո պոլսահայ ֆոլկլորի. 4. Հայ գաղութների պատմություն. 5. Հայոց պատմություն հյուսված ընդհանուր պատմության հետ. 6. Մ. Մեսրոպ և հայոց գրերի պատմությունը. 7. Կարապետ Արևելցի. 8. Քննություն Կիլիկիո բարբառի. 9. Լիակատար քերականություն հայոց լեզվի. 10. Հայարձան (ժողովածու հայոց բոլոր արձանագրությունների). 11. Մանր երկեր. 12. Քննություն հունգարահայ բարբառի. 13. Քննություն Համշենի բարբառի. 14. Քննություն Վանա բարբառի. 15. Արևելքի պատմություն. 16. Պատմություն արևելյան լեզուների. 17. Պատկեր հին հայ մատենագրության, Ե—ԺԴ դար. 18. Սաադիի Գուլիստանը (թարգմանություն). 19. Իմ ձայնի քննությունը, կատարված Փարիզում 1898 թվականին Ռուսլոյի լաբորատորիայում. մինչև այժմ անտիպ՝ միջոցների բացակայության պատճառով: 20. Հոդվածներ 110 հատ, հրատարակված զանազան հանդեսներում («Հանդես ամսօրյա», «Բազմավէպ», «Բանասեր», «Արարատ», «Mémoires de la Société de linguistique de Paris», «Revue critique», «Sprachwissenschaftliche Abhandlungen», «Zeitschrift der Armenischen Philologie», «Известия Академии наук»): 1 Հանձնված է տպագրության:— Խմբ.: 2 Լույս են տեսել 6 հատորները և տպագրության է հանձնված հաջորդ՝ յոթերորդը (հերթական №-ը՝ 6):— Խմբ.: == ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ == 1. Լազերը անգրագետ ժողովուրդ էին, նրանց լեզուն ուսումնասիրված չէր: 1893 թվականին, երբ դեռ 17 տարեկան էի, ես մտա նրանց մեջ, կազմեցի նրանց լեզվի բառարանը, համեմատական քերականությունը, հավաքեցի երգեր և խոսակցության նմուշներ և կազմեցի առաջին լազերեն ձեռնարկը, որ և ֆրանսերեն թարգմանելով հրատարակեցի Փարիզում, «Mémoires de la Société de linguistique» ուսումնաթերթի X հատորում: Սրա վրա ես ընտրվեցի անդամ նույն գիտական ընկերության (1897 թ.): 2. Իմ անձնական սուղ միջոցներով ճանապարհորդելով Կովկաս, Տաճկաստան և Պարսկաստան, Ռոդոստոյից մինչև Սպահան, ուսումնասիրել եմ հայերենի գրեթե բոլոր բարբառները, կազմել եմ 30 բարբառի բառացանկը, որ և հրատարակել եմ իմ «Արմատական բառարան»-ում: Հրատարակել եմ 6 հայ բարբառի ամբողջական ուսումնասիրությունը, նյութեր ունեմ նաև ուրիշ բարբառների ուսումնասիրության համար, որոնք տպագրության լույսին են սպասում: Իմ ուսումնասիրած բարբառներից 14-ը արդեն անհետացած են՝ 1915 թվականի համաշխարհային պատերազմին զոհ գնալով: Ես փրկել եմ այդ բարբառները հավիտենական կորստից և նրանց հրատարակությունը մեծ ծառայություն է գիտության համար: 3. Հիմնվելով այդ բոլոր ուսումնասիրությանց վրա, կազմեցի առաջին ձեռնարկը հայ բարբառագիտության, որ հրատարակեցի նախ ֆրանսերեն (իբրև իմ դիսերտացիան) և հետո ավելի ընդարձակ՝ հայերեն: Սրանով ես հիմք դրի մի նոր գիտության, ինչպես ասաց եվրոպական քննադատությունը: Այդ գիտությունը այժմ մուտք է գործել համալսարանում և այլ բարձր տիպի դպրոցներում: 4. Կազմեցի հայերենի մեծագույն գավառական բառարանը, ուր հավաքել եմ 30 000 գավառական բառ: Ուրիշ հավաքածուներ նրանից շատ ավելի պակաս են: Ամենամեծը, որ է Ամատունու բառարանը, ունի միայն 16 000 բառ: 5. Կազմել և հրատարակել եմ «Հայերենի արմատական բառարան»-ը, 6 հատոր և մի հավելված, բոլորը 9 000 էջ, ապակետիպ, գրված իմ ձեռքով (տպված պիտի լիներ 4 000 էջ): «Արմատական բառարան»-ներ ունենք հունարեն (Բուասակ), լատիներեն (Վալդե-Մեյե), ալբաներեն (Գուստավ Մեյեր), սլավական լեզուներ (Բեռնեքեր), պարսկերեն (Հոռն), լիթվաներեն (Տրաուտման), թուրքերեն (Վամբերի), բայց իմ «Արմատական բառարան»-ը իր մեծությամբ գերազանցում է բոլորից: Վերոհիշյալներից Հոռնինը ունի 300 էջ, ամենամեծը՝ Բուասակինը՝ 1 200 էջ: Իմ «Արմատական»-ը գերազանցում է ուրեմն նրանցից 3-ից մինչև 13 անգամ: Դարուս մեծագույն հնդեվրոպագետներից մեկը՝ Մեյեն, քննադատելով այս գիրքը, ասաց. «Ո՛չ մի երկիր, ո՛չ մի ժամանակ, ո՛չ մի լեզու նման կատարյալ աշխատություն չի արտադրած»: Իսկ Խորհրդային Միության մեծագույն հայագետը՝ Ն. Մառը, գրում է. «Труд тов. Ачаряна, на мой взгляд, когда он будет отпечатан полностью, составит крупное явление в лингвистической литературе по армянскому языку, как ценное справочное пособие, подобного которому нет ничего не только в армянской, но и в европейской научной литературе» (1907, մայիս 20): 6. Հիմնվելով այս բառարանի և հայագիտական բազմալեզու լեզվաբանական գրականության վրա, ես կազմեցի առաջին ձեռնարկը «Հայոց լեզվի պատմության», մի նոր գիտություն, որ ինքս հիմնեցի և որ այժմ մտել է իբրև ուսման առարկա պետական համալսարանում և այլ բարձրագույն գիտական հիմնարկներում: 7. Կազմել եմ և արդեն հրատարակվում է «Հայոց անձնանունների բառարան»-ը, որ ամբողջ հայ մատենագրության անունների ցանկն է, անունների ծագման քննությամբ, կենսագրական տեղեկությամբ, ժամանակագրությամբ և որ գլխավորն է՝ աղբյուրների լիակատար վիճակագրությամբ: Կունենա 3 000 էջ: 8. Իմ ամենամեծ գործը կլինի սակայն «Ընդհանուր քերականություն»-ս, որ աշխարհիս բոլոր ծանոթ լեզուների համեմատական քերականությունն է: Պիտի բովանդակի 562 լեզվի քերականություն: Առ այժմ կազմել եմ 139 լեզվի համեմատությունը: Ենթադրում եմ, որ գործը կունենա 8 000 էջ, որի առաջին