Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.48.0-wmf.5
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Վայրկեան
0
389
398219
398160
2026-11-19T05:55:00Z
~2026-59922-05
14281
/* */
398219
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Վայրկեան
|section =
|previous =
|next =
|notes =
|author =չգիտեմ ով}}
<div style="padding-left:2em">
<poem>
Թոյլ շրշիւն մը, յետոյ բոյր մը մշկենի։
եւ յամրագին գիրքը ձեռքէս կ'իյնայ վար.
երազներու պերճուհին է որ կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
Ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
եւ ալիք մը թեւը բացած կը վազէ
գրկել ափունքն իղձիս ոսկի աւազէ։
Ո՜վ քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճութիւնը գընացքին իր հպարտ.
ճամբուն վըրայ՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտօրէն կը յածի դեռ իմ մենիկ
սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մէջ անհետ...։
</poem>
</div>
[[Կատեգորիա:Միսաք Մեծարենց]]
5b2brwfg9fblbepy2mhlkfm0xmopvdx
398220
398219
2026-11-19T08:30:11Z
Emptyfear
547
[[Special:Contributions/~2026-59922-05|~2026-59922-05]] ([[User talk:~2026-59922-05|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:Emptyfear|Emptyfear]] մասնակցի վերջին տարբերակին։
398160
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Վայրկեան
|section =
|previous =
|next =
|notes =
|author =Միսաք Մեծարենց}}
<div style="padding-left:2em">
<poem>
Թոյլ շրշիւն մը, յետոյ բոյր մը մշկենի։
եւ յամրագին գիրքը ձեռքէս կ'իյնայ վար.
երազներու պերճուհին է որ կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
Ու կը փոթի ծովակն հոգւոյս մեղմավար։
եւ ալիք մը թեւը բացած կը վազէ
գրկել ափունքն իղձիս ոսկի աւազէ։
Ո՜վ քաղցրութիւնը նայուածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճութիւնը գընացքին իր հպարտ.
ճամբուն վըրայ՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտօրէն կը յածի դեռ իմ մենիկ
սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մէջ անհետ...։
</poem>
</div>
[[Կատեգորիա:Միսաք Մեծարենց]]
arsakj1fyn7hil5trbe4flbiexud60h
Կյանքիս հուշերից/Երկրորդ մաս
0
152206
398218
398212
2026-11-18T12:42:04Z
Emptyfear
547
398218
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Կյանքիս հուշերից|section = ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ|next =[[Կյանքիս հուշերից/Երրորդ մաս|ԵՐՐՈՐԴ ՄԱՍ – ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ]]|author =Հրաչյա Աճառյան|previous=[[Կյանքիս հուշերից/Առաջին մաս|ԱՌԱՋԻՆ ՄԱՍ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄ]]|year =|notes = }}
== ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ==
Գնացքը կանգ առավ Աղստաֆա կայարանում:
Հին հայոց պատմության մեջ այս վայրը կոչվում էր Աղստև (համանուն գետով), որ մեր երկրի աննշան գավառներից մեկն էր: Երբ դեռ շինված չէր Տփղիս—Երևան երկաթուղին, Երևանի, Տփղիսի և Բաքվի հաղորդակցության միակ միջոցը Աղստաֆան էր։
Ճամփորդները ցած իջան գնացքից: Մի քանի հոգով գնացինք վարձեցինք մի թուրք կառապանի ֆուրգոնը, հինգ օրից մինչև Երևան հասնելու պայմանով, վճարը հինգ ռուբլի: Հենց նույն օրը ճանապարհ ընկանք: Անցնում ենք Հին Հայաստանի գեղեցիկ և սիրելի վայրերով: Օդը մեղմ է և լավ. աջից ու ձախից փչում է մեղմ քամին. բարձրանում ենք անվերջ դեպի Արարատյան բարձրավանդակը: Ոչ մի միջադեպ չխանգարեց մեզ: Ամբողջ ժամանակը նստած կամ պառկած ենք ֆուրգոնում, բայց երիտասարդ ուսանողի համար ի՞նչ նշանակություն ունեն այդ կարգի անհարմարությունները: Կես դարուց ավելի է անցել այդ օրվանից, ուստի ոչինչ չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ անցանք Դիլիջանով, ապա քերեցինք Սևանի գեղեցիկ ափերը, վերջապես հասանք Քանաքեռի բարձունքը, որտեղից բացվեց, առաջին անգամ՝ մեր աչքի առաջ, Երևանի համայնապատկերը:
Այն ժամանակ Երևանը ներկայի տարածությունը չուներ: Կարելի է ասել, թե արդի Երևանը տասն անգամ մեծացել է նախկինից: Այնուամենայնիվ հին Երևանն էլ իբրև մի ամփոփ քաղաք, որոշ մեծություն էր ներկայացնում:
Քանաքեռի բարձունքից իջանք արագությամբ դեպի քաղաքը, և մեր ֆուրգոնը կանգ առավ մի ընդարձակ քարվանսարայի բակում, որ գտնվում էր Էջմիածին տանող ճանապարհի մոտ:
Ցած իջանք ֆուրգոնից։ Էջմիածին տանող կառքերը պիտի մեկնեին երեկոյան դեմ, քաղցած էի և պետք էր մի բան ուտել:
Հրապարակում կանգնած մի հայի հարցրի, թե «Որտե՞ղ են հաց ծախում»:—«Հայի՞ հաց ես ուզում, թե՞ թուրքի»,— հարցրեց հայը։— «Հացի էլ հայը թուրքը կա՞,— հարցնում եմ ես:— Հացը հաց է»: Կարծելով, թե հայը ինձ ձեռք է առնում, երես եմ դարձնում նրանից: Բայց ոչ. հայը եկավ հետս, տարավ ինձ հացավաճառների մոտ և ցույց տվեց, թե սա հայի հաց է (լավաշ), սա թուրքի հաց է (սանգակ): Չգիտեմ՝ ո՛ր տեսակից գնեցի, ցամաք կերա փողոցում, ամաչելու ոչինչ չունեի, սպասեցի կառքերի մեկնելու ժամանակին:
Երևանի և Էջմիածնի միջև այն ժամանակ շատ կանոնավոր հաղորդակցություն կար: Բացի ֆայտոններից, կային մի քանի տեսակ հասարակ կառքեր, շատ էժան գնով: Ամենից հասարակն էր օմնիբուս կոչված կառքը, որի մեջ նստում էին մեջք-մեջքի տված ութ կամ տասը հոգի: Ճանապարհը մինչև Էջմիածին տևում էր երկու ժամ, և վճարում էինք 25 կոպեկ:
Անմոռանալի պայուսակս վերցրած նստեցի մի օմնիբուս, և վերջապես հասանք Էջմիածին: Ուշ գիշեր էր: Այն ժամանակ կառքերի կայանը վանքի Տրդատա դուռ կոչված հրապարակն էր։
Իջանք ուրեմն այդտեղ, անցանք Տրդատա դռնով, Սինոդի շենքի առաջով և վանքի Ավագ դռնով իջնելով, Վեհարանի առաջով մտանք Ղազարապատ կոչված շենքը։
Այստեղ էր Էջմիածնի ուխտավորներին հատկացված հյուրանոցը:
Հյուրանոցի կառավարիչն էր Սիոն վարդապետը. դիմեցի նրան և գիշերելու տեղ խնդրեցի:
— Ո՞վ եք դուք,— հարցրեց հյուրընկալ վարդապետը խստությամբ:
— Ուսանող եմ, Եվրոպայից եմ գալիս,— պատասխանեցի ես:
— Այստեղ ուսանողի տեղ չէ. այստեղ միայն ուխտավորներն են գալիս,— ասաց վարդապետը և ինձ մենակ թողնելով, հեռացավ գնաց:
Պատի տակ նստեցի պայուսակիս վրա: Գրպանումս ունեի միայն 10 կոպեկ, որով հաջորդ օրը մորս նամակ էի ուղարկելու։ Վարժված էի, ոչ քնելու մասին էի մտածում և ոչ էլ ուտելու: Մի կտոր ցամաք հացը ինձ բավական էր 24 ժամ: Այդպես նստած անքուն սպասում էի երկար ժամանակ, որովհետև դուրս վռնդող չկար: Հանկարծ տեսնում եմ ինչ-որ եռուզեռ: Մարդիկ բարձրանում իջնում են սանդուղքներից, իրեր են տեղափոխում: Մեկ էլ իր սենյակից դուրս է գալիս Սիոն վարդապետը և աջ ու ձախ դիմելով հարցնում է.
— Այստեղ մի ուսանող կար, ո՞ւր գնաց:
Լսում եմ և ներկայանում եմ իրեն:
— Դուք գերմաներեն գիտե՞ք,— հարցնում է վարդապետը։
— Գիտեմ,— պատասխանում եմ:
— Եկեք ներս, այստեղ մի գերմանացի է եկել, խոսեցեք հետը:
Մտնում եմ ներս: Հանկարծ տեսնում եմ պրոֆեսոր Ռոռբախին, իր կնոջ հետ: Ես Ստրասբուրգում եղած ժամանակս Հյուբշմանի միջոցով ծանոթացել էի Ռոռբախի հետ. նա Հայաստան պիտի գար, և երկուսս միասին պիտի մեկնեինք, բայց որովհետև ես բավական փող չունեի արագ գնացքով մեկնելու, չկարողացա ընկերանալ նրան:
Իբրև վաղեմի ծանոթ, ձեռք տվի Ռոռբախին և սկսեցինք մտերմական խոսակցություն: Վարդապետը զարմացած դիտում էր մեզ: Անշուշտ նա զարմանում էր այն բանի վրա, որ քիչ առաջվա քոսոտ և արհամարհելի ուսանողը այսպիսի նշանավոր մարդու հետ բարեկամ է:
Հրավիրեց նստել սեղան, որին մասնակցում էին Ռոռբախը, իր կինը, վարդապետը և ուրիշ ծանոթ անձինք: Միակ թարգմանը, ուստի և ուշադրության կենտրոնը, ես էի: Չեմ հիշում, բայց պետք էր, որ ընթրիքը բավական ճոխ եղած լիներ։ Ընթրիքից հետո հյուրերը ստացան իրենց համար սենյակ, իսկ ինձ էլ Սիոն վարդապետը ուղարկեց աջ կողմի սենյակներից մեկը, ուր նշանակվեց մի շատ կեղտոտ մահճակալ:
Պառկեցի և քնեցի: Առավոտը արթնացա մի խայտառակ դրության մեջ: Լու, մլուկ, մլակ, մոծակ, ճանճ. այս հնգյակը խուռն բազմությամբ հարձակվել են վրաս. նրանցից մլակ կոչված միջատը նոր էի տեսնում դեռ, մյուսները հին ծանոթներ էին:
Տոթը անտանելի էր: Վեր կացա և դիմեցի ընդհանուր սենյակը, ուր մի քանի հյուրեր էլ կային: Նրանց մեջ տեսա հպարտ դեմքով նստած ակնոցավոր մի երիտասարդ, խորհրդավոր ձայնով: Հարցրեց ինձ, թե ո՞վ եմ ես և ո՞ր տեղացի եմ. երբ պատասխանեցի, թե կոստանդնուպոլսեցի եմ, ասաց, թե ինքն էլ է կոստանդնուպոլսեցի:
— Ո՞ր թաղից,— հարցրի ես:
— Սուլու-խուլեցի:
Կոստանդնուպոլսում Սուլու-խուլե թաղը հայտնի է իբրև ամենակեղտոտ և ամենագռեհիկ թաղը: Երբ մեկին պետք է լինում ծաղրել կամ արհամարհել, ասում են. «Սուլու-խուլեցի է՞ս»:
Մինչև անգամ չգիտեի, թե սուլու-խուլեցի հայ էլ կլինի: Այդ թաղի բոլոր բնակիչները համարում էի միայն գնչու:
Այդ սուլու-խուլեցին եկել էր Էջմիածին տերտեր դառնալու. անունն էր Արտաշես Գարագաշ: Կարասի միջից բարձրացող հնչյունի նման ձայն ուներ: 22 տարի հետո նորից տեսա այդ մարդուն Թեհրանում, ուր հայոց եկեղեցու տիրացու էր, բայց ոչ քահանա. նաև կրոնի ուսուցիչ էր հայոց դպրոցում և ինքնահավան դիրք ուներ: Իր որդին է Հայկ Գարագաշը, որ կարևոր ազգային դեմք էր Թեհրանում և հրատարակում էր «Բոբոխ» զավեշտաթերթը:
Ընդհանուր սենյակում նստած միջոցիս սուլու-խուլեցին հանկարծ նկատեց շորիս վրա մի միջատ և ասաց.
— Ոջիլ է:
Սարսափեցի. ամեն ինչ տանելի էր, բացի ոջիլից. ես դեռ տեսած չէի ոջիլ և զարմանքով հարցրի.
— Ա՞յս է ոջիլը. շորերիս մեջ լիքն է սրանից:
Պառկած անկողինս ուրեմն լիքն էր ոջիլով և ինձ այդ օրին էր հասցրել: Ճար չկար։ Ի՞նչ պետք էր անել այս խայտառակ օթևանից դուրս գալու համար: Սիոն վարդապետը այլևս ինձանով չէր հետաքրքրվում և այդ ավելի լավ:
Զանազան մարդկանցից իմացա, որ Կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկը) գտնվում էր Բյուրական ամառանոցում և երկու օրից գալու էր Էջմիածին: Ուրախությունս մեծ եղավ. հույս ունեի, որ նրա միջոցով մի մաքուր սենյակ կստանամ: Ուտեստի մասին կարիք չկար մտածելու, որովհետև Էջմիածնի հասարակաց ճաշարանը առավոտ, կեսօր և երեկո բաց էր բոլոր ուխտավորների համար, և ես էլ նրանց հետ ձրիաբար ստանում էի թեյ, ճաշ և ընթրիք:
Կաթողիկոսը վերջապես վերադարձավ Բյուրականից: Ես բարձրացա Վեհարան, ուր ներկայացա Կաթողիկոսի եղբորորդի Խորեն էֆենդուն։ Շատ բարեկիրթ մարդ էր, նախկին ուսուցիչ և հեղինակ: Էջմիածնում շատ մեծ նշանակություն ուներ նա և ժամանակի ամենազորեղ անձն էր: Սիրով լսեց ինձ և տարավ Կաթողիկոսի մոտ: Կաթողիկոսը հրամայեց նստել և հարցրեց.
— Ո՞վ ես, ո՞րտեղեն կուգաս։
— Կոստանդնուպոլսեցի եմ, Հրաչյա Աճառյան:
— Հա՜, կճանչնամ, դուն կաթոլիկ ես: Ես կկարդամ քու հոդվածներդ «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ:
— Ոչ, Վեհափառ Հայր, ես կաթոլիկ չեմ, թեև «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ կգրեմ, բայց «Բիւրակն»-ի մեջ ալ կգրեմ. ես լուսավորչական հայ եմ:
— Ինձի համար ոչ մի նշանակություն չունի. կաթոլիկ և լուսավորչական մեկ է ինձ համար: Պատմե տեսնեմ անցյալդ:
Ես սկսեցի պատմել հետևյալ ձևով, ըստ կարելվույն կարճ.
«Ծնվել եմ Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղում 1876 թվականին: Հայրս կոշկակար է. ավարտել եմ Սամաթիայի դպրոցը, հետո Ղալաթիո Կեդրոնական վարժարանը 1893 թվականին. մեկ տարի ուսուցիչ եմ եղել Ղալաթիայի նախակրթարանում և Գադըգյուղի Արամյան վարժարանում. մի տարի էլ ուսուցիչ եմ եղել Կարինի Սանասարյան վարժարանում: Այնտեղից գնացի Փարիզ լեզվաբանություն սովորելու. սովորեցի և գնացի Ստրասբուրգ, ուր Հյուբշմանի մոտ էլ սովորելուց հետո եկա Էջմիածին»:
— Է՜հ,— պատասխանեց Կաթողիկոսը,— դուն ալ ինձի պես գլորվելով գլորվելով եկեր ինկեր ես Էջմիածին. հա՜, հա՜, հա՜: Շա՜տ լավ… Է՜, տաճկերեն գիտե՞ս:
— Կոստանդնուպոլսում, հայոց դպրոցներում, տաճկերեն լեզվի ուսուցիչ եղած եմ:
— Այդ շատ լավ եղավ, մեզի համար Ճեմարանին մեջ տաճկերեն լեզվի ուսուցիչ պետք է. նախկին ուսուցիչը (Ճանիկյան) ծերության պատճառով հրաժարեցավ, քեզ անոր տեղ ուսուցիչ կնշանակեմ, վանքին մեջ սենյակ կստանաս, ամսական 25 ռուբլի ռոճիկ կստանաս. ճաշդ, վառելիքդ վանքեն կըլլա. գո՞հ ես:
Ես իմ գոհունակությունը հայտնեցի:
Կաթողիկոսը վճարեց առաջին ամսականս՝ 25 ռուբլի, որով ես ինձ կարող էի բավական հարուստ զգալ:
Առաջին րոպեից զգացի, որ Կաթողիկոսը ուրախ էր ինձանով: Նա ուզում էր ինձ առաջ քաշել, անշուշտ այն հետին մտքով, որ ինձ վարդապետ դարձներ: Իր բարեհոժար տրամադրությունը փոխանցել էր Խորեն էֆենդուն, որ նույնպես չափազանց լավ էր տրամադրված դեպի ինձ և անմիջապես ինձ իբրև բնակարան հատկացրեց նոր շենքի № 1 սենյակը:
Այդ միջոցին իմ դրությունը շատ խայտառակ էր: Շորերս հնացած, գլխարկս ծակ, կոշիկներս պատառոտուն, շապիկս ոջլոտ, ամաչում էի մարդկանց մոտ դուրս գալ։
Պատահեց ինձ ծանոթանալ մշեցի ազնիվ մի մարդու հետ, որի անունն էր Սմբատ Տարոնեցի: Մի եղբայր ևս ուներ, որի անունն էր Արամ: Երկուսն էլ հեղափոխական քարոզիչ էին, ամուսնացած էին և միասին տուն և ընտանիք ունեին: Սմբատը առաջարկեց ինձ օգնել ամեն կերպ. ես հայտնեցի իմ կեղտոտ վիճակը և խնդրեցի, որ տանի Երևան և նոր շորեր առնենք: Անմիջապես օմնիբուս նստեցինք, գնացինք Երևան և գնեցինք մի ձեռք շոր, մի գլխարկ և մի զույգ կոշիկ: Սպիտակեղեն ունեի: Վերադարձանք Վաղարշապատ և գնացինք գյուղի բաղանիսը: Լողանալուց հետո գլխից մինչև ոտք նորոգվելով և ամբողջ շորերս մինչև կոշիկներս Սմբատին տալով, եկա վանք, ուր նշանակված էր ինձ № 1 սենյակը:
Այս սենյակը նախապես ընթերցատուն էր եղել և դրա համար էլ կար այնտեղ մի շատ լայն սեղան, որի շուրջը նստելով ընթերցողները կարդում էին օրվա լրագրերը: Ընթերցատունը փակվել էր, և որովհետև սեղանը փոխադրելու տեղ չկար, թողել էին այնտեղ։ Ինձ համար դա մի շնորհ եղավ: Սեղանը դրի պատուհանի առաջ, պայուսակիս բոլոր քարտերը դարսեցի նրա վրա, ունեցած գրքերս էլ նրանց կողքին և մատենադարանից վերցնելով բազմատեսակ բառարաններ, մինչև անգամ Կամուսի արաբերեն բառարանի 3 խոշոր հատորները, կազմեցի ինձ համար մի նոր աշխատանոց։ Ձեռք առի Կարինում կազմած իմ Արմատական բառարանը, որ ուներ շուրջ 300 էջ: Սկսեցի վերամշակել և ավելացնել այնտեղ ամեն ինչ, որ գտա հայ և եվրոպական գրականության մեջ, հայերեն բառերի ստուգաբանության մասին:
Այդ միջոցին Տփղիսի Գյուտ քահանա Աղանյանը Կոստանդնուպոլիս էր գնացել և Տեր Հովհաննես քահանա Մկրյանից մեծ գումարով գնել էր արևմտահայ լրագրության խոշոր հավաքածուն:
Հավաքածուն գտնվում էր Էջմիածնի մատենադարանում, չեմ կարող ասել անխնամ դրության մեջ, բայց կարող եմ ասել, թե ոչ մեկը չէր հետաքրքրվում նրանով:
Մատենադարանապետի թույլտվությամբ, այդ հարյուրավոր հատորները մաս առ մաս փոխադրելով իմ սենյակը, ամբողջը թերթում էի և կազմեցի բոլոր այդ հատորների մեջ գտնված հայ լեզվաբանական հոդվածների ցուցակը: Կարդացի այդ հոդվածները և ինչ որ կար հայ բառերի ստուգաբանության մասին, ճիշտ թե սխալ, դուրս գրեցի: Կազմել էի մի երկարավուն տետրակ, որի մեջ այբուբենական կարգով հավաքեցի այդ ստուգաբանությունները, հետագայում իմ ստուգաբանական բառարանի մեջ ներմուծելու համար:
Իմ մեծագույն ցանկությունն էր եղել Վենետիկի կամ Վիեննայի միաբանության անդամ լինել: Դպրոցում մեսրոպյան հայերենի հետևորդ դառնալով, այլևս մտքից հանել էի Վենետիկը: Փարիզում և Ստրասբուրգում երկու խոշորագույն հայագետների մոտ աշխատելուց հետո, Վիեննան էլ հեռացավ մտքիցս, գոնե մասամբ և դեպքերի բերմամբ ընկա Էջմիածին:
Վիեննայում այնուամենայնիվ միշտ եղել են մեծանուն վարդապետներ, ինչպես Թոռնյան, Այտընյան, Տաշյան և այլն, իսկ Էջմիածնում ոչ ոք չկար, որ փոքրիկ չափով գոնե հավասարեր նրանց: Զգում էի, թե ինչ տկար միջավայր եմ ընկել. ոչ ոքից ոչինչ չէի կարող սովորել:
Այնուամենայնիվ շրջապատս այնքան լավ էր, որ ինձ ամենևին չէր խանգարում և թույլ էր տալիս իմ սեփական միջոցներով կարդալու և սովորելու: Նյութականի և տնտեսականի կողմից բոլորովին ապահով էի: Վանքը տալիս էր ինձ ձրիաբար նախաճաշիկ, ճաշ, ընթրիք, բնակարան և վառելիք: Այսքանը բավական էր ինձ, որովհետև ոչ մի ավելորդ պահանջ չունեի: Ամսական 25 ռուբլի ռոճիկն էլ բոլորովին բավարար էր:
Ամառ լինելով, դեռ ուսումը չէր սկսվել: Տաքը թեև շատ ուժեղ, բայց ինձ համար անտանելի չէր: Ընդհակառակը, հաճույք էի զգում այդ տաք եղանակից: Մինչև սեպտեմբեր մնալով № 1 սենյակում, ամենևին մտքիցս չանցկացնելով ամառանոց գնալու բուրժուական գաղափարը, նվիրվեցի ստուգաբանական բառարանիս վերամշակման գործին: Շատ արագ թերթերը լցվում էին և հետզհետե ընդարձակվում էր գիրքս:
Վերջապես եկավ սեպտեմբերը, ուսումնական տարվա սկիզբը: Նշանակված լինելով տաճկերենի ուսուցիչ, գնացի Ճեմարան և ներկայացա Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանին։
— Բարև ձեզ, պարոն Կոստանյան,— ասացի՝ գլուխ տալով նրան:
— Ինչո՞ւ եկաք այստեղ,— գոռաց նա երեսիս, մեջքը ինձ դարձրած և առանց տեղից շարժվելու.— Տաճկաստանում տեղ չկա՞ր:
— Տաճկաստանում կոտորում են:
— Դուք էլ նրանց հետ կոտորվեիք:
— Վեհափառը ուղարկել է ինձ և հրամայել է տաճկերենի դասեր տալ:
— Եթե Վեհափառը հրամայել է,— ասաց հեգնանքով, — գնացեք դաս տվեք:
Դուրս եկա կիսաբաց դռնից և այնտեղ տեսա Մարտիրոս Հախնազարյանին, որ Ճեմարանում գլխավոր վերակացուն էր: Բարի մարդ էր նա՝ տարիքը առած, համեստ և պարկեշտ ագուլեցի: Լավ գիտեր իր բարբառը և որովհետև ես էլ ձեռնամուխ էի եղել բարբառների ուսման, բարեկամանալով նրա հետ, սկսեցի կազմել հետագայում Ագուլիսի բարբառի բառարանը, որ ի վերջո մտավ իմ Արմատական բառարանի մեջ և Ագուլիսի բարբառի քննության մեջ: Տարիներ հետո թուրք-հայկական ընդհարումների ժամանակ թուրքերը նահատակեցին այդ ազնիվ մարդուն, և ես ցավելով լսեցի նրա մահը Թավրիզում եղածս ժամանակ:
Կարապետ Կոստանյանի այդ անհրապույր ընդունելությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ Մարտիրոս Հախնազարյանը և ասաց.
— Դուք տաճկերեն դասերի համա՞ր եք եկել:
— Այո:
— Սպասեցեք մի քիչ, ես զանգը կտամ, աշակերտներին կհավաքեմ և դուք դասի կերթաք:
Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը հիմնելով Ճեմարանը և տեղ տալով բազմաթիվ տաճկահայ աշակերտների, կարևոր էր համարել ուսման ծրագրի մեջ մտցնել նաև տաճկերենի ուսումը, միմիայն տաճկահայ աշակերտների համար, որպեսզի հետագայում, երբ այդ աշակերտները ավարտեին Ճեմարանը և վերադառնային հայրենիք, տաճկերեն կարդալ-գրել չիմանալու պատճառով զոհ չգնային տաճիկ պաշտոնյաների քմահաճույքին:
Գևորգ կաթողիկոսից հետո միշտ էլ շարունակվել էր տաճկերենի ուսումը Ճեմարանում. վերջին ուսուցիչը եղել էր Հովսեփ Ճանիկյանը (հեղինակ «Հնութիւնք Ակնայ» օգտաշատ գրքի), որ ծերության պատճառով հրաժարվելով, տաճկերենի ուսումը թողել էր ինձ: Ինձնից հետո կարծեմ այլևս ուսուցիչ չճարվեց, և այդ առարկան դուրս մնաց:
Աշակերտները հավաքվեցին, ես նրանց 3 խմբի վերածեցի և որոշեցի օրերի և դասերի ժամերը: Այսպես սկսվեց իմ ուսուցչական խղճուկ դրությունը Ճեմարանում:
⁂
Էջմիածինը այն ժամանակ հայոց ազգային, քաղաքական, կրոնական, կրթական, դպրոցական մեծագույն կենտրոնն էր: Կաթողիկոսը իր Սինոդով և վանքի հարյուրավոր միաբաններով, եպիսկոպոսներով, վարդապետներով և քահանաներով, Էջմիածնի տպարանը` իր զանազան հրատարակություններով և «Արարատ» ամսագրի խմբագրությամբ, Ճեմարանը իր հարյուրավոր և հազարավոր ուսանողությամբ, շրջանավարտներով և ամեն կողմ ցրված ուսուցիչներով կազմում էին մի մեծ ամբողջություն:
Սակայն Էջմիածինը այն ժամանակ մի շատ ցավալի կետ ուներ. այդ տաճկահայ գաղթականների հարցն էր:
Երբ տաճիկ կառավարությունը իր տխմար քաղաքականությամբ սկսեց կոտորել հայերին, Հայաստանի արևելյան նահանգների խեղճ ժողովուրդը ուրիշ ելք չուներ, եթե ոչ փախչել Պարսկաստան և Կովկաս: Այս վերջինը ավելի հրապուրիչ էր, որովհետև ուներ ավելի բազմամարդ հայություն, լուսամիտ պետություն, հարուստ հայեր և մանավանդ որ կաթողիկոսն էլ (Խրիմյան Հայրիկը) վանեցի, այսինքն՝ տաճկահայ էր:
Երբ փախստականների տասնյակ հազարավոր բազմությունը թափվեց Կովկաս և հատկապես Էջմիածնի գավառը, բնականաբար Կաթողիկոսը չէր կարող անտարբեր մնալ հանդեպ նրանց դժբախտ կացության: Էջմիածինը ամեն միջոց գործադրեց ըստ կարելվույն դեղ, ապրուստ և պաշտոն հայթայթելու համար այդ դժբախտներին: Տաճկահայերը իբրև ավելի նախաձեռնող, աշխատասեր, ընդունակ և մանավանդ չարքաշ ժողովուրդ, դիմագրավելով ամեն դժվարություն, իրենց համար աշխատեցին լավ դիրք ստեղծել: Սկսվեց տնտեսական պայքարը բնիկ տեղացիների և նորեկ գաղթականների միջև: Շատ ասպարեզներում այս վերջինները հաղթող հանդիսացան: Այսպես սկսվեց ատելությունը երկու տարրերի միջև: Տաճկահայ բառը ավելի ատելի և նախատական դարձավ: Մինչև անգամ ամուսնական խնամություններ դադարեցին երկուսի միջև և ամբողջ Կովկասը, մանավանդ Արարատյան նահանգը, բռնված էր փոխադարձ ատելությամբ, արհամարհանքով և կռվով: Բուն Էջմիածնի վանքն էլ ասպարեզ էր դարձել այդպիսի կռվի, որովհետև Կաթողիկոսն էլ շրջապատել էր իրեն իր վանեցի ազգականներով:
Ավելորդ եմ համարում երկար խոսել այս դժբախտ հարցի շուրջը, որ տարիներ տևեց: Ես էլ այդ դժբախտների կարգն էի ընկած: Ոչ միայն հարգանք, սեր և գնահատություն, այլ նույնիսկ քաջալերություն կամ սովորական բարեկամական վերաբերմունք չկար իմ մասին Ճեմարանի ուսուցչական կազմի և վանքի միաբանության մեջ: Բոլորն էլ արհամարհում էին ինձ:
Վերևում տեսանք Ճեմարանի տեսուչ Կարապետ Կոստանյանի պարսավելի վերաբերմունքը դեպի ինձ:
Կարապետ Կոստանյանը համարվում էր Կովկասում ոչ միայն իբրև կատարյալ ազգասեր, եկեղեցասեր, այլև նույնիսկ ուսումնական և գերազանց հայագետ անձնավորություն: Իր հանդիսավոր, լուրջ վերաբերմունքը արտաքուստ, խոսակցության մեջ պահած ծանրաբարո դիրքը, իր հրապարակած մի քանի երկրորդական արժեք ունեցող տետրակները ստեղծել էին նրա մասին մեծ անունը: Իրականում նա խոժոռ, անհրապույր, դաժան մարդ էր, որի գիտական հմտությունն էլ մեծ հարցականի տակ էր: Իր ծաղրանունը դրել էին «Սուլթան Համիդ», և իրոք իր համիդական գազանաբարո վերաբերմունքը ցույց էր տալիս հանդեպ բոլոր աշակերտների և ուսուցչության, ո՜ւր մնաց թե ինձ: Ոչ մի մանկավարժական ժողովի, ոչ մի ուսուցչական խորհրդակցության, նույնիսկ ոչ մի աշակերտական հավաքույթի չէի հրավիրվում ես:
Այդ բոլորը բացատրում էին իբր թե նրանով, որ ես տաճկահպատակ էի և ռուսական կառավարությունը չէր թույլատրում օտարահպատակներին որևէ ուսուցչական պաշտոն, բացի տաճկերենից և ֆրանսերենից: Մի խոսքով ես ապօրինի ուսուցիչ էի:
Շատ տարիներ հետո (1952 թ. մայիս) լսեցի, որ մեր Ակադեմիայի ասպիրանտներից մեկը՝ պրպտելով արխիվները, գտել է, որ Կոստանյանը ցարական լրտես է եղել Էջմիածնի վրա: Անհավատալի՞ ճշմարտություն:
Այժմ տեսնենք ուրիշ ուսուցիչների վերաբերմունքը դեպի ինձ:
Առաջին անձը, որ մոտեցավ ինձ և հարգանքի խոսք ասաց, հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանն էր: Իր անունը ես լսել էի Կարինում, Սանասարյան վարժարանում, ուր կարդացել էի նաև իր մի խումբ մանկավարժական տետրակները: Առաջին անգամ, երբ բարձրացա Ճեմարանի սանդուղքների գլուխը, տեսա, որ ցածրից բարձրանում է նաև Սեդրակ Մանդինյանը: Ես մի կողմ քաշվեցի հարգանքով և տեղ տվի նրան: Մանդինյանը մոտեցավ ինձ և ձեռք երկարելով, ասաց այս անմոռանալի, փայփայիչ խոսքերը.
– Ձեր անունը ձեզնից առաջ եկել էր Էջմիածին: Կարդացի «Արարատ» ամսագրում ձեր հոդվածը վրացերենի ձայնաբանության մասին հայերենից փոխառյալ բառերի մեջ: Այդ ինչքան լավ վրացերեն գիտեք դուք: Ես իբրև տփղիսեցի, լավ վրացերեն գիտեմ, բայց ձեր հիշած բառերից շատ շատերը անծանոթ էին ինձ:
Ես պատասխանեցի, թե իմ վրացերենի գիտությունը շատ չափավոր է, և ես այդ բոլոր բառերը քաղել եմ Չուբինովի վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն բառարանից:
Մենք բարեկամացանք իրար հետ, և նա հրավիրեց ինձ իր տունը, որ Ճեմարանի դիմացն էր։ Ես մի երեկո գնացի նրա մոտ և ծանոթացա նրա կնոջ և իր գեղեցիկ աղջկա հետ: Ծանոթացա նաև իր քենեկալ Ստեփանոս Կանայանի հետ, որ Ճեմարանում պատմության ուսուցիչ էր. գուցե ծանոթացա նաև ուրիշների հետ էլ, որոնց չեմ հիշում: Մանդինյանի գեղեցիկ աղջիկը հետո ամուսնացավ ակնաբույժ Հայկ Կանայանի հետ և Երևանում 1920-ական թվականներին չարաչար տանջանքներով մեռավ, որովհետև բժիշկները չէին կարողացել որոշել իր հիվանդությունը: Մանդինյանի փոքր տղան, որի անունը չեմ հիշում, տեսա Թավրիզում 1920 թվականին: Նշանավոր ինժեներ էր և «Լուսաչափ» անունով մի գործիք էր հնարել: Հայտնի է, որ կան ճիշտ գործիքներ տաքությունը չափելու (ջերմաչափ), խոնավությունը չափելու (խոնավաչափ), կաթի պարարտության քանակը չափելու (սերաչափ) և այլն, բայց լույս չափելու գործիք չկա: Ահա այդ գործիքն էր, որ հնարել էր ինժեներ Մանդինյանը: Մտնում ես մի սենյակ, բռնում ես ձեռքիդ այդ գործիքը, և նա ցույց է տալիս սենյակի լույսի և մութի քանակությունը: Գործիքը հնարել էր, բայց պատրաստել չէր կարող. եթե նկարը ուղարկեր եվրոպական որևէ գործարան, գաղտնիքը կգողանային և իրենց անունով կվաճառեին:
Պարսկաստանում այդպիսի գործիք շինելու մասին ավելորդ էր մտածել: Ուստի, երբ ես պատրաստվեցի գալ Երևան 1923 թվականին, նա խնդրեց ինձ, որ ես խոսեմ ընկեր Լուկաշինի հետ հայտնեմ, թե Մանդինյանը պատրաստ է նվիրել այդ գործիքը Հայաստանի կառավարության: Ես իմ խոստումը կատարեցի, բայց նրա շարունակության մասին ոչինչ չգիտեմ և չեմ լսած որևէ լուսաչափ գործիքի մասին մի բան:
Երկրորդ ուսուցիչը, որի հետ բարեկամացա և հետագայում լավ մտերմացա, Ստեփանոս Կանայանն էր, Մանդինյանի քենեկալը և Ճեմարանի հայ և ընդհանուր պատմության ուսուցիչը:
Չափազանց բարի, կատակախոս, զվարճասեր, միամիտ և ընկերական մարդ էր նա: Պատանի ժամանակ Հայ-Արմեն ծածկանունով ոտանավորներ էր գրել Զմյուռնիայի «Արևելյան մամուլ» ամսագրում: Բայց այնուհետև գրական գործունեություն չէր ցույց տված։ Շատ էր աշխատում, բայց իր աշխատանքը ամուլ մնաց:
Կյանքի վերջին շրջանում հրատարակեց մի քանի ազգագրական և աշխարհագրական գործեր, որոնցից գլխավորն է «Ջոջանց տունը»։
Առհասարակ դժվար է կարդալ նրա գործերը, որովհետև շարունակ թափառում է նյութից նյութ և մեկի վրա կենտրոնանալ չգիտե:
Ուրիշ ուսուցիչների մասին շատ բան չունեմ ասելու:
Մանուկ Աբեղյանը, որի հետ ընկերացել էի Փարիզում, և որ հայագետի մեծ հռչակ էր վայելում Ճեմարանում, ոչ մի մտերմություն ցույց չտվեց ինձ Էջմիածնում: Համառ և ինքնահավան մարդ էր: Իրենից դուրս ոչ մեկին չէր ճանաչում: Սարսափելի ատեցող էր տաճկահայերին և մանավանդ Վենետիկի և Վիեննայի միաբաններին: Տաճկահայերից հավանում էր միայն երկու հոգու. Պարոնյանին, որովհետև ծաղրել էր պոլսեցիներին, և Գարեգին վարդապետ Սրվանձտյանին, որովհետև հայտնաբերել էր Սասունցի Դավթի վեպը: Ոչ մի տաճկահայ հեղինակի չէր սիրում, նույնիսկ Դուրյանին: Բոլորը խոնարհվում էին Աբեղյանի առաջ և համարում էին նրան անգերազանցելի հայագետ: Ինքը քարոզեց մտցնել արևելյան հայերենում անշունչի և շնչավորի տարբերությունը (նրա ոտքը, էնոր ոտքը), ածականի վերացումը, սեռականի ջնջումը և վերջապես ուղղագրության փոփոխությունը, որ 1912 թվականին հայտարարեց, ազգը մերժեց, իսկ 1920 թվականին ընդունվեց Խորհրդային իշխանության կողմից և սակայն 20 տարի հետո, 1940 թվականին նրա կեսից ավելին մերժվեց և այլն: Էջմիածնում եղած ժամանակս ոչ մի օր չհրավիրեց ինձ իր մոտ, այնպես որ չգիտեմ, թե ուր էր ապրում: Երբ Երևանում, Համալսարանում դասախոս եղա, բնականաբար ընկերական հարաբերություններ մշակում էինք, և ես միշտ չափազանց հարգանքով էի վերաբերվում դեպի նա, իսկ նա իմ այնքան բազմաթիվ աշխատանքների մասին ոչ մի գովասանական կամ քաջալերական խոսք չի ասել:
Կողմնակի աղբյուրներից լսել եմ միայն, թե նա իմ մասին կառավարության հայտնել է հետևյալը. «Աճառյանի պես մարդ հարյուր տարվա մեջ մի անգամ չի ծնվի. չափազանց աշխատասեր, անշահախնդիր, փող չսիրող մարդ է. քամեցեք որքան կարող եք. պատրաստ է և կարող է կատարել ամեն ինչ, որ պահանջեք»:
Գուցե ավելի հետո էլի առիթ կունենամ խոսելու իր մասին։
Չորրորդ սիրելի անձնավորությունն էր Կոմիտաս վարդապետը, որ ոչ միայն իբրև ազնիվ մարդ և գիտնական անձնավորություն, այլև իբրև հայրենակից, բարեկամացավ ինձ հետ: Նրա բնակարանը հին շենքումն էր. սենյակի դուռը և պատուհանները շղարշով պատած էին, որպեսզի ոչ մի ճանճ չմտնի և իր ձայնագրած էջերի վրա որևէ կետ չավելացնի: Երբ մեկը մտնում էր դռնից, իսկույն բղավում էր. «Դուռը, դուռը, դուռը»: Այդ նրա համար էր, որ մտնողը իսկույն փակեր դուռը, և ոչ մի ճանճ չմտներ: Էջմիածնի ճանճերի քանակությունը արդեն ամենքին հայտնի է:
Ահա իմ բոլոր հուշերը Կոմիտասի մասին։
Նա Քյոթահիացի (Կուտինա) էր, թրքախոս հայ: Պատանի ժամանակ լսելով, որ Էջմիածնում մի լավ դպրոց է բացվել, ոտաբոբիկ և առանց գրպանում կոպեկ ունենալու, ճանապարհ է ընկել Քյոթահիայից և մուրալով-կուրալով Էջմիածին է հասել: Ով էր թողնում ոտաբոբիկ տղային ներկայանալ Գևորգ Դ կաթողիկոսին։ Բայց նա մի կերպ սպրդում է ներս և մտնում է կաթողիկոսի սենյակը: Խոսում է թուրքերեն և ասում է. «Ես եկել եմ Ձեզ մոտ սովորելու»:
— Դու հայերեն չգիտե՞ս,— ասում է նրան կաթողիկոսը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ:
— Էրմենիջի բիլսե իդիմ, նի՞յե գելիր իդիմ (հայերեն եթե իմանայի, ինչի՞ պիտի գայի): Գելմիշիմ քի օյրենեյիմ (եկել եմ, որ սովորեմ):
Այս հանկարծական և համարձակ պատասխանի վրա կաթողիկոսը զարմացած և ուրախացած հարցնում է.
— Սեն թուրքի-մուրքի բիլի՞րսին (դու որևէ եղանակ երգել գիտե՞ս):
Սողոմոն Սողոմոնյանը (այս էր նրա աշխարհական անունը) սկսում է երգել մի թուրքական եղանակ. նրա ձայնի գեղեցկության և հմայքի վրա այնպես է հիանում կաթողիկոսը, որ իսկույն հրամայում է. «Շուտ, շուտ վերցրեք այս երեխային և տարեք Ճեմարանի աշակերտ գրեցեք»:
Այսպես է կատարվում Սողոմոնի ընդունելությունը: Շատ ընդունակ աշակերտ է դառնում, հատկապես առաջադիմում է երաժշտական արվեստի մեջ, ավարտում է Ճեմարանը և ուղարկվում է Գերմանիա (Բեռլին), երաժշտություն ուսանելու համար: Ավարտում է մեծ հաջողությամբ: Ավարտելուց հետո գերմանացիք առաջարկում են նրան օպերայի երգչի պաշտոն ամսական 1000 մարկ ռոճիկով: Կոմիտասը մերժում է, հայտնելով, թե ինքը վարդապետ է:
— Վարդապետն ի՞նչ բան է,— հարցնում են նրան:
— Վարդապետը Հայ Եկեղեցու կրոնական պաշտոնյա է:
— Է, կրոնական պաշտոնը ի՞նչ արգելք կարող է դառնալ օպերայում երգելու:
— Հայ Եկեղեցու օրենքով այդպիսի բան արգելված է:
Կոմիտասը դառնում է Էջմիածին և լինում է Ճեմարանի երգեցողության ուսուցիչ: Իր փառավոր գործունեությունը ամենքին հայտնի է: Ինքը եղավ հայ ազգային ժողովրդական երգի մասնագետը: Հիշում եմ, թե ինչպես մի տոնական օր Ճեմարանի դահլիճում, կաթողիկոսի, ուսուցչական կազմի, ուսանողության և ժողովրդի ներկայությամբ խոսեց ընդարձակ մի ճառ, որով ապացուցում էր շարականների 8 ձայների և գյուղական ժողովրդական երգերի նույնությունը: Մեջընդմեջ երգում էր մի կարգի ձայնի շարական, իր հիանալի գլգլոցով, որից անմիջապես հետո երգում էր մի հասարակ գյուղական երգ և նրանց նմանությունը բացատրում:
Այսպիսի հանդգնություն, այն էլ կաթողիկոսի ներկայությամբ, աններելի պիտի լիներ, բայց կաթողիկոսը, իբրև խելոք մարդ, լսեց ներողամտությամբ:
Մեր անհատական խոսակցության միջոցին Կոմիտաս վարդապետը հայտնեց ինձ հետևյալը:
— Մեր հայկական խազերի (ձայնանիշների) թիվը 50-ի է հասնում. այսքան նոտա չկա երգեցողության մեջ, որ միայն 7 ձայն գիտե: Ինչո՞ւ հայերը այսքան խազ են հնարել: Մեր բոլոր շարականները և երգեցողական գրքերը միօրինակ և միատեսակ ձայնագրությամբ են գրված, բայց ոչ մի բացատրություն չկա նրանց արժեքի մասին: Ես կարծում եմ, որ այս 50 խազերի մեծագույն մասը ներկայացնում է մի քանի նոտաների գումարը, օրինակ՝ այսինչ խազը ներկայացնում է դո, րե, մի, ֆա քառյակը միասին, կամ մի ուրիշ խազ նշանակում է ֆա, մի, րե, դո քառյակը:
Կոմիտասը հայտնեց նաև, որ 15 տարի ուսումնասիրել է հին հայոց ձայնագրությունը և վերջապես գաղտնիքը լուծել, այսինքն՝ թե այդ 50 խազերը ո՛ր ձայների գումարներն են:
Ինչպես հայտնի է, հայոց հին ձայնագրությունը նորոգեց Կոստանդնուպոլսում մի ոմն Բաբա Համբարձում. նա իր հնարած ձայնագրությունը տարածել էր նաև թուրքերի մեջ, որոնք այդ արվեստը կոչում էին «Բաբա Համբարձում նոթասը»: Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոսը առանձնապես սիրող լինելով երաժշտության, ուզեց Բաբա Համբարձումի արվեստը փոխադրել Էջմիածին և տարածել հայոց մեջ, բայց Բաբա Համբարձումը մեռել էր, մնում էր նրա աշակերտը՝ Նիկողայոս Թաշճյանը, որին հրավիրեց իր մոտ, Էջմիածին: Հրավիրեց նաև Կովկասի բոլոր երաժշտագետ տիրացուներին և քահանաներին, մինչև անգամ Ապարանի հետնյալ գյուղերի հայտնի քահանաներին: Այս բոլորից ժողով գումարելով, երգել էր տալիս յուրաքանչյուր շարականը, ինքն էլ նրանց հետ, որովհետև լավ երաժշտագետ էր և այսպիսով որոշելով ամենից հարազատ եղանակը, հրամայում էր Թաշճյանին գրի առնել: Թաշճյանը հին հայոց 50 խազերից որոշել էր 7 հատ ըստ պատահման և դրանցով կազմել էր հայ ձայնագրության նոր յոթնյակը՝ փո, է, վե, բե, խո, նե, պա․ այսինքն՝ դո, րե, մի, ֆա, սոլ, լա, սի: Այսպես պատրաստվեց նոր հայերեն ձայնագրությունը:
Ամբողջ Շարականը, Ժամագիրքը, Պատարագամատույցը, Խորհրդատետրը ձայնագրվեցին այս ոճով: Կաթողիկոսը ձուլել տվեց այս խազերը և Էջմիածնի տպարանում տպագրել տվեց բոլոր այս գրքերը: Նշանավոր է նրանց մեջ «Ձայնագրեալ Շարական»-ը, որ մեծադիր, խոշոր մի հատոր է և ժամանակին արժեր 80 ռուբլի:
Երկար տարիներ Կոմիտասը դասախոսեց Ճեմարանում հասցրեց շատ աշակերտներ: Ման գալով գավառից գավառ, ձայնագրեց 1001 ժողովրդական եղանակ, որոնք սկսեց հրատարակել առանձին տետրակներով՝ Մանուկ Աբեղյանի աշխատակցությամբ:
Այստեղ պետք է հիշել Կոմիտասի կազմած մի օպերետկան որի մասին կարծեմ, թե գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա:
Կոմիտաս վարդապետը այս ճյուղն էլ փորձելու համար վերցրեց Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» գրքից մի հատված՝ «Բարի իրիկուն, աղա» և ձայնագրեց: Սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբի աշակերտներին և մի հանդիսավոր օր, ժողովրդի ներկայությամբ ներկայացրեց: Օպերետկան դուր չեկավ. երևի հեղինակն էլ դժգոհ մնաց և ուրիշ անգամ նման փորձ չարավ:
Աբեղյանի հետ դժբախտաբար հրատարակեցին միայն 2 գրքույկ, որ է 100 երգ: Ինքը իբրև սիրահար երգերի, ձայնագրում էր ամեն մի նոր երգ, որ չէր լսած: Ինձնից ձայնագրեց պոլսահայ ժողովրդական երգերը և օրորոցի երգը, որ մայրս երգել էր իմ վրա: Հավաքեց նաև թուրքերեն երգերը: Երբ ես զարմանքով հարցրի, թե «Քեզ պես նշանավոր երգահանը ինչո՞ւ արժեք է տալիս թուրք այդպիսի հասարակ երգիչների երգերին», նա պատասխանեց, թե «Դրանք բնածին հանճարներ են և նրանց աշխատանքը նույնպես պետք է արձանագրել»:
Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը. իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել․ Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա՜յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Կոմիտասը թեև եվրոպական ձայնագրության մասնագետ էր, բայց հաճախ նկատում էի, որ գրում է Թաշճյանի ձայնագրությամբ: Հարցրի, թե «Մի՞թե հայկական ձայնագրությունը առավել է եվրոպականից, որ դուք գերադասում եք»: Պատասխանեց, թե «Եվրոպական ձայնագրությունը պահանջում է անպատճառ հինգ տողանի թուղթ, իսկ հայկականը որևէ թղթի կտորի վրա կարելի է գրել: Այդ է պատճառը, որ ես հաճախ գրում եմ հայկականով»:
Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, և որովհետև ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի` Բաղդասար աղբարի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են անում: Մենք տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցրել: Ընկերները շատ էին ծիծաղում և հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը։
Բնավորությամբ, իհարկե արտաքուստ, շատ թեթև էր Կոմիտասը: Այդպես են լինում առհասարակ կոստանդնուպոլսեցիք և դրա համար էլ Կովկասում համարվել են «թեթևամիտ»: Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած։ Ամառվա արձակուրդի ժամանակն էր. Ճեմարանի մեծ մասը դռան առաջ, փոքրիկ պատշգամբում նստած էինք երկուսս։ Քիչ հեռու, պարտեզում, ուսանողները խաղում էին: Նրանք կազմեցին հանկարծ սովորական մի քառաձայն երգ. «Բիմ, բամ, բում. զանգակները զնգում են»: Բայց քառաձայնը այնպիսի ժխորի վերածվեց, որ Կոմիտասը թռավ տեղից, ահարկու ձայնով սկսեց գոռալ և պահանջեց, որ լռեն:
Ես հետևը կանգնած դիտում էի նրան. մինչև ականջները սոսկալի կարմրել էր, քունքի երակները ուռել էին. սարսափեցի և վախեցա, թե սիրտը հանկարծ չպայթի: Ուսանողները նույնպես սարսափեցին նրա ահարկու ձայնից և ցրվեցին: Կոմիտասը նստեց և երկար ժամանակ լուռ էր:
Վարդապետները Էջմիածնում հագնում են սև ֆարաջա, ֆարաջայի տակից հագնում են անպատճառ աշխարհականի սև շալվար: Կոմիտասը հաճախ այդ սև շալվարը չէր հագնում և դուրս էր գալիս միայն տակի սպիտակեղենով, որ ծածկված էր ֆարաջով:
Ընկերները, որ գիտեին այդ բանը, քաշում էին ֆարաջան և Կոմիտասը երեխայական միամտությամբ ճչում, պպզում և ծածկվում էր:
Առատ մորուք չուներ. քոսակ էր և այդ շատ անհարմար էր իր աստիճանին: Ականջների մազերը չէր կտրում և սսուկը չէր մաքրում, ասելով, թե նրանք բնության կողմից տրված միջոցներ են լսողությունը արտաքին վտանգներից պաշտպանելու համար: Քնած միջոցին բարձ չէր դնում գլխի տակ և վերմակը մի սավան էր միայն:
Մի անգամ նա ճանապարհորդության դուրս եկավ դեպի Գերմանիա: Ես խնդրեցի, որ ամեն մի քաղաքից ուղարկի նկարազարդ մի բաց նամակ իմ կազմած ալբոմի համար: Զանազան քաղաքներից ստացա 7 այդպիսի բաց նամակ, որոնց վրա գրված էր լինում. «Սիրելի Հրաչյա, Վիեննա հասա». հետո թվականը և «Կոմիտաս վարդապետ»: Շատ տարիներ հետո այդ բաց նամակները ստացավ ինձանից Ռուբեն Թերլեմեզյանը, որ կազմում էր Կոմիտաս վարդապետի կենսագրությունը:
Թե ինչո՞ւ հեռացավ Կոմիտասը Էջմիածնից՝ այդ մասին ոչինչ չգիտեմ: Գնաց Կոստանդնուպոլիս և այնտեղ տարածեց հայ ժողովրդական երգը: Ինչպես հայտնի է, Կոստանդնուպոլսի հայոց ազգային երգերը բոլորն էլ ժողովրդական եղանակներից սարքած բաներ են: Ժողովուրդը լսելով զուտ հայկական երգերը, սիրեց դրանք և այսպիսով Կոմիտասի երգերը ընդհանուր տարածում ստացան Կոստանդնուպոլսում: Սա էլ մի տեսակ ազգային շարժում էր։
Լսել եմ, թե Բուլղարիայի թագավորը, լսելով Կոմիտասի համբավը, հրավիրել է նրան Բուլղարիա և խնդրել, որ հավաքի բուլղար ժողովրդական ազգային երգերը: Կոմիտասը կատարել է նրա խնդիրքը: Նույնը լսելով Սերբիայի թագավորը, հրավիրել է Կոմիտասին Սերբիա նույն նպատակով: Բայց չգիտեմ, թե Կոմիտասը կատարե՞լ է այդ խնդիրքը: Կոմիտասը Ֆրանսիա էլ գնաց և այնտեղ Փարիզում նշանավոր դասախոսություններ կարդաց հայկական երաժշտության մասին, միաժամանակ երգելով և նվագելով:
Նշանավոր մի երաժշտագետ, ծերունազարդ մի անձ, ֆրանսիացի, լսելով, որ նա վարդապետ է, բեմ է բարձրանում և նրա ձեռքը բռնելով՝ խոնարհությամբ համբուրում է: Կոմիտասը գրկում է նրան և ողջագուրում հասարակության բուռն ծափահարության տակ:
Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը երեք տարբեր ձևով են բացատրում: Առաջին այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է:
Երկրորդ՝ պատմում են, թե նա սիրահարվել է մի ազնվատոհմ տիկնոջ, թերևս օտարազգի, և այդ անհուսալի սիրո պատճառով գժվել է:
Երրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց:
Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը:
1925—1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության։ Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել:
Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում:
Հինգերորդ անձնավորությունը, որի հետ ես մտերմացել էի Էջմիածնում, եղավ Գալուստ սարկավագ Տեր-Մկրտչյանը: Նա Ախալցխայի Ծղրուտ գյուղից էր: Սովորում էր Փարիզում հասարակական գիտություններ: Վարակվում է վատանուն ախտով և զգալով իր ցավալի վախճանը, շտապում է Էջմիածին, դիմում է տալիս և ընդունվում միաբանության մեջ: Ստանում է 4 աստիճան (դպիր), բայց ընդհանրապես կոչում էին սարկավագ: Դպրի աստիճանը մեծ բան չէ, բայց ի նկատի ունենալով նրա գործունեությունը, Խրիմյանը հրամայում է տալ նրան իսկական վարդապետ միաբանի բոլոր իրավունքները՝ բնակարան, սնունդ, վառելիք և ռոճիկ:
Որովհետև հասարակական գիտությունները արժեք չունեին վանքի պայմաններում, ուստի թողնում է այդ բոլորը և նվիրվում հայկական բանասիրության: Միաբան ծածկանունով նա հրատարակեց բազմաթիվ հոդվածներ և առանձին գրքեր, որոնք իրոք շատ մեծ արժեք ունեն հայ բանասիրության մեջ:
Միաբանների բնակարանները երկու շարք են կազմում. հին շենք և նոր շենք: Նոր շենքի բնակարանները 2 մուտք ունեն. մեկը առջևից, որ տանում է ցածրի հարկը, ընդամենը 2 սենյակ, մյուսը հետևից, որ սանդուղքով բարձրանում է երկրորդ հարկը և ունի նույնպես 2 լուսավետ սենյակ, մի խոհանոցով:
Իմ բնակարանը № 1 ներքևի 2 սենյակն էր, իսկ նրա վերևը բնակվում էր Գալուստ սարկավագը: Իբրև հմուտ բանասերի, ես ծանոթացա նրա հետ և շուտով մեր ծանոթությունը վերածվեց մտերմության: Կաթվածահար էր եղած, կեսից ներքև մարմինը չէր գործում, իսկ կեսից վեր առողջ էր. ազատ խոսում, գրում էր, բայց քայլել չէր կարող: Քնելու համար, երբ պետք էր լինում գնալ մյուս սենյակը, իր ծառան գալիս գրկում էր նրան և մեծ դժվարությամբ տանում գցում մյուս սենյակի անկողնի վրա:
Համարյա ամեն օր բարձրանում էի իր մոտ, և ունենում էինք երկար խոսակցություն հայագիտական հարցերի շուրջը: Միակ անձն էր Էջմիածնի միաբանության մեջ, որ իրավունք ուներ ձեռագրեր բերել տալու իր բնակարանը: Ինքը հրատարակեց, ի միջի այլոց, «Վկայք Արևելից» նշանավոր գործը, որ թարգմանված է Ե դարում ասորերենից և գրված է սքանչելի մեսրոպյան հայերենով: Ինչպես ամբողջ Կովկասում, նույնպես և Էջմիածնում մեսրոպյան հայերենի գաղափարը անծանոթ էր, բայց միաբանը իբրև լուսամիտ մարդ, ընդունել էր այդ գաղափարը, և որովհետև գործնականապես ծանոթ չէր, ուստի ինձ տվեց ձեռագիրը, որպեսզի կարդամ և հետևեմ, թե մեսրոպյան հայերենի սխալներ կա՞ն։ Երբ ես Էջմիածնի 4000 ձեռագրերը հետազոտելու ժամանակ գտա Եզնիկը (№ 1111), ինքն էլ շատ ուրախացավ այդ գյուտի մասին, որովհետև նախապես ինձ ասել էր, թե Եզնիկի անունով ինչ-որ ձեռագիր ունենք Մատենադարանում: Իմ գիրքը («Քննութիւն և համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին») տպվեց Վիեննայում և առաջաբանում խոսում եմ այդ գյուտի մասին: Ես ու Միաբանը «միասին աշխատեցինք» այդ գործի վրա, բայց իր մասնակցությունը եղավ միայն այն, որ ձեռագրի և տպագրի տարբերությունների համեմատությունը միասին կատարեցինք: Գրքի մնացյալ բոլոր գլուխները միայն իմ գրչի արդյունքն էին:
Շատ մեծ անակնկալ եղավ վանքում, երբ երկու երիտասարդ գիտնականներ՝ Հակոբ Մանանդյան և Սիրական Տիգրանյան հրավիրվեցին Ճեմարանի ուսուցիչ: Մանանդյանը ախալցխացի էր, հայրը անտառապետ էր, բայց վաղաժամ մեռնելով, Մանանդյանը իր եղբոր և քրոջ հետ որբ են մնում: Այրի մայրը մեծ դժվարությամբ, միայն պետությունից ստացած կենսաթոշակով պահում և մեծացնում է որդիներին: Հակոբ Մանանդյանը, ավարտելով ռուսաց գիմնազիան (հայկական կրթություն չէր ստացել), Մանթաշյանի թոշակով գնում է Գերմանիա և սովորում է լեզվաբանություն։ Լավ տիրապետում էր 3 եվրոպական լեզուների և ռուսերենի: Գրելու մեջ եթե լավ հաջողակ չէր, ընդհակառակը, խոսելու մեջ շատ հաջողակ էր: Բարձրաձայն, լավ մտածված և գեղեցիկ առոգանությամբ հանպատրաստից ճառեր էր խոսում հայերեն և ռուսերեն: Ունենալով վայելուչ արտաքին և բարձր հասակ, շատերին սիրելի դարձավ: Ինքը ասաց ինձ, թե «Լեզվաբանությունը այնքան շուտ-շուտ էր փոխվում, որ ես մտածեցի, թե մինչև Հայաստան գնամ, ճանապարհին արդեն փոխված կլինի... ուստի հրաժարվեցի լեզվաբանությունից և առանձնացա միայն պատմության մեջ, որին հետևեց նաև բանասիրությունը»: Էջմիածին եկավ նա վարդապետ դառնալու նպատակով: Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով, ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը: Այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միաբանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից։ Նա մնաց Ճեմարանի ուսուցիչ: Ավելի ուշ, երբ ցարական պայմանները ավելի խստացան, նա թողեց ուսուցչությունը, գնաց Ռուսաստան և իրավաբանական ֆակուլտետը ավարտելով՝ դարձավ իրավաբան. մի արվեստ, որ իր ճարտարախոս լեզվին շատ հարմար էր։ Այդ ժամանակ հաստատվեց Բաքվում և իրավաբանների շարքում նշանավոր դարձավ: Խորհրդային իշխանությունը հաստատվելուց հետո եկավ Երևան, եղավ համալսարանի վարիչներից մեկը. Երևանում էլ մնաց մինչև իր մահը: Իր գրական գործերը բավական մեծ թիվ են կազմում, որոնցից կարևորագույնն է «Հայոց պատմություն»-ը, որ կիսատ մնաց: Նշանավոր է նաև իր այն տեսությունը, թե Խորենացին Թ դարի հեղինակ է: Ոչ ոք չընդունեց իր այս կարծիքը և կարծեմ, թե կյանքի վերջում ինքն էլ համոզվել էր, թե սխալ է դատում: Առիթներ կունենանք դեռ խոսելու իր մասին:
Սիրական Տիգրանյանը հարուստ ընտանիքի զավակ էր, նույնպես ռուսական կրթություն էր ստացել և ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը: Հրաժարվելով իր հարուստ ծնողների և եղբայրների շրջանից, մտել էր ուսուցչական ասպարեզը և ճիշտ Մանանդյանի նման եկել էր Էջմիածին վարդապետ լինելու, բայց ճիշտ նրա նման տեսնելով վանքի դրությունը, հրաժարվեց իր մտքից:
Մենք երեքս՝ Մանանդյան, Տիգրանյան և Աճառյան, ոչ միայն իբրև ազատամիտ երիտասարդներ, այլև իբրև հայագիտության սիրահար անձեր, շատ մտերիմ ընկերներ դարձանք: Մանանդյանը պատմաբան և բանասեր լինելով՝ ինձ ավելի մոտիկ էր: Երբ առաջին անգամ տեսա նրան, ես հայտնեցի իրեն, թե կազմում եմ հին հայոց կուլտուրայի պատմությունը, պրպտելով և ոստիկանի նման հետախուզելով հին հայոց ամբողջ գրականությունը, նյութեր գտնելու համար: Մանանդյանը հայտնեց, թե ինքն էլ է նույն աշխատությունը կազմում և հարցրեց, թե հույն աղբյուրները ուսումնասիրե՞լ եմ: Ես պատասխանեցի, թե ոչ։ Նա ասաց. «Ես հույն աղբյուրները արդեն ուսումնասիրել եմ և այժմ էլ ուսումնասիրում եմ հայկական աղբյուրները»: Լսելով այս խոսքը և խոնարհվելով իր հունագիտության առաջ՝ ես գնացի սենյակ և իմ ամբողջ աշխատանքը այրեցի:
Ցավում եմ իմ այդ անմտության վրա, որովհետև ոչ միայն Մանանդյանը, այլև ուրիշ ոչ ոք չկազմեց այդպիսի աշխատություն: Մինչև այսօր էլ (1952 թ. հունիս) իմ իդեալն է մնացել այդ գեղեցիկ աշխատությունը, որ գրել առաջարկել եմ շատերին, բայց ոչ ոք էլ չի գրել: Ահա իմ համառոտ ծրագիրը այդ մասին.