կեսը արդեն գրել եմ: Նման տիպի գործ չի տեսած գիտությունը: Մրցանակներ 1. Մոսկվայի Լազարյան ճեմարանից, 1904 թվականին, առաջին մրցանակ, 600 ռուբլի, «Հայոց գրերը» աշխատությանս համար: (Երկրորդ մրցանակը ստացավ գերմանացի հայագետ Մարկվարտը՝ նույն աշխատության համար, ռուբլի): 2. Մոսկվայի Լազարյան ճեմարանից, 1908 թվականին, ամբողջական մրցանակ, 2 000 ռ., «Հայոց գաղութների պատմություն» աշխատությանս համար: 3. Մոսկվայի Լազարյան ճեմարանից, 1913 թվականին, առաջին մրցանակ, 1 000 ռուբլի, «Հայերեն գավառական բառարան» աշխատությանս համար: 4. Պոլսի ազգային Պատրիարքարանից, համաձայն Յոհանեսկուի կտակի, 5 000 ֆրանկ, «Արմատական բառարան»-իս համար, 1914—1915 թվականներին: 5. Երուսաղեմի ազգային Պատրիարքարանից, «Եղիշե Դուրյան» առաջին ամբողջական մրցանակը՝ 1 200 դոլար, «Հայոց լեզվի պատմություն» աշխատությանս համար, 1934 թվականին: Տիտղոսներ 1. Անդամ Փարիզի Լեզվաբանական ընկերության (Société linguistique de Paris), 1897 թվականին, իմ „Étude sur la langue laze“ աշխատությանս համար: 1 Ամբողջը կազմում է հինգ հատոր (Ա—1942, Բ—1944, Գ—1946, Դ—1948, Ե—1962, հետմահու), ընդամենը 3120 էջ:—Խմբ.։ 2. Անդամ Արևելագետների XI կոնգրեսի (Փարիզ, 1897 թ.): 3. Պրոֆեսորական տիտղոս՝ Երևանի պետական համալսարանի կողմից 1924 թվականին: 4. Դոկտորի և վաստակավոր գիտնականի տիտղոս՝ Հայաստանի Լուսժողկոմատի կողմից, 1933 թվականին: 5. Թղթակից անդամ Չեխոսլովակիայի Արևելյան ինստիտուտի գիտական բաժնի (Institut oriental de Prague, section scientifique), 1937 թվականի մարտի 1-ին: 6. Իսկական անդամ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի, 1943 թվականի նոյեմբերին: == ԻՄ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ == 1. Քանի մը դիտողությունք։ (Եղիշեի պատմության մի աղբյուրի առթիվ): — Հ. Ա., 1895, № 8, էջ 231—232: 2. Ցուցակ հայերեն ձեռագրաց Սանասարյան վարժարանին ի Կարին։ — Հ. Ա., 1896, № 1, էջ 24—27, № 8, էջ 241—246, № 11, էջ 340—343, № 12, էջ 371—374, 1897, № 1, էջ 24—26, № 9, էջ 264—268, № 10, էջ 294—295, № 11, էջ 343—344, № 12, էջ 359—362: 3. Անվանք հայկական ամսոց։— Բազմավէպ, 1897, № 8, էջ 391—394: 4. Հայկականք։—Բազմավէպ, 1897, № 4, էջ 169—171, № 6, էջ 259—261, № 8, էջ 398—399: 5. Մովսես Կաղանկատվացի։ Քննություն անոր գրության ժամանակին վրա:— Բազմավէպ, 1897, № 8, էջ 370—374: 6. Քննություն և համեմատություն Զեյթունի ավանդական պատմության մը։ — Բազմավէպ, 1897, № 9, էջ 467—473: 7. Étude sur la langue laze.—Mémoires de la Société de linguistique de Paris, 1897, № 10, p. p. 145-160, 228-240, 364-401, 405-448: 8. Ուսումնասիրություններ հայկական գավառաբանության։ (Հանված «Բազմավեպ»-ի ԾԶ հատորեն): Վենետիկ, Ս. Ղազար, 1898: Մաս Ա.: Քննություն Ասլանբեգի բարբառին: 46 էջ: Նույնը՝ Բազմավէպ, 1898, № 1, էջ 31—35, № 2, էջ 83—88: 9․ Լեզվի հոգեբանություն։— Բյուրակն, 1898, № 30, էջ 547—548, № 36, էջ 642—644, № 37—38, էջ 661—662, № 49—50, էջ 852—854, № 51—52, էջ 884—887. 1899, № 13, էջ 193—195, № 15, էջ 225—227, № 18, էջ 277—278: 1 Այս վերնագրի տակ հեղինակը գրել է միայն առանձին լույս տեսած 15 գրքի անուն և թողել կիսատ: Իր ձեռքով կազմած մի այլ ցուցակ պարունակում է 167 անուն: Օգտվելով այդ ցուցակից, ՀՍՍՀ ԳԱ կենտրոնական գրադարանի հրապարակած մատենագիտությունից, որ կազմել են Ել. Վլասյանը և Հ․ Մանասերյանը («Հրաչյա Հակոբի Աճառյան», 1956), և ավելացնելով մեր ունեցած տվյալները, աշխատել ենք կազմել մեծավաստակ հայագետի տպագիր աշխատությունների լիակատար ցանկը:— Է. Աղայան: 10. Հայ լեզվի Ե, Է, Ո, Օ գրերուն արտասանությունը։— Բազմավէպ, 1898, № 5, էջ 220—227: 11. Հայ լեզվի ուսուցման եղանակը հարևմուտս (ի Գաղղիա և ի Գերմանիա):— Բազմավէպ, 1898, № 6, էջ 317—321: Նույնը՝ Նոր-Դար, 1898, № 180, էջ 2—3: 12. Հայերեն փոխառյալ բառեր ու կոչ մը գավառացի բանահավաքներուն։— Բյուրակն, 1898, № 20, էջ 385—387: 13․ Հայկականք։ — Բազմավէպ, 1898, № 8, էջ 370—372: 14. Ձայնաբանություն (Lautlehre) վրացերեն հայերենից փոխառյալ բառերի։— Արարատ, 1898, № 7, էջ 309—315, № 8, էջ 365—371: 15. «Պատարագ» բառի մասին։ — Արարատ, 1898, № 11—12, էջ 485—486: 16. Armenische Etymologien.—Sprachwissenschaftliche Abhandlungen, 1898, № 1, p. p. 302—304. 17. Croisement des mots en arménien.—Mémoires de la Société de linguistique de Paris, 1898, № 10, p. 234*. 18. Գրախոսություն՝ Grégoire de Tours-ի մեկ գլխուն վերա, Արևելքի պատմության մասին։ — Արարատ, 1898, № 11—12, էջ 515—518: 19․ Գնչուերեն հեքիաթ մը նմանողությամբ հայկականին։— Բանասեր, 1899, գիրք Բ, էջ 153—160: 20. Հայերենի բնաձայն և կրկնավոր բառերը (630 բառի քննություն):— Հ․ Ա․, 1899, № 7, էջ 202—207, № 8, էջ 232—236: 21. Հայերենի ներդաշնակության աստիճանը թվաբանական հաշվով։— Բանասեր, 1899, գիրք Ա, էջ 67—73: Նույնը՝ Ոստան, 1912, էջ 272—288: 22. Հայկական ծածկախոսություններ։ — Բանասեր, 1899, գիրք Գ, էջ 246— 23. Հաշվական կարողության զարգացումը մարդոց և լեզվաց մեջ։ — Արարատ, 1899, № 5, էջ 199—200, № 6, էջ 239—241, № 7, էջ 302—303: 24. Մանիսացիներն իբրև գաղթական Խարբերդի։ — Բյուրակն, 1899, № 26, էջ 402—405: 25. Ստուգաբանություններ (փեթակ, առույգ, երաժիշտ, նաժիշտ)։ — Բանասեր, 1899, գիրք Գ, էջ 250—252: 26. Քննություն Սուչավայի բարբառին (Ուսումնասիրություններ հայկական բարբառախոսության, Բ)։ — Բազմավէպ, 1899, № 1, էջ 112—114, № 4, էջ 218—220, № 7, էջ 325—327, № 11, էջ 516—519, № 12, էջ 557—560: 27. Քննություն Ղարաբաղի բարբառի (Ուսումնասիրություններ հայկական բարբառախոսության, Գ)։ — Արարատ, 1899, № 8, էջ 394—399, № 10—11, էջ 453—459, 1900, № 1, էջ 26—28, № 2, էջ 73—76, № 4, էջ 190—193, № 8—9, № 7—8, էջ 411—415, № 11, էջ 529—533, 1901, № 5—6, էջ 310—312, էջ 368—375: 28. Les explosives de l'ancien arménien étudiées dans les dialectes modernes. — Revue internationale de rhinologie, otologie, laryngologie et phonétique expérimentale. Paris, 1899, p. 1—9. 29. Ցուցակ հայերեն ձեռագրաց Սանասարյան վարժարանի ի Կարին։ — Վիեննա, Մխիթարյան տպ., 1900: 50 էջ: (Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց, հրատարակյալ ի Մխիթարյան միաբանութենե: Հտ. Զ, Տաճկաստան. Տետր Ա, Ցուցակ հայերեն ձեռագրաց Սանասարյան վարժարանի ի Կարին): Նույնը՝ Հ. Ա., 1896, № 1, № 8, № 11, № 12, 1897, № 1, № 9, № 10, № 11: 30. Մանկական բարբառ։ — (Արտատպ. 1901 թ. «Բանասեր»-ից): [Փարիզ], [1901]: 28 էջ: Նույնը՝ Բանասեր, 1901, պրակ Ա, էջ 3—28: 31. Ուսումնասիրություններ հայկական բարբառախոսության։ — Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1901: Մաս Գ: Քննություն Ղարաբաղի բարբառին: 198 էջ: [Տիտղոսաթերթի վրա՝ 1899]: Նույնը՝ Արարատ, 1899, № 8, № 10—11, 1900, № 1, № 2, № 4, № 8—9, № 11, 1901, № 5—6, № 7—8: 32. Lautlehre des van-dialects. Marburg, 1901. 32 S. — Նույնը. Zeitschrift für armenische Philologie, 1903. 33. Հայոց ծագումը և նախապատմական շրջանները։ — «Վտակ»: Գրական-բանասիրական ժողովածու: Թիֆլիս, 1901, էջ 229—235: 34. Բարբառախոսության օգուտները և մատենախոսական Եվդոկիո գավառաբարբառին։ — Բանասեր, 1901, պրակ Բ—Գ, էջ 76—82: 35. Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ։ — Մոսկվա — Վաղարշապատ, 1902: 381 էջ: (Էմինյան ազգագրական ժողովածու, հտ. Գ): 36. Հայոց նոր վկաները։ — (Ժողովրդական հրատարակություն): [2 հատոր]: Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1902: Հտ. Ա (1185—1485): 211 էջ: Հտ. Բ (1486—1843): 328 էջ: [Հ. Մանանդյանի հետ միասին] 37. Հավաքածո պոլսահայ ռամկական անգիր գրականության։ — Ազգագրական հանդես, 1902, գիրք 9, էջ 160—196: [Արմենուհի Աճառյանի հետ միասին]: 38. Հյունքյարպեյենտյանի լեզվաբանական դրությունը։ — Արարատ, 1902, № 3—4, էջ 313—323: Նույնը՝ Ղազիկյան Հ. Ա., Հայկական մատենագրութիւն և հանրագիտարան հայ կյանքի: Վենետիկ, 1911, էջ 1374—1584: 39. Մեր լեզվի տարրերը: (Հանրամատչելի հոդված)։ — Արարատ, 1902, № 1, էջ 64—68: 40. Պալաթու Ս. Հրեշտակապետ եկեղեցին։ — Բանասեր, 1902, № 7, էջ 218—224: 41. Քննություն Ղարաբաղի բարբառի. — Ֆրանսերեն ամփոփեց A. Meillet. — Journal Asiatique, 1902, p. 561—571. 42. Գրախոսություն՝ Ասորեստանյա և պարսիկ սեպագիր արձանագրությունք կամ նոցին քաղվածք, որոնք Նաիրի—Ուրարտու աշխարհին պատմության կվերաբերեին. — Թարգմանեց Հովսեփ վրդ. Սանդալճյան, Վիեննա, Մխիթարյան տպ., 1901: 263 էջ: — Արարատ, 1902, № 3—4, էջ 343—345: 43. Հայոց նոր վկաները։ (1155—1843): Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1903: 797 էջ: [Հ. Մանանդյանի հետ միասին]: 44. Խալդերեն ie և հայերեն Ե և Է ձայները։ — Հ. Ա., 1903, № 3, էջ 67—69: 45. Ձեռագրական սրբագրություններ Փավստոսի մեջ։ — Բանասեր, 1903, № 6—7, էջ 183—196, 1904, № 3—4, էջ 97—112, № 7—8, էջ 245—252, 1905, № 5, էջ 135—138, № 9—10, էջ 317—320, 1906, № 3, էջ 67—81: 46. Մծբնա Ս. Հակոբը Մասիսի քրդերուն մեջ։ — Բանասեր, 1903, № 2, էջ 61—62: 47. Գրախոսություն՝ Նավասարդյանց Տ., Բառագիրք Արարատյան բարբառի։ (Մոտ 5000 բառ ու ոճ): Տփղիս, 1903: — Հ. Ա., 1903, № 10, էջ 382—383: 48. Գրախոսություն. Meillet A. Esquisse d’une grammaire comparée de l'arménien classique, Vienne, 1903, 136 p. — Հ. Ա., 1903, № 4, էջ 105—110: 49. Քննություն և համեմատություն Եզնկա նորագյուտ ձեռագրին: Վիեննա, Մխիթարյան տպ., 1904: 32 էջ: (Ազգային մատենադարան. ԽԸ): [Գ. Մկրտչյանի հետ միասին]: Նույնը՝ Հ. Ա., 1904, № 1—2, էջ 33—38, № 3, էջ 83—89, № 4, էջ 113—119, № 5, էջ 149—152, № 7, էջ 200—204, № 8—9, էջ 237—239: 50. Առաջարկ մը մեր բանասերներուն։ — Արարատ, 1904, № 3, էջ 255—259: 51. Մի նոր սեպագիր արձանագրություն։ — Լումա, 1904, № 6, էջ 126—127: 52. Գրախոսություն՝ Պեդերսեն Հ., Նպաստ մը հայ լեզվի պատմության. Թարգմ. Հ. Գարեգին Գարանֆիլյան: Վիեննա, 1904 — Հ. Ա., 1904, № 10—11, էջ 335—336: 53. Պատմություն չինաց և հնդկաց։ — Չիլինկարյան, Ընդհանուր պատմություն: Թավրիզ, 1905, էջ 7—19: 54. Նոր ձայնական օրենք մը․ ՆՁ = Զ: — Հ. Ա., 1905, № 10—11, էջ 346: 55. Ցուցակ ձեռագրաց Թավրիզի: Ա. Ցուցակ ձեռագրաց մատենադարանին Ղալայի կամ Բերդաթաղի: — Հ. Ա., 