Ա․ Բնակարան. ի՞նչպես էին շինում հին հայերը իրենց տունը, միահա՞րկ թե երկհարկանի, սենյակների դիրքը, ներքին կարգավորությունը, պատուհաններ, լուսամուտ և երդիկ, լուսիջույց և այլն:
Բ. Հագուստ. հայկական տարազի տեսակները, արական և կանացի շորեր, գլխարկ և կոշիկ:
Գ. Ուտելիք. սեղան և ամանեղեն, կերակրի տեսակներ, հացի պատրաստություն, խմիչքներ, գինի և գարեջուր:
Դ. Ընկերական կյանք. արհեստներ, խանութ և վաճառատուն, շուկա, առևտուր և դրամի տեսակներ, դպրոց, ուսուցիչներ և ուսում, գրելու արվեստը, չափ և կշիռ, տոներ և տոնախմբություն, բարևելու ձևեր, նամակագրություն, ամուսնական կապեր:
Ե. Պետություն. թագավոր, նախարարներ, պաշտոնեություն, օրենք և դատաստան, դատական մարմիններ, պատժական օրինագիրքը, Դատաստանագիրք, իշխանավորների, ազնվականների, գյուղացիների փոխադարձ հարաբերությունները և իրավունքները:
Զ. Զինվորական իշխանություն. զորք և բանակ, զենքի տեսակներ, ռազմագիտություն, պատերազմ վարելու ձևերը, զինվորական համազգեստ, պատվանշան, բերդ և ամրոց, պահակատուն, սահմանապահ զորք, զինվորական աստիճաններ:
Է․ Կրոն. Հին հայոց հեթանոսական կրոնը, 7 բնիկ աստվածներ (Արամազդ, Անահիտ, Նանե, Աստղիկ, Միհր, Վահագն և Տյուր), 8-րդ օտար աստվածություն (Բարշամինա). մեհյան, քրմական աստիճաններ, զոհաբերություն:
Վենետիկի միաբաններից Հ․ Վ․ Հացունին կազմել է մի քանի սքանչելի աշխատություններ, որոնք մենագրություններ են այս կամ այն հարցի վերաբերյալ. ինչպես՝ հին հայոց տարազը, երդումը հին հայոց մեջ, հայոց դրոշակը, կերակուրը և խնջույքները, մանկավարժությունը հին հայոց մեջ և այլն:
Սիրական Տիգրանյանը նվիրվեց հայոց եկեղեցական օրենքի ուսումնասիրության գործին, բայց գրաբար չիմանալով, շատ էր դժվարանում: Հրատարակեց մի քանի գործեր, որոնցից մեծագույնն է իր մի ապակետիպ աշխատությունը, որ հրատարակեց մեր պետական համալսարանում 1920-ական թվականներին:
Մնացյալ ծանոթներիս մասին շատ երկար կլինի խոսել: Գլուխս լիքն է հիշողություններով, որոնք թղթի վրա դնել շատ երկար կլիներ: Կտանեմ ինձ մոտ: Բայց այստեղ պետք է խոսեմ երկու չար անձնավորությունների մասին, որոնց հետ դժբախտություն ունեցա ծանոթանալու Էջմիածնում:
Առաջինն է Սեթ Հարությունյան – նոր-նախիջևանցի, Կարապետ Կոստանյանի աշակերտներից, հայկաբան, ուսուցիչ գրաբարի՝ Ճեմարանում: Ասում էին, թե լավ գրաբար գիտեր, բայց իր գրաբարագիտությունը միայն հին վարժապետների ձևով էր: Նա ոչ լեզվաբան էր և ոչ էլ բանասեր: Նա գրաբար գիտեր իբրև գրաբարագետ: Աբեղյանը մի օր հայտնեց ինձ, թե իր աշակերտների գրած գրաբար շարադրությունները սրբագրելու համար տալիս էր Սեթին առանձին վճարով. որովհետև, ասում էր նա, ինքը գործնական վարժություն չունի գրաբար սրբագրելու, իսկ Սեթը վարժված էր: Այս վերջին կետը, թե Աբեղյանը մեսրոպյան գրաբարը լավ չէր ընդունում, դժբախտաբար հաստատվեց հետևյալ հետաքրքիր միջադեպով: Մեր համալսարանում վրացի երիտասարդ Իլյա Աբուլաձեն սովորեց ինձ մոտ հայոց լեզվի պատմություն: Ավարտելուց հետո գնաց Թիֆլիս և աշխարհաբար լեզվով մի նամակ գրեց ինձ. նամակը ցույց տվի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանին, հիացավ, թե ինչպես վրացին կարող է այսքան հայերեն իմանալ: Ես ասացի, թե նա գրաբար էլ գիտե: Խնդրեց, որ դիմեմ իրեն և մի հատ էլ գրաբար նամակ խնդրեմ, որ գրի: Ստացա մի բաց նամակ գրաբար լեզվով. կարդաց ռեկտորը և ավելի հիացավ. մեր ընկերներից շատերին ցույց տվեցի նույն նամակը, ամենքն էլ զարմացան և ուրախացան: Ցույց տվի նաև Աբեղյանին, որ նույնպես ուրախացավ. ես ասացի, թե մեջը 2 սխալ կա, և սխալները ցույց տվեցի, նա արդարացրեց դրանք:
Սեթ Հարությունյանը գրական գործ չունի: Նա միայն աշխատակից եղավ Մանուկ Աբեղյանին Խորենացու հրատարակության գործում: Բայց Աբեղյանը ինձ հայտնեց 20-ական թվականներին Երևանում, թե Սեթը իրեն ոչ մի օգնություն չի մատուցել, այլ իր ծուլությամբ և անպարտաճանաչությամբ երկարաձգել էր գործի հրատարակությունը։ Այդ պատճառով էլ ես իմ Արմատական բառարանի 7-րդ հատորում (էջ 44) իրավունք եմ համարել Խորենացու հրատարակության առթիվ ասել. «Մ. Աբեղեան, անուանապէս նաև Ս. Յարութիւնեան»:
Մի ուրիշ մանր զվարճալի կետ էլ: Մի անգամ մի նամակ էի գրել Երևան, դեղագործ Արշակ Հակոբյանի անունով, որի հետ շատ մտերիմ բարեկամ էի դարձել: Ծրարի վրա գրեցի ռուսերեն Эривань, Аршаку Акопяну, аптекар, բայց չգիտեի, թե аптекар բառի վերջում պետք է գրել Ь, թե Ъ: Գնացի Ճեմարան, ուսուցչական սենյակը, ուր միայն 2 հոգի կային, Ստեփան Կանայանը և Սեթ Հարությունյանը: Ես դիմեցի Կանայանին, իբրև իմ մտերիմ բարեկամին և հարցրի, թե аптекар բառի ծայրին Ь պիտի դնե՞մ, թե Ъ: Կանայանը մտածեց ի զարմանս իմ և հայտնեց, թե չգիտեմ, և նա դիմեց Սեթին նույն հարցով. Սեթը պատասխանեց.
«Ի՞նչ կարիք կա այդպիսի բաների, р-ի մոտ մի միջակետ դրեք իբրև համառոտագրության նշան և բավական է»:
Սեթը իմ դեմ մի պամֆլետ գրեց «Նոր դար»-ում, սրա մասին հետո: Ավելի զվարճալի մի տեսարան ևս: Սեթը մի օր իր ծառային հրամայում է գնալ շուկա և գնել 10 ձու: Ծառան վերադառնում է և ձվերը բերում: Սեթը, որ սարսափելի ժլատ մարդ էր, բարկանում է ծառայի վրա, թե ինչո՞ւ այդքան փոքր ձվեր է առել: Նա ուներ ձու առնելու մի օղակ. բոլորը փորձում է, և բոլոր ձվերը օղակից անցնում են. հրամայում է ծառային նորից գնալ շուկա օղակով և փոքր ձվերը հետ տալով, խոշորները վերցնել: Ծառան հրաժարվում է. այն ժամանակ Սեթը ինքը թաշկինակի մեջ 10 ձու և օղակը ձեռքին, անձամբ գնում է շուկա: Այդ միջոցին Էջմիածնի հրապարակում տեռոր էր տեղի ունեցել, Երևանի Գուբեռնատորի վրա ատրճանակ էին արձակել, ոստիկանությունը թափվել էր դուրս՝ տեռորիստին բռնելու համար։ Ժողովուրդը փախել էր, ոստիկանները տեսնում են միայն Սեթին թաշկինակի մեջ ձվեր և ձեռքին օղակ: Բռնում են նրան և ոստիկանատուն տանում: Հարցնում են այնտեղ, թե ի՞նչ գործ ունեիր հրապարակում։ Սեթը կմկմալով և ամաչելով՝ օղակի պատմությունն է անում: Իհարկե չեն հավատում, վեց ամիս նստում է բանտում, մինչև կարողանում է ապացուցանել իրողությունը:
Ես ոչ մի կապ չեմ ունեցել Սեթի հետ. չգիտեմ ինչո՞ւ, միայն մի անգամ եղել եմ նրա տանը: Պոռպռուն ձայնով մի կին ուներ՝ իգդիրցի և մի աղջիկ, իսկական գաճաճ, որի անունն էր Սեթանուշ: Երբ ես հրատարակում էի իմ Արմատական բառարանը, մի օր ինձ մոտ եկավ մի տարիքոտ կին: Ինքը հայտնեց, որ Սեթ Հարությունյանի կինն է և խնդրեց իր ամուսնուն բաժանորդ գրել։ Զարմացա մնացի. Սեթը գիրք կարդա և այն էլ Աճառյանի՞ գիրքը: Ականջիս չէի հավատում: Ստիպված էի մերժել, որովհետև ռեկտորի հրամանով բաժանորդագրությունը փակված էր:
Երկրորդ չար, ավելի շուտ ողորմելի անձնավորությունը Բագրատ Խալաթյանն էր: Նա հրավիրվել էր Ճեմարան իբրև ուսուցիչ ռուս գրականության: Հայերեն գիտեր, բայց շատ թույլ: Հագնվում էր շատ զարդարուն ձևով, անուշահոտ դուխիներով օծված, այնպես որ աչք էր ծակում: Մի օր մտա Ճեմարանի ուսուցչանոցը։ Այնտեղ էին Ստեփան Կանայանը և այս Բագրատ Խալաթյանը, որոնք վիճում էին ինչ-որ հարցի առթիվ: Երբ ես ներս մտա, Կանայանը ասաց Բագրատին. «Այ, պարոն Աճառյանը եկավ, նա լավ գիտե, իրեն հարցնենք, և դառնալով, ասաց. «Դուք իրար հետ ծանոթ չե՞ք»: Ես պատասխանեցի. «Ես երեք անգամ ծանոթացել եմ պարոն Խալաթյանի հետ, բայց նա բարևս էլ չի առնում»: «Ոչ,— ասաց Կանայանը,— պարոն Աճառյանը մեր կարևոր մասնագետներից մեկն է, չի կարելի այդպես վարվել նրա հետ»: Խալաթյանը կմկմաց և ինչ-որ ներողություն խնդրեց:
Խալաթյանը Ճեմարանից շուտով հեռացավ և գնաց Գերմանիա: Նա հրատարակեց մի քանի ազգագրական տետրակներ և հոդվածներ գրեց «Բանասեր»-ի մեջ, հետո վեճ ունեցավ Բասմաջյանի հետ և իրար հետ կռվեցին. Բագրատ Խալաթյանը Բասմաջյանի դեմ գրեց մի հոդված «Մի ապտակ Բասմաջյանի դեմ» վերնագրով: Բասմաջյանն էլ պատասխանեց «Մեկի դեմ 2 ապտակ Բ. Խալաթյանի դեմ» վերնագրով:
Շատ զվարճալի է հետևյալ դեպքը: «Հանդէս Ամսօրեայ» ամսաթերթի մեջ Բ. Խալաթյանը (1906 թ., էջ 333) սկսեց հրատարակել «Եվալդ Լիդեն» վերնագրով մի հոդված, որի սկզբում տալիս է հայագիտության պատմությունը: Այստեղ, էջ 335 բ-ում, հիշում է եվրոպացի հայագետների անունները, թվելով նրանց գործերը։
Սրանց մեջ կարդում ենք. «Օգտավետ ծառայություն մատուցին հայ լեզվի բազմակողմանի ուսումնասիրությանն Christian Bartholomae, Sophus Bugge…, մանավանդ հմուտ հայագետ A. Meillet: Հիշելու է ևս Verfasser, Die Semitischen Lehnworter in Armenishen ZDMG, 1893» և այլն: Կարդալով այդ հոդվածը և տեսնելով նշանավոր մարդկանց շարքում Verfasser անունով մի նոր հայագետի, որի անունը երբեք լսած չէի, զարմացած մնում եմ, թե ո՞վ է այս անծանոթ հռչակավոր հայագետը: Բայց երբ շարունակության մեջ կարդում եմ նրա գրած աշխատության անունը, իսկույն հասկանում եմ, որ հայտնի Հյուբշմանն է: Դեպքը այսպես է եղել: Հյուբշմանը իր քերականության մեջ, հիշելով զանազան հեղինակների անունները և նրանց գործերը, նրանց հետ հիշում է նաև իր այս աշխատությունը. բայց համեստությամբ, փոխանակ իր անունը տալու, ինչպես սովորություն է, գրել է Verfasser (հեղինակը): Ողորմելի Խալաթյանը այսքանը չիմանալով և Verfasser գոյականի գլխատառից ենթադրելով, թե մարդու անուն է, ստեղծել է նորահնար մի հայագետ: Խալաթյանի այս ծիծաղելի արարքը հայտնեցի ժամանակին «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության. բոլորը հրաժարվեցին խմբագիր եղած լինելու պատվից, որպեսզի անարգանքի հարվածից ազատվեն:
«Այլ առակ լուարուք»: 1909/10 Խալաթյանը գտնվելով Բեռլինում, համալսարանին դիմում է տալիս և խնդրում, որ իրեն նշանակեն դասախոս օսեթերեն լեզվի: Պրոֆեսորների ժողով է գումարվում քննելու համար հարցը: Այնտեղ է նաև Խալաթյանը: Պրոֆեսորներից մեկը հարց է տալիս, թե օսեթերենի ո՞ր բարբառը՝ Թագո՞ւր թե Դիգոր պիտի դասախոսե նա: Խալաթյանը, որ մինչև անգամ չի իմացել, թե օսեթերենը 2 բարբառ ունի, շշկլված մնում է և ոչինչ չի կարողանում պատասխանել: Հարցը սրանով փակվում է: (Այս դեպքի պատմությունը պատմեց ինձ բժիշկ Խուրշուդ Մելիք-Փարսադանյանը, որ նույն թվականին ուսանում էր Բեռլինում):
Վիեննայի «Ազգային մատենադարան»-ի շարքում Խալաթյանը հրատարակեց «Արաբ պատմագիրները հայոց մասին» հատորը: Էջմիածնում եղած ժամանակը Բագրատ Խալաթյանը արաբերեն ոչ մի բառ չգիտեր: Ինչպե՞ս կարողացավ 2—3 տարվա մեջ սովորել այդ դժվար լեզուն այնքան, որ կարողացավ արաբ հեղինակները կարդալ և նրանցից նյութեր քաղել: Հաստատ հավատացած եմ, որ այստեղ էլ կեղծիք կա: Նա կարդացել է այդ գրքերի գերմաներեն թարգմանությունը և գերմաներենի իր հրաշալի հմտությամբ (ինչպես ցույց է տալիս Verfasser-ը) քաղել է այդ տեղեկությունները:
Բ. Խալաթյանի վախճանը շատ դժբախտ եղավ: Նա վարակվեց վեներախտով, գժվեց և փոխադրվեց հիվանդանոց, ուր և մեռավ: Այսպիսի դժբախտ վախճան ունեցավ Էջմիածնի Ճեմարանի պերճապաճույճ երիտասարդ դասախոսը, որ սնափառ հայտարարությամբ արժանի չէր համարում իր համեստ պաշտոնակցի խոնարհ բարևն ընդունել:
⁂
Մեկ տարի տևեց Կարապետ Կոստանյանի սուլթանական իշխանությունը: Էջմիածինը նրան հանգստյան թոշակ նշանակեց, նա հեռացավ ասպարեզից և մեզ էլ ազատեց իր բռնակալ ճիրաններից: Տեսուչ նշանակվեց Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, որ բարեկիրթ, ուսյալ և բարեհամբույր մարդ էր: Նա իր կրթությունն ստացել էր Գերմանիայում, սիրող էր Էջմիածնի և աշխատում էր յուրովսանն բարձրացնել նրա արժանիքը: Գնահատում էր ինձ և ինձ հանձնեց Ճեմարանի գրադարանապետի պաշտոնը։
Միևնույն ժամանակ ինձ նշանակեց իր խմբագրած «Արարատ» ամսաթերթի սրբագրիչ: Այսպիսով իմ դիրքը բարձրացավ, և իմ ռոճիկը բարձրացավ ամսական 50 ռուբլու:
Այստեղ պետք է հիշեմ իմ կյանքի կարևոր կայաններից մեկը:
Հայտնի է, որ օտարահպատակները ուսուցիչ լինելու իրավունք չունեին: Այդ միջոցին Էջմիածին հավաքված տաճկահայ գաղթականների համար կառավարությունից հրաման եկավ, թե ով որ ցանկանա, կարող է ռուսահպատակ գրվել։ Ես էլ, տեսնելով, որ առանց հպատակությունս փոխելու, չպիտի կարողանամ դիրք ստեղծել, որոշեցի մտնել գաղթականների խմբի մեջ և ռուսահպատակ գրվել: Պետական պաշտոնյան, ինչպես ամենքին, նույնպես և ինձ հարցրեց, թե «տաճկական անձնագիր ունե՞ս»: Ես անձնագիր ունեի, ուստի պաշտոնյան դուրս հանեց ինձ, որովհետև անձնագիր ունեցողները չէին կարող հպատակություն փոխել:
Մի ժամանակ հետո որոշեցի մի ուրիշ ձև տալ գործին: Անձնագիրս նորոգման համար ուղարկել էի Երևան։ Նորից հավաքվեց գաղթականների մի խումբ, նորից մտա այդ խմբի մեջ, և երբ պաշտոնյան հարցրեց ինձ, թե «անձնագիր ունե՞ս», ես պատասխանեցի «ոչ». իբր թե անձնագիրս այժմ մոտս չէ, այլ ձեզ մոտ է: Ես լսել էի, որ շատ մեծ պետական հանցանք է երկու անձնագիր ունենալը. հանցավորին պատժում էին մինչև անգամ աքսորով: Ես հանդգնեցի այդ հանցանքը գործելու, բայց դրա համար մի ուրիշ հնարք էլ էի մտածել: Ես նախապես անունս գրում էի Грачія Аджарянъ, ինչպես պահանջվում էր արևմտյան տառադարձությամբ: Երբ պաշտոնյան իմացավ, որ անձնագիր չունեմ, ընդունեց ինձ և առաջարկեց անունս գրել իր ցուցակում. ես գրեցի Рачія Ачарянъ. իմ հնարքս իբր թե այն էր, որ Երևանում ցուցակի մեջ եթե փնտրեին իմ անունը, չպիտի գտնեին այս նոր ձևի տակ: Պաշտոնյան մտցրեց ինձ գաղթականների խմբի մեջ, այնտեղ քահանայի ներկայությամբ բոլորս Ավետարանի վրա երդվեցինք հավատարիմ մնալ ցարին և ռուսահպատակ դարձանք:
Շուտով ստացանք մեր նոր անձնագրերը, որից քիչ հետո ես Երևանից ստացա նաև իմ տաճկական անձնագիրը: Այսպիսով ունեցա 2 անձնագիր, որ ինչպես ասացի, մեծ հանցանք էր:
Ինչքա՞ն ժամանակ տանջվել եմ երկու անձնագիր պահելուս պատճառով։ Հենց որ մի ոստիկան էի տեսնում, որ ինձ էր նայում կամ ինձ մոտ էր գալիս, սարսափը պատում էր ինձ: Մի անգամ Թիֆլիս էի գնացել և իջել Վիկտորիա հյուրանոցը, որ հայերի օթևանն էր միշտ: Սենյակումս նստած եմ, հանկարծ բակում մի գոռգոռոց է բարձրանում: Դուրս եմ նայում պատուհանից. տեսնում եմ մի ոստիկան, որ դեպի իմ պատուհանը երկարելով իր ձեռքը՝ բաներ է ասում: Ի՞նչ անելս չգիտեմ: Անշուշտ եկել են ինձ ձերբակալելու: — Բայց վտանգը անցավ, և ինձ ոչ ոք չձերբակալեց։
«Գող, սիրտը դող»: Իսկույն հանեցի թուրքական անձնագիրս, թքեցի նրա վրա և մի լուցկի վառելով, մոխիր դարձրի: Այսպես վերջացավ իմ տաճկահպատակի ստրկական, ամոթալի վիճակը։
== ՄԱՌԻ ՀԵՏ ==
1899 թվականի ամառը կաթողիկոսի թույլտվությամբ Բյուրականի հայրապետական ամառանոցը գնացի: Միաբանների մի խմբակի հետ մի լուսավոր սենյակում անկողին ստացա: Մի օր բակում նստած, խոսակցության միջոցին, մոտ քառասուն տարեկան սևահեր, թխադեմ մի անձնավորություն մոտեցավ վարդապետներին, բարևեց և ձեռք տվեց: Պետերբուրգի համալսարանի նշանավոր պրոֆեսոր Մառն էր: Հպարտ ձև չուներ: Խոսում էր ազատ հայերեն: Լսելով իր անունը և Գալուստ Տեր-Մկրտչյանի պատմածներով լավ ծանոթ լինելով իր անձին, ուրախացա, որ տեսա իրեն: Հայտնեց, թե Էջմիածնում Կարապետ վարդապետը խոսել է իմ (Աճառյանի) մասին և հայտնել է, թե պատրաստում եմ մի նշանավոր արմատական բառարան, որի մեջ մեկնել եմ հայերենի բոլոր արմատները:
— Ճիշտ չի ասել,— պատասխանեցի ես,— հազիվ կարողացել եմ գուցե կեսը մեկնել։
Մառը ժպտաց և ասաց.
— Ես Կարապետ վարդապետին ասացի, որ եթե բոլոր արմատները մեկնել է, ուրեմն անպետք աշխատություն է, որովհետև անկարելի է հայոց բոլոր արմատները մեկնել։ Իսկ վարդապետը ասաց, թե «Աճառյանը ուրիշ մարդ է, նա կարող է մեկնել»: Իսկ այժմ, որ դուք ասում եք, թե հազիվ կեսն է մեկնված, ուրեմն լավ աշխատություն է:
Մենք մտերմացանք իրար հետ և սկսեցինք գիտական (լեզվաբանական) հարցերի շուրջը խոսել: Այդ միջոցին երևաց Հովհաննես Հովհաննիսյանը, գեղեցկադեմ մի մարդ, բանաստեղծ և ուսուցիչ Ճեմարանում: Ես նրա հետ ծանոթություն չունեի, որովհետև նա էլ պատկանում էր ինձ ոչ բարեկամ խմբակին: Երբեք նրա տանը եղած չէի:
Հ. Հովհաննիսյանը և Մառը վաղուցվա ծանոթներ էին. շատ սիրալիր խոսակցություն սկսեցին և Հովհաննիսյանը հրավիրեց Մառին իր տունը ճաշի: Տեսնելով, որ ես էլ Մառի հետ ընկերացել եմ, գուցե պարզ քաղաքավարության համար, ինձ էլ հրավիրեց։ Ես մերժեցի, բայց նա և Մառը ստիպեցին, որ գնամ:
Հովհաննիսյանը ամառանոց էր եկել Բյուրական գյուղը և առանձին բնակարան վարձել: Սեղանը պատրաստ էր: Ես ծանոթացա նրա կնոջ՝ տիկին Զարուհու և երկու քույրերի՝ Աշխենի և Սիրանույշի հետ: Սեղան նստեցինք: Մառը խոսեց իմ մասին և արժանավոր գովասանքներ տվեց: Կինը գանգատվեց ինձանից, թե ինչո՞ւ մինչև այժմ իրենց մոտ չեմ գնացել:
Երբ լսեցի, թե Հովհաննիսյանի քրոջ անունը Սիրանույշ էր, որ համառոտելով՝ Սիրուշ էին կոչում, ես իմ վաղեմի սովորության համեմատ իսկույն հայտնեցի, թե Սիրուշ պարսկերեն նշանակում է «հրեշտակ»: Կարծելով, թե սուտ հաճոյախոսություն եմ անում, տիկին Զարուհին, որ հենց առաջին րոպեից սկսած արհամարհանքով էր նայում իմ վրա, բարձրաձայն ծիծաղեց ու ծաղրեց ինձ: Ես դիմեցի Մառին և խնդրեցի, որ հաստատի, թե պարսկերեն սիրուշ նշանակում է «հրեշտակ». դժբախտաբար Մառը չգիտեր, և ես անել դրության մեջ մնացի: Այդ ժամանակ ասացի Մառին. «Չե՞ք հիշում զենդերեն «սրաօշա» բառը, որ հրեշտակ է նշանակում, որ ապա դառնում է պարսկերեն «սիրուշ»: «Այո՛, այո՛, — պատասխանեց Մառը,— բոլորովին ճիշտ է, ես այժմ հիշեցի»:
Տիկինը խնդրեց, որ ես հաճախ գնամ իրենց մոտ։ Խոստացա, բայց բնավ չգնացի:
Պատմում էին, թե երբ կաթողիկոսը առաջին անգամ եկել է Էջմիածին, Ճեմարանի ամբողջ ուսուցչական կազմը իրենց կանանց հետ եկել են աջը համբուրելու: Կաթողիկոսը տեսնելով Հովհաննիսյանին և նրա կնոջ Զարուհուն, որ շատ կարճահասակ մի կին էր, ասում է. «Պարոն Հովհաննիսյան, այդքան սիրային բանաստեղծություններ որ գրել ես, այս կնոջ համա՞ր է… լավ ես արել, չարիքներից փոքրագույնը ընտրել ես»:
Կաթողիկոսը շատ էր սիրում տեղի անտեղի կատակաբանություններ անել, փույթ չէ նրանք վիրավորական լինեին մեկի կամ մյուսի հասցեին:
Մառը հայտնեց ինձ, որ պիտի գնա Արտաշատ գյուղը պեղում անելու. ուզում է մի օգնական վարձել: Իսկույն ես ասացի. «Ինձ իբր օգնական չե՞ք վերցնի, առանց դրամական վարձատրության»:
«Ամենայն ուրախությամբ,— պատասխանեց Մառը,— ձեզանից ավելի լավ օգնական ո՞ւր պիտի գտնեի»: Էջմիածին վերադառնալով, ես ու Մառը կառքով մեկնեցինք Արտաշատ գյուղը, ուր նա մի մեծ սենյակ վարձեց մեր երկուսի համար: Կարծեմ 10 օր մնացինք այնտեղ և հաջորդ օրվանից պեղումները սկսեցինք: Նա ընտրեց մի ավերակ բարձունք, որ երկու մասի բաժանեց: Բարձունքի ձախ կողմը վերցրեց ինքը և բանվորների մի մեծ խմբով սկսեց փորել։
Մի քիչ դեպի աջ, մի քանի բանվորներ էլ տվեց ինձ, փորելու համար բարձունքի աջ կողմը: Այսպես սկսվեց մեր աշխատանքը: Մեր դիմացն էր Դվինը, կես ժամ հեռավորությամբ, որ նույնպես ուզում էր պեղել Մառը:
Այնքան տարված էր Մառը երևակայությամբ, որ սպասում էր, թե պեղման ժամանակ նա կիջնի Արտաշատի հրապարակը, կգտնի Դավիթ Դվնեցու շիրիմը, կկարդա նրա տապանագիրը և կմտցնի իր վկայաբանության մեջ, որ պատրաստում էր տպագրության: Երազները շատ քաջալերիչ են. բայց Մառի երազը չկատարվեց: Ոչ մի հրապարակ մենք չգտանք: Մենք գտանք մի քանի խավ թոնիր, մեկը մյուսի ետևից, ինչ որ նշանակում էր, թե այնքան անգամ բնակություն և ավերած է կատարվել: Վերջապես հասանք հատակը. դրսից ջրի խողովակները մտան ներս, բայց ունեցած գումարը վերջացավ և պեղումը շարունակելը հետաձգելով հաջորդ տարվան, վերջ տվեց իր գործին:
Այն կարճ շրջանում, որ ես ապրեցի Մառի հետ, լավ ուսումնասիրեցի նրա անձնավորությունը: Չափազանց բարի, ընկերական և ազնիվ մարդ էր այն ժամանակ: Պատմեց իր կենսագրությունը և իր կյանքից շատ բեկորների մասին խոսեց: Ես կամփոփեմ դրանցից կարևորը:
Նա հայտնեց, որ հայրը իռլանդացի էր. Կովկասում ամուսնացել է մի մինգրել աղջկա հետ, որից ծնվել է ինքը և ըստ ցարական օրենքի կնքվել է ռուս: «Հա՜, հա՜, հա՜»,— ծիծաղում էր Մառը, ասելով, թե ոչ հայրը ռուսերեն գիտեր և ոչ մայրը իռլանդերեն կամ անգլերեն: Ուրեմն ի՞նչ լեզվով էին խոսում իրար հետ:
Կովկասում սովորելուց հետո գնում է Պետերբուրգի համալսարանը, ուր աշակերտում է Քերովբե Պատկանյանին, դասընկեր ունենալով Ստեփան Մալխասյանին (այս և հաջորդ մի քանի տեղեկությունները լսել եմ Մալխասյանից):
Երբ ավարտում են և Պատկանյանը մեռնում է, նրան հաջորդ ընտրելու համար վեճ է ծագում, ոմանք ուզում են ընտրել Մառին, իսկ ուրիշներ, որոնց գլուխն է կանգնել Եզյանը, ուզում են ընտրել Մալխասյանին: Մալխասյանը, ինչպես ինքն է ասել, հրաժարվել է, ասելով, թե ինքը միայն հայերեն գիտե, իսկ Մառը՝ թե՛ հայերեն և թե՛ վրացերեն:
Մառը հարցրեց ինձ. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»: «Բայց դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ ձեզ ոչ ոք չի գնահատի. դուք կմնաք խեղճ ու թշվառ. եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, դուք կլինեք նշանավոր գիտնական»:
Ես պատասխանեցի, թե ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ հարազատ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան:
Մենք շատ երկար խոսեցինք Մառի հնարած նոր լեզվաբանության մասին, որ հետագայում ձևափոխվելով կոչվեց «Նոր ուսմունք»: Մառը դեռ հանդուգն քայլեր չէր առած: Նա միայն քարոզում էր, թե վրացերենը ազգակից է սեմականին և հնդեվրոպական, սեմական և կովկասյան երեք խմբերը ծագում են մի խմբից, որ կոչվում է Նոյան: Բաժանվելու ժամանակ Մառը ասաց ինձ. «Շատերի մասին լսում ես մեծ գովասանք, գնում ծանոթանում ես և հազիվ լսածիդ կեսն ես գտնում: Ձեզ հետ հակառակը եղավ. ինչ որ լսել էի ձեր մասին, տեսա և կրկնապատիկը տեսա: Դարձյալ մտածեցեք իմ ասածի մասին: Դուք այստեղ կկորչեք. եկեք Պետերբուրգ և նշանավոր մարդ կդառնաք»:
Ավելացնեմ մի հետաքրքիր կետ: Երբ Արտաշատ գնացինք, հենց առաջին րոպեից Մառը խնդրեց ինձանից, որ ես իր հետ հայերեն չխոսեմ. «Որովհետև,— ասաց նա,— եթե դուք ինձ հետ հայերեն խոսեք, կկարծեն, թե ես էլ հայ եմ և ինչպես լավ գիտեք, հայերը հայերին չեն սիրում, չեն հարգում, ինձ հետ էլ կվարվեն իբրև հայի»:
Ես ռուսերեն բնավ չգիտեի. առաջարկեցի գերմաներեն խոսել իր հետ: Ասաց, որ գերմաներեն լավ չգիտե, ավելի լավ գիտե ֆրանսերեն: Այնուհետև մենք միշտ խոսում էինք ֆրանսերեն, թեև ֆրանսերեն էլ ազատ չէր խոսում:
Իմ մի քանի ուրիշ հանդիպումների մասին Մառի հետ՝ կխոսենք ավելի ուշ:
== ՎԵՐԵԼՔ Ի ՄԱՍԻՍ ==
Էջմիածինը իբրև հնություն շատ մեծ անուն ունի եվրոպացոց մեջ. նա իբրև աշխարհիս ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից մեկը, հատկապես առանձնատիպ իր ճարտարապետությամբ, հարգի է գիտունների աչքին: Նրա մոտ գտնված Հռիփսիմեի եկեղեցին, որ ճարտարապետական մի գոհար է, ավելացնում է նրա փառքը: Էջմիածնին ժամանակակից են նաև Շողակաթը և Գայանեն, որոնք նվազ գեղեցիկ չեն: Բայց Էջմիածնի պատիվը ավելի բարձրացնողն է Մասիսը, որ ըստ Սուրբ Գրքի առասպելի, Նոյան տապանի կայանն է համարվում:
Երբ Զվարթնոց եկեղեցու ավերակները պեղվեցին և այդ տարօրինակ ճարտարապետությամբ շինված, կլորակ և եռահարկ եկեղեցին ավերակների տակից դուրս բերվեց, է՛լ ավելի բարձրացավ Էջմիածնի հնագիտական արժեքը:
Ըստ այսմ հաճախ եվրոպացի ճամբորդները գալիս էին Էջմիածին: Երբ նրանք շատ նշանավոր մարդիկ էին լինում, նրանց թարգման էր լինում Կարապետ վարդապետը, մանավանդ, երբ տիկիններ էլ լինեին: Նա խոսում էր ազատ գերմաներեն, բայց քիչ թե շատ գիտեր նաև խոսել ֆրանսերեն և անգլերեն։ Մի անգամ կաթողիկոսին ներկայացել էին բազմաթիվ հյուրեր և նրանց թարգմանը եղել էր Կարապետ վարդապետը, որի խոսակցությունը, նույնիսկ հայերենում, մի քիչ կակազ էր: Հյուրերի գնալուց հետո կաթողիկոսը իր կծու սրախոսությամբ ասել էր.
— Այսօր Կարապետ վարդապետը ութը լեզվով կակազեց:
Եթե հյուրերը սովորական մարդիկ էին, թարգմանը բնականաբար ես էի լինում: Բազմաթիվ դեպքերի միջից հիշում եմ հետևյալ երկուսը:
Հյուր էին եկել երկու հոգի. մեկը հաստափոր, բայց հաճելի դեմքով ամերիկացի էր, որ խոսում էր ազատ ֆրանսերեն: Նրա հետ ընկերանում էր մի ավելի երիտասարդ կին, ֆրանսուհի, որ բնականաբար նրա հետ և ինձ հետ խոսում էր ֆրանսերեն: Տիկինը շատ գոհ մնաց, երբ լսեց, որ ես էլ Ֆրանսիայումն եմ սովորել։ Նա համարյա թե թողեց ամերիկացուն և միայն ինձանով զբաղվեց։ Ամերիկացին հետևում էր մեզ և լսում: Այցելեցինք վանքի ներսը, ուր կան զանազան սրբություններ՝ Գրիգոր Լուսավորչի աջը, Քրիստոսի գեղարդը (նիզակ, որով խոցել են իր կողը խաչի վրա, իհարկե բոլորովին սուտ), Մատթեոս ավետարանչի մատը և այսպես զանազան սրբություններ, այսինքն՝ ստություններ: Ֆրանսուհին, իբրև կաթոլիկ և հավատացյալ, խաչակնքում էր երեսը և պատկառանքով խոնարհվում և համբուրում էր այդ սրբությունները: Ամերիկացին դարձավ ինձ և ասաց.
— Ներեցեք, որ ես չեմ խաչակնքում և չեմ համբուրում: Այդ մեր կրոնի սովորությունն է. բայց մի՛ համարեք, թե ես անարգում կամ արհամարհում եմ:
— Ոչ,— պատասխանեցի ես,— մենք գիտենք, որ բողոքական դավանանքը այդպես է և ամենևին չենք վիրավորվում:
Վարդապետը, որ այդ սրբությունները ցույց էր տալիս, մի մատյան բերեց և առաջարկեց ինձ, որ ասեմ նրանց, թե այդտեղ մի գումար պետք է արձանագրվի: Շատ ծանր էր ինձ այդպիսի բան ասել, բայց ստիպված էի: Ներողություն խնդրեցի ամերիկացուց և ասացի: Իսկույն 20 ռուբլի վճարեց և ստորագրեց:
Գնացինք դեպի Ներսիսյան լիճը: Էջմիածնի փառավոր տեսարաններից մեկն էր, մանավանդ երբ լիքն է: Նրա դիմացը փռված է ահագին անտառը, որի ետևը բարձրանում է հոյակապ սպիտակափառ Մասիսը:
Այստեղ կանգնեց ամերիկացին, նայեց ջրերին, նայեց Մասիսին և ասաց. «Մանուկ էի, երբ Սուրբ Գրքում կարդացի. «Եվ տապանը կանգնեց Արարատ սարի վրա»: Հարցրի ուսուցչին, թե ո՞ւր է այդ Արարատ սարը: Պատասխանեց՝ Հայաստանում: Ես այդ օրը ուխտեցի անպատճառ գնալ տեսնել Արարատը: Այսօր իմ ուխտը կատարեցի»: Ասաց և ձեռք տվեց ինձ:
Շարունակեցինք մեր պտույտը, գնացինք մինչև անտառի ծայրը և վերադարձանք:
Երբ եկավ բաժանման րոպեն, տիկինը ինձ նվիրեց 5 ռուբլիանոց մի ոսկի: Ես մերժեցի, ասելով, թե ես վանքից նշանակ-
ված եմ իբր թարգման և ստանում եմ դրա համար առանձին վարձատրություն (իհարկե սուտ էր). հետևաբար չեմ կարող ընդունել ձեր նվերը: Շատ ստիպեց, բայց ես մերժեցի: Վերջում ասացի, թե
«Ձեր ամուսինը…»: «Օ՜հ, ո՛չ, նա իմ ամուսինը չէր, ես նրա աղախինն եմ»:
Որքա՜ն մոտիկություն, որ չէի կարողացել տարբերել տիրոջ և աղախնուն:
⁂
Դիլիջանումն էլ պատահմամբ տեսա 80 տարեկան մի ամերիկացի, որ գնում էր Էջմիածին՝ Արարատը տեսնելու:
⁂
Երկրորդ դեպքը հետևյալն է:
Ինձ կանչեցին Վեհարան, իբրև թարգման խոսելու մի եվրոպացու հետ: Գնացի և տեսա Վեհարանում մի շվեյցարացի, որ խոսում էր լավ ֆրանսերեն: Առաջնորդեցի Վեհափառի մոտ: Հայտնեց, թե ուզում է բարձրանալ Մասիս և խնդրեց, որ իրեն մի օգնական տան: Ես մեջ մտա և խնդրեցի շվեյցարացուց, թե «Ինձ չե՞ք ընդունի իբրև օգնական»: Նա չափազանց ուրախացավ և հրճվանքով ընդունեց ինձ: Դուրս եկանք և իսկույն որոշեցինք մեկնել դեպի Մասիս:
Շվեյցարացին ուղարկված էր Էջմիածին ուսումնասիրելու համար Մասիս բարձրանալու բոլոր հանգամանքները։ Նա ուղարկված էր մի հանձնախմբի կողմից, որ պիտի պատրաստեր 100 հոգուց բաղկացած մի մեծ արշավախմբի վերելքը դեպի Մասիս:
Մենք գնացինք ուղղակի Իգդիր և գիշերեցինք մի հայի հյուրանոցում: Շվեյցարացու հետ բոլորովին մտերիմ էինք դարձել, նա էլ երիտասարդ, ես էլ երիտասարդ: Երբ պառկելու ժամանակը եկավ, ես հարցրի շվեյցարացուն, թե ուզո՞ւմ եք, որ ճրագը հանգցնենք, որովհետև ես ճրագով քնել չեմ սիրում: Շվեյցարացին բարձրահասակ էր, երկարեց ձեռքը, որպեսզի ճրագը հանգցնի, բայց չկարողացավ: Ես մոտեցա ճրագին, մի խոր շնչով փչեցի, ճրագը հանգավ, բայց շիշն էլ ընկավ և փշրվեց, «Quel souffle!» (Ի՜նչ շունչ), կոչեց շվեյցարացին, բայց իսկույն հայը ներս մտավ և կոչեց. «Ի՞նչ է, դուք եկել եք իմ սենյակը քանդելո՞ւ»: Հիսուն կոպեկ դրի հայի ձեռքը և միջադեպը փակվեց:
Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Մասիս. տեսանք Ակոռի գյուղը, որ Մեծ Մասիսի ստորոտումն է և 1840 թվականին փլատակի տակ մնալով, ամբողջովին քանդվեց: Երկու հովիվ, որ այդ միջոցին գտնվում էին Մասիսի բարձունքում, տեսան իրենց ոտի տակ իրենց գյուղի կործանումը, որից միայն իրենք փրկվեցին: Այդ երկուսից մեկին մի օր տեսա ես Էջմիածնի ճանապարհին: Ակոռիի տների գերանները դեռ մնում էին հողի տակից դուրս երկարած:
Տեսանք նաև Ս. Հակոբ Մծբնացու վանքը, որի ջուրը օգտագործում էին արտի մորեխը ջնջելու համար:
Այս պատմությունը սուտ չէ: Երբ Արարատյան դաշտում մի որևէ տեղ մորեխ էր իջնում, գնում էին Սուրբ Հակոբի վանքը հանդիսավոր թափորով, աշխարհական և եկեղեցական, երգով և շարականով և հասնելով վանքը, աղբյուրի ջրից վերցնում էին և բերում մորեխ իջած մի արտի վրա ցանում: Սուրբ Հակոբի աղբյուրի մոտ կա մի տեսակ թռչուն, որ սիրում է մորեխ ուտել: Երբ թռչունները տեսնում էին մարդկանց բազմությունը, բնականաբար հետևում էին նրանց և հասնում մինչև արտը: Այդտեղ, տեսնելով մորեխներին, հարձակվում էին նրանց վրա և սկսում կոտորել:
Վրա էին հասնում նաև թռչունների մյուս ընկերները և այսպիսով արտը մաքրվում էր:
Մենք եկանք ռուս սահմանապահ զորքի կայանը և ուզեցինք ներկայանալ պետին, որ մի ռուս զորավար էր: Բայց նա գնացել էր Երևան: Մեզ ընդունեց իր կինը, որ Մելիք-Աղամալյանների տոհմից, երևանցի բարեվայելուչ մի հայ տիկին էր: Սիրով ընդունեց մեզ և բացօթյա տեղավորված զինվորների շարքին երկու մահճակալ նշանակեց, որպեսզի այնտեղ անցկացնենք գիշերը։ Ուշ ժամանակ, չգիտեմ ինչու, մենք ուզեցինք Մասիսի վրա ինչ-որ պտույտ կատարել:
Վերցրինք հետներս մի կոզակ, որ տարավ մեզ իր ծանոթ վայրերով ինչ-որ տեղ Մասիսի վրա: Նստեցինք, դաշտի գիշերային տեսարանը դիտեցինք և ապա հետ դարձանք: Ճանապարհը շատ քարքարոտ էր, դար ու փոս, դժվարանցանելի: Կոզակը, որին լավ ծանոթ էին այս տեղերը, ազատ համարձակ իջնում էր: Շվեյցարացին խնդրեց, որ ասեմ կոզակին, որ կամաց գնա, որովհետև մութ էր, և մենք ոչինչ չէինք տեսնում. скоро կոչում եմ կոզակին, նա ավելի արագ է իջնում. ես իրար հետևից բղավում եմ скоро, скоро, և նա ավելի է արագացնում իր ընթացքը: Շատ հետո իմացա, թե скоро նշանակում է ոչ թե կամաց, այլ արագ:
Գիշերեցինք այդ բացօթյա կայանում. որքա՜ն հաճելի էր այդ գիշերը ինձ համար: Սրբազան Մասիսի վրա, մեր հին Հայրենիքում, ազատ թուրքական ճնշումից…
Առավոտը երկուսով սկսեցինք բարձրանալ: Մասիսը շատ չոր է. ամենահասարակ խոտերից դուրս ոչինչ չես գտնում. ջուր ամենևին չկա: Բարձրանում ենք շարունակ, դիտելով Արարատյան դաշտի բոլոր գյուղերը: Դիմացը կանգնած է Արագածը: Սարի վրա ինչքան բարձրանաս, այնքան տեսարանը գեղեցկանում է և այնքան փառահեղ է դառնում դիմացի սարը: Կեսօրից հետո հոգնած դադրած հասնում ենք ձյան սահմանը: Մենք արդեն անցել ենք Փոքր Մասիսի բարձրությունը, որ այժմ մեզնից ցածր է կանգնած:
Այդտեղ գտանք քոչվոր քրդերին (եզիդի), որոնք ամառանոց էին բարձրացել իրենց ոչխարներով և տավարով: Ջուր խնդրեցինք, բայց մեզ բերին հրաշալի սառնորակ մի թան, որի տված հաճույքը մինչև այժմ չեմ մոռացել։
Ձյան կողքին պառկեցի և քնեցի: Ես հոգնել էի, և ավելորդ վերելքը ինձ չէր հետաքրքրում: Շվեյցարացին մի քրդի ընկերակցությամբ, որ հրացանով էլ զինված էր, բարձրացավ է՛լ ավելի վեր: Ես քնած էի: Մի ժամ հետո, երբ նրանք իջան, արթնացա ես էլ։ Պատմեցին, որ մի արջ են տեսել, որի վրա քուրդը հրացան է արձակել, բայց արջը փախել էր:
Այդքանը բավական համարելով, սարից իջանք ցած և հետ դարձանք մինչև Էջմիածին: Բաժանվեցինք իրարից, և շվեյցարացին մեկնեց Երևան, Եվրոպա վերադառնալու համար:
Հաջորդ տարին 100 հոգուց բաղկացած արշավախումբը չեկավ, բայց ավելի ուշ, երբ ես Էջմիածնում չէի այլևս, արշավախումբը եկել էր և բարձրացել Մասիսի գագաթը: Այդ խմբին մասնակցել է նաև Մեսրոպ եպիսկոպոսը: Երբ մարդիկ բարձրանում են Մասիսի վրա, տեղի են ունենում զանազան երևույթներ:
Ոմանք շնչասպառ են լինում, ոմանք ուշքից գնում են, ոմանց մարմնի ծակոտիներից արյուն է հոսում, ուրիշներ դիմանում են մինչև վերջ: Ցուրտը սաստիկ է, բայց ոչ անտանելի: Վտանգավոր է քամին, որ բկախեղդ է անում մարդուն: Վտանգավոր է հատկապես ոտքի տակի սառույցը, որից սահում և ընկնում են անդունդը: Այս արշավախմբի վերելքի նկարագրությունը մանրամասն գրեց և հրատարակեց Մեսրոպ եպիսկոպոսը «Արարատ» ամսագրի մեջ և ապա առանձին գրքով:
Ասացին, որ 100 ճամփորդներից վերջինը, մի գերմանացի ինժեներ, ընկել է անդունդը և մեռել։ Այս եղավ միակ զոհը:
Շատ տարիներ հետո լրագրում կարդացի, որ Սիբիրում մի գյուղացի ներկայանում է դատարան և խնդրում է, որ իրեն պատժեն, որովհետև ինքը մարդասպան է: Պատմում է հետևյալը.
— Տարիներ առաջ ես պահակ էի Մասիսի վրա։ 100 հոգի բարձրացան վերև։ Ես էլ մասնակցում էի նրանց հետ իբրև պահակներից մեկը: Ես ամենավերջումն էի. տեսա իմ առաջ մի գերմանացի ինժեներ, որի կրծքի վրա շողշողում էր ժամացույցի ոսկի շղթան. սատանան ինձ հրապուրեց, մի հարվածով կրծքից ոսկե շղթան պոկեցի և մի քացի տալով ինժեներին՝ գցեցի անդունդը, ուր և կորավ: Ոչ ոք չիմացավ. կարծեցին, թե ինքն է սայթաքել:
Ես մինչև այժմ տարա խղճիս ցավը, բայց էլ չեմ դիմանում:
Պատժեցեք ինձ:
== ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻ ԳԱԼՈՒՍՏԸ ==
Էջմիածնում լուր տարածվեց, թե պարսից շահը Եվրոպա պետք է գնա Երևանի վրայով. անշուշտ այդ առթիվ պիտի այցելի նաև Էջմիածին: Կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն պատրաստություն սկսեցին տեսնել շահին ընդունելու համար: Ճեմարանի տեսուչ Կարապետ վարդապետը առաջարկեց ինձ շահին նվիրված մի երգ գրել, որ Կոմիտաս վարդապետը պիտի ձայնագրեր, ուսանողներին սովորեցներ, և երգեցիկ խումբը շահի առաջ պիտի երգեր: Կեդրոնական վարժարանում աշակերտ եղած ժամանակս մեր տաճկերենի ուսուցիչ Միհրան Աբիկյանը մի տաճկերեն երգ էր գրել, որ երաժշտագետ Տիգրան Չուխաճյանը ձայնագրեց, մեզ սովորեցրեց, և մենք էլ սուլթանի անցքի ժամանակ երգեցինք: Այդ ոտանավորը տպված էր Աբիկյանի «Ճաշակ օսմանյան դպրության» գրքում, որի սկիզբը մենք բերել ենք վերը:
Այդ երգը վերածեցի պարսկերենի, տարի Կոմիտաս վարդապետին, հանդարտ կարդացի, շեշտերը և երկար ու կարճ ձայնավորները որոշեց և ապա մի եղանակ հարմարեցրեց: Այդ եղանակը սովորեցրեց Ճեմարանի երգեցիկ խմբին։ Երգը գեղեցիկ գրերով արտագրել տվին մի մեծ թերթի վրա, Վաղարշապատում բնակվող մի գեղագիր թուրքի։ Մնացյալ պատրաստությունների մասին չեմ խոսում:
Երկար սպասելուց հետո, վերջապես լսեցինք, որ շահը գալիս է Երևան: Կաթողիկոսը իր հետ վերցնելով մի քանի աչքի ընկնող վարդապետներ, ինձ էլ հետը վերցնելով, փոխադրվեցինք Երևանի առաջնորդարանը, որ Հրազդանի ափին, մի խոշոր բարձունքի վրա հոյակապ շենք է: Մեծ դահլիճ և բազմաթիվ սենյակներ ունի: Պատշգամբի տեսարանը Հրազդանի վրայով դեպի Էջմիածին հրաշալի է:
Կաթողիկոսը մի շատ երկար գրություն գրեց և տվեց ինձ, որ ֆրանսերենի թարգմանեմ: Ես թարգմանեցի: Իր հրամանով այս թարգմանությունը անգիր արի (ավելորդ աշխատանք), որպեսզի շահին ներկայանալու ժամանակ կաթողիկոսի կողմից արտասանեմ: Ինձ համար գնեցին մի ձեռք նոր հագուստ, որ կոչվում էր սև շոր կամ պոչազգեստ։ Առին նաև կաշյա սպիտակ ձեռնոցներ, որ բնավ չէի գործածած: Այս ձևի տակ տիկնիկի պես պատրաստված, սպասում ենք: Երևանում առած է դարձած «շահի գելդի դելդին եղավ» դարձվածը, որ ասում են, երբ մեկի գալուն սպասում են երկար և չի գալիս: Այսպես եղավ և մերը: Օրեր ու ժամեր սպասեցինք, մինչև որ հայտնեցին, թե շահը եկել է Երևան և իջել է Երևանի նահանգապետ Կոմս Դիզենհաուզենի տունը: Նրա տունը գտնվում էր այժմյան Լենինի հրապարակի ծայրին՝ Կոմունալ բանկի տեղը: Կաթողիկոսը կառքով և թափորով, ես էլ իր կողքին նստած, գնացինք նահանգապետի տունը։ Դռան առաջ բազմաթիվ հյուրընկալներ կային: Ռուսաց կայսեր կողմից ուղարկված էին մի քանի բարձրաստիճան անձինք ընդունելությունը պատրաստելու համար։ Հենց դռան առաջ նրանցից երկուսը խոսում էին իրար հետ և ասացին, թե «Այստեղ մեկը կա, որ ֆրանսերեն լեզվով խոսում է. նա է լինելու կաթողիկոսի թարգմանը»: Ես առաջ անցա և ֆրանսերենով հայտնեցի, թե թարգմանը ես եմ: Ձեռք տվին ինձ և ֆրանսերեն լեզվով հայտնեցին, թե «Դուք պիտի լինեք ամենից առաջ գնացողը, որովհետև դուք կաթողիկոսի բերանն եք: Մնացյալ բոլորը ձեր հետևից պիտի գան: Ձեզանից առաջ ոչ ոք չպիտի անցնի»:
Սնափառությամբ առաջ անցա, կաթողիկոսը հետևիցս, վարդապետները և եպիսկոպոսները ավելի հետո, ներս մտանք: Մեզ առաջնորդեցին մի մեծ դահլիճ, ուր կանգնած էր պարսից շահի սադրազամը՝ իր շքախմբով: Կաթողիկոսը և սադրազամը ձեռք տվին միմյանց և նստեցին: Ես կանգնած եմ կաթողիկոսի կողքին, իսկ մնացյալ միաբանները բոլորը կանգնած են մեր հետևը: Կաթողիկոսը կարծել էր, թե սադրազամը նույն ինքն թագավորն է. վախեցավ և շփոթվելուց դարձավ ինձ և ասաց. «Շփոթվեցի, սելիքս մոռացա. ա՛յն թուղթը, որ թարգմանել էի տվել քեզ, բերանացի ասա»:
— Վեհափառ Տեր, սա թագավորը չէ, սա սադրազամն է,— ասացինք բոլորս հայերեն լեզվով: Կաթողիկոսը հանգստացավ և սկսեց ծիծաղել: Սադրազամը չիմացավ, թե խոսքը ինչի մասին էր, խոսեց օդից և անձրևից: Քիչ հետո բացվեցին թագավորի առանձնասենյակի դռները, և ես ու Կաթողիկոսը, ինչպես և մեր հետևից մի քանի հոգի, մտանք ներս:
Մուզաֆֆերրեդդին շահը կանգնած էր ոտքի վրա և խաղում էր աթոռի հետ, ոտքերը ցնցելով։ Արքայական թագը գլխին էր, իր անխուսափելի ցցունքով միասին։ Բեղերը շատ երկար, հորիզոնական ձևով և սրածայր: Մորուք չուներ: Իր աջ կողքին կանգնած էր իր թարգմանը, որ Պետերբուրգի պարսկական դեսպան Միրզա Մոհսին խանն էր: Շահի դեմքը իրոք որ բարի և պատկառելի էր:
Ես մինչև այդ տեսել էի մի քանի թագավորներ. նախ աշակերտ ժամանակս տաճկաց սուլթան Համիդին իր 400 կանանցով և հազարավոր զինվորներով։ Նա գազանի դեմք ուներ, տգեղ կերպարանքով և անճոռնի քթով: Ոչ մի համակրանք չէր կարող շարժել իր դեմքը: Երկրորդ՝ տեսել էի Սերբիայի թագավոր Ալեքսանդրին, որ պատանի էր և եկել էր Կոստանդնուպոլիս՝ սուլթանին այցելության: Փողոցներով ման էր գալիս ազատ, ֆայտոնում նստած, համակրելի, երեխայական դեմքով մեկն էր, որ նայողի վրա ոչ մի ազդեցություն չէր գործում: Երրորդը՝ եղել էր ռուսաց Նիկոլայ կայսրը, որ Փարիզում այցելության եկավ Պանթեոնը: Ես այն ժամանակ գտնվում էի Պանթեոնի կողքին գտնված մի հյուրանոցում:
Սենյակս իր բալկոնով դեմ առ դեմ գտնվում էր Պանթեոնին։ Ուստի բոլոր ֆրանսիացի հարևաններս թափվեցին սենյակ և թույլտվություն խնդրեցին բալկոնից դիտելու կայսեր: Բոլորին թողեցի, իսկ ես սեղանիս առաջ նստած աշխատում էի և ամենևին չհետաքրքրվեցի նայելու համար, թե ինչպիսի մարդ է կայսրը:
Չորրորդը՝ գերմանացիների Վիլհելմ Բ կայսրն էր, որին տեսա Ստրասբուրգում, ուր ուսանող էի: Ճառ էր խոսում ժողովրդին իր ապարանքի պատշգամբից: Ժողովրդի մեջ կանգնած՝ ես էլ լսեցի իր ճառը, որից միայն այն եմ հիշում, թե գերմաներեն ich spräche և ich stehe «խոսում եմ, կանգնած եմ» բառերը փոխանակ շ-ով հնչելու, հնչում էր ս-ով, ինչպես իր սովորությունն էր («իխ սփրեխե, իխ սթեհե»)։ Չեմ հաշվում Ֆրանսիայի նախագահին, որին հաճախ տեսել եմ փողոցում՝ կառքով անցնելիս՝ Փարիզում:
Խոսեց նաև կաթողիկոսը (հայերեն լեզվով) և բարի գալուստ մաղթեց շահին: Ես այդ խոսքերը թարգմանեցի ֆրանսերենի: Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի և հայտնեց շահին: Շահը շնորհակալ եղավ: Կաթողիկոսը երկրորդ անգամ խոսք առնելով՝ ասաց. «Իմ վանքը Ձեր հայրերի սիրելի վանքն է եղել. նրանց նվիրած կանթեղը մինչև այժմ մնում է մեծ խորանի առաջ մշտավառ: Խնդրում եմ, որ Ձեր ճանապարհորդությունից վերադարձին այցելեք նաև մեր վանքը»: Ես այս խոսքերը թարգմանեցի ֆրանսերեն, Միրզա Մոհսին խանը վերածեց պարսկերենի, իսկ շահը ձեռքը դնելով սրտի վրա, ասաց. «Վազիֆեի դիլեմ էսթ, քի… (սրտիս պարտականությունն է, որ գամ այցելեմ իմ հայրերի սիրած վանքը)»:
Ես չթողեցի, որ Միրզա Մոհսին խանը շահի պատասխանը թարգմանի ֆրանսերենի և իսկույն հայերենի վերածելով՝ հայտնեցի կաթողիկոսին:
Ընդունելությունը վերջացավ: Նույն փառքով, ինչպես եկել էինք, բայց ավելի հանգիստ սրտով, որովհետև անակնկալը անցել էր, վերադարձանք առաջնորդարան: Հազիվ կես ժամ անցել էր, փոխայցելության եկան սադրազամը, Միրզա Մոհսին խանը և ուրիշներ: Մտանք կաթողիկոսի սենյակը, ուր նստած էի նաև ես իբր թարգման: Սադրազամից վախեցող Վեհափառը, իմանալով, որ նա թուրք է, ուղղակի գրկեց և քաշեց նրա թևից և մտերմաբար նստեցրեց կողքին, ասելով. «Սեն թյուրքջե բիլի՞րմիսին»:
Սկսեցին ընկերաբար խոսել իրար հետ: Միրզա Մոհսին խանը դիմեց ինձ և հարցրեց, թե «Ինչո՞ւ շահի պատասխանը չթողեցիք, որ թարգմանեմ»: Ես պատասխանեցի, թե «պարսկերեն հասկանում եմ, բայց խոսելու վարժություն չունեմ»: Կաթողիկոսը հայտնեց, թե Ստեփանոս Նախավկայի վանքը, որ պարսից սահմանի վրա է գտնվում, քայքայված վիճակի մեջ է և նորոգման կարոտ է: Ուստի խնդրեց, որ սադրազամը նորոգման արտոնություն տա:
Դուրս եկան սքանչելի բալկոնը և դիտեցին Զանգվի հրաշալի տեսարանը: Խոսեցին իրար մեջ և հարցրին, թե ինչո՞ւ են գետը Զանգու կոչում: Սադրազամը հայտնեց, թե այդ բառը նշանակում է «թուխ կամ սև» և այդ անունը տվել են գետին, որովհետև ջուրը պղտոր լինելով՝ թուխ գույն է ստացել:
Մեր էլ ընդունելությունը վերջացավ, և բոլորս Էջմիածին վերադարձանք:
Շահը իր խոստումը կատարեց։ Հաջորդ տարի, Եվրոպայից վերադարձին, եկավ Էջմիածին՝ կաթողիկոսին այցելության։ Այն շքեղ պատրաստությունները, որ տեսել էին, բոլորը կատարվեցին։
Շքեղ հացկերույթ տվին շահին․ կաթողիկոսական ամպհովանիի տակ շահը և կաթողիկոսը թև թևի մտած՝ Տաճարը մտան, նկարները և հնությունները դիտեցին, դուրս գալու ժամանակ ուսանողների երգեցիկ խումբը երգեց Կոմիտասի ձայնագրած եղանակը և այլն:
Այս բոլորի մեջ ես ոչ մի մասնակցություն չունեցա:
Խաչիկ վարդապետը դիմել էր կաթողիկոսին և բողոքել էր, թե ինչո՞ւ Աճառյանը, աշխարհական մարդ, թարգմանի պաշտոն պիտի վարի և ոչ թե ինքը՝ Խաչիկ վարդապետը, որ գիտեր թուրքերեն խոսել: Կաթողիկոսը համաձայնվեց: Ամբողջ ընդունելության ժամանակ թարգմանը եղել էր Խաչիկ վարդապետը, բայց շահը թուրքերեն չգիտեր: Բացի սրանից, Խաչիկ վարդապետը թարգմանի ձևը չգիտեր. երբ շահը հարցնում էր, օրինակ, թե սա ո՞ւմ նկարն է, Խաչիկ վարդապետը, փոխանակ դառնալու կաթողիկոսին և նրան ասելու, թե «Նորին Մեծությունը հարցնում է, թե սա ո՞ւմ նկարն է» և պատասխան ստանալով, փոխանակ շահին հայտնելու՝ «Նորին Սրբությունը հայտնում է, թե այսինչի նկարն է», ինքը ուղղակի պատասխանում էր շահի հարցման: Միևնույն ժամանակ Խաչիկ վարդապետը կոպիտ էր, սովորություն ուներ խոսելու ժամանակ խոսակցի թևից քաշել, կրծքին խփել, հրել կամ մշտել: Մի տեսարան դիտելու ժամանակ, ասում են, թե խփում էր շահի թևին և ասում էր «Բախ, բախ, բախ (նայի՛ր)»: Այս բոլորը վատ էր ազդել շահի վրա:
Երբ լսեցի, որ թարգմանը Խաչիկ վարդապետն է լինելու, և ես ոչ մի դեր չունեմ, առավոտուց հենց ծառայիս ճանապարհ դրի և ասացի, որ ամբողջ օրը չգա մոտս. սենյակիս դռները կողպեցի, վարագույրները ամբողջովին գցեցի և քաշված սեղանիս ծայրը, Արմատական բառարանիս վրա աշխատեցի:
Հանդեսը վերջացավ և շահը մեկնեց: Լսեցի, որ շահը իր ձեռքով մի պատվանշան է կախել կաթողիկոսի կրծքից և ինքը ձեռքը սեղմելով շնորհավորել։ Կարապետ վարդապետը և ուրիշներ սպասում էին պատվանշանի, բայց ոչինչ չստացան:
Ասում են, թե շահը Պարսկաստան հասնելուց հետո հայտնել է, որ իր ամբողջ ճամփորդության մեջ, թեև շատ փառահեղ ընդունելություն են ցույց տվել իրեն ամեն տեղ, բայց միայն երկու հոգի սրտանց են ընդունել իրեն: Մեկը եղել է մի պարսկահպատակ հայ, որ Բաքվում հրավիրել է շահին իր տունը և հենց դռան առաջ Համեցե՛ք ասելու փոխարեն արծաթյա մատուցարանի մեջ դռան բանալիները տալով շահին, ամբողջ տունը նվիրել է նրան: Շահը ընդունել է: Երկրորդը եղել է Հայոց կաթողիկոսը:
== ՍԻՐՈ ՕՐԵՐ ==
Խրիմյան Հայրիկը, նախքան ինձ տեսնելը, անշուշտ իմ մասին գաղափար ուներ, որովհետև կարդացել էր իմ հոդվածները «Բազմավէպ»-ի և «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ: Չեմ ասում, թե նա լեզվաբանությունից հասկացողություն ուներ, որովհետև մի օր ինձ մոտ, խոսելով այդ գիտության մասին, ասաց. «Այդ որչա՜փ չոր գիտություն է. ի՞նչպես եք սիրել այդ գիտությունը, չե՞ք ձանձրանում: Չո՜ր, չոփ-չոր»: Բայց իբրև ուսումնասեր մարդ, անշուշտ որոշ գաղափար կազմել էր իմ մասին: Ուստի և առաջին օրվանից ինձ լավ ընդունելություն ցույց տվեց և պատճառ եղավ, որ ես մնայի Էջմիածնում և խորանայի հայագիտության մեջ: Չգիտեմ, եթե նա սկզբից ևեթ ինձ տեղ տված չլիներ, իմ կյանքի ընթացքը ի՞նչ կլիներ: Արդյոք կկառչեի՞ հայագիտության մեջ, այդպես խոր և անխախտ կերպով:
Խրիմյանի նպատակն էր ինձ վարդապետ ձեռնադրել: Այդ բանը սկզբից ևեթ չհայտնեց ինձ, բայց մի երկու տարի հետո, արդեն հայտնապես ասաց. «Ես քեզ վարդապետ պիտի ձեռնադրեմ»: Պատասխանեցի, թե «մի աչքս կույր է, չեմ կարող վարդապետ լինել»: «Քեզ ո՞վ ասաց, որ այդ ասես ինձ, դա նշանակություն չունի»: Ես պատասխանեցի, թե «Լավ ձայն չունիմ, երգել չգիտեմ»: «Հո դու տիրացու չես լինելու, տիրացուները կերգեն»:
Վերջապես ես ասացի, թե ինձ արժանի չեմ գտնում վարդապետական աստիճանին։ Պատասխանեց. «Երանի թե մյուս վարդապետները քո արժանիքի կեսն ունենային»:
Խրիմյանը իմ վրա բռնություն չբանեցրեց, այլ գրպանս ընկույզներ էր լցնում, սրանով ինձ կաշառելո՞ւ համար: Միամիտ մարդ: Խրիմյանի բարեհաճությունը մեծապես ազդել էր իր եղբորորդի Խորեն էֆենդու վրա, որ, կարող ենք ասել, թե Էջմիածնի տերն ու տիրականն էր, կաթողիկոսի գաղտնի խորհրդականը և նրա դրդիչը:
Մի օր Խորեն էֆենդին կանչեց ինձ Վեհարան և խնդրեց ինձ, որ ես նրա աղջկան դասեր տամ: «Ի՞նչ դաս տամ,— հարցրի ես»:
«Սովորեցրեք նրան, ինչ որ մի աղջիկ պարտական է իմանալ լավ կին դառնալու համար»: «Օրինա՞կ…»: «Լավ հայերեն իմանալ, գրաբար կարդալ, շարադրություն գրել, հայոց պատմություն սովորել և վերջապես ինչ որ դուք կարևոր կհամարեք: Ի փոխարեն ես ձեզ կվճարեմ ամսական ռոճիկ այնքան, ինչքան ստանում եք Ճեմարանից»:
Օր որոշեցինք, և նա ինձ տարավ իրենց տունը. ներկայացրեց իր տիկնոջ, որ վանեցի միջակ տարիքով մի խոհեմ կին էր. երկու աղջիկ ուներ:
— Ահա իմ մեծ աղջիկը,— ասաց նա,— դուք սրա հետ պիտի պարապեք:
Ինձ դուր եկավ այդ ընտանիքը. պարկեշտ ու համեստ, նահապետական ընտանիք էր: Օրը և ժամը որոշեցինք և ես 2 անգամ գնացի դասի: Պարապեցի մեծ աղջկա հետ հայերեն լեզվից:
Նախքան հաջորդ դասը Խորեն էֆենդին կանչեց ինձ վեհարան և ասաց.
— Վեհափառը իմացավ, որ դուք դասեր եք տալիս իմ աղջկան։ Վճռական կերպով արգելեց. նա մեր տան մեծն է և ինչ հրամայեց, մենք պետք է կատարենք. խնդրում եմ այլևս ձեր դասերը դադարեցնեք: Էլի կմնաք մեր տան բարեկամը, կհաճախեք մեզ մոտ երբ որ ուզեք, բայց ոչ դասի համար:
Ես համաձայնվեցի, բայց այլևս երբեք նրա տունը չգնացի:
Շատ շուտ հասկանալի եղավ ինձ բանի էությունը. Խրիմյանը ինձ ուզում էր վարդապետ ձեռնադրել, Խորեն էֆենդին՝ փեսա դարձնել: Երկուսը իրար հակառակ էին, հաղթողը պիտի լիներ Խրիմյանը, բայց իրականում ոչ ոք չեղավ:
1920-ական թվականներին, երբ եկա Երևան համալսարանում դասախոսելու և սկսեցի հրատարակել Արմատական բառարանս, բաժանորդ եղավ նաև Ախիկյան անունով նկարիչը, որ վանեցի էր:
Նա ամուսնացել էր Խորեն էֆենդու աղջկա հետ: Մի-երկու տարի հետո Ախիկյանը մեռավ. տեսա նրա կնոջ… Նախկին բարեդեմ աղջկա տեղ տեսա մի պառաված, կնճռոտ երեսով, տգեղ կին, որ ավուր հացի կարոտ էր: Նա էլ շուտով մեռավ:
⁂
Կես դար և ավելի առաջ Վաղարշապատի կանայք բավական տգեղ էին: Այդ տգեղությունը վերագրում էին մալարիային, կիզիչ արևին և կեղտոտ ջրին: Եթե նրանց մեջ պատահեին բարեդեմ կանայք, անշուշտ եկվոր էին:
Այսպիսիներից մեկն էր իմ ընկեր Մանանդյանի քույրը, որի անունն էր Աստղիկ: Չգիտեմ որտեղ տեսա նրան և երիտասարդական խանդավառությամբ սիրահարվեցի: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Այն ժամանակվա սիրահարությունը բոլորովին նման չէր արդի սերերի հետ: Սիրահարը դառնում էր ամաչկոտ, լռակյաց, տխուր և ապրում էր միայն ներքին հուզմունքով: Ոչ մի արտաքին նյութական արտահայտություն չէր ունենում: Այդպես և ես: Իմ սիրո արդյունքը այն եղավ, որ ես ուզեցի ավելի մոտենալ Մանանդյանին, ցույց տալ իմ աշխատասիրությունը և դրանով ինձ նրան սիրելի դարձնել: Դրա համար, երբ ես և Մանանդյանը դիմեցինք Գալուստ Տեր-Մկրտչյանին և խնդրեցինք, որ հայագիտական մի լավ նյութ տա իրեն գրելու համար և Միաբանը առաջարկեց մեզ կազմել «Հայոց նոր վկաները», ես իսկույն սիրով ընկերակցեցի Մանանդյանին և միասին սկսեցինք գործը: Այս աշխատությունը տևեց կարծեմ 2 տարի: Գրեթե ամեն օր գնում էինք ձեռագրատուն, վերցնում էինք ձեռագրերը և դեմ-դեմի նստած աշխատում էինք: Ամեն մեկս մի առանձին գլուխ էր վերցնում իր համար, որին մյուսը չէր մասնակցում: Ես սկսել էի թերթել Էջմիածնի ձեռագրատան բոլոր 4000 ձեռագրերը և կազմել տաղերի հավաքածու: Այդ նպատակին միացրի նաև «Նոր վկաներ»-ի որոնումը և ահագին նյութ հավաքեցի: Այս բոլորը դրի սեղանի վրա:
Երկու տարվա մեր աշխատության արդյունքը հրատարակվեց Էջմիածնում երկու առանձին ձևի տակ: Առաջինը ժողովրդական հրատարակություն (Վաղարշապատ, 1902 թ.), իսկ երկրորդը գիտական հրատարակություն (Վաղարշապատ, 1903 թ.):
«Հայոց նոր վկաները» 1155 թվականից մինչև 1843 թվականը նահատակված հայերի պատմությունն է (մեծ մասամբ թուրքերի ձեռքով, մի փոքր մասն էլ պարսիկների): Սրանք տոնելի սրբեր չեն և նրանց կյանքը «Յայսմաւուրք»-ի մեջ չի անցած պաշտոնապես: Օրացույցների մեջ էլ նրանք չեն հիշատակվում: Մասնավոր դեպքերում այս կամ այն «Յայսմաւուրք»-ը տալիս է իբր հավելված իր շրջապատում տեղի ունեցած մի նահատակի պատմությունը: Պրպտելով 100-ի չափ ձեռագրեր, հավաքելով նյութը և դասավորելով ժամանակագրական կարգով, հրատարակեցինք այս գիրքը, յուրաքանչյուր նահատակի պատմության վերջում դնելով նաև կարևոր պատմական, ժամանակագրական և ձեռագրական տեղեկություններ: Գիտական հրատարակության մեջ էջի ներքևում նշանակված են բոլոր ձեռագրերի տարբերակները, որոնք չկան ժողովրդական հրատարակության մեջ:
Վերևում ասացի, թե ամեն մեկս մի գլուխ էր վերցնում և գրում. որոշելու համար, թե ո՞ր գլուխը ո՞վ է գրել, այսպես պայման կապեցինք. երբ նահատակի պատմության վերջում դրված տեղեկությունը սկսում է «այս» բառով, դա Մանանդյանինն է. երբ սկսում է «սույն» բառով՝ իմն է. իսկ երբ սկսում է «հիշյալ» բառով, իմն է, բայց քրոջս (Արմենուհու) աշխատակցությամբ: Հաշվելով բոլորը միասին, դուրս է գալիս, որ երկուսս միաժամանակ և միաչափ աշխատելով, իմ աշխատանքի արդյունքը եղել է մոտ երկուս ու կես անգամ ավելի, քան Մանանդյանինը: Երբ գրքի տպագրությունը վերջացավ, ես ուզեցի, որ այս արդյունքը նշանակենք առաջաբանի վերջում. Մանանդյանը նեղացավ, և ես զիջեցի:
Այժմ այստեղ ուզում եմ դնել մեր աշխատանքի հաշիվը:
Բնագրի 734 էջից Մանանդյանին է պատկանում 193 էջ, իսկ իմ ու քրոջս բաժինը կլինի 541 էջ, մոտ երկու և կես անգամ ավելի: Չնայած դրան, Մանանդյանը իր առաջաբանի սկզբում գրում է. «Ձեռնարկելով պր. Հրաչյա Աճառյանի տոկուն ու սիրահոժար աշխատակցությամբ հայոց նոր նահատակների վկայաբանությունների հրատարակման՝ իմ գլխավոր նպատակն է եղել…»:
Դուրս է գալիս, որ աշխատությունը գրողը ինքն է, և ես նրա աշխատակիցն եմ: Բայց այս սխալը ոչ թե հեղինակի սխալն է, այլ նրա հայերեն լավ չիմանալու արդյունքը:
Իմ սիրահարության պատմությունը թաքուն չէր կարող մնալ։
Ընկերներս մի օր տարան ինձ Երևան, Հրազդանի ափին գտնված մի զբոսավայր: Այնտեղ նրանք լավ խմեցին, ինձ էլ մի բաժակ գարեջուր խմացրին, որից ես հարբելով, դառնագին լաց եղա և գաղտնիքս բաց արի նրանց առաջ։ Լուրերով աղքատ Էջմիածինը չնչին բան էր փնտրում մեծացնելու համար: Այսպես տարածվեց իմ սիրո պատմությունը ամբողջ Վաղարշապատում: Նրանից անտեղյակ չէր կարող լինել Մանանդյանը, որի վերաբերմունքը իմ հանդեպ ոչ միայն չփոխվեց, այլ ընդհակառակը ավելի լավացավ: Երբ ամառը եկավ և արձակուրդ ունեցողները ամառանոց գնացին, մի օր Մանանդյանը մտավ իմ սենյակը և ասաց. «Դուք որևէ տեղ չե՞ք գնալու»: «Ո՞ւր գնամ,— պատասխանեցի ես,— գնալու տեղ չունեմ»:
«Մենք գնալու ենք Դիլիջան,— ասաց նա,— կգաք մեզ մոտ, կապրեք մեզ հետ, և երբ արձակուրդը վերջանա՝ նորից կվերադառնանք Էջմիածին»:
— Այս հրավերը չափազանց ուրախացրեց ինձ, բայց ես ի՞նչպես կարող էի մի ամբողջ ամառ պարապ անցկացնել: Մտածեցի և իսկույն մի միջոց գտա: Պետք էր հավաքեի պոլսահայ բարբառի մեջ գործածված բոլոր թուրքերեն բառերը: Ուրիշներ եթե ուզենային կատարել այդ աշխատանքը, անշուշտ պիտի սկսեին կարդալ զանազան բնագրեր և պիտի սկսեին հավաքել թուրքերեն բառերը: Բայց այդ աշխատանքը ինչքան էլ ուշադիր ձևով և երկար ժամանակ կատարեին, անշուշտ դարձյալ պակասավոր պիտի լիներ: Ես մտածեցի մի ուրիշ միջոց, որ հակառակ իր կարճության՝ պիտի տար լավագույն արդյունքը: Վերցրի միայն մի գիրք, այն է՝ Միհրան Աբիկյանի ընդարձակ օսմաներեն բառարանը՝ տաճկերեն-հայերեն-ֆրանսերեն լեզուներով: Որոշեցի կարդալ այդ գիրքը ամբողջ և որովհետև՝ իբրև կոստանդնուպոլսեցի, լավ գիտեի մեր բարբառը, ամեն մի թուրքերեն բառի դեմ կարող էի մի գիծ քաշել, եթե նա գործածական էր մեր բարբառում, և այսպիսով կունենայի ամբողջ փոխառյալ բառերի հավաքածուն:
Գնացինք 5 հոգով Դիլիջան, վարձեցինք Ղուկաս բիձայի բնակարանը մալականների սահմանում: Մեզ հարևան ունեինք միայն մի մալական, որ ամբողջ օրը երգում էր.
«Ու սուսիդա ժինկա միլայ
Ա ու մենե նիչևո նիմա»:
(«Հարևանս ունի մի սիրուն կին,
Իսկ ես ոչինչ չունեմ»):
Ապրեցինք ամբողջ ամառը այդ բնակարանում: Ոչ մի հետաքրքրական դեպք չպատահեց մեր մեջ: Ես աշխատում էի իմ թուրքերենի փոխառյալ բառերի վրա և վերջացրի մի ամսում (1900 թ. հուլիս), որ և ապա տպագրվեց «Էմինյան ժողովածու»-ի շարքով (Վաղարշապատ, 1904 թ.):
Երբեմն չորս հոգով պտույտի էինք դուրս գալիս. ես, Մանանդյանի մայրը, փոքր որդին՝ Արսենը և օրիորդը: Մեծ եղբայրը ընդհանրապես դուրս չէր գալիս: Փոքր եղբայրը շատ կատակախոս և զվարճասեր երիտասարդ էր: Մեր պտույտներից միայն մեկն եմ հիշում: Գնացել էինք բարձրադիր մի անտառ, որ գտնվում էր բլուրի վրա: Գագաթից ցած իջնելը դժվարացավ, որովհետև չորացած տերևները սահուն հատակ էին շինել և զառիվայրը լպրծուն էր դարձել. օրիորդը չէր կարողանում իջնել, ուստի թևն առի և արագ վազելով իջանք ցած:
Մի օր ես ու մայրիկը տանը նստած խոսում էինք. մայրիկը հայտնեց, թե մի երիտասարդ խնդրել է օրիորդի ձեռքը, բայց իրենք մերժել են: Այս խոսքի վրա ես այլայլվել եմ և գույնս թռել է: Մայրիկը դարձավ ինձ, թե «Ի՞նչ եղար, ինչո՞ւ գույնդ թռավ»:
«Ի՞նչ է եղել, որ իմ գույնը թռնի. ի՞նչ կապ ունեմ ես օրիորդի հետ»: «Ես ամեն բան գիտեմ, հանգիստ եղիր, արժանավորին կտամ, անարժանին չեմ տա»:
== ՄԵՐՈՆՑ ԳԱԼՈՒՍՏԸ ==
Մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց. հայրս, մայրս, մեծ քույրս, փոքր քույրս, եղբայրս և ես (Արշալույս քույրս մեռել էր արդեն): Մերոնց նամակ էի գրում և առաջարկում, որ փոխադրվեն Էջմիածին: Կառավարությունը արգելել էր հայերի մուտքը և ելքը Տաճկաստանից: Վերջապես ստանում եմ տեղեկություն, թե հայրս և քույրս մեկնել են Կոստանդնուպոլսից, հասել են Բաթումի և այսինչ օրը պետք է լինեն Երևանում: Գնացի Երևան, գտա հորս, որին 6 տարի ի վեր չէի տեսել: Դեմքը չէր փոխված, միայն մի քիչ ծերացել էր, առանց կորցնելու իր նախկին աշխույժը և եռանդը:
Կողքին կանգնած էր մի մանկամարդ, գեղեցիկ, բարձրահասակ աղջիկ․ հարցրի հորս. «Հայրիկ, ասիկա ո՞վ է»: «Քույրդ է, ծո»:
Ժողովրդական մի ասացվածք կա. մեծ ուրախություն զգալու դեպքում ասում են «Ոտքս գետնից կտրվեց»: Ճիշտ այդպես եղավ և ինձ: Քրոջս ես փոքր տարիքին թողել էի Կոստանդնուպոլսում. այն ժամանակ սևադեմ փոքրիկ մի երեխա էր, իսկ այժմ բարձրահասակ, հրեշտակադեմ մի էակ: Ոտքերս գետնից կտրվեցին, փաթաթվեցի նրան և անվերջ համբույրներով երեսը ծածկեցի:
Այլևս աշխարհում ոչինչ չմնաց ինձ համար: Գնացինք «Օրիանտ» հյուրանոցը, ուր գիշերեցինք երեքով և մյուս օրը գնացինք Էջմիածին, № 1 բնակարանս։
Հազիվ մտել ենք ներս և իրերը դասավորել, հանկարծ այցելության են գալիս Ճեմարանի ուսուցիչներից երկուսը՝ Քերովբե Միրաքյանը (նոր-նախիջևանցի) և Գևորգ Ղազարյանը (կարսեցի):
Ես խնդրեցի, թե այժմ չեմ կարող ընդունել, որովհետև մերոնք նոր են եկել և հանգստի կարոտ են: «Խնդրում եմ վաղը եկեք»: Նրանք նեղացան և հեռացան: Իսկույն կազմում են մեր մասին մի առասպել, թե այդ աղջիկը Աճառյանի քույրը չէ, այլ սիրուհին. իսկ հորս համար դեռ որոշում չէին տվել. ոմանք ասում էին, թե քրոջս հայրն է:
Որքա՜ն չար և անմիտ են մարդիկ:
Մյուս օրը նույն երկու հյուրերը եկան սենյակ: Ծանոթացան հորս և քրոջս հետ և զարմացան, երբ քույրս խոսեց նրանց հետ ռուսահայ լեզվով: Քերովբեն հարցրեց.
— Օրիորդ, այդ ի՞նչ շուտ սովորել եք մեր լեզուն:
Քույրս պատասխանեց զարմանքով.
— Մեր լեզուն, ձեր լեզուն ո՞րն է, ի՞նչ տարբերություն մեր և ձեր մեջ: Բացառականը կազմում եք ից-ով, ներգոյականը ում-ով, ներկան էլ ում եմ։ Ճանապարհի 2 օրվա ընթացքում այդքանը չէի՞ կարող սովորել:
Այս փոքրիկ միջադեպը ես հաճույքով պատմեցի ցույց տալու համար, թե որքան սխալվում են նրանք, որոնք մեր երկու բարբառները իրարից անջատում են իբրև տարբեր լեզուներ և նրանց միջև մի մեծ անջրպետ են շինում: Արևմտահայերը ամենամեծ ճշտությամբ հասկանում և սովորում են արևելահայ լեզուն, բայց ինչո՞ւ արևելահայերը այդքան դժվարանում են սովորելու մեր բարբառը, նույնիսկ Կոստանդնուպոլսում երկար տարիներ ապրելուց հետո:
Նույն միջոցին Գևորգ Ղազարյանը դիտում է իմ և քրոջս ունքերը և նրանց մեջ որոշ նմանություն գտնելով, գնում ընկերներին պատմում է, թե նա իմ հարազատ քույրն է: Այսպիսով մեր մասին տարածված առասպելը ջնջվում է:
Երբ նրանք մեկնեցին, մերոնց հարցրի, թե եղբայրս ի՞նչ եղավ. իսկույն հայրս սկսեց լաց լինել. եղելությունը հասկացա:
Եղբայրս մեռել էր: Մահը պատահել է 1900 թվականի ապրիլի 12-ին, հետևյալ հանգամանքներում: Բյոյուք-դերեի եկեղեցու կառավարիչ և դպրոցի տեսուչ Սահակ Խանճյանը, որ գրող, բանաստեղծ և ուսուցիչ էր և նույն թաղի բոլոր կրոնական և ազգային-դպրոցական գործերի կառավարիչը, խնդրել է հորիցս, որ թույլ տար իր որդուն եկեղեցում երգել, այսինքն՝ տիրացություն անել։ Հայրս թեև այս գաղափարին սաստիկ հակառակորդ էր, չի կարողանում մերժել նրա խնդիրքը և թույլատրում է: Ավագ շաբթում և Զատկին գիշերային պաշտամունքների ժամանակ հոգնում, անքուն է մնում եղբայրս և հենց տոներից հետո հիվանդանում: Մենենգիտ էր ստացել: Բժիշկները չեն կարողանում դարմանել, և նա մեռնում է:
Մեր ընտանիքի ամենափոքր անդամն էր եղբայրս. բոլորովին սպիտակ դեմքով, ուժեղ և հաղթանդամ տղա էր դարձել: 14 տարեկան էր, երբ մեռավ։ Եղբորս հիշատակին ես մի գիրք եմ նվիրել՝ «Մանկական բարբառ», որ տպված է Փարիզի «Բանասէր» հանդեսում 1901 թվականին, պրակ Ա-ում:
Այցելուները շատացան: Դրանց մեջ հիշում եմ գերմանացի հայագետ Ֆրանց Նիկոլաուս Ֆինքին: Բեռլինից եկել էր Էջմիածին հայերեն ուսումնասիրելու: Երկու տարի մնաց Էջմիածնում, Ստեփան Կանայանի հետ գրեցին արևելահայ աշխարհաբարի քերականությունը գերմաներեն լեզվով, ընկերանալով Հակոբ Մանանդյանի, Եզնիկ վարդապետ Գյանջեցյանի և Գալուստ դպրի հետ, սկսեցին հրատարակել Zeitschrift für armenische Philologie ուսումնաթերթը, որ տևեց 2 տարի և որի կառավարիչն էր թիֆլիսեցի Աբգար Հովհաննիսյանը, իսկ ծախսերը հայթայթում էր Մանթաշյանը: Այս ուսումնաթերթում մասնակցեցին հայ և օտար հեղինակներ: Ես էլ մի ընդարձակ հոդված եմ հրատարակել այդտեղ Lautlehre des Van-Dialects (արտատպ. Marbourg, 1901) վերնագրով: Ֆինքը նշանավոր եղավ իր մի ուրիշ աշխատությամբ: Նա ուսումնասիրեց հայ բոշաների լեզուն և հետագայում հրատարակեց Պետերբուրգում — Die Sprache der armenischen Zigeuner վերնագրով: Հետագայում գնաց Գերմանիա, ուր վաղամեռիկ եղավ։
Ահա այս անձն էր, որ եկավ իմ սենյակը այցելության. բայց նա ինձ մոտ երբեք չէր եկել և մի նոր պատճառ էլ չուներ ինձ այցելելու: Ուստի ենթադրում եմ, եկել էր քրոջս տեսնելու: Դրա համար էլ սկսեց խոսել քրոջս հետ և որովհետև քույրս գերմաներեն չգիտեր, ուստի Ֆինքը խոսում էր կիսատ-պռատ հայերենով: Աչքերը ոլորելով այնպիսի ձևեր և նշաններ էր անում, որ խիստ տարօրինակ թվաց։ Կանայք ավելի զգայուն են միշտ: Քույրս վեր կացավ, գնաց մյուս սենյակը և այլևս չվերադարձավ։ Ֆինքը մի քանի անգամ էլ այցելության եկավ «ինձ», բայց քույրս չներկայացավ նրան:
Մի օր քրոջս հայտնեցի, որ ես այստեղ սիրահարված եմ մի աղջկա:
— Մի՞թե,— ասաց քույրս, — տար ինձ իր տունը, տեսնեմ ինչ տեսակ աղջիկ է:
Գնացինք Մանանդյանի տունը: Քույրս իր շենշող բնավորությամբ իսկույն ծանոթացավ նրանց հետ և մտերմական խոսակցություն ունեցավ օրիորդի հետ. կարծես թե հին բարեկամներ լինեին: Երբ տուն եկանք, ասաց.
— Դուն մեր Կոստանդնուպոլսի աղջիկները մոռցեր ես. ան ի՞նչ անշնորհք աղջիկ է. ոչ կարդալ գիտե, ոչ գրել գիտե, ոչ ձեռագործ գիտե, ոչ ալ կարուձև գիտե. թափթփածին մեկն է. իրարու վրա 3 հատ շրջազգեստ հագեր էր, ետևեն կարելի էր հաշվել: Ամեն մեկը մյուսեն 3 մատ հեռավորություն ուներ:
Այսպիսի գնահատությունը և միևնույն ժամանակ տանս մեջ նոր մտած կենսաթրթիռ շունչը իսպառ մոռացրին իմ զգացմունքը:
Վեհարանում ապրում էր նաև ոմն Վահան էֆենդի, որ Խրիմյանի մոտիկ ազգականն էր: Բուրժուա վաճառականի կերպարանքով, կլոր և առողջ դեմքով, հաստափոր մեկն էր։ Այդ անձը սիրահարվել էր քրոջս և մեկի միջոցով դիմել էր հորս և խնդրել քրոջս ձեռքը: Հայրս հարցրել էր.
— Ի՞նչ գործ կընե ադ Վահան էֆենդին:
— Կաթողիկոսի մոտ ծառայում է:
— Ի՞նչ արհեստ գիտե. դերձա՞կ է, ատաղձագո՞րծ է, կոշկակա՞ր է, դարբի՞ն է, ի՞նչ է:
— Արհեստ չունի, կաթողիկոսի մոտ ծառայում է:
— Հասկցա, կաթողիկոսին ք… կթափե. է՛, կաթողիկոսը մեռնի նե, որի՞ն ք… պիտի թափե: Ես ադ տեսակ մարդու աղջիկ չունիմ տալու:
Հորս իսկույն պաշտոնի կանչեցին Էջմիածնում, դարձրին նրան մառանապետ, այսինքն՝ կաթողիկոսից սկսած մինչև վերջին տիրացուն, բոլոր միաբանների ուտելեղենը հայթայթող գլխավոր անձը: Իր գլխավորը եղավ Եղիշե վարդապետ Ահարոնյանը, շուշեցի մի գեղեցկադեմ մարդ, որի բնակարանը № 5 էր, մեր շարքում:
Ես ու նա իրար հետ շատ մոտիկ էինք, սկսած այն օրից, երբ ես հրատարակեցի Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությունը, նա մեծ հետաքրքրությամբ կարդում էր իրենց բարբառի քննությունը և անում իր դիտողությունները:
Մի տարի հետո մայրս և մեծ քույրս դիմում են կառավարության, մայրս ընկնում է փաշաների ոտքը լաց լինելով հայտնում, թե ինքը մենակ է մնացել, ոչ մի օգնական չունի, աշխատելու կարողություն չունի. «Աղաչում եմ թույլ տվեք գնամ Էջմիածին՝ որդուս և ամուսնուս մոտ»: Երկար աղերսանքները վերջապես ձանձրացնում են փաշաներին և տալիս են անցագիր: Գնում են Տրապիզոն, այնտեղից Բաթումի և հասնում են Երևան: Հայրս գնաց դիմավորեց նրանց (մորս և մեծ քրոջս՝ Հերսիլյային) և գիշերով վերադարձան Էջմիածին մեր բնակարանը: Ներս մտավ թե չէ, մայրս ծոցից հանեց մի քանի թղթի կտորտանք և թափեց սեղանիս վրա:
— Ի՞նչ են ասոնք,— հարցրի ես:
— Միտքդ չէ՞, Պոլսեն ելած օրդ այս թուղթերը ինձ տվիր և ըսիր, որ աղեկ պահեմ մինչև գալդ. հիմա եկա քեզի տվի տարիներ պահելե ետքը:
Ես մի քիչ նայեցի թղթերի վրա և առանձնապես հետաքրքրական բան չտեսնելով, մի կողմ դրի: Հայրս ասաց մորս.
— Ես քեզի չըսի՞, օր ադոնք բոլոր պարապ բաներ են. ան ատենը տղա էր, աս թուղթերը մեծ բան էին իրեն համար, հիմա Փարիզ գնացեր, սորվեր էկեր է, ադոր էրեսը կնայի՞:
Հաջորդ օրը հայրս գնաց գյուղ և վարձեց մեզ համար մի լավ բնակարան: Շուկայից մի քիչ ցածը մի մեծ պարտեզ էր, որի մեջ երկու բնակարան կար. աջ կողմինը մերն էր, իսկ ձախ կողմինը՝ Ճեմարանի ուսուցիչ Գալուստ Թումանյանինը:
== ՍԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՄՖԼԵՏԸ ==
Մենք արդեն տեսանք այս անձին: Հազիվ մերոնք եկել էին Էջմիածին, «Նոր-դար»-ի մեջ երևաց մի թերթոն: Հեղինակը չէր ստորագրել. խոսում էր իմ մասին, բայց չեմ հիշում անունս տալի՞ս էր, թե ոչ: Բովանդակությունը մոտավորապես հետևյալ բառերով էր.
— Էջմիածնի № 1 բնակարանը իր զվարճալի պատմությունը ունի. այնտեղ բնակվում էր Հրաչյա Աճառյանը, վանքի հաշվով և տեսնելով, որ այդ շատ լավ է՝ բերել տվեց Կոստանդնուպոլսից իր հորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր առաջին»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր քրոջը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երկրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև իր մորը: «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր երրորդ»: Եվ տեսնելով, որ բարի է, բերել տվեց նաև մյուս քրոջը։ «Եւ եղև առաւօտ և եղև երեկոյ, օր չորրորդ»:
Ծննդոց գրքի Ա գլխի օրինակով շինված այս պամֆլետը, որ գրված էր մերոնց ծաղրելու համար, շատ անտեղի էր և անճիշտ:
Նախ, որ մերոնք չորս հերթով չէին եկել, այլ երկու հերթով, ուստի այն չորս օրերի պատմությունը կեղծ է: Երկրորդ՝ հենց որ մայրս և մեծ քույրս եկան Էջմիածին, իսկույն թողեցինք № 1 բնակարանը և փոխադրվեցինք գյուղ: Երրորդ, որ ոչ ես և ոչ հայրս ձրի չէինք վայելում վանքի հացը, այլ իբր մեր աշխատանքի վարձատրությունը:
Ասացինք, թե պամֆլետը ստորագրված չէր, բայց նրա լեզուն և ոճը մատնանիշ էին անում Սեթ Հարությունյանին, որ թեև գիտական աշխատանք կատարելու անընդունակ էր, բայց զվարճախոսության մեջ լավ ընդունակ էր:
Այն կարծիքը, թե գրողը Սեթն էր, բոլորը զգում էին, նույնիսկ 51 տարի անց (1952 ապրիլ) մի օր հրավիրվելով Երևանում կաթողիկոսի (Գևորգ Զ) տունը, տեսա այնտեղ Վահան արքեպիսկոպոս Կոստանյանին, որ անցյալի մասին խոսելով, ամենայն անկեղծությամբ պատմեց, թե այդ պամֆլետի հեղինակը Սեթն էր:
Ես զարմացա նրա այդքան սուր հիշողության վրա, մանավանդ, որ պամֆլետը բառացի կրկնեց այնպես, ինչպես վերը գրեցի:
Բայց ի՞նչ կարիք ուներ Սեթը այդ պամֆլետը գրելու։ Արդյո՞ք կասկածում էր, որ ես նրա տեղը կգրավեմ. շատ իզուր, որովհետև Սեթը լինելով Կարապետ Կոստանյանի ստրուկը, հազիվ թե մեկը նրան ձեռք տար:
== ՀՈՐՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ ==
Հայրս շատ աշխատասեր մարդ էր. վանքի մառանապետի պաշտոնը ծանր գործ չէր. պարապ ժամանակ շատ ուներ: Զբաղմունքի համար որոշեց վանքի այգին մշակել (ձրիաբար):
№ 1 բնակարանի առաջ ընդարձակ բակ էր և այդ բակը գնում էր մինչև շենքի ծայրը: Դիմացը գտնվում էր Տաճարը: Բակը, թեև հողից, բայց շենքի կառուցման ժամանակ այնքան լցվել էր տուֆի փշրտանքներով, որ այլևս հող չէր երևում: Դրա մեջ մշակությունն անկարելի էր: Հայրս վարդապետներից թույլտվություն խնդրեց այդ խճալից հողը դեն ածելու և փոխարեն սևահող լցնելու: Ամենայն սիրով թույլատրեցին վարդապետները, որովհետև ձրի աշխատանք էր և վանքին օգուտ: Հայրս ամեն օր փորելով այդ խճաշատ հողը, տանում թափում էր հեռու, վանքից դուրս դաշտում և այնտեղից մաքուր սևահող բերելով՝ լցնում նրա տեղը: Այսպիսով կարճ ժամանակում № 1 բնակարանի առաջը, ինչպես և № 2 բնակարանի առաջը մաքրվեց և սևահող լցվեց: Այս սևահողի մեջ հայրս ցանեց զանազան բույսեր, որոնք շուտով աճեցին: Այստեղ տնկեց նա մի տեսակ պամիդոր, որ բարձրանում էր օդի մեջ առանց հենարանի: Այդ զարմանալի բույսի սերմը Կոստանդնուպոլսից էր բերել: Ցանեց նաև լոբի և ծաղիկներ: Մի քիչ այն կողմ № 4 բնակարանի առաջ (որ պատկանում էր մառանապետ Եղիշե վարդապետ Ահարոնյանին) շինեց փայտե թառ, մեկուկես մարդու հասակի բարձրության, և տնկեց մի տեսակ դդում, որ 1 մետր երկարություն ուներ: Այս տեսակի դդում չկար Երևանում, բայց սովորական է Կոստանդնուպոլսում, որտեղից բերել էր հայրս սերմը: Դդումը բարձրացավ և ի մեծ զարմանս բոլորի, թառի վերևից ձողերի պես կախվեց:
Մի օր հորս ասացի.
— Հայրիկ, այս դդումը այստեղ չկար, դուն նոր բերիր հասցուցիր. պետք է, որ քու անունդ վրան դնես:
— Է՜, ի՞նչ դնեմ:
— «Հակոբ խաբախի= Հակոբի դդում»:
Դարձավ մորս և ասաց.
— Կլսե՞ս կոր խելոք տղուդ խոսքը. ինձի խաբախ ըրավ:
Կարևոր է վարունգի պատմությունը:
№ 1 բնակարանի առաջ հայրս ի միջի այլոց տնկել էր նաև վարունգ. պտուղը բավական մեծացել էր և վախ կար, որ № 3 բնակարանի «քոռ» Եղիա վարդապետը գողանար: Նա իրավունք էր համարում կողքի կանաչիներից քաղել, բայց աչքը վարունգի վրա էր: Հայրս զգում էր նրա մտադրությունը և միշտ զանազան պատճառներով պահակ էր կանգնում: Գողության հարմար րոպեն անշուշտ կես գիշերն էր և հայրս մինչև այդ ժամանակը հսկում էր:
Վերջապես չթողեց, որ գողանա, և երբ վարունգը հասավ, կտրեց և կաթողիկոսին նվեր տարավ:
Մինչև անգամ Երևանի ջերմոցներում դեռ վարունգ հասած չէր, իսկ հայրս № 1 բնակարանի առջևի քարքարուտում վարունգ էր հասցրել:
Հրճվանքով վարունգը ձեռքին տանում, նվիրում է կաթողիկոսին, ձեռքը համբուրում և վարունգը դնում է սեղանի վրա:
Կաթողիկոսը, փոխանակ որևէ շնորհակալության բառ արտասանելու և կամ գովասանական խոսք ասելու, դառնում է հորս հետևյալ խոսքերով.
— Դուն կուզե՞ս որ ես քեզի շնորհակալ եմ ըսեմ: Դուն գիտե՞ս ես ո՞վ եմ. ես այս բոլոր վանքի ամենամեծն եմ. եթե ուզեմ, կարող եմ անմիջապես վանքեն դուրս վռնդել քեզ. լսեցի՞ր, հադե գնա:
Հայրս զայրացած գալիս է ինձ մոտ.
— Էշեկ օղլու էշեկ. մենք ալ քեզի մարդ գիտցանք. էշուն մեծն է եղեր. սա ըսելու խո՞սք է, որ ըսավ ինձի:
Եվ պատմեց ամբողջ դեպքը:
Խրիմյանը այսպիսի անպատշաճ արարքներ շատ էր անում: Վերևում պատմեցի Հովհաննես Հովհաննիսյանի կնոջ դեպքը: Նման մի դեպքի անձամբ ներկա եղա մի ուրիշ անգամ:
Նոր տարվա առթիվ Ճեմարանի բոլոր ուսուցիչները ներկայացան կաթողիկոսին շնորհավորելու: Ես գտնվում էի ամենավերջում. ամենաառաջը Մանանդյանն էր. Խրիմյանը տեսավ նրան և ասաց.
— Պարոն Մանանդյան, այդչափ գիտությունը այդ փոքրիկ, ճնճղուկի չափ գլխի մեջ ի՞նչպես ես տեղավորեր: Գոնե մեծ գլուխ ունենայիր… Բայց մեծ գլուխ ունեցողներն ալ ապուշ կլինին: Ահա Կանայանը, ահագին գլուխ ունի, մեջը պարապ. հա՜, հա՜, հա՜:
Եվ սկսեց լայնաբերան ծիծաղել:
Մենք բոլորս իրար հետև ծածկվում էինք, որ չտեսնվենք և նոր ծաղրանքի զոհ չգնանք: Իմ առաջ կանգնած էր Աբեղյանը, որ գլուխը և մարմինը թաքցրեց և անխուսափելի ծաղրից ազատվեց:
== ՊՈՍՈԽՈՎԻ ԴԵՊՔԸ ==
Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր Պոսոխով անունով մի ռուս, որ կառավարության կողմից նշանակված լրտես էր Էջմիածնի վրա: Հայատյաց մարդ էր, բայց գիտեր հայերեն խոսել: Սովորություն ուներ խոսած ժամանակ աչքերը ճըփճըփացնելու: Ճեմարանի ուսուցիչների նամակները ստանալու պաշտոնը հանձնված էր Կարապետ Քոչարյանին, որ գեղեցիկ գիր ունենալու պատճառով Ճեմարանի հավիտենական քարտուղարն էր:
Բացի գեղեցիկ գիր ունենալուց, ուրիշ ոչ մի լավ հատկություն չուներ։ Կարապետ Կոստանյանի ստրուկն էր և միաժամանակ նրա լրտեսը:
Մի օր Քոչարյանը հայտնում է ինձ, որ Պոսոխովը իմ անունով նամակ է ստացել, բայց մերժել է հանձնել Քոչարյանին և սպասում է, որ ես անձամբ գնամ ստանամ:
Ներկայացա Պոսոխովին. ցույց տվեց մի հաստ նամակ, որ ստացել էր Փարիզից: Կասկածում էր նրա վրա:
— Ի՞նչ եք կասկածում, որ լինի միջին:
— Կարելի է որևէ հեղափոխական թերթ կա մեջը:
— Է՜հ, եթե ինձ թշնամի մի մարդ միջին «Դրոշակ» կամ «Հնչակ» դնելով ուղարկել է ինձ, ես հանցավո՞ր եմ:
— Այդ հետո կտեսնենք:
Պոսոխովը մկրատով կտրեց ծրարը, դուրս թափվեցին մի նամակ և 30 ռուբլի թղթադրամ:
— Օհ,— բացականչեց Պոսոխովը և փողերը գրպանեց,— այս գումարը պատկանում է ինձ, որովհետև նամակի վրա с объявлением չէ գրված:
Ես նամակը կարդացի: Փարիզում մի գրավաճառի մոտ դրել էի իմ Étude sur la langue laze աշխատությունից մի քանի օրինակ:
Գրավաճառը ծախել էր այդ օրինակները և ահա գումարը ուղարկում էր ինձ: Պոսոխովին հայտնեցի, թե «Ֆրանսիայում իրավունք կա նամակի մեջ փող դնելու և ուղարկելու. ոչ ոք իրավունք չունի նամակը բանալու և գումարը վերցնելու: Ահա իր երկրի օրենքով այդ մարդը փողը ուղարկել է ինձ, դուք իրավունք չունեք այդ փողը խլելու: Ես ձեր դեմ կբողոքեմ»:
— Բողոքեցեք. բողոքի հասցեն էլ ես տամ:
Բողոքի հասցեն վերցրի և եկա տուն № 1 սենյակս: Մի ֆրանսերեն նամակ գրեցի Փարիզ՝ արտաքին գործոց մինիստրության և մի նամակ էլ ներքին գործոց մինիստրության և, բացատրելով դեպքը, խնդրեցի, որ դիմեն Ռուսաստան և պահանջեն գումարս հետ տալ։ Կանչեցի Սիրական Տիգրանյանին, որ իմ մտերիմ ընկերն էր և մանավանդ ցարական գործերի մասնագետ և լավ ռուսագետ և խնդրեցի, որ մի նամակ գրի Ռուսաստանի փոստ-հեռագրատան մինիստրության: Նա հրաժարվեց գրել, ասելով, թե «այդ ավելորդ է, ոչինչ չես կարող ստանալ»: Ես կրկնապատկեցի խնդիրքս և շատ աղաչեցի, բայց նա միշտ մերժում էր: Վերջապես զիջեցրի, և նա հանձն առավ գրել: Նամակը, անշուշտ պատվիրած, փոստ գցեցի. այսպես նաև երկու ֆրանսերեն նամակներս: Մի քանի շաբաթ անցավ. ոչ մի պատասխան չկար։
Շաբաթ երեկո էր. եկեղեցուց դուրս ենք գալիս. անցնում եմ Տրդատա դռնով: Դռան առաջ պատահում եմ Պոսոխովին, որ իսկույն մի կողմ է քաշվում, մեջքը դռան բարավորին դրած, կռանում է, գլխարկը հանած խոնարհվում է իմ առաջ: Զարմանքը պատեց ինձ. Պոսոխովը կաթողիկոսի առաջ էլ չէր խոնարհվում. այս ի՞նչ տարօրինակ տեսարան է: Ես մտածեցի, թե ծաղրում է ինձ, գլուխս կախեցի, թեթև բարևեցի և գնացի տուն, մեր նոր բնակարանը:
Մյուս առավոտ, կիրակի օր, լսում եմ որոտընդոստ մի ոտնաձայն: Մի կոզակ մտնում է սենյակս, դնում է իմ առաջ մի խոշոր սպիտակ ծրար, հինգ տեղից կնքամոմով կնքված, տալիս է ինձ 30 ռուբլի թղթադրամ և մի թղթի կտոր, որով Պոսոխովը խնդրում էր ինձ տալ 30 ռուբլու ստացական:
Նամակը բաց ենք անում և տեսնում ենք ռուսերեն մի գրություն, որի մեջ ասված էր, թե Փարիզից ներքին գործոց և արտաքին գործոց մինիստրությանց առաջարկով և փոստ-հեռագրատան մինիստրության իմ գրած թղթի հիման վրա, խիստ նկատողության են ենթարկել Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարչին և հրամայել են «Հարքունիս գրաված» 30 ռուբլին վերադարձնել ինձ, «որովհետև ռուսական թղթադրամի փոխադրությունը արտասահման և ներս արգելված չէ»: Ստորագրում էին երեք մինիստր՝ ներքին, արտաքին և փոստ-հեռագրատան: Այս ամբողջ միջադեպը մեծ ազդեցություն թողեց Էջմիածնի վրա: Առաջին անգամն էր, որ մեկը համարձակվել էր բողոքել պետության առաջ և այսպիսի հաջող ելք էր ստացվել: Ստեփան Կանայանը ինձնից 3 տարի առաջ նույն ձևով Գերմանիայից ստացել էր 300 ռուբլի, և Պոսոխովը խլել էր այդ գումարը իր գրպանի համար: Կանայանը չէր կարողացել ոչ մի բողոք ներկայացնել և երբ իմ դեպքը լսեց, ասաց. «Տե՛ս, տե՛ս, տե՛ս, այս անպիտանին․ երկու օր է եկել է այստեղ, և մեզ նոր բաներ է սովորեցնում. ինչպես մենք ժամանակին չմտածեցինք այս բանը»:
Այս նամակի ավելի զորավոր արդյունքը կտեսնենք հետագայում: Պոսոխովին արված նկատողությունը երևի այնքան խիստ է եղել, որ նա Քոչարյանին տեսնելով ասել է. «Ինչո՞ւ բողոքեց. չէի՞նք կարող մեր մեջ հաշտությամբ վերջացնել»:
Պոսոխովին մի անգամ էլ տեսա Ռոստովում 1915—1916 թվականին. փողոցում անցավ իմ կողքից. աչքերի ճփճփացնելուց ճանաչեցի, բայց չխոսեցինք իրար հետ: Վերջին անգամ Չեկայում իմ քննիչը հարցրեց Պոսոխովի մասին, թե ի՞նչ գիտեմ: Հայտնեցի, որ Էջմիածնի փոստ-հեռագրատան կառավարիչն էր և ցարական կառավարության կողմից լրտես էր նշանակված վանքի վրա: Ասացի նաև, թե 1915—1916 թվականներին պատահել եմ Ռոստովում. ուրիշ ոչինչ չգիտեմ նրա մասին:
== ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄԵՐ ՏԱՆ ՄԵՋ ==
Կոստանդնուպոլսում շատ հանդիսավոր կերպով են տոնում նոր տարին: Այդ օրը պատրաստում են 3 տեսակ քաղցրեղեն, անուշապուր, փելթե և զերտե: Սեղանի վրա պետք է առնվազն 12 տեսակ միրգ լինի. հաց չկա. նախորդ գիշերվանից փողոցում բարձրաձայն կանչելով վաճառում են նոր ալյուրից թխած մի տեսակ խմորեղեն, որ աղավնիի ձև ունի և կամ ուրիշ կլորակ զարդի ձևեր: Ծախողը կոչում է. «Քուշլար վար, քումրուլար վար, ենի բուղդա քեբաբը վար (թռչուններ ունեմ, տատրակներ ունեմ, նոր ցորենով խորոված ունեմ)»: Իրար հետևից փոքրիկ նվագախմբեր անցնելով կանգնում են յուրաքանչյուր տան առաջ և նվագ ածելով մի քանի կոպեկ ստանում: Հատկապես նշանավոր է հույների լաթերնան, որ մի առանձին տեսակի նվագարան է և որ միայն հույներն են գործածում: Հայոց մեջ արժանի է «Շնորհավոր»-ը: Սա մի բարակ կարտոն է, որի վրա փորագրած են (ծակ-ծակ) հետևյալ բառերը. «Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ» (հետո թվականը)։ Լինում է նաև նկարներով «Շնորհավոր»: Երկու տեսակ նկար կա. Քաջ Վարդանի նկարը և կամ Աստվածամոր նկարը: Այս բոլորը ծակ-ծակ է: Խանութներում ծախում են «Շնորհավոր»-ը՝ հատը 2 կոպեկ, բայց շատ անգամ աշակերտները իրենք են փորագրում իրենց տան համար: «Շնորհավոր»-ը դնում են վերոհիշյալ 3 տեսակի քաղցրեղենի վրա և հետո դարչին ցանելով՝ նկարը փոխանցում են քաղցրեղենի վրա: Առանց «Շնորհավոր»-ի տուն չի լինի։ Այս բոլորը տևում է մի շաբաթ, մինչև Ծննդյան տոնի օրը:
Շատ ժամանակ էր, որ ես նոր տարի չէի տեսել. ուստի մայրս և քույրերս պատրաստեցին մեր տանը այս բոլորը, բացի աղավնիներից:
Ուսուցիչները այցելեցին մեր տունը։ Նրանց մեջ հատկապես հիշում եմ Մանուկ Աբեղյանին, որի մոտ ես երբեք եղած չէի:
Նստան մեր պատրաստած սեղանի շուրջը և դիտում են առանց ուտելու: Վերջապես Աբեղյանը ասաց քրոջս.
— Օրիորդ, այս բոլորը շատ լավ, բայց մեզ անծանոթ ուտելիքներ են, ուտելու ձևը չգիտենք:
Քույրս իսկույն առանձին պնակների մեջ բաժանեց բոլորին և ինքը օրինակ տալով՝ սկսեց ուտել: Կերան և հավանեցին:
== ԽՐԻՄՅԱՆԸ ԻՆՁ ՀԵՏ ==
Մի գիշեր Խրիմյան Հայրիկը մի շաթիր ուղարկելով՝ կանչեց ինձ իր մոտ և ասաց.
— Պարոն Աճառյան, ներողություն կանես, որ ես կանչեցի քեզ: Գիշեր է, քուն չունիմ, մարդ ալ չկա, որ խոսիմ հետը. աստեղացոց սիրած չեմ. ասոնք ալ ինձ սիրած չեն: Ի՞նչ ընեմ. ստիպված եմ քեզ կանչելու: Ես կխոսիմ դուն լսե: Կարելի է խոսածիս մեջ շատ ավելորդ բաներ կան, բայց կարող է նաև օգտակար բան լինել: Ավելորդը դուրս ձգե, օգտակարը միտքդ պահե: Ծերերը շատախոս կըլլան, ստիպված պիտի լսես:
Ժամերով խոսեց, եղավ կես գիշեր: Ես անբարբառ լսում եմ նրան, թմրում եմ, բայց չեմ կարող վեր կենալ: Վերջապես կես գիշերը անց շաթիրին կանչեց, որ լապտերը վառած ինձ առաջնորդեց մինչև տուն: Այս տեսարանը կրկնվում էր անխափան, ամեն գիշեր, որովհետև «իր միակ բարեկամը ես էի»:
Եթե ուզենայի, կարող էի թերևս նրա պատմածներից նոթեր առնել: Խոսում էր ամիրաների կյանքից, գրողների կյանքից, իր եվրոպական ճանապարհորդություններից և այլն: Եվ այս բոլորը մի քանի անգամ: Բայց որովհետև ես պատմաբան չեմ, ուստի մոռացության մատնեցի:
== ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ==
Ամառ էր: Ճեմարանի դասերը վերջացել էին: Տպարանում պատահեցի Բենիկ վարդապետին, որին անձամբ ծանոթ չէի: Երիտասարդ, աշխույժ և գործունյա մարդ էր: Խոսեց ինձ հետ և հայտնեց, թե Շուշվա թեմական դպրոցի համար հայերենի ուսուցչի պետք կա: Նախկին ուսուցիչ Գյուլզադյանը (նոր-ջուղայեցի հայտնի հայկաբան, Ֆիրդուսիի թարգմանիչ և հեղինակ «Ոլոր մոլոր Կուրն էր գալիս Կովկաս սարերեն» երգի) ծերության պատճառով հրաժարվել է պաշտոնից: Հոգաբարձությունը կենսաթոշակ է նշանակել նրան և ուզում է նոր ուսուցիչ հրավիրել: Դուք չե՞ք ընդունի այդ պաշտոնը:
Մեծ հաճույքով լսեցի այս առաջարկը: Իմ ամենամեծ ցանկությունս էր ապրել Կովկասի զանազան հայաշատ վայրերում և սովորել նրանց բարբառը: Թեև Ղարաբաղի բարբառի քննությունը
Էջմիածնում մասնավոր անձերի օգնությամբ կատարել, վերջացրել էի, բայց նորից գնալ և բարբառը ուսումնասիրել տեղում՝ շատ հաճելի էր:
Երկրորդ՝ երկու չափահաս քույր ունեի, որոնց ամուսնացնել եղբայրական պարտականությունս էր: Կոստանդնուպոլսում նրանց ամուսնացնել չէր հաջողվել: Առհասարակ Կոստանդնուպոլսում ամուսնությունը չափազանց դժվար է օժիտի պատճառով:
Ամուսնացող աղջիկները իրենց փեսացուին պարտական են վճարել մի մեծ գումար, առանց որի ամուսնություն չկա: Մի երիտասարդ բժիշկ սիրահարվել էր մեծ քրոջս և լսելով, որ ես Էջմիածնումն եմ գտնվում, ասել էր. «Հարյուր ոսկի օժիտ ալ չի կրնար ղրկել»: Եվ իմանալով, որ չեմ կարող, սիրահարությունը մոռացել էր և ամուսնությունը մերժել: Կոստանդնուպոլսի այս անվայել սովորությունը, որ Կովկասի քրդական ղալանի հակառակն է, մեծ դժբախտություն է օրիորդների համար և կործանում՝ ընտանիքների: Սիրո վաճառքը ամենամեծ խայտառակությունն է և կործանիչ բարոյականի: Էջմիածնում չէի կարող ամուսնացնել քույրերիս. գյուղացիները, մեծավ մասամբ անգրագետ և աղքատիկ մարդիկ, չէին համարձակվում քույրերիս ուզել: Իսկ Շուշին իբր հայաշատ մեծ քաղաք, ինձ համար գերադասելի էր:
Ահա այս երկու պատճառներով, մեծագույն հաճույքով ընդունեցի Բենիկ վարդապետի առաջարկը և պատրաստվեցի մեկնելու: Ամսական ռոճիկ նշանակեցին ինձ համար 90 ռուբլի, որ այն ժամանակ հոյակապ գումար էր: Նախ ինքս մենակ մեկնեցի Թիֆլիս—Եվլախ և այստեղից կառքով Շուշի: Այդտեղ բնակարան վարձեցի և իսկույն մերոնց հրավիրեցի Շուշի:
Զվարճալի մի երևույթ: Հենց այն գիշերը, որ մենք հասանք Շուշի, հենց նույն օրը խնդրուկներ ներկայացան և երկու քույրերիս ձեռքը խնդրեցին:
— Ա՛յ մարդիկ, դեռ նոր ենք եկել, սպասեցեք մի տեղավորվենք, հետո:
Շուշեցի տղամարդիկ շատ են գնահատում օտարտեղացի օրիորդներին և առաջին հերթին նրանց ձեռքն են խնդրում:
== ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՈՒՄ ==
Գեղեցիկ էր Շուշի քաղաքը: Թիֆլիսից Բաքու մեկնող գնացքը Աղստաֆայից հետո կանգ է առնում Եվլախ կայարանում, որ գտնվում է Կուրի ափին (Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ գտել եմ «Եւայլախ» տեղանունը, որ անշուշտ սրա հետ նույն է):
Եվլախից խճուղի է մեկնում դեպի աջ և դեպի ձախ։ Դեպի ձախ մեկնող խճուղին 80 վերստի վրա հասնում է Նուխի, իսկ դեպի աջ մեկնող խճուղին, անցնելով Ասկյարանից և ապա Խանքենդի գյուղից (այժմ Ստեփանակերտ), հասնում է Շուշի: Ընդամենը 104 կիլոմետր է: Շուշին ուներ այն ժամանակ 40 000 բնակիչ, որից կեսը՝ հայ, կեսը՝ ադրբեջանցի: Հայերը բնակվում էին բարձունքում, իսկ թուրքերը՝ ցածրում:
Երբ բարձրանում ես բարձունքի գլուխը, որ տեղական բարբառով «քերծ» կամ «քերծեր» է կոչվում, առաջդ բացվում է հոյակապ մի տեսարան: Աջդ, ձախդ և հետևդ բարձր բլուրներ են, ծածկված կարճահասակ անտառներով, որոնք սև գույն ունեն և սրա համար էլ երկիրը կոչվել է Ղարաբաղ, այսինքն` «սև այգի»:
Դիմացդ տարածվում է շատ հեռու Եվլախի հովիտը, որ մինչև կայարանն է գնում: Երբեմն, մանավանդ երբ մշուշ է լինում, կարծում ես, թե գտնվում ես մի ընդարձակ ծովի առաջ: Շուշվա տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր տաշած քարերով շինված: Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ: Կտուրները ներկված են կարմիր և բարձունքից դիտողը կարմիր, կանաչ և սև գույների զանազանությամբ, սիրուն տեսարաններ ունի առաջ:
Շուշվա կլիման շատ մեղմ է: Ձմեռը սաստիկ ցուրտ չէ, ամառը հով է և բոլոր այն շուշեցիք, որոնք ապրում են Բաքու, իբրև ամառանոց գերադասում են գալ Շուշի: Այսպիսով ամառները Շուշին կրկնապատիկ կենդանանում և զվարթանում է: Աշունը մշուշապատ է: Մշուշը (տեղական բարբառով թօխպ, քշաթօխպ) իջնում է մինչև տների ներսը։ Այսպիսի տխուր աշունից հետո հաջորդում է «պուճուր ամառը» (ինչպես ասում են տեղացիք), որից հետո գալիս է մեղմ ձմեռը։ Մշուշը (թօխպ) շատ հաճախադեպ է Շուշվա համար, բայց դա էլ իր հաճույքն ունի: Ամառը այնքան հով է, որ առանց վերարկուի հաճելի չէ ման գալ: Մի անգամ հունիս ամսին ձյուն եկավ Շուշում, երբ այնտեղ էի գտնվում: Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր և զվարճախոս անձեր են: Ունեին 4 եկեղեցի, մի առաջնորդարան, մի թատրոն, մի գրադարան, մի տպարան և մի թեմական դպրանոց, որ իմ ժամանակ 600 աշակերտ ուներ: Ըստ կարելվոյն ընտիր ուսուցչական մարմին ուներ:
Այս բոլորը այժմ չկա: Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծական հարձակում գործեցին հայոց վրա և կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, և ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ: Անձի վնաս չեղավ: Ադրբեջանցի ժողովուրդը առաջարկեց հայերին և ճանապարհ տվեց, որ շուտով հեռանան քաղաքից: Այսպես դատարկվեց Շուշին և մեռավ: Փախչող հայերը իջան Խանքենդի, որ այժմ Ղարաբաղի մայրաքաղաքն է համարվում:
Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»։
Ղարաբաղցիք, ինչպես հայտնի է, լավ կռվողներ են եղել միշտ և այդ օրն էլ կարող էին դիմադրել, բայց, ինչպես ասացի, հարձակումը բոլորովին հանկարծական եղավ, և հայերն էլ ոչ մի պատրաստություն չունեին:
Երկու անհարմարություն ուներ Շուշին. մեկը այն, որ շրջակա բոլոր քաղաքներից կտրված, մեկուսացած և հեռու էր ապրում. երկրորդ, որ Եվլախից մինչև Շուշի երկաթուղի չկար: Եվլախի կայարանի տոթն էլ անտանելի էր. մոծակը այնքան առատ էր, որ եթե ձեռքդ երեսիդ խփեիր, ամբողջ ձեռքդ արյունաթաթախ կլիներ։ Այս պատճառով ճամփորդները զգուշանում էին գիշերը մնալ Եվլախում: Այժմ նավթով մաքրել են ճահիճները և մոծակը իսպառ վերջացել է:
Եվլախից քիչ հեռու գտնվում է Բարդա գյուղը, որ առաջ աննշան մի բան էր, իսկ այժմ շատ մեծացել և զարգացել է: Դա հին Աղվանից մայրաքաղաք Պարտավն էր։
== ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ==
Մենք բոլորս սիրեցինք Շուշին: Համեղ ջուրը, փափուկ կլիման, շրջակա անտառները, զբոսավայրերը, հիանալի տեսարանը, բնակիչների զվարթ, անշահախնդիր բնավորությունը հաճելի դարձրին կյանքը: Էջմիածնում մայրս երկու բանից գոհ էր մնացել: Մեկը այն, որ իր տարիների հոդացավը (քամի) մի անգամից վերջացել էր և երկրորդը այն, որ «մոլլա և մինարե չկար»:
— Ուր որ գացի, Կոստանդնուպոլիս, Տրապիզոն, Բաթումի, մինչև անգամ Երևան, սա մունդար էզանի ձանը ականջես չկտըրվեցավ. մինակ Էջմիածին էկա, ադ ձանը վերջացավ:
Բայց մայրս ոչ մի օր Էջմիածնի տաճարը չմտավ: Խռովել էր Աստծո հետ, որովհետև Զատիկ օրով իր որդուն մահացրել էր:
Դժգոհ էր միայն հայրս, որովհետև ոչ մի աշխատանք չուներ: Լինելով խիստ աշխատասեր, առանց աշխատանքի ձանձրալի էր իրեն կյանքը։ Պարտեզ չկար, որ մշակեր. ամեն տեղ մշակված էր. ծառ ու ծաղիկ էր բուսնում. խճուտ, քարքարոտ հողեր չկային, որ մաքրեր և սևահող լցներ: Սրճարան էլ չկար, որպեսզի գնար նըստեր և ընկերների հետ շաղփաղփելով օրը սպաներ: Միակ հավաքատեղին Շուշվա թոփխանեն էր, մի փոքր հրապարակ քաղաքի կենտրոնում, ուր անգործ մարդիկ, պատերի տակ նստած, զրուցում էին: Սկսեց անել կոշկակարություն, բայց ես արգելեցի: Այս առթիվ, մինչև անգամ, տնային ընդհարում ունեցանք: Ասում էի.
«Ահագին ռոճիկ եմ ստանում, ուսուցիչ մարդ եմ. ամոթ է ինձ, որ մի հայր չկարողանամ պահել և նա կոշկակարություն անել ստիպվի. ի՞նչդ է պակաս»:
Հայրս վերջ տվեց արհեստին և զվարճալի էր տեսնել, թե ինչպես նա, տանը նստած, սուտ կոշկակարություն էր անում օդի մեջ, կոշիկ կարել ձևացնելով:
Ասացի, որ խնդրակներ էին եկել երկու քույրերիս համար: Հերթը ընկնում էր նախ մեծ քրոջս: Մի խումբ ընտրելիների մեջ առաջնություն ստացավ Նիկոլայ Խաչունցը: Այս մարդը մետաքսի վաճառական էր. մի քանի տարի մնացել էր Մարսելում և գիտեր ֆրանսերեն խոսել: Շուշուց քիչ հեռու, մի ադրբեջանական գյուղում ուներ մետաքսի գործարան, ուր աշխատում էին 150 հոգի: Ասում էին, թե 200 000 ռուբլի փող ունի: Ինքը տխեղծ մարդ էր, հասակը կարճ, մի աչքը կույր, մի թևը կոտրած և մի ոտը կաղ: Մի քանի ավազակներ գիշերանց հարձակվել էին նրա վրա, ինքը իբրև քաջ շուշեցի մարդ՝ անձնատուր չէր եղել և սկսել էր կռվել նրանց դեմ: Նրանք զինված լինելով, այսչափ չարիք էին հասցրել նրան և կիսամեռ թողել հեռացել: Քույրս, երբ տեսավ նրան առաջին անգամ, «Բա՞, ասիկա ճուճե է»,— ասաց, ծիծաղեց նրա վրա և արհամարհեց: Մարդիկ մեջ ընկան, հատկապես թեմական դպրանոցի ուսուցիչ Գարեգին Խաժակը, որ ալեքսանդրապոլցի լինելով, խոսում էր արևմտյան բարբառով և այս պատճառով էլ շատ մտերմացած էր հորս հետ, վերջապես համոզեց նրան: Երեք օր տևեց հարսանիքը՝ հին հեքիաթների ոճով. Նիկոլայի ընդարձակ տունը, իր բազմաթիվ սենյակներով, լցված էր հյուրերով: Առաջին օրը հրավիրված էին հարուստները, երկրորդ օրը միջակ դասակարգը և երրորդ օրը աղքատ դասակարգը: Հարսանիքից հետո քույրս տեղափոխվեց նրանց տունը:
Հերթը հասավ փոքր քրոջս՝ Արմենուհուն: Նա կտրականապես մերժեց բոլոր առաջարկողներին: Արդեն ուներ մի ընտրելի, որ էր
Մելքոն Ղազարոսյան կոչված անձը: Երբ ես Կեդրոնականի աշակերտ էի, Մելքոնն էլ աշակերտ էր՝ ինձնից մի քանի տարի ցածր:
Շատ աղքատ էր. ինքը քղեցի էր. բնակարան չունենալով, գիշերում էր դպրոցի ծառաների սենյակում: Փող չուներ, որ ճաշեր, ուստի կերակրվում էր աշակերտների ճաշի մնացուկներով. մի քանի պատառ հաց, մի քիչ խաղող և պանրի կտորտանք. ահա այս էր իր ուտեստը: Դպրոցը ավարտելուց հետո ես ոչինչ չիմացա նրա մասին: Երբ Էջմիածին եկա, տեսա նրան այնտեղ: Պատմեց, թե գնացել է Մոնպելիեի երկրագործական բարձրագույն վարժարանը և ավարտել: Այժմ եկել էր Էջմիածին և Կաթողիկոսի հրամանով նշանակվել էր Էջմիածնի և Ճեմարանի հողերի վրա: Հայրս լավ երկրագործ էր. իբրև հայրենակից ծանոթացավ նրա հետ և բարեկամացավ: Մելքոնը հաճախ մեր բնակարանն էր գալիս, և մենք լավ մտերիմներ դարձանք: Գրեթե ամեն օր մեզ մոտ էր: Բայց հայրս չհավանեց նրա գիտության. լավ երկրագործ չէր: Մի անգամ Մելքոնը ընդարձակ մշակություն էր սկսել Ճեմարանի հետևը գտնված հողի վրա: Հայրս հարցնում է. «Պարոն Մելքոն, ի՞նչ կցանես»:
«Գետնախնձոր, կարտոֆիլ»: Ադ ցանածդ կարտոֆիլ չէ, ընկույզ է. եթե կուզես, որ կարտոֆիլ լինի, այդքան երեսկունկ չպիտի ցանես. խոր փորե»: «Է՜, Հակոբ աղա, ա՛լ գետնախնձորի մասին չխոսիս ինձի հետ, որովհետև ես գետնախնձորի նշանավոր մասնագետ եմ»:
Երբ բերքը հասավ, ստացվեց փոքրիկ խնձորի չափ դառն և լեղի մի բան: Մեզ էլ մի քիչ նվեր ուղարկեցին. ուտելու բան չէր:
Մելքոնի միամտությունը ամեն օր մեր ծաղրի առարկան էր դարձած: Բայց նա մեր ծաղրն էլ չէր հասկանում և մեզ հետ միասին ծիծաղում էր իր վրա:
Ահա այս անձն էր քրոջս ընտրելին: Երևի Էջմիածնում հարմար մի առթիվ պայմանավորվել էին իրար հետ. ուստի մերժեց բոլորին և հորս ու մորս հետ երեքով միասին որոշեցին մեկնել Էջմիածին:
Ես այս ամուսնության հակառակ էի. իմ այն սքանչելի քրոջս ողորմելի Մելքոնին չէի ուզում տալ և ասացի. «Ես նրան քեզ արժանի չեմ համարում: Դու շատ ավելի լավերին ես արժանի. իբրև հարազատ եղբայրդ, սրտանց ասում եմ քեզ այս. բայց իբրև մարդ իրավունք չեմ համարում արգելք լինել քեզ: Եթե գնալու ես, գնա, բայց իմացի՛ր, որ նրան գնալուց հետո, ես քո եղբայրը չեմ»:
Դժբախտ քույրս չլսեց ինձ, գնաց և ամուսնացավ Մելքոն Ղազարոսյանի հետ Էջմիածնում:
Մի փոքրիկ կետ այստեղ: Պոլսի բարբառով Ղազարոս անունը նշանակում է «ապուշ»: Քույրս չուզենալով «ապուշ» լինել, փոխեց ազգանունը և դարձրեց Զարոսյան:
— Դիտողություն.— Երևանի լեզուն պարզ է, ուստի հասկանալի էր մերոնց. բայց Ղարաբաղի բարբառը շատ դժվար էր նրանց համար։ Ոչինչ չէին հասկանում. «Կյառնը, ի՞նչ կուզե ըսել»,— ասում էր մայրս: «Գառը չգիտես ի՞նչ է»: «Է, թող գառը ըսե, որ հասկընամ, կյառնը ի՞նչ իմանամ, թե ինչ է»: Իսկ մեծ քույրս, ապրելով ղարաբաղցի այանների շրջանում, վարժվեց նրանց հետ, բայց երկու բարբառի խաչաձևումով կազմել էր մի նոր բարբառ: Օրինակ՝ «Քա, անիկա ի՞նչ է օզըմ»:
== ԻՄ ԹՈՔԱԽՏԸ ==
Մերոնց բացակայության ժամանակ, որ շուրջ մի ամիս տևեց, ես թոքախտ ստացա Շուշում: Մի օր արթնանում եմ և տեսնում եմ, որ աջ կողքս (սնակուշտ) ցավում է, շունչս կտրվում է, և շնչելու ժամանակ լանջքս ցավում է: Հասկացա, որ թոքախտ եմ ստացել և դիմեցի բժիշկ Քրիստափոր Օհանյանին:
Այս հիանալի անձը, որի հիշատակը անմոռանալի կերպով պահած եմ սրտիս մեջ, բնիկ շուշեցի էր: Սովորել էր Շվեյցարիայում և լավ ֆրանսերեն էր խոսում: Բայց որովհետև Ռուսաստանում պետական օրենքով, արտասահմանում սովորած բժիշկները իրավունք չունեին իրենց արվեստը գործադրելու, ուստի նա էլ զրկված էր բժշկության իրավունքից: Մտածել էր խորամանկ մի միջոց: Դիմել էր ռուսաց կայսրուհուն, որ համարվում էր ակնաբուժության պաշտպան, և հայտնելով, որ Շուշում ակնաբույժ չկա, խնդրել էր թույլ տալ ակնաբուժությամբ պարապելու: Կայսրուհին շնորհեց այդ իրավունքը, և նա սկսեց պարապել ակնաբուժության հետ նաև ամեն տեսակի բժշկությամբ:
Նստեցրեց ինձ աթոռակի վրա մինչև կես մեջքս մերկ դրությամբ: Լսեց կուրծքս, լանջքս, աջ ու ձախ և ասաց. «Այո, ես էլ եմ կարծում, որ դուք արդեն թոքախտ եք ստացել»:
— Ոչինչ,— ասացի,— ես թոքախտի բուժումը գիտեմ, պետք է շատ ուտել, լավ սնվել, բաց օդում քնել և այս միջոցով թոքախտը կբուժվի:
Ես այս կարծիքը կազմել էի նախ Կոստանդնուպոլսում մի թոքախտավոր աղջկա սիրահարված ժամանակ: Այս առթիվ ես կարդացել էի զանազան բժշկական գրքեր և սովորել էի, թե «թոքախտը բուժելի է»: Երկրորդ, Էջմիածնում ծանոթացել էի Ստեփան Կանայանի եղբայր Հայկ Կանայանի հետ, որ բժշկության ուսանող էր Ռուսաստանում և թոքախտ ստանալու պատճառով թողել էր ուսումը և վանքում դեղագործ էր: Բուժման համար դիմել էր շատակերության միջոցին։ Աջ ու ձախ ձեռքում մի-մի վարունգ բռնած, առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ուներ), մեկ աջից, մեկ ձախից կրծելով, անընդհատ ուտում էր: Կերակրի խտրություն չգիտեր և այս միջոցով բուժեց իր թոքախտը, մի թոքը չորացավ և մյուս թոքով ապրեց մինչև 75 տարեկան:
Բժիշկ Օհանյանը իմ կարծիքը հաստատեց, և ես գնալով տուն, ուր մենակ էի, ձեռնարկեցի շատակերության: Դռան առաջով անցնում էր մի կաթնավաճառ։ Կանչեցի և մի կուլա կաթ գնելով, հում-հում ամբողջությամբ րոպեապես դատարկեցի և ամանը հետ տվի, 20 կոպեկ վճարելով: Մարդը զարմացավ, երեսս նայեց և ժպտալով հեռացավ: Չգիտեր, թե ես թոքախտ ունեմ և սրանով թոքախտ եմ բուժում:
Քիչ հետո անցավ մի գյուղացի, որ թութ էր ծախում: Մի կողով թութ վերցրի, ներս տարի և առանց լվանալու (որովհետև արդեն թոքախտ ունեի) ամբողջը կերա: Հևալով պառկեցի և քիչ հետո տեսա, որ սնակուշտս չի ցավում և շունչս չի կտրվում: «Այսպես կհաղթեմ թոքախտին»,— ասացի ես և քնեցի:
Մյուս օրը գնացի նշանավոր բժիշկ ծերունի Աթաբեկյանին, որ երիտասարդ բժիշկ Լևոն Աթաբեկյանի հայրը կամ հորեղբայրը պիտի լինի:
Ներս մտնելով իր սենյակը, մի ռուբլի դրի սեղանի վրա, հայտնեցի, թե թոքախտ ունեմ:
— Ինչի՞ց ես իմանում,— հարցրեց բժիշկը:
— Աջ կուշտս ցավում է և շունչս կտրվում է:
— Թոքախտը կուշտից չի սկսում, այլ կրծքի վերևից և շունչն էլ չի կտրվում:
Մի քիչ քննեց, կուրծքս լսեց և ասաց.
— Դու թոքախտ չունես, վեր կաց գնա:
Դուրս գնալու միջոցին բժիշկը կանչեց ինձ.
— Դու ի՞նչ մարդ ես, ի՞նչ գործ ես անում:
— Կոշկակար եմ:
— Ոչ, դու կոշկակար չես. կարծեմ ուսուցիչ ես. վերցրու մանեթդ և գնա: (Ուսուցիչներից բժիշկները փող չէին վերցնում. բուժումը ձրի էր նրանց համար):
— Ես ուսուցիչ չեմ, ես կոշկակար եմ,— ասացի և փողը թողնելով փախա:
Այսպես բուժվեց իմ թոքախտը:
== ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐԱՆՈՑՈՒՄ ==
Երկու տարի մնացի Շուշում իբրև ուսուցիչ հայերենի՝ թեմական դպրանոցում: Չափազանց գոհ եմ իմ դիրքից, տեղից և պաշտոնակիցներից:
Դպրոցի տնօրենն էր այն ժամանակ Բենիկ վարդապետը, որ ինձ հրավիրել էր Էջմիածնում:
Պատմեմ այս անձի մասին իմ կրած տպավորությունը:
Նա ազնիվ մարդ էր. ես նրանից ոչ մի անազնիվ բան չեմ տեսել: Իմ կյանքի նոր ուղղությունը նա գծեց: Եթե Էջմիածնում մնացած լինեի, անշուշտ կյանքս չպիտի ստանար այն ընթացքը, որ Շուշում ստացավ: Էջմիածնում ես մի երկրորդական ուսուցիչ էի, անարժեք և արհամարհված. մինչդեռ Շուշում ես պատվավոր ուսուցիչ էի և այն էլ հայոց լեզվի, որ այն ժամանակ համարվում էր ամենահարգի առարկան: Բոլոր ուսուցիչները ինձ հավասար ընկերներ էին: Բենիկ վարդապետը այնքան վստահություն ուներ իմ վրա, որ ոչ մի անգամ իմ դասին ներկա չի եղել: Ինձ քննելու կամ ստուգելու կարիք չէր զգում: Այսպես նաև մյուս ուսուցիչները: Ժողովուրդը ամեն տեղ ինձ կոչում էր «վարժապետ». մի տիտղոս, որ տալիս են ամենից հարգելի անձերին: Այն զզվելի ատելությունը, որ տեսնում էինք Էջմիածնում տաճկահայերի դեմ, բացարձակապես գոյություն չուներ Շուշում և թերևս հակառակն էլ էր: Տաճկահայերին սիրում էին՝ իբրև ավելի ուսումնասեր և ազգասեր հայերի:
Մի միջանկյալ դեպք պատմեմ:
Մի օր մի մեծ խմբով ընդհանուր հացկերույթի էինք գնացել Բեխամեբյուրի աղբյուրը: Հացկերույթի ժամանակ իմ կենացն էլ առաջարկեցին: Ես բաժակ վերցրի և շնորհակալություն հայտնեցի այն հարգանքի համար, որ վայելում էի թե՛ ուսուցչական կազմի, թե՛ դրսի մարդկանց և թե՛ հասարակ ժողովրդի կողմից: Գուցե անմտությամբ ակնարկեցի նաև, թե Երևանում վատ վերաբերմունք կար դեպի տաճկահայերը, իսկ ես Շուշում ոչ մի նման երևույթ չեմ նկատում: Այս խոսքիս վրա տիրեց ընդհանուր դժգոհություն: Վիրավորվեցին, երբ նկատեցին իմ խոսքի մեջ, թե կարող է այդպիսի բան լինել: Ահա թե ինչքան մեծ տարբերություն կար Երևանի և Շուշու միջև:
Բենիկ վարդապետը հայտնի եղավ Կովկասում իբրև նշանավոր ճարտասան քարոզիչ: Ահա թե ինչպես էր ձեռք բերել այս արժանիքը, ինչպես ինձ պատմեցին ուսուցիչ ընկերներս:
Բենիկ վարդապետը նախապես շատ անշնորհք քարոզիչ էր: Խոսում էր կմկմալով: Մտածել է հետևյալ միջոցը: Գրել է մի բավական ընդարձակ քարող, ուղղել, սրբագրել, ընդարձակել և մի լավ ձևի վերածելուց հետո, անգիր է արել: Կիրակի օրը գնացել է.
եկեղեցի և այդ անգիր արած քարոզը խոսել: Բնականաբար շատ հաջող է անցել: Վերադարձել է տուն և մի երկու ուրիշ նման քարոզներ էլ է շարադրել և ապա անգիր արել: Դրանք էլ զանազան օրեր եկեղեցում խոսելով՝ լավ արդյունք է ձեռք բերել: Այսպես մի խումբ քարոզներ գրելուց և անգիր անելուց հետո ստեղծել է իր համար մի լայն շրջանակ: Ուզած օրը, ուզած տոնի առթիվ բերան արած քարոզներից մեջբերումներ անելով, կարող էր այլևս շարունակ նորանոր պերճախոս քարոզներ արտասանել:
Այսպես ահա ձեռք բերավ Բենիկ վարդապետը իր պերճախոս քարոզչի համբավը։
Քարոզներից մի քանիսը հետագայում հրատարակեց նա «Քարոզչական թոթովանքներ» խորագրով:
Դրսում չգիտեմ, թե ինչ անցուդարձ կար նրա մասին: Կարծեմ հուզումնալի դրություն էր ստեղծված, որի պատճառով նա թողեց տեսչական պաշտոնը և նրա տեղ անցավ Զուրաբյանը: Շատ տարիներ հետո Բենիկ վարդապետը դժբախտաբար շեղվեց իր ճանապարհից և «Ազատ Եկեղեցու» հիմնադիր դարձավ: Իր հետ էին միացել Աշոտ եպիսկոպոս Շխյանը և Մելյան քահանան: Այս երեքը ստացան Երևանի Լուսավորիչ եկեղեցին, որ «Ազատ Եկեղեցու» աթոռանիստը դարձավ: Հրապարակում էին նույն անունով մի պարբերական հանդես: Աղմուկը տարածվեց Կովկասի զանազան կողմերում և ժողովրդական տուր ու դմփոցի պատճառ եղավ. նպատակը Հայոց Եկեղեցու ուժը ջնջելն էր, որ սակայն չհաջողվեց:
«Ազատ Եկեղեցին» մի քանի տարի հետո իսպառ խափանվեց:
Մյուս պաշտոնակիցներիս մեջ հիշատակության արժանի են Գարեգին Խաժակը, Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը, Հարություն Մելիքյանը, Համբարձում Աբովյանը, Արշակ Մեհրաբյանը, պատմաբան Միշան և ուրիշներ:
Գաբրիել վարժապետ Ղուլիքևխյանը Գանձակի գյուղերից էր, մեզ հայտնի քաղաքական գործիչ և գրող, համալսարանի դասախոս Հայկ Գյուլիքևխյանի հայրը: Հին մարդ էր և այնպես հռչակավոր ուսուցիչ, որ «վարժապետ» բառով միայն նրան էին հասկանում: Թեմականի ցածր դասարաններում հայոց լեզու էր ավանդում: Մեծ ուսում ստացած չէր. ինքնուս էր. բայց գործնական կյանքի մեջ մանկավարժական մեծ փորձառություն էր ստացել:
Ամենքս հարգում էինք նրան, և նրա խորհուրդները մեզ համար պատգամ էին: Գարեգին վարժապետը արտասանության մեջ մի զարմանալի ձև ուներ. օրինակ՝ հիվանդ բառը չէր արտասանում հիվանդ ձևով, ինչպես բոլորս արտասանում ենք, այլ հիուանդ։
Երբ մի օր հարցրի նրան, թե ինչու այդպես եք հնչում, պատասխանեց, թե մեր գյուղում բոլորը այդպես են հնչում: Ուրեմն տառի հին հնչումն էր, որ դեռ կենդանի էր մնացել նրանց մոտ:
Արշակ Մեհրաբյանը Թիֆլիսի Հավլաբար թաղից էր: Ավարտել էր Ներսիսյան դպրոցը և ցածր դասարաններում հայերենի ուսուցիչ էր: Ազնիվ և գործունյա երիտասարդ էր. իր աշխատանքից բոլորը գոհ էին: Մինչև այժմ նա ուսուցիչ է և գործում է Երևանում (1952 թ.): Գիտե նաև լավ վրացերեն. դժբախտաբար ոչ մի գրական գործ չունի:
Համբարձում Աբովյանը մեր նշանավոր հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռն էր: Բարձրահասակ, գիրուկ, ծանրաբարո, խոշոր, կարմիր մորուքով մարդ էր: Դասախոսում էր եկեղեցական պատմություն: Վաղամեռիկ եղավ: Սա էլ մի զարմանալի արտասանություն ուներ. խայտաբղետ բառը միշտ հնչում էր խայտաբզետ։ Սկզբում կարծում էի, թե կատակ է անում, երբ ասում էր «խայտաբզետ օրիորդները եկան»: Մի օր հարցրի, թե այդ բառը ինչո՞ւ այդպես եք արտասանում:
— Հապա ինչպե՞ս արտասանեմ:
— Բառը խայտաբղետ է:
— Մի՞թե,— ասաց նա.— ես միշտ այդպես եմ լսել:
Եվ որովհետև դեպի ինձ հարգանքով էր վերաբերվում, խոստացավ ուղղել իր հնչումը: Շատ ու շատ տարիներ հետո Մանուկ Աբեղյանին հարցրի այս սխալի պատճառը. պատասխանեց, թե ռուսերենից հայերեն հնագույն բառարանում ռուսերեն пестрый բառի դեմ վրիպակով տպված է եղել խայտաբզետ և այդ ձևը սովորական է դարձել շատերի համար:
Հարություն Մելիքյանը Գերմանիա սովորած մասնագետ էր մաթեմատիկայի: Աշխուժության մարմնացում, կանգնած տեղը դողում էր. մաթեմատիկայի դասը դառնում էր դասարանում պերճախոսության մի սքանչելի օրինակ, և որովհետև մաթեմատիկան ասպարեզ չունի, իսկ նա գործունեության չափազանց մեծ եռանդ ուներ, ուստի դրսում մտել էր ազգային գործերի լայն ասպարեզի մեջ: Այդ սքանչելի երիտասարդը դժբախտաբար վաղամեռիկ եղավ՝ գիշեր ժամանակ պատշգամբից ցած ընկնելով:
Պատմաբան Միշան (դժբախտաբար ազգանունը մոռացել եմ) սքանչելի բնավորությամբ, չափազանց ընկերական երիտասարդ էր: Նվիրված էր պատմության, որը չափազանց սիրում էր: Ինքս էլ մի քիչ պատմաբան լինելով, իրար հետ դարձել էինք ամենամտերիմ խոսակից ընկերներ: Շուշուց բաժանվելուց հետո նրանից ոչ մի տեղեկություն չունեի: Երևանում 1920-ական թվականներին լսեցի, որ Խարկովումն է և այնտեղ նշանավոր կուսակցական գործիչ է:
Առանձին պետք է խոսեմ Գարեգին Խաժակի մասին, որ մեր խմբի մեջ շատ նշանավոր դեր ուներ: Նա պատմաբան էր և սովորել էր իր ուսումը Գերմանիայում: Ալեքսանդրապոլցի էր և իր խոսակցության մեջ հաճախ գործածում էր արևմտահայ գրական լեզուն: Հաճախ խոսում էինք իրար հետ և շատ հաճախ վեճ էինք ունենում որևէ հարցի շուրջը: Նա միշտ հակառակվում էր և պնդում իր ասածի վրա: Մի փոքրիկ դեպք պատմեմ:
Մի անգամ մի ընկերական հավաքույթի մեջ խոսք եղավ ասորիների և ասորեստանցիների մասին: Խաժակը ապլոմբով հայտարարեց, թե այդ 2 ազգերը միևնույն են: Դա մի մեծ ժողովուրդ էր, որ Միջերկրականից սկսած տիրում էր մինչև Պարսկաստան:
Ես ասացի, թե «Խաժակ, սխալ ես ասում, Ասորիք և Ասորեստան տարբեր երկրներ են: Նրանք առանձին ազգեր են, տարբեր լեզուներ ունեն»:
— Ոչ,— գոռաց Խաժակը,— սխալ ես ասում:
Խաժակը պատմության ուսուցիչ լինելով այսպիսի սխալ չպիտի գործեր: Հաջորդ օրը ես մի նամակ գրեցի Հյուբշմանին այս առթիվ և խնդրեցի իր գրավոր կարծիքը: Մի քանի օրից ստացա գերմաներեն լեզվով գրած 4 երեսանոց մի նամակ, որ սքանչելի պարզությամբ պատասխանում էր հարցին: Նամակը վերցրի և մի ուրիշ օր մեր հաջորդ հավաքման մեջ, բոլորի ներկայությամբ կարդացի:
— Տեսա՞ր, դա ճիշտ իմ ասածն է ասում, դու ճիշտ հակառակն էիր պնդում,— ասաց նա ինձ:
Այսպիսի շրջադարձ, այսպիսի խաբեբա ոստյուն անկարելի էր սպասել: Դիմեցի մյուս ընկերներին և հարցրի, թե այն օրը ով ինչ էր ասում:
— Չենք հիշում,— ասացին բոլորը անտարբերությամբ և միջադեպը փակվեց, մեծ վերք գցելով սրտիս մեջ:
Հյուբշմանի նամակը այնքան լավն էր, կարծես ինչ-որ հանրագիտարանի միջից պոկված մի թերթ, որ ես ամբողջովին թարգմանելով՝ հրատարակեցի իմ «Պատմութիւն Եղիա քահանայի» աշխատության առաջաբանում:
Մոտավորապես նման մի դեպք ունեցա Խաժակի հետ Շնիկ աստղի երևալու ժամանակի մասին։ Շուշու Թոփխանայից մի գիշեր միասին անցնելիս մեր դեմը երևաց բարձրում Շնիկ աստղը, ցույց տվի Խաժակին և խոսեցի նրա ծագման և անկման ժամանակի մասին:
— Ոչ,— հակառակվեց նա ինձ,— սխալ ես ասում:
Երբ եկավ փետրվար ամիսը և նորից էինք անցնում Թոփխանայով և Շնիկ աստղը ցույց տալով, իմ ասածը ուզեցի հաստատել, ճիշտ նախորդ ձևով ասաց.
— Տեսնո՞ւմ ես, իմ ասածը դուրս եկավ, դու հակառակն էիր ասում:
Խաժակի մասին լսել եմ նաև հետևյալ միջադեպը.
Մի ժողովի ժամանակ վեճ է ունենում ներկաներից մեկի հետ և ասում է նրան.
— Դուք կարդացե՞լ եք Մարքսի այսինչ գործը:
— Իհարկե,— պատասխանում է նա,— կարդացել եմ:
— Սուտ ես խոսում,— ասում է Խաժակը,— դու չես կարդացել այդ գիրքը, որովհետև Մարքսը այդպիսի գիրք չէ գրած:
Խաժակի մահը աղետալի եղավ: 1915 թվականին տաճիկները մի գիշերվա մեջ 500 ազգային գործիչ աքսորեցին և կոտորեցին: Նա նրանց մեջ էր:
Դպրանոցի ուսուցիչներից էր նաև Ավետիս Տեր-Հարությունյանը, որ Ղարաբաղի Թաղոտ գյուղից էր: Էջմիածնում ուսանող ժամանակ օգնել էր ինձ Ղարաբաղի բարբառի քննությունս գրելու ժամանակ: Շուշում շատ ավելի մտերմացանք իրար հետ և միասին կազմեցինք Պետրոս Դուրյանի տաղերի ժողովածուն: Առաջաբանը գրեց նա, կենսագրությունը գրեցի ես, տաղերի վերջը դրինք բառարան, որտեղ ես հավաքեցի և մեկնեցի Դուրյանի դժվար հասկանալի բառերը: Գրքույկը տպվեց բողոքական Մահտեսի Բաբայանի տպարանում: Պայմանավորված էինք, որ յուրաքանչյուրս ստանայինք իբրև վարձատրություն 100 օրինակ: Շաբաթ երեկո էր: Ավետիսը ստացավ իր 100 օրինակը: Հաջորդ գիշերը տպարանում հրդեհ եղավ և ամբողջ գիրքը այրվեց: Ես ոչինչ չստացա: Ավետիսը ավելի ուշ գնաց Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցը: Այդտեղ էլ վաճառեց իր 100 օրինակը: Ես մի օրինակ գնեցի մեկից 10 կոպեկով և ուղարկեցի Վիեննայի Մխիթարյանց գրադարանը: Այսպիսով ամբողջ գիրքը անհետացավ և մնաց միայն մի օրինակ Վիեննայում: Ես էլ չունեմ:
Թեմականի ուսուցիչներից հիշենք նաև Փիրջանյան (շուշեցի), Հայկ Հովակիմյան (երևանցի, կոչված Փոքր Հայկ), Հայկ Հովակիմյան (ագուլեցի, կոչված Մեծ Հայկ), բոլորն էլ լավ ընկերներ, որոնց կյանքի հետագա ընթացքը չգիտեմ:
== ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ԹԵՄԱԿԱՆՈՒՄ ==
Բենիկ վարդապետը հայտնեց, թե ուսումնական տարին նոր սկսելու ժամանակ, սովորություն կա, որ ուսուցիչներից մեկը հանդիսավոր դասախոսություն կարդա: Առաջարկեց, որ այդ դերը ես վերցնեի, որպեսզի ժողովուրդը ճանաչեր ինձ:
Ես
Այդ ժամանակ զանազան հոդվածներ էի կարդում հայ զինվորների հասակի չափման մասին: Գրում էին, թե հայ զինվորները հասակի կողմից երկու որոշ կարգի են բաժանվում: Ոմանք միջակ կամ միջակից ցածր հասակ ունեն, ոմանք էլ միջակից բավական բարձր: Այդ թվերը սանտիմետրով չափած՝ հրատարակված էին:
Այս ազգագրական տեղեկությունը վերցնելով, ենթադրեցի, թե դա արդյունք է այն բանի, որ հայոց մեջ կա 2 ցեղ. մի ցեղը հնդեվրոպացիք են, երկրորդը՝ խալդիները: Արդարև հայ ազգը ձևացած է գլխավորապես այս 2 ցեղերի գումարից: Հնդեվրոպացիների հասակը հայտնի է մեզ. Հյուսիսային Եվրոպայի հնդեվրոպացիք բարձրահասակ են, ինչպես՝ ռուսները, գերմանացիք, անգլիացիք և այլն, իսկ Հարավային Եվրոպայի հնդեվրոպացիք միջհասակ են, ինչպես՝ հույները, իտալացիք, իսպանացիք և այլն:
Ուրեմն հայոց մեջ միջահասակ ցեղը ներկայացնում է Հարավային Եվրոպայի հնդեվրոպացի ցեղը: Խալդիները բարձրահասակ էին, ինչպես երևում է ասորեստանյան արձանագրությանց մեջ դրված նկարներից: Այսօր էլ վանեցիք, որ գերազանցապես ներկայացնում են խալդի ցեղը, վիթխարի, բարձրահասակ մարդիկ են:
Երբ ես ասացի, թե բարձրահասակ հայերը խալդի են, բոլորի աչքերը սևեռվեցին Խաժակի վրա, որ մեր ուսուցիչների մեջ ամենից բարձրահասակն էր, այնուհետև նրա անունը դրին խալդի:
Խաժակը դժգոհ էր այս եզրակացությունից:
Մի ուրիշ ելույթ էլ ունեցա Շուշում: Զվարճալի է դրա պատմությունը:
Ուշ գիշերին, երբ պառկած էի, մի երիտասարդ բերավ ինձ մի նամակ, որի մեջ Սերմնացանի դուստրը՝ Հռիփսիմեն գրում էր.
«Եթե ինձ հարգում եք, այս րոպեիս եկեք թատրոն»:
Սերմնացանը Շուշվա ազատականներից մեկն էր. ուներ երկու աղջիկ՝ Հռիփսիմե և Գայանե՝ առաջինը երկրորդից գեղեցիկ, ինչպես Ագաթանգեղոսի մեջ: Ուներ նաև մի որդի, սիրուն պատանի, որ սակայն կուզ էր: Կուզին տարին Եվրոպա և բժշկական միջոցներով կուզը ուղղելով, բերին Շուշի: Սերմնացանը երբեմն գրում էր «Մշակ» թերթի մեջ և խոսում ու քննադատում էր Շուշվա անցուդարձը: Ընտանիքում, բացի հայերենից և ռուսերենից, խոսում էին ազատ ֆրանսերեն. և այդ էր պատճառը, որ ես էլ ընդունված էի այդ ընտանիքի մեջ և հաճախ այցելություններ էի տալիս:
Նամակը կարդացի թե չէ, իսկույն վեր կացա և գնացի Խանդամիրյանի թատրոնը, ուր այդ գիշեր ներկայացում կար: Ներկայացումը բարեգործական նպատակով էր: Օրիորդ Հռիփսիմեն, որ լավ սիրող էր, մասնակցում էր խաղին։ Ինչ-որ վեճ է ծագում իր և դերակատար մի երիտասարդի միջև: Հռիփսիմեն վիրավորված, պահանջում է երիտասարդից ներողություն խնդրել. նա չի խնդրում: Հռիփսիմեն զայրացած պատասխանում է նրան. երիտասարդը օրիորդին նեղը գցելու համար՝ հրաժարվում է խաղից: Այդ պատճառով Հռիփսիմեն կանչում է ինձ: Երբ ես ներկայացա իրեն, նա ինձ մի երես գրություն տվեց, որ երիտասարդի դերն էր, խնդրեց մի քանի անգամ կարդալ և անգիր անել, որպեսզի հասարակության առաջ դերս կատարեի: Չգիտեի, թե ինչ եմ և ինչ եմ ասում: Շորերս փոխեցին, գլխիս մի գլխարկ դրին, առաջս մի գոգնոց կապեցին և ինձ բեմ հրեցին: Հռիփսիմեն հայտնեց ինձ, թե ես այդ տան խոհարարն եմ, վաղուց ապրում եմ այդ տան մեջ և իբրև ծերունի, վստահելի և ուղղամիտ մարդու, բոլորը ինձ հարգում են: Ուստի ես պետք է խոսեմ համարձակ և հեղինակավոր ձայնով: Բայց թե ում հետ պետք է խոսեի և ինչ պատճառով՝ չգիտեի: Ժամանակ չկար երկար բացատրելու: Մտա ներս հանդիսավորապես և բոլոր ժողովրդի ծափահարության տակ, արտասանեցի դերս, չիմանալով, թե ում հետ եմ խոսում: Դերս վերջացավ և դուրս եկա: Հռիփսիմեն էլ եկավ և հայտնեց ինձ չափազանց մեծ շնորհակալություն, ասելով միանգամայն, թե «դերը շատ լավ տարիք»:
Այս «դերակատարությունս» երկրորդն էր կյանքիս մեջ. առաջինը տեղի էր ունեցել Էջմիածնում, ուր կատարեցի անխոս մի հիմարի դերը: Հետագայում շատ առիթներ ունեցա մասնակցելու թատերական խաղերին. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»-ը խաղացել եմ 14 անգամ՝ կատարելով Մանուկ աղայի դերը: Դրա համար էլ ծածկանունս դրել եմ «Մանուկ աղա», այդ ծածկանունով հոդվածներ եմ գրել Երևանում Խոճիկի հրատարակած «Կարմիր մոծակ» զավեշտաթերթի մեջ:
== ԱՎԵՏԻՍ ԲԱՀԱԹՐՅԱՆԻ ՀԵՏ ==
Գրադարանումն էի: Կարդում էի Շուշում տպված Առակագիրքը, որ կիսովին բարբառով էր: Ես հավաքում էի Ղարաբաղի բառերը. գրքի ետևի շապիկի վրա կարդացի հեղինակի՝ Ավետիս Բահաթրյանի անտիպ գործերի ցուցակը: Դրանց մեջ կար Ղարաբաղի բարբառի բառարանը։ Չափազանց ուրախացա և դիմելով գրադարանապետ Պողոս Զաքարյանին, հարցրի, թե ո՞վ է այս Ավետիս Բահաթրյանը: Տեղից վեր կացավ, սրահի կենտրոնը սեղանի վրա կռացած մի ծերունի ցույց տվեց և ասաց.
— Ահա այդ ծերունին է:
Վեր կացա, գնացի ծերունու մոտ, հարգանքով բարևեցի և ասացի.
— Այս գրքում կարդացի այժմ, թե դուք Ղարաբաղի բարբառի ընդարձակ բառարան եք կազմել. կարելի՞ է տեսնել ձեր գիրքը։
— Կորի գնա՛, լակոտ, եկալ ըս ինձ ձեռք առնելո՞ւ:
Գնացի Պողոս Զաքարյանի մոտ և տեսարանը պատմեցի: Նա գնաց սրահ և ծերունուն մոտենալով, խոսեց իմ մասին: Անշուշտ նա հայտնեց, թե ես իր ասած լակոտներից չեմ, ուսուցիչ եմ թեմականում և հետաքրքրվում եմ Ղարաբաղի բարբառով: Ծերունին կանչեց ինձ և ասաց.
— Թե որ իդի է, եր կաց քինինք մեր տոնը քեզ շանց տամ:
Ծերունին վեր կացավ, թևը մտա և դանդաղ քայլերով առաջնորդեցի մինչև իր տունը, որ գտնվում էր հայոց թաղի ծայրը, ադրբեջանական թաղի սահմանում, Խանդամիրյանի թատրոնի դեմը, աղբյուրից մի քիչ վերև: Հայոց թաղի առաջին տունն էր:
Տանը ապրում էր նա մենակ. ոչ ոք չուներ: Տարավ իր սենյակը և բառարանը առաջս դրեց: Դա մի ընդարձակ գործ էր, կազմած, ձախ կողմի վրա բառերը գրած, բայց դրանց դեմը բացատրություն չկար: Այժմ պատմեմ Բահաթրյանի կյանքը:
Բահաթրյանը եղել է տորոն մշակող: Ընդարձակ հողեր է մշակել և բերքը Եվրոպա արտահանելով՝ վաճառել: Հարուստ մարդ էր ուրեմն: Մի տարի Շվեյցարիայից, մի պրոֆեսորի կողմից, ստանում է մի նամակ, որով պրոֆեսորը հայտնում է, թե հնարել է ալիզարին կոչված քիմիական նյութը, որով տորոնը ավելորդ է դառնում: Պրոֆեսորը զգուշացնում է տորոն մշակողներին ընդհանրապես, դադարեցնել մշակությունը, ապա թե ոչ բոլորը պիտի սնանկանան: Այդպիսի նամակ ստացել էին նաև ուրիշները: Ուրիշների նման, Բահաթրյանն էլ չլսեց պրոֆեսորի առաջարկը, խաբեբա համարելով նրան. մշակեց տորոնը, որ անվաճառ մնալով, Բահաթրյանը սնանկացավ: Բահաթրյանը երկու որդի ուներ՝ Առաքել և Բահաթուր: Առաջինը հայտնի գրող է. երկրորդը տարիներ հետո գնում է Շվեյցարիա, համալսարան մտնելու նպատակով:
Համալսարանում պրոֆեսորներից մեկը, լսելով նրա ազգանունը, մոտենում է նրան և ասում.
— Դուք շուշեցի եք. տորոն մշակող Ավետիս Բահաթրյանի որդի՞ն եք. ես նրան զգուշացրել էի, որ տորոն չմշակի. նա չլսեց ինձ, մշակեց և սնանկացավ. այդպե՞ս է:
— Այդպես է:
— Որովհետև ձեր հոր սնանկացման պատճառը ես եմ եղել, ես վերցնում եմ ձեզ իմ խնամակալության տակ և մինչև ձեր ավարտելը կպահեմ ձեզ:
1923 թվականից հետո, երբ ես Երևան փոխադրվեցի, համալսարանում տեսա սույն Բահաթուր Բահաթրյանին, մաթեմատիկայի դասախոս էր. կարճ հասակով և ուռած մարմնով մի անձ էր:
Իրար հետ մտերմացանք: Պատմեցի իր հոր պատմածները և որդին հաստատեց դրանք: Սրտի հիվանդություն ուներ:
— Բժիշկների չե՞ք դիմում. ի՞նչ են ասում:
— Ասում են, թե ծխելուն և խմելուն վերջ պիտի տաս։ Է՜հ, եթե վերջ չտամ, քանի՞ տարի կապրեմ:
— Հազիվ 10 տարի:
— Իսկ եթե վերջ տա՞մ:
— Այն ժամանակ 12 տարի կապրեք:
— Ուրեմն 2 տարի տարբերություն. ավելի լավ է ծխեմ ու խմեմ. այդ 2 տարին ինձ պետք չէ:
Բայց 10 տարի չանցած Բահաթրյանը մեռավ:
Եվ այսպես՝ Ավետիս ապերը (այդպես էին կոչում նրան) բառարանը դրեց առաջս, որի հորինման պատմությունը հետևյալն է.
Խաչատուր Աբովյանը չհավանելով մեր գրական լեզվին և համարելով ժողովրդին անհասկանալի գրաբար, մտածեց Քանաքեռի բարբառը գրական լեզու դարձնել: Այս նպատակով գրեց «Վերք Հայաստանի»-ն, որ սակայն իր մահվանից 10 տարի հետո միայն տպվեց, երբ գրական հայերենը արդեն ընդհանուր տարածված էր:
Աբովյանի նման Բահաթրյանն էլ չհավանելով մեր արդի աշխարհաբարին և տեսնելով, որ նա մեր ժողովրդին անհասկանալի է, մտածում է Ղարաբաղի բարբառի վրա հիմնված մի նոր գրական լեզու ստեղծել: Նա դուրս է հանում բառարանից բոլոր այն գրաբար բառերը, որոնք այժմ ժողովրդի մեջ գործածական չեն, հավաքում է միայն գրաբարի այն բառերը, որոնք ժողովրդին հասկանալի են, ավելացնում է դրանց վրա Ղարաբաղի բարբառին հատուկ գավառական բառերը, մի քիչ գրական ձև տալով նրանց, ավելացնում է նաև ժողովրդի մեջ գործածվող թրքական բառերը, և այսպիսով կազմում է այն բառարանը, որ դրեց իմ առաջ։
Ես ասացի, թե ամեն ինչ անցել է. ձեր ծրագիրը չիրագործվեց. գրական լեզուն այժմ ամեն տեղ սովորում են և խոսում: Ձեր աշխատանքից մնում է միայն Ղարաբաղի բառերի ցանկը: Ուստի ես դուրս կգցեմ սովորական հայերեն բառերը և կպահեմ միայն Ղարաբաղի բարբառի բառերը:
Մենք համաձայնության եկանք, և որովհետև ծերունին անընդունակ էր աշխատելու, ես հանձն առի արտագրել Ղարաբաղի բառերը, նրանց դեմ ավելացնելով իրենց նշանակությունը, համաձայն հեղինակի բացատրության: Երկար տևեց աշխատանքը, և ես ամիսներ շարունակ գնալով նրա մոտ, շարունակում էի աշխատանքը, մինչև վերջացրի (կարծեմ 6000 բառ էր):
Մեծ վեճ ունեցանք թուրքերեն բառերի համար: Միամիտ Բահաթրյանը պնդում էր, թե այդ թուրքերեն բառերը հայերեն են և հայերենից անցել են թուրքերենին: Օրինակ էր բերում թուրքերեն yoran բառը, որ նշանակում է «վերմակ»: Այս բառի հին ձևն է եղել, ըստ նրա կարծիքի, վերարկան «վրան արկանելի». Ղարաբաղում հայերեն վեր բառը արտասանում են yor, որով վերարկան դարձել է yoraran և կրճատվելով՝ yoran:
Անկարելի եղավ համոզել նրան:
Երբ գիրքը պատրաստ էր, ուզեցի հրատարակության տալ:
Դիմեցի «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրության և առաջարկեցի տպել գիրքը: Սիրով հանձն առին: Բայց հեղինակը գրեց մի առաջաբան, որի մեջ պնդում էր yoryan-ի վրա: Առանց այդ առաջաբանի չէր թույլ տալիս, որ բառարանը տպվի: «Հանդէս ամսօրեայ»-ի խմբագրությունը բնականաբար չհամաձայնվեց և գիրքը չտպվեց: Այնուհետև ձեռագիրը ուղարկեցի Իզմիրլյան մրցանակին (Կոստանդնուպոլիս):
Տարիներ հետո լսեցի, որ Բահաթրյանի տանը հանկարծ հրդեհ է պատահել կես գիշերին, ամբողջ տունը այրվել է, և Բահաթրյանը շապկանց հազիվ կարողացել է փախչել: Այրվել են նրա բոլոր գործերը, ինչպես նաև 8 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեջ էր Գրիգոր Տաթևացու ինքնաձեռագիր մի աշխատություն, ինչպես ինքն էր ասում: Ես այդ ութ ձեռագրերի համար դիմել էի Վիեննայի Մխիթարյան միաբանության և առաջարկել էի գնել: Միաբանությունը ընդունեց, բայց գնի կողմից համաձայնության չեկան: Այսպես կորավ Տաթևացու դժբախտ ձեռագիրը, մի քանի ռուբլու պատճառով:
Շատ ավելի ուշ, 1934 թվականին, երբ Երուսաղեմից ստացանք 30 հայերեն գավառական բարբառների բառարանի ձեռագրերը լուսանկարված, զարմանքով տեսա նրանց մեջ Բահաթրյանի կազմած Ղարաբաղի բարբառի ձեռագիրը: Ձեռագիրս ճանաչեցի. այժմ նա գտնվում է պետական համալսարանի գրադարանում:
Հեղինակը ստացել էր Իզմիրլյան մրցանակը:
== ԻՄ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ==
Երկու քույրերիս ամուսնությունից հետո, հերթը ինձ էր եկել։
Մայրս այդ առթիվ երբեմն ակնարկություններ էր անում, բայց շատ վախկոտ, որովհետև ես բոլորովին անտարբեր էի այդ մասին: Առանց սիրո ամուսնություն չեմ հասկացել: Մայրս էլ վերջ տվեց իր ակնարկներին:
Մի օր ինչ-որ դասախոսություն էր տեղի ունենում: Մենք էլ մի քանի ուսուցիչներով գնացել էինք լսելու: Հանդիսականների առաջին շարքերը բռնել էին մի խումբ օրիորդներ: Երկրորդ շարքը նստել էինք ես և մի քանի ուսուցիչներ: Իմ կողքին նստել էր Արշակ Մեհրաբյանը: Դեռ դասախոսությունը չէր սկսվել: Հանկարծ մի օրիորդ, որ ճիշտ իմ առաջն էր նստել, հետև դարձավ, կարծես թե ինձ նայեց և շուռ եկավ: Այդ մի ակնթարթը ազդեց իմ վրա:
Դարձա Արշակին և հարցրի, թե ո՞վ է այս աղջիկը: Պատասխանեց. — Հավանեցի՞ր. շատ լավ աղջիկ է: Իմ լավագույն աշակերտներից մեկն է:
— Հայկական դպրոցներ չլինելու պատճառով Շուշվա աղջիկները խմբակներ էին կազմած և մասնավոր ուսուցիչների մոտ հայերեն և հայ գրականություն էին սովորում: Մեհրաբյանը այդպիսի մի խումբ ուներ և այդ աղջիկը նրա աշակերտուհին էր։
Իմ սերերը միշտ այդպես ակնթարթային են եղել. ես սիրահարվեցի: Եվ այնուհետև առիթներ էի փնտրում նրան տեսնելու։
Ամառ էր և ամբողջ շուշեցիք, մանավանդ երիտասարդները, երեկոյին գնում էին բուլվար՝ զբոսնելու: Ես էլ ամեն օր գնում էի պտտելու և պատահելու նրան: Կանոնավորապես միշտ իր քրոջ հետ գալիս էր, նստում նստարանի վրա կամ ման գալիս: Երեկոյան ժամը 8-ին գնում էր տուն: Ես բնականաբար ոչ մի քաջություն չունեի ներկայանալու և ծանոթանալու համար և երբ տեսնում էի նրան, գլուխս կախած, սրտատրոփ անցնում էի: Ոչ մի փորձ չարի ծանոթանալու, այլ միայն տեղեկություններ քաղեցի նրա մասին: Բոլոր ստացած տեղեկություններս դրական էին: Իհարկե սիրահարը կարծում է, թե իր սերը գաղտնի է մնում, բայց ոչ: Շուտով լսում են և հայտնում են սիրուհուն:
Մի օր, երբ ես աշխատում էի Բահաթրյանի տանը, հանկարծ հարևան բալկոնում տեսա օրիորդին, որ մազերը թափած, ման էր գալիս: Նրա մազերը այնքան առատ և երկար էին, որ մինչև ոտքը հասնելուց հետո, կես արշին երկարությամբ էլ քարշ էին գալիս հատակի վրա: Գլուխը լվացել էր և ուզում էր բացօթյա չորացնել:
Ես իսկույն դիմեցի Ավետիս ապոր և իմ սրտի գաղտնիքը հայտնեցի նրան: Ավետիս ապերը, որ շատ բարի մարդ էր, իսկույն հայտնեց, թե կգնա, նրա հորը կխոսի և նրա ձեռքը կխնդրի: Իբրև հարևաններ, իրար հետ շատ մոտիկ էին. նա իսկույն գնաց, խոսեց և մյուս օրը հայտնեց, թե հայրը համաձայն է երևում, բայց ուզում է տեղեկություններ քաղել: Սկսել էր այդ գործին, անշուշտ ստացած տեղեկությունները դրական պիտի լինեին, որովհետև հարգված ուսուցիչ էի և 90 ռուբլի ամսական ռոճիկ ունեի: Խանգարիչ էր միայն այն հանգամանքը, որ ես դրսեցի էի և կարող էի մի օր Շուշուց հեռանալ, իսկ ինքը՝ հայրը, ուզում էր, որ փեսան միշտ Շուշում մնա: Վերջապես տեսնում են իրենց նախկին մի բարեկամ հադրութեցի Արշակ քահանա Տեր-Ոսկանյանին, նախկին ճեմարանցի էր: Հայրը կարծիք է հարցնում նրան և ասում է, թե աղջկանս ձեռքն է խնդրում, ինչ կասես:
— Անմիջապես տուր,— ասում է քահանան,— ոսկի գրիչ ունի. ավելի լավ չես գտնի:
Օրիորդի հայրը, որ չափազանց կրոնասեր մարդ էր, լսելով իրենց սիրելի քահանայի այդ խոսքը, համաձայնության է գալիս:
Իմ կյանքի պատվանդանի քարերից մեկը այդ քահանան դրեց:
Ծանոթացա օրիորդի հոր հետ, որ Բալասան ապեր էր կոչվում, գնացինք բուլվար և նստեցինք նստարանի վրա: Իմ առաջարկը հայտնեցի նրան. հայրը խոստացավ, բայց խնդրեց հետաձգել մի տարի:
— Հասկացա,— ասացի ես,— դուք ուզում եք մերժել և խաբում եք ինձ:
Այն ժամանակ նա երկարեց ինձ իր արծաթյա կոթով գավազանը և ասաց.
— Ահա այս գավազանը, իբրև նշան խոսքիս հաստատության։
Ես մերժեցի գավազանը և խնդրեցի, որ նշանդրեք ունենանք:
Համաձայնվեց. օրը նշանակեցինք և որոշեցինք, որ ծնողների հետ նշանը տանեմ:
Տուն եկա և մորս ասացի.
— Մայրիկ, կիրակի օրը նշան պիտի տանինք, պատրաստվիր։
Չափազանց մեծ եղավ մորս ուրախությունը. նա մի քանի անգամ ակնարկներ անելուց հետո արդեն հուսահատվել էր և ամենևին չէր սպասում, որ ես կամուսնանամ:
Նշանի համար առինք մի խումբ ակնեղեն առարկաներ, մի ժամացույց իր շղթայով, մի մանյակ կրծքի (հավատք, հույս, սեր), մի ականակուռ մատանի: Գնացինք նրանց տունը. ես էի, հայրս, մայրս, քույրս և փեսաս: Նշանը հանձնեցինք և բավական ժամանակ խոսակցելուց հետո տուն վերադարձանք: Ես օրիորդի հետ առաջին անգամն էր, որ խոսում էի: Ես խնդրեցի Բալասանից, որ թույլ տա ինձ շաբաթական մի անգամ նրանց տունը գնալու: Որոշեց չորեքշաբթի օրերը: Այսպես շարունակեցինք մի ժամանակ, բայց ես օրիորդին պատահում էի եկեղեցում անխափան շաբաթ երեկո և կիրակի առավոտ:
Այսքանը քիչ էր ինձ համար: Ես ծանոթացել էի օրիորդի քեռակնոջ՝ Օլինկայի հետ: Շատ բարի կին էր: Խոստացավ շաբաթվա մեջ մի օր էլ հատկացնել իր տան մեջ այցելության: Այսպիսով ես կարող էի տեսակցել նրա հետ շաբաթական 4 անգամ:
Ամբողջ այս շրջանին ես գրում էի շարունակ սիրային բանաստեղծություններ և տալիս էի օրիորդին: Բնականաբար նա հաճույքով կարդում էր: Ինչ կա ավելի քաղցր մի օրիորդի համար, քան կարդալ իրեն նվիրված այսպիսի գովասանական բանաստեղծություններ: Բայց ի՞նչ կա մի երիտասարդի համար ավելի քաղցր, քան իր սիրուհուն մատուցանել իր այսպիսի բանաստեղծությունները: Իմ ոտանավորներից երկուսը ձայնագրեց թեմական դպրանոցի երաժշտության ուսուցիչ Հաբեթ Խաչատրյանը և միասին հաճախ այդ երկու երգերը երգում էինք: Իմ գրած բոլոր բանաստեղծությունները մի փոքրիկ ծոցատետրի մեջ մանրատառ գրերով ամփոփել էի: 160 հատ էր: Բաքվի թալանին այդ տետրակն էլ կորավ, և ես նրանցից մի քանիսը միայն հիշում եմ այժմ:
Մի տարի անցավ մեր նշանադրությունից և վերջապես որոշվեց հարսանիքը, որ տեղի ունեցավ 1904 թվականի մայիսի 10-ին:
Հորը հայտնեցի, թե ես հարսանիք չունեմ. հարսանիքը կլինի քո տանը. կանչիր ինչքան մարդ, որ ուզում ես: Իմ կողմից կգանք միայն, բացի ինձանից, այլ ևս 6 հոգի՝ հայրս, մայրս, քույրս՝ Հերաիլյան, փեսաս՝ Նիկոլայ Խաչունցը, կնքահայրս՝ Հարություն Մելիքյանը և խաչեղբայրս՝ Ավետիս Տեր-Հարությունյանը (վերջին երկուսը ուսուցիչ): Որքա՞ն ծախս կլինի: Հայրը պատասխանեց, թե ծախսը կլինի 800 ռուբլի, որի կեսը՝ 400 ռուբլի, ես կանխիկ վճարեցի նրան:
Հետաքրքիր է այս 400 ռուբլու հարցը: Ես պատրաստ գումար չունեի: Փեսաս միշտ ասում էր, թե «հարսանիքի ծախսը ես պիտի տամ»: Երբ եկավ հարսանիքի օրը, ես դիմեցի նրան և խնդրեցի, որ պարտքով 400 ռուբլի տա։
— Վերցրու այդ թերթը և մի մուրհակ գրիր:
Ես թուղթը վերցրի և գրեցի. «Ստացա… փոխարինաբար 400 ռուբլի»:
— Դու մուրհակ գրել չես իմանում, այդ ի՞նչ հիմար բան ես և
Պատասխանեցի, թե կյանքումս ես մուրհակ գրած չեմ: Այն ժամանակ նա թելադրեց, և ես գրեցի, ինչ որ նա ասաց: Թելադրածի մեջ կար մի անհայտ բառ, որ ես չէի հասկանում: Հարցրի, թե սա ինչ կնշանակի։ Պատասխանեց, թե այդ նշանակում է, որ եթե մինչև մի տարի 400 ռուբլին չվերադարձնեմ, ուշացած ամեն մի օրվա համար պիտի վճարեմ 10 ռուբլի տուգանք:
— Սարսափած ես ասացի.
— Այդ ի՞նչ սարսափելի գումար է:
— Օրենքը այսպես է. չես ուզում մի՛ վերցնի:
Ես համաձայնվեցի բոլորովին այլ հույսով: Ես կազմել էի Սուրբ Մեսրոպի և հայերեն գրերի գյուտի պատմությունը, որ Լազարյան ճեմարանի կողմից մրցանակի էր դրված: Մրցանակի գինն էր 1000 ռուբլի։ Երկու հոգի մասնակցեցինք. ես և գերմանացի հայագետ Մարկվարտը: Մարկվարտի գրածը 50 երես էր, որ հետագայում տպվեց «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ, իսկ իմ աշխատանքը 1500 էջ էր: Մրցանակը բաժանեցին երկուսի: 400 ռուբլի տվին Մարկվարտին և 600 ռուբլի ինձ: Այս գումարից 400 ռուբլի իսկույն վճարեցի փեսայիս և մուրհակը պատառոտեցի, առանց այն սարսափելի տուգանքի: Եվ միշտ ասում էի. «Իմ հարսանիքը Սուրբ Մեսրոպը կատարեց»:
Հարսանիքից մի քանի օր հետո մայրս ասաց ինձ.
— Է՜հ, էրկու քուրերդ պսակեցինք, դուն ալ պսակվեցար, տեր տիրական ունեցար: Մեր հոս կենալը ավելորդ է. հարս ու կեսուր իրարու հետ աղեկ չեն էրթար: Ան բան մը կըսե, ես կնեղանամ, ես բան մը կըսեմ, ան կնեղանա: Դուն ալ մեջտեղը ինչ ընելդ չիտես: Ադօր աղեկը՝ քանի հիմա իրարու հետ շատ սիրով ենք, էլլենք մեր տեղը էրթանք:
Այսպես հայրս և մայրս ուզեցին բաժանվել և գնալ Կոստանդնուպոլիս. ես շատ դիմադրեցի, որ մնան, բայց նրանք իրենց ասածը արին և մյուս օրը մեկնեցին Բաթումի՝ Կոստանդնուպոլիս գնալու համար:
== ՄԵՅԵՆ ՇՈՒՇՈՒՄ ==
Փարիզից և Ստրասբուրգից հետո ես միշտ թղթակցություն ունեցա իմ երկու ուսուցիչների՝ Մեյեի և Հյուբշմանի հետ: Եթե նրանց գրած նամակները պահած լինեի, մի ահագին գիտական հատոր կլիներ: Բայց ես նամակ պահելու սովորություն չունենալով, ջնջել եմ այդ բոլորը: Բնականաբար մեր այդ ամբողջ թղթակցությունը գիտական հարցերի շուրջն էր: Ամեն անգամ, որ մի նոր ստուգաբանություն էի մտածում, դիմում էի նրանց և նրանց կարծիքը հարցնում: Երբ իմ «Թուրքերէնէ փոխառեալ բառեր» աշխատությունը հրատարակեցի և Հյուբշմանին մի օրինակ ուղարկեցի, նա շատ գոհ մնաց և պատասխանեց, թե «Ձեր այդ գիրքը իմ «Armenische Grammatik» աշխատության շարունակությունն եմ համարում»: Զվարճության համար մի օր Էջմիածնից Հյուբշմանին գերմաներեն մի նամակ գրեցի և գերմաներեն լեզուն ծաղրելու համար, 3 երեսանոց նամակը մի պարբերության մեջ վերջացրի, գերմանական երկարաբան ոճով: Չգիտեմ, թե կատակս հասկացա՞վ թե չէ: Դժբախտաբար Հյուբշմանը կարճատև կյանք ունեցավ, և երբ ես նոր էի գնացել Նոր-Նախիջևան, իր մահվան լուրն առի:
Հիշում եմ, թե ինչպես հրճվալից էր խոսում Հյուբշմանը, երբ հիշում էր նորվեգացի հայագետ Bugge-ի առաջարկած ստուգաբանությունը հայերեն ալիք բառի մասին, իր 2 իմաստներով (ծովի ալիք ու ծերունու մորուք), ճիշտ ինչպես հունարեն oios, նույն իմաստներով. „Nur ein paar solche armenische Etymologien“,— կրկնում էր շարունակ: Երբ ես մտածեցի հայերեն աղմուկ բառը համեմատել հունարեն oiepos բառի հետ «պատերազմ», երևակայում եմ, թե որքան հրճվանք պիտի զգար նա, երբ տեսներ, թե Bugge-ի oios-ը մի ընկեր էլ ունեցավ: Երբ այս ստուգաբանությունը հայտնեցի Մեյեին, իր նամակով գրում էր ինձ հրճվալից. „Il faut vous applaudir pour cette belle étymologie“, բայց Հյուբշմանը մեռած էր։
Ես դեռ նշանված չէի և ծնողներս էլ Շուշում էին, երբ Մեյեն հայտնեց, թե ամառը ուզում է Շուշի գալ, մնալու համար մի քանի օր մեզ մոտ: Ուրախությամբ ընդունեցի: Մեյեն իջավ մեր տունը. մայրս ամենաընտիր կերակուրներն էր պատրաստում իմ օտարազգի ուսուցչին դուր գալու համար: Մեյեն ճաշակում էր և մորս հայերեն ասում.
— Շատ լավ է:
Սրանից և «բարև ձեզ» ողջույնից դուրս ոչ մի հայերեն բան չէր խոսում: Մեյեն կազմել էր իր հայերենի քերականությունը և ուզում էր, որ ձեռագիրը միասին կարդայինք նախքան տպագրելը, որպեսզի եթե պատահական սխալներ սպրդած լինեին, ուղղեինք:
Այս աշխատությունը կատարեցինք: Ամեն օր բարձրանում էինք քերծը: Ի՜նչ հաճույք էր զգում՝ դիտելով ընդհանուր տեսարանը, մանավանդ, երբ տեսնում էր կանաչների մեջ թաղված կարմիր կտուրները: «Mais c’est très joli»,— բացականչում էր շարունակ:
Մի օր գնացինք Կեխաղբյուրի անտառը ման գալու: Այն ժամանակ ես կասկածում էի, թե թոքախտ ունեմ. Մեյեն թոքախտավոր ընտանիքի սերունդ էր և ինքն էլ թոքախտ ուներ: Խորհուրդ տվեց ինձ (իբրև մասնագետ), ձեռնափայտը մեջքի վրա հորիզոնաձև դրած՝ երկու թևերի տակ առնել և այդպես ման գալ մի քանի ժամ այդ անտառում, որի բույրը բուժիչ է հատկապես թոքախտի:
Մի երեկո, երբ բուլվարում ման էինք գալիս միասին, թաքուն ցույց տվի նրան նստարանի վրա նստած Արուսյակին, որի հետ ես դեռ ծանոթ չէի և ասացի, թե «Այդ օրիորդը իմ ապագա կինը պիտի լինի»: Դիտեց, հավանեց և գոհ մնաց:
Մեյեի գալուստը ուրախությամբ դիտվեց ամբողջ Շուշում: Երբ մենք միասին ման էինք գալիս բուլվարում, բոլորը հետաքրքրությամբ դիտում էին, և որովհետև Մեյեն միշտ կրում էր ճամփորդական փակ սև ակնոց, ասում էին. «Այս կույր մարդը Աճառյանի պրոֆեսորն է»:
Ընկերներս մի ցերեկույթ կազմակերպեցին թեմական դպրանոցում Մեյեի պատվին: Հավաքվեցին մի խումբ երիտասարդներ և օրիորդներ և նրա ներկայությամբ պարելով, ցուցադրեցին կովկասյան ամենանուրբ և դժվար պարերը, որոնց այնքան հմուտ են շուշեցիք: Մեյեն շատ հավանեց և ասաց. «Հայկական պարերը եվրոպականներից շատ ավելի աշխույժ են և մանավանդ շատ ավելի լիքն են մանր նրբություններով»: Մեյեն սիրահար էր երաժշտության. Փարիզում ամեն առավոտ մի ժամ դաշնամուր էր ածում. այդ ցերեկույթի միջոցին էլ երկար ժամանակ ածեց դաշնամուրի վրա: Շուշեցիք շատ են սիրում թառ ածել. չկա տուն, որ մի թառ ածող չունենա. նրանց բոլոր նվագած եղանակները սովորություն է պարսկական կոչել, բայց այդ բոլորը հայկական են:
Մեյեն լսում էր այդ բոլորը և թեև միօրինակ էր գտնում, բայց՝ շատ նուրբ և երանգավոր:
Շուրջ երկու շաբաթ Մեյեն մնաց մեզ մոտ, ապա գնաց Էջմիածին, ձեռագրերի վրա ուսումնասիրություն կատարելու համար:
Վերջին անգամն էր, որ տեսա իմ ուսուցչին:
== ԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԳՐԱՎՈՒՄԸ ==
1903 թվականին ցարական հրովարտակով հայոց եկեղեցական կալվածները գրավվեցին: Ազգային մարմինները և ամբողջ ժողովուրդը մի մարդու պես դուրս եկան այս հրամանի դեմ: Պահանջեցին հոգևոր իշխանությունից և հատկապես կաթողիկոսից, որ չստորագրեն հրամանին և կալվածները չհանձնեն: Կառավարությունը կարող էր բռնի ուժով գրավել այդ բոլորը՝ իբրև ավազակ: Էջմիածնում ևս կազմակերպվեց դիմադրություն: Մի քանի երիտասարդներ ներկայանում են կաթողիկոսին և առաջարկում են, որ կաթողիկոսը չստորագրի. «Խա՜, ո՞ւր էիք դուք, երբ Հայրիկը երիտասարդ էր, ձի նստած գյուղե-գյուղ ման կուգար և ժողովրդին հեղափոխություն կքարոզեր: Ես ծերացել եմ, և դուք եկել եք ինձի հեղափոխություն կսորվեցնեք: Գացե՛ք, գացե՛ք, Հայրիկը գիտե իր անելիքը, ձեր խրատին պետք չունի»:
Երիտասարդները ուրախացած մեկնում են:
Երևանում նույնպես կազմակերպվում է ժողովրդական ցույց առաջնորդարանի առաջ։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկու ընկերով վերցնում են առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և գնալով Էջմիածին, ներկայանում են կաթողիկոսին և հանուն ազգի և ժողովրդի, պահանջում են, որ չստորագրի: Կաթողիկոսը խոստանում է:
Թղթեր են գալիս նաև Կոստանդնուպոլսի Պատրիարքարանից և պահանջում են չտալ մեր ազգային գումարները կառավարության, որովհետև նրանք ոչ թե պատկանում են միայն ռուսահայոց, այլև մեծագույն մասամբ հնդկահայոց, պարսկահայոց, տաճկահայոց, ամերիկահայոց և այլն:
Հասնում է վճռական օրը: Նահանգապետ կոմս Դիզենհաուզենը ներկայանում է կաթողիկոսին և խնդրում է, որ ստորագրի. կաթողիկոսը մերժում է: Կոմսը մի քանի անգամ կրկնում է իր խնդիրքը, բայց կաթողիկոսը պատասխանում է.
— Գնա՜, գնա՜ կըսեմ քեզի, կհասկնա՞ս ինչ կնշանակե գնա. իշտե անոր «փաշոլ» կըսեն:
Դիզենհաուզենը մեկնում է: Կանչում են Վաղարշապատի հայ դարբիններին, որպեսզի կոտրեն գանձարկղը, որի բանալին կաթողիկոսը չէր հանձնած: Հայ դարբինները հրաժարվում են: Այն ժամանակ կոմսը Երևանից բերել է տալիս ռուս դարբիններ, որոնք տապարներով սկսում են ջարդել գանձարկղը: Գիշեր էր: Կաթողիկոսը վերևի հարկում լսում էր այդ հարվածների ձայնը և չդիմանալով՝ թողնում գնում է Հռիփսիմեի վանքը: Մինչև լույս դարբինները ջարդում են գանձարկղը և վերջապես կոտրում: Բաց են անում և գտնում են, ինչպես ասում են, մի մուրհակ և 5 ռուբլի:
Ուրիշներ ասում են, թե մինչև 30 000 ռուբլի եղել է:
Այս եղավ ամեն կողմ: Գալիցինը, որ կարծում էր, թե Հայոց Եկեղեցին միլիոններ ունի, ձեռքը գլխին է խփում և ասում է. «Ես հայերին չեմ ճանաչել»:
Շուշումն էլ նույնը եղավ: Պաշտոնական անձինք ներկայանում են դպրանոցի տեսուչ Զուրաբյանին և առաջարկում են ստորագրել:
Մերոնք նախապես հրամայել էին նրան չստորագրել, բայց վախկոտ Զուրաբյանը, կարծես թե շուշեցի չլիներ, ստորագրում է: Սրա վրա զայրույթը ընդհանուր է դառնում: Ազգային մարմինները տեռոր են նշանակում Զուրաբյանի անձի դեմ: Զուրաբյանը սարսափահար իր տունը կանչեց մեզ՝ ուսուցիչներիս և իր կնոջ (կարսեցի Կատյայի) հետ լալագին աղաչեց դիմել ուր պետք է և, որպեսզի տեռորը չկատարվի, ներեն իրեն ի սեր իր բազմաթիվ փոքրիկ երեխաների:
Դիմեցինք ուր պետք էր. զիջեցին և որոշեցին աքսորել Զուրաբյանին. նա վերցրեց իր ամբողջ ընտանիքը և գնաց Նոր-Նախիջևան:
Դրսում տեղի ունեցավ ժողովրդական մեծ ցույց. ամբողջ ժողովուրդը մեծ բազմությամբ փողոցները լցվեց, գոռալով-գոչելով, թե «Չենք տա մեր կալվածները»: Միջամտեց ոստիկանությունը և զորքը: Հրացաններ որոտացին. մի քանի կազակ սպանվեց, ոմանք քարկոծվեցին և վերջապես ցույցը վերջացավ:
Երբ պաշտոնյաները բաց արին գանձարկղը, մեջը դատարկ գտան: Հոգաբարձությունը, նախապես ամբողջ գումարը վերցնելով, բաժանել էր պաշտոնյաներին. մենք էլ, ուսուցիչներս, մի անգամից ամբողջ տարեկան ռոճիկը ստացանք: Նմանապես խանութպանները, որոնք եկեղեցական կալվածներից խանութ էին վարձել, ամբողջ տարեկան վարձը մի անգամից վճարել էին եկեղեցական իշխանության և համարարական ստացական ստացել:
Այնպես որ, երբ ռուս պաշտոնյաները եկան նրանցից ամսավարձ պահանջելու, փողի փոխարեն պարապ ստացականներ տեսան։
Շուշեցոց այս աստիճան զորեղ դիմադրությունը շարժեց ռուս կառավարության զայրույթը: Նրանք փակեցին Շուշվա թեմական դպրատունը, մինչդեռ Երևանի և Տփղիսի թեմական դպրանոցները բաց մնացին։ Տեղի ունեցան ընդհանուր խուզարկություններ տներում: Ագուլեցոց եկեղեցում գտել էին 2 ռումբ, որի համար երկու քահանա աքսորվեցին (նրանցից մեկն էր Տ. Գարեգին քահանա Հովհաննիսյանը՝ հայր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի, Կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանի): Բանտարկվեցին երկու ուսուցիչ՝ Գաբրիել վարժապետ Գյուլիքևխյանը և Փիրջանյանը: Վտանգ էր սպասվում նաև մյուսներին: Թեմականի բարձր դասարանի աշակերտները՝ որոնց ուսումը կիսավարտ մնաց, գնացին Երևան, Ագուլիս և Նոր-Նախիջևան, շարունակելու և ավարտելու համար իրենց ուսումը։
Մի շատ զարմանալի դեպք էլ եմ հիշում: Ռուսաց դպրոցների բարձրագույն դասարանների աշակերտները խմբակներ էին կազմել և սովորում էին հայերեն լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն՝ թեմականի ուսուցիչների ղեկավարությամբ: Հայոց պատմության ուսուցիչը ես էի: Շաբաթական երկու անգամ երկու աշակերտ՝ իբրև պատվիրակ, գալիս էին ինձ մոտ և առաջնորդում ինչ-որ մի տուն: Ամեն անգամ տեղը փոխվում էր: Գնում էի և դահլիճում կանոնավոր աթոռների վրա նստած, գտնում էի ունկնդիր աշակերտներին: Այնպես էին կազմակերպած, որ իբր թե այդ օրը տնեցիք տոնախմբություն ունեին: Թառն ու դափը պատրաստ դրված էին, այս բոլորը արված էր զգուշության համար, որպեսզի, եթե ոստիկանությունը ներս մտներ, դասախոսությունը վերածվեր նվագահանդեսի:
Ի զարմանս բոլորի և ի պատիվ շուշեցոց, ոչ մի օր այդպիսի բան չեղավ: Ոստիկանությունը անտեղյակ էր և մնաց անտեղյակ, չգտնվեց ոչ մի դավաճան, որ մեր գաղտնիքը մատներ նրանց:
Հանդարտությամբ ես պատմում էի հին հայոց պատմության գլխավոր դեպքերը: Անցա ամբողջ դասընթացը:
== ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԻՄ ՏԱՆ ՄԵՋ ==
Ինչպես բոլոր ուսուցիչների տներում, նմանապես ինձ մոտ էլ խուզարկություն կատարվեց: Խուզարկության եկավ մի վրացի նաչալնիկ մի կազակով միասին: Պաշտոնյան տեսավ իմ գրադարանը, բազմաթիվ գրքերից բաղկացած, մեծ մասամբ հայերեն և օտար լեզուներով: Ռուսերեն գիրք չունեի, որովհետև դեռ բնավ ռուսերեն չգիտեի: Ամեն գրքի մեջ ցենզուր էր փնտրում և որովհետև չկար, ուստի արգելված էր համարում և ուզում էր խլել: Ես ունեի զանազան լեզուներով ավետարաններ, որովհետև ես միշտ այն կարծիքին եմ եղել, թե որևէ օտար լեզու սովորելու համար լավագույն ձեռնարկը Ավետարանն է: Ուսուցչի պետք չունես: Դնում ես Ավետարանը առաջդ, հայերեն թարգմանությունը դեմդ ես առնում, և քեզ ամեն ինչ հասկանալի է դառնում: Ավետարանը օգտակար է նաև այն պատճառով, որ միևնույն բանը միշտ կրկնվում է. այդպես է Ավետարանի ոճը, և այդ բանը հեշտացնում է ուսումը:
Վրացին վերցրեց մի գիրք, հարցրեց.
— Սա ի՞նչ է:
— Ֆրանսերեն Ավետարան է:
Վերցրեց մի ուրիշը.
— Սա ի՞նչ է:
— Անգլերեն Ավետարան է:
Մի երրորդը.
— Սա պարսկերեն Ավետարան է:
Վերջապես վրացին զարմացած ասաց.
— Այս ինչքա՞ն լեզու գիտես. վրացերեն էլ գիտե՞ս:
Վերցրի վրացերեն Նոր Կտակարանը և սկսեցի ազատ կարդալ:
Վրացին շատ ուրախացավ:
Այնուհետև մեր գործը հեշտացել էր: Գրքերի մի մասը ազատվեց Ավետարան անունով. այն գրքերը, որոնք երկսյուն էին, ազատվեցին բառարան անունով, մյուս մասն էլ՝ քերականություն անունով:
Բայց վերջապես խուզարկու պաշտոնյան պարտական էր մի բան տանել. դժբախտաբար վերցրեց իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մեջ ավելի դժբախտությամբ դրել էի Սասունի վիճակախաղի մի քանի տոմս, նաև ուրիշ մի քանի գրքեր, որոնք կոզակը պիտի լցներ պարկի (մեշոկի) մեջ և տաներ քննության:
Հավաքված գրքերը բաժանել էին երկու մասի. անմեղ գրքեր և կասկածելի գրքեր. ես անուշադիր որևէ րոպե որսալով, ոտքի փոքրիկ հպումներով անմեղ գրքերի թիվը շատացնում էի հետզհետե:
Վերջապես մի մասը մնաց, որոնց համար վրացին նստեց սեղանիս առաջ՝ պրոտոկոլ կազմելու: Երբ պրոտոկոլը գրում էր, ես զգուշությամբ հանեցի Պոսոխովի դեմ ստացած հրամանագիրս և սեղանի վրա դրի: Վրացին նկատեց այդ թուղթը, կնիքները տեսավ և հարցրեց. «Սա ի՞նչ թուղթ է»: Ես պատասխանեցի, թե սա ոչինչ բան է, Էջմիածնի փոստատան կառավարիչը իմ թղթերս խլել էր, ես նրանց հետ ընես բողոք գրեցի մինիստրներին. Փարիզում կերակցել էի: Նրանք իմ լավ ծանոթներս են. Պոսոխովին պատժեցին. ոչինչ թուղթ է…: Այսպես ասելով, իբր թե ուզում էի թուղթը խլել ձեռքից: Նա չթողեց, ամբողջը կարդաց և սարսափահար գրքերս թողեց, պարկը վերցրեց և գնաց:
== ԴԵՊԻ ԹԱՎՐԻԶ ==
Թեմականի փակումից հետո ես այլևս գործ չունեի Շուշում:
Նամակով դիմեցի Թավրիզի հայոց Արամյան դպրոցի տնօրեն Աբեթնագով Ալեքսանյանին, առաջարկելու իմ ծառայությունը: Դրական պատասխան ստանալով՝ պատրաստվեցի մեկնել Թավրիզ:
Մեծագույն դժվարությունը այն էր, որ ես գրավոր խոստում էի տված աներոջս երբեք չհեռանալ Շուշուց: Ինչպե՞ս կարելի էր համոզել նրան: Երբ Պարսկաստան գնալու որոշումս հայտնեցի կնոջս, նա իսկույն և ուրախությամբ համաձայնվեց: Երկրորդ դիմումը արինք Օլինկային, որ ապրելով կնոջս տատի հետ, նրան էլ համոզեց: Տատը, հադրութեցի, վերին աստիճանի բարի և սիրուն այան էր: Բոլորս էլ կոչում էինք նրան ազի. թե՛ Օլինկան և թե՛ ազին համաձայնվեցին․ ազին ուրախացավ, որ գնում ենք Թավրիզ և ասաց, թե Թավրիզում շատ զմրուխտ քար կա, վերադարձիդ մի քանի հատ կբերես: Սրանք միջնորդ հանդիսացան և համոզեցին զոքանչիս, որ նույնպես հեշտությամբ համաձայնվեց:
Դժվարագույնը աներս էր: Ես մի խորամանկ միջոց գտա համոզելու նրան: Որովհետև չափազանց կրոնասեր մարդ էր, ասացի, թե «աղջկանդ ուզում եմ Էջմիածին տանել, կթողնե՞ս»:
— Էջմիածին իհարկե կթողնեմ,— պատասխանեց նա,— սուրբ քաղաք է, եթե գնաս, ինձ էլ հետո կկանչե՞ս:
Խոստացա և պատրաստվեցի մեկնելու:
Կառքը կանգ առավ առավոտուն աներոջս տան առաջ: Բոլորը հավաքվել էին. մենք երկուսս, այր ու կին, նստեցինք կառք, բեռները դասավորեցինք և բոլորից հրաժեշտ առինք: Կնոջս տատը մոտեցավ ինձ և պատվիրեց. «Քշտիդ նստացրու» (այսինքն թե, կնոջդ միշտ կողքիդ նստացրու): Այս զվարճալի պատկերը հիշում էինք հաճախ։
Շուշուց մինչև Եվլախ ճանապարհը 104 վերստ է: Մինչև երեկո պետք էր հասնել գնացքին: Որովհետև զառիվայր էր, կառքը սրընթաց սլանում է նախ դեպի Թուրքական թաղը, ապա դեպի Խանքենդի հայկական գյուղը, որից հետո որպես ուղիղ ճանապարհ մինչև Եվլախ: Կինս առաջին անգամն էր, որ դուրս էր գալիս Շուշուց: Նորահարս և նորասեր, ամեն ինչ նոր և անծանոթ էր իրեն համար. դիտում էր շուրջը հետաքրքրությամբ: Անցանք Քյաթուկ գյուղի տակով, որ իրենց հայրենի գյուղն էր: Վերջապես հասանք ուշ ժամանակ Եվլախ, և մտանք գնացք, որ նույնպես առաջին անգամն էր տեսնում։ Տեղավորվեցինք երկուսս դեմ առ դեմ պատուհանի առաջ: Սփռոցը փռեցինք և սկսեցինք ընթրել: Արդեն մութ էր. ընթրիքը վերջացնելուց հետո սփռոցը հավաքեցի և պատուհանից թափ տվի: «Թըխկ» մի ձայն լսվեց. հայրիկը նվիրել էր ինձ մի լավ գրչահատ և պատառաքաղ: Երկուսն էլ ընկան իմ անուշադրության հետևանքով: Գանձակի կայարանի մոտերքն էր. աներոջ այս հաճելի նվերի կորուստը այսպիսի անտեղի ձևով, այն էլ ճամփորդության սկզբին, ցավալի եղավ:
Հասանք Երևան և կառք վարձելով եկանք Էջմիածին, որից բաժանվել էի միայն 2 տարի առաջ։ Ամեն ինչ նույնն էր. միայն Հայրիկապատի (ուխտավորների հյուրանոցը) շենքը վերջացել էր և հյուրընկալ էր նշանակված իմ վաղեմի ծանոթ և սիրելի բարեկամ Եսայի սարկավագը, այժմ դարձած Զավեն վարդապետ: Ղարաբաղցիք իրար շատ են սիրում: Զավեն վարդապետը ղարաբաղցի էր, ուստի աննկարագրելի հյուրասիրությամբ ընդունեց կնոջս,
որ իր հայրենակիցն էր և ինձ, որ կես ղարաբաղցի էի դարձել:
Հայրիկապատը բարձր և ընդարձակ շենք է, վանքի պարսպից դուրս, ազատ, բաց օդի մեջ: Երկրորդ հարկի ձախ սենյակը, որ ավելի դահլիճ կարելի էր կոչել, մեզ հանձնեց: Երկու մահճակալ մեզ հատկացրեց, մյուսները անտեր էին: Ուխտի ժամանակ չլինելով հյուրեր չկային, ուստի բոլորովին ազատ վայելեցինք հյուրանոցի կյանքը երկար ժամանակ, մինչև Թավրիզից նոր հրավեր ստանայինք:
Երկար մնալու պատճառներից մեկը այն էր, որ ես պետք է ստանայի արտասահմանյան անցագիր: Այս կետը երբ մի քիչ դժվարացավ, ինձ վախ պատճառեց, որովհետև ես ապօրինի կերպով ռուսահպատակ էի դարձել: Վախենում էի, որ իմ հին անձնագրի հետքը կգտնվի։ Դժվարությունը AzxapH և ArapyHb ազգանունների տարբերության մեջ էր, բայց ի զարմանս իմ, այդ էլ հարթվեց։ Ժամանակ էր անցել և մոռացել էին: Արտասահմանյան անցագիրս ստացա:
Երկրորդ դժվարությունը խոլերան էր: Այդ ժամանակ Թավրիզը իր շրջակայքով վարակված էր խոլերայով: Ամիսներ շարունակ, ամեն օր, հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Մի օր Թավրիզում 1000 հոգի էր մեռել: Այսպիսի վտանգավոր ժամանակ ինչպե՞ս մեկնել Էջմիածնից: Աբեթնագովը իր նամակների մեջ, որ շարունակ ստանում էի, խոսում էր խոլերայի ընթացքի մասին և չէր թույլ տալիս մեկնել: 1000 թիվը գագաթնակետն եղավ խոլերայի, որից հետո, սաստիկ տաք օրեր հաջորդեցին և խոլերան արագությամբ նվազեց: Այն ժամանակ որոշեցինք մեկնել: Բայց այժմ էլ խոլերան անցել էր Արաքսից այս կողմ և Ջուղայի ու Նախիջևանի շրջանը վարակված էր:
Չգիտեմ ինչ հանդգնություն էր իմ կողմից, որ ես նորապսակ կնոջս վերցրած, խոլերայի միջով ճանապարհ ընկա: Այն ժամանակ դեռ Երևան–Ջուլֆա երկաթուղին շինված չէր, ուստի վարձեցինք մի թուրքի կառք։ Երկուսով նստեցինք կառքը. ես ունեի harmonie-flute կոչված նվագարանը, որ Կովկասում բոլորովին անսովոր է: Այդ նվագարանը նման է մի փոքրիկ դաշնամուրի. դնում ես ծնկներիդ վրա, ձախ ձեռքով փչում ես հետևում գտնված փուքսը և աջ ձեռքով ստեղնաշարի վրա նվագում ես: Ձայնը շատ դուրեկան է և երկար, ընդհատումներ չունի: Այդ նվագարանը ես նվագում էի Կոստանդնուպոլսում, փոքր ժամանակս: Էջմիածնում եղած ժամանակս մի հայտարարության մեջ կարդալով, որ Հաճընում վաճառում են այդպիսի մի նվագարան, բերել էի տվել: Կինս, որ ձեռարվեստի կողմից մեծ ընդունակություն ուներ, շուտով սովորեց նվագել և այժմ, երբ կառքով գնում էինք, նվագում էր:
Թուրք կառապանը շատ հաճույք էր զգում: Ձիերը սկզբում խրտնում էին, բայց շուտով վարժվեցին: Այսպես զվարճությամբ և զվարթությամբ կտրում ենք ամբողջ տարածությունը, ընդարձակ դաշտը Երևանից մինչև Նախիջևան և ապա՝ Ջուլֆա: Երկու կողմերից շարունակ ակունքներ են բխում, ջրեր են կարկաչում, առուներ հոսում: Կինս աղբյուր շատ էր սիրում և հենց որ մի ակունք կամ մի առու էր տեսնում, «ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր» էր կոչում, հաճախ կանգնում էինք և ջրից խմում:
Հասանք Խանլուխլար, որ այդ շրջանի կենտրոնական հայ գյուղն էր: Իջանք հայոց դպրոցը գիշերելու: Դպրոցի տեսուչը մի երիտասարդ էր, մռայլ դեմքով, տխուր, բայց բարեսիրտ: Տխրությունը նրանից էր, որ այդ օրը հայերի մեջ խոլերայի երկու դեպք էր պատահել: «Ի՞նչ պետք է անենք,— ասում էր նա,— բժիշկ չունենք, դեղորայք չունենք. հիվանդությունը դեռ նոր է սկսում, բայց անշուշտ պիտի տարածվի. անում եմ ինչ որ հնարավոր է և ինչ որ կարդացել եմ գրքերում: Այդ երկու հիվանդներին ես պետք է խնամեմ»:
Մենք մեր գիտցած խորհուրդները տվինք. այն է հում ջուր չխմել, անլվա ձեռքով չճաշել, իրար սովորաբար ձեռք չտալ, ձեռքերը կարբոլյան ջրով լվանալ և այլն: Դրա օրինակը հենց մենք էինք: Ունեինք երկու շիշ ջուր, մեկը կարբոլկայով ջուր, իսկ մյուսը եփած ջուր: Հացը, մի խոշոր բոքոն, առել էինք Երևանից, ուստի վարակված չէր: Ճաշի ժամանակ նախ ձեռքերս լվանում էի կարբոլյան ջրով, չորացնում, ապա հացի միջուկը փորում և այդ էինք ուտում, պանիրով կամ որևէ այլ նյութով, որ գնել էինք Էջմիածնում:
Խանլուխլարից անցնելուց հետո գիշերեցինք Նախիջևանում, մի հյուրանոցում, ուր ապրում էինք նույն զգուշությամբ: Մի առավոտ սխալմամբ, փոխանակ մաքուր ջրի շիշը բերանս տանելու, կարբոլյան ջուրը տանում եմ բերանս և մի կում բերանս առնում: Իսկույն զգում եմ հոտը և դուրս թափում: Վախից գնացի մի դեղարան, որի տերը հայ էր. դեպքը պատմեցի. «Քանի որ չեք խմել, վտանգ չկա»,— ասաց դեղագործը և կես գդալ սոդա տալով ինձ, հանգստացրեց:
Հասանք Արաքսի ափը: Ահա դիմացս հոսում է այն գետը, որ Հայաստանի նշանաբանն է դարձել, և որ երգում է շարունակ հայ ժողովուրդը ամեն տեղ։ Կանգնած դիտում եմ: Ով գիտե քանի՞-քանի՞ դարեր հոսել է այսպես Արաքսը և հավիտյան պիտի հոսի:
Երեկո էր արդեն, երբ հասանք և այդ բոլորը ես դիտում եմ մթնշաղի մեջ: Գիշերեցինք ինչ-որ հյուրանոցում և առավոտը շուտով վեր կացա և գետափը դիմեցի: Լույս աչքով դիտում եմ ալիքները, որ իրար զարնվելով, մեղմիկ խոխոջով հոսում են անընդհատ: Դիմացը Պարսկաստանն է: Գետափին կանգնած են հին ու փչացած մի խումբ նավակներ, որոնցով դիմաց պիտի անցնենք:
Վախենալու բան է. հենց մի հայ երիտասարդ իր աշխույժ շարժումների մեջ այս ու այն կողմ վազվզելու միջոցին, ընկավ գետը. բայց առանց իրեն կորցնելու, իսկույն մի նավակի ցռուկից բռնեց և ջրաթաթախ մեջը ցատկեց, իր և բոլորի ծիծաղի տակ:
Ես է՞լ եմ ընկնելու քո մեջ, ո՛վ Արաքս, ասում եմ ես, բայց նույնիսկ ես, եթե քո մեջ ընկնեմ, դու ինձ չես խեղդի. քո շատ հեռավոր որդին եմ, որ եկել եմ քեզ մոտ։ Դու կխղճաս ինձ:
Ես ու կինս, մեր բեռները վերցրած, վախվխելով, բայց միևնույն ժամանակ ուրիշներից քաջալերվելով, մտանք նավ և առաջ անցանք: Քանի բացվում ենք, գետը այնքան մեծանում է և մոտակա ափը հեռանում: Նավավարը թիավարելով հասավ դիմաց, ափ դուրս եկանք:
Պարսկաստանում ենք:
Վարձեցինք պարսկական մի կառք և երկուսով գնում ենք:
Ճանապարհը հանգիստ է: Կարծեմ երկու օրից պիտի հասցներ մեզ Թավրիզ: Ամբողջ այդ շրջանը վարակված էր խոլերայով, և մենք գնում ենք նույն զգուշավորությամբ: Բարեբախտաբար ոչ մեկի հետ գործ չունենք: Ուտում ենք միայն մեր պաշարը: Հիշում եմ, որ գիշերեցինք ինչ-որ պանդոկում: Մի խումբ մարդիկ քնած են այնտեղ: Մի տեղ էլ մենք ստացանք: Կինս պառկեց և քնեց: Ես կողքին նստած հսկում եմ: Պանդոկապետը քիչ այն կողմ նստել է ճրագի մոտ և հարցնում է, թե ինչու չեմ քնում: Պատասխանեցի, որ ես չեմ քնելու մինչև առավոտ և պահանջեցի, որ ճրագը չհանգցնի: Նավթի փողը պահանջեց, վճարեցի և լույսը վառ մնաց մինչև առավոտ:
Առավոտը նորից շարունակեցինք մեր ճանապարհը և երեկոյին հասանք Թավրիզ: Կառքը կանգնեց Աբեթնագով Ալեքսանյանի դռան առաջ. նա մեզ ընդունեց շատ մեծ ուրախությամբ և իր տան հյուրանոցը հատկացրեց մեզ:
Աբեթնագով Ալեքսանյանը Էջմիածնի Ճեմարանի հին շրջանավարտներից էր. գիտեր ուրեմն բոլոր հայկական առարկաները և հատկապես հայ լեզուն, իբրև տնօրեն Ղալա թաղի Արամյան դպրոցի մի քանի տարվա փորձառություն ուներ. բարեկիրթ և բարեհոգի մարդ էր. թեև միշտ լուրջ և ծանրախոհ կերպարանք ուներ, բայց հաճախ տեսնում էիր երեսին բարեմիտ ժպիտը: Կինը շատ երիտասարդ, նուրբ և գեղեցիկ, ամուսնու նման բարեհոգի մի կին էր։ Տանը բնակվում էր նաև Աբեթնագովի ծերունի մայրը. մանր-մունր մի քանի երեխաներ էլ ունեին:
Աբեթնագովը պատմեց ինձ խոլերայի մասին: Սոսկալի կոտորած է եղել թուրքերի մեջ, որոնք զգուշական միջոցների մասին ոչ գաղափար և ոչ հավատ ունենալով, անխնա զոհ էին գնացել համաճարակին: Թավրիզի 5000 շունչ հայերից միայն 2 հոգի էին մեռել, այն էլ իրենց անխոհեմության պատճառով: Այդ երկուսից մեկը հիմարաբար չհավատալով միկրոբների զորության, մի քանի հատ խաղող վերցնելով, հանդիսավորապես, շատերի ներկայությամբ սկսել է ուտել առանց լվանալու: «Տեսնեմ ի՞նչ է անելու ինձ»,— ասում է նա: Մյուս օրը հիվանդանում և մեռնում է: Մի ուրիշ հայ, չհավատալով կարբոլյան ջրի զորության, մի մեծ որդ վերցնում է և գցում կարբոլյան ջրի մեջ. քիչ հետո տեսնում է, որ որդը սատկեց. այն ժամանակ համոզվում է ջրի զորության և ասում. «Եթե այս խոշոր որդին մեկ րոպեում սատկեցրեց, փոքրիկ միկրոբներին իհարկե կկոտորի»:
== ԹԱՎՐԻԶՈՒՄ ==
Երկու տարի մնացինք Թավրիզում: Շատ ուրախ և շատ հանգիստ կյանք վարեցինք: Պարսկաստանը շատ առատ երկիր է և չափազանց էժան. երկուսով օրական մի ռուբլի անկարելի էր ծախսել, նույնիսկ շատ ճոխ ապրելով: Վտանգի սպառնալիք, ոստիկանական դժվարություններ, պետական խստություն և նման անհանդուրժելի բաներ բնավ գոյություն չունեին. հայկական կյանքը բոլորովին ազատ էր. այն հայկական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում և Թուրքիայում հալածանքի էին ենթարկված, Պարսկաստանում բոլորովին ազատ էին: Փոստով կարելի էր ստանալ «Դրօշակ» և «Հնչակ» թերթերը և փողոցում ազատ կարդալ:
Դպրոցական կյանքը ոչ մի հսկողության չէր ենթարկվում պարսկական կառավարության կողմից: Նույնիսկ դպրոցը պարսիկ կառավարությունից ամսական 50 թուման նպաստ էր ստանում:
Թատրոնը ազատ էր. ամեն շաբաթ հասարակական ձրի դասախոսություններ էին տեղի ունենում:
Չեմ կարող իհարկե մեր երկու տարվա նկարագիրը հիշել, մանավանդ թե նրանք մեծ կարևորություն ներկայացնող դեպքեր չէին, ուստի կհիշեմ միայն քիչ ու շատ կարևորները:
Նախ տանք քաղաքի նկարագիրը:
Այն ժամանակ Թավրիզը Պարսկաստանի ամենամեծ և բազմամարդ քաղաքն էր: Նա ուներ 14 կիլոմետր շրջապատ և 300 000 բնակիչ, ինչ որ Թեհրանի կրկինն էր: (Այժմ այս հարաբերությունը փոխված է): Քաղաքի ծայրամասերը բոլորովին գեղջկական են. ընդարձակ պարտեզներ և նրանց մեջ մի տնակ: Երբ պարսից թագավորը այցելել է Թավրիզ և կառքով անցել է այդ ընդարձակ պարտեզների միջից, ասել է. «Ին չի բուզուրգ քենդ էսթ» (այս ինչ մեծ գյուղ է): Հայերը թվով 5000 շունչ են և գրավում են երկու առանձին թաղ՝ Ղալա և Լիլավա: Բուն հին թաղը Ղալան է, որի բնակիչ հայերը իսկական թավրիզեցի են և ունեն իրենց բարբառը. նրանք որոշվում են հ>խ արտասանությամբ, իսկ Լիլավա թաղի հայերը ուշ ժամանակ գաղթել են Ղարադաղից և Մուժամբարից, որ մի հայաբնակ գյուղ է Թավրիզից դեպի հյուսիս: Լիլավացիք էլ խոսում են Ղարադաղի բարբառը, որ Ղարաբաղի բարբառի մի տեսակն է:
Ղալա թաղը ունի մի եկեղեցի և մի դպրոց: Նույնը նաև Լիլավա թաղը: Թավրիզի հայերը, կարող եմ ասել, թե ամբողջ հայության մեջ ամենաուսումնասեր, աշխատասեր և բարեկիրթ ժողովուրդ են կազմում: Հակառակ իրենց փոքր թվին, ունեին այն ժամանակ 4 դպրոց, որոնց վրա շուտով ավելացրին 2 թաղերի միջև մի կենտրոնական վարժարան: Չեմ հաշվում հայ բողոքականների դպրոցները:
Բոլոր թավրիզեցի հայերը բաժանված էին երկու կուսակցության դաշնակցական և հնչակյան. չկար մի հայ, որ կուսակցական չլիներ: Լիլավան մեծավ մասամբ դաշնակցական էր, իսկ Ղալան՝ մեծ մասամբ հնչակյան: Այնքան ուժեղ էր պայքարը այս երկուսի միջև, որ իրար հետ նույնիսկ խնամություն չէին անում:
Պայքարը պատճառ էր դարձել մրցման և երկու կողմերն էլ շարունակ կազմակերպում էին հասարակական դասախոսություններ՝ գիտական և ազգային հարցերի շուրջը: Այսպես նաև թատերական ներկայացումներ: Ամեն մի կողմը ուներ նույնիսկ իր թերթը:
Երբ առաջին անգամ սկսեցի դասավանդել, դպրոցի վարչությունը առաջարկեց ինձ մի դասախոսություն կարդալ: Ես հանձն առի սիրով և նյութ վերցրի, ըստ սովորականին, «Հայ ազգի ծագումը հնդեվրոպական հիմքի վրա»:
Դասախոսությունը տեղի պիտի ունենար երեկոյին, Ղալա թաղի դպրոցի դահլիճում, որ նաև թատերասրահ էր: Առավոտը ինձ այցելության եկավ Գևորգ Չիլինգիրյանը, որ հնչակյան խմբի ջոջերից էր. նա կարնեցի էր, ուսուցիչ հայ լեզվի: Ծանոթացանք իրար հետ, և նա, մտերմանալով, հարցրեց դասախոսությանս մանրամասնությունները: Ես, իհարկե, կարող էի ասել, թե երեկոյին կգաք կլսեք, բայց այդպես չարի և նյութը պարզեցի ամբողջությամբ նրա առաջ: Ուշադրությամբ լսեց և հետո հարցրեց, թե այս կարծիքի դեմ հակառակորդներ չկա՞ն և ի՞նչ են ասում: Նա հակառակ կարծիքներ էլ լսեց և գոհ սրտով հեռացավ:
Երեկոյին, երբ դասախոսությունս վերջացավ և նախագահը, ըստ սովորության, հարցրեց հանդիսականներին հայտնել իրենց կարծիքը և կամ հարցումներ ուղղել, վեր կացավ Չիլինգիրյանը և զայրացած տոնով և հանդիմանական ձևով ասաց. «Պարոն Աճառյանը պետք է իմանա, որ իր այդ ասածները ընդհանուր ընդունված չեն. շատեր ուրիշ կարծիք ունեն»: Եվ սկսեց մի առ մի թվել առավոտյան պատմածներս, որ զարմանալի ճշտությամբ միտքն էր պահել: Ծիծաղելի տեսարան էր: Ես միայն ժպտացի և ոչինչ չպատասխանեցի:
Մի քանի ժամանակ հետո դպրոցը, ըստ օրինի, մի ներկայացում պիտի տար. ընտրեցին «Սխալ հաշիվ» պիեսան, որի գլխավոր և բացասական դերը ես վերցրի: Դերս Ալեքսանդրապոլի բարբառով էր: Երբ խաղը վերջացավ, Չիլինգիրյանը բեմ վազեց և խոսքն ինձ ուղղելով ասաց. «Այս ինչ սքանչելի ճշտությամբ կարողացաք արտասանել Կարինի բարբառը. կարծես իսկական ալեքսանդրապոլսեցի լինեիք»:
Այդ ժամանակները Թավրիզում աչքի ընկնող դիրք ուներ Ատրպետը, հայտնի գրող և բազմաթիվ վեպերի հեղինակ: Նա ուներ սեփական տպարան, որտեղ տպագրում էր իր վեպերը և ուրիշ գործեր։ Չիլինգիրյանը սկսեց տպել «Ընդհանուր պատմության մի դասագիրք». բնականաբար, սկսեց հին աշխարհից, ինձ մոտ ոճով, և հարցրեց, թե «Ի՞նչ խորհուրդ կտամ»: Ես ամենից առաջ հայտնեցի, որ պետք է մտցնել նաև չինաց և հնդկաց պատմության մասին մի գլուխ: Հայտնեց, թե այդ մասին ոչինչ չգիտե: Ես հանձն առի գրել այդ երկու գլուխները: Դասագրքի մեջ երկու գլուխներն էլ տպվեցին: Հետագայում, որովհետև Չիլինգիրյանը չկարողացավ վճարել Ատրպետին տպարանական ծախսերը, Ատրպետը տպագրությունը չշարունակեց, տպագրված մասերը գրավեց և այրեց:
Իմ գրած երկու գլուխները, հնդկաց և չինաց մասին, մնում են ինձ մոտ մինչև այժմ՝ մի օրինակ տպագրված:
Չիլինգիրյանին ես տեսա վերջին անգամ Երևանում 1923 թվականից հետո: Ունեցանք մի տեսակցություն, որից հետո մեռավ:
Թավրիզում ծանոթացած անձերիցս մեկն եղավ Նիկոլ Սարգսյանը, որ տփղիսեցի էր, Լիլավայի դպրոցի տեսուչ, մասնագետ ֆիզիկայի և քիմիայի: Նա մի օր կարդաց մի դասախոսություն, որի միտքը այն էր, թե այն բոլոր հայերը, որ չեն բնակվում Հայաստանում, հայ չեն: Այս դասախոսությունը, կարդացված ազգասեր թավրիզեցի հայոց առաջ՝ բոլորովին միտք չուներ:
Դասախոսությունից հետո ես բարձրացա և հարց տվի. «Ուրեմն տփղիսեցի հայերը հայ չե՞ն, պոլսահայերը հայ չե՞ն, նոր-նախիջևանցի հայերը հայ չե՞ն, թավրիզեցիներն էլ հայ չե՞ն»: Նա հանդգնեց ասելու, թե ո՛չ: «Ուրեմն ի՞նչ են»,— հարցնում եմ ես:
«Պատկանում են այն ազգին, որի երկրում բնակվում են»: Ես հարցը կատակի վերածելով ասացի. «Եփրատը Հայաստանի արևմտյան սահմանն է․ Եփրատի աջ ափին կան զանազան հայ գյուղեր, որոնք գիշերը քնում են այդտեղ, իսկ ցերեկը անցնում են դիմաց՝ աշխատանքի։ Ուրեմն այդ մարդիկը ցերեկը հայ են, գիշերը թո՞ւրք: Կան նաև, որոնք օրական տասն անգամ կամրջով գնում գալիս են. ուրեմն այդ մարդիկը օրական տասն անգամ հայ կամ թո՞ւրք են դառնում»:
Ես ու Սարգսյանը իրար հետ շատ լավ էինք: Մի անգամ ուզեցինք փորձել աֆիոն ծխել՝ իմանալու համար, թե ի՞նչ համ ունի: Ինչպես հայտնի է, ամբողջ Պարսկաստանը աֆիոն է ծխում և այդ պատճառով մարդիկ թմրած, շշմած ու թույլ են։ Տեղացի մեր ընկերները արգելեցին կատարել այդ փորձը. «որովհետև,— ասացին,— դա այնքան հաճելի բան է, որ երբ մի անգամ փորձեք, է՛լ չեք կարող թողնել»:
Սարգսյանին ես տեսա 1923 թվականից հետո Հայաստանում: Նա Թիֆլիսում ուսուցիչ էր. շուտով մեռավ երիտասարդ հասակում:
Ղալայի դպրոցում իմ ավանդած առարկաներն էին հայերեն և ֆրանսերեն: Մի օր ուսուցչանոցում ես գանգատվեցի այն մասին, թե ամեն րոպե խոսում են հայոց նոր գրականության մասին, բայց ոչ մի տեղ հայոց նոր գրականության պատմություն չեն անցնում: Բոլորը ձայնակցեցին ինձ և իրավունք տվին և հետո տեսուչ Աբեթնագով Ալեքսանյանը պաշտոնապես պարտադրեց ինձ անցնել հայոց նոր գրականության պատմությունը: Ես իմ վրա վերցրի այդ պարտականությունը և հաջորդ օրվանից սկսեցի դասախոսել այդ առարկան: Առարկան մաս-մաս թելադրում էի աշակերտներին. հետագայում ավելի ընդարձակելով՝ տպագրության հանձնեցի «Պատմություն հայոց նոր գրականության» գրքիս պրակները:
Մի ուրիշ անգամ էլ խոսք եղավ ուսուցչանոցում Պարոնյանի մասին: Ես ասացի, որ նա ինձ ուսուցիչ է եղել: «Ի՞նչ առարկայից»,— հարցրին ուսուցիչները: «Հաշվապահությունից. Կոստանդնուպոլսում, բոլոր դպրոցներում, սովորում են հաշվապահություն, որովհետև Կոստանդնուպոլսի Հայ վաճառականները հայերենով են հաշիվ պահում»: «Ուրեմն դուք հաշվապահություն գիտե՞ք»,— հարցրեց Աբեթնագով Ալեքսանյանը,— կարո՞ղ եք ավանդել այդ առարկան»: «Այո»: «Ինչո՞ւ չէիք ասում մինչև հիմա,— գանգատվեց նա.— ամեն տարի մենք դիմում ենք Կովկաս և հաշվապահության ուսուցիչ ենք փնտրում, բայց երբեք չի հաջողվում, որովհետև դասերը քիչ են և բավական չեն ուսուցչի ռոճիկը վճարելու: Եկող տարվանից խնդրում ենք ձեզ, որ դուք դասավանդեք նաև հաշվապահություն, որովհետև մեր հայ վաճառականներն էլ հաշիվները հայերեն են պահում և հայ հաշվապահի պետք ունեն»: Ես ընդունեցի և երկրորդ տարվանից ես դասավանդում էի նաև հաշվապահություն վերջին, ավարտական դասարանում:
Այստեղ մի զարմանալի երևույթ նկատեցի:
Ավարտական դասարանում մի աշակերտ ունեինք Խալաֆյան ազգանունով. Սալմաստի գյուղերից հարուստ ընտանիքի զավակ էր, վաճառականի որդի: Բարձրահասակ մի տղա էր. այնքան անձնվեր էր դեպի ինձ, որ իմ ամեն մի առաջարկս ամենայն սիրով, ծառայի նման կատարում էր և ինձ ծառայելը իրեն համար մի հաճույք էր: Ես այդ աշակերտին շատ էի սիրում, բայց դժբախտաբար նա շատ անընդունակ էր և ոչինչ չէր սովորում: Երբ հաշվապահություն սկսեցի ավանդել, նա այնքան լավ սովորեց այդ առարկան, այնքան շուտ յուրացրեց, որ եղավ դասարանի առաջինը։
Այն ժամանակ ես այն գաղափարը կազմեցի, թե ամեն աշակերտ ընդունակ է մի բանի, բայց պետք է իմանալ, թե ինչ բանի:
Դպրոցի ուսուցիչները մեծ մասամբ Ճեմարանի իմ տաճկահայ աշակերտներից էին. այսպես՝ Վարդան Բաղեշցյան (վանեցի),
Արմենակ Բարսեղյան (եվդոկիացի), Գալուստ Իսկենդերյան (վանեցի), Հայրապետ Պանիրյան (վանեցի) և այլն: Սենեքերիմ Տեր-Հակոբյանը (գյումյուշխանեցի), թեև նույնպես իմ աշակերտներից էր և միասին բնակակից էինք Թավրիզում, բայց պաշտոնավարում էր Լիլավայի դպրոցում:
== ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԸ ==
Ցարական դավաճանության արդյունքներից մեկն էլ թուրքհայկական ընդհարումները եղան, որ մի տարի ամբողջ Կովկասի հայությունը տակնուվրա արին: Ցարը ուզեց նաև հայ-վրացական ընդհարում ստեղծել, բայց վրացիք մերժեցին և այդպիսի մի հիմար շարժում տեղի չունեցավ: Ցարը աշխատեց նաև Թավրիզում ստեղծել հայ-թուրքական ընդհարում: Այս նպատակով Կովկասից Թավրիզ ուղարկեցին զանազան թուրք գործակալներ, որոնք պիտի գրգռեին ժողովուրդը և նրանց մեջ ընդհարում առաջացնեին: Շահը տեղյակ էր այս մասին և ամեն կողմ խիստ պատվեր ուղարկեց առաջքը առնելու այդպիսի ընդհարման, հայտնի իմանալով, որ այդ շարժման նպատակը ռուսական բանակով Թավրիզը գրավելն էր, իբր թե ի պաշտպանություն հայերի: Նույնիսկ շահը ասել էր, թե «Իմ երկիրը Ռուսաստան չէ, ես հայերի և պարսիկների մեջ այդպիսի ընդհարում չեմ թույլ տա»:
Սակայն խմորումը բույն էր դրել թուրք ժողովրդի մեջ Թավրիզում. հայերը գիտեին այդ և ամեն կերպ խուսափում էին: Իսկ եթե հանկարծ, նույնիսկ պարսից պետության կամքին հակառակ մի այդպիսի շարժում տեղի ունենար, ի՞նչ պիտի անեին: Հայերը, ըստ կարելվույն, պատրաստվեցին դիմադրել: Բավական մեծ քանակությամբ ռումբեր պատրաստ պահեցին կռվի օրը գործադրելու համար. ինձ գրել տվին թուրքերեն հայտարարություն այն մասին, թե «Մենք թուրքերի հետ կռիվ չունենք. նրանք մեր եղբայրներն են, իսկ եթե նրանք շեյթանի հորդորով մեր դեմ դուրս կգան, մենք պատրաստ ենք կռվելու: Չոխդան չոխ գիդեր, ազդան ազ (շատից շատ կգնա, քչից քիչ)»:
Ռումբի պահեստը մեր տանն էր: Մեր տունը գտնվում էր Ղալայի հայոց եկեղեցու կողքի փողոցում, երկու տուն ցածը հայտնի պատմաբան Առաքել Դավրիժեցու տնից, որ բռնում էր նույն փողոցի անկյունը: Մեր տունը ընտրելու պատճառը այն էր, որ տանը բնակվում էինք ես (ռուսահպատակ), Սենեքերիմ Տեր-Հակոբյանը (տաճկահպատակ), իսկ տանտերն էլ պարսկահպատակ, ուստի մեր տունը խուզարկելու համար 3 պետություն պետք է միանային:
Մի շաբաթ երեկո ընդհարումը պատրաստ էր սկսվելու: Եկեղեցուց դուրս գնալու միջոցին, վիթխարի հասակով մի թուրք, փողոցի ծայրին կանգնած միզել սկսեց, ցուցադրական կերպով հայ օրիորդների և տիկինների ներկայությամբ: Հայ երիտասարդները արգելեցին նրան, նա կռիվ սկսեց և չէր ուզում հեռանալ:
Ուսուցիչ Հայրապետ Պանիրյանը, որ այնտեղ նույն րոպեին ներկա էր, մտածում է՝ «Ահա րոպեն եկավ»: Իսկույն վազում է Ղալա բեկի մոտ, որ հայոց թաղի թուրք ոստիկանապետն էր: Նա շատ բարի մարդ էր և հայոց մտերիմ: Լսելով դեպքը, Պանիրյանի հետ միասին շտապեց դեպքի տեղը: Հրամայեց թուրքին հեռանալ այդտեղից: Թուրքը դիմադրեց և կռվել սկսեցին: Ոստիկանապետը, տեսնելով, որ վիթխարի թուրքը չի հպատակվում, քանդեց իր մեջքին կապած լայնատարած գոտին, փաթաթեց վիթխարի թուրքի մեջքին, և ուսին գցելով, ինքը, որ ավելի վիթխարի էր, քան այն վիթխարի թուրքը, այսպես շալակած առավ տարավ ընդհանուրի ծիծաղի տակ:
Այսպես վերջացավ չսկսված ընդհարումը Թավրիզում: Ռումբերը և հայտարարությունները անտեր մնացին:
== ԵՍ ՈՒ ԿԻՆՍ ==
Ինչպես ասացի, դպրոցում ես ավանդում էի հայերեն և ֆրանսերեն: Մյուս առարկաները հետո ավելացան: Ամսական ստանում էի 50 թուման: Կինս ավանդում էր ձեռագործ, ռուսերեն և թվաբանություն. ստանում էր 40 թուման: Երկուսով ստանում էինք ուրեմն 90 թուման, որ անում էր 180 ռուբլի ոսկի փող: Պարսկաստանի փողը, Կովկասի հետ համեմատած, անունով նույն, բայց 5 անգամ պակաս է: Այսպես՝ մեկ շահին Կովկասում 5 կոպեկ է, իսկ Պարսկաստանում 1 կոպեկ. աբասին այստեղ 20 կոպեկ է, այնտեղ՝ 4 կոպեկ. թումանը այստեղ 10 ռուբլի է, այնտեղ՝ 2 ռուբլի: Նույնիսկ Թիֆլիսում 10 կոպեկանոցը կոչվում էր բուզալթուն, որ Պարսկաստանում կոչվում էր յուզալթուն և արժեր 2 կոպեկ:
Յուզալթուն թուրքական բառ է և նշանակում է «100 ոսկի». երբ մուրացիկը Պարսկաստանում մուրալով ասում է. «Ալլահ աշքընա, բիր յուզալթուն վերին» (Աստծու սիրուն, մի 100 ոսկի տվեք), մեր ծիծաղն էր շարժում:
Պարսկաստանում ոսկի դրամ չկա: Թղթադրամն էլ սովորական չէր, ամբողջ դրամական գործողությունները կատարվում էին արծաթ դրամով և հատկապես 2 ղրանանոցով, որ է 40 կոպեկ:
Երբ առաջին անգամ պիտի ստանայի ռոճիկս, հաշվապահը կանչեց ինձ՝ գումարը վճարելու:
— Ի՞նչ աման եք բերել,— ասաց նա:
— Գրպանս կլցնեմ:
— Գրպանը փոքր է:
Ես թաշկինակս պարզեցի:
— Թաշկինակն էլ փոքր է, մեծ աման բերեք:
Ես գնացի տուն և ծաղրի համար վերցրի շաքարի տոպրակը և բերի դպրոց: Հաշվապահը տեսավ և ասաց.
— Այդ լավ է:
Պարսկաստանում գումարները վճարում էին հետևյալ ձևով:
Հաշվապահը իր առաջ ունի տախտակե հարթ մի ափսե. գցում է նրա վրա 5 հատ 2 ղրան, որ անում է մի թուման: Ստացողը ձեռքով քաշում է և գցում տոպրակը: Այսպես շարունակ և մեքենայի նման արագ:
Ծաղրի համար բերած տոպրակս լրջորեն լցվեց, և ես գրկած տուն տարի: Դրի պատուհանի առաջ: Կեր, որ վերջանա: Պարսկաստանը շատ էժան երկիր էր:
Այժմ խոսենք մեր ծառաների մասին, ինչ որ բավական զվարճալի է:
Վարձել էինք Վարդան անունով մի ծառա, լիլավացի: Ասում էին, թե սոսկալի գող է. բայց մենք չէինք նկատում: Հաշվի մեջ ճիշտ էր, գնումները արագ էր կատարում, լավ կերակուր եփում:
Մի օր տանը չեղած ժամանակ գնացի խոհանոց և տեսա սեղանի վրա կործած մի թաս: Թասը բարձրացրի և տակին տեսա յուղ: Քիչ հետո Վարդանը եկավ և խոհանոց մտնելով, նորից մեկնեց: Ձեռքին ոչինչ չկար: Նորից գնացի խոհանոց, թասը բարձրացրի, յուղը չկար: Դուրս եկա, հետևեցի Վարդանին, մինչ Լիլավա: Խանութից խանութ էր մտնում, բայց ոչինչ չէր առնում: Վերջապես մոտեցա իրեն.
— Վարդան, այստեղ ի՞նչ ես անում:
Շփոթվեց և կարմրեց. նկատեցի, որ ճակատի 2 կողմից քրտինք է հոսում. գլխարկը բարձրացրի, յուղը այնտեղ էր: Իսկույն արձակեցի:
Բռնեցինք մի ուրիշ ծառա, Հակոբ անունով. վանեցի էր և շատախցու նման լայն շալվար էր հագած:
— Լավ կերակուր եփել գիտե՞ս,— հարցրինք:
— Օհո՜, ես ռուսաց կոնսուլի պովորն եմ եղել. այնպես կերակուրներ եփեմ, որ մատներդ հետն ուտեք:
— Բադինջանով դոլմա կարո՞ղ ես եփել:
— Օհո՜, այնպես եփեմ, որ մատներդ հետն ուտեք:
Որովհետև այսպիսի սքանչելի խոհարար էի գտել, ուստի իմ ընկեր ուսուցիչներին ճաշի հրավիրեցի հետևյալ օրը:
Նստել ենք, սպասում ենք ճաշի. ժամանակը անցնում է, և ճաշը չի գալիս: Շատ երկար սպասելուց հետո Հակոբը ներս մտավ, ձեռքին մի խոշոր տափակ պնակ, որի մեջ ջուրը առատորեն ծփում էր, ջրի մեջ լողում էին 4 հատ բադինջան: Դրեց սեղանի վրա: Վերցրի մեկը, փորձեցի կտրել, բայց այնքան հում էր, որ դանակը չէր զորում: Անկարելի եղավ ուտել: Կանչեցինք Հակոբին և առաջարկեցինք վերցնել:
— Այս կերակուրը ի՞նչ թերություն ունի,— զարմացած հարցրեց Հակոբը:
Պանիր հաց կերանք և Հակոբին ճանապարհ դրինք:
Չմոռանամ ասելու, որ Վարդանը եկել էր մեզ մոտ իր իրերը վերցնելու. երբ տեսավ նորակոչ Հակոբին՝ ասաց.
— Լավ տեղ ես ընկել, ախմախ մարդիկ են. ոչ փող գիտեն, ոչ հաշիվ: Կեր, խմի, խաբի, գողացիր, սուտ խոսի ինչքան ուզես:
Հակոբից հետո վարձեցինք մի երկրորդ Վարդան. սովուղբուլախցի թրքախոս հայ էր: Շատ բարի, ուղղամիտ և կրոնասեր:
Ծառայում էր շատ հավատարմությամբ. երբ շուկայից գալիս էր և մի քանի շահի հետ բերում, մենք այդ գումարը իրեն էինք նվիրում. ամեն անգամ ասում էր.
— Այս փողը հալա՞լ եք անում, սրտա՞նց եք տալիս, հարամ չէ՞, վերցնե՞մ:
Եվ չէր վերցնում, մինչև որ համոզում էինք, թե սրտանց ենք նվիրում իրեն:
Բայց Վարդանը շատ սնահավատ էր: Մի երեկո տեսնում ենք՝ Վարդանը չկա. երկար սպասելուց հետո գնում եմ նրա տունը և տեսնում եմ նրան այնտեղ:
— Վարդան, ինչո՞ւ չես գալիս:
— Ես վախենում եմ, ձեր տանը սատանա կա:
— Սատանան որտե՞ղ էր:
— Խոհանոցում, ճրագի վրա նստած է:
Վերցնում եմ հետս, խոստանալով, որ ես աղոթքով կհեռացնեմ սատանային: Գալիս ենք տուն, մտնում ենք խոհանոց, լուցկին վառում եմ և մոտեցնում ճրագին: Երբ պատրույգը բավական բարձրացրած չէ, բոց չի վերցնում, հանգում է: Պատրույգը բարձրացրի, իբր թե սատանային հեռացրի և ճրագը վառվեց: Վարդանը ուրախացավ և հավատաց, թե ես սատանաները վանելու կարողություն ունեմ:
Մի օր ես ու կինս խոսում ենք: Կինս ասաց.
— Ա՜յ եղբայր, այդպես չէ:
Ես պատասխանեցի.
— Ա՜յ քույր, այդպես է:
Վարդանը թթվեց, ուզում էր հեռանալ:
— Ա՜յ Վարդան, ի՞նչ կա, ի՞նչ եղար:
— Նա քեզ ասաց եղբայր, դու նրան ասացիր քույր. այդպես բան կարելի՞ է:
Հազիվ կարողացանք համոզել, որ դա կատակ է, և մնաց:
*
Կինս հիվանդացավ: Բժշկությունը իմ շատ սիրած գիտությունն է եղել: Կոստանդնուպոլսում փորձել էի բժշկականը մտնել, չընդունեցին: Փարիզում միջոց չունեցա: Շուշում ես կարդացի ամբողջ բժշկական կուրսի գրքերը, փոխ վերցնելով բժիշկ Օհանյանից: Կարդացի Trousseau-ի բժշկական հինգ հատորները՝ Pathologie générale, Pathologie interne, Pathologie externe, Thé-
rapeutique, Pharmaciologie, Anatomie générale գրքերը: Այս վերջինից անմոռանալի է մնում մտքումս այն կետը, թե մարդու սրբագրությունը և բնության դեմ անկարելի է: Օրինակ էր բերում հրեաների թլպատումը, որ 3500 տարի է գործադրվում է, բայց ոչ մի հրեա թլպատված չի ծնվել: Ես այս օրինակի վրա մի ուրիշ ավելի ընդհանուր օրինակ եմ ավելացրել: Ամբողջ աշխարհում, մարդկության սկզբից մինչև այժմ, ամենավայրենի մարդուց սկսած մինչև ամենամեծ ազնվական կինը երկու ականջը ծակում են, օղ անցկացնելու համար, բայց մինչև այսօր ոչ մի աղջիկ չի ծնվել երկու ականջը ծակած: Այս օրենքը կարելի է փոխադրել նաև լեզվի մեջ: Անհատական կամքը լեզվի մեջ արժեք չունի:
Վերջում ձեռք բերեցի նորավարտ բժիշկների համար պատրաստված մի հիանալի ձեռնարկ, ֆրանսերեն լեզվով, որի մեջ հեղինակը խոսում էր մոտ 300 հիվանդության մասին, տալիս էր այդ հիվանդությունների étiologie (պատճառագիտություն), diagnostique (ախտորոշություն) և thérapeutique (բուժագիտություն), այսինքն՝ հիվանդությունների պատճառը, ճանաչումը և բուժումը:
Վերջին հատվածը տալիս էր այն բոլոր դեղատոմսերը, որոնք կարևոր են նորավարտ բժշկի համար: Այս գիրքը շարունակ կարդալով և սովորելով, ընկերական շրջանակի մեջ ձրի բժշկություն էի անում: Այժմ, երբ կինս հիվանդացավ, արտաքին նշաններից ենթադրեցի, որ տիֆ է (որովայնային): Բաց արի գրքի համապատասխան գլուխը՝ ստուգելու համար. նշանները հետևյալներն էին՝ գլխացավ, փորի խանգարմունք ջերմով: Բայց ամենակարևոր նշանը հետևյալն էր. երբ հիվանդի ձախ սնակուշտը սեղմես, լսվում է կ՜ռթ մի աղմուկ. այդ աղմուկը լսվում է առաջին երկու երեք օրերում և հետո անհետանում: Ես փորձեցի և աղմուկը լավ լսեցի:
Այլևս կասկած չկար:
Թավրիզում այն ժամանակ լավագույն բժիշկն էր համարվում մի տիգրանակերտցի հայ, որ սովորել էր Ամերիկայում: Բարձրահասակ մի մարդ էր, որ հետս լավ ծանոթ էր: Հրավիրեցի նրան, քննեց և ասաց, թե անցողական հիվանդություն է: Ես հարցրի նրան, թե տի՞ֆ է, ասաց ոչ: Ես չհավատացի, բժիշկը շարունակեց իր այցելությունները, և երբ հիվանդությունը հետզհետե սաստկացավ, ստիպվեց խոստովանել, որ տիֆ է: Հարցրեց ինձ. «Այն աղմուկը իսկապես լսեցի՞ր». հաստատեցի թե «այո»:
Կնոջս հիվանդությունը հետզհետե սաստկացավ: Ջերմությունը հասավ բարձր աստիճանի: Բոլոր մերձավորներս վարակվելու երկյուղից փախան: Ես մենակս խնամում էի նրան: Տիգրանակերտցի բժիշկը ինձ ասաց. «Չվախենաս, միկրոբները Պարսկաստանում շատ տկար են, արևը ոչնչացնում է նրանց: Թավրիզում չեմ տեսել մարդ, որ տիֆից մեռնի: Նույնիսկ սիֆիլիսը այնքան թույլ է մեզ մոտ, որ ոչինչ նշանակություն չունի»: Այս խոսքերը, թեև հուսադրական, բայց բուժիչ չէին:
Հիվանդությունն այնքան սաստկացավ, որ իմ բժիշկներից մեկը՝ Անդրանիկ Հակոբյանը, գիշերեց ինձ մոտ, վտանգի րոպեին իբր թե օգնության հասնելու համար:
Այս Անդրանիկ Հակոբյանը խարբերդցի էր. Էջմիածնի Ճեմարանում սովորական դեղագործ էր. «Բյուրակն» ամսաթերթում «Կայծոռիկ» ծածկանունով հոդվածներ էր գրում: Մի հոդված էլ միասին ենք գրել «Մանիսացիները իբրև գաղթական խարբերդցի» վերնագրով: Անդրանիկը հնչակյան գործիչ էր եղել, ինչպես ինքն էր ասում և անունը ծածուկ էր պահում, իբր թե այնքան մեծ հեղափոխական գործունեություն էր ցույց տվել, որ տաճիկ կառավարությունը ամեն կողմ փնտրում էր նրան և եթե գտներ, կախաղան պիտի բարձրացներ: Այսքան մեծ կարծիք ուներ իր մասին:
Այնուհետև Էջմիածնից գնացել է Լոնդոն և այնտեղ 3 ամսվա մեջ բժշկական վկայական է ստացել: Այս անհավատալի հեքիաթը եզական կդառնա երբ ասեմ, թե նա բողոքական քարոզիչ էր:
Անդրանիկը իբրև ընկեր շարունակ այցելում էր հիվանդիս:
Ես չափազանց հուսահատված էի: Հազիվ եկել ենք Պարսկաստան, հազիվ կարողացել եմ հոր ձեռքից խլելով հեռացնել Շուշուց և ահա նա մահամերձ հիվանդ է: Ի՞նչ պատասխան պետք է տամ հորը: Հուսահատությունից որոշեցի, որ ես էլ վարակվեմ և հետը մեռնեմ: Խմում էի նույն բաժակից և նույն տեղից: Զգուշական միջոցների չէի դիմում, բայց չվարակվեցի: Վերջապես իմ մեջ ամփոփվելով այդ միտքը դեն գցեցի: Եթե ես վարակվեմ, ո՞վ պիտի բուժի մեզ: Ավելի լավ է ես հետևեմ նրան, աշխատեմ, որ բուժվի, իսկ եթե մեռնի, ես էլ կարող եմ մեռնել ուրիշ միջոցով:
Մի ամիս հետո հիվանդը լավացավ. բժիշկ Անդրանիկը իրավունք տվեց ուտելու: «Ի՞նչ տամ ուտելու»,— հարցրի ես: «Խաշած կարտոֆիլ կարող եք տալ»,— ասաց նա: Ես կասկածում էի, գիտեի, որ մինչև մի ամիս պետք չէ ուտելիք տալ: Բայց որոշ չափով հավատացի բժշկին, մի շատ փոքրիկ կտոր կարտոֆիլ տվի, երկրորդ օրը կրկնվեց հիվանդությունը: Բժիշկը եկավ և զարմացավ: «Ի՞նչ ես տվել ուտելու»,— հարցրեց ինձ: «Մի փոքրիկ կտոր կարտոֆիլ, ինչպես ասել էիր»: Շվարեց, կմկմաց, բայց անօգուտ: Երեք շաբաթ ևս տառապեց խեղճ կինս և վերջապես լավացավ:
Ազգամիջյան ընդհարումներն սկսվել էին Կովկասում: Երկրից ոչ մի նամակ չունեինք: Այս դրությունը անտանելի էր մանավանդ կնոջս համար, որ կարծում էր, թե ամբողջ ընտանիքը զոհված է:
Ճարահատյալ մի խարդախ միջոցի դիմեցի: Իմ լավ աշակերտներից մեկին՝ Տիգրան Բաղդասարյանին, որ այժմ Պարսկաստանում հայտնի ատամնաբույժ է, կանչեցի ինձ մոտ և թելադրեցի հետևյալ սուտ նամակը (մոտավորապես).
«Հարգելի պարոն Աճառյան. այսօր մեր հիվանդանոցը եկավ ձեր ազգական Սմբատ Ավանյանը իր կնոջ և ամբողջ ընտանիքի հետ: Մեր հիվանդանոցը այժմ բոլոր բաքվեցի վտանգված հայերի ապաստարանն է: Նա հայտնեց, որ ձեր աները՝ Բալասան ապերը իր ամբողջ ընտանիքով ողջ և առողջ է: Նրանց թաղը վտանգի տակ չէ: Այս նամակը գրեցի և մի վստահելի ադրբեջանցու ձեռքով ձեզ ուղարկեցի, որպեսզի դուք և տիկինը անհոգ լինեք: Բարևներով՝ բժիշկ Քրիստափոր Օհանյան»:
Այս նամակը գրեց Տիգրանը և ծրարի մեջ դնելով՝ տարավ:
Երկու ժամ հետո բերավ տուն, հանձնեց ինձ և կնոջս, ասելով, թե մի ադրբեջանցի բերել է Բաքվից և հանձնել է մի հայ մարտիկի, ձեզ հասցնելու համար: Կինս բացեց նամակը, կարդաց, ճակատի մռայլը փարատվեց և ուրախությունը փայլեց երեսին:
== ԻՄ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԹԱՎՐԻԶՈՒՄ ==
Բնականաբար Արմատական բառարանս ճոխացնել չէի կարող Թավրիզում, ուր համապատասխան միջոցներ չկային: Ես ձեռնարկեցի կազմել Թավրիզի ձեռագրաց ցուցակը: Այս գծով իմ առաջին աշխատանքը եղել է Կարնո ձեռագրաց ցուցակը, որ կազմել էի Սանասարյան վարժարանում: Այժմ ավելի փորձված էի: Ղալայի դպրոցի գրադարանը ուներ 51 ձեռագիր, իսկ առաջնորդարանը ուներ 19 ձեռագիր, որոնց վրա ավելացնելով Լիլավայի և մասնավոր անձանց ձեռագրերը, ստացվեց մի հատոր, որ հրատարակեցի Վիեննայում 1910 թվականին: Այս ձեռագրերի մեջ առանձին հիշատակության արժանի են երկուսը: Առաջինն էր «Տաղարան Առաքել Բաղիշեցւոյ», գրված ԺԵ դարից հետո, որ պատկանում էր կառապան Հարություն Աստաֆյանին և նրա որդի Գարեգին Աստաֆյանին: Այս երկուսը տրապիզոնցի էին, ուսումնասեր և ազգասեր մարդիկ: Ձեռագիրը սքանչելի էր. պարունակում էր Առաքել Բաղիշեցու բոլոր գործերը՝ գրված սքանչելի գեղեցկությամբ: Հարություն Աստաֆյանը խնդրեց ինձնից այն բժշկական գիրքը, որ հիշել եմ վերևը (էջ 296), և ես նվիրեցի նրան: Ես էլ արտագրեցի շատ մեծ ուշադրությամբ Բաղիշեցու Տաղարանը և պահեցի ինձ մոտ: Հետագայում Աստաֆյանները գնացին Տրապիզոն, անշուշտ իրենց հետ տանելով ձեռագիրը: Եթե այսպես է, Տրապիզոնի մեծ կոտորածին իրենք էլ և այն ձեռագիրն էլ ոչնչացան:
Ես հետո արտագրած ձեռագիրս հանձնեցի Հ. Ներսես Ակինյանին, ուրիշ ձեռագրերի հետ և այժմ գտնվում է Վիեննայի Մխիթարյանց վանքում:
Երկրորդ ձեռագիրն է Սմբատ Գ թագավորի անասնաբուժությունը, որի մասին կխոսենք հետո:
Երկրորդ աշխատանքս եղավ հայ գաղութների պատմությունը, որ մրցանակի էր դրված Լազարյան Ճեմարանի կողմից, երկու հազար ռուբլի վարձատրությամբ: Պայմանաժամն էր 2 տարի: Ես և իմ բնակակից, նախկին աշակերտ և այժմ ուսուցիչ Սենեքերիմ Տեր-Հակոբյանը միասին ձեռնարկեցինք նույն գործին, բայց յուրաքանչյուրս իրեն համար: Ես սկսեցի հավաքել այն բոլոր տեղեկությունները, որ վերաբերում էին գաղութներին: Կարդացի պատմագիրները, ճամփորդական հուշերը, լրագրական հոդվածներ, ձեռագրական հիշատակարաններ և այլն: Այս բոլորից հավաքելով նյութերը, որոնք շատ բազմաթիվ էին և շատ ցրված, դասավորեցի և ի վերջո մի ամբողջություն կազմեցի: Աշխատում էր նաև Սենեքերիմը: Մենք զգուշանում էինք մեր աշխատության արդյունքը ցույց տալ միմյանց, վախենալով, որ մեկը մյուսից կգողանա:
Ես իմ աշխատանքը միշտ փականքի տակ էի պահում: Հետագայում պիտի տեսնենք, որ ես աշխատությունը ներկայացրի և ստացա մրցանակը, իսկ Սենեքերիմը ոչինչ չհրատարակեց:
Էջմիածնում արտագրել էի հոյակապ Տաղարանը, որի վրա ավելացան Թավրիզում գտած տաղերս և ամբողջ Գանձարանը, որ արտագրեց կինս:
== ՄԵԿՆՈՒՄ ԹԱՎՐԻԶԻՑ ==
Մեր Թավրիզ գալու պատճառը Շուշվա թեմականի փակումն էր, որ արդյունք էր ցարական բռնակալության: Սկսվեցին հեղափոխական շարժումները Պետերբուրգում և ամբողջ Ռուսաստանում: Տեղի ունեցավ մի հոյակապ գործադուլ, որ տևեց 6 ամիս:
Ցարը ստեղծեց հայ-թուրքական ընդհարումները, որոնք վտանգավոր դարձրին կյանքը Կովկասում մի ամբողջ տարի: Հեղափոխականները ռմբակոծեցին թագավորական պալատը և ցարը զիջելով՝ ստիպվեց շնորհել «ընդհանուր ազատություն»: Ցենզուրան անգամ վերացավ: Մենք էլ պատրաստվեցինք մեկնել Թավրիզից:
Այն ժամանակ դեռ երկաթուղին պատրաստ չէր: Ուստի պիտի մեկնեինք կառքով: Թավրիզից մինչև Արաքս ոչ մի վտանգ չկար, ուստի վարձեցինք մի կառք և ճանապարհ ընկանք:
Հազիվ հասել էինք Առաքել Պատմագրյանի տան առաջ, որ մեր տնից երկու տուն վերև էր գտնվում, հայոց եկեղեցու նրբանցքի անկյունում, այնտեղ, որտեղ ընդհարման դեպքը պիտի սկսեր, մի երիտասարդ ներկայացավ ինձ և ասաց. «Այստեղ, այս տան մեջ մի լավ ձեռագիր կա»:
Կառապանից խնդրեցի զիջել մի քանի րոպե: Մտա դերձակ Շիրմազանի տունը, ուր գտնվում էր այդ ձեռագիրը: Ի՜նչ ձեռագիր. ամբողջ Թավրիզն արժեր ինձ համար: 1295—1298 թվականից մի ձեռագիր էր, որ գրել էր տվել հայոց Սմբատ Գ թագավորը:
Արքայական մատենադարանի գրքերից էր, անասնաբուժություն՝ «Բժշկական ձիոյ և առհասարակ գրաստնոյ»: Չէի կարող մի քանի րոպեում, երբ կառապանը սպասում էր, արձանագրել ինչ որ կարևոր էր այդ ձեռագրից: Այնուամենայնիվ ես քաղեցի այնքան նյութ, որ գրավեց «Հանդէս ամսօրեայ»-ի մի տպագրյալ էջը:
Կառքը ճանապարհ ընկավ: Ապահով հասանք Արաքս: Անցանք սահմանը: Ներկայացանք մաքսատուն, ուր պետք է մեր իրերը քննեին: Արգելված ոչինչ չունեինք: Քննիչը գրավեց իմ Արմատական բառարանը և հարցրեց, թե սա ի՞նչ է: Ես պատասխանեցի. «Этимологический словарь»: Գիրքը գրավեց և ասաց, թե պիտի ուղարկի Թիֆլիս՝ Ցենզուրին: Ես ցենզուրից չէի վախենում, բայց ի՞նչ երաշխիք ունեի, թե գիրքը ճանապարհին չէր կորչելու:
Այս սարսափիս մեջ ներկայացավ գլխավոր քննիչը և հարցրեց. «Սա ի՞նչ գիրք է»:
— Этимологический словарь армянского языка,— ասացի ես:
— Исторические пустяки,— գոչեց քննիչը և անարգանքով հետ շպրտեց գիրքը դեպի ինձ:
Որքան հրճվալից էր ինձ համար այս անարգական գնահատականը: Երկրորդ անգամն էր, որ «Արմատական»-ս փրկվում էր կորստից։
Մենք գնացինք Ջուլֆայում մի ինչ-որ սենյակ, ուր կային նաև մի քանի այլ անձինք. բոլորը հայեր էին և բոլորը տխուր։
Ամենքի սիրտը սարսափով լցված էր և սպասում էին թուրքական հարձակման։ Մենք էլ վտանգի կենտրոնումն էինք: Ո՞վ պիտի փրկեր մեզ: Ներկաներն ասացին, որ պետք է սպասել Սմբուլին:
Ո՞վ էր այդ Սմբուլը։ Գյուղի նշանավոր կառավարիչը: Քիչ հետո ներս մտավ։ Նա իմ հին աշակերտներից էր, մշեցի մի երիտասարդ, որ սովորում էր Ճեմարանում: Սիրով բարևեցինք իրար. նրա դեմքն էլ մռայլ էր: Տխրությամբ պատմեց, թե սպասում են ընդհարման, իսկ իրենք միջոց չունեն դիմադրելու: Այս բոլորը մեզ համար շատ վատ վիճակ էր ստեղծում: Արդյոք գնա՞լ մոտակա Հին-Ջուղա հայկական գյուղը, թե՞ ճանապարհ ընկնել: Սմբուլը խորհուրդ տվեց մեկնել և դրա համար խոստացավ տալ 2 ձիավոր քաջ մարտիկ: Մարտիկները զինվեցին ատրճանակներով (հրացան չէր կարելի), առաջ ընկան մեզանից, աջից ու ձախից, ես ու կինս նստեցինք կառք և մեկնեցինք նրանց ետևից: Ձիավոր մարտիկները շարունակ հսկում էին, թե հետևից կամ առաջից թուրքեր չե՞ն գալիս: 40 կիլոմետր այսպես գնացինք, մինչև հասանք Նախիջևանի կայարանը, ուր գնացքը սպասում էր: Ձիավորները իջան ցած և ինձ ու կնոջս տեղավորեցին վագոնում:
Ես նախապես Սմբուլին հարցրել էի, թե մարտիկներին ինչքան վճարեմ: «Ամենևին,— ասաց նա,— փողի խոսք չանեք, կվիրավորվեն, նրանք զինվոր են»:
Ես ու կինս սեղմեցինք նրանց ձեռքը ջերմագին և կրկին ու կրկին շնորհակալություն հայտնեցինք, իսկ նրանք, ձեռքերը կրծքին դրած, գլուխ տալով, «մեր պարտքն է մեր ուսուցիչներին» ասացին և հեռացան:
Գնացքը շարժվեց և հասանք Երևան:
== ԲԱԹՈՒՄԻՈՒՄ ==
Երբ ծնողներս մեկնեցին Շուշուց Բաթումի գնալու համար, մենք նրանց հետ թղթակցում էինք և այդ թղթակցությունը շարունակեցինք նաև Թավրիզից: Ծնողներս թեև ուզում էին գնալ Կոստանդնուպոլիս, բայց հավանելով Բաթումիում ծովին, ձկան, սրճարաններին, կլիմային և գտնելով Բաթումին իբր մի փոքր թաղ Կոստանդնուպոլսի, որոշել էին մնալ այնտեղ: Մենք էլ գնացինք նրանց տեսության և շատ հավանեցինք Բաթումիին: Արդարև Բաթումիի կլիման, թեև խոնավ և անձրևաշատ, բայց շատ օգտավետ է սրտի համար, մանավանդ ծերունիներին: Հայերի մեծ մասը Տաճկաստանից են գաղթած և խոսում են մեր բարբառով: Այդ բազմազգի ժողովուրդը, որ բնակվում էր Բաթումիում, ռուսական կառավարության շնորհիվ, ազգային վեճերից բոլորովին հեռու, ապրում էր եղբայրական սիրով ու կապով:
Իջանք մեր տունը: Հայրս պատմեց, որ Բաթումի հաստատվելու օրից, դուրս էր բերել իր կոշկակարական գործիքները և մի գեղեցիկ կանացի կոշիկ կարելով՝ տարել էր մի վաճառատուն, որի տերն էր արդվինցի Մկրտիչ Սողոյան բարեբարո անձը: Նա դիտում է կոշիկը, հավանում է և ասում.
— Սա այստեղի գործ չէ, սա արտասահմանի գործ է, բայց ո՞ւր է ֆաբրիկայի կնիքը:
Հայրս պատասխանում է, թե ինքն է կարել:
— Այստեղի վարպետները այս տեսակ գործ չեն կարող շինել. դուն որտեղացի՞ ես:
— Պոլսեցի:
— Այդ ուրիշ բան է, պոլսեցի վարպետը կարող է:
Սակարկության են մտնում և պայմանավորվում են, որ հայրս ամեն շաբթու այսքան զույգ կոշիկ կարի և հանձնի վաճառատուն, որոշ գումարով:
Այսպես ապրում են մերոնք շատ հանգիստ և շատ ուրախ:
Հայրս երկու տարվա մեջ խնայում է 50 ոսկի (500 ռուբլի), որ կապած պահում է մայրս, կորստից վախենալով:
Հայրս մի զվարճալի բան պատմեց:
Սրճարանում նստած ժամանակ ռոդոսթոցի մի հայ լրագրում կարդում է մի լուր և հորս դառնալով հարցնում է.
— Տղուդ անունը ի՞նչ է:
— Հրաչյա:
— Տես ի՞նչ է գրած լրագրի մեջ:
Եվ պատմում է, թե Լազարյան ճեմարանում մրցանակի դրված է եղել «Հայոց գրերի պատմությունը»: Առաջին մրցանակը տարել է Հրաչյա Աճառյանը, որ ստացել է 600 ռուբլի, իսկ երկրորդ մրցանակը տարել է գերմանացի Մարկվարտը, որ ստացել է 400 ռուբլի:
Հայրս սնափառությամբ ասել է.
— Ես ալ կարծեցի, որ նոր բան մը պիտի ըսես: Ատանկ մրցանակներ ան շատ տարած է: Ադ ալ բա՞ն է, որ ըսիր: Նոր բան գիտե՞ս, ան ըսե:
Մայրս էլ պատմեց մի ուրիշ զվարճալի բան: Հայրս մի օր տուն է գալիս և ասում է մորս.
— Ընծա, ան 50 օսկին ո՞ւր է:
— Ի՞նչ պիտի ընես:
— Պետք է, տո՛ւր։
— Նորեն առնես ուրիշի՞ն պիտի տանիս տաս: Ես օսկի չունիմ, որին տվեր ես, անոր գնա:
Հայրս բարկանում է, դուրս է գալիս և երեք օր խռով է մնում:
Հայրս թեև խստասիրտ էր և բարկացկոտ, բայց մորս խստության առաջ լռում էր:
Երեք օրից հետո հայրս ասում է մորս.
— Կնիկ, աղեկ ըրիր, որ օսկիները չտվիր. ասոր անոր հարցուցի, ան մարդը ղոլանդըրըջը (դրամաշորթ) մարդ է եղեր:
Որովհետև Բաթումին ամառը շատ տաք էր, որոշեցինք մեկնել ամառանոց: Հայրս ընտրեց Մախինջաուրի գյուղը, որ գնացքով Բաթումիից հեռու է 15 րոպե: Ծովի ափին գտնվում է կայարանը, որից կես ժամ բարձր գտնվում է բուն գյուղը, այգիների և պարտեզների մեջ ցրված։ Վարձեցինք աջարացի մի կնոջ տունը: Երկու սենյակից և մի մեծ միջանցքից կազմված մի բնակարան էր, տարեկան 10 ռուբլի վարձով: Շատ ընդարձակ այգի ուներ. դռան առաջ գտնվում էր սառնորակ մի աղբյուր՝ մշտահոս, քաղցրահամ ջրով: Պարտեզից կարող էինք ձրիաբար ուտել ինչ պտուղ որ կամենայինք. իսկ գնելու համար գինն էր օկա ղուրուշ (այսինքն՝ 3 ֆունտը՝ 5 կոպեկ): Սարսափելի էժանություն: Կինը շատ հետամնաց կին էր. մոլեռանդ մահմեդական, բայց շատ բարեբարո և միամիտ:
Մի օր մեզ ասում է. «Դահա ուռուս բու երլերի ալմադը» (դեռ ռուսը այստեղերը չի վերցրել): Միամիտ կինը կարծում էր, թե ռուսը, թեև Բաթումի քաղաքը գրավել է, բայց Մախինջաուրին դեռ չի գրաված: Մի օր հարցրինք, թե աղջիկդ ի՞նչ պետք է անես:
— Երբ մեծանա, թուրք փաշայի հարս պիտի տամ: (Կարծում էր, թե Բաթումիում դեռ թուրք փաշաներ գոյություն ունեն):
Մախինջաուրիից քիչ ցածր, կայարանից վերև, գտնվում էր բելգիական հյուպատոսի այգին: Ի՜նչ հոյակապ այգի: Անցորդները ցանկապատից նայում էին և անցնում: Մի օր դռան առաջ տեսանք պարտիզպանին, որ ռուս էր: Ծանոթացանք, և նա մեզ հրավիրեց այգին: Չեմ կարող ասել, այգի՞ էր թե՞ դրախտ: Ամերիկայի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Ավստրալիայի չտեսնված չքնաղ բույսեր և ծաղիկներ այնտեղ կային: Հյուպատոսը ապրում էր քաղաքում և երբեմն միայն այցելում էր իր այգին: Տեսանք Ավստրալիայի մի բույս, որ ագավե էր կոչվում, բռնել էր մի ամբողջ մարգ, մի տերևը մարդու բարձրությամբ: Ծաղիկ չուներ դեռ. պարտիզպանը ասաց, թե նա ծաղկում է 100 տարին մի անգամ և այդ միջոցին մեռնում է: Մեզ թույլ տվեց քաղել ինչքան ծաղիկ որ ուզում ենք. ինքն էլ փունջերով ծաղիկ քաղեց և կնոջս տվեց. կինս չափազանց սիրող էր ծաղկի: Տունը ամբողջ լցրեցինք ծաղիկներով և դեռ կշտանալ չուներ:
Թավրիզից հեռանալով ես անգործ էի: Պետք էր պաշտոն գտնել: Ոչ մի ծանոթ չունեի, որ նրան դիմեի: Նորից Էջմիածին գնալ չէի ուզում: Տփղիսի Ներսիսյան դպրոցը դիմել չէի համարձակվում: Հայկաբան Մալխասյանի մոտ ես ի՞նչ արժեք ունեի:
Մտատանջ ապրում եմ: Ես թեև ոչ մի ժամանակ անգործ չեմ մնացել, բայց միշտ վախեցել եմ, որ անգործ կմնամ: Մինչև անգամ այժմ (1952 թ. հունիսի 26), երբ գիշերը քնած եմ և հանկարծ մի տեղս բացվելով մրսում եմ, իսկույն երազ եմ տեսնում, թե ես անգործ եմ, ինձ պաշտոնից դուրս են արել և փողոցում թափառում եմ հաց մուրալով: Ահաբեկ արթնանում եմ, շուրջս դիտում, ճանաչում եմ սենյակը և միտս է գալիս, որ Ակադեմիայի անդամ եմ 3500 ռուբլի թոշակով և ինձ պաշտոնից հանող չկա: Հանգստանում եմ և նորից քնում:
Պաշտոն ճարելու համար կարդում էի օրաթերթերը և հայտարարությունները նայում: Մի անգամ էլ կարդում եմ մի հայտարարություն, որով Նոր-Բայազետի հայ երկսեռ դպրոցի համար ավագ ուսուցիչ են հրավիրում, ամսական 60 ռուբլի վարձատրությամբ։ Քիչ էր, բայց անգործ մնալու երկյուղը ստիպեց ինձ դիմել հոգաբարձության և առաջարկել իմ թեկնածությունը: Սրա համար այդ օրը գիշերեցի մեր տանը՝ Բաթումիում: Ո՜վ սարսափ. մլուկների (թախտաբիթի) մի մեծ բանակ հարձակում է գործել վրաս: Երկու շաբաթ քաղցած մնալուց հետո մլուկները լավ որս էին ճարել: Ճրագը վառում եմ և կոտորում եմ մլուկներին՝ հաշվելով հազար հատ: Կարծում եմ, թե վերջացավ և նորից եմ քնում՝ նոր հարձակում. վեր եմ կենում և կոտորում եմ երկրորդ հազարյակը: Այնուհետև երրորդ հազարյակը և դրանից հետո հոգնած և քնաթաթախ պառկեցի և քնեցի. թե ի՞նչ եղան մլուկները՝ չգիտեմ:
Մլուկների քանակը սարսափելի էր Բաթումիում, որովհետև տները փայտյա են, կլիման շատ հարմար, իսկ դրանց կոտորելու համար միջոցներ չկային այն ժամանակ:
Մախինջաուրին շատ հարուստ էր կարիճներով: Շատ էին, բայց փոքրիկ: Ասում էին, թե անվնաս են և նրանց խայթոցը մահացու չէ: Ես լսել էի կարիճների դեմ մի հնարք: Տիգրանակերտում, ուր մի ափի մեծությամբ կարիճներ կան և սաստիկ թունավոր, մարդիկ, որ քնում են կտուրներում, կարիճներից ազատ մնալու համար անկողնի շուրջը ձգում են մի պարան: Կարիճը երբ ուզում է շրջանակից ներս մտնել, փորը քսվում է պարանին, չի սիրում և հետ է դառնում: Այսպիսով մարդիկ ազատ են մնում կարիճից:
Նույնը արի և ես Մախինջաուրիում և կարիճի խայթոց չստացանք:
Նոր-Բայազետի հոգաբարձությունից համաձայնություն ստացա. երևի ինձնից ավելի հարմար մարդ չէին գտել: Կնոջս հետ մեկնեցի Բաթումիից և Դիլիջանի վրայով գնացինք Նոր-Բայազետ:
== ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏՈՒՄ ==
8000 բնակչով փոքր քաղաք էր այն ժամանակ Նոր-Բայազետը: Բնակչությունը ամբողջովին հայ էր, բացի 50 տուն քրդերից, որոնք կռիվների ժամանակ բնաջինջ եղան: Պաշտոնեությունը գավառապետից սկսած մինչև վերջին ցրիչը հայ էին: Սևանա լճից կես ժամ հեռավորությամբ գտնվում է քաղաքը և ունի բազմաթիվ հայ (նաև թուրք) գյուղեր, շրջանը տարածված է մինչև Բասարգեչար (հին անունով Վասակակերտ) հայ գյուղը, որ գտնվում է Սևանա լճի ծայրին: Նրանից այն կողմ գտնվում է Մազրա շրջանը, որից այն կողմ էլ Ղարաբաղն է:
Նոր-Բայազետի կլիման ամենից առողջարարն է Արևելյան Հայաստանում: Մալարիա չկա. ձմեռը շատ երկար, բայց մեղմ է: Ամառը տաք չէ բնավ և կարող է ծառայել իբրև ամառանոց: Ցրտի պատճառով միրգ չունի. այն ժամանակ ծառեր էլ չկային: Թեև քաղաք, բայց գյուղական կյանք ուներ: Տների կողքին բարձրանում էին աթարի ամրոցները. ամեն տուն ուներ հոտ կամ նախիր, որ առավոտը գնում էր դաշտ արածելու և երեկոյան վերադառնում էր տուն: Ջուրը սքանչելի է. Երևանի այժմվա ջրի (Ղրխբուլախ=Քառասնակունք) մյուս երեսն է: Կյանքը շատ էժան էր. կաթի լիտրը արժեր 5 կոպեկ, 12 ձուն՝ 5 կոպեկ: Ես օրական ուտում և խմում էի մի շիշ կաթ և 12 ձու, որ անում էր ամսական 3 ռուբլի:
Միս չկար. տավարը փոխադրում էին Թիֆլիս և թանկ գնով ծախում: Չափազանց էժան, համարյա ձրի էր իշխան ձուկը։ Դժբախտաբար չէր կարելի նույն օրվա մեջ ձուկ և կաթ ուտել. ուստի մի օր կաթով էինք անցկացնում, մյուս օրը իշխանով: Ձրի էր նաև մածունը: Աշակերտներիս մայրերը ամեն օր մածուն էին բերում ինձ, և երբ փարչին 20 կոպեկ էի տալիս, զարմանում էին, թե «մածնին էլ փող կլինի՞» և չէին վերցնում:
Առաջին անգամ ներկայանալով դպրոց, հոգաբարձության, սիրալիր կերպով ընդունեցին ինձ: Իմանալով, որ կինս ձեռագործ գիտե, նրան էլ ուսուցչուհի վերցրին ամսական 50 ռուբլի վճարով: Այսպիսով մեր երկուսի ռոճիկը լինում էր 110 ռուբլի:
Վարձեցինք մի լավ բնակարան, որ գտնվում էր հայոց նորակառույց մեծ եկեղեցու ճիշտ դեմը: Այդ բնակարանը պատկանում էր Բուդումյան անուն անձին, որ քաղաքի ամենից ուսյալ անձն էր. ավարտել էր Օդեսայի համալսարանը և իրավաբան էր: Ուներ մի մայր, որ կոչվում էր ամբողջ ժողովրդի մեջ «ազգային մայրիկ»: Պառավ կին էր և այս անունը ստացել էր շնորհիվ այն բանի, որ երկար տարիներ մասնակցել էր ազգային զանազան հիմնարկների խնամակալության և նրանց օգտին եղած հանգանակությունների: Կինս շատ էր սիրում պառավներին և իրար հետ լավ բարեկամացան: Մեր ամենօրյա խոսակիցը այդ Բուդումյանն էր, որ նաև դպրոցի հոգաբարձուներից մեկն էր: Մեր ամենից ավելի մոտիկ բարեկամը եղավ Խաչատուր Բունիաթյանը, որ պատկանում էր ազատականների խմբին: Շուկայում ուներ մի խանութ, ուր չիթ էր ծախում. թեև կիսավարտ, բայց շատ ուսումնասեր մարդ էր: Ինձ շատ սիրեց և շատ հաճախ գնում էինք իրենց տունը: Կինս ձեռագործ էր սովորեցնում նրա աղջկան (Մարիկա), որ հետո ամուսնացավ Ռուբեն Տոնոյանի հետ, որ այժմ Ակադեմիայի գլխավոր աշխատակիցներից մեկն է (և մեծ թարգմանիչ և հրաշալի թարգմանիչ): Կինը՝ Մարիկան, վաղամեռիկ եղավ: Խ. Բունիաթյանը ինձ շատ սիրելու և հարգելու պատճառով, ասում էր, թե եթե զավակս տղա լինի, անունը Հրաչյա պիտի դնեմ, «որպեսզի քեզ նման լեզվագետ լինի»: Ավելի ուշ որդի ունեցավ, անունն էլ Հրաչյա դրավ, բայց նա լեզվագետ չեղավ, այլ քիմիկոս և այժմ մեր Ակադեմիայի նշանավոր անդամներից մեկն է: Խ. Բունիաթյանին ես պատահեցի 20-ական թվականներին Երևանում. ծերացել էր, շատ հաճույքով հիշեցինք անցյալ օրերը, որոնք անդարձ կորան: Մի քանի տարի հետո մեռավ:
Բուդումյանի տանը ես մի զարմանալի հիվանդություն ունեցա: Ամբողջ իրանս, մինչև գոտկատեղը, ընկույզի մեծությամբ ուռուցքներ դուրս եկան, որ ոչ ցավում էին և ոչ քոր գալիս: Գիշերը անցնում էին, ցերեկով նորից ուռչում: Ուռուցքները փափուկ էին: Ես սկսեցի շատ վատ բաներ կասկածել: Ավելի լավ է բժշկություն ամենևին չիմանալ, քան թե քիչ իմանալ: Չէի մտածում, թե իմ կարծած ախտի ուռուցքը միայն մի հատ կլինի և անպատճառ կարծր և ոչ թե փափուկ: Այս երկու հանգամանքները մոռացության էի տվել: Գնացի բժշկի մոտ. նա էլ քննեց, կասկածեց և ինչ-որ դեղ տվեց: Երբ տուն եկա, կինս ասաց, թե քանի որ գիշերը չի լինում, այլ միայն ցերեկը, ուստի ցրտից է: Ես էլ հաստատեցի այդ, որովհետև կեսից ցածր ֆայկա էի հագած, իսկ կեսից վերև՝ ոչ: Ֆայկան հագա և նույն օրը ամեն ինչ վերջացավ. տարօրինակ հոդացավ։
Նոր-Բայազետում իմ գրական աշխատանքները եղան.
1. Նոր-Բայազետի ձեռագրաց ցուցակը, որ կազմեցի տեղի վրա և պարունակում է 54 ձեռագրի նկարագրությունը. հրատարակվեց նախ մաս-մաս «Հանդէս ամսօրեայ»-ում և ապա առանձին, Վիեննայում 1924 թվականին:
2. Ուսումնասիրեցի տեղական քրդերի բարբառը և կազմեցի քրդերենից ֆրանսերեն և ֆրանսերենից քրդերեն գրքույկ, որ տպվեց Փարիզում 1911 թվականին (այժմ այդ քրդերը կոտորված լինելով, սույն գրքույկի արժեքը անկարևոր չէ):
3. Մտածեցի շրջել Նոր-Բայազետի շրջանի բոլոր գյուղերը և բոլորի բարբառից գրի առնել մի-մի նմուշ:
Վարձեցի մի ձի և բոլոր գյուղերը ման եկա մինչև Բասարգեչար։ Նմուշները բոլոր տպված են իմ բարբառագիտության մեջ: Կարծում էի, թե նույնը կարող էի շարունակել ամբողջ Հայաստանում, բայց հանգամանքները չթողեցին: Այդ գործը շարունակում են այժմ` Արարատ Ղարիբյանը և իր աշակերտները:
Ճամփորդության մեջ ինձ պատահեց հետևյալ դեպքը:
Երեկոյան դեմ հասել էի մի գյուղ: Վերջալույս էր: Ճանապարհի վրա տեսա մի տուն, որի պատշգամբում մի խումբ մարդիկ (գյուղի առաջավորներից) նստած խոսում էին։ Հարցրի, թե որևէ մեկը ինձ կընդունի՞ գիշերելու: Բոլորն էլ մերժեցին: Ես անճար մնացած, հարցրի, թե հաջորդ գյուղը մո՞տ է, և մինչև մութն ընկնելը կարո՞ղ եմ հասնել ձիով. «Այո,— ասացին միաբերան,— այն գյուղում գիշերելու տեղ շատ կա»:
Ես հասկացա նրանց հետին միտքը, բայց ուշադրություն չդարձրի և ճանապարհ ընկա: Մութը անսպասելի կերպով վրա հասավ. ես ճանապարհը արդեն չգիտեի, սխալ ուղղություն բռնեցի և ճանապարհից շեղվելով, ընկա բաց տարածության մեջ: Խիտ առ խիտ մացառներ էին, ճանապարհը անանցանելի դարձավ, ես չեմ տեսնում, մութ է, բայց մտածում եմ, թե ձին տեսնում է և կգնա, բայց ձիս դողում էր և չէր գնում: Իջա ցած, ձիու ականջից բռնելով՝ գնում եմ: Բայց ո՞ւր, ինքս էլ չգիտեմ. սկսեցի բարձրաձայն օգնություն կանչել. ոչ ոք չեկավ: Որոշեցի գիշերել այդտեղ. ամառ էր, օդը տաք և մրսելու երկյուղ չկար:
Հանկարծ մտածեցի դիտակով դիտել շուրջս. թեև մութ, բայց դիտակը լույսը հավաքեց և հեռուն նշմարեցի իրար նման երեք ծառեր, որոնք տեսել էի քիչ առաջ, գյուղի մոտ: Աչքերս ուղղակի հառած դեպի այդ ծառերը, ձիս քաշելով դիմում եմ նրանց վրա:
Հանկարծ ինձ զգում եմ կորցրած ճանապարհիս վրա: Մտնում եմ գյուղը, պատահում եմ մի գյուղացու և ասում եմ, թե կարո՞ղ է ինձ գիշերելու տեղ տալ։ Մարդը քաշվելով ասում է, թե տեղ չունի, բայց նույն միջոցին դիմում է մի ուրիշ անցորդի, բանակցում նրա հետ և ինձ տանում են մի ուրիշ մարդու տունը, դուռը թակում և իրողությունը պատմում: Այդ երրորդ անձը սիրահոժար ընդունում է ինձ, ձին քաշում ախոռը և ինձ տանում առանձին մի սենյակ: Պառկելու համար պատրաստում է ինձ համար թախտի վրա մի անկողին: Ես հոգնած ընկնում եմ քնելու. նա հարցնում է ինձ, թե ո՞վ եմ: Պատասխանում եմ, թե քաղաքի դպրոցի ավագ ուսուցիչն եմ. նա չի հեռանում մոտիցս և անխոս ինձ է դիտում: Ես ասում եմ նրան. «Հոգնած եմ, թողեք քնեմ, դուք էլ գնացեք քնեցեք»: «Ինչո՞ւ պիտի գնամ քնեմ,— ասում է նա,— հազիվ մի ուսումնական մարդ է ընկել ձեռքս, եկել է տունս քնելու, և թողնեմ գնամ քնե՞մ: Ես անքուն կհսկեմ մինչև առավոտ քո վրա, առավոտը վեր կկենաս, կերթաս»: Շատ զգացվեցի. ի՞նչ համեմատություն այն անզգամ հարուստների և այս խեղճ գյուղացու միջև:
Առավոտյան ես թղթի վրա անունս և հասցես գրեցի և տվի գյուղացուն, որ քաղաք գնալիս, ինձ մոտ անցնի: Բայց նա չեկավ:
Վիեննայի գրադարանի համար ամեն տեղ հին գրքեր էի ման գալիս. ինչ որ գտա, հավաքեցի. բայց դրանց մեջ հիշելու արժանի է մի զարմանալի Հայոց պատմություն, որ տպված է Գանձակում:
Այդ գիրքը, որ ընդամենը մի կամ երկու մամուլից էր բաղկացած, զարմանալի է այն կողմից, որ Անուշավանին հաջորդող 30 նահապետների կյանքն էլ էր պատմում, մինչդեռ նրանց մասին ոչինչ հայտնի չէ: Գրքից 8 թերթ պակաս էր: Վիեննայի միաբանները ստանալով այդ գիրքը, այդ թերության պատճառով կարծես թե չէին ուզում ընդունել. բայց այդ գրքից ոչ մի տեղ չեմ պատահել և նույնիսկ Գանձակում հայ տպարան եղած լինելու մասին ոչինչ չգիտենք: Կարծում եմ, թե Վիեննայում էլ մինչև այսօր ոչինչ չգիտեն այդ մասին:
Մի տարի մնացի Նոր-Բայազետում: Պաշտոնավարեցինք այր ու կին, մյուս ուսուցիչների հետ համախոհ, ոչ մի տարաձայնություն չծագեց մեր մեջ:
Նոր-Բայազետին հրաժեշտ տալուց առաջ մի հիշողություն ունեմ պատմելու:
Երբ նոր էի եկել Նոր-Բայազետ և ընդունվել իբր ավագ ուսուցիչ, Խաչատուր Բունիաթյանը, որի հետ լավ մտերմացել էինք, մի օր ցույց տվեց ինձ այն բոլոր դիմումները, որ ուղարկել էին զանազան ուսուցիչներ պաշտոն խնդրելով: Բոլորն էլ ողորմելի բաներ էին, կիսագրագետ մարդկանց գրվածքներ, որոնց մեջ նույնիսկ նամակի արտաքին պաշտոնական ձևն էլ չէր պահված: Դրանց մեջ հիշատակության արժանի էր, ինչպես Բունիաթյանն էլ էր շեշտում, 3 կոպեկանոց մի բաց նամակ, որ գրած պիտի լիներ տաճկահայ մի գաղթական։ Նամակն սկսվում էր հետևյալ բառերով.
«Մենք ալ փափաքեցանք հայ մանուկներու դաստիարակությամբ պարապիլ…» և վերջանում էր հետևյալ բառերով. «… իսկ եթե ուսում կամիք, հոլլանտական համալսարանք»: Այս գրությամբ խեղճը հասկացնում էր, որ ինքը նոր է ուզում ուսուցիչ լինել, երևի ծերունի և անտեր մարդ էր և վաղուց եղել էր Հոլլանդիայում, ուր երբեմն-երբեմն այցելել էր բարձրագույն դպրոցները, առանց որևիցե մասնագիտության հետևելու և սովորելու: Նամակի վերջին տողը Բունիաթյանը և ես բերան էինք արել և շատ հաճախ հիշում էինք խոսակցության մեջ: Այսպիսի ողորմելիների մեջ ես մի բան էի, ուստի և ընտրվեցի: Յուսուֆյան ազգանունով մեկը, որ քաղաքի նշանավորներից էր, երևի իմ հոդվածներից մի երկուսը կարդացած լինելով, ասել էր. «Այս մարդուն կանչեցեք. այսպիսի մարդ ոչ ունեցել եք և ոչ էլ կունենաք»: Թմբուկի ձայնը հեռվից քաղցր է գալիս: Այսպես է եղել միշտ իմ կյանքը: Ապրել եմ տգետների մեջ, ուստի գիտունի համբավ եմ հանել: Թող լինեին իմ շուրջը մի Գարագաշ, մի Թոռնյան, մի Այտընյան, մի Գաթրճյան, մի Բագրատունի, մի Տաշյան, մի Նորայր… ի՞նչ կլինեի ես նրանց մոտ.
մի հավի ճուտ: Իմ միակ արժանիքը եղել է իմ աշխատասիրությունը, որ ժառանգել եմ իմ բազմաշխատ հորից ու մորից: Բայց այս կողմից էլ ի՜նչ համեմատություն Նոր Հայկազյան բառարանի երեք անմոռանալի հեղինակների, ձեռագրաց փառավոր ցուցակը կազմող Հ. Տաշյանի, ամբողջ հին հայ գրականության համաբարբառը կազմող Նորայրի և նույնիսկ Երուսաղեմի միաբան խղճուկ ծերունի արաբկիրցի այն վարդապետի հետ, որ Ս. Գրքի համաբարբառն է կազմել:
== ՄԵԿՆՈՒՄ ՆՈՐ-ԲԱՅԱԶԵՏԻՑ ==
Ամառ էր: Նոր-Նախիջևանից մի նամակ ստացա. գրողն էր Էջմիածնից ինձ ծանոթ և աշխատակից ղարաբաղցի Ավետիս Տեր-Հարությունյանը, որի հետ Շուշումն էլ հրատարակել էինք Պետրոս Դուրյանը: Շուշվա թեմականը փակվելուց հետո, երբ բոլոր ուսուցիչները ցրվեցին, նա էլ գնացել էր Նոր-Նախիջևան և թեմական դպրոցում պաշտոն էր գտել: Նա գրում էր, որ դպրոցի համար ֆրանսերենի ուսուցչի կարիք կա. եթե ցանկանում ես, գրիր և քո թեկնածությունը կդնենք: Ես համաձայնվեցի. քիչ ժամանակ անց հեռագիր ստացա, թե ձեր թեկնածությունը ընդունվեց, բայց պետք է ներկայացնեք համալսարանի ավարտական վկայական։
Այստեղ սկսում եմ պատմել իմ ավարտական վկայականի պատմությունը: Փարիզում ավարտական տալիս, իմ ուսուցիչը՝ Մեյեն առաջարկել էր ինձ կազմել զենդերենի հոլովումը: Ամբողջ Vendidad-ը կարդալով հավաքեցի բոլոր հոլովված բառերը (գոյական թե ածական), դասավորելու համար ըստ հոլովման և կազմելու ընդհանուր կարգավորյալ ցուցակ: Աշխատությունը վերջացրել էի և ներկայացրի վարչության: Այդ միջոցին հրատարակվեց Bartholomae-ի նշանավոր բառարանը, ուր ոչ միայն զենդերենի հոլովական, այլև խոնարհական ձևերը հավաքված են, որովհետև գիրքը ոչ թե բառարան է, այլ համաբարբառ: Այս դեպքում իմ աշխատանքը ջնջվում էր, և ես չէի կարող ստանալ ավարտական վկայական: Պետք էր գրել մի նոր աշխատություն. ես արհամարհեցի վկայականը, թողեցի ամեն ինչ և գնացի Էջմիածին, հետո Շուշի, ապա Թավրիզ և Նոր-Բայազետ և ոչ մի վկայական կարիք չեղավ ներկայացնել: Միայն Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցն էր, որ այդ պահանջը դրավ: Ես խորամանկ միջոցի դիմեցի և հեռագրեցի. «Վկայական ունեմ, բայց կներկայացնեմ նոյեմբերից հետո, երբ կբացվեն համալսարանները»: Այս հեռագիրը տալուց անմիջապես հետո սկսեցի գրել Classification des dialectes arméniens աշխատությունս: Նույնիսկ, երբ գնացքով գնում էինք դեպի Նոր-Նախիջևան, շոգեկառքում, մեծ ցնցումների տակ շարունակում էի գրել աշխատությունս։ Երբ հասա Նոր-Նախիջևան, հենց առաջին հերթին դիմեցի իմ բարեկամ և խաչեղբայր Ավետիսին, որ թեմականի տեսչի (Երվանդ Շահազիզի) քարտուղարն էր:
Նա պատմեց իմ ընտրության առթիվ հետևյալը.
Նոր-Նախիջևանի թեմական դպրոցը ուսուցիչների ընտրության համար հետևյալ հիանալի ազատական օրենքն ուներ: Նախ թերթում հայտարարություն էին տալիս. առաջարկները ստանալուց հետո բոլորը դնում էին մանկավարժական ժողովին. ամեն մի ուսուցիչ իրավունք ուներ նոր թեկնածուներ առաջարկելու և կամ թեկնածուների մասին կարծիք հայտնելու: Ֆրանսերենի համար գտել էին երկու թեկնածու. մեկը ես, պաշտպան ունենալով ուսուցիչներից Ավետիսը և տեսուչ Շահազիզը. երկրորդ թեկնածուն էր նոր-նախիջևանցի մի կաթոլիկ զեվզեկ մարդ, որի պաշտպաններն էին ուսուցիչներից շատերը, միմիայն հայրենակցական կապերի պատճառով: Նոր-նախիջևանցիք օտար քաղաքացի հայերին չեն սիրում։
Իմ հակառակորդների մեջ ամենից գլխավորը և ամենից ազդեցիկը հայկաբան Զամինյանն էր, որ շատ գիշերներ թղթախաղով էր անցկացնում վերոհիշյալ կաթոլիկ զեվզեկի հետ: Ավետիսը ասել էր. «Պարոն Զամինյան, մյուսները չգիտեն, դուք էլ չեք ճանաչում պարոն Աճառյանին, որ ֆրանսերենը սովորել է Փարիզում, 9 տարվա ուսուցչական փորձառություն ունի և որի հայագիտական աշխատանքները հենց դուք սիրով կարդում և այստեղ գովաբանում եք»: Զամինյանը շրջադարձ է կատարում, անմիջապես անցնում է իմ կողմը և իր հետ քաշում նաև մյուսներին: Ըստ օրինի քվեատուփերը դրվում են և ամբողջ ուսուցչությունը քվեարկում է:
Առավելագույն քվեն ես եմ ստանում: Արդյունքը հաղորդում են հոգաբարձության, որ անմիջապես հաստատում է: Նույնը հետո դնում է կաթողիկոսին, որ նույնպես հաստատում է:
Ավետիսը բնակվում էր դպրանոցի ճիշտ դեմը գտնված մի փոքր տան մեջ, որի վարձակալն էր Մարիա Պավլովնա Խոճապարոնյանը, որ այրի մի կին էր: Ուներ երկու աղջիկ և մի տղա: Արհեստով մասաժիստկա էր և տեղյակ բժշկական գիտության: Միջոցների պակասության պատճառով նախլեբնիկ էր նրա մոտ և մեզ էլ առաջարկեց ապրել այդ տանը մի առանձին սենյակում իբրև նախլեբնիկ: Մենք երկուսս պիտի վճարեինք ամսական 60 ռուբլի, ունենալով երկու աղախին և տանտիկինը: Իմ ռոճիկը 90 ռուբլի էր. ամեն բան պատրաստ, ավելանում էր ամսական 30 ռուբլի:
Համաձայնվեցինք և ապրեցինք այդ տանը:
Դպրանոցում ես ավանդում էի ֆրանսերեն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն: Շաբաթական ունեի 24
ժամ դաս: Ուսուցչական կազմը մեծ էր, բայց ոչ մի հակառակություն չկար նրանց մեջ. ավելի ճիշտ խոսելով ամեն մի ուսուցիչ, բացի իր դասերից, ոչնչով չէր հետաքրքրվում, նույնիսկ ազգային գործերի վերաբերմամբ բոլորովին անտարբեր էին, բացի կովկասցիներից: Նոր-նախիջևանցիք, ինչպես ասացի, չէին սիրում օտար քաղաքացի հայերին, որոնց կոչում էին դրսեցի կամ, ավելի վատ բառով՝ տանկալախ, որի բուն իմաստն է «բթամիտ»:
Այս հանգամանքը ցույց է տալիս, թե ի՞նչ կապ կար, ավելի ճիշտ ի՞նչ կապ չկար տեղացիների և կովկասցիների միջև: Ես իբրև կոստանդնուպոլսեցի, խոսում էի համարյա նրանց բարբառը, ուստի ինձ համարում էին ղրիմեցի և հետս լավ էին վարվում:
Ամենից ավելի մենք կապվեցինք մեր տանտիրուհու հետ, որ մի շատ բարեբարո, բարի, ժրաջան, աշխատասեր կին էր: Կինս և նա քույրեր դարձան: Տիկնոջ զավակները երեքն էլ թոքախտավոր էին. որդին՝ Միքայելը սովորում էր դպրանոցում և իմ աշակերտն էր: Ամեն տարի տիկինը երկու աղջիկներին ձմեռը տանում էր Սուխումի, որովհետև Նոր-Նախիջևանի ձմեռը խիստ էր: Գարնանը վերադառնում էին: Մի տարի հետո մեծ աղջիկը մեռավ: Մյուս երկուսը ողջ են մինչև այժմ. Միքայելը թեմականում սովորեց և գնաց Բաղդադ, ուր զբաղվում էր դերասանությամբ: Աղջիկը՝ Ուլիան, որ այն ժամանակ 11 տարեկան էր, իմ ամենասիրելին էր. շատ սիրուն մի աղջիկ էր, երեսը միշտ ժպիտ, մազերը սև, ունքերը կեռ ու կամար. ապրեց հիվանդկախ, բայց դիմացավ: Նա ամուսնացավ Կարելլի ազգանունով մեկի հետ, որ կովկասցի էր և պարապում էր ակնավաճառությամբ: Գրեթե անգործ էր, իսկ կինը՝ Ուլիան, ուսուցչուհի էր: Ամուսինը մեռավ և Ուլիան նորից ամուսնացավ, բայց մի տարի հետո ամուսինը բաժանվեց: Մայրը՝ Մարիա Պավլովնան նույնպես դժբախտ ապրելով, նույնպես մեռել է և մեռած ժամանակ ասել է իր աղջկան. «Իմ մեռնելուց հետո ինչպե՞ս պիտի ապրես. մեռիր դու էլ ինձ հետ, որպեսզի հանգստանաս»։ Ինչքա՜ն դժբախտ պետք է լինի մեկի դրությունը, որ մայրը գերադասի նրա մահը և ուզենա, որ նա էլ իր հետ գերեզման իջնի:
Ուլիան ապրում է մինչև այժմ (1952 հուլիս) աղքատ դրության մեջ, մենակ, ռուսերեն դասեր տալով դպրոցում: 57 տարեկան է: Երբեմն թղթակցում ենք իրար հետ:
== ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ==
Առաջին գործս էր պատրաստել իմ դիսերտացիան, որ Նոր-Նախիջևանում լրացնելով ուղարկեցի Մեյեին, սեպտեմբեր ամսվա սկզբում: Կարծում էի, թե աշխատանքիս քննությունը կարճ կտևի, ուստի Մեյեին նախազգուշացրի, որ եթե երկար է տևելու, նախապես ուղարկի հոգաբարձության մի թուղթ, որով հայտնի, թե ես համալսարանը ավարտած եմ: Միևնույն ժամանակ շեշտեցի, թե այստեղ դպրոց բառը չեն հասկանում, ուստի խնդրում էի, որ դպրոց բառը չգործածի և մի քանի անգամ կրկնի համալսարան բառը: Իմ կասկածը կատարվեց. Մեյեն հայտնեց, թե քննությունը կտևի մեկ տարի, առանձին հանձնաժողովի ձեռքով: Միևնույն ժամանակ Մեյեն ուղարկեց ինձ իր ամենամանր ձեռագրով 4 մեծ երես վկայագիր՝ հոգաբարձության ներկայացնելու համար: Այդտեղ չափազանց գովասանական բառերով խոսում էր իմ ուսանողական շրջանի մասին, գովում էր ներկա աշխատությունս իբրև իր տեսակի մեջ միակը և ավելացնում էր, թե. «Եթե պարոն Աճառյանը այստեղ լիներ և ֆրանսիական հպատակությունը ընդունած լիներ, անշուշտ համալսարանի դասախոսներից մեկը կլիներ»:
Գրությունը տարի Մուշեղ վարդապետ Դանագյոզյանին, որ իբրև առաջնորդական փոխանորդ, վարում էր ազգային բոլոր գործերը և հոգաբարձության նախագահն էր: Բավական ֆրանսերեն գիտեր, բայց ծուլության պատճառով առաջարկեց, որ ես թարգմանեմ հայերենի: Նույն օրը թարգմանությունը հանձնեցի: Հաջորդ օրը տեսնելով ինձ, ասաց. «Այդ որքան գովասանք էր, ես քո տեղը լինեի, չէի թարգմանի»:
Մեյեի գրությունը վերացրեց բոլոր դժվարությունները և ինձ պաշտոնապես հաստատեցին - ուսուցիչ:
1909 թվականին ստացա համալսարանից իմ գիրքը տպված վիճակում: Սկզբում դրված է իմ ավարտական վկայականը 5 հունվար, 1908 թվակիր: Ուրեմն քննությունը տևել է 4 ամիս:
Համալսարանի օրենքով ամեն շրջանավարտ պետք է ներկայացնի իր դիսերտացիան: Եթե դիսերտացիան սովորական արժեքով մի գիրք է, շրջանավարտը ձեռագիրը հետ կստանա և իր ծախսով տպագրել տալով 50 օրինակ պարտադիր կարգով կնվիրի համալսարանին: Իսկ եթե աշխատությունը առանձնապես արժանավոր համարվի՝ համալսարանի ծախսով կտպագրվի և շրջանավարտ հեղինակին կնվիրվի 50 օրինակ տպագրված գրքից: Իմ գիրքը այս վերջինից եղավ: Նա կազմել է Bibliothèque de l’École des Hautes-Études-ի 173-րդ հատորը, այսինքն 300 տարվա մեջ այսքան աշխատություն միայն համարվել է տպագրության արժանի:
Տպագրությունից հետո գիրքս հայերենի թարգմանելով ուղարկեցի Թիֆլիսի Ղուկասյան մրցանակաբաշխության: Քննիչ էր նշանակվել իմ «դասընկեր» Եզնիկ վարդապետ Գյանջեցյանը, որի հետ միասին սովորել էի Ստրասբուրգում՝ Հյուբշմանի մոտ: Նա գրել էր շատ թերագնահատող մի զեկուցագիր, որ գրեթե գրքիս ամփոփումն էր ամբողջությամբ, ավելացնելով միայն պարսավանք և թերագնահատություն, այն մտքով, թե գիրքը կազմված է հապճեպով, լիքն է սխալներով, թերի կետեր շատ ունի և արժանի չէ մրցանակի: Գրքիս վերջում ես կազմել էի հայ բարբառների քարտեզը, որ առաջինն էր իր տեսակում և մնում է այդպես մինչև այժմ: Ոչ ոք նման փորձ չի արել, չհաշված խոստումները:
Իսկ Եզնիկ վարդապետը ասում էր սրա համար. «Գրքի վերջում դրված քարտեզը չի կարելի քարտեզ համարել»: Նրա այս զեկուցագիրը տպված է Ղուկասյան մրցանակաբաշխության տեղեկագրում:
Իմ ընկերներից Ավետիս Տեր-Հարությունյանը «Մշակ»-ում առանձին հոդվածով պատասխանեց Եզնիկ վարդապետին և աշխատեց ցուցադրել գրքիս արժանիքը: Քարտեզի մասին այսպես էր գրում.
«… իսկ ինչպես կարելի է կոչել թղթի մի ընդարձակ թերթ, որի մեջ նշանակված են քաղաքներն ու գյուղերը և կամ առանձին գույներով կամ նշաններով նշանակված է բարբառների սահմանը»:
Թեև Եզնիկ վարդապետի դատապարտությամբ գիրքս մրցանակից մերժվեց, բայց նա, հենց որ հրատարակվեց, արժանացավ ֆրանսիացի հայագետ Մեյեի և գերմանացի հայագետ Կարստի մեծագույն գովասանքներին: Կարստը ասում էր. «Այս գիրքը պետք է կազմե հայ բարբառագիտության հիմնաքարը»: Իսկ Մեյեն ասում էր. «Աշխարհում միայն մեկ անձ կա, որ կարող էր գրել այսպիսի գիրք. դա Աճառյանն է» (անշուշտ ի նկատի ուներ այն հանգամանքը, որ ես ապրել եմ հայության երեք հատվածներում՝ Տաճկաստան, Պարսկաստան, Կովկաս):
Գիրքս տպվեց թե չէ, բարբառագիտությունը առանձին մասնագիտություն դարձավ և մտավ Էջմիածնի Ճեմարանի բարձրագույն կուրսի դասընթացի մեջ: Երբ բացվեց Հայաստանի համալսարանը, այնտեղ նմանապես բարբառագիտությունը դարձավ առանձին դասընթաց և մտավ հետագայում հայկական ակադեմիայի ուսման ծրագրում: Այս առարկայի դասավանդումը շարունակվում է մինչև այսօր:
Տարիներ շարունակ, սկսած աշակերտական շրջանից, գավառական բառեր հավաքելու մոլությունն ունեի: Կեդրոնական վարժարանում, որտեղ բազմաթիվ գավառացի ընկերներ ունեի, պարտադրել էի բոլորին օրական թեկուզ հինգ գավառական բառ տալ:
Այսպես շարունակեցի վերջին երկու դասարաններում (1891 — 1893 թթ.): Հետագայում, ուր էլ գնացի, բառ հավաքեցի և հատկապես տպագրված գրքերից և բառացանկերից քննադատորեն հավաքեցի ինչ որ գտա: Ստացվեց մի խոշոր աշխատություն՝ Հայերեն գավառական բառարան անունով: Ձեռագիրս ընդօրինակելով ուղարկեցի Լազարյան ճեմարանի տնօրեն պրոֆ. Գրիգոր Խալաթյանին: Բայց որովհետև ժամանակը կարճ էր, ձեռագրիս արտագրությունը եղավ վերիվերո, նկարները անհաջող և այլն: Ձեռագրիս արտագրության թվականն էր՝ 1910 թ. մարտի 17: Նույն տարին գնացի Կոստանդնուպոլիս։ Խալաթյանը մեռավ և Լազարյան ճեմարանի նորընտիր տեսուչ, իմ չարաբաստիկ թշնամի Կարապետ Կոստանյանը, առանց ինձ որևէ տեղեկություն տալու, տպագրել է տվել գիրքը Թիֆլիսում 1913 թվականին, և հանկարծ ես տեսնում եմ 300 օրինակ այդ գրքից իբրև նվեր: Ես շշմեցի տեսնելով մի սխալաշատ, անթույլատրելի տպագրություն, որ կատարվել էր իմ վերիվերո արտագրել տված ձեռագրից: Ուզեցի դատի տալ. բայց մեր տեսուչ Երվանդ Շահազիզը արգելեց ինձ ասելով. «Դատի տվիր, դատը շահեցիր. ի՞նչ պիտի լինի, բոլոր օրինակները պիտի ստանաս և պիտի այրե՞ս. ի՞նչ շահեցար դրանով»: Ես այդ մտադրությունից հրաժարվեցի և գոհացա միայն գրքի մասին մի խիստ քննադատական հրատարակելով «Արարատ» ամսագրում:
Բուն ձեռագիրը, գրված իմ ձեռքով և նոր հավելումներով, գտնվում է մինչև հիմա ինձ մոտ և կազմում է երկու ստվար հատոր:
== 1910 ԹՎԱԿԱՆ ՀՈՐՍ ՄԱՀԸ ==
Ասացի, որ ծնողներս բնակվում էին Բաթումիում, 1904 թվականից սկսած: Ամեն տարի ամառները ես ու կինս այցելում էինք Բաքու (ուր հաստատվել էին կնոջս ծնողները վերջնականապես), Շուշի, ուր գնում էինք մենք և կնոջս ծնողները իբրև ամառանոց և Բաթումի, ուր մնում էին իմ ծնողները: Այսպես ամեն ամառ թափառում էինք այս քաղաքներում:
1908 թվականի Սահմանադրությունից հետո ծնողներս Կոստանդնուպոլիս գնացին ընդհանուր ազատությունից օգտվելով, մենք էլ ուզեցինք Կոստանդնուպոլիս գնալ:
Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, բարեկամս՝ Հակոբ Խաչատրյանը, Ռոստովի «Приазовский край» թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում էի Կոստանդնուպոլիս՝ Հայկական հարցի ուսումնասիրության համար:
Նոր-Նախիջևանից մեկնելով, եկանք Բաթումի: Ծնողներս արդեն գնացել էին: Պետք էր ներկայանալ տաճկական հյուպատոսարանը՝ իմ ռուսական անցագիրը վիզե անել տալու համար:
Ես գիտեի, որ դժվար գործ է այդ: Տաճիկները, գիտենալով, որ բազմաթիվ նախկին տաճկահպատակներ այժմ ռուսահպատակ դարձած ուզում են գնալ Տաճկաստան, ուզում էին ճանաչել այդպիսիներին դարձյալ տաճկահպատակ, ուրիշ խոսքով մերժել նրանց ռուսահպատակությունը:
Այս մտածելով անցագիրս տվի հյուրանոցի ծառային և խնդրեցի, որ տանի տաճկական հյուպատոսարան, վիզեի համար:
Հյուպատոսը չէր ընդունել և պահանջել էր, որ ես գնամ, անձամբ ներկայանամ: Նպատակը պարզ էր: Բարեբախտաբար իմ անցագրի մեջ ես դիտմամբ գրել էի տվել, թե ես ծնվել եմ Նոր-Բայազետում: Վերցրի հետս կնոջս, առաջարկելով նրան, որ միշտ ռուսերեն խոսի ինձ և կոնսուլի հետ՝ բարձր ձայնով. խնդրեցի նաև Մալխասյան քահանային, որ հայտնի հայագետ Ստեփան Մալխասյանի եղբայրն էր, և երեքով միասին գնացինք հյուպատոսարան: Ես քահանային խնդրել էի, որ հյուպատոսի մոտ վկայի, թե ես իսկապես նոր-բայազետցի եմ. հայտնեցի նաև, թե անցագրումս այդպես է գրված. «Ուրեմն,— ասաց քահանան,— եթե երդվեմ էլ, սուտ խոսած չեմ լինի»: Այսպես զինված երեքով, հպարտ և բարձրագլուխ, իբրև ռուսահպատակ, ներկայացանք հյուպատոսարան:
Հենց որ մեզ նկատեց հյուպատոսը, շփոթվեց, վախեցավ և վազեց մեր առաջ: Կինս ռուսերեն սկսեց բարձրաձայն բղավել. քահանան էլ մեջ ընկավ. հյուպատոսը դիմեց ինձ և ասաց. «Ես միայն ձեզ էի խնդրել, ինչո՞ւ նեղություն տվիք տիկնոջ և քահանային»: Հրավիրեց մեզ ներս և խնդրեց, որ նստենք: Պատի վրա դրված էր տաճկական զինանշանը: Ես իբր թե բնավ չեմ տեսած, դիտեցի զինանշանը և ռուսերեն հարցրի հյուպատոսին. «Ա՞յս է ձեր զինանշանը. որչափ հետաքրքիր է»:
Կոնսուլը հարցրեց ինձ, թե կարո՞ղ եք ցույց տալ Նոր-Բայազետի ձեր ծննդյան վկայականը: Ես զարմացած երեսն եմ նայում և ասում. «Անցագիրը կազմելիս ծննդականս տեսան և գրեցին. դուք ուրեմն համարձակվում եք ռուսական անցագիրը չճանաչելո՞ւ…»:
Ասացի և քայլ առ քայլ հետ քաշվեցի: Հյուպատոսը վախեցած ասաց.
— Ես ինչպե՞ս կարող եմ չճանաչել ռուսական անցագիրը. բայց վերջին ժամանակներս, շատ տաճկահայեր, նախկին տաճկահպատակ, այժմ ռուսահպատակ դարձած, ուզում են Հայրենիք վերադառնալ: Դրանց հարցը անշուշտ վերաքննելի է: Այ վերջերս Կոմիտաս վարդապետը, որ նույնպես տաճկահպատակ էր, գնաց Կոստանդնուպոլիս: Վերջերս շատերն են գնում Կոստանդնուպոլիս:
Ես իբր թե Կոմիտաս վարդապետից ոչինչ չգիտեմ, զարմացած հարցրի հյուպատոսին. «Մի՞թե Կոմիտաս վարդապետը տաճկահպատակ է»: «Այո,— պատասխանեց նա,— քյոթահիացի է»: Ես էլ իբրև ոչնչից անտեղյակ, քարտեզի վրա փնտրում եմ և կնոջս ցույց եմ տալիս Երուսաղեմը՝ իբր Քյոթահիա: Հյուպատոսը մոտեցավ և ուղղեց. «Դա Երուսաղեմն է, Քյոթահիան տեսե՛ք՝ այստեղ է»:
Հյուպատոսը լիովին համոզվեց, որ ես ոչ միայն տաճկաստանցի չեմ, այլ նույնիսկ թուրքերեն չգիտեմ, վիզեն դրեց և դուրս եկանք:
Բաթումիից մեկնելով շոգենավով եկանք Ռիզե, որ Վիլսոնյան ծրագրով Հայաստանի նավահանգիստը պիտի լիներ: Շոգենավը մի քանի ժամ կանգնեց Ռիզեում: Շատ փոքրիկ քաղաք է Ռիզեն. հենց նավահանգստից սկսում է մի բարձրավանդակ, որով մենք էլ բարձրանալով հասանք նրա գլուխը: Հիանալի համայնապատկեր բացվեց մեր առաջ ծովի վրա: Բարձրավանդակի գլխին մի մենավոր թթենի կար. բարձրացա ծառը, թափ տվի, իջա ցած և կնոջս հետ վայելեցինք քաղցրահամ թութը: Շոգենավը հասցրեց մեզ Տրապիզոն, ուր ցամաք դուրս եկանք: Հետաքրքիր էր մաքսատան տեսարանը: Մի մոլլայի նման պաշտոնյա եկավ մեր պայուսակի մեջ կնոջս սպիտակեղենը քննելու. կինս, որ սաստիկ զզվող էր, բողոքեց ինձ, թե ինչու կեղտոտ ձեռքերով իրերս է շոշափում:
— Նե՞ դեյոր (ի՞նչ է ասում),— հարցրեց պաշտոնյան:
— Ասում է, թե նա իրավունք չունի կեղտոտ ձեռքերով իրերս զննելու:
Մոլլան բարկացավ և ասաց.
— Եթե չեք հավանում, սկի չեմ նայի:
Եվ հեռացավ գնաց:
Այսպիսով մեր իրերը առանց քննության առինք դուրս եկանք։
Իջանք մի հյուրանոց (լավագույնը քաղաքում), որ պատկանում էր մի շուշեցի հայ երիտասարդի. նա, հետապնդվելով ցարական իշխանության կողմից իբրև հեղափոխական, փախել էր Տրապիզոն։
Տեսնելով մեզ և իմանալով, որ կինս շուշեցի է, ձեռք ու ոտք ընկավ, ինչ անելը չգիտեր: Շուշեցիք միմյանց շատ են սիրում, մանավանդ պանդխտության մեջ. ուստի նա էլ բաց արեց հյուրանոցի մեծ դահլիճը և ամբողջովին մեզ հատկացրեց: Կինս հանկարծ հիվանդացավ ըստ սովորության. երկու շաբաթ տևեց իր հիվանդությունը և երկու շաբաթ մնացինք նույն սենյակում, առանց ման գալու Տրապիզոնում, ուր ման գալու տեղ էլ չկար: Առաջին օրերը ես ու կինս ճաշում էինք ինչ-որ հայի ճաշարանում, որ գտնվում էր մի պարտեզում, ուր նվագ էլ կար: Ճաշի ժամանակ տալիս են 6 տեսակ ուտելիք, սուպը և քաղցրեղենը միասին հաշված, ավելացրած նաև տաճկական սուրճը, որ բոլորի վերջնակետն էր: Այս բոլորի գինն էր 6 ղուրուշ (48 կոպեկ), աներևակայելի էժանություն:
Մի օր հյուրանոցում նստած էինք. հանկարծ ներս մտավ պանդոկապետը և հայտնեց, թե այս րոպեիս շոգենավը նավահանգիստ մտավ և դուրս եկան պրոֆ. Խալաթյանը, Տաշյանը և ուրիշ մեկն էլ:
Շտապեցի դուրս, մտա նրանց իջևանը և մեծ ուրախությամբ ծանոթացա պրոֆ. Խալաթյանի հետ, որի հետ վաղուց թղթակցում էինք շարունակ, ականավոր բանասեր Հայր Հակոբոս Տաշյանի հետ, որին միայն գործերից էի ճանաչում և երրորդ՝ Հայր Ներսես Տիրատուրյանի հետ, որ Վենետիկի միաբաններից էր: Այս վերջինը դեռ ծանոթ չէր գրականության մեջ. ավելի ուշ նա Beguinot անունով մի իտալացու հետ միասին հրատարակեց Contributo alla flora dell' Armenia (Վենետիկ, 1912 թ.) բուսաբանական աշխատությունը, որ Հայաստանում աճող բույսերի գիտական դասակարգությունն է:
Գրքի մեկենասը դարձավ Իվան Ֆեոդորովիչ Բալիև անունով ռոստովցի հայ հարուստը, որ Ռոստովում սեփական վաճառատուն և բանկ ուներ: Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից մեկն էր, հմուտ ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի և հատկապես ռուսերենի: Եվրոպական լեզուներից յուրաքանչյուրը սովորած էր տեղում (երկրում): Չափազանց սիրող էր արևմտահայ գրականության. ռուսահայ լեզվով գիրք չէր կարդում: Ստանում էր բոլոր արևմտահայ թերթերը, որոնց գումարն էր 100 հատ: 50 օրինակ բաժանորդ էր «Բազմավէպ» ամսագրին: Ուներ ճոխ գրադարան, ուր միայն կարելի էր գտնել արևմտահայ թերթերն ու հանդեսները: Իր մոտ եմ կարդացել «Արևելեան մամուլ»-ի 50 տարիները, որոնք Բալյանի մահից հետո նվիրվեցին Երևանի հանրային գրադարանին: Բալյանը աշակերտեց նաև ինձ մոտ և սովորում էր տաճկերեն՝ Կոստանդնուպոլիս գնալու նպատակով։ Շատ ընդունակ անձ էր։ Նա մեկենաս եղավ նաև Մկրտիչ Աճեմյանին և կարծեմ նաև Թովմաս Թերզյանին, երկուսն էլ արևմտահայ բանաստեղծ: Ինձ առաջարկեց կազմել հայերենի մեծ բառարան. երբ ես հարցրի, թե գրաբա՞ր, աշխարհաբա՞ր, թե ընդհանուր հայերեն բառարան, պատասխանեց.
— Ի՞նձ ես հարցնում. գրելը քեզմե, դրամը տալը ինձմե:
Ցանկություն ունեցավ նաև հրատարակելու Պատկանյանի գործերի չորրորդ հատորը և այդ գործը հանձնեց ինձ: Ես շատ բան հավաքեցի, որոնց մեջ հիշատակելի են հատկապես Պատկանյանի պոռնկագրական գրվածքները, որոնք ձեռագրի ձևի տակ գտնվում էին զանազան տներում: Երբ ես իր կարծիքը հարցրի այդ կարգի գրվածքների հրատարակության մասին, պատասխանեց.
— Գրականությունը գրականություն է. այդ կարգի գրվածքներն ալ ավելի բնորոշ են հեղինակին համար:
Բայց թե՛ Պատկանյանի չորրորդ հատորը և թե՛ մեծ հայերեն բառարանը գլուխ չեկան դեպքերի բերմամբ։
Տիրատուրյանը գտել էր հայ երկրին հատուկ մի քանի նոր բույսեր, որոնք անծանոթ էին գիտության: Այս բույսերը անվանակոչեց Baliani իր մեկենասի անունով:
Տրապիզոնի առաջնորդը (որի անունը չեմ հիշում) մյուս օրը չորսիս հրավիրեց իր մոտ ճաշի։ Երկար ժամանակ ունեցանք զրուցելու։ Ես բնականաբար խոսում էի մեր մայրենի բարբառով, որի գործածությունը միշտ պահել եմ սիրով: Տաշյանը և Տիրատուրյանը բնականաբար խոսում էին նույն լեզվով: Պրոֆ. Խալաթյանը մի տեսակ զայրույթ ցուցադրեց, թե ինչո՞ւ եմ այդ լեզվով խոսում:
Պատասխանեցի տաճկական առածով. «Ասլընը ունուտան հարամզադե դիր» (իր ծագումը ուրացողը հարամզադե է): Առաջնորդը ներողություն խնդրեց, որ ինքը տնային տնտեսություն չունի, ուստի ճաշարանից պետք է բերել տա ճաշերը։ Ճաշացուցակը ներկայացրեց, որպեսզի մենք էլ մեր ուզած ճաշը ընտրենք: Մենք փլավ ընտրեցինք. Խալաթյանն էլ փլավ ուզեց. հարցրի նրան. «Պրոֆեսոր, դո՞ւք ալ փիլավճի եք»: «Այո, այո,— պատասխանեց նա,— ես էլ փիլավճի եմ»: Բոլորը ծիծաղեցին բառախաղիս վրա, որ ինքը չհասկացավ:
— Ուզում էի ուսումնասիրել Համշենի բարբառը, որ Տրապիզոնի բարբառից տարբեր է: Երբ իմ միտքը հայտնեցի պանդոկապետին և ասացի, որ ուզում եմ գնալ գյուղերը, նա ասաց, որ այդ կողմի գյուղերը բոլորովին ցրված են․ մի տուն այստեղ է, մի տուն հինգ րոպե հեռու. այնպես որ այդտեղերը շրջագայել անհնարին է: Ավելի լավ կլինի, ասաց նա, գյուղացիներին բերել ձեզ մոտ, կմնան այստեղ և դուք հարցաքննելով, ձեր ուզած ձևով կօգտվեք նրանցից:
Այս մասին հայտնեց ազգային մարմիններին, որոնք սիրահոժար նպաստեցին այս գիտական գործին, որովհետև իրենց բարբառի քննությանն էր վերաբերում: Եկան մալացի, ապկիոնցի, կյուշանացի և ճոշարացի գյուղացիներ, որոնց հետ երկու շաբաթ աշխատելով ուզած նյութերս հավաքեցի: Շատ ավելի հետո գնալով Գագրի և բնակվելով Էքսուզյան ընտանիքում, ավելի մոտիկ շփվեցի համշենցոց հետ և կազմեցի Համշենի բարբառի քննությունը, որ մեր Ակադեմիայի կողմից հրատարակվեց 1947 թվականին:
Տրապիզոնից մեկնելով մի առ մի այցելեցինք Սև ծովի հարավային եզերքի գլխավոր նավահանգիստները. Կիրասոն, Սամսոն, Օրդու, Ունիյե, Պաֆրա և Ինեպոլու, որ Սև ծովի վերջին նավահանգիստն է: Այստեղից Սև ծովը սկսվում է բոլորվել՝ կազմելու համար Բոսֆորը: Բարձրացանք շոգենավի վերևը և հեռվից դիտում ենք Բոսֆորի մուտքը: Վերջապես հասնում ենք ֆեներ, այսինքն՝ ասիական և եվրոպական ափերի վրա կառուցված երկու հսկա փարոսները: Այդտեղ կանգնում են շոգենավերը քննության համար, որից հետո մտնում ենք Բոսֆորի նեղուցը:
Կնոջս ցույց եմ տալիս հիանալի տեսարանը և ասում եմ. «Տե՛ս, աշխարհիս վրա սրանից ավելի գեղեցիկ տեսարան չկա»: Կինս ոչինչ գեղեցիկ բան չի գտնում և զարմանում է իմ ասածի վրա։ Բայց քանի առաջանում ենք և քանի ասիական և եվրոպական ցամաքները մոտենում են իրար, տեսարանը ավելի գրավիչ է դառնում: Վերջապես կինս բարեհաճում է հիանալ շրջապատով. Սարը-յարի առաջն ենք հասել. հեռուն, ցամաքի վրա ցույց եմ տալիս մոտով մեր տունը, ուր պիտի իջնենք քիչ հետո: Հասանք Պոյաճը գյուղ, որի առաջ կինս այլևս չդիմացավ և բացականչեց. «Իսկապես շատ գեղեցիկ է»: Հասանք Կոստանդնուպոլսի քարափը. շոգենավը կանգնեց. իջանք ցած:
Կոստանդնուպոլսի ծովափը բազմաթիվ թաղեր ունի թե՛ ասիական և թե՛ եվրոպական ափերի վրա. այդ թաղերը տեղական լեզվով «գյուղ» են կոչվում: Առանձին փոքր սրընթաց շոգենավեր կան, որոնք Կոստանդնուպոլսի կամուրջից մեկնելով, հանդիպում են բոլոր այդ գյուղերը մինչև Բոսֆորի վերջին ծայրը, ուր մի կողմից գտնվում է Ռումելի Քավաք և մյուս կողմից՝ Անատոլու Քավաք:
Մենք էլ մտանք մի շոգենավ և մեկ ու կես ժամ հետո հասանք Սարը-յարի Ենի մահալլե նավամատույցը, որի հենց կողքին գտնվում էր մեր տունը: Դուռը զարկինք. մայրս եկավ բաց արավ. անակընկալ էր մեր գալը. ողջագուրվեցինք և նստանք հանգստանալու համար: Հայրս խանութումն էր, որովհետև աշխատանքի օր էր: Մայրս բացատրեց հորս խանութի տեղը և ես ու կինս ծածուկ գնացինք խանութի առաջ և ցուցափեղկում դրած կանացի կոշիկները դիտելով իրեն ենք նայում: Նա, ըստ սովորության, բոլորովին անուշադիր դեպի դուրսը, եռանդով իր գործով է զբաղվում: Երբ երկար այդպես կանգնած լույսը խանգարում ենք, զայրացած աչքերը բարձրացնում է, տեսնելու համար, թե ովքե՞ր են սրանք: Տեսնում է մենք ենք: Վեր է կենում, ներս ենք մտնում. հայրս սովորություն չուներ թույլ տալու, որ ձեռքը համբուրենք. բանվորի ձեռք է, կեղտոտ կլինի: Խանութը փակում է, և գնում ենք տուն:
Մեր տունը, ինչպես ասացի, նավահանգստի կողքին էր, ծովի ափին: Չորս հարկ ուներ: Մայրս երրորդ հարկը մեզ էր հատկացրել. դեմ առ դեմ երկու սենյակ, որոնցից մեկը դեպի սարն է նայում, մյուսը, իր լայն պատշգամբով, ծովի վրա էր կռացած: Աջից և ձախից մի-մի զբոսարան կար, ուր գիշերն ամբողջ նվագում էր ասիական նվագախումբը, փոխ առ փոխ. երբ աջը վերջացնում էր նվագը, ձախն էր սկսում. իսկ երբ ձախն էր դադարում, սկսում էր աջը: Ծովի տեսարանը հիանալի էր. թե՛ տեղական (Բոսֆորի վրա բանող) և թե՛ արտասահմանյան խոշոր շոգենավերը (ռուսական, ֆրանսիական, անգլիական, իտալական, հունական և այլն) անդադար գնում են ու գալիս Սև ծովից Մարմարա և հակառակը:
Ասիական եզերքը շատ մոտ է. թեև ձայնը չի հասնում, բայց զինվորական նվագախումբը լսվում է. սրատես աչքը նույնիսկ քայլող մարդկանց կարող է նկատել: Բարձրանում են կանաչազարդ բլուրները, որոնց մեջ բարձրագույնն է Չամլըճայի սարը: Այս սարի վրա մի շատ երկար գերեզման կա. գնացինք տեսանք մի օր այդ գերեզմանը, որ 120 քայլ երկարություն ուներ։ Թուրքերը ասում են, թե դա Հազրեթի Էյուբի (Հոբ Երանելու) գերեզմանն է: Իհարկե հիմարն էլ չի հավատա այդպիսի առասպելի. Հոբ Երանելին որտե՞ղ, Կոստանդնուպոլիսը որտեղ. ավելի ծիծաղելի է այն, որ ասում են, թե եթե մեկը միշտ անքուն է մնում, երբ գա և մի քանի անգամ պտտվի այս գերեզմանի շուրջը, անքնությունը կանցնի: Իհարկե մի քանի անգամ ման գալով այդտեղ, կհոգնի և գիշերը լավ կքնի:
Գիշերները բոլոր շոգենավերը լուսավորվում են. հատկապես Բոսֆորի փոքր շոգենավերը, որոնք լուսարձակներով զինված, շարունակ ցոլքերը սփռում են չորս կողմ, զգուշացնելու համար նավակները: Ամբողջ Բոսֆորի եզերքը գիշերները ծածկվում են այդ փոքրիկ նավակներով կամ մակույկներով, որոնց մեջ մի-մի զույգ սիրահարներ, հաճախ նվագարանով, շրջագայում են: Կինս պատշգամբից դիտում էր այս մշտապես սքանչելի տեսարանները առանց հագենալու: Նա չէր քնում և ուզում էր միշտ դիտել. ինձ էլ չէր թույլ տալիս քնելու, ասելով. «Հրաչյա վեր կաց, մի՛ քնիր, տե՛ս, որչափ գեղեցիկ է. վաղը մյուս օր պիտի թողնենք գնանք, էլ այսպիսի տեսարան չենք տեսնի»: Մինչև անգամ փափագ հայտնեց, որ չվերադառնայինք Կովկաս և ընդմիշտ մնայինք Կոստանդնուպոլսում:
Կոստանդնուպոլսում շրջագայելը չափազանց դժվար է: Ես գտա մի ֆրանսերեն ուղեցույց, 300 երեսով մանրատառ մի հատոր, որի առաջնորդությամբ ման եկանք միասին ամբողջ մի ամիս բովանդակ Կոստանդնուպոլիսը: Չմնաց տեղ, ուր չգնայինք: Նույնիսկ այցելեցինք Եդի-գուլեի այն աշտարակը, որի մեջ բանտարկում էին տաճիկ սուլթաններին: Այցելեցինք կղզիները, որոնց համար հատուկ շոգենավեր կան, ավելի սրընթաց քան մյուսները: Սքանչելի է Մեծ կղզին. երբ շոգենավից դուրս ես գալիս, մի թուրք իշապան առաջարկում է ձեզ իր էշը, որ թավշյա թամբով զարդարված է:
Հեծանք մի-մի էշ և առաջ ենք գնում շարունակ: Կարծեմ տևեց մի ժամ: Տները հիանալի են այս կղզում. ամեն մի տուն առանձին ճարտարապետություն ունի. նույնիսկ կտեսնես չինական կամ ճապոնական ճարտարապետությամբ շինված տուն: Վերջապես եկանք այնտեղ, որտեղից մեկնել էինք: Չէ՞ որ կղզին կլոր է: Վճարը 5 ղուրուշ էր (40 կոպեկ):
Ման եկանք նաև Սարը-յարի բոլոր ջրերը: Սարը-յար թաղը շրջակայքում ունի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից ամեն մեկը մի զբոսավայր է: Այդ աղբյուրները գնալու համար կա ծովափի մոտ մի կայան, որտեղ վարձում են թավշյա թամբով մի էշ և իշավարի ուղեկցությամբ գնում ջրերը: Երբ առաջին անգամ կնոջս առաջարկեցի հեծնել մի էշ, նա քաշվեց, թեև շատ էր ուզում: Ամոթ էր համարում. ինչպե՞ս կարելի է եվրոպական հագուստով մի կին էշ նստի:
Քիչ այն կողմից հովանոցը ձեռքին զարդարված մի կին մոտեցավ մի իշապանի: Կինս ասաց. «Եթե այս կինը էշ հեծնի, ես էլ կհեծնեմ»: Եվ որքան ուրախ եղավ, երբ տիկինը էշ հեծավ. մենք էլ հետևեցինք նրան:
Մի օր ընտանյոք (4 հոգի) գնացինք Ճըռ-ճըռ սուի (թագավորի խմած ջուրն է), որի մոտիկ մի կանաչազարդ արոտի վրա գորգ փռեցինք և ճաշեցինք: Խոտերի մեջ կինս գտավ վայրի ելակներ, որոնք ավելի բուրումնավետ են, քան ընտանին: Գտավ նաև մի նոր պտուղ, որ չէր տեսած: Դա կոչվում է թրքերեն հոջա եմիշի, որ հայերեն կոչվում է մաթուզ. նման պտուղ ոչ մի տեղ տեսած չեմ. նման է ելակի, բայց գույնը կապտավուն է. քաղցրությունը ավելի պակաս է. կորիզ չունի, կարծես թե հացի մի պատառ ես ուտում:
Մի ուրիշ անգամ էլ մենք չորսս, մեզ հետ առնելով նաև հորս ծանոթներից մեկին (ատաղձագործ Մարտիկ աղա), մի լավ ֆայտոն վարձելով գնացինք Բյոյուք-դերեից մի ժամ հեռավորությամբ (դեպի ներս) Սուլթան սուից ավելի հեռու գտնված Բենդեր կոչված վայրը։ Դա հոյակապ մի շինություն է, հայ ճարտարապետի ձեռակերտ: Ամեն կողմից հավաքվում են ջրերը մի հոյակապ ջրամբարի մեջ, որը մի մեծ լճի տպավորություն է թողնում: Զանազան ուղղաձիգ խողովակներ գնում են մինչև Կոստանդնուպոլիս, շոգենավով մի ժամ ճանապարհ, որ ոտքով 6 ժամից ավելի է: Այդ ջուրը գնում է Կոստանդնուպոլսի բոլոր թաղերը և ամենքին խմելու ջուր մատակարարում: Ամբողջ ճանապարհը անտառ է հսկայական ծառերով: Հենց Բյոյուք-դերեի նավամատույցի մոտ մի հաղթահասակ ծառ կա, որի համար ասում են, թե նրա շվաքի տակ Խաչակիրները ժողով են գումարել: Բենդերի լճի մոտ ընդարձակ անտառում կրակ վառեցինք և պոլսական խորոված անելով՝ ամբողջ օրը անցկացրինք: Նույն կառքով վերադարձանք տուն ուշ ժամանակ: Կառքին վճարեցինք մեկ մեջիդիե (1 ռուբլի 60 կոպեկ):
Թեև մեծ մասամբ մեր ժամանակը անցկացրինք մեր տանը, բայց մի շաբաթ էլ գնացինք մնացինք իմ երկու մորաքույրերի և իմ մորեղբոր աղջկա՝ Փերուզի տանը: Նա ամուսնացել էր մյուսյու Հրանտ Բալըգճյանի հետ, որ նավապետ էր: Նրա պատմությունը հետաքրքիր է: Նա եղել էր տաճկական նավի վրա ծառայող, մի երկրորդական պաշտոնյա: Սուլթանը ուզեցել է մինչև Անգլիա մի մեծանուն անձի պատվանշան ուղարկել և այդ տաճկական նավով ճամփու է գցում: Միջերկրականի վրա մի սարսափելի փոթորիկ է պատահում: Նավապետը այդ ժամանակ հիվանդացած է լինում և չի կարողանում նավը վարել: Բոլոր մյուս պաշտոնյաները, փոթորկից սարսափած, չգիտեն ինչ անեն. այս Հրանտը բարձրանում է վերև և սոսկալի փոթորկին դիմադրելով, շոգենավը ապահով հասցնում է Անգլիա: Վերադարձին Օսմանյան կառավարությունը շնորհում է նրան գլխավոր նավապետի տիտղոս: Հրանտի հայրը Գևորգ անունով մի հասարակ ձկնորս է եղել, բայց այնպիսի ազդեցիկ դիրք է ունեցել թաղում, որ իր բնակած այդ փողոցը իր անունով կոչվում էր Պալըգճը Գևորգ սոքաղը (Ձկնորս Գևորգի փողոց):
Բարձրահասակ, նիհար, բայց շատ լուրջ և խոհուն մարդ էր մյուսյու Հրանտը: Քիչ էր խոսում. կանանց կարևորություն չտալով, երեկոները, երբ շոգենավից գալիս էր տուն, գրեթե միայն ինձ հետ էր խոսում և միշտ լուրջ նյութերի մասին: Նրա սովորեցրած բաներից մեկն էլ այն եղավ, թե երբ ծովը երկու կողմից ազատ չէ՝ փոթորկաշատ կլինի: Օրինակ, Մարմարա ծովը, որ մի կողմից Բոսֆորով և մյուս կողմից Դարդանելով միանում է ուրիշ ծովերի հետ, մեծ փոթորիկներ չունի: Իսկ Սև ծովը, որ արևելյան կողմից փակ է, ավելի մեծ փոթորիկներ ունի: Ըստ այսմ Կասպից ծովը, ինչպես և մեր փոքրիկ Սևանը, որոնք չորս կողմից փակ են, ահավոր փոթորիկներ ունեն: Հրանտը հետագայում մի աղջիկ ունեցավ, որի անունն էր Ազատուհի և գալիս է իմ քեռու թոռը: Չգիտեմ դեռ կենդանի է, թե չէ: Հրանտը իբրև նավապետ, միշտ կանգնած լինելու պատճառով ոտքի երակների լայնացում ստացավ, ենթարկվեց վիրաբուժական գործողության, որին չդիմանալով մեռավ:
Իրենց տունը փողոցի մեջտեղը կանգնած քառահարկ առանձնակ մի տուն էր. երկու կողմից և հետևից շենք չկար։ Վերևի հարկից կարելի էր դիտել մինչև Մարմարայի ծայրը: Զարմանալի զուգադիպությամբ այդ տունը գտնվում էր իմ ուսման օրրանի դեմը:
Հրանտի տան դիմացը, մի քիչ դեպի աջ գտնվում էր Արամյան վարժարանը, այն դպրոցը, ուր ես 7 տարեկան հասակում աշակերտեցի: Այժմ նա սովորական բնակարան էր, ինչպես և եղել էր ավելի առաջ: «Արամյան վարժարան» վերտառությունը ծեփով ծածկել էին: Ուզեցի բարձրանալ վերև, տեսնել այն գրասեղանը, որի վրա նստած, առաջին անգամ սովորեցի թուրքերեն այբուբենը, տեսնել այն թիկնաթոռը, որի վրա նստում էր բաբա Նշանը և որի ծնկների առաջ չոքած ես ընթերցարան էի կարդում: Բայց ամաչեցի և տան բնակիչներին չուզեցի խանգարել: Տան աջ կողքին մի ավերակ տուն կար այն ժամանակ, երբ ես աշակերտեցի այդտեղ: Այդ ավերակ տունը մնում էր մինչև այժմ էլ: Որչափ դանդաղ է շարժվում կյանքը Կոստանդնուպոլսում:
Անհնարին է նկարագրել Կոստանդնուպոլսի այն բոլոր վայրերը, որոնք արժանի են ուշադրության և որոնք այցելեցինք մի առ մի:
Հիշում եմ նրանցից մի քանի կարևորները: Ֆրանսերեն ուղեցույցի միջոցով իմացա, որ Կոստանդնուպոլսում գետնի տակ մի լիճ կա:
Գնացինք այդտեղ: Բաբը Ալիի մոտ, պարսից դեսպանատան դիմացը մի մեծ մասնավոր տուն էր: Դուռը բախեցինք, ներկայացավ մի ծառայող և մեզ ներս հրավիրեց: Ներսում մի քանի այցելուներ էլ կային: Ծառայողը մի մեծ ջահ վերցրած ձեռքին, առաջնորդեց մեզ բոլորիս մի երկար սանդուղքով, որ քանի իջնում էր, հետզհետե մթնում էր: Իջանք հատակը. խոր մթությունը պատեց: Մի քանի քայլ այն կողմ տեսանք մի ընդարձակ լիճ, որի վրա մի նավակ էլ կար։ Ով ցանկանար, կարող էր նավարկել և առաջանալ դեպի լճի խորքը, գլխին կանգնած կամարների տակով: Մենք վախեցանք փորձել, որովհետև կարող էր հեռվում թունավոր գազով լցված օդ լինել: Այս լճի գոյությունը շատ քիչ մարդ գիտե, նույնիսկ Կոստանդնուպոլսի հին բնակիչներից:
Տեսանք Ենիչերիների թանգարանը։ Ենիչերի էին կոչվում այն զինվորները, որոնք քրիստոնյաների բռնի մահմեդական դարձած որդիներն էին: Դրանք սկզբում կազմում էին օսմանյան ահավոր բանակը և երկյուղ ասած բանը չգիտեին: Օսմանցոց առաջին մեծ հաղթանակները ենիչերիների քաջության արդյունք են: Ավելի ուշ ենիչերիները ըմբոստացան նույնիսկ պետության դեմ և ոչ միայն իրենց չսիրած սուլթաններին Եդի-գուլեի բանտում բանտարկում էին կամ սպանում, այլև հասարակ ժողովրդի սարսափն էին դարձել: Սուլթան Մահմուդը ոչնչացրեց 60 000 ենիչերիների, թնդանոթի բռնելով և ողջ-ողջ այրելով իրենց զորանոցներում: Այժմ այդ ենիչերիների կյանքն ու անցյալը պատկերացնելու համար շինել են մի թանգարան, ուր բազմաթիվ ենիչերիների արձաններ, բնական մեծությամբ և բնական դիրքով ներկայացնում են ամեն ինչ: Կան այնտեղ ենիչերիների գլխավորները իրենց սոսկալի տարազով, թուրերով, լախտերով և այլ սոսկալի զենքերով, կանայք, երեխաներ, խոհարար, տնային կարասիք, կաթսա և այլն: Ամեն ինչ այնպես բնական է, ենիչերիները այնպես ահավոր են, որ այցելուներից շատերը իրական կարծելով վախենում էին մոտենալ:
Տեսանք Այա-Սոֆիան, որ նախապես հունական եկեղեցի էր, իսկ Կոստանդնուպոլիսը գրավող սուլթան Մեհեմեդ Ֆաթիհը, չդիմանալով նրա գեղեցկության, ոչ միայն չկործանեց, այլև փոքրիկ փոփոխությամբ մզկիթի վերածեց: Մուտքը ազատ է։ Մտանք ներս:
Թեև Այա-Սոֆիայի արտաքինը շատ չնչին է, բայց ներսում հոյակապ է և ահավոր: Երբ առաջանում ես դեպի կենտրոնը, բարձրացնում ես գլուխդ և տեսնում ես այն ահավոր գմբեթը, որ կանգնած է գլխիդ առանց որևէ սյունի վրա հենվելու, կսարսափես և կկարծես, թե ահա այդ օդի մեջ կանգնած երկնագունդը վրադ է փուլ գալու:
Բայց մի վախենա։ Բագրատունյաց մեծ ճարտարապետ Տրդատը կանգնեցրել է այն անսյուն գմբեթը: Հուստինիանոս կայսեր կառուցած այդ մեծ եկեղեցին երկրաշարժից փուլ էր եկել։ Ինչքա՜ն ճարտարապետները աշխատում էին վերականգնել, բայց գմբեթը չէր կանգնում և թափվում էր ցած: Կայսրը հրավիրեց Տրդատին և նա կանգնեցրեց գմբեթը այնպես, որ մինչև այժմ անվթար մնում է:
Սյուների փոխարեն նա իբր սյուն գործածեց տաճարի չորս անկյունները, որոնց վրա դրած մեծ քառակուսի սալաքարերը, որոնք ճարտարապետության մեջ այժմ կոչվում են «հայկական թմբուկ» (tambour arménien), իբրև հիմք պահում են գմբեթի չորս ծայրերը:
Այցելության գնացինք և մանրամասն ման եկանք Սուրբ Փրկչի հայոց հիվանդանոցը: Հայ ազգը դրա նման հոյակապ կառուցվածք չունի: Պեզճյան Հարություն ամիրան, իր անձնական ծախսով, հիմնել է այդ շենքը, որ սկզբում շատ հասարակ բան էր, իսկ այժմ հասել է աննման շքեղության: Նա պատսպարում է 8 000 հոգի (հիվանդ, անկյալ, հիմար, պառաված կանայք և տղամարդիկ, որբեր, աղքատ ուսուցիչներ և այլն): Ազգի տունն է կոչվում այն: Ո՞վ է պահում այդ հոյակապ շենքը: Ազգը ամբողջությամբ: Մեռելների պսակների փոխարեն, որ մի ավելորդ ծախս է մարդկանց վրա, Կոստանդնուպոլսի հայերը նվիրում են Հիվանդանոցին «փոխան ծաղկեպսակի» կոչված մի գումար, որ Հիվանդանոցի վարչությունը հայտարարում է թերթերում ամեն ամիս: Հիվանդանոցը տպում է ծխելու թուղթ, որի երեսին նկարված է Հիվանդանոցը, իսկ ներսում տպված է հետևյալը. «Կխնդրենք մեր ազգայիներեն, որ ի սեր ութ հազար տառապյալներու, այս թղթով ծխեն»: Թուղթը շատ ընտիր տեսակից է. ավելորդ է ասել, որ բոլոր հայերը ծխում են այդ թղթով, բայց նույնիսկ շատ թուրքեր, ոմանք թղթի լավությունից հրապուրված, ոմանք էլ դժբախտների սիրուն գործածում են այդ թուղթը: Այնքան ընդարձակ էին սրահները, որ կարելի չէ նկարագրել մի առ մի: Եկեղեցի, դպրոց, որբանոց, գժանոց, մոմ թափելու գործարան և այլն, այս բոլորը մի շատ ընդարձակ պարտեզի մեջ, ուր ամեն տարի մայիսին Կոստանդնուպոլսի հայերը տոնում էին սահմանադրության տարեդարձը: Ման եկանք հիվանդանոցի ընդարձակ սենյակները, որոնց յուրաքանչյուրը մի առանձին հիվանդության է հատկացված: Շատ ազդեցիկ տպավորություն գործեցին այդ սենյակների անունները. մինը կոչվում է Գրիգոր Նարեկացի, մյուսը՝ Ներսես Շնորհալի. այսպիսի անուններով որակել են հիվանդների սենյակները: Նարեկացին թոքախտավորների սենյակն է, Շնորհալին մի ուրիշ և այլն: Երբ ման էինք գալիս, տեսնում եմ հանկարծ մի երիտասարդ, որին իսկույն ճանաչեցի. Պեկյան անունով մի տղա էր, որի հետ դասընկեր ենք եղել Կեդրոնական վարժարանի Ա դասարանում. ծնոտը տարօրինակ կերպով ցած կախված, մտավոր վիճակը խանգարված մի տղա էր: 17 տարի էր անցել այդ օրվանից և նա մտել էր այդտեղ իբրև հիմարների և հիվանդների վրա հսկող վերակացու:
Սամաթիա թաղում այցելեցինք հայոց եկեղեցին և Սուրբ Սահակյան վարժարանը: Այդ դպրոցումն էի սովորել ես էլ իմ պատանեկության ժամանակ: Մտանք մի դասարան. աշակերտը գրատախտակի վրա ապացուցում էր մի երկրաչափական տեսություն, որ վերջացրեց «զորն որ կուզեինք ապացուցանել» բառերով: Ամբողջ մանկությունս վերականգնվեց աչքիս առաջ: Քննիչ ուսուցիչը Արմենակ
Բարսեղյանն էր, Ճեմարանի իմ հին աշակերտներից մեկը, եվդոկիացի, որի հետ ես ու կինս պաշտոնակից եղանք Թավրիզի Արամյան դպրոցում: 4 տարի էր անցել այդ օրվանից և իրարից ոչ մի տեղեկություն չունեինք: Հենց որ ներս մտանք դասարան, իսկույն ճանաչեց մեզ, բայց կարգապահության գիտակցությունը չթողեց նրան որևէ շարժում անել մինչև դասի վերջը: Դասից հետո մենք շատ զրուցեցինք բազմաթիվ հարցերի շուրջը:
Մի օր անակնկալ կերպով մեզ այցելության եկան պրոֆ. Գրիգոր Խալաթյանը, որին տեսել էի Տրապիզոնում և դոկտ. Ն. Տաղավարյանը, որին ծանոթ էի միայն գրականությունից։ Բժիշկ և նշանավոր հեղինակ էր: Իմ աշակերտության ժամանակ նա հրատարակում էր «Գիտական շարժում» ամսաթերթը, որ նվիրված էր ամբողջությամբ առողջապահության, մարդակազմության, ֆիզիկայի:
Այս նյութերի շուրջ զանազան գրքեր է հրատարակած հեղինակը:
Իր գործն է «Բառացուցակ ախտանուանց» տետրակը, որ իբր ուղեցույց ծառայեց վերջերս մեզ մոտ կազմված զանազան բժշկական բառարանների: Ավելի ուշ Տաղավարյանը մտավ հայագիտության սահմանը և «Սկսնակ բանասեր» ստորագրությամբ հրատարակեց զանազան գրքույկներ: Հիշում եմ նրա «Հայոց պատմություն»-ը, «Հայոց գրերի գյուտի պատմություն»-ը և այլն: Այսքան բազմակողմանի հմտություն շատ է մի մարդու համար, բայց նա սեբաստացի էր: 1915 թվականի խուժդուժ կոտորածին նա էլ նահատակվեց 500 հայ մտավորականների հետ:
Խալաթյանը և Տաղավարյանը ինձ հայտնեցին, թե Հովհաննես Սագըզ փաշան ցանկանում է ինձ տեսնել և խնդրեցին, որ նրա մոտ այցելության գնամ: Այս անձը, թեև փաշա, բայց գիտական արժանիք ունեցող մարդ էր: Նա ուսումնասիրել էր սումերերեն լեզուն և համեմատելով հայերենի հետ, մինչև 250 նման բառ էր գտել: Նա քննեց նաև իմ Արմատական բառարանի ձեռագիրը, որի մասին շատ գովասանական գնահատական տվեց:
Ես մերժեցի գնալ նրա մոտ և ասացի. «Եթե նա ինձ ուզում է տեսնել, դուռս բաց է. կարող է գալ ինձ մոտ»: Երկու հյուրերս, ինչպես և կինս, զարմացան իմ մերժման վրա և ոչինչ չկարողացան արտասանել: Իրենց համար տարօրինակ էր, որ մի փաշա հրավիրի իր մոտ մի հասարակ վարժապետի և այդ վարժապետը չգնա նրա մոտ: Բայց իմ բնավորությունը այդպես է եղել. մեծամեծների, ազնվականների և իշխանավորների հետ ոչ մի գործ չունեմ. չափազանց հպարտ եմ նրանց հետ, իսկ հասարակ մարդկանց հետ պատրաստ եմ ընկեր և բարեկամ լինելու. սրանց մոտ շատ համեստ եմ: Կինս հետո ինձ ասաց. «Ափսոս, որ զրկեցիր ինձ մի փաշայի տունն էլ տեսնելուց»:
Կոստանդնուպոլսում եղած ժամանակս միշտ այսպես պտույտներով չանցկացրի, այլ նաև գիտական աշխատանքներով: Ծանոթանալով երկու զեյթունցի երիտասարդների հետ, որոնք Կեդրոնականի սաներ էին, կազմեցի Զեյթունի բարբառի բառացանկը: Ծանոթացա երկու Տիգրանակերտցի պարոնների հետ, որոնցից մեկը բժշկական վարժարանից էր, մյուսը՝ ուսուցիչ: Դրանց հետ էլ կազմեցի Տիգրանակերտի բառացանկը: Բայց ավելի կարևոր է հիշել դեպի Ռոտոսթո ճամփորդությունս: Ռոտոսթոն գտնվում է Մարմարայի եվրոպական ափում. շոգենավով Կոստանդնուպոլսից մի օր հեռու է: Գնացի Ռոտոսթո: Բնակչությունը մեծ մասամբ հայ է: Ծանոթացա հայկաբան ուսուցիչ Տիգրան Պաղտիկյանի հետ և նրա հետ կազմեցի Ռոտոսթոյի բարբառի բառացանկը և սրճարանում հավաքված մի քանի տեղացի հայերից բնագրեր:
Ռոտոսթոյի հյուրանոցում սովորեցի նորօրինակ մի առողջապահական կանոն, որ պետք է ներկայացնել մեր բժիշկներին։ Հյուրանոցի այն սենյակում, ուր իջել էի ես, ինձ հետ կային երեք թուրք հյուրեր: Ծովի վրա նայող պատուհանը ամբողջապես բաց, սենյակի դուռն էլ նրա ճիշտ դիմացում բաց, ծովի կողմից փչում էր մի այնպիսի հորդահոս քամի, որ քիչ էր մնում մեզ էլ տապալեր:
Վեր կացա դուռը փակեցի. քամին դադարեց: Թուրքերը գանգատվեցին, թե «Այդ չեղավ. երբոր քամին մի կողմից փչի, ամբողջ քամին ներսը կմնա և մեր մարմնի մեջ մտնելով՝ հիվանդություն կպատճառի: Դուռն էլ պետք է բաց անել, որպեսզի դրսից փչող քամին անցնի գնա առանց մեզ վնաս տալու»: Այս տարօրինակ հայացքը միջանցուկ քամու մասին նոր էի լսում: Որոշեցին երկու կողմն էլ փակել, որպեսզի քամին կտրվեր և մեզ չվնասեր: Այդ կարծիքը հետո հորս հայտնեցի, որ ասաց, թե Կոստանդնուպոլսում ամենքն էլ այդպես են կարծում:
Կոստանդնուպոլսում մի զվարճալի դեպք էլ տեղի ունեցավ: Փողոցում հանկարծ տեսնում եմ Կարապետ Բասմաջյանին, որին չէի տեսել վաղուց: Հարցրի, թե ինչո՞ւ է եկել: Պատասխանեց, թե Օսմանյան պետական գրադարանում Ջելալեդդին Ռումիի մի ձեռագիրը քննելու համար: Պատմեց հետևյալը: Մտնում է գրադարան, ներկայանում է իր ասիական համայնածավալ շալվարով մի մոլլա և հարցնում է, թե ի՞նչ եք ուզում: Բասմաջյանը ասում է, թե ձեզ մոտ Ջելալեդդին Ռումիի այսինչ ձեռագիրը կա․ բերեք տեսնեմ:
Մոլլան պատասխանում է. «Մենք այդպիսի ձեռագիր չունենք»:
— Դուք ունեք այդ ձեռագիրը և ես Փարիզից եկել եմ այդ ձեռագրի մեջ մի բան նայելու: Ես գյավուր եմ, ուստի չեք ուզում ցույց տալ, հա՞: Բերեք ձեռագիրը, ես ձեռք չեմ տա ձեռագրին, դուք կթերթեք, ես էլ կկարդամ:
Այդպես էլ անում են: Բասմաջյանը գտնում է իր ուզածը, արտագրում և հեռանում:
Բասմաջյանը ասաց, թե այդ գրադարանը հայերեն գրքերի մեծ հավաքածու ունի. այն բոլոր գրքերը, որոնք արգելված էին ցենզուրից և գտել էին խուզարկության ժամանակ մասնավորների տանը, այստեղ կան: Այս խոսքի վրա ես հրապուրվեցի և ուզեցի այցելել գրադարանը: Բասմաջյանը առաջնորդեց ինձ մինչև դուռը: Գրադարանը գտնվում էր Չաքմաքճըլար փողոցից վերև՝ Պապը Սերասքերի դեմը, հրդեհի մեծ աշտարակի դիմաց: Մտա ներս: Ներկայացավ մոլլան, որից խնդրեցի հայերեն գրքերի ցուցակը: Երկու-երեք երեսանոց աննշան մի ցուցակ էր։ Իմ նպատակն էր տեսնել Թովմաս Թերզյանի Հովսեփ Գեղեցիկ օպերան: Համարը գտա և պահանջեցի. գնաց բերեց ինչ-որ բողոքականի քարոզ։ Ասացի, որ այս չէ և նորից համարը տվի: Գնաց և մի ուրիշ քարոզ բերեց: «Այս էլ չէ»,– ասացի մոլլային: Մոլլան բարկացավ և ասաց. «Սրանք հայերեն չե՞ն, անպատճառ ա՞յն գիրքը պիտի կարդաս. այս գիրքը կարդա էլի»: Եվ բարկանալով, պահարանի բանալին շպրտեց ինձ, «Գնա, գտիր և կարդա»,— ասելով: Գնացի ներսի սենյակը, ուր գտնվում էր պահարանը․ կարծեմ ընդամենը, ըստ ցուցակի, 250 գիրք կար, ընդհանրապես բողոքական քարոզիչների հրապարակած կրոնական անարժեք տետրակներ, որոնք ձրի բաժանվում են: Սակայն գրքերի շարքում գտա Հովսեփ գեղեցիկը և կարդացի:
Այս ձեզ Օսմանյան կայսրության Պետական գրադարանը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ձրի սրճարան, ուր զանազան անգործ մարդիկ նստած ծխում էին կամ իրար հետ խոսակցում:
Կոստանդնուպոլսի հետաքրքիր վայրերից երկուսն էլ պետք է հիշեմ:
Առաջինն է Մևլևիների մենաստանը, որ գտնվում է Ղալաթիայում: Մևլևիները կազմում են մահմեդական մի աղանդ, որի էությունը հայտնի չէ, գաղտնի են պահում: Ասում են, թե սուլթաններից մեկը մևլևիների գաղտնիքին ծանոթանալու համար իր որդուն տալիս է նրանց վանքը, ասելով նրան, թե «Գնա բոլոր գաղտնիքները իմացիր և արի, ինձ ասա»: Մևլևիները սիրով ընդունում են սուլթանի որդուն իրենց վանքում, դաստիարակում են նրան իրենց ոգով և վերջապես դարձնում են դերվիշ, անունը դնելով «Սերվեր դեդե»:
Մի օր սուլթանը կանչում է իր որդուն և առաջարկում է գաղտնիքները հայտնել: «Ոչ մի գաղտնիք չկա, հայրիկ, մևլևիներն էլ այնպիսի մահմեդականներ են, ինչպես ամենքս. միայն հագուստով են տարբեր»: Սուլթանը չի հավատում և ասում է. «Տե՛ս որդի, ես քեզ տվի նրանց մոտ, որ նրանց գաղտնիքները ինձ բերեիր, ինչո՞ւ ես թաքցնում»: Որդին միշտ մերժում է և սուլթանը վերջապես գլխատել է տալիս նրան: Մևլևիները թաղում են նրան իրենց մենաստանում և գրում են բառախաղով շիրմի վրա հետևյալը.
«Սեր վերիպ, սըռ վերմեյեն Սերվեր դեդե»:
(Գլուխը տվեց, գաղտնիքը չտվեց Սերվեր դեդեն):
Մևլևիների դավանանքի մասին ընդարձակ մի հոդված ունի Մրմրյանը, տպված «Ոստան» ամսագրում: Ընդհանուր խոսքով մևլևիների դավանանքի էությունն է ազգերի և կրոնների հավասարությունը: Բոլոր կրոնները հավասար են, բոլոր ազգերը եղբայր են, բոլորը հավասար են իրար և դավանանքի տարբերությունը ձևական է: Ոչ մի ազգ իրավունք չունի բռնանալու ուրիշի վրա, և ոչ մի կրոն իրավունք չունի մի ուրիշ կրոնից գերազանց համարելու իրեն:
Գնացինք մևլևիների մենաստանը: Նրանց արարողությունը կատարվում է պարով. ընդարձակ դահլիճի վերնատնում նստած է մի դերվիշ և նեյով նվագում է սրտառուչ մի մեղեդի (նեյը մի տեսակ երկար սրինգ է). նրա կողքին նստած է մի ուրիշ դերվիշ, որ նվագի հետ կարդում է աղոթքները: Ցածրում, դահլիճում մյուս բոլոր դերվիշները, թևերը պարզած, լայնատարած շորերը փռած իրենց վրա անդադար դառնալով՝ շրջապտույտ պար են գալիս շարունակ, մինչև որ ուշագնաց, գլխակորույս ընկնում են և քնում:
Արարողությունը վերջանում է:
Մևլևիները շատ բարի մարդիկ են. կրում են երկար թաղիքե գլխարկներ. հագուստները շատ լայն են և խոսելիս միշտ կրկնում են «Յա՜ հո՜ւ»: Միայն նրանց գիշերային արարողությունն է ահավոր, երբ դրսից լսվում է նրանց խռպոտ հռնդյունը: Մեր թաղում (Սամաթիայի Նոր թաղ), երբ սուլթանի հրամանով գազանացած խուժանը հարձակում է գործում հայերին կոտորելու համար, մևլևիների գլխավոր վանահայրը, որ մի ալևոր ծերունի էր, վազում է խուժանի առաջ, կասեցնում է նրանց և ասում. «Ո՞ւր եք գնում»:
Պատասխանում են, թե սուլթանի հրամանն է կոտորել հայերին:
Դերվիշ դեդեն պատասխանում է. «Սուտ եք խոսում, սուլթանը ժողովրդի հայրն է, նա չի կարող այդպիսի հրաման տալ, ես ձեզ չեմ թողնի, մինչև դիակս այստեղ չփռեք»: Այսպիսով թաղը փրկվում է. խուժանը հետ է գնում:
Երկրորդ մենաստանն էր Ռուֆայի դերվիշներինը, որ գտնվում էր Սկյուտար թաղում: Ռուֆայի նշանակում է «հաչող», որովհետև շան նման հաչում են:
Գնացինք այդ մենաստանը. որոշված ժամին մեզ նման բազմաթիվ հանդիսականների առաջ դերվիշները կարգով կանգնեցին:
Վանահայրը, նստած գետնի վրա, հրամայեց գոչել «Յա՜ Ալլահ».
բոլոր դերվիշները ձեռք-ձեռքի տված, պար բռնած, աջ ու ձախ օրորվելով և վազվզելով, շարունակ գոռգոռում են «Յա՜ Ալլահ», մոտ տասը րոպե, մինչև վանահայրը հրամայում է լռել: Այս անգամ տալիս է մի ուրիշ բառ. «Յա՜ Քերիմ» (ով ողորմած): Տաս րոպե էլ այս է տևում։ Այսպես շարունակ վանահայրը տալով նորանոր ածականներ Աստծուն, դերվիշներն էլ պարում են: Իրենք էլ ձանձրացած այս անիմաստ կոչականներից, աչքերով լպիրշ հայացքներ գցելով հանդիսականների վրա, անճոռնի և անկարգ պարում են, մինչև անգամ վանահայրը ստիպված է լինում կարգի հրավիրել։ Այս ապուշ արարողությունը տևեց մի ժամ. վանահայրը կարդաց վերջին աղոթքը և արձակեց բոլորին:
Այն միջոցին, երբ գտնվում էինք Կոստանդնուպոլսում, տեսա իմ հին ընկերներից մի քանիսին, բայց ոչ բոլորին, որովհետև շատերը գտնվում էին արտասահմանում: Տեսա իմ սիրելի դասընկեր Միքայել Շամտանճյանին, որ հայտնի բանաստեղծ էր և հրատարակում էր «Ոստան» ամսագիրը, մեր հանդեսներից լավագույնը, որի մեջ ես էլ մի քանի հոդված հրատարակեցի: Դպրոցական շրջանից արդեն մենք շատ սիրով էինք: Նա ամուսնացել էր Հրաչուհի անունով մեկի հետ, որ վայելում էր գեղեցկուհու համբավ: Հրաչուհու քույրը (Տայան ազգանունով) բաց էր արել աղջկանց մի վարժարան, անգլիական «հոմ սքուլ»-ի (տնային դպրոց) ձևով, որ և Կոստանդնուպոլսում մեծ համբավ էր ստացել:
Շամտանճյանը և կինը մնացին մեզ մոտ երկու օր, որից հետո մեզ էլ հրավիրեցին իրենց տունը, որ գտնվում էր Սկյուտարում:
Գիշերեցինք նրանց մոտ: Առավոտուն, ըստ պոլսական սովորության, Միքայելը գիշերանոցով բարձրացել էր պարտեզի թզենու վրա և կողքին կախած կողովի մեջ լալեով սառնորակ թուզեր էր հավաքում (լալեն մի երկար ձող է, որի ծայրը ճեղքելով մի անցք են շինում. հեռվում գտնված թուզը բռնում են այդ անցքի մեջ և ոլորելով պոկում): Սառնորակ ընտիր թուզերի համը շատ քաղցր է: Կոստանդնուպոլիսը արտադրում է բազմատեսակ ընտիր թուզեր:
Տեսանք իմ շատ սիրելի ընկեր Սարգիս Մինասյանին, զենկիլերցի, որի հետ 1895 թվականին փախել էինք Կոստանդնուպոլսից:
Նա գնաց Շվեյցարիա ուսանելու հասարակական գիտություններ և վերադարձել էր Կոստանդնուպոլիս: Հիանալի գեղեցկությամբ, առույգ դեմքով և հասակով, բարեկիրթ և շատ քաղաքավար, այնպիսի մի երիտասարդ էր դարձել, որ ամենքի վրա հիացմունքի տպավորություն էր թողնում: Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ այնքան սիրալիր գտնվեց, որ մի գեղեցիկ, փարթամ ծաղկեփունջ բերեց և նվիրեց կնոջս շոգենավի վրա:
Հինգ հարյուր մտավորականների կոտորածի ժամանակ Սարգիսը զոհվեց, իսկ Միքայելը զերծ մնաց: Գնաց Ասորիք, ուր մեծ թշվառության մեջ մեռավ: Իր գեղեցկուհի կինը՝ Հրաչուհին, մեռել էր 1911 թվականին:
Տեսա նաև Արամ Խաչատրյանին, որ այժմ կրում էր Աղվորիկյան ազգանունը. Կեդրոնականի իմ սիրելի ընկերներից էր, N 50: Մի ոտքը կաղ, կարճ հասակով գեղեցիկ տղա էր. ավարտելուց հետո մեզ նման ուսումը չշարունակեց, այլ գալանտերեայի մի խանութ բացեց: Մենք երկուսս բավական ժամանակ թղթակցել ենք իրար հետ և իմ նամակների մի մասը տպագրության էր տվել:
Մի օր շոգենավում, մի քանի ընկերների հետ պատահում եմ Սիմոն Չիլինկիրյան անուն ընկերոջս, որ Խասգյուղ թաղից էր և երկրորդ տարվանից թողեց դպրոցը և գործի անցավ: Նա պարծենում էր ամենքի առաջ և ասաց.
— Կոստանդնուպոլսում գտնված բոլոր հայերը, մեծ և փոքր, ամենքն ալ բանտարկվեցան կարճ կամ երկար ժամանակով. միայն ես չբանտարկվեցա. սուլթանը չկրցավ ինձի բանտարկել:
Ես, ընկերներիս ներկայությամբ, սուտ պարծանքով, ցույց տալ ուզելով, թե այսքան տարվա մեջ մայրենի լեզուս չեմ մոռացել, խոսում էի պոլսական ամենառամիկ բարբառով, թուրքերեն և եվրոպական բառերով խառն: Սիմոնը դարձավ ինձ և այս դառն նկատողությունն արեց.
— Է, այդ ի՞նչ գռեհիկ լեզու կխոսիս. այստեղ Կովկաս չէ:
Մենք հոս ազգային հարց ունինք. ի՞նչ կըսեն թուրքերը, երբ խոսածիդ մեջ թուրքերեն բառ լսեն. «Դուք ա՞զգ եք,— կըսեն,— դուք լեզու չունի՞ք, ինչո՞ւ թուրքերեն բառեր կգործածեք: Եվ դեռ կհամարձակիք ինքնավարություն պահանջելու»: Օտարներն ալ լսելով եվրոպական բառերդ, որոնք մեծ մասով հունարեն են, կծաղրեն մեզի, ըսելով, թե ինչո՞ւ մեր բառերը գողցեր են:
Այս նկատողությունը մեջ բերի ցույց տալու համար (կովկասեցոց), թե ի՞նչ մտայնություն է տիրում Պոլսի մեջ, որքան վախենում են օտար բառեր գործածելուց և աշխատում են միշտ հարազատ հայերեն խոսել: Իսկ մենք այստեղ «միջազգային» ասելով ամեն օտար բառ ազատորեն գործ ենք ածում:
Գնացի տեսա Ներսես Թյուլյանին, որ սամաթիացի էր և նախակրթարանից սկսած մինչև Կեդրոնականի վերջին դասարանը ընկերացել էր ինձ: Ավարտելուց հետո գնաց Նանսի և բժշկականը ավարտելով, Կոստանդնուպոլիս վերադարձավ: Բնակվում էր Մաքրիգյուղ և նշանավոր բժիշկ էր: Գնացինք իր տունը: Նա էլ ամուսնացել էր ինձ նման կովկասցի մի աղջկա հետ, որ Կոստանդնուպոլիս մնալով, պոլսական հայերենն էր յուրացրել:
Ամառը վերջանում էր և մենք պետք է մեկնեինք: Համոզեցի ծնողներիս, որ Կոստանդնուպոլիսը թողնեն և ինձ հետ գան Նոր-Նախիջևան: Համաձայնվեցին և չորսս միասին մի հոյակապ ռուսական շոգենավ նստելով՝ եկանք Օդեսա:
Այդ տարին զուգադիպությամբ Օդեսայում մի մեծ ցուցահանդես կար: Գնացինք տեսնելու. որքա՜ն ուրախացավ հայրս, որ կյանքում այդպիսի բան չէր տեսել։ Արհեստագետ և հետաքրքիր մարդ լինելով, մանրամասն դիտում էր ցուցադրված առարկաները և գովաբանում:
Օդեսայում այդ տարի ժանտախտի (չումա) երկու դեպք էր պատահել։ Ցարական կառավարությունը իսկույն հրամայել էր շրջապատել ամբողջ թաղը, բնակիչներին մերկ դուրս բերել առանձին մաքրարան (կարանտինա) և ամբողջ թաղը կրակի տալ:
Երկու օր տևել էր բոցավառ հրդեհը և լափել ամեն ինչ: Մենք հասանք, երբ ավերակները դեռ ծխում էին: Ժանտախտը այսպիսով դադարել էր: Օդեսայից ուղղակի եկանք Նոր-Նախիջևան, ուր վարձեցինք մի փոքր բնակարան: Դա Մարիետա Շահինյանի հայրենի տունն էր:
Այդ տարին բարեբախտաբար առատ բերք կար. ձմերուկը, որ ես այնքան սիրում եմ և որի մասին Կոստանդնուպոլսում շարունակ գովեստ էի կարդում մերոնց, այդ տարի չափազանց էժան և առատ էր: Հայրս շուկայից գալիս էր երկու թևերի տակ երկրագնդի մեծությամբ երկու խոշոր ձմերուկ դրած, տալիս էր մորս՝ «Կնի՛կ, սա նայե, հատը 15 կոպեկ է»: Լիառատ կյանք վայելեցինք: Մի օր, առավոտյան ժամը չորսին, մութնուլուսուն հայրս գնում է շուկա նավթ առնելու: Սեպտեմբեր ամիսն էր և շատ ցուրտ, ինչպես լինում է Նոր-Նախիջևանում: Հայրս իրեն Կոստանդնուպոլսում կարծելով, վերարկու չէր հագել: Հայտնի է, որ Ռուսաստանում ժամը 4-ին դեռ խանութները փակ են, իսկ Կոստանդնուպոլսում այդպիսի բան չկա: Ամեն արհեստավոր և խանութպան ազատ է, որ ժամին որ ուզե, խանութը բաց կանի կամ կփակի: Այսպես մտածելով հայրս գնացել էր շուկա. խանութները փակ էին. փոխանակ տուն դառնալու, սպասել է 4 ժամ, ցրտի տակ դողալով, բայց անխոհեմությամբ դիմադրելով և վերջապես տուն եկել: Թոքերի բորբոքում ստացավ և անկողին ընկավ: Շատ էր տանջվում: Կանչեցինք նշանավոր բժիշկ Աստվածատուր Քեչեկ-ծանյանին, որ Նոր-Նախիջևանի թեմական դպրանոցի հոգաբարձուներից էր: Երկու շաբաթ տևեց հիվանդությունը: Երբ շատ ծանրացավ, բժշկական խորհրդակցություն (կոնսիլիում) խնդրեցինք:
Երեք հոգով կոնսիլիում կազմեցին. խորհրդակից բժիշկներից մեկը հայ էր, մեկը ռուս: Երեքով առանձնացան մի սենյակ, որի կողքի սենյակից կինս թաքուն լսում էր։ Բժիշկներից մեկը (ռուսը) հարց է տալիս, թե «Կոտորակները ընդհանուր հայտարարի ինչպե՞ս պետք է բերել, ես ինչքան անում եմ, չեմ կարողանում»: Երկար բարակ նրան բացատրում են: Հետո սկսում են խոսել օդի բարեխառնության, ապա բերքի առատության մասին: Վերջը ասում են. «Դե, մի քիչ էլ հիվանդի մասին խոսենք»: Քեչեկյանը պատմում է, թե հիվանդը ինչ վիճակի մեջ է, որից հետո բժիշկները գալիս են հիվանդի մոտ, մի քիչ մարմինը դես դեն խփում և հանգիստ սրտով հայտարարում. «Հիվանդը լավացել է, բոլոր վերքերը փակվել են, վաղը արդեն վեր կկենա»: Մենք երկուսս (կինս ու ես) բոլորովին հանգստացած, ուրախ զվարթ գնում ենք քնելու, առանց ուշադրություն դարձնելու հիվանդի հեծեծանքներին: Կես գիշերից անց լսում ենք լացի ձայն. վազում ենք սենյակ.
մայրս աղիողորմ լաց էր լինում. հայրս մեռել էր:
Հիշում եմ, երբ նախորդ առավոտյան գործարանի սուլոցը սուլեց, հայրս ասաց. «Արքատաշլարըմ իշե գիթտիլեր. բեն էշեք կիպի պուրտա յաթմըշըմ» (ընկերներս աշխատանքի գնացին, ես այս տեղ էշի նման պառկել եմ): Մեռնելու մոտ ասել էր. «Էշեք կիպի կելտիք, էշեք կիպի կիտիյորըք» (էշի պես եկանք, էշի պես գնում ենք):
Առավոտը գնացի բժիշկ Քեչեկյանին մահվան վկայական ուզելու: Զարմացած հարցրեց. «Մի՞թե մեռավ. ինչի՞ց մեռավ»:
— Բժիշկը դուք եք, ի՞նձ եք հարցնում. դուք ասացիք, որ բոլորովին լավացել է, և մենք ձեր խոսքին վստահելով, հորս վերջին րոպեները անխնամ թողեցինք:
Թաղման կարգը Ավետիս Տեր-Հարությունյանը կազմակերպեց: Նոր-Նախիջևանում այն ժամանակ կար մեռել թաղելու հատուկ մի խանութ. սակարկությամբ նրանք ամեն ինչ հոգում էին.
դագաղ, քահանա, մինչև անգամ հուղարկավոր մարդիկ: Հորս հուղարկավորությունը շատ անշուք կատարվեց. բացի մեր քահանա Քելլեշահինյանից, տեսուչ Շահազիզից և մեր ընկեր Ավետիսից, ուրիշ ոչ ոք չկար. կային միայն մեռելի խանութից ուղարկված 2—3 ռուսներ: Հորս թաղեցինք գերեզմանատան Ս․ Կարապետ եկեղեցու հետևում, պատի տակ: Վաթսուն տարեկան էր, երբ մեռավ, դեռ շատ առույգ հասակում (1910 թ. սեպտ.):
Հորս մահվանից հետո մորս դրությունը անտանելի դարձավ։ Երեսը պատին դարձրած լաց էր լինում շարունակ: Մեռնելու ժամանակ հայրս նրան ասել էր. «Եթե ապրիլ կուզես, հոս մի՛ կենար, ել Կոստանդնուպոլիս գնա»: Մայրս չուզեց մնալ: Նախ չհավանեց այն քաղաքը, որ իր ամուսնու վաղաժամ մահվան պատճառ եղավ, մի չնչին նավթի պատճառով: Չսիրեց Նոր-Նախիջևանի լայն փողոցները, որտեղ հարևանները իրար չեն տեսնում: Նա ուզում էր Կոստանդնուպոլսի նեղ փողոցները, ուր խոսակիցները պատշգամբից դիմացե դիմաց խոսում են և իրար զանազան բաներ տալիս:
Մորս հետ տանելու համար, հրաման առի դպրոցից, տարի նրան Բաթումի, որպեսզի այնտեղից Կոստանդնուպոլիս գնա:
== 1912 ԹՎԱԿԱՆ ==
Հորս մահվանից երկու տարի հետո որոշեցինք երկրորդ անգամ Կոստանդնուպոլիս գնալ մորս տեսության: Այն ժամանակ անցագիր պատրաստելը շատ հեշտ գործ էր: Եվրոպական երկրներում արդեն անցագիր չկար. ով որ, երբ որ, ուր որ ուզե, կարող է կայարան գնալ, տոմս վերցնել և մեկնել։ Ռուսաստանում, ցարական շրջանում, մի փոքր ձևականություն կար: Դիմում պետք էր տալ և անցագիր ստանալ: Ըստ այսմ ես էլ Ռոստովի քաղաքապետին (գրադոնաչալնիկ) ռուսերեն դիմում գրեցի և տարի պաշտոնատուն: Դիմումս ընդունեցին անմիջապես, բայց ասացին, որ քաղաքապետը դուրս է եկել, մի ժամից կգա և կստորագրի: Գնացի քաղաքային պարտեզ, մի ժամ թափառեցի և եկա պաշտոնատուն: Անցագիրս պատրաստ էր: Երկու հոգու համար 6 ամսվա և վճարն էր 6 ռուբլի:
Օդեսայի վրայով Կոստանդնուպոլիս մեկնեցինք: Շոգենավը ռումինական նավահանգիստները կանգ չառավ, բայց կանգնեց Վառնայում և Բուրգազում: Վառնայում չթողեցին դուրս գալ, բայց Բուրգազում թողեցին: Հիշում եմ, թե ինչպես կես ժամի չափ ես ու կինս ման եկանք Բուրգազի փողոցներում: Ամեն ինչ Կոստանդնուպոլսի նման էր: Կարծես թե Կոստանդնուպոլսի մի փոքրիկ հեռավոր թաղն էինք մտել: Խանութները, ուտելեղենները, նույնիսկ մարդիկ գրեթե նույն ձևով: Տեսանք թուրքեր էլ, բայց ո՜րքան բարեկիրթ, հանդարտ, կարգապահ և հպատակ:
Կոստանդնուպոլիսը նկարագրելու կարիք չկա: Դեռ ամեն ինչ նախկին կարգով էր. հայերը հարգված ժողովուրդ էին և հանգիստ ապրում էին: Սակայն սկսել էր Հայկական հարցի նոր վերաքննությունը:
Ռոստովում հրատարակվում էր «Приазовский край» օրագիրը, որի խմբագրության մեջ հայեր էլ կային: Մեծ դեր ուներ հատկապես խմբագիրներից Հակոբ Սամսոնիչ Խաչատրյանը: Նա Նոր-Նախիջևանի թեմական դպրոցի ռուսերեն և լատիներեն լեզուների ուսուցիչն էր. հետագայում նա ամուսնացավ բնիկ Նոր-Նախիջևանցի Մարիետտա Շահինյանի հետ, որ այժմ նշանավոր գրող է ռուսաց մեջ: Խաչատրյանը և ես ոչ միայն պաշտոնակից, այլև մոտիկ ընկերներ էինք: Լսելով, որ ես գնում եմ Կոստանդնուպոլիս, նույն ռուսերեն թերթի խմբագրությունից մի վկայական դուրս բերեց, որով ես նշանակվում էի նույն թերթի թղթակից և ուղարկվում Կոստանդնուպոլիս Հայկական հարցի ուսումնասիրության համար:
Այս նպատակով ես գնացի Հայոց ազգային երեսփոխանական ժողովի նախագահ Վարդգես Փափազյանի մոտ և թղթակցի վկայականս ցույց տալով, խնդրեցի, որ Հայոց հարցի մասին որոշ տեղեկություններ տա, հաղորդելու համար թերթի խմբագրության:
Նա սնափառ պարծենկոտությամբ ասաց ինձ. «Ես ձեզ չեմ ընդունում իբրև «Приазовский край» թերթի թղթակցի, այլ իբրև հայտնի հայագետի. ուստի իմ տված տեղեկությունները կլինեն այդ սահմանում»: Սակայն իր տված տեղեկությունների մեջ ոչ մի նորություն չկար. ինչ որ ասաց արդեն տեղական թերթերում, մանավանդ ֆրանսերեն լեզվով հրատարակված լրագրում կար: Դուրս եկա նրա մոտից և այլևս նրա մոտ գնալ ավելորդ համարեցի: Թերթերից քաղելով, հոդված պատրաստեցի ֆրանսերեն լեզվով և ուղարկեցի խմբագրության: Հակոբ Խաչատրյանը նույնը թարգմանեց ռուսերենի P. A․ ստորագրությամբ: Կարծեմ այսպիսի 4 հոդված ուղարկեցի, որոնք տպվեցին նույն թերթում: Շատ ժամանակ հետո պատահմամբ «Մշակ» օրաթերթի մեջ տեսա առաջին հոդվածիս թարգմանությունը Ռ. Ա. ստորագրությամբ:
Կոստանդնուպոլսից մեկնելու ժամանակ, թղթակցի պաշտոնս փոխանցեցի Միքայել Շամտանճյանին, որ ուղարկեց իմ մեկնումից հետո երկու հոդված հայերեն լեզվով:
Ամառը վերջանալուն հրաժեշտ տվինք մորս: Հիշում եմ, երբ նա տան դռան առաջ դառնագին լաց լինելով համբուրում էր ինձ և կնոջս, ասելով, թե այլևս ձեզ չեմ տեսնելու, ես պատասխանեցի, թե երկու տարին մեկ գալիս ենք, էլի կգանք, բայց նա ասաց. «Ոչ, էլ չեմ տեսնելու»,— և նորից դառնագին լաց եղավ:
Իրոք որ իր ասածը կատարվեց: Ծագեց համաշխարհային պատերազմը, որին մասնակցեց նաև Տաճկաստանը և սրանով կործանեց ոչ միայն իրեն, այլև մեզ: Ես մորս ուղարկում էի ամեն ամիս 25 ռուբլի, որ Կոստանդնուպոլսում ապրելու համար լավ գումար է: Պատերազմի ժամանակ անհնարին եղավ որևէ ձևով փող ուղարկել իրեն, տաճիկները, ինչպես բոլոր քրիստոնյաներին, նույնպես և մորս Բոսֆորից աքսորեցին դեպի Կոստանդնուպոլսի ներքին թաղերը: Մայրս այդ ծեր հասակում ապաստանեց իր երկու քույրերի տանը և այնտեղ էլ մեռավ 1921 թվականին, 72 տարեկան հասակում: Թաղվեց Պալըքըլի ազգային գերեզմանատնում իր մոր և սիրելի աղջկա՝ Արշալույսի կողքին:
== ՓԱԽՈՒՍՏ ՌՈՍՏՈՎԻՑ ==
Մինչև 1918 թվականը մենք մնացինք Նոր-Նախիջևանում: Այդ 11 տարվա միջոցին բնակվել ենք 20 տարբեր բնակարաններում, մեծագույն մասամբ հայ, մի-երկուսն էլ ռուս: Այսքան տեղափոխության պատճառը այն էր, որ ամեն ամառ գնում էինք Կովկաս, ուստի բնակարանն էլ թողնում էինք, երեք ամսվա ավելորդ վարձ չվճարելու համար։ Ամենից ավելի կապված ենք եղել Մարիա Պավլովնա Խոջապարոնյանի հետ, որի հետ կինս համարյա քույր էր դարձել: Արդեն վերևում խոսել ենք այդ ընտանիքի մասին:
Երբ ծագեց համաշխարհային պատերազմը, և հայ ազգն էլ իր կամավորական գնդերով մասնակցեց պատերազմին ռուսաց կողմում, Նոր-Նախիջևանն էլ կենտրոն դարձավ արևմուտքից եկող այդ հայկական կամավորական գնդերին: Այս բոլորի պատմությունը շատ հետաքրքիր է: Նոր ազգային կյանք ստեղծվեց համարյա հայությունը կորցրած այդ քաղաքում: Այս բոլորի մասին շատ բան կա տպված: Երբ գերմանացիք հանդգնեցին արշավել Ռոստովի վրա, ես վախեցա, որ մի մատնիչ հայ կհայտնի նրանց, որ ես նախկին տաճկահպատակ եմ: Այդ դեպքում նրանք ինձ կվերցնեին իրենց բանակում կամ կգնդակահարեին: Այս երկյուղով ես թողեցի քաղաքը, ամբողջ գրքերս և իրերս դպրոցը թողնելով և վերցնելով միայն Արմատական բառարանս և մի քիչ հաց, փախա քաղաքից: Գերմանացիք մոտ էին Ռոստովին. կես ժամ էր մնացել հասնելու։ Փախուստս այնքան հապճեպ եղավ, որ մինչև անգամ իմ մի խոշոր ձեռագիրը (Հայարձան) թողեցի այնտեղ:
Ճանապարհորդությունը շատ դժվար էր: Գնացքների երթևեկությունը շատ անկանոն: - Բարեբախտաբար կինս այդ ժամանակ
Բաքվում էր, իր ծնողների տանը: Ես պատրաստվեցի հետիոտն փախչել գերմանացիներից: Պատահմամբ այդ օրը կամավորական մի մեծ խումբ մեկնում էր դեպի Կովկաս: Խմբի մեջ մտել էին մեր վերջին դասարանի աշակերտներից շատերը, նաև նախորդ տարիների շրջանավարտներից նրանք, որ արդեն ռուսական զինվորական ծառայության մեջ էին: Ես էլ միացա նրանց հետ:
Խումբը ուներ ընկեր Լենինից ստացված հրովարտակ, թնդանոթներ, գնդացիրներ և հրացաններ: Խոշոր պատրաստություն ունեին և մտադիր էին գնալ Կարին: Ամենավերջին րոպեին Ավագ Տեր-Վարդանյանը (պարսկաստանցի) իբրև գաղտնիք ականջիս փսփսաց, թե տաճիկները Կարինը գրավել են: Այս ծանր լուրը վատ ազդեց վրաս և շատ թուլացա: Գույժը հայտնեցի մեր շրջանավարտներից մի սպայի, որի հետ աշակերտական շրջանում շատ մոտիկ էի: «— Ի՞նչ կա որ,— բացականչեց երիտասարդ սպան,— բա ինչի՞ ենք գնում: Գնում ենք գրավելու»: Այս փոքրիկ քաջալերականը մեծ խրախույս ներշնչեց ինձ: Գնացքը շարժվեց, բայց չափազանց դանդաղ. շուտ-շուտ կանգնում էր և շատ երկար ժամանակ: Կամավորական խմբի գլխավորներից երկուսը տեսնելով ինձ մի ապրանքատար վագոնի մեջ, դարմանի վրա պառկած, հրավիրեցին իրենց փափուկ վագոնը։ Խնդրեցին, որ մնամ իրենց մոտ, ավելի լավ պայմաններում: Ես մերժեցի, ասելով, թե իմ ընկեր աշակերտներիս չեմ կարող թողնել: Այն ժամանակ նրանք եկան վագոն և ընկերներիս մի փոքրիկ ճառ կարդացին, համոզելու համար, որ իրենց ուսուցչին թողնեն գնալ փափուկ վագոնը: Բոլորը համաձայնվեցին: Միայն մի տղա բողոքեց և ասաց. «— Ո՛չ, մենք բոլորս զինվոր ենք. մեր մեջ խտրություն չկա, ինչ որ մենք ենք, նա էլ նույնը»:
Ես գոհ եղա իր համարձակ խոսքից և մնացի այդ վագոնում:
Կամավորները եկան մինչև Արմավիր, ուր միանալով 400 ուրիշ կամավորների հետ, մեկնեցին դեպի ծով:
Արմավիրում լսեցի, որ մի նոր գնացք կա, որ պատրաստվում է մեկնել Կովկաս: Գնացքը կանգնած էր կայարանից 10 րոպե հեռու: Ես վերցրի իմ մեծ պարկը (որի մեջ ես լցրել էի Արմավիրից գնված մի քանի խոշոր հացեր) և շալակելով եկա գնացքի մոտ:
Հանկարծ նկատեցի, որ կրկնակոշիկներս մոռացել եմ կայարանում: Հարցրի և իմացա, որ գնացքը դեռ 20 րոպե սպասելու է:
Նորից բեռներս շալակած հետ դարձա կայարան կրկնակոշիկներս վերցնելու: Հանկարծ գնացքը մեկնեց, և ես դուրս մնացի: Այդ գնացքը ամբողջությամբ գերի ընկավ ապստամբ լեռնականների ձեռքը, որոնք թալանել էին ամբողջ գնացքը և հայ ուղևորներին կոտորել:
Հին կրկնակոշիկներս փրկեցին իմ կյանքը, և ես երախտագիտությամբ պահել էի դրանք մինչև 20-ական թվականները Երևանում:
Այս բոլոր պատմությունները մինչև Բաքու հասնելս տպված են Բաքվի «Արեգ» թերթում, ուստի տալիս եմ միայն շատ կարճ ամփոփում:
Կազմվեց մի նոր գնացք, որ շարունակեց ճանապարհը մինչև Կուբանի կամուրջը: Այդտեղ կայարանապետը արգելեց մեզ առաջ գնալ, որովհետև լեռնականները ապստամբել են և կոտորում են ճամփորդներին: Գնացքում 1000 ուղևոր կար: Ընտրեցին վեց պատգամավոր, որոնք գնացին ապստամբների մոտ բանակցելու և ճանապարհ խնդրելու, բայց անհաջող: Պատգամավորների մեջ կար մի երիտասարդ շամախեցի Սարգիս անունով, որի նշանածը գտնվում էր Բաքվում: «— Ինչ էլ որ լինի, ոտքով պիտի կտրեմ լեռները և Բաքու պիտի գնամ նշանածիս գտնելու,— ասաց այդ քաջարի երիտասարդը»: Ես էլ իր դրության մեջ էի. կինս գտնվում էր Բաքվում, և ես պետք է գտնեի նրան: Մեկ ուզեցի ընկերանալ երիտասարդին, բայց գտա, որ դա անխորհուրդ է. մեկ էլ համոզեցի երիտասարդին, որ գա ինձ հետ, բայց նա չուզեց: Չգիտեմ, թե երիտասարդի վախճանը ինչ եղավ, բայց շատ կուզեի իմանալ:
Հազար ուղևորները դուրս թափվեցին և բաց դաշտում գիշերեցինք:
Արմավիրում պատահաբար ես մի գիրք էի գնել՝ «Արմավիրի հայ երգեցիկ խմբի պատմությունը». այդ գրքի վերջում կար Կովկասի բավական մեծ մի քարտեզ: Քննեցի տեսնելու համար, թե ինչ ճամփով կարելի է շրջապտույտ կատարել և Բաքու հասնել: Լավագույն միջոցն էր գնալ գնացքով Ղզլար, այնտեղից իջնել ծով և նավակով անցնել Բաքու: Իմ ասածը քարոզեցի բոլորին, բայց նրանք չհամոզվեցին և չհետևեցին ինձ: Հետս եկան միայն 40 հայ պատանի թեհրանցի, որոնք Լազարյան ճեմարանի աշակերտներից էին: Եկավ նաև մի թեհրանցի հայ, որ Մոսկվայի պարսկական դեսպանատան պաշտոնյաներից էր: Բոլորս միասին եկանք Ղզլար, ուր մնացինք երկու շաբաթ: Այդտեղից ձուկ փոխադրող սայլակներով գնացինք Տուշիլովկա ռուսական գյուղը, որ գտնվում էր Կասպից ծովի արևմտյան ափին: Գյուղում հանկարծ գտնում ենք մի հայ երիտասարդ, որ Սիբիրի աքսորից փախել էր և եկել այդ գյուղը։ Նա միացել էր մի ռուս քահանայի հետ և միասին կառավարում էին գյուղի դպրոցը և եկեղեցին: Նա մեզ օգնեց, ցանք մեծ քանակությամբ չորացրած վոբլա (հաց չկար) և մի քանի ձկնորսական առագաստանավերով ճանապարհ ընկանք դեպի Աստրախան: Երեք օր ու գիշեր մնացինք ծովի վրա, որովհետև քամին թույլ էր: Հասնելով Աստրախան, տեսանք, որ շոգենավը պատրաստ կանգնած է և մեկնելու է դեպի Բաքու: Բոլորս լցվեցինք նավը: Մինչև այժմ կարծես ականջիս մեջ հնչում է կեղտոտության գերագույն ապացույցը: Քայլում ենք տախտակամածի վրա, կարծես մանր ավազ լինեին ցանած հատակին, ամեն մի քայլի տակ անվերջ ճռճռթում էին ոջիլները: Ես, որ ոջիլ բառը լսելիս երկու ժամ թքում եմ, չգիտեմ ինչպես հանդգնեցի պառկել կեղտից սևացած այդ անկողինների մեջ, որոնք ոջլի բույն էին:
Մանավանդ ինչպես չվարակվեցի տիֆից…
Դեռ Նոր-Նախիջևան եղած ժամանակս լսել էի, որ Բաքվում հայերի մեծ կոտորած է եղել՝ թուրքերի ձեռքով: Ինչպե՞ս կարող էի գնալ Բաքու. բայց ընտանիքի սերը քաշում էր անվերջ: Ճանապարհին մի ինչ-որ փոստատուն գնացի և հարցրի, թե կարելի՞ է փող փոխադրել Բաքու: «— Իհարկե,— պատասխանեց պաշտոնյան»։
«— Իսկ եթե ճանապարհը փակ լինի»։ «— Այդ միևնույն է, մենք կհեռագրենք Թիֆլիս, Թիֆլիսի վրայով էլ Բաքու»: Միամիտ Աճառյանս հավատացի և մի թղթի կտորի վրա վստահանալով 300 ռուբլի փոխադրեցի կնոջս՝ Բաքու: Որքան ծիծաղեց արդյոք խարդախ պաշտոնյան իմ միամտության վրա: Բաքվում ոչինչ չէին ստացել:
Ղզլարում եղած ժամանակս, մտածելով, որ թուրքերը արդեն տեր են դարձել Բաքվին և կարող են ինձ էլ սպանել, որոշեցի կեղծ անցագիր պատրաստել: Ֆրանսիացի, անգլիացի և գերմանացի ձևանալ դժվար է մեզ համար՝ գույնի և հասակի պատճառով:
Որոշեցի ձևանալ շվեյցարացի: Մի մեծ թղթի վրա, ձախ կողմում ֆրանսերեն լեզվով գրեցի. «Ես, ստորագրյալս, շվեյցարական հյուպատոս Ռոստովում, հաստատում եմ, որ Rachie Adjar-ը ծնված 1876 թվականին Ժնեվ…? այսինչ գյուղում, ազատված է զինվորական ծառայությունից փոշտանկ (գրիժա) հիվանդության պատճառով»: Սրա դիմացը նույնը ռուսերեն թարգմանությամբ գրեց ընկ. Սողոմոնյանը, որ Նոր-Նախիջևանում գտնված և ինձ բարեկամ երաժշտագետ Դավիթ Սողոմոնյանի երեց եղբայրն էր:
Դավիթ Սողոմոնյանը սրտի հիվանդությունից մեռավ 20-ական թվականներին, Երևանում: Իսկ նրա մյուս եղբայրը՝ Սողոմոն Սողոմոնյանը այժմ էլ դեռ կենդանի է և պարապում է դաշնամուր լարելու արհեստով: Ղզլարում այն երեց եղբայրը ուներ գինու վաճառատուն: Վաճառատան կնիքը ռուսերեն տառերով մի խոշոր բոլորակ էր, իսկական հյուպատոսական կնիք կոչելու արժանի:
Երկու թարգմանությունների միջև, ցածրում կնքամոմով դրինք այդ կնիքը, և որպեսզի կնքի արձանագրությունը չխանգարի, մի քիչ քերելով անընթեռնելի դարձրինք: Այս սուտ անցագիրը գրպանս համարձակ կանգնել եմ շոգենավի առաջ, երբ մոտեցանք Բաքվի նավահանգստին: Բայց տեսնում եմ, ի զարմանս իմ, որ ծովափին դրված է մի թնդանոթ, բերանը ուղղած դեպի Բաքու, իսկ ռուս զինվորը կանգնած կողքին: Ազատ և վստահ շտապում եմ տուն. կինս դուռը բաց է անում. «— Ես կարծում էի, որ բոլորդ ազատված եք,— ասացի նրան»: Նա էլ ասում է. «— Ես լսեցի, որ Ռոստովում մեծ կոտորած է եղել և դու էլ սպանվել ես»:
Բաքվի հայոց դեպքերը, հայերի հերոսական դիմադրությունը տաճկական բանակի դեմ, անգլիացիների խաբեբա միջամտությունը և վերջապես հայերի փախուստը Բաքվից՝ ընդարձակ պատմված են ժամանակակից թերթերում: Ես էլ մի մանրամասն պատմություն եմ գրել այդ դեպքերի և ձեռագիր մի օրինակը ուղարկել եմ Վենետիկի վանքը:
174w2vcxdi15vt47yl9ogtskqzaqf82