1905, № 7, էջ 201—213, № 8—9, էջ 265—275, № 10—11, էջ 308—316, № 12, էջ 370—375, 1906, № 1, էջ 18—19, № 3, էջ 89—95, № 6, էջ 176—180, № 9—10, էջ 264—270, № 12, էջ 377—383, 1907, № 2, էջ 39—42, № 4, էջ 106—109, № 8, էջ 238—241, № 9—10, էջ 274—276, 1908, № 1—2, էջ 53—56, № 3, էջ 79—83, № 4, էջ 115—120, № 7, էջ 204—207, № 8, էջ 235—240, № 9, էջ 266—270, № 10, էջ 303—306, № 11, էջ 328—332, 1909, № 3, էջ 71—74, № 6, էջ 181—185: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1910: 56. Քմականներու կոկորդական մնալը։ — Հ. Ա., 1905, № 8—9, էջ 254: 57. Պատմություն հայոց նոր գրականության։ (3 պրակ): Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1906: Պրակ Ա: 104 էջ: 58. Գաբրիել նահատակին առթիվ։ — Բանասեր, 1906, № 4, էջ 105: 59․ Ստուգաբանություններ։ 1. Բոզ: 2. Ճկույթ: 3. Տզրուկ: — Բազմավէպ, 1906, № 4, էջ 105—107: 60. 1. Օն: 2. Չորեքշաբթի (Ստուգաբանություն): — Հ. Ա., 1906, № 5, էջ 129—130: 61. Gutturales issues de semi-occlusives par dissimilation. — Mémoires de la Société de linguistique de Paris. 1906, № 14, p. 228. 62. Գրախոսություն՝ Արթինյան Հովհաննես, Տունկերը և անոնց հայերեն անունները: Փարիզ, 1906։ — Հ. Ա., 1908, № 12, էջ 379—381: 63. Գրախոսություն՝ Հայաստան և հարևան երկրները: (Հրատարակություն Եվրոպայի հայ ուսանողական միության։ 1904)։ — Արարատ, 1906, № 8—11, էջ 761—765: 64. Ս. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը։ Փարիզ, տպ. «Բանասեր»-ի, 1907: 46 էջ: 65. Ձեռագրական սրբագրություններ Փավստոսի մեջ։ (Արտատպված «Բանասեր»-են): Փարիզ, 1907: 81 էջ: Նույնը՝ Բանասեր, 1903, № 6—7, 1904, № 3—4, № 7—8, 1905, № 5, № 9—10, 1906, № 3: 66. Խալդիերենը Օ ունե՞ր։ — Հ․ Ա․, 1907, № 3, էջ 93—94: 67. Հայերեն նոր բառեր նորագյուտ Մնացորդաց գրոց մեջ։ Վիեննա, Մխիթարյան տպ., 1908: 38 էջ: (Ազգային մատենադարան. ԾԶ): Նույնը՝ Հ. Ա., 1908, № 7, էջ 193—202: 68. Պատմություն Եղիա քահանայի (ԺԶ դար?) (Արտատպ. «Արարատ» ամսագրից, 1908 թ.): Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1908: 54 էջ: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1930: Նույնը՝ Արարատ, 1908, № 9, էջ 812—824, 1909, № 1, էջ 48—63, № 2, էջ 156—168, № 3, էջ 280—283: 69. «Դիր» կոչվող ցորենը։ — Գործ, 1908, էջ 89: 70. Հայերեն նոր բառեր Տիմոթեոս Կուզի Հակաճառության մեջ։ — Հ. Ա., 1908, № 12, էջ 367—372, 1909, № 2, էջ 44—47, № 5, էջ 148—153: Նույնը՝ Ուսումնասիրությունք Տիմոթեոս Կուզի Հակաճառության հայերեն թարգմանության վրա, Վիեննա, 1909, էջ 63—196: 71. Հայերեն ստուգաբանություններ։ — Հ. Ա., 1908, № 4, էջ 120—124: 72. Étymologies arméniennes. — Mémoires de la Société de linguistique de Paris, 1908, p. 242—245. 73. Պոլսեն Կարին (Ճամփորդական հուշեր): Նոր-Նախիջևան, տպ. Ս. Ավագյանի, 1909: 29 էջ: Նույնը՝ Հացի կտոր զեյթունցուն (Գրական ժողովածու): Նոր-Նախիջևան, 1909, էջ 142—170: 74. Classification des dialectes arméniens, Paris, Librairie Honoré Champion, éditeur, 1909, 88 p. (Bibliothèque de l'École des Hautes Études). 75. Խ և Կ ձայներուն լծորդությունը։ — Հ․ Ա․, 1909, № 5, էջ 159—160: 76. Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր Բայազետի։ — Ցուցակ ձեռագրաց Ս. Աստվածածին մայր եկեղեցվույն: — Հ. Ա., 1909, № 9—10, էջ 289—295, № 12, էջ 368—371, 1910, № 2, էջ 52—54, № 7—8, էջ 208—211, № 12, էջ 277—279, 1912, № 3, էջ 159—163, № 5, էջ 290—295, № 9, էջ 556—558, № 11, էջ 674—683, 1913, № 1, էջ 45—53, № 9, էջ 563—570, № 10, էջ 627—638: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1924: 77. Étymologies arméniennes. — Mémoires de la Société de linguistique de Paris, 1909, p. 20*. 78. Պատմություն հայոց նոր գրականության [3 պրակ]: Նոր-Նախիջևան, տպ. Ս. Ավագյանի, 1910: Պրակ [Բ]: Էջ 105—194: 79․ Հայերեն ստուգաբանություններ։ — Արարատ, 1910, № 2, էջ 177—181, № 3, էջ 268-271: 80. Հայոց գրերը։ — Հ. Ա., 1910, № 2, էջ 46—52, № 6, էջ 171—176, № 7—8, էջ 212—216, № 10, էջ 311-315, 1911, № 4—5, էջ 231—242, № 6—7—8, էջ 347—365, 1912, № 2—3, էջ 133—147, 1913, № 3, էջ 137—158, 1914, № 5—6, էջ 299—319, 1915, № 1—12, էջ 135—172, 1921, № 5—6, էջ 298—315: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1928: 495 էջ: 81. «Նվիրակ» և «Շարսաադր» բառերը (Ստուգաբանություն)։ — Հ. Ա., 1910, № 4, էջ 119-120: 82. Պրոֆ. Մառի լեզվաբանական նոր դրությունը։ — Արարատ, 1910, № 5, էջ 441-450: 83. Բհագավադգի՜տա՜ կամ երանելու երգը։ Թարգմանեց հնդկերենից ֆրանսերենի համեմատությամբ Հրաչյա Աճառյան: Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռո Ս. Էջմիածնի, 1911: 60 էջ: Նույնը՝ Արարատ, 1911, № 1, էջ 53—63, № 2, էջ 127—136, № 3, էջ 237—245, № 4, էջ 334—340, № 5, էջ 406—411, № 6, էջ 491—497, № 7, էջ 586—591, № 8, էջ 688—692: 84. Հայ բարբառագիտություն։ Ուրվագիծ և դասավորություն հայ բարբառների (բարբառագիտական քարտեզով): Մոսկվա — Ն. Նախիջևան, 1911: 305 էջ: (Էմինյան ժողովածու, հրատարակությամբ Լազարյան ճեմարանի արևելյան լեզվաց: Հտ. Ը): 85. Recueil des mots kurdes en dialectes de Novo-Bayazet, Paris, 1911*. Նույնը. Mémoires de la Société linguistique de Paris, 1911, № 6, p. p. 349-383*. 86. Անհոդ բառեր։ — Հուշարձան: Գրական ժողովածու: Առթիվ 100-ամյա Հոբելյանի հաստատման Մխիթարյան միաբանության ի Վիեննա (1811—1911) և 25-ամյա տարեշրջանի «Հանդես ամսօրյա» ուսումնաթերթի (1887—1911): Վիեննա, 1911, էջ 289—290: 87. Արևմտահայ գրական դեմքեր։ 1․ Նահապետ Ռուսինյան (1819—1876)։ — Լույս, 1911, № 8, էջ 6—8, № 9, էջ 9—10, № 10, էջ 10—13: 2. Մկրտիչ Պեշիկթաշլյան։ — Լույս, 1911, № 11, էջ 8—11, № 12, էջ 9—12, № 13, էջ 10—13, № 14, էջ 11—14: 3. Պետրոս Դուրյան (1851—1872)։ — Լույս, 1911, № 15, էջ 3—5, № 16, էջ 6—9, № 19, էջ 10—13, № 20, էջ 5—8: 4. Հովսեփ Շիշմանյան (Ծերենց) (1822—1888)։ — Լույս, 1911, № 45, էջ 9—11, № 46, էջ 5—8: 5. Գրիգոր Օտյան (1834—1887)։ — Լույս, 1912, № 1, էջ 14—15, № 3, էջ 9—11, № 5, էջ 5-7: 88. Հայ լեզվաբանության անցյալն ու ներկան։ — Ոստան, 1911, № 1, էջ 37— 89․ Հայկականք։ 1. Մի կորած ազգ: 2. Հեղահարություն: 3. Տներ: 4. Սոխրած։ 5. Այգողք: — Արարատ, 1911, № 8, էջ 670—673: 90. Հատուկ անուններ։ — Ոստան, 1911, № 4, էջ 765—775: 91. Մի քանի սրբագրություններ Փավստոսի և Փարպեցու մեջ։ — Արարատ, 1911, № 3, էջ 225—229: 92. Նորագյուտ բառեր Սեբեոսի մեջ։ — Արարատ, 1911, № 3, էջ 230—231: 93. Գրախոսություն՝ Մառ. Մկրտություն հայոց, վրաց, աբխազաց և ալանաց ի Սրբույն Գրիգորե։ — Ռուս. թարգմ. Հուսիկ արքեպիսկոպոս: Վաղարշապատ, 1911: — Ոստան, 1911, № 4, էջ 941—942: 94. Գրախոսություն՝ Марр. Грамматика чанского (лазского) языка. СПб, 1910, 270 с. — Արարատ, 1911, № 5, էջ 414—420: Նույնը ֆրանսերեն, Journal Asiatique de Paris, 1911, p. p. 366—371. 95. Պատմություն հայոց նոր գրականության: [3 պրակ]: Նոր-Նախիջևան, Պրակ Գ: Էջ 195—336: 96. Հարցականի ձևերը և չինարենի մասնիկ մը հայերենի մեջ։ — Ամենուն տարեցույցը (Թեոդիկ), 1912, էջ 136—137: 97. Թոխարերեն և հայերեն։ — Հ․ Ա․, 1912, № 1, էջ 37—40: 98. Թուրք պատմագիրներ։ — Հ․ Ա․, 1912, № 5, էջ 271—275: 99. Հայկականք։ — Արարատ, 1912, № 9, էջ 837—839: 100. Գրախոսություն՝ F. Kraelitz. Studien zum Armenisch-Türkischen. — Bulletin de la Société de linguistique de Paris, 1912, № 61, p. p. 219-226*. 101. Գրախոսություն՝ Maxudianz, M. — Le parler arménien d'Akn (quartier bas), Paris, 1912. — Հ․ Ա․, 1912, № 4, էջ 248—253: 102. Գրախոսություն՝ Ս. վարդապետ Ամատունի. Հայոց բառ ու բան։ — Bulletin de la Société de linguistique de Paris, 1912, № 61, p. 224*. 103․ Հայերեն գավառական բառարան։ Թիֆլիս, 1913: 1441 էջ, 1 ներդիր թ. տախտ. (Էմինյան ազգագրական ժողովածու, հտ. Թ): 104. Հայերեն նոր բառեր հին մատենագրության մեջ: [2 հատոր]: Վենետիկ: Հտ. Ա, 1913, 212 էջ: Հտ. Բ, 1926, 312 էջ: 105. Տիմոթեոս Կուզ և Ս․ Գրքի նորաբեր թարգմանությունը։ — Շողակաթ: (ժողովածու): Վաղարշապատ, 1913, էջ 1—22: Նույնը՝ առանձին, Էջմիածին, 1914: 106. Խալդիերենը երկար ձայնավորներ ունե՞ր։ — Հ․ Ա․, 1913, № 8, էջ 491— 107. Հայերեն նոր բառեր Մովսես Կաղանկատվացվույն պատմության մեջ։ — Բազմավէպ, 1913, № 5, էջ 239—240, № 6, էջ 249—252: 108. Մի քանի սրբագրություններ հայ մատենագրության մեջ։ — Արարատ, 1913, № 12, էջ 1142—1150: 109. Նամակ խմբագրության։ (Իր «Գավառական բառարան»-ի լույս տեսնելու առթիվ)։ — Արարատ, 1914, № 3, էջ 279—281: 110. Քննություն կրկնագիր Ագաթանգեղոսի։ — Հ. Ա․, 1913, № 1, էջ 1—20: 111․ Հ․ Ս․ Տերվիշյան (Իբրև հայ լեզվաբան)։ — Ամենուն տարեցույցը (Թեոդիկ), 1914, էջ 153—160: 112. Հայերեն նոր բառեր Զենոբ Գլակի մեջ։ — Բազմավէպ, 1914, № 3—4, էջ 179—181, № 7, էջ 299—304: 113․ Հայերեն նոր բառեր Կնիք հավատո մեջ։ (Էջմիածին, 1914)։ — Բազմավէպ, 1914, № 6, էջ 251—256, № 7, էջ 301—307: 114. Հայերեն նոր բառեր Մխիթար Գոշի առակագրքին մեջ։ (Տպ. Վենետիկ, 1854)։ — Բազմավէպ, 1914, № 5, էջ 209—214: 115․ Հայկականք։ — Հ. Ա., 1914, № 8—9, էջ 563—566: 116. Տաճկահայոց հարցի պատմությունը: (Սկզբից մինչև 1915 թ.): Նոր-Նախիջևան, տպ. Ս. Հ. Ավագյանի, 1915: 79 էջ: (Հրատարակություն Նոր-Նախիջևանի փոխանորդության շրջանի քահանայության): 117․ Ագաթանգեղոսի խոտցոց բառը։ — Արարատ, 1915, № 2—3, էջ 223— 118. Երվանդ Շահազիզ։ Ն. Նախիջևան, տպ. Ս. Ավագյանի, 1917: 23 էջ: 119. Հայկականք։ Արարատ, 1917, № 4—5, էջ 350—354: 120. Étymologies arméniennes. — Mémoires de la Société de linguistique de Paris, 1918, p. p. 160-163*. 121. Գրախոսություն՝ Легкий способ научиться в 2—3 недели говорить по-английски. — Մշակ, 1918, № 170: [Օշին կեղծանունով]: 122. Գրախոսություն՝ «Սպահանի Փերիա գավառը»։ — Նոր-Ջուղա, 1919, էջ 1—2: 123. Հայաստան։ Աշխարհագրական թղթախաղ։ Թեհրան, տպ. Փարոս, 1919: 124. Հայերեն նոր բառեր Մաշտոցի մեջ։ — Բազմավէպ, 1921, № 12, էջ 380—382. 1922, № 1, էջ 17—18, № 2, էջ 47 48։ 125. Հայկականք։ — Հ. Ա., 1921, № 1—2, էջ 122—124։ 126. Հայերեն նոր բառեր Ժամագրքի մեջ։ (Վաղարշապատ, 1903)։ — Բազմավէպ, 1922, № 11, էջ 333: 127. Հայերեն նոր բառեր Կյուրղի Ալեքսանդրացու Պարապմանց գրոց մեջ: (Տպ. Պոլիս, 1917)։ — Բազմավէպ, 1922, № 11, էջ 334—335։ 128. Հայերեն նոր բառեր Ճաշոցի մեջ։ (Տպ. Վաղարշապատ, 1872)։ — Բազմավէպ, 1922, № 5, էջ 152—154: 129․ Հայերեն նոր բառեր Շապուհ Բագրատունու պատմության մեջ։ (Տպ. Էջմիածին, 1921)։ — Բազմավէպ, 1922, № 6, էջ 179—182, № 8, էջ 232—234, № 9, էջ 267—271: 130. Հայերեն նոր բառեր Պարապմանց գրոց լուծման մեջ։ — Բազմավէպ, 1922, № 12, էջ 364—367: 131. Հայերեն նոր բառեր Մխիթար Սկեռացու պատասխանաց մեջ. Յաղագս համապատութեան ԺԲ առաքելոց: (Տպ. Երուսաղեմ, 1865)։ — Բազմավէպ, 1922, № 10, էջ 310—311: 132. Հայերեն, տառադարձված բառերը օտար լեզուներու մեջ։ — Հ. Ա., 1922, № 8—9, էջ 494—505։ 133. Հայերենի երկբարբառները։ — Հ. Ա., 1922, № 10—11, էջ 587—596։ 134․ Հայերեն երկբարբառները և բաղաձայնները։ — Հ. Ա., 1922, № 12, էջ 656-666: 135. Մեսրոպյան գրերու հնչումը կամ արժեքը։ — Հ. Ա., 1922, № 6—7, էջ 398-402: 136. Գրիգոր Մագիստրոսի Մրգուզ Փանաքի լուծումը։ — Հ. Ա., 1923, № 5—6, էջ 241—256: 137. Հայերեն նոր բառեր Բանք իմաստասիրացի մեջ։ (Տպ․ Վենետիկ, 1853)։ — Բազմավէպ, 1923, № 9, էջ 269: 138. Հայերեն նոր բառեր Լաբուբնայի մեջ։ (Տպ. Վենետիկ, 1868)։ — Բազմավէպ, 1923, № 9, էջ 269: 139. Հայերեն նոր բառեր Ն. Լամբրոնացու մատենագրությանց մեջ։ (Տպ. Վենետիկ, 1847)։ — Բազմավէպ, 1923, № 9, էջ 269—271: 140․ Հայերեն նոր բառեր Հակոբ Կարնեցու Վերին Հայոց տեղագրին մեջ։ (Տպ․ Վաղարշապատ, 1903)։ — Բազմավէպ, 1923, № 8, էջ 242—244: 141. Հայերեն նոր բառեր Հավաքարանի մեջ, անվանց կաթողիկոսաց Աղթամարա: (Տպ. Էջմիածին, 1916)։ — Բազմավէպ, 1923, № 12, էջ 366—369: 142. Հայերեն նոր բառեր Ուխտանեսի պատմության մեջ։ (Տպ. Վաղարշապատ, 1871)։ — Բազմավէպ, 1923, № 11, էջ 334—337: 143. Հանդես ամսօրյայի խմբագրությանը: [Հ. Ա., 1923, № 4—5-ում գրված Հ․ Վարդանյանի «Ի վկայսն Արևելից» նոր և ցանցառ բառերու ուսումնասիրության քննադատական հոդվածի պատասխանը]։ — Հ. Ա., 1923, № 1—2, էջ 65—69: 144. Մեսրոպյան գրերու տեսակները և զարգացումը։ — Հ. Ա., 1923, № 9—10, էջ 462—478, № 11—12, էջ 507—521: 145. Étymologies arméniennes. 1. arm. pay. 2. parav. — Revue des Études arméniennes, 1923, № 3, p. p. 7–8: 146. Կոնստանտին Մելիք Շահնազարյանը որպես բարբառագիր։ — Կոնստանտին Կարապետի Մելիք-Շահնազարյան: Գրական 50-ամյա և գյուղատնտեսական 40-ամյա գործունեության առթիվ (1874—1924): Ե., Հոբելյանական հանձնաժողովի հրատ., 1924, Երևան, էջ 23—24: 147. Հայ գրերու ձևափոխությունները։— Հ․ Ա․, 1924, № 3—4, էջ 168—184, № 11—12, էջ 539—545, 1926, № 9—10, էջ 505—512, № 11—12, էջ 591—598: 148. Հայերեն նոր բառեր Առաքել Սյունեցու Ադամագրքին մեջ։ (Տպ. Վենետիկ, 1907):— Բազմավէպ, 1924, № 1, էջ 14—16: 149․ Հայերեն նոր բառեր Գրիգոր Մագիստրոսի թղթերուն մեջ։ (Տպ. Ալեքսանդրապոլ, 1910):— Բազմավէպ, 1924, № 7, էջ 240—242, № 11, էջ 364—366, 1925, № 2, էջ 40—41, № 3, էջ 72—75, № 4, էջ 107—110, № 5, էջ 137—138: 150. Հայերեն նոր բառեր Կանոնագրքի մեջ։ (Տպ. Թիֆլիս, 1914):— Բազմավէպ, 1924, № 3, էջ 80—82, № 6, էջ 209—211: 151. Հայերեն տառերի բարեփոխման շուրջը։— Խորհրդային Հայաստան, 1924, 20/XII, № 290, էջ 2: 152. Գրախոսություն՝ պրոֆ. Ն. Մառի վերջին աշխատություններից։ «Նորք», 1924, գիրք 4, էջ 307—310: 153. Պարսկական հատընտիր: Ե., Համալսարանի ապակետիպ, 1925: 40 էջ: (ՀՍԽՀ Հայաստանի պետ. համալսարան, սերիա 26): 154. Քննություն Նոր-Նախիջևանի (Ղրիմի) բարբառի։ Ե., 1925: 464 էջ։ (Ապակետիպ): 155. Բուզանդի «սիւս» բառը։ — Գիտական տեղեկագիր ՀԽՍՀ պետ․ համալսարանի, 1925, № 1, էջ 169—170: 156. Գյորանների և թումարիների կրոնը:— Գիտական տեղեկագիր ՀԽՍՀ պետ. համալսարանի, 1925, № 1, էջ 86—92: 157. Հայերեն նոր բառեր Անկանոն գրոց մեջ։ (Հին Կտակարան, Վենետիկ, 1896, Նոր Կտակարան, Վենետիկ, 1898):— Բազմավէպ, 1925, № 7, էջ 200—204: 158. Հայերեն նոր բառեր Գիրք թղթոցի մեջ։ (Տպ. Թիֆլիս, 1901)։— Բազմավէպ, 1925, № 9, էջ 261—264, № 10, էջ 298—300: 159․ Հայերեն նոր բառեր Եղիշէի մատենագրությանց մեջ։ (Տպ. Վենետիկ, 1859): — Բազմավէպ, 1925, № 6, էջ 173—174։ 160. Հայերեն նոր բառեր Ոսկեբերանի ճառերուն մեջ: (Տպ. Վենետիկ, 1861):— Բազմավէպ, 1925, № 6, էջ 172—173: 161. Gyorans and Tumaris. (A newly found secret religion in Persia).— Գիտական տեղեկագիր ՀԽՍՀ պետ. համալսարանի, 1925, № 1, էջ 93— 162. Գրախոսություն՝ Նոր հրատարակություններ հիթիթների մասին։— Նորք, 1925, № 5—6, էջ 389—393: 163. Հայերեն արմատական բառարան։ (7 հատոր): Ե., Պետ. համալսարանի հրատ., 1926—1935: Հտ. Ա (Ա—Բ): 1232 էջ: Հտ. Բ (Գ—Թ): 1350 էջ: Հտ. Գ (Ժ—Կ): 1492 էջ: Հտ. Դ (Հ—Յ): 1350 էջ: Հտ. Ե (Ն—Ռ): 1294 էջ: Հտ. Զ (Ս—Ֆ): 1631 էջ: [Ապակետիպ]: Հտ. Է: Առաջաբան, համառոտագրություններ, հավելված և վերջաբան: 210 էջ: 164. Ձեռագրական սրբագրություններ հայ մատենագիրների մեջ։ Ե., [համալսարանի ապակետիպ], 1926: 83 էջ: 165. Քննություն Մարաղայի բարբառի։ Ե., 1926։ 456 էջ։ [Ապակետիպ]: 166. Հայերեն նոր բառեր Ս. Եփրեմի մատենագրությանց մեջ։ (Տպ. Վենետիկ, 1836): — Բազմավէպ, 1926, № 2, էջ 46—49, № 3, էջ 73—75: 167. Հայերեն նոր բառեր Ոսկեբերանի Մատթեի մեկնությանց մեջ։ (Գիրք Ա—Գ, տպ. Վենետիկ, 1826): — Բազմավէպ, 1926, № 1, էջ 17—20: 168. Գրախոսություն՝ Louis Mariès. Le De Deo d’Eznik de Kolb, connu sous le nom de „Contre les sectes“. Paris, 1924, 213 p.— Բազմավէպ, 1926, № 6, էջ 170—171: 169․ Վավերագրեր հայ–պարսկական հարաբերությանց մասին։ Ե., 1927: 93 էջ: [Ապակետիպ]: 170. Հայ նշանագրերու նոր ցուցակ մը։— Հ. Ա. 1927, № 3—4, էջ 205—209: 171. Հայերեն ծածկագրեր։— Հ․ Ա․, 1927, № 1—2, էջ 75—82, № 3—4, էջ 197—204: 172. Ռուս-հայերեն բառարան շինարարական կառուցվածքների։ Ե., 1928: 302 էջ: (ՀՍԽՀ պետ. համալսարան): [Հ. Զարդարյանի, Ա․ Տոնյանի և ուրիշների հետ միասին]: 173. Գրաբարի ծաղկաքաղ։ (Առաջին տպագրություն): Ե., 1931: 151 էջ։ [Ապակետիպ]: 174. Իբն–ի Բատուտա հայոց մասին։ Ե., 1931: 39 էջ: [Ապակետիպ]: Բ. տպ. 1940: 49 էջ: 175. «Ասպարեզ»–ը Խորենացիին քով։— Անահիտ, Դ տարի, № 3—6, նոյեմբեր 1932 — ապրիլ 1933, էջ 17—18: 176. Հառաջաբան։ — Կիրակոսյան Գարեգին, Բառարան պարսկերեն–հայերեն։ Ջուղա — Սպահան—Թեհրան, տպ. Փարոս, 1933, էջ VII—X: 177. Գրաբարի ուսուցիչ։ Ե., 1935: 157 էջ: [Ապակետիպ]: Բ. տպ. 1936: 70 էջ։ Գ. տպ. 1954: 133 էջ: 178. Քննություն Ագուլիսի բարբառի։ Ե., Պետհրատ, 1935: 400 էջ: [Ապակետիպ]: 179. Կարծիք իմ։ [Առաջաբան]։ — Պայազատ Աբգար, Խալդերեն լեզվի բանալին։ Ե., Պետհրատ, 1935, էջ 5—8: 180. 1. Apm. Junɩg xис.— В кн. Академия наук СССР—XLV—Академику Н. Я. Марру. М. — Л., Изд-во АН СССР, 1935, с. 125: 181. Ցուցակ հայերեն ձեռագրաց Թեհրանի։ — Հ. Ա., 1935, № 5—6—7, էջ 307—315, № 8—9, էջ 393—408: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1936, 25 էջ: 182. Պարսկական հատընտիր։ Ե., Գիտ. հրատ.-ի տպ., 1937: 71 էջ (ՀԽՍՀ պետ. համալսարան): 183. «Եան» մասնիկի ծագումը։ Հայ տոհմանուններ: (Պատմական հետազոտություն): Ստամբուլ [1937], էջ 11: 184. De l'affinité du grec et de l'arménien.— Mélanges E. Boisacq I., 1937, 3—4. 185. Étymologie du mot arm. metc (մեղծ).— Acta Jutlandica, IX. Mélanges linguistiques offerts à H. Pedersen. Kobenhavn, 1937, p. p. 125—126. 186. Պատմություն հայոց նոր գրականության։ Բեյրութ, 1939: Պրակ Ա: 110 էջ: 187. Հայոց լեզվի պատմություն։ (2 հատոր): Ե., Պետ. համալսարանի հրատ., Մաս 1: 356 էջ: Մաս 2: 638 էջ: 188. Ստրաբոն։ Ե., Պետ. համալսարանի հրատ., 1940: 124 էջ: 189. Քննություն Նոր-Ջուղայի բարբառի։ Ե., 1940: 401 էջ: [Ապակետիպ]: 190․ Նոր ստուգաբանություններ։— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1940, № 4—5, էջ 71—72: 191․ Աղվանից գիրը։— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1941, № 3—4 (8—9), էջ 3—11: 192. Երկու ուղղում Կորյունի մեջ։— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1941, № 1 (6), էջ 169—170: 193. Նամակ խմբագրության։ [Իր «Երկու ուղղում Կորյունի մեջ» հոդվածի առթիվ]:— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1941, № 3—4 (8—9), էջ 142: 194. Քննություն պոլսահայ բարբառի։— Գիտական աշխատություններ Երևանի պետ. համալսարանի. Ե., 1941, հտ. XXI, էջ 19—250: 195. Գրախոսություն՝ Կանայան Խաչատուր. Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների լեզուն։ Ե․, 1940:— Սովետական գրականություն, 1941, № 1, էջ 98—99: 196. Գրախոսություն՝ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն: (Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությամբ): Ե., 1940:— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1941, № 7 (12), էջ 89—90: 197. Հայոց անձնանունների բառարան: [5 հատոր], Ե., Պետ. համալսարանի հրատ.: Հտ. Ա, 1942: Հտ. Բ, 1944: Հտ. Գ, 1946: Հտ. Դ, 1948: Հտ. Ե, 1962: 198. Ֆիրդուսի։ Ե., Պետ. համալսարանի հրատ., 1942: 67 էջ: 199. Ամիրդովլաթի «Որդատ» բառը։— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1942, № 6 (20), էջ 107: 200. Հայերեն նոր բառեր Թեոնի մեջ։— [Հ. Մանանդյանի «Թէովնեայ Յաղագս ճարտասանական կրթությանց» գրքի նորագյուտ բառերի ցանկի մասին]:— Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1940, № 6 (20), էջ 105—107: 201. Հայ տառերի գյուտի ստույգ թվականը։— Էջմիածին, 1944, № 1, էջ 27—28: 202. Հայկականք. Ա։— Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1944, № 5, էջ 25—30: 203. Մկրտիչ կաթողիկոս Խրիմյան։ (1820—1907):— Էջմիածին, 1944, № 4—5, էջ 15—19: 204. Հայկականք, Բ։ — Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1945, № 1—2, էջ 3—7: 205. Հայկականք, Գ։ — Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1945, № 3—4, էջ 47—54: 206. Վիպասանական հայերեն։— Գրական-բանասիրական հետախուզումներ (ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ): Ե., 1946, գիրք 1, էջ 163—173: 207. Երեք հարց Մեսրոպյան այբուբենի շուրջը։ — Էջմիածին, 1946, № 8—9—10, էջ 35—39: 208. Հայկականք, Դ։ — Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1946, № 1, էջ 31—35: 209. Հայկականք, Ե։— Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1946, № 6, էջ 21—34: 210. Քննություն Համշենի բարբառի։ Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1947: 272 էջ: (ՀՍՍՀ ԳԱ, լեզվի ինստիտուտ): 211. Եվրոպական փոխառյալ բառեր հայերենի մեջ։— Հ. Ա., 1947, № 8—9, էջ 445—459, № 10—12, էջ 582—599, 1948, № 1—2, էջ 80—92, № 3—6, էջ 279—292, № 9—12, էջ 607—620, 1949, № 1—3, էջ 113—118, 1950, № 1—3, էջ 79—88, № 4—6, էջ 213—224, № 10—12, էջ 477—490: Նույնը՝ առանձին, Վիեննա, 1951: 193 էջ: 212. Խմբագրություն՝ Դուրյան Պետրոս: Երկեր: Կազմեց և տեքստը խմբագրեց Հ. Աճառյան: Ե., Հայպետհրատ, 1947: 442 էջ: — Հայկականք․ Զ․— Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1948, № 5, էջ 33—40: 213. Греческие заимствования в армянском языке. Византийский временник, 1949, т. II (XXVII), с. 308—312. 214. Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանց։ — Էջմիածին, 1950, № 5—6, էջ 29—32: 215. Հայկականք, Է։— Տեղեկագիր Հայկական ՍՍՌ ԳԱ, հաս. գիտ., 1950, № 12, էջ 83—97: 216. Հայտնի մանկավարժ Ռեթեոս Պերպերյան: (Ծննդյան 100-ամյակի առթիվ):— Էջմիածին, 1950, № 11—12, էջ 64—69: 217. Պարսկական բևեռագրերի լուծման պատմությունը։— Գիտական աշխատություններ Երևանի պետ. համալսարանի, 1951, հտ. XXXIV (ֆիլոլոգիական սերիա), էջ 129—132: 218. Տիկին Սրբուհի Տյուսաբ։ (Մահվան 50-ամյակի առթիվ):— Էջմիածին, 1951, № 1—3, էջ 41—45: 219. Քննություն Վանի բարբառի։ Ե., Պետ. համալսարանի հրատ., 1952: էջ: 220. Գարեգին կաթողիկոս Հովսեփյանն իբրև հայ հնագրության մեծ վարպետ։ — Էջմիածին, 1952, № 7, էջ 31—33: Նույնը՝ Հասկ․ 1953, № 2, էջ 49—51: 221. Իմ լիակատար քերականությունը։— Սովետական Հայաստան (ամսագիր): 1952, № 7, էջ 15—16: 222. Հայկականք. Ը։— Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ. 1952, № 1, էջ 37-47: 223. Հայկականք. Թ։— Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ. 1952, № 1, էջ 69-77: 224. О составлении этимологического словаря славянских языков. — Вопросы языкознания, 1952, № 4, с. 91—98. 225. Գրախոսություն՝ Հովսեփյան Գարեգին կաթողիկոս, Հիշատակարանք ձեռագրաց։ Հտ. Ա: Անթիլիաս, 1951:— Էջմիածին, 1952, № 1, էջ 46—48: Նույնը՝ Հասկ, 1952, № 10—12, էջ 501—503: 226. Քննություն Առտիալի բարբառի։ Ե., ՀՍՍՌ ԳԱ, հրատ., 1953: 292 էջ: 227. Հայերենից փոխառյալ բառեր պարսկերենում։ — Էջմիածին, 1953, № 4, էջ 23—29: 228. Հայոց անձնանունները։— Էջմիածին, 1953, № 10, էջ 21—29: 229. Մատթեոս Ուռհայեցի։— Հ. Ա., 1953, № 7—9, էջ 350—354: 230. Имперфект в древнеармянском и некоторых индоевропейских языках. — Доклады и сообщения Института языкознания АН СССР, 1953, № 4, с. 85—90. 231. Մեսրոպ Մաշտոց։ ― Էջմիածին, 1954, № 11, էջ 22—30, № 12, էջ 27—34. 1955, № 1, էջ 21—28, № 2, էջ 14—21, № 3, էջ 26—31, № 4, էջ 26—31, № 5, էջ 36—42. 1956, № 1, էջ 46—51, № 2, էջ 29—35: 232. Գերապատիվ հայր խմբագիր։— Արարատ, 1914, № 3, էջ 281—283: [Խմբագրությանն ուղղված նամակով պատասխանում է Մառին]: 233. Խաղաղությունը կհաղթի պատերազմին։— Ս. Հ., 1951, 12/IX, № 214, էջ 2: 234. Կարմիր բանակի հերոսներին։ — Ս. Հ., 1943, 23/II, № 44, էջ 3: 235. Կեցցե հայ ժողովրդի միասնությունը։— Ս. Հ., 1943, 14/VIII, № 167, էջ 2: 236. «Հանդես ամսօրյա»-ի 25–ամյա հոբելյանը։— Լույս, 1911, № 19, էջ 4-5: [Հեղինակ՝ ընթերցող: Իր բիբլիոգրաֆիայում (ձեռագիր) նշված է որպես իրենը]: 237. Հ. Հ. Մանանդյան: [Նեկրոլոգ]։ — Ս. Հ., 1952, 6/II, № 31, էջ 3։ [Ստորագրություններ՝ Համբարձումյան Վ., Աճառյան Հ․, Աղայան Ծ. և ուրիշներ]: 238. Միությունը զորություն է։— Ս. Հ., 1942, 20/IX, № 223, էջ 3: 239. Նամակ խմբագրության։ [Գ. Լուսինյանի ֆրանսահայ բառարանը հրատարակության պատրաստելու առթիվ]: — Տարազ, 1898, № 7, էջ 125: Նույնը՝ Մշակ, 1898, № 15: 240. Ողջույն գիտական ակադեմիային:— Խորհրդային Հայաստան, 1925, 5/IX, № 201: 241. Ողջույնի խոսք։ [Հայաստանում սովետական կարգեր հաստատելու 30-րդ տարեդարձի առթիվ]: ― Էջմիածին, 1950, № 11—12, էջ 6: 242. Սպասում ենք ձեզ։— Սովետական Հայաստան, 1945, 4/XII, № 260, էջ 3: 243. Всем армянам зарубежных стран. — Известия Арм. ФАН СССР, 1941, № 7 (12), с. 3—6. [Совместно с др.]. 244. Ահեղ նախազգուշացում նոր պատերազմի հրձիգներին:— Սովետական Հայաստան (ամսագիր), 1950, № 7, էջ 12—13: [Հեղինակակիցներ՝ Գ. Ղափանցյան, Վ. Գուլքանյան և ուրիշներ]: 245. Լիակատար քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 652 լեզուների, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն: Հտ. Ա, 1952: - 494 էջ: Հտ. Բ, 1954: 478 էջ: Ներածություն, 1955: 655 էջ: Հտ. Գ, 1957: 1011 էջ: Հտ. Դ, գիրք Ա, 1959: 591 էջ: Հտ. Դ, գիրք Բ, 1961: 543 էջ: Հտ. Ե, 1965: 430 էջ: 2na2x7kl3hkbk64y1jea4wa1yquhn73 Կատեգորիա:Հրաչյա Աճառյան 14 152209 398215 2026-11-18T10:17:11Z Emptyfear 547 Նոր էջ «[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա]]»: 398215 wikitext text/x-wiki [[Կատեգորիա:Հեղինակներ-Ա]] 44ihyv201te0iok9xggdpj9bsq4hs